ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵՐԿԻՐԸ ՀԶՈՐԱՑՆԵԼՈՒ

ԲԱՆԱՁԵՒԵՐԸ

«Մարդկանց խաբելը շատ ավելի հեշտ է,

քան ապացուցելը, որ իրենք խաբված են»:

ՄԱՐԿ ՏՎԵՆ

ԷԴԻԹ ՊՐԻՆՏ

ԵՐԵՒԱՆ

2024

ՀՏԴ

ԳՄԴ

Երկիրը հզորացնելու բանաձևերը / Մերուժան Հարությունյան. – Եր.: Edit Print, 2024, 168 էջ

Այս գիրքը հասցեգրվում է Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր մարդկանց: Գիրքը հայերենով առաջին անգամն է այսքան հակիրճ ու բազմակողմանի քննարկում իրեն պետություն հռչակած պետերի հնարավոր ազնիվ ու արդար վարչախմբի գոյության նկատմամբ ՀՀ-ի մտավորականության մեծագույն մասի կույր հավատի թողած կործանարար հետևանքները: Գրքի վերջին՝ 10-12-րդ գլուխները ներկայացնում են իրենց պետություն հռչակած վարչախմբի հասցըրած հարատև չարիքը նվազագույնը դարձնելու թիրախային ելակետերի գիտական, բայց ընդամենը ուրվագիծը:

This book is addressed to all people worried about the fate of Armenia and it is the first Armenian book discussing the theme of blind belief in Armenian authorities that decalred themselves an administration-state, as well as its both tragic and disastrous consequences upon the nation’s most dangerous political-economical state. The last 10-12th chapters of the book represent the scientific but only desirable targets of the main constitutional reforms for decreasing the permanent evil of this administration to its minimum.

ISBN

© Հարությունյան Մերուժան, 2024

Բոլոր իրավունքները պահպանված են: Առանց հեղինակային իրավունքի տիրոջ օրինական գրավոր թույլատրության՝ ոչ ոքի իրավունք չի տրվում շահույթ ձեռք բերելու նպատակով որևէ տեխնիկական կամ էլեկտրոնային միջոցով վերարտադրելու, թարգմանելու, մուլտիպլիկացիայի վերածելու, ապրանքանիշ դարձնելու, ընթերցելու ինտեռնետում, ռադիոյով ու հեռացույցով` այս հրատարակության և ոչ մի մասը:

ԵՐԱԽՏԱԳԻՐ

Երախտապարտ եմ օտար եզերքների իմ ընկերոջը, Տիգրան Աշոտի Ալեքսանյանին, այս գրքի տպագարության համար հարկավոր ծախսի առյուծի բաժինը հոգալու համար:

Երախտապարտ եմ նաև Կարինե Այվազյանին, Նազելի Դավոյանին, ու նաև մնացած ընկերներիս, գիրքը տպելու ֆինանսական օգնության համար:

Երախտապարտ եմ ընկերներիս, Գագիկ Աղեկյանին, Հովհաննես Ադոնցին ու Հարութ Հովսեփյանին (ու նաև իմ այն ընկերներին, ովքեր չուզեցան, որ իրենց անունը տրվի) այս գրքի ձեռագիրը կարդալու ու արժեքավոր դիտողությունների համար:

Երախտապարտ եմ իմ ընկեր Հովհաննես Ադոնցին հույժ բարեխիղճ սրբագրության համար:

Երախտապարտ (ինչպես միշտ) եմ իմ հնագույն ընկեր Արթուր Հարությունյանին գրքիս կազմի համար:

Ուշադրություն

«Այս գրքի «մենք»-ը նկատի ունի մեր մեծագո´ւյն մասին, բայց ո´չ բոլորին: Նույնը վերաբերում է նաև «մտավորականություն» կամ «ուսյալներ» տերմինների գործածությանը: Այս դիտողությունն ընդհանուր է ու նկատի ունի սույն գրքում գործածած կոլեկտիվ գաղափար արտահայտող բոլո´ր բառերին: «Աքսիոմ» բառը գործածում եմ «թերևս անժխտելի է» իմաստով: Գործածված ձևավոր փակագծերը, {}-ը, ամենուրեք նշանակում են ի´մ միջարկությունն ուրիշի խոսքին: Ուրիշի խոսքի թավատառն ու շեղատառը, ինչպես նաև մեծատառը, ամենուրեք ի´մն են:

Առաջաբան կամ վերջաբան

Իշխանությունները կարգելեին (կամ գոնե ինչ-որ կերպ կխոչընդոտեին) իմ թե´ այս, թե´ նախորդ՝ «Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը» գիրքը, եթե հաստատ համոզված չլինեին, որ մեր մտավորականության մեծագո´ւյն-մեծագո´ւյն մասը, իր խավարամոլության, սնափառության ու մեծամոլության պատճառով, կա´մ չի ընկալի այս գրքերի գաղափարները, կա´մ ուշադրություն չի դարձնի դրանց վրա:

Ինչո՞ւ: Այս հարցին լավ է պատասխանում մեր քաղաքակրթության ամենահզոր մտածողներից մեկը, Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկը: Ահա այդ պատասխանը.

«Քննադատելու ունակության չքանալը մեր քաղաքակրթության հարատևությանն սպառնացող լրջագո´ւյն վտանգն է: Սա հնար է տալիս, որ շառլատանները խաբեն ժողովրդին:

«Նշանակալի է, որ ուսյալներն ավելի դյուրահավատ են, քան հասարակ մարդիկ: Իրո´ք, մարքսիզմի, նացիզմի ու ֆաշիզմի ամենաթունդ ու հույժ ոգեշունչ կողմնակիցները հենց մտավորականների´ց էին, ու ոչ թե շարքային մարդկանցից:

«Մտավորականությունը երբեք էլ այնքա´ն խորաթափանց չի եղել, որ նկատի ի´ր իսկ համոզմունքների բացահայտ հակասականությունը:

«Այն հանգամանքը, որ Մուսոլինին իր ճառում գովերգում էր իտալացիներին, թե սրանք Արևմուտքի հնագույն ազգ-պետությունն են, ու քիչ հետո հենց նո´ւյն ճառի մեջ հայտարարում էր, թե իտալացիները հենց ամենաերիտասա´րդ ազգն են, մազաչափ անգամ չէր հեղինակազրկում ֆաշիզմը:

«Գերմանացի ոչ մի նացիստ դույզն իսկ չէր մտահոգվում, որ սևաթույր Հիտլերին, ցմփոր Գյորինգին ու կաղ Գեբելսին փառաբանում էին որպես արիական բարձրահասակ, սլացիկ, խարտյաշ ու հերոսական ռասայի փայլուն ներկայացուցիչների:

«Մի՞թե արտառոց չի, որ Ռուսաստանում չապրող միլիոնավոր մարդ է հաստատ համոզված, որ Սովետական Միության ռեժիմը ո´չ միայն դեմոկրատական է, այլ ավելի´ դեմոկրատական է, քան հենց ԱՄՆ-ը:

«Քննադատական վերաբերմունքի այս բացակայությունը թույլ է տալիս, որ շառլատանները մարդկանց համոզեն, որ իրենք ազատ կլինեն նաև համակողմանի սահմանափակության սիստեմում:

«Ու մարդիկ հավատում են, որ կա այնպիսի մի կարգ (սոցիալիստական ռեժիմ), որտեղ արտադրության միջոցները լրիվ {կամ էլ մասամբ} պետական վարչախմբինն են, ու վարչախումբն էլ միակ {կամ գլխավոր} գործատուն է, բայց, այնուամենայնիվ, այդ կարգը ազատության թագավորություն է:

«Մարդիկ մազաչափ անգամ չեն անհանգստանում, որ այս հորինովի ուտոպիայի հերոսները, այս {իրենք իրենց պետություն հայտարարած պետերի վարչախումբը}, այնպիսի´ մտադըրություններ ունեն, որոնք իրենց բացարձակ դուր չեն գա:

«Ինչո՞ւ: Որովհետև մարդիկ, մեծ մասամբ ու անխոհեմ-անխոհեմ, ենթադրում են, թե բռնակալն ա´նպայման կանի միմիայն ա´յն բաները, որոնք որ հենց իրե´նք են ակնկալում»:

***

Մարդկանց ու մանավանդ ուսյալների այս լավատեսական, բայց անխոհեմ ենթադըրությունը կործանարար եղավ մեր համար:

Ու մենք, Արցախյան 2023-ի այս գենոցիդից հետո էլ, 2020-ի նոյեմբերի պես, բայց ավելի սուր ու մի տեսակ ավելի գիտակից, զգում ենք, որ Հայաստանը կործանվում է: Սա զգում ենք մանավանդ հիմա, երբ Արցախը, հենց մեր աչքերի առաջ, փաստացի, կործանվեց:

Հա´, մենք զգում ենք, որ մի նոր սարսափելի արտագաղթ է լինելու, զգում ենք, որ ամե´ն վայրկյան հնարավոր է, որ նոր ու ավելի սոսկալի պատերազմ բորբոքվի:

Ու մենք այսօր թերևս հստակ ենք զգում, որ մեզ ոչ ռո´ւսն է փրկում, ոչ ամերիկացի´ն, ոչ եվրոպացի´ն, ոչ էլ մի ուրի´շը: Հակառակը, սրանք բոլորն է´լ դեմ են մեզ ու սրանք բոլորն է´լ (գուցե ակամա) նպաստում են, որ կործանվենք:

Բայց եթե մեր մտավորականությունն ուզում է, որ ուրիշներն իր ժողովրդին օգնեն, ուզում է, որ օգնող «ընկե´ր» ունենա, պիտի իր հույսը դնի մի´միայն սեփական ուժերի վրա:

Ինչո՞ւ: Որովհետև մենք միմիայն ա´յն ժամանակ «ընկեր» կունենանք ու այս «ընկերը» մեզ միմիայն ա´յն ժամանակ կօգնի, եթե տեսնի, որ իրո´ք հզոր կռվող ենք ու անընկճելի կամք ունենք, ճիշտ այսօրվա շվեյցարացիների պես:

Մեր ուսյալները պիտի հասկանան, որ մեր գլխավոր թշնամին, գլխավոր չարիքը – իրեն պետություն հռչակած պետերի անհսկելի վարչախո´ւմբն է:

Մյուս կողմից, ցավալի է, որ հայ մտավորականությունը չի գիտակցում ու երբեք չի գիտակցել, որ միջազգային իրավունքի փաստացի ակունքը բիրտ ուժն է:

Մեր մտավորականությունը չի գիտակցում, որ, առանց հզոր բանակի, այսօրվա թույլ ժողվուրդների բաժին «միջազգային իրավունքը», ընդամենը Խրիմյան Հայրիկի ասած «թղթե շերեփից» էլ վատն է, ինչի ապացույցներից են, օրինակ, Մեծ Եղեռնը, մեր մնացած եղեռնները, Սումգայիթի գենոցիդը, Բաքվի գենոցիդը, Արցախյան գենոցիդն ու Կիպրոսի կեսի օկուպացիան ու արտերկրային այսօրվա այլ գենոցիդները:

Ու այսօր մեր մեծ մասն է զգում, որ այս վերջին 34 տարվա մե´ր պետական այրերը մեր թշնամիներն են եղել: Բոլո´րը, առանց բացառության: Կամա, թե ակամա: Գուցե իրենց պասիվության ու անհեռատեսությա´ն կամ էլ ագահության պատճառով կամ հանգամանքների´ բերումով, բայց սա արդեն էական չի:

Ուրեմն, ոչ մի տրամաբանված պատճառ չկա, որ հավատանք, թե մե´ր իսկ ընտրելիք պետական գալիք այրերը նորից մեր թշնամիները չեն լինի: Չկա նույնիսկ մի հատիկ փոքրիկ հիմնավոր պատճառ:

Բայց արի ու տես, որ այսօր շատ մարդ կա, ով այս ողբերգական վիճակից փրկվելու համար պահանջում է, որ հույժ «արդար ու ազնիվ» ընտրություններով պետերի մի այնպիսի´ նոր վարչախումբ կազմեն (ընտրեն ևն), ով գա ու մեզ փրկի:

Բայց պետերի ոչ մի նոր կամ հին խումբ մեզ չի փրկի, եթե հասարակական այսօրվա´ կարգը չի փոխվում: Չի փոխվում մի լր´իվ նոր կարգով – բարոյակարգով:

Գալիք պետերը, ճիշտ մեր այսօրվա վարչապետի պես – ցանկացած իշխանափոխության անունը կդնեն հեղափոխություն: Այնինչ, այդ կեղծ հեղափոխությունը ընդամենը առկա ապական իշխանությունը կփոխարինի մի նոր ու նորից ապակա´ն վարչախմբով, ինչն իր բոլոր սխալները կարդարացնի «նախորդների չար գործերով»:

Մեր ուսյալների կույր հավատն այս իբր արդար թե´ «հեղափոխական» առաջնորդների գոյությա´ն նկատմամբ, թե´ «հեղափոխական» իբր արդար վարչախմբի´ գոյության նկատմամբ, չի թողնում, որ տեսնենք, որ մեր ամբողջ հասարակարգը ներկայացնող «մեքենայի» շարժի´չն է ջարդուխուրդ:

Մեր ժողովուրդը այս լրի´վ-լրի´վ փչացած ու անշարժիչ մեքենայի մի նոր վարորդ, մի նոր «Հիսուս», մի նոր փրկիչ է փնտրում: Այնպիսի´ մի փրկիչ, ով գա ու ազատի ժողովրդին – այս բոլո´ր ցեղասպան ճիվաղներից, բոլո´ր այս դժբախտություններից ու փորձանքներից, բոլո´ր այս թալանչիներից ու կեղեքիչներից ու վերջում էլ իրենց «արժանապատիվ ու խոշոր աշխատավարձ» տա:

Ու այս հիսուսային նոր փրկչի´, այս նոր վարորդի´ հնարավոր գոյության նկատմամբ մեր կույր հավատը չի թողնում գիտակցենք, որ եթե բռնենք ու այս տիեզերքի նույնիսկ ամենաարդար ու ամենաազնիվ ընտրություններով էլ այս մեքենայի վարորդին փոխենք, նոր վարորդն այս մեքենան տեղից չի շարժի, որովհետև այս մեքենայի շարժիչն ու բոլո´ր մասերն են անուղղելի փչացած:

Ուրեմն, նոր ու արդար ու ազնիվ ընտրությունները մեզ չեն փրկի, չնայած գուցե ոտքի կանգնելու ժամանակ տան: Մեզ նո´ր մեքենա է պետք, մի լրի´վ նոր սահմանադրական կարգ, իր էությա´մբ նոր կարգ, մի բարոյակա´ն կարգ է պետք, մեզ բարոյակա´րգ է պետք:

Մեր ուսյալների կույր հավատն առ բարի ու արդար պետերի վարչախմբի հնարավոր գոյությունը – չի թողնում, որ հենց իրենք գլխի ընկնեն, որ մեծաթիվ ու բազում իրավունքով օժտված պետերը մի´շտ են դառնում անհսկելի, անպատիժ ու հարաճուն ու, իհարկե, ապական ու անբարո:

Քանի որ մեծաթիվ ու բազում իրավունքով օժտված վարչախումբը մի´շտ է դառնում չարիք, այս չարիքը պիտի լինի նվազագույնը, որ ժողովո´ւրդը հարստանա ու հզորանա, ու երկիրը հզոր բանակ ունենա ու դիմագրավի ամե´ն մի թշնամուն:

Ասված կույր հավատը չի թողում, որ ժողովո´ւրդը գիտակցի, որ բազմալիազոր վարչախումբն իր էությամբ ա´նպայման է անհսկելի, անպատիժ, հարաճուն ու անբարո, ու մի´շտ է ժողովրդին թալանող ու կեղեքող հանցագործ բանդա:

Ուրեմն, այս անընդհատ աճող հանցագործ ոհմակն ինչքան փոքրաթիվ լինի ու ինչքան քիչ իրավունք ունենա, այնքան ավելի լավ ժողովրդի´ համար:

Մեզ նվազագույն վարչախումբ-պետություն է պետք, բայց այնպիսի´ նվազագույն վարչախումբ, ինչի լիազորություններն ու իրավունքները նույնպես նվազագույնն են:

ՎԵՐՆԱԳՐԵՐԻ ՑԱՆԿԸ

Առաջաբան կամ վերջաբան 4

ՎԵՐՆԱԳՐԵՐԻ ՑԱՆԿԸ 7

1. ՓՐԿՎԵԼՈՒ ՈՒՂԻՆ 11

1.1 Ինչի՞ մասին է այս գիրքը 11

1.2 Նոր պատերազմն անխուսափելի է 12

1.3 Ժամանակ չկա՞: Կեցցե՞ն արդար ընտրությունները 13

2. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՀՐԱՇՔ 16

2.1 Գերմանիայի ու Ճապոնիայի հրաշքները 16

2.2 Գերմանական ազգի հիվանդությունը 16

2.3 Գերմանիայի ավերակ վիճակը 17

2.4 Գերմանական տնտեսական հրաշքը 18

2.5 Մարշալի պլանը 19

2.6 Ճապոնական տնտեսական հրաշքը 20

3. ԱՆՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՈՅԱԿԱՐԳ-ԿԱՊԻՏԱԼԻԶՄԸ 21

3.1 Հին աթենացիների դատարան-պետությունը 21

3.2 Հին հույների դատարանները 24

3.3 Հների բարոյակարգ-կապիտալիզմը 24

3.4 Բարոյականությունն ու կույր հավատը 25

4. ԿՈՒՅՐ ՀԱՎԱՏԸ ՉԱՐԻՔ Է 27

4.1 Մեր կործանարար կույր հավատը 27

4.2 Վարչախումբն ու ավազակաբարո բրիգադը 30

4.3 Կուս-ցուցակով ընտրությունը – արդա՞ր 32

4.4 Մեր ուսյալներն ու ուժայինները 33

4.5 Մեր ուսյալի անտեղյակությունը 34

4.6 Մեր ուսյալների գլխավոր հիվանդությունները 36

4.7 Դայակ-վարչախմբի պաշտամունքը 38

4.8 Քանի՞ տեսակ քաղաքացի ունի պետությունը 41

4.9 Պետերի անհսկելի վարչախումբը չարիք է 45

5. ԿԱՊԻՏԱԼԻ՞ԶՄ, ԹԵ՞ ՍՈՑԻԱԼԻԶՄ 48

5.1 Սոցիալիզմի զանազան ցուցանակները 48

5.2 Հնարավոր երկու սցենարը 50

5.3 Համաշխարհային գալիք պետության հասուն փուլը 51

5.4 Անհատը պիտի մատաղ արվի կոլեկտիվին 54

5.5 Սոցիալիզմի հեքիաթային ու զրպարտիչ էությունը 55

5.6 Բարի սոցիալիզմը խոտակեր բորենի է 61

5.7 Չինական սոցիալիզմը փրկությո՞ւն է 64

5.8 Կապիտալիզմը երբեք վայրի չի եղել 67

6. ԱԶԱՏ ՇՈՒԿԱ´Ն Է ՃՇՄԱՐԻՏ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԸ 69

6.1 Վաճառելի բանը մասնավոր սեփականություն է 69

6.2 Փոխանակությունը, գործակցությունը, օգնությունը 72

6.3 Եսասիրությունը մարդկային է ու բարոյական 74

6.4 Պատասխանատվությունն ու պարտականությունը 75

6.5 Վստահությունն ու գործակցությունը 77

6.6 Անուղղակի փոխանակությունն ու փողը 79

6.7 Փողը կեղծելը 83

7. ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ԱՆԻՐԱԿԱՆ Է 89

7.1 Դեմոկրատիան մեծ մասամբ գարշելի է 89

7.2 Դեմոկրատական մանդատն օրե՞նք 90

7.3 Նվազագույն վարչախումբը 92

7.4 Տոտալիտարիզմի ակունքը 92

7.5 «Անարքիա» բառի իմաստը նենգափոխ է 93

7.6 Օրենքի բռնակալությունը կարգավոր անարքիա է 96

7.7 Օրենքն ու կույր հավատը 99

7.8 Պետերն օգտվում են կույր հավատից 103

7.9 Ժողովրդի միամտությունը 105

8. ԲԱՐՈՅԱԿԱՐԳԻ ՀԻՄՔԵՐԸ 108

8.1 Բարոյականության հիմնական նորմերը 108

8.2 Ոսկե կանոնը 110

8.3 Մարդկության ամենախոշոր հայտնագործությունը 111

8.4 Բարոյակարգի սահմանադրության նպատակը 114

9. ՎԱՐՉԱԽՄԲԻ ՍԱՐՍԱՓԸ ՈՒՆԱԿ ԱՆՀԱՏՆ Է 118

9.1 Պետերի սարսափը մասնավորի հաջողությունից 118

9.2 Կենտրոնական բանկը 120

9.2 ա Մ. Ն. Ռոթբարդը ԿԲ-երի մասին 122

9.3 Մասնավոր ոստիկանությո՞ւն, կամ բանա՞կ 123

9.4 Ժողովրդին զինաթափելու ծածուկ նպատակը 127

9.5 Վերադասի´ կամքն է օրենքը 129

10. ՀԶՈՐԱՑՆՈՂ ՌԵՖՈՐՄՆԵՐԸ 132

10.1 ՀՀ-ն փրկելու հրաշք դեղատոմսը 132

10.2 Առաջարկվողը սահմանադրություն չի 133

10.3 Օրենքի բռնակալությունը 135

10.4 Հարկ ու մաքսը – կամավոր ու ժամանակավոր 136

10.5 Վե´րջ դրամավարկային թալանին 137

10.6 Վե´րջ վարչախմբին գերի ճորտ դատարանին 137

10.7 Վե´րջ միախորհրդարան բռնակալությանը 138

11. ԳԺ-ի ԹԻՐԱԽԱՅԻՆ ԵԼԱԿԵՏԵՐԸ 140

11.1 ԳԺ-ն կազմելու գլխավոր թիրախները 140

11.2 Վարչախմբի հենասյուները 143

11.3 Կրճատելիք նախարարությունները 145

11.4 Կրճատելիք այլ կառույցները 149

11.5 Այլ քայլերը 151

11.6 Սոցիալական լարվածություն կառաջանա՞ 153

12. ** ՕՐԵՆՍԴԻՐՆ ՈՒ ԴԱՏԱՐԱՆԸ 155

12.1 Օրենսդրական թիրախները 155

12.2 **Բարոյակարգի դատարանը 159

12.3 **Թիրախային դրույթները 160

12.4 Գլխավոր դժվարությունը – ո՞վ ու ո՞նց անի այս ամենը 161

ՄԻ´ՄԻԱՅՆ ԱԶԱՏ ՇՈՒԿԱՆ ԳԻՏԻ 164

ՀԵՂԻՆԱԿԻ ԿԱՐԵՒՈՐ ԳՐՔԵՐԸ 166

1. ՓՐԿՎԵԼՈՒ ՈՒՂԻՆ

1.1 Ինչի՞ մասին է այս գիրքը

***

«Իրեն պետություն հայտարարած վարչախումբը հասարակության այն միակ ինստիտուտը կամ միակ կազմակերպությունն է, ինչն իր կանոնավոր ու մշտական եկամուտն ստանում է ֆիզիկական բռնությամբ:

«Բարիք կամ ծառայություն ստեղծող բոլո´ր-բոլո´ր {օրինապաշտ} անհատներն ու կազմակերպությունները իրենց եկամուտն ստանում են առանց բռնության, այսինքն, կա´մ կամավոր հիմունքներով ձեռք բերած իրենց ապրանքներն ու ծառայությունները փոխանակելով շուկայում, կա´մ էլ ուրիշ անհատների ու կազմակերպությունների կամավոր տված նվերներով: …

«Միայն վարչախումբը կարող է խլի իմ ունեցվածքը, կամ ինձ բանտարկի, եթե ես իրեն {ի´ր իսկ սահմանած չափով} հարկ ու տուրք չվճարեմ: Ուրեմն, վարչախումբը մի´շտ է ապրում ուրիշի հաշվին ու մի´շտ է ներխուժում ուրիշի մասնավոր ունեցվածքի ոլորտը»:

Այս գիրքը Հայաստանը փրկելու ԳԻՏԱԿԱ´Ն ուղու մասին է:

Սա գրվել է 2021-ին հրատարակած ու առ այսօր աննկատ մնացած իմ «Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը» գրքի հիմնական գաղափարները շատ ավելի սեղմ ու պարզ ու նաև փոքր-ինչ այլ տեսանկյունից ներկայացնելու նպատակով (տես այս գրքի վերջին պարագրաֆը):

Չնայած 2020-ին իմ «Պետությունը...» գրում էի արդեն մոտ մեկուկես տասնամյակ, բայց մարդկանց այն հուսահատ ու մոլոր հարցը, թե. «Բա հմի ի՞նչ անենք», ստիպեց, որ մնացած բոլոր գործերս թողնեմ ու 2020-ի նոյեմբերի հենց 12-ից զբաղվեմ միմիայն ա´յդ գիրքը գրելով, ինչը հրատարակեցի 2021-ի աշնանը:

Այդ 480 էջանոց գիրքը, «Պետությունը...», առաջին հայերեն գիրքն էր, որ «ձեռի հետ» նաև շարադրում էր քաղաքագիտական-տնտեսագիտական մտածողության ավստրիական դպրոցի հիմնական թեզերը: Բայց իմ այս նոր գիրքը իմ «Պետությունը...» գրքից արված քաղվածքների ժողովածու չի:

Սա «Պետությունը...» գրքի հիմնական գաղափարներն ու թեզերը քննում է պետության հարաճուն լիազոր վարչախմբի իբր անխուսափ անհրաժեշտության նըկատմամբ մեր ժողովրդի գերակշիռ մասի ու, մանավանդ, մեր մտավորականության ա´յն կույր ու լր´իվ անհիմն հավատի տեսանկյունից, թե գոյություն ունի´ բազմալիազոր (այսինքն, բազում-բազում լիազորությամբ ու իրավունքով օժտըված) ու անհսկելի, բայց արդար վարչախումբ, ինչն ուղղակի պիտի ճիշտ ընտրվի:

Ուրեմն, այս գիրքը «Պետությունը...» գրքի թերևս անհրաժեշտ ու պարտադիր լրացումն է:

Երևի արժի, որ ասեմ, որ «Պետությունը...» գիրքը գրելու համար ինձ պետք է եղել տնտեսագիտության, բարոյագիտության ու իրավագիտության իմ 34 տարվա ուսումնասիրությունը:

Ես այդ ու այս գիրքը չէի գրի, եթե Հայաստանում գոնե մեկը արծարծեր ասված ոլորտների ավստրիական կոչված մտածողության հիմնարար գաղափարները:

1.2 Նոր պատերազմն անխուսափելի է

Հա´, մենք այսօր զգում ենք, որ նոր պատերազմն անխուսափելի է: Բայց այսօրվա պատերազմը, փաստացի, արդեն տեխնիկայի´ պատերազմ է, իսկ նորագույն ու հզոր բանակի ու սրա ռազմական տեխնիկայի համար փո´ղ է հարկավոր, ուղղակի – վիթխարի´ քանակով փող:

Մենք, իհարկե, չպիտի նախահարձակ լինենք, մանավանդ եթե թշնամին մոտ 30 անգամ բազմաքանակ է ու հրաշալի է զինված, որովհետև մեզնից շատ ու շատ է հարուստ: Բայց.

Մենք պիտի մի´շտ մեր թշնամիներին զորավոր հակահարված տալու ունակություն ու պատրաստություն ունենանք, ճիշտ Շվեյցարիայի պես:

Դեռ 2-րդ աշխարհամարտից առաջ Հիտլերը Շվեյցարիայի վրա հարձակվելու պլան էր կազմել («Տանենբաում» օպերացիան), բայց այդպես էլ չհարձակվեց:

Չհարձակվելու մի քանի պատճառից թերևս ամենակարևորը շվեյցարացիների թե´ հզոր բանակն էր, թե´ երկրի կենտրոնական լեռնային մասի շրջանաձև պաշտպանական «միջնաբերդային» ու չինական պարսպի պես համապարփակ ստորգետնյա հզոր կառույցները:

Փող ունենալու համար էլ պետք է աշխատող, արարող բնակչություն ունենանք, ու սրանց չխանգարող նվազագույն պետական վարչախումբ, ոչ թե այս ու նախկին վարչախմբերի պես ագահ, անկուշտ ու ժողովրդից անսահման ուժեղ մի վարչախումբ:

Մեր նորագույն բոլո´ր վարչախմբերն էլ իրենց թալանչի հարկ ու մաքսային սիստեմով չթողեցին ու չեն էլ թողնում, որ մեր բարիք ստեղծողներն այնքան հարըստանան, որ սրանց տված հարկերով բանակն էլ հզորանա: Դրանք խարխլեցին ու խարխլում են բանակն ու դավաճանեցին ու դավաճանում են ժողովրդին:

Դրանք արտասահմանից, անընդհատ ու անընդհատ, վիթխարի պարտք են անում: Ու այդ պարտքը փոշիացնում են, թողնելով որ դա մարեն մեր սերունդները:

Դրանք փողն անընդհատ կեղծում են ու սրանով աղքատացնում են մանավանդ արդեն աղքատներին:

Դրանք իրենց հարկ ու մաքսով թալանում են ժողովրդին ու հյուծում են բանակը հզորացնելու բոլոր հնարավորությունները:

Դրանք իբր բիզնեսներին օգնելու, շուկան կարգավորելու, քաղաքներն ու գյուղերը բարեկարգելու ու իբր սոցիալական արդարություն հաստատելու իրենց պետական ծրագրերով ուղղակի մսխում են հարկատուների փողն ու հյուծում են պետությունը:

Դրանց, այդ վարչախմբերի ամենայն գործունեությունից միակ շահողները մի´միայն այդ վարչախմբերի անդամնե´րն են:

Դրա´նք, հենց այդ վարչախմբե´րն են մեր գլխավոր թշնամին:

1.3 Ժամանակ չկա՞: Կեցցե՞ն արդար ընտրությունները

Մոտ մի 25-28 տարի առաջ մեր քաղգործիչներից մեկը մի օր մեր մի քանի ընկերոջը կանչեց, իբր որ խորհուրդ անի մեր հետ, թե երկիրը անդնդի եզրից ո´նց հետ քաշի:

(Մեր «հերոս-ուսյալը» երբեք չի նկատում, որ մեր երկիրը մի´շտ է անդնդի եզրին: Սրա համար երկիրը միայն ա´յն պահերին է անդնդի եզրին, երբ ինքը (իր կարծիքով) շանս ունի դառնա փրկիչ (օրինակ, վարչապետ): Իսկ մեր այս ընկերոջն այդ օրերին թվում էր, թե այդ շանսն ունի´):

Ու ինքն ասում էր, որ օգնենք, որ «բիլակավորների մի խումբ հավաքվի», ու ինքն իշխանությունը խլի ու «երկիրը հետ քաշի անդնդի եզրից»: Ես հարցրի.

– Վարշամ ջան (պարզ է, որ անունը փոխել եմ), ասենք դառա´ր պրեզիդենտ, բայց գիդե՞ս, թե հետո ի´նչ նոր քայլեր պիտի անես, որ «երկիրը հետ քաշես անդնդի եզրից»: Կարա՞ս, օրինակ, մի 7-8 քայլ ասես:

Վարշամս մի պահ շփոթվեց, հետո հարցրեց.

– Իսկ դու գիդե՞ս, թե ինչ պտի արվի, որ երկիրը փրկվի:

– Հա, – ասի ես, – գիդե´մ:

– Դե որ գիդես, – ասեց Վարշամը, – ասա, մենք է´լ իմանանք:

– Էտի երկար ա,– ասեցի ես:– Երկար ա ու բարդ: Որ ստե ասեմ, ասածս կցկտուր կըլնի: Էտի գիտություն ա, ու գրած ա մի 10-15 գրքի մեջ,– ասի ես:– Թե ուզում ես իմանաս, պտի դրանք կարդաս ու դրանց մեջիները սովորես: Ուզո՞ւմ ես, ասեմ թե էտ ո´ր գրքերն են:

– Բայց էտքան ժամանակ չկա,– ասեց Վարշամը, ով արդեն մի 7-10 տարի քաղգործչություն էր անում, ու որ տարին 2-3 գիրք է´լ կարդացած ըլներ, էտ գրքերի կրկնակին է´լ կարդացած կլիներ:

Չկարդաց ու մինչև հիմա էլ չի կարդացել, չնայած անընդհատ նորից ու նորից է ուրիշներին խորհուրդ տալիս, թե երկիրը ոնց փրկեն:

Այս տողերը գրելուց ընդամենը մի 8 ժամ առաջ իմ մի նախկին ուսանողը, ով հիմա 60-ն անց է, ու մինչև այս պահը ինձ երբեք չէր կոպտել, գրեց.

– Եթե որևէ բան գիտեք, որը «հիմի ու էստեղ» կարա օգտակար լինի, խնդրում եմ էտի դրեք։ {Թե չէ} Սրանք Քրիստոսի երկրորդ հայտնության պես բաներ են, մի 500 տարի հետո կամ կըլնեն, կամ չէ ...

Ապշելու բան է, մեր մտավորականության գերակշիռ մասը կույր-կույր հավատում է, որ երկիրը փրկելու մի ԿԱՐՃ ու բոլորին հասկանալի դեղատոմս կա, ինչը հնարավոր է, որ նորընտիր վարչախումբն իմանա, որովհետև հնարավոր է, որ այս խումբն ավելի լավը լինի:

Ու երբ հետո պարզվում է, որ այս նոր ընտրվածները ոչ միայն լավը չեն, այլ, մի´շտ ու ա´նպայման, ավելի վատն են, քան նախկինները, մեր ուսյալները, միևնույնն է, կույր-կույր մտածում են, որ մեղավորը ընտրության մեխանիզմն էր:

Այսինքն, մտածում են, որ ընտրությունները կա´մ արդար չէին, կա´մ ճիշտ չէին կազմակերպված, կամ է´լ, որ ընտրական օրենքները թերի են ու անպիտան, ուրեմըն, պիտի ընտրելու նոր ու կատարյալ օրենքներ մշակվեն:

Ու մեր մտավորականների մտքովն անգամ չի անցնում, թե հնարավոր է, որ այդ դեղատոմսի կարճը բոլորովին չկա, որ այդ դեղատոմսը ա´նպայման է երկար ու գիտական:

Սա նման է այն բանին, որ մի ուսյալի´ մեկը (ուսյալի, քանզի, Հայեկի ասածի պես, «չուսյալը» երբեք այնքան միամիտ չի, որ ստորև ասվածն անի), չհավատալով գենետիկային, բայց իրեն գենետիկական սելեկցիայի մասնագետ հայտարարելով, տարիներով ու նույնիսկ դարերով, առանց ընկճվելու, անընդհատ ու շարունակ, կոկորդիլոսի մի քանի ձու դնի թուխս հավի տակ ու հուսավառ սպասի, որ դրանցից եղնիկ դուրս գա:

Ու երբ տեսնի, որ այդ ձվերից նորից կոկորդիլոսիկներ դուրս եկան, երբեք ու երբեք չհուսահատվի, ու մտածի, որ մեղավորը աստղերի ու մոլորակների դիրքն է ու (աստղերի մի նոր դիրքի ժամանակ) նորից կոկորդիլոսի ձվեր դնի այդ թուխս հավի տակ, ու նորից հուսավառ սպասի, որ դրանցից եղնիկներ դուրս գան:

Ժամանակ – մի´շտ ու երբե´ք չի լինելու: Ժամանակ – մի´շտ ու երբե´ք չենք ունեցել: Մենք անընդհա´տ ենք մոռանում, որ մի´շտ ու անընդհա´տ ենք մտածել, որ. «Ժամանակ չկա, բոլորովի´ն չկա: Էկեք հլը էս մի վարչապետին/պրեզիդենտին ու սրա բանդային վռնդենք ու մի ուրիշ վարչապետ ու խումբ բերենք, հետո կմտածենք, թե ի´նչ անենք»:

2020-ի «ժամանակ չկա»-յից արդեն համարյա 4 տարի է անցել ու հլը 13-ն ու 23-ն ու 123-ն էլ կանցնի, ու մեր ուսյալները նորից ու նորից կասեն (եթե արդեն կործանված չլինենք). «Ժամանակ չկա»:

Մեր մտավորականությունը չի հասկանում, որ իրեն պետություն հռչակած անհսկելի ու բազում իրավունքով լիազորված մեծաթիվ վարչախումբը, եթե նույնիսկ սկզբում քիչ թե շատ բարոյական է, ժամանակի ընթացքում ա´նպայման է դառնում անզուսպ ու անբարո – ու նաև անպատիժ ու ծավալով էլ անընդհատ է աճում:

Ինչո՞ւ: Որովհետև իրեն պետություն հռչակած վարչախումբը, օգտվելով միամիտ ժողովրդի այն կույր հավատից, թե հենց ա´յս վարչախումբը պիտի լինի իր «հարազատ ու հոգատար հայրը», քիչ-քիչ վերացնում է ժողովրդի ազատություններն ու իրավունքները, ու շատացնում է իր խմբի´ մոնոպոլ բռնության իրավունքներն ու ժողովրդին թալանելու ու կեղեքելու իր մոնոպոլ կամայականությունները:

Մենք ժամանակ չունեինք ու այսպե´ս էինք մտածում մեր նախորդ վարչապետներին ընտրելուց, երբ ասում էինք. «Մենակ թե սրանից ու սրա վարչախմբից ազատվենք, հետո լավ կըլնի»:

Լավ չեղավ: Ի վերջո, անսահման վատ եղավ: Արցախը կորցրինք:

Շեշտե´մ, որ պետերի ցանկացած նոր վարչախումբը ոչ միայն գործադրում է ժողովրդին կեղեքելու ու թալանելու նախորդ բոլոր խմբերի հորինած կամ գործադըրած բոլոր հնարքները, այլև նորերն է հորինում ու սրանք փոխանցում է հաջորդ վարչախմբին:

Եթե մենք հույս ունենք, թե անհնար է, որ «արդար ու ազնիվ ընտրությամբ» ճարած գալիք որևէ վարչապետը կամ պրեզիդենտը այս առկա վարչապետից վատը լինի, եթե մենք մտածում ենք – թե անհնար է, որ նման գալիք որևէ վարչապետը կամ պրեզիդենտը Հայաստանից նորանոր կտորներ էլ հանձնի թշնամուն կամ էլ թողնի, որ թշնամին դրանք խլի, չարաչա´ր ենք սխալվում, որովհետև հենց նման հո´ւյսն է թխսի տակ նորից կոկորդիլոսի ձու դնում:

Սա արդեն եղել է: Հայաստանը սրանից շատ ավելի վատ վիճակում է´լ է եղել:

Եղել է 1921 թվին, երբ այն օրերի Հայաստանը ղեկավարող սոցիալիստ դաշնակները երկրի մեծ մասը հանձնել էին Թուրքիային, թողնելով ընդամենը 9000 կմ2:

Դաշնակները գլուխ են գովում, թե իրենց կուսակցությունը Հայաստանի ամենահին կուսակցությունն է, թե սա 100 տարուց էլ հին է, բայց դաշնակները, նորից ու նորից, սոցիալիստ են: Ուրեմն, դաշնակներն արդեն 100 տարուց ավել է, ինչ համառ-համառ, չեն հրաժարվում թխսի տակ կոկորդիլոսի ձու դնելուց:

Չե՞նք ուզում մի նոր կոկորդիլոս բուծենք: Չե՞նք ուզում, որ Հայաստանի իբր մեզ այս մի վարչապետից փրկող գալիք նոր պետերը Հայաստանից նոր կտորներ հանձնեն թուրքին կամ մի ուրիշին:

Եթե իրո´ք չենք ուզում, պիտի հենց սկզբից ու սահմանադրությամբ սանձենք իրենց պետություն հռչակող բոլո´ր-բոլո´ր վարչախմբերին, սրանց դարձնելով համարյա իրավազուրկ ու նվազագույնը, հսկելի ու պատժելի ու գործից ազատելի:

Չեմ ասում, թե այս վարչապետին վռնդելը հրատապ չի:

Հրատա´պ է, ա´նկասկած ու ա´նպայման: Վռնդելու ձևն էլ հայտնի է, պիտի անենք նույն բաները, ինչ որ ի´նքն արեց 2018-ին: Սրա համար նոր գիրք պետք չի:

Բայց սրա համար օդի պես է անհրաժեշտ, որ մեր ուսյալների մեծագույն մասը յուրացնի այս գրքի շարադրած բարոյակարգային գաղափարները ու սրանք հասցընի ժողովրդին, որ իմանանք, թե հետո´ ինչ անենք: Մինչև այս «հետո»-ն չիմանանք ու սա´ չիրագործենք, չենք հզորանա ու չենք փրկվի:

Ցավոք, ուրիշ ելք, չկա: Չկա իմ նախկին ուսանողի ուզած երկիրը փրկելու կարճ դեղատոմսը կամ կախարդական փայտիկը: Սրա այլընտրանքը նույն կոկորդիլոս-չարիքն է:

Այս գիրքը երկար դեղատոմսից է խոսում, որովհետև կարճը չկա:

2. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՀՐԱՇՔ

2.1 Գերմանիայի ու Ճապոնիայի հրաշքները

Մեզ այսօր մի տնտեսական հրաշք է պետք, Երկրորդ Աշխարհամարտին հաջորդած Գերմանիայի ու Ճապոնիայի տնտեսական հրաշքների պես մի հրաշք, որ մենք է´լ ազատվենք այս հուսալքությունից ու նվաստությունից:

Այս տնտեսական հրաշքը պետք է, որ արագ հարստանանք ու հզոր բանակ ըստեղծենք, որ հենց ինքնե´րս մեզ պաշտպանենք ու ուրիշներից պաշտպանություն չաղերսենք:

Այնինչ, մենք հուսալիք ենք ու նվաստացած, շփոթված ու մոլոր, ու սրա համար էլ չգիտենք, թե ինչ անենք: Մանավանդ, որ ում էլ որ դիմում ենք, ոչ մեկը մեզ տեր չի կանգնում:

Բայց պատկերացրեք, թե ինչքան ավելի շատ էին հուսալիք ու նվաստացած գերմանացիներն ու ճապոնացիները 1945 թվի իրենց պարտությունից հետո: Ու ի՞նչ արեցին սրանք, որ իրագործեցին իրենց տնտեսական հրաշքները:

Նախ խոսենք գերմանացիների հուսալիք ու նվաստ վիճակից:

2.2 Գերմանական ազգի հիվանդությունը

1945 թվին Նյուրենբերգի դատարանը վճռեց, որ գերմանական ազգը հիվանդ է նացիզմով (ազգիզմո´վ, ազգայնամոլությա´մբ): Ու դատարանը ողջ ազգին դատապարտեց, որ հարկադիր բուժվի այս հիվանդությունից, այսպես ասած, նացիզմազրկվի:

Նացիզմազրկության հոգեբանական հիմունքները մշակեց նշանավոր հոգեբան Կառլ Յունգը: Յունգը որոշեց, որ գերմանացիների հիվանդության գլխավոր պատճառը խղճի բացակայությունն է:

Յունգը եզրակացրեց, որ հիվանդ են բոլո´ր գերմանացիները: Ընդ որում, հիվանդ են հավասար չափով, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ Հիտլերի նկատմամբ իրենց վերաբերմունքից ու անկախ նացիստական կուսակցությանը իրենց պատկանելությունից:

Դատարանի վճռով 3,5 միլիոն գերմանացի 3 տարով դատապարտվեց հարկադիր բուժման: Գերմանիան բաժանված էր երկու գոտու՝ արևմտյան գոտին (ինչը հետո դարձավ ԳՖՀ-ն, Ֆեդերատիվ Հանրապետությունը) ու արևելյանը (ԳԴՀ-ն, Դեմոկրատական Հանրապետությունը):

Առաջինին հսկում էին ԱՄՆ-ը, Բրիտանիան ու Ֆրանսիան (ԱՄՆ-ի գեներալ Քլեյի գլխավորությամբ), երկրորդին՝ Սովետական կառավարությունը: Արևմտյան մասի գերմանական նոր ղեկավարությունը նույնպես որոշեց, որ գերմանական ողջ ազգը պիտի բուժվի ու վերադաստիարակվի, ու նացիզմի ոգին (գերմանական ցեղակրոնության կամ նժդեհիզմի´ ոգին) պիտի լրիվ արմատախիլ արվի ազգի միջից:

Այս դաստիարակությունն սկսվեց քաղաքների ու գյուղերի բնակիչների հարկադիր այցելություններով – նացիստական կոնցլագերներն ու նացիստների սարսափելի գազանությունները ցուցադրող ֆիլմերով, ու դասախոսություններով:

Բայց այս դաստիարակության գագաթը նացիզմի զոհերի վերաթաղումներն էին, որ հարկադրանքով անում էին գերմանացի նախկին պաշտոնյաները:

Արևմտյան գոտում (հետագա շարադրանքը վերաբերում է միմիայն այս գոտուն) հարկադիր բուժման դատապարտված 3,5 միլիոն գերմանացին բաժանվեց մի քանի խմբի.

1. Գլխավոր մեղավորների (1654 հոգի):

2. Մեղավորների (22122):

3. Աննշան մեղավորների (106422):

4. Ուղեկիցների (485058):

5. Անմեղների (18454):

6. Ամնիստիայի տակ ընկածների (2789196):

7. Գործերը զանազան պատճառներով կարճվածների (200207)

Պատիժները տարբեր էին: Օրինակ, մեղավորները (ու նյութական շահ քաղածները) դատապարտվեցին.

ա) Հնգամյա աշխատանքային ճամբարի կամ հասարակական այլ աշխատանքների

բ) Բացի այս պատիժը, սրանց ունեցվածքը (մանավանդ, թանկագին ապրանք խլածներինը) լրիվ կամ մասնակի բռնագանձվում էր (բացի առօրյա անհրաժեշտության առարկաները)

գ) Երբեմն ոմանց 5 տարով զրկում էին ընտրական կամ պետական որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Դաշնակիցները 1948-ին նացիզմազրկելու իրավունքն ու գործերը հանձնեցին ԳՖՀ-ի կառավարությանը, ով շատ հետևողական էր կիրառում այս միջոցները: (Կոմունիստները մի քանի միլիոն գերմանացի տարան Սովետական միություն՝ ճորտական աշխատանքի, ու սրանց մեծ մասը զոհվեց այնտեղ):

Այսքանը այն օրերի գերմանացիների հոգեկան վիճակի ու նացիզմազրկելու մասին, բայց այն օրերի Գերմանիայի տնտեսական վիճակն էլ էր հուսահատական:

2.3 Գերմանիայի ավերակ վիճակը

Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիայի քաղաքների շենքերի 20%-ը հողին էր հավասարեցրած: 1947-ին 1938 թվի արդյունաբերությունից մնացել էր մոտ 30%-ը, սննդի արդյունաբերությունը կրճատվել էր կիսով չափ:

Գյորինգը, դեռևս 1939 թվին, մտցրեց սնունդը տալոններով բաշխելու կարգը, ինչով մեկ մարդու օրաբաժին կալորիաների քանակը նորմայից խիստ քիչ էր:

Աշխատուժը խիստ էր կրճատվել, որովհետև պատերազմը 8 (կամ 13) միլիոնից ավել գերմանացու կյանք էր խլել: Փողոցներում թափառող խիստ հյուծված մարդիկ նման էին անընդհատ սնունդ փնտրող մռայլ ու անկյանք ուրվականների:

Ապրանքների գների համատարած հսկողությունը Գերմանիայում հաստատվել էր դեռ 1936 թվին, իսկ տալոնային սիստեմը գործում էր արդեն 9-10 տարի: Նացիստները հաստատված գները խախտողներին սպանում էին:

Այս նույն համակարգը գործում էր նաև դաշնակիցների հսկողության օրոք, մինչև 1948 թիվը, իհարկե, առանց հիտլերյան սարսափելի պատժի:

Ռեյխսմարկի (գերմանական փողի) ծավալը (1936 թվի համեմատ) աճել էր 5 անգամ, ու այս ինֆլյացիան, ըստ էության, ոչնչացրել էր ռեյխսմարկը, ու ամերիկյան ծխախոտի գլանակներն ու տուփերը դարձել էին «փող»:

Աշխատանքային կարգապահությունը խիստ նվազել էր, որովհետև աշխատավարձը, ըստ էության, ոչ մեկի համար կարևոր չէր (աշխատանքից բացակայելու համար Հիտլերի սահմանած խստագույն պատիժներն արդեն չկային), ու մարդիկ ողջ օրը սնունդ էին ման գալիս:

Գերմանացին շատ հաճախ, դանդաղ սողացող գնացքների կտրին կամ դռներից կախ, մի քանի հարյուր կիլոմետր էր կտրում, որ ռմբակոծությունից փրկված իր վերջին իրերը փոխանակի հացահատկի կամ կարտոֆիլի հետ:

Եթե այսքանին ավելացնենք, որ ողջ աշխարհն ուղղակի թքում էր գերմանացիների երեսներին (սրանց արած անլուր չարագործությունների համար), պարզ կլինի, թե այն օրերի գերմանացիների հուսալքության ու նվաստության աստիճանը ինչքան ու ինչքան ավելի շատ էր, քան մեր այսօրվանը:

2.4 Գերմանական տնտեսական հրաշքը

Դրությունը շտկեց ազատ շուկայական հարաբերությունների (այսինքն, կապիտալիզմի) տեսաբան, տնտեսագիտության դոկտոր Լուդվիգ Էրհարդը:

Էրհարդը, հակադրվելով թե´ դաշնակիցներին, թե´ տեղական ազդեցիկ սոցիալ դեմոկրատներին, իր երկու զինակցի՝ տնտեսագիտության պրոֆեսորներ Վալտեր Էուկենի (Walter Euken-ի) ու Վիլհելմ Ռոյպկեի (Wilhelm Röpke-ի) հետ մշակեց ու իրագործեց տընտեսական ռեֆորմների մի շարան: (Թերևս կարևոր է եղել նաև Ջոզեֆ Դոջի դերը, տես հետո):

Էրհարդն իր ռեֆորմներն սկսեց 1948 թվի հունիսի 20-ին, կիրակի օրը: Էրհարդի ռեֆորմների գլխավոր չորս քայլը հետևյալն էր.

1. Գերմանական փողի՝ ռեյխսմարկի ծավալի 93%-ը կրճատեց (փողը դևալվացրեց) ու սա փոխարինեց դոյչմարկով:

2. Վերացրեց գների պետական հսկողությունն ու աշխատավարձի նվազագույն շեմը:

3. Վերացրեց սննդի տալոնային սիստեմը:

4. Ամենագլխավորը, Էրհարդը խիստ կրճատեց պետության հարկային միջամտությունը անհատների տնտեսվարությանը, մանավանդ, վերացրեց մարջինալ հարկը (եզրային կամ պրոգրեսիվ հարկը) ու հաստատեց հարթ հարկ, բայց սա էլ սկսվում էր մոտ 2500 դոյչմարկ եկամտից:

(Համեմատության համար թերևս ասվի, որ ՀՀ-ում փաստացի հարկվում են նույնիսկ պետբյուջեից վճարվող չնչին աշխատավարձերը, որոնք հենց իրե´նք են հարկերից գոյացել: Այսինքն, մեր պետերի վարչախումբը հարկն է´լ է հարկում):

Հարկերի ամենաբարձր եզրը (մարջինը), 99%-ը, սակայն, մնում էր:

Իհարկե, սրանցից բացի, Էրհարդը պետական բազում ուրիշ հսկողություն էլ վերացրեց ու խիստ կրճատեց պետական բյուրոկրատական ապարատը:

Նյու Յորքի Ֆեդերալ Ռեզերվի տնտեսագետ Ֆրեդ Կլոպշտոկը գրում է. «Էրհարդի դևիզը այդ օրերին ասես հետևյալը լիներ. «Պարապ մի´ մնա, օրեկան մի բան վերացրո´ւ»»:

Կարգապահությունը իսկույն բարձրացավ, որովհետև մարդիկ վստահ էին, որ եթե շատ աշխատեն, շատ կստանան: Ստացած փողն էլ գնողունակ էր:

1948 թվի հունիսի 20-ի դեկրետներից հետո, հենց դեկտեմբերին, արտադրանքի ինդեքսը 21-ից հասավ 78-ի:

Տասը տարի հետո, 1958-ին, տարեկան արտադրությունն աճեց 400%-ով, իսկ մեկ շնչին ընկնող արտադրանքը աճեց ավելի քան երեք անգամ, այնինչ, Գերմանիայի սոցիալիստական մասում տնտեսության լճացում էր: Էրհարդն ասում էր.

«Մենք որոշեցինք, որ նորից պիտի հաստատենք ազատ շուկայական հարաբերությունների հին կանոնները, այսինքն, իսկական կապիտալիզմի կամ laissez-faire-ի {«ինչ ուզում ես՝ արա»-ի} կանոնները: Ըստ էության, մենք վերացրեցինք հատկացումների, գների ու ռոճիկների բոլոր հսկողությունները ու սրանք փոխարինեցինք ազատ շուկայի ազատ գների փողային սպոնտան (ինքնին) գործող մեխանիզմով»:

Գերմանիայի տնտեսական այս հրաշքն այնքան էր զորավոր, որ արդեն 1958 թըվին եվրոպական տերությունները նախանձում էին Գերմանիայի տնտեսությանը:

2.5 Մարշալի պլանը

Շատ անգամ ասում են, թե գերմակական այս հրաշքի պատճառը Մարշալի պըլանով Գերմանիային ԱՄՆ-ի տված փողն էր: Սա սխալ է, որովհետև Մարշալի պըլանով Բրիտանիան ստացավ մոտ երկու (իսկ Ֆրանսիան՝ մոտ երեք) անգամ ավելի շատ գումար, այնինչ, 1950 թվին Գերմանիայի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճը 64% էր, իսկ Բրիտանիայինը՝ ընդամենը 15%:

Բացի սա, Մարշալի պլանով մինչև 1954 թվի հոկտեմբերը Գերմանիայի ստացած ընդհանուր գումարը 2 միլիարդ դոլար էր, իսկ 1948-ից մինչև 1949 թիվը (երբ այս օգնությունը հասել էր իր գագաթին) Մարշալի պլանով ստացած գումարը Գերմանիայի ազգային եկամտի ընդամենը 5%-ն էր:

Չմոռանանք նաև, որ դաշնակիցները տարեկան 2,4 միլիարդ դոլար հարկ էին դրել Գերմանիայի վրա՝ Գերմանիայում իրենց զորքերը պահելու համար:

Առհասարակ, մոռանում են ասեն, որ հետպատերազմյան Բելգիան առաջինը անցավ ազատ շուկայական (այսինքն, իսկական կապիտալիստական) հարաբերություններին ու սեփական ուժերով իր տնտեսությունը նորոգեց մինչեւ Մարշալի պլանի ծնունդը, մինչև 1947 թիվը:

1972 թվին արդեն 98 երկիր էր Մարշալի պլանով ԱՄՆ-ի օգնությունն ստացել:

Հետպատերազմյան առաջին տասնամյակում սրանցից ոչ մեկի տնտեսությունը Գերմանիայի պես տնտեսական հրաշքով չաճեց, բացի Ճապոնիայինը:

2.6 Ճապոնական տնտեսական հրաշքը

Չնայած Ճապոնիան խուսափեց նյուրենբերգյանին նմանվող մի դատավարությունից, բայց ճապոնացիների հուսալքությունն ու նվաստացումը գերմանացիներից պակաս չէր: Այնուամենայնիվ, ճապոնացիներն է´լ տնտեսական հրաշք իրագործեցին:

Այս հրաշքի հեղինակը ԱՄՆ-ի բանկային գործիչ Ջոզեֆ Մորել Դոջն էր (Joseph Morrell Dodge-ը, 1890 –1964)), բանկային գործի հանճարեղ ինքնուսը, աննկուն, բացառիկ անխոնջ, ուղղամիտ ու խոսքը ճակատին ասող ու չափազանց ազնիվ ամերիկացին (չնայած իր ազգանվանը, ինչը նշանակում է «խարդախություն»):

Դոջը (մինչև Մարշալի պլանը) Գերմանիայի դաշնակից զորքերի հրամանատար գեներալ Քլեյի խորհրդականն էր, ու Էրհարդը թերևս նաև Դոջի´ խորհուրդներին էր հետևում:

Հետո, 1949 թվի փետրվարին Ջոզեֆ Դոջին նշանակեցին Ճապոնիայում ԱՄՆ-ի զորքերի հրամանատար գեներալ ՄակԱրթուրի տնտեսական խորհրդական:

Դոջը Ճապոնիայի տնտեսական անկախությունը հաստատող իր պլանը հայտարարեց մարտի 7-ին, առաջարկելով.

1. Ազգային բյուջեում պետական ու այլ իզուր ծախսերը պիտի կտրուկ կրճատվեն:

2. Հարկերը պիտի խիստ կրճատվեն ու պրոգրեսիվ հարկը պիտի դառնա խելամիտ ցածր ու հարթ:

3. Ճապոնիայի Reconstruction Finance Bank-ը (ըստ էության, երկրի կենտրոնական բանկը) պիտի լուծարվի, որովհետև սրա վարկային քաղաքականությունը հակադիր է երկրի տնտեսության շահերին:

4. Պետության միջամտությունը (անհատ տնտեսվարների գործերին) պիտի խիստ կրճատվի, մանավանդ պիտի խիստ կրճատվեն պետության շնորհած վարկերը, ու գների պետական հսկողությունը պիտի վերանա:

5. Պետերի վարչախումբը պիտի զրկվի արտաքին առևտրի իրավունքից ու այս իրավունքը պիտի տրվի մասնավորին: Արտաքին առևտրի ամենայն փոխանակության կուրսը պիտի լինի հաստատուն, $1 = 360 yen կուրսով:

Սրա´նք էին ճապոնական տնտեսական հրաշքի հիմնական նախադրյալները:

Հայկական հնարավոր հրաշքի թիրախային սկզբունքների ուրվագծերը շարադրված են 10-12-րդ գլուխներում: Անհամբեր ընթերցողը թող սկզբում կարդա այդ գլուխները:

3. ԱՆՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՈՅԱԿԱՐԳ-ԿԱՊԻՏԱԼԻԶՄԸ

3.1 Հին աթենացիների դատարան-պետությունը

Երբ ասում եմ, թե իրեն պետություն հռչակած վարչախմբի հարատև չարիքից ազատվելու միակ ձևն այդ վարչախմբին իր լիազորությունների մեծագույն մասից զրկելն ու սրանց թվաքանակը մոտ մի 20-30 անգամ կրճատելն է, մեր ուսյալներից ոմանք ինձ առարկում են, թե. «Մի՞թե նման բան հնարավոր ա, մի՞թե աշխարհում էդպես բան ա էղել, կամ կա»:

Այս իմաստով ապշեցուցիչ է մեր ուսյալների «անտեղյակությունը» թե´ համաշխարհային պատմությունից, թե´ աշխարհի այսօրվա քաղաքատնտեսական վիճակից: Այս երկու ասպարեզում էլ օրինակներ կան, որոնք ցույց են տալիս, որ թե´ նվազագույն վարչախմբով պետություններ են եղել, թե´ դրանցից այսօր է´լ կան:

Սրա համար էլ խոսեմ հին աշխարհի հունական ա´յն քաղաք պետություններից (պոլիսներից) որոնք, ժամանակ առ ժամանակ, համարյա անպետություն պետություն էին, իրենց նվազագույն վարչախմբով, հաճախ առանց հարկ ու մաքսի ու նույնիսկ առանց մշտական բանակի (կարճատև, իհարկե):

Հին աթենացիները, հայտնագործել էին բարիք ու ծառայություն ստեղծելու ու սրանք ուրիշի ստեղծած բարիքների ու ծառայությունների հետ կամավոր փոխանակելու ազատ տնտեսական ձևը: Այսինքն, հայտնագործել էին իսկական կապիտալիզմը, կամ, որ նույն բանն է, ազատ շուկայական հարաբերությունները, ու սրանք դարձրել էին իրենց կեցության հիմնական ձևը:

Թերևս (Սոլոնի հայտնագործած) կապիտալիստական բարոյակարգն էր ա´յն հիմնական պատճառը, որ Հին Աթենքը, իր հետևից տանելով համարյա ողջ հունական աշխարհը, դարձավ հին հույների հեգեմոնը, այսինքն, դարձավ հին աշխարհի ամենաառաջավոր, ամենազարգացած ու բոլորի համար օրինակելի երկիրը:

Բայց, Էփիալտեսի ու Պերիկլեսի, օրոք այս նվազագույն վարչախումբը սկսեց աճել ու դառնալ «պետիստական», խնամակալելով «թույլերին» (այսօր կասեին – «սոցիալական արդարություն հաստատելով»), ընդ որում, թե´ Աթենքի «թույլերին», թե´ աթենական դաշնության «թույլ» քաղաք-պետություններին:

Թույլերին խնամակալելու այս քաղաքականությունը (Հին Աթենքի «Մարշալի պլանը») մի կողմից Աթենքի քաղաքացիների առանց այդ էլ ծույլ մասին դարձրեց ավելի ծույլ ու աննախաձեռնող:

Մյուս կողմից էլ Աթենքի բնակիչների փառահեղ բարեկեցությունն ու քաղաքի շքեղությունը հարուցեց մնացած պոլիսների թունդ նախանձը:

Այս նախանձը, գումարվելով դեմոկրատիան բռնի տարածելու աթենական արդեն մեծապետական քաղաքականությանը, (ինչը չափազանց է հիշեցնում թե´ վաղ միջնադարյան Հռոմի, թե´ ԱՄՆ-ի ու սոցիալիստների 20-21-րդ դարերի արտաքին քաղաքականությունը), դարձավ Պելոպոնեսյան պատերազմի հիմնական պատճառը (տես իմ «Պետությունը...» գրքի Հռոմի կայսրության ֆեոդալական դառնալու Միզեսի բացատրությունը):

Սա էլ թուլացրեց Աթենքին ու դեմոկրատական բոլոր պոլիսներին ու դարձավ սրանց ուրիշի լծի տակ ընկնելու գլխավոր պատճառը:

Հետագայում էլ, 15-16-րդ դարերում, երբ հոլանդացիները նորից հայտնագործեցին ազատ շուկայական կապիտալիզմ-բարոյակարգը ու անգլոսաքսերը սա որդեգրեցին, շատ արագ հենց իրե´նք դարձան ամենազարգացած ու հզոր երկրների տերերը:

Հին աթենացիները (թերևս նաև հին հունական պոլիսներից – շատերը), մինչև պերիկլեսյան շրջանը, ըստ էության, յոլա էին գնում համարյա առանց վարչախմբի, ու համարյա առանց հարկ ու մաքսի ու առանց մշտական բանակի:

Ասում եմ «համարյա», որովհետև հին աթենացիները, այնուամենայնիվ, ունեին մի ընտրովի արքոնտ (վարչապետի պես մի բան): Այս արքոնտն էլ իր 9 օգնականով (մինչև պերիկլեսյան շրջանը) որևէ լուրջ իշխանություն չուներ, միայն հետևում էր, որ հասարակական կարգն ու սովորութային օրենքները չխախտվեն (սկզբում ուրիշ օրենքներ թերևս չկային):

Բացի սրանք, կար նաև 400 անդամանոց մի խորհուրդ, ինչը կոչվում էր «Արեոպագ»: Այս Արեոպագը հիմնականում հսկողական դեր ուներ: Սա նաև ա´յն օրենքների նախագծերն էր մշակում, որոնք հետո ներկայացվում էին 6000 հոգանոց ժողովրդական ժողովին: Այս պաշտոնները, մինչև պերիկլեսյան շրջանը, համարվում էին հույժ հարգելի ու վճարովի չէին:

Սա´ էր Հին Աթենքի ողջ պետությունը (մինչև պերիկլեսյան շրջանը): Ընդամենը 10 չվճարվող պետ, ում իշխանությունն արդեն հաստատված օրենք ու կարգ ու կանոններին հետևելն էր: Մեկ էլ Արեոպագն ու բազում բազմադատավոր դատարանը:

Սրա համար էլ թերևս սխալ չի լինի, որ թե´ Հին Աթենքի պետությանը, թե´ սրա պեսերին ասենք նվազագույն վարչախմբով պետություն:

Պետության անխուսափ ու անսասան անհրաժեշտությանը կույր-կույր հավատացողները կհարցնեն.

– Եթե Հին Աթենքն ուներ ընդամենը նվազագույն վարչախմբով պետություն, այսինքն, ըստ էության, պետություն չուներ, բա էդ ո՞նց էր, որ էնտեղ քաոս չէր: Ախր որ վարչախումբը չլինի, մի ակնթարթում բոլորն իրար կոկորդ կկրծե՞ն:

Սա ճիշտ է: Եթե մարդկանց մեծաթիվ հանրությունը ղեկավարվելու որևէ ձև չունենա, անպայման կցրվի, գուցե սկզբում անցնելով քաոսային վիճակներով:

Բայց հնարավոր է, որ մարդկանց մեծաթիվ հանրությունը ղեկավարվի ապակենտրոն ձևով, օրինակ, միմիայն բոլորի համար պարտադիր նորմերի վրա հիմնըված, սովորութային օրենքներով:

Սրա տարածված օրինակը, իմիջիայլոց (մանավանդ մեկուսի) գյուղերի խաղաղ գոյությունն է: Սրանց ղեկավարների հիմնական խնդիրը հարկահավաքչությունն ու ընտրություն կազմակերպելն է: Մնացած համարյա բոլոր հարցերը գյուղացիները լուծում են սովորութային նորմերով:

Սոլոնի արքոնտության օրերին աթենացիների կեցության միակ ղեկավարը միայն իրենց հայրերի օրենքներն էին, որոնք մի ժամանակ սովորութային կամ ըսպոնտան (ինքնին, իրենց-իրենց) ծագած բարոյական նորմ էին:

Հին աթենացի քաղաքացին (եթե պատերազմ չէր) կա´մ առևտուր էր անում (մեծ մասամբ, ծովերով), կա´մ դատ էր լսում ու դատ էր կտրում, կա´մ մարզվում էր, կա´մ ագորայում (շուկայի հրապարակում) քաղաքականությունից էր խոսում ու գուցե՝ ճառում, կա´մ քեֆի էր:

Հին աթենացիների միակ ղեկավարը (մինչև պերիկլեսյան շրջանը) եթե կուզեք՝ միակ «պետությունը», ըստ էության, իրենց ԸՆՏՐՈՎԻ դատարաններն ու 6000 հոգանոց հաճախակի հանրաքվեները կամ գերագույն դատարաններն էին: Ուրեմն, ի վերջո, իրենց օրենքներն էին:

Հին Աթենքի թե´ դատարանը, թե´ հանրաքվեն, իրենց դատավորների ու ժողովըրդի ներկայությամբ, ինչպես նաև, իրենց դատապաշտպանի ու մեղադրողի ազատ մրցությամբ, արդարություն արտադրող պրոցես էին:

Մեղադրողի ու պաշտպանի իրավունքները լրի´վ էին իրար հավասար, իսկ դատավորներն առաջնորդվում էին սովորութային նորմերին (ուրեմն, նաև իրենց խղճին) չհակասող վերացական դատողությամբ, որ օրենքի առաջ բոլորի հավասարության նորմը չխախտվեր:

Հին հույները ղեկավարվում էին արդարության մասին ինքնին (սպոնտան) առաջացած ավանդույթներով ու պատկերացումներով:

Այսօրվա աշխարհում միշտ չի, որ այդպես է: Այսօր մեղադրողը, հաճախ ու մանավանդ հետսովետական տիրույթում, դատախա´զն է, այսինքն, նորից պետերի վարչախո´ւմբն է, ով (օրինակ) Հայաստանում նաև դատաքննության ողջ պրոցեսի հսկիչն է: Ու այսօր հետսովետական այս տիրույթում դատական ազատ ու արդար մրցությունից խոսելը մանկամիտ մոլորություն է:

ՀՀ-ի պես երկրներում սրան ավելացրեք այսօրվա իշխանավորների հեռախոսային իրավունքն ու դատավորների, դատախազների (հաճախ նաև պաշտպանների) ապականությունը, գումարեք նաև մեր դատական կոդեքսների խիստ իշխանամետությունն ու այսօրվա պետերի խմբին պաշտպանող օրենքների վիթխարի քանակը, ու պարզ կլինի մեր այսօրվա դատարանի ողբալի պատկերը:

3.2 Հին հույների դատարանները

Հին հույների առաջին դատարանը ցեղային դատարանն էր, ինչի ընտրովի դատավորների կազմը 40 հոգի էր: Հետո գալիս էր 200 ընտրովի դատավորով դատարանը: Հետո՝ 500 ընտրովի դատավորով «լրիվ» դատարանը, որ քննում էր առավել ծանր կամ խոշոր գումարներին առնչվող հանցանքները:

Օրինակ, հռչակավոր Սոկրատեսին դատեց ու մահվան դատապարտեց 1500 ընտրովի դատավորով եռակա´զմ դատարանը:

Հույների նվազագույն վարչախմբով ու հայրերի օրենքներով ղեկավարվելու էությունը հասկանալու համար պիտի իմանանք, որ հունական այս նվազագույն պետության 10 պաշտոնյան ու հասարակական աշխատանքների նշանակովի բոլոր պաշտոնյաներն էլ տարին մի անգամ հաշվետու էին դատարանի առաջ:

Այնինչ, այսօրվա պետը, մանավանդ Հայաստանի պես երկրում, հաշվետու է ոչ թե սովորութային օրենքի´ առաջ, այլ միմիայն իր վերադասի´ առաջ: Սա´ է այսօրվա մեր քաղաքակրթության կործանարար ողբերգությունը:

Թե հին աթենացիների տվյալ դատական գործը ո´ր մի դատարանը կքննի, կախված էր այդ գործի կարևորությունից: Ցեղային դատարանը, մեծ մասամբ, քննում էր չնչին գումարների գործերը: Ինչքան գումարը շատանում էր, այնքան էլ դատարանի ռա´նգն էր բարձրանում: Դատավորների թիվը մեծ էր, որովհետև հին հույները մտածում էին, որ շատ դատավորին կաշառելը անհնար է, փողը չի հերիքի:

Հետաքրքիր է, որ հին հույները նույնիսկ քվեները (սև ու սպիտակ քարերը կամ լոբու հատիկները) հաշվող ստրուկների´ն էին վիճակահանությամբ ընտրում:

Բացի սրանք, սկզբում հին հույները կարևորագույն հարցերը քննում էին Արեոպագում: Եթե սա չէր բավարարում, գործը քննում էին իրենց 6000 դատավորանոց պարբերական «հանրաքվե»-ժողովում:

Հանրաքվեի ընթացքում ամեն մի քաղաքացի ցանկացած ուրիշ քաղաքացու մեղադրելու իրավունքն ունե´ր, ու սրա այս մեղադրանքին պիտի ՏԵՂՆՈՒՏԵՂԸ դատ հետևեր: Եթե դատը պարզում էր, որ մեղադրանքն անհիմն է, հենց այդ սխալ կամ կեղծ մեղադրանքի հեղինակի´ն էին տեղնուտեղը դատում:

Իմիջիայլոց այս հատվածը այսքան ընդարձակեցի, որ ընթերցողը նաև երկու բան իմանա – նախ թե ՀՀ-ի այսօրվա դատարանն ինչքան է հեռու իր իսկական, ճշմարիտ կոչումից, ու պարզ լինի, որ հներից էլ սովորելու շատ բան կա:

3.3 Հների բարոյակարգ-կապիտալիզմը

Դասական հին շրջանի աշխարհը կա´մ միապետական էր, ուրեմն, քիչ թե շատ, սոցիալիստական էր կա´մ, քիչ թե շատ, կապիտալիստական բարոյակարգի գծեր ուներ (գուցե նաև Փյունիկիայում ու Կարթագենում: (Հայեկը, օրինակ, հին եգիպտական կայսրությունները սոցիալիստական է համարում):

Հների միապետական ու քիչ թե շատ սոցիալիստական պետությունները, մեծագույն մասով, զբաղված էին պատերազմական թալանով, ու սրանցից ամենաարյունարբուն (Նիկողայոս Ադոնցի վկայությամբ) թերևս Ասորեստանն էր:

Պատերազմի հիմնական նպատակն ու շարժառիթը (բոլո´ր դարերում) անհըսկելի ու անպատիժ պետերի վարչախմբի վերնախավի թալանի հնարավորությունն է: Եթե դատենք ըստ Լուդվիգ Միզեսի մարդկային արարմունքի աքսիոմի, պատերազմը պետերի նեղությունները վերացնելու «պետային» վարք է:

Թունդ սոցիալիստական էր, օրինակ, հունական Սպարտան: Բայց հետագայի ինկաների կայսրության սոցիալիզմը մեր այս բովանդակ քաղաքակրթության ամենակատաղի սոցիալիզմն էր (տես 5.3-ն ու 5.4-ը):

Սպարտան այնքա´ն էր սոցիալիստական, որ Սովետն ու Նացիստական Գերմանիան Սպարտայի սոցիալիզմի կարգ ու կանոնի ահագին մասը փոխ առան:

Անհսկելի ու անպատիժ պետության անխուսափելի անհրաժեշտությանը կույր-կույր հավատացող մտավորականը, ցավոք, չի գիտակցում, որ պետական վարչախմբի թերևս բոլո´ր-բոլո´ր ֆունկցիաները կարող է հույժ գերազանց անի բոլորին հավասար աչքով նայող պարտադիր ու անխափան գործող օրենքով ղեկավարվող ազատ շուկան, այսինքն, սրա տնտեսվար անհատները:

(Համարյա) կապիտալիստական էր, առաջին հերթին, Հին Աթենքը ինչը հունական քաղաք-պետությունների թերևս զգալի մասի համար օրինակ էր:

Սրանք, բոլորն էլ, ժամանակ առ ժամանակ դառնում էին տիրանություն (կամ սոցիալիստականանում էին), բայց, քիչ թե շատ, պահում էին իրանց կապիտալիստական գծերը: Օրինակ, երբ Պիսիստրատեսը դարձավ Աթենքի տիրանը, աթենական կապիտալիստական բարոյակարգը համարյա չխախտեց:

Շեշտեմ, որ բարոյակարգը հենց ճշմարիտ կապիտալիստական կարգն է, ինչն աշխարհի ոչ մի երկրում լրիվ չի իրագործվել: Կապիտալիստական բարոյակարգում ամե´ն-ամե´ն ինչն էլ պիտի միմիայն անհատն իրագործի, նույնիսկ բնական կոչված մոնոպոլիաների տնտեսվարություն ու երկրի ներքին ու արտաքին պաշտպանությունը:

3.4 Բարոյականությունն ու կույր հավատը

Մեր ժողովուրդը, ասելով անբարոյականություն, թերևս միշտ, հասկանում է սեռական սանձարձակությունը: Մերո´նց կույր հավատը անբարոյական է համարում միմիայն պոռնիկին ու սեռական ուղղափառ նորմերը խախտողին:

Ու մենք հանճարեղ ենք համարում իրոք անբարո անձանց, օրինակ, Մակեդոնացի Ալեքսանդրին, Նապոլեոն Բոնապարտին ու Լենինին, Ստալինին, Հիտլերին:

Բայց ո՞վ է իսկական անբարոյականը, մի կտոր հացի համար իր մարմինը վաճառող պոռնի՞կը, թե՞ ժողովրդին թալանող ու կեղեքող օրենքներ նախագծող ու սըրանք իրագործող վարչապետն ու իր ողջ կառավարությո՞ւնը:

Ու մի՞թե անբարո օրենքի նախագծերը հաստատող դեպուտատը շատ ու շատ ավելի անբարո պոռնիկ չի: Մի՞թե անսահման ավելի պոռնիկ չեն ա´յն վարչապետն ու իր կառավարությունը, ովքեր, իրենց քաղաքական նպատակներով, տասնյակ հազարավոր մանկահասակ պատանի են տանում պատերազմ ու մի մասին կոտորում, մի մասին էլ դարձնում են հաշմանդամ:

Արդյո՞ք անբարո չէր Նապոլեոն Բոնապարտը, որ 10 միլիոն մարդ կոտորեց հանուն իր նպատակների (սրանցից 7 միլիոնը՝ ֆրանսիացի): Անբարո չէ՞ր Ալեքսանդր Մակեդոնացին, ում հրամանով կոտորեցին Տյուրոս վիթխարի քաղաքի բոլո´ր-բոլո´ր բնակիչներին, նաև ծերերին, կանանց ու բոլո´ր-բոլո´ր մանուկներին:

Ա´յն մարդը, ով համարում է, որ սրանք ճիվաղ չեն, այլ հանճարեղ, թող մի պահ պատկերացնի, որ սրանք հենց ի´ր սիրասուն զավակներին են տանում ու կոտորում – հանուն «հանճարեղ» նպատակների:

Մի՞թե անբարոյական չէ՞ին սոցիալիստ Տրոցկին ու սոցիալիստ Լենինը, իրենց ստեղծած 91 կոնցենտրացիոն ճամբարով, ովքեր իրենց նույնիսկ այդ կարճ ղեկավարության ընթացում միլիոններով ժողովուրդ կոտորեցին ու երկրից քշեցին:

Անբարո չէ՞ր սոցիալիստ Ստալինը, ով (Լենինի, Տրոցկու ու բոլշևիկյան մնացած գարշելի սոցիալիստների հետ) մինչև երկրորդ համաշխարհայինը մոտ 100 միլիոն մարդ կոտորեց ու 5 միլիոն գյուղացու ընտանիք (մոտ 50 միլիոն մարդ) աքսորեց:

Անբարոների չեմպիոնը չէ՞ր սոցիալիստ Ստալինը, ով 1931-1933 թվերին Ուկրաինայում սով կազմակերպեց, հետն էլ արգելեց, որ ժողովուրդը լքի Ուկրաինան ու գոնե հաց մուրալով սովից չմեռնի:

Անբարո չէ՞ր սոցիալիստ Ստալինը, ով կազմակերպելով այդ սովը ստիպեց, որ Ուկրաինայի գյուղացիները կորցնեն իրենց մարդկային կերպարը ու հերթով մորթեն իրենց զավակներին, եփեն ու ուտեն:

Անբարո չէ՞ր նացիոնալ սոցիալիստ Հիտլերը, ով 8 (կամ 13) միլիոն գերմանացի ու միլիոններով այլազգի կոտորեց հանուն նացիոնալ սոցիալիստական գարշելի գաղափարների հաղթանակի:

Անբարո չէ՞ր սոցիալիստ Մաո Ցզե Դունը, ում հանցագործություններն ու կոտորածները պակաս չէին սովետական բոլշևիկ սոցիալիստների արածներից:

Անբարո չէ՞ր կարմիր կխմեր, սոցիալիստ Պոլ Պոտը, ով կոտորեց Կամբոջայի բոլո´ր դիպլոմավորներին, թողնելով մեկ բժիշկ, երկու ինժեներ (կամ հակառակը):

Անբարո չե՞ն Հյուսիսային Կորեայի, Կուբայի ու Վենեսուելայի սոցիալիստ ղեկավարները, ովքեր իրենց երկրները հասցրել են այսօրվա թշվառ վիճակին:

Այս անբարո սոցիալիզմն այսօր հաղթում է ողջ աշխարհում:

Ու եթե ԱՄՆ-ի ու Եվրոպայի սոցիալիզմը հլը լրիվ չի դժբախտացրել այս երկրների բնակիչներին, պատճառը միմիայն սրանց արտադրության կապիտալիստական եղանակի հզորությունն ու մասնավոր սեփականության անձեռնմխելության նորմին քիչ թե շատ կառչած մնալն է:

4. ԿՈՒՅՐ ՀԱՎԱՏԸ ՉԱՐԻՔ Է

4.1 Մեր կործանարար կույր հավատը

Մենք պահանջում ենք, որ պետերը փոխվեն ու նորընտիր պետերը շտկեն մեր այս աղետալի վիճակը: Բայց արդեն զգում ենք, որ մի կարգին նոր պետացու չենք կարում ճարենք, որ կարգին պետացու – ոնց որ թե չկա: Ի՞նչն է սրա պատճառը:

Մեզ միշտ թվացել է, թե իմաստուն ժողովուրդ ենք, ու մեր մտքով երբեք չի անցնում, որ ոչ միայն իմաստուն չենք, այլև իրական, ճշմարիտ ու գիտական ինֆորմացիա ու գիտելիք չունենք ու չենք հասկանում նույնիսկ ամենահասարակ բաները:

Մենք անսահման գերագնահատում ենք մեզ: Մենք չենք ուզում պատկերացնենք անգամ, որ (օրինակ) հին հույների ստեղծածի նշանակությունը հայերի ըստեղծածի համեմատ, ոնց որ Մասիս սարն ու ավազահատիկը: Սա մեզ խիստ վիրավորական է թվում:

Մենք չգիտենք, որ հին հույներից ողջ աշխա´րհն է սովորել, որ հին հույները աշխարհին տվել են – բարոյակարգ-կապիտալիզմն ու դեմոկրատիան, թատրոնն ու ողբերգությունն ու կոմեդիան, դիդակտիկ մաթեմատիկան ու մանավանդ երկրաչափությունն իր 13 գրքով, ինչով որ արդեն 23 դար շարունակ ողջ աշխարն է սովորում:

Մենք չենք ուզում նույնիսկ ընդունենք, որ մեր Դավիթ Անհաղթն ու Անանիա Շիրակացին հին հույների´ց են քաղել յուրացրել իրենց իմացածը, ու որ սրանց իմացածը հին հույների կուտակածի մի չնչին մասն է միայն:

Մենք չգիտենք, որ Շիրակացու մաթեմատիկան, ինչն ինքը գրել է Պյութագորասից 1200 տարի հետո, երկրաչափ Էվկլիդեսից ու ինտեգրալ հաշվող ֆիզիկոս ու ինժեներ Արքիմեդեսից 800 տարի հետո, հանրահաշվի հիմնադիր Դիոփանտեսից 400 տարի հետո, իր մեջ ուներ թիվ գումարելու վիթխարի աղյուսակներ (չեմ հիշում՝ մինչև քանի տասնյակ հազարը), որ հայերը դրանցից օգտվեն ու դրանք անգիր անեն, որ կարենան թիվ գումարեն:

Այնինչ հույները իրենից շատ առաջ արդեն ստեղծել էին տեսական հանրահաշիվն ու երկրորդ կարգի կորերի (շրջանագծի, էլիպսի, պարաբոլի, հիպերբոլի) տեսությունը, որպես կոնական հատույթներից առաջացած կորեր:

Մենք գլուխ ենք գովում, թե հին գրականություն ունենք, ու չգիտենք, որ մեր հին գրականության մեջ գեղարվեստական նույնիսկ թարգմանակա´ն գործ չի եղել: Չի եղել բոլորովին (մինչև մեր եկեղեցու պարականոն ու արգահատելի համարած Քուչակն ու Ֆրիկը, ու մինչև հայկական ուշ միջնադարի մի երկու գեղարվեստական թարգմանությունը, «Պատմութիւն վասն մանկանն եւ աղջկանն, Պատմութիւն յաղագս Փահլուլ թագաւորին»):

Մենք ունենք բազում վայ գիտնական (ու սրանց մեջ՝ նույնիսկ գիտությունների դոկտորներ ու մեր ԳԱԱ-ի անդամներ), ովքեր փրփուրը շուրթերին անսահման կիրք ու եռանդով իբր ապացուցում են, թե շումերները (կա´մ բասկերը, կա´մ էտրուսկները, կա´մ անգլիացիները, կա´մ պոլինեզիացիները ևն, ևն) հայ են եղել կամ հայերից են ծագել, ու տեղյակ էլ չենք, որ գիտական լուրջ աշխարհում մեր այս «գիտական» ճիգերը ընդամենը խղճահարություն (կամ, լավագույն դեպքում, ներողամիտ ժպիտ) են հարուցում:

Ու մեր այս վայ գիտնականները, նորից փրփուրը շուրթերին ու նորից անսահման կիրք ու եռանդով, իբր ապացուցում են թե հայերը, Մաշտոցից էլ շատ ու շատ առաջ, հայերեն գիր ու հայատառ գրականություն են ունեցել, չիմանալով, որ (օրինակ) Հին Հռոմում, Մաշտոցից մի 100 տարի առաջ, 28 հատ մասսայական գրադարան կար (անձնականները չհաշված):

Ու այս նախամաշտոցյան հայ գրի կողմնակիցներին չի հուզում հետևյալ հարցը. Ասենք թե հայերը նախամաշտոցյան գիր ու հզոր գրականություն են ունեցել, ինչը իբր հայերի առաջին քրիստոնյաները ամենայն ջանասիրությամբ ոչնչացրել են:

Ոչնչացրել են, ման գալով պատմական Հայաստանի սար ու դաշերն ու բոլո´ր-բոլո´ր քարերի վրայից տաշելով ու ջնջելով նախամաշտոցյան հայ գրերը, ու նաև՝ բացելով բոլո´ր-բոլո´ր գերեզմաններն ու դրանց միջի դրամների ու կնիքների վրայից ջնջելով նախամաշտոցյան գրերը, հետո նորից փակելով դրանք, հա՞:

Լավ, բա ինչո՞ւ հույների ու հռոմեացիների առաջին քրիստոնյաները չեն ոչնչացրել իրե´նց հեթանոսական գրականությունն ու ու մշակույթը: Ի՞նչ է, առաջին հայ քրիստոնյաներն այնքա´ն են ատել ամենայն հեթանոսականն ու այնպե´ս են ոչնչացըրել դրանք, որ այսօր դրանց հետքն անգամ չգտնենք, իսկ հույների ու հռոմեացիների քրիստոնյաներն այսքան մոլեռանդ չե՞ն եղել:

Բա հույների ու հռոմեացիների հեթանոսական գրականության ու արվեստի գործերը ո՞նց են պահպանվել:

Բա եթե նախամաշտոցյան հայերի գիր ու գրականությունն էլ է նույնքան հզոր եղել, ինչքան հեթանոս հույներինն ու հռոմեացիներինը, բա ո՞ւր են հայերի´ Հոմերոսների, Հեսիոդոսների, Էսքիլեսների, Սոփոկլեսների, Եվրիպիդեսների, Թալեսների, Արիստոփանեսների, Օվիդիոսների, Էվկլիդեսների, Արքիմեդեսների Կիկերոնների, Վերգիլիոսների, Լուկրեցիոս Կարերի ստեղծածների գոնե բեկորները:

Ինչո՞ւ չեն օտարները թարգմանել սրանց մի մասն ու պահել, իսկ հույներինն ու հռոմեացիներինը թարգմանել ու պահել են: Ի՞նչ է, հայերի առաջին քրիստոնյաները վեր են կացել ու գնացել են օտար երկրներն ու հայերից արած այդ երկրների թարգմանություններն է՞լ են ոչնչացրել, որ այսօր դրանց հետքերն էլ չգտնե՞նք, հա՞:

Ու մենք չենք հասկանում, որ մեր այսօրինակ ջանքերն ուղղակի ողորմելի են ու խայտառակում են մեզ:

Ու եթե ես ասեմ, որ մեր ուսյալների զգալի ու թերևս գերակշիռ մասը գաղափար անգամ չունի, թե ինչ է համեստությունն ու բացարձակ արժանի չի «ուսյալ, մտավորական, ինտելեկտուալ» կոչվելուն ու ուղղակի մանկամիտ է ու խավարամոլ, ինձ կհայհոյեն ու կհամարեն հայատյաց ու ազգի դավաճան:

Բայց այսքանից հետո մի՞թե զարմանալի է մեր համարյա բոլոր ուսյալների այն ճակատագրական, համատարած, ողբերգական ու կործանարար չիմացությունը, թե վարչախումբը պետությունը չի, ժողովուրդը չի, ու ոչ էլ երկիրն է կամ հայրենիքը:

Մենք չենք հասկանում, որ վարչախումբը, համարյա միշտ ու ամենուր, ընդամենը իրեն պետություն հռչակած պետերի անհսկելի, անպատիժ, ապական ու հարաճուն խումբն է:

Ու մենք կույր-կույր հավատում ենք, որ այս անհսկելի ու անպատիժ պետերի ապական վարչախմբերի մեջ կա մի գալիք վարչախումբ, ով ազնիվ ու կարող կլինի, «պետական մտածողություն» կունենա ու մեզ կփրկի:

Ու մեր այս հույժ տարօրինակ կույր հավատը չի թողնում, որ հասկանանք, որ այսպես կոչված պետական (կամ պետականամետ) մտածողությունը ընդամենը պետամե´տ կամ վարչախմբամե´տ մտածողությունն է:

Ու սրա համար էլ մենք չենք հասկանում, որ այս «պետականամետ» մտածողությունը միմիայն սեփական, անձնական բարեկեցությանը հետամուտ – թալանչի չինովնիկի´ մտածողությունն է:

Այս «պետական» կոչված մտածողությունը մի´շտ է ուղղված ժողովրդի դեմ:

Ու մեր այս կույր հավատն ստիպում է, որ անընդհատ պահանջենք. «Թող վարչախումբը մեզ պահի; թող վարչախումբը մեզ պաշտպանի արտաքին թշնամիներից; թող վարչախումբը մեզ կրթի; թող վարչախումբը մեզ բուժի; թող վարչախումբը մեզ թոշակ տա; թող վարչախումբը արդարություն հաստատի» ևն:

Ու մեր այս կույր հավատը չի թողնում, որ հասկանանք, որ (նախ) վարչախումբը բոլորովին էլ նման նպատակներ չունի, որ վարչախումբը, մի´շտ ու ամե´ն ագամ, մտածում է միմիայն ի´ր բարեկեցության մասին:

Երկրորդն էլ, եթե նույնիսկ վարչախումբն ուզենար այս բաներն աներ, սրանք անելու համար վարչախմբին փող է պետք, իսկ փող – վարչախումբը չունի, որովհետև ի´նքը, վարչախո´ւմբը, ոչինչ չի ստեղծում:

Չենք հասկանում, որ մեր ուզածն անելու համար իրեն պետություն հռչակած վարչախումբն իր բոլո´ր-բոլո´ր ծախսերի փողն ունենալու միմիայն մի միջոց ունի, իրեն հարկավոր փողը պիտի որևէ կերպ խլի հենց իրեն ընտրած ժողովրդից:

Բայց երբ վարչախումբն իր ծախսերի փողը (ուղղակի ու անուղղակի հարկ ու մաքսերով ու այլ տուրքերով ու տուգանքներով) խլում է հենց իրեն ընտրած ժողովըրդից, իր այս ժողովրդին զրկում է խնայելու ու ներդրում անելու ու երկիրը զարգացնելու հնարավորություններից:

Ու իրեն պետություն հռչակած անհսկելի ու անպատիժ վարչախումբը մինչև հիմա այսպես էլ վարվել է, բայց ժողովրդից իր խլածի մեծ մասը, ըստ էության, միշտ էլ ի´նքն է կա´մ լափել, կա´մ փոշիացրել: Հենց սա´ է պատճառը, որ այսօր մարտունակ բանակ չունենք, որ մեզ պաշտպանենք:

Ասված հարկ ու մաքսով հավաքած մեր բյուջեն լափելու այս հարատև ու անխուսափելի հատկությունը երբե´ք չի վերագրում հենց վարչախմբի էությա´նը:

Փոխարենը, մեր մտավորականությունը (գուցե ակամա, անգիտակից ու իր տգիտության պատճառով) այս հանցագործ ու անկշտում շռայլությունը վերագրում է միմիայն ա´յս պահին առկա պետերի հենց ա´յս մասնավոր խմբին ու մի´միայն հենց սրա´նց առաջնորդներին, ու ոչ թե ամե´ն մի վարչախմբին:

Ու մեր մտավորականության այս արտառոց կույր հավատը (թե իբր կա´ մի արդար ու ազնիվ վարչախումբ), չի թողնում հասկանանք, որ պետերի այս «ափշագ-բյուջեն» վատնելու ու երկիրն այս ձևով կործանելու ձևը հատուկ է ամե´ն մի անհսկելի ու անպատիժ վարչախմբին:

Ու մեր մտավորականությունը չի գիտակցում, որ անհսկելի ու անպատիժ վարչախմբի (իր) ծախսերի փողը հարկ ու մաքսով ճարելու ա´յս ուղին մի արատավոր օղակ է, ինչն ա´նպայման է կործանարար, որովհետև անհնա´ր է, որ ժողովրդի փողը խլես ու ժողովրդին հյուծես, որ հենց այդ նո´ւյն ժողովրդին այդ փողով պահես ու պաշտպանես ու հետն էլ – հզորացնես:

Մենք սա չենք տեսնում, ասես ոչ միայն բացարձակ կույր ու մանկամիտ, այլև տրամաբանությունից լրի´վ զուրկ լինենք: Չենք տեսնում, որովհետև մենք անընդհատ մտածում ենք, որ մեր ամենայն թշվառության պատճառն միմիայն ա´յն հանգամանքն է, որ մենք պետերի սխալ խումբ ենք ընտրել:

4.2 Վարչախումբն ու ավազակաբարո բրիգադը

Հա´, մենք նաև մանկամիտ ենք, որովհետև մեր կույր հավատն առ պետերի հըսկելի ու պատժելի ու լրի´վ-լրի´վ ազնիվ, արդար ու բարոյական վարչախումբ-պետության գոյությունը – չի թողնում հասկանանք, թե.

Անհնար է, որ որևէ տեսակ նույնիսկ բացառիկ արդար ու բացառիկ ազնիվ ընտրություններով հավաքենք ժողովրդին բարեկեցիկ կյանք ապահովող անհրաժեշտ բոլո´ր-բոլո´ր մասնագետներին, քանի դեռ հասարակարգը սա´ է, այսինքն, քանի դեռ հասարակարգի էությո´ւնն է անբարո:

Հասարակարգի էությունն էլ անբարո է, որովհետև հիմնված է հարկ ու մաքսային բռնի ու կամայական թալանի ու խարդախության վրա: Այս էությունը հակադիր է մասնավոր սեփականության անձեռնմխելության նորմին (տես 8-րդ գլուխը):

Կրկնեմ, մենք չենք հասկանում, որ իրեն պետություն հռչակած անհսկելի վարչախումբը ոչ մի բարիք չի ստեղծում, այլ ապրում է հենց մե´ր ստեղծած բարիքների հաշվին, ինչն այս պետերը, զանազան կեղծ ու անիրագործելի պատրվակներով, մեզնից ուղղակի խլում են:

Ու խլում են այնքա´ն, ինչքան ուզենա´ն: Ու խլում են միմիայն հենց իրե´նց կարիքների համար, որովհետև հսկելի, գործից ազատելի ու պատժելի չեն:

Մեր ուսյալների մտքով անգամ չի անցնում, որ հարկերը պիտի լինեն ժողովըրդի համաձայնությամբ ու/կամ ժամանակավոր:

Մենք չենք նկատում, որ վարչախումբը ժողովրդի արածը, մի´շտ ու ա´նպայման, վերագրում է հենց իրեն, որ մտածենք, որ հենց վարչախո´ւմբն է պետությունը, ու վարչախո´ւմբը դառնա ժողովրդի պաշտամունքի առարկա´ն:

Ու մենք կույր-կույր հավատում ենք արդար ու ազնիվ ընտրությունների հնարավորությանը:

Մեր մտավորականության այս արտառոց մանկամիտ ու ապշեցուցիչ կուրությունը չի թողնում, որ սա գոնե մի անգամ հասկանա ու մեզ էլ բացատրի, թե այս ընտրություններով կազմած պետերի վարչախումբն ի´նչ ու ինչքա´ն իրավունք-լիազորություն պիտի ունենա:

Մենք նման ենք այն տանտիրոջը, ով բրիգադ է վարձում, որ իր տունը նորոգի, բայց իր իսկ ձեռով պայման է կնքում (այսինքն, քվեարկելով սահմանադրություն է ընդունում) այս բրիգադի հետ, պարտավորվելով, որ ինքը, այսինքն, տանտե´րը, ոչ մի իրավունք չունենա այս բրիգադից որևէ հաշվետվություն պահանջի, այս բրիգադի գործը հսկի կամ (եթե այս բրիգադն իր պարտավորությունները չկատարի), ոչ մի իրավունք չունենա, որ սրան գործից ազատի կամ պատժի:

Ավելին, մենք հենց այս նույն բրիգադին իրավունք ենք տալիս, որ սա սկզբնական պայմանով հաստատված իր ստանալիք վարձի չափը շատացնի (իր ուզած պահին ու ուզած չափով), իսկ տանտիրոջն էլ բռնի ու բանտ նստացնի, եթե այս տանտերը հրաժարվի ավելացրածը վճարելուց:

Մե´նք ենք իրավունք տալիս այս բրիգադին, որ մեր տունը թալանի ու, առանց մեր համաձայնությունը ստանալու, մեր տան անդամներին տանի այլ երկրներ ու պատերազմներում սպանի:

Մե´նք ենք իրավունք տալիս այս նույն բրիգադին, որ ինքը, առանց մեզ հարցնելու, մեր անունից վիթխարի պարտքեր անի ու այդ գումարները ծախսի իր սեփական հայեցողությամբ (վիթխարի ռոճիկ ու պարգևավճար տա հենց ինքն իրեն) ու մենք էլ իրենից հաշվետվություն պահանջելու իրավունքը չունենանք ու, ճորտի պես, հլու հնազանդ, մարենք այդ պարտքերը (կամ էլ մարեն մեր ապագա սերունդները):

Մե´նք ենք իրավունք տալիս սրան, որ սա, մեր իսկ տանը, իր բրիգադային (վարչախմբային-պետական) գաղտնիքներն ունենա հենց մեզնից ու մե´զ չասի, թե մեր տանը ի´նչ է անում կամ ի´նչ թաքուն խարդախություններով է զբաղված:

Ինչո´ւ: Որովհետև կույր-կույր հավատում ենք, որ այս բրիգադ-վարչախումբն իր այս ավազակաբրիգադային բոլոր գաղտնիքները մեզնից թաքցնում է միմիայն հանուն մե´ր իսկ բարօրության:

Ու մենք կույր-կույր համաձայնում ենք, որ այս բրիգադ-վարչախումբը չասի, թե մեր տված փողը ո´նց ու ինչի´ համար է ծախսում: Չասի, թե ումից ինչքան ու ինչի համար է վիթխարի պարտքեր անում: Չասի, թե տան անդամներին ո´ւր է տարել:

Ու մենք իրավունք չունենք նույնիսկ հարցնենք, թե տարածներին սպանե՞լ է, թե՞ չի սպանել, դիակներն ի՞նչ է արել, դիահերձե՞լ է, թե՞ չէ, թաղե՞լ է, թե՞ չի թաղել:

Հենց մե´նք ենք կույր-կույր իրավունք տալիս այս բրիգադին, որ սա զինաթափի մեզ, բայց ինքը մնա զինված, որ մենք իրեն զսպելու որևէ զինված փորձի հնարավորություն հանկարծ չունենանք:

Վարչախումբը զինաթափում է նույնիսկ սահմանամերձ գյուղերի բնակիչներին, ովքեր այսօր տառապում են ադրբեջանցիների ձեռը, որովհետև լրի´վ են անզեն: Իսկ մեր այս պետություն-բրիգադն էլ չի´ պաշտպանում իրենց:

Ադրբեջանցիներն էլ, տեսնելով, որ մեր պետերը վախկոտ են, ոչ պրոֆեսիոնալ ու, ըստ էության, դավաճան, քիչ-քիչ խլում են մեր հողերը, ու մենք էլ անզեն, անզոր, կամազուրկ ու մանկամիտ դիտողի դերում ենք:

Ու մեր մտավորականության մանավանդ շարքային մասի այս արտառոց կույր հավատն առ ազնիվ ու արդար բրիգադ-վարչախմբի գոյությունը – չի թողնում, որ սա երբևէ նկատի, որ դեռ ո´չ մի, ո´չ մի, ո´չ մի վարչախումբ-բրիգադը չի կատարել մեզ տված իր խոստումներն ու իր ենթադրվող պարտավորությունները:

Ավելին, սա, իր ստեղծած օրենքներով, հարկերով ու մաքսերով ու զանազան տարիֆներով ու իր բյուրոկրատական ամենայն քաշքշուկներով միմիայն խանգարել ու խոչընդոտել է ժողովրդի բարիք ստեղծող մասին ու չի թողել, որ այս մասը որևէ կարևոր ու էական բան անի:

Մեր այս արտառոց կույր հավատն առ ազնիվ ու արդար բրիգադ-վարչախմբի գոյությունը չի թողնում, որ երբևէ նկատենք, որ անհսկելի ու անպատիժ վարչախումբը, այսինքն, պետերի անհսկելի ու անպատիժ խումբը, ա´նպայման է դառնում չարիք:

Ու ամենակարևորը, մեր այս արտառոց կույր հավատն առ ազնիվ ու արդար բրիգադ-վարչախմբի գոյությունը չի թողնում, որ երբևէ նկատենք, որ եթե այս անհըսկելի բրիգադ-վարչախումբ-չարիքն անխուսափելի է, ուրեմն, պիտի ձգտենք այս չարիքի նվազագույնին:

4.3 Կուս-ցուցակով ընտրությունը – արդա՞ր

Մեր կույր հավատն առ հնարավոր արդար ու ազնիվ վարչախմբի գոյությունը չի թողնում, որ ոչ միայն հասկանանք, որ արդար ընտրությունները մեզ երբեք չեն փրկի, այլ հասկանանք, որ.

ԱՔՍԻՈՄ. Անհնար է, որ մեր երազած «արդար ընտրությունները» լինեն արդար, որովհետև սրանք միմիայն կուսակցական ցուցակներով են, իսկ կուսակցական ցուցակային ընտրությունը լրի´վ է հակառակ արդարությանն ու ազատ շուկայական (ճշմարիտ կապիտալիստական) իրո´ք արդար կարգին:

Այսինքն, մենք գաղափար չունենք, թե այս ընտրություն կոչվածն ի´նչ է ու ինչի´ համար է: Մենք չենք հասկանում, որ եթե կուս-պետը (կուսակցապետը) մի հույժ անբարո մեկին գրել է իր ընտրացուցակի մեջ, էլ արդեն սրան ինչքան էլ արդար ձևով ընտրես, միևնույնն է, կառավարության կազմում անբարո անդամ կլինի´:

Ու մենք չենք հասկանում, որ կուս-պետերը վերնախավի իրենց մերձավոր անդամներին ընտրում են ոչ թե բարոյական հատկանիշների համար, այլ մի´միայն հավատարմության ու կուս-պետին չդավաճանելու պայմանով:

Ու մենք չենք հասկանում, որ ընտրության այսպիսի սկզբունքը հակադի´ր է ազնվության ու բարոյականության սկզբունքներին:

Ու մենք չենք հասկանում, որ (կուսակցություն հավաքագրելիս) այս կուս-պետին հավատարիմ մնալու սկզբունքը պարտադիր է, ու որ թե´ կուսակցական, թե´ իշխանական վերնախավն իր ողջ կազմը լրացնում է միմիայն անբարոներից ու անբարոներով:

Մեր կույր հավատն առ արդար ու ազնիվ վարչախմբի գոյությունը չի թողնում հասկանանք, որ մեր այս կուս-մտավորականությունը մի´շտ է չնկատելու տալիս միմիայն կուս-ցուցակներով ընտրելու այս այլանդակ կարգի անբարոյությունը:

Միմիայն կուս-ցուցակներով ընտրելու կարգը բացառում է, որ որևէ նույնիսկ հանճարեղ ու ազնիվ անկուսակցականը, որևէ նույնիսկ Էյնշտեյնը, նույնիսկ ազնըվագույն Սոկրատեսը կամ «Արիստիդեսը» դառնա իշխանության անդամ:

Կուս-մտավորականությունը, նույնիսկ ընտրություններից առաջ, երբեք չի խոստանում, թե «կգամ ու կվերացնեմ միմիայն կուսակցական ցուցակներով ընտրելու այս այլանդակ կարգը»:

Ինչո՞ւ: Որովհետև կուս-վերնախավի միակ նպատակը ոչ թե երկրում արդարություն ու ազնվություն հաստատելն է, այլ մի´միայն իշխանությունը գրավելն ու նոր վարչախումբ դառնալը:

Ինչո՞ւ: Որ իշխանության ընձեռնած մոնոպոլ ու անպատիժ թալանից ու «ձախ» եկամուտներով ապրելու այլ արտոնություններից հենց ի´նքն օգտվի:

Ուրեմն անհնար է, որ ընտրության այս կուս-ցուցակային կարգի արդյունքը լինի հսկելի: Անհնար է, որ ընտրված ցուցակի անդամները չդառնան անզուսպ, անպատիժ ու գործից անազատելի մի հերթական անբարո վարչախումբ:

Մի՞թե ակնհայտ չի, որ անհնար է, որ անհսկելի վարչախումբը արդա´ր ընտրություններ անցկացնի: Անհսկելի, ուրեմն, նաև անզուսպ ու անպատիժ վարչախմբի ընտրությունները, միշտ էլ անարդար կլինեն:

Այս արատավոր օղա´կն է, ըստ էության, կույր ու խավարամոլ մտավորականության ողջ արարմունքի մոտիվը, պատճառն ու արդյունքը:

4.4 Մեր ուսյալներն ու ուժայինները

Մեր մտավորականության այս կույր հավատը չի թողնում հասկանանք, որ մեր զավակներին բանակ ենք ուղարկում ու ոստիկանությունն էլ մենք պահում ենք, որ սրանք հենց մե´զ պաշտպանեն: Մե´զ, ո´չ թե մի´միայն մեր ընտրած «ծառաների´ն», այսինքն, վարչախմբի անդամների´ն, մեր պետերի´ն:

Բայց մենք (այսինքն, մեր մտավորականներն ու մեր ժողովո´ւրդը, ոչ թե պետերը), բանակին ու ոստիկանությանը ու նաև մեր իբր անվտանգությունն ապահովող ԱԱԾ-ին հսկելու ու սրանցից որևէ հաշվետվություն պահանջելու գործուն ո´չ մի մեխանիզմն ու իրավունքը չունենք:

Մենք թողնում ենք, որ թե´ մեր բանակը, թե´ մեր վիթխարաքանակ ոստիկանությունը հլու հնազանդ ենթարկվի ու պաշտպանի մի´միայն մեզ կեղեքող պետերին, որ այս անօրեն պետերն էլ ամեն տեսակ հանցագործություն անեն:

Մեր ուսյալների կույր հավատն առ անհսկելի, բայց ազնիվ, արդար ու հայրախընամ վարչախմբի գոյությունը, ինչն իրականում մի´շտ է դառնում ասածս լկտի բրիգադը, չի թողնում, որ ուսյալները (կամ մեր մնացած ժողովուրդը) երբևէ նկատեն, որ իբր մեր անվտանգությունը պաշտպանող մեր ոստիկանությունն ու ԿԳԲ-ն (կամ ԱԱԾ-ն) մի´շտ ու մի´միայն մեզ թալանող պետերի´ն են պաշտպանում:

Ինչո՞ւ: Որովհետև սրանք հենց պետերի´ն պաշտպանելու համար են ստեղծվել, չնայած, հայտարարվում է, թե ստեղծվել են, որ ժողովրդի´ն պաշտպանեն:

Մենք չենք նկատում, որ անհսկելի վարչախմբի բանակը, ինչն իբր պիտի ժողովըրդի´ն պաշտպանի արտաքին թշնամիներից, չի պաշտպանում ժողովրդին, որովհետև հեռու է մարտունակ լինելուց, երկրորդն էլ – շատ անգամ պաշտպանելու իրավունքն էլ չունի – թշնամին հարձակվում է, իսկ վարչախումբը մեր զինվորներին նույնիսկ կրակելու իրավունք էլ չի տալիս:

Բայց բանակը մեզ երբեք չի պաշտպանում, երբ վարչախումբը մեզ համարում է իր թշնամին: Հակառակը, 1996-ին, ԼՏՊ-ի հրամանով, բանակը դուրս եկավ ժողովըրդի դեմ:

Ու մեր մտավորականությունը չի գիտակցում, որ մեր բանակն այնքա´ն ժամանակ չի պաշտպանի ժողովրդին ու նաև մարտունակ չի լինի, քանի դեռ բանակ կազմակերպողը միմիայն անհսկելի, անպատիժ ու մանավանդ թալանչի´ ու անամո´թ ու ցինի´կ վարչախումբն է:

4.5 Մեր ուսյալի անտեղյակությունը

Մեր ուսյալը չգիտի, թե ի´նչ է պետական փողը, ու ինչպե´ս է սա գոյանում ու գործում: Մեր ուսյալը չգիտի, որ երկրի փողի միակ մոնոպոլիստը, այսինքն, իրեն պետություն հռչակած վարչախումբը, փողի հենց միակ ու անպատիժ ԿԵՂԾԱՐԱՐՆ Է: Չգիտի, որ սա, երկրի փողն անընդհատ կեղծելով, անդադար թալանում է ժողովրդի ստեղծող ու նաև թշվառ մասին (տես 6-րդ գլուխը):

Մեր ուսյալը չգիտի, թե ի´նչ է անհատներին տրվող պետական վարկը: Չգիտի, թե ի´նչ է արտաքին վարկը, ինչն իրականում դրսերից վերցրած պարտք է: Ու չգիտի, թե ի´նչ ազդեցություն ունեն սրանք թե´ առանձին անհատների, թե´ ողջ ժողովրդի բարեկեցության վրա:

Մեր ուսյալի այս կույր հավատն ու նաև խավարամոլ հետամնացությունը չի թողնում, որ սա գոնե տեղյակ լինի, թե ի´նչ է ազատ շուկայական կարգը (ինչը ճըշմարիտ կապիտալիզմն է (տես 5-6-րդ գլուխները):

Մեր ուսյալի ա´յս կուրությունն ու խավարամոլությունը չի թողնում, որ սա հասկանա, որ միմիայն մասնավոր սեփականության ու սրա անձեռնմխելության նորմն է մարդկայնության, օրենքի ու արդարության աղբյուրը (տես 8-րդ գլուխը):

Ու այս կուրությունը չի թողնում, որ մեր ուսյալն ու մեր ողջ ժողովուրդը հասկանան, թե երբ էլ որ մասնավոր ունեցվածքի նորմը լրիվ չգործի, վարչախումբն իրեն կհռչակի պետություն ու աստված ու, ի վերջո, կդառնա խղճից զուրկ ավազակների այնպիսի´ ոհմակ, ում իրավունքի ակունքը կլինի միայն պետերի ու սրանց մերձավորների ու սիրելիների բիրտ ուժը:

Մեր ուսյալի այս կուրությունն ու խավարամոլությունը չի թողնում, որ սա հասկանա, որ միմիայն ազատ շուկան է մոբիլիզացնում ու միաբանում մեր ազգի դրսի ու ներսի բոլոր-բոլոր եռանդուններին, ու նույնիսկ այլազգիների տաղանդավորներին ու ունակներին՝ ի շահ մեզ:

Ու չգիտի, որ ուրիշ ոչ մի ուժ, ոչ մի հանձնաժողով, ոչ մի կուսակցություն կամ ակադեմիա, ունակ չի այս միաբանությունը հաստատելու: Ու մեր ուսյալը չգիտի, որ.

ԱՔՍԻՈՄ. Ազատ շուկայից հանճարեղ բան չկա:

Ու չի էլ պատկերացնում, թե ի´նչ է պետք, որ ազատ շուկան գործի:

Ու չգիտի, որ հենց կապիտալի´զմն է մարդկության դարավոր երազանքը:

Մեր ուսյալը չգիտի, որ սոցիալական արդարություն կոչվածը մի´միայն չարիք է, ու այս չարիքը հենց վարչախմբի պետերի խլած հարստությունն իրենց քմահաճույքով վերաբաշխելու կարգն է, ինչն իրականում հենց անարդարությո´ւն է:

Ինչո՞ւ: Որովհետև այս իբր արդարությունը հաստատվում է միմիայն ժողովրդից բռնի խլած (այսինքն, թալանած) հարկ ու մաքսով: Բայց մի՞թե ակնհայտ չի, որ անհնար է, որ թալանով ու բռնությամբ արդարություն հաստատվի:

Ու մեր ուսյալը չի հասկանում, որ միակ ճշմարիտ արդարությունը հաստատում է միմիայն ազատ շուկայի (օրենքով պաշտպանված) մրցությունը:

Մեր ուսյալի այս կուրությունն ու խավարամոլությունը չի թողնում, որ սա հասկանա, որ Արևմուտքի այսօրվա կապիտալիզմ կոչվածը, հենց այս նույն սոցիալական «արդարության» պատրվակով արվող թալանի պատճառով, երբեք էլ ճշմարիտ կապիտալիզմ չի:

Ու մեր ուսյալը մազաչափ անգամ չի կասկածում, որ այսօրվա արևմտյան կապիտալիզմ կոչվածը (չնայած իրո´ք ունի արտադրության միջոցների քիչ թե շատ մասնավոր սեփականություն) շատ անգամ կա´մ քողարկված «մեղմ» սոցիալիզմ է (օրինակ, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կամ Բրիտանիայում), կա´մ սոցիալիզմի տարատեսակներից մեկն է:

Ու մեր ուսյալը, հավատալով ու հետևելով իր այս սխալ կարծիքներին, անընդհա´տ է ձգտում արևմտյան ԻԲՐ կապիտալիզմին ընդօրինակելուն, որովհետև մտածում է. «Բա երանի չի՞, որ մենք էլ իրենց պես լինեինք ու իրենց պես ապրեինք»:

Ու այդ կապիտալիզմից, մեծագույն մասամբ, ընդօրինակում է դրա հենց անբարո սոցիալիստականը:

Կրկնե´մ, որ, ինչքան էլ տարօրինակ լինի – մեր մտավորականությունը չգիտի, որ մեր ուզածը, մեր երազանքը, հենց իսկական կապիտալի´զմն է, այսինքն, հենց շուկայական լրիվ ազատ հարաբերություններո´վ հասարակարգն է, ինչը, ցավոք, չկա ու լրիվ չի իրագործվել ոչ մի տեղ:

Ու մեր ուսյալը գաղափար անգամ չունի, որ հանրային միակ բարոյակարգը, այսինքն, մարդկության վաղեմի երազանքը, միմիայն ճշմարիտ, միմիայն լրիվ ազատ շուկայական կարգը, այսինքն, հենց ճշմարիտ կապիտալի´զմն է հաստատում:

Սոցիալիստները, ու մանավանդ կապիտալիստակա´ն համարվող երկրների de facto սոցիալիստական իշխանությունները, այսօր չափազա´նց են աղավաղել իսկական կապիտալիզմի էությունը: Սրա համար էլ նորից ու նորից կրկնեմ, որ.

Մեր ուսյալն ուղղակի չգիտի, որ համարյա ողջ աշխարհի սոցիալիստական ուսմունքին հետևող իշխանությունները (մեծ մասամբ, պահելով արտադրության կապիտալիստական եղանակը), իրենց վարչախմբային կրթական սիստեմի ու պըրոպագանդայի հզոր միջոցներով, անընդհատ ու անընդհատ, փնովում ու վարկաբեկում են իսկական կապիտալիզմը:

Մեր մտավորականությունն ուղղակի չգիտի, որ այսօր ողջ աշխարհի դպրոցների ու բուհերի թե´ ղեկավարությունները, թե´ ուսուցչական ու մանավանդ պրոֆեսորադասախոսական կազմի դասավանդած կամ էլ քարոզած գաղափարախոսությունն ու տնտեսագիտությունը, իրավագիտությունն ու բարոյագիտությունը (էթիկան) համարյա լրի´վ է սոցիալիստական: Ու չգիտի, որ սա կործանարա´ր է:

Ու մեր մտավորականությունը, կուլ տալով այս զրպարտիչ ու խարդախ քարոզի թեզերն ու սրանք դարձնելով աքսիոմ, անընդհա´տ ու անընդհա´տ է փնովում իսկական կամ ճշմարիտ կապիտալիզմը:

Սրա համար էլ մեր մտավորականությունը, սխալ-սխալ, (սոցիալիզմի փոխարեն) հենց կապիտալի´զմն է համարում մեր դժբախտությունների, մեր թշվառության ու մեզ համար գարշելի բոլոր երևույթների (մեծ մասի) պատճառը:

Մեր մտավորականությունը չգիտի, թե ի´նչ է բարոյակարգ հաստատող արդար սահմանադրությունը:

Չգիտի, բայց պահանջում է, որ հենց մեր (ըստ էության, թալանչի ու մեզ թշնամի) վարչախումբը կամ էլ հենց կուսակցությունները (ովքեր ձգտում են իրե´նք փոխարինեն մեր առկա թալանչիներին ու թշնամիներին) մեր համար նոր ու արդար սահմանադրություն կազմեն:

4.6 Մեր ուսյալների գլխավոր հիվանդությունները

Մեր ուսյալը չգիտի մեր թե´ դժբախտությունների պատճառները, թե´ փրկության միջոցներն ու աղբյուրները: Չգիտի – մի´շտ ու անընդհատ:

Ուսյալը մեր թշվառության պատճառները բացատրում է կա´մ մեր երկրի աշխարհաքաղաքական խիստ անհաջող դիրքով, կա´մ վարչախմբի պետի ու առանձին անդամների թերություններով:

Մեր ուսյալը միշտ բողոքում է, թե մեր անբախտության պատճառները եղել են – պարսիկնե´րը, հույնե´րը, հռոմեացինե´րը, արաբնե´րը, թուրքե´րը, գերմանացինե´րը, անգլիացիները, Ա´ՄՆ-ը, ռուսնե´րը ևն, ևն:

Մեր ուսյալը երբեք չի մտածում, որ շատ հնարավոր է, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը հենց մե´ր (ու առաջին հերթին – մե´ր իսկ ուսյալների´) տգիտությունն ու անկարողությունն է, մե´ր ու մեր ուսյալների´ մեծամտությո´ւնն ու մեր մեծամոլությո´ւնն է, մե´ր ու մեր ուսյալների´ մանկամտությունն ու մե´ր ու մեր ուսյալների´ սնափառությունն է:

Մենք միշտ մտածում ենք, թե իմաստուն ու ողջամիտ ազգ ենք, բայց լավ կլինի, որ միշտ հիշենք, որ Նյուրենբերգի դատարանը (Գերմանիայի 1945 թվի խայտառակ պարտությունից հետո), վճռեց, որ իմաստուն ու ողջամիտ համարվող գերմանացիների ողջ ազգը հիվանդ է խղճի բացակայությամբ:

Մենք պիտի սա լավ հիշենք, որ գիտակցենք, որ մեր վերջին 34 տարվա իշխանությունները նույնպես հիվանդ էին, ու էլի´ են հիվանդ:

Հիվա´նդ են – բարոյականության ու խղճի բացակայությամբ:

Բայց մեր մտավորականությունը հիվանդ է նաև թե´ ազնիվ ու արդար դայակ-վարչախմբի գոյության պաշտամունքով, թե´ արդար ու ազնիվ ընտրություններով այս ուղղակի հիսուսային դայակ-վարչախումբն ընտրելու հնարավորությա´ն անսասան հավատով:

Հիվանդ է, չնայած, մեր այս անհսկելի ու անպատիժ վարչախումբը, իր ակնհայտ անարդար ու ավազակային խոշոր (ուղղակի ու զարտուղի) հարկ ու մաքսերով, իր թալանչական անիրավ օրենքներով, իր անօրեն տուրք ու տուգանքներով, հենց ուսյալների´´ աչքերի առաջ, անընդհա´տ է թալանել ու թալանում, կեղեքել ու կեղեքում ի´ր իսկ ժողովրդին:

Մեր վարչախումբը նույնիսկ երկի´րն է մանր ու խոշոր մասերով հանձնում թըշնամուն, ինչը պետական դավաճանություն է:

Բայց, ինչպես ասվեց, մեր ուսյալը հիվանդ է նաև – մեծամտությամբ, մանկամտությամբ, սնափառությամբ ու մեծամոլությամբ:

Այդ հիվանդությունները չեն թողնում, որ մեր ուսյալը հասկանա, որ այս ամենը կանի անհսկելի ու անպատիժ ամե´ն մի վարչախումբը: Ուրեմն, հենց անհսկելի վարչախո´ւմբն է մեր գլխավոր չարիքն ու հիմնական թշնամին:

Ու մեր ուսյալը չի հասկանում, որ պիտի հենց սրա´նց սանձի, սանձի հենց ա´յս պետերին, հենց մեր այս վարչախմբի´ն պիտի սանձի:

Ու պիտի վարչախմբին համարյա իրավազուրկ անի, որ սրան դարձնի նվազ: Ու պիտի հավիտյա´ն սանձի, սանձի հենց սահմանադրությա´մբ, որ սրա տված վնասը դառնա նվազագույնը:

Ու նաև մեր մտավորականությունը չի հասկանում, որ միմիայն մեր պետերի թիվն ու իրավունք-լիազորությունները հավիտյան նվազագույնը դարձնելո´վ է, որ դրանց ընտրությունը կդառնա «առավել արդարը»:

Ինչո՞ւ: Որովհետև այս քչաթիվ ու համարյա իրավազուրկ պետերի ընտրությունն արդեն համարյա ոչինչ չի փոխի կամ, ինչպես ասում են, «եղանակ չի ստեղծի»:

Որովհետև սրանք արդեն պետք կլինեն միմիայն որպես բուտաֆորիա, միայն միջոց – միջազգային հարաբերություններ վարելու համար միայն, քանի որ մնացած ամե´ն-ամե´ն ինչը կանի մասնավո´րը, կանի ժողովուրդն ի´նքը, անխուսափ գործող, անխափան ու բռնակալ օրենքով ու օրենքի սահմաններում, իհարկե, ինչպես, օրինակ, Շվեյցարիայում ու սրա պես երկրներում:

Ու եթե ազգովի «չբուժվենք» այս «հիվանդություններից» ու չհասկանանք, որ ոչ թե մա´րդն է վարչախմբի համար, այլ հենց ի´նքը, հենց ամե´ն մի վարչախո´ւմբն է մարդկանց համար, ա´նպայման ենք կործանվելու:

Եթե չհասկանանք, որ մեզ պետք է ոչ թե «պետակա´ն» կոչված վարչախմբայի´ն մտածողություն, այլ հենց անհատապաշտպան (հենց ազատ շուկայական, կապիտալիստական) մտածողություն, ա´նպայման ենք կործանվելու:

Մեր ուսյալները, փոխանակ մի գիտական սահմանադրության ձգտեն ու դա´ ընդունեն, միշտ էլ արևմտյան երկրների սահմանադրություններն են արտագրում ու կցկմցում իրար ու հետո էլ զարմանում են, որ շիլա-շփոթը (կամ էլ մեկի կազմած տնաբույս ու տգետ սահմանադրությունը) մեր վիճակը նորից չշտկեց: Ինչո՞ւ:

Որովհետև մեր բոլոր սահմանադրությունների միակ նպատակը, ինչպես արդեն ասվել է, միշտ էլ մի ավելի ազնիվ բրիգադ վարձելու պայմանագրի դիտավորյալ տնազ է, այնպիսի´ մի բրիգադի, ինչը իբր պիտի ամե´ն-ամե´ն ինչը շտկի:

Մեր մտավորականությունը չի հասկանում, որ ազնիվ բրիգադ-վարչախումբ չի լինում: Չի հասկանում, որ ո´չ թե ազնիվ բրիգադ պիտի փնտրենք, այլ խելամիտ ազատ շուկայական հասարակական (ճշմարիտ կապիտալիստական) կարգ հաստատող մի լրիվ նոր ու բարոյական սահմանադրություն, ինչը մեկընդմիշտ սանձի բոլո´ր-բոլո´ր բրիգադներին ու ազատ շուկայական կարգ հաստատի:

Ինչո՞ւ: Որովհետև մի´միայն ազատ շուկայական կարգ հաստատող սահմանադրությունն է բարոյական (տես 8-րդ գլուխը):

4.7 Դայակ-վարչախմբի պաշտամունքը

Առհասարակ, այս անհսկելի ու անպատիժ վարչախմբերը գոյություն ունեն մի´միայն այն պատճառով, որ ուսյալների մեծագույն մասը, կույր-կույր ու թե´ կամա, թե´ ակամա, պաշտպանում է այդ պետության սիմվոլ-վարչախմբին:

Հենց որ անհսկելի ու անպատիժ վարչախումբը զրկվում է ուսյալների պաշտպանությունից, մրցակից կուսակցությունները սրան իսկույն հեռացնում են իշխանություններից ու իրե´նք են գրավում սրա տեղը:

Վարչախմբի գոյության համար – պետերի խմբին սատարող մտավորականության այս պաշտպանությունը մի´շտ է կենսական ու պարտադիր, լինի այս վարչախումբը բացարձակ տոտալիտար, լրի´վ կամ միայն մի քիչ միապետական, կա´մ «դեմոկրատական պետերի» կա´մ էլ նույնիսկ կրոնապետական վարչախումբ:

Ժողովրդի մեծ մասը (շեշտեմ, ոչ թե ամեն մի անհատը, այլ անհատների մեծագո´ւյն մասը) վարչախմբին պաշտպանում է ա´յն բանով, որ համաձայն է վարչախմբի համարյա ամեն մի նույնիսկ քմահաճ պահանջին:

Ժողովրդի զգալի մասը, առանց դժգոհելու, հարկ ու մաքս է տալիս ու, առանց դժգոհելու, գնում ու կռվում ու զոհվում է վարչախմբի ձեռնարկած պատերազմների ժամանակ:

Առաջին հերթին հենց ուսյալների´ խումբն է, ով իսկույն ենթարկվում է պետական բոլո´ր-բոլո´ր կանոններին ու հրահանգներին, պետերի խմբի արձակած բոլո´ր-բոլո´ր նոր «օրենքներին» ու դեկրետներին (հիշենք կովիդային ողջ խայտառակ «դիմակահանդեսը»):

Հնարավոր է, որ այսպիսի պաշտպանությունն անբացահայտ լինի ու աչքի չընկնի: Այնուամենայնիվ, սա մի´շտ է արդյունավետ: Առանց ուսյալների պաշտպանության, վարչախումբ-պետության գոյությունն անհնար է:

Ժողովուրդն ինչո՞ւ է պաշտպանում անհսկելի պետերի այս խմբին:

Ժողովուրդը պաշտպանում է այս վարչախմբին, որովհետև ուսյալների վիթխարի բանակը (իր տգիտության պատճառով) այնպե´ս ու այնքա´ն է մոլորեցնում ժողովըրդին, որ ժողովուրդը, կույր-կույր ու անսասան հավատո´ւմ է, որ եթե հանկարծ իրեն պետություն հռչակած պետերի խումբը չլինի, ի´նքը, ժողովո´ւրդը, իսկույն կկործանվի:

Այս անհիմն վախ-հավատը այդ ժողովրդի ուսյալների´ գերակշիռ մասի (մանավանդ, հեղինակավոր գրողների), ա´յն գիտակից կամ անգիտակից, բայց հարատև քարոզի արդյունքն է, թե իբր վարչախումբը մի´շտ ու ա´նպայման է գոնե մի˜ քիչ հայրախնամ ու պարտադիր, գոնե կրիտիկական ու բախտորոշ պահերին:

Եթե ժողովրդի մեծագույն մասի այս կույր հավատը չլիներ, այս մեծ մասը իսկույն կտեսներ, որ գալիք վարչախումբն էլ սրա պես անօրինական կլինի, քանի որ ամե´ն մի անհսկելի վարչախումբն էլ ա´նպայման է դառնում մի վիթխարի ու հույժ կազմակերպված ավազակախումբ:

(Կամ, ինչպես կասեր պրեզիդենտներից մեկը, ժողովուրդն իսկույն գլխի կընկներ, որ վարչախումբն իսկական ավազակապետություն է):

Եթե այս կույր հավատը չլիներ ու, օրինակ, սրա փոխարեն Արցախի ժողովուրդն իմանար, որ իր իսկ ընտրած վարչախմբին պիտի համարի ի´ր իսկ թշնամին ու հնարավոր դավաճանը, Արցախը գուցե չհայաթափվեր:

Եթե այս կույր հավատը վերանա, ինչպես արդեն ասվեց, այդ ժամանակ վարչախումբը շատ արագ կփլվի, որովհետև սա կունենա գոյության ճիշտ նույնքա´ն իրավունք, ինչքան որ սովորական բացահայտ ավազակային կառույցը:

Հենց ա´յս բաներն են այն պատճառը, որ իրենց պետություն հռչակած վարչախմբերն իրենց ձեռն են կենտրոնացնում ժողովրդին սպասարկելու ինտելեկտուալ բոլո´ր ոլորտները – կրթության, գաղափարախոսության, քարոզչության, գիտության, մշակույթի, ինժեներական, բժշկության, ճարտարապետական ու տեխնիկական բոլո´ր-բոլո´ր ոլորտները, արգելելով (ինչքան կարողություն ունեն ու ինչքան հնարավոր է), որ անհա´տն իրագործի այս սպասարկությունը:

Կենտրոնացնում են, որ իրենց ենթակա խմբերի համարյա բոլոր ներկայացուցիչներին, այսինքն, ուսուցիչների ու դասախոսների մեծագույն մասին, ինժեներների, ճարտարապետների ու տեխնոլոգների մեծագույն մասին, բժիշկների մեծագույն մասին, ժուռնալիստների, գրողների, գիտնականների, դերասանների մեծագույն մասին ևն դարձնեն իրենց ավազակային գործերի հիմնական օգնական միջոցն ու, իհարկե, նաև ակամա հանցակիցը:

Կենտրոնացնում են, որ այս հլու հնազանդ ենթականերն անընդհատ արդարացնեն բռնության իրավունքը մոնոպոլացրած ու ժողովրդին մի´շտ ու անընդհատ կեղեքող ու թալանող վարչախմբին:

Կենտրոնացնում են, որ սրանք անընդհատ ու անդադար քարոզեն վարչախմբի գոյության իբր հավերժական բնականությունը, անխուսափությունն ու անհրաժեշտությունն ու որևէ ուրիշ ընտրանքի բացակայությունն ու, իհարկե, «աստվածային հայրախնամությունը»:

Բայց ախր հենց սրա´նք են մեր ժողովրդի «մտավորականություն» կոչվածի մեծագույն մասը, հենց այս ուսուցիչների ու դասախոսների, բժիշկների, ինժեներների, ճարտարապետների ու տեխնոլոգների ու գիտնականների ու մնացածների մեծագույն մասը:

Ու սրանք, պետերի խմբի շպրտած քոսոտ ռոճիկի ու մի քանի ողորմելի արտոնության կամ թոշակի խաթեր, պաշտպանում են պետություն կոչված պետերի պարազիտ խմբին, արդարացնելով այդ խմբի բոլո´ր հանցագործությունները ու դառնալով այդ ավազակների ակամա հանցակիցը:

Հենց այս ուսյալնե´րն են, ովքեր պաշտպանում են մեր վերջին վարչապետի այն չափազանց տիպական հայտարարություն-երազանքը, թե հարկավոր է, որ «հասնենք այն բանին, որ երբ ժողովուրդն ասի հայրենիք, հասկանա պետություն», պետություն ասելով էլ՝ նկատի ունենալով իրեն պետություն հռչակած այս անհըսկելի, անպատիժ ու անբարո վարչախումբը:

Սա, այս վարչապետական երազանքը, ապացուցում է, որ գերագույն պետերը հիանալի են գիտակցում իրենց վարչախմբային վերը նկարագրված հանցագործ ու ավազակային էությունը:

Ու, զգալով, որ, իրենց անդադար ու եռանդուն քարոզին հակառակ, ժողովրդի զգալի մասն արդեն միշտ չի, որ այս թալանչի ու ավազակ վարչախումբը նույնացնում է պետության հետ, ձգտում են այս նույնականությունը պատվաստելուն, որ հետո էլ իրեն պետություն հռչակած վարչախմբի ավազակային էությունը քողարկեն հայրենիքի սրբազան գաղափարով:

Ինչո՞ւ: Որ ժողովրդի մեծ մասը ապագայում է´լ հանկարծ չգիտակցի ու չտեսնի վարչախմբի այս հանցագործ ու ավազակային էությունը: Ասվածը միաժամանակ ապացուցում է, որ եթե մեր այս թշվառ վիճակի ու կործանարար անդունդի եզրին հայտնվելու պատճառը իրեն պետություն հռչակած վարչախումբն է, ինչն անվիճելի է, ուրեմն, մեր ուսյալների մեծագույն մասն է´լ է այս թշնամությանն ու դավաճանությանը (մեծ մասամբ, ակամա) հանցակից:

Այսքանից հետո, ուզած-չուզած, հասնում ենք հետևյալ ողբերգական եզրակացությանը – մեր մտավորականության մեծագույն մասը մեր ժողովրդի ակամա թշնամին է: Իսկ իշխանությանն սպասարկող մեր մտավորականության «պալատական» մասը լրիվ էլ գիտակի´ց է հանցակցում ժողովրդի թշնամիներին:

Բայց այս եզրակացությունից էլ բխում է արդեն մի քանի անգամ շեշտած գլխավոր ու ողբերգական եզրակացությունը: Այսինքն, որ մեր այսօրվա թշվառության գլխավոր պատճառը մեր մտավորականության մեծագույն-մեծագույն մասի ա´յն կույր հավատն է, թե իբր հնարավոր է, որ ճարվի այնպիսի անհսկելի, ազնիվ ու արդար վարչախումբ, ինչը մտածի ժողովրդի բարօրության մասին:

4.8 Քանի՞ տեսակ քաղաքացի ունի պետությունը

Անցնենք վարչախմբի էության ու կազմության քննությանը: Ուրեմն, ի՞նչ է իրեն պետություն հռչակած վարչախումբը:

Հասկանալու համար թե ովքեր են պետերը, հիշենք Ֆրանց Օպենհայմերի դասդասությունը: Օպենհայմերը (իրենից առաջ նաև ուրիշները), դեռ 1908 թվին, ասում է, թե կա մարդու ընդամենը երկու տեսակ, տնտեսական մարդը ու քաղաքական մարդը:

Ահա Օպենհայմերի այդ դրույթի ի´մ ձևակերպը.

Ա. Եթե արդեն կա իրեն պետություն հռչակած վարչախումբը, ուրեմն, ժողովըրդի հիմնական մասը նախ այսպես կոչված տնտեսական մարդիկ են (homo economicus-ները):

Տնտեսական մարդիկ բարիք կամ ծառայություն են ստեղծում, որ փոխանակեն ուրիշ մարդկանց ստեղծած բարիքների ու ծառայությունների հետ, որ ազատվեն իրենց նեղություններից:

Բ. Ժողովրդի մի քիչ մասն էլ քաղաքական մարդիկ են (homo politicus-ները): Քաղաքական մարդիկ չեն ուզում բարիք կամ ծառայություն ստեղծեն, որ ազատվեն իրենց նեղություններից:

Գ. Փոխարենը, հենց քաղաքական մարդի´կ են կազմակերպվում ու դառնում անհսկելի վարչախումբ ու զանազան անծպտուն, բայց հույժ խարդախ ու նենգ ձեվերով, կրթության ու քարոզչության բոլոր միջոցները կենտրոնացնելով իրենց ձեռը, ի վերջո, հռչակում են, որ հենց իրե´նք են թե´ պետությո´ւնը, թե´ ժողովուրդն ու երկիրը, թե´ հայրենիքը:

Սրանք, այս քաղաքական մարդիկ, անընդհատ համոզում են ողջ ժողովրդին, թե ժողովրդի տված որոշակի վճարի (հարկ ու մաքսի) գնով միշտ կապահովեն ժողովըրդի արտաքին ու ներքին անվտանգությունն ու բարեկեցությունը:

Դ. Ժողովրդի երրորդ ու զգալի մասը (ծերերը, անօգնականներն ու «թույլերը»), բավական արագ, համակերպվում է վարչախմբի՝ որպես պետության գոյության հետ ու շատ շուտ այս անհսկելի վարչախմբի «պետականությունը» համարում է բնական, հայրախնամ, անխուսափ ու ցանկալի:

Ե. Հետո, այս երրորդ մասը, զանազան հրապուրիչ ռոճիկների, թոշակների ու արտոնությունների դիմաց, միշտ սատարում է վարչախմբին, բայց միշտ դժգոհում է սրանից ու, ի վերջո, պետերի մի երազային վարչախմբի գոյությունը դարձնում է իր պաշտամունքը ու հենց այս երազայի´ն խումբն է համարում իր հայրենիքը:

Կրկնեմ, որ այս երրորդ մասի ամենավտանգավոր ու ամենասարսափելի խավը մտավորական կամ ուսյալ կոչվածների գերակշիռ մասն է:

Սրանցից մանավանդ վտանգավոր են – գրողները, «պետական մակնիշի» կամ պետականամետ տնտեսագետ կոչվածերն ու ժուռնալիստները, ինչպես նաև միամիտ բժիշկների ու մանավանդ միամիտ ուսուցիչների ու դասախոսների գերակշիռ մասն ու զանազան այլ «ինտելեկտուալ (ռազմա)հայրենասերները»:

Այս պարագրաֆը հասկանալու համար պարտադիր է, որ ընթերցողը անընդհատ հիշի նաև հետևյալ դրույթները: (Սրանցից առաջինը մեր քաղաքակրթության ամենախոշոր մտածողներից մեկի՝ Լուդվիգ Միզեսի մարդկային արարմունքի (գործունեության, գործողության) աքսիոմի ի´մ ձևակերպն է):

ՄԻԶԵՍԻ ԱՔՍԻՈՄԸ. Մարդն է´լ է մնացած կենդանիների պես ի բնե գործող արարած, բայց մարդկային արարմունքը (գործունեությունը) նպատակադի´ր վարք է, ինչը (զանազան արարմունքներն արժեվորելով ու սրանցից իր համար ամենաարժեքավորներն ընտրելով) ուղղված է մարդու ամենայն առկա ու հենց այդ պահին «տեսանելի, զգացվող» ապագա նեղությունները վերացնելուն:

ԱՔՍԻՈՄ. Մարդը, իր նեղությունները վերացնելիս, ընտրում է նվազագույն ճիգի կամ առավելագույն հեշտության ա´յն ուղին, որը չի հակասում բարոյական (կամ անբարո) նորմերի իր ա´յն սիստեմին, ինչը ինքը, անգիտակից համարում է ճիշտ (հաճախ միմիայն իր մտքի մեջ, ու ինչին ինքը երբեմն ասում է խիղճ):

Տեսնենք, թե մեր շարադրանքի համար ինչ օգտակար բան է բխում Միզեսի, Օպենհայմերի ու նվազագույն ճիգի աքսիոմներից:

Անհատն իր առկա ու ապագա նեղությունները վերացնելու երեք ձև ունի:

Առաջին ձևը, ոնց որ ասվեց, Օպենհայմերի ասած տնտեսակա´ն ձևն է, ինչով տնտեսական անհատները, ուրիշների հետ գիտակից կամ անգիտակից գործակցելով ու անգիտակից օգնելով ուրիշներին, բարիք կամ ծառայություն են ստեղծում, (անգիտակից ու հալալ քրտինքով) չհակասելով իրենց խղճին:

Սրանք իրենց ստեղծածը կամավոր փոխանակում են (այսինքն, վաճառում են) ուրիշների ստեղծած բարիքի կամ ծառայության հետ, ինչով նաև քչացնում են ուրիշների նեղությունները ու, սրանով իսկ, անգիտակից գործակցում ու միաժամանակ օգնո´ւմ են ուրիշներին:

Օրինակ, երբ կոշիկ կարողը ավելի շատ կոշիկ է կարում, քան իրե´ն է պետք ու իր կարածի ավելցուկը փոխանակում է ուրիշների ստեղծածների հետ, օգնո´ւմ է կոշիկ կարել չիմացող նույնիսկ իրեն լրիվ անծանո´թ մարդկանց:

Սրանք էլ օգնում են կոշիկ կարողին իրե´նց ստեղծածներով ու հենց սրանով էլ անգիտակից գործակցում են կոշիկ կարողին: Ուրեմն, կամավոր վաճառք-փոխանակության ժամանակ երկու կողմն էլ ա´նպայման է շահում:

Կնշանակի, անհեթեթ է, երբ նեղությունները վերացնելու միմիայն ա´յս ձևին հետամուտ մարդուն ասում են եսասեր կամ էգոիստ, որովհետև այս մարդը, միմիայն իր սեփական շահին հետամուտ լինելով, մի´շտ է օգնում ուրիշներին:

Անհատի նեղությունները վերացնելու տնտեսական ձևը, այսինքն, այս կամավոր վաճառքը կամ կամավոր փոխանակությունը, թե´ անգիտակից արարչություն է, թե´ անգիտակից փոխօգնություն է, թե´ անգիտակից գործակցություն է:

Նեղություն վերացնելու հենց տնտեսական ձևն է հասցրել աշխատանքի բաժանման այսօրվա գերվիթխարի ու գլոբալ բարդությանը, այսինքն, հենց ա´յս ձևն է մեր այսօրվա ողջ քաղաքակրթության հիմքը: (Տես 6-րդ գլուխը):

Անհատի նեղությունները վերացնելու մյուս ձևը Օպենհայմերի ասած քաղաքակա´ն ձևն է, ինչը կիրառում է քաղաքակա´ն անհատը, պե´տը, քաղաքական բազում խարդախությունով ուրիշների ստեղծած բարիքը շորթելով կամ այս ուրիշներից բռնի խլելով ու ուրիշներին ստիպելով, որ իրեն ծառայեն:

Սրա էությունը ուրիշներին (հիմարացնելով ու համարյա ճորտացնելով) թալանելն է: Իհարկե, մանր ու միջակ պետերի մի զգալի մասը թերևս չի գիտակցում, որ այս կազմակերպված, հանցագործ ու իրեն պետություն հռչակած թալանչի վարչախմբի անդամն ու հանցակիցն է:

Ինչո՞ւ: Որովհետև պետերի այս մասը, անկեղծ ու նորից կույր-կույր, հավատում է, որ իրեն պետություն հռչակած վարչախմբի արարմունքը հենց պետությա´ն կամ հայրենիքի´ արարմունքն է, ինչն անխուսափ բարիք է ժողովրդի համար:

Անհատի առկա ու ապագա նեղությունները վերացնելու հիմնական քաղաքակա´ն ձևը, ուրեմն, ա´յն «օրինականացրած» ու մոնոպոլ թալանն ու բռնությունն է, ինչը վարչախումբը քողարկում է զանազան (ուղղակի կամ զարտուղի) հարկ ու մաքս ու նաև՝ տուրք ու տուգանք ու նաև «ռազմահայրենասիրություն» անունով:

Թալանած հարկ ու մաքսի մեծագույն մասը իրենց պետություն հռչակած անհըսկելի ու անպատիժ պետերը կա´մ յուրացնում են, կա´մ ծախսում են իրենց հայեցողությամբ, համոզելով ժողովրդին, թե իբր ծախսում են հանուն ողջ ժողովըրդի բարօրության:

Անհսկելի ու անպատիժ պետերը միշտ ու անընդհատ են ասում, թե հարկ ու մաքսը, որ խլում են իրենք, խլում են իբր հանուն «սոցիալական արդարության», այսինքն, խլած հարկ ու մաքսը բաշխում են թույլերին, իբր որ թույլերին օգնեն:

Բայց, ինչպես փորձն է ցույց տալիս, թույլերին տրված այս օգնությունը, օրինակ, ՀՀ-ի պես երկրներում, խլածի չնչին մասն է միայն:

Թույլերի խումբը ժողովրդի երրո´րդ ենթախավն է, ինչի մասին արդեն ասվել է:

Այս խումբը հույժ մեծաթիվ է, որովհետև սա ընդգրկում է նախ բոլոր թոշակառուներին ու բյուջետային միջին ու մանր խավի աշխատողներին, ուրեմն, սա բընակչության քառորդից ավել է:

Մյուս խումբը Հայեկի ասած «ինտելեկտուալներն» են (օրինակ, պետական ուսուցիչները, դասախոսներն ու բժիշկները, այսինքն, վարչախմբից ռոճիկ ստացողները):

Սրանք է´լ են բավական մեծաթիվ, որովհետև իրեն պետություն հռչակած անհսկելի ու անպատիժ ամե´ն մի վարչախումբն էլ, ի վերջո, դառնում է երկրի ամենախոշոր գործատուն, չնայած, սա պիտի բիզնեսով իբր բոլորովին չզբաղվի:

Այսպիսի կարգի ժամանակ բոլոր ուսուցիչներն ու դասախոսները, ու նաև բժիշկների ու այս ոլորտի աշխատողների մեծագույն մասը, ինչպես նաև զինվորականներն ու ոստիկանները, դառնում են պետերի (ըստ էության) ծառայություն մատուցող վարձու «ճորտերը»:

(Օրինակ, այսօրվա ԱՄՆ-ի առողջապահությունը ֆինանսավորելու կեսից ավելը արդեն հարկատուի տվածի հաշվին է: Այս կեսի գործատուն ԱՄՆ-ի իրեն պետություն հռչակած վարչախո´ւմբն է):

(ՀՀ-ի պես երկրներում, զինվորներին լրիվ ձրի են բանացնում, իսկ եթե իրենց պետք է – անխնա ու անպատիժ կոտորել են տալիս):

Ինտելեկտուալների այս ենթախումբն արդեն ասված անհսկելի ու անպատիժ, ուրեմն, նաև անբարո ու իրենց պետություն հռչակած պետերի ամենաեռանդուն ու ամենաջերմ պաշտպան ու արդարացնողներից է (այսպիսին են, մանավանդ, «պաշտոնական տնտեսագետները»), ինչի դիմաց իրենք ցանկալի ռոճիկ ու զանազան մանր-մունր պաշտոն ու արտոնություն են ստանում:

Անհսկելի ու անպատիժ պետերը, իհարկե, թույլերին բաշխում են ասված հարկ ու մաքսի մի շատ քիչ մասը: Բաշխում են, որ նաև թույլերի´ն կաշառեն ու դարձնեն իրենց գոյության կողմնակիցներն ու իրենց ընտրողը:

Բնակչության այս երրորդ խումբը նույնպես այսօրվա պետերի ընտրական ամենահավատարիմ ու բախտորոշ մասն է: Չէ՞ որ այսօրվա անհսկելի, անզուսպ ու անպատիժ վարչախմբերի գերակշիռ մասը ընտրովի´ է:

Տնտեսագիտական անալիզը ցույց է տալիս, որ վարչախմբի այս «հայրախնամ» հոգատարությունից առաջին հերթին տուժում են հենց թույլե´րը: Բայց հենց թույլե´րն են, որ մոլեռանդի պես կույր-կույր հավատում են, որ պետերի անհսկելի ու անպատիժ վարչախումբը, ինչ էլ լինի, իրենց բարերարն է:

Հավատում են – իրենց դեմ շպրտած ողորմելի թոշակների ու քոսոտ նպաստների, աշխատավարձերի ու զանազան մանր-մունր արտոնությունների պատճառով:

Հավատում են, չնայած, այն հանգամանքին, որ այս հարկ ու մաքսերն ու նաև մնացած տուրք ու տուգանքները ինչքան շատանում են, այնքան էլ (ու առաջին հերթին հենց իրե´նց), հենց թույլերի´ վիճակն է վատանում, որովհետև հարկ ու մաքսերի հարուցած ինֆլյացիայի պատճառով ամե´ն ինչն է թանկանում:

Ասված «օրինականացրած» թալանը, մեծագույն մասով, անում են բռնությունը մենաշնորհած վարչախմբերը, որոնք, ինչպես ասվել է, ոչ այլ ինչ են, եթե ոչ ստեղծողների´ն թալանող կազմակերպված, անհսկելի, անպատիժ ու անբարո հանցագործ խմբեր:

Ու ժողովուրդը մոռանում է, որ բարիք ու ծառայություն ստեղծելու ու սրանք ուրիշների բարիքների ու ծառայությունների հետ կամավոր փոխանակելու (կամ էլ գործակցելու) ազատ տնտեսական ձևը – միմիայն անվարչախումբ ձևն է:

4.9 Պետերի անհսկելի վարչախումբը չարիք է

Իրեն պետություն հռչակած պետերի անհսկելի, անպատիժ, ուրեմն, նաև անբարո վարչախումբն իր բնույթով սոցիալիստական կա´մ կիսասոցիալիստական է: Սոցիալիզմն էլ – անբարո ու կործանարար չարիք է (տես 5-րդ գլուխը):

Ասվեց, որ մարդու (ուրեմն, նաև պետի) վարքն է´լ է ուղղված իր նեղությունները վերացնելուն: Բայց պե´տը, այսինքն, քաղաքակա´ն մարդը, իր նեղությունները բարիք կամ ծառայություն ստեղծելո´վ չի վերացնում:

Քաղաքական մարդիկ, ինչպես արդեն ասվեց, կազմակերպվում դառնում են սոցիալիստական կամ էլ որևէ տեսակ քողարկված մասնակի´ սոցիալիստական վարչախումբ ու իրենց հռչակում են պետություն:

(Այսօր ծպտվելով այնպիսի ուրիշ ցուցանակներով, ինչպիսիք են – սոցիալ դեմոկրատիան, պրոգրեսիվիզմը, հավսարարականությունը (էգալիտարիզմը), էտատիզմը), ինտերվենցիոնիզմն ու բոլո´ր շուկա կարգավորողները (հիմա էլ կանաչներն ու գլոբալ տաքանալու դեմ «պայքարողները» ու սրանց պեսերը):

Եթե այս վարչախումբ-պետությունն անհսկելի ու անպատիժ է (ինչպես որ համարյա միշտ է), սա իր անընդհատ շատացող հարկ ու մաքսով ու նաև իր հրահրած սարսափելի պատերազմներով ու զանազան այլ աղետներով ամեն կերպ բռնանում է ժողովրդի ու մանավանդ սրա հենց արարի´չ մասի վրա:

Այս վարչախմբի պետերը, անընդհատ թալանում ու կեղեքում են ժողովրդի ըստեղծագործ մասին ու, այս մասի նեղություններն ու թշվառություններն ավելացնելով, խլում են սրա ստեղծածի մի խիստ զգալի մասը: Այս վիճակը, անխուսափելի ու անընդհատ, այս Գնդի վրա ամենուրե´ք է հաստատվում:

Սրա համար էլ եզրակացնելի է, որ որևէ պետության անհսկելի, անպատիժ ու անբարո պետերի վարչախումբը ոչ այլ ինչ է, եթե ոչ այդ երկրի բարիք կամ ծառայություն չստեղծող ու միմիայն մենաշնորհային թալանով զբաղվող քաղաքական անբարո մարդկանց խումբը, այսինքն, անբարո պետերի ողջ խումբը:

Կնշանակի, անտրամաբանական է (ու, ի վերջո, նաև կործանարար է), երբ մեր ուսյալը կույր-կույր հավատում է (ու մենք էլ, խաբվելով, հետևում ենք մեր ուսյալներին), թե վարչախումբը հենց այն պետություն կոչված կոլեկտիվ ու սրբազան էակն է, ինչը թեև շոշափելի չի, բայց լրիվ «շոշափելի ու եզակի փրկիչ է», ով իբր պարտավորություն ունի – հոգա երկրի ժողովրդի բոլոր կարիքները:

Կրկնեմ, որ առավել անտրամաբանական է այն բացառիկ կույր հավատը, որ եթե առկա դեմոկրատական վարչախումբը, այսինքն, ընտրովի պետերի այսօրվա առկա անհսկելի, անպատիժ ու անբարո խումբը, լավը չի կամ ապական է, այնուամենայնիվ, մի´շտ է հնարավոր, որ պետերի նորընտիր խումբը սրանցից շատ ավելի լավն ու ազնիվն ու կարողը լինի ու նաև լինի հսկելի, զուսպ ու պատժելի:

ՀՀ վերջին վարչապետը ոչ միայն օգտվեց այս կույր հավատից, այլև սա ամրապնդեց իր այս «տեսական» դրույթով, թե նորընտիր վարչախմբին ու սրա առաջնորդին «լավը լինելու համար ընդամենը քաղաքական բարի կամք է հարկավոր»:

Հետագայում այս նույն վարչապետն այլևս չէր հիշատակում իր այս բարի կամքի դրույթը: Սրա փոխարեն անընդհատ պնդում է, թե պետությունն ու հայրենիքը պիտի դառնան նույնական, պետություն ասելով էլ նկատի ունենալով վարչախումբը: Ժողովրդի դառն փորձը ցույց տվեց, որ այս երկու թեզն էլ կործանարար էր:

Որևէ երկրի պետական վարչախումբն այդ երկրի, կամ այդ երկրի ժողովրդի, կամ էլ այդ պետության կամ հայրենիքի´ հետ նույնացնելը (կամ էլ միամիտ-միամիտ շփոթելը) կույր հավատի արդյունք է: Սա կոպիտ սխալ է ու հղի է կործանարար հետևանքներով:

Պետական անհսկելի վարչախումբը, եթե նույնիսկ սկզբում քիչ թե շատ բարոյական է, ժամանակի ընթացքում ա´նպայման է դառնում անզուսպ ու անբարո ու հաջողացնում է դառնա նաև անպատիժ: Ինչո՞ւ:

Որովհետև ժողովրդի կույր հավատն իր ընտրած պետերի անհսկելի խմբի բարոյականության նկատմամբ ա´նպայման է այլասերում պետերի նույնիսկ սկըզբում բարոյական խմբին ու սա դառնում է անհսկելի, անպատիժ ու անբարո:

Հետո, այս խումբը քիչ-քիչ վերացնում է ժողովրդի ազատություններն ու իրավունքները, ու անընդհատ շատացնում է պետերի´ ազատությունները:

Մտավորականության մեծ մասի կույր հավատն ու այս հավատի իներցիան պետական իբր հսկելի ու իբր քիչ թե շատ արդար ու ազնիվ վարչախմբի գոյության նկատմամբ – չի թողնում, որ մարդիկ տեսնեն, որ պետերը անընդհատ շատացնում են ժողովրդին թալանելու ու կեղեքելու պետերի´ իրավունքները:

Պետերն իրենց այս թալանն ու կեղեքելն անում են, օգտվելով պատերազմական կամ ուրիշ (օրինակ, կովիդային) հանրային աղետալի շրջանների ընձեռնած հնարավորություններից, երբ «ջուրը պղտոր է»: Պետերը, օգտվելով այս «պղտորությունից», միշտ թալանն ու կեղեքելը շատացնող օրենքնե´ր են ընդունել տալիս:

Երկրի համար աղետալի շրջաններում պետերն իրենց իրավունքներն ու կամայականությունները պաշտպանող իբր ժամանակավոր օրենքներ են հանում, որոնք երբեք չեն լուծարվում ու դառնում են հարատև:

Այս օրենքները նաև (հազվագյուտ) բարոյակա´ն պետերին են դարձնում անհըսկելի, անզուսպ ու անպատիժ, ուրեմն, նաև անբարո:

Որևէ պետության անհսկելի ու անպատիժ վարչախումբն այդ երկրի ժողովրդի ներքին չարիքն է, ու այս չարիքը հարաճուն է ու անվերացնելի:

Այսինքն, ինչպես որ անհնար է, որ կոկորդիլոսի ձվից եղնիկ դուրս գա, այդպես էլ անհնար է, որ իրեն պետություն հռչակած պետերի անհսկելի վարչախումբն իր ժողովրդի չարիքը չլինի կամ, ի վերջո, չդառնա չարիք:

Պետական անհսկելի վարչախմբի անխուսափությանն ու քիչ թե շատ օգտակարությանը կույր-կույր հավատացող ուսյալը չի գիտակցում, որ պետերը սարսափում են այն մտքից, թե ժողովուրդը հանկարծ մի օր կինքնակրթվի ու կհասկանա, որ իր գլխավոր թշնամին իրեն պետություն հռչակած պետերի անհսկելի վարչախումբն է, այսինքն, պետե´րն են (տես նաև 9-րդ գլուխը):

Անհսկելի պետերի վարչախմբի անխուսափությանն ու օգտակարությանը կույր-կույր հավատացող ուսյալը չի գիտակցում, որ չնայած հարկերն ավելացնելու նպատակով է, որ վարչախումբն իր ձեռն է կենտրոնացնում նաև առողջապահության ծառայությունը, բայց սա նաև անում է, որ միաժամանակ ողջ ժողովրդին համոզի, թե պետերն իբր հոգում են ժողովրդի առողջությունը:

Մարդիկ ա´յնքան են միամիտ, որ չեն գիտակցում այս ամենն ու սրա ողբերգական բոլոր հետևանքները: Չեն գիտակցում, որովհետև կույր-կույր հավատում են, որ անհսկելի վարչախմբի գոյությունը, այնուամենայնիվ, գոնե մի քիչ արդարացված է ու նաև անխուսափելի:

Ուսյալների կույր հավատը չի թողում, որ գոնե ուսյա´լը գլխի ընկնի, որ եթե վարչախումբ-չարիքը պիտի անպայման գոյություն ունենա, ուրեմն, թող այս խումբը, գոնե իր թվաքանակով, նվազագույնը լինի, որ հենց չարի´քը լինի նվազագույնը: Սրա´ համար էլ այս խումբը պիտի լինի համարյա իրավազուրկ, որ դառնա հսկելի, զսպելի, գործից ազատելի ու պատժելի: Ինչո՞ւ: Որ նոր ընտրվածներն իմանան, որ եթե օրենքը խախտեն, երբեք անպատիժ չեն մնա:

Այս վարչախումբ-չարիք երևույթը սոցիալիստական է, ու արդեն բոլո´ր երկրներն են տեղի տալիս այս սոցիալիզմին: Ապագան հույժ մռայլ է, ու թվում է, թե քաղաքակրթությունը աղետալի անդնդի եզրին է:

Այս աղետը հնարավոր է, որովհետև ուսյալների գերակշիռ մասը կույր-կույր հավատում է, թե երկրի լինել չլինելու աղետալի պահերին ժողովրդի անմեղ զավակների կյանքն ու մարմինը վարչախումբ-պետության սեփականությունն է:

Բայց մի՞թե այսպիսի հավատը ամենազզվելի ու ամենաանբնական անբարոյությունը չի, ինչքան էլ որ վարչախումբն ու իրեն հանցակից «ռազմահայրենասեր» ուսյալներն այս կույր հավատն արդարացնեն ու սա համարեն բնական ու սուրբ «ռազմահայրենասիրություն»:

5. ԿԱՊԻՏԱԼԻ՞ԶՄ, ԹԵ՞ ՍՈՑԻԱԼԻԶՄ

5.1 Սոցիալիզմի զանազան ցուցանակները

Այսօրվա սոցիալիզմների մեծագույն մասը «կիսասոցիալիզմ» է, քանզի չնայած սրանց մասնավոր սեփականության գոյությանն ու արտադրության կապիտալիստական ձևին, սրանք ունեն սոցիալիզմին հատուկ չարիք-վարչախմբի հիմնական գծերը: Նման սոցիալիզմը գործում է զանազան ծպտյալ տեսքերով:

Տեսնենք, թե, ի´նչ է ու ի´նչ է անում այս կիսասոցիալիզմը: Կոպիտ ու կարճ ասած.

Հասարակական կարգը կիսասոցիալիստական է, եթե.

ա. Սրա իրեն պետություն հռչակած պետերի վարչախումբը կա´մ զանազան միջոցներով խլել հանրայնացրել է (ազգայնացրել, պետականացրել է) տնտեսական (արարող) մարդկանց սեփականության մի մասը, կա´մ էլ սա իր բազում ուղղակի ու զարտուղի հարկ ու մաքսո´վ ու այլ խարդախ ձևերով է անընդհատ խլում արարող մարդկանցից:

Հաճախ այսպիսի վարչախումբը երկրի բոլոր-բոլոր «բնական մոնոպոլիաներն» ու սրանց պարունակությունն ու ընդերքը վերցնում է իրենը (տես նաև քիչ հետո), չնայած այս սեփականությունը քողարկում է «հանրային» ածականով, բայց հետո սրանց վարձակալությունից ստացած գումարներն ի´նքն է տնօրինում:

բ. Այսպիսի կիսասոցիալիստական վարչախումբը (մի կենտրոնից ու – քիչ թե շատ) միջամտում (կա´մ ուղղորդում, կա´մ պլանավորում) է անհատի տնտեսվարությունը:

գ. Այս կիսասոցիալիստական վարչախումբը ժողովրդից հարկ ու մաքսով (ու կենտրոնական բանկի փողային ու նաև ֆինանսական ու էկոնոմիկայի նախարարությունների զանազան խարդախություններով) խլածի մի մասը վերաբաշխում է «թույլերին» ու անհաջողակ բանկերին ու բիզնեսներին ու (երբեմն նաև անհաջողակ երկրներին):

գա. Խլածի երկրորդ ու անընդհատ աճող վիթխարի մասը հատկացնում է արտաքին ու ներքին անվտանգությանը, բայց սրա զգալի մասը փոշիացնելով:

գբ. Խլածի երրորդ ու նորից անընդհատ աճող մասը հատկացնում է վարչախմբի անընդհատ աճող վիթխարի ծախսերին:

դ. Պետություն ձևացող վարչախումբն անհատների ունեցվածքը խլում է երեք գլխավոր պատրվակով: Առաջին արդեն հիշատակված պատրվակը պնդում է, թե իբր կան ոլորտներ, որոնք «բնական մոնոպոլիա են» ու որոնք իբր միմիայն վարչախումբը կարող է տնօրինի:

դա. Սրանցից են – մեծ մայրուղիների ու քաղաքային փողոցների, հասարակական տրանսպորտի (նաև մետրոյի), երկաթգծի ու զանազան թունելների ու խոշոր կառույցների շինարարությունն ու շահագործմունքը:

դբ. Երկրորդ պատրվակը բռնի հավաքած հարկ ու մաքսի հետագա իբր «արդար վերաբաշխությունն» է, որ իբր թույլերին օգնի:

դգ. Օգնի, որ թույլերը իբր «ձրի» կրթության, «ձրի» բուժվելու ու թոշակների ու նըպաստների այս իբր «ձրի» սիստեմով, արժանապատիվ կյանքի հնարավորություն ունենան, ու նաև, որ ժողովրդին իբր պաշտպանի արտաքին ու ներքին թշնամիներից: (Երրորդ պատրվակը երկրի ներքին ու արտաքին պաշտպանությունն է, բայց սըրա մասին հետո կասվի):

ե. Բարոյակարգ-կապիտալիզմին հավերժ թշնամի սոցիալիստները սրանցից այս «թույլերին օգնելու» թեզի անունը դրել են «սոցիալական արդարություն»:

Բայց, ինչպես Հայեկն է հույժ մանրամասն ցույց տալիս իր նշանավոր «Իրավունքը, օրենսդրությունն ու ազատությունը» եռահատորի «Սոցիալական արդարության միրաժը» մասի մեջ, նման արդարությունը միայն պատրա´նք է, միայն միրա´ժ է ու ա´նպայման է անարդարություն, որովհետև հիմնված է հարկային բըռնության ու թալանի ու փողային խարդախությունների վրա:

Այս նենգ պատրվակները թույլ են տալիս, որ վարչախումբ-պետությունը, այսինքըն, պետերի խումբը, ինկաների արքաների պես, բռնությունը դարձնի միմիայն ի´ր մենաշնորհը ու դառնա ճորտամիտ ժողովրդին հարկ ու մաքսով թալանող ու կեղեքող մոնոպոլ ճորտատեր (տես 5.3-ն ու 5.4-ը):

զ. Պետերի խումբն իր սահմանած հարկ ու մաքսով անհատի սեփականությունն ինչքան ավելի շատ է խլում, սրան ենթակա հասարակական կարգն այնքան ավելի թունդ սոցիալիստական է:

Իսկ երբ պետերի խումբը համարյա լրի´վ է խլում անհատի մասնավոր սեփականությունը, համարյա բոլորին համարյա լրիվ զրկելով մասնավոր սեփականության իրավունքից, այդժամ այդպիսի կարգը կատաղի սոցիալիստական է:

է. Այսօր շատ հաճախ վարչախումբը թույլ է տալիս, որ հասարակության անդամները մասնավոր սեփականության ու բիզնեսի իրավունքն ունենան, բայց միջամըտում է այս բիզնեսին ու ծառայություններին – իր հարկ ու մաքսային օրենքներով ու կառավարական այլ հրահանգ ու օրենքներով:

ը. Այս կիսասոցիալիստական կարգերը զանազան անուններ ունեն – ինտերվենցիոնիստական, կա´մ սոցիալ-դեմոկրատական, կա´մ էտատիստական, կա´մ բարեկեցիկ, կա´մ ստեյթիստական (պետային), կա´մ էլ պրոգրեսիվ պետական կարգ, մերիտոկրատական ևն, ևն: Բայց, անկախ իրենց անունից, սրանք բոլորն էլ իրենց էությամբ (քիչ թե շատ) սոցիալիստական են, որովհետև այս զանազան ցուցանակները կրող պետերի բոլո´ր վարչախմբերն էլ, իրենց գաղափարական էությամբ, սոցիալիստական են, մեկը՝ շատ, մյուսը՝ քիչ:

թ. Այս կիսասոցիալիստական կարգերը, բոլորն էլ, ա´նպայման են կրճատում նյութական ու հոգևոր բարիքների ու ծառայությունների արտադրությունը, քչացնում են սրանց որակն ու շատացնում են սրանց գները:

ժ. Կիսասոցիալիստական բոլո´ր կարգերին հատուկ է ժողովրդից խլած փողի հաշվին պետային վիթխարի ու անընդհատ աճող (ու երբե´ք չնվազող) ծախսեր անելը, պետերի քմահաճույքով մասնավորին վարկ տալը, արտաքին (նաև՝ ներքին) խոշոր պարտքը, ինչպես նաև փողի էմիսիան ու ժողովրդի մեծագույն մասի թշվառությունն անշեղ շատացնելը:

Ու, իհարկե, այս ամենն արվում է ողջ ժողովրդի ամենայն բարօրության, սոցիալական արդարության ու ապահով ու անվտանգ ապագայի կեղծ պատրվակներով:

5.2 Հնարավոր երկու սցենարը

Լուդվիգ ֆոն Միզեսն իր «Մարդկային արարմունքը» գրքի մեջ ասում է.

«Այն մարդը, ով ընտրություն է անում – մի բաժակ կաթ խմի՞, թե՞ մի բաժակ կալիումի ցիանիդ, ոչ թե կաթի կամ թույնի բաժակներից մեկնումեկն է ընտրում, այլ ընտրություն է անում կյանքի ու մահվան միջև:

«Ճիշտ նույն կերպ, ա´յն հանրությունը, ով ընտրություն է անում {ճշմարիտ} կապիտալիստական ու սոցիալիստական որևէ հասարակարգի միջև, ոչ թե այս կարգերից մե´կն է ընտրում, այլ ընտրություն է անում հանրային գործակցության ու հասարակարգը փլուզելու միջև:

«Սոցիալիզմը {ճշմարիտ} կապիտալիզմի այլընտրանքը չի: Սոցիալիզմը, առհասարակ, որևէ այնպիսի հանրային սիստեմի այլընտրանքը չի, ինչը թույլ է տալիս, որ մարդիկ մարդավարի ապրեն»:

{Հստակեմ Միզեսի այս խոսքը: Կապիտալիզմի այլընտրանքը, իհարկե, որևէ տեսակ սոցիալիզմն է, բայց սոցիալիզմի բոլոր տեսակներն էլ մահացու կործանանրար են: Ա´յս իմաստով, սոցիալիստական կարգի ընտրությունը ոչ թե կենարա´ր կարգի ընտրություն է, այլ մահվա´ն ընտրություն կամ ինքնասպանություն: Դժվար թե որևէ մեկն ասի, թե մահվան կարգը հասարակական կարգ է}:

«Տնտեսագիտության խնդիրը սա շեշտե´լն է, ճիշտ այնպես, ինչպես որ կենսաբանության ու քիմիայի խնդիրը ուսուցանելն է, որ կալիումի ցիանիդը ոչ թե սնունդ է, այլ մահացու թույն»:

Այս ողջ շարադրանքից բխում է, որ, առկա կիսասոցիալիզմի պատճառով, այս Գնդի գալիքը ունի երկու հնարավոր սցենար:

Առաջին սցենարը կիրագործվի, եթե այսօրվա պետությունների ու մանավանդ ԱՄՆ-ի փողը կեղծելն այնքան շարունակվի, որ սկսվի դոլարի համաշխարհային հիպերինֆլյացիան, այսինքն, դոլարի նկատմամբ վստահությունը լրիվ վերանա ու դոլարն այլևս ոչինչ չարժենա (օրինակ, մի հացն արժենա մի քանի հազար կամ միլիոն դոլար):

Այս անգամ արդեն ամե´ն ինչի արտադրությունն ու փոխանակությունը կդադարի այս ողջ Գնդի մասշտաբով ու կսկսվի մի համաշխարհային քաոս, ու այս Գնդի 10 հազարամյա ողջ քաղաքակրթությունը միանգամից կկործանվի:

Սրա հետևանքով սովից ու զանազան քաոսային բռնություններից կկոտորվի Գնդի համարյա ողջ բնակչությունը: Կմնան միայն այն մարդիկ, ովքեր ունակ կլինեն իրենց ձեռքերի աշխատանքով իրենց պահեն:

Երկրորդ սցենարի արդյունքը կլինի սոցիալիզմի հաղթանակն արդեն այս ողջ Գնդով մեկ: Սա գուցե այնքան էլ հեռու չի ու գուցե գա փողը ողջ աշխարհում թվայնացնելու առաջիկա ռեֆորմից մի քանի (կամ մի քանի տասնյակ) տարի հետո:

Սոցիալիզմն էլ մի´շտ է կրճատում ամենայն ինչի արտադրությունն ու անընդհատ ավելացնում է բնակչության մեծագույն մասի թշվառությունը:

Բայց, եթե նույնիսկ այս համաշխարհային սոցիալիզմի արդյունքը լինի 5.3-5.4 պարագրաֆների ինկաների ռոբոտային կայսրության պես մի համաշխարհային կայսրությունը, միևնույնն է, սա կործանելո´ւ է քաղաքակրթությունը:

Կործանելու է, քանի որ այս Գնդի բնակչության աճը չեն դադարեցնում նույնիսկ ամենաարյունահեղ աշխարհամարտերը: Ուրեմն, ի վերջո, սա է´լ է հասցնելու սովին ու համաշխարհային սոցիալիստական պետության փլուզվելուն:

Հետո այս համաշխարհային սովը նույնիսկ այս ռոբոտներին է դարձնելու գազան ու նորից սկսվելու է առաջին սցենարը, այսինքն, նորից սկսվելու է համաշխարհային քաոսն ու նորից կործանվելու է ողջ քաղաքակրթությունը: Ահա թե սոցիալական արդարության պահանջի ճակատագիրը, ի վերջո, ո´րն է:

«Սոցիալի՞զմը, թե՞ բարոյակարգ-կապիտալիզմը» հարցը համարժեք է «մեր քաղաքակրթության մա՞հը, թե՞ կյանքը» հարցին:

Սոցիալիզմին կույր-կույր հավատացող մտավորականությունը չի պատկերացնում, թե կատարյալ սոցիալիզմն ի´նչ է: Սրա համար էլ տեսնենք, թե սոցիալիզմի կատարյալ հաղթանակն ինչպես է վերացնում մարդկայնությունը ու ինչպե´ս է (լավագույն դեպքում) ռոբոտների կայսրություն հաստատում:

5.3 Համաշխարհային գալիք պետության հասուն փուլը

Սոցիալիզմն այսօր հաղթում է այս ողջ Գնդի մակարդակով:

Շատ մարդ է ողջունում սոցիալիզմի հաղթանակը, բայց սոցիալական կատարյալ արդարությունը (այսինքն, սոցիալիզմի հասուն փուլը) նշանակում է, որ աշխարհի հանրությունը դառնա ինկաների ռոբոտային կայսրության մերօրյա մի կրկնակը:

Սրա համար էլ տեսնենք, թե համաշխարհային սոցիալիզմի հաղթանակն ի´նչ կըդարձնի աշխարհի ժողովրդին: Ու տեսնենք, թե ոմանց երազած սոցիալիստական կատարյալ կայսրությունը ինչպիսին կլինի: (Տես նաև իմ «Պետությունը...»):

Ինկաների 500 տարի առաջվա կատարյալ սոցիալիստական կայսրությունը իր բոլո´ր հպատակներին դարձրել էր ամենաիսկական հլու-հնազանդ ռոբոտ-արարած:

Ինկաների արքաները, պնդելով, թե իրենք Արևի աստծո հետնորդներն ու քըրմերն են, տիրում էին իրենց բոլոր ինկաներին ու սրանց ունեցվածքին:

Ու, կույր հավատի վրա հիմնված սոցիալիստական բոլո´ր-բոլո´ր սիստեմների պես, ինկաներն է´լ էին արտոնությունների ու հավսարարության սիստեմները միավորել: Ինկաների իշխանավորները հավսարարությունը հաստատել էին, բառացի, բոլոր ասպարեզներում:

«Կյանքի կատարյալ ենթարկությունը վարչախմբի պահանջներին – հասցնում էր արտառոց ստանդարտիզացիայի – նույնական հագուստ, նույնական շենքեր, նույնական ճանապարհներ…ստանդարտացնելու այս ոգին ստիպում էր, որ ամեն մի (նույնիսկ չնչին) զանազանությունը թվա վտանգավոր ու թշնամական, լինի սա երկվորյակի ծնունդ, թե մի տարօրինակ ձևի քար: Բոլորն էլ վստահ էին, որ այս տեսակ բաները չար ուժերի գործերն են:

«…Ինկաների պետության կառուցվածքի մեջ սոցիալիզմը հստակ է արտահայտված:

«Այս սոցիալիզմի վկայություններն են, նախ, մասնավոր ունեցվածքի ու, մանավանդ, հողի մասնավոր սեփականության համարյա լրիվ բացակայությունը, հետո – փողի ու առևտրի բացակայությունը:

«Հետո, տնտեսական որևէ մասնավոր նախաձեռնության բացարձակ արգելքը, մասնավոր կյանքի մանրամասն ղեկավարությունը, ամուսնության իրավունքի պետական թույլատըրությունը, կանանց ու հարճերի բաշխման պետական սիստեմը»:

Ինկաները կառավարում էին հրամանների ու հսկողության մի համատարած ու դաժան սիստեմով:

«Սոցիալիստական ամեն մի կարգն էլ ա´նպայման է հիմնված բյուրոկրատական հզոր վարչարարության վրա: Հենց որ նոր գավառ էր նվաճվում, սրա բնակչությունը կազմակերպվում էր աստիճաններով, ու կայսերական պաշտոնյաներն իսկույն գործի էին անցնում…

«Առհասարակ, սրանք ցուցակներ էին կազմում ու իրենց ենթակա խմբից բռնագանձում էին նոր խմբին անհրաժեշտ պաշարը (հացահատիկը, հիմնական սննդամթերքը, բուրդը ևն): Բաշխում էին թե´ այս ամենը, թե´ սրանց արտադրությունը: Բավարարում էին կարիքավորների դիմումները: Հսկում էին իրենց ենթակաների վարք ու բարքը, ու այս ամենը կարգ ու պատշաճին զեկուցում էին իրենց վերադասներին:

«Այս գործողությունները հեշտացնում էր այն հանգամանքը, որ հսկվող հպատակները պարտավոր էին իրենց այս վերադասներին ընդունեն իրենց տները ամե´ն պահին, թույլ տալով, որ վերադասները ստուգեն տան ամենայն ինչը, անգամ աման-չամանը ու ինկաները, նույնիսկ ճաշելիս էլ – պիտի տան դուռը բաց թողնեին…»

Ինկաների բյուրոկրատիան իր ցանցը տարածում էր ամենայն մի հպատակի վրա, ու սրանք շուտով դառնում էին հլու-հնազանդ արարած, «ամեն մեկի անհատականությունը քիչ-քիչ պետության մեջ ձուլելու այս պրոցեսով…մինչև որ այս անհատականությունը լրի´վ էր չքանում»:

Ինկաները փորձում էին վերացնեն.

«ժողովրդի երկու չսիրած բանի՝ աղքատության ու պարապ մնալու պատճառները… Բայց, ինկաները, վերացնելով սրանք, չորացրին նաև առաջընթացի երկու ակունքը՝ նախաձեռնությունն ու ապագայի նեղությունների համար մտահոգությունը»:

Ինկաների հպատակների փոխարեն՝ միայն իրենց կառավարությո´ւնն էր մտածում ու պլանավորում ամեն ինչը: Սրա արդյունքը եղավ հետևյալը.

«կոմերցիան լճացավ ու դադարեց … եռանդն ու կենսունակությունը վերացավ, չքացավ յուրօրինակությունն արվեստում, գիտության դոգմատիզմն դարձավ համատարած, ու վերացան նույնիսկ պարզագույն հայտնագործությունները»:

«Ինչ վերաբերում է նախաձեռնությանն ու ապագայի նեղությունների համար մտահոգությանը, սա ինչո՞ւ պիտի գործեր ա´յն ժողովրդի մեջ, ինչի հացահատկի ու սննդի պետական ամբարները պռնկե պռունկ լիքն էին, իսկ պետական պաշտոնյաներն էլ պարտավոր էին սա բաշխեն իրենց, եթե կարիք լինի: Պահի կարիքներից բացի, ապագայի համար մտահոգվելու բացարձակ ոչ մի առիթ չկար»:

{Լուդվիգ ֆոն Միզեսի մարդկային արարմունքի հիմնական աքսիոմը, ինչպես արդեն ասվել է, պնդում է. «Մարդկային արարմունքը առկա ու ապագա հոգսերը վերացնելու մտադիր վարք է»: Ինկաների վարչախումբը ժողովրդին զրկել էր այս մտահոգություններից, այսինքն, զրկել էր հենց մարդկային վարքից, ուրեմն, նաև մարդկայնությունից ու դարձրել էր ռոբոտ}:

Բացի սրանք, ինկաների բարեկեցիկ պետությունը այս ամենով վերացնում էր նաև բարեգործության ու սեփական ընտանիքի ու հանրության հանդեպ պատասխանատվության մոտիվները:

Բայց ամենալուրջ վնասը անհատի տնտեսական տիրույթը պետությա´նը հանձնելն էր, որովհետև սա ոչնչացնում էր բարեգործության հենց ոգի´ն: Պերուացի բնիկն սպասում էր, որ պետությո´ւնն անի ամեն ինչը ու այլևս չէր մտահոգվում իր ընկերների համար, եթե օրենքը չէր պարտադրում, որ մտահոգվի:

Ինկան իր հարևաններին օգնում էր միայն ա´յն պարագայում, երբ վերադա´սն էր հրամայում, որ օգնի, բայց պարտավո´ր էր ոչինչ չաներ իր սեփական նախաձեռնությամբ:

Պերուացու կյանքը մի ընդհանուր, անուրախ, ապահով, միօրինակ ու կանոնավոր գոյություն էր, ինչը պարտադրում ու երաշխավորում էին ինկաների բյուրոկրատները: Սա մի բացասական երջանկություն էր, մի քանի դժբախտությամբ ու մի քանի խոշոր ուրախությամբ:

«Ինկաների կայսրությունը ստեղծել էր երջանիկ մարդկանց մի գոմ, մի փարախ, մի ախոռ…: Թվում է, թե ինկաների պետությունը մարդկության պատմության ընթացքում երբևէ եղած սոցիալիստական գաղափարների հույժ կատարյալ մարմնացումներից մեկն է»:

Կառավարության հսկողության մեր օրերի այս ժանտախտը ինկաներինից այնքան էլ տարբեր չի: Քսաներորդ դարի տոտալիտար կոլեկտիվիստական (այսօրվա կիսասոցիալիստական) պետությունները, իրենց այս հասարակական պլանային կարգի սաստկությամբ ու ամենաթափանցությամբ, շատ-շատ են նման ինկաների հնագույն պետությանը:

Այս 21-րդ դարի «սոցիալ-դեմոկրատական» կոլեկտիվիզմը ինկաների սոցիալիզմի հետ նմանություն շատ ունի: Մեր օրերի հասարակական կարգը տնօրինող հիմնարկները հսկում են մեր տնտեսական բոլոր գործերը: Սրանք քթները խոթում են մեր անձնական կյանքն ու հետո, փոքրամասնությունների ու մանուկների իրավունքները իբր պահպանող օրենքների պատրվակներով, անցնում են մեր ընտանեկան գործերն ու կյանքը տնօրինելուն:

Սրա´նք են հսկում մեր դպրոցական ու բուհական կրթությունը, սրա´նք են մեզ բուժում, սրա´նք են մեր համար աշխատանք գտնում ու, երբ գործազուրկ ենք, սըրա´նք են մեզ նպաստ տալիս:

«{Քաղաքական աճող հայրախնամության} այս թույնը ինկաներին ոչ թե միանգամից ու մի մեծ դոզայով է տրվել (սա դժգոհության ալիք կբարձրացներ), այլ կաթ-կաթ, մինչև որ ինկաների անհատականությունն անհետացել է…»

Իսկ երբ պասիվ հնազանդությունը դառնում է մարդու բնավորությունը, այլևս անհնար է, որ այս մարդը գործի հանուն իրեն: Այս մարդն արդեն դառնում է իր իսկ կրած լծի սիրահարը:

Ավելի հեշտ բան, քան նույնիսկ շատ խիստ պահանջկոտ տիրոջը կույր-կույր հընազանդվելը, չկա, մանավանդ եթե տերը քեզ թե´ օրեկան հացն է տալիս, թե´ ազատում է հոգս ու մտածմունքի ամենօրյա բեռից:

5.4 Անհատը պիտի մատաղ արվի կոլեկտիվին

Տնտեսությունն իբր կարգավորող այսօրվա վարչախմբային թալանչիները, ճիշտ 500 տարի առաջվա ինկաների կոլեկտիվիստների պես, իրենց իշխանությունն ու հսկողությունը պարտադրում են երկու հիմնական ձևով:

«{Ուզո՞ւմ ես քո իշխանությունն ու հսկողությունը պարտադրես ժողովրդին}, վերացրո´ւ անհատական շահը {այսինքն, վերացրու էգոիզմը կամ եսասիրությունը} որպես մարդկային ամենայն արարմունքի մոտիվ:

«Վերացրո´ւ նաև ալտրուիզմը {անշահախնդիր ու կամավոր օգնությունը}, որպես մարդու ինքնակամ ու ազատ զոհողության ու ինքնակամ ու ազատ կորստի հիմնական բացատրություն, ինչը, ինքնին հարկադրում է, որ մարդը {ակամա ու անգիտակից} ծառայի ողջ կոլեկտիվին»:

Ինկաներն է´լ, այսօրվա սոցիալիստներն է´լ պահանջում էին/են, որ անհատը դառնա ու մնա մտավոր կույր ու ստրկամիտ, ու իր ողջ կյանքը ենթարկի ա´յն մարդկանց թելադրանքին, ում ձեռին որ հարկադրանքի միջոցներն են:

Սրանք պահանջում էին/են, որ անհատը դառնա քաղաքական իշխանության ճորտը: Այս երկուսն էլ պահանջում էին/են, որ ազատ շուկայում անհատի մասնավոր սեփականությունն ուրիշի հետ ազատ փոխանակելն ու գործակցելը վերանա:

(Հենց սրա´ն է միտված արդեն հիշատակված փողը թվայնացնելու համաշխարհային առաջիկա ծրագիրը): Այս երկուսն էլ պահանջում էին/են, որ վերոհիշյալ ցեղային-խմբային կամ կոլեկտիվ շահերը գերադաս լինեն անհատի´ նպատակներից ու շահերից:

Այս երկուսն էլ պահանջում էին/են, որ անհատը դառնա փոքր, դառնա շատ ավելի չնչին ու աննշան, քան ա´յն սոցիալական մեծ զանգվածը, ում երևակայական շահերը պիտի վեր դասվեն անհատի շահերից:

Ու այս երկուսն էլ պահանջում էին/են, որ անհատը կույր-կույր ու անշեղ հավատա, որ ինքը պիտի իր ամե´ն ինչը զոհի հանուն այդ «ավելի մեծի»: Իսկ երբ այս զոհողությունը չի հաջողվում, պահանջում են, որ անհատն իրեն մեղավոր զգա, որ իրեն չզոհեց «ընդհանուրի բարեկեցությանը»:

Հնագույն ինկաներից ոմանք ինքնակամ թույլ էին տալիս, որ իրենց, բառացի, մատաղ անեն իրենց Արևի աստծուն, որ սրա զայրույթը մեղմեն կամ բարեհաճությունը շահեն:

Վարչախմբերն այսօրվա հասարակության անդամներին է´լ են ներշնչում, որ սըրանք իրենց անհատական ազատ կյանքի, ազատ արարքների ու ազատ փոխազդեցության ընտրությունները զոհեն ընդհանուրի շահին, իսկ զինվորներից էլ – որ իրենց ԿՅԱ´ՆՔԸ զոհեն հանուն «ազգային շահի»:

Ինկաները, ինչպես նաև սոցիալիստական Սպարտան, այս ամենը հաջողացրել էին իրենց պետությունը կործանվելուն հասցնելու գնով:

5.5 Սոցիալիզմի հեքիաթային ու զրպարտիչ էությունը

Սոցիալիստական ուսմունքի քարոզողն ու տարածողը առաջին հերթին ու հիմնականում հենց ուսյալնե´րն են:

Ինչո՞ւ: Որովհետև հենց ուսյալնե´րն են, ովքեր կույր-կույր հավատացել ու նորից են հավատում սոցիալիզմի ա´յն խիստ հրապուրիչ, բայց կործանարար հեքիաթային լոզունգներին, որոնք խորագույնս սխալ են ու հակասում են մարդկային արարմունքի հենց էությա´նը:

Սրա համար էլ այս գիրքը, ինչքան որ պետք է, շարադրում է սոցիալիզմի ճակատագրական ուսմունքի նախադրյալներն ու այս հավատի կործանարար հետևանքների մի քանի կոնկրետ օրինակ է բերում:

Ցավոք, սոցիալիզմի կործանարար, բայց լրի´վ անիրական լոզունգների հիմնական թովիչ մեղեդին հույժ մարդկային է համարվել ու այսօր է´լ է այդպես համարվում, այն է – հավասարություն, եղբայրություն ու ազատություն: Բայց հավասարությունն ու եղբայրությունն համատեղելի չեն ազատության հետ:

Ինչևէ, ուսյալների մեծագույն մասն իսկո´ւյն է հավատում, որ այս լոզունգները չքնաղ են ու նաև իրագործելի:

Այս կույր հավատը, ինչն արդեն ավելի քան 2000 տարի է, ինչ ներշնչվում էր, թե հատուկ է միմիայն անդրաշխարհային դրախտին, այսօրվա ուսյալների մեծագույն մասի համար շատ արա´գ է դառնում այսրաշխարհային դրախտի մի մոլեռանդ հավատ, խելահեղ մոլուցք:

Ու դյուրահավատ ուսյալի կույր ու կրքոտ հավատը մի այնպիսի Հիսուսի նկատմամբ, ով ա´նպայման է գալու ու այս աշխարհն ա´նպայման է դարձնելու դրախտ, այլևս չի թողնում, որ այս չարաղետ ու հիվանդագին մոլուցքը բուժվի:

Ինչպե՞ս է գործում սոցիալիզմը: Թվարկենք սոցիալիզմի (նաև կիսասոցիալիզմի) հիմնական գծերը:

Սոցիալիզմը, իր էությամբ հենց ի´նքը լինելով հույժ անարդար ու անբարո, մի´շտ է զրպարտում ու փնովում բարոյակարգ-կապիտալիզմը:

Սոցիալիզմը հենց ի´ր, հենց սոցիալիզմի´ հաստատած անարդարությունն ու անբարոյությունը ա´նպայման է բարդում բարոյակարգ-կապիտալիզմի վրա:

Սոցիալիստը, իր աշխարհայացքով, ա´նպայման է քաղաքական մարդ: (Ակամա, եթե գործում է սոցիալական արդարության իր կույր հավատով):

Սոցիալիզմն ա´նպայման է ձգտում այնպիսի´ կարգ հաստատի, որտեղ բոլոր մարդիկ պիտի բարիքներից իբր հավասար օգտվեին: Սրա համար էլ, այսպես, թե այնպես, սոցիալիստը պնդում է, թե մարդիկ հավասար են արարվել:

Ուրեմն, պնդում է սոցիալիստը, եթե ինչ-որ հանգամանքներում այս հավասարությունը չկա, արդար կլինի, եթե այս հավասարությունը հաստատվի ինչ-որ մի կարգավորող կանոնով (ի վերջո, վարչախմբի´ հաստատած կանոններով):

Այս դրույթի սխալականությունն ակնհայտ է: Մարդիկ հավասար չեն ու ոչ էլ հավասար են ստեղծված կամ ստեղծվում: Մեկն ուժեղ է, մյուսը՝ թույլ: Մեկը բոյով է, մյուսը կարճլիկ: Մեկը եռանդուն է, մյուսը՝ ծույլ: Մեկը տաղանդավոր է, մյուսը՝ ոչ: Մեկը սիրուն է, մյուսը գեշ:

Արդար կլինի՞, եթե սիրուն աղջկանից պահանջվի, որ ինքը, սիրուն պատանուն թողած, սիրի գեշին: Արդար կլինի՞, եթե տաղանդավոր եռանդունն ու անտաղանդ ծույլը նո´ւյն քանակով օգտվեն տաղանդավոր եռանդունի´ ստեղծած բարիքներից: Ու ծույլն ինչո՞ւ պիտի եռանդունի ստեղծածից օգտվելու իրավունքն ունենա:

Ի վերջո, ո՞վ պիտի որոշի, թե ո´վ է եռանդուն, ով՝ ոչ: Կամ ո՞վ որոշի, թե ո´վ է տաղանդավոր կամ հանճարեղ, ով՝ ոչ: Կամ ո՞վ որոշի, թե ո´վ է շահագործում ուրիշներին ու ինչքա´ն է շահագործում: «Գուցե՞ ազատ շուկայի մրցությունը պիտի որոշի այս բաները», ասում են բարոյակարգ-կապիտալիզմի կողմնակիցները:

«Ոչ», ասում են սոցիալիստները, «որոշողը պիտի լինի միմիայն (հերոս չինովնիկների) վարչախո´ւմբը, կամ մի նախարարությո´ւնը, կամ կոմիտե´ն, կամ մի հանձնաժողո´վը: Միմիայն սրա´նց վճիռն է, որ պիտի կոչվի պետությա´ն վճիռ»:

«Ու միմիայն վարչախմբի´ վճիռներն են արդար», ասում են սոցիալիստները: Ընդ որում, «արդար են վարչախմբային բոլո´ր-բոլո´ր վճիռները»: Ու սոցիալիստական հավասարության թեզը հասցնում է զանգվածային բանտարկությունների ու արյունահեղ կոտորածների:

Այն մարդիկ, որոնք մյուսներից տարբերվում են իրենց անհատական հատկություններով, օրինակ, տաղանդավոր են, եռանդուն են, նախաձեռնող են ևն, ևն, իրենց թվով շատ ավելի քիչ են, քան սրանցից չունեցողները:

Ուրեմն, հավասարություն հաստատելու համար պիտի ոչնչացվեն հենց այս տաղանդավորները, եռանդունները, նախաձեռնողները ևն, ևն (Կամբոջայի սոցիալիստ կարմիր կխմերներն այս հավասարությունն իրագործեցին – բարձրագույն կրթությամբ բոլո´ր-բոլո´ր դիպլոմավորներին գնդակահարելով):

Նույն բանին է հասցնում բոլոր մարդկանց եղբայրության պահանջը: Եթե, օրինակ, երկրի բոլոր քեզ անծանոթ մարդիկ էլ քո եղբայրներն են, ուրեմն, իրենք է´լ պիտի հավասար չափով օգտվեն ա´յն բարիքներից, որոնցից դո´ւ ես օգտվում:

(Չխոսենք այն հանգամանքից, որ եղբորդ պիտի սիրես, այնինչ, մի ողջ ժողովրդի քո հարազատ եղբոր պես սիրելն ուղղակի անհնար է:

(Կյանքը ցույց տվեց, որ այս սիրելու պահանջը հաճախ եղբայրական սիրո փոխարեն հասցնում է վիթխարի քանակով մարդու ատելությանն ու մատնությանը, ինչպես եղավ, օրինակ, Սովետական կարգերի ու Չինաստանի մեկ-երկու երկար շրջանում):

Դոստոևսկու Бесы վեպի (1875թ) սոցիալիզմի գաղափարախոս մի հերոսը քըննարկում է այն հարցը, թե ռուսական կայսրության մեջ հավասարություն հաստատելու համար քանի մարդ պիտի կոտորվի: Երբ պարզում է, որ կոտորելիք մարդկանց թիվը պիտի լինի 100 միլիոնից ոչ պակաս, ինքնասպան է լինում:

Այս թիվը պատահական չի: Բոլշևիկների կոտորած մարդկանց թիվը (մինչև 2-րդ աշխարհայինը) ոմանք գնահատում են մոտ այսքան ու նույնիսկ ավել:

Սոցիալիստների գլխավոր ու մշտական զրպարտանքը բարոյակարգ-կապիտալիզմի հասցեին – այն թեզն է, թե ձեռնարկատերը շահագործում է իր բանվորներին: Քննարկենք այս լրիվ սխալ ու բացահայտ խարդախ թեզը:

Ենթադրենք, թե մի տաղանդավոր ու եռանդուն Պետրոս հայտնագործում է (օրինակ) ընտիր կոշիկ կարելու մի ձև ու Ի´Ր խնայողություններով կաշի ու գործիքներ է առնում, կոշիկի արհեստանոց է հիմնում ու կոշիկ է արտադրում:

Հետո, այս շնորհալի ու եռանդուն Պետրոսն իր կարած կոշիկները փոխանակում է տաղանդավոր ու եռանդուն Պողոսների ստեղծած բարիքների հետ: Հետո այս Պետրոսը հարստանում է ու իր պահեստն ամենայն բարիք է լցնում, ու մի մեծ այգի է առնում:

Հիմա էլ ենթադրենք, թե մի բացարձակ անտաղանդ ու ծույլ Գիգոլ էլ բոբիկ է, ու սա գալիս է Պետրոսի մոտ ու ասում է. «Մի զույգ կոշիկ տու հագնեմ, պրն Պետրոս: Ախր փուշ ու տատասկը ոտներս արունլվա են արե»: Էս Պետրոսն էլ ասում է. «Արի իմ այգին մի շաբաթ փորի, պարոն Գիգոլ, քեզ մի զույգ կոշիկ տամ», ու Գիգոլն էլ, լրիվ կամավոր, համաձայնում է:

Այստեղ կարևորն ա´յն հանգամանքն է, որ Գիգոլն այլընտրանք ունի, կարող է կա´մ շարունակի ոտներն արունլվա անելը, կա´մ համաձայնի Պետրոսի այս առաջարկին, ինչը Պետրոսն անում է առանց հարկադրանքի:

Գիգոլը համաձայնում է ու մի շաբաթ հետո մի զույգ ընտիր կոշիկ է վաստակում ու հագնում: Սոցիալիստներն ասում են. «Սա արդար չի: Պետրոսը շահագործեց Գիգոլին: Պետրոսն իր արհեստանոցում այդ շաբաթ կարած 10 զույգ կոշիկի 5 զույգը պիտի տար Գիգոլին: (Չէ՞ որ Գիգոլի կինն ու երեխաներն է´լ են բոբիկ, ու իրանց ոտներն էլ են արունլվա):

Ու քանի որ Պետրոսը Գիգոլին չի տվել այդ 5 զույգ կոշիկը, ուրեմն, Պետրոսը Գիգոլի «դասակարգային թշնամին է», ասում են սոցիալիստները: Ակնհայտ է, որ այս զրպարտանքը կհարուցի Գիգոլների նախանձը:

Եթե այս քարոզը կազմակերպվի ու անընդհատ շարունակվի, Գիգոլներին կըդարձնի Պետրոսների «դասակարգային թշնամին»:

(Այս քարոզը կազմակերպեցին Մարքսն ու Էնգելսը, 19-րդ դարում, ու շարունակեցին իրենց բոլոր հետևորդները, բոլոր գույն ու երանգի սոցիալիստները, կոմունիստներն ու այլ պետիստները – պրոգրեսիվիստները, հավսարարականները, ինտերվենցիոնիստները, բարեկեցիստները, հակաջերմոցայիններն ու շուկան կարգավորողները, ու հիմա էլ – կանաչները ու սրանց պեսերը):

Ու, քանի որ Գիգոլները չափազանց շատ են, իսկ Պետրոսները՝ քիչ, Գիգոլների նախանձը գրգռող ու սրանց Պետրոսների հետ թշնամացնող սոցիալիզմի այս իդեոլոգները միշտ էլ համոզում կազմակերպում են Գիգոլներին ու, օգտվելով դեմոկրատիայի կործանարար մեթոդներից (տես 7-րդ գլուխը), զավթում են ողջ իշխանությունը:

Ու սոցիալիստներն այս խարդախ ձևերով դառնում են Գիգոլների «հայրախընամ» հերոսները, ու Գիգոլներն էլ պաշտում են սրանց ու կամավոր դառնում են սոցիալիստների ճորտը: Հետո էլ սոցիալիստները զանազան թոշակ ու նպաստ ու ուրիշ մանր-մունր արտոնություն են տալիս Գիգոլներին, որ սրանք, միշտ ու անընդհատ, պաշտեն իրե´նց ու մի´այն իրենց, ու միշտ իրե´նց ընտրեն պետ:

Սա´ է սոցիալիզմի նենգ էությունն ու սոցիալիստների գործելու հիմնական ձևը:

(Երբ Տրոցկին ու Լենինը երկրից նավերով վտարում էին սոցիալիզմի հակառակորդներին, վտարվողներին ընտրում էին հենց տաղանդավորության, աննկուն ազնվության ու սկզբունքայնության ելակետերով, հենց սրա´նց էին վտարում:

(Նույն այս ելակետերով Տրոցկին ու Լենինը լցրեցին իրենց իսկ կազմակերպած 91 կոնցենտրացիոն ճամբարն ու գնդակահարեցին կամ այլ կերպ կոտորեցին միլիոնավոր ազնիվ ու տաղանդավոր մարդ:

(Հենց այս նույն ելակետով էր Ստալինը մոտ 5 միլիոն եռանդուն ու ջանասեր գյուղացիական ընտանիք աքսորում, սրանց համարելով կուլակ, այսինքն, Գիգոլներին իբր շահագործելով հարստացած: Եթե գյուղացին ջանասեր էր ու համագյուղացիներից մի քիչ ավել ունեցվածք ուներ (օրինակ, լողանալու թիթեղյա տաշտ ուներ) համարվում էր կուլակ ու աքսորվում էր:

(Նույն ձևով էլ, եթե մտավորականը տաղանդավոր էր, սկզբունքային, ազնիվ ու ինքնուրույն մտածող, աքսորում կամ բանտարկում կամ սպանում էին:

(Սոցիալիստները այս նենգ սկզբունքներով էին (ու են) հաստատում իրենց քարոզած հավասարությունը: Այսինքն, սոցիալիստները կոտորում էին հենց կարո´ղ, ազնի´վ, սկզբունքայի´ն, տաղանդավո´ր ու ջանասե´ր քչերին: Կոտորում էին այս «անհավասարներին», որ մնան միայն ա´յն մարդիկ, ովքեր իրար «հավասար էին»:

(Սրանք, իհարկե, նաև իրենց «եղբայրնե´րն էին» իրենց ծուլությամբ, անկարողությամբ, անազնվությամբ, իրենց խավարամոլությամբ ևն, ուրեմն և ձրիակերության նկատմամբ իրենց ստոր հակումներով):

Սոցիալիստը, որպես կանոն, չի տրամաբանում, չի վերլուծում կապիտալիզմ-բարոյակարգի կողմնակիցների փաստարկները: Կրկնեմ, որ, սրա փոխարեն, սոցիալիզմը (միշտ է´լ մերկապարանոց), հայտարարում-զրպարտո´ւմ է, թե բարոյակարգ-կապիտալիզմը անբարո է ու թույլերի թշնամին է, իսկ սոցիալիզմը բարոյական է ու թույլերի պաշտպան հայրը:

Սոցիալիզմը ա´նպայման է կրճատում անհատի տնտեսավարական ու քաղաքական ազատություններն ու իրավունքները:

Սոցիալիզմը ա´նպայման է դեմ լրի´վ ազատ շուկայական հարաբերություններին, օրենքի առաջ բոլոր-բոլորի հավասարությանն ու սրանից բխող ազատ մրցության սկզբունքին, չնայած իր մոգոնած սոցիալիստական մրցություն կոչվածն ուղղակի չի գործում:

Սոցիալիզմը ա´նպայման է դեմ միմիայն ազատ մրցությամբ հաստատվող արդարությանն ու նյութական ու այլ բարիքները տնտեսական անհատների շուկայական ազատ մրցությամբ բաշխելու սկզբունքին:

Ինչո՞ւ: Որ սոցիալիստական «հերոսական ու արդարացի» վարչախո´ւմբը հարկ ու մաքսով խլի ուրիշների ունեցվածքն ու սա ի´նքը «բաշխի» թույլերին:

Սոցիալիզմն ա´նպայման է ձգտում սոցիալական ապահովագրության պետական ծրագրերով ու պետական վարչարարական սիստեմով բարիքները իբր բոլորին հավասար բաշխելուն, ինչն անհնար է ու երբեք չի իրագործվում:

Սոցիալիզմը ա´նպայման է կողմ սպասարկության (կրթության, առողջապահության, ծերերի ու հաշմանդամների ու այլ կարգի «թույլերի») կարիքները մի կենտրոնից պետական պլանով հոգալուն, չնայած երբեք տեղը տեղին չի բավարարում այս կարիքները:

Սոցիալիզմը ա´նպայման է կողմ տնտեսվարության (արտադրության) բոլո´ր-բոլո´ր ոլորտները (ու ինչքան հնարավոր է – շատ ու խիստ), պետական կենտրոններից կառավարելուն կամ միջամտելուն (ինտերվենցիային) կամ էլ – գոնե «ուղղորդելուն», չնայած մի´շտ է ձախողում այս ոլորտները:

Սոցիալիզմը երբեք չի խոստովանում, որ իր ղեկավարած պետական կրթության ու պետական առողջապահական ծրագրերը երբեք լրիվ ու երբեք որակով չեն կատարում իրենց պարտավորությունները:

Ավելին, նույնիսկ մասնակի սոցիալիստական կարգի աշխատանքի որակն է անընդհատ վատանում, ինչն ապացուցվում է, օրինակ, այսօրվա կիսասոցիալիստական ԱՄՆ-ի պետական դպրոցների հույժ վատ վիճակով ու արդյունքերով ու պետական հիվանդանոցների թանկացող ու վատացող սպասարկությամբ:

Մյուս օրինակն ա´յն փաստն է, որ կիսասոցիալիստական Բրիտանիայի միլիոններով հիվանդը, մի տարի ու նույնիսկ ավել, սպասում է, որ բուժվելու ի´ր հերթը հասնի:

Սոցիալիստական կենտրոնացրած կառավարման գաղտնի նպատակը տվյալ երկրի բնակիչներին պետական կրթական ու քարոզչական հզոր ապարատներով – հենց մանկո´ւց ճորտամիտ ու հլու հնազանդ հարկատու, ոստիկան ու զինվոր դարձնելն է:

Սոցիալիզմը ա´նպայման է ձգտում իբր «բարեկեցիկ ու ուժեղ պետություն» ըստեղծելուն, ինչը սոցիալիզմն անում է երկու ձևով:

Նախ` ամեն տեսակ ուղղակի, անուղղակի ու զարտուղի հարկ ու մաքսերը անընդհատ շատացնելով (մանավանդ, շահույթին ու եկամտահարկին համեմատական տոկոսով) պրոգրեսիվ, անտեսանելի հարստության ու պերճության հարկերով:

Բացի սրանք, սոցիալիզմը «պաշտպանական» (պրոտեկցիոնիստական) բարձր մաքսեր է սահմանում, իբր որ երկրի տեղական արտադրությանը խթանի:

Այնինչ ապացուցված է, որ այս ամենը նախ անբարո թալան է, երկրորդն էլ, այս թալանին հետևում է սրա նույնքան անբարո վերաբաշխությունը:

Այս ամենը կրճատում է անհատ տնտեսվարողի խնայողությունները, ուրեմն, նաև ներդրումները: Կրճատում է մրցությունն ու տեղական արտադրությունը:

Սրանք ու նաև պետական արտաքին ու ներքին վիթխարի պարտքը իբր ուղղված են ընդհանուրի բարօրությանը: Բայց պետերի խմբի կազմած ծրագրերն ու արտաքին պարտքը հակադիր են շուկայական ազատ մրցության սկզբունքին ու հասցնում են ինֆլյացիայի, ինչի հետևանքներն են – գների աճն ու գործազըրկությունն ու թշվառության աճը:

Սոցիալիզմը դեմ է նաև անհատի չկրթվելու իրավունքին, իսկ սա բռնություն է: Սրա նպատակն է, ինչպես ասվեց, որ ոչ մեկը չխուսափի ճորտամիտ դառնալուց:

Սոցիալիզմը ա´նպայման է անընդհատ ավելացնում ու ուռճացնում կառավարությանն ու առհասարակ` իշխանություններին իբր «օդի պես անհրաժեշտ կարիքների» ծախսերը, իհարկե, նորից «հանուն ողջ ժողովրդի բարօրության»:

Ու սոցիալիզմը պետական ապարատի աճող ծախսերի փողը ճարում է, ի վերջո, միմիայն զանազան հարկ ու մաքսերն անընդհատ շատացնելով ու հարկ ու մաքսի նորանոր տեսակ մոգոնելով:

Մեր վարչապետն այսօր պարծենում է, թե 2018 թվի համեմատ պետեկամուտները կրկնապատկվել են, չմտահոգվելով, որ նախ հարկ ու մաքսային թալանին «եկամուտ» ասելն է ամոթ, երկրորդն էլ, որ այս աճը ընդամենը նշանակում է – թե´ այդ թալանի վիթխարի աճ, թե´ փողի վարչախմբային կեղծարարության ու արտաքին վիթխարի պարտքի աճ, թե´ ինֆլյացիա:

Սոցիալիզմը ա´նպայման ու անընդհատ է մեծացնում պետության բյուրոկրատական ապարատը: Ուրեմն, սոցիալիզմն այս ձևով է´լ է ա´նպայման ու անընդհատ մեծացնում պետական ծախսերը, նորից հարկ ու մաքսը շատացնելով:

Սոցիալիստական (ու բոլոր տոտալիտար) իշխանություններն իրենց հանցագործություններից, մանավանդ, հույժ եղկելիները, միշտ թաքցնում են «պետական» կամ «ռազմական» գաղտնիքի պատրվակներով:

Սոցիալիզմն ա´նպայման է կրճատում խոսքի ու տեղեկություն ստանալու ազատությունները, մանավանդ, երբ սրանք հակադրվում են պետերի խմբի վերը ասված իրավունքներին կամ մերկացնում են դրանք:

(Սա հաստատող մի սարսափելի օրինակը 1954 թվին Սովետի Տոցկի ավանի մոտ 45000 կամ 60000 զինվորականի (չհաշված՝ մերձակա գյուղերի բնակիչներին) վրա գցած ատոմային ռումբն էր, ինչն արվեց մարշալ Ժուկովի հրամանով:

(Տուժածներին ոչ մի բժշկական ու այլ օգնություն ցույց չտրվեց, ու այս քստըմնելի պատմությունը գաղտնի պահվեց, ու այսօր էլ է շատերին անհայտ:

(Մյուս քստմնելի օրինակը Ուկրաինայում Ստալինի կազմակերպած սովի պատմությունը թաքցնելն էր, երբ մարդակերությունը սովորական էր դարձել):

Սոցիալիզմը, ա´նպայման ու այսպես թե այնպես, դե´մ է իշխանությունը երեք անկախ թևի բաժանելուն ու անկուսակցական (առանց ցուցակ) ուղղակի (մեծամասնական) ընտրություններին, ինչպես նաև պրոֆեսիոնալ (միմիայն իրավագետ-տնտեսագետ անկուսակցական «ցմահ» պատգամավորներից կազմված) օրենսդիր ժողովներին ու դատարաններին:

Սոցիալիզմը ա´նպայման է ձգտում, որ իշխող կուսակցության ղեկավարների ու պետական բոլոր պաշտոնյաների շահադիտական հրահանգներն օրենքի ուժ ունենան ու օրենք դառնան:

Սոցիալիզմն ու կիսասոցիալիզմը, իրենց սոցիալական արդարություն կոչվածի կեղծ պատրվակով, մի´շտ են կողմ սեփական ժողովրդին ծուլացնող ու անգործունյա դարձնող պետական գործազրկության թոշակներին, զանազան նպաստներին ու պետական «ձրի» ծառայություններին, մանավանդ, եթե սրանք մեծացնում են պետերի խումբը վերարտադրող ընտրական ռեսուրսը:

Սոցիալիզմն ու կիսասոցիալիզմն ա´նպայման են ձգտում տնտեսությունն ու գըներն ղեկավարելուն: Սոցիալիզմն ու կիսասոցիալիզմն ա´նպայման են թուղթ փողի քանակն անընդհատ շատացնում, այս աննկատելի, բայց խարդախ եղանակով խլելով բնակչության մեծ մասի մասնավոր սեփականությունը:

Սոցիալիզմն ու կիսասոցիալիզմն ա´նպայման են (իրենց պետական պարտատոմսերով, արտաքին ու ներքին վիթխարի պարտքերով), թե´ ինֆլյացիա առաջացնում, թե´ այս պարտքերը բարձելով ապագա սերունդներին, այդ սերունդներին շահագործում ու զրկում խնայողություն անելու, ուրեմն, նաև ներդրումներ անելու ապագա հնարավորություններից:

Սոցիալիզմն ու կիսասոցիալիզմը դեմ են տարբեր երկրների հպատակների ազատ տեղաշարժին ու այս երկրների անհատների խաղաղ առևտրին:

Սոցիալիզմն ու կիսասոցիալիզմը անհատներին խոչընդոտում են իրենց պետական հսկելի սահմաններով, անձնագրային համակարգերով ու մաքսային տարիֆներով: Եթե մարդկանց տեղաշարժն ու առևտուրը ազատ լինեին ողջ աշխարհում, ոչ մի երկրի ոչ մի անհատին ոչ մի պատերազմ էլ ձեռնտու չէր լինի:

Պատերազմների գլխավոր պատճառը, մանավանդ, աշխարհայիններինը, միմիայն վարչախմբերի սոցիալիստական նկրտումներն են: Լրիվ բարոյակարգային (կապիտալիստական) աշխարհին պատերազմը երբեք ձեռնտու չէր լինի:

5.6 Բարի սոցիալիզմը խոտակեր բորենի է

Հստա´կ է հայտնի, որ եթե չկա մասնավոր սեփականությունն ու սրա անձեռնմխելությունը, ուրեմն, չկա նաև արդարությունը, ու չկա մարդկայնությունը: Երբ էլ որ վերացրել են մասնավոր սեփականությունը, մարդկային հանրությունը դարձել է բիրտ ուժով ղեկավարվող մի ավազակային ու լրի´վ անխիղճ ոհմակ:

Ավազակային ոհմակում էլ, ուժեղների ու սրանց զինակիցների հետ միասին, հաջողություն են ունենում միայն երկերեսանի նենգ ու վախկոտ խարդախները, ըստորները, մատնիչներն ու սրանց պեսերը:

Ավելի «մեղմ» կամ «մարդկային» կամ «բարի» սոցիալիզմները, օրինակ, սոցիալ-դեմոկրատիզմը, այսօր քողարկվում են կապիտալիզմի, լիբերթարիզմի կամ ազատականության այլ դիմակներով, որովհետև այս վերջինների հիմնական թեզերի իրավացիությունն անժխտելի է:

(Շվեդիայում, 1971-ից մինչև 1991-ը մեղմ սոցիալիզմ էր, բայց այս սոցիալիզմը վերջացավ, երբ սպառվեց կապիտալիզմի օրոք կուտակած հարստությունը: Սարսափահար շվեդները իսկույն չափավորեցին իրենց սոցիալիզմը):

Այսօր (համարյա կիսով չափ) «մեղմ» սոցիալիստական է ԱՄՆ-ը, ինչի սոցիալիզացիան սկսվել է 1900-ականների սկզբից: Եթե ասենք, որ ԱՄՆ-ի սոցիալիզացիան սկսել են Թեոդոր Ռուզվելտն ու Վուդրո Վիլսոնը, իսկ հետո էլ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը այս սոցիալիզմը դարձրեց ավանդույթ, ու Ռիչարդ Նիքսոնն էլ 1971-ին սոցիալիզացիայի վերջնական կնիքը դրեց, սխալ չի լինի:

Սրանց ծրագրերով է ԱՄՆ-ը դարձել այսօրվա աշխարհային կիսասոցիալիստական ժանդարմը, մի պաշտոն, ինչն ԱՄՆ-ն առաջ կիսում էր կատաղի սոցիալիստական Սովետների հետ:

Սրանցից Վուդրո Վիլսոնի ծրագրով էր, որ ստեղծվեց ԱՄՆ-ի կամակատար Ազգերի լիգան, ինչը հետո վերանվանվեց ու դարձավ ՄԱԿ (Միացյալ ազգերի կազմակերպություն): Սրանց նմանությամբ էր, որ ստեղծվեց Եվրոմիությունը:

Ու սրանք, բոլորն էլ (բյուրոկրատական ու գաղափարական առումով) սոցիալիզմով թե´ խիստ վարակված, թե´ հիվանդ կազմակերպություն են:

ԱՄՆ-ի (նաև այսօրվա կապիտալիստական կոչված մնացած բոլոր պետությունների) սոցիալիզմը անընդհատ շատանում է, շատանում է վիթխարի տեմպերով, մանավանդ, վերջին մի քանի տասնամյակում, մանավանդ, 1971-ից, երբ Ռիչարդ Նիքսոնն իր «թեթև ձեռով» վերացրեց ոսկի փողի ստանդարտը:

Անգլիայի սոցիալիզացիան սկսվել է մոտ 1870 թվից: Այդ օրերին Անգլիան իր արտադրանքով աշխարհում 5-6-րդ տեղն էր: Այսօրվա սոցիալիստական Անգլիան իր արտադրանքով աշխարհում 16-17-րդ տեղն է:

Ահա թե սոցիալիզմն ինչքա´ն է կրճատել Անգլիայի արտադրությունը: Բայց սոցիալիզմի հասցրած կործանարար հարվածն Անգլիային լրիվ ուրիշ կողմից է:

Անգլիական «սոցիալական արդարության» սոցիալիստական քաղաքականությունն աշխարհի նախկին հույժ ջանասեր ու աշխատավոր անգլոսաքսոն ժողովրդին դարձրել է ամենածույլ ու «անգյալ» ժողովուրդներից մեկը:

Իրոք, այսօր Անգլիայի բնակչության քառորդը, պատկերացնո՞ւմ եք, ՔԱՌՈ´ՐԴԸ, ու արդեն ՔԱՆԻ˜ սերունդ, ապրում է վարչախմբի տված նպաստներով ու չի աշխատում, չնայած աշխատատեղը լիքն է:

Հենց սա´ է պատճառը, որ Անգլիան այսօր հեղեղված է (մեծ մասամբ) մահմեդական էմիգրանտներով (այսօր Անգլիայի նույնիսկ վարչապետն անգլոսաքսոն չի):

(Մահմեդականների ներհոսքը Եվրոպա ու Անգլիա, ԱՄՆ ու այլուր բոլորովին էլ դատապարտելի չէր լինի, եթե լիներ բնական, այսինքն, եթե լիներ առանց հյուրընկալ պետությունների այս փարիսեական հայրախնամության:

(Այս փարիսեությունը թե´ եկվորների օգտին է, թե´ բնիկների վնասի հաշվին:

(Սա բնիկների շահերին հակառակ է, ու սա բնիկներին դարձնում է ծույլ ու աննախաձեռնող: Կնշանակի, սա կործանարա´ր է սեփական ժողովրդի համար):

Այս վիճակն այսօր ողջ Արևմտյան Եվրոպայում է: Եթե այսպես շարունակվի, շատ հավանական է, որ շուտով ողջ Եվրոպան դառնա մահմեդական:

Քիչ մարդ գիտի (մանավանդ հետսովետական տարածքում), որ 1848 թվի ֆրանսիական հեղափոխությունը սոցիալիստական էր: Հենց սրա´ համար էր, որ Ֆրեդերիկ Բաստիան իր մահից առաջ (վախճանվել է 1850-ին), մի գիրք հրատարակեց, որտեղ զգուշացնում էր, որ սոցիալիզմը խիստ վնասելու է Ֆրանսիային:

Ու այսօր, իր սեփական նախաձեռնությունն ու արժանապատվությունը կորցրած շարքային գործազուրկ ֆրանսիացին, իր անգլիացի «կոլեգայի» պես, պետական սոցիալիստական ողորմություն-նպաստը գերադասում է իրեն դուր չեկած աշխատանքից:

Աշխատանքից խուսափելու այս զուտ սոցիալիստական միտումն ընդհանուր է ԱՄՆ-ի ու եվրոպական թերևս բոլոր քիչ թե շատ զարգացած երկրների, մանավանդ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի ու նույնիսկ Շվեդիայի համար:

Այս միտումն իրո´ք է սոցիալիստական, որովհետև հենց սոցիալի´զմն է իր «սոցիալական արդարության» կեղծ ու նենգ քարոզով վարակում հիվանդացնում ձրի կյանքի հեռանկարով հրապուրված քաղաքացիներին:

Ինչո՞ւ: Որովհետև մի´միայն այս «սոցիալական արդարության» սոցիալիստական քարոզն է հայտարարում, թե իրեց պետություն հռչակած պետերի այս անհսկելի, անզուսպ ու անպատիժ վարչախումբ-հորդան հայրախնամ է ու պարտավո´ր է պաշտպանի ձրիակերության հակված բոլոր «թույլ» քաղաքացիներին:

Սրա համար էլ սոցիալիստական գաղափարներով արդեն թունդ վարակված երկըրներն են լցվում ու սրանց «ոչ պատվավոր, սև» աշխատատեղերն են զբաղեցնում ջանասեր ու ոչ քմահաճ չինացիները, հնդիկները, նեգրերը, մեքսիկացիները, պուերտո ռիկացիները, թուրքերը, ալժիրցի ու այլ տեղերի արաբները, ալբանացիները ևն:

Եթե Արևմտյան Եվրոպայի սոցիալիզմով թունդ վարակված երկրների իշխանություններն այս ներգաղթածներին ապրելու ու սնվելու միջոց չտային, ակնհայտ է, որ սրանք չէին հեղեղի Եվրոպան, ու եվրոպացիներն էլ չէին դառնա ծուլությանն ու ձրիակերությանը հակված անհեռատես ժողովուրդ:

Այսօր եվրոպական երկրների տեղական (մանավանդ խոշոր) կապիտալը, համաձայն տնտեսագիտության հայտնի օրենքներին, փախնում է այլ երկրներ, փախնում է ա´յն վայրերը, որտեղ տնտեսական ու քաղաքական ազատություններն ավելի շատ են:

Իմիջիայլոց, ավստրիական դպրոցի տնտեսագետները 20-րդ դարի առաջին քառորդից արդեն Անգլիան համարում էին սոցիալիստական, ու լրի´վ էին իրավացի, քանի որ Անգլիայում իրագործվել էին բոլոր այն ծրագրերը, որ Սովե´տն էր երազում իրագործեր:

Անգլիացիները քիչ էր մնում անցնեին եռօրյա աշխատանքային շաբաթի:

Սոցիալիզացիա կա նաև սկանդինավյան երկրներում:

Այն լուրերը, թե այս երկրներում կենսամակարդակը անընդհատ բարձրանում է հենց սոցիալիզմի շնորհիվ, խարդախ մոլորություն են կամ սուտ: Այս ստի տիպական օրինակ է շվեդական դեմոկրատական սոցիալիզմի իբր շշմեցուցիչ առասպելը: Շվեդական (ու նաև ոչ շվեդական) սոցիալ դեմոկրատները, միևնույնն է, սրանից երբեք չեն խոսում ու անընդհատ հայտարարում են, թե Շվեդիայի բարեկեցության պատճառը սոցիալիզմն է, ինչը բացահայտ սուտ է:

Շվեդ մտածող Յոհան Նորբերգն ասում է. «Այսօր Շվեդիայի համբավը այսքան բարի չի: Երկրի արտադրության մրցունակությունը պահպանելու համար արժույթը դևալվացրին հինգ առանձին անգամ, գումարայինով՝ 45 տոկոսով:

«Շվեդիայի 1991 թվի լուրջ ճգնաժամից մի տարի առաջ պետական սեկտորի աշխատողների թիվն աճել էր մեկ միլիոնով, այնինչ, մասնավոր ձեռնարկները նույնիսկ մեկ իսկական աշխատատեղ չէին ստեղծել:

«Չաշխատողներին պահելու այս «բարի կամ մեծահոգի» քաղաքականությունը քայքայեց աշխատանքային էթիկան, ու այս ամենաառողջ բնակչությամբ երկըրներից մեկը – դարձավ հիվանդության պատճառով աշխատանքից ամենաշատ բացակա ունեցող {կեղծ բյուլետեն վերցնող} երկրներից մեկը»:

Ըստ Նորբերգի, նույնիսկ շվեդակա´ն հույժ փառաբանված բարի ու «միանգամայն անվնաս, խոտակեր ու ժպտադեմ» սոցիալիզմը ամենաիսկական կործանարար ու գիշատիչ կոկորդիլոսն էր:

Ըստ էության, այսօր քիչ թե շատ կապիտալիստական են թերևս միայն Շվեյցարիան ու Լիխտենշտեյնը, Անդորան, Իռլանդիան ու էլի մի քանի այսպիսի երկիր:

Այս ողբերգական խնդիրները կան համարյա ամենուրեք: Կան թե´ Եվրոպայի մնացած երկրներում, թե´ ԱՄՆ-ում, թե´ այլուր: Մի տեղ`շատ, մի տեղ` քիչ:

Առհասարակ, Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրներն էլ սոցիալիզմի գծերից շատ ունեն: Սրա համար էլ այս երկրների արտադրությունները կրճատվում են, օտար կապիտալի ու մահմեդականության ներհոսքն էլ շատանում է:

Այսօրվա Հայաստանն ավելի շատ սոցիալիստական է, քան կապիատալիստական: Հայաստանի սոցիալիզացիան շատանում է վիթխարի տեմպերով:

5.7 Չինական սոցիալիզմը փրկությո՞ւն է

Շվեդական սոցիալիզմ-դեմոկրատիայի պարտությունը գրանցվեց 1991 թվին, ու Շվեդիան հենց այդ թվից հետ դարձավ կապիտալիզմին, ու առ այսօր քիչ թե շատ զգուշանում է սոցիալիստական ծայրահեղություններից:

(Օրինակ, Շվեդիան այն հազվագյուտ եվրոպական երկրներից էր էր, ով չենթարկվեց «Կովիդ 19» շառլատանական ողբերգությանը):

Այնուամենայնիվ, սոցիալիստները (գոնե Հայաստանում) անընդհատ հայտարարում են, թե Շվեդիան այսօր էլ է մի սոցիալիստական դրախտ, ինչը, ինչպես տեսանք, ժխտում են հենց իրե´նք, հենց շվեդնե´րը: Ու մնացած մարդիկ էլ հավատում են այս սուտ հայտարարություններին:

Լրիվ նույն այս երևույթն էլ կա չինական նորագույն (ոչ կատաղի) սոցիալիզմի առումով: Մաո Ցզե Դունի մահից ու մանավանդ սովետական սոցիալիզմի փլուզվելուց հետո Չինաստանը միահեծան ղեկավարող չինական կոմունիստական կուսակցությունը (Կոմկուսը) մասնակի չափով թույլատրեց մասնավոր սեփականությունն ու շուկան էլ, նորից մասնակի ոչ լրիվ, ազատականացրեց: Այսինքն, թույլ տրվեց, որ արտադրության պետական, կենտրոնացրած ձևի կողքին տեղ-տեղ լինի նաև կապիտալիստական արտադրություն: Այս մասնակի կապիտալիզմն այնքան արագ ու այնքան շեշտակի ավելացրեց Չինաստանի տնտեսության համախառն աճը, որ ամբողջ աշխարհն առ այսօր ուղղակի ապշած է:

Մարդկանց մեծագույն մասը երևի հիվանդ է ավետյաց երկրի (կամ դրախտի) գոյության հեքիաթի հավատով: Սրա համար էլ մարդկանց այս մասը շատ արագ է մոռանում, որ մինչև չինական այս «դրախտային» կիսասոցիալիզմը Չինաստանի բնակչության մեծագույն-մեծագույն մասը չափազանց աղքատ էր ու թշվառ, ու սովը Չինաստանում սովորական բան էր:

Չինաստանից հեռու մարդիկ հավատում են միմիայն չինական կառավարության հայտարարած մակրոտնտեսական «միջին» թվերին ու չգիտեն, որ այսօր էլ Չինաստանի գյուղական ու քաղաքային բնակչության հատվածների բարգավաճության տարբերությունը վիթխարի է, ու այս տարբերությունը գնալով ավելի ու ավելի է խորանում:

Մարդիկ չգիտեն, օրինակ, որ այդ միջին թվերն ընդգրկում են նաև Չինաստանի քաղաքային տնտեսական բազում ազատ գոտու արդյունքները:

Մարդիկ չգիտեն, օրինակ, որ մակրոտնտեսական միջին թվերը համարյա ոչ մի տեղեկություն չեն տալիս տնտեսության իրական վիճակի մասին: Մարդիկ չգիտեն, օրինակ, որ մակրոտնտեսական միջին թվերին հավատալու փոխարեն պիտի հավատան խանութների մանրածախ («միկրոտնտեսական») գներին:

Մարդիկ չեն կասկածում, օրինակ, թե հնարավոր է, որ Չինաստանի կառավարությունը մակրոտնտեսական միջին թվերը ուռճացնում է մոտ երկու անգամ, իսկ սա արդեն վիթխարի չափով է աղավաղում իրականությունը: Մարդիկ չգիտեն, օրինակ, որ Չինաստանի կոմկուսի հրամանով ու ծրագրով կառուցած վիթխարի մեգապոլիսները (քաղաքները) ուղղակի դատարկ են ու գիշերներն այդ քաղաքներում մութ է, որովհետև ապրող չկա, ու ոչ մի նեոնային ռեկլամ չի վառվում:

Մարդիկ չգիտեն, որ Չինաստանի տնտեսության հզոր աճի պատճառը ոչ թե չինական «ճիշտ» սոցիալիզմն է, այլ սոցիալիզմից ՏԵՂ-ՏԵՂ հրաժարվելը: Սոցիալիզմի օրոք Մաո Ցզե Դունի երկրորդ հնգամյա պլանից հետո (1957-1961) Չինաստանում հաստատվեց տնտեսական ճգնաժամ ու զանգվածային սով սկըսվեց:

Սրանից հետո, Մաոյի հրամանով, սկսվեց «կուլտուրական հեղափոխություն» կոչվածը, ինչը խլեց 50 միլիոնից ավել մարդկային անմեղ զոհ, ու հետագա շրջանում սովը թերևս համարյա դադարեց, բայց ծայրահեղ աղքատությունը չդադարեց – մինչև Մաոյի մահն ու չինական նոր կուրսը, ինչը չինական Կոմկուսն ընդունեց 1979-ին:

Իսկ չինական այսօրվա´ նոր կուրսը հենց սոցիալիզմից մի քիչ ու միմիայն ՏԵՂ-ՏԵՂ հրաժարվելն էր: Չինական այս «հրաժարականն» իր սկզբնական 1980-ական ու 1990-ական «վեհերոտ» շրջանից հետո իր մեջ ընդգրկեց 21 խոշոր քաղաք, «քաղաք-շրջան», «քաղաք-մարզ» ու «քաղաք-նավահանգիստ», բայց միայն Չինաստանի վարչական բազում միավորներից ընդամենը 13-ում (Հոնգ-Կոնգը, Մակաոն ու Թայվանը չհաշված: Միայն խոշորները 34-ից ավել են, տվյալները Վիկիպեդիայից են, թարմությունը՝ 2021 թիվ):

Տնտեսական այս «հատուկ» կամ «ազատ» գոտիներում Չինասատանի Կոմկուսի հաստատած արտադրության կապիտալիստական եղանակները ունեն հետևյալ ութ բնութագիրը.

1. Հարկային հատուկ արտոնություններ արտերկրների ներդրողների համար:

2. Միջազգային առևտրի մեծ անկախություն:

3. Սրանց կառույցները հիմնադրվում են – արտերկրից կապիտալ հրապուրելով ու դրանից օգտվելով:

4. Տնտեսական հիմնական միավորները չինական ու արտերկրյան ձեռնարկություններն են, որոնց սեփականատերերը կա´մ իրավաբանական կոլեկտիվ անձերն են, կա´մ լրիվ արտերկրյան ձեռնարկությունները:

5. Արտադրանքը հիմնականում արտահանելու համար է (այսինքն, երկրի ներքին շուկան, այնուամենայնիվ, խիստ նվազ է):

6. Տնտեսական այս բավական ազատ միավորների գործունեությունը հիմնականում պայմանավորված է չինական էժան աշխատուժով:

7. Ազատ գոտիները հատուկ նշված են համապետական (նաև ֆինանսական) պլանում, բայց պրովինցաների մակարդակով ազատ ղեկավարության իրավասություն ունեն (եթե Կոմկուսը դեմ չի), իսկ կուսակցության տեղական համագումարն ու գոտու կառավարությունը նույնիսկ օրենսդրական լիազորություններ ունեն:

8. Չնայած տնտեսական այս հատուկ գոտիները նպաստում են տեղական տարածքային տնտեսության աճին {աճում են մակրոթվերը} բայց այս հատուկ գոտիների թվի´ ավելանալը համարյա չի փոխում այդ աճը:

Տնտեսական աճի առանցքային գործոնը, այնուամենայնիվ, շուկան ազատականացնելու ավելի ընդգրկուն ու ավելի արագ տեմպերն են, այսինքն, կապիտալիզմը շատացնելն է:

Չինական սոցիալիզմի ջատագովները հպարտ-հպարտ հայտարարում են, թե «Չինաստանի տնտեսության արտադրանքն աշխարհում երկրորդն է, ԱՄՆ-ից հետո»: Բայց սա, ավելի շուտ, ամաչելո´ւ առիթ է, եթե այս ջատագովները հիշեն, որ Չինաստանի բնակչության թիվն աշխարհի բնակչության մոտ 14%-ն է, իսկ ԱՄՆ-ինը՝ մոտ 5%-ը, այսինքն, համարյա 3 անգամ քիչ է:

Նման ջատագովները երբեք չեն քննարկում, թե Չինաստանը (և ոչ միայն Չինաստանը) ի´նչ արդյունքի կհասներ, եթե չինական սոցիալիզմի կապիտալիստական մասը նույնքան լիներ, ինչքան ԱՄՆ-ի կապիտալիստական մասն է:

Չինական էքսպերիմենտը դեռ չի ավարտվել ու այսօր դժվար է ասելը, թե չինական այս վեհերոտ կիսակապիտալիզմի վերջն ի´նչ կլինի: Բայց, ինչպես Լուդվիգ Միզեսն է ասում, տնտեսության (կամ շուկայի) օրենքներն ան(վ)ողորմ են: Եթե չինական Կոմկուսը նորից շատացնի իր այս «մեկումեջ կապիտալիստական» իբր լրիվ ազատ շուկայի գործերին իր միջամտությունը, Չինաստանին նորից նույն այն համատարած աղքատությունն է սպասում, ինչ որ Մաոյի օրերին:

Մի քանի խոսք Հյուսիսային ու Հարավային Կորեաներից: Այս երկու երկիրն ասես բարոյակարգ-կապիտալիզմի ու սոցիալիզմի լավ ու վատ կողմերի մի վիթխարի ցուցադրություն լինի:

Սրանցից Հյուսիսայինը սոցիալիստական է, իսկ Հարավայինը՝ համարյա կապիտալիստական: Չնայած Հարավայինի վարչախումբը 1953-ից հետո մերթ ընդ մերթ սոցիալիստական մի քանի մեթոդ է կիրառել, այնուամենայնիվ արտադրության կապիտալիստական ձևի գերակշռությունը այնքան է հզոր, որ Հարավային Կորեան այսօր իր տընտեսությամբ աշխարհի առաջավոր տեղերում է:

Իր տնտեսությամբ Հարավային Կորեան այսօր առաջ է այնպիսի երկրներից, ինչպիսիք են, օրինակ, ՌԴ-ն, Բրազիլիան, Իսպանիան, Մեքսիկան, Ինդոնեզիան, Հոլանդիան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շվեյցարիան, Շվեդիան, Թայվանը ևն:

Հյուսիսային Կորեան թաղված է ծայրահեղ աղքատության ու թշվառության մեջ, մարդիկ միսը համտես են անում մի քանի ամիսը մեկ, դաշտերից միջատ են հավաքում ուտում, ու սարսափում են այն մտքից, որ հարևանը գուցե մատնություն գրի, թե ինքը հավատարիմ չի ներկա իշխանությանը, ու գան իրեն բանտարկեն ևն:

Երբ տիեզերանավերից գիշերը նկարում են Կորեական թերակղզին, հյուսիսային կեսում խավար է, իսկ հարավը՝ պայծառ ու լուսարձակ:

Ճիշտ այսպիսի օրինակներ են՝ չինացիների կապիտալիստական Թայվանը, Հոնգ Կոնգն ու Մակաոն:

Անբարո սոցիալիզմի ու բարոյակարգ-կապիտալիզմի այս մի քանի ցցուն օրինակն ասես դիտմամբ հորինված լինեն, որ սոցիալիզմի կողմնակիցները սթափվեն: Բայց բացառվում է, որ սոցիալիզմով հիվանդը երբևէ բուժվի, եթե պատանեկան հասակում չի սթափվել:

5.8 Կապիտալիզմը երբեք վայրի չի եղել

Սոցիալիստների գլխավոր զրպարտանքներից մեկը պնդում է, թե կապիտալիզմն իր սկզբնական շրջանում իբր վայրի էր ու (հանուն շահույթի) չէր խորշում թե´ մեծերին, թե´ կանանց, թե´ մանուկներին դաժանությամբ շահագործելուց:

Այս ա´նկասկած սխալ կարծիքը ցավոք, ստեղծել ու տարածել են հայտնի գրողները, օրինակ, Չարլզ Դիկենսը, Էպտոն Սինկլերը, Ջեկ Լոնդոնը ևն ու, իհարկե, Մարքսն ու Էնգելսն ու սրանց բոլո´ր-բոլո´ր հետևորդները:

(Իհարկե, նաև ուրիշները, մանավանդ ա´յն գրողները, ովքեր 19-րդ դարում մոդա դարձած սոցիալիզմի համակիրներն էին):

Որ ֆեոդալական շրջանի համեմատ կապիտալիզմը հիվանդ մանուկների ու հի-վանդ ծերերի համար ուղղակի փրկություն էր, ապացուցվում է այն փաստով, որ կապիտալիզմի ձևավորելուց սկսած (այսինքն, սկսած 1600-ական թվերից) մինչև 1900 թիվը Եվրոպայի բնակչության թիվը քառապատկվել է:

Հենց «վայրենի ու գազանային» կապիտալիստներն էին (օրինակ, Հենրի Ֆորդը), ովքեր կրճատեցին օրվա աշխատաժամերը, սրանք դարձնելով 8 ժամ:

Բնակչության թվի աճը ֆեոդալական շրջանում չափազանց էր դանդաղ, որովհե-տև նախ մանուկների ու ծերերի մահացությունը չափազա´նց էր բարձր, երկրորդն էլ – սննդի արտադրությունն ու բժշկությունն էին հույժ ցածր: Օրինակ, անգլիա-կան թագուհիներից մեկի ծնած 17 երեխայից կենդանի չի մնացել նույնիսկ մեկը:

Եթե արտադրության կապիտալիստական, այսինքն, ազատ ու մրցակցային շուկայական եղանակի արտառոց հզորությունը չլիներ, ոչ գիտությո´ւնն այսքան կզարգանար (մանավանդ, բժշկությունը) ոչ էլ սննդի´ քանակն այսքան կբազմապատկվեր:

Ու անհնար կլիներ, որ արտադրության մի´միայն սոցիալիստական եղանակով պահվեր այսօրվա արդեն 8 միլիարդ բնակչությունը: Այս հնարավորությունը հենց կապիտալիզմն է տվել:

Կապիտալիզմը երբեք վայրի չի եղել, ինչքան էլ որ զրպարտեն սոցիալիստները: Այնինչ, սոցիալիզմը բազում անգամ է վայրի կամ կատաղի եղել:

Ընդ որում, սոցիալիզմը, ինչպես արդեն ասվել է, վայրի է եղել ա´յն աստիճան, որ մարդկանց հասցրել է թե´ աշխարհային (նաև՝ ոչ աշխարհային) թալանչի պատերազմների, թե´ համատարած մատնության ու ստորության, թե´ (ու նույնիսկ) իրենց հարազատ զավակների մարդակերությանը:

6. ԱԶԱՏ ՇՈՒԿԱ´Ն Է ՃՇՄԱՐԻՏ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԸ

6.1 Վաճառելի բանը մասնավոր սեփականություն է

Կրկնեմ, որ ազատ շուկայական հարաբերություններ, կա´մ ազատ շուկա, կա´մ ճշմարիտ կապիտալիզմ ասելով – տնտեսագետները նկատի ունեն անհատների ազատ (ու լրիվ կամավոր) փոխանակությունների ողջ սիստեմը, ողջ ցանցը:

Ազատ շուկան ներառնում է նաև արտադրական ողջ պրոցեսը:

Շեշտեմ (նորի´ց ու նորի´ց), որ մանավանդ նորագույն շրջանի վերջին չորս դարում, ազատ շուկայական կարգ (հարաբերություններ) կամ ճշմարիտ կապիտալիզմ կամ բարոյակարգ ոչ մի երկրում լրիվ չի իրագործվել (այս տերմինները նույն իմաստով եմ գործածում):

10-12 գլուխների բարոյակարգի կամ ճշմարիտ կապիտալիզմի թիրախային ելակետերը շարադրում են այնպիսի´ նվազագույն ու համարյա իրավազուրկ վարչախումբ ստեղծելու սկզբունքները, ինչն անզոր է լինելու խլի տնտեսական անհատի մասնավոր սեփականությունը, եթե այդ անհատն ինքնակամ համաձայն չի:

Բայց այդ շարադրանքի համար նախ պիտի ասվի, թե ի´նչ է ազատ շուկան (այսինքն, թե ի´նչ է ճշմարիտ կապիտալիստական բարոյակարգը):

Այսինքն, պիտի ասվի, թե տնտեսական մարդու բարիք ու ծառայություն ստեղծելու ու իր ստեղծածն ուրիշների հետ կամավոր փոխանակելու խաղաղ իրագործության գլխավոր պայմանները որոնք են:

Պարզվում է, որ այս պայմանները խարսխված են մասնավոր սեփականության անձեռնմխելության նորմին: Ուրեմն, նախ պիտի ճշտվի, թե մասնավոր սեփականություն ասելով ի´նչն եմ նկատի ունենում:

Մասնավոր սեփականություն կամ ունեցվածք ասելով` հարմար կլինի, որ հասկանանք ոչ միայն նյութական արժեքները:

Մասնավոր ունեցվածք է նաև մարդու ստեղծած, կամ հնարած, կամ աշխատանքով որևէ կերպ «ձևափոխած» (տես քիչ հետո) ա´յն ամեն ինչը, որ կարող է կամավոր ծախվի կամ փոխանակվի, նվիրվի, կտակվի ու ինչին կարող է վնաս տրվի:

Մասնավոր ունեցվածք է այն ամենը, ինչի սահմանները կարող են խախտվեն; ինչը կարող են սահմանափակեն; ինչից անհատը կարող է հրաժարվի կամ կամավոր պայմանով հանձնի ուրիշներին; ինչը անհատը կարող է կամավոր ոչնչացնի; ինչը կարող են անհատից զոռով խլեն կամ անհատին զոռով զրկեն դրանից:

ԱՔՍԻՈՄ. Ամեն մի անհատի ամենագլխավոր մասնավոր սեփականությունը հենց ի´նքն է, հենց իր մարմինն ու ապրելու իր իրավունքն է:

(Այս աքսիոմին ասում են ինքնատիրության աքսիոմ):

ԱՔՍԻՈՄ. Մասնավոր սեփականությունը միշտ էլ այդ սեփականությունը տնօրինելու իրավունք է: Կնշանակի, մարդու իրավունք ու ազատություն կոչվածները մասնավոր սեփականություն են:

ԱՔՍԻՈՄ. Ոչ մի պետություն, ոչ մի համաշխարհային կազմակերպություն և ոչ մի պատրվակով որևէ անհատի մարմինը կամ կյանքը վտանգի ենթարկելու կամ այլ կերպ տնօրինելու որևէ իրավունքը չպիտի ունենա (առանց այս անհատի համաձայնության), սրանից բխող բոլոր հետևանքներով:

Սա նշանակում է, որ, օրինակ, առանց այս անհատի համաձայնության ոչ մեկին որևէ դեղ պատվաստելու իրավունք ոչ մեկը չպիտի ունենա:

Կամ, նույնիսկ երկրի պաշտպանության պատրվակով, առանց որևէ հանրաքվեի, բռնի զորակոչ անցկացնելու ու մարդուն բանակ տանելու ու ստիպողական ծառայություն կատարելու իրավունքը չպիտի ոչ մեկն ու մարդկանց ոչ մի խումբ ունենա:

(Ինչպես, օրինակ, Հին Աթենքում էր, կամ Բրիտանիայում, ԱՄՆ-ում ու մի քանի այլ երկրում է այսօր):

Անթույլատրելի է, որ առանց տիրոջ համաձայնության կամ հանրաքվեի որևէ մեկի բարիքի մի մասը հարկ ու մաքս տեսքով խլվի (Հին Աթենքում կամ այսօրվա Շվեյցարիայում նման բանն անհնար է):

Իրավունք չպիտի լինի, որ որևէ մեկը որևէ մեկ ուրիշին ստիպի, որ այս վերջինը խոսի ու գրի ինչ-որ մեկի (ու նույնիսկ վարչախմբի) ընտրած ոճով:

Ու իհարկե, մասնավոր սեփականություն են – առողջությունը, սովորելու, չսովորելու ու ուրիշին սովորեցնելու կամ բուժելու ու չբուժվելու իրավունքները, արժանապատվությունը, խիղճը, գաղափարները, կարծիքներն ու սրանք արտահայտելու կամ ինֆորմացիա ստանալու ազատությունը, կենցաղը կազմակերպելու ձևերը ևն:

Ու քաղաքացու իրավունք ու ազատություն կոչվածների մանավանդ ա´յն մասը, ինչը կարող է ծախվի, փողով կամ ձրի հանձնվի ուրիշներին, խլվի ևն, ևն:

Մասնավոր սեփականությունը նշանակում է՝ ո´չ-պետական, ո´չ-հանրային սեփականություն:

Մասնավոր ունեցվածքը կարող է լինի նաև մարդկանց մի ոչ-պետական խմբի սեփականությունը, ինչը, ինչ-որ ձևով հաստատել են խմբի անդամներն իրենց կամավոր պայմաններով: Ու սրա չափ ու քանակը ոչ մի բանով սահմանափակ չի:

Ինչպես արդեն ասվել է, մասնավոր սեփականության վերի սահմանումից բխում է, որ քաղաքական ցանկացած վեճը (ոչ բնագիտական, ոչ մաթեմատիկական, ոչ տրամաբանական-փիլիսոփայական, ոչ լեզվաբանական ու (ոչ այս կարգի) ուրիշ ցանկացած վեճը), ու նաև` դատարանով լուծվող ցանկացած վեճը, անպայման վերաբերում է մասնավոր սեփականությանը:

Կարճ, այն ամեն ինչը, (կամ ամեն ինչի իրավունքը), որ կարող ես առնես-ծախես, կամ նվիրես, կամ հանձնես ուրիշին, կամ զրկվես դրանից, սեփականությո´ւն է:

Օրինակ, երբ մեկը կենակցում է ուրիշի կնոջ հետ կամ էլ` ստիպում է, որ ուրիշներն ապրեն ու վարվեն իր ուզածի պես, բոլորս էլ մտածում ենք, որ այդ տիրույթի տերը նեղանալու կամ վիրավորվելու իրավունքն ունի´, ուրեմն, նաև բողոքելո´ւ կամ վնասը հատուցելու պահանջի´ իրավունքն ունի:

Մի ուրիշ օրինակ: Երբ մեկը աշխատանքի է ընդունվում, ինքն իր ազատություն-ունեցվածքի ու էլի լիքը այսպիսի բաների ահագին մասը փողի դիմաց կամավոր հանձնում է գործատուին:

Այս մարդը, ըստ էության, իր թե´ ազատություն-ունեցվածքի մի մասն է վաճառում գործատուին, թե´ հմտությունների մի մասը: Ու ինչքան գործազրկությունը երկրում շատ է, այնքան այս մարդն ավելի շա´տ է հանձնում իր ազատություններն ու իրավունքները, ու այնքան ավելի շա´տ է ճորտանում:

Այսօրվա զարգացած երկրներում այսպիսի «ռոճիկային ճորտ» շատ կա, ու ափսոս, որ այս «ճորտերն» ուրիշ ճար չունեն, քանզի գործազրկությունը վիթխարի է:

Այս կարգի ճորտությունից ազատվելու կամ այսօրինակ ճորտությունը նվազագույնը դարձնելու խնդիրը կլուծի մի´միայն ԱԶԱՏ ՇՈՒԿԱՆ (կամ էլ, եթե գոնե պետերի վարչախումբը լինի նվազագույնն ու համարյա իրավազուրկ):

Այսպիսի հասարակարգում միայն ա´յն մարդը կունենա ամենաշատ հասարակական (հարաբերական) ազատությունը, ով այնքա´ն շատ մասնավոր ունեցվածք ունի, որ ուրիշներից համարյա կախված չի լինի: Բայց նույնիսկ ազատ շուկայական հարաբերությունները ոչ մի անհատին բացարձակ ազատություն չեն տա:

Բացարձակ անկախությունն անհնար է, թե որ մարդը հասարակության անդամ է: Սա հաստատող մի օրինակ բերեմ:

Պատկերացնենք, որ մեկը գնացել է դատավորի մոտ ու բողոքում է, թե այսինչն իրեն վնասել է: Ենթադրենք նաև, որ այս դատավորի երկրում հենց նոր ասածս իմաստով մասնավոր սեփականություն բոլորովին չկա (համարյա ինչպես բոլշեվիկների կամ Մաո Ցզե Դունի չինական կամ այսօրվա հյուսիս կորեական սոցիալիզմի օրերին): Այդ ժամանակ դատավորն այս մարդուն ասելու է.

– Դու հիմար բաներ ես ասում: Ի՞նչ վնա´ս, ի՞նչ բա´ն: Դու չե՞ս հասկանում, որ դու ոչ մի մասնավոր սեփականություն էլ չունես: Թե որ ասածդ բաները քունը լինեին, բողոքելու իրավունք կունենա´յիր, բայց հիմա բողոքելու իրավունք չունես, որովհետև դու մասնավոր ոչ մի նենց բան չունես, որ մենակ քունը ըլնի: Գնա´, ամեն ինչ կարգին ա, ամեն ինչ արդար ա, ու ամեն ինչն էլ բարոյական ա: Ու վարչախումբն իրավունք ունի կնոջըտ էլ ինչ ուզենա՝ անի, էրեխեքիտ է´լ տանի պատերազմ ու կոտորի, որտեվ դրանք սաղն է´լ ոչ թե քո´ւ սեփականությունն են, այլ միմիայն հանրությա´ն սեփականությունը: Գնա´, ա´յ տգետ միամտի մեկը:

(Երկրորդ աշխարհամարտի օրերին, Հիտլերի հրամանով, գերմանացի կինն իրավունք չուներ մերժեր ճակատից արձակուրդ եկած զինվորին (այս օրենքը, իմիջիայլոց, «աստվածային» փիլիսոփա Պլատոնի առաջարկի մի մասն էր: Պլատոնն առաջարկում էր, որ հերոսին չմերժի թե´ տղամարդը (sic!), թե´ կինը:

(Բայց ավելի ցայտուն օրինակ է ինկաների պետությունը, որտեղ մասնավոր սեփականությունն ա´յն աստիճան էր վերացած, որ նույնիսկ դատավոր կամ դատարան չկար, բոլոր վեճերը վճռում էին պետական չինովնիկները: Տես 6.3-ը):

6.2 Փոխանակությունը, գործակցությունը, օգնությունը

Մեր ուսյալները չգիտեն, թե ի´նչ պայմաններ են պետք, որ մարդկային հիմնական արարմունքը (այսինքն, մարդու նեղությունը վերացնող բարիքների փոխանակությունը) ամենալավ ձևով իրագործվի: Իրագործվի սպոնտա´ն, ինքնի´ն:

Այսինքն, իրագործվի կապիտալի´զմը, իրագործվի բարոյակա´րգը, իրագործվի ազատ շուկայական մեխանի´զմը:

Մեր մտավորականությունը մի´շտ է մտածում, որ արտադրության որակը բարձրացնելու միակ ուղին պետական վարչախմբի միջամտությունը կամ ղեկավարությունն է – անհատ տնտեսվարողի գործերին: Այս համոզմունքը թե´ սոցիալիստական է, թե´ կործանարար: Անհատի տնտեսվարությանը վարչախմբի միջամտությունը մի´շտ է աղավաղում շուկայի արարմունքը: Այդ միջամտությունը կրճատո´ւմ է մրցությունն ու արտադրությունը, վատացնում է արտադրանքի որակն ու թանկացնում է դա ու շատացնում է աղքատությունն:

Անհատի գործերին միջամտելու ամենասարսափելի ու ամենանենգ տեսակը փողային խարդախությամբ միջամտությունն է: Սա ամենանենգ միջամտությունն է, որովհետև սա աննկատ է ու միջնորդավոր: Այս աննկատ միջամտությունը մեծ մասամբ արվում է կենտրոնական բանկերով: Համոզվելու համար քննարկենք հետևյալ մտային օրինակը:

Ենթադրենք, հանրությունն արդեն կա, բայց պետերի վարչախումբը դեռ չի առաջացել: Պատկերացրեք մի շատ մեծ գյուղ կամ երկիր, մի Գեղջաստան, որտեղ գաղափար չունեն, թե փողն ի´նչ է: Այստեղ առևտուրը միայն ապրանք փոխանակելով ու ծառայություն մատուցելով է, այսինքն, միմիայն բարտերայի´ն է, բնամթերային փոխանակայի´ն է:

Ենթադրենք, այս գյուղում մասնավոր սեփականությունն արդեն հայտնագործված է, ու գյուղացիներից ամեն մեկն էլ մի արհեստ ունի` մեկը կոշկակար է, մեկը դարբին է, մեկը հողագործ է, մեկը դերձակ է, մյուսը ուղղակի բանվոր է:

(Աշխատուժն էլ է տնտեսական սակավ բարիք, այսինքն, ապրանք): Այս գյուղացիներն անընդհա´տ են արտադրում այս ապրանքները, որ սրանք անընդհատ փոխեն իրանց հարկավոր ուրիշ ապրանքների հետ ու անընդհա´տ ազատվեն իրենց նեղություններից:

Հիմա ասենք թե դարբին Պողոսին մի զույգ կոշիկ է պետք, բայց ինքը կոշկակար չի, ու ինքը իր սարքած մուրճը վերցնում գնում է կոշկակար Պետրոսի մոտ, որ իր մուրճը փոխի Պետրոսի մի զույգ կոշիկի հետ: Պետրոսն ասում է, թե իրեն մուրճ պետք չի, իրեն 5 կիլո ցորեն է պետք:

Պողոսը վերցնում է իր մուրճն ու գնում է հողագործի մոտ, որ սա փոխի 5 կիլո ցորենի հետ, որ ցորենն էլ տանի ու փոխի կոշիկի հետ: Բայց հողագործն էլ ասում է, թե իրեն մի գլուխ պանիր է պետք ևն, ևն, ևն: Պարզ է, որ այսպիսի առևտուրը շատ բարդ է, ու գուցե Պողոսը շատ չարչարվի, մինչև իրեն հարկավոր կոշիկներն առնի, մանավանդ եթե այս գյուղի տեղը մի երկիր է կամ երկրների խումբ:

Իրոք, եթե օրինակ, Պետրոսի ատամը ցավում է, կոշիկներն էլ նորոգելու կարիք ունեն, Պետրոսը պիտի մի քանի մուրճ վերցնի ու գնա (երևի քաղաք) ու այնպիսի´ մի ատամնաբույժ ու այնպիսի կոշկակար ճարի, ում շատ շտապ մի մուրճ է պետք:

Բայց մի դժվարություն էլ կա: Եթե Պետրոսին 10 հատ կոճակ էլ է պետք, այդժամ Պետրոսը չի իմանա, թե ինչ անի, որովհետև եթե իր կարծիքով իր մեկ մուրճն արժի 100 կոճակ, անհնար է, որ իր մուրճը մաս-մաս արվի ու բաժանվի 100 մասի:

Այս բարդությունները լուծում է մարդկության մի ուրիշ հանճարեղ ու սպոնտան հայտնագործությունը, փողի´ հայտնագործությունը, ինչից քիչ հետո կխոսենք:

Հիմա խոսենք մի ուրիշ հարցից: Եթե այս երկրում մի մուրճն արդեն փոխելի է մի զույգ կոշիկի հետ, ուրեմն մուրճի տերը մի զույգ կոշիկն ավելի շատ է արժեվորում, քան իր մի մուրճը: Ու հակառակը, կոշիկների տերը մի մուրճն ավելի շատ է արժեվորում, քան իր մի զույգ կոշիկը:

Ուրեմն, փոխանակող զույգի երկու կողմն էլ շահում է (իհարկե, նաև կորցնում է, բայց նման կորուստը մի´շտ կա): Կարևորը հետևյալն է, Գեղջաստանցիները, բարիք փոխանակելով, իրար թե´ գործակցում են, թե´ իրար են օգնում:

Սա հնարավոր է դարձել, քանի որ գեղջաստանցիները մասնավոր ունեցվածքն ու սրա անձեռնմխելությունը օրենք են համարել (չգիտակցելով, թե ինչու):

Եթե գեղջաստանցիները մասնավոր ունեցվածքն ու սրա անձեռնմխելության բարոյական հիմնական նորմը հայտնագործած չլինեին, Գեղջաստանի սկզբնական ընդամենը մի քանի ընտանիքանոց հասարակությունը շատ չէր մեծանա:

Ինչո՞ւ: Որովհետև ունեցվածքն իրարից խլելը «բարոյական» նորմ կլիներ, ու մշտական վեճ ու կռիվներով այդ հասարակությունն անընդհատ կմասնատվեր:

Բայց Գեղջաստանում բարոյականության այս հիմնական նորմն արդեն կա, սըրա համար էլ հանրությունը մեծ է ու հենց սրա համար էլ կա նաև աշխատանքի մասնագիտացված շատ բազմակողմանի բաժանում – մեկը մուրճ է արտադրում, մյուսը շալվար ևն:

Կրկնեմ, որ այսպիսի ազատ, կամավոր փոխանակային ու լրիվ ոչ կոնֆլիկտային հարաբերություններին (երբ ոչ մեկը ոչ մեկին չի խանգարում որ որևէ կամավոր փոխանակություն անի) ասում են կա´մ ազատ շուկայական, կա´մ ուղղակի ազատ շուկա, կա´մ ճշմարիտ կապիտալիստական, կա´մ Laissez-Faire-յան (լեսեֆերյան), կա´մ բարոյակարգային:

Շուկայական այս մեխանիզմն ընդգրկում է մարդկային համարյա բոլոր խաղաղ հարաբերությունները, ու այս «շուկան» միայն սովորական «բազառը» չի:

6.3 Եսասիրությունը մարդկային է ու բարոյական

Ազատ շուկայական հարաբերությունների ամենակարևորը հետևյալն է.

Փոխանակության ժամանակ փոխանակող ամեն մի կողմը ձգտում է միմիայն իր սեփական նեղությունից ազատվելուն: Փոխանակելիս, համարյա միշտ, դիմացինին օգնելու կամ դիմացինի հետ գործակցելու որևէ նպատակ բոլորովին չկա:

Փոխանակողը նույնիսկ չի էլ գիտակցում, որ դիմացինին օգնում է, կամ որ դիմացինի հետ գործակցում է:

Այսինքն, փոխանակությունն արվում է զուտ եսասիրական մղումներից:

Բայց, ինչպես ասվեց, փոխանակողներից ամեն մեկն էլ օգնում է դիմացինին ու գործակցում է մյուսի հետ: Չէ՞ որ կոշկակարը մուրճ սարքելը չգիտի, իսկ դարբինն էլ կոշիկ կարելը չգիտի: Ու երբ հանրության «եսասեր» անդամներից մեկը ավելի որակով ու ավելի էժան կոշիկ է կարում (ու գուցե հարստանում է), սրանով օգնո´ւմ է հանրության նաև ա´յն անդամներին, ովքեր կոշիկ կարել չգիտեն ու իրեն լրի´վ են անծանոթ: Ու թե´ այս կոշկակարը, թե´ սրա կոշիկներն առնողները նույնիսկ տեղյակ էլ չեն, որ օգնեցին իրար ու գործակցեցին իրար հետ:

Մարդկային հանրության անհատի եսասիրական ու օրինական (ուրիշներին չվնասող) մարդկային արարմունքի արդյունքը, իր հիմքով ու անպայման, մեծ մասամբ, առանց գիտակցելու ուրիշներին գործակցելն ու օգնելն է:

Ազատ շուկայական լրի´վ եսասեր հարաբերությունները թե´ հասարակության անդամների լավագույն գործակցությունն են, թե´ լավագույն փոխօգնությունը:

Նշանակալի է, որ հանրության անդամներին օգնում է նաև ա´յն անհատը, ով ոչինչ չի արտադրում, այլ միայն սպառում է: Եթե «եսասեր» մեկը ոչինչ չի ստեղծում ու ծնողներից ստացած ժառանգությունը միմիայն ծախսում է, ասենք, մուրճ կամ ցորեն է առնում (փոխանակում), ինքը հնար է տալիս, որ մուրճ կամ ցորեն արտադրողը շարունակի իր արտադրությունը ու նույնիսկ ընդլայնի դա:

Ոչինչ չանող ու ոչինչ չարտադրող սպառողն է´լ է արտադրական (կամ շուկայական) պրոցեսին մասնակից:

Այն պահանջը, թե մարդը պիտի ոչ մի պարագայում եսասեր չլինի, հակադիր է անհատական նեղությունները վերացնելու մարդկային տարրական վարքին:

Մարդկային տարրական վարքն ստիպում է, որ մարդն ի´ր նեղությունները վերացնի: Մեծագույն մասամբ, մարդն իր նեղությունները վերացնում է ուրիշներին անգիտակից օգնելո´վ ու ուրիշներին անգիտակից գործակցելով, բայց չի բացառվում, որ այս բաները երբեմն գիտակցելով էլ արվեն:

Իհարկե, ինչպես ասվեց, չի բացառվում, որ մարդկային հանրության առանձին անդամները անշահախնդի´ր օգնեն մյուսներին, մանավանդ թույլերին, այսինքն, լինեն ալտրուիստ: Ու իրոք էլ՝ մարդկային հանրություններում միշտ էլ կան այսպիսի ալտրուիստներ, ու սրանց թիվը քիչ չի: (Ալտրուիստին էլ անհանգստացնում է այն միտքը, որ կողքինը նեղության մեջ է, ու ալտրուիստն իր ալտրուիզմով վերացնում է իր այս նեղությունը):

Բայց ալտրուիստ լինելու պահանջը պարտադիր չի: Այսինքն, պարտադիր չի, որ մարդն անպայման ալտրուիստ լինի, որ համարվի «իսկական» կամ «ընտիր» ու «լավ» մարդ: Երբ մարդկանց որևէ կազմակերպված խումբը (եկեղեցին, պետությունիստ կամ սոցիալիստ ղեկավարները, կամ քարոզիչները) տոտալ ալտրուիզմ է պահանջում, ուրեմն, այդպիսի պահանջից հենց ի´նքը եսասիրական շահ ունի:

Ալտրուիստն ա´նպայման է տնտեսական մարդ: Բայց անհնար է, որ քաղաքական մարդն ալտրուիստ լինի, որովհետև սրա օգնությունը կա´մ բյուջեի հաշվին է, ինչը թալանի արդյունք է, կա´մ կազմակերպված հանցագործ խմբի ընձեռած հնարավորությունների:

Շեշտեմ, որ եթե մարդկային հանրության անդամը բացարձակ եսասեր է, այսինքն, իր նեղությունները վերացնելիս, հետամուտ է միայն իր անձնական շահին ու ուրիշներին իզուր տեղը վնաս չի տալիս, այդժամ այս անդամը լրի´վ է արժանի մարդ կոչվելուն: Մաթեմատիկոսը կասեր. «Հանրության անդամին մարդ կոչելու համար անհրաժեշտ է ու բավարար, որ այդ անդամը ուրիշներին չանի ա´յն բաները, ինչը որ չի ուզում, որ ուրիշները իրե´ն անեն», այսինքն, անհրաժեշտ է ու բավարար, որ այդ անդամը ուղղակի հետևի Ոսկե կանոնի այս նվազագույն պարտադրանքով ձևակերպին (տես նաև 8.2-ը):

Այսինքն, պարտադիր չի, որ մարդն անպայման անշահախնդիր լինի, որ համարվի «ընտիր մարդ»: Մարդկային տարրակա´ն վարքը, շահախնդի´ր (եսասիրական) վարք է: Ուրեմն, եսասիրական շահախնդրությունը մարդու հենց տարրական էությո´ւնն է:

Պետության ցանկացած հարկադրանքը կամ միջամտությունը շուկայական ազատ հարաբերություններին մի´շտ է քչացնում շուկայի անդամների գործակցությունն ու փոխօգնությունը, ուրեմն, նաև այս շուկայի նյութական ու հոգևոր արտադրանքի քանակը ու մի´շտ է շատացնում թշվառությունը: Իսկ երբ այս հարկադրանքը կամ միջամտությունը որևէ հանրության վրա երկարատև է ու զգալի, սա, ի վերջո, փլուզո´ւմ է այդ հանրությունը:

Ասվածն ամփոփենք հետևյալ դրույթով:

Վարչախմբի հարկադրանքից լրիվ ազատ շուկան գործակցության ու փոխօգնության ամենաարդյունավետ, ամենաբարոյական ու անգերազանց սիստեմն է:

6.4 Պատասխանատվությունն ու պարտականությունը

Մեր ուսյալներին որ թողնես, ժամերով կճառեն «պատասխանատվության բարձըր զգացումով հայրենասեր քաղաքացի դաստիարակելու անհրաժեշտությունից»: Այս նույն ուսյալները, հենց տեսնում են, որ արտադրողը կամ վաճառողը բարձրացրեց այս կամ այն ապրանքի գինը, բարձրացնողին իսկույն մեղադրում են, թե սա անպատասխանատու է, եսասեր է կամ ագահ է:

Ու այս ուսյալները չեն հասկանում, որ ազատ շուկայի որևէ ապրանքի գների բարձրանալն ազդանշան է այլ արտադրողներին, որ շուկայում այդ ապրանքի պահանջարկը փոխվել է: Ազատ շուկան հենց գնային ազդանշաններո´վ է ղեկավարվում ու իմանում, թե ո´ր մի ապրանքի արտադրությունը շատացնի, քչացնի կամ դադարեցնի: Ընդ որում, շուկան այս ազդանշաններով ղեկավարվում է հույժ պատասխանատու ու հույժ ազնիվ ձևով:

Խոսքը գների այն համատարած աճից չի, ինչի պատճառը, մի´շտ ու ամենո´ւր, փողի կեղծարարության մոնոպոլիստն է, այսինքն, պետական վարչախո´ւմբն է:

Գների համատարած աճի կամ համատարած թանկության պատճառը արտադրված պետական փողը կեղծելն է (տես 5.6 պարագրաֆը) այսինքն, փողի ծավալը մեծացնե´լն է: Սա´ է ինֆլյացիան, ինչի մեղավորը միայն վարչախումբն է, ու ինչն արվում է ԿԲ-ի կամ Ֆիննախի կամ ԱԺ-ի մի քանի խարդախ եղանակով:

Մեր ուսյալների կույր հավատն առ վարչախմբի անհրաժեշտությանը երբեք չի թողնում, որ իրենք հասկանան, որ գների համատարած աճն էլ ազդանշան է, որ վարչախումբը կա´մ փողն է կեղծել, կա´մ վիթխարի պարտք է արել ու լցրել շուկան:

Հենց գնային ազդանշաններն են ազատ շուկայի ապակենտրոն ղեկավարության լավագույն ու անգերազանց միջոցը: Իսկ ազատ շուկայի կենտրոնացրած սոցիալիստական ձևը, համարյա միշտ, շուկայական կարգը վերացնում դարձնում է քաոս:

Դառնամ հիմնական հարցին: Ի՞նչն է ստիպում, որ ազատ շուկայական հանրության (այսինքն, կապիտալիստական բարոյակարգի) եսասեր անդամը խիստ պատասխանատու լինի իր բոլոր քայլերի համար:

Ինչո՞ւ է այս եսասեր անդամը հույժ պատասխանատու իր արտադրանքի բարձր որակի նկատմամբ: Ինչո՞ւ է սա ձեռից եկած ամե´ն ինչը անում, որ իրեն համարեն իր պարտականություններին խնամքով ու անշեղ հետևող ազնիվ մարդ:

Բարոյակարգի անդամի պատասխանատվության ու ազնվության ակունքը կամ մոտիվը իր ունեցվածքը պահպանելու ու շատացնելու մրցությունն է:

Մարդը միշտ ձգտում է, որ իր արտադրած այս կամ այն իրը կամ ծառայությունը ուրիշի արտադրածից ոչ միայն վատը չլինի, այլ ավելի լավը ու ավելի էժան լինի, որ հենց ի´ր արտադրանքն առնեն: Ձգտում է, որ հենց ի´նքը հարստանա:

Բանն այն է, որ ազատ շուկայի բարոյակարգային հանրության մեջ նույն գործը անելու իրավունքը ունի ամեն մի մարդ, մենաշնորհ արտոնություն չկա: Ու, քանի որ ազատ շուկայում մարդու արտադրանքը գնահատողը միայն սպառողն է (ոչ թե վերադասը), հենց սպառո´ղն է արտադրողին պարգևատրում կամ պատժում, տվյալ արտադրանքը առնելով (փոխանակելով) կամ չառնելով:

Պարզ է, որ այս շարժառիթը չի թողնում, որ իրո´ք ազատ շուկայում, այսինքն, առանց վարչախմբի (ուղղակի կամ ստվերային) հովանավորության կամ միջամըտության, մարդկային որևէ արարմունքը անընդհատ մնա մենաշնորհային:

(Հնարավո´ր է, որ որևէ ապրանքը ժամանակավոր լինի մենաշնորհային):

Ազատ հանրության ամենայն արտադրանքի կամ ծառայության հսկողը նորին մեծություն գնո´րդն է, սպառո´ղն է: Ու ազատ շուկայի միակ անողոք հսկիչն ու տեսուչը հենց սպառո´ղն է, ու ոչ թե պետերի ողջ վարչախումբը կամ պետերի ինչ-որ մի մասնակի խումբը, կա´մ մի ինչ-որ նախարարությունը, կա´մ գների պետական մի կոմիտեն, կա´մ ինչ-որ մի հանձնաժողովը, կա´մ ինչ-որ մի պետը:

Սրա համար էլ ազատ շուկայում նորին մեծություն սպառողի բացարձակ գերակայությունը ստիպում է, որ ա´յն արտադրությունները, որոնք թանկ են կամ անորակ, ա´նպայման էժանանան ու դառնան որակով:

Իսկ այն ապրանքները, որոնք սպառողին պետք չեն, ուղղակի վերանան, այսինքըն, սպառողը պատժում է սրանց – սրանց արտադրանքը չառնելով:

Նորին մեծություն սպառողի անշեղ ու անողոք բծախնդրությունը ապրանքի որակի ու գնի նկատմամբ ստիպում է, որ արտադրողը մի´շտ լինի պատասխանատու, ու միշտ հույժ բարեխիղճ կատարի իր պարտականությունները, թե չէ՝ սպառողը չի առնի տվյալ ապրանքն ու սրանով կսնանկացնի իրեն:

Ուրեմն, զուտ կապիտալիստական (կամ բարոյակարգային, լրիվ ազատ) շուկայում ծաղկում ու բարգավաճում ու հարստանում են միայն ա´յն արտադրություններն ու ծառայությունները, որոնց տերերը խիստ պատասխանատու են, բարեխիղճ ու ազնիվ, քանի որ միայն սրա´նք են «սիրելի» սպառողին: Սա է նաև այն պատճառներից մեկը, որ ես ազատ շուկայական (կապիտալիստական) կարգն անվանում եմ բարոյակարգ:

Ազատ շուկայի անդամին պարգևավճարը տալիս է մի´միայն սպառո´ղը (այսինքն, միմիայն սպառո´ղն է առնում սրա արտադրանքը կամ ծառայությունը), իր ազատ կամքով: Երբ շուկայի այսպիսի մի արարիչ անդամը հարստանում է, հարստանում է միմիայն սպառողի´ կամքով ու ողորմածությամբ: Ու, ինչ էլ որ ասեն Մարքսն ու բոլո´ր սոցիալիստները, սա ա´նպայման է արդար:

Ի հակադրություն այս կարգի, որևէ պետի պատասխանատվության միակ ակունքը ոչ թե բարիք ստեղծելո´վ իր մասնավոր սեփականությունը շատացնելն է (սա մեծ մասամբ օրենքով արգելված է չինովնիկին), այլ նախ – իր վերադասի բարեհաճությունը կորցնելու վախը, հետո – իր իսկ կարիերայի ապահովությունը, ու նաև ապական (վախվխելով) փող շորթելու առիթ ստեղծելը:

6.5 Վստահությունն ու գործակցությունը

Եթե մեր շարքային ուսյալին հարցնես, թե արդյոք ինքը գիտի՞, թե ինչ դեր ունեն այնպիսի հասարակ թվացող բաները, ինչպիսիք են՝ մարդկային բարոյականությունը, մարդկային սխալականությունը, ու մարդկային վստահությունը, երևի վիրավորվի ու մտածի, որ հարցնողը կասկածում է իր ինտելեկտի վրա: Բայց այս պարագրաֆը կարդալուց հետո այդպիսի ուսյալը գուցե այլևս չվիրավորվի:

Իրոք, եթե Ռոբինզոն Կրուզոն մի հրաշքով հենց իր կղզում ծնվեր ու մի հրաշքով չմեռներ ու մեծանար, բարոյականության ու վստահության, փոխանակելու, գործակցելու ու փոխօգնության հասկացություններից գաղափա´ր չէր ունենա, որովհետև սրանք միմիայն հանրությունների´ մեջ են առաջանում:

Եթե հանրության բարոյական հիմնական նորմերն ու սրանցից բխող մնացած նորմերը չլինեին, բնական է, չէր առաջանա նաև մեր այն համոզմունքը, որ սրանք համարյա միշտ են գործում, ու սրանք մեզ բնական ու ի վերուստ տրված չէին թվա:

Այդժամ, մարդ արարածը վստահություն կոչվածը չէր ուենա:

Այսինքն, մարդ արարածը վստահ չէր լինի, թե իր պես մի ուրիշին հանդիպելիս, այս ուրիշն ինչպե´ս կվերաբերվի իրեն. բարի՞, թե՞ չար, կկծի՞, թե՞ չէ, կխփի՞ իրեն, թե՞ կժպտա, կսպանի՞ իրեն, թե՞ կխնայի:

Այս մարդը բացարձակ չէր իմանա, թե ինչպես վարվի իրեն հանդիպած մի ուրիշ մարդու հետ, ու ոչ մի ուրիշ մարդու չէր վստահի: Կնշանակի, հենց նորմերի գոյությո´ւնն է թույլ տալիս, որ ուրիշին վստահելու ռեֆլեքսն առաջանա:

Ու հենց այս վստահությունն է թույլ տալիս, որ համարյա անսխալ ու մի «բնազդային» ռեֆլեքսի մակարդակով գուշակենք, թե դիմացի անծանոթն իրեն ինչպես կպահի, եթե հետը որևէ առնչություն ունենանք (կամ երբ նույնիսկ չենք ունենում, երբ ուղղակի իր կողքով անց ենք կենում):

Թող ընթերցողը փորձի պատկերացնի այնպիսի մի հանրություն, ինչի բոլոր անդամներն իրար բացարձակ չեն վստահում, ու կհամոզվի, որ իր մտքով անգուշակելի գազանների քաոսային հանրությունից բացի ուրիշ ոչ մի բան չի անցնում:

Նույնիսկ գազանների ոհմակների մեջ է վստահության պես մի բան գործում:

Չմոռանանք, որ մարդ դառնալը սովորովի է, ու սովորովի է՝ հենց նորմերը յուրացնելով: Ուրեմն, վստահելն է´լ է սովորովի (տես իմ «Պետությունը...»):

Թե´ շատ փոքր երեխաներին, թե´ կենդանիների ձագերին պաշտպանում են սըրանց ծնողները, սրա համար էլ այս փոքրիկները սկզբում չարը չեն ճանաչում, ճիշտ ինչպես որ չեն ճանաչում կրակը, ինչպես որ սկզբում չգիտեն, որ կրակը վառում է: Հանդիպեն, կճանաչեն, կխրատվեն ու կսովորեն:

Տիպական է, որ մեկ-երկու տարեկան մանուկը (շատ անգամ՝ ևս մեկ-երկու տարի էլ) չի իմանում, թե սուտն ի´նչ է: Չի իմանում, որովհետև արդեն վաղուց է սովորած լինում, որ իր ընտանիքի անդամները ու սրանց բոլոր ասածները լրի´վ են վըստահելի:

Ես չեմ խոսում, օրինակ, փող պարտք տալու վստահությունից: Ես խոսում եմ ա´յն վստահությունից, ինչը թույլ է տալիս, որ մենք, քիչ թե շատ, գուշակենք անծանոթի վարքը հանրության մեջ՝ փողոցում, հերթերի ու տրանսպորտի մեջ ևն:

Թող ընթերցողը պատկերացնի, որ բարձրանում է ավտոբուս, դուռը փակվում է, ու հանկարծ ինքը տեսնում է, որ մարդկանց փոխարեն ավտոբուսը լիքը կովկասյան գամփռ է: Կարո՞ղ է այս ընթերցողը վստահ լինի, որ այս գամփռների վարքը նման կլինի մարդկանց վարքին, կարո՞ղ է այս ընթերցողն այս գամփռներին վստահի նույն այն ձևով, ինչպես որ ինքն է միշտ վստահում մարդկանց:

Դե հիմա էլ թող ընթերցողը պատկերացնի, որ առավոտը տնից դուրս է գալիս ու տեսնում է, որ մարդկանց տեղը միայն այս գամփռներն են: Կարո՞ղ է ընթերցողը սրանց վստահի:

(Նման մի բան պատահում է, երբ առաջին անգամ դատապարտվածը բանտ է ընկնում, որտեղ մարդկային սովորական նորմերի փոխարեն ուրիշ՝ «գողական» նորմեր են գործում: Առաջին անգամ դատապարտվածը, շատ շուտ, արդեն չի վըստահում ոչ մեկին: Սա շատ դիպուկ է ձևակերպված կալանավորների հայտնի դըրույթներում. «Մի´ հավատա, մի´ խնդրի, մի´ վախեցի»: (Այս վերջինը նշանակում է. «Վախըդ զսպի´»):

Այնինչ, մենք հասարակության մեջ թե´ հավատում ենք, թե´ խնդրում ենք ու չենք վախենում: Մարդկային վստահությունը (նաև վախն ու զգուշությունը ևն) գեներով չեն ժառանգվում: Սրանք սովորովի են:

Նորմերի գոյությունն արդեն, անկախ այն բանից, մարդը գիտակցում է սրանց գոյությունը, թե չէ, երաշխիք է, որ հնարավոր լինի, որ մարդիկ իրար վստահեն: Ճիշտ այնպես, ինչպես բնա´զդն է երաշխիք, որ երեխան մատը կրակից հետ քաշի, առանց գիտակցելու իր մարմնի ֆիզիոլոգիայի ու անատոմիայի գոյությունը:

Եթե հանրության անդամները չվստահեին բարոյական նորմերի հաստատուն գործունեությանը, գործակցությունն ու փոխօգնությունն անհնար կլիներ, ու սա նաև անհնար կդարձներ հանրային որևէ տնտեսվարությունը:

Ու եթե վստահության ինստիտուտը չլիներ, չէր առաջանա բանկային գործը, ուրեմն, նաև թուղթ փողը: Այս երկուսն էլ հիմնված են հենց վստահությա´ն վրա:

Վարչախմբի փողային ու այլ նենգ խարդախություններն ու թալանը հնարավոր են միմիայն այն պատճառով, որ ժողովուրդը վստահում է սրանց անհրաժեշտ գոյության արդարացիությանը: Չլիներ ա´յս վստահությունը, չէին լինի նաև պետերի այս խարդախություններն իրագործող վարչախմբային բոլոր հիմնարկները:

6.6 Անուղղակի փոխանակությունն ու փողը

Մեր «միջին» ուսյալը, բացարձակ չհասկանալով, որ փողի հայտնագործությունը մեր քաղաքակրթության ամենահանճարեղ հայտնագործություններից մեկն է, ինչը հույժ հեշտացնում է ապրանքների փոխանակությունը (ուրեմն, նաև մարդկային գործակցությունն ու փոխօգնությունը) ու, կրկնելով մեր «իմաստուն» գրողներին ու սոցիալիստներին, հայտարարում է. «Փողը չարիք է»:

Սրա համար էլ անցնենք փողի էության քննարկությանն ու ցույց տանք, որ ճշմարիտ ու իսկական փողը ա´յն կատարյալ բարի միջոցն է, ինչը խիստ հեշտացնում է այլ բարիքների ու ծառայությունների կամավոր փոխանակությունը, ինչպես նաև մարդկային գործակցությունն ու փոխօգնությունը:

Փողի առումով միակ իսկական ու ճշմարիտ չարիքը իրեն պետություն հռչակած վարչախո´ւմբն է, որովհետև, ինչպես արդեն ասվել է, հենց սա´ է, որ միշտ ու մի քանի խորամանկ ձևով կեղծում է փողն ու խաթարում է արարող մարդկանց թե´ փոխանակությունը, թե´ գործակցությունը, թե´ փոխօգնությունը:

Փողի այս կեղծարարների ողջ արարմունքը արդարացնողն էլ հենց մեր ուսյալների ա´յն մեծագույն ու միամիտ մասն է, ով մտածում է, թե թանկության պատճառը արտադրողի ու վաճառողի ագահությունն է ու, հենց սրանով, դառնում է փողի կեղծարարների ակամա հանցակիցը:

Փողի էությունը առաջին մոտավորությամբ հասկանալու համար պատկերացրեք, որ Գեղջաստանում մի մարդ, ի վերջո, հասկանում է, որ մուրճի ու ատամնաբույժի ծառայության ապրանքային ուղղակի փոխանակությունը խիստ է անհարմար, ու ասում է.

– Եկեք մի պահեստ սարքենք, մեկիս ընտրենք պահեստի վարիչ, ու այս պահեստի մեջը դնենք 100 զույգ կոշիկ, 100 հատ մուրճ, 100 հատ շալվար, 100 կիլո ցորեն ևն, ևն, ևն, այսինքն, այս պահին արտադրվող հնարավոր ամեն ինչից:

Հետո, քանի որ արդե´ն գիտենք, թե մեր ապրանքները ի´նչ հարաբերությամբ փոխանակենք, դրանց բոլորի գումարին համապատասխան, ոչ ավել, ոչ պակաս, մաքուր ոսկուց փոքրիկ կլորակներ սարքենք, մեկ գրամանոց, երկու գրամանոց, երեք գրամանոց ևն, անուններն էլ դնենք փող, այնպես, որ ամեն մեկս մի բան առնելու համար այսքան դռնե դուռ չընկնի:

Իսկ ով որ էլ ոսկի փող ունենա կուտակած, թող ինքն է´լ իրավունք ունենա այս կլորակներից սարքի, բայց մաքուր ոսկուց ու ճիշտ մեկ գրամանոց, ճիշտ երկու գրամանոց ևն:

Ու, որովհետև ոսկին է´լ է բոլորիս համար ցանկալի ապրանք, այդժամ ամեն մեկս էլ կարող է իր ուզած պահին այդ փողը բերի պահեստը ու այդ ոսկի փողը փոխի իր ուզած ապրանքով, կամ իր ապրանքը փոխի այդ ոսկի կլորակներով:

Չունեվորն էլ թող դառնա վարձու բանվոր, ու իրան էլ իր աշխատանքի դիմաց ապրանքի տեղը ոսկի փող կտան, ու սա էլ այդ փողը կփոխի ապրանքով:

Ու բոլորն էլ համաձայնում են ու այս ձևով փող են ստեղծում, որ ապրանքներն ու ծառայություններն անուղղակի փոխանակեն, փոխանակեն փողի´ միջոցով կամ փողի´ միջնորդությամբ:

Ու թե´ առևտուրն է անասելի հեշտանում, թե´ արտադրությունն է շատանում (որովհետև մարդիկ էլ իզուր ժամանակ չեն ծախսում, որ, իրենց ապրանքը շալակներին, դռնեդուռ ընկնեն), թե´ աշխատանքի բաժանումն է բարգավաճում:

Ու գեղջաստանցիները շատ արագ են համոզվում, որ այս նոր, այս անուղղակի փոխանակության տեխնոլոգիան ուղղակի մի հանճարեղ բան է:

Սա փողի առաջանալու ու դերի շատ պրիմիտիվ, մոդելային բացատրությունն է:

Այսօր հաստա´տ է հայտնի, որ փողը առաջացել է առանց մարդկանց որևէ գիտակից ծրագրի կամ ժողովի, առաջացել է ինքնին, սպոնտան ու պատահականությունների մի չափազանց երկար շարանով ու չափազանց «խուճուճ» ու ոլոր-մոլոր ընթացքով:

Տարբեր տեղերում ու տարբեր ժամանակ փողի դերը վերցրել են տնտեսական ա´յն (սակավ) բարիքները, որոնք հարմար են եղել փողի դերին, այսինքն, անպայման ԱՐԴԵՆ բոլորի համար ընդունելի ապրանք են եղել (այս թավատառը Միզեսի ռեգրեսի թեորեմն է):

Այսպիսի փող-ապրանքները նախ այնքան են սակավ, որ սրանց արժեքը համարյա հաստատուն է: Սրանց փոքր քանակի արժեքը բարձր է: Սրանք ծավալով քիչ են, հեշտ բաժանելի են, համարյա չմաշվող են, հեշտ կրելի են, հեշտ ճանաչելի են, ու այնքա´ն են հեշտ գործածելի, որ մանուկն է´լ կարող է գործածի: Ու սրանք դժվար կեղծելի են, հույժ ցանկալի են, փչացող չեն ևն:

Այս հատկությունները, այս կամ այն չափով ունեն կամ ունեցել են բոլոր ազնիվ մետաղները: Մասամբ նաև թանկագին քարերը, որոնք չափազանց են սակավ ու միշտ են ցանկալի:

Բայց այս հատկությունների մի մասն ունեցել են նաև ուրիշ սակավ ու ցանկալի տնտեսական բարիքները, օրինակ, աղը, Հեռավոր Արևելքի համեմունքները, Օվկիանայի կղզիներում – հատուկ խեցիները, իսկ 1940-ական հետպատերազմյան Գերմանիայում – ամերիկյան սիգարեթը ևն, ևն:

Իսկ թե տնտեսական բարիքներից ո´ր մեկը կհամարվի ամենաթանկը, զուտ պատահական բան է: Օրինակ, Ամերիկայի բնիկները (ըստ Զենոն Կոսիդովսկու) հասպիսը (յաշման) ադամանդից ավելի թանկ էին համարում, երկաթն ավելի թանկ էր, քան ոսկին ևն:

Փողը հույժ հեշտացնում է փոխանակությունը, որովհետև դարբին Պետրոսն այլևս ստիպված չի, որ իր մուրճերը վերցնի, գնա քաղաք ու մուրճի հրատապ կարիք ունեցող ատամնաբույժ ու կոշկակար ճարի:

Մուրճ վերցնելու փոխարեն Պետրոսն արդեն կվերցնի հարկավոր փողը (մի քանի ոսկե կամ արծաթե դրամ) ու կգնա ատամնաբույժի ու կոշկակարի դուռը:

Սրանք էլ հաճույքով կփոխանակեն իրենց ծառայություններն այս մետաղադըրամների հետ, որովհետև սա իրենց համար է´լ է չափազանց ձեռնտու: Ու քանի որ հնարավոր է, որ, օրինակ, պղնձի կամ նիկելի ձույլերից փողի մանրն էլ սարքվի, Պետրոսն էլ իր ուզած կոճակն առնելու հնար կունենա ու կոշիկն էլ կտա փինայի:

Փողն ու սրա վրա հիմնված գները անսահման շատացնում ու հեշտացնում են գիտելիք-ինֆորմացիայի առավելագույն արագությամբ տարածվելն ու սրա միջոցով շուկայի ինքնաղեկավարությունն ու աշխատանքի բաժանումը ու հընար են տալիս, որ (ըստ էության) անսահման քանակով նոր մասնագիտություն, նոր արհեստ ու նոր ծառայություն առաջանա:

Փողը հնար է տալիս, որ ոչ միայն ապրանքներն ու ծառայությունները անասելի հեշտ ու արագ փոխանակվեն, այլև ու ըստ էության, հեշտացնում է մարդկային ամենայն գործակցությա´ն ու իրար օգնելու պրոցեսների´ փոխանակությունը:

Փողը թույլ է տալիս, որ «կուտակես» փչացող ապրանքի (օրինակ, պանրի) ցանկացած քանակը, ընդ որում, ինչքան ասես երկար ժամանակով: Ինչպե՞ս: Ուղղակի, ապրանքը կուտակելու ու պահելու փոխարեն, մարդը կկուտակի հենց փողն ու իր ուզած պահին կառնի այդ ապրանքի իր ուզած քանակը:

Նշանավոր տնտեսագետ Լեոնարդ Ռիդը մի փոքրիկ, բայց գողտրիկ էսէ ունի, «Ե´ս, Մատի´տս» (Leonard Reed, “I, Pencil”) վերնագրով, ինչով նկարագրում է, թե ԱՄՆ-ի արտադրած մի մատիտը սարքելիս, քանի´-քանի´ երկրի առանձին մասնագետն ու հումքն է մասնակից այս պրոցեսին: Ռիդի այս գործը հրաշալի է ցուցադրում, թե մեր այսօրվա քաղաքակրթությունը աշխատանքի բաժանման ինչ մի բարդագույն, ինչ մի ֆանտաստի´կ բարդության է հասել:

Տարեցները թերևս ամենաճիշտը գնահատեն, թե աշխատանքի այս բաժանումն ինչքան է բարդացել վերջին 60 տարում, մանավանդ կոմպյուտերների ու ինտեռնետի սպոնտան առաջանալու պատճառով:

Եթե փողը հանկարծ վերանա, իսկույն կվերանա աշխատանքի ու գիտելիք-ինֆորմացիայի այս համաշխարհային բաժանումն ու փոխօգնություն-գործակցությունը, ու նաև մեր այս ողջ քաղաքակրթությունը:

(Ըստ էության, պետերի այսօրվա հանրությունները, այսինքն, վարչախմբերը, իրենց փուչիկ փողերի վիթխարի քանակներն անընդհատ տպելով, մեր քաղաքակրթությունը անդո´ւնդ են տանում):

Ազատ շուկայում փողը ընդամենը փոխանակությունը, գործակցությունն ու փոխօգնությունը, այսինքն, շուկայի ինքնաղեկավարությունը հեշտացնող միջոցը կամ միջնորդն է, ինչը նաև խիստ հեշտացնում է արտադրողների ու ծառայություն մատուցողների մրցությունը:

Ազատ շուկայի մրցությունը, ինչն արվում է փողի անսահմանափակ քանակների հետևից ընկնելով, ինքնին, նոր տեխնոլոգիաների հայտնագործության ամենահզոր ազդա´կն է, ամենահզոր մոտի´վն է:

Հետո, հենց այս մրցությունն է, որ ստիպում է արտադրողին ու սպասարկողին, որ անպայման ձգտի ուրիշներից ավելի որակովին ու ավելի էժանին: Սպառողի ուզածն էլ հենց առավել որակյա´լն ու առավել էժա´նն է: Ուրեմն.

Ազատ շուկայում փողին հետամուտ եսասերները սպառողին (այսինքն, բոլոր-բոլորին), պաշտպանում են թանկանալուց ու անորակից:

Սպառողն այս անցանկալի երևույթներից անպաշտպան է մնում միայն ա´յն ժամանակ, երբ վարչախմբերն «օդից» փող են տպում, կա´մ կրճատում են շուկայի ազատությունը, կա´մ իրենց զանազան ուղղակի ու անուղղակի հարկերով, ռոճիկների նվազագույն ու գների առավելագույն շեմերով միջամտում են շուկային:

Միամիտ սպառողն էլ կարծում է, թե թանկության մեղավորը փողի տենչն է, փող կուտակելու մարմաջն է, վաճառողի կամ արտադրողի ագահությունն է:

Ուրեմն, փողի ինստիտուտն այսօրվա ֆանտաստիկ բարդ ու զարմանահրաշ քաղաքակրթության ամենախոշոր հայտնագործություններից մեկն է:

(Ամենախոշոր հայտնագործությունը – մասնավոր սեփականության ու սըրա անձեռնմխելության հայտնագործությունն է, ինչը հենց հիմնական բարոյական նորմն է, քանզի սրանից են բխում բարոյականության մնացած նորմերը):

Ուրեմն, կոպիտ սխալ է, թե փողը չարիք է: Տեսանք, որ իսկական փողը, այսինքն, ապրանքով (ոսկով) ապահովված փողը, փոխանակության, գործակցության ու փոխօգնության ու բարիք կուտակելու սքանչելի միջոցը կամ միջնորդն է:

Կնշանակի, քանի որ անհնար է, որ բարիքն ու ծառայությունը չարիք լինեն, ուրեմն, անհնար է նաև, որ իսկական փողը չարիք լինի:

Մի՞թե ակնհայտ չի, որ ցորենը, մուրճը, շալվարը, մածունը, կաթը, միսը, փոխանակությունը, գործակցությունն ու փոխօգնությունը չարիք չեն:

Չարիքը փողը անպատիժ կեղծողնե´րն են:

Իսկ փողը անպատիժ կեղծելու մոնոպոլիստները միմիայն իրենց պետություն հռչակող պետերի անհսկելի ու անպատիժ վարչախմբե´րն են:

Բայց մի՞թե ուսյալնե´րը չեն, ովքեր ամենայն կրքով քարոզում են փողը կեղծող վարչախմբերի´ պարտադիր անհրաժեշտությունը: Ուրեմն, մեր ուսյալները, թեկուզ ակամա ու թեկուզ իրենց տգիտության պատճառով, փող կեղծողների հանցակիցներն են:

Այս անգամ էլ ի՞նչ ասենք մեր այս բազում-բազում «վարչախմբային» տնտեսագետի´ մասին: Մի՞թե սրանք այս շարադրանքի էությանը ծանոթ չեն: Եթե ծանոթ են, ինչո՞ւ են լռում, չէ՞ որ լռելով դառնում են փող կեղծողների ԳԻՏԱԿԻՑ հանցակիցները: Իսկ եթե ծանոթ չեն, էլ ի՞նչ տնտեսագետ են:

Խոսենք, ուրեմն, փող կեղծելուց ու կեղծողներից:

6.7 Փողը կեղծելը

Նորից գանք Գեղջաստան:

Երբ որևէ ապրանքը (օրինակ, ոսկին) արդեն համարվում է փող, մի քանի սցենար է հնարավոր:

1. Մեկ կամ երկու անազնիվ գյուղացի իր ոսկեդրամների ոսկուն մի քիչ պղինձ է խառնում (պղինձը, ոսկու համեմատ, շատ էժան է), որ իր ձեռի փողի քանակը շատացնի ու համագյուղացիներից ավել բարիք շորթի:

Բայց, վաղ թե ուշ, խաբեությունը կբացվի, ու գյուղի մարդիկ այս խաբեբայի հետ էլ առևտուր չեն անի (ու գուցե իրեն էլ պատժեն): Այս անգամ տուժողը, ի վերջո, միայն այս խաբեբան կլինի:

2. Գյուղի պահեստապետը, այս խաբեության բացվելուց հետո, համոզում է գեղջաստանցիներին, որ փողը կեղծելու այս դեպքերը չեն վերանա, եթե ոսկեդրամների արտադրության ու հսկողության մենաշնորհ չհաստատվի:

Հետո էլ համոզում է բոլորին, որ այս մենաշնորհն էլ պիտի տրվի հենց իրե´ն, այս պահեստապետի´ն, որովհետև ինքը, ախր, բացառիկ ազնիվ է ու անկաշառ:

«Ընդ որում», ասում է այս պահեստապետը, «պարտադիր պայման պիտի լինի, որ իր {այսինքն, պահեստապետի} գործունեությունը հսկելու իրավունքը ոչ մեկը չպիտի ունենա, որովհետև իրեն հենց գյուղացինե´րն են ընտրել, իսկ գյուղացիների ընտրության արդարությունը ամեն կասկածից վեր է»:

Դյուրահավատ գյուղացիները համաձայնում են: Պահեստապետն էլ, իր համար օգնականների մի «բանակ» է վարձում (իհարկե, գյուղացիների հաշվին) ու ստեղծում է պետերի վարչախումբը, այսինքն, պետերի իրե´ն հնազանդ ու իր կամակատար հանրությունը, բայց գյուղացիներին համոզում է, որ սրանք հենց գյուղացիների´ վարձու ծառաներն են:

Հետո այս պահեստապետը զանազան ուղղակի ու զարտուղի ձևերով (օրինակ, ռոճիկներով, պարգևավճարներով, արտոնություններով ևն) կաշառում է Գեղջաստանի բոլոր թերթերին, բոլոր գրողներին, ժուռնալիստներին ու հեղինակներին, ուսուցիչներին ու բոլոր հեղինակավոր ուսյալ մարդկանց:

Ու սրանք անընդհատ ու ամեն առիթով քարոզում են, թե այս պահեստապետն աշխարհի ամենաազնիվ մարդն է ու ողջ աշխարհում, պահեստապետից բացի, ոչ մեկը գյուղացիների շահի մասին չի մտածում, ու որ այս պահեստապետը, ճիշտն ասած, իրենց հորից էլ է հոգատար, ու հենց իրենց սուրբ ու հարազատ հայրն է:

Ու այս պահեստապետը համոզում է, որ Գեղջաստանի անվտանգության, առողջապահության ու մանուկների կրթության մենաշնորհն էլ տան իրեն (իհարկե, որոշակի հարկի դիմաց):

Ու երբ սա ստանում է այս իրավունքները, կրթությունը սարքում է հարկադիր, որ իրեն փառաբանող քարոզի հիպնոսից ոչ մեկը չխուսափի – հենց մանկուց:

Հետո էլ, այս նույն միջոցով, ստիպում է, որ սրանք համոզեն ողջ Գեղջաստանի ժողովրդին, որ պահեստապետի ու սրա վարչախմբի ամեն մի քայլը միայն ու միայն Գեղջաստանի ժողովրդի բարօրության համար է արվում:

Դյուրահավատ գեղջաստանցիներն էլ բացարձա´կ են մոռանում, որ մի ժամանակ ո´չ այսպիսի «հարազատ հայր» ունեին, ո´չ ձրիակեր ու ագահ պետերի խումբ, ոչ է´լ պետական պարտադիր կրթություն:

Ու մոռանում են, որ այդ հին-հին օրերին հիանալի էին յոլա գնում առանց պետային «ծառաների» այդ հսկա բանակի, ում հիմա պիտի հենց իրե´նք պահեն, պիտի պահեն հենց պահեստապետի ու իր կամակատարների սահմանած բազում ու անընդհատ շատացող բռնի հարկ ու մաքսով:

Ու դյուրահավատ գեղջաստանցիները, իրենց անցյալի փառավոր ազատությունը մոռացած (ու իրենց արդեն ճորտական հոգեբանությամբ) անկեղծ մտածում են, որ եթե ձրիակեր պետերի այս վիթխարի խումբն ու «հարազատ հայրը» չլինեն, իսկույն ավազակային քաոս կսկսվի, ու իրենք էլ իսկույն կկործանվեն:

Ու պահեստապետը, տեսնելով, որ ժողովուրդն իրեն լրի´վ է հավատում, ոսկի ու արծաթ փողին պղինձ, նիկել ու ուրիշ էժան մետաղ է խառնում ու նախկին փողը կեղծում է ու կեղծածը սկզբում թաքուն տալիս է միայն իրեն սատարող գյուղացիներին ու իր կամակատարներին:

Սրա հետևանքները հեշտ հասկանալու համար նախ պիտի իմանանք պահեստապետի հաջորդ ու ամենավիթխարի խարդախության էությունը:

Մի օր այս պահեստապետը գլխի է ընկնում, որ ոսկի փողի տեղը որոշակի հարաբերությամբ թուղթ փող սարքի ու սա փոխանակի մարդկանց ձեռի ոսկու հետ:

«Բայց», ասում է պահեստապետը, «ա´յն պայմանով, որ թուղթ փողի ուզածդ տերը ցանկացած պահին իրավունք ունենա իր ձեռի այս թուղթ փողը, արդեն որոշված հարաբերությամբ, փոխի մաքուր ոսկե փողով»:

Ակնհայտ է, եթե այս պայմանը սրբությամբ կատարվի, Գեղջաստանի առևտրին ու տնտեսությանը ոչ մի վնաս չի հասնի:

Հետո էլ այս պահեստապետը, Գեղջաստանի իր մի քանի հարուստ ա´յն համախոհի հետ միաբան, ովքեր վախենում են նոր հանդես եկած մրցակիցներից, որոշում է – գեղջաստանցիներից խլի սրանց ձեռի ողջ ոսկին ու արծաթը ու այլևս չըթողնի, որ որևէ մեկը թանկարժեք մետաղի զգալի քանակություն ունենա:

Սրա համար էլ օրենք է հռչակում, որ բոլոր-բոլոր գյուղացիները, հանուն իրե´նց իսկ բարօրության, պիտի իրենց ունեցած թակարժեք մետաղադրամներն ու մետաղի քանակները հանձնեն պետությանն ու փոխարենը թուղթ փող ստանան:

Հիմա ենթադրենք, թե սրանից հետո գեղջաստանցիների ձեռը ոսկի փող չի մնացել ու մի երկու հարց տանք:

ՀԱՐՑ 1. Ասենք թե գյուղացիների ձեռը (բոլորինն իրար հետ) կա 1000 դոլար թուղթ փող: Ի՞նչ կպատահի, եթե պահեստապետը փողը «ուռըցնի» (անգլերենով՝ ինֆլյացիա անի, inflation = փչելով ուռեցնելը), այսինքն, նորից մի 1000 դոլար թուղթ փող էլ տպի, ու ավելացնի արդեն բաժանված 1000 դոլարին, որ ամեն մեկի ձեռի փողը, ի վերջո, կրկնապատկի:

(Գիտական տերմինով՝ պահեստապետը թուղթ փողի էմիսիայի ինֆլացիա է անում: Չմոռանանք, որ պահեստում կար միմիայն սկզբնական 1000 դոլարին համարժեք մուրճ, շալվար ևն):

Պարզ է, որ եթե փողի այս տեսակ էմիսիան միաժամանակ տրվի Գեղջաստանի բոլոր-բոլոր փողատերերին, ու սրանք էլ թվաբանությունից լրիվ բոբիկ չլինեն, ապրանքները փոխանակելու արժեքները բացարձակ չեն փոխվի, չնայած գները ուրիշ կլինեն: Չմոռանաք, որ «միաժամանակ» բառն այստեղ հույժ կարևոր է:

Նորից մի մուրճը կարժենա մի զույգ կոշիկ (ու հակառակը) կամ մի շալվար, կամ 10 կգ ցորեն, կամ մի պարկ խնձոր, կամ երկու պարկ կարտոֆիլ:

Ինչո՞ւ: Որովհետև գյուղացիները, իմանալով, որ առաջվա մեկ դոլարով ապահովված ապրանքը հիմա ապահովված է երկու դոլարով, իսկույն իրենց ապրանքները երկու անգամ կթանկացնեն ու ապրանքների գները կկրկնապատկվեն:

Ուրեմն, ապրանքների ու ծառայությունների գները, անկասկած, կփոխվեն, բայց արժեքները չեն փոխվի: Փողի էմիսիայի այսպիսի ինֆլյացիան ու ապրանքների այսպիսի միաժամանակ թանկանալը ոչ մեկին վնաս չի տա, որովհետև սա ապրանքների փոխանակության էության վրա բացարձակ չի ազդի:

Ապրանք փոխանակող կողմերից ամեն մեկի նպատակը մյուս կողմի ապրանքը իր ձեռքինի հետ փոխանակելն է, ու փոխանակելու միջնորդի (փողի) քանակը այս անգամ, ըստ էության, նշանակություն չունի, որովհետև փոխանակության վերջնական նպատակի վրա չի ազդում, մի մուրճը նորից մի զույգ կոշիկ արժի:

Այս ամենից երկու կարևորագույն բան է բխում:

Ոսկի (կամ սրա պես) փողը ապրանք փոխելու այնպիսի միջոց կամ միջնորդ է, ինչը հնարավորություն է տալիս, որ բազում իրարից տարբեր ապրանքների արժեքները տվյալ պահին արտահայտվեն թվերով (քանակական թվականներով):

Ազատ շուկայում փողը նաև հնար է տալիս, որ ամեն մի տնտեսվար անհատն իր անհատական տնտեսական պլանները կազմի՝ փողի միջոցով նախնական տնտեսական հաշվարկ կատարելով:

ԱՔՍԻՈՄ. Ճշմարիտ (չկեղծած) փողի ցանկացած քանակը բավարար է, որ երկրի տնտեսական (փոխանակային) բոլո´ր-բոլո´ր հարաբերությունները անխափան գործեն, եթե երկրում բարոյակարգ է (այսինքն, կատարյալ ազատ շուկայական հարաբերություններ են), ու պահեստապետն էլ (այսինքն, պետերի վարչախումբը) խարդախ չի:

Ի՞նչ կպատահի, եթե այս պահեստապետը հայտարարի, որ նոր նկարներով 500 հատ թղթադրամ է տպել, ու բոլորը պետք է իրենց հին 1000 դոլարները փոխեն նորերով, 2:1 հարաբերությամբ:

Նորից ապրանքների արժեքները չեն փոխվի ու ոչ մեկը չի տուժի, չնայած ապրանքների գները այս անգամ երկու անգամ կպակասեն:

Այժմ ենթադրենք, որ այս պահեստապետը բոլորից գաղտնի է տպում մի հավելյալ 500 դոլար ու բոլորից էլ գաղտնի այս 500 դոլարը գիշերը բաժանում է իր մերձավորներից մի քանիսին միայն: Այս մերձավորները, շատ արագ, իրենց ողջ փողով պահեստից լիքը ապրանք կառնեն:

Բայց նման բանը գաղտնի չի մնում, ու հավելյալ փող չստացած ապրանքների տերերը, չնայած ուշ, բայց վերջը հասկանում են, որ փոխանակությունը արդար չի:

(Այսինքն, գլխի են ընկնում, որ փոխանակությունն այլևս իրենց առաջվա պայմաններով չի արդեն: Ու այս անտեղյակները գլխի են ընկնում, որ խաբեությամբ իրենցից խլել են պահեստում դրված իրենց ապրանքի մի մասը:

Ու բոլորն էլ իսկույն այնքան թանկացնում են իրենց ապրանքը, որ փոխանակությունը դառնա առաջվանը:

Ինֆլյացիա ասելով հենց սա´ պիտի հասկանանք: Գների աղետալի աճը հենց ա´յս ինֆլյացիայի ՀԵՏԵՒԱՆՔՆ Է:

Այս ինֆլյացիայի հետևանքով պահեստապետն ու պահեստապետի մերձավորներն ավելի´ են հարստանում, իսկ այս խարդախությունից անտեղյակները աղքատանում են: Հարստացողներն էլ հարստանում են հենց այս աղքատների´ հաշվին:

Պահեստապետը, ըստ էության, իր մերձավորների հետ միասին, այս խարդախությամբ, թալանում է հենց աղքա´տ անտեղյակներին, ովքեր Գեղջաստանի մեծամասնությունն են:

Ինֆլյացիան ու գնաճը ձեռ-ձեռի տվա´ծ են քայլում:

Բայց պահեստապետը միշտ էլ հայտարարում է, թե գների թանկանալու «իսկական» պատճառը ապրանք ստեղծող ու վաճառողների անբարո ագահությունն է: Իբր այս անտեղյակները որոշել են անարդար ձևով արագ հարստանան ու թանկացրել են իրենց ապրանքները: Այստեղից մի կարևոր դրույթ էլ է հետևում:

Գների թանկանա´լն է ինֆլյացիայի արդյունքը, ո´չ թե ինֆլյացիան է գների թանկանալու արդյունքը:

Պետերի վարչախմբերը խնամքով թաքցնում են սա, որ ժողովուրդը մտածի, որ գները թանկացնողները ոչ թե վարչախմբերն են, այլ «այդ ագահ, եսասեր, հայրենիքի («հարազատ հոր») մասին չմտածող ու միմիայն իրենց անձնական շահի հետեվից ընկած «եսասեր» արտադրող-վաճառողներն ու ծառայություն մատուցողները» (օրինակ, ռեստորանների տերերը ևն):

Բայց ինֆլյացիայի ու գնաճի մեղավորները ոչ թե ապրանքների տերերն են, այլ փողի մոնոպոլիստ վարչախմբի (պահեստապետի կամ սրան ենթակա պահեստ-կենտրոնական բանկի) արարմունքը:

Համատարած գնաճի մեղավորը վարչախմբի տպած կամ պարտք արած ու ոսկով չապահովված հավելյալ փուչիկ փողն է, կամ ԿԲ-ին ենթակա առևտըրային բանկերի տված փուչիկ փողի վարկերն են:

Այս փուչիկ փողի մեծագույն մասը մտնում է վարչախմբի «բյուջե» կոչված գըրպանը, ինչը հետո պետերը քոռուփուչ են անում իրենց ԻԲՐ «հույժ անհրաժեշտ» ծախսերով, իրենց ռոճիկներն ու վճարները անընդհատ բարձրացնելով ու մանավանդ իրենց անթիվ անհամար տնտեսական (անպայման) սխալ ծրագրերով:

Կամ էլ պետերն այս փողը վարկ են տալիս իրենց անմրցունակ «մերձավորներին», կաշառքի դիմաց, իհարկե:

Բայց սրանից հետո այս պահեստապետը մի սատանայություն էլ է անում: Օրենք է սահմանում, որ իրենից բացի ուրիշ ոչ մեկը ոչ ոսկի (կամ արծաթ ևն) փող, ոչ էլ թուղթ փող արտադրելու իրավունքն չունենա, ոչ էլ շատ ոսկի ու այլ թանկարժեք մետաղ կուտակելու իրավունքն ունենա:

Հետո էլ պահեստապետը մի օրենք էլ է ընդունում, որ այսուհետ միայն թուղթ փող է լինելու, ինչը տպելու ու ինչի տպաքանակի իրավունքը միմիայն ի´նքն է որոշում, ի´ր կամքով:

Պահեստապետի տպած ու իրեն ու իր մերձավորներին անընդհատ բաշխվող հավելյալ թուղթ փողին ասում են ֆիատային փող (կամ ֆեդուցիարային փող, եթե առևտրական բանկերը սա վաշխով (տոկոսով) տալիս են անհատներին):

(Շեշտենք, որ այս ֆիատային կամ ֆեդուցիարային փողը ոչ թե բարիք ստեղծելո´ւ, այլ պահեստապետի խարդախությա´ն արդյունքն է ու, ըստ էության, ոչ թե հալալ քրտինքով է ստեղծված, այլ «օդից»):

Այս Fiat բառը լատիներենից է, ինչը նշանակում է «թող լինի». օրինակ, fiat lux-ը նշանակում է. «Եղիցի լույս»: Այսօր «Fiat» բառը նշանակում է՝ «դեկրետ, հրահանգ, հրաման»: Ուրեմն, ֆիատային փողը «հրամանային փողն է»:

Կնշանակի, պահեստապետի օդից սարքած այս ֆիատ փողը ոչ թե ազատ շուկայի ստեղծած բարիքի´ պատճառով է, որ արժեք ունի, այլ միայն խարդախ պահեստապետի ու թալանչիների իր բանդայի (այսինքն, հենց վարչախմբի ու սրա ԿԲ-ի´) սատանայական մեքենայությունների, սատանայական դեկրետների, հրահանգների ու հրամանների ու խարդախ քարոզի զորությամբ ու բռնությամբ:

(Ֆանտաստիկա է, չէ՞, բայց հենց այսպե´ս է եղել այս ողջ աշխարհում):

ՀԱՐՑ 2. Ի՞նչ կպատահի, եթե ոսկի (կամ սրա պես այլ թանկ բաներին հենված) փողը վերացնելուց հետո (երբ ժողովրդի ձեռը միայն թուղթ փող կա), այս պահեստը, իր բոլոր ապրանքներով հանդերձ, վառվի: Մարդիկ կարո՞ղ են իրենց թուղթ փողը փոխեն այս պահեստի վառված ապրանքների հետ:

Եթե գեղջաստանցիների ձեռի փողը ոսկի լիներ, պահեստի վառվելուց այս գեղջաստանցիները չէին տուժի, որովհետև ոսկին մնում է ոսկի, ու սրանք իրենց ձեռի ոսկին կփոխեին նորից արտադրված կամ ուրիշ բարիքների հետ:

Չէ՞ որ ոսկու կարիքը մի´շտ կա, չէ՞ որ ոսկին մի´շտ է ապրանք, մի´շտ է հարգի:

Ու առաջ, երբ թուղթ փողը փոխանակելի էր ոսկով, գեղջաստանցիները վստահո´ւմ էին թուղթ փողին, որովհետև ամեն վայրկյան կարող էին իրենց թուղթ փողը փոխեին կա´մ համարժեք ապրանքի, կա´մ ոսկու որոշված քանակի հետ:

Բայց եթե ոսկի կամ այլ թանկ ու սակավ մետաղական ապրանք-փողը չկա, պահեստի վառվելուց հետո այս թուղթ փողը էլ ինչի՞ հետ փոխեն ու այս թուղթ փողին, այս օդից սարքած թղթին, ո՞նց կամ ինչո՞ւ հավատան:

Ու եթե այդ պահեստապետը թուղթ փողից ավելի ու ավելի շատ սարքի, ապրանքները չե՞ն թանկանա, ու ֆիատ փողի նկատմամբ հավատը չի՞ կորի:

Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկը 1964 թվին առաջարկեց, որ փող արտադրելու մոնոպոլիան վերացնեն ու որ ազատ շուկայի ամեն անդամն է´լ, ամեն մարդ է´լ ունենա իր սեփական մասնավոր փողն արտադրելու իրավունքը (F. A. Hayek, “Denationalization of Money”, ռուսերենով Ф. А. Хайек, “Частные деньги”):

Փողն սկզբում հենց այսպես էլ առաջացել է, այսինքն, փողն էլ է ապրանք եղել ու ազատ շուկայում փողի արտադրությունն էլ է ենթարկվել սովորական ապրանքների բոլոր օրինաչափություններին: Փող արտադրելու իրավունքն սկզբում բոլո´րն են ունեցել: Փողի առաջանալու իմ վերի «պահեստային» սխեման, իհարկե, զուտ ուսումնական նպատակ ունի:

Փողի հետագա «ստանդարտիզացիան» (նաև ոսկե ու արծաթե «ստանդարտները») առաջացել են այն պատճառով, որ միապետները, քիչ-քիչ, փողի արտադրության մենաշնորհ են հաստատել, որ փողը կեղծելով ժողովրդին աննկատ թալանելու հնարավորություն ունենան:

Այսօրվա կրիպտովալյուտաները ստեղծվեցին Հայեկի այս գաղափարից:

Հետաքրքիր է, որ Հայեկի մասնավոր կրիպտափող ստեղծելու առաջարկն արդեն տեղ-տեղ ու քիչ ծավալով, կիրառվում է հենց ուղղակի ձևով, ու պետություններ էլ, իհարկե, շատ խեթ են նայում սրան:

Ըստ Հայեկի, փողային խարդախությունները չեն վերանա, եթե փողի արտադըրությունը, մյուս ապրանքների պես, ենթակա չլինի ազատ շուկայի մրցությանը:

ՄԻԱՅՆ այս մրցությունը հնար կտա, որ մարդն ընտրի ամենաազնիվ փողը:

7. ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ԱՆԻՐԱԿԱՆ Է

7.1 Դեմոկրատիան մեծ մասամբ գարշելի է

Սոցիալիստական ու այլ թալանչի վարչախմբերի ամենասիրելի ու ամենահզոր խայծ-քողարկությունը դեմոկրատիա (ժողովրդավարություն) կոչվածն է:

Առահասարակ, «դեմոկրատիա» ասելով, հասկանում են այն վերացական (այսինքն, անիրական) «ժողովրդավարությունը», երբ հասարակարգի ողջ կյանքը իբր հենց ժողովո´ւրդն է «վարում» կամ «ղեկավարում», իր իբր արդարագույն հայրախնամ վարչախումբն ընտրելու միջոցով:

Անծպտուն համարվում է, որ եթե դեմոկրատիան «իսկակա´ն է», այդժամ այս վարչախմբային ղեկավարությունն ա´նպայման է «դրախտային ու իդեալական», որովհետև ախր «ժողովուրդն (իբր) իմաստո´ւն է»:

Այս թեզերից ամեն մեկն էլ ա´նկասկած է սխալ, որովհետև նախ ուղղակի անհընար է, որ այս «ժողովուրդ» կոչված վերացական ու կոլեկտիվ հասկացությունը որևէ բան ղեկավարի: Երկրորդն էլ, «Ժողովուրդն իմաստուն է» խոսքը նույնքան է անհեթեթ, ինչքան. «Ժողովուրդը փռշտաց» կամ «Նախիրը պոչը թափ տվեց» խոսքերը: Ժողովուրդը երբեք էլ ոչինչ չի ղեկավարում կամ կառավարում ու երբեք էլ իմաստուն չի: Այսօրվա դեմոկրատիան մի խարդախ հնարք է, ինչով այդ երկրի վարչախումբն իր թալանչիական կամքն է պարտադրում այս նույն երկրի ժողովըրդի բոլոր-բոլոր անհատներին:

Ընդ որում, պետերի այս փոքրամասն վարչախումբը ի´ր իսկ ցանկությունները, սոցիալիստական ուսմունքների նենգ ու խարդախ ավանդույթներով, ներկայացնում է որպես հենց ժողովրդի´ ցանկությունները: Այս ցանկությունները դառնում են պարտադիր բոլո´ր անհատ անդամների ու պետերի համար:

«Ժողովրդի´ ցանկությունները» ասվածը ընդամենը բռնության իրավունքը մոնոպոլացրած ու ժողովրդի շատ փոքր մասի, այսինքն, իրեն պետություն հռչակած վարչախմբի վերնախավի´ ցանկություններն են: Եթե վարչախումբն անհսկելի է ու անպատիժ, դեմոկրատիա կոչվածն ա´նպայման է դառնում բռնություն, մանավանդ, եթե ժողովրդի մեծ մասին համոզել են, որ դեմոկրատիայի որևէ տեսակը հենց իրենց դարերով երազած կարգն է:

Այնուամենայնիվ, գործող դեմոկրատիան երբեմն (ու միմիայն երբեմն) կարևոր է, որովհետև սա այն անարյուն ուղիներից է, ինչով հնարավոր է, որ ժողովուրդը մի քանի (ճակատագրական) վճռին հավանություն տա կամ դրանք մերժի, օրինակ, «Հա» ու «Չէ» ասելով: Կամ ազատվի անցանկալի կառավարությունից: Կամ հաստատի երկրի պատերազմելը կամ հանձնվելը: Կա´մ օրենքներ հաստատի կամ է´լ մերժի, կա´մ անկախ պատգամավոր ու դատավոր ընտրի ևն:

Բայց երբ դեմոկրատիա ասելով հասկանում են ժողովրդի մեծամասնության ընտրած գործադիր, օրենսդիր ու դատական օրգանների կամ այլ կառույցներից մեկ-երկուսի (կամ բոլորի) անսահմանափակ (անհսկելի ու անպատիժ) իշխանությունը, չարաչար սխալվում են, քանզի անհսկելի ու անպատիժ «դեմոկրատիան» ա´նպայման է դառնում գարշելի բռնակալություն:

Ընտրական «ցուցակային» դեմոկրատիան գարշելի է, որովհետև սա ձեռնտու է միմիայն պետերի հանրությա´նը, միմիայն վարչախմբի´ն, ու ոչ թե ժողովրդի մեծ մասին: Այսպիսի դեմոկրատիան արդեն կարող է խախտի դարերով հաստատված բարոյաիրավական կարևոր նորմերն ու օրենքները, ու հենց խախտում է´լ է: Դեմոկրատիայի տված մանդատով, օրինակ, պետական վարչախումբը կարող է անհատի ունեցվածքը հենց վարչախմբի´ հաստատած գնով խլելու իրավունքի «օրենք» հանի (օրինակ, «Պետության գերակա շահի ՀՀ օրենքը»):

Կամ, հնարավոր է, որ դեմոկրատիայի տված մանդատով, հակասելով տեղական ավանդույթներին, վարչախումբն օրենք հանի, թե թույլատրելի է համասեռավորների ամուսնությունը, ու որ այսպիսի «ընտանիքներն» իրավունք ունեն երեխա որդեգրեն ու դաստիարակեն, ինչը հանրության անդամների մեծ մասը գուցե համարի գարշելի (այդ հանրության բոլոր նորմերի տեսակետից):

Կամ էլ հնարավոր է, որ դեմոկրատիայի տված մանդատով երեխաների իրավունքներն իբր պաշտպանող այնպիսի´ օրենքներ հանի, որ երեխայի տուտուզին մի հատ դաստիարակչական հարվածի համար երեխային խլեն ծնողներից ու տանեն մանկատուն կամ տան ուրիշին, ինչը նորից այլանդակություն է, ու ընտանիքի սեփականության ոլորտի կոպիտ խախտում է: Սա արդեն դեմոկրատիա չի, քանզի, ինչպես ասվեց, սա փոքրամասնության կամքը փաթաթում է մեծամասնության վզին:

Այս օրենքների ընդունող հաստատողը Ազգային Ժողովն է, ու սրա ընդունել-հաստատելու պրոցեդուրան համարվում է դեմոկրատական միմիայն այն պատճառով, որ Ազգային Ժողովը ի´նքն է ընտրվել դեմոկրատական ձևով:

Երբ ժողովրդի մեծամասնությունն իր ընտրություններով այնպես է իբր իշխում, որ իշխանական մարմիններն ամեն ինչը որոշում են իրե´նց ուզած ձևով, սա արդեն իշխանության ու նաև «դեմոկրատիայի» ամենագարշելի ձևն է:

7.2 Դեմոկրատական մանդատն օրե՞նք

Այսօրվա իշխանությունները, իրենց կամայականություններն ու սխալներն արդարացնելու համար, սովորություն են դարձրել հետևյալ (իբր անխոցելի) «դեմոկրատական» պատրվակը.

«Դո´ւք եք մեզ իշխանության մանդատ տվել, ուրեմն, այն ամենը, ինչ մե´նք ենք ձեր անունից անում, ճիշտ է ու արդարացի ու, իհարկե, օրինական է, այսինքն, օրենք է»:

Կասկած չկա, որ այսպիսի դեմոկրատիան իշխանական կամայականություն է ու անիրա´վ է, անարդա´ր է ու անթույլատրելի´:

Չի կարելի, որ իշխանության մոգոնած ամեն բանին ասեն օրենք, ու սա դառնա´ օրենք: Մանավանդ չի կարելի, որ չինովնիկների հրամաններն ու հրահանգները ու «պետերի առաջնահերթ ծրագրերը» համարվեն կամ դառնան օրենք:

Սրանք արդեն ոչ թե օրենք են, այլ օրենքի ծաղր, որովհետև, որպես կանոն, սըրանք մի´միայն արդարացնում ու պաշտպանում են վարչախմբի թալանչիական բոլոր կամայականությունները:

Այսպիսի դեմոկրատիան ոչ մի բանով լավը չի անսահմանափակ բռնակալությունից, բայց, հնարավո´ր է, որ բռնակալությունից վատը լինի:

Հենց մտավորականությո´ւնը պիտի ամենա´յն ձևով պայքարի, որ մի´միայն բարոյակարգային սահմանադրությո´ւնը, կամ դատարաննե´րը, կամ է´լ հանրաքվենե´րը սահմանեն, թե նորմերին հատուկ ո´ր դրույթները համարվեն օրենք, որոնք` չէ´ (տես 10-րդ գլուխը):

Ու հենց դատարաննե´րն ու Օրենսդիր Ժողո´վն են (տես 10-րդ գլուխը), որ պիտի զբաղվեն այնպիսի նորմերն ընտրելով ու դրանք այնպե´ս մշակելով, այնպե´ս ընդհանրացնելով, որ թե´ իշխանությունների, թե´ առանձին խմբերի, թե´ անհատների կամայականությունները դառնան նվազագույնը:

Օրենքները պիտի հաստատվեն միմիայն բոլո´ր-բոլո´ր մարդկանց համար, ոչ թե պետերի խմբի (պետության) կամ առանձին փոքրամասնությունների համար, որ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը չխախտվի:

Ասվեց, որ սխալ է, երբ մտածում են, թե «մեծամասնությունն ա´նպայման է իմաստուն կամ ա´նպայման է ճիշտ»: Մեծամասնությունը անհատ չի, որ մտածի ու կարենա խելոք կամ իմաստուն լինի:

Մեծամասնությունը գուցե նույնիսկ դարերով պնդի, թե Երկիրը տափակ է, բայց Երկիրն այս պնդումից չի տափակի:

Ու կոպիտ սխալ է, երբ անհատ մարդու հատկությունները վերագրում են մարդկանց խմբերին ու նույնիսկ ողջ ժողովրդին: Ժողովուրդը չի´ մտածում, չի´ կարող մտածի, որովհետև երբ էլ որ ժողովուրդ կոչվածը «մի մարդու պես մի կարծիք է հայտնում», միշտ է´լ կրկնում է մի հատիկ մարդու ասածները:

Ուրեմն, բարոյակարգի (այսինքն, ազատ շուկայական հարաբերություններով հասարակարգի) նպատակը դեմոկրատիան չի:

Այնուամենայնիվ, բարոյակարգը դեմ չի նվազագույն վարչախմբի ոչ այնքան հաճախակի դեմոկրատական խելամիտ ու տեղին մասնակի քայլերին:

Բարոյակարգի նպատակը երկրում բոլորին հավասար նայող օրենքի այնպիսի´ բռնակալություն հաստատելն է, ինչը չի թողնում, որ պետերի անհսկելի ու անպատիժ վարչախումբը իրեն հռչակի պետություն ու դառնա ժողովրդին դավաճանող թալանչի բռնակալ:

Բարոյակարգը հնարավորություն է տալիս, որ բարոյաիրավական նորմերը չըխախտող ամե´ն մի քաղաքացին հետամուտ լինի միայն ի´ր նպատակներին ու ազատ ստեղծի ու հետո էլ ազատ ու կամավոր փոխանակի իր ամեն ինչը:

Բարոյակարգը հնարավորություն է տալիս, որ բոլորն իրար կամավոր գործակցեն, իրար կամավոր օգնեն ու հարստանան: Ուրեմն իշխող վարչախմբի միայն ա´յն ցանկություններն ունեն օրենք դառնալու «մանդատի իրավունք», որոնք չեն խախտում բարոյականության հիմնական նորմերը: Ինչո՞ւ:

Որովհետև միայն բոլորի´ հարստանալով է, որ պիտի ստեղծվի ժամանակակից ա´յն հզոր կարգն ու բանակը, ինչը կլինի թե´ մեր խաղաղ ու բարգավաճ կյանքի, թե´ մեր բոլոր առկա ու ապագա թշնամիներին դիմագրավելու միակ գրավականը:

Սա´ պիտի լինի մեր հավատամքն ու նպատակը, մեր այն միա´կ նպատակը, ինչը պիտի ընդհանուր լինի բոլորիս համար, եթե մեզնից ամեն մեկը խաղաղ ու անվըտանգ ներկա ու ապագա է ուզում:

7.3 Նվազագույն վարչախումբը

Կրկնեմ, որ նախորդ շարադրանքի անխուսափ եզրակացությունը հետևյալն է.

Մեր մտավորականության կույր հավատն առ բարի ու արդար պետերի անհսկելի վարչախմբի ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ չի թողնում, որ հենց ի´նքը, մտավորականությունն ու սրան հետևող ժողովուրդը երբևէ գլխի ընկնի, որ իրեն պետություն հըռչակած պետերի վարչախումբը մի´շտ է դառնում անհսկելի:

Ուրեմն, նորից ու նորից ասեմ, որ միայն մի ճար կա – պետերի խումբը պիտի, ինչքան հնարավոր է, քիչ ու անզոր լինի: Այսինքն, քանի որ պետերի վարչախումբը չարիք է, այս չարի´քը պիտի լինի նվազագույնը:

Մտավորականությո´ւնը պիտի բացատրի ու համոզի մեր ողջ ժողովրդին, թե քանի որ մեր պետերի այս ծավալուն ու անհսկելի վարչախումբ-պետությունը չարիք է, ուրեմն, այս չարիքը պիտի լինի նվազագույնը:

Բայց մեր մտավորականության ասված կույր հավատն ու խավարամոլությունը (երբեմն էլ – շահամոլությունը) չի թողնում, որ գիտակցի, որ մեր պետերի այս անհսկելի, անպատիժ, ծավալուն ու ամենազոր վարչախումբը մի´շտ է չարիք ու միշտ էլ չարիք կլինի:

Չի թողնում, որ հասկանա ու հետո մեր ժողովրդին բացատրի, որ անհսկելի, անպատիժ ու ծավալուն վարչախումբը, ինչպես էլ սրան ընտրես, դառնում է ժողովըրդին թալանող ու կեղեքող կոկորդիլոսների մի հարաճուն բանակ: Որ բացատրի, որ այս բանակը գնալով ավելի ու ավելի շա´տ է կոկորդիլոսանում: Ուրեմն, միակ ելքն այն է, որ այս չարիքը լինի – ինչքան հնարավոր է – քիչ ու անատամ:

Բացատրի մեր ժողովրդին, որ այս վարչախումբն ինչքան ավելի փոքրաթիվ լինի ու ինչքան ավելի քիչ իրավունք ու լիազորություն ունենա, այնքան ավելի լավ կլինի ողջ ժողովրդի´ համար:

7.4 Տոտալիտարիզմի ակունքը

Ահա Ֆ. Ա. Հայեկի 1941 թվի նոյեմբերին ասածը ազատության կորստի մասին:

«Թերևս պարզ է, թե կենտրոնական {այսինքն, սոցիալիստական} պլանի կիրառությունն ինչո´ւ է անպայման հասցնում տոտալիտար հասարակարգի:

«Ո´վ էլ լինի արտադրության միջոցները հսկողը, ի´նքը պտի որոշի, թե սրանք ի´նչ նպատակների համար են: Ինչո՞ւ: Որովհետև այսօրվա պայմաններում տնտեսական գործունեության հսկողությունը նշանակում է մեր թերևս բոլոր նպատակների համար հարկավոր նյութական միջոցների´ հսկողություն: Կնշանակի, սա մեր համարյա ողջ գործունեությա´ն հսկողությունն է:

«Արժեքների մանրամասն սանդղակի հենց բնույթը, ա´յն արժեքների, որոնցով պիտի ղեկավարվի պլանավորելը, անհնար է դարձնում, որ այդ պլանը կազմվի դեմոկրատիային {այսինքըն, ազատ շուկայական արդարությա´նը} գոնե նման մի բանով:

«Պլանային կարգի տնօրենն ա´նպայման է մնացած բոլորին պարտադրում արժեքների ի´ր սանդղակը, նպատակների ի´ր հիերարխիան: Երբ սրանք արդեն բավարար են այդ պլանը կազմելու համար, պիտի ա´նպայման ներառնեն մի այնպիսի´ հիերարխիա, ինչի մեջ ամեն մեկի կարգավիճակն արդե´ն որոշված է:

«Պլանավորողը, մարդկանց համոզելու համար, որ այս պլանը կիրականանա ու պատրանք ստեղծելու համար, թե պլանավորողը իրագործելու է այս պլանը, պիտի մարդկանց ստիպի, որ հավատան, թե ընտրված նպատակները ճիշտ են:

«Սրա համար էլ այս պլանի կամ սրա գաղափարական հիմքերի ամեն մի քննադատությունը համարվելու է դավաճանություն:

«Ուրեմն անհնար է, որ {սոցիալիստական որևէ դեմոկրատական հասարակարգում} մտքի կամ մամուլի ազատություն լինի, որովհետև այստեղ արդեն պարտադիր է, որ ամեն ինչը ղեկավարվի մտածողության միայն մի´ սիստեմով:

«Ու չնայած սոցիալիզմի տեսությունն ուզում է մտքի ազատությունը շատացնի, այնուամենայնիվ, այս տեսակ կոլեկտիվիզմի որևէ հետևողական պրակտիկան հասցնում է միաժամանակ ֆաշիզմին, նացիզմին ու կոմունիզմին {այսինքն, սոցիալիզմի տարատեսակներին} հատուկ բնութագրերին:

«Տոտալիտարիզմը հենց հետևողական կոլեկտիվիզմն է, այսինքն, հենց ա´յն սկզբունքի հետևողական գործադրությունն է, ինչն ասում է. «Ամբողջն անհատի համեմատ առաջնային է»: Իսկ «ամբողջի առաջնայնություն» ասելով էլ` հասկացվում է հասարակարգի ամեն մի անհատի հնազանդությունը մի´միայն մեկի´ կամքին»:

7.5 «Անարքիա» բառի իմաստը նենգափոխ է

Մեր ուսյալները երբեք չեն գիտակցել հետևյալ բաները:

Բացարձակ ազատություն չի եղել, չկա ու չի լինի ոչ մի տեղ, ոչ մի հանրության մեջ:

Հանրությունը պարտադիր համակեցություն է, ուրեմն, հանրության անդամը պիտի ա´նպայման հաշվի առնի մնացած անդամների առկայությունը, դրանց շահերն ու իրավունքները: Ու եթե հանրությունը չունենա որևէ տեսակ ղեկավարություն, այդ հանրությունը ցրիվ կգա:

Եթե չխոսենք հանրությունը առաջնորդով կամ շամանով ու թաբուներով ղեկավարելու James George Frazer-ի նկարագրած վաղնջական ձևերից (տես J. G. Frazer-ի “Pscyche’s Task”-ը) ու հետագա ցեղային ժողովից ու սովորութային օրենքներից ու գուցե նաև ուրիշ հնարավոր ձևերից, հնարավոր է, որ հանրությունը ղեկավարելու ձևերը պայմանական բաժանվեն մի քանի հիմնականի:

Հանրության անդամների ուղեղներում առկա ու էվոլյուցիայի (ինքնին) սպոնտան փոփոխություններով առաջացած ղեկավարության բնազդային մեխանիզմից, ինչով ղեկավարվում են, օրինակ, մրջնանոցը, տերմիտնոցը կամ մեղվի պարսը, չենք խոսի: Ղեկավարվելու այս բնազդային ձևի ուսումնասիրությունը թերևս միայն կենսաբանների խնդիրն է:

Հանրությունը ղեկավարելու մի տարածված ձևը մի հզոր «հերոսի» ու սրա հավաքած վարչախմբի մի կենտրոնից (պալատից, կառավարությունից, քաղաքական բյուրոյից) ղեկավարելու ձևն է, ինչը գուցե առաջացել է Ֆրեզերի նկարագրած ձևերից:

Ղեկավարելու այս «պարբերական» (այսինքն, ժառանգովի, դինաստիական) ձեվի օրինակներն են – արևելյան բոլոր տոտալիտար թագավորությունները:

Բայց սրանց մեջ օրինակ Հին Եգիպտոսինը, Սպարտայինը, ինկաներինը (առաջին երկուսին ղեկավարող բուրգի գագաթին «թագավորներն» էին, Սպարտայինը՝ երկու թագավոր ու ծերակույտը, ինկաներինը՝ մի թագավորը), հռոմեական իմպերատորներինը, պապական կայսրությանը թերևս լրիվ կամ մասամբ սոցիալիստական էին:

Սրանցից կատաղի սոցիալիստական են – բոլշևիկյանը, հիտլերյան նացիոնալ սոցիալիստականը, Չինաստանի Մաո-Ցզե-Դուն-յանն ու նաև հետագա Կամբոջայի կարմիր կխմերներինը, այսօրվա հյուսիսկորեականն ու Կուբայինը ևն):

Թերևս ճիշտ կլիներ, եթե մի կենտրոնից ղեկավարելու բոլոր այս վարչախմբային ձևերին ասեինք «արքիական», այսինքն – արքայական, արքոնտային, վարչապետային, պրեզիդենտական ևն (ի հակադրություն հանրությունը ղեկավարելու ապակենտրոն «անարքիական» կամ «անարխիական» ձևի):

Հաջորդ ձևը հին աթենացիների հայտնագործած համարյա անարքոնտ կամ համարյա անարքիական, ապակենտրոն կամ անկենտրոն ձևն է, ինչը հենց (համարյա) անվարչախումբ կապիտալիստական կամ բարոյակարգային ձևն է: Սա բավական տարածված էր անտիկ աշխարհում (օրինակ, Հունաստանում, նաև Հին Հռոմում, իհարկե, կիսատ-պռատ):

Այսպիսի անարքիական հանրության վարչախմբի թե´ քանակը, թե´ իրավունքները նվազագույնն են – մինիմումին են հասցրած: Սրա համար էլ սրան հաճախ ասում են «մինարքիական կարգ», մինարքիա, նվազագույն վարչախմբով կարգ:

Ուրեմն, «քաոս» բառի հականիշը «անարքիա»-ն («անարխիա»-ն) չի, քանզի ասված իմաստով անարքիան ու մինարքիան խիստ կարգավոր հանրությունն են:

(Հնարավոր է, որ սա նաև սեմական խմբի մի բարբառով խոսող փյունիկցիների (ուրեմն, նաև սրանց մի գաղութի – կարթագենցիների) հայտնագործությունը լինի: Երևի իզուր չի, որ հին հույերը հաճախ իրենց համարում էին փյունիկցի Կադմոսի հետնորդները):

Հանրությունը ղեկավարելու այս համարյա անարքոնտ, անարքա, այսինքն, համարյա անվարչապետ, կա´մ անթագավոր, կա´մ ապակենտրոն կապիտալիստական ձևը վիթխարի հաջողության հասցրեց թերևս երեք ժողովրդի – փյունիկցիներին, հին հույներին ու հին հռոմեացիներին:

(Իսկ հետագայում էլ վիթխարի հաջողության հասցրեց անգլոսաքսոններին ու մի քանի այլ եվրոպական ու Հեռավոր Արևելքի ժողովրդի, չնայած սրանք այս ձևը կիրառեցին ու դեռ կիրառում են խիստ մասնակի):

Հանրությունը բացարձակ արդարամիտ ու իմաստուն «հերոսի» ու սրա «հերոսիկների» վարչախմբով ղեկավարելու արքիական-վարչախմբային ձևի բոլոր տեսակների ջատագովներն էլ, այսպես, թե այնպես, մասնակի ձրիակերության (քողարկված տեսակի) կողմնակիցն են:

Սրանք, ի վերջո, պաշտպանում ու նաև պաշտամունքի առարկա են դարձնում հանրությունը ղեկավարելու այս մասնակի ձրիակերային ձևի բոլո´ր տեսակները:

Սրա համար է, որ այսօրվա մասնակի ձրիակերության մոլագար բոլոր գույն ու երանգի սոցիալիստները, սկսած մարքսիստ բոլշևիկներից, անընդհատ ու անընդհատ զրպարտում են հանրությունը ղեկավարելու անվարչախումբ անարքիական ապակենտրոն ձևը, հայտարարելով, թե իբր այս «անարքիա»-ն նշանակում է, որ հանրության մեջ ավազակային ամենաթողություն է ու լրի´վ քաոս, նաև համատարած բռնություն, թալան ու կոտորած է ևն, ևն:

Քաոսով ապրող կենդանական հանրություն, հոտ կամ «հասարակություն» չկա բնության մեջ: Ակնհայտ է, որ հենց այնպիսի հանրություն ծագի, որտեղ ոչ մի կանոն չգործի, այն իսկույն ցրիվ կգա, որովհետև, սրա անդամներն իրար ուղղակի «կհոշոտեն»: Այնինչ, անարքիայով կամ մինարքիայով ապրող անասնական հանրության բազում օրինակ կա, օրինակ, աֆրիկյան խոտակերների կամ ամերիկյան բիզոնների միլիոնանոց հոտերը, կամ առյուծների փրայդներն ու գայլերի ոհմակները ևն, ևն:

Հին աթենացին, ի տարբերություն այսօրվա ուսյալի, անարքիան երբեք չէր համարում քաոս: Եթե հին աթենացուն ասեիր. «Արի անարքիայով ապրենք», ինքը չէր զարմանա: Ինչո՞ւ: Որովհետև, ինչպես տեսանք, առանց այդ էլ հին աթենացու կյանքը համարյա առանց արք+ոնտի ու առանց սրա վարչախմբի էր: Այնուամենայնիվ, երբ պետք էր լինում, հին հույներն իրենց համար իսկույն մի արքոնտ կամ ստրատեգ էին ընտրում:

Բայց մեր օրերի նույնիսկ դիպլոմավոր ուսյալն ուղղակի չի պատկերացնում, թե ինչպես է հնարավոր, որ ապրի առանց վարչապետ-արքոնտի ու սրա վարչախմբի, ճիշտ ինչպես երևի ոչխարը չի պատկերացնում, թե ինչպես ապրի առանց հովվի:

Սրա պատճառն այն հանգամանքն է, որ վերջին մեկուկես դարում սոցիալիստների նպատակային, հետևողական, վիթխարի ու եռանդուն զրպարտանքը հույժ վարկաբեկել է թե´ կապիտալիզմի, թե´ անարքիայի անունները (սրանց ճշմարիտ իմաստը համարյա բոլո´ր ուսյալների համար են մութ):

Այդ զրպարտանքն այս անուններից առաջինը դարձրել է վայրի բռնության ու թալանի, իսկ երկրորդը – ամենաթող, անսահմանափակ, բացարձակ անօրեն-անկարգ-ու-ավազակային ազատության ու կատարյալ քաոսի համանիշ:

Համոզվենք, որ այս երկուսն էլ զրպարտանք են:

7.6 Օրենքի բռնակալությունը կարգավոր անարքիա է

Նախ շեշտենք, որ կապիտալիզմ-բարոյակարգի տեսությունը խոսում է մի´միայն անհատի հասարակական ա´յն ազատությունից, ինչը սահմանափակ է բարոյակարգի օրենքներով (տես 8-րդ գլուխը):

Բարոյակարգին կողմնակից կապիտալիստը համարում է, որ անհատը հասարակության մեջ ազատ է, եթե պարտադիր ենթարկվում է բարոյական նորմերին ու սրանցից բխող սովորութային օրենսդրությանը, բայց զերծ է որևէ ուրիշ մեկի ու մանավանդ պետերի վարչախմբի անօրեն հարկադրանքից:

Ազատության գաղափարը հասարակական գաղափար է: Սա անիմաստ է, եթե հասարակությունը չկա: Եթե այս ողջ աշխարհը մի անմարդաբնակ կղզի լիներ ու այդ կղզու վրա էլ հրաշքով մեն-մենակ ապրեր մի անմահ Ռոբինզոն, այդ Ռոբինզոնի ազատության կամ անազատության հարցն անիմաստ կլիներ:

Անիմաստ կլիներ, որովհետև այդ կղզու վրա հասարակություն չէր լինի, ուրեմն, Ռոբինզոնին հարկադրելու հնարավորությունը չէր լինի: Այս կոնկրետ իմաստով, այսինքն, լիբերթարյան տնտեսագետի´ իմաստով, շատ խորը փոսը պատահական ընկած Ռոբինզոնը լրի´վ է ազատ, ուղղակի` իր բախտը չի բերել:

ԱՔՍԻՈՄ. Բարոյակարգ-կապիտալիզմի ասած անարքիան երբեք էլ անհատների հանրության քաոսը չի, երբեք էլ բացարձակ ավազակային ազատությունը չի: Այս ղեկավարությունը խիստ կարգավոր է, չնայած այս կարգը հաստատողն օրենքի անկենտրոն կամ ԱՊԱԿԵՆՏՐՈՆ ղեկավարություն է:

Մարդկության փորձի տրամաբանական վերլուծությունը ցույց է տվել, որ միայն ու միայն բարոյականության հիմնական նորմերի վրա հիմնված բարոյակարգն է ամեն մի անհատին տալիս գործունեության ամենաշատ մասնավոր կամ անհատական ազատությունը:

Այո´, բարոյակարգ-կապիտալիզմի ժամանակ անհատի հասարակական ազատությունն առավելագույնն է: Այստեղ այս ազատությունը բաշխվում է առավելագույն արդարությամբ:

Ուրեմն, ազատություն ասելով ավստրիական դպրոցի տնտեսագետները հասկանում են հասարակության մեջ անհատի հարաբերակա´ն ազատությունը, այն էլ մի´միայն բարոյակարգի օրենքների շրջանակներում:

Ազատությունը, մեծ մասով, անհատից խլում են պետերի վարչախումբն ու բարոյակարգը խախտող անհատները, թալանչի «օլիգարխները» (ուրիշ խոսքով, լութոկրատները): Տնտեսագետի տեսանկյունից անհատի ազատությունն այնքա´ն է շատ, ինչքան քիչ է ուրիշի (նախ – պետային վարչախմբի) հարկադրանքը:

Ազատությունը վաճառելի է (օրինակ, երբ մեկը դառնում է վարձու ծառայող, իր ազատության մի որոշակի մասը վաճառում է իր գործատուին): Կնշանակի, ազատությունը բարիք է, ապրանք է ու կարող է շատ կամ քիչ լինի:

Նույնիսկ բարոյակարգի ժամանակ, հարուստների ազատության չափն ավելի շատ է, քան աղքատներինը: Բայց սա արդար է, որովհետև միայն բարոյակարգի ազատ մրցությունն է որոշում, թե ով ու ինչքան հարուստ լինի, ուրեմն, նաև – ինչքան շատ ունենա ա´յն կենցաղային իմաստով ազատությունից, ինչի հնարը մասնավոր ունեցվա´ծքն է տալիս:

Այսինքն, հարուստ կամ աղքատ լինելն ու սրանց ընձեռած ազատության չափը (բարոյական հասարակարգի մեջ), ի վերջո, կախված է ամեն մեկի անհատական շնորհքից ու տաղանդից, սրա աշխատասիրությունից, համառությունից ու նպատակասլացությունից (նաև բախտից, բայց բախտից բողոքելն անիմաստ է):

Ու այսպիսի կարգի մեջ ամեն անհատն է´լ իր այս ազատության չափը մեծացնելու իրական հնարավորությունն ունի´: Ջանասեր եղար, շնորհք ու տաղանդ ունեցար` կհարստանաս: Հարստացա´ր, ազատությանդ չափը կշատանա:

Ծույլ ու անբանի մեկը եղար, մյուսներից վատ ես ապրելու, կամ էլ` շատ վատ ես ապրելու ու կարող է՝ բոմժ է´լ դառնաս, ու այդ ժամանակ հասարակական շատ քիչ ազատություն կունենաս, բայց սա արդեն քո´ ընտրությունն է: Ուզո՞ւմ ես ավելի հարուստ ու ավելի ազատ լինես, ծույլ ու անբան մի´ եղի:

Անշնորհք ու անտաղանդ եղար, շնորհքովներից ու տաղանդավորներից վա´տ ես ապրելու, ու քո ազատությունն էլ իրենց ազատությունից քիչ է լինելու:

(Սա էլ քո բախտն է, հո բոլորն էլ բախտավոր չե՞ն լինի, բայց էլի ապրելու ես, հացի կարոտ չես մնա: Իսկ անբարո հասարակարգում հնարավոր է, որ հացի կարոտ լինի նույնիսկ տաղանդավո´րը, եթե սկզբունքային ու ազնիվ լինի):

Բախտն ու պատահականությունն է´լ են կարևոր, բայց բախտն ու պատահականությունն օգնում են միայն ա´յն մարդուն, ով անընդհա´տ է աշխատում, ով իրո´ք է ուզում – իր ազատությունը շատացնի: Հենց ա´յս մարդն է միայն, որ հայտնի անեկդոտի ասածի պես «պատահաբար թփերի տակ դաշնամուր է գտնում»:

Հետաքրքիր է, որ մասնավոր անձեռնմխելի սեփականությունն ազատության մաս է տալիս ո´չ միայն այդ սեփականության տիրոջը, այլև ա´յն մարդկանց, ովքեր զուրկ են սեփականությունից:

Օրինակ, մասնավոր (ու իրոք ազատ) թերթ, ռադիոալիք կամ հեռաալիք ունեցող մասնավոր անհատին ձեռնտու է, որ իր թերթով կամ ալիքով հանդես գան նաև ուրիշները: Հանդես գան նաև ա´յն մարդիկ, ովքեր աղքատ են, բայց շնորհալի կամ իմաստուն ու հեղինակավոր են համարվում: Ուրեմն, սեփականությունից զուրկ մարդիկ է´լ են ունենում կարծիք հայտնելու ազատությունը:

Կնշանակի, եթե բարոյակարգի մեջ մեկի ազատությունը շատանում է, հնարավոր է, որ ազատության մի մասը բաշխվի ուրիշներին, առանց քչացնելու տիրոջ ազատությունը:

Այս բաները ճիշտ են, եթե մասնավոր սեփականությունը պարտադի´ր է պաշտպանված, անձեռնմխելի´ է, ու ոչ մեկը սա խլելու կարողությունը չունի: (Չմոռանանք, որ ես ազատությունն է´լ եմ համարում մասնավոր սեփականություն, ուրեմըն, նաև բարիք-ապրանք, որովհետև ազատությունն է´լ է վաճառելի: Երկրորդն էլ, ազատությունը մի´շտ էլ որևէ սեփականություն տնօրինելո´ւ ազատություն է):

Այսինքն, ասվածները ճիշտ են, երբ հանրության անդամների հարաբերությունները (համաձայն բարոյականության երկրորդ հիմնական նորմի, տես 8.1-ը) կարգավորվում են միմիայն գործող անփոփոխ բարոյական օրենքով, ու ա´նպայման կա նաև անխափան գործող օրենքով պաշտպանված ազատ մրցություն:

Կապիտալիզմ-բարոյակարգը մի´շտ է դեմ ավազակային անօրեն ու ամենաթող «ազատությանը», այսինքն, քաոսին, բայց կողմ է անարքիային, ինչը, ինչպես տեսանք, բոլորովին էլ ավազակային ամենաթողությունը կամ քաոսը չի:

Կապիտալիզմ-բարոյակարգի պահանջած ազատությունը – ազատություն է մի´միայն բարոյական ԲՌՆԱԿԱԼ օրենքի շրջանակներում:

Կապիտալիզմ-բարոյակարգը (բարոյակարգային անարքիան), կարգավո´ր հասարակարգ է, ընդ որում, այս հասարակարգի կարգ հաստատող բռնակալը – անխուսափ ու անխափան գործող բարոյական օրե´նքն է:

Այս օրենքի հիմքը հռոմեական իրավունքի հիմնական թեզերն են, որոնց գործունեությունը մինչև այսօր ո´չ միայն որևէ երկրում քաոսային հասարակարգ չի առաջացրել, այլ հաստատել է առավել բարոյական կարգ – բոլոր այն երկրներում, որտեղ սա կիրառվել է: (Իհարկե, այս կարգը միշտ էլ մասնակի´ է կիրառվել):

Ասվել է, որ հանրության անդամները պիտի ա´նպայման հաշվի առնեն ուրիշների գոյությունը, ցանկություններն ու կարիքները, թե չէ` այդ հանրության անդամների համակեցությունն անհնար կլինի:

Այս միտքը շատ լավ է բացատրում հետևյալ ամերիկյան անեկդոտը:

ԱՄՆ-ի դատարաններից մեկը դատում է մի մարդու, ով ծեծել է մի ուրիշին: Երբ դատավորը հարցնում է դատվողին, թե սա ինչո՞ւ է բռունցքով խփել տուժողին, դատվողն ասում է.

– Ես ազատ երկրում եմ ապրում, ու բռունցքներս բոլոր ուղղություններով էլ ազատ շարժելու իրավունքն ունե´մ, ու օգտվել եմ իմ այս ազատությունից: Տուժողի քիթն էլ, պատահական, բըռունցքիս ճամփի վրա ա էղել:

Դատավորը, ով հիանալի գիտեր բարոյականության հիմնական նորմերն ու սըրանց կարևորությունը, ասում է մեղադրյալին.

– Բռունցքներդ շարժելու քո ազատությունը սահմանափակ է հարևանիդ քթի դիրքով ու հեռավորությամբ:

Մարդկանց երազը միշտ է´լ եղել է հենց այնպիսի´ մի հասարակարգը, ուր անհատի ազատությունը նախ` ամենաշատն է, ու երկրորդը` այնպիսի´ հասարակարգը, ուր անհատների ազատությունը հնարավորին չափ արդար է բաշխված:

Իսկ այդպիսի հասարակարգը միմիայն (համարյա) անվարչախումբ, այսինքն, համարյա անարքիական բարոյակարգ-կապիտալի´զմն է, մինարքիա´ն է, ինչը հիմնված է բարոյականության հիմնական նորմերի վրա:

Ուրեմն, բարոյական հանրության, այսինքն, իսկական կամ ճշմարիտ կապիտալիստական կարգի անդամներից ոչ մեկի ազատությունը բացարձակ չի, ու ոչ մեկի համար գազանային կամ ավազակային ամենաթողությունը թույլատըրված չի:

Ավելին, այստեղ կա նաև խոսքի ու ինֆորմացիա ստանալու գործող ու պաշտպանված ազատություն (էլի օրենքի սահմաններում):

Կարճ ասած, համարյա անվարչախումբ անարքիական բարոյակարգ-կապիտալիզմի պահանջած ազատությունը – ազատություն է (առաջին հերթին) իրեն պետություն հռչակած անհսկելի վարչախմբի´ անբարո կամայականությունից:

(Նաև «մասնավոր» գող ու ավազակներից, բայց սրանք հույժ հազվադեպ են սիստեմատիկ ու անընդհատ թալանում կամ վնասում կոնկրետ մարդուն: Լիքը մարդ կա, ում «մասնավոր» թալանչին այս մարդու նույնիսկ ողջ կյանքում երբե´ք չի թալանում կամ վնասում: Այնինչ, վարչախումբը ամե´ն օր է թալանում կամ վնասում ամե´ն-ամե´ն մեկին, թերևս առանց բացառության):

Բարոյակարգ-կապիտալիզմի այլընտրանքը կա´մ որևէ տեսակ կործանարար սոցիալիզմն է, կա´մ բարոյակարգին միջամտող վարչախմբային կիսակապիտալիզմը, ինչը միշտ դառնում է սոցիալիզմ, այսինքն, հասցնում է ժողովրդի մեծամասնության ճորտությանն ու թշվառությանը ու, ի վերջո, կործանվելուն:

7.7 Օրենքն ու կույր հավատը

Երազային վարչախմբի հայրական բարեխնամության գոյության նկատմամբ մեր ուսյալների կույր հավատը չի թողնում, որ թե´ ուսյալը, թե´ շարքային քաղաքացին հասկանա, որ վարչախմբի նախաձեռնությամբ ստեղծված օրենքները, համարյա առանց բացառության, իսկական կամ ճշմարիտ օրենք չեն ու վնաս են ժողովրդին:

Այս կույր հավատը չի թողնում, որ մտավորականն ու շարքային քաղաքացին հասկանան, թե ի´նչ են ճշմարիտ օրենքն ու իրավունքը: Ու հասկանան, թե ո´ր մի կանոնը պիտի դառնա ճշմարիտ օրենք:

Այս կույր հավատը նաև չի թողնում, որ շարքային քաղաքացին հասկանա, թե օրենք առաջարկելու ու ընդունելու իրավունքը ո´վ ունի:

Սրա´ համար է ժողովուրդը թույլ տալիս, որ պետերի այս անհսկելի, անպատիժ ու անբարո վարչախումբը իր ցանկացած ավազակային կապրիզը կոչի «օրենքի նախագիծ» ու սա հաստատելու տա իր կամակատար ԱԺ-ին:

Ուրեմն, ի՞նչ են իրավունքն ու օրենքը:

Իրավունքը միշտ է´լ մասնավոր սեփականությունը տիրապետելու ու այս սեփականությունն իր տիրոջ հայեցողությամբ ԱԶԱՏ գործածելու կարողությունը կամ հնարավորությունն է (չխախտելով ուրիշ որևէ մեկի սեփականություն տնօրինելու իրավունքները):

Օրենքը իրավունքի ա´յն կանոնն է, ինչը հստակում է ա´յն սահմանը, որը որոշում է ամեն մի անհատի կյանքի ու գործերի ա´յն ոլորտն ու արարքների ա´յն տիրույթը (դոմենն ու «քայլերը»), ինչի ներսը այդ անհատի կյանքն ու գործերը ազատ են որևէ ոտնձգությունից:

Այսպիսի կանոններին ասում են` նաև նորմ:

Օրենքը իրավունքի բանաձևն է: Օրենքը միշտ էլ սեփականությո´ւն տնօրինելու ազատության իրավական կանոնն է կամ բանաձևը:

Կրկնեմ, որ ունեցվածքը կա´մ նյութական, կա´մ հոգևոր բան է: Սա նաև մի բարիք է կամ մի ծառայություն, ինչը կամ ինչի տնօրինության իրավունքը կարող է ծախվի, նվիրվի, ուրիշին կտակվի կամ փոխանցվի կամ խլվի ևն:

Անձեռնմխելի ունեցվածքը մի ինչ-որ բարիքը կամ ծառայությունը (նաև` «անտեսանելի, անշոշափելի» բարիքը, օրինակ, ազատությունը) միմիայն դրա տիրոջ հայեցողությամբ տնօրինելու իրավունքն է:

Սա´ է հռոմեական իրավունքի սկզբունքը:

ԱՔՍԻՈՄ. Չլիներ մասնավոր սեփականությունը, չէր լինի նաև իրավունքը:

Ուրեմն, բարոյական կամ կապիտալիստական իրավունքի աղբյուրը օրենքով պաշտպանված մասնավոր սեփականությունն է:

Ասվել է արդեն, որ (օրինակ) ինկաների պետության մեջ մասնավոր ունեցվածքն ա´յն աստիճան էր վերացած, որ նույնիսկ դատավոր ու դատարան չկար, ու բոլոր վեճերը վճռում էին պետական չինովնիկները, այսինքն, ամեն մի չինովնիկ նաև անբեկանելի «օրենսգիրք, դատարան» ու «դատավոր» էր:

Անբարո իրավունքի աղբյուրն էլ բիրտ ուժն է, թուրն ու թնդանոթը, տանկը, կամ ավազակային կապրիզը, օրինակ, ճշմարիտ համարվող «սոցիալիստական» կամ «կիսասոցիալիստական» կազմակերպված սուտն ու խարդախությունը:

Ճշմարիտ օրենքները բարոյական ա´յն սովորութային նորմերն են, որոնք առաջացել են սպոնտան, ինքնին, առանց մարդկային գիտակից ծրագրի ու դարձել են ակնհայտ ճշմարտություն համարվող հանրային անգիր կարծիք:

Այս նորմերի իրավացիությունը համարյա երբեք չի քննարկվում: Այսինքն, երբեք չի քննարկվում, թե ինչու չի կարելի, որ սպանես, գողանաս, բռնանաս, բռնաբարես, խաբես, կեղեքես ևն, ևն: Այս բաների անիրավությունը (կամ իրավությունը) աքսիոմ է ու տրամաբանական վերլուծության ենթակա չի:

Այս նորմերն ու սրանց վրա հիմնված օրենքները սկզբում եղել են (թերևս, ցեղային թաբուներից առաջացած) սովորութային նորմ (ինչպես Ջեյմզ Ջորջ Ֆրեզերն է բացատրում իր 13 հատորանոց «Ոսկե ճյուղը» մոնումենտալ գործում), ու նպաստել են տվյալ հանրության հարատևելուն ու բազմանալուն:

Սովորութային օրենքներին հենված իրավունքին ասում են սովորութային իրավունք (commom law): Ու հենց սովորութայի´ն իրավունքի կանոններն են ճշմարիտ կամ իսկական օրենքները:

Սովորութային օրենքները ա´նպայման են մարդու գործունեության արդյունք, բայց մարդկային որևէ գիտակից ծրագրի արդյունք չեն:

Օրենք դառնալուց առաջ, սովորութային նորմերը նախ դառնում են տվյալ հանրության ընդհանուր կարծիքը: Հենց սրա´ համար է, որ հանրության անդամները, անգիտակից-անգիտակից, սովորութային օրենքները համարում են անառարկելի ու ինքնին ճիշտ ու արդար:

Սովորութային իրավական ու նաև հանրային այլ պրոցեսները, (օրինակ) լեզուն ու ոսկի փողը, շուկան ևն, որոնք արդեն երկար ժամանակ է, ինչ մարդկային համակեցության հիմնական ուղեկիցներն են, նույնպես ստեղծվել են իրենց-իրենց, ըսպոնտան ու առանց մարդկային գիտակից ծրագրի:

Հենց սրա համար էլ անհնար է, որ բարոյակարգ-կապիտալիզմի նորմերը լրիվ վերացնես, ու մարդկային բարգավաճ ու անկոնֆլիկտ համակեցությունը մնա: Ու հենց որ այս նորմերի գործունեությունը սահմանափակում ես, հանրության բարգավաճ ու անկոնֆլիկտ ընթացքը խաթարվում է: Ու ինչքան շատ ես սահմանափակում, այնքան շատ ես խաթարում այդ ընթացքը: Մյուս կողմից, վարչախմբի (իբր-պետության) մոգոնած օրենքներին հենված իրավունքին ասում են ստատուտային իրավունք (statute law, գրված իրավունք, իրավական ակտ):

Վարչախմբային (այսինքն, ոչ սովորութային) օրենքները մի´շտ են ստատուտային իրավունքի կանոն: Վարչախմբային օրենքները հորինվում են միայն պետական բյուրոկրատիայի շահերը պաշտպանելու համար ու, կամա՝ թե ակամա, խոչընդոտում վնասում են տնտեսական (արարող) մարդու արարմունքը:

Սրանք, երբեմն բացահայտ ավազակային են: Ավազակային իրավական ակտի մի անթաքույց օրինակը ՀՀ-ի «Անտեսանելի հարստության օրենքն» է (տես իմ «Պետությունը...»):

Պետական անհսկելի վարչախմբի ստատուտային բոլո´ր-բոլո´ր օրենքները ա´նպայման են վնասում անհատի մասնավոր սեփականությունը:

Վարչախմբի մոգոնած օրենքները կա´մ նպաստում են անհատից բռնի գանձվող զանազան ուղղակի ու զարտուղի հարկ ու մաքսերի թվի ու ծավալների աճին, կա´մ կրճատում են անհատի ոչ նյութական սեփականությունը, այսինքն, սահմանափակում են անհատի ազատություններն ու իրավունքները:

Անհսկելի վարչախումբն իր օրենքների մեծ մասը մոգոնում է երկրի աղետաբեր ու կրիտիկական շրջաններում, ողջ ժողովրդի ճակատագիրը բարելավելու համար հրատապ կարիքի կեղծ պատրվակներով ու իբր ժամանակավոր, բայց այս օրենքները համարյա երբեք չեն դադարում գործելուց: Վարչախմբերի մոգոնած այս վընասակար օրենքների թիվն ա´նպայման է աճում:

Նույնիսկ կենդանական հանրությունները (ոհմակները, երամներն ու հոտերը ևն), ա´նպայման են ենթարկվում որոշակի սովորութային նորմերի: Ասվել է, որ առանց սովորութային իրավունքի – որևէ հանրությունն իսկույն կմասնատվի անհատների: Մարդկային քիչ թե շատ բարոյական հանրությունն անհնար է առանց սովորութային նորմերի ու սրանց հետևող օրենքների մի սիստեմի:

Հին հունական պոլիսների մի մասը (մի կարճ – «մինչպերիկլեսյան» ընթացքում) մեր այսօրվա իմաստով «վարչախումբ» թերևս չուներ, չնայած կարող էր ունենար արքոնտ (վարչապետ, իր օգնական 9 պրիտանով) կամ նույնիսկ տիրան, բայց այս տիրաններն էլ էին հարգում սովորութային օրենքները ու հազվադեպ էին խախտում սրանք): Իսկ ի՞նչն էր ղեկավարում նման պոլիսի (օրինակ, «մինչպերիկլեսյան» Աթենքի) կյանքը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Սովորութային օրենքներն ու սրանց վրա հիմնված դատարաններն ու մշտական 6000 հոգանոց ռեֆերենդումը:

Թերևս նույնն էր նաև արդեն հիշատակված Իռլանդիայի վիճակը:

Իռլանդիան, ինչպես ասվել է, համարյա մինչև վերջերս, մոտ 1000 տարի ղեկավարվում էր Բրեհոնյան կոչված օրենքներով, այս օրենքներով դատող դատարաններով ու (աթենացիների պես) համարյա զուրկ էր պետական ապարատից:

Սովորութային իրավական նորմերի իրագործելության հիմնական երաշխիքը այս նորմերի անգիտակից պարտադրությունն է բոլորի´ համար: Ընդ որում, ոչ թե օրենքի խստությունն է կարևոր, այլ օրենքի անխուսափ կիրառությունը:

Օրինակ, սովորութային նորմով ենք վարվում, երբ մեկի ոտը տրորելիս, իսկույն ու առանց մտածելու, շրջվում ու ասում ենք. «Վա´յ, կներեք, պատահական էղավ», այսինքն, «չար դիտավորությամբ չտրորեցի»: Սրա պես բարոյական նորմերի գործադրությունը թե´ անխափան է ու պարտադիր, թե´ անգիտակից է ու ռեֆլեքսային (թե չէ, հնարավոր է, որ սրանք խախտողը պատժվի): Այսպիսի լրիվ վերացական օրենքը կարիք չունի, որ սրա կիրառողն ամեն անգամ տրամաբանական վերլուծությամբ եզրակացնի, որ պիտի ներողություն խնդրի:

Այսինքն, բարոյական իրավական նորմը (ուրիշ խոսքով, ճշմարիտ ու արդար օրենքը) պիտի լինի լրի´վ վերացական, պիտի լրի´վ կույր լինի, ու կախված չլինի տեղի ու պահի հանգամանքներից ու պիտի անխափան ու «անգիտակից» գործի: Միայն վերացակա´ն, կո´ւյր օրենքն է, որ կարող է համարյա անխափան գործի ու դառնա միակ «բռնակալը»: Դառնա «բռնակալ» թե´ պրեզիդենտների, վարչապետների ու նախարարների համար, թե´ շարքային մարդու, թե´ գող ու ավազակի համար:

Միայն ա´յս օրենքն է, ինչը հասարակական կարգը կդարձնի բարոյական, ԵԹԵ ժողովրդի մեծ մասը հավատա, որ այս կարգը իր համար միակ ձեռնտուն է:

Ու այս անգամ, թե որ այսպիսի օրենքը քեզ պատժում է, ոչ մեկից չես նեղանում, որովհետև ումի՞ց նեղանաս, օրենքի կանոնի՞ց, ինչը շատ է նման բնական երևույթներին: Բա, օրինակ, քամուց կամ կայծակից նեղանո՞ւմ են:

Բայց երբ ա´յս տեսակ օրե´նքը չի այդ բռնակալը, այդ ժամանակ քանի´ հատ չինովնիկ կա քեզնից վերև, այդքան է´լ բռնակալ ես ունենում: Ու այդ ժամանակ նեղանում ես ամե´ն քայլափոխին, որ չինովնիկին էլ դեմ ես առնում: Նեղանում ես, որովհետև օրենքն այլևս կույր չի – արդեն ջոկողություն դնող օրենք է:

Պարտադի´ր է, որ բարոյական օրենքը ա´նպայման անփոփոխ լինի:

Մասնավոր առումով, օրենքի անփոփոխությունը հարկավոր է, որ անհատն իր գործունեությունը պլանավորելու հնար ունենա, ու որ անհատը (կամ անհատների խումբը) օրենքի անխափան ու անխուսափ գործունեության վրա ոչ մի ազդեցություն չունենա ևն:

7.8 Պետերն օգտվում են կույր հավատից

Արդեն ասվել է, որ պետերի գործունեության հաջողությունը հիմնված է այն խաբեության վրա, թե պետությունը հենց վարչախումբն է, իսկ երկրի ողջ ժողովուրդը (կամ երկիրը, կամ հայրենիքը) ու այս վարչախումբ-պետությունը – նույնակա´ն են, նո´ւյն բանն են:

Արժի, որ, չվախենալով կրկնությունից, ասվածին մի քանի բան էլ ավելացվի:

Պետերը ժողովրդին արդեն համոզել են նաև (կամ մտածում են, որ արդեն համոզել են), որ վարչախումբը հենց պետությունն է: Բայց, քանի որ վարչախմբերի ապականությունն արդեն ակնհայտ է, վտանգ կա, որ ժողովուրդը մտածի, թե հենց վարչախումբ-պետության կոնցե´պտն է ապական:

Սրա համար էլ մեր այսօրվա վարչապետն անընդհատ հայտարարում է, թե «պիտի այնպես արվի, որ երբ ժողովուրդն ասի «հայրենիք», հասկանա կամ նկատի ունենա հենց պետությունը»: Ինչո՞ւ:

Որովհետև, – թերևս մտածում է մեր վարչապետը, – հայրենիքն ու ողջ ժողովուրդը նույնական են: Ուրեմն, չափազանց է ձեռնտու, որ ժողովուրդը մտածի, թե վարչախումբն ու հայրենիքն է´լ են նույնական:

Ինչո՞ւ: Որովհետև այդժամ այս վարչախումբ-պետության ցանկացած ասածը, ցանկացած կապրիզը (քմահաճույքը), ցանկացած արարմունքը, մանավանդ պետերի գրավոր օրենքներն ու հրահանգները, կդառնան հենց ժողովրդի´ (այսինքն, հենց ամե´ն մեկի, հենց հայրենիքի´) ցանկությունն ու ասածն ու արածը:

Ու արդեն այս վարչախումբ-հայրենիքն ու սրա վարչապետը կդառնան հուր-հավիտյան ճիշտ ու անմեղ, որովհետև համարվում է, թե հայրենիքը հուր-հավիտյա´ն է ճիշտ ու անմեղ:

Ու քանի որ ժողովրդի միամիտ մեծամասնությունն արդեն կույր-կույր կհավատա, թե այս վարչախումբ-հայրենիքը հենց պետությո´ւնն է, սրա համար էլ կույր-կույր կհավատա նաև, որ հենց վարչախումբ-հայրենի´քը պիտի ուժեղ լինի:

Ու կհավատա, որ վարչախումբն ինչքան ավելի ուժեղ լինի, այնքան ավելի լավ, որովհետև ախր ուժեղը հենց իր պետությո´ւնն է, իր հայրենի´քն է, հենց ի´նքն է:

Այս կույր հավատի հետևանքն էլ ուժեղ ու անհսկելի, անզուսպ ու անպատիժ, ուրեմն, նաև անբարո պետերի հարաճուն վարչախումբն է:

Այստեղից էլ այն լրիվ կույր հավատը, թե կա´ ինչ-որ մի գերշահավետ «պետական մտածողություն», կամ «պետականամետություն», ինչը իբր հենց ամեն մի անհատի´ օգտին է, քանի որ սա պաշտպանում է հայրենիք-պետության (այսինքն, իբր հենց ամեն մի անհատի) շահերը:

Ու կհավատա, թե այս պետականամետ մտածողություն կոչվածը հենց վարչապետի´ մտածողությունն է: Ավելի ճիշտ, կհավատա, թե պետականամետ մտածողությունը վարչապետի բոլո´ր-բոլո´ր կապրիզներն ու ամենայն լկտի ու անամոթ արարքներն են: Ու այս կույր հավատը երբեք չի թողնում, որ ժողովուրդը գիտակցի, որ վարչախումբ-պետության շահերը միայն վարչապետի´ ու բոլոր առանձին պետերի´ շահերն են:

(ՀՀ-ի գերագույն պետը 2020-ի պատերազմի համարյա նախօրեին օրենք հաստատեց, ինչը 4 անգամ ավելացնում է ամենաանարդար հարկը, գույքահարկը, ու հետն էլ հայտարարեց.

(«Դուք {այսինքն, ամեն մի անհատը} պիտի ուզենա´ք, պիտի ցանկանա´ք, պիտի պահանջե´ք, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձր լինեն…որովհետև սա´ է ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏ մտածողությունը»:

(Ինչպես ասում են, այս ցինիզմի մեկնաբանություններն ավելորդ են):

Ու այս կույր հավատը երբեք չի թողնում, որ ժողովուրդը հասկանա, որ վարչախումբ-պետություն կոչվածը ընդամենը պետերի հանրությունն է:

Այստեղից բխում են հետևյալ դրույթները:

1. Վարչախումբ-պետությունը ողջ երկրի, կամ ողջ ժողովրդի, կամ հայրենիքի հետ նույնացնելը սխալ է:

2. Վարչախումբ-պետությունը, մանավանդ, անհսկելի ու անպատժելի պետերինը, իր ժողովրդին հարկ ու մաքսով ու փողի կեղծարարությամբ թալանելու մենաշնորհը յուրացրած անբարո պետերի կազմակերպված հանցագործ բանդան է:

3. Երբ վարչախումբ-պետությունը խլում է արարող քաղաքացու ստեղծած բարիքի վիթխարի մասը, չի թողնում, որ արարող մարդը իր բարիքի մի մասը տնտեսի ու հնար ունենա, որ իր գործը ընդլայնի կամ այլ ներդրումներ անի:

4. Վարչախումբ-պետությունը խանգարո´ւմ է, խոչընդոտո´ւմ է մարդկային արարմունքի հիմնական ձևերին, փոխանակությանը, գործակցությանն ու փոխօգնությանը, այսինքն, հակադրվում է համակեցության հենց էությանը: Այս խանգարմունքն ու խոչընդոտներն անընդհատ ու անշեղ շատանում են:

5. Վարչախումբ-պետության ու բարիք ստեղծող ժողովրդի նպատակները հակադիր են, որովհետև բարիք ստեղծող անհատի նպատակը փոխանակության համար բարիք ստեղծելն ու սրա մի մասը խնայելն է, իսկ վարչախումբ-պետության նպատակը – այդ բարիքից, ինչքան հնարավոր է, շատ խլելը, ԻԲՐ արդար վերաբաշխելու համար:

6. Վարչախումբ-պետության ու բարիք ստեղծող ժողովրդի արարմունքի նորմերը հակադիր են:

Ժողովրդի արարմունքի բարոյական հիմնական նորմերն են.

Մի´ վնասի:

Մի´ խաբի ու սուտը մի´ քարոզի:

Մի´ թալանի, մի´ գողացի, մի շորթի:

Վարչախումբ-պետության արարմունքի անբարո ու գաղտնի, բայց de facto (երբեմն, անգիտակից) նորմերն են.

Վնասի´:

Խաբի´ ու սուտը քարոզի´:

Թալանի´, գողացի´, շորթի´:

Մի քանի խոսք էլ սրանի´ց ասենք:

7.9 Ժողովրդի միամտությունը

Մեր մտավորականությունը չի գիտակցում, որ եթե պետերը ոչ մի բարիք ու ոչ մի ծառայություն չեն ստեղծում, ուրեմն, իրենց ստեղծած վարչական ընդհանուր սիստեմով կոչված են, որ մի´միայն կեղեքեն ու թալանեն բարիք ստեղծողներին:

Ու սրանց այս անհսկելի վարչախումբ-պետությունը, այսինքն, պետերի անհըսկելի, մեծաքանակ ու հարաճուն խումբը, ԻԲՐ հանուն ժողովրդի բարօրության, իր ծախսերը ու իր քանակն անընդհատ է ավելացնում:

Ասվել է արդեն, եթե պետերը անհսկելի են, ուրեմն նաև անզուսպ ու անպատիժ են, կնշանակի, նաև անբարո են: Անհսկելի ու անպատիժ պետերն իրենց ծախսերի փողը վերցնում են բյուջեից, ինչը համարում են անվերջ ու, քանի որ այս փողն իրենց քրտինքո´վ չեն վաստակել, երբեք չեն ափսոսում սա, ու արարողներից խլած այս փողը ա´նպայման է «փոշիանում»:

Ժողովուրդը, կույր-կույր, մտածում է, թե պետության «անօգուտ» ծախսը գոյանում է միմիայն սրանց վիթխարի ռոճիկներից ու վիթխարի պարգևավճարներից:

Նաև – իբր միայն սրանց սպասարկող մեքենաները, թիկնազորերի ու աշխատակազմն ու այլ արտոնությունները պահելու ծախսերից, ինչպես նաև սրանց աշխատասենյակների ու նախարարությունների եվրոռեմոնտի ու այս կարգի զանազան այլ ծախսերից:

Ցավոք, ժողովուրդը երբեք չի նկատում, որ անհսկելի ու անպատիժ վարչախումբը բյուջեի ահռելի մասը փոշիացնում է (ԿԲ-ի ու մնացած բանկերի միջոցով) զանազան պետական ծրագրերը վարկավորելու ու երբեմն էլ ներքին արտադրողներին իբր պաշտպանելու համար, ու սա էլ՝ իբր հանուն ժողովրդի բարօրության:

Պետերն այս վարկային ծրագրերն իրականացնում են երկու նպատակով: Նախ, որ չմարող տպավորություն ստեղծեն, թե հոգում են ժողովրդի ամենայն կարիքները: Երկրորդը, որ չմարող տպավորություն ստեղծեն, թե իբր իրենք միշտ ու անմնացորդ զբաղված են ժողովրդի ամենայն կարիքները հոգալով, ուրեմն, որ իրենց հարատև գոյությունն ու կարիքը անխուսափելի´ է ու անհրաժեշտ:

Բայց այս ծրագրերի ծախսերը ոչ միայն օգտակար չեն ու անարդյունք են, այլև հույժ վնասակար են: Ինչո՞ւ: Որովհետև սրանք խաթարում են ազատ մրցությունը ու չեն թողնում, որ սխալ ձեռնարկությունները սնանկանան ու իրենց տեղը զիջեն ա´յն մրցունակներին, ովքեր ապրանքների գները կնվազեցնեին ու որակը կբարելավեին:

Կրկնեմ – ինչքան էլ պետերն ընտրվելիս ազնիվ ու անկաշառ լինեն, այնուամենայնիվ, սրանք չափազանց արագ են ապականվում, մանավանդ, եթե անհսկելի են ու անպատիժ: Ու այս ողջ վարչախումբը, Լորդ Աքտոնի ասածի պես, ի վերջո, բացարձակ է այլասերվում ու դառնում է թալանչիների ու կաշառակերների ավազակախումբ, իսկ հասարակական կարգն էլ դառնում է լրիվ անբարո:

Ասվել է, որ մեր մտավորականությունը կույր-կույր հավատում է, թե մեծամասնության (դեմոկրատական) կարծիքն ա´նպայման է ճիշտ ու իմաստուն (ինչը բացարձակ է սխալ), ուրեմն, նաև հավատում է, թե բացարձակ «արդար» ընտրությունը իբր ժողովրդին ղեկավարելու միակ եղանակն է: Ինչո՞ւ:

Որովհետև ժողովրդի այս «դեմոկրատական մեծամասնության» կույր հավատը չի թողնում, որ սա գիտակցի, թե ճշմարտությանը միշտ հասու է միայն մի Գալիլեյ, մի Միզես ու մի Հայեկ ևն, ու ոչ թե «ժողովուրդ» կոչված կոլեկտիվ ու անիրական հասկացությունը:

Սրա համար էլ մտավորականության այս կույր հավատի մշտական քարոզը չի թողնում, որ ժողովուրդը գիտակցի, թե այս երկրին ո´վ կամ ի´նչ հասարակական կարգ է հարկավոր:

Պետերի ամեն մի անհսկելի ու անպատիժ նոր վարչախումբն ընտրվում է դեմոկրատական եղանակով, որևէ կուսակցությունից (կամ էլ սրանցից՝ մեկ-երկուսից):

Կուսակցությունների ղեկավարներն ու սրանց մերձավոր հավատարները կազմված են միմիայն իշխանություն երազող ապագա պետերից:

Այս ապագա պետերը, (այսինքն, պետերի ապագա թալանչի վարչախմբի ա´յս անդամները), առկա պետերի պես գերազանց են յուրացնում վերը ասված բոլոր միջոցներով ժողովրդին թալանելու ու կեղեքելու թե´ իրենց նախորդների, թե´ աշխարհի այլ պետերի երբևէ հորինած բոլոր ստոր տեխնոլոգիաները:

Բացի սրանք, այս նորեկներն իրենք է´լ են ստեղծում թալանելու նոր տեխնոլոգիաներ: Այստեղից հետևում է, որ պետերի ամեն մի անհսկելի ու անպատիժ նորընտիր խումբը, այսինքն, ամեն մի նորընտիր վարչախումբը, առնվազն, նույնքա´ն վնասակար ու անբարո է, քան իր բոլոր-բոլոր նախորդները:

Ուրեմն, քանի դեռ պետական այս այլասերված սիստեմը, պետական այս անբարո վարչախմբային կարգն է առկա, պետերի ո´ր մի խմբին էլ ընտրես բերես ու կարգես պետության մեքենայի ղեկին, մեքենան տեղից չի շարժվի:

Ընդ որում, հասարակական առկա ու արդեն անբարո կարգն էլ չի դառնա բարոյական, ու մենք բարոյակարգ երբե´ք չենք ունենա: Ու մեր ուսյալները չեն ուզում նույնիսկ նկատեն, որ իրենց ուզած լրիվ արդար ու ազնիվ ընտրությունները եղե´լ են, եղել են երկո´ւ անգամ:

Առաջինը, երբ ժողովուրդը, կոմունիստներից զզված (փաստացի) միաձայն ընտրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ երկրորդ անգամ, երբ նույն ժողովուրդը, Սերժ Սարգսյանից զզված (նորից փաստացի) միաձայն ընտրեց Նիկոլ Փաշինյանին: Այս երկու արդար ընտրության արդյունքն էլ նույնքան ողբալի էր, ինչքան մնացած անարդար ու անազնիվ ընտրություններինը: Ուրեմն, մենք պատմության փորձից դաս քաղելու ունակություն բացարձակ չունենք:

Այս երկու օրինակը ցույց է տալիս, որ գործում է հետևյալ օրենքը.

Չափազանց շատ լիազորություն ունեցող ամե´ն մի իշխանությունն է դառնում անհսկելի ու այս իշխանությունն ա´նպայման է ուռճանում դառնում անհսկելի, անպատիժ, անբարո ու խիստ ծավալուն:

Իրո´ք ազնիվ ու արդար ձևով ընտրված ԼՏՊ-ի իշխանությունը հիմնեց ավազակապետությունը, 1996-ին կեղծեց ընտրությունները, բանակն ու տանկերը քշեց ժողովրդի վրա, իսկ սպարապետ կոչեցյալն էլ անամոթավարի հայտարարեց, թե.

«Հարյուր տոկոս ձայն էլ հավաքած լիներ ընդդիմությունը, միևնույնն է, իշխանությունը չէինք տա»:

Ազնիվ ու իրո´ք արդար ձևով ընտրված այսօրվա իշխանությունը խարխլեց բանակը, պարտվեց պատերազմը, հանձնվողական քաղաքականություն է վարում ու անընդհատ հայտարարում է.

«Դո´ւք եք մեզ մանդատ տվել, ուրեմն, մեր արած բոլոր քայլերն էլ {որոնք դուք կոչում եք դավաճանական} արդար են ու տեղին, ու հենց ձե´ր քայլերն են»:

Միակ ելքը հետևյալն է: Եթե պետական որևէ մեքենան, պետերի որևէ վարչախումբն արդեն կա´, առկա´ է, պիտի այդ պետական առկա մեքենա´ն կրճատվի փոխվի, որ դառնա նվազագույնը թե´ քանակով, թե´ լիազորություններով: Այսինքըն, պիտի հենց հասարակական կա´րգը փոխվի, ոչ թե վարչախումբը: Պիտի փոխվի շատ ավելի կտրուկ, քան Էրհարդը փոխեց Գերմանիայում, իսկ Դոջը՝ Ճապոնիայում:

Ու սա պիտի արվի մի լրիվ նոր ու բարոյական հեղափոխական սահմանադրական ռեֆորմով, մի նոր ռեֆորմատորական սահմանադրություն կազմելով:

Ու այս նոր սահմանադրության կազմելը երբե´ք ու երբե´ք չպիտի հանձնվի ո´չ առկա ՎԱՐՉԱԽՄԲԻ ձևավորած կամ հանձնարարած որևէ կոմիտեին կամ հանձնաժողովին, ոչ է´լ որևէ կուսակցությանը կամ կուսակցականին:

Մեր առկա բոլո´ր-բոլո´ր վարչախմբերն ու կուսակցություններն ու սրանց սահմանադրություններն էլ անբարո են եղել ու այսօրվանն է´լ է հույժ անբարո, ու նախ հենց սրա´ համար է, որ առկա հասարակարգը անբարո է:

Ու մեր հասարակարգը միշտ էլ անբարո կլինի, եթե մեր ուսյալները չհասկանան, որ արդար ու ազնիվ ընտրություններով պիտի ոչ թե իշխանափոխություն անեն, այլ սահմանադրական բարոյակարգային հեղափոխություն:

8. ԲԱՐՈՅԱԿԱՐԳԻ ՀԻՄՔԵՐԸ

8.1 Բարոյականության հիմնական նորմերը

Բարոյակարգի հիմքը ազատ շուկայական հարաբերություններն են, այսինքն, ճշմարիտ կապիտալիզմն է, ինչը ոչ մի երկրում լրիվ չի իրագործվել: Ազատ շուկայական հարաբերություններն էլ հիմնվում են բարոյականության հիմնական նորմերի վրա:

Ուրեմն, հենց ի´նքը, սահմանադրությո´ւնը, պիտի հիմնվի բարոյականության հետևյալ չորս նորմի վրա: Նախ – որովհետև սրանց վրա, քիչ` թե շատ, հիմնված է մեր այսօրվա ողջ քաղաքակրթությունը: Երկրորդը, սրանց այլընտրանքները վերը նկարագրված վարչախմբային թալանն ու բռնությունն են: Ահա այդ նորմերը:

1. Մասնավոր սեփականության (ունեցվածքի) անձեռնմխելության նորմը: Ինչը հաստատում է, թե այս անձեռնմխելությունը խախտելի է միայն տիրոջ համաձայնությամբ: Սեփականատերն իրավունքն ունի իր սեփականությունը տնօրինի իր ուզած ձևով, փոխանցի, նվիրի, կտակի – ում ուզենա: Նաև – ոչընչացնի:

2. Մասնավոր սեփականությունը սրա տիրոջ կամքով իր ուզած ձևով կամ ուրիշների հետ երկկողմ համաձայնությամբ գործող պայմանով, գրավոր կամ բանավոր կոնտրակտով – ոչ թե ուժով կամ սպառնալիքով – տնօրինելու նորմը:

3. Առանց երկկողմ համաձայնության – մասնավոր սեփականությունը տնօրինելու բանավոր կամ գրավոր պայմանը (կոնտրակտը) փոխելու անթույլատրելիությունը: Սա խոստումը չդրժելու կամ ստախոսությունն անթույլատրելի համարելու ու հասարակական վստահություն հաստատելու կամ ազնվության ֆունդամենտալ նորմն է:

4. Պաշտպանված ազատ մրցության նորմը, գործելով «օրենքի առաջ բոլորն էլ հավասար են» կանոնով: Այս նորմը արդարություն հաստատելու ու նյութական ու հոգևոր բարիքներն արդար բաշխելու ՄԻԱԿ ԱՐԴԱՐ ու անհատից կամ անհատների կազմակերպված խմբից անկախ միջոցն է Սա նաև նոր տեխնոլոգիա ու որևէ նոր բան հայտնագործելու ամենաբեղուն մոտիվացիան է:

Այս պայմաններին բավարարող հասարակական կարգը բարոյական է, որովհետև մեզ հայտնի ողջ բարոյականությունը, մարդկայինն ու արդարը, քիչ թե շատ, բխում է այս չորս հիմնական նորմից: Երբ այս նորմերին չեն հետևում, վերանում է թե´ բարոյականությունը, թե´ արդարությունը, թե´ վատն ու եղկելին է համարվում լավ ու ընտիր, թե´ հենց մարդկայնությո´ւնն է ոչնչանում, ու մարդկային հանրությունը վերածվում է լրիվ անարդար ու ավազակային քաոսի օրենքներով առաջնորդվող ոհմակի, մինչև ցրիվ է գալիս, այսինքն, հանրությունը վերանում է:

Սրա համար էլ այս գրքի ողջ շարադրանքը բարոյական նորմերի վրա հիմնված հանրային կարգը կոչում է բարոյակարգ կամ ճշմարիտ կապիտալիզմ, իսկ այս նորմերը հաստատող սահմանադրությունն էլ համարում է բարոյական: Ուրեմն.

ԱՔՍԻՈՄ. Բարոյական սահմանադրության առաջին հոդվածները պիտի հենց բարոյական այս չորս նորմը լինեն, որովհետև մի´միայն սրա´նք իրագործող (նաև սրանցից բխող) սահմանադրական, քրեական ու քաղաքացիական օրենքնե´րը կարող են սրանով ղեկավարվող երկրում բարոյակարգ-կապիտալիզմ հաստատեն:

ԱՔՍԻՈՄ. Բարոյական սահմանադրության նպատակը պիտի լինի երկրում բարոյական այս չորս նորմը (ինչքան հնարավոր է՝ լրիվ) իրագործելը, ու միմիայն ա´յս նորմերով էլ պիտի հաստատվի բարոյակարգը (կա´մ ճշմարիտ կապիտալիզմը):

Բարոյակարգ-ճշմարիտ-կապիտալիզմը եղել է մարդկության վաղեմի երազանքը, ինչը ոչ մի երկրում լրիվ չի իրագործվել, ինչքան էլ որ զանազան գույն ու երանգի սոցիալիստները սուտ-սուտ տարածեն, թե այսօրվա Արևմուտքի երկրները կապիտալիստական են:

Տնտեսագիտական ու իրավագիտական-տրամաբանական վերլուծությունն ու մարդկության փորձը ցույց է տալիս, որ.

Բարոյականության հիմնական նորմերը հասարակության մեջ ինչքան ավելի լըրիվ իրագործվեն, այնքան այդ հասարակության անդամ անհատի ազատություննն ու բարեկեցությունը շատ կլինի, ու հոգևոր ու նյութական բարիքների արտադրությունն ու որակն էլ կլինի հնարավոր ամենաշատը, իսկ գները՝ հնարավոր ամենաքիչը:

Բայց նախ այս նորմերն իրագործելը չափազանց դժվար բան է, երկրորդն էլ կապիտալիզմ-բարոյակարգը չափազանց փխրուն կարգ է ու սրա նորմերը վարկաբեկելն ու սոցիալիստական նորմերով փոխարինելը շատ է հեշտ ու հաճախակի, քանզի ձրիակեր կյանքի խոստումները արտառոց հրապուրիչ են:

Այս նորմերը թերևս ամենաշատը իրագործվել են «Սոլոնյան» Աթենքում, հետո՝ գուցե Հին Հռոմի մի կարճ ընթացքում, հետո էլ՝ 18-19-րդ դարերի Անգլիայում, ու մեկ էլ` ԱՄՆ-ի մի քանի նահանգում, անկախության դեկլարացիան ընդունելուց հետո, բայց նորից միայն մի կարճ ընթացքում: Այնուամենայնիվ, այս կարճ ընթացքներն է´լ բավարար եղան, որ ասված ժողովուրդները խիստ հզորանան ու իրենց այս հզորությունը պահեն բավական երկար:

Հետո սկսվեց սոցիալիստական (կամ պետիստական) համաճարակը, ու այս նորմերի մի մասն արդեն իրագործած համարյա բոլոր երկրներն էլ քիչ-քիչ հրաժարվեցին ու դեռ հրաժարվում են այս նորմերից: Սրանք քիչ-քիչ դառնում են պետերի ղեկավարած տնտեսության – սոցիալիզմի կամ պետիզմի մի որևէ տեսակը:

8.2 Ոսկե կանոնը

Բարոյականության չորս նորմն էլ, ի վերջո, վերաբերում են մասնավոր սեփականություն տնօրինելու իրավունքին: Երբ երկու հոգի մասնավոր սեփականություն են փոխանակում, սրանք, ինչպես Արմեն Ալչիյանը կասեր, փոխանակում են իրենց մասնավոր սեփականությունը տնօրինելու իրավունքները:

Ճիշտն ասած, այս նորմերը մերված ձուլված են իրար ու միայն հարմարության համար եմ սրանք անջատում իրարից: Երբ սրանցից մեկը խախտվում է, մյուսներն է´լ են խախտվում:

Բարոյականության հիմնական նորմերն անհատի վարքի հնարավոր ամենավերացական ու ամենաընդհանուր կանոններն են: Այս կանոնները վերացական են ա´յն իմաստով, որ իրագործվելիս՝ սրանք պիտի կախված չլինեն տեղի ու պահի հանգամանքներից, ու պիտի պարտադիր լինեն ամե´ն մարդու կամ մարդկանց ամե´ն մի խմբի համար:

Ու թե որ որևէ անհատը չենթարկվեց սրանց, ուրեմն, այդ անհատն ըմբոստանում է հասարակությա´ն դեմ, ու այս անհատն անընդհատ վեճ ու կռվի մեջ կլինի ծանոթ-անծանոթի հետ: Ինչո՞ւ: Որովհետև այս չորս նորմից են բխում (կամ – ճիշտ կըլնի, որ բխեն) բարոյաիրավական ու էթիկայի այն բոլո´ր կանոնները, որոնց հետևում ենք ամեն քայլափոխին, հետևում ենք համարյա բնազդով (օրինակ, որևէ մեկի ոտը դիտմամբ չտրորելու վերևի կանոնը):

Սրանցից երրորդ նորմը նշանակում է, որ ոչ մի անսկզբունքային, կա´մ, ստախոս (ասող-ուրացող) կամ խոստումը դրժած քաղաքացի վստահելի չի, ուրեմն (օրինակ) վարչապետի կամ ուրիշ մի խոշոր պաշտոն գրավելու վստահությունը չպիտի ունենա:

Իսկ, օրինակ, չորրորդ նորմը (երկրորդի հետ), կոպիտ ասած, ասում է, որ ոչ մի մենաշնորհի (մոնոպոլիայի) թույլատրություն-լիցենզիա չպիտի լինի: Որ դեպուտատներն ու պետական պաշտոնյաները մի նիստի տևողությունից ավել իմունիտետ չպիտի ունենան: Որ այս նույն պատգամավորները որևէ այլ արտոնություն չպիտի ունենան:

Նշենք բարոյական հիմնական նորմերից բխող ածանցյալ կանոններից մի քանիսը. կամավոր փոխանակությունը, ազնվությունը, ճշմարտախոսությունը, ըսկըզբունքայնությունը, տված խոսքին տեր լինելը, առևտուրը, ազնիվ վաստակը ևն:

Սրանց նշանակությունը, բավական լավ, հայտնի էր, օրինակ, արդեն հին հույներին ու կիրառվում էին, օրինակ, Սոլոնյան ու մասամբ էլ՝ Պերիկլեսյան ու մնացած արքոնտների Աթենքում (մի 22-25 դար առաջ):

Աստվածաշնչի նշանավոր պատվիրանները (մի´ գողանա, մի´ սպանի ևն) հորդորում են, որ մարդն ուրիշի անձնական ունեցվածքը չխլի կամ դրան վնաս չտա:

Սրա հետ միասին` քրիստոնեական ուսմունքը հորդորում ու խրախուսում էր, որ մարդիկ հրաժարվեն իրենց մասնավոր սեփականությունից (իհարկե, հօգուտ եկեղեցու), իբր որ հանդերձյալ աշխարհում արքայության արժանանան:

Բայց եթե հանկարծ բոլոր մարդիկ հետևեն այս քրիստոնեական խորհրդին, հասարակությունն իսկույն կկործանվի, որովհետև կվերանա որևէ բան ու որևէ բարիք ստեղծելու կարիքն ու ցանկությունը (մոտիվացիան):

Իմիջիայլոց, քրիստոնեությա´ն ոսկե կանոնն էլ է երևի հույներինը, բայց ի´նքը, քրիստոնեությո´ւնը այս կանոնը շատ խորամանկ ձևով է ձևակերպել. «Ուրիշներին արա ա´յն բանը, ինչը ուզում ես, որ ուրիշները քե´զ անեն»:

Ու ի´նքը, քրիստոնեությո´ւնը, սա երբեք հետևողական ու անկեղծ չի կիրառել:

Քրիստոնեությունը միշտ էլ ուզեցել է, որ ուրիշնե´րը բերեն ու իրենց ունեցվածքը տան եկեղեցուն: Բայց, օրինակ, մեր եկեղեցին վերջին երկրաշարժի օրերին կամ վերջին օրհասական պատերազմի օրերին իր ունեցվածքը տվե՞ց տուժածներին:

(Երկրաշարժի օրերին միայն մի քանի փշուր տվեց: Իսկ արցախցիներին ոչինչ չտվեց: Այսօր ահռելի թվով աղքատ ու հայրենիքը կորցրած անտեր արցախցի կա, բայց մեր եկեղեցին ու օլիգարխներն այս վերջին 34 տարում զբաղված են եղել վանք շինելով, փոխանակ այդ թշվառներին օգնեն):

Ոսկե կանոնը պիտի ձևակերպվի ոչ թե վերի կործանարար մաքսիմում պահանջով. «Ուրիշներին արա այն բանը, ինչը որ ուզում ես, որ ուրիշները քե´զ անեն», այլ նվազագույն պահանջով. «Ուրիշներին մի´ արա այն բանը, ինչը չե´ս ուզում, որ ուրիշները քե´զ անեն»: Սրանց տարբերությունը վիթխարի է:

Կամ ավելի կարճ. «Ուրիշին իզուր տեղը վնաս մի´ տուր»:

Հենց սա´ է բարոյակարգ-կապիտալիզմի էությունը: Մնացածը (Ա. Իսահակյանի Ռաբբի Բար-Հիլելը փոխադրության մեջ ասածի պես) սրա մեկնությունն է միայն:

8.3 Մարդկության ամենախոշոր հայտնագործությունը

Մեր այս քաղաքակրթության ողջ պատմության ամենագլխավոր ու ամենահիմնական հայտնագործությունը մասնավոր սեփականության ու սրա անձեռնմըխելության նորմի հայտնագործությունն է:

Մասնավոր սեփականությունն ու սրա անձեռնմխելության նորմը ստիպեց, որ մարդկային անգիտակից արարմունքի սպոնտան ընթացքը հասցնի բարոյականության մյուս («ածանցյալ») նորմերի հայտնագործությանը:

Սրանցից հույժ կարևոր են.

խոստում-պայմանը, ազնվությունը, արդարությունը, խոսքի ու կարծիքի ազատությունը, ճշմարտախոսությունը, ազատ մրցության միջոցով բարիքների ու ծառայությունների փոխանակություն-առևտուրը, ինչն անգիտակից գործակցություն ու օգնություն է:

Շատ քիչ մարդ է գիտակցում, որ մասնավոր անձեռնմխելի սեփականության նորմը հնարավորություն է տալիս, որ ազատ շուկային մասնակից անհատները թե´ ազատ մրցեն իրար հետ, թե´ այս մրցության ընթացքում բազում նոր բան հայտնագործեն: Երբ մասնավոր անձեռնմխելի սեփականության իրավունքը չկա ու ամեն ինչը հանրային է, չկա նաև մրցությունը; ուրեմն, չկա նաև արդարությունը բաշխելու միջոցը; կնշանակի, չկա նաև նոր բան, նոր տեխնոլոգիա հայտնաբերելու կարիքն ու պահանջը, մոտիվացիա´ն; ուրեմն, չկան նաև առաջընթացն ու կենսամակարդակի աճը:

Դարվինը նկարագրում է հրոերկրացի մոտ 150 հոգանոց մի ցեղ, ինչը մասնավոր սեփականության ինստիտուտը դեռ չէր հայտնագործել: Սրանց կյանքը չափազանց էր թշվառ: Այս ցեղի տկլոր անդամներն անընդհատ կիսաքաղց էին, իսկ դաժան սովի շրջաններում էլ իրենց ցեղի պառավ կանանց բռնում խորովում ու ուտում էին:

Սրանց ամե´ն ինչն էր ընդհանուր: Դարվինը պատմում է, որ երբ իրենք այս ցեղի մի անդամին մի թոփ կարմիր շոր նվիրեցին, սրանք այս շորը հավասար կտրտեցին, որ ամեն մեկին էլ բաժին հասնի: (Տես իմ «Պետությունը...» գիրքը):

Պարզ է, որ նման վարքը թույլ չի տա, որ մարդու եսասիրությունն ստիպի, որ իր նեղություններից ազատվելու համար մի նոր բան հորինի, որովհետև այդ բանն իրենից կխլեն ու հավասար կբաժանեն իրար մեջ:

Իրո´ք, ենթադրենք, թե այս ցեղի մի հանճարեղ անհատը հայտնագործում է, օրինակ, հացահատիկ ցանելու, մշակելու ու բերքահավաքի տեխնոլոգիան, հասկանալով, որ կազատվի ձմեռվա սովի մշտական վտանգից, ահ ու սարսափից ու հարկադիր մարդակերությունից:

(Օրինակս ռեալիստական չի, բայց այս տեսակ մի հայտնագործություն արվե´լ է Հին Աշխարհում):

Շարունակենք մեր ենթադրական օրինակը: Հիմա այս մարդը երկու սեզոն կչարչարվի՞, կցանի՞ ու կմշակի՞ այդ հացահատիկը, եթե նախօրոք գիտի, որ երբ իր մի քանի պարկ բերքը հավաքեց, ցեղի մնացած անդամներն դա կխլեն իրենից, կբաժանեն իրար, ու մի օրում կուտեն իր կես տարվա չարչարանքի պտուղները:

Իհարկե, չի չարչարվի ու ոչ մի բան էլ չի անի: Բայց թե որ այս մարդն իմանա, որ իր հավաքած բերքն իրենից չեն խլի, որովհետև դա իր անձեռնմխելի սեփականությունն է, ու այդ բերքով ինքը ձմեռը անպայման կփրկվի սովից, կչարչարվի´:

Ուրիշներն էլ աչք կտան սրան ու իրենք էլ կսովորեն այս նոր տեխնոլոգիան: Ու իրար հետ կմրցեն, որ ավելի շատ հացահատիկ արտադրեն, մանավանդ եթե հայտնագործվել է նաև առևտուրը, ու հացահատիկը դարձել է նաև առևտրի առարկա:

Այս օրինակը նաև ցույց է տալիս, որ մասնավոր սեփականությունից զուրկ հասարակության անդամը երբեք ազատ չի եղել (այս ենթադրական մարդն իր աճեցրած ցորենը տնօրինելու ազատությունը չուներ) ու ազատ չի էլ լինի:

Մի 10000 տարի առաջվա մարդկային ամեն մի «հասարակությունը» ամենաշատը մի 15-20 որսորդ ունենար, թե չէ: Այդ «հասարակության» մեջ համարյա չկար մի ոլորտ, ուր բազում թաբու չլիներ, ու այդտեղ անհատն անկախություն կամ ազատություն ունենար: Պրիմիտիվ հասարակության անդամը, անպայման ու պարտադիր, ենթարկվում էր ցեղային սովորություններին ու իր ցեղի բազում թաբուին ու բոլորովին էլ ազատ չէր, գոնե մեր այսօրվա իմաստով:

Անհատի (ոչ լրիվ) հանրային ազատությունը կա միայն քիչ թե շատ քաղաքակիրթ (բարոյակարգով) հասարակության մեջ: Ուրեմն, անհատի հասարակական ազատությունը քաղաքակրթությա´ն արդյունք է, իսկ բարոյակարգի մեջ անհատի ազատությունն առավելագույնն է:

Եթե մասնավոր անձեռնմխելի սեփականության ինստիտուտն արդեն կա, հերիք է, որ վերի մտային օրինակի ցորեն ցանելու հայտնագործության պես մի սկիզբ դրվի: Այդժամ, դրան կհետևի նոր տեխնոլոգիաների բազում ուրիշ հայտնագործություն: Օրինակ, կուլտուրական ուրիշ բույսերի մշակությունը, անվի ու բրուտագործության տեխնոլոգիաները, ձուկը կամ միսը ապխտելը, թոնրի կամ փռի հայտնագործությունը, անասնապահությունը ևն, ևն, ևն:

Օրենքով պաշտպանված ազատ մրցությունը բարիք ստեղծելու ու փոխանակելու, կուտակելու (կարճ – բաշխելու) ու նորի հայտնագործության ու կենսամակարդակի աճի միակ առավելագույն արդար ու անսահմանափակ ձևն ու պայմանն է: Ու պարտադիր չի, որ նոր հայտնագործությունն այնքան դարակազմիկ լինի, ինչքան հողագործության, անասնապահության, անվի, նետ ու աղեղի պես կարևորագույն տեխնոլոգիաների հայտնագործությունը:

Մեկը գուցե «հայտնագործի», օրինակ, որ ա´յ, ա´յս մի փողոցի ա´յ, ա´յս մի անկյունում մի խանութ դնելու կարիք կա ու, այդ խանութը հիմնելով, ծառայի այդ փողոցի բնակիչներին, ու հեշտացնի դրանց գործը, դրանց կյանքը: Մյուսը կարող է ավելի որակով ու ավելի էժան շալվար կարելու տեխնոլոգիա հայտնագործի ու նորից օգուտ տա բոլորին, նույնիսկ իրեն անծանոթներին, էլ չասած որ սա գուցե նոր աշխատատեղեր էլ կստեղծի: Ու թե որ մրցությունն էլ ազատ լինի ու օրենքով էլ պաշտպանված լինի, մրցողների թիվը կտրուկ կշատանա, ապրանքների գինը կդառնա նվազագույնը, իսկ որակը` առավելագույնը:

Օրինակ, թե որ Հայաստանում մրցությունն ազատ ու օրենքով էլ պաշտպանված լինի, զանազան ուղղակի ու զարտուղի հարկերն ու սահմաններին դրվող մաքս ու տուրքերն էլ այսքան թալանչիական չլինեն ու չինովնիկների բյուրոկրատիան էլ չըլինի, թերևս ամենաքիչը 100 000 մարդ փոքր ու միջին չափի գործ դնի:

Այդ ժամանակ, չհաշված նոր տեխնոլոգիաների մեծ ու փոքր «հայտնագործությունները» (վերի խանութ դնելու հայտնագործության պես), չհաշված որակի աճն ու գների նվազելը, նոր աշխատատեղեր կստեղծվեն, ու եկամուտներն ու ռոճիկներն էլ քիչ-քիչ կավելանան: Թող այս 100000 գործ դնողից ամեն մեկը միջին հաշվով 1 հոգու գործ տա: Այդ ժամանակ մի 100000 մարդ աշխատանք կունենա, իսկ սա Հայաստանի այսօրվա գործ ունեցողների թերևս երրորդ մասն է:

Ու գործազրկությունն իսկույն կդառնա նվազագույնը, ու վիթխարի էլ մրցություն կսկսվի: Պանդուխտներն ու տարագիրներն էլ, տեսնելով, որ Հայաստանի վիճակը լավ է, քիչ-քիչ հետ կգան, ու շուկան կմեծանա: Շուկան որ մեծացավ, գործերն ավելի կլավանան: Ու սրանից կշահեն ոչ միայն աղքատները, այլև բոլոր հարուստ գործարարները, որովհետև կավելանա սպառողների թիվը, ու գնունակությունը կաճի, ապրանքն էլ կէժանանա:

Երկիրը կհարստանա, հարուստ երկիրը հզոր զենք առնելու ու հզոր բանակ ունենալու կարողություն կունենա, ու, այսօրվա պես, թշնամիների դեմ չի խեղճանա:

8.4 Բարոյակարգի սահմանադրության նպատակը

Սահմանադրությունը հենց ա´յն պայմանագիրն է, ինչը «կնքում են» տվյալ երկրի բոլոր քաղաքացիները թե´ իրար հետ, թե´ իրենց իսկ ընտրած իշխանավորների, այսինքն, վարչախմբի հետ: Սահմանադրության նպատակն է, որ նախ հայտնի լինի, թե մարդիկ իրար հետ ի´նչ կարգով, ի´նչ պայման ու օրենքով խաղաղ ու անվտանգ ապրեն:

Ու նաև – թե ժողովրդի ընտրությամբ վարձած պետերն էլ ի´նչ կարգով ծառայեն ժողովրդին ու ի´նչ կարգով հաշվետու լինեն ժողովրդին, ի´նչ կարգով հսկվեն ու ի´նչ կարգով ազատվեն իրենց ընտրովի պաշտոններից, ու ինչ կարգով պատժելի լինեն: Ու նաև – թե ի´նչ կարգով հեշտ ու արագ ազատվեն ընտրությամբ վարձած ստախոս կամ անսկզբունքային ու իրենց խոստումը դրժող պետերից:

Արդեն մի քանի անգամ ասվեց, որ հնարավոր միակ բարոյական, ազատ ու անկոնֆլիկտ հասարակական կարգը՝ ազատ շուկայական հարաբերությունների կարգն է (կամ կարճ` ազատ շուկան կամ կապիտալիստական կարգը):

Միմիայն ազատ շուկան է անհատին տալիս – առավելագույն խաղաղությունը, առավելագույն հասարակական ազատությունը, առավելագույն իրավունքներն ու առավելագույն արդարությունը (բարոյակարգի շրջանակներում): Այս կարգը նաև նյութական ու հոգևոր բարիքների ու ծառայությունների առավելագույն քանակն արտադրող կարգն է, ընդ որում, արտադրանքն էլ առավելագույն չափով էժան ու առավելագույն չափով որակով է: Ուրեմն, մեր երազած հասարակական կարգը, եթե հավատում ենք համաշխարհային գիտությանը, եթե հավատում ենք մեր ողջ քաղաքակրթության փորձին ու տրամաբանությանը, մի´միայն ազատ շուկայական կարգն է:

Ինչո՞ւ: Որովհետև միայն սա´ է բարոյական: Ու միմիայն սա´ է առավելագույն չափով բեղուն ու արդար, որովհետև հիմնված է բարոյակարգի վրա: Ու որովհետև մնացած բոլո´ր կարգերը քիչ թե շատ սոցիալիստական (կամ տոտալիտար պետիստական) են, ուրեմն, անբարո են:

Իսկ եթե մեր ուզածը բարոյակա´ն կարգն է, ուրեմն, մեր ուզածը բարոյակա´ն սահմանադրությունն է, որովհետև ուզում ենք, որ մեր երկրում բարոյակա´ն հասարակական կարգ, այսինքն, բարոյակա´րգ հաստատվի: Օրենսդրության խնդիրը – օրենքների հենց ա´յն տեսակ ժողովածուներ մշակելն է, ինչը պիտի ապահովի բարոյական չորս նորմի պարտադիր ու անխափան գործունեությունը:

Նորից շեշտեմ, որ հենց ա´յս չորս նորմի իրագործությունն է հնարավորություն տալիս, որ ազատ շուկայում օրենքով ապահովվի անհատի հասարակական ազատության չափն ու տիրույթները: Հենց սրա´նք են հնարավորություն տալիս, որ գործեն օրենքով պաշտպանված արդարությունն ու օրենքով պաշտպանված ազատ մրցությունը: Հենց ա´յս նորմերն են հնարավորություն տալիս, որ հաստատվի օրենքի առաջ բոլորի հավասարությունը:

Սահմանադրության մնացած հոդվածներն էլ պիտի լրացնեն այս նորմերն ու ապահովեն սրանց պարտադիր ու լիակատար ու անխափան գործունեությունը:

Քրեական ու քաղաքացիական օրենսգրքերը պիտի չհակասեն վերը նշած նորմերին ու ողջ սահմանադրությանը, ու պիտի լրացնեն սահմանադրության հաստատած նորմերը (վերջին հաշվով՝ վերը նշած նորմերը) կիրառելու ձևերը:

Լևոն Տեր-Պետրոսյանի 1995 թվի սահմանադրությունը, մանավանդ հետո փոխածները – Ռոբերտ Քոչարյանինն ու Սերժ Սարգսյանինը, այսինքն, այսօրվանը, անբարո սահմանադրություն են, ու սրանք այնքա´ն են հեռու բարոյական կամ ճշմարիտ կապիտալիստական լինելուց, որ սրանց տակ կստորագրեին մարդկության պատմության ամենաթունդ տոտալիտարիստները:

Հենց այսպիսի մի խիստ անբարո սահմանադրություն է լինելու նաև գալիք սահմանադրությունը, որովհետև առկա անբարո վարչախումբը միտք չունի սա մշակելու ու համաձայնեցնելու բարոյական հիմնական նորմերին:

Մեր սահմանադրության հենց առաջին հոդվածն ասում է, թե «Հայաստանը սոցիալական հանրապետություն է»: Ի՞նչ է նշանակում այս «սոցիալական»-ը: Ֆրիդրիխ Հայեկն իր գրքերից մեկի մեջ մի մեծ գլուխ է նվիրել տերմինների անորոշությանը, ու այդ գլխի մեջ մի քանի էջի վրա բերում է «սոցիալական» բառի թերևս մի քանի հարյուր իմաստը:

Մեր սահմանադրության այս հոդվածը, ըստ էության, նկատի ունի, որ «Հայաստանը հետամուտ է սոցիալական արդարությանը»: Սոցիալական արդարությունն էլ հենց բաշխական, այսինքն, սոցիալիստակա´ն արդարությունն է, ինչը գողակա´ն կամ «ափշակայի´ն» արդարություն է: Ինչո՞ւ սա ուղղակի չի ասվում: Չի ասվում, որովհետև արդեն հաստատ է հայտնի, որ սոցիալիզմը անբարո է ու կործանարար:

Մեր այսօրվա սահմանադրության մեջ բազում հակասություն կա, ու այս հակասությունները թույլ են տալիս, որ վարչախումբը զավթի պետության ողջ իշխանությունը, վերացնի անհատի հիմնական համարյա բոլո´ր իրավունքները, խլի ուզածդ անհատի մասնավոր սեփականությունը:

Այսօրվա սահմանադրությունը թույլ է տալիս, որ վարչախումբն իր հարկային, մաքսային ու կոմունալ տարիֆներով, զանազան տուրքերով ու տուգանքներով, բացահայտ ու պետական «օրենքի» մակարդակով թալանի իր սեփական ժողովըրդին; կատարի ցանկացած հանցագործություն ու պետական դավաճանություն; երկրի տարածքները մաս-մաս հանձնի օտարներին ու մնա անպատիժ:

Մեր սահմանադրությունը բարոյականության գլխավոր նորմերը խախտում ու ոտնահարում է համարյա ամե´ն ձևով:

Հայաստանի այսօրվա հասարակական կարգը անբարո է: Ահա մի քանի արմատական դրույթ, որ բերում եմ, չվախենալով կրկնությունից:

ա. Սահմանադրությունը պիտի նախ պարտադի´ր հաստատի, որ բարոյական հիմնական նորմերն ու սրանցից բխող մարդու ազատություն ու իրավունք կոչվածները հիմնարար են ու անօտարելի, այսինքն, ոչ ոք, ոչ մի նույնիսկ հանրաքվե – սրանք վերացնելու իրավունքը չունի: Չունի նույնիսկ որևէ արտակարգ (օրինակ, «կովիդային») կամ ռազմական դրության ժամանակ:

բ. Պիտի հաստատի, որ բարոյականության նորմերն արգելում են, որ Հայաստանը լինի «սոցիալական պետություն», որովհետև «սոցիալական պետությունը» նըշանակում է բաշխական «արդարություն», իսկ սա «գողական» արդարությունն է:

(Բաշխական արդարություն հաստատելու համար պիտի բարի´ք ունենաս, իսկ վարչախումբն այս բարիքը ձեռք է բերում միմիայն ուրիշների մասնավոր սեփականությունը խլելով, այսինքն, թալանով):

Մասնավոր առումով, սահմանադրությունը պիտի հաստատի, որ.

գ. քաղաքացիների ազատ խոսքի, ինֆորմացիան ազատ ստանալու (ներառյալ նաև զենքի ու սպառազինության ողջ առևտրի մասին ինֆորմացիան, բացի ռազմական տակտիկական օպերատիվ քարտեզների ու սրանց պես բաների ինֆորմացիան) մարդու իրավունք են, ուրեմն, անօտարելի մասնավոր սեփականություն են:

դ. իշխանավորներին պաշտոնից ազատելու, դատի տալու ու արդար պատիժ պահանջող – ցույց, երթ կամ հավաք կազմակերպելու իրավունքները մարդու իրավունք են, ուրեմն, անօտարելի մասնավոր սեփականություն են:

ե. Սահմանադրությունը պիտի հաստատի, որ փոքրամասնությունների ու մանուկների իրավունք կոչվածները անիրավ են, որովհետև երկրի բոլո´ր մարդիկ են հավասար օրենքի առաջ, ու այս առանձին իրավունքների գոյությունը հակասում է օրենքի առաջ բոլորի հավասարության ֆունդամենտալ նորմին:

զ. Սահմանադրությունը պիտի հաստատի, որ վարչախումբը, առանց ժողովըրդի համաձայնության, արտաքին պարտք վերցնելու ու հարկ ու մաքս հաստատելու ոչ մի իրավունք չունի, ինչ պատրվակով էլ (վարկ ևն) այս արտաքին պարտքը, վարկ ու մաքսը հաստատվեն:

է. Սահմանադրությամբ պիտի արգելվի թե´ կենտրոնական բանկի գոյությունը, թե´ պետության մեջ շրջանառվող փողի ծավալը որևէ կերպ կամ արտաքին պարտքի հաշվին մեծացնելը: (Սա կվերացնի մասնավորին վարկավորելու բոլո´ր հնարավորությունները):

ը. Սահմանադրությունը պիտի սահմանի, որ պետական գերակա շահի գաղափարը հակաօրինական է: Գերակա շահի պատրվակով ոչ ոք, մանավանդ պետերի վարչախումբը, իրավունք չունի որևէ քաղաքացու մասնավոր սեփականությունը խլի կամ ստիպի, որ քաղաքացին իր ունեցվածքը կա´մ վաճառի վարչախմբին (մանավանդ, հենց վարչախմբի ասած գնով), կա´մ տնօրինի, առանց քաղաքացու համաձայնության:

թ. Սահմանադրությունը պիտի սահմանի, որ կառավարության բոլոր այն քայլերը, երբ երկրի բանակը կամ ոստիկանական ուժերը քաղաքացիների դեմ են հանում, որ ճնշեն իշխանության դեմ ցույցերը, հակաօրինական են:

Ժողովրդին ճնշելու այսպիսի փորձ անող կառավարությունը պիտի անհապաղ հրաժարական տա ու դատի տրվի:

ժ. Սահմանադրությունը պիտի անթույլատրելի համարի, որ վարչախումբը ոստիկանական այնքան բազմաթիվ ջոկատ ունենա, որ, դե ֆակտո, դա լինի զորք, քանի որ այս զորքը ժողովրդի դեմ հանելու համար է: (Մեր ոստիկանների այսօրվա թիվը մեր բանակի երրորդ մասն է):

ժա. Սահմանադրությունը պիտի սահմանի, թե թույլատրվում է, որ լինեն – մասնավոր ոստիկանություն, ինչպես նաև – մասնավոր զորախմբեր, ջոկատներ, գումարտակներ, գնդեր ու նույնիսկ դիվիզիաներ, իրենց առանձին մասնավոր (սահմանադրությանը չհակասող) կանոնադրություններով:

Մասնավոր զորախմբերի գործունեության միակ նպատակը պիտի լինի արտաքին թշնամուն դիմագրավելն ու սահմանադրական կարգի պաշտպանությունը վարչախմբի կամայականություններից, հակառակ դեպքում, եթե ու երբ այս զորախմբերը խախտում են մասնավոր սեփականության անձեռնմխելության նորմը, սրանք պիտի հայտարարվեն օրենքից դուրս:

ժբ. Բանակը պիտի կազմակերպվի շվեյցարական բանակի օրինակով, ու բընակչությանը պիտի զենք ունենալու իրավունք տրվի:

9. ՎԱՐՉԱԽՄԲԻ ՍԱՐՍԱՓԸ ՈՒՆԱԿ ԱՆՀԱՏՆ Է

9.1 Պետերի սարսափը մասնավորի հաջողությունից

Պետական վարչախումբն իրեն մի´շտ է հռչակում պետություն-հայրենիք-երկիր-ժողովուրդ ու մի´շտ է ձգտում իրեն նույնացնի այս պետություն-հայրենիք-երկիր-ժողովրդի հետ: Ինչո՞ւ:

Որովհետև վարչախումբը (այսինքն, գոնե սրա վերնախավի անդամ անհատները) հստակ է հասկանում, որ ինքը կազմակերպվել է միմիայն ժողովրդին թալանելու ու կեղեքելու ու այս թալանի հաշվին անհոգ ու անդարդ ապրելու նպատակով:

Ու վարչախումբը հստակ է հասկանում, որ ինչպես որ մսաղացը չի կարող կոմպ դառնա ու կոմպի փոխարեն աշխատի, այնպես էլ ի´նքը, ի բնե թալանչի վարչախո´ւմբը, չի կարող տեղը տեղին բավարարի ժողովրդի կարիքները:

Վերջերս ֆինն բիզնեսմեն Պետեր Վեստերբակկան ուզում էր իր փողով Հելսինկին Տալլինին միացնող ստորջրյա թունել սարքի, որ բավարարի երկկողմանի ուղևորության խիստ բարձր պահանջարկն ու ժողովրդին ազատի վտանգավոր ու փոքրածավալ պառոմից (լաստանավից):

Էստոնիայի էկոնոմիկայի ու ինֆրաստրուկտուրաների նախարար Թաավի Աասը, լսելով այս բիզնեսմենին, ասում է. «Լավ կլինի… բայց սրա համար 15 միլիարդ եվրո է պետք, չունենք: Դա համարյա մեր ողջ բյուջեն է: Մասնավորն էլ այդքան փող չի ներդնի…»: Բիզնեսմենն ասում է.

«Պետությունից փող չեմ ուզում, միայն ինձ չխանգարեք: Ներդրողներն արդեն կան»: Նախարարն ասում է. «Միայն պետությո´ւնը կարող է իրեն թույլ տալ այդքան մեծ ներդրումներ»: Բիզնեսմենն ասում է. «Դուք հենց նոր ասացիք, որ պետությունն այդքան փող չունի»: Նախարարը կրկնում է առաջվա ասածները:

Մեկ ուրիշ, ավելի անկեղծ նախարար բացատրում է ֆինն բիզնեսմենին, որ վարչախումբն ուզում է ի´նքը մշակի նախագիծը, ի´նքը ճարի ներդրողներին:

Ու պետական վարչախումբն արգելում է նախագիծը:

Նորից շեշտեմ, որ պետերի վարչախումբը միշտ էլ քարոզում է, թե կան այնպիսի խոշոր ձեռնարկներ (իբր բնական մոնոպոլիային առնչվող ձեռնարկներ), որոնք մասնավորն իբր կա´մ չի կարող անի, կա´մ իբր չի ուզում անի, կա´մ չի կարող ղեկավարի, ու սրանք իբր պիտի ու կարող է անի մի´միայն վարչախումբը (հարկատուի հաշվին):

Իհարկե, վարչախմբի այս հավակնոտ հայտարարությունը լրի´վ է սուտ:

Մասնավոր անհատն ամեն ինչն էլ անելու ունակությունն ունի´:

Մի՞թե վարչախմբի ցանկացած ձեռնարկն էլ հենց այդ վարչախմբի նշանակած մեկ կամ մի քանի անհատ չինովնիկը կամ վարչախմբի նշանակած անհատ քաղաքացին չի անում:

Ուրեմն, ինչո՞ւ չպիտի թույլ տրվի, որ անհատները միմիայն իրե´նց նախաձեռնությամբ իրագործեն նաև այն ձեռնարկները, որոնք տրվում են միայն «բնական մոնոպոլիստին»:

Եթե 19-րդ դարում ԱՄՆ-ի տնտեսական ազատությունը չլիներ, եթե այնտեղ այն օրերին լիներ ԱՄՆ-ի այսօրվա կիսասոցիալիզմը, եթե այն օրերին ԱՄՆ-ում լինեին այսօրվա տրանսպորտի, էկոնոմիկայի, ու այլ նախարարությունները, այդ երկիրը թերևս երբեք հարկավոր կապիտալը չէր կուտակի ու այդքան վիթխարի կառույցներ չէր իրագործի ու աշխարհի ամենահզոր պետությունը չէր դառնա:

Այն օրերին ԱՄՆ-ի բիզնեսմենը համարյա լրի´վ էր ազատ չինովնիկների կապանքներից: Ու, օրինակ, 1870 թվին մասնավորն ԱՄՆ-ում կառուցել է 85000 կմ երկաթգիծ (իսկ սա համարյա Ռուսիայի այսօրվա երկաթգծի երկարությունն է), հաջորդ 10 տարին – կրկնակի շատ, իսկ հաջորդ 15 տարին այս թիվը մի անգամ է´լ է կրկնապատկվել:

Մասնավորն ուզո´ւմ է խոշոր նախագծեր իրագործի, բայց պետերի վարչախումբը, սարսափելով մասնավորի ամենակարող երևալուց ու մանավանդ մասնավորի հույժ բարձր որակից ու ակնհայտ էժան աշխատանքից, չի թողնում: Չի թողնում, որ պետության չարածն ու, մանավանդ, արածի խոտանը չերևա:

Այս գլխավոր պատճառին ուղեկից – ուրիշ պատճառներ էլ կան:

Եթե մասնավորին թույլ տրվի, որ սա խոշոր ձեռնարկներ իրագործի, իսկույն կերևա, որ մասնավորը, վարչախմբին հակառակ, այդ ձեռնարկին հատկացրած գումարի ոչ մի մասը չի փոշիացնում կամ «լափում», որովհետև անհնար է, որ մասնավորն ի´ր իսկ փողը հենց իրենի´ց գողանա: Ու իսկույն կերևա, որ, ի տարբերություն վարչախմբի, մասնավորն այդ (ու նաև ցանկացած այլ ձեռնարկը) շատ ու շատ ավելի էժան ու շատ ու շատ ավելի որակով ու շատ ու շատ ավելի արդյունավետ ու արագ է անում:

Սրա համար էլ վարչախումբն ա´նպայման է դեմ կրթությունը, առողջապահությունն ու ապահովագրությունը մասնավորին հանձնելուն, եթե նույնիսկ ակնհայտ է, որ այս հարցերի պետական կենտրոնացրած ղեկավարությունը հույժ անշահավետ, հույժ անկատար ու նույնիսկ վնասակար է:

Վարչախումբն ա´նպայման է դեմ խոշոր կառույցների (օրինակ, երկաթգծերի, խոշոր մայրուղիների ու ստորջրյա թունելների, խոշոր կամուրջների ևն) իրագործությունը մասնավորին հանձնելուն: Ինչո՞ւ: Դեմ է, քանի որ եթե ժողովուրդը հանկարծ տեսնի, որ մասնավորն ունակ է այս խնդիրները լուծի (ընդ որում, ավելի որակով, ավելի էժան ու արագ), կհասկանա, որ այստեղ վարչախմբի կարիքը չկա:

Իսկ եթե ժողովուրդը հասկանա, որ այստե´ղ վարչախմբի կարիքը չկա, հնարավոր է, որ գլխի ընկնի, որ վարչախմբի կարիքը չկա համարյա ոչ մի ոլորտում:

Վարչախմբային գործելակերպի հույժ կործանարար մասը հենց վարչախըմբային բազում վիթխարի ծախսերն են (վարկերի ու պետական վիթխարի ծրագրերի ու այլ ձևերով, օրինակ, մայրուղի կառուցելու կամ ասֆալտապատելու պատըրվակով):

9.2 Կենտրոնական բանկը

Կենտրոնական բանկը (ԿԲ-ն), ըստ էության, ինքնիշխան պետություն է պետության մեջ: Ահա ՀՀ-ի Կենտրոնական բանկի օրենքի առաջին հոդվածից սա հաստատող մի քանի կետ (հապավումներն ու թավատառն ի´մն են):

«1. ՀՀ-ի կենտրոնական բանկը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է»: 

{Սա նշանակում է, որ ԿԲ-ի սեփականատերը ՀՀ-ն է, ինչը հետո առանձին է´լ է նշվում: Բայց տեսեք, թե ԿԲ-ի սեփականատիրոջ ու (իր սեփականություն) ԿԲ-ի փոխհարաբերությունները ինչքա´ն են տարօրինակ}:

«4. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրագործելու նպատակով կարող է իր անունից`

«-կնքել պայմանագրեր, ձեռք բերել իրավունքներ, ստանձնել պարտավորություններ, այդ թըվում` վերցնել վարկեր.

{բնական է, որ այս ամենը, մեծագույն մասով, օտարերկրյա աղբյուրներից}:

«- հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող».

«- սույն օրենքով նախատեսված դեպքերում ձեռք բերել, տիրապետել, օգտագործել և օտարել գույք, գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ»:

Իսկ հետո, sic! –

«5. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է ՀՀ-պետական մարմիններից:

«6. Կենտրոնական բանկը և կառավարությունը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, եթե այդպիսիք չեն ստանձնել»:

{Ահա մի կետ հոդված 2-ից}.

«3. … ԿԲ-ի խորհուրդն ընդունում է նորմատիվ և անհատական որոշումներ, իսկ ԿԲ-ի նախագահը` անհատական և ներքին իրավական ակտեր` որոշումներ ու կարգադրություններ»:

{Իհարկե, նախ ասված է, թե ԿԲ-ն այս ամենն ընդունում է «իր իրավասության սահմաններում», բայց մի՞թե ակնհայտ չի, որ ՀՀ-ից անկախ ու ՀՀ-ի առաջ ոչ մի պարտավորություն չունեցող ԿԲ-ի ու մանավանդ ԿԲ-ի նախագահի´ իրավասությունը ուղղակի անսահմանափակ է}:

«Հոդված 13. Կետ 2. ԿԲ-ն իր եկամուտները պլանավորում է ինքնուրույն: ԿԲ-ի եկամուտները ենթակա չեն հաստատման ՀՀ-ի պետական մարմինների կողմից»:

Հոդվածներից 28-ը ծավալուն է ու վերնագրված է չափազանց խոսուն – «Ծառայողական գաղտնիքը», ինչը մի անգամ էլ է շեշտում, որ «ԿԲ-ն … անկախ է ՀՀ-պետական մարմիններից» ու, մանավանդ, ժողովրդից ու իր «պարտավորությունների համար պատասխանատվություն չի կրում ոչ մեկից», բացի երևի իր եվրոպական միջազգային բանկային իսկական տերերից:

{Շեշտում եմ, այս «Ծառայողական գաղտնիքը» ծավալուն հոդվածը ոչ թե Պաշտպանությա´ն նախարարության օրենքի հոդված է, այլ ԿԲ-ի օրենքի: Մի՞թե տարօրինակ չի, որ ԿԲ-ն «Ծառայողական գաղտնիք» ունի իր իսկ ժողովրդից, ընդ որում, այսքան ծավալուն}:

Այսօր վարչախումբը, մի´շտ ու ա´նպայման, փող արտադրելու իրավունքը հանձնել է միմիայն իր երկրի Կենտրոնական բանկին: Դե հիմա, եթե ընթերցողը հիշում է այս շարադրանքի սկզբի հայեցողական բրիգադի հույժ լկտի արարմունքը ու եթե այդ բրիգադի արարմունքը համարում էր ֆանտաստիկ ու անհնար, թող ուշադիր կարդա ԿԲ-ի օրենքից քաղած այս մի քանի տողն ու համոզվի, որ բրիգադի մասին այնտեղ ասածներս բոլորովին էլ չափազանցություն չեն:

Վարչախումբը, ԿԲ-ն ու միջազգային կենտրոնական արժութային ֆոնդերն ու բանկերը, պարտադիր, ձեռ ձեռի տված ու իրար համաձայն են գործում: Չէ՞ որ Կենտրոնական Բանկը հենց ա´յդ նպատակով են հիմնում:

Այս «ավանդույթը» համատարած է, մանավանդ այն բանից հետո, երբ Վուդրո Վիլսոնի օրոք, 1913-ին, հիմնվեց ԱՄՆ-ի Ֆեդերալ Ռեզերվային Բանկը: Ինչո՞ւ:

Որովհետև բոլո´ր-բոլո´ր վարչախմբերին, անընդհա´տ ու անընդհա´տ, ծախսի փող է պետք, ու չնայած այս փողը միշտ էլ անհարկի վիթխարի է, միևնույնն է, այս ծախսը միշտ էլ վիթխարի չափով է շատանում, անընդհա´տ:

Ծախսի այս վիթխարի փողը անհնար է ճարելը – առանց պետական մասշտաբով ԿԲ-ի փողը կեղծելու այս համաշխարհային խարդախ «թատրոնի» ու միջազգային ԿԲ-ներից պարտք անելու: Մյուս կողմից էլ ԿԲ-երը իրե´նք են զբաղված «օդից» թուղթ փող տպելով, այսինքն, փող կեղծելով ու այս կեղծ փողով ժողովըրդին թալանելով: Սրա համար էլ ԿԲ-երը հանցակցում են կառավարությունների հետ, որ սրանց միջոցով, թե´ իրենց հանցագործությունները կոծկեն, թե´ սնանկանալուց խուսափեն: Կառավարություններն էլ ԿԲ-երի իրենց տրված պարտքի դիմաց, հաճույքով են հանցակցում ԿԲ-երի հետ:

Ի՞նչ երաշխիք կա, որ ՀՀ-ի ԿԲ-ն միջազգային կառույցներից (մեղմ ասած) անկախ է ու դրանց կատարածուն ու հանցակիցը չի: Ի՞նչ երաշխիք կա, որ հենց միջազգային կառույցները չեն պարտադրում ՀՀ-ի ԿԲ-ին, որ սա խոշոր պարտքեր անի ու ՀՀ-ն դարձնի այդ կառույցների վասալը: Այդպիսի երաշխիք չկա:

Առ այսօր ոչ մի վարչախումբ չի համբերել (ու չի համբերի), որ մասնավորն էլ փող հատելու իրավունքն ունենա (չի համբերել դեռ այն օրերից, երբ դեռ ապրանք-ոսկի ու ապրանք-արծաթ փողերն արգելված չէին):

Ոսկի ու արծաթ փողը կեղծելը բարդ է: Սա, օրինակ, անվերջ շատ չես կեղծի: Ի վերջո, օրինակ, ոսկի փողի մեջ պիտի գոնե մի քիչ ոսկի լինի´, չէ՞: Ուրիշ հարց, եթե փողը միմիայն թղթից լինի:

Հրամանով ստեղծած թուղթ փողը կեղծելը սահման չունի: Ուզո՞ւմ ես – կեղծի´, ինչքան կուզես:

(Ճիշտն ասած, այդ սահմանը կա´: Այդ սահմանը հիպերինֆլյացիան է, ինչի հետևանքը երկրի ողջ տնտեսության փլուզվելն է: Ընտրովի դեմոկրատական վարչախմբին սա երբեք չի անհանգստացնում, որովհետև սա միշտ էլ մտածում է. «Ինձնից հետո – թեկուզ ջրհեղեղ»):

ԿԲ-ն ու վարչախումբը, միմիայն իրենք, անկարող կլինեին իրագործելու փողը կեղծելու այս ողջ վիթխարի ու հարատև խարդախությունը:

Սրա համար էլ օդի պես անհրաժեշտ է, որ վարչախմբի (կամ հենց ԿԲ-ի) մոգոնած օրենքներով առևտրական բոլո´ր բանկերը հլու հնազանդ ենթարկվեն ԿԲ-ին, ուրեմն, նաև վարչախմբին, ու դառնան սրանց խարդախությունների հանցակիցը: Այնինչ, առևտրական բանկերը մասնակից են շուկայական պրոցեսին: Ազատ շուկայում այս բանկերը պիտի ազատ մրցեն, որ շուկան ի´նքն ընտրի, թե ո´ր բանկն է ձեռնտու շուկային ու ազատ տնտեսվարողին, ու ո´րը պիտի սընանկանա:

Բայց մնացած բանկերը ԿԲ-ի հլու հնազանդ ճորտերն են, ու այս ճորտությունն իրենց է´լ է խիստ ձեռնտու, քանզի ԿԲ-ն դրանց ապահովագրում է սնանկանալուց:

Կենտրոնական բանկը երկրի ժողովրդին թալանող վարչախմբի թալանի գլխավոր հիմնարկ-«զորավարն» է: Սրա թալանչիական գործելաձևերն են – փողի ծավալը մեծացնող էմիսիան, արտաքին վարկերի պատրվակով արվող արտաքին բոլոր տեսակ պարտքերն ու ԿԲ-ի վարած վարկային ու գները իբր հսկելու բանկային քաղաքականությունը, ինչպես նաև պետական ծախսերն ու արտաքին պարտքն «սպասարկելու» բոլոր աճպարարությունները:

Վարչախմբերը (իբր օգտվելով) իրենց գործունեությունը արդարացնող պաշտոնական տնտեսագետների կործանարար խորհուրդների վրա, հայտարարում են, թե հնարավոր է, որ փողի ծավալը շատացնելով զսպեն կամ ղեկավարեն ինֆըլյացիան:

Այս դրույթի սխալականությունը ճշմարիտ տնտեսագիտությանը 112 տարուց ավել է հայտնի: (Տես, օրինակ, Ludwig Mises-ի “Human Action”-ը):

Ինֆլյացիան աղքատներին ավելի է աղքատացնում, իսկ հարուստներին էլ ավելի է հարստացնում: Հարստացնում է հենց այս աղքատների ավելի շատ աղքատանալու հաշվին:

9.2 ա Մ. Ն. Ռոթբարդը ԿԲ-երի մասին

«Կենտրոնական բանկերը մեր օրերի ամենամեծ խառնակիչներն են:

Սրանք, մանավանդ ԱՄՆ-ի Ֆեդերալ Ռեզերվային Սիստեմը, պատասխանատու են փողի ոսկե ստանդարտից հրաժարվելու համար, ինչը մի´շտ էր խանգարում, որ ինֆլյացիայի քաղաքականություն վարվի {այսինքն, ինֆլյացիայով թալան արվի}:

«Ոսկե ստանդարտը 1971-ին լրիվ վերացրեցին ու սա փոխարինեցին թուղթ փողի (ֆիատային փողի) ստանդարտով: Այդ օրվանից կենտրոնական բանկերը հնարավորություն ունեն, բառացի, օդից փող ստեղծելու: Բայց, այս գունազարդ թղթի քանակը մեծացնելով, հանրությանն ավելի հարուստ չես դարձնում: Եթե սա սխալ լիներ, աշխարհում արդեն ոչ աղքատ երկի´ր մնացած կլիներ, ոչ է´լ աղքատ մարդ:

«Օդից սարքած թուղթ փողն անվնաս բան չի: Օդից սարքած այս թուղթ փողը հարստացնում է փողն արտադրող մոնոպոլիստներին ու սա առաջինն ստացողներին (այսինքն, կառավարություններին, ու սրանց հսկած խոշոր բանկերին ու իրենց մերձավոր օլիգարխներին), աղքատացնելով սա ավելի ուշ ստացողներին:

{Որովհետև առաջինները հարստանում են երկրորդների հաշվին: Սա մանավանդ ավելի շատ է աղքատացնում արդե´ն աղքատներին}:

«Կենտրոնական բանկերը, անսահմանափակ քանակով թուղթ փող տպելով, ստիպում են, որ թե´ պետական բյուջեի դեֆիցիտն ավելի շատանա, թե´ շատանան արտաքին պարտքերը, ինչի միջոցով պետերի հանրություններն ունակ են դառնում ֆինանսավորելու պատերազմները, որոնք անհնար կլինեին առանց թուղթ փողի այս վիթխարի քանակների:

«Ընդ որում, այս փողով ֆինանսավորվում են թե´ ուղղակի, թե´ սառը պատերազմները, թե´ «տանը», թե´ արտասահմանում: Բացի սրանք, հենց այս թուղթ փողն է հնար տալիս, որ պետերը ձեռնարկեն անհեթեթ ու վիթխարի չափի նախագծեր:

{Սրանցից մեկը, օրինակ, Չինաստանի ձեռնարկած «Մետաքսի ճանապարհի» վիթխարի ծըրագիրն է}:

«Կենտրոնական բանկերը հաճույքով են օգտվում «ֆինանսական փորձագետների» ու «առաջատար մակրոէկոնոմիստների» ծառայություններից, սրանց համարյա բոլորին դարձնելով պետական {վարձու} քարոզիչ, ովքեր, ճիշտ «ալքիմիկոսների» պես, բացատրում են, թե թուղթ փողն ինչպես կարող է դառնա հաց:

«Հենց կենտրոնական բանկե´րն են առևտրական բանկերի տոկոսներն իջեցնում մինչև զրո, սրանով վարկերն ուղղելով ապաշնորհներին ու զրկելով շնորհալիներին, ինչն ստեղծում է ներդրումային վիթխարի փուչիկներ, որոնք հետո շրխկոցով պայթում են:

Ու հենց կենտրոնական բանկերն են պատճառը, որ ապրում ենք անընդհատ աճող հիպերինֆըլյացիայի վտանգը գլխներիս կախ, սարսափելով, թե հնարավոր է, որ անցյալի մեր անմիտ արարքները ամեն րոպե զգացնել տան իրենց»:

9.3 Մասնավոր ոստիկանությո՞ւն, կամ բանա՞կ

Շարքային մտածողը (ավելի ճիշտ, շարքային չմտածո´ղը, շարքային մտավորակա´նը) վախենում է թե´ անհայտությունից, թե´ արտառոցից:

Եթե նման «չմտածողին» ասես. «Եկեք համարյա ամեն ինչը հանձնենք մասնավորին, հանձնենք նաև (օրինակ) պոլիկլինիկաները», սա բոլորովին չի պատկերացնի, թե հնարավոր է, որ սա արատավոր չլինի:

Ինչո՞ւ: Որովհետև սրան կթվա, թե առաջարկվում է, որ այսինչ պոլիկլինիկան հանձնվի այսինչ անհատին, ու հանրության այսօրվա ողջ կարգ ու կանոնն էլ թողնըվի նույնը, որ այդ անհատը հանգիստ վայելի այդ կլինիկայի ողջ հասույթը:

Այս չմտածողը չի պատկերացնում, որ եթե այս առաջարկն իրագործվի ու, սրա հետ միասին, հասարակական կարգն էլ բարոյակարգ լինի, այդժամ թե´ կլինիկայի, թե´ ողջ հանրության աշխատանքի ողջ ընթացքը կփոխվի:

Օրինակ, կլինիկայի տերը այսօրվա մոտ 50-60 «կիսատ-պռատ» բժշկի փոխարեն կպահի մի 15-20 բարձր վճարվող գերազանց բժիշկ: Սրա հետ էլ կվերացնի բժիշկներին պարտադրված այսօրվա այս մղձավանջային ու անընդհատ շատացող թըղթավարությունն ու խայտառակ բյուրոկրատիան:

Բժիշկը կազատվի այսօրվա այս մղձավանջային թղթավարությունից ու արդեն իր ժամանակը կծախսի միմիայն հիվանդներին քննելու ու բուժելու վրա: Նման մըտածողը, մանավանդ, չի պատկերացնում, որ կսկսվի կլինիկաների մրցությունը:

Այս մտածողը չի պատկերացնում, որ հենց բարոյակարգը հաստատվի, մարդկանց եկամուտները խիստ կմեծանան: Ու երբ հանրության բոլո´ր անդամների եկամուտները շատանան ու համարյա բոլո´րն էլ ի վիճակի լինեն վճարելու մասնավորին, կլինիկաների վճարովի հաճախորդնե´րը կշատանան:

Այդ ժամանակ կլինիկաները կմրցեն ո´չ միայն իրենց ծառայության որակով, այլև նաև իրենց բարեգործությամբ, որ իրենց բարի համբավով ավելի շատ հաճախորդ հրապուրեն: Ու արդեն «թույլերն» է´լ առանց բուժօգնության չեն մնա:

Ամենակարևորը, նման «մտածողը» երբեք հաշվի չի առնում, որ առկա վիճակն ուղղակի անտանելի է, որ այսօրվա «բժիշկը» հաճախ «ունքը շինելու տեղն աչքն էլ է հանում», որ լուրջ հիվանդն ստիպված ման է գալիս ու լավ բժիշկ է ճարում ու, միևնույնն է, վճարո´ւմ է այս լավ բժշկին:

Շատ ավելի դժվար է պատկերացնելը, որ ոստիկանությո´ւնը լինի մասնավոր: «Չմտածողի» մտքով անգամ չի անցնում, որ մասնավոր ոստիկանության ծիլերն արդեն կա´ն – թիկնապահներն ու մասնավոր դետեկտիվները: Հետո, տեսե՞լ եք, որ ոստիկանությունը շարքային քաղաքացուն իրո´ք պաշտպանի, օրինակ, փողոցային խուլիգանի ծեծից: Կամ գա ու գիշերը տան եղած չեղածը գողացողերին գտնի, գողացածը հետ բերի ու գողերին էլ պատժի: Առարկողները թող հիշեն, որ նման դեպքերում տուժողը դիմում է թաղային հեղինակություններին կամ «գողականներին», սրանց զգալի վճար խոստանալով, ու սրանք ա´նպայման են գողոնը վերադարձնում: Բայց սա էլ էական չի:

Մի՞թե պարզ չի, որ վարչախումբը երբե´ք չի համաձայնի, որ որևէ տեսակ մասնավոր ոստիկանություն լինի: Ինչո՞ւ: Հենց ա´յն պատճառով, որ այս մասնավորի մրցությունը (ինչպես կրկնուսույցների ու մասնավոր բժիշկների դեպքում), ակնհայտ ցույց կտա, որ վարչախմբային ոստիկանությունը ոչ պաշտոնյա շարքային քաղաքացուն, ըստ էության, չի պաշտպանում: Թե լրի´վ ու իրո´ք ազատ շուկայում մասնավոր ոստիկանությունն ի´նչ կոնկրետ ձևեր կունենա ու ինչպե´ս կաշխատի, կախված է միայն ազատ մրցության մեխանիզմից ու, սկզբունքով իսկ, գուշակելի չի:

Ազատ մրցության մեխանիզմը հիմնված է ազատ շուկային մասնակից պատահական հայտնագործությունների ու Նորին Մեծություն Սպառողի «բնական ընտրության» վրա ու մանրամասն գուշակելի չի: Մի՞թե պարզ չի, որ մասնավոր ոստիկանության ինստիտուտը պիտի գոնե թույլատրելի լինի, որ վարչախմբայինը վախենա մրցությունից ու ձգտի մասնավորի պես աշխատելուն:

Մի՞թե պարզ չի, որ սրանից շարքային քաղաքացուն միմիայն օգուտ կլինի:

Ասվել է, որ պետերի անհսկելի ու աքնպատիժ վարչախմբի մանավանդ վերնախավը մի´շտ է գիտակցում, որ ինքը ժողովրդին հարկերով բռնի թալանելու համար է կազմակերպվել: Սա մի´շտ է գիտակցում նաև, որ թե´ իր անդամներին, թե´ իրեն պաշտպանող ոստիկանությանը անպիտանության դեպքի համար պիտի չպատժի, եթե հնարավոր է:

Կնշանակի ինչո՞ւ չպիտի մեզ անընդհատ հետևյալ հարցը տանք.

«Ի՞նչը կխանգարի, եթե պետության այս կամ այն կոնկրետ ֆունկցիան հանձնենք ոչ թե պետերի´ հանրության անդամին, այլ մասնավո´ր անհատին, որ սրա գործերի հսկողը դառնա Նորին Մեծություն Սպառողը: Սա հնարավո՞ր է, թե՞ չէ»:

Պետերի վարչախումբն ամե´ն ինչ է անում, որ քաղաքացին հանկարծ այս հարցը չտա ինքն իրեն: Վարչախումբը, իր պարտադիր կրթության ու քարոզչական հզոր հնարավորություններով, միշտ ու անընդհատ համոզում է ժողովրդին, թե սա անհնա´ր է, ու պետերն էլ մի´շտ են ճիշտ, մի´շտ են իրավացի:

Այսօր, մեր այս կրկնակի խայտառակ պարտությունից հետո, շատ ու շատ ավելի մարդ է ասում (գուցե մինչև վերջ չհավատալով իր ասածի լրջությանը), որ.

«Եթե 44-օրյա պատերազմի ժամանակ վարչախումբը պատերազմը թողներ մասնավորին, մասնավորը, 1990-ական թվերի սկզբների պես, (ինքնիրեն) կկազմակերպվեր ու անպայման կհաղթեր թշնամուն»:

Բայց ախր եթե այս բաներն ասողին հարցնես.

«Չի՞ լինի, որ մասնավոր բանակի, կամ զորամասի թույլատրություն լինի»,

սա իսկույն կգոռա.

«Ո՞նց թե, ախր այդ բանակը կամ զորամասը շուռ կգա ու մեզ կկեղեքի»:

Ու սա ասողը երբեք չի ասի. «Ախր մեր վարչախմբային մոնոպոլ բանակի գերագույն հրամանատարությունը, ըստ էության, հենց ի´նքը դավաճանեց մեզ ու հանձնվեց թշնամուն: Իսկ մասնավորը գուցե չհանձնվեր»:

Ու սա ասողը երբեք չի տեսնում, որ այդպիսի մասնավոր բանակն արդեն կա´, մեր Երկրապահ բանակը, ինչը նորից միմիայն վարչախմբի´ն է պաշտպանում:

Ու այս ասողը երբեք տեղյակ չի ո´չ հին հույների բանակային ավանդույթներից, ո´չ հռոմեականից, ոչ է´լ այսօրվա շվեյցարացիների նույն այս ավանդույթներից:

Տնտեսագետ ու տնտեսության պատմաբան Robert E. Wright-ը ասում է, թե ԱՄՆ-ի պրեզիդենտ Ջոզեֆ Բայդեն Կրտսերը 2021-ի հունիսի 23-ին ասել է թե.

«Այն օրից, երբ ընդունվել է ԱՄՆ-ի սահմանադրության «Երկրորդ ուղղումը», սահմանափակվել են թե´ այն մարդկանց տեսակները, ովքեր զենք ունենալու իրավունք ունեն, թե´ ունենալիք զենքի տեսակները: Օրինակ, թնդանոթ առնելը չէր կարելի»:

Ռայթը, հղելով ի´ր իսկ գրած գրքին («On Nation under Debt, «Պարտքի մեջ թաղված պետությունը», McGraw Hill 2008), ասում է, թե Բայդենը չգիտի, որ.

1. Վաղ շրջանի ամերիկացի անհատները կազմում էին իրենց «լեգեոն» կոչված զինվորական միավորները, ու սրա բազում վկայությունը կա:

2. Կազմակերպում էին միլիցիայի մասնավոր ջոկատներ, առևտրական կորպորացիաների իրավունքով:

3. Ունեին թե´ մասնավոր թնդանոթներ (ցամաքում), թե´ թնդանոթներ, որոնցով իրենց նավերը պաշտպանում էին ծովահեններից, թե´ սրանց համար ԱՄՆ-ի Կոնգրեսից ստացած լիցենզիաներ, որոնք իրավունք էին տալիս, որ մասնավորը խլի թշնամու նավն ու վաճառի (ի´ր, մասնավորի´ օգտին):

Այս իրավունքը կա ԱՄՆ-ի սահմանադրության մեջ (Հոդված I, § 8, կետ 11): 1812 թվի պատերազմին ԱՄՆ-ի 200 մասնավոր նավը խլել ու վաճառել է Բրիտանիայի ավելի քան 1000 նավը:

4. Մասնավորը մշակում, արտադրում, կուտակում ու մասնավորներին (նաև՝ պետությանը) վաճառում էր թնդանոթ ու այլ զենք կամ ռազմական սարք:

5. ԱՄՆ-ում այսօր էլ կան հրետանային մասնավոր ջոկատներ…

Վարչախումբն ամե´ն ինչ է անում, որ ժողովուրդը ո´չ միայն այս բաները չիմանա, այլև չկասկածի անգամ, թե հնարավոր է, որ հենց վարչախո´ւմբը դավաճանի իր ժողովրդին: Ու երբ վարչախումբն այնպիսի մի «վատ» բան է անում, ինչը թաքցնելն արդեն անհնար է, այս վարչախումբն ամե´ն ինչ է անում, որ այս «վատ բանի» մեղավորը դառնա ժողովուրդը, իսկ եթե սա անհնար է, դառնա միայն որևէ կոնկրե´տ պետը, ոչ թե վարչախմբային ավազակախումբը:

Ու հնարավոր է, որ վարչախումբը երբեմն պատժի (քավության նոխազ դարձնի, զոհ տա) իր որևէ անդամին: Վարչախումբը, նման մեկին պատժելիս, ուզում է սրա օրինակով համոզած լինի ժողովրդին, թե իբր ինքն արդար է, անաչառ ու իրավացի, իսկ սխալվողներին էլ իբր ա´նպայման է պատժում:

Այնուամենայնիվ, պետերը ոչ միայն մի´շտ ու կտրո´ւկ են դեմ որ իրենց ֆունկցիաները հանձնվեն մասնավորին, այլև մի´շտ են ձգտում, որ մասնավորի ֆունկցիաներն ավելի ու ավելի շատ «ազգայնացնեն» դարձնեն իրե´նցը, որ հետո իրենց թաթն ավելի խորը մտցնեն հարկատու աշխատավորի գրպանը:

Մեր անկարող մտավորականությունը համարյա երբեք սա չի նկատում:

Միամիտ ու դյուրահավատ ժողովուրդն էլ այնքա´ն խորն է մոլորվում վարչախմբի այն կեղծ քարոզից, վարչախումբը իբր միմիայն ժողովրդի ամենայն կարիքների հոգն է տանում, որ մտածում է.

«Դե´ ճիշտ ա, է´լի, շուն-գել, վարչախումբ-պետությունն էլի ժողովրդի հայրն ա, է´լի»:

Ու մենք երբեք չենք հասկանում, որ երբ ասում ենք, «եկեք պայքարենք, որ պետությունը հզորանա ու ծաղկի», ըստ էության, ասում ենք. «Եկեք պայքարենք, որ վարչախմբի թալա´նը հզորանա ու ծաղկի»:

Ու մենք չենք հասկանում, որ անհսկելի ու անպատիժ վարչախումբը հզորանում ու բարգավաճում է մի´միայն սեփական ողջ ժողովրդի թուլանալու ու այս ժողովրդի բանակի մարտունակությունը քչացնելու ու ողջ ժողովրդի թշվառությունը շատացնելու հաշվին:

Պետ-ոստիկանությունն ու պետ-բանակը վարչախմբային են: Սրանք հիմնականում պաշտպանում են վարչախմբին, ու ժողովրդին պաշտպանելու սրանց այսօրվա դրվագները միմիայն վարչախմբին պաշտպանելու «հյուծված ու ուժաթափ ածանցյալներն» են:

Ու պարզ է, որ վարչախումբը սարսափում է մանավանդ մասնավոր ոստիկանությունից ու բանակի մասնավոր զորախմբերից: Սարսափում է, որովհետև մտածում է, թե հնարավոր է, որ մասնավոր ոստիկանական ջոկատներն ու բանակային զորախմբերը պաշտպանեն ժողովրդի´ն, ո´չ թե իրենց:

9.4 Ժողովրդին զինաթափելու ծածուկ նպատակը

Իրեն պետություն հռչակած վարչախումբն այնքան հստակ է գիտակցում, որ ինքը ժողովրդի հարատև թշնամին է, որ հարատև էլ սարսափում է, որ ժողովուրդն է´լ մի օր սա կհասկանա: Իսկ եթե հասկացավ ու եթե զինված եղավ, կկազմակերպվի ու կհարձակվի իր վրա: Ու վարչախումբը (երբ ու ինչքան կարող է) մի´շտ է զինաթափում իր երկրի քաղաքացիներին ու արգելում է, որ քաղաքացիները զենք ունենան ու զենք կրեն:

Այս արգելքի առաջին ու գլխավոր նպատակը պետերի այն վախն է, թե զինված քաղաքացիները հանկարծ կմիավորվեն, ժողովրդին թշնամի հանցագործ պետերին կպատժեն ու կքշեն, ու (իբր) ժողովրդին պատկանող իշխանությունը կդառնա փաստացի իրականություն: Երկրորդ նպատակն էլ, քաղաքացիներին ճորտական վիճակում պահելն է: Այնինչ, քանի որ անհնար է, որ ոստիկանությունը հատիկ-հատիկ պաշտպանի ամեն մի քաղաքացուն, ազատ երկրի ազատ քաղաքացիները պիտի ինքնապաշտպանության համար ա´նպայման զենք ունենալու ու այս զենքը կրելու իրավունքն ունենա´ն:

Ահա թե ինչ է ասում անհատական ազատության ջերմ պաշտպաններից մեկը, ԱՄՆ-ի անկախության հռչակագրի «հայրերից», ԱՄՆ-ի 3-րդ պրեզիդենտ Թոմաս Ջեֆերսոնը, Վիրջինիայի սահմանադրության 1776 թվի 1-ին նախագծի մեջ.

«Ոչ մի ազատ մարդ չպիտի զրկվի զենք գործածելու իրավունքից»:

Նույն Ջեֆերսոնը ԱՄՆ-ի սահմանադրության ու իրավունքների բիլերի գլխավոր հեղինակներից մեկին (Ջեյմզ Մադիսոնին) գրած 1787 թվի դեկտեմբերի 20-ի իր նամակում (ընդունելիք սահմանադրության առիթով) խորհուրդ է տալիս.

«Ժողովրդին թույլ տվեք, որ զինվի, քանզի այդ ո՞ր երկիրն ունակ կլինի պահպանելու իր քաղաքացիների ազատությունները, եթե այդ երկրի իշխողները մեկ-մեկ չզգան, որ իրենց ժողովուրդը օժտված է իրենց արարմունքներին դիմադրելու ոգով, ու չզգուշանան»:

Ջեֆերսոնը իր «Commonplace Book» գրքի մեջ («Գիրք բոլորի համար», 1774-1776), կրկնելով 18-րդ դարի կրիմոնոլոգիայի հեղինակության՝ Չեզարե Բեքարիային (Cesare Beccaria-յին), ասում է.

«Զենք կրելն արգելող օրենքները, ըստ էության, զենք կրելն արգելում են միայն ա´յն մարդկանց, ովքեր ո´չ հանցագործելու հակում ունեն, ոչ է´լ հանցագործելու կամք:…Այս օրենքները ավելի´ են վատացնում անզեն հանցագործվողի´ վիճակը ու ավելի են լավացնում հանցագործողի´ վիճակը:

«Այս օրենքները, ըստ էության, ոչ թե կանխում են սպանությունները, այլ խրախուսում են դրանք, որովհետև զինված հանցագործողը շատ ավելի վստահ ու ավելի քիչ վախով է հարձակվում անզեն ու խաղաղ քաղաքացու վրա»:

Ջեֆերսոնը 1785 թվի օգոստոսի 19-ին գրում է Peter Carr-ին.

«Ուժեղ մարմինը միտքն է´լ է դարձնում ուժեղ: Միտքը զորացնող գործիքներից ես խորհուրդ եմ տալիս ատրճանակն ու հրացանը: Սրանք մկանները չեն ուժեղացնում, բայց կրողին շնորհում են համարձակություն, գործելու նախաձեռնություն ու մտքի անկախություն:

«Ֆուտբոլն ու սրա պես խաղերը գուցե զորացնում են մարմինը, բայց չեն ձևավորում հզոր միտք ու բնավորություն: Ուրեմն, թող ատրճանա´կն ու հրացա´նը դառնան ձեր զբոսանքների մշտական ուղեկիցը»:

John Cartwright-ին գրած իր նամակում (1824-ի հունիսի 5), Ջեֆերսոնն ասում է.

«Մեր նահանգների մեծ մասի (նաև ԱՄՆ-ի) սահմանադրություննե´րը պնդում են, թե ողջ իշխանությունը, անպայման ու անկապտելի, ժողովրդինն է, թե ժողովուրդն իրավունք ունի´ հենց ի´նքը տնօրինի այդ իշխանությունը, թե միշտ զինված լինելը ժողովրդի´ իրավունքն ու պարտականությունն է»:

Իսկ նշանավոր բառարանի հեղինակ ու քաղգործիչ Վեբստերն ասում է (Noah Webster, An Examination of the Leading Principles of the Federal Constitution, October 10, 1787).

«Կառավարության իշխանության մի ուրիշ ակունքը ռազմական ուժն է: Բայց որպեսզի սա արդյունավետ լինի, պիտի սա գերազանցի ժողովրդի սեփական ուժը, որ իրեն ենթարկի ժողովըրդին, թե չէ ենթարկելու հենց առաջին փորձի ժամանակ կոչնչանա:

{Սրա համար է, որ} «եվրոպական համարյա բոլոր թագավորությունները, մշտական բանակ հիմնելուց առաջ, զինաթափեցին ժողովրդին: {Այնինչ} Ամերիկայի գերագույն իշխանությունը չի կարող զենքի ուժով որևէ անարդար օրենք պարտադրի ժողովրդին, որովհետև ողջ ժողովուրդն էլ զինված է ու իր ուժով գերազանց է Միացյալ Նահանգներում որևէ խարդախ պատրվակով հավաքած ցանկացած կանոնավոր զորքից:

«Կոնգրեսին ենթակա ռազմական ուժը չի կարող գործադրի այնպիսի մի օրենք, ինչը ժողովուրդը չի համարում արդար կամ սահմանադրական, քանզի եթե ժողովըրդի ձեռն ուժ լինի, ժողովրդի զգոնությունն իսկույն այդ անարդար ու բռնակալ օրենքին դիմադրելու ցանկություն կհարուցի:

«Եթե Կոնգրեսին սահմանադրությամբ շնորհած այս անվանական իշխանությունը ընդունվի լրիվ ու ամենուրեք, միևնույնն է, այս իշխանության փաստացի կիրառությունը շատ ու շատ հաճախ կընդհատվի ժողովրդի այսպիսի զգոնությամբ…Իշխանության ակունքը, թերևս հավիտյան, հենց այս երկրի ժողովուրդն է»:

Ակնհայտ է, որ ժողովրդի զինված լինելը ձեռնտու չի միայն պետերին:

Անկասկած է նաև, որ ժողովրդի զենք ունենալուց ու կրելուց բոլորովին էլ չի հետևում, որ հենց մարդիկ զենք ունեցան, իսկույն իրար կկոտորեն, կամ էլ որ սպանությունների թիվը կաճի: Փաստերն ու պատմությունը լրիվ հակառակն են ցույց տալիս:

Մարդիկ այսօր էլ զենք ունեն, դանակ, կացին ևն, բայց սա սպանությունների թիվը չի շատացնում: Բազում օրինակ կա, երբ ժողովուրդը տանը պատերազմական զենք է ունեցել: Օրինակ, զինված էին հին բոլոր հույն ու հին բոլոր հռոմեացի քաղաքացիները: Միջնադարում էլ զինված էին համարյա բոլոր եվրոպացիները, բայց սրանից այդ երկրներում սպանությունները չէին շատանում:

Այսօր զենքը թաքցրած կրելու իրավունք կա ԱՄՆ-ի 50 նահանգում:

ԱՄՆ-ի Վերմոն(տ)ի նահանգի սահմանադրությունը, սկսած 1777 թվից, թույլ չի տալիս, որ տեղական իշխանությունները սեփական քաղաքացու կամ այլ նահանգից եկածի զենքը ունենալու ու զենքը բաց կամ թաքցրած պահելու հարցը նույնիսկ կարգավորեն, օրինակ, պաշտոնական թույլատրություն կամ գրանցում կամ որևէ լիցենզիա պահանջեն:

Վերմոն(տ)ում զենքը բաց կրելը արգելվում է միայն դպրոցներում, դատարաններում ու ավտոբուսներում: Վերմոնցիները նույնիսկ ուզում էին օրենք ընդունեն, որ սեփական զենք չունեցող քաղաքացիները հատուկ հարկ վճարեն, քանի որ զենք ունեցող քաղաքացիները պարտավոր չեն պաշտպանեն իրենց անզեն քաղաքացիներին:

Պաշտպանվելը ամեն մի մարդու անօտարելի իրավունքն է:

Արդեն երկու տասնամյակից ավել է, ինչ Մոլդովայում թույլ են տվել, որ քաղաքացիները զենք (ու նույնիսկ ավտոմատ) ունենան: Սրանից հանցագործությունների թիվը կտրուկ նվազել է: Այս ընթացքում չի գրանցվել մի դեպք, երբ այս մասնավոր զենքը որևէ մեկը կիրառած լինի, բացի մի անգամը, երբ հարբած մեծահարուստը ռեստորանում իր ավտոմատից կրակել է առաստաղին:

Երբ վարչախումբը քաղաքացուն արգելում է զենք ունենալն ու կրելը, այդ քաղաքացուց խլում է քաղաքացու կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու քաղաքացու անօտարելի իրավունքը, պարտավորվելով, թե ի´նքը կպաշտպանի քաղաքացուն ու իր ունեցվածքը ու կհատուցի պատճառված վնասը:

Վարչախումբը համարյա երբեք չի կատարում իր այս պարտավորությունը:

Պետերը համոզում են, թե իբր եթե ժողովուրդը զենք պահելու ու կրելու իրավունք ունենա, սպանությունները կշատանան: Այս հեքիաթին շատ մարդ է հավատում, ու չի տեսնում, որ իրականությունը սրան լրի´վ է հակառակ: Օրինակ, Վերմոնի նահանգը սպանությունների ամենաքիչ թվով երեք նահանգից մեկն է:

Ու ոչ մեկը չի նկատում, որ, օրինակ, շվեյցարական պետությունը հենց ի´նքն է զինում իր բոլոր քաղաքացիներին, ու գուցե հենց սրա համար է, որ սպանությունները Շվեյցարիայում, այլ երկրների համեմատ, շատ են քիչ:

Երբ զենք պահելն ու կրելն արգելվում են, շահում են միմիայն հանցագործները, որովհետև հանցագործները միշտ էլ այս կամ այն կերպ զենք ճարում ու կրում են, իսկ մարդ սպանելու հակում ու վճռականություն չունեցող քաղաքացիները մնում են սրանցից լրի´վ անպաշտպան: Այս կարգը ձեռնտու է միմիայն բռնության իրավունքը մենաշնորհ դարձրած թալանչի պետերին ու մարդասպաններին:

9.5 Վերադասի´ կամքն է օրենքը

Երբ ժողովրդի ու վարչախմբի միջև որևէ տարաձայնություն է ծագում, ոստիկանությունը, պարտադիր ու ամեն պարագայում, պաշտպանում է միմիայն պետերին, չնայած միշտ հայտարարվում է, թե ոստիկանությունը կոչված է պաշտպանելու հենց քաղաքացիների´ն ու հասարակական կա´րգը:

Պետերը ամեն մեթոդով ոստիկաններին ու զինվորականներին ներշնչում են, թե վերադասի հրամանը իբր մի´շտ է օրինական ու սահմանադրական, ու երբ ոստիկանը կատարում է վերադասի հրամանը, իբր ա´նպայման է իրագործում իր սրբազան պարտքը ժողովրդի նկատմամբ:

Ու անընդհատ պնդում են, թե այս պարտքն իբր ա´նպայման է օրինական, նույնիսկ երբ ոստիկանը կամ զինվորը կրակում է ժողովրդի վրա: Վերադասին ճիշտ համարելու ու ենթարկվելու ոստիկանին ներշնչած այս վերաբերմունքը դառնում է «պետային» կռապաշտություն, ինչը շատ նման է աստծո պաշտամունքին:

Ու ինչպես աստծուն հավատացողն է երբեմն խախտում աստծո պատվիրանները, այնպես էլ ոստիկա´նն է երբեմն խախտում պետերի պատվիրանները, երբ պետերը չեն տեսնում այս խախտումները: Կրոնական պատվիրանները խախտողը խղճի խայթ է զգում ու, այնուամենայնիվ, վախենում է աստծո զայրույթից: Այնինչ, ոստիկանը մի´շտ է հանգիստ խղճով խախտում իր «աստվածաշունչը», այսինքն, քրեական օրենսգիրքը, որովհետև ոստիկանը ոչ թե օրենքը խախտելո´ւց է վախենում, այլ մի´միայն իր պետից ու խղճի խայթ չի զգում:

(Այս ամենը ճիշտ է նաև զինվորականների´ առումով):

Խղճի խայթի այս բացակայության համար է ոստիկանը շարքային քաղաքացուն իրենից ցածր դասում ու շատ հաճախ կոպտում ու նույնիսկ վնասում է քաղաքացուն, եթե այս կոպտելն ու վնասելն իր համար անվտանգ է:

Ոստիկանը ենթարկվում է ոչ թե օրենքին, այլ իր անմիջական պետերին: Ու ոստիկանը ոչ թե օրենքին է հնազանդ, այլ միմիայն իր պետերին:

Հայաստանում կա ոստիկանների վիթխարի քանակ: ՀՀ-ի ոստիկանների գումարային թիվը մոտ 30000 է, ինչը մեր բանակի մոտ կեսն է: Սա, de facto, զորք է ու, հարկ եղած պահին, այս զորքը պիտի դուրս գա թշնամու դեմ: Ո՞վ է այս թշնամին, ո՞ւմ թշնամին է սա: Պարզ է, որ այս թշնամին միայն վարչախմբի դեմ ապստամբած ժողովուրդը պիտի լինի, ում ոստիկանն իր պետերից ու իրենից ցածր է դասում:

Այսինքն, ըստ վարչախմբային մտածողության, վարչախմբի առաջին թշնամին հենց ա´յն ժողովուրդն է, ով, տեսնելով, որ իր իսկ վարձած պետերը խախտել են ժողովրդի սեփական իրավունքները կամ էլ դավաճանել են ժողովրդին, դուրս է եկել փողոց, որ իր անհամաձայնությունը հայտնի իր իսկ ընտրած «ծառաներին», այսինքն, վարչախմբի պետերի´ն:

Պետերը նույնիսկ հատուկ օրենք ունեն քրեական օրենսգրքում, ինչը քաղաքացուն հատուկ խստությամբ է պատժում, եթե քաղաքացին դիմադրում է ոստիկանական բռնությանը: Ակնհայտ է, որ այս հոդվածի գոյությունն իսկ հակադիր է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքին, քանի որ սա ոստիկաններին հատուկ արտոնություն է տալիս: ԿԳԲ-ի (այսօրվա ԱԱԾ-ի) աշխատակիցների հատուկ արտոնությունները վաղուց են հայտնի: Ժողովուրդը թերևս պիտի հրաժարվի միմիայն պետերի շահերը պաշտպանող կառույցներից:

Շատ հաճախ ոստիկանությունը հետամուտ է ոչ թե հանցագործությունները կանխելուն (ինչպես օրինակ՝ Մեծ Բրիտանիայում կամ Շվեյցարիայում է), այլ ինչքան հնարավոր է շատ հանցագործ բռնելուն, ինչը իբր ապացուցում է, որ ոստիկանությունը ավելի ու ավելի լավ է աշխատում:

Այսօրվա ոստիկանը ժողովրդին պաշտպանելու ու իր այս պարտականությունը որակով կատարելու ոչ մի օրինական բարոյական կամ ֆինանսական մոտիվացիա չունի: Ու այսօրվա ՀՀ ոստիկանը, իր ֆինանսական վիճակը բարելավելու համար, ստիպված, դիմում է անօրինականությանը ու, օրենքն է խախտում:

Սրա´ համար է, որ ոստիկանը պիտի հլու հնազանդ լսի իր (այս ամենն իմացող) վերադասին, որովհետև միայն վերադա´սն է չնկատելու տալիս խախտումները: Ու հենց վերադա´սն է պաշտպանում իր հանցավոր ենթակային, եթե այս պաշտպանությունը վտանգավոր չի:

Ոստիկանությունը, ըստ էության, քաղաքացուն պաշտպանելու իր պարտականությունը չի կատարում: Ոստիկանությունը քաղաքացուն չի պաշտպանում մանավանդ «փոքր» հանցագործություններից, օրինակ, փողոցում ծեծվելուց կամ վիրավորանքներից, մանր-մունր գողություններից ևն: Ոստիկանության աշխատակիցն էլ է պետական գաղտնիքի հլու-հնազանդ «հպատակը», բայց մի քիչ «տարօրինակ» ձևով: Ուժային համարյա ամեն կառույցում կա ծառայական հանցանքները քննելու ու պատժելու մի հատուկ վարչություն, ինչին ժարգոնով ասում են՝ գեստապո: Այս գեստապոն գործում է «տան կեղտոտ լվացքը հանրության սեփականությունը չդարձնելու» սկզբունքով:

Այսպիսի ինստիտուտների (կամ գրված ու չգրված «օրենքների») գոյությունն է´լ է հակադիր օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքին: Անկասկած, սա ձեռնտու է միայն բռնությունը մենաշնորհ դարձրած վարչախմբի վերնախավին:

10. ՀԶՈՐԱՑՆՈՂ ՌԵՖՈՐՄՆԵՐԸ

Ընդհանուր դրույթները

«Գիտակցությո´ւնն է որոշում կեցությունը»:

ՖՐԻԴՐԻԽ ԱՎԳՈՒՍՏ ֆոն ՀԱՅԵԿ (1899-1991)

«Լավագույն կառավարությունն ա´յն կառավարությունն է,

ինչը, ինչքան հնարավոր է, քի´չ է կառավարում»:

ԹՈՄԱՍ ՋԵՖԵՐՍՈՆ (1743-1826)

10.1 ՀՀ-ն փրկելու հրաշք դեղատոմսը

Առհասարակ, տնտեսական ցանկացած հրաշքի առաջին պայմանը – սոցիալիզմի վերը շարադրված բոլո´ր տեսակների նկատմամբ մեր ուսյալների կույր հավատից ազատվելն է: Սա միմիայն հենց ուսյալների´ խնդիրն է, այսինքն, մեզնից ամե´ն մեկի խնդիրն է: Սրա համար էլ այս գլուխը ներկայացնում է ա´յն թիրախային ռեֆորմների ուրվագիծը, որոնք պետք են, որ ՀՀ-ն ո´չ միայն փրկվի այս հույժ վտանգավոր վիճակից, այլև դառնա Շվեյցարիայի պես հզոր մի երկիր:

Մինչև այս ուրվագիծը մանրամասնելը, նախ կարճ ասեմ, թե մեզ ի´նչ է պետք:

1. Փրկության հրաշք բանաձևը շատ պարզ է: Եթե մեզ փող է պետք, որ հզոր բանակ ունենանք: Ուրեմն, առաջին հերթին պիտի ազատվենք մեր ժողովրդին թալանողների´ց: Այսինքն, պիտի ազատվենք բարիք ստեղծողներից հարկերով ու մաքսերով խլած փողը փոշիացնողներից, կնշանակի, հենց վարչախմբի´ պարազիտային վիթխարի մասից:

2. Երկրորդը, այս անհսկելի, անպատիժ, անզուսպ ու անբարո վարչախմբի մնացած արդեն քչաթիվ մասի իրավունքներն ու թիվն էլ պիտի կրճատենք ու այնպիսի´ սահմանափակող երկաթյա օրենքներ պիտի սահմանենք, որ սրանց գլուխները Լեռնեյան Հիդրայի պես նորից չբազմանան:

Օրինակ, պիտի հենց սահմանադրությամբ անսկզբունքային, ստախոս, ասող-ուրացող վարչապետին, նախագահին, նախարարին կամ այլ խոշոր պաշտոնյային գործից իսկույն ազատելու ու դատի տալու գործուն մեխանիզմ լինի:

3. Երրորդը, պիտի ժողովրդին կեղեքելուն ու թալանելուն նպաստող մոտ 40000 օրենքը լուծարենք, որ սրանք չխանգարեն մեր նորմալ կյանքին, ու որ տնտեսվար արարողները բարիք արտադրեն ու երկիրը հարստացնեն, որ շատ փող ունենանք ու լիքը ժամանակակից զենք առնենք ու բանակն այնքա´ն հզորացնենք, որ շվեյցարացիների պես տանք ու ամե´ն մի նախարհաձակ թշնամու գլուխը ջարդենք:

10.2 Առաջարկվողը սահմանադրություն չի

Ոչ էլ ռեֆորմների հետևողական ծրագիր

Այսօր մեր ժողովուրդը մի գերմարդ փրկիչ է ուզում: Ընտրություններով կճարվի այդ փրկիչը, թե փողոցային ցույցերի հարկադրանքով ևն, կարևոր չի, ուզո´ւմ է:

Բայց, եթե հասարակական ողջ կարգն է փչացած, եթե անհատի ու վարչախմբի համարյա բոլո´ր-բոլո´ր հարաբերություններն են անբարո (ինչպես մեր մոտ է), եթե իրեն պետություն հռչակած պետերի վարչախումբը մի կազմակերպված, անհսկելի, անպատիժ ու թալանչի խումբ է, ինչը ուղղակի ժողովրդի թշնամին է, այդ փրկիչը ոչ մի օգուտ էլ չի տա:

Չի տա, եթե նույնիսկ Նիցշեն ու իր գերմարդն էլ վերցնեն իրենց կախարդական նացիոնալ կամ զուտ սոցիալիստական փայտիկներն ու գան, վիճակը չեն փրկի:

Մեր մտավորականությունը սա չի հասկանում: Մեր մտավորականությունն անընդհատ ասում է. «Այս մի վարչապետից (կամ նախագահից) ազատվենք, հետո կտեսնենք, թե ի´նչ ենք անելու»:

Մեր ուսյալներն այսպես էին ասում 1996-ին, թե. «ԼՏՊ-ից ու ի´ր ավազակային վարչախմբից ազատվենք, հետո ամեն ինչ լավ կլինի»: Մեր ուսյալներն այս նույնն էին ասում ՍՍ-ի ընտրություններից առաջ, թե «Ավազակապետ ՌՔ-ից ու ի´ր վարչախմբից պրծնենք, հետո կտեսնենք, թե ի´նչ ենք անելու», ու գլխավոր ասողը հենց նախկին ավազակապետ ու ավազակապետության հիմնադիր ԼՏՊ-ն էր:

Մեր ուսյալներն այս նույնն էին ասում Փաշինյանի ընտրություններից առաջ, թե. «Ավազակապետ ՍՍ-ից ու ի´ր վարչախմբից պրծնենք, հետո կտեսնենք, թե ի´նչ ենք անելու», ընդ որում գլխավոր ասողը հենց Փաշինյանն էր: Ու մեր ուսյալներն այս նույնն են ասում այսօ´ր, երբ ուզում են Փաշինյանից ու ի´ր վարչախմբից ազատվի:

Մենք երբեք չենք հարցնում. «Լա˜վ, ասենք – սրանցից պրծանք, բա հետո ի՞նչ ու ո՞նց ենք անելու»: Չենք ասում, որովհետև անսասան հավատում ենք, թե մեր այս փրկիչը գիտի´ թե ինչ պիտի անի, կարո´ղ է դա անի, ու դա ա´նպայման կանի:

Նոր փրկիչն ու իր մի քանի նվիրյալ զինակիցն իրո´ք են պետք, բայց երկիրը փրկելու սրանց բանաձևերը պիտի ա´նպայման լինեն ազատ շուկայական բարոյակարգ-կապիտալիզմ հաստատող թիրախային ռեֆորմները, ա´յն ռեֆորմները, որոնց ուրվագիծը բերված է ստորև:

Ու, ինչպես արդեն ասվեց, այս ռեֆորմների կարիքը պիտի հստակ գիտակցեն թե´ մեր ուսյալները, թե´ մեր ժողովրդի մեծագույն մասը: Այս գիտակցությունը, ինչպես ասում են, պիտի «օդից կախ լինի», թե չէ, ապագա փրկիչն ու իր նվիրյալ զինակիցները ոչ մի բան էլ չեն կարող անեն: Սա հնարավոր կլինի մի´միայն այն պայմանով, որ նախ մտավորականությո´ւնը յուրացնի այս գրքի թեզերն ու ողջ շարադրանքը, որ վառվի սրանցով ու, ոգևորվելով սրանցով, սրանք այնքա´ն տարածի մեր ողջ ժողովրդի մեջ, որ սրանք դառնան օրվա հրամայականը:

Շեշտեմ նաև, որ առաջարկվելիքը, անկասկած, սահմանադրություն չի ու ոչ էլ ամբողջական է: Սա ընդամենը այն հիմնական ռեֆորմների ուրվագիծն է, որոնք, ՀՀ-ում բարոյակարգը հաստատելիս, պիտի թիրախային լինեն:

Ինձ շատ են ասում, թե այսօրվա իրենց կապիտալիստական հռչակած արևմըտյան երկրներն ու սրանց (համարյա ավտոնոմ) կենտրոնական բանկերը (այսինքն, այս քողարկված կամ ծպտված սոցիալիստական աշխարհի հզորները) չեն թողնի, որ մեր փոքրիկ երկրում բարոյակարգ հաստատվի:

Սա ինքս է´լ գիտեմ: Բայց ինձ ոգևորում է Շվեյցարիայի ու սրան զինակից ու հարևան մի քանի փոքր երկրի օրինակը: Սրանք բոլորն էլ (համարյա) բարոյակարգ ունեն ու այնքա´ն են հզոր, որ դիմակայում են իրենց թշնամական շրջապատին:

Մանավանդ ոգևորող է Շվեյցարիայի օրինակը: Սրա մի քանի կանտոնը («մարզը») արդեն մոտ մեկ հազարամյակ է, ինչ դիմանում է իր թշնամական շրջապատին: Շվեյցարիայի շրջապատն է´լ է թշնամական եղել:

Շվեյցարիան անցել է թե´ յոթնամյա, թե´ տասնամյա, թե´ երեսունամյա, թե´ հարյուրամյա պատերազմների բովով, բայց միշտ է´լ դիմագրավել է իր մերձավոր շրջապատի բոլո´ր թշնամիներին:

Դիմացել է, որովհետև շվեյցարացիները պաշտում են ազատությունն ու բարոյակարգը: Իսկ 1815-ից մինչև հիմա ունեն համարյա նվազագույն վարչախումբ (5 նախարարություն, մի վարչապետ ու մի փոխվարչապետ), ու դեռ ոչ մի անգամ թույլ չեն տվել, որ իրենց այս 7 հոգանոց նվազագույն վարչախումբն իրեն պետություն հռչակի ու դառնա անհսկելի, անզուսպ, անպատիժ ու լրիվ անբարո:

Թույլ չեն տվել իրենց բարոյակարգի օրենքներով ու (միջինով – տարին 1,5 անգամանոց) հանրաքվեներով: (Վերջին 200 տարում – 300-ից ավել; համեմատեք Հայաստանի երեք հանրաքվեի հետ – այս վերջին 34 տարվա ընթացքում):

Շվեյցարիան ու սրան հետևող մեկ-երկու փոքր երկիրը դեռ դիմանում են ու չեն մտնում Եվրոմիություն, ինչքան էլ որ հարկադրում են սրանց: (Այնուամենայնիվ, 1999-ին Շվեյցարացիներին ստիպեցին, որ մտնեն ՄԱԿ): Ու Շվեյցարիան էլ ՀՀ-ի պես փոքր երկիր է (41285 կմ2 է) ու թերևս ավելի քիչ բնական հարստություն ունի քան Հայաստանը, բայց հարուստ է, որովհետև համարյա բարոյակարգ ունի:

Հարուստ է, ընդամենը պանիր ու ժամացույց արտադրելով ու բանկային գործով: Ու խի´ստ է հրապուրիչ օտար ներդրողների համար, որովհետև իր բարոյակարգ-կապիտալիզմը գրավում է ներդրողներին, որ գան ու բիզնես հիմնեն այնտեղ:

Ասեմ, որ չեմ մտածում, թե առաջարկվող ռեֆորմները պիտի իրագործվեն միանգամից ու մի հարվածով: Այս ռեֆորմները բաժանելի են երկու դասի – նախ հրատապ-անցումայինները, որոնք պիտի արվեն իսկույն, մի դեկրետով, երկրորդը, աստիճանականները: Օրինակ, չնայած առաջարկվում է, որ ծերության ու հաշմանդամության թոշակ կուտակելը տրվի մասնավոր ապահովական ընկերություններին, բայց ակնհայտ է, որ սա բնավ էլ միանգամից չպիտի արվի:

Սրան զուգահեռ, կուտակային թոշակների սիստեմը պիտի անհապաղ վերացվի ու դատաքննություն սկսվի այս սիստեմի օրինականությունն ու կատարված անօրինականությունները պարզելու ու վնասը հատուցելու համար: Անհապաղ պիտի լուծարվեն նաև (ու օրինակ) ԿԳՄՍ նախարարությունն ու սրան ենթակա կառույցները: Դպրոցներին ու պետական բուհերին հատկացվող ֆինանսները պիտի տրվի ուղղակի, առանց միջնորդավորության: Նույն ձևով էլ ոստիկանական զորքի մեծ մասի լուծարելը, անկասկած, պիտի արվի անհապաղ ևն, ևն:

Հրատապ ռեֆորմները նշված են մեկ աստղանիշով: Այն ռեֆորմները, որոնք պիտի արվեն բարոյակարգային սահմանադրությունը ընդունելուց հետո, նըշված են երկու աստղանիշով:

Թող այս ռեֆորմները թվան մի անհասանելի ու իդեալական երազ: Եթե սըրա´նք են մեր փրկության միակ միջոցը, մենք հենց սրա´նց պիտի ձգտենք:

Պիտի ձգտենք, որ հենց սրա´նց մոտենանք, մոտենանք – ինչքա´ն հնարավոր է, ու ոչ թե ձգտենք անիրագործելի ու կործանարար սոցիալիզմի կամ էտատիզմի որևէ բացահայտ կամ քողարկված տեսակին կամ կոմունիզմին:

10.3 Օրենքի բռնակալությունը

Ցանկացած անհսկելի վարչախմբի անպարտելի ուժն ու զորությունը, հենց «ողնաշարը», իր բյուրոկրատական վիթխարի ապարատն է: Սրա համար էլ.

ԱՔՍԻՈՄ 1. Ոչ մի ռեֆորմ չի գործի, եթե վարչախմբի «բյուրոկրատական ողնաշարը» չփշրվի:

ԱՔՍԻՈՄ 2. Իրեն պետություն հռչակած անհսկելի ու անպատիժ վարչախմբի լիազորությունները համարյա լրիվ կրճատելու համար, երկրի փաստացի ղեկավարությունը պիտի հանձնվի օրենքին, այսինքն, դատարաններին:

Սա նշանակում է, որ ժողովուրդը հենց ի´նքը պիտի սովորի, թե ինչպես պաշտպանի իր իրավունքները ու, անիրավ վիճակի հանդիպելիս, – պիտի ա´նպայման դիմի ի´ր իսկ ընտրած առավելագույնս ազատ ու անկախ դատարաններին:

Սրանով վարչախմբի բռնակալությունը կփոխարինվի օրենքի´ բռնակալությամբ, ինչը, անկասկած, կբացառի որևէ քաոսը:

Սրա համար էլ, առաջին հերթին, պիտի հաշվի առնվեն ու արվեն հետևյալ քայլերը:

**1. Դատավորներին պիտի ընտրի ժողովուրդը: Դատարանները պիտի լինեն միաստիճան: Դատավորները լինեն «ցմահ» ու մաքսիմում անկախ, բայց հեշտ ու արագ դատելի ու պատժելի: Այս անգամ «Արդարադատության նախարարությունն» ու ԲԴԽ-ն կդառնան անիմաստ ու պիտի լուծարվեն (տես հետո):

*2. Սահմանադրական դատարանը պիտի լուծարվի:

**Սահմանադրական դատարանի ֆունկցիաները պիտի փոխանցվեն շարքային միաստիճան դատարաններին, միացյալ դատարաններին (երկկազմ ու եռակազմ, տես հետո) ու, թերևս, հազվագյուտ դեպքերում, հանրաքվեներին (ինչպես այսօրվա Շվեյցարիայում կամ Հին Աթենքում):

Ինչո՞ւ: Նախ որովհետև.

*3. Պիտի կազմվի երկրի նոր սահմանադրություն: Երկրի սահմանադրությունը պիտի ա´նպայման հստակ ու համառոտ լինի ու, քանի որ սա երկրի գլխավոր օրենքների ժողովածուն է, ու սա պիտի հասկանալի լինի գոնե շարքային դատավորին, որ սա մեկնաբանող առանձին օրգանի կարիքը չառաջանա:

(Եթե նույնիսկ շարքային դատավորը (կամ օրենսդիր պատգամավորը, ով օրենք ստեղծող դատավոր է), ունակ չի սահմանադրությունը հասկանալու ու իր վճիռները հանելու սահմանադրությանը համաձայն, կամ ունակ չի պարզելու, թե իր ո´ր մի վճիռն է հակասահմանադրական, ուրեմն, կա´մ հենց ի´նքը, հենց սահմանադրությո´ւնը, բանի պետք չի, կա´մ հենց այդ դատավո´րը (նաև օրենսդիր պատգամավոր-դատավորը):

**4.Պիտի սեփականաշնորհվի կամ ազատ (ոչ ոքինը) համարվի պետական սեփականություն համարվող ամեն ինչը, բացի իշխանական կառույցների գույքի այն նվազագույն մասը, ինչը անհրաժեշտ է, որ պետական պաշտոնյաներն այնտեղ զբաղվեն իրենց գործով: Սա պիտի արվի սահմանադրությունը ընդունելուց հետո ու դրա հիման վրա:

**5. Պիտի ամենայն խստությամբ դատվեն ու պատժվեն մասնավոր սեփականության ա´յն տեսակների անձեռնմխելիությունը խախտողները (այսինքն, վարչախմբի անդամները), որոնց ասում ենք – օրենքի առաջ բոլորի հավասարություն, մարդու իրավունքներ, հավաքների ու ցույցերի ազատություն, խոսքի, կարծիքի, հավատի ու ինֆորմացիա ստանալու իրավունք, ընտրակարգի օրենքներ ևն:

10.4 Հարկ ու մաքսը – կամավոր ու ժամանակավոր

Եթե հարկ ու մաքսն ու սրանց չափը կամավոր չեն, սրանք հակասում են հարկատուի մասնավոր սեփականության անձեռնմխելության նորմին:

**Եթե որևէ մի հարկը չի համաձայնեցրած հարկատուի հետ, դա ուղղակի թալան է, ինչը պիտի արգելվի ու համարվի հանցագործություն: Սրա համար էլ հարկ ու մաքսային օրենքներն ու հարկ ու մաքսերի չափերը պիտի համաձայնեցվեն հարկատուի հետ ու հսկվեն դատարանների ու հանրաքվեների միջոցով:

**Հարկ կամ մաքս հաստատելիս՝ պիտի համաձայնեցվի հաստատվող հարկի կամ մաքսի գործադրության այն ժամկետը, որից հետո տվյալ հարկը (կամ մաքսը) կա´մ ինքնին լուծարվում է, կամ նորից է (օրենքով) երկարաձգվում:

*Պիտի համարյա անհապաղ լուծարվեն մանավանդ 2018-ի իշխանափոխությունից հետո վարչախբմի ընդունած հարկ ու մաքսային անհսկելի ու անպատիժ թալանն իրագործող ու հիմնավորող բոլոր օրենքներն ու հիմնարկների մի մասը:

10.5 Վե´րջ դրամավարկային թալանին

*1. Կենտրոնական բանկը լուծարվում է: ԿԲ-ին փոխարինող ու ԿԲ-ի նույն լիազորություններով կամ այս լիազորությունների որևէ մասով օժտված որևէ հիմնարկի կամ բանկի հիմնադրությունն արգելվում է սահմանադրությամբ:

*Առևտրային բոլո´ր բանկերը ենթարկվում են հռոմեական իրավունքի սպոնտան ծագած գլխավոր թեզերով կազմված օրենքներին:

*2. Դրամը նորոգելու էմիսիայի իրավասությունը (և ոչ թե դրամի քանակի փոփոխությունը, ինչը պիտի կտրուկ ու ընդմիշտ արգելվի) հանձնվում է Ֆինանսների նախարարությանը, ինչը դառնում է տարեկան հաշվետու շարքային (ու ամեն անգամ մի ուրիշ) դատարանի առաջ:

Ամենայն հավանականությամբ, ՀՀ ազգային արժույթը (դրամը) ապահովված չի ոսկով ու այլ իրական արժեք կրող միջոցներով: Մեր այսօրվա «ազգային արժույթի» ողջ ծավալը, բանկային բոլոր միջոցներն ու պահուստները «ապահովված են» ԱՄՆ-ի դոլարներով:

**3. Սրա համար էլ պիտի հաղթահարվի ազգային սնափառության բարդույթն ու քննարկվի ՀՀ-ում դրամի փոխարեն ԱՄՆ-ի դոլարները գործածելու հնարավորությունը: Սա թույլ կտա, որ ազատվենք դրամի էմիսիային կապված փողային խարդախության «տեղական մասից»: Կմնա միմիայն Ֆեդերալ Ռեզերվի համաշխարհային խարդախությունը, բայց առայժմ սա անխուսափելի է:

Պիտի թույլատրվի, որ վարչախմբի արտաքին առկա պարտքի սպասարկությունը հանձնարարվի նաև որևէ կարող ու վստահելի ու հաշվետու անհատի:

*4. Պետական վարչախմբի ոչ մի օրգան, նաև ոչ մի նախարարություն, ոչ մի քաղաքապետարան կամ մարզպետարան ու համայնք – չպիտի որևէ մեկի հետ առևտրի կամ պարտք անելու որևէ իրավունք ունենա, ընդ որում, ոչ ՀՀ-ի´ բանկերից, ոչ է´լ արտասահմանի բանկերից:

10.6 Վե´րջ վարչախմբին գերի ճորտ դատարանին

**1. Դատարանների եռաստիճանությունը պիտի վերանա, ու մնա միայն մի աստիճանի դատարան (մնա միայն առաջին ատյանը): Միաստիճան բազմակազմ (այսինքն, երկու-երեք միացյալ դատարանը) լրի´վ է հերիք, որ այսօր իրագործվող դատական բոլոր կարիքները բավարարվեն:

**2. Որևէ դատարանի վճիռը առաջին ու երկրորդ (ու վերջին) անգամ բողոքարկելու իրավունքը պիտի ուղղակի տրվի որևէ մի ուրիշ դատարանի: Երկրորդ բողոքարկության վճիռը (այսինքն, 3-րդ վճիռը) պիտի համարվի վերջնական:

Երկրի կամ սրա որևէ մասի համար ճակատագրական հարցերի վճիռները պիտի տրվեն կա´մ տեղական միացյալ (օրինակ, եռակազմ) դատարաններին, կա´մ տեղական ու ընդհանուր հանրաքվեներին:

**3. Դատավորները պիտի իրավունք ունենան` դատելու ու պատժելու ուղղակի հենց սահմանադրական օրենքներով, ղեկավարվելով նաև հռոմեական իրավունքի ոգով ու իրենց խղճով: Այսինքն, սահմանադրությունն է´լ պիտի համարվի օրենսգիրք:

**Սա նշանակում է, որ բարոյակարգային սահմանադրության չորս ֆունդամենտալ բարոյական նորմը պտի համարվի օրենք: Օրինակ, ցանկացած դատարանը պիտի իրավունք ունենա այս նորմերից երկրորդը (անխափան ու անփոփոխ պայմանով գործելու նորմը) խախտող պաշտոնյային պաշտոնանկ անելու ու սրան դատելու վճիռ հանի:

**Երրորդ նորմից էլ բխում է, որ դատարանն իրավունք ունի, օրինակ, իր բանավոր կամ գրավոր խոստումը դրժող (այսինքն, ստախոս, անսկզբունքային, ասող-ուրացող) ցանկացած պաշտոնյային, լինի սա վարչապետ, թե դպրոցի կամ հիվանդանոցի տնօրեն, կամ շարքային քաղաքացի, պաշտոնանկ անելու վճիռ հանի – ասելու ու ասածն ուրանալու (ստախոսության համար):

Այսօր ՀՀ-ի դատախազները, այսինքն, պետական մեղադրողները, իրենց տըրված իրավունքի ուժով, հսկում են քննական ու դատական ողջ պրոցեսը: Բայց սա խաթարում է արդարության արտադրությունը ու աղավաղում է արդար դատարանի էությունը, քանզի սա հակադիր է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքին:

Ինչո՞ւ: Որովհետև մեղադրողը պիտի ունենա նո´ւյն իրավունքները, ինչ որ ունի դատապաշտպանը, որ դատարանական մրցությունն արդար ու հավասար պայմաններով լինի, իսկ դատական համակարգի ապականությունը, ինչքան հնարավոր է, քչանա: Այսինքն.

**4. Դատախազների հսկողական բոլոր ֆունկցիաները պիտի լուծարվեն ու դատախազը պիտի կոչվի ու լինի լոկ «մեղադրող»: Ինչպես որ պաշտպանի ընտրողը մեղադրյալն է, այնպես էլ մեղադրողի ընտրողը հայցվորն է: Ընդ որում, դատապաշտպանը պիտի ունենա քննչական նույն իրավունքները, ինչպիսիք որ ունի մեղադրողը:

10.7 Վե´րջ միախորհրդարան բռնակալությանը

Մեր այս ողջ քաղաքակրթության փորձն ու նաև սրանց պատմության վերլուծությունը, ինչն արվել է ճշմարիտ (ավստրիական) քաղաքատնտեսության մեթոդներով, ցույց են տալիս հետևյալը.

1. Իրեն պետություն հռչակած պետերի այնպիսի վարչախումբը, ինչն ունի միայն մեկ պալատ (մեկ խորհրդարան, ԱԺ), ինչին տրված են թե´ օրենսդիր, թե´ գործադիր ֆունկցիաները, թե´ (ի վերջո նաև) դատավորների ընտրությունը, բըռնակալական է, դառնում է անհսկելի, անզուսպ ու ա´նպայման է ապականվում:

2. Պետական վարչախմբի ու դատական իշխանության մի պալատանի այսպիսի կենտրոնացրած կարգը հակասում է օրենքի առաջ բոլորի հավասարությանն ու շուկայական ազատ հարաբերությունների սկզբունքին, քանզի սա հակադիր է պետության ողջ իշխանությունը երեք անկախ թևի բաժանելու սկզբունքին, ու բացառում է դատարանի անկախությունն ու արդարացիությունը:

Եթե մեր երկիրն իրո´ք իրավական լիներ, մեր մեկ պալատանի ԱԺ-ն, հենց սահմանադրությամբ, ոչ մի գործադիր ֆունկցիա չպիտի ունենար և որևէ մեկին ո´րևէ կառավարական կամ դատավորական պաշտոնի նշանակելու կամ հաստատելու միջնորդավորված իրավունքը չպիտի ունենար:

3. Եթե մեր պետերի վարչախումբը, բացի օրենսդիր պալատը, ունենար ժողովըրդի ընտրովի ներկայացուցիչների ևս մեկ անկախ պալատ (մի գործադիր Գործադիր Ժողով=ԳԺ), ինչը ձևավորվեր ժողովրդի ուղղակի ընտրություններով, այդժամ մեր պետությունը իրավական կոչելու իրավունքը գուցե ունենայինք:

Բայց այսքանը բավարար չի: Ինչպես արդեն ասվել է.

*4. Պարտադիր է, որ անհապաղ լուծարվեն ցուցակային ընտրությունները ու ընտրությունները դառնան մի´միայն մեծամասնական ու անհատական, ոչ ցուցակային ու, ժողովրդի ընտրած վստահելի անձանց միջոցով, լինեն հսկելի, ըստուգելի, ընտրախախտումներն էլ լինեն արագ ստուգելի ու արագ պատժելի:

*5. Պիտի ԶԼՄ-ներով ժողովրդին ամենաքիչը մեկ-երկու ամիս մանրամասն բացատրվեն սահմանադրական բոլոր նոր դրույթների անհրաժեշտությունն ու նպատակը, որ քաղաքացիներն իմանան, թե ի´նչ, ո´ւմ ու ինչի´ համար են ընտրում:

*6. Մինչև այն պահը, երբ այս գրքում առաջարկված ուրվագծի ոգով նոր հեղափոխական սահմանադրություն կազմվի ու սա ընդունվի հանրապետական հանրաքվեով, ԱԺ-ն պիտի լուծարվի:

ԱՔՍԻՈՄ. Սահմանադրությունը երբե´ք չպիտի կազմի պետական վարչախմբի կամ առկա որևէ կուսակցության որևէ հանձնաժողովը կամ խորհուրդը:

Ինչո՞ւ: Որովհետև վարչախմբային կամ կուսակցական ամե´ն մի սահմանադըրությունը, ա´նպայման ու անխուսափ, պաշտպանելու է մի´միայն առկա կամ գալիք անհսկելի ու անպատիժ, ուրեմն, նաև անբարո վարչախմբի շահերը:

*7. Սահմանադրությունը կազմելու իրավունքը պիտի ունենան միմիայն 50 տարեկան ու ավելի տարիքով մասնավոր անձինք, մենակ կամ մի քանի հոգով: Այս անձինք, սահմանադրությունը կազմելուց հետո, պիտի իրենց սահմանադրությունը երկու-երեք ամիս մանրամասն բացատրեն ժողովրդին ու պատասխանեն առանձին քաղաքացիների հարցերին: Սրա համար, այս ընթացքում, թե´ հեռացույցի բոլոր, թե´ յութուբյան բոլոր ալիքները պարտավոր են ձրի եթեր տան թեկնածու սահմանադրության հեղինակներին:

Հետո այս սահմանադրությունները պիտի դրվեն հանրապետական հանրաքվեի, որ սրանցից մեկը միայն ընդունվի:

**8. Բանակը պիտի վերակառուցվի գոնե Շվեյցարական բանակի օրինակով:

*Պիտի թույլատրվի բանակի ու ոստիկանության մասնավոր միավորների գոյությունն ու գործունեությունը:

11. ԳԺ-ի ԹԻՐԱԽԱՅԻՆ ԵԼԱԿԵՏԵՐԸ

11.1 ԳԺ-ն կազմելու գլխավոր թիրախները

Բարոյակարգը, ինչպես արդեն ասվել է, բացի Օրենսդիր ժողովը (ՕԺ-ն), պիտի անպայման ունենա ԱՆԿԱԽ Կառավարություն կամ Գործադիր ժողով (ԳԺ):

Ինչպիսի՞ն պիտի լինի ԳԺ-ն, ի՞նչ կարգով պիտի ընտրվի սա, ու ի՞նչ ֆունկցիաներ ու իրավունքներ պիտի ունենա:

**Ժողովո´ւրդը (ու ոչ թե Օրենսդիր ժողովը) պիտի ընտրի իր երկրի Գործադիր Ժողովը (ԳԺ-ն): Պիտի ընտրի, օրինակ, 4 կամ 5 տարին մեկ, ուղղակի ու գաղտնի ընտրությունով, ԱՌԱՆՑ կուսակցական կամ խմբային որևէ շեմի, ու մի´միայն մեծամասնակա´ն եղանակով, այսինքն, առանց ցուցակային ընտրության:

**ԳԺ-ի թեկնածուն ու անդամը կարող է լինել թե´ ժողովրդի ցանկացած խմբից (օրինակ, որևէ համալսարանից, գյուղից կամ գործարանից) կամ կուսակցությունից, թե´ որևէ անհատը (նույնիսկ հենց ի´ր առաջարկով, եթե հավաքել է, օրինակ, 2000 կողմնակցի ստորագրություն):

*Պետության նախագահի խամաճիկային պաշտոնը լուծարվում է:

*Պիտի ՀԱՎԻՏՅԱՆ լուծարվի ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը վարչապետին հատկացնելու ինստիտուտը:

**Ոչ մի անհատը, օրինակ, վարչապետը, ու ոչ էլ ՕԺ-ն, ոչ մի իրավունք չունի ցրելու ո´չ Գործադիր ժողովը, ոչ է´լ Օրենսդիր ժողովը: Ի´նքը, Գործադիր Ժողովը կարո´ղ է լուծարել (ցրել) որևէ նախարարությունը կամ սրա ենթամիավորները:

Գործադիր ժողովը կարող է ցրվել, օրինակ, կամ 10000-անոց ստորագրահավաքի հայցով հրավիրված որևէ դատարանի այնպիսի հայցով, որը վճռում է, թե գործադիր ժողովի որևէ արարքը հակասում է բարոյակարգի սահմանադրության գըլխավոր նորմերին կամ այլ գլխավոր թեզերին:

**Սրանով դատարանները հսկելու են ԳԺ-ին, միաժամանակ իրենք էլ ենթարկվելով օրենքի պատասխանատու հսկողությանը, որովհետև եթե մի ուրիշ դատարանը պարզի, որ առաջին վճռահան դատարանի այս վճիռն անարդար է, առաջին վճռահան դատարանը պիտի ավտոմատ ցրվի:

**Կառավարությունը (ԳԺ-ն) պիտի ունենա մեկ վարչապետ և մեկ-երկու փոխվարչապետ ու պիտի կազմված լինի ամենաշատը 6-7 հոգուց:

**Սկզբում վարչապետ ու փոխվարչապետ դառնում են ամենաշատ ձայն հավաքածները, որոնք փոխվում են տարին մեկ, ինչպես Շվեյցարիայում է:

**ԳԺ-ն ռոտացիայով տարին մեկ վարչապետ, փոխվարչապետ ու նախարար է ընտրում ձայների պարզ մեծամասնությամբ (այսպես նաև մնացած պաշտոնները): Ուրեմն, հնարավոր է, որ վարչապետ կամ այլ պաշտոնյա դառնա ԳԺ-ի նաև մի որևէ փոքրամասն կուսակցության ներկայացուցիչը:

Սա նույնիսկ ցանկալի է, որովհետև այս անգամ արդեն այս փոքրամասն պաշտոնյան պիտի շատ զգույշ աշխատի ու ոչ մի օրենք չխախտի, ու մեծ ու փոքր անիրավություն չանի, որովհետև մեծամասնական պատգամավորներն աչալուրջ հետևելու են իր ամեն մի քայլին ու անընդհատ ձգտելու են իրեն քննադատելուն:

**Պիտի ոչ մի պետական կառույց, ոչ մի քաղաքա/համայնքապետարան կամ խոշոր պաշտոնյա բիզնեսով ու առևտրով զբաղվելու ոչ մի իրավունք չունենա: Այս իրավունքը պիտի չունենան մանավանդ պետբյուջեի հաշվին տրվող կապիտալ միջոցները տնօրինողները:

Քաղաքի առանձին հատվածների բարեկարգության իրավունքը պիտի թողնվի մասնավորին: Մասնավորի այսօրինակ գործունեության հսկողը պիտի լինեն առանձին քաղաքացիների դատական հայցերին պատասխան վճիռները:

Ինչո՞ւ: Նախ, որ պաշտոնյաները «չփոշիացնեն» բյուջեից հատկացրած կապիտալ միջոցները, երկրորդն էլ՝ որովհետև, բացառվում է, որ մասնավորը գողանա ի´ր իսկ սեփական միջոցները, հենց ի´ր կապիտալ միջոցները:

*Քաղաքա/համայնքապետարանները պիտի զրկվեն քաղաքացիների գործունեությունը սահմանափակող իրավական որևէ արգելող ակտ կամ այլ արգելիչ հրահանգ իրագործելուց, որովհետև նման իրավունքները միմիայն ՕԺ-ին, դատարաններին ու հանրաքվեներին են վերապահված:

Ատոմակայան կամ նման բան կառուցելու կամ զինատեսակ արտադրելու կամ ներկրելու համար գուցե ԳԺ-ն որոշի, թե ի´նչ կարգով ու ո´ր մասնավորը իրավունք ունի այս գործը ձեռնարկի, ու մնացած ամեն ինչը թողնի մասնավորին, ով, հանուն իր շահույթի ու հնարավոր մեղադրանքներից զերծ մնալուն, լավագույն ձևով կանի իր ձեռից եկածը:

*Թուրքիայի ու մանավանդ Ադրբեջանի քաղաքացիներին կապիտալ միջոց (օրինակ, շենք, տարածք ևն) վաճառելը կամ տրամադրելը պիտի արգելվի:

Սա պիտի արգելվի այնքան ժամանակ, քանի դեռ այս երկրների իշխանությունները չեն ընդունել իրենց կատարած բոլոր գենոցիդներն ու հրապարակով չեն դատապարտել իրենց նախնիների հանցագործությունները ու չեն հրաժարվել իրենց պանթուրքիստական ու (մանավանդ) ՀՀ-ն վերացնելու ծրագրերից:

Հասկանալի պատճառներով, ԳԺ-ն (թերևս ինչ-որ ձևով նաև դատարանները, գուցե նաև մամուլն ու այլ կազմակերպությունները) պիտի աչալուրջ հսկեն միջուկային վառելիքի առևտուրն ու շահագործմունքը, չղեկավարվելով որևէ տեսակ պետական գաղտնիքի պարտադրանքով:

Նույն ձևով էլ, օրինակ, Հյուսիս-Հարավ մայրուղու պես խոշոր ձեռնարկների կառուցելը պիտի հանձնվի մասնավորին, հենց մասնավորի առաջարկով ու հենց մասնավորի´ կապիտալ միջոցներով ու հետագայում շահագործելու ու շահույթ ստանալու մասնավորի ակնկալիք հնարավորությունով: Պարզ է, որ այս առումով քննարկելու շատ բան կա, ու որ ազատ շուկան բազում այնպիսի նոր ձև ու հարաբերություն կհայտնագործի, որ այսօր նույնիսկ չենք էլ պատկերացնում:

*Աշխատավարձի նվազագույն ու ապրանքների գների բարձրագույն շեմերը (նաև դոլարինն ու մնացած արժույթներինը) պիտի հավիտյան արգելվեն, քանի որ տնտեսագիտական վերլուծությունն ու փորձը վաղուց ապացուցել են, որ այս շեմերը վնասում են հենց ամենաաղքատներին ու կաշկանդում են շուկայի ազատությունը:

**Եթե ԳԺ-ի, կա´մ որևէ քաղաքապետարանի, կա´մ որևէ մարզպետարանի, կա´մ որևէ թաղապետարանի ու համայնքապետարանի մոգոնած որևէ կանոնադրությունը կամ հրահանգը հակասում է անհատի կամ իրավաբանական անձանց սահմանադրությամբ սահմանած վարքի վերացական կանոններին, ցանկացած անհատ քաղաքացին կամ իրավաբանական անձն իրավունք ունի որևէ դատարանում մեղադրական հայց հարուցի (առանց դատական տուրք մուծելու):

Եթե հայցը չապացուցվեց, հայցվորը դատվում է զրպարտության համար:

**Դատարանը պարտավոր է մեկ շաբաթվա ընթացքում սկսի այդ հայցի քըննությունը: Մամուլի միջոցների մեղադրական ելույթները պիտի հավասարվեն նման հայցին:

**Եթե այն շրջանի դատարանը, որտեղ ելույթն է եղել, չի արձագանքում այդ ելույթին, ինչը որևէ անհատական կամ պետական կառույցին մեղադրում է (օրինակ) 5000 դոլար ու սրանից ավել վնասի մեջ, այդ դատարանը լուծարվում է:

**Իսկ (օրինակ) 1000 դոլարից մինչև 5000 դոլարի վնաս ազդարարող ելույթներին չարձագանքելիս՝ դատարանի դատավորները (հավասար չափով) տուգանվում են այդ գումարի չափով (իհարկե, այս օրինակը զուտ հայեցողական է, իրական կարգը գուցե ուրիշ մի գումար կամ ուրիշ մի ձև հաստատի):

**Օրենսդիր ժողովի ընդունած օրենքների համապատասխանությունը սահմանադրությանը հսկում են՝ դատարանները: Առանձին խրթին դեպքերում այս հարցերը լուծում է որևէ միացյալ երկկազմ դատարանը, անբավարարության դեպքում, եռակազմ դատարանը:

**Եթե նոր ընդունված օրենքները, այնուամենայնիվ, վիճելի են ու եթե օրենսդիր ժողովն էլ հրաժարվում է դրանք փոխելուց, սրանք հաստատում կամ մերժվում են միայն հանրապետական հանրաքվեով:

*Հանրաքվեներին դրված հարցերը պիտի մամուլի միջոցով ամենաքիչը մեկուկես ամիս, ազատ ու մանրամասն ներկայացվեն ու բացատրվեն ողջ ժողովըրդին:

**ԳԺ-ն տնօրինում է հարկերից, մաքսերից ու այլ տուրքերից հավաքված գումարները, բայց որևէ դատարանի առաջ ԳԺ-ի ամենամյա հաշվետվության պարտադրանքով:

*ԳԺ-ն ու բոլոր գործադիր մարմինները որևէ տուգանք կամ տույժ սահմանելու որևէ իրավունք կամ օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք չպիտի ունենան:

**Տուգանքի կամ տույժի իրավունքը տրվում է մի´միայն դատարաններին:

**Սոցիալական ապահովագրության հարցերը, ինչպես արդեն ասվել է, պիտի մասամբ անհապաղ, մասամբ էլ՝ աստիճանական քայլերով հանձնվի մասնավորին:

*Կրթության ու առողջապահության հարցերը պիտի (համարյա լրիվ) հանձնվեն մասնավորին, որ սրանց որակը դառնա բավարար ու պահանջվող հարկերը բարձըրացնելու պատրվակների թիվը կրճատվի:

Եթե սրանք արվեն, Գործադիրն այս խավի ընտրողների կամքի վրա ազդեցություն չի ունենա և այդժամ այս խավերի անհատների, մանավանդ թոշակառուների մասնակցությունը ընտրություններին կլինի խիստ ցանկալի: Թե չէ, այս խավերի ընտրության անկեղծությունը մի´շտ կմնա կասկածելի:

*Բուհերին ու դպրոցներին պիտի տրվի լրիվ ինքնավարություն, անկախ այն բանից, թե սրանք պետական սուբսիդիա ստանում են, թե չէ: Բուհ ընդունվելու համար դպրոց ավարտելու վկայականը չպիտի պարտադիր լինի:

*Բուհերի ուսումնական ծրագրերը պիտի կազմեն մի´միայն ամբիոնները, ու սրանք պիտի հաստատեն միմիայն ֆակուլտետի խորհուրդները:

*Քննություն ու ստուգարք անցկացնելու ձևերի ընտրությունը պիտի տրվի ամբիոններին ու սրանք անցկացնելու այսօրվա օնլայն բյուրոկրատիան պիտի վերացվի:

Սա թույլ կտա, որ պետական բուհերի բյուրոկրատական ապարատը կրճատվի ու դառնա մինիմում: (Օրինակ, ԵՊՀ-ի վարչարարների թիվը 2-3 անգամ գերազանցում է պրոֆեսորադասախոսական կազմի թվաքանակը):

Դեկաններին պիտի ընտրի ու հաստատի միմիայն ֆակուլտետի ընդհանուր ժողովը, գաղտնի քվեարկությամբ:

*Դասագրքերը պիտի գրվեն ու տպագրվեն ազատ շուկայի պահանջներին համապատասխան, այսինքն, սրանց հսկողը պիտի լինի միմիայն սպառողը:

*Հարկատուի հաշվին («ձրի») կրթությունը պիտի հաստատվի, օրինակ, մինչև 7-րդ դասարանը, բայց բուհերն ու դպրոցները պիտի միմիայն իրե´նք ընտրեն այս կրթությունն իրականացնելու ձևը, բովանդակությունն ու դասագրքերը:

11.2 Վարչախմբի հենասյուները

Իրեն պետություն հռչակած անհսկելի ու անպատիժ պետերի վարչախմբի ա´յն գլխավոր հենասյուները, ա´յն գլխավոր զենքերը, որոնցով վարչախումբը կեղեքում ու թալանում է ժողովրդին, առաջին հերթին, նախարարություններն են:

Այս նախարարություններից էլ գլխավորները, իհարկե, Ֆինանսների, Ներքին գործերի ու Պաշտպանության նախարարություններն ու ԱԱԾ-ն են:

Չափազանց կարևոր է նաև ԿԳՄՍն-ն, որովհետև հենց սա է, ով երկրի ապագա քաղաքացիներին հենց մանկուց կրթում ու զոմբիացնում է միմիայն ա´յն նպատակով, որ սրանց դարձնի անհսկելի, անզուսպ, անպատիժ ու անբարո վարչախմբին հլու հնազանդ ճորտամիտ ոստիկան, զինվոր ու հարկատու:

Կրթության բովանդակությամբ այս նախարարության իբր շահագրգռված լինելը միմիայն բուտաֆորական է, ինչն ապացուցվում է երկու փաստով:

Առաջինը, թե´ ԿԳՄՍՆ-ին (թե´ նաև մեր բոլո´ր մտավորականներին) բացարձակ չի հետաքրքրում, որ արդեն 90 տարի է, ինչ ՀՀ կրթական բոլո´ր-բոլո´ր հիմնարկները գիտական քերականության փոխարեն գործածում են հակագիտականը, ու այս ընթացքում ԿԳՄՍՆ-ն երբևէ նույնիսկ ծպտո´ւն չի հանել սրա մասին:

Երկրորդ փաստը ՀՀ կրթական բոլոր հիմնարկներում դասավանդվող հակագիտական (ըստ էության՝ «սոցիալիստական» կամ, ավելի ճիշտ, քեյնսական) տնտեսագիտությունն է, ինչի հակագիտականությունն արդեն մի դար է, ինչ ապացուցել է ճշմարիտ (ավստրիական կոչված) տնտեսագիտությունը:

Սա սովետական շրջանում խստի´վ էր արգելված: Բայց երբ սա թույլատրվեց, միևնույնն է, այս վերջին 34 տարվա ընթացքում ավստրիական տնտեսագիտությունից, իրավագիտությունից ու բարոյագիտությունից ոչ մի մենագրություն, կա´մ այլ գործ, կա´մ դասագիրք չթարգմանվեց հայերեն:

Մնացած (չթվարկված) նախարարությունները, ըստ էության, նույնպես բուտաֆորիա են: Սրանցից, օրինակ, Էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը ասես վարչախմբի թալանչիական հանցանքներն արդարացնող քեյնսական մի համալսարանի ծրագիր լինի:

Այս կանոնադրությունը, համարյա ծայրից ծայր, հեղեղված է սովետական բյուրոկրատական դեմագոգիայի այնպիսի փայլուն «գոհարներով», ինչպիսիք են.

«տնտեսական քաղաքականության մշակում, իրականացում, գնահատում, համակարգում, արդյունքների մշտադիտարկում, մոնիթորինգ, պայմանների բարելավում, միջավայրի բարելավում, ձեռնարկատիրության խթանում, արդիականացում, կայուն տնտեսական զարգացում, մրցունակության բարձրացում, բարենպաստ միջավայրի ապահովում, զարգացում, ձևավորում (ու նորից) մշակում, մշակում, մշակում» ևն, ևն:

Բյուրոկրատական այս սոցիալիստական դեմագոգիան հատուկ է բոլո´ր նախարարություններին, մանավանդ, «ոչ գլխավորներին»:

Սրանց կանոնադրություններն անընդհատ «առաջարկություններ են ներկայացնում {մեծագույն մասամբ} մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների {ու զանազան այլ} քաղաքականության վերաբերյալ» կամ «առաջարկություններ են ներկայացնում սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային {ու ուրիշ} քաղաքականության վերաբերյալ»:

Սրանք անդուլ ու անփոփոխ ջանասիրությամբ «համակարգում են տնտեսության զարգացման հանրային ներդրումային ծրագրերի առաջնահերթությունների որոշման գործընթացը», սրանք «համակարգում ու իրականացնում են դրանց ընթացքի դիտանցում և արդյունքների գնահատում»:

Սրանք «նախապատրաստում և կազմակերպում են, մշակում, ապահովում և իրականացնում են ... ստեղծարար մտավոր գործունեության խթանմանն ուղղված քաղաքականությունը, նպատակային ծրագրերը և դրանց դիտանցումը» ևն, ևն: Այն ամենը, ինչը սրա´նք են իբր անում, մի սոցիալիստական մղձավանջային «թոզ փչոցի է»:

Այս «թոզ փչոցին» լրի´վ է անիրական ու սուտ ու նաև խիստ վնասակար է, որովհետև սա իբր իրականացնելու համար բյուջեից հսկայական միջոցներ են տրվում:

Ահա ժողովրդին թշնամի բոլո´ր-բոլո´ր նախարարությունների իրական գործունեությունը բնութագրող մի հույժ տիպական օրինակը, ինչը գտել եմ ֆեյսբուքից, ոմն Սամսոն Գրիգորյանի էջից (23.12.2023):

«Ձկնաբույծները պատմում են, որ իրենց հորերից ոչ շատ հեռու ջրի անտեր հորեր կան, որտեղ ջուրն աննպատակ հոսում է։

«Այդպիսի հորերը հարյուրավոր են։ Երբ կառավարության հետ բանակցություններում առաջարկել են սկզբում այդ հորերը փակեն, ջրի անիմաստ կորուստը կարգավորեն, հետո անցնեն իրենց տնտեսությունները փակելուն, պատասխան են ստացել, թե. «Դուք մեր գործերին մի խառնվեք»»։

Ամփոփենք: Նախարարությունների այս մղձավանջային բյուրոկրատիան անխուսափելի է, անվերացնելի, անհսկելի, անպատիժ ու անղեկավարելի: Սըրանք հույժ վնասակար են ու ա´նպայման են ժողովրդի թշնամին: Սրանց սանձելու միակ միջոցը սրանց մի մասը վերացնելն է, մնացածների էլ իրավունքները, լիազորություններն ու թվաքանակը կրճատելն է:

Միմիայն այս ձևն է, ինչը թույլ կտա, որ վարչախումբն ու սրա հասցրած գերվիթխարի վնասը դառնա նվազագույնը, իսկ երկիրն ու ժողովուրդն ու պետությունը – հզորանան ու, արագ-արագ, այնքան հարստանան, որ մի հզոր բանակ ստեղծեն ու դադարեն օգնություն մուրալն ու բախտից բողոքելը:

Սրա համար էլ տեսնենք, թե ո´ր նախարարությունները պիտի կրճատվեն:

Պիտի շեշտեմ, որ ես երբևէ չեմ մտածում, որ վարչախումբը կրճատելու ու նվազագույնը դարձնելու ստորև առաջարկվող սխեման միակն է: Բայց ես համոզված եմ, որ սրա այս հիմնական թիրախային ուրվագիծը ճիշտ է ու պարտադիր:

Օրինակ, չեմ կասկածում, որ այսօրվա 12 նախարարության փոխարեն ընդամենը 4 (ամենաշատը – 5) փոքրածավալ ու համարյա իրավազուրկ նախարարությունը լրի´վ է բավարար, որ ազատ շուկայական տնտեսությունը թափով գործի:

(Նախարարությունների իրական կամ փաստացի թիվը թերևս 25-ից էլ է ավել, քանզի կա բազում կոմիտե, վարչություն ու ծառայություն, որոնք հենց նախարարություն են: Օրինակ, ինչո՞վ նախարարություն չեն վարչապետի աշխատակազմը, ՊԵԿ-ը, Գանձապետարանը, ԱԱԾ-ն ևն, ևն:

(Բացի այդ, նախկին 18 նախարարությունից 6-ը, պետական բյուրոկրատիայի գերվիթխարի ծավալը քողարկելու ակնհայտ նպատակով, խցկել են ավելի «մեծ» նախարարությունների մեջ: Օրինակ, Մշակույթինն ու Երիտասարդության ու սպորտի հարցերի նախարարությունները, որ խցկված են նախկին կրթության նախարարության մեջ):

11.3 Կրճատելիք նախարարությունները

Նախ ահա ա´յն նախարարությունների ցուցակը, որոնք նույնպես պետք է լուծարվեն, քանի որ սրանց գոյությունը խոչընդոտում է երկրի հզորությանն ու կլանում փոշիացնում է բյուջեի մեծ մասը:

*1. «Աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարությունը» պիտի լուծարվի, որովհետև ազատ շուկան հենց ի´նքն է կազմակերպում թե´ աշխատանքի, թե´ անհատների թոշակ կուտակելու հարցերը (օրինակ, ապահովագրական մասնավոր հիմնարկների միջոցով):

*Բայց, որ թոշակառուներն անտեր չմնան ու անխափան ստանան իրենց թոշակները, վերոհիշյալ նախարարության փոխարեն, Ֆինանսների նախարարությանը կից, պիտի ստեղծվի մի փոքրիկ վարչություն, ինչն զբաղվի ծերերի (ու նաև պատերազմի, գենոցիդի ու այլ աղետների) հաշմանդամների ու անտեր մարդկանց թոշակների հարցերով ու բոմժերի խնդիրներով:

*Եթե պետերի վարչախումբը ինքնին իրավունք չունի զբաղվի բիզնեսով, աշխատանքի հարցերով զբաղվող նախարարության գոյությունը անիմաստ է:

Աշխատատեղ ստեղծելու կարողություն պիտի ունենա միմիայն մասնավոր բիզնեսմենը: Սա էլ իրավունք ունի, ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ, իր համար աշխատող վարձի կամ աշխատողին գործից հանի:

*Երկրի վարչախումբը ոչ մի ուղղակի ու անուղղակի իրավունք չպիտի ունենա խառնվի գործատուի ու բանվորի փոխադարձ համաձայնությանը, իսկ աշխատանքային վեճերը պիտի լուծվեն դատարանով (օրինակ, որևէ հաշտարարով):

*Արհմիությունները չպիտի իրավունք ունենան որևէ բռնությամբ պարտադրելու գործատուին, որ սա գործից հեռացրած աշխատողի փոխարեն նոր աշխատող չվերցնի: Արհմիության նման հարկադրանքը ուղղակի է խախտում մասնավոր սեփականության անձեռնմխելության նորմը: Ուրեմն, սա պիտի դատարանով պատժելի լինի, տվյալ արհմիությունը ցրելու իրավունքով:

**Թոշակ կուտակելու ու հետո կուտակածը տիրոջը հետ դարձնելու խնդիրը պիտի քիչ-քիչ ու կամավոր տրվի մասնավորին (օրինակ, ապահովագրական ընկերություններին), որ ով ինչքան ուզենա, այնքան էլ կուտակի իր ծերության համար:

Սա կվերացնի թե´ վարչախմբի անդամների ու վարչախմբին սատարող բարձր պաշտոնյաներին անարդար բարձր թոշակ շնորհելու ապական կարգը, թե´ մնացածների թոշակները համահարթելու անարդարությունը:

*2. «Առողջապահության նախարարությունը» պիտի անհապաղ լուծարվի ու առողջապահությունը պիտի լրիվ տրվի մասնավորին: Այս նախարարությունը միմիայն խոչընդոտում է բժշկական ծառայություններին, ինչի փայլուն ապացույցները տվել է հենց «Առողջապահության նախարարության» դանդալոշ կամ վնասակար արարմունքը, կովիդի օրերին:

*Դեղերի առևտուրը պիտի ազատագրվի լիցենզավորելուց: Կեղծ դեղերի դեմ պայքարը պիտի արվի անհատ քաղաքացիների դատական հայցերով, որոնք պիտի քննվեն առանց դատական որևէ տուրքի:

**Պետպատվերով բուժումները ու ձրի դեղ բաժանելը պիտի դեռ մնան ինչը թերևս հիվանդանոցներին ու պոլիկլինիկաներին պիտի բաշխի Ֆինանսների նախարարության մեկ կամ երկու աշխատակիցը: Այս բաշխումը պիտի լինի ինստիտուցիոնալ ձևով (օրենքով հաստատված կատեգորիաներով), որ կախված չլինեն չինովնիկերի «կապրիզներից»:

*3. «Շրջակա միջավայրի նախարարությունը» ու սրա «Անտառային կոմիտեն» պիտի լուծարվեն, քանի որ քրեական օրենսգրքերի միջոցները լրիվ են բավարար շրջակա միջավայրը պաշտպանելու համար: Անտառապահների ու անտառագործների հիմնարկները թերևս պիտի մնան, բայց հետագայում այս ֆունկցիաները պիտի տրվեն մասնավորին:

*4. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը» պիտի լուծարվի (ինչն իր մղձավանջային կանոնադրության 138 կետանոց մասով ընդերքի, ճանապարհների, տրանսպորտի հարցերով լիցենզիա տալու ու տնտեսության զանազան ոլորտներում անհնատների գործունեությունն արգելելու ու թույլատրելու մասնակի իրավունք ունի):

**Մարզերին պիտի տրվի համարյա լրիվ ինքնավարություն, ինչպես Լիխտենշտեյնում (կամ գոնե Շվեյցարիայում):

*5. «Էկոնոմիկայի նախարարությունը» պիտի լուծարվի, քանզի անհատ տընտեսվարողի (այսինքն, ազատ շուկայական հարաբերությունների) էկոնոմիկական ղեկավարությունն ու բարոյակարգային կապիտալիզմն անհամատեղելի են:

*6. «Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը» պիտի լուծարվի, որովհետև սա գիտության ու սրան կապված բիզնեսի մի մասն է ու ղեկավարելի չի:

*7. ԿԳՄՍ-ն ու կրթության վարչությունները պիտի անպայման լուծարվեն, որպես կրթությանը վնասող ու ժողովրդին ճորտամիտ դարձնող կառույցներ: Սրանց փոխարեն պիտի հիմնվի մի փոքր վարչություն, միայն անցումային շրջանում, ինչը պիտի զբաղվի միայն ընդհանուր սուբսիդավոր կրթությամբ (երևի միայն մինչև 7-րդ դասարանը) ու միմիայն ցանկացողների համար:

*Չկրթվելու իրավունքը նո´ւյնպես մարդու իրավունք է: Ուրեմն, քաղաքացին պիտի իր զավակներին չկրթելու իրավունք ունենա: Կրթական ու գրատպական գործունեությունը պիտի հարկերից լրիվ ազատվի:

Մանավանդ վնասակար են ԿԳՄՍ նախարարության կանոնների հարատև փոփոխականությունը, սրա աշխատակիցների գիտությունից լրիվ կտրված լինելն ու սրա տիեզերական մասշտաբի բյուրոկրատիան:

*Բուհերն ու դպրոցները պիտի ֆինանսավորվեն ուղղակի: Բուհերի հոգաբարձուների, ըստ էության, այսօրվա վարչախմբային հսկիչ խորհուրդները պիտի լուծարվեն (տես նաև հետո):

Նաև.

ա. «Սփյուռքի «փոխ»նախարարությունը» չպիտի լինի, քանի որ սրա ֆունկցիաները լրիվ են հորինովի ու վնասակար:

բ. «Սպորտի և երիտասարդության «փոխ»նախարարությունը» չպիտի լինի: Սպորտը բիզնես է, ու սրանով պիտի զբաղվի մասնավորը:

գ. «Մշակույթի «փոխ»նախարարության» գոյությունն է´լ է լրիվ անիմաստ, որովհետև երկրի մշակույթն անծրագրելի ու անղեկավարելի է:

8. Իրեն պետություն հռչակած վարչախմբի «Ֆինանսների նախարարությունը» ժողովրդին թալանելու ու կեղեքելու հիմնական կազմակերպությունն է ու սրա իրավունքները, ըստ էության, հույժ լայնածավալ են:

Սրա գերվիթխարի կառույցն ու լայնածավալ իրավունքները մասամբ կրկնում են ԿԲ-ի ու ՊԵԿ-ի ֆունկցիաներն ու իրավունքները ու սրանք պիտի կրճատվեն հետևյալ միջոցառումներով:

. Այս նախարարությունը երբևէ որևէ ուղղակի կամ զարտուղի հարկի կամ մաքսի չափը ավելացնելու կամ որևէ նոր հարկ ու մաքս սահմանելու օրենքի նախագիծ անգամ առաջարկելու իրավունքը չպիտի ունենա:

**Բ. Ակցիզներն ու ԱԱՀ-ն ու սրանց տիպի հարկերը պիտի լուծարվեն:

**Գ. Այս նախարարությունը, ապագայում, պետության եկամուտները «ձևավորելու» (իմա´ – թալանելու) որևէ ուրիշ իրավունք, բացի առկա հարկերը հավաքելը պիտի չունենա:

**Դ. Թե´ այս, թե´ մնացած նախարարությունների ֆինանսների հետ առնչվող բոլոր պաշտոնյաները տարին մի անգամ հաշվետու պիտի լինեն որևէ դատարանի առաջ, դատարանի նշանակած անկախ աուդիտների միջոցով:

**Ֆիննախարարության «ֆինանսաբյուջետային հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության, խաղային գործի, ինչպես նաև – ֆինանսատնտեսական, վարկային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովման, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման, համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը վերահսկելու» ֆունկցիաները, պիտի լուծարվեն:

**Պիտի ֆիննախարարության ու Գանձապետարանի ֆունկցիաներն իրարից հստակ անջատվեն ու վերանան ֆունկցիաների կրկնօրինակները:

**9. «Ներքին գործերի նախարարությունը» լուծարվում է, ու ոստիկանության բաժանմունքները դառնում են հաշվետու մի´միայն իրենց շրջանների դատարաններին, այսինքն, մի´միայն օրենքին: Ուրեմն, ոստիկանական բաժանմունքները չեն ենթարկվում ոչ կառավարությանն ու սրա ո´րևէ կառույցին կամ ո´րևէ պաշտոնյային, ոչ է´լ Օրենսդիր ժողովին ու սրա ո´րևէ կառույցին կամ ո´րևէ պաշտոնյային:

**Այս բաժանմունքների պաշտոնյաները պիտի դառնան ընտրովի:

*Ներքին (ոստիկանական) զորքերը լուծարվում են ու սրանց հետագա որևէ գոյությունն հավիտյան արգելվում է սահմանադրությամբ:

*Ոստիկանական առկա (ժամանակավոր) նախարարության աշխատակիցների ու նաև ոստիկանների թիվը կրճատվում է մոտ 10 անգամով:

**Սահմանադրությամբ ողջ երկրի համար թերևս սահմանվի վարչախմբային ոստիկանների առավելագույն քանակություն, օրինակ, 2000-3000 ոստիկանը: Թույլատրվում են ոստիկանական ու բանտային մասնավոր միավորներ, պետական նըման միավորների իրավունքներով:

**10. Թերևս պիտի հաստատվի Հին Աթենքի 10 ստրատեգի ռազմական խորհըրդի նման մի ինստիտուտ, ինչը պատերազմի ժամանակ իսկույն վերընտրվում է, ու ինչը տարին մի անգամ հաշվետու է միմիայն դատարանի առաջ:

**«Պաշտպանության նախարարությունը» (ՊՆ-ն) պիտի ենթարկվի միմիայն այս խորհրդին:

**«ՊՆ»-ի կառուցվածքը պիտի թերևս կրկնօրինակվի Շվեյցարիայի նույնիմաստ հիմնարկի նախարարության կառուցվածքից:

**Բանակային զինված մասնավոր միավորների գոյությունը պիտի անպայման թույլատրվի:

(Իհարկե, դժվար է պատկերացնելը, թե ինչպե´ս պետք է կազմակերպվեն ու ի´նչ գումարների հաշվին պիտի հարատևեն, օրինակ, օդային ուժերի կամ հակաօդային պաշտպանության մասնավոր միավորները: Բայց այն հանգամանքը, որ սա պատկերացնելը դժվար է, չի նշանակում, որ սա անհնար է: Ազատ շուկայի հնարավորությունները վիթխարի են ու ֆանտաստիկ):

ՊՆ»-ի ծավալը պիտի խիստ կրճատվի:

**ՊՆ-ի այսօրվա իրավունքների մի զգալի մասը (իսկ պատերազմի ժամանակ – բոլո´ր իրավունքները) պիտի հանձնվի 10 ստրատեգի խորհրդին ու գործող բանակի առանձին միավորներին:

**Հնարավոր է, որ բանակի մի մասը կազմվի մշտական կամ պայմանագրով գործող ժամանակավոր (օրինակ) «շվեյցարականատիպ» վարձկաններից: (Այս ինստիտուտից օգտվեց Ալիևի վարչախումբը, բերելով սիրիացի վարձկաններին): Այս նախարարության մի´միայն պատերազմի ժամանակվա տակտիկական քարտեզներն ու սրանց պես ժամանակավոր բաները պիտի լինեն գաղտնի, ու պիտի գաղտնիությունը սահմանելիս հաշվի առնվի, որ այսօր արբանյակներից երևում է նույնիսկ կոճակը: Սրա համար էլ այս նախարարության ողջ գործունեությունը (բացի ասված քարտեզներն ու սրանց պես մի քանի հազվագյուտ բանը), մանավանդ, այս նախարարության առևտրական բոլո´ր գործարքները պիտի լինեն մատչելի ՀՀ ցանկացած դատավորի ու ժուռնալիստի համար – սրանց առաջին իսկ պահանջով:

ՊՆ»-ի բոլոր այն աշխատակիցները, ովքեր գործ ունեն ֆինանսների հետ, պիտի տարին մեկ պարտադիր հաշվետու լինեն որևէ դատարանի առաջը:

ՊՆ»- առևտրական գործարքները աուդիտ անելու իրավունքը պիտի ունենա ՀՀ ամեն մի դատավորը, իսկ աուդիտի հայց հարուցելու իրավունքը պիտի տրվի նաև շարքային քաղաքացուն:

11.4 Կրճատելիք այլ կառույցները

*1. Պիտի լուծարվեն «Կառավարությանը ենթակա մարմինները», լրիվ, թերևս բացի «Կադաստրի կոմիտեն», ինչի գործունեությունը պիտի տրվի մասնավորին:

Ակնհայտ է, որ «Կառավարությանը ենթակա մարմին» կոչվածն ընդամենը վարչապետին ենթակա մարմին է, որովհետև «կառավարություն» կոլեկտիվի միահեծան ղեկավարը, փաստացի, մի´միայն վարչապետն է:

Այս «մարմինների» միայն ցուցակը բավական է, որ բանականությունից ոչ զուրկ մարդն իսկույն գլխի ընկնի, որ նախ սրանք ուղղակի կրկնում են մի նույնանուն ավելի մեծ կառույցի, ա´յն է, կառավարության (ու նաև հենց օրենքի´) հսկողական ֆունկցիաները: Երկրորդը, սրանք լրիվ ավելորդ ու միանգամայն բյուրոկրատական պարազիտ ու վնասակար կառույց են, որոնց ՄԻԱԿ նպատակը իշխանությունը վարչապետի ձեռքը կենտրոնացնելն է:

Ահա սրանք.

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը», Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմինը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, Պետական եկամուտների կոմիտեն, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Վիճակագրական կոմիտեն, Քաղաքաշինության կոմիտեն, Քաղաքաշինության {sic!}, տեխնիկական և հրդեհային անվըտանգության տեսչական մարմինը:

*2. Պիտի լուծարվեն «Վարչապետին ենթակա մարմինները», «Անվտանգության խորհուրդը», ինչպես նաև «Միջկառավարական հանձնաժողովները:

**Սրանց իրավասությունների այն մասը, որը չի կրկնում ՊՆ-ի ֆունկցիաները ու վերաբերում է երկրի պաշտպանությանը, պիտի տրվի 10 ստրատեգի խորհրդին, ինչը սրանց մի մասը (օրինակ, զենքի առևտուրը) գուցե հանձնի մասնավոր ունակ անհատներին:

Մնացած իրավասությունները վերաբերում են մասնավոր սեփականությանը, ուրեմն, սրանց առնչությամբ ծագող վեճերը պիտի լուծվեն քաղաքացիների ա´յն հայցերով, որ հարուցվում են դատարաններում, իսկ սրանք էլ այս հայցերը լուծող քննություն են հարուցում:

*3. Պիտի համարյա լրիվ ու անհապաղ լուծարվի վարչախմբային բյուրոկրատիայի ուղղակի չեմպիոնական օրինակը, «վարչապետի աշխատակազմը», սրանից թողնելով մեկ-երկու օգնական ու խորհրդական ու Գործերի խիստ կրճատ կազմով մի գրասենյակ:

(Վարչապետի աշխատակազմն այսօր ունի մեկ ղեկավար, ով ունի 5 տեղակալ: Վարչապետը նաև ունի բյուջեից վճարվող մեկ գլխավոր խորհրդական, ու բյուջեից վճարվող մեկ խորհրդական, ինչպես նաև երկու հասարակական հիմունքներով խորհրդական, նաև՝ մեկ մամուլի քարտուղար ու 6 օգնական:

(Այս բոլորը քիչ է համարվել ու հիմնվել է – Գործերի մեկ կառավարչություն, 13 վարչություն, 6 բաժին, 4 գրասենյակ ու ևս մեկ քարտուղարություն):

*4. Պիտի լուծարվի նաև 10 մարզպետի ենթակայությունը կառավարությանը (այսինքն, ի վերջո, վարչապետին), ինչպես նաև կառավարությանը կամ էլ վարչապետին ենթակա այնպիսի պետական միավորները, ինչպիսին են, օրինակ, «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդն» ու սրան կապված ծրագրերը ևն: Ակնհայտ է, որ ազատ շուկայական երկիրը ՉՊԻՏԻ շուկան որևէ կերպ ուղղորդող կառավարական ծրագիր ունենա:

Երկրի բոլոր ֆիզիկական ու իրավաբանական անձինք ու այլ տիպի կառույցները պիտի ենթարկվեն օրենքի´ն, ու ոչ թե վարչապետին կամ կառավարությանը կամ էլ (օրենքից բացի) այլ մի միավորի:

11.5 Այլ քայլերը

Վերջին մի քանի տարվա փորձը ցույց տվեց, որ մեր երկիրն առանց վարչախմբային ապարատի էլ է գործում, ու որ այս ապարատը երկրի նորմալ գործունեությանը, ըստ էության, միմիայն խանգարում ու վնասում է: Սրա համար էլ, ասված նախարարությունները լուծարելուց հետո, անհրաժեշտ է, որ արվեն նաև հետևյալ քայլերը, որ պետերի այս անհսկելի, անզուսպ, անպատիժ ու անբարո բանակի մեծագույն-մեծագույն մասն ընդմիշտ վերանա ու պետերի այս չարիքային վարչախումբը հավերժ դառնա նվազագույնը:

*Պետերի նույնիսկ այս նվազագույն խմբի շուկային միջամտելու ու նաև պետական ապարատը որևէ ձևով ուռճացնելու լիազորություններն ու իրավասությունները պիտի լրիվ վերանան, թե չէ, սա վիշապի յոթ գլխի պես նորից կարտաճի ու կհզորանա ու նորից կճորտացնի ողջ ժողովրդին:

**Պիտի վերջին 20-25 տարում վարչախմբի միավորների առաջարկած նախագծերով ընդունված մոտ 30000-40000 հազար օրենքի մեծագույն մասը լուծարվի: (Նշված ընթացքում բուն ԱԺ-ի ընդունած օրենքների թիվը ընդամենը մոտ 6000-ից 9000 է, բայց սրանց զգալի մասն էլ պիտի լուծարվի):

Սա կարելի է անել երկու էտապով:

*Նախ պիտի անհապաղ լուծարվի 2018-ին ընդուված օրենքների թերևս 99%-ը:

**Երկրորդ էտապով պիտի լուծարվեն բոլոր այն նախորդ օրենքները, որոնք խախտում են մասնավոր սեփականության անձեռնմխելությունն ու խոչընդոտում են շուկայական ազատ հարաբերություններին:

*Պիտի լուծարվեն, մանավանդ, զանազան զարտուղի հարկերի, տեսանելի ու անտեսանելի հարստության հարկ կոչվածները (այսինքն, գույքահարկերը), պետական թալանը բազմապատիկ ավելացնելու թալանչիական օրենքները, պրոգրեսիվ հարկերի ու անհատի հիմնական իրավունքներն ու ազատությունները սահմանափակող օրենքները, որովհետև սրանք հարկավոր են միմիայն վարչախմբին ու ա´նպայման խոչընդոտում ու վնասում են մասնավոր բիզնեսին:

*Պիտի լուծարվեն տուգանքները:

Պիտի լուծարվի հարկը վաճառքի´ գնից ու ոչ թե շահույթից գանձելու ակնհայտ թալանչիական, անարդար ավանդույթը:

Պիտի լուծարվեն ռոճիկներն ու շուկայական գները հսկելու զանազան օրենքները, զանազան (ըստ էության, թալանչի) տուրքերն ու «ստորագրավճարները»:

*Պիտի հավիտյան լուծարվեն ու արգելվեն պետական վարչախմբի բոլո´ր պետերին տրվող բոլո´ր-բոլո´ր տեսակ պարգևավճարները, զանազան խրախուսական վճարներն ու արտոնությունները, ինչպես նաև իմունիտետները:

* Պիտի հավիտյան լուծարվեն պետական վարչախմբի բյուջեի հաշվին պետերին տրվող բոլո´ր-բոլո´ր ծառայողական ավտոները, թիկնազորներն ու թիկնապահները, զեղջ գներով ճաշարանները, ձրի բանկետները, պետական ծախսատար ծիսակարգերը, տոնածառները, հանդիսությունները:

*Պետերի ռոճիկները չպիտի գերազանցեն դպրոցի տնօրենի ռոճիկը:

*Արտակարգ իրավիճակներում ու նաև պատերազմների ընթացքում ոչ ոք, ոչ մի տեսակ դատարանն ու նույնիսկ ԱԺ-ն, ընդհանուր իրավունքի ու ազատությունների որևէ սահմանադրական օրենքի գործադրությունը, նույնիսկ ժամանակավոր ու նույնիսկ ռազմական գաղտնիքի պատրվակով, սահմանափակելու կամ կասեցնելու իրավունքը չպիտի ունենա:

*Դատարանները, ԱԺ-ն կամ որևէ այլ պետական մարմինը ու հանրաքվեն, նույնիսկ պատերազմի ընթացքում իրավունք չպիտի ունենան այնպիսի օրենք հաստատելու, ինչպիսին էր 2020-ի պատերազմի ընթացքում կապիտուլյացիայից մոտ երեք շաբաթ առաջ կառավարության ընդունած մարդու տարրական իրավունքները սահմանափակող (Տորկվեմադային սազող) խայտառակ որոշումը, ինչն իսկույն դարձրին օրենք ու ինչի ժամանակավորության կամ լուծարելու մասին առայժըմ ծպտուն չկա):

Ահա այդ որոշման տեքստը, որ վերցրել եմ «Փաստինֆո»-յից:

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է»:

*Պետական գաղտնիքի ինստիտուտը ընդմիշտ, նաև պատերազմակա´ն վիճակում, պիտի ա´նպայման վերանա:

*Ամենայն տեսակ քաղաքական ցենզուրան ընդմիշտ (նաև պատերազմական վիճակում) պիտի վերանա:

*Խաղաղ ցույցերի, խոսքի ու ինֆորմացիա ստանալու ազատ ու առանց որևէ պետական թույլատրության անօտարելի իրավունքը պիտի հայտարարվի հավետ սահմանադրական ու անկասելի (նաև պատերազմի ժամանակ):

Ժամանակավոր» կոչված օրենքները (ընդունվելիս պարտադիր նշվող) որոշակի խելամիտ ժամկետից հետո, պիտի ինքնին լուծարված համարվեն:

**Ամեն մի նախարարության բոլոր-բոլոր աշխատակիցների թիվը պիտի լինի (օրինակ) 30-ից ոչ ավել, իսկ մարզպետության աշխատակիցների թիվը՝ 20-ից ոչ ավել:

*Պիտի լուծարված նախարարությունների բոլոր վարչություններն ու կոմիտեները, ինչպես նաև բոլոր ԾԻԳ-երն ու այլ պետական միավորներն ու ենթամիավորները ոչ մի այլ ցուցանակով կամ այլ կերպ քողարկված որևէ պատրվակով չվերածնվեն:

**Հարկային տեսչության կազմը պիտի կրճատվի մի քանի տասնյակ անգամ, իսկ սրա լիազորությունները պիտի դառնան ազատ շուկայական հարաբերություններին համապատասխան:

*Պետերն ու պատգամավորները պիտի զրկվեն պետության ընձեռնած ռոճիկավոր օգնականներից ու նաև պետական ռոճիկով փորձագետներից:

*Վարչախմբի հանցավոր գործողությունները պիտի նույնքան անհապաղ ու անարգել պատժելի դառնան, ինչքան որ շարքային քաղաքացիներինը:

**Վարչախմբի միջամտությունը (նաև վարկերով ու սուբսիդիաներով) անհատի բիզնեսին պիտի համարվի հանցավոր:

*Պիտի հավետ անհնար դառնան Կովիդ-19-ի այս «դիմակահանդեսի» ու վակցինացնելու տեռորի պես բաներն ու այս պատրվակով հաստատված արտակարգ դրությունները, քանի որ սրանք խախտում են մարդու իրավունքներն ու հակասում են գիտությանը, շատացնում են կոռուպցիան ու վնասում են կրթությանն ու տնտեսությանը: Սա չի նշանակում, թե կլինիկաներն ու հիվանդանոցները չպիտի պայքարեն կովիդի ու սրա պես հիվանդությունների դեմ: Հիվանդությունների դեմ պայքարի իրավունքը պիտի տրվի բոլո´ր, նաև մասնավոր բուժհիմնարկներին:

Դպրոցների, բուհերի ու այլ հիմնարկների հարկադիր հակագիտական ու մանավանդ հակասահմանադրական պարապուրդը պիտի արգելվի:

**Պիտի հարկվի միայն ա´յն տնտեսվարողն ու բյուջետային ա´յն աշխատողը, ում ամսական մաքուր (չհարկվող) շահույթը 2500 ԱՄՆ դոլարից ավել է:

**Պրոտեկցիոնիստական բարձր մաքսերը, այսինքն, այն բարձր մաքսերը, որոնք պիտի իբր տեղական արդյունաբերողին ու հողագործին պաշտպանեն արտաքին շուկայի մրցությունից, պիտի արգելվեն, քանզի սրանց արդյունքը սպասելիի լրիվ հակառակն է:

11.6 Սոցիալական լարվածություն կառաջանա՞

Երբեմն առարկում են, թե չի կարելի, որ այսքան մարդ, այսքան պետական պաշտոնյա, գործից ազատվի, որովհետև գործազուրկների այս բանակն իբր սոցիալական լարվածություն կստեղծի: Բայց այս առարկությունը շատ է նման քաղցկեղով հիվանդի այն առարկության, ով, իմանալով, որ իր չարորակ ուռուցքը պիտի վիրահատելով հեռացնեն, որ ինքը չմահանա, ասում է.

– Չէ, մի վիրահատեք, ախր կցավա {այսինքն, սոցիալական լարվածություն կառաջանա}: Թող ուռուցքս մնա, մեղք ա, ինքն էլ ա կենդանի արարած, մի բանով պիտի սնվի՞, չէ՞:

Բանն այն է, որ այլընտրանք չկա, կա´մ վարչախումբն է բարգավաճում, կա´մ ժողովուրդը: Ընդ որում, եթե վարչախո´ւմբն է բարգավաճում, ժողովուրդը, ի վերջո, կործանվո´ւմ է, ճիշտ քաղցկեղի դեպքի պես:

Այնուամենայնիվ, հնարավոր է, որ լուծարելու այս պրոցեսը մեղմ արվի: Օրինակ, հնարավոր է, որ ԿԳՄՍ-ն լուծարելուց հետո սրա բոլո´ր-բոլոր աշխատակիցներին վեց ամիս կամ մի տարի վճարվի մեկ ուսուցչի աշխատավարձի կեսը, մինչև որ սրանք նոր գործ ճարեն: (Բոլորին ու ոչ ավել: Բոլոր պետերին, նաև նախարարին ու փոխնախարարներին):

Նախարարության շենքերն ու գույքը կարելի է, որ աճուրդի դրվեն ու ստացած գումարը փոխանցվի ինքնավարություն ստացած դպրոցների աշխատավարձի ֆոնդերին: Այս նախարարության զանազան լուծարված ծրագրերին հատկացված միջոցների մնացորդները նույնպես պիտի բաշխվեն դպրոցներին – նորոգելու ու այլ կարիքների համար:

(Մնացած նախարարությունների շենքերի աճուրդներից ստացած հասույթը պիտի փոխանցվի, օրինակ, պետական պարտքը մարելու ֆոնդին):

Իհարկե, որևէ նախարարությունը կամ սրա որևէ հիմնարկը լուծարելուց առաջ պիտի լուծարելու իրատեսական ծրագիր կազմվի: (ԿԳՄՍ-ն ու կրթության վարչությունները լուծարելու ու, առհասարակ, կրթության ռեֆորմի թիրախային ուրվագիծը կա իմ «Պետությունը...» գրքի մեջ):

Ի վերջո, Արցախի գենոցիդից հետո 100000-ից ավել արցախցի եկավ Հայաստան, սրանց մեծ մասը՝ համարյա անունեցվածք: Որևէ մեկն զգա՞ց սրանց առաջացրած սոցիալական լարվածությունը:

Հայաստանի անվտանգությանն ու առաջընթացին խոչընդոտող կրճատվելիք նախարարությունների աշխատակիցներն ինչո՞վ են ավել այս դժբախտ արցախցիներից:

12. ** ՕՐԵՆՍԴԻՐՆ ՈՒ ԴԱՏԱՐԱՆԸ

12.1 Օրենսդրական թիրախները

Եթե ԱԺ-ն (Ազգային ժողովը) միայն օրենսդի´ր մարմին է, իսկ սա իր էությամբ միմիայն օրենսդի´ր մարմին է, ճիշտ կլիներ սրան Օրեսնդիր Ժողով = ՕԺ կոչելը:

Ինչպիսի՞ն պիտի լինի ՕԺ-ն:

Նախ, ՕԺ-ի անդամները (այսինքն, պատգամավորները) պիտի անպայման իրավաբանական-տնտեսագիտական պրոֆեսիոնալ հմտություն ունենան, որովհետև սրանց միակ գործը պիտի լինի օրենք կազմելն ու ընդունելը:

Ինչո՞ւ է տնտեսագիտության իմացությունը շեշտվում: Շեշտվում է, որովհետև մարդկանց բոլո´ր-բոլո´ր (ոչ գիտական) վեճերը, առանց մի հատիկ բացառության, վերաբերում են իրենց նյութական կամ հոգևոր սեփականությանը:

Իրոք, մի՞թե սեփականության հիմնական հատկությունները՝ փոխանակվելու, այսինքն, սրանց վաճառվելու ու գնվելու, տիրոջից խլելու կամ տիրոջը սրանցից զրկելու կամ սրանք ուրիշին որևէ կերպ փոխանցելու հատկությունները չեն:

Հենց ա´յս հիմքերն են այն բանի պատճառը, որ աշխարհի իրավաբանական ֆակուլտետների ճնշող մեծամասնությունն ուսումնասիրում է նաև տնտեսագիտություն և հակառակը, տնտեսագետներն էլ պարտադիր ուսումնասիրում են նաև իրավաբանություն: Ուրեմն.

**ՕԺ-ի անդամ պատգամավորը պիտի պարտադիր տնտեսագիտական կամ իրավաբանական վերլուծության հմտություն ունենա, իսկ ավելի լավ է՝ այս երկուսը միասին, ընդ որում, մասնագիտական այս հմտություններն ա´յն աստիճան պիտի զարգացած լինեն, որ այսպիսի պատգամավորին այս ասպարեզների հմուտ գիտնականը համարելու իրավունքն ունենա´նք:

Ինչո՞ւ: Որովհետև այդ պատգամավորի գործը երբեմն նոր (մինչև այդ պահը գոյություն չունեցող), օրենք կազմելն ու ձևակերպելն է կամ էլ արդեն առկա օրենքները ձևափոխելն ու լուծարելը:

Իսկ սա արդեն գիտնականի´ գործն է, այնպիսի´ գիտնականի, ով իրավաբանական-տնտեսագիտական հետազոտության կամ վերլուծության ու այստեղ նորը հայտնագործելու նրբագույն, խորը ու վստահ կարողություններ ունի:

Իհարկե, հնարավոր է, որ նման պատգամավորն իր այս ունակությունները ինքնակրթությամբ ձևավորած լինի, բայց սա հազվադեպ երևույթ է:

Եզրակացությունը հետևյալն է. ՕԺ-ի պատգամավորության թեկնածուն կամ պատգամավորը պիտի տնտեսագետ-իրավաբանի կրթական ցենզ, կամ, ինքնակրթության դեպքում, այս ցենզն ունեցողի «հիմնավոր» համբավ ունենա:

Այս պայմանն անհրաժեշտ է, բայց բավարար չի:

**ՕԺ-ի պատգամավորի թեկնածուն, պիտի պարտադիր ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ լինի ու հետագայում էլ, քանի դեռ ՕԺ-ի անդամ է, որևէ կուսակցության անդամ լինելու իրավունքը չպիտի ունենա:

**Ցանկալի է, որ այսպիսի թեկնածուն նաև որևէ շահառու խմբի անդամ չլինի ու նաև եղած չլինի: Ինչո՞ւ: Որովհետև, իրավական պետության բոլոր քաղաքացիներն ու մարդիկ ու բոլոր խմբերն ու նաև կուսակցականները պիտի օրենքի առաջ հավասար լինեն (եթե այս հավասարությունից կամավոր չեն հրաժարվում):

Սրանց ստեղծած օրենքն էլ պիտի բոլորին հավասար աչքով նայի, անկախ այն բանից, թե օրենքի առաջ նախագահ կամ վարչապետ է, թե կոշկակար կամ բոմժ:

**Օրենքը երկրի որևէ քաղաքացուն կամ մարդուն չպիտի ավելի կարևոր համարի, քան մի ուրիշ քաղաքացուն կամ մարդուն: Եթե ՕԺ-ի պատգամավորը կուսակցական է կամ որևէ շահառու խմբի անդամ է (կամ նախկինում է անդամ եղել), երաշխիք չի լինի, որ սա ի´ր կուսակցության կամ այդ խմբի շահերը չի պաշտպանի ու, հանուն այդ շահերի, օրենքը չի հարմարեցնի իր կուսակցության շահերին:

**Եթե ՕԺ-ում ընտրվելուց հետո պարզվի, որ նման թեկնածուն թաքցրել է իր կուսակցականությունը, դրա պատգամավորական մանդատն իսկույն պիտի անվավեր համարվի: Իրավական բարոյակա´ն օրենքը, պիտի «կույր» լինի:

Հենց սա´ է նաև այն պատճառն ու հիմքը, որ.

**ՕԺ-ում որևէ ֆրակցիայի գոյությունը պիտի հավիտյան ու անօտարելի արգելվի:

Եթե ՕԺ-ում ֆրակցիաներ լինեն, բացարձակ ոչ մի երաշխիք չի լինի, որ այս ֆըրակցիաները նոր ընդունվող օրենքները չեն հարմարեցնի իրենց ֆրակցիայի շահերին ու, հանուն իրենց շահերի, հին օրենքներն էլ չեն ձևափոխի ու աղավաղի ու նոր, անարդար օրենքներ չեն ընդունի: Փորձը ցույց է տալիս, որ կուսակցական պատգամավորներն ու սրանց ֆրակցիաները հենց այսպես էլ վարվում են:

ՕԺ-ն, ըստ էության, այնպիսի դատարա´ն է, որտեղ «ամբաստանյալը» նոր օրենքի նախագիծը կամ լուծարվող օրենքն է, ու այս դատարանը պիտի գաղտնի քվեարկությամբ որոշի, թե արդյո՞ք տվյալ նախագիծն արդար է ու անկողմնակալ, որ օրենք դառնա, կամ արժանի՞ է, որ դա լուծարվի:

Ուրեմն, ՕԺ-ի պատգամավորը, ըստ էության, նաև դատավո´ր է, բայց, ի տարբերություն սովորական դատավորի, ով բավական հազվագյուտ է ստեղծագո´րծ դատավոր, այս պատգամավորը մի´շտ է գիտնական դատավոր:

Այսպիսի դատավորը, ուրեմն, պիտի խմբային ու անհատական շահերից անկախ լինի, որ օրենքն արդար լինի: Սրա համար էլ օրենքը պիտի կո´ւյր ու այնքա´ն վերացական լինի, որ պաշտպանի բոլո´ր-բոլորի´ շահերն ու իրավունքները:

Արդարությունն ու կուսակցական ֆրակցիաների առկայությունը ՕԺ-ում – անհամատեղ են:

**ՕԺ-ի պատգամավորին անձեռնմխելության (իմունիտետի) ու մնացած արտոնությունները շնորհելու պետական կարգը (ինստիտուտը) պիտի համարվի հակասահմանադրական, քանի որ բոլորին հավասար աչքով նայող օրենքի առաջ երկրի ոչ մի քաղաքացին, որևէ մի ուրիշ քաղաքացու համեմատ, ավելի կարևոր չի:

* ՕԺ-ն ժողովրդի ընտրած ներկայացուցիչների խումբն է, ու ժողովրդից թաքուն որևէ արարմունքի իրավունքը չպիտի ունենա: ՕԺ-ն չպիտի ունենա գաղտնի կամ դռնփակ նիստեր, քանի որ սա հակադիր է խոսքի ազատության ու ինֆորմացիա ստանալու ազատության ֆունդամենտալ նորմին:

**ՕԺ-ի մշտական նախագահի ու մշտական փոխնախագահի պաշտոնները պիտի լուծարվեն:

**ՕԺ-ի նախագահն ու միակ փոխնախագահը պիտի ընտրվեն ՕԺ-ի ամեն մի նիստից առաջ, ՕԺ-ի անդամների գաղտնի քվեարկությամբ:

** Եթե ՕԺ-ի մի անդամը երկար ելույթի հիմնավոր առաջարկ ունի, այդ առաջարկը պիտի տեղնուտեղը դրվի գաղտնի քվեարկության:

** ՕԺ-ի հաստատուն ու անփոփոխ կանոնակարգը վերանում է: ՕԺ-ի ամեն նիստի օրակարգը ձևավորվում է ՕԺ-ի անդամների առաջարկներով, ընդ որում, առաջարկները պարտադիր են քննարկվում:

** ՕԺ-ի անդամ դատավորը պիտի (օրինակ) 45 տարեկանից ջահել չլինի, որ աշխատանքային ու մանավանդ կյանքի´ փորձ ունենա: Ու 75 տարեկանից էլ մեծ չլինի, որ եռանդը պակասած չլինի (տես ստորև):

**ՀՀ-ի համար ՕԺ-ի 33 (ու նույնիսկ 9) պատգամավոր-դատավորը լրիվ բավարար է:

**ՕԺ-ի պատգամավորը, ՕԺ-ի որևէ մասը կամ ՕԺ-ն ամբողջությամբ՝ չպիտի որևէ ԳՈՐԾԱԴԻՐ իրավունք ունենա, այսինքն, կառավարության գործերին միջամտելու որևէ իրավունք, որևէ մեկին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու ոչ մի իրավունքը չպիտի ունենա:

**Ամենակարևորը: ՕԺ-ի ընտրությունները պետք է լինեն ոչ պարբերական:

Բացի սա, ՕԺ-ի ընտրությունների ժամանակը չպիտի համընկնի ԳԺ-ի ընտրությունների հետ, որ ՕԺ-ն լրիվ անկախ լինի:

Ինչպե՞ս և ինչո՞ւ:

«ԻՆՉՊԵՍ»-ը: Սա նշանակում է, որ ՕԺ-ն առաջին անգամ ընտրելուց հետո պատգամավոր-դատավորի ՕԺ-ին անդամակցելու (միակ) ժամկետը պիտի լինի, օրինակ, 1-ից մինչև 30 տարի, ինչից հետո այդ պատգամավորն այլևս ՕԺ-ի անդամ ընտրվելու իրավունքը չպիտի ունենա:

(Պաշտոնաթող պատգամավորը, ամենայն հավանականությամբ, որևէ պատվավոր պաշտոն կգրավի, քանի որ մասնագիտական խորը գիտելիքի տեր կլինի: Այսպիսի 33 (մանավանդ, 9) պաշտոն միշտ էլ կլինի: Ուրեմն, այդպիսի պաշտոնաթողի ծերությունն ապահով կլինի):

Այս անգամ արդեն ՕԺ-ն, ըստ էության, կլինի «ցմահ», որովհետև ՕԺ-ի լրիվ կազմը կընտրվի միայն առաջին անգամ: Սրանից հետո ՕԺ-ն միայն կլրանա, ու մի քանի տարին մեկ ՕԺ-ում ընդամենը մեկ-երկու տեղ ազատվի, թե չէ:

**ՕԺ-ում միայն մեկ անգամ իր «ցմահ» ժամկետը ծառայած պատգամավորն այլևս ՕԺ-ի անդամ ընտրվելու իրավունքը չպիտի ունենա, որ թարմ ու ավելի ժամանակակից մտքի հոսքն ՕԺ լրիվ չդադարի:

Այս կարգը չի խանգարի, որ ՕԺ-ն անընդհատ գործի իր ողջ կարողությամբ: Ազատված մեկ կամ երկու տեղի համար իսկույն պիտի նույն տեղամասում հայտարարվի ու արվի նոր ընտրություն, ինչը կազմակերպելը դժվար կամ ծախսատար չի լինի ու շատ ժամանակ չի պահանջի:

ՕԺ-ի այս կարգը կապահովի ՕԺ-ի պատգամավորի անկախությունը կառավարությունից ու կուսակցություններից: Կապահովի նաև այս անդամի գայթակղություններից զերծ մնալը, մանավանդ, եթե պատգամավորն իմանա, որ իր ծերությունն է´լ է ապահովված:

Այս կարգը թերևս բավարար երաշխիք լինի, որ ՕԺ-ի ընդունած օրենքները առավելագույնս անկողմնակալ լինեն (լինեն կույր կամ վերացական):

Իրոք, եթե պատգամավորն իմանա, որ ինքը (օրինակ) մի 15-30 տարի ազնիվ ու ամեն բանից անկախ աշխատելու ու ապահով ապագայի հնար ունի (ու քանի որ այս ժամկետից հետո նորից ընտրվելու իրավունքը չունի), այլևս չի մտածի հաջորդ անգամ ընտրվելու համար «զարտուղի կապ ու միջոց» ստեղծելու մասին ու կնվիրվի միայն իր գործին:

Այսպիսի պատգամավորը անսահման կգնահատի իր պաշտոնը, մանավանդ որ այս հույժ պատվավոր պաշտոնն ունի ողջ երկրից ընդամենը 33/9 քաղաքացին: Թերևս ոչ մի բան (անգամ – վիթխարի կաշառքը) չի գայթակղի սրան, քանի որ բռնվելու վտանգը շատ մեծ կլինի, իսկ իր կորուստը (մանավանդ բարոյականը) կլինի անփոխարինելի:

Այնինչ, այսօրվա ձևը, երբ թե´ ՕԺ-ն, թե´ կառավարությունը ընտրվում են միաժամանակ ու նույն պարբերությամբ ու կուսակցական սկզբունքով, իրենք էլ, ըստ էության, օրենքի համար անմատչելի են, հնարավորություն է տալիս, որ պատգամավորն անի ամեն տեսակ խնամի-ծանոթային կամ կուսակցական ձեռնածություն ու անօրինականություն:

Կառավարության ու ՕԺ-ի անդամները իրենց զանազան կապերով ու պարտավորություններով կախված են լինում իրարից ու, օգտագործելով իրենց զանազան կապերը, ապահովում են իրենց ապագա ընտրությունները, որ իրենց ապագա պաշտոնները դարձնեն անձնական շահույթի աղբույր:

Այս հանգամանքները բոլորովին էլ չեն նպաստում, որ ժողովրդի այսօրինակ «ներկայացուցիչները» ձգտեն արդարության, ազնվության ու անկաշառության:

Այս անգամ արդեն թե´ օրենքների կուրությունը կամ վերացականությունը, այսինքն, հենց արդարությունը, թե´ վարչախմբային իշխանությունը 3 անկախ թևի բաժանելու սկզբունքը, դառնում են անիրագործելի:

Եթե ասածս կարգը հաստատվի սահմանադրությամբ, կուսակցությունների դերը կդառնա նվազագույնը, իսկ ոչ մասնագետ կարյերիստների ու բախտախընդիրների մուտքը ՕԺ – համարյա կփակվի, որովհետև սրանք ՕԺ մտնելու մեծ հնար ու մեծ գայթակղություն չեն ունենա, ու իշխանության այս թևը թերևս իրո´ք դառնա անկողմնակալ:

Ավելին, այս կարգով ձևավորված ՕԺ-ն արդեն բոլորովին չի հրապուրի նման կարյերիստներին ու բախտախնդիրներին, որովհետև իրավական որևէ ստեղծագործ ու ըստ էության չափազանց դժվար ու խիստ մասնագիտական գիտական աշխատանքը սրանց երբեք էլ չի հրապուրել ու սրանց նպատակը չի եղել ու չի լինի:

Ինչո՞ւ է սա անհրաժեշտ: Սա անհրաժեշտ է, որովհետև կուսակցությունները, ինչպես արդեն բազմիցս ասվել է, միշտ ու ամենուրեք, միայն ու միայն մի նպատակ են ունեցել, ու միշտ է´լ միայն ա´յդ նպատակը կունենան.

Ցանկացած կուսակցության ու սրա անդամ քաղգործչի գլխավոր ու գերագույն նպատակը իշխանությունը ցանկացած միջոցով նվաճելն է, որ կուսակցական անդամները մեծ ու փոքր պաշտոն ստանան ու, համարյա առանց որևէ մասնագիտական խորը հմտության ու առանց որևէ դժվար ճիգ ու ջանքի, ապրեն ժողովըրդից խլած հարկերի ու զանազան արտոնությունների հաշվին:

Սա´ են ցույց տալիս տեսությունն ու փորձը, ինչքան էլ որ կուսակցական առաջնորդներն ու շարքային անդամները պնդեն, թե իրենց գործունեության ու կյանքի միակ նպատակը ժողովրդի ու հայրենիքի բարօրությունն է: Անհսկելի ու անպատիժ վարչախմբության ձգտող կուսակցությունը ժողովրդի ապագա թշնամին է, ու ընտրողը չպիտի երբևէ սա մոռանա: ՕԺ-ին հսկող միջոցները կարող են լինել առանձին դատական հայցերն ու հանրաքվեները:

**Հարկերի, մաքսերի ու այլ տուրքերի կարիքը, թիվն ու չափերը որոշում է ՕԺ-ն: Բայց շարքային որևէ դատարանն իրավունք ունի´ չեղյալ համարի հարկը կամ մաքսը, եթե այս հարկը հակասահմանադրական է: Եթե որևէ հարկի առումով այս հիմնարկների միջև վեճ կա, վերջնական լուծումը տրվում է հանրաքվեին:

*Սահմանադրությամբ – թե´ պրոգրեսիվ հարկը, թե´ շքեղության կամ «անտեսանելի հարստության» հարկերի պես թալանչի հարկերն ու այսպիսի այլ անիրավ հարկերը պիտի վերացվեն:

**Հանրաքվեի ինստիտուտը պիտի թերևս հիմնվի համարյա այն ձևով, ինչպես Շվեյցարիայում է:

Վերջում նորից շեշտենք, որ ԱԺ-ն այսօրվա կարգով կազմավորելու ձևը ոչ միայն արդար ու ժողովրդավարական չի, այլ (անպայման) թայֆայական է ու, անկասկած, ավազակային է ու անբարո:

12.2 **Բարոյակարգի դատարանը

Բարոյակարգ-կապիտալիզմը կանոնավորող ու հույժ կարգավոր հասարակություն դարձնող ու ամենաթող գազանային քաոսն արգելող գլխավոր ու ապակենտրոն իշխանությունը – ընտրովի, անկախ ու «ցմահ», բայց դատելի ու պատժելի դատավորներով դատարանների սիստեմն է:

**Դատական այսօրվա դաժան բյուրոկրատիայից ազատվելու համար պիտի անպայման հրաժարվենք դատարանների այս բազմամակարդակ համակարգից ու թողնենք միայն մի տեսակ դատարան –առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական ու քաղաքացիական (նաև հաշտարար) դատարանները:

Շարքային դատարանի վճիռների բողոքարկությունը հանձնվում է հարևան որևէ դատարանին ու մասամբ էլ՝ երկկազմ ու եռակազմ դատարաններին ու թերևս նաև տեղական հանրաքվեներին:

Որևէ դատարանի վճիռը հսկողը պիտի լինի այս առաջին վճռի վերաքննությունը մեկ ուրիշ դատարանում: Սրա´ն հսկողը պիտի լինի ևս մեկ ուրիշ դատարանի վերաքննությունը, ինչի վճիռը պիտի համարվի վերջնական:

Մեր այսօրվա դատական իշխանությունը բոլորովին էլ ԱՆԿԱԽ ՉԻ, ուրեմն չի կարող լինի հանրության ապակենտրոն ղեկավարություն: Ու սա չի կարող հսկի ո´չ հզոր օլիգարխներին, ո´չ կառավարական պաշտոնյաներին, ո´չ Օրենսդիր Ժողովի անդամներին, ո´չ վարչապետին, ո´չ սրանց հովանավորյալներից մեկնումեկին, ոչ է´լ առանձին դատավորներին:

Այսօր մեր դատարանները, ըստ էության, հենց սահմանադրությունով ենթակա են ՕԺ-ի մեծամասնությանը, այսինքն, ի վերջո, Հայաստանի վարչապետին: De facto, միայն վարչապե´տն է բոլոր դատավորներին նշանակում գործի, ու նաև գործից ազատում: Սա, ցավոք, փաստ է:

Ու հենց սա է այն գլխավոր պատճառը, որ այսօր թե´ մեր պետական բոլոր կառույցները, թե´ մեր դատական սիստեմը ծայրից ծայր են ապական:

12.3 **Թիրախային դրույթները

**Դատավորները պիտի նույն ձևով դատելի լինեն, ինչպես որ – թե´ կառավարության բոլո´ր անդամները, թե´ ՕԺ-ի անդամները, թե´ զինվորական բարձրագույն բոլո´ր սպաները ևն:

**Երկրի ցանկացած քաղաքացին պիտի ցանկացած դատավորին դատարան կանչելու իրավունքն ունենա: Եթե մեղադրանքը չապացուցվեց, այդ հայցվոր քաղաքացի´ն պիտի դատվի, զրպարտության մեղադրանքով:

**Հանցանք կատարած դատավորին պիտի դատի մեկ ուրիշ շարքային դատարան: Եթե այս երկրորդ դատարանի վճիռը բողոքարկվում է, նոր դատը վարում է մի երրորդ երկկազմ կամ եռակազմ դատարանը (եթե հանցանքը ծանր է): Վիճելի դեպքերում, հարցը լուծում է այդ դատավորին ընտրած տեղական հանրաքվեն:

**Դատարանի նախագահի ինստիտուտը պիտի լուծարվի:

**Դատական «ծանր դեպքերի» դատաքննությունը վարում են տվյալ դատարանի բոլոր դատավորները միասին:

**Զինվորական դատարան չպիտի լինի: Դատելի պիտի լինի ցանկացած ֆիզիկական ու իրավաբանական անձը, սրանց հետ էլ, նաև վարչապետը, բոլո´ր-բոլո´ր նախարարները, թաղապետերը, համայնքապետերը, գերագույն սպաներն ու զանազան այլ պետերը, ընդ որում, նույն կարգով, ինչ որ շարքային քաղաքացիները:

**Առանձին կամ բոլոր դատավորների կամ դատարանների միությունները (մանավանդ՝ սրանց արհմիությունները) պիտի արգելվեն, որ դատական համակարգը հնարավորինս զերծ մնա ապականությունից:

12.4 Գլխավոր դժվարությունը – ո՞վ ու ո՞նց անի այս ամենը

Արդեն ակնհայտ է, որ սահմանադրություն կազմողը չպիտի վարչախումբը լինի, մանավանդ, իրեն պետություն կամ հայրենիք հռչակած անհսկելի վարչախումբը, որովհետև վարչախումբը ժողովրդի կամա կամ ակամա թշնամին է:

Ակնհայտ է նաև, որ սահմանադրություն կազմողը պիտի լինի մասնավորը (ինչպես արդեն ասվել է) այսինքն, մի մասնավոր անհատը կամ անհատների մի փոքր խումբը, ինչի ղեկավարն ու «ուղեղը» նորից մի անհատն է:

Բայց ինչպե՞ս ճարենք, ինչպե՞ս ու ի՞նչ սկզբունքով ընտրենք այս անհատին կամ անհատների խմբին: Ա´յ, սա´ է գլխավոր հարցը, սա´ է հարցերի հարցը, սա´ է գլխավոր դժվարությունը:

Պարզ է, որ եթե ե´ս հայտարարեմ, թե այս գրքում շարադրած իմ առաջարկներն են միակ ճշմարիտը, հենց սկզբից կդառնամ ծաղրի առարկա, ինչքան էլ որ հայտարարեմ, թե այս առաջարկները հիմնված են մի ողջ գիտության վրա, պռաքսեոլոգիայի´ վրա:

Նման հայտարարություն անողն արդե´ն կա, պրն Y-յանը, ով պնդում է, թե ամեն ինչ կշտկվի, եթե առաջին հերթին ընտրությունները լինեն արդար ու ազնիվ:

Պրն Y-յանը, օրինակ, վաղուցվանից է հայտարարում, թե բացարձակ արդար ու ազնիվ ընտրություն անցկացնելու մաթեմատիկական բանաձև է հայտնագործել ու նույնիսկ պատենտ է հանել այս բանաձևի հեղինակային իր իրավունքն ամրագրելու համար:

Այս գրքի ողջ շարադրանքից բխում է, որ պրն Y-յանի սահմանադրությունը երկիրը չի փրկի, բայց ո՞վ իմանա, գուցե փրկի: Ու, չնայած, այս շարադրանքը պնդում է, թե անհնար է, որ իշխանությանը ձգտող որևէ կուսակցությունը տարբերվի նախորդ ու այս թալանչի վարչախմբից, բայց ո՞վ իմանա, գուցե բացառություն կա:

Ուրեմն, ի՞նչ անենք, ո՞նց վարվենք: Ես այս հարցի միայն մի´ պատասխանն ունեմ, ինչն առաջարկվել է վերը, 17.7 պարագրաֆում: Բայց ցանկալի է, որ այս շարադրանքի լիբերթարյան մտածողության դրույթները արդեն դարձած լինեն մեր (մանավանդ) ուսյալների ու մեր ժողովրդի մեծ մասինն ցանկալի, որ նոր սահմանադրությունները կազմվեն լիբերթարյան սկզբունքներին համաձայն, ու մրցությամբ ընդունվի սրանցից միայն մեկը:

Ակնհայտ է, որ հենց այսօրվա սահմանադրությո´ւնն է թույլ տվել ու նորից է թույլ տալիս, որ այսօրվա վարչապետն ու իր կուսակցությունը անպատիժ տանուլ տան պատերազմն ու հետո էլ երկիրը մաս-մաս հանձնեն թշնամուն ու, ըստ էության, կործանեն Հայաստանը:

Առանց այս շարադրանքի էլ պարզ է, որ պիտի առկա ու ապագա վարչախմբերին հսկող ու զսպող ու սրանցից՝ գոնե ակնհայտ անպիտաններին ու մանավանդ դավաճանականներին իսկույն ու առանց հապաղելու վռնդելու սահմանադրական մեխանիզմներ հաստատվեն, որովհետև առանց այսպիսի մեխանիզմների երկիրը կկործանվի:

Մի բանը, ինչն արդեն ասվել է, պարզ է:

Մեզ հզոր բանակ է պետք, որ երբ կարիք լինի, մեր այս բանակը տա ու մեր վրա հարձակվողի գլուխը ջարդի ևն:

Հզոր բանակ ունենալու համար էլ պետք է, որ հարստանանք, շատ փող ունենանք, որ զենք առնենք (կամ գուցե նաև վարձկան կանչենք) ու նաև ռազմական հրահանգիչներ վարձենք, ովքեր սովորեցնեն մեր զինվորներին, թե նորագույն զինատեսակներն ինչպես են գործածում:

Հարստանալու համար էլ պիտի բարոյակարգ-կապիտալիստական կարգ ունենանք, այսինքն, պիտի մեր երկրում ազատ շուկայական հարաբերություններ հաստատենք: Սրա համար էլ պիտի բոլորս հասկանանք ու յուրացնենք այս գրքի շարադրանքը, այսինքն, կարճ ասած, հետևյալը:

Քանի որ մեծաթիվ ու բազում իրավունքով օժտված վարչախումբը մի´շտ է դառնում չարիք, այս չարիքը պիտի լինի նվազագույնը, որ ժողովո´ւրդը հարստանա ու հզորանա:

Ուրեմն, մեզ նվազագույն վարչախումբ-պետություն է պետք, բայց այնպիսի´ նվազագույն վարչախումբ, ինչի լիազորություններն ու իրավունքները նույնպես նվազագույնն են ու հսկելի-պատժելի են:

Սրա համար էլ մեզ բարոյակարգ հաստատող նոր սահմանադրություն է պետք, ու եթե այսպիսի սահմանադրություն չունենանք, ա´նպայման կկործանվենք:

Այս սահմանադրության կարիքը պիտի դառնա օրվա հրամայականը: Սրա համար էլ մեր մտավորականները պիտի ուսումնասիրեն ու յուրացնեն բարոյակարգի լիբերթարյան տեսությունը:

(Առայժմ – իմ այս ու նախորդ գրքերով, քանի որ հայերենով առայժմ ուրիշ նյութ չկա: Բայց ոչ միայն սրանցով: Առկա այլալեզու բարոյակարգային գրականության ցուցակը ուղղակի վիթխարի է):

Ուրիշ ելք, ուրիշ ճանապարհ – ուղղակի չկա: Եթե մեր ուսյալները բարոյակարգի այս տեսությունը չիմանան ու սա այնքան չքարոզեն, որ մեր բոլոր քաղաքացիներն ու բոլոր մարդիկ սա իմանան ու սրան համաձայնեն, մենք կործանվելու ենք:

Եթե այստեղ շարադրված բարոյակարգի հիմունքները չդառնան մեր համակեցության այնպիսի ռեֆլեքսային կանոններ, ինչպիսին է ուրիշի ոտը տրորելիս այդ ուրիշից ռեֆլեքսով ներողություն խնդրելու կանոնը, մենք կործանվելու ենք:

Այսինքն, եթե մեզնից ամեն մեկը, հատիկ-հատիկ, չհասկանա ու չյուրացնի, որ վարչախմբի փողը միմիայն ա´յն փողն է, ինչը վարչախումբը խլում է ժողովրդից (չթողնելով, որ ժողովուրդը հարստանա), ու որ (օրինակ) աշխատավարձը կամ թոշակը բարձրացնելու պահանջը պահանջն անբարո պահանջ է, որ այս պահանջը հարևանին թալանելու պահանջ է, մենք կործանվելու ենք:

Շատ անգամ ասում են. «Սենց էկել ա, սենց է´լ կէթա»: Բայց, եթե մեր համար անհատական ազատությունն ու բարոյակարգն ու ՀՀ-ի ապագան, այսինքն, մեր իսկ զավակների´ ու թոռների´ ապագան, ու նաև մեր լեզուն ու երկիրը թանկ են, պիտի այս ճորտ ու ստրուկին վայել ասույթին չհամաձայնենք:

Այս Գնդի մարդիկ հազար ու մի այնպիսի բանի են հավատացել, որոնք անխախտ ու հավերժական են թվացել: Օրինակ, հավատացել են, որ Երկրագունդը տափակ է: Հավատացել են, որ հավերժ են – թագավորների միահեծան իշխանությունը, ճորտությունն ու ստրկավաճառությունը, սրբազան պոռնկությունը, հեթանոսությունը ևն, ևն, որոնց առիթով ասել են. «Սենց էկել ա, սենց է´լ կէթա»:

Բայց դրանք կամ վերացել գնացել են, կամ միայն անունով են այդպիսին մնացել:

Ու մենք պիտի այս օրինակները հիշենք ու գոնե ձգտենք բարոյակարգին:

Սահմանադրության առիթով, գոնե իմ կարծիքով, գուցե օգնի դեմոկրատիան: Հենց որ մեր ժողովուրդը մեր երկրի այսօրվա անբարո թալանչիական կարգը տապալի ու անցումային ժամանակավոր վարչախումբ հաստատի ու իրագործի վերի անհապաղ օրենքները, պիտի հայտարարվի սահմանադրությունների մրցույթ ու սրանք կազմելու համար մի քանի ամիս ժամանակ տրվի:

Այնուհետև, հեռացույցն ու մամուլի բոլոր միջոցները լրիվ ազատ դարձնելուց հետո, պիտի մի քանի ամիս էլ հնար տրվի սահմանադրություն կազմող առանձին անհատներին ու խմբերին, որ սրանք ժողովրդին մանրամասն բացատրեն իրենց սահմանադրությունների էությունն ու օգուտը:

Հետո էլ այս սահմանադրությունները պիտի դրվեն հանրաքվեի, ինչը պիտի պարունակի նաև «դեմ եմ բոլորին» կետը:

Եթե այսքանից հետո էլ մեր ժողովուրդն անհաջող ու կործանարար սահմանադրություն ընտրի, ուրեմն, մեր բախտն էլ սա´ է:

Ի վերջո, ո՞վ է ապացուցել, թե անհնար է, որ տգետ, մեծամիտ ու մեծամոլ մտավորականերով ժողովուրդը կործանվի ու անհետանա «պատմության թատերաբեմից»: Ցավոք, ցանկալի բանի հնարավորությունը ոչ ապացուցված թեորեմ է, ոչ փաստ:

Այնուամենայնիվ, ես չեմ վհատվում, ու այն մարդկանց, ովքեր ասում են, թե իմ ասածները անիրագործելի հեքիաթ կամ ֆանտազիա են, կամ որ խոշոր տերությունները չեն թողնի, որ Հայաստանում բարոյակարգ հաստատվի, հիշեցնում եմ Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի, Անդորայի, Թայվանի, Հոնգ-Կոնգի, Սինգապուրի, Մակաոյի, Իռլանդիայի, ու սրանց պեսերի օրինակները: Սրանք էլ հո կա´ն, ինչքան էլ որ սրանց թշնամիները չցանկանան:

ՄԻ´ՄԻԱՅՆ ԱԶԱՏ ՇՈՒԿԱՆ ԳԻՏԻ

Մազաչափ անգամ կասկած չունեմ, որ երկրի փրկության վերևի առաջարկվող սահմանադրական ցանկալի թիրախային փոփոխությունների ուրվագիծը ճիշտ է:

Կասկածի նշույլ անգամ չունեմ, որ սրա կենտրոնական բոլոր դրույթները արդար ու համապատասխան են բարոյական հասարակության պահանջներին:

Ավելին, համոզված եմ, որ եթե սրանք չիրագործվեն, լրի´վ է հնարավոր, որ ամեն պահին մեր երկիրը չքանա քարտեզի վրայից:

Այնուամենայնիվ, պիտի զգուշացնեմ ընթերցողին, որ նախ ինքս ինձ իմաստուն չեմ համարում ու երբեք էլ չեմ մտածում, որ բոլոր հարցերի պատասխանները գիտեմ կամ արդեն տվել եմ:

Ազատ շուկային վերաբերող բոլոր հարցերի պատասխանները հայտնի են մի´միայն իրեն, մի´միայն Նորին Մեծություն Ազատ Շուկային:

Գրելու ընթացքում ես անընդհատ գրածս տալիս էի ընկերներիս, որ կարդան ու առարկեն, եթե կարան, ու մի անգամ մի ընկերս ասաց.

– Լ´ավ, օրինակ, ասում ես, թո դատավորները ոչ թե պետական ըլնեն, այլ ըլնեն ընտրովի, ըլնեն համարյա ցմահ ու ոչ մեկին չենթարկվեն, բացի օրենքից: Մեկ-մեկ էլ նույնիսկ ասում ես, թե կարա վարչախումբն առհասարակ չըլնի, մենք ավելի, շատ ավելի լավ յոլա կէթանք: Բա էտ վախտը, թե որ վարչախումբը չըլնի, բա դատավորների ռոճիկներն ու դատական ծախսերի փողը ո՞վ պիտի տա, եթե դատավորը տենց մասնավոր ա ըլնելու:

– Ախպերս, հմի ո՞վ ա տալի, – ասի ես, – հմի յանի իրան պետություն հռչակած վարչախումբն ա տալի, բայց էտ փողը վարչախմբին ո՞րդուց: Չէ՞ որ պետերը ոչ մի բարիք չեն ստեղծում ու ստեղծելու դաժե իրավունքն է´լ չունեն: Պետերն էտ փողը խլում են հարկատուից, խլո´ւմ են, զոռո´վ ու դրա մեծ մասը լափո´ւմ են:

Երբ դատարանը ըլնի մասնավոր, թո է´լի հարկատուն տա: Խի՞, պարտադի՞ր ա, որ հենց վարչախո´ւմբը կազմակերպի դատական ծախսերը մարելու պրոցեսը: Չի՞ ըլնի, որ էտի ազատ շուկա´ն կազմակերպի:

– Բայց ախր էտի վիթխարի փող ա, դատարան դիմող շարքային քաղաքացին էտքան փող ո՞նց կարա տա:

– Իսկ դու վստահ էս, որ էտ փողը վիթխարի ա: Խաբա՞ր ես, թե էսօր դատարան դիմողն ինչքան փող պտի տա, որ իրա հայցն ընդունեն:

– Ինչքա՞ն:

– Դեպք կա, որ պտի 500000 դրամ տա:

– Բայց էսի նշանակում ա, որ փաստացի, աղքատը չի՞ կարա դիմի դատարանին:

– Շատ անգամ, չի է´լ կարա: Ու վարչախումբը էս նոր գները հենց նո´ր ա մոգոնե, առաջ ավելի քիչ էր: Իսկ գիդե՞ս, թե (օրինակ) մի մարզի երկու դատարանի ծախսերի համար հարկատուն ամիսն ինչքան փող պիտի տար, եթե շուկան ի´նքը կազմակերպեր դատարանները:

– Չէ, չգիդեմ:

– Արի հաշվենք: Թող դատավորի ամսեկան ռոճիկն ըլնի ամիսը 2000 դոլար: Մենք մոտ 300 դատավոր ունենք: Հարկատուներն էլ թո ըլնեն 750000 հոգի:

Էտ վախտը՝ (300x2000):750000= 0.8 դոլար=320 դրամ ամեն հարկատուից:

Հետո հաշվի առ, որ հնարավոր ա, որ խոշոր դատերից ապագա դատավորները մի քանի տոկոս հոնորար ունենան, փաստաբանների հոնորարներից շատ ավելի համեստ: Էտ վախտը կըսկըսվի դատարանների մրցությունը, որ պարզվի, թե որ դատարանն ա ավելի անաչառ ու անկողմնակալ:

– Բա որ կաշառքի մրցություն սկսվի՞:

– Չի սկսվի, որտեվ կաշառք վեկալելը շատ վտանգավոր կըլնի: Ախր հայցվորը կաշառակեր դատավորներին հարևան դատարանում դատի տալու իրավունք կունենա: «Հեռախոսային իրավունքն» էլ չի ըլնի, հայցը չընդունելն էլ կարա դատի ենթակա ըլնի:

Վարչախումբը որ ըլնի նվազագույնն ու համարյա իրավազուրկ, ու դատավորը պետից վախենալու բան չի ունենա:

Համ էլ դատավորները կաշառք վեկալելուց կվախեն ու իրանց էս հույժ պատվավոր պաշտոնն ահավոր կափսոսան, ու իրանց համարյա ցմահ կարյերան չեն վտանգի:

Դատավորի ամսեկան եկամուտը, մասնավոր դատերի հոնորարներն էլ հետը, կարա մի 10-15000 դոլարի հասնի: Թո 300 դատավորից մի քանիսն էս վտանգից չվախենա, բայց դրանք էլ, ի վերջո, կբռնվեն:

– Ոնց որ համոզում ես:

– Ես չեմ ասում, թե հենց սե´նց կըլնի, բայց եթե նվազագույն ու համարյա իրավազուրկ վարչախմբով պետություն ըլնի, ի´նչ էլ ըլնի, էս էղածից հո հազարապատիկ լա´վ կըլնի:

Ու հետո, ի՞նչ իմանաս, թե ազատ շուկայական հարաբերությունները, այսինքն, իսկական կապիտալիզմը, ինչ նոր հրաշալի մեխանիզմներ կհորինեն:

Ու սենց լիքը մեխանիզմ կհորինվի մարդկային հարաբերությունների բոլո´ր-բոլո´ր ասպարեզներում:

Մերուժան Հարությունյան

11.08.2023–22.03.2024, ԵՐԵՒԱՆ

ՀԵՂԻՆԱԿԻ ԿԱՐԵՒՈՐ ԳՐՔԵՐԸ

1. Արիստոտել – Աթենական հասարակարգը, 2000 «Հայաստան»

Թարգմանած է անգլերենից: Այս գործն Արիստոտելի մեզ հասած միակ «պատմական» աշխատությունն է, ինչը նվիրված է Աթենքի սահմանադրության պատմությանը: Թարգմանությանը կցած են թարգմանի շեղատառ դիտողություններն ու ծանոթությունները:

2-3. Կառլ Ռեյմունդ Պոպեր – Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, 2 հատոր, 2002, 2004, «Հայաստան»

Թարգմանած է անգլերենից: Սոցիալական փիլիսոփայության ու բարոյագիտության պատմության մասին է:

4. Զվարճալի այբ ու բեն – 2003, «Անտարես»,

Այս գրքի առաջին մասը կազմված է հայերենի այբուբենի տառերով սկսվող զվարճալի քառյակներից, իսկ երկրորդ մասն այբուբեն ստեղծելու սկզբունքների ու հայերենի այբուբենի աստիճանական փոփոխությունների կարճ պատմությունն է:

Հիշատակված են նաև հայկական երաժշտական խազերն ու հայկական ու հռոմեական տառային թվանշաններն ու թվերը:

5. Հեքիաթների գանձարան – 2004, «Լուսաբաց»

Սա Չ. Դիկենսի, Սոմերսեթ Մոմի, Կարել Չապեկի ու Հանս Քրիստիան Անդերսենի մի քանի հեքիաթի փոխադրությունն է:

6. Թարգմանելու արվեստը: – 2008, «Լուսաբաց»

Թարգմանելու արվեստին նվիրված այս գիրքն իր նախադեպը չունի ոչ միայն հայ գրականության պատմության մեջ, այլև առհասարակ, եթե նկատի առնվի սրա հակիրճությունը, սիստեմատիկայի ձևը, հեղինակային մեկնություններն ու թարգմանական «կանոնները» համակարգելու փորձը, ինչը (գոնե հայերենի համար) իրոք առաջին անգամ է արվում:

Համեմատված են` Դիլան Թոմասի, Լերմոնտովի, Պուշկինի, Բլոկի, Եսենինի, Պաստեռնակի, Բրոդսկու, Բյորնսի, Ֆրոստի, Յեյցի, Դ. Հ. Լովրենսի, Հարդու ու Էմսոնի ոտանավորների բնագրերը սրանց հայերեն թարգմանությունների հետ:

7. Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը – 2010, 2011, «Լուսաբաց»

Այս գիրքը պնդում է, թե մենք չենք հետևում Մաշտոցի, Աբովյանի, Կոմիտասի, Թումանյանի ու մեր մնացած այս կարգի մեծերի պատգամներին, չնայած անընդհատ պնդում ենք, թե պահպանում ենք մեր ազգային արժեքները: Ու սա նաև պատմում է սնափառ հայագովության վնասների մասին:

Գիրքը նախ պատմում է հայ ազգային երգի ու ազգային պարի վերանալու պատճառների ու ողբերգության մասին: Հետո գիրքը պատմում է հայերենի ուղղագրական ռեֆորմների մասին, քննարկելով սրանց շուրջը ծավալված կեղծ հայրենասիրական նկրտումները:

Գիրքը նաև բավական մանրամասն պատմում է, թե հայերն ինչպես հրաժարվեցին Մանուկ Աբեղյանի գիտական քերականությունից ու ինչպես է, որ արդեն 85 տարի է, ինչ Հայաստանի դպրոցներում ու բուհերում անցնում են հակագիտական քերականություն:

8. Ընձառյուծն ազատ, նրբագեղ ու ճապուկ – գրելու արվեստը, 2013, «Էդիթ Պրինտ»:

Սա հեղինակի 1990 թվից մինչև 2000 թիվը գրած ոտանավորների մի մասի ու այս ոտանավորների էսեների ժողովածուն է: Գրքի վերջում կա «ճաշակ հայ հին գրականությունից» ու մի կարճ վերլուծություն հայերենով թարգմանելու անմխիթար վիճակի մասին:

9. Փոքրիկ Իշուկն ու Գորշ գայլը – 2018, Հեղինակային հրատարակություն, տպագրիչ՝ Էդիթ Պրինտ: Սա հայերենի համար լրիվ նոր տեսակ հեքիաթների ժողովածու է, թե´ փոքրերի, թե´ մեծերի համար: Գրքի գրական ոճը հիմնված է Երևանի բարբառի վրա: Հեքիաթները զվարճալի են, բայց ունեն «երկրորդ շերտ», ինչը պիտի որ գրավի նաև մեծերին:

10. Վիլիամ ՇեքսպիրՍոնետներ, 2020, Հեղինակային հրատարակություն, տպագրիչ՝ Էդիտ Պրինտ

Սա Շեքսպիրի սոնետների հայերեն չորրորդ թարգմանությունն է: Գրքի սկզբում հայերենով առ այսօր արված չափածո թարգմանելու առկա վիճակի 124 էջանոց վերլուծությունն է, ինչն ասում է, որ չափածոյի հայերեն թարգմանությունների որակը անմխիթար է: Այս վերլուծականում սույն թարգմանության մոտ մեկ տասնյակ օրինակը համեմատվում է թե´ հայերենով նախորդ երկու թարգմանության, թե´ Մարշակի, Չայկովսկու ու Ֆինկելի ռուսերենների հետ:

11. Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը – 2021, «Էդիտ Պրինտ»:

Սա առաջին հայերեն գիրքն է, ինչը շարադրում է նորագույն գիտության՝ պռաքսեոլոգիայի (այսինքն, լիբերթարյան (ավստրիական) տնտեսագիտության, բարոյագիտության, իրավագիտության ու սպոնտան կարգի տեսության) հիմնական գաղափարները:

Սույն գրքի հասցեատերերն են՝ տնտեսագետները, բարոյագետները, իրավագետները, քաղաքագետները, քաղգործիչները, հումանիտարիստիկայի ուսանողներն ու, առհասարակ, լայն ընթերցողը:

Գրքի վերջում կա նշված թեմաներն արծարծող տնտեսագիտության, իրավագիտության ու բարոյագիտության ավստրիական դպրոցի հեղինակների կարևորագույն անգլերեն գործերի 3 ցուցակ:

12. Արդի հայերենի լեզվաբանական ու ոճաբանական առանցքային հարցերը – 2023, Եր.: Edit Print., 696 էջ

Սա 1931 թվականից հետո հայերենի տեսության առաջին գիրքն է, ինչը, շարունակելով Մ. Աբեղյանի գիտական մեթոդն ու այդ մեթոդը լրացնելով Ֆերդինանդ դե Սոսյուրի հետազոտական մեթոդով, ինչպես նաև պռաքսեոլոգիական հետազոտությունների հիմնադիր Լուդվիգ ֆոն Միզեսի ու սպոնտան կարգերի տեսության հիմնադիր Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի մեթոդներով, այս վերջին 89 տարում առաջին անգամ, վերականգնում է հայերենի սինքրոն լեզվաբանության գիտականությունը:

Գիրքը պարունակում է լեզվաբանական ու ոճաբանական բազում նորություն (հեղինակն իր «Նախաբան գլխում» թվարկում է 82-ից ավել առանցքային, խոշոր ու ոչ այնքան խոշոր նորություն):

Առանցքային նորություն են՝ Հայերենի «եմ»-ակենտրոնությունը, Լեզվական պրոցեսի ցրիվ կարգը, Ուղեղի լեզվական գործունեության նկարագրության մեծ մասը ու Լեզվի Գլխավոր Օրենքն ու սրա գործադրության մեթոդը:

Սրանց կիրառությամբ շարադրված են՝ հայերենի բառերի նոր դասդասության տեսությունը, եղանակիչ նախադասությունների նոր տեսությունը, թվական-գոյական զույգի ու բայի համաձայնության օրենքները, նախադասության վերլուծության նոր տեսությունը, հայերենի հոլովաձևերի թվի գիտական հստակմունքը ևն, ևն:

Չնայած սույն գիրքն առաջարկում է լեզվաբանական հետազոտության մի քանի լրիվ նոր մեթոդ, այնուամենայնիվ, սա հարազատ է մնում Ֆերդինանդ դե Սոսյուրի, Լուդվիգ ֆոն Միզեսի ու Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի գիտական սկզբունքներին:

ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵՐԿԻՐԸ ՀԶՈՐԱՑՆԵԼՈՒ

ԲԱՆԱՁԵՒԵՐԸ

***

Կազմը՝ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ