ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԿՈՄԻՏԱՍԻ ԵՒ ԱԲԵՂՅԱՆԻ

ԱՆՁՆԱԿԱՆ–

ՈՒ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

Կան ժողովուրդներ, ում հիմնական կրթությունն էնքա՜ն է թերի, ու բնավորությունն էլ` կրքերի, տգիտության ու կեղծ արժեքների է՛ն տեսակ մի տարօրինակ խառնուրդ է, որ դրանք չեն գտնում իրենց գլխին էկած փորձանքների պատճառներն ու զոհվում են իրենց գլխին էկած չարիքների ծանրությունից:

Ալեքսիս դը Թոքվիլ

Երկրորդ հրատարակությունը

ԵՐԵՎԱՆ

«ԼՈՒՍԱԲԱՑ ՀՐԱՏՀՐԱԿՉԱՏՈՒՆ»

2011

Այս գիրքը պնդում է, թե մենք չենք հետևում Մաշտոցի, Աբովյանի, Կոմիտասի, Թումանյանի ու մեր մնացած մեծերի պատգամներին, չնայած անընդհատ պնդում ենք, թե պահպանում ենք մեր ազգային արժեքները: Ու սա պատմում է նաև սնափառ հայագովության վնասների մասին:

Эта книга утверждает, что армяне не следуют заветам Маштоца, Абовяна, Комитаса, Туманяна и своих других великих мужей, хотя все время твердят, что берегут свои “национальные ценности”. Она также рассказывает о вреде тщеславной “арменохвальбы”.

This book contends that the Armenians do not follow the will of Mashtots, Abovian, Komitas, Tumanian and their other great men, though they have always been claiming that they preserve their “national spiritual values”. The book also tells about the harm of vain “Armenoboasting”.

Կազմի առաջին էջի լուսանկարը` Վահան Քոչարի:

ISBN 978-99-39-808-72-7

©Մերուժան Հարությունյան, 2010, Երևան

Նվիրում եմ եղբորս՝

Սլավի հիշատակին

Ց ա ն կ ը

Նախաբան – Ինչի՞մասին է էս գիրքը 8

Предисловие – О чем эта книга? 14

Preface–What is this book about? 19

Առաջին մասը 23

ՄԱՇՏՈՑԸ, ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ ՈՒ ԿՈՄԻՏԱՍԸ

«ՍՏՈՒԳԱՐՔ» ԿՍՏԱՆԱ՞Ն 23

Ճշմարտությունը հայ … երգի … մասին …կամ

…ողբերգություններից մեկը 23

Ի՞նչ ենք ունեցել ու ի՞նչ չունենք 26

Ապացույց կա՞, որ ասածներս ճիշտ են 31

Խոսում է Կոմիտասը- 1 … 32

Խոսում է Կոմիտասը - 2… 44

Ինչո՞ւ ու ինչպե՞ս է էս վիճակն ստեղծվել 47

Վահան Տեր-Առաքելյանը 51

Մեր «ազգային» կոնսերվատորիան ու «ազգային» օպերան 51

Արմենակ Շահ-Մուրադյանը 57

Էս շարադրանքին հակաճառողների մասին 58

Կոմիտաս Վարդապետը 58

Էս շարադրանքին հակաճառողների մասին-շարունակությունը 61

Ի՞նչ պիտի արվի ու ի՞նչ է հնարավոր 63

Ո՞վ դեմ կլինի հայ երգ ու պարի հարությանը 65

Երկրորդ մասը 69

ԱԲԵՂՅԱՆԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 69

Ճշմարտությունը …կամ …

հայ ազգի ողբերգություններից մյուսը 69

Խավարամոլության պահպանվելու առաջին օրենքը 69

Թարս գրենք, շիտակ կարդա՞նք 70

Մաշտոցյան ուղղագրությունը հե՞շտ է 73

Մաշտոցյան ուղղագրությունն էսօր է՞լ է լավը 74

«Դասական ուղղագրություն» ասելով

հնամոլներն ի՞նչ են հասկանում 75

Մեղավորն Աբեղյա՞նն ու բոլշևիկնե՞րն են 78

Գալուստ Տեր-Մկրտչյանը 80

Ի՞նչ եղավ հետո 84

Աբեղյանն ուզո՞ւմ էր` մեր այբուբենը դարձնի լատինատառ 86

Թե ինչ պատահեց դրանից հետո 87

Էսօրվա ուղղագրությունն Աբեղյանինը չի՛ 88

Մանուկ Աբեղյանը 92

Ինչ ցանես, էն է՛լ կհնձես 95

Հնամոլների գործելու ձևը 101

Ուղղագրության ռեֆորմն ու Թումանյանը 102

Ուղղագրության ռեֆորմն ու «խելոք ազգերը» 104

Ուղղագրությանը ... կապված ստերն ու

«ազգային միասնությունը» 106

Հնամոլների «գիտելիքը»,... ու հայագովությունը 109

Մենք մենակ չենք կամ չեխագովությունը 114

Կարել Չապեկի «Բառերի քննադատությունը» 114

«Մենք»-ն ու «Ես»-ը 114

«Մենք է՛ն ազգն ենք, ով աշխարհին տվել է…» 115

Չապեկի էս ասածների առիթով 116

Հնամոլներն ու ճշմարտությունը 117

Էսօրվա ուղղագրությունը փոխելու կարիք կա՞ 120

Մասնավոր պատասխան`

նորահայտ հնամոլ պրն Որբերյանին 122

Հայնրիխ Հյուբշմանը 128

Ուղղագրության ռեֆորմն ու Անտուան Մեյեն 131

Անտուան Մեյեն 135

Ուղղագրության ռեֆորմն ու Մառն ու Ադոնցը 138

Նիկողայոս Ադոնցը 139

Պրն Որբերյանի խեղագրությունն Աբեղյանի հասցեին 141

Աբեղյանն ու Մալխասյան(ց)ը 145

Նորից պրն Որբերյանի մասին 149

Մի քանի հռետորական հարց ... հնամոլներին 152

Էս տեսակ վեճերը կդադարե՞ն 153

Ե ր ր ո ր դ մ ա ս ը ……………………………………………………155

ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ 155

Ճշմարտությունը հայերի սնափառ գլուխգովանության մասին

կամ հայ ազգի ողբերգություններից երրորդը 155

Մարդու իրավունք ու ազատությունները

մասնավոր սեփականություն են 155

Գաղափարախոսությունը ո՞րտեղից են ճարում 156

Ի՞նչն է անցյալին դիմելու

էս հավերժական փորձի պատճառը 157

Հնար կա՞ խուսափելու աղետալի ճակատագրից 159

«Միաբանող» ու «երկփեղկող» գաղափարախոսությունները 161

Գոնե մի հատիկ միաբանող ու

ոչ կործանարար գաղափարախոսություն կա՞ 162

Բա ինչի՞ շուրջը միաբանվենք 164

Միաբանող գաղափարախոսության հետևանքերը 165

Միաբանող գաղափարախոսությունն ո՞ւմ է ձեռնտու 167

Հայը մա՞րդ է, թե՞ չէ 169

Ո՞վ է մեղավորը 170

ԱԶԳԱՅԻՆ Ո՞Ր ԱՐԺԵՔՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵՆՔ 172

Սրբազան պոռնկությունն ու տղամարդկանց գինդերը 174

Նույնասեռ սերը: Նո՞ր է սա 177

Մեր ավանդույթների լավ ու վատի մասին 181

Դեմոկրատիան…ու բարոյական հիմքերը 184

Հինն ու ավանդականն անպայմա՞ն է լավը 186

Միամտությունը կամ տգիտությունը 189

Չ ո ր ր ո ր դ մ ա ս ը 193

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՈՂԲԵՐԳԱԿԱՆ

ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿ ԷՋԸ-1 193

Ճշմարտությունը հայերենի էսօրվա քերականության մասին

կամ հայ ազգի ողբերգություններից երրորդը 193

Անեկդո՞տ, թե՞ իրականություն 193

Խավարամոլության պահպանվելու երկրորդ օրենքը 193

Ի՞նչ գիտենք, որ Աբեղյանի քերականությունը ճիշտ է,

...Ղարիբյանինը` սխալ 195

Հայերենի էսօրվա քերականությունը գիտություն չի՛ 199

Մեր էսօրվա լեզվաբանների խորամանկությունը 202

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՈՂԲԵՐԳԱԿԱՆ

ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿ ԷՋԸ-2 .. 205

Խավարամոլության պահպանվելու երրորդ օրենքը 205

Ի՞նչ էի ասել, կամ փայլո՞ւն ազգ ենք 205

Ե՞ս եմ ավելի միամիտ, թե՞ Պետհամալսարանի ռեկտորը 210

Ասածներիս փայլուն ապացույցները 214

Իսկական զառանցանքը 222

Գոնե էս հարցում իշխանությունը մեղք չունի 227

Ինչո՞ւ է մեր լեզվաբանության վիճակն էսքան ողբերգական 228

Ինչո՞ւ են հայոց լեզվի քննությունները միշտ անարդար 231

Ողբերգական վերջաբան 233

Հ ա վ ե լ վ ա ծ ը 249

Ի՞նչ է հայերենն ու հայերենի իմացությունը 249

ՍԱՀՄԱՆՄԱՆ ՇՐՋԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՏՈՐՈԳՅԱԼԻ

ՀԱՅՏՆԻՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 251

Շրջելիության մասին 251

Անորոշ «սահմանումների» մասին 254

Անշրջելի «սահմանումով» մի «տեսության» մասին 255

ԹՎԱԿԱՆ-ԳՈՅԱԿԱՆ ԶՈՒՅԳԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ԳՐՔԵՐՈՒՄ 256

Ներածություն 256

Լեզվի Գլխավոր Օրենքը (ԼԳՕ-ն) 258

Ինչո՞ւ է ԼԳՕ-ն ճիշտ, ու ինչո՞ւ ուրիշ նման չափանիշ չկա 259

Թվական-գոյական զույգի ... գործածության օրենքները 262

Հետգրություն 267

Գործածված գրականությունը 268

ՆԱԽԱԲԱՆ – ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԷՍ ԳԻՐՔԸ

Էս գիրքը մեր հայ իրականության իրոք որ ողբերգական մի քանի է՛ն տեսակ խնդրի մասին է, որոնցից կամ չեն խոսում, կամ չափազանց քիչ են խոսում, կամ էլ դրանք ժողովրդից ուղղակի թաքցնում են:

Սկզբում միտք ունեի` գրեմ 1930-ական թվերից շեղված ու ոչ գիտական դարձած մեր լեզվաբանության մի քանի կարևոր խնդրի մասին. Ու սա էլ, որովհետև մի մենագրություն ունեմ, Արդի հայերենի տեսության գիտական սկզբունքները վերնագրով, ինչը շարունակում է ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի տեսությունը` նոր տեսանկյունից, ու ներկա գիրքը պիտի իմ էս մենագրության նախաբան-նախապատրաստությունը լիներ: Բայց, ի վերջո, հասկացա, որ մեր (Հայաստանի) լեզվաբանական ու, առհասարակ, գրական-գիտական ցավոտ խնդիրները, համարյա բոլորն էլ, կապված են քաղաքականությանն ու մեր բարոյա-էթիկական ավանդույթներին, ու էս գրքի շրջանակները լայնացրի:

Գիրքը նման է մի տեսակ «եղբայրական գերեզմանոցի», բայց սրա պատճառն էն բանն է, որ մեր ցավոտ խնդիրներն իրե՛նք են կուտակված բարդված իրար վրա: Ու սա մի ընդհանուր հայացք է էդ խնդիրներին:

Գիրքս գրել եմ հոգու խորը ցավով, որովհետև գրածս միայն ու միայն ճշմարտություն է, ու էդ ճշմարտությունը դառն է, ու սա ինձ հայտնի է ամենաքիչը չորս տասնամյակ, ու արդեն երկու տասնամյակ է, ինչ անընդհատ խոսում ու գրում եմ սրա մասին, բայց հազար ափսոս, որ լրիվ անարդյունք, ու գուցե՝ նաև իզուր: Բայց մեկ է, իմ համար ճշմարտությունից թանկ ու կարևոր բան չկա, ու երևի մարդկանց մեծ մասի համար էլ:

Անգլիացի Դեյվիդ Հյումը մեկուկես էջանոց մի ինքնակենսագրություն ունի, որտեղ ասում է, թե անհնար է, որ մարդ ինքն իր մասին խոսի ու սնափառ ու մեծամիտ չերևա, ու ճիշտ է ասում: Հիմա ես, սնափառ ու մեծամիտ երևալու վախը մեջս, մի քանի բան եմ ասելու, ու հետո էլ` գրելու` էս գրքում: Մի՛ մխիթարություն ունեմ միայն: Իհարկե, հնարավոր է, որ ասածներս ճիշտ չլինեն ու ես ինքս էլ մոլորված լինեմ, բայց ես լրի՛վ եմ անկեղծ, ու սուտ չեմ ասում:

Ես միշտ էլ ատել եմ հետամնացությունն ու խավարամոլությունը, պոռոտախոսությունն ու մեծամոլությունը, մեծամիտ ու գոռոզ ինքնագովությունն ու մանավանդ սնափառ հայագովությունն ու անցյալագովությունը: Ում էլ հարցնես, կասի որ սրանք մերժելի ու անթույլատրելի բան են, բայց արի ու տես, որ մեր մեծագույն մասը հենց սրանցով է տարված:

Անցյալի իմացությունն ու դրանով հպարտանալը կարևոր է միայն է՛ն ժամանակ, երբ դժգոհ ես ներկայից, ու սրա համար էլ ուզում ես փոխես էս ներկան, ուզում ես լավացնես ներկա վիճակդ:

Բայց եթե ներկադ մի թշվառ ու ողորմելի բան է, ու դու էլ համարյա ոչ մի բան չես անում, որ վիճակդ շտկես, ու անընդհատ բողոքում ես, թե բախտ չունես, թե թշնամիները կամ հանգամանքները չեն թողնում, որ կարգին ապրես, էս անգամ արդեն` անցյալիդ գովասանքը ոչ միայն անիմաստ է, այլև՝ ծիծաղելի, վնասակար ու դատապարտելի:

Հայերի մեծագույն մասը շատ ու շատ է խոսում հայ լինելու չքնաղությունից, ու մեր ազգային արժեքները պահպանելուց, ու անընդհատ ասում է, թե պիտի պաշտենք մեր է՛ն վսեմ մարդկանց, ովքեր աննախադեպ գործ են արել հայ մշակույթի համար:

Իհարկե, կասկած չկա, որ պիտի թե՛ մեր ազգային արժեքները պահպանենք, թե՛ պիտի ակնածենք՝ Մեսրոպ Մաշտոցի, Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի, Կոմիտաս Վարդապետի, Արմենակ Շահ-Մուրադյանի, Վահան Տեր-Առաքելյանի, Գալուստ Տեր-Մկրտչյանի, Ֆրիտյոֆ Նանսենի, Հայնրիխ Հյուբշմանի, Անտուան Մեյեի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Վիկտոր Համբարձումյանի, Ալիխանյան եղբայրների, Սերգեյ Մերգելյանի ու բազում այլ մարդու գործերից:

Պիտի ակնածենք ու հաճախ էլ` պաշտենք, բայց չպիտի ֆետիշացնենք, չպիտի կուլտ դարձնենք սրանց, ու հռչակենք անսխալական: Այսինքն, պիտի սրանց պաշտենք ոչ թե էնպես, ինչպես հավատացյալն է կույր-կույր պաշտում Աստծուն, Քրիստոսին ու Մահմեդին, այլ էնպես, ինչպես, օրինակ, ֆիզիկոսնն ու մաթեմատիկոսն է պաշտում Գալիլեյին, Նյուտոնին, Արքիմեդին, Կոշուն, Էյնշտեյնին, Գաուսին, Էյլերին, ևն:

Մեզ, շատ ու շատ անգամ է թվում, թե իրոք էլ՝ պաշտում ենք մեր մեծերին, որովհետև ասում ենք, որ սրանք շատ մեծ գործ են արել մեզ համար:

Բայց միայն թվում է: Միայն թվում է, որովհետև ի՞նչ օգուտ էս մարդկանց (մի մասին) միայն ու միայն խոսքով սրբացնելուց, եթե սրանց ճշմարիտ պատգամները չենք կատարում: Իսկ որ չենք կատարում, հաստատ է:

Իրոք. Կոմիտասն ասում էր, որ պիտի երգենք ու պարենք հայի պես ու հայավարի (քանզի սրանք չքնաղ են` ողջ աշխարհի մակարդակով), ու հետո նոր ուրիշների լավագույն երգ ու պարին ծանոթանանք ու սովորենք, հետո նոր ուրիշների արժեքավոր երաժշտական մշակույթը յուրացնենք:

Իսկ մենք էսօր ոչ միայն հայավարի չենք երգում, այլև մեր ազգային չքնաղ երգերն ու երգելաձևն ու ազգային պարն ու պարելաձևը լրի՛վ ենք մոռացել:

Ու, համարյա միշտ, երգում ենք օտարի երգը (չնայած՝ հայերեն բառերով, բայց մեկ է՝ օտարի), իսկ մեր ազգային պարը, գեղոնը, պարում ենք (հազվադեպ) առանց յայլու (պարերգի), թաթար-մոնղոլական զուռնա-դհոլի նվագով, ու մեծագույն մասամբ, պարում ենք օտարների պարերը:

Կոմիտասն ասում էր, որ մեր ազգային միակ բնիկ նվագարանը փողն է, իսկ մենք փող բոլորովին չենք գործածում: (Կոմիտասը, 1913-ին, Փարիզում հենց փո՛ղը նվագեց, ու աշխարհի երաժշտական հասարակությունն ողղակի ապշել էր փողի անսահման չքնաղությունից: Էսօր պաշտում ենք փոխ առած դուդուկն ու զուռնան, չնայած Կոմիտասի ասելով փողն անսահման չքնաղ գործիք է, ու (արդեն ողջ աշխարհում ընդունված) դուդուկից շատ ու շատ է գերազանց:

Ուրեմն, ի՞նչ օգուտ, որ պաշտում ենք Կոմիտասին:

Մեսրոպ Մաշտոցը հայերենի այբուբենը հիմնել էր մի տառ-մի հնչյուն ու մի հնչյուն-մի տառ սկզբունքի վրա (հենց սրա՛ համար է մաշտոցյան այբուբենը համարվում իր ժամանակի ամենակատարյալ այբուբենը):

Մանուկ Աբեղյանն էլ հետևեց Մաշտոցի սկզբունքին, ու 1913-ին, Հայր Միաբան Գալուստ Տեր-Մկրտչյանի հորդորով, ուղղագրական ռեֆորմի ծրագիր մշակեց, ինչի ամենախիստ տարբերակը 1922 թվին գործի դրեց բոլշևիկյան իշխանությունը (առանց Աբեղյանի կարծիքն ու համաձայնությունը հարցնելու):

Էդ օրերից մինչև հիմա հնամոլները (պահպանողականները) ասում են, թե պիտի հետ դառնանք մաշտոցյան ուղղագրությանը, չհասկանալով, որ սա հակառակ է Մաշտոցի սկզբունքին: Ու հնամոլներն էնքան գոռգոռացին, որ 1940 թվին մասամբ հետ դարձան հին ուղղագրությանը, իսկ հիմա էլ ոմանք պահանջում են, որ լրիվ հետ դառնանք մաշտոցյան ուղղագրությանը, չնայած դա շատ ու շատ ավելի բարդ է, քան էսօրվանը:

Սա՞ է Սբ Մաշտոցի պատգամները կատարելու մեր ձևը:

Մեր գրությունն ու մանավանդ մեր մանուկների կրթությունն ահավոր դժվարացնելով մեր ազգային ո՞ր արժեքն ենք պահպանում: Բա պարզ չի՞, որ եթե հանկարծ սա իրագործվի, մենք անպայման կհեռանանք Մաշտոցի սկզբունքի էությունից, անպայման խախտած կլինենք Մաշտոցի մի տառ-մի հնչյուն ու մի հնչյուն-մի տառ սկզբունքն ու հետևած կլինենք ձևին միայն, ու «պահպանած» կլինենք միայն մեր հետամնացությունն ու խավարամոլությունը:

Էսօր մենք երկու քերականություն ունենք, Մ. Աբեղյանի քերականությունն ու հետաբեղյանական քերականությունները: Էս երկու քերականությունն իրար լրի՛վ են հակասում, իրար լրիվ ջնջո՛ւմ են ու բացարձակ անհամատեղ են:

Մեր էսօրվա լեզվաբաններն էս երկու քերականությունն էլ համարում են ճիշտ, բայց մեր կրթական հիմնարկներում անցնում են միայն երկրորդները: Այնինչ, Աբեղյանը 1936 թվին անառարկելի ապացուցել է, որ հետաբեղյանական քերականությունները լրի՛վ են սխալ ու անհեթեթ:

Սրանից, անառարկելի, հետևում է, որ մեր էսօրվա լեզվաբանությունն իր ասածների ճիշտ ու սխալը որոշելու ոչ մի գիտական չափանիշ չունի:

Աբեղյանին հայհոյելով ու սխալ համարելով, ու սխալ քերականությունը ճիշտ համարելով ինչքա՞ն ենք մեր ազգային արժեքները պահպանում, ու հետն էլ՝ մեր ո՞ր արժանիքն ենք պահպանած լինում:

Արմենակ Շահ-Մուրադյանի, Վահան Տեր-Առաքելյանի, Գալուստ Տեր-Մկրտչյանի, Հայնրիխ Հյուբշմանի, Անտուան Մեյեի անունները համարյա բոլոր հայերին են անհայտ, բայց էս մարդիկ իրենց գիտակցական ողջ կյանքը նվիրել են հայ ժողովրդի բարեկեցությանը կամ մշակույթին: Ու մենք ում հոբելյանն ասես, որ չենք նշում, բայց էս նվիրյալներին չենք է՛լ հիշում:

(Օրինակ, հայերենի գիտական քերականության հիմնադիր Հ. Հյուբշմանի ծննդյան 150-ամյակը լրացավ 2010-ի հուլիսի 3-ին, իսկ Գ. Տեր-Մկրտչյանինը՝ 2007-ին կամ 2008-ին (մահվան թիվն էլ հաստատ չգիտենք), բայց ո՞վ հիշեց):

Սա՞ է ազգային արժեքները պահպանելու մեր ձևը:

Խաչատուր Աբովյանն ասում էր, որ ժողովրդի համար ու ժողովրդի լեզվով գրենք (ինչը, իմիջիայլոց, նաև Մաշտոցի նպատակն էր), բայց մենք, համարյա լրիվ մոռանալով Աբովյանի գրելաձևն ու պատգամները, հորինել ենք մի մղձավանջային գրական «լեզու», ինչն ուղղակի հեղեղված է օտար քերականությամբ, ու սրանով ո՛չ կարգին խոսելու ու գրելու կարողություն ունենք (բացի մի քանի տաղանդավոր գրողը), ո՛չ նկատում ենք, որ սա արհեստական է ու մղձավանջային, ու ոչ է՛լ գլխի ենք, որ մեր ժողովրդի զգալի (եթե ոչ՝ մեծ) մասն ուղղակի չի հասկանում էս մղձավանջը:

Ուրեմն, ի՞նչ օգուտ, որ պաշտում ենք Խաչատուր Աբովյանին:

Էս գիրքն է՛ս տեսակ դառը բաների ու էս կարգի վսեմ մարդկանց ու նաև սրանց փնովողների մասին է:

***

Գիրքը չորս մաս ունի, ու էս մասերն իրարից բավական անկախ են` է՛ն իմաստով, որ լրիվ հնարավոր է, որ դրանք կարդացվեն առանձին-առանձին, համարյա՝ ուզած տեղից: Սրա համար էլ տեղ-տեղ կրկնություն կա, որ էդ մասերը, քիչ` թե շատ, անկախ լինեն:

Էս գրքի առաջին մասը պատմում է, թե հայերն ինչպես կորցրին իրենց ազգային երգելաձևն ու երգը, ազգային պարելաձևն ու պարը: Ու գիրքը նշում է գոնե մի ուղի, թե ի՛նչ արվի, որ էս վիճակը, գոնե մի քիչ, շտկվի:

Գրքի երկրորդ մասը, բավական մանրամասն, պատմում է մեր ուղղագրական վեճերի ու ուղղագրության ռեֆորմների մասին, հետո էլ էս ոլորտի խառը իրավիճակը շտկելու առաջարկներ է անում: Էս մասը նաև խոսում է ասածս ատելի երևույթներից:

Գրքի երրորդ մասը պատմում է սնափառ հայագովության, մեծամոլության, սնափառ ազգայնամոլության ու սրանց անտեղիության ու անմտության մասին: Կարծում եմ, որ ընթերցողը լավ կանի, որ գրքի ընթերցանությունն սկսի հենց Ողբերգական վերջաբան վերնագրից:

Գրքի չորրորդ մասը պատմում է էսօրվա հայ քերականության ողբալի վիճակի մասին, ու առաջարկում է էս վիճակը շտկելու ուղի:

Գրքի հինգերորդ մասը, Հավելվածը, երկու հրատարակված հոդված է, որոնց նյութը կապված է գրքիս բովանդակությանը, ու դրանք պիտի որ շատ հետաքրքրեն լեզվաբաններին, որովհետև աննախադեպ են ու չափազանց կարևոր` հայերենի գրական ոճերը բուժելու տեսանկյունից:

***

Համարում եմ, որ էս գրածս (մնացածներն էլ) թե՛ գիտական, թե՛ գեղարվեստական գործ է, ու սրանով է պայմանավորված գրքիս ոճը, որովհետև միշտ էլ էնպես եմ գրում (ինչքան կարող եմ), որ ընթերցողը որտեղից էլ գրածս կարդա, գիրքը ձեռից ցած չդնի: Ճիշտն ասած, լուրջ ու կատակային բնաբանները հենց սրա՛ համար եմ դրել: Ո՞վ ասաց, թե լուրջ գրքերում կատակն անտեղի է: Եթե Զայմանն իր Պինդ մարմնի քվանտային տեսությունը մենագրության մեջ սրա իրավունքն ունի, ուրեմն, ե՛ս էլ ունեմ:

Շարահյուսությունս Արարատյան բարբառինն է, ինչպես որ սկսել էր Աբովյանն ու շարունակում էր Թումանյանը, ու ինչպես որ հայտարարում ու իբր պահանջում են մեր բոլոր գրագետները, բայց երբևէ չեն հետևում էս պահանջին: Աբովյանին ու Թումանյանին շա՛տ բանով եմ հետևում:

Կետադրությունս անհատական է, ինչը բնական է, որովհետև կետադրությունը մի՛շտ է անհատական, ու բոլո՛ր լեզուներինն է անհատական: Սա գիտական փաստ է, ու մեր դասատուները, շատ անգամ, լրիվ իզուր են տանջում մեր մանուկներին ու ստիպում, որ հենց իրե՛նց իմացած կետադրական կանոնները սովորեն:

Տողադարձ անելիս գաղտնավանկի ը-ն չեմ գրել, որովհետև էսօրվա կոմպերը դա գրելու ծրագիր չունեն:

(Լավ կլիներ, որ մեր լեզվաբաններն էս կանոնն ընդունեին, մանավանդ որ կոմպային տեխնիկան արդե՛ն իսկ ստիպում է, որ գաղտնավանկի ը-ով տողադարձից հրաժարվենք:

(Սրա համար պետք կլինի միայն, որ տողադարձելիս հրաժարվենք մեկ տառը մի կողմ թողնելուց, ու մեկ էլ՝ հրաժարվենք ստուգաբանական տողադարձից, այսինքն, հրաժարվենք առանձին արմատը տողադարձելուց (ու տողադարձենք միայն վանկատելով), որովհետև բառի արմատը (միշտ ու անընդհատ) զգալու կարողությունն ունի միայն ու միայն գերազանց լեզվաբան-ստուգաբանը):

Երբեմն գրքիս մեջ գործածած գրականությունն ու մեկ-մեկ էլ` նաև գրականության էջերը, հենց տեղո՛ւմ եմ նշել (չնայած` վերջում էլ եմ դրել), քանի որ գիրքը «լայն» ընթերցողի համար է, ով շատ անգամ ալարում է` գրքի վերջը նայի:

Գրականությունը լրիվ չեմ նշել, որովհետև շատ անգամ չեմ էլ հիշում, թե իմացածս ումից եմ սովորել: Շատ բան էլ համարել եմ էնքա՛ն հայտնի, ու մտածել եմ, թե բոլորը դրանք գիտեն, ու աղբյուրը նշելու կարիքը չկա:

Ցանկը դրել եմ նախաբանից առաջ, որ գիրքը վերցնողը նայի դա ու իմանա, թե գրքի մոտավոր բովանդակությունն ի՛նչ է:

Իմ մասին հազար ու մի սուտ են տարածում, ու ես էլ ոչ մի պաշտպան չունեմ, բացի իմ իսկ գործերն ու Մեսրոպ Մաշտոցը, Խաչատուր Աբովյանը, Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Կոմիտաս Վարդապետը, Գալուստ Տեր-Մկրտչյանը, Հայնրիխ Հյուբշմանը, Անտուան Մեյեն ու Մանուկ Աբեղյանը, բայց սրանց պաշտպանությունը, ցավոք սրտի ու հասկանալի պատճառով, պասիվ է:

Նախորդ նախադասությունը թերևս մի քիչ կտրուկ է, որովհետև մի երկու-երեք մարդ կա, ովքեր, գոնե նեղ շրջանակներում, աջակցում են ինձ, ու ես էս մարդկանց երախտապարտ եմ: Հենց է՛ս մարդկանց գրավոր կարծիքների շնորհիվ էր, որ իմ նախորդ գիրքը, Թարգմանելու արվեստը, շահեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության 2010 թվի մրցության երկրորդ` խրախուսական մրցանակը:

Երկրորդ հրատարակության մեջ ավելացրել եմ մոտ ութ-տաս էջ, ու նորից եմ սրբագրել ողջ գիրքը, բայց գիտեմ, որ էլի վրիպակներ մնացած կլինեն, ինչի համար ընթերցողի ներողությունն եմ հայցում:

***

Երախտագիր. Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնել են ինձ` էս գիրքը գրելիս, մանավանդ, «Լուսաբաց հրատարակչատան» տնօրեն Վիտալի Ասլանյանին, ով իմ մի քանի գիրքը տպել է, ու սրանով հույս է տվել, որ գրելը չդադարեմ, Ստեփան Շահբազյանին` ֆինանսական ու բարոյական օժանդակության համար, Ելենա Զախարյանին` անգլերեն ու ռուսերեն մասերը սրբագրելու համար, մաթեմատիկոս Գագիկ Աղեկյանին` ողջ գրքի հայերեն մասը սրբագրելու ու կարևոր դիտողությունների համար, Վահան Քոչարին` կազմի համար, ու Ռազմիկ Ավագյանին` նկարները մշակելու ու բազում մանր ծառայության համար, ու նաև ուրիշներին, օրինակ, Սպարտակ Ռաֆայելյանին, զանազան քննարկությունների ու դիտողությունների համար:

Մերուժան Հարությունյան,

օգոստոսի 3-ը, 2010 թիվ, Երևան

ПРЕДИСЛОВИЕ – О ЧЕМ ЭТА КНИГА?

Эта книга о тех некоторых, действительно трагических вопросах армянской действительности, о которых либо говорят мало, либо молчат, либо эти вещи просто скрывают от народа.

Сначала я хотел написать книгу-предисловие к моей ненапечатанной монографии под названием: Концепции современного армянского языка, что продолжает теорию акад. Манука Абехяна, но постепенно понял, что языковые (да и вообще, любые научные) проблемы в Армении тесно переплетены с политикой и существующимы морально-этическимы «традициями», и расширил рамки этой книги.

Книгу я написал с большой скорбью души, ибо я писал только и только правду, а она горькая: и эта горькая правда мне известна по крайней мере два-три десятилетия. Из них два десятилетия все время пишу об этих вопросах, но, к величайшему (моему или нашему) сожалению, безрезультатно, а может и зря.

Мне всегда были ненавистны отсталость и мракобесие, пустая хвалебная болтовня и мания величия и, особенно, тщеславная националистическая хвала прошлого и настоящего, которую в нашем случае называю “арменохвальба”. У нас все говорят, что эти и подобные этим вещи отрицательны и недопустимы. Тем не менее, большинство из нас занято рекламированием именно этих вещей.

Прошлое нужно знать и может быть, иногда можно хвалиться им, но только тогда, когда ты недоволен настоящим и, изучив прошлое, хочешь избегать прежных ошибок и изменить настоящее к лучшему, хочешь улучшить свое настоящее.

Большинство армян все время и очень много говорит о том, как это хорошо быть армянином, о тoм, что мы должны сохранить наши национальные ценности, и что мы должны боготворить тех великих людей, которые совершили беспрецедентные дела для армянской культуры.

Да, мы должны сохранить как наши национальные ценности, так и должны (может быть даже) боготворить таких мужей, как Месроп Маштоц, Хачатур Абовян, Ованес Туманян, Комитас Вардапет, Арменак Шахмурадян, Ваан Тер-Аракелян, Галуст Тер-Мкртичян, Фритьеф Нансен, Генрих Хюбшман, Антуан Мейе, Манук Абехян, Рачя Ачарян, Виктор Амбарцумян, братьев Алиханян и многих других!

Да, мы должны уважать и помнить, а порою, даже боготворить таких людей, но не так, как верующие относятся к Богу, Христу или Мухаммеду, и ни в коем случае не должны фетишировать их, не должны превращать их в культ личности! Мы должны уважать их, как, например, физики или математики уважают Галилея, Ньютона, Архимеда, Коши, Эйнштейна, Гауса, Эйлера и т.д.

И очень, очень часто нам кажется, что мы действительно боготворим наших великих, поскольку считаем, что их дела поистине велики, и что они сделали это именно для нас.

Но это нам только кажется! Нам только кажется, поскольку какая польза от того, что мы боготворим их (или часть их), если мы их боготворим только словом и не выполняем их заветы? А то что не выполняем, это уж точно!

Действительно, Комитас завещал, чтобы мы пели и танцевали по-армянски, но сегодня мы не только не следуем его завету, но абсолютно растеряли нашу прекрасную этническую песню и танец, особенно, армянский способ пения и танца. И, почти всегда, поем чужие песни (хоть и на армянском, но из песни не выкинешь в первую очередь мелодию), а наш национальный танец, гехон, танцуем с музыкальным сопровождением, под татаромонголь-ское зурна и барабан (дхол-а), без наших исконных танцевальных песен, без яйли, причем эти искаженные песни выполняем чересчур редко. Большей частью, поем и танцуем чужое.

Комитас говорит, что единственный исконно армянский музыкальный инструмент это “армянская труба” (пох – по-армянски). Мы сегодня абсолютно не играем его и боготворим позаимствованные “зурну” и “дудук”, хотя Комитас говорил, что нет ничего прекраснее пох-а!

Так вот, какой смысл, в том, что мы на словах боготворим Комитас Вардапета?

Месроп Маштоц основал свой алфавит по принципу одна-буква-один-звук и один-звук-одна-буква (вот почему алфавит Маштоца считается самым совершенным для своего времени). Манук Абехян последовал принципу Маштоца и, в 1913 году, следуя наставлениям Галуста Тер-Мкртичяна, под его руководством выработал программу орфографической реформы, чей самый радикальный вариант был задействован в 1922 году (без предварительного согласия Абехяна).

Армянские консерваторы до сих пор говорят, что мы должны вернуться к старой орфографии. Это вызвало такой упорный резонанс среди консерваторов, что в 1940 году правительство частично вернулось к старой орфографии. А теперь, многие требуют полностью вернуться к орфографии Маштоца, несмотря на то, что она несравненно сложнее, чем нынешняя, и не понимая, что такой возврат пртиворечит принципу Маштоца!

Какую из наших национальных ценностей мы сохраняем, невообразимо затрудняя наше письмо и образование наших детей? Неужели не ясно, что осуществление этой затеи обязательно уведет нас далеко-далеко от сущности принципа Маштоца, и мы обязательно нарушим его принцип: одна-буква-один-звук и один-звук-одна-буква, и будем следовать только требованиям формы, и “сохраним” только нашу отсталость и наше мракобесие?

Неужели, это и есть наш способ следования заветам Маштоца?

Сегодня армяне имеют две грамматики, грамматика Абехяна, и пост-абехяновские грамматики. Эти две грамматики полностью взаимоисклю-чают друг друга и абсолютно несовместимы.

Как это ни странно, наши сегодняшние лингвисти считают обе эти грамматики верными, но в наших школах и вузах проходят только вторую! Однако, в 1936 году Абехян безоговорочно доказал, что пост-абехяновские грамматики полностью ошибочны и абсурдны!

Из этого безоговорочно следует, что сегодняшняя армянская лингвис-тика не имеет никакого критерия для определения верности или оши-бочности своих утверждений.

Теперь, ругая Абехяна и считая его дела ошибочными, сохраняем ли мы наши национальные ценности, и насколько? И потом, какие ценности сохраняем на этот раз?

Имена Арменака Шахмурадяна, Ваана Тер-Аракеляна, Галуста Тер-Мкртичяна, Генриха Хюбшмана, Антуана Мейе неизвестны почти всем армянам, но ведь эти люди почти всю свою сознательную жизнь посвятили культуре, а порою и благополучию армянского народа. Но мы часто отмечаем не знаю чьи юбилеи, а этих людей забываем!

(Например, 3-его июля 2010-ого года исполнилось 150-лет со дня рождения Генриха Хюбшмана, а 150-летный юбилей Г. Тер-Мкртичяна – в 2007-ом или 2008 (мы даже дату его смерти не знаем), но кто вспомнил это?)

Неужели это и есть наш способ сохранения наших национальных ценностей?

Хачатур Абовян завещал, чтобы мы писали для народа и на народном языке (что завещал и Маштоц, неявно, конечно), но мы, почти совсем игнорируя завет и манеру письма Абовяна, придумали наш поистине кошмарный “литературный язык”, который буквально наводнен чужеродной грамматикой, и на этом языке почти ни один армянин (исключая некоторых особенно одаренных писателей) не умеет ни нормально писать, ни нормально говорить. И почти никто не догадывается, что значительная часть армянского народа просто не понимает этот кошмарный “язык!”

Значит, какой смысл от того, что мы боготворим Хачатура Абовяна?

Эта книга вот о таких горьких проблемах, о таких великих людях и о тех, кто ругает их.

***

Считаю, что эта моя работа (так же, как и другие мои вещи) художественное письмо. Этим и обусловлена моя манера письма, поскольку я всегда стараюсь писать так, чтобы читатель, взяв мою книгу в руки, не отложил ее, откуда бы он ее не начал читать.

У книги четыре части, и эти части довольно (или почти) независимы друг от друга в том смысле, что вполне возможно их отдельное чтение – почти с любого места. Вот поэтому материал иногда повторяется, чтобы более или менее сохранить эту независимость.

Первая часть книги рассказывает, что՛ такое исконно армянская песня и танец, и как армяне растеряли свою манеру петь и танцевать, а значит также свою песню и танец. Книга предлагает по крайней мере один возможный путь частичного исправления этого печального положения вещей.

Вторая часть книги довольно подробно рассказывает об орфографических спорах о реформе армянской орфографии, и предлагает путь выхода из сложившейся путаницы в этой области. В этой части также говорится о тех ненавистных явлениях, уже упомянутых в этом предисловии.

Третья часть книги представляет трагическое состояние сегодняшней армянской грамматики и предлагает путь исправления этого состояния.

В четвертой части книги, Приложении, приведены мои две опубликованные статьи, которые связаны с вопросами этой книги, и которые, по-моему, должны очень заинтересовать армянских лингвистов, поскольку (как мне кажется), беспрецедентны и чрезвычайно важны с точки зрения оздоровле-ния армянского литературного стиля.

***

В принципе, у меня нет других защитников, кроме моих работ, и таких людей, как Хачатур Абовян, Ованес Туманян, Газарос Агаян, Комитас Вардапет, Арменак Шахмурадян, Ваан Тер-Аракелян, Галуст Тер-Мкртичян, Генрих Хюбшман, Антуан Мейе, Манук Абехян, а их защита, по очевидным причинам, пассивна.

Пожалуй, предыдущее высказывание несколько категорично, поскольку несколько человек поддерживают меня (хоть и в узких кругах), и я чрезвычайно благодарен им, посколько благодаря их отзывам (которые были любезно прдоставлены, чтобы я имел право представить ее на конкурс), моя предыдущая книга, “Искусство перевода”, была удостоена второму поощрительному призу по арменистики Академии наук РА, в 2010 году.

Меружан Арутюнян,

3 августа, 2010, Ереван

PREFACE: WHAT IS THIS BOOK ABOUT?

This book is about such a few but really tragic problems, which are either spoken about extremely little – if never – or are just concealed from the Armenian people.

At first I intended to write a book-preface to my unpublished monography, the Concepts of Theory of Modern Armenian Language, but by and by, I realized that all linguistic (and generally, all other scientific) problems in Armenia are entangled with politics and so called moral-ethical traditions, and I expanded the frame of this book.

I have written this book with great sorrow, because all my narrative is true, and I know this truth for more than four decades, and I have been speaking and writing about them all the time for almost two decades, but, unfortunately, without any apparent result and perhaps all in vain. Anyhow, I am dead sure there isn’t anything more precious under this sun than the truth, and I think the approach of this book is true for the majority of people all over the world.

I have always hated backwardness and obscurantism, idle talk and vainglorious megalomania, conceited self praise and, especially, “Armenian praising” and idle past boasting. Everybody, if asked, would say that such things must be refused, but, unfortunately, the greatest part of us is always carried away with these prejudices.

Knowledge of one’s own people’s past and being proud of it is important only then when you aren’t satisfied with your present state and being eager to change it, for this reason, you study your own past, wanting to avoid the previous mistakes and better the present state of your people.

And if the present is miserable and you do almost nothing to improve it but complaining of your bad fate and destiny, but complaining of your permanent enemies or bad circumstances, then the vain praise of your glorious past is not only senseless, but funny (in bad sense), harmful, blameworthy and deplorable.

The majority of Armenians talk very, very much about preserving our national spiritual values, about necessity of worshiping such people as: Mesrop Mashtots, Khatchatur Abovian, Hovhannes Tumanian, Komitas Vardapet, Armenak Sahmuradyan, Vahan Ter-Arakelian, Galust Ter-Mkrtitchian, Fridtjof Nansen, Heinriech Hubschmann, Antoine Meillet, Manook Abeghian, Hrachia Adjarian, Victor Hambartsumian, the Alikhanian Brothers, and so on, and so on.

Yes, we must respect them for their work, but we mustn’t make fetishis of them, we mustn’t make idols of them. That is, we mustn’t worship them as believers worship God, or Christ, or Muhammad, but in the way the physicists or mathematicians worship Newton, or Archimedes, or Couchy, or Einstein, or Gauss, or Euler, and so on.

And it seems to us that we do worship our great men in proper way, and the reason of such illusion is the fact that we admit that they did very, very much for us, for the Armenians.

But it only seems, it’s only illusion! For what’s the use of such “awesome possum” if we never have followed their true commandments? And we have never followed them, indeed!

Komitas told us we must sing our national ethnic songs and we must do it in our national way, and we must dance our ethnic dances in our national way, because these are beautiful on the world level, and only then turn to others’ song and dance, to others best musical culture and learn them.

Today we not only almost never sing in our national way, but also we have almost fully forgotten our ethnic songs and dances. And we, almost always, sing alien songs (though with Armenian words, but alien songs, at length), and we never dance our ethnic dance – geghon – and if professional dancers very rarely do it, they do it without any accompaniment of our ethnic dance songs – yayly. They do it with accompaniment of Tatar-Mongol zurna-dhol. And we mostly dance alien dances.

Komitas told us that the only ethnic musical instrument we had got was trumpet (pogh in Armenian) that mostly the shepherds used to play. (He played namely pogh in Paris, in 1913, and all the European musical society was simply astounded by its beauty). Today we worship the borrowed duduc and zurna, though Komitas kept saying that pogh is the most beautiful instrument and is much better than all the other instruments.

So what’s the sense of worshiping Komitas if we don’t follow his commandments?

Mesrop Mashtots based the Armenian alphabet on the one-letter-one-sound and one-sound-one-letter principle. (This is the reason it is said that the Armenian alphabet was the best at the time!) Manook Abeghian, following the advice of Galust Ter-Mkrtitchian (which is modern- scietific, too), elaborated a plan of a reform of Armenian orthography in 1913, and the Bolshevic authorities put its most radical variant into use in 1922 (without asking Abeghian’s opinion or consent).

Now, “the past lovers” had always been saying that we must go back to Mashtots’s alphabet, not realizing that if we had done, we would have been against Mashtots’s principle. And “the past lovers” made such a big fuss over this that the authorities were made partially go back to the old orthography in 1940. And now “the past lovers” demand us to go back to Mashtots’s orthography completely, though that alphabet is much more difficult than the present one.

Is this our way of following Mashtots’s commandments?

Making our writing and, especially, our children’s education terribly difficult, which “national value” would we have cherished? Isn’t it clear that if we went back to the old orthography, we would go astray, we would violate Mashtots’s one-letter-one-sound and one-sound-one-letter principle? If we did this, we would follow the form only, not the essence! And we would cherish our backwardness and obscurantism only!

We have two grammars today; Abeghian’s grammar and post-Abeghian grammar. These two grammars completely contradict each other, completely kill each other, and they are completely incompatible!

Now our modern linguists consider these two grammars being correct, but they teach only the second one at schools, colleges and universities. Meanwhile, Abeghian proved in 1936 that these second grammars are completely wrong and absurd. It follows from this that modern Armenian linguistics has no scientific criterion to decide truthfulness of its assertions.

Now, swearing Abeghian and declaring him wrong, how much do we cherish our “national values” and which values do we cherish?

The names of: Armenak Sahmuradyan, Vahan Ter-Arakelian, Galust Ter-Mkrtitchian, Heinriech Hubschmann, Antoine Meillet are unknown almost to all Armenians, but these men devoted almost all their conscious life to Armenian culture and protection of Armenians. We celebrate a lot of jubilees, but we have never properly celebrated one of these men’s jubilee. (For instance, on 3rd July, 2010 was 150 anniversary of Hubschmann’s birthday, and Galust Ter-Mkrtitchyan’s same anniversary was just two or three years ago (nobody knows his true death date, sic!), but who was aware?

Do we really cherish our national values?

Khatchatur Abovian told us: write for people and in people’s language (which was Mashtots’s intention, too), but we, forgetting Abovian’s writing manner and his commandment, have created a nightmare “literary language”, which has been flooded with alien grammar. And we neither can properly speak (and write) in this “language” (except a few most talented authors), nor we see that it mostly is artificial and terrible. And we never realize that the significant part (if not majority) of Armenians simply doesn’t understand this nightmare language.

So what’s the use of worshiping Abovian?

This book is about such things and such men and the men who deplore the first.

***

The book has four parts and these parts are rather independent of each other, for there can happen a reader who will open any of these parts (or just any page) wanting to read it only. Generally, I aways try to write in such a way that if anyone opens a page and starts to read it he won’t have any desire to put it away. For this I devoid “complicated” archaic words and phrases.

The first part of the book tells how and why the Armenians lost their ethnic song and dance, and shows one way, at least, how this sorrowful state can be put right a little.

The second part is devoted to a rather detailed narrative of the Armenian “orthography struggle” history and the present state of this “struggle”, and it offers a way of improvement of the Armenian orthography. The book tells (a little) the things I hate and have mentioned above.

The third part examines the so called „national unity“ and „national tradition and national value preservation“ slogans and shows their vanity and fatal harm.

The forth part presents the really tragic state of Armenian modern “grammar” and proposes a way of putting it right. (Truly speaking, I have got the above-mentioned unpublished book – the Concepts of Theory of Modern Armenian Language – which discusses these problems in detail from an entirely new point of view; I am going to publish it in next year.) Actually, this book is partially and independently devoted to rehabilitation of Abeghian’s grammar and orthography reforms scientific reputes.

The fifth part, Adenda, presents two of my published papers, the essence of which is connected with the general matter of the two previous parts. I think these papers must arise the interest of linguists, for they are unprecedented and very important from the viewpoint of “healing” the Armenian literary styles.

Meruzhan Harutyunyan,

3rd July, 2010, Yerevan

Առաջին մասը

ՄԱՇՏՈՑԸ, ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ ՈՒ ԿՈՄԻՏԱՍԸ «ՍՏՈՒԳԱՐՔ» ԿՍՏԱՆԱ՞Ն

(Ճշմարտությունը հայ ազգային երգի ու երգապարի մասին

կամ Կոմիտասի ու հայ ազգի ողբերգություններից մեկը)

Իր գաղափարները տարածելու լավագույն ձևը

արդարություն պահանջող ժողովրդի համար`

ճշմարտությունն ասելն է

Անտուան Մեյե

Մեր հեռացույցը, էս 2010 թվին, «Հայ-TV» ալիքով «Մենք հայ ենք» վերնագրով շոու է կազմակերպել, ու հավաքել է մի քանի հոգու, որ սրանք է՛ն տեսակ մարդկանց գործն ու վաստակը գնահատեն, ինչպիսիք են, օրինակ, Մեսրոպ Մաշտոցը, Վիկտոր Համբարձումյանը, Կոմիտասը ևն:

Երբ մի քանի անգամ պատահմամբ «Հայ-TV»-ի էս հուսահատ փորձերից մեկ-երկուսն աչքիս ընկավ, ջղայնացա ու ալիքը փոխեցի, որովհետև մեր հեռացույցի գավառականությունը, անճաշակությունն ու ցածր մակարդակն անտանելի են, ու անտանելի են երևի ոչ միայն ինձ համար: Բայց Կոմիտասի մասին հաղորդումը նայելուց հետո` էլ չդիմացա ու որոշեցի, որ պիտի մի քանի խոսք ասեմ` գոնե է՛ս մի հաղորդման մասին:

Չդիմացա, մանավանդ որ վերջերս մեր հեռացույցի «աստղ» են դարձրել մի ծեր կնոջ, ով հայտարարում է, թե ինքն «աստղաբան է ու մաթեմատիկոս», չնայած առանց հաշվիչի երկու երկնիշ թիվ չի բազմապատկի, ու էդ կնոջ արածն էլ ընդամենը բախտ բացելն է: Վերջերս Վիկտոր Համբարձումյանի հոբելյանն էր, բայց մեր հեռացույցը հոբելյանի օրերին Համբարձումյանին ավելի քիչ ժամանակ նվիրեց, քան վերջերս էս գրբաց կնոջը: Ու հիմա էլ մեր հեռացուցը քվեարկելով որոշում է, թե Համբարձումյանին քանի՛ բալ նշանակի:

(Գուցե սխալ եմ, բայց կարծում եմ, որ էս «աստղաբան ու մաթեմատիկոս» գրբացին մեր հեռացույցին մոտ թողնողները բարոյական ոչ մի իրավունք չունեն համաշխարհային հռչակ ունեցող աստղագետ ու մաթեմատիկոս ու ֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանից խոսելու):

Հաղորդմանը մասնակից մեր էս հայերը խոսում էին մեծ մասամբ շտամպով, իհարկե, հայտարարելով, թե Կոմիտասը հանճարեղ է (ինչը ճիշտ է ու ճիշտ), թե Կոմիտասի երգը չքնաղ է ու դրա նմանը աշխարհում չկա (ինչը ճիշտ կլիներ, եթե սա ասողները հասկանային, որ «Կոմիտասի երգ» ասածը ուղղակի չկա, եթե ասեին, որ «Կոմիտասի երգ» ասելով իրենք նկատի ունեն հայ ժողովրդի էթնիկ, այսինքն ազգային, այսինքն, իսկական հայկական երգը ու սրա հատ ու կենտ մշակումները):

Ու հետն էլ սրանք հայտարարում էին, թե Կոմիտասը հաղթել է (ինչը լրի՛վ է սխալ, որովհետև Կոմիտասը չարաչար պարտվել է, ու Կոմիտասի հետ էլ` չարաչար պարտվել է էսօրվա մեր ողջ հայ ժողովուրդը, ու սա քիչ հետո կապացուցվի հենց Կոմիտասի վկայություններով):

Բա կարելի՞ է, որ էս մարդիկ (կամ էլ նույնիսկ հայ ժողովրդի զգալի մասը) քվեարկելով գնահատական նշանակեն Մաշտոցին, Համբարձումյանին ու Կոմիտասին: Մաշտոցի, Համբարձումյանի ու Կոմիտասի պես մարդ` հարյուր միլիոնից մեկն է ծնվում:

Մաշտոցի, Համբարձումյանի ու Կոմիտասի արածները 12 բալանոց համակարգի մեջ չեն տեղավորվում, որովհետև էս երևելիների արածների արժեքն անսահմա՛ն է բարձր:

Հետո, ի՞նչ սկզբունքով են ընտրել էս ստուգարք ընդունողներին:

Ի՞նչ է, սրա՛նք, էս ստուգարք ընդունողները, ճակատամա՞րտ են վարել ու հաղթել ու հայ ա՞զգն են փրկել, հայերեն այբուբենն են ստեղծե՞լ, համաշխարհային նշանակության ֆիզիկոմաթեմատիկական մեթոդնե՞ր ու աստղագիտական կոնցեպցիանե՞ր են ստեղծել, տիեզերքի ստեղծվելու գաղտնիքնե՞րն են պարզել, թե՞ հայ երգն ու երգապարն են հավաքել ու աշխարհին ապացուցել են, որ հայ երգն ու պարը ոչ միայն ինքնուրույն են, այլև իրենց մակարդակով չեն զիջում, օրինակ, իտալականին ու էսօր հայ պարի տեղը մասամբ գրաված իռլանդական պարին: Ի՞նչ զորավոր գործեր են արել սրանք, որ էս տեսակ մի իրավունք են տվել սրանց:

Ի՞նչ սկզբունքով են ընտրել քննարկվող երևելի հայերին: Ու եթե սրանց ընտրածների մեջ կան՝ Չարենցը, Համբարձումյանը, Խաչատրյանը, ինչո՞ւ չկան՝ Թումանյանը, Ղ. Աղայանը, Սարոյանը, Ալիխանյանները, Սարյանը, Օրբելիները, Այվազովսկին, ևն, ևն:

Բա որ մի քանի ոչ պրոֆեսիոնալը պիտի 12 բալանոց համակարգով Մաշտոցին, Համբարձումյանին ու Կոմիտասին «ստուգարք» նշանակի, ո՞վ պիտի էդ նույն համակարգով հենց սրա՛նց ստուգարք նշանակի: Ու թե որ էդ մարդկանց էլ «ստուգարք» նշանակող լինի, սրանք քանի՞ բալ կստանան: Կամ էլ` բա որ սրանք Մաշտոցին, Համբարձումյանին ու Կոմիտասին «ստուգարք» չդրին, կամ ցածր դրին, էդ անգամ ի՞նչ պիտի անենք: Իհարկե, հավանական չի, որ չդնեն, բայց ո՞վ իմանա, մեկ էլ` հանկարծ վերցրին ու չդրին, կամ էլ` 12-ից ցածր դրին:

(Երբ էս տողերը գրում էի, չգիտեի, որ Թումանյանը, Սարոյանը, Ալիխանյանները, Սարյանը, Օրբելիները, Այվազովսկին, Մխիթար Հերացին ու շատ-շատերը ոչ միայն «ստուգարք» չեն ստացել, այլև սրանց առհասարակ արժանի չեն համարել, որ էս «ստուգարքին» մասնակցեն: «Քննական թերթի» մեջ սրանց ազգանունների դիմաց գրած է եղել «չքննել»:

Հայ երևելիներից շատերին չեն թողել, որ նույնիսկ «բուհի ընդունելության դիմում տան»: Օրինակ, երևելիների հարյուր հոգանոց նախնական ցուցակում չկան` հայ հնագույն բժշկության հիմնադիր Մխիթար Հերացին, Հայաստանի նորագույն բժշկության հիմնադիր Լևոն Անդրեյի Հովհաննիսյանը, չկա Լևոն Օրբելին, ով ժամանակին հրաժարվեց իր թեկնածությունը Նոբելյան մրցանակի ներկայացնելուց (չնայած վերոհիշյալ Լ. Ա. Հովհաննիսյանը Նոբելյան կոմիտեի խնդրանքով, որ Սովետից մեկի թեկնածությունն առաջարկի, հենց Օրբելուն էր առաջադրել), չկա Հրաչյա Ներսիսյանը (չնայած կա Հրաչյայի որդին` Լևոնը, ու չգիտես` ինչու. ախր, իր հոր համեմատ` իր ո՞ր վաստակի համար):

Չկա Թորոս Թորոմանյանը (ով հայկական ճարտարապետության բնագավառում արեց նույնը, ինչ որ Կոմիտասը երգ ու պարի, կամ գերմանացի Հայնրիխ Հյուբշմանը հայ լեզվաբանության բնագավառում), չկա Արտեմ Միկոյանը, ավագ Ալիխանյանը, Գյուլբենկյանը (բայց կա Մանթաշովը), Մանուկ Աբեղյանը, Գալուստ Տեր-Մկրտչյանը (վերջին երկուսի վաստակը Աճառյանի վաստակից իսկի էլ պակաս չի), Դուրյանը, Մեծարենցը, Օտյանը, Պարոնյանը, Զոհրաբը, Սիսակյանը (բայց կա հայագով ու մեծամոլ Պարիս Հերունին, ով մեր ներկա իրականության մեծագույն արկածախնդիրներից, եթե ոչ շառլատաններից, մեկն էր, թե՛ ֆիզիկայի, թե՛ մնացած բոլոր բնագավառներում): Գրբացներին հարգող հեռացույցից ի՜նչ ուզես:

Բացի էս ասվածը, ի՞նչ սկզբունքով են, օրինակ, Նժդեհին, Մամիկոնյանին ու Տիգրան Երկրորդին դրել Կոմիտասի ու Համբարձումյանի կողքին, ու էդ ի՞նչ ընդհանուր միավորներով են սրանց վաստակը չափում:

Անկասկած է, որ հեռացուցային ուսուցողական-ճանաչողական հաղորդումները խիստ անհրաժեշտ են, ու որ էսօր դրանց պես բան համարյա չկա: Էս կարգի երևելի հայերի կենսագրությունը պիտի առիթ լինի, որ մարդկանց, մանավանդ մեր ջահելներին, ծանոթացնեն գիտության ու մշակույթի զանազան բնագավառներին:

Բայց, առաջին հերթին, էս առիթները պիտի օգտագործվեն մեր ցավ ու դարդից ու մեր թերություններից ու հետամնացությունից խոսելու համար: Էս կարգի հաղորդումները պիտի անպայմա՛ն կազմակերպվեն: Ու պիտի կազմակերպվեն պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, է՛ն մակարդակով, ինչ մակարդակով որ Մոսկվայի «Կուլտուրա» ալիքը կամ էլ, օրինակ BBC-ն է անում: Ու վարողներն ու մասնակիցներն էլ պիտի խորը պրոֆեսիոնալ լինեն ու հայագով մեծամոլությամբ չտառապեն:

(Իսկ եթե էս մակարդակն ապահովելն անհնար է, գոնե չա՛փը պիտի պահպանվի, որովհետև շատ անգամ լռելը խոսելուց ձեռնտու է): Այնինչ, էս շոուի մակարդակը, մեղմ, ասած, էս պայմանին չի բավարարում:

Ու ամենակարևորը, ե՞րբ պիտի թողնենք ազգային համատարած սնափառությունը, հայագովությունը, սնապարծությունն ու մեծամոլությունն ու գլուխգովանությունն ու ե՞րբ պիտի ասենք միայն ու միայն ճշմարտությունը, ասենք պրոֆեսիոնալ մակարդակով, նախօրոք մանրամասն ուսումնասիրելով է՛ն նյութը, ինչից խոսում ենք: (Բա պարզ չի՞, որ չկա շարքային ոչ պրոֆեսիոնալ մարդ, ով հարկավոր խորությամբ իմանա երևելիների ներկայացրած բոլոր բնագավառները):

Օրինակ, Կոմիտասից խոսող էս մարդկանց խոսքից երևում էր, որ սրանք քիչ են տեղյակ էն բաներից, ինչից խոսում են, ինչպես որ քիչ էին տեղյակ իրենց բոլոր հաղորդումների նյութերից: (Կամ էլ հնարավոր է, որ լավ էլ տեղյակ էին, բայց, չգիտես ինչու, իրենց գիտելիքը խնամքով թաքցնում էին մեր ժողովրդից): Հազար ափսոս:

Բայց եթե էս տիկին ու պարոնները «չթաքցնեին» իրենց իմացածը Կոմիտասից ու Կոմիտասի գործունեությունից, ու եթե սրանց սիրտն ու հոգին իրո՛ք ցավար հայ երգ ու պարի ողբալի վիճակի համար, ի՞նչ պիտի ասեին էս մարդիկ մեր ժողովրդին:

Պիտի նախ նկարագրեին, թե ինչպիսին են եղել մեր ազգային, մեր իսկական երգն ու պարը, որովհետև մեր ժողովուրդն էսօր գաղափար անգամ չունի իր իսկ սեփական երգ ու պարից: Ու պիտի ասեին, որ մեր ազգային երգն ու երգելաձևն ու պարն ու պարելաձևն այլևս չկան:

Այսինքն, պիտի ասեին դառը ճշմարտությունը, ինչքան էլ սա դառը լինի:

Իսկ դառը ճշմարտությունը`

մեր անտեղյակությունն ու սրա հետևանքով էլ` մեր տգիտությունն է:

Պիտի ասեին, թե ինչից ենք անտեղյակ, ու ինչը չգիտենք:

***

Ի՞ՆՉ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ ՈՒ Ի՞ՆՉ ՉՈՒՆԵՆՔ

  1. Հայ աշխարհիկ երգը հիմնականում եղել է միաձայն ու մեծ մասամբ` խմբական: Երգապարն ու սրա պարերգը եղել է միայն ու միայն խմբական: (Երգապարը` երգելով պարելն է: Պարեգն է՛ն երգն է, ինչի տակ պարել են): Երգելով պարել են բոլոր-բոլոր գյուղացիները ու, ըստ տեղի ու պահանջի, երգասացությանն ու երգապարին մասնակցել են բոլոր-բոլորը, անկախ էն հանգամանքից, երաժշտական լսողություն ու ձայն ունե՞ն, թե՞ չէ:
  2. Հայ աշխարհիկ երգն ու պարը ստեղծել ու պահպանել է հայ գեղջուկը, շինականը, ոչ թե Կոմիտասը: Հազար ափսոս, որ Կոմիտասը գրեց ու պահպանեց միայն դրանց բառ ու նոտաները (մոտ 4000-ից ավել), բայց ոչ երգելաձևը (զարդանախշը) ու պարելաձևը, որովհետև էն օրերին էդ բանն անհնար էր, հարկավոր տեխնիկան չկար:
  3. Պարելն ու մանավանդ երգելը հայ գեղջուկի համար եղել է հույժ բնական՝ խոսելու ու շնչելու պես:
  4. Աշխատանքային երգերը՝ գութանի, ցանքսի, կալի, հունձի, քաղհանի ևն, ու հարսանեկան ու սգի երգերը եղել են պարտադիր ու ծիսական (ծիսականության առումով հիշենք, օրինակ, Համբարձման տոնի վիճակի (բախտ բացելու) երգերը):

(Հայ երգի ծիսականության հարցն առաջինը լուրջ ուսումնասիրել է հե՛նց Կոմիտասը, ու էս ուսումնասիրությունը պիտի շարունակվի` կիրառելով համեմատական ազգագրության նոր արդյունքները: (Բայց ո՞վ կանի էս ուսումնասիրությունը, մեր համարյա լրիվ եվրոպական կոնսերվատորիա՞ն), քանզի սա կապված է հնդեվրոպական նախավոր շրջանին ու հնարավոր է, նաև ավելի հին շրջաններին: Բացառված չէ, որ աշխատանքային երգերի նախապատմական իմաստները պայմանավորված լինեն շփածին և համակրական մոգությամբ, այսինքն, լինեն «նախավոր» հավատալիքներ:

(Թե սա ճիշտ է, ուրեմն հայ աշխատանքային, հարսանեկան ու մյուս երգերը հնագույն հավատալիքները հետազոտելու մի եզակի ու հազվագյուտ նյութ են: Էս տեսանկյունից ապշելու է, որ հայ երգը, անցնելով 5-6 հազարամյա ուղի, մինչև 20-րդ դարը պահպանել էր էդ հավատալիքների հետքերը:

(Պարերի ծիսական ծագումը վաղուց է հայտնի, օրինակ, վարդավառին ջուր ցողելը, տյառնընդառաջին կրակի շուրջը պարելն ու վրայով ցատկելն, անկասկած, կապված են անտառի արքայի, պտղաբերության աստվածուհու` Մեծ Մոր, ուրեմն, նաև ջրի ու կրակի հեթանոսական պաշտամունքներին (տես, օրինակ, Ջեյմս Ջորջ Ֆրեզեր, Ոսկե ճյուղը, ու Adonis, Attis, Osiris գործերը)):

  1. Հայ գեղջուկը ոչ թե ուղղակի երգել է, այլ տեղնուտեղն ու իսկույն ստեղծել է: Ժողովուրդը լրիվ` եղել է մի կոլեկտիվ կոմպոզիտոր՝ երգահան: Հայ գեղջուկը ոչ մի երգը երկու անգամ նույն ձևով չի երգել: Այնուհանդերձ, մեր երգը եղել է լրիվ հայկական, ու հազարամյակների ճանապարհ անցնելով, չի դարձել այլ բան:

Ուրիշ խոսքով, մեր ողջ ժողովուրդը եղել է մի վիթխարահանճար կոմպոզիտոր-վարիացիոնիստ-իմպրովիզատոր: Եթե նկատի առնենք նվագարանների բացակայությունը (չհաշված զուտ հայկական նվագարանը` փողը, որ նվագում էին միայն հովիվները, ու ինչն էսօր չկա), ու եթե նկատի առնենք երգերի խորությունը, վեհությունն ու բազմազանությունը, նոր կիմանանք, որ 20-րդ դարի սկզբի համար էս երևույթը եզակի էր ողջ աշխարհում:

  1. Հայ մանուկը երգ ու պար սովորել է ոչ թե դպրոցում, այլ ամեն տեղ, ամեն պատեհ առիթով. սովորել է էնպես, ինչպես խոսելն են սովորում:
  2. ՀԱՅԸ ՊԱՐԵՂԱՆԱԿ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ: ԵՐԲԵՔ ԵՎ ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ:

(Կարելի է ենթադրել, որ պարեղանակի բացակայությունը հատուկ է եղել հնդեվրոպացիներին:

(Հույները նույնիսկ հիշում են, որ քնարն Օրփեոսն է ստեղծել, ինչից բխում է, որ առաջ քնար չեն ունեցել (մանավանդ, որ քնարի բարելյեֆ կա արդեն շումերական պեղումներում, հույներից ու առհասարակ հնդեվրոպացիներից մեկուկես հազարամյակ առաջ), իսկ ռուսները իրենց ազգային երգ ու պարը կործանող Պետրոս առաջինից առաջ պարում էին միայն երգելով ու խմբով (хоровод-ով)):

Պարեղանակները եղել են օտարամուտ ու արմատ չեն ձգել հայոց մեջ (մինչև մեր օրերը). անհետացել գնացել են:

  1. ՀԱՅՆ ՈՒՆԵՑԵԼ Է ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ԵՐԳԱՊԱՐ. ՊԱՐԵԼ Է ԵՐԳԵԼՈՎ ՄԻԱՅՆ, ՊԱՐԵԼԻՍ ԵՐԳԵԼ Է ՀԱՏՈՒԿ ՏԵՍԱԿ ԵՐԳԵՐ` ՊԱՐԵՐԳԵՐ: ՍՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՃԻՇՏ ԿԱՆԵՆՔ, ԵԹԵ ՄԵՐ ՆԱԽԿԻՆ ՊԱՐԵՐԻՆ ԱՍԵՆՔ ԵՐԳԱՊԱՐ ԿԱՄ ԳԵՂՈՆ: Պարն սկսելիս՝ հաճախ, ռիթմը բռնելու համար, մի չորս շրջան պարել են ԼՈՒՌ, առանց երգի ու նվագի:
  2. Հայ պարը չի ունեցել կիրք զարթնեցնող, մեղկ, վավաշոտ շարժումներ. չի ունեցել «բալետային», արհեստական, շինծու, արտակարգ ճարպկություն ու ուժ ցուցադրող շարժում: Պարելիս հայը չի խոնարհվել, չի կռացել, չի թռչկոտել, գլուխն աշխուժով չի թափահարել: Իրանը միայն թեթևակի է ծածանել ու շորորել. իրար շալակ ելնել կամ իրար ուսերի բարձրանալ՝ չի եղել:
  3. Մեր ժողովուրդը ոչ միայն ազգովի կոմպոզիտոր-վարիացիոնիստ-իմպրովիզատոր է եղել, այլև՝ բալետմեյստեր, չափի հանճարեղ զգացումով. ժողովրդի հորինած պարը զուրկ է եղել որևէ գռեհիկ շարժումից: Իհարկե, հայը պարել է ուրախ է՛լ, ծանր է՛լ, արագ է՛լ, թափով է՛լ, թեթև է՛լ, կատակով է՛լ, բայց միշտ լուրջ, նույնիսկ կատակելիս, էնպես, ինչպես սեղան են նստել՝ միշտ «տղամարդավարի»:
  4. ՀԱՅԸ ՄԵՆԱՊԱՐ ԿԱՄ ԶՈՒԳԱՊԱՐ, ԿԱՄ ԻՐԱՐԻՑ ԱՆՋԱՏ, ՋՈԿ-ՋՈԿ ՊԱՐՈՂՆԵՐԻ ԽՈՒՄԲ` ՉԻ ՈՒՆԵՑԵԼ, ՉԻ ՈՒՆԵՑԵԼ ՈՒ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ, ՈՒ ՍԱ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՎԱՏ ԲԱՆ ՉԻ ԵՂԵԼ:

Սա եղել է եզակի երևույթ, եզակի ու գեղեցիկ, ու վեհ, ու հրաշալի: Պարել են` միշտ թև-թևի, ուս-ուսի, իրար ձեռք բռնած, երգելով: Պարերգերը եղել են պարզ ու այնպես հարմարած, որ շնչելուն չխանգարեն:

  1. Զուռնա-դհոլը սելջուկ-թուրք-թաթարները բերին, ու դրանք մերը չե՛ն, մեր երգ ու պարի մեջ գեղեցիկ չե՛ն, մեր երգ ու պարի մեջ տգե՛ղ են ու այլանդա՛կ: Հայ երգին, պարերգին ու երգապարին ամենամեծ հարվածը հենց զուռնան հասցրեց:
  2. (Երբեմն կլսես, իբր զուռնան յուրօրինակ ու հրաշալի նվագարան է: Բան չունեմ ասելու, բայց սրանք յուրօրինակ են թուրք ու թաթարի համար: Ու հիմա մենք ունենք էդ «լավ, յուրօրինակ ու հրաշալի» զուռնան ու չունենք մեր ազգային աշխարհիկ երգն ու երգապարը, ու մեր բնիկ նվագարանը` փողը: Է՛հ, թե որ զուռնան էդքան հրաշալի բան է, եկեք գնանք Միջին Ասիա ու էնտեղից 3-4 մետրանոց զուռնա բերենք՝ դարձնենք մերը: Դրանք մեր տեղականներից մոտ 20 անգամ երկար են, ուրեմն երևի 20 անգամ էլ լավը լինեն: Հը՞):
  3. Մեր միակ բնիկ ազգային նվագարանը փողն է, ինչը հիմա ԻՍՊԱՌ ՉԵՆ ԳՈՐԾԱԾՈՒՄ: Էսօր միլիոնավոր հայից փող ածելը իմանա երևի մեկ-երկու մարդ միայն:
  4. Էս ամենն ունեինք: Հիմա ունենք՝ «Մշակույթի» նախարարություն, «Կրթության ու գիտության» նախարարություն, «ազգային» կոնսերվատորիա, «ազգային» օպերաի թատրոն, երաժշտական ուսումնարաններ, «ժողովրդական» հազարավոր անսամբլ, հազարներով «աստղ», զուռնա, դհոլ, թառ, քյամանչա, ակորդեոն, քանոն, դուդուկ, սրինգ, շվի, կլարնետ, մենապար, զուգապար, «բերդ» պար, բարդ, գուսան-աշուղ, տասնյակներով հեռացույցով ելույթ ունեցող երգի պարի «ռաբիս դաստա», ու էլի հազար ու մի բան, բայց չունենք էս 14 կետում ասած հատկանիշներով ազգային երգն ու ազգային երգապարը, ու չունենք միակ հայկական ազգային նվագարանը` փողը:
  5. Հայ գեղջուկը ո՛չ կոնսերվատորիա ուներ, ո՛չ օպերա ուներ, ոչ է՛լ ժողովրդական անսամբլ, բայց երգ է՛լ ուներ, երգապար է՛լ, ու ունեցածն էլ՝ պաշտամունքի էր արժանի: Բայց որ հիմա գիշերը Անկարայի մի ռադիոալիքը լսես ու ուշ չդարձնես, որ լեզուն թուրքերեն է, հենց կիմանաս, թե Հայաստանի ռադիոն կամ հեռացույցն ես լսում, որովհետև իրենք է՛լ, մենք է՛լ – նո՛ւյն երգերն ենք փոխ առել:

Մեր էս հեռացուցային «արեոպագը» հենց է՛ս բաները պիտի ասեր:

  1. Ու պիտի ասեին, որ.

ա) Հազար ափսոս, բայց էսօրվա հայերն իրենց աշխարհիկ (ժողովրդական, ազգագրական, «կոմիտասյան») երգերը (մանավանդ իրենց երգելու հայկական ձևով, քառյակների հայկական դրությամբ, երգի հայկական զարդանախշով, հայկական ձայնաշարով (ինչպես ասում էր հաղորդմանը մասնակիցներից մեկը)) բոլորովին չեն երգում, ուրեմն, էսօր լրիվ զուրկ են երգվող ազգային երգից:

բ) Հազար ափսոս, բայց էսօրվա հայերը լրի՛վ են զուրկ իրենց ազգային ձևի երգապարից ու պարերգից:

գ) Հազար ափսոս, բայց էսօրվա հայերի ժողովրդական երգը հենց է՛ն երգն է, ինչը երգում են ու լսում են հեռացույցով ու ռադիոյով, մանավանդ ԱԼՄ ալիքով: Ուրեմն, էսօրվա հայերի երգը, համարյա լրիվ, փոխ է առած հարևան ժողովուրդներից ու մակարդակով էլ` ահավոր ցածր է:

դ) Հազար ափսոս, բայց էսօրվա հայերն իրենց ժողովրդական, ազգագրական, «կոմիտասյան» երգապարերը (մանավանդ երգելու ու երգով պարելու հայկական ձևով) բոլորովին չեն պարում, ու էսօր լրի՛վ են զուրկ իրենց իսկակա՛ն ազգային պարից: Ուրեմն, էսօրվա հայերի էսօրվա պարերը կա՛մ հայերեն չեն, կա՛մ փոխառյալ են, ու հազար ափսոս, որ հենց էս օտա՛ր պարերն են էսօրվա հայկական ժողովրդական պարերը:

ե) ՊԻՏԻ ԱՍԵԻՆ, ՈՐ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ ԷՍՕՐ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՉԵՆ, ԻՍԿ ՄԵՐ ԷՍՕՐՎԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՉԵՆ:

Այ, թե ինչ պիտի ասեին մեր «մասնագետները»:

Պիտի ասեին նաև, որ այլևս լռելն անհնար է, քանզի հայ ազգային երգն ու պարը մե՛ր երգն ու պարն է, ու չպիտի անտարբեր նայենք սրանց ճակատագրին, քանզի վիճակը հիմա օրհասական է, մանավանդ, որ էս վերջին չորս նախադասությունը, ի դժբախտություն մեզ, հլը ողջ ճշմարտությունը չի: Ճշմարտությունն ավելի սարսափելի է:

Բայց կարդացողը երևի հարցնի, թե ի՞նչ երաշխիք կա, որ հենց ե՛ս եմ ճիշտ ասում, կամ որ ես ճի՛շտ եմ ասում: Սրա համար էլ կարճ գրելու եմ Կոմիտասի՛ էն ասածների մի մասը, որ (ը)սփռված են իր հոդվածների մեջ: Ու ես դրանք ուղղակի հավաքել եմ ու, քիչ թե շատ ամփոփ, դրել եմ էստեղ: Ուրեմն, իմ էս գրածը ի՛մ եզրակացությունները կամ ի՛մ հորինածը, կամ էլ՝ ի՛մ ցանկությունները չեն: Ու իհարկե, ամբողջական է՛լ չեն:

Թե որ մեկնումեկն էս գրածիս համաձայն չի,

ուրեմն, համաձայն չի հենց Կոմիտասի՛ն:

Ասածներս ստուգելի են, աղբյուրները նշում եմ:

ԱՊԱՑՈՒՅՑ ԿԱ՞, ՈՐ ԱՍԱԾՆԵՐՍ ՃԻՇՏ ԵՆ

Ապացույցները կարող են լինեն միայն պատմական, ու էս հարցերից համապարփակ գիտելիքներով օժտված միակ վկան, է՛ն վկան, ով էս հարցում ունի նաև զորավոր հեղինակություն, ու ում անաչառությունն ու անկեղծությունը կասկած չի հարուցում, Կոմիտաս վարդապետն է:

Ասածս հաղորդման մասնակիցներից մեկը, Ա. Շահնազարյանը, ասաց, որ Ա. Սպենդիարովը ժամանակին ասել է, թե «Կոմիտասը միստիֆիկատոր է», այսինքն, Կոմիտասի ասածները կեղծ են, հորինովի են:

Հաստատ չգիտեմ, բայց կարծում եմ, որ Սպենդիարովն անպայման ասած կլինի էս տեսակ մի բան, որովհետև Սպենդիարովի արևելյան մոտիվներով ստեղծած գործերի մեջ հայ ազգային երգից ոչ մի բան չկա:

Հնարավո՛ր է, որ Սպենդիարովը բուն հայկական երգ ու պարին ծանոթ եղած չլինի: Ինչ որ է, ես հավատում եմ Կոմիտասին ու չեմ հավատում Սպենդիարովին:

Չի եղել ու հիմա էլ չկա երգ ու պարով, ու, առհասարակ, երաժշտությամբ, մանավանդ արևելյան ժողովրդական երաժշտությամբ զբաղվող որևէ մեկը (էսօր` գոնե Հայաստանում չկա), ով Կոմիտասից ավելի լավ իմանար մեր ազգային երգ ու պարի նախկին վիճակը, ի՛ր օրերի վիճակը:

Ու ամենաողբերգականն է՛ն բանն է, որ եթե ժամանակին Կոմիտաս վարդապետն ապացուցեց, որ հայն անպայման ունի (թե՞ «ուներ») ազգային երգ ու պար (էն օրերին բոլորն էլ պնդում էին, թե հայերն ինքնուրույն երգ ու պար չունեն, թե իբր հայերն իրենց է՛ն օրերի երգն ու պարն ուրիշներից են փոխ առել), հիմա էլ ստիպված պիտի գերեզմանից ապացուցի, որ վերջին 8-9 տասնամյակում հայը կորցրել է թե՛ իր ազգային երգը (թերևս՝ փոքր-ինչ վերապահությամբ, որովհետև եկեղեցական ազգայինը հլը կա), թե՛ պարը (սա` լրիվ):

Ինչևէ, որ ասվածը պարզ լինի, նախ պիտի հստակ իմանանք, թե ի՞նչ ենք ունեցել, թե ինչպիսի՞ն է եղել մեր երգն ու պարը 8-9 տասնամյակ առաջ: Սրա համար էլ խոսքը տանք հենց իրեն՝ Կոմիտաս վարդապետին:

(Էստեղ ու հետո քաղվածքները կարվեն Ռ. Թերլեմեզյանի կազմած «Կոմիտաս, հոդվածներ և ուսումնասիրություններ», «Պետական հրատարակչություն» գրքից՝ տպագրված 1941 թ., Երևանում, ինչը գրված է Մանուկ Աբեղյանի ուղղագրությամբ, ու ինչը, իմիջիայլոց, շատ ավելի պարզ ու լավ ուղղագրություն էր, քան էսօրվանը: Անտեղյակները հենց էսօրվա՛ ուղղագրությունն են սխալմամբ համարում Աբեղյանինը: Թող ցանկացողը կարդա հենց էս գրքի երկրորդ մասը, որ տեսնի, ճի՞շտ եմ ասում, թե՞ չէ):

ԽՈՍՈՒՄ Է ԿՈՄԻՏԱՍԸ - 1.

ԻՆՉՊԻՍԻՆ Է ԵՂԵԼ ՀԱՅ ԵՐԳԸ

«Մենք հայ ենք» հեռացուցային շոուի մասնակիցները ոչ մի էական բան չասին բնիկ հայ երգի մասին:

Բայց ահա թե ինչ է ասում Կոմիտասը:

Կոմիտասն ասում է (ամեն տեղ մեծատառերն ու ընդգծածները` թավատառերն ու շղատառերըբոլդն» ու «իտալիկը»), ի՛մն են –Մ. Հ.).

«…Մեր յերաժշտությունը յերկու գլխավոր խմբի ե բաժանվում:

  1. Յեկեղեցական;
  2. Աշխարհիկ կամ ավելի ուղիղն ասած՝ ժողովրդական:

... Մեր ժողովրդական յերգերը բաժանվում են հետևյալ տեսակների.-

  1. Մանկական երգեր, վորոնք ամենապարզ կազմն ունեն:
  2. Պարեգեր, վորոնք կոչվում են յայլի և մի քիչ ավելի զարգացած են, քան առաջինները:
  3. Դյուցազներգեր, վորոնք նվիրված են լինում վորևե հերոսի գովքին:
  4. Մահերգեր, վորոնք նվիրված են դիպվածներին և պատահարներին զոհ գնացողների հիշատակին:
  5. Հարսանեկան յերգեր, վորոնք երգվում են հարսանեկան զանազան արարողությունների ժամանակ և պսակից հետո:
  6. Բնության յերգեր, վորոնք ամենագունեղներն ու հետաքրքիրներն են: Օրինակ, գութանի (ոչ էն աղավաղ «Հորի, հորի հորովել»-ը, ինչը հիմա երգում են մեր «ժողովրդական» երգիչներից ոմանք – Մ. Հ.), վար ու ցանքի, կալի, հունձքի, քաղհանի երգերը...

«... բնության յերգերն ամենագունեղներն ու բարդն են: Արդարև, գութաներգի մեջ մտնում են շատ տարրեր, ինչպես՝ գութանի անվի ճռռոցը, շղթաների շրխկոցը, յեզների կամ գոմեշների փռնչոցը, մաճկալի այլ և այլ բացականչությունները գործի ժամանակ, օրինակ, անուշադիր հոտաղին ուղղված կշտամբանքը, լծկաններին շռայլված խրախույսը, խանդաղատանքը, սերը ևն:

«… Հարսանեկան յերգերը նույնպես բազմատեսակ և խորհրդավոր են: Նրանց թիվը առ այժմ հասնում է 78 – ի:

(Ապշելու բան է՝ 78!: Էսօր դրանցից ո՛չ մեկը չի երգվում: Փոխարենը երգում ու նվագում են ամեն տեսակ ռաբիս, երբեմն էլ՝ Մենդելսոն, ևն: Ուրեմն, սրա՞նք են հայկականըՄ. Հ.):

«Հետաքրքիր են այս շարքում ա՛յն յերգերը, վորոնք կրում են «ծաղկոց» անունը, և 16 հատ են: Այս յերգերը յերգում են հարսնացուի մոտ ընկերուհիները՝ պսակի նախընթաց ամբողջ գիշերը մինչև լույս, հարսնացուին զուգելու, զարդարելու ժամանակ: Նրա գովքն են անում, նմանեցնում նրա կյանքը՝ ծառի, ծաղկի, լուսնի ևն:

«Իսկ մյուս յերգերը վերաբերում են փեսային, հարս ու փեսի մորը, փեսայի ազապ ընկերներին, հարսնևորներին ևն: Մի քանիսն էլ հանելուկ են և զվարճական յերգեր:

«Մահերգերը, պատահարների հետ կապված լինելով, ունեն պատահական և մղկտացող եղանակ: Սկսում են ափսոսանքներով, ավաղներով, վոր հետո կրկնակ հանկերգ են դառնում, կամ կենսագրական նկարագրություններով, վորոնց կցվում են բնության տխուր տեսարանների պատկերները: (Հիշենք Թումանյանի Անուշի ու Մարոյի միջինները – Մ. Հ.):

«Դյուցազներգերը գլխավորապես հիմնվում են պատմական ավանդությունների վրա, վորոնց թվում հայտնի յե Մոկաց Միրզայինը:

«Պարերգերը ծագում են առնում պարի ժամանակ տղայի և աղջկա միջև առաջացած զգացումներից: Նրանք սկսում են, ինչպես պարերը, ծանր, հանդիսավոր և ապա, կամաց-կամաց, տաքանում և արագանում:

«Պարագլուխը յերգում ե առանձին նախադասությունը մինչև վերջին բառը, խումբն առնում ե վերջին բառից և կրկնում նույն նախադասությունը մինչև վերջին բառը, վորի վերջին բառից դարձյալ սկսում ե պարագլուխը և շարունակում յերկրորդ նախադասությունը՝ մինչև վերջին բառը և այսպես հաջորդաբար»:

Էս քաղվածքը պիտի միայն ընդհանուր պատկերացում տա մեր աշխարհիկ երգի մասին: Բայց բուն հայ ժողովրդական երգը անբաժան է եղել ստեղծագործական պրոցեսից: Նորից խոսքը տանք Կոմիտաս վարդապետին.

«Անցյալ 1905թ. ամառանոց եյի գնացել Հառիճի վանքը (Շիրակում, Ալեքսանդրապոլից 28 վերստ հեռու, Արագածի վրա): Վարդավառի տոնին ուխտ եր եկել մի մեծ բազմություն:

«Ուխտին՝ գյուղացի աղջիկները, նորահարսերն ու տղաները, ինչպես սովորույթ ե, պար են բռնում, խաղ կապում ու յերգում: Ափսոս որ այդ բնական, բանաստեղծական, բովանդակալից և գողտրիկ պարերին մեծ հարված ե տվել և տալիս ե այլանդակ, անճաշակ և կարծր զուռնան»:

(Էսօր վկա ենք էդ հարվածի արդյունքին՝ զուռնան սպանեց, մորթեց հայ աշխարհիկ երգն ու մանավանդ երգապարը, ու մեր (Կոմիտասի ասելով) միակ ու իրոք որ ազգային նվագարանը` փողը – Հ. Մ.):

«Ուխտատեղին կորցրել ե իր բուն նշանակությունը և դարձել զուռնաչիների և առավելապես կեր ու խումի վայր: Ամեն մերձակա և հեռու գյուղ բերում ե յուր զուռնաչիների խումբը:

«Յերևակայեցեք մի բակ, մի տասնյակ զուռնաչի, խումբ-խումբ, այս ու այն անկյունում, կամ բակի մեջտեղում, հաճախ իրար կից նվագելիս: Խռնված բազմություն, ասեղ ձգելու տեղ չկա: Բարձր սարերից, խոր-խոր ձորերից տասնյակ զուռնայի բռի ձայների արձագանքն ե անդրադառնում:

«Մի զարհուրելի, անլռելի, խոժոռ ձայների անտանելի ժխոր: Փորձիր սենյակդ մտնել. դռները պինդ գոցիր, բայց զուր. զզվելի զուռնայի զռզռան ձայները պատիցն ել են թափանցում» (ըստ ժամանակակիցների վկայության, Կոմիտասի ամենաթունդ հայհոյանքը` «զուռնաչին» էր – Հ. Մ.):

«Յերբ վանքն իր նախկին խաղաղությունն ստացավ, դառն բողոքեցի ընկերիս՝ Երվանդ վարդապետին, իմ զայրույթը հայտնեցի զուռնաչի յերաժշտության դեմ, և սաստիկ կսկիծ, որ բուն, անարատ, բանաստեղծական գեղջուկ յերգերն անհայտանում են: (Օղորմի քեզ, դժբախտ վարդապետ, բա որ հիմա ողջ լինեիր, ի՞նչ կասեիր. անշուշտ, էս անգամ չէիր խելագարվի՝ իսկույն սիրտդ կպայթեր – Հ. Մ.):

«Հայր Յերվանդի յեղբայրն իսկույն գյուղ գնաց, և ազգականների հարսներին, աղջիկներին հավաքեց վանքի բակը: Որը (Օրը – Մ. Հ.) յերկուշաբթի եր և մեռելոց: Ա՜յ, այժմ սկսեցինք հայրենի սրտալի յերգեր լսել և հարազատ ուխտ անել:

«Յես արդեն, թուղթն ու մատիտը պատրաստ, դուրս եյի յեկել շինության սալահատակ տանիքը և սպասում եյի նոցա գալուն:

«Այս անգամ ներկա եյի հենց սկզբից. ուրիշ անգամներին հնար չեր լինում, վորովհետև պար բռնելն սկսում են գիշերով, իսկ յես հասնում եյի և պատրաստ յերգեր եյի լսում: Տեսա և զգացի, թե վորքան սխալվել եմ:

«Առաջ-առաջ, մի չորս հոգի յեկավ: Պարը բոլորեցին: Մի յերկու շրջան, լուռ, բայց համաչափ քայլով, դեպի աջ, վորպես սովորույթ ե խաղի սկզբին, պտույտ արին: Մեջների լավ խաղ ասողն սկսեց յերգել այս կրկնակով…

Աման, թելլո, թելլո,

Սիրուն թելլո, թելլո:

nota1

«Խումբն այս կրկնեց նույնությամբ և պարագլուխը շարունակեց յերգի առաջին մասը և կրկնակի առաջին տողը.

nota2

«Խումբը կրկնեց նույնը: Պարագլուխը շարունակեց յերգի երկրորդ մասն ու կրկնակի յերկրորդ տողը փոքրիկ ավելագրությունով.

nota3

«Վոգևորության ազդեցության տակ, կամաց-կամաց յեղանակը զարգացավ և ձևափոխություններ ստացավ.

1

nota4-1

2

nota4-2

3

nota4-3

4

nota4-4

5

nota4-5

6

nota4-6

7

nota4-7

«Յեղանակը զարգացավ հետևյալ ձևով.

1

nota5-1

2

nota5-2

3

nota5-3

4

nota5-4

5

nota5-5

6

nota5-6

7

nota5-7

«Վերջին 6, 7, 8 ձևերին փոխվեցավ տաղաչափության կշիռը, վորովհետև թռնում եյին արագ: Ութերորդ ձևը երգելիս` յեկավ մի երկրորդ խումբ, վոր պարի մեջ մտավ հենց յերգի ընթացքում: Նոր պարագլուխ անցավ պարի գլխին: Պարագլուխ լինում են հայտնի խաղ ասող աղջիկներ կամ տղայք. յերբ գալիս է մի այդպիսին, նախկինը պարի ղեկը տալիս ե նորան և ինքը կանգնում ձախ կողմից: Յերկրորդ պարագլուխը փոխեց յեղանակը, մի աստիճան բարձր բռնեց առաջին մասը…

1

nota6-1

2

nota6-2

«Յեղանակը զարգացավ հետևյալ ձևով…

1

nota7-1

2

nota7-2

3

nota7-3

4

nota7-4

5

nota7-5

6

nota7-6

«Այստեղ միացավ ելի մի քանի հարսն ու աղջիկ, պարագլուխը նորից փոխվեցավ: Սա ե՛լ ավելի բարձր յերգեց.

1

nota8-1

2

nota8-2

«Պարի ընթացքում եղանակը ստացավ հետևյալ ձևը.

1

nota9-1

2

nota9-2

«Հանկարծ սկսան կանչել ու քաշքշել մի աղջկա, վոր հեռու կանգնած դիտում էր. տարան և պարի գլուխ կանգնեցրին: Խաղը մի առ ժամանակ ընդհատեցին, միչև վոր այդ աղջիկն ել մտավ պարի մեջ: Սա գյուղի հայտնի յերգչուհին և պարուհին եր: Սովորույթի համաձայն այսպիսին չեմ ու չեմով ե գալիս, թեև սիրտը յեռում ե յերգել-պարելու համար:

«Պարը հասավ վոգևորության գագաթին: Պարագլուխն իր սքանչելի ձայնով բոլորեց եղանակը և նոր վոգի ներշնչելով` յերգին համ ու գույն տվավ:

1

nota10-1

2

nota10-2

«Այստեղ եղանակը կրեց հետևյալ փոփոխությունը. սրանցից ամեն մեկը ունի իրեն հատուկ գեղեցկությունը».

1

nota11-1

2

nota11-2

3

nota11-3

4

nota11-4

5

nota11-5

6

nota11-6

7

nota11-7

8

nota11-8

9

nota11-9

10

nota11-10

11

nota11-11

12

nota11-12

Կոմիտասն իր խոսքը եզրափակում է հետևյալ բառերով.

«Հաջորդ յերգերն այս խաղի հիմնաձևի ազդեցությունն եյին: Քանի յեղանակ փոխվեցավ, այնքան հեռացան:

«... Այն որը (օրը – Մ. Հ.) գրի առա 34 նոր յերգ:

«Այսքանը բավական ե պարզելու համար, թե ինչպես են ծնունդ առնում գեղջուկ յերգերը և թե ինչպես են տեղնուտեղը, բազմապատիկ աճում ու զարգանում:

«Պարը վերջացավ: Խնդրեցի, բոլորն ել յերգեցին առաջին խաղը, բայց վերջին պարագլխի յեղանակով: Յերբ ինքս արծարծեցի և հիշեցնել կամեցա յուրաքանչյուր նախկին պարագլխի յերգածը, ամենևին կարևորություն չտվին սեփական ստեղծագործության, քանի վոր գյուղի առաջին երգչուհին, իր վոլորուն ձայնով ու բնատուր ձիրքով, գեղարվեստական ամփոփ արտահայտություն եր տվել բոլորի թոթովանքին:

«Առարկեցին թե – «եդոնք լավը չեն»: Մինչև անգամ զարմանում եյին, վոր մի «խաղ ասող վարդապետ» չնչին բաների հետևիցն ե ընկել: «Յերգ ե, խաղ ե», –ասացին ու գնաց, ել ու՞մ վեճն եր թե ո՛վ, ու՛ր, յե՛րբ և ի՛նչպես ե յերգել:

«Գյուղում ամենքն ել, լավ կամ վատ, յերգել գիտեն. վորովհետև մասնակից են յերգաստեղծության կամ յերգասացության: Բայց և վոչ մեկը չգիտե, թե ո՛վ ե կապել խաղը, վորովհետև բոլորը միասին են հյուսում:

«Վոչ մեկը չգիտե, թե վո՛րտեղ ե հյուսել, վորովհետև խաղ ստեղծել կարելի յե ամեն տեղ: Վո՛չ մեկը չգիտե, թե ի՛նչպես ե հորինել, վորովհետև յերգաստեղծությունն ինքնաբեր կարողություն ե: Վո՛չ մեկը չգիտե, թե յե՛րբ ե հնարել, վորովհետև յուրաքանչյուր րոպե հետը բերում ե նոր տրամադրություն:

«Մեկն առիթ ե տալիս, մյուսը՝ նյութ, մեկը մի միտք ե հղանում, մյուսը ձևակերպում ե և տեղնուտեղը, վայրկենական տպավորության և ազդեցության տակ, խոսքն ու ձայնը, բանաստեղծությունն ու յերաժշտությունը, իբր յերկվորյակ քույրեր, բխում են անսպառ կերպով ժողովրդի մտքից ու սրտից, բնազդաբար և առանց կանխակալ նախապատրաստություն ունենալու:

«Իրանց միջի նուրբ ճաշակի տեր անձն ել կոկում ու բնականաբար, տեղական դրոշմ ե դնում և գեղջուկի բուն վոգին վառ գույներով պայծառացնում: Արդեն հետո, իբր կատարյալ, պատրաստի յերգ, իրենք ել չգիտեն, թե ո՛վ կամ յե՛րբ ե ստեղծել, ու՛ր կամ ինչպե ՛ս ե ծնունդ առել»:

Առայժմ դադարենք Կոմիտասի խոսքը:

Ամենաապշելու բանն էս նկարագրության մեջ է՛ն փաստն է, որ հայ գեղջուկները, եղել են կոլեկտիվ երգահան (կոմպոզիտոր) ու սրա հետ էլ՝ կատարող, երաժիշտ, բայց, առանց որևէ գործիքային նվագակցության:

Ժողովուրդ-կոմպոզիտոր՝ ահա թե ինչ է եղել հայ ժողովուրդի մեծ մասը:

Երգել ու պարել են բոլոր գյուղացիները, իսկ մի քանի դար առաջ` երևի բոլոր-բոլորը (նաև քաղաքացիները), առանց բացառության, ամեն մեկն ի՛ր կարողության չափով, բայց բոլորը:

Ասվեց, որ հայերի երգային ու պարային ավանդույթները երևի գալիս են հնդեվրոպացիների նախավոր օրերից, բայց 20-րդ դարի սկզբին արդեն ոչ մի ազգ, բացի հայ ազգից, այլևս էս տեսակ ավանդույթ երևի չուներ, որ տեղնուտեղն ստեղծեր, կոկեր, կատարյալ դարձներ իր երգը: Ապշելու բանը միայն սա չի:

Ապշելու է նաև, որ հայ շինականը երբեք նույն երգը երկու անգամ նույն ձևով չի երգել: Նույն երգն ամեն անգամ երգել է այլ կերպ, նորովի, բայց մեկ է, էդ երգը միշտ մնացել է հայերեն, միշտ ազգային ու երբե՛ք չի փոխվել: Մեռավ, բայց չփոխվեց: Ուրեմն, կյանքի գնով է՛լ չփոխվեց:

Կա՞ սրանից ավելի արտառոց որևէ բան. երգ՝ ինչի թե՛ մեղեդին, թե՛ բառերն անընդհատ փոխվում են, բայց, ինքը երբե՛ք, երբե՛ք չի փոխվում:

Մի քանի տասնամյակ առաջ Լենինգրադի երաժշտագետները փորձում էին` հաշվիչ մեքենաներով պարզեն, թե ի՞նչն էր հայ երգի ինվարիանտը (նույնադիրը, հաստատունը, անփոփոխը), ի՞նչն էր սրա մեջ մնում անփոփոխ, սրա ո՞ր հատկանիշն էր, որ սա պահում էր անաղարտ ու անբիծ (տես գրականության ցանկի Կոմիտասական-2-ը):

Հա՛, անաղարտ ու անբիծ, որ մի քանի հազարամյակ մնա, մնա մինչև 19-րդ դարի վերջը ու էդ ժամանակ Կոմիտաս վարդապետի բերանով ապշեցնի ողջ Եվրոպային, ու մի քանի տասնամյակում մեռնի:

Ու մի բան էլ:

Հայն ունեցել է միայն ու միայն ԵՐԳԱՊԱՐ, նորից առանց որևէ գործիքային նվագակցության: Այլ կերպ ասած, ՀԱՅԸ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՊԱՐԵՂԱՆԱԿ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ: Ու սա բոլորովին էլ վատ բան չի եղել:

Մեր երգապարը եղել է հիասքանչ ու, 19-20-րդ դարերում, եզակի: Բա սրա պես է՞լ ողբերգություն. մի քանի հազարամյակ երգապար ունենաս, երգապար, ինչն սքանչելի բնութագրում ու ցուցադրում է քո իրոք որ յուրօրինակ ազգային կերպարը, ու հետո, ընդամենը մի քանի տասնամյակում, դա սպանես ու հենց էդ ընթացքում էլ պարեղանակներ փոխ առնե՞ս:

Ուրեմն, հիմա՛ արդեն, պարով է՛լ, երգով ու եղանակով է՛լ, չես տարբերվում (ինքնություն չունես) ոչ միայն հարևան, այլև բազում ուրիշ արևելյան ժողովրդից:

Ու ի՞նչ ես փոխ առել. սրանից, նրանից, էստեղից, էնտեղից. ստացվել է մի կատարյալ «Գասպարյանի շարադրություն»:

(Ջահելներին ասեմ, որ Գասպարյան ազգանունով մի աշակերտ դպրոցում, դեսից դենից արտագրելով, մի անհեթեթ շարադրություն էր գրել, ու սա հայերենի հին դասագրքերում կար ու շատ էր հայտնի):

Ու հետո էլ, երբ մեր էսօրվա երգն ու պարը (էսօրվա՛նը ու ոչ թե կոմիտասյան ու ազգագրական կոչվողները, թեև, կախված կատարելու ձևից, ասվածը կվերաբերի նաև սրանց) ներկայացնում ենք օտարներին, զարմանում ենք, թե էս ինչու՞ չեն հիանում սրանցով, ախր Կոմիտասն ասել է, որ մեր երգն ու պարը չքնաղ են, ու իրենք էլ 1913 թվին հիացել են: Էս ինչու՞ են սրանք մեզ խառնում Կովկասի մյուս ժողովուրդներին, ևն, ևն:

Ափսոս, բայց ինքներս էլ չգիտենք, թե ի՞նչն է մերը (ավելի ճիշտ, ի՞նչն է եղել մերը), ու ի՞նչն է ուրիշներինը:

Իհարկե, թե՛ արվեստի, թե՛ գիտության, թե՛ առհասարակ, մշակույթի բոլոր բնագավառներում էլ փոխառությունն անխուսափ է ու անհրաժեշտ, ու առանց դրա չկա առաջընթաց:

Մեկ ազգը երբեք չէր ստեղծի համաշխարհային ներկա մշակույթը: Չլիներ Բաբելոնը, չլիներ հին Եգիպտոսը, չլիներ հին Հունաստանը, չլինեին հին հնդկական, չինական, արաբական մշակույթներն ու բազում ուրիշ մշակույթ, չէր լինի եվրոպական վերածնունդը, ժամանակակից գերհզոր գիտությունն ու արվեստը:

Բայց եթե գիտության ու տնտեսության մեջ փոխառությանը չափ չկա, լեզվի ու արվեստի մեջ կա՛: Սրա հետ միասին, ուրիշի լեզվից ու արվեստից փոխ առնելիս` չպիտի դեն նետես քո սեփականը, եթե սեփականդ լրիվ անարժեք մի բան չի:

Թե որ քո սեփական արժեքավոր բաները դեն շպրտեցիր, կնմանվես էն մարդուն, ով ուրիշի երեխա է որդեգրում ու հետո իր հարազատ զավակին փողոց է շպրտում: Երեխային գուցե խղճան, վերցնեն, պահեն ու մեծացնեն. երգը, պարը չեն վերցնի. առավել ևս չեն վերցնի երգելաձևը:

Բացի սա, հնարավոր չի, որ ուրիշի երգն ու պարը էդ ուրիշի պես երգես, ուր մնաց՝ մեծացնես: Ու հետո՝ ուրիշներն իրե՛նցը կունենան, ու քոնն իրենց պետք չի լինի: Բոլորը չեն, որ մեր խելքին են:

Հա՛, փոխառություն էլ կա՝ փոխառություն էլ: Հայերն իրանական, սեմական, ու ուրիշ լեզուներից փոխ են առել հսկայական թվով բառ՝ արմատների ամենաքիչը` 60-70 տոկոսը: Բայց լեզու փոխ՝ չեն առել:

(Փոխառությունների վիճակն էսպես է ցանկացած լեզվում: Բառերի փոխառությունը լեզվի համար շնչելու պես բան է, առանց բառային փոխառության լեզուն չի ապրի: Չպիտի փոխ առնես միայն քերականությունը: Մեր գրական ոճերը սրան լրիվ հակառակ են վարվում):

Ուրիշի քերականությունը փոխ առար՝ քոնը կսպանես: Բառ փոխ առնելը կարելի է ու ուղղակի պարտադիր է, քերականությունը` չէ:

(Երբ մենք ասում ենք «կապիտալիզմը սոցիալիզմից վատն է», գործածում ենք միայն մեկ հայերեն բառ՝ է-ն: Բայց էս նախադասությունը հայերեն է, քանզի հասկանալի է ամեն մի հայի, քանզի ամեն մի հայ ունակ է նման նախադասություն կազմելու:

Իսկ է՛ն օրը, երբ փոխ առնենք ռուսերեն խոսելաձևը (լեզո՛ւն, քերականությո՛ւնը), մեր լեզուն կդառնա, օրինակ, ռուսերենի պես մի բան, եթե նույնիսկ արմատները պահենք էլ: Չգիտեմ, նման բան, առհասարակ, հնարավոր է, թե ոչ, բայց ստացվածը ծիծաղելի ու ողորմելի մի բան կլինի, դա հաստատ: Ի՞նչ կասեք, եթե ռուսերենին նմանակելով ասեմ. Ես խոսույու, դու լսույեշ, նա լռույետ – իբր ես խոսում եմ, դու լսում ես, նա լռում է: (Էսօր մեր գրական ոճերը սրա պես բան` շա՛տ են անում. տես իմ Թարգմանելու արվեստը, նաև իմ Թվական-գոյական զույգի գործածությունը)):

Մեր երգն ու պարը ոչ թե սրա պես ողորմելի վիճակում են, այլ շատ ավելի թշվառ մի վիճակում: Հայերից շատ-շատերը մտածում են, որ եթե երգի բառերը հայերեն են, ուրեմն, երգն է՛լ է հայկական: Ու չգիտեն, որ էսօրվա երգվող երգերը, համարյա առանց բացառության, հայկական չեն, ու չէին` սկսած 1930-ականներից:

Նույն ձևով էլ` ուրիշի երգելու ու պարելու ձևը փոխ առար ու քոնն արհամարհեցիր, սեփական երգ ու պարդ կսպանես: Մենք սա՛ ենք արել:

Բայց, դառնանք Կոմիտասին: Ահա թե էլ ինչ է ասում Կոմիտասը:

«Յուրաքանչյուր գյուղացի քաջ գիտե տեղական յեղանակներն ու յերգերն այնպես, վորպես բառերը: Շատ զարգացած ե բնազդաբար հարմարելու յերգական կարողությունը, վորը ձեռք ե բերել կամաց-կամաց, դարերի ընթացքում, մշտական փորձերով և սուր հիշողությունով, վորոնց առաջնորդն ե զգույշ լսողությունը:

«Յերգելու ժամին, յուրաքանչյուր գյուղացու համար հեղինակությո՛ւն ե՝ լավ խաղ ասողը: Յերբ սա մի նոր յեղանակ ե յերգում, ներկաներն ել սկսում են այնքան արագ ու միաժամանակ կրկնել, վոր լսողը կարծում ե, թե յեղանակն առաջուց գիտեին:

«Շատ հետաքրքրական ե յերգի կամ պարի ժամանակ գյուղացի մանուկներին տեսնելը: Այս ու այն ծակից ներս են մտնում, պստիկ տոտիկները ձախ ու ծուռ դնում, նոցա հետ այս ու այն կողմ պտույտ գալի, մանրիկ բերաններն ակամա բաց ու խուփ անելով, յերգում այնքան, վորքան մանկական միտքը կըմբռնե և արտահայտելու վստահություն կառնե:

«Հենց վոր խաղը վերջանում ե, վազում են, մի առանձին անկյուն բռնում, արծարծում ու սերտում են մեծերից լսածը»:

Սրանից ավելի կատարյալ երգ ու պարի դպրոց կա՞: Հայ գեղջուկ մանուկը սովորում էր ամեն առիթով: Տեղյա՞կ եք, թե հիմա մեր հայկական դպրոցներում ինչպե՞ս ու ի՞նչ են սովորեցնում երգեցողության դասերին:

Երբ կարդում ես Կոմիտասի Լոռու գութաներգը Վարդաբլուր գյուղի ոճով հոդվածը, ուղղակի լացդ գալիս է. ի՜նչ ենք ունեցել և ինչի՛ց ենք զուրկ հիմա: Ահա մի հատված դրանից.

«Գործն ու յերգը վարողն է ավագ հոտաղը. եթե նա նկատում ե, վոր հոտաղը կամ մաճկալը անուշադիր են, չեն քշում… անուշադիրներին ե դիմում: Այսպես, օրինակ, յերբ յերգում ե՝ «գալիս, գալիս ա» և տեսնում, վոր մեկը չի քշում, անմիջապես վրա յե բերում (երգելով – Մ. Հ.) «քշի, հոտաղ» բացականչելով և ապա շարունակում է՝ «Այ, ակը լալիս ա» (քանի որ դու չես երգում – Մ. Հ.) ևն: Կամ, յերբ տեսնում ե, վոր չեն երգում՝ բարկանում, զայրանում ե, վոր քշելու ժամանակ չեն յերգում՝ ասելով. «Հորիքն ելավ (այսինքն, հերի՛ք է, բավակա՛ն է, վե ՛րջ տուր – Մ. Հ.), այ լալիկ հոտաղ, այ» (այսինքն, ա՛յ համր հոտաղ, երգի՛ր…):

Ուրեմն, աշխատանքի, վարի, ցանքի, կալի, հնձի, քաղհանի ժամանակ երգելը հայ գյուղացու համար ՊԱՐՏԱԴԻՐ Է ԵՂԵԼ, երգելը եղել է աշխատանքի մի բնական, անկապտելի մասը, մի կատարյալ ՀՈԳԵՎՈՐ ԾԵՍ, ինչը սրբագործվել է հազարամյակներով:

Աշխատելիս չերգելը չէր կարելի, «ավագ հոտաղը կբարկանար»: Ու «ծանոթ ու անծանոթ անց ու դարձ անողի հասցեին՝ անպատճառ որևէ բան հյուսելու էին»:

«Ժողովուրդն արվեստական (արհեստական, ոչ տեղին – Մ. Հ.) յերգեցողություն ասած բան չգիտե… Ոչ մի գյուղացի, տանը նստած, կալի յերգ չի ասի. վորովհետև կալերգն ստեղծելու և ասելու տեղն ե կալը»:

Ա՛յ, հենց է՛ս բաները պիտի ասեին մեր հեռացուցային դասախոսները:

Ու նաև մեր կոնսերվատորիայի ու օպերայի գործիչները:

ԽՈՍՈՒՄ Է ԿՈՄԻՏԱՍԸ-2.

ԻՆՉՊԻՍԻՆ Է ԵՂԵԼ ՀԱՅ ԵՐԳԱՊԱՐԸ

Տեսնենք, թե Կոմիտասն է՛լ ինչ է ասում հայ պարի մասին.

«Հայ գեղջուկ պարը կիրք զարթնեցնող շարժումներ չունի, և զգացմունքներն արտահայտվում են ոչ թե մեղկ, մոլի, կատաղի, հրապուրիչ և այլ շարժումներով, այլ ՊԱՐԵՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:

«Հայ գեղջուկը պարերի ժամանակ գլուխն իր միանգամ բռնած դիրքն անփոփոխ ե պահում. սովորաբար մի քիչ թեք դեպի աջ կամ ձախ և կամ ուղիղ. իսկ շարժելիս ել` միայն ավելի առաջ և սակավիկ մի հետ, աննշմարելի կերպով: Աշխուժով գլուխը թափահարել, եռանդուն ցնցել ևն - չկա: …

«ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԵՐԸ ԽՄԲԱԿԱՆ ԵՆ: Խմբապարը շատ խորունկ արմատ ե ձգել հայ գեղջուկի մեջ, վոր հինը պահում ե և նորը հորինում:…

«Հայ գեղջուկ պարերի ժամանակ, սովորաբար, նվագարաններ չեն մասնակցում (նվագարանների գործածությունը թեև մտել ե, բայց օտար ե. նվագարաններով պարելը տարածված ե քաղաքներում և կամ առ առավելն սորա մերձակա գյուղերում, որոնք քիչ թե շատ շփում ունեն օտարներին): ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՐՈՒՄ Ե ՅԵՐԳԵԼՈՎ: Մեր նախնիները յերգելով պարելուն ասում եյին ԳԵՂՈՆ»:

(Այս շարադրանքից երևում է, որ հայ պարի բազմազանությունը, համարյա լրիվ, արտահայտվել է յայլու, այսինքն, պարերգի բազմազանությամբ, (ինչի թե՛ մեղեդին էր անընդհատ փոխվում, թե՛ բառերը) քանզի հենց միայն պարային շարժումների նույնքան բազմազանությունն ուղղակի անհնար է):

Եվ սա Կոմիտասը գրել է 1901 թվին: Այժմ արդեն հայ ժողովուրդը կենդանի երգապար, այսինքն, գեղոն՝ չունի: ԻՍՊԱՌ ՉՈՒՆԻ: Հինգ-վեց հազար տարի գեղոնը պահեց - շահեց, հետո մի հարվածով դեն շպրտեց:

Մեկ ուրիշ տեղ Կոմիտասն ասում է.

«Հայերը, առավելապես քաղաքացիները, պարում են նույնպես և ոտար կովկասյան պարեր՝ նվագարաններով. <նվագարաններով>, վորովհետև այս պարերը պարերգ (երգապար - Մ. Հ.) չեն, այլ լոկ պարեղանակ՝ հարմարեցված մենապարի և զուգապարի, վորոնք ՀԱՅԿԱԿԱՆ ՉԵՆ»:

Երևի առարկեն, թե, ըստ հնագույն վկայությունների, հայերը նվագարան օգտագործե՛լ են, օրինակ, փանդիռը: Բայց, նախ փանդիռը, ըստ երևույթին, գործածվել է վիպական երկարաշունչ ասքերի ժամանակ (recitando-ով), ու գործածողներն էլ միայն գուսաններն են եղել:

Հայ գուսանները կամ, ըստ Աճառյանի, գովասանները (իհարկե, նաև հետագա աշուղները) բոլոր դարերում էլ արհամարհել են սեփականը, ազգայինն ու նմանակել են օտարներին: Ահա, թե Կոմիտասն ինչ է ասում գուսանների մասին.

«Հայ գուսաններն ունեն ժողովրդականից անկախ, ինքնուրույն դպրոց: Գուսանական դպրոցները յերկու տեսակ են: Առաջինին պատկանում են կրթվածները, երկրորդին՝ անուսումները: Վերջինները մի կամուրջ են կապում բուն ժողովրդականի և կրթված գուսանական դպրոցի մեջ: Յերգում են ոտար կամ մայրենի լեզվով, ոտար եղանակները՝ անշնորհք, աղավաղված, իսկ հայ շինական յերգերը՝ թեպետ բավական ուղիղ, բայց թաթարական, ծուռ ու մուռ, անկայուն և անճաշակ տարախաղությամբ»:

Վկա՛ է Աստված, հաղթեց թաթարականը:

«Այս տգեղ արտասանությունն էլ գործ ե ածում, դժբախտաբար, գյուղացի արական սեռն էլ՝ պատանեկան հասակից սկսած:

«Կրթված գուսաններն ել ավանդաբար նախանձախնդիր են արաբ, պարսիկ և տաճիկ յերաժշտության, թեպետ մեկ-մեկ ել յերգում են ժողովրդական յեղանակներ, բայց ավելի զվարճացնելու, քան ճաշակ տալու նպատակով, վորովհետև անարվեստ, թեթև, անվոճ և իրենց դպրոցի վոգուն հակառակ են համարում:

«Սոքա երգում ու նվագում են, վերջին ժամանակներս, ավելի հայերեն լեզվով, բայց արաբ, պարսիկ և տաճիկ յերգագրության որենքներով: Շատ անգամ պատրաստի յեղանակներին հարմարեցնում են նոր բառեր:

(Մի բան, ինչով էսօր, երևի առանց բացառության, զբաղված են բոլոր «ռաբիս դաստաները» և ժամանակակից գուսանները ու համարյա բոլոր «աստղերը» – Մ. Հ.):

«Այս դեպքում ոգուտ են քաղում տաճկական շարգիներից և թյուրքիներից, վորովհետև արաբ և պարսիկ յեղանակները չեն լսում, լսածներն էլ ծանր են և գուսանական, վիպական վոճին անհարմար:

«Հասարակ և անուսում գուսանները գործածում են ժողովրդական և ոտար, խառն տաղաչափություն ... յեղանակներն առանց բացառության ոտար են»:

Էս քաղվածքը պիտի՛ որ մեզ համոզի, որ գուսանները փոխ էին առնում նաև հի՜ն-հի՜ն օրերին:

Մի փաստարկ էլ կա: Եթե, օրինակ, փանդիռը բնիկ հայկական նվագարան լիներ, դա կհարատևեր գոնե մինչև 1910-ական թվականները: Չէ՞ որ միակ հայկական նվագարանը` փողը, ու հայ գեղջուկ պարը՝ գեղոնը, դիմացան թե՛ իրանական տիրապետությանը, թե՛ արաբական խալիֆաթի հարվածներին, թե՛ սելջուկ-թուրքերի արյունախում հորդաների հեղեղներին, թե՛ Բյուզանդիայի նենգ ու խորամանկ քաղաքականությանը, թե՛ ցարական Ռուսաստանի շովինիզմին:

Հայ երգն ու երգապարը նահատակվեցին միայն ստալինիզմի թունավոր մթնոլորտում, բայց հենց մեր մտավորականների համառ ջանքերով (Ռ. Մելիքյանի, Ա. Սպենդիարովի, Թ. Ալթունյանի ու այլոց, ու մեր բոլորի, բոլոր լուռ ու անտարբեր մնացողների «համառ ու անխոնջ» ջանքերով):

Բացի սա, «փանդիռն» բառը փոխառություն է, ինչը նշանակում է երեք լարանի քնար (ու ինչի տեսակն է, օրինակ, ուկրաինական բանդուրան, ու սրա անունը, ակնհայտ, ցեղակից է փանդիռ բառին), ու, ըստ Աճառյանի ու Հյուբշմանի, բնիկ հայերեն բառ չի, այնինչ, փող բառը բնիկ հայերեն է:

Ի վերջո, կա ավելի զորավոր մի փաստարկ, ու սա էնքան է կարևոր, որ ստիպված նորից եմ երկար քաղվածք անելու Կոմիտասի գրածից.

«Իմ կարծիքով, փողը (փողը, հակառակ հաղորդմանը մասնակից տեր-տեր (այսինքն, պարոն-պարոն) միաբանի կամ աբեղայի պնդածի, ո՛չ շվին է, ո՛չ սրինգը, ո՛չ էլ դուդուկը – Մ. Հ.) նվագական երաժշտության հիմնաքարն ե, և այն ունի այն տեսակ առանձնահատկություններ, զորս վոչ մեկ ազգի նվագարան չունի:

«Անոր հնչյուններն ամենեն մոտիկն են մարդկային սրտին, ամենեն հարազատ արտահայտիչը անոր բոլոր զգացումներուն. մարդ անոր ծակոտիներուն մեջ կրնա արտաբերել իր հոգին իր բոլոր զգացումներով:

«Եթե կատարելագործվի այս նվագը (ավա՜ղ, թող չկատարելագործվեր, թող գոնե փողն ի՛նքը մնար – Հ. Մ.) իր զանազան սեռերով, յես վստահ եմ, թե մենք այն տեսակ շնչական հրաշալի նվագուրդ մը (orchestre) (այսինքն, փողային նվագախումբ – Մ. Հ.) կունենանք, վոր ընդունակ ե բնությունը արտահայտելու իր եական գույներով, կյանքը՝ իր հարազատ շարժումներով, միտքը՝ իր սեփական խորհուրդներով, և սիրտը՝ իր սեփական հուզումներով, վորովհետև փողը՝ միակ նվագարանով՝ կրնա բազմաթիվ ձայներու հնչումներ հանելու, ինչ վոր կարելի չե գտնել ուրիշ նվագարաններու մեջ:

«Թեև բացատրեցի ուրիշ հայկական նվագարաններ ևս, ինչպես պարկապզուկը կամ տկզարը, սակայն անոնք այնքան ինքնուրույն չեն, վորքան փողը, և անոնց պես ուրիշ նվագարաններ՝ կարելի ե գտնել ուրիշ ժողովուրդներու մեջ. արդեն բոլորն ալ (այսինքն, բոլոր ազգերն էլ – Մ. Հ.), իբրև ազգային նվագարան՝ ՄԵԿ ԳՈՐԾԻՔ ՄԸ ՄԻԱՅՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ (մեր Ակադեմիայի թղթակից անդամ Հ. Կարայանն ինձ ասաց, որ Կոմիտասի էս պնդումը Դեբյուսին շատ է հավանել ու համարել է հայեցակարգային: – Մ. Հ.), իսկ մյուսները շինված կամ հարմարած կըլլան անոր վրա:

«ՀԱՅՈՑ ՄԵՋ ԱՅԴ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆԸ ՓՈՂՆ Ե, վոր, պետք ե անգամ մըն ալ կրկնեմ, խորունկ ազդեցություն գործեց բոլոր համաժողովականներուն մեջ, իր պարզության մեջ պարփակված վեհությամբ…»:

(Խոսքը 1914 թ. Փարիզի միջազգային երաժշտական համաժողովի մասին է, ուր Կոմիտասը մի քանի դասախոսություն կարդաց հայ երգի ու երաժշտության մասին, երգեց Մոկաց Միրզան ու մեր էս փող գործիքով նվագեց Ոչխարը ջրի տանելու եղանակը, ու աշխարհի երաժշտության բոլոր գիտունները ապշած մնացին հայ երգի ու փողի արտառոց յուրօրինակության, չքնաղության ու վեհության վրա):

ԻՆՉՈՒ՞ ՈՒ ԻՆՉՊԵ՞Ս Է ԷՍ ՎԻՃԱԿՆ ՍՏԵՂԾՎԵԼ

Հաստատ համոզված եմ, որ մեր ժողովրդի մոտ 100 տոկոսն էս բաները չգիտի: Բայց որ իմացան, մի բնական հարց են տալու. «Ինչու՞ ու ո՞նց է էս վիճակն ստեղծվել»:

Պատճառների մի մասը, օբյեկտիվ են. 1915 թվի գենոցիդը, արևմտահայերի տեղահանությունն ու կորուստը, սովը, գաղթը, անհայտ ու անհույս ապագան, ևն, ևն: Ու Կոմիտաս վարդապետի կորուստը:

(Էլի՛ եմ ասում, Կոմիտասի պես մարդը միլիարդից մեկն է ծնվում: Կոմիտասի արածը 12 բալանոց համակարգի մեջ չի տեղավորվում, որովհետև Կոմիտասի արածի արժեքն անսահմա՛ն է բարձր (բայց մենք, էսօրվա մեր վարմունքով, էդ արածին համարյա զրո արժեք ենք տալիս)):

(Ո՞վ իմանա, Կոմիտաս վարդապետի խելագարվելու ամենազորավոր պատճառը հենց էն ողբերգական բանը չ՞էր, որ իր աչքերի առաջ, իր եղբայրների ու քույրերի հետ միասին, մորթվում էր նաև հայ երգ ու պարի միայն ու միայն բանավոր փոխանցվող ավանդույթը: Չէ՞ որ դա նաև երգ ու պարի գենոցիդ էր):

Հետո գալիս են` հայ թուրքական կռիվները, էլի ջարդ ու կոտորած ու կորուստ, հետո 1930-ական թվականները. նորից ահավոր սով, ահավոր եղեռնագործություն, զանգվածային աքսոր, տեղահանություն, կուլակաթափություն, հողը խլեցին գյուղացու ձեռքից, վերացավ խոսքի ու բողոքի ազատությունն ու իրավունքը, վերացավ հողի վրա ամբողջ տոհմով աշխատելու անհրաժեշտությունը (առանց տրակտորի, կալսիչի ու կոմբայնի հռնդյունի աշխատելունը, ինչը բացառում է հայի ձևով երգելը: Իհարկե, տրակտորի պես բաներն անխուսափելի են, մարդկային հասարակությունն անշարժ չի մնում, բայց սա արդարացում չի, որ մենք մեր երգ ու պարը լրիվ դեն շպրտեինք):

Ու, որ ամենակարևորն է, վերացավ ուրախ սրտով աշխատելու հնարավոությունը: Մի խոսքով, մի սարսափելի մղձավանջ, բայց էդ մղձավանջի մեջ պարտավոր էիր` ասեիր, կանչեիր, գոռայիր, երգեիր, որ երջանիկ ու բախտավոր ես: Երգելու տրամադրություն կմնա՞ր:

Հայ երգի մի զգալի մասը բողոք է դառը ճակատագրից, մանավանդ մեներգերինը, այսինքն, հայրենների ու անտունիների զգալի մասը, որոնք էլ հենց ամենաչքնաղներն ու ամենաբարդերն են: Ուրեմն, դրանք չպիտի երգեին: Չէ՛ր կարելի:

Կարելի էր «Կոլխոզնիկ յարս, Ինժեներ բալան, Հմայակի պոպոքը» ու նման կարգի բաները. կարելի էր «Լայնարձակ է հայրենի երկիրն իմ, Ջան-ջան երջանիկ իմ մանկությունը», կարելի էր «Իմ Ստալինը», բայց ո՛չ անտունի ու առավել ևս՝ ո՛չ «Տար ինձ մըր էրգիր», որովհետև ստիպված էիր գոռալու, թե «էրգիրդ» միայն ու միայն սա է: Էստեղ էր, որ հանդես եկան գուսանները, աշուղներն ու ռադիոն:

Գուսանները միշտ էլ հարմարվել են մեծատունների ճաշակին ու քիմքին, միշտ էլ հակադրվել են ժողովրդականին, թե չէ ապրուստի միջոց չէին ունենա: Իրոք, ո՞ր մի գյուղում կլսեին գուսանին, երբ բոլոր-բոլո՛րն էին երգում, ու ոչ միայն երգում՝ այլ անընդհատ ստեղծում ու նորացնում էին:

Ու հետո՝ հայ շինականն ուզենար էլ, գուսանական եղանակները չէր երգի, որովհետև ուղղակի ընդունակ չէր, որովհետև գուսանականն ու աշղականն էն օրերի հայի համար նույնքան օտար ու խորթ ու անհնար էր, ինչքան, օրինակ, իսպանական կամ անգլիական երգն ու պարը:

Հազարամյակներով հայը երգել է յուրովի, մեծ մասամբ` խմբով, Կոմիտասի վկայությամբ՝ «քառյակների որոշակի դրությամբ, որոշակի ծավալով, չափով, դիապազոնով, եղանակով ու օրնամենտով», ու սրանց չենթարկվողները օտարամուտ էին, ոչ հայկական:

Ուրեմն, էդ գուսանական երգերը երգելու զորությունն ուներ միայն հատ ու կենտ մարդ, միայն գերազանց լսողության տերը: Բացի սա, գուսանական երգերի եղանակներն իսկի հարմար չէին մեր պարին (տես Կոմիտասի «Հայ գեղջուկ պարը» հոդվածը, ասածս գրքից):

Հայտնվեց գուսանական երաժշտության մեկ-երկու եռանդուն ջատագով, ում անունները տալը հիմա իմաստ չունի («ռահվիրաներից» մեկը՝ Թ. Ալթունյանն էր): Էս ջատագովները նախ հայտարարեցին, որ գուսանական երաժշտությունը ժողովրդական է, ու երկրորդ՝ որ ինտերնացիոնալ է:

Պատկերացնում ե՞ք, 1930-ական թվականներին գա հայ երգի համար մահացու մի բան, այսինքն, աշուղական-գուսանական երգը, ինչը հայտարարվի ինտերնացիոնալ, ու սա ձեռնտու լինի կոմունիստների մեծավորներին:

Ինտերնացիոնալությունն էլ հիմնավորում էին էն բանով, որ գուսանները երգում են նաև այլ լեզուներով, այլազգի երգեր, գործածելով այլազգի նվագարաններ:

Գուցե՞ էդ մարդկանց մտքով անգամ չէր անցնում, որ գուսանական երաժշտությունը հայկական չի:

Հնարավոր է: Չէ՞ որ մենք էսօր հայկական ենք համարում, օրինակ, «Մայր Արաքսի ափերով, Ծիծեռնակ, Արի դու սոխակ, Կիլիկիա» երգերը, թեև, Կոմիտասի ասելով, սրանք բոլորն էլ փոխառություն են (օրինակ, վերջինը Բուրգունդիա երգն է, բառերն էլ թարգմանել է Նահապետ Ռուսինյանը, Բուրգունդիա բառը փոխարինելով Կիլիկիա բառով, մեղեդին էլ նույն բուրգունդական մեղեդին է): Բնազդով զգալով սրանց օտար լինելը` ոչ մի գյուղացի սրանք չի երգել ու չի երգում:

Գյուղացին երգում էր` «Կռունկ», անտունիներ, հայրեններ, «Արորն ասաց տատրակ հավքուն, Գարուն ա` ձուն ա արել, Հով արեք սարեր ջան», քաղի ու քաղհանի երգեր, կալի երգեր, սայլի երգեր, հարսանեկան երգեր, վիճակի երգեր, թաղման երգեր ևն, բայց չէր երգում ու չի է՛լ երգում` «Մայր Արաքսի ափերով, Ծիծեռնակ, Արի դու սոխակ, Կիլիկիա» երգերը ևն:

Բայց, ժամանակները «փիս» էին, ու նույնիսկ երգ ու պարի ղեկավարությունն էր հանձնված անիրազեկներին (ճիշտ էսօրվա պես):

Մարդկանց գնդակահարում էին, եթե խելոք էին ու գիտուն: Մեր գյուղացի (Մալիշկեցի) Վահան Տեր-Առաքելյանին աքսորեցին 1936 կամ 1937 թվին (համառոտ կենսագրությունը տես հետո), իսկ Վահանը (Արմենակ Շահ-Մուրադյանի հետ միասին) Կոմիտասի ամենասիրելի աշակերտն ու ընկերն էր: Էսօր էլ ռադիոն պահպանել է մի ձայնապնակ, Վահանի ու Կոմիտասի մի զուգերգը՝ Կալի երգը: Հաղորդում են հազվադեպ, չլինի՞ թե հայն իր երգը լսի ու ճանաչի:

Բացի սա, Վահանը մի-երկու «թերություն» էլ ուներ. ցարական բանակի ամենահայտնի քաջ սպաներից էր ու, թողնելով ռուսական սպայի փայլուն կարյերան, եկել ու կռվել էր իր հայրենիքի համար, գերի էր ընկել թուրքերին, ու իր թուրքերեն երգերով ազատել էր իրեն ու հետը գերի ընկածներին:

Ու գրագետ էր: Լ. Տոլստոյի Աննա Կարենինան ու Յ. Հաշեկի Քաջ զինվոր Շվեյկի արկածները առաջինը Վահանն է թարգմանել հայերեն:

(Էս փաստերը համեմատեք էսօրվա հայ պարի իբր «ռահվիրա» Վանուշ Խանամիրյանի «ինտելեկտուալ հնարավորությունների» հետ: Մեղա՜ քեզ, Տեր Աստվա՛ծ):

Ի՜նչ հանդգնություն: Պարզ է՝ պիտի գնդակահարեին: Շատ էր խելոք: Հենց էսպես էլ վերացրին է՛ն մտավորականներին, ովքեր ողջ հոգով ցավում էին հայ երգի ու պարի համար ու պաշտպանում էին դրանք:

Բայց, սա դժբախտության մի մասն էր միայն:

Պարի «ռահվիրաներից» ամենազորավորը հայտարարեց, թե իբր շատ վատ է, որ հայը մենապար ու զուգապար չունի, ու որ ինքը պիտի ստեղծի (այսինք, փոխ առնի) թե՛ մենապար, թե՛ զուգապար: Ուրեմն, պիտի նվագարան էլ փոխ առնեին, որ հետո հայտարարեին սեփական ու ժողովրդական: Փոխ առան…

ՎԱՀԱՆ ՏԵՐ-ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

(Համարյա ըստ Հայկական հանրագիտարանի)

Վահան Խաչատուրի Տեր-Առաքելյանը ծնվել է 1883-ին, Մալիշկա գյուղում (Եղեգնաձորի կողքին): 1901-1905 թվերին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, եղել է Կոմիտասի գնահատած ու սիրելի մեներգիչն ու կրտսեր ընկերը, 1905-ից մասնակցել է Կոմիտասի համերգային շրջագայություններին` Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, 1908-ին դասավանդել է Գևորգյան ճեմարանում:

1909-ին տեղափոխվել է Պետերբուրգ, սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում ու համալսարանում, երգել է Մարիինյան թատրոնի խմբում ու հայ եկեղեցու երգչախմբում:

Առաջին համաշխարհայինի սկզբից ռուսական ճակատում էր, պարգևատրվել է շքանշաններով ու պատվո զենքերով: Մասնակցել է Սարդարապատի մարտին, մինչև 1920 թվի նոյեմբերը եղել է Կարսի ամրոցի շտաբի պետը, ու Վահանին, Կարսի ընկնելուց հետո, ուղարկել են թուրքական շտաբը` բանագնաց, ուր Վահանին գերի են վերցրել, ու (իր հարազատների պատմելով), թուրքական փաշան, Վահանի երգերով հիացած, Վահանին ազատել է գերությունից:

1921-ից ապրել է Թիֆլիսում, աշխատել է խմբագրություններում, համերգներ է տվել: 1927 թվին Երևանի կոնսերվատորիայի երգչախմբի հետ մեներգել է Մոսկվայի համերգներին, իսկ 1928-ին, Ս. Օգանեզաշվիլու հետ մասնակցել է Մայնի Ֆրանկֆուրտի երաժշտական ցուցահանդեսին:

Վահանը երգում էր` մեր ազգային զարդանախշը պահելով, ինչի համար Կոմիտասը շատ էր գնահատում Վահանին: Ասվեց արդեն, որ թարգմանել է Յարոսլավ Հաշեկի Քաջ զինվոր Շվեյկի արկածներն ու Լև Տոլստոյի Աննա Կարենինան, ու ուրիշ գործեր: Գրել է պատմվածքներ, առակներ, բանաստեղծություններ ու հուշեր` Կոմիտասի մասին:

Աքսորվել է (իր հարազատների ասելով) 1936-ին կամ 1937-ին:

Մահացել է 1941-ին, Կոմի ԻՍՍՀ-ի Ուխտայում:

ՄԵՐ «ԱԶԳԱՅԻՆ» ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՆ

ՈՒ «ԱԶԳԱՅԻՆ» ՕՊԵՐԱՆ

Մեր կոնսերվատորիան հիմնվել է Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ, հենց իր` 1921 թվից գործող Երաժշտական ստուդիայի հիման վրա: Կոնսերվատորիան 1920-ական թվերից ուներ` դաշնամուրի, ջութակի, ալտի, թավջութակի, վոկալի, փողային, երաժշտական-տեսական առարկաների, երգչախմբի ու մանկավարժական դասարանները:

1924-ին, Սպենդիարովի նախաձեռնությամբ, կազմվել է առաջին սիմֆոնիկ նվագախումբը (տես, օրինակ, Հայկական սովետական հանրագիտարանը): 1927 թվին կազմակերպվեց օպերայի դասարանը, իսկ 1933-ին Սպենդիարովի Ալմաստով բացվեց Օպերային թատրոնը, իսկ 1935-ին բեմադրվեց Արմեն Տիգրանյանի Անուշը (նոր խմբագրությունը-ibid):

(Սպենդիարովը, իր քրոջ վկայությամբ, դաստիարակվել էր թուրք-թաթարական երգ ու երաժշտությամբ ու Կոմիտասի անունն առաջին անգամ լսել էր Հայաստան գալուց հետո, այսինքն, ռեվոլյուցիայի´ց հետո: Համոզված եմ, որ Ռոմանոս Մելիքյանի վիճակն էլ ա էսպես եղել):

Իսկ թե կոնսերվատորիայում ի՞նչն էր ու է՛ պակաս, դո՛ւք գլխի ընկեք:

Մեր առաջին օպերան Տիգրան Չուխաջյանի Արշակ Բ-ն է, որ բեմադրվել է Կ. Պոլսում, 1868-ին, Կոմիտասի ծննդից մի տարի առաջ: Տ. Չուխաջյանը նաև մեր օպերետի հիմնադիրն է, իր Լեբլեբիջի Հոր-հոր աղայով (1876): 20-րդ դարի սկզբին, Անուշ օպերա գրելու մի քանի փորձ է արվել, գրվել է մի քանի մանկական օպերա (Չարի վերջը, Ճպուռն ու մրջյունը, Գյուլնազ տատի հեքիաթները ևն-ibid):

Հետագա օրերին գրվեց ու բեմադրվեց բազում ուրիշ օպերա, սիմֆոնիա ու ուրիշ տեսակ երաժշտություն, բայց էս բոլորն էլ` միայն ու միայն եվրոպական ու հետո էլ` ռուսական երաժշտության հիման վրա ու սրա՛նց երաժշտական ավանդույթներին հետևելով:

(Մեր կոնսերվատորիայի ու օպերայի ազգային երգ ու պարի ավանդույթներից հեռու լինելն ու եվրոպականին հետևելը վաղուց է հայտնի, ու սրա մասին էլի՛ են ասել, առաջինը չեմ:

(Ինչքան ե՛ս գիտեմ, միայն 1988 թվին էր, որ մեր կոնսերվատորիայում բացվեց Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնը, ու սա էլ` 1969 թվից գործող նման մի կաբինետի հիման վրա: Էս ամբիոնի «ամոթխած» անվան ողբերգականությունն ակնհայտ է էս գրածիցս: Բովանդակության, ավելի ճիշտ, անբովանդակության մասին ավելի լավ է հլը չասվի):

Մի հոգի (չհաշված Տեր-Առաքելյանին ու Կոմիտասի վեց սանին, տես նկարները), հայ ազգային երգի մի սքանչելի երախտավոր, իր վիթխարի սիրտ ու հոգու ողջ ուժով հետևեց իր ուսուցչին` Կոմիտասին, ու դա Կոմիտասի սիրելի աշակերտ, Փարիզի Գրանդ Օպերայի «Ոսկե Տենոր»` Արմենակ Շահ-Մուրադյանն էր (համառոտ կենսագրությունը տես հետո):

Արմենակ Շահ-Մուրադյանին բարեգործների փողերով ուղարկեցին Ֆրանսիա սովորելու, ու Արմենակը փայլուն սովորեց ու դարձավ Եվրոպայի ամենափայլուն օպերային երգիչը, բայց Եղեռնից հետո թողեց իր էս հրաշալի կարյերան ու մինչև իր կյանքի վերջը թափառեց ողջ աշխարհով մեկ ու երգեց հայերեն երգերը:

Երգեց հայի ձևով, որովհետև Կոմիտասի պես պաշտում էր հայ երգը:

Երգեց, որ քարոզի հայ երգը, որ ուրիշներն էլ իմանան, ճանաչեն ու սիրեն ու հարգեն էդ երգը:

Ու նույնիսկ մահվան մահճում, երբ հիշողությունը կորցրել էր ու երգերի բառերը չէր հիշում, խնդրեց, որ իրեն նստեցնեն, ու անկողնու մեջ նստած` երգեց «Կռունկը», երգեց առանց բառերի:

Երգեց ու մեռավ:

Էսօր Արմենակ Շահ-Մուրադյանի երգերը չափազանց հազվադեպ են հաղորդում, նույնքան հազվադեպ, ինչքան Կոմիտասինն ու Վահան Տեր-Առաքելյանինը:

(Իմիջիայլոց, էսքան ապրում եմ, հլը չեմ տեսել, որ գոնե մի անգամ Արմենակ Շահ-Մուրադյանի կամ Վահան Տեր-Առաքելյանի հոբելյանը նշեն: Ում հոբելյանն ասես, որ չեն նշում, բայց ոչ Արմենակինը կամ Վահանինը կամ, օրինակ, Հայր Միաբան Գալուստ Տեր-Մկրտչյանինը, ում հայագիտական վաստակն անուրանալի է, ում հանձնարարությունները կատարում էին Ռուսաստանի ու Եվրոպայի նշանավոր հնդեվրոպագետները, ու ում մահվան տարեթիվն էլ ստույգ չգիտենք: Գալուստի կամ Արմենակի կամ Վահանի անունը մեր ժողովուրդը նույնիսկ չգիտի:

Չգիտի նաև Լ. Ա. Հովհաննիսյանի անունը, է՛ն Հովհաննիսյանի, ով հիմնել է՝ Երևանի բժշկական համալսարանն ու եղել է դրա Դիագնոստիկայի ամբիոնի 48-ամյա վարիչը, հիմնել է Վիրուսաբանության, Կուրորտոլոգիայի ու Սրտաբանության ինստիտուտները, մոտ 50 մենագրության ու դասագրքի հեղինակ է, ու ում անունով է Սրտաբանության ինստիտուտը, բայց էսօր էդ ինստիտուտի շենքի վրայից կորել է իր անվանատախտակը, կիսանդրին էլ անհետացել է ինստիտուտի տարածքից (երևի ինչ-որ մեկն ուզում է՝ ինստիտուտը սեփականաշնորհի ու իր անունով կոչի):

(Էս տարի` փետրվարին, նաև Լ. Ա. Հովհաննիսյանի ծննդյան 125-ամյակն էր, բայց, ինչքան ե՛ս գիտեմ (Հովհաննիսյանի մասին իմ տեղեկությունները ստացել եմ իր թոռից, Ա. Կ. Հովհաննիսյանից), Հովհաննիսյանի մասին սեպտեմբերին միայն մի զեկուցում կարդացին, ու սա էլ` միայն Բժշկական համալսարանի հոբելյանի առիթով, ու սա էլ` Հովհաննիսյանի մերձավորների համառ բողոքներից հետո: Այնինչ Հովհաննիսյանի հռչակը համաշխարհային էր):

(Սա՞ է արժեքները պահպանելու մեր «ազգային ձևը»):

Մեր «ազգային» կոնսերվատորիայի ու «ազգային» օպերային թատրոնի հիմնադիր գործիչներն ու իրենց զինակիցներն ու աշակերտներն ու հետևորդները, հետևելով իրենց ուսուցիչներին` Ռոմանոս Մելիքյանին ու Ալեքսանդր Սպենդիարովին, ստեղծեցին եվրոպական երաժշտության ու պարի երևի բոլոր տեսակների «հայկական» տարբերակները:

Բայց էս «անմեղ» ու էն օրերին չափազանց կարևոր թվացող գործը հրեշավոր արդյունք ու հրեշավոր պտուղներ տվեց: Հրեշավոր արդյունքը հայ ազգային երգ ու պարի կործանվելն էր, իսկ հրեշավոր պտուղը` մեր էսօրվա հեռացույցի ու ռադիոյի ու բազում «աստղի» «երգն» ու «պարը»:

Ռոմանոս Մելիքյանի ռոմանսների ու մնացած երգերի մեծ մասն ինձ շատ է դուր գալիս: Ինձ դուր է գալիս նաև Սպենդիարովի ու մեր մնացած «ազգային» կոմպոզիտորներից շատերի շատ ու շատ գործը, օրինակ, Սպենդիարովի Երեք արմավենին, Խաչատուրյանի հանճարեղ վալսը Դիմակահանդեսից ևն:

Բայց սրանք գրված են եվրոպական երաժշտության սկզբունքներով, նույնիսկ եթե սրանց թեման արևելյան է, ու երբ սրանք արևելյան մեղեդի են պարունակում, էդ մեղեդին երբեք էլ իսկական, մաքուր հայ էթնիկական մեղեդին չի: Նույնիսկ հայ երգի լարային գործիքների համար արած մշակումները, որոնք թերևս գերազանց են, է ՛ն ուժն ու թովչանքը չունեն, ինչն ունեն հենց Կոմիտասի ու Արմենակ Շահ-Մուրադյանի երգածները:

(Ցավոք, էս լարայինները շատ ավելի հաճախ թաղումներին կլսես):

Բայց եթե պիտի օպերա ու սիմֆոնիա ու եվրոպական երաժշտության ու բալետի հայկական տեսակներն ստեղծեինք, սրանք պիտի ստեղծեինք մեր բուն ազգային երգի ու պարի հիմքի վրա, ինչպես ժամանակին արել են եվրոպական (ոչ ռուսական) կոմպոզիտորները, օրինակ, Բեթհովենը, Բիզեն, Մոցարտը, Բրամսը, Ռավելը, Սեն-Սանսը, Վերդին, Ռոսինին, Գրիգը, Սիբելիուսը, ևն:

Երբ դասական երաժշտությանն արդեն մի քիչ վարժ մարդը լսում է Գրիգի Առաջին կոնցերտը դաշնամուրի համար, սիրտն ու հոգին իսկույն փոթորկվում է, անկախ էդ մարդու ազգային պատկանելությունից: Ու սրա պատճառը հենց է՛ն հանգամանքն է, որ էդ կոնցերտը հույժ ազգային է, ավելի ճիշտ, ժողովրդական է:

Էս նույն ազդեցությունն ունի, ասածս կոմպոզիտորների շատ ու շատ գործը, օրինակ, Բիզեի Կարմենը (մանավանդ` Ըշչեդրնի մշակած սյուիտը), Ռավելի Բոլերոն ևն:

Եթե հայ երգ ու պարի հիման վրա է՛լ էս կարգի բաներ ստեղծվեին, սրանք է՛լ շատ ուժեղ կազդեին բոլոր ազգերի վրա:

Բախտ չունենք, որովհետև, միայն ու միայն Կոմիտասն էր, ով բուն ազգային, բուն հայկական օպերա ու սիմֆոնիա ու ուրիշ նման գործեր գրելու կարողություն ու մտադրություն ուներ:

Կոմիտասն ուզում էր գրեր` Վարդան, Սասնա ծռեր, Քաղաքավարության վնասները, Անուշ օպերաները, որոնք պիտի հենվեին հայ ազգային երգեցողության օրենքներին, բայց, ի դժբախտություն մեզ, չհասցրեց:

Էսօր տաղանդավոր երգիչ ու երաժիշտ շատ ունենք: Էսօր էնքան տաղանդավոր մի երգիչ ունենք, ով (իր ասելով) փոխարինել է Պավառոտիին, ու սա, իրոք էլ, հպարտանալու բան է:

Բայց հայ երգն ու պարը Կոմիտասի ու Արմենակ Շահ-Մուրադյանի ու Վահան Տեր Առաքելյանի պես երգող, պաշտող ու քարոզող` էլ չունենք:

Ու Կոմիտասի հավաքած հայ էթնիկական երգն ու պարը, ու մանավանդ էդ երգերը երգելու ու պարերը պարելու ձևերը, չունենք:

Ունենք միայն դրանց նոտաները, որ դրել ենք դարակներն ու պահում ենք, բայց ո՞ւմ համար, էս է՛լ չգիտենք:

Ու Կոմիտաս ու Արմենակ Շահ-Մուրադյան ու Վահան Տեր Առաքելյան է՛լ չունենք: Ու է՛ն օրերից հետո` երբեք էլ չունեցանք:

Ու ո՛չ մեր «ազգային» կոնսերվատորիան, ոչ է՛լ մեր «ազգային» օպերան էսօր մրցելու զորություն չունի մեր բոլոր բեմերը ներխուժած զանազան ու տարատեսակ արևելյան ու արևմտյան այլանդակ ռաբիզի հետ, ու ոչ էլ նույնիսկ մեր հեռացույցի ԱԼՄ ալիքի հետ: Օրինակ, ԱԼՄ-ն, հեշտ ու հանգիստ, հաղթում է թե՛ մեր «ազգային» կոնսերվատորիային, թե՛ մեր «ազգային» օպերային:

Էսօր մենք մե՛րը, այսինքն, հայ ժողովրդական ենք համարում թառը, քյամանչան, ակորդեոնը, քանոնը, զուռնան, դհոլը, դուդուկը, կլարնետն ու էլ ինչ ասես, բայց չենք նվագում մեր միակ հայկական, միակ բնիկ նվագարանը՝ փողը, ինչը, ըստ Կոմիտասի, ամենապայծառ ու ամենավեհ նվագարանն է աշխարհում:

Ես Կոմիտասին հավատում եմ:

Փոխ առանք նաև մենապարը, զուգապարն ու, առհասարակ, իրարից անջատ-անջատ պարելը, բայց մեր գեղոնն ու յայլին կորցրինք: Ռադիոն, թերթերն ու գուսանները երկինք հանեցին էս ինտերացիոնալ նորամուծությունները: Հայ ազգը (բոլոր ազգերն էլ) միշտ պաշտել է տպագիր խոսքը. բա ո՛նց կպաշտեր նորահայտ խորհրդավոր ու հրաշագործ ռադիոն:

Ու հայ արական սեռի պատանիները քիչ-քիչ ամաչեցին սեփական երգ ու պարից, որոնք ռադիոյով արդեն հազվադեպ էին հնչում: Ամաչեցին երաժշտական է՛ն եզակի ու արտառոց ու չքնաղ սեփականությունից, որ արդեն ոչ մի ուրիշ ազգ չուներ:

Կոմիտասն ասում է.

«Գալով ժողովրդական պարերուն, անոնք հեթանոսական օրերեն մինչև այժմ կապրին մեր մեջ, մինչ ֆրանսիացիներուն և գերմաններուն մեջ կորսված են»:

Հայ գեղջուկ կինն ավելի պահպանողական է (ինչպես, առհասարակ, բոլոր ազգերի գեղջուկ կանայք), ու մեր երգերից մի քանիսը երևի էսօր էլ պահած լինի. (1980 թվին ինքս մի անգամ ներկա եմ եղել իսկական իմպրովիզացիայով, տեղնուտեղը բառերն ստեղծելով հայ երգի: Երգողները գեղջուկ կանայք էին): Բայց հայ գեղջուկ ընտանիքում խոսքը տղամարդունն էր, ու հայ երգն ու պարը կորան: Մանավանդ` պատերազմ էր, հետո 1949 թիվը, նորից սով, աքսոր:

Էն օրերին էր, որ ստեղծվեց «ժողովրդական» երգ ու պարի պետական անսամբլը: Սրա պատկերով «արարվեց» բազմաթիվ մեծ ու փոքր ու էլի «ժողովրդական» անսամբլ, որոնք քարոզում էին ու հիմա է՛լ են քարոզում իրոք ժողովրդական երգ ու պար, բայց ոչ թե հայի՛ ազգային երգ ու պարը, այլ թուրքի՛, պարսիկի՛, արաբի՛, չեչենի՛, ինգուշի՛, վրացո՛ւ, օսի՛, տաջիկի՛, ռուսի՛, մոլդովացո՛ւ ու չգիտեմ, թե է՛լ ում ազգային երգ ու պարը, ու հենց էս օտա՛ր երգ ու պարն են համարում հայի ազգային երգ ու պար:

Ու էսօր մեր իսկական ազգային երգը սիրում ու հավաքում են թուրքահպատակ զազաները (ինչպես ասացին նաև էս շոուի ժամանակ), իսկ մենք միայն ձև ենք անում, թե մտահոգ ենք հայ երգ ու պարի բախտով:

Մի անգամ էլ ասեմ, որ փոխառություններին բոլորովին դեմ չեմ ո՛չ մի բնագավառում: Ես հարգում եմ բոլոր ազգերի մշակույթները, բացառությամբ է ՛ն ազգերի, ում տոտեմն արյունն է:

Փոխառությունը պիտի չնչին տոկոս կազմի իր էությամբ, բովանդակությամբ (ու ոչ քանակությամբ), է՛ն պայմանով, որ թե քոնն ունես, ու ունեցածդ էլ ուղղակի չքնաղ է, ունեցածդ պիտի անպայմա՛ն պահես: Փոխառյալը չպիտի քո սեփականն սպանի:

(Թե որ չունես, անպայման պիտի ուրիշինը վերցնես, ոնց որ ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան ու սրանց պես բաներն ես վերցնում: Բայց ախր սրանք փոխ առնելուց հետո երբեք չես ասում, թե Գալիլեյի ու Նյուտոնի օրենքները, կամ Լայբնիցի, Գաուսի ու Կոշու մաթեմատիկան հենց դո՛ւ ես ստեղծել, ու Գալիլեյն ու Նյուտոնը լկտի-լկտի գողացել են քո հայկական Գալիլեյ-Նյուտոնի օրենքները կամ Լայբնիցի, Գաուսի ու Կոշու մաթեմատիկան: Բայց ախր անընդհա՛տ ես պնդում, թե փոխառածդ երգն ու պարը հայերն են ստեղծել, ու, օրինակ, թուրքերն էլ` մեզնից գողացել են ):

Դու պիտի՛ պահես քո արժեքավոր սեփականը (ու անպետքն էլ պիտի դեն շպրտես, որ սա եղած արժեքավորը «չհարամի»), ու պիտի ասես, որ ա՛յ, էս ու էս բաներն էլ ուրիշներից ես վերցրել, մշակել ու հարմարել քո ունեցած արժեքավորին, թե չէ` արածիդ անունը փոխառություն չի լինի:

Բա՞ որ էդ ազգերը մի օր վեր կենան ու ասեն. «Ետ տվեք մեր ունեցվածքը», այսինքն, խոստովանե՛ք, որ դրանք մեզնից եք վերցրել, ու որպես ապացույց բերեն հե՛նց Կոմիտասի ասածները, ի՞նչ պետք է անենք:

Ետ տվեցինք, ի՞նչ կմնա մեզ: Ու ախր՝ ի՞նչ մի պահելու բան են դրանք, էդ գասպարյանական ողջ շարադրությունը, ինչը ոչ միայն մերը չի, այլև ոչ մեկինը չի, որովհետև աղավաղ է ու, մեծ մասամբ, անճաշակ:

Իսկ եթե սրանց տերերը շատ ուզենան, մի օր ասելու իրավունքը կունենան ու ապացուցելն էլ կկարողանան, որ դրանք մերը չեն:

Հա՛, մեր ողբերգական կորստի պատճառների մի մասը օբյեկտիվ է եղել: Կոմիտասի վկայությամբ՝ երգ ու պարի մահացության պրոցեսն սկսվել էր արդեն 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին (տրակտորից շատ առաջ): Բայց էն օրերին ռադիո, հեռացույց, մագնիտոֆոն, կոմպյուտեր ու ինտերնետ չկար, չկար «մտավորականության» էս հսկա բանակը:

Հիմա սրանք կան, ու ամեն գնով դրությունը պիտի շտկվի: Ամեն գնով: Թե չէ` «մտավորականություն» բառի էս չակերտները չեն հանվի:

Վիճակը շտկելը հնարավոր է:

Գոնե մասնակի, գոնե մի քիչ: Փորձը որ՝ անկասկած անհրաժեշտ է:

Ա՛յ, հենց է՛ս բաները պիտի ասեն մեր հեռացուցային դասախոսները:

Ու նաև մեր կոնսերվատորիայի ու օպերայի գործիչները:

ԱՐՄԵՆԱԿ ՇԱՀ-ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

(Ըստ Հայկական հանրագիտարանի)

Արմենակ Սարգսի Շահ-Մուրադյանը ծնվել է 1878-ին, Մուշում, վախճանվել է 1939-ին, Փարիզում:

Մանկությունն անցել է դառն աղքատության մեջ: Սքանչելի ձայնի համար բարի մարդիկ ուղարկել են էջմիածին, ուր 2,5 տարի աշակերտել է Կոմիտասին, հետո փոխադրվել է Թիֆլիս, ու ավարտել է Ներսիսյան դպրոցը: Եղել է Մակար Եկմալյանի խմբի մեներգիչն ու օգնականը:

Քանի որ թուրքահպատակ էր, ցարական կառավարությունը Շահ-Մուրադյանին հանձնել է թուրքական կառավարությանը: Շահ-Մուրադյանը երաշխավորությամբ ազատվել է բանտից, հետո երկու տարի դասավանդել է Մշո Ս. Կարապետի Ժառանգավորաց վարժարանում:

1900-ից մինչև 1904-ը Կարինում աշխատել է ազգային վարժարաններում երաժշտության ուսուցիչ ու եկեղեցու դպրապետ:

Հետո մեկնել է Փարիզ, դարձել է Փարիզի հայկական եկեղեցու դպրապետը, հետո, 1906-ին, ընդունվել է Փարիզի կոնսերվատորիան, ինչն ավարտել է 1910-ին, ու իսկույն էլ Շահ-Մուրադյանին հրավիրել են Փարիզի Գրանդ Օպերա:

Արմենակ Շահ-Մուրադյանին ասում էին` «Ոսկե Տենոր»: Շահ-Մուրադյանը 1914-ին մասնակցել է Երաժշտության միջազգային կոնֆերանսի Կոմիտասի կազմակերպած համերգին:

Հեռացել է Գրանդ Օպերայից, ու մնացած ողջ կյանքում համերգներով շրջել է աշխարհում ու քարոզել է հայ ազգային ու հոգևոր երգը: Կյանքի վերջին տարիներն ապրել է ԱՄՆ-ում, հետո` Փարիզում:

ԷՍ ՇԱՐԱԴՐԱՆՔԻՆ ՀԱԿԱՃԱՌՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գիտե՛մ, թե ինչ կասեն ինձ հակաճառողները (իսկ դրանց թիվը, իմ կարծիքով, շատ-շատ կլինի):

Դժվար թե ասեն, որ ճիշտ չեմ, որովհետև հիմնվել եմ միայն ու միայն Կոմիտասի վկայություններին, իսկ արված եզրակացությունները տրամաբանական են, անխուսափ ու ակնհայտ:

Կասեն, որ Կոմիտասին ճիշտ չեմ մեկնաբանում (չնայած, ես չեմ մեկնաբանում, ուղղակի փաստերն եմ բերում):

Կամ էլ` կասեն, թե ճիշտ չի հենց Կոմիտասը. որ Կոմիտասն էնքան էլ լավ չգիտեր հայ երգի վիճակն ու պատմությունը. որ Կոմիտասի օրերին երաժշտագիտությունն իբր էն մակարդակին չէր, որ Մեծն Վարդապետը ճիշտ ու լրիվ անկողմնակալ եզրակացություն աներ:

Չնայած նման կարգի առարկությունններն անհիմն են, այնուամենայնիվ, մի քանի տեղեկություն բերեմ Կոմիտասի մասին (էս տեղեկությունների մեծ մասը Հայկական սովետական հանրագիտարանից են):

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ

Կոմիտասին, այսինքն, որբացած Սողոմոն Գևորգի Սողոմոնյանին (1869-1935) իր արտասովոր գեղեցիկ ձայնի համար 12 տարեկանում բերել են Էջմիածին ու տվել Գևորգյան ճեմարան` կրթության:

Սողոմոնը ճեմարանն ավարտել է 1893-ին ու նշանակվել է ճեմարանի երաժշտության ուսուցիչ ու Մայր Տաճարի խմբավար:

Սողոմոնին 1894-ին ձեռնադրել են կուսակրոն աբեղա (ինչը, իմիջիայլոց ասորերեն նշանակում է` տխուր, տրտում) ու շնորհել են 7-րդ դարի բանաստեղծ ու երաժիշտ կաթողիկոս Կոմիտասի անունը:

Մի տարի հետո աբեղան դարձել է վարդապետ ու մինչև իր մահը կոչվել է Կոմիտաս վարդապետ:

Հետո Կոմիտասն սովորել է Բեռլինում, ուր ավարտել է Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան ու Բեռլինի Արքունական համալսարանը:

Բեռլինում Կոմիտասը սովորել է` կոմպոզիցիայի տեսություն, երաժշտության պատմություն, մշակել է ձայնը, սովորել է` դաշնամուր, երգեհոն, խմբավարություն (դիրիժորություն), բայց նաև` հոգեբանություն ու փիլիսոփայություն (վերջին երկուսը, իմիջիայլոց, ոնց որ Մանուկ Աբեղյանը):

Կոմիտասն ինչ էլ որ աներ, անում էր միայն ու միայն գերազանց, ու Բեռլինում է՛լ, ինքնուրույն ուսման ժամանակ է՛լ` գերազանց է սովորել: Ու Կոմիտասի գիտելիքը եվրոպական երաժշտությունից ու մասնագիտական ողջ հմտությունը ոչ միայն գերազանց էր, այլև ապշելու:

Կոմիտասը եղել է Միջազգային երաժշտական ընկերության առաջին հիմնադիր անդամներից, ու էս ընկերության Բեռլինի բաժանմունքի նիստերին ներկայացրել է հայ երգի իր ուսումնասիրությունները, գերմանացի երգիչների մի քառյակի հետ ցուցադրել է հայ ժողովրդական երգերի իր մշակումները:

Ինքն է՛լ էր գրում ու մշակում (Գերմանիայում` նաև` գերմանական նյութը), իսկ Հայաստան դառնալուց հետո, էս գործերին զուգընթաց, ճեմարանի խմբով հայ երգն է քարոզել Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում ու Բաքվում:

Կոմիտասը ֆրանսիական «Լամուրյո» համերգային ընկերության երգչախմբով 1906-ին Փարիզում ցուցադրել է հայ ժողովրդական ու հոգևոր երգերի իր մշակումները: Հետո էս նույն երգերի մասին դասախոսություններ է կարդացել (1907-ին) Ռոմեն Ռոլանի «Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում»:

Ռոլանի հեղինակությունը վիթխարի էր ողջ Եվրոպայում ու աշխարհում, ու էսօրվա Եվրոպան իր դեմոկրատիայի համար շատ-շատ է պարտական Ռոլանին, թեև հենց իրե՛նք, ֆրանսիացիները, էնքան էլ չեն սիրում Ռոլանին, որովհետև 1-ին համաշխարհայինին Ռոլանն ասում էր բոլոր եվրոպացիներին ու նախ` հենց ֆրանսիացիներին, որ իզուր են իրար հետ կռվում. ասում էր, որ էդ կռվում բոլորն էլ պարտվելու են:

Բնութագրական չի՞, որ Կոմիտասը մոտ է եղել Ռոմեն Ռոլանի պես լուսավոր մի մարդու, ում մասին ասում էին, թե Եվրոպայի խիղճն է (ու էսօր էլ մոռացել են դա: Ռոմեն Ռոլանի մասին ասածներս կան Ստեֆան Ցվեյգի Ռոմեն Ռոլան գործի մեջ):

Հետո Կոմիտասը համերգներ է տվել ու դասախոսություններ է կարդացել Շվեյցարիայում ու Վենետիկի Մխիթարյան միաբանությունում:

Երբ Կոմիտասը Պոսից դարձավ Էջմիածին, Մատթեոս Իզմիրլյանն իսկույն հարցրեց, թե Կոմիտասը երբ է հետ դառնալու Պոլիս: Ու Կոմիտասը, թունդ զայրացած, թողեց Էջմիածինն ու գնաց Կ. Պոլիս (1910-ին, տես էս գրքի վերջի նկարների միջի Կոմիտասի դիմումը կաթողիկոսին), ուր շարունակեց իր գործունեությունը: Պոլսում վեց սան պատրաստեց (տես նկարները), ովքեր հետագայում բավական գործ արին հայ երգի ասպարեզում:

Կոմիտասին 1914 թվին հրավիրում են Երաժիշտների միջազգային ընկերության համաժողով, որտեղ պետք է ընդամենը մեկ-երկու դասախոսություն կարդար, բայց, ինչպես արդեն ասվեց, էդ դասախոսությունից ապշած, խնդրում են, որ մի զեկույց էլ անի:

Կոմիտասի էս զեկույցերն էնքան տպավորիչ են եղել, որ եվրոպացիք ասել են, թե Հայաստանը երկրորդ Իտալիան է, մտածելով նաև, որ էն օրերի հայ մշակույթի ընդհանուր մակարդակն էլ իտալականից ցածր չի:

Ու ժողովականները, չափազանց ազդված զեկույցներից, առաջիկա կիրակին գնացել են տեղի հայ եկեղեցին, որ հայ հոգևոր երգը լսեն:

Էս համաժողովի ընթացքում Կոմիտասին հրավիրում են նաև հաջորդ համաժողովին (ինչքան հիշում եմ, հենց հաջորդ տարի), խնդրելով, որ էլի զեկույցներ կարդա, ու կարդա ոչ միայն հայ ժողովրդական երգ ու պարից, այլև առհասարակ արևելյան ժողովրդական երաժշտությունից, որովհետև պարզվում է, որ վերջինի միակ հիմնավոր գիտակը ողջ աշխարհում` Կոմիտասն է: Բայց հաջորդ տարին 1914 թիվն էր:

Կոմիտասը հիվանդությունն սկսվեց 1915 թվին, երբ իրեն էլ հայերի քարավանների հետ տանում էին Դեր Զոր, ու 1919-ից մինչև իր կյանքի վերջը «ապրեց» Փարիզի հոգեբուժական հիվանդանոցներում:

Երբ Կոմիտասի մոտիկները գնում էին տեսության, Կոմիտասը մոտենում էր հիվանդասենյակի անկյունին ու մեջքն այցելուներին դեմ արած` կանգնում էր ու չէր խոսում:

Խռովել էր: Խռովել էր ողջ աշխարհից: Բա որ էսօր հրաշքով կենդանանար ու տեսներ, որ իր պաշտած երգն ու պարն չկան, ու հայերը դրանց փոխարեն լրիվ անարժեք բաներ են երգում ու պարում, ի՞նչ կաներ:

Կոմիտասի գլխավոր գործերն են.

Իր հավաքած չորս հազարից ավել ժողովրդական երգը (մնացել է մոտ 1200-ը), ինչին էսօր սխալմամբ ասում են Կոմիտասի երգ: Սրանցից Կոմիտասը հազիվ մի երկու-երեք տասնյակը մշակած լինի:

Գրի է առել Սասնա ծռերի ասերգը (չգիտեմ, պահպանվել է, թե չէ), ինչի մի մասը երգվել է, մնացածն էլ` երգեցիկ (recitando-ով) ասվել է:

Գրի է առել ու նկարագրել է մի քանի երգապար, այսինքն, գեղոն:

Պարզել է հայ երգի լադային հիմքն ու ելևէջների համակարգը, մետրերն ու ռիթմերը` իրենց ողջ բազմազանությամբ:

Վերծանել է հայկական երաժշտական նոտաները` խազերը, որ 17-երորդ դարից իսպառ մոռացվել էին ու արդեն էլ ոչ մեկին հասկանալի չէին: Բայց էս վերծանությունը կորել է:

(Հիշատակված Ա. Շահնազարյանը պնդում է, թե Կոմիտասի խազերի վերծանությունը գտել է, ու սրա մասին մի ծավալուն գիրք է հրատարակել: Բայց մեր կոնսերվատորիան լռում է, ու էս հայտարարության ու գրքի մասին ծպտուն չի հանում, որ իմանանք, թե Ա. Շահնազարյանի արածն ինչքա՛ն է հավաստի: Ինչո՞ւ):

Նորից է գրանցել հոգևոր երգերի մի մասը:

Հայտնագործել է հայ հեթանոսական հավատալիքներին առնչվող հորովելների իմպրովիզացիոն եղանակները, Մոկաց Միրզա հնագույն ասքը, միջնադարյան բազում անտունի ու հոգևոր երգերի ժողովրդական տարբերակները ևն, ևն:

Կոմիտասն իր իմացածի երևի հազարերորդ մասն էլ չհանձնեց թղթին: Երգ ու պարի ասպարեզում Կոմիտասը նույնքան գիտակ էր (գոնե մեր` հայկական ծավալներով ու չափանիշներով), ինչքան հնդեվրոպագիտության մեջ Հյուբշմանն ու Մեյեն, մաթեմատիկայի ասպարեզում` Գաուսը, Կոշին կամ Էյլերը, ֆիզիկայի ասպարեզում` Նյուտոնը կամ Էյնշտեյնը ևն:

ԷՍ ՇԱՐԱԴՐԱՆՔԻՆ ՀԱԿԱՃԱՌՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ)

(տես նաև 267-րդ էջը)

Պատմական դեպքերի մասին թեական եղանակով խոսելն անիմաստ է, բայց մարդ չի համբերում, ու անընդհատ մտածում է, թե ի՞նչ բախտ կունենային հայ երգն ու երգապարը` գեղոնը, եթե Կոմիտասը չխելագարվեր ու ի՛նքը լիներ մեր Կոնսերվատորիայի ու Օպերայի հիմնադիրը:

Էսօր բոլորիս էլ շոյում է էն փաստը, որ Եվրոպան ապշել էր Կոմիտասի գիտելիքից ու անառարկելի ընդունել էր Կոմիտասի ասածները. որ Դեբյուսին, ցնցված Կոմիտասի հանճարից, չոքել է Կոմիտասի առաջ, բայց հենց իր` Կոմիտասի՛ (իմ բերած) վկայությունները մեր կորած երգ ու պարի մասին էսօր ոչ մեկիս սրտովը չեն լինի:

Հենց սրա համար էլ հակաճառողները կասեն, թե Կոմիտասի բոլոր ասածները չեն, որ ճիշտ են, որ…ևն, ևն:

Սա միանգամայն բնական է. ու՞մ թերությունները ցույց տաս՝ գոհ կմնա: Թերությունն էլ՝ ի՜նչ թերություն: Անընդհատ ասում ենք՝ լավն ենք, հին ենք, ընտիր ենք, կրթված ենք, մենակ չեն թողնում, որ շունչ քաշենք, ու հանկարծ պարզվի, որ նույնիսկ երգ ու պար չունենք, որովհետև հենց մե՛նք չպահեցինք:

Հակաճառողներն ուրիշ հնարավորություն էլ ունեն. կասեն, որ էս վիճակը բնական է, որ ուրիշ ոչ մի ազգ էլ իր հին երգ ու պարը չի պահել (ինչը միշտ չի, որ ճիշտ է), կամ էլ, որ շատ ու շատ ազգ է կորցրել իր ազգային երգ ու պարը, ուրեմն, մենք էլ չպիտի պահեինք. որ էսպես էլ պիտի լիներ:

Ողորմելի մխիթարություն: Ասենք, ուրիշները չեն պահել, սա պատճա՞ռ է, որ մե՛րը դեն շպրտեինք, էն էլ՝ 50-60 դար շահել-պահելուց հետո:

Բայց եթե որևէ ազգ ունի լեզու, պետք է էդ լեզվին հատուկ երգն ու պարն էլ ունենա: Հայ երգը փոխվում էր բարբառից բարբառ, որովհետև լեզուն ինքնին ազդում է երգի վրա:

Լեզուն ինքը օժտված է ռիթմով, չափով, երաժշտությամբ: Սա՛ է պատճառը, որ այլազգին, ինչքան էլ սովորի, (հազվադեպ բացառությամբ) իտալացու պես չի խոսի, էլ ո՜ւր մնաց` երգի:

Ամեն ազգի երգն էլ, հիմնական տոներից բացի, ունի որոշակի օրինաչափությամբ դասավորված օբերտոնների համախումբ ու էլի հազար ու մի բան, ինչին ասում են՝ երգի ազգային զարդանախշ, Կոմիտասի ասածով` օրնամենտ: Հենց էս զարդանախշն է, որ էսօր հազվադեպ ենք լսում:

Ու մեր իսկական, մեր ազգային երգն ու երգապարը` գեղոնը, ոչ թե փոխառյալ էին, այլ մշակութային (ոչ գենային, ոչ դարվինյան) էվոլյուցիայի արդյունքն էին, այսինքն, ստեղծվել, մշակվել, ու ընտրվել էին մի քանի հազարամյակի ընթացքում:

Ստեղծել, մշակել, ու ընտրել էր ողջ ժողովուրդը, գործնական կիրառությամբ, երգելով ու պարելով ու հավանելով կամ չհավանելով: Ու հենց սրա համար էլ էդ ստեղծածը հնար ուներ դառնալու համաշխարհային մշակույթի մի շատ կարևոր մասը: Բայց չդարձավ:

Ազգային արժեքներից ու բնիկ ու փոխառյալից շատ-շատ ենք խոսում ու, մեծ մասամբ, անտեղի, որովհետև համարյա միշտ` չենք խորանում, թե ի՛նչ են սրանք (տես էս գրքի 3-րդ մասը): Բայց անկասկած է, որ երկու բան, հաստա՛տ ու 100 տոկոս, ազգային են ու բնիկ: Առաջինն ու հիմնականը` ազգային լեզուն է, երկրորդը` ազգային երգ ու պարը: Մնացածների մեծագույն մասը, եթե ոչ ամեն ինչը, փոխառյալ է:

Երգն ու պարն էլ են լեզու, մշակույթ ու հավատալիք:

Էս առումով՝ հայը հայ է ո՛չ միայն լեզվով, պատմությամբ, գրականությամբ, ճարտարապետությամբ, հավատով ևն, այլև երգ ու պարով:

Ուրեմն, ամենաողբերգականն է՛ն բանն է, որ եթե մենք իրոք անդառնալի ենք կորցրել մեր երգն ու պարը, կնշանակի .

ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ Է՛Ն ԱՍՏԻՃԱՆ ՀԱՅ ՉԵՆՔ,

ԻՆՉՔԱՆ 1905 ԹՎԱԿԱՆԻՆ ԷԻՆՔ:

ԱՅՍԻՆՔՆ, ՄԵՐ «ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ»

(ՄՈՏ «ԿԵՍԸ») ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ:

Ա՛յ, հենց է՛ս բաները պիտի ասեին մեր հեռացույցի դասախոսները:

Ի՞ՆՉ ՊԻՏԻ ԱՐՎԻ ՈՒ Ի՞ՆՉ Է ՀՆԱՐԱՎՈՐ

Մենք մի, քիչ` թե շատ, մխիթարական հանգամանք ունենք՝ դա մեր հայ եկեղեցու երգեցողությունն է:

Կոմիտասի ասելով, մեր աշխարհիկ ու հոգևոր երգերն իրենց էությամբ, իրենց խորքում նույնն են, նույն կառուցվածքն ունեն: Մեր եկեղեցու առաջին գործիչները լավ են հասկացել, որ եթե հոգևոր երգեցողությունն աշխարհիկից հեռու եղավ, ժողովուրդը դա չի հասկանա ու չի ընդունի: Հենց սրա համար էլ եկեղեցական երգեցողությունը հիմնել են աշխարհիկի վրա:

Ու հենց սրա՛ համար է, որ օտարները, մանավանդ դասական երաժշտությունն իմացողները, շատ բարձր են գնահատում հայ եկեղեցական երաժշտությունը:

Ու թե մեր (արդեն նախկին) աշխարհիկ երգը պաշտպան չուներ ու չունի, մեր հոգևոր երգը, եկեղեցու հզոր պաշտպանության ներքո, համարյա անաղարտ է մնացել, ու ոչ միայն Հայաստանում:

Ուրեմն երգելը նորից պիտի սովորենք, ու առաջին հերթին` պիտի սովորենք նաև եկեղեցուց:

Եկեղեցականները պրոֆեսիոնալ երաժիշտներ են, իսկ էս հարցում օգնելու ունակություն ունեն միայն պրոֆեսիոնալները: Ըստ էության, Էջմիածինը նաև վիթխարի ավանդույթ ունեցող երժշտական դպրոց է, հզոր մի դպրոց, ինչն արժանի է ազգային երգի կոնսերվատորիա կոչվելու (Էջմիածնի երաժշտական դպրոցը հենց ազգային կոնսերվատորիա է, մանավադ որ ուրիշ, իրո՛ք ազգային, կոնսերվատորիա չունենք):

Սիրողներն էստեղ չեն օգնի:

Սիրողներն արժանի են հարգանքի ու վերջին մի քանի տասնամյակում ահագին էլ գործ արեցին: Այժմ սիրողների մեծ մասը հիմնականում ռազմական հայրենասիրական երգեր է երգում, բայց սրանց եղանակներն ու զարդանախշը, համարյա միշտ, շատ հեռու են ազգային լինելուց:

Եթե կոնսերվատորիան էլ հաղթահարի իր կոնսերվատիզմը ու լծվի էս գործին, հաջողության գրավականները կշատանան, ու երևի երգն ու պարը, գոնե մի քիչ, հարություն առնեն: Թե չէ, իտալերեն երգ ու պարը իտալացիք շատ լավ էլ զարգացնում են իրենց Իտալիայում, թուրք-թաթարականն էլ՝ որտեղ որ իրենք են, իսկ հայ երգն ու պարը սնունդ ստանալու, կենդանանալու ու զորանալու հնար` միայն ու միայն էստեղ պիտի ունենան, հայերի՛ տներում, հա՛յ կոնսերվատորիայում, հա՛յ օպերայում, հա՛յ երաժշտական ուսումնարաններում:

Բայց առաջին հերթին պետք է, որ մեր մանուկնե՛րը սովորեն մեր աշխարհիկ երգը, սովորեն դպրոցում: Սրա համար էլ պետք է, որ մասնագետներն ուսումնասիրեն ու սովորեն, յուրացնեն Կոմիտասի հոդվածներն ու խորհուրդներն ու մանուկներին սովորեցնելիս` հետևեն միայն ու միայն Կոմիտասի՛ ասածներին, ու իրենցից բաներ (օրինակ, «Բերդ» պարի պես անճաշակ անհեթեթություն) չհորինեն:

Էս խնդիրն ահավոր բարդ է, եթե ոչ անկարելի: Բայց ձեռնարկելը պարտադիր է, քանի ուշ չէ, քանի ամեն ինչ լրիվ չենք կորցրել:

Մի հույս կա, ժողովուրդը գուցե հասկանա:

Գուցե հասկանա, եթե էս ասածներս ու առհասարակ` հայ երգ ու պարի էսօրվա վիճակը պատմվի ժողովրդին, ասվի դառը ճշմարտությունը:

Ասո՛ղ է պետք: Ու պիտի անընդհատ ասվի, ամեն օր, միչև բոլորն էլ իմանան, թե ի՛նչն է ինչոց: Պարզ է, որ մեր էս շոուի դասախոսների պեսերն էս բաներն ասող չեն:

Անշուշտ, կան ինձանից շատ ու շատ ավելի բանիմաց ու բազմատեղյակ մարդիկ, ովքեր կիմանան, թե որոշակի ինչ պիտի արվի: (Օրինակ, մի ժամանակ շատ բան էր անում Արզաս Ոսկանյանը, հիմա մեր հեռացույցն իրեն քիչ է ցույց տալիս: Վերջին տարիներին շնորհակալ գործ է անում Լուսինե Նազարյանը: Անպայման ուրիշներն է՛լ կլինեն):

(Եթե համարձակվում եմ` ինչ-որ բան առաջարկեմ, առաջարկում եմ միայն է՛ն բանի համար, ուր ուրիշ ոչ մեկն ասածներս չի ասում: Առաջարկում եմ, որ ցույց տամ, որ քայլ անելու գոնե մի ճանապարհ կա):

Հետո պիտի մեր ռադիոյի ու հեռացույցի բոլոր ծրագրերով էլ անչափ շատ հաղորդվի բնիկ հայկական երգ ու պարի կենդանի մնացած պատառիկները, օրինակ, Կոմիտասի, Արմենակ Տեր-Շահ-Մուրադյանի, Վահան Տեր-Առաքելյանի կատարածները, մնացած արժեքավոր կատարումները, ևն, ու անպայման մեր հոգևոր երգի էջմիածինյան կատարումները, բայց բուն հոգևորականների, մանավանդ մեներգիչների կատարմամբ:

Ու պիտի էս հաղորդումներն անպայման ուղեկցվեն շնորհալի ու ճշմա-րիտ (բայց ոչ հայագովական, տես էս գրքի երկրորդ մասը) բացատրություններով:

Պիտի էս բոլոր երգերը հրատարակվեն մեծ, դպրոցական տիրաժներով, մինչև շուկան լրիվ հագենա: Եթե միջոցներ չգտնվեն, արժի, որ հանգանակություն կազմակերպվի: Ու պիտի մեր Սփյուռքն է՛լ ներգրավվի էս գործի մեջ:

Դպրոցներում պիտի մեր մանուկներին սովորեցնեն նախ մեր պարերգը` յայլին, որովհետև, ինչպես Կոմիտասն է ասում, մեր պարի երգերն ամենապարզ կազմն ունեն, ու շատ հեշտ են յուրացվում:

(Իզուր չի , որ մեր էսօրվա «աստղերը» միայն մեր պարերգերն են աղավաղում, այսինքն, իբր երգում են: Ուժները սրանցից ավել չի պատում):

Հետո պիտի մեր մանուկներին սովորեցնեն մեր գեղոնը, այսինքն, երգապարը, բայց միայն ու միայն երգելով, միայն ու միայն` յայլիով, առանց դաշնամուրի ուղեկցության, ու մանավանդ առանց Կոմիտասի ասած «այլանդակ, անճաշակ և կարծր … ու զզվելի զուռնայի զռզռան ձայների», (կամ դհոլի):

Ու պիտի անպայման մեր մանուկներին հրահրեն, գրգռեն, խրախուսեն, որ մեր յայլին երգելիս կամ յայլիով պարելիս նոր բառեր հորինեն, ու չվախենան, որ բառերը «ճիշտ» չեն երգում կամ մեղեդուց թեթևակի հեռանում են: Ու չվախենան, որ մանուկները բարբառով են հորինում:

(Գրական ոճերը սրտանց ու անկեղծ չեն, շինծու են ու արհեստական: Իսկական արվեստը կեղծիք չի սիրում):

Այսինքն, պիտի վարվեն ճիշտ մեր նախնիների պես` հայավարի: Եթե սա արվի, մենք իրոք պահպանած կլիենք (լեզվից հետո) մեր ամենակարևոր ազգային արժեքը:

Էս գործին ղեկավարներ են պետք. պետք են այնպիսի մարդիկ, ովքեր առաջին հերթին` սիրտ ու հոգի ունենան ու երկրորդ` հայկականը ոչ հայկականից զանազանելու կարողություն ունենան:

Ու ժողովրդին անպայման պիտի ասվի, պիտի ասվի հենց դպրոցից, թե որ երգերն ու պարերն են փոխառյալ (ինչքան էլ դրանք մեզ էսօր թանկ թվան): Հենց միայն սա՝ քիչ չի լինի:

Ո՞Վ ԴԵՄ ԿԼԻՆԻ ՀԱՅ ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ ՀԱՐՈՒԹՅԱՆԸ

Իրոք, ովքե՞ր դեմ կլինեն մեր երգ ու պարի հարությանը:

Նախ՝ բոլոր էն մարդիկ, ովքեր չգիտեն, թե ո՞րն է հայերեն երգ ու պարը, բոլոր էն մարդիկ, օրինակ, ովքեր հայկական են համարում Հ. Բադալյանի Հորովելը, ովքեր պաշտում են «ռաբիսը», «բարդիզմը», գուսանական երգերը, մեր զուռնա դհոլով պարերը ևն:

Դեմ կլինեն բոլոր էն մարդիկ, ում լսողությունն ու տեսողությունը կրթվել է փոխառյալ, ոչ հայկական երգ ու պարով: Այսինքն, շատ մարդ դեմ կլինի: Մարդը միշտ էլ ճիշտ ու չքնաղ է համարում մանուկ օրերին սովորած բաները, ինչքան էլ որ սրանք սխալ ու տգեղ լինեն: Սրանից հետևում է մի կանոն.

Առաջին հերթին մատաղ ու երիտասարդ սերնդի լսողությունը պիտի կրթվի հայկական ազգային երաժշտությամբ, ու սա պիտի անի դպրոցը, ռադիոն, հեռացույցն ու ձայնապնակները, դիսկերը, ինտերնետը ևն:

(Մի քանի ամիս առաջ, լրիվ պատահական, ձեռս մի դիսկ ընկավ, վրեն Դրդո, այսինքն, Դարդիկ անունով մի երգ, մի քանի յայլի (պարերգ) ու մի կատակ: Ապշեցի ու շատ ուրախացա, որովհետև երգը զուտ հայերեն էր ու ինձ անծանոթ, մնացածներն էլ էին հայերեն, ու երգողն էլ լրիվ ու կատարյալ հայերեն էր երգում:

(Դրեցի ու մեկ-երկու օր լսեցի, մինչև մի քիչ «կշտացա» ու երգերը սովորեցի, (ինչքան որ իմ թերի լսողությունը հնար տվեց, բայց ես հայերեն երգին մոտ 12 տարեկանից եմ սովոր ու, անկեղծ, ահավոր եմ սիրում դա):

(Երբ մերոնց, այսինքն, կնոջս, զավակներիս ու աստվածատուր լսողությամբ թոռանս էլ ստիպեցի, որ լսեն էդ երգերն ու իրենք էլ ուրախանան ու հիանան դրանցով, իմ խաթեր սկզբում մի քիչ լսեցին ու հետո, երբ շատ ստիպեցի, խնդրեցին, որ անջատեմ դրանք:

(Թոռս հեռացույցի ռեկլամով ու էսօրվա տեղական ու «իմպրտնի» ռաբիսով է դաստիարակվել, ու մեծ հաճույքով ու շատ էլ ճիշտ կրկնում է դրանք: Ես անջատում եմ դրանք, որովհետև իմ համար անտանելի են, բայց մեկ է, երբ տանը չեմ, միացնում ու լսում է դրանք:

(Սա իմ համար ողբերգություն է, անձնակա՛ն ողբերգություն:

(Բայց էս ողբերգությունը համազգային է, որովհետև էս վիճակն ընդհանուր է:

(Իմիջիայլոց, էս դիսկը տվեցի իմ մի քանի ընկերոջը, նաև բանաստեղծ ու թարգման Էդվարդ Հախվերդյանին: Էդվարդն ինձ ասաց, որ դիսկն արդեն հասել է Իրանի ու ԱՄՆ-ի հայ գաղութներն ու որ լսողները շատ-շատ են սիրում դա: Հիմա պատկերացնո՞ւմ եք, ի՛նչ կլիներ արդյունքը, եթե դիսկը պետությո՛ւնն արտադրեր ու մեր հեռացույցով էլ ներկայացվեր):

Երկրորդ՝ դեմ կլինեն բոլոր է՛ն մարդիկ, ում գործը, այսինքն ապրուստի միջոցը կապված է հայ «ժողովրդական» կոչվող անսամբլներին, երաժշտական է՛ն ուսումնարաններին ու կոնսերվատորիայի է՛ն ֆակուլտետներին (իմա՛ – բոլոր) ու օպերային թատրոնի է՛ն բաժիններին (իմա՛ – բոլոր), որտեղ ուսուցանում կամ կատարում են հայկական կոչվող, բայց իրականում փոխառյալ երգը, երաժշտությունն ու պարը:

Անշուշտ, կլինեն էլի հակաճառողներ:

Մոտ մի քառասուն տարի առաջ, Սովետի օրերին, «Գրական թերթի» էն օրերի խմբագիր` հանգուցյալ Սաղաթել Մամիկոնի Հարությունյանը ելույթ ունեցավ հայ պարի ողբալի վիճակի մասին: Հարցը հասավ մինչև կառավարություն ու Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե: Անսամբլի էն օրերի ղեկավարը Ս. Հարությունյանին հրավիրեց համերգի, ասելով, թե վիճակը շտկել է:

Ու «Ժողովրդական երգի ու պարի պետական անսամբլի» ղեկավարը, դահլիճում տեսնելով «Գրական թերթի» խմբագրին, բեմ է հանում երկու պարող, ձեռներին էլ մի-մի «Գրական թերթ», ու սրանք, 30-ական թվականների գուսանական «լավագույն» ավանդույթներով, սկսում են պարով երգել. «Սաղաթել ջան, Սաղաթել» ևն:

Ու ոչինչ չի փոխվում: Սա ինձ հանգուցյալ Ս. Հարությունյանն ի՛նքն է պատմել, ու ես էլ ձե՛զ եմ պատմում, որ իմանաք, թե հակազդեցությունն ինչքան զորավոր կլինի:

(Իմիջիայլոց, համարյա վստահ եմ, որ մեր երաժշտագետներն իմ էս գրքին բոլորովին չեն արձագանքի: Կլռեն, իբր ոչինչ էլ չի եղել:

(Սա, իմիջիայլոց, իրենց համար պաշտպանության ամենաճիշտ ձևը կլինի, ու մոտ երկու տասնամյակ է, ինչ մեր լեզվաբանները շատ հաջող էլ էս ձևը կիրառում են իմ դեմ:

(Բայց մի դառը փորձ էլ ունե՛մ: 1990 թվին էս հոդվածի հիմնական թեզերը տպեցի «Նորք» ամսագրի 9-րդ համարում: Ոչ մի հայ ծպտուն անգամ չհանեց: Խոսակցությունը չկա, ուրեմն, պրոբլեմն է՛լ չկա:

(Հետո էլ ասում են, թե Կոմիտասն ու մեր ազգային երգն ու պարը մեր «ազգային պաշտելի արժեքներն են»: Հավատա՞նք):

Ի վերջո, որոշողը ժողովուրդն է: Կոմիտասը 4000-ից ավել երգ էր հավաքել, ինչից պահպանվել է մոտ 1200-ը, սրանցից էլ մեր ռադիոն ու հեռացույցը, խիստ հազվադեպ, հաղորդում են, ամենաշատը, մի 10 հատ:

Եթե ժողովուրդը որոշի, որ էս դարերով շահած-պահած 1200-ն է՛լ իրեն պետք չի, որ իրեն միայն էսօրվա խոտանն է պետք, ոչի՛նչ չես անի:

Տարօրինակ ժողովուրդ ենք (մեղմ ասած): Մաշտոցին, Աբովյանին, Թումանյանին, Կոմիտասին ու Աբեղյանին ասում ենք հանճարեղ են ու պաշտում ենք, բայց հենց մեկն ասում է, եկեք իրենց պատգամները կատարենք, ահավոր հակառակվում ենք:

Մաշտոցի սկզբունքը մեկ տառ-մեկ հնչյուն ու մեկ հնչյուն-մեկ տառն էր, բայց հենց որ Մանուկ Աբեղյանը մեր արդեն հնացած այբուբենը Մաշտոցի էս սկզբունքով մի քիչ նորոգեց, բոլորը հարձակվեցին Աբեղյանի վրա ու 1908 թվից մինչև հիմա էլ (տես էս գրքի երկրորդ մասը), այսինքն, 103 տարի, հայհոյում են Աբեղյանին: (Ինչքան հիշում եմ, Աբեղյանի հոբելյանն էլ երբեք տեղը տեղին չի նշվել, չնայած իր հայագիտական վիթխարի վաստակին: Իմիջիայլոց, Կոմիտասը հենց Աբեղյանի՛ հետ է մշակել իր հավաքած հայ երգերի տեքստերը):

Աբովյանն ու Թումանյանն ասում էին՝ եկեք գրենք էնպես, ինչպես խոսում ենք: Մենք սա ոչ միայն չենք անում, այլև մեր կենդանի բարբառները, մեր միակ իսկական մայրենի լեզուները, մանավանդ Երևանի բարբառը, համարում ենք «փողոցային, գռեհիկ ու զզվելի ժարգոն»:

Ու մենք երկու քերականություն ունենք, ու էս երկուսն էլ լրիվ հակասում են իրար, բայց մենք էս երկուսն էլ համարում ենք ճիշտ, ու սրանցից հենց սխա՛լն ենք ընտրել, ու էս սխա՛լն ենք սովորեցնում մեր դպրոցներում ու համալսարաններում: Հազար ափսոս: (Տես էս գրքի չորրորդ մասը):

(Իմիջիայլոց, մեր պրոֆեսիոնալ երաժիշտներից մեկնումեկն անպայման նախատինքով կհարցնի, թե ինչո՞ւ եմ ե՛ս խառնվում իրենց գործերին, ու ո՞վ եմ ես, որ էս հարցերից խոսում եմ:

Պատասխանում եմ:

Սրանք միայն ձե՛ր գործերը չեն: Ու մեկ էլ, որ էս վերջին 90 տարին դուք չեք խոսում, մեկնումեկը կխոսի՛, ու էդ մեկն էլ` թող ե՛ս լինեմ: Ռուսի ասած` свято место пусто не бывает!):

Մեր մշակույթն աշխարհին էնքան էլ լավ հայտնի չի, երևի մրցունակ չի, չնայած ասում են, որ օրինակ, շատ կարևոր (անցյալ) ճարտարապետություն ունենք (ինչը ցույց է տվել Թորոս Թորամանյանը, ու ում էլ արժանին չենք հատուցում): Բայց անհնար է, որ ճարտարապետությունը վերցնես ու, օրինակ, Ամերիկա տանես:

Իսկ երգն ու պարն է՛ն առավելությունն ունեն, որ շատ հեշտ կհասնեն աշխարհի ուզածդ անկյունը: Եթե տանեինք մեր բնիկ երգն ու բնիկ պարը իրենց բնիկ երգելաձևով ու պարելաձևով, էն ժամանակ դա կլսեին ու կնայեին ո՛չ միայն հայրենիքին կարոտած հայերը, այլև անգլիացին, ճապոնացին, ֆրանսիացին ու այլոք, քանզի հնարավոր չի, որ մարդ չհիանա սքանչելիով ու կատարյալով, ինչ ազգից էլ որ լինի:

Ա՛յ, հենց է՛ս բաները պիտի ասեին

մեր հեռացուցային շոուի «դասախոսները»:

Ու նաև մեր կոնսերվատորիայի ու օպերայի գործիչները:

Երկրորդ մասը

ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(Ճշմարտությունը հայերենի ուղղագրության ռեֆորմի մասին,

կամ Մանուկ Աբեղյանի ու հայ ազգի ողբերգություններից մյուսը)

Խավարամոլության պահպանվելու առաջին օրենքը

Գերմանացի հռչակավոր մաթեմատիկոս, բազմությունների տեսության հիմնադիր ԳԵՈՐԳ ԿԱՆՏՈՐԸ (1845-1918) ասում է.

«Եթե հանկարծ մարդկանց մեծ մասը ինչ-որ մի սխալ եզրակացություն է անում, ապա համարյա անհնար է, որ դրա սխալականությունն ապացուցվի: Ու ինչքան անհեթեթ լինի էդ եզրակացությունը, էնքան ավելի հավատարիմ են մնում դրան»:

***

Վերջերս շատ են խոսում ու գրում ուղղագրությունը փոխելու մասին: Հայաստանի գրագետների մի մասը անընդհատ ասում է, որ շատ-շատ է պետք, որ մենք, «արևելահայերս», մեր էսօրվա ուղղագրությունը թողնենք ու դառնանք մեր «հին, մաշտոցյան, ավանդական» ուղղագրությանը:

Այսպես են ասում նաև Հայ Սփյուռքի մեր «արևմտահայ» է՛ն ներկայացուցիչները, ովքեր կարծում են, թե իրենց էսօրվա արևելահայ տեքստերը չհասկանալու պատճառը արևմտահայ ու արևելահայ ուղղագրությունների տարբերությունն է:

Հին (կամ «իբր մաշտոցյան, դասական») ուղղագրությանը դառնալու կողմնակիցները (կարճության համար սրանից հետո դրանց կասեմ հնամոլներ), համարյա միշտ, մեր ուղղագրության պատմությունն էնքա՛ն սխալ ու աղավաղ են ներկայացնում, որ չես հասկանում, անտեղյակությունի՞ց է սա, թե՞ դիտավորություն է:

Հետաքրքիր է, որ հնամոլները ոչ մի անգամ ժողովրդին պարզ ու հասկանալի չեն բացատրում, թե իրենց ուզած «հին» (հետո` ուղղակի հին) ուղղագրությունը ո՛րն է կամ ինչո՞վ է տարբեր էսօրվա ուղղագրությունից: Կարծում եմ, որ սրանց մեծ մասը սա չի բացատրում, որովհետև լա՛վ գիտի, որ եթե հանկարծ բացատրի, Հայաստանի ժողովուրդը, համարյա լրիվ, ուղղագրությունը փոխելուն դեմ կլինի:

Ի՞նչ են ուզում հնամոլնները, ու ո՞րն է մաշտոցյան կամ դասական ուղղագրությունը: Սկսենք սրանից:

ԹԱՐՍ ԳՐԵՆՔ, ՇԻՏԱԿ ԿԱՐԴԱ՞ՆՔ

Մի բան մաքրելու համար` պիտի մի ուրիշ բան կեղտոտես, բայց հնարավոր է, որ ամեն ինչ կեղտոտես ու ոչ մի բան չմաքրես:

Պիտերի «Կեղտի կուտակվելու սկզբունքը»

Հնամոլներն ուզում են, որ գրենք.

«անոյշ, առոյգ, արաւս (թռչուն է), արաւտ, արաւր, բոյթ, հոգեբոյժ, պորտաբոյծ, անասնաբոյժ, անասնաբոյծ, բոյն, բոյս, բոյր, գոյժ, չարագոյժ, գոյն, անգոյն, բազմագոյն, գոյն-գոյն, գոյնզգոյն, լավագոյն, հիմարագոյն, դժգոյն, զգոյշ, դաշոյն, դոյլ, համբոյր, ոյժ» ևն,

բայց սրանք կարդանք.

«արույր, արոս, արոտ, արոր, բութ, հոգեբույժ, անասնաբույժ, անասնաբույծ, պորտաբույծ, բույն, բույս, բույր գույժ, չարագույժ, գույն, անգույն, բազմագույն, գույն-գույն, գունզգույն, լավագույն, հիմարագույն դժգույն, զգույշ (կամ` զգուշ), դաշույն, դույլ, համբույր, ուժ (!) » ևն:

(աւ-ի տեղն էլ, համարյա միշտ, գրում են օ, բայց ակնհայտ է, որ սա մաշտոցյան դասական ուղղագրություն չի):

Բացի սրանք, հնամոլներն ուզում են, որ բառի սկզբում հ-ի տեղը գրենք յ, բայց կարդանք հ:

Օրինակ` «յագենալ, յածանավ, յակինթ, յաղթել, յաճախ, յամառ, յայտնի, (նաև` անյայտ, արտայայտել, արտայայտիչ, արտայայտութիւն), յապավել, յապաղել, յասմիկ, Յասմիկ, յասպիս, յստակ, յատուկ, յարակից, յարաշարժ, յարդ (այսինքն, ծղոտ, բայց այս անգամ էլ ինչպե՞ս կարդանք անգլերն յարդը, ինչը երկարության միավոր է), յարմար, անյարմար, անյարմարութիւն, բարեյարմար, յավանակ (էշ), յավեժ (այսինքն, հավերժ), յավետ, յավիտեան, յեղուկ, յեղյեղուկ (բայց ինչպե՞ս կարդանք յեղո՜ւկ ձայնարկությունը), յղկել, անյղկելի, յիշել, անյիշելի, յուշ, յուշել, յիսուն, (բայց հինգ), յոյժ (հույժ), յոյս (հույս), անյոյս, յոպոպ, յոռի (= հոռի = վատ), յունիս, յուլիս, յունուար, յաւդ (հոդ, բայց ինչպե՞ս կարդանք յոդ քիմիական տարրի անունը), յաւնք (հոնք), մրայաւն (մրահոն), յաւրանջ (հորանջ)» ևն, ևն:

Բայց մեկ-մեկ էլ պիտի հ գրենք ու հենց հ է՛լ կարդանք:

Օրինակ, «յամառաւտ (համառոտ), հանգուցեալ, հանգրուան, հանդէպ, հանդէս, հանդոյրժ, անհանդոյրժ, հաջել (հաչել), հատուցել, հարուած (հարված), հարիւր (կամ` հարեւր ևն, ևն:

Հնամոլներն ուզում են, որ այսօրվա ե տառի տեղը մեկ-մեկ գրենք է:

Կարդացողը սրանց օրինակներից վերն արդեն տեսավ, բայց մի քանի հատ էլ ավելացնեմ` «ծովահէն, հէնք, գէշ, գէջ (խոնավ), գէս (մազ), ամենագէտ, տգէտ, անգրագէտ, բևեռագէտ, ասորագէտ, եգիպտագէտ, գէր (չաղ), դէմ(ք), դէպ(ք), հանդէպ, դէտ(ք), ակնդէտ» ևն, ևն:

Հնամոլներն ուզում են, որ երեք տեսակ վ ունենանք:

Մի հատ` մեր սովորական վ-ն, մի հատ հյուն (կամ վյուն) տառը` ւ-ն, այսինքն, այսօրվա ու-ի երկրորդ կեսը (որ անտեղյակները վերջերս համատարած գրում են վ-ի տեղը), ու մեկն էլ` ու տառը (բայց սա պիտի նաև ու է՛լ կարդանք, որտեղ որ պետք եղավ):

Օրինակ, «աւագ, աւագանի, ավազ, աւազակ, արուեստ, նուեր (նվեր), զուարթ (զվարթ), բաւանդակ (բովանդակ), բեւեկն (րՍՌտՌՊՈՐ), գլխաւոր (բայց` գլխովին (!)), գրաւ, դրուագ, դրուատել, հալուէ, յովատակ, աստուած» ևն, ևն:

Հնամոլներն ուզում են, որ մեկ-մեկ յու-ի տեղը գրենք իւ կամ եւ:

Օրինակ, «ավիւն (ավյուն), բիւր, բիւրեղ, գիւղ, գիւտ, , դիւրին (հեշտ), դիւցազն (բայց` դիւցապաշտ-ը պիտի կարդանք դիցապաշտ, դեւ-ը` դեվ, ու նույն ձևով` «դիւահար, դիւապաշտ, դիվապետ, դիվաց» բառերը պիտի կարդանք` «դիվահար, դիվապաշտ, դիվապետ, դիվաց» ևն), առեւծ (կամ` առիւծ, որովհետև երկուսն էլ ունենք ավանդված, ու ո՛րը պիտի գործածենք, հայտնի չի), ալեւր (կամ` ալիւր, այս երկուսն էլ կա), հիւծել, հիւղ, հիւպատոսհիւս, հիւսիս, յիւր, հիմարութիւն, ապուշութիւն, տգիտութիւն» ևն:

Բայց մեկ-մեկ էլ` այս եւ-ը չպիտի կարդանք յու, այլ պիտի կարդանք էվ:

Օրինակ, «արեւ, բարեւ, տերեւ, հարեւան»: Բայց արի տես որ նորից, օրինակ, «նաեւ, գուցեեւ» բառերը չպիտի կարդանք «նայու, գուցեյու» կամ էլ` «նաէվ, գուցէէվ», այլ` «նայեվ, գուցէյեվ»:

Հնամոլներն ուզում են, որ շատ հաճախ էլ բառի վերջում գրենք յ, բայց այս յ-ն չկարդանք:

Օրինակ, «հաճոյ, մարդահաճոյ, հինայ, հերիսայ, հմայ, տղայ, Կարոյ, ծառայ, զարմանայ, հրեայ, զաւրանայ (զորանա), համարեա՛յ, գնա՛յ (օրինակ, ա-ով վերջացող հրամայականների համարյա բոլորի վերջում էլ պիտի յ-ն գրվի)»:

Հնամոլներն ուզում են, որ գրենք «սենեակ, դայեակ, ողորմեա, հիմարութեան, ապուշութեան, տգիտութեան» ևն:

Օրինակներն էլ չեմ երկարացնում: Արվելիք փոփոխություների թիվը վիթխարի է: Ու չեմ է՛լ ասում, թե քանի բառի թեք ձևի, այսինքն, հոլոված ու խոնարհած ձևի ուղղագրությունն էլ պիտի փոխվի:

Իսկ թե ի՛նչ ահավոր քաոս կդառնա տողադարձի հարցը, պատկերացնելն անգամ հնարավոր չի:

Ով լուրջ է հետաքրքրվում էս հարցով ու սրա պատմությամբ, թող վերցնի Մանուկ Աբեղյանի Երկերի Ը հատորի 292 էջից մինչև 492 էջը կարդա:

Հնամոլները ոչ մի անգամ չեն ասում, որ Աբեղյանը 200 վիթխարի էջանոց գործերի շարք ունի, ինչի մեջ այսօրվա ու 20-30-ական թվերի Աբեղյանի ուղղագրություններին արած հնամոլնների բոլոր-բոլոր առարկությունների սպառիչ պատասխանները կան, ու հլը մի բան էլ ավել (ժամանակին ուրիշ առարկություններ էլ են եղել, ու էնտեղ դրանց պատասխաններն էլ կան):

Չեն ասում, որովհետև հնամոլները, մեծ մասամբ, լեզվաբանությունց լուրջ գիտելիք չունեն, ու էս հարցերին խառնվում են զուտ իրենց անձնական շահերի համար (եթե իրոք մոլորված չեն` իրենց անգիտության պատճառով): Իսկ հնամոլնների է՛ն մասը, ինչը քիչ թե շատ տեղյակ է էս հարցի պատմությունից, չի ասում, որովհետև ձեռնտու չի: Բա որ «շարքային մահկանացուները կարդան ու տեսնեն, որ հնամոլների գիտելիքներն է՛լ, բերած «փաստարկներն» է՛լ, մեղմ ասած, ուղղակի միամի՞տ են:

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵ՞ՇՏ է

Հեշտ թվացող բանը երբեք հեշտ չի:

Մերֆիի օրենքի 1-ին հետևանքը

Հնամոլներն ասում են, որ մաշտոցյան ուղղագրությունը հեշտ է, բայց սխալ են ասում:

Մաշտոցյան ուղղագրությունը հեշտ էր Մաշտոցի ժամանակ, բայց հիմա հեշտ չի:

Երբ երեխան գրել-կարդալ է սովորում, կանոններով չի սովորում: Հասուն մարդը մոռանում է, թե երեխա ժամանակ կարդալն ինչքան դժվար է սովորել: Բայց ով առաջին դասարանցի երեխա ունի, լա՛վ գիտի էդ դժվարությունները: Սա լավ գիտեն նաև ցածր դասարանների ուսուցիչները: Ու, իհարկե, սա լավ գիտեն նաև է՛ն մեծահասակները, ովքեր, Սփյուռքից գալով, հայերեն գրել-կարդալը նո՛ր են սովորում: Սա լավ գիտեն օտար լեզու սովորողները, թեև դրանք, մասամբ, կանոն է՛լ են գործածում:

Երբ երեխան կամ հասուն մարդը նոր-նոր է գրել-կարդալը սովորում, պիտի բոլոր-բոլոր բառերի պատկերներն անգիր անի (պիտի անգիր անի նաև բառերի թեք ձևերի պատկերները): Մեծ մասամբ, էսպես է նաև օտար լեզու սովորելիս: Եթե մարդը մասնագիտությամբ լեզվաբան չի, համարյա երբեք կանոնի չի դիմում (բացառությամբ անալոգիայի կամ կապկելու կանոնի, որը հատուկ է լեզվին ու, բոլորիս` առհասարակ):

Մենք` հասարակ մահկանացուներս, հիշում ենք, օրինակ, որ «օձ» բառը գրվում է «ձ»-ով: Բայց ասեք` տեսնեմ, էդ բառը գրելիս, մեզնից ո՞վ է հիշում հետևյալ կանոնը, որ «ձ» տառը միշտ գրվում է «ր, ն, ղ» բաղաձայներից հետո (իմիջիայլոց սա չի նշանակում, որ «ր, ն, ղ» բաղաձայներից հետո միշտ «ձ» է գրվում), ու որ հայերենի զոկերեն բարբառում «օձ»-ն արտասանում են «աղձ», ու որ դրա համար էլ` երևի շատ-շատ վաղուց հայերն օձին ասել են «աղձ» ու դրա համար էլ հիմա պիտի գրենք «օձ» կամ էլ, հնարավոր է, որ «օձ»-ի «ձ»-ն առաջացել է վաղո՜ւց-վաղուցվա մի թաբուի պատճառով: (Տես օրինակ, Հ. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի..., հատ. 6, էջ` 722)

Ու ասեք տեսնեմ, թե, օրինակ, էս կանոնը կամ էլ մենակ փակագծերի միջի դիտողությունս 6-7 տարեկան մանուկը կհասկանա՞: Եթե էս կանոնը հասկանա էլ, չի՞ հարցնի, թե «անցք, քաղց, հարց» բառերի մեջ ինչու՞ է «ն, ղ, ր» բաղաձայներից հետո «ց» ու ոչ թե «ձ»:

Ուրեմն, գրելը սովորելիս, կանոն` համարյա չենք գործածում: Մեծ մասամբ հիշում ենք բառը լրիվ, այսինքն, բառի լրիվ պատկերը, ու ոչ միայն բառինը, այլև դրա թեք ձևերինն էլ հետը: Երբ որևէ բառի ուղղագրությունը մոռանում ենք, կանոնի՞ ենք դիմում, թե՞ արագ-արագ գրում ենք էդ բառը, վստահելով մեր ձեռքի «հիշողությանը»:

Հին ուղղագրությունը, էսօրվա ուղղագրության համեմատ, ահավոր դժվար է: Էդ ուղղագրությամբ ճիշտ գրելու համար` անհրաժեշտ կանոնների ու բացառությունների թիվը վիթխարի է: Ով ասում է. «Անցնենք հին ուղղագրությանը», ասում է. «Եկեք հայ ազգի համար մի վիթխարի դժվարություն ստեղծենք, որ հետո դա հերոսությամբ հաղթահարենք»:

Ով որ կարդա Մ. Աբեղյանի` հիշատակածս աշխատանքները, հաստատ կհամոզվի, որ ասածս ոչ միայն ճիշտ է, այլև կհամոզվի, որ չափազանց քիչ ու մեղմ բաներ եմ ասում հնամոլների մասին:

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԷՍՕՐ Է՞Լ Է ԼԱՎԸ

Զանգի ձենը հեռվից քաղցր ա:

Ժողովրդական ասացվածք

Մաշտոցյան այբուբենը, իրոք, ժամանակի լավագույն այբուբեններից էր, որովհետև համարյա հիմնված էր` մի գիր - մի հնչյուն ու մի հնչյուն - մի գիր սկզբունքի վրա, այսինքն` ինչ լսում` էն էլ գրում ես: Ասում եմ` «համարյա», որովհետև Մ. Մաշտոցը, թերևս հունարեն գրին հետևելով, չգրեց բառերի մեջտեղը լսվող «ը» ձայնը` էսպես կոչված` գաղտնավանկի «ը»-ն, ու շատ ափսոս, որ չգրեց (այսինքն, Մաշտոցը չգրեց` «աստըղ, արկըղ, կըրկին, կըռապաշտ, ըսկիզբ, ըսկըսել, ըստիպել, մըկըրտիչ» ևն):

Բայց Մաշտոցյան այբուբենը լավն էր միայն Մաշտոցի ժամանակ, որովհետև էն ժամանակվա հայը` համարյա ինչ լսում էր, էն էլ գրում էր:

Եթե Մաշտոցը գրում էր` (Սաղմոս Դաւթի ղե).

1) Աւրհնեցէք զՏէր յաւրհնութիւն նոր. աւրհնեցէք զՏէր ամենայն երկիր, աւետարանեցէք աւր ըստ աւրէ զփրկութիւն նորա: Պատմեցէք ի հեթանոսս զփառս նորա, յամենայն ժողովուրդս զսքանչելիս նորա: Մեծ է Տէր ել աւրհնեալ է յոյժ:

Ապա 5-րդ դարի հայը սա համարյա էսպես էր կարդում.

2) Աուօրհնիէցէք ըզՏէր իէաուօրհնութիուն նուօր. աուօրհնիէցէք ըզՏէր ամիէնայն իէրկիր, աուէտարանիէցէք աուր ըստ աուրէ ըզփրկութիուն նուօրա: Պատմիէցէք ի հիէթանուօսըս ըզփառըս նուօրա էամենայն ժուօլուօվուրդըս զըսքանչիէլիս նուօրա: Միէծ է Տէր իէու աուօրհնիէալ է յուօյժ.

Իհարկե, 5-րդ դարի հայը սա շատ հեշտ էր արտասանում, որովհետև իր ձայնային գործարանները (լեզուն, բերանը, քիմքը, ըմպանը ու իր ուղեղի խոսքի կենտրոնները) վարժված էին սրան, ինչպես որ մեր ձայնային գործարաններն ու մեր ուղեղի խոսքի կենտրոններն են վարժված էսօրվա՛ հայերենին ու վարժված չեն սրան կամ արևմտահայերենին:

Սրա համար էլ սա էսօր կարդում ենք եկեղեցականների պես, այսինքն` մի է՛ն տեսակ արտասանությամբ, ինչը ո՛չ հին է, ո՛չ նոր, չնայած կոչվում է` ավանդական արտասանություն:

Ահա կարդալու մեր էսօրվա ձևը.

3) Օրհնէցէք ըզՏէր հօրհնութէուն նօր, օրհնէցէք ըզՏէր ամմենայն հէրկիր, ավէտարանէցէք օր ըստ օրէ ըզփրկութէուն նօրա: Պատմէցէք ի հեթանոսըս ըզփառըս նօրա, համմէնայն ժողովուրթըս զըսքանչելիս նօրա: Մեծ է Տէր յէվ օրհնէալ է հույժ:

էս քաղվածքներից պարզ երևում է, որ էսօր Մաշտոցի օրերի հայերենի ոչ միայն բառերն ու քերականությունն են խիստ փոխվել, այլև` հնչյունները: Ընդ որում, հնչյուններն էնքա՛ն են փոխվել, որ կարդալն անգամ` «յոյժ» դժվարանում ենք: (Տես` Հ. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հատ. 6, էջ 231-236):

Տարակույս չունեմ, որ եթե Մաշտոցն իմանար, որ մի օր գրելու են 1)-ին ձևով, բայց կարդալու են` 3)-րդ ձևով, «յոյժ» կզարմանար:

Մ. Մաշտոցը կմտածեր, որ էդ տեսակ այբուբեն հորինողն ուղղակի խելագար է (եթե չիմանար, որ լեզուներն արագ են փոխվում, իսկ ուղղագրությունը` դանդաղ (իսկ սա Մաշտոցը չգիտեր. էն օրերին մեր էսօրվա փորձն ու գիտելի՛քը չկար) ու չծանոթանար մեր էսօրվա հնամոլների վարք ու բարքին:

էսօրվա լեզվի համար Մաշտոցյան ուղղագրությունը գործածելը նման է` տրակտորով պատից փոքրիկ մեխը քաշել հանելուն, ընդ որում, երբ էդ մեխը, շատ հեշտ, (էսօրվա ուղղագրության ձեռքով) քաշվում հանվում է:

Ու եթե Սփյուռքի մի քանի թերթ ու գրող` մեխը տրակտորով են հանում, իսկի էլ պարտադիր չի, որ էդ մեխը մենք էլ տրակտորով քաշենք հանենք:

«ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱՍԵԼՈՎ`

ՀՆԱՄՈԼՆԵՐՆ Ի՞ՆՉ ԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Թե որ մեկը մի կարևոր բան առաջարկի, մարդիկ անպայման լրիվ ուրիշ բան կհասկանան:

Չիզհոլմի 3-րդ օրենքը

Հա՛, Սփյուռքի «հին» ուղղագրությունը, քիչ թե շատ, նման է մաշտոցյանին: Բայց միայն, քիչ` թե շատ: Ավելի ճիշտ` ահագին քիչ: Բայց, եթե մեր էսօրվա լեզուն Սփյուռքի ուղղագրությամբ գրենք, ապա դա կլինի ոչ թե մաշտոցյան ուղղագրություն, այլ շատ նման կլինի անգլիական կամ ֆրանսիական էսօրվա ուղղագրությանը, ու բոլորովին էլ` հայկական, մաշտոցյան սկզբունքով ստեղծած ուղղագրություն չի լինի:

Մաշտոցը չուներ օ, ֆ, և նշանները: Սրանցից և-ը նշան-համառոտագրություն է, որ Մաշտոցի օրերից մինչև 11-12-րդ դարերը գրվում էր եւ:

Մաշտոցի այբուբենը չուներ նաև ֆ-ն, որովհետև էն օրերի Արարատյան բարբառը չուներ ֆ ձայնը, ինչպես որ էսօր էդ ձայնը չունեն, օրինակ, էսօրվա Թիֆլիսի ու Ղարաբաղի բարբառները, ու դրանք էսօր էլ են ասում` քեփ, փուտբոլ, փայտոն, կոփե, փոխանակ ասեն քեֆ, ֆուտբոլ, ֆայտոն, կոֆե: Մաշտոցի օրերին ֆ ունեցող օտար բառ փոխ առնելիս` ֆ-ի տեղը գրում էին փ, օրինակ, փիլիսոփա, Փիլիպոս, Սոփիա, ևն:

Մաշտոցի օրերին էսօրվա օ-ի տեղը գրում էին` աւ: Սփյուռքում աւ-ի տեղը էսօր գրում են օ, ֆ-ն ու և-ն էլ գործածում են առանց խղճի խայթի:

Բայց չէ՞ որ հենց միայն սրանց համար արդեն Սփյուռքի էսօրվա ուղղագրությունը մաշտոցյան չի, ու արդեն հենց միայն սրա համար Սփյուռքի էսօրվա ուղղագրությունը «մեզ կտրել է մեր արմատներից», ինչպես որ հնամոլներն են ասում:

Հնամոլները սա լավ գիտեն ու հենց սրա համար էլ մաշտոցյան ածականը մեկ ու մեջ գործածում են դասական ածականի հետ, իրար փոխարեն, երկուսն էլ հասկանալով նույն` մաշտոցյանի իմաստով, չնայած լավ հայտնի է, որ դասական ածականը գործածում են, որ նշեն հենց մաշտոցյանը, ավելի ճիշտ, Մաշտոցի ու մեր առաջին թարգմանների ու գրողների գործերի (թերևս մինչև 9-րդ դարի) ուղղագրությունները:

(Բուն Մաշտոցի ու իր աշակերտների գործածած լեզուն ու ուղղագրությունը հաճախ կոչում են` ոսկեդարյան):

Նույն բառերի ուղղագրական զգալի տարբերությունները կան արդեն մեզ հասած հնագույն ձեռագրերում, օրինակ Աստվածաշնչի 9-րդ դարի ամբողջական ձեռագրում: Դրանից հետո մինչև 11-12 դարերը էդ տեսակ տարբերությունների թիվը շատ շատացավ:

Էս դարերում փոխվեցին տառատեսակները, առաջացան փոքրատառերն ու կետադրական համարյա բոլոր նշանները, տողադարձն ու սրա կանոնները, բառերն սկսեցին գրել իրարից անջատ ու թեք, առաջացան ասածս օ ու ֆ տառերն ու և համառոտագրությունը, ևն:

(Տես 53-ը ու Մ. Հարությունյանի Զվարճալի այբ ու բենը):

Ու ամենակարևորը, հայերեն լեզվի բոլոր բարբառներն էլ արդեն շատ-շատ էին փոխվել, ու առաջացել էր բազում նոր բարբառ: Լեզուն անպայման է փոխվում: Աշխարհում չկա լեզու, ինչը չի փոխվել ու չի փոխվում:

Փոխվում են լեզվի հնչյունները, փոխվում են լեզվի բառակազմության օրենքները, բառերի մի մասը մեռնում է, երբեմն ծնվում են նոր բառեր` կազմակերպված, ոչ պրիմիտիվ լեզուներում` միայն փոխառության միջոցով), բառերի իմաստներից մեկը կամ մի քանիսը երբեմն մեռնում է, մի մասի էլ իմաստներն են երբեմն փոխվում, կամ երբեմն բառի մի լրիվ նոր իմաստ է ծնվում:

(Օրինակ, մեր օրերում թույն գոյականը դարձավ նաև ածական, ընդ որում լրիվ հակառակ իմաստով. հիմա ջահելներն ասում են թույն կոշիկ ու հասկանում են` ընտիր կոշիկ. մեռավ օրինակ բառը, ու հիմա սրա տեղը ջահելները (ու նույնիսկ մինչև 45-50 տարեկանները) ասում են խոսքի, ևն: Էս վերջինը երևի առաջացել է խոսքի օրինակ կապակցության երկրորդ բաղադրիչի մեռնելով)):

Փոխվում է լեզվի քերականությունը:

Էս փոփոխությունների գումարը դարերի ընթացքում լեզուն էնքան է հեռացնում իր սկզբնական վիճակից, որ եթե էսօրվա հայը մի հրաշքով ընկներ Մաշտոցի օրերի Էջմիածինը, էն օրերի հայի խոսքից համարյա բան չէր հասկանա, ու ոչ էլ էն օրերի հայը կհասկանար մեզ, ու սա, նախ, արտասանական վիթխարի տարբերությունների պատճառով:

Մաշտոցի այբուբենը, ինչպես ասվել է, կատարյալ էր ի՛ր օրերի համար, ու փոխված լեզվին արդեն հարմար չէր, ու քիչ-քիչ ավելի ու ավելի անհարմար էր դառնում: Անհարմար էր է՛ն իմաստով, որ համարյա բոլոր գրագետներն էլ (գրագետ` էն օրերին էնքան էլ շատ չկար, ու էս քչությունը, օրինակ, Պ. Պռոշյանի ու Ղ. Աղայանի, Ա. Մեյեի վկայությամբ, տևեց համարյա մինչև 19-րդ դարի վերջը) ուղղագրական բազում սխալ էին անում, քանզի խոսում էին մի ձևով, բայց պիտի գրեին լրիվ ուրիշ ձևով:

Սրա համար էլ Մաշտոցի օրերի ուղղագրական քիչ թե շատ միակերպությունը ինքնին վերացավ ու առաջացավ ուղղագրական մի իսկական խառնաշփոթ: Հնամոլները սա երբեք չեն ասում:

Չեն ասում, որ բոլորին համոզեն, թե Աբեղյանից առաջ կար ուղղագրական մի դրախտային միակերպություն, ու որ հենց «չարագործ» Աբեղյանն էր, որ էդ դրախտը դարձրեց դժոխք, ու որ հենց իրենք են է՛ն Փոքր Մհերները, ովքեր Ագռավաքարից (օրինակ, «Ռոտ Այլընտից», այսինքն, Նյու Յորքի Rod Island-ից) դուրս են եկել, որ ուղղագրությունը դարձնեն միակերպ ու «հայ ազգը պառակությունից ու կործանվելուց փրկեն»:

ՄԵՂԱՎՈՐԸ ԱԲԵՂՅԱ՞ՆՆ է ՈՒ ԲՈԼՇԵՎԻԿՆԵ՞ՐՆ ԵՆ

«Վայ, վայ, վա՜յ, ինչ սարսափելի ու նողկալի ես… ա՛խ, ա՛խ, ա՜խ:

Չա՛րք, Սատանա՛, Լեվիաթա՛ն: Էնքա՛ն ես այլանդակ ու զզվելի, որ քեզ նայելու ուժ է՛լ չունեմ »:

Ֆրանսուա Ռաբլե, Պանտագրյուել, IV գիրք, գլ. 33

Հնամոլները շատ անգամ ասում են, որ մեր հին ուղղագրությունը փոխելու ձեռնարկողը եղել է Մանուկ Աբեղյանը (մեկ-մեկ` Պողոս Մակինցյանի` 1921 թ. լուսժողկոմի հետ), ու փոխել է բոլշևիկների հանձնարարությամբ:

Սա գլխավոր սուտն է, գլխավոր կեղծիքը:

Ու կարևոր չի, սրա պատճառը` դիտավորությու՞նն է, թե՞ անտեղյակությունը, չնայած` անտեղյակությունը սազական չի իրեն գիտնական համարող մարդուն: Բայց դառնանք փաստերին:

Հայտնի բան է, որ եթե էսօր մի բանը կապվեց բոլշևիկներին, կվատաբանվի, կանվանարկվի: Մանավանդ, եթե ավելացնեն, որ Աբեղյանը թաքուն նպատակ ուներ, որ հետագայում հայերեն այբուբենը դեն ձգի ու տեղը լատինատառ այբուբեն դնի, ինչը, անկասկած, ճիշտ չի:

Ի՞նչն է ճիշտ:

Ճիշտ է, որ Աբեղյանն ուղղագրության ու ուղղախոսության հարցերով զբաղվել է իր գործունեության հենց առաջին տարիներից: Ինչու՞:

Որովհետև հին ուղղագրությունը փոխելու տենդենցն ու թունդ վեճը դրա մասին` արդեն կար: Ուրեմն, 12-րդ դարից ունենք գրած` նվագ, նվէր, թվել, փոխանակ` նուագ, նուէր, թուել: Անցյալ դարի վերջերին Ղազարոս Աղայանն առաջարկում է` ու = վ-ի փոխարեն` գրվի ւ, ու սա տեսությամբ հիմնավորելու փորձ է անում լեզվաբան` Ս. Սարգսյանը («Աղբյուր», երկրորդ բաժին, NN 5-6):

Դրանից առաջ նման բառերը վ-ով գրելու փորձ է անում Խորեն Վարդապետը, իսկ 18-րդ դարի վերջին` էդ փորձերին հարություն են տալիս Մխիթարյանները, բայց անհաջող (ավելի մանրամասն` տես հետո):

Ժամանակի հրամայական պահանջ դարձած էս ինքնակա փոփոխությունների գիտական քննությամբ Մ. Աբեղյանը 1890 թ. «Նոր Դար» լրագրում հանդես է գալիս երկու հոդվածաշարով, առաջինում (N 151, 153, 155, 161, 162, 164, 166, 168, 169), ուրիշ հարցերի հետ քննում է օտար բառերի ուղղագրության հարցը, իսկ երկրորդում (N 187-194, 196-197) հե՛նց պատասխանում է Ս. Աարգսյանին ու Ղ. Աղայանին ու իրենից առաջ էս հարցերով հանդես եկած համարյա բոլոր սխալ տեսակետ ունեցողներին, ու արծարծում է նաև բոլոր ճիշտ տեսակետները:

Էս հոդվածների հիմնականը էն միտքն էր, որ երևի չարժի, որ հին ուղղագրությունը փոխվի (էդ տարիներին թերևս ոչ ոք հին ուղղագրությունը Աբեղյանի պես չգիտեր. երևի` հետո էլ, եթե չհաշվենք Գալուստ Տեր-Մկրտչյանին, Հրաչյա Աճառյանին, ու էլի մի քանի հոգու):

Ուրեմն, իր գործունեության սկգբին, Աբեղյանը դեմ էր հին ուղղագրությունը փոխելուն: Դեմ էր, որովհետև արդեն 35-37 տարեկան էր ու ինքը շատ վարժ էլ (բոլորից վարժ) գրում էր հենց է՛դ ուղղագրությամբ):

Երկու տարի հետո Աբեղյանը հրատարակում է Հայոց լեզվի ուղղագրությունը վերնագրով մի գրքույկ (ճարտարապետ Նիկողայոս Գրիգորյանի ծախսով): Գրքի վերջին կցած է արևելահայերենի ուղղագրական առաջին բառարանը:

Էդ օրերին «բոլշևիկ» տերմինն անգամ չկար:

Դրանից հետո Աբեղյանն ուղղագրության մասին խոսել է իր Աշխարհաբարի քերականություն (1906), Տարրական քերականություն (1907) ու ուրիշ գործերում (տես Աբեղյան Մ. – Երկեր):

Սրանցից` 1892 թվի գրքում Աբեղյանն առաջին անգամ տվել է աշխարհաբարի (հին, դասական, մաշտոցյան) ուղղագրության կանոնները:

Ինչո՞ւ էր Աբեղյանն էս կանոնները մշակել: Մշակել էր, որովհետև մեր հլը որ նոր աշխարհիկ գրականությունը էն օրերին ընդամենը 24 տարեկան էր (Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին» տպվել է 1858 թվին): Էս 24 տարում լիքը թերթ ու ամսագիր ծնվեց, մեծ քանակով գրող հայտնվեց, ու սրանք բոլորն էլ շատ վատ գիտեին մաշտոցյան ուղղագրությունը, ու սրանցից ամեն մեկը գրում էր` ոնց պատահի, ու ուղղագրության էն օրերի վիճակը կատարյալ շիլաշփոթ էր:

Աբեղյանն աշխարհաբարի հին ուղղագրության կանոնները մշակել էր, որ բոլոր հայերն էլ գրեն միակերպ ու միասնական ուղղագրությամբ:

Հայոց կաթողիկոսի կոնդակով փորձեցին` էդ կանոնները պարտադրեն հայ բոլոր հրատարակիչներին ու դպրոցներին:

Էդ փորձը ձախողվեց, որովհետև եթե ուղղագրությունդ «յոյժ» բարդ է (իսկ մաշտոցյան ուղղագրությունը, ինչպես տեսանք, մեր օրերի հայերենի համար «յոյժ» բարդ է, չնայած Մաշտոցի օրերի համար համարյա իդեալական էր), գրողներն էլ` Աբեղյանի կարգի լեզվաբան չեն, ապա դրանք անընդհատ սխալ կանեն, ոնց որ էսօր են անընդհատ սխալ անում:

Ու էն օրերի մեր ուղղագրության վիճակը մի «կատարյալ բաբելոնյան խառնաշփոթ էր»:

Էսօր էլ մեր Սփյուռքի գրողները միակերպ ուղղագրություն չունեն, ու եթե հանկարծ անցնենք հնամոլների ուզած «դասական» ուղղագրությանը, նորից մի բաբելոնյան խառնաշփոթ կստեղծենք:

Ու Հայր Միաբանը, 1912-ին, առաջարկում է Աբեղյանին (Աբեղյանին, քանի որ Աբեղյանն էր էդ բնագավառի ամենալուրջ մասնագետը), որ սա հատուկ զեկուցում պատրաստի ուղղագրության հարցերից: Հայր Միաբանն առաջարկում է, որ Աբեղյանը, հրապարակային քննության համար, հայերենի ուղղագրությունը փոխելու ու բարելավելու սկզբունքներ մշակի:

էս ամենն արվում էր, որովհետև մի տասնամյակից ավել տևած փորձը (այսինքն, հայոց կաթողիկոսի կոնդակի պարտադրանքի կատարյալ անհաջողությունը) ցույց էր տվել, որ անհնար է, որ «նոր» հայերը ճիշտ ու միակերպ գրեն «հին» հայերի «մաշտոցյան» ուղղագրությամբ:

Ուրեմն, հայերը մի անգամ արդեն փորձել են` գրեն հին, դասական, մաշտոցյան ուղղագրությամբ, ու էդ մի տասնամյակից ավել տևած փորձը լրի՛վ է տապալվել: Ի՞նչ է, մենք պատմությունից երբեք չպիտի՞ դաս քաղենք:

Ու հիմա ու՞մ լեզուն կզորի, որ ասի, թե 1912 թ. Հայոց կաթողիկոսը, մեծ հայագետ Գալուստ Տեր-Մկրտչյանն ու Մանուկ Աբեղյանը բոլշևիկ էին, կամ էլ` բոլշևիկների հանձնարարությունն էին կատարում:

Ուղղագրության փոփոխությունը հասունացել էր ու դարձել օրվա հրամայական պահանջ: Էդ հրամանի իրագործությունը մեկնումեկին պիտի հանձնարարեին:

Ու՞մ հանձնարարեին, եթե Աբեղյանն էր էդ հարցի ամենալուրջ ու ամենախոր գիտակը:

(Բա Աբեղյանը կձեռնարկե՞ր էդ գործը, եթե իմանար, որ դա կդառնա էն գլխավոր «մահանաներից» մեկը, ինչի համար իրեն հետագայում կզրկեն լեզվաբանությամբ ու գրականագիտությամբ զբաղվելուց):

Մի քանի բան ասեմ Գալուստ Տեր-Մկտրչյանի մասին (Տեր-Մկրտչյան Գալուստ, Հայագիտական ուսումնասիրություններ: Տես նաև Հայկական հանրագիտարանը):

ԳԱԼՈՒՍՏ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆԸ

Գալուստ Մկրտչի Տեր-Մկրտչյանը (Տեր-Սարգսյանը) (1860-1917 կամ 1918) ծնվել է Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում, տաղասաց, գրիչ ու մանկավարժ Հովհաննես Կարնեցու ծոռն է:

1874-1878 թվերին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (Ս. Մալխասյան(ց)ի հետ նույն դասարանում), 78-81-ին դասավանդել է Շամախու ու Ախալցխայի դպրոցներում, հրապուրվել է նարոդնիկական գաղափարներով: 1881-ին ավարտական քննություններ է հանձնել Ներսիսյան դպրոցում, 1884-ին ավարտել է Փարիզի Քաղաքական գիտությունների ազատ դպրոցը, եղել է Մյունխենի համալսարանի ունկնդիր:

Ուսանողական տարիներից «Մեղու Հայաստանի» լրագրում գրական ու հրապարակախոսական նյութեր է տպել (անգամ դարվինիզմից, ինչն էն օրերին նոր էր ստեղծվել): 1885-ին դարձել է Հայաստան ու ուսուցչություն է արել, հետո հրաժարվել է աշխարհիկ կյանքից, 87-ին դարձել է էջմիածնի միաբանության անդամ, ինչից հետո հայտնի էր Հայր Միաբան անունով:

1888-ին, գետում լողանալուց ու մրսելուց հետո, դարձել է երկու ոտքից անդամալույծ ու մինչև կյանքի վերջը զրկվել է քայլելու ունակությունից, ու մինչև կյանքի վերջն էլ նվիրվել է հայագիտությանը:

1892-1894-ին ու 1902-ին խմբագրել է «Արարատ» ամսագիրը: Ուրարտագիտության ու հայ հնագիտության ասպարեզներում իր վաստակի համար Հայր Միաբանը 1894 թվից Մոսկվայի Կայսերական հնագիտական ընկերության թղթակից, իսկ 1900-ից` իսկական անդամ էր (երկուսն էլ` առանց գիտական որևէ ուրիշ կոչում ունենալու):

Գ. Տեր Մկրտչյանն իր ողջ կյանքում գործ է ունեցել գրաբարի ու հին ուղղագրության հետ:

Գ. Տեր Մկրտչյանի գործերը բազմաբնույթ են. հայ հին մատենագրություն, պատմական աշխարհագրություն, վիմագրություն, դրամագիտություն (նումիզմատիկա), ազգագրություն ու բանահյուսություն, միջնադարյան հայ առակագրություն, Հայաստանի ճշգրիտ գիտությունների պատմություն ու տեսություն, վարքագրություն ու վկայաբանություն, հայ աղանդավորական շարժումների ազդեցությունը եվրոպական ռեֆորմա-ցիայի վրա, հնագիտություն ու ուրարտագիտություն, բնագրագիտություն ու աղբյուրագիտություն, ևն:

Ս. Մալխասյանի աշխատակցությամբ կազմել է Ղազար Փարպեցու Պատմություն հայոց ու թուղթ առ Վահան Մամիկոնեան (1904) ու Ս. Կանայանի աշխատակցությամբ Ագաթանգեղոսի Պատմություն հայոց (1909) երկերի քննահամեմատական բնագրերը: Հայտնաբերել, ուսումնասիրել ու հրատարակել է (հայերին անծանոթ) Անանիա Նարեկացու Գիր խոստովանությունը (1892), Անանիա Շիրակացու տիեզերագիտական աշխատություններն ու խնդրագիրքը (Անանիա Շիրակացի, 1896), Պետրոս Սյունյաց եպիսկոպոս (1902), Ստեփանոս Իմաստասեր (1902), Գիրք հերձւածոց (1902), Դավիթ Հարքացի (1903) երկերը:

Ուսումնասիրել է հայ մատենագրության պատմությունը, Խորենացու պատմության ուսումնասիրություն (1896) գործով ժխտել է, որ Խորենացու Պատմությունն ունեցել է 4-րդ գիրք, պարզել է Խոենացու ու Մար Աբաս Կատինայի գրածների առնչությունները, պարզել է, որ Խորենացու Պատմությունը գրվել է 678 թվից ոչ առաջ ու 780-ից ոչ ուշ (սա վիճելի է, ու քննության կարոտ) ևն: Կարևոր գործերից են նաև. Ղազար Փարպեցու ձեռագրերը (1902), Փավստոսի ձեռագրերը (1904), Տիմոթեոս Կուզի Հակաճառության հայ թարգմանության ժամանակը (1908), Հայ մատենագրության հնագույն թվականները (1913), ինչով ճշտվել են մեր պատմության կարևորագույն թվականները, Հայկականք հոդվածաշարը, Ուրարտյան բևեռագրերի լեզուն (1893), Աջից ձախ հայ գրություն (1913), Աբրահամ Խոստովանողի վկայք Արևելիցը (1921, հետմահու) ևն, ևն:

Թարգմանել է Ռեկլյուի բազմահատոր աշխարհագրության հայերին ու Հայաստանին վերաբերող հատվածներ, Լերմոնտովի, Հայնեի, Հաֆիզի, Պետեֆիի գործերից, փոխադրել է Պետերսոնի Բնագիտական և կրոնական աշխարհայացք աշխատությունը, գրել է բանաստեղծություններ ու վեպ (անտիպ):

1912-13 թվերին հայերը նշում էին հայոց գրերի գյուտի 1500 ու տպագրության 400-ամյա հոբելյանները:

(Իմիջիայլոց, հենց Հայր Միաբանն է անառարկելի պարզել, որ հայ գրերի գյուտը Մաշտոցն արել է 412 թվից ոչ շուտ ու 416-ից էլ ոչ ուշ, ու հենց սրա համար է, որ գրերի գյուտի առաջին հոբելյանն արվում էր հենց է՛դ թվերին:

Բայց ճշմարտություն կոչվածը երևի մեզ համար չի, որովհետև գալիք 2012-ին նշելու են միայն հայ տպագրության 500-ամյակը, իսկ գրերի գյուտի մասին խոսք չկա: Խոսք չկա, որովհետև գրերի գյուտի չնայած սխալ, բայց ընդունված թիվը 405-ն է: Գրողի ծո՛ցը ճշմարտությունը):

Հոբելյանական կենտրոնական հանձնաժողովի նախագահն էր` Գալուստ Տեր-Մկրտչյանը, Էջմիածնում նստած մի գիտնական (էս բառի բուն իմաստով «նստած», որովհետև, ինչպես ասվեց, Հայր Միաբանի երկու ոտքը անդամալույծ էր), ով վիթխարի հեղինակություն ուներ ողջ աշխարհում (մեր «լայն-հասարակությունն» էսօր Հայր Միաբանի հոբելյանը ոչ մի անգամ չի նշում ու անունն է՛լ չի հիշում):

Իսկ մեր նույնիսկ «նեղ-հասարակության» գիտնական անդամներից ոմանք Գալուստ Տեր-Մկրտչյանին մի փոքրիկ հոդված անգամ չեն նվիրել Հայերենագիտական բառարանում, (հեղինակը` Հ. Զ. Պետրոսյան):

Իմիջիայլոց, 2010-ի հուլիսի երեքին Հայր Միաբան Գալուստ Տեր-Մկրտչյանի ծննդյան 150-ամյակն էր (ըստ հայկական հանրագիտարանի): Չհիշեցին: Ափսո՛ս):

Մեծանուն հնդեվրոպագետ ու հայագետ Անտուան Մեյեն 24-25 տարեկանում գալիս է Հայաստան ու աննպաստ կարծիք է կազմում այստեղի հայագետների մասին (թերևս համեմատելով սրանց մխիթարյանների հետ): Բայց երբ ծանոթանում է Գալուստ Տեր-Մկրտչյանի հետ, գրում է (47, էջ` 754-755). «Կրոնավոր է, բայց ազատամիտ մտածող. հիվանդ է, բայց եռանդուն…Փարիզում ուսումնասիրել է քաղաքական գիտություններ, բայց դարձել է լավ բանասեր…խելոք ու նրբամիտ է»: (Վաղարշապատ, 28-ը հունիսի, 1891): Երկու տարի հետո նորից Հայաստան գալով` ավելի մոտիկից է ճանաչում Հայր Միաբանին ու այս անգամ գրում է. «…գերազանց ու խստապահանջ բանասեր է` օժտված ճշգրիտ մտքով ու հազվադեպ խորաթափանցությամբ»: Մեյեն, 1905 թվին, գրում է, թե շնորհակալ է Գալուստ Տեր-Մկրտչյանից` «բազմաթիվ օգտակար տեղեկության ու թանկարժեք խորհրդի ու այլ կարգի օգնության համար»:

Իսկ Մեյեի աշակերտ, ֆրանսիացի հայագետ Ֆ. Մակլերը Հայր Միաբանի մասին ասում է.

«Մեծ արժանիքների տեր ու խորապես ինքնատիպ այս գիտնականը, ում որ խանգարված առողջությունը հնարավորություն չի տալիս գրելու, ինչը որ շատ ցանկալի է, մեզ երևաց իբրև ինքնուրույն դպրոցի պարագլուխ: Նա սիրով է հաղորդում իր (դեռ չհրատարակած - Մ.Հ.) հետազոտությունների արդյունքները և սրանց արձագանքները, երբեմն անանուն, գտնում ենք երիտասարդ հետազոտողների աշխատություններում, որոնք առանց նրա անունը հիշատակելու, գոնե ա՛յն ծառայությունն են մատուցում նրան, որ գիտական աշխարհում տարածում են նրա գաղափարները»:

էս սքանչելի գիտնականի մահից հետո անհետացան նրա շատ գործերի` տպագրության պատրաստ ձեռագրերը, իսկ մնացածների մի մասը նոր-նոր է հրատարակվել: Միաբանի օգնությունն են ստացել, իսկ երբեմն էլ` նրա ցուցումներով են առաջնորդվել` Մ. Աբեղյանը, Ղ. Ալիշանը, Հ. Տաշյանը, Ա. Մեյեն, Ֆ. Մակլերը, Ֆ. Կոնիբերը, Ն. Ադոնցը, Լեոն, Գ. Խալաթյանցը, Հ. Աճառյանը, Հ. Մանանդյանը, Ս. Մալխասյանցը, Ն. Մառը, Ս. Կանայանն ու ուրիշ շատ-շատ հայ ու օտար գիտնական ու երիտասարդ բանասեր:

Անձամբ աշխատելու հնարավորություն չունենալով, Հայր Միաբանն անընդհատ ճարում էր ուրարտերեն, հայերեն, հունարեն ու լատիներեն արձանագրությունների լուսանկարներն ու պատճենները ու օտար (մանավանդ ռուս) արևելագետներին դրդում` տրամադրում էր հետազոտելու ու հրատարակելու դրանք (Գալուստ Տեր-Մկրտչյան, Հայագիտական հետազոտություններ, գիրք Ա, Պ. Հակոբյանի ներածականը. տես նաև Հայկական հանրագիտարանը):

Կյանքի վերջին տարիներին հայտնաբերել է միջնադարյան զրույցների մի շարք, պատրաստել է դրա բնագիրը, բայց չի հասցրել` ուսումնասիրությունը գրի առնի: «Անհայտ հանգամանքներում կորել են նաև նրա պատրաստած Կորյունի «Վարք Մաշտոցի» ու Շիրակացու տիեզերագիտական մեծ աշխատության բնագրերը»:

էս բաները գրում եմ, որովհետև չի բացառվում, որ հնամոլները, հանկարծ իմանալով, որ նոր ուղղագրությանն անցնելու նախաձեռնողը Գալուստ Տեր-Մկրտչյանն է, իրե՛ն էլ բոլշևիկ հանեն ու հակա համարեն:

Ի՞ՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ

Ինքնին թողած գործերի ընթացքը վատանալու հակում ունի:

Մերֆիի օրենքի 5-րդ հետևանքը

1913 թ. օգոստոսին, դարձյալ Հանձնաժողովի հանձնարարությամբ, Աբեղյանը կազմում է 11 կետանոց մի հարցաթերթ, ուր մանրամասն նշված էր, թե ուղղագրական ի՛նչ փոփոխություն է հարկավոր: Հանձնաժողովը միաժամանակ խնդրում է Հայաստանի, Ռուսաստանի ու Եվրոպայի նշանավոր հայագետներին, որ սրանք էլ հաղորդեն, թե ի՛նչ փոփոխություն է պետք ու ինչո՛ւ:

Հարցաթերթը ստորագրել էր Հանձնաժողովը:

Աբեղյանը զեկուցումը կարդաց 1913 թ. հոկտեմբերի 14-ին: Նույն օրերին ու հետո, հարցաթերթի վերաբերյալ, մի քանի պատասխան է ստացվում, ուր բոլորն էլ ասում են, որ ուղղագրությունը չպիտի փոխվի:

Պատերազմն ու գենոցիդը ընդհատում են բանավեճը:

1921 թ. հունվարին Աբեղյանին հրավիրում են ՀԱԽՀ լուսժողկոմի խորհրդակցության, ուր Աբեղյանն ուղղագրական ռեֆորմի մասին զեկուցում է կարդում: Էս զեկուցումը տպվում է (300 հատ) ու հանձնվում հրապարակային քննության (նաև մասնագետներին):

Աբեղյանն առաջարկել էր ռեֆորմի չորս տարբերակ` մեղմից մինչև խիստը: 1922 թ. մարտի 4-ի դեկրետով, առանց Մանուկ Աբեղյանի վերջնական համաձայնության ու մասնագետների կարծիքների, խիստ տարբերակն անհապաղ գործի է դրվում:

Հետաքրքիր է, որ հայ գրագետներն ու նաև անգրագետները շատ արագ են յուրացնում Աբեղյանի ուղղագրությունը:

Աբեղյանի ուղղագրությունը, հնի համեմատ, անչափ արագ են յուրացնում նաև նոր գրել-կարդալ սովորող հայ մանուկները, որովհետև դա, հնի համեմատ, անչափ պարզ էր:

Ըստ էության, եթե չխոսենք բաղաձայների մասին, Աբեղյանի ուղղագրությամբ ի՛նչ լսում էիր, դա էլ գրում էիր: Որ ամեն ինչ պարզ լինի, բերում եմ մի հատված` նախ հին ուղղագրությամբ, ապա Աբեղյանի ուղղագրությամբ (տես նաև էս գրքի 1-ին մասի Կոմիտասի գործերից քաղածները).

ՀԻՆԸ

(հնամոլների ուզածը, ինչը 10-րդ դարից քիչ-քիչ փոխվել է)

Յետոյ տեսանք Ալիւր գիւղը: Ամենուրէք դիակներ, մորթոտւած կին, երեխայ... Առիւծներ եւ ագռաւներ էին իջած դիակների վրայ:

Քամին արաւտներից անոյշ-անոյշ բոյր էր տարածում: Գոյնզգոյն յասմիկների բոյլերը փայլում էին յստակ յակինթի ու յասպիսի պէս, զանազան բոյսերի թաւուտները այդ րոպեին ասես պարուրվել էին ամառային շնչով: Տրամադրութիւնս յեղյեղուկ էր եւ անկարելի էր, որ Նուերը յունուարից մինչեւ յուլիս նամակ չգրէր: Այնինչ նա յոյժ անյողդողդ էր եւ աւր ըստ աւրէ յոյժ անտարբեր դէպի մեր յաւէժ բարեկամութիւնը: Երբ էր, որ սենեակում, Նուերի ու Զուարթի ներկայութեամբ, Նուարդը յաւրանջեց եւ քանի հարիւրերորդ անգամ այնպէս յարդարեց դէմքին սփռուած ոսկեգոյն գէսերը, ասես Եւրաւպացի լիներ:

ԱԲԵՂՅԱՆԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(ինչը գործեց 1922-ից մինչև 1940-ը. տես նաև էս գրքի առաջին մասի Կոմիտասի խոսքը, ինչը հենց Աբեղյանի ուղղագրությամբ է)

Հետո տեսանք Ալյուր գյուղը: Ամենուրեք դիյակներ, մորթոտված կին, յերեխա... Առյուծներ յեվ ագռավներ եյին իջած դիյակների վրա:

Քամին արոտներից անուշ-անուշ բույր եր տարածում: Գույնզգույն հասմիկների բույլերը փայլում եյին հստակ հակինթի ու հասպիսի պես, զանազան բույսերի թավուտները այդ րոպեյին ասես պարուրվել եյին ամառային շնչով: Տրամադրությունս հեղհեղուկ եր յեվ անկարելի յեր, վոր Նվերը հունվարից մինչեվ հուլիս նամակ չգրեր: Այնինչ նա հույժ անհողդողդ եր յեվ որ ըստ որե հույժ անտարբեր` դեպի մեր հավերժ բարեկամությունը: Յե՞րբ եր, վոր սենյակում, Նվերի ու Զվարթի ներկայությամբ, Նվարդը հորանջեց յեվ հարյուրերորդ անգամ հարդարեց դեմքին սփռված վոսկեգույն գեսերը, ասես յեվրոպացի լիներ:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(ինչը գործում է 1940-ից մինչև հիմա)

Հետո տեսանք Ալյուր գյուղը: Ամենուրեք դիակներ, մորթոտված կին, երեխա... Առյուծներ և ագռավներ էին իջած դիակների վրա:

Քամին արոտներից անուշ-անուշ բույր էր տարածում: Գույնզգույն հասմիկների բույլերը փայլում էին հստակ հակինթի ու հասպիսի պես, զանազան բույսերի թավուտները այդ րոպեին ասես պարուրվել էին ամառային շնչով: Տրամադրությունս հեղհեղուկ էր և անկարելի էր, որ Նվերը հունվարից մինչև հուլիս նամակ չգրեր: Այնինչ նա հույժ անհողդողդ էր յեվ օր ըստ օրե հույժ անտարբեր` դեպի մեր հավերժ բարեկամությունը: Ե՞րբ եր, որ սենյակում, Նվերի ու Զվարթի ներկայությամբ, Նվարդը հորանջեց և հարյուրերորդ անգամ հարդարեց դեմքին սփռված ոսկեգույն գեսերը, ասես եվրոպացի լիներ:

Ակնհայտ է, որ էսօրվա (այսինքն, հանձնաժողովի) ուղղագրությունը Աբեղյանինից բարդ է:

ԱԲԵՂՅԱՆՆ ՈՒԶՈՒ՞Մ էՐ`

ՄԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԸ ԴԱՐՁՆԻ ԼԱՏԻՆԱՏԱՌ

Սուտն ինչքան վիթխարի ու հրեշավոր լինի,

էնքան ավելի շուտ կհավատան դրան:

Ադոլֆ Հիտլեր

Հնամոլներից շատերն ասում են, որ Աբեղյանը թաքուն մտադրություն ուներ, որ ուղղագրական ռեֆորմից հետո, հետագայում, մեր այբուբենը դարձնի լատինատառ:

Չխոսենք էն բանից, որ էս շարադրանքը ցույց է տալիս, որ նման հարց առհասարակ չի եղել: Եկեք հարց տանք, «ո՞րտեղից է հնամոլներին հայտնի Աբեղյանի թաքուն մտքերը: Ո՞վ զորություն ունի (բացի «Ռոտ Այլընտցի» պրն Որբերյանից, տես հետո) ուրիշի թաքուն մտքերը կարդալու, էն էլ` մարդու մեռնելուց կես դար (նույնիսկ ավել) հետո»:

Իրականությունը հետևյալն է. Թիֆլիսի "Заря Востока"-ի 1924 թ. նոյեմբերի 29-րդ համարում Պողոս Մակինցյանն առաջարկեց, որ մեսրոպյան տառերը դեն ձգեն ու տեղը դնեն լատիներեն տառերը:

Մանուկ Աբեղյանն իր 1924 թ. գրած ու 1925 թ. հրատարակած «Ուղղագրական ռեֆորմը» գրքի վերջում կծու հեգնանքով դատապարտում ու ձեռ է առնում Պ. Մակինցյանին, որ սա իր էդ թաքուն նպատակը ժամանակին (1922 թվին) չի հայտնել ու հիմա «զվարճալի վիճակի մեջ է ընկել»:

Վերոհիշյալ գրքում Աբեղյանը հստակ արտահայտել է իր խիստ բացասական վերաբերմունքը լատիներեն այբուբենին անցնելու մասին: Ուրիշ փաստ սրա մասին չկա: Եթե էս տողերը կարդացողն Աբեղյանին կամ ինձ չի հավատում, թող կարդա Առ. Բաբախանյանի (Լեոյի) Պատմական տեսություն հայերեն ուղղագրության. տպագրության սկզբից մինչև մեր օրերը (1927) կամ Ս. Վ. Գյուլբուդաղյանի Հայերենի ուղղագրության պատմություն (1973) աշխատությունները:

ԹԵ ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ

–Սոկրատես, դու այլասերում ես Աթենքի երիտասարդությանը:

Մեղադրական ճառից

Չնայած բերածս օրինակներից երևում է, որ էսօրվա ուղղագրությունը Աբեղյանինը չի, համենայն դեպս, ապացույցները բերում եմ, որովհետև դրանք շատ ուսանելի են ու շատ են նման էսօրվա հնամոլնների գործունեությանը:

Աբեղյանի ուղղագրությունը հաստատ ու շատ արագ հաջողություն ունեցավ: Սա, լրիվ ակնհայտ, ավելի պարզ էր ու առավել հնից (ու էսօրվանից էլ):

Բայց Ս. Մալխասյանցը, բանի տեղ չդնելով սա, իր (սկզբում` փոքրաթիվ) կողմնակիցներով հարձակվեց Աբեղյանի ուղղագրության վրա: «Բանավեճը» թե՛ ժողովներով էր, թե՛ մամուլով, ընդ որում, անազնիվ ու անգրագետ ու ըստ էության` միակողմանի, որովհետև Աբեղյանը չէր մասնակցում դրան: Չէր մասնակցում, որովհետև համարում էր, որ իր վերոհիշյալ գրքերում տվել է բոլոր հարցերի պատասխանները:

Երբ կարդում ես էդ գրքերը, համոզվում ես, որ իրոք, Աբեղյանն սպառիչ պատասխան է տվել էն օրերի բոլոր առարկություններին է՛լ, էսօրվա բոլոր առարկություններին է՛լ: Ձայն չէին հանում նաև էն օրերի նշանավոր հայ լեզվաբաններն ու հայագետները, համենայն դեպս, հրապարակով: Ու Աբեղյանը որևէ հեղինակավոր համակիր կամ կողմնակից չուներ: (Գալուստ Տեր-Մկրտչյանը մահացել է 1917 կամ 1918 թվին, ստույգ թիվն է՛լ հայտնի չի):

Պատճառը երևի էն բանն էր, որ Աբեղյանը շատ համառ, հաստատուն բնավորության տեր ու իրասածի մարդ էր (այսինքն` ուղղամիտ ու խոսքը ճակատին ասող մարդ էր) ու հետն էլ` վիթխարի գիտելիքով ու գիտական է՛ն տեսակ վարպետությամբ, որ հազվագյուտ է պատահում:

(Մեր նշանավոր ֆիզիկոսներից` հանգուցյալ ակադեմիկոս Գուրգեն Սերոբի Սահակյանն ինձ հայտնեց, որ Վիկտոր Համբարձումյանն ասում էր, թե հայագետներից Աբեղյանն իրոք որ` «երկաթյա տրամաբանություն ուներ»: Էս տեղեկությունը հրապարակում եմ պրն. Գ. Սահակյանի բարեհաճ թույլտվությամբ):

Ու Աբեղյանն էնքան ուժեղ էր, որ մենակ էր գործում, «թայֆաբազ» չէր:

Հայտնի բան է` ուղղամիտ, խոսքը ճակատին ասող ու խելոք մարդուն առհասարակ` ո՛չ սիրում են, ո՛չ ներում:

Ինչ որ է, 1926 թ. հոկտեմբերին ՀԱԽՀ լուսժողկոմը հատուկ Հանձնաժողով է կազմում, ում հանձնարարվում է ուղղագրական բարեփոխությունների քննությունը: Հանձնաժողովի կազմում էին` Հ. Աճառյանը, Թ. Ավդալբեկյանը, Ս. Հակոբյանը, Գ. Ղափանցյանը, Լեոն, Գ. Լևոնյանը, Աս. Խաչատրյանը, Ա. Կանայանը, Հ. Մանանդյանը, Շիրվանզադեն:

Աբեղյանն էլ կար, բայց գրավոր հրաժարական է տալիս, որովհետև համաձայն չէր, որ Հանձնաժողովի անդամ լինեն ոչ լեզվաբանները:

Հանձնաժողովը գործում է 1926 թ. հոկտեմբերի 21-ից մինչև 1927 թ. մայիսի 17-ը ու 35 նիստ է անում: Զեկուցում է նաև Ս. Մալխասյանցը: Կարդում են նաև Անտուան Մեյեի, Նիկողայոս Մառի ու այլոց կարծիքները: (Տեղեկագիր ՀՍԽՀ գիտության և արվեստի ինստիտուտի ուղղագրության ու տառերի ձևի բարեփոխման հանձնաժողովի, Երև., 1937 թ.):

էՍՕՐՎԱ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԲԵՂՅԱՆԻՆԸ ՉԻ՛

-Իմ Ֆյուրեր, լեհական բանակի շոր հագած կհարձակվենք Չեխոսլովակիայի վրա ու կասենք, թե չեխե՛րն են հարձակվել մեր վրա:

Հիմլերը` Հիտլերին

Ուրեմն` Աբեղյանի ուղղագրության հաջողությունը (1922-1940) հաստատ էր: Բայց Աբեղյանի անձնական հաջողությունը` երեսը շուռ էր տվել հակառակ կողմը: 1931 թվին մի սարսափելի հարձակում է սկսվում Աբեղյանի վրա:

Հ. Աճառյանի ասպիրանտ` Արարատ Ղարիբյանն ու Գ. Ղափանցյանի ասպիրանտ` Գուրգեն Սևակն ու մի քանի ուրիշ երիտասարդ ասպիրանտ, գիտնական չդարձած, կռիվ սկսեցին Աբեղյանի քերականական ու գրականագիտական աշխատանքների դեմ: Թե ո՞վ էր նրանց հուշողն ու թաքուն ղեկավարը, էդպես էլ գաղտնի մնաց ու երևի` գաղտնի է՛լ մնա:

Քանի որ հայաստանցիները Աբեղյանի ուղղագրությունը շատ արագ յուրացրին, որովհետև սա, հնի համեմատ, չափազանց հեշտ ու հարմար էր, անհնար էր թվում, որ նորից հետ դառնան հնին: Սրա համար էլ Հանձնաժողովը, չնայած իր արած 35 նիստին, չգիտեր, թե ինչ անի:

Չգիտեր, քանի որ, օրինակ, Աբեղյանի Աշխարհաբարի քերականությունը գրքույկի մասին, որ գրել էր դպրոցի համար, մեծանուն հնդեվրոպագետ ու հայագետ` Անտուան Մեյեն (Մեյեի մասին` տես հետո) ասում է.

«Այս գիրքը, չնայած իր արտաքին մի փոքր դպրոցական տեսքին, մի իսկական գիտական գործ է, որ պարտավոր են ուսումնասիրելու բոլոր ա՛յն մարդիկ, ովքեր շահագրգիռ են այսօրվա հայերենով» (Ա. Մեյե, Հայագիտական ուսումնասիրություններ, էջ 614-615):

Բայց ահա, ասածս «ասպիրանտները», ցիտատներ բերելով Լենինից ու Ստալինից ու գործի դնելով 30-ական թվականներին հատուկ բոլոր հնարքները, (այսինքն` «զրպարտի՛ր, մեղադրի՛ր ու մ՛ի թող, որ պատասխանի»), հայտարարեցին, թե Աբեղյանի քերականությունը «մախիստական է, ֆորմալիստական, մետաֆիզիկական, իդեալիստական ու բուրժուական» է, որ Աբեղյանը իդեալիստ Բերկլիի (իրենց գրածով` «Բերկլինի») հետևորդն է, ու որ իրենք «մերժում են Աբեղյանի քերականությունն ու գրականագիտությունը ու պիտի ստեղծեն նոր, դասակարգային ու պրոլետարական քերականություն ու գրականագիտություն»:

(Ստեղծեցին ու կրակն ընկանք, որովհետև հիմա երկու քերականություն ունենք, մեկը` Աբեղյանինը, մյուսը` ղարիբյան-սևակյանն ու սրանց վրա ձևածները: Սրանք, էս երկուսը, լրի՛վ են հակասում իրար, իրար լրիվ ժխտում են: Բայց մեր էսօրվա «լեզվաբաններն» ասում են, թե էս երկուսն էլ ճիշտ են: Տես էս գրքի 4-րդ մասն ու հավելվածը):

«Ասպիրանտները» մամուլը հեղեղեցին Աբեղյանի գիտական գործերն անվանարկող հոդվածներով, Աբեղյանի քերականությունը պիտակելով «հակադիալեկտիկական, սխոլաստիկ, հակամարքսիստական, ֆորմալիստական, մեխանիստական, իդեալիստական ևն» էն օրերի համար` մահացու հայհոյանքներով: Ու էն օրերի համարյա բոլոր բուհերում ժողովներ են անում, ու էս ժողովներին էս նույն «ասպիրանտները», ուրիշ «ջահել-ջհուլների» հետ «թայֆա» կազմած, հարձակվում են Աբեղյանի ու իր գործերի վրա, պահանջում, որ Աբեղյանը «մեղա գա, ուղղվի»:

«Ասպիրանտների» պրոֆեսորները լռում են:

էդ գարնանը Աբեղյանը հեռանում է համալսարանից ու ընդմիշտ թողնում է մանկավարժությունը (մոտ 50 տարի հայ դպրոցներում դասավանդելուց հետո), որովհետև զգում է, որ դրանք իրեն օր ու արև չեն տա:

Այնուամենայնիվ, ստեղծված գիտական ու դրա հետ կապված` հասարակական շփոթը ցրելու նպատակով, Աբեղյանը 1936 թ. գրում է` Մի քանի քերականական խնդիրների մասին 144 էջանոց իր փայլուն աշխատությունը: ՀՍԽՀ լուսժողկոմատը դա դնում է հրապարակային քննության:

ՀՍԽՀ բոլոր նշանավոր լեզվաբաններով, Աբեղյանի քննադատներով ու չսիրողներով ու ուրիշ մտավորականներով լեփ-լեցուն դահլիճում, երեք օր շարունակ, Աբեղյանը կարդում է իր գիրքը, իբրև զեկուցում:

Առաջին ու վերջին անգամ էր, որ Աբեղյանին հնարավորություն էր տրվել պատասխանելու առնվազն հինգ տարի տևած վայրիվերո հարձակումներին: (Էդ հինգ տարուն պիտի ավելացնենք նաև էս վերջին 74 տարվա հարձակումներն ու զրպարտանքը (Աբեղյանը չկա, ուրեմն պատասխա՞ն էլ չկա): Զեկուցումն ավարտվում է ծափերով:

Աբեղյանի դրույթները մասնագիտական ու տեսական առումով էնքան խորն ու լուրջ էին հիմնավորված, որ ներկաներից ու իրեն չսիրողներից ոչ մեկը, չնայած նախագահողի, նախարար Ա. Եղիազարյանի, համառ հորդորներին, չի հանդգնում` դեմ լինի Աբեղյանին:

Էս երեք օրանոց անընդմեջ «զեկույցի» ընթացքում միայն ու միայն Հրաչյա Աճառյանն է համարձակություն ունենում Աբեղյանին ընդհատելու` «ընդհանուր քերականություններում այդպես չէ» ռեպլիկով: Աբեղյանը գլուխը բարձրացնում է իր գիրք-զեկույցից ու կտրուկ ասում. «Ընդհանուր քերականություն չկա», ու վերջ. էլ ոչ մի առարկություն:

Ծպտուն չի հանում նաև ինքը` Արարատ Ղարիբյանը, չնայած Աբեղյանը ելույթի մեջ ասում է, թե Ղարիբյանի «քերականության գիրքը գրել է քերականորեն տգետ մի մարդ» (Մ. Աբեղյան, Երկեր, հատոր Ը, էջ 493-637):

Թվում է, թե էդ ժողովից հետո վեճը պիտի վերջանար, ու ճշմարտությունն ու գիտությունը պիտի հաղթեին: Վեճն իրոք էլ վերջացավ, բայց... «ասպիրանտների» բացարձակ հաղթանակով: Սա երևի տարօրինակ է, բայց փաստ է: Ստալինյան մեքենան արդեն գործի էր դրվել, ու դրա վարողները Ա. Ղարիբյանն ու Գ. Սեվակն էին, ու սրանց հեղինակությունն անընդհատ աճում էր: (էդ աճը գիտության հետ ոչ մի կապ չուներ):

Սկսած 1931 թվից` համալսարանի ռեկտորն ու ուրիշ հեղինակավոր մարդիկ (դրանց հետ նաև` ՀՍԽՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար` Աղասի Խանջյանը) Աբեղյանին խնդրում են, որ հետ դառնա համալսարան կամ էլ գոնե մի աշակերտ (հետևորդ, մասնագետ) պատրաստի: Աբեղյանը սկզբում հրաժարվում է, հետո, տեղի տալով հորդորներին, համաձայնում է, պայման դնելով, որ նախ իր առարկությունները (հետագայում` հենց վերոհիշյալ 144 էջանոց զեկուցումը) հրատարակվի:

Զեկուցումն էդ տարիներին չհրատարակվեց, ու Աբեղյանը չդարձավ համալսարան ու էլ չզբաղվեց քերականական ու գրականագիտական (սոց-ռեալիզմին հակասող) հարցերով: Ու իրեն հետևորդ էլ չպատրաստեց, չնայած համաձայն էր ու ուզում էր, բայց Աբեղյանին ասպիրանտ չտվին: Ու Աբեղյանը ոչ մի քերական-հետևորդ չունեցավ:

Ո՞վ իմանա, ինչքան դառնացած է հեռացել կյանքից է՛ն մարդը, ով իր ողջ կյանքն անմնացորդ նվիրել էր հայոց լեզվին ու հայագիտությանը:

Աբեղյանի` 1936 թ. կարդացած զեկուցումը լույս տեսավ միայն 1985 թվին, նրա մահից 41 տարի հետո: Հրատարակվեց, բայց առ այսօր առանց որևէ արձագանքի, ասես նրա առաջ քաշած պրոբլեմները բոլորովին չկան: էս պատմությունը, մինչև էսօր էլ, հայ լեզվաբանության պատմության, ու առհասարակ, հայ գիտության պատմության ամենաողբերգական ու ամենաամոթալի էջն է:

Ա.Ղարիբյանի «դասակարգային, պրոլետարական քերականության» գիրքը հրատարակվել էր 1934 թվին, «Հայոց լեզվի քերականություն» վերնագրով: Դա էն ժամանակվա ռուս «քերական» Շապիրոյի գրքի հայերեն ընդօրինակությունն էր: Ղարիբյանի «քերականությունն» ընդունվեց` որպես արևելահայերեն գրական լեզվի օրինակելի քերականություն:

Դրա վրա ձևեցին հետագա բոլոր` նաև բուհական դասագրքերը:

էդ գիրքն ու դրա բոլոր «ժառանգները», իրոք, լի՛ են սխալներով, հակասություններով, անհեթեթություններով ու ռուսիզմներով:

Բայց դառնանք մեր պատմությանը: Պարզ է, որ էդ իրադրության մեջ, «ասպիրանտները», արդեն միացած իրենց մեծերին, պիտի ուղղագրության հարցերում է՛լ հաղթեին, ճիշտ լիներ Աբեղյանը, թե` ոչ:

Ու ահա, ՀՍԽՀ ժողկոմխորհրդի 1940 թ. դեկտեմբերի 10-ի որոշումով, գործի են դրվում վերոհիշյալ հանձնաժողովի առաջարկները, այսինքն` ընդունվում է էսօրվա գործող ուղղագրությունը: Ավելի ճիշտ, ընդունվում է Աբեղյանի նախկին` ավելի մեղմ տարբերակներից մեկը, որովհետև հանձնաժողովի անդամները, չնայած իրենց գիտական վաստակին ու տիտղոսներին, առանց Աբեղյանին հարցնելու ոչ մի վերջնական վճիռ չէին հանում (էնքան մեծ էր Աբեղյանի հեղինակությունը):

Ուրեմն` սու՛տ է, որ արևելահայերենի էսօրվա ուղղագրությունը Մ. Աբեղյանինն է (կամ էլ` Գուրգեն Սևակինն է, ինչպես պնդում են «ամենաթարմ» հնամոլները):

(Գ. Սևակն էն օրերին նոր-նոր էր սկսում իր ֆանտաստիկ հաջող կարյերան, ու Աճառյանի, Ղափանցյանի, Շիրվանզադեի, Լեոյի ու Հանձնաժողովի մյուս անդամների չափ հեղինակություն` բոլորովին չուներ):

Էսօրվա ուղղագրությունը` հիշյալ հանձնաժողովինն է:

Եթե հանձնաժողովն ուզենար, լրիվ հետ կդառնար հին ուղղագրությանը: Հանձնաժողովը դա չուզեց, ու ինչքան էլ դրա անդամները չհամաձայնեին Աբեղյանին, հենց դրանով իսկ, ըստ էության, ընդունեց, որ Աբեղյանն է ուղղագրության ամենահեղինակավոր մասնագետը, ու ընդունեց նաև, որ Աբեղյանի ռեֆորմը հիմնականում ճիշտ էր ու տեղին: Ու էսօրվա ուղղագրությունը հայհոյողները պիտի Հանձնաժողովի՛ն հայհոյեն, ոչ թե Աբեղյանին:

ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԸ

Առայժմ չխոսեմ հնամոլներից ու մի երկու բան ասեմ Մանուկ Աբեղյանից, որովհետև էս իրոք որ պատվելի գիտնականի ու մարդու մասին մեր ժողովուրդը քիչ գիտի, չնայած հնամոլներն ու նրա թշնամիներն ու սրանց հետևորդներն արդեն մոտ 100 տարի է, ինչ հայհոյում են Աբեղյանին:

Մանուկ Խաչատուրի Աբեղյանը (1865-1944) ծնվել է Նախիջևանի Աստապատ գյուղում, սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1876-1885), ավարտելուց հետո մոտ երեք տարի դասավանդել է ճեմարանում, ուսումը շարունակել է Ենայի, Լայպցիգի, Բեռլինի ու Փարիզի համալսարաններում (1893-1898), հետո էլ դասավանդել է` Շուշու թեմական դպրոցում (1887-1889), Թիֆլիսի Հովնանյան դպրոցում (1889-1893), Ներսիսյան դպրոցում ու Հայկական պետական գիմնազիայում (1914-1919):

Հետո Աբեղյանը եղել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հիմնադիր դասախոսներից, որտեղ եղել է պատմագրական ֆակուլտետի դեկան (1923-1925), գլխավորել է Հայաստանի գիտահետազոտական առաջին հիմնարկը` Գիտության և արվեստի ինստիտուտը, (հետագայում սրա հիման վրա կազմակերպվեց Հայաստանի պետական ակադեմիան), հետո աշխատել է ԵՊՀ-ում ու զանազան գիտական հիմնարկներում:

Պրոֆեսոր է 1926-ից, գիտության վաստակավոր գործիչ` 1935-ից, Հայաստանի ակադեմիայի հիմնադիր անդամ` 1943-ից, որից հետո ապրեց մոտ մեկ տարի: 1929-ից բժիշկներն Աբեղյանին կարդալն ու գրելն արգելել են: Այնուամենայնիվ, Աբեղյանը, կարողության չափով, աշխատել է մինչև կյանքի վերջը:

Աբեղյանը 1926-ից մի քանի անգամ խնդրել է, որ իրեն երկու ասպիրանտ տան, որ սրանցից հայոց լեզվի տեսության մասնագետ պատրաստի, բայց անընդհատ խոստացել են ու էդպես էլ չեն տվել:

Ու էդպես էլ հայերն Աբեղյանից հետո հայոց լեզվի տեսության իսկական մասնագետ չունեցան, չնայած, արդեն մի քանի Հայոց լեզվի տեսություն է լույս տեսել, բայց էս մենագրությունները, բոլորն է՛լ, ղարիբյանական քերականությունների «սկզբունքներով» են գրված:

Աբեղյանը հայտնաբերել է Սասնա ծռերի երկրորդ տարբերակը, Եվրոպա գնալուց առաջ, 1886-ին, գրի է առել ու 1889-ին հրատարակել է Դավիթ և Մհեր ժողովրդական վեպի Մոկաց պատումը: Գիտական մեծ վարպետությամբ ու խորությամբ հետազոտել է Սասնա ծռերը (սա ամփոփելով մի գեղեցիկ գրքում), նորովի է ուսումնասիրել հայերի հին ու նոր հավատալիքները ու սրա գերմաներեն տարբերակի համար (Հայ ժողովրդական հավատալիքը վերնագրով) Ենայի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան:

Գիտական քննությամբ ապացուցել է հայ ժողովրդական այլ վեպերի (Վիպասանք, Պարսից պատերազմը, Տարոնի պատերազմը) գոյությունը: Հայ էպիկական ստեղծագործությունը բաժանել է հինգ շրջանի.

  1. Նախնական հմայքներն ու առասպելները:
  2. Առասպելական վեպի կամ վիպասանքի անցումային շրջանը:
  3. Պարսից պատերազմը:
  4. Տարոնի պատերազմը:
  5. Սասնա ծռերը:

Ուսումնասիրել է հայ հին ու նոր ժողովրդական բանաստեղծությունը, մանավանդ միջնադարյան հայրեններն ու (մեծ մասամբ) Կոմիտասի հավաքած երգ-տաղիկները (որ նաև Կոմիտասի խնդրանքով ու գործակցությամբ խմբագրել է):

Ցույց է տվել, որ հայրենները Քուչակինը չեն, այլ հին ու անհայտ հեղինակներինն են, ու որ դրանցից շատերն ունեն է՛ն տեսակ շերտեր, որոնք գալիս են հնագույն հեթանոսական օրերից, ինչը լրիվ համաձայն է Կոմիտասի ուսումնասիրություններին: Էս արդյունքները տպվեցին Հայոց հին գրականության պատմություն երկհատոր աշխատության մեջ, ըստ էության, հետմահու (1944, 1946):

Աբեղյանը նաև հայկական վերածննդի տեսության հիմնադիրն է: Ուսումնասիրել է արևելահայերենի շեշտադրության համակարգը:

Աբեղյանի Հայոց լեզվի տաղաչափությունը (1933) հայ իրականության մեջ անգերազանց է մինչև էսօր:

Աբեղյանը, Հայր Միաբան Գալուստ Տեր-Մկրտչյանի հետ, հայ քննական-բաղդատական տեքստաբանության հիմնադիրն է:

Հրատարակել է քննական-բաղդատական բնագրեր (Խորենացու Հայոց պատմությունը, Ս. Հարությունյանի աշխատակցությամբ:

Աբեղյանն է կազմել նաև Կորյունի Վարք Մաշտոցի գործի քննական տեքստն (Հայր Միաբանից անկախ) ու սա թարգմանել է աշխարհաբար):

Աբեղյանն է Կ. Մելիք-Օհանջանյանի հետ կազմել ու հրատարակության պատաստել Սասնա ծռերի տարբերակները (1936, 1944-1951):

Աբեղյանը էն օրերի համաշխարհային նորագույն քերականության (ինչի ամենակարկառուն ներկայացուցիչներն են Աճառյանի ուսուցիչներ` Հայնրիխ Հյուբշմանն ու Անտուան Մեյեն) հետևորդն էր Հայաստանում, ու աշխարհաբար հայերենի առաջին գիտական քերականության հիմնադիրն է:

Առաջինն Աբեղյանն էր, ով հրաժարվեց հայերենի քերականությունը լատիներենի քերականության կանոններով ձևելուց, ինչը, մեր հունաբանների ու լատինաբանների պարտությունից հետո, դարձել էր մի ուրիշ վնասակար «ավանդույթ»:

Աբեղյանի քերականական հիմնական գործերն են` Աշխարհաբարի քերականություն (1906), Աշխարհաբարի շարահյուսություն (1912), Հայոց լեզվի տեսություն (1931), Մի քանի քերականական խնդիրների մասին (1936), Հայոց լեզվի ուղղագրությունը (1892), Գրաբարի համառոտ քերականություն (1907), Աշխարհաբարի հոլովները, (1908), Հայցական հոլովը մեր աշխարհաբարում (1909) (հենց սրա մեջ էր Աբեղյանը ջախջախել Ս. Մալխասյանցի «տեսությունը»):

Աբեղյանի կարևորագույն գործերից է Ժողովրդական լեզվի շեշտադրությունը, ինչը, իմ կարծիքով, էդպես էլ եզակի ու առանց շարունակության մնաց հայագիտության մեջ:

Աբեղյանը 1941 թվին հրատարակում է «Վիշապներ» կոչված կոթողներն իբրև Աստղիկ-Դերկետո դիցուհու արձաններ գեղեցիկ մենագրությունը, որտեղ ցույց է տալիս, որ էս կոթողների ռուս գիտնականներ` Մառի, Սմիռնովի ու Բ. Պիոտրովսկու մեկնաբանությունը միանգամայն սխալ է:

Աբեղյանի էս քննությունն ու քննադատությունն էնքան հզոր էր, որ սրանցից ոչ մեկը ծպտուն անգամ չի հանում:

(Աբեղյանի էս գործն իրոք շատ խորն է ու եզակի, ու եզրակացություններն էլ` մինչև էսօր անառարկելի են, չնայած, ինչքան ե՛ս եմ հասկանում, Աբեղյանը ծանոթ չի եղել համեմատական ազգագրության անգլիական դպրոցի հիմնարար աշխատություններին, մանավանդ Ջեյմս Ջորջ Ֆրեզերի գործերին, ինչը թե՛ զարմանալի է, թե՛ հասկանալի, եթե հաշվի առնվի էն օրերի Հայաստանի մեկուսությունը:

(Զարմանալի ու անհասկանալի է ուրիշ մի բան: Ջեյմս Ջորջ Ֆրեզերի գործերն էսօր է՛լ են Հայաստանում համարյա անծանոթ):

Ծպտուն չհանեցին, բայց էս անգամ էլ Բ. Պիոտրովսկի՛ն դարձավ Աբեղյանին ու հայերին հակակրող: (Սովետի օրերին Բ. Պիոտրովսկին հեռացույցով մի ժամ խոսեց Ուրարտուի մասին, ու վերջում էլ ավելացրեց, թե «Ուրարտուն Կովկասում է»: Կարծում եմ, որ սա ասածս հակակրանքի բավարար վկայություն է):

Աբեղյանի բառարանագիտական գործերն են. Ռուս-հայերեն ռազմական բառարանը (1925), Ռուս-հայերեն իրավաբանական բառարանը (այլոց հետ, 1919) Լատին-ռուս-հայերեն բժշկական բառարանը (այլոց հետ, հրատարակվել է հետմահու, 1951-ին):

ԻՆՉ ՈՐ ՑԱՆԵՍ, էՆ է՛Լ ԿՀՆՁԵՍ

-Տեղեկանք ունեմ, որ փիղ եմ, ուրեմն փիղ եմ, -ասաց մուկը:

Անեկդոտ

«Ասպիրանտները», Աբեղյանին հայհոյելով ու Աբեղյանի աշխատություններն աղավաղելով ու արտագրելով, դարձան դոկտոր, պրոֆեսոր, հետո էլ` ակադեմիկոս (Ս. Մալխասյանցն էլ հետները): Ու հազար-հազարով աշակերտ աճեցրին: Աշակերտները «կրթված» էին (ու «կրթվում են») նույն էդ տգիտական «քերականությամբ», մի «քերականություն», ինչն ավելի շուտ` կրոն է, որովհետև դրա դրույթները հասկանալու ճար չկա, պիտի դրանք անգիր անես ու դրանց հավատաս: Բայց հավատաս միայն դրա՛նց:

Հետո էս աշակերտները գրավեցին լեզվին վերաբերող համարյա բոլոր պաշտոնները: Դրա համար իսկական գիտական կրթություն` պետք չէր : Երբ էս ավանդույթը հաստատվեց, պարզվեց, որ լեզվին վերաբերող պաշտոնը զբաղեցնելու համար` նույնիսկ էդ «կեղծ» կրթությունն էլ պարտադիր չի:

Հայաստանում, օրինակ, կա լեզվի տեսչություն (իմացի՛ր, լեզվի ոստիկանություն): Դրա պետերից ո՛չ մեկը` ո՛չ կրթությամբ, ոչ է՛լ ինքնակրթությամբ, լեզվաբան չէր: Սրանցից մեկն սկզբում զբաղվում էր քաղաքականությամբ (1988-ից հետո), հետո, կարճ ժամկետով, դարձավ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի տնօրեն: Հետո էլ դարձավ լեզվի գլխավոր տեսուչ: Սրան փոխարինեց մի «լեզվաբան», հետո` մի «մանկավարժ», հիմա էլ` մի «լրագրության դոկտոր», ով առաջ դեպուտատ էր, հետո` կրթության ու գիտության (բա՜՞) նախարար:

Լեզվաբանության մասին խոսողն առհասարակ` ու ուղղագրության մասին խոսողը` մասնավոր առումով` հնարավո՛ր է, որ լեզվաբանական բազային կրթություն չունենա: Բայց եթե դրան վերաբերող պաշտոն է զբաղեցնում կամ խոսում է դրա մասին, պիտի գոնե ինքնուրույն ու լավ ու հիմնավոր ծանոթացած լինի` համեմատական լեզվաբանությանը, լեզուների պատմությանը, հայոց լեզվի պատմությանը, գրական լեզուների (նաև հայերենի) պատմությանը, գրի ծագելուն, ուղղագրության ծագելուն ու դրա ռեֆորմների պատմությանը, կետադրության ծագելուն ու դրա պատմությանը ևն:

Ու իհարկե, պիտի գիտական քերականություն իմանա, պիտի քերականությունների պատմություն իմանա: Այսինքն` պիտի գիտական մեթոդին տիրապետի՛:

Լեզվի տեսուչների ու, առհասարակ, հնամոլների ելույթներն ամեն անգամ ապացուցում են, որ դրանք էս բաներից տեղյակ չեն:

Օրինակ, եթե տեղյակ են ուղղագրության մասին Աբեղյանի ու ուրիշների գործերին, կա՛մ պիտի լռեն, որովհետև դրանց մեջ կան իրենց բոլոր առարկությունների ու «փաստարկների» գիտական պատասխանները, կա՛մ պիտի ապացուցեն, որ էդ պատասխանները սխալ են: Եթե, այնուամենայնիվ, ծանոթ են դրանց ու չեն լռում ու ամեն քայլափոխին խեղաթյուրում են ճշմարտությունը, ուրեմն զուտ անձնական, շահասիրական նպատակներ ունեն:

Սկզբում լեզվի տեսչությունում շատ հետաքրքիր վիճակ էր ստեղծվել: Պետն իր շուրջն էր հավաքել ի՛ր պես «մասնագետների», բայց, երևի տեսչությունը ծանրակշիռ դարձնելու համար, մի քանի լեզվաբան է՛լ էր ընդունել գործի, օրինակ, վաստակավոր գիտնական, ակադեմիկոս` Գևորգ Ջահուկյանին:

Ու էն օրերի պարոն պետը զվարճալի վիճակի մեջ էր հայտնվել` մասնագետները դեմ էին իրեն ու իր շուրջը պետի հավաքած հնամոլներին: Ու ահա մամուլում սկսվեց մի բավական կրքոտ պատերազմ: (էդ պատերազմը վարելու հնամոլների մեթոդների մասին հետո էլի՛ կասեմ, հիմա պատմելու եմ պաշտոնականների մասին):

Պաշտոնական լեզվաբանության ներկայացուցիչները (միմիայն հանուն կարճության` սրանից հետո դրանց կասեմ «պաշտոնական»), մինչև էս «պատերազմը», ուղղագրության ռեֆորմից բավական հազվադեպ էին ելույթ ունենում. թվում էր, թե իրենց շարքերում ո՛չ միասնություն կա, ոչ է՛լ` գործողություններն են համաձայն:

Տարօրինակ էր, բայց «պատերազմելիս՛» պաշտոնականները պաշտպանության ճիշտ ուղի չընտրեցին: Առավել տարօրինակ էր ու է, որ պաշտոնականները լայն հասարակությանը չպատմեցին Աբեղյանի 30-ական թվականների ողբերգության մասին:

Պաշտոնականները չօգտվեցին առիթից ու էս անգամ է՛լ չբացատրեցին, որ Աբեղյանին չարաչար զրպարտել ու զրպարտում են մինչև էսօր:

Պաշտոնականները մատնացույց չարին Աբեղյանի հիշատակածս աշխատություններն ու չասացին, որ էնտեղ կան հնամոլների բոլոր առարկությունների պատասխանները: Թե ինչու՞, թող իրենք ասեն:

(Բացատրություններից մեկն է՛ն է, որ եթե պաշտոնականները պաշտպանության է՛դ ուղին ընտրեին, դա «շատ ջուր կվերցներ», ու իրենք շատ ծանր վիճակի մեջ կընկնեին: Որովհետև էդ ժամանակ իրենք ստիպված պիտի պատմեին էն ամենը Աբեղյանի մասին, ինչ որ ես արդեն պատմեցի: Իսկ սա, ինչպես կտեսնենք էս գրքի երրորդ մասում, հղի է «համալեզվաբանական աղետով»: Ու դժվար թե սա ցանկալի է իրենց):

Բայց պաշտոնականները, այնուամենայնիվ, համախմբվեցին: Կռիվը թեժացավ: «Պատերազմող» կողմերը երկու անգամ հանդիպեցին: Առաջին անգամ հանդիպեցին Գարուն ամսագրի խմբագրությունում (Գարուն, 1997, N 8):

«Յոյժ» հետաքրքիր է. որ էս հանդիպման ժամանակ հնամոլները հայտարարեցին, որ իրենք լեզվաբան չեն, այլ «լեզվաքաղաքագետ», ու պիտի «լեզվաքաղաքականություն» վարեն (էջ 36): Սա նույնն է, թե ասես. «Ես բժիշկ չեմ, բայց պիտի վիրահատեմ»:

Երկրորդ հանդիպումը Երևանի պետական համալսարանում էր, առաջինից քիչ հետո: Պաշտոնականները դրանից հետո Հայաստանի Հանրապետություն օրաթերթով դիմեցին կառավարությանը:

Չնայած դիմումի տակ ստորագրած է. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտ, էնտեղ կա ութ, մեղմ ասած, ոչ գիտական ու միամիտ պնդում: Ու դրանց մասին մի քանի խոսք պիտի ասեմ, որովհետև սա էլ արդեն մյուս ծայրահեղությունն է, ու շա՛տ է վտանգավոր:

Հիշյալ դիմումի վերնագիրն էր. Վերջ տալ հայերենի արդի ուղղագրության դեմ կատարվող ոտնձգություններին, ... միացյալ գիտաժողովի եզրակացությունը («Հանդես Երևանի Համալսարանի», 1998, N 1, էջ` 25:

Հենց էս վերնագիրը հայերեն չի, թարգմանական պատճեն է: Ճիշտ կլիներ. «Վերջ տվեք ...» կամ «Պիտի վերջ տրվի...» կամ էլ սրա պես մի (դիմավոր) բայ ունեցող խոսքը: Դիմումի մեջ թարգմանական պատճենները սովորական են, ինչը հատուկ է «գրասենյակային լեզվին»:

Բացի սա, դիմումի մեջ, օրինակ` ասված է.

«Քաղաքակիրթ ոչ մի երկրում չի կարող մեկ նախադասություն իսկ գրվել ու տպագրվել այլ կերպ, քան պահանջում է պետականորեն հաստատված ուղղագրությունը»:

Իհարկե, էսպես բան չկա: Մարկ Տվենը, Բեռնարդ Շոուն, կամ Դեյվիդ Հերբերտ Լովրենսը, օրինակ, ինչ ուղղագրությամբ ուզում` դրանով էլ գրում էին, ու հազիվ թե մեկնումեկն ասի, թե ԱՄՆ-ը կամ Բրիտանիան քաղաքակիրթ երկիր չի: Սրա պես օրինակ շատ-շատ կա:

Ասված է.

«Ընդգծեցին (պաշտոնականները - Մ. Հ.) գործող ուղղագրության արժանիքները, հատկապես (դրա - Մ. Հ.) լիակատար համապատասխանությունը արդի հայերենի հնչյունական համակարգին»:

Չխոսենք էն բանից, որ օրինակ` Ղարաբաղի ու Սալմաստի բարբառներն էլ են արդի հայերեն, ու գործող ուղղագրությունը բոլորովին էլ համապատասխան չի դրանց հնչյունական համակարգին: Բայց մի՞թե չենք գրում` «օձ, արջ, վարդ» ու արտասանում` «օց, առչ, վարթ»:

Ասված է.

«Գործող ուղղագրությունը առավելագույնս մատչելի է ուսուցման համար»:

Ո՞վ ու ո՞նց չափեց ու իմացավ, որ սա «առավելագույնս է մատչելի» ու սրանից մատչելին էլ չկա:

Ասված է.

«Ժամանակակից ուղղագրությունը հնարավորություն է տալիս առանց որևէ աղավաղման և ընթերցման դժվարություններ առաջացնելու տառադարձել օտարազգի բառերը, այդ թվում բոլոր հատուկ անունները»:

Սա, իհարկե, ճիշտ չի: Չկա երկու լեզու (նույնիսկ` երկու բարբառ), որոնց հնչյունական համակարգերն է՛ն աստիճան նույնական լինեն, որ անունները (իմացի՛ր օտարազգի բառերը) տառադարձվեն «առանց որևէ աղավաղման»: Աղավաղմունք` միշտ էլ կլինի, դա անխուսափելի է: Ուրիշ հարց է, թե դա ինչքա՛ն շատ կամ քիչ կլինի:

Ասված է.

«Անհրաժեշտ է հստակ ու միանշանակ սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն արդի գրական արևելահայերենն է` արդի ուղղագրությամբ (որով գրված են հանրապետության Սահմանադրությունը և բոլոր օրենքները), և ոչ թե ընդհանրապես հայերենը իր բոլոր արտահայտություններով (գրաբար, միջին հայերեն, արևմտահայերեն, արևելահայերեն, բարբառներ, խոսվածքներ)»:

Սա արդեն, իհա՛րկե ծայրահեղություն է: Նախ մեր Սահմանադրության ու օրենքների լեզուն, իմ կարծիքով, արդի հայերենի ամենատգեղ ու ամենախրթին տեսակներից է: Դա Չուկովսկու ասած «կանցելյարիտն» է, որ կա (Корней Чуковский, “Живой как жизнь”, էջ 571-600) ու գրելու համար` ամենաանհարմար ու անտեղի ու տգեղ ոճն է:

Երկրորդ, լրիվ իրավացի, պետական լեզուն, իհարկե, պիտի դասավանդվի՛ դպրոցներում ու բուհերում:

Հիմա հարց եմ տալիս. «Դպրոցում ու բուհերում կարելի՞ է, որ ոչ «պետական հայերեն» դասավանդվի: Որովհետև Հ. Թումանյանի բոլոր հեքիաթներն ու, օրինակ, Գիքորն ու Գաբո բիձու շերամապահությունը, Դ. Դեմիրճյանի Քաջ Նազարը, Ն. Քուչակի Հայրենները, Սայաթ-Նովայի հայերեն ու մանավանդ այլալեզու ոտանավորները, Ե. Չարենցի Կապկազ թամաշան, Ե. Օտյանի, Հ. Պարոնյանի, Պ. Դուրյանի, Դ. Վարուժանի ու այլոց ու մեկ էլ` էսօրվա գրողներից շատերի որոշ գործերը կամ հատվածները հաստատ մեր սահմանադրության լեզվով չեն ու հաստատ «պետական» լեզվով չեն:

Հիմա դպրոցում ի՞նչ անենք. ասենք, իհարկե, որ Հ. Թումանյանը հանճարեղ է, որովհետև իր գրածնե՛րն են հանճարեղ, բայց հետո էլ ավելացնե՞նք. «Երեխաներ, հանկարծ ու հանկարծ Թումանյանի պես հանճարեղ լեզվով չգրեք, հա՜, էդ լեզուն զզվելի է, որովհետև պետական չի՞»:

Գրական լեզվի վերի սահմանումը` որպես Սահմանադրության ու օրենսգրքերի լեզու, առնվազն տարօրինակ է այսպիսի մի հեղինակավոր գիտաժողովի համար:

Ասված է.

«Գործող և պետականորեն հաստատված ուղղագրությունը, ինչպես այս տարածքում գործող պետական հին ու նոր մյուս բոլոր օրենքները, պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ողջ հայության համար»:

Իսկ օրինակ քրդի՞, հույնի՞, հրեայի՞ համար:

Ասված է.

«Հայաստանի Հանրապետությունում, բացի ժամանակակից հայերենով գրված որևէ բնագրի պետականորեն գործող ուղղագրությունից, այլ ուղղագրությամբ տպագրելը պետական օրենքի, դրանով իսկ մարդու իրավունքների խախտում է, այս պարագայում ողջ հայաստանաբնակ հայերի իրավունքների խախտում, որի կանխումը ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պարտականությունն է»:

(Վերջը իմացանք, թե էդ տեսչությունն ինչի համար է):

Էս պահանջն արդեն չափ ու սահման չունի: Հենց ի՛նքը` էս պահանջը մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումն է, որ կա: Ե՛ս եմ, ու գրում եմ` ինչ ուղղագրությամբ, որ ուզում եմ, ու՞մ ինչ գործն է: Հ. Թումանյանն է, ու գրում է «օխտ», «յոթի» տեղը: Չարենցն է, ու գրում է «Կապկազ», «Կովկասի» տեղը: Սա` մեկ:

Հիմա ի՞նչ, չտպե՞նք` Խորենացու, Բյուզանդի, Փարպեցու, Ագաթանգեղոսի գրաբար տեքստերը, Ս. Գրքի գրաբար տեքստը, Նարեկացու գրաբար տեքստը, չտպե՞նք` Քուչակին, Սայաթ-Նովային, Թումանյանին, Սասնա ծռերը, Հայ ժողովրդական հեքիաթների հատորները, մեր արևմտահայ գրողներին ու այլոց:

Ի՛նչ անեն բանահավաքները, ֆոլկլորը չգրանցե՞ն գիտական այբուբենով ու դրա ուղղագրությամբ: Չէ՞ որ դա խիստ տարբեր է պետական գործող ուղղագրությունից ու մեր սահմանադրության լեզվից: Ափսոս որ էսքան հեղինակավոր մի գիտաժողով էսքան «անփույթ» է:

Իհարկե, մեր դպրոցներում, բուհերում ու պետական հիմնարկներում միասնական ուղղագրությունը երևի անհրաժեշտ ու անխուսափ բան է, չնայած Լև Նիկոլաևիչ Տոլստոյը, օրինակ, կարծում է, որ երեխաները թող գրեն` ինչ ուղղագրությամբ որ ուզում են:

Բայց անհատներն էլ են մարդ, ու դրանք էլ ունեն «մարդու իրավունք» – իրենց ուզած ուղղագրությամբ գրելու: Եթե մեկը, օրինակ, որոշել է` թեկուզ Մաշտոցյան ուղղագրությամբ վեպ գրի ու իր ծախսերով հրատարակի ու չի ափսոսում իր ժամանակն ու փողը, դա զուտ իր գործն է: Եթե մեկը հին ուղղագրությամբ թերթ է հրատարակում (իր ծախսով), կամ էլ` նորահայտ հնամոլ պրն Նշան Որբերյանի պես «գիտական» հոդված է գրում, դա էլ` իր գործն է: Եվ եթե մեկը պատմվածք կամ բանաստեղծություն է գրում արևմտահայերենով կամ Երևանի բարբառով, կամ էլ Ղարաբաղի, դա էլ ի՛ր գործն է:

Մարդը պիտի հանդուրժող լինի, ինտելիգենտ մարդը` առավել ևս, իսկ ինտելիգենտների գիտաժողովը` անպայման:

Գիտնականների համաժողովը պիտի նաև անփույթ չլինի, ու գիտությանը հակառակ բան` երբեք չասի:

Ցավոք սրտի, կասկած ունեմ, որ սա 30-ական թվերին ծագած անհանդուրժողության արտահայտություններից մեկն է, դրա ժամանակակից արձագանքը:

Ինչ որ է, պաշտոնականները, է՛ն անգամ, հաղթեցին: Թերևս, վճռական եղավ էն հանգամանքը, որ կառավարությունը հասկացավ, որ հին ուղղագրությանը վերադառնալու համար` ուղղակի վիթխարի ծախս է պետք ու վիթխարի ուշադրություն` կրթությանը: Բայց լավ հայտնի է, որ մենք` էս երկուսից էլ զուրկ ենք: Ուրեմն, պաշտոնականներն է՛ն անգամ հաղթեցին: Իսկ է՛ս կամ հաջորդ անգա՞մ: Եթե հիշենք 30-ական թվականների ողբերգությունը, երևի հնամոլները հաղթեն:

Եթե հանկարծ հնամոլները հաղթեն ու դառնանք հին ուղղագրությանը, աշխարհում թերևս լինենք միակ ազգը, ով հեշտը թողած` վազում է դժվարին, ով լավը թողած` շատ ավելի վատն է վերցնում, ով առաջադեմն ու ճիշտը թողած` հետադեմն ու սխալն է ընտրում:

ՀՆԱՄՈԼՆԵՐԻ ԳՈՐԾԵԼՈՒ ՁԵՎԸ

– էդ ի՞նչ ես անում,– հարցրեց Փոքրիկ իշխանը:

– Խմում եմ, – մռայլ պատասխանեց հարբեցողը:

– Ինչու՞:

– Որ մոռանամ:

– Որ ի՞նչը մոռանաս,- հարցրեց Փոքրիկ Իշխանը:...

– Որ ամոթ է:

– Որ ին՞չն է ամոթ,– հարցրեց Փոքրիկ Իշխանը:

– Որ ամոթ է, որ խմում եմ, – ասաց հարբեցողը:

Անտուան դը Սենտ-Էքսյուպերի, «Փոքրիկ Իշխանը»

Քանի որ հնամոլները, հենց իրենց իսկ ասելով, լեզվաբան չեն, այսինքն, հարկավոր գիտությունից զուրկ են, վիճելիս, կամա թե ակամա, ամեն տեսակ սուտ էլ` ասո՛ւմ են: Բացի սա, շատ հաճախ, ուրանում են առաջվա ասածները, անընդհատ խուսանավում են, պարզ չեն խոսում, հրաժարվում են ուղղակի պատասխաններից (տես օրինակ հիշատակածս Գարունի հոդվածը): Դրա օրինակներն արդեն բերել եմ, բայց, որ տպավորությունը կիսատ չմնա, է՛լի բերեմ:

(Իհարկե, ես չեմ պնդում, որ ստորև ասածներս վերաբերում են հին ուղղագրության բոլոր կողմնակիցներին: Դրանց մեջ ազնիվ մարդիկ էլ կան, բայց դրանք մոլորված են: Էս մոլորության պատճառը մեր էսօրվա լեզվաբանության մի ողբերգական հատկությունն է. ով մի քիչ գրել-կարդալ է սովորում, իրեն անսահման իրավունք է տալիս լեզվաբանության նույնիսկ ամենաբարդ հարցերի մասին կարծիք հայտնելու ու գիտությանը չհամաձայնելու (սրա պատճառի մասին` տես նաև Էս տեսակ վեճերը կդադարե՞ն վերնագրից սկսած, ու էս գրքի 3-րդ մասում):

(Լեզվաբանությունը` գիտություն է լեզվի մասին: Լեզվի հետ գործ ունենք ամե՛ն վայրկյան:

(Ֆիզիկան էլ, օրինակ, գիտություն է բնության մասին: Մենք բոլորս էլ գերազանց շարժվում ենք` քայլում ենք, վազում ենք, մագլցում ենք, մեզնից շատերը լավ լող են տալիս ու, առհասարակ, ինչպես ֆիզիկոսներն են ասում, բոլորս էլ «մեխանիկական շարժում ենք կատարում» ու լա՛վ ենք «կատարում»: Ուրեմն, գոնե մեխանիկայի գործնական կիրառության տեսանկյունից, «մեխանիկ ենք»:

(Բայց ֆիզիկայի հետ առնչություն չունեցող ու «մեխանիկական գերազանց շարժումներ կատարող» ո՞ր մի հայի մտքով կանցնի, թեկուզ էդ հայը լինի ակրոբատիկայի չեմպիոն, կամ փիլիսոփա, կամ լեզվի տեսչության պետ ու նույնիսկ «Մեսրոպյան ուխտի անդամ» (պրն Որբերյանի պես), որ ասի, թե ինքը մեխանիկայից էնքա՛ն բան է հասկանում, որ իրավունք ունի կարծիք հայտնելու Արքիմեդի, Նյուտոնի կամ Էյնշտեյնի գործերի մասին ու ասելու, թե սրանց մեխանիկան սխալ է, ու ինքը համաձայն չի սրանց:

(Լեզվի հարցում էսպես չի: Շատերը կարծում են, որ եթե լավ են խոսում ու հլը` կարդում ու գրում են, ուրեմն, իրավունք ունեն ընդհանուր լեզվաբանական կամ գրականագիտական ցուցումներ տալու ուրիշներին, ու նույնիսկ` լեզվաբաններին, ու նույնիսկ` ստուգաբանելու: Էս տեսակ են մտածում` շատ շատերը: Լեզվաբանությանը քիչ ծանոթները կարծում են, թե լեզվաբանությունն ավելի հեշտ գիտություն է, քան ֆիզիկան:

(էսպես չի: Ով չի հավատում, թող թերթի, օրինակ, Հայնրիխ Հյուբշմանի կամ Անտուան Մեյեի Հայագիտական ուսումնասիրությունները, կամ Հրաչյա Աճառյանի Լիակատար քերականություն հայոց լեզվի` համեմատությամբ 562 լեզվի աշխատությունները, կամ Новое в зарубежной лингжистике ժողովածուի մեզ հասած` վերջին հատորը ու տեսնի, լեզվաբանությունը հե՞շտ է, թե՞ չէ: Թող չհավատացողը էդ գրքերը ցույց տա ֆիզիկոսներին կամ մաթեմատիկոսներին ու տեսնի, թե ի՞նչ պատասխան կստանա):

ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՌԵՖՈՐՄՆ ՈՒ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ

Եթե գործերի վիճակը լավ է, մոտ ապագայում անպայման կվատանա:

Մերֆիի օրենքի Չիզհոլմի 1-ին հետևանքը

  1. Հնամոլները (օրինակ, հանգուցյալ Ռ. Իշխանյանն ու նորահայտ պրն Նշան Որբերյանը) ասում են, թե Հովհաննես Թումանյանը դեմ է եղել Աբեղյանի ռեֆորմին: Ճիշտ չի: Ս. Վ. Գյուլբուդաղյանն արդեն ասածս գրքի 331-րդ էջում գրում է, թե Թումանյանը 1922 թվի մայիսի 17-ին նամակ է գրել Հայաստանի լուսժողկոմ Պ. Մակինցյանին ու ասել.

«Ես, որպէս հայ գրող և հայ գրողների միութեան նախագահը` գալիս եմ յայտնելու իմ զարմանքը և բողոքելու էն վարմունքի դէմ, որ ունեցել է Հայաստանի լուսժողկոմը էս կարևոր խնդրում: Պ. Մ. Աբեղյանը մի առաջարկ է արել ու դրել հրապարակ: Շատ լավ: Բայց Հայաստանի լուսժողկոմը որտեղից է իմացել, թե և՛ պ. Մ. Աբեղյանը և՛ ինքը, լուսժողկոմն էլ նրա հետ միասին, անսխալական են, որ առանց քննութեան ենթարկելու առաջարկը, հրամանագրում է ընդունել և միայն դրանով գրել ու տպագրել:

Պ. Աբեղյանի առաջարկն ընդունելի է, թե չէ, դա դեռ քննելիք խնդիր է. երբ դա քննելիք խնդիր է, հետևաբար լուսժողկոմի հրամանը անընդունելի է: Եւ եթե էսպէս է, ապա նրան, լուսժողկոմին, մնում է ուղղել իր արած սխալը, ետ վերցնել իր կարգադրությունը, խնդիրը համարել բաց և դնել քննութեան»:

Ս. Գյուլբուդաղյանը սրան ավելացնում է, թե «Ձեռագրի ուղղագրությունից էլ է երևում, որ Թումանյանը նոր ուղղագրությունը չի ընդունում»:

Հ. Թումանյանի էս նամակի ուղղագրության դասական լինելու հարցից չխոսենք ու չխոսենք նաև է՛ն բանից, թե պրն Գյուլբուդաղյանը էդ ի՛նչ զորությամբ է միայն ձեռագրից իմանում, որ Թումանյանը դեմ է եղել ուղղագրության ռեֆորմին, թե չէ` հեռու կգնանք: Բայց զարմանալի է, որ Ս. Գյուլբուդաղյանը չի իմացել, որ մոտ երկու ամիս հետո նույն Թումանյանը նույն Մակինցյանին մի ուրիշ նամակ է գրել ու իր էս նոր նամակը վերջացրել է հետևյալ խոսքով.

«Ոչ թե պետք է հին հնչյունները վերականգնել (ինչպես ուզում են հնամոլներից ոմանք` հենց էսօր էլ - Մ. Հ.), այլ մաշվածները դեն գցել, ինչպես ռուսներն արեցին: Ոչ թե պետք է դժվարացնել, այլ հեշտացնել: Եվ չպետք է էդ խնդրին էդ կերպարանքը տալ - պատվասիրություն ու չեմ իմանում ինչ բաներ կապել հետը»: (Այսինքն, չպիտի ասվի, թե «ռեֆորմը կերկփեղկի ազգը» ևն – Մ. Հ.): (Նամակ` Պողոս Մակինցյանին, 1922 թ., 22-ը հուլիսի, Հովհաննես Թումանյան, Երկերի ժողովածու, չորս հատորով, 1969 թ., հատ. IV, էջ 432):

Հա՛, Թումանյանը, լրիվ իրավացի, զայրացել է, որ Մակինցյանը նոր ուղղագրության չորս նախագծից ոչ մեկն էլ չի դրել քննարկության, բայց սա չի նշանակում, թե Թումանյանը դեմ է եղել ուղղագրության ռեֆորմին առհասարակ:

Թումանյանի երկրորդ նամակն ապացուցում է, որ Թումանյանը, լրիվ ու անկասկած, կողմ է եղել ուղղագրության ռեֆորմին:

ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՌԵՖՈՐՄՆ ՈՒ «ԽԵԼՈՔ ԱԶԳԵՐԸ»

Նույնիսկ երբ վստահ ես, որ բոլոր-բոլորը կհավանեն արածդ, միևնույնն է, կճարվի գոնե մեկը, ում դա անպայման դուր չի գա:

Չիզհոլմի օրենքի 5-րդ հետևանքը

2. Հնամոլներն ասում են. «...թե ֆրանսիացիք և ուրիշները, ովքեր մեզնից շատ ավելի խելոք են, ինչո՞ւ չեն իրենց ուղղագրությունը փոխում»:

Սա էլ ճիշտ չի, ու ահա թե սրան ինչ է պատասխանում Մ. Աբեղյանը 1913 թվի, հոկտեմբերի 14-ին (ԵՐԿԵՐ, Ը հատոր, Մեր ուղղագրության մասին, էջ 335).

«Եվ այս առարկությունը հիմնավոր է, եթե միայն մանկավարժական (այսինքն, հին գրվածքները յուրացնելու – Մ. Հ.) տեսակետը հաշվի առնվի, բայց կորցնում է իր արժեքը, երբ խնդրին նայում ենք գրաբարի և աշխարհաբարի, հին ու նոր լեզուների մրցման տեսակետից: Որովհետև այդպես առարկողները երկու լեզուների տարբեր շրջաններ են իրար հետ բաղդատության մեջ դնում:

«Այդ ազգերի ուղղագրությունն այն շրջաններում, երբ թողել են հին լեզուն և նոր գրական լեզու են առաջ բերել, ոչ միայն փոփոխության է ենթարկված, այլև այնպիսի մեծ փոփոխության, որի մասին մենք երևակայել չենք կարող. հին ֆրանսերենի ուղղագրությունը նոր ֆրանսերենից, նույնպես` հին, միջին և բարձր գերմաներենի ուղղագրություններն իրարուց, շատ տարբեր են:

«Նրանք ուղղագրական շատ վեճեր, փոփոխության զանազան փորձեր ունեցել են, մինչև մի որոշ դրության են հասել, որ ամենքի համար ընդունելի է դարձել, և այնուհետև, աստիճանաբար, թեթև փոփոխություններ են մտցրել ու մտցնում ուղղագրության մեջ:

«Շատ բնական է, ուրեմն, որ այն բազմաթիվ վեճերն ու փորձերը, որ, օրինակ, ֆրանսիացիք ապրել են XV-XVII դարերում, մենք դեռ նոր` XIX դարու երկրորդ կեսից հետո պիտի ունենայինք. գրաբարյան և աշխարհաբարյան վեճերը դեռ մի 25 տարի առաջ կային:... Ս. Էջմիածնի ճեմարանի դպրանոցական բաժնի վերին դասարաններում դեռ երկրորդ տարին է, որ աշխարհաբար լեզվի և գրականության դասեր են մտցրած: ...Մենք ուղղագրության խնդրի անվան տակ շարունակում ենք, ուրեմն, գրաբարի և աշխարհաբարի դեռ բոլորովին չվերջացած խնդիրը»:

Աբեղյանից արած էս երկար քաղվածքին ավելացնեմ, որ մենք է՛լ, մնացած հնուց գիր ունեցող ազգերն է՛լ, փոխել ու փոխում են իրենց ուղղագրությունը. քիչ-քիչ է՛լ, ռեֆորմով է՛լ: Ուղղակի` նախ հնամոլները տեղյակ չեն սրանից, ու երկրորդ` էս ազգերի լեզուներից շատերը նորից շատ արագ փոխվեցին, ու ուղղագրությունը նորից հետ ընկավ: Հետաքրքիր է Ֆրանսիական հանրագիտարանի ասածը (Գյուլբուդաղյան, էջ 295-296).

«Ֆրանսիական արդի ուղղագրությունը ոչ մի ընդհանուր կանոնի չէ ենթարկված, դա ոչ հնչական է, ոչ ստուգաբանական, ոչ համեմատական է և ոչ տրամաբանական: Իր էությամբ դա անկանոն է և կամայական: Ինչ կողմից էլ նայելու լինենք, այդ ուղղագրությունը լի է դժվարություններով և վաղուց է զգացվում դրա ռեֆորմի կարիքը»:

Ես ծանոթ եմ անգլերենի ու ռուսերենի ուղղագրությունների պատմությանն ու ասեմ, որ, օրինակ, (նոր) անգլերենի աշխարհաբար գրականության հիմնադիր Ջեֆրի Չոսերի ուղղագրությունը խիստ տարբեր է Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնի ուղղագրությունից, իսկ անգլիական հնագույն գրվածքների ուղղագրությունը շատ ու շատ ավելի՛ է հեռու մեր օրերի անգլերենի ուղղագրությունից, քան գրաբարինը` նոր հայերենից:

Կարծում եմ, արժի, որ մի քանի քաղվածք անեմ Գյուլբուդաղյանի գրքից, ինչը հնամոլները հաճախ են մեջ բերում (շատ անգամ` առանց հիշատակելու): Ահա դրանք:

«Հայերենի ուղղագրության պատմությունը հար և նման է եվրոպական շատ լեզուների (հունարեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն) ուղղագրության պատմությանը: Մինչև Յակով Գրիմմը Գերմանիայում ընդհանուր ուղղագրություն կար, բայց այդ ուղղագրության մեջ սխալ և անհետևողական բաներ տեսնելով` Գրիմը փոփոխության առաջարկ մտցրեց նրանում, գոթական տառերը փոխարինեց լատինական տառերով: Գերմանացիները չեն թաքցնում, որ գերմաներեն գրականության մեջ դժվար է գտնել երկու գիրք, որ ուղղագրությամբ իրար նման լինեն» (էջ 342):

«...Նույնպիսի բանավեճերով ու պայքարով է ընթացել նաև անգլերենի ուղղագրության պատմությունը: Անգլերենի ուղղագրությունը բառի բուն իմաստով պատմական է (եթե նայենք միայն հին ու նոր շրջանները – Մ. Հ.): Հնագույն գրավոր նշանները դեռ ուժի մեջ են և կարծես չեն հակասում բանավոր խոսքին (այս պնդումն անհեթեթ է – Մ. Հ.): Բառերի մեծ մասի գծագրական պատկերը պայմանական արտահայտությունն է բանավոր արտաբերման, նույնիսկ անկախ` բառի առանձին տարրերից: Դա բառային (համարյա «հիերոգլիֆական» – Մ. Հ.) և ոչ թե հնչյունական ուղղագրություն է» (էջ 343): (Ֆրանսերենի վիճակը սրանից շատ վատ է – Մ. Հ.):

«...Եվրոպայում միայն իտալերենի, իսպաներենի և պորտուգալերենի ուղղագրությունն է առաջնորդվում հնչյունային սկզբունքով: XVI դարի իտալական քերականները (Լ. Սալվիատի) գրավորը համաձայնեցրին բանավոր խոսքին, գրեցին մի հնչյունին մի գիր սկզբունքով և այդպես էլ տարածվեց:

Իսպանիայում 1492 թ. Անտոնի դե Նեբրիխան ընդունեց հնչյունային գրությունը, գրանշանները համապատասխանեցրեց հնչյուններին: 1741 թ. ուղղագրությունն իր ձեռքն է վերցնում Ֆիլիպ V-ի հիմնադրած ակադեմիան: 1815 թ. Մադրիդի ակադեմիան վերջնականապես հաստատում է հնչյունային ուղղագրությունը» (էջ 346):

«...Հնչյունային ուղղագրությունը այն լավագույնն է, որին ձգտում են աշխարհի բոլոր լեզուները, իբրև սկզբունք հիանալի է ու անթերի, բայց նա իրականությանը հակադիր է և դժվար իրականանալի» (էջ 347):

Ավելացնեմ, որ ուղղագրության ամենահին (ինձ հայտնի) ռեֆորմն արել են հին հույները (Մաշտոցի այբուբենն ստեղծելուց մոտ 700 տարի, իսկ նորագույն հնամոլներից` մոտ 2300 տարի առաջ), երբ աթենացիները հրաժարվեցին իրենց այբուբենից ու վերցրին հոնիականը, որովհետև հոնիականը շատ ավելի հնչյունական էր, ուրեմն, ավելի լավն էր:

Ու աթենացիները չվախեցան, թե «կկտրվեն իրենց արմատներից, ու չեն կարենա կարդան Պլատոնին, Հոմերոսին, Եվրիպիդեսին, Սոփոկեսին, Արիստոփանեսին, Հերոդոտոսին, Թուկիդիդեսին, Էսքիլեսին, ևն, ևն: Տես Արիստոտել, Աթենական հասարակարգը:

ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՌԵՖՈՐՄԻՆ ԿԱՊՎԱԾ ՍՏԵՐՆ

ՈՒ «ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ»

-Գլուխդ կպոկեմ ու կասեմ, որ ըտե՛նց էր:

Փողոցային կռվից

3. Հնամոլները (օրինակ, Ռ. Իշխանյանը), ասում են, թե իրենք կանոններ ունեն, ու որ մարդ դրանք սովորի, շատ շուտ ու հեշտ կգրի հին ուղղագրությամբ: Էստեղ երկու բան կա, որ ճիշտ չի: Առաջին.

Էդ կանոներն իրենցը չեն: Դրանք Աբեղյանի գրաբար տեքստերի գիտական քննությամբ հայտնագործած` արդեն հիշատակածս կանոններն են:

Երկրորդ.

Դրանցով հայերն ընդունակ չեղան ճիշտ գրելու, ու դրանցով էսօր է՛լ մեր Սփյուռքում ճիշտ ու միակերպ չեն գրում, ու չեն է՛լ գրի, որովհետև անհնար է, որ շարքային գրագետն անսխալ գրի մեր էսօրվա հայերենի համար խիստ անհարմար մաշտոցյան ուղղագրությամբ:

4. Հնամոլներն ասում են, որ Սփյուռքը գրում է հին ուղղագրությամբ:

Ճիշտ չի: Սփյուռքում բոլորը չեն, որ գրում են հին ուղղագրությամբ:

Հին ուղղագրությամբ չեն գրում նաև Ռուսաստանում, այսինքն` Ներքին Սփյուռքում, իսկ Ներքին Սփյուռքն ինչո՞վ է պակաս մյուսներից:

Հետո` արևմտահայերենով գրող Սփյուռքի ուղղագրությունը բոլորովին էլ միասնական չի: Երրորդ, դրանց հին ուղղագրությունը ոչ թե մեր հինն է (Աբեղյանի մշակածը` արևելահայերենի համար), այլ Մխիթարյանների մշակածը` արևմտահայերենի համար, ու սա էլ կիրառվում է ծուռումուռ ու սխալաշատ, ու բոլորովին էլ միակերպ կամ միասնական չի:

5. Հնամոլներն ասում են. «Սփյուռքի պես գրենք, որ Սփյուռքի հետ միավորվենք, որ մեր հայ ազգը միասնական ու միաբան լինի ևն, թե չէ՜… Սփյուռքի ու մեր մեջ հակադրություն կլինի» ևն:

Էս փաստարկը թեև հնամոլնների գլխավոր փաստարկն է ու հնարավորություն է տալիս, որ դրանք թունդ ու հեռատես հայրենասերի կեցվածք ընդունեն, բայց այնուամենայնիվ ճիշտ չի:

Ո՞վ է տեսել, որ ուղղագրության միասնությունով համազգային խընդիրներ լուծվեն: Ու հետո` էդ ի՞նչ հակասություն կամ պառակություն կա մեր ու մեր Սփյուռքի մեջ, որ ոչ մեկս չի լսել ու ինչը պիտի ուղղագրության միասնությունով լուծենք:

(Իմիջիայլոց, Սփյուռքում հայերի մի մասը կաթոլիկ է: Ու բա որ վաղը մեկն էլ ասի, որ կրոնական էդ տարբերությունն է՛լ է մեզ ու Սփյուռքին իրար հակադրում, կամ մեզ պառակտում է: Հիմա ի՞նչ, որ էդ հայերի հետ «միավորվենք» ու մեր մեջ «հակասություն» չլինի, մենք է՞լ դառնանք կաթոլիկ: Իսկ եթե դրանք վաղը կրոնները մի՛ անգամ էլ փոխեն ու դառնան, օրինակ, յոթերորդ օրվա ադվենտի՞ստ):

Թող Սփյուռքն ինքն իր միակ հայրենիքի ուղղագրությամբ գրի: Ինչու՞ պիտի մե՛նք շուռ գանք ու իրենց (չգիտես` ո՞ր) ուղղագրությամբ գրենք: Բա որ մեկնումեկն էլ էս տեսակ հարց տվեց.

«Ինչու՞ Սփյուռքը չի գրում իր միակ հայրենիքի ուղղագրությամբ: Եթե Սփյուռքն ընդունում է իր միակ հայրենիքը, պիտի իր միակ հայրենիքի ուղղագրությունն է՛լ ընդունի: Ու շատ տարօրինակ է, որ մինչև հիմա չի ընդունել: Ինչու՞ չի ընդունել: Սփյուռքի մտքին ի՞նչ կա»:

Կամ էլ` բա որ համշենցին, դարաբաղցին, սալմաստցին, լենինականցին, ջավախցին ասի. «Ուղղագրությունը հարմարեցրեք մեր բարբառին, թե չէ միասնություն չի լինի ու կպառակվենք»:

Ինչո՞վ է Սփյուռքի հայն ավելի լավ` համշենցուց, լենինականցուց, ղարաբաղցուց, ջավախցուց կամ սալմաստցուց: Հնամոլները սրա մասին չեն խոսում, բնա՛վ չեն խոսում:

Ձեռնտու չի: Հնամոլները, «ուղղագրության միասնություն» պահանջելով, հետն էլ հայտարարում են, թե «ով որ դեմ է հին ուղղագրությանն անցնելուն, դրանով իսկ դեմ է ազգային միասնությանը, ուրեմն` ազգի գիտակցական կամ անգիտակից թշնամին է»:

Էս հնարքով` հնամոլները զուտ գիտական վեճը դարձնում են քաղաքական: Ու սրանով հնամոլները խուսափում են, ավելի ճիշտ ազատվում են` գիտությունից խոսելու անհրաժեշտությունից: Ու անտեղյակների մոտ` առաքյալի ու սուրբ նահատակի կեցվածք են ընդունում:

Սրա համար է նաև, որ դրանց դեմ պայքարելը` համարյա անհնար է: (Սա չափազանցություն չի, ու դա կերևա հետագա շարադրանքից, ու կյանքն է՛լ է սա ցույց տալիս):

6. Հնամոլներն իրենց հայտարարում են` «այլախոհ» (դիսիդենտ` առաջադեմի իմաստով): Բայց ո՞վ է տեսել ու լսել, որ հինն ու մաշվածը պաշտպանողն «առաջադեմի» իմաստով այլախոհ կոչվի:

Տարօրինակ է, ավելի ճիշտ, ողբերգական, բայց միակ` իրոք առաջադեմ այլախոհը նորից էլի` հանգուցյալ Մանուկ Աբեղյանն է, ում որ 1910-ական թվականներից սկսած` հայհոյում են ու նույնիսկ հիմա էլ, նույնիսկ գերեզմանում էլ հանգիստ չեն թողնում:

7. Հնամոլները լեզվաբան չեն (իրենք են ասում), բայց հստակ գիտեն, թե լեզվաբաններն ի՛նչ պետք է անեն:

8. Հնամոլները գրող ու բանաստեղծ չեն (համենայն դեպս` հայտնի), բայց հստակ գիտեն, թե գրողներն ու բանաստեղծները ի՛նչ բառ չպիտի գործածեն ու ի՛նչ ուղղագրությամբ չպիտի գրեն:

9. Հնամոլները Աբեղյանի ո՛չ լեզվաբանական գիտելիքներն ունեն, ո՛չ գրականագիտական, ո՛չ գիտնական հետազոտողի տաղանդը ու ոչ է՛լ վաստակը, բայց հաստատ գիտեն, որ Աբեղյանը չարաչար սխալ է:

ՀՆԱՄՈԼՆԵՐԻ «ԳԻՏԵԼԻՔԸ»,

«ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒ ՀԱՅԱԳՈՎՈՒԹՅՈՒՆԸ

– Ես չեմ խորշում ո՛չ կեղծարարությունից, ոչ է՛լ խարդախությունից:

Ադոլֆ Հիտլեր

10. Հնամոլներն ինչպե՞ս են հասնում պաշտոնի, դիրքի, ինչպե՞ս են անտեղյակներին համոզում, որ իրենք գիտուն են ու սրանց ինչպե՞ս են հավաքագրում իրենց շարքերը: էս հարցերի պատասխանը շատ ծավալուն է, բայց դրանց հիմնական մեթոդը հետևյալն է.

Հնամոլները խոսում են է՛ն տեսակ բաներից, որոնք խիստ կապված են մեր «ազգային ինքնասիրության» ամենանուրբ լարերին: Ո՞ր թեմաներն են դրանք: Թվարկեմ մի քանիսը.

  1. Մի լեզու, մի մշակույթ, մի ազգ, մի պետություն:
  2. Հայ ժողովուրդն ամենալավն է:
  3. Հայ ժողովուրդն ամենահինն է:
  4. Հայ ժողովուրդը տաղանդավոր է ու աշխատասեր:
  5. Հ այ ժողովուրդը ստեղծագործ է:
  6. Հայերենն Ադամի ու Եվայի լեզուն է, մնացած լեզուներն էլ հայերենից են առաջացել:
  7. Հայերենը հնդեվրոպական մա՛յր լեզուն է:
  8. Հնդեվրոպացիների հայրենիքը Հայաստանն է:
  9. Ամենակարևոր հայտնագործությունները հայերն են արել:
  10. Հայ ժողովուրդը միշտ Հայաստանում է ապրել:
  11. Հնդեվրոպացիներն է՛լ են Հայաստանում ապրել:
  12. Հայերն առաջին, ամենալավ ու ամենաճիշտ քրիստոնյաներն են:
  13. Հայերի հեթանոսությունն է՛լ է ամենալավը:
  14. Հայերը Մաշտոցից առաջ էլ են հայերեն գիր ունեցել:
  15. Հայերը 2000 տարի առաջ էլ են թատրոն ունեցել:
  16. Ուրարտացի չի եղել, եղել են միայն հայերը:
  17. Բոլոր բնիկ հայերեն բառերը ծագել են հայերեն «ար» արմատից:
  18. Հայերն արիացի են (արիացի բառը նշանակում է իրանցի – Մ. Հ.):
  19. Հայերի ամեն հինը` աշխարհի ամենալավ հինն է ու ուրիշների ամեն մի նորից էլ լավն է:
  20. Հայերը համաշխարհային ազգ են:
  21. Հայերը հայ են (արմենոիդ են):
  22. Հայերն է՛ն ազգն են, ով աշխարհին տվել է` Տիգրան Մեծ, Մաշ-տոց, Խորենացի, Նարեկացի ևն, ևն:
  23. Հայոց լեզուն ամենաճկուն ու ամենահարուստ լեզուն է:
  24. Մաշտոցյան այբուբենն ու ուղղագրությունն ամենալավն է:
  25. Հայերը գերիշխող տեսակ են:
  26. Հայերը քաղաքակիրթ ազգ են:
  27. Հայերը պիտի ամեն գնով պահպանեն իրենց ավադույթներն ու ազգային արժեքները:
  28. Հայերը պիտի միաբանվեն ու չերկփեղկվեն:
  29. Աստղագիտությունը, կոշիկն ու գինին հայերն են ստեղծել: (Սա վերջին` ամենաթարմ նորություններից է – Մ. Հ.):
  30. Ճիշտն ասած, մնացած կարևոր բաներն է՛լ են հայերն ստեղծել:

Եվ այլն, ևն, ևն:

(Տես գրականության ցուցակը, ուր աստղանիշով նշել եմ մի քանի հայագովական, կեղծ, «գիտական» գիրք: Էս կետերից 22-ի, 27-ի ու 28-ի մասին հետո ավելի մանրամասն կասեմ):

11. Հնամոլները, առանց բացառության, անպայման հեղափոխական հերոս են, ընդ որում, խոշոր հեղափոխական հերոս:

Սրանք երբեք «մանր» հարցերից չեն խոսում:

Սրանց «շոշափած» հարցերն անպայման «տիեզերական» են, անպայման համազգային են:

Ու լուրջ գիտությունը, օրինակ, համաշխարհային պատմագիտությունը, լեզվաբանությունը, համեմատական ազգագրությունը կամ անտրոպոլոգիան հնամոլների «տեսությունները» երբեք չի ընդունում:

Մաթեմատիկոսը, ֆիզիկոսը կամ բնագետն առհասարակ` երբեք նախօրոք չգիտի, թե ինքն ի՛նչ է հայտնագործելու: Էս կարգի լուրջ պրոֆեսիոնալի լուծելիք խնդիրներն ու հայտնագործելիք դրույթները ծնվում են «առօրյա, սովորական, ձանձրալի» ու անընդհատ ու համառ փնտրտուքի ընթացքում:

Ու երբ լուրջ գիտնականը, մեծ մասամբ պատահական, մի հետաքրքիր բան է նկատում, նո՛ր է միայն դա ապացուցելու (եթե սա մաթեմատիկային է վերաբերում) կամ հիմնավորելու (եթե սա բնագիտությանը, տնտեսագիտությանը կամ լեզվաբանությանն է վերաբերում) փորձն անում:

Իսկ եթե ի վիճակի չի լինում դա ապացուցելու կամ հիմնավորելու, ձևակերպում է խնդրի տեսքով ու թողնում է, որ ուրիշներն ապացուցեն:

Էսպես հայտնագործվեցին կամ կառուցվեցին` բարձրագույն մաթեմատիկան, բազմությունների տեսությունը, ժամանակակից լոգիկան, ընդհանրացված ֆունկցիաների տեսությունը, հարաբերականության տեսությունները, քվանտային ֆիզիկան, էվոլյուցիայի տեսությունը, գենետիկան, ինֆորմացիայի տեսությունը, կիբեռնետիկան, սինեռգետիկական մեթոդը, համեմատական ազգագրությունը, համեմատական լեզվաբանությունը, ևն, ևն, ևն:

12. Հնամոլներին, սրան լրիվ հակառակ, նախօրոք հայտնի ու հստակ պարզ է, թե իրենք ինչ պիտի ապացուցեն: Պիտի ապացուցեն, որ հայերն ու ամենայն հայկականը ամենալավն է, ամենաճիշտն է, ամենահանճարեղն է: Ու էս ճանապարհին չկա մի հարց, ինչի պատասխանը հնամոլները չիմանան:

Մաթեմատիկոսի արածի ճշմարտացիության միակ չափանիշը տրամաբանությունն է, ու մաթեմատկոսները հենց սրանով են ստուգում իրար գործերը: Ֆիզիկոսի, քիմիկոսի, ու առհասարակ` բնագետի արածների ճշմարտացիության միակ չափանիշը փորձն ու դիտումներն են:

Երբ մի բնագետ մի նոր բան է անում, մյուսները փորձով ստուգում են սրա արածը: Եթե փորձը չհաստատեց սրա ասածն ու արածը, ուրեմն, էդ մարդու ասածն է՛լ, արածն է՛լ գիտության համար ոչ մի արժեք չունի:

Որ հազար Էյնշտեյն ու Նյուտոն ու Գաուս է՛ն տեսակ բան ասեն, ինչն ասածս ձևով ստուգելի չի, էդ բանը գիտության համար անընդունելի է, էդ բանը գիտություն չի:

Սրա համար էլ գիտական լուրջ նորությունները տպվում են, մեծագույն մասամբ, միայն ու միայն գիտական ամսագրերում, որ աշխարհի բոլոր գիտնականներն էլ հնար ունենան դրանք ստուգելու:

Էս իմաստով` Հայաստանի մաթեմատիկան ու բնագիտությունը հսկող ունեն, ու էդ հսկողը համաշխարհային մաթեմատիկան ու բնագիտությունն են: Ու հայ մաթեմատիկան ու բնագիտությունը համաշխարհային գիտության թեև փոքր, բայց պետքակա՛ն մասն են:

Իսկ էսօրվա (հազվագյուտ բացառություններով` ոչ 1930-ականներից առաջվա) հայ լեզվաբանությունն ու համարյա ողջ հայ հասարակագիտությունը կտրված են համաշխարհային գիտությունից ու ոչ մի նման հսկող չունեն: Սա՛ է պատճառը, որ էս գիտությունների «հայ ներկայացուցիչները» իրենց ասածների ճիշտ ու սխալը որոշելու ոչ մի չափանիշ չունեն:

(Տես նաև էս գրքի 3-րդ, 4-րդ մասերն ու Հավելվածը: Չափանիշ չունենալու մասին մի քանի անգամ ասել եմ, ու մեր լեզվաբանները ծպտուն անգամ չեն հանել, որովհետև իրո՛ք չունեն):

13. Քանի որ հնամոլները ո՛չ հիմնավոր գիտելիք ունեն, ո՛չ գիտական մեթոդին են տիրապետում, ոչ է՛լ իրենց ասածների ճիշտ ու սխալը որոշելու չափանիշ ունեն, ոչ թե գիտությանն են դիմում, այլ հեղինակությունների ասածներին:

Ասում են (օրինակ պրն Նշան Որբերյանի պես, տես հետո), թե «ակադեմիկոս Ա. Ղարիբյանն ասում է, բանաստեղծ Լևոն Միրիջանյանն ասում է, ֆանտաստ Կարեն Սիմոնյանն ասում է, մենք (իմա՛ «ես») կարծում ենք, մեր կարծիքով, Մենէվիշյանի կարծիքով, Աճառյանի ու այլոց կարծիքով» ևն, ևն:

Ու քանի որ էսօրվա հայագիտության զգալի մասի «գիտական մեթոդը» հենց էս «կարծիքայնությունն» է, ամեն մի պատահական մարդ էլ իրեն հայագետ է հռչակում ու իր չեղած գիտությամբ «մեջլիս է մտնում»:

(Երբեք չես լսի, որ որևէ լուրջ մաթեմատիկոս կամ ֆիզիկոս ասի. «Նյուտոնը կարծում է, որ տիեզերական ձգողության օրենքը կամ Պյութագորասի թեորեմը ճիշտ է»: Գիտական աշխարհում էս կարգի նախադասությունները ծիծաղելի ու անընդունելի են):

Օրինակ, վերևի ցուցակի «թեզերն ապացուցելու համար էդ պարոնները վարվում են հետևյալ ու միակ ձևով, ասում են. «Մի՞թե հնարավոր է, որ այդպես չլինի: Ինչպե՜ս կարող է դա պատահել: Մեր կարծիքով դա պարզապես հնարավոր չէ: Ակադեմիկոս X. Y-յանի կարծիքով է՛լ: Հետևաբար հայերը չքնաղ են»: Ու իհարկե, գրողի ծոցը` գիտությունն է՛լ, տրամաբանությունն է՛լ, ճշմարտությունն ու համեստությունն էլ հետը:

14. Հնամոլները լուրջ գիտությունից երբեք ու երբեք չեն խոսում: Օրինակ, 1934 թվից Հայաստանի բոլոր դպրոցներում է՛լ, բուհերում է՛լ մի քերականություն են ուսումնասիրում, ինչի հակագիտականությունն ու անհեթեթությունը, ինչպես արդեն ասվել է, ապացուցել է նույն «չարաբաստիկ» Մանուկ Աբեղյանը, հենց 1936 թվին:

Ապացուցել է անառարկելի, այսինքն, մինչև էսօր էլ էդ ապացույցին գիտական լուրջ առարկություն չի եղել: (Ես 3-4 անգամ մամուլով խոսել եմ սրա մասին, բայց ոչ մեկը ծպտուն անգամ չի հանել): Ուրեմն, 1934 թվից հայերն ունեն երկու, իրար լրիվ հակադիր, իրար լրիվ ջնջող, լրիվ անհաշտ քերականություն:

Սրա հետևանքով մեր գրական լեզուն անտեր է ու չունի գոնե մի կանոնավորող նորմա, ինչն անընդհատ չխախտվի: Իսկ հնամոլները սրա մասին լռում են: «Օտար» բառերի դեմ «արյունահեղ» պատերազմ են անում, «արյուն են թափում» ուղղագրական ռեֆորմի համար, բայց սրա մասին լռում են: Ինչո՞ւ:

(Էս ասածներս ապացուցելու համար էս գրքի չորրորդ մասում երկու հոդված եմ դրել, որ տպել եմ մեր հայտնի թերթերում: Էդ հոդվածները թեթևակի կրճատել եմ, բայց ասելիքը չեմ փոխել: Թող ընթերցողը կարդա ու ի՛նքը տեսնի, ճի՞շտ եմ ասոմ, թե՞ չէ):

Էս բանը, իհարկե, ազգային ողբերգություն է, մեր ազգային երգ ու պարի ողբերգության պես, ու սա վայել չի ո՛չ «համաշխարհային փայլուն, տաղանդավոր ու աշխատասեր ու ստեղծող ազգին», ոչ է՛լ շարքային ազգին:

15. Հնամոլներն էս քերականական ողբերգությունից է՛լ, երգ ու պարի ողբերգությունից է՛լ, ո՛չ մի անգամ չեն խոսում: Չեն խոսում, չնայած ուղղագրության հարցը, քերականության ու երգ ու պարի էս ողբերգական հարցերի համեմատ, 20-30-երորդ հարց է: Չեն խոսում, որովհետև քերականությունից ու ազգային երգ ու պարից խոսելու համար լուրջ գիտելիք է պետք, իսկ իրենք էդ գիտելիքը չունեն:

Իմիջիայլոց, արևելահայերեն ու արևմտահայերեն գրական ոճերի քերականություններն իրարից շատ ավելի են տարբեր, քան ուղղագրությունները:

Բա հնամոլներն ինչո՞ւ չեն ասում, թե «էս քերականական տարբերությունները երկփեղկում կամ պառակում են հայ ազգը, ու պիտի անցնենք «արևմտահայերենի քերականությանը», որ միաբանվենք ու դառնանք միասնական ազգ»: Բա շա՛տ հարց կա՞, որ սրանից ավելի լուրջ է ու հրատապ:

(Ճիշտն ասած, է՛ն հնամոլները, ովքեր չգիտեն, թե անհնար է, որ բոլոր հայերն էլ խոսեն արևմտահայերեն (կամ արևելահայերեն) գրական ոճերով, պահանջում են, որ անցնենք էդ ոճերին, իսկ ոմանք էլ` որ դառնանք գրաբարին, բայց սրանց համարյա ոչ մեկը լուրջ չի ընդունում):

16. Հույժ նկատելի է, որ վերևի ցուցակի անկասկած կեղծ թեզերից մեկնումեկի հետևորդն անպայման նաև համարյա մյուս բոլոր «թեզերի» հետևորդն է: Ու էս «թեզերի» համախումբը, (ինչին եթե ասենք «հայագովություն», սխալ չի լինի), մեր ակնհայտ նացիոնալիստական «ազգային գաղափարախոսության» միջուկն ու էությունն է, իսկ սա էլ, անպայման, հետադիմական է, եթե ոչ կործանարար, ինչպես որ պատմությունն է մի քանի անգամ ցույց տվել: Սրա համար էլ հնամոլները շատ արագ են միաբանվում, ու վիթխարի վնաս են հասցնում կրթությանն ու գիտությանը:

Հայերի ամենանվիրյալ պաշտպաններից մեկը, ֆրանսիացի Անտուան Մեյեն, էս տեսակ մի առիթով ասել է.

«Իր գաղափարները տարածելու լավագույնը ձևը` արդարություն պահանջող ժողովրդի համար` ճշմարտությունն ասելն է» (Անտուան Մեյե, «Հայագիտական ուսումնասիրություններ», էջ 623):

(Անտեղյակների համար ասեմ, որ ֆրանսիացի նշանավոր հայագետ, հնդեվրոգիտության հինադիրներից մեկը` Անտուան Մեյեն, նորվեգացի Ֆրիտյոֆ Նանսենից հետո, է՛ն հազվագյուտ քչերից է, որ Եղեռնից հետո պաշտպանում էր հայերին իր ելույթներով ու գրածներով, ու մինչև կյանքի վերջն էլ մնաց հայերի ու հայերենի երկրպագուն: Տես հետո, ու նաև Անտուան Մեյե - «Հայագիտական ուսումնասիրություններ», էջ 509-540):

Մենք շատ հեշտ ու հանգիստ ասում ենք. «Մենք փայլուն ազգ ենք, մենք աշխատասեր ազգ ենք, մենք աշխարհին տվել ենք Մաշտոց, Շիրակացի, Համբարձումյան» ևն:

Բայց ո՞ւմ լեզուն կզորի, որ ասի. «Ես փայլուն եմ ու տաղանդավոր», ևն:

«Մենք»-ով խոսելը հեշտ է, բայց չէ՞ որ դա հույժ ծիծաղելի է, իսկ երբ դառնում է «ազգային ավանդույթ», դատապարտելի է ու զզվելի: «Մենք»-ով խոսողին թվում է, թե իր ազգի մեծերի հանճարից ու դրանց հանճարեղ ու հերոսական գործերից իրեն է՛լ է մի քիչ բաժին հասնում: Բայց «Մենք»-ով խոսողը չարաչար սխալվում է:

Որովհետև եթե ինքը, հենց ի՛նքը, ծույլ է ու անպիտան, ու ոչինչ չի արել, ուրեմն, հենց ի՛նքը, հենց էդ «Մենք»-ով խոսո՛ղը, իր մեծերի ազգից չի: Ավելի ճիշտ, «Մենք»-ով խոսողը ոչ թե իր մեծերի ազգից չի, այլ ծույլ ու անբանների ու անպիտանների ու սնափառ ու մեծամիտ ու գոռոզ մեծախոսների ազգից է, մի ազգ, ինչի անդամները խոսում են աշխարհի բոլոր լեզուներով: Սրա մասին ճիշտ ու դիպուկ է ասել Չեխ գրող Կարել Չապեկը, ով սա ասել է չեխագովների՛ առիթով:

ՄԵՆՔ ՄԵՆԱԿ ՉԵՆՔ, ԿԱՄ ՉԵԽԱԳՈՎՆԵՐԸ

Կարել Չապեկ,– Բառերի քննադատությունը: Բառերին` գերի

(բոլդ ու իտալիկն իմն է – Մ. Հ.)

«ՄԵՆՔ»-Ն ՈՒ «ԵՍ»-Ը

«Մենք» բառն ասում ենք տագնապալի օրերին ու տագնապալի ձենով: Մարդկանց մեծագույն մասը կարծում է, թե «Մենք»-ը հանրության բառ է, սոցիալական է, ուժ տվող է, իսկ «ես»-ը` իբր առանձնության, անհատապաշտության, ինքնասիրահարության ու էգոիստության բառն է:

Բայց «Մենք» բառը մի մեծ թերություն ունի: «Մենք»-ն անորոշ է, ու անպատասխանատու: Օրինակ, շատ հեշտ ու հանգիստ ասում ենք. «Մենք փայլուն ժողովուրդ ենք»: Բայց ինչքան դժվար կասես. «Ես փայլուն մարդ եմ»:

Երևի ամեն չեխ էլ ասի. «Մենք վառ ենք պահում Հուսի պատգամները», բայց ո՞ւմ լեզուն կզորի, որ ասի. «Ես վառ եմ պահում Հուսի պատգամները»: «Մենք»-ը միշտ էլ իբր արյուն է թափում ու զոհում է իր ազատությունը` հանուն ընդհանուր բարօրության: Իսկ «ես»-ը, կներեք իհարկե, էդ արյունը չի թափել: Է՛ն օրերին երբ «Մենք»-երն իբր ինչ-ինչ բաներ էին զոհաբերում, «ես»-ը նստած էր տանը: «Մենք»-երը ծերից-ծեր հերոս են, ծերից-ծեր նահատակ են ու մարտիրոս, ու իրարու էլ ախպեր են:

«Մենք»-ն իբր հենց մեծահոգությունն ու զոհաբերությունն է, որ կա. «Մենք»-ն անընդհատ «պայքարում է», «Մենք»-ը պահանջում է: Բա՜:

Հա՜, ես էլ կարամ գլուխ գովամ էս ահագին սիրուն «Մենք»-ով, էս ահագին առնական, էս ահագին վսեմ ու ահագին վաստակավոր «Մենք»-ով, բայց ախր ես ինքս, ցավոք, լրի՛վ եմ զուրկ «մեր» էս գովական առաքինություններից: Ու մեկ էլ` լավ գիտեմ, որ ոչ մի գերկատարյալ «Մենք»-ն էլ մի կաթիլ անգամ չի ավելացնի իմ կարևորությունը, ու մի կաթիլ էլ չի շատացնի իմ շատ ու շատ համեստ վաստակի կշիռը: Ու ինձ ոչ մի «Մենք»-ն էլ չի փրկի, թե որ ինքս ոչ մի բան չեմ արել, թե որ օրինակ, մի սոխի գլուխ էլ ողորմություն չեմ տվել:

«Ես»-ը գործնակա՛ն բառ է, գործի՛ բառ է, պարտադրո՛ղ բառ է, ու «ես»-ը «Մենք»-ից շատ ավելի համեստ է: «Ես»-ն անհանգիստ է ու ծանրակշիռ:

«Ես»-ը համ խղճի՛ բառ է, համ էլ` գործի՛ բառ:

«ՄԵՆՔ Է՛ Ն ԱԶԳՆ ԵՆՔ, ՈՎ ԱՇԽԱՐՀԻՆ ՏՎԵԼ Է…»

Մերոնց հաց ու ջուր չտաս` մենակ թողաս, որ ասեն. «Մենք է՛ն ազգն ենք, ով աշխարհին տվել է` Յան Հուս, Յան Ժիժկա, Սմետանա. մենք Կոմենսկո՛ւ ազգն ենք»: Գերմանացիք էլ ասում են. «Մենք Գյոթեի, Կանտի, Բիսմարկի (ու չգիտեմ, թե էլ որ մեկի) ազգն ենք» (Չապեկը սա գրել է Առաջին համաշխարհայինի օրերին – Մ. Հ.): Գերմանացիք ասում են. «Մենք Գյոթեի ազգն ենք»:

Բայց ախր դու, հենց դո՛ւ, որ գրում ու ասում ես էս բաները, ի՞նչ կապ ունես Գյոթեի հետ: Դու ինքդ Գյոթեին ինչո՞վ ես նման: Դու է՞լ ես Գյոթեի պես իմաստուն ու մարդկային, դու է՞լ ես Գյոթեի պես սիրում Ֆրանսիան, դու է՞լ ես Գյոթեի պես ոտանավոր գրում, դու է՞լ ես Գյոթեի պես ողջ աշխարհին օրինակ:

Կամ էլ ասում են. «Մենք Շիլլերի ազգն ենք»: Բայց դու է՞լ ես Շիլլերի պես կոչ անում “In Tirannos” («Ընդդեմ բռնակալներին»), դու է՞լ ես Շիլլերի պես պահանջում. “Sir, geben Sie Gedankenfreiheit” («Սիր, ազատություն տվեք մեզ»):

Մեկ-մեկ էլ ասում են. «Մենք Կանտի ազգն ենք»: Բայց դու է՞լ ես Կանտի պես համարում, որ միակ նպատակը մա՛րդն է, որ մարդը նպատա՛կն է, ոչ թե միջոցը: Հա՜, Գյոթեն ու Կանտը, ու սրանց պես էլի մարդիկ` էղե՛լ են, բայց սրանց լինելության մեջ դու վաստակ ունե՞ս, դու առնչվո՞ւմ ես սրանց, ու սրանց մի ժամանակվա գոյությունն ավելացրե՞լ է քո, հենց քո՛՛ վսեմությունն ու կատարելությունը: Ու որ սրանք քեզնից առաջ են էղել, սրանց էս լինելությունից դու ավելի կուլտուրական, ավելի վեհ, ավելի մարդկային ու ողջ աշխարհին հայտնի ես դառե՞լ, հենց դո՛ւ, դու ի՛նքդ:

Դու Վո՞լֆն ես (նացիզմի ավստրոհունգարական ազդեցիկ գաղափարախոսներից է – Մ. Հ.), թե՞ Գյոթեն. Կա՞նտն ես, թե՞ ծախու գրչակ: Տո, դու ո՞վ ես, ո՞վ: Ախր, ա՜յ ընթերցող, թե որ էս թերթերում գրածներին հավատանք, պարտված Բելգիայի տարածքում մենակ սրանց պես գյոթեներն ու կանտերն են արշավել: Ու հենց որ արտասահմանը մեզ մի թեթև նախատինք է տալի, սկսում ենք օդը դղրդացնել վեհապանծ անուններով:

Ա՜յ ընթերցող, գիտեմ, որ դու է՛լ ես համաձայն, որ մեր էս արարմունքով վարկաբեկում ենք մեր վսեմ նախնիներին: Ավելի լավ կլիներ, որ ոչ մի Ժիժկա էլ չունենայինք, քան թե Ժիժկայի ազգի մեջ էսքան վախկոտ ըլներ:

Պարզ չի՞, որ կարևոր չի, թե ի՛նչ ազգից ենք, թե որ ինքներս մի բան չենք: Ազգին անո՛ւն չի պետք, ազգին մա՛րդ է պետք:

ՉԱՊԵԿԻ ԷՍ ԱՍԱԾՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Հետաքրքիր է, որ Չապեկի էս գրածները փոքրաքանակ ազգերին շա՛տ են հատուկ, չնայած, ժամանակ առ ժամանակ, մեծաքանակ ազգերն է՛լ են խիստ «հրապուրվում» էս տեսակ «ազգիզմով»: Փոխեք, օրինակ, Չապեկի էս գրածի մեջ «Մենք աշխարհին տվել ենք` Յան Հուս, Յան Ժիժկա, Սմետանա. մենք Կոմենսկո՛ւ ազգն ենք» խոսքերը հետևյալներով. «Մենք աշխարհին տվել ենք` Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնյան, Մեսրոպ Մաշտոց: Մենք Գրիգոր Նարեկացո՛ւ ազգն ենք» (տարբերակ` «Վիկտոր Համբարձումյանի կամ Վիլյամ Սարոյանի ազգն ենք» – Մ. Հ.), ու կստանաք ճիշտ մե՛ր նկարագիրը:

Էսօրվա աֆրիկյան նորաթուխ պետություններն է՛լ են էս տեսակ «ազգիզմի» թունդ հետևորդն ու պաշտողը: Էռնեստ Գելներն իր Ազգերն ու ազգայնականությունը գրքի մեջ վկայում է, որ էսօրվա նույնիսկ աֆրիկյան պետություննե՛րն են իրենց համար ազգային հզոր անցյալի ու ազգային ընտրյալության լեգենդներ հորինում, ու ազգային փոքրամասներին կոտորում են` հենվելով հենց էս լեգենդներին: Էս տեսակ գենոցիդն էսօր սովորական բան է:

Հետաքրքիր է մի ուրիշ բան: Ազգիզմը, որ ծնվել է հեգելիզմից (գրականության ցանկից տես Կառլ Պոպերի գրքերը), շատ արագ ու հեշտ միավորվում է սոցիալիզմի հետ: Սրա փայլուն օրինակը գերմանական նացիոնալ սոցիալիզմն է (ու նաև մեր սեփականը), կամ էսօրվա քրդերինը:

Քաղքենին ու քաղքենու մտածողությամբ «մտավորականը» մի հասարակ բան չի հասկանում: Չի հասկանում, որ եթե էսօր քեզնից առանձին մի բան չես ներկայացնում ու խեղճ ու ողորմելի մի վիճակում ես, ու ծույլ ու անկարող ու սովորելու ունակությունից զուրկ մեկն ես, քո իսկ ժողովրդի փառավոր անցյալը քեզ ոչ մի կերպ չի արդարացնի ու չի օգնի: Ու երբ հպարտանում ես քո էդ փառավոր անցյալով, նախ` ծիծաղելի ես, ու երկրորդ, Չապեկի ասածի պես, վարկաբեկում ես քո իսկ վսեմ նախնիներին է՛լ, քեզ է՛լ:

Սովորելու ունակությունից էլ զուրկ ես, որովհետև քեզ հռչակել ես «փայլուն ու ընտիր ազգ»: Իսկ եթե «փայլուն ես ու ընտիր», էլ ի՛նչ կարիք ունես սովորելու: Թող ուրիշները քեզնից սովորեն, բա՜:

Պարզ չի՞, որ կարևոր չի, թե ի՛նչ ազգից ենք, թե որ ինքներս մի բան չենք: Ազգին, իրոք, անո՛ւն չի պետք, ազգին կարգին մա՛րդ է պետք:

ՀՆԱՄՈԼՆԵՐՆ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հաղթում է ոչ թե է՛ն մարդը,

ով ճիշտ բան է ասում,

այլ է՛ն մարդը, ով բարձր է խոսում

Բերտրան Ռասել

17. Հնամոլների համար ճշմարտությունը նպատակ չի ու ոչ էլ միջոց: Դրանց հիմնական միջոցը` դրանց ահավոր եռանդն է: Իսկական գիտնական մարդը առհասարակ շատ է զբաղված. մի բանը մի անգամ է ասում ու մի կողմ է քաշվում:

18. Հնամոլներն էդպես չեն: Դրանք անընդհատ ասում են ու գրում, առանց մտահոգվելու` իրենց ասածները ճի՞շտ են. թե՞ սխալ: Երբ մասնագետը, ի վերջո, մի հոդված է գրում ու ցույց է տալիս, որ հնամոլները գործից բան չեն հասկանում, ու ճիշտը ինքն է, հնամոլները դրա դեմ տա՛սն են գրում, հարյու՛րն են գրում, ժողովներ են անում, միություններ են հիմնում, կինոներ են հանում (ու, համարյա միշտ, խոսում են կոպիտ, ու համարյա հայհոյական, բայց անպայման «ընտիր», այսինքն, խրթին հայերենով, տգետ «փաստարկներով», իհարկե, ըստ մոդայի):

Սրա պատճառն էլ է՛ն հանգամանքն է, որ հնամոլները շատ լավ գիտեն, որ իրենք ոչ թե գիտությամբ են զբաղվում կամ գիտության մասին են խոսում, այլ զբաղվում են քաղաքականությամբ:

Այսինքն, հնամոլները լավ գիտեն, որ իրենք գիտությունից հեռու են, ու որ իրենց միակ նպատակը, մարդկանց հոգու ամենանուրբ լարերին դիպչելով, էդ մարդկանց խաբելն է, թե իբր իրենք գիտնական են, ընդ որում, էդ մարդկանց շահերը պաշտպանող մի հազվագյուտ ազնիվ գիտնական:

19. Մեր բոլոր հնամոլներն ու «հայրենասիրությունը» քաղաքականության զենք դարձրած գործիչները մի շատ կարևոր մոլորություն ունեն:

Սրանք կարծում են, թե մեր քաղաքակրթության ընթացքն անվերջ երկար է եղել ու անվերջ երկար էլ կլինի: Բայց մեր քաղաքակրթության տարիքը 10000 տարուց ավել չի, ու մարդ արարածն էլ էն տեսակ մի բան դուրս եկավ, որ շատ հնարավոր է, որ քաղաքակրթության կյանքը (ամենալավատեսական գնահատականով) 500 տարի էլ չինի (նույնիսկ եթե բնական աշխարհային աղետ կամ գլոբալ ատոմային պատերազմ չլինի):

Աստված չանի, որ սա իրականությանը մոտ լինի, բայց ազգի ապագայից խոսողը սա անտեսելու իրավունքը չունի:

Երբ էս հնարավորությունը հաշվի ես առնում, «ազգային» կոչվող ծրագրերից շատ-շատերը (եթե ոչ բոլորը) դառնում են ոչ միայն անիմաստ, այլև ինքնախաբեական ու վնասակար: Երբ սա հաշվի ես առնում, հասկանում ես, որ պիտի գործողության ողջ ծրագիրդ փոխես, ճիշտ է՛ն մարդու պես, ում ասում են, թե մի քանի ամիս հետո անբուժելի մի հիվանդությունից կմեռնի:

20. Բայց հնամոլները մի՛շտ են գիտությունից հեռու, այսինքն, մի՛շտ են դիլետանտ: Սրանց կրթությունը, համարյա միշտ, «բանավոր» է, այսինքն, սրանք իրենց «գիտելիքները» քաղում են կամ սրանից նրանից լսած ասեկոսներով, կամ ոչ գիտական ամսագրերից ու թերթերից, ուրեմն, նաև իրենց պես անտեղյակ լրագրողներից (հայտնի է, որ թերևս չկա լրագրող, (գոնե Հայաստանում), ով իրոք գիտական տեղեկություններ ունենա: (Տես F. A. Hayek, Fatal Coceit: ...):

Հնամոլներից մեկը, մի ինչ-որ տեղից լսելով, թե բաբելական կամ շումերական արձանագրություններից մեկում կա Արատտա անունը, իսկույն սա կապել է Ուրարտու-Արարատ անուններին, (մանավանդ որ էդ երկիրը Բաբելոնից ու շումերական պետություններից հյուսիս է եղել, ինչպես որ մի քիչ էլ Հայաստանն է հյուսիս) ու մի գիրք է գրել, պնդելով, թե էս Արատտա երկիրը «հայերի Ուրարտուն է», չնայելով էն երկու հանգամանքին, որ ուրարտերենը նույնիսկ հնդեվրոպական լեզու չի, ու չնայած, որ գերմանացի Հայնրիխ Հյուբշմանն անառարկելի ապացուցել է, որ հայերենը հնդեվրոպական մայր լեզվի մի առանձին ճյուղն է, ինչով հայերն էսօր հպարտանում են, ու շատ են հպարտանում, որ էսքան առանձին ու յուրահատուկ են:

(Մինչև Հյուբշմանը գիտական աշխարհը պնդում էր, թե հայերենը իրանական ճյուղի մի բարբառն է, որովհետև հին հայերենի բառարմատների 35 %-ից ավելը իրանական փոխառություն է, ու սա անվիճելի էր ու է՛):

Էս պարոնը հիմա մեր հեռացույցում ու մամուլում ու մեր մնացած ազգայնականների շրջանում մեծ փառք ու հեղինակություն ունի, որովհետև սրանք բոլորն էլ հավատում են սրա է՛ն հայտարարությանը, թե ինքը, էս պարոնը, հայերի պատմությունը ձգել երկարացրել է մինչև մեր թվարկությունից առաջ 28-րդ դարը:

Ու թքած, թե Նիկողայոս Ադոնցի պես համաշխարհային հռչակ ունեցող պատմաբան ենք ունեցել, ով էդ տեսակ բան չի ասում, որովհետև Ադոնցի պատմագիտությունը բառերի պատահական նմանության վրա հիմնված չի:

Թքած, թե ողջ աշխարհի գիտական հանրությունը էս պարոնի ասածները չի ընդունում (որովհետև էս պարոնն ստուգելի փաստեր չի նշում):

Ցավոք, էս կարգի «գիտական» բաները Հայաստանում հաճախակի են: Իմիջիայլոց, ասածս պարոնն է՛լ է հնամոլներից ու վերևի ասածս «թեզերից» շատերի (եթե ոչ բոլորի) ջատագովներից:

Իսկ իսկական մասնագետներն էլ, միամիտ-միամիտ, ուզում են վեճը գիտական հունով տանեն ու շատ անգամ չեն էլ գիտակցում, որ դիլետանտի համար գիտությունը ո՛չ հասանելի է, ոչ է՛լ հետաքրքիր: Դիլետանտին հետաքրքրում է միայն իր շահը:

Չար լեզուներն ասում են, որ մեր «տեղական» հնամոլների աչքն Արտաքին Սփյուռքի մեծահարուստների գրպաններին է: Դե արի ու մի հավատա, երբ էսքան բան գիտես:

Հանուն էդ շահի` դրանք ինչ կարգախոս ասես, որ չեն ընտրի, մենակ թե էդ կարգախոսը հրապուրի, ինչքան հնարավոր է, ավելի մեծ թվով մարդու: Ահա դրանց կարգախոսներից մեկը. «Մի ազգ, մի պետություն, մի լեզու» («Գարուն», 1997, N 9), կամ «Մի ազգ, մի մշակույթ» - Երկրորդ (Համահայկական) Հայաստան-Սփյուռք Գիտաժողով, կարծեմ 2002-ին:

Բայց էս կարգախոսը ու սրա պեսերը շատ են եղել արդեն (Ֆիխտե, Հեգել, Հիտլեր, Գեբելս ևն, ևն): Ու չի եղել դեպք, որ էս կարգախոսը դրան հետևող ժողովրդին թշվառության չհասցնի: Որովհետև սա չհանդուրժողի՛ կարգախոս է, ոստիկանապետի՛ կարգախոս է, բռնակալի՛ կարգախոս է, հակամարդկայի՛ն կարգախոս է, սատանայակա՛ն կարգախոս է:

Միակ ճշմարիտ ու ընդունելի կարգախոսը,

ամեն մարդու համար,

հետևյալն է.

«Ուրիշի ցավը քչացրու, եթե կարող ես, եթե չես կարող` գոնե մի ավելացրու: Ու հիշի՛, որ բոլոր մարդիկ էլ հավասար են օրենքի առաջ»:

Իսկ ավելի կարճ.

«Ուրիշին մի՛ արա է՛ն բանը, ինչը չես ուզում, որ քե՛զ անեն»:

Հենց սրա՛ն են ասում «Ոսկե կանոն», ու հենց սա՛ է լիբերալիզմի,

այսինքն, դեմոկրատիայի տեսության ողջ էությունը:

Մարդկային ողջ բարոյականությունը` սրա մեկնությունն է միայն:

Ու հզոր են է՛ն ժողովուրդները, ովքեր քիչ թե շատ,

հետևում են է՛ս կարգախոսին:

(Տես նաև` Ավ. Իսահակյան, «Ռաբի Բար Հիլլելը» զրույցը):

էՍՕՐՎԱ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԻՔ ԿԱ՞

Եթե գործերի վիճակը վատ է,

մոտ ապագայում անպայման էլի կվատանա:

Մերֆիի օրենքի Չիզհոլմի 2-րդ հետևանքը

էսօրվա ուղղագրությունը փոխելու կարիք` իրոք կա: Բարդը հեշտացնելու կարիք` մի՛շտ կա:

Բայց ոչ էսօր:

Ու հարց է, թե ինչպե՞ս ու ե՞րբ:

Էսօրվա ուղղագրությունը պիտի անփոփոխ թողնենք, բայց «և»-ը պիտի պահենք միայն շաղկապի համար ու մնացած տեղերը «և»-ի տեղը պիտի գրենք «եվ» (տերեվ, արեվ, բարեվ, ևն, ինչպես Մաշտոցն էր գրում (եւ), ու ինչպես Մեյեն է խորհուրդ տալիս. տես հետո): Սրանով էսօրվա «և»-ով բառերի կոմպյուտերների տողադարձի ծրագրերի հարցն էլ թեթևացրած կլինենք:

Երկրորդ քայլով, բայց ոչ էսօր, մի օր պիտի հետ դառնանք Աբեղյանի ուղղագրության խիստ տարբերակին, ինչը էսօրվանից շատ քիչ է տարբեր, բայց ավելի պարզ է:

Այսինքն` պիտի բոլոր լսվող «վ»-երն ու «յ»-երը գրենք, ու մեկ էլ էսօր արդեն ավելորդ «է» ու «օ» տառերը դեն ձգենք ու տեղները գրենք` «ե» ու «ո»:

Բայց քանի որ սրան հակառակվող շատ կլինի, սա ապագայի հարց է: Ուրեմն, թող առայժմ միայն «և»-երի տեղը գրենք «եվ», որ մեր մանուկները գրել կարդալը հեշտ սովորեն ու կարդալ սովորելիս` տերև-ը չարտասանեն տերյեվ: Սա է՛լ կոմպյուտերների տողադարձի ծրագրերի հարցը կթեթևացներ: (Մանավանդ, եթե տողադարձելիս գաղտնավանկ ը-ն չգրվի ու մեկ տառանոց տողադարձը վերացվի):

Երրորդ: Ուրեմն, լավ կլիներ նաև, որ վերացնեինք տողադարձի ժամանակ գաղտնավանկ ը-ն գրելու կանոնը: Ճիշտն ասած, սա ինքնին արդեն վերացած է, ու պիտի սա միայն օրինականացվի:

Չորրորդ: Լավ կլիներ նաև, որ վերացնեինք «ստուգաբանական» տողադարձը, ու մնար միայն վանկատելով տողադարձը, որովհետև շարքային մահկանացուն, այնուամենայնիվ, ստուգաբան չի:

Հինգերորդ քայլը, ինչի ժամանակը իսկի էլ չի եկել, է՛ն կլինի, որ հեռու ապագայում բաղաձայնները գրենք էնպես, ինչպես լսում ենք, ու գրենք նաև գաղտնավանկ ը-ն:

Օրինակ, գրենք` «վարթ, մարաք, բարցըր, բարց, դըթում, աստըղ, ըսկիզբ, ըստիպել» ևն: Որ էսպես գրեինք, էլ ոչ մեկը «ըսփռել» ու «ըսքողել» բառերը սխալ չէր կարդա ու չէր ասի` «սըքողել, սըփռել, սըփռոց»:

Սրանցից առաջին քայլն Աբեղյանը չարեց է՛ն պատճառով, որ բաղաձայնների տեսանկյունից` մեր ուղղագրությունը շա՛տ էր տարբերվելու արևմտահայերենի ուղղագրությունից:

Օրինակ, արևմտահայերենով ասում են` «պատը գանքնաձ է բադի վրա», բայց հասկանում են` «բադը կանգնած է պատի վրա»: Իսկ Արարատյան բարբառի ու արևմտահայերենի ձայնավորները նույնն են:

Բայց բաղաձայններն ըստ հնչողության գրելու ռեֆորմի ժամանակը չի:

Ժամանակը չի, որովհետև դեռ չի լուծվել էն հարցը, թե մեր գրական լեզուն ի՞նչ կերպարանք պիտի ունենա:

Այսինքն, ինչպես արդեն ասվել է, հլը չի ավարտվել մեր հանրահայտ «գրապայքար» կոչվածը:

Առհասարակ, մինչև էս վեճը չլուծվի, ճիշտ կլինի, որ ոչ մի ուղղագրական ռեֆորմ էլ չարվի, բացի «և»-ի ասածս փոփոխությունից ու տողադարձի ասածս կանոններից: Թե չէ ցանկացած ռեֆորմ էլ կլինի ինքնանպատակ:

Թող մենակ գրողներն էքսպերիմենտներ անեն, եթե կուզեն: Էդ տեսակ էքսպերիմենտները պետք են, ու դրանց հանդեպ պիտի լիակատար հանդուրժողություն լինի:

Ինչպես որ, իհարկե, մտքի, խղճի, խոսքի, ձայնի ու տեղեկություն ստանալու ու մյուս տեսակ ազատությունների նկատմամբ, լիովին համապատասխան մեր Սահմանադրությանը (ինչ լեզվով էլ դա գրված լինի):

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՏԱԽՍԱՆ ՆՈՐԱՀԱՅՏ ՀՆԱՄՈԼ

ՊՐՆ ՆՇԱՆ ՈՐԲԵՐՅԱՆԻՆ

(Եթե վերապահություն չկա, էս վերնագրի իմ բոլոր մեջ բերածները Ա. Վ. Գյուլբուդաղյանի Հայերենի ուղղագրության պատմություն գրքից են. ԵՊՀ-ի հրատարակչություն, Երևան, 1973)

Եթե գործերի վիճակը էնքա՛ն է վատ, որ վատանալու էլ ոչ մի տեղ չկա,

մոտ ապագայում, միևնույնն է, անպայման էլի՛ կվատանա:

Մերֆիի օրենքի Չիզհոլմի 3-րդ հետևանքը

Վերջերս մի հնամոլ է՛լ է հայտնվել, «Ռոտ Այլընտցի» (այսինքն, Ռոդ Այլընդցի) պրն Նշան Որբերյանը, ով հանդես եկավ «Առավոտ» օրաթերթում, հոդվածների մի ընդարձակ շարանով (տես «Առավոտ»-ի 2010 թվի հետևյալ համարները. 09.02, 11.02, 23.02,  27.02,  04.03, 06.03, 10.03, 25.03, 01.04, նաև 2009-ի 04.03-ը):

Էս նորահայտ հնամոլի գործունեությունն էնքան տիպական է բոլոր հնամոլներին, որ, ստիպված, պիտի մի քանի բան էլ սրա մասին ասեմ, մանավանդ, որ սրա էս հոդվածների շարանը շատ է ոգևորել տեղական հնամոլներին, ու սրանք իսկույն մի կինո են նկարել, ինչն իր բոլոր հատկանիշներով հույժ բնութագրական է հնամոլների գործելու ձևերին, ու հիմա մի քանի կուսակցություն ու նույնիսկ պետական գործիչ է՛լ է եռանդուն պայքարում, որ դառնանք հին ուղղագրությանը:

ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՌԵՖՈՐՄԻՑ ՄԻՆՉԵՒ ԱԲԵՂՅԱՆԸ ՇԱՏ ՇԱՏԵՐՆ ԵՆ ԽՈՍԵԼ ՊՐՆ ՈՐԲԵՐՅԱՆԻ ԱՐԱԾ «ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՊԵՍ «ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ, բայց պիտի մի քանի բան էլ ասվի էս պարոնի ասածների մասին, որ միամիտները չմոլորվեն ու չմտածեն, թե էս նորահայտ «մարգարեն» միակն է, կամ իրոք ճիշտ է:

Բացի սա, էս պարոնը հարցն էնպես է ներկայացնում, ասես մինչև ինքը ուղղագրությունը փոխելուց համարյա ոչ մեկը չի խոսել, իսկ հատ ու կենտ խոսողներն էլ լրիվ դեմ են եղել փոխելուն:

21. Պրն Որբերյանը նախ պնդում է, թե Աբեղյանի ռեֆորմից առաջ հայերը մեր ավանդական ուղղագրությամբ լրիվ միակերպ էին գրում, ու միայն Աբեղյանի ռեֆորմից հետո է, որ գրում են էս (իր բառով ասած) «խեղագրված» ուղղագրությամբ:

Ճիշտ է, էս պարոնը մի քանի հեղինակի անուն է տալիս, որ գիտականության ու տեղյակ մարդու տպավորություն թողնի, բայց չի ասում, որ ուղղագրական անարխիան ու դրա ռեֆորմի անհրաժեշտության ու զանազան ձևերի մասին վեճերը տևել են համարյա երկու դար: Ինչո՞ւ չի ասում:

Չի ասում, որովհետև եթե ասեր, բոլորին էլ պարզ կլիներ, որ ուղղագրությունը փոխելու նախաձեռնողը բոլորովին էլ Աբեղյանը չի եղել, ու որ միակ հիմնական առարկողն էլ ի՛նքը չի: Եղել են նաև ուրիշ նախաձեռ-նողներ, իսկ սրանցից ամենալուրջը` պատվելի Հայր Միաբան Գալուստ Տեր-Մկրտչյանն է եղել, իսկ դեմ` շատ ու շատ է եղել:

Չնայած սրա մասին արդեն ահագին բան եմ ասել, բայց բերեմ ուղղագրության ռեֆորմի մասին գրողների մի կարճ ցուցակ էլ (ովքեր ուզում են հարցի մանրամասներն իմանան, թող կարդան Աբեղյանի, Լեոյի ու Գյուլբուդաղյանի ասածս գրքերը):

***

19-րդ դարում ուղղագրության ռեֆորմից են խոսել. Գ. Ս. Օտյանը (դեմ, 1851, Առաջարկութիւն աշխարհաբար լեզուի վրա), Գ. Այվազովսկին (դեմ, 1855, հետո` 1869, Ուղղագրութիւն լեզուիս հայոց), Ն. Ադոնցը (կողմ. ասում է, թե «...գրաբարից վերցրած առանձին բառերին պիտի աշխարհաբարի ձև տալ, որ ձուլվեն-հալվեն նոր լեզվի մեջ: ...պիտի պահել հին ուղղագրությունը, օրինակ, բաղաձայնների ուղղագրությունը, ...բառավերջի յ-ն պիտի...գրությունից էլ հանել», Բանբ., 131, 1904թ):

Հետո` Գաբրիել Ավետիքյանը, «Բազմավէպը», (1843), Մսերյանի «Ճռաքաղը» (1858), Միքայել Չամչյանը, Ա. Բագրատունին (1852), Սալլաթյանցը (1839, Համառոտագրութիւն փոքր քերականութեան գրաբար լեզուի հայոց), Մինաս Բժշկյանը (Քերականութիւն ռուսերէն-հայերէն), Արսեն Այտընյանը (1866, Քննական քերականութիւն արդի հայերեն լեզուի), «Արշալույս Արարատյանը» (1850):

1853-ին լույս է տեսնում Նահապետ Ռուսինյանի «Ուղղախոսութիւն արդի հայ լեզուին» գործը, ինչը մեծ աղմուկ է հանում, ու ինչը պաշտպանում էր հնչական սկզբունքը: 1854-ին կազմվում է մասնախումբ (Օտյան, Ռուսինյան, Պալյան, Իւթիւճյան, Պարտիզպանյան): Պատրիարքարանը Ռուսինյանի ձեռնարկն արգելում է:

«Արևելահայերենում ստեղծվում է երկու ուղղագրություն` ավանդական ուղղագրությանը հետևող գրական աշխարհաբար, ու հնչական բարբառախառն աշխարհաբար»:

Հետո` «Մեղու Հայաստանին» (1858-59), Խաչատուր քահանան (1839, Համառօտ Հայկազեան քերականություն), Գամառ Քաթիպան (ռեֆորմին կողմնակից, 1856), Արձակ և չափաբերական աշխատություններ, «գրէ այնպէս, ինչպէս որ խօսում են, եւ խօսէ այնպէս, ինչպէս որ գրում են-ասում է Քաթիպան` հետևելով Կարամզինին):

Հետո` Խ. Աբովյանը (հնչականին համարյա լրիվ կողմ, 1841-1858), «Հյուսիսափայլը» (Ս. Նազարյանց, Մ. Նալբանդյանց, ռեֆորմին կողմնակից, 1858), «Կռունկ Հայոց աշխարհին» (երկու ձևով էլ, 1860), Գ. Ախվերդյանը (երկու ձևով էլ, 1852), «Արարատը» (1850), Մանդինյան (հնչականին կողմ, 1866, «Գարուն», ըստ Լեոյի` էստեղ առաջին անգամ բաղաձայն ու-ն գրվեց վ-ով):

Հետո` Ա. Տեր-Հակոբյանը (հյունագիր), Ստ. Ստեփանեն (հնչական, 1866, «Հայկական աշխարհ», ամփոփում է բոլոր նախորդներին, վերջակետի տեղը` պահանջում է կետ. բայց մի տարի հետո հրաժարվում է իր համարյա բոլոր սկզբունքներից), Հովհ. Շավարշը (1897), Հացունին, Մ. Ս. Գաբրիելյանը, Գ. Բալասանյանը (1897), Ղ. Աղայանը (1888, «Աղբյուր», 1890, 1891, «Մուրճ»), Ս. Սարգսյանը (1889, «Մուրճ»), նորից «Մուրճը» ընդդեմ Սարգսյանի, Լ. Մելիք-Ադամյանը, Նիկողայոս Տեր-Ղևոնդյանը, «Փորձը», «Մուրճը», «Մշակը», «Աղբյուրը», «Հասկերը», «Նոր դպրոցը», (1909), ևն, ևն:

Հաճախ նույն ամսագրում, շաբաթաթերթում, օրաթերթում տպագրված տարբեր հոդվածները տարբեր ուղղագրություն են ունենում:

1880-90-ականներին ու հետո Մխիթարյանները մասամբ հետ են դառնում ավանդականին: Բաղաձայն ու-ն վերականգնելու օգտին են խոսում` Վ. Հացունին (1897, «Բազմավէպ»), Գ. Մենեվիշյանը (1910, «Հանդէս ամսօրեան») ևն:

Էջմիածնի «Արարատ» ամսագրի 1892 թվի հուլիսի համարում կա թեմական վերատեսչի հայտարարությունը, որով արգելվում է նոր ուղղագրությամբ դասագիրք գործածելը: Ղ. Աղայանի «Ուսումն մայրենի լեզւի» դասագիրքն արգելեցին հենց ուղղագրության համար:

Գրողներն ու պարբերականները գրում էին, ոնց ուզում էին: Աղայանի հյունագրության պաշտպանն էր Ադոնցը (1904):

Կատարյալ խառնաշփոթ էր օտար անունների տառադարձության բնագավառը: Օրինակներ. «Ճէնօվա, Շվէտէն, Նօռվէճիա, Վարսավիա, Պավարիա, Ճէօռճիյէվօսք, Քիեվ, Սեվասթօփօլ, Պէթօվեն, Տերժավին, Շվարցէնպէրկ, Վիկթօռ Հւկօ, Փօռթուգալ, Բիէթռօպուրկ, Փէնէլօփէ, Պօնափարթէին, Ճիւզէփէ. Պռուշի (Պրուսիա)», ևն, ևն:

«Արևելքի» 1888-ի մարտի 3-ի համարում լույս է տեսնում Պոլսի կրթական տեսուչ Կ. Ս. Յութուճյանի «Առաջարկությունը»: Սրա մեջ հեղինակը, չորս հետադարձ քայլի հետ, առաջարկում է, որ արևմտահայերը բ, գ, դ, ձ, ջ, պ, կ, տ, ծ, ճ տառերն արտասանեն արևելահայերի նման (ու ոչ թե` պ, ք, թ, ց, չ, բ, գ, դ, ձ, ջ): Առաջարկը քննելու համար կազմվում է հանձնաժողով (իմիջիայլոց` արևմտահայերից` Խրիմյան Հայրիկ, Հովհ. Հյունքյարպեյենտյան, Խ. արք. Նարպեյ, Հ. Սերովբե, Վ. Տերվիշյան, Մարկոս Աղաբեկյան, Մ. Գարագաշյան, Գրիգոր Նիկողոսյան, Դավիթ Քալանթարյան: Խրիմյան Հայրիկի փոխարեն գալիս է Գ. Սրվանձտյանը):

Հանձնաժողովը որոշում է, թե արևելահայերի հնչումը սուրբ գրոց հնչումն է: Հարցը պիտի առաջարկվեր լայն քննարկության, բայց սա չի արվում: Առաջարկի դեմ են լինում արևմտահայ մտավորականները (Տիրոյանը, Գարագաշյանը, Միսքչյանը ևն):

Մենեվիշյանը մի մեծ հոդվածում ասում է, թե «տարարտասանությունը չի խանգարում ազգի միությանը, բավական է, որ գրավորը նույնը լինի»:

1888-ին «Հանդէս ամսօրեան» հրապարակեց Հայնրիխ Հյուբշմանի կարծիքը, ինչը չափազա՛նց է կարևոր, քանի որ Հյուբշմանը հայ նորագույն գիտական լեզվաբանության հիմնադիրն է (Հյուբշմանի մասին կասվի քիչ հետո):

Հյուբշմանն ասում է, թե … հին (գրաբարյան – Մ. Հ.) արտասանությունը պահելը գովելի չէ և ոչ էլ արևմտահայերի` այդ արտասանությունից հեռանալն է պարսավելի:

Հյուբշմանն ասում է, թե ամեն մի լեզու էլ զարգանում է ու փոփոխվում, ու միայն մեռած լեզուներն են, որ անփոփոխ են ու անշարժ: Լեզուն անընդհատ է փոխվում, ու փոխվում է խոսողների կամքից անկախ:

Հին ձևը, լրիվ իրավացի ասում է Հյուբշմանը, միայն լեզվագետի համար նշանակություն ունի, ու ոչ թե խոսողի: Անտեղի է պահանջելը, որ արևմտահայերը փոխեն իրենց արտասանությունը, որովհետև սա անհնար է: Հյուբշմանն ասում է նաև. «Արդի հայ...բարբառները պետք է խոսվեն այնպես, ինչպես որ կան»:

Ու օրինակ, Այտընյանը, Մենեվիշյանը, Հովնանյանը, Սրվանձտյանը, Պետերմանը, Շրյոդերը, Հյուբշմանը, Լագարդը, ևն, ևն մաշտոցյան գրական լեզվին հարազատ էին համարում արևելահայերենը ու ասում էին, թե տառադարձելիս պիտի արևելահայերին հետևենք, ու կարևորը միասնական գրավոր ստեղծելն է:

Լեոն գրում է, թե «ամեն մեկն իր համար էր գրում, իր սկզբունքով»: «Գրավոր ու բանավոր խոսքի միջև առաջացած ճեղքվածքը հանգստություն չէր տալիս բանասերներին: Մի կողմից ձգում էին պահպանել սուրբ նախնյաց գրությունը, մյուս կողմից` հեշտացնել այն` ժողովրդի համար դյուրըմբռնելի դարձնելու համար» – էջ 228:

«Գրական աշխարհաբարի ուղղագրությունը կարգավորելու փորձերի այս տարիներին, սակայն, կարծիքներն այնքան էին իրարամերժ, որ ուղղագրությունը կայունացնելու փոխարեն, նրան տարերային բնույթ էին տալիս»:

ԺԸ դարի երկրորդ կեսին անհամեմատ կայունացած գրությունը այժմ սկսում է տատանվել: Նույնիսկ Վենետիկում տարբեր միաբաններ տարբեր սկզբունքներով են գրում: «Բազմավէպը» հետևում է ավանդական ուղղագրությանը, Վենետիկի միաբան Ղուկաս վարդապետ Ինճիճյանը` հնչյունային, 1813-1819, («Եղանակ Բիւզանդեան», 1824, «Դարապատում», սրանց մեջ կան համարյա բոլոր շեղումները գրաբարյանից»):

Էս թվարկությունն էնքա՜ն է երկար, որ չեմ շարունակում:

***

22. Պրն Որբերյանը կամ հնամոլները պնդում են, թե «ոչ մի խելոք ազգ իր ուղղագրությունը չի փոխել»: Վերևում, աղբյուրները նշելով, ասել եմ, որ իտալացիք, իսպանացիք ու պորտուգալացիք 16-18-րդ դարերում կտրուկ են փոխել իրենց ուղղագրությունները, իսկ ֆրանսիացիք, անգլիացիք ու գերմանացիք էլ անընդհատ ու քիչ-քիչ են փոխել իրենց ուղղագրությունները:

Կովկասում` վրացիների ուղղագրությունն էսօր համարյա լրի՛վ է հնչական:

Հիմա թող ընթերցողն ի՛նքն ասի, ո՞վ է խեղագրողը, Աբեղյանը (ով երբեք սուտ չի ասել. ոչ մի փաստ չկա, որ Աբեղյանը երբևէ սուտ ասած լինի), թե՞...

23. Պրն Որբերյանը պնդում է, թե ուղղագրական ռեֆորմի պատճառով կտրվել ենք կամ կկտրվենք մեր արմատներից` նկատի ունենալով մեր հին գրականությունը:

Սա էլ նոր փաստարկ չի, ու սրանից մի քիչ խոսել եմ արդեն, բայց սրա առիթով միայն մի բան հիշենք: Ասել եմ, որ իտալացիք, իսպանացիք ու պորտուգալացիք 16-18-րդ դարերում ոչ միայն թողեցին իրենց գրաբարները, այլև կտրուկ փոխեցին իրենց ուղղագրությունները:

Հիմա էս ժողովուրդները կտրվեցի՞ն իրենց արմատներից: Իտալացիների «արմատները», այսինքն, իտալացիների հին` վաղ ու ուշ շրջանների լատիներենով (իրենց գրաբարով) գրած գրականությունը, անկասկած, շատ ավելի շքեղ ու հզոր է, քան հայերինը: (Հիշենք, օրինակ, Օվիդիոսին, Վերգիլիոսին, Հորացիոսին, Տիտոս Լուկրեցիոս Կարին, Կիկերոնին, Սենեկային, Պլինիոսներին ու բազում ուրիշ հեղինակի):

Մի փաստը միայն` շա՛տ է բնութագրական: Մեր թվարկության 4-րդ դարում, այսինքն, հայերենի այբուբենն ստեղծելուց մեկ դար առաջ, Հռոմում կար 28 հանրային գրադարան: Հիմա ի՞նչ, իտալացիք կորցրե՞լ են իրենց արմատները:

Կա մի ուրիշ հետաքրքիր հանգամանք:

Էսօրվա ֆրանսիացիները Կեսարի օրերին խոսում էին գալլերեն, այսինքն, կելտական խմբի բարբառներով: Հետո էս գալլերին նվաճեցին գերմանական ֆրանկները: Հետո էլ սրանք բոլորն էլ թողեցին իրենց մայրենի լեզուները` գալլերենն ու ֆրանկերենը, ու խոսեցին էն օրերի լատիներենով, ինչի ժառանգն էսօրվա ֆրանսերենն է:

Նույն ձևով` հին իսպանացիք` իբերները, մոռացան իրենց լեզուն (ինչի մասին էսօր համարյա ոչ մի տեղեկություն չունենք, բացի մի քանի տեղանունից) ու էլի խոսեցին լատիներենով:

Նույնը վերաբերում է էսօրվա ռումինացիներին, ովքեր երևի, մեծ մասամբ, դակերի հետնորդներն են: Ուրեմն, էսօրվա ֆրանսերենը, իսպաներենը, պորտուգալերենն ու ռումիներենը լատիներենի բարբառներն են:

Հիմա ի՞նչ, էսօրվա ֆրանսիացիները, իսպանացիները, պորտուգալացիներն ու ռումինները ինքնություն չունե՞ն, կորցրե՞լ են իրենց ինքնությունը: Էս օրինակը պիտի որ ցույց տա, որ «ազգային ինքնություն» կոչվածը երևի լեզվով (կամ միա՛յն լեզվով) չի որոշվում: Երևի էս հարցում կարևորն է՛ն հանգամանքն է, թե էդ ազգն ի՛նչ է տվել քաղաքակրթությանը, ու էսօր ի՛նչ տեղ ունի էդ քաղաքակրթության մեջ):

24. Պրն Որբերյանը պնդում է, թե.

«...մեր ժողովուրդի երկու հատուածների խզումը եւ խորթացումը սկսուեց լեզուական բաժանումով (աբեղեանական ուղղագրութեան հիմքի վրայ) եւ մերձեցումն ու միասնականացումն էլ պիտի լինի լեզուական հիմքի վրայ... այս հիմնախնդրի վրայ առ այսօր թաբու է դրուած Հայաստանում եւ այնտեղ կազմակերպուող համահայկական կրթական խորհրդաժողովներում կամ գրողների համագումարներում»:

Էս ի՞նչ խզում ու խորթացում է, որ Հայաստանում ոչ մեկը չի լսել: Գուցե մեր մտավորականներից ոմանք համարում են, որ մենք ու իրենք, «աբեղեանական ուղղագրութեան հիմքի վրայ, խզվել ու խորթացել ենք իրարից»: Թող էդ ժամանակ անկեղծ ասեն, ու անպայման մի ճար կգտնվի:

Օրինակ, ճարերից մեկն էն բանը կլինի, որ իրենք է՛լ գրեն իրենց հայրենիքի ուղղագրությամբ, որ չխզվեն ու չխորթանան:

Թե խոսքը արևմտահայ ու արևելահայ գրական ոճերի («լեզուների») խզվելու ու խորթանալու մասին է, սա սկսվել է 1850-ականներին, երբ արևմտահայերը, փոխանակ ղարաբաղցիների, սալմաստցիների, համշենցիների, Շիրակի ու Գուգարքի, ու հայերի շատ հատվածների պես գրական ոճ («լեզու») համարեին Արարատյան բարբառը (ինչն իր տեղադրությամբ է՛լ, կազմությամբ է՛լ` գրաբարով գրանցված Արարատյան բարբառի ժառանգն է), իրենց գրական ոճերի հիմքն ընտրեցին Պոլսո (այսինքն, Ղրիմի հայերի) բարբառն ու համառությամբ գրեցին դրանով:

Էս տեսակ բան մի անգամ եղել է:

Ռուսների բելոռուսական ու ուկրաինական հատվածները, փոխանակ գրեին Մոսկվայի խոսվածքով, գրեցին իրենց տեղական (բելոռուսական ու ուկրաինական) բարբառներով, բայց սրանց տարբերությունը ռուսերենից («Մոսկվայի խոսվածքից») ավել չէր, քան Ղարաբաղի բարբառի (կամ առավելս` Սալմաստի ու Համշենի բարբառների) տարբերությունն Արարատյան բարբառից:

Սա շատ ձեռնտու եղավ բելոռուս ու ուկրաինացի արկածախնդիր ու անջատական քաղգործիչներին, ու սրանք հայտարարեցին, թե իրենք ռուս չեն, թե իրենք ուրիշ ազգ են (մի մասը` թե բելոռուս են, մյուսը, թե ուկրաինացի են): Ու հիմա սրանք մի ազգի փոխարեն ունեն երեք ազգ ու երեք պետություն:

25. Ու երբ պրն Որբերյանը մեր կառավարությանն ասում է, թե.

«...նկատի ունենք Սփիւռքի բոլոր միութիւնների ու կազմակերպութիւնների ներկայացուցիչներից կազմուած մի դաշնային (ֆեդերալ) մարմնի ստեղծումը, որը կը ներկայացնէր ամբողջ Սփիւռքը, ինչպէս նաեւ համասփիւռքեան հայագէտ-լեզուագէտների մի խորհուրդի կազմաւորելը», ի՞նչ ունի մտքին: (Սա՞ չի «իշխանությունը մասնակի յուրացնելու ցանկություն» կոչվածը): Ի՞նչ պիտի անեն ռուսական, իրանական ու ուրիշ Սփյուռքների հայերը: Պիտի ստիպված խոսեն արևմտահայերեն ու նորից գրեն «դասական» կոչող խառնիճաղանջ ուղղագրությա՞մբ:

Ի՞նչ է, արևմտահայերենով խոսող ու ասածս ուղղագրությամբ գրող Սփյուռքը սփյուռք է, իսկ մնացածները սփյուռք չե՞ն:

Սալմաստի բարբառով խոսողները, լենինականցիները, ջավախցիները, ղարաբաղցիները, ղափանցիները, համշենցիները, սասունցիները հայ չե՞ն, ուղղագրություն ունենալու արժանի չե՞ն:

Թե՞ միայն արևմտահայերենի «դասական» ուղղագրությամբ գրողներն «արմատ» ունեն, ու մնացածներն «արմատից» զուրկ են:

ՀԱՅՆՐԻԽ ՀՅՈՒԲՇՄԱՆԸ

(Էս ներքևի տվյալները, մեծ մասամբ, հետևյալ գրքից են. Հայնրիխ Հյուբշման, «Հայագիտական ուսումնասիրություններ»):

Յոհան Հայնրիխ Հյուբշմանը (1848-1908) ծնվել է Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում, Խաչատուր Աբովյանի անհետանալու տարին, ու ապրել է 60 տարի: 1865 թվին ընդունվել է տեղի «միջնակարգ դպրոցը, ինչը երկու տարի հետո ավարտել է «իբրև քաջ աշակերտ»: 1868 թվին ընդունվել է գիմնազիա ու մեկ տարի հետո նույն հաջողությամբ ավարտել է սա:

1868-ին սովորել է Ենայի համալսարանում, որտեղ ծանոթացել է հայերենին, իսկ հետո Շլայհերի (Շլայխերի) մոտ ուսումնասիրել է հնդիկ-գերմանական լեզուների համեմատական քերականությունը: Հաջորդ երեք տարին սովորել է Թյուբինգենի, Լայպցիգի ու Մյունխենի համալսարաններում:

Մյունխենում, 24 տարեկանում, մասնակցել է արևելյան բանասիրության մի մրցության, ուր զեկուցել է իր Զրադաշտական մի երգ գործն ու հաղթել է, ու ստացել դոկտորի գիտական աստիճան: Նույն թվին հրատարակել է հայերենի մասին իր առաջին գործը` Հոլովների ուսմունքը:

Հաջորդ տարին` սկզբում հրատարակել է մի քանի հետազոտություն` Ավեստայի (հին իրանցիների սրբազան գրքի) մասին, իսկ հետո էլ` իր էս գրքի մեկնությունները:

1875 թվին Հյուբշմանը Լայպցիգի համալսարանին է ներկայացրել Սեբեոսի պատմության մի հատվածի մեկնությունը, ինչի մեջ պարզել է հայ եկեղեցու դրությունը, ու նշանակվել է Լայպցիգի համալսարանի արիական (այսինքն, իրանական կամ հնդիկ-իրանական) լեզուների դասախոս:

Հյուբշմանի առաջին դասախոսությունը Լայպցիգի համալսարանում վերաբերում էր ավեստական պարսկերենի ու հին հայերենի հոլովաձևերի համեմատությանը: Հենց նույն տարին Հյուբշմանը հրատարակում է իր Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում գործը, ուր առաջին անգամ հիմնավորել է հայերենի հնդեվրոպական առանձին լեզու լինելու դրույթը:

Նույն տարին հրատարակել է Հայերենի տառադարձության ու արտաբերության մասին գործը, իսկ հաջորդ տարին` Իրանահայկական Karta, Kert, gird անունների մասին հոդվածը: Էդ տարին տպագրում է իր Հայկականքի 1-ին գործը` Տերվիշյանի Հին հայերենի ք հնչյունը գործի գրախոսությունը:

Հաջորդ տարի դասախոսելու հրավեր է ստացել երկու համալսարանից` Գրացի ու Ստրասբուրգի, ու նշանակվել է երկրորդի համեմատական լեզվաբանության պրոֆեսոր ու էդ պաշտոնը վարել է մինչև կյանքի վերջը:

Նույն տարին էլ, 29 տարեկան, ստանում է Ստրասբուրգի համալսարանի (extraordinary) պրոֆեսորի թեկնածուի կոչում` իր փայլուն դասախոսությունների համար: Էդ տարին հրատարակում է իր Հայկականքի երկրորդ ուսումնասիրությունը, իսկ Լոնդոնում տպագրում է իր Հայկական բանասիրություն հոդվածը:

1880-1881-ին հրատարակում է Հայկականք շարքի նոր ուսումնասիրությունները, իսկ 1882-ին էս շարքի Հայերենի ու հնդգերմանական լեզուների քերականական ընդհանրությունների մասին հոդվածը, ու Իրանյան ու հայկական լեզուների տառադարձության մասին աշխատությունը:

1883-ին լույս է տեսել Հյուբշմանի Հայերենի ստուգաբանության հիմունքների առաջին պրակն ու Իրաներենի հնչյունաբանության մասին հոդվածը, իսկ հաջորդ տարին լույս է տեսնում իր Պարսկականքը, 1985-ին` Հնդգերմանական ձայնական համակարգի մասին աշխատանքը: Էդ տարին Հալլեի համալսարանից դասախոսելու հրավեր է ստացել, բայց կրթության նախարարը թույլ չի տվել:

1887-ին հրատարակել է Օսեթերենի անվանակազմությունն ու Օսեթերենի ստուգաբանությունն ու հնչյունաբանությունը աշխատությունները:

1890-ին մերժել է համեմատական լեզվաբանության ու արևելյան լեզուների դասախոս լինելու Վիեննայի համալսարանի առաջարկը: 1892-ին հրատարակել է իր Հայկականքի չորրորդ մասը, հետո էլ՝ Սեմական փոխառյալ բառերը հայերենում հոդվածը:

1893-ին հրատարակել է իր երկրորդ Պարսկականքը, Հայկական հատուկ անունները փոքրիկ գործը, ու գրախոսություն` Գ. Գյուլեմքյարյանի Ցուցակ Մյունխենի պալատական և պետական գրադարանների հայկական ձեռագրերի գործի մասին: 1895-ին հրատարակել է իր Արիները և հայերը հոդվածը, Պարսկականքի հերթական շարքը, հետո իր մեծագույն գործի՝ Հայերենի քերականության առաջին մասը:

1897-ին հրատարակել է իր էս գործի երկրորդ մասը: Նույն էս թվին մասնակցել է արևելագետների միջազգային 11-րդ համաժողովին, ուր առաջին անգամ բաժին է հատկացվել Իրանի ու Հայաստանի մշակույթին, իսկ Հյուբշմանն էլ ընտրվել է էդ բաժնի պատվավոր նախագահ:

1898-ին հրատարակել է իր «Հայերենի հնչյունական օրենքների ժամանակագրության մասին» հոդվածը:

1901-ին հրատարակել է իր Հայկականքի հերթական շարքը:

1903-ին գրախոսել է Անտուան Մեյեի Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծը գիրքը: Էդ տարին եկել է Ս. Ղազար կղզին, ու էստեղ Հյուբշմանին ընտրել են Հայկական ճեմարանի պատվավոր անդամ: Հրատարակել է Յ. Կարստի Կիլիկյան հայերենի պատմական քերականությունը գործի գրախոսությունը:

1904-ին հրատարակել է իր Հին հայոց տեղանունները գործը:

1906-ին հրատարակել է իր վերջին Հայկականքը:

Վախճանվել է Ֆրայբուրգում, կիսատ թողնելով իր մեծագույն գործը՝ Հայերենի քերականությունը:

Հնդեվրոպագիտության երկրորդ ռահվիրայից, Ֆրանց Բոպպից, մինչև Հայնրիխ Հյուբշմանը, համարյա բոլոր հնդեվրոպագետները, թե՛ հայ, թե՛ օտար, պնդում էին, թե հայերենը հին իրանական մի բարբառ է, որովհետև հին հայերենի արմատների մեկ երրորդից ավելը հին իրանական բարբառներից է:

Հյուբշմանն առաջինն էր, ով իր հանճարեղ գիտական ինտուիցիայով գլխի ընկավ, որ հին հայերենի ու իրաներենի արմատների էս ընդհանրության պատճառը փոխառությունն է, որ հին հայերն էդ ընդհանուր արմատները փոխ են առել ավելի զարգացած իրանցիներից, ու սա ապացուցեց:

Ապացուցեց ու ցույց տվեց, որ հայերենը հնդեվրոպական լեզվախմբի մի առանձին ու ինքնուրույն ճյուղն է, ու իր դիրքով էլ մի կողմից իրաներենի ու սլավ-լիտվանական խմբի արանքն է, մյուս կողմից՝ վերջինի ու եվրոպական խմբի արանքն է: Ուրեմն, հայերենը կապում է հնդիրանական ու սլավլիտվական ճյուղերը եվրոպականներին:

Մեր հայագովները (տես հետո) հրճվանքով են ընդունում Հյուբշմանի է՛ն ապացույցը, թե հայերենն ինքնուրույն լեզու է: Բայց սրանցից շատերին դուր չի գալիս, որ հայերն իրենց արմատերի մոտ 35 %-ը իրանցիներից են վերցրել: Ու քափ ու քրտինք կտրած «ապացուցում են» (իհարկե, առանց Հյուբշմանի գիտելիքներն ու հանճարն ունենալու), թե էդ արմատներն իրանցինե՛րն են հայերից փոխ առել:

Հայնրիխ Հյուբշմանն իր ողջ գիտակցական կյանքը նվիրեց հայերենի ու հայ մշակույթի ուսումնասիրությանը: Երբ Անտուան Մեյեն նամակով խնդրեց Հյուբշմանին, որ օգնի, որ Աճառյանը Լայպցիգի համալսարանում դասախոսություն լսի, Հյուբշմանը, տեսնելով, որ Աճառյանն ուսման փող չունի, Աճառյանի հետ իր տանը վեց ամիս անվճար պարապեց, ու մինչև իր կյանքի վերջն օգնում էր Աճառյանին իր խորհուրդներով:

Երկու տարի առաջ Հյուբշմանի մահվան 100-ամյակն էր: Հայաստանում ո՞վ հիշեց Հյուբշմանին:

Հայնրիխ Հյուբշմանն ու Անտուան Մեյեն «նորագույն» հնդեվրոպագիտության «երիտասարդ քերականների» դպրոցի հիմնադիրներն ու կարկառուն ներկայացուցիչներն են: Հայաստանում երիտքերականների ամենակարկառուն ներկայացուցիչները, այսինքն, Հյուբշմանի ու Մեյեի հետևորդները, Հրաչյա Աճառյանն ու Մանուկ Աբեղյանն էին, առաջինը ստուգաբանության բնագավառում, երկրորդը՝ քերականության:

Հնամոլներն ու որբերյանները այ է՛ս կարգի մարդկանց են փնովում:

ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՌԵՖՈՐՄՆ ՈՒ ԱՆՏՈՒԱՆ ՄԵՅԵՆ

Դեղի շշի վրա չպիտի գրեն. «Մանուկներից հեռու պահեք». պիտի գրեն. «Մեծերի՛ց հեռու պահեք»:

Հիվանդին տրվող 6 խորհրդից 3-րդը

26. Պրն Որբերյանն ասում է, թե հռչակավոր հնդեվրոպագետ Անտուան Մեյեն դեմ է եղել ուղղագրությունը բարեփոխելուն: Սա ճիշտ չի:

Էստեղ պրն Որբերյանը մի «ֆռիկ» է անում, ինչից ինքը մի քանի անգամ է օգտվում, ու ինչից հնամոլները շատ ու շատ են օգտվում:

Սրանք, մեկի խոսքը վկայակոչելիս, էդ խոսքից կտրում հանում են մի մաս, ու չեն բերում սկիզբը կամ շարունակությունը, կամ էլ հետագայում հայտնած մի նոր կարծիքը, որտեղ շատ անգամ պարզվում է, որ առաջին անգամ ասածի հակառակն է նկատի առնված:

Ասվածը բացատրելու համար բերեմ Մեյեի 1913 թվի նամակը Աբեղյանին (Անտուան Մեյե, Հայագիտական ուսումնասիրություններ, էջ 32):

(Բացի սա, քիչ հետո բերում եմ նաև Անտուան Մեյեի համառոտ կենսագրությունը, որ պարզ լինի, թե Մեյեի կարծիքն ինչքան է կարևոր):

«Հարգելի Պարոն,

«Ստացա հայերենի ուղղագրության բարեփոխման վերաբերյալ շրջաբերականը:

«Օտարազգին չի կարող այսպիսի խնդիրներին միջամտել:

«Ես ինձ թույլ եմ տալիս միայն նշելու, որ այնպիսի ազգի մեջ, որտեղ չկա որոշ ուղղագրություն պարտադրելու ընդունակ հեղինակություն, ամենախելոք բանը ավանդական ուղղագրությամբ բավարարվելն է, որովհետև միջակ, բոլորի կողմից ընդունված ուղղագրությունն ավելի լավ է, քան ուղղագրական անիշխանությունը:

«Անշուշտ նպաստավոր կլիներ վերացնել է և օ տառերը, որոնք ավելորդ են, իսկ յ-ն գրել այն դեպքում, երբ յոտի արժեք ունի»:

(Սա նշանակում է, որ Մեյեն խորհուրդ է տալիս, որ բառի սկզբի հ լսվող յ-ն փոխարինվի հ-ով ու բառի վերջի չլսվող յ-ն չգրվի, լրիվ հակառակ էսօրվա հնամոլների ուզածին – Մ. Հ.):

«Սակայն անհրաժեշտ է հետևել ավանդական սովորույթներին: Բաղաձայնից հետո ւ չպետք է գրել (ասւիլ). դա չափազանց հակառակ է ավանդությանը և հետևաբար տգեղ է. եթե ուղղենք, ասվիլ գրելաձևն է հարմար: Մի խոսքով, բարեփոխման մեջ ես ավելի շատ վտանգ եմ տեսնում, քան օգտակարություն:

«Ընդունեցե՛ք, խնդրեմ, իմ անձնվեր, ամենասրտագին զգացմունքները:

Ա. Մեյե

«15 հոկտեմբերի, 1913թ.

«Փարիզ – 14, Ալեզիա փ., N 65»

Մեյեի էս նամակից պարզ երևում է, որ Մեյեն վախենում է կառավարական հեղինակավոր իշխանության բացակայությունից, ու որ Մեյեն, ըստ էության, կողմ է ուղղագրությունը բարեփոխելուն, ու ոչ թե հակառակը, ինչպես որ «խեղագրված» ներկայացնում են պրն Որբերյանն ու հնամոլներից շատերը:

Սա ապացուցվում է նաև Մեյեի 1927 թվի մարտի 19-ին Ուղղագրական բարեփոխության հանձնաժողովին գրած ընդարձակ նամակով (տես նույն էջը): Ահա էդ նամակի սկիզբն ու հետագա բովանդակությունը:

«Սկզբունքային մի հարց կա, որ պետք է վճռել. արդյո՞ք հայերենը գրելու են այնպես, որպես երբեք գրված չի եղել, թե՞ հաշվի են առնելու ավանդությունը` հարմարվելով հանդերձ արդիական պահանջներին: Կարծում եմ, որ պետք է հաշվի առնել ավանդությունը:

«Ահա 1500 տարուց ավելի է, որ հայերենը գրվում է, և հին ու ԺԹ (19-րդ – Մ. Հ.) դարի բնագրերը իրականություններ են, որ ազգը պետք է հաշվի առնի»:

(Ուրեմն, Մեյեն պնդում է, որ 19-րդ դարի ուղղագրական փոփոխություններով գրված բնագրերն է՛լ պիտի հաշվի առնվեն – Մ. Հ.):

«Պետք է, որ ընթերցողը շատ անվարժ չզգա իրեն, երբ ուզենա կարդալ բարեփոխություններից առաջ եղած հեղինակների երկերը»:

Սրանից հետո, անցնեմ Մեյեի նամակի մանրամասններին` հետևելով հանձնաժողովի դրած համարներին:

Հանձնաժողովի առաջարկները

Մեյեի պատասխանները

1. Բառասկզբում գրել է և ոչ թե ե, ինչպես էգ, էութիւն, Էդիսոն...

1.Է. այս կետի մասին տարակույս չկա:

2. Բառի մեջ ձայնավորից առաջ գրել է և ոչ թե եյ, ինչպես` րոպէական, մարգարէություն...

2. Է. այս կետի մասին տարակույս չկա:

3. Բառավերջում գրել է, ինչպես` մարգարէ, գիտէ:

3. Է. քանի որ է կա, ինչո՞ւ իզուր վերացնել ավանդությունը:

4. Բառի մեջ բաղաձայնից առաջ միշտ գրել ե, ինչպես` հանդես, հրավեր, սեր, կետ:

4. Ե. համաձայն եմ:

5. Բայական թեքման ժամանակ հին է-երը պահել, ինչպես` գիտէք, գիտէր, գիտցէ՛ք:

5. Ե. հավատարիմ մնալու համար 4-րդ կետում գրված սկզբունքին:

Պետք է ունենալ միանգամայն ընդհանուր կանոններ:

6. Բառասկզբում գրել ե և ոչ թե յե, ինչպես` ես երկու եզ:

6. Ե. ավանդությունը շատ պարզ է: Ամեն մարդ կհասկանա:

7. Բառասկզբում գրել օ և ոչ թե ո, ինչպես` օդ, օգուտ, օր:

7. Օ. տարակույս չկա:

8. Բարդությանց և ածանցմանց մեջ պահելով ստուգաբանական ճշտությունը, գրել օ կամ ո, ինչպես` անօգուտ, տնօրինել, անողոք...

8. Ո. հավատարիմ մնալու համար ընդհանուր կանոնին:

9. Բառամիջում գրել միշտ ո, ինչպես` Պողոս, կոշիկ...

9. Ո. կասկած չկա:

10. Բառավերջում գրել ո, ինչպես` այո, Մկո, Սաքո:

10. Ո. » »

11. Բառասկզբում գրել օվ և ոչ թե ով, այսպես` օվ, օվկիանոս, օվազիս:

11. Օվ. տրամաբանությունն է պահանջում:

12. Հունական օմեգա տառը արտահայտել ո տառով բառամիջում և օ տառով բառասկզբում և ոչ թե ով, ինչպես` Թոմաս, Օսաննա, Օվկիանոս:

12. Ո բառամիջում, օ բառասկզբում` համաձայն ընդհանուր սկզբունքին:

13. Բառասկզբում գրել ո և ոչ թե վո, ինչպես` որդի, որ, որսորդ:

13. Ո. ըստ ավանդության:

14. Ամեն դեպքում գրել վ և ոչ թե մերթ ւ, մերթ վ, ինչպես` ավազ, ազնիվ, հոդված, նվաստ:

14. Վ. կասկած չկա: Վ-ի և ւ-ի տարբերակումն այլևս անիմաստ է: Ես կգրեի տերեվ ևն:

15. Ամեն դեպքում գրել ույ, ինչպես` բույս, լույս, կույր, և ոչ թե բոյս, լոյս, կոյր:

Ծանոթ. ոյ գրությունը միշտ կարդալ oy, ինչպես` կոյուղի...

15. Ույ-ը հնարավոր է, բայց կարծում եմ ոյ-ը բավականին հստակ է:

Այս կետում կցանկանայի պահպանողական լինել, բաղաձայնից առաջ ոյ-ը երկիմաստ չէ:

16. Յ գիրը բառասկզբում վերածել հ-ի, ինչպես` հարմար, հղի, հուլիս:

16. Հ. կասկած չկա: Յ-ն պահելը շատ վատ կլիներ:

17. Բառասկզբում <անձայն յ-ն> դեն գցել որտեղ կարելի է, ինչպես` ետ, առաջ, եսան:

17. Ես կգրեի ետ ևն:

18. Բառավերջում <անձայն յ-ն> չգրել, ինչպես` վկա, ծառա, պաշտոնեա:

18. Վկա ևն:

19. <Անձայն յ> չգրել ա և ի ձայնավորների միջև, ինչպես` վկաի, ազգաին:

19. Սա առաջ է բերում վկաի գրությունը, տրամաբանորեն, եթե հնչում են vkaϊ, բայց վկայի, եթե հնչում են vkai.

20. Իւ գրությունը պահել անփոփոխ, ինչպես` միութիւն... և ոչ թե միություն...

20. Իու, իւ:

21. Եա գրությունը պահել անփոփոխ, ինչպես` կեանք...

21. Եա:

22. Եօ գրությունը վերածել եո, ինչպես` եոթը, արդեոք և ոչ թե յոթը, արդյոք, կամ` եօթը, արդեօք:

22. Եո: Սկզբունքը այդ է պահանջում:

23. [Ու, իւ, եա երկբարբառների համար առաջարկել նոր տառեր]:

23. Նոր տառերը բոլորովին ավելորդ են. ու-ն իւ-ը, եա-ն հստակ են, և դրանք փոխելով ոչինչ չենք շահի:

24. Եվրոպական բառերի կրկնակ բաղաձայնները հայերենի մեջ պահել, ինչպես` կոլլեկտիվ, ապպարատ, մասսա...

24. Պետք է հավատարիմ մնալ հայկական արտասանությանը, և ուր որ պարզ է արտասանվում, պետք է պարզ բաղաձայններ դնել:

«Մի խոսքով, ես կհետևեի հնչյունական սկզբունքին` ավանդությունից հեռանալով միայն անհրաժեշտության դեպքում և սահմանելով հեշտությամբ հետևելի ընդհանուր կանոններ»:

Թե որ մեկնումեկը Մեյեի էս երկու նամակը կարդալուց հետո էլ ասի, թե Մեյեն կտրուկ էր դեմ ուղղագրական ռեֆորմին, ուրեմն, էդ մարդն ուղղակի չի ուզում ճիշտը տեսնի: Որովհետև էս նամակներից պարզ երևում է, որ Մեյեն դեմ է եղել միայն ու միայն ծայրահեղ փոփոխություններին, ինչին Աբեղյանն է՛լ էր դեմ: (Ուրիշ հարց է, թե ո՛վ էր ավելի լավ տեղյակ «ուղղագրական իրադրությունից» թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, որ իմանար, թե ռեֆորմի ո՛ր մի տեսակն է հնարավոր ու ցանկալի):

Մեյեն, ըստ էության, համարյա լրի՛վ է կողմ հանձնաժողովի առաջարկներին, (որոնք, իմիջիայլոց, Աբեղյանի առաջարկների համարյա մի տարբերակն էին), այսինքն, կողմ է էսօրվա ուղղագրությանը: Հանձնաժողովի 24 առաջարկից 18-ին պատասխանում է համաձայնությամբ, ասելով` «համաձայն եմ, անկասկած, կասկած չկա, տարակույս չկա, այո», իսկ երկուսին տալիս է տատանվող պատասխան:

Ուրեմն, Մեյեն էսօրվա ուղղագրությանը համարյա լրիվ է կողմ, ու վերջում էլ ավելացնում է, թե «ես կհետևեի հնչյունական սկզբունքին` ավանդությունից հեռանալով միայն անհրաժեշտության դեպքում և սահմանելով հեշտությամբ հետևելի ընդհանուր կանոններ», ինչը լրիվ է հակառակ հնամոլների ուզածին:

Հիմա թող ընթերցողն ասի, թե ո՛վ է իսկական խեղագրողը:

ԱՆՏՈՒԱՆ ՄԵՅԵՆ

(Ըստ 47-ի, էջ` 733-737. 742-786)

Անտուան Մեյեն ծնվել է 1866 թվի նոյեմբերի 11-ին, Ֆրանսիայի Մուլեն շրջկենտրոնում: Հայրը նոտար էր, բայց սեփական հողամաս ուներ:

Մեյեն իրեն միշտ համարել է գյուղացի:

1872-ին ընդունվում է տեղի լիցեյը, ու միշտ գերազանց է սովորում:

1877-ին մահանում է Մեյեի մայրը: 1884-1885-ին Փարզի Լուի-լը-Գրան լիցեյում պատրաստվում է համալսարան ընդունվելու, ու մրցույթով ընդունվում է Սորբոնի համալսարանն ու դառնում է պետական թոշակառու, պարտավորվելով, որ դասավանդելու է Սեն-Լուի գիշերօթիկ լիցեյում:

1887-ին, փայլուն քննությունից հետո, ստանում է լիցենցատի կոչում:

1889-ին` Փարիզի լեզվաբանական ընկերության անդամ-կելտագետ:

1889-ին, մեկ տարով արձակուրդ վերցրած հռչակավոր լեզվաբան Ֆերդինանդ դը Սոսյուրն իր տեղը 28-ամյա Մեյեի՛ն է նշանակում` Ժնևի Բարձրագույն Դպրոցի համեմատական քերականության դասախոս:

1890-ից սկսում է ռուսերենի ու հին սլավոներենի ուսումնասիրությունը, հետո, մինչև 1891-ը, Վիեննայի Մխիթարյան միաբանությանում, Հայր Հակոբոս Տաշյանը Մեյեի հետ հայագիտություն է պարապում:

1891-ի մայիսից մինչև համարյա ամառվա վերջը եղել է` Թիֆլիսում, Էջմիածնում, Երևանում, Աշտարակում, որ հայերեն ուսումնասիրի ու կենդանի հայերենը սովորի: Ծանոթացել ու բարեկամացել է Գալուստ Տեր-Մկրտչյանի հետ:

1891-ի աշնանից (Լուի Դյուվոյի հետ, ով մահացել է 1903-ին) վերջնական փոխարինում է Ֆերդինանդ դը Սոսյուրին:

1894-ին, Ջեմս Դարմստետերի մահից հետո նշանակվում է նաև իրանական լեզվի դասախոս:

1897-ին դարձել է գիտությունների դոկտոր հին սլավոներենի մի հետազոտության համար:

1899-1900-ին Կոլեժ դը Ֆրանս բարձրագույն դպրոցում փոխարինել է հնդեվրոպական լեզուների համեմատական քերականության դասախոս Միշել Բրելին:

1902-1905-ին Արևելյան կենդանի լեզուների դպրոցում, մահացած Օգյուստ Կարիերի փոխարեն, դասավանդել է գրաբար ու արդի հայերեն:

1902-ին, Հայր Հակոբոս Տաշյանի խնդրանքով, վեց շաբաթում շարադրել է Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծ աշխատանքը, ինչը լույս է տեսել 1903-ին, իսկ 1936-ին, հետմահու, լույս է տեսել սրա բարեփոխած հրատարակությունը:

1903-ի հուլիս-օգոստոսին նորից է եղել Հայաստանում` Շուշում, Թիֆլիսում ու Էջմիածնում, որ շփվի հայերի ու հայերենի հետ ու ձեռագիր ուսումնասիրի: Շուշում երկու շաբաթ մնացել է Աճառյանի տանը:

1908-ին ընտրվել է Ֆիննա-ուգրական ընկերության անդամ:

1908-ին` Շվեդիայի Գյոտեբորգի ակադեմիայի անդամ:

1908-ին` Պրահայի Ֆրանսուա-Ժոզեֆ ակադեմիայի անդամ:

1910-ին` Բեռլինի համալսարանի պատվո դոկտոր:

1913-ին` Նորվեգիայի Գիտությունների ակադեմիայի անդամ:

Նույն թվին հրատարակել է իր Հին հայերնի տարրական դասագիրքը:

1914-ին` Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի անդամ:

1918-ին` Իռլանդիայի Արքայական ակադեմիայի անդամ:

1918-ին` Հոլանդիայի Արքայական ակադեմիայի անդամ:

1914-ին` Բելգիայի Գիտությունների ակադեմիայի անդամ:

1920-ին, իր աշակերտ Ֆրեդերիկ Մակլերի հետ, հիմնել է Ֆրանսիայի Հայագիտական ընկերությունն ու սրա հայագիտական հանդեսը (կար մինչև Մեյեի կաթվածը, 1933-ը), որ Եվրոպայի հայերը հայագիտությամբ զբաղվելու ազատ հնարավորություն ունենան:

1920-ին` Դանիայի Գիտությունների ու գրականության արքայական ընկերության (ակադեմիայի) անդամ:

1920-ին` Չեխոսլովակիայի Գիտությունների ու արվեստների ակադեմիայի անդամ:

1920-ին` Սերբիայի Արքայական ակադեմիայի անդամ:

1921-ին դարձել է Փարիզի Սլավոնագիտության ինստիտուտի նախագահն ու Պոլ Բուայեի հետ հիմնել է Սլավոնագիտական հանդեսը:

1922-ին` Շվեդիայի Ուպսալայի ակադեմիայի անդամ:

1922-ին` Պադովայի համալսարանի պատվո դոկտոր:

1923-ին` Ռումինիայի Արքայական ակադեմիայի անդամ:

1924-ին` Ֆրանսիայի ակադեմիայի անդամ:

1926-ին` Ֆինլանդիայի Գիտությունների ակադեմիայի անդամ:

1927-ին` Matisa Speka-յի պատվավոր անդամ:

1928-ին` Լատվիայի համալսարանի պատվավոր անդամ:

1928-ին` Լոնդոնի ասիական ընկերության անդամ:

1928-ին` Դուբլինի Տրինիտի Քոլեջի պատվո դոկտոր:

1928-ին` Ի. Սխրիյնենի հետ կազմակերպել է Լեզվաբանական առաջին համաժողովը (Լեհաստանում):

1928-ին` Օքսֆորդի համալսարանի պատվո դոկտոր:

1930-ին դասախոսություններ է կարդացել Նյու-Յորքի Կոլումբիայի համալսարանում:

1931-ին դասախոսություններ է կարդացել Աթենքի համալսարանում, ուր խորհուրդ է տվել, որ կազմեն հունարեն բարբառների ատլասը:

1932-ին` Բրյուսելի համալսարանի պատվո դոկտոր:

1933-ին` Աթենքի ակադեմիայի անդամ:

1935-ին` Ամերիկյան արևելագիտական ընկերության անդամ:

1936-ին Ֆրանսիական ակադեմիան Մեյեին է շնորհել իր բարձրագույն «Օզիրիս» մրցանակը:

1936-ին` Պատվո լեգիոնի ասպետ:

1936-ի սեպտեմբերի 21-ին վախճանվել է:

Մեյեն հիանալի դաշնակահար էր, բայց ի տարբերություն Ռոմեն Ռոլանի, ելույթ չէր ունենում: Չափազանց ազնիվ էր, ուղղամիտ, նրբանկատ, չէր տանում զրախոսությունը, պատրաստ էր օգնելու երիտասարդ լեզվաբաններին: Մեյեի աշակերտներն են` լեզվաբաններ Հրաչյա Աճառյանը, Ֆրեդերիկներ` Կարիերն ու Մակլերը, Էմիլ Բենվենիստը ու այլոք: Իր ողջ կյանքում աշխատել է կանգնած, որովհետև թոքերից թույլ էր:

Մեյեն հայերի ջերմ պաշտպանն էր, ու թե՛ եղեռնի օրերին, թե՛ դրանից հետո` անընդհատ իր ելույթներով պաշտպանել է հայերի գործը:

Հենց Անտուան Մեյեն է հայտարարել, որ «ամեն ոք, ով շահագրգիռ է հայերենով ու հայագիտությամբ, պիտի անպայման ուսումնասիրի Մանուկ Աբեղյանի 1908-ին հրատարակած Հայերենի շարահյոսությունը դպրոցական դասագիրքը, որովհետև սա լուրջ գիտական աշխատություն է»:

(Անտուան Մեյեի հոբելյանը Հայաստանում նշել են միայն 1966-ին, Պետական համալսարանի մակարդակով):

Ահա թե ո՛վ է Մեյեն:

Իսկ էսօր, հնամոլ որբերյանները հայհոյում են «խեղագիր» Աբեղյանին, վկայակոչելով Մեյեին:

ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՌԵՖՈՐՄՆ ՈՒ ՄԱՌՆ ՈՒ ԱԴՈՆՑԸ

Սխալվելը հատուկ է մարդուն, բայց մեղքն ուրիշի վրա բարդելը` ավելի՛ է հատուկ:

Յակոբի օրենքը

27. Պրն Որբերյանը (մյուս հնամոլներն էլ) նույն ձևով էլ խեղագրում է Նիկողայոսներ` Մառի ու Ադոնցի կարծիքները:

Մառը, իրոք, 1913 թվին անվերապահ դեմ է եղել ուղղագրական ռեֆորմին, բայց հետո հանձնաժողովին գրած իր կարծիքի մեջ (1926-27թթ, տես Մ. Աբեղյան, Երկեր, հատ. Ը, էջ 656) պաշտպանել է Աբեղյանի ուղղագրական առաջարկների մեծ մասը: Պրն Որբերյանն ու բոլոր հնամոլներն էս վերջին փաստը երբեք չեն ասում, բայց առաջինն էլ` չե՛ն մոռանում:

Պրն Որբերյանն էնպես է ներկայացնում, թե Ադոնցը կտրուկ դեմ է եղել ուղղագրության ռեֆորմին: Բայց ահա թե Գյուլբուդաղյանն ինչ է ասում իր գրքում (էջ 203) Ադոնցի մասին.

«Գրաբարը վերականգնելու ծայրահեղ կարծիքներին «Մշակը»-ը պատասխանում է մի այլ ծայրահեղությամբ (արդեն ասել եմ, որ էս ծայրահեղությունն իրագործեցին իտալացիք, իսպանացիք ու պորտուգալացիք – Մ. Հ.):

«Նա <Ադոնցը> գրում է, թե աշխարհաբարը, իբրև ինքնուրույն, անկախ լեզու, պիտի առաջնորդվի իր օրենքներով, <և> վնասակար է գրաբարը իբրև հիմք, առաջնորդ ընդունելը, որովհետև դրանք իրար հակառակորդ են ձևերի, դարձվածների, ոճերի մեջ»:

«Քննադատելով այս երկու ծայրահեղ սկզբունքները` Ն. Ադոնցը միանգամայն առողջ դիրքերից ընդգծում է, որ աշխարհաբարը որքան գրաբարի զավակն է, այնքան էլ եղբայրն է, երկուսն էլ հայ ժողովրդի ծնունդն են: <Ընդգծում է, որ> Թերամտություն է ասել, թե մեռածից ոչինչ պետք չէ կենդանացնել:

«Հին լեզվի բառագանձը պիտի օգտագործել նոր լեզվի շինության վրա, գրաբարից վերցրած բառերին պիտի աշխարհաբարի ձև տալ (ինչն առանց էդ բառերի ուղղագրությունը փոխելու, անհնար է, ու ինչը, համարյա երբեք, չի արվում – Մ. Հ.), որ ձուլվեն հալվեն նոր լեզվի մեջ: Քանի տվյալ հնչյունափոխությունը չի հասել ավարտուն ամբողջության, պիտի պահել հին ուղղագրությունը, օրինակ, բաղաձայնների ուղղագրությունը»:

(Չմոռանանք, որ Ադոնցը, այնուամենայնիվ, պատմաբան էր, ու առանց հիմքի է պնդում, թե բաղաձայնների հնչյունափոխությունը չի հասել ավարտուն վիճակի – Մ. Հ.):

«Ընդհանուր երևույթ է, որ բառավերջի յ-ն համր է, չի արտասանվում, սա ավարտուն հնչյունափոխություն է, ուստի պիտի այդ յ-ն գրությունից էլ հանել»:

Ավելացնեմ, որ «Ադոնցը 1903 թվից հետո, հետևելով Ղ. Աղայանին, իր «Բանբերի» Բ գիրքն արդեն ավանդական ուղղագրությամբ չի գրում, ու անցնում է հյունագրությանը»:

Տեսնում ենք, որ Ադոնցը երբեք էլ ուղղագրության ռեֆորմին կտրուկ դեմ չի եղել: Ադոնցը դեմ է եղել ռեֆորմի առաջարկներից (իր կարծիքով) ծայրահեղներին միայն:

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԸ

(մեծ մասամբ, ըստ Հայկական հանրագիտարանի)

Նիկողայոս Գևորգի Ադոնցը (1871-1942, իսկական ազգանունը` Տեր-Ավետիքյան) ծնվել է Զանգեզուրի Բռնակոթ գյուղում (հիմա Սիսիանինն է):

Սովորել է Տաթևի ծխական դպրոցում, հետո` Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, հետո` Թիֆլիսի ռուսական գիմնազիայում (1892-1894):

Ադոնցը ոսկե պարգևանշանով ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ու պատմա-բանասիրական ֆակուլտետը (1899): 1899-1901-ին բյուզանդագիտություն է ուսումնասիրել Եվրոպայում (Մյունխեն, Փարիզ, Լոնդոն, Վենետիկ):

1903-ին եկել է Թիֆլիս ու վրացերն է ուսումնասիրել, հետո աշխատել է Էջմիածնի մատենադարանում:

Ադոնցը հենց էդ տարիներին է գրել իր Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում մագիստրական փայլուն թեզը, ինչը 1909-ին պաշտպանել է ու դարձել Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ:

Ադոնցը 1916-ին Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները գործի համար ստացել է բանասիրության դոկտորի աստիճան ու պրոֆեսորի կոչում:

Նույն թվին եղել է Էջմիածնում, Մուշում, Էրզրումում, մասնակցել է Վանի հնագիտական արշավախմբին: 1917-ին ընտրվել է Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու ու պրոֆեսոր:

1920-ին գնացել է Լոնդոն, հետո` Փարիզ: 1920-ին հրավիրել են Բրյուսելի համալսարանը, որ դասախոսի, իսկ հետո ղեկավարել է էդ համալսարանի հայագիտության ամբիոնը:

Ադոնցը մահացել է Բրյուսելում:

Ադոնցի ձեռագրերը հանձնել են Փարիզի Նուպարյան մատենադարանին, գրքերը` Բրյուսելի հայ գաղութին:

Ադոնցը թողել է մոտ 80 հայերեն, ռուսերեն ու ֆրանսերեն կարևոր աշխատություն` նվիրված` հայերի պատմությանն ու հին գրականությանը, հայ-բյուզանդական ու հայ հունական հարաբերություններին ու բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին ու լեզվաբանությանը:

Ադոնցի կարևոր գործերն են. Հայստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Հայ հին շինականությունը (1927), Արուեստ Դիոնիսայ Քերականի և հայ մեկնութիւնք նորին, Պատմական ուսումնասիրություններ (1948):

Ադոնցն արդեն գրում էր հայ ժողովրդի ամբողջական պատմությունը, բայց հասցրեց սրա միայն առաջին հատորը, հնագույն շրջանը, ինչը լույս է տեսել Հայաստան վերնագրով:

Էս գործի մեջ Ադոնցը քննում է Նաիրի ցեղերի ու Ուրարտական պետության մասին տեղեկություններն ու ցույց տալիս, որ սրանց մշակույթը ժառանգեցին միայն հայերը, ու որ հայ ժողովրդի կազմավորվելու շրջանում նաև սրա՛նք են եղել էն հիմնական բաղադրիչներից մեկը, ինչը լուծվել է հայերի մեջ ու հետո առանձին նախարարական տներ է դարձել:

Սրանով Ադոնցը Նաիրի ցեղերի ու Ուրարտուի պատմությունը դարձրեց հայերի նախնի միավորներից մեկի պատմությունը, ուրեմն, նաև հայերի պատմությունը, ու հայ ժողովրդի պատմությունը երկարացրեց մոտ 15 դարով:

Ադոնցի աշխատությունները (ինչքան ես գիտեմ) հայերեն լրիվ չեն թարգմանվել:

Երբ կարդում ես Ադոնցի Հայաստանը կամ Հուստինիանոսը, ուղղակի հիանում ես Ադոնցի գիտական մեթոդի հստակությամբ ու անաչառությամբ, զսպությամբ ու լրջությամբ, ու հետն էլ խորը ցավով ափսոսում ես, որ մեր էսօրվա պատմագիտությունն իր մակարդակով զիջում է Գալուստ Տեր-Մկրտչյանի, Աբեղյանի, Ադոնցի, Մանանդյանի, Լեոյի ու մեր մնացած պանծալի բանասերների գործերի մակարդակին ու անաչառությանը:

Մեր էսօրվա որբերյանները ու իշխանյանները ոնց որ մրցեն, թե ո՛վ ավելի «շատ» «կապացուցի», որ հայերն ամենահինն ու «ամենապուպուշն» են:

ՊՐՆ ՈՐԲԵՐՅԱՆԻ «ԽԵՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

ԱԲԵՂՅԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ

Լավ ու կարևոր գործն անպատիժ չի մնում:

Ժողովրդական ասացվածք

28. Պրն Որբերյանն ասում է, թե Մ. Աբեղյանն իր 1913 թվի Մեր ուղղագրության մասին զեկուցման մեջ (Երկեր, հատ. Ը, էջ 330-367) դեմ է եղել ուղղագրության ռեֆորմին.

«Նոյնիսկ ինքը՝ Աբեղեանը իր բարեփոխումից մի քանի տարի առաջ իր յոբելենական զեկոյցի մէջ շեշտել է, որ միանգամայն ընդմիշտ պիտի հրաժարուել ուղղագրութեան մէջ հիմնական փոփոխութիւններ անցկացնելու ծայրայեղ մտքից»:

Սա հաստատ է սխալ ու նաև անհեթեթ է ( նույն էս միտքը վերագրելով նաև ուրիշ հեղինակներին, պրն Որբերյանն ու մյուս հնամոլները միշտ էլ սխալ են մեկնում (ինչպես արդեն համոզվեցինք)), որովհետև ռեֆորմին դեմ լինողը ռեֆորմի ծրագիր ու սրա մասին ընդարձակ զեկուցում չէր կազմի ու կարդա, եթե, իհարկե բացարձակ անսկզբունքային չլիներ:

Այնինչ, Աբեղյանի սկզբունքայնությունը ոչ մեկի կասկածը (բացի հնամոլներինը) չի հարուցում, չի հարուցում նույնիսկ Աբեղյանի ավելի լուրջ հակառակորդներինը): Պրն Որբերյանն էստեղ է՛լ է կիրառում իր հիմնական «ֆռիկը»: Չի ասում, թե իր զեկույցի մեջ, մի քանի տող հետո, Աբեղյանն ինչ է ասում:

Ճշմարտությունը հետևյալն է: Աբեղյանը, իրոք, ասում է.

«...հենց սկզբից պիտի ասեմ, որ եթե որևէ փոփոխություն պիտի մեր ուղղագրության մեջ ավելի խառն դրություն մտցնի և մեր գրական լեզուներն իրարից ավելի հեռացնի, ավելի լավ է, որ չլինի: Այս պատճառով այս խնդրին պետք է շատ մեծ զգուշությամբ մոտենալ» (էջ 330): «...մի անգամ ընդմիշտ պիտի հրաժարվել ուղղագրության մեջ հիմնական փոփոխություններ մտցնելու ամեն ծայրահեղ մտքից, որով ցանկանում են (ցանկանում էր, օրինակ, Ս. Մալխասյանցը, բայց մինչև ուղղագրության ռեֆորմը – Մ. Հ.) մեր ուղղագրությունը խիստ հնչաբանական դարձնել...» (էջ 338):

«...Ուրեմն` բաղաձայնների (բացի բաղաձայնական ու-ն, ւ-ն, ի-ն ու յ-ն – Մ. Հ.) հին ուղղագրությունն անձեռնմխելի պիտի մնա, և այս ոչ թե այն պատճառով, որ այդպես ենք կամենում, այլ նրա համար, որ ամեն այդպիսի փոփոխություն աննպատակ կլինի և ավելի մեծ դժվարություններ առաջ կբերի, քան եղած դրությունը:

«Դա կստեղծի, իրավ որ, մի նոր «բաբելոնական խառնակություն»: Եվ եթե մենք ուզում ենք գրական լեզու ունենալ, և այն, որ արևմտյան աշխարհաբար իմացողի համար հասկանալի լինի արևելյան աշխարհաբարը, կամ ընդհակառակն, մենք պետք է պահենք այդ պայմանը, ինչպես պահել ենք ցարդ:

«Այս սկզբունքը ամենից կարևորն է մեր ուղղագրության համար: ...հիմնական մեծ փոփոխություն մտցնել անհնարին է մեր ավանդական ուղղագրության մեջ, այլ հնարավոր են միայն մասնակի փոփոխություններ, որոնց թիվը մեծ չի կարող լինել, քանի որ այդպիսի փոփոխությունները պիտի լինեն միայն ձայնավոր տառերի ուղղագրության մեջ, այն էլ այն տառերի, որոնց գրությունը համապատասխան չէ...<մեր> երկու գրական լեզուների ընդհանուր դպրոցական արտասանությանը (էջ 341)»:

Մի հատված էլ բերեմ Աբեղյանի 1913 թվի էս զեկույցից: Եթե պրն Որբերյանն ու մյուս հնամոլներն իրո՛ք տիրապետեին գիտական մեթոդին, ու իրենց ելույթներից առաջ բարեխիղճ ուսումնասիրեին իրենց ելույթին վերաբերող գիտական գործերից գոնե հիմնականները, էս հատվածն իրենց շատ դուր կգար, ու սա կդարձնեին իրենց հիմնական կռվանը:

Բայց էդ մարդիկ գիտությունից շատ են հեռու, ու իրենց հոդվածների նյութերը քաղում են միայն թերթերում իրենց կողմնակիցների գրած անհիմն հոդվածներից ու զանազան բանավոր ասեկոսներից: Ահա ասածս հատվածը (ընթերցողին զգուշացնեմ, որ էս խոսքն Աբեղյանը գրել է 1913 թվին, երբ Արևմտյան Հայաստանը կար, ու ոչ մեկը չէր է՛լ մտածում, որ սարսափելի գենոցիդ կլինի):

«...մեզնից ամեն մեկն էլ, ինչքան կուզե, թող խորհի ու գրի մեր ուղղագրության մասին, բայց երբեք իրեն չհամարի մի ակադեմիայի հավասար և ինչ որ ինքը մտածում ու ճիշտ է համարում, երբեք իրավունք չունի ...անմիջապես գործադրելու:

«Ավելի լավ է ուղղագրությունը լինի սխալ ու դժվար, բայց միակերպ: ...Փոփոխություն, իմ կարծիքով, պետք է և կարելի է անել որոշ չափով. բայց եթե որևէ փոփոխություն պիտի վերացնի մեր ուղղագրության միությունը և մեր երկու գրական լեզուներն իրարուց հեռացնի, ավելի լավ է, որ չլինի:

«Իսկ մեր ամեն` իրենց մի-մի ակադեմիա կարծող անհատների փոփոխություններին ուրիշ բան չի վիճակված, բացի մի նոր խառնափնթոր դրություն մտցնելը մեր ուղղագրության մեջ:

«Միայն հոգևոր իշխանությունների և գրագետների միության ձեռներեցությամբ կազմված բանիբուն մարմնի որոշումը մեզ համար ընդունելի և պարտադիր կլինի: Իսկ մինչ այդ ձեռք պիտի քաշել ամեն հին ու նոր փոփոխություններից և դառնալ ավանդական ուղղագրությանը: Ա՛յս է ուղիղ ճանապարհը» (էջ 366):

Էս հատվածը նախ ցույց է տալիս, որ Աբեղյանը երբեք դեմ չի եղել ուղղագրական մեղմ ռեֆորմին ու երբեք էլ անսկզբունքային չի եղել (օրինակ, Ս. Մալխասյանցի պես) ու իր կարծիքը չի փոխել հանուն իր շահի կամ ի հեճուկս իրեն դուր չեկած մարդկանց:

Բացի սա, 1913 թվին Հայաստանում ո՛չ պետականություն կար, ոչ է՛լ գրագետների միություն կամ ակադեմիա, ու սրա համար է, որ Աբեղյանն ուղղագրության փոփոխությունը վաղաժամ էր համարում:

Իսկ 1921-ին արդեն պետականություն կար, ու էս անգամ Աբեղյանը ռեֆորմի չորս տարբերակ առաջարկեց` մեղմը, քիչ ավելի խիստը, խիստն ու ամենախիստը, բայց սրանցից ոչ մեկն էլ բաղաձայններին ձեռք չէր տալիս, որ մեր երկու գրական լեզուն փոխադարձ հասկանալի լինի, ու գրական խզվածություն չլինի:

Աբեղյանն էս չորս տարբերակն առաջարկել էր, որ արդեն առկա ազգային իշխանությունը սրանք քննության դնի առկա մտավորականների խորհրդին:

Բայց լուսժողկոմ Պողոս Մակինցյանը, «...կանգնած լինելով այն տեսակետի վրա, որ եթե ռեֆորմ է լինում, պետք չէ բավականանալ չնչին փոփոխություններով (Մ. Աբեղյան, Երկեր, Ը հատ., էջ 387)», (ինչը, իհարկե, լրիվ անիմաստ չի), առանց մեր գրագետներից որևէ մեկի համաձայնությունը հարցնելու (նույնիսկ` Աբեղյանինը), ռեֆորմի խիստ տարբերակը ներկայացրեց Ժողովրդական Կոմիսարների Խորհրդին, ու սա էլ դեկրետով նոր ուղղագրությունն իսկույն գործի դրեց:

Սա, լրիվ իրավացի, վիրավորեց էն օրերի մեր մտավորականներից շատերին, ու դրանց հետ էլ` Աբեղյանին: Սա՛ է իրողությունը:

Ի՞նչ պատահեց Աբեղյանին սրանից հետո:

Արդեն ասել եմ, Ս. Մալխասյանն ընկավ Աբեղյանի հետևից, քիչ-քիչ կողմնակիցներ հավաքեց (հիշենք Ա. Ղարիբյանին ու Գ. Սևակին), ովքեր անցան Աբեղյանին անվանարկելուն:

Իսկ 1930 թվից, օգտվելով ստալինյան մղձավանջային մթնոլորտից, ինչը հնար էր տալիս կործանելու (նաև ֆիզիկական առումով) նույնիսկ համաշխարհային հռչակի տեր գիտնականներին ու, առհասարակ, ցանկացած մարդու, համոզեցին հայ ողջ հասարակությանը, թե Աբեղյանի գրականագիտությունն է՛լ, քերականությունն է՛լ «բուրժուական, իդեալիստական, մետաֆիզիկական, մախիստական, ֆորմալիստական» են, ևն:

Աբեղյանը 1936 թվին հրապարակային ելույթով անառարկելի ապացուցեց էն օրերի հայ բոլոր քիչ թե շատ նշանավոր մտավորականներին (անառարկելի, որովհետև վերի զրպարտողներից ոչ մեկը առարկության ծպտուն անգամ չհանեց), որ իր ընդդիմախոսների բոլոր ասածները կամ զրպարտություն են, կամ տգիտություն:

Ասել եմ արդեն, որ Աբեղյանի էս ելույթը չհրապարակվեց մինչև 1985 թիվը:

Սրանից հետո էլ մեր լեզվաբաններից ոչ մեկն էլ ոչ մի անգամ չասաց, որ Աբեղյանի էս փայլուն ելույթը գիտական զուտ ճշմարտություն է, որով-հետև սա կործանարար էր, ու է՛ մեր էսօրվա հայ քերականության համար:

Ավելորդ է ասելը, որ հնամոլները երբեք էս չափազանց լուրջ հարցից չեն խոսում, որովհետև շատ լավ գիտեն, որ նախ գիտական լուրջ խնդրով քաղաքական մեծ «շուխուռ» չես անի ու ազգային հերոս գործչի անուն չես հանի, ու երկրորդ, գիտեն, որ իրենք լուրջ գիտելիքից զուրկ են:

29. Պրն Որբերյանն ասում է, թե ռեֆորմի իրագործողներից էր «գրականագէտ Մանուկ Աբեղեանը, ում լեզուագիտական գագաթնակէտը խեղագրական ռեֆորմն էր՝ Մաշտոցին հաւասարուելու մարմաջով»:

Դժվար թե պրն Որբերյանը չիմանա, որ Աբեղյանը հայ առնվազն երկրորդ ամենախոշոր լեզվաբանն է, եթե ոչ առաջինը. որ Աբեղյանը հայ ամենախոշոր ազգագրագետն է, խոշորագույն բանահավաք է, հրաշալի պատմաբան ու հույժ վաստակավոր մանկավարժ ու մեր ակադեմիայի ըստ էության հիմնադիրը:

Բայց ինչո՞ւ է էդ պարոնը մի տեսակ հեգնանքով ասում «գրականագետ Աբեղյանը», ասես Աբեղյանն ուրիշ վաստակ չունի, իսկ ինքը, պրն Որբերյանը, հռչակավոր լեզվաբան է ու ուղղագրության էսօրվա ամենակարկառուն մասնագետը (որ նա ի՛ր իսկ գոված ուղղագրությունը լավ չգիտի, երևում է հենց իր գրածների ուղղագրությունից, բայց սրա քննությունը թողնենք ուրիշներին): Սա մեկ:

Հետո՝ էս «Ռոտ Այլընտցի» պրն Որբերյանը ո՞րտեղից է իմացել, որ Մանուկ Աբեղյանի «լեզուագիտական գագաթնակէտը խեղագրական ռեֆորմն էր»:

Ինչո՞ւ է էս պարոնն ասում, թե Աբեղյանը լեզվաբանության մեջ խեղագրությունից բացի ուրիշ կարևոր բան չի արել, որովհետև իր ասածը հենց սա՛ է նշանակում:

Ու էս պարոնը ո՞րտեղից գիտի, թե Աբեղյանը «Մաշտոցին հավասարվելու մարմաջ ուներ»:

Որևէ փաստ կամ գոնե ակնարկ կա՞ սրա մասին:

Էս տեսակ բան` նույնիսկ 1930-ականներին Աբեղյանին զրպարտողները չեն ասել, որովհետև լա՛վ գիտեին, որ եթե ասեին, ծիծաղի առարկա կդառնային:

Թող ընթերցողն ի՛նքը մեկնաբանի պրն Որբերյանի էս ասածները ու գնահատի մեր էս պարոնի չափի զգացումն ու բարեկրթությունը, իսկ էստեղի հնամոլներն էլ թող գովեն իրենց «Ռոտ Այլընտցի» զինակցին ու ոգևորվեն սրա «հայտնագործություններով», եթե կուզեն:

ԱԲԵՂՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆ(Ց)Ը

Առաքինությունն ինքնին պատիժ է:

Դենիստոնի օրենքը

30. Մի քանի բան էլ ասեմ պրն Որբերյանի գովաբանած Ստեփան Մալխասյան(ց)ի (1857-1947) մասին (տես Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան):

Ս. Մալխասյանը ծնվել է Ախալցխայում, 1874-1878-ին Գալուստ Տեր-կրտչյանի հետ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1889-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանը, էդտեղ էլ թեկնածուի գիտական աստիճան է ստացել: Մոտ քսան տարի ուսուցչություն է արել:

Հրատարակել է Ստեփանոս Տարոնացու (Ասողիկ) Պատմութիւն տիեզերական գործի քննական տեքստը (1885), աշխատակցել է Գալուստ Տեր-Մկրտչյանի Ղազար Փարպեցու Պատմություն... գործին (տես վերը), «այսպես և` Ղևոնդ վարդապետի Պատմությունը, Ագաթանգեղոսի (1909), Խորենացու (1913) «Պատմությունները», Ամիրդովլաթի «Օգուտ բժշկության» (1940) գիրքը»:

«Թարգմանել է այլ լեզուներից ու գրաբարից: «...ծանրակշիռ հետազոտություններից են` Ուսումնասիրություն Փավստոս Բուզանդի պատմության (1896), Սեբեոսի պատմությունը և Մ. Խորենացին (1899), Խորենացու առեղծվածի շուրջը (1940)»: (Էս թվերից երևում է, որ Մալխասյանը մոտ 40 տարի գիտական լուրջ գործ` համարյա չի արել):

Հայտնի է իր Հայերենի բացատրական բառարանով, ու հայտնի էր իր Մի հնչյունին մի գիր (Թիֆլիս, 1910) իբր «սկզբունքային» գրքով, ինչը Հայերենագիտական բառարանի հեղինակը, չգիտես ինչու, չի հիշատակում:

Այնուամենայնիվ, Մալխասյանի գիտական հեղինակությունը, մեղմ ասած, բոլորովին էլ համեմատելի չէր ո՛չ Գալուստ Տեր-Մկրտչյանի, ոչ է՛լ Աբեղյանի հեղինակության հետ:

Ս. Մալխասյանը երեք տարի մեծ է Գալուստ Տեր-Մկրտչյանից (1860-1917 կամ 18), ութ տարի էլ մեծ է Մանուկ Աբեղյանից (1865-1944):

Ուրեմն, Մալխասյանն ապրել է 90 տարի, Հայր Միաբանն ապրել է 57 կամ 58 տարի, Աբեղյանը` 79 տարի:

Մալխասյանը գիտությունների դոկտորի աստճանը ստացել է 1940-ին, 83 տարեկան, Հայր Միաբանը 34 տարեկան ցարական Ռուսաստանի Հնագիտության կայսերական ակադեմիայի թղթակից անդամ էր, իսկ 40 տարեկանից` իսկական անդամ:

(Իմիջիայլոց, առանց դիսերտացիա պաշտպանելու: Էն օրերին մեր էս տարածքի ազգերից նման գիտական պատվի ոչ մեկը չի արժանացել):

Աբեղյանը դոկտորի կոչումն ստացել է 1898 թվին, Ենայի համալսարանում, ու արդեն 1912 թվին աշխարհահռչակ լեզվաբան Անտուան Մեյեն Աբեղյանին համարում է էնքան խոշոր հայգետ, որ հայերենով բոլոր հետաքրքրվողներին խորհուրդ է տալիս, որ անպայման ուսումնասիրեն Մ. Աբեղյանի Աշխարհաբարի քերականությունը ԴՊՐՈՑԱԿԱՆ դասագիրքը:

Մալխասյանի ու Աբեղյանի միջև «սև կատու» էր անցել 1890-ականների սկզբից. ինչո՞ւ, էսօր արդեն հայտնի չի: Բայց 1909-ին Աբեղյանը հրատարակում է իր Հայցական հոլովը մեր աշխարհաբարում գործը, ու սրա մեջ ջախջախում է Ս. Մալխասյանցի «հայցական հոլովի տեսությունը»:

Հենց էս աշխատանքից հետո էր, որ Մալխասյանցը, ի վիճակի չլինելով գիտությամբ պատասխանելու Աբեղյանին, մինչև թե՛ Աբեղյանի, թե՛ իր մահը մնաց Աբեղյանին անհաշտ թշնամի:

Իսկական գիտնականը նման առիթներով չի թշնամանում իր ընդդիմախոսների հետ: Բայց Մալխասյանի պարագան ուրիշ էր: Իր իսկ աչքի առաջ իր կրտսեր ընկերները, Գալուստն ու Մանուկը դարձան համաշխարհային փառքի տեր, ակադեմիկոս ու դոկտոր, ու սրանց հարգում ու հետները հաշվի էին նստում Մեյեի, Հյուբշմանի, Մակլերի, Մառի, Սեյսի ու Գիյարի պես հռչակավոր գիտնականները, այնինչ, իր սեփական հռչակը, մեղմ ասած, խիստ նվազ էր: Չարանալու առիթ կար:

Ուրեմն, պիտի Մանուկի վրա չարանար, որովհետև առիթը կար, ու չարացավ էլ:

Չարացավ ու սկսեց հակառակվել Աբեղյանին:

Երբ 1800-ականների վերջերին համարյա բոլոր հայ բանասերներին պարզ դարձավ, որ հայերենի ուղղագրությունն այլևս չի բավարարում նոր գրականության պահանջները ու ուղղագրությունը պիտի անպայման փոխվի, Մալխասյանն էլ անցավ ուղղագրությունը փոխելու կողմնակիցների շարքը:

Աբեղյանը, համարյա մինչև ուղղագրության ռեֆորմը, ուղղագրությունը փոխելու մեղմ տարբերակների կողմնակիցն էր: Բայց Մալխասյանը, երևի Աբեղյանի «ջգրու», ու ի՛ր իսկ փառքին հետամուտ, դարձավ ուղղագրության ծայրահեղ փոփոխության կողմնակից ու, ինչպես ասվել է, 1910-ին հրատարակեց իր` Մի հնչյունին մի գիր գործը:

Իհարկե, էն օրերին է՛լ էր լուրջ բանասերներին պարզ, որ մի հնչյունին մի գիր ու մի գրին մի հնչյուն սկզբունքը լավագույնն է ու հենց սա՛ է մաշտոցյան սկզբունքը (ինչ էլ որ պրն Որբերյանն ու մնացած հնամոլներն ասեն), բայց, հաշվի առնելով հայ մտավոր աշխարհի առկա վիճակն ու ակամա ենթարկվելով պահպանողականների կամքին, շատ քչերն էին պահանջում, որ ուղղագրության փոփոխությունն էսքան արմատական լինի:

Այնինչ, «սկզբունքային» Մալխասյանը հենց արմատական փոփոխությունն էր քարոզում ու պահանջում, ու քարոզում ու պահանջում էր մինչև 1922 թիվը, մինչև ռեֆորմի դեկրետը: Այ թե ինչ է ասում Աբեղյանը իր «Ուղղագրության ռեֆորմը» գրքում ( Մ. Աբեղյան, Երկեր, Ը հատ., էջ 391).

«...եկանք հասանք դարձյալ «մի հնչյունին մի գիր» սկզբունքին: Ս. Մ.-ն (Ս. Մալխասյանը – Մ. Հ.) էլ էր մի ժամանակ դավանում ու քարոզում էր այդ սկզբունքը: Իսկ ա՞յժմ: Ի՞նչ պատահեց այժմ, որ նա այդ սկզբունքը մոռացավ կամ արդյոք ի՞նչ նպատակով խոհեմություն է համարել կատարյալ լռություն պահպանել, բերանից մի խոսք անգամ չփախցնել այդ սկզբունքի մասին այն ժամանակ, երբ իբր «գործնական տեսակետով» քննում է մի ուղղագրական ռեֆորմ, որ այդ սկզբունքով է կատարված, և այդ մասին մի գրքույկ, որի առաջին տողերի մեջ հենց շեշտված է այդ սկզբունքը, որ հենց «գործնական տեսակետը» նկատի ունի»:

«Ասում են, որ երբ ուղղագրության դեկրետը հասնում է Թիֆլիս, և, մանավանդ, երբ մայիսին սկսվում է «Խորհրդային Հայաստանի» մեջ գործադրվել ուղղագրության ռեֆորմը դեռևս մասնակի, այդ ժամանակ շարժվում են Թիֆլիսի «ազգային ջոջերը» և աղմուկ բարձրացնում, թե հայոց դարավոր կուլտուրան ոչնչացավ: Նրանք Սմբ. Տ. Ավետիքյանի, Մարգ. Ավետիսյանի և ուրիշների առաջնորդությամբ` լսած լինելով, Ս. Մ.-ն եղել է Երևանում ուղղագրական հանձնաժողովի անդամ, գալիս պաշարում են նրան: Ս. Մ.-ի առաջին խոսքը լինում է, թե «ես չե՛մ, ես չե՛մ, այլ Մ. Աբեղյանն է մեղավոր»:

«Եվ ահա քնից արագ զարթնած Թիֆլիսը` կարծելով թե դեռ հին ժամանակներն են, և ինքը կարող է առաջվա պես հրամայել Երևանին ու Հայաստանին, անսպասելի արագությամբ, մայիսի վերջին ժողով է անում և ընտրում մի հանձնաժողով թե մասնաժողով` հայկական նոր ուղղագրությունը քննելու և տապալելու:

«Թիֆլիսի համար անսպասելի արագությամբ գործում է այդ մասնաժողովը, այսինքն` Ս. Մ.-ի ձեռքով պատրաստվում է մի հակազեկուցում, և մի շաբաթ հետո հրավիրվում է նորից ընդհանուր ժողով, որ ամբողջապես ընդունում է այդ հակազեկուցումը: Եվ այնուհետև Ս. Մ.-ն այլևս չի համարձակվում իր «մի հնչյունին մի գրի» անունը տալ:

«Դե որ մարդ մի անգամ ուրացավ այդ սկզբունքը, այն ժամանակ կարելի է ամեն բան ասել»:

Ու Ս. Մալխասյանը, իրոք, «ամեն բան էլ ասում է», ինչպես Աբեղյանն է իր էս 109 էջանոց գրքի մեջ հարյուրավոր անգամ վկայում:

Էս գրքի մեջ համարյա չկա էջ, ինչի մեջ Աբեղյանը թունդ քննադատած չլինի Մալխասյանին, ցույց տալով, որ սրա ասածները գիտական տեսակետից անհեթեթ ու ծիծաղելի են, ու շատ հաճախ էլ, պրն Որբերյանի տերմինով ասած, ուղղակի խեղագրություն են:

Ու էս կարգի անհեթեթ, ծիծաղելի ու խեղագիր դեպքերի թիվն Աբեղյանի գրքում հասնում է, առնվազն, կես հազարյակի:

Մալխասյանը, իհարկե, էս քննադատությանը «ձեռաց պատասխանելու» փորձ արել է (տես 45-ը), բայց պարզ է, որ էդ փորձն անհաջող է եղել, որովհետև գիտական ճշմարտությունը զորավոր բան է, ու «ոչ գիտական մեթոդներով» դրա դեմ չես կռվի:

Շա՜տ-շատ, դրա դեմ կռվես քաղաքական մեթոդներով, էն էլ` հարցը լռության մատնելով մինչև 1985 թիվը (ու նույնիսկ, մինչև էսօր), բայց մի օր Նորին Մեծություն Ճշմարտությունը վեր կկենա ու կասի. «Եկեք, տեսնեմ, էս ի՞նչ եք ասում»:

Էս էլ պրն Որբերյանի գովական ակադեմիկոս Մալխասյանը:

ՆՈՐԻՑ ՊՐՆ ՈՐԲԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Քաղաքականության մեջ ես ոչ մի օրենք չեմ ընդունում…

էստեղ ցանկացած կեղծիք ու խորամանկությունն էլ ընդունելի է:

Ադոլֆ Հիտլեր

31. Պրն Որբերյանն ասում է, թե Հայստանում ուղղագրության ռեֆորմի մասին խոսելու իրավունք չկա, որ իբր էդ հարցի վրա «թաբու է դրված»:

Էս պարոնի էս մի ասածն էնքան զարմանալի է ու տարօրինակ, որ ասելու չի, որովհետև էս պարոնը չի նկատում, որ թե՛ իր գրած նամակը ՀՀ Սփյուռքի նախարարին, թե՛ իր երկարաշունչ «դասերը» հայ մտավորականությանը, հենց ուղղագրությունը փոխելուն են նվիրված, ու դրանք երկու ամսից ավել է, ինչ տպվում են «Առավոտ» օրաթերթում, ու ոչ մեկն էլ դա չի արգելում:

(Իմ գրածները, օրինակ, թե՛ Կոմիտասի մասին, թե՛ իմ պատասխան-ները Որբերյանին, նույն «Առավոտի» խմբագիրը չտպեց, պատճառաբա-նելով, թե երկար են):

Պրն Որբերյանը չգիտի՞, որ ուղղագրությունը նորից փոխելու հարցը վերջին 20 տարում շա՜տ-շատ է ծեծվել, ու հնամոլներն ավելի շատ են ելույթ ունեցել մամուլում, քան պաշտոնականները:

32. Պրն Որբերյանը պնդում է, թե Աբեղյանի ռեֆորմից հետո հայերենի հազարներով արմատ կորավ: Օրինակ, հայերեն գետ (հոսող մեծ ջուր) ու գէտ (իմացող, գիտուն) արմատներից մեկն իբր կորավ, ու հիմա մենք իբր խառնում ենք սրանք, ու որ մեր հին գրականությունը կարդանք, չենք հասկանա, ու էս բառերը կխառնենք:

Սա, պրն Որբերյանի խոսքերով ասած, լեզվաբանությունից անտեղյակ լինելու «գագաթնակետն» է: Թող իրեն լեզվաբան հռչակած էս պարոնը (իրեն լեզվաբան չհռչակողը չէր պահանջի, որ իրեն կանչեն լեզվաբանական համաժողովներին), բաց անի Աճառյանի Արմատական բառարանն ու տեսնի, թե էնտեղ քանի՜-քանի՜ համանուն արմատ կա, ու ասի, կորե՞լ են դրանք:

Թող էս «լեզվաբան» պարոնը «Ռոտ Այլընտից» գա ու մեզ, արևելահայերիս, հարցնի ու իմանա, թե մենք էստեղ կորցրե՞լ ենք էդ արմատները, խառնո՞ւմ ենք գետ ու գէտ կամ սեր ու սէր բառերն ու սրանք սխա՞լ ենք գործածում: Չե՞նք հասկանում, թե ինչ ենք ասում, երբ, օրինակ, ասում ենք` «Արաքս գետը, ամենագետ, գիտուն, տգետ, կաթի սերը, սերս վան-քում Տաթևի» ևն:

Թող էս պարոնը մի անգլերեն բառարան բացի (իր գովական Ռոտ Այլընտում էդ տեսակ բառարան շատ կա) ու տեսնի, թե անգլերենի արմատներից, բառացի, քանի՜-քանի՜ հազարն են համանուն: Ի՞նչ է, անգլերենի էդ հազարներով բառը կորե՞լ է, ու անգլիացիները դրանք չունե՞ն` միայն է՛ն պատճառով, որ դրանք համանո՞ւն են, կամ էլ` անգլիացիք, որ իրենց գրքերը կարդում են, էդ համանուն բառերը խառնո՞ւմ են:

32. Իմիջիայլոց, էս գիրքը գրել պրծել էի, երբ մեր Հայաստանի հեռացույցով պատահական տեսա էս պարոնին: Պարոնը խոսում էր, ընդ որում, «բլբուլի պես» էր խոսում, Արարատյան բարբառով, (իր խոսքում վաղակատարի լ-երն էլ ջնջելով, ինչը հատուկ է բարբառին): Ուրեմն, պրն Որբերյանը բոլորովին էլ «Ռոտ Այլընտցի» չի, ինչպես ձևացնում է: Իսկ ձևացնում է՛լ է, երևի որ «իմպրտնի» երևա, որ ասածները ծանրակշիռ լինեն: Իզուր չարչարանք: Ծանրակշիռ բան ասելու համար միայն ու միայն ծանրակշիռ գիտելիք ու գործ է պետք:

Պրն Որբերյանի լսողությունը սովոր է արևելյան աշխարհաբարին, ու անգլերենի Rod Island-ը պիտի ընկալեր Ռոդ Այլընդ, ու ոչ թե Ռոտ Այլընտ: Բայց էս պարոնը ուրացել է իր մայրենի բարբառի հնչողությունն ու որդե-գրել է ուրիշ մի բարբառինը: Աբեղյանի ասած, որ մարդ մի անգամ ուրա-ցավ իր մայրենի բարբառի թեկուզ հնչողությունը, դրանից ինչ ասես, որ սպասելի չի լինի:

33. Ինչ վերաբերում է գիտական համաժողովներին մասնակցելու պրն Որբերյանի պահանջին, էստեղ մի պարտադիր պայման կա: Մասնակցողը պիտի գիտնական լինի ու ինտելեկտուալ ազնվություն ունենա, թե չէ` ոչ մի համաժողով էլ դրան չի լսի: Ուրեմն, պրն Որբերյանը պիտի լավ մտածի, թե ի՛նչ անի, որ գիտաժողովներն իրեն է՛լ լսեն:

Հովհաննես Թումանյանը ասում է (տես Գյուլբուդաղյանի ասածս գիրքը, էջ 323). «Ուղղագրությունը գիտություն է, և նրա դեմ կարելի է դուրս գալ կամ նրան փոխել միայն գիտությունով»:

34. Շատ հետաքրքիր է պրն Որբերյանի «Առավոտում» տպած հոդվածաշարի վերջում բերած գրականության ցուցակը: Էնքան է հետաքրքիր, որ դա բերում եմ, որ ընթերցողն էլ տեսնի:

Գրականութիւն (Պրն Որբերյանինը)

Լեւոն Խաչերեան - (բ.գ. դոկտ. փրոֆ.) - Հայոց համազգային մաշտոցեան համակարգուած միասնական եւ միակերպ ուղղագրութեան պատմութիւնը (ե-ի դարեր). Լոս Անջելես, 1999:

Կարէն Ա. Սիմոնեան - (գրող, հրապարակախօս) - Կրեմլի յոյժ գաղտնի փաստաթղթերից մի քանիսը. Երեւան, 2007:

Ռաֆայել Իշխանեան - (դոկտ. փրոֆ.) - Հայերէնի ուղղագրութեան կանոններ, Երեւան, 1991:

Հիլտա Գալֆայեան - Փանոսեան - (դոկտ. փրոֆ.) - Մեսրոպեանը ազգային միասնութեան նախապայման. Երեւան, 2005:

Լեւոն Միրիջանեան - (բանաստեղծ) - Մէկ ազգ՝ մէկ ուղղագրութիւն:

Պօղոս Գոճանեան - Ուղեցոյց դասական ուղղագրութեան, Վիեննա, 2006:

Էս ցուցակի մեջ Աբեղյանի ուղղագրությանը նվիրված գործերը պիտի որ անպայման լինեին, էլ չեմ ասում մյուս խոշոր հայագետներինը: Բայց պրն Որբերյանը երևի լավ գիտի, որ լուրջ հայագետների ասածներն իրեն ձեռնտու չեն լինի, որովհետև կերևա, որ Աբեղյանը (ինչպես որ Աբեղյանն ինքն է խոստովանում) ուղղագրությունը փոխելու ոչ մի առաջարկ չի արել, որ ուրիշներն իրենից առաջ արած չլինեն:

Կերևա՛, որ ուղղագրությունը փոխելու ամենահեղինակավոր ձեռնարկողը Հայր Միաբան Գալուստ Տեր-Մկրտչյանն է եղել, ու հենց Հայր Միաբանն է համոզել Աբեղյանին, որ էս գործը գլխավորի, ու Աբեղյանն էս գործը գլխավորեց միանգամայն ազնիվ մարդու ու արտակարգ հմուտ լեզվաբանի պես: Ու կերևա նաև, որ Աբեղյանը, իրոք, հայերենի ուղղագրության ամենահզոր գիտակն է (էսօր է՛լ):

Այնինչ, պրն Որբերյանն ամեն ինչ անում է, որ Աբեղյանին չարագործ դարձնի, որ ինքն ու իր կողմնակից հնամոլները, «որպէս իսկական փրոֆեսորներ», սուրբ երևան ու «մի համազգային գիտաժողովում» Հայաստանի ժողովրդին խելք սովորեցնեն, որ մենք ուղղագրությունը փոխենք, որ ինքն ու չգիտես որ մի Սփյուռքը «չերկփեղկվեն» մեզնից:

Պրն Որբերյանը, ինչպես տեսանք, չափազանց շատ բան է «տակով անում», ու շատ բան էլ խեղագրում է ու ճիշտը չի ասում, ու մեղմ ասած, շատ բանից էլ ուղղակի տեղյակ չի:

Սրա համար էլ էսքանով պրն Որբերյանի մասին ասածս վերջացնում եմ, որովհետև եթե պրն Որբերյանի բոլոր ասածները մեկ առ մեկ քննեի, կստացվեր մի մեծ գիրք:

Էդ տեսակ գրքեր Աբեղյանն արդեն գրել է, Ս. Մալխասյանի ու ուրիշների սխալներն ու խեղագրությունները քննելով, ու ում հետաքրքիր է, թող վերցնի ու կարդա դրանք:

Պրն Որբերյանն ինչո՞ւ էսպես վարվում: Էսպես է վարվում, որովհետև եթե ճշմարտությունն ասի, բոլորին էլ պարզ կլինի, որ Աբեղյանը բոլորովին էլ չարագործ չի, ու որ Աբեղյանը հույժ մտահոգ է եղել, որ մեր գրական լեզուներն իրարից չհեռանան:

Այնինչ, պրն Որբերյանն էս հարցն էսքան խեղաթույր է ներկայացնում, որ իբր հիմնավորի հին ուղղագրությանը դառնալու իր ու մնացած հնամոլների երազանքը, ու որ ինքն ու մյուս հնամոլները մեր ազգը «փրկեն» ու դառնան ազգային հերոս:

ՄԻ ՔԱՆԻ ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

ՊՐՆ ՈՐԲԵՐՅԱՆԻՆ ՈՒ ՄՆԱՑԱԾ ՀՆԱՄՈԼՆԵՐԻՆ

Բարեկամները գալի ու անց են կենում, իսկ թշնամիներն անընդհատ շատանում ու մնում են են:

Ջոունզի դեվիզը

35. Պրն Որբերյան, եթե Հայաստանը դառնա «ավանդական» ուղղագրությանն ու Հայաստանի ու Սփյուռքի Ձեր ասած «երկփեղկվածությունը» վերանա, Հայ Սփյուռքի Ձեզ կողմնակից բոլոր հայերը կգա՞ն Հայաստան ու կապրե՞ն մեր էս թշվառ վիճակում:

Որ էդքան շատ եք դարդ անում Հայրենիքի «միասնականության ու լեզվապահպանման» խնդիրներով, ինչո՞ւ եք «Ռոտ Այլընտից» (ինչին, հետևելով անգլիական արտասանությանը, հայաստանցիներս կասեինք` «Ռոդ Այլընդ»), նամակ գրում. եկեք Հայրենի՛ք ու էստեղից գրեք:

36. Իսկ եթե Հայաստանն իր ուղղագրությունը չփոխի, Դուք «երկփեղկված» եք մնալո՞ւ:

Ի վերջո, սա՛ է (նաև) ձե՛ր միակ Հայրենիքը, լավ` թե վատ:

Եթե Դուք իսկական հայրենասեր եք, ներե՛ք Ձեր միա՛կ Հայրենիքի էս մի թերությունը ևս, համոզե՛ք Սփյուռքի Ձեր կողմնակիցներին, որ գրեն (նաև) իրե՛նց միակ հայրենիքի միակ (թեկուզև թերի) ուղղագրությամբ ու «միասնականացնեն» Ձեր, մեր ու Իրենց Հայրենիքը: Սա մեկ:

37. Երկրորդ. հայաստանցիներն իրենց էս «խեղագրված» ուղղագրությամբ լավ է՛լ կարդում ու հասկանում են Արևմտահայ Սփյուռքի թերթերն է՛լ, գրքերն է՛լ, Վարուժանին է՛լ, Պարոնյանին է՛լ, Օտյանին է՛լ, Դուրյանին է՛լ, Մեծարենցին է՛լ, Զոհրաբին է՛լ, Սիամանթոյին է՛լ (ու նույնիսկ Ձեզ, լինեն Ձեր ասածները ճիշտ, թե սուտ, նաև` ուղղամիտ, թե թերաս):

Ու մենք մեր ուղղագրությամբ թարգմանել ու տպել ենք թե՛ էս գրողներին (որ շատ ենք սիրում), թե՛ շատ-շատերին:

Էդ ո՞նց է, որ Սփյուռքի Ձեր կողմնակիցները մեր ուղղագրությամբ գրած բաները չեն հասկանում: Ի՞նչ է, Ձեր կարծիքով Արևմտահայ Սփյուռքի Ձեր կողմնակիցները մեզնից թանձրամի՞տ են:

էՍ ՏԵՍԱԿ ՎԵՃԵՐԸ ԿԴԱԴԱՐԵ՞Ն

Մութ ու փոթորկալի գիշեր էր: Կապիտանն ասաց.

– Ջեքսոն, մի բան պատմի, լսենք:– Ջեքսոնն սկսեց.

«Մութ ու փոթորկալի գիշեր էր: Կապիտանն ասաց…»

Զայմանի «Պինդ մարմնի քվանտային տեսությունը»

գրքի բնաբաններից

էս տեսակ տգիտական ու «քաղաքական» վեճերը չեն դադարի (տես Կանտորի ասածը էս գլխի սկզբում): Ինչու՞ է Կանտորի «թեորեմը» ճիշտ:

Կանտորի «թեորեմը» ճիշտ է, որովհետև մարդկանց մեծ մասը մտածում է, որ կոլեկտիվ («խմբի») «մտածողությունը» անպայման իմաստուն է ու ճիշտ, այսինքն, ճիշտ է մարդկանց մեծ խմբի «կարծիքը»:

Բայց մարդկանց մեծ խմբի «կարծիքը», ի վերջո, միայն ու միայն մի մարդու կարծիք է, է՛ն մարդու կարծիքը, ով առաջինն է գլխի ընկել էդ բանն ու մնացածներին էլ համոզել է, որ էդ բանը ճիշտ է:

Ցավոք, մարդկանց մեծագույն մասը կարծում է, որ եթե համարյա բոլոր մարդիկ էլ նույն բանն են ասում, ուրեմն դա անպայման ճիշտ է, անկախ էն բանից, թե էդ ասածն ի՛նչ է:

Օրինակ` հենց էս պատճառով մի քանի հազար տարի ճիշտ էր համարվում, որ Երկիրը տափակ է` կլոր չի, չնայած դասական հույներից մարդ կար, ով գիտեր, որ Երկիրը գնդի ձև ունի ու նույնիսկ չափել էր Երկրի շառավիղը:

Կամ էլ մի քանի հազար տարի մարդիկ համարում էին, որ Արեգակն է պտտվում Երկրի շուրջը, ու պատահում էր, որ հակառակն ասողներին (օրինակ` Ջորդանո Բրունոյին) վառում է՛լ էին:

Իրո՛ք նոր ու ճշմարիտ բաներ ասողները, ստերեոտիպին, ընդունված-տարածվածին հակառակ մարդիկ, հատ ու կենտ են ու խիստ բացառիկ: Սա փորձն է ցույց տալիս:

Կոմիտասները, Աբեղյանները, Կոպեռնիկոսները, Գալիլեյները, Նյուտոններն ու Էյնշտեյնները չափազանց քիչ են: Բայց գիտությունն ու մշակույթը հենց էս տեսակ մարդիկ են առաջ տանում: Ու ափսոս, որ ամբոխը հենց է՛ս տեսակ մարդկանց է քարկոծում ու քարկոծում է համարյա միշտ: Ու ամբոխը համարյա միշտ էլ սխալ է: (Բացի կենդանի լեզվով (բարբառով) խոսելու իր անկոտրում սովորությունից):

Իսկ որբերյանները շատ-շատ են:

Ուրեմն` ճշմարտությունը շատ հաճախ (համարյա միշտ) իր ուղին դժվար է հարթում նաև հենց սրա՛ համար:

30-40-ական թվականներին միայն աբեղյանական քերականությունն ու գրականագիտությունը չէր, որ բուրժուական ու կեղծ ու անօրեն էր հայտարարվել: Բուրժուական ու կեղծ ու անօրեն էին հայտարարվել, օրինակ, նաև գենետիկան, կիբեռնետիկան ու, մասամբ էլ` ֆիզիկան:

Ռազմական ու տնտեսական կարիքներն ստիպեցին, որ 40-60-ական թվերին կիբեռնետիկայի ու գենետիկայի ու ֆիզիկայի վարկը լրիվ վերականգնվի: Բայց պետական այրերին քերականական հարցերը երբեք էլ չեն հետաքրքրել:

Սրա համար էլ 30-ական թվականներին հնամոլների հաղթանակը կատարյալ էր. ղարիբյանական քերականությունն ու դրա ժառանգ` նոր քերականությունները մնացին, ու 74 տարի` հայ ժողովուրդը սրանցով է «քերականություն» սովորել ու սովորում, ու հլը քանի՜ տարի էլ դրանցով կսովորի:

Էլ ո՞նց չոգևորվեն էսօրվա հնամոլները,

երբ աչքի առաջ էս տեսակ մի արտառոց ոգևորող օրինակ ունեն:

Ե ր ր ո ր դ մ ա ս ը

ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ

(Ճշմարտությունը հայերի սնափառ գլուխգովանության մասին,

կամ հայ ազգի ողբերգություններից երրորդը)

***

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

ԿՈՉՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ

Մեր էսօրվա ողջ քաղաքակրթությունը, քիչ՝ թե շատ, հիմնված է հետևյալ երեք բարոյական նորմի վրա:

  1. Մասնավոր սեփականության ու սրա անձեռնմխելության նորմը:
  2. Ուրիշների հետ տիրոջ ուզած ձևով իր մասնավոր սեփականությունը պարտադիր գործող պայմանով տնօրինելու նորմը: Այսինքն, հանրության անդամների (մարդկանց) հարաբերությունները պարտադիր գործող ու անփոփոխ պայմանով (անփոփոխ ու պարտադիր գործող օրենքով և ոչ թե մահակով կամ թնդանոթով) վարելու նորմը:
  3. Ազատ մրցության, այսինքն, ի վերջո, օրենքի առաջ բոլորի հավասարության նորմը, որպես սոցիալական արդարություն հաստատելու ու նյութական ու հոգևոր բարիքներն արդար բաշխելու միակ ու անհատից կամ անհատների կազմակերպված խմբից անկախ միջոցը, ու նաև որպես նոր տեխնոլոգիա ու առհասարակ՝ նոր բան հայտնագործելու ամենաբեղուն միջոցը:

Էս նորմերն առաջին անգամ հստակ ձևակերպել է անգլիացի բարոյագետ, տնտեսագետ ու փիլիսոփա Դևիդ Հյումը, ա՛յն գիտնականը, ում հետազոտությունները պատճառականության սկզբունքի վերաբերյալ` չափազանց բարձր է գնահատել Ալբերտ Էյնշտեյնը:

Մասնավոր սեփականություն ասելով` պիտի հասկանանք ոչ միայն նյութական արժեքները, այլև մարդու կյանքը, առողջությունը, արժանապատվությունը, խիղճը, գաղափարները, կարծիքներն ու սրանք արտահայտելու ազատությունը, կենցաղն ու սա կազմակերպելու ձևերը, ու առհասարակ` մարդու իրավունք ու ազատություն կոչվածները լրիվ:

Էս մի քանի տողը, ըստ էության, լիբերալ ուսմունքի ու դեմոկրատական կարգի, կամ ավելի ճիշտ, բարոյակարգի տեսական աքսիոմներն ու այդ կարգը կառուցելու չափազանց կարճ ուրվագիծն են: Բայց մարդիկ, ողջ աշխարհով մեկ, իսկ Հայաստանում` մանավանդ, ոչ միայն չեն հավատում ու չեն հետևում սրանց, այլև չեն է՛լ ծանոթանում ու քննարկում սրանք:

Ավելի հեշտ է` հավատան հայագովների ու քաղգործիչների շատ սիրած լոզունգներից մի քանիսին, մանավանդ եթե դրանք պարզ են, մատչելի, հասարակ ու ճշմարտանման:

Էդ լոզունգներից մեկն էլ հենց որբերյանների գովաբանած ազգային միաբանության ու ազգային նոր գաղափարախոսության հրատապ անհրաժեշտության լոզունգն է, ու էս անհրաժեշտությունն ակնհայտ է թվում համարյա բոլորին:

Ընդ որում, ո՛չ միայն հայերին, այլև ամենքին ու ամբողջ աշխարհում: Բայց եթե ուրիշ (ու մանավանդ մեծաթիվ) ժողովուրդներին էս ու սրա պես լոզունգներն էնքան էլ չեն խանգարում (կամ` առայժմ չեն խանգարում), փոքրաթիվների համար հաճախ նույնիսկ կործանարար են:

***

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ Ո՞ՐՏԵՂԻՑ ԵՆ ՃԱՐՈՒՄ

Ճանճը.– Բա էսի կյա՞նք ա: Ա՛յ, պատերազմի վախտ, էրեխեք, էտ ինչքա՜ն սիրուն դիակ կա՜՜ր:

Կարել Չապեկ

Հանրության կյանքի, մանավանդ քաղաքական կառուցվածքի, ուրեմն, նաև կենսաձևի կտրուկ փոփոխությունների շրջանում շատ կլսես, թե «ազգային նոր գաղափարախոսության» անհետաձգելի կարիք կա: Ու սա բնական է: Նման կտրուկ փոփոխությունների ժամանակ առաջին հերթին դեն են շպրտում հին գաղափարախոսությունը:

Պարզ է, որ նորի կարիքն իրոք հրատապ է: Բայց նոր գաղափարախոսությունը ո՞րտեղից ճարենք, ումի՞ց վերցնենք:

Ու հազար ափսոս, որ չհաշված հատուկենտ դեպքերը, նոր գաղափարախոսություն փնտրելիս, մարդիկ նայում են անցյալին, պատմությանը:

Հնարավոր է, որ դա լինի սեփական պատմությունը, բայց եթե էդ պատմության մոտիկ անցյալում հարկ եղած սրա ոչ մի օրինակը չկա, դիմում են հեռավոր անցյալին, դիմում են իրենց «արմատներին»:

Հեռավոր անցյալն էլ (այսինքն, էս «արմատները»), եթե չհաշվենք հույների ու հռոմեացիների անցյալը, ոչ մի ժողովուրդ էլ լավ չգիտի: Ու էս անգամ միակ ելքը ուրիշ ժողովուրդների մոտիկ (մեկ-մեկ էլ` հեռու) անցյալին դիմելն է:

Մոտ անցյալի ամենափայլուն «ազգային գաղափարախոսության» օրինակը, իհարկե, գերմանացիներինն է: Բայց էս օրինակը ամենաողբերգականն ու ամենախայտառակն է:

(Իմիջիայլոց՝ էս օրինակն է՛լ է հիմնված հին հույների անցալի, ավելի ճիշտ, սպարտացիների պատմության վրա, որովհետև «ազգային գաղա-փարախոսությունների» ակունքը, ի վերջո, Պլատոնի Իդեալական Պե-տության տեսությունն է, իսկ սա էլ, համարյա լրիվ, հորինված էր Սպարտայի քաղաքական կառուցվածքին հետևելով):

Գերմանացիների օրինակն էնքա՛ն է խայտառակ, որ համարյա ոչ մե-կը, եթե նունիսկ հոգու խորքում պաշտում է Mein Kampf-ը (Հիտլերի գիր-քը), ռիսկ չունի ասելու, որ «ազգային գաղափարախոսության» հիմքը սրա պես մի բան պիտի լինի:

Ոչ մեկը սա ռիսկ չունի ասելու նաև է ՛ն բանի համար, որ ողբերգականից ու խայտառակից բացի, սա գերմանակա՛ն է, այսինքն, ազգային չի: Ուրեմն՝ պիտի սրա մի որևէ տեսակն ստեղծվի, պիտի սա տեղայնացվի:

Ի՞նչը կտեղայնացվի, կվերաձևվի՝ ասածս գի՞րքը, կամ Պլատոնի, Ֆիխտեի, Նիցշեի կամ ուրիշ որևէ մեկի «գաղափարները», կամ էլ սրանց մի որևէ սինթեզը, կարևոր չի:

Երբ էս սինթեզն իրականանում է, սա հասարակության «առաջավոր» կամ «հեղինակավոր» անդամների մտքի ճգնաժամի նշանն է:

Բայց էլի հազար ափսոս, որ հեղափոխությունները միշտ չի, որ հասարակության վիճակը բարելավում են: Սրա համար հերիք է, որ հիշենք մի-այն Ռուսաստանի 17 թվի, Գերմանիայի 30-40-ական թվերի կամ Չինաս-տանի, Ռումինիայի ու Կամբոջայի հեղափոխությունների ուղղակի մար-դակերական սարսափելի անցքերը:

Ի՞ՆՉՆ Է ԱՆՑՅԱԼԻՆ ԴԻՄԵԼՈՒ

ԷՍ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՊԱՏՃԱՌԸ

Քյարփինջը.– Մենակ ե՛ս գիդեմ, թե ամեն ինչը ո՛նց պտի ըլի` մենակ ուղղանկյունի:

Կարել Չապեկ

Պատմությունը երբեք չի կրկնվում, բայց պատմա-բաններն իրար` անընդհա՛տ են կրկնում:

Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկ

Սրա պատճառը ապագայի սկզբունքային անհայտությունն է:

«Մեր օրերի դեպքերը պատմական դեպքերից է՛ն բանով են տարբեր, որ չգիտենք, թե սրանց վերջն ի՛նչ կլինի: Եթե հետ նայենք, կհասկանանք անցյալի դեպքերի իմաստն ու կիմանանք, թե դրանք մեզ ինչպես ու ինչու հասցրին այս վիճակին: Բայց մե՛ր իսկ օրերի պատմությունը մեզ համար պատմություն չի: Սա մեզ տանում է անհայտություն, ու հազվադեպ ենք գոնե մոտավոր գլխի ընկնում, թե մեզ ինչ է սպասում:

Ա՛յ, եթե մենք հրաշքով կարող լինեինք անցյալի իրադարձությունները մի անգամ էլ ապրելու, եթե հրաշքով քսան տարի ետ գնայինք ու մեր հիմիկվա իմացածն էլ չկորցնեինք, լրիվ ուրիշ բան կլիներ, որովհետև ապագայի մասին արդեն լրի՛վ տեղեկություն կունենայինք:

Ու էս անգամ արդեն ամեն բան մեզ համար ուրիշ իմաստ կստանար:

Էս անգամ արդեն նույնիսկ չնչին, աննշան ու ժամանակակիցների համար անկարևոր դեպքերն ու շեղումներն անցյալ տեղափոխվածներիս համար կլինեին կարևոր ու շատ անգամ էլ՝ տագնապալի»: (Տես՝ F. A. Hayek, The Road to Serfdom):

Բայց էս տեսակ հրաշք չի լինում, ու սրա պես բաները երբեք չենք զգա, որովհետև ուղղակի չգիտենք, թե պատմությունն ի՛նչ օրենքների է ենթարկվում, ու չգիտենք նույնիսկ, թե պատմությունն առհասարակ բնագիտության օրենքներին գոնե մի քիչ նման օրենք ունի՞, թե՞ բոլորովին չունի:

(Մարքսիզմն ու պատմաբաններից ու «մակրոտնտեսագետներից» ոմանք պնդում են, թե ունի, բայց 18-19-րդ դարի անգլիական տնտեսագետները (օրինակ, Դեյվիդ Հյումը, Ադամ Սմիթը ևն) ու 19-20-րդ դարի ավստրիական տնտեսագետներն ու իրավագետները (Կառլ Մենգերը, Լյուդվիգ ֆոն Միզեսը, Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկը ևն) ու նաև 20-րդ դարի համարյա երկրորդ կեսին ծնված գիտությունների՝ կիբեռնետիկայի ու սինեռգետիկայի ներկայացուցիչները (Նորբերտ Վիները, Իլյա Պրիգոժինը, Հերման Հակենը ևն) ցույց են տվել, որ էնպիսի բաց ու գերբարդ համակարգերը, ինչպիսիք են՝ փողը, շուկան, վիթխարի տնտեսությունները, կենդանի լեզուն, ու, ի վերջո, հենց ինքը՝ կյանքը` առհասարակ, ֆիզիկայի կամ քիմիայի փակ համակարգերի պես «պարտադիր գուշակելի» ապագա, այսինքն, օրենքներ՝ չունեն:

(Տես, օրինակ՝ F. A. Hayek, 1)The Fatal Conceit: The Errors of Socializm (Կործանարար գոռոզամտությունը կամ սոցիալիզմի սխալները), 2) The Constitution of Liberty (Ազատության կառուցվածքը), 3) Law, Legislation and Liberty (Իրավունքը, օրենսդրությունն ու ազատությունը). Հատոր 1-ին՝ Rules and Order (Կանոններն ու կարգը), հատոր 2-րդ` The Mirage of Social Justice (Սոցիալական արդարության պատրանքը), հատ. 3-րդ` The Poli-tical Order of a Free People (Ազատ ժողովրդի քաղաքական կարգը), ևն):

Էն մարդիկ, ովքեր հայտարարել են ու շատ անգամ էլ հավատացել են, թե պատմության օրենքները գիտեն, կա՛մ ահավոր մոլորված են եղել, կա՛մ շառլատան (թվարկածներիս ավելացնեմ, օրինակ, Հեգելին, Մարքսին, Լենինին): Հենց մեր աչքի առաջ կյանքը ցույց տվեց, որ «բախտի անիվը» հետ է՛լ է դառնում:

Բայց չնայած պատմությունը երբեք լրիվ չի կրկնվում, որովհետև հասարակության ընթացքի ուղիներն անսահման շատ են, մեկ-մեկ հնարավոր է ու անպայման հարկավոր է, որ անցյալին նայելով՝ խուսափենք նույն, արդեն մի անգամ եղած անցանկալի կամ կործանարար երևույթի կրկնությունից:

Օրինակ՝ արդեն գիտենք, որ եթե չլինի խոսքի ու տեղեկություն ստանալու ազատությունը, չլինի բոլոր-բոլորի հավասարությունը՝ պարտադիր գործող օրենքի առաջ, ապա անպայման հասնելու ենք բռնակալություն որևէ տեսակին, «ազգային» լինի այդ տեսակը, թե չէ:

Գերմանիայի, Չինաստանի, Ռումինիայի, Կամբոջայի ու հիմա էլ` աֆրիկյան երկրների սարսափելի անցքերի ողբերգությունը հենց է՛ն հանգամանքն է, որ ֆաշիզմի ճամփան բացեցին մեծ մասամբ բարի կամքի տեր մարդիկ (տես Թոմաս Մանի հոդվածի մեջ Արթուր Շոպենհաուերի մասին գրածը, «Գարուն», 1999, 3), բացեցին հենց Շոպենհաուերի՛ պես մարդիկ, ովքեր երկրում օրինակ էին համարվում, ում հարգում էր ողջ հասարարկությունը, ու ովքեր իրենց հոգու ողջ ուժով ատում էին ֆաշիզմի հետևանքները:

ՀՆԱՐ ԿԱ՞ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ

ՆՄԱՆ ԱՂԵՏԱԼԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՑ

Քաղքենի հարևանը.– Էս Արքիմեդը վախկոտ ա ու դավաճան: Թշնամին քաղաք ա մտնում, իսկ էսի նստե ու գծագիր-մծագիր ա անում:

Կարել Չապեկ

Սրանից խուսափելու հավանականությունը շատ-շատ է կախված մեր էն ընդունակությունից, թե ուժ ունե՞նք առանց վախ ու սարսափի նայելու վտանգին ու գնահատելու այդ վտանգի չափը: Թե ուժ ունե՞նք հրաժարվելու մեր հոգու համար անսահման թանկ թվացող է՛ն հույսերից ու ցանկություններից, եթե դրանց պաշտամունքը (օրինակ՝ «ազգային ավանդույթ» կոչվածների կամ «Աշխարհակալ Հայաստանի» պաշտամունքը) նման մի վտանգի աղբյուր է:

Ինչքան փորձն է ցույց տալիս, մենք ոնց որ թե հլը էնքան հոգեկան ու մտավոր արիություն չունենք, որ գոնե հնարավոր համարենք, թե սխալ ենք մտածում, թե մեր էս տեսակ ցանկություններն ու հույսերն անհեթեթ են, երազային, ուտոպիական ու, ի վերջո, կործանարար:

Կտրուկ ու մեծ ծավալի հեղափոխության ընթացքը չես գուշակի: Սրա օրերին հասարակությանն առաջնորդող անհատները տենդով հիվանդա-ցածի պես «միաբանող» գաղափարախոսություն են փնտրում:

Հասարակությունը «միաբանող» գաղափարախոսությունն էլ ենթադրում է, որ հասարակության ամեն մի անդամն էլ պիտի հլու-հնազանդ ու անծպտուն ենթարկվի էս գաղափարախոսությանը:

Ու թե որ մեկնումեկը չենթարկվեց սրան, իսկույն հայտարարվում է, թե սա «հակառակ է միաբանությանը», թե սա «պառակտում է ազգը», թե սա «ազգի դավաճան է»: Ու նշան չունի, թե հակառակ գնացողն ի՛նչ հեղինակություն ունի, ազնիվ է, թե չէ, կամ ի՛նչ վաստակ ու արժանիք ունի:

Առաջին համաշխարհայինի օրերին ֆրանսիացի Ռոմեն Ռոլանն ասում էր հայրենակիցներին, որ եթե Ֆրանսիան պատերազմից նույնիսկ հաղթող է՛լ դուրս գա, մեկ է, դա կլինի Ֆրանսիայի պարտությունը, ու համոզում էր Ֆրանսիային է՛լ, Եվրոպայի մյուս կռվող պետություններին է՛լ, որ հաշտվեն ու վեճը լուծեն բանական ճանապարհով՝ զիջումներով:

Ռոլանը լավ բան էր ասում, ու հետո պարզվեց, որ լրիվ ճիշտ էր ասում: Էսօր Եվրոպան համարյա նահանգների միության պես մի բան է, այսինքն, էսօրվա Եվրոպան դարձել է հենց Ռոլանի՛ առաջարկած հանրության պես մի հանրություն:

Բայց եվրոպացիք էսօր արդեն մոռացել են, որ հենց Ռոլանի խորհուրդներին ու դասերին հետևելո՛ւ շնորհիվ են հասել էսօրվա Եվրոպային:

Իսկ էն օրերին Ռոլանին Ֆրանսիայում ինչ ասես, որ չասեցին (ինքը Ֆրանսիայում չէր), ու ինչքան գիտեմ, Ֆրանսիայում Ռոլանն էսօր է՛լ էն-քան սիրված չի, չնայած` առանց էդ բյուրեղային ազնվության ու վիթխարի մտքի տեր մարդու ջանքերի՝ էսօրվա Եվրոպան գուցե չլիներ:

Ու եթե էսօրվա Եվրոպայի ու առհասարակ արևմուտքի «դեմոկրատիան» դարձած չլիներ համարյա սոցիալիստական «միաբանող» գաղափարախոսություն, օրինակ, Սերբիայի էսօրվա ողբերգությունը չէր լինի:

Էս «գաղափարախոսությունն» է՛ն աստիճան է «միաբանող», որ Եվրոպայի ոչ մի «քաղաքակիրթ» պետություն փորձ անգամ չարեց ՆԱՏՕ-ին (այսինքն, ԱՄՆ-ին) ասելու, որ իր արածը ցեղասպանություն է, այսինքն՝ աշխարհի ամենածանր հանցագործությունն է, ու Եվրոպայի կենտրոնում իսլամական ֆունդամենտալիստական պետություն ստեղծեց:

«ՄԻԱԲԱՆՈՂ» ՈՒ «ԵՐԿՓԵՂԿՈՂ»

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ոչխարը.– Թո մորթեն, մենակ թե առաջնորդեն:

Կարել Չապեկ

«Միաբանող» գաղափարախոսությունը տոտալիտա՛ր է, բռնակալակա՛ն է, ամենատիրակա՛ն է: Սա լրի՛վ հակառակ է իսկական դեմոկրատիային, լիբերա՛լ դեմոկրատիային, ինչն ամենակարևորը համարում է մտածելու, խոսելու, կարծիք հայտնելու, ուրիշներին միմիայն համոզելու, տեղեկություն ստանալու ու խղճի ու հավատի ազատությունը:

Լիբերալ դեմոկրատիան համարում է, որ միակ ճշմարիտ կանոնը` Ոսկե կանոնն է, ինչն ասում է. «Ուրիշին մի՛ արա է՛ն բանը, ինչը չես ուզում, որ էդ ուրիշը քե՛զ անի»:

Իսկ լիբերալ դեմոկրատական կարգի ժամանակ հասարակության ամեն մի անդամն իրավունք ունի ու ազատ է իր սեփական գաղափարախոսությունն ունենալու, եթե, իհարկե, էդ գաղափարախոսությունը չի սահմանափակում ուրիշների ազատությունը:

Ուրեմն, լիբերալ կարգի ժամանակ մի հատիկ գաղափարախոսության փոխարեն ունենք էնքա՛ն գաղափարախոսություն, ինչքան հասարակությունն անդամ ունի, ու չի բացառվում, որ դրանց մեջ լավերն էլ լինեն:

Էս կարգի ժամանակ բռնակալն արդեն պարտադիր գործող ու էդ ազատությունները (ուրիշներն էլ) պաշտպանող է՛ն օրենքն է, ինչի առաջ բոլոր-բոլորն են հավասար (նույնիսկ պատգամավորները, օլիգարխների զավակները, նախագահներն ու ավտոտեսուչները):

Էս կարգն ամենից առաջ մտավոր անհատականության, կամ, եթե կուզեք՝ մտավոր «անիշխանության», մտավոր «անարխիայի» կարգ է, է՛ն իմաստով, որ ամեն մի մարդ էլ իրավունք ունի ի՛ր իսկ գաղափարախոսությունն ունենալու, եթե սրանով ուրիշներին չի վնասում:

Սա նաև ինտելեկտուալ ազնվության կարգ է:

Ավելի ճիշտ, սա ուրիշին հանդուրժելո՛ւ կարգ է, ուրիշի սեփական կարծիքը, ճաշակը, հոգս ու մտածմունքը, կենցաղն ու սովորությունն ունենալու իրավունքն ու ազատությունը հանդուրժելո՛ւ կարգ է:

Լա՞վ է սա, թե՞ վատ: Տեսնենք:

Իսկ «միաբանող» գաղափարախոսությունը, ուրեմն, պարտադիր է հասարակության բոլոր անդամների համար: Բայց ախր հա՛րց է, թե ո՞ւր կտանի էս գաղափարախոսությունը. կկործանի՞ հասարակությունը, թե՞ վիճակը կլավացնի:

Չգիտենք, որովհետև ապագան անհայտ է:

Ենթադրենք, թե հասարակության համարյա բոլոր անդամները կողմ են ու հավատում են էս գաղափարախոսությանը: Սրանից հետևո՞ւմ է, որ սա ճիշտ է ու օգտակար:

Չէ՛, իհարկե: Նույն բանն ասելուց մազաչափ անգամ չի հետևում, որ էս ասած բանը ճիշտ է, եթե աշխարհի նույնիսկ բոլոր մարդիկ էլ միաբերան սա՛ ասեն, ու սրա համար լիքը փաստ ունենք:

Օրինակ, մարդկությունը, համարյա լրիվ, մի քանի հազար տարի հավատացել է, որ Երկիրը տափակ է, կլոր չի: Կամ էլ, որ Արևն է պտտվում Երկրի շուրջը: Փորձը ցույց տվեց, որ, օրինակ, ճիշտ է հենց է՛ն մի հատիկ մարդը, Կոպեռնիկոս անունով, ով լրի՛վ հակառակ կարծիքն ուներ:

Ու թե որ էս կարգի կոպեռնիկոսների բերանը փակես, հնարավոր է, որ ճշմարտությունը երբեք չիմանաս, ու հնարավոր է, որ կործանվես, ոչնչանաս, վերանաս է՛լ: Իսկ էս կարգի մարդիկ, այսինքն, հասարակությանը «հակառակ» գնացող մարդիկ, ամենաթանկն են ու ամենաազատասերը:

Սերվանտեսի Դոն-Կիխոտն ասում է. «Էս արևի տակ ազատությունից թանկ բան չկա, Սանչո՛», ու Դոն-Կիխոտը հազար միլիոն անգամ է ճիշտ:

Խոսքը ոչ թե անսահմանափակ ազատության կամ անարխիայի մասին է, այլ ամե՛ն մեկի, ամե՛ն անհատի է՛ն ազատության մասին, ինչը չի սահմանափակում ուրիշի ազատությունը:

Էս կարգի ազատությունը, այսինքն, ամեն մի անհատի ազատությունը (տե՛ս «Մարդու իրավունքների ու ազատությունների հռչակագիրը») ողջ մարդկության միակ ու գերագույն նպատակն է, ու ողջ մարդկության դարավոր երազանքը:

Մնացած ամեն ինչը, որ հակասում է սրան, միշտ բերել է արյուն, բռնություն, ճորտություն ու ամեն տեսակ սարսափ, իսկ եթե էսպես գնա, ու լիբերալ ծրագիրը չհաստատվի ողջ աշխարհով մեկ, «միաբանող գաղափարախոսությունները», անպայման, մեր էսօրվա ողջ քաղաքակրթությունը կործանելու են (տես 34-38-ն ու 55-ը):

ԳՈՆԵ ՄԻ ՀԱՏԻԿ ՄԻԱԲԱՆՈՂ ՈՒ ՈՉ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱ՞

Որդը.– Ասում ես, Արծի՞վն ա ճիշտ: Վարյանտ չկա: Ճշմարտությունը միակն ա` որդային ճշմարտությունը:

Կարել Չապեկ

Ի՞նչ երաշխիք կա, որ էս ազատությունները Չսահմանափակող կամ Չվերացնող գոնե մի հատ «միաբանող» գաղափարախոսություն կա: Ո՞վ է ապացուցել կամ ո՞վ կապացուցի սա: Ո՛չ մեկը:

Մերկապարանոց հայտարարությունը, կամ շատախոսությունը, կամ էլ նման ուրիշ բաներն ապացույց չե՛ն: Ո՞վ զորություն ունի ապագան գուշակելու: 1980 թվին ո՞վ գիտեր, թե էսօր ինչ վիճակ կլինի: Ո՛չ մեկը:

Երևի ինձ ասող լինի, որ ես դեմ եմ միաբանությանը:

Իհարկե դեմ եմ, եթե «միաբանություն» ասելով հասկանում են մեն-մի հատիկ գաղափարախոսությունը, ինչի գլխավոր հրամանատարը մի որ-բերյան է, կամ մի նախագահ, կամ մի նախարար, կամ մի գեներալ՝ իր ընկեր-բարեկամների շքախմբով, կամ էլ նույնիսկ մեկ կամ մի քանի կուսակցություն, ու ես էլ, անկախ իմ գիտելիքների, իմ վաստակի ու արժանիքների չափից, պիտի սուսուփուս ենթարկվեմ դրանց:

Հանուն ինչի՞ պիտի ենթարկվեմ, թե որ հաստատ գիտեմ, որ ապագան գուշակելու կարողություն չունի ո՛չ մի գաղափարախոսություն, ինչքան էլ դա «ազգային» լինի:

Բա՞ որ հանկարծ էդ գեներալը կամ նախագահը կամ էլ՝ կուսակցությունը ժողովրդի ասած՝ «սարսաղի մեկը էղավ», կամ էլ արնախում ու տականքի մեկը:

Մինչև հիմա ոչ մի գաղափարախոսության ղեկավար Սոլոնի կամ Պերիկլեսի պես գիտուն, ազնիվ ու սկզբունքային չի եղել, իսկ մեր ողջ քա-ղաքակրթության պատմությունը, սրանցից բացի, թերևս ուրիշ էս տեսակ օրինակ չունի:

Ի՞նչ երաշխիք կա, որ ներկայի կամ ապագայի «գաղափարախոս գեներալները» գիտուն, ազնիվ, սկզբունքային ու քաջ մարդիկ կլինեն: Ոչ մի երաշխիք չկա: Ու թե որ լինեն էլ, հո հավերժ չե՞ն ապրելու: Ի՞նչ երաշխիք, որ դրանց փոխանորդները կունենան նույն հատկությունները: Սա՝ մեկ:

Շատ կարևոր է, որ արդեն է՛ն փաստը, որ տվյալ մարդը «գաղափարախոսության գեներալ» է, ցույց է տալիս, որ էդ մարդը չգիտի, որ ապագան գուշակելի չի, որ «պատմության օրենքները» մեզ հայտնի չեն. չգիտի, որ էսօր նույնիսկ չգիտենք, թե պատմությունն օրենքներ ունի՞: (Կամ էլ` գիտի, բայց խաբում է իրեն հավատացողներին):

Ֆիզիկայի, քիմիայի կամ կենսաբանության օրենքներին մենք հավատում ենք, որովհետև ի վիճակի ենք ամեն վայրկյան ու ամեն տեղ ստուգելու, որ սրանք ճիշտ են:

(Ի միջի այլոց, բնագետները լավ գիտեն, որ իրենց օրենքները սոսկ ենթադրություն են, բայց է՛ն տեսակ ենթադրություն, ինչը միշտ ստուգելու հնարավորություն կա: Էս իմաստով` կա՞ գոնե մի հատիկ «պատմական օրենք», ինչը կարող լինենք ստուգելու: Թե կա, թող իմացողը ցույց տա ու հետն էլ ասի ստուգելու ձևը):

ԲԱ ԻՆՉԻ՞ ՇՈՒՐՋԸ ՄԻԱԲԱՆՎԵՆՔ

Գետի էրեսի տաշեղը.– Հլը էս կարմրախայտին նայի, էկե ու ընձի լող տալ ա սովորցընում: Էս տգետը, փոխանակ հոսանքով լող տա, հոսանքին հակառակ ա լող տալի:

Կարել Չապեկ

Ասո՞ւմ եմ ես, որ «միաբանություն» ասածը առհասարակ պետք չի: Չէ, չեմ ասում:

Միաբանությունը պետք է, ու անպայման է պետք, բայց ես կողմ եմ միայն ու միայն է՛ն միաբանությանը, ինչը հաստատում է բոլորին հավասար աչքով նայող ու պարտադիր գործող օրենքը: Է՛ն օրենքը, ինչի աղբյուրը մասնավոր սեփականության նորմն է, ոչ թե ուժը:

Հաստատում է է՛ն օրենքը, ինչը պաշտպանում է ամեն մի հատիկ-հատիկ վերցրած մարդու ազատություններն ու իրավունքները. է՛ն օրենքը, ինչը հնար է տալիս ամեն մի առանձին վերցրած անհատին ապրելու, ծաղկելու, բարգավաճելու, հարստանալու. է՛ն օրենքը, ինչը չի ավելացնում ոչ մեկի ցավ ու դարդը, ինչը քչացնում է բոլոր-բոլորի ցավերն ու ուզում է, որ էդ ցավերը դառնան ինչքան հնարավոր է քիչ:

(Այսինքն, ես կողմ եմ Հյումի ասած բարոյական նորմերի հաստատած միաբանությանը միայն):

(Ացավ ու անդարդ ու «դրախտային» կյանքի, այսինքն, լիակատար երջանկության ձգտումն անհեթեթ է ու անհնար: Անընդհատ ու ամեն րոպե երջանիկ կարող է լինել միայն լրիվ առողջ ու կուշտ ու կերած-խմած հոգեկան հիվանդը՝ «դեբիլը»):

Պարզից էլ պարզ է, որ եթե հանրության առանձին վերցրած ամեն մի անդամը հարստանա, ծաղկի ու բարգավաճի, կհարստանա ու կծաղկի ու կբարգավաճի հենց հասարակությունն ինքը, այսինքն, ողջ երկիրը:

Հարուստ պետությունն էլ` կունենա առողջ, տեխնիկայով հագեցած ու մարտունակ բանակ, ինչի ամեն մի զինվորն ու սպան կգործեն ու կառաջնորդվեն հենց էս պարտադի՛ր գործող օրենքով, էս արդա՛ր օրենքով, ինչն անպայման նայում ու հատիկ-հատիկ պաշտպանում է ամեն մեկին:

Ու էս զինվորներն ու սպաները կափսոսան ու կպաշտեն էս օրենքը, որովհետև ափսոսած ու պաշտած կլինեն իսկական արդարությունը:

Ու էս օրե՛նքը կլինի ամեն մի քաղաքացու հայրը, ուրեմն նաև հայրենիքը, ու էնքա՛ն թանկ հայրենիքը, որ քաղաքացիները, պետք եղած ժամանակ, կելնեն ամեն գնով պաշտպանելու սա:

Ու եթե էս տեսակ օրենքը, էս կարգը, էս տեսակ երկիրը, էս տեսակ հայրենիքը պաշտպանելու հարց լինի, այնժամ համարյա բոլոր-բոլորը կլինեն միաբան (չհաշված «դեբիլներին»), որովհետև թե որ սա կորցրին, կորցնելու են իրենց ամենաթանկ բանը, իրենց անձնական ազատությունը, ու դառնալու են ճորտ ու ստրուկ, աղքատ ու հարկադիր ստոր: (Ու կարևոր չի, թե ում ստրուկ ու ճորտը կլինեն, օտարների՛, թե՛ սեփական փաշա ու սուլթանների): Ու էս տեսակ պետությունը կլինի ոչ միայն հարուստ, այլև կլինի ուժեղ, որովհետև բանակը պահում են փողով ու արդարությամբ (օրենքով):

Ես, այ, է՛ս իրո՛ք միաբանող օրենքին եմ կողմ, էս բռնակալ, դիկտատոր, թագավոր օրենքին, որովհետև էս անգամ արդեն էնքան էլ կարևոր չի լինի, թե ո՛վ է նախագահը կամ վարչապետը, Պողո՛սը, թե Պետրոսը:

Ու ես դեմ եմ ամեն տեսակ «ազգային», «կրոնական» ու սոցիալիստական գաղափարախոսություններին՝ առաջին հերթին հենց է՛ն բանի համար, որ սրանք դեմ են նկարագրածս օրենք-բռնակալին:

Դեմ եմ, որովհետև «միաբանող» տոտալիտար գաղափարախոսությունները՝ բոլորն էլ ենթադրում են, որ մի կողմից՝ օրենքը պիտի հավասար նայի հասարակության անդամների մեծ մասին (բայց ոչ բոլորին), մյուս կողմից՝ էս օրենքը պիտի ենթարկվի «ընտրյալ ու իմաստուն մի հերոսի», կամ սրանց մի խմբին (ազգի առաջնորդին, կուսակցությանը, սինոդին, ցեղային խորհրդին, ցեկային, պոլիտբյուրոյին ևն):

«ՄԻԱԲԱՆՈՂ» ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Կատոն ավագը.– Ի՞՜նչ: Ասում եք` սո՞վ ա, աղքատությո՞ւն ա, բերք չկա՞: Դրանք սաղ հե՛չ: Նախ պտի Կարթագենը կործանենք:

Կարել Չապեկ

Ուրեմն, տոտալիտար միաբանող կարգի ժամանակ մի հատիկ ու բոլոր-բոլորի համար հավասար բռնակալ-օրենքը կտոր-կտոր է լինում, բաժանվում է հասարակության բոլոր-բոլոր պաշտոնավորներին:

Ու արդեն արդար ու պարտադիր գործող մեկ հատ օրինախմբի տեղը ունենում ենք ճիշտ էնքան հատիկ օրինախումբ, քանի հատ որ պետությունը պաշտոնավոր ու «աֆտարիտետ» ունի:

Ու էս առանձին օրենքների գործելու ձևն արդեն կախված է պաշտոնավորների ու էս «աֆտարիտետների» անձից, սրանց բնավորությունից, ազնվությունից, սկզբունքայնությունից ևն:

Բանակում, օրինակ, ունենում ենք ճիշտ էնքան հատ օրենք, ինչքան որ սպա ու «խառոշի» կա էդ բանակում:

Ոստիկանությունում ունենում ենք ճիշտ էնքան հատ օրենք, ինչքան ոստիկան կա, ու քանի հատ էլ «թաղի տղա» ու «աֆտարիտետ» կա («խառոշին», «աֆտարիտետն» ու «թաղի տղան» էլ են պաշտոն, ընդ որում, ահագին շահութաբեր):

Մարդիկ տարբեր են ու սրա համար էլ էս «անհատական» օրենքներն էլ են տարբեր լինում: Ու էս անգամ արդեն ոչ մի միաբանություն հնարավոր չի՝ ամեն պաշտոնավոր (այսինքն, օրենսդիր ու միաժամանակ դատավոր) «սղոցն իր կողմն է քաշելու»:

Պաշտոնից զուրկ ամեն մի մարդ դառնալու է պաշտոնավորների ճորտն ու ստրուկը: Բանակում, օրինակ, շարքային զինվորը դառնալու է սպաների, «խառոշիների» ու «դեմբելների» ճորտն ու ստրուկը:

Բայց էս տեսակ զինվորը, ով ամենաստոր աստիճանի մի ճորտ է, հենց սրա համար էլ ոջլոտ ու սոված է լինելու, ապրելու է անասնական պայմաններում, հիվանդանալու է դիզենտերիայով ու հազար ու մի ուրիշ ախտով, անընդհատ ծեծ է ուտելու, բռնաբարվելու է՝ էս բառի բուն իմաստով, հասնելու է ինքնասպանության կամ հլու-հնազանդ անասունի վիճակի (ու սա ընտրելու «իրավունք» է ունենալու):

Կամ էլ, էս ամենից ազատվելու համար, հենց ի՛նքն է դառնալու գազան (այսինքն՝ օրենքի կրող ու աղբյուր): Ու եթե մի օր սրան ասեն. «Գնա՛, կյանքդ տուր հանուն հայրենիքի», ու սա էլ կանգնի ու ասի. «Ձեր հայրենիքի էլ ըսենց-ընենցը», ո՞ր մի հասկացող ու կյանքի փորձ ունեցող ազնիվ մարդու բերանը կբացվի, որ մեղադրի սրան:

Թե որ մի հայր իր ընտանիքի անդամներին ու զավակներին էնպես պահի, ոնց որ էդ տեսակ պետությունն է պահում իր ժողովրդին (այսինքն, հայրը հարազատ զավակներին ծեծի, ջարդի, ստորացնի, բռնաբարի, ու դրանք ոչ մեկից պաշտպանություն ստանալու ճար չունենան), ո՞վ չի ասի, որ էդ հայրը տականք է, ինչքան էլ էդ «հայրը» պնդի, թե էդ ամենն անում է՝ «հանուն միաբանության, հանուն ընտանիքի լուսավոր ապագայի»:

Հայրենիքը սոսկ բառ չի, սոսկ վերացական հասկացություն չի: Չկա՛ հենց էնպես «հայրենիք»: Հայրենիքը ե՛ս եմ, դո՛ւ ես, Պողո՛սն է, Պետրո՛սն է, համարյա ամե՛նքըս, հատիկ-հատիկ վերցրած, այսինքն, մեր մեծագույն մասը:

Ուրեմն՝ հայրենիքի վիճակը մեր ամեն մեկի վիճակների խումբն է՝ հատիկ-հատիկ գումարած:

Ու եթե էս առանձին գումարելիների մեծագույն մասի վիճակը ողբալի ու ստոր ու հուսահատական է, ուրեմն՝ հայրենիքի վիճակն է՛լ է ողբալի ու ստոր ու հուսահատական: Ու եթե ժողովրդի մեծագույն մասը ճորտ է ու ստրուկ ու թշվառ ու ողորմելի, ուրեմն, հայրենիքն է՛լ է ճորտ ու ստրուկ ու թշվառ ու ողորմելի: Ու ոչ մի «միաբանող ազգային գաղափարախոսու-թյուն» ի վիճակի չի լինի էս «հայրենիք» կոչվածին էդ վիճակից հանելու, որովհետև էս վիճակից ազատվելու միակ ճարը «չմիաբանող» գաղափարախոսությունն է միայն:

Սա, էս «միաբանող գաղափարախոսությունը», շատ-շատ, հլու-հնազանդ ու պասիվ հասարակական հոտը փոխարինի հլու-հնազանդ ու մարտնչող հասարակական հոտով, ով որ հլու-հնազանդ կենթարկվի իր գեներալներին ու հարևան երկրներին էլ կկոտորի, թե որ ուժը պատեց:

Իրենց «դեմոկրատ» հռչակող բոլոր անսկզբունքային քաղգործիչներն անպայման «միաբանող ազգային գաղափարախոսություն» են պահանջում կամ հռչակում: Սրանցից ոմանք գուցե անկեղծ հավատում են, որ լա՛վ բան են ուզում, բայց սրանք ուղղակի մոլորված են՝ իրենց, մեղմ ասած, «թերի գիտելիքների» պատճառով:

«ՄԻԱԲԱՆՈՂ» ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ

Ցիկլոնը.– Հիսուն քաղաք ա քանդուքարափ էղե: Բա էսի շշմելու հաղթանակ չի՞:

Կարել Չապեկ

Քաղգործիչը, համարյա առանց բացառության, սկզբունքներից զուրկ է, իսկ սկզբունքներից զուրկ քաղգործչին «միաբանող ազգային գաղափարախոսությունը» չափազանց է ձեռնտու: Ինչո՞ւ:

«Միաբանող ազգային գաղափարախոսությունը» անսկզբունքային քաղգործչին խի՛ստ է ձեռնտու է՛ն պատճառով, որ էս գաղափարախոսությունը հնար է տալիս էս գործչին, որ սա դեմոկրատական կարգ ու օրենքն իր ուզածի պես խախտի ու ոտնակոխ անի, երբ ու որտեղ ուզենա:

«Միաբանող գաղափարախոսությունը» հնար է տալիս, որ քաղգործիչը խաբի, խարդախություն անի, անի ամեն տեսակ ստորություն, զբաղվի կավատությամբ ու պոռնկանոց պահի, զբաղվի նարկոբիզնեսով, տեռորիզմով, իր իսկ երկրի անմեղ քաղաքացիներին ճնշի, թալանի, բանտարկի, բռնաբարի ու նույնիսկ սպանի, որովհետև էս քաղգործիչն արդարանալու միջոց ունի, որովհետև միշտ է՛լ հնար ունի ասելու.

–Նախ՝ անտառը կտրես՝ տաշեղներն անպայմա՛ն են կորելու: Երկրորդ՝ ես էս ձևով «աշխատածս» փողերով հայրենիքի լուսավոր ապագան եմ կերտում, չե՞ս տենում, որ, օրինակ, տեռորիստների հե՛րն եմ անիծում: Իսկ հետո էլ, հենց որ էս ձևով, այսինքն, առանց միջոցների խտրության, հարկավոր գումարն «աշխատեմ», իրաքցիների, իրանցիների, նենեցների ու չուկչիների հերը լրիվ կանիծեմ, ու քու համար «Ծովից-ծովը» կստեղծեմ: Ընենց որ, հլը ձեն մի հանի, ու մի քիչ, մի քանի դար էլ դիմացի՛ քու էս անասնական վիճակին, ու համ էլ ընձի բան մի ասա, ու թող որ կուշտ ուտեմ, մինչև հարկավոր գումարը «աշխատեմ» պրծնեմ:

Ու ճիշտը որ ասենք, «միաբանող» ցանկացած գաղափարախոսության նպատակն ու էությունը էդ գաղափարախոսության գեներալների «կուշտ ուտելն է»:

Մնացածը՝ քողարկություն է, քողարկություն՝ ստի, խարդախության ու խաբեության ծխի շղարշով:

Զարմանալի է, բայց մարդիկ ոնց որ կույր ու խուլ ու տարրական տրամաբանությունից զուրկ լինեն, որովհետև շատ-շատ հաճախ (եթե ոչ միշտ) ուղղակի չեն նկատում, չեն տեսնում, որ «միաբանող», տոտալիտար (բոլորի համար պարտադիր ու բոլորի համար միատեսակ) պահանջներն անհեթեթ են ու անիմաստ: Սրա բնորոշ օրինակն է «ազգի ու մանավանդ «մաքուր ազգի» ու «մաքուր ու անաղարտ հայերենով խոսող ու միակերպ ուղղագրությամբ գրող ազգի» գաղափարը, ինչը որբերյանների սիրած թեման է:

Չխոսենք էն բանից, որ մինչև էսօր ոչ մեկը ի վիճակի չի եղել ասելու, թե ի՞նչ է «ազգ» ասածը (ինքնին ենթադրվում է, որ սա հայտնի է բոլորին, բայց մի փոքր ավելի լուրջ քննությունը ցույց է տալիս, որ այս «գաղափարը» ուղղակի զառանցանք է): Մի օրինակ բերեմ:

ՀԱՅԸ ՄԱ՞ՐԴ Է, ԹԵ՞ ՉԷ

Լուցկին.– Տեսեք հլը: Ես անշեջ կրակն եմ:

Կարել Չապեկ

Վերջերս որբերյաններից հաճախ կլսես. «Եկեք բոլորս հայեցի մտածենք» ևն:

Էս «չքնաղ» ու «հայերնաշունչ» կարգախոսն ուղղակի հակասական է:

Իրոք, եթե «հայեցի» մտածելը մեր էսօրվա հայերի մեծ մասի մտածողության ձևն է (թե սա ի՛նչ բան է, չգիտեմ, որովհետև ինչքան մարդ կա, էնքան էլ մտածելու ձև կա, բայց մի րոպե ենթադրենք, որ բնագետների իմացած միջինի հասկացությունը էստեղ էլ է անցնում), էդժամ սա շատ վատ ձև է, որովհետև հենց էս «հայեցի» մտածելով ենք հասել մեր էս թշվառ ու ողորմելի վիճակին:

Մյուս կողմից, եթե համարենք, թե «հայեցի» մտածելու ձևը ոչ թե սովորական, այսինքն, մարդավարի մտածելու ձև է, այլ մի լրիվ ուրիշ բան է, կհասնենք մի արտառոց եզրակացության.

Քանի որ մարդկության մեջ հայեցի մտածելու ձևը միայն հայերն ունեն, կնշանակի հայերը մարդ չեն, այլ մարդուց տարբեր մի բան են:

Սա ինձ իսկի դուր չի գալիս: «Հայեցի մտածելու» տեղը ավելի լավ է, մարդավարի՛ մտածեմ ու վարվեմ: Ու զարմանալին է՛ն հանգամանքն է, որ երբ սա ինձ հաջողվում է, ես է՛լ եմ շատ գոհ լինում, շրջապատս է՛լ:

Բացի սա, շատ եմ ուզում, որ կարողանամ գոնե մի քիչ «անգլիացի» մտածեմ ու վարվեմ, օրինակ՝ Նյուտոնի, Շեքսպիրի, Միլթոնի կամ Լորդ Աքտոնի պես. մի քիչ «հունացի» մտածեմ ու վարվեմ Դեմոկրիտոսի, Սոլոնի, Սոկրատեսի, Պերիկլեսի, Հերոդոտոսի կամ Եվրիպիդեսի պես. մի քիչ «ֆրանսիացի» մտածեմ ու վարվեմ, օրինակ՝ Ռոմեն Ռոլանի, Պյեր Կյուրիի կամ Ալեքսիս դե Թոքվիլի պես. մի քիչ էլ «գերմանացի» մտածեմ ու վարվեմ, օրինակ՝ Գաուսի, Էյնշտեյնի, Գյոթեի, Հումբոլդտի պես. մի քիչ էլ «ռուսացի» մտածեմ ու վարվեմ՝ Լև Տոլստոյի ու Սախարովի պես ևն: (Դեմոկրիտոսը, օրինակ, ասում էր. «Ավելի լավ է, մի թեորեմ գտնեմ, քան թե Իրանի շահանշահը լինեմ»):

Ու կամ էլ, ե՛ս եմ ու ձեր պես չեմ մտածում ու վարվում, ձեր ի՞նչ գործն է, ես հո ձեզ վնաս չե՞մ տալիս: Դուք ինչքան ուզում եք, «հայեցի» մտածեք, եթե իհարկե գիտեք, թե դա ինչ է:

Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐԸ

Ճորտը.– Գիդե՞ք, ինչքան բան կանեի, թե որ ընձի հրամայեին:

Կարել Չապեկ

Մեր թշվառ ու ողորմելի «հայեցի մտածողության» իրական էությունը հետևյալն է:

Մենք մեր էս իրոք որ թշվառ ու ողորմելի վիճակի մեղավորներին ման ենք գալիս միմիայն դրսում, միմիայն մեզնից ու մեր երկրից դուրս:

Մենք մեղավոր ենք համարում՝ առաջվա (մեկ-մեկ էլ՝ էսօրվա) պարսիկներին, առաջվա հույներին ու հռոմեացիներին ու հետո էլ՝ արաբներին:

Մենք մեր էս աղետալի վիճակի մեղավորն ենք համարում թուրքերին, ու էն էլ՝ 800 տարի, հրեաներին ու մասոններին ու ռուսներին ու ամերիկացիներին ու անգլիացիներին ու գերմանացիներին ու ֆրանսիացիներին:

Մենք մեղավոր ենք համարում Լենինին, Ստալինին, Աթաթուրքին, Ֆրունզեին, Պետրոս Մեծին ու Եկատերինա 2-րդին, ևն, ևն, ևն:

Ում ասես, որ մենք մեղավոր չենք համարում (բացի երևի նենեցներն ու չուկչիներն ու Ավստրիալիայի ու մեկ էլ` Ջամբո-Մամբո ցեղի բնիկները): Ամեն տեղ ու ամեն ինչի մեջ ման ենք գալիս մեր էսօրվա վիճակի ու ապագա ահավոր վտանգների մեղավորներին:

Ու երբեք ոչ մեկիս մտքով չի անցնում, որ կարող է մեղավոր լինենք հենց մե՛նք, որ մեր սեփական ճորտության ու թշվառության պատճառը մեր իսկ անկեղծ մոլորություններն ու նախապաշարմունքներն ու անտեղյակությունն են, որ մեր համար անսահման թանկ թվացող ուտոպիական, անիրականալի երազների հետևից ընկնելը երևի կործանարար է:

Մենք մեզ թույլ էլ չենք տալիս կասկածելու, որ շատ հնարավոր է, որ էս կործանարար «միաբանող գաղափարախոսության» հիմնադիրները, օրինակ՝ նաև մեր «հանճարեղ» համարվող հայ գրողներից մի քանիսն են:

Մենք, շատ-շատ ագամ, մեծամոլ ու մեծամիտ ենք, սնահավատ ու նախապաշարված ու, հազար ափսոս, երբեմն էլ խավարամոլ:

Մենք, շատ-շատ հաճախ, մանկամիտ ենք:

Սրանից քիչ առաջ շատ կլսեիր. «Մենք փայլուն ազգ ենք, մենք համաշխարհային ազգ ենք»: Վերջերս արդեն ուրիշ բան ես լսում. «Որպես ազգ՝ բանի պետք չենք» (այսինքն՝ «միաբանող ազգային գաղափարախոսություն» չունենք):

Բայց երբևէ լսե՞լ եք, որ մեկնումեկն ասի. «Ես փայլուն մարդ եմ, ես համաշխարհային մարդ եմ, ես անպետք մարդ եմ» (տես Կարել Չապեկի` Բառերին գերի վերնագիրը):

«Միաբանող գաղափարախոսությունները» մեզ «ձեռ են տալի» հենց է՛ն բանի համար, որ ազատում են անձնական պատասխանատվությունից:

Իլֆն ու Պետրովն ասում են, որ խեղդվողների փրկության գործը ամեն մի խեղդվողի անձնական գործն է: Մտածելու բան չի՞: Մտածելու ժամանակը չի՞:

Ժամանակը չի՞, որ ընդունենք, որ մենք անիվ հայտնագործող չենք, մանավանդ, որ այդ անիվը վաղուց հայտնագործել են:

P. S. Ու մի բան էլ:

Ասենք թե` միաբանվեցինք: Միաբանվեցինք ու շարք կանգնեցինք

ու մի հատ էլ գերազնիվ ու գերխելոք Ֆյուրեր ճարեցինք

(էս ապրանքից ոչ միայն Հայաստանը չունի, այլև ողջ աշխարհը,

բայց մի րոպե համարենք, թե ճարել ենք):

Ասեք, խնդրեմ, ի՞նչ ենք անելու:

Շարք-շարք հարձակվելու ենք Թուրքիայի՞ ու Չինաստանի՞ վրա

ու ջնջելու ենք դրանց, որ Ծովից-ծովը կառուցե՞նք:

ԱԶԳԱՅԻՆ Ո՞Ր ԱՐԺԵՔՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵՆՔ

Եթե քո բացատրությունն էնքան է պարզ ու հստակ, որ դրա սխալ մեկնությունը բացարձակ անհնար է, մեկ է, անպայման լիքը մարդ կլինի, ովքեր ասածներդ լրի՛վ սխալ կհասկանան:

Չիզհոլմի 2-րդ ու 3-րդ օրենքների 1-ին հետևանքը

Հայագովներն ու որբերյանները շատ են ասում, թե մենք պիտի անպայման ու ամեն գնով պահպանենք մեր ազգային ավանդույթները, նույնիսկ դեմոկրատիա կամ կապիտալիզմ կամ էլ բաց, քաղաքացիական հասարակություն կոչվածից հրաժարվելու գնով, որովհետև սա իբր ուղղակի ապականում է «մեր ազգային չքնաղ ու անարատ բարքերն ու ավանդույթները»:

Էս պահանջը նոր բան չի: Սրա մի տեսակը կար, հին հունական աշխարհում, օրինակ, Սպարտայում, ու, իհարկե, համարյա ամենուր, որտեղ կառչած էին ու են հնագույն ցեղային սովորույթներից: Սա նոր ուժով է հնչում Վերածննդից սկսած, բայց սրանով մեղադրել են` Քրիստոսին, Մահմեդին ու շատ-շատերին, թերևս` բոլոր նորարարներին:

Սրանից 25 դար առաջ Սոկրատեսն ասում էր համարյա նույն բաները, ինչ որ էսօրվա լիբերալները: Ու Սոկրատեսին մահվան դատապարտեցին նախնիների ավանդույթները պղծելու և երիտասարդությանն ապականելու մեղադրանքով:

Շատ են ասում, թե ավելի լավ է հրաժարվենք էդ արևմտյան լիբերալիզմից ու դեմոկրատիա-կապիտալիզմից ու դրա արվեստից, մանավանդ արևմտյան ֆիլմերից, քան թողնենք, որ մեր բարքերն ապականվեն: Էս բաներն ասողները, առաջին հերթին մեղադրելով արևմտյան հեռացույցը, պնդում են, թե «հրեական մասոնները (կամ` ամերիկացիները, կամ` ուրիշ մեկը ևն) մեր ազգի դեմ դավադրություն են կազմակերպել» ևն:

Ըստ էս մեղադրողների` մեր վնասը երկակի է:

Նախ` արևմտյան մշակույթի ու մանավանդ` ֆիլմերի ազդեցությամբ մեր երկրում անասելի շատանում է պոռնկությունը, գեյությունն ու նման ուրիշ այլանդակ ու հակաբնական երեվույթները (ես էլ եմ դրանք համարում այլանդակ, հակաբնական ու գարշելի), բարքերն էլ ապականվում են առհասարակ:

Երկրորդ` արևմտյան «կռիվ-կինոների», սարսափի ֆիլմերի ու նման կարգի գրականության ու արվեստի ազդեցությամբ մեր երկրում, իբր, շատանում է դաժանությունը, չարությունն ու հանցագործությունը:

Էս երկու թեզն էլ համարյա լրիվ են սնանկ:

Չեմ կասկածում, որ ասողների մի մասն անկեղծ է հավատում սրանց ճշմարտությանը: Բայց սրանցից ամենաեռանդունները` հենց հայագովներն ու որբերյաններն են: Անկասկած է նաև, որ կապիտալիստական բարքերի ապականության մասին հորինված էս առասպելը միմիայն մշակութային էվոլյուցիայի պատմությունն ու տնտեսագիտության հիմունքները չիմանալու արդյունք է:

Մարդիկ միշտ էլ իդեալականացնում են իրենց անցյալը: Նույնիսկ առանձին անհատն է երանությամբ հիշում իր մանկությունը, ինչքան էլ դառը եղած լինի այն: Իսկ անցած-գնացած ոսկեդարի առասպելը, «աստվածային» փիլիսոփա Պլատոնի ու հետո էլ` Հեգելի (նաև ուրիշների) «թե-թև ձեռով», շատ-շատ է տարածված:

Մարդիկ ուղղակի տեղյակ չեն միջնադարի իրոք որ այլանդակ կենցաղին ու բարքերին, անօրինակ դաժանությանն ու չարությանը, ինչը, թերևս, շատ մեղմ նկարագրել է, օրինակ, Մարկ Տվենն իր Աղքատն ու արքայազնը ու Քոնեքտիկուտցի յանկին Արթուր թագավորի արքունիքում գործերում:

Բայց էս կարգի նկարագրություն շատ քիչ կա: Հին Հռոմի ու հունական աշխարհի բարքերն ավելի լավ գիտենք, քան (նաև մեր հին ու նաև մեր) միջնադարինը: Սրա համար է, որ ոչ մասնագետ մարդը, համարյա միշտ, մտածում է, թե միջնադարում էլ, խորախոր անցյալում էլ, բարքերն «անբիծ ու անաղարտ» են եղել:

Նման ոչ մասնագետը մտածում է նաև, թե լավի, վատի, բարու, չարի, արդարի, անարդարի, գեղեցիկի, գարշելու ու սրանց պես ուրիշ գաղափարները բացարձակ են, անփոփոխ ու տրված են «ի վերուստ»: Նման մարդը, ասելով` բարոյականություն, բարոյականության նորմ ևն, հա-մարյա միշտ էլ նկատի ունի միայն սեռական կամ ընտանեկան կյանքին վերաբերող նորմերը, այսինքն, էթիկան` նեղ իմաստով:

Բայց շատ հաճախ էլ, ասելով` բարոյականության նորմ, նկատի ունի նաև մոդային կապված բաները, օրինակ, տղամարդու գինդ (ականջօղ) կամ «պիրսինգ» կրելը, կանանց «պորտը բաց» հագուստը ևն: Ու ասում են նաև, թե հայերն էս կարգի «այլանդակ» բաներ` երբևէ չեն ունեցել, երբեք ու ոչ մի դարում: Իբր սրանք նոր են, ու սրանց ծագելու պատճառը միմիայն արևմտյան ազդեցությունն է:

Տեսնենք, թե իրո՞ք այսպես է:

***

ՍՐԲԱԶԱՆ ՊՈՌՆԿՈՒԹՅՈՒՆՆ

ՈՒ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԳԻՆԴԵՐԸ

Տգետ են բոլո՛րը, բայց տարբեր բնագավառներում:

Ռոջերսի տգիտության պոստուլատը

Հին Արևելքում, համարյա ամենուր, կար մի շատ տարածված ու շատ հարգի պաշտամունք: Պաշտում էին պտղաբերության մայր աստվածուհուն ու սրա սիրեցյալին:

Պաշտամունքը տարածված էր նաև Եվրոպայում ու այլուր:

Աստվածուհուն տարբեր լեզուներով ու տարբեր ժամանակներում տարբեր անուն էին տալիս` Իշտար, Աստարտե, Դեմետր, Ափրոդիտե, Արտեմիս, Վեներա, Շամիրամ, Կիբելե, Դերկետո, Անահիտ, Աստղիկ ևն:

Ըստ տարածված առասպելների` էս աստվածուհու սիրեցյալն սպանվում է (սպանողը, օրինակ, վայրի վարազն է), ու սրտակոտոր աստվածուհին ողբում է իր սիրեկանի մահն ու սուգ է պահում: Սգի միջոցին դադարում է ամեն ինչի պտղաբերությունը, երկիրը զրկվում է բուսականությունից, ջերմ արևից, ու սկսվում է աշուն-ձմեռը:

Հետո, տարվա մյուս կեսին, երբ աստվածուհու սիրեցյալը` Թամմուզը, Ատիսը, Օսիրիսը, Ադոնիսը, Արան ևն, կենդանանում է, բնությունն էլ հետն է կենդանանում, որովհետև պտղաբերության աստվածուհին ուրախանում ու բարիանում է (Դիոնիսոսի կամ Բաքոսի պաշտամունքն էլ է կապված սրան):

Ըստ էս պաշտամունքի, զանազան զոհեր մատուցելով աստվածուհուն, Մեծ Մորը, շատացնում էին թե՛ վայրի ու ընտանի բույսերի ու կենդանիների, թե՛ մարդկանց պտղաբերությունը:

Մեծ Մորը բազում տաճար ու քուրմ էր նվիրված: Գլխավոր տոնախմբությունը տևում էր երկու օր: Սգավոր ժողովուրդն ու քրմերը սափրում էին գլուխները (ուրիշ տեղ` մորուք էին պահում), կանայք բացում էին կրծքերն ու հաճախ էլ մերկանում, գլխներին հող ու մոխիր էին ածում, խարազա-նում իրենց մարմինների մերկ մասերը, խեղում իրենց ևն: Սրբազան մոլեռանդության մեջ` տղամարդիկ հաճախ ամորձատում էին իրենց (թլ-պատության ծեսն էստեղից է) ու այլ ահավոր խեղվածքներ էին հասցնում:

Երկրորդ օրը տոն ու ուրախություն էր, որովհետև, Մեծ Մոր սիրեցյալն իբր կենդանանում էր: Էդ տոնն ուղեկցվում էր սեռական բաց ու արձակ օրգիաներով, որոնք կատարվում էին թե՛ տաճարներում ու դրանց պատկան տարածքներում, թե՛ սար ու դաշտ ու անտառներում (տես` օրինակ, էվրիպիդեսի Բաքոսուհիները):

Մանուկ Աբեղյանի Վիշապ կոչված կոթողները` որպես Դերկետո-Անահիտ աստվածուհու պաշտամունքի արձաններ գործում (հատ Ը, էջ 155-156) բերված է նաև հայերի էս ավանդույթի նկարագրությունը:

Աբեղյանը գրում է.

«Նրա (Անահտի – Մ. Հ.) հռչակավոր մեհյանը գտնվում էր Եկեղիք գավառի Երեզ ավանում (այժմ` Երզնկա), ուր դիցուհին հարյուրներով սպասավոր ուներ «սրբանվեր» կամ «սրբապաշտ» - հերոդուլոս կոչված թե՛ այր, թե՛ կին:

«... Նրան պաշտում էին նույնպես ջրերի վրա (էստեղից է մեր Վարդավառը – Մ. Հ.): Տարին երկու անգամ` գարնանը և աշնանը, նրա տոնի օրերը մեծ հանդեսներ էին կատարվում լույծ ու անառակ պաշտամունքով:

«Նորատի աղջիկները, ի պատիվ դիցուհու` պոռնկություն էին անում, և այս չէր համարվում ամոթ: Ազնվականներն իրենց կույս դուստրերին ձոնում էին աստվածուհուն, և այսպես նրանց պոռնկության տալուց հետո ամուսնացնում էին:

«... Անահտի մեհյաններ կային նաև Տարոնի Աշտիշատում և Անձևիք գավառի Դարբնաց Քար կոչված տեղում»:

Ըստ Մովսես Խորենացու (նույն տեղը).

«Դեւք բազումք բնակեալ էին անդ եւ պատրեին (կախարդում էին – Մ. Հ.) զմարդիկ տեղւոյն, տուեալ յայնմ տեղւոջէ դեղս ախտականս առ ի կատարել զպղծութիւն ախտից, կռանաձէնս դարբնաց ահաւոր հրաշիւք արհաւիրս գործէին. յորս մարդիկ աշխարհին սովորեալք, անդ առ քրային դեգերէին, առեալ ի չաստուածոցն ծրարս թարախածորս ի պատիր ախտիցն...»:

Էդ օրերին, Հայ ազնվականների դուստրերը մինչև երկու-երեք ամիս պոռնկություն չանեին, էն էլ բացարձակ, հանդիսատեսների ներկայությամբ ու անպայման փողով, տրվելով միայն օտար անծանոթներին («վաստակած» փողն էլ տրվում էր տաճարին, այսինքն, դիցուհուն), ամուսնանալու իրավունք չունեին:

Թերևս դրանց մեջ եղել են էնպիսի տգեղ «խեղճուկրակները», ովքեր մի քանի տարի են «ծառայել» դիցուհուն, բայց իրենց «պաշտող» չունենալով` ամուսնւսնալու իրավունք չեն ունեցել: Իսկ «բախտավոր» գեղեցիկները, մեկ-երկու ամսվա «պաշտամունքից» հետո ամուսնացել են, ու հավանական է, որ սրանց ծնողները հպարտացել ու գլուխ են գովել, որ իրենց դուստրերը պատվով են «պաշտվել»:

Հայերը բացառություն չէին, էսպես էր համարյա ողջ Հին Արևելքում ու Եվրոպայում (ռուսների Մասլենիցան ու Կուպալայի տոնը, ինչպես և հա-յերի Վարդավառն ու Տյառնընդառաջը սրա՛նց հուշերն են):

Էսքանն իմանալուց հետո հին աշխարհի բարքերի մեր օրերի համար գարշելի ազատությունն արդեն էդքան զարմանալի չի թվում (ինչպես որ զարմանալի չի թվում արդեն` Փաոանձեմ թագուհու «արկածների» Բուզանդի նկարագրությունը): Էս պաշտամունքն էնքան էր հարգի, որ հին հռոմեացիները սա (Մեծ Մոր` Կիբելեի պաշտամունքը) փոխ առան փռյուգացիներից ու Հռոմում հիմնեցին Կիբելեի պաշտոնական պաշտամունքը, տաճարով ու քուրմ-քրմուհիներով հանդերձ:

Իմիջիայլոց` սա հին աշխարհի մարդկանց կրոնական հանդուրժողության փայլուն օրինակներից մեկն է: Աոաջին` բացառիկ անհանդուրժող կրոնները հուդայականությունն ու դրանից ծագած քրիստոնեությունն ու հետո իսլամն էին:

Սրանց հակառակ` հին մարդիկ ո՛ր մի երկիրը գնային, թեկուզ ժամանակավոր, իրենց աստվածների հետ մեկտեղ, պաշտում էին նաև էդ երկրի էս կամ էն աստծուն: Ասորեստանցիները, օրինակ, Բաբելոնը գրավելուց հետո, Բաբելոն քաղաքի գլխավոր աստծու` Մառդուկի ոսկե վիթխարի արձանը վերցրին ու տարան Նինվե` իրենց մայրաքաղաքը, դրեցին էնտեղ որ զոհ մատուցեն, որ հենց իրե՛նց պաշտպանի և ոչ թե բաբելացիներին: Ահա թե ինչպիսին էր նաև մե՛ր հնագույն «ավանդույթներից» մեկը վերաբերվում հավատուրացությանը, որովհետև մենք է՛լ ենք ուրիշներից աստված փոխ առել, ու շատ:

Պատմաբան ու արևելագետ Նիկողայոս Ադոնցն իր Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում գործում ասում է, որ հայ իշխանները գինդ էին կախում իրենց ականջներից: Ու պիտի միայն հայոց թագավորը թույլ տար իշխանին, որ իշխանը գինդ կրեր: Եթե իշխանի պատիվը բարձր էր, թագավորը թույլ էր տալիս, որ սա երկու ականջին էլ գինդ կախի: Եթե միջին էր, իշխանը միայն մի ականջից գինդ կախելու իրավունք ուներ, իսկ եթե իշխանի հասարակական դերը չնչին էր, նա գինդ կրելու իրավունք բոլորովին չուներ:

Նույնը վերաբերում էր նաև իշխանների հագուստին ու մյուս արդուզարդին: Օրինակ` պատվավոր իշխաններն իրենց երկու ոտքին էլ կարմիր ճտքավոր կոշիկ հագնելու իրավունք ունեին, ավելի քիչ պատվի տերերը` կարմիր կոշկը միայն մի ոտքին պիտի հագնեին ևն:

Պարզ է, որ էս «ավանդույթները» գործում էին վերից վար: Տղամարդկանց գինդ կրելու սովորությունը տարածված էր, ու է, ամբողջ աշխարհում, ինչը շատ է հայտնի: Քիչ թե շատ ընդհանուր էին նաև մնացած ավանդույթները, ու դրանց տարածվածության համար կապիտալիզմ-դեմոկրատիան, իհարկե, մեղավոր չէր, որովհետև ուղղակի գոյություն չուներ:

Թե քանի-քանի ուրիշ էսպիսի «չքնաղ ավանդույթ» են ունեցել հայերն ու ուրիշները, որոնք հիմա հակաբնական կամ նույնիսկ գարշելի են թվում, միայն (իսկական) պատմաբաններն ու ազգագրագետները գիտեն:

Մենք հեռավոր պատմությանը մեծ մասամբ ծանոթանում ենք պատմավեպերով, բայց դրանց ներկայացրած անցյալը, բացի տարեթվերից ու հիմնական անցքերից, համարյա ոչ մի կապ չունի անցյալի կյանքի ու բարքերի հետ:

Նույնիսկ Մարկ Տվենի կամ Ռ. Լ. Ստիվենսոնի «գիտական» պատմավեպերն են աղոտ պատկերացում տալիս անցյալի մասին, իսկ տարեգրությունները մի՛շտ են պատվերով գրված, ու էն աստիճան են սրբագր-ված, որ ճիշտ ու սխալը համարյա չի ջոկվում: Մի փաստ նշենք միայն:

Պատմական գիտությունն ասում է, որ Ք. ա. առաջին հազարամյակի անցքերի համարյա բոլոր թվականների ճշտությունը որոշվում է մի քանի տարվա սխալով, երկրորդինը` 60 (կամ` 100) տարվա ճշտությամբ (պլյուս մինուս), իսկ երրորդինը արդեն 500 տարվա սխալով: Այնինչ` մեր հայ վայ «պատմաբաններից» ոմանք պնդում են, թե «մեր թվարկությունից առաջ 2492 թվին էսինչ բանն է եղել»:

ՆՈՒՅՆԱՍԵՌ ՍԵՐԸ: ՆՈ՞Ր Է ՍԱ

Բնության մեջ միշտ է՛լ թաքուն մի արատ ու ապականություն կա՛:

Բենեդիկտի սկզբունքը,

որ առաջ Մերֆիի օրենքի 10-րդ հետևանքն էր

Արիստոտելն իր Աթենական հասարակարգը գործում պատմում է, թե տիրան Պիսիստրատոսի մահից հետո նրա որդիներից մեկը` Հիպարքոսը, սիրահարվում է պատանի Հարմոդիոսին, ով արական սեռից էր: Հետա-քրքիր է, որ Արիստոտելը մազաչափ անգամ չի դատապարտում այսօրինակ սերը: Փոխարենը` պախարակում է Հիպարքոսի անզսպությունը.

«...քանի որ նրա սերն անպատասխան մնաց, [Հիպարքոսն] ի վիճակի չեղավ զսպելու իր զայրույթն ու մի քանի վիրավորական արարքից հետո, իր կատաղությունն արտահայտեց, Հարմոդիոսի քրոջն արգելելով, որ սա համաաթենական թափորներին զամբյուղակիր լինի, իր այս արգելքը հիմ-նավորելով Հարմոդիոսի համար վիրավորական մի մեղադրանքով, թե իբր վերջինն անզուսպ կյանք է վարում»:

Հետաքրքիր է, որ Հարմոդիոսը, արական սեռից լինելով, Հիպարքոսի սիրային առաջարկից չի վիրավորվել, վիրավորվել է միայն անզսպության մեղադրանքից: Արիստոտելն ապրել է Պիսիստրատոսից մոտ 200 տարի հետո: Ուրեմն էդ ընթացքում հույների գոնե սեռական բարքերը համարյա չէին փոխվել, քանզի Արիստոտելն էլ է գեյությունը համարում սովորական ու ոչ վիրավորական:

Դիոգենես Լայերտցու ասելով` Արիստոտելն ինքն է՛լ է «տուրք տվել» գեյությանը: Է՛ս Դիոգենեսը բազում օրինակ է բերում էսօր «աստվածային» համարվող փիլիսոփա Պլատոնի (ու նաև շատ ուրիշ հայտնի հույների) գեյական կյանքի մասին, հետն էլ ներկայացնում է Պլատոնի ոտանավորների էն սիրային կտորները, որ Պլատոնը «ձոնել է» իր տղամարդ «պարտնյորներին»:

Լայերտցին ասում է նաև, որ Պլատոնը զայրանում ու խիստ խանդում է, որ երբ ինքը գովում է իր հավանած տղայի գեղեցկությունը, էդ տղայի վրա աչք դնողների թիվը շատանում է: Ըստ Կառլ Ռեյմունդ Պոպերի (Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, հտ. 1), նույն էս «աստվածային» Պլատոնը պնդում է, թե իդեալական պետության մեջ կանայք ու երեխաները պիտի լինեն հանրային, ու թե. «Քանի դեռ պատերազմը չի վերջացել... ոչ ոք իրավունք չունի քաջին ասելու «ոչ»»: Այսինքն` եթե զինվորը որևէ մեկի հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկություն ունի, «արու լինի վերջինը, թե էգ, այս օրենքն ավելի կքաղցրացնի ու կմեծացնի քաջի խիզախության չարչարանաց գինը»:

Հայտնի է, որ Հիտլերը, ով ազգայնամոլ-սոցիալիստ էր (ու բոլորովին էլ կապիտալիստ չէր), Պլատոնի էս հանձնարարականը կիրառում էր, չնայած, միայն «էգերի» նկատմամբ, էն էլ մասնակի:

Սպարտայում մանավանդ (ու նաև հունական մնացած պոլիսներում) գեյական սերը սովորական էր ու չգրված օրենքի ուժ ուներ, իսկ Սպարտան համարյա լրիվ էր սոցիալիստական (կապիտալիստական էր, թերևս, Աթենքը):

Սպարտայի զինվորներին, դեռ յոթ տարեկանից, խլում էին ծնողներից ու պահում աոանձին` ռազմական ջոկատներով (այսինքն, Սպարտայում տղաները հանրային սեփականություն էին): Էդ ջոկատներում տղաները զույգ-զույգ ընկեր էին կարգվում` հենց գեյական նպատակներով, ինչը պետությունը խրախուսում էր:

Պլուտարքոսն իր Համեմատական կենսագրությունների մեջ պատմում է (Ագեսիլայոս, X), թե Սպարտայի թագավոր Ագեսիլայոսին «տանջում էր սերը Մեգաբատեսի հանդեպ, թեև երբ պատանին (տղան – Մ. Հ.) նրա մոտ էր լինում, ամբողջ ուժով (Ագեսիլայոսը – Մ. Հ.) ջանում էր ճնշել էդ կիրքը, ու երբ տղան հեռանում էր նրանից, նա (Ագեսիլայոսը – Մ. Հ.) այնպիսի մի կիրք էր զգում նրա հանդեպ, որ...»:

Երբ Ագեսիլայոսը բողոքում է պալատականներին, որ տղան (իմիջիայլոց, որդին պարսիկ մեծավոր Սպիրիդատեսի, ով Ագեսիլայոսի մոտ ընկերն էր) արդեն խուսափում է իրենից, պալատականները, արդարացնելով պատանուն, կշտամբում են թագավորին, թե հենց ի՛նքն է տղային վա-նում իրենից: Ու խորհուրդ են տալիս, որ թագավորը, տղային հանդիպելիս, գրկի, փաղաքշի ու համբուրի:

Պլուտարքոսն ասում է նաև (նույն տեղը, XX), թե «լակոնական (սպա-րտական – Մ. Հ.) սիրային կապերի մեջ ոչ մի կեղտոտ բան չկա, ընդհակառակը, դրանք զուգակցվում են մեծ ամոթխածության, փառասիրության ու առաքինության ձգտման հետ»:

Պլուտարքոսը պատմում է նաև (Ալեքսանդր, XXII), թե (Արիստոտելի աշակերտ– Մ. Հ.) Ալեքսանդր Մեծին մի չքնաղ տղա են նվիրում, ու Ալեք-սանդրը, իբր վիրավորված, զայրանում է (Ագեսիլայոս, XI, XII, XXV): Հերոդոտոսն ասում է (Պատմություն, I, 135), որ «նրանք` պարսիկները, հելլեններից սովորեցին հարաբերվել տղաների հետ»:

Իհարկե, այսօրինակ «մշակութային փոխառությունը» հնարավոր է, թեև նման «տաղանդ» երևի ամեն ժողովուրդ էլ ունի: Ես չեմ ուզում մանրամասն ասել Լեսբոս կղզում տարածված կանանց նույնասեռ սիրո մասին: Հիշատակեմ միայն, որ Հին Աշխարհի ամենահայտնի կին բանաստեղծ Սաֆոն (Սապֆո) լեսբյան սիրո բացառիկ ջանասեր «քրմուհիներից» մեկն էր: Իհարկե, Լեսբոսն այսօրինակ սիրո միակ վայրը չէր: Սա հետագայում խիստ տարածված էր, օրինակ, Հռոմում:

Հայալեզու գրականությունն սկսվում է 5-րդ դարից, և մեր գրողները եր-բեք էլ հույների ստեղծած ողբերգությունների ու կատակերգությունների պես բաներ չեն ստեղծել, ոչ էլ Հոմերոսի կամ Հեսիոդոսի նման գրանցել են իրենց բանավոր էպոսը, իսկ հնագույն շրջանի մեր կյանքի մասին հա-մարյա ոչ մի գաղափար չունենք:

Բայց, օրինակ, Բուզանդն ակնարկում է Պապ թագավորի գեյության մասին: Գեյության ու սեռական անոմալիաների խիստ տարածվածությունն է վկայում Ս. Գիրքը, էն էլ` անսովոր առատությամբ ու բազմիցս, մանավանդ, Հին Կտակարանում: Հիշենք միայն Ղովտի պատմությունը (ով հետո հենց ի՛նքը պղծեց իր դուստրերին, կամ էլ` վերջիննե՛րը պղծեցին իրենց հորը):

Ղովտն Աստծուն խնդրում էր, որ չկործանի Սոդոմ ու Գոմոր քաղաք-ները, որոնց բնակիչները համատարած գեյ էին, ինչը գերադասում էին սեռական կյանքի նորմալ ձևերից: Աստված էլ ասաց Ղովտին, թե չի կոր-ծանի էդ քաղաքները, եթե դրանց մեջ գոնե մեկ-երկու տասնյակ ոչ գեյ ճարվի: Ու կործանեց:

Ի՞նչ արժե, օրինակ, Աբրահամ Նահապետը, ով, կավատությամբ զբաղվելով, երկու անգամ վաճառում է իր իսկ կնոջը` Սառային, էդ «գոր-ծարքից» հսկայական հարստություն «վաստակելով» (մենք էլ պիտի պաշտե՞նք ու օրինա՞կ վերցնենք մեր էս «նահապետներից», որովհետև սրանք ներկայացնում են «մե՛ր» Ս. Գրքի ավանդույթնե՞րը):

Շատերը գիտեն, թե ինչ անառակություն էր Հին Հռոմում: Բայց Սվետոնիոսի կամ ուրիշ պատմիչների գրածներն իրականության դժգույն ցոլքն են միայն: Ինչքան էլ անհավատալի լինի, բայց հանրահայտ Կալիգուլա գեղարվեստական ֆիլմը (ինչի երաժշտությունը, իմիջիայլոց, Արամ Խաչատրյանն է գրել) համարյա լրի՛վ է փաստագրական:

Գեյության «թովչանքից» զերծ չի եղել անգամ «աստվածային» Կեսարը (տես Ուտչենկո Ս. Լ., Հուլիոս Կեսար), էլ ինչ ասենք Ներոնի, Տիբերիոսի, Կալիգուլայի ու այլոց մասին, ովքեր «հրապուրված» էին թե՛ գեյությամբ, թե՛ լեսբյան սիրով, թե՛ այլ գարշանքներով:

Սեռական ապականությունը Հին Աշխարհում ամեն տեսակ էր, բայց հաճախ համարվում էր նորմալ ու գեղեցիկ, ու Ս. Գիրքն է՛լ է հիշատակում դրանք: Հետագայում էս «ավանդույթները» ժառանգեցին թե՛ քրիստոնեական եկեղեցին, թե՛ դրա զանազան ճյուղ ու աղանդներից շատերը:

Պապերի ու պապական եկեղեցու պատմությունը, ըստ եվրոպական լուսավորիչների ու, իր կյանքն էդ հարցի ուսումնասիրությանը նվիրած` նախկին եկեղեցական Լեո Տաքսիլի (տե՛ս նրա Սրբազան ավազակաորջը), ոչ այլ ինչ է, եթե ոչ արտառոց, ծայրահեղ ու աներևակայելի պոռնկության, գեյության, արնապղծության, անասնապղծության ու այլ չարագործ «ավանդույթների» պատմություն:

Եվրոպական արքունիքները, մանավանդ իտալականն ու ֆրանսիականը, էս իմաստով Վատիկանից ետ չէին մնում: Թերևս մուսուլմաններն էս առումով ետ էին մնում քրիստոնյաներից, բայց ինչ արժեն, օրինակ, մի-այն հենց Թուրքիայի այսօրինակ «ավանդույթները»:

Հիշենք նաև հնդիկների սեռական «ավանդույթները», ովքեր էսօր էլ դրանց նվիրված տաճարներ ունեն, ամբողջովին զարդարված սեռական ամենախայտաոակ օրգիաները նկարագրող քանդակներով: Էդ տաճարներում էս պաշտամունքին նվիրված քրմերի մի ողջ ինստիտուտ կա: Էս առումով նշանավոր են նաև ճապոնական «ավանդույթները», բայց էս երկուսն էլ դեռ սպասում են իրենց Տաքսիլին:

(Էս տվյալները հավաքել ու արդեն գրել էի մի հոդվածի մեջ, երբ արվեստաբան Վարդան Ազատյանը, ծանոթանալով գրածիս հետ, ինձ մի մենագրություն նվիրեց, Հին Հունաստանի սեքսային կյանքը վերնագրով, ինչը նշել եմ գրականության ցանկում [30]: Եթե ընթերցողին հետաքրքիր է, թող նայի էդ գիրքն ու համոզվի, որ էնտեղ ավելի արտառոց փաստեր կան, քան իմ բերածներն են):

Ու էս ամենը եղել է մինչև կապիտալիզմի ծնունդը, մինչև տխրահռչակ արևմտյան ազդեցության հանդես գալը: Ինչքան էլ անհավատալի լինի, հենց դեմոկրատիա-կապիտալիզմն էր, որ սկզբնական շրջանում խիստ քչացրեց սեռական անոմալիաները, հույժ մեղմացրեց բարքերն ու չափազանց բարձրացրեց նույնիսկ ամենաաղքատների կենսամակարդակը:

Ու հին Հայստանը բացառություն չի եղել:

ՄԵՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ԼԱՎ ՈՒ ՎԱՏԻ ՄԱՍԻՆ

Թե որ մի բան փնտրես, անպայման լրիվ ուրիշ բան կգտնես:

Մերիանի օրենքը

Թե ուզածդ բանը չես գտնում, ուրի՛շ բան փնտրիր:

Մերիանի օրենքի Միթրաժանայի 1-ին հետևանքը

Մենք անընդհատ ասում ենք. «Պիտի ամեն գնով պահենք, պահպանենք մեր հայկական ավանդույթները»:

Ես, իհարկե, համաձայն եմ, էն էլ հազար անգամ, եթե հայկական ավանդույթ ասելով հասկանանք.

Ուրիշի ունեցվածքը՛ չխլելը, օրենքին ենթարկվելը, ազատ մրցությունը, ազնվությունը, խոստումը չդրժելը, արդար վաստակը, աշխատասիրությունը, ծնողների ու հարազատների նկատմամբ սերը, հարգանքն ու հոգացողությունը, ընտանեկան ամուր կապերը, պարտականությունը կատարելը, հարգանքն ուրիշների ամենայն սեփականության նկատմամբ:

Նաև` հանդուրժողությունն ուրիշների ոչ էական ու օրենքով չդատապարտվող թերությունների ու այլախոհության հանդեպ, անհանդուրժողությունը պորտաբուծության ու խարդախության հանդեպ, զուսպ, սթափ ու չափավոր կենցաղը, առանց ուրիշին վնասելու` հարուստ ու բարեկեցիկ կյանքի ձգտելը և ուրիշ նման բաները:

Ու նաև ոսկե կանոնը, այսինքն. «Ուրիշին մի՛ արա է՛ն բանը, ինչը չես ուզում, որ էդ ուրիշը քե՛զ անի»:

Բայց սրանցից ո՞ր մեկն է, որ միմիայն հայերին է հատուկ ու համամարդկային չի:

Իհարկե` էս ավանդույթները կամաց-կամաց են ծնվել, երևի մի 100-150 հազար, գուցեև, մոտ երեք միլիոն տարվա ընթացքում: Ու մարդկանց է՛ն խմբերը, ովքեր չեն հետևել սրանցից հիմնականներին, անհետացել գնացել են: Դրանցից շատերի մասին հուշ էլ չի մնացել:

Ու եթե սրանք ու սրա՛նց պես բաները չենք համարում «զուտ հայկական», բա ի՞նչը համարենք «ազգային ու ավանդական»:

Գուցե, օրինակ, քավորության ինստիտո՞ւտը: Բայց, ախր, ռուսն է՛լ է քավոր լինում, եվրոպացիներն է՛լ, ուրիշներն է՛լ: (Ու հարց է, քավոր-սանիկային պարտականություններն ո՞ւմ համար են ավելի սուրբ, հայի՞, թե օրինակ, սիցիլիացու):

Գուցե մեր հարսանեկան ծեսե՞րը, կարմիր խնձորի գռեհիկ «ավանդո՞ւյթը», թե՞ զուռնա-դհոլը: Կամ աղջկան 9 տարեկանում ամուսնացնելն ու տնից քշելը, երբ էդ մանուկը ետ է դառնում հորական օջախը (հիշենք Թումանյանի Մարոյի ու Անուշի միջի «ավանդույթները»):

Տեսանք արդեն, որ մեր ամուսնական ծեսերը լրիվ ուրիշ են եղել, իսկ կարմիր խնձորն էլ թերևս քրիստոնեության բերած «ավանդույթն» է (ինչը, երևի, կապված է Եվայի անմեղությունը կորցնելու առասպելին, ու հայերի համար գուցե 100 տարվա հնություն էլ չունի):

Զուռնա-դհոլն էլ, ինչպես տեսանք, թաթար-սելջուկները բերին, ու դրա-նով մորթեցին մեր երգի ու երգապարի և փող նվագելու իրոք որ ազգային` վեհ ու չքնաղ ու եզակի ավանդույթը, որոնք մեր հայոց լեզվի, այսինքն, մեր կենդանի հայ բարբառների հետ միասին, իրոք որ միակ իսկական ու հազարամյակների խորքից եկող ավանդույթներն են (ավելի ճիշտ, էին):

Էսօր մենք երգում, պարում ու նվագում ենք համարյա միայն փոխառածներն ու հետն էլ զարմանում, որ ուրիշները բողոքում են, թե իրենցից ենք փոխ առել, բայց հայտարարում ենք սեփական:

Գուցե ազգային է մեր կրո՞նը: Տեսանք ու գիտենք էլ, որ` չէ: Քրիստոնեությունն ու դրա զանազան ճյուղերը (նաև իսլամը) տարածված են ողջ աշխարհով մեկ: Ու ինչքան էլ առանձին ճյուղերի ներկայացուցիչները պնդեն, թե հենց իրե՛նց քրիստոնեությունն է միակ ճշմարիտը, միևնույնն է, դրանց տարբերությունները լոկ ծիսական են, արտաքին ու ոչ էական:

Ու իհարկե դրանք ծագումով ու էությամբ սեմական-հրեական են, իսկ է՛ն հումանիստականը, ինչը կա դրանց մեջ, գալիս է Դեմոկրիտոսից, Սոկրատեսից, ստոիկներից, կինիկներից ու սրանց պես մարդկանցից:

Ի՞նչ մնաց: Մնացին միայն էն սովորությունները, որ մոդային են կապված: Ու սրանք մեծ մասամբ գյուղական «ավանդույթ» են: Օրինակ, եթե 20-րդ դարի սկզբներին (ու նույնիսկ իմ մանկության տարիներին) կինն էն-քան կարճ զգեստ հագներ, որ սրունքները երևային, էդ կինը համարվում էր անբարոյական:

Հայաստանում, 20-րդ դարի սկզբներին, կնոջ զգեստի տակից ճանն է՛լ չպիտի երևար: Էդ օրերին Հայաստանում մինչև տան տղամարդիկ հաց չուտեին-պրծնեին, կանայք սեղան նստելու իրավունք չունեին: Կանայք սեղան էին նստում առանձին, տղամարդկանցից հետո:

Կինը մի 4-5 «յուբկա» էր հագնում, տակից էլ մի 2-3 «թումբան», գլխին հաճախ «պոլ» էր դնում, պղնձե կամ ոսկե դրամներն էլ պոլից կախած ճա-կատին, պարտադիր լաչակ էր կապում ու լաչակով անպայման փակում վիզը, ճակատն ու դեմքի ստորին մասը (ջահել հարսները` պարտադիր, ու ամառ-ձմեռ):

Ջահել հարսը տարիներով իր սկեսրայրի (տեղ-տեղ` նաև իր իսկ ա-մուսնու) հետ խոսելու իրավունք չուներ, չնայած երեկոները պիտի պարտադիր լվանար սկեսրայրի (ու նաև տղամարդ հյուրերի) հաճախ գարշահոտ ոտները: Տղամարդիկ չուխա էին հագնում, ամառ-ձմեռ մորթե փա-փախ դնում ու ամիսներով չէին լողանում:

Թումանյանի Մարոյի ու Անուշի ու «բաշիքյարթմայի» մասին արդեն գիտենք: Էս տեսակ «ավանդույթ» – հարյուրներով կար: Ու եթե էն օրերի հային հարցնեին, թե լա՞վն են սրանք, կասեր, որ չքնաղ են: Էն օրերի հայերի պարզասրտությունն ու առաքինությունն էլ «օրինակելի» չէր, ինչպես որ հաճախ ներկայացնում են մեր հայագով գրողներն ու քաղգործիչները:

Մեր գրողները համարյա միշտ էլ իդեալականացրել են ու նորից իդեալականացնում են հայերին ու հայ գյուղացուն: Ափսոս, բայց իրականությունն էդպես չի: Չհավատացողը թող կարդա Վրթանես Փափազյանի` գյուղական կյանքին նվիրված գործերը, իսկ էսօրվա կամ երեկվա գյուղի գիտակները, եթե անկեղծ լինեն, կվկայեն, որ գյուղի կենցաղը հաճախ էնքան վատն է, որ պահպանելու արժանի «ավանդույթ» չի:

Ու միայն մենք չենք, որ էսպիսին ենք եղել կամ կանք: Կապիտալիզմից առաջ ամե՛ն տեղ էր էսպես: Ու կապիտալիզմ-դեմոկրատիան, իր բոլոր թերություններով հանդերձ, մեր կյանքը չափազանց շատ է լավացրել:

Հիմա մեր հայ աղջիկներից շատերը պորտը բաց շոր են հագնում: Նշանակո՞ւմ է սա, որ պորտը բաց ամեն շոր հագնողն էլ պոռնիկ է: Իհարկե` չէ: Ծովափին, օրինակ, ավելի շատ բան են բացում: Պոռնկությունը կյանքի ձևի՛ ընտրություն է, ու շորի բացության չափով չի որոշվում: Սրա պատճառները բազմազան են ու, ցավոք, հաճախ հարկադիր, օրինակ՛ սո-վը, չարքաշ կյանքը ևն:

Գանք մի ուրիշ հարցի: Հայ կանայք մի՞շտ են ծածկել իրենց ողջ մար-մինը:

Նորից` չէ, ու սրան ապացույց` հենց միայն սրբազան պոռնկության փաստը լրիվ հերիք է: Մարմնի որևէ մասի բացությունն ամոթ համարելու էս «ավանդույթը» զուտ քրիստոնեական-հրեական ծագում ունի (քոչվոր հրեաները թափառում էին ավազոտ անապատներում, ուր հաճախ էր քամի լինում, ու շորերով լրիվ ծածկված լինելն ուղղակի անհրաժեշտ էր):

Էս «ավանդույթի» հեղինակները եկեղեցականներն են, ովքեր հաճախ իրե՛նք են անառակ եղել, չնայած առաքինություն, բարոյականություն ու ամոթխածություն են քարոզել: Օրինակ, քրիստոնեական Հռոմում պոռնկանոցներում գրանցված մի քանի տասնյակ հազար պոռնիկ կար` կապիտալիզմ-դեմոկրատիայից շատ առաջ: Էդ պոռնկանոցների վաստակը եկեղեցունն էր, իսկ դրանց ամենաեռանդուն ու մշտական այցելուները հենց եկեղեցականնե՛րն էին, մանավանդ` բարձրաստիճանները:

Ի տարբերություն Արևմուտքի, մեր պատմությունը միմիայն եկեղեցականներն են գրել: Ու պարզ է, որ սրանք իրենց մասին ոչ մի բացասական բան չէին գրի: Բայց, ինչպես Լորդ Աքտոնն է ասում «իշխանությունը (պաշտոնը) ապականում է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է ապականում»:

Ուրեմն` ինչո՞ւ պիտի մերոնք բացառություն եղած լինեն, մանավանդ որ Հայաստանում, քրիստոնեությունը հաստատվելուց հետո, փաստացի իշխանությունը համարյա մի՛շտ է եկեղեցու ձեռքին եղել: Ուրեմն` մարմի-նը ծածկելու էս «ավանդույթը», ի վերջո, հրեական-քրիստոնեական-արա-բական է: Նույնիսկ մուսուլմաններն են իրենց չադրան վերցրել քրիստոնյա Բյուզանդիայից (տես Armstrong K. Islam. A short History):

Բացի սա, հայտնի է, որ թե՛ Հին Հունաստանում, թե՛ Հին Հռոմում, թե՛ Հին Եգիպտոսում ու Հնդկաստանում ևն, մերկ մարմինը համարյա պաշտամունքի առարկա էր: Հայաստանն ավելի ցուրտ է, բայց ինչո՞ւ պիտի էստեղ մերկությունն էդ աստիճան թաբու լիներ: Նորից հիշենք, որ նշված վայրերում էդ օրերին կապիտալիզմ չկար (գոնե Եգիպտոսում կամ Հնդկաստանում):

ԴԵՄՈԿՐԱՏԻԱ-ԿԱՊԻՏԱԼԻԶՄՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հնարավոր վատ բանն անպայման է իրականանում:

Մերֆիի օրենքը

Առաջինը, թերևս, անգլիացի Դեյվիդ Հյումն է ողջ խորությամբ նկատել, որ առաջադեմ, այսինքն, հումանիստական կոչված բարոյականությունը հիմնված է վերը շարադրած ու մեկ ամբողջություն կազմող երեք աքսիոմի վրա:

Իսկ մեր էսօրվա ողջ քաղաքակրթությունն էլ, քիչ՝ թե շատ, հիմնված է հենց էդ երեք բարոյական նորմի վրա: Ու եթե էդ նորմերը լրիվ դադարեն գործելուց, մարդկային հանրությունները կդառնան ոհմակներ, ու ողջ քա-ղաքակրթությունը կկործանվի: Նորից բերենք էդ նորմերը:

  1. Մասնավոր սեփականության ու սրա անձեռնմխելության նորմը:

Նկատենք, որ սեփականություն ասելով պիտի հասկանանք ոչ միայն նյութական արժեքները, այլև մարդու կյանքը, առողջությունը, արժանապատվությունը, խիղճը, գաղափարները, կարծիքներն ու արտահայտվելու ազատությունները, կենցաղն ու դա կազմակերպելու ձևերը ևն:

  1. Ուրիշների հետ տիրոջ ուզած ձևով իր մասնավոր սեփականությունը պարտադիր գործող պայմանով տնօրինելու նորմը: Այսինքն, հանրության անդամների (մարդկանց) հարաբերությունները պարտադիր գործող ու անփոփոխ պայմանով (անփոփոխ ու պարտադիր գործող օրենքով և ոչ թե մահակով կամ թնդանոթով) վարելու նորմը:

Կոպիտ ասած, սա նշանակում է, որ պիտի բոլորն էլ պարտադիր ենթարկվեն (դեմոկրատական-կապիտալիստական) օրենքներին, ու եթե որևէ մեկը դրանք չի խախտում, մնացած ամենայն ինչով ազատ է ու պիտի համարվի բարոյական:

  1. Ազատ մրցության նորմը, այսինքն, ի վերջո, օրենքի առաջ բոլորի հավասարության նորմը, որպես սոցիալական արդարություն հաստատելու ու նյութական ու հոգևոր բարիքներն արդար բաշխելու միակ ու անհատից կամ անհատների կազմակերպված խմբից անկախ միջոցը, ու նաև որպես նոր տեխնոլոգիա ու առհասարակ՝ նոր բան հայտնագործելու ամենաբեղուն միջոցը:

Սա էլ, կոպիտ ասած, նշանակում է, որ մոնոպոլիաներ չպիտի լինեն, դեպուտատներն ու պաշտոնյաները ոչ մի իմունիտետ կամ արտոնություն չպիտի ունենան ևն:

Իսկ էս երեք նորմը միասին նշանակում են, որ պետությունը, այսինքն, պետերի խումբը, չպիտի խառնվի անհատի գործերին, չպիտի կառավարի անհատներին, պիտի խիստ փոքրաթիվ լինի, զբաղվի միմիայն օրենքների ու երկրի պաշտպանության հարցերով:

(Էս նորմերն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ իշխանությունն ունենա իրարից անջատ` օրենսդիր, դատական ու գործադիր թևեր ու ազատ մամուլ, ինչը համարյա ամեն մի տեղեկություն ստանալու իրավունքն էլ ունի՛):

Բարոյականության Հյումի նշած նորմերն ու դրանցից բխող իրավական համակարգը ծավալուն է, բարդ ու փխրուն: Էս նորմերը հիմնակա՛ն են, արմատակա՛ն են: Սրանք հայտնագործվել կամ առաջացել են աոանձին անհատների գիտակցությունից անկախ, այսինքն, մարդկային գիտակցական ծրագրի արդյունք չեն, պատահական են գտնվել:

Հյումի նորմերը, ուրիշ խոսքով, հայտնագործվել են մշակութային էվոլյուցիայի ընտրական զորությամբ, երբ մարդկային առանձին խմբերը (ոչ թե անհատները) պայքարել են, որ հարատևեն: Ուրեմն` Հյումի նորմերն առաջացել են հանրությունների գոյության պայքարի ընթացքում, ինչը շատ է նման դարվինյան բնագիտական էվոլյուցիային:

Հայագովներն ու որբերյանները, ու բոլոր գույն ու երանգի սոցիալիստ-կոմունիստներն ու նացիստները դեմ են հենց Հյումի՛ նորմերին ու սրանցից բխող հետևանքներին:

Ցավոք, էս նորմերն ու սրանց վրա հիմնված լիբերալիզմի տեսությունը (դեմոկրատիա, կամ կապիտալիզմ, կամ բաց հասարակություն, կամ քաղաքացիական հասարակություն կառուցելու տեսությունը) երբեք ու ոչ մի տեղ, քիչ թե շատ լրիվ, չի իրագործվել, ու երևի չիրագործվի:

Որովհետև դառը ճշմարտությունը, ի տարբերություն քաղցր ստի, շատ փխրուն բան է, ու երբ սա վարկաբեկում են, մարդիկ կորցնում են սա, ու լրիվ հնարավոր է, որ էլ երբեք նորից չգտնեն:

Դեմոկրատիան երկու անգամ են հայտնագործել: Մի անգամ Հին Աթենքում, բայց շատ արագ էլ կորցրին, մինչև 23 դար հետո Եվրոպայում նորից գտան: Գտան ու մի կես դար (ու մի երկու երկրում միայն) մի քիչ հետևեցին սրան, բայց Մարքսի հորինած սոցիալիզմը քիչ-քիչ էնքան վարկաբեկեց սրան, որ էս ողջ գնդի ապագան ահավոր վտանգված է:

ՀԻՆՆ ՈՒ ԱՎԱՆԴԱԿԱՆՆ ԱՆՊԱՅՄԱ՞Ն Է ԼԱՎ

Բոլո՛րն են սուտ ասում, բայց էդ կարևոր չի, որովհետև լսող, մեկ է, չկա:

Լիբերմանի օրենքը

Մարդու թե՛ ամենաչքնաղ, թե՛ ամենաստոր ձգտումները ժառանգովի չեն: Էդ երկուսն էլ հասարակական պրոցեսի արդյունքն են:

Էրիխ Ֆրոմ

Մեծ Մոր պաշտամունքը շատ հին է: Եթե հայերն իրենց պատմական հայրենիքում են եղել գոնե Ք. ա. 12-րդ դարում, ուրեմն սրբազան պոռնկության «ավանդույթին» հետևել են առնվազն 15 դար: Իսկ եթե համարենք, որ էս նորմը կար հլը հնդեվրոպական հանրության շրջանում, ուրեմն հայերն էս «ավանդույթին» հետևել են առնվազն 30 դար:

Քրիստոնեական նորմերին հայերը հետևում են մոտ 17 դար: Հիմա հարց տանք.

Եթե պարտադիր պիտի պահպանենք մեր հին ավանդույթները, դրանցից ո՞րը պահպանենք: Սրբազան պոռնըկությո՞ւնը: Հեթանոսական կրո՞նը: Տղամարդկանց գինդ կրե՞լը: Մարդկային զոհաբերություննե՞րը: Չէ՞ որ սրանք հազարամյակներով են համարվել ճիշտ, պատվավոր, պաշտելի, գեղեցիկ, բարի, առողջ ևն:

Մյուս հարցը հետևյալն է.

«Մեր օրերի չափանիշներով գարշելի պաշտամունք-ավանդույթներին հետևած մեր նախնի հայերը (նաև ուրիշները) եղե՞լ են գարշելի»:

Ունի՞ էս հարցը դրական կամ բացասական պատասխան:

Երրորդ հարցը.

«Արդյո՞ք Հյումի նշած նորմերի վրա հիմնված դեմոկրատիա-կապիտալիզմն է մեղավոր մեր հների գարշելի բարք ու բարոյականության համար»:

Սրանց պատասխանը, իհարկե, ոչ է: Բայց էս տեսակ հարց շատ կա: Եզրակացությունը միակն է:

Մեր բարքերի էսօրվա փոփոխությունների պատճառը միայն դեմոկրատիա-կապիտալիզմի ու արևմտյան մշակույթի ազդեցության մեջ տեսնելն աոնվազն միամիտ, եթե ոչ պարզունակ դատողության արդյունք է:

Արևմտյան ազդեցությունը, անշուշտ, կա, բայց Ս. Գրքի ասածի պես` սերմը պիտի բերրի հողի մեջ ընկնի, որ ծիլ տա: Էսօրվա համարյա որ հայաստանցուն էլ հարցնես, կասի. «Թող ոչ մեկը կաշառակեր չլինի», ու մտքում էլ կավելացնի. «Բացի ինձնից»:

Մեր մամուլը բազմիցս ասել է, որ նորօրյա պաշտոնյաները բարձրաստիճան կոմունիստների հռչակավոր սանձարձակ ու անբարոյական օրգիաներն էսօր է՛լ են շարունակում:

Դեմոկրատիա-կապիտալիզմի ստեղծած բարքերն ու մշակույթը հիմնականում անհամեմատ հումանիստական են ու գեղեցիկ: Էսօր մենք կատարյալ ենք համարում է՛ն գործերը (չհաշված անտիկ շրջանը), որոնք հենց կապիտալիզմի՛ ստեղծածն են (16-րդ դարից հետո): Բերենք գոնե մի քանի անուն` Բալզակ, Ստենդալ, Ֆլոբեր, Վոլտեր, Հոլբախ, Գյոթե, Հյում, Դիկենս, Տվեն, Դրայզեր, Ուիթմեն, Թումանյան, Պուշկին, Լերմոնտով, Բեթհովեն, Մոցարտ, Ռոսինի, Բախ, Հենդել, Շոպեն, Սիբելիուս, Իբսեն, Համսուն, Հաշեկ, Չապեկ, Յան Ներուդա, Այվազովսկի, Սարոյան, Ռեմ-բրանդտ, Պիկասո, Մանե, Գոգեն, Վան-Գոգ, Մատիս, Չայկովսկի, Խա-չատրյան, Չարենց, Իսահակյան, Պասկալ, Ֆուրյե, Ֆարադեյ, էյնշտեյն, Գաուս, Համբարձումյան, Ֆեյնման, Հայեկ ևն:

Ցուցակն ուղղակի վիթխարի է, ու բերվածը խիստ է թերի:

Կապիտալիստական զանգվածային արտադրության ժամանակ գրական-գեղարվեստական ու բարոյական խոտանն անխուսափելի է:

Անխուսափելի է նաև` լարված պայքարը, դաժանությունն ու թշվառու-թյունը` նույնիսկ դեմոկրատիայի ժամանակ: Հարցն էն է, թե մարդկային համագործակցության ո՞ր ձևի ժամանակ է նվազագույնը էս դաժանու-թյունն ու թշվառությունը և բարքերի այլանդակությունը:

Վսեմ լիբերալները պնդում են, որ նվազագույն թշվառություն ու դաժանություն ապահովում է միայն իսկական դեմոկրատիա-կապիտալիզմը (տես, օրինակ` F. A. von Hayek, Fatal Conceit...):

Հայաստանում դեմոկրատիա-կապիտալիզմ չկա ու չի է՛լ եղել: Էսօրվա եղածը տոտալիտարիզմի տեսակներից մեկն է, ոչ էն է սոցիալիզմ է, ոչ էն է` ֆեոդալիզմ, հետն էլ` կապիտալիզմի մի քանի նշույլ: Այսինքն` Հայաստանի էսօրվա քաղաքական կարգերն ուղղակի անընդունելի են: Ուրեմն` թերևս հենց սրա՛նք են մեր բարքերի տհաճ ու երբեմն էլ գարշելի փոփոխությունների պատճառը:

Չեմ ասում նաև, որ էսօրվա Ամերիկայում, Եվրոպայում, կամ էլ Ճա-պոնիա-Կորեայում ամբողջովին կապիտալիզմ-դեմոկրատիա է: Հակա-ռակը` դրանցից շատերում, մանավանդ` Ֆրանսիայում ու Անգլիայում, քողարկված սոցիալիզմ է, կապիտալիմի հետ խառը, ու սա սարսափելի է, քանզի համոզված եմ, որ սոցիալիզմը կործանելու է մեր քաղաքակրթությունը:

Եթե գլոբալիզացիա կոչվածը պիտի ԱՄՆ-ի միջոցով էս քողարկված սոցիալի՛զմն իրականացնի, ինչպես որ արեց Հարավսլավիայում, Աֆղանստանում ու Իրաքում, էն էլ ռումբերով ու արյունով, ուրեմն, դեմ եմ էդ տեսակ գլոբալիզացիային ու դրա ստեղծած արվեստի գործերի մի մասին:

Մի հարց էլ. ենթադրենք` մեր ավանդույթներնն անաղարտ պահելու համար հրաժարվում ենք դեմոկրատիա-կապիտալիզմից (այսինքն, Հյումի նորմերից) ու արևմտյան մշակույթից: Բա ինչի՞ն կամ ո՞ւմ ենք հետևելու: Ո՞վ է էն իմաստուն առաջնորդը կամ կուսակցությունը, որ նոր նորմեր կհորինի (քանզի միայն մեր ավանդականները հաստատ այլևս բավարար չեն էս նոր աշխարհում) ու մեզ կտանի «Ավետյաց երկիրը»: Ո՞վ գիտի էդ երկրի ճամփան:

ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Բանականության ընդհանուր քանակն էս մոլորակի վրա` հաստատո՛ւն մեծություն է, բայց բնակչության թիվն աճում է: Քոուլի աքսիոմը

Երբ ասում են, թե եկեք էս կամ էն ազդեցության դեմն առնենք, շատ վտանգավոր բան են ասում, որովհետև հրաժարվում են Հյումի նշած սկզ-բունքների մի մասից:

Իրոք` ո՞վ է որոշելու, թե ո՛ր ազդեցության ո՛ր մասից հրաժարվենք: Ո՞վ զորություն ունի գուշակելու, թե ո՛րն է հրաժարվելու լավագույն սահմանը, կամ, թե` էս կամ էն ազդեցության ապագան ի՞նչ կլինի: Ո՞վ զորություն ունի մարդկային գիտակից ծրագրով էնպիսի նորմերի համախումբ ստեղ-ծելու, որոնց հետևանքները լրիվ կանխատեսելի են ու անսպասելի չեն:

Էսօրվա գիտությունն ասում է, որ նման մարդ չկա ու չի էլ լինի:

Արգելքներն էս ասպարեզում անիմաստ են ու զուր, ու դրանց արդ-յունքն անպայման անսպասելի է ու գուշակելի չի: Իրոք, թե պիտի դեմոկրատիա-կապիտալհզմից ու սրա մշակույթի մի մասից հրաժարվենք, որ մեր ավանդույթներն իբր անաղարտ մնան, էդժամ գուցե առաջարկողներ լինեն, որ Ս. Գրքի մի մասից էլ հրաժարվենք, քանզի թե՛ դրա Հեղինակն ու Գլխավոր Գործող Անձը, թե՛ մեր հրեա նահապետներից շատերը հաճախ զազրելի բաներ են անում. է՛լ կավատություն, է՛լ մանկասպանություն, է՛լ պոռնկություն, է՛լ գեյություն, է՛լ արնապղծություն, է՛լ օնանիզմ (ինչով զբաղվում էր մեր նահապետ Օնանը):

Աոաջին հերթին դեմ կլինի հենց եկեղեցին: Էս ճամփով որ գնանք` պիտի շատ-շատ բան արգելենք, ու արգելքներին այլևս սահման չի լինի:

Ո՞վ է մեր օրերի էն իմաստուն Սոկրատեսը (ով, իմիջիայլոց, շատ էր համեստ ու ասում էր, թե ոչինչ չգիտի), ում որ պիտի կարգեն մեր բարքերին ու ավանդույթներին պահապան, ու ով դա չի սարքի փող «կլպելու» աղբյուր:

Ո՞ւմ ճաշակով են ընտրելու էդ հորինովի նորմերը: Նացիստներն ու բոլշևիկները հրաժարվեցին թե՛ Հյումի համարյա երեք նորմից, թե՛ ավանդույթներից ու բարքերից շատերից. հրաժարվեցին իբր լրիվ մարդկային կամ ազգային սուրբ նպատակներով: Արդյունքում կործանեցին կամ արգելեցին համարյա ողջ մշակույթն ու մարդկությունը, ու հետն էլ` մոտ 200 միլիոն մարդ կոտորեցին, եթե ոչ ավել:

Ուրիշ հարց, եթե լիներ էնպիսի մի ծրագիր կամ էդ ծրագիրն ստեղծելու ձև, որով «լավ, բարի ու ազգային» նորմերի համախումբ ստեղծելու հնար ունենայինք: Բայց ափսոս, որ նման ծրագիր չկա ու չի էլ լինի, քանզի կյանքը շատ է բարդ: Ու կան բաներ, որ իռացիոնալ են, այսինքն մարդկային ռացիոնալ ծրագրերին չեն ենթարկում: Դրանցից են` շուկան, փողը, լեզուն, բարոյական նորմերն ու էլի շատ բան:

Մարդու ստեղծած ծրագրով նորմերի համախումբ ստեղծելը կամ պահպանելը շատ է նման օնանիզմի: Ի՞նչ երաշխիք կա, որ ազգային նորմ ստեղծողները կամ պահապանները հենց ազգը կործանելու նպատակը չունեն, բայց երբեք չեն խոստովանում:

Հենց Հյումի նշած նորմերն են մարդկանց ընտրել և ոչ թե հակառակը, այսինքն, մարդիկ չեն էդ նորմերն ընտրել: Սկզբում նորմերն իրագործվել են թաբուների ձևով (տես James George Frazer, Psyche's Task), ու եթե դրանք հեշտացրել են հանրության անդամների կամ հանրությունների համագործակցությունը, մարդկանց թիվն աճել է: Կողքի հանրություններն էլ կամաց-կամաց փոխ են առել էդ նորմերը, որ իրենք էլ հարատևեն: Էս ընթացքը լրիվ անգիտակից է եղել: Է՛ս իմաստով է Հայեկն ասում, թե «հենց նորմերն են մեզ ընտրել, ոչ թե մենք ենք նորմ ընտրել, ու թե բարոյական նորմերն ընկած են բնազդների ու բանական դատողության արանքը»:

(Մենք նույնիսկ չենք էլ պատկերացնում, թե բարուրից սկսած քանի՜-քանի՛ նորմ ու ավանդույթ ենք յուրացնում, քանի՜-քանի՜ «չի կարելի» ենք «մոր կաթի հետ ծծում», որ հնար ունենանք առանց կոնֆլիկտի ապրելու ընտանիքում ու դուրսը` հասարակության մեջ, օտարների շրջապատում):

Ո՞ւմ են ձեռնտու «ծրագրային նորմ ու ավանդույթները»:

Էսօր Հայաստանում չկա մի քաղգործիչ կամ կուսակցական, ով չխոսի «ազգային նորմ ու ավանդույթները» պահպանելուց, «ազգային նոր ու կենսունակ ու առողջ գաղափարախոսություն» ստեղծելուց, որովհետև կապիտալիզմի բերած նորմերն ու գաղափարախոսությունն իբր հայերին մասամբ է ձեռնտու, թե իբր հայերն ազգային էնպիսի «առանձնահատկություններ» ունեն, ո՜ր... ևն, ևն:

Ու էս ամենն ասում են մանվածապատ լեզվով ու տգետ, աղոտ ու անորոշ էնպիսի կոչերով, որոնք դեսից-դենից են թռցրել, ու, ի վերջո, հասնում են կամ Հիտլերի, կամ Մարքսի ծրագրային հիմնական «բարոյական» թեզերին: Օրինակ բերենք միայն Մարքսինը (մյուսները սրանցից էնքան էլ չեն տարբերվում):

Մարքսի թեզերը, իրոք, շատ են հրապուրիչ. «Հավասարություն, եղբայրություն, ամեն մեկին` ըստ իր պահանջի, ամեն մեկից ըստ իր կարողությունների»: Մարքսիզմը երկրային դրախտ էր խոստանում, ու էդ երկրային դրախտն «իրագործվեց» Հյումի նշած նորմերից հրաժարվելով: Արդյունքն ի՞նչ եղավ:

Օրինակ` մարդակերությունը, առանց դատ ու դատաստանի միլիոն-ների գնդակահարությունն ու աքսորը, Գուլագը, մերձավորին մատնելն ու դավաճանելը, համատարած երկերեսանությունը, ստախոսությունն ու քծնանքը, կաշառակերությունն ու անազնվությունը, կամայականությունն ու անհանդուրժողությունը ևն:

Հենց էս նորմերը (թերևս աոաջինից բացի) Հայաստանում էլ էին համարյա համատարած, բայց ախր սրանք էսօր էլ կան: Սարսափելի է, բայց համարյա հենց սրանք են մեր էսօրվա «ազգային» նորմ ու ավանդույթները, այնինչ, բոլորիս ուզածը է՛ն ավանդույթներն են, որ գրել եմ` ՄԵՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ԼԱՎ ՈՒ ՎԱՏԻ ՄԱՍԻՆ վերնագրի տակ:

Իհարկե` մեղք եմ անում, որ էս բացասական բնութագրերն էսքան ընդհանրացնում եմ: Մեր ժողովրդի զգալի մասը, մանավանդ ջահելներինը, շատ լավ է, ու մեր հույսը հենց էդ մասն է: Բայց էդ մասը պիտի ուժ ունենա ու ազատվի կեղծ արժեքներից, ազատվի մոլորություններից, սնահավատությունից ու նախապաշարմունքներից, քանզի է՛ն բաները, ինչը շատ-շատերն էսօր «ազգային գեղեցիկ ավանդույթ» ենք համարում, գուցե իրոք խանգարող մոլորություն ու նախապաշարմունք են:

Ուրիշներին չվնասող գեյն է անբարոյակա՞ն, թե՞ Հիտլերը, ով միլիոններով երեխա ու ծերունի, կին ու տղամարդ էր սպանում, բուլդոզերներով դիակները լցնում էր փոսերն ու սպանած մարդկանց կաշվից էլ ձեռնոց ու կանացի պայուսակ էր կարում` «հանուն գերմանական հայրենիքի լուսավոր ապագայի»:

Մի կտոր հացի համար պոռնկություն անո՞ղն է անբարոյական, թե՞ էն քաղաքական գործիչները, պատգամավորները, նախարարներն ու պրեզիդենտները, ովքեր թալանում են երկիրը, մեծացնում հարկերն ու զանազան տարիֆները, ստիպում են, որ բոլոր գործարարները, մինչև իսկ արևածաղկի սերմ վաճառող թշվառները, կաշառք տան զանազան պաշտոնյաների, որ իրենց օրվա հացը վաստակելու իրավունքն ունենան:

Աղբարկղը քչփորող բո՞մժն է անբարոյական, թե՞ կաշառք վերցնող դատավորն ու դատախազը, ու արդարադատության ողջ համակարգը:

Կատարյալ հասարակություն չի եղել ու չկա: Երևի չի էլ լինի: Հասա-րակության անդամների մի մասը միշտ էլ դժգոհ կամ թշվառ կլինի: Բայց նախ լավ կլինի, որ էդ թշվառությունը նվազագույնը լինի: Երկրորդ` որ նույնիսկ էդ թշվառն ավելի լավ ապրի, քան հայ գյուղացին միջնադարում:

Էսօրվա ամերիկաներում, օրինակ, էդպես է: Եթե մի քանի պորտը բացի գնով, կամ նույնիսկ պորտը համատարած բաց անելու գնով (իսկ էդ անգամ պորտի բացությունը ոչ մեկը չի էլ նկատի) պիտի աղբարկղների վրա ագահությամբ աղբ խժռողները վերանան, ու ժողովրդի մեծ մասը, ազնիվ ու աշխատավոր մասը, պիտի ապրի արժանապատիվ կյանքով, ու եթե սրա համար ուրիշ ճար չկա (իսկ ուրիշ ճար` իրոք չկա), ուրեմն ես բաց պորտը հանդուրժելու կողմն եմ:

Գրողի ծոցը մոդայի հետ կապված «ավանդույթ» կոչվածները, եթե հանուն դրանց` ժողովրդի մեծ մասը պիտի օրվա հացի կարոտ լինի, անօգնական ծերունիները պիտի թշվառ լինեն, մանուկները կուշտ ուտելու, բուժվելու ու կրթության հնար չունենան:

Ինձ թարս չհասկանաք: Ես երբևէ չեմ ասել ու չեմ ասում, թե պիտի ոչ մի ավանդույթ չպահպանենք: Ես կողմ եմ, օրինակ, քաղաքացիական էն-պիսի խիզախության ավանդույթներին, ինչպիսիք ունեին պավլիկյաններն ու թոնդրակյանները, ում Հայաստանից քշեցին սկզբում Բուլղարիա, հետո էլ մինչև Ֆրանսիա, և ովքեր սկիզբ դրեցին եվրոպական Ռեֆոր-մացիային ու մի քիչ էլ Լուսավորչականությանն ու Վերածննդին (Տես 70-ը): Ես կողմ եմ Խորենացու, Նարեկացու ու Թումանյանի ավանդույթներին, ովքեր քաջություն ունեին բոլորին ասելու իրենց մտածածը:

Ամենամեծ ու ամենաթունդ անբարոյականները հենց է՛ն մարդիկ են, ովքեր ժողովրդին դարձնում են թշվառ ու հետն էլ համոզում, թե դա արվում է «հանուն մեր ազգային ավանդույթների» կամ «հանուն մեր ազգի լուսավոր ապագայի»: Էս տեսակ մարդկանց համար օրվա հացի խնդիրն էական չի: Սրանք միշտ էլ գերխնդիրներ ունեն, որ պիտի տասնամյակներով կամ հարյուրամյակներով լուծեն:

Իմիջիայլոց գեյերն ու պոռնիկներն ո՞ւմ են պետական իշխանության ապարատի կամ կուսակցության զորությամբ ստիպել, որ ուրիշներն էլ իրենց պես մտածեն, որ ուրիշներն էլ դառնան զեյ ու պոռնիկ: Իսկ անբարոյական կավատները հենց էսպես են վարվում:

Կառլ Պոպերն ասում է (տես գրականության ցանկը), թե իշխանություն կոչվածը միշտ էլ ավազակախումբ է եղել: (Սխա՞լ է սա): Էդ ավազակներին միշտ էլ օդի պես անհրաժեշտ է, որ շարքային մարդը գլխի չընկնի, որ իրենք ավազակ են: Հենց սրանք են խրախուսում «ազգային ավանդույթների պաշտպան» կոչվածներին (որոնց մեծ մասը միամիտ մոլորյալներ են), որ դեմոկրատիա-կապիտալիզմն ու արևմտյան մշակույթը համարեն վնասակար ու երբեմն էլ թշնամական:

Որովհետև երբ արտաքին թշնամի կա, ներքին ավազակների թշնամականության մասին էլ չեն մտածում: Որովհետև շարքային մարդը միշտ էլ իր անհաջողությունների պատճառը իրենից դուրս է փնտրում:

Բանակա՞ն է, արդյոք, նման մարդը:

Չ ո ր ր ո ր դ մ ա ս ը

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՈՂԲԵՐԳԱԿԱՆ

ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿ ԷՋԸ-1

(Ճշմարտությունը հայերենի էսօրվա քերականության մասին,

կամ հայ ազգի ողբերգություններից երրորդը)

Մարդ արարածը խորամանկությունը գերադասում է խելքից:

Միթրաժանայի օրենքը

Նախորդ գլխում ասել եմ, որ հնամոլները երբեք ու երբեք լուրջ խնդիրներից չեն խոսում, եթե նույնիսկ դրանք չափազանց կարևոր ու հրատապ են: Չեն խոսում, որովհետև դրանցից խոսելու համար լուրջ գիտելիք է պետք:

Մեր հայ երգի ու երգապարի ողբերգական խնդրից հետո թերևս երկրորդ կարևորագույնն ու հրատապը էսօրվա հայերենի քերականության խնդիրն է:

(Գուցե սա հենց առաջինն է, որովհետև մեր երգ ու պարի կորուստը, շատ հնարավոր է, որ անդառնալի է):

Էս ներքևի հոդվածը տպել եմ «Չորրորդ իշխանություն» (= ՉԻ) թերթում, 2006 թվի ապրիլի 18-ի ու 21-ի համարներում: (Ուրիշ թերթ չտպեց, բանասիրական հանդեսների մասին էլ չեմ ասում: Սրանք իմ գրածները, առհասարակ, չեն տպում):

Բերում եմ էդ հոդվածը, համարյա առանց փոխելու (մի երկու աննշան բան եմ կրճատել, մի երկու հնացած թվական եմ փոխել, ու մի երկու ոճական բան էլ ավելացրել եմ):

ԱՆԵԿԴՈ՞Տ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խավարամոլության պահպանվելու երկրորդ օրենքը

Մաքս Պլանկը (1858-1947), ով Գեորգ Կանտորի ազգակից ու քվանտային ‎ֆիզիկայի հիմնադիրն է, Կանտորի ասածից ավելի թունդ բան է ասում.

«Իսկական գիտական տեսությունը ոչ թե է՛ն պատճառով է հաղթում, որ դրա հակառակորդները համոզվում են, որ հենց է՛դ տեսությունն է ճիշտ ու լուսավորվում են, այլ միայն է՛ն պատճառով, որ էդ հակառակորդները կամաց-կամաց մեռնում վերանում են, իսկ նոր սերունդն էդ տեսությունը (բառացի) մոր կաթի հետ է յուրացնում»:

Սրանից մի 20-30 տարի առաջ, Սովետի օրերին, մի անեկդոտ կար:

Անեկդոտն ասում էր, թե մի հայ մարդ գալիս է Միջին Ասիայի խուլ գյուղերից մեկն ու ասում, որ ինքը անգլերենի ուսուցիչ է, բայց էս մարդն անգլերեն մի բառ անգամ չի իմանում: Էս գյուղում էլ անգլերեն իմացող չի լինում, ու գյուղի դպրոցի դիրեկտորն էս հային վերցնում է իրենց դպրոցի անգլերենի ուսուցիչ: Հայն էլ, տասը տարի շարունակ, դպրոցի աշակերտներին անգլերենի տեղը հայերեն է սովորեցնում:

Էս խարդախությունը բացվում է էն ժամանակ միայն, երբ էս դպրոցն ավարտողներից մեկը գնում է մայրաքաղաք ու համալսարանում անգլերենի քննություն է տալիս:

Ես չգիտեմ, թե էս անեկդոտն ինչքան է ճիշտ (ասում են, որ սա իրոք է եղել), բայց ես էս անեկդոտը հիշեցրի, որ ընթերցողին մի հարց տամ:

Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ էս տեսակ մի բան Հայաստանո՛ւմ լինի:

Իհարկե, ընթերցողը կասի՝ չէ: Բայց հարցս շարունակում եմ:

Հնարավո՞ր է, որ մայրաքաղաք Երևանո՛ւմ լինի էս տեսակ բան:

Ընթերցողը, անկասկած, կասի՝ չէ: Բայց մի հարց էլ եմ տալիս:

Հնարավո՞ր է, որ սա լինի Երևանի Պետական Համալսարանում:

Ընթերցողն էլի կասի` չէ, երբեք, ոչ մի անգամ, բնավ ևն:

Ու կսխալվի: Չարաչար կսխալվի: Էս անեկդոտից շատ ու շատ ավելի մի խայտառակ բան կա՛ ու գոյություն ունի ողջ Հայաստանում, թե՛ բոլոր-բոլոր դպրոցներում ու համալսարաններում, թե՛ ամեն տեղ, ու արդեն՝ 75 երկար ու ձիգ տարի:

Արդեն 75 տարի է, ինչ հայերն ունեն երկու քերականություն (ուրեմն՝ նաև երկու լեզվաբանություն), ու էս երկու քերականությունը լրիվ իրար հակառակ են, իրար լրի՛վ են հակասում, իրար ուղղակի ջնջում են, իրար սպանում են: Ու եթե սրանցից մեկն ընդունես, այսինքն, համարես ճիշտ, ուզես՝ չուզես, մյուսը պիտի համարես սխալ:

Բայց անհավատալին հենց է՛ն հանգամանքն է, որ էսօրվա հայ լեզվաբանները, իմանալով, որ սրանցից մեկը սխալ է, անհեթեթ է, հակագիտական է, էս երկու քերականությունն էլ հայտարարում են ճիշտ:

Ու մեր լեզվաբաններն էս երկու իրար հակասող քերականությունից ընտրել են հենց սխալ, անհեթեթ, անտրամաբանական ու հակագիտական քերականությունն ու 75 տարի է, ինչ սա՛ են սովորում ու սովորեցնում, «ուսումնասիրում ու հետազոտում»: Բայց, վերի անեկդոտին հակառակ, արդեն 75 տարի է, ինչ էս խայտառակությունը չի բացվում:

Էս սխալ քերականությունը հորինվեց 1934 թվին: Հորինողը Արարատ Ղարիբյանն էր: Իսկ 1936-ին Աբեղյանն անառարկելի ապացուցեց, որ Ղարիբյանի էս քերականությունը տգիտություն է, ապացուցեց Ղարիբյանի ու էն օրերի բոլոր հայագետների ներկայությամբ, ու դրանցից ոչ մեկը ծպտուն չհանեց:

Մյուսը, գիտական ու ճշմարիտ քերականությունը, Մանուկ Աբեղյանինն է, ինչը շարադրված է, օրինակ՝ Աբեղյանի Հայոց լեզվի տեսության մեջ, ու գործում էր 1906 թվից մինչև 1934-ը, կամ 1936-ը:

Ի՞ՆՉ ԳԻՏԵՆՔ, ՈՐ ԱԲԵՂՅԱՆԻ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ Է,

ԻՍԿ ՂԱՐԻԲՅԱՆԻՆԸ` ՍԽԱԼ

Ջրափոսի խորությունը երբեք չես իմանա, մինչև ոտդ չդնես մեջը:

Միլլերի օրենքը

Ասել եմ արդեն, որ 1931 թվին Մանուկ Աբեղյանը հեռացավ Համալսարանից, որովհետև մի անասելի հալածանք էր սկսվել իր դեմ: Ու ոչ միայն համալսարանից հեռացավ, այլև մոտ մի 50 տարի դասավանդելուց հետո, ստիպված, դասավանդելը թողեց:

Հալածողները ջահել «լեզվաբաններն» էին՝ Արարատ Ղարիբյանն ու Գուրգեն Սևակը, ովքեր իրենց պես «լեզվաբաններով» բանակ կազմած` հարձակվել էին Աբեղյանի քերականության ու գրականագիտության վրա:

Արարատ Ղարիբյանը Աճառյանի ասպիրանտն էր, Գուրգեն Սևակը՝ Ղափանցյանի:

Ու սրանք, անընդհատ ու ամեն տեղ, ժողով էին անում ու թերթերում էլ անընդհատ հոդված էին տպում, հայտարարելով, թե «Աբեղյանի քերականությունը բուրժուական է, մախիստական է, իդեալիստական է, հակադիալեկտիկական է, մետաֆիզիկական է, իմպերիալիստական է, ''բերկլինական'' է (սխալն իրենցն է - Մ.Հ.), ֆորմալիստական է» ևն, ևն:

Էս ջահել ասպիրանտների պրոֆեսորները լռում էին: Ժողովներն ու հոդվածները ոչ միայն Հայաստանում էին, այլև Թիֆլիսում ու նույնիսկ Բաքվում: Էս ասպիրանտները պահանջում էին, որ Աբեղյանը հրաժարվի իր քերականությունից ու գրականագիտությունից ու «մեղա գա, ուղղվի»:

Աբեղյանն առարկելու ոչ մի հնարավորություն չուներ: Աբեղյանին ձայն չէին տալիս, ու նրա գրած պատասխանները ոչ մի անգամ չէին հրատարակում, նույնիսկ երբ դիմում էր հանրապետության ազդեցիկ դեմքերին:

Ու Աբեղյանը, ինչպես ասվել է, հասկացավ, որ էս ջահելները համալսարանում իրեն օր ու արև չեն տա, հասկացավ, որ եթե մնա Համալսարանում, իր վերջը երևի աքսորը կամ գնդակահարությունը լինի, ինչն էն ստալինյան մղձավանջային օրերին սովորական բան էր, ու թքեց ու համալսարանից թողեց գնաց:

Արարատ Ղարիբյանը, ով հայտարարում էր, թե ինքը պիտի գրի հայերեն լեզվի նոր, «դասակարգային, պրոլետարական քերականությունը», 1934 թվին հրատարակեց իր էս «դասակարգային, պրոլետարական քերականության» գիրքը:

Գրքի որակի մասին քիչ հետո կասվի, բայց նշեմ, որ էսօրվա մեր քերականությունները, բոլորն էլ անխտիր՝ Ղարիբյանի քերականության ժառանգներն են, ու Ղարիբյանի քերականությունից տարբերվում են միայն սխալների ավելի մեծ քանակով ու «բառային ահավոր աղմուկով»:

Ի վերջո, ստեղծված գիտական ու սրա հետ կապված հասարակական շփոթը վերացնելու համար, Աբեղյանը, 1936 թվին, գրում է Մի քանի քերականական խնդիրների մասին 144 էջանոց իր փայլուն աշխատությունը:

Հայաստանի լուսժողկոմատը (էն օրերի Կրթության ու գիտության նախարարությունը) Աբեղյանի էս գործը դնում է հրապարակային քննության: Հայաստանի էն օրերի բոլոր նշանավոր լեզվաբաններով, Աբեղյանի քննադատներով ու չսիրողներով, գրողներով, լրագրողներով ու ուրիշ մտավորականներով լեփ-լեցուն դահլիճում, երեք օր շարունակ, Աբեղյանը կարդում է իր էս գիրքը՝ որպես զեկույց:

Էս երեք օրվա ընթացքում դահլիճում ոչ ոք ոչ մի ծպտուն չի հանում, միայն մի անգամ Աճառյանը տեղից ասում է, թե «ընդհանուր քերականության մեջ այդպես չէ», բայց Աբեղյանը գլուխը բարձրացնում է ու կտրուկ շպրտում. «Ընդհանուր քերականություն չկա աշխարհում. քերականությունը միշտ եզակի է»: Ու վերջ, ոչ մի առարկություն: Ծպտուն չի հանում նաև Արարատ Ղարիբյանը, նույնիսկ երբ Աբեղյանն ասում է, որ սրա «քերականության գիրքը գրել է քերականորեն տգետ մի մարդ»:

Աբեղյանն իր էս ելույթի մեջ Ղարիբյանի քերականության քարը քարի վրա չի թողնում ու անառարկելի ապացուցում է, որ էս քերականությունն անհեթեթ է ու հակասական, լի է տգիտությամբ ու չի բավարարում տրամաբանության ու գիտության տարրական պահանջներին:

Աբեղյանի էս վերլուծությունը, Աբեղյանի փաստարկներն ու բոլոր դրույթները, գիտական ու տեսական առումով էնքան խորն էին ու էնքան լուրջ էին հիմնավորված, որ նրա ելույթից հետո ոչ ոք, ոչ մեկը՝ մի բառ անգամ չի առարկում, չնայած նախագահողը, էն օրերի լուսժողկոմը (այսինքն` նախարար Ա. Եղիազարյանը) երկար ժամանակ հորդորում է, որ ելույթ ունենան ու մի բան ասեն: Ու էն մարդիկ, ովքեր վերջին հինգը երկար ու ձիգ տարին փնովում ու հայհոյում էին Աբեղյանի քերականությունը, ծպտուն չեն հանում, չեն առարկում:

Աբեղյանն իր էս ելույթով պաշտպանեց իր քերականությունը, հայոց լեզվի ի՛ր տեսությունը, ու քանի որ էս ելույթին (հիմնավորված, գիտական մեթոդով) առարկող չի եղել, թե՛ էն օրերին, թե՛ դրանից հետո՝ մինչև էսօր, ուրեմն, մեր էսօրվա բոլոր լեզվաբանները, ուզեն՝ թե՛ չուզեն, պիտի ընդունեն, որ Աբեղյանի քերականությունը ճիշտ է, իսկ ղարիբյանական բոլոր-բոլոր քերականությունները, ուրեմն, նաև մեր էսօրվա դպրոցական ու համալսարանական քերականությունները, սխալ են, անհեթեթ, հակագիտական ու հակատրամաբանական:

Ասել եմ արդեն, որ Աբեղյանի 1936 թվի էս զեկույցից հետո, ինչքան էլ էսօր տարօրինակ թվա, հաղթեցին «ասպիրանտները», Ա. Ղարիբյանը, Գ. Սևակն ու իրենց համախոհները: Հաղթանակը կատարյալ էր ու բացարձակ: Ու չնայած Աբեղյանի համառ պնդումներին՝ Աբեղյանի էս գործը չհրատարակեցին, ու ժողովրդից թաքուն պահեցին՝ մինչև 1985 թիվը, այսինքն՝ 51 տարի: Զեկույցը հրատարակվեց Աբեղյանի մահից 41 տարի հետո միայն:

Մանուկ Աբեղյանը մահացավ 1944 թվին: Ո՞վ իմանա, ինչքան դառնացած է հեռացել կյանքից Աբեղյանը, է՛ն մարդը, ով իր ողջ կյանքն անմնացորդ նվիրել էր հայոց լեզվին ու հայագիտությանն առհասարակ:

Աբեղյանին նույնիսկ մեկ-երկու ասպիրանտ չտվեցին, որ հայոց լեզվի տեսության գոնե մեկ-երկու մասնագետ պատրաստեր: Ու հայ պաշտոնական լեզվաբանության մեջ ոչ մեկը Աբեղյանի հետևորդը չի, ոչ մեկը, չնայած Աբեղյանն անառարկելի է ապացուցել, որ իր քերականությունը ճիշտ է, իսկ Ղարիբյանինը սխալ:

Մինչև էսօր էլ ոչ մի լուրջ, գիտությամբ հիմնավորված առարկություն չկա: Կան միայն մերկապարանոց հայտարարություններ, թե «Աբեղյանն ուրիշ կարծիք ունի», թե «Աբեղյանի որոշ տեսակետները հնացած են», բայց ոչ միայն երբեք չեն ասում ի՞նչ է էդ ուրիշ կարծիքը, կամ ինչո՞ւ է դա հնացած, այլև դա թաքցնում են ժողովրդից:

Էս պատմությունը հայ լեզվաբանության պատմության, ու առհասարակ, հայ գիտության պատմության ամենաողբերգական ու ամենախայտառակ էջն է: Ու սա ողբերգական ու խայտառակ էլ կմնա, քանի ճշմարտությունը թաքցնում են մեր աշակերտներից ու ուսանողներից, մեր մտավորականներից ու մեր ողջ ժողովրդից, ու քանի հայ ժողովուրդը հակագիտակա՛ն քերականությունն է համարում գիտական, ու սա՛ է սովորեցնում իր մանուկներին ու պատանիներին:

Ի՞նչ է ասել մեր ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտը: Ի՞նչ է ասել ԳԱԱ գրականության ինստիտուտը, ինչը, իմիջիայլոց, կրում է Մանուկ Աբեղյանի անունը: Ի՞նչ է ասել մեր Լուսավորության կամ Կրթության ու գիտության նախարարությունը, ի՞նչ է ասել Լեզվի տեսչությունը (ոստիկանությո՞ւնը):

Ի՞նչ է ասում Երևանի պետական համալսարանն ու ի՞նչ է ասում մեր էսօրվա մոտ 60 համալսարանը, ի՞նչ է ասում հայոց լեզվի ու գրականության 100-ից ավել ամբիոնը՝ գիտության իրենց բազում թեկնածուով, դոկտոր-պրոֆեսորով ու ակադեմիկոսով: Սրանք ինչո՞ւ ծպտուն չեն հանում: Մի՞թե սրանց համար մեկ է՝ հայ ժողովուրդը գիտությա՞մբ կկրթվի, թե՞ տգիտությամբ:

Սրանք իրավունք չունեն ասելու, թե իրենք տեղյակ չեն էս պատմությունից, որովհետև Աբեղյանի զեկույցը հրատարակվել է 1985 թվին, Աբեղյանի երկերի «Ը» հատորի մեջ, ու իմ շարադրած փաստերն է՛դ գրքից են: Ով չի հավատում, թող վերցնի կարդա ու տեսնի, ճի՞շտ եմ ասում, թե՞ չէ:

Ուրեմն՝ արդեն առնվազն 26 տարի է, ինչ մեր լեզվաբաններն ու ասածս հիմնարկները գիտեն, որ մեր քերականությունը հակագիտական է ու վնասակար:

Բա ինչո՞ւ են լռում:

ՀԱՅԵՐԵՆԻ ԷՍՕՐՎԱ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ

Տրված երևույթը բացատրող հիպոթեզների թիվն անսահման է:

Պերսիգի պոստուլատը

Մարդիկ տրված երևույթը բացատրող հիպոթեզներից ընտրում են ամենասխալը:

Պերսիգի պոստուլատի Միթրաժանայի 1-ին հետևանքը

Էսօրվա մեր հայ քերականությունը, ուրեմն՝ նաև լեզվաբանությունը, լեզվին վերաբերող իր ասածների ճիշտ ու սխալը ջոկելու ոչ մի գիտական, օբյեկտիվ, մարդուց անկախ չափանիշ չունի:

(Թերևս բացառություն արվի ստուգաբանությանը, լեզվի պատմությանը, աղբյուրագիտությանն ու սրանց պես բնագավառներին, բայց թերևս):

Եթե կա էդ չափանիշը, թող լեզվաբաններն ասեն:

Չկա՛:

***

Էս ողբերգական հայտարարության ամենափայլուն ապացույցը հենց մեր երկու քերականության գոյությունն է՝ Աբեղյանի քերականության ու ղարիբյանական քերականության գոյությունը: Սրանք, էս քերականությունները, իրար լրի՛վ են հակառակ, էնքա՛ն են հակառակ, որ եթե մեկն ընդունես, մյուսը, ստիպված, պիտի դեն շպրտես: Բայց մեր լեզվաբանները զորություն չունեն որոշելու, թե էս երկու քերականությունից որն է ճիշտ:

Ուրեմն՝ մեր էսօրվա լեզվաբանությունն իր ասածների ճիշտ ու սխալը ջոկելու գիտական չափանիշ՝ իրո՛ք չունի:

Բա մեր լեզվաբանները ո՞նց են որոշում, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ:

Քվեարկելով կամ հեղինակությունների կարծիքներին հենվելով:

Հանգուցյալ ակադեմիկոս Գևորգ Բեգլարի Ջահուկյանն ինձ մի անգամ ասաց, թե հայոց լեզվի ընդունելության մեր հանձնաժողովները, ամեն քննությունից առաջ (sic!), քվեարկելով են որոշում, թե ուղղագրական կամ կետադրական ո՛ր մի կանոնը համարեն ճիշտ:

Սա լավ գիտեն էն դժբախտ ծնողները, ովքեր երբևէ բողոքարկել են հայոց լեզվի քննության արդյունքները, որովհետև շատ է պատահում, որ հանձնաժողովի անդամները նրանց ասեն. «Մենք որոշել ենք, որ սա սխալ է, իսկ թե գրքերում ինչ է գրված կարևոր չէ»:

Հաճախ էլ, իրենց ասածները «ապացուցելու» համար, մեր լեզվաբանները վկա են կանչում հեղինակություններին. ասում են, «սա ճիշտ է, որովհետև Աճառյա՛նն է էսպես ասել, Ջահուկյա՛նն է էսպես ասել», ևն:

Սա նույնն է, ինչ որ Արիստոտելին կամ Անանիա Շիրակացուն վկայակոչելով՝ ուզածիդ պես ծռմռես էսօրվա ֆիզիկան, քիմիան ևն:

Պատկերացնո՞ւմ եք, որ ֆիզիկայի հանձնաժողովն էլ քվեարկեր ու որոշեր, որ, օրինակ՝ Նյուտոնի օրենքները մի երկու շաբաթով ճիշտ չեն, իսկ մաթեմատիկոսներն էլ որոշեին, որ Պյութագորասի թեորեմն է սխալ:

Մեր էսօրվա լեզվաբանները, նույնիսկ քվեարկությամբ, ի վիճակի չեն որոշելու, թե հայերենը քանի՞ հոլովաձև ունի՝ հինգ թե յոթ:

Ասում են, թե Սովետի օրերին լեզվաբանները դիմել են Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեին, որ սա՛ որոշի՝ հոլովները հի՞նգն են, թե՞ յոթը: Կենտկոմն էլ իբր ասել է. «Վեցի վրա բարիշեք, պրծնի էթա»: Էս փաստը կամ անեկդոտը ծիծաղելի կլիներ, եթե ողբերգական իրականություն չլիներ: Մեր «համաշխարհային, փայլուն ազգը», 21-րդ դարում, հինգից մինչև յոթը հաշվելու ունակություն չունի:

(Հայերենի հոլովաձևերի թվի հարցը լուծել եմ, ու սրա չափազանց կարճ բովանդակությունը, ավելի ճիշտ, սրա արդյունքը, գրել եմ իմ Թարգմանելու արվեստը գրքում: Հոդվածն էլ պատրաստ է, բայց ո՞վ կտպի):

Մեր էսօրվա լեզվաբանները բայը գոյականից տարբերելու ոչ մի միջոց չունեն:

Սրանք ասում են. «Բայը գործողություն ցույց տվող բառն է»: Սա իհարկե՝ սխալ է, որովհետև, եթե սա շրջենք (բառ-ենթակայի ու բառ-ստորոգյալի խմբերի տեղերը փոխենք), մեր լեզվաբանները կրակը կընկնեն, քանզի պարտադիր է, որ սահմանումը շրջելիս՝ ասելիքը չփոխվի:

Իրոք՝ շրջենք էս սահմանումը ու ասենք. «Գործողություն ցույց տվող բառը բայ է»: Բայց լիքը գործողություն ցույց տվող բառ կա, օրինակ՝ «հուզմունք, կռիվ, վեճ, պատերազմ, տուրուդմփոց, երկրաշարժ, հրաբուխ, գործողություն, հոսանք, հոսք, պտույտ, շարժում» ևն, որ բայ չի:

«Տուրուդմփոց» բառից էլ լավ գործողություն ցույց տվող բա՞ռ: Երբ ասում ենք. «երկրագնդի հավերժական պտույտը», մի՞թե «պտույտ» բառը «պտույտ» ցույց չի տալիս: Եթե ցույց չի տալիս, բա ի՞նչ է ցույց տալիս: Բայց ախր էս բառերը բայ չեն. բոլորս էլ գիտենք, որ սրանք գոյական են: (Սա Աբեղյանից եմ սովորել, միայն օրինակներն եմ ավելացրել):

Բայի հասկացությունը լեզվաբանության մեջ արմատական է, հիմնական է, կենտրոնական է (ինչպես, օրինակ՝ ֆունկցիայի սահմանի հասկացությունը մաթեմատիկայում): Հենց բայի հասկացության վրա է հիմնված լեզվի ողջ տեսությունը: Ու եթե սա սխալ է (տեսանք, որ իրոք է՛լ սխալ է ), ուրեմն, սխալ ու հակագիտական է ողջ տեսությունը:

Գիտեմ, լեզվաբանները կասեն, թե բայի իմ հենց նոր բերած սահմանումը Ղարիբյանինն է, որ իրենք հիմա իբր ճշտել են էդ սահմանումը: Բայց էս առարկությունը ճիշտ չի:

Հա, մեր լեզվաբանները, 1936 թվից սկսած, մանավանդ 1985 թվից հետո (երբ հրատարակվեց Աբեղյանի ասածս գիրքը), ղարիբյանական քերականության անհեթեթ սահմանումները շտկելու հուսահատ փորձեր են անում, բայց սխալը չի վերանում: Ավելանում է միայն բառային «աղմուկը», իսկ անհեթեթությունն անընդհատ ու անընդհատ խորանում է:

Ու էսօրվա լեզվաբանության ո՛ր մի սահմանումին ձեռ տվեցիր (օրինակ, գոյականի, նախադասության, ստորոգելու, ստորոգյալի, ևն), բայի էս ասածս սահմանման պես փուլ է գալիս, այսինքն, պարզվում է, որ հակասական է, ու չի բավարարում տրամաբանության պահանջներին:

Սրա համար էլ էսօրվա մեր լեզվաբանությունը սքոլաստիկա է, ու սա փաստ է: Սրա՛ համար է, որ մեր բոլոր աշակերտները, ուսանողները, ուսուցիչները, գրողներն ու լրագրողները, ու նույնիսկ հենց իրենք՝ լեզվաբանները, բոլորն էլ զզվում են էս քերականությունից, ուղղակի ատում են էս քերականությունը: Զզվում են սրանից ու ատում են սա, որովհետև անհնար է, որ էս քերականությունը տրամաբանությամբ հասկանաս:

Սա պիտի միայն անգիր անես, քննությունդ հանձնես ու մոռանաս, որովհետև սա էլ ուրիշ ոչ մի բանի պետք չի: Սա անօգուտ է, անպտուղ է ու անպայման է վնասակար, որովհետև սպանում է մեր մանուկների, պատանիների ու ջահելների մտածողությունը:

(Ես ուսումնասիրել եմ էս անհեթեթ ու վնասակար քերականությունները, որովհետև չէի հավատում, որ 20-21-րդ դարերում էս տեսակ արտառոց բան լինի: Ու ես ասածներիս տերն եմ ու գիտական ցանկացած լուրջ քննարկության ժամանակ կապացուցեմ, որ էսօրվա քերականությունը կրկնել ու խորացրել է Ղարիբյանի հակագիտական բոլոր թեզերը):

Լեզվին վերաբերող մեր էսօրվա բոլոր վեճերը, լինեն դրանք ուղղագրության ռեֆորմի մասին, թե՝ գրական լեզվով խոսելու կամ չխոսելու մասին, կամ էլ՝ հայոց լեզվի քննական հարցերի անհեթեթ բովանդակության մասին, հոլովաձևերի թվի մասին, լեզուն մաքրելու ու լեզվի տեսչության անհեթեթ գործունեության մասին, թարգմանության` ու մանավանդ թատրոնի ու կինոյի լեզվի ու թարգմանության մասին, ու իհարկե` էսօրվա մեր գրականության վիճակի ու ապագայի մասին, մեր դասագրքերի սարսափելի լեզվի մասին, ևն, ևն, անպտուղ են ու անհեթեթ, ու որևէ ձևով երբևէ չեն լուծվի, քանի դեռ մեր լեզվաբաններն ու գրականագետները ճիշտ ու սխալը ջոկելու գիտական չափանիշ չունեն:

Բոլոր էս վեճերը, համարյա առանց բացառության, անհիմն կարծիքներն են միայն, իսկ կարծիքը երբեք էլ գիտություն չի եղել ու չի էլ լինի: Կարծիքը շատ-շատ դառնա դոգմա կամ կրոն:

Որ գործը հասավ կարծիքին, պրնք Նշան Որբերյանի ու Պարույր Հայրիկյանի պես լեզվաբանությունից անտեղյակներն էլ իրավունք կունենան լեզվից ու ուղղագրությունից խոսելու: Ինչո՞ւ չէ, որ: Ն. Որբերյանն ու Պ. Հայրիկյանը կարծիք ունենալու իրավունք չունե՞ն:

ՄԵՐ ԷՍՕՐՎԱ ԼԵԶՎԱԲԱՆՆԵՐԻ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՄ ԷՍՕՐՎԱ ԼԵԶՎԱԲԱՆՆԵՐԸ Մ. ԱԲԵՂՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Տգետ անհատների խմբային իմաստնությանը չեմ հավատում:

Թոմաս Կառլայլ

Կեղծ տեսության գովազդի մի միլիգրամի քաշը հավասար է գիտական գործի մի տոննային:

Պիտերի պլացեբոն (անվնաս, բայց սուտ դեղը)

Մանուկ Աբեղյանը 1936 թվի իր երեք օրանոց ելույթի մեջ ապացուցեց նաև, որ Ա Ղարիբյանն ու Գ. Սևակը «նենգափոխում են» իր, այսինքն, Աբեղյանի գրվածքները:

Աբեղյանի ասածները նենգափոխելու էս «ավանդույթը» շարունակվում է մինչև հիմա էլ (ուղղագրության մասով սա ցույց եմ տվել երկրորդ մասում), բայց խորամանկ ձևով:

Մեր լեզվաբանները Աբեղյանին հիշատակում են իրենց աշխատություններում ու դիսերտացիաներում, բայց երբեք, երբեք չեն ասում, թե Աբեղյանն իրականում ինչ է ասում, չեն ասում, որ Աբեղյանն իրենց քերականությունը համարում էր տգիտություն, իսկ իրենց արածը` «կոկոզաբանություն» (էջ 635), ու որ Աբեղյանն ասում էր նաև, որ «կոկոզաբանությունը գիտության թշնամին է (նույն տեղը)»:

Լրիվ հակառակը:

Մեր լեզվաբաններն էսօր մեծագույն երկերեսանությամբ փառաբանում են Աբեղյանին, որ մարդիկ մտածեն, թե հենց իրե՛նք են Աբեղյանի գործի շարունակողը: Հա՛, էսօրվա մեր լեզվաբանները հենց իրե՛նք են խոստովանում, որ Աբեղյանը լրի՛վ է ճիշտ, բայց քանի որ ճշմարտությունը կործանարար է իրենց համարյա բոլորի բոլոր գործերի համար ու նաև իրենց տիտղոսների ու կոչումների համար, չեն ասում, որ Աբեղյանի քերականությունը բացարձակ ու լրիվ է ժխտում էսօրվա քերականությունը:

Ահա էդ երկերեսանության մի քանի ապացույցը` Մանուկ Աբեղյանի Հայոց լեզվի տեսությունը գրքի (1965, «Միտք») առաջաբանից, ինչը գրել է Երևանի Պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնը (sic!):

«...քերականագիտական իր աշխատություններով (թվարկված են – Մ. Հ.) Աբեղյանը նոր էջեր է բացել հայ լեզվաբանական մտքի պատմության մեջ:…հմուտ հետազոտմամբ՝ նա գիտականորեն լուսաբանել…է լեզվական օրինաչափություններն ու առանձնահատկությունները՝ ստեղծելով ներքնապես ամրակուռ (sic!) մի համակարգ»:

«<Աբեղյանի> «Աշխարհաբարի շարահյուսությունը» և «Հայոց լեզվի տեսությունը»… տալիս են հայոց լեզվի ամբողջական ու ճշգրիտ (sic!) պատկերը և կազմում են ներդաշնակ ու սերտ միասնություն»:

«...մեծատաղանդ գիտնականը խորագույնս (sic!) բացահայտել է հայոց լեզվի մեջ իրապես գոյություն ունեցող օրենքներն ու օրինաչափությունները»:

«Ակադեմիկոս Մ. Աբեղյանի աշխատության մեջ, բնականաբար, կան նաև վիճելի, ինչպես նաև հնացած որոշ կետեր, բայց դրանք ամենևին (sic!) չեն նսեմացնում (sic!) նրա գիտական ու ճանաչողական (sic!) բարձր արժեքը: <Աբեղյանի> «Հայոց լեզվի տեսությունը» եղել է և մնում է (sic!) իբրև հայոց լեզվի ուսումնասիրության մի լավագույն (sic!) ձեռնարկ ու ուղեցույց»:

«Մ. Աբեղյանի «Աշխարհաբարի քերականությունը» (1912Մ. Հ.) ժամանակին բարձր է գնահատել աշխարհահռչակ գիտնական Անտուան Մեյեն, նշելով, որ սա «անտարակույս (sic!) լավագույնն է, որ երբևէ գրվել է հայերենի վերաբերյալ: Սա իսկական գիտական աշխատություն է (թեև գրվել է որպես դպրոցի դասագիրք – Մ. Հ.): Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են ժամանակակից հայերենով, պետք է անպայման ուսումնասիրեն էս գիրքը»»:

(Պիտի ուսումնասիրեն բոլորը, բացի հայերի՞ց, որովհետև էսօրվա հայկական դպրոցներում ու համալսարաններում սա ոչ միայն չեն ուսումնասիրում, այլև եթե աշակերտը կամ ուսանողն Աբեղյանի ասածներն ասի, անպայման «երկու» կստանա:

(«Երկու» կստանա, եթե պատմի Աբեղյանի «ներքնապես ամրակուռ (ուրեմն՝ ճիշտ ու անխոցելի – Մ. Հ.) համակարգը» ու ներկայացնի «հայոց լեզվի ամբողջական ու ճշգրիտ պատկերը», ինչը «կազմում է ներդաշնակ ու սերտ միասնություն»:

(Ընդ որում, երկու կստանա, չնայած այն հանգամանքին, որ Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը» «եղել է և մնում է իբրև հայոց լեզվի լավագույն ձեռնարկն ու ուղեցույցը» (գիտական հետազոտության համար)):

Բայց մեր լեզվաբաններից ոչ մեկը չի ասում, որ Մանուկ Աբեղյանն անառարկելի ապացուցել է, որ օրինակ՝ հայերենի անորոշ դերբայը բայ չի, ոչ մի տեսակ բայ չի ու բայական ո՛չ մի պաշտոն (ֆունկցիա, կիրառություն) չունի:

Աբեղյանն ապացուցել է, որ հայերենի անորոշ դերբայը միայն ու միայն գոյական է, որովհետև ունի գոյականի բոլոր բոլոր հատկությունները, ու չունի բայի բոլոր հատկությունները, բացի բայիմաստից:

Այնինչ, մեր լեզվաբանները, լրիվ հակառակ սրան, պնդում են, թէ հայերենի անորոշ դերբայն անդեմ բայ է:

Հայերենի համար անդեմ բայը նույնն է, ինչպես «կաթնասուն սարդը»:

Ու մեր լեզվաբաններն էսօր մի ուրիշ շատ խորամանկ բան էլ են անում: Մեր լեզվաբանները, լռելով Մ. Աբեղյանի ջախջախիչ քննադատության մասին, իրենց լեզվաբանությունը շարադրում են իբր «նորագույն, ժամանակակից մեթոդներով` կաղապարների ու կառուցվածքային (ստրուկտուրալ) միավորների մակարդակով»: Բա՜: Որ ճշմարտության հետքերը ժողովրդից լրի՛վ թաքցնեն:

Բայց հակասությունները մնում են, որովհետև երբեք (հիմնավոր ու տրամաբանության պահանջներին համաձայն) չեն ասում, թե հայերեն լեզվի մեջ ի՛նչ է ստորոգելը, ստորոգյալն ու բայը:

Էս «նորագույն» շարադրանքների բառային աղմուկն ու սքոլաստիկան ուղղակի ահավոր է ու դժոխային: Ու էս քերականությունները ոչ մի բանի պետք չեն, բացի դիսերտացիա պաշտպանելուց ու մեր էրեխեքին երկու նշանակելուց:

Ու էս կաղապարային (ստրուկտուրալ) տեսությունները հորինվում են մասամբ ռուս (երբեմն էլ` եվրոպական) քերականներին կապկելով, բայց նորից ու նորից Մ. Աբեղյանի գործերը ծռմռելով ու աղավաղելով` մինչև զառացանքի աստիճանը (զառացանքի ապացույցը տես հետո):

Ու մեր լեզվաբանները, էս ողբերգական ու խայտառակ խնդիրը թողած, հայրենասերի կեցվածք ընդունելով, անընդհատ «պայքարում են« օտար բառերի դեմ` իբր »հանուն հայերենի մաքրության կամ անաղարտության» (ինչը հակագիտական ու անհեթեթ է, որովհետև չկա, չի եղել ու չի էլ լինի մաքուր կամ անաղարտ լեզու), բայց երբեք չեն պայքարում օտար քերականության դեմ:

Կամ էլ, վերը շարադրածիս պես, քափ ու քրտինք մտած, վիճում են ուղղագրական ռեֆորմի մասին, բայց այս վեճը միշտ էլ մակերեսային է, ու փաստերն էլ աղավաղ (ինչի մասին մանրամասն պատմել եմ նախորդ գլխում):

Ի՞նչու: Որ ցույց տան, թե իբր իրոք մի կարևոր ու ազգանվեր գործ են անում: Թէ որ սա չի երկերեսանությունը, բա էլ ո՞րն է:

Հիմա Ձե՛զ եմ դիմում, պարոնայք լեզվաբաններ ու գրականագետներ ու հայագետներ: Դիմում եմ մեր Ակադեմիային, ու Կրթության ու գիտության նախարարությանը, Լեզվի տեսչությանն ու հայոց լեզվի մեր բոլոր ամբիոններին ու մեր բոլոր համալսարաններին, դիմում եմ Աճառյանի անվան Հայոց լեզվի ինստիտուտին ու Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտին.

Ինչո՞ւ եք լռում: Ինչո՞ւ չեք պատասխանում Մանուկ Աբեղյանի «Մի քանի քերականական խնդիրների մասին» գործի սպանիչ քննադատությանը: Ու եթե դո՛ւք չեք պատասխանում, բա էլ ինչի՞ համար եք:

«Չորրորդ իշխանություն», ապրիլի 18-ի ու 21-ի համարները, 2006, Երևան:

***

Հաջորդ հոդվածը, որ առաջինի օրգանական շարունակությունն է (ինչպես ընթերցողն ինքն է՛լ կտեսնի) ՉԻ-ն չտպեց: Ավելի ճիշտ, տպեց սրա միայն առաջին վերնագիրը` «Ի՞նչ էի ասել կամ «փայլո՞ւն» ազգ ենք»: Հետագայում սա թեթևակի փոխեցի ու տպեցի «Առավոտ» օրաթերթի 2009 թվի օգոստոսի 26-ի ու 27- ի համարներում, հետևյալ վերնագրով. «ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՇՏ ԱՆԱՐԴԱՐ»:

Էս հոդվածն էլ, իհարկե, մնաց անպատասխան, ու սրան չարձագանքեցին ո՛չ հնամոլները, ոչ է՛լ որևէ մեկը: Էս հոդվածի «Առավոտում» տպած տարբերակի սկիզբն ու մի քանի կարևոր միտք դրել եմ ներքևի շարադրանքի վերջը:

***

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՈՂԲԵՐԳԱԿԱՆ

ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿ ԷՋԸ – 2

Խավարամոլության պահպանվելու երրորդ օրենքը

Ավստրիացի տնտեսագետ ու իրավագետ, պրաքսեոլոգիայի հիմնադիր` Լյուդվիգ ‎ֆոն Միզեսը (ով համարվում է մեր քաղաքակրթության մեծագույն փիլիսոփաներից մեկը, ու ով մարդկության թերևս ամենախոշոր մտածողի` Ֆրիդրիխ Ավգուստ ‎ֆոն Հայեկի ուսուցիչն է) իր Anticapitalistic Mentality գրքում ասում է.

«Մտածելու ունակություն ունեցող մարդու ու էդ ունակությունից զուրկ մարդու արանքը անանցանելի անդունդ կա»:

Ի՞ՆՉ ԷԻ ԱՍԵԼ, ԿԱՄ «ՓԱՅԼՈ՞ՒՆ» ԱԶԳ ԵՆՔ

Տգետ ու հարատև կեղծարարը

անընդհատ փառաբանում է ճշմարտությունը:

Միթրաժանայի օրենքի 4-րդ հետևանքը

Վահրամ Փափազյանը` Ֆրունզիկ Մկրտչյանին,

երբ վերջինն ասել է, որ ինքն է՛լ է ուզում Օթելլո խաղա

Մամուլում էս հոդվածին ոչ մի պատասխան չեղավ, չնայած հոդվածի ասելիքը, ինչպես ընթերցողն ինքն է՛լ է տեսնում, արտակարգ սկանդալային էր, թե՛ հայագիտության, թե՛ մեր կրթական-գիտական համակարգի մի զգալի մասի համար: Սկանդալային էր հոդվածի հենց վերնագիրն ու մանավանդ դրանից հետո գրված հայտարարությունը.

«Մեծանուն լեզվաբան Մանուկ Աբեղյանը, 1936 թվին, ապացուցել է, որ հայերենի էսօրվա քերականությունը սխալ է ու հակագիտական: Էս սխալ ու հակագիտական քերականությունը հայերը սովորում են ամենաքիչը՝ 70 տարի»:

Հոդվածով դիմել էի մեր բոլոր լեզվաբաններին, գրականագետներին, հայագետներին, մեր ակադեմիային, Գիտության ու կրթության նախարարությանը, Լեզվի տեսչությանը, հայոց լեզվի բոլոր ամբիոններին ու մեր բոլոր համալսարաններին, Հրաչյա Աճառյանի անվան Հայոց լեզվի ինստիտուտին ու Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտին: Կրկնում եմ, սրանցից ոչ մեկը (հրապարակով ու հենց ինձ) ոչ մի պատասխան չտվեց ու չի տվել մինչև հիմա:

(Էս լռությունն ինձ չզարմացրեց, որովհետև փորձ ունեի:

(Սրանից առաջ, 2005 թվի աշնանը, «Նոր աշխարհ» ամսագրի 1(6) համարում 33 էջանոց մի սկանդալային հոդված է՛լ էի հրապարակել՝ «Արտեմիզմն ու հայ պոեզիայի ողբերգությունը» վերնագրով, ինչին էլ ոչ ոք չարձագանքեց:

(Տարօրինակ էր ու ցավալի, բայց մեր բազում թերթ ու ամսագրի ժուռնալիստներից ոչ մեկը չարձագանքեց էս երկու հոդվածին, թեև դրանք բոլորն էլ, տեղն էկած տեղը, կուրծք ծեծելով հայտարարում են, թե հույժ շահագրգիռ են հայ գիտությամբ, արվեստով ու մշակույթով, ու ահավոր հաճույքով են տպում մեր հնամոլների «խեղագրությունները», միայն թե դրանք հայագովություն լինեն):

Ուրեմն, «Չի»-ի համարներում տպված հոդվածի հիմնական թեզերը սրանք էին:

1. Էսօրվա հայերենն ունի երկու քերականություն՝ Մանուկ Աբեղյանի քերականությունը, ինչը շարադրված է Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը» գործի մեջ, ու Արարատ Ղարիբյանի ու Գուրգեն Սևակի ու սրանց հետևորդների հորինած հետաբեղյանական` ղարիբյանական քերականությունները, ու սա փաստ է, իրականություն է:

Փաստ է նաև, որ Մ. Աբեղյանի քերականությունն ու ղարիբյանական քերականություններն էնքա՛ն են հակասում իրար, որ իրար բացառում են:

2. Հոդվածում գրել էի, թե հայերենի մեր էսօրվա լեզվաբանությունը գիտություն չի, որովհետև լեզվին վերաբերող իր ասածների ճիշտ ու սխալը ջոկելու ոչ մի գիտական, օբյեկտիվ, մարդուց անկախ չափանիշ չունի:

Ու սրան ավելացրել էի, որ թե էդ չափանիշը կա, թող լեզվաբաններն ասեն:

Իմ էս հայտարարությունն ապացուցել էի, նշելով մեր երկու (աբեղյանական ու ղարիբյանական) քերականության գոյությունը (նույնիսկ ամենաբծախնդիր մաթեմատիկոսը չի ասի, թե սա ապացույց չի): Չէ՞ որ սրանք լրի՛վ են իրարամերժ, լրի՛վ են՝ ժխտում իրար:

Բայց մեր էսօրվա լեզվաբանները չգիտեն, թե սրանից ո՛րն է ճիշտը, ո՛րն է սխալը, որովհետև ասում են, թե էս երկուսն է՛լ ճիշտ են:

3. Ասել էի նաև, որ մեր էսօրվա լեզվաբանները իրենց ասածների ճիշտ ու սխալը կա՛մ քվեարկելով են որոշում, կա՛մ հեղինակություններին վկա կանչելով: Ավելացրել էի, որ շատ հաճախ էլ՝ մերակապարանոց հայտարարություններով («մենք կարծում ենք, որ…, մեր կարծիքով էսինչը ճիշտ չէ…, ևն»):

Ու մի քանի օրինակ էի բերել, որ ցույց տամ մեր լեզվաբանության գիտություն չլինելը:

Առաջինը, որ մեր լեզվաբանները մինչև հիմա զորություն չունեն գիտական մեթոդով որոշելու, թե հայերենը քանի հոլով ունի՝ հինգ, վեց, թե յոթ:

Երկրորդը՝ բայի սահմանումն էր. Աբեղյանն ասում է, թե բայ է այն բառը, ինչը միաժամանակ ունի դեմքի, թվի ու ժամանակի գաղափարը, ուրեմն, նաև իր իմաստը վերագրում է (ստորոգում է) իր իսկ դեմքին, նշելով թիվն ու ժամանակը:

Մեր քերականներն ասում են, թե «բայը գործողություն ցույց տվող բառն է»: Հետո ասել էի, որ սա սխալ է, որովհետև էս սահմանումը շրջելի չի:

Եթե բայի էս ղարիբյանական սահմանումը շրջենք ու ասենք, թե «գործողություն ցույց տվող բառը բայ է», կրակը կընկնենք, քանզի լիքը գործողություն ցույց տվող բառ կա, որ բայ չի: Օրինակ, «հուզմունք, կռիվ, վեճ, պատերազմ, տուրուդմփոց, երկրաշարժ, հրաբուխ, գործողություն, հոսանք, պտույտ, շարժում» ևն:

Մի քանի բան էլ ավելացնեմ, որովհետև գուցե ոմանք առարկեն, թե «սրանք գործողություն չեն ցույց տալիս, այլ երևույթ կամ էլ` ինչ-որ մի ուրիշ բան»: Բայց էս առարկությունն ու սրա պեսերը զուտ էսենցիալիստական են ու սնանկ:

Թող որևէ մեկը ցույց տա «վազք» ու «վազել» բառերի «իմաստային, փիլիսոփայական» տարբերությունը, եթե կարող է: Մենք սրանք գործածում ենք լրիվ համարժեք ձևով: Ահա օրինակները՝ զույգերով. «Վազքը լավ բան է, վազելը լավ բան է: Սա վազք չի, սա վազել չի: Վազքի ընթացքում, վազելու ընթացքում: Վազքից առաջ, վազելուց առաջ: Վազքով առա՛ջ, վազելով առա՛ջ» ևն:

Դե թող մեկնումեկն ապացուցի, որ սրանցից առաջինների մեջ վազքը երևույթ կամ մի ուրիշ բան է, իսկ երկրորդների վազելը՝ գործողություն):

Բացի սա, ըստ էս սահմանման, «եմ, ես, է, ենք, եք, են» ու սրանց մյուս «ընկերները» շատ հաճախ բայ չեն, որովհետև շատ հաճախ ոչ թե գործողություն են ցույց տալիս, այլ վիճակ: Օրինակ, «կատուս սատկած է»:

(Դե թող մեր լեզվաբաններն ասեն, որ էս նախադասությունը ցույց է տալիս «սատկած կատվի գործողությունը» կամ «սատկած կատվի լինելիությունը»):

Ասել էի նաև, որ մեր ղարիբյանական լեզվաբանները մոտ 70 տարի է, ինչ անընդհատ «կարկատում» ուղղում են էս ղարիբյանական քերականությունները, բայց սրանց կարկատանները միայն խորացնում ու շատացնում են էդ քերականությունների սխալներն ու հակասությունները ու մեր լեզվաբանությունը դարձնում են մի իսկական մղձավանջ:

Հոդվածի չորորդ կետում ասել էի, որ Աբեղյանը պնդում է, թե անորոշ դերբայը հայերենում միայն ու միայն գոյական է (ինչն ապացուցվում է փակագծերի մեջ վերը բերածս օրինակներով. էդ օրինակներից երևում է, որ վազել բառը գոյական է, որովհետև լրիվ փոխարինում է վազքին:

Իրոք, վազել բառն էդ օրինակներում ունի չորս հոլովաձև՝ վազելը, վազելու, վազելուց, վազելով, բառ-ենթակա է, բառ-ստորոգյալ է, ևն), ու «հայերենում բայական ոչ մի ֆունկցիա չունի» (Մ. Աբեղյան, Երկեր, Ը հատոր, էջ 538, տես նաև էջ 537-541, 1985 ՀՍՍՀ ԳԱ Հրատ.):

Այնինչ՝ ղարիբյանական քերականությունները բոլորն էլ միաբերան պնդում են, թե հայերենի անորոշ դերբայը «անդեմ բայ է»:

Ըստ էության, իմ էս հոդվածն էնքան էլ ինքնուրույն չէր, է՛ն իմաստով, որ ես ընդամենն ասում էի. «Աբեղյանի ասածներին ի՞նչ եք ասում: Դուք Աբեղյանին գովում ու երկինք եք հասցնում, բա Աբեղյանի քերականությունն ինչո՞ւ եք դեն շպրտել: Պատասխա՛ն տվեք»:

Ուրեմն, իմ էս հոդվածում ե՛ս չէի կարևորը, այլ Աբեղյա՛նը: Ի՛մ ասածները չէին կարևորը, այլ Աբեղյանի՛նը:

Աբեղյանն ուրիշ շատ ու շատ բան էլ է ասել (ասել է գիտության մեթոդներով):

Օրինակ.

Աբեղյանն ասում է, թե հայերեն նախադասության գլխավոր անդամը բայն է, իսկ մնացած բոլոր բառերը (չհաշված կապերն ու ձայնարկությունները) միայն ու միայն բային (կամ իրար) են լրացնում:

Ղարիբյանականներն ասում են, թե նախադասության գլխավոր անդամները ենթական ու ստորոգյալն են:

Աբեղյանն ասում է, թե հայերենում անդեմ նախադասություն չկա, ղարիբյանականներն ասում են, թե կա:

Աբեղյանն ասում է, թե բայն ու ստորոգյալը նույն բանը չեն, ղարիբյանականներն ասում են, թե նույնն են:

Աբեղյանն ասում է՝ եթե բայ չկա, ուրեմն նախադասություն էլ չկա, սրանք ասում են, որ կա ու հլը եզրակացնում են, թե իբր հնարավոր է, որ հայերենի բոլոր բառերն ու բառակապակցություններն էլ լինեն նախադասություն:

(Տես, օրինակ, Հրանտ Պետրոսյան, «Հայերենագիտական բառարան», Երևան, «Հայաստան», 1987, կամ ՀԱԱՀ ԳԱ, Պետրոսյան Հ.Զ., Գալստյան Ս.Ա., Ղարագյոզյան Թ. Ա., «Լեզվաբանական բառարան», Երևան, «ՀԱԱՀ ԳԱ», 1975. սրանցից տես՝ բայ, նախադասություն, ստորոգում, անորոշ դերբայ և այլ հոդվածները: Տես նաև Հայկական հանրագիտարանը):

Աբեղյանն իր էս ասածները, ու հլը հազար ու մի ուրիշ բան էլ հետը, հիմնավորում է գիտական մեթոդով ու տրամաբանությամբ:

Ղարիբյանականները (իրար ցիտելով) միայն մերկապարանոց հայտարարություններ են անում ու անհեթեթ բաներ են ասում. ևն, ևն, ևն:

Ասածներս ստուգելի են, ու ովքեր ինձ չեն հավատում, թող կարդան արդեն մեջ բերածս գրքերը:

Ե՞Ս ԵՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԻԱՄԻՏ,

Թ՞Ե ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐԸ

Պատահածը ոչ միայն մեր ենթադրածից ավելի տարօրինակ է, այլև շատ ավելի տարօրինակ է մեր չենթադրածից:

Սպասելիության Պիտերի սկզբունքը

Ուրեմն ես գիտեի, որ հոդվածիս չեն պատասխանի, ու սրա համար էլ դիմեցի Երևանի պետական համալսարանի ռեկտորին, որ պրն ռեկտորը հոդվածս համալսարանի գիտական խորհրդում քննարկի:

Ես չէի դիմել ուղղակի բանասիրական ֆակուլտետին, որովհետև փորձ ունեի, ու փորձս ասում էր, որ ինձ չեն լսի, կարհամարհեն: Պետական համալսարանի մեծարգո պրն ռեկտորն էլ հոդվածիս պատճենը ուղարկել էր բանասիրական ֆակուլտետ, որ ֆակուլտետը քննարկի ու պատասխան տա իրեն:

Ես միամիտ էի, որովհետև կարծում էի, թե հոդվածս կդրվի գիտխորհրդի քննությանը, քանզի հոդվածիս շոշափած հարցերն արտառոց էին, ու հոդվածիցս հետևում էր, որ համալսարանի բանասերները մոտ 70 տարի գիտության տեղը տգիտություն են սովորեցնում:

Ինձ թվում էր, թե համալսարանի գիտխորհուրդն ամեն ինչ կթողնի ու իսկույն կհավաքվի, որ էս չտեսնված չլսված խայտառակությունը քննարկի:

Բայց համալսարանի պարոն ռեկտորն է՛լ էր միամիտ, որովհետև հոդվածս գիտխորհրդում քննարկելու փոխարեն՝ ուղարկել էր բանասերներին: Ախր եթե գայլերից բողոքելու դիմումն ուղարկես գայլերին, պարզ չի՞, որ գայլերը կասեն, որ էդ բողոքը «չարամիտ զրպարտություն է, տգիտություն ու զառանցանք է»:

Բանասիրական ֆակուլտետից չորս պատասխան ստացվեց:

Լեզվաբանության չորս դոկտոր-պրոֆեսոր, իրենց օլիմպիական բարձունքներից, մի քանի խզբզոցով պատասխանել էին Երևանի պետական համալսարանի ռեկտորին, հետն էլ կշտամբելով ու խրատելով իրենց ղեկավարին:

Ահա էդ չորս պատասխանի պատճենները (ձեռագրով գրածները, առանց որևէ փոփոխության. «վերծանել եմ», որ ընթերցողը չդժվարանա):

***

Առաջին պատասխանը.

(Ուշադրություն դարձրեք դոկտոր-պրոֆեսոր Ա. Ավագյանի «…իմաստ չունի, որ մամուլում տպագրված ինչ-որ զառանցանքի համալսարանը ստանձնի կարծիք տալու» ոճական «գոհարի» վրա: (Երևի պրնն ուզեցել է ասի՝ «… Իմաստ չունի, … որ համալսարանն էդ զառանցանքին պատասխանի»): Իմիջիայլոց, ստանձնում են «կարծիք տալ»-ը, ոչ թե` «կարծիք տալու»-նը:

Պակաս «ընտիր» չի նաև էս պարոնի «երեք ամբիոնների» կապակցությունը, որովհետև պարոնը պիտի գրեր «երեք ամբիոնի», քանզի հայերենում, (ինչպես որ Ջահուկյանի ու Խլղաթյանի մենագրության մեջ է գրված), երբ գոյականը լրանում է թվականով, «գոյականը գերազանցապես դրվում է եզակիով». [տես` 40-ը, 44-ը, 46-ը, 66-ն ու էս գրքի Հավելվածը]):

***

Երկրորդ պատասխանը.

«Զարմանալի է, որ նման տգիտությունը տպագրվում է մամուլում (բայց` նայած ինչ՞ և ո՞ր մամուլում) և որոշ դեպքերում նույնիսկ ընթացք է տրվում:

Նման զառանցանքները պետք է աղբարկղ շպրտել»:

Լ. Եզեկյան

(Պրն Եզեկյանն իր առաջին նախադասության մեջ կշտամբում է ռեկտորին, թե «զարմանալի է, որ նման տգիտությունը (այսինքն, տգիտությանը – Մ.Հ.) … որոշ դեպքերում ընթացք է տրվում»: Սա ակնարկ է, որ մեծարգո ռեկտորն ինքն էլ է տգետ, քանզի գիտությունը տգիտությունից չի ջոկում: (Հազար ներողություն, բայց էս ակնարկի հեղինակը ե՛ս չեմ, պրն Եզեկյա՛նն է):

Հաջորդ նախադասությամբ էլ պրն Եզեկյանը խրատում է իր ղեկավարին՝ ռեկտորին, ասելով, թե «նման զառանցանքները պետք է աղբարկղ շպրտել», այսինքն՝ ինչո՞ւ եք սրանք մեզ ուղարկել ու «ինչո՞ւ եք մեզ նեղություն տալիս. մյուս անգամ էսպես բան չանե՛ք»):

***

Երրորդ պատասխանը.

«Ներկայացված հոդվածը պարզապես չարամիտ զրպարտություն է հայ լեզվաբանության հասցեին: Հեղինակը ոչ մի պատկերացում չունի ոչ լեզվի պատմական զարգացման և ոչ էլ լեզվաբանական ուսմունքների մասին: Սույն կիսագրագետ (կեղծ ժողովրդական) շարադրանքի գրեթե ամեն դատողություն սխալ է և քննադատության արժանի: Անցյալ դարի 30-ական թվականների քաղաքական մթնոլորտը քննադատելով` հեղինակը ինքը վարվում է նույն զրպարտչական սկզբունքներով: Պետք է աշխատել, որ նման կարգի «ստեղծագործություններ» հանրապետական մամուլում չհայտնվեն»:

Ընդհանուր լեզվաբանության

ամբիոնի վարիչ` Լ. Հովսեփյան

(Լա՛վ, «քննադատության արժանի է», քննադատե՛ք: «Սխալ է», ցույց տվեք, որ սխա՛լ է: Բա ինչո՞ւ ցույց չեք տալիս: Բա ինչո՞ւ չեք քննադատում, մանավանդ, եթե «արժանի է»: Բա էլ ե՞րբ եք սրանից լավ «քննադատության արժանի» բան գտնելու: Տես հետո):

***

Չորրորդ պատասխանը.

«Պարզապես անգիտություն է նման բովանդակությամբ հոդվածներ հրատարակել մամուլում: Նմանատիպ հրապարակումներն ապակողմնորոշում են նույնիսկ խելամիտ ընթերցողներին: Չի կարելի այդպիսի կտրուկ հայտարարություններ անել` առանց հասկանալու ճիշտն ու սխալը»:

Ռ. Ղազարյան

***

ԱՍԱԾՆԵՐԻՍ ՓԱՅԼՈՒՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

Մարդ արարածը խոհեմ չի, որովհետև խորամանկ է:

Միթրաժանայի 1-ին օրենքի 1-ին հետևանքը

ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի էս չորս դոկտոր-պրոֆեսորի «պատասխանները» փայլուն ապացույց են, որ «Չի»-ի ապրիլյան համարներում տպածս հոդվածի իմ գլխավոր ասելիքն անկասկած ճիշտ է:

Ես ասել էի, որ էսօրվա մեր լեզվաբաններն իրենց ասածների ճիշտ ու սխալը գիտական չափանշերով, գիտական մեթոդով ու գիտական փաստարկներով չեն որոշում, այլ միայն ու միայն մերկապարանոց հայտարարություններով ու քվեարկելով:

Հիմա, թող ընթերցողն ինքը ասի. մեր էս դոկտոր-պրո‎‎ֆեսորների «պատասխաններում» գիտական փաստարկի որևէ հետք կամ նշան կա՞: Սրանց մեջ կա՞ ճիշտ ու սխալը որոշելու չափանշի որևէ հետք կամ նշան: Եթե սրանք մերկապարանոց հայտարարություն չեն, էդ ժամանակ մերկապարանոց հայտարարությունն ի՞նչ է: Բա սրանք ԵՊՀ-ի դոկտոր-պրոֆեսորին արժանի՞ «պատասխան» են:

Սրանցից երեքը ո՛չ վերնագիր ունի, ո՛չ ամսաթիվ, իսկ երկուսն էլ՝ հասցե չունի: Ու էս երեքի մեջ էլ չի հիշատակված, թե խոսքն ի՛նչ հոդվածի մասին է:

Վստահ եմ, որ էս դոկտոր-պրոֆեսորների սեղաններին, ամեն մեկի դեմը, մի ժամանակակից գերհզոր կոմպյուտեր կա ու մի հատ էլ թանկանոց լազեր-պրինտեր, որոնք հաստատ՝ համալսարանի փողով են առել:

Բա պաշտոնական սուբորդինացիան ու տարրական քաղաքավարությունը չե՞ն պահանջում, որ ռեկտորին ուղղված գրությունը վայելուչ տեսք ունենա: Սա՝ մեկ:

Դոկտոր-պրոֆեսոր Լևոն Եզեկյանը գրել է ընդամենը երկու նախադասություն, վատ ձեռագրով ու փնթի (երևում է, որ պարոնը երկար գրելուն սովոր չի: Էս հոդվածը շարելիս` ինձ օգնում էր ‎ֆիզֆակի առաջին կուրսի մի ուսանող, ու էդ ուսանողն ինձ ասաց. «Բայց ինչ ամոթ ա, որ լեզվաբանության պրո‎‎ֆեսորների ձեռագրերն էսքան վատն են»:

(Ասեմ, որ մինչև հիմա չեմ հանդիպել գոնե մի լուրջ տեսաբան ‎ֆիզիկոսի կամ մաթեմատիկոսի, ով գեղեցիկ ու հստակ ձեռագիր չունենա: Մասնագիտական կարիքներն են ստիպում):

Պրն Եզեկյանն իր առաջին նախադասության փակագծերի մեջ արհամարհանքով է խոսում «Չորորդ իշխանություն» թերթի մասին, ընդ որում՝ իմիջիայլոց, հպանցիկ, ձեռաց: Սա թերևս պրն Եզեկյանի ու «Չորրորդ իշխանության» մասնավոր գործն է, ու եթե իրենք ինչ-ինչ հարցեր ունեն, թող իրենք էլ լուծեն:

Բայց էս փակագծի նախադասության մեջ երկու ավելորդ հարցական նշան կա, որոնցից մեկը ձայնավորի վրա չի: Ընդունված է, որ էս տեսակ տեղերում հարցական նշան՝ առհասարակ չդրվի (ճիշտ տեղն է՛լ, սխալն է՛լ):

Պարոն Եզեկյանն էլ բազմիցս եղել է հայոց լեզվի ընդունելության քննական հանձնաժողովի նախագահ ու անդամ, ու էս կարգի սխալների համար մեր խեղճ ու կրակ երեխաների բալերն իջեցրել է: Հիմա, լեզվաբանության դոկտոր-պրոֆեսոր պրն Եզեկյանի էս երկու նախադասությունանոց «գրավորի» գնահատականից քանի՞ բալ հանենք:

Քանի՞ բալ հանենք լեզվաբանության դոկտոր, պրոֆեսոր Լիա Հովսեփյանի «գրավորի» գնահատականից, որովհետև նրա «գրավորի» երկրորդ նախադասության կրկնվող ժխտականը շեշտ ու ստորակետ է պահանջում, բայց մեծարգո տիկինը դրանք չի դրել:

(Հայտնի է, որ ոչ մի լեզվում էլ կետադրությունը երբեք էլ կանոնակարգված չի, այսինքն, կետադրության անսխալ կանոններ՝ ոչ մի լեզվում էլ չկան. տես, օրինակ, Հր. Աճառյան, «Լիակատար քերականություն հայոց լեզվի», հատ 5, էջ՝ 357-358, 360, 366, 375-376:

(Բայց սա չգիտեն մեր ղարիբյանական լեզվաբանները, ովքեր ահաբեկում են մեր մանուկներին ու պատանիներին թե՛ դպրոցում, թե՛ համալսարաններում, ու մի ստորակետի, բութի կամ հարցականի համար քար են շպրտում նրանց բախտին: Բայց ո՞վ իմանա, գուցե և գիտեն:

(Ես ինքս ստորակետի տեղը բութ կամ միջակետ դնելուն էնքան էլ նշանակություն չեմ տալիս ու հարցական նշան կամ շեշտ դնել չդնելն էլ էական չեմ համարում, թե որ գրածի տրամաբանությունը չի խախտվում (Հ. Թումանյանի պես): Բայց ինչ որ է, եթե մեր լեզվաբաններն արդեն կետադրական ինչ-ինչ կանոններ են հորինել, թող բարի լինեն ու գոնե իրենք պահպանեն դրանք):

Քանի՞ բալ հանենք դոկտոր-պրոֆեսոր Ա. Ավագյանի «…իմաստ չունի, որ մամուլում տպագրված ինչ-որ զառանցանքի համալսարանը ստանձնի կարծիք տալու» ոճական «գոհարի» համար: (Երևի պրնն ուզեցել է ասի՝ «… Իմաստ չունի, … որ համալսարանն էդ զառանցանքին պատասխանի»): Ստանձնում են «կարծիք տալ»-ը, ոչ թե` «կարծիք տալու»-նը:

Քանի՞ բալ հանենք նույն էս պարոնի «երեք ամբիոնների» կապակցության համար, սա պիտի գրեր «երեք ամբիոնի», քանզի հայերենում երբ գոյականը լրանում է թվականով, «գոյականը գերազանցապես դրվում է եզակիով». տես` 40-ը, 44-ը, 46-ը, 66-ն ու էս գրքի Հավելվածը:

Էս դոկտոր-պրո‎ֆեսորներից մեկը գրում է, թե բանասիրական ֆակուլտետն իմ «հոդվածը միանգամայն դատապարտելի է համարում և անարժեք, նաև ոչ մի իմաստ չունի, որ…ինչ-որ զառանցանքի համալսարանը ստանձնի կարծիք տալու»:

Էստեղ հարց ունեմ: Էս նախադասության «անարժեք»-ը հասկացանք, բայց չեմ հասկանում, թե հոդված գրելն ինչո՛ւ է դատապարտելի: Իսկ եթե իրոք դատապարտելի է, գործը տայիք դատարան: Կամ մի հոդված գրեիք հենց նույն թերթում, ու էդ հոդվածով ինձ ու գրածս դտապարտեիք: Կամ էլ` մի բաց քննարկություն անեիք ու է՛լի ինձ դատապարտեիք, չէ՞ որ իմ ուզածն էլ հենց էդ էր (սկսած 1992 թվից): Սա էլ՝ էսպես:

Իմ հոդվածում շարադրել էի Աբեղյանի՛ ասածներն ու Աբեղյանի՛ գլխին խաղացած խայտառակ «օյինների» պատմությունը: Արդեն ասել եմ, որ դրանք քաղել եմ Աբեղյանի՛ նշածս գրքերից: Թող ընթերցողն ի՛նքը կարդա էդ գրքերն ու տեսնի, իմ գրածները «չարամիտ զրպարտությո՞ւն» են, թե՞ չէ:

Բա ինչո՞ւ է էս դոկտոր-պրոֆեսորներից երկուսն ասում, թե ես զրպարտիչ եմ: Թող էդ պրոֆեսորները նշեին իմ ասածներից գոնե մի բան ու փաստերով ապացուցեին, որ ես զրպարտիչ եմ: Չեն նշել, որովետև իմ ասածների մեջ զրպարտություն չկա:

Ուրեմն, ո՞վ է «անցյալ դարի 30-ական թվականների նույն զրպարտչական սկզբունքներով վարվում»: Թող ընթերցողն ի՛նքը որոշի:

Էս դոկտոր-պրոֆեսորներից մեկը գրում է, թե. «Սույն (այսինքն, իմ հոդվածի – Մ. Հ.) կիսագրագետ (կեղծ ժողովրդական) շարադրանքի գրեթե ամեն դատողություն («ը» որոշիչ հոդը ե՛ս չեմ բաց թողել, այլ մեծարգո հեղինակը, տես պատճենը – Մ. Հ.) սխալ է և քննադատության արժանի»:

Լա՛վ, «քննադատության արժանի է», քննադատե՛ք: «Սխալ է», ցույց տվեք, որ սխա՛լ է: Բա ինչո՞ւ ցույց չեք տալիս: Բա ինչո՞ւ չեք քննադատում, մանավանդ, եթե «արժանի է»: Բա էլ ե՞րբ եք սրանից լավ «քննադատության արժանի» բան գտնելու: Ու հետո էս դոկտոր-պրոֆեսորն ասում է, թե իմ շարադրանքը «կիսագրագետ» է ու «կեղծ ժողովրդական»:

Բայց թող ընթերցողը նորից նայի էս չորս դոկտոր-պրոֆեսորի «պերճախոսական գոհարներին»: Կորնեյ Չուկովսկին հենց է՛ս տեսակ խզբզոցներին էր ասում «կանցելյարիտ», այսինքն, գրասենյակային ոճ:

(Հասկանում եմ, պրոֆեսորը վախեցել է իմ գրելաձևի պարզությունից, որովհետև իմ հոդվածը հասկանալի է շատ շատերին: Ինքն ու իր երեք գործընկերը զուրկ են պարզ ու տրամաբանական գրելու շնորհքից, ինչը երևում է իրենց խզբզած էս մի քանի տողից: Սա էս դոկտոր-պրոֆեսորների իրոք որ կեղծ գնահատականների պատճառներից մեկն է):

Էս դոկտոր-պրոֆեսորներից մեկը գրում է, թե. «Պետք է աշխատել, որ նման կարգի «ստեղծագործություններ» հանրապետական մամուլում չհայտնվեն»:

Է՜, աշխատեիք, մեծարգո պրոֆեսոր, աշխատեիք ու հենց նույն «մամուլում» հոդված գրեիք, ու ինձ ու գրածներս էլ գիտական մեթոդով քննեիք ու ցույց տայիք, որ իրոք «զրպարտիչ եմ ու զառանցում եմ», որ էլ «նման կարգի «ստեղծագործություններ հանրապետական մամուլում չհայտնվեն»:

Ինչո՞ւ հենց Դո՛ւք չեք աշխատում ու «աշխատելու» էս բեռը դնում եք Ձեր ղեկավարի` պրն ռեկտորի՛ ուսերին:

Էս չորս դոկտոր-պրոֆեսորից երկուսն ասում է, թե իմ գրածները «զառանցանք են»: Բայց ես իմ գրածների մեծ մասը քաղել եմ Մ. Աբեղյանի՛ գրքերից ու Մ. Աբեղյանի՛ Հայոց լեզվի տեսություն գրքի ԵՊՀ-ի հայոց լեզվի ամբիոնի գրած առաջաբանից:

Ուրեմն, Մանուկ Աբեղյանն ու ԵՊՀ-ի հայոց լեզվի ամբիոնն են զառանցողները (ըստ էս պրոֆեսորների):

Սրանք բոլորն էլ ասում են, թե իմ գրածները «տգիտություն» են:

Ուրեմն, նույն դատողությամբ, ըստ էս պրոֆեսորների, Աբեղյանն ու ԵՊՀ-ի հայոց լեզվի ամբիոնն են տգետները:

Բայց թող ընթերցողն ի՛նքը որոշի, թե ո՛վ է զառանցում, ո՛վ է տգետը, ու ո՛վ է չարամիտ զրպարտողը:

Իմ հոդվածում գրել էի, թե մեր լեզվաբանները ճշմարտությունը թաքցնում են ժողովրդից. ժողովրդից թաքցնում են Աբեղյանի քերականությունը դեն շպրտելու ողբերգական ու խայտառակ պատմությունը, որ ղարիբյանական քերականության աղաղակող հակասությունները չերևան, որ ժողովուրդը չիմանա, որ մեր էսօրվա համարյա բոլոր լեզվաբանների գիտական կոչվող գործերը հակագիտական են, անհեթեթ ու վնասակար:

Դոկտոր-պրոֆեսորներից մեկի «պատասխանն» իմ էս մեղադրանքի փայլուն ապացույցն է: Իրոք էս պրոֆեսորը գրում է (տես պատճենը). «նմանատիպ հրապարակումները (այսինքն, իմ հոդվածը – Մ.Հ.) ապակողմնորոշում են նույնիսկ խելամիտ ընթերցողներին»:

Ուրեմն էս պրոֆեսորը սարսափում է ճշմարտությունից ու վախենում է, որ էդ ճշմարտությունը հայտնի կդառնա «խելամիտ ընթերցողներին»:

Ու առհասարակ, էս չորս դոկտոր-պրոֆեսորի գրածից էլ երևում է, որ էս չորսն էլ սարսափում են ճշմարտությունից ու չեն ուզում, որ էս հարցը հանկարծ դառնա հրապարակային քննարկության առարկա, որ հանկարծ էն «անտերը» ջրի երեսը դուրս չելնի: Էս սարսափն էլ հենց դրանց արտառոց բարկության ու դրանց «պատասխանների» հայհոյական բնույթի պատճառն է:

Ես գրել էի, թե մեր լեզվաբանները ճիշտ ու սխալը ջոկելու ոչ մի գիտական չափանիշ չունեն: Պրոֆեսորներից մեկը, Ռ. Ղազարյանը, իսկական դեմագոգի պես, ի՛նձ է մեղադրում, թե. «Չի կարելի այդպիսի կտրուկ հայտարարություններ անել՝ առանց հասկանալու ճիշտն ու սխալը»:

Բայց ախր ես ասել էի, որ եթե մեր լեզվաբանները գիտեն ճիշտ ու սխալը որոշելու չափանիշը, թող ասեն: Բա ինչո՞ւ դոկտոր-պրոֆեսոր Ղազարյանը չի ասում: Թող ասի՛: Չի ասում, որովհետև չգիտի: Չի ասում, որովհետև էսօրվա մեր լեզվաբանությունը ճիշտ ու սխալը ջոկելու չափանիշ՝ իրո՛ք չունի:

Նույն էս պրոֆեսորն ասում է. «Պարզապես անգիտություն է նման բովանդակությամբ հոդվածներ հրատարակել մամուլում»:

Հետաքրքիր է, էս պրոֆեսորի ասածն ի՞նչ է նշանակում: Սրա ասած էս «անգիտությունն» ո՞վ է արել, ե՞ս, թե ՉԻ թերթը: Եթե ե՛ս, էդ ժամանակ իմ արածի «անգիտությունն» ի՞նչ է, ես ի՞նչը չեմ իմացել: Եթե էս «անգիտությունը» ՉԻ թերթն է արել, էդ ժամանակ էդ թե՛րթն ի՞նչը չի իմացել: Սա էլ` դոկտոր-պրոֆեսոր Ռ. Ղազարյանի գիտության ու տրամաբանության ու գրելու ոճի մակարդակը:

(Իմիջիայլոց, եթե ԵՊՀ-ի էս չորս դոկտոր-պրոֆեսորից գոնե մեկը մեր էսօրվա լեզվաբանության ասածների ճիշտ ու սխալը որոշելու գիտական չափանիշն ասեր, ես էս պատասխան հոդվածս չէի գրի, ձենս սուսուփուս կկտրեի ու տեղս կնստեի, եթե էդ չափանիշն իրոք ճշմարիտ ու գիտական լիներ):

Էսօրվա մեր լեզվաբանության միակ «չափանիշը» դեմագոգիան է՝ անհեթեթ ու մերկապարանոց դեմագոգիան:

Դոկտոր-պրոֆեսորներից մեկն ասում է, թե իմ հոդվածում վարվում եմ «անցյալ դարի 30-ական թվականների նույն զրպարտչական սկզբունքներով»: Արդեն ասացի, թող ընթերցողը կարդա Մ. Աբեղյանի նշածս գործերն ու իմ հոդվածը ու որոշի, ի՞մ մեթոդներն են 30-ական թվերի զրպարտչական մեթոդները, թե՞ մեր էս չորս դոկտոր-պրոֆեսորինը:

Նապոլեոն Բոնապարտի արտաքին գործերի մինիստր՝ Թալեյրանը մի առիթով ասել է, թե՝ «տվեք ինձ մի գրավոր նախադասություն, ու ես գրողին էդ նախադասության համար գիլյոտինի ուղարկեմ»: Պրն Եզեկյանը (ու նաև մնացած երեք դոկտոր-պրոֆեսորը, ու մեկ էլ՝ ԵՊՀ-ի Հայոց լեզվի ամբիոնը) մեկից ավել նախադասություն գրելու անզգուշություն են ունեցել: Բա որ մի թելադրություն կամ, աստված չանի, շարադրությո՞ւն գրեին: Էստեղ են ասել՝ դասականներին պիտի կարդա՛ս:

Մի բան էլ. եթե «30-ական թվականների զրպարտչական մեթոդներն» այլևս չկան, ինչո՞ւ էս պրոֆ‎‎եսորները մի բաց քննարկություն չկազմակերպեցին, ինչո՞ւ ինձ էլ չհրավիրեցին էդ քննարկությանը, ու ինչո՞ւ ինձ չբացատրեցին «ճիշտն ու սխալը»:

(Ռեկտորից ես սրա՛ պես մի բան էի սպասում, ու սպասում էի, որ ինքն էլ ներկա լիներ, որովհետև ինքն է՛լ է հայագետ: Սպասում էի, որ էդ քննարկությանը հրավիրեին բնագետներին, մաթեմատիկոսներին, փիլիսոփաներին ու մնացած հայագետներին, որովհետև խոսքը գիտականության ու տրամաբանության մասին է, իսկ ես էլ հայտարարել էի, թե մեր լեզվաբանները, համարյա բոլորն էլ, մեղանչում են էս ասպարեզներում:

(Ի վերջո, ես հո գիտությունից ու գիտական մեթոդից անտեղյակ մարդ չե՞մ, ախր ես էլ եմ իրենց գործընկերն ու մոտ 40 տարի է ինչ նույն համալսարանում գիտությամբ ու մանկավարժությամբ եմ զբաղվում, էլ չասած, որ տասնյակից ավել ծավալուն գրքի թարգմանն ու հեղինակն եմ (թող ընթերցողը ների, որ ստիպված՝ գլուխ եմ գովում), ու դրանց մեջ էլ՝ Արիստոտելի Աթենական հասարակարգն ու Կառլ Ռեյմունդ Պոպերի Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, իսկ 2010-ին էլ շահել եմ մեր Ակադեմիայի հայագիտության երկրորդ մրցանակը):

Ես հլը ջհանդամը:

Ինչո՞ւ Աբեղյանի՛ն չեն բացատրում «ճիշտն ու սխալը», ինչո՞ւ չեն պատասխանում Աբեղյանի Մի քանի քերականական խնդիրների մասին 144 էջանոց մեղադրանքներին, ինչո՞ւ են դա թաքցնում ժողովրդից ու ուսանողներից, ինչո՞ւ դա չեն անցնում իրենց դպրոցներում ու համալսարաններում: Հո չէ՞ի ասել, որ ի՛նձ պատասխանեն: Ասել էի՝ Աբեղյանի՛ն պատասխանեք:

Մի բան էլ կա: Եթե մեր էսօրվա լեզվաբաններն ընդունեն, որ Աբեղյանը ճիշտ է, սրանից կհետևի, որ իրենց համարյա բոլորի «գիտական» ողջ գործունեությունը սխալ է, իսկ իրենց գիտական ու մանկավարժական բոլոր տիտղոսներն էլ փուչ են: Այսինքն, կհետևի, որ սրանք իրենց գիտակցական կյանքի մեծ մասն իզուր են ապրել:

Հասկանում եմ, որ սա ծանր բան է, որ սա է՛լ է ողբերգություն: Բայց հենց էս հանգամանքներն էլ չեն թողնում, որ մեր լեզվաբանները հրաժարվեն իրենց սուտ ու սխալ ու հաճախ էլ՝ զառանցական տեսություններից:

Մեր լեզվաբաններին հրավիրել էի բանավեճի: Պատասխանի էլ չարժանացա: Էլի՛ եմ հրավիրում: (Մի անգամ էլ 1992 թվին եմ էս տեսակ բաներ ասել. տես «Երկիր» թերթը, 1992, ապրիլի 10, 11 ու 14-րդ համարները): Հրավիրում եմ գրատախտակի մոտ, բայց բաց քննարկության, որ բանավեճը չդառնա «բազառի կռիվ»:

Գիտեմ, էլի՛ չեն գա: Ո՞նց գան, երբ իրենք էլ գիտեն, որ Աբեղյանը ճիշտ է, ու իրենք էլ սխալ են: Հո խելքները չեն թռցրել, որ գան: Ախր ես ընդամենը Աբեղյանի՛ ասածներն եմ կրկնում: Սրա համար էլ մեր էսօրվա լեզվաբանները մենակ մի ճար ունեն ու օգտվում են էդ ճարից. հայտա-րարում են, թե իբր ես «չարամիտ զրպարտող եմ, տգետ եմ ու զառանցում եմ»: Բա ուրիշ էլ ի՞նչ ասեն կամ անեն:

Որովհետև գիտեն, որ համարյա ոչ մեկը չի նստի ու Աբեղյանի գործերը չի ուսումնասիրի ու չի համեմատի իրենց «տեսությունների» հետ, ու չի պարզի սրանց սուտն ու զառանցականությունը: Բայց թող ընթերցողն ի՛նքը որոշի ճիշտն ու սխալը:

Մեր էս պրոֆեսորներն իրենց «պատասխաններում» իրենց ուղղած իմ մեղադրանքները շուռ են տվել ու հարձակվել են ինձ վրա, որովհետև Աբեղյանի վրա հարձակվելու ռիսկը չունեն. որովհետև եթե ասեն, թե Մանուկ Աբեղյանը «չարամիտ զրպարտող է, տգետ է ու զառանցում է», իրենց ոչ մեկը չի հավատա: Եթե սա՛ չի «30-ական թվականների զրպարտչական սկզբունքը», բա էլ ո՞րն է:

Ինձ բանավոր կշտամբանքներ են հասնում, թե «ի՞նչ գործ ունի՝ եկել խառնվում է մեր գործերին, թող գնա ու իր ֆիզիկայով զբաղվի»: Նախ ասեմ, որ ֆիզիկայով ես զբաղվում եմ, ինչքան որ պետք է, ու սա լրիվ ի՛մ գործն է:

Երկրորդ. դուք որ ձեր գործը կարգին անեիք ու լեզվաբանությունը մղձավանջ չդարձնեիք, ես էլ ձեր գործերին չէի խառնվի: Երրորդ, բոլորիդ հրավիրում եմ ֆիզիկայի ֆակուլտետի գիտական սեմինարներին, եկեք, ու եթե կարող եք, ֆիզիկայից ինչքան ուզում եք՝ խոսեք:

Ֆիզիկան բոլորինս է, միայն ֆիզիկոսներինը չի:

Չորրորդ, ինչո՞ւ բանասիրական ֆակուլտետներում գիտական (բաց) սեմինարներ չեն լինում: Դուք ինչո՞ւ եք խուսափում (թե՞ վախենում) գիտական բանավոր ու բաց բանավեճերից:

Ու հինգերորդ: Էս հարցը բոլորիս է վերաբերում: Լեզվաբանությունն ու քերականությունը մեր լեզվաբանների սեփական բոստանը չի, որ ինչ մոլախոտ ուզենան՝ էն էլ ցանեն: Մենք բոլորս էլ զավակ, թոռ ու ծոռ ունենք ու չպիտի հանդուրժենք, որ մեր իսկ տված փողի դիմաց մեր զավակներին, թոռներին ու ծոռներին զառանցանք սովորեցնեն ու հետո էլ, քննություններին, ինչ թվանշան ուզենան, էն էլ նշանակեն, ասելով, թե՝ «մենք էսպես ենք որոշել»:

Ինչ վերաբերում է իմ գրածների կտրուկությանը, ասեմ, որ սրա պատճառը միայն էս ողբերգական ու խայտառակ հարցը բարձրացնելու իմ ցանկությունն է, ինչը, կարծում եմ, նաև մեր ժողովրդի մեծ մասի ու նաև Մանուկ Աբեղյանի ժառանգների ցանկությունն է:

Ի վերջո՝ թող հաղթի ճշմարտությունը, սա՛ է կարևորը: Ու բոլորովին էլ կարևոր չէ, որ արդեն մոտ 70-80 տարի է, ինչ լեզվաբանական էս վիթխարի ու մղձավանջային մոլորությունը դարձել է համազգային, ու որ սա շտկել ուղղելը հիմա չափազանց դժվար կլինի: Չուղղե՞նք:

Ու եթե հայ ազգը պիտի 21-րդ դարում գիտական լեզվաբանություն ու նաև խելքը գլխին գրականություն չունենա (տես իմ «Արտեմիզմն ու հայ պոեզիայի ողբերգությունը» հոդվածը), Մեսրոպ Մաշտոցն էլ ինչու՞ էր 5-րդ դարում չարչարվում ու հայերենի այբուբենը ստեղծում: Որ դեմագոգիան գրավոր էլ անե՞նք:

Եթե մենք մեր իսկ «տան» ներքին գործերը շտկելու ու կարգավորելու շնորհքն ու կարողությունը չունենք, դրսի թշնամիներից բողոքելու բարոյական ի՞նչ իրավունք ունենք: Եթե իմ էս ասածները ճիշտ են, ու բոլորս էլ լռում ենք ու համբերում մեր էս վիճակը, էլ ինչո՞վ ենք տարբերվում …:

ԻՍԿԱԿԱՆ ԶԱՌԱՆՑԱՆՔՆ Ի՞ՆՉՆ Է,

ԿԱՄ ՀՆՉԵՐԱՆԳԱՅԻՆ «ՍՏՈՐՈԳՈՒՄԸ»

Գիտությունն ո՛ւժ է:

Ֆրենսիս Բեկոն

Տգիտությունն ավելի՛ մեծ ուժ է:

Միթրաժանայի 2-րդ օրենքը

Հազար ներողություն ընթերցողից, որ պիտի մի քանի բան ասեմ հայերենի քերականությունից, ու պիտի ասեմ ուղղամիտ ու երևի նաև կտրուկ ոճով: Ստիպված եմ, որովհետև ճշմարտությունն ասելու ուրիշ ձև ուղղակի չկա: Պիտի ցույց տամ, որ Աբեղյանի ասածները կրկնելով ո՛չ «չարամիտ զրպարտող» եմ, ո՛չ «տգետ» ու ոչ է՛լ «զառանցող»: Ու պիտի ցույց տամ, թե ո՛վ է …-ը:

Սրա համար, նորից ստիպված, պիտի մի քիչ խոսեմ քերականությունից, թեկուզ պարզ մակարդակով, բայց միևնույնն է, մեր բոլորիս համար ատելի քերականությունից, ուրիշ ճար չկա:

Եթե հարգելի ընթերցողը մի քիչ ներող ու համբերող լինի, ամեն ինչ կհասկանա, ու վերջը կիմանա, թե քերականական էս ամբողջ կռվի էությունն ի՛նչ է, ու մեր էսօրվա քերականներն ինչպես են տանջում մեր մանուկներին ու պատանիներին:

(Ովքեր ուզում են էս հարցերի մի փոքր ավելի շատ մանրամասներն իմանան, թող կարդան էս գրքի հավելվածի իմ հոդվածները):

***

Աբեղյանն ասում է, թե օրինակ՝ խաղաց բառն իր իմաստը (խաղալու գաղափարը, գործողությունը, երևույթը, հատկանիշը, ևն) վերագրում է իր իսկ դեմքին (երրորդ դեմքին՝ խաղաց նա՛), հետն էլ նշելով էդ գործողության ժամանակը (անցյալը՝ խաղաց պրծավ) ու գործողների թիվը (եզակին՝ խաղած մենակ ինքը):

(Հազար ափսոս, բայց քերականներն էս «վերագրում է» խոսքի տեղն ասում են` «ստորոգում է»: «Ստորոգում է» խոսքը մեր փոքրերի համար է՛լ, մեծերի համար է՛լ անսովոր է ու վախեցնող):

Հետո էլ Աբեղյանն ասում է, թե միայն է՛ն բառերը, որ իրար հետ մեկտեղ ունեն՝ դեմքի, թվի ու ժամանակի գաղափարը, ուրեմն, միայն է՛ս բառերն են իրենց իմաստը ասված ձևով վերագրում (ստորոգում) իրենց իսկ դեմքին: Սրա՛ համար է, որ մեր հին քերականներն էս գաղափարներն ունեցող բառերին ասում են բայ:

Կարճ, բայ է միայն ու միայն է՛ն բառը, ինչը միաժամանակ ու անպայման ունի՝ դեմք է՛լ, թիվ է՛լ, ժամանակ է՛լ:

(Հին հայերենում բայ բառը նշանակում էր՝ ասի կամ ասում է: Տես Հր. Աճառյան, «Հայերենի արմատական բառարան»):

Ուրեմն, Աբեղյանի ասելով՝ բայ բառերը բոլորն էլ վերագրող են (ասող են, ստորոգող են): Բայց էդ բայ բառերն ի՞նչն են վերագրում (ասում, ստորոգում): Բայ բառերն իրենց դեմքին վերագրում են իրենց իսկ իմաստը:

Ուրեմն, բայ բառի իմաստը վերագրվող է (ասվող է, ստորոգվող է): Գրաբարով վերագրվողին կասեին՝ վերագրյալ (ասյալ, ստորոգյալ), ճիշտ ինչպես մեղադրվողին հին ձևով էսօր է՛լ ասում են մեղադրյալ:

Իմիջիայլոց՝ մեղադրողին էլ էսօր ասում են դատախազ: Ուրեմն, բայը միաժամանակ թե՛ վերագրող (ստորոգող, «դատախազ») է, թե՛ վերագրյալ (ստորոգյալ, «մեղադրյալ»): Բայց բայն իր իմաստից բացի՝ էլի՛ գաղափարներ ունի մեջը՝ դեմքի ու թվի գաղափարները:

Աբեղյանը բայի դեմքի գաղափարին ասում է` դեմք-ենթակա, իսկ բայի վերագրվող (ստորոգվող) իմաստին՝ բայիմաստ-ստորոգյալ (վերագրվող):

Ու Աբեղյանը, լրիվ իրավացի, ասում է, թե բայը միայն իր իմաստի, այսինքն՝ ստորոգյալի (վերագրյալի) հետ նույնացնելը կոպիտ սխալ է, որովհետև բայի մեջ, իմաստից բացի, դեմքի ու թվի ու ժամանակի գաղափարներն էլ կան, ու բայը մի բան էլ է անում՝ իր իմաստը ստորոգում-վերագրում է իր դեմքին՝ նշելով թիվն ու ժամանակը:

Սա ակնհայտ է, ու սրա հիմնավորված առարկությունն անհնար է: Իսկ մեր քերականներն ասում են, թե բայն ու ստորոգյալը նույնն են: Ինչո՞ւ են էսպես ասում: Որովհետև մեր էսօրվա լեզվաբանները չեն հասկանում, թե ստորոգելն ի՛նչ է ու նաև չեն հասկանում, թե ստորոգյա՛լն ի՞նչ է: Ուրիշ բացատրություն՝ ուղղակի չկա:

Երկրորդ: Ըստ Աբեղյանի.

խաղաց

խոսքի (նախադասության) դեմքն էս բայի դեմք-ենթական է, իսկ խաղալու գաղափարը՝ իմաստ-ստորոգյալը, այսինքն, վերագրվող իմաստը: Ուրիշ խոսքով, խաղաց խոսքը (նախադասությունը) իր «խաղալու» իմաստը վերագրում է իր (երրորդ) դեմքին, հետն էլ հասկացնում է, որ «խաղացողը» մենակ է եղել ու «խաղացել է» անցյալում, խոսելու պահից առաջ:

Իսկ երբ ասում ենք.

նա խաղաց,

արդեն (երրորդ) դեմքը բառով է՛լ ենք արտահայտում՝ արտահայտում ենք նա բառով:

Եթե ասենք.

Արամը խաղաց,

խաղաց բայի դեմք-ենթական «ճշտած», լրացրած, արտահայտած կլինենք նաև Արամ բառով: Սրա համար էլ Աբեղյանն էս խոսքի նա ու Արամ բառերին ասում է բառ-ենթակա, ի տարբերություն (երրորդ) դեմք-ենթակայի:

Ուրեմն, բառ-ենթական միայն բայի դեմքի լրացումն է, ու էլ ոչ մի կերպ իր արժեքով ու նշանակությամբ բային չի հավասարվի: (Ասվածը, մի քիչ ավելի խիստ, բացատրված է էս գրքի հավելվածում, ուր ինչպես ասել եմ, դրել եմ իմ հրատարակած երկու հոդվածը):

Բառ-ստորոգյալն էլ` բայիմաստի՛ լրացումն է: Օրինակ.

«խնձորը կարմիր է»

խոսքի մեջ «է» բայի իմաստ-ստորոգյալը լինելությունն է, գոյություն ունենալն է, ինչը վերագրվում է (երրորդ) դեմք-ենթակային:

Եթե ասենք.

«խնձորը է»,

խնձորի լինելության ձևը խիստ անորոշ կլինի: Բայց երբ լինելության էդ իմաստը լրացնում ենք կարմիր ածականով, ճշտում ենք խնձորի լինելության ձևը, տեսակը ևն: Ուրեմն, էս խոսքի կարմիր բառը «է» բայի իմաստը լրացնող բառ-ստորոգյալն է, բայիմաստի լրացումն է:

Էս խոսքի մեջ «է» բա՛յն է գլխավորը: Եթե «է» բայը չլինի, այսինքն, եթե միայն ասենք.

խնձորը,

խոսքը կիսատ կմնա, ու չենք իմանա, թե խոսողի ասածն ինչ է: Իսկ մեր քերականներն ասում են, թե նախադասության մեջ գլխավորը խնձորը կարմիր կապակցությունն է, այսինքն, ասում են, թե «նախադասության գլխավոր անդամները՝ ենթական ու ստորոգյալն են», ու սրա վրա մի հսկա սուտ տեսություն են սարքում:

Երրորդ: Մեր լեզվաբաններն արդեն 75-77 տարի է, ինչ ասում են, թե անորոշ դերբայը, օրինակ՝ խաղալ բառը, բայ է, բայց, լավ իմանալով, որ էս բառը դեմքի գաղափար չունի, սրան ասում են անդեմ բայ:

(Էս թյուրիմացության գլխավոր պատճառը դերբայ տերմինն է: Անտեղյակները կարծում են, թե անորոշ դերբայը, գոնե մի քիչ, «բայի դերը տանում է», այնինչ, անորոշ դերբայը գոյական է: Աճառյանն անորոշ դերբային մեկ-մեկ ասում է աներևույթ կամ ինֆինիտիվ (տես՝ Հր. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հատ V, էջ 5):

Բայց խաղալ բառը (անորոշ դերբայը) ժամանակի գաղափար է՛լ չունի: Ու եթե, Աբեղյանին հետևելով, բայ ասենք միայն ու միայն իրար հետ դեմք, թիվ, ժամանակ ունեցող է՛ն բառերին, որոնք իրենց իմաստը վերագրում (ստորոգում) են իրենց դեմքին, էլ արդեն խաղալ անորոշ դերբայը բայ չի լինի:

Որ պայթենք էլ, որ ելնենք երկինք ու իջնենք երկիր, մեկ է, էս անորոշ դերբայը, էս խաղալ բառը, չի դառնա բայ, որովհետև սա իր իմաստը չի վերագրում իր դեմքին, նշելով՝ թիվն ու ժամանակը:

Մեր լեզվաբանները սա գիտեն, որովհետև ժամանակին Աբեղյանը սա մանրամասն բացատրել է: Ու ճարը կտրած՝ հիմա էլ ասում են, թե.

Անորոշ դերբայը ստորոգումը կատարում է հնչերանգով (ինտոնացիայով):

Եկեք համոզվենք, որ սա ամենաիսկական զառանցանքն է, որ կա:

Խաղաց բայն իր իմաստը վերագրում է իր դեմքին: Մի րոպե համաձայնենք, որ խաղալ դերբայն էլ իր իմաստը «հնչերանգո՛վ է վերագրում»:

Հարցնում եմ՝ ինչի՞ն է վերագրում: Չէ՞ որ էս բառը դեմքի գաղափար չունի: Թե՞ մեր լեզվաբանները մի նոր դեմք էլ են հայտնագործել (բացի առաջին, երկրորդ ու երրորդ դեմքից), օրինակ «չորրորդ» դեմքը, կամ էլ «անորոշ» դեմքը:

Մի հարց էլ կա: Ծննդից խուլ ու համրը գաղափար չունի ո՛չ ձայնից, ոչ է՛լ, մանավանդ, հնչերանգից (ինտոնացիայից): Ու երբ էդ խուլ ու համրը կարդում է՝ խաղալ, ո՞նց է իմանում, որ «հնչերանգը ստորոգեց» (վերագրեց):

Մի բան էլ ասեմ: Շատ հաճախ մենք մեր խոսակցի ասածին հավանություն ենք տալիս մեր բութ մատը տնկելով: Հին հռոմեացիներն էդ ժեստով գլադիատորների կյանքի ու մահվան հարցն էին վճռում: Մեկ-մեկ էլ մեր խոսակցին աչքով-ունքով էլ ենք ինչ-որ բան հասկացնում:

Պատահում է, որ խոսակցին անհամաձայնություն ենք հայտնում՝ կոպիտ ու գռեհիկ ձևով` երեք մատից կազմված հայտնի նշանով (հիմա ջահելները, կապկելով ամերիկյան ֆիլմերին, սրա տեղը մինջնամատն են տնկում): Հիմա հարցնում եմ մեր լեզվաբաններին.

Ինչո՞ւ «բութ մատային ստորոգում» չկա: Թե՞ կա:

Ինչո՞ւ «աչքով անելու ստորոգում» չկա: Թե՞ կա:

Ինչո՞ւ «երեք մատային (միջնամատային) ստորոգում» չկա: Թե՞ կա:

Երևի մեր ղարիբյանական լեզվաբանների մտքով էս «ստորոգումները» չեն անցել, թե չէ՝ սրանց մասին էլ հոդվածներ կգրեին ու դիսերտացիա կպաշտպանեին: Ինչ որ է, գաղափարը նվիրում եմ իրենց: Vale!

Հենց էս զառանցանքը գիտության տեղն անցկացնելու համար է, որ մեր լեզվաբանները երբեք ու երբեք մանրամասն ու հետևողական չեն ասում, թե ստորոգում ասելով՝ Աբեղյանը, այսինքն, գիտությունը, ինչ է հասկանում:

Ու իրենց գրքերում ստորոգելու գաղափարն էն տեսակ մի զառանցական ձևով են շարադրում, որ ով որ հասկանալու փորձ անի, ուղեղի ցնցում կամ արյան զեղում կստանա ու հիվանդանոց կընկնի (տես ասածս «Հայերենագիտական ու Լեզվաբանական բառարանները»):

Հնարավոր է, որ լեզվաբաններից ոմանք առարկեն, թե իբր իրենք «ճշտել են Աբեղյանի ստորոգման տեսությունը»: Մի հարցնող լինի՝ ինչո՞ւ: Աբեղյանի տեսությունը հայոց լեզվի ի՞նչը չէր բացատրում: Աբեղյանի պարզ ու հստակ տեսությունը ինչո՞ւ են փոխարինել մղձավանջային բարդության մի զառանցական «տեսությամբ», ու էս նոր «տեսությամբ» ի՞նչ են բացատրում, որ Աբեղյանինը չէր բացատրում: Ի՞նչն է էս նոր տեսության առավելությունը:

***

ԳՈՆԵ ԷՍ ՀԱՐՑՈՒՄ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՔ ՉՈՒՆԻ

Ամեն մի ժողովուրդ արժանի է իր կառավարությանը:

Գլադստոն

Ամեն մի կառավարություն արժանի է իր ժողովրդին:

Գլադստոնի օրենքի Միթրաժանայի հետևանքը

Իրար արժեն:

Միթրաժանայի 2րդ օրենքի 1-ին հետևանքը

Մեր մտավորականները, մեր ժողովրդի մեծ մասի պես, շատ են բողոքում, թե մեր կառավարությունը չի թողնում, որ մարդավարի ապրենք: Ես էլ եմ կարծում, որ էս բողոքը, մեծ մասամբ, իրավացի է:

30-ական թվերին կոմունիստները, ճշմարիտ լեզվաբանության հետ, արգելեցին կիբեռնետիկան, գենետիկան ու հարաբերականության ընդհանուր տեսությունը (էս վերջինը` շատ կարճատև), բայց հետո ուղղեցին էս վիճակը: Էսօր մարդիկ հրաժարվել են նույնիսկ մարքսիզմ-լենինիզմից, որովհետև անառարկելի ապացուցվել է, որ սրանք սխալ են, վնասակար ու հակագիտական (տես 34-38-ն ու 56-ը):

Բայց ասեք, խնդրեմ, թե մեր մտավորականությանը, մեր գիտնականներին, մեր Կրթության ու գիտության նախարարությանը, մեր Լեզվի տեսչությանն ու Լեզվաբանության ու Գրականության ինստիտուտներին ու, մեր լեզվաբաններին էսօրվա ո՞ր մի նախագահն ու վարչապետն է արգելում ու խանգարում, որ 30-ական թվերի իրենց նախորդների սխալներն ու մեղքերը չկրկնեն ու մեր լեզվաբանության վիճակը շտկեն:

Մեր կառավարությունն ու մեր նախագահները ե՞րբ են մեր լեզվաբաններին արգելել, որ սրանք հրաժարվեն 1930-ական թվերի իրենց արած կեղծարարությունից, ու հետ դառնան ճշմարիտ գիտությանը:

Միայն մեր էսօրվա լեզվաբաններն ու մեր «մտավորականները»:

Մեր հայ լեզվաբանության էսօրվա միակ ու մեծագույն հակառակորդները հենց մեր էսօրվա լեզվաբաններն են:

Ու մեր մտավորականների անտարբերությունը, ստրկամտությունն ու քաղաքացիական արիության բացակայությունը:

Մեր էսօրվա սուտ լեզվաբանությունը մեր լեզվաբանների հացի միակ աղբյուրն է, ու էսօրվա լեզվաբանությունը ինչքան խրթին լինի, էդ խրթնության պղտոր ջրերում ձուկ բռնելն էնքան հեշտ կլինի: Ու սրա համար էլ չեն ուզում, որ պղտոր ջրերի էս կայուն, հաստատված ու լավ յուղած մեխանիզմը փոխվի:

Ու ո՞ր մի նախագահը, ո՞ր մի վարչապետը կամ ո՞ր մի նախարարն է արգելում, որ մեր «ազգային» կոնսերվատորիան ու «ազգային» օպերան, եվրոպական երաժշտությունն ուսումնասիրելուց առաջ ուսումնասիրեն նախ և առաջ մեր ազգային երգն ու պարը ու հենց սրա՛նք դասավանդեն ու հենց սրա՛նք քարոզեն ու հենց սրա՛նք տարածեն ու հենց սրանց հարություն տան:

Ուզես, թե չուզես, մտածում ես, որ հենց մեր «ազգային» կոնսերվատորիան ու «ազգային» օպերան են մեր ազգային երգ ու պարի ամենամեծ (մեղմ ասած) հակառակորդները: Որովհետև հենց սրա՛նք են ազգային կամ ժողովրդական հայտարարել է՛ն երժշտական գործիքներն ու է՛ն երգ ու պարը, որ մերը չեն, իսկ մեր բնիկ ու ազգային գործիքն ու մեր ազգային ու էթնիկ երգ ու պարը համարյա անտեսում են, էն էլ` մոտ 90 տարի: Հազար ափսոս:

ԻՆՉՈ՞Ւ Է ՄԵՐ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿՆ ԷՍՔԱՆ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ

–Աշխարհը նույնիսկ մեր բակից է մեծ: Աշխարհի սահման-ները հասնում են միչև գետակը,– ասաց թխսկան հավը:

Հանս Քրիստիան Անդերսեն

Մեր էսօրվա լեզվաբանությունը մեկուսի է:

Մի 70-100 տարի առաջ էսպես չէր: Հայ լեզվաբանության հիմնադիր կենտրոնները Եվրոպայում էին, Սբ Ղազար կղզում, Վենետիկում, Գերմանիայում ու Ֆրանսիայում, Ռուսաստանում ևն:

Հայ լեզվաբանության ասպարեզում հիմնարար գործեր են արել՝ մխիթարյան հայրերը, գերմանացի Պոլ դը Լագարդը, բայց առաջին հերթին՝ գերմանացի Հայնրիխ Հյուբշմանն ու ֆրանսիացի Անտուան Մեյեն, ովքեր հնդեվրոպագիտության հույժ հեղինակավոր ներկայացուցիչներն էին (հայերենի էս համարյա մոռացված երախտավորների մասին տես էս գրքի երկրորդ մասում): Ու հայ լեզվաբանությունն էլ հնդեվրոպագիտության ամենակարևոր ճյուղերից մեկն էր:

Եվրոպացի հայագետները ցիտում էին հայ գիտնականներին ու ուշադիր հետևում էին, օրինակ, Գալուստ Տեր-Մկրտչյանի, Հր. Աճառյանի ու Մ. Աբեղյանի հրապարակած գործերին: Սրանք էլ, ինչքան կարող էին, հետևում էին հնդեվրոպագիտության ու լեզվաբանության նորություններին (եվրոպական լեզուներից մեկ-երկուսը ջրի պես իմանալով), որ հետ չմնան համաշխարհային գիտությունից:

Առհասարակ, որևէ ժողովրդի գիտությունը համաշխարհային գիտության մի մասն է ու երբևէ չի զարգանա, եթե դադարի դրա մասը լինելուց:

Հիմա` մեր հայկական ֆիզիկան, աստղագիտությունը, կենսաբանությունը, քիմիան ու մաթեմատիկան էսօր է՛լ են համաշխարհային գիտության մի մասը, ու մեր էս ասպարեզի գիտնականներն իրենց գործերի մեծագույն մասը հրապարակում են միջազգային շատ լուրջ գիտական ամսագրերում: Ու եթե սխալ բան հրապարակեն, աշխարհով մեկ խայտառակ կլինեն:

Ուրեմն, Հայաստանի ողջ բնագիտությունն ու մաթեմատիկան հսկող ունի՛, ու էդ հսկողը համաշխարհային գիտությունն է:

Իսկ Հայաստանի էսօրվա լեզվաբանությունը (ու երևի հասարակագիտության մեծ մասը) զուրկ են էս կարգի հսկողությունից:

(Արտասահմանի հայագիտական կենտրոնների մեծ մասի ղեկավարներն իրենց կրթությունը, ի վերջո, Հայաստանում են ստանում ու, մեծ մասամբ, դառնում են ղարիբյանական):

Էսօր արդեն Հյուբշման ու Մեյե չկա դրսում, որ չափազանց շահագրգիռ լինի հայերենով ու հայերով: Սրա համար էլ՝ մեր լեզվաբանները, մնալով առանց որևէ գիտական հսկողության, դարձել են մեկուսի, ու մեր լեզվաբանությունն էլ դարձրել են Ավգյան ախոռների պես մի բան:

(Ես էնքան միամիտ չեմ, որ ինձ դնեմ Հերակլեսի տեղը, ու էս վիճակը փոխելու փորձ անեմ: Սա մի մարդու գործ չի: Ուզածս մենակ է՛ն բանն է, որ ժողովուրդը ճշմարտությունն իմանա ու, էդ ժամանակ, գուցե պաշտպանի իր իրավունքները: Ես մի ընկեր ունեմ, ով ինձ ասում է, թե ես անպայման եմ սխալ, որովհետև ինձնից բացի էլ ուրիշ ոչ մեկը չի ասում իմ ասածները:

(Էս ընկերոջս պես շատերն են մտածում, որովհետև մոռանում են, որ համարյա միշտ` ճշմարտությունը մեն-մի հատիկ մարդ է ասում, մի Դեմոկրիտոս, մի Սոկրատես, մի Գալիլեյ, մի Նյուտոն, մի Աբեղյան ևն: (Իսկ ես, շատ անգամ, ընդամենը կրկնում եմ Աբեղյանին)):

Հազար ափսոս, բայց լեզվաբաններից ոչ մեկը ռիսկ չի անում ու երևի չանի ինձ միանալու (Աբեղյանին իրենց հոգու խորքում համաձայն շատ լեզվաբանի եմ դիմել, բայց բոլորն էլ մերժել են), որովհետև լավ գիտի, թե հաստատված դոգմատիկ ու սարսափելի սիստեմն իրեն ինչ օրը կդնի:

Իմ ուժն էլ երևի հենց էն հանգամանքն է, որ ես ֆիզիկոս եմ, ու էս դոգմատիկ սիստեմն ինձ ճնշելու ոչ մի լծակ չունի:

Ես հույսս հլը չեմ կտրում: Նորից եմ դիմում բոլոր նրանց, ում արդեն դիմել եմ: Եկեք մի երկար ու հիմնավոր քննարկություն անենք, ու պարզենք, թե ինչն ինչոց է: Ես նորից եմ դիմում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային (ու նաև Հր. Աճառյանի անվան Լեզվաբանության ու Մանուկ Աբեղյանի անվան Գրականագիտության ինստիտուտներին ու Լեզվի տեսչությանը):

Ու խնդրում եմ, որ էդ քննարկությանը գրատախտակ, կավիճ ու ջնջոց լինի, ու ինձ էլ խոսելու հնարավորություն տան: Հնարավոր է, որ էդ քննարկությունը շատ երկար լինի: Բայց թող էդ քննարկությունը տևի նույնիսկ մի քանի ամիս: Մի՞թե մեր լեզվաբանությունը նորոգելու խնդիրն ավելի քիչ է կարևոր, քան մնացած խնդիրները:

Դիմում եմ նաև ուսանողությանը. ուսանողնե՛ր, պաշտպանե՛ք ձեր սեփական շահերը: Դուք համալսարաններին փող եք տալիս, որ ձեզ իսկակա՛ն գիտություն սովորեցնեն, և ոչ թե սուտ ու սխալ սքոլաստիկական տեսություններ, որոնք հետագայում ձեզ ոչ միայն պետք չեն գալու, այլև կխանգարեն ձեզ, ավելի ճիշտ, արդեն խանգարել ու խանգարում են, որովհետև սպանում են ձեր մտածողությունն ու ձեզ դարձնում են քարացած դոգմատիկներ:

Հիշեք, որ «խեղդվողների փրկության գործը՝ հենց խեղդվողների գործն է»: Հնամոլներն ու հայագովները մեզ չեն օգնի: Ինքնագովությունը երբեք էլ ընդունելի չի եղել, ու դրանից օգուտ չկա: Դիմում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ու բոլոր հայերին (նաև Սփյուռքին): Եթե էս հարցում մենակ մնամ, վերջիվերջո, իմ բերանը կփակեն, կամ էլ` ինքս կհուսահատվեմ ու ձենս կկտրեմ: Ինձ մենակ մի՛ թողեք:

Ի վերջո մեր էս «համաշխարհային փայլուն ազգը» պիտի մի կարգին քերականություն ու լեզվաբանություն ունենա՞, թե՞ չէ: Մանավանդ, որ դպրոցի դասագրքերն ու համալսարանի ծրագրերը, մեկ է, պիտի փոխվեն: Հիշեցնեմ, որ Սբ Մաշտոցի օրերից արդեն 16 դար է անցել:

Թող հաղթի ճշմարտությունն ու արդարությունը, սա՛ է կարևորը: Ու բոլորովին էլ կարևոր չի, որ արդեն 75-77 տարի է, ինչ լեզվաբանական էս վիթխարի ու մղձավանջային մոլորությունը դարձել է համազգային, ու որ սա շտկել ուղղելը հիմա չափազանց դժվար կլինի:

Չուղղե՞նք:

***

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԻՇՏ ԱՆԱՐԴԱՐ

Ուժեղի մոտ միշտ էլ թո՛ւյլն է մեղավոր:

Եզոպոս

Էս արդեն քանի՜ տարի է, ինչ հայ բոլոր-բոլոր ծնողները դժգոհ են թե՛ հայերենի դասագրքերից, թե՛ մնացած դասագրքերի հայերեն լեզվից, թե՛ հայոց լեզվի ու գրականության քննություններից (մնացածներից էլ, բայց սա ուրիշ խոսակցություն է), լինեն սրանք ավարտական, թե ընդունելության:

Հայ ծնողները, լրիվ իրավացի, ուզում են, որ հայերենի մեր «մասնագետները» լավ դասագիրք գրեն ու ճիշտ ու արդար քննություն անեն:

Բայց մեր էս ծնողներն ու աշակերտները, ու ողջ հայ ժողովուրդն առհասարակ, մի բան չգիտեն:

Չգիտեն, որ հայերենի մեր մասնագետները, այսինքն, մեր լեզվաբաններն ու գրականության «մասնագետները» բացարձակ ի վիճակի չեն էդ բանն անելու ու անելու մտադրություն է՛լ չունեն:

Էսօրվա հայ «լեզվաբանները», եթե նույնիսկ շատ ուզենան, ի վիճակի չեն հայերեն լեզվին ու գրականությանը վերաբերող որևէ գիտական ու արդար քննություն կազմակերպելու:

Ի վիճակի չեն, որովհետև լեզվին (ուրեմն, նաև գրականությանը) վերաբերող իրենց ասածների ճիշտ ու սխալը ջոկելու ոչ մի գիտական ու օբյեկտիվ չափանիշ չունեն:

Այսինքն, իրենք է՛լ չգիտեն, թե ի՛նչ են ասում ու անում:

Արդեն չորս տարի է, ինչ հարցնում եմ մեր «լեզվաբաններին», որ ասեն, թե էդ չափանիշը ո՛րն է, ու իրենք լռում են (տես` 8-10-ը, նաև` 7-ը):

Եթե լռում են, ուրեմն, ոչ մի չափանիշ էլ չունեն: Եթե ունեն, թող ասեն:

Թե որ ակադեմիկոս Մ. Աբեղյանը մի հրաշքով կենդանանար, ու մի ուրիշ հրաշքով էլ մեր էսօրվա «լեզվաբաններից» հայոց լեզվի ու գրականության քննություն ընդուներ, սրանց բոլորին էլ «երկու» կնշանակեր (եթե ոչ` ավելի ցածր):

Ու երբ բողոքում ես էս վիճակից ու էս անհեթեթ քերականությունից, մերոնք մեղքը բարդում են դպրոցի ու մանավանդ «կրկն»ուսույցների վրա ու ասում, թե իբր «մեր մանուկները խորը չեն սովորում դպրոցական դասընթացի քերականությունն ու գրականությունը, թե «կրկն»ուսույցներն ստիպում են, որ մեր երեխեքը միայն անգիր անեն էդ դասընթացը»:

Բայց, Շոպենհաուերի ասածի պես (ասել է Հեգելի անհեթեթ տեսությունների առիթով. տես Կ. Պոպեր, Բաց հասարակությունն ու դրա թշնամիները) անհեթեթ ու անտրամաբանական շարադրանքն ինչան էլ «խորը» սովորես, արդյունքը միայն վնասը կլինի, որովհետև երեխայի միտքն ու տրամաբանությունը կսպանվի: Իսկ մեր էսօրվա դպրոցը, համարյա միշտ, ոչի՛նչ չի սովորեցնում, ու սա բոլորս էլ շատ լավ գիտենք, ինչ էլ որ պաշտոնյա բանասերները կամ նախարարություններն ասեն:

Մեր «լեզվաբանները», էս ողբերգական ու խայտառակ խնդիրը թողած, հայրենասերի կեցվածքով, անընդհատ «պայքարում են օտար բառերի դեմ» (ինչը հակագիտական ու անհեթեթ է, որովհետև չկա, չի եղել ու չի էլ լինի մաքուր լեզու).

բայց երբեք չեն պայքարում օտար քերականության դեմ, չնայած քերականական օտարաբանությունների թիվը մեր հայերեն գրվածքների մեջ հասնում է միլիարդների ու տրիլիոնների:

Էսօրվա մեր լեզվաբանության միակ չափանիշը դեմագոգիան է՝ անհեթեթ ու մերկապարանոց դեմագոգիան:

Գոնե էս հարցում իշխանությունը շատ մեղք չունի:

Անցած 2010 թվին ընդունելության մի ահավոր խայտառակ քննություն էլ եղավ: Հայերենի «թեստ» կազմելը հանձնարարել էին մի «լեզվաբանի», ով նույնիսկ «դիմորդ» բառի իմաստը չգիտեր: Իրոք, էս լեզվաբան կոչվածը հեռացույցով մի երկու-երեք անգամ հայտարարեց, թե «համալսարան ընդունվելիս` ինքը դիմորդ չի եղել»:

Ու էս պատմությունը հայտնի դարձավ ու բազմիցս ցույց տրվեց մեր հեռացույցի ալիքներով: Բայց ի՞նչ փոխվեց, կամ ի՞նչ կփոխվի: Ոչինչ է՛լ չի փոխվի:

Ծնողների ու «մասնագետ լեզվաբանների» բարձրացրած աղմուկն ուղղակի արտասովոր էր: Բայց ոչ մեկը չհիշեց 2009-ին գրած իմ էս հոդվածի մասին էլ, մյուս հոդվածներիս մասին է՛լ: Սրա համար էլ` մի երկու բան էլ պիտի ասեմ:

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ

«Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ … Ո՞վ այսուհետեւ զմերս յարգեսցէ զուսումն. ո՞վ ուրախասցի ընդ յառաջադիմութիւն աշակերտիս ... Ո՞վ կարկեսցէ զյանդգնութիւն ընդդէմ առողջ վարդապետութեան հակառակ յարուցելոցն, որք ամենայն բանիւ քակտեալք եւ քայքայեալք` յոլովս փոփոխեն վարդապետս եւ բազում գիրս …

Վարդապետք տխմարք եւ ինքնահաճք … ոսկեսէրք, նախանձոտք … աշակերտք հեղգ առ ուսումն եւ փոյթք առ ի վարդապետել, որք նախ քան զտեսութիւնն աստուածաբանք»*:

Մովսես Խորենացի

Նախորդ շարադրանքից մի անխուսափ եզրակացություն է հետևում:

Բովանդակությունը, առհասարակ, մեզ չի հետաքրքրում: Մեր համար կարևորը մենակ անուններն են, կարևորը մենակ անբովանդակ ձևն է:

Մեզ մենակ հռչակավոր անուններ են պետք, որ անընդհատ լոպազանալով գոռգոռանք, թե «տեսեք, ինչ լա՜վն ենք ու չքնաղ, բայց բախտ չունենք, ու մեզ անընդհատ կեղեքում են ու կոտորում, թե չէ՜՜…»:

Ցավոք, սա սուտ չի, ու ոչ էլ բառախաղի համար է ասվում: Սա ողբերգական ճշմարտություն է:

Իրոք, Կոմիտասն ասում էր, որ պիտի երգենք ու պարենք հայի պես ու հայավարի (քանզի, ողջ աշխարհի մակարդակով, մեր երգ ու պարը չքնաղ են), ու հետո նոր ուրիշների լավագույն երգ ու պարին ծանոթանանք ու սովորենք, հետո նոր ուրիշների արժեքավոր երաժշտական մշակույթը յուրացնենք: Իսկ մենք էսօր ոչ միայն հայավարի չենք երգում, այլև մեր ազգային չքնաղ երգերն ու երգելաձևն ու ազգային պարն ու պարելաձևը լրի՛վ ենք մոռացել:

–––––

*«Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ … այսուհետև էլ ո՞վ կհարգի ուսումը. ո՞վ կուրախանա իր աշակերտների առաջադիմությամբ ... Ո՞վ կզսպի այն մարդկանց, ովքեր հակառակվում են ճշմարիտ <գիտությանը> (վարդապետությանը) ու ովքեր, սրա նրա ասածներից <ազդվելով>, ավիրվել են ու <ապականվել>, ու անընդհատ ու անընդհատ ուսուցիչ ու <գիտություն> (վարդապետություն) են փոխում

…<Գիտնականները> (վարդապետները) տխմար են ու քմահաճ, … ու ոսկեսեր ու նախանձ … աշակերտները ծույլ են ու անբան, ու <գիտությունը> (աստվածաբանությունը) դեռ չուսումնասիրած` շտապում են, որ ուրիշներին սովորեցնեն »:

Ու, համարյա միշտ, երգում ենք օտարի երգը (չնայած՝ հայերեն բառերով, բայց մեկ է՝ օտարի), իսկ մեր ազգային երգապարը, գեղոնը, պարում ենք հազվադեպ, պարում ենք առանց յայլու (պարերգի), թաթար-մոնղոլական զուռնա-դհոլի նվագով, ու մեծագույն-մեծագույն-մեծագույն մասամբ, պարում ենք օտարների պարերը:

Կոմիտասն ասում էր, որ մեր ազգային միակ բնիկ նվագարանը փողն է, իսկ մենք փող բոլորովին չենք գործածում: (Կոմիտասը 1913-ին Փարիզում հենց փող նվագեց, ու աշխարհի երաժշտական հասարակությունն ուղղակի ապշել էր փողի անսահման չքնաղությունից: Էսօր պաշտում ենք փոխ առած դուդուկն ու զուռնան, չնայած Կոմիտասի ասելով փողն անսահման չքնաղ գործիք է, ու (արդեն ողջ աշխարհում ընդունված) դուդուկից շատ ու շատ է գերազանց:

Ուրեմն, ի՞նչ օգուտ, որ պաշտում ենք Կոմիտասին:

Մեսրոպ Մաշտոցը հայերենի այբուբենը հիմնել էր մի տառ-մի հնչյուն ու մի հնչյուն-մի տառ սկզբունքի վրա (հենց սրա՛ համար է մաշտոցյան այբուբենը համարվում իր ժամանակի ամենակատարյալ այբուբենը), ու Մանուկ Աբեղյանն էլ, միայն մասամբ, հետևեց Մաշտոցի՛ սկզբունքին:

Էդ օրերից մինչև հիմա հայագովները անընդհատ հայհոյում են Աբեղյանին ու գոռգոռում են, թե պիտի հետ դառնանք մաշտոցյան ուղղագրությանը, չհասկանալով, որ սա հակառակ է Մաշտոցի՛ սկզբունքին:

Սա՞ է Սբ Մաշտոցի պատգամները կատարելու մեր ձևը:

Մեր գրությունն ու մանավանդ մեր մանուկների կրթությունն ահավոր դժվարացնելով մեր ազգային ո՞ր արժեքն ենք պահպանում: Բա պարզ չի՞, որ եթե հանկարծ սա իրագործվի, մենք անպայման կհեռանանք Մաշտոցի սկզբունքի էությունից, անպայման խախտած կլինենք Մաշտոցի մի տառ-մի հնչյուն ու մի հնչյուն-մի տառ սկզբունքն ու հետևած կլինենք ձևին միայն, ու «պահպանած» կլինենք միայն մեր հետամնացությունն ու խավարամոլությունը:

Էսօր մենք երկու քերականություն ունենք, Մ. Աբեղյանի քերականությունն ու հետաբեղյանական քերականությունները: Էս երկու քերականությունն իրար լրի՛վ են հակասում, իրար լրիվ ջնջում են ու բացարձակ անհամատեղ են:

Մեր էսօրվա լեզվաբաններն էս երկու քերականությունն էլ համարում են ճիշտ, բայց մեր կրթական հիմնարկներում անցնում են միայն երկրորդները: Այնինչ, Աբեղյանը 1936 թվին անառարկելի ապացուցել է, որ «հետաբեղյանական» քերականությունները լրի՛վ են սխալ ու անհեթեթ:

Սրանից անառարկելի, հետևում է, որ մեր էսօրվա լեզվաբանությունն իր ասածների ճիշտ ու սխալը որոշելու ոչ մի գիտական չափանիշ չունի:

Աբեղյանին 89 (եթե ոչ` մոտ 100) տարի անընդհատ հայհոյելով ու սխալ համարելով, ու սխալ քերականություններն էլ ճիշտ համարելով,

ինչքա՞ն ենք մեր ազգային արժեքները պահպանում,

ու հետն էլ՝ մեր ո՞ր արժանիքն ենք պահպանած լինում:

Արմենակ Շահ-Մուրադյանի, Վահան Տեր-Առաքելյանի, Գալուստ Տեր-Մկրտչյանի, Հայնրիխ Հյուբշմանի, Անտուան Մեյեի անունները համարյա բոլոր հայերին են անհայտ, բայց էս մարդիկ իրենց գիտակցական ողջ կյանքը նվիրել են հայ ժողովրդի բարեկեցությանն ու մշակույթին: Ու մենք ում հոբելյանն ասես, որ չենք նշում, բայց էս նվիրյալներին չենք է՛լ հիշում:

(Օրինակ, հայերենի գիտական քերականության հիմնադիր Հ. Հյուբշմանի ծննդյան 150-ամյակը լրացավ 2010-ի հուլիսի 3-ին, իսկ Գ. Տեր-Մկրտչյանինը՝ 2007-ին կամ 2008-ին, բայց ո՞վ հիշեց):

Սա՞ է ազգային արժեքները պահպանելու մեր ձևը:

Խաչատուր Աբովյանը (հետո էլ` Հովհաննես Թումանյանը) ասում էր, որ ժողովրդի համար ու ժողովրդի լեզվով գրենք (ինչը, իմիջիայլոց, նաև Մաշտոցի նպատակն էր), բայց մենք, համարյա լրիվ մոռանալով Աբովյանի գրելաձևն ու պատգամները, հորինել ենք մի մղձավանջային գրական «լեզու», ինչն ուղղակի հեղեղված է օտար քերականությամբ, ու սրանով ո՛չ կարգին խոսելու ու գրելու կարողություն ունենք (բացի մի քանի տաղանդավոր գրողը), ո՛չ նկատում ենք, որ սա արհեստական է ու մղձավանջային, ու ոչ է՛լ գլխի ենք, որ մեր ժողովրդի զգալի (եթե ոչ՝ մեծ) մասն ուղղակի չի հասկանում էս մղձավանջը:

Ուրեմն, ի՞նչ օգուտ, որ պաշտում ենք Խաչատուր Աբովյանին:

Մեր հոգևոր ոլորտի վիճակը ողբալի է` առհասարակ: Չկա մի բնագավառ, որ գործերի դրությունը տանելի լինի: Մենք, համարյա միշտ, էս ողբերգական վիճակի համատարածությունն ու վիթխարի չափերը չենք նկատում: Մենք միշտ միայն մասնավորից ենք խոսում:

Մեր մտավորականների մեծագույն-մեծագույն մասը,

մեր մամուլն ու մանավանդ մեր հեռացույցը , մեր դասագրքերն ու մեր էսօրվա համարյա բոլոր ուսուցիչներն ու գրողները

զբաղված են միայն հայագովությամբ:

Էս հայագովությունն էլ արդարացնում ենք է՛ն հանգամանքով, թե իբր «պիտի մեզ ներկայացնենք աշխարհին, որ աշխարհն իմանա, թե մենք ինչքան լավն ենք»: Ու համարյա բոլորս էլ էս հայագովությունը համարում ենք մեր հայրենասիրության վառ արտահայտությունը:

Էս գրքի մեջ խոսեցի մեր ցավերից երկու-երեքի մասին միայն, ու ընթերցողին գուցե թվա, թե միայն սրանք ու մեկ էլ մեր քաղաքական սիստեմն է, որ ողբալի վիճակում են, ու որ սրանք շտկվեն, ամեն ինչ լավ կլինի: Ո՛ւր էր, որ էսպես լիներ:

Մի երկու-երեք ամիս առաջ Դուբնայի նշանավոր ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանը Հայաստանում էր, ու հեռացույցով ցավով ասաց, որ Հայաստանի ֆիզիկան անհուսալի հետ է, որ քսան տարվա առաջվա ֆիզիկան բոլորովին տարբեր է էսօրվա ֆիզիկայից: Որ վիթխարի փող ու ջանք է հարկավոր, որ նախ ժամանակակից սարքեր առնենք, ու նոր ու ջահել ֆիզիկոսներ պատրաստենք, որ վերականգնենք է՛ն ֆիզիկայի ու աստրոֆիզիկայի դպրոցները, ինչով հպարտանում էինք, այսինքն, Համբարձումյանի ու Ալիխանյանների ստեղծած դպրոցները: Ու որ ջահելները չթողնեն Հայաստանն ու չգնան ուրիշ երկիր:

Էսօր արդեն էլ Մերգելյան ու Ջրբաշյան չունենք, ու մեր էսօրվա մաթեմատիկան է՛լ է վատ վիճակում:

Մեր ունեցածն էլ հենց մեր ֆիզիկան էր, ու մի քիչ էլ` մաթեմատիկան, ու սրանք էսօր էս ողբալի վիճակում են:

Մեր դպրոցի ու բուհի կրթական սիստեմն ուր որ է` կփլվի, եթե արդեն չի փլվել: Մեր դպրոցական դասագրքերն ուղղակի ողբալի վիճակում են, թե՛ ցածր դասարաններինը, թե՛ բարձրներինը: Եթե մի քանի տարի առաջ միայն հումանիտարիստիկայի դասարգրքերն էին սոսկալի, հիմա արդեն հերթը հասել է բնագիտությանն ու մաթեմատիկային:

Օրինակ, ֆիզիկայի բարձր դասարանների գրքերը սոսկալի ու խայտառակ սխալներով լիքն են, դրանց լեզուն սոսկալի է, շարադրանքի խրթնությունը` ահավոր, բարդությունը` արտառոց, ծավալը` վիթխարի: Սա բոլորը գիտեն:

Երբ 2010 թվի վերջին Պետհամալսարանի Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնում պատմեցի ֆիզիկայի 11-րդ դասարանի գրքի վիճակը, բոլորը համաձայնեցին ասածիս, ու հլը ահագին բան էլ իրենք ավելացրին: Բայց երբ վերջում առաջարկեցի, որ նիստով համապատասխան վճիռ-եզրակացություն անենք, ու դա ներկայացնենք Ֆակուլտետի խորհրդին, որ հետո էլ Ֆակուլտետի խորհուրդը դիմի Համալսարանի խորհրդին, ու դրությունը շտկելու փորձ արվի, Ամբիոնի ակադեմիկոս վարիչը, ով համարյա 17 տարի Վիկտոր Համբարձումյանի առաջին տեղակալն է եղել, ու իր գիտական հզոր դիրքի շնորհիվ վախենալու քիչ բան ունի, չհամաձայնեց:

Ասաց, որ էդ դասագրքի ակադեմիկոս հեղինակներն «ընկեր են ու կնեղանան», ու հլը ինձ էլ համոզում էր, որ միայն ասեմ, թե դասագիրքն ընդամենը շատ բարդ է ու դպրոցին հարմար չի, իսկ սխալների մասին ձայն չհանեմ, որովհետև ինձ է՛լ վնաս կլինի:

Ասացի, որ թող ինձ մի պաշտոնական եզրակացություն տան, ու ես մենակ կդիմեմ Ֆակուլտետի խորհրդին: Սա է՛լ չտվին: Դիմեցի Ֆակուլտետի ղեկավարությանը: Սրանք էլ ասացին, թե առանց ամբիոնի եզրակացության` ինձ չեն լսի:

Հիմա ասեք, տեսնենք, մեր կառավարությունն ու իշխանությունները խանգարո՞ւմ են, որ էս մտավորականներն ասեն ճշմարտությունն ու պայքարեն ֆիզիկայի խոտան դասագրքերի դեմ:

Ահա սրա՛նք են մեր էսօրվա մտավորականները, է՛ն մտավորականները, ովքեր պատերի տակ անընդհատ ու թունդ քննադատում են մեր կառավարությանը, բայց իրենց պետերին, ընկերներին ու հենց իրենց քննադատելուց` մի՛շտ են խուսափում, որովհետև ձեռնտու չի, որովհետև, որ իրե՛նք լինեին մեր կառավարության տեղը, կվարվեին ճի՛շտ մեր կառավարության պես: Որովհետև իրենք է՛լ են նույն սանրի կտավը:

Արդեն ասացի, որ մեր թերթերը ծավալուն ու ֆունդամենտալ հոդված` հազվադեպ են տպում, մանավանդ, եթե հոդվածը բամբասանք չի ու խիստ կարևոր է: Բայց տպելուց հետո էլ գալիս ու դեմ ես առնում, ա՛յ, է՛ս կարգի անհաղթահարելի արգելքների:

Էսօրվա մեր գրաքննադատությունը միայն հայագովություն է: Մեր քննադատները մեր համարյա բոլոր ընդունված հայ գրողներին հայտարարում են` կա՛մ տաղանդավոր, կա՛մ հանճարեղ: Բայց երբ մերոնց համեմատում ես Եվրիպիդեսի, Սոփոկլեսի, Էսքիլեսի, Աբու լը Ալա ալ Մահարու, Բաբա Թահեր Օրիանու, Խայամի, Վերգիլիոսի, Դանթեի, Պետրարկայի, Բոկաչոյի, Ռաբլեի, Սերվանտեսի, Շեքսպիրի, Ստիվենսոնի, Սենկևիչի, Բալզակի, Գյոթեի, Գոգոլի, Պուշկինի, Լև Տոլստոյի, Սարոյանի, Հեմինգվեյի, Ստայնբեկի ու ուրիշ շատերի հետ, տեսնում ես, որ մերոնցից մեկ-երկուսը հազիվ դիմանա սրանց մրցությանը: Արվեստում էլ կա միայն մի՛ աստիճան, գերազանց աստիճանը, ու սրանից ցածրը բանի պետք չի:

(Մեկ-մեկ, երբ սա ասում եմ, ասում են, թե «մենք թվով քիչ ենք, սրա համար էլ` մեր «արդյունքն» է՛լ է համեստ»: Բայց նորվեգացիք է՛լ են քիչ, ու Գրիգ ու Սիբելիուս ու Համսուն ունեն: Հին Աթենքի բնակչությունը մեր էսօրվա Գյումրու (կամ Վանաձորի) բնակչությունից էլ երևի քիչ լիներ, բայց ոչ մե՛ր ողջ ստեղծածը, ոչ է՛լ նույնիսկ էդ փառավոր օրերից հետո` էսօրվա հենց հույների ստեղծածը, համեմատելի չի հին հույների ստեղծածի հետ:

Ուրեմն, հարցը մենակ բնակչության թիվը չի:

Հարցը հենց է՛ն ավանդույթնե՛րն են, ինչը չունենք թե՛ մենք, թե՛ էսօրվա հույները (բայց ուզում ենք «ավանդույթ» պահպանենք): Ուրեմն, մեր համար կարևոր չի, թե ի՛նչ կամ ո՛ր մի ավանդույթը կպահպանենք, մենակ թե` պահպանենք:

Մեր քննադատները, համարյա միշտ, գովում ու երկինք են հասցնում միջակություններին ու անտաղանդներին, ու չեն նկատում իրոք տաղանդավորներին: Սրա հիմնական պատճառը մեր քննադատների անվստահությունն է` իրենց իսկ սեփական պրոֆեսիոնալ գիտելիքի ու ունակության վրա: Հրաչյա Սարուխանը, օրինակ, 1960-ականներից արդեն հայ ամենատաղանդավոր պոետն է, Չարենցից հետո: Բայց Հրաչը հասարակական ակտիվություն չունի, ու աննկատ է մինչև էսօր:

Ու մեր քննադատները քաջություն ու երևի նաև գիտելիք չունեն հայտարարելու, որ Հրաչը մեր դասականներից պակաս տաղանդավոր կամ հանճարեղ չի: Ավելի ապահով է, որ հանճարեղ հռչակեն, օրինակ, Չարենցի ու Տերյանի նույնիսկ թույլ գործերը:

Երբ մեր պոետներից մեկին ասացի, թե Հրաչի ոտանավորներից մի 10-15-ը (իմ իմացածները, գրքերը լրիվ չունեմ, որ կարդամ) էնքան լավն են, որ կուզեի` դրանք ե՛ս գրած լինեի, ասաց.

Ես հետո իմացա, որ ընկերս բոլորովին էլ չի համոզվել: Մի երկու տարի հետո էդ նույն ընկերոջս գրական երեկոն էր, ու երեկոյի մասնակիցներին գովասանքի նույն խոսքերն ասացի հենց էս ընկերո՛ջս մի քանի իրոք հրաշալի ոտանավորի մասին: Երեկոյից հետո ընկերս ասաց.

Սա պատմում եմ, որովհետև սա բնութագրական է էսօրվա հայ մտավորականի համար (բացառություններ կան, բայց ոչ գրական ասպարեզում: Իսկ գրական ու առհասարակ արվեստի ու գիտության ասպարեզում, մեծագույն մասամբ, գովասանքները փոխադարձ պայմանավորվածությամբ են, «ես` քեզ, դու` ինձ» սկզբունքով):

Բացեք մեր դպրոցական դասագրքերն ու կտեսնեք, թե ժամանակակիցների ինչ ողորմելի գրվածքներ են դրված դրանց մեջ, ու ինչով են մեր մանուկների ճաշակը կրթում:

Սա՛ է մեր էսօրվա մտավորականությունը. վախկոտ, քաղաքացիական արիությունից զուրկ, հաճախ` անազնիվ ու բամբասկոտ:

«Ի՛մ ինչ գործն ա. թո ուրիշնե՛րն ասեն, թո ուրիշնե՛րը պայքարեն, թո ուրիշնե՛րը շտկեն»: Սա՛ է մեր մտավորականի հավատամքը:

Մեր «առաջին մտավորականը», Լևոն Տեր-Պետրոսյանը (հիմա մեր ստորաքարշ լրագրողների մոդան է` «առաջին տիկինը, առաջին չգիտեմ ով» ևն), 1995 թվին, հեռացույցով հայտարարեց. «Թող ամեն մարդ հարստանա, ինչպես կարող է»: (Ինքս եմ լսել, բայց շատերը կհիշեն): Բայց չէ՞ որ սա հենց գողի, ավազակի ու թալանչու կարգախոսն է: (Իմիջիայլոց, թող ընթերցողը չմտածի, թե ես առանձին անձերի՛ն եմ դեմ: Ասածներս վերաբերում են բոլոր «առաջին» ու մնացած մտավորականներին):

Ու հենց վերջերս հենց էս «առաջին մտավորականն» ի՛նքը հայտարարեց, թե հիմա Հայաստանն ավազակապետություն է ևն: Ու մեր էս «առաջին մտավորականը» մոռանում է, որ էս ավազակապետության հիմնադիրը հենց ի՛նքն է, որ առաջինը հենց ի՛նքն տանկերը քշեց արդար ընտրություն պահանջող սեփական ժողովրդի վրա, մոռանում է, որ իր ողջ շրջապատը հարստացավ հենց իր իսկ խորհրդով, այսինքն, «հարստացավ` ինչպես կարող էր», ավազակությամբ ու կաշառակերությամբ:

Սա նաև էս «առաջին մտավորականի», մեղմ ասած, թե՛ կարճամտու-թյան ու անհեռատեսության, թե՛ ժողովրդի նկատմամբ արհամարհանքի վկայությունն է: Վերջինը` երևի հաստատ, որովհետև ինքը դժվար թե չի-մանար, թե իր շրջապատն ինչ ձևերով է հարստացել:

Մեր «առաջին մտավորականը» ծպտուն չհանեց իր իշխանության օրերին նույնիսկ հեռացույցով հնչած «մեր դեմ խաղ չկա» լոզունգի դեմ:

Ուրեմն, ինքն է՛լ էր համաձայն էս լոզունգին: Ու վերջերս հենց ինքը ժողովրդին սրի քաշել տվեց, ինքն է՛լ հետո փախավ մտավ իր դղյակը, իրենց համագումարում արդարանալով, թե «իրադրությունը պահանջում է, որ պայքարի եղանակները փոխվեն»:

Անգլիայում, Օլիվեր Կրոմվելի օրերին, Ջոն Լիլբեռն անունով մի մարդ կար, ով, առանց վախենալու, ճշմարտությունն ասում էր ամեն մեկի, նույնիսկ Կրոմվելի ճակատին: Սրա համար Ջոն Լիլբեռնին մի քանի անգամ բանտ նստեցրին, ճակատը խարանեցին, ականջները կտրեցին, բայց Լիլբեռնը մինչև վերջ էլ չհրաժարվեց իր կարծիքն արտահայտելուց:

Մեր էսօրվա մտավորականները, նույնիսկ «առաջինները», հաստատ Ջոն Լիլբեռն չեն, էլ ո՛ւր մնաց Մուցիոս Ըսցեվոլա լինեն:

Բայց չէ՞ որ հենց մեր մտավորականնե՛րն են, որ պիտի առաջինն ասեն ճշմարտությունն ու պայքարեն հանուն ճշմարտության ու արդարության: Չէ՞ որ հենց մեր մտավորականներն են, որ Գալուստ Տեր-Մկրտչյանի, Կոմիտասի, Աբեղյանի, Ղ. Աղայանի, Թումանյանի ու մնացած սրանց նման վսեմ մարդկանց պես պիտի կրթեն մեր ժողովրդին ու ասեն, թե ի՛նչ անեն ու ինչի՛ն հետևեն:

Անցած տարի, իմ Թարգմանելու արվեստը հրատարակելուց հետո, մեր օլիմպիական փառապանծ չեմպիոններից մեկը ճարել էր հեռախոսիս համարն ու զանգելով ինձ` ասաց, թե լավ չեմ արել, որ մեր ազգի մասին էսպես բաներ եմ գրել (այսինքն, ճշմարտությունն եմ գրել), որովհետև թուրքերը կօգտվեն գրածներիցս ու կպայքարեն մեր դեմ: Սա պատմում եմ, որովհետև շատե՛րն են էսպես մտածում:

Շատերն են ասում, թե թուրքերն աղավաղում են մեր ու իրենց պատմությունը, ասելով, թե թուրքերը խեթերի հետնորդներն են: Ու մերոնք ասում են. «Որ էդպես է, եկեք հետ չմնանք թուրքերից, եկեք մենք էլ մե՛ր պատմությունն աղավաղենք (ու, օրինակ, Հերունու պես) հայտարարենք, թե հայերը 40000 տարի առաջ էլ են էս տարածքներում ապրել»:

(Այնինչ, նույնիսկ մոտ 15000 տարի առաջ էս Երկրագնդի վրա 20-30 հոգանոց խմբերից մեծ ոչ մի մարդկային խումբ չկար): Կամ էլ եկեք մեր էսօրվա պետական այրերի պես հայտարարենք, թե «գիտնականներն ապացուցել են, որ հայերենը 8000 տարեկան է», այսինքն, ավելի հին է, քան հնդեվրոպական մայր լեզուն:

Ուրեմն, շատե՛րն են ասում, թե «էկեք ազգովի դառնանք սուտասան»:

Իբր որ անընդհատ սուտ ասենք, ու թուրքերի պես անընդհատ կեղծենք պատմությունն ու անընդհատ սուտ ասենք, Աշխարհը վերջը մե՛զ կհավատա, թե որ, իհարկե, թուրքերից ավելի ճարպիկ սուտ ասենք: Բա՜:

Բայց Աշխարհը միամիտ չի, որ սուտասանին, սնափառին ու մեծամոլին հավատա, թուրք լինի էդ սուտասանը, թե` հայ:

Մեծագույն մասամբ, սա՛ է մեր մտավորականությունը:

Մեր մտավորականը պատերի տակ (ո՛չ ամբիոնից, ո՛չ պաշտոնական վայրում) սուր քննադատում է մեր քաղաքական ողջ սիստեմն ու մեր կառավարական բոլոր այրերին ու տիկնանց (բայց ո՛չ ինքն իրեն), ու մեր բոլոր գործիչներին, բայց ինքը վախկոտ է ու բամբասկոտ, ու քաղաքացիական արիությունից զուրկ, հետամնաց է, ու գիտելիքն էլ հույժ աղքատիկ է:

Ու մեր մտավորականը, ու առաջին հերթին` մեր (մանավանդ` հեռացույցի) լրագրողը, երբեք ու երբեք քաջություն չունի հենց ի՛ր իսկ անմիջական պետին քննադադատելու ու էդ պետի երեսին ասելու իր անկեղծ կարծիքը պետի մասին: Սա բացառվում է: Բայց որ առիթ եղավ կքննադատի աստղերն ու գալակտիկաներն ու նույնիսկ ողջ Տիեզերքը, (առանց սրանցից գաղափար անգամ ունենալու), մենակ թե իր անմիջական պետերին չքննադատի:

Սրա պատճառներից մեկն է՛ն բանն է, որ մեր մտավորականի անձնական շահը տարբեր է հասարակական շահից: Սրա պատճառն էլ` մեր շեղված ու այլանդակ բարոյա-էթիկական նորմերն են, որ ժառանգել ենք, մասամբ, հնուց, մեծագույն մասամբ էլ, սոցիալիստական-կոմունիստական կարգերից: Մենք շատ անգամ լավին ասում ենք` վատ, ու հակառակը. ար-դարին` անարդար, ու հակառակը. տգեղին` չքնաղ, ու հակառակը. սխալին` ճիշտ, ու հակառակը:

Միայն մեր մտավորականները չեն, ովքեր է՛ս «նորմերով» են ապրում:

Մեր ժողովրդի մեծագույն մասը կաշառքով հարստացած մարդուն ասում է` «փող է աշխատել, հարստացել է», ու ուրախությամբ (նաև կաշառք տալով) իր զավակներին տեղավորում է է՛ն տեսակ աշխատանքի, որ սրանք է՛լ «լավ փող աշխատեն», այսինքն, կաշառք շորթեն:

Մի երկու-երեք տարի առաջ Գումից նոր տարվա համար միս էի առնում: Մսավաճառն իմ ու կնոջս խոսքից գլխի ընկավ, որ Պետհամալսարանի դասախոս եմ: Խոսք բացեց հետս (երևի համալսարանում սովորող զավակ կամ բարեկամ ուներ), ու չեմ հիշում, թե ոնց եղավ, ասացի, որ 40 տարի է, ինչ համալսարանում եմ, ու հլը ուսանողներից մի կոպեկ, կամ մի ծաղիկ, կամ մի շիշ բան չեմ վերցրել:

Ես չեմ հասկանում, թե «հայկական մենթալիտետ» ասածն ի՛նչ է, բայց եթե էդ տեսակ մի բան կա, հենց սա՛ է: Մեր մեծագույն մասն ասում է. «Թո ոչ մեկն անազնիվ չըլի, անարդար չըլի, գող ու ավազակ ու կաշառակեր չըլի», ու վռազ էլ մտքում ավելացնում է. «Բացի ես»: Ա՛յ, հենց սա՛ է «հայկական մենթալիտետը», որովհետև սա փաստ է, ու սրանից տարբերը` չկա: Ու հենց սա՛ է մեր ամենատարածված «ազգային ավանդույթը», ուրեմն, մենք էլ հենց սա՛ ենք ուզում պահպանենք:

Ասել եմ արդեն, որ մեր հոգևոր ոլորտի վիճակը ողբալի է` առհասարակ: Իմ էս գրքի նախորդ գրածներից ու հետագա շարադրանքից գուցե թվա, թե մենակ մեր երգ ու պարի ու լեզվաբանութայն վիճակն է ողբալի: Բայց ախր չկա հոգևոր (նաև` նյութական) գոնե մի ոլորտ, ինչի վիճակը ողբալի չլինի: Մի երկու օրինակ էլ բերեմ:

1990 թվից իբր դեմոկրատիա ենք «հաստատում», բայց ոչ մի անգամ չմտածեցինք, որ դեմոկրատիա հաստատելը գիտություն է, ու պիտի էդ գիտությունը սովորենք, սովորենք գիտական է՛ն գրքերից ու տեսություններից, որոնք շարադրում են դեմոկրատական կարգի տեսությունը, սրա բարոյագիտությունն ու տնտեսագիտությունն ու իրավագիտությունը: Ու սրանք սովորելու փոխարեն` անընդհատ էս կամ էն «մոդելից» ենք խոսում, չիմանալով, որ էդ մոդելներից ոչ մեկն էլ լրիվ դեմոկրատական չի:

Մեզ ու մանավանդ մեր քաղգործիչներին թվում է, թե բավական է, որ մեր ընտրություններն արդար լինեն, ու ամեն ինչ լավ կլինի: Բայց եթե ավտոյի «մատոռը խփել ա», ու մնացած համարյա բոլոր մասերն էլ փչացած են, վարորդին ինչքան էլ փոխես, էդ վարորդին ոնց ու որտեղից է՛լ ընտրես, էդ ավտոն տեղից չի շարժվի:

Սովետի օրերին լիբերալիզմի տեսությունն արգելված էր, ու, օրինակ, Ադամ Սմիթի անունն էլ միայն մարքսիզմի գրքերից գիտեինք, իսկ մնացած հին ու նոր հզոր մտածողների ու սրանց գրվածքների անուններն անգամ չէինք լսել: Չէինք լսել մանավանդ` Ջոն Միլթոնի, Ռոբերտ Ստենլի Ջևոնզի, Կառլ Մենգերի, Լյուդվիգ ֆոն Միզեսի, Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի, Ալեքսիս դը Թոքվիլի, Լորդ Աքտոնի, Կառլ Պոպերի ու սրանց հետևորդների անունները, ու չէինք կարդացել սրանց գրքերը:

Սովետական գաղափարախոսությունն էս գրքերից սարսափում էր:

Սրանք հիմա մատչելի են, բայց մեր բարոյագետների, փիլիսոփաների, տնտեսագետների ու իրավագետների մեծագույն-մեծագույն մասը սրանց չի կարդացել, որովհետև անգլերեն չգիտի, իսկ կարդալու ու մտածելու հետ էնքան էլ մի գլուխ չունի, ու եթե սրանց անունները լսել էլ է, լսել է միայն ռուսների նորագույն գրքերում սրանց մասին արված քաղվածքներից, որոնք, համարյա միշտ, քամահրական են: Մերոնց իմացածը նորից էլի նույն մարքսիզմ-լենինիզմն է (իհարկե, Լենինի անունն աշխատում են` չտան, շատ է վարկաբեկ):

Արդեն 10 տարուց ավել է, ինչ ամիսներով չարչարվել ու մի թարգմանական ծրագիր եմ կազմել, որ էս մտածողների գոնե ամենանշանավոր դասագրքերից ու մենագրություններից մեկ կամ մեկ ու կես տասնյակը թարգմանվի հայերեն, որ մենք է՛լ վերջը իմանանք, որ միայն արդար ընտրություններով դեմոկրատիա չի հաստատվի:

Ում ասես, որ չդիմեցի, թե մեծահարուստներին (ընդ որում, Հայաստանի հարուստներին է՛լ, դրսի հարուստներին է՛լ), օտար ու հայկական ֆոնդերին, մեր կառավարության ամենախոշոր պաշտոնյաներին, կուսակցությունների ղեկավարներին, մամուլում հոդվածներ գրեցի էս հեղինակներից ամենանշանավորների մասին: Իզուր:

Ֆ. Ա. Հայեկը մի լավ խորհուրդ է տալիս: Ասում է, թե որ մի լավ գործ ես արել ու քեզ փող է պետք, որ էդ գործը տեղ հասցնես, չդիմես պետական գործիչներին, չդիմես պետությանը, որովհետև ժամանակդ իզո՛ւր ես ծախսելու, որովհետև դրանք քեզ կտանեն ու կբերեն, բայց երբեք չեն օգնի: Կդիմես մասնավորին: Ես էլ, տարիներով չհետևելով Հայեկի էս խորհրդին, ու պետական այրերին բազմիցս դիմելուց հետո, վերջը հավատացի Հայեկին ու դիմեցի մասնավորներին, բայց էլի անօգուտ:

Էլի չխրատվեցի ու մի երկու տարի առաջ դիմեցի «Բարեպաշտ սերունդ» ֆոնդին: Մի երկու ամիս էլ էստեղ գնացի ու եկա, բայց էլի իզուր: Էս ֆոնդը մի ղեկավար խորհուրդ ուներ, ինչի անդամներից մեկը մեր էսօրվա վարչապետն էր (հիմա ինքը կա՞ էդ խորհրդում, թե` չէ՞, չգիտեմ):

Ինձ փոխանցեցին, թե պարոն վարչապետն ասել է. «Պետք չի, որ սրանք թարգմանվեն: Ավելի լավ է, թող էս գրքերի առաջաբանները թարգմանի ու մի գիրք կազմի», բայց էդ էլ չօգնեցին, որ անեմ: Ու նորից թե՛ իմ գրածները մնացին անտիպ, թե՛ տնտեսագիտության ու իրավագիտության իմ թարգմանական ծրագիրը մնաց դարակս դրած:

(Մեր վարչապետի ելույթներից աներկբա երևում է, որ մեծարգո պարոնը չի կարդացել` ո՛չ Մենգերին, ո՛չ Միզեսին, ո՛չ Հայեկին, ոչ է՛լ Հյումին ու Ադամ Սմիթին, որովհետև որ կարդացած լիներ, սրանց ասածներին հակառակ բաներ չէր ասի ու չէր անի: Օրինակ, չէր ասի, թե գները ղեկավարելը հնարավոր է, որովհետև ողջ դասական ու նեոդասական տնտեսագիտությունն ասում է, թե մարդկային ծրագրով գների ղեկավարությունն անհնար է: Բայց մեծարգո պարոնին պե՛տք էր, որ գները ղեկավարեր: Արդյունքն էսօր բոլո՛րս ենք տեսնում):

Իմ գործերը հլը ջհանդամը, բայց էսօր մեր տնտեսագիտության դասագրքերը Քեյնզի ու իր հետևորդ մակրոտնտեսագետների գրածներն են, է՛ն մակրոտնտեսագետների, ում խորհուրդներն ու ծրագրերն էս սարսափելի ճգնաժամի պատճառը դարձան, ու ֆոն Հայեկի ասելով` կործանելու են ողջ քաղաքակրթությունը, եթե դրանցից չհրաժարվեն, ու ողջ գնդով մեկ չիրագործեն լիբերալիզմի ծրագիրը:

Մեր փիլիսոփայության դասագրքերը նորից փառաբանում են Պլատոնի ու Հեգելի ու սրանց հետևորդների գործերը, չնայած Կառլ Պոպերը ցույց է տվել, որ հենց սրանց ուսմունքներից են ծնվել տոտալիտարիստական բոլոր «տեսությունները», սոցիալիստական ու նացիստական բոլոր երանգի գաղափարախոսությունները:

Ու հայերն էսօր կործանարար տեսություններ են սովորում:

Մենք մեր անցյալի մասին մի վիթխարի, բայց սուտ լեգենդ ենք հորինել ու հավեսով է՛լ հավատում ենք էդ լեգենդին, ու հետն էլ զարմանում ենք, որ ուրիշներն էդ ստերին չեն հավատում, ու լավագույնս, ներողամտությամբ են նայում մեր էս մանկամիտ արարքին, որովհետև միայն մանուկն է, ով անընդհատ գլուխը գովալով` իր մասին սուտումուտ բաներ է հորինում:

Մենք, օրինակ, հայտարարում ենք, թե մեր թատրոնը 2000 տարեկան է, բայց սա սուտ է: Միակ պատմական վկայությունը, որ կա մեր իբր եղած թատրոնի մասին, Պլուտարքոսի վկայությունն է: Բայց երբ բացում ես Պլուտարքոսի Համեմատական կենսագրությունները, տեսնում ես , որ մեր թատրոնի մասին ոչ մի բան չկա գրած: Պլուտարքոսը հետևյալ բանն է պատմում:

Երբ հռոմեացի Կրասոսը հարձակվում է Պարսկաստանի վրա, որ նվաճի ու հետն էլ` վիթխարի թալան անի (Կրասոսն ահավոր ագահ էր), պարսիկները ջարդում են Կրասոսի բանակն ու Կրասոսին էլ բռնում ու գլուխը կտրում են, ու բերում են տալիս պարսից արքայից արքային, ով էդ ժամանակ Հայստանում հյուր էր իր զարմիկին` հայ արքային: Մեր «հայ» Արտավազդ արքան էլ հունասեր էր ու Հունաստանում մեծացած լինելով` լավ հունարեն գիտեր:

Կրասոսի գլուխը բերելու օրը Արտավազդի պալատում «գրական երեկո» է լինում. մի հունարեն վարժ կարդացող Եվրիպիդեսի Բաքոսուհիներն է հունարենով կարդալիս լինում:

Բաքոսուհիների մեջ մի կտոր կա, ինչը նկարագրում է Բաքոսի անառակ տոնը, երբ հույն կանայք, մերկ ու հերարձակ, վազվզում են սար ու դաշտերով ու ընկնում են վայրի գազանների հետևը: Սրանց մեջ է լինում նաև տեղի թագուհին, ում ամուսինը չի հավատում Բաքոսի պաշտամունքին ու միշտ կնոջը ձեռ առնելիս է լինում, որ սա էդ տեսակ դատարկ բաների է հավատում:

Ու իբր Բաքոս աստվածն էս թագուհու խելքն առնում է, ու էս թագուհին, երբ դաշտերում հանդիպում է իր ամուսնուն ու կարծում է, թե ամուսինը վայրի խոզ է, սպանում է ամուսնուն, ու գլուխը կտրում բերում է տուն: Ու տանը ամուսնու գլուխը, մազերից բռնած, բարձրացնում է իր գլխից վեր ու հպարտությամբ ասում է իր հարազատներին. «Տեսեք, թե ի՜նչ վայրի խոզ եմ սպանել»: Ու երբ պալատական կարդացողը հասնում է Եվրիպիդեսի գրածի էս կտորին, Կրասոսի գլուխ տալիս են ձեռը, ու սա, Կրասոսի գլուխը մազերից բռնա՛ծ է կարդում (հունարենով) էս հատվածը. «Տեսե՛ք, թե ի՜նչ վայրի խոզ եմ սպանել»:

Սա՛ է մեր թատրոնի մասին եղած միակ վկայությունը:

Ով գոնե մի քիչ ծանոթ է հույն թատրոնի պատմությանը, գիտի Պանաթենական թատերական վիթխարի մրցումների մասին, որ չորս տարին մեկ էին, ու ինչին մասնակցում էր երեք ողբերգություն ու մի կոմեդիա, ու ինչը տևում էր մի քանի օր, ու ողջ ժողովուրդն էլ փողո՛վ էր ներս մտնում թատրոն. ով գիտի, որ մրցումներին հաղթող պոետն էլ էնքա՛ն փող էր ստանում, որ հնար ունենար նորից չորս տարի ստեղծագործելու, որ մյուս անգամ էլ մասնակցեր դրանց: Ով սրանք գիտի, երբեք չի ասի, թե մենք էլ ենք թատրոն ունեցել, որովհետև չենք ունեցել:

Որովհետև էդ օրերին հայերեն գի՛ր անգամ չենք ունեցել, որ Էսքիլեսի, Սոփոկլեսի, Եվրիպիդեսի, Արիստոփանեսի պես թատերգություն գրեինք: Ու եթե հայե՛րն էլ են թատրոն ունեցել, ո՞ւր են մեր պիեսներ: Որ սրանք ասես մեր հայագովներին, կասեն. «Քրիստոնեությունը ոչնչացրել է մեր հեթանոսական ողջ կուլտուրան»: Բայց էդ ո՞նց է, որ էդ նույն քրիստոնեությունը չի ոչնչացրել հույների ու հռոմեացիների կուլտուրան:

Բայց մեր հայագովներին չես համոզի, որովհետև դրանք նախօրո՛ք գիտեն, թե ինչ են ապացուցելու, որովհետև գիտական լուրջ փաստարկները դրանց միայն խանգարում են, որ իրենց իսկ ուզած հայագովական «թեզերը» պաշտպանեն:

Ու թե սա՛ չի լեգենդը, բա ի՞նչն է:

Մեր ազգագրությունն Աբեղյանից հետո որևէ լուրջ քայլ չի արել: Աբեղյանը ծանոթ չէր համեմատական ազգագրության հիմնադիր Ջեյմզ Ջորջ Ֆրեզերի գործերին, որովհետև նստած էր գիտական մի կորած-մոլորած գավառական կենտրոնում: Հետո էլ բոլշևիկների «երկաթյա վարագույրը» չէր թողնում, որ դրանք կարդա ու յուրացնի: Այնուամենայնիվ, Աբեղյանը վիթխարի գործ արեց ազգագրությունից:

Էսօրվա մեր ազգագրագետներին ոչինչ չի խանգարում, որ յուրացնեն սրանք ու ուրիշ նորագույն տեսությունները, ու Աբեղյանի (նաև այլոց) կուտակած փաստական նյութը գիտության նորագույն մեթոդներով վերլուծեն: Բայց սրանք նորից կպել են իրենց համարյա տնաբույս «տեսություններին», ու սրանց արածը պարզունակ հավաքչությունից համարյա դենը չի:

Էս գրքի երկրորդ հրատարակությունը պատրաստելիս երկու «նշանավոր» բան պատահեց Հայաստանում, ու սրանք էնքա՛ն բնութագրական են մեր իրականության համար, էնքա՛ն ողբերգական են, ու էնքա՛ն լավ են հիմնավորում իմ էս գրքի մանավանդ երրորդ մասը, որ որոշեցի պատմեմ դրանք:

Սկսեմ առաջինից:

Ուրեմն, մարտի սկզբին, մեր Սփյուռքի գործերով նախարարն ընդունել է մի իբր սփյուռքահայ 20-ամյա ինքնակոչ «հանճարի», ով, ինչպես հետո պարզվեց, մեր Մարտունու շրջանից էր` Գեղհովիտ գյուղից: Ու մեծարգո նախարարը չէր իմացել, որ արդեն փետրվարի սկզբներին մի խումբ ուսանող ու ասպիրանտ մերկացրել է էս ինքնակոչ «հանճարին»:

Էս նախարարի տեղակալն էլ ֆիզիկոս է ու մեր Ակադեմիայի թղթակից անդամ, իսկ ինքը, նախարարը, կիբեռնետիկայի ու իրավաբանության ֆակուլտետներն է ավարտել ու իրավաբանության դոկտոր-պրոֆեսոր (այսինքն, լուրջ «գիտնական է», բայց ինչ որակի, հիմա կիմանաք): Տիկին նախարարն իր տեղակալի կարծիքն էս տղայի մասին չի հարցրել, երևի որ էս «հանճարին» հայտնագործելու փառքը լրիվ իրե՛նը լինի):

Ընդունել է, ուրախացած, որ մի նորահայտ հայ Գալիլեյ է հայտնաբերել, ու հետո էլ էս ընդունելությունը նկարել է տվել ու դա տեղադրել է նախարարության վեբկայքում, որ նայողներն էլ հիանան ու զարմանան: Ու խայտառակ է եղել` ողջ աշխարհով մեկ:

Որ էս դեպքերից անտեղյակ ընթերցողն իմանա, թե բանն ինչ է, էս ջահել «հանճարի» ասածներից մի երկու բան պատմեմ:

Ուրեմն, էս տղան շատ անշնորհքավարի կեղծած մեկ-երկու փաստաթուղթ է ցույց տալիս ու ասում է, թե ինքը «մի նոր մոլորակ է հայտնագործել, X-մոլորակը, որը Պլուտոնի ու Նեպտունի արանքն է, ու վրան էլ կյանք կա»: Ասում է, թե իբր ինքը, Պուտինի հանձնարարականով, ավարտել է Մոսկվայի պետական համալսարանն ու դարձել է «դոկտոր մեդիցինի ու պռաֆեսր կասմանաֆտիկի ու աերոնաֆտիկի»: Որ ինքը երազին տեսել է Գալիլեյին ու Գալիլեյն իրեն ասել է, թե «ես դու ես, դու ես ես»: (Էս բաները հեռացույցով ե՛ս եմ լսել):

Որ իբր ինքը «սպուտնիկների համար արևային մարտկոցներ է սարքում, ամեն թևը` 1000 կմ» (այսինքն, համարյա Լուսնի չափերի): Որ իբր ինքը NASA-ի հետ պայմանագիր ունի, ու որ NASA-ն իրեն պիտի 2016 թվին կոսմոս թռցնի, բայց «NASA-ն իրեն ասել ա, թե ցեղդ շարունակի` նոր»: Որ Նյուտոնը իբր սխալվել է ու «լույսի ըսկոռոստը 500000 կիլոմետր ա սեկունդում` վարկյանում»: Որ իբր ինքը «մի 200000 տեղանոց սամալյոտ ա սարքում, ու հմի մատոռի վրա յա աշխատում», ևն, ևն:

Չնայած էս ասածների երազային հեքիաթայնությունն ակնհայտ է, բայց վերջինի, էս «սամալյոտի» մասին` մի երկու բան պիտի ասեմ, որ ըներցողն իմանա, թե մեծարգո գիտնական տիկին նախարարը ի՛նչ կարգի բաների հեքիաթայնությունը չի նկատել:

Նախ, աշխարհի էն ո՞ր ծայրից է, որ պիտի 200000 մարդ տեղափոխվի մի ուրիշ տեղ: (Իմիջիայլոց, էս «օդանավը» հինգ անգամով կտեղափոխեր Երևանի ողջ բնակչությունը): Երկրորդ, էսօրվա օդանավերը մոտ 200 մարդ են տանում, ու դրանց երկարությունն էլ մոտ 100 մ է: 200000 տեղանոց օդանավը պիտի որ 1000 անգամ երկար լինի, այսինքն, պիտի մոտ 100 կիլոմետր երկար լինի: 100 կիլոմետրը Հայաստանի «լենքն» է: Ուրեմն, էս «սամալյոտի» օդակայանը պիտի մի Հայաստանի չափ լինի, էլ չեմ ասում թռիչքուղու չափերի ու մնացած բաների մասին: Բա՜:

Ու էս ֆանտաստիկ հեքիաթներին հավատացողը «գիտնական» դոկտոր-պրոֆեսոր է, ու ՀՀ նախարար, բազում շքանշանի տեր, ԵՊՀ-ի ու մի քանի ուրիշ բուհի խորհրդի անդամ, ևն, ևն: Բա գիտական տիտղոս չունեցող նախարարնե՞րն ինչ պիտի լինեն: Ոնց որ ասում են` No comment. Բա ողբերգություն չի՞, որ մեր իշխանավորների մակարդակը սա՛ է: Բա ողբերգություն չի՞, որ մեր էս ողորմելի մամուլն ու հեռացույցը մի երկու շաբաթ էս պատմությունն էր մեծագույն հրճվանքով ծամծմում ու վայելում, առանց նկատելու սեփական վիթխարի «անտեղյակության», անճաշակության ու գավառայնության չափը:

Երկրորդ պատմելիքս էլ մեր «ազգային» երգի բնագավառից է: Էս տարվա սկզբներին մի ջահել «կոմպոզիտոր» հայտարարեց, թե ադրբեջանական երգ ու երաժշտությունն իրեն ու իր ընկեր-երաժիշտներին հոգեհարազատ է, ու որ հայ ժողովրդական երաժշտության արմատներն Ադրբեջանից են: Ադրբեջանական մամուլն էլ ուրախ-ուրախ կրկնեց սա, իսկ Հայաստանի «ազգի փրկիչներն» էլ թունդ զայրացան ու հարձակվեցին էս տղայի վրա, ու մեր ողջ մամուլով մեկ ուղղակի գզգզեցին ու դավաճան հայտարարեցին սրան: Դատափետողներից մեկն էլ, օրինակ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն էր:

Հիմա մի քանի հարց ունեմ տալու էս տղային դատափետողներին:

Եթե էս ջահելն անկեղծ չլիներ, ձեր դուրը կգա՞ր: Եթե մարդը սուտ չի ասում ու մի՛շտ է ճիշտն ասում, մի՛շտ է անկեղծ, վա՞տ բան է անում: Սուտ ասելը լա՞վ բան է: Սոտասանը հարգանքի արժանի՞ է:

Եթե ադրբեջանցիները կամ թուրքերը, կամ էլ ուրիշները սուտ են ասում, մենք է՞լ պիտի ազգովի սուտ ասենք: Ազգովի սուտասանությունը սուտասանություն չի՞:

Ուրեմն, եթե հնարավոր է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը, կամ էլ ուրիշները «օգտվեն» մեր ասած ճիշտ բաներից, այսինքն, եթե հնարավոր է, որ մեր ասած ճիշտ բաները ծռմռեն ու մեր դեմ շուռ տան, մենք պիտի անընդհատ վախենա՞նք ու մեր մտածածը չասե՞նք, որ հանկարծ իրենք չծռմռե՞ն դրանք: Սա ի՞նչ մտածողություն է: Բա սա քաղաքակիրթ ու ազնիվ մարդու մտածողությո՞ւն է: Ազգովի դառնանք անազնի՞վ, որ հանկարծ ադրբեջանցիներն ու թուրքերը չօգտվե՞ն մեր ազնվությունից:

Ասվեց արդեն, թե թուրքերն ասում են, թե իրենք խեթերի հետնորդներն են: Խեթերին էլ, արդեն Հոմերոսի օրերին, է՛ն տեսակ էին մոռացել, որ Իլիականի մեջ ակնարկ անգամ չկա, որ Տրոյական պատերազմի պատմությունը խեթերի ու հույների կռիվների հուշն է: Խեթերի մասին իմացան 20-րդ դարում միայն, պեղումներից ու խեթերի գիրը վերծանելուց հետո:

Հիմա ի՞նչ, Աշխարհի գրագետները կհավատա՞ն, որ թուրքերը խեթերի հետնորդներն են: Իհարկե, չէ: Ո՞վ չգիտի, որ թուրքերն էս կողմերն ու Եվրոպա ընդամենը մի 800 տարի առաջ են եկել: Բայց որ թուրքերն էս տեսակ սուտ շատ են ասում, մենք է՞լ պիտի Պարիս Հերունու պոզ ու պոչավոր ստերին հավատանք ու ասենք, որ հայերն էս տարածքում են եղել 40000 տարի առա՞ջ: Ուրեմն, գիտությունը բոլորովին կարևոր չի՞:

Բա ծիծաղելի ու ողորմելի չե՞նք լինի, եթե թուրքերի կամ էլ ուրիշների հետ ստի մրցում մտնենք: Ու եթե մենք էլ թուրքերի պես անընդհատ սուտ ասենք, էլ ինչո՞վ ենք թուրքերից տարբերվելու:

Ադոլֆ Հիտլերի օրերին (ավելի ճիշտ, 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 1945 թվի ամառը) գերմանացիք հայտարարեցին, թե իրենք արիացի են, թե գերմանական ազգը գերիշխող ազգ է, թե պիտի մնացած ազգերը (բացի իրենց դաշնակիցները) իրենց ստրուկները լինեն: Այսինքն, գերմանացիք ազգովի սուտ ասեցին, ու էն էլ` աշխարհով մեկ: Քանի՞ տարի դիմացավ էս սուտը, ու ի՞նչ գնով:

Էս սուտը դիմացավ ընդամենը 12 տարի, ու էս ստի պատճառով գերմանացիների ողջ երկիրը տափսաղաղ եղավ, քաղաքները հողին հավասարվեցին, Գերմանիայի կեսը Սովետը զավթեց, առողջամիտ քաղաքացիները կա՛մ կոտորվեցին, կա՛մ փախան գնացին ամերիկաները, ու մի քանի տասնյակ միլիոն էլ գերմանացի կոտորվեց: Ա՛յ, սա՛ է ազգովի սուտ ասելու գինը:

Ու եթե էս գրքի առաջին մասը կարդացողը մինչև հիմա գլխի չի ընկել, թող իմանա, որ ՀԱՅԵՐԻ ԷՍՕՐՎԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՉԵՆ: ԻՍԿ ՀԱՅԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳՆ ՈՒ ՊԱՐԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱ՛Ն ՉԵՆ: Սա դառը ճշմարտություն է, բայց ճշմարտություն է:

Ու թող իմանա, որ մեր իրոք ժողովրդական (այսինքն, սիրված ու լսվող) աշղական կամ գուսանական երժշտությունը, ինչպես Կոմիտասն է ասում (տես էս գրքի առաջին մասը), լրի՛վ է փոխառյալ: Չեմ ասում, թե սրանք բոլորն են անորակ: Սրանց մեջ շատ երգ կա, որ լավն է, ու ե՛ս էլ եմ սիրում ու լսում: Օրինակ, Ջիվանու կամ Սայաթ-Նովայի երգերը:

(Հենց ինքը` Կոմիտասը, մտերիմ էր Ջիվանու հետ, ու էջմիածնում մի անգամ Ջիվանու համերգն է կազմակերպել: Ջիվանու երգերի մեջ կան երգեր, որ մեր շարականների մոտիվներով են, իհարկե, աղավաղ): Հա՛, էս երգերը ժողովրդական են: Բայց ազգային չե՛ն, բնիկ չե՛ն, այսինքն, հայերի ստեղծածը չե՛ն:

Օրինակ, Սայաթ-Նովայի ժողովրդական երգերից ո՛չ մեկն ազգային չի, ու իր բոլո՛ր երգերի եղանակներն են փոխ առած: Պահպանվել է Սայաթ-Նովայի տետրը, ինչը մի քանի անգամ հրատարակվել է, ու ինչի մեջ ամեն մի երգի տակը գրված է, թե էդ երգը ո՛ր բայաթու կամ մուղամի կամ ո՛ր աշղի ո՛ր մի երգի եղանակով պիտի երգվի:

Էն օրերին էս տարծքում նոտա իմացող չկար, ու սովորական բան էր, որ երգողները բառե՛րը հորինեին ու դրանք հարմարեին արդեն հայտնի արևելյան երգերի եղանակներին:

Բոլո՛րն էին էսպես անում, ու Սայաթ-Նովան էլ` հետները, որովհետև սա ընդունված մեթոդ էր, ու միա՛կ մեթոդն էր: Որ Սայաթ-Նովային մեկնումեկն ասեր, թե ինքը` Սայաթ-Նովան, կոմպոզիտոր է, Սայաթ-Նովան երևի շատ զարմանար, եթե իհարկե` իմանար, թե կոմպոզիտորն ի՛նչ է:

Սայաթ-Նովան միայն ոտանավոր է գրել, ու դրանք մեր իրականության համար թարմ ու նոր ու կարևոր են եղել, չնայած իրենց որակով իսկի էլ համեմատելի չեն եղել (ու չեն) իրենից համարյա մի դար առաջ գրած Շեքսպիրի ու Միլթոնի ոտանավորների հետ: Բայց մենք, առանց չափը պահելու, փառաբանում ու երկինք ենք հասցնում սրանք:

Փոխառությունն էլ թերևս պարտադիր է ու անխուսափ, բայց ո՛չ քո ազգային չքնաղ (ու ողջ աշխարհում հույժ գնահատելի) երգ ու պարը դեն շպրտելու ու լրիվ մոռանալու գնով:

Ու որ էսօր մեր երգ ու պարը համարյա լրիվ է փոխառյալ, մեղավորը մե՛նք ենք, ոչ թե ադրբեջանցիներն ու թուրքերը: (Սրանք երգ ու պար համարյա չունեին ու փոխ առան, որ ունենան. բա ի՞նչ անեին: Բայց մե՞նք):

Ու մեղավորներից մեկն էլ, օրինակ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն է, ով ժողովրդին չի բացատրում, որ մեր երգ ու պարի վիճակը սա՛ է: Չգիտի՞, որ վիճակը սա է: Շատ լավ էլ գիտի, բայց չի ասում:

Չի ասում, որովհետև հենց ասեց ու բացատրեց, որ մեր ազգային երգը միայն էսօրվա «կոմիտասյան» կոչվածն է, ինչն էլ ազգովի չենք երգում ու չենք լսում, մարդիկ գլխի կընկնեն, որ հենց ի՛ր, հենց Ռոբերտ Ամիրխանյանի՛ երգերից ո՛չ մեկն ազգային երգի ավանդույթներով չի գրած, չնայած գուցե ժողովրդական է, ու գուցե ժողովուրդը հավանում, երգում ու լսում է:

Հենց էս նույն պատճառով էլ` ո՛չ մեր «ազգային» կոնսերվատորիայի, ոչ է՛լ մեր «ազգային» օպերայի գործիչներից ոչ մեկը չասաց, թե ախր էս տղան ոնց որ թե ճիշտ բան է ասում, թե ախր մեր էսօրվա ժողովրդական երգ ու պարը, համարյա լրիվ, կողքի ժողովուրդների՛ց ենք փոխ առել, մե՛նք էլ ադրբեջանցիներն է՛լ:

Չասաց, որովհետև «բա որ ադրբեջանցիներն ու թուրքերն իմանա՞ն»: Ասող էլ լիներ, վռազ էդ ասողին դավաճան էին հայտարարելու, ու ասելու էին, թե «սա մեր երգն ու պարը տալիս է մեր թշնամիներին»: Ոնց որ թե թշնամիները, կամ էլ աշխարհի երաժշտագետները էնքան տգետ են, որ թացն ու չորը չեն ջոկում իրարից:

Իմ էս գրքիս մեջ գրած դառը բաները համարյա ամե՛ն օր են հաստատվում. ասածս ողբերգական բաները, համարյա ամեն օր, մեր հեռացույցով, էսպես` թե էնպես, ապացուցվում են: Ու երբ ասում եմ, թե չկա մի ոլորտ, չկա մի բնագավառ, որտեղ գործերի վիճակը ողբերգական չլինի, հազար ափսոս, որ ճիշտ եմ ասում:

Ու ամենաողբերգականն է՛ն է, որ էսօր, շատ անգամ, մեր ազգային երգերը կամ փողը քրդերը կամ զազաներն ու թուրքերն են պահում ու երգում ու սիրում: Ես ինքս էդ երգերից մեկն ունեմ, ինչը քուրդ կինն է երգում, թեթևակի քրդական նախշով, բայց մնացած հայկական ամեն ինչը պահած:

Ուրիշները գիտեն, որ մեր միայն ազգայի՛ն երգերն են չքնաղ,

իսկ էսօրվա ժողովրդականները սրանց չեն հասնի: Մենք` չգիտենք:

Էս խոսակցությունը շատ է երկար, ու շատ է տխուր: Ու սրա հետ էլ` մեր էսօրվա հայ իրականությունն է տխուր: Տխուր է ու ողբերգական: Բայց ավելի լավ է, հիմա վերջացնեմ:

Որովհետև էս խոսակցության ժամանակը գուցե չի հասել: Ու գուցե երբեք էլ չհասնի… Բայց երբ էսքան բան գիտես, էլ ո՛նց չմտածես, որ.

Մաշտոցի, Գալուստ Տեր-Մկրտչյանի, Կոմիտասի, Աբեղյանի, Աբովյանի, Թումանյանի, Թորոս Թորամանյանի, Երվանդ Օտյանի, Վիկտոր Համբարձումյանի, Սերգեյ Մերգելյանի, Արտաշես Շահինյանի ու սրանց պես իրոք կարևոր մարդկանց արածների բովանդակությունը մեզ պետք չի: Որ պետք լիներ, էդ ասածներո՛վ կվարվեինք, ու դրանցի՛ց կօգտվեինք, ոչ թե չափի զգացումը կորցրած` դրանք հերթով կավիրեինք ու սուտ-սուտ լեգենդներ կհորինեինք:

Մեզ բովանդակություն ու որակ պետք չի:

Մեզ պետք պետք է միայն ձև, պետք են միայն սրանց անունները,

որ ուրիշների մոտ լոպազանանք ու գլուխ գովենք:

Ու գլխի էլ չենք, որ էսպես վարվելով,

Չապեկի ասածի պես,

վարկաբեկում են թե՛ մեզ, թե՛ մեր իրոք վսեմ նախնիներին,

ու քիչ-քիչ անդունդն ենք գլորվում:

Հազար ափսոս:

Հ ա վ ե լ վ ածը

Ի՞ՆՉ Է ՀԱՅԵՐԵՆՆ ՈՒ ՀԱՅԵՐԵՆԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Տգիտությունը միակ գիտությունն է:

Միթրաժանայի 2-րդ օրենքի 1-ին հետևանքը

Մեր էսօրվա լեզվաբանները գիտե՞ն, թե ի՛նչ է հայերենի իմացությունն ու ի՛նչ է հայերենը: Սրանից արդեն խոսել եմ մի ուրիշ տեղ (տես իմ Թարգմանելու արվեստը), ու ցույց եմ տվել, որ մեր լեզվաբանները, համարյա միշտ, չգիտեն, թե ի՛նչ է գրական ոճերի ու իսկական` կենդանի լեզվի տարբերությունը, չգիտեն, թե ի՛նչ է լեզվի իմացությունը ևն: Սրա համար էլ էնտեղ տված հարցերիս մի մասն էստեղ է՛լ եմ տալիս:

Հայերենը հայերի լեզուն է, սա անվիճելի է: Հայերեն են հայերենի բոլոր վիճակներն ու բոլոր բարբառները, սա է՛լ է անվիճելի: Ուրեմն էսօրվա հայերենի իմացությունը` հայերենի էսօրվա բարբառներից մեկնումեկի գերազանց իմացությունն է:

Էսօրվա հայերենի բոլոր կրողներն էլ հայերեն գիտեն, որովհետև հայ են: Սա էլ է անվիճելի:

Տվյալ բարբառի գերազանց իմացողը` էդ բարբառով գերազանց պատմողն է, օրինակ, Աբովյանը, Պռոշյանը, Թումանյանը, Թումանյանի հերոսներից` Նեսոն, Վրթ. Փափազյանը, Դ. Դեմիրճյանը (բացառյալ` Վարդանանքի լեզուն), ու բոլոր էն ասացողները, ումից որ գրի են առել մեր էպոսն ու հեքիաթները, ու մեկ էլ մի քանի հոգի:

Հնարավոր է, որ հայը նույնիսկ տառաճանաչ չլինի, բայց հայերենը գերազանց իմանա, էլի, օրինակ, Նեսոն կամ մեր ասացողները:

Գրական ոճերն իսկական հայերենից շատ են շեղված, ու շատ անգամ համարյա հայերեն չեն:

Սրա համար էլ` գրական որևէ ոճի իմացությունը, կամ «ճոխ» բառապաշարը, երբեք էլ հայերենի գերազանց իմացության նշան չի:

Հայերենի իմացությունը ոչ մի կապ չունի բառապաշարի ու, ուղղագրական կամ կետադրական կանոնների իմացության հետ:

Հայաստանում հայերենի բոլոր քննություններին միշտ է՛լ ստուգում են գրական շտամպի, ուղղագրական ու կետադրական կանոնների ու մեկ էլ բառապաշարի իմացությունը, ինչը, ըստ էության, առնչություն չունի հայերենի իմացության հետ:

ՍԱՀՄԱՆՄԱՆ ՇՐՋԵԼԻՈՒԹՅԱՆ

ՈՒ ՍՏՈՐՈԳՅԱԼԻ ՀԱՅՏՆԻՈՒԹՅԱՆ

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Գիտության ուսունասիրելիք օբյեկտներից ոմանք, օրինակ, լեզուն, հաճախ չեն ենթարկվում ձևական (դասական) տրամաբանության պահանջներին:

Այնուամենայնիվ, ինքը` գիտությունը, պարտադիր, պիտի լինի տրամաբանական, ու անհեթեթություն չպիտի պարունակի:

Գիտության անհակասականության էս համընդհանուր ու կտրական պահանջն ապահովվում է տվյալ գիտության հիմքում դրած աքսիոմների անհակասականությամբ: Սակայն գիտությունը, լինի դա մաթեմատիկա, բնագիտություն, թե հումանիտարիստիկա (հասարակագիտություն, լեզվաբանություն ևն), անհնար է առանց սահմանումների (Definition = Def.):

Բայց, հնարավոր է, որ սահմանումներն էլ հակասությունների աղբյուր լինեն: Ի՞նչ է սահմանումը:

Def 1. Սահմանումը «երկար բանը մեկ-երկու բառով կարճ ասող» պայմանավորվածությունն է (ասույթը, նախադասությունը): Սահմանումով օբյեկտների մի «լայն» բազմությունից առանձնացնում են (սահման են քաշում, կասեր Դավիթ Անհաղթը) այդ օբյեկտների այնպիսի մի ենթաբազմությունը, ինչի բոլոր տարրերն ունեն մնացած (չառանձնացրած) տարրերի բոլոր հատկությունները, բայց օժտված են առնվազն մեկ այլ հատկությամբ, ինչը չունի չառանձնացրածներից ոչ մեկը:

Օրինակ, Def 2. «հարթության միջի ընդհանուր կետ չունեցող ուղիղներին ասում են զուգահեռ ուղիղներ»:

Էս սահմանումը հարթության բոլոր ուղիղների բազմությունը տրոհում է` զուգահեռ ու ոչ զուգահեռ ուղիղների ենթաբազմությունների: Ու սա, իհարկե, «հարթության միջի ընդհանուր կետ չունեցող ուղիղներ» «երկար բանին» կարճ անուն է տալիս` «զուգահեռ ուղիղներ» կամ «զուգահեռներ» անունը:

ՇՐՋԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Տրամաբանական հակասություններն անխուսափելի են, եթե սահմանումը շրջելի (փոխադարձելի, անդրադարձ, reciprocative) չի:

Def 3. Սահմանումը շրջելի է, եթե սահմանող ասույթի (նախադասության) բառ-ենթակայի ու բառ-ստորոգյալի (կամ` սրա խմբի) տեղերը փոխելիս` սահմանվածի էությունը չի փոխվում, այսինքն, չառանձնացրած տարրերից ոչ մեկը չի ընդգրկվում առանձնացրածների մեջ, ու առանձնացրած ու չառանձնացրած բազմություններն իրար չեն «խառնվում»:

Էս սահմանումը հստակելու համար նախ պիտի ասվի, թե ինչ են` բայը, բառ-ենթական ու բառ-ստորոգյալը: Բերենք բայի նկարագրական (discriptive) սահմանումը [տես 1-5-ը]:

Def 4. Բայ են միայն ու միայն է՛ն բառերը, որոնք օժտված են՝ (բայ)իմաստով, դեմքի, թվի ու ժամանակի գաղափարներով, ու իրենց (բայ)իմաստը վերագրում են (ստորոգում են) իրենց իսկ դեմքին, արտահայտելով թվի ու ժամանակի գաղափարները:

Օրինակ, խաղաց բառը բայ է, որովհետև իր (բայ)իմաստը (խաղալու գաղափարը) վերագրում է իր իսկ 3-րդ դեմքին, նշելով խաղացողների եզակիությունը, ու ժամանակի անցյալությունը: Սա ցույց տանք աղյուսակով.

խաղաց բառն օժտված է հետևյալ առաջին 4 գաղափարով ու անում է 5-րդ «գործը»

1. (բայ)իմաստով՝ խաղալու գաղափարով

2. երրորդ դեմքի գաղափարով

3. եզակի թվի գաղափարով

4. անցյալ ժամանակի գաղափարով

5. խաղալու իր (բայ)իմաստը վերագրում է (ստորոգում է) իր իսկ դեմքին, նշելով եզակիությունն ու անցյալությունը

Def 5. Բայի «հպատակին», բային «ենթարկվողին», այսինքն, էն «բանին, ինչին որ բայը ճնշում է, վերագրում է», ասում են` դեմք-ենթակա, իսկ վերագրվելիքին (ստորոգվողին = ստորոգյալին) ասում են` (բայ)իմաստ-ստորոգյալ [տես 1-ն ու 3-ը]:

Ուրեմն, բայը միմիայն ստորոգյալ-վերագրվող չի: Բայը մասամբ ստորոգվող-վերագրվող է, մասամբ նաև ստորոգող-վերագրող է (ինչը բայի հիմնական ֆունկցիան է), ու բացի սրանցից, վերագրելիս-ստորոգելիս` նշում է վերագրելիք-ստորոգելիքի թիվն ու ժամանակը:

Ասածից հետևում է, որ օրինակ` խաղալ բառը (էս տեսակ բառերին, թյուրիմաց, ասում են դերբայ) ոչ մի տեսակ բայ չի, որովհետև չի վերագրում-ստորոգում, ու ոչ դեմք ունի, ոչ էլ ժամանակ [տես 1-ն ու 5-ը]:

Ուրեմն, համաձայն էս ելակետի, (եթե կապերն ու ձայնարկությունները մի կողմ թողնենք, քանզի սրանք նախադասության անդամ չեն), հայերենի բայը խոսքի միակ ու գլխավոր կենտրոնն է, իսկ մնացած բոլոր տեսակ բառերը, այսինքն, «չբայերը», բայի էս կամ էն տեսակ լրացումներն են (չհաշված կապերն ու ձայնարկությունները):

Def 6. Բայի դեմք-ենթակայի լրացմանն ասում են բառ-ենթակա, իսկ բայի (բայ)իմաստ-ստորոգյալի լրացմանն ասում են բառ-ստորոգյալ (եթե էս լրացումը անկատար դերբայը չի), (կամ ստորոգյալի խումբ):

Օրինակ, Արամը շախմատ խաղաց խոսքի մեջ Արամը բառը բառ-ենթական է, որովհետև լրացնում է խաղաց բայի 3-րդ դեմքին, իսկ շախմատ ուղիղ խնդիր կոչվածը բառ-ստորոգյալն է, որովհետև լրացնում է (բայ)իմաստին` խաղալու գաղափարին (խաղալու հազար ու մի ձև կա, դրանցից մեկն էլ շախմատ խաղալն է):

Այս շարադրանքի համար կարևորը տրամաբանության մեջ գործածվող նախադասությունն է, ինչի բայը միայն օժանդակ բայն է, ու ինչին տրամաբանության մեջ ասում են` հանգույց (copula): Տրամաբանական նախադասության տիպական մի օրինակն է.

շեղանկյունը քառանկյուն է (1)

խոսքը, ինչի շեղանկյուն բառը բառ-ենթական է, իսկ քառանկյուն բառը` բառ-ստորոգյալը:

Էս խոսքը, (1)-ը, տրամաբանական ճշմարիտ ասույթ է, բայց անհնար է, որ սա լինի շեղանկյան սահմանումը, որովհետև սա շրջելի չի:

Եթե էս ուղիղ խոսքը շրջենք, այսինքն, սրա ենթակայի ու ստորոգյալի տեղերը փոխենք, այդժամ շրջված խոսքի առանձնացրած բազմությունն այնքան կլայնանա, որ շեղանկյունուց բացի՝ կընդգրկի բոլոր-բոլոր քառանկյունները.

քառանկյունը շեղանկյուն է (2)

Իսկ եթե ասենք,

շեղանկյունը հավասարակող քառանկյունն է (3)

էս անգամ արդեն էս ասույթը շրջելի է: Սրա բառ-ենթական նորից շեղանկյունը բառն է, իսկ (բարդ) բառ-ստորոգյալը հավասարակողմ քառանկյուն կապակցությունն է: Շրջենք էս սահմանումը.

hավասարակողմ քառանկյունը շեղանկյուն է (4)

Էս անգամ արդեն` բառ-ենթական hավասարակողմ քառանկյունը կապակցությունն է, իսկ բառ-ստորոգյալը շեղանկյուն բառն է: Բովանդակությունը չփոխվեց, ու սրանց անջատած բազմություններն էլ նույնական են: Հենց սրա համար էլ` թե (3)-ը, թե (4)-ը շեղանկյան սահմանումներն են:

ԱՆՈՐՈՇ «ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

Ինչպես բխում է Def 1.-ից, ասույթի շրջելիությունը, ինքնին, բավարար չի, որ էդ ասույթը լինի սահմանում: Օրինակ, հետևյալ ասույթները.

զանգվածը մարմնի իներտության քանակական չափն է (5)

ուժը փոխազդեցության քանակական չափն է (6)

էներգիան մարմնի աշխատանք կատարելու ունակությունն է (7)

սահմանում չեն, որովհետև, իմաստի տեսանկյունից, սրանց ենթակաները նույնքա՛ն են անորոշ, ինչքան սրանց (ընդգծած) ստորոգյալները, չնայած սրանք, ինչ-որ իմաստով, շրջելի են: Մարմնի իներտության քանակական չափ «հասկացությունը» նույնքա՛ն է անհասկանալի, ինչքան դեռ չսահմանած զանգվածը, ևն:

Սահմանման ստորոգյալը, այսինքն, ենթակային վերագրելիք հատկանիշը պիտի հայտնի լինի, պիտի արդեն սահմանված լինի, պիտի տրված լինի:

Իսկ (5)-ի, (6),-ի ու (7)-ի ստորոգյալները, սրա պես սահմանումները ձևակերպելիս, դասագրքերում երբեմն սահմանված չեն լինում, այսինքն, անհայտ են լինում:

Ուրեմն, (5)-ը, (6)-ը, (7)-ն ու սրանց պես «սահմանումները» ուղղակի երկու անհայտ բանի` անհայտ ենթակայի ու անհայտ ստորոգյալի կրկնություն են: Էս իմաստով երևի իրավունք ունենք ասելու, թե սրա պես սահմանումները «տավտոլոգիա» (tautology) են, այսինքն, «կրկնություն» են, որովհետև սրանք երկու անհայտ, դեռ չսահմանված բանի «կրկնությունն են»:

Ու հենց էս իմաստով թերևս թույլատրելի լինի, որ ասենք, թե սրանք «տրամաբանական նույնություն են, «տավտալոգիա են»» (եթե անհայտ` չսահմանված բաները համարենք նույնական), ու ոչ մի նոր բան չեն ասում: Չեն ասում, որովհետև որևէ տրված բազմությունից դրա որևէ ենթաբազմությունը չեն առանձնացնում:

((5)-ի ու (6)-ի հարցերն ավելի ծավալուն են ու տեղի սղության պատճառով չեն բերվում):

ԱՆՇՐՋԵԼԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐՈՎ

ՄԻ «ՏԵՍՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

Անշրջելի սահմանում պարունակող տեսությունն անպայման է հակասական: Էս տեսակ հակասական տեսության մի արտառոց ու ողբերգական դեպքը հայերենի հետաբեղյանական քերականությունն է (ՀԱՔ-ը):

Քերականության գլխավոր ու հիմնական հասկացությունը բայի հասկացությունն է, ու հետաբեղյանական քերականությունները (ՀԱՔ-երը), սկսած 1936 թվից, 75 տարի շարունակ, պնդում են, թե.

“Def” 7. Բայը գործողություն ցույց տվող բառ է (5)

Էս ասույթի Բայը բառը` սրա բառ-ենթական է, գործողություն ցույց տվող բառ կապակցությունը` սրա (բարդ) բառ-ստորոգյալն է, իսկ է-ն էս խոսքի բայն է` հանգույցը, կոպուլան: Շրջենք էս խոսքը.

“Def” 7a. Գործողություն ցույց տվող բառը բայ է (6)

Էս ասույթի բառ-ենթական գործողություն ցույց տվող բառը կապակցությունն է, իսկ բառ-ստորոգյալն է` բայ բառը:

Ցավն էն հանգամանքն է, որ շատ-շատ բառ կա, որ գործողության իմաստ ունի, բայց ոչ թե բայ է, այլ գոյական, քանզի սրանք ունեն գոյականի բոլոր-բոլոր հատկություններն անխտիր, ու չունեն բայի դեմքի ու ժամանակի գաղափարներն ու վերագրելու (ստորոգելու) հատկությունը:

Օրինակ, հուզմունք, վեճ, վրդովմունք, կռիվ, պատերազմ, տուրուդմփոց, երկրաշարժ, հրաբուխ, հոսանք, պտույտ, գործողություն (սրանցից էլ լավ գործողություն ցույց տվող բա՞ռ) ևն, ևն:

Ակնհայտ է, որ (5)-ի ու (6)-ի անշրջելիության պատճառով ՀԱՔ-երի բայերի ու գոյականների բազմությունները խառնվում են իրար:

Մասնավոր առումով, խաղալ բառը, ինչն ըստ Def 4.-ի գոյական է ու «հայերենում բայական ոչ մի ֆունկցիա չունի» [1-5], ըստ ՀԱՔ-երի, դառնում է բայ, չնայած դեմք չունի, որ իր իմաստը ստորոգի-վերագրի այդ դեմքին:

Էս խառնաշփոթի պատճառով էլ.

  1. Մ. Աբեղյանն ասում է, թե հայերենի անորոշ դերբայը միմիայն գոյական է [1, 3], ՀԱՔ-երն ասում են, թե անդեմ բայ է [44, 46, 59, 60] (sic!):
  2. Մ. Աբեղյանն ասում է, թե հայերենն անդեմ բայ կամ նախադասություն չունի [1, 3], ՀԱՔ-երն ասում ենթե ունի [44, 46, 59, 60]:
  3. Մ. Աբեղյանն ասում է, թե` բայ չկա, ուրեմն նախադասություն էլ չկա [1, 3], ՀԱՔ-երն ասում ենթե կա [59, 60]: Ու ըստ ՀԱՔ-երի, հնարավոր է, որ հայերենի ամե՛ն մի բառն էլ, բառակապակցությո՛ւնն էլ լինի նախադասություն, ևն, ևն:

(Էս «ևն»-ների թիվը, գլխավորներն ու երկրորդականներն իրար հետ հաշված, հարյուրներ է: Սա, մեղմ ասած, շատ է, եթե հիշենք, որ, օրինակ, մաթեմատիկայի նույնիսկ տարրական շարադրանքի մեջ նույնիսկ մեկ հատիկ է՛լ չէր լինում):

ՀԱՔ-երի սահմանումների մեծ մասը խախտում է դասական տրամաբանության պահանջները, ու էս խառնաշփոթն ուղղակի մղձավանջային է:

Ահա թե ինչ է պատահում, երբ դպրոցական դասընթացներից սկսած` անտեսում են տրամաբանության պահանջած սահմանման շրջելության ու ստորոգյալի հայտնիության պարտադիր նորմերը:

***

ԹՎԱԿԱՆ-ԳՈՅԱԿԱՆ ԶՈՒՅԳԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ (ԴԱՍԱ)ԳՐՔԵՐՈՒՄ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Արդի հայերենի (դասա)գրքերը, իրենց «ծագում ու ծննդով», համարյա լրիվ են թարգմանական, (ինչը, հաշվի առնելով պատմական ու զանազան այլ հանգամանքները, բնական է ու ցավալի), ուղղակի հեղեղված են քերականական օտարաբանություններով [1-5, 40-46]:

Էս ցավալի իրողության հետևանքով արդի հայերենի գրական ոճերն ու ողջ գրականությունը, համարյա լրիվ, ծանրաշունչ են, խրթին ու ու անընդհատ հեռանում են իրենց հիմք ու ծնող բարբառից, ու քիչ-քիչ դառնում են ժողովրդի մեծ մասին անհասկանալի, ուրեմն, նաև խորթ:

Սրա՛ համար է, որ Հայ Սփյուռքի արևմտահայերենով խոսողները պահանջում են, որ հայաստանցիները փոխեն իրենց ուղղագրությունը, կարծելով, թե արևելահայերենի ուղղագրությո՛ւնն է պատճառը, որ իրենք արևելահայերենը վատ են հասկանում, ու չգիտակցելով, որ հենց քերականական օտարաբանություններն ու զանազան հնաբանությունները (արխայիզմներն) են պատճառը, որ արևելահայ գրական ոճերը ո՛չ միայն իրե՛նց են անհասկանալի, այլև է՛ն արևելահայերին, ովքեր շատ քիչ են առնչվում գրական ոճերին:

(Գրական ոճերին «քիչ առնչվող» արևելահայերը երբեք չեն ասում, որ էդ ոճերն իրենց անհասկանալի են, որ մարդիկ չմտածեն, թե իրենք «էնքա՛ն են տգետ», որ իրենց մայրենի լեզուն է՛լ չգիտեն:

«Սփյուռքը» սա ասում է, որովհետև արդարացնող պատրվակ ունի, ու էդ պատրվակը ուղղագրությունն է):

Քերականական օտարաբանությունները մանավանդ շատ են (շատն է՛ն խոսքը չի, դրանց քանակն ուղղակի վիթխարի է) դպրոցական ու բուհական դասագրքերում: Իսկ սա շատ ցավալի է, որովհետև մանուկները փոքրուց վարժվում են սրանց ու հետո ողջ կյանքում համարում են, որ սրանք հայերեն են, հետո էլ բուհական դասագրքե՛րն ու մեր էսօրվա ողջ գրականությունն են խորացնում ու հաստատում էս համոզմունքը: Էս հայերի մի մասը, դառնալով դասախոս ու ուսուցիչ, իրենց սաներին «կրթում է» հայերենին խորթ ու օտար էս գրական ոճերով:

Ժա՛մն է, որ էս արատավոր օղակը քանդվի ու վերանա, բայց սրա համար պետք է, որ էս երևույթի պատճառները պարզվեն, ու նախ պարզվի, թե ո՛րն է էն սկզբունքը, ինչով պիտի վճռվի, թե լեզվական տվյալ երևույթը հայերե՞ն է, թե՞ օտար:

Հայերենի լեզվաբանությունը երբևէ չի ձևակերպել ու երբևէ հետևողական ու տրամաբանական խստությամբ չի կիրառել էդ սկզբունքը, ու մեր գրական ոճերը հենց սրա՛ համար են հեղեղված քերականական օտարաբանություններով:

Բայց էս սկզբունքը վաղուց է հայտնի, օրինակ, անգլիացիներին [24] ու ռուսներին [71. տես նաև` 72-ը. վերջին գործը գրված է հենց է՛ս սկզբունքով, ու սա ցարական ողջ Ռուսաստանի դասագիրքն էր]:

ԼԵԶՎԻ ԳԼԽԱՎՈՐ ՕՐԵՆՔԸ

Լեզուն ու սրա պես համակարգերը, (օրինակ, ազատ շուկան), ինքնակազմակերպ են ու ինքնակառավար: Սրանց (ու նաև լեզվի) ապագան, սկզբունքով իսկ, լրի՛վ է անհայտ:

Էս անհայտությունից էլ բխում է, որ. Անհնար է, որ որևէ անհատ կամ անհատների որևէ փոքր խումբ (մեր Ակադեմիայի կամ Լեզվի տեսչություն կոչվածի պես մեկը կամ մի քանիսը) մարդկային ծրագրով կառավարի ողջ հանրության կենդանի լեզուն (տես 13-ի ներածական հատորը):

Սրա համար է, որ անգլիալեզու ժողովուրդները, մոտ մի դար առաջ, աքսիոմ են համարել մի սկզբունք [24], ինչով ղեկավարվում են թե՛ լեզվաբանության մեջ, թե՛ գրական ոճերում, ու թե՛ թատրոնում, հեռացույցում ու կինոյում:

Ես էս սկզբունքին ի՛նքս եմ հասել (հասել եմ ստիպված), ու սա ընդհանրացրել ու անվանել եմ Լեզվի Գլխավոր Օրենք (ԼԳՕ): Անգլիացի նշանավոր լեզվաբան Հենրի Սվիթի (Henry Sweet, 1845-1912, sic!) ձևակերպածով [24], ու իմ լրացրածով [40-46] Լեզվի Գլխավոր Օրենքն ասում է.

Որևէ (կենդանի) լեզվի, այսինքն, բարբառի կամ, ավելի ճիշտ, խոսվածքի ամե՜ն-ամե՛ն ինչը, լինի դա՝ հնչյունաբանություն, բառակազմություն, ձևաբանություն, շարահյուսություն, թե նույնիսկ՝ առոգանություն, արտասանություն, ձայնարկություն ու միմիկա ու ժեստ, ճի՛շտ է, «բնի՛կ» է, ընտի՛ր է, սիրո՛ւն է ու ա՛նպայման ընդունելի է՝ հենց էն միակ պատճառով, որ էդ խոսվածքը կրողների ՄԵԾ ՄԱՍԻ խոսքի մեջ ուղղակի կա՛, գոյությո՛ւն ունի (ու ոչ թե լեզվաբանների կամ ուրիշ մարդկանց ասելով կամ ցանկությունով):

Գիտությունը բարբառի իսկական կրող է համարում միմիայն ուսումից համարյա զուրկ մարդկանց, մանավանդ, հլը դպրոց ու նաև պարտեզ չգնացող մանուկներին, ովքեր շատ քիչ են առնչվում գրական ոճերին, այսինքն, ժողովրդի մեծագույն մասին (ինչքան էլ որ էս դրույթը դուր չգա «ուսյալներին»):

ԼԳՕ-ից բացի, լեզվական երևույթի ճիշտ ու սխալը, սիրունն ու տգեղը, ընդունելին ու անընդունելին որոշելու ուրիշ ոչ մի օրենք, մարդուց անկախ ոչ մի ուրիշ չափանիշ` ուղղակի չկա. չկա ողջ աշխարհում:

(Նկատելի է, որ Հովհաննես Թումանյանն ասում է [26] «գրական կոչված լեզու», ոչ թե՝ «գրական լեզու»: Սա շատ կարևոր է, որովհետև լուրջ, գիտական լեզվաբանությունը «գրական լեզու» հասկացությունը չունի: Հնդեվրոպական լեզվաբանությունը, լեզու ասելով, նկատի ունի միայն ու միայն կենդանի, «խոսակցակա՛ն» լեզուն, բարբա՛ռը, խոսվա՛ծքը, նույնիսկ եթե լեզվի հին ու արդեն մեռած վիճակներն ուսումնասիրում է միայն գրական հուշարձաններով:

(Լեզուն ո՞նց պիտի խոսակցական չլինի, եթե խոսքը ինչ-որ մեռած լեզվի կամ մաթեմատիկական «լեզվի» մասին չի):

Ուրեմն, ավելի ճիշտ կլինի, եթե «գրական լեզու» բառերի տեղն ասվի՝ «գրական ոճեր»: Առհասարակ, «գրական լեզու» ասելով, մեծ մասամբ՝ նկատի ունենք լրագրողների ու միջակ գրողների ու սրանցից սովորած հայերենի դասատուների անհատական ոճերի «միջինը», իսկ էս ոճերը, համարյա առանց բացառության, ուղղակի այլանդակ են:

Սրա համար էլ, «լեզու» ասելով, նկատի կառնեմ միայն որևէ բարբառը, ավելի ճիշտ, խոսվածքը: «Գրական լեզու» կապակցության տեղն էլ կասեմ «գրական ոճեր», որովհետև.

Գրական ոճերը լեզվի բոլոր հատկանիշները չի, որ ունեն, ուրեմն, սրանց լեզու ասելը, գիտության տեսանկյունից, ճիշտ չի:

Օրինակ, գրական ոճերը չունեն անալոգիայի մեխանիզմով անընդհատ ինքնամաքրվելու հատկությունը (տես ստորև), ինչի շնորհիվ կենդանի լեզուն, այսինքն, էսօրվա բարբառներն ու խոսվածքները, օտար քերականական երևույթները չեն վերցնում, չնայած, օտար բառ՝ շատ հեշտ են վերցնում:

Իսկ հայերենը հայերեն է մնում ոչ թե բառապաշարը «մաքրելու»,

այլ հենց քերականությա՛ն շնորհիվ:

ԻՆՉՈ՞Ւ Է ԼԳՕ-Ն ՃԻՇՏ,

ՈՒ ԻՆՉՈ՞Ւ ՈՒՐԻՇ ՆՄԱՆ ՉԱՓԱՆԻՇ ՉԿԱ

Կենդանի լեզվի մեջ երկու գլխավոր մեխանիզմ կա:

Մեկը կապկելու, ընդօրինակելու կամ անալոգիայի մեխանիզմն է, ու սա լեզուն քիչ թե շատ հաստատուն ու անփոփոխ է պահում:

Իրոք, մենք մայրենի լեզուն սովորում ենք կապկելով, մեր ծնողներից ու իրարից: Ու սկսած վաղ մանկությունից` մեր ծնողներն ու հարազատներն անընդհատ ուղղում են մեզ ու ստիպում, որ ճիշտ կապկենք: Իսկ երբ դուրս ենք գալիս փողոց ու հասարակություն, ձգտում ենք՝ ուրիշներից տարբեր չխոսենք:

(Կամ էլ` իրավունք ունենք ասելու` «ձգտում ենք ուրիշներից տարբեր չխոսելուն», ու ոչ թե «ձգտում ենք ուրիշներից տարբեր չխոսել»: Էս վերջին ձևը, ըստ ԼԳՕ-ի, հայերեն չի, ռուսիզմ է: Լեզվի տեսչություն կոչվածն ու մեր լեզվաբանությունն էս կարգի սխալները տեսնելուց անսահմա՛ն են հեռու):

Լեզվի մյուս մեխանիզմը՝ անհատական խոսքի մանրիկ, չնչին, աննկատելի «սխալներն» են, կամ ավելի ճիշտ՝ էս տեսակ անխուսափելի սխալների հնարավորությունն ու իրավունքը:

Կենդանի լեզուն բաց ու անսահման բարդ մի սինեռգետիկական [13, 40-42, 44, 46, 64, 65, 73] համակարգ է, ու առանց էս աննշմար անհատական «սխալների» (ֆլուկտուացիաների, կասեին սինեռգետիկայի հետևորդները կամ ֆիզիկոսները), լեզուն չէր գործի, որովհետև կկորցներ կյանքում անընդհատ պատահող նոր վիճակներին հարմարվելու իր հույժ հարկավոր հատկությունը, ադապտացիայի՛ հատկությունը:

Մենք մեր անհատական լեզուների տարբերություններն ու անհատական «սխալները» չենք զգում: (Մեր ուղեղի համար լրիվ հերիք է, որ ճանաչի միայն «ֆոնեմները», այսինքն, «միջինները». ֆոնեմ բառն էստեղ գործածում եմ համարյա Հյումի իդեաների իմաստով [48-50]):

Բայց աշխարհում չկա նույնիսկ երկու ճիշտ իրար պես խոսող մարդ: Սա միայն է՛ն ժամանակ ենք զգում, երբ մի տաղանդավոր դերասան մեկնումեկի տնազն է անում: Ուրեմն, անհատական «սխալները», շեղումները (ֆլուկտուացիաները) անխուսափ են, ու լեզուն, մեծ մասամբ, ա՛յ հենց սրա՛նց պատճառով է անընդհատ փոխվում:

Այ, էս երկրորդ մեխանիզմը, էս անխուսափ ու մանրիկ սխալներն էլ` հե՛նց լեզվի պարտադիր փոխվելու պատճառն են:

Աշխարհում չկա լեզու, ինչը չի փոխվել ու անընդհատ չի փոխվում:

Փոխվելը լա՛վ գիտենք: Վկան, օրինակ, մեր գրաբարն ու մեր բարբառները: Փոխվելու անընդհատությունը չենք նկատում, որովհետև լեզուն նկատելի փոխվում է միայն հարյուրամյակների ընթացքում:

Էս աննկատության պատճառն էլ՝ անալոգիայի մեխանիզմի ու անխուսափ սխալների համատեղ գործողությունն է, ինչը լեզուն պահում է մի «քվազիդինամիկ հավասարակշռության» մեջ (տերմինը ֆիզիկայից է), ու չի թողնում, որ լեզուն շատ արագ փոխվի, ինչը շատ անհարմար բան կլիներ:

Լեզուն էնքա՜ն է բարդ ու անսահման, որ առանց անհատական սխալների էս հնարավորության ու իրավունքի, լեզու սովորելն ու խոսելն ու լեզվական «նոր իրավիճակներին» հարմարվելն անհնար կլիներ, քանզի էդ ժամանակ անսխալ խոսելը կպահանջեր անսահման բարդ ու անսահման ծավալուն ու անընդգրկելի մաթեմատիկական ճշտություն ու տաղանդ, ինչը երևի ոչ մեկը չի ունեցել ու չունի:

Բայց էս ճշտությունը պետք չի, ու սա նաև լրիվ ավելորդ է, որովհետև (ու փառք աստծո).

Լեզուն առաջացել է միայն ու միայն խոսելու համար, միայն ու միայն ասելու, լսելու, լսածը քիչ թե շատ հիշելու ու ուրիշներին փոխանցելու համար, ու ոչ թե «ընտիր ձևով» ասելու, «ընտիր ձևով» լսելու ու «ընտիր ձևով» փոխանցելու համար:

Ու զարմանալի է, որ էսքան «անկատար» գործիքը, հենց էս անպայման սխալական լեզո՛ւն է հնար տալիս, որ իրենով ոտանավոր է՛լ գրվի, վեպ է՛լ, մաթեմատիկա է՛լ, փիլիսոփայություն է՛լ, ու հլը հազար ու մի ուրիշ բան է՛լ: (Լեզուն մարդկային ողջ գործունեությունը հնչավորելու միջոցն է [34-38, 55]):

Կենդանի լեզուն, այսինքն, բարբառը կամ խոսվածքը, էնքան բարդ բան է, ինչքան օրինակ՝ մի երկրի տնտեսությունը, շուկան, փողի ինստիտուտը ևն, ու սրանց պես էլ անպայման փոփոխական է, անպայման է բառ փոխ առնում ու անպայման էլ գուշակելի չի:

Ավստրիական դպրոցի տնտեսագետներն ապացուցել են, որ ասածս.

Գերբարդ ու բաց համակարգերը, ու սրանց հետ էլ՝ նաև լեզուն, չեն ենթարկվում մարդու կամ մարդկանց խմբերի գիտակցական ծրագրերին

[34-38, 55. տես նաև 13-ի ներածական հատորը]:

Եթե սրանց պես բարդ համակարգերին ստիպես, որ սրանք ենթարկվեն մարդկային ինչ-որ մի ծրագրի, «չե՛ն լսի», չե՛ն ենթարկվի էդ ծրագրին, ու էդ ծրագրի հետևանքն էդ ծրագրածից անպայման մի անսպասելի տարբեր, մի ուրի՛շ բան կլինի [տես նաև` 34-38-ը], (ինչքան էլ որ մեր Լեզվի տեսչությունն ու մեր լեզվաբանները ծրագիր կազմեն ու լեզուն կառավարելու փորձ անեն):

Հենց էս պատճառներով էլ` պիտի լեզվի տվյալ պահին արդեն ԸՆԴՀԱՆՐԱՑԱԾ լեզվական բոլոր երևույթներն էլ համարենք ճիշտ, ընտիր ու անպայման ընդունելի, որովհետև եթե ուրիշ մի «հավերժական» ու «ճշգրիտ» սկզբունքով որոշենք լեզվական երևույթի ճիշտն ու սխալը, էս ուրիշ «ճշգրիտ» սկզբունքը, ի վերջո, անպայման կդադարի ճիշտ լինելուց, քանզի լեզուն անպայման է փոխվում, իսկ փոխվելու ուղիներն էլ կատարյա՛լ են անհայտ:

Ուրեմն.

Լեզվի Գլխավոր Օրենքն անպայման է ճիշտ, ու սրան այլընտրանք չկա:

ԹՎԱԿԱՆ-ԳՈՅԱԿԱՆ ԶՈՒՅԳԻ

ԳՈՅԱԿԱՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԵԶԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ,

ՈՒ ԲԱՅԻ ՀԵՏ ԷՍ ԶՈՒՅԳԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Բերեմ ասածը (ԼԳՕ-ի իրավությունը) հաստատող միայն մի օրինակ:

Էսօրվա հայերենի կենդանի բարբառները, երբ էլ որ գոյականը լրացնեն թվականով, գոյականն անպայման դնում են եզակի թվով, միշտ ու ամենուր:

Ահա մի քանի օրինակ.

1. Երկու տրակտոր ունեմ: Հինգ հողափոր բանվոր կա: Քանի՞ մատիտ մնաց: Երկնքից երեք խնձոր ընկավ: Վաղը շատ մարդ կգա: Տասնհինգ հատ տնական թարմ ձու տո՛ւր, մեկ էլ` վեցը մեծ ու լավ հասած ձմերուկ կշռի՛: Որ վեց խողովակն ավազանը լցնի չորս ժամում, երկու խողովակն էլ կլցնի տասներկու ժամում: Զսպանակից կախած է երկու նյութական կետ: A և B կետերի արանքը կա անսահման քանակով կետ: Երեկ մեր տունը քսանհինգ ջահել ու սիրուն աղջիկ էր էկել, ևն: Էսօր հարուր մարդ էկավ, որ էս փոսը փորի: Որ հազար հոգի էլ գա, բան չի կարա անի:

Անտառում շատ արջ կա: Սեղանի վրա լիքը խնձոր կա: Տանը քանի՞ հոգի կա: Մի քանի մատիտ տուր: Հազար ու մի գործ ունեմ: Քանի՜-քանի մարդ մեռա՜վ: Հազարներով (հազարավոր) մարդ կոտորվեց: Էնքան լոր խփեցի(նք), որ տեղ ու դադար չկար: Ինչքա՜ն գործ կանեի(նք):

2. (Մենք) Տանը հինգ երեխա ենք: (Ես) Տասներկու լոր խփեցի: (Մենք) Տասներկու լոր խփեցինք: Աշոտը Սուրենին վեց մատիտ տվեց: (Մենք) Տասնմեկ հոգով գնացինք որսի: (Դրանք) Տաս հազարանոց բանակ էին: (Էտի) Տաս հազարանոց բանակ էր: (Ես) Չորս տանձ կերա: (Մենք) Չորս տանձ կերանք: (Ինքը) Էրկու հոգով ա (այսինքն, հղի է): (Դուք) Երկու հոգով եք (դաս անում, ևն): (Դու) Քիչ կով ունես: (Ինքը) Շատ կով ունի: Քսան կովից մնաց հինգ (կով): (Ես) Քեզնից մեծ եմ հինգ տարի (տարով): Սա պատահեց վերջին հինգ տարին(ում), ևն:

Առաջին խմբի օրինակներում ընդգծած թվական-գոյական զույգը, տեղ-տեղ` որոշիչներն էլ հետը, ենթակա է (կամ «ենթակայի խումբն» է, կամ էլ՝ «բարդ ենթական» է ևն, ինչպես կուզեք) այսինքն, լրացնում է նախադասության բայի դեմքը: Էս բոլոր օրինակներում էլ բայը միայն ու միայն եզակի է:

Երկրորդ խմբի օրինակներում ընդգծած է ենթական, իսկ թվական-գոյական զույգը ենթակա չի, բացի վերջին հինգ կովը:

Արդի հայերեն լեզուն (այսինքն, կենդանի բարբառները ու ոչ թե գրական ոճերը), թվականի հետ գոյականը էնքան կտրուկ է եզակի թվով գործածում, որ գոյականի հոգնակիով գործածությունը երբեմն խիստ անսովոր է ու նույնիսկ ծիծաղելի: Օրինակ. երկու քթեր, հինգ ձվեր տվեք, ևն: Իրոք, ո՞վ կմտնի խանութ ու կասի. «Երեք ձմերուկներ կշռեք ու հինգ ձվեր տվեք»:

Վարվելով Լեզվի Գլխավոր Օրենքին համաձայն, այսինքն, բերված օրինակներից եզրակացություններ անելով ու դրանք ընդհանրացնելով, ունենում ենք երկու օրենք կամ կանոն, որոնք գործում են մեզնից անկախ, այսինքն, ուզենք, թե չուզենք: Ահա դրանք:

ՕՐԵՆՔ 1. Էսօրվա հայերենի թվական-գոյական զույգի գոյականը միշտ ու պարտադիր եզակի է, անկախ այն հանգամանքից, թե զույգի արանքը որոշիչ կամ որոշիչների խումբ կա, թե` չէ:

ՕՐԵՆՔ 2. Եթե էսօրվա հայերենի նախադասության թվական-գոյական զույգն էդ նախադասության բառ-ենթական է, (այսինքն, նախադասության բայի դեմքի լրացումն է), բայը պարտադիր դրվում է եզակի թվով: Իսկ եթե թվական-գոյական զույգը ենթակա չի (այսինքն, կամ բառ-ստորոգյալ է, կամ խնդիր է, կամ պարագա (տերմինները գործածում եմ [3]-ի ու [5]-ի իմաստով)), բայը թվով պարտադիր համաձայն է բառ-ենթակային:

Ասվածը վերաբերում է նաև անորոշ կամ հարաբերական թվականներին (որ օրինակների մեջ ընդգծել եմ), այսինքն, շատ, քիչ, քանի, լիքը, հազարավոր, բազում, բազմաթիվ, այնքան, այդքան, էսքան, ինչքան, որքան, անվերջ (շատ, քիչ), անսահման, և այլ բառերի պես բառերին:

Ուրեմն, հետևյալ ձևերը, որ չափազանց շատ են մեր գրական ոճերի մեջ, անպայմա՛ն են սխալ, ու ոչ միայն սխալ են, այլև հայերեն չեն (սխալ ձևերը հաստացրել ու ուղղել եմ):

(Հայերեն էլ չեն, քանզի հայերի մեծագույն մասը սրանք չի գործածում: Հայերենության ուրիշ ոչ մի չափանիշ չի եղել, չկա ու չի էլ լինի):

3. Երկու տրակտորներ ունեմ: Հինգ հողափոր բանվորներ կան: Աշոտը Սուրենին վեց մատիտներ տվեց: Քանի՞ մատիտներ մնացին: Երկնքից երեք խնձորներ ընկան: Վաղը շատ մարդիկ կգան: Տասնհինգ հատ տնական թարմ ձվեր տվեք, մեկ էլ` վեցը մեծ ու լավ հասած ձմերուկներ կշռեք: Որ վեց խողովակներն ավազանը լցնեն չորս ժամում, երկու խողովակներն էլ կլցնեն տասներկու ժամում: Զսպանակից կախված են երկու նյութական կետեր: A և B կետերի միջև կան անսահման քանակով կետեր: Երեկ մեր տունը քսանհինգ ջահել ու սիրուն աղջիկներ էին եկել: Անտառում շատ արջեր կան: Սեղանի վրա լիքը խնձորներ կան: Տանը քանի՞ հոգիներ կան: Մի քանի մատիտներ տուր: Հազար ու մի գործեր ունեմ: Քանի՜-քանի մարդիկ մեռա՜ն: Հազարավոր մարդիկ կոտորվեցին: Էնքան լորեր խփեցինք, որ տեղ ու դադար չկար: Ինչքա՜ն գործեր կանեի:

4. (Մենք) Տանը հինգ երեխաներ ենք: (Ես) Տասներկու լորեր խփեցի: (Մենք) Տասներկու լորեր խփեցինք: (Մենք) Տասնմեկ որսորդներով գնացինք որսի: (Ես) Չորս տանձեր կերա: (Մենք) Չորս տանձեր կերանք: (Ինքը) Երկու հոգիներով է: (Դուք) Երկու հոգիներով եք: (Դու) Քիչ կովեր ունես: (Ինքը) Շատ կովեր ունի: Քսան կովերից մնացին հինգը (կովեր): Ես քեզանից մեծ եմ հինգ տարիներ: Սա պատահեց վերջին հինգ տարիների ընթացքում, ևն:

Գրական ոճերի էս սխալ ձևերը, ինչպես ասել եմ, մեծ մասամբ ռուսերենից են, իսկ արևմտահայերենում` եվրոպական լեզուներից:

(Անկասկած, էս ձևերից մի քանիսն առաջացել են մեր գրաբարի ձևերին կույր-կույր կապկելով: Բայց սա է՛լ ընդուելի չի, որովհետև ճիշտ ընդօրինակությունը սխալ արդյուք չպիտի տար: Երկրորդ, հենց գրաբարը` քերականական կլիշե շատ ունի, մանավանդ, սկսած մեր հունաբան հեղինակներից: Սրանց ընդօրինակությունը, անպայման, սխալ ձևեր կծնի):

Ռուսերենի (նաև օրինակ, անգլերենի) գոյականը թվով մի՛շտ է համաձայն թվականին: Օրինակ.

К нам вчера пришли двадцать пять молодых и красивых девушек.

Я убил много медведей.

Мы убили много медведей.

Twenty five young and beautiful girls came to our home yesterday.

I shot many bears.

We shot many bears.

There are many bears.

«Ուսյալ» հայը, եթե իր ելակետը Արարատյան բարբառի քերականությունը չի, հետևելով գրական ոճերին ու կույր-կույր պատճենելով օտար լեզուների «լեզվամտածողությունը», իր մտքում պատճենն սկսում է հոգնակի բայից ու հոգնակի գոյականից (ռուսերենից թարգմանելիս), իսկ անգլերենից` մեծ մասամբ` հոգնակի գոյականից կամ հոգնակի ենթակայից (այսինքն, Пришли-եկան, убил-խփեցի, убили-խփեցինք, bears-արջեր կամ There are-Կան բառերի պես բառերից) ու, ստիպված, թվական-գոյական զույգի գոյականը հայերենով է՛լ է դնում հոգնակիով, ու հորինում է հետևյալ սխալ ու անընդունելի (ոչ հայերեն ձևերը).

Երեկ մեր տունը քսանհինգ ջահել ու սիրուն աղջիկներ էին եկել:

Շատ արջեր խփեցի:

Շատ արջեր խփեցինք:

Շատ արջեր կան,

փոխանակ հայավարի գրի.

Երեկ մեր տունը քսանհինգ ջահել ու սիրուն աղջիկ էր եկել:

Շատ արջ խփեցի:

Շատ արջ խփեցինք:

Շատ արջ կա:

Սրանից է, որ մեր գրական ոճերի անհարկի հոգնակիների քանակն ուղղակի վիթխարի է, այնինչ, «չուսյալ» բարբառախոսը երբեք էսպիսի սխալ չի անում:

Էստեղ մի ուրիշ հարց էլ կա: Մեր քերականներից ոմանք պնդում են [66], թե իբր.

«Հայերենի թվական-գոյական» զույգի գոյականը գերազանցապես դրվում է եզակիով, բայց կարող է և հոգնակի լինել, եթե թվական-գոյական զույգի միջև որոշիչներ կան»:

Էս սխալ եզրակացության ու թվական-գոյական զույգի սխալ գործածության պատճառը, բացի հենց նոր ասվածը, Լեզվի Գլխավոր Օրենքի չիմացությունն է, նաև է՛ն հանգամանքը, որ երբ թվական-գոյական զույգի արանքը որոշիչներ կան, «գրագետը», թարգմանելիս, մինչև իր մտքում թվականից հասնում է գոյականին, թվականի մասին արդեն «մոռացած է լինում», մանավանդ որ էդ զույգը գործածողը, ռուսերենի ու գրական սխալ ոճերի ազդեցությամբ, բայն արդեն հոգնակիով է դրած լինում կամ հոգնակիով է դնում հենց է՛դ ազդեցության սովորությամբ: Սովորության ուժը շա՜տ զորավոր բան է:

(Իհարկե, միշտ չի, որ թվական-գոյական զույգի գոյականը հոգնակիով են դնում: Երբեմն էս սխալ հոգնակին շատ քիչ են գործածում: Օրինակ, քիչ են ասում՝ «մի քանի հոգիներ, երկու քթեր» ևն):

Իսկական մայրենի լեզվի, այսինքն, բարբառի ազդեցությամբ` գրական ոճերի մեջ եզակիով գործածությո՛ւն էլ է հանդիպում, ու շատ-շատ անգամ էս երկու ճիշտ ու սխալ գործածությունն իրար հետ է լինում, նույնիսկ հենց մի նախադասության մեջ: Օրինակ. «Գրավեցին երեք գյուղ և գերի վերցրեցին տասներկու ազերիներ» ևն:

Վերի երկու օրենքից մի զարմանալի բան է բխում:

Արդի հայերենի բոլոր բարբառները թվական-գոյական զույգը «համարում են» հավաքական (եզակիով գործածվող) գոյական: Ինչո՞ւ է լեզվի էվոլյուցիան էսպիսի բան ստեղծել, անհայտ է, ու սա արդեն ստուգաբանելու հարց է: Բայց փաստ է, որ ստեղծել է, ու սա արդեն լեզվի արդի՛ վիճակի օրենքն է:

Բարբառախոսներն ու գրականին քիչ շփվողները նման սխալ չեն անում: Այնինչ, գրական ոճերի կողմնակիցները (չհավատալով Լեզվի Գլխավոր Օրենքին կամ սա չիմանալով, ու արհամարհելով բարբառներն ու մանավանդ` Երևանի խոսվածքը, ինչը չափազանց հաճախ անվանում են «փողոցային, ժարգոն, զզվելի, գռեհիկ» ևն), «մոռանում են», որ.

Գրական ոճերի հիմքը պիտի անպայման լինի Արարատյան բարբառն ու սրա ամենազորավոր խոսվածքը` Երևանի խոսվածքը, ու սա մոռանալով` հազար միլիարդ անգամ են թվական-գոյական զույգը սխալ գործածում

ու երբեք չեն նկատում իրենց սխալը:

Հենց սրանք են էն գլխավոր պատճառները, որ մեր լեզվի «անաղարտության» համար պայքարողները (օրինակ, Լեզվի տեսչություն կոչվածը), ովքեր իբր օտարաբանությունների դեմ են պայքարում (բայց միայն ու միայն «օտար» բառերի մակարդակով) մինչև էսօր չեն նկատել թվական-գոյականի գործածության վերի երկու օրենքը:

(Տես, օրինակ 3-ն ու 6-ը, որոնց մեջ էս սխալներից անսահման շատ կա: Աբեղյանի էս գործի հենց վերնագիրը պիտի լիներ. Մի քանի քերականական խնդրի մասին (ոչ թե` խնդիրների, ինչպես Աբեղյանն է գրել), իսկ Աճառյանի ութ հատորանոց հանրագիտական կոթողի վերնագիրն է. Հայոց լեզվի լիակատար քերականություն` համեմատությամբ 562 լեզուների, բայց հենց վերնագիրն ունի՛ ասածս սխալը, ու պիտի լիներ. ...համեմատությամբ 562 լեզվի):

Մեր դասագրքերն ու ողջ գրականությունն ուղղակի հեղեղված են` երկու բանվորներով, երկու դասարաններով, երկու տրակտորներով, երկու աշակերտներով, երկու խողովակներով ևն: Այսինքն, էս կարգի քերականական սխալների թիվը միլիարդների է հասնում:

Միայն իսկական հայերենները, այսինքն, հայերենի կենդանի բարբառները (օրինակ, զզվելի ժարգոն համարվող Երևանի խոսվածքը, ու ոչ թե գրական լեզու կոչված գրական խրթին ու տգեղ ոճերը), քերականական սխալ երբեք չեն անում, որովհետև անալոգիայի մեխանիզմը միշտ ուղղում է «միջինից» տարբեր ձևերը:

Իսկ գրական ոճերի քերականական սխալները շատ ավելի վտանգավոր են, քան օտար բառի գործածությունը, որովհետև սրանք, միանալով խոսվածքն արհամարհելու ողբերգական ավանդույթին, լեզուն հեռացնում են հայերեն լինելուց, ու ունակ են լեզուն, ի վերջո, սպանելու:

Բայց մենք, մեր լեզվաբաններն ու Լեզվի տեսչություն կոչվածն էլ հետները, քերականական սխալները երբեք չենք նկատում, որովհետև սրանք նկատելը շատ-շատ ավելի դժվար է, քան հայրենասերի կեցվածքով օտար բառերի դեմ «պայքարելը» (ու երբեմն ավելի դժվար է, քան բառի գիտական ստուգաբանությունը):

Ու սրանք, էսպես վարվելով, զուտ գիտական-լեզվաբանական հարցերը քաղաքականացնում են, կամ, ինչպես Լեզվի մեր տխրահռչակ տեսչությունն է անընդհատ հայտարարում, «լեզվական քաղաքականություն են վարում», առանց տիրապետելու լեզվաբանություն կոչվող գիտությանը:

Ի՞նչ կասեինք այն մարդուն, ով առանց բժշկություն իմանալու` հայտարարում է, թե պիտի «բժշկաքաղաքականություն վարի»,

այսինքն պիտի հիվանդին վիրահատի:

Վ Ե Ր Ջ

Հետգրություն

Առաջին հրատարակությունից հետո ինձ լուրեր հասան, թե գրել եմ, որ Կոմիտասը առհասարակ դեմ էր նվագարաններին: Ես էդ տեսակ բան չեմ գրել, ոչ էլ Կոմիտասն է նման բան ասել: Մանուկ Աբեղյանի պատմելով (Երկեր, Է հատոր, էջ 420) Կոմիտասը երազում էր՝ կոնսերվատորիա հիմներ, ինչի կեսը լիներ եվրոպական, կեսը՝ հայ ազգային ու արևելյան:

Կոմիտասը դեմ էր միայն զուռնային, ինչը իր կարծիքով սպանում էր հայ երգն ու պարը: Կոմիտասը համարում էր, որ փողն ամենավսեմ նվագարանն է, ու երազում էր՝ փողերից կազմված նվագախումբ ունենա: Սրանից չի հետևում, թե Կոմիտասը դեմ էր, օրինակ, դուդուկին: Բայց սրանից անպայման է հետևում, որ Կոմիտասը փողը շատ ու շատ ավելի բարձր էր դասում դուդուկից:

Նույնն էլ ասում եմ մեր երգ ու պարի մասին: Մերը չքնաղ էր ու վեհապանծ: Սա պիտի պահեինք, ու նոր ուրիշինը փոխ առնեինք:

Կոմիտասը դեմ էր նաև, որ ուրիշի երգ ու պարը փոխ առնենք` մեր հարազատ երգ ու պարը սպանելու հաշվին: Բայց մենք հենց սա է՛լ արեցինք, ու հենց սա՛ է մեր ընդհանուր ողբերգությունը:

Ես Կոմիտասին լրի՛վ եմ համաձայն: Իմ պատմածներից չի հետևում նաև, որ դեմ եմ դուդուկին կամ մյուս նվագարաններին, կամ ուրիշների երգ ու երաժշտությանն ու պարին, ու սրանք փոխ առնելուն: Ավելին: Ես կարծում եմ (ի տարբերություն Կոմիտասի. մեղա քեզ, Տեր, որ համեմատվում եմ Կոմիտասի հետ), որ զուռնան ջազի համար հույժ խոստումնալի գործիք է:

Բայց, փոխ առնելուց հետո, սուտ չպիտի ասենք: Երբեք ու ոչ մի «վսեմ» նպատակով: Եթե դուդուկը, կամ Սայաթ Նովայի Կամ Ջիվանու մեղեդիները փոխառյալ են, պիտի ասե՛նք, որ փոխառյալ են: Սրանից միայն շահելու ենք:

Իմ ասածները շատ են ծռում, բայց միայն բանավոր: Գրով չեն խոսում: Թող ծռեն: Իրոք որ՝ լեզվի տակ ոսկոր չկա:

Գործածած գրականության ցուցակը

  1. Աբեղյան Մ. – Աշխարհաբարի քերականությունը, 1906, Վաղարշապատ:
  2. Աբեղյան Մ. – Աշխարհաբարի շարահյուսությունը, 1912, Վաղարշապատ:
  3. Աբեղյան Մ. – Հայոց լեզվի տեսություն, Լույս հր., 1931, 1964, Երևան:
  4. Աբեղյան Մ. – Երկեր, հատ Ա-Ը, ՀՍՍՀ ԳԱ-ի հրատ, Երևան:
  5. Աբեղյան Մ. – Երկեր, Ը հատոր, Մի քանի քերականական խնդիրների մասին, ՀՍՍՀ ԳԱ հր., 1985, Երևան:
  6. Աբեղյան Մ. – Գրաբարի երկբարբառները, «Նոր դար», No 187-191, 193-194, 196-197, 1890թ (տես նաև 4-րդ կեի Ը հատորը):
  7. Աբեղյան Մ. – Մեր երկու գրական լեզուի միութեան խնդիրը, «Արարարատ», 1897, սեպտեմբեր:
  8. Աբեղյան Մ. – Մեր ուղղագրության մասին, «Արարարատ» No 11, 12, 1913թ (տես նաև 4-րդ կեի Ը հատորը):
  9. Աբեղյան Մ. – Հայոց լեզվի ուղղագրության ռեֆորմի մասին, ձեռագրի իրավունքով, 1921 (տես նաև 4-րդ կետի Ը հատորը):
  10. Աբեղյան Մ. – Ուղղագրության ռեֆորմը, 1925թ (տես նաև 4-րդ կեի Ը հատորը):
  11. *Աբրահամյան Ա. Գ., – Նախամաշտոցյան հայ գիր և գրչություն, Հայաստան հր., 1982, Երևան:
  12. Адонц Н., – Дионисий Фракийский и армянские толкователи, 1915, Петроград.
  13. Աճառյան Հր. – Լիակատար քերականություն հայոց լեզվի համեմատությամբ 562 լեզուների, հատ. 1-8, 1952-1967, Երևան:
  14. Աճառյան Հր. – Հայերեն արմատական բառարան, ԵՊՀ հր., հատ. Ա-Դ, Երևան:
  15. Աճառյան Հր., Հայոց գրերը, Երևան, Հայաստան հր., 1968:
  16. Աճառյան Հր., – Հայոց լեզվի պատմություն, Բ մաս, 1951, Երևան:
  17. *Այվազյան Ս. – Հնագույն Հայաստանի մշակույթի պատմությունից, «Լույս», 1986, Երևան:
  18. Արիստոտել, Աթենական հասարակարգը, «Հայաստան», 2000, Երևան:
  19. Aristotele on the Aethenian Constitution, by F. G. Kenyon, 1904, London.
  20. Armstrong K.– Islam. A short History, 2000, Modern Library, New York:
  21. Բարսեղյան Հ. – Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, ԵՊՀ հր., 1980, Երևան:
  22. Գյուլբուդաղյան Ս. – Հայերենի ուղղագրության պատմություն, ԵՊՀ հր., 1973, Երևան:
  23. Եզեկյան Լ. – Հայոց լեզու, էջ` 232-238, ԵՊՀ հր., 2007, Երևան:
  24. Eckersley C. E. – Essential English, book 3, Longmans, Green @ Co. Ltd., London; 1967, Sofia.
  25. Թումանյան Հ., Երկերի ժողովածու, Հայաստան հր., հատ. 1- 4, Երևան:
  26. Թումանյան Հ. – Երկերի ժողովածու` չորս հատորով, 4-րդ հատոր, «Մի երկու խորհուրդ մեր գավառական մամուլին», Հայաստան հր., 1969, Երևան: Տես նաև «Հորիզոն» թերթը, 1910, փետրվարի 4, # 26, Երևան:
  27. Թերլեմեզյան Ռ. – Կոմիտաս. հոդվածներ և ուսումնասիրություններ, Պետհրատ, 1941, Երևան:
  28. *Իշխանյան Ռ. – Բնիկ հայերեն բառեր և հնագույն փոխառություններ, ԵՊՀ հր., 1989, Երևան:
  29. *Իշխանյան Ռ. – Պատկերազարդ պատմություն հայոց», , «Արևիկ», 1990, Երևան:
  30. Лихт Г.– Сексуальная жизнь в Древней Греции, 1995, Крон Прес, Москва:
  31. Խորենացի Մովսես – Հայոց պատմություն, ԵՊՀ հր., 1981, Երևան:
  32. Կոմիտասական-2, ՀՍՍՀ ԳԱ հր., 1981, Երևան:
  33. А. А. ИвинПрактическая логика, Фаир пресс, 2002, Москва.
  34. Hayek, F.A. – The Fatal Conceit: The Errors of Socialism, 1988, “Routledge”, London:
  35. Hayek, F.A. – Law, Liberty and Legislation, vol. 1, 2 and 3, Routledge, London.
  36. Hayek, F.A. – The Road to Serfdom, 1944, London, Routledge.
  37. Hayek, F.A. – The Constitution of Liberty, 1960, London, Routledge.
  38. Hayek, F.A. – Law, Legislation and Liberty , vol i, Rules and Order, 1973; vol ii, The Mirage of Social Justice, 1976; vol iii, The Political Order of a Free People, 1979, London, Routledge):
  39. Հանդես Երևանի համալսարանի, , 1991, |(90), Երևան:
  40. Հարությունյան Մ. – Թարգմանելու արվեստը, 2008, Լուսաբաց հր., Երևան:
  41. Հարությունյան Մ. – Արևելահայ գրական լեզվի էսօրվա վիճակը, «Երկիր», 1992, ապրիլի 10-ի, 11-ի ու 14-ի համարները, Երևան:
  42. Հարությունյան Մ.– Ջոնգոլիզմը, «Աղբյուր», # # 3-4, 1999, Երևան:
  43. Հարությունյան Մ. – Ինչո՞ւ են հայոց լեզվի քննությունները միշտ անարդար, «Առավոտ» օրաթերթ, 2009 թվի օգոստոսի 26-ի ու 27- ի համարները, Երևան:
  44. Հարությունյան Մ. – Մաթեմատիկայի և բնական գիտությունների դասագրքերի ոճը, «Ինտեգրալ, գիտամեթոդական բնագիտական հանդես», հատոր 11, թողարկում 2, 2008, Երևան:
  45. Հարությունյան Մ.– Արտեմիզմն ու հայ պոեզիայի ողբերգությունը, «Նոր աշխարհ», # 1 (6), 2005, Երևան: (Ընդգրկված է էս ցուցակի 15-ի մեջ, որպես դրա թարգմանական կանոնների ցուցադրության օրինակ):
  46. Հարությունյան Մ.– Թվական-գոյական զույգի գործածությունը, «Ինտեգրալ, գիտամեթոդական բնագիտական հանդես», հատոր 11, թողարկում 2, 2008, Երևան:
  47. Հյուբշման Հ. – Հայագիտական ուսումնասիրություններ, ԵՊՀ հր., Երևան, 1990:
  48. Հյում Դ. – Հետազոտություն մարդկային ըմբռնողության վերաբերյալ, «Տիգրան Մեծ», 2003, Երևան:
  49. Hume D.– Treatise on Human Nature, 1878, London:
  50. Юм Д. – Сочинения в двух томах, “Мысль”, 1966, Москва:
  51. Մալխասյանց Ստ.Մի հնչյունին մի գիր, 1910, Թիֆլիս:
  52. Մալխասյանց Ստ.Լեզվային հարցեր, 1924, «Մարտակոչ»:
  53. Մելիք-Բաշխյան Ստ. – Հայկական հնագրություն, ԵՊՀ հր., 1987, Երևան:
  54. Մեյե Ա. – Հայագիտական ուսումնասիրություններ, ԵՊՀ հր., 1978 Երևան:
  55. Mises L. – Human Action: A Treatise on Economics, 1965, Fox & Wilkes, San Francisco.
  56. *Մովսիսյան Ա. – Հնագույն պետություն Հայաստանում-Արատտա, ՀՅԴ հր. 1992, Երևան:
  57. Новое в зарубежной лигвистике, “Прогресс”, 1988, Москва.
  58. Чуковский К. – Живой как жизнь, "Правда", 1990, Москва.
  59. Պետրոսյան Հ. Հայերենագիտական բառարան, «Հայաստան», 1987, Երևան:
  60. Պետրոսյան Հ. Զ., Գալստյան Ս. Ա., Ղարագյոզյան Թ. Ա. Լեզվաբանական բառարան, ՀՍՍՀ ԳԱ հր., 1975, Երևան:
  61. Питер Лоуренс Дж.– Закон Мерфи, 1999, Москва, “Прогресс”.
  62. Պոպեր Կ. Ռ.– Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, հտ. 1, «Հայաստան», 2001:
  63. Պոպեր Կ. Ռ.– Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, հտ. 2, «Հայաստան», 2006:
  64. Пригожин, И – Время, хаос, кванты, 1988, Москва.
  65. Пригожин И., Стенгерс И., – Порядок из хаоса, 1986, Москва.
  66. Ջահուկյան Գ., Խլղաթյան Ֆ.Հայոց լեզվի ոճաբանություն, 1988, Երևան:
  67. Ֆրեզեր Ջեյմզ Ջորջ, Ոսկե ճյուղը, 1985, «Հայաստան», Երևան:
  68. Frazer James George, Adonis, Attis, Osiris, 1907, London, “MacMillan”.
  69. *Վարպետյան Ա. – Ո՞վքեր են ի վերջոյ արիացիները, «Արվեստ», 1990, Երևան:
  70. Տեր-Մկրտչյան Գ. – Հայագիտական ուսումնասիրություններ, ԵՊՀ հր., հատ. Ա. 1979, Երևան:
  71. Толстой, Л. Н. – Собрание сочинений в двадцати двух томах, том 16-ый, “О народном образовании, Воспитание и образование, Прогресс и определение образования», «Художественная литература», 1983, Москва.
  72. Толстой. Л. Н. – Собрание сочинений в двенадцати томах, том 9-ый, Новая азбука и Русские книги для чтения «Правда», 1987, Москва.
  73. Осипов А. – Самоорганизация и хаос, 1983, Москва:
  74. Чапек К.Том 7-ой, Критика слов. В плену слов, 1977, Москва, “Художественная литература.
  75. Ուտչենկո Ս. Լ., Հուլիոս Կեսար, 1980, «Հայաստան»:

ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԿՈՄԻՏԱՍԻ ԵՒ ԱԲԵՂՅԱՆԻ

ԱՆՁՆԱԿԱՆ–

ՈՒ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

logo-jpg

Պուշկինի 46

Հեռ.՝ + 374 (10) 53 96 47, + 374 (91) 42 51 63

E-mail: lusabats@netsys.am

lusabatc@mail.ru

Հրատարակչության տնօրեն և

գլխավոր խմբագիր՝ Վիտալի Ասլանյան

Կազմը` Վահան Քոչարի

Հայերենի սրբագրությունը` Գագիկ Աղեկյանի

Ռուսերենի ու անգլերենի

սրբագրությունը` Ելենա Զախարյանի

Տեխնիկական խմբագիր՝ Վահան Խաչատրյան

Տպագրված է «Լուսաբաց հրատարակչատան» տպարանում