ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԵՐԵՆԻ

ՏԵՍՈՒԹՅԱՆ ՈՒ ՈՃԵՐԻ

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ

***

ՀԱՅԵՐԵՆԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԻ –

1. ՄԱՍՆԱՎՈՐՈՂ ԶՈՒԳՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2. «ԵՄ»-ԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

3. ԴԻՖՈՒԶՎՈՂ ՑՐԻՎ ԿԱՐԳԸ

Այս գիրքը չի հակասում

թե´ մերօրյա լեզվաբանության հիմնադիր

Ֆերդինանդ դե Սոսյուրի,

թե´ համաշխարհային լեզվաբանության

և ոչ մի թեզին

ԷԴԻԹ ՊՐԻՆՏ

ԵՐԵՎԱՆ

2023

ՀՏԴ

ԳՄԴ

Արդի հայերենի լեզվաբանական ու ոճաբանական առանցքային հարցերը:/ Մերուժան Հարութունյան. – Եր.: Edit Print., 2023, 696 էջ

Սա 1931 թվականից հետո հայերենի տեսության առաջին գիրքն է, ինչը, շարունակելով Մ. Աբեղյանի գիտական մեթոդն ու այդ մեթոդը լրացնելով Ֆերդինանդ դե Սոսյուրի հետազոտական մեթոդով, ինչպես նաև պռաքսեոլոգիական հետազոտությունների հիմնադիր Լուդվիգ ֆոն Միզեսի ու սպոնտան կարգերի տեսության հիմնադիր Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի մեթոդներով, այս վերջին 89 տարում առաջին անգամ, վերականգնում է հայերենի սինքրոն լեզվաբանության գիտականությունը:

Գիրքը պարունակում է լեզվաբանական ու ոճաբանական բազում նորություն (հեղինակն իր «Նախաբան գլխում» թվարկում է 82-ից ավել առանցքային, խոշոր ու ոչ այնքան խոշոր նորություն):

Առանցքային նորություն են՝ Հայերենի «եմ»-ակենտրոնությունը, Լեզվական պրոցեսի ցրիվ կարգը, Ուղեղի լեզվական գործունեության նկարագրության մեծ մասը ու Լեզվի Գլխավոր Օրենքն ու սրա գործադրության մեթոդը:

Սրանց կիրառությամբ շարադրված են՝ հայերենի բառերի նոր դասդասության տեսությունը, եղանակիչ նախադասությունների նոր տեսությունը, թվական-գոյական զույգի ու բայի համաձայնության օրենքները, նախադասության վերլուծության նոր տեսությունը, հայերենի հոլովաձևերի թվի գիտական հստակմունքը ևն, ևն:

Գիրքը, ըստ էության, ներկայացնում է նաև Երևանի բարբառի այսօրվա վիճակի թռուցիկ ու սրա քերականության այնպիսի´ ուսումնասիրության շարադրանքը, ինչի մանրամասնությունն աննախադեպ է:

Չնայած սույն գիրքն առաջարկում է լեզվաբանական հետազոտության մի քանի լրիվ նոր մեթոդ, այնուամենայնիվ, սա հարազատ է մնում Ֆերդինանդ դե Սոսյուրի, Լուդվիգ ֆոն Միզեսի ու Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի գիտական սկզբունքներին:

Գրքի կառուցվածքն ու բովանդակությունը հստակ երևում են վերնագրերի 11 էջանոց ցանկից, ինչն սկսվում է հենց 7-րդ էջից:

ՀՏԴ

ԳՄԴ

ISBN

© Հարությունյան Մերուժան, 2023

Բոլոր իրավունքները պահպանված են: Առանց հեղինակային իրավունքի տիրոջ օրինական գրավոր թույլատրության՝ ոչ ոքի իրավունք չի տրվում շահույթ ձեռք բերելու նպատակով որևէ տեխնիկական կամ էլեկտրոնային միջոցով վերարտադրելու, թարգմանելու, մուլտիպլիկացիայի վերածելու, ապրանքանիշ դարձնելու, ընթերցելու ռադիոյով ու հեռացույցով` այս հրատարակության և ոչ մի մասը:

The Central Problems of Modern Armenian Linguistics and Stylistics:

the Specifying Combinations, the “Եմ”-centeredness and the Deffused Order of Armenian Language Process, by Meruzhan Harutyunyan.

Edit Print Publisher, Yerevan, The Republic of Armenia, 2023, 696 pp

This is the first book – since 1931 – on Armenian syncհron lingustics and literary styles that continues scientific methods of late Manuk Abeghyan. This method is completed by the linguistic method of Ferdinand de Saussure, again, by the praxelogy method of the Human Action Axiom of Ludwig Mises, as well as the theory of spontaneous orders of Friedriech August Hayek.

Simulteneously, the book presents a description of Yerevan’s dialect grammar and the dialect itself, which is unprecedent by its elaborate analyses.

Also, the book proves the anti-science essence of the modern Armenian grammar and synchron lingusitcs generally; then it presents many novelties (the author mentions 81 big and small ones of them in his introductory chapter).

The central novelties are: the “եմ=em”-centeredness of Armenian language; the deffuse order of the language process (this line was tackled only by Rudi Keller in his fine book [38], as far as known to the author of the present book, but Mr. Keller is a philospher, not a linguist), the essential part of the brain’s language processing description; the Main Law of Language and the method of its operation.

Applying to these (1) a new classification of Armenian words (2) a theory of modal sentences of Armenian, the grammatical agreement of the Armenian verb with its Armenian numeral-noun pair laws (3) a new sentence analysis theory are presented and a solution of the controversy on the number of the Armenian grammatical cases is stated.

The author has some strong (though may be somewhat controversial) feeling that some ideas of this work shall have been new and useful for the other IndoEuropean languages.

The book is addressed to linguists, students and teachers, as well as the general reader.

ISBN

© Harutyunyan Meruzhan, 2023, the Republic of Armenia

All rights reserved.

«Մայրուղիներով ճամփորդելը դժվար չի,
բայց երբ դեգերում ես մոռացված արահետներով,
երբեմն մի այնքա՛ն անծանոթ լեռնագագաթ ես ելնում,
ինչից մի աննկարագրելի գեղեցիկ տեսարան է բացվում»:

ԼԵՈՆ ԲՐԻԼՅՈՒԵՆ

***

Լեզվաբանության առարկան բառերի

թե՛ խոսվող, թե՛ գրված ձևերը չեն:

Լեզվաբանության առարկան

բառերի միմիայն

խոսվող ձևերն են:

ՖԵՐԴԻՆԱՆԴ ԴԵ ՍՈՍՅՈՒՐ,

Մերօրյա լեզվաբանության հիմնադիրը

Նվիրում եմ

արդի հայերենի

գիտական տեսության հիմնադիր ու

իմ ծննդից 4 տարի առաջ վախճանված

իմ ուսուցչի ու իմ ավագ ընկերոջ՝

ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԻ հիշատակին

Հույժ երախտապարտ եմ մանավանդ իմ սիրելի ընկեր Տարոն Սարդարյանին, իմ զարմիկ Վարազդատ Կոստանյանին, իմ ընկերներին՝ Ղարիբ Մովսիսյանին, Լիլիթ Միսկարյանին, Վահան Նանումյանին, Աշոտ Գևորգյանին, Արմենե Թովմասյանին, Սպարտակ Ռաֆայելյանին, Սամվել Ջիլավյանին, Սյուզաննա Համբարձումյանին, Կարինե Մուրադյանին, Լուսինե Սարգսյանին, Էլմիրա Ամիրխանյանին, Նազելի Դավոյանին, Դավիթ Ասատրյանին, Մարիամ Սարգսյանին, Սուսաննա Գրիգորյանին, ու նաև իմ բազում ուրիշ բարեկամին, որոնցից մի քանիսի օժանդակությունը հույժ նշանակալի էր, բայց իրենք չցանկացան հիշատակվեն:

Առանց իմ այս բարեկամների ֆինանսական ու մանավանդ բարոյական հովանավորության այս գիրքը երբեք չէր հրատարակվի:

Երախտապարտ եմ Հասմիկ Գաբրիելյանին ու Մարի Սողոմոնյանին, ովքեր ուշադիր սրբագրեցին ողջ գիրքը:

Երախտապարտ եմ ԷԴԻՏԹ ՊՐԻՆՏ հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանին, իր հույժ բարեհաճ վերաբերմունքի համար:

Երախտապարտ եմ ընկերներիս՝ Արթուր Հարությունյանին, այս գրքի կազմն ու դիզայնը ձևավորելու համար ու Հարություն Ամիրջանյանին, գրքի հրատարակության pdf-ը ձևավորելու համար:

Ովքեր ուզում են արագ ծանոթանան այս գրքի բովանդակությանը, թող նախ ուշադիր ուսումնասիրեն այս գըրության տակի Վերնագրերի ցանկը:

Հեղինակի բոլոր միջարկությունները ուրիշի խոսքին միշտ առնված են ձևավոր փակագծերի {} մեջ:

ՎԵՐՆԱԳՐԵՐԻ ՑԱՆԿԸ

ՎԵՐՆԱԳՐԵՐԻ ՑԱՆԿԸ 7

ՆԱԽԱԲԱՆ ԳԼՈՒԽԸ 19

1. Երկու խոսք 19

2. «Լեզվահայրենասեր» շառլատանության ակունքները 21

3. Ի՞նչ էր աշխարհաբար կոչվածը 26

4. Ի՞նչն է նոր այս գրքի մեջ 30

5. Աբեղյանի ու «նոր» քերականության անհամատեղությունը 40

5ա.Եզրակացությունները 42

5բ. Բարոյահոգեբանական խրատը 45

Առաջին մասը 47

ԳԻՏԵ՞ՆՔ ԱՐԴՅՈՔ, ԹԵ Ի´ՆՉՆ Է ՀԱՅԵՐԵՆ 47

Գլուխ 1. Ի՞ՆՉ Է ԼԵԶՈՒՆ ՈՒ Ի՞ՆՉՆ Է ՀԱՅԵՐԵՆԸ 49

1.1 Լեզուն ինքնակառավար ու անդադար պրոցես է 49

1.2 Լեզուն ինչի՞ համար է 52

1.3 Լեզվի սխալականությունը 55

1.4 Գրական ոճերը, մեծ մասամբ, աղավաղ հայերեն են 58

1.5 Մայրենի լեզուն գործածվում է ռեֆլեքսով 60

1.6 Լեզվի կրողները 61

1.7 Գրականը հայերի զգալի մասին հասկանալի չի 64

1.8 Հայերի պետական «լեզուն» աղավաղմունք է 66

1.9 Երևանի բարբառ կա´ 70

1.10 Ազգային երգ ու պարի սպանդը 73

Երկրորդ մասը 75

ՀԱՅԵՐԵՆԻ ԱՅՍՕՐՎԱ ՍԽԱԼ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ 75

Գլուխ 2. ՀԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ 77

2.1 Բայի հակագիտական սահմանումները 77

2.2 Առարկայի ու գոյականի սխալ սահմանումները 79

2.3 Նախադասությո՞ւն, թե՞ խո´սք 80

2.4 Նախադասության սխալ սահմանումը 81

Գլուխ 3. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 86

3.1 Ի՞նչ է սահմանումը 86

3.2 Սահմանման շրջելիությունը 87

3.3 Ի՞նչ են բայը, ենթական, ստորոգյալն ու ստորոգելը 87

3.4 Վիճակի կամ հատկանիշի գոյության խոսքերը 91

3.5 Անհայտ ստորոգյալն ու տավտոլոգիան 94

Գլուխ 4. ԳԼԽԱՎՈՐ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ 97

4.1 Ղարիբյան-Սևակյան բայը 97

4.2 Ստորոգյալը ըստ ՀԱՔ-երի 98

Գլուխ 5. ՀՆՉԵՐԱՆԳԱՅԻՆ «ՍՏՈՐՈԳՈՒՄԸ» 101

5.1 «Բայ» բառի ծագումը 101

5.2 Անդեմ բայ կա՞ 102

5.3 Ինչի՞ն է վերագրում հնչերանգային ստորոգումը 104

Երրորդ մասը 110

ԼԵԶՎԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ 110

Գլուխ 6. ԼԵԶՈՒ ՈՒ ՈՃ: ՍՈՍՅՈՒՐԸ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ 111

6.1. Կենդանի լեզուն ու գրական ոճերը 111

6.2 «Վերք Հայաստանի»-ին ու Հյուսիսյանները 112

6.3 «Երևանաբարբառախորշությունը» 114

6.4. Դիաքրոն ու սինքրոն մեթոդներն ու ԼԳՕ-ն 117

6.5 Սոսյուրը լեզվի մասին՝ առհասարակ 120

6.6 Սոսյուրը դիաքրոն ու սինքրոն մեթոդների մասին 124

6.7 Սոսյուրը գրական «լեզվի» մասին 127

6.8 Աճառյանը Երևանի «ժարգոնի» մասին 131

Գլուխ 7. ԼԵԶՎԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԻ ՑՐԻՎ ԿԱՐԳԸ 133

7.1 Միզեսի աքսիոմն ու նվազագույն ճիգի օրենքը 133

7.2 Լեզվի մնացած աքսիոմներն ու դրույթները 138

7.3 Լեզվի պայմանադրությունը 149

7.4 Լեզվի վերացականությունը (հայաձևությունը) 151

7.5 Լեզվի վերացականությունն ու փոխառությունները 156

7.6 Լեզվի բանավոր փոխանցելությունը 158

7.7 Մարդ դառնալը սովորովի է 159

7.8 Մշակութային էվոլյուցիան 164

7.9 Անալոգիայի օրենքն ու լեզվական վարակը 167

7.10 Նորից լեզվական վարակի կուրության մասին 170

7.11 Լեզվական ֆլուկտուացիաները 172

7.12 Լեզվական շարժուն համակշռությունը 174

7.13 Լեզվական պրոցեսի ցրիվ կարգը 175

7.14 Լեզուն բարդ ու բաց համակարգ է 179

7.15 Լեզուն ու տնտեսական ցրիվ կարգերը 182

7.16 Դիֆուզվող ցրիվ կարգը կառավարելի չի 186

Չորրորդ մասը 188

ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՈՒՐՎԱԳԻԾԸ 188

Գլուխ 8. ԼԵԶՎԻ ԳԼԽԱՎՈՐ ՕՐԵՆՔԸ ՄԵԹՈԴ Է 189

8.1 Լեզվաբանի առարկան ու մեթոդը 189

8.2 ԼԳՕ-ից բացի ուրիշ չափանիշ ու մեթոդ չկա 190

Գլուխ 9. ՈՒՂԵՂԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 193

9.1 Մտապատկերն ու ընկալելը 193

9.2 Կենդանին բառերով չի մտածում 200

9.3 Ինֆորմացիայի գրանցվելն ուղեղի կեղևում 203

9.4 Լեզվական մտապատկերների գրանցվելը 207

9.5 Կենդանու զուգորդական մտածողությունը 211

9.6 Ընդհանուրից մասնավորին 213

9.7 Մարդո´ւ զուգորդական մտածողությունը 216

9.8 Բնական դասդասմունքը զուգորդականն է 222

9.9 Քերականական անբաժան հատկանիշ կա՞ 230

9.10 Մասնիկային զուգորդությունները 233

9.11 Գոյականն ածական է – Հերետիկոսությո՞ւն 237

9.12 Եզրակացություն 246

Գլուխ 10. ՏԵՂԱՌՔԻ ՕՐԵՆՔՆ ՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ 248

10.1 Բուն օրենքն ու կանոնները 248

10.2 Ի՞նչ հարցի է պատասխանում բառը 253

10.3 Այսօրվա հորինովի քերականությունը 258

10.4 Ի՞նչ են հոլովն ու հոլովաձևը 259

10.5 Հայերենը քանի՞ հոլով ու քանի՞ հոլովաձև ունի 263

10.6 Հայերենի հոլովների ցուցակը՝ ըստ Աբեղյանի 265

10.7 Հի՞նգ, վե՞ց, թե՞ յոթ հոլովաձև 267

10.8 Ը-ի կանոնը: Տերյանի ռուսիզմները 272

Գլուխ 11. ԲԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ 276

ԱՆՈՒՆՆ ՈՒ ԲԱՅԸ 276

11.1 Հայերենի բայը 276

11.2 ԼԳՕ-ն ու քերականական սահմանումը 277

11.3 Գոյական կամ ածական անունը 278

11.4 Նորից ածականի մասին 284

11.5 Հոլովաձևային ածականները 288

11.6 Հոլովաձևային դերանունները 290

11.7 Ածական-մակբայը 293

11.8 Առհասարակ 297

11.9 Անորոշ դերբայը ոչ մի տեսակ բայ չի, գոյակա´ն է 299

11.10 Հայերենի դերբայներն ու թերբառները 304

11.11 «ող», «ած» պարտիցիպները 305

Գլուխ 12. ՀԱՅԵՐԵՆԻ ՑՈՒՑԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԸ 308

12.1 Հայերենի ցուցական ածականն ու դերանունը 308

12.2 Հայերենի հնագույն ցուցականները 310

12.3 «սոյն, դոյն, նոյն»-ը 314

12.4 «սա, դա, նա»-ն 316

12.5 «էս-էսի»-ն, «էտ-էտի»-ն ու «էն-էնի»-ն 318

12.6 «այս-այդ-այն»-ի սխալ կիրառությունը 323

Հինգերորդ մասը 325

ԱՆՈՒՆՆԵՐԻ ԶՈՒԳՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՅԵՐԻՆ 325

Գլուխ 13. ԽՈՍՔԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ 327

13.1 Գոյության ստորոգյալը 327

13.2 Երևանի բարբառի մեջ «է» բայը մեռած է 329

13.3 «չէ»-ն ու «չի»-ն 333

13.4 Գոյության հիմնական «եմ» բայը 335

13.5 Ի՞նչ է ստորոգյալը 338

13.6 Աբեղյանի ստորոգյալն ու բայ-ստորոգյալը 340

13.7 Ստորոգելական վերադիրը ստորոգյա´լ է 345

13.8 Կախումն ու ներունակությունը 347

13.9ա Հայերենի «եմ»-այնությունը-1 352

13.9բ Հայերենի «եմ»-այնությունը-2 359

13.9գ «կ»-ի զուգորդությունն է´լ է շեշտում է գոյությունը 366

13.10 Լեզվական ֆորմալիզմի հզորությունը 368

13.11 Հայերենի մասնավոր «եմ»-ային բայերը 372

13.12 Աբեղյանի մեթոդը 375

13.13 Բայի ժամանակը լրացնող բառ-ստորոգյալը 380

13.14 Բայի թվական ստորոգյալը 382

13.15 Հայերենի թերբառ-ստորոգյալը 386

13.16 Հնագույն տրականն այսօր 387

13.17 Հայերենի թերբառները 390

13.19 Բայազուգորդ բաց. ու գործ. ձևերը պարագա են 394

13.20 Անորոշն ու պարտիցիպները 397

13.21 Հայերենի «եմ»-այնությունը-3 402

13.22 Խոսքի վերլուծության ևս մի քանի օրինակ 407

13.23 Հայերենի թվական-գոյական զույգը 413

13.24 Հորինովի քերականությունը գիտություն չի 418

13.25 Օտար լեզուների ազդեցությունը 422

13.26 Թարգմանական օտարիզմները հնուց են 424

Գլուխ 14. ԵՂԱՆԱԿԻՉՆԵՐԸ 428

14.1 Եղանակն ու եղանակիչը 428

14.2 Հայերենի եղանակիչ-մակբայ խոսքերը 430

14.2ա Ոչ հայաձև եղանակիչ խոսքերը 436

14.3 Մակբայների մասին նորից 437

14.4 «աբար, ապես, որեն» ոչ հայաձև մակբայները 439

14.5 «ուզում եմ»-ը 443

14.6 «պտի»-ն հին օրերին 448

14.7 Հարկադրականը (պիտիականը) 450

14.8 «կարամ» եղանակիչը 454

14.9 «կարամ»-ը ո՞րտեղից է 455

14.10 «կարող ա»-ն է՛լ է եղանակիչ 457

14.11 «պիտի» ու «կարող եմ» «խաղալ»-ը հայաձև չեն 460

14.12 Ուրիշ եղանակիչների սխալ գործածությունը 461

Վեցերորդ մասը 464

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՐԱԿԱՆ ՈՃԵՐԸ 464

Գլուխ 15. Ի՞ՆՉ Է ԱՇԽԱՐՀԱԲԱՐԸ 465

15.1 Աշխարհաբարը Աճառյանի կարծիքով 465

15.2 Աճառյանն ու անորոշ դերբայը 470

15.3 Աճառյանը լեզվի փոխվելու մասին 472

15.4 Աճառյանը լեզվի գեղեցկության մասին 474

15.5 Աճառյանը լեզվի հարստության մասին 474

15.6 Աճառյանը լեզվի ճոխության մասին 475

Գլուխ 16. ԱԲԵՂՅԱՆԻ ՄԻ ՔԱՆԻ ԵԼԱԿԵՏԸ 476

16.1 Աբեղյանն ու «ռուսատիպ» մակբայը 476

16.2 Աբեղյանն ու աշխարհաբարը 478

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 484

Գլուխ 17. «ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ» 485

17.1 Քաղաքականությո՞ւն, թե՞ գիտություն ու արվեստ 485

17.2 Շառլատանության շարունակ վարակը 491

17.3 Հերունիիզմը 495

17.4 Գիտական ստուգաբանության երկու օրինակ 500

17.5 Ո՞վ է մեղավորը 501

17.6 Շառլատանության «տեսությունը» 503

Գլուխ 18. ԼԵԶՎԻ ՈԳՈՒՆ ՈՒ ՊՐՈՑԵՍԻՆ ՀԱԿԱՌԱԿ 508

18.1 Հրամայականի մեռած «ր»-ն 508

18.2 Ռուսաձև հրամայականը (արգելականը ևն) 510

18.3 Վաղակատար թերբառի մեռած «լ»-ն 514

18.4 Ան-ինչու օրենքները 515

18.5 Լեզվական երկերեսանությունը 517

18.5ա «գտնվում է», չնայած չի կորել 518

18.5բ A-ն «գտնվում է» B-ից 10 մետր հեռ. վրա 519

18.5գ Պատրաստված է մայրիկի կողմից 519

18.5դ Կատարում է, հանդիսանում է ևն 520

18.5ե Դեպի-ն 521

18.5զ Ապա-ն 521

18.5է Դեպքում-ը 521

18.5ը Ռուսատիպ գոյականը 522

18.5թ Ավե՞լ, թե՞ ավելի 524

18.5ժ Կապվում կամ խառնվում է հետ-ը 525

18.5ժա Պատկանում է-ն 525

18.6 «Էթամ»-ն ու «վեկալեմ»-ը 526

18.7 «Խի՞»-ն ու «ընչի՞»-ն 527

18.8 «Նա»-ն մեռած է: «Թող»-ն ու «թո»-ն 530

18.9 «և» ու «ու» շաղկապները 532

18.10 Խոսքի իրավունքը 533

18.11 Կետադրության մասին 535

18.12 Կենդանի լեզու՝ մեռածի բնավորությա՞մբ 538

18.13 Գրականը տանջում է մանուկներին 542

Ութերորդ մասը 544

ԳՐԱԿԱՆ ՈՃԵՐԻ ՉՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՄ ԻՆՉՆ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՑ 544

Գլուխ 19. ԵՐԵՒԱՆԻ ԲԱՐԲԱՌԻՆ ՀԻՄՆՎԱԾ ՈՃԵՐԸ 546

19.1 Ղ. Աղայանի ասած խելագարությունը 546

19.2 Հ. Թումանյան. «Ծուռ ճամփով կգնաք» 548

ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵՐ … ՄԱՄՈՒԼԻՆ 548

19.3 Ուրիշները ո՞նց են գրական լեզու ստեղծել 550

19.4 Մի քանի հարց 553

Գլուխ 20. ԳՐԱԿԱՆ ՈՃԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ 559

20.1 Լեզուն մաքրելու մարմաջը 559

20.2 Նորից՝ ի՞նչ ելք կա: Ճշտի չափանիշը 564

20.3 Լեզվական ազատությունը ֆունդամենտալ է 567

20.4 Եթե Երևանի բարբառը համարվի գրակա՞ն 568

20.5 Ի՞նչ է ուղղագրական սխալը 571

20.6 Երևանի բարբառի հին ու նոր թռուցիկ պատկերը 572

20.7 Երևանի բարբառի կիրառության իմ փորձը 578

20.8 Բառերը, ձևաբանությունն ու շարահյուսությունը 581

20.9 Արտասանության ու առոգանության մասին 584

20.10 Սովորության ու վարժվածության հզորությունը 586

Գլուխ 21. ՕՏԱՐ ՏԵՐՄԻՆՆ Ի՞ՆՉ է 589

21.1 Հյուսիսյանները 589

21.2 Տերմինը «հայացնելու» անհեթեթությունը 590

21.3 Տերմինը հայացնելու վտանգները 594

21.4 Սխա՞լ, թե՞ մոլորությո՞ւն 597

21.5 Օտար անունները տառադարձելու մասին 600

21.6 Ի՞նչ պիտի արվի 601

Գլուխ 22. ԱՐՁԱԿ ԳՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ 604

22.1 Ուրիշները ո՞նց են պատմական արձակ գրում 604

22.2 Ոնց չպտի գրես 608

22.3 Ղ. Աղայանը Րաֆֆու «Կայծերի» մասին 609

22.4 ԻՄ {ԱՂԱՅԱՆԻ} … ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ 610

22.5 Առ պ. Րաֆֆի 617

22.6 Մեր գրականագիտության մասին 617

22.7 Սևակն ու մեծամոլությունը 620

22.8 Արտասահմանյան գրականությունը 625

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ 629

Հավելված-1 631

ՀԱՅԵՐԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԳՐԱՊԱՅՔԱՐԸ 631

Հ-1.1 Այբուբենը հայերի ինչի՞ն էր պետք 631

Հ-1.2 Հայերի (հունաբանների) առաջի գրապայքարը 638

Հ-1.2 Հին հայերի համատարած գրագիտության առասպելը 642

Հ-1.3 Հայերի երկրորդ գրապայքարը 645

Հ-1.4 Հայերի երրորդ գրապայքարը 646

Հ-1.5 Արհամարհանքն առ սեփական մայրենին 646

Հ-1.6 Հայերի չորրորդ գրապայքարը 648

Հ-1.7 Հայերի ուղղագրապայքարը 652

Հավելված-2 655

ԱԲՈՎՅԱՆԻ ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 655

Հ-2.1 «Վերք Հայաստանի»-ն 655

Հ-2.2 Խ. Աբովյանի գրական ոճը 657

Հ-2.3 Խ. Աբովյանը բարբառով չի´ գրել 659

Հավելված-3 662

«ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ»-Ը 662

Հ-3.1 Ս. Նազարյանն ու Մ. Նալբանդյանը 662

Հ-3.2 Հյուսիսյանների «չսկզբունքը» 664

Հավելված-4 667

ԿԱՐԾԻՔՆԵՐ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 667

Հ-4.1 Վ. Տերյանը փոխառությունների մասին 667

Հ-4.2 Հ. Թումանյանը փոխառությունների մասին 672

Հ-4.3 Ղ. Աղայանը փոխառությունների մասին 674

Հ-4.4 Նորից՝ ո՞ր բառերն են հայերեն 676

Հավելված-5 679

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԻ ԱՐԱՐՄՈՒՆՔԸ 679

Գործածած գրականության ցանկը 685

5. Մասնագիտական կենսագրությունս 688

ԻՄ ԿԱՐԵՒՈՐ ԳՐՔԵՐԸ 692

ՆԱԽԱԲԱՆ ԳԼՈՒԽԸ

1. Երկու խոսք

Արդեն 1934 թվից, երբ լույս տեսավ Արարատ Ղարիբյանի քերականության դասագիրքը, հայ գիտական քերականության հիմնադիր Մանուկ Աբեղյանի «Հայոց Լեզվի Տեսությունը» (ՀԼՏ-ն), փաստացի, արգելված էր Հայաստանի բոլոր դպրոցներում ու համալսարաններում:

Այս շարադրանքը Հայաստանում վերջին 89 տարին լույս տեսնող հետաբեղյան հակագիտական բազում քերականության դեմ մի պայքարի մանիֆեստ է: Սա գրվել է թե´ մեր գրական լեզու կոչվածը, թե´ Երևանի բարբառն ու սրանց քերականությունները մոտ 30 (եթե ոչ 65) տարի ուսումնասիրելով ու հետազոտելով:

Ըստ էության այս գիրքը նաև Երևանի բարբառի քերականության այսօրվա վիճակի առաջին քիչ թե շատ մանրամասն ուսումնասիրությունն է, ինչի գրելը տևել է մոտ 16 տարի:

Այս գիրքը գրելիս, ինքնին, ստեղծվել է հետազոտության նոր մեթոդ, ինչը հենված է, մի կողմից, Աբեղյանի քերականական մեթոդին, մյուս կողմից, թե´ ժամանակակից լեզվաբանության հիմնադիր՝ ֆրանսիացի Ֆերդինանդ դե Սոսյուրի ու անգլիացի լեզվաբան Հենրի Սվիթի ֆունդամենտալ գաղափարներին ու լեզվական կենդանի պրոցեսի ինքնին ճշտության թեզին:

Մյուս կողմից, այս գիրքը հետևում է թե´ հնդեվրոպաբան երիտքերականների հիմնական թեզերին առհասարակ, թե´ տնտեսագիտության ավստրիական դպրոցի հիմնադիր Կառլ Մենգերի հետևորդ Լուդվիգ ֆոն Միզեսի մարդկային արարմունքի տեսությանը (պռաքսեոլոգիային), թե´ մանավանդ այս վերջինի աշակերտ ու հետևորդ Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի դիֆուզ կարգավոր գերբարդ ու բաց համակարգերի սպոնտան (ինքնին) ընթացքի տեսությանը:

Այնուհետև, այս նոր մեթոդով թե´ հաստատվել է Աբեղյանի տեսության հիմնական արդյունքները, թե´ ճշտվել են սրանցից մի քանիսը, թե´ զգալի քանակով նոր արդյունք է ստացվել:

Այս շարադրանքի սկզբում նախ ցույց է տրվել հետաբեղյան քերականությունների (ՀԱՔ-երի) անվիճելի հակագիտականությունն ու անհեթեթ սխալների արտառոց առատությունը, ինչը, անկասկած, արդարացնում է սույն գիրքը գրելու անհրաժեշտությունը:

Օրինակ, ՀԱԱՀ Գիտությունների ակադեմիայի 1975 թվին հրատարակած «Լեզվաբանական բառարանի» բայի 5 տողանոց սահմանման մեջ կա 12 տրամաբանական հակասություն: Այսպիսի սխալների թիվը քիչ չի նաև այլ սահմանումների մեջ: (Տես 2.1-ը, ինչպես նաև ողջ 2-րդ, 3-րդ ու 5-րդ գլուխները):

Այսօրվա «լեզվահայրենասիրական» քերականության սխալների ակունքն այն հույժ տարօրինակ հանգամանքն է, որ հայ լեզվաբանությունը, թե´ մեր նոր «աշխարհաբար» կոչվող գրական ոճերի առաջանալու օրերին, թե´ մինչև այսօր, դեռ չի գիտակցել, որ.

Դրույթ 1. Մտածողության որևէ սիստեմը կամ թեզերի որևէ հավաքածուն գիտություն չի, եթե չունի իր թեզերի ճիշտն ու սխալը ջոկելու մարդուց անկախ որևէ օբյեկտիվ չափանիշ:

Դրույթ 2. Հետաբեղյան սինքրոն լեզվաբանությունն առ այսօր չունի իր թեզերի ճիշտն ու սխալը որոշելու մարդուց անկախ որևէ օբյեկտիվ չափանիշ, այսինքն, ըստուգելի չի, ուրեմն, հետաբեղյան սինքրոն լեզվաբանությունը նաև գիտություն չի:

Ճիշտ ու սխալը որոշելու ասված չափանիշի գոյությունը պարտադիր է բոլո´ր գիտությունների համար:

Օրինակ, մաթեմատիկոսների թեզերի (թեորեմների ու տեսությունների) ճիշտ ու սխալը (տրված աքսիոմատիկայի շրջանակներում) միմիայն մարդկային ձևական (ֆորմալ, վերացական) տրամաբանությունն է, ու մաթեմատիկոսներն իրենց թեզերը տրամաբանությամբ ապացուցելու հնարավորություն ունեն: (Ապացույցի հնարավորությունը, բացի իրենցից, թերևս միայն պռաքսեոլոգնե´րն ունեն):

Մաթեմատիկան սրա´ համար են կոչում ճշգրիտ գիտություն:

Բնագետները, այսինքն, ֆիզիկոսները, քիմիկոսները, կենսաբանները ևն, իրենց թեզերի իրավացիությունն ապացուցելու հնարավորությունը չունեն, բայց ունեն սրանք ստուգելո´ւ հնարավորությունը:

Ընդ որում, բնագետներն այս թեզերն ստուգում են հենց բնությա´ն միջոցով, այսինքն, փորձով ու դիտումներով (այս վերջինը, այսինքն, թեզերը միմիայն դիտումների միջոցով ստուգելը, աստղագետների ու աստղաֆիզիկոսների թեզերն ստուգելու միա´կ միջոցն է):

Սրա´ համար են այս գիտություններին անվանում բնական (տես նաև 8.1-ը):

Թերևս սխալը մեծ չի լինի, եթե ասվի, թե հայ գիտական լեզվաբանությունը ձևավորվել է 18-19-րդ դարերում, այդ օրերին նոր առաջացող հնդեվրոպաբանության երիտքերականներ կոչված ճյուղի, մանավանդ Անտուան Մեյեի ու Հայնրիխ Հյուբշմանի ազդեցությամբ:

Սրանց հայ նշանավոր հետևորդներն էին Հրաչյա Աճառյանը (ով զբաղվում էր լեզվի պատմությամբ, այսինքն, դիաքրոն լեզվաբանությամբ) ու Մանուկ Աբեղյանը (ով զբաղվում էր նաև նոր ծնված «աշխարհաբար» կոչվածի քերականությամբ (այսինքն, սինքրոն լեզվաբանությամբ) և այլք:

Անգլիացի լեզվաբան Հենրի Սվիթը (1845-1912) դեռ մոտ 100 տարի առաջ ասում է [41, էջ 5].

ՕՐԵՆՔ 1. Այն ամենը, ինչն ընդհանուր գործածություն ունի լեզվի {լեզվական պրոցեսի} մեջ, հենց իր գոյությամբ միայն՝ քերականության տեսակետից ճիշտ է:

Ըստ էության, այս օրենքը համարյա նույնական է բնագետների ճիշտ ու սխալը որոշելու սկզբունքի հետ, որովհետև այս օրենքը համարում է, որ.

ՕՐԵՆՔ 2. Կենդանի բարբառի լեզվական պրոցեսը, այսինքն, կենդանի որևէ բարբառը, ինքնին, բնակա´ն է, ուրեմն նաև ինքնին ճիշտ է:

Այս նույն բանը, հենց նույն օրերին, ասել է ժամանակակից լեզվաբանության հիմնադիրը համարվող ֆրանսիացի Ֆերդինանդ դե Սոսյուրը (տես 6.5-6.7-ը), իսկ հնդեվրոպաբանությունն այս դրույթը մի´շտ է համարել աքսիոմ:

Ես այս դրույթը կոչել եմ Լեզվի Գլխավոր Օրենք=ԼԳՕ, ու այս ԼԳՕ-ն դարձրել եմ իմ լեզվաբանական հետազոտությունների գլխավոր սկզբունքն ու մեթոդը, ինչպես նաև լեզվաբանական բոլոր թեզերն ու բոլոր արդյունքներն ստուգելու մարդուց անկախ գիտական չափանիշը:

Բայց նախ Մանուկ Աբեղյանի գիտական քերականության մասին:

2. «Լեզվահայրենասեր» շառլատանության ակունքները

Աբեղյանը քաղաքականությանը չէր խառնվում, ու չնայած Աբեղյանի համար Լեզվի Գլխավոր օրենքը (ԼԳՕ-ն) լեզվական երևույթի ճիշտ ու սխալը որոշելու սկզբունքը չէր, ու Աբեղյանն էլ լեզվական պրոցեսի գործունեության բացարձակ վերացականության գաղափարի հետևորդը չէր, այնուամենայնիվ, Աբեղյանի լեզվական հիմնական աքսիոմը – բայի դեմքի, թվի ու ժամանակի գաղափարները միաժամանակ կրելու ու ստորոգելու ունակության աքսիոմը – Լեզվի Գլխավոր Օրենքի´ արդյունքն էր: Սրա համար էլ Աբեղյանի ստացած համարյա բոլոր արդյունքները, առանձին վերապահություններով, գիտական էին: Այնինչ.

Դրույթ 1. Այս գրքի լեզվահայրենասեր կոչվածների գլխավոր թեզը տվյալ լեզուն օտար բառերից մաքրելու ու միշտ մաքուր պահելու հակագիտական ու անիրագործելի թեզն է:

Դրույթ 2. Լեզվահայրենասիրությունն սկսել էին հյուսիսյանները (Ստեփանոս Նազարյանցի հիմնած «Հյուսիսափայլ» ամսագրի հետևորդները), դեռ 19-րդ դարում, 1858 թվից, երբ լույս տեսան՝ «Հյուսիսափայլ» ամսագիրն ու նաև Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, ինչի գրական ոճը հիմնված էր Երևանի բարբառին: Մինչ այդ այսօրվա գրական ոճերը բոլորովին չկային, ու հայերը, մեծագույն մասով, գրում էին գրաբարով, ով ինչքան կարող էր:

Դրույթ 3. Լեզվաշառլատանությունը սկսեցին Արարատ Ղարիբյանն ու Գուրգեն Սևակը, 1931-ից, իրենց խմբով, թերևս Ստեփան Մալխասյանցի սատարմունքով, նաև (ու, կարծում եմ, որ առնվազն) իրենց պրոֆեսորների խրախուսական լռության պատճառով ([4], ՄՔՔԽՄ, էջ 493-637):

Ըստ Աբեղյանի, Ս. Մալխասյանցի ուղղագրության պայքարի մեթոդը նույնպես շառլատանությունն ու բանսարկություն էր (տես [4]-ը, «Մեր ուղղագրության ռեֆորմի մասին, էջ 364-384» ու «Մեր ուղղագրության ռեֆորմը, էջ 384-493», նաև [24]-ը):

Լեզվաշառլատանների մեթոդի էությունը լեզվական երևույթների բացատրությունը քաղաքականացնելն էր, ինչը բացառում էր, որ սրանք դիմեին լեզվական երևույթի ճիշտ ու սխալը որոշող օբյեկտիվ որևէ չափանիշի:

Դրույթ 4. Ղարիբյանի ու Սևակի պրոֆեսորների լռության խրախուսական բնույթը թերևս հաստատվում է այն հանգամանքով, որ երբ 1931 թվին Ղարիբյանն ու Սևակն իրենց «ոհմակով» հարձակվեցին Աբեղյանի վրա, այս պրոֆեսորները նույնիսկ մի բառով չպաշտպանեցին Աբեղյանի ակնհայտ գիտական փաստարկները ու իրենց այս խրախուսական լռությամբ ոգևորեցին իրենց ասպիրանտների 5 տարի տևած լեզվական ակնհայտ շառլատանությունը, ու հետաբեղյան սինքրոն լեզվաբանության համար այս շառլատանությունը դարձավ տիպական:

Չնայած պատմական անցքերի մասին թեական եղանակով խոսելը լուրջ չի, այնուամենայնիվ, եթե այս պրոֆեսորները հենց սկզբում, 1931-ին, սաստեին իրենց այս ասպիրանտներին (երբ սրանց սաստելն ու լռեցնելը դեռ հնարավոր էր, որովհետև դեռ վտանգավոր չէր) ու հենց սկզբում մամուլով պաշտպանեին Աբեղյանի գիտական թեզերը, գուցե մեր լեզվաբանությունը չդառնար հակագիտական:

Դրույթ 5. Սկզբում այս երկու ուղղության, այսինքն, այս լեզվահայրենասիրության ու լեզվաշառլատանության կապը հստակ չէր: Սրանք միայն 1950-ականների վերջերին ու 1960-ական թվերի սկզբներին ձուլվեցին իրար:

Դրույթ 6. Լեզվաշառլատանները դեն շպրտեցին Աբեղյանի տեսության հենց անկյունաքարը, դեն շպրտեցին բայի աբեղյանական ա´յն սահմանումը, թե բայը դեմքի, թվի ու ժամանակի գաղափարները միաժամանակ կրող ու իր իմաստն իր դեմքին ստորոգող բառն է ու հայտարարեցին, թե իբր բայը այն բառն է, ինչը գործողություն է ցույց տալիս:

Բայց այս անգամ էլ գործողություն ցույց տվող բա´ռը պիտի բայ լինի, ինչը սխալ է, որովհետև, օրինակ, «պտույտ, հոսանք, կռիվ, հրաբուխ, պատերազմ, տուրուդմփոց» ու բազում այսպիսի բառը, ակնհայտ ու անվիճելի, գործողություն է ցույց տալիս, բայց բայ չի (սույն շարադրանքն այս սխալը բազմի´ցս է ցույց տալիս ու կրկնում):

Լեզվաշառլատաններին շատ-շատ էր պետք, որ բայը գործողություն ցույց տա, որ հիմնավորեին ռուսերենի քերականություններից պատճենած իրենց նոր ու հենց իրենց հայտարարած «դասակարգային, պրոլետարական» քերականությունը ([4], ՄՔՔԽՄ) ու անորոշ դերբայ-գոյականն էլ դնեին բայերի շարքը, ինչը, ի վերջո, իրենց հաջողվեց:

Սրա համար էլ լեզվաշառլատաններին պետք էր, որ հայերենի գրական ոճերի հիմք-բարբառը, Երևանի´ բարբառը, համարվեր անօրեն մի ժարգոն կամ թաբու, կամ էլ, առնվազն, մի արհամարհելի «ժողովրդախոսակցական» ու «գիտությանն անհայտ անտանելի արարած», որովհետև Երևանի բարբառն այս անորոշ դերբայ-գոյականը երբեք բայի փոխարեն չի գործածում, այլ գործածում է գոյականի պես, ինչպես որ հայերեն թերևս բոլոր լեզուներն են անում:

Պարզվեց, որ շառլատանական այս մեթոդը հույժ նպաստում է հաջող կարիերա անելուն, ընդ որում, առանց գիտության տվյալ ասպարեզի գիտական մեթոդին տիրապետելու ու առանց հարկավոր գիտելիքն ու գիտական վաստակն ունենալու ու, նույնիսկ, այդ ասպարեզից բացարձակ անհիմն կամ լրիվ սխալ պնդումներ անելով:

Ասվածի ապացույցը Ա. Ղարիբյանի ու Գ. Սևակի (առանց հարկավոր գիտելիքի ու առանց լեզվաբանության գիտական մեթոդի իմացության) 1940-ականների արտառոց հաջող կարիերան ու ակադեմիկոս դառնալն ու տասնամյակներով ՀՀ-ի լեզվաբանության ասպարեզում անառարկելի տիրակալելն էր:

Հիմնականում հենց այս երկուսն էին, ովքեր 1930-ականներին անվանարկեցին Աբեղյանին ու Աբեղյանի ստեղծած լեզվաբանական գիտական մեթոդն ու հետո այս գիտական մեթոդն ու հենց գիտությունը դուրս մղեցին ասպարեզից:

Ու հենց սրա համար էլ արդեն 89 տարի է, ինչ հայերենի սինքրոն լեզվաբանությունը դարձել է հակագիտական ու անընդունելի, իսկ սովորողների ու մըտավորականության մեծագույն մասի (ու նույնիսկ լեզվաբանների մի մասի) համար ուղղակի ատելի (որովհետև այդ ողջ սքոլաստիկան, այդ հույժ վնասակա´ր ու հույժ ծավալո´ւն սքոլաստիկան, պիտի սերտվի ու, ընդ որում, պիտի սերտվի ու անգիր հիշվի համարյա առանց տրամաբանության կիրառության):

Այս խայտառակ ու հայ գիտության համար կործանարար պատմությունը բավական մանրամասն շարադրված է իմ մի գրքում [24], ու այդ գրքից մի հատված, շեղատառով ու թեթևակի փոփոխություններով, դնում եմ այստեղ:

Մանուկ Աբեղյանը 1931 թվին հեռացավ Համալսարանից, որովհետև մի անասելի հալածանք էր սկսվել իր դեմ: Ու ոչ միայն համալսարանից հեռացավ, այլև, մոտ մի 50 տարի հայոց լեզու դասավանդելուց հետո, ստիպված, դասավանդելը թողեց:

Հալածողները մեր այս «երիտլեզվաբաններն» էին՝ Արարատ Ղարիբյանն ու Գուրգեն Սևակը, ովքեր իրենց պես «լեզվաբաններով» բանակ կազմած` հարձակվել էին Աբեղյանի քերականության ու գրականագիտության վրա: Արարատ Ղարիբյանը պրոֆեսոր Աճառյանի´ ասպիրանտն էր, իսկ Գուրգեն Սևակը՝ պրոֆեսոր Ղափանցյանի´:

Ու սրանք, 5 տարի անընդհատ, ամեն առիթով ու ամեն տեղ, ժողով էին անում ու թերթերում էլ անընդհատ հոդված էին տպում, հայտարարելով, թե «Աբեղյանի քերականությունը բուրժուական է, մախիստական է, իդեալիստական է, հակադիալեկտիկական է, մետաֆիզիկական է, իմպերիալիստական է, «բերկլինական» է {սխալն իրենցն է}, ֆորմալիստական է» ևն, ևն:

Այս ջահել ասպիրանտների պրոֆեսորները լռում էին: Ժողովներն ու հոդվածները ոչ միայն Հայաստանում էին, այլև Թիֆլիսում ու նույնիսկ Բաքվում: Այս ասպիրանտները պահանջում էին, որ Աբեղյանը հրաժարվի իր քերականությունից ու գրականագիտությունից ու «մեղա գա, ուղղվի»:

Աբեղյանն առարկելու ոչ մի հնարավորություն չուներ: Աբեղյանին ձայն չէին տալիս, ու նրա գրած պատասխանները ոչ մի անգամ ու ոչ մի տեղ չէին հրատարակում, նույնիսկ երբ դիմում էր հանրապետության ազդեցիկ դեմքերին:

Ու Աբեղյանը հասկացավ, որ այս ջահելները Համալսարանում իրեն օր ու արև չեն տա, հասկացավ, որ եթե մնա Համալսարանում, իր վերջը երևի աքսորը կամ գնդակահարությունը լինի, ինչն այն ստալինյան մղձավանջային օրերին սովորական բան էր:

Սրա համար էլ Աբեղյանը թքեց ու համալսարանից գնաց:

Արարատ Ղարիբյանը, ով հայտարարում էր, թե ինքը պիտի գրի հայերեն լեզվի նոր, «դասակարգային, պրոլետարական քերականությունը», 1934 թվին հրատարակեց իր այս «դասակարգային, պրոլետարական քերականության» գիրքը:

Դրույթ 7. Այսօրվա մեր քերականությունները, բոլորն էլ անխտիր՝ Ղարիբյանի քերականության ժառանգներն են, ու Ղարիբյանի քերականությունից տարբերվում են միայն սխալների ավելի մեծ քանակով ու «բառային ավելի մեծ աղմուկով»:

Ի վերջո, ստեղծված գիտական ու սրան կապված հասարակական շփոթը վերացնելու համար, Աբեղյանը, 1936 թվին, գրում է «Մի քանի քերականական խնդիրների մասին» 144 էջանոց իր փայլուն աշխատությունը [4, ՄՔՔԽՄ]:

Հայաստանի լուսժողկոմատը (այն օրերի Կրթության ու գիտության նախարարությունը) Աբեղյանի այս գործը դնում է հրապարակային քննության: Հայաստանի այն օրերի բոլոր նշանավոր լեզվաբաններով, Աբեղյանի քննադատներով ու չսիրողներով, գրողներով, լրագրողներով ու ուրիշ մտավորականներով լեփ-լեցուն դահլիճում, երեք օր շարունակ, Աբեղյանը կարդում է իր այս գիրքը՝ որպես զեկույց:

Այս երեք օրվա ընթացքում դահլիճում ոչ ոք ոչ մի ծպտուն անգամ չի հանում, միայն մի անգամ Աճառյանը տեղից ասում է, թե «ընդհանուր քերականության մեջ այդպես չէ», բայց Աբեղյանը գլուխը բարձրացնում է ու կտրուկ շպրտում. «Ընդհանուր քերականություն չկա աշխարհում. քերականությունը մի´շտ է եզակի»:

Ու վերջ, ոչ մի առարկություն:

Ծպտուն չի հանում նաև դահլիճում նստած Արարատ Ղարիբյանը, նույնիսկ երբ Աբեղյանն ասում է, որ սրա «քերականության գիրքը գրել է քերականորեն տգետ մի մարդ» [4]:

Աբեղյանն իր այս ելույթի մեջ Ղարիբյանի քերականության քարը քարի վրա չի թողնում ու անառարկելի ապացուցում է, որ այս քերականությունն անհեթեթ է ու հակասական, լի է տգիտությամբ ու չի բավարարում տրամաբանության ու գիտության նույնիսկ տարրական պահանջներին:

Աբեղյանի այս վերլուծությունը, Աբեղյանի փաստարկներն ու բոլոր դրույթները, գիտական ու տեսական առումով այնքան խորն էին ու այնքան լուրջ էին հիմնավորված, որ նրա ելույթից հետո ոչ ոք, ոչ մեկը՝ մի բառ անգամ չի առարկում:

Չի առարկում, չնայած նախագահողը, այն օրերի լուսավորության ժողկոմը (այսինքն, նախարար Ա. Եղիազարյանը) երկար ժամանակ հորդորում է, որ ելույթ ունենան ու մի բան ասեն:

Ծպտուն չեն հանում ու մի բառ անգամ չեն առարկում այն մարդիկ, ովքեր վերջին հինգ երկար ու ձիգ տարին փնովում ու հայհոյում էին Աբեղյանի քերականությունը կամ լուռ չարախնդում էին Աբեղյանի հուսահատական վիճակի վրա:

Դրույթ 8. Քանի որ Աբեղյանի այս ելույթին (հիմնավորված, գիտական մեթոդով) առարկող չի եղել, թե´ այն օրերին, թե´ դրանից հետո՝ մինչև այսօր, ուրեմն, մեր այսօրվա բոլոր լեզվաբանները, ուզեն՝ թե´ չուզեն, պիտի ընդունեն, որ թե´ Աբեղյանի քերականությունը, թե´ Աբեղյանի արած բոլո´ր-բոլո´ր առարկությունները, որ վերաբերում են նաև հետաբեղյան քերականություններին, ճի´շտ են:

Ուրեմն, հետաբեղյան բոլո´ր-բոլո´ր քերականությունները, նաև մեր այսօրվա դպրոցական ու համալսարանական քերականությունները, սխալ են, հակագիտական ու հակատրամաբանական:

Աբեղյանի 1936 թվի այս զեկույցից հետո, ինչքան էլ այսօր տարօրինակ թվա, այնուամենայնիվ, հաղթեցին «լեզվապրոլետար» ասպիրանտնե´րը, Ա. Ղարիբյանը, Գ. Սևակն ու իրենց համախոհները:

Հաղթանակը կատարյալ էր ու բացարձակ: Ու չնայած Աբեղյանի համառ պնդումներին՝ Աբեղյանի այս գործը չհրատարակեցին: Ավելին, Աբեղյանի այս գործը ժողովրդից թաքուն պահեցին՝ մինչև 1985 թիվը, այսինքն, 51 տարի: Զեկույցը հրատարակվեց Աբեղյանի մահից 41 տարի հետո միայն:

Բայց մեր լեզվաբանները, նույնիսկ այսօր էլ, կա´մ անտեղյակ են Աբեղյանի այս սպանիչ քննադատությունից, կա´մ դիտմամբ են խուսափում սրա հիշատակությունից, որ իրենց սարքած այս 89-ամյա կեղծ ու խարխուլ շենքը չփլվի:

Սրա համար էլ ՀՀ-ի ուսուցիչներն ու դասախոսների մեծագույն մասը նույնիսկ տեղյակ չեն, որ իրենք հակագիտական բաներ են դասավանդում, իսկ ա´յն դասախոսները, ովքեր տեղյակ են ասվածից, լռում են, որ «գլխացավանքի մեջ չընկնեն»:

Մանուկ Աբեղյանը մահացավ 1944 թվին: Ո՞վ իմանա, ինչքան դառնացած է հեռացել կյանքից Աբեղյանը, ա´յն մարդը, ով իր ողջ անխոնջ կյանքն անմնացորդ նվիրել էր հայոց լեզվին ու հայագիտությանն առհասարակ:

Աբեղյանին նույնիսկ մեկ-երկու ասպիրանտ չտվեցին, որ հայոց լեզվի տեսության գոնե մեկ-երկու մասնագետ պատրաստեր, չնայած Աբեղյանը ասպիրանտ էր խնդրում դեռ 1929 թվից:

Արարատ Ղարիբյանն իր այս հակագիտական քերականության համար նշանակվեց Մանկավարժական ինստիտուտի դասախոս, 1937-ին (Աբեղյանի արդեն վերը ասված նշանավոր ելույթից ընդամենը մեկ տարի հետո) դարձավ գիտությունների թեկնածու, 1940-ին՝ դոկտոր, 1947-ին՝ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1960-ին՝ իսկական անդամ:

Պակաս փայլուն չէր նաև Ղարիբյանից 5 տարի ջահել, բայց առնվազն Ղարիբյանի չափ հայերենի գիտությանը վնաս տված Գուրգեն Սևակի կարիերան. 1940-ին՝ գիտությունների թեկնածու, 1948-ին՝ դոկտոր, մի տարի հետո՝ պրոֆեսոր, 1956-ին Ակադեմիայի թղթակից անդամ, 1971-ին՝ իսկական անդամ:

Ու սրանք հայ ողջ բանասիրությունը (չնչին բացառություններով) հեղեղեցին իրենց աշակերտներով ու հետևորդներով:

Դրույթ 9. Ու հայ պաշտոնական լեզվաբանության մեջ ոչ մեկը (բացի սույն գրքի հեղինակը, ով ինքնուս լեզվաբան է), Աբեղյանի հետևորդը չի, ոչ մեկը, չնայած Աբեղյանն անառարկելի է ապացուցել, որ իր քերականությունը ճիշտ է, իսկ Ղարիբյանինը սխալ:

Դրույթ 10. Մինչև այսօր էլ Աբեղյանի այդ ապացույցներին ոչ մի լուրջ, գիտությամբ հիմնավորված ոչ մի էակա´ն առարկություն չկա: Կան միայն մերկապարանոց հայտարարություններ, թե «Աբեղյանն ուրիշ կարծիք ունի», թե «Աբեղյանի որոշ տեսակետները հընացած են», բայց ոչ միայն երբեք չեն ասում ի´նչ է այդ ուրիշ կարծիքը, կամ ինչո´ւ է դա հնացած, այլև Աբեղյանի այս ուրիշ կարծիքը թաքցնում են ժողովրդից:

Դրույթ 11. Այս պատմությունը հայ լեզվաբանության պատմության, ու առհասարակ, հայ գիտության պատմության ամենաողբերգական ու ամենախայտառակ էջն է: Ու սա ողբերգական ու խայտառակ էլ կմնա, քանի ճշմարտությունը թաքցնում են մեր ուսուցիչներից, աշակերտներից ու ուսանողներից, մեր ուսյալներից ու մեր ողջ ժողովրդից, քանի դեռ հայ ժողովուրդը հակագիտակա´ն քերականությունն է համարում գիտական, ու սա´ է սովորեցնում իր մանուկներին ու պատանիներին:

Ես արդեն թերևս երեք տասնյակ տարի է, ինչ փորձում եմ ստիպեմ, որ մեր լեզվաբաններն ու լեզվաբանական հիմնարկները պատասխանեն Աբեղյանի վերոհիշյալ ապացույց-առարկություններին, բայց անարդյունք:

Ոչ ոք ծպտուն անգամ չի հանում, ասես ոչինչ չի եղել:

Ի՞նչ է ասել Աբեղյանի հարցերին մեր ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտը: Ոչինչ:

Ի՞նչ է ասել ԳԱԱ գրականության ինստիտուտը, ինչը, իմիջիայլոց, կրում է Մանուկ Աբեղյանի անունը: Ոչինչ:

Ի՞նչ է ասել մեր Լուսավորության կամ Կրթության ու գիտության նախարարությունը, ի՞նչ է ասել Լեզվի տեսչությունը (ոստիկանությո՞ւնը) կամ Լեզվի պետական կոմիտեն: Ոչինչ:

Ի՞նչ է ասել Երևանի պետական համալսարանն ու ի՞նչ է ասում մեր այսօրվա մոտ 60 համալսարանը, ի՞նչ է ասում հայոց լեզվի ու գրականության 100-ից ավել ամբիոնը՝ գիտության իրենց բազում թեկնածուով, դոկտոր-պրոֆեսորով ու ակադեմիկոսով: Ոչինչ:

Սրանք ինչո՞ւ ծպտուն չեն հանում: Մի՞թե սրանց համար մեկ է՝ հայ ժողովուրդը գիտությա՞մբ կկրթվի, թե՞ տգիտությամբ:

Սրանք իրավունք չունեն ասելու, թե իրենք տեղյակ չեն այս պատմությունից, որովհետև, ինչպես ասվեց, Աբեղյանի զեկույցը հրատարակվել է 1985 թվին, Աբեղյանի երկերի «Ը» հատորի մեջ, ու իմ շարադրած փաստերն ա´յդ գրքից են:

Ով չի հավատում, թող վերցնի կարդա ու տեսնի, ճի՞շտ եմ ասում, թե՞ չէ:

Ուրեմն՝ արդեն առնվազն 38 տարի է, ինչ մեր լեզվաբաններն ու ասածս հիմնարկները գիտեն, որ մեր քերականությունը արդեն 89 տարի է, ինչ հակագիտական է ու վնասակար:

Բա ինչո՞ւ են լռում:

3. Ի՞նչ էր աշխարհաբար կոչվածը

Աբեղյանը, հետևելով հայ ու եվրոպական քերականներին ստեղծեց հայերենի գիտական քերականությունը, ինչի ամփոփմունքը լույս տեսավ 1931-ին, «Հայոց լեզվի տեսություն» վերնագրով [3 = ՀԼՏ]:

Բայց Աբեղյանը, պատրաստվելով իր 1936-ին արտասանած իր եռօրյա ճառին, հետագա 5 տարվա մտորումների արդյունքում, զգալի փոխեց իր հայացքները լեզվաբանության մեթոդների մասին, ընդհուպ մոտենալով ԼԳՕ-ի հայտնագործությանը, ինչը, այնուամենայնիվ, չարեց:

Ի՞նչն էր այն պատճառը, որ Աբեղյանի համարյա լրիվ գիտական քերականությունը տեղ-տեղ շեղվում է գիտականությունից:

Այս պատճառը թերևս եռաստիճան էր:

Առաջին ու գլխավոր պատճառը, անկասկած, ԼԳՕ-ն չիմանալն էր, ինչը մասամբ պայմանավորված էր այն հանգամանքով, որ Աբեղյանն անգլերեն չգիտեր ու ծանոթ չէր Հենրի Սվիթի նշանավոր գործին [41], իսկ Սոսյուրին էլ աշակերտելու բախտը չէր ունեցել: Հետագայում, երբ 1916-ին հրատարակվեց Սոսյուրի «Լեզվի ընդհանուր տեսությունը» [40], արդեն աշխարհաքաղաքական պատճառներով հնարավոր չէր, որ սա հասներ Հայաստան:

Երկրորդ ու ոչ պակաս կարևոր պատճառը Ստեփանոս Նազարյանցի հիմնած ամսագրի՝ «Հյուսիսափայլի» լեզվի մոգական այն թովչանքն էր, ինչը կախարդեց մեր մտավորականներին:

Կախարդեց առաջին հերթին իր զգալի տարբերությամբ՝ Աբովյանի գրանցած Երևանի «ռամիկ» բարբառից, ինչը, մեր մտավորականները, այնուամենայնիվ, արհամարհում էին, ու արհամարհում են մինչև այսօր: Այս արհամարհանքը գալիս է գյուղացուն ու սրա «ռամիկ լեզուն» արհամարհելուց:

(Այս արհամարհանքը շատ հին է: Խորենացու վկայությամբ ([14], Գիրք II. գլ. Է) հայ արքաները հատուկ հրամանով գյուղացիներին պարտադրում էին, որ սրանք քաղաքացիներին պատվեն այնպես, ասես քաղաքացիներն իրենց իշխաններն են (տես նաև 22.1-ը [45]):

Չնայած ոչ մի թեր կամ կողմ փաստ չունեմ, որ Աբեղյանի ու Աճառյանի մասով էլ ասեմ, թե չեմ կարծում, որ իրենք էլ տրված լինեն այս արհամարհանքին, բայց Աբեղյանի ու Աճառյանի վրա պետք է որ անջնջելի տպավորություն թողած լինի Երևանի բարբառի հնչյունական, բառապաշարային ու նույնիսկ ձևաբանական ու շարահյուսական այն իրոք որ վիթխարի ու մանավանդ արագ փոփոխությունը, որ տեղի ունեցավ հենց իրենց կյանքի օրոք:

Ահա մի քանի օրինակ՝ Երևանի բարբառի 19-րդ դարի ու 20-րդի սկզբների վիճակներից: (Հայ ժողովրդական հեքիաթներ. Հատոր 1, հեքիաթ 1, ԱԼՈ -ԴԻՆՈՅԻ ՆԱՂԼԸ:

(Գիտական տառադարձությունն ուղղել եմ ըստ [67]-ի, մանավանդ հաշվի առնելով, որ հայ ժողովրդական հեքիաթները գրի առնելու օրերին հայերենի շեշտը վերջընթեր էր, իսկ այսօրվա վիճակի շեշտերը կա´մ վերջին վանկի վրա են, կա´մ վերջընթեր են (մանավանդ բարբառներում), կա´մ, ինչպես Աբեղյանն է նշում իր [4]-ի աշխարհաբարի շեշտերի մասին հոդվածում, հայերերն բառերի շեշտադրությունը բութ է, այսինքն, բոլոր վանկերի շեշտերի ուժգնությունը նույնն է, (գաղտնավանկ «ը»-ն այսօր ա´նպայման է անշեշտ): Անշեշտ է նաև այսօրվա հաստատական օժանդակ բայը, իսկ ժխտական օժանդակ բայը, որ հետադաս դիրքում անշեշտ էր, այսօր պարտադիր ուժգին շեշտ ունի):

Ուրեմն, ա´յն երևանցին, ով ասում էր.

«ըլըմ ա, ո´ւզըմ ի/իր/ինք/իք, կանա´նչի, կա´ննէց, տէ´հավ, ֆօղ, ըսօր, խի՞, ի´րէք, յա, պըհէ´մ, օխտը, բանցր, հրէս, հրէտ, հրէն, հա´զիր, սրէ (հէրթ), յէ´ռաց (շարժվեց), սավա´յի (բացի), հարիր հիցցուն, ի´րէք հա´րիր վա´ցունըվէց, շանց (ցույց), սա´բաբ (պատճառօվ), տի´րօնչը, ֆօր (հօր-փոս), մէնձ, վօննա´ման (կօշիկ), ջո´ւռա (ձև), ֆո´քի (հոգի), ջը´րֆօր (ջրհոր), ա´նգաճ, ֆօտֆօ´տաց (հոտոտաց), ա´ղաքը (առաջը),

«քաղա´, տո´ւ, ջօկա´, նստի´, կա´ննի (կանգնի), բե´ (բեր), պօկա´, կապա´, քցա´, խօսա´, դո´ւ նի միտ (դու ներս մտի), մտի´,մը´ննիլ (մտնիլ) մի, ղրկա´ գա´, դառ(ի), կթա´ (կթի´), քութութա´, նստի´, ուզա´, դարդակա´, խթա´ (խօթի´), ածա´, տա´փ կաց, ազատա´, ծախա´, ձէնըտ կըդրա´,

«տալ պըտէս, էթալ պտէմ, մննիլ պտէմ, էթալ պտէս, վօ՛նց պըտէս, հաց ուտացնիլ պըտի՛, հ՛անց կէնա, պըտի ըլի, պտի նիլնէմ (հեծնեմ) էթամ, պտի էթանք, ընչար (մինչև) բէ´րէք վօչ … կանա´նչիլ չի; ընդո´ւնէց վօչ; յէ´ռըմ (շարժվում) չի, է´թալ մի, կա´րալ չի գա, կա´րալ չէս բէրի, է´կէլ չի, մը´տավ վօչ, խո´սաց վօչ, հ’իմա´նըմ չէմ, կա´րալ չէմ կարի, թե վօր կարէ´ցար վօչ ըսենց կա´րի, բա´լքի հավա´նէց վօչ, բարկա´նալ մի, է´կէլ չէմ, գի´դէմ վօչ, բէ´րէս վօչ՝ գլուխդ կըկը´դրէմ, քը´թնիլ չես; վօրը ո´ւզըմ էս, է´ն նստի, էտ, ըտենց, ըստի, ըտի, ընտի

տվո´ւց, թա´մբահ արուց, բէրուց արուց, չթօ´ղուց, թըռցըրուց, լըցըրուց, մը´տիկ արուց, քաշէց տվուց, հարցը´րուց, դը´րուց,

յէս որ սարէրօվը ման ի գալի, գօղացէլ ին; դու էլ մի հասարակ մարթ իր»

ևն, այսօր ասում է.

«ըլում/ըլնում ա, ուզում էյ(ի)/էյիր/էյինք/էյիք, կանա(ն)չի, կանգնէց, տէսավ, հօղ, էսօր, խի՞, իրէք, յա, պահեմ, յօթը, բանցր, հրէս, (հրէտ), պատրաստ, հրէն, հէրթ, շարժվէց), բացի, հարուր հիցցուն, իրէք հարուր վացունըվէց, ցույց, պաճառօվ, տիրօչը, հօր, մէծ, կօշիկ, ձէվ, հօքի, ջրհօր, անգաճ, հօտ քաշէց, առաջը,

«քաղի´, տո´ւ, ջոկի´, նստի´, կանգնի, բե´(ր), պօկի´, կապի´, քցի´/քից, խօսի´, դո´ւ նէրս մտի, մտի´, մի մտի, ուղարկի գա, դառի´, կթի´, նստի´, ուզի´, դատարկի´, կօխի´), լցրու´, պախկըվի´, ազատի´, ծախի´, ձէնըտ կտրի´,

«պըտի տաս, պըտի էթամ, պըտի մտնէմ, պըտի էթաս, պըտի հաց ուտացնի պըտի՛, ա´նց կէնա, պըտի ըլի/ըլնի, պըտի հէիլնէմ էթամ, պըտի էթանք, մինչէվ չբէրէք չի կանա(ն)չի; չընդունէց; չի շարժվում, չէթաս, չի կարա գա, չէս կարա բէրի, չի էկէ, չմտավ, չխոսաց, չէմ իմանում/չգիդէմ, չէմ կարում կարէմ, թե որ չկարէցար ըսենց կարէս, բա վօր չհավանէց, մի՛ ջղայնացի, չէմ էկէ, չգիդեմ, չբէրէս՝ գլուխդ կկդրէմ, չէս քթնի, էտ, ըտենց, ստէ, ըտտէ, ընդէ; վօրը ուզում էս, էնի´ նստի;

տվէց, ասէց, արէց, բէրէց արէց, չթողէց, թռցրէց, լցրէց, նայէց, քաշէց տվէց, հարցրէց, դրէց,

յէս վօր սարէրօվ ման էյ(ի) գալի, գօղացէլ էյ(ի)ն, դու էլ մի հասարակ մարթ էյ(ի)ր»:

Թվում էր, թե մի քիչ էլ, ու ողջ հայ ժողովուրդը «անաղարտ ու ոսկեղենիկ գրականով» կասի. «կենդանուԹՅուն, ամանում, լույս, արյուն, զրույց, ինչպես, ժամ, մեկը, ընկեր» ևն:

Բայց չասեց ու չի ասում: Լեզվաբանությունը մի աքսիոմ ունի.

Դրույթ 1. Չնայած լեզուն մարդկային արարմունքից (գործունեությունից) ազդվում է, բայց, միևնունն է, լեզուն մարդկային կամքին (ուրեմն, նաև ծրագրերին) չի ենթարկվում, ու այսօրինակ ծրագրերի արդյունքն ա´նպայման է անսպասելի՝ ծըրագրերի նպատակների համեմատ:

Աճառյանը շատ է կրկնում (ուրիշների´ն է կրկնում), թե լեզուն մարդկային կամքին չի ենթարկվում, ու Աբեղյանն է´լ գիտեր, որ գրքերում այսպես է գրված:

Այնուամենայնիվ, չգիտակցելով, որ լեզվական պրոցեսի ընթացքն ավելի շուտ նըման է ծառի աճելուն կամ գետի հոսելուն, որոնցից ոչ մեկին էլ չես ասի. «Ծա´ռ, ա´յ, այսպե´ս աճիր, իմ ուզածո´վ», կամ. «Գե´տ, այսպե´ս հոսիր», երկուսն էլ համոզված էին (ու սրանից հետ էլ՝ նաև բոլոր ուսյալները), թե ուր որ է, Երևանի բարբառը ինչ-որ մի սպոնտան պրոցեսով ա´նպայման է դառնալու «աշխարհաբար» լեզու, այսինքըն, հայերը, բոլորն է´լ, խոսելու են գրողների գրքերի լեզվով:

Աբեղյանը մահացավ 1944-ին, Աճառյանը՝ 1953-ին, բայց եթե այս երկուսն էլ ապրեին մինչև մեր օրերը, կտեսնեին, որ Երևանի բարբառը ոչ մի կերպ չի դառնում այդ «անաղարտ ու ոսկեղենիկ աշխարհաբարը», այսինքն, չի դառնում Դ. Դեմիրճյանի «Վարդանանքի», Մուրացանի «Գևորգ Մարզպետունու» կամ Բակունցի պատմըվածքների ու Տերյանի ոտանավորների «անաղարտ ու ոսկեղենիկ հայերենը»:

Կտեսնեին, որ այս իբր թուրքերենից արդեն ահագին մաքրված «աշխարհաբարը» ուղղակի «այլասերվում է», ոչ միայն նորից ու նորից փոխ առնելով ու գործածելով բազում այնպիսի «ոչ ոսկեղենիկ ու ոչ անաղարտ» բառերը, ինչպիսին են. «օֆիս, բոս, ֆորում, մոլ, սուպեռմառկետ, քլաբ (բար բառի տեղը), սուշի, վիվարո, բուքմեկեր, ֆեյսբուք, իմիջ, բէէմվե, մերսեդես, ջիպ, լուք (տեսք) ևն բառերի պես բառերը, այլև իր սեփական այնպիսի´ «ոսկեղենիկ» բառերից է հրաժարվում, ինչպիսիք են «օրինակ»-ն ու «ընտիր»-ն, ու սրանց տեղն ասում է «գռեհիկ ու ժարգոնային» «խոսքի»-ն ու «թույն»-ու «դզող»-ը:

Ու Աճառյանն ու Աբեղյանը, չունենալով լեզվական երևույթի ճիշտ ու սխալը որոշելու գիտական որևէ չափանիշ, իրարից անկախ ու անծպտուն, ընտրեցին հետևյալ հակագիտական կեղծ չափանիշը.

Կեղծ չափանիշ. Եթե լեզվական երևույթը պատկանում է աշխարհաբարին, այսինքն, հայ նոր գրականության քիչ թե շատ հայտնի գրողի ստեղծագործություններից մեկին, ուրեմն, հենց դրանով իսկ, ճիշտ է:

Անկասկած է, որ սա, այս կեղծ չափանիշը, հակասում է ԼԳՕ-ին, ինչը ճիշտ է համարում միմիայն լեզվական կենդանի հանրության լեզվական համարյա կայուն երեվույթը ու, սրա համար էլ, անհնար է, որ այս չափանշին հետևող լեզվաբանը սըխալ եզրակացություններ չանի:

Իրոք, այս արար աշխարհում չկա գոնե մի փոքրիկ գյուղ, այսինքն, չկա ու երբեք էլ չի եղել լեզվական մի փոքրիկ հանրություն, ինչը խոսեր մեր գրողներից որևէ մեկի ստեղծած գրական ոճերով:

Աշխարհաբարով, այսինքն, գրական ոճերով խոսող գոնե մի գյուղ չլինելու փաստը թե´ վերի կեղծ «չափանիշն» է ժխտում, թե´ գրական ոճերին վստահելու Աճառյանի ու Աբեղյանի մոլորությունն է ապացուցում (տես նաև 13.12-ը, 13.16-ը, 13.24-ը, 13.26-ն ու 16.2-ը):

Երրորդ պատճառն այն հանգամանքն էր, որ երբ 1920 թվին բոլշևիկները գրավեցին Հայաստանն ու 1929 թվին էլ համարյա լրիվ վերացրին մասնավոր սեփականությունը, վերացան նաև մասնավոր սեփականության նորմից բխող թե´ արդարության գաղափարը, թե´ ճշմարտության ու իրավացիության չափանիշները:

Այդուհետ, արդարը, ճշմարիտն ու իրավացին որոշելու էր միմիայն պետությունը, այսինքն, միմիայն պետերի հանրությունը, միմիայն տիրող կոմունիստական կուսակցությունը (այսօր էլ – իշխանությունները): Սրա մի օրինակը ցայտուն է ցուցադրում Աճառյանը իր հետևյալ դիտողությամբ. «Ածականի, որպես ինքնուրույն խոսքի մասի, ինչպես և մյուս բոլոր խոսքի մասերի բնորոշման տեսական հիմունքը տվել է ընկեր Ստալինը…» ([7], ԼՔՀԼ, I, 15 3-4):

Բնական է, որ այս պայմաններում գիտությունն ու արվեստն ա´նպայման էին քաղաքականանալու (տես 1.8, 7.1, 7.2, 711, 13.25, 17.1, 21.2 պարագրաֆները, 20-րդ գլուխն ու Հավելված 1-ը):

Գիտության ու արվեստի այս քաղաքականանալու ցավալի օրինակներից մեկը Աբեղյանի քերականությունը դեն շպրտելու ու Աբեղյանին հայոց լեզվի տեսության ասպիրանտ չտալու քիչ առաջվա պատմությունն էր:

Ըստ էության, սրանք են այն պատճառներից մի քանիսը, որ 1934 թվից մինչև այսօր, այսինքն, 89 տարի, հայերենի քերականությունը հակագիտական է:

4. Ի՞նչն է նոր այս գրքի մեջ

Նախ ասեմ, որ հետաբեղյան քերականությունների հակագիտականությունն ու սխալներն այնքա´ն են ծավալուն ու այնքան են համատարած, որ այս շարադրանքն, ստիպված, Աբեղյանի գիտական ճշմարիտ թեզերի մի զգալի մասն, անընդհատ ու անընդհա´տ է կրկնում, որ ճշմարիտ գիտությունը, ի վերջո, վերականգնվի (տես [3]-ի նախաբանն ու քիչ հետո շարադրած «եզրակացությունները»):

Կարծում եմ, որ այսօրինակ կրկնությունը այս մանիֆեստային գրքի կարևոր առավելություններից մեկն է:

Ես հստակ եմ գիտակցում, որ հեղինակն իր արած գործը չպիտի գնահատի ու պիտի այս գնահատականը թողնի ուրիշներին:

Ավե´լ ասեմ: Վստահ եմ, որ իմ այս գրքի մեջ սխալներ էլ կլինեն, որովհետև չի սխալվում միայն այն մարդը, ով ոչինչ չի անում: Իմ լեզվաբանական «տգիտության» չափն ամենալավը հենց ե´ս գիտեմ, ու սա ես չափազանց սուր եմ զգում, երբ կարդում եմ, օրինակ, Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը»:

Այնուամենայնիվ, ծանոթանալով այսօրվա հետաբեղյան սինքրոնիստների գործերը, ես տեսա, որ ինձնից բացի ոչ ոք չի ներկայացնի այսօրվա մեր լեզվաբանության ողբերգական վիճակը:

Սրա համար էլ, մեծամիտ ու ցուցամոլ երևալու վախը հոգումս, կարծում եմ, որ ընթերցողին օգնած կլինեմ, եթե թվարկեմ այն ելակետերն ու արդյունքները, որոնք նոր են կա´մ հետաբեղյան քերականությունների, կա´մ Աբեղյանի տեսության, կա´մ էլ նույնիսկ համաշխարհային լեզվաբանության տեսանկյունից:

1. Այս վերջին 89 տարվա համար նոր է Աբեղյանի ու հետաբեղյան քերականության բազում դրույթի ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ այնպիսի´ հիմնավորված ցուցադրությունը, ինչը բացառում է, որ այս երկուսն իրար հետ համարվեն ճըշմարիտ ու գիտական:

Այնինչ, այսօրվա հետաբեղյան քերականները պնդում են, թե Աբեղյանի քերականությունը չի հակասում իրենց քերականությանը, ինչը ճիշտ չի:

2. Այս վերջին 89 տարվա համար նոր է հետաբեղյան քերականության ՀԱԿԱԳԻՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ մանրամասն ու գիտական անառարկելի ցուցադրությունը:

Սա արվել է ցույց տալով, որ հետաբեղյան քերականների սահմանումները չեն բավարարում ձևական տրամաբանության տարրական պահանջներին, ու կա´մ ՇՐՋԵԼԻ (ՌԵՑԻՊՐՈԿԱՏԻՎ) ՉԵՆ, կա´մ այս սահմանումների ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ՀԱՅՏՆԻ ՉԻ, կա´մ էլ ԱՅՍ ԵՐԿՈՒՍԸ ՄԻԱՍԻՆ:

Սա արվել է մանավանդ ցույց տալով, որ վերջին տասնամյակներում հետաբեղյան քերականությունների մոգոնած «հնչերանգային ստորոգում» կոչվածը ԼԸՐԻ´Վ Է ՀԱԿԱՍՈՒՄ թե´ գիտական լեզվաբանությանը, թե´ տրամաբանությանը, թե´ առողջ դատողությանը, ա´ռհասարակ:

3. Նոր է այն ելակետը, որ լեզուն մարդկային ամենայն արարմունքը հնչավորող ու ինֆորմացիան նվազագույն դժվարությամբ փոխանակելու, կուտակելու ու ԲԱՆԱՎՈՐ ժառանգելու սպոնտան պրոցես-միջոցն է:

. Հայ իրականության համար նոր է այն ելակետը, թե լեզվական պրոցեսը մի ՑՐԻՎ ԿԱՐԳ Է, ընդ որում, թե´ ինքնակազմակերպ, թե´ ինքնակառավար:

4. Հայերենի համար լրի´վ է նոր այն ելակետը, թե բառերի փոխառությունը լեզվական պրոցեսի շնչառությունն է, ու որ առանց բառային փոխառության լեզուն կկորցնի կյանքի նոր իրադրություններին արագ հարմարվելու իր ունակությունն ու կմեռնի:

5. Նոր է, որ բառերի փոխառությունը, ըստ Սոսյուրի, չի փոխում լեզու-պրոցեսը [40]:

Սա մանավանդ կարևոր է, քանի որ ուսյալների գերակշիռ մեծամասնությունը գրական ոճերի ջատագով է ու կտրուկ է դեմ բառային փոխառություններին, համարելով, որ բառային փոխառությունները փոխում են լեզուն: Այսպես մտածողները, սխալմամբ, օտար բառերի թարգմանությունը պարտադիր են համարում:

6. Նոր են հետևյալ պարզագույն հարցերը, որ երբևէ չեն տրվել:

ա. Եթե հայերը ճիշտ հայերենով չեն խոսում, ինչպես որ պնդում են մեր ուսյալները, ուրեմն, հայերը հայ չե՞ն, թե՞ «ճիշտ հայ չեն», որովհետև սխալ հայերենով միմիայն այլազգիներն են խոսում:

բ. Հայերեն կոչվածն ի՞նչ է, հայերենը ո՞ր լեզուն է, կամ ի՞նչը պիտի ու ինչո՞ւ պիտի համարենք հայերեն:

գ. Հնարավո՞ր է, օրինակ, որ մոտ մեկ միլիոն երևանցին հայերենով սխալ խոսի, ինչպես որ պնդում են մեր ուսյալները:

դ. Մեր ուսյալներն ումի՞ց են սովորել իրենց իմացած այդ իբր ճիշտ հայերենը:

ե. Մաշտոցից առաջ, երբ հայերեն գիրն ու հայկական դպրոցները չկային, հայերը սխա´լ հայերենով էին խոսո՞ւմ:

զ. Եթե Երևանի բարբառ չկա, ինչպես պնդում են մեր ուսյալները, ու եթե երևանցիներն էլ խոսում են «ժողովրդախոսակցական» լեզվով, այդժամ Երևանի բարբառը ե՞րբ է մեռել, ու «ժողովրդախոսակցական» լեզուն էլ ե՞րբ ու ո՞րտեղից է ծլել:

է. Ի՞նչ է հայերենի իմացությունը, ի՞նչ է ճիշտ հայերենը, ի՞նչն է գրական ոճերի ու իսկական, կենդանի լեզվի տարբերությունը ևն, ևն (տես նաև 19.4-ը):

7. Նոր է այն դրույթը, որ «գրական լեզու» կոչվածը Երևանի բարբառի աղավաղմունքով սարքած գրական ոճերի հավաքածուն է, ինչը, մեծագույն մասամբ, աղավաղ կամ կոտրատված հայերեն է, ու այս լեզուն «մայրենի լեզու» կամ «պետական լեզու» կոչելը ա´նպայման է սխալ:

8. Նոր է այն դրույթը, որ մայրենի է միմիայն ա´յն լեզուն, ինչը նորածիններին փոխանցվում է միմիայն բանավոր ձևով (երեխայի մա´յրն ու ընտանիքի անդամնե´րն են փոխանցում), առանց քերականական կանոնների, ու որ միայն այսպիսի´ մայրենի լեզուն է խոսվում ռեֆլեքսով: Այս իմաստով, հնարավոր է, որ առանձին հայի համար մայրենի լինի մի ոչ հայերեն լեզուն: Կնշանակի, այս իմաստով, գրական ոճերը կամ պետական կոչված լեզուն բնավ մայրենի լեզու չեն:

9. Հայերի համար նոր է Սոսյուրի այն թեզը, թե սինքրոն լեզվաբանության հետազոտության առարկան պիտի լինի միայն կենդանի´ լեզուն, միայն բարբա´ռը [40]:

10. Նոր է այն թեզը, որ լեզվական հանրության անդամը խոսում է հանրության լեզվի կայուն ու «միջին» ձևերից թեթևակի շեղմունքներով կամ «սխալներով»:

11.Նոր է այն թեզը, որ եթե անհատի խոսքի այս բնական ու անկապտելի սխալականությունը չլիներ, լեզուն, հենց ի՛նքը՝ լեզվական պրոցե՛սը, ուղղակի անհնար կլիներ:

12. Նոր է այն թեզը, որ եթե հայերենը հենց ա՛յն լեզուն է, ինչով որ հենց հայե՛րն են խոսում, ուրեմն, երևանցիները խոսում են իրենց մայրենի բարբառով ու ա´նպայման են խոսում «մաքուր» հայերենով:

13. Նոր է այն թեզը, որ մարդն իր մայրենի լեզվով խոսում է «առանց տրամաբանություն կիրառելու», այսինքն, ավտոմատով կամ իր լեզվական ռեֆլեքսով:

14. Նոր է այն թեզը, որ տվյալ լեզվի անխաթար կրողը հենց ՈՉ ՈՒՍՅԱԼՆ Է, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ՄԱՆՈՒԿՆԵՐՆ ԵՆ (իհարկե, այս թեզի առաջին մասը բանահավաքչությունը վաղուց է կիրառում, բայց քերականության համար սա նոր է):

15. Հայ իրականության համար նոր է այն թեզը, թե երկու կամ ավել բարբառի մոնտաժը կամ հիբրիդն անհնար է:

16. Նոր է այն թեզը, թե երբ երկու (կամ ավել) բարբառ է «բախվում» իրար, այս բարբառները կա´մ իրար զուգահեռ են ապրում, թերևս համարյա չփոխելով իրենց քերականությունները (չնայած հնարավոր է բառային նույնիսկ ծավալուն փոխառություն անեն), կա´մ սրանցից մեկը մեռնում վերանում է:

17. Հայ լեզվաբանական ավանդույթի համար նոր են Սոսյուրից արված այն քաղվածքները, որոնց հենվում է համաշխարհային լեզվաբանությունը, չնայած սրանք հակադիր են հետաբեղյան ողջ քերականության ոգուն, այսինքն, համարյա ողջ 6-րդ գլուխն է նոր:

15. Համաշխարհային լեզվաբանության համար լրիվ նոր է 7-րդ՝ «Լեզվական պրոցեսի ցրիվ կարգը» գլուխը, ինչը հիմնված է պռաքսեոլոգիայի հիմնադիր Լուդվիգ ֆոն Միզեսի մարդկային արարմունքի ու իր աշակերտ Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի գերբարդ ու բաց համախմբերի սպոնտան կարգերի տեսությունների վրա (եթե չհաշվենք փիլիսոփա Rudi Keller-ի գիրքը [38], ինչը քննում է հարցի փիլիսոփայական կողմը միայն):

16. Նոր է 7.1 պարագրաֆը, ինչը պնդում է, թե մարդկային արարմունքի (գործունեության) հիմնական ձևը խոսելն է ու, ըստ էության, մարդը համարյա ամեն ինչն անում է խոսելով կամ լեզվական պրոցեսով, բանավոր լինի սա, թե գրավոր:

17. Նոր է սրա այն թեզը, թե հենց ինֆորմացիայի փոխանակությունն է, որ հնարավոր է դարձնում արարող մարդկանց թե´ խաղաղ համակեցությունը, թե´ վիթխարի ու անգիտակից գործակցությունն ու փոխօգնությունը:

18. Նոր է այն ԱՔՍԻՈՄԸ, թե մարդկային լեզուն (այսինքն, լեզվական պրոցեսը) տվյալ անհատի կուտակած ինֆորմացիայի այն նպատակադիր ասմունքն է, ինչն ուղղված է ուրիշների հետ գործակցելն ու իր ստեղծած բարիքներն ուրիշների ստեղծածի հետ փոխանակելը հնարավոր դարձնելուն ու սրանք առավել հեշտացնելուն, որ սրանց միջոցով այդ մարդն իր հոգսերից ազատվի:

19. Նոր է այն թեզը, թե որպեսզի ինֆորմացիայի փոխանակությունը հնարավորին չափ հեշտ ու արագ լինի, այսինքն, որ անհատի նեղությունները վերացնե´լը հեշտ ու արագ լինի, սրա համար անհատի խոսքն ու սրա արտահայտության ձեվերը պիտի լինեն հենց այս անհատի´ մասնավոր սեփականությունը:

Ինչո՞ւ: Որ անհատը խոսի ռեֆլեքսով, բայց ի՛ր ուզած ձևով ու, խոսելիս էլ, իր խոսացածի իմաստը թերևս չխճողող սխալներ անելու իրավունքն ունենա, որպեսզի ինֆորմացիայի փոխանակությունն ու պայման կնքելը արվեն նվազագույն ճիգով:

20. Նոր է 7.2 պարագրաֆը, ինչը նորից է լեզուն սահմանում որպես լեզվական կոլեկտիվ պրոցես, ու նորից է ձևակերպում Լեզվի Գլխավոր Օրենքը, ԼԳՕ-ն, ու հետո, թերևս առհասարակ առաջին անգամ, ի մի է հավաքում Սվիթի, Սոսյուրի ու հնդեվրոպաբանության բոլոր կարևոր դրույթները, սրանց մեծ մասին (32 հատին) տալով «աքսիոմ» անունը, մի մասին էլ՝ «քվազիաքսիոմ» (այսինքն, «համարյա աքսիոմ», 23 հատին) անունը, իսկ 12 հատն էլ կոչելով «դրույթ»:

Սոսյուրից հետո առաջին անգամ են հատուկ հստակությամբ շեշտվում հետևյալ թեզերը.

21. Թե լեզուն գերբարդ ու բաց պրոցես է, ուրեմն, լեզվի փոփոխությունները պատահական են ու սպոնտան, այսինքն, ինքնի´ն են, ինքնակա´ են:

22. Թե լեզվական պրոցեսը, այսինքն, հենց լեզո´ւն, ինքնակազմակերպ է, ինքնընթաց ու ինքնակառավար (ուրեմն, լրիվ իրավունք կա ասելու, որ լեզվի կազմակերպողն ու կառավարողը Լեզվի Գլխավոր Օրենքն է, ԼԳՕ-ն, այսինքն, հենց ի՛նքը՝ լեզո՛ւն է, լեզվական պրոցե՛սն է, ոչ թե լեզվաբանները կամ պետությունը):

23. Թե լեզվի ապագայի գիտական գուշակությունը (պռոգնոզը), հենց սկզբունքով, անհնար է:

23. Նոր է այն թեզը, թե լեզուն մարդկային գործունեության արդյունքն է, բայց լեզուն մարդկային գիտակից ծրագրի արդյունք չի:

24. Հետաբեղյան քերականության համար նոր է այն մոռացված թեզը, թե լեզվական ձեռքբերովի ինֆորմացիան գեներով չի ժառանգվում: Գեներով ժառանգվում է միմիայն հոդաբաշխ գիտակից խոսքի ունակությունն ու, կենդանիների համեմատ, ուրիշի խոսքն իմիտացիա անելու (կապկելու) ու հիշելու մարդու արտառոց հզորությունը:

25. Նոր է այն թեզը, թե մարդու նաև լեզվական իմիտացիայի ու լեզվական այլ ունակությունների գեներով փոխանցվող ունակությունը, կենդանիների համեմատ, բազում անգամ ավելի հզոր է:

26. ինչպես ասվեց, նոր է այն թեզը, թե լեզվական պրոցեսը, այսինքն, հենց (կենդանի) լեզու կոչվածը, մի անընդհատ ու մշտական «ցրիվ», կամ «ընդլայն», կամ «դիֆուզ(վող)» կամ «ինքնուրույն, ինքնակա, սպոնտան» պրոցեսային կարգ է, Ֆրիդրիխ Ավգուստ Հայեկի իմաստով [36 ; 37]:

27. Նոր է այն թեզը, թե լեզվական տվյալ պրոցեսի ողջ ինֆորմացիան բաշխված է տվյալ ցրիվ կարգի առանձին անդամների ուղեղների մեջ ու սրա ամեն մի առանձին մասը փոփոխական է, եզակի ու շատ անգամ էլ՝ մասամբ անհայտ:

28. Սրա համար էլ նոր է այն թեզը, թե որևէ լեզվի լրիվ ու սպառիչ նկարագրությունն անհնար է:

29. Նոր է, թե Սոսյուրը ճիշտ է, երբ ասում է, թե լեզվից բարդ բան չկա [40] (ավելի ճիշտ, լեզվից բարդը միայն կյանքն է, ու լեզուն էլ կյանքի համարյա բոլո´ր ոլորտները հնչավորողն է, ու հենց սրա համար էլ ինքն է՛լ է համարյա կյանքի չափ բարդ): Այնուամենայնիվ, այս չափազանց բարդ պրոցեսը կարգավոր է, կարգ է:

30. Նոր է լեզվի վերացականության կամ հայաձևության դրույթի քննարկությունը, որ շարադրված է 7.4 ու 7.5 պարագրաֆներում: Այս դրույթը վերածված է հետազոտական մի նոր մեթոդի, ինչի հիման վրա էլ արված են այս շարադրանքի քերականական հետագա մասերի մեծ մասը:

31. Նոր է այն թեզը, թե մարդ դառնալը սովորովի է ու, այս առումով, նոր է լեզվի դերի քննարկությունը թե´ անհատի ձևավորվելու, թե´ մշակութային էվոլյուցիայի ընթացքի համար:

32. Նոր է այն պնդումը, թե այսօրվա գրական ոճերը հայերի զգալի մասի համար դժվա´ր են հասկանալի:

33. Նոր է այն թեզը, թե լեզվական պրոցեսը ենթակա է շարժուն համակշռության, ինչը պայմանավորված է անալոգիայի ու ֆլուկտուացիաների համակշռությամբ:

34. Առհասարա´կ է նոր այն թեզը, թե հենց այս շարժուն (ու նաև փոփոխական) համակշռությո´ւնն է հաստատում լեզվական այն կարգը, այն սիստեմը, ինչն ինքնակա է, ինքնածին, դիֆուզ(վող), ինքնահաստատ, սպոնտան, ինքնագո, ինքն իրեն տարածող, ինքնընթաց, ինքնուրույն ու ցրիվ, նաև ինքնակազմակերպ ու ինքնակառավար [տես նաև 36 ; 37]:

35. Ա´ռհասարակ է նոր այն թեզը, թե լեզուն այնպիսի դիֆուզ(վող) ցրիվ կարգ է, ինչն իր բնույթով պայմանադիր է ու վերացական, ու որ այս կարգը հաստատվում է անգիտակից, անհատի կամ անհատների խմբի կամքից անկախ:

Ուրեմն, այս իմաստով, այս կարգը թե´ պրոցեսային է, թե´ բնական է, այսինքն, մարդկային ծրագրի արդյունք չի, չնայած ա´նպայման է մարդկային գործունեության արդյունք:

36. Ա´ռհասարակ է նոր այն թեզը, որ լեզուն բաց ու բարդ համախումբ է: Սրա համար էլ լեզուն իր լեզվական պրոցեսով նույն՝ մեկ «նախնական» կամ «սկըզբնական» ինքնուրույն ու ցրիվ կարգից կարող է անցնի թերևս անհաշիվ «վերջնական» ինքնուրույն ու ցրիվ կարգի, անթիվ ինքնուրույն ու ցրիվ (վերջնական վիճակի) լեզուների ու բարբառների, ընդ որում, նույն սկզբնական վիճակից վերջնականներին անցնելու ուղիները զուտ պատահական են:

37. ինչպես ասվեց, նոր է, որ լեզվի դիֆուզվող ցրիվ կարգը իր լեզվական պրոցեսով գնում է անհայտություն:

38. Նոր է, որ լեզվի վրա դրված մարդկային ծրագրերի արդյունքը միշտ անսպասելի կլինի, ու այդ ծրագրերն ա´նպայման են ինքնանպատակ ու անտեղի, ու դատապարտված են ի սկզբանե:

39. Նոր է, որ բնական ու ինքնակազմակերպ լեզվական պրոցեսի (բարբառի´, խոսվածքի´) ոչ մի երևույթը մեր դատողության եզրակացությունը չի:

40. Նոր է, որ լեզուն, գնալով անհայտություն, միշտ ու գոնե մի քիչ, «հիշում է» իր անցյալը, իսկ իր մոտ անցյալը շատ լավ է «հիշում», որովհետև լեզուն իր գործունեությունը միշտ իր մոտ անցյալի հետ է «համեմատում ու ճշտում»:

41. Ա´ռհասարակ է նոր այն թեզը, որ որևէ լեզվի մահվան պատճառն ա´նպայման է այդ լեզվի վարկաբեկությունը՝ կա´մ արտաքին, կա´մ ներքին բռնությամբ:

42. Ա´ռհասարակ է նոր այն թեզը, որ լեզվական պրոցեսի որևէ նոր երևույթի (որևէ անհատին) դուր գալու պատճառները այդ երևույթն արժևորելն է, այսինքն, արդեն առկա անալոգ լեզվական երևույթներից ավելի լավ ու ձեռնտու համարելն է, ինչը, ըստ Կառլ Մենգերի արժեքի եզրային օգտակարության սկզբունքի (marginal utility principle [39]), բացարձա´կ է սուբյեկտիվ, ու հնարավոր է, որ անհատից անհատ տարբեր լինի, քանի դեռ լեզվական նոր երևույթը չի ընդհանրացել ու չի դարձել ռեֆլեքսային, երբ արժևորելու խնդիրն արդեն վերացած է դառնում:

43. Ա´ռհասարակ է նոր այն թեզը, որ անհատը լեզվական նոր երևույթը արժևորում է միայն ա´յնժամ, երբ սա նման առկա լեզվական երևույթներից հեշտ, դիպուկ ու համոզիչ է համարում:

44. Ա´ռհասարակ է նոր այն թեզը, որ լեզվական նոր երևույթ ստեղծելու (նաև այս երևույթի դիֆուզիայով տարածվելու) պատճառն այն բանն է, որ անհատը միշտ աշխատում է (իր նեղություններից ազատվելու նպատակով ուրիշի հետ (մանավանդ) գործարքային ինֆորմացիա փոխանակելիս) իր խոսքը, ինչքան հնարավոր է, ավելի շատ արժևորի: Արժևորի՝ մանավանդ իր առավելագույնս հնարավոր դիպուկ, ազդեցիկ ու համոզիչ խոսքով:

45. Նոր է ուղեղի կեղևի զգայություն գրանցելու ատոմամոլեկուլային մոտավոր բացատրությունը, իսկ հետաբեղյան քերականությունների համար լրիվ նոր է մըտապատկերների զուգորդությունների քննարկությունը, ինչը մասամբ արվում է ըստ Աբեղյանի ու այլ «նեյրոլեզվաբանների», բայց, առհասարակ, այս շարադրանքը թե´ ինքնուրույն է, թե´ վերածված է մեթոդի:

46. Այստեղ նորը ա´յն դրույթն է, որ մտապատկերների հատկանիշները կարող են առաջանան մտապատկերների զուգորդության պատճառով, ասես այս զուգորդության բաղադրիչները «վարակում են» միմյանց:

47. Ա´ռհասարակ է նոր այն թեզը, որ հայերեն լեզվի մեջ չկա այնպիսի անուն (նկատի չունեմ բայերը կա´մ անհոլովաձև եղանակիչները, կա´մ կապ ու ձայնարկությունները), ինչը միշտ միայն ածական կամ միշտ միայն գոյական լինի:

48. Նոր է այն թեզը, թե հայերենի անվան գոյական կամ ածական լինելը կախված է այս անվան շարահյուսական դիրքից ու գործածական ֆունկցիայից, այսինքըն, կախված է այս անվան գործածության պահանջներից:

49. Նոր է ածականի սահմանումը ոչ թե որպես հատկանշային բառ, այլ որպես զուգորդության անփոփոխ (անհոլովաձև) բաղադրիչ, իսկ գոյականի սահմանումը ոչ թե որպես «առարկա ցույց տվող կամ այսպիսին մտածվող» բառ, այլ որպես հոլովաձևերով բառ, ինչից հետևում է, որ գոյականների ու ածականների դասերը կտրուկ առանձնացնելը տրամաբանական ու գիտական չի:

50. Ա´ռհասարակ է նոր այն թեզը, թե հայերենի (թերևս նաև մնացած լեզուների) բառերի դասդասմունքը (այսինքն, բառերը տեսակների բաժանելու տեսությունը) պիտի հենված լինի ուղեղի կեղևի գործունեության բացարձակ վերացական, ուրեմըն, նաև ձևական ֆորմալիզմի վրա:

50. Ա´ռհասարակ է նոր այն թեզը, թե հնարավոր է, որ բոլոր այն պրոցեսի բայերը, որոնց մեջ ակնհայտ առկա է որևէ դերբայի (կամ թերբառի, տես հետո) կամ մասնիկի զուգորդությունը «եմ/լինեմ/կամ» բային ու սրա ձևերին, մեկնաբանվեն որպես այս բայի դեմքին վերագրվող տվյալ պրոցեսի´ ԳՈՅՈՒԹՅԱՆ բայ:

Այսինքն, այս մեկնությամբ, օրինակ «խաղումեմ» բայը նորից գոյություն է նկարագրում, բայց արդեն ոչ թե տվյալ դեմքի վիճակի´ գոյությունն է նկարագրում, այլ տվյալ դեմքին վերագրվող պրոցեսի´ (այստեղ՝ խաղալու «վիճակում» լինելու) գոյությունը:

50. Ա´ռհասարակ է նոր այն թեզը, թե լեզվի բառերը դասակարգելիս՝ լեզվաբանության ելակետը պիտի լինի ոչ թե բառի իմաստը (այսինքն, այն հանգամանքը, թե բառը հատկանի՞շ, թե՞ առարկա է «մտածվում», ինչպես Աբեղյանն ու մյուս քերականներն են անում), այլ միմիայն հենց այդ բառի կազմած ձևաբանական («մասնիկային նմանակցային) ու շարահյուսական բոլոր այն զուգորդությունները, որոնցով այդ բառը զուգորդվում է այլ բառերի հետ, այսինքն, նմանվում կամ տարբերվում է այլ զուգորդություններից:

51. Նոր է այն թեզը, թե այսօրվա հայերենի բոլոր հոլովաձևային, ածանցական ու հոդային մասնիկներն ածական են, քանի որ նույն անփոփոխ ձևով են զուգորդվում պարզ ու բաղադրյալ անուններին:

Առհասարակ նոր են հետևյալ թեզերը.

52. Մարդկային լեզուն, մարդկային մտածողությունն ու նաև բանականությունը մարդու ուղեղի կեղևում գրանցված զուտ վերացական, զուտ ձևական բառ-ձայների մտապատկերների զուտ վերացական, զուտ ձևական զուգորդությունների սպոնտան ինքնակազմակերպ ու ինքնակառավար (ինքնին, ավտոմատով ծագող ու ծագած) արդյունքն է:

52. Պարտադիր է, որ մարդկային լեզվի (այսինքն, լեզվական պրոցեսի սպոնտան կամ ինքնակա կարգի) թե´ հետազոտությունը, թե´ նկարագրությունը հիմնվի բառերի միմիայն զուտ վերացական ձևաբանական ու զուտ վերացական շարահյուսական զուգորդությունների (ուրեմն, նաև խոսքի (նախադասության)) հետազոտության ու նկարագրության վրա:

52. Այն հարցը, թե տվյալ բառը խոսքի ի´նչ մաս է, իմաստ չունի առանց այս բառի զուգորդությունները հաշվի առնելու, իսկ ավելի ճիշտ, իմաստ չունի, երբ այս բառը խոսքից (նախադասությունից) անկախ են քննում:

53. Լրիվ նոր են տեղառքի օրենքն ու սրանից բխող տեղառքի կանոնները, որոնց միջոցով մի´շտ է հնարավոր, որ որոշվեն թե´ լեզվական երևույթների դասային պատկանելությունները, թե´ հայերեններին սրանց խորթությունը:

54. Լրիվ նոր է Երևանի բարբառի (ուրեմն, նաև այս բարբառին հենված գրական ոճերի) հոլովաձևերի թվի քննությունը, ինչն արված է տեղառքի կանոններով ու ապացուցված է, որ Երևանի բարբառի բառերի մի մասի հոլովաձևերի թիվը 4 է, մյուսինը՝ 5:

55. Առհասարա´կ են նոր հոլովաձևային ածականների ու հոլովաձևային դերանունների գոյությունը նկատելն ու սրանց նկարագրությունը (Աճառյանը սրանցից միայն սեռական հոլովաձևն է հպանցիկ համարում ածական, այսինքն, «Աշոտի գիրքը» զուգորդության «Աշոտի» սեռական ձևը համարում է ածական):

56. Նոր է, որ ածականը, ըստ էության, մի´շտ է դերանուն, երբ փոխարինում է իր նկարագրած գոյականին:

57. Նոր են ժամանակային, թվականային ու իմաստային ընդհանրացրած բառ-ստորոգյալների գաղափարները, որոնք թույլ են տալիս բայի լրացումների քերականական նկարագրություններում ազատվելու բազում պարագա ու խնդիր ներմուծելու անհրաժեշտությունից:

58. Թերևս նոր է թերբառի գաղափարն ու անկատար ու վաղակատար դերբայ կոչվածները թերբառների դասը դնելը:

59. Նոր են այսօրվա հայերենի թվական-գոյական զուգորդության բացառություն չճանաչող օրենքները, մանավանդ այն դրույթը, որ հայերենի թվական-գոյական զույգը ձևով հավաքական եզակի գոյական է ու սրանց պես էլ միմիայն եզակի է գործածվում:

60. Նոր է այն դրույթը, թե «բակառություն» տերմինով նշված իբր լեզվական բացառության երևույթները ուղղակի խորթ են հայերենին ու հակագիտական են:

61. Լրիվ նոր է այն թեզը, թե հայերենի կրողի ուղեղի կեղևը խոսելու ու բառերով մտածելու պրոցեսը իրագործում է շարունակ զուգորդությունների սկզբունքով, այսինքն.

62. Ուղեղը, անունները զուգորդելով իրար, ստեղծում է (սկզբունքով) անհուն քանակով հարկավոր բաղադրյալ անուն-գոյական ու բաղադրյալ անուն-ածական:

63. Ուղեղն այս բաղադրյալ անուն գոյականներն ու բաղադրյալ անուն ածականները զուգորդում է գոյության «եմ/լինեմ/կամ» բայի բոլոր հին ու նոր թե´ պարզ, թե´ բաղադրյալ ձևերին, օրինակ, «խոսում եմ, կարդացել եմ/էի» (նաև ա´յն ձևերին, որոնց «եմ/լինեմ/կամ»-այնությունն այսօր մթագնած է ու «տեսանելի է» միմիայն մասնագետ լեզվաբանին, օրինակ, «կամ, ունեմ, գիտեմ, արժեմ, կարամ, դառնամ, գրեմ, գրեց» տիպի բայերին):

64. Թերևս պարտադիր է, որ հայերենի լեզվաբանական ուսումնասիրությունները հետևեն հայերենի կրողի ուղեղի կեղևի խոսելու ու բառերով մտածելու պրոցեսն իրագործելու այս շարունակ զուգորդությունների սկզբունքին:

65. Լրիվ նոր է այն թեզը, որ հայ հին գրականության մեջ պարտադիր պիտի հայերենին խորթ բազում թարգմանական կլիշե լինի: Օրինակ, որ Մաշտոցի թարգմանած հենց առաջին խոսքը (նախադասությունը) թարգմանական կալկա´ է, կլիշե´ է, օտա´ր է, թերևս հունական բնագրի կույր-կույր ընդօրինակությո´ւնն է, հայաձև չի´:

Այդ խոսքը պիտի թարգմանված լիներ. «Առակք Սողոմոնի, որդւոյ Դաւթի, ճանաչելոյ զիմաստութիւն և զխրատ, իմանալոյ զբանս հանճարոյ», ինչն ուզում է ասի. «Դավթի որդի Սողոմոնի առակները՝ ճանաչելու {ծանոթանալու համար} իմաստնությունն ու խրատը, իմանալու {համար} վարպետի խոսքը»:

Եթե սա հրաման, հորդոր, պատվեր կամ խրատ լիներ, ինչպես որ մերոնք են այսօր կարծում, այդ ժամանակ էլ այս անորոշ դերբայների տեղը պիտի դրվեին սըրանց համապատասխան բայերի հրամայականները, այսինքն, սա պիտի լիներ.

«Ծանի´ր զիմաստութիւն և զխրատ, իմա´ զբանս հանճարոյ», կամ. «Ծանիջի´ր զիմաստութիւն և զխրատ, գիտեա´/գիտա´/գիտասջի´ր զբանս հանճարոյ», կամ հոգնակիով.

«Ծաներո´ւք զիմաստութիւն և զխրատ, իմացարո´ւք/գիտացե´ք/գիտասջի´ք զբանս հանճարոյ»: Այս թեզը, անկասկած, հույժ կարևոր է դիաքրոն լեզվաբանության մեթոդները շտկելու տեսանկյունից:

66. Լրիվ նոր է հայերենի եղանակիչ խոսքերի (նախադասությունների) քննությունը, ինչը արված է ԼԳՕ-ի վրա հիմնված տեղառքի մեթոդով, ինչով նորից է ապացուցված, որ այսօրվա հայերենի գրական ոճերի անորոշ դերբայների գործածությունները բայերի փոխարեն հակադիր են հայերենի ոգուն ու հայերենի աղավաղմունքն են:

67. Հետաբեղյան քերականության համար նոր է «աբար; ապես; որեն» վերջավորություններով կազմված «մակբայ» կոչված բառերի ոչ հայերենության քննությունը:

68. Բավական նոր է «կարամ, պտի, ուզում եմ» խոսք-եղանակիչների քննությունը:

69. Նոր է Աբեղյանի ու մանավանդ Աճառյանի գրական ոճերը լեզու համարելու սիստեմատիկ քննադատությունը:

70. Նոր է հայ լեզվաբանությունը հայրենասիրական կեղծ նպատակներին հարմարելու այս համատարած քաղաքականության քննադատությունը, մի կողմից, մեծամոլական ու սնափառ ու իբր հայրենասիրական նպատակներին հարմարելու այս համատարած լեզվաբանական շառլատանության քննադատությունը, մյուս կողմից:

71. Նոր են հայերենին խորթ ոճական սխալների ու տերմինները հայացնելու վըտանգների բավական սիստեմատիկ քննությունն ու հայացնելու կանոնների առաջարկները:

72. Նոր է հայերենն իբր օտարաբանություններից զտելու մեր մաքրամոլների այս ողջ հակալեզվաբանական «պայքարի» սիստեմատիկ քննադատությունը:

73. Նոր է «հայերեն լեզու» կոչված գրական ոճերն օտար փոխառություններից մաքրելու այս իբր հայրենասիրական համատարած մարմաջի կամ այս «թարգմանացավի» (ինչով զբաղված են նույնիսկ բոլոր նախարարություններում) բավական սիստեմատիկ քննադատությունը:

74. Ա´ռահասարակ է նոր այն թեզը, թե լեզվական ազատությունը ֆունդամենտալ է, ու որ ոչ մեկը, նույնիսկ պետություն կոչվածն իր օրենքներով, չպիտի անհատի խոսելու նյութի ու ձևի վրա բռնանալու իրավունք ունենա (նաև՝ դպրոցում ու բուհերում):

75. Նոր է այն թեզը, թե սխալ են անում, երբ պահանջում են, որ ուղղագրական սխալները պարզվեն միմիայն այսօրվա գրական ոճերի բառերը համեմատելով գրաբարյան շրջանի բառերի ուղղագրության հետ:

76. Նոր է այն առաջարկը, որ եթե Երևանի բարբառը հայտարարվի գրական ու իր ամենայն ինչով թույլատրելի, այդժամ կլուծվեն լեզվական կրթական թերևս բոլոր խնդիրները: Ինչո՞ւ: Որովհետև մոտ մեկ միլիոն բարբառակիր երևանցի, գերազանց տիրապետելով իր մայրենի Երևանի բարբառին, իսկույն կհամարվի լրիվ գրագետ:

Իսկ գրական աղավաղ հայերենի կրող ուսյալները ժամանակավոր կդառնան անգրագետ, բայց մի քանի շաբաթից կյուրացնեն իրենց մայրենի բարբառը, քանզի ամեն մի բարբառակիր երևանցին կլինի սրանց գերազանց ու ձրի ուսուցիչը:

77. Նոր են Երևանի բարբառին հետևելու գրական ոճերով գրելու առաջարկված սկզբունքները:

78. Նոր է Երևանի բարբառի թռուցիկ նկարագրությունը, մանավանդ սրա հընչյունական կողմինը: Այս նկարագրությունը վերջին 80-90 տարվա համար բացառիկ է, որովհետև սա չի արվել այն պարզ պատճառով, որ այս ընթացքում հետաբեղյան լեզվաբանությունը չի ընդունել Երևանի բարբառի գոյությո´ւնն իսկ, սա համարելով գիտության ուշադրությանն անարժան մի «ինչ-որ ժողովրդախոսակցական լեզու»:

79. Նոր է արձակ ոճերի արհեստականության քննադատությունը:

80. Լրիվ նոր է Աբովյանի «Վերք Հայաստանի» գործի գրաբարիզմների ու Երևանի բարբառից արված շեղումների նկարագրությունը ու սրանց հետևանքների քըննությունը: Առհասարակ, կարծում են, թե Աբովյանը գրել է միմիայն Երևանի (կամ Քանաքեռի) այն օրերի բարբառով, ինչը ճիշտ չի:

81. Լրիվ նոր է հայերի հավերժական գրապայքարի սիստեմատիկ նկարագրությունը:

5. Աբեղյանի ու «նոր» քերականության անհամատեղությունը

1. Մ. Աբեղյանն ասում է, թե հայերենի անորոշ դերբայը միմիայն գոյական է ու բայական ոչ մի ֆունկցիա չունի [4], էջ՝ 537-538, 541], այնինչ՝ Ղարիբյան-Սևակյան քերականությունները (այսուհետ՝ նաև ՀԱՔ-երը) ասում են, թե անորոշ դերբայն անդեմ բայ է ([10] , էջ՝ 44, 46, 59, 60; [11]):

2. Մ. Աբեղյանն ասում է, թե հայերենն անդեմ բայ կամ խոսք (նախադասություն) չունի [3-4], ՀԱՔ-երն ասում են, թե ունի ([10] , էջ՝ 44, 46, 59, 60; [11]):

3. Մ. Աբեղյանն ասում է, եթե բայ չկա, ուրեմն խոսք (նախադասություն) է՛լ չկա [1-4], ՀԱՔ-երն ասում են, թե կա ([10], էջ՝ 59, 60; [11]): Ու ըստ ՀԱՔ-երի, հնարավոր է, որ հայերենի ամե՛ն մի բառը, ամեն մի բառակապակցությո՛ւնն էլ լինի խոսք (նախադասություն) ևն, ևն:

4. Աբեղյանն ասում է [1-4], թե ստորոգելը նշանակում է, որ բայն իր ու/կամ իր բառ-ստորոգյալի իմաստը, կամ էլ որևէ այլ մի բան (հատկանիշ ևն) վերագրում է (նաև՝ բառ-ենթակայի ու սրա լրացումների միջոցով) իր (բայի) դեմքին ([4], էջ՝ 616), իսկ ՀԱՔ-երն ասում են [10], թե ստորոգելը «շարահյուսական կարգ է, որով նախադասության բովանդակությունը վերագրվում, հատկացվում է իրականությանը…» ևն:

5. Աբեղյանը հնչերանգային ստորոգման մասին ոչինչ չի ասում (որովհետև սա անհեթեթ է ու հայերենների մեջ այսպիսի բան չկա, [տես 3-ը, 4-ը, էջ՝ 549], իսկ ՀԱՔ-երն ասում են ([10],), թե «հնչերանգը ստորոգում է իրականացնում»:

6. Աբեղյանն ասում է, թե խոսքի (նախադասության) գլխավոր անդամը (խոսքի կենտրոնը) բայն է ([4], էջ՝ 362, 361; [1-3]), ՀԱՔ-երն ասում են, թե նախադասության գլխավոր անդամները ենթական ու ստորոգյալն են (տես [10]-ի ու [11]-ի համապատասխան հոդվածները) ևն, ևն:

7. Աբեղյանն ասում է, թե ենթական բայի դեմքն է կամ այդ բայի դեմքն ու դեմքը լրացնող բառը կամ բառախումբը (բառ-ենթական՝ իր լրացումներով, [4], էջ՝ 601-618; [1-3], իսկ ՀԱՔ-երն ասում են, թե «ենթական նախադասության գլխավոր անդամներից մեկն է,…որին ստորոգումով վերագրվում է որևէ հատկանիշ …» [10]:

8. Աբեղյանն ասում է, թե ստորոգյալը «եմ» բայի դեմքին կամ բառ-ենթակային վերագրվող բայիմաստն է, ինչը կարող է լրանա բառ-ստորոգյալով (պարզ կամ բաղադրյալ [4, էջ՝ 582-607, 618-628; [1-3]], իսկ ՀԱՔ-երն ասում են [10], թե ստորոգյալը խոսքի գլխավոր երկու անդամից մեկն է:

9. Աբեղյանը ՀԱՔ-ի իր «Մի քանի քերականական խնդիրների մասին» 144 էջանոց քննադատությունն ամփոփում է մոտ երկու սպանիչ էջով: Այդ քննադատության մեջ Աբեղյանը անում է այն օրերի ՀԱՔ-ին արած իր հիմնական առարկությունները, որոնք վերաբերում են նաև դրանց այսօրվա ժառանգներին:

Մինչև այսօր Աբեղյանի թե´ այդ առարկությունների, թե´ այդ երկու սպանիչ էջի գիտական պատասխանները չկան ([4], էջ՝ 637-638): Մինչև այսօր էլ «յոլա են գնում» այն «արդարացումով», թե իբր «ակադեմիկոս Մ. Աբեղյանի աշխատության մեջ, բնականաբար, կան նաև վիճելի, ինչպես նաև հնացած որոշ կետեր» (տես, օրինակ, ([3], էջ՝ VII), ուրիշ ոչինչ:

Սա՛ է թե՛ հեղինակավոր բառարաններում, թե՛ առանձին մենագրություններում Աբեղյանի քերականության մասին գրած «հեղինակավոր» կարծիքը (տես ստորև, 10-րդ կետը):

10. ՀԱՔ-երի սահմանումների մեծ մասը խախտում է դասական տրամաբանության տարրական պահանջները (տես [10-11]-ի բայի, գոյականի և այլ հասկացությունների մասին ու [4]-ի քննադատությունը, ու նաև [3]-ի միջի նույն հարցերը: Սրանցից առաջինի բերած բայի սահմանումը ունի տրամաբանական 12 հակասություն – տես, օրինակ, այս գրքի 2.1 պարագրաֆը):

Այնինչ, արդի հայերենի մասին խոսելիս, մեր նորօրյա հեղինակները կա´մ անծպտուն շրջանցում են այս հակասություններն ու Աբեղյանի քննադատությունները, կա´մ ասում են հետևյալը ([3], էջ՝ VII, թավատառն ի՛մն է).

«{Աբեղյանի} «Աշխարհաբարի շարահյուսությունը» և «Հայոց լեզվի տեսությունը»… տալիս են հայոց լեզվի ամբողջական ու ճշգրիտ (sic!) պատկերը և կազմում են ներդաշնակ ու սերտ միասնություն»:

{Իմիջիայլոց, այս՝ «կազմում են ներդաշնակ ու սերտ միասնություն»-ից երևում է, որ այս տողերի հեղինակը երբեք չի բացել Աբեղյանի «Աշխարհաբարի շարահյուսությունը» գիրքը, ու որ «Աշխարհաբարի շարահյուսության» ու ՀԼՏ-ի «ներդաշնակ ու սերտ միասնություն»-ից խոսելն անհեթեթ է, որովհետև «Աշխարհաբարի շարահյուսությունն» ուղղակի ընդգրկված է ՀԼՏ-ի մեջ ու ոչ մի կերպ հնարավոր չի, որ սա իրեն լրացնող սկզբի 357 էջի հետ «ներդաշնակ ու սերտ միասնություն» չկազմի, որովհետև մեն մի հատիկ աշխատությունը, եթե հակասական չի ու գիտական է, ինքն իր հետ անպայման է «ներդաշնակ ու սերտ միասնություն» կազմում}:

«...մեծատաղանդ գիտնականը խորագույնս {sic!} բացահայտել է հայոց լեզվի մեջ իրապես գոյություն ունեցող օրենքներն ու օրինաչափությունները»:

«{Չնայած} ակադեմիկոս Մ. Աբեղյանի աշխատության մեջ, բնականաբար, կան նաև վիճելի, ինչպես նաև հնացած որոշ կետեր, բայց դրանք ամենևին (sic!) չեն նսեմացնում (sic!) նրա գիտական ու ճանաչողական (sic!) բարձր արժեքը: {Աբեղյանի} «հայոց լեզվի տեսությունը» եղել է և մնում է (sic!!!) իբրև հայոց լեզվի ուսումնասիրության մի լավագույն (sic!!!) ձեռնարկ ու ուղեցույց»:

Բայց, չնայած այս հույժ դրվատական գնահատականներին, արդեն 89 տարի է, ինչ Աբեղյանի քերականական գրքերով երբևէ քերականություն չեն դասավանդել ո՛չ մեր դպրոցներում, ո՛չ էլ մեր որևէ բուհում, չնայած այն հանգամանքին, որ «Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը» եղել է և մնում է իբրև հայոց լեզվի ուսումնասիրության մի լավագույն ձեռնարկ»:

Բացի սա, մեր այսօրվա քերականները երբեք չեն ասում, թե Աբեղյանի ասածների ի՛նչն է հնացել ու ինչո´ւ է հնացել կամ ինչո´ւ է վիճելի:

5ա.Եզրակացությունները

Դրույթ 1. Այսքանից հետևում է, որ մեր այսօրվա արևելահայերենն ունի երկու իրար հակասող ու բացարձակ անհամատեղելի քերականություն. մեկը՝ Մանուկ Աբեղյանի քերականությունը, մյուսը՝ հետաբեղյան քերականությունները, իսկ այս վերջինները, ըստ էության, բոլորն էլ նույնն են:

Ըստ էության, ՀԱՔ-երն իրենց ծնող ու հիմք Ղարիբյան-Սևակյան քերականություններից տարբերվում են միայն իրենց սխալաշատությամբ ու նաև անընդհատ ավելացող բառային անասելի «աղմուկով»:

Դրույթ 2. Արդեն 89 տարի է, ինչ Աբեղյանի քերականական գրքերով երբևէ քերականություն չեն դասավանդել ո՛չ մեր դպրոցներում, ո՛չ էլ մեր որևէ բուհում:

Դրույթ 3. Այս երկու քերականությունը՝ Մանուկ Աբեղյանինն ու հետաբեղյաններինը (ուրեմն, նաև այսօրվանները), իրար բացարձակ են հակասում ու բացարձակ են անհամատեղ:

Եթե սրանցից մեկը համարես ճիշտ, մյուսն ա՛նպայման է սխալ, չնայած մեր այսօրվա քերականները պնդում են, թե «Ակադեմիկոս Մ. Աբեղյանի աշխատության մեջ, բնականաբար, կան նաև {իբր միմիայն} վիճելի, ինչպես նաև հնացած որոշ կետեր…»: Ասվածից հետևում է, որ.

Դրույթ 4. Այսօրվա հայերեն լեզվի պաշտոնական քերականությունը ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ, որովհետև իր ասածների ճիշտ ու սխալը որոշելու ոչ մի գիտական (մարդուց անկախ, օբյեկտիվ) չափանիշ չունի:

Սրա փայլուն ապացույցն հենց ա՛յն հանգամանքն է, որ մեր այսօրվա հայ լեզվաբանները, ըստ էության, ասում են, թե այսօրվա նույն արևելահայերնի այս երկու իրար լրիվ հակասող քերականությունն էլ, թե՛ Աբեղյանինը, թե՛ հետաբեղյանը (Ղարիբյան-Սևակյանը), ճիշտ են ու իրարից տարբերվում են միայն որոշ «վիճելի, ինչպես նաև հնացած կետերով…»:

Դրույթ 5. Հետաբեղյան քերականությունները բացարձակ հաշվի չեն առնում, որ «գրական լեզու» կոչվածը բնական լեզու չի (կենդանի բարբառ կամ լեզու չի, լեզվական կենդանի պրոցես չի, տես հետո), որովհետև չունի բարբառի մի քանի կարևոր հատկությունը, այսինքն, բանավոր չի փոխանցվում, ռեֆլեքսով չի կիրառվում, լրիվ ինքնակազմակերպ ու լրիվ ինքնակառավար չի, հակառակ է նվազագույն ճիգի օրենքին, ու չկա սրանով խոսող գոնե մի փոքրիկ գյուղ:

Դրույթ 6. Գրական լեզու կոչվածը չունի կենդանի լեզվի ինքնամաքրվելու հատկությունը, որովհետև սրա մեջ նվազագույն ճիգի ու անալոգիայի սպոնտան մեխանիզմները ոչ լրիվ են գործում: Ճիշտ կլիներ, թե որ «գրական լեզու» կապակցության տեղն ասվեր՝ «գրական ոճեր» (տես հետո):

Դրույթ 7. Աբեղյանը, լրիվ իրավացի, ասում է, որ լեզվի քերականությունը չեն հորինում «գիտունների» (իմա՛, ապաշնորհ թարգմանների ու գրողների) գրածներն արդարացնելու համար ([4], Երկեր, Ը, էջ՝ 543): Այնինչ, հետաբեղյան բոլոր քերականությունները հորինվել ու հորինվում են միմիայն գրական ոճերի օտարաբան երևույթները արդարացնելու համար:

Դրույթ 8. Քերականությունը լեզվից նույնքան է անբաժան, ինչքան որ, օրինակ, զանգվածը կամ լիցքը էլեկտրոնից, կամ մարդու բնավորությունը՝ մարդուց:

Քերականությունը կենդանի լեզվի բնավորությունն է, իսկ բնավորությունը ոչ մեկը չի կարող փոխի, թեկուզ ակադեմիկոս կամ մի ողջ ակադեմիա լինի: Այնինչ, հետաբեղյան քերականությունները հաշվի չեն առնում մեր գրական ոճերի հիմքի՝ մեր գրական ոճերի մայր՝ Երևանի բարբառի բնավորությունը, սրա հատկությունները: Ավելին.

Դրույթ 9. Հետաբեղյան քերականությունները նույնիսկ ուղղակի ժխտում են Երևանի բարբառի գոյությունը՝ սա համարելով «ժողովրդախոսակցական լեզու», «փողոցային լեզու» ու նույնիսկ «ժարգոն», ինչն անհեթեթ է, քանի որ գիտական լեզվաբանությունը չունի ժողովրդախոսակցական կամ փողոցային լեզու գաղափարները:

Դրույթ 10. Գիտական քերականության բացակայության պատճառով մեր գրական ոճերն արհեստական են ու ծանրաշունչ, չափազանց դժվար կիրառելի են, ու ըստ էության, շատ անգամ մեռած են:

Դրույթ 11. Սրանք խոչընդոտում են մեր մշակույթին, մասնավոր առումով՝ մեր թատրոնի, կինոյի ու հեռացույցի գործունեությանը, ու մանավանդ մանուկների ու պատանիների կրթությանը:

Դրույթ 12. Կրկնեմ, որ տրամաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ հայերենի մեր այսօրվա քերականության գլխավոր սահմանումները (բայի, գոյականի, ածականի ևն, տես [10-11]-ը) չեն բավարարում գիտական սահմանումներին ներկայացվող հիմնական պահանջներին:

Այդ սահմանումները, ինչպես ասվել է, կա´մ շրջելի (reciprocative) չեն, կա´մ սրանց ստորոգյալը սահմանած չի: Ուրեմն, սրանք գիտական չեն:

Դրույթ 13. Արդեն երեք տասնամյակ է, ինչ մեր լեզվաբաններին մամուլով ու իմ գրքերում ասում եմ վերը շարադրածը, ու առաջարկում եմ, որ այս հարցերը քըննարկվեն, բայց իրենք նույնիսկ մի տող հրապարակային պատասխան էլ չեն տվել:

Լա˜վ, ինձ չեն պատասխանում, թող չպատասխանեն, բայց մեր լեզվաբաններն ինչո՞ւ չեն պատասխանում Մանուկ Աբեղյանի 1936 թվի ա՛յն հայտարարությանը, թե «…Արարատ Ղարիբյանի քերականության գրքի մի քանի երեսը թերթեցի, և գտա, որ դա գրել է մի քերականորեն տգետ մարդ» (տես [4]-ը, էջ՝ 656-657-ը), ինչին հենց ինքը, Ա. Ղարիբյանը, ով ներկա էր, մի բառով անգամ չի առարկել:

Դրույթ 14. Սա Աբեղյանն ասել է Հայաստանի Լուսժողկոմատի 1936 թվի հրապարակային «քննարկման» ժամանակ (տես [4]-ը), երբ ինքը, երեք օր շարունակ քննադատելով, ջարդուփշուր է արել ՀԱՔ-երի առաջին տարբերակը, հենց Արարատ Ղարիբյանի ու նաև այն օրերի մեր մնացած բոլոր նշանավոր մտավորականների ներկայությամբ (Հրաչյա Աճառյանի ու այլոց):

Ըստ էության, ոչ մի քննարկություն էլ չի եղել, 3 օր շարունակ խոսել է միմիայն Աբեղյանը, ու ոչ մեկն Աբեղյանին ընդհատելու կամ իր ասածներին առարկելու համարձակությունը չի ունեցել, (տես [4], ՄՔՔԽՄ-ի ծանոթագրությունները):

Դրույթ 15. Երեք օր հետո, երբ Մանուկ Աբեղյանը վերջացրել է իր առարկությունները, ավելի ճիշտ՝ Ղարիբյան-Սևակյան քերականության իր սպանիչ քննադատությունը, ոչ ոք (նաև Աճառյանը) ծպտուն անգամ չի հանել, իսկ դահլիճում եղած համարյա բոլոր հեղինակավոր հայ մտավորականները որոտընդոստ ծափերով հավանել են Աբեղյանի այս եռօրյա ելույթը ([4], էջ՝ 656-657):

Բայց հաղթել են ՀԱՔ-երի հետևորդները: Հաղթել են մինչև այսօր: Հաղթել են կարծիքն ու կեղծիքը: Գիտությունը, գիտական մեթոդն ու տրամաբանությունը պարտվել են: Պարտվել են 89 տարի, անընդհատ:

Հարց 1. Մի՞թե պարզ չի, որ տգիտությունը, ինչքան ժամանակ էլ անցնի, երբեք էլ գիտություն չի դառնա: Աբեղյանի առարկությունները լույս տեսան միայն 1985 թվին, այսինքն, Աբեղյանի այդ ելույթից 49 տարի հետո միայն: Բայց լրիվ անարդյունք: Լեզվաբանական այս կեղծիքն ու տգիտությունն արդեն ամենուրեք համարվում էին ու հենց հիմա է՛լ են համարվում ճշմարտություն ու գիտություն: Ոնց որ ասում են՝ «գնացքն արդեն գնացե՛լ է»:

Ենթադրենք, մեր այսօրվա լեզվաբանները մինչև 1985 թիվը չգիտեին, որ Աբեղյանն այս կարգի կտրուկ ու հզոր առարկություն ունի այսօրվա հետաբեղյան քերականություններին (սրանք, ինչպես ասվեց, իրենց էությամբ չեն տարբերվում Ղարիբյան-Սևակյան քերականությունից. տարբերությունը միայն սրանց ահավոր «բառային աղմուկն» ու անհեթեթությունների արտառոց շատացրած քանակն է (օրինակ, «հնչերանգային ստորոգումը»):

Բա հիմա՞: Չէ՞ որ Աբեղյանի «Մի քանի քերականական խնդիրների մասին» ([4]) գործը հրատարակվելուց հետո արդեն 38 տարի է անցել, ու մեր լեզվաբանները մի բառ անգամ չեն ասում ա՛յն գիտնականին, ով արդի հայերենի գիտական տեսության հիմնադիրն է, ու ով իրենց քերականությունները համարում է տգիտություն ու կոկոզաբանություն (սրանք Աբեղյանի´ բնութագրերն են, տես [4]-ի վերջը):

5բ. Բարոյահոգեբանական խրատը

Այս ամենը ես ասացի ՀՀ ԳԱ ակադեմիայի կազմակերպած լեզվաբանական գիտաժողովին (ավելի ճիշտ, մինչև իմ 5-րդ եզրակացությունը, որովհետև սրանից հետո ինձ ընդհատեցին, ու բավական անհամ բանակռիվ սկսվեց), երբ նշվում էր Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակը, ինչին ինձ է՛լ էին հրավիրել:

Երբ «գիտաժողովի» առաջին օրվա «գիտական» քննարկությունը մեր Ակադեմիայի Կլոր սեղանի շուրջն արդեն վերջանում էր, ես դիմեցի «գիտաժողովի» նախագահ ակադեմիկոս տնտեսագետ Յուրի Սուվարյանին (sic! լեզվաբանական գիտաժողովի նախագահը՝ տնտեսագե´տ), ասելով, որ այդ ողջ ընթացքում ես լեզվաբանական ոչ մի զեկույց չլսեցի, այնինչ, Աբեղյանը նախ լեզվաբա´ն էր:

(Հանգուցյալ պրոֆեսոր Սարգիս Հարությունյանը ներկայացրեց Աբեղյանի գիտական գործունեության պատմությունը, բայց իրեն էլ չթողեցին, որ ելույթն ավարտի: Միմիայն Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի «զեկույցն» էր «լեզվաբանությանը վերաբերվում»: Այս պարոնը «զեկուցեց», որ Աբեղյանի «Հայոց լեզվի տեսության» մեջ կա չորս էջ, որոնք վերաբերում են բարբառագիտությանը: Այսինքն, այս «գիտական» ելույթի բովանդակությունը հետևյալն էր. «Աբեղյանն իր այս գործի մեջ խոսել է նաև բարբառագիտությունից»):

Պրն Սուվարյանը, լսելով իմ հարցը, վերցրեց «գիտաժողովի» տպագիր ծրագրաթերթը, բացեց դա, նայեց ելույթների ցանկին ու ասաց.

Վաղը ձեր ելույթն է (իմիջիայլոց իմ ելույթը վերջինն էր, որովհետև հայտնի էր, որ ես ֆիզիկոս եմ ու դիպլոմավոր լեզվաբան չեմ, ինքնուս եմ), ու ձեր ելույթը նվիրված է լեզվաբանությանը:

Այսինքն, լեզվաբանական գիտաժողովի լեզվաբանությանը նվիրված միակ ելույթի հեղինակը ինքնուս լեզվաբանն էր: Սա´ է պատճառը, որ ես «գիտաժողով» բառն առնում եմ չակերտների մեջ: Այդ «գիտաժողով»-ում Աբեղյանի հիմնական՝ քերականակա՛ն գործերի մասին՝ ոչ մի խոսք, միայն մերկապարանոց ու գավառա(վ)ոճ ձոն ու փառաբանություն, ինչը գիտական կոչելը չափազա´նց է դժվար:

Երբ հաջորդ օրը խնդրեցի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի այս «բարձրագույն գիտական ժողովի» անդամներին, որ իրենք ներկայացնեն ա´յն օբյեկտիվ չափանիշը, ինչով իրենք որոշում են, որ այսօրվա հայերենի լեզվաբանության դրույթները ճիշտ են, թե սխալ, «գիտաժողովի» անդամները հարձակվեցին ինձ վրա, թե՝ «եկել եք այստեղ, որ մեզ քննե՞ք»:

Սա՛ է մեր այսօրվա հայ լեզվաբանության վիճակը, ու այս գիրքը գրվել է ա՛յն հույսով, որ այս իրոք որ ողբերգական վիճակը գուցե շտկվի, քանզի մի՞թե պարզ չի, որ.

Դրույթ 1. Անհնար է, որ գիտական տեսությանը հավակնող մտքերի հավաքածուն համարվի գիտական տեսություն, քանի դեռ չունի իր թեզերի իրավացիությունը պարզող գիտական օբյեկտիվ մի չափանիշ, ու քանի դեռ իր հիմնական սահմանումները չեն բավարարում տրամաբանության պահանջներին:

Առաջին մասը

ԳԻՏԵ՞ՆՔ ԱՐԴՅՈՔ, ԹԵ Ի´ՆՉՆ Է ՀԱՅԵՐԵՆ

Գլուխ 1. Ի՞ՆՉ Է ԼԵԶՈՒՆ ՈՒ Ի՞ՆՉՆ Է ՀԱՅԵՐԵՆԸ

1.1 Լեզուն ինքնակառավար ու անդադար պրոցես է

Դրույթ 1. Լեզուն մարդկային արարմունքի այն ունիվերսալ ու սպոնտան (ինքնին) պրոցես-միջոցն է, ինչը հնար է տալիս, որ ձեռք բերովի ինֆորմացիան նվազագույն դժվարությամբ փոխանակվի, կուտակվի ու բանավոր ժառանգվի:

Դրույթ 2. Լեզուն այնպիսի սպոնտան պրոցես է, ինչն իր էությամբ իսկ փոփոխական է ու չի կարող չփոխվի, ինչպես որ ծառը չի կարող չփոխվի ու ծառի պես էլ, այնուամենայնիվ, փոխվելով՝ չի փոխվում, մնում է նույն լեզուն (ծառն էլ՝ փոխվելով՝ չի փոխվում, մնում է նույն ծառը: Մեր ծիրանի ծառը այս տարի է´լ է մեր ծիրանի ծառը):

Դրույթ 3. Աշխարհում «մաքուր» լեզու-պրոցես չի եղել, չկա ու չի կարող լինի:

Ցանկացած լեզվի արմատների թերևս 60%-ը փոխառություն է:

Դրույթ 4. Օտար բառ փոխ առնելը լեզվական պրոցեսի «շնչառությունն է»: Լեզուն, առանց օտար բառերի փոխառության, կկորցնի կյանքի նոր իրադրություններին շատ արագ հարմարվելու իր ունակությունն ու կմեռնի:

Դրույթ 5. Բառերի փոխառությունը չի փոխում լեզու-պրոցեսը ([40, էջ 84]): Բառերի փոխառության դեմ պայքարելը նշանակում է՝ պայքարես լեզվական պրոցեսի շնչառությա´ն, այսինքն, լեզվի հենց կենդանությա´ն դեմ:

Շատ կլսես, թե Հայաստանի հայերի իբր մեծ մասը, մանավանդ հայ ջահելները, նույնիսկ ֆիզմաթի գերազանցիկները, «հայերեն չգիտեն» կամ «սխալ հայերենով են խոսում»: Որ այդպես է, սա ասողներին մի քանի հարց ունեմ:

Հարց 1. Հայերենը, անկասկած, հայերի մայրենի լեզուն է: Մի՞թե հայերն այնքան անընդունակ են, որ իրենց մայրենի լեզուն էլ չեն կարող սովորե՞ն ու սրա ուսումը պիտի շարունակեն իրենց համալսարաններում:

Հարց 2. Վերևի հարցից մի տարօրինակ եզրակացություն է բխում: Եթե հայը միայն համալսարաններում է ավարտում իր մայրենի լեզվի ուսումը, ուրեմն, ա´յն հայերը, ովքեր համալսարան չեն ընդունվում (այսինքն, հայերի մեծ մասը), այդպես էլ բավարար չե՞ն յուրացնում իրենց մայրենի լեզուն:

Հարց 3. Արդյո՞ք երևանցինե՛րը, օշականցինե´րը ու առհասարակ՝ Արարատյան բարբառի կրողնե՛րը, սալմաստցիների հետնորդնե՛րը, Շիրակի ավազանի բնակիչնե՛րը, ղարաբաղցինե՛րը ևն հայերեն չեն խոսում կամ հայերեն սխալ են խոսում:

Հարց 4. Ախր ո՞նց է հնարավոր, որ սրա պես բան լինի: Հիմա սա ասողները որ մեր այս հայերեն իբր սխալ խոսողների «սխալ հայերենի» չափ անգլերեն իմանային, չէ՞ին ասի, թե «սքանչելի անգլերեն գիտեն»:

Իհա՛րկե կասեին ու ճիշտ կլինեին:

Դրույթ 6. Մեր այսօրվա գործող բոլո՛ր բարբառներն էլ հայերեն են, ու սրանք (իրենց ծագելուց հետո) միշտ է՛լ հայերեն են եղել, սրանք բոլորն է՛լ լեզու են ու առաջ է՛լ են լեզու եղել:

Դրույթ 7. Կենդանի լեզուն, այսինքն, ամեն մի բարբառը, մի պրոցե´ս է, լեզվակա´ն պրոցես է, ինչին պարտադիր մասնակից է այդ լեզվական հանրության ամեն մի անդամը, որովհետև անհնար է, որ հանրության որևէ անդամը չխոսի (եթե համըր չի):

Այնինչ.

Դրույթ 8. Մեր այսօրվա համարյա բոլոր լեզվաբաններն ու բոլոր ուսյալները, «հայերեն լեզու», մանավանդ, «հայերեն մայրենի լեզու» ասելով, միշտ նկատի ունեն միայն և միայն մեր գրական ոճերը, միայն և միայն մեր այսօրվա դասագրքերի ու հայ հեղինակների «հեղինակային խոսքի» շարադրանքը, ինչին հայերենով խոսող ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ՄԱՍՆԱԿԻՑ ՉԻ:

Բայց.

Դրույթ 9. Եթե «հայերեն մայրենի լեզու» ասելով հասկանանք միմիայն մեր գրական ոճերը, անխուսափ կհասնենք ա´յն եզրակացությանը, որ (օրինակ) վերջին մի քանի դարում մինչև 1858 թիվը այս աշխարհում այս հայերեն մայրենի լեզվով ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ԽՈՍԵԼ, քանի որ մինչև 1858 թիվը մեր այսօրվա «մայրենի հայերեն լեզուն» ուղղակի չկար:

Ուրեմն.

Դրույթ 10. Գրական ոճերի ամբողջությունը հայերեն լեզու համարելը կոպիտ սխալ է, որովհետև սա, լեզվի կենդանի պրոցեսի համեմատ, չափազա´նց է մասնակի, չափազա´նց է անհամասեռ, չափազա´նց է ոչ ռեֆլեքսային (այսինքն, չափազա´նց է պահանջում տրամաբանության կիրառությունը), չափազա´նց է դժվար կիրառելի, չափազա´նց է բռնազբոս, չափազա´նց է թերի, չափազանց է արհեստական ու անկատար: Սրա հատկությունները կենդանի լեզվի (բարբառների) հատկությունների հետ նույնացնելը գիտությանը վայել վերաբերմունք չի:

Դրույթ 11. Մեր հայատառ բոլո՛ր գրվածքները՝ թե՛ հին, թե՛ նոր, ընդամենը ոճ են ու կենդանի բարբառների կարևոր հատկություններից մի քանիսը չունեն, ու ունեն ասված բոլոր այս «չափազանցները»:

Ու հենց սրա համար էլ մեր գրական «լեզու» կոչվածը «այնքան էլ» լեզու չի, որովհետև լեզվից պակաս է ու լեզվից էլ ահագին է տարբեր իր՝ հայերեններին խորթ կամ լրիվ օտար երևույթների պատճառով:

(Հետագա շարադրանքը նաև մանրամասն քննարկում է հայերեններին խորթ այս երևույթների մեծ մասը): Սրա համար էլ.

Դրույթ 12. Ճիշտ կլիներ, որ «գրական լեզու» տերմինի տեղն ասվեր «գրական ոճեր», ու այս գրքում այսպես է՛լ արվում է:

Ուրեմն, ի՞նչ է հայերենը:

Դրույթ 13. Հայերենն ա՛յն լեզուն է, ինչով հայերն են խոսում (կամ խոսել են), այս լեզուն յուրացնելով բանավոր եղանակով, սկսած բարուրից, առաջին հերթին՝ իրենց ՄԱՅՐԵՐԻՑ ու խաղընկերներից, ու այնքա՛ն լավ են յուրացնում, որ հանրության մեջ գործածում են ռեֆլեքսով, առանց մտածելու, ըստ էության, առանց տըրամաբանական վերլուծությանը դիմելու:

Սրա համար էլ այս եղանակով յուրացրած լեզվին ասում են «ՄԱՅՐԵՆԻ՛ լեզու»:

Ուրեմն, մեր այսօրվա բոլոր բարբառներն է՛լ, սրանց հետ էլ նաև Երևանի՛ բարբառը, հայերեն լեզու են: Կնշանակի, ճիշտ կլինի, եթե «հայերեն լեզու» տերմինի փոխարեն գիտությունը գործածի «հայերեն լեզուներ» տերմինը:

Դրույթ 14. Ասված իմաստով մեր գրական ոճերը (գրական «լեզուն») հայերի մայրենի լեզուն չեն, չնայած հայերե՛ն են:

Ինչո՞ւ: Որովհետև.

ա. Իսկական լեզուն, այսինքն, մայրենի լեզուն սովորում են բանավոր (երեխայի մա՛յրն է սովորեցնում, հարազատնե´րը, հետո էլ՝ իր խաղընկերնե´րը):

բ. Հետո, իսկական լեզվով խոսող գոնե մի գյուղ է լինում, իսկ մեր գրականով խոսող մի փոքրիկ գյուղ էլ չկա այս աշխարհում: Այստեղից իսկույն հետևում է, որ.

Դրույթ 15. Հայերի պետական կոչված լեզուն հայերի մայրենի լեզուն չի, չնայած հայերեն է, ավելի ճիշտ, հայերենի աղավաղ կամ կոտրատված տարբերակների համախումբն է:

Ինչպե՞ս ենք իմանում, որ որևէ մեկի մայրենի լեզուն հայերեն չի: Մենք սա իսկո՛ւյն ենք իմանում, հենց որ նման մեկը խոսում է, որովհետև այդ ժամանակ, մեր ուղեղներում գրված հայերենի լեզվական (մտապատկերների) մատրիցների հետ համեմատելու ռեֆլեքսով, իսկո´ւյն ենք զգում, որ մեր պես չի խոսում:

Սա զգում ենք, նույնիսկ երբ այդ մարդու ու մեր խոսքի տարբերությունը չնչին է, նույնիսկ երբ այս տարբերությունը մի աննշան արտասանություն է կամ մի աննըշան քերականական տարբերություն է:

Օրինակ, երբ մեկն անընդհատ ասում է. «Էտքա՛ն ուրախ էի, որ ասել չի ըլնի», փոխանակ ասի. «Էնքա՛ն ուրախ էի, որ ասել չի ըլնի», այս մի «տ»-ով նշանակվող հնչյունի սխալ գործածությունից իսկո´ւյն ենք իմանում, որ այս մարդու բարուրից սովորած լեզուն հայերենը չի եղել:

Ուրեմն, այսօր լեզվական ո՞ր երևույթը այսօրվա հայաձև չի:

Դրույթ 16. Լեզվական ա՛յն երևույթն այսօրվա հայերենից չի, ինչն այսօրվա որևէ հայերենի կրողների մեծագույն մասը չի գործածում:

Դրույթ 17. Այսօր (ճիշտ ու ընտիր) այսօրվա հայերեն է ա՛յն ամենը, ինչն այսօրվա որևէ հայերենի կրողների մեծագույն մասը գործածում է, գործածում է անբռնազբոս, առանց տրամաբանական վերլուծության հետևելով իր խոսքի ճիշտ կամ սխալ լինելուն, գործածում է առավոտից իրիկուն, գործածում է ռեֆլեքսով:

Դրույթ 18. Հայերենության ուրիշ չափանիշ չկա:

Օրինակ, Երևանի այսօրվա բարբառում հայաձև չեն կամ աղավաղ հայերեն են հետևյալ երևույթները. «ուզում եմ խաղալ, կարող եմ խաղալ, պիտի խաղալ, 25 սիրուն աղջիկներ եկան, եփեց, եկավ, երկու, երեկ, երես, պտուտակամայր, հեղույս, վարդակ, խրոց» ու սրանց պես ուրիշ շատ բառ:

Սրանք ինչո՞ւ ճիշտ հայերեն չեն ու կամ սրանք ինչո՞ւ են աղավաղ կամ կոտրատված հայերեն:

Սրանք աղավաղ կամ կոտրատված հայերեն են, որովհետև Երևանի բարբառի կըրողները սրանք չեն գործածում: Երևանի բարբառի կրողները սրանց փոխարեն գործածում են սրանց հետևյալ հայերեն տարբերակները. «ուզում եմ խաղամ, կարամ խաղամ, պտի խաղամ, 25 սիրուն աղջիկ էկավ, էփեց, էկավ, էրկու, էրեկ, էրես, գայկա, բոլտ, շտեպցել, վիլկա»:

Սրանց նախորդ ձևերը, անկասկած, հայերեն են, բայց աղավաղ, կամ կոտրատված, կամ մեռած, կամ արհեստական հայերեն են:

Ովքե՞ր են որևէ բարբառի կրողները:

Դրույթ 19. Բարբառի կրողն ա՛յն մարդն է, ով խոսում է իր մայրենի լեզվով, այսինքն, խոսում է բանավոր եղանակով յուրացրած բարբառով, այս բարբառով խոսում է ռեֆլեքսով, առանց տրամաբանական վերլուծությանը դիմելու, ու ում լեզուն դեռ աղավաղված չի գրական ոճերով:

Ուրեմն, որևէ բարբառի ճշմարիտ կրողները են՝ նախադպրոցական մանուկները, դպրոցական երեխաներն ու ա՛յն մեծահասակները, ովքեր գիր ու գրականության հետ հավես չունեն, այսինքն, բարբառի կրողները ու, առաջին հերթին, հենց թերուսնե՛րն են:

Քիչ հետո բարբառ կրողների մասին ավելի մանրամասն կասվի:

1.2 Լեզուն ինչի՞ համար է

Մերոնք շատ անգամ մոռանում են մի պարզ բան: Մոռանում են, թե լեզուն, մարդկայի՛ն լեզուն, ինչի համար է:

Դրույթ 1. Լեզուն մարդկային հասարակության ամեն մի անդամի ամենայն արարմունքը (այսինքն, գործունեությունը) հնչավորելու համար է: Ուրեմն, լեզուն մարդկային հանրության անդամների համակեցությանը նպաստող հասարակական երևույթ է:

Ռոբինզոն Կռուզոյին լեզուն պետք չէր, մինչև Ուրբաթին հանդիպելը:

Լեզուն այն բանի համար է, որ մարդը խոսի իր լեզվակիցների հետ, ու սրանք էլ իրեն լսեն ու իր ասածները հասկանան ու իր հետ խոսեն ու իր ասածները հիշեն, ու հետո էլ, իրենց ուզած ժամանակ, այդ հիշածները նորից ասեն:

Նաև լեզուն ա՛յն բանի համար է, որ մարդը կարենա լեզվով մտածի, որովհետև լեզվով, այսինքն՝ բառերով մտածելը երևի շատ ու շատ ավելի հեշտ ու բեղուն է, քան թե կենդանիների պես մտապատկերներով «մտածելը»:

Նաև լեզուն մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, փիլիսոփայության ու, առհասարակ, գիտական շարադրանքների համար է, պոեզիա ու արձակ գրելու համար է ևն, բայց հե՛շտ գրելու, որ կարդացողն է՛լ հեշտ հասկանա: Պարզ է նաև, որ.

Դրույթ 2. Մարդն ինչքան հեշտ խոսի ու ինչքան հեշտ մտածի, ինչքան հեշտ գրի, այնքան ավելի լավ:

Բայց մեր մտավորականների մեծագույն մասը, մեծ մասամբ, ա´յն մոլորվածները, ովքեր, առանց լեզվաբանություն ուսումնասիրելու, համոզված են, որ գիտեն, թե լեզուն ինչ է ու համոզված են, որ իրենք գիտեն լեզվաբանության հիմունքները (մանավանդ թունդ «լեզվահայրենասեր մտավորականները»), այս վերևի ասածներիս ընդամենը մի պահանջ են ավելացնում:

Սրանք պահանջում են, որ բոլոր հայերը ոչ թե ուղղակի խոսեն, այլ խոսեն «ընտի´ր հայերենով», լսեն այս «ընտի´ր հայերենը», հիշեն այս «ընտի´ր հայերենը», մանավանդ՝ գրե՛ն այս «ընտի´ր հայերենը», հետո նորից խոսեն այս «ընտի´ր հայերենով» ևն, ևն:

«Ընտիր հայերենով» խոսելու ու գրելու այս մի հատիկ պահանջը լրիվ ոչնչացնում է լեզուն կիրառելու, այսինքն, խոսելու հենց գաղափարը, որովհետև խոսելը, այսինքըն, լեզվական պրոցեսը, հիմնված է երկու կարևորագույն օրենքի վրա:

Թեորեմ 1. Մարդն իր մայրենի լեզվով խոսում է նվազագույն ճիգ գործադրելով, ռեֆլեքսով: Այսինքն, լեզվական պրոցեսը հիմնված է նվազագույն էներգիա ծախսելու վրա, որովհետև մարդը (ըստ Միզեսի աքսիոմի, տես 7.1-ը) խոսում է, որ նեղություններից ազատվի, ուրեմն, խոսելու ճիգն էլ պիտի լինի նվազագույնը, ճիգն է´լ է նեղություն:

Թեորեմ 2. Միզեսի աքսիոմից հետևում է նաև, որ թույլատրելի է, որ լեզվական հանրության անդամը, խոսելիս, մանրիկ, բայց հանրության համար աննկատ սըխալներ անի, ընդ որում, այս սխալները կարող են լինեն, թե՛ հնչյունական, թե՛ ձևաբանական, թե՛ շարահյուսական:

Շարքային ուսյալը ո´չ լեզվի պատմության մասնագետ է, ո´չ գրականության, ո´չ քերականության, ոչ է´լ ոճաբանության:

Դրույթ 3. Շարքային մարդը, առհասարակ, առաջնորդվում է իր կյանքի փորձից ստացած կամ դպրոցական կիսատ-պռատ գիտելիքով ու գիր-գրականությունից քաղած իր բոլորովին էլ ոչ ֆունդամենտալ գիտելիքներով:

Սրա համար էլ շարքային մարդը շատ հեշտ է մոլորվում այն կեղծ տեսությունների անտառում, որոնք այսօր հեղեղել են մեր համալսարաններն ու դպրոցները, հեռացույցը, ռադիոն ու թատրոնը, մեր այսօրվա ողջ մամուլն ու հայալեզու գրականությունը:

Լեզվաբանությունը (ու ոչ միայն սա) մի տարօրինակ հատկություն ունի:

Դրույթ 4. Բոլոր այն ուսյալները, ովքեր սովորել ու վարժվել են իրենց մայրենի լեզվին հիմնված գրական ոճերին, այսինքն, քիչ թե շատ յուրացրել են իրենց մայրենու գրական շտամպը, համարում են, թե իրենք արդեն լրիվ իրավունք ունեն խրատելու կամ դաս տալու բոլոր այն մարդկանց, ովքեր շեղվում են այս գրական շտամպից, օրինակ, խոսում ու մանավանդ գրում են այս շտամպի հիմք բարբառով:

Ասվածը մի քիչ մանրամասնեմ:

Օրինակ, տեսնելը, մեծ մասամբ, օպտիկական պրոցես է, իսկ թե ի´նչ բարդագույն պատճառ-հետևանքային փոփոխություններ են լինում, երբ տեսողական ինֆորմացիան աչքերից հասնում է ուղեղի նեյրոններին ու ինչ է կատարվում այս նեյրոններում, երբ մարդն ունենում է տեսնելու զգայնությունն ու հիշում է տեսածը, մեծ մասամբ, անհայտ է (տես 9-րդ գլուխը):

Մարդու աչքն օպտիկական անսահման բարդ սարք է, ու սրա տեխնիկական նըմանակը սարքելն առայժմ անհնար է: Ու այս աչքն այնքան նուրբ սարք է, որ սա լույսի նույնիսկ երկու քվանտի լուսավորվածությո՛ւնն է տարբերում մեկ քվանտի լուսավորությունից:

Նույնքան բարդ ու նուրբ է մարդու «ակուստիկական գործիքը»՝ ականջը, բայց նորից՝ թե ի՛նչ բարդագույն ձևափոխություններ են լինում, երբ լսողական ինֆորմացիան ականջերից հասնում է ուղեղի նեյրոններին, ու առաջանում է լսելու զգայությունը, մեծ մասամբ, նույնպես անհայտ է:

Ոմանք (օրինակ, սպորտսմենները) շատ ու շատ վարժ ու բարդագույն մեխանիկական գործողություններ են անում:

Մարդու ուղեղում հազար ու մի ֆիզիկաքիմիական ու բիոլոգիական պրոցես (դասական ու քվանտային) է ընթանում, իսկ քայլելը, վազելը, լող տալը մեխանիկական պրոցես են: Այս պրոցեսները մարդիկ անում են ռեֆլեքսով ու մի մասն էլ բնազդով ու սրանց հոյակապ են տիրապետում (թե որ առողջ են):

Բայց թե որ մարդը պրոֆեսիոնալ ֆիզիկոս, քիմիկոս, բիոլոգ, մեխանիկ (ևն) չըլինի, ռիսկ կանի՞ հայտարարի, թե ինքը օպտիկայի կամ ակուստիկայի մասնագետ է, կամ մեխանիկ է, կամ քիմիկոս է ևն, հենց միայն ա՛յն պատճառով, որ իր օրգանիզմը ասածըս ֆիզիկոքիմիական ու բիոլոգիական, օպտիկական, ակուստիկական կամ մեխանիկական պրոցեսները հոյակապ է անում: Իհարկե, ռիսկ չի անի: Այնինչ.

Դրույթ 5. Համարյա բոլորն են համոզված, որ իրենք իրավունք ունեն լեզվաբանությունից ու գրական ոճերի տեսության հարցերից ուրիշներին (մանավանդ բարբառներով, այսինքն, իրենց մայրենի լեզվով խոսողներին) խրատեն հենց միայն ա՛յն պատճառով, որ յուրացրել են մեր այս գրական ոճերը, գրական շտամպը, այսինքն, այս աղավաղ կամ կոտրատված հայերենը:

Քայլելն է՛լ են սովորում, մեր գրական շտամպն է՛լ: Բայց քայլելը մարդը այնքան լավ է սովորում, որ սովորելուց հետո արդեն այնպիսի´ գերազանց ռեֆլեքսով է քայլում, ինչն իր զորությամբ հավասար է բնազդին: Մարդը իր մայրենի լեզուն, այսինքըն՝ բարբառը, ճի՛շտ այսքան գերազանց է սովորում:

Ասածս նույն չափով վերաբերում է թե՛ պատմության, թե՛ տնտեսագիտության, թե՛ իրավագիտության, թե՛ բարոյագիտության, թե՛ սահմանադրագիտության դիլետանտական կարծիքներին:

Այսինքն, ուսյալների մեծագույն մասը համարում է, որ ինքը գոնե այնքա՛ն է լեզվաբան, պատմաբան, տնտեսագետ, իրավաբան, բարոյագետ, սահմանադրագետ ևն, որ ուրիշներին այս ասպարեզներում խրատելու կամ ուղղորդելու իրավունքն ունի՛:

Սա, անկասկած, սխալ է, ու սա հայերենի մայրենի բարբառներն ու, առհասարակ, գիտությունն արհամարհելու կամ սխալ գնահատելու գլխավոր պատճառներից մեկն է:

Ու սա վտանգավոր է նաև այն պատճառով, որ սա բուն լեզվաբանական խընդիրները դարձնում է քաղաքական, օրինակ, պահանջում է, որ խոսողը լեզվական պրոցեսի հատկություններին հակառակ գնա՝ հանուն «մայրենի լեզվի անաղարտության» կամ հանուն «հայրենասիրության», ինչն իրականում նշանակում է՝ հանուն գրական շտամպի, ուրեմն, հանուն աղավաղ հայերենի:

Այս գրքի գլխավոր նպատակներից մեկը «լեզվաբանական-քաղաքական» նաև հենց ա´յս մոլորությունը դիմակազերծելն ու Մանուկ Աբեղյանի գիտական քերականության վարկը վերականգնելն է:

1.3 Լեզվի սխալականությունը

Ասվեց, որ մարդիկ իրարից տարբեր են, ու անհատների խոսքերն է՛լ են իրարից տարբեր: Սա մենք զգում ենք միայն ա՛յն ժամանակ, երբ մի շնորհալի դերասան մի հայտնի մարդու տնազն է անում:

Նույնիսկ նույն մարդը նույն բանը տարբեր առիթներով, համարյա միշտ, տարբեր ձևով է ասում, թեկուզ չնչին չափով, բայց տարբեր:

Դրույթ 1. Լեզվական հանրության անդամը խոսում է հանրության լեզվի կայուն ու «միջին» ձևերից թեթևակի շեղմունքներով կամ «սխալներով»: Եթե անհատի խոսքի այս բնական ու անկապտելի սխալականությունը չլիներ, լեզուն, հենց ի՛նքը՝ լեզվական պրոցե՛սը, ուղղակի անհնար կլիներ:

Դրույթ 2. Սխալականությունը, առահասարակ, ի բնե հատուկ է մարդուն, ու եթե մարդու սխալականությունը չլիներ, մարդկային «առաջընթացը» չէր լինի [46]:

Անհնար է նույնիսկ պատկերացնելը, թե հնարավո՞ր է մարդկային այնպիսի հանրություն, ինչի բոլոր անդամները երբեք չեն սխալվում:

Լեզվի համար սա մանավա´նդ է նկատելի ու ակնհայտ, բայց մեր լեզվաբանները, մեկ է, պահանջում են, որ «բոլորը խոսեն անսխալ ու ընտիր հայերենով»: Մեր նույնիսկ հզոր գրողները երբեք էլ «ընտիր հայերենով» չեն խոսել ու չէին էլ կարող:

Դրույթ 3. Նորմալ մարդը խոսում է, որ իր ասածը ընդամենը հասկանան, ոչ թե իր խոսացածով հիանան ու ասեն. «Տե՛ս է, էս ի՛նչ սքանչելի ու ընտիր հայերենով ա խոսում էս մարդը»:

Անկասկած է, որ Հայաստանի մեր հայ մանուկները արդեն մոտ հինգ տարեկանում հիանալի գիտեն իրենց մայրենի լեզուները, իրենց մայրենի բարբառները (ճիշտ այնպե՛ս, ինչպես որ, օրինակ, անգլիացի հինգ տարեկան մանուկները հիանալի գիտեն իրենց մայրենի անգլերենները): Գիտեն, որովհետև հայ են:

Դրույթ 4. Լեզվի ի բնե սխալականության այս հատկությունը, այսինքն, լեզվական հանրության անդամի աննկատելի սխալներով խոսելու այս չգրված ու անգիտակից իրավունքը, չափազանց է կարևոր, քանզի հենց այս սխալականությո´ւնն է ապահովում նվազագույն ճիգով խոսելու հնարավորությունը:

Ամեն մարդ լեզվաբանության պրոֆեսոր չի, որ իմանա, թե ինչպես «անսխալ կիրառի» իր իսկ մայրենի լեզվի հնչյունաբանությունը, ձևաբանությունը ու շարահյուսությունը:

Դրույթ 5. Եթե սխալվելու հնարավորությունը չլիներ, խոսելիս մարդը պիտի անընդհատ դիմեր տրամաբանությանն ու լեզվաբանությանը, որ սխալ չխոսեր:

Անսխալ խոսելու համար շարքային մարդը պիտի մաթեմատիկոսներ՝ Կանտորի, Գաուսի, Էյլերի, Կոշիի, Ֆրեգեի, Վայտհեդի, Բ. Ռասելի կամ Գյոդելի պես հմուտ տըրամաբան լիներ, ու նաև Սոսյուրի, Աբեղյանի ու մնացած հռչակավոր երիտքերականների պես էլ հմուտ լեզվաբան, որ խոսելիս ավտոմատով կիրառեր տրամաբանության ու լեզվաբանության օրենքները ու խոսեր «ընտիր հայերենով»:

Սրա համար էլ.

Դրույթ 6. Բնական էվոլյուցիայով ստեղծված լեզուները, բոլորն էլ, առանց բացառության, հնարավորություն են տալիս, որ անհատական լեզուները սխալական լինեն, թե չէ՝ խոսելը ուղղակի անհնար կլիներ:

Դրույթ 7. Լեզվի սխալականության այս հնարավորությունն ու «սխալ խոսելու» այս իրավունքը ուղղակի մի ֆանտաստիկ հրաշալի բան է, որովհետև հենց սա է թույլ տալիս, որ մարդն իր մայրենի լեզվով խոսի ավտոմատով, «առանց մտածելու», ռեֆլեքսով, այսինքն, խոսի՝ առանց ամեն վայրկյան դիմելու տրամաբանությանն ու լեզվաբանությանը:

Երբ մայրը կեսգիշերին վեր է կացել, որ լացող մանուկին սփոփի, կամ իր մանուկի կեղտոտած շորը փոխի, անհնար է, որ իր զավակի հետ մայրական քնքուշ գորովանքով խոսելիս, տրամաբանություն ու լեզվաբանություն կիրառելով, հոգ տանի, որ խոսի «ոսկեղենիկ ընտիր ու անաղարտ հայերենով» ու հանկարծ չսխալվի:

Ասենք թե դաշտում քայլող երկու ընկերոջից մեկը չի նկատում, որ ոտը բարձրացրել է ու ուր որ է՝ ոտը կդնի մարդկային թարմ էքսկրեմենտի վրա:

Եթե սրա ընկերը, ով նկատել է սա, մտածի, որ պիտի իր ընկերոջը «ընտիր հայերենով» զգուշացնի, որ սա ոտը չդնի այդ էքսկրեմենտի վրա ու մինչև տրամաբանություն ու լեզվաբանություն կիրառելով հիշի, որ «ընտիր հայերենով» մարդկային էքսկրեմենտին ասում են «կղկղանք» կամ «արտաթորանք», կամ էլ հենց այս «էքսկրեմենտ» բառը, ընկերը արդեն ընկած կլինի այդ «ընտիր էքսկրեմենտի» մեջ:

Սրա համար է, որ ընկերը, իսկույն ու առանց վայրկյան անգամ տատանվելու կասի. «Ընգնում ես քա´քը, զգո´ւշ», գործածելով այս (իմիջիայլոց, բնիկ հայերեն ու իրո´ք ընտիր) «քաք» բառը, ինչը, համոզված եմ, շատ ավելի վայելուչ ու կարգին է, քան թե «կղկղանք» կամ «արտաթորանք» իմ համար զզվելի բառերը:

Սա´ է լեզուն, սա´ է լեզվական պրոցեսի էությունը – նվազագույն ճիգն ու ավտոմատով խոսելը, որովհետև.

Դրույթ 8. Լեզվական պրոցեսը ինֆորմացիան առավել հեշտ ու առավել արագ փոխանակելու համար է, ու խոսողը հենց սրա համար էլ տրամաբանության ու լեզվաբանության կարիքը չունի, որովհետև գործածում է բարուրից յուրացրած ու արդեն ռեֆլեքս դարձած լեզվական կաղապարները:

Գործածում է ճիշտ նույնքան ավտոմատով, ինչպես որ գործածում է մանկուց յուրացրած քայլելու օրենքները, որովհետև քայլելն էլ է սովորել ու սովորել է համարյա նույնքան դժվար (փորձ ու սխալի մեթոդով), ինչքան խոսելը:

Պատկերացնո՞ւմ եք, որ մեզ ստիպեին, որ քայլելիս բոլորս էլ քայլեինք «ընտիր հայերեն քայլելու» օրենքներով, օրինակ, Խաչատրյանի «Գայանե» բալետի պարող-պարուհիների պես, որովհետև, ըստ «քայլելու պետական օրենքի», ընտիր «հայերեն ոսկեղենիկ քայլելու» ձևը իբր միայն դա է:

Պատկերացնո՞ւմ եք, որ մեզ անընդհա´տ, ամե´ն քայլափոխին նախատեին ու ասեին. «Սխա´լ ես քայլում: Ընտիր ու ոսկեղենիկ պետական հայերենո´վ քայլիր»:

Մեր գրական ոճերի ջատագովները սա չեն հասկանում, չեն հասկանում, որ.

Դրույթ 9. Լեզուն ռեֆլեքսո´վ խոսելու համար է, ու «ընտիր հայերենի» պահանջը հակագիտական է, ու ուղղակի անհնար է ու անհեթեթ:

Սրանք չեն հասկանում, թե լեզուն ինչի համար է, ինչքան էլ որ սա տարօրինակ ու անհավատալի լինի:

Ու մեր նույնիսկ երևանցի մանուկները դպրոցում ուղղակի տանջվում են, որովհետև հենց որ փորձում են խոսեն ռեֆլեքսով, խոսեն իրե´նց մայրենի հայերեն լեզվով, այսինքն, Երևանի բարբառով, ու մի բան ասեն, դասատուները սրանց «տեռորի են ենթարկում», այսինքն, պահանջում են, որ «ընտիր հայերենով» խոսեն, խոսեն այնպե՛ս, ինչպես համարյա ոչ մի հայ անբռնազբոս ու առավոտից իրիկուն չի խոսում: Այսինքն.

Դրույթ 10. Ուսուցիչները պահանջում են, որ մեր մանուկները մաքուր հայերենով չխոսեն: Ուսուցիչները պահանջում են, որ մեր մանուկները խոսեն աղավաղ կամ կոտրատված հայերենով, որովհետև մեր գրական ոճերն աղավաղ կամ կոտրատված հայերեն են (ինչը հետո ցույց կտրվի):

Մերոնք չեն ուզում, որ ուղղակի ֆիզիկա, կա՛մ մաթեմատիկա, կա՛մ քիմիա, կա՛մ կենսաբանություն, կա՛մ աշխարագրություն սովորեցնեն: Մերոնք ուզում են այս ֆիզիկան սովորեցնեն «ընտիր հայերենով», այս մաթեմատիկան սովորեցնեն «ընտիր հայերենով», այս քիմիան սովորեցնեն «ընտիր հայերենով», այս կենսաբանությունն ու աշխարհագրությունը սովորեցնեն «ընտիր հայերենով» ևն:

Ու մեր մանուկները, համարյա միշտ, ոչ ա´յս առարկաներն են են սովորում, ոչ է՛լ այս «ընտիր հայերենը»: Չեն սովորում, մեծ մասով, հենց այս «ընտիր հայերենի» պահանջի պատճառով:

1.4 Գրական ոճերը, մեծ մասամբ, աղավաղ հայերեն են

Մեր գրական ոճերի ջատագովները մի պարզ ու ակնհայտ բան չեն հասկանում:

Մեր գրական ոճերի ջատագովները չեն հասկանում, որ.

Աքսիոմ 1. Հայերենը հենց ա՛յն լեզուն է, ինչով որ հենց հայե՛րն են խոսում:

Այս աքսիոմի ճշմարտացիությունն իսկույն կերևա, հենց որ սա ժխտենք. «Հայերի խոսացած լեզուն հայերեն չի», որովհետև իսկույն հարց կծագի. «Բա ինչերե՞ն ա»:

Դրույթ 1. Նախորդ դրույթից պարտադիր է բխում, որ երևանցիները խոսում են իրենց մայրենի բարբառով ու ա´նպայման են խոսում «մաքուր» հայերենով:

Ու եթե մեր գրական ոճերի ջատագովները չեն հասկանում, որ եթե հայերը իրենց ուզած այս «ընտիր հայերենով» չեն խոսում, ուրեմն.

Դրույթ 2. Մեր մտավորականների ուզած «ընտիր հայերենը», այսինքն, մեր այս գրական կոչված «լեզուն», հայերի մայրենի լեզուն չի, չնայած հայերեն է, ընդ որում, աղավաղ հայերեն է: Աղավաղ է հենց այն պատճառով, որ հայերի խոսացածից տարբեր է: Կա՞ աղավաղության որևէ ուրիշ մի չափանիշ:

Ասվեց, որ շատ անգամ (իրոք՝ շատ) ասում են, թե (օրինակ ու նույնիսկ) երևանցինե՛րը հայերեն չեն խոսում կամ հայերեն վատ են խոսում:

Հարց 1. Լա˜վ, եթե հայերը, մանավանդ երևանցինե՛րը, հայերեն չեն խոսում կամ հայերեն վատ են խոսում բա այս աշխարհում ո՞վ է հայերեն լավ խոսում, թուրքե՞րը, չինացինե՞րը, նենեցնե՞րը, թե՞ էսկիմոսները:

Ինչքան էլ տարօրինակ լինի, այս հասարակ հարցն առաջին անգամ ի՛մ մտքում ծագեց մոտ մի քսան տարի առաջ: Չեմ հիշում, որ հայ իրականության մեջ այս հարցը երբևէ տրված լինի:

Ահա մի քանի այսպիսի, անսպասելի հարց էլ (տես նաև «Մի քանի հարց» վերնագիրը):

Հարց 2. Թե որ հայերը սխալ հայերենով են խոսում, բա հայերն առհասարակ առաջին անգամ ումի՞ց են ճիշտ հայերենը սովորել, որ հետո իբր անշնորհքավարի աղավաղել ու դարձրել են սխալ:

Հարց 3. Թե որ հայերը հայերեն սխալ են խոսում, ուրեմն, ի՞նչ է, հայերը հայ չե՞ն, որովհետև որևէ լեզվով միմիայն այլազգիներն են սխալ խոսում:

Հարց 4. Հայերը ե՞րբ են ճիշտ հայերենով խոսել, որովհետև Մաշտոցից ընդամենը երկու-երեք տասնյակ տարի հետո մեր հունաբան հեղինակներն է՛լ էին պնդում, թե «հայերը խոսում են ռամիկ լեզվով»:

Դրույթ 3. Մեր գրական ոճերը, համարյա միշտ, աղավաղ հայերեն են ու իսկական հայերենից, ա՛յն հայերենից, ինչով հայերն են խոսում ու ինչին անտեղյակներն ասում են «փողոցի լեզու» կամ «ժարգոն», ահագի´ն են հեռու:

Ինչո՞ւ են հեռու: Գլխավոր պատճառն այն է, որ.

Դրույթ 4. Գրական ոճերը տվյալ լեզվական հանրության լեզվական պրոցեսի անմիջական մասնակիցը չեն ու անալոգիայի մեխանիզմը չի մաքրում վերացնում սրանց խոշոր տարբերությունները բարբառից:

Երկրորդը պատճառը.

Դրույթ 5. Հայերի ոչ մի գյուղը կամ քաղաքը գրական ոճերով չի խոսում, որ սրա անդամները մասնակից լինեն լեզվական պրոցեսին: Ու քանի որ տվյալ հայերենով խոսող բոլոր հայերը չեն, որ մասնակից են լեզվական պրոցեսին, սրա համար էլ, ինչպես ասվել է, այս ոճերը բոլորովին էլ ինքնակազմակերպ ու ինքնակառավար չեն, որ ինքնամաքրվեն ու աղավաղ չլինեն:

Դրույթ 6. Գրական ոճերը իրենց մայր բարբառից հեռու են, նաև որովհետև լեզվական հանրության անդամները հենց բարուրից չեն յուրացվում իրենց գրական ոճերը ու, սրա համար էլ, այս ոճերը չեն դառնում ռեֆլեքս (տես քիչ հետո):

Դրույթ 7. Մեր գրական ոճերը լեզու համարողների ամենամեծ մոլորությունը ա՛յն է, որ սրանք կարծում են, թե մեր գրական լեզուն ամենաքիչը Մաշտոցն է ըստեղծել: Բայց սա սխալ է:

Դրույթ 8. Մեր այսօրվա գրական լեզու կոչվածը ծնվել է մի հարվածով, 1858 թըվին, երբ տպվեց Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն, ու Մոսկվայում էլ լույս տեսավ Ստեփանոս Նազարյանցի «Հյուսիսափայլ» ամսագիրը: Սրանցից առաջինը (համարյա լրիվ, այսինքն, Աբովյանի գործածած գրաբարիզմները չհաշված) Երևանի բարբառով էր, երկրորդը՝ Երևանի բարբառի աղավաղ տեսակով:

Մինչև 1858 թիվը հայերի խիստ քչաթիվ մտավորականության մի մասը գրում էր (թերևս՝ գրելու փորձ էր անում) գրաբարով, ինչը ժողովրդին անհասկանալի էր:

«Հյուսիսափայլի» հետևորդների լեզուն «համեմված էր» գրաբարիզմներով ու բազում օտարիզմով (օտարաբանությունով), որոնք, ըստ հյուսիսյանների, «ընտիր հայերեն էին ու գռեհիկ չէին»:

Հյուսիսյանները չէին գիտակցում, որ իրենց մոգոնած այս «սիրուն ու ընտիր» ձեվերը խորթ են իրենց օրերի հայերեններին ու որ իրենք, ըստ էության, քանդում են հայերենի շենքը:

Դրույթ 9. Աբովյանին (մասնակի) հետևեց շատ քիչ մարդ, հետևողներն էլ հետևեցին միմիայն մասնակի: Աբովյանին մասնակի հետևողներից էին՝ Թումանյանը, Արշակ Ագապյանը, Պռոշյանը, Վրթ. Փափազյանը, Դերենիկ Դեմիրճյանը ևն:

Հայաստանի ուսյալների մեծագույն մասը, մանավանդ մեծ ազդեցություն ձեռք բերած Րաֆֆին, Ահարոնյանը, Իսահակյանը, Տերյանը, Չարենցն ու Բակունցը, հետեվեցին Նազարյանցի «Հյուսիսափայլ»-ի ոճին:

Դրույթ 10. Միմիայն Նազարյանցի «Հյուսիսափայլ»-ի ոճին հետևելու պատճառով է, որ մեր այսօրվա գրական ոճերը Երևանի բարբառի (խոսվածքի) աղավաղմունքն են, ոչ թե հակառակը:

Ուրեմն, կրկնենք, որ.

Դրույթ 11. «Գրական» կոչված «լեզուն» իր հիմքը կազմող կենդանի բարբառից տարբերվում է միայն ու միայն իր բազում սխալով՝ լինեն այս սխալները շարահյուսական, ձևաբանական, բառակազմական, թե արտասանական:

Ասված սխալները, առանց բացառության, օտարիզմ են՝ կա՛մ օտար լեզուներից, կա՛մ տվյալ հիմք լեզվի ավելի հին վիճակներից (օրինակ, գրաբարյան շրջանից):

Դրույթ 12. Մեր այսօրվա գրական ոճերը, անկասկած, հայերեն են, բայց սրանք մայր բարբառից շեղված ու, ըստ էության, աղավաղ հայերեն են: «Մաքուր» հայերեն են միմիայն այսօրվա բարբառները, օրինակ, Երևանի բարբառը:

Նշանակո՞ւմ է սա, որ մեր գրական ոճերը ա´նպայման են վատը: Իհարկե չէ, որովհետև այս ոճերով ստեղծվել են գեղարվեստական անկասկած բարձր արժեքներ, որոնք սիրելի են բոլորիս:

Սրա համար բավական է, որ հիշենք Թումանյանի, Չարենցի, Դեմիրճյանի, Օտյանի ու բազում ուրիշ հայ գրողի ստեղծած բարձրարժեք գործերը:

1.5 Մայրենի լեզուն գործածվում է ռեֆլեքսով

Մայրենի լեզվի յուրացմունքն սկսվում է բարուրից, ու երբ մանուկը սա յուրացնում է, արդեն 4-5 տարեկանում այս լեզվով խոսում է ռեֆլեքսով, համարյա բնազդի պես, այնպես, ինչպես քայլելն է յուրացնում ու քայլում է ռեֆլեքսով:

Գիտությանը դեռ հայտնի չեն այն մանրամասները, թե մարդու ուղեղն ինչպես է ղեկավարում մարդու խոսքի բնազդական գործողություններն ու ռեֆլեքսները:

Այնուամենայնիվ, ինչքան էլ տարօրինակ թվա.

Դրույթ 1. Մարդն իր մայրենի լեզվով խոսում է «առանց տրամաբանություն կիրառելու», այսինքն, «առանց մտածելու», ռեֆլեքսով:

Սա երևում է, երբ նույն մարդը (մանավանդ ոչ ուսյալ մարդը) գրական ոճերով խոսելու փորձն է անում:

Այս անգամ արդեն այս մարդը տրամաբանությունն անընդհատ է կիրառում, որովհետև անընդհատ վախենում է, որ կգործածի իր մայրենի բարբառի թաբու համարվող «ժարգոնային» բառերը, ու իրեն կհամարեն անգրագետ:

Ու այս մարդն իր մտքում անընդհատ իր ուղեղի մայրենի լեզվով թելադրած միտքը թարգմանում է գրական ոճերով, որ շրջապատն իրեն «անգրագետ» չհամարի:

Ուսյալների մի ոչ այնքան մեծ մասը գրական ոճերն այնքան լավ է յուրացնում, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե սրանք այս ոճերով էլ են ռեֆլեքսով խոսում:

Բայց, գրական ոճերով խոսելիս, ուսյալների մեծագույն մասի համար տրամաբանության կիրառությունից խուսափելն անհնար է: Այնուամենայնիվ.

Դրույթ 2. Ուսյալների մի մասին թվում է, թե իրենք գրական ոճերով է՛լ են ճիշտ այնքան անբռնազբոս խոսում, ինչքան իրենց մայրենիով:

Այս անգամ արդեն.

Դրույթ 3. Ուսյալներին թվում է, թե իրենց մայրենի բարբառը սխալ է ու գռեհիկ, ու ուսյալները մտածում են, թե իրենք արդեն իրենց գրական ոճերի տեսաբան համարելու իրավունքն ունեն, որ իրենք արդեն լեզվաբանի պես մի բան են:

Այնինչ, ինչպես վերն ասվեց, խոսելու ռեֆլեքսային կարողությունը, գրական ոճերը չափազանց վարժ կիրառելու կարողությունն ու, առհասարակ, խոսելու կարողության գիտական բացատրության ունակությունը՝ լրի՛վ են իրարից տարբեր:

1.6 Լեզվի կրողները

Պիտի անպայման նորից նշվի, որ.

Դրույթ 1. Այս շարադրանքը լեզվի կրող ասելով՝ նկատի ունի բարբառների ու խոսվածքների ա՛յն կրողներին, ովքեր գրական ոճերին խիստ անվարժ են, անվարժ են ա՛յն աստիճան, որ դժվար ու «սխալներով» են կիրառում գրական ոճերը:

Այսինքն.

Դրույթ 2. Տվյալ մայրենի լեզվի (այսինքն, որևէ խոսվածքի կամ բարբառի) անխաթար կրողը հենց ոչ ուսյալն է, առաջին հերթին՝ մանուկները:

(Ասվել է արդեն, որ ո´չ ուսյալն է տվյալ բարբառի մաքուր կրողը, ու որ սա վաղուց է ընդունված բանահավաքչության տեսության ու պրակտիկայի մեջ):

Այս իմաստով.

Դրույթ 3. Երևանցիներից Երևանի բարբառի կրող են նախ համարյա բոլոր նախադպրոցական մանուկները ու, ինչքան ե՛ս եմ նկատել, նաև համարյա բոլոր դպրոցականները, որովհետև սրանք իրար հետ խոսում են միայն ա՛յն խոսվածքով, ինչը սովորել են իրենց ընտանիքներում ու փողոցում:

Սրանք, նույնիսկ «մնգո» գնացողները, հիանալի գիտեն, որ գրական ոճերը միմիայն դասատուների ու դաստիարակների հետ խոսելու համար են, որովհետև եթե «գրականով» չխոսեն, նախատինք կամ ցածր թվանշան կստանան:

Բարբառին առաջնություն տալու մանուկների ու մանավանդ ջահելների այս տենդենցը հիմա համարյա համատարած է (գուցե մի քիչ էլ հեռացույցի սերիալների ազդեցության ու գիրք շատ քիչ կարդալու պատճառով): Սրանցից բացի.

Դրույթ 4. Երևանի բարբառի կրողներն են՝ Երևանում ծնված բոլոր այն բարձրագույն կրթություն չունեցող երևանցիները, ովքեր գիր ու գրականության հետ այնքան էլ գլուխ չունեն: Չպիտի մոռանանք նաև Երևանի շրջակայքի Արարատյան բարբառի կրողներին, որովհետև այսօր է´լ է այս բարբառի խոսվածքների զգալի մասը չափազանց մոտ Երևանի բարբառին:

«Գրական իրավիճակներում» (օրինակ, մահախոսք կամ բաժակաճառ ասելիս ու նույնիսկ տրանսպորտի մեջ) բարբառի կրողները շատ անգամ անցնում են գրական ոճերին, ինչքան կարող են:

Բայց այս գրական իրավիճակները բավական հազվադեպ են, ու երևի սխալ չի լինի, որ ասենք, թե սրանք, համարյա միշտ, խոսում են Երևանի բարբառով, իսկ «գրական իրավիճակներում» գրական ոճերով խոսելու ընդամենը փո՛րձն են անում: Կոպիտ ասած.

Դրույթ 5. Բարբառի իսկական կրողը հենց անգրագե՛տն է. հենց անգրագե՛տն է, ով տվյալ բարբառով կամ խոսվածքով (այսինքն, կենդանի ու «իսկական» հայերենի տվյալ տեսակով) ճիշտ է խոսում:

Ինչքան էլ մեր մտավորականներին տարօրինակ, վիրավորական ու հակասական թվա.

Դրույթ 6. Մտավորականը, չափազանց հաճախ, կենդանի լեզվի կրող համարյա չի:

Դրույթ 7. Մտավորականը, քիչ թե շատ, գրակա՛ն ոճերի կրող է ու իր մայրենի բարբառով, համարյա միշտ, սխալներով է խոսում ու, համարյա միշտ, բարբառը գրական ոճերից ավելի ստոր է համարում ու շատ անգամ էլ բարբառը համարում է գռեհիկ ժարգոն:

Եթե հաշվի առնենք, որ Երևանի մերձակայքի բնակիչները (ու նույնիսկ գյուղերի այլ բարբառների կրողների զգալի մասի զավակները, զանազան պատճառներով) այսօր խոսում են Երևանի բարբառով (որովհետև Երեվանի՛ խոսվածքն է այսօրվա Արարատյան բարբառի «ամենապատվավոր» ու մեծաթիվ ներկայացուցիչը), այս խոսվածքի կրողների թիվը թերևս միլիոնից զգալի ավել լինի:

Չմոռանանք նաև, որ մեր բոլոր այն մտավորականները, ովքեր մեր գրական ոճերի թունդ ջատագովն են, միևնույնն է, ոչ գրական իրավիճակներում շատ անգամ խոսում են համարյա Երևանի բարբառով:

Դրույթ 8. Կենդանի լեզվի հարատևության համար, այսինքն, լեզվական բնական պրոցեսի համար, լեզուն բանավոր փոխանցելը պարտադիր պայման է: Ու, քանի որ գրական ոճերը շատ ավելի դանդաղ են փոխվում, սրա համար էլ հետ են ընկնում իրենց մայր բարբառից:

Մյուս կողմից էլ.

Դրույթ 9. Գրական ոճերն ա´նպայման են ձգտում Երևանի բարբառից տարբերվելուն, իսկ այս տարբերվելն էլ իրականանում է միայն հայերենին խորթ երեվույթները յուրացնելով, այսինքն, Երևանի բարբառից շեղվելով ու սա, ըստ էության, աղավաղելով (տես հետո):

Դրույթ 10. Երևանի բարբառն ուսումնասիրելիս լեզվաբանը պիտի պարտադիր ուսումնասիրի կամ դիտի միայն այս խոսվածքը կրողների՛ լեզուն (այսինքն, ոչ ուսյալների ու մանուկների անբռնազբոս լեզուն, տես հետո, 6.5-6.7 պարագրաֆների Սոսյուրի ասածները), որովհետև գրական ոճերի ջատագովների ու բարձրագույն կրթություն ունեցողների անհատական լեզուները գրական զանազան (նաև օտար) ոճերից արած փոխառություն շատ ունեն, ու սրա հետ էլ, շատ անգամ, հետ են ընկած կամ շեղված են իրենց մայր (հիմք) բարբառից, այսինքն, ի վերջո, աղավաղ են:

Դրույթ 11. Եթե հայերեն գրական ոճերի «օրինաչափություններով» բացատրենք գրականի մայր բարբառի երևույթները, ա´նպայման ենք հակասելու լեզվաբանական գիտության սկզբունքներին ու ա´նպայման ենք բազում սխալ եզրակացություն անելու:

Միշտ պիտի հիշենք, որ.

Դրույթ 12. Գրական ոճերի մայր բարբառի տվյալ «պահի» քերականությունն ա՛նպայման է ճիշտ:

(Այս դրույթը կհիմնավորվի, տես հետո, մանավանդ Սոսյուրի ասածները):

Դրույթ 13. Լեզվի (ու ամեն ինչի) հարցերում ամեն ինչն էլ վարժվելով է:

Մենք ճիշտ ու սիրուն ենք համարում միայն ա՛յն բաները, ինչին վարժվել ենք մանկուց, ու ինչն արդեն դարձել է ռեֆլեքս (ու իմպրինտ):

Չափազանց կարևոր է ա՛յն հանգամանքը, որ.

Դրույթ 14. Մայրենի որևէ լեզվի կրողը ա´նպայման է մասնակից լեզվական պրոցեսին ու անպայման իր լուման ունի լեզվական պրոցեսի մեջ, գոնե որպես լեզվական ինֆորմացիան փոխանցող:

Այնինչ.

Դրույթ 15. Լեզուն «չկրողների», ավելի ճիշտ, աղավաղ լեզուն կրող մտավորականների մեծագույն մասը բոլորովին էլ մասնակից չի գրական ոճերի (գրական «լեզվի») պրոցեսին ու ընդամենը «պասսիվ լսող է», այն էլ՝ միայն «քիչ թե շատ», ու չի ազդում գրական ոճերի ընթացքի վրա, որովհետև գրող չի:

Սա՛ է մայրենի (կենդանի) լեզուների ու գրական ոճերի տարբերությունների հիմնական պատճառը, ու սրա համար էլ.

Դրույթ 16. Անհնար է, որ գրական ոճերը երբևէ փոխարինեն կենդանի լեզուներին:

1.7 Գրականը հայերի զգալի մասին հասկանալի չի

Կա մի տարածված մոլորություն, թե մեր գրական ոճերը իբր հասկանալի են բոլոր հայերին: Այս դրույթը ճշմարիտ չի:

Դրույթ 1. Հայերի զգալի մասը, մանավանդ մեր մանուկների ու պատանիների ու բարբառախոս գյուղացիների մի մասը, մեր գրական ոճերով գրվածքները կամ չի հասկանում, կամ միայն մոտավոր է ընկալում:

Այս վիճակում են նաև բոլոր այն հայերը, ովքեր «ուսյալ չեն», այսինքն, դպրոցը մի կերպ են ավարտել, բայց երբեք էլ գրի ու գրականության վարժությունը չեն ունեցել ու հիմա էլ չունեն: Մի քանի օրինակ բերեմ:

Երբ մի անգամ գնացել էի հայրենի գյուղս՝ Մալիշկա, գյուղի տակի ճամփի կողի վուլկանիզացիայի Գրիշն ինձ հարցրեց.

Մերուժան ջան, մի բան ասեմ, չխնդաս: Ախր ես մեր էս հայերեն թերթերը կարդում եմ, բան չեմ հասկանում, էս ի՞շ բան ա: Լաաա˜վ, հասկացանք, որ դպրոցում էնքան էլ մի սովորող չեմ էղե, բայց դե էտ անտեր 10 դասարանը հո ավարտել եմ, չէ՞: Ավարտելուց հետո էլ ահագին գիրք-միրք եմ կարդացե ու հմի էլ եմ կարդում: Բա մեր էս թերթերը խի՞ չեմ հասկանում:

Նույն տեսակ հարց տվեց հանգուցյալ մայրս:

Մայրս գյուղի միջնակարգ դպրոցը ավարտել էր լավ գնահատականներով, տարիներով գյուղի գրադարանի վարիչն էր: Ջահել օրերին էլ համալսարան էր ընդունվել ու Աճառյանի դասերն էր լսել (հետո թողել էր, երկրորդ կուրսից), հետո էլ անընդհատ կարդում էր մեր հայ գրողներին՝ Թումանյանին, Րաֆֆուն, Մուրացանին, Շիրվանզադեին, Զարյանին, Դեմիրճյանին, Մահարուն, Գեղամ Սարյանին, Դաշտենցին, Խանզադյանին, ևն, ևն, մանավանդ ձմեռները, երբ գյուղացին ազատ ժամանակ շատ ունի:

Ու մի անգամ մայրս հարցրեց.

Մերուժ ջան, ախր էս տելևիզրը լսում եմ, ուզում եմ լուր բան իմանամ, բան չեմ հասկանում, էս ի՞նչ բան ա: Կարո՞ղ ա՝ մեծացել եմ, խելքս պակասել ա, հը՞:

Այս նույն վիճակում է նաև մեր արևմտահայ Սփյուռքի հայերի զգալի մասը (արևմտյան հայերեն բարբառների կրողներն ու նորից՝ այս հատվածի «ուսյալները):

Սա, իհարկե, մի քիչ ուրիշ երևույթ է, որովհետև մեր «հայրենասեր» ուսյալները սրանց համոզել են, թե իրենց մեր արևելահայերենը չհասկանալու պատճառը միմիայն մեր ու իրենց ուղղագրությունների տարբերությունն է, ու որ եթե անցնենք արևմտահայերի ուղղագրությանը, իրենք արդեն մեր թերթերի ամեն ինչը կհասկանան:

Ու ոչ մեկը չի մտածում, թե բա ո՞նց է, որ այս նույն մարդիկ հիանալի՛ են հասկանում Երևանի բարբառը, երբ գալիս ու մի երկու շաբաթ մնուն են Երևանում:

Այստեղ երկու հարց է ծագում:

1) Գրիշը ինչո՞ւ հենց ի՛նձ տվեց իրեն տանջող այս հարցը:

2) Գյուղում, բացի Գրիշը, քանի՞ հոգի չի հասկանում մեր մամուլի լեզուն:

Առաջին հարցը: Ես գյուղում երբեք գրական ոճերով չեմ խոսել ու չեմ խոսում: Գյուղում ես միշտ (արդեն 75 տարի) ու առանց բացառության խոսել ու խոսում եմ մայրենի լեզվովս: Իմ մայրենի լեզուն էլ Սալմաստի բարբառի Փայաջուկ գյուղի խոսվածքի այսօրվա ժառանգ Մալիշկայի 50-60-ականների խոսվածքն է:

Ու ես անընդհատ ու ամեն առիթով գովում եմ իմ մայրենի բարբառն ու փնովում եմ մեր գրական ոճերը:

Իսկ առիթ շատ է լինում, քանզի մեր գյուղացիները անընդհատ զարմանում են, թե այդ ոնց է, որ ես, «հույժ ուսյալս», բարբառը ոչ միայն չեմ մոռացել, այլև իրենցից լավ եմ հիշում բարբառի արդեն մեռած բառ ու ոճերը ու, առանց ամաչելու, միշտ բարբառով եմ խոսում, նույնիսկ Երևանում, եթե հայրենակից եմ տեսնում:

Ես ամեն առիթով ասում եմ, որ գրական ոճերը արհեստական են ու մեռած, որ դրանք հենց Երևանի բարբառի աղավաղմունքն են, ուրեմն, կոտրատված հայերեն են, ու հայտարարում եմ, որ բարբառն ամենաճիշտ ու ամենագերազանց լեզուն է, որ բարբառը միակ մայրենի լեզուն է, իսկ մայրենի լեզուն արհամարհելը մեծագույն տգիտությունն է:

Սրա՛ համար էր, որ Գրիշն ինձնից չամաչեց ու բացվեց (խոստովանեց), որ մեր թերթերի «հայերենը» չի հասկանում:

Մորս հարցի պատճառը հասկանալի է, մայրն իր հարազատ որդուց չի ամաչի:

Երկրորդ հարցը: Հիմա էլ եկեք մտածենք, թե մի 6-7 հազար բնակչություն ունեցող Մալիշկայում Գրիշի պես քանի՞ հայ կա: Նույնիսկ ամենալավատեսական գնահատականով՝ ամենաքիչը մի 5-6000 հոգի: Բայց սա գյուղի ողջ բնակչության 85%-ից ավել է: Իսկ ողջ Հայաստանո՞ւմ:

Հայաստանում թող «ուսյալները» լինեն ժողովրդի 30%-ը: Ուրեմն, մեր ժողովըրդի 70%-ը ոչ լավ կամ ոչ լրիվ է հասկանում մեր գրական «լեզուն», բայց ամոթից չի խոստովանում:

Չի խոստովանում, որովհետև ո՞ւմ դուր կգա, որ ուրիշները իմանան, որ ինքը «անգրագետ է»: Ախր պարզից էլ պարզ է, որ եթե բոլորս էլ ընդունենք, որ մեր միակ ճըշմարիտ, միակ «մայրենի լեզուն», այսինքն, որ մեր միակ «իսկական անաղարտ ու ոսկեղենիկ հայերեն լեզուն» մեր այս գրական «լեզուն» է, այդժամ սրա չիմացությունը, անկասկած, տգիտություն կհամարվի:

1.8 Հայերի պետական «լեզուն» աղավաղմունք է

Առհասարակ.

Դրույթ 1. Գիր ունեցող մեծ լեզուները իրենց բարբառներից միմիայն մե´կն են ընտրում ընդհանուր գրական կարիքների համար, որովհետև գիտությանը հայտնի է, որ երկու բարբառի հիբրիդը (մոնտաժը) բացարձակ անհնար է:

Դրույթ 2. Երկու բարբառի հիբրիդը անհնար է, որովհետև բարբառների տարբերությունները առաջին հերթին շարահյուսական ու ձևաբանական են (ու ոչ թե միմիայն բառապաշարային), ու չկա որևէ գիտական սկզբունք, ինչով հնարավոր լիներ որոշելը, թե այս բարբառների ձևաբանական ու շարահյուսական կաղապարներից ո´ր մեկը պիտի ընտրվի հիբրիդի համար:

Օրինակ, «կ» ճյուղի բարբառ կրողը երևի ասի.

– Դունեն գուքամ:

Այնինչ, երևանցին նույն միտքը արտահայտում է հետևյալ խոսքով.

– Տնից եմ գալի:

Այս օրինակն ակնհայտ ցույց է տալիս թե´ շարահյուսական տարբերությունները իրենց «գուքամ» ու «եմ գալի» բայերի տարբերությամբ, թե´ ձևաբանական տարբերությունները՝ իրենց այս «դունեն» ու «տնից» բացառական հոլովաձևերի տարբերությամբ, թե´ հայի համար լրիվ ակնհայտ հնչյունական տարբերությունները:

Ակնհայտ է նաև, որ սրանցից որևէ մեկը ճիշտ կամ առավել համարելու ու սա ընտրելու տրամաբանական որևէ հիմք չկա, ու եթե այսպիսի ընտրության հարց առաջանա, այս հարցը կդառնա քաղաքական անպտուղ ու անվերջ (ու ոչ գիտական) վեճերի առարկա:

Սրան ավելացրեք այն հանգամանքը, որ բացարձակ անհնար է, որ այս երկու բարբառի կրողներին մի-մի լեզվաբան կցեին, ով ուղղորդեր սրանց խոսքն ու ուղղեր սրանց սխալները, պարզ կդառնա, որ երկու բարբառի հիբրիդն իրո´ք է անհնար:

Թե ո՛ր մի բարբառը կընտրեն «գրական»-ի համար, բախտի հարց է: Մեծ մասամբ ընտրում են բարբառներից մեծաթիվը կամ ամենա«պատվավորը»:

Մենք երկո´ւ անգամ ենք այս ընտրությունը արել: Առաջին անգամ Մաշտոցը ընտրեց Արարատյան բարբառի Վաղարշապատ քաղաքի խոսվածքը, երկրորդ անգամ Աբովյանն ընտրեց Երևանի բարբառը (իսկ արևմտահայերը ընտրեցին Պոլսի բարբառը, ինչը Ղրիմից Պոլիս գաղթած արևմտահայերի բարբառ էր):

Բայց սա դուր չեկավ մոսկովյան հյուսիսյաններին (ու ոչ էլ պոլսեցի ուսյալներին դուր եկան Պոլսի բարբառի բոլոր երևույթները, բայց այստեղ կխոսվի միայն արեվելահայերեն գրականի մասին), ու հյուսիսյաններն սկսեցին կարկատել Երևանի բարբառին հիմնված Աբովյանի գրական «լեզվի» իբր թերությունները:

Կարկատան՝ մի քանի տեսակ կար (ու կա, տես 6.2-ն ու Հավելված 2-ն ու 3-ը):

Առաջին տեսակը գռեհիկ համարվող բառերը իրենց գրաբարյան արդեն վաղուց մեռած ձևերով փոխարինելն է, եթե բառը 1500 տարվա ընթացքում փոխել էր իր ձևն ու հնչողությունը: Օրինակ, մերոնք պահանջում էին, որ չասենք՝ «էփեմ, էրկու, իրեք, հարիր, լիս» ևն ու սրանց տեղը ասենք «յեփեմ, յերկու, յերեք, հարյուր, լույս», իբր այս վերջիններն են գրաբարյան ճիշտ ձևերը, ինչը սխալ է (տես նաև Հավելված 4-ը):

Կարկատանի երկրորդ տեսակը օտար համարվող բառերի փոխարեն նոր բառ հորինելն ու Չուկովսկու ասած «լեզվական հրեշներ» ստեղծելն է, ինչը մեծագույն մասով արվում է երկու բառ իրար կցելով: Սրանք համարյա երբեք չեն մտնում բարբառ:

Սրանց օրինակներից են՝ «ինքնաձիգ, պտուտակամայր, պնդօղակ, պտուտակահան, հրասայլ» ևն, բարբառի «ավտոմատ (հրացանը), գայկա, կլուչ, ադվյոռկա, տանկ»-ի փոխարեն:

Մեր ուսյալներին չի անհանգստացնում, որ սա հարցը չի լուծում (օրինակ, գործարանի «ավտոմատ հոսք»-ին չես ասի «ինքնաձիգ հոսք», «ավտոմատ երևույթին» կամ «ավտոմատ խոսքին» էլ չես ասի «ինքնաձիգ երևույթ» կամ «ինքնաձիգ խոսք» ևն, երկրորդն էլ՝ սա շատ անգամ ուղղակի անհեթեթ է, օրինակ, «տանկ»-ը ոչ սայլ է, ոչ էլ «կրակասայլ» է):

Երրորդն էլ, բարբառներից ոչ մեկն էլ սրանք չի գործածում, այսինքն, մեր ուսյալների այս ջանքերը լրի´վ են իզուր:

Ու, իհարկե, մեր ուսյալներին բոլորովին չի հուզում այն հարցը, որ իրենց այս գործունեությունը երբեք էլ հետևողական չի:

Օրինակ, «քցեմ» բառի գրաբարյան ձևը ոչ թե «գցեմ»-ն է, այլ «ձգեմ»-ը, ինչը հին օրերին արտասանվում էր «գ»-ով ու «ձ»-ով: Ուրեմն, եթե մեր այս մաքրամոլները հետևողական լինեին, պիտի պահանջեին, որ «քցեմ»-ն արտասանեինք ու գրեինք, «գձեմ»: Մի ուրիշ օրինակ. «գդալ» բառի գրաբարյան օրերի ձևը «տարգալ»-ն էր, ու այսօրվա «գդալ»-ը «տարգալ»-ի փոխված միջին ձևերից մեկն է միայն, ինչի այսօրվա վերջնական ձևը Երեվանի բարբառում «քթալ»-ն է:

Հետո, եթե մեր ուսյալներն իրո´ք հետևողական լինեին, օրինակ, պիտի նաև պահանջեին, որ, օրինակ, մեր հետևյալ թվականների՝ «տասնմեկ, տասներկու, տասներեք, տասնչորս, տասնհինգ, տասնվեց, տասնյոթ, տասնութ, տասնինն, հարյուր, երկու հարյուր, երեք հարյուր, բյուր» փոխարեն ասեինք. «մետասան, երկոտասան, երեքտասան, չորեքտասան, հնգետասան, վեշտասան եաւթնեւտասն, ութեւտասն, իննեւտասն; հարեւր, երկերիւր, երեքհարեւր, բեւր» ևն, որովհետև սրա՛նք են այդ բառերի գրաբարյան ձևերը:

Սա լեզվաբանությունից անտեղյակ լինելուց է, իսկ սա այն բանից է, որ հյուսիսյաններն ու իրենց այսօրվա հետևորդները լեզվաբան չէին ու չէին հասկանում, որ.

Դրույթ 3. Եթե լեզուն մարդկային ծրագրերին չի ենթարկվում, ուրեմն, ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ, ու որ բառային փոխառությունը լեզվական պրոցեսի մի անկապտելի ու էական հատկությունն է, ու որ միայն մեռած լեզուներն են, որ փոխառություն չեն անում:

Կարկատանի չորրորդ տեսակը օտար լեզուներից արված քերականական անհաջող պատճեններն էին, օրինակ, «ուզում եմ խաղալ»-ի պեսերը, որոնց մեծագույն մասը արվել է ռուսերենի ձևերի իմիտացիայով կամ անալոգիայով (այս անգամ՝ хочу играть-ին կապկելով) հակառակ բարբառի կենդանի «ուզում եմ խաղաՄ»-ին, ինչը բնիկ հայերենների մի ժառանգն է (տես 14-րդ գլուխը):

Ու հետո մեր այս «ուսյալները» փորձեցին (ու մինչև այսօր նորից ու նորից են փորձում) այս արհեստական լեզուն պարտադրեն մեր ողջ հայ ժողովրդին:

Այս փորձը արդեն մոտ 160 տարեկան է, ու սրա արդյունքը զրո է (ավելի ճիշտ, հույժ բացասական է) ու, ինչպես արդեն ասվել է, ժողովուրդը գրականով ոչ միայն չի խոսում, այլև արդեն սկսել է այս գրականը չհասկանալը:

Բայց մեր ուսյալները սա ոչ նկատում են, ոչ էլ հուսահատվում են: Մեր ուսյալները չեն հասկանում, որ.

Դրույթ 4. Լեզվական պրոցեսը բնական է, բնության մի մասն է, ու այս պրոցեսը ծրագրով ղեկավարելի չի, այն առումով, որ ծրագրի նպատակները երբեք չեն իրականանում:

Միակ ելքը կլիներ Երևանի բարբառը իր ամեն ինչով գրական հայտարարելը, բայց Երևանի բարբառը չափազա՛նց է տարբեր մեր այսօրվա գրականից, ու եթե սա դառնա գրական, մեր ուսյալների 160-ամյա ողջ «տեսությունն» ու իրենց ողջ արարմունքը ջուրը կընկնի ու մեր ուսյալների վիճակը կդառնա հույժ զվարճալի:

Սրա´ համար են մեր ուսյալները հորինել իրենց այս «ժողովրդախոսակցական լեզու» տերմինը, ինչն անհեթեթ է, քանի որ ամեն մի կենդանի բարբառն էլ թե՛ ժողովրդական է, թե՛ խոսակցական: Ժողովրդի հատվա՛ծ եղավ, պիտի խոսի ու պիտի խոսի ի՛ր բարբառով: Սա պարզ է ու անվիճելի:

Դրույթ 5. «Ժողովրդախոսակցական լեզու» կոչվածը ուղղակի անհեթեթ է, զառանցական է, որովհետև «Չժողովրդախոսակցական» կամ էլ «ժողովրդաՉխոսակցական» լեզու չկա այս տիեզերքում, ու այս «ժողովրդախոսակցական» մակդիրը բացարձա´կ է անտեղի:

Ինչի՞ համար է հորինվել այս անհեթեթ տերմինը: Ինչպես արդեն ասվել է, այս անհեթեթ «ժողովրդախոսակցական լեզու» տերմինը հորինվել է միմիայն այն բանի համար, որ սա փոխարինի «Երևանի բարբառ» գիտական տերմինին:

Ինչո՞ւ: Որովհետև մեր լեզվաբան «ուսյալներին» պետք է, որ Երևանի բարբառին հայհոյելու, փնովելու կամ գոնե վերևից ներողամիտ նայելու իրավունքը ունենան:

Մեր ուսյալներին պետք է, որ Երևանի բարբառը երբեմն անվանեն «ժողովրդախոսակցական լեզու» որ հետո էլ անվանեն «փողոցային լեզու, ժարգոն» ևն, որ արդարացնեն իրենց տեսություններով սարքած գրական արհեստական «լեզվի» տարբերությունները, այսինքն, որ արդարացնեն ու սրբացնեն հայերենի այս մայր բարբառից շեղված ու, ըստ էության, աղավաղ ոճերը, որ արհամարհեն Երևանի բարբառը:

Այնինչ, համաշխարհային լեզվաբանությանը հայտնի է, որ ոչ մի բարբառն էլ ըստոր չի, որ բարբառը որևէ կերպ արհամարհելը ուղղակի տգիտության նշան է:

Իսկ ա՛յ «ժողովրդախոսակցական լեզու»-ն ուրիշ, սրա անունը արդեն բարբառ չի, սրան վերևից նայելը ու սա նույնիսկ փնովելն արդեն կարելի՛ է:

Բայց մեր լեզվաբանները չեն հասկանում, որ իրենց այս հնարքով ընկնում են իրենց լարած թակարդը: Ախր եթե երևանցիները խոսում են «ժողովրդախոսակցական լեզվով», երկու հարց է առաջանում.

Հարց 1. Եթե երևանցիները խոսում են ոչ թե Երևանի բարբառով, այլ միմիայն ժողովրդախոսակցական» լեզվով, ինչպե՞ս է, որ օրինակ, ղարաբաղցիների, սալմաստցիների ու մնացած բարբառների կրողները խոսում են ոչ թե իրե´նց հատուկ ժողովրդախոսակցական լեզվով, այլ խոսում են միմիայն իրենց բարբառներով: Թե՞ սրանք ժողովուրդ չեն:

Հարց 2. Բա այս «ժողովրդախոսակցական» լեզուն ո՞րտեղից է:

Անհնար է, որ սա գրական լեզվից ծնված լինի, որովհետև գրականը ի՛նքն է ծնվել «ուրիշ մի բանից», ծնվել է հենց Երևանի բարբառից (այս բարբառից խիստ շեղվելով ու սա չափազանց աղավաղելով):

Ուզած-չուզած, եթե համաձայն ենք տրամաբանությանն ու գիտությանը, ու եթե համաձայն ենք, որ ամեն մի բարբառն էլ անընդհատ փոխվում է, պիտի ընդունենք, որ այս «ժողովրդախոսակցական լեզուն» հենց Երևանի բարբառի այսօրվա վիճակն է: Բայց այս անգամ էլ ակնհայտ է, որ.

Դրույթ 6. Հենց գրական «լեզո´ւն» է Երևանի բարբառի աղավաղմունքը (ու ոչ թե հակառակը):

Մյուս կողմից էլ, եթե երևանցիները (հայերի մոտ կեսը) խոսում են այս «ժողովըրդախոսակցական լեզվով» ու գրական «լեզվով» չեն խոսում, ուրեմն.

Դրույթ 7. Մեր այսօրվա գրական «լեզուն» հենց «ՉժողովրդաՉխոսակցական լեզու» է, որ կա:

Բայց ախր ո՞ւմ է պետք այն լեզուն, ինչը ո´չ ժողովրդական է, ոչ է´լ խոսակցական, թեկուզ սա հազար անգամ էլ պետական լեզու լինի:

Կամ ո՞ւմ է պետք այն պետական չինովնիկը, ով այս 21-րդ լուսավոր դարում իր ժողովրդի համար մի այնպիսի լեզու է հռչակել պետական, ինչը ո՛չ ժողովրդական է, ո՛չ էլ խոսակցական, ու մի բան էլ ավել, հայերեններից մեկի աղավաղմունքն է:

Ու մեր այսօրվա լեզվաբանները իրենց այս «ժողովրդախոսակցական լեզու» անհեթեթ տերմինի պատճառով սկյուռի նման պտտվում են իրենց իսկ սարքած արատավոր օղակի մեջ, բայց ո՛չ օղակն են նկատում, ոչ է´լ իրենց պտույտը:

Այս ամենից բխում է, որ.

Դրույթ 8. Մեր այսօրվա պետական կոչված գրական «լեզուն» (այսինքն, մեր այսօրվա գրական ոճերը) իր մայր բարբառից շեղված ու, ըստ էության, աղավաղ հայերեն է:

Այս լեզվով կարող են գրեն ու երբեմն էլ խոսեն միմիայն հույժ տաղանդավորները: Սա շատ զվարճալի կլիներ, եթե այսքան վնասակար, այսքան տխուր ու այսքան ողբերգական չլիներ:

1.9 Երևանի բարբառ կա´

Դրույթ 1. Մարդը պատասխանատու է միայն լեզուն ծռելու ու, սրա հետևանքով, ի վերջո, լեզուն սպանելո´ւ համար: Եթե մարդը լեզուն ազատ թողնի, այս պատասխանատվությունից կազատվի:

Այնինչ, գրական ոճերի ջատագովները ո՛չ իրենց մեղավորությունն են նկատում, ո´չ այս պատասխանատվությունը, ո՛չ էլ, ուրեմն, այդ մեղքից ազատվելու կարիքը:

Բոլշևիկյան կարգերից ավելի տոտալիտար կարգ չենք տեսել: Բայց.

Դրույթ 2. Նույնիսկ բոլշևիկյան հույժ կենտրոնացրած, հույժ բռնի ու գերհզոր պետական ապարատն անկարող եղավ ստիպելու, որ Խորհրդային Հայաստանի բոլոր քաղաքացիները խոսեն «գրական լեզվով»: Ու այդ հարկադրանքի հետեվանքն էլ անսպասելի եղավ:

Իրոք, ինչպես արդեն ասվեց, վերջին մի 100 տարին պետական այդ հզոր ու հարկադիր ծրագրի պարտադրանքով Երևանի բարբառի հնչյունական կարգը, բառապաշարը, շարահյուսությունն ու ձևաբանությունը ահագին փոխվեցին, բայց միևնույնն է, այդ ծրագիրը չիրականացավ:

Ուրեմն, իրոք.

Դրույթ 3. Անհատի կամ անհատների խմբի ու նույնիսկ պետության այն ծրագրերը, որ դրվում են հանրության լեզվի վրա, ա´նպայման են ունենում անսպասելի հետևանքներ:

Դրույթ 4. Լեզուն գնում է անհայտություն:

Գրական ոճերի ջատագովներն իրենց հոգու խորքում թերևս զգում են սա: Այդ ջատագովները թերևս զգում են, որ հայերենի այսօրվա գրական ոճերն արհեստական են, օտարատիպ են ու խորթ են հայերենին:

Բայց ի՞նչ անեն իրենք, ախր այս վերջին 100-150 տարում հայերենին այս խորթ երևույթների համար մի հույժ ծավալուն սքոլաստիկական քերականություն է հորինվել (ինչը հակագիտական է), իսկ այս քերականությանն էլ համապատասխան՝ արհեստական լեզվով մի վիթխարի գրականություն կա արդեն:

Այս քերականության նունիսկ հիմնական սահմանումներն են հակագիտական (տես հետո, Գլուխ 2-ն ու 3-ը): Ուրեմն.

Դրույթ 5. Այսօրվա հետաբեղյան քերականությունը լրի՛վ է թե´ անօգուտ, թե´ վնասակար:

Դրույթ 6. Միակ ելքը ընդունելն է, որ ճիշտը հենց Երևանի բարբառային պրոցեսի ցրիվ կարգն է (տես 7-րդ գլուխն ու 20-4-ը), իր ա՛նպայման ճիշտ քերականությամբ, ինչն ա՛նպայման է անբաժան ամեն մի նման ցրիվ ու սպոնտան լեզվական կարգից:

Ուրեմն.

Դրույթ 7. Միակ ելքը Երևանի բարբառային պրոցեսի ցրիվ ու սպոնտան կարգին հետ դառնալն է, այսինքն, միակ ելքը – ընդունե՛լն է, որ հենց Երևանի բարբառի՛ քերականությո´ւնն է ճիշտը, իր ամե՛ն ինչով, բառապաշարով է՛լ, ֆոնետիկայով է՛լ, արտասանությամբ է՛լ, ձևաբանությամբ է՛լ, շարահյուսությամբ է՛լ:

Բայց, ինչպես ասվեց, սա կործանարար կլինի այսօրվա հորինովի քերականական սքոլաստիկայի ողջ վիթխարի շենքի համար: Այդ շենքն ուղղակի փուլ կգա: Փուլ կգա ու իր փլատակների տակ կթաղի իրենց 8-9 տասնամյակի (եթե ոչ վերջին 160 տարվա) ողջ հակագիտական ու ապարդյուն գործունեությունը:

Անկասկած է, որ սա ողբերգություն է թե՛ մեր այսօրվա լեզվաբանների, թե՛ մեր ողջ մշակույթի համար:

Հենց սրա´ համար է, որ գրական ոճերի համարյա բոլոր ջատագովները պնդում են, թե Երևանի բարբառ չկա, թե երևանցիները իբր խոսում են աղավաղ գրականով կամ ժարգոնով կամ փողոցային ժողովրդախոսակցական լեզվով:

Բայց.

Դրույթ 8. Երևանի բարբառ (կամ խոսվածք) կա՛:

Երևանի բարբառը չէր լինի, եթե անցյալում գոնե մի անգամ մեռած լիներ: Բայց.

Դրույթ 9. Ոչ մի փաստ չունենք, որ Երևանի բարբառը երբևէ մեռել է:

Երևանի բարբառը նկարագրել է Խ. Աբովյանը իր «Աշխարհիկ բարբառ երեւանցի հայոց» գործի մեջ ու իր արձակ գործերի մեջ էլ համարյա անխաթար (վերապահությամբ եմ ասում, տես Հավելված 2-ն ու 3-ը) գրանցել է այս բարբառը: Հետո այս բարբառը գրանցել են գիտնական լեզվաբանները, օրինակ, Աճառյանը:

Այնինչ, եթե գրական ոճերի մեր այս ջատագովներին հավատաս, թե իբր Երևանի այս «ժողովրդախոսակցական լեզու» կոչվածը մեր «ոսկեղենիկ ու անաղարտ հայերենի» աղավաղմունքն է, ստիպված պիտի ընդունես, որ Երևանի բարբառը հանկարծ մի օր «վախճանվել է»:

Վախճանվելուց հետո էլ երևանցիները հենց հաջորդ օրը մի հրաշքով խոսել են «անթերի գրականով», բայց հետո էլ, չգիտես ինչու, մի ուրիշ օր, անշնորհքավարի աղավաղել են այս անթերի գրականն ու սա դարձրել են ժարգոն կամ «ժողովրդախոսակցական լեզու» ու հիմա էլ խոսում են սրանով:

Իհարկե, համարյա ոչ ոք սա բացահայտ չի ասում կամ գրում, բայց, ցավոք, ընդհանուր «մտածմունքը» սրան շա՛տ է մոտ, թէ չէ մեր լեզվաբաններն էլ կընդունեին, որ Երևանի բարբառը իր բնականոն ու աստիճանական էվոլյուցիայով է հասել իր այսօրվա վիճակին:

Բայց եթե այս եզրակացությունները ճիշտ են, այսինքն, եթե Երևանի բարբառը կա, այդժամ լրիվ տեղին մի հարց է ծագում.

Հարց 1. Երևանի բարբառի միանգամայն ընդունելի բառապաշարն ու քերականությունը ինչո՞ւ չենք գործածում ու ինչո՞ւ ենք համարում խոտելի: Չէ՞ որ սրանք շատ պարզ, գործածական ու հասկանալի են, ու սրանք գերազանց գիտեն բոլոր երևանցիները (քանի որ սա իրենց մայրենի լեզուն է) ու նաև Երևանի ( ու նաև Արարատյան) բարբառի կրողները (այսինքն, սա գիտի մեկ միլիոնից ավել մարդ):

Այս հարցի պատասխանին հետո կանդրադառնամ:

Ոմանք ասում են, թե ժամանակ առ ժամանակ ուրիշ բարբառների այնքա՛ն շատ կրող է գալիս ու բնակվում Երևանում, որ այս եկվորների բարբառն աղճատում է Երևանի բարբառը, ու նաև սրա պատճառով Երևանի բարբառը համասեռ չի, ու իբր Երևանի տարբեր մասերի խոսվածքները տարբեր են:

Այս փաստարկներն է՛լ են լրիվ սնանկ, որոհվետև, ինչպես վերը ասվեց, լեզվաբանությանը վաղուց է հայտնի, որ.

Դրույթ 10. Երբ երկու բարբառ է բախվում, դրանցից մեկը մեռնում է՝ մյուսին թողնելով թերևս մի քանի բառ միայն: Երկու կամ ավել բարբառի հիբրիդ գիտությանը հայտնի չի:

Դրույթ 11. Այն հանգամանքը, որ Երևանի բնակչությունն անընդհատ լրանում է այլաբարբառ զգալի հատվածներով, ոչ մի էական ու զգալի նշանակություն ու ազդեցություն չունի ու չի ունեցել Երևանի բարբառի վրա:

Իրոք, եթե նույնիսկ 100000 ղարաբաղցի գա Երևան (օրինակ), ոչ մի երևանցի աչք չի տա եկվոր ղարաբաղցիներին ու չնչին իսկ չափով չի փոխի իր լեզուն ու Ղարաբաղի բարբառներից ո´չ մի քերականական երևույթ փոխ չի առնի:

Իրենց լեզուն կփոխեն հե՛նց եկվորները, հե՛նց ղարաբաղցիները (ինչքան կարող են), քանի որ կմտածեն, որ «Երևանի բարբառն ավելի «պատվավոր» է, ու իրենց մայրենի բարբառով խոսելը նախ ամոթ է», երկրորդն էլ՝ ձեռնտու չի, որովհետև կմատնի իրենց եկվորությունը, ինչն իրենց համար ցանկալի չի (տես նաև Հր. Աճառյան, ԼՔՀԼ., Ներածություն, 141 էջ):

Ղարաբաղցիների սերունդներն արդեն հենց մանկուց կխոսեն Երևանի բարբառով, որ իրենց խաղընկերներն իրենց ձեռ չառնեն:

Արևմտյան Հայաստանի վիթխարի քանակով նորեկների լեզուն չնչին իսկ չափով չազդեց Երևանի բարբառի վրա (եթե չհաշվենք «լահմաջո»-ի պես մի քանի բառը, ու հիշենք, որ բառային փոխառությունը լեզվին պարտադիր է պետք):

Ոչ մեկը չի նկատում նաև, որ չնայած, օրինակ, վերջին 400 տարում ԱՄՆ է գաղթել վիթխարի քանակով այլազգի, բայց ԱՄՆ-ի անգլերենները համարյա չեն ազդվել ներգաղթողների բազում լեզվից (բառապաշարի չնչին փոխառությունը չհաշված): Ասվել է արդեն, որ.

Դրույթ 12. Երևանի բարբառի հիմնական կրողները գրական ոճերին չտիրապետող բոլոր-բոլոր («բնիկ») երևանցիներն ու, առաջին հերթին, մանուկներն ու դըպրոցականներն են:

Սրանք մեկ-մեկ «գրական լեզվով» խոսելու փորձ են անում, բայց սա հարցի էությունը չի փոխում: Կրկնեմ, որ լեզվական պրոցեսի ցրիվ կարգը ինքնուրույն է ստեղծվում (տես 7-րդ գլուխը): Այս կարգը մարդկային ծրագրով ղեկավարելի չի:

1.10 Ազգային երգ ու պարի սպանդը

Լեզվական պրոցեսին շատ նման ու նրան համարյա նույնական մի պրոցես է եղել հայ ազգագրական ա´յն երգի, պարերգի ու երգապարի համակարգը, ինչը նկարագրել է Կոմիտասը (տես [24]-ն ու [64]-ը): Ըստ այդ նկարագրության.

Դրույթ 1. Կոմիտասի վկայությամբ՝ հայ երգն ու երգելաձևը ու նաև պարը եղել են «խոսելու, շնչելու պես բնական» ու բանավոր փոխանցվել են սերնդե սերունդ, փոխանցվել են հենց սերնդային ու դիֆուզ ձևերով (տես 7-րդ գլուխը), ընդ որում, փոխանցողները հիմնականում եղել են մանուկները, այն էլ՝ անալոգիայով:

Ինչ վերաբերում է երգային/պարային շեղմունքներին (տես հետո), հայտնի է, որ.

Դրույթ 2. Հայկական ոչ մի ազգագրական երգը ոչ մի անգամ նույն ձևով չի երգվել:

Սա նման է լեզվական անընդհատ փոփոխվող (ու «չփոխվող») պրոցեսին ու այնքա´ն է զարմանալի թվացել, որ Լենինգրադի երաժշտագետները հատուկ ուսումնասիրությամբ փորձ են արել պարզելու, թե ո՞րն է, ուրեմն, հայ երգի ինվարիանտը, անփոփոխը, հաստատունը (տես [47]-ն ու [24]-ը):

Արդեն 19-րդ դարի երկրորդ կեսից, հայ ազգագրական երգի ու երգապարի ինքնուրույն ու ցրիվ կարգը բախվեց օտար, գուսանական երգին ու քաղաքային փոխառյալ օտար պարերին նաև բուն Հայաստանում:

Իսկ 20-րդ դարում, բոլշևիկյան շրջանում, հայ ազգագրական երգն ու երգապարը դրվեցին այսպես կոչված ժողովրդական անսամբլների ծրագրի տակ:

Այդ ծրագրի ղեկավարները, ըստ էության, պետական կոնսերվատորիան ու օպերայի թատրոնն էին: Ու սրանք հայտարարեցին, թե «հայ ժողովուրդը նախ պիտի յուրացնի եվրոպական երաժշտական մշակույթը, որ հետ չմնա ուրիշներից», ու երկրորդը, որ պիտի ստեղծվի «ինտերնացիոնալ» հայ երգ ու պար:

Հայ էթնիկական երգն ու պարը արհամարհվեցին ու բացարձակ անտեսվեցին: Մեր պետական կոնսերվատորիայի ու մեր Օպերայի հիմնադիր ղեկավարները բոլորովին չգիտեին հայ էթնիկ երգն ու երգապարը:

Կոնսերվատորիայում հայ էթնիկ երգն ու երգապարը բոլորովին չէին ուսումնասիրվում ընդհուպ մինչև վերջին տասնամյակները: Նորահայտ ռադիոն էլ սրանք չէր հաղորդում, ու այս երգերի ձայնապնակներն էլ չկային, եղած մի քանիսն էլ վաճառքում չկար:

Տարածվեցին օտար նվագարանները, մանավանդ թաթար-սելջուկյան զուռնան ու դհոլը, որ 17-18-րդ դարերում բավական հազվադեպ էին (ավելի ճիշտ՝ գործածում էին միայն գուսանները, այն էլ՝ մեծ մասամբ՝ քաղաքներում ու դրանց շըրջակայքում): Միակ հայկական նվագարանը, փողը, որ լրիվ էր ինքնուրույն, 20-րդ դարի առաջին քառորդից հետո արդեն հազվադեպ բան էր ու, ըստ էության, այսօր մեռած է:

Հայտարարվեց, որ պիտի ստեղծվի մենապար, ինչը հայն իսպառ չուներ:

Հայ գեղջուկը, ով մինչ այդ հայ ազգագրական երգի, պարերգի ու երգապարի ըսպոնտան (ինքնուրույն) ու ցրիվ կարգի միակ կրողն ու պահպանողն էր (կարգ, ինչը թերևս գալիս էր հնդեվոպական շրջանից, ինչի մի ճյուղ-վկան գուցե ռուսների хоровод-ն ու ռուսների հեթանոսական երգերն են, օրինակ), անպատիվ համարեց սեփական երգը, երգելաձևն ու միմիայն խմբային երգապարը:

Ներմուծվեցին պարեղանակներն ու պարի գործիքային ուղեկցությունը, որ (էլի ԿՈՄԻՏԱՍԻ ԱՍԵԼՈՎ) բոլորովին չկային:

Դրույթ 3. Երբ ինքնուրույն ու ցրիվ կարգը դրվում է մարդկային ծրագրի տակ, հետևանքները միանգամայն անսպասելի են լինում: Այս անգամ սպասելիքն ա՛յն բանն էր, որ հայ երգն ու երգապարն ավելի՛ կհզորանան, բայց լրիվ անսպասելի հետևանքն էլ ա՛յն բանն էր, որ հայ երգն ու երգապարը լրի՛վ սպանվեցին:

Տեղը մնաց դատարկ, ու այդ դատարկությունը լցվեց «ռաբիսով» ու ուրիշ (համարյա առանց բացառության՝ ցածրարժեք) օտար երգով ու պարով:

Այսօր, ուզենք թե չուզենք, պիտի ընդունենք, որ.

Դրույթ 4. Այսօրվա հայ ժողովրդական երգը ռաբիսն ու սրա պես ցածր, անարժեք գեղարվեստով բաներն են, որ ուրիշներից են փոխ առնված, իսկ այսօրվա պարը միմիայն փոխառյալն է (գոնե երգապարի լրի´վ բացակայության իմաստով):

Ժողովուրդը սրա՛նք է լսում, սրա՛նք է սիրում ու սրա՛նք է երգում ու պարում: Ուրեմն, հենց սրա՛նք են ժողովրդական, չնայած բացարձակ էթնիկ չեն, ազգային չեն, օտար են: Իսկ.

Դրույթ 5. Հայ էթնիկ երգ ու երգապարն այսօր բացարձակ ժողովրդական չեն: Ժողովրդական են միմիայն փոխառյալ երգն ու պարը, որոնք, ինչպես ասվեց, մեծ մասամբ, ցածրարժեք են:

(Ավելի մանրամասն տես 17.2 ու 20.1 պարագրաֆներն ու [24]-ը):

Չի բացառվում, որ նման բան պատահի նաև լեզվական ինքնուրույն ու ցրիվ կարգի հետ (Արևմտյան Հայաստանում սա պատահել է բազմիցս, ինչպես և այլուր ու այլ լեզուների մեջ, թեև գուցե առանց ծրագրի):

Դրույթ 6. Ինքնուրույն կարգի «անթույլատրելի քաոս ծնող» վախճանն սկսվում է այդ կարգն անպատիվ համարելուց:

Այս պատմությունը, ցավոք, հայ ժողովրդին անհայտ է:

Երկրորդ մասը

ՀԱՅԵՐԵՆԻ ԱՅՍՕՐՎԱ ՍԽԱԼ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

Գլուխ 2. ՀԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

2.1 Բայի հակագիտական սահմանումները

Համոզվենք, որ հայերենի հետաբեղյան քերականությունը տրամաբանական չի, այսինքն, անհեթեթ է, ուրեմն, գիտություն էլ չի:

Սրա համար նախ քննարկենք հայերենի բայի այսօրվա (իբր գիտական) սահմանումը, որ համոզվենք, որ ասվածը ճիշտ է:

ՀԱԱՀ Գիտությունների ակադեմիայի 1975թ. «Լեզվաբանական բառարանի (= ԼԲ-ի» [11]-ի) մեջ գրված է (տես նաև «Հայերենագիտական բառարան»=ՀԲ»-ն [10]-ը, կամ «Հայկական հանրագիտարանը», կամ այսօրվա հայերենի քերականության որևէ հետաբեղյան շարադրանք, որտեղ համարյա նույն բանն է գրված).

ԲԱՅ – Խոսքի մաս. ցույց է տալիս առարկայի փոփոխվող հատկանիշը (գործողություն, դրություն) իբրև պրոցես, ընդ որում՝ որևէ կոնկրետ ժամանակի հարաբերությամբ կամ առանց դրան (գրել, կարդալ, հանգստանալ, վազել, գրեմ, կարդամ, հանգըստանամ, վազեմ): Բայի քերականական առանձնահատկությունների բնորոշ կարգերն են՝ եղանակ, ժամանակ, դեմք, թիվ, կերպ, սեռ:

Ասես, որ այս սահմանումը տրամաբանական չի, նշանակում է համարյա բան չասես: Սա ուղղակի անհեթեթ է: Համոզվենք, որ սա իրոք անհեթեթ է:

1. Այս սահմանման բերած օրինակներից՝ «գրել, կարդալ, հանգստանալ, վազել» բառերից ոչ մեկը ո՛չ ժամանակ ունի, ո՛չ դեմք, այսինքն, այս բառերը չունեն բայի հենց ա´յս սահմանման պահանջած ամենակարևոր «քերականական առանձնահատկությունները բնորոշող երկու կարգը» (բացի թվից), բայց, չգիտես ինչու, բայ են: Սա մեկ:

2. Ի՞նչ է նշանակում այս սահմանման «առարկայի փոփոխվող հատկանիշը (գործողություն, դրություն) իբրև պրոցես» կապակցությունը: Ո՞վ չի համաձայնի, որ փոփոխվող հատկանիշը ա´նպայման է գործողությո՛ւն, ա´նպայման է պրոցե՛ս:

«Փոփոխվող հատկանիշ»-ն ու սրան հաջորդող կապակցությունը (չհաշված՝ «դըրություն» բառը) համանիշ են: Իսկ «դրություն»-ը առհասարակ անփոփոխ է, օրինակ, «մեռած, կոտրած, փտած»: Դրությունն անփոփո՛խ վիճակ է: Ուրեմն սահմանման այս հատվածը մասամբ ոչ մի նոր բան չասող տավտոլոգիա է, կրկնություն է, մասամբ էլ սխալ է, քանզի «դրությունը» պրոցես չի: Սա էլ երկուս:

3. Ի՞նչ է նշանակում, «ցույց է տալիս... գործողությունն իբրև պրոցես…, որևէ կոնկրետ ժամանակի հարաբերությամբ կամ առանց դրան»: Հիմա հարց եմ տալիս.

«Որևէ կոնկրետ ժամանակի հարաբերությա՞մբ, թե՞ առանց դրան»: Կա՞ երրորդ ընտրանքը: Սա էլ երեք:

4. Եթե բայը «ցույց է տալիս առարկայի փոփոխվող հատկանիշը առանց որևէ կոնկրետ ժամանակի հարաբերության», այսինքն, մարդավարի ասած, առանց ժամանակի, բա էլ բայը ո՞նց է բնորոշվում «ժամանակով»: Սա էլ չորս:

5. Եթե «առարկայի հատկանիշը փոփոխվում է», ո՞նց է հնարավոր, որ փոփոխվի առանց ժամանակին հարաբերելու: Մի՞թե կյանքում առանց ժամանակի փոփոխություն է՛լ կա: Սա էլ հինգ:

6. Բերված «բայերից» (իրականում՝ անուններից; տես հետո) «գրել, կարդալ, հանգստանալ, վազել» բառերը հոլովաձևեր ունեն, օրինակ՝ «գրել, գրելու, գրելուց, գրելով» ևն: Հարցնում եմ. «Բայը հոլովվո՞ւմ է»: Չէ՛, չի՛ հոլովվում: Հոլովվում է մի´միայն անունը: Սա էլ վեց:

7. Բերված «բայերից» առաջին չորսը հոդ են ստանում՝ «գրելս, գրելդ, գրելը(ն)» ևն: Բացի սա, այս իբր «բայերը» հոգնակի են կազմում «-ներ» վերջավորությունով՝ «գրելներս, գրելներդ, գրելները»: Բայը հո՞դ ունի, բայը հոգնակին կազմո՞ւմ է «-ներ» վերջավորությունով: Ասո՞ւմ ենք՝ «գրեմս, գրեմդ» ևն, կամ՝ «գրեմներս, գրեմներդ» ևն: Սա էլ յոթ:

8. Այս նույն «բայերը» նաև նախադրություն ու հետադրություն են ստանում. «առանց գրելու, գրելուց հետո» ևն: Բայը նախադրություն ու հետադրություն վերցնո՞ւմ է, ասո՞ւմ ենք, օրինակ, «առանց գրեմի, գրեմից հետո» ևն:

9. Այս առաջին չորս «բայը» դառնում է ենթակա. «գրելը հեշտ է» ևն: Բայը դառնո՞ւմ է ենթակա, ասո՞ւմ ենք՝ «գրեմը լավ» է ևն:

10. Այս առաջին չորս «բայը» դառնում է բայիմաստի ստորոգյալ-լրացում. «Ա՛յ, սա կարդա˜լ է՛ր» ևն: Բայը դառնո՞ւմ է մի ուրիշ բայի ստորոգյալ, ասո՞ւմ ենք՝ «Ա՛յ, սա գրեմ է՛ր», ևն:

11. Այս սահմանումը բացառում է, որ հայերենի ամենակարևոր բառը, «եմ» բառը, լինի բայ, որովհետև «եմ» բառը (ու իր մնացած ձևերը), չափազանց հաճախ, ոչ թե «ցույց է տալիս առարկայի փոփոխվող հատկանիշը (գործողություն, դրություն) իբրև պրոցես», այլ ցույց է տալիս լոկ գոյություն, լոկ կեցություն, լոկ դրություն, լոկ անփոփոխ վիճակ ու, անկասկած, «գործողությունն իբրև պրոցես ցույց չի տալիս»:

Օրինակ, «կատուն սատկած է; ջուրն անշարժ է» ևն խոսքերի մեջ, ըստ վերի սահմանման, բայ չկա, որովհետև, ըստ այս սահմանման, «է» օժանդակը բայ չի, ու բայ չեն նաև ու, օրինակ, «կամ, կաս, կա, կանք, կաք, կան» բառերը, քանի որ սրանք էլ «գործողությունն իբրև պրոցես ցույց չեն տալիս»:

12. Բայց կան սահմանումներ, որոնք ԼԲ-ի վերի սահմանմանն ավելացնում են նաև այն բառերը, որոնք ցույց են տալիս կեցություն/գոյություն ու լինելություն: Բայց այս անգամն էլ ինչո՞ւ բայ չեն հետևյալ բառերը. «խոսող, նստած, սատկած, փտած, կանգուն, անշարժություն, գոյություն, կեցություն, լինելություն» ևն:

Ահա ձեզ մի 5 տողանոց իբր գիտական «սահմանում», ինչի մեջ կա առնվազն 12 տրամաբանական հակասություն: Ակնհայտ է, որ անհնար է, որ այսպիսի սահմանման վրա հիմնված «տեսությունը» գիտական լինի: Ի՞նչ կասի ընթերցողը, եթե բնագետներն էլ «ձի» կոչված կենդանին սրա պես սահմանեն ու, օրինակ, ասեն.

ՁԻ – կենդանի բնության մաս. ցույց է տալիս օրգանիզմի՝ կենդանական աշխարհին պատկանելու հատկանիշը (կենդանի, բույս) իբրև շնչավոր, ընդ որում, որևէ կոնկրետ ժամանակի հարաբերությամբ կամ առանց դրան (էշ, ավանակ, ջորի, Պըրժևալսկու ձի, օռլովյան ծանրաքարշ, մուստանգ, զեբր, զամբիկ, մտրուկ, նժույգ, յաբու): Ձիու կենդանաբանական առանձնահատկությունները բնորոշող կարգերն են՝ ոտք, բաշ, գլուխ, ականջ, աչք, սմբակ, կերպ, սեռ և այլն:

Վախենամ, որ սա ավելի «տրամաբանական է», քան վերևինը: Հիմա հիշենք, որ.

Դրույթ 1. Հայերեն լեզվի բայի հասկացությունը հայերեն լեզվի կենտրոնական հասկացությունն է:

Բայը հայերեն խոսքի սիրտն ու հոգին է, միսն ու արյունն է: Անբայ խոսքը հայերենին հատուկ չի:

2.2 Առարկայի ու գոյականի սխալ սահմանումները

Այս նույն գրքերից բերեմ նաև «առարկա»-յի սահմանումը.

ԱՌԱՐԿԱ – քերականության մեջ առարկա ասելով՝ սովորաբար նկատի ունեն կենդանի էակները, իրերը, հոգևոր, հասարակական, ֆիզիկական երևույթները, անցքերը:

Նախ եկեք առայժմ չհարցնենք – իսկ «ոչ սովորաբար» ի՞նչը նկատի ունեն առարկա ասելով: Անտրամաբան սահմանողի համար նման հարցը, անկասկած, անտեղի է ու անօգուտ: Ուղղակի ենթադրենք, թե համաձայն ենք սրան ու մի քիչ մտածենք:

Անկասկած է, որ «փայլել»-ը ֆիզիկական երևույթ է: Կամ էլ՝ «պայթել»-ը: Չեմ կարծում, որ որևէ մի քերական ժխտի սա: Բայց այս բառերը, նախորդ պարագըրաֆի բայի սահմանման օրինակների անալոգիայով, բայ են: Հիմա էլ նայենք նույն գրքի «գոյական» հոդվածը:

ԳՈՅԱԿԱՆ {են} Այն բառերը, որոնք ցույց են տալիս տարբերակված առարկաներ և առարկայացված հասկացություններ:

Նորից, եկեք փորձ չանենք հասկանալու, թե ի՞նչ է «տարբերակված առարկան» կամ «առարկայացված հասկացությունը»:

Եկեք չպահանջենք մեր այսօրվա քերականություններից, որ մեզ, օրինակ, գոնե մեկ-երկու գրամ «առարկայացված խելք» ցույց տան, ինչը նաև լինի «տարբերակված առարկա», որովհետև անկասկած է, որ «խելք» բառը («խելոքություն» բառի պես) ա´նպայման է գոյական, ուրեմն, մեր քերականների ասելով, կա՛մ տարբերակված առարկա է, կա՛մ առարկայացված հասկացություն է: Բայց.

Հարց 1. Օրինակ, այս «փայլել»-ը կամ «պայթել»-ն ինչո՞վ չեն «առարկայացված հասկացություն» կամ «տարբերակված առարկա»:

Հարց 2. Ինչո՞ւ է «փայլ»-ը կամ «պայթյուն»-ը առարկայացված, իսկ «փայլել»-ը կամ «պայթել»-ը՝ ոչ:

Հարց 3. Չե՞նք ասում՝ «փայլելուց/պայթելուց» հետո, «փայլից» կամ «պայթյունից» հետո, լրիվ նույն իմաստով:

Հարց 4. Հասկացությունը, առհասարակ, մի ընդհանրացրած ու լրիվ վերացական գաղափար է: Հիմա «ձի» բառը այդ ո՞ր հասկացության «առարկայացվածությունն է»: Այս «ձի»-ն նախքան առարկայանալը ի՞նչ է եղել, որ առարկայանալուց հետո իսկույն դարձել է «ձի» ու, սրանով իսկ, իսկույն էլ դարձել է առարկա:

Երբ ճիշտ ու սխալը ջոկելու ոչ մի չափանիշ չկա, արդյունքը միմիայն անհեթեթությունը կլինի, իսկ անհեթեթությունը, անկասկած, գիտություն չի:

Առարկայի ու գոյականի այս «սահմանումները» բայի վերի սահմանումից պակաս անհեթեթ չեն, ու ընթերցողը թող ի՛նքը պարզի, թե սրա՛նց մեջ քանի հակասություն կա:

2.3 Նախադասությո՞ւն, թե՞ խո´սք

Օտար բառը անհաջող «հայացնելու» ամենացայտուն օրինակը «նախադասություն» բառի օրինակն է: Հայ քերականները «նախադասություն» բառի փոխարեն գործածում էին «խոսք» բառը: Այստեղից էլ՝ «խոսքի մասեր=մասունք բանի» տերմինը: Այսպես էր նաև Աբեղյանի քերականության գրքերում մինչև 1936 թիվը [1, 2]:

Բայց երբ 1930-ականներին Արարատ Ղարիբյանն ու Գուրգեն Սևակը զրպարտեցին ու վարկաբեկեցին Աբեղյանին, ու Աբեղյանը, ստիպված, հեռացավ համալսարանից (տես [4]-ն ու [24]-ը), Ղարիբյան-Սևակյան «պրոլետարական քերականության» գրքերի մեջ «խոսք» տերմինի փոխարեն գրվեց՝ «նախադասություն», չնայած, «խոսքի մասեր» տերմինը, մի անհասկանալի պատճառով, մնաց:

Աբեղյանը Ղարիբյանի ու այն օրերի հայ բոլոր նշանավոր մտավորականների ներկայությամբ ասում է [4], թե «Ղարիբյանի քերականության այս գիրքը գրել է քերականորեն տգետ մի մարդ», ընդ որում, ասում է նաև, որ այդ գիրքը ռուս «քերական» Շապիրոյի գրքի ընդօրինակությունն է, ու ոչ մեկը (նաև ի´նքը, Ղարիբյանը) ծպտուն անգամ չի հանում:

«Նախադասություն» տերմինը ռուսերեն предложение բառի հայերեն կալկան է, կույր-կույր արած պատճենը: Ռուսերենի пред+лож+ение բառը նշանակում է՝ «առաջարկ» ու «առաջադրություն», այսինքն, առաջը դրած մի բան:

Սրանցից երկրորդը՝ «առաջադրություն»-ը, հայերենի լոգիկային վերաբերող գըրականության ու նաև մաթեմատիկայի գրքերի մեջ հաճախ գործածվում է տրամաբանական ասույթի, տրամաբանական խոսքի («տրամաբանական նախադասության») իմաստով:

(Այս նույն անհարմար բանը ռուսներն էլ են արել, քանի որ ռուսներն էլ ունեին речь=«խոսք» ու части речи=«խոսքի մասեր» տերմինները):

Ակնհայտ է, որ առհասարակ «նախադասության» մեջ ոչ մի բան չի «նախադասվում», ու այս «նախ+ա+դաս+ություն» տերմինը թե´ խիստ անհաջող է, թե´ անհեթեթ: Սրա համար էլ այս գրքի մեջ, շատ անգամ, հետևում եմ հայ քերականների ավանդույթին ու «նախադասություն» տերմինի փոխարեն գրում եմ «խոսք», չնայած հաճախ փակագծերի մեջ «նախադասություն»-ն էլ եմ ավելացնում, որ թյուրիմացություն չլինի:

Անհարմար է նաև մեր «գոյական» տերմինը, ինչը ռուսերենի существительное անհաջող տերմինի պատճենն է: Սրա փոխարեն հարմար է մեր հին քերականների «անուն» տերմինը, ինչին այս գիրքը գուցե գերադասություն է տալիս, բայց շատ անգամ «գոյական» տերմինն էլ է գործածում, որ թյուրիմացություն չառաջանա:

2.4 Նախադասության սխալ սահմանումը

Հետևելով Մ. Աբեղյանին՝ ասում ենք.

Սահմանում 1. Հայերենի խոսքը («նախադասությունը») դեմքի, թվի ու ժամանակի գաղափարներն իրար հետ ունեցող ու «բայ» կոչված բառն է, իր լրացումներով հանդերձ (մանրամասն տես հետո): Բայը մի անցյալ, ներկա կամ ապառնի վիճակի կամ պրոցեսի գոյություն է վերագրում (ստորոգում) իր դեմքին (կամ սրան լրացնող բառերին):

Սահմանում 2. Կամ, ավելի կարճ, խոսքը («նախադասությունը») բայով կամ բայով ու իր այս կամ այն լրացումներով արտահայտված միտքն է:

Այս սահմանումից հետևում է, որ վերջակետով անջատած բառերի հետևյալ շարանները խոսք են, այսինքն, բայով արտահայտած միտք են. «Մթնեց: Կլուսանա: Գալիս էր: Մուկը փիղ չի: Եկա/Եկել եմ, որ հաց ուտեմ: Շորերս կհանեի ու կմըտնեի ջուրը»:

Բայց հետևյալ խոսքերը նախադասություն չեն, որովհետև բայ չունեն. «Քար լռություն: Ոչ մի շարժում: Ծառի սաղարթը: Բարձրացնել կարգապահությունը: Լինե՞լ, թե՞ չլինել: Երևան: Աստաֆյան փողոց: Տոթ»:

Դրույթ 1. Ուրեմն, ԽՈՍՔ ԿԱԶՄԵԼՈՒ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՅՆ ԲԱ՛ՅՆ ՈՒՆԻ:

Պատահում է նաև բայը սղած խոսք, բայց այս անգամ բայը կա տվյալ լեզվական հանրության ամեն անդամի մտքում, օրինակ, «խևին՝ խրատն ինչ, սևին՝ սապոնը» (Աբեղյանի օրինակն է): Այս խոսքի մեջ սղված է «կանի» բայը, ինչն ամե՛ն հայ էլ ա՛նպայման է հասկանում:

Այս կարգի սղված բայերը միայն առածների մեջ են (սրանք էլ այսօր հարգի չեն, որովհետև սրանց մեծ մասը բարբառով է), կամ կարճ հարց ու պատասխանի մեջ:

Այսօրվա հայերենն ունի միայն մի երկու-երեք անբայ խոսք, ինչի բայը բոլոր հայերին է հասկանալի, այսինքն, կա բոլոր հայերի մտքում: Ահա այդ խոսքերից.

Ահա՛=հրե՛ս (գիրքը):

Ահա (հե՛ս ա իմ առաջարկը):

Ափսո՛ս (ևն):

Սրանց լրիվ ձևերից են.

Էսի´ ա գիրքը:

Էսի´ ա իմ առաջարկը:

Հե՛ս ա գիրքը: Հե՛ն ա մատիտը: Հե՛ս ա իմ առաջարկը ևն:

Ցավում եմ (կամ՝ «ի՛նչ վատ բան է եղել; ափսո´ս») ևն:

Լրիվ նույնն է նաև կարճ պատասխանների վիճակը, որոնց բայը հաճախ սըղված է, բայց հային լրի՛վ է հասկանալի, որովհետև սա հարցնողի՛ խոսքի մեջ կա ու «խոսքային իրավիճակից» լրիվ է հասկանալի, թե ի՛նչ բայ է սղված, քանի որ այս բայը պարզ ու հստակ հասկացվում է (ուղղակի սա՛ է հայերենի լեզվական պրոցեսի ինքնուրույն կարգը (տես հետո)):

Դրույթ 2. Երբեք չպիտի մոռանանք, որ խոսելու համար ասող ու պատասխանող է պետք (լեզվական հանրություն է պետք), թե չէ՝ «ՀԲ»-ի պես անհեթեթ եզրակացությունների կհասնենք (էջ 478):

Ահա այդ բառարանի ոճով կարճ իբր պատասխան-նախադասության օրինակներ.

- Եղանակը ո՞նց էր:

- Տոթ: (էր)

- Ո՞ւմ տեսար:

- Արամին: (տեսա)

- Դժվա՞ր ա:

- Չէ (դժվար չի):

- Կանի՞:

- Հա՛: Իհարկե: (կանի)

Բոլոր այս պատասխանների բայերը, որ դրված են փակագծի մեջ, սղված են՝ լրիվ համաձայն լեզվական ցրիվ կամ ինքնուրույն պրոցեսի կամ սպոնտան կարգի առավելագույն հեշտության կամ նվազագույն ճիգի օրենքին (տես հետո):

Բայց այս բայերի սղված լինելը չի նշանակում, որ բառերը մի´շտ են խոսք (նախադասություն):

Դրույթ 3. Կարճ պատասխանները խոսքի զորություն ունեն միմիայն երկխոսության մեջ, երբ լեզվական «իրավիճակը» հայտնի է խոսողներին:

Այսօրվա հայերենի հետաբեղյան քերականությունները պնդում են, որ «տոթ, Արամին, չէ, հա, իհարկե» բառերի պես անբայ բառերը խոսք են: Բայց եթե սա ճիշտ լիներ, այս անգամ խոսք կլիներ հայերենի համարյա ցանկացած բառը, որովհետև հնարավոր է, որ հայերենի ամեն բառն էլ լինի կարճ պատասխան:

Իմիջիայլոց, եթե սա ճիշտ լիներ, հայերենի բոլոր անհոլովաձև (եղանակիչները) մակբայները (երևի, գուցե, իհարկե, անշուշտ, բա ո´նց» ևն) պիտի համարեինք խոսք, որովհետև հենց այս մակբայներն են, որ չափազանց հաճախ են դառնում կարճ պատասխան:

Տեսնենք, թե ի՛նչ է ասում հիշածս գրքերից մեկը (ՀԲ-ն).

ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ||предложение, հին քերականության մեջ նաև՝ խոսք, բան. շարահյուսական կարգ է (միավոր). ի տարբերություն հասկացություն արտահայտող միավորների (բառերի, բառակապակցությունների)՝ ամփոփ միտք ձեվավորող, արտահայտող, հաղորդող միավոր է և ունի հնչերանգային ավարտվածություն:

… {Նախադասության} ամենաբնորոշ հատկանիշը ստորոգական գործառությունն է, հատկանիշի վերագրումը, հատկացումը առարկային, ստորոգումը:

Սրանից մի քիչ ավելի կարճ, բայց ոչ քիչ հակասական բան է ասում մյուս գիրքը (ԼԲ-ն).

ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ||предложение||sentence, clause||proposition, phrase||Satz ||propositio:

Տուն խոսից: Խոսք: Բան: Խոսակցություն: Շարագրություն:

{Խոսքը} Տվյալ լեզվի օրենքներով քերականորեն ձևավորված ստորոգում դրսեվորող խոսքի միավոր {է}, որը մտքի ձևավորման, արտահայտության և հաղորդակցման հիմնական միջոցն է:

Սրանցից երկրորդը «խոսք» հասկացությունը սահմանում է հենց «խոսք» հասկացության միջոցով, ինչն անթույլատրելի է տրամաբանության տեսանկյունից:

Մի՞թե պարզ չի, որ եթե մի այլմոլորակային գա ու խնդրի երկրացուն, որ սա սահմանի, թե «ձի» բառի գաղափարն ի´նչ է, որովհետև իրենց մոլորակի վրա «ձի» չկա, ու ինքն էլ ուզում է իմանա, թե այս «ձի» բառն ինչ է, երկրացին չպիտի այս «ձի»-ն սահմանի «ձի» բառով ու ասի. «Ձին այն բանն է, ինչը ձի է»:

Հետո էլ այս սահմանումը թվարկում է խոսքերի տեսակները, որոնցից առաջինը «անդեմ նախադասությունն» է: Սա է՛լ բերեմ.

ԱՆԴԵՄ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ … – Ստորոգյալ ու ենթակա ունեցող նախադասություններին համազոր, բայց դրանք չունեցող և սովորաբար ցանկություն, կամք, հորդոր, կոչ արտահայտող նախադասությունը. օր.՝ «Ժողովն սկսե՛լ», «Բարձրացնե՛լ կարգապահությունը»:

Ասես, որ սրանք՝ այս «սահմանումները», անհեթեթ են, նշանակում է՝ համարյա բան չասես:

Իրոք, եթե նախադասությունը «ստորոգում դրսևորող խոսքի միավոր է», ինչպես նախորդ «սահմանումն» է ասում, ուրեմն, անդեմ նախադասությունն է՛լ պիտի «ստորոգում դրսևորի», քանզի ինքն է´լ է նախադասություն:

Բայց ստորոգում դրսևորելու համար, ստորոգվող է պետք, այսինքն, գրաբարով ասած, ստորոգյալ է պետք: Այնինչ, այս «անդեմ» կոչած «նախադասությունը», ըստ իր սահմանման, ստորոգյալ չունի, որ «դրսևորի»: Բայց «դրսևորում է», որովհետև հեղինակն ասում է, որ սա «նախադասություն է»:

Եկեք, ԼԲ-ին հետևելով, սահմանենք, օրինակ, թե ինչ է առյուծը.

ԱՌՅՈՒԾ – Բնության օրենքներով կենսաբանորեն ձևավորված գիշատչություն դրսևորող առյուծի միավոր, որը կենդանիներին բռնելու, հոշոտելու ու մարսելու հիմնական միջոցն է:

ԱՆԳԼՈՒԽ ԱՌՅՈՒԾ – Գլուխ ու ժանիք ունեցող չորքոտանի կենդանիներին համազոր, բայց սրանք չունեցող և սովորաբար գիշատչություն, կատաղություն, սով, արյունարբություն արտահայտող կենդանի:

Ցավոք, սա ո՛չ հումոր է, ոչ է՛լ չափազանցություն:

Հետաբեղյան առաջին քերականությունները սա ասում էին ան(ը)սքող, առանց բառային այս «խելացնոր աղմուկի».

Կեղծ սահմանում. ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸ ամփոփ միտք արտահայտող բառերի կապակցությունն է:

Սա, իհարկե անհեթեթ է, ինչը ցույց կտամ քիչ հետո:

ՀԲ-ն ասում է, թե հետևյալ երկու կապակցությունը.

Քար լռություն: Ոչ մի շարժում:

խոսք է (նախադասություն է): Բայց եթե սա ընդունենք, ուրեմն, ինչպես ասվեց, պիտի հայերենի բոլոր բառերի բոլոր կապակցություններն էլ ա´նպայման համարենք խոսք (կամ, մեր այս «քերականների» պես, «նախադասություն»):

Ու այս անգամ արդեն պարզ չի լինի, թե այս նոր տերմինը՝ «նախադասություն»-ը, ինչի՞ է պետք: Չէ՞ր լինի, որ չասեինք՝ «խոսք» կամ «նախադասություն» ու սրա տեղն ասեինք՝ «բառ» կամ «բառերի կապակցություն», քանի որ, վերի այս իբր գիտական սահմանումների համաձայն, հայերենի ամեն մի բառը կամ բառակապակցությունն էլ նախադասություն է: Սա՝ առաջին:

Գանք մեր նորօրյա քերականների «համառոտ» սահմանմանը, թե իբր «նախադասությունը ամփոփ-ավարտուն միտք արտահայտող բառերի կապակցությունն է»:

Երբ մեկն ասում է «ծառի սաղարթը», լսողի մտքում ծառի սաղարթի մի պատկեր, մի միտք է առաջանում: Նույն ձևով էլ՝ եթե հայերենի ցանկացած ածականից կամ անվան սեռական հոլովաձևից հետո դնենք մի «սազող» գոյական, ու սա ասենք, լսողի մտքում մի միտք կառաջանա. օրինակ. «քար լռություն, դանդաղ շարժում, ծառի սաղարթը, անօրինակ խիզախություն, հիմար մարդ, Աշոտի գիրքը, մեծ քար, մուգ կարմիր, հոգնած եզ, կատաղած ձի» ևն:

Ակնհայտ է, որ այս բաներն ասողը մի ինչ-որ բան-միտք է «արտահայտում», այս «միտքն» էլ մեր ուղեղին ինչ-որ մի բան է հաղորդում, ու այս ինչ-որ բանն էլ մեր ուղեղում մի «միտք-պատկեր» է ձևավորում: Հիմա ասեք, խնդրեմ, այս «մտքերը» ինչո՞վ ու ինչո՞ւ «ամփոփ» կամ «ավարտուն չեն», քանզի եթե սրանք ամփոփ լինեին, պիտի անպայման նախադասություն լինեին, ինչին այս սահմանման հեղինակները դժվար թե համաձայնեին:

Կամ ասեք, այդ ո՞ր միտքն է «ամփոփ» կամ «ավարտուն»: Բացատրական բառարանն էլ որ նայես, կտեսնես, որ «ամփոփ» բառի դեմը գրած է՝ «համառոտ, հակիրճ» ևն:

Հարց 1. Եթե միտքը (այս շարադրանքի հետագա «մտապատկերը») հակիրճ կամ «ամփոփ» չեղավ, մի՞թե խոսք («նախադասություն») չի՞ լինի:

Հարց 2. Երբևէ (Չարենցի օրերի) Աստաֆյան փողոցը չտեսած մեր ուղեղում «Աստաֆյան փողոց» բառերի հարուցած «Աստաֆյան փողոց»-ի մտապատկերն ինչո՞ւ ու ինչո՞վ է ամփոփ կամ ավարտուն, որ մեր հետաբեղյան լեզվաբանները սրան նախադասություն լինելու «իրավունքն են շնորհում»:

Հարց 3. Ինչո՞ւ է «Աստաֆյան փողոց»-ը նախադասություն, իսկ (օրինակ) Աբովյան փողոցը, Ազատության պողոտան ու մնացած փողոցները նախադասություն չեն:

Ու եթե վերի անբայ բառերի շարանները նախադասություն են, ուրեմն, նախադասություն են հայերենի բոլոր ածական-գոյական ու թվական-գոյական զույգերը, որովհետև սրանք մի բանի անուն են (մտապատկեր են), ու այս բաներն է՛լ են ամփոփ ու ավարտուն, ու սրանք էլ են միտք «ձևավորում, արտահայտում ու հաղորդում»:

Դառնանք ընդարձակ «սահմանմանը»:

Եթե «անօրինակ խիզախություն» կապակցությունը նախադասություն է, սա ինչի՞ն կամ ո՞ր առարկային է վերագրում-ստորոգում այս «անօրինակ խիզախություն»-ը:

Եթե մեր քերականներին հարցնես, թե ինչին է ստորոգվում (վերագրվում) այս «անօրինակ խիզախությունը», կասեն, որ սա «վերագրվում է իրականությանը»:

Բայց ախր հնարավոր է, որ ասվի «մի իրականում գոյություն չունեցող հեքիաթային ու անօրինակ խիզախություն»: Ու այս անգամ էլ հարց է ծագում, թե այս «իրականում գոյություն չունեցող անօրինակ խիզախությունն» ինչպե՞ս է վերագրվում իրականությանը ևն, ևն:

Սա է՛լ է ապացուցում, որ.

Դրույթ 4. Հայերենի այսօրվա բոլոր «քերականությունները» լեզվական երևույթի ճիշտ ու սխալը ջոկելու կամ այդ երևույթը գիտական մեթոդով նկարագրելու ոչ մի չափանիշ չունեն, ուրեմն, գիտական չեն:

Կնշանակի, ճիշտ է Աբեղյանը, երբ ասում է, թե.

Դրույթ 5. Եթե բառերի շարանի մեջ չկա բայ, ուրեմն, չկա նաև հայերեն խոսք («նախադասություն»):

Գլուխ 3. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

3.1 Ի՞նչ է սահմանումը

Դրույթ 1. Չնայած լեզուն (լեզվական պրոցեսը) հաճախ չի ենթարկվում ձևական տրամաբանության պահանջներին, բայց լեզուն նկարագրող գիտությունը ի´նքը, պարտադիր, պիտի լինի տրամաբանական ու հակասություն չպիտի պարունակի (չհաշված Գյոդելի պարադոքսների պեսերը):

Դրույթ 2. Գիտության անհակասականության այս կտրուկ պահանջն առաջին հերթին ապահովում են տվյալ գիտության աքսիոմների ու սահմանումների անհակասականությամբ:

Դրույթ 3. Գիտությունը, լինի սա մաթեմատիկա, բնագիտություն, թե հումանիտարիստիկա (հասարակագիտություն, լեզվաբանություն ևն), բացարձակ անհնար է՝ առանց տրամաբանությանը բավարարող սահմանումների:

Այնինչ, հետաբեղյան քերականությունները բայը (ու ոչ միայն բայը) այնքա՛ն «անփույթ են սահմանում», որ այս սահմանումների մեծ մասը լրիվ անհեթեթ է:

Դրույթ 4. Բայի հասկացությունը, մանավանդ հայերենի բայինը, քերականության ամենակարևոր հասկացությունն է, որովհետև մարդը բայով է խոսում, այսինքն, մարդը «բայում է»:

Ասվել է, որ Աբեղյանն ու մեր հին քերականներն ասում են, թե խոսքի կենտրոնը բայն է [1-4], ու խոսքի մնացած մասերը բայի լրացումներն են: Քննությունը ցույց է տալիս, որ սա, անկասկած, ճիշտ է:

Դրույթ 5. Եթե որևէ տեսության (օրինակ, քերականության) հիմնական (գըլխավոր, ֆունդամենտալ) հասկացությունը սխալ սահմանվի, անհնար է, որ այդ տեսությունը տրամաբանական լինի, ու անհնար է, որ սխալ ու վնասակար չլինի:

Օրինակ, ի՞նչ կդառնային դասական իրական ու կոմպլեքս մաթեմատիկական անալիզները, եթե սրանց հիմնական հասկացությունների՝ ֆունկցիայի ու սրա սահմանի հասկացությունների սահմանումները հակասեին մաթեմատիկական տրամաբանության գոնե մեկ պահանջին: Այդ տեսությունները կդառնային զառանցանք:

Սրա համար էլ անցնենք տրամաբանության ա´յն պահանջների քննարկությանը, որոնց պիտի բավարարի գիտական սահմանումը: Նախ ասենք, թե ինչ է սահմանումը: Սկզբում բերենք սահմանման մոտավոր սահմանումը:

Սահմանում 1. Սահմանումը «երկար բանը (միտքը, խոսքը) մեկ-երկու բառով կարճ ասող» անհակասական պայմանն է, (պայմավորվածությունն է, ասույթը, խոսքը, «նախադասությունը»):

Օրինակ, փոխանակ անընդհատ ասեն «հարթության այն կետերի բազմությունը, որոնք հարթության տրված որևէ կետից ունեն նույն հեռավորությունը», պայմանավորվում են, որ հարթության ասված հատկություններով կետերին կարճ ասեն շրջանագիծ, ասված տրված կետին էլ ասեն շրջանագծի կենտրոն ևն:

Դրույթ 6. Սահմանումը օբյեկտների մի «լայն» բազմությունից առանձնացնում է («սահման է քաշում», կարճ ու հստակ կասեր Դավիթ Անհաղթը) այդ օբյեկտների այնպիսի մի ենթաբազմությունը, ինչի բոլոր տարրերն ունեն մնացած (չառանձնացրած) տարրերի բոլոր հատկությունները, բայց օժտված են առնվազն մեկ այլ հատկությամբ, ինչը չունի չառանձնացրածներից ոչ մեկը: Օրինակ.

Սահմանում 2. Հարթության ընդհանուր կետ չունեցող ուղիղներին ասում են զուգահեռ ուղիղներ:

Այս սահմանումը հարթության բոլոր հնարավոր ուղիղների բազմությունը տըրոհում է զուգահեռ ու ոչ զուգահեռ ուղիղների ենթաբազմությունների: Ու սա, իհարկե, «հարթության ընդհանուր կետ չունեցող ուղիղներ» երկար «բանին» մի կարճ անուն է տալիս՝ «զուգահեռ ուղիղներ» կամ «զուգահեռներ» անունը:

Բայց ամեն մի տրամաբանական խոսք չի, որ կարող է լինի սահմանում:

Տեսնենք, թե դասական (ֆորմալ) տրամաբանությունն ի՛նչ է պահանջում սահմանող խոսքից:

3.2 Սահմանման շրջելիությունը

Տեսության տրամաբանական հակասություններն անխուսափելի են, եթե սահմանումը շրջելի (փոխադարձելի, անդրադարձ, reciprocative) չի կամ սահմանող խոսքի ստորոգյալը հայտնի չի (իհարկե, նաև այս երկուսը միասին):

Սահմանում 1. Սահմանումը շրջելի է, եթե սահմանող ասույթի (խոսքի) բառ-ենթակայի ու բառ-ստորոգյալի (կամ՝ սրանց խմբերի) տեղերը փոխելիս սահմանելիքի էությունը չի փոխվում, այսինքն, չառանձնացրած տարրերից ոչ մեկը չի ընդգրկվում առանձնացրածների մեջ, ու առանձնացրած ու չառանձնացրած բազմություններն իրար չեն «խառնվում»:

Ասվածը հասկանալու համար, պարզ է, որ նախ պիտի հակիրճ ասվի, թե ինչ են բայը, բառ-ենթական ու բառ-ստորոգյալը:

3.3 Ի՞նչ են բայը, ենթական, ստորոգյալն ու ստորոգելը

Նորից բերենք բայի նկարագրական (discriptive) սահմանումը (տես [1-4]-ը]:

Սահմանում 1. Բայ են միայն ու միայն ա՛յն բառերը, որոնք օժտված են դեմքի, թվի ու ժամանակի գաղափարներով ու իրենց (բայ)իմաստն ու սրա զանազան լըրացումները վերագրում են (հատկացնում-ստորոգում են) կա´մ իրենց արտահայտած դեմքին, կա´մ իրենց արտահայտած թվին, կա´մ իրենց արտահայտած ժամանակին, կա´մ իրենց հենց (բայ)իմաստին:

Օրինակ, «խաղաց» բառը բայ է, որովհետև իր բայիմաստը (խաղալու գաղափարը) վերագրում է ի՛ր իսկ 3-րդ դեմքին՝ նշելով խաղացողի եզակիությունը ու ժամանակի անցյալությունը: Սա ցույց տանք աղյուսակով.

«խաղաց» բառն օժտված է հետևյալ 4 գաղափարով

ու անում է հետևյալ 5-րդ «գործը»

1. օժտված է բայիմաստով՝ խաղալու գաղափարով

2. օժտված է երրորդ դեմքի գաղափարով

3. օժտված է եզակի թվի գաղափարով

4. օժտված է անցյալ ժամանակի գաղափարով

5. իր «խաղալու» գաղափարը (այսինքն, իր բայիմաստը) վերագրում է (հատկացնում-ստորոգում է) հենց իր 3-րդ դեմքին, նշելով դեմքի եզակիությունն ու գործողության անցյալությունը

Աբեղյանը, լրիվ իրավացի, ասում է.

Դրույթ 1. Հայերենի բայը հասել է մի կատարյալ դրության, ինչի մեջ այս 5 բանը մերված, ձուլված են իրար:

Մենք բայի էությունը լավ հասկանալու համար ենք միայն սրանք իրարից առանձնացնում: Ու հենց սրա համար է, որ.

Դրույթ 2. Հայերենի բայը, հենց միայն ինքը, ա´նպայման է խոսք (նախադասությո´ւն է), ու ոչ թե ընդամենը միայն բառ է:

Այսօրվա անգլերենի բայը, օրինակ, համարյա միշտ դեմք չունի (չհաշված 3-րդ դեմքի ներկայի եզակին), ու թե որ անգլիացին ասի՝ went, չի իմացվի, թե ո՛վ «went արեց» կամ ո´վ էր «went անում»:

Ռուսերենի բայն անցյալո´ւմ դեմք չունի, ու նույն ձևով, թե որ ռուսն ասի՝ играл, էլի չի իմացվի, թե я (ես) играл կամ ты (դու) играл, թե он (ինքը) играл:

Սրա համար էլ անգլերենն առանց դերանունի «կյանք չունի», ռուսերենն էլ առանց դերանունի անցյալո՛ւմ «կյանք չունի»:

Այնինչ հայերենը երևի կարող էր առանց դերանունի էլ յոլա գնար, բայց առանց բայ կյանք չունի, իսկ ռուսերենը նույնիսկ ունի լրիվ անբայ նախադասություն, օրինակ, Я солдат. Он умный. Она красавица. Они ленивы. Мы могучы ևն:

Դառնանք մեր հիմնական գործին:

Սահմանում 2. Բայի «հպատակին», բային «ենթարկվողին», այսինքն, այն բանին, ինչին որ բայը «ճնշում է» ու ստիպում, որ թվով ենթարկվի-համաձայնի ի՛ր թվին, ասում են՝ դեմք-ենթակա, իսկ ՎԵՐԱԳՐՎԵԼԻՔԻՆ (ստորոգվողին = ստորոգյալին) ասում են՝ բայիմաստ-ստորոգյալ (տես [1-4]-ը):

Օրինակ, «խաղաց» բայի դեմք-ենթական է 3-րդ դեմքը, սրա բայիմաստը խաղալու գաղափարն է, սրա ստորոգյալը (ստորոգվո´ղը, վերագրվո´ղը) հենց խաղալու գաղափարն է, ու այս «խաղաց» բայը հենց ի՛նքը իր իմաստը վերագրում-ստորոգում է իր դեմքին:

Ուրեմն, այս «խաղաց» բայը միայն ստորոգյալ չի: Այս բայի ստորոգյալը սրա իմա´ստն է, խաղալու գաղափա´րն է, բայց սա իր մեջ ունի նաև դեմքի, ժամանակի ու թվի գաղափարները:

Կնշանակի.

Դրույթ 3. Բայը միմիայն ստորոգյալ-վերագրվող չի: Բայը մասամբ վերագրվող-ստորոգվող է, մասամբ էլ՝ վերագրող-ստորոգող է (ինչն էլ բայի հիմնական ֆունկցիա´ն է, պաշտոնն ու պարտավորությո´ւնն է), ու բացի սրանցից, վերագրելիս-ստորոգելիս, բայը նշում է վերագրելիք-ստորոգելիքի թիվն ու ժամանակը:

Ասածից հետևում է, որ, օրինակ.

Դրույթ 4. «խաղալ» բառը (այս տեսակ բառերին, լրիվ թյուրիմաց, ասում են «անորոշ դերբայ» կամ «անդեմ բայ») ՈՉ ՄԻ ՏԵՍԱԿ ԲԱՅ ՉԻ, որովհետև չի վերագրում-հատկացնում-ստորոգում, ու ո՛չ դեմք ունի, ո՛չ էլ ժամանակ (տես հետո, ու նաև [1-3]-ն ու մանավանդ [4]-ը):

Ուրեմն, համաձայն այս ելակետի (եթե կապերից ու ձայնարկություններից չխոսենք, քանի որ սրանք, առհասարակ, խոսքի անդամ չեն համարում).

Դրույթ 5. Հայերենի բայը խոսքի միակ ու գլխավոր կենտրոնն է:

Մնացած բոլոր բառերը, այսինքն, «չբայերը» (թերևս, բոլոր անուններն ու նույնիսկ հոլովաձև չունեցող եղանակիչները, չհաշված կապերն ու ձայնարկությունները), բայի այս կամ ա´յն տեսակ լրացումներն են, այսինքն, գլխավոր չեն, երկրորդակա՛ն են, այն իմաստով, որ բայի այս կամ այն հատկության լրացումներն են:

Սահմանում 3. Բայի դեմք-ենթական լրացնող բառին (կամ բառերի խմբին) կասենք բառ-ենթակա, իսկ բայի բայիմաստ-ստորոգյալը լրացնող բառին (կամ բառերի խմբին) կասեմ բառ-ստորոգյալ:

Օրինակ. «Արամը շախմատ խաղաց» խոսքի մեջ «Արամը» բառը բառ-ենթական է, որովհետև լրացնում է «խաղաց» բայի 3-րդ դեմքը (ինչը դե´մք-ենթական է), իսկ «շախմատ» ուղիղ խնդիր կոչածը բառ-ստորոգյալն է, որովհետև լրացնում է բայի իմաստը (բայիմաստը), այսինքն, լրացնում է խաղալու գաղափարը (խաղալու հազար ու մի ձև կա, դրանցից մեկն էլ շախմատ խաղալն է):

Ճիշտն ասած, եթե բայի իմաստին վերագրվող լրացնող (այսինքն, ստորոգվող) բառին ասում ենք ստորոգյալ, ուրեմն, բային լրացնող ամե´ն մի բառն էլ ստորոգյալ է, որովհետև, ի վերջո, բային լրացնող ամեն մի անունն էլ միաժամանակ լրացնում է բայի իմաստը կամ վերագրվում ստորոգվում է բայի իմաստին, (թերևս բացի բառ-ենթական, իր ողջ խմբով):

Սրա համար էլ իրավունք ունեինք սրանց բոլորին էլ ասելու ստորոգյալ (գուցե բացի բառ-ենթական ու իր խումբը ևն, տես 13-րդ գլուխը):

Բայց սա նախ կխախտեր քերականական ողջ տրադիցիան ու չափազանց մեծ դժգոհություն կառաջացներ, երկրորդն էլ նույնքան նպատահարմար չէր լինի, ինչքան եթե երկրաչափը զուգահեռագծին, ուղղանկյանը, շեղանկյանն ու քառակուսուն տար նույն քառանկյուն անունը, ու սրանք չտարբերեր իրարից:

Սրա համար էլ այս գրքի շարադրանքը քերականական տրադիցիայից շեղվում է միայն այն դեպքերում, երբ այս շեղմունքը սկզբունքային է ու, այնուամենայնիվ, բայի դեմքը լրացնող բառ ենթակայից բացի, մնացած բոլոր լրացումներն էլ հաճախ (բայց ոչ միշտ) համարում է վերագրվող, այսինքն, ստորոգյալ:

Դրույթ 6. Ասվել է, որ խոսքը ենթադրում է առնվազն երկու հոգի՝ ասողը (1-ին դեմքը), լսողը կամ պատասխանողը (2-րդ դեմքը) ու մնացած իրական կամ անիրական բաները կամ էակները (3-րդ դեմքերը, 3-րդ անձերը, 3-րդ առարկաները):

Օրինակ, եթե մեկը նամակ ստանա, ու նամակի մեջ գրած լինի. խաղաց, ինքն իսկույն կիմանա, որ նամակը գրողի գրելուց առաջ մեկը՝ մի 3-րդ մարդ (կամ էակ), այսինքն, ո՛չ ստացողը, ոչ է՛լ գրողը, ինչ-որ խաղ է խաղացել ու խաղացել է մենակ, մի հոգով (ինչ-որ մեկի կամ ինչ-որ խմբի դեմ/հետ):

Այս «խաղաց» բառը, մեն-մենակ, խոսք է (նախադասություն է):

Այս խոսքն իր իմաստը (բայիմաստը), այսինքն, խաղալու գաղափարը վերագրում է իր երրորդ դեմքի՛ն, այս անհայտ 3-րդ անձի՛ն կամ իրի´ն, խաղացողի՛ն:

Հնարավոր է, որ երկրորդ նամակով պարզվի, որ խաղացողը Արամն է, այսինքն իմացվի, որ բայի դեմքը լրացնող բառ-ենթական Արա´մն է: Բայց քանի դեռ դեմքը լրացնող այսպիսի մի բառ կամ բառերի խումբ չկա նամակի մեջ, բայի ենթական միմիայն երրորդ դեմքն է: Սրա համար էլ «խաղաց» խոսքի ենթակային, այսինքն, բայի դեմքին, ասում են՝ դեմք-ենթակա:

Իսկ խաղալու գաղափարին կասենք՝ բայիմաստ-ստորոգյալ, որովհետև սա՛ է այս 3-րդ դեմքին վերագրվող (ստորոգվող) գաղափարը (իմաստը):

Ուրեմն, ասվածից պարզ է, որ. Արամը շախմատ խաղաց խոսքի «Արամը» բառը լրացնում է, պարզում հստակում է այս 3-րդ դեմքի ինչ լինելը, սրա համար է Աբեղյանն այս «Արամ» բառին ասում բառ-ենթակա: Ուրեմն.

Դրույթ 7. Բառ-ենթական (ինչին սովոր ենք ուղղակի ասենք «ենթակա») բայի դեմքը լրացնող բառը կամ բառերի խումբն է:

Դրույթ 8. Ենթական բոլորովին էլ խոսքի գլխավոր անդամը չի, որովհետև սա ընդամենը տվյալ խոսքի բայի դեմքի լրացումն է ու բոլորովին էլ բային հավասար զորություն չունի: Որևէ բանի լրացումը չի կարող այդ բանի գլխավորը լինի:

(Ասվել է, որ մեր հետաբեղյան քերականությունները սխալ-սխալ պնդում են, թե «նախադասության գլխավոր անդամները ենթական ու ստորոգյալն են», ու շատ անգամ էլ ստորոգյալ-վերագրվողը, այսինքն, բառ-ստորոգյալը նույնացնում են բայի հետ): Ասածից պարզ է նաև, որ.

Դրույթ 9. Բայի իմաստը (օրինակ, խաղալու գաղափարը) մի´շտ է ստորոգյալ, բայիմաստ-ստորոգյալ է, որովհետև մի´շտ է վերագրվում բայի դեմքին:

Ամփոփենք:

Սահմանում 3. Բայը այն դեմքով ու թվով ու ժամանակով բառն է, ինչն իր իմաստը վերագրում է հենց իր դեմքին՝ նշելով վերագրելու ժամանակն ու դեմքի թիվը (այսինքն, դեմքի 1-ին, 2-րդ կամ 3-րդ լինելը, ու վերագրելու որևէ տեսակով ներկա-անցյալ-ապառնի լինելը, ու նաև դեմքի եզակի կամ հոգնակի լինելը):

Քանի որ (ոչ մաթեմատիկական լեզվի) բայը միշտ իմաստ ունի ու միշտ իր իմաստը վերագրում է (ստորոգում է) իր դեմքին, ուրեմն.

Դրույթ 10. Բայը՝ ինքը, թե՛ վերագրվող է, թե՛ վերագրող: Այսինքն, բայը թե՛ ստորոգող է, թե՛ ստորոգյալ:

(Հիշենք, որ մեր հին լեզվով «մեղադրյալ» նշանակում էր «մեղադրվող, ամբաստանվող», իսկ մեղադրողին էլ այսօր ասում են «դատախազ»: Ուրեմն, բայը թե՛ «մեղադրյալ-ամբաստանյալ» է, թե՛ «մեղադրող-դատախազ»):

Բայց բայը միմիայն ստորոգող ու միայն ստորոգյալ չի, որովհետև ունի նաև դեմքի, թվի ու ժամանակի գաղափարները ու հենց ինքն էլ ստորոգյալ ու ստորոգող է:

Կոպիտ, բայց պատկերավոր ասած՝ բայի 20%-ն է միայն ստորոգող, 20%-ն էլ միայն ստորոգյալ-ստորոգվող է, 20%-ը դեմքի գաղափարն է, 20%-ը՝ թվի, 20%-ն էլ՝ ժամանակի:

3.4 Վիճակի կամ հատկանիշի գոյության խոսքերը

Քննարկենք այն խոսքերը, որոնց միակ բայը եմ/ես/ա/ենք/եք/են օժանդակ բայերն ու սրանց անցյալներն են, օրինակ, հետևյալ խոսքերը.

Կատուն սատկած ա: Առյուծը գազան ա:

(Այստեղ չի գործածվում 3-րդ դեմքի «է» եզակի բայը, քանզի սա Երևանի բարբառում (ու նաև Արարատյան ողջ բարբառում) արդեն մեռած է ու սրա տեղը բռնել է «ա» բայը, չնայած այն հանգամանքին, որ, ցավոք, այսօրվա ընթերցողի համար, գրված տեքստերի մեջ այս «ա» բայը հույժ խորթ է:

(Հենց այս խորթությունն է նաև այն պատճառը, որ այս գրքի ողջ շարադրանքն արված է այսօրվա գրական լեզու կոչված շտամպով, բայց լեզվական օրինակները, համարյա միշտ, բերված են Երևանի բարբառից):

Եթե այս խոսքերից առաջինին ասենք վիճակի կամ դրության խոսք, որովհետև սա ցույց է տալիս ենթակայի վիճակը կամ դրությունը (այս անգամ՝ «սատկած» կամ «չսատկած» լինելը), իսկ երկրորդին՝ հատկանշի, հատկության խոսք, որովհետև սա էլ ցույց է տալիս առյուծի «գազան լինելու» հատկությունը (հատկանիշը, հանգամանքը, պարագան), թերևս սխալ արած չլինենք:

Լեզուն կամ լեզվական պրոցեսը այնքան է վերացական, որ եթե այս երկրորդ խոսքին էլ ասեինք վիճակի, կա´մ դրության, կա´մ գոյության, կա´մ կեցության խոսք, նորից սխալ չէր լինի: Իրոք.

Դրույթ 1. Հայերենի «եմ» բայի իմաստը հենց լինելը, կեցությունը կամ գոյություն ունենալն է:

Ուրեմն, «Կատուն սատկած է; Առյուծը գազան է; Ջուրն անշարժ է» խոսքերը մեկնվում են այսպես. «Կատուն սատկած վիճակում գոյություն ունի: Առյուծը գազան վիճակում գոյություն ունի; Ջուրն անշարժ վիճակում գոյություն ունի»:

(Գրական ոճերն այս «եմ» բայի ձևերով երբեմն կազմում են նաև պրոցեսի կամ գործողության խոսքեր, օրինակ. «Կատուն վազելիս է», բայց այս տիպի (համակատար դերբայ կոչվածով) խոսքերը Երևանի բարբառում այսօր արդեն մեռած են:

(Աբովյանը այս համակատար դերբայ կոչված «-իս» ձևերը գործածում է, բայց հայտնի չի, թե սրանք իրո՞ք կենդանի էին, թե՞ միմիայն Աբովյանի գրական ոճին էին հատուկ:

(Երևանի բարբառի Աճառյանի նկարագրությունը [67] ասում է, որ բարբառը նըկարագրելու իր օրերին այս համակատար կոչվածը չկար, իսկ «գալիս, տալիս, լալիս եմ/ես/ա//ի/ինք/իք/ին» ձևերը համարում է սահմանական: Տես նաև հետո):

«Կատուն» բառը վերևի խոսքի բառ-ենթական է, «սատկած» բառը սրա բառ-ստորոգյալն է, իսկ «ա»-ն սրա բա´յն է, ուրեմն, նաև վերագրո´ղն է:

Նույն ձևով՝ «Առյուծը» բառը երկրորդ խոսքի բառ-ենթական է, «գազան» բառը սրա բառ-ստորոգյալն է, իսկ «ա»-ն սրա բայն է:

Այս խոսքերը ճիշտ ասույթ են, կատուն իրո՛ք սատկած է (իհարկե, եթե դա սատկած կատու է), ու առյուծը, իրոք էլ, գազա՛ն է:

Բայց հնարավո՞ր է, որ «Կատուն սատկած ա» խոսքը լինի կատվի սահմանումը, կամ էլ հնարավո՞ր է, որ «Առյուծը գազան ա» խոսքը լինի առյուծի սահմանումը:

Ուրիշ խոսքով՝ այս խոսքերից ամեն մեկը կատվին կամ առյուծին առանձնացնո՞ւմ է մնացած գազանների տեսակներից ու տեղավորո՞ւմ է միայն ու միայն մի՛ տեսակի մեջ, միայն մի՛ համասեռ ու միատեսակ տարրերից կազմված բազմության մեջ, թե՞ չէ:

Սա ստուգելու համար այս խոսքերը շրջենք, այսինքն, սրանց ենթակայի ու ըստորոգյալի տեղերը փոխենք.

Սատկածը կատու ա: Գազանը առյուծ ա:

Պարզ է, որ սրանք, առհասարակ, ճիշտ չեն, քանզի ամեն սատկած բան չի, որ կատու է, ու ամեն գազան չի, որ առյուծ է: Այս շրջած խոսքերը «կատու» ու «առյուծ» տեսակները չեն առանձնացնում մյուս գազաններից:

Ուրեմն, վերի «Կատուն սատկած ա» ու «Առյուծը գազան ա» խոսքերը (ոչ էլ շրջածները) երբեք էլ կատվի ու առյուծի սահմանումը չեն լինի ու չեն, որովհետև շրջելի (ռեցիպռոկատիվ=reciprocative) չեն:

Այս միտքը պարզելու համար մի օրինակ բերեմ տարրական մաթեմատիկայից:

Նախ ասեմ, որ սահմանող խոսքերի բայը (համարյա) միշտ օժանդակ «ա/է» բայն է, ինչին տրամաբանության մեջ ասում են հանգույց (copula):

Տրամաբանական խոսքի տիպական մի օրինակն է.

շեղանկյունին քառանկյունի է

խոսքը, ինչի «շեղանկյունի» բառը այս խոսքի բառ-ենթական է, իսկ «քառանկյունի» բառը՝ բառ-ստորոգյալը, ու սրանց կապող հանգույցն էլ (վերագրողը, ստորոգողը) «է» օժանդակ բայն է:

Այս խոսքը տրամաբանական ճշմարիտ ասույթ է, բայց (վերինների պես) անհնար է, որ սա լինի շեղանկյան սահմանումը, որովհետև սա է´լ շրջելի չի:

Եթե այս ուղիղ խոսքը շրջենք, այսինքն, սրա բառ-ենթակայի ու բառ-ստորոգյալի տեղերը փոխենք, այս շրջված խոսքի առանձնացրած բազմությունն այնքան կլայնանա, որ շեղանկյունուց բացի՝ կընդգրկի բոլո՛ր-բոլո՛ր քառանկյունիները.

քառանկյունին շեղանկյունի է:

Իհարկե, սա սխալ է, որովհետև բոլոր քառանկյունիները չեն, որ շեղանկյուն են: Օրինակ, անհավասարակողմ քառանկյունիները շեղանկյուն չեն: Իսկ եթե ասենք.

շեղանկյունին հավասարակողմ քառանկյունին է,

այս ասույթն արդեն շրջելի է: Սրա բառ-ենթական «շեղանկյունի» բառն է, իսկ սրա (բարդ) բառ-ստորոգյալը «հավասարակողմ քառանկյունին» կապակցությունն է: Շրջենք այս խոսքը.

hավասարակողմ քառանկյունին շեղանկյունի է:

Այս անգամ արդեն այս խոսքի բառ-ենթակայի խումբը «hավասարակողմ քառանկյունին» կապակցությունն է, իսկ բառ-ստորոգյալը «շեղանկյունի» բառն է:

Նախորդ խոսքի բովանդակությունը (անջատած բազմությունը) չփոխվեց, ու նախորդ խոսքի ու սրա անջատած բազմություններն արդեն նույնն են: Հենց սրա համար էլ՝ թե՛ նախորդ խոսքը, թե՛ այս խոսքը շեղանկյան սահմանումն են: Ուրեմն.

Օրենք 1. Հայերենի քերականության (իհարկե, նաև ցանկացած այլ քերականության կամ ցանկացած այլ գիտության) բոլոր-բոլոր սահմանումների բառ-ենթական ու բառ-ստորոգյալը (կամ սրանց խմբերը) պիտի իրար փոխարինելի լինեն: Այսինքն, հայերենի քերականության սահմանումներն է´լ պիտի պարտադիր շրջելի (reciprocative) լինեն:

Այնինչ, հայերենի այսօրվա քերականությունների սահմանումների մեծագույն մասը շրջելիության այս պահանջին չի բավարարում: Տես նաև [4]-իՄՔՔԽՄ-ն):

3.5 Անհայտ ստորոգյալն ու տավտոլոգիան

Ասույթի շրջելիությունն անհրաժեշտ է միշտ, բայց միմիայն սա դեռ բավարար պայման չի, որ այդ ասույթը լինի սահմանում: Օրինակ, հետևյալ ասույթները.

զանգվածը իներտության քանակական չափն է

ուժը փոխազդեցության քանակական չափն է

էներգիան աշխատանք կատարելու ունակությունն է

սահմանում չեն, որովհետև, իմաստի տեսանկյունից, սրանց բառ-ենթակաները նույնքա՛ն են անորոշ, ինչքան սրանց (շեղատառ ու թավատառ) ստորոգյալները:

Օրինակ, «իներտության քանակական չափ»-ը «հասկացությունը» նույնքա՛ն է անհասկանալի, ինչքան դեռ չսահմանած «զանգվածը» ևն:

Օրենք 2. Հայերենի քերականության (իհարկե, նաև ցանկացած այլ քերականության կամ ցանկացած այլ գիտության) բոլոր-բոլոր սահմանումների ստորոգյալները, այսինքն, ենթակային վերագրելիք հատկանիշները, պիտի հայտնի լինեն, պիտի արդեն սահմանված լինեն, պիտի տրված լինեն:

Իսկ վերի երեք խոսքի ստորոգյալները (վերագրելիքները), սրա պես սահմանումները ձևակերպելիս, ֆիզիկայի դասագրքերում շատ անգամ սահմանված չեն լինում, այսինքն, անհայտ են լինում:

Այսինքն, այս տեսակ դասագրքերում հստա´կ չի սահմանված լինում, թե ի´նչ են «իներտության քանակական չափը, փոխազդեցության քանակական չափը, աշխատանք կատարելու ունակությունը»:

Սրանց պես խոսքերն այնքան անորոշ են, որ ուղղակի անհեթեթ են: Օրինակ՝ վերի խոսքերից առաջինը լրիվ նույնն է, ինչ որ հետևյալ «սահմանումը». «զանգվածը ջոնգոլն է: Թե ի՛նչ է ջոնգոլը, հայտնի չի, ուրեմն անհնար է, որ այս ասույթից իմանանք, թե անհայտ «զանգված» կոչվածն ի՛նչ է:

Ուրեմն՝ վերի երեք խոսքն ու սրանց պես ուրիշ «սահմանումները» ուղղակի երկու անհայտ բանի՝ անհայտ ենթակայի ու անհայտ ստորոգյալի «կրկնությունն են», այսինքն, սրանք անհայտ գաղափարը իբր սահմանում են մի ուրիշ անհայտ գաղափարով, համարյա այսպես. «գալշոփելը ջոնգոլ է», ու այս հանգամանքն այսօրվա հայ քերականներին բացարձակ չի անհանգստացնում:

Այս իմաստով թերևս ասելու իրավունքն ունենք, թե սրա պես սահմանումները «տավտոլոգիա» են (tautology են, այսինքն, «կրկնություն» են), որովհետև սրանք երկու անհայտ, երկու դեռ չսահմանված բանի «կրկնությունն են»:

Ֆիզիկայի տեսությանը սրանց պես անհեթեթ սահմանումները ֆիզիկոսներին թերևս երբեք չեն խանգարում, որովհետև ֆիզիկոսները միշտ իրենց նոր ներմուծած հասկացությունների համար նաև այս նոր սահմանած մեծությունները չափելու այնպիսի´ բանաձևեր ունեն, որոնք բնական օրինաչափությունների ընդհանրացումներն են: Օրինակ, որևէ մարմնի M1 զանգվածը չափում են երկու մարմնանոց համախմբի իմպուլսի պահպանվելու օրենքից բխող հետևյալ բանաձևով.

M1=(A2/A1)M2,

որտեղ A1-ն ու A2 այդ երկու փոխազդող մարմնի արագացումներն են, իսկ M2-ը՝ զանգվածի էտալոն-«կշռաքարն» է: Այս անգամ արդեն բառերով ինչ անհեթեթ բան էլ ասես, չափվածը, միևնույնն է, գիտական է ու ճիշտ, որովհետև վերևի բանաձև´ն է ճիշտ, ինչը մի´շտ է ստուգելի, ստուգելի է փորձո´վ, այսինքն, հենց բնությա´մբ:

Մեր այսօրվա լեզվաբանները այս հնարավորությունից զուրկ են, որովհետև իրենց պնդումների ճշմարտացիությունն ստուգելու այսպիսի ոչ մի օբյեկտիվ չափանիշ չունեն:

Մեր այսօրվա լեզվաբանները երբեմն էլ սահմանող խոսքի ստորոգյալը նշում են հատկանիշները թվարկելով ու մեկ-մեկ էլ այս թվարկության վերջում նույնիսկ ավելացնում են «և այլն» (տես, օրինակ, բայի սահմանումը «Հայկական հանրագիտարանում»), այսինքն, վարվում են հետևյալ կերպ. «գալշոփելը ջոնգոլ է, կոռկուն է, բուբա է, ճռկուտ է» ևն, ևն:

Պարզ է, որ սահմանելու այս ձևը նույնքան (գուցե ավելի) անհեթեթ է, քան թե սրա «հակիրճ» տեսակը: Այս նույն ձևով՝ վերի առարկայի ու գոյականի սահմանումների ստորոգյալները անհայտ են, ու հենց սրա համար էլ անհնար է, որ դրանք սահմանում լինեն: Նորից բերեմ դրանք, բայց մի փոքր ձևափոխած (առանց կպնելու էությանը), որ վերլուծությունը հեշտ լինի:

Կեղծ սահմանում 1. ԱՌԱՐԿԱ են կոչվում կենդանի էակները, իրերը, հոգևոր, հասարակական, ֆիզիկական երևույթները, անցքերը ևն:

Հարց 1. Իսկ, օրինակ, քիմիական, կենսաբանական, կամ խուլիգանական, կամ սեռական սանձարձակության երեվույթները (կամ պատմական, կամ ժամանակակից, կամ ապագայի անցքերը) առարկա՞ են:

Այս սահմանումն ասում է, թե «կենդանի էակներն առարկա են»:

Հարց 2. Իսկ անկենդան էակները առարկա՞ են: Օրինակ՝ սատկած կատուն առարկա՞ է:

Հարց 3. Իսկ այս «ևն»-ը քանի՞ ուրիշ բան է ենթադրում: Հազա՞ր: Գուցե՝ մեկ միլիո՞ն կամ միլիա՞րդ: Գուցե անվե՞րջ քանակով: Պարզ չի՞ որ սրա պես «սահմանումները» չեն առնչվում գիտությանը:

Հարց 4. Առարկա՞ են, օրինակ, ֆանտաստիկ կինոների ու մուլտերի միջի ա՛յն էակները, որ բնության մեջ չկան, չեն եղել ու չեն էլ լինի:

Սրա պես հարցերի շարանը երկար է:

Դրույթ 2. Առարկայի այս կեղծ սահմանման բարդ բառ-ստորոգյալն է՝ «կենդանի էակները, իրերը, հոգևոր, հասարակական, ֆիզիկական երևույթները, անցքերը ևն», ինչը, անկասկած, անորոշ է, ու լեզվի բառերից մի որոշակի ու նույն հատկությունով օժտված բառերի խումբ չի առանձնացնում: Սրա համար էլ անհնար է, որ սա տրամաբանական սահմանում լինի, ու անհնար է, որ անհեթեթ չլինի:

Անցնենք երկրորդ հակագիտական սահմանմանը:

Կեղծ սահմանում 2. ԳՈՅԱԿԱՆ են կոչվում տարբերակված առարկա և առարկայացված հասկացություն նշանակող բառերը:

Այս կեղծ սահմանման բարդ բառ-ստորոգյալն է «տարբերակված առարկա և առարկայացված հասկացություն նշանակող» կապակցությունը: Բառերի այս շարանը ոչ միայն անորոշ է, այլև՝ անհեթեթ, ինչը ակնհայտ է: Թող մեկնումեկը ասի, թե ի՛նչ է «տարբերակված ձին» կամ էլ «առարկայացված հիմարությունը»:

Բացի սա, կա՞, օրինակ, «չտարբերակված ձի», կամ էլ՝ «չառարկայացված հիմարություն»:

Ու մի բան էլ՝ թե որ այս «հիմարությունը» տարբերակված չի (ենթադրենք, հասկանում ենք, թե ի՛նչ ենք ասում), արդեն գոյական չի՞: Ուրեմն, սա է՛լ սահմանում չի:

Դրույթ 3. «Գոյական» (անուն) տերմինը թյուրիմացություն է, որովհետև սա արդեն իսկ ենթադրում է, թե գոյականը գոյություն ունի ֆիզիկայի´ իմաստով, այնինչ, լեզվական պրոցեսի բացարձակ վերացական քերականական տեսանկյունից, բոլորովին էլ կարևոր չի, թե «առարկան» ֆիզիկական գոյություն ունի´, թե՝ չէ:

Ասվել է արդեն, որ ավելի հարմար է «անուն» տերմինը, ինչը քերականությունների մեջ սովորական էր: Օրինակ, այսօրվա անգլերենի քերականությունը, հետևելով լատիներենի քերականություններին, գործածում է noun տերմինը, որ ծագում է լատիներենի nomen, այսինքն «անուն» բառից, ու սա շատ ճիշտ է:

Ինչքա՛ն ավելի պարզ է, երբ ասում ես (տես ստորև), թե.

Դրույթ 4. «Բառերն անուն են, ու հայերենի անունները բաժանվում են երեք խմբի՝ հոլովաձևով անունները («գոյականները»), դեմք-թիվ-ժամանակ ունեցող վերագըրող-ստորոգող անունները (բայերը) ու անհոլովաձև անունները (եղանակիչները, կապերն ու ձայնարկությունները):

Այնուամենայնիվ, այս գրքում չեմ շեղվի ավանդույթից ու բային «անուն» չեմ ասի, կասեմ բայ, միշտ:

Գլուխ 4. ԳԼԽԱՎՈՐ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ

4.1 Ղարիբյան-Սևակյան բայը

Դրույթ 1. Անշրջելի բառ-ենթակա ու բառ-ստորոգյալով կամ էլ անհայտ ստորոգյալով «սահմանում» պարունակող տեսությունն անպայման է հակասական:

Այս տեսակ հակասական տեսության արտառոց ու ողբերգական դեպքը հայերենի հետաբեղյան քերականություններն են:

Ասվեց, որ քերականության գլխավոր ու հիմնական հասկացությունը հենց բայի հասկացությունն է: Հետաբեղյան քերականությունները, սկսած 1934 թվից, 89 տարի շարունակ, ուղղակի (կամ զարտուղի ու խճողված, որ հանկարծ չերևա, որ իրենք սխալ բան են ասում) ու ասելիքն էլ զուգակցելով բառային անհեթեթ ու վիթխարի աղմուկով, պնդում են, թե.

Կեղծ սահմանում 1. Բայը գործողություն ցույց տվող բառն է:

(Օրինակ, արդեն վերը մեր քննարկած ԼԲ-ի, [11]-ի անհեթեթ սահմանումը ու նաև բայի այսօրվա մեր քերականությունների բոլոր սահմանումները: Եթե դրանց միջանկյալ «բառային անիմաստ ու վիթխարի աղմուկը» հանենք ու դեն շպրտենք, ի վերջո, դրանք բոլորն էլ ասում են, թե «բայը գործողություն ցույց տվող բառն է»):

Այս կեղծ ասույթի «բայը» բառը սրա բառ-ենթական է, «գործողություն ցույց տվող բառն» կապակցությունը սրա (բարդ) բառ-ստորոգյալն է, իսկ «է»-ն այս խոսքի բա´յն է, հանգո´ւյցը, կոպուլա´ն: Շրջենք այս խոսքը. «Գործողություն ցույց տվող բառը բայ է»:

Այս ասույթի բառ-ենթական «գործողություն ցույց տվող բառը» կապակցությունն է, ու բառ-ստորոգյալն է «բայ» բառը: Ցավն այն հանգամանքն է, որ.

Դրույթ 2. Շատ-շատ բառ կա, որ գործողության իմաստ ունի, բայց ոչ թե բայ է, այլ անուն, որովհետև ունի անունի բոլոր-բոլոր հատկություններն անխտիր, ու չունի բայի դեմքի ու ժամանակի գաղափարներն ու, մանավանդ, չունի բայի վերագըրելու (ստորոգելու) հատկությունը:

Օրինակ. «աճ, վազք, շարժ, մարզանք, պտույտ, հոսանք, հոսք, պատերազմ, կռիվ, վեճ, հուզմունք, տուրուդմփոց, երկրաշարժ, գործող հրաբուխ, ժայթք, հարկադրանք, պատերազմ, կռիվ, մրցություն, չարչարանք, տանջանք, այգեկութ, պարտություն, հաղթանակ, խրախույս, բռնություն, ծնունդ, պրոցես, գործողություն, վրդովմունք, խուզարկություն» բառերից էլ լավ գործողություն ցույց տվող բա՞ռ:

Դրույթ 3. Հայերենի հետաբեղյան քերականությունների կեղծ սահմանումների անշրջելիության կամ սրանց ստորոգյալների անհայտության պատճառով (կամ էլ այս երկուսինը միասին) մեր այսօրվա քերականությունների բայերի ու անունների բազմությունները խառնվում են իրար:

Մասնավոր առումով, «խաղալ» բառը, ինչը միմիայն անուն է ու «հայերենում բայական ոչ մի ֆունկցիա չունի» [4. ՄՔՔԽՄ, 537-541], այսօրվա քերականների կեղծ սահմանումներով դառնում է բայ՝ չնայած ո՛չ դեմք ունի, որ իր իմաստը ստորոգի-վերագրի այդ դեմքին, ո՛չ էլ ժամանակի´ գաղափարն ունի:

4.2 Ստորոգյալը ըստ ՀԱՔ-երի

Տեսանք, որ, օրինակ, «խաղաց» բառը թե՛ բայ է, թե՛ խոսք (նախադասություն):

«Խաղաց»-ը այս բառով կազմած ամենապարզ խոսքն է: Այս խոսքի ստորոգյալը, այսինքն, վերագրվողը, այս բայի իմա´ստն է, խաղալու գաղափա´րն է, ինչն այս բայը վերագրում է իր դեմքին, հետն էլ նշելով խաղացողների թիվը (եզակի, մենակ) ու խաղալու ժամանակը (անցյալը, խոսելու պահից «առաջը»):

Բայց այս բայը, մյուս բոլոր բայերի պես, ո՛չ միայն ստորոգվող (հատկացվող-վերագրվող, վերագրելի, ստորոգելի) է, այլև, վերագրող (հատկացնող-ստորոգող) է: Նորից ասենք, որ.

Դրույթ 1. «Ստորոգյալ» գրաբարյան բառը նշանակում է «վերագրյալ, վերագրվող, վերագրելիք»:

Երբ ասում ենք «Աշոտի գիրքը» կամ «էշի պոչը», այս կապակցություններով «գիրքը» բառին ստորոգում-վերագրում ենք «Աշոտի՛» գիրքը լինելու հանգամանքը, պարագա´ն, իսկ «պոչը» բառին՝ «էշի´» պոչը լինելու հանգամանքը:

Ինչո՞ւ: Մենք այս վերագրմունքներն անում ենք, որ ա´յս «գիրքը» ու ա´յս «պոչը» առանձնացնենք այս աշխարհի մնացած բազում գիրք ու պոչից:

Այս կապակցությունների մեջ «գիրքը» ու «պոչը» բառերը ստորոգյալ-վերագըրվող են: Այս «գիրքը» բառը (սեռական-տրական հոլովաձևի միջոցով) ստորոգվում վերագրվում է Աշոտին, իսկ «պոչը» – էշին: Ուրեմն, այս կապակցությունների մեջ ստորոգողն էլ սեռական-տրական հոլովաձևն է:

Բայց այս կապակցությունները չունեն ժամանակի´ գաղափարը (թվինն ունեն), սրա համար էլ սրանք խոսք չեն, որովհետև բայ չունեն:

Դրույթ 2. Բայը հայերեն բառերից միակ բառն է, ինչը ա´նպայման է ստորոգում ու ստորոգելու հետ միասին, ցույց է տալիս ստորոգյալի (բայիմաստի կամ սրան լրացնող բառերի) դեմքը, թիվը ու ժամանակը:

Դրույթ 3. Ստորոգյալն ու բայը նույնացնելը կոպիտ սխալ է, որովհետև ստորոգյալը բայի միայն մե´կ ատրիբուտն է, միայն մե´կ հատկանիշն է, միայն բայիմաստն է կամ բայիմաստի լրացումն է: Այնինչ, բայը, բացի սա, ևս 4 ատրիբուտ էլ ունի՝ դեմքի, թվի, ժամանակի գաղափարներն ու ստորոգելու (վերագրելու) զորությունը:

Կրկնենք, որ կոպիտ ասած, ստորոգյալը բայի էության 20%-ն է միայն, ու այս 20%-ը բայի ողջ 100%-ի հետ նույնացնելը ՍԽԱԼ Է:

Ի՞նչ են ասում ՀԱՔ-երը ստորոգյալի մասին: Ահա ԼԲ-ի «սահմանումը».

ՍՏՈՐՈԳՅԱԼ ||сказуемое, предикат||predicate…

Ստորոգելի: Բայ-ստորոգյալ: Ասացված: ԲԱՅ:

Նախադասության երկու գլխավոր անդամներից մեկը. արտահայտում է որևէ հատկանիշ և միաժամանակ արտահայտած հատկանիշը վերագրում, կապում է ենթակային ժամանակային հարաբերությամբ:

Նախ, այս սահմանման երկրորդ տողը բառահոդվածի վերնագրի հետ միասին պնդում է, թե «ստորոգյալը բայ է», ինչը, ինչպես տեսանք (ու էլի կտեսնենք), առհասարակ սխալ է: Երկրորդը, օրինակ, «խաղաց»-ը հենց ինքը խոսք է, ու այս խոսքը միայն մեկ անդամ ունի, հենց ինքը՝ «խաղաց»-ը: Բա սա էլ ո՞նց է այս «խաղաց»-ը հենց իր երկու անդամից մեկը, ախր սա ընդամենը մեկ հատ է:

(Չմտածեք, թե հետաբեղյանները, «նախադասության անդամ» ասելով, ինչ-որ մի ուրիշ բան են հասկանում: Նույն այս բառարանն ասում է, թե՝ «նախադասության անդամները … բառեր կամ բառերի խումբ են»):

Երրորդը, ստորոգելու զորություններից մեկը դեմքի թիվը նշելն է, ինչն այս «սահմանման» մեջ չկա:

Չորրորդը, արդեն տեսանք, որ «խաղաց» խոսքի ենթական հենց «խաղաց»-ի դեմքն է, իսկ ՀԱՔ-երը «ենթակա» ասելով հասկանում են միայն ու միայն բառ-ենթական: Այս անգամ էլ բա սա ո՞նց է իր «արտահայտած հատկանիշը վերագրում, կապում բառ-ենթակային», եթե սրանց ասած այս բառ-ենթական չկա:

Այս հակասությունների մի մասը կա նաև ՀԲ-ի «սահմանման» մեջ [10]: Ահա ստորոգյալի ՀԲ-ի «սահմանումը».

ՍՏՈՐՈԳՅԱԼ||сказуемое, նախադասության գլխավոր անդամներից մեկը. հավասարական, ոչ կախյալ հարաբերության մեջ է մյուս գլխավոր անդամի՝ ենթակայի հետ. արտահայտում է ստորոգելի հատկանիշ ու այն վերագրում է ենթակային, այսինքն՝ ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում, ով կամ ինչ է ենթական և որոշ կարգերով հետևում, համաձայնում է նրան:

Սա անհեթեթ բառերի ու խոսքերի շարան է, ու սա երբեք էլ իմաստ չի ունենա, թեկուզ գրվի ամենապաշտոնական դասագրքերում:

Բայց չպիտի մտածենք, թե մեր նորագույն բոլոր քերականները մի՛շտ են իրար համաձայն: Համոզվենք, որ ճիշտ եմ ասում: Սրա համար բերում եմ «ստորոգում» հոդվածը նաև ԼԲ-ից.

(ԼԲ - ի) ՍՏՈՐՈԳՈՒՄԸ: Հատկանիշի վերագրումը առարկային (ենթակային) ժամանակի ու տարածության մեջ:

Վերջը իմացանք, թե առարկան ի՛նչ է: Այս «սահմանումն» ասում է (փակագծերի մեջ, իհարկե, որովհետև երևի կասկածում է իր ասածին), թե «առարկան ենթակա է»: Բայց ենթական էլ անպայման առարկա է, քանի որ սահմանումը պիտի շրջելի լինի: Շատ զարմանալի է այս «տարածության մեջ»-ը (ինչը հաստատ ֆիզիկոսներից է «թռցրած»): Բայն իր իմաստը վերագրում է իր դեմքին ու այս դեմքի բառ-լրացուցիչներին՝ նշելով ժամանակը, այսինքն, ասելով, թե իր ասածը խոսելուց առա՞ջ, հետո՞, թե՞ խոսելու պահին է եղել:

Հարցնո՛ւմ եմ, «խաղաց» բայը «տարածության մեջ» խաղալուն ի՞նչ է վերագրում: Հնարավո՞ր է, օրինակ, որ շախմատը խաղան «տարածությունից դուրս» կամ «ժամանակից դուրս»: Անկասկած է, որ սրանք անհեթեթ են: Բայց տեսնենք, թե ՀԲ-ն ինչ է ասում ստորոգման մասին.

(ՀԲ - ի) ՍՏՈՐՈԳՈՒՄԸ – շարահյուսական կարգ է, որով նախադասության բովանդակությունը վերագրվում, հատկացվում է իրականությանը և որը, դրանով իսկ, ընկած է նախադասության կազմավորման հիմքում՝ նրան դարձնելով հաղորդակցական արժեք ունեցող կառույց (միավոր): Ստորոգումը սովորաբար իրացվում է ստորոգյալով, միակազմ անդեմ նախադասության մեջ՝ գերադաս անդամով ու համապատասխան հնչերանգով: Ստորոգյալի գործառություններում այն իրացվում է դիմաեղանակաժամանակային ու թվային հարաբերակցություններով:

…Առաջ տարածված էր այն կարծիքը, որ ստորոգումը հատկանիշի վերագրումն է ենթակային:

Նախ այս վերջին նախադասությունը ենթադրում է, որ գիտական փաստը ընդամենը կարծիք է: ԻՆչո՞ւ:

Որովհետև սրա հեղինակը (քանի որ չի ասում, չի հիմնավորում, թե ինչու) համաձայն չի իրենից առաջ տարածված կարծիքին (ըստ էության, Աբեղյանին, բայց հեղինակն ռիսկ չի անում՝ սա բացահայտ ասի): Ու չգիտես ինչու (քանզի նորից չի ասում) ուզում է, որ հենց ի´ր կարծիքը տարածվի ու համարվի գիտություն:

Անկասկած է, որ սրա պես մի արարքը բացարձակ է անհամատեղելի գիտության ու գիտական մեթոդի հետ, ու սա՝ մեր «լուսավոր» 20-21-րդ դարերում:

Թվում է, որ բառային այս խելացնոր աղմուկի անհեթեթությունն արդեն այնքա՛ն է ակնհայտ, որ վերլուծութան կարիքը չունի, ու որ այս փսևդոգիտական տերմինները, այս «հաղորդակցական արժեք ունեցող կառույց (միավոր), … միակազմ անդեմ նախադասության, դիմաեղանակաժամանակային ու թվային հարաբերակցություններհամապատասխան հնչերանգ…գործառություններ…»-ի կույտը կխաբի միմիայն մանկամիտներին:

Բայց արի ու տես, որ սրանք, 89 տարի շարունակ, խաբել են մի ողջ երկրի բոլո´ր-բոլո´ր ուսյալներին ու սրանց բոլո´ր-բոլո´ր մեծ ու մանր գիտական հիմնարկներին, ներառյալ նաև սրանց գիտությունների ակադեմիան:

«Հնչերանգային ստորոգման» անհեթեթության մասին մի քիչ հետո շատ ավելի մանրամասն եմ ասելու, որովհետև սա նորօրյա ամենաանհեթեթ կեղծիքն է, ինչը մեր այսօրվա լեզվաբանությունը «գիտական» ճշմարտություն է համարում:

Գլուխ 5. ՀՆՉԵՐԱՆԳԱՅԻՆ «ՍՏՈՐՈԳՈՒՄԸ»

5.1 «Բայ» բառի ծագումը

Այժմ, վերը շարադրվածի տեսանկյունից, դառնանք Երևանի բարբառի առանցքային հասկացություններին ու երևույթներին ու նորից ցույց տանք, թե այսօրվա քերականությունների գլխավոր հակասությունն ի´նչն է:

Սկսենք բայի հասկացությունից ու այսօրվա ա՛յն կեղծ թեզի քննությունից, թե հայերենի անորոշ դերբայը իբր ունի բայի գլխավոր հատկությունը՝ ստորոգելու-վերագրելու հատկությունը: Սրա համար նախ տեսնենք, թե հայերենի «բայ» բառը ո՛րտեղից է: Մեր այս քննությունն սկսենք «ստորոգեմ» բայի իմաստից:

Ասվել է, որ այս «ստորոգեմ» բառը մեր հին քերականների բառերից է ու նշանակում է՝ «վերագրեմ, հատկացնեմ»:

Քանի որ այս «վերագրեմ-հատկացնեմ» բառի իմաստը բոլորին էլ պարզ է, մեր քերականներն ընտրել են այսօր համարյա բոլորին անհայտ «ստորոգեմ» բառը, ու խնամքով խուսափում են ասեն, որ սա բոլորին հասկանալի «վերագրեմ-հատկացնեմ»-ն է, ու սա ասում են, երբ այլևս ուրիշ ճար չկա, օրինակ, երբ լեզվաբանական կամ հայերենագիտական բառարան են կազմում:

Բայց այդ ժամանակ էլ անհեթեթ բառերի այնպիսի հեղեղ են սարքում, որ հանկարծ ընթերցողը չմտածի. «Լաաա˜վ, եթե այս ստորոգելը նշանակում է վերագրել, բա էս «խաղալ» բառը ի՞նչն ա վերագրում, ո՞նց ա վերագրում, ու ինչի՞ն ա վերագրում»: Քանզի եթե ընթերցողն այս հարցերից լուրջ մտածեց, ի վերջո, կհասկանա´, որ այսօրվա քերականությունը ուղղակի գիտությանը հակասող անհեթեթ սքոլաստիկա է:

Գանք «բայ» բառին: Հին հայերենը ուներ մի բնիկ հայերեն բառ՝ «բամ» բառը: Ահա այդ բառը, նշանակություններն էլ հետը (ՀԱԲ ու ԼՔՀԼ, հատ IV Ա, էջ՝ 337):

Եզակի թիվը

Հոգնակի թիվը

բամ = ասում եմ, ասեմ, կասեմ

բամք = ասում ենք, ասենք, կասենք

բայ = ասում է, ասի, կասի

(վկայված չի, բայց, իմ կարծիքով, հնագույն «կամք/կաք/կան» բայի անալոգիայով՝ երևի) բաք

բա՛ = ասա՛ (սա հրամայականի եզակին է)

բան = ասում են, ասեն

բալ = ասել (սա անորոշ դերբայն է)

Այս «բամ»-ը շատ-շատ է նման այսօրվա «կամ» բառին՝ «կամ-կաս-կա, կանք-կաք-կան»: Այսօրվա հայերենի մեջ այս «բամ» բառի միայն փշուրները կան, իսկ ինքը մեռել է: Օրինակ, ասում ենք. «բամ+բաս = ասեմ+ասես, ի՞նչ բաս ա = ի՞նչ պատմություն ա» ևն:

Հրամայականը՝ «բա՛»-ն, ինչը հին-հին օրերին նշանակում էր «ասա´», գործածում ենք անընդհատ, բայց մութ իմաստով, չգիտակցելով, որ ասում ենք՝ «ասա´»: Օրինակ, «բա ո՞նց, բա հետո՞, բա էտի էլ խո՞սք ա, բա ի՞նչ» և այլն, որ նշանակում էին. «ասա՝ ո՞նց, ասա՝ հետո՞, ասա՝ էտի էլ խո՞սք ա, ասա՝ ի՞նչ»:

«Բան»-ը գործածում ենք «իր, առարկա, խոսք» իմաստներով, ու այսօրվա գըրականը սրանով լիքը կազմություն ունի («բանասեր, բանախոս, բանագնաց, բանբեր, երկրաբան, բուսաբան, սիրաբան» ևն, ևն): Մեր համար կարևոր է «բայ»-ը, ինչը նշանակում է՝ «ասում է»:

Ուրեմն, մեր հին քերականները լավ գիտեին, որ «բայ»-ը ասո՛ղ բառ է, վերագըրո՛ղ բառ է, հատկացնո՛ղ բառ է, ստորոգո՛ղ բառ է:

5.2 Անդեմ բայ կա՞

Դրույթ 1. Բայ է միայն ու միայն ա՛յն բառը, ինչն իրար հետ միասին ու անպայման ունի դեմք է՛լ, թիվ է՛լ, ժամանակ է՛:

Բայ բառերը բոլորն էլ վերագրո՛ղ են (ասո՛ղ են, ստորոգո՛ղ են): Բայց այս բայ բառերն ի՞նչն են վերագրում (ասում, ստորոգում):

Դրույթ 2. Բայ բառերը, ամենից առաջ, իրենց իսկ իմա´ստն են վերագրում հենց իրենց դեմքի´ն:

Ուրեմն, այս «բայ» բառի իմաստը, ինքը, հենց վերագրվո՛ղն է (ասվո՛ղն է, ստորոգվո՛ղն է, ստորոգյա՛լն է):

Եթե ասեմ «խաղացի», այս «խաղացի» բառը, այս բա´յը, իր իսկ խաղալու գաղափարը (իր բայիմա´ստը, ի՛ր իսկ իմաստը, ստորոգյա՛լը, ստորոգվո´ղը) վերագրում է հենց իր առաջին դեմքին, վերագրում է ի՛նձ, այս բառը ասողի´ս, հետն էլ հասկացնելով, որ մենա´կ եմ խաղացել ու սա գրելուց առա´ջ եմ խաղացել, այսինքըն, ցույց տալով վերագրվելիքի թիվն ու ժամանակը:

«Խաղացիր» բայը նույն բանն է անում, բայց այս ամենը վերագրում է երկրորդ դեմքին, այսինքն, այս բաները կարդացողին ևն: Ուրեմն, բայն իր իմաստից բացի էլի՛ գաղափարներ ունի մեջը՝ դեմքի, ժամանակի ու թվի գաղափարները:

Ասվեց, որ Աբեղյանը բայի դեմքի գաղափարին ասում է՝ դեմք-ենթակա, իսկ բայի վերագրվող (ստորոգվող, ստորոգյալ) իմաստին՝ բայիմաստ-ստորոգյալ (վերագըրվող): Ու Աբեղյանը, լրիվ իրավացի, ասում է, թե.

Դրույթ 3. Բայը միայն իր իմաստի, այսինքն, ստորոգյալի (վերագրյալի) հետ նույնացնելը սխալ է, որովհետև բայի մեջ, իմաստից բացի, դեմքի ու թվի ու ժամանակի գաղափարներն էլ կան, ու բայը մի բան է՛լ է անում՝ իր իմաստը ստորոգում-վերագըրում-հատկացնում է իր դեմքին՝ նշելով դեմքի թիվն ու իմաստի ժամանակը:

Սա ակնհայտ է, ու սրա հիմնավորված, տրամաբանական առարկությունն անհընար է: Այնինչ, մեր քերականները շատ հաճախ ասում են, թե բայն ու ստորոգյալը նույնն են:

Ինչո՞ւ են սա ասում: Որովհետև, ինչպես տեսանք, մեր այսօրվա քերականները չեն գիտակցում (կամ էլ դիտմամբ չեն ուզում գիտակցեն), թե ստորոգելն ի՛նչ է, ու չեն գիտակցում (կամ էլ դիտմամբ չեն ուզում գիտակցեն), թե ստորոգյա՛լն ինչ է:

Հասկանում եմ, որ այս եզրակացությունը վիրավորական է, բայց ուրիշ բացատրություն ուղղակի չկա, իսկ ճշմարտությունը շա՛տ անգամ է վիրավորական ու դառը:

Երկրորդը: Ըստ Աբեղյանի, օրինակ, «խաղաց» խոսքի (կամ նախադասության) դեմքը այս բայի դեմք-ենթական է, իսկ խաղալու գաղափարը՝ սրա իմաստ-ստորոգյալը, այսինքն, հենց այս դեմքին վերագրվող իմա՛ստն է: Ուրիշ խոսքով, «խաղաց» խոսքը (նախադասությունը) «խաղալու» իր գաղափարը վերագրում է իր (երրորդ) դեմքին, հետն էլ հասկացնում է, որ «խաղացողը» մենակ է եղել ու «խաղացել է» անցյալո´ւմ, խոսելու պահից առա´ջ:

Իսկ երբ ասում ենք «ի՛նքը խաղաց», դեմքը բառով է՛լ ենք արտահայտում. Արտահայտում ենք «ի՛նքը» բառով, շեշտելով 3-րդ դեմքը: Եթե ասենք «Արամը խաղաց», «խաղաց» բայի դեմք-ենթական «ճշտած», լրացրած, արտահայտած կլինենք նաև «Արամ» բառով: Սրա´ համար է Աբեղյանն այս խոսքի «ինքը» ու «Արամ» բառերին ասում բառ-ենթակա՝ ի տարբերություն (երրորդ դեմքի) դեմք-ենթակայի: Ուրեմն.

Դրույթ 4. Բառ-ենթական (իր բոլոր լրացումներով, իր «ողջ շքախմբով») միայն բայի դեմքի լրացումն է, ու էլ ոչ մի կերպ իր արժեքով ու նշանակությամբ բային չի հավասարվի:

Տեսանք, որ բայն իր մեջ մերված ձուլված ունի 5 բան: Նախ՝ իր (բայ)իմաստը, հետո՝ դեմքի գաղափարը, հետո՝ այս դեմքի թվի գաղափարը, հետո՝ վիճակի կամ գործողության գոյության ժամանակի´ գաղափարը, ու այս ամենը իր դեմքին վերագրելու ունակությունը: Ուրեմն.

Դրույթ 5. Եթե ամենաընդհանուր դեպքում բառ-ստորոգյալ ասելով հասկանանք վերագրվող բառը կամ բառերի խումբը, պիտի բոլոր խնդիրներն ու պարագաներն էլ համարեինք բառ-ստորոգյալ, որովհետև, ինչպես ասվել է, ի վերջո սրանք է´լ են վերագրվում բայի իմաստին: Բայց սա կփոխեր ավանդական քերականության տեսքը, ինչը շատ մարդու նեղություն կպատճառեր:

Սրա համար էլ ենթակային իր ողջ խմբով կասենք բառ-ենթակա կամ ուղղակի ենթակա ու չենք մոռանա, որ սա, իր ողջ խմբով լրացնելով բայի դեմքը, ի վերջո, լրացնում է նաև բային: Ուրեմն, չպիտի մոռանանք, որ.

Դրույթ 6. Բառ-ստորոգյալը (իր ողջ խմբով) կա´մ բայիմաստի լրացումն է (զանազան տեսակ պարագա կամ խնդիր է), կա´մ բայի ժամանակի լրացումն է (ժամանակի պարագա է), կա´մ բայի թվի լրացումն է (չափ ու քանակի պարագա է), կամ ստորոգելու եղանակի լրացումն է (այսինքն, հոլովաձև չունեցող եղանակիչ կամ մակբայ է):

Օրինակ. «է/ա» խոսքի մեջ «է/ա» բայի իմաստ-վերագրվող-ստորոգյալը լինելությո´ւնն է, գոյություն ունենա´լն է, ու հենց սա՛ է վերագրվում (երրորդ) դեմք-ենթակային: Բայց այս լինելության գաղափարը անսահմա´ն է անորոշ ու աղոտ, որովհետև այս աշխարհում բազում-բազում գոյություն ունեցող բան կա:

Ու երբ այս «է/ա»-ն լրացնում ենք «կարմիր» բառով (վերագրվողո´վ, ստորոգվողո´վ, ստորոգյալո´վ), այդ անսահման շատ բանից անջատում-առանձնացնում ենք միայն կարմիր բաները. Կարմիր է/ա: Եթե ասենք. խնձորը կարմիր է/ա, արդեն դեմքը ավելի կճշտվի, կլրանա, ու կիմանանք, որ երրորդ դեմքով գոյություն ունեցող բանը, այս «է/ա»-ն, ինչ-որ մի խնձոր է/ա, բայց հնարավոր բոլոր խնձորներից միայն կարմիրներից է, այսինքն, աշխարհի բոլոր կարմիր խնձորներից մեկն է:

(Խնձորին կարող է վերագրվի կարմիր, կանաչ, դեղին, որդնած, հոտած, փըտած, քաղցր, թթվաշ, անհամ, թանկ, էժան, մեծ, մանր, համով, անհամ, վայրի, ընտանի, երկարուկ կամ չեչոտ լինելը ևն, ևն):

Եթե ասենք. «ամենալավ միրգը խնձո´րն է/ա, այս անգամ, ճիշտ է, կիմանանք, որ երրորդ դեմքին ու «խնձորը» բառին վերագրվում է «ամենալավ միրգը» լինելը, իսկ այս խոսքի շեշտված «խնձո´րն» բառն արդեն բառ-ենթական է: Բայց երբ գոյության այս իմաստը, այս «է/ա» բայի իմաստը, լրացնում ենք «կարմիր» ածականով, ճշտում ենք խնձորի լինելության միայն այս հատուկ ձևը, տեսակը, այս կարմիր լինելը ևն:

Ուրեմն, այս խոսքի «կարմիր» բառը «է/ա» բայի իմաստը լրացնող բառ-ըստորոգյալն է, իմաստին վերագրվողն է, այսինքն, բայիմաստի՛ լրացումն է:

Այս խոսքի մեջ «է/ա» բա՛յն է գլխավորը: Եթե «է/ա» բայը չլինի, այսինքն, եթե միայն ասենք. «Խնձորը կարմիր», խոսքը կիսատ կմնա, ու չենք իմանա, թե խոսողի ասածն ինչ է, որովհետև պարզ է, որ հնարավոր է, որ «խնձորը կարմիր» զույգը լրանա, օրինակ, նաև հետևյալ բառերով. «է/էր/կլինի/կդառնա/չի/չէր/չի կամ էլ՝ լինի/չի դառնա/չի դառնալու/չի մնա/չի մնալու» ևն, ևն:

Դրույթ 7. Հայերեն խոսքի (նախադասության) միակ գլխավոր անդամը (խոսքի կենտրոնը, խոսքի առանցքը, խոսքի «սիրտն ու հոգին») բա´յն է, իսկ խոսքի մնացած բոլոր անդամները միմիայն բայի այս կամ այն ասպեկտի լրացումներն են, ուրեմն, երկրորդական են:

5.3 Ինչի՞ն է վերագրում հնչերանգային ստորոգումը

Մեր լեզվաբանությունն արդեն ամենաքիչը 89 տարի է, ինչ ասում է, թե «անորոշ դերբայը», օրինակ, այս «խաղալ» բառը, բայ է»: Բայց, լավ իմանալով, որ այս բառը դեմքի գաղափարը չունի, սրան ասում է «անդեմ բայ»:

Այս թյուրիմացության գլխավոր պատճառներից մեկը «դեր+բայ» տերմինն է: Անտեղյակները կարծում են, թե անորոշ դերբայը, գոնե մի քիչ, «բայի դերը տանում է», այնինչ.

Դրույթ 1. Անորոշ դերբայը անուն-գոյակա՛ն է:

Մեր հին քերականները (նաև Աճառյանը) անորոշ դերբային մեկ-մեկ ասում էին «աներևույթ» կամ էլ «ինֆինիտիվ» ու բազմիցս շեշտում էին, որ անորոշ դերբայը անուն է, չնայած բազմիցս էլ ասում էին, թե անորոշ դերբայը բայի հատկություններ ունի (տես՝ [7], ԼՔՀԼ, հատ V, էջ 5; հատ. IV Ա ու Բ; տես նաև ստորև):

Բայց «խաղալ» բառը (այս անորոշ դերբայը) ժամանակի գաղափար է՛լ չունի: Ու եթե, Աբեղյանին հետևելով, «բայ» ասենք միայն ու միայն իրար հետ դեմք, թիվ, ժամանակ ունեցող ա՛յն բառերին, որոնք իրենց իմաստը վերագրում (հատկացնում, ստորոգում) են իրենց դեմքին, էլ արդեն ուղղակի անհնար է, որ «խաղալ» անորոշ դերբայը բա´յ լինի:

Ու այս անգամ արդեն ինչ էլ անենք, մեկ է, այս անորոշ դերբայ-անունը, այս «խաղալ» բառը, չի դառնա բայ, որովհետև սա իր իմաստը չի´ վերագրում, չի՛ հատկացնում, չի՛ ստորոգում իր դեմքին (դեմք չունի, ո՞նց վերագրի կամ ինչի՞ն վերագրի), հետն էլ նշելով թիվն ու ժամանակը (ժամանակի գաղափար նույնպես չունի):

Մեր լեզվաբանությունը սա պիտի՛ որ իմանար, որովհետև ժամանակին Աբեղյանը սա մանրամասն բացատրել է: Ու քանի որ այս բացատրությունը, այնուամենայնիվ կա [4, ՄՔՔԽՄ-ն] մեր լեզվաբանները, ճարահատ, հիմա էլ ասում են, թե.

Կեղծ դրույթ 1. Անորոշ դերբայը ստորոգումը կատարում է հնչերանգով (ինտոնացիայով):

Եկեք համոզվենք, որ սա անհեթեթություն է:

«Խաղաց» բայը իր իմաստը (խաղալու գաղափարը) վերագրում-ստորոգում է իր դեմքին (3-րդ դեմքին), միաժամանակ հասկացնել տալով, որ խաղացողը եղել է մենակ (սա իր եզակիով արտահայտում է խաղացողների թիվը), ու որ այս խաղացողը խաղացել է խոսելու պահից առաջ (խոսելուց անցած ժամանակ):

Մի րոպե համաձայնենք, թե մեր այսօրվա լեզվաբանները ճիշտ են, ու որ «խաղալ» դերբայն էլ է բայ, ու սա իր իմաստը «հնչերանգո՛վ է վերագրում-ստորոգում»:

Հարցնում եմ՝ ինչի՞ն է վերագրում: Չէ՞ որ այս բառը դեմքի գաղափար չունի: Թե՞ մեր լեզվաբանությունը հայերենի մի նոր դեմք էլ է հայտնագործել (բացի առաջին, երկրորդ ու երրորդ դեմքից), օրինակ, «չորրորդ» դեմքը:

Իհարկե, Հր. Աճառյանը պնդում է [7, ԼՔՀԼ, Հատոր IV, Ա, էջ 17] թե «երրրորդ դեմքը կարող է լինել անորոշ և այդ դեպքում գործածվում է անդեմ բայ» (այսինքն, ուզում է ասի, թե «գործածվում է անորոշ դերբայի ուղղական անհոդ ձևը»), բայց Աճառյանի ասած այս անտրամաբանական բանը հայերենին խորթ անորոշ դերբայի բայական գործածությունն արդարացնելու համար է միայն (ինչպես որ հենց Աճառյա´նն է ասում, հենց ա´յդ իսկ խոսքի մեջ):

Աճառյանի ասած այս «երրրորդ դեմքը կարող է լինել անորոշ» կապակցության անհեթեթությունը իսկույն կերևա, եթե սա լրացնենք. «Երրորդ դեմքը կարող է լինել անորոշ ԵՐՐՈՐԴ դեմք»: Իրոք, ո՞վ անհեթեթ չի համարի, եթե մեկն ասի. «Գայլը անորոշ գայլ է, ինչը գործածվում է, երբ շունն անորոշ է»:

Մի հարց էլ կա: Ծննդից խուլ ու համրը գաղափար չունի ո՛չ ձայնից, ոչ է՛լ, մանավանդ, հնչերանգից (ինտոնացիայից): Ու երբ այս խուլ ու համրը կարդում է՝ «խաղալ», ո՞նց է իմանում, որ «հնչերանգը ստորոգեց» (հատկացրեց-վերագրեց):

Մի բան էլ ասեմ: Շատ հաճախ մենք մեր խոսակցի ասածին հավանություն ենք տալիս մեր բութ մատը վեր տնկելով: Ասում են, թե հին հռոմեացիներն այս ժեստի վեր ու վարով գլադիատորների կյանքի ու մահվան հարցն էին վճռում:

Մեկ-մեկ էլ մեր խոսակցին աչքով-ունքով էլ ենք ինչ-որ բան հասկացնում:

Պատահում է, որ խոսակցին անհամաձայնություն ենք հայտնում կոպիտ ու գըռեհիկ ձևով՝ երեք մատից կազմված հայտնի նշանով (հիմա ջահելները, ընդօրինակելով ամերիկյան ֆիլմերին, սրա տեղը մինջնամատն են տնկում): Հիմա հարցնում եմ մեր լեզվաբաններին.

Ինչո՞ւ «բութ մատային ստորոգում» չկա: Թե՞ կա:

Ինչո՞ւ «աչքով ունքով անելու ստորոգում» չկա: Թե՞ կա:

Ինչո՞ւ «երեք մատային (կամ միջնամատային) ստորոգում» չկա: Թե՞ կա:

Մեր նոր գրականության հեղինակներն ու թարգմանները, հետևելով հյուսիսյաններին (տես նաև հետո) ու կույր-կույր պատճենելով ռուսերենի հետևյալ ձևերը (նաև, իհարկե, եվրոպական լեզուների անալոգ ձևերը). «хочу делать; хочу играть; могу делать; могу играть; должен/должна делать» անորոշ դերբայ-գոյականը բայի տեղն են գործածում, օրինակ. «ուզում եմ անել; ուզում եմ խաղալ; կարող եմ անել; կարող եմ խաղալ; պիտի/պետք է անել; պիտի/պետք է խաղալ» ևն, ևն, փոխանակ այսօրվա կենդանի հայերենով գրեն ու ասեն. «ուզում եմ անեմ; ուզում եմ խաղամ; կարող/կարամ եմ անեմ; կարող եմ/ կարամ խաղալ; պիտի/պետք է անեմ; պիտի/պետք է խաղամ»:

Դրույթ 2. Հայերենին խորթ հենց այս կարգի միլիարդով անհեթեթությունը, այսինքն, դերբայ-գոյականի բայական ու հայերենին խորթ, միլիարդավոր աղավաղմունքն ու սխալն արդարացնելու ու հայերենի տեղն անցկացնելու համար է, որ մեր լեզվաբանությունը նախ պնդում է, որ դերբայ-գոյականն «անդեմ բայ է» ու երկրորդն էլ՝ երբեք ու երբեք մանրամասն, տրամաբանված ու հետևողական չի ասում, թե Աբեղյանը կամ ճշմարիտ գիտությունը «ստորոգում» ասելով ի՛նչ է հասկանում:

Ու մեր այսօրվա քերականներն իրենց քերականության գրքերում ստորոգելու իրենց գաղափարը, ստիպված, այն տեսակ մի խճողված, անհեթեթ ու շփոթ ձևով ու հաճախ էլ՝ վերը ասած բառերի հեղեղի մի խելահեղ աղմուկով են շարադրում, որ գիտության տպավորություն ստեղծեն:

Բայց, ցավոք, տրամաբանական քննությունը, ի վերջո, ցույց է տալիս, որ այս տեսություն կոչվածի սխալների թիվը ուղղակի վիթխարի է (տես նաև [10-11]):

Հնարավոր է, որ մեր լեզվաբաններից ոմանք առարկեն, թե իբր իրենք «ճշտել են Աբեղյանի ստորոգման տեսությունը»:

Մի հարցնող լինի՝ ինչո՞ւ: Աբեղյանի տեսությունը հայոց լեզվի ի՞նչը չէր բացատրում: Աբեղյանի պարզ ու հստակ տեսությունը ինչո՞ւ են փոխարինել մղձավանջային բարդության մի անհեթեթ ու հույժ խճողված «տեսությամբ», ու այս նոր «տեսությամբ» ի՞նչն են բացատրում, որ Աբեղյանի տեսությունը չէր բացատրում:

Ի՞նչն է այս նոր տեսության առավելությունը:

Դրույթ 3. Քանի որ մեր լեզվաբաններն իրենց պնդումների ճշմարտացիությունը կամ իրավացիությունը որոշելու ոչ մի գիտական օբյեկտիվ չափանիշ չունեն, սրանց համար չկան նաև «ինչո՞ւ (համար)» ու «ի՞նչ պատճառով» հարցերը:

Օրինակ, մեր լեզվաբանները պնդում են, թե «բայն այն բառն է, որ գործողություն է ցույց տալիս», բայց երբեք չեն հարցնում, թե, օրինակ, հետևյալ գործողություն ցույց տվող բառերն ինչո՞ւ բայ չեն.

«վազք, շարժ, մարզանք, պտույտ, հոսանք, հոսք, պատերազմ, կռիվ, վեճ, հուզմունք, կայծակ, որոտ, տուրուդմփոց, երկրաշարժ, ժայթք, շարժ, պայթյուն, լուսաբաց, ձեռ առնոցի, գործողություն, պրոցես, վրդովմունք, չարչարանք, տանջանք, մրցություն» ևն, ևն:

Մեր այսօրվա լեզվաբաններին գիտական հանելուկ եմ առաջարկում.

Հարց 1. «վազք» բառը, անկասկած, թե´ անդեմ է, թե´ «վազել» բառի պես գործողություն է ցույց տալիս: Ինչո՞ւ է գործողություն ցույց տվող «վազել» անդեմ բառը անդեմ բայ, իսկ բացարձակ նույն գործողությունը ցույց տվող «վազք» անդեմ բառը՝ գոյական:

Ահա մի ուրիշ կարևոր թնջուկ էլ.

Հարց 2. Եկեք «վա´զք» բառը շեշտենք, այսինքն, հնչերանգո´վ արտասանենք: Ինչո՞ւ «վա´զք» բառի այս շեշտ-հնչերանգը չի ստորոգում ու այս «վա´զք» շեշտած բառը չի դարձնում անդեմ բայ: Ի՞նչ է այս խորհրդավոր հնչերանգ կոչվածը, ինչը «վազել» անդեմին դարձնում է բայ, իսկ «վա´զք» անդեմին չի դարձնում բայ, ու թողնում է, որ «վա´զք»-ը մնա գոյական:

Հարց 3. Ինչո՞ւ հնչերանգն այս «վա´զք» բառի «վազք» հատկանիշը չի վերագրում «առարկային (ենթակային) ժամանակի ու տարածության մեջ», ինչպես որ «Լեզվաբանական բառարանն» է պահանջում, որ սա է´լ դառնա անդեմ բայ: Ի՞նչն է հնչերանգի այս արտառոց ու տարօրինակ բացակայության պատճառը:

Հարց 4. Եթե հնչերանգը բառն իրո´ք բայ դարձնելու զորություն ունի, ուրեմն սա ա´յն «շարահյուսական կարգն է, որով նախադասության բովանդակությունը վերագրվում, հատկացվում է իրականությանը … նրան {այսինքն, նախադասության բովանդակությունը} դարձնելով հաղորդակցական արժեք ունեցող կառույց (միավոր):

Բա ինչո՞ւ այս զարմանալի ու արտառոց հնչերանգը այս «վա´զք» բառը նախադասության բովանդակությանը չի վերագրում, չի հատկացնում իրականությանը … որ նրան {այսինքն, նախադասության բովանդակությանը} դարձնի հաղորդակցական արժեք ունեցող կառույց (միավոր), այսինքն, դարձնի բայ:

Ինչո՞ւ, ինչո՞ւ: Այս գերխորհրդավոր հնչերանգն այստեղ ինչո՞ւ «համապատասխան չի», որ «իր գործառություններում իրացնի դիմաեղանակաժամանակային ու թվային հարաբերակցություններ, որ այս թշվառական «վա´զք»-ն իսկույն փոշմանի ու խելոքանա ու սուսուփուս դառնա անդեմ բայ:

Ու վերջին թնջուկը.

Հարց 5. Ինչո՞ւ «էր առաջ տարածված այն կարծիքը, որ ստորոգումը հատկանիշի վերագրումն է ենթակային»: Ինչու այս կարծիքը հիմա տարածված չի:

Ու ամենագլխավոր հարցը.

Հարց 6. Հնարավո՞ր է, որ մի օր էլ մի ուրիշ կարծիք տարածվի: Օրինակ, մի ժամանակ տարածված էր այն կարծիքը, որ Երկիրը տափակ է ու դրված է երեք փղի վրա ու այս փղերն էլ մի կրիայի վրա են: Հնարավո՞ր է, որ մի օր տարածվի այն կարծիքը, որ բայերը գոյական են, իսկ գոյականները բայ, ու սրանց միությունն էլ կաթնասուն սարդ է կամ երկնքում ճախրող կոկորդիլոս, հը՞:

Հարց 7. Ինչո՞ւ է այս հնչերանգը ստորոգում, երբ ասում ենք. «Լռե´լ: Խոսե´լ», ու այս նույն հնչերանգն ինչո՞ւ չի ստորոգում ու հայերեն դարձնում հետևյալ խոսքը. «Արամ, դու լռե´լ, Աշոտ, դու խոսե´լ»:

Հարց 8. Ինչու այս հնչերանգը չի ստորոգում ու հայերեն չի դարձնում Ռոբինզոն Կռուզոյի հայացրած Ուրբաթի հետևյալ խոսքերը. Ես խոսել; Դու խոսել; Նա խոսել; Մենք խոսել; Դուք խոսել; Նրանք խոսել:

Հարց 9. Մեր այսօրվա լեզվաբաններն ասում են, թե հայերենն ունի անորոշ դերբայով արտահայտվող հրամայականի անդեմ ձև. «լռե´լ; խոսե´լ», ու այս «ամենազոր» հնչերանգն այս դերբայներին էլ է ստորոգում ու դարձնում բայ: Որ այդպես է, բա այս հնչերանգն ինչո՞ւ չի ստորոգում ու հայերեն դարձնում այս «անդեմ բայերին», երբ սրանք, օրինակ, Ուրբաթի պես կուտակում ենք իրար գլխի.

Այ տղա, Մուկուչ, հիմա ի՞նչ անել, նստել տանն ու ոչինչ չանե՞լ, թե՞ վեր կենալ գնալ Հարութենց տուն ու մի քիչ նարդի խաղալ, հետո էլ մի երկու բաժակ բան խմել ու մի քիչ թեթևանալ: Հը՞, դու ի՞նչ ասել, ի՞նչ կարծիքի լինել կամ ի՞նչ կարծիք ունենալ, անե՞լ, թե՞ չանել: Դե, ձենըտ կտրել ու տեղըտ վեր ընգնել: Եվ, առհասարակ, լինե՞լ, թե՞ չլինե՞լ:

Ասվեց, որ մեր լեզվաբաններն այս հնչերանգային ստորոգումը հորինել են, որ անորոշ դերբայ-գոյականի իբր բայական սխալ ու ոչ հայերեն գործածությունները մեր գրականության մեջ արդարացնեն: Բայց բնության մեջ անդեմ բայ չկա:

Ու ցավն ա´յն հանգամանքն է, որ հենց ի´նքը, այս «հնչերանգային ստորոգում» կոչվածը, ճիշտ ու ճիշտ նման է ոտներից զուրկ չորքոտանու կամ ան(վ)ողնաշար ողնաշարավորի, այսինքն, բնության մեջ սրա պես բան չկա ու չի եղել:

Սրա համար էլ հետաբեղյան քերականների այս անդեմ բայը կաթնասուն ու ողնաշարավոր սարդի պես մի ֆանտաստիկ բան է միայն:

Այնուամենայնիվ, այս կաթնասուն սարդը մեր գրական ոճով գրողների զգալի մասի (թերևս բացի Թումանյանը) պաշտելին է: Ահա, օրինակ, Պարույր Սևակի մի ոտանավորը, ինչի հերոսը, ըստ էության, այս կաթնասուն սարդն է.

Ա˜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ, 

Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար, 

Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել, 

Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար: 

Ինչպե՞ս չասել, որ՝ դու, միայն դո˜ւ չես թախծում, 

ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար, 

Ինչպե՞ս չասել , որ ես միշտ էլ քեզ եմ տենչում, 

Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար: 

Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ, 

Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար… 

Հիմա ինչու՞ ցավել անցած երջանկությամբ, 

Եվ չցավել՞, ինչու՞, ինչի՞ համար: 

Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել՝ նորից արի, արի˜, 

Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քեզ համար: 

Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի, 

Խոստոնովանե՞լ, ինչու՞, ինչի՞ համար…

(Այս ոտանավորի լեզվի ավելի մանրամասն վերլուծությունը տես 10.2-ում):

Առաջարկ. Թող ընթերցողն ի՞նքը որոշի, թե անորոշ դերբայը զոռով ու լեզվի ոգուն հակառակ բայ դարձնող մտքերի շարանն ինչի՞ն է ավելի շատ արժանի իր այս 89 տարվա անիմաստ համառությամբ, գիտությո՞ւն, թե՞ զառանցանք կոչվելուն:

Երրորդ մասը

ԼԵԶՎԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Գլուխ 6. ԼԵԶՈՒ ՈՒ ՈՃ: ՍՈՍՅՈՒՐԸ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

6.1. Կենդանի լեզուն ու գրական ոճերը

(Հիշեցնեմ, որ այս շարադրանքի մեջ, հետևելով Մանուկ Աբեղյանին [1-4], «նախադասություն» տերմինի տեղն ասում եմ՝ «խոսք», չնայած մեկ-մեկ էլ «խոսք» բառը գործածում եմ նաև «լեզվի հատված» (речь) իմաստով):

Սահմանում. «Լեզու» ասելով՝ նկատի ունեմ լեզվական պրոցե´սը, այսինքն, միայն ա՛յն լեզուն, ինչով խոսող գոնե մի փոքրիկ գյուղ կա, ինչով խոսում են անընդհատ ու առանց տրամաբանական վերլուծության (տես 6.5-ը), այսինքն, առանց վախենալու, որ սխալ են խոսում, ինչով խոսում են ռեֆլեքսի մակարդակով, այսինքն, համարյա բնազդով, ինչը սերունդներին է փոխանցվում միմիայն բանավոր, ու ինչը անընդհատ սովորում ու թարմացնում են միայն ուրիշներին լսելով ու կապկելով [15]:

Այս իմաստով նորից շեշտեմ, որ.

Դրույթ 1. «Գրական լեզու» կոչվածը իսկական բնական լեզու, այսինքն, անընդհատ ու սպոնտան (ինքնին, ինքնակա, ինքնագո) ու կարգավոր լեզվական պրոցես չեմ համարում [19, 36-40]: Սրա համար էլ «գրական լեզու» տերմինի տեղն ասում եմ՝ «գրական ոճեր», իսկ լեզվի կամ լեզվական պրոցեսի մասին ասածըս շեշտելու համար շատ անգամ գործածում եմ՝ «կենդանի լեզու, խոսվածք, բարբառ, մայրենի լեզու, բնական լեզու» տերմինները (տես հետո):

Հիշեցնեմ նաև, որ.

Դրույթ 2. Գրական ոճերը տվյալ լեզվի մայր բարբառից շեղված ու, ըստ էության, մայր բարբառի աղավաղ վիճակներն են: Օրինակ, հայերենի գրական ոճերը, մեծագույն մասամբ, աղավաղ կամ կոտրատված հայերեն են են:

Հնարավոր է, որ ամեն մի լեզու էլ ունենա բազում բարբառ ու խոսվածք, ու սըրանց հետ էլ՝ երբեմն մի քանի «հին, միջին» (լրիվ «մեռած», չխոսվող) ու նոր գրական վիճակ (գրական ոճ):

Օրինակ են՝ լատիներենի վիճակները, հունարենի կամ հայերենի ոսկեդարյան ու միջին «գրաբարները», հնդիկների սանսկրիտն ու նորագույն բարբառները, որոնց մեծ մասը պետական լեզվի ստատուս ունեն, հին գերման գոթերի, անգլների, սաքսերի, ֆրիզների, յուտերի, վանդալների և այլ բազում բարբառը, որ անկասկած եղել են, բայց գրավոր հետք չեն թողել (բացի գոթերենը, ինչով Ուլֆիլաս քահանան Մաշտոցից էլ առաջ «Աստավածաշունչը» թարգմանեց գոթերեն) ևն, ևն:

Այս հին վիճակները ո´չ կենդանի են, ոչ է´լ լրիվ, ու ընդամենը գրական ոճ են, որովհետև սրանցով խոսող կոմպակտ հանրություն չկա: Այս տեսանկյունից.

Դրույթ 3. Հայերենի իրոք մեռած վիճակներից են՝ մեր գրաբարյան կամ միջին հայերենի լեզուները, իսկ այսօրվա վիճակներից, մեր այսօրվա գրական ոճերի մեծագույն մասը, քանի որ սրանցով խոսող կոմպակտ հանրություն չկա ու սրանցով էլ համարյա ոչ մեկը չի խոսում:

Չի խոսում անընդհատ, առավոտից իրիկուն, չի խոսում առանց կմկմալու ու առանց մտածելու, չի խոսում ռեֆլեքսի մակարդակով, այսինքն, չի խոսում առանց տրամաբանական վերլուծության գործածության:

Հայերենի հիմնական բարբառներից ամեն մեկն ունի բազում խոսվածք, ինչով խոսում են առանձին գյուղերը: Մեր ամեն մի գյուղի խոսվածքը շատ անգամ տարբեր է հարևան նույն բարբառով խոսող մի ուրիշ գյուղի խոսվածքից. թեկուզ աննշան, բայց էլի տարբեր է, մեկ-մեկ՝ հնչյունական, մեկ-մեկ՝ բառապաշարի, մեկ-մեկ էլ՝ շարահյուսական տեսանկյունից:

Մի 120-130 տարի առաջ գրական ոճերի ազդեցությունն այս խոսվածքների վրա, այսօրվա համեմատ, այնքա´ն էր քիչ, ու երևի իրավունք կա ասելու, որ այդ օրերի խոսվածքները «մաքուր էին»: Այսօր գրական ոճերի ազդեցությունը հայ գյուղի խոսվածքների վրա շատ ավելի շատ է, ու նույնիսկ գյուղացի երեխաներին «գրական ոճերը» սովորեցնելու տենդենց կա:

«Գրական ոճերը» կապակցությունը չակերտների մեջ եմ առել, քանի որ, ճիշտն ասած, այդ գյուղացի ծնողներն իրենց զավակներին սովորեցնում են ոչ թե գրական ոճերի մի ինչ-որ տեսակը, այլ ուղղակի Երևանի բարբառը, որովհետև կարծում են, թե հենց սա՛ է գրական ոճը: Տարածված է մանավանդ երրորդ եզակի դեմքի «ա» օժանդակ բայի գործածությունը գրական ոճերի «է»-ի փոխարեն:

Երևանի այսօրվա բարբառը, ինչպես ասվել է, այսօրվա Արարատյան կոչված բարբառն է ու այսօրվա հայերենի ամենահեղինակավոր ու ամենատարածված բարբառն է: Երևանի բարբառ տերմինը Հր. Աճառյանը իր [67]-ի մեջ գործածում է Արարատյան բարբառ տերմինի փոխարեն:

6.2 «Վերք Հայաստանի»-ին ու Հյուսիսյանները

Երբեք չպիտի մոռանանք, որ.

Դրույթ 1. Հենց Երևանի՛ բարբառն է եղել մեր գրական առաջին ոճերի հիմքը:

Արդեն ասվել է, որ Խաչատուր Աբովյանը, իր աշխարհաբար գործերը գրելուց առաջ, գրել է մի ուսումնասիրություն, Երևանի բարբառի մասին, «Աշխարհիկ բարբառ երեւանցի հայոց» վերնագրով [32-33]:

Չնայած Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» [5] վեպի հրատարակությունից քիչ անց Մոսկվայում լույս տեսնող հայկական պարբերական «Հյուսիսափայլ»-ի հետեվորդները հայտարարեցին, թե Աբովյանի այս վեպը հանճարեղ է, բայց իսկույն էլ ավելացրին, թե Աբովյանի լեզուն պիտի «մաքրվի օտար ազդեցություններից ու գավառական գռեհկություններից»:

Այսինքն, հյուսիսյանները հայտարարեցին, որ այն օրերի (օրինակ) Արարատյան բարբառը գռեհիկ է (ինչը, իհարկե, հակագիտական էր ու, ճիշտն ասած, խիստ վնասակար), ու որոշեցին, որ պիտի նոր «աշխարհաբար» լեզու ստեղծվի (մոնտաժվի) [25]: Ու հյուսիսյանները ու սրանց հետևորդները չգիտեին, որ.

Դրույթ 2. Լեզուն մի ինքնահամաձայն, ինքնակազմակերպ, ինքնակառավար ու բնական պրոցես-կարգ է, մի գերբարդ կարգ, ինչը կառավարելն անհնար է [19]:

Չգիտեին, որ եթե այս ինքնահամաձայն, ինքնակազմակերպ ու ինքնակառավար շենքի որևէ մի կառույցին ձեռ տաս, այս շենքը կխարխլես ու վերջն էլ կսարքես մի երերուն ու անկիրառելի բան, ու որ շատ զոռես, այդ շենքն ուղղակի փուլ կգա:

Ու հյուսիյանները նաև չգիտեին, որ.

Դրույթ 3. Երկու կամ ավել բարբառի մոնտաժն անհնար է,

ոչ էլ խորը (գուցե նաև՝ որևէ) ծանոթություն ունեին Հենրի Սվիթի կամ Ֆերդինանդ դե Սոսյուրի (ու, առհասարակ, հնդեվրոպաբան երիտքերականների) աշխատանքներին (ինչն այն օրերի համար բնական էր), որ իմանային, թե գրական ոճերը ի՛նչ սկզբունքների պիտի հետևեն, կամ քերականությունը ի՛նչը պիտի ուսումնասիրի:

Հյուսիսյանները նաև չգիտեին, որ.

Դրույթ 4. Լեզուն բնական պրոցես է, ինչը չնայած մարդկային գործունեության արդյունք է, բայց մարդկային տրամաբանական ծրագրի արդյունք չի:

Հյուսիսյանները նաև չգիտեին, որ.

Դրույթ 5. Լեզուն, այսինքն, լեզվական բնական պրոցեսը մարդկային ծրագրերին չի ենթարկվում, ու երբ նման ծրագիր է պարտադրվում լեզվական որևէ հանրությանը, այդ ծրագրի արդյունքը լինում է ծրագրածից միանգամայն անսպասելի մի բան:

Սրա համար էլ հյուսիսյաններն առաջարկեցին գրական ոճերը «կազմելու» իրենց «սկզբունքը», ինչը պնդում էր, թե այս ոճերը պիտի հենվեն Արարատյան բարբառին, բայց նաև «օգտվեն մյուս բարբառների ու գրաբարի հարստությունից», որ իբր «չըստրկանան Արարատյան բարբառին»:

Թե ինչքա՞ն «չստրկանան» կամ էլ ի՞նչ կոնկրետ սկզբունքով «չստրկանան», սրա մասին ոչ ա՛յն օրերին խոսք ու գիտակցություն կար, ոչ էլ հիմա կա:

Սրա համար էլ հյուսիսյանների այս «սկզբունքը» անպտուղ էր, ու անպտուղ ու վնասակար է մինչև այսօր: Այնուամենայնիվ, հաղթեցին հյուսիսյանները:

Հյուսիսյանների ու սրանց հետևորդների հավակնությունը սահման չուներ (այսօր էլ չունի), որովհետև իրենք մարդկային գիտակից ծրագրով կենդանի՛ լեզու, այսինքն, լեզվական պրոցես ստեղծելու միտքն ունեին, այն տեսակ մի լեզու, ինչով խոսեին բոլոր արևելահայերը, ու ինչի «գեներալները» լինեին հենց իրենք:

Այս մտադրությունը հակառակ է կենդանի լեզվի հենց էությանը, լեզվի կենդանի պրոցեսին, որովհետև, ինչպես ասվեց, լեզվական կենդանի պրոցեսը մարդկային ծրագրերին չի ենթարկվում, քանի որ այս պրոցեսը մի գերբարդ պրոցես-համակարգ է, ինչը, բնակա´ն է, ինքնակազմակե´րպ է ու ինքնաղեկավա´ր (տես նաև հետո՝ Սոսյուրի ասածները [40], նաև՝ [36-39]-ը):

Իհարկե, թե որ կենդանի որևէ լեզվին (լեզվական պրոցեսին) մարդկային ինչ-որ ծրագիր պարտադրես (ոնց որ հյուսիսյաններն արեցին, կամ ոնց որ այսօ՛ր են անում), այդ կենդանի լեզուն, ինչպես ասվեց, կշեղվի իր բնական ընթացքից, բայց շեղվելու արդյունքը լրիվ անսպասելի կլինի, ու ոչ մի անգամ լեզվին պարտադրած ծրագրի ուզածը չի լինի [36-38]:

Թող ընթերցողը (ասենք) Աբովյանի «Վերքի» կամ մեր «Հայ ժողովրդական հեքիաթների» լեզուն համեմատի օրինակ Բակունցի պատմվածքների կամ Դեմիրճյանի «Վարդանանքի» լեզվի հետ ու համոզվի, որ բառապաշարի առումով վերջինների լեզուն «շատ է մաքրվել», ու այս տեսանկյունից հյուսիսյանները ոնց որ թե հասել են իրենց նպատակին:

Բայց հենց որ հիշում ենք, թե սովետական շրջանում ռուսերենից, իսկ վերջերս էլ անգլերենից ու եվոպական մյուս լեզուներից ինչ մի վիթխարի քանակով բառային փոխառություն է արվել, հասկանում ենք, որ լեզուն «մաքրելու» այս նպատակն անհասանելի մի հեքիաթ է:

Իսկ երբ ծանոթանում ենք լեզվի պատմությանն ու իմանում ենք, որ հայերենի գրավոր հուշարձանների բառապաշարի մոտ 60%-ը փոխառություն է հին լեզուներից (օրինակ, պարսկերենից ու արաբերենից), պարզ է դառնում, որ լեզվական մաքրամոլների արածը կատարյալ ուտոպիա է:

Դրույթ 6. Քերականության առումով այսօրվա գրական ոճերը բազում ոչ հայերեն երևույթներ են գործածում ([15], տես նաև քիչ հետո), ու ա՛յն աստիճան, որ մեր գրական ոճերը մեր բարբառը կրողների ականջին չափազանց խորթ են հնչում ու սրանք մայր բարբառից շեղված ու, ըստ էության, աղավաղ հայերեն են:

6.3 «Երևանաբարբառախորշությունը»

Ճիշտը որ ասենք.

Դրույթ 1. Գրական ոճերը միայն մի սկզբունք ունեն, ու այս սկզբունքն անծըպտուն պարտադրում է, որ գրական ոճերը (իրենց գոնե այսպես կոչված հեղինակային խոսքով) ամեն-ամեն գնով տարբերվեն Երևանի բարբառից, քանի որ Երևանի բարբառը, արդեն մոտ մեկուկես դար, համարվում է «ժարգոն, գռեհիկ, փողոցային, ժողովրդախոսակցական» ևն:

Բայց քանի որ.

Դրույթ 2. Հայերենի գրական ոճերը բարբառներից տարբերվելու ոչ մի հստակ ու օբյեկտիվ սկզբունք կամ ծրագիր չունեն,

սրա համար էլ, ուզած-չուզած.

Դրույթ 3. Մեր գրական ոճերն իրենց մայր բարբառից տարբերվում են միմիայն գրաբարից ու օտար լեզուներից իրենց արած ա՛յն բառային ու կաղապարային փոխառությունների հորինովի ու լրիվ բռնի ու արհեստական «թարգմանություններով», որոնք ձևաբանական կամ շարահյուսական առումով խորթ են ա՛յն մայր բարբառին, ինչի վրա որ իրենք պիտի հիմնվա՛ծ լինեին (տես հետո):

Դրույթ 4. Մեր գրական փոխառություններն ու արհեստական հորինվածք-«թարգմանությունները» խորթ են հայերենի ոգուն ու մրցունակ չեն նաև բառային ա՛յն բանավոր փոխառությունների հետ, որ արդեն հաստատվել են ու հասկանալի են բոլորին: Այս «թարգմանությունները», իրենց մեծագույն մասով, մեռած են հենց իրենց ծննդից:

(Սրա մի փայլուն օրինակը «կանալիզացիա-կոյուղի» զույգն է, ինչի բարեհունչ կոյուղի-ին ոչ մի կերպ չի հաղթում «այլանդակ» կանալիզացիա-յին: Ժողովուրդն այս կոյուղի-ն գործածում է միմիայն ջրմուղ-կոյուղու հիմնարկի անունը տալիս):

Այս արհեստական հորինվածքները (օրինակ, «կոյուղի»-ն), ըստ էության, կենդանի հայերեն չեն, այն պարզ պատճառով, որ հայերի մեծագույն մասը սրանք իր բանավոր խոսքում չի գործածում, մանավանդ երկարները ու շարահյուսականները (տես հետո՝ 7.2-ը):

(Օրինակ, մեր մտավորականների մեծ մասին թվում է, թե կոյուղի բառն արդեն հաստատվել է, ու որ մեր ժողովուրդն իբր թե սա արդեն համատարած է գործածում:

(Սա սխալ կարծիք է, ու այս սխալի հիմնական պատճառն ա՛յն հանգամանքն է, որ մեր մտավորականության այդ մասը համարյա չի շփվում Երևանի բարբառի կըրողների հետ (տես հետո), շփվելուց էլ՝ բարբառի կրողները շատ անգամ իրենց զգում են «գրական իրավիճակում» ու սրանց հետ խոսելիս իրե´նք են ձգտում գրական ոճերով խոսելուն):

Սրա արդյունքը մեր գրական ոճերի արտառոց արհեստականությունն է, ու այս ոճերը կիրառելու չափազանց դժվարությունը, մանավանդ մեր մանուկների ու պատանիների ու գրի հետ քիչ առնչվողների համար: Ըստ էության.

Դրույթ 5. Այսօր հենց մեր գրակա՛ն ոճերն են ժարգոն, որովհետև օժտված են ժարգոնի բոլոր հատկություններով, ճիշտ հենց գողերի ժարգոնի պես: Այս դըրույթի ճշմարտացիությունը հաստատվում է այն հանգամանքով, որ այս ողջ աշխարհում չկա գոնե մի փոքրի˜կ-փոքրի˜կ գյուղ, ինչը խոսի մեր գրական ոճերով («լեզվով»):

Գողերն իրենց ժարգոնով խոսում են միմիայն իրար հետ ու այն էլ՝ «գողական իրավիճակներում»: Գրական ոճերի մեր ջատագովներն էլ գրական ոճերով խոսում են միմիայն գրական իրավիճակներում:

Մեր գրական ոճերի մյուս բացասական բնավորությունն էլ նախ հետևյալ հանգամանքն է:

Դրույթ 6. Մեր այսօրվա բարբառները ինչքան ասես օտար բառ են փոխ առնում, բայց որևէ օտար ձևաբանություն ու շարահյուսություն՝ համարյա երբեք: Այնինչ, մեր գրական ոճերի վարքը լրիվ հակառակն է:

(Այս «համարյա»-ն վերաբերում է, օրինակ, «-իստ» ու «-իզմ» ձևաբանական մասնիկներին ու սրանց պեսերին, որ թերևս կան մեր նաև կենդանի բարբառներում):

Մեր գրական ոճերը նախ (իբր թե) պայքարում են օտար բառերը փոխ առնելու դեմ հանուն «հայերեն լեզվի մաքրության», ինչի արդյունքը զրո է ու նույնիսկ բացասական, ու ինչը անհեթեթ է, որովհետև, ինչպես ասվել է.

Դրույթ 7. Աշխարհում «մաքուր լեզու» չի եղել, չկա ու, չի էլ լինի,

(ոնց որ Սոսյուրն է ասում, տես [40]): Երկրորդ.

Դրույթ 8. Մեր գրական ոճերն ուղղակի հեղեղված են քերականական կալկաներով (օտարաբանություններով), ու մեր գրագետները համարյա երբեք չեն պայքարում սրանց դեմ, ու շատ անգամ նույնիսկ չեն էլ նկատում սրանք, որովհետև բնական են համարում, որ գրական ոճերը պիտի խիստ տարբեր լինեն բոլոր բարբառներից ու մանավանդ Երևանի բարբառից:

Դրույթ 9. Բառային փոխառությունները պարտադիր են ցանկացած կենդանի լեզվի (բարբառի, խոսվածքի) համար, որ այդ լեզուն հարմարվի կյանքի անընդհատ փոխվող պայմաններին: Բառ չեն փոխ առնում միայն մեռած լեզուները:

Դրույթ 10. Կենդանի լեզուներն այնքան հզոր ու անսասան «ներքին ոգի» ունեն, որ սրանք (համարյա երբեք) օտար քերականություն չեն փոխ առնում:

Դրույթ 11. Կենդանի լեզուները օտար քերականություն չեն փոխ առնում, որ այդ լեզուների կրողները միշտ էլ իրար հեշտ ու արագ հասկանան, որովհետև փոխ առած նոր բառերի արտասանությունը հարմարում են իրենց լեզվի հնչյունական օրենքներին ու սրանք շատ արագ են իրարից սովորում, սովորում են իմիտացիայով (կապկելով), իսկ իրենց մայրենի բարբառի քերականությունը մանկո´ւց է դարձել ռեֆլեքս, դարձել է համարյա բնազդ:

Սրա համար է, որ «կենդանի լեզու» (բնական լեզու, բարբառ, խոսվածք) ու «գըրական ոճեր» տերմինները տարբերում եմ իրարից: Նորից ասեմ, որ ինչքան էլ անսովոր ու անտրամաբանական թվա, մեր գրական ոճերը կենդանի լեզու չեմ համարում, որովհետև սրանք կարող են կիրառեն միայն այս ոճերին չափազանց վարժ ու երևի նաև լեզու սովորելու առումով օժտված հայերը:

Բայց իհարկե, մեր գրական բոլոր ոճերն էլ հայերեն են, ուղղակի սրանց մեծագույն մասը մայր բարբառից շեղված ու, ի վերջո, աղավաղ հայերեն է:

Գրական ոճերին վարժվածներն էլ գրական ոճերը կիրառում են ոչ անընդհատ, ոչ առավոտից իրիկուն ու մեծ մասով՝ միայն գրավոր, կա՛մ լսարաններում, միկրոֆոնների կա´մ ամբիոնների առաջ, կա՛մ գրական ու լեզվաբանական խմբերում, այսինքն, իմ ասած գրական իրավիճակներում: Ոնց որ արդեն ասվել է.

Դրույթ 12. Կենդանի է միայն այն բանավո´ր լեզուն, ինչն ընթացող պրոցե´ս է, ինչը բանավոր էլ փոխանցվում է, ու ինչով խոսում է գոնե մի գյուղը թեկուզ շատ փոքր, բայց գոնե գյո´ւղը, ոչ թե առանձին ընտանիքը: Ա´յս իմաստով է ասվում, որ մեր «գրական լեզու» կոչվածները լեզու չեն ու լոկ ոճ են:

Դրույթ 13. Լեզու ասելով պիտի հասկանանք հանրության լեզվական ողջ պրոցեսն իր նվազագույն ճիգի, անալոգիայի, ֆլուկտուացիաների, փոխանցվելու, լեզվական վարակի, ինքնակազմակերպվելու ու ինքնակառավարվելու ու մնացած բոլո´ր հատկություններով (տես 7-րդ գլուխը):

Դրույթ 14. Լեզուն սպոնտան ու անղեկավարելի պրոցես է, ու սա չպիտի մոռացվի:

6.4. Դիաքրոն ու սինքրոն մեթոդներն ու ԼԳՕ-ն

Սահմանում 1. Որևէ լեզվի մեր օրերի լեզվաբանությանը (այսինքն, լեզվական պրոցեսի գիտական նկարագրությանը) ասում ենք սինքրոն (մերօրյա, այս պահի) կամ «համաժամանակային» լեզվաբանություն:

Սրան հակադիր, լեզվական պրոցեսի ժամանակային, այսինքն, էվոլյուցիոն փոփոխության գիտական նկարագրությանն ասում են դիաքրոն («տարաժամանակային») լեզվաբանություն (տես քիչ հետո):

Դրույթ 1. Սինքրոն լեզվաբանության խնդիրը տվյալ միմիայն կենդանի´ բարբառի, լեզվական կենդանի´ պրոցեսի մեր օրերի վիճակի արդեն կայունացած երեվույթների գիտական մեթոդով նկարագրությունն է:

Ուրեմն.

Դրույթ 2. Սինքրոն լեզվաբանության առարկան մի´միայն կենդանի´ բարբառներն են ու ՈՉ ԹԵ ԳՐԱԿԱՆ ՈՃԵՐԸ:

Դրույթ 3. Բարբառը կրողների մեծ մասի գործածած լեզվական պրոցեսի արդեն հաստատված բոլո´ր երևույթներն էլ ինքնին ճիշտ են միայն ու միայն հենց ա՛յն պատճառով, որ սրանք այդ բարբառի մեջ կա՛ն, գոյություն ունե՛ն:

Ասվել է, որ այս դրույթին ասում եմ Լեզվի Գլխավոր Օրենք, ԼԳՕ (մանրամասն տես հետո): Սա նշանակում է, որ.

Դրույթ 4. Տվյալ բարբառի լեզվական պրոցեսը ինքնին ճիշտ է: Լեզվական պրոցեսի որևէ երևույթի ճշմարտացիությունը պարզելու ուրիշ ոչ մի օբյետկտիվ չափանիշ չկա:

Դրույթ 5. Սինքրոն լեզվաբանության մեթոդը լեզվական կենդանի պրոցեսի ուսումնասիրությունն է՝ ԼԳՕ-ի հետևողական ու տրամաբանական կիրառությամբ:

Հայերենի լեզվաբանությունը երբևէ չի ձևակերպել ու երբևէ հետևողական ու տըրամաբանական խստությամբ չի կիրառել այս սկզբունքը, ու մեր գրական ոճերը հենց այս սկզբունքի բացակայությա´ն համար են հեղեղված բառային ու քերականական օտարաբանություններով: Ուրիշ խոսքով.

Դրույթ 6. Հայերենի հետաբեղյան լեզվաբանությունը, իր դրույթների ճշմարտացիությունը պարզելիս, չի գործածում ոչ ա´յս դրույթը, այսինքն, ԼԳՕ-ն, ոչ էլ որևէ ա´յլ գիտական դրույթ ու, իսկ այս լեզվաբանության գործածած սահմանումներն էլ տրամաբանական չեն: Հենց այս իսկ պատճառներով, անհնար է, որ հայերենի այսօրվա լեզվաբանությունը համարվի գիտություն:

Ըստ ԼԳՕ-ի, բառային օտարաբանություն (կամ «օտարիզմ») եմ համարում, օրինակ, «հեռուստացույց, համակարգիչ, էլեկտրաքարշ, ինքնաձիգ, հրասայլ, ամպերաչափ, վոլտաչափ, ծանրաչափ, պտուտակահան, պտուտակամայր» բառերն ու սրանց պես ա՛յն բառերը, որոնք բարբառի կրողները համարյա երբեք չեն գործածում:

Այս բառերի փոխարեն Երևանի բարբառի կրողները գործածում են հետևյալ ՀԱՅԵՐԵՆ բառերը՝ «տելեվիզր, կոմպ(յուտր), տրամվա, աֆտոմատ, ամպերմետր, վոլտմետր, բարոմետր, կլուչ, գայկա» ևն:

Ասված «թարգմանախտային» տենդենցին լրիվ հակառակ՝ ես ենթարկվում եմ ԼԳՕ-ին ու իմ գրական գործերում գործածում եմ հետևյալ բառերը (ու սրանց պես բոլոր մնացած բառերը) համարելով սրանք հայերեն՝ «բոլտ, գայկա, կլուչ, շուռուպ, ըշտէպցէլ, լամփ, սամալյօտ, պիստալէտ, դաժէ, վափշէ, ֆըսյո»:

Իսկ, օրինակ, հայերենին խորթ շարահյուսական «չհայերեն» օտարիզմներից են՝ «ուզում եմ/ես խաղալ; պիտի խաղալ; կարողանում եմ խաղալ; 25 սիրուն աղջիկներ եկան» ևն:

Սրանց հայերեններն էլ հետևյալներն են՝ «ուզում եմ/ես խաղամ/խաղաս» ևն; «պիտի խաղամ/ս/ա» ևն; «կարում եմ խաղամ/կարում ես խաղաս» ևն; «25 սիրուն աղջիկ էկավ» ևն:

Բացի լեզվի այս ֆունդամենտալ օրենքից, այսինքն, ԼԳՕ-ից.

Դրույթ 7. Լեզվաբանը պիտի անպայման հաշվի առնի, որ տնտեսագիտությունից ու հնդեվրոպաբանությունից հայտնի է, որ լեզուն ու սրա պես գերբարդ ու բաց համակարգերը (օրինակ, ազատ շուկան, փողը ևն) ինքնակազմակերպ են ու ինքնակառավար: Սրանց (ու նաև լեզվի) ապագան, սկզբունքով իսկ, լրի՛վ է անհայտ [36-39; տես նաև 40-ը]:

Ուրեմն, եթե ԼԳՕ-ն կիրառելով ուսումնասիրում են որևէ լեզվի այսօրվա վիճակը, այսպիսի ուսումնասիրության տեսությանն ասում են սինքրոն կամ ստատիկ կամ նկարագրական լեզվաբանություն:

Ու հենց ԼԳՕ-ից ու այսպիսի ուսումնասիրությունից բխող օրենքներն են ա՛յն գիտական կանոնները, որոնցով պիտի ղեկավարվի սինքրոն մեթոդով աշխատող լեզվաբանը, երբ ուզում է պարզի, թե լեզվաբանության ո՛ր մի մասնակի կանոնն է ճիշտ կամ սխալ:

Կնշանակի, մեր այսօրվա լեզվի քերականություններով զբաղվող լեզվաբաններն է՛լ պիտի այս օրենքներով առաջնորդվեին, բայց, հազար ափսոս, որ չեն առաջնորդվում: Չեն առաջնորդվում արդեն 1930-ական թվերից ու ոչ միայն չեն առաջնորդվում, այլև շատ անգամ լրիվ հակառակ են սրանց:

Սահմանում 2. Դիաքրոն լեզվաբանությունը, նորից կիրառելով ԼԳՕ-ն, ուսումնասիրում է լեզուների որևէ խմբի կամ որևէ լեզվի գրավոր հուշարձանները (անցյալը, պատմությունը, անցած ընթացքը, էվոլյուցիան) ու փորձում է պարզի թե´ այսօրվա լեզուների ցեղակցությունը ու վերականգնի – թե՛ լեզուների որևէ խմբի նախավոր հիմքը, թե՛ որևէ կոնկրետ լեզվի կամ բարբառի անցյալ վիճակները:

Անցյալ ու նախանցյալ դարերում դիաքրոն լեզվաբանությունը պարզեց, որ աշխարհի այսօրվա բոլոր լեզուները ծագել են (ըստ Աճառյանի) մոտ 17 նախալեզվից (մայր կամ հիմք լեզվից [7]), ու փորձեց պարզի այս նախալեզուների՛ ցեղակցությունը (նոստրատությունը, այսինքն, «մերայնությունը», կապը «մեր», այսինքըն, հնդեվրոպական մայր լեզվի հետ):

Լեզվաբանության նոստրատային ցեղակցության արդյունքները առայժմ չափազա՛նց են կասկածելի, որովհետև լեզուների հնագույն վիճակները գրանցված չեն, ու բավարար փաստեր չկան, որ այդքան վաղնջական վիճակների ցեղակցության ենթադրությունները քիչ թե շատ հավաստի համարվեն:

Դրույթ 8. Դիաքրոն լեզվաբանության առարկան լեզվական պրոցեսների գրավոր (ուրեմն, «սառած, քարացած» ու մասամբ արդե´ն աղավաղ) հուշարձաններն են, իսկ հիմնական մեթոդը հնագույն գրական հուշարձաններ ունեցող լեզուների լեզվական երևույթների համեմատությունն ու վերլուծությունն է, ինչին շատ անգամ ասում են՝ պատմահամեմատական մեթոդ:

Երևի ավելորդ չի լինի, որ ասվի, որ հայերենի դիաքրոն լեզվաբանության գլխավոր հիմնադիրներն են երիտքերականների երկրորդ էշելոնից՝ գերմանացի Հայնրիխ Հյուբշմանը, ֆրանսիացի Անտուան Մեյեն [7-8; 30], ու սրանց աշակերտը, Հրաչյա Աճառյանը: (Իհարկե, նաև շատ ուրիշ լեզվաբան, օրինակը, Պոլ դը Լագարդը, Հակոբոս Տաշյանը, Կարստը, Օտտո Եսպերսենը ևն, ևն):

Նաև երևի այնքան էլ սխալ չի լինի, թե ասվի, որ, ըստ էության, հայերենի սինքրոն գիտական լեզվաբանության մեր օրերի հիմնադիրն էլ նորից երիտքերականների հետևորդ Մանուկ Աբեղյանն է, ում հայերենի գիտական տեսությունը, ցավոք, դեն է շպրտվել 1934 թվից [1-4]: Սա՛ է այն պատճառը, որ.

Դրույթ 9. Հայերենի այսօրվա քերականությունները, սկսած 1934 թվից, գիտական չեն, որովհետև նախ իրենց «մեթոդը» հիմնված չի ԼԳՕ-ին ու իրենց ասածների ճիշտ ու սխալը ջոկելու ոչ մի գիտական ու մարդկային քմահաճույքից անկախ ոչ մի (օբյեկտիվ) չափանիշ չունեն:

Այնուամենայնիվ, ինչպես արդեն ասվել է, հետաբեղյան քերականները, մի տարօրինակ ձևով, Աբեղյանի տեսությունը համարվում են «ճիշտ ու կուռ գիտական մեթոդ», չնայած Աբեղյանի քերականությունը համարյա լրի´վ է անհամատեղելի իրենց քերականությունների հետ:

Երկրորդ պատճառն էլ ա´յն հանգամանքն է, որ հայերենի քերականությունների ուսումնասիրության առարկան միմիայն հայերենի գրական արհեստական ոճերն են, որոնք ընդամենը Երևանի բարբառի աղավաղմունքն են ու, ըստ էության, կոտրատված հայերեն են:

Դրույթ 10. Հայերենի այսօրվա (սինքրոն) քերականությունների ոչ գիտականությունը, ակնհայտ, ապացուցվում է այն արտառոց փաստով, որ այսօրվա հայերենի երկու իրար հակասող ու անհամատեղելի քերականությունը (այսինքն, Աբեղյանի քերականությունն ու հետաբեղյան քերականությունները) միաժամանակ ճիշտ են համարվում [3]:

Քանի որ Հայաստանում իմ ասածներին հավատացող երևի քիչ լինի, բերում եմ ժամանակակից լեզվաբանության հիմնադիր Ֆերդինանդ դե Սոսյուրի ասածները լեզվի ու լեզվաբանության մասին: (Վերջում էլ բերում եմ Հր. Աճառյանի մի կարծիքը, ինչը համարյա լրիվ է համաձայն Սոսյուրի ասածին):

6.5 Սոսյուրը լեզվի մասին՝ առհասարակ

Ահա 20-21-րդ դարերի լեզվաբանության հիմնադիր Ֆերդինանդ դե Սոսյուրի ասածները լեզվի ու լեզվաբանության մասին, որ քաղել ու թարգմանել եմ հետևյալ գրքից՝ Saussure F. – The General Theory of Language, 3-րդ հրատ [40 Լեզվի ընդհանուր տեսությունը]:

{Թավատառը, մեծատառը, շեղատառն ու ա´յ այսպիսի {} ձևավոր փակագծերի միջի բոլոր դիտողություններն ի՛մն են}:

***

էջ 23-24

Լեզուն ու գրվածքները նշանների երկու տարբեր սիստեմ են:

Գրվածքների միակ նպատակը լեզուն ներկայացնելն է:

Լեզվաբանության առարկան բառերի թե՛ խոսվող, թե՛ գրված ձևերը չեն:

Լեզվաբանության առարկան բառերի ՄԻՄԻԱՅՆ ԽՈՍՎՈՂ ՁԵՒԵՐՆ ԵՆ:

{«Բառերի խոսվող ձևեր» ասելով, Սոսյուրը նկատի ունի միմիայն կենդանի´ լեզվի բառ ու խոսքը (նախադասությունը) ու սրանց շարանները, հարաբերությունները, այսինքն, կենդանի լեզվի ողջ պրոցեսը}:

Բառի գրված ձևը ամեն կերպ զավթում է հիմնական դերը: Մարդիկ ձայնային նշանի գրված պատկերն ավելի շատ են կարևորում, քան հենց ձայնային նշանը: Այս սխալը նույնն է, ինչ որ մեկնումեկին ուսումնասիրես միայն իր ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ, փոխանակ իրե՛ն ուսումնասիրելու:

Էջ 69

Դրույթ 1. Անհատը {կենդանի լեզվի} ոչ մի բառ-ձայն-նշանը ոչ մի ձևով փոխելու զորությունը չունի, թե որ այդ բառ-ձայն-նշանն արդեն հաստատվել է այդ լեզվով խոսող հանրության մեջ:

{Սոսյուրի այս դրույթը նշանակում է, որ լեզուն չի ենթարկվում մարդուն, մարդու կազմած ծրագրերին}:

Էջ 71

{Ահա Լեզվի Գլխավոր Օրենքի Սոսյուրի ձևակերպումը}.

Չնայած, ըստ ամենայնի, ձայնային նշանը {բառը, բառ-ձայնը, բառ-ձայն-նշանը ևն} կապ չունի իր նշանակած գաղափարի հետ, այնուամենայնիվ տվյալ խոսող հանրության մեջ սա ֆիքսված է, ազատ չի {հարաբերական իմաստով, ինչը Սոսյուրը հետո բացատրում է}:

Դրույթ 2. Խոսողների հանրությո՛ւնը չի, որ ընտրում է այս նշանը, ընտրողը լեզո՛ւն է {լեզվական պրոցեսն է}, ու հենց որ լեզուն սա ընտրեց, էլ անհնար է, որ սա փոխարինվի ուրիշով: … Ոչ մի անհատ {ու նույնիսկ անհատների հույժ «գրագետ» խումբ}, որ ուզենա է՛լ, ոչ մի ձևով չի կարող սա փոխի, թե որ այս նշանն արդեն ընտրվել է: Ու նույնիսկ հենց ինքը՝ հանրությունը, չի կարող հսկի նույնիսկ մի բառի գործածությունը: Այս հսկողությունը լեզվի՛ {լեզվական պրոցեսի} գործն է:

{Սրա գեղեցիկ ու տիպական օրինակը «կանալիզացիա» բառն է, ինչը հանրությունը (լեզվական պրոցեսը) արդեն ընտրել է, ու սա ոչ մի կերպ չի փոխարինվում իր գրական ու «բարեհունչ» տարբերակով, «կոյուղի»-ով, չնայած «կոյուղի»-ն արդեն համարյա 100 տարի է, ինչ առաջարկվել է: Երկրորդ գեղեցիկ օրինակը հին հայերենի բնիկ «դակու; դակել» բառերին հարություն տալու փորձն էր, որ արվեց անցյալ դարի վերջին քառորդում, տրամվայներում «դակիչներ» տեղադրելու առիթով: Այսօր այս բառը համարյա ոչ ոք չի հիշում}:

Էջ 72

Դրույթ 3.{Տվյալ բարբառը կրողները} խոսում են առանց իրենց խոսքը վերլուծելու: Առհասարակ խոսողը լեզվի օրենքները չի՛ գիտակցում»:

յսինքն, մարդիկ «առանց մտածելու ու առանց տրամաբանական վերլուծության» են խոսում: Կնշանակի, մարդն իր մայրենի բարբառով խոսում է ռեֆլեքսով, համարյա՝ բնազդով:

{Սա հաստատում է նաև տեսական հոգեբանությունը}:

«1.68. … հենց որ {նաև լեզվական պրոցեսի} սենսորային որակների կարգը հաստատվում է, այդժամ այդ կարգը կարող է առկա լինի անհատի գործողություններում {նաև լեզվական գործողություններում} բայց այդ գործողությունները մարդկային գիտակցությամբ կամ մտքով չեն ուղղորդվում»: {Տես [48], Hayek F.A. – The Sensory Order, էջ 23, 1.68.}:

Բայց եթե խոսողներն այս օրենքներից անտեղյակ են, էլ ո՞նց կարող են փոխեն {կամ տրամաբանությամբ վերլուծեն} սրանք: Եթե խոսողները տեղյակ էլ լինեին այս օրենքներից, այս տեղյակությունը հազիվ թե քննադատություն ծներ, որովհետև մարդկանց մեծ մասը գոհ է իր սեփական լեզվից:

Էջ 73

1) Նշանի կամայական բնույթը:

Դրույթ 4. Հենց նշանի {այս բառ-ձայնի ևն} բնույթի կամայականությունն է, որ լեզուն պաշտպանում է լեզուն փոխելու փորձերից: Թե որ մարդիկ նույնիսկ ավելի շատ գիտակցեին լեզուն, քան գիտակցում են, մեկ է, էլի՛ չէին իմանա, թե լեզուն ո՛նց վերլուծեն:

Սրա պատճառը ա՛յն բանն է, որ ամեն մի նյութն էլ քննարկելու համար բանական հիմք է պետք: … {այնինչ} լեզուն կամայական {ընտրված} նշանների սիստեմ է, ու {շարքային} խոսողը քննարկության համար անհրաժեշտ հիմքը չունի: Օրինակ, {շարքային խոսողը} ոչ մի հիմք չունի «պտուտակամայր»-ը գերադասելու «գայկա»-ին: {Բնական է, որ Սոսյուրի ֆրանսերեն օրինակը հայացրել եմ}:

2) Նշանների թվի վիթխարիությունը

Լեզվական {անհատի գիտակից ծրագրով} փոփոխությունների մյուս խոչընդոտը լեզվական նշանների թվի վիթխարիությունն է…ըստ էության, անվերջությունը:

3) Լեզվական սիստեմի գերբարդությունը:

Լեզուն սիստեմ է: …լեզուն լրիվ կամայական չի: Սա մի քիչ կառավարվում է տրամաբանությունով {այսինքն, լեզուն տրամաբանությունով կառավարվում է ոչ լրիվ}, բայց պիտի շեշտվի, որ զանգվածները, ակնհայտ, անկարող են են {իրենց գիտակից ծրագրերով} փոխելու լեզուն:

Լեզվական սիստեմը մի {գեր}բարդ մեխանիզմ է, ինչը կարող է ընկալվի միայն տրամաբանական վերլուծությունով… բայց լեզվի շարքային կիրառողը սրանից տեղյակ չի: Լեզվական փոփոխությունները կարող են ընկալեն միայն մասնագետները՝ քերականները, տրամաբանները ևն, բայց փորձը ցույց է տալիս, որ ե՛րբ էլ սրանք խառնվել են լեզվական պրոցեսին, ձախողվել են:

Էջ 73-74

4) Լեզուն նորոգելու նկատմամբ կոլեկտիվ իներցիան, այսինքն, ի վերջո, ամենակարևոր կռվանը: {Սա վերնագիր է}

Դրույթ 5. Լեզվի հոգսն ու կիրառության իրավունքը, ամեն մի տվյալ պահին, տվյալ խոսվածքը կրող ամեն մի անհատի հոգսն ու իրավունքն է:

յսինքն, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ԱՄԵՆ ՄԻ ԱՆՀԱՏ ԿՐՈՂԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է}:

Տարածված լինելով ողջ հանրության մեջ՝ լեզուն գործածվում է ամե՛ն օր … ու սրա գործածողն ամեն մի անհատն է: Սա՛ է պատճառը, որ բոլո՛րն են ազդում լեզվի վրա {ազդում են՝ անգիտակից}: Այս ֆունդամենտալ փաստը հերիք է, որ երեվա, որ լեզվի մեջ {ծրագրով արվող} ռևոլյուցիան անհնար է:

Դրույթ 6. Լեզուն հսկողը թե՛ ողջ հանրությունն է {ինչը լեզվական պրոցեսը հըսկում է անգիտակից}, թե՛ ժամանակը: Այս երկուսն անբաժան են իրարից: {Քանի որ լեզուն միշտ էլ անցյալի ժառանգությունն է}, հենց {մերձավոր} անցյալին հավատարիմ մնալն է հսկում {լեզվի նոր ձևերի} ընտրության ազատությունը:

{Այսինքն, լեզվի նոր ձև ընտրելու ազատությանը հսկողը իմ ասած անալոգիայի, այսինքն, նմանակելու, կապկելու կամ ընդօրինակելու մեխանիզմն է}:

Էջ 75-76

Դրույթ 7. Լեզվական նոր միջոց ընտրելիս {ուրեմն, նաև բառ փոխ առնելիս, նոր հնչյուն կամ նոր շարահյուսություն կիրառելիս} լեզուն ոչ մի բանով սահմանափակ չի, քանի որ ակնհայտ է, որ ոչ մի խոչընդոտ չկա, ինչն արգելի կամ խանգարի, որ որևէ բառ-ձայնային միջոցին ինչ-որ մի {նոր կամ հին, արդեն հայտնի} գաղափար հատկացվի:

{Սա նշանակում է, որ շեղմունքները թույլատրելի են, բայց սրանք ընդունողը միմիայն լեզվական ողջ պրոցեսն է, այսինքն, լեզվական հանրությո´ւն է ու ժամանա´կը}:

Դրույթ 8. Անհնար է, որ որևէ բանն ավելի բարդ լինի, քան լեզուն{բացի հենց կյանքը}:

Դրույթ 9. Քանի որ սա {լեզուն} սոցիալական ուժերի ու ժամանակի արդյունք է, ոչ մեկը {մարդկային գիտակից ծրագրով} սրա մեջ որևէ բան փոխելու զորությունը չունի … լեզուն փոխվում է {ինքնին}, … ու այս փոփոխությունն անխուսափելի է: Չկա գոնե մի լեզվի օրինակ, ինչը դիմադրեր լեզվի փոփոխությանը: Միայն ահագին ժամանակ հետո է, որ ակնհայտ փոփոխություն է գրանցվում:

Դրույթ 10. Ով էլ որ լեզու ստեղծի {մարդկային ծրագրով}, այս ստեղծած լեզուն հսկելու կարողությունը կունենա միայն այնքա´ն ժամանակ, քանի դեռ սա չի գործածվում, բայց հենց ա՛յն պահից, երբ լեզու ստեղծողն իր գործը պրծնում է, ու այդ լեզուն դառնում է ամեն մեկի սեփականությունը, լեզուն դառնում է անհսկելի: Սա հաստատող մի օրինակը էսպերանտոն է…

{Լեզուն ծառի պես է, ա՛յն իմաստով, որ երբ ծառ ես տնկում, այս ծառն ա՛նպայման է փոխվում, փոխվում է անկախ տնկողի կամ մեկ ուրիշի կամ էլ նույնիսկ ողջ ժողովրդի կամքից: Թե որ ծառին ասես.

Ա՛յ ծառ, դու սխա՛լ ես փոխվում, ա՛յ, էս մի ճյուղդ կամ տերևդ սխալ ա աճե, պտի ի՛մ ուզածով աճեր», ծառը կլսի՞: Չի՛ լսի, չի՛ ենթարկվի անհատների առաջարկած կամ պարտադրած ծրագրին ու կաճի ի՛ր ուզած ձևով, պատահակա՛ն ձևով:

{Ծառը քեզ ենթարկելու միայն մի՛ ձև կա, բռնես դրան, տակն ծծմբական թթու կամ աղաթթու լցնես ու սպանե՛ս, չորացնե՛ս: Լեզուն ճի՛շտ սրա պես է: Ծառն է՛լ է ինքնին փոփոխական, լեզուն է՛լ է ինքնին փոփոխական:

{Գրական ոճերը (կենդանի) լեզու չեն, ո´ճ են: Սրանք, քիչ թե շատ, ենթարկվում են մարդկային ծրագրերին ու, քիչ թե շատ, մեռած են: Գրական ոճերը, ըստ էության, իրենց մեծ մասով իրենց մայր բարբառի աղավաղ կամ կոտրատված տարբերակներն են}:

6.6 Սոսյուրը դիաքրոն ու սինքրոն մեթոդների մասին

Էջ 84

2) Դիաքրոն փաստերը նույնիսկ ուղղված չեն լեզվական սիստեմի փոփոխությանը: Խոսողները լեզվական հարաբերությունների մի սիստեմից մյուսին անցնելու ցանկությունը չունեն: {Լեզվի սպոնտան, ինքնին} փոփոխություններն ավելի շուտ ազդում են լեզվական երևույթների առանձին տարրերի վրա ու ոչ թե այս տարրերի օրգանիզացիայի (կառուցվածքային դասավորության) կամ ստրուկտուրայի վրա:

Դրույթ 1. {Լեզվական} սիստեմը երբեք ուղղակի չի փոխվում:

Դրույթ 2. {Լեզվական} սիստեմը, ինքնին, անփոփոխ է, փոխվում են միայն այս սիստեմի առանձին տարրերը՝ հավատարիմ մնալով այդ տարրերը կապող ամբողջությանը:

{Լեզվական սիստեմը չի փոխվում ա´յն իմաստով, որ սա պրոցես է: Լեզվական սիստեմը միշտ նույնն է մնում ճիշտ այնպես, ինչպես որ ձեր այգու խնձորի վիթխարի ծառը կամ Արաքս գետն է նույնը մնում, չնայած այս երկուսի մասնակի փոփոխությունները միշտ էլ առկա են}:

Էջ 85

Դրույթ 3. Խոսողները լեզվական մի տարրից մյուսին են անցնում առանց գիտակցական ծրագրի: Լեզվական սիստեմը երբեք լրիվ չի փոխարինվում մի ուրիշով {եթե ինքնին է, եթե սրա վրա բռնություն չի կիրառված}, ու լեզվական սիստեմը երբեք էլ մի ուրիշ սիստեմ չի ծնում: {Այս մի խնձորենին երբեք չի դառնում կողքի խնձորենին կամ փշատենին}:

Բայց երևի սխալ չի լինի, թե որ ասենք, որ լեզվական տվյալ սիստեմի մեջ ցանկացած նոր տարրի առաջանալը արդեն նոր սիստեմ է առաջացնում {sic!}:

1) Ասված դիտողությունները ցույց են տալիս, որ լեզվական տվյալ սիստեմն իր բնույթով հավե՛րժ է պատահական:

Դրույթ 4. Սխալվում ենք, երբ լեզուն կառավարելու փորձ ենք անում: Լեզուն այն տեսակ մեխանիզմ չի, ինչն ստեղծվում ու կազմակերպվում է իր պարունակած կոնցեպցիաներն արտահայտելու նախօրոք կազմած գիտակցական ծրագրով:

Էջ 89

… շախմատիստը {իր ամեն մի քայլով}, գիտակցելո՛վ է խաղի մի վիճակից անցնում մեկ ուրիշին ու հենց ա՛յս ձևով ազդում է սիստեմի վրա: Այնինչ, լեզվի վիճակների փոփոխությունների մեջ ոչ մի կանխորոշ բան չկա: Լեզվի կտորները մեկից մյուսին են անցնում, ավելի ճիշտ, ձևափոխվում են միայն սպոնտան, ինքնին ու պատահական: … Շախմատի խաղի ընթացքն ամեն ինչով նման կլիներ լեզվի ընթացքին, եթե խաղացողը գիտակցությունից ու խելքից զուրկ լիներ: …

{Սա է պատճառը, որ}.

Դրույթ 5. Դիաքրոն փաստերը չեն հանգում սինքրոն սիստեմի, մանավանդ որ դիաքրոն փաստերն իրենց կույր ուժերով անպայման դիմադրում են նշանների սիստեմը {ծրագրով} կազմակերպելուն:

{Այս վերջին միտքը ցույց է տալիս, որ Սոսյուրը, ասելով դիաքրոն փաստ, նկատի ունի հենց լեզվական բացարձակ պատահական ֆլուկտուացիաները, լեզվական բացարձակ պատահական շեղմունքները}:

Էջ 90

Դրույթ 5. Դիաքրոն ու սինքրոն լեզվաբանություններն իրենց մեթոդներով ու սկզբունքներով հակադիր են {Սա վերնագիր է}

Դիաքրոն ու սինքրոն լեզվաբանությունների հակադրությունն ամենուրե՛ք է առկա:

Օրինակ … ակնհայտ փաստ է, ու այս երկուսի կարևորությունը նույնը չի, ու ակնհայտ է նաև, որ.

Դրույթ 6. Սինքրոն վիճակի {տվյալ «պահի» վիճակի} սկզբունքներն ավելի կարևոր են, որովհետև խոսողների հանրության համար միմիայն սա՛ է ճիշտ {այսինքըն, միմիայն կենդանի, միմիայն ոչ գրական լեզուն է կարևոր, ու ոչ թե արդեն անցյալ դարձած լեզուն} ու այդ հանրության համար հենց սա՛ է միակ իրականությունը (տես էջ 81-ը):

Նույնն էլ լեզվաբանի´ համար է ճիշտ:

Դրույթ 7. Հենց որ լեզվաբանը հետևում է դիաքրոնային հեռանկարին, դադարում է լեզուն դիտելը, ու փոխարենը հետևում է դեպքերի ա՛յն շարանին, ինչը փոխում է լեզուն:

Դրույթ 8. Դիաքրոն լեզվաբանությունը, ինքնին, նպատակ չի:

Դիաքրոն ու սինքրոն լեզվաբանությունների մեթոդներն է՛լ են տարբեր…:

Դրույթ 9. Սինքրոն լեզվաբանությունը միայն մի ճամփա ունի, այն է, հետևի խոսողներին, ու սրա միակ մեթոդը խոսողներից {այլ ոչ թե գրական ոճերից} վկայություն հավաքելն է, ու մեկ էլ՝ իմանալը, թե տվյալ բանը {լեզվական տվյալ երևույթը} ինչքա´ն է իրական {ինչ աստիճան է տարածված խոսողների հանրության մեջ}:

Սրա համար էլ անհրաժեշտ է ու բավարար, որ պարզվի, թե տվյալ լեզվական երևույթն ի՛նչ աստիճան է առկա խոսողների ուղեղներում:

{ոչ թե գրական ոճերի մեջ: Ըստ էության, սա նորից ԼԳՕ-ի Սոսյուրի մի ուրիշ՝ անբացահայտ ձևակերպն է}:

Սրան հակառակ, դիաքրոն լեզվաբանությունը հետևում է ժամանակի ընթացքին, թե՛ առաջանալու (prospective), թե՛ հետ-հետ գնալու (retrospective) ուղղությունով…

Էջ 91

Դրույթ 10. Լեզվի էվոլյուցիայի ու ստատիկ {սինքրոն} վիճակի փաստերը միայն տրամաբանությունով իրարով անարտահայտելի են … սինքրոն ու դիաքրոն «երեվույթները» … ոչ մի ընդհանուր բան չունեն (տես էջ 85-ը): Սինքրոնը միաժամանակային {այսօրվա´, ա´յս պահի} տարրերի հարաբերություն է, դիաքրոնը՝ ժամանակի ընթացքում մի տարրը մյուսով {արդեն՝ տարաժամանակային տարրով} փոխարինելու պատահար է {հարաբերություն չի՛}:

Դրույթ 11. {Ուրեմն՝ դիաքրոն մեթոդը քննում է մի ստատիկ վիճակի անցնելը մյուսին, սրա համար էլ դիաքրոն մեթոդով աշխատելու համար նախ պիտի սինքրոններն իմանաս: Սինքրոն վիճակները, բոլորն էլ, a priori ճիշտ են, իսկ անցումները պատահական ռեալություններ են}:

{Նեյրոհոգեբանության տեսանկյունից, սինքրոն օրենքները լեզվական հանրության ուղեղներիի լեզվական ամենայն զուգորդությունների (տես 9-րդ գլուխը) բազմության տվյալ «պահի» վիճակը նկարագրող օրենքներ են, (ֆիզիկոսը երևի ասեր՝ «վիճակի´ օրենքներ են», իսկ դիաքրոն օրենքները նկարագրում են հարևան սինքրոն ամենայն զուգորդությունների տարաժամանակային բազմությունների վիճակների կապը, այսինքն, «պրոցեսի օրենքներ են»:

{Սրանք փակ համախմբերի ֆիզիկայի ստատիկ վիճակների ու դինամիկայի վիճակի փոփոխության օրենքներին նման չեն, որովհետև փակ համախմբերի ֆիզիկայի ստատիկան դրանց դինամիկայի մասնավոր դեպքն է, իսկ լեզվի սինքրոնը երբեք էլ դիաքրոնի մասնավոր դեպքը չի, ու այս միտքն իսկ անհեթեթ է: Լեզուն բա´ց համակարգ է:

{Լեզվի համար բնության օրենքների պես դետերմինիստական (նույնիսկ հավանականային իմաստով՝ սիստեմի ապագան գուշակող) օրենքներ չկան, որ լեզվի ապագան գուշակվի:

{Լեզվի դիաքրոն փոփոխությունները լրի՛վ են պատահական ու մի՛շտ են մասնակի: Սա չի նշանակում, թե անհնար է, որ լեզվի անցյալի ինչ-ինչ օրինաչափությունները գոնե մասնակի պարզվեն:

{Բացի սա, դիաքրոն երևույթն սկսվում է լրիվ պատահական: Հենց որ լեզվական պրոցեսն ընդունում է դիաքրոն պատահարը, այս պատահարը դառնում է վարակիչ ու կույր, ինչն էլ այս վարակը տարածում է ու դարձնում պարտադիր – ողջ պրոցեսի համար: Բայց հենց որ այս նոր ու պարտադիր օրենքի գործողությունը դադարում է, խոսվածքը նորից կարող է այս վարակի օրենքից շեղվի, ու ենթարկվի միայն անալոգիայի օրենքին, ինչը կարող է տարբեր խմբերի կամ տարբեր «պահերի» համար նույնը չլինի}:

6.7 Սոսյուրը գրական «լեզվի» մասին

Էջ 140

Դրույթ 1. Այն հանգամանքը, որ շատ անգամ չենք տեսնում, որ լեզվի էվոլյուցիան անընդհատ է, պայմանավորված է ա՛յն {անարժան, տես հետո} ուշադրությամբ, ինչով քննում են գրական ոճերն ու եզրակացություններն էլ (ոնց որ կտեսնենք հետո, էջ 195-196-ում, վերագրում են խոսակցական լեզվին (այսինքն, բնական լեզվին)): … բայց գրական ոճերը ենթարկվում են ուրի՛շ ուժերի:

Դրույթ 2. Հենց որ գրական ոճերը կազմավորվում են, մեծ մասով դառնում են ահագին կայուն ու ձգտում են իրենց ինքնությունը պահելուն: Գրից այս կախվածությո՛ւնն է գրական ոճերը դարձնում է պահպանողական: Սա՛ է պատճառը, որ գրական ոճերը ցույց չեն տալիս, թե բնական լեզուն ինչքան կփոխվեր, թե որ ազատ լիներ գրական կապանքներից:

Էջ 195-196

Լեզվական միաբանությունը կարող է քանդվի, երբ գրական լեզուն ազդում է {տրված} բնական բարբառի վրա: Այս բանը մի´շտ է պատահում, երբ ազգը հասնում է քաղաքակրթության մի որոշ աստիճանին:

«Գրական լեզու» տերմինով հասկանում եմ ոչ թե միայն {գեղարվեստական} գրականության լեզուն, բայց նաև (ավելի ընդհանուր իմաստով) ուզածդ մըշակված լեզուն, օրինակ, պաշտոնական գրվածքներինը ևն, այսինքն, ա՛յն բոլոր գրվածքները, որ հանրությանը պետք են:

Թե որ լեզուն լրիվ ազատ լիներ {այսինքն, չլինեին թե՛ ուրիշ լեզուների ազդեցությունը, թե՛ գրական ոճերինը}, այդ լեզուն միայն բարբառներ կունենար, ու սրանցից ոչ մեկն առավել չէր լինի …: Բայց երբ {հանրության առանձին խմբերի} հաղորդակցությունը շատանում է, ու քաղաքակրթությունն էլ ավելանում է, մի տեսակ անծպտուն պայմանով առկա բարբառներից մեկն ընտրվում է, որ սա´ դառնա ողջ ազգի գրային կարիքների ընդհանուր գործիքը: Այս ընտրության հիմքերը կարող են շատ տարբեր լինեն:

Երբեմն վերցնում են ա՛յն տիրույթի բարբառը, ինչն ավելի քաղաքակիրթ է, կամ ա՛յն տարածքինը, ինչը քաղաքական գերազանցություն ունի, ու կենտրոնական իշխանությունն էլ իրենն է: Մեկ-մեկ էլ դատարանն է իր խոսվածքը պարտադրում հանրությանը {տես նաև Աճառյանի ասածները քիչ հետո}:

{Մեր հայ մտավորականների մեծ մասը կարծում է, թե մեր «գրական լեզուն» Մաշտոցն է հորինել, կամ էլ թե սա իր բնական էվոլյուցիայով է առաջացել, ու տեղյակ չի, որ մեր «աշխարհաբար» կոչված գրական ոճերը 1858 թվից առաջ համարյա չկային}:

Այս արդեն արտոնյալ բարբառը {գրական ոճը}, ինչին շնորհվել է պաշտոնական ստանդարտ լեզվի վիճակ, համարյա ոչ մի անգամ չի մնում նույնը, ինչ որ առաջ էր: Սա բարբառային տարրեր է վերցնում ուրիշ տարածքներից ու դառնում է ավելի բարդ, չնայած իր սկզբնական բնույթը լրիվ չի կորցնում:

{Այսինքն՝ տարբերվում է իր իսկ մայր բարբառի «սկզբնական վիճակից», օտար բառերի փոխառության, նաև օտար բառ ու տեքստերի ապաշնորհ թարգմանությունների ու մեկ էլ օտար քերականական երևույթներն անգիտակից կապկելու պատճառով}:

Օրինակ, Ile de France բարբառը լրի՛վ է ճանաչելի ֆրանսերն գրական լեզվի {ոճերի} մեջ, իսկ իտալերեն գրական լեզվի մեջ երևում է Տոսկանական բարբառը: Բայց գրական լեզվով ամեն օր {այսինքն, անընդհատ, առավոտից իրիկուն} խոսելը պարտադիր չի լինում, ու բնակչության մեծ մասը դառնում է երկլեզու, ոնց որ Սավոյում, որտեղ ֆրանսերենը բերովի լեզու է ու դեռ չի ոչնչացրել տարածքային խոսվածքները, կամ Գերմանիայում ու Իտալիայում, որտեղ բարբառներն ապրում են պաշտոնական լեզուների կողքը: {Սոսյուրը սա գրել է մի դար առաջ}:

Քաղաքակրթության մի որոշ աստիճանի հասած բոլոր ազգերին էլ այս տեսակ բան պատահել է: Հին հույները {դեռ մեր թվարկությունից էլ առաջ} իրենց բարբառների կողքն ունեին «կոյնե» գրականը, որ ծնվել էր Ատտիկական ու Հոնիական բարբառներից:

{Ավելի ճիշտ, սրա հիմքը (իմ կարծիքով) Ատտիկական բարբառն էր, որովհետև երկու բարբառի «քերականական» խառնուրդն անհնար է: Աթենքը, մ.թ.ա. 3-րդ դարում, Արքելայոս արքոնտի օրոք, վերցրեց Հոնիական այբուբենն ու ուղղագրությունը, սրանք համարելով ավելի «ճիշտ» [10]:

{Բայց, իմ կարծիքով, անհնար էր, որ հին աթենացիները թողնեին իրենց բարբառն ու խոսեին Հոնիական բարբառով, որովհետև, ինչպես արդեն ասել եմ, երբ երկու լեզու, նույնիսկ երկու բարբառ «բախվում են իրար», սրանցից մեկը պարտադիր մեռնում է, ու մնում է միայն մի հատ բանավոր փոխանցվող լեզու}:

Ենթադրում եմ, որ հին բաբելոնցիներն էլ ունեին իրե՛նց պաշտոնական լեզուն ու տարածքային բարբառները:

{Սա իբր քրմերի գրելու ոճն էր, բայց ես չեմ կարծում, որ Սոսյուրի ենթադրությունը ճիշտ է, ու որ հին բաբելոնցիներն իրենց գրական ոճերով խոսելու փորձ արած լինեն, մանավանդ որ իրենց գիրը սեպահիերոգլիֆային էր ու «շումերական հիմք» ուներ}:

Եթե ազգն արդեն ունի՛ ստանդարտ լեզու {գրական ոճեր}, սա անպայմա՞ն է նըշանակում, որ գիր էլ ունի: {Այս հարցի պատասխանը թերևս բացասական է, որովհետև, օրինակ} Հոմերոսյան պոեմների {բանավոր} գոյությունը երևի նշանակում է, որ անպայման չի:

{Սոսյուրի այս հարցն անհեթեթ է, որովհետև հենց իր ասելով՝ որևէ բարբառից անպայման տարբեր ստանդարտ լեզուն հենց գրելո՛վ է առաջանում, թե չէ՝ սա ուղղակի բարբառներից մեկն է, ինչը մնացածներից ավելի արագ ու ավելի շատ է փոխվել կամ, ինչ-ինչ պատճառներով, դարձել է գերակշիռ ու համարվել է պատվավոր:

{Չի՛ նշանակում, որ գիր էլ ունի, որովհետև (օրինակ) հայերն է՛լ բանավոր գրականություն ունեին դեռ գիր ունենալուց շատ առաջ, բայց «Վահագնի ծնունդն» ու սրա պես բաներն ասող «ասմունքողները» հատ ու կենտ էին, ու շարքային հայը չէր կարող սրանց պես ասեր:

{Հենց սրա՛ համար էին այդ ասմունքողներին երևի «պաշտում», քանի որ սրանք «զորավոր» ունակություն ունեին, մագաղաթին նայելով, կարում էին «չէղած տեղից» զարմանալի խոսքեր ստեղծեին ու ասեին», կախարդի պես, ճիշտ ոնց որ դարբիններին էին համարում կախարդ, որովհետև սրանք էլ «չէղած տեղից» զարմանալի իրեր էին սարքում}:

Դրույթ 3. {Լեզուն ուսումնասիրելիս} պիտի անընդհատ հիշենք, որ պիտի պարտադիր խուսափենք այն ամեն ինչից, ինչը մթագնում աղավաղում է մեր ուսումնասիրելիք առարկան, այսինքն, աղավաղում է տրված տարածքի բնական կենդանի լեզուն {բնակա՛ն լեզուն, բարբա՛ռը, խոսվա՛ծքը}, ու քննարկության ժամանակ պիտի հեռու մնանք ներկրված լեզուներից ու ներկրված գրական բոլո´ր երևույթներից:

{Այս «ներկրված»-ը վերաբերում է թե´ բարբառների մեջ բացակա գրական փոխառություններին ու նորաբանություններին, թե´ առանձին անհատների լեզվական ա՛յն էքսպերիմենտներին, օրինակ, ուսյալների «հայացրած» բառերին, որ համարյա երբեք չեն հաստատվում խոսողների հանրության մեջ: Ըստ էության, գրական բոլոր երեվույթներից հեռու մնալու Սոսյուրի այս պահանջը նշանակում է, որ Սոսյուրն ինքն է´լ է համարում, որ գրական ոճերը, ըստ էության, աղավաղ կամ կոտրատված լեզու են}:

Էջ 25

3) Գրական լեզուն, անարդարացի, ավելի է կարևորվում {կենդանի լեզվից}, որովհետև սա ունի բառարաններ, {գրված} քերականություն, դպրոցում սա՛ են սովորեցնում ու սովորեցնում են գրքերով, ու գրական լեզուն, ակնհայտ, ղեկավարելի է կոդային մի սիստեմով, ու այս սիստեմը գործածության ու ուղղագրության հըստակ գրված կանոններ ունի {Սոսյուրի այս ասածը մեր այսօրվա քերականության մասին չի, ինչը բոլորովին էլ հստակ չի}:

Ա՛յ, հենց սրա՛ համար է, որ գրական լեզուն առաջնայինի կարգ ու հարգ ունի: Ու մարդիկ մոռանում են, որ սկզբում խոսե՛լն են սովորում, հետո նոր՝ գրելը, ու հենց սրա համար էլ իրերի իսկական դրությունը շուռ են տալիս ու դարձնում թարս:

4) Երբ {կենդանի} լեզվի ու {գրվածի} ուղղագրությունը {շատ անգամ՝ նաև շարահյուսությունն ու ձևաբանությունը, որովհետև Սոսյուրը «լեզվի ուղղագրություն» ասելով սրանք է՛լ է հասկանում} նույնը չի լինում, վեճեր են ծագում, իսկ այս վեճերի պատասխանը կարող է տա միայն {գերազանց} լեզվաբանը, բայց սրան, ըստ էության, համարյա երբեք չեն հարցնում: Սրա համար էլ գրական լեզուն, անխուսափելի, հաղթում է, որովհետև սրա ընդունված հարգ ու պատվին դիմելն ավելի հեշտ է {ու որովհետև սա «աստվածային»-ի կամ «ոսկեղենիկ»-ի համբավ ունի}: Սրա համար էլ, անարդարացի, գրվածքը համարվում է ավելի կարևոր: Ավելին.

Էջ 19

Դրույթ 4. Մենք մեր մայրենի լեզուն {այսինքն՝ մայրենի բարբառը} յուրացնում ենք միայն ուրիշներին լսելով, ու միայն անհաշիվ փորձից հետո է սա գրանցվում մեր ուղեղի մեջ: Հենց խոսե՛լն է ստիպում, որ լեզուն փոխվի: Մեր լեզվական սովորությունները ուրիշներին լսելո´վ են կուտակվում:

Էջ 21

Ավելին, գրական ոճերի առկայությունը նշանակում է սրանց մայր (հիմք) բարբառի ու այս ոճերի հակադրության առկայություն (տես էջ 195-ն ու հետո): Ուրեմն, հենց լեզվաբա´նն է պարտավոր քննարկի գրերի ու բանավոր լեզվի հարաբերության հարցերը, քանի որ գրական բոլոր ոճերն էլ վերջը շեղվում են իրենց բնական ոլորտից, այսինքն՝ խոսակցական լեզվից {ուրեմն, դառնում են անբնական, աղավաղ կամ կոտրատված}:

Էջ 25

1) Լեզվի ժամանակային ամբողջության համար բառերի գրած ձևերը մեզ թվում են մի տեսակ հարատև ու կայուն ու ավելի վայելուչ, քան բառ-ձայնը: Չնայած գրայինի ստեղծած այս ամբողջությունը լրի՛վ է անիրական, այնուամենայնիվ, գրածի այս մակերեսային ամրությունն ավելի հեշտ է ընկալելը, քան ա՛յն իրական ամրությունը, ինչը ունեն բառ-ձայները:

Էջ 30

Դրույթ 5. Գիրը մթագնում է լեզուն {կենդանի՛ն, բանավո՛րը}: Գիրը ոչ թե լեզվի կերպարանքն է, այլ լեզվի աղավաղմունքը:

Էջ 31

Դրույթ 6. Ուղղագրությունը անկարևոր է

Բայց գրի բռնակալությունը լեզվի նկատմամբ ավելի հեռուն է հասնում:

Դրույթ 7. Երբ գիրը պարտադրում են ժողովրդին, բառ հեգելը {հենց բուն ուղղագրությունը, բառի կերպարա՛նքը} ազդում է լեզվի վրա ու փոխում է սա: … Այս անգամ բառերի պատկերները հասցնում են սխալ արտասանության, իսկ այս տեսակ սխալներն արդեն իսկական ՊԱԹՈԼՈԳԻԱ են:

{Սոսյուրի այս միտքը շատ կարևոր է: Մեր գրական ոճերը մեռած շատ բառ են գրաբարից քաշել հանել ու բերել, այնպիսի բառեր, որոնք իսկական արխայիզմ էին ու մեռած էին, մանավանդ արտասանության տեսակետից: Մեր ուսյալները պարտադրում են, որ ժողովուրդն այս բառերի կենդանի արտասանությունից հրաժարվի ու սրանք արտասանի սրանց մեռած ձևով, ինչը շատ անգամ ուղղակի անհնար է: (Տես նաև հետո):

{Օրինակ, մեր գրական ոճերն ուզում են, որ ոչ մեկը չասի «ըլնեմ-ըլեմ, էրեկ, էրկու(ս), էփեմ, քցեմ, գիդեմ, քթնեմ, աշկ, մեշկ, ոշ մի, Բժնի» ևն, ու այս իբր գռեհիկ կամ գրական ոճերի մեջ անթույլատրելի «բոբոների» տեղն անպայման ասի. «լինեմ, երեկ, երկու(ս), եփեմ, գցեմ, գիտեմ, գտնեմ, աչք, մեջք, ոչ մի, Բջնի», որովհետև իբր միայն սրանք են «ճիշտ ու ընտիր հայերեն ձևերը»:

{Երևանի բարբառը, մեր ուսյալների գրական ոճերի ստիպմունքով, հրաժարվեց (օրինակ) «չունքի» բառից ու սրա տեղը վերցրեց «որովհետև»-ը, բայց այս վերջինը հարմարել է իր այսօրվա օրենքներին ու սա շատ-շատ անգամ արտասանում է «որտեվ» ձևով:

{Մեր գրական ոճերն այս «որտեվ»-ը համարում են ահավոր գռեհիկ ու սխալ, բայց օրինակ, պարսկերենից փոխ առած «ճանապարհ» բառի այսօրվա բարբառային կենդանի «ճամփա» բառը համարում են լրիվ թույլատրելի: Թե որ սա չի Սոսյուրի ասած ՊԱԹՈԼՈԳԻԱՆ, ուրեմն՝ «պաթոլոգիա» բառի իմաստն անհայտ է}:

6.8 Աճառյանը Երևանի «ժարգոնի» մասին

Նորից եմ բերում Աճառյանի ասածներից մի քանի բան լեզվի մասին, որ կարդացողը չմտածի, թե միայն Սոսյուրը կամ ե՛ս եմ այս բաներն ասում: ([7], ԼՔՀԼ, հատ. «Ներածություն», էջ՝ 140 ու հետո: Թավատառն մեծատառն ի՛մն է):

Դրույթ 1. «Բարբառները բոլորն էլ իրար հավասար են, բայց հենց որ նրանցից մեկն իշխանության գլուխ անցավ, սկսում է տիրել անհավասարության զգացմունքը: Խոսողները իրենք են սկսում արհամարհել իրենց լեզուն և զգում են այն՝ ստորին աստիճանի վրա: Սկսում է տիրել այն ՍԽԱԼ ԿԱՐԾԻՔԸ, թե բարբառը մայրաքաղաքի լեզվից ցածր է արժանիքով ու պատվով և կամ {ԹԵ ԲԱՐԲԱՌԸ} ՏԻՐՈՂ ԿԱՄ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՎԻ ՀԵՏԻՆ ԱՂԱՎԱՂՅԱԼ ԾՆՈՒՆԴՆ Է:

{Վերևում Սոսյուրն էլ էր ասում, որ հենց գրական ոճերն են բարբառների աղավաղյալ ծնունդը}:

«Լեզվաբանի համար բոլոր բարբառներն էլ ներկայացնում են մի տիպի շարունակական ձևափոխությունները: Գրական լեզուն {sic!} էլ բարբառներից մեկն է և հաճախ ավելի ուշ կազմված, քան մի ուրիշ բարբառ»:

{Աճառյանը, իհարկե, սխալ է, երբ ասում է, թե գրական լեզուն բարբառ է, որովհետև գրական լեզուն ոճերի հավաքածու է, ու կենդանի լեզվի բոլոր հատկությունները չի, որ ունի: Վերը Սոսյուրը հստակ ասում է, որ լեզվաբանության առարկան միայն ու միայն բանավոր լեզուն է: Աճառյանի այս սխալն ապշեցուցիչ է, ու ապացուցում է, որ ԱՃԱՌՅԱՆԻ ՀԱՎԱՏԸ ԳՐԱԿԱՆ ՈՃԵՐԻՑ ՔԱՂԱԾ ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՉ ԹԵ ՊԱՏԱՀԱԿԱՆ Է, ԱՅԼ ՀԵՆՑ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ Է:

{Օրինակ, բարբառը (կենդանի, իսկական լեզուն), ինքնազտվելու հատկություն ունի, ինչը գրական «լեզուն» (գրական ոճերը) չունեն: Բարբառն ինչքան ասես օտար բառ է վերցնում ու հարմարում իր ձայնական օրենքներին ու գործածում է իր բնիկ բառերի հետը, առանց որևէ խտրության (սրա մի օրինակը ռուսերենից փոխ առած «դաժե» բառն է Երևանի բարբառում):

{Բայց բարբառը օտար քերականություն չի վերցնում (չհաշված «-իստ, -իզմ» մասնիկերի պես բաները, որ ահագին հազվադեպ են գործածվում): Բարբառը բանավոր է փոխանցվում ու փոխանցվում է հենց մանկան բարուրի շրջանից, այնինչ, գրական ոճերը մանուկները սովորում են դպրոցում, օտար լեզվի պես:

{Գրական ոճերը լրիվ հակառակն են անում: Սրանք օտար բառերի դեմ «արնահեղ պատերազմ են անում» (լրիվ անարդյունք), բայց օտար քերականությունը վերցնում են վիթխարի քանակով (ինչպես վերը տեսանք) ու չեն էլ նկատում, որ վերցրին}:

Հետո Աճառյանն ասում է.

«ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է բարբառներից մեկը մյուսին ստորադաս համարելը: Որևէ լեզվի պետական լինելը (քաղաքական պատիվը) կամ ճոխ գրականությամբ մըշակված լինելը (գրական պատիվը) արժեք չունի գիտության համար:

{Այնինչ, մեր մտավորականների մեծ մասը մեր հեռացույցով ու մամուլով չափազանց հաճախ է արհամարհանքով հայտարարում, թե «երևանցիները խոսում են Երևանի ժարգոնով», տես Հավելված 5-ը}:

Գլուխ 7. ԼԵԶՎԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԻ ՑՐԻՎ ԿԱՐԳԸ

7.1 Միզեսի աքսիոմն ու նվազագույն ճիգի օրենքը

Մեր քաղաքակրթության ամենախոշոր մտածողներից մեկի՝ Լուդվիգ ֆոն Միզեսի մարդկային արարմունքի (գործունեության) աքսիոմի իմ ձևակերպն ասում է.

Աքսիոմ 1. Մարդն է´լ է ի բնե գործող արարած, բայց մարդկային արարմունքը (գործունեությունը) նպատակադիր վարք է, ինչն ուղղված է մարդու ամենայն առկա ու ապագա նեղությունները վերացնելուն:

Լուդվիգ Միզեսն իր այս աքսիոմի վրա հիմնեց 20-րդ դարի նորագույն գիտությունը՝ պռաքսեոլոգիան, ինչը շարադրեց իր 930 էջանոց Մարդկային արարմունքը (գործունեությունը) գրքի մեջ (Ludwig Mises, Human Action: A Treatise on Economics):

Ըստ էության, սխալ չի լինի, եթե ասվի, թե Միզեսի գրքի այս ողջ 930 էջը բխում է հենց այս աքսիոմից:

Պռաքսեոլոգիայի առանձին մասերն են՝ տնտեսագիտությունը, իրավագիտությունն ու բարոյագիտությունը (կամ էթիկան):

Միզեսը տնտեսագիտության ու իրավագիտության ավստրիական դպրոցի հիմնադիր, հանճարեղ Կառլ Մենգերի հետևորդն էր: Մենգերը (ու հետո, 20-րդ դարում Միզեսի աշակերտ Ֆրիդրիխ Ավգուստ Հայեկը, հետևելով Մենգերին ու Միզեսին), դեռ 19-րդ դարի վերջում պնդում էր (ձևակերպն ու սրա թվատառն ի´մն է).

Դրույթ 1. Մարդկային այնպիսի ինստիտուտները, ինչպիսիք են շուկան, փողը, լեզուն ևն, առաջացել են սպոնտան, ինքնին, պատահականությունների մի վիթխարի շարանով, գոյության խմբային պայքարի միջոցով:

Տեսնենք, թե մեր շարադրանքի համար ինչ օգտակար բան է բխում Միզեսի աքսիոմից:

Դրույթ 2. Անհատն իր ամենայն առկա ու ապագա նեղությունները վերացնելու երկու ձև ունի: Առաջին ձևը տնտեսական ձևն է, ինչով տնտեսական անհատները, ուրիշների հետ գիտակից կամ անգիտակից գործակցելով ու անգիտակից օգնելով ուրիշներին, բարիք կամ ծառայություն են ստեղծում ու սրանք կամավոր փոխանակում են ուրիշների ստեղծած բարիքի կամ ծառայության հետ, ինչով նաև քչացնում են ուրիշների նեղությունները:

Դրույթ 3. Անհատի նեղությունները վերացնելու տնտեսական ձևը թե´ անգիտակից արարչություն է, թե´ անգիտակից փոխօգնություն է, թե´ անգիտակից գործակցություն, ու նեղություն վերացնելու հենց ա´յս տնտեսական անգիտակից ձևն է հասցրել աշխատանքի բաժանման այսօրվա գերվիթխարի ու գլոբալ բարդությանը, այսինքն, հենց ա´յս ձևի վրա է հիմնված մեր այսօրվա ողջ քաղաքակրթությունը:

Դրույթ 4. Անհատի նեղությունները վերացնելու մյուս ձևը Ֆրանց Օպենհայմերի ասած քաղաքական ձևն է, ինչը կիրառում է քաղաքական անհատը, քաղաքական բազում խարդախությունով ուրիշների ստեղծած բարիքն այս ուրիշներից բռնի խլելով ու ուրիշներին ստիպելով, որ իրեն ծառայեն: Այսինքն, սրա էությունն ուրիշներին ճորտացնելն է:

Անհատի առկա ու ապագա նեղությունները վերացնելու քաղաքակա´ն ձևն այն «օրինականացրած» թալանն ու գողությունն է, ինչին ասում են հարկ ու մաքս (ուղղակի կամ զարտուղի), զանազան պետական տուրքերն ու վճարներն ու նամականիշների ու պետական պարտատոմսերի ու վիճակախաղերի տոմսերի հարկադիր վաճառքն ու նաև պարտադիր պետական ու մանավանդ ուժային կառույցներում անհատների օրինականացրած ծառայական ստրկությունը:

Այս «օրինականացրած» թալանն ու գողությունը, մեծագույն մասով, անում են բռնությունը մենաշնորհած պետություն կոչված պետերի հանրությունները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ արարողներին թալանող կազմակերպված ու անպատիժ հանցագործ խմբեր:

Դրույթ 5. Բարիք ու ծառայություն ստեղծելու բարոյական ազատ տնտեսական ձևի առավել հարմար ու թերևս միակ եղանակը արարող ազատ մարդկանց համակեցությունն է, այսինքն, այս մարդկանց խաղաղ ու ոչ կոնֆլիկտային կյանքն է:

Դրույթ 6. Պետերի հանրության անհատ անդամի վարքն է´լ է ուղղված իր նեղությունները վերացնելուն, բայց, ի տարբերություն տնտեսական մարդու, սրա´նք, այս քաղաքակա´ն մարդիկ, իրենց նեղությունները վերացնում են ոչ թե արարելով ու իրենց արարածն ուրիշների արարածների հետ փոխանակելով ու սրանով նաև ուրիշների նեղությունները քչացնելով, այլ արարող տնտեսական մարդկանց ըստեղծածի մի մասը խլելով, սրանց վրա ամեն կերպ բռնանալով, ու իրենց անընդհատ շատացող հարկ ու մաքսով ու իրենց հրահրած պատերազմներով արարողների նեղություններն ու թշվառություններն ավելացնելով:

Աքսիոմ 2. Մարդկային արարմունքի (գործունեության) հիմնական ձևը խոսելն է: Ըստ էության, մարդը համարյա ամեն ինչն անում է խոսելով, լեզվական պրոցեսով, բանավոր լինի սա, թե գրավոր:

Դրույթ 7. Հանրության խաղաղ կյանքն ու բարիք-ծառայության փոխանակությունն առանց ինֆորմացիայի փոխանակության՝ անհնար է, իսկ ինֆորմացիայի այս փոխանակությունը ապահովում է լեզվական պրոցեսը, ինչի էությունը լեզվի կրողների անհատական ձեռքբերովի ամեն տեսակ ինֆորմացիայի ու նաև ամեն տեսակ գործակցության ու փոխանակության առաջարկի ու ամեն տեսակ կամավոր պայմանի փոխանակությունն է:

Դրույթ 8. Հենց ինֆորմացիայի փոխանակությո´ւնն է հնարավոր դարձնում արարող ազատ մարդկանց խաղաղ համակեցությունը, իսկ լեզուն (կամ լեզվական պրոցեսը) այս կեցության բոլոր ոլորտները հնչավորելու ունիվերսալ միջոցն է:

Այս դրույթից ու Միզեսի մարդկային արարմունքի աքսիոմից բխում է լեզվաբանության հիմնական աքսիոմը.

Աքսիոմ 3. Մարդկային լեզուն (այսինքն, լեզվական պրոցեսը) տվյալ անհատի կուտակած ինֆորմացիայի նպատակադիր ասմունքն է, ինչն ուղղված է ուրիշների հետ գործակցելն ու իր ստեղծած բարիքներն ուրիշների ստեղծածի հետ փոխանակելը հնարավոր դարձնելուն ու սա առավել հեշտացնելուն, որ սրանց միջոցով այդ մարդն իր հոգսերից ազատվի:

Միայնակ Ռոբինզոնին այս աքսիոմի թավատառ մասը լրիվ հերիք կլիներ, քանի որ Ռոբինզոնին լեզուն պետք էր (թերևս առանց բարձրաձայն խոսքի) միայն իր նեղություններից ազատվելու ծրագրերը կազմելու («ասելու») ու պահելու համար: Չէ՞ որ միայնակ Ռոբինզոնն իր անմարդաբնակ կղզում փոխանակելու կամ գործակցելու կարիքը չուներ:

Դրույթ 9. Ակնհայտ է, որ ինֆորմացիայի փոխանակությունը պիտի հնարավորին չափ հեշտ ու արագ լինի, որ անհատի նեղությունները վերացնե´լը հեշտ ու արագ լինի:

Դրույթ 10. Սրա համար էլ էվոլյուցիան լեզվական պրոցեսն ստեղծել ու հասցրել է այնպիսի՛ վիճակի, որ անհատի խոսքը լինի հենց այս անհատի´ սեփականությունը, որ անհատը խոսի ռեֆլեքսով, բայց ի՛ր ուզած ձևով ու խոսելիս էլ մանրիկ ու ուրիշների համար աննկատ սխալներ անի, որ ինֆորմացիայի փոխանակությունն ու պայման կնքելը արվեն նվազագույն ճիգով:

Ֆիզիկոսներին հետևելով՝ այս աննկատ սխալներին, այսինքն, հանրության անդամի «միջին խոսվածքից» այս շեղմունքներին հաճախ ասում եմ «ֆլուկտուացիա»: Ֆլուկտուացիաները թե՛ հնչյունական են, թե՛ ձևաբանական, թե՛ շարահյուսական:

Դրույթ 11. Քանի որ մարդն իր մայրենի լեզվով մի´շտ է ռեֆլեքսով խոսում, մարդը ավտոմատով միշտ ձգտում է էներգիայի քիչ ծախսով խոսելուն, ու մարդկային ռեֆլեքսային անբռնազբոս խոսքն իրագործվում է նվազագույն ճիգով կամ առավելագույն հեշտությամբ:

Այս դրույթին նորից կասեմ նվազագույն ճիգի (կամ առավելագույն հեշտության) օրենք: Նվազագույն ճիգի օրե´նքն է ստիպում, օրինակ, որ Արարատյան բարբառի կրողները (ուրիշներինն էլ) ասեն՝ «ասըմ եմ, խոսըմ եմ» ևն, փոխանակ «ասում եմ, խոսում եմ» ևն:

Ուրեմն, այսպիսի արտասանությունները ոչ թե սխալի կամ անկրթության արդյունք են, այլ լրի´վ են բնական ու բխում են մարդկային արարմունքի էությունից:

Նվազագույն ճիգի օրենքն է հարթել (ու հարթում) մեր գրաբարի տարատեսակ հոլովիչները՝ կրճատելով սրանց թիվը, իսկ երբեմն էլ հոլովաձևերը՝ մեկ-մեկ սրանցից թողնելով միայն մեկը (օրինակ, անգլերենում, կամ ֆրանսերենում):

Այս օրենքն է, որ նախահայերենի 8 հոլովաձևից այսօր թողել է մեր բարբառների մեծագույն մասի 4 հոլովաձևը, իսկ Երևանի բարբառում՝ 4-ից 5 հոլովաձև:

(Իմիջիայլոց, ինչքան էլ տարօրինակ թվա, այս օրենքի ընթացքը, գումարվելով ֆըլուկտուացիաների պատահական բնույթին, երբեմն ավելացնում է հոլովաձևերի թիվը):

Նվազագույն ճիգի արդյունքն է, օրինակ, որ Մարտունու խոսվածքների «ի՞նչ նըման անեմ»-ը հասցրել է այսօրվա «իմա՞լ էնեմ»-ին, կամ Մալիշկայի խոսվածքի «ինչո՞ւ համար»-ը դարձրել է այսօրվա տարօրինակ թվացող «շըմա՞»-ն:

Առավելագույն հեշտությանը ձգտելն է ստիպել, որ գրաբարյան շրջանի «ասում էի; ասում էիր» ձևերը հետագայում, Աբովյանի օրերին, Արարատյան բարբառում դառնան «ասըմ ի; ասըմ իր» ևն:

Հետո, անկասկած, գրական ոճերի ազդեցությամբ, սրանք Երևանի բարբառում ոնց որ թե նորից դարձան «ասում էյ(ի); ասում էյ(ի)ր», բայց այսօր նկատելի է, որ սրանք, նվազագույն ճիգի ստիպմունքով, նորից ձգում են ավելի հեշտ արտասանվող «ասում էյ; ասում էյր» ձևերին: Իսկ, օրինակ, Օշականում «ասըմ ի; ասըմ իր» ձեվերն այսօր է՛լ են կենդանի: Այս օրինակները հիանալի են ցուցադրում, որ.

Դրույթ 12. Գրական ոճերը գործում են կենդանի լեզվի, այսինքն, իսկակա՛ն բընակա՛ն լեզվի նվազագույն ճիգի օրենքին հակառակ, այսինքն, լեզվական բնական պրոցեսին ու լեզվի էությա´նը հակառակ: Ուրեմն, առնվազն սրա՛ համար էլ ճիշտ չի, երբ գրական ոճերը լիիրավ լեզու են համարում, քանզի անհնար է, որ լեզվի օրենքներին հակառակ բանը լիիրավ լեզո´ւ համարվի:

Բայց գրական ոճերը ուրիշ բաներով էլ են հակառակ բնական լեզուներին: Արդեն ասվել է, որ.

Դրույթ 13. Բարբառը, այսինքն, լեզվի բնական պրոցեսը, փոխառությունների քերականական օտար երևույթները զտելու հատկություն ունի, այնինչ, գրական «լեզուն», այսինքն, գրական ոճերը սա չունեն:

Դրույթ 14. Բարբառն ինչքան ասես օտար բառ է վերցնում ու հարմարում իր ձայնական օրենքներին ու գործածում է իր բնիկ բառերի հետ, առանց որևէ խըտրության: Բայց բարբառը օտար քերականություն համարյա չի վերցնում (թերևս չհաշված «-իստ, -իզմ» մասնիկների պես բաները):

Դրույթ 15. Բարբառը բանավո´ր է փոխանցվում ու փոխանցվում է հենց մանկան բարուրի շրջանից, այնինչ, նույնիսկ մանուկները գրական ոճերը սովորում են դպրոցում, օտար լեզվի պես:

Դրույթ 16. Գրական ոճերը օտար բառերի դեմ (այլաբանությամբ ասած) «արյունահեղ», բայց բացարձակ անարդյունք «պատերազմ» են անում, այնինչ օտար քերականությունը վերցնում են վիթխարի քանակով (ինչպես վերը տեսանք) ու չեն էլ նըկատում, որ վերցրին:

Դրույթ 17. Գրական ոճերը բանավոր չեն փոխանցվում:

Դրույթ 18. Ամենակարևորը, անհնար է, որ գրական ոճերը կիրառվեն առանց տըրամաբանության գիտակցված գործածության, այնինչ, բարբառի´ կրողը իր այս մայրենի բարբառ-լեզուն գործածում է համարյա բնազդական ռեֆլեքսով: Այսինքն, բարբառով խոսելիս, տրամաբանության կիրառությունը գիտակցված չի, ինչը լրիվ է համաձայն նվազագույն ճիգի կամ առավելագույն հեշտության օրենքին:

Վերջին դրույթը թերևս անհավատալի թվա, բայց, ցավոք, այդ դրույթը լրի´վ է փաստական:

Դրույթ 19. Հայերի քաղաքական մարդկանց հանրությունը իր մտավորականների բանակով իր ժողովրդին համոզել է, թե իբր միակ հայերեն լեզուն միմիայն հայերեն գրական ոճերն են, ու այն հայը, ով այս ոճերին գերազանց չի տիրապետում, իսկական հայ չի կամ իսկական հայրենասեր չի, կամ էլ՝ անգրագետ է:

Սրա համար էլ Հայաստանի համարյա բոլոր հասուն հայերը «գրական հանդիսավոր իրադրություններում», նույնիսկ հասարակական տրանսպորտի մեջ կամ սգո արարողություններին կենաց ասելիս, ձգտում են գրական ոճերով խոսելուն:

Իրենց այս խոսքի ընթացքում սրանք իրենց մտքի մեջ իրենց ասելիքը իրենց մայրենի բարբառից անընդհատ թարգմանում են գրական ոճերով, ինչն առանց տրամաբանության կիրառության ուղղակի անհնար է:

Այնինչ, անբռնազբոս իրավիճակներում այս թարգմանությունը չկա, ու մարդկանց բնական խոսքն «ավտոմա´տ է», ռեֆլեքսո´վ է:

Դրույթ 20. Պետերի հանրության, այսինքն, պետության (քաղաքական) անդամները ձգտում են իրենց տոտալիտար բռնի իշխանությունը տնտեսական մարդկանց վրա հաստատելուն: Սրա համար էլ պետերին անհրաժեշտ է, որ մարդկային արարմունքի բոլոր մասնավոր ոլորտների (մանավանդ կրթության ու քարոզչության) ազատությունը վերացնեն ու սրանց հսկողությունը կենտրոնացնեն իրենց ձեռքը:

Դրույթ 21. Քաղաքական մարդկանց հանրություն-պետությունը հայտարարում է, թե այս պետերի հանրություն-պետությունը հենց ժողովուրդ-հայրենիքն է, ուրեմն, սրա բոլոր ասածները ու սրա հաստատած բոլոր-բոլոր օրենքները հենց ժողովրդի կամքի արտահայտությունն են, ու որ հենց սրանք են ապահովում ժողովրդի բարօրությունն ու անվտանգությունը: Այս ամենն արվում է կենտրոնացրած ՊԱՐՏԱԴԻՐ կրթության քարոզչության ընձեռած լեզվական պրոցեսի հնարավորություններով:

Դրույթ 22. Պետություն կոչված քաղաքական մարդկանց այս հանրությունն իր կամքը, այսինքն, իր կանոնադրություն-սահմանադրությունը պարտադրում է ժողովուրդ կոչված տնտեսական մարդկանց հանրությանը – միմիայն իրեն որոշակի մըշտական ռոճիկով ծառայող իրեն նվիրված ու հավատարիմ մտավորականների հսկայական բանակի անդամների գիտակից ու անգիտակից օժանդակությամբ:

Դրույթ 23. Մտավորականների բանակը, հակառակ նվազագույն ճիգի օրենքի ու հակառակ այն հանգամանքի, որ անհատական լեզվի ու ոճի ընտրությունն ամեն մի անհատի մասնավոր սեփականությունն ու մասնավոր իրավունքն է, պետական լեզու հայտարարված գրական ոճերի միջոցով կազմում է տվյալ պետության ժողովըրդին մշտական մոլորության մեջ հլու- հնազանդ պահելու ողջ մանրամասն գաղափարախոսությունը:

Այս գաղափարախոսության էությունը «պետություն» կոչված պետերի հանրությունը «հայրենիք» վերացական ու սրբացրած հասկացության ու ողջ ժողովրդի հետ նույնացնելն է:

Սա էլ, մասամբ, արվում է – (առկա բոլոր միջոցներով) գրական աղավաղ ոճերը սրբացնելով ու սրանք հայտարարելով ժողովրդի միակ մայրենի, միակ անաղարտ, միակ ճշմարիտ, միակ ընտիր ու «ոսկեղենիկ» լեզուն ու սրանց օժտելով պետական լեզվի վեհապանծ կարգավիճակով:

Այնինչ, ինչպես Թումանյանն է ասում 1910 թվին, «{մեր} բարբառներից ամեն մինը ավելի շատ ուժ ու կենդանություն ունի իր մեջ, քան մեր եղած գրական լեզուն: Սա {այսինքն, մեր այս գրական կոչված լեզուն} դեռ չի կազմակերպվել ու չի էլ կազմակերպվելու, մինչև չդիմեք մեր բարբառներին»:

7.2 Լեզվի մնացած աքսիոմներն ու դրույթները

laisses faire et laissez passer, le monder va de lui même! (Ֆր.)

Թողեք՝ անեն ու գնան - աշխարհն ի՛նքն է իր գործն անում»):

Այս պարագրաֆները գրելիս՝ իմ գլխավոր դժվարությունը ասվածը հնարավորին չափ քիչ կրկնելն է եղել, քանզի ես զգում եմ, որ կրկնությունից լրիվ զերծ մնալն իմ ուժերից վեր է:

Ի վերջո, ինչքան էլ հետևեմ Միզեսի ու Հայեկի շարադրանքների գիտական ոճերին, չեմ կարծում, թե հնարավոր է, որ լեզվաբանությունը նույնքան տրամաբանական ձևով շարադրվի, ինչքան Միզեսի կամ Հայեկի գլխավոր գործերը, որոնց տրամաբանական խստությունը հիշեցնում է էվկլիդյան երկրաչափությունը:

Սրա պատճառը, իմ կարծիքով, նախ ի´մ իսկ կարողությունների սահմանափակությունն է, հետո էլ՝ լեզվի անաքրոնիզմներն ու բազմարժեքությունները, որ արգելում են խիստ սիստեմատիզմը:

Այնուամենայնիվ, կրկնություններից չվախենալն էլ թերևս ի´ր առավելություններն ունի, որովհետև սա թե´ գրելու ազատություն է տալիս հեղինակին, թե´ ընթերցողին անընդհատ հիշեցնում է, թե հեղինակն իր ո´ր թեզերն է գյլխավոր համարում: Այս պարագրաֆը կրկնում է սրան նախորդող շարադրանքի մի քանի թեզը նաև ա´յն պատճառով, որ սա ամփոփող պարագրաֆ է:

Ֆերդինանդ դե Սոսյուրի 6-րդ գլխում ասածները արդեն մոտ 100 տարի է, ինչ ընդունում են բոլոր լուրջ լեզվաբանները: (Հայաստանի մասով, անկասկած, խիստ որոշակի վերապահությամբ, նույնիսկ Աճառյանի ու Աբեղյանի առումով) :

Չնայած Սոսյուրից հետո լեզվաբանությունը զարգանալուց չի դադարել, այնուամենայնիվ, Սոսյուրի ու իր հետևորդների առաջարկած հիմնական դրույթները, որոնց կասեմ՝ լեզվաբանության «աքսիոմներ» կամ քվազիաքսիոմներ (այսինքն, «համարյա աքսիոմներ»), երբևէ չեն ժխտվել:

Գիտական տեսությունները մի՛շտ են սրա պես: Ահա Նյուտոնի օրենքները, որոնք անընդհատ նորոգել-լայնացրել ու ընդհանրացրել են (ու, օրինակ, դարձել են հարաբերականության մասնակի տեսություն), բայց երբևէ չեն դարձել լրիվ սըխալ ու երբևէ չեն ժխտվել:

Այսօ՛ր էլ արհեստական ու բնական բոլոր արբանյակների ու միջմոլորակային հըրթիռների հետագծերի բոլոր հաշվարկները ու ինժեներական համարյա բոլոր հաշվարկները միայն ու միայն նյուտոնյան տեսությամբ են անում, չնայած վաղուցվանից կա ավելի «ճիշտ», ավելի «նոր» ու ավելի ընդհանուր տեսություն՝ Էյնշտեյնի հարաբերականության մասնակի տեսությունը:

Սա, այս մասնակի տեսությունը, շատ ավելի բարդ է, քան Նյուտոնի տեսությունը, ու սրանով հաշվելը պարտադիր է միմիայն մերձլուսային արագություններով շարժվող մարմինների համար:

Բայց եթե վերը ասված հաշիվներն անեին Էյնշտեյնի «ավելի ճիշտ», բայց նաև շատ ավելի բարդ տեսությունով, դա նույն բանը կլիներ, ինչ որ փողոցը ոտով անցնելու տեղը ինքնաթիռով անցնեին:

Ստորև շարադրվում են լեզվաբանության ա՛յն հիմնական օրենքներն ու կանոնները, որոնց մի մասին ասում եմ «դրույթ», չնայած մեծ սխալ չէր լինի, եթե սրանց ասեի աքսիոմ կամ քվազի (= համարյա) աքսիոմ:

Այնուամենայնիվ, ես չեմ պնդում, թե այս «քվազիաքսիոմները» իսկական աքսիոմ են կամ որ իմ այս աքսիոմների ու քվազիաքսիոմների խումբը լրիվ է, կամ որ սրանք իրարից լրի՛վ են անկախ, կամ որ սրանք բոլորովին չեն կրկնում իրար: Կարծում եմ, որ այս հանգամանքը չի քչացնում սրանց կարևորությունը:

Այս դրույթ-աքսիոմները, օրենքներն ու դիտողությունները լեզուն ուսումնասիրելու իմ ողջ կյանքի ու նշանավոր լեզվաբանների աշխատանքների իմ քննության արդյունքն են: Ինչքան ի՛նձ է հայտնի, լեզվի ընդհանուր օրինաչափությունների այսօրինակ ամփոփանքի փորձը, առհասարակ, առաջին անգամ է շարադրվում:

***

Աքսիոմ (իրողություն) 1. Լեզվական (կոլեկտիվ) պրոցես կամ լեզու (նաև՝ «հանրության լեզու, կենդանի լեզու, բնական լեզու, բարբառ, խոսվածք») կասեմ միմիայն որևէ կոմպակտ հանրության (առնվազն՝ գյուղի) բանավոր փոխանցվող ձայնային հոդաբաշխ ու գաղափարակիր ձայն-նշանների անընդհատ փոփոխվող, բայց կարգավոր սիստեմին (ընթացքին), ինչին մասնակցելու կարողությունն այդ հանրության անդամները յուրացնում են միմիայն բանավոր, միմիայն լսելով, միմիայն փորձ ու սխալի մեթոդով, հանրության մնացած անդամներին անգիտակից ընդօրինակելով (կապկելով), այսինքն, առանց այդ լեզվական պրոցեսի քերականության կանոնների կիրառությունը գիտակցելու: Ասված հանրության անդամներն այս կարգավոր-պրոցեսին մասնակցելու զորությունը, այսինքն, լեզուն, յուրացնում են հենց բարուրից ու հետո գործածում են ռեֆլեքսով, ավտոմատ, առանց դիմելու քերականական տրամաբանությանը, ու այս ունակությունը անընդհատ նորոգվում ու թարմ է մնում իրենց ողջ կյանքի ընթացքում, եթե այդ ընթացքում այս անդամները մասնակից են լեզվական պրոցեսին:

Աքսիոմ (իրողություն) 2. Խոսվածքի-բարբառի (լեզվական պրոցեսին մասնակցելու ունակության) կրող կասեմ տվյալ խոսվածքի ա՛յն կրողներին միայն, ովքեր համարյա կամ բոլորովին վարժ չեն (կամ էլ շատ քիչ են վարժ) տվյալ լեզվի գրական ոճերին: Այսինքն, լեզվի կրողները նվազագույն գրագիտություն ունեցողներն են ու, առաջին հերթին, մանուկներն ու աշակերտները (բայց ո´չ դասաժամերին):

Դրույթ 1. Աքսիոմ 1-ից հետևում է, որ գրական ոճերը լիիրավ լեզու կամ էլ լեզվական «իսկական ու լրիվ բավարար» կարգավոր պրոցես չպիտի համարվեն, մանավանդ որ այս ոճերը նախ չափազանց տարասեռ են, պահպանողական ու ոչ «ճըկուն», երկրորդն էլ, որ սրանցով խոսող գոնե մի փոքրիկ գյուղ չկա այս արար աշխարհում: Բայց, օրինակ, հայերենի այս ոճերը անկասկած հայերեն են, չնայած իրենց մայր բարբառից շեղված ու, ըստ էության, աղավաղ հայերեն են:

Դրույթ 2. «Գրական լեզու» տերմինը վնասակար է, որովհետև սա այլևս չի նշանակում «գրելու լեզու» ու սա ենթադրում է, որ այս գրական «լեզու» կոչվածը ոչ միայն լեզու է, այլև միակ մայրենի ու անաղարտ (երբեմն՝ «ոսկեղենիկ») լեզուն է: Սրա այսօրինակ պաշտամունքը հասցնում է Երևանի (ու նաև մյուս բարբառները) արհամարհելուն:

Դրույթ 3. Սրա´ համար է, որ հարմար է ու անհրաժեշտ, որ «գրական լեզու» տերմինը փոխարինվի «գրական ոճեր» տերմինով, մանավանդ, որ այս ոճերը մի´շտ են չափազանց տարասեռ:

Դրույթ 4. Որևէ անհատի կամ անհատ ընտանիքի խոսակցական ոճը (տես վերը), երբ սրանք մասնակից չեն հանրության լեզվական պրոցեսին, չպիտի համարվի լեզվական լիիրավ պրոցես:

Ասածիցս բոլորովին չի հետևում, թե գրական կամ անհատական ոճերը պարտադիր վատ կամ անթույլատրելի կամ անպետք եմ համարում: Հակառակը, այսօրվա քաղաքակրթությունը, առանց անհատի ստեղծած գիր ու գրականության, անհնար է: Ավել ասեմ, ամենայն ինչը ստեղծում են միմիայն անհատները:

Դրույթ 5. Բայց գրական ոճն ա´նպայման է վատ ու պախարակելի, եթե պարտադրվում է ողջ ժողովրդին, քանզի նման կենտրոնացրած բռնությունը հակադիր է լեզու-սեփականությունը կիրառելու իրավունքի ազատությանը:

Քվազիաքսիոմ 1. Անհատական ոճը այս ոճը կիրառող անհատի մասնավոր սեփականությունն է: Գրողն է՛լ, ամեն մի անհատն է՛լ իր ուզած լեզուն ու լեզվական ոճն ընտրելու ամենայն ազատ իրավունքն ունի՛:

(նորից շեշտեմ, որ այս շարադրանքում այստեղ ու ամեն տեղ «քվազի» նախածանցը նշանակում է «համարյա»):

Դրույթ 6. Պետությունը (եթե իրո´ք է իրավական պետություն), կամ մի ուրիշը ու նաև դպրոցն ու բուհը բարոյական կամ որևէ այլ կերպ պատճառաբանված ոչ մի իրավունք չունի ուրիշի մասնավոր լեզու-սեփականությունը տնօրինի:

Սահմանում. Քերականությունը տվյալ լեզվի կրողների ամեն տեսակ (հնչյունական, բառային, ձևաբանական ու շարահյուսական) արդեն կայուն զուգորդական (տես 9-րդ գլուխը) հարացույցների (կաղապարների) ամբողջությունն է:

Աքսիոմ 3. Եթե կա կենդանի լեզու (լեզվական պրոցես), այս լեզուն անպայման քերականություն ունի՛, լրիվ անկախ այն հանգամանքից, թե այս քերականությունը հայտնագործված ու գրանցված է, թե ոչ: Քերականությունը լեզվից անբաժան է, ճիշտ նույն ձևով, ինչպես որ մարդու բնավորությունն է մարդուց անբաժան:

(Հետևելով Լյուիս Քերոլին, ասենք, որ «բարբառը կամ խոսվածքը Չեշիրյան Կատու չի, որ ինքն անհետանա, բայց իր քերականությունը չանհետանա»: Կատակով ասեմ, որ գրական ոճերը հենց Չեշիրյան Կատու են):

Աքսիոմ 3ա. Տվյալ բարբառի քերականությունը այդ բարբառի համար հնարավոր միակ ճշմարիտ քերականությունն է:

Աքսիոմ 4. (Լեզվի Գլխավոր Օրենքը = ԼԳՕ-ն).

ա) Որևէ հանրության խոսվածքը (լեզվական պրոցե´սը, բայց ոչ գրական կամ անհատական ոճը) կամ բարբառը ինքնին ճիշտ ու կոլեկտիվ պրոցես է, ինչը (սպոնտան է) ինքնակազմակերպ է ու ինքնակառավար ու չի ենթարկվում մարդկային տրամաբանությամբ կազմված որևէ գիտակից ծրագրի:

բ) Որևէ խոսվածքի (լեզվական պրոցեսի´, բայց ոչ գրական ոճի) կամ բարբառի տվյալ պահի քերականական ամե՛ն-ամե՛ն ինչը, լինի սա՝ հնչյունաբանություն, բառակազմություն, ձևաբանություն, շարահյուսություն կամ էլ նույնիսկ՝ առոգանություն, արտասանություն, ձայնարկություն, միմիկա ու ժեստ, ճի՛շտ է, «բնի՛կ» է, ընտի՛ր է, սիրո՛ւն է ու ա՛նպայման է ընդունելի հենց այն ՄԻԱԿ պատճառով, որ այդ խոսվածքը կրողների մեծ մասի խոսքի մեջ ուղղակի կա՛, գոյությո՛ւն ունի՛ (ուրեմն, արդեն կայուն է, «միջինացած է», մատրիցական է («ֆոնեմային է») ա´յն իմաստով, որ անհատի ուղեղում լեզվական այս երևույթը ռեֆլեքսով ճանաչող մոլեկուլային կառույց կա):

Քվազիաքսիոմ 2. Լեզվական երևույթի ճիշտ ու սխալը որոշելու որևէ ուրիշ չափանիշ, բացի ԼԳՕ-ն, չի եղել, չկա ու թերևս չի էլ լինի, որովհետև լեզուն, իր իսկ էությամբ, փոփոխակա´ն է, որովհետև լեզուն պրոցե´ս է, որովհետև ԼԳՕ-ն, ինքնին, հենց պրոցեսայի´ն չափանիշ է:

Աքսիոմ 5 (Սոսյուրի աքսիոմը). Լեզվաբանության ուսումնասիրելիք առարկան ՄԻՄԻԱՅՆ բարբառների ու խոսվածքների օրինաչափություններն են, այլ ոչ թե գրվածքներինը, ու բարբառներն ու խոսվածքները հետազոտելու համար պիտի գըրանցվի միայն ու միայն տվյալ բարբառը կամ խոսվածքը կրողների ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԸ:

Քվազիաքսիոմ 3. Գրողների ստեղծած անհատական գրական ոճերի ուսումնասիրությունները միայն ա´յն դեպքում իմաստ կունենան ու գուցե նպաստեն քերականական գիտությանը, եթե միայն այս ոճերը համեմատվեն այդ գրական ոճերի մայր կամ հիմք բարբառի հետ ու ստուգվեն սրա հատկություններով:

Աքսիոմ 6. Սինքրոն լեզվաբանության հետազոտությունների հիմնական (եթե ոչ միակ) մեթոդը ԼԳՕ-ի կիրառությունն է, տվյալ առանձին բարբառը կամ խոսվածքն ուսումնասիրելիս:

Աքսիոմ 7. Ինչքան ավելի անգրագետ է բարբառի որևէ անհատ կրողը (այսինքն, ինչքան ավելի քիչ է վարժ ու սովոր գրական ոճերին), այնքան այս անհատի խոսքը լեզվաբանության համար ավելի կարևոր ու հավաստի է:

Աքսիոմ 8. Բարբառի ինչքան ավելի շատ կրողի խոսք է գրանցվում, այնքան էլ այդ բարբառի լեզվական նյութն ավելի լրիվ ու հավաստի է:

Սինքրոն (նկարագրական, կամ ոնց որ Սոսյուրն է ասում՝ ամենակարևոր) լեզվաբանության նպատակը տվյալ բարբառի կամ խոսվածքի տվյալ շրջանի արդեն կայուն քերականական օրենքները հայտնագործելն է:

Քվազիաքսիոմ 4. Մայրենի լեզվի քերականությունը չորս հիմնական նպատակ ունի.

ա) Այս լեզվի քերականական դեռ չուսումնասիրված երևույթների հետազոտությունն ու բացատրությունը:

բ) Այլ լեզուների քերականությունները մայրենի լեզվի քերականության հետ համեմատելով՝ օտար լեզու սովորելը հեշտացնելը:

գ) Օտար լեզուներով գրված նյութերը թարգմանելիս կամ փոխադրելիս՝ այդ լեզուների օրինաչափությունները անգիտակից կապկելուց խուսափելը, ինչպես նաև գրական ոճերով գրելիս կամ ստեղծագործելիս՝ մայրենի լեզվի օրենքներից չշեղվելը:

դ) Լեզվի պատմության գրավոր հուշարձանների քերականական իրողությունները ճիշտ հասկանալուն ու ճիշտ գնահատելուն նպաստելը:

Ցավոք, մեր հետաբեղյան քերականությունները երբեք այս նպատակները չեն ունեցել: Մեր հետաբեղյան քերականությունները երբեք (լեզվական երևույթների առումով) չեն տալիս «ինչո՞ւ» ու «ի՞նչ պատճառով» հարցերը:

Կրկնենք, որ լեզվական ցանկացած երևույթը (նաև բառը, խոսքը ևն) մայրենի է (օրինակ, հայերեն է), թե որ (հայերենի) տվյալ բարբառը կրողների մեծ մասը սա սովորել է բանավոր ու հենց բարուրից ու կիրառում է իր բանավոր խոսքի մեջ:

Աքսիոմ 9. Շեշտենք, որ այս շարադրանքը պնդում է, որ մեր օրերի լեզվական ցանկացած երևույթը (նաև բառը, խոսքը ևն) մեր օրերի ճշմարիտ կամ անաղարտ ՄԱՅՐԵՆԻ հայերեններից չի (այսինքն, կա´մ հնացած է, արխայիկ է, կա´մ աղավաղ է, կա´մ հայաձև չի, կա´մ կոտրատված է, կա´մ ժարգոն է), եթե այդ բարբառը կրողների շատ քիչ մասն է սա կիրառում իր բանավոր անբռնազբոս խոսքի մեջ:

Հետևանք. Աքսիոմ 9-ի իմաստով, գրական ոճերն ա´նպայման են ժարգոն, ինչը չի բացառում, որ սրանց մեջ հանճարեղ համարվող գործեր լինեն:

Քվազիաքսիոմ 5. Մայրենիության («իսկական» հայերենության) որևէ ուրիշ ԳԻՏԱԿԱՆ չափանիշ, բացի Աքսիոմ 4-ն ու 9-ը, չի եղել, չկա ու չի էլ լինի, քանի որ լեզուն փոփոխակա´ն է, պրոցե´ս է:

Աքսիոմ 10. Լեզվի բառ-ձայներն իրենց իմաստների հետ տրամաբանական ոչ մի կապ չունեն (չհաշված թերևս բնաձայն բառերը), այսինքն, լեզուն պայմանադիր է:

Աքսիոմ 11. Տվյալ լեզվի քերականական բոլոր կաղապարների գործունեությունը լրի´վ է վերացական ու ռեֆլեքսային՝ հենց ձևական տրամաբանության (ֆորմալ լոգիկայի) իմաստով (տես հետո):

Աքսիոմ 12. Լեզուն գերբարդ ու բաց պրոցես է, ուրեմն, լեզվի փոփոխությունները պատահական են ու սպոնտան, այսինքն, ինքնի´ն են, ինքնակա´ են [7, 16, 36-39]:

Աքսիոմ 13. Լեզվական պրոցեսի կազմակերպողն ու կառավարողը ԼԳՕ-ն է, այսինքն, հենց ի՛նքը՝ լեզո՛ւն է, հենց լեզվական պրոցե՛սն է) [7, 19, 36-41], որովհետև լեզուն ինքնակազմակերպ է, ինքնընթաց ու ինքնակառավար:

Աքսիոմ 14. Լեզվի ապագայի գիտական գուշակությունը (այնպիսինը, ինչպիսինը ֆիզիկոսներն են անում), հենց սկզբունքով, անհնար է [7, 19, 36-41]:

Աքսիոմ 15. Լեզուն մարդկային գործունեության արդյունքն է, բայց լեզուն մարդկային գիտակից ծրագրի արդյունք չի [7, 19, 36-41]:

Աքսիոմ 16. Լեզվական ձեռքբերովի ինֆորմացիան գեներով չի ժառանգվում:

Գեներով ժառանգվում է միայն հոդաբաշխ գիտակից խոսքի ունակությունն ու, կենդանիների համեմատ, մարդու ուրիշի խոսքն իմիտացիա անելու (կապկելու, ընդօրինակելու) ու հիշելու արտառոց հզորությունը:

Դրույթ 7. Մարդու նաև լեզվական իմիտացիայի՝ գեներով փոխանցվող ունակությունը, կենդանիների համեմատ, բազում անգամ ավելի հզոր է:

Աքսիոմ 17. Լեզվական պրոցեսը, այսինքն, հենց (կենդանի) լեզու կոչվածը, մի անընդհատ ու մշտական «ցրիվ», կամ «ընդլայն», կամ «դիֆուզվող» կամ «ինքնուրույն, ինքնակա, սպոնտան» կարգ է, Ֆրիդրիխ Ավգուստ Հայեկի իմաստով [19, 36-41]:

Աքսիոմ 18. Լեզվական տվյալ կարգավոր պրոցեսի ողջ ինֆորմացիան բաշխված է այդ ցրիվ կարգի առանձին անդամների ուղեղների մեջ ու սրա ամեն մի առանձին մասը փոփոխական է, եզակի ու շատ անգամ էլ մասամբ անհայտ: Սրա համար էլ որևէ լեզվական պրոցեսի լրիվ ու սպառիչ նկարագրությունն անհնար է:

Սոսյուրը ճիշտ է, երբ ասում է, թե լեզվից բարդ բան չկա (ավելի ճիշտ, լեզվից բարդը միայն կյանքն է, ու լեզուն էլ սրա ոլորտների մեծագույն-մեծագույն մասի հնչավորողն է, ու հենց սրա համար էլ ինքն է՛լ է համարյա կյանքի չափ բարդ):

Այնուամենայնիվ, այս չափազանց բարդ պրոցեսը կարգավոր է, կարգ է:

Օրինակ, ատոմների կարգը (դասավորությունը) համարյա իդեալական բյուրեղի մեջ ցրիվ կարգ չի, կանոնավոր կարգ է, ու այս կարգը կրկնվում է ատոմների ցանկացած մեծ թվից՝ միլիոնից, միլիարդից ու նույնիսկ 100 միլիարդ միլիարդից հետո:

Ամորֆ նյութի ատոմների դասավորությունն արդեն շատ է անկանոն, բայց սրա մեջ էլ կա հեռակա կարգ:

Լեզվական կարգը բավական նման է ամորֆ նյութերի հեռակա կարգին, բայց սրանից էլ է բարդ, ու անչափ է բարդ, ու այդ կարգը կա՛, գոյություն ունի´:

Դրույթ 8. Թե որ մանուկը միայն իր ընտանիքի ու իրենց տան մերձավոր շրջակայքի լեզվական լոկալ (մերձակա) կարգը յուրացնի, համարյա լրիվ կիմանա հեռու-հեռու տեղերի ընդհանուր ցրիվ կարգը, այսինքն, կիմանա նաև հեռակա կարգը, extended order-ը:

Դրույթ 9. Լեզվական ցրիվ կարգը ոչնչացնելու միակ ոչ հարկադիր (ոչ «արտաքին») ձևն այս կարգն անձեռնտու կամ անպատիվ անելն է, ինչից հետո խոսողները հենց իրե´նք են երես թեքում իրենց լեզվից:

Աքսիոմ 19. Երբ երկու բարբառ է իրար հակադրվում, սրանցից մեկը, համարյա անհետ, ոչնչանում է (մնացածի մեջ թողնելով, շատ-շատ, մի քանի բառ, մեծ մասամբ՝ տեղանուն կամ ուտելիքի կամ տարազի անուն ևն):

Սրան հակասող ոչ մի փաստ չկա:

Աքսիոմ 20. Երկու բարբառի հիբրիդ չի եղել, չկա ու (երևի) չի էլ լինի, որովհետև, սկզբունքով իսկ, չի եղել ու չկա գիտակցական ծրագրով սպոնտան ու փոփոխական ցրիվ կարգով ինքնակա ընթացող պրոցես ստեղծելու ոչ մի մեթոդ:

Աքսիոմ-կրկնություն 21. Լեզվական պրոցեսի (այսինքն, հենց լեզվի) քիչ թե շատ հեռավոր ապագան անհայտ է հենց սկզբունքո´վ, քանի որ լեզվական պրոցեսը գերբարդ ու բաց համակարգ է:

Այս դրույթի ամենալավ ցուցադրությունը լեզվական մեկ ընտանիքից, օրինակ, հնդեվրոպական մայր լեզվից, առաջացած բազում լեզուն, բարբառն ու խոսվածքն է:

Աքսիոմ 22. Լեզվական պրոցեսը չի ենթարկվում մարդկային անհատի կամ անհատների խմբի պարտադրած ծրագրերին:

Սա նշանակում է, որ անհնար է, որ որևէ անհատ կամ անհատների որևէ փոքր խումբը (մեր Ակադեմիայի կամ Լեզվի տեսչություն կամ Լեզվի պետական կոմիտե կոչվածների պես մեկը կամ մի քանիսը, կամ էլ նույնիսկ մեր բոլոր լեզվաբանները, իրար հետ վերցրած) մարդկային որևէ գիտակից ծրագրով կառավարեն որևէ հանրության կենդանի լեզուն, (այսինքն, իրականացնեն իրենց այդ ծրագրի կետերը): Ինչո՞ւ: Որովհետև.

Աքսիոմ 23. Կառավարելի է միայն ա՛յն համակարգը, ինչի ապագան հայտնի է:

(Որևէ պրոցեսը կառավարելու համար պետք է, որ այս պրոցեսի ապագան գուշակելով՝ կառավարելու ծրագիր կազմվի): Այնինչ, լեզվական պրոցեսի (այսինքն, լեզվի) ապագան անհայտ է հենց սկզբունքո´վ:

Քվազիաքսիոմ 6. Սա չի նշանակում, թե լեզուն կառավարելու փորձն է՛լ է անհնար: Լեզուն շատ անգամ են փորձել ու հիմա է՛լ են փորձում ղեկավարեն:

Այս փորձերն ստիպում են, որ լեզուն փոխվի, լեզվական ինքնակա պրոցեսն էլ խաթարվի: Բայց նույնիսկ այս դեպքերում լեզուն փոխվում է իր սեփական անգուշակելի քմահաճույքով, ու ոչ մի անգամ չի ենթարկվում առաջարկված ծրագրին, իսկ լեզվական նոր երևույթներն էլ անսպասելի են:

Օրինակ, երբ մեր հյուսիսյանները սկսեցին Երևանի բարբառը «մաքրելու» իրենց փորձը, ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ սրա արդյունքներից մեկը լինելու է այն օրերի Երևանի բարբառի «ը» հոդի ՄԱՍՆԱԿԻ մահը, այսինքն, որ կվերանան «ը»-ի հետևյալ տիպի գործածությունները. «Էրեխեն այգումԸ կըլի, որ կանչես, այգուցԸ, ավելի ճիշտ՝ այգու մեջիցԸ, կգա ու սաղ օրը կմնա սենյակի մեջԸ» ևն:

Քվազիաքսիոմ 7. Լեզուն մարդկային որևէ ծրագրով ղեկավարելու փորձերի արդյունքը մի՛շտ է անսպասելի, ու այս փորձերը մի´շտ են հասցնում լեզվի արհեստականությանն ու սա կիրառելու հույժ դժվարությանը: Այս փորձերի հետևողական կիրառությունը լեզուն դարձնում է ժարգոն, ինչի ցայտուն օրինակներից են՝ գրաբարը, մանավանդ արդեն մեր միջնադարում ու հետո, ու մեր այսօրվա ժարգոն դարձած գրական ոճերը:

Քվազիաքսիոմ 8. Բանավոր ճամփով տվյալ կենդանի բարբառը մտած ու հաստատված ցանկացած «օտար» բառը «ճիշտ է» ու պիտի համարվի հենց այդ բարբառի բառ, այսինքն, փոխ առած ցանկացած բառն այդ բարբառի լրիվ թույլատրելի բառն է, անկախ փոխառության աղբյուրից (այսինքն, անկախ ա՛յն բանից, թե այդ բառն ի՛նչ օտար լեզվից (ու նույնիսկ նույն լեզվի գրական ոճերից կամ հին, մեռած վիճակներից ու նույնիսկ թուրքերենից)) է եկել տվյալ բարբառը:

(Իհարկե, այս դիտողությունը նաև ԼԳՕ-ի հետևանքն է):

Քվազիաքսիոմ 9. Ազգային (էթնիկ) երգն ու պարն էլ են պրոցեսային ու բանավոր փոխանցվող-դիֆուզվող ցրիվ կարգ: Երբ 1920 թվից հետո հայ էթնիկական երգ ու պարի ցրիվ կարգ-պրոցեսն անպատիվ արվեց, ու սրա տեղն առաջարկվեց «աշուղագուսանական ինտերնացիոնալ» կարգը, մեր ազգային երգ ու պարի պրոցեսի ինքնուրույն ցրիվ կարգը մեռավ:

Նորից ու նորից ասեմ, որ մեր գրական ոճերի ջատագովները անընդհատ վարկաբեկում են մեր բարբառների ու մանավանդ Երևանի բարբառի ինքնուրույն ցրիվ կարգը՝ չհասկանալով, որ սրանով բռնում են հայերեն լեզուն սպանելու ուղին:

Քվազիաքսիոմ 10. Քանի որ բարբառը կրող անհատներն իրարից անպայման են տարբեր թե՛ իրենց լեզվական անհատական (մասնակի) ինֆորմացիայով, թե՛ իրենց գենետիկական եզակի հատկություններով, ուրեմն, անհատների լեզվական մասնավոր ինֆորմացիաներն ու այս ինֆորմացիաներն արտահայտելու ձևերն իրարից անպայման են տարբեր:

Աքսիոմ 24. Կոպիտ ասած, քանի անհատ կա, այնքան էլ անհատական ոճ կա:

Աքսիոմ 25. Լեզուն անընդհատ է փոփոխվում, այսինքն, լեզվի անհատ կրողները, կախված շրջապատից ու ժամանակի ընթացքից, անընդհատ ու աննկատելի (աննըկատելի թե՛ իրենց, թե՛ մնացած կրողների համար) տարբեր ձևերով են արտահայտում նույնիսկ նույն լեզվական ինֆորմացիան, անընդհատ նույն բաները տարբեր ձևով են ասում, մանավանդ, հնչյունների, ինտոնացիայի, ձևաբանության ու շարահյուսական տեսանկյունից:

Քվազիաքսիոմ 11. Լեզվական այս աննկատելի ու (ֆիզիկոսների ասած) լրիվ պատահական ու անհատական ֆլուկտուացիաները («աղավաղմունքները, շեղմունքները, մանրիկ սխալները») անընդհատ փոխում են տվյալ բարբառը:

Քվազիաքսիոմ 12. Լեզվի անընդհատ փոփոխությունը հնարավոր է, որովհետև խոսելիս անհատը լեզվական սխալներ անելու իրավունքն ունի ու անում է՛լ է:

(Այս սխալներն անում է նույնիսկ հանճարեղ լեզվաբանը):

Այս սխալները ա՛նպայման են բնական (հատուկ են լեզվին, ներհուն են խոսելու պրոցեսին) ու միշտ էլ մանր են ու աննկատելի, որովհետև մայրենի բարբառով խոսողներից ամեն մեկը թե´ ենթարկվում է նվազագույն ճիգով խոսելու ռեֆլեքսին, թե´ ձգտում է հասկանալի ու «ճիշտ» խոսելուն, այսինքն, ուրիշների կայունացած խոսքը կապկելուն, որ կա´մ ծիծաղելի չլինի, կա´մ անգրագետ կա´մ տհաճ մարդ չհամարվի:

(Այս առումով՝ մանավանդ «պատվասեր են» մանուկները, ովքեր զգուշանում են «սխալ» խոսելուց, որ ձեռ առնելու առարկա չդառնան):

Աքսիոմ 26. Թե որ լեզվական սխալները չլինեին, լեզուն ոչ կփոխվեր, ոչ էլ լեզվական նոր երևույթներ հայտնագործելով կհարմարվեր կյանքի նոր իրավիճակներին ու այդպիսի լեզուն չափազանց անհարմար կլիներ ու քիչ-քիչ կդառնար անկիրառելի: Հանրության անդամներն էլ, ի վերջո, կհրաժարվեին այդ լեզվից ու իրենց զավակների համար ուրիշ մայրենի լեզու կընտրեին:

Աքսիոմ 27. Մարդու անվերացնելի սխալականությունը նորը հայտնագործելու հնարավորության հիմնական պայմանն է բոլո´ր բնագավառներում:

Լեզվական պրոցեսի հենց սխալականությունն է հնար տալիս, որ լեզվակա´ն նոր երևույթներ հայտնագործվեն:

Քվազիաքսիոմ 13. Տրված բարբառի ինքնությունն ապահովվում է սպոնտան, ինքնին, ու սա ապահովվում է լեզվական անալոգիայի ու ինֆորմացիան փոխանցելու պատահականության մեխանիզմներով, քանի որ բարբառը կրողներն իմիտացիայով (իրար կապկելով) անընդհատ փոխանցում են իրենց անհատական լեզվական ինֆորմացիան թե՛ հորիզոնական ուղղությամբ (այսինքն, իրար), թե՛ ուղղաձիգ ուղղությամբ (այսինքն, սերունդներին), ու այս ինֆորմացիան դիֆուզիայով ցրվում բաշխվում է ողջ հանրության մեջ:

Դրույթ 10. Լեզվի ամեն մի կրողը մնացած կրողների ու մանուկների համար լեզվի գերազանց ուսուցիչ է:

Աքսիոմ 28. Մարդկային արարմունքին (գործունեությանը) վերաբերող ցանկացած բանը սովորելու միակ հիմնական ձևն իմիտացիա´ն է, կապկե´լն է, անալոգիայի մեխանի´զմն է:

Աքսիոմ 29. Անհատի գիտակից կամ անգիտակից իմիտացիայի ու ֆլուկտուացիայի ունակությունն այդ անհատի գեներով ժառանգովի բնական անկապտելի հատկությունն է:

Քվազիաքսիոմ 14. Անալոգիայի մեխանիզմն ապահովում է տվյալ բարբառի թե՛ քվազի («համարյա») համասեռությունը, թե՛ քվազիկայունությունը կամ քվազինույնությունը:

Քվազիաքսիոմ 15. Բարբառի այս քվազիհամասեռությունը հնարավորություն է տալիս, որ բարբառի նույնիսկ անծանոթ կրողներն իրար հասկանան նվազագույն ճիգով ու իրար հետ խոսեն առավելագույն հեշտությամբ:

Քվազիաքսիոմ 16. Որևէ բարբառի քվազիկայունությունը չի թողնում, որ տվյալ բարբառը շատ արագ փոխվի ու բարբառը մի քանի սերնդի ընթացքում մնում է քվազինույնը, թե չէ՝ այդ բարբառի կիրառությունը խիստ կդժվարանար:

Դրույթ 11. Լեզվի քվազիկայունությունն ու ի բնե փոփոխականությունն անհընար կլինեին, թե որ անալոգիայի ու ֆլուկտուացիաների գործողությունները իրար դինամիկ չհամակշռեին, այսինքն, լեզվական պրոցեսն ու լեզվական սիստեմը չդարձնեին դինամիկ քվազիկայուն:

Դրույթ 12. Եթե անալոգիան ստիպում է, որ լեզվական պրոցեսը մնա քվազիկայուն կամ քվազինույնը, ֆլուկտուացիա-շեղմունքներն էլ ստիպում են, որ լեզուն փոխվի: Այս փոփոխականությունը զգալի է դառնում միայն երկար ընթացքում:

Դրույթ 13. Ֆլուկտուացիաները (մանավանդ բառային փոխառությունները) հընար են տալիս, որ լեզուն հարմարվի կյանքի նոր պայմաններին:

Քվազիաքսիոմ 17. Անհնար է, որ որևէ լեզու «մաքուր» լինի, քանի որ բառային փոխառություններն անխուսափելի են, իսկ լեզուն էլ ինքնակազմակերպ է, ինքնընթաց ու ինքնակառավար, ու պիտի անընդհատ հարմարվի կյանքի նոր, փոխված պայմաններին: Իսկ այս վերջինի համար էլ փոխառությունները պարտադիր են, որովհետև արդեն կազմակերպված (ոչ պրիմիտիվ) լեզուն նոր արմատ ստեղծելու փոխարեն՝ փոխառություն է անում:

Քվազիաքսիոմ 18. Նախորդ քվազիաքսիոմից բխում է, որ այս ողջ աշխարհում նույնիսկ մի հատ մաքուր լեզու չկա, ու գիտությանը ոչ մի «արդեն կազմակերպված» մաքուր լեզու հայտնի չի:

Քվազիաքսիոմ 19. Լեզուն մաքրելու մեր այս հուսահատ ճիգերն ամուլ են, հակագիտական ու հակագեղարվեստական, նաև՝ վնասակար, որովհետև տպավորություն են ստեղծում, թե իբր մի շատ կարևոր ու հայրենանվեր գործ է արվում:

Աքսիոմ 30. Լեզուն մաքրելու պահանջը քաղաքական պահանջ է, ու սա հակասում է թե՛ գիտությանը, թե՛ գեղարվեստին:

Լեզուն մաքրելու քաղաքական պահանջները նման են անշունչ-շնչավոր արարած կամ քառակուսի-շրջանագիծ ստեղծելու պահանջներին, բայց պետության կենտրոնացրած պարտադիր կրթության եռանդուն քարոզչությունը չի թողնում, որ ժողովուրդն այս անհեթեթությունը նկատի կամ սրանից հրաժարվի:

Քվազիաքսիոմ 20. Բառը «մեղավոր չի», որ ինքը թուրքերենից կամ ռուսերենից է փոխ առնվել: Թուրքերենից են, օրինակ, մեր գրական ոճերի հետևյալ «ոսկեղենիկ» համարվող բառերը. «ելակ, երշիկ, խամաճիկ, տոպրակ, խաթուն»: «Խամաճիկ»-ը ոչ մի բանով ավելի լավը չի, քան «կուկլա»-ն, ինչն արդեն վաղուց է հայերեն:

Ըստ ԼԳՕ-ի, «խամաճիկ»-ն այսօր հայերեն չի, որովհետև սա չկա Երևանի բարբառի մեջ: Ինչքան էլ տարօրինակ հնչի, նույն ձևով էլ «տիկնիկ»-ն է այսօր «օտար», որովհետև սա է՛լ չկա Երևանի այսօրվա բարբառի ցրիվ կարգի մեջ: Սրանց այսօրվա հայերեն համարժեքը «կուկլա»-ն է:

Քվազիաքսիոմ 21. Որևէ լեզվի մայր բարբառի փոխ առած ու արդեն կայուն բոլոր բառերը ա´նպայման են թե´ թույլատրելի, թե´ երաշխավորելի այդ լեզվի գրական ոճերի համար, որովհետև սա´ է ԼԳՕ-ի պահանջը:

Սա նշանակում է, օրինակ, որ հայերեն գրական ոճերի համար պիտի թույլատրելի համարվեն հետևյալ բառերի պես բառերը. «վափշե, դաժե, օֆիս, վալյուտա, ադվյոռկա, կոմպ, բիտքոյն, լանցետ, դռել, չագուջ, կվալդ, չոթկ» ևն, ևն:

Քվազիաքսիոմ 22. Մայր բարբառի այն բառերը, որոնց արտասանությունը այսօր տարբեր է մեր եկեղեցու «ավանդական» կոչված արտասանությունից, պիտի թույլատրելի ու երաշխավորելի համարվեն մեր գրական ոճերի համար, որովհետև սա´ է ԼԳՕ-ի պահանջը:

Սա նշանակում է, որ, օրինակ, թույլատրելի ու երաշխավորելի են հետևյալ բառերը. «խի, էթամ, էփեմ, էրեկ, էրնեկ, քցեմ, քից, քթա, քթի´, քթնեմ, տենամ, գիդեմ, որտեվ, կզեմ, լից լցրու»-ի հետ զուգահեռ), վափշե, դաժե, օֆիս, վալյուտա, ադվյոռկա, կոմպ, բիտքոին, լանցետ, դռել, չագուջ, կվալդ, չոթկ ևն, ևն:

Աքսիոմ 31. Որևէ բարբառի քերականական կանոններն ու գործածական բառերն ա´նպայման են թույլատրելի ու նաև հույժ երաշխավորելի այդ բարբառի գրական ոճերի համար:

Սա նշանակում է, որ, օրինակ, թույլատրելի ու երաշխավորելի են հետևյալ տիպի բառերը. «խի, էս, էտ, էն, էսի, էտի, էնի, ուզում եմ էթամ, կարամ էթամ, պտի վազեմ» ձևերը, փոխանակ՝ իրենց գրական համարվող հետևյալ ձևերի. «ինչու, այս, այդ, այն, ուզում եմ գնամ, կարող եմ գնալ, կարողանում եմ գնամ, պիտի/պետք է վազել»:

Դրույթ 14. Գրական ոճերի «կարողանամ» բայն ու սրան համապատասխան դերբայը պիտի համարվեն հույժ անցանկալի, քանի որ հայերենը, հակառակ լեզվական կուրության (կամ վարակի, տես հետո) երևույթի, ենթակայական դերբայից (ող-պարտիցիպից) ուրիշ ոչ մի «բայ» չստեղծեց, իսկ այս «կարողանամ»-ը չմտավ բարբառները: Սա Չուկովսկու ասած լեզվական հրեշներից է:

Աքսիոմ 32. Լեզվական նոր միջոց ընտրելիս (ուրեմն, նաև բառ փոխ առնելիս) կենդանի լեզուն (լեզվական պրոցեսը) ազատ է ու ոչ մի բանով սահմանափակ չի, քանի որ ոչ գրական իրավիճակներում ոչ մի խոչընդոտ չկա, ինչն արգելի կամ խանգարի, որ որևէ բառ-ձայնային միջոցին ինչ-որ մի գաղափար հատկացվի:

Քվազիաքսիոմ 23. Գրական ոճերի իմացությունը, ինչին ասում են «կիրթ հայերենի իմացություն», ընդամենը Երեվանի բարբառից զգալի շեղված ու, ըստ էության աղավաղ հայերենի իմացությունն է:

«Կիրթ հայերենության» այս պահանջն ընդամենը քաղքենական պահանջ է, ու ոչ մի առնչություն չունի գիտությանը:

7.3 Լեզվի պայմանադրությունը

Մարդկային լեզուն լրի´վ-լրի´վ է պայմանա(դրա)կան (conventional) ու վերացական կամ, մաթեմատիկոսների պես ասած, լրիվ ֆորմալիստական է (վերացականության ու ֆորմալիզմի մասին տես մի քիչ հետո):

Դրույթ 1. Լեզվական ինքնուրույն ու ցրիվ կարգը, այսինքն, կենդանի լեզուն կամ լեզվական պրոցեսը (ինքը բարբա´ռը, խոսվա՛ծքը), անգիտակից պայմանադրությամբ է ստեղծվել (այսինքն, ստեղծվել է առանց մարդկային որևէ ծրագրի), ու այս պայմանադրությունը միշտ կա ու կլինի:

Դրույթ 2. Ուրեմն, լեզվական համարյա ոչ մի փաստը դատողության արդյունք չի:

Ինչպես Սոսյուրն է ասում [40].

Դրույթ 3. Բառ-ձայն-նշանի ու սրան վերագրվող պայմանական իմաստի (այսինքն, Սոսյուրի ասած signified-ի ու signifier-ի) միջև ոչ մի կապ չկա, ու սրանց զուգորդությունները լրիվ պատահական են առաջացել (թերևս բացառությամբ բնաձայն բառերի):

Այսինքն, ինչպես ասվել է.

Դրույթ 4. Լեզվական փաստերը մարդկային դատողությունով կամ գիտակցված տրամաբանությամբ չեն ստեղծվել, չնայած այս փաստերը մարդկային արարմունքի (գործունեության) արդյունք են:

Դրույթ 5. Լեզվական պրոցեսի ստեղծողը եղել է մշակութային էվոլյուցիան՝ պատահականությունների վիթխարի շարանի ու կապկելով խոսելու նվազագույն ճիգի օրենքի ընտրական զորությամբ:

(Կարծում եմ, որ գոնե մինչև որևէ լեզվի գրի ստեղծելն այս դրույթն ակնհայտ է, ու բացարձակ է անվիճելի): Այս պնդումը լեզվի պատմությունից ու գերբարդ ու բաց սիստեմների տեսությունից անտեղյակ (կամ քիչ տեղյակ) մարդկանց համար այնքա´ն է անսպասելի, որ սա մի քիչ ավելի մանարամասն բացատրության կարիք ունի (տես նաև 9-րդ գլուխը): Լեզուն ինքը, առհասարակ, պայմանական (կամ պայմանադիր կամ conventional) է այն իմաստով, որ.

Դրույթ 6. Լեզվի բառերն ու խոսքերն ու այլ բաղադրիչները (ներառյալ՝ միջարկություններն ու նույնիսկ ժեստերն ու միմիկան, բայց բնաձայն բառերը թերևս բացառած) տրամաբանական ոչ մի կապ չունեն իրենց արտահայտած գաղափարների հետ:

Սա նշանակում է, որ.

Դրույթ 7. Լեզվական թերևս բոլոր երևույթներն էլ տրամաբանական եզրակացության արդյունք չեն ու մարդկային գիտակից ծրագրով չեն ստեղծվել:

Օրինակ՝ հայերեն «սեղան», անգլերեն «table» ու ռուսերեն «стол» բառերը ոչ մի տրամաբանական կապ չունեն «սեղան» եզական որևէ մեկ առարկայի հետ: Նույն ձևով՝ «խոսում եմ, I speak» կամ «I am speaking» ու «говорю» խոսքերը տրամաբանական ոչ մի կապ չունեն իրենց արտահայտած գործողությունը ստորոգելու (բայի դեմքին վերագրելու) հետ:

Դրույթ 8. Լեզվական պրոցեսի անգիտակից պայմանադրությունն սկսվել է լեզվական պրոցեսի հենց ծննդի շրջանից (ինչը մեզ անհայտ է), մարդկանց ուղեղներում գրանցվող մտապատկերների պատահական զուգորդությունների միջոցով, ու այս անգիտակից պայմանադրությունը պահպանվում է այս պրոցեսի ողջ ընթացքում:

Ինչո՞ւ է այս պայմանադրությունն անգիտակից: Սա անգիտակից է, որովհետև ոչ թե մարդկային դատողության կամ ծրագրի արդյունք է, այլ վիթխարի թվով պատահականությունների մի վիխարի շարանի:

Ուզում եմ ասեմ, որ ոչ մի երկրի մարդիկ երբևէ չեն հավաքվել ու պայմանավորվել, թե «էկեք էսինչ բանին ասենք սեղան, էն մեկին էլ՝ քար ևն»: Իրոք էլ, խոսքի ընթացքում ու նույնիսկ միշտ՝ ոչ մեկն էլ չի մտածում, թե օրինակ՝ ինչո՞ւ են «քար»-ին ասում՝ «քար» ու ոչ թե ասենք՝ «ջոնգոլ» կամ «կոկալոլոբուրտ»:

Դրույթ 9. Բառերն է՛լ, լեզվական մնացած բոլոր երևույթներն է´լ առաջացել են ինքնին, սպոնտան, անծրագիր պատահականությունների ու սրանց ընդհանրանալու մի վիթխարի ու երևի մի կես կամ մեկուկես միլիոն տարի տևած պրոցեսով, ու այս պրոցեսը մանավանդ արագացել է, երբ խոսողների թիվը աճել է:

Մոտ մի 100000 տարի առաջ (ու նույնիսկ մի 10-12 հազար տարի առաջ) երկրագնդի վրա թափառող մարդկային տոհմական խմբերն ամենաշատը մոտ 10-15 որսորդանոց էին (մնացածները կանայք ու երեխաներն էին, ծերունի չկար, որովհետև կյանքի միջին տևողությունը 35-40 տարի էր), ու սրանց լեզուն նախ շատ «աղքատ» ու «պրիմիտիվ էր». երկրորդն էլ՝ այս «պրիմիտիվ» լեզուն շատ թերևս դանդաղ էր փոփոխվում: Հետո լեզուն քիչ-քիչ «կազմակերպվեց ու զարգացավ»:

Իմիջիայլոց, լեզվական պրոցեսի մասին այս շարադրանքը ենթադրում է, որ խոսողների թիվը բավական մեծ է: Ավելի ճիշտ, որ այդ լեզուն կրող իրար անծանոթների՛ թիվն է բավական մեծ:

7.4 Լեզվի վերացականությունը (հայաձևությունը)

Կա մի ռուս քերականի հայտնի օրինակը (Щерба Лев Владимирович-ինը, 1880-1944), ով, համոզելու համար իր ուսանողներին, որ լեզուն բացարձա´կ է պայմանական, ու որ լեզվի համար ավելի կարևոր է ձևաբանությունն ու շարահյուսությունը, ասում է, որ հետևյալ խոսքը ռուսերեն է.

«Гло´кая ку´здра мои´м мо´кром ште´ко забудлану´ла ба´кра и курдя´чит бакрёнка».

Հիմա եկեք տեղառքի կանոններով (տես Գլուխ 10-ը) այս նախադասության ռուսերեն քերականությունր տեղակալենք հայերեն քերականությամբ.

Գլոկ կուզդրն իմ մոկրով շտեկ-շտեկ բուդլանեց բակրին ու կուրդում է բակրիկին:

Իհա՛րկե, սա հայերեն է (կամ հայաձև է), իսկ վերևինը՝ ռուսերեն (կամ ռուսաձև), չնայած երկուսն էլ անհեթեթ են, որովհետև առաջինը անհեթեթ է ռուսերենի պրոցեսի ինքնուրույն կարգի մեջ, իսկ երկրորդը՝ հայերենի:

Սրանք ձևեր են, որոնց առանձին մասերը բովանդակություն չունեն, որովհետև սրանց բառերի մի մասը զուրկ է վերը ասված անգիտակից պայմանադրությունից, ու այս մասերը համապատասխան պրոցեսների ինքնուրույն կարգերի մեջ չկան:

Բայց սրանց քերականություններն այդ կարգերի մեջ կա՛ն:

Այժմ էլ այս «խոսքը» տեղակալենք անգլերենի քերականությամբ.

The glock coozdre shteckly boudlaned the bacre with my mocre and is khurding the bacret.

Անկասկած է, որ սա էլ անգլերեն է (կամ անգլաձև է): Ուրեմն.

Դրույթ 1. Լեզվի ոչ միայն առանձին բառերի իմաստնե՛րն են պայմանական, այլև՝ լեզվի ողջ հնչյունաբանությունը, ձևաբանությունն ու շարահյուսությունը:

Լեզվի պայմանադրությունը, ուրեմն, նաև վերացականությունը շատ լավ է երևում մաթեմատիկական լեզվի (= մաթ-լեզվի) օրինակով:

Մաթ-լեզվի կառուցվածքի սխեման հետևյալն է:

Օրինակ, երկրաչափը առաջին քայլով ընտրում է այն լրիվ վերացական (ոչ բնագիտական, փորձով ոչ չափելի ու, այս իմաստով, բնության մեջ բացակա) հիմնային հասկացությունները (օբյեկտները, ձայները, կոնստրուկտները), որոնցով կառուցելու է կամ խաղալու է («խոսելու է») իր մաթեմատիկա կոչած «լեզուն» («խաղը», տեսությունը ևն):

Օրինակ, էվկլիդյան մետրիկական երկրաչափության այս հիմնական օբյեկտները կամ «երկրաչափություն խաղի ֆիգուրներն» են հետևյալ չորս բառ-ձայնը.

կետ, ուղիղ, հարթություն, հեռավորություն:

Դրույթ 2. «կետ, ուղիղ, հարթություն, հեռավորություն» բառերը մաթեմատիկոսի համար լոկ ձայն են, լոկ signified են, որոնք զուրկ են իրենց կենցաղային սովորական որևէ իմաստից, չնայած նման են կենցաղային signifier-ային բառերի, այսինքն, նման են կեցաղային կետին, ուղղին, հարթությանն ու հեռավորությանը:

Երկրորդ քայլով երկրաչափն ընտրում է այս օբյեկտներն իրար կապող հարաբերությունները, այսինքն, ընտրում է իր գործածելիք բայերն ու նաև սրանց ժխտականները. օրինակ. «անցնում է, ու չի անցնում, ընկած է, չի ընկած, պատկանում է, չի պատկանում» ևն, որ, օրինակ, հետևյալ տիպի բաներ ասի. «ուղիղն անցնում է (չի անցնում) տրված կետով, ուղիղը հարթության մեջ է (ընկած է (չի ընկած) հարթության մեջ, կամ պատկանում է/չի պատկանում հարթությանը» ևն):

Բացի սրանք, ինչպես արդեն ասվել է, երկրաչափը նոր գաղափարներ է սահմանում, այսինքն, երկար բաներին կարճ անուն է տալիս:

Օրինակ, փոխանակ անընդհատ ու ամեն անգամ ասի. «հարթության այն ուղիղները, որոնք ոչ մի ընդհանուր կետ չունեն (կամ չեն հատվում)», մի անգամ պայմանավորվում է, որ միշտ կարճ ասի. «զուգահեռ ուղիղները», ու այսպիսի պայմաններին ասում է «սահմանում» (տես նաև գլուխ 3-ը):

Դրույթ 3. Առանց սահմանումների՝ գիտությունն անհնար կլիներ (իմիջիայլոց, լեզվի բոլոր բառերն էլ, ինչ-որ իմաստով, անգիտակից սահմանումներ են):

Երրորդ քայլով երկրաչափը ընտրում է իր մաթեմատիկական «խաղի» կանոնները, այսինքն, աքսիոմներն ու պոստուլատները (սրանք սինոնիմներ են. այս երկրորդները կապված են կառուցելուն): Օրինակ.

1. Ամեն մի կետով անցնում է ինչքան ասես ուղիղ:

2. Երկու կետով անցնում է միայն մեկ ուղիղ:

3. Հարթության ուղղի դրսի կետով անցնում է այս ուղղին զուգահեռ միայն մեկ ուղիղ:

Դրույթ 4. Աքսիոմների ընտրությունը լրի´վ է կամայական, միայն մի բացառությունով.

Դրույթ 5. Ոչ մի աքսիոմ չպիտի հակասի մյուս բոլոր աքսիոմներին:

Հետո երկրաչափը «խոսում է» կամ «խաղում է», այսինքն, մարդկային տրամաբանությունով (ինչն ի սկզբանե (a priori) համարում է տրված ու ճիշտ), ու եզրակացություններ է անում, որոնց ասում է՝ թեորեմ, լեմա կամ հետևանք: Օրինակ Պյութագորասի թեորեմը. «Ուղղանկյուն եռանկյան էջերի երկարությունների քառակուսիների գումարը հավասար է ներքնաձիգի երկարության քառակուսուն»:

Սա լսողը սա չի հասկանա, եթե չիմանա՝ «ուղղանկյուն եռանկյուն, էջ, ներքնաձիգ, երկարություն, քառակուսի ու հավասար լինելու» գաղափարները, այսինքն, եթե չիմանա այս բառերի սահմանումները:

Դրույթ 6. Երկրաչափական «խաղի» արդյունքների (թեորեմների, լեմաների ու հետևանքների), այսինքն, հենց երկրաչափությա´ն ճշմարտացիության չափանիշը (աքսիոմների տվյալ խմբի շրջանակներում) միմիայն մարդկային տրամաբանությունն է, ինչն a priori համարվում է ճշմարիտ:

Վերի թեորեմը, օրինակ, ճշմարիտ է, որովհետև «խաղն» իմացող ամեն մարդ էլ կարող է դա ստանա հիմնական աքսիոմներից, եթե այս խաղը (կամ այս էվկլիդյան լեզվով «խոսել»-ը) ինքն է´լ սովորի:

Թեորեմ, լեմա ու հետևանք ստանալու այս արտառոց հզոր ու բեղուն մեթոդին ասում են արտածմունք, իսկ սրանց ճշմարտացիությունն էլ ստուգելու մեթոդին ասում են ապացույց: Ապացույցն արվում է անհակասական աքսիոմների տվյալ սիստեմի շրջանակներում միայն:

Դրույթ 7. Ապացույց կոչվածը գոյություն ունի միմիայն մաթեմատիկա ու տրամաբանություն ու պռաքսեոլոգիա կոչված գիտություններում (իհարկե, այս բառը գործածվում է նաև իրավագիտության ու սրա կիրառությունների ոլորտներում):

Դրույթ 8. Դրույթների ու փաստերի որևէ հավաքածուն միայն այն դեպքում է գիտություն, եթե այս հավաքածուի թեզերը (այսինքն, սրա բոլոր թեորեմները, լեմաներն ու հետևանքները) ստուգելի են:

Դրույթ 9. Մաթեմատիկայի, տրամաբանության ու պռաքսեոլոգիայի թեզերը սրա որևէ ճյուղի աքսիոմաների շրջանակներում ստուգելի են միմիայն տրամաբանությամբ, այսինքն, ապացուցելով, ուրեմն, ապացուցելի են:

Դրույթ 10. Բնական գիտությունների, օրինակ, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աստղաֆիզիկայի ու աստղագիտության, երկրաբանության թեզերն ապացուցելի չեն, բայց ստուգելի են փորձով կամ դիտումներով:

Դրույթ 11. Լեզվաբանության թեզերն ստուգելի են միմիայն ԼԳՕ-ով, այսինքն ու ի վերջո, բնական գիտությունների պես, փորձո´վ, տվյալ թեզը համեմատելով տվյալ բարբառի իրական երևույթների հետ ու համոզվելով, որ այդ թեզն այդ բարբառում գործո´ւմ է:

Դրույթ 12. Երկրաչափություն-«լեզվի» բոլոր հիմնական բառերը՝ կետը, ուղիղը, հարթությունը, հեռավորությունը, լրի՛վ են վերացական, բովանդակությունից լըրի´վ են զուրկ, ու սրանք նույնիսկ պայմանադիր չեն, այսինքն, անբովանդակ են: Այս ձայն-բառերից պահանջվում է, որ սրանք միմիայն իրարից տարբեր հնչվեն: Այսպիսին պիտի լինեն նաև «մաքուր» մաթեմատիկայի մնացած բոլոր հիմնական «բառերը» (օրինակ, թիվը, ֆունկցիան, սահմանը ևն):

Սոսյուրի լեզվով ասած՝ մաթեմատիկական լեզվի բոլոր բառերը միայն «նշանակված» (signified) են ու բացարձակ անիմաստ են, այսինքն, նշանակող չեն (signifier չեն), որևէ իմաստ չեն նշանակում, չեն պարունակում:

Բայց եթե պայմանավորվենք, որ այս խաղի հիմնական բառերն ունենան այն իմաստները, ինչը նկատի ունի, օրինակ, ինժեները, կստանանք այս «անիրական» խաղի մի «իրական», ոչ վերացական տարբերակը:

Կունենանք ինժեներական երկրաչափությունը, որտեղ կետն ու ուղիղն արդեն սուր մատիտի հետքերն են, հարթությունը ողորկ թղթի մի մասն է, իսկ հեռավորությունը չափում են մասշտաբային քանոնով:

Դրույթ 13. Ինժեներական երկրաչափության բոլոր ասածներն արդեն ստուգելի են փորձով, չափումների ճշտության սահմաններում, ու այս իմաստով այս երկրաչափությունն արդեն «իրական է» ու, իհարկե, նաև մոտավոր է, որովհետև չափումներն են մոտավոր:

Համոզվենք, որ «մաքուր» երկրաչափության հիմնական հասկացություններն իրոք վերացական են, իրոք անիմաստ ու անբովանդակ ձայն են: Սրա համար այս հասկացությունները, այս կետ, ուղիղ, հարթություն, հեռավորություն «բառ-ձայները», փոխարինենք հետևյալ signified «բառ-ձայներով». ջոնգոլ, բուդուլ, գագա, ճկո:

Հետո էլ այս բառերն իրար կապող հարաբերությունները, այսինքն, բայերն ու նաև սրանց ժխտականները փոխարինենք հետևյալ «բառերով». կաժում է, չի կաժում, իսկ «զուգահեռ է» իբր բայ-ստորոգյալի տեղն ասենք, «բլկոռ է», ու «ընդհանուր է» իբր բայ-ստորոգյալի տեղը՝ «շոբանգ է»: Այս նոր «լեզվով» զուգահեռության, ավելի ճիշտ, «բլկոռության» աքսիոմը կդառնա սա.

«բլկոռ են ասվում գագայի այն բուդուլները, որոնք ոչ մի շոբանգ ջոնգոլ չունեն»,

իսկ վերի աքսիոմները կլինեն սրանք.

1. Ամեն մի ջոնգոլին կաժում է ինչքան ասես բուդուլ:

2. Երկու ջոնգոլին կաժում է միայն մեկ բուդուլ:

3. Գագայի բուդուլին չկաժող ջոնգոլին կաժում է այս բուդուլին բլկոռ միայն մեկ բուդուլ:

Պարզ է, որ այս նոր բառերով շարադրած երկրաչափությունը նույնքան է ճիշտ, ինչքան սովորականը (ու նույնքան էլ վերացական է, «մաքուր» է):

(Իմիջիայլոց, ովքեր ծանոթ են այսօրվա մաթեմատիկային, գիտեն, որ մաթեմատիկական լեզուն համարյա այսպիսին է: Օրինակ, երբ մաթեմատիկոսն ասում է. «Այս կոմպակտ բազմությունը էկվիվալենտ է այսինչին», կամ «այս քվազիբիլաթիսները կոմուտատիվ են», կամ «A-ն տրանզիտիվ կամ կոնգրուենտ է B-ին» ևն, ոչ պրոֆեսիոնալի համար իմ հորինած ջոնգոլային լեզվի պես է խոսում):

Երևի ընթերցողին պարզ դարձավ, թե ինչ եմ ասում, երբ ասում եմ, որ մարդկային լեզվի բոլոր երևույթներն էլ պայմանադիր են:

Դրույթ 14. Լեզվական այս պայմանադրությունը հնարավոր է, միայն երբ բառ-ձայները (կամ սրանց գրած ձևերը) լրի´վ են վերացական, ա´յն իմաստով, որ սրանց ու սրանց նշանակած առարկաների ու գաղափարների մեջ ոչ մի տրամաբանական կապ չկա:

Սրա համար էլ, օրինակ, այլազգին հայերի լեզվական պայմանադրությունները չի հասկանա, մինչև սրանք չսովորի, ու այս այլազգուն կթվա, թե հայերենն իրեն լրիվ անհասկանալի ջոնգոլերեն է:

Դրույթ 15. Լեզվի հենց այս բացարձակ ու կատարյալ վերացականությունն է հնարավոր դարձնում, որ երեխան արագ սովորի իր մայրենի լեզուն, սովորի ընդամենը մի 500 բառի շրջանակներում, ու հետո էլ, անալոգիայի մեխանիզմով, նոր բառերով ու երևույթներով տեղակալի իր արդեն սովորած կաղապարները:

Այս ինչքա՛ն զորավոր բան են լեզվի այս պայմանադրությունն ու վերացականությունն ու մի քանի ուրիշ հատկությունը (որ կբերվեն քիչ հետո), որ մանուկն ընդամենը մի 3-4 տարում յուրացնում է լեզու կոչվող բարդագույն պրոցեսին մասնակից դառնալու կարողությունը:

Յուրացնում է ա´յն կարողությունը ինչը մարդկությունը ձևավորել է երևի մի կես կամ գուցե մեկուկես միլիոն տարվա ընթացքում, ընդ որում, ձևավորել է պատահական փորձ ու սխալների մի վիթխարի ու երկա˜ր-երկա˜ր շարանով:

Ու ինչքա՛ն հանճարեղ է շարքային մանուկը, երբ իր «լեզվական պատուհան» կոչվածը դեռ լրի՛վ է բաց (տես քիչ հետո):

7.5 Լեզվի վերացականությունն ու փոխառությունները

Լեզվի վերացականությունը այս բնության թերևս ամենազարմանալի երևույթներից մեկն է:

Մարդկային ուղեղի լեզվական կենտրոններն այնպես են կառուցված, որ սրանք, ամենայն հավանականությամբ, լեզվական ինֆորմացիան գրանցում են իրենց բիոմոլեկուլների բյուրմիլիարդավոր բազմատրիլիոն դասավորության միջոցով:

Մոլեկուլային այս դասավորությունների համար թերևս «միևնույնն է», թե իրենց ստացած ինֆորմացիան չինարենով հաղորդած կլինեն, թե օրինակ, հայերենով:

Ասվածը նույնն է ա´յն իմաստով, որ նույն գաղափարը, օրինակ, «ծով»-ի կամ «ընգավ»-ի գաղափարը, գրանցելու ձևերը կամ սկզբունքները թերևս նույնն են թե´ չինարենի ու չինացու ուղեղի, թե´ հայերենի ու հայի ուղեղի համար:

Դժվար է պատկերացնելը, որ լեզվական ինֆորմացիան գրանցելը լեզվից լեզու տարբեր լինի, որովհետև այդժամ էվոլյուցիան պիտի ասված ինֆորմացիան գրանցելու նույնքան ձև ստեղծած լիներ, ինչքան լեզու (կամ բարբառ) կա, ինչը շատ քիչ է հավանական, մանավանդ որ լեզուների թիվը անընդհատ շատանում է:

Քիչ է հավանական, մանավանդ, որ այս մոլորակի կենդանի միլիարդավոր օրգանիզմի բյուր միլիարդ հատկությունները գրանցելու գենային ինֆորմացիան, ինչը շատ ավելի վթխարի ծավալ ու բարդություն ունի, քանզի պարունակում է նաև հենց լեզո´ւն գրանցելու ֆունդամենտալ ձևերը, գրանցվում է երևի ընդամենը չորս նուկլեոտիդի (ադենինի, թիմին-ուրացիլի, գուանինի ու ցիտոզինի) զանազան դասավորությունների միջոցով, ու սա հնարավոր է, քանզի գենային այս ողջ ինֆորմացիայի գրանցելու այս ընդամենը «չորս տառանի» ձևը հույժ վերացական է:

Դրույթ 1. Հենց լեզվական պրոցեսի կառուցվածքի վերացականությունն է ապահովում լեզվական պրոցեսի այս անսահման հզորությունը, քանի որ այս վերացականությունը թույլ է տալիս, որ լեզվական նոր միավորները (օրինակ, «օտար» բառերը) ազատ մտնեն տվյալ լեզվի պրոցեսը:

Դրույթ 2. Լեզվական փոխառությունները լեզվական պրոցես են մտնում առանց որևէ տրամաբանական քննարկության կամ վերլուծության, առանց լեզվաբանական գիտության որևէ միջամտության, քանզի մտնելու համար քննարկության կամ վերլուծության կամ միջամտության կարիքն ուղղակի չկա, որովհետև բառ-ձայների ու սրանց իմաստների կապը զուտ պայմանադրական-վերացական է:

Դրույթ 3. Լեզվի կառուցվածքի այս պայմանադիր վերացականությունն է պատճառը, որ լեզվական պրոցեսը (արդեն կազմակերպված ոչ պրիմիտիվ) մայրենի լեզվի մեջ համարյա երբեք նոր արմատ չի ստեղծում:

Դրույթ 4. Լեզվական պրոցեսը, լեզվական նոր երևույթ ստեղծելու փոխարեն, իրեն հարկավոր լեզվական պակասող երևույթները ուղղակի վերցնում է մշակութային փոխառությամբ, արդեն պատրաստ: Վերցնում է ա´յն լեզուներից, որոնց հետ շփվում է, որովհետև սա´ է ամենահեշտ ձևը, ինչը լրի´վ է համաձայն նվազագույն ճիգի կամ առավելագույն հեշտության օրենքին:

Այսինքն, ուղեղի կեղևի արարմունքը հիմնված չի որևէ նացիստական, ազգայնական, հայրենասիրական կամ մի ուրիշ քաղաքական սկզբունքի վրա, քանզի ուղեղի կեղևի վերացական արարմունքը գործում է միմիայն համաձայն նվազագույն ճիգի սկզբունքի:

Քանի որ լեզվական պրոցեսը ինքնի´ն է, այսինքն, առանց որևէ ծրագրային տըրամաբանության միջամտությամբ է, սպոնտա´ն է, ու անկախ է մարդկային գիտակից ծրագրերից, սրա համար էլ.

Դրույթ 5. Տվյալ լեզվի ուսյալների մոգոնած ձևերը, համարյա երբեք չեն ընդհանրանում, որովհետև սրանց կիրառությունը տրամաբանության որոշակի հմտություն է պահանջում, ինչը տրված չի լեզվական հանրության բոլոր անդամներին ու հակադիր է լեզվական պրոցեսի նվազագույն ճիգի կամ առավելագույն հեշտության օրենքին:

Դրույթ 6. Նախ, քանի որ բառ-ձայնի ու սրա իմաստի կապը պայմանադիր է, լեզվական պրոցեսի համար բացարձակ նույնն է, թե, օրինակ, տվյալ նոր բառը ո´ր լեզվից է փոխ առնված:

Երկրորդն էլ, եթե հանրությունը բառն ընդունեց, (այսինքն, այս նոր փոխ առնըված բառի մտապատկերը զուգորդվեց լեզուն կրողների ուղեղներում արդեն առկա լեզվական կամ այլ մտապատկերներին), այս բառը, նվազագույն ճիգի օրենքի զորությամբ, պարտադի´ր է հարմարվելու փոխ առնող լեզվի վերացական կաղապարներին ու, անալոգիայի կամ իմիտացիայի զորությամբ, ա´նպայման է դառնալու այս լեզվի լիիրավ նյութը:

Վիճակը ճիշտ նույնն է վերացական մաթեմատիկայում: Այստեղ էլ մաթեմատիկայի բացարձակ վերացականությունը թույլ է տալիս, որ սրա հիմնական հասկացությունները, վերևի կետ, ուղիղ, հարթություն, հեռավորություն «բառ-ձայները», փոխարինենք զանազան ուրիշ, «ավելի կոնկրետ» կամ հենց կոնկրետ հասկացություններով ու կառուցենք տվյալ վերացական («մաքուր») մաթեմատիկայի բազում տարբերակը:

Օրինակ, մաթեմատիկայում «կետ» ասելով, հնարավոր է, որ հասկանանք թվերի կարգավորված եռյակը, քառյակը, տասնյակը, հազարյակը կամ, նույնիսկ բնական թվերի անսահմանափակ կարգավոր հաջորդականությունը կամ, օրինակ, նույնիսկ r շառավղով, բայց նորից միանգամայն վերացական գունդը:

Երբեմն հնարավոր է, որ մաթեմատիկոսը «կետ» ասելով հասկանա նույնիսկ մի արտառոց անդամներով այնպիսի բազմություն, ինչը շարքային ոչ մաթեմատիկոսին կթվար ուղղակի անհեթեթ: Այս ամենից հետևում է, որ.

Դրույթ 8. Լեզվական պրոցեսին հարմար ու համաձայն փոխառությունների դեմ պայքարը հակառակ է լեզվական պրոցեսին, հակառակ է լեզվի բնական ընթացքին, ուրեմն, հակառակ է նաև լեզվաբանություն գիտությանը:

7.6 Լեզվի բանավոր փոխանցելությունը

Լեզվի գլխավոր ու անբաժան հատկություններիցն են ոչ միայն անալոգիան (նըմանակելը կամ իմիտացիան) ու ֆլուկտուացիան (այսինքն, լեզվական թե՛ հնչյունական, թե՛ այլ տեսակ մանրիկ ու, առհասարակ, ծիծաղելի չթվացող աննկատելի կամ չդատապարտվող շեղմունքները՝ «լեզվական միջինից»), այլև բանավոր փոխանցելությունը:

Խոսենք լեզվի փոխանցելիությունից: Ասվել է, որ.

Դրույթ 1. Մայրենի լեզվի գործածությունը ռեֆլեքսային է ա´յն իմաստով, որ անհատ խոսողն իր ասելիքի բովանդակությունը կազմակերպելիս՝ նախնական որևէ տրամաբանական վերլուծություն չի անում:

Դրույթ 2. Մայրենի կամ ռեֆլեքսային լեզվական պրոցեսի փոխանցելությունը սերունդներին բանավոր է:

Դրույթ 3. Մայրենի կամ ռեֆլեքսային լեզվի փոխանցելությունը իրականանում է իմիտացիայով, այսինքն, ընդօրինակելով, կապկելով, փորձ ու սխալի մեթոդով:

Կա փոխանցելության երկու տեսակ: Առաջին տեսակն արդեն անվանել եմ սերընդային («ուղղահայաց»): Սերնդային փոխանցելության ժամանակ ծնողները (հետո նաև երեխայի խաղի ընկերները, շրջապատը) իրենց զավակներին են փոխանցում իրենց իմացած լեզվական ինֆորմացիան՝ սկսած երեխայի երևի բարուրի շրջանից, գուցե մոտ 6 ամսեկան հասակից:

Դրույթ 4. Երեխայի փողոց դուրս գալուց հետո երեխայի լեզվի ուսուցիչները, մեծ մասով, երեխայի խաղընկերներն են:

Հենց սրա՛նք են, որ լայնացնում, զանազան են դարձնում երեխայի լեզվական ինֆորմացիան ու հմտությունները: Հույժ կարևոր է այն փաստը, որ երեխան լեզուն սովորում է հենց բարուրից ու մանուկ հասակում, ու որ այդ պրոցեսը համարյա ավարտվում է 3-4 տարեկան հասակում (սրանից հետո թերևս երեխայի միայն բառապաշարը, ոճական ձևերն ու տրամաբանությունն են ընդարձակվում): Հայտնի է, որ.

Դրույթ 5. Մարդու ուղեղը թերևս ունի մի հատուկ «լեզվական պատուհան», ինչը մանկան մոտ 7 տարեկանից հետո քիչ-քիչ փակվում է, այսինքն, այս տարիքից հետո մարդու լեզու սովորելու ունակությունը խիստ մարում է:

Լեզու սովորելու տեսանկյունից՝ երկու-երեք տարեկան մանուկն ուղղակի հանճար է, ու այս տարիքը լեզվական պատուհանի ամենալայն շրջանն է:

Փոխանցելության երկրորդ տեսակին ասել եմ հորիզոնական, կամ դիֆուզիայով կամ ցրելով փոխանցելիություն: Այս փոխանցելությունը իրականանում է արդեն լեզուն իմացող անհատների միջև:

Դիֆուզ փոխանցելության ժամանակ անհատը, անընդհատ ու անգիտակից, թարմացնում է մայրենի լեզվի իր մտապատկերները, սրանք լսելով այս լեզվի ուրիշ կրողներից, ու մի քիչ էլ սովորում է: Անհատը թարմացնում ու սովորում է իմիտացիայո´վ, կապկելո´վ ու բանավո´ր: Այս առումով, լեզվի ցանկացած կրողը տվյալ անհատի համար լեզվի գերազանց ուսուցիչ է:

Դրույթ 6. Փոխանցելությունը ապահովում է ուղղահայաց ու հորիզոնական փոխանցվող լեզվի թե՛ քվազիկայունությունը կամ քվազինույնությունը (որովհետև լեզվի կրողը անգիտակից ձգտում է իր խոսքով ուրիշներից չտարբերվելուն), թե՛ լեզվական ինֆորմացիան հանրության մեջ տարածելն ու լեզվական ցրիվ կարգը ստեղծելը (ցըրիվ կարգի մասին տես նաև հետո):

Դրույթ 7. Սերնդային ուղղահայաց բանավոր փոխանցելությունը (նաև հորիզոնական բանավոր դիֆուզ փոխանցելությունը) անխուսափելի է բարբառը կրողների հանրության ամե´ն մի անդամի համար: Այնինչ, բարբառի նույն այդ կրողը գրական ոճերի ակտիվ ու սիստեմատիկ յուրացմունքն սկսում է ծնվելուց 5-6 կամ 7 տարի հետո միայն:

Բարբառը կրողների մի զգալի մասն այդպես էլ չի յուրացնում ու ռեֆլեքսի աստիճանի չի հասցնում գրական ոճերը: Գրական ոճերի դիֆուզ փոխանցելությունը երբեք էլ անխուսափելի ու անընդհատ չի:

Դրույթ 8. Հենց դրույթ 7-ի նշած պատճառներն են արգելում, որ գրական ոճերը դառնան իսկական լեզվական պրոցես, իսկական լեզու:

Դրույթ 9. Հորիզոնական դիֆուզ փոխանցելությունն է հնար տալիս, որ անհատն սկզբում անգիտակից ուսումնասիրի ու յուրացնի միմիայն ի՛ր շրջապատի լեզվական մերձակա (նեղ ու սահմանափակ) մայրենի ցրիվ կարգը, քանի որ սա լրի´վ է բավարար, որ այս մարդը հասկանա լեզվական մայրենի հանրության բոլոր անդամներին, այսինքն, տիրապետի լեզվական նաև ողջ հեռակա ցրիվ ու ռեֆլեքսային կարգին (տես հետո) ու սա հորիզոնական դիֆուզիայով անընդհատ թարմացնի:

7.7 Մարդ դառնալը սովորովի է

(Այս պարագրաֆը վերցրել եմ իմ «Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը» գրքից [45] ու թեթևակի խմբագրել եմ)

Մարդկանց մեծամասնությունը չի նկատում հետևյալ բանը.

Դրույթ 1. Մարդ դառնալը սովորովի է, ժառանգովի չի: Եթե նորածինը հանկարծ ընկնի անտառի գազանի որջն ու այդ գազանն այս նորածնին պահի մեծացնի (այսինքն, մանուկը դառնա «մաուգլի»), այս մանուկը ո´չ խոսել կիմանա, ո´չ մարդկային դատողություն կունենա, ո´չ մարդկային վարք, ոչ է´լ կունենա միայն մարդուն հատուկ այս երեք ունակությունը լրիվ յուրացնելու ունակություն:

Նախ խոսենք լեզվից: Հրաչյա Աճառյանը իր «Լիակատար քերականություն հայոց լեզվի» մեջ նկարագրում է Շահ Աբասի մի դաժան փորձը (ինչի հավաստիությունը, իհարկե, հարցական է, չնայած անհավանական չի):

Շահ Աբասը որոշում է ստուգի, թե լեզուն իրո՞ք է ժառանգվում: Ու այս դաժան շահը տարբեր լեզուներով խոսող ծնողներից բազում նորածին է խլում լցնում մի սենյակ, ու սրանց խնամող վերակացու էլ նշանակում է միմիայն համրերի, որ խնամողների լեզուն չազդի այս նորածինների վրա:

Շահն ուզում է իմանա, թե հասունանալուց հետո, ո´ր մի երեխան ի´նչ լեզվի բառեր կասի, ի´նչ լեզու ժառանգած կլինի, ի´նչ լեզվով կխոսի:

Երեխաները մեծանում են աշխարհից լրիվ մեկուսի, ու սրանցից ոչ մեկն էլ ոչ մի լեզվով չի խոսում: Սրանց «խոսացածը» միայն անասնական ճիչ ու գոռոցն էր:

Ասում են, թե այսպես են նաև գիտությանը հայտնի մաուգլիները: Այս մաուգլիների դատողություն է´լ է պարզունակ, ու երբ սրանք խոսել են սովորում, էլ երբեք ո´չ լիարժեք խոսում են, ոչ է´լ ունակ են լինում համակեցության համար անհրաժեշտ մարդկային բարոյաիրավական նորմերը լիարժեք յուրացնեն ու լիարժեք գործածեն:

Ասվել է արդեն, որ լեզվական ձեռք բերովի ինֆորմացիան ժառանգական չի: Հընարավոր է, որ սերունդ տվող մարդկային զույգից ամեն մեկն էլ 100 տարբեր, բայց զույգ առ զույգ նո´ւյն լեզուն իմանա, իմանա գերազանց, բայց սրանց նորածին զավակը այս հարյուր տարբեր լեզվից երբեք էլ ոչ մի բառ անգամ չի իմանա, եթե ծնողներից կամ շրջապատից ոչ մի լեզու չսովորի:

Գենետիկային ու կենսաբանությանը ծանոթ մարդու համար սա ակնհայտ է:

Իրոք, չէ՞ որ ձեռք բերովի ինֆորմացիան (լեզո´ւն) գրանցվում է միայն կենդանու ուղեղո´ւմ, այնինչ, կենդանի արարածը ժառանգում է միմիայն ա´յն ինֆորմացիան, ինչը գրված է սեռական բջիջներում, իսկ սրանք ամենաքիչը կես մետր հեռու են ուղեղից:

Առայժմ բացարձակ ոչ մի տվյալ չկա, որ ուղեղում գրանցված լեզվական նույնիսկ վիթխարի քանակով ինֆորմացիան ազդում է սեռական բջիջների մոլեկուլների կառուցվածքի վրա: Տրամաբանությունն ու բնագիտության հետ ծանոթությունն էլ ասում են, որ սա անհնար է:

Դրույթ 2. Լեզուն (ու ձեռք բերովի ինֆորմացիան՝ առհասարակ) գեներով չի ժառանգվում: Սա կարող է ժառանգվի մի´միայն մշակութային փոխառությունով, մի´միայն կապկելով, սովորելով, փորձ ու սխալի մեթոդով:

Գեներով ժառանգվում է մի´միայն հոդաբաշխ գիտակից խոսքի ունակությունն ու, կենդանիների համեմատ, մարդու ուրիշի խոսքն իմիտացիա անելու (կապկելու) ու հիշելու արտառոց հզորությունը:

Մարդու՝ գեներով փոխանցվող իմիտացիայի ունակությունը, ինչպես ասվել է, կենդանիների իմիտացիայի կարողության համեմատ, միլիոնավոր անգամ ավելի հզոր է:

Ասվել է նաև, որ մարդը (այսինքն, նորածինը) լեզուն սովորում է փորձ ու սխալի անգիտակից մեթոդով: Հայտնի է, որ մարդու հոդաբաշխ խոսքի ունակությունը կառավարվում է ուղեղի երկու հույժ բարդ կենտրոնով, այն է, Բրոկայի ու Վերնիկեի կենտրոններով: Այս կենտրոններն առաջացել են էվոլյուցիայի ընթացքում, գենային պատահական մուտացիաների մի վիթխարի շարանով:

Մարդն այս կենտրոնների կառուցվածքն ու սրանց ունակություննե´րն է ժառանգում ու, բացի սրանք, մարդը ժառանգում է նաև կոկորդի, ըմպանի ու բերանի խոռոչի ա´յն հատկությունները, որոնք իրեն հոդաբաշխ խոսքն արտասանելու հնար են տալիս:

Դրույթ 3. Լեզվական կարողությունը, դատողության ունակությունն ու վարքի կանոնները «ժառանգելը», այսինքն, սրանց ուղղահայաց, սերնդային փոխանցելությունը բանավոր է: Լեզվի ու դատողության կարողության փոխանցելությունը իրականանում է իմիտացիայով, այսինքն, ընդօրինակելով, կապկելով:

Եթե մարդը (կամ կենդանին) դատողությունից զուրկ լիներ, ոչ մի պատճառ-հետևանքային կապ չէր ընկալի, բացի բնազդայինները: «Կրակը մատդ վառեց, մատդ հետ քաշի», ինչը մենք անում ենք բնազդով, նույնիսկ խոսք հասկանալը սովորելուց առաջ:

Դրույթ 4. Հանրային կեցությունը հնարավոր դարձնող այնպիսի պատճառ-հետեվանքային կարևորության թաբուները, ինչպիսիք են՝ «մի´ կծի, մի´ թքի հատակին, փողոցում չիշիկ մի´ արա, ուրիշին մի´ ծեծի, ուրիշի խաղալիքը մի´ ուզի ու մի´ գողացի, ու մանավանդ՝ ոչ մեկին մի´ սպանի, թե չէ՝ հետևանքը կլինի պատիժը» ևն, մենք սովորում ենք միմիայն լեզուն ու դատելը սովորելու ընթացքում:

Ու այնքան լավ ենք սովորում, որ սրանք դառնում են ռեֆլեքս, դառնում են համարյա բնազդ, ու մենք սրանք համարում ենք բնական: Ու մենք, մեծագույն մասամբ, սըրա´նցով ենք գործում, ճիշտ այնպես, ինչպես որ գործում ենք մատը կրակից բնազդով հետ քաշելիս:

Օրինակ, երբ ավտոբուսում մեկի ոտքը պատահական տրորում ենք, համարյա բոլորս էլ, առանց մտածելու կամ վերլուծելու մեր հետագա արարքը, այսինքն, հենց ռեֆլեքսով, իսկույն շրջվում ու ներողություն ենք հայցում «տուժածից»:

Ու երբ մենք խախտում ենք վերի բարոյական նորմերը (դառնալով գող կամ մի ուրիշ տիպի հանցագործ), ա´նպայման ենք հասկանում, որ մի անթույլատրելի´ բան ենք անում, հասկանում ենք, որ «անխախտ» օրենք ենք խախտում:

(Իմիջիայլոց, օրինակ, վագր կամ գայլ դառնալն էլ է սովորովի, ու այսպես են համարյա բոլոր այն կենդանիները, որոնց ծնողները ձագերին քիչ թե շատ երկար են խնամում: Ինչքան կենդանու «ինտելեկտն» ավելի բարձր է, այնքան ձագին խնամելու տևողությունը շատ է:

(Հայտնի է, որ եթե վագրի արդեն մեկ ու կես տարեկան ձագի մայրը զոհվում է, այս ձագը, ով արտաքինով համարյա մոր չափերին է, դատապարտված է ու անպայման զոհ է գնում կենդանիներին կամ սովին, որովհետև սովորելու իր «դասընթացը» չի ավարտվել: Ամենաերկար «դասընթացն» անցնում է մարդու ձագը:

(Զոհվում են նաև գազանանոցում ծնված կենդանիները, երբ, առանց այս «դասընթացն» անցնելու, սրանց բաց են թողնում սար ու դաշտ ու անտառ, որ ինքնուրույն ապրեն):

Հույժ կարևոր է այն հանգամանքը, որ երեխան լեզուն, դատողության ունակությունն ու վարքի կանոնները սկզբում ու հիմնականում սովորում է հենց մանուկ հասակում: Բանն այն է, որ մենք երկու աշխարհում ենք ապրում, ընտանիքում ու հանրության մեջ:

Դրույթ 5. Սկզբում հենց ծնողնե´րն ու ընտանի´քն են իրենց զավակներին փոխանցում իրենց իմացած լեզվական, դատողական ու վարքային ինֆորմացիան, սկսած երեխայի երևի բարուրից, գուցե ծննդից հետո մոտ 4-6 ամսեկանից:

Դրույթ 6. Սովորովի են վարքի համարյա բոլոր կանոնները – սեփականության ու սրա անձեռնմխելիության նորմը, պայման-խոստումը, ամոթի ու անամոթ լըկտիության ու խարդախության հասկացությունները, ինչպես նաև՝ ստախոսությունը, մատնությունն ու սուտ ամբաստանությունը, եթե սրանք երեխայի ընտանիքում կամ խաղային (նաև դպրոցական) շրջապատում կամ էլ ողջ հասարակության մեջ սովորական են կամ ընդունված ու (երբեմն) նույնիսկ պարտադիր են ևն:

Դրույթ 7. Մարդ (կամ ինչպես ասում են՝ «քաղաքացի») դառնալու պրոցեսը զուտ հանրային է, հասարակական է, զուտ սպոնտան է, ինքնին է, ինքնակառավար է:

Դրույթ 8. «Քաղաքացի դաստիարակելու խնդիրը» դպրոցին հանձնելը անիմաստ է ու անհեթեթ: Դպրոցն ընդամենը ունակ է քարոզելու պետական ծրագրերով պետությանը հավատարիմ մնալու, ճորտամիտ ու հլու-հնազանդ հարկատու, զինվոր ու ոստիկան դառնալու հիպնոսացնող ներշնչանքային լոզունգները:

Դրույթ 9. Անհատը համարյա «ինքնուսույց» մի սիստեմ է, ու անհատը հենց ա´յն կարևորագույն բաներն է սովորում, որոնք անհրաժեշտ են, որ ինքն իր առկա ու հնարավոր ապագա նեղություններից հեշտ ազատվի հենց հասարակությա´ն մեջ:

Երեխայի փողոց դուրս գալուց հետո, մանավանդ մանկապարտեզում ու դպրոցում, երեխայի լեզվական ու բարոյագիտական ուսուցիչները, մեծ մասով, երեխայի ընկերներն են:

Դրույթ 10. Մանուկների մարդ դառնալու պրոցեսի համար չափազանց կարևոր են խաղերը: Հենց սրա՛նք են, որ երեխային, մեծագույն մասամբ, վարժեցնում են բարոյաիրավական հիմնական ու սրանցից ածանցյալ նորմերին:

Հենց խաղե´րն են, որ հարգանք են պատվաստում մասնավոր սեփականության անձեռնմխելության նկատմամբ, հարգանք՝ խոստում-պայմանի´ նկատմամբ, ազնըվությա´ն նկատմամբ, ու հիմնականում հենց սրա´նք են, որ ամոթի զգացում են պատվաստում ևն:

Հենց խաղերն են, որ լայնացնում, զանազան են դարձնում երեխայի «մարդկային-հանրային» ինֆորմացիան:

Դրույթ 11. Նախ՝ լեզվի, դատողության ունակության ու վարքի կանոնները յուրացնելը ա´նպայման է արվում հիմնականում լեզվի միջոցով: Երկրորդն էլ, սրանք յուրացվում են միասին, իրար մերված ու իրար զուգահեռ, մի համարյա առեղծվածային միությամբ:

Դատողության ունակությունը յուրացնելը, ըստ էության, նշանակում է անհատի ուղեղում առաջացնես պատճառ-հետևանքային կապերը գրանցելու թե´ սկըզբունքները, թե´ հարատևելու համար անհրաժեշտ կապերի ողջ բազմությունը:

Դրույթ 12. Լեզվի, դատողության ունակության ու վարքի կանոնների հենց այս իմացությունն էլ մարդկային դաստիարակության էությունն է, մարդ դառնալու պրոցեսի´ էությունն է, ինչը մի անգիտակից ու բանավոր ճամփով ժառանգվող ավանդույթների վրա հիմնված ու չդադարող սպոնտան, ինքնակազմակերպ ու ինքնակառավար պրոցես է:

Ուրեմն, այս քաղաքացիական դաստիարակություն կոչվածը երբեք չպիտի շըփոթվի դպրոցական կրթության հետ:

Դրույթ 13. Դպրոցական կրթության խնդիրը ոչ թե մարդու բարոյաիրավական դաստիարակությունն է, այլ գիտելիք տալը:

Դրույթ 14. Դաստիարակությունը միմիայն ընտանիքի ու հասարակական կարգի անգիտակից, անծրագիր, ինքակառավար ու սպոնտան խնդիրն է:

Դրույթ 15. Դպրոցը երեխայի դաստիարակության արդյունքները փոխելու զորությունը չունի, որովհետև նախ հենց ուսուցիչներն է´լ են ընտանիքի ու հասարակական կարգի արդյունքը, երկրորդն էլ, եթե ուսուցիչը ընդունված բանավոր նորմերին հակադիր բան քարոզի, միևնույնն է, երեխան կա´մ չի հավատա այդ ուսուցչին, կամ է´լ, եթե հավատա է´լ, հետագա կյանքը պարտադիր կապացուցի, որ սովորածը սխալ է եղել:

Հա´, եթե երեխան նույնիսկ հավատա էլ ուսուցչի (մեծ մասամբ՝ «ռազմահայրենասիրական») դաստիարակչական կամ այլ տիպի քարոզին, կյանք մտավ, թե չէ, այս քարոզը հօդս կցնդի, հենց որ այդ անհատը համոզվի, որ իր յուրացրած քարոզին հետևելը անիրական ու նույնիսկ վտանգավոր է (օրինակ, բանակում), թե չէ այդ երեխան կդառնա անհաջողակ (կամ իսկույն կոչնչանա, ինչպես բանակում, տես 12.5-ը ու [45]-ը):

Այս վերջին երկու պարագրաֆից երևում է, թե սպոնտան ծագած բարոյականության հիմնական նորմերն ի´նչ վիթխարի կարևորություն ունեն, ու ինչքան կարևոր է մասնավոր սեփականության անձեռնմխելության ֆունդամենտալ նորմը, մանավանդ որևէ լեզվով խոսելու իրավունքի մասնավոր սեփականությունը:

Չէ՞ որ հենց մասնավոր սեփականության անձեռնմխելությա´ն նորմից են բխում բոլոր այն ավանդական նորմերը, որոնցով ընտանիքը դաստիարակում է իր զավակներին, այսինքն, ապագա քաղաքացուն, ընդ որում, դաստիարակում է լեզվի միջոցով (տես [45]-ը):

Դրույթ 16. Ավանդական գող ու ավազակներին չհաշված, միայն պետությունն է (այսինքն, պետերի հանրությունն է) իր մենաշնորհային բռնությամբ խախտում մասնավոր սեփականության անձեռնմխելության ֆունդամենտալ նորմը, սրանով իսկ աղճատելով ավանդական բարոյականությունը [45]-ը):

Ու պետերը իրենց հենց այս բռնի չարամտությա´ն համար են կրթության սիստեմը պետականացնում ու դարձնում պարտադիր, որ ժողովրդին հենց մանկուց վարժեցնեն այն մտքին, որ պետերի արարմունքը ոչ թե մի անբարո ու բռնի ու մենաշնորհ թալան է, այլ այն մեծագույն լավությունը, որ պետերը (պետությունը) անում են ժողովրդին ու անում են իբր միմիայն հանուն ժողովրդի բարօրության:

Այստեղից հետևում է մի տխուր իրողություն.

Դրույթ 17. Դպրոցի լեզվի, պատմության ու «կրոնի պատմության» ուսուցիչները դրույթ 14-ի նշած բարոյաիրավական նորմերը խախտող պետերի (թեև անգիտակից բայց, միևնույնն է, ա´նպայման) հանցակիցներն են:

Սա´ է պետության (այսինքն, պետերի հանրության) խարդախության միջուկն ու հիմքը [45]-ը):

7.8 Մշակութային էվոլյուցիան

Լեզվի դիֆուզիայով փոխանցելիության տեսակը հույժ կարևոր է, քանի որ սրանով է, որ իրականանում է լեզվական երևույթի մշակութային էվոլյուցիայով փոփոխությունը [36-38] – լեզվական պատահական առաջացած նոր երևույթների ընտրության միջոցով:

Դրույթ 1. Նոր ծագած լեզվական երևույթը չի «ընտրվի» ու չի հարատևի, եթե հանրությունը սա չընդունի:

Դրույթ 2. Մշակութային համարյա բոլոր երևույթներն էլ, առանց բացառության, սրանց հետ՝ նաև լեզվական երևույթները, փոխանցվում են լեզվական պրոցեսի կամ սրա որևէ արտահայտության միջոցով:

Ասվեց արդեն, որ նույնիսկ մոտ 10000-12000 տարի առաջ homo sapiens sapiens-ի խմբերը (հանրությունները ևն) թերևս չէին գերազանցում 50-100 հոգին:

Ուրեմն, սխալ չի լինի, եթե ասվի, որ.

Դրույթ 3. Լեզվական պրոցեսի մշակութային (ոչ գենային) բուռն էվոլյուցիան ըսկըսվել է մոտ 10000 տարի առաջ, քանի որ դրանից առաջ լեզվի փոփոխությունը պիտի որ չափազանց դանդաղ եղած լիներ, նախ մարդկային հանրությունների հենց փոքրաթվությա´ն պատճառով:

Դրույթ 4. Մշակութային էվոլյուցիայի արագությունը տասնյակ հազար անգամ գերազանցում է homo sapiens-ի դարվինյան՝ գենետիկական էվոլյուցիայի արագությունը:

Մանուկների ու մայրերի դերը լեզվի գոյության համար ճակատագրական է:

Դրույթ 5. Եթե չկան լեզուն ուսուցանող մայրերն ու մանուկները, ուրեմն՝ չկա նաև (կենդանի) լեզուն, չկա լեզվական պրոցեսը:

Ասվել է, որ սա հաստատող առնվազն մեկ օրինակ կա՝ էսպերանտոն, ինչը երբեք էլ չդարձավ կիրառելի:

Մշակութային էվոլյուցիայի տեսության ստեղծողը (Հայեկի ասելով) մարդկության նշանավոր մտածողներից մեկն է ՝ Ադամ Սմիթը (Adam Smith-ը, 1723-1790):

Հենց Ինքը՝ Չարլզ Դարվինը, ինչպես որ պնդում են նրա օրագրերի հետազոտողները [27, 28], տեսակների ծագման էվոլյուցիայի իր տեսությունը «գլխի է ընկել», երբ 1838-ին կարդացել է տնտեսագետ Ադամ Սմիթի «The Theory of Moral Sentiments» գործը (գուցե նաև Սմիթի «Wealth of Nations»-ը):

Այստեղ Սմիթը, հետևելով David Hume-ին ու Bernard Mandeville-ին, կիրառում է ինքնուրույն կամ ցրիվ կարգի ու ընտրական էվոլյուցիայի (ըստ էության, համաձույլ) սկզբունքները:

(Հենց սրա համար է, որ հետազոտողներից ոմանք Ադամ Սմիթին համարում են գենային (դարվինյան) էվոլյուցիայի ու նույնիսկ սինեռգետիկայի հիմնական գաղափարների հիմնադիրը): Իսկ «գենետիկա» տերմինը առաջինը գործածվել է J. G. Herder-ի (1767), Friedrich Shiller-ի (1793) ու С. М. Wieland-ի (1800) գրվածքներում:

(Այս տերմինը, «գենետիկա»-ն, գործածել են մանավանդ 18-րդ դարի հնդեվրոպաբանները, հենց William Jones-ի հնդեվրոպական լեզուների ցեղակցությունը հայտնագործելուց (1787-ին) ու Franz Bopp-ի հիմնարար աշխատություններից հետո: Այդ տարիներին էլ լեզվաբանության մեջ մշակութային էվոլյուցիայի սկզբունքներն ընդունվեցին ու ընդհանրացան:

(Բնական է, որ Հր. Աճառյանն ու Աբեղյանը ծանոթ չեն եղել ինքնուրույն պրոցեսների ցրիվ կարգի տեսությանը [36-39], որովհետև սրանք դեռ չկային, բայց Ադամ Սմիթի անտեսանելի ձեռքի տեսությունն արդե´ն կար:

(Ծանոթ չեն եղել նաև Ադամ Սմիթից մոտ 100 տարի հետո մեկ ուրիշ մեծ տնտեսագետ՝ Carl Menger-ի գործերին [36-38], ով հստակ գրել է, որ «այս գենետիկական տարրը անբաժան է տեսական գիտության սկզբունքներից»:

(Հենց Կառլ Մենգերն էլ առաջինն է հիմնավորել, որ լեզուն մարդկային դատողությանը կամ ծրագրերին չի ենթարկվում):

Ֆ. է. Հայեկն ասում է ([37, էջ՝ 143-150]).

«Մեծ մասամբ, մարդկային հարաբերությունների ձևավորվելը էվոլյուցիայի ու կարգի ինքնուրույն ձևավորվելու միջոցով հասկանալու ճիգե´րն էին, որ ա՛յս ելակետները դարձրին նման բարդ երևույթներ ուսումնասիրելու գլխավոր միջոցները, որովհետև սրանց բացատրության համար միաչափ պատճառականությունն այլևս բավարար չէր»:

Այս մտածողների հիմնական գաղափարները շատ արագ անցան մաթեմատիկոսներին ու բնագետներին, ու 1940-50-ական թվերին ձևավորեցին թե´ կիբեռնետիկան, թե´ սինեռգետիկական մեթոդը:

Դրույթ 6. Մշակութային էվոլյուցիան առանց լեզվի անհնար կլիներ: Մյուս կողմից, մարդկային ամենայն արարմունքի բոլոր-բոլոր ոլորտները հնչավորելու կարողություն ունեցող բազմակողմանի ու փոփոխվող ու նոր իրադրություններին իսկույն հարմարվող լեզվական պրոցեսի ցրիվ կարգն էլ անհնար կլիներ առանց մշակութային էվոլյուցիայի:

Դրույթ 7. Եթե 18-րդ դարի նոր ծագած լեզվաբանության հիմնադիրներն ամենայն ուշադրությամբ հետևում ու յուրացնում էին այն օրերի տնտեսագետների ու իրավաբարոյագետների ստացած արդյունքները, սա այսօր է´լ պիտի ընդհանուր կանոն լինի: Ցավոք, այսպես չի:

Բոլշևիկները կտրուկ դեմ էին ինքնուրույն կամ ցրիվ կարգի ու մշակութային ընտըրական էվոլյուցիայի տեսությանը, որովհետև համոզված հայտարարում էին, որ ապագան իրենց հայտնի է, այնինչ, այս տեսությունները պնդում են, որ ապագան անհայտ է:

Բայց 1990-ական թվերից արդեն ինքնուրույն կարգի ու մշակութային ընտրական էվոլյուցիայի տեսությունները հրապարակի վրա են, իսկ մեր հայ լեզվաբանությունը նորից սրանցից գաղափար անգամ չունի: Սա ցավալի է:

Հնարավոր է, որ Հր. Աճառյանն ու Մ. Աբեղյանը ծանոթ չլինեին այդ տեսություններին, որովհետև «երկաթյա վարագույրն» արգելում էր, որ դրանք հրապարակվեն բոլշևիկյան իշխանության տարածքներում, բայց մեր օրերում սա արդեն միմիայն սահմանափակության ու հետամնացության արդյունք է:

Իմիջիայլոց, զարմանալի է նաև, որ Մ. Աբեղյանը ծանոթ չի եղել համեմատական ազգագրության հիմնադիրներից մեկի՝ իրեն համարյա տարեկից անգլիացի Ջեյմս Ջորջ Ֆրեզերի աշխատանքներին: Եթե ծանոթ լիներ, շատ մեծ հավանականությամբ իր հայ ժողովրդական հավատալիքների ու մեր էպոսի ուսումնասիրությունները լրիվ ուրիշ ընթացք ու կերպարանք կունենային:

(Ֆրեզերն իր աշխատություններում, օրինակ, «Psyche’s Task»-ի մեջ 2-3 անգամ ցիտում է Աբեղյանի դեռ նոր լույս տեսած գերմաներեն դիսերտացիան):

(Օրինակ, մեր Սոսյաց անտառի ու Սոսանվեր Անուշավանի պատմությունն ուղղակի կապվում է Նեմիի Սրբազան պուրակի տրադիցիայի հետ, ինչին Ֆրեզերը 13 հատորանոց մի ֆունդամենտալ աշխատություն է նվիրել (ինչի սեղմագիրն է «Ոսկե ճյուղը», Հայաստան, 1989):

(Այս 1500 էջանոց «քամած» տարբերակի ռուսերեն թարգմանությունը լույս է տեսել 1928-ին, բայց Աբեղյանը, համարյա հաստատ, ծանոթ չի եղել սրան):

(Մյուս կողմից՝ Ֆրեզերի նկարագրած շփական ու համակրական մոգություններն ու հետագայում սրանցից բխած թաբուների համակարգը ուղղակի´ են նպաստել ինքնուրույն կարգերն ստեղծելուն, [37], էջ՝ 157):

7.9 Անալոգիայի օրենքն ու լեզվական վարակը

Մեր այսօրվա հայերենի լեզվաբանները հաշվի չեն առնում, որ.

Դրույթ 1. Մարդն իր մայրենի լեզուն սովորում է իր ցեղակիցներին կապկելով, փորձ ու սխալի միջոցով (տես նաև ՀԼՏ, 35-38, 42-43):

Օրինակ, բավական է, որ երեխան ընկալի սեռական հոլովի ու հոլովաձևի գաղափարները՝ մի քանի բառի օրինակով միայն, ասենք՝ «սեղանի, սենյակի, ջրի» ևն: Սրանից հետո, եթե երեխան մի նոր բառ սովորեց, այս հոլովաձևը, եթե կարիք լինի, տարածելու է այդ նոր սովորած բառի վրա ու պատճառ-հետևանքային ծագումով մի ռեֆլեքսով կազմելու է սրա սեռական հոլովաձևը:

Սրա համար է, որ երեխան նույնիսկ «բացառություններն» է հարթում ու ասում՝ «գառի, եզի, ձուկի, մուկի, այգիի, ձիի, ընկերի, քուրի» ևն, փոխանակ ասի. «գառան, եզան, ձկան, մկան, այգու, ձիու, ընկերոջ, քրոջ» ևն:

Նույնը վերաբերում է թե´ ձևաբանությանը, թե´ շարահյուսությանը, թե´ միջարկություններին, թե´ ժեստերին, թե´ միմիկային, թե´ առոգանությանը ևն:

Դրույթ 2. Անալոգիայի պրոցեսը գործում է փորձ ու սխալային իմիտացիայով (կապկելով) ու տեղառքի մեխանիզմով (իսկ նեյրոնային հոգեբանության տեսանկյունից – նմանային ու նմանակցային զուգորդություններով, տես 9-րդ գլուխը):

Դրույթ 3. Մարդկային որևէ հանրության անդամները (անգիտակից) հետևում են միմյանց խոսքին (նաև այլ արարմունքներին) ու ձգտում են իրար պես խոսելուն (ու գործելուն, եթե այս ուրիշ մեկի գործունեությունը բեղուն է, տես նաև ՀԼՏ, էջ 41-42): Հենց այս ձգտումն է, ինչը չի թողնում, որ խոսող հանրության անդամները գրական ոճերը գործածեն առօրյա խոսակցության ժամանակ:

Այս առումով, ինչպես ասվել է, չափազանց «հետևողական են» մանուկները:

Օրինակ բերեմ: Թե որ փողոցում մի մանուկ «սեղան» բառի տեղն ասի «սեղուն», այսինքն, ընդամենը մի ձայն սխալ ասի, ինքն է՛լ, ընկերներն է՛լ կծիծաղեն, ու այս միջադեպը կմոռացվի ու կանցնի կգնա:

Բայց թե որ այս մանուկը համառի ու «սեղան»-ի տեղն անընդհատ ասի «սեղուն», շատ հավանական է, որ դառնա իր ընկերների ծաղրի առարկան, ու գուցե «սեղուն»-ը դառնա իր մականունը: Սա´ է պատճառը, որ մանուկները (մեծերն էլ), իրենց խոսքը միշտ նմանացնում են իրենց շրջապատի խոսքին:

Դրույթ 4. Ոչ մեկը, չի ուզում դառնա շրջապատի ծաղրի առարկան, ու այս հոգեբանությունը պահպանվում է նաև մեծ հասակում: Սրա համար էլ մարդիկ իրենց ողջ կյանքում ձգտում են անալոգիային, այսինքն, իրար նման խոսելուն, ու այս ձգտումը դառնում է ռեֆլեքս:

Դրույթ 5. Լեզվական անալոգիայի (կապկելու, իմիտացիայի) օրենքը թերևս մարդու մտքին հատուկ ինդուկցիայի պրոցեսի հետևանքն է, այսինքն, մասնավոր օրինաչափություններն ընդհանրացնելու այն պրոցեսն է, ինչը մարդու ուղեղում պատճառ-հետևանքային կապեր է առաջացնում:

Ինդուկցիան էլ, նեյրոնային հոգեբանության տեսանկյունից – նմանային ու նմանակցային զուգորդությունների հետևանքն է (տես 9-րդ գլուխը):

Դրույթ 6. «Թույլատրելի» են միայն ա՛յն լեզվական «սխալները» (ֆլուկտուացիաները, շեղմունքները), որ շրջապատի համար աննկատելի ու անզգալի են:

Դրույթ 7. Չնայած ֆլուկտուացիաները (ինչպես Սոսյուրն է ասում, տես 6-րդ գլուխը), չեն փոխում լեզվի սիստեմը, բայց սրանց երկարատև, դարավոր գործունեությունն է, որ լեզուն փոխում ու դարձնում է անճանաչելի (ՀԼՏ 44-54)

Հնարավոր է, որ լեզվական որևէ «սխալը» (կամ շեղմունքը կամ էլ ֆլուկտուացիան) ինչ-ինչ պատճառով, շրջապատին դուր գա: Այս անգամ էլ հնարավոր է, որ այս շեղմունքը «վարակի» շրջապատի խոսողներին (մանավանդ եթե սրա հեղինակը վայելում է իր շրջապատի հարգանքը կամ որոշակի հեղինակություն է) ու սրանք էլ անընդհատ կիրառեն լեզվական այս շեղմունքը, ու այս շեղմունքը տարածվի ու դառնա ընդհանուր:

Դրույթ 8. Ասվել է, որ լեզվական նոր ծագած (նաև փոխ առած) երևույթը վարակիչ է, այն իմաստով, որ սա միայն լրիվ ընդհանրանալուց հետո է դադարում: Գիտենք, որ լեզվական վարակի այս օրենքին ասում են նաև լեզվական կուրության օրենք, որովհետև այս «վարակը» ոչ մի բացառություն չի անում, «կույր է»:

Օրինակ, Սալմաստի բարբառում (նաև մի քանի ուրիշ բարբառում՝ Խոյի, Մոկսի, Վանի ևն) մի ժամանակ «հ» ձայնով սկսվող բառերի մեջ «վարակ է ընկել», ու սրանք, անխտիր, բոլորն էլ բառի սկզբում դարձել են «խ», օրինակ, «խաց, խայ, խոքի, խեր» ևն, փոխանակ՝ «հաց, հայ, հոգի, հեր (=հայր)»:

Ո՞վ իմանա, գուցե այս վարակը սկսվել է մեկի կատակից, ինչը դուր է եկել շրջապատին ու, քիչ-քիչ, անալոգիայի ստիպմունքով, «վարակել է» լեզվական ողջ հանրությունը: Ու բացարձակ ոչ մի հնար չկա պարզելու, թե լեզվական տվյալ վարակի պատճառն ի´նչն է եղել, ինչպե՛ս է դա սկսվել:

Դրույթ 9. Լեզվական շեղմունքների պատճառ-հետևանքային կապերն այնքա՛ն են բարդ ու այնքա՛ն են անհայտ, որ հենց այս պատճառով էլ, ստիպված, այսպիսի շեղմունքները համարում են լրի՛վ պատահական:

Դրույթ 10. Լեզվական այս բացարձակ կույր վարակը չի դադարում (չի «հանգըստանում»), մինչև տվյալ լեզվի անալոգ դիրքերի «վարակված» հնչյունները կամ լեզվական «հին» երևույթները լրիվ չփոխի, չփոխի մինչև վերջին հատիկը:

Դրույթ 11. Լեզվական վարակի կուրության պատճառը լեզվական պրոցեսին մասնակից անհատների լեզուների բացարձակ վերացականությունն է:

Բայց երբ տվյալ վարակն արդեն փոխել է անալոգ (նմանակ) դիրքերի բոլո՛ր-բոլո՛ր ձայները, այդ վարակը դադարում է, ու արդեն հնարավոր է, որ այդ լեզուն նորից «դեռ չվարակված» նախկին ձայնով նոր բառեր փոխ առնի:

Օրինակ, Սալմաստի բարբառը, հ>խ օրենքի դադարելուց հետո, նորից «հ»-ով սկսվող հետևյալ բառերն է վերցրել (օրինակները Մալիշկա գյուղի իմ մայրենի խոսվածքից են).

«Հայաստան» (չնայած՝ «խայ»=«հայ»-ը մնում է), «հmվmս» («հավես»), «հmվսmլը» («տրամադրություն») «հեյվան», («անասուն»), «հmնգյmմը», «հաշիվ», «հալ», «հmլը» (հլը), «հmկըռզը» (դուռ, բան փակելու չանգյալ կամ սողնակ), «հmջmթ» («գործիք»), «հարազադ», «հօշ-հօքըշ» (էշը քշելու ու կանգնացնելու բացականչությունները), «հայ-հայ» (ձայն է), «Համազ, Համազասպ, Համայակ, Հարութ, Հmրթոն, Հրանուշ, Հայկի, Համո, Հայկազ, Հազարապետ-Հազո, հալալ, հmզր(եմ)» («պատրաստ(եմ))» ևն:

m» տառով նշանակել եմ Սալմաստի բարբառի բաց «ա»-ն, իսկ «հmկըռզը»-ի «կ»-ն քմային է՝ ուրիշ որակ ունի)):

Քանի որ վերոհիշյալ բարբառները չեն գրանցվել, ուրեմն ոչ մի հնար չկա իմանալու, թե այս բարբառներում հ>խ ձայնափոխության վարակը երբ է սկսվել:

Կարելի է պնդենք միայն, որ Սալմաստի խոսվածքների վարակը վերջացել է 1829 թվից առաջ, որովհետև մալիշկեցիները Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղից այստեղ են գաղթել այդ թվին, իրենց հետ բերելով վերի բառերի պարսկերենից արած «հ»-ով սկսվող փոխառությունները, իսկ այս թվից հետո պարսկերենից այլևս ոչ մի փոխառություն չի արվել:

Իսկ եթե պարզվի, որ էշերին քշելու ու կանգնացնելու «հօշ-հօքըշ» բացականչությունները փոխառություն են, վերի ենթադրությունն ավելի կհաստատվի:

Իմիջիայլոց, պատմությամբ «զբաղվողներից» ոմանք պնդում են, թե Հայկ նահապետի անունն առաջացել է ուրարտական Խալդ աստծո անունից, իրենց այս դրույթը «հիմնավորելով» ա՛յն ենթադրությամբ, թե ուրարտական շրջանից առաջ նախահայերենն իբր ունեցել է խ>հ վարակ, քանի որ սրա հակադարձ հ>խ ձայնափոխությունը հաստա՛տ է հայտնի:

Այս պնդումը որևէ (գիտական) հիմք չունի, որովհետև հ>խ ձայնափոխությունն սկսվել է գրաբարյան շրջանից հետո միայն, այսինքն, ուրարտական շրջանից շատ ու շատ ուշ:

Բացի սրանք, հ>խ ձայնափոխության առկայությունից ոչ մի կերպ չի բխում, թե հակադարձ խ>հ վարակն էլ է պարտադիր, չորրորդն էլ՝ ուրարտականից առաջվա «Հայկ-Շամիրամյան շրջանը» գրաբարյան շրջանից գուցե հեռու է առնվազն երկու հազարամյակ, ու բացարձակ անհայտ է, թե հայերենի այն օրերի վիճակն ի՛նչ էր ևն, ևն:

«Հայկ-խալդյան» պնդումների պես բաները գիտությանը որևէ առնչություն չունեն, ու սրանք բերեցի միայն լեզվական վարակի ու սրա կուրության օրենքների էությունը ցուցադրելու համար:

7.10 Նորից լեզվական վարակի կուրության մասին

Վերը շարադրածից հետևում է, որ.

Դրույթ 1. Երեխան իր մայրենի լեզուն սովորում է անալոգիայի´ մեխանիզմով, իմիտացիայո´վ, այսինքն, կապկելո´վ կամ ընդօրինակելո´վ: Սովորում է անընդհատ, փորձ ու սխալի անգիտակից մեթոդով, ու սովորում է (կամ՝ սովորում էր), առաջին հերթին, իր մորից (սրա համար ենք ասում՝ մայրենի լեզու), հետո մնացած հարազատներից ու իր ընկերներից:

Դրույթ 2. Երեխան լեզուն սովորում է բանավոր, առանց քերականական որևէ մի կանոն իմանալու: Սովորում է գերազանց ու իր մայրենի լեզվական պրոցեսին «լիիրավ» մասնակիցը դառնալու հիմնական կրթությունն ավարտում է մինչև իր երեք-չորս տարեկանը, ինչից հետո երեխայի թերևս միայն բառապաշարն ու դարձվածքների քանակն է ավելանում:

Նորից շեշտենք, թե ինչքա´ն է զարմանալի, որ երեխան այս երեք-չորս տարում այդքան արագ ու այդքան գերազանց է յուրացնում լեզվական այն ողջ կարողությունն ու ունեցվածքը, ինչը երեխայի նախնիները, անգիտակից հայտնագործել, մշակել ու կուտակել են ամենաքիչը մի 300000-500000 տարի (գուցե 0,5-1,5 միլիոն տարի, ինչպես որ վերջերս են ասում):

Մարդը, ինչպես ասվել է, իր մայրենի լեզուն անընդհա´տ է ճշտում, լրացնում, թարմացնում իր ողջ կյանքում: Սովորում է երեխայի պես, սովորում է իր շրջապատից, սովորում է առանց քերականական գիտության օգնությա´ն կամ միջնորդությա´ն, սովորում է անգիտակի´ց:

Ավելի ճիշտ, հասուն մարդը (ո´չ երեխան) անընդհատ թարմացնում ճշտում կամ լրացնում նորոգում է իր մայրենի լեզվի իր գիտելիքը, իմացածն անգիտակից համեմատելով շրջապատից լսածի հետ: Ու մարդը սա անում է անալոգիայի մեխանիզմով, իմիտացիայով (տես նաև ՀԼՏ, էջ 343), առանց քերականական կանոնի:

Սրա համար էլ, ինչպես ասվեց նախորդ պարագրաֆում, պատահում է, որ լեզվական ֆլուկտուացիաների (շեղմունքների, «սխալների») մի մասը տարածվում ու ընդհանրանում է: Այսինքն, պատահում է, որ երբ մեկը մի լեզվական նկատելի «սըխալ» է անում, մյուսներն էլ են «վարակվում» այս սխալ-նորությունով, եթե այդ նորությունը դուր է գալիս իրենց:

Հետո այդ նորությունը դառնում է սովորական, ու խոսող հանրությունն այլևս չի նկատում, որ սա նորություն է, ու սա համարում է ճիշտ: Այ, ա´յս երևույթին են ասում լեզվական վարակ [7]: Նորից շեշտենք, որ, ինչպես ասվել է.

Դրույթ 3. Լեզվական վարակը «կույր է», այսինքն, գործում է առանց որևէ նախօրոք կազմած տրամաբանական ծրագրի ու չի դադարում, մինչև հանրության բոլոր խոսողներին «չվարակի» ու լեզվական նոր երևույթն ա´յն աստիճան չհաստատի, որ խոսողները սա համարեն բնական ու մայրենի, ու սա էլ հենց այն պահն է, երբ լեզվական վարակը դադարում է:

Դրույթ 4. Լեզվական վարակի կուրության օրենքը նշանակում է, որ ԼԳՕ-ի գործունեությունն է կույր:

Ասվածը հաստատելու համար մի քանի օրինակ բերեմ: Մոտ մի քառասուն-հիսուն տարի առաջ Երևանի բարբառի մեջ (թերևս մեր գրական ոճերի ազդեցությամբ), առաջացավ «խոսքի օրինակ» կապակցությունը: Սա առաջացավ գրական ոճերից մի 100-150 տարի առաջ փոխ առած «օրինակ»-ից, ինչը հին հայերենը վաղուց-վաղուց փոխ էր առել հին պարսկերենից, բայց լեզվական պրոցեսը սա «խոտանել էր» ու վըռընդել էր թերևս բոլոր բարբառներից:

Հետո նորին մեծություն լեզվական պրոցեսը, չգիտես ինչու, նորից շնորհազրկեց սրա երկրորդ բաղադրիչը, «օրինակ»-ը, ու սրան նորից վռնդեց անէության ծոցը, ու թողեց միայն «խոսքի»-ն, արդեն «օրինակ»-ի իմաստով:

Ու հիմա, նույնիսկ մոտ 40-45 (ու նույնիսկ 50 տարեկանները) ասում են «խոսքի» (փոխանակ ասեն «օրինակ»), ու մեր ուսյալ ավագներն էլ ջղայնանում ու ուղղում են, թե. «ասեք օրինա՛կ, ոչ թե խոսքի»: Այս «խոսքի»-ն կդառնա՞ նաև գրական ոճերի բառ, անհայտ է ու անգուշակելի:

Հետաքրքիր է «թույն» բառը, ինչը մի 30-40 տարի առաջ միայն բուն գոյական էր, բայց հիմա դարձել է նաև ածական, բայց «թունավոր»-ին լրիվ հակադիր մի իմաստով: Օրինակ (կամ՝ «խոսքի»), այսօրվա ջահելներն ասում են «թույն մարդ» ու «թույն կոշիկ», ու հասկանում են՝ «ընտիր մարդ, ընտիր կոշիկ» ևն:

«Դզող» ենթակայական դերբայի «ուղղող, ճշտող» իմաստն էլ է փոխվել ու դարձել է՝ «ընտիր, գերազանց», ու հիմա ասում են՝ «դզող գինի ու դզող բենզին», այսինքն, «գերազանց գինի ու բենզին»: Ջահելներն ասում են՝ «հոգնած կինո» (այսինքն, ձանձրալի, անհամ, ջրիկ կինո), նաև – «պայթած ավտո» կամ «պայթած կոմպ» ևն (այսինքն, «քարուքանդ եղած ավտո կամ կոմպ»):

Սրանց պես բան լեզվի մեջ շատ է պատահում: Օրինակ, «վեր» բառի իմաստը, արդեն վաղուցվանից, շրջվել է ու դարձել «ցած, ներքև»: Իրոք, չե՞ն ասում՝ «էրեխեն ծառիցը վեր ընգավ» կամ «վեր ընգի տեղըտ»:

Թե այս ասածս լեզվական երևույթներից՝ «խոսքի, թույն բան, դզող, հոգնած կինո, պայթած կոմպ», հենց՝ «կոմպ» բառերից ո´ր մեկը կընդհանրանա ու կդառնա Երևանի բարբառի լիիրավ բառ, ոչ մեկը չգիտի:

Սրանցից «կոմպ»-ը ոնց որ թե ընդհանրացել է, ու «կոմպ»-ը, Չուկովսկու ասած [52] լեզվական հրեշ «համակարգիչ» բառի համեմատ (իմ կարծիքով) ուղղակի «չքնաղ» բառ է: Ապագա´ն ցույց կտա: Բայց «կոմպ»-ի պես բառերի դեմ պայքարն անիմաստ ու հակագիտական է:

Չուկովսկին ասում է (ib.), թե երբ ինքը ջահել էր ու սրանց պես «սխալ» բառեր էր ասում, ավագները ջղայնանում ու ուղղում էին իրեն: Ու հիմա, երբ մեծացել ու ի´նքն է դարձել ավագ, մեկ-մեկ ինքն է´լ է իրենից անկախ ուղղում ջահելներին, ու հետո նո´ր է հիշում, որ լեզվի փոփոխությունն անխուսափ է ու անկառավար:

Թե որ քսաներորդ դարի սկզբին մի ջահել ասեր՝ «հենց», կրթված ավագներն ուղղելու էին, թե «ասա՝ «հանց», որովհետև ճիշտը «հանց»-ն է»: Բայց այսօր ո՞վ է հիշում այդ «ճիշտ» հանց-ը: Թերևս ոչ մեկը, նույնիսկ լեզվի պատմության մասնագետները՝ համարյա լրիվ: Ուրեմն, լրիվ հնարավոր է, որ մենք, ավագներս, մեռնենք ու գընանք, ու ջահելներն արդեն գլխի էլ չլինեն, որ իրենց գործածած բառերը, այս՝ «խոսքի»-ն, այս «թույն բան»-ը, «դզող»-ը, «հոգնած կինո»-ն, «պայթած կոմպ»-ը ևն, «սխալ են», ճիշտ այսօրվա «հենց»-ի պես:

7.11 Լեզվական ֆլուկտուացիաները

Ասվեց, որ «ֆլուկտուացիա» բառը ֆիզիկոսները գործածում են «միջինից մի քիչ շեղված»-ի իմաստով, բայց ես սա այստեղ գործածում եմ նաև «լեզվական նոր երեվույթ» ծագելու, օրինակ, նոր բառ փոխ առնելու կամ լեզվական նոր երևույթ առաջանալու իմաստով:

Լեզվական ֆլուկտուացիայի մի քանի օրինակ բերվեց նախորդ վերնագրի տակ (տես նաև [3], ՀԼՏ, 51-54): Չափազանց սովորական է ֆլուկտուացիայի մյուս տեսակը՝ բառային փոխառությունը: Ասվել է, որ.

Դրույթ 1. Արդեն կազմակերպված լեզուները (միմիայն իրենց ներքին միջոցներով) թերևս նոր արմատ չեն ստեղծում, ու կազմակերպված լեզվի բառային ֆլուկտուացիաները միմիայն բառային փոխառությամբ են ու չափազա´նց են հաճախ:

Ասվել է նաև, որ թերևս կան (բայց քիչ են) ձևաբանական մասնիկների փոխառական ֆլուկտուացիաներ («մարքս+իզմ, մարքս+իստ» ևն):

Դրույթ 2. Ձևաբանական ու շարահյուսական փոխառական ֆլուկտուացիաները կենդանի լեզվում թերևս անհնար կամ հազվադեպ են: Լեզվի ձևաբանությունն ու շարահյուսությունը փոխողը թերևս միայն լեզվի ներքին սպոնտան (ուրեմն, նաև պատահական) ֆլուկտուացիաների «բնական ընտրությունն» է, այնինչ, բառապաշարը փոխվում է միմիայն բառերի փոխառությամբ:

Դրույթ 3. Բառային փոխառությունը լեզվի «շնչելու» հիմնական ձևն է:

Դրույթ 4. Առանց բառ փոխ առնելու – լեզուն չէր հարմարվի կյանքի փոխված վիճակներին, ու այս կարգի անփոփոխ ու «կամակոր» լեզվի կիրառությունը չափազանց դժվար կլիներ, ու կարգելակեր հանրության կյանքի ընթացքին:

Շարքային մարդը լեզվաբան կամ թարգման չի, որ բառային փոխառությունները «շնորհքով» անի: Շարքային մարդու համար օտար բառը մի ինչ որ անծանոթ բանի անունն է, ու իրեն բացարձակ հետաքրքիր չի, թե այդ անվան իմաստն ի´նչ է:

Երբ այս մարդուն օտար անուն է պետք, սա վերցնում ու գործածում է այդ անունը, ճիշտ այնպես, ինչպես օտարից ձրի վերցնում է ցանկացած անունը, օրինակ, Հովհաննես-ը, Մարկոս-ը, Գևորգ-ը, Տիգրան-ը, Գուրգեն-ը, Արշակ-ը, Համլետ-ը, իսկ փողով կամ բարտերով՝ նավթը, կոշիկը, կոմպը ևն:

Չմոռանանք, որ լեզուն մարդկային գործունեության անխտիր բոլոր ոլորտները հնչավորելու համար է: Ուրեմն, հիշելով Միզեսի մարդկային արարմունքի աքսիոմը, կպնդեմ, որ.

Դրույթ 5. Առանց առավելագույն հեշտությամբ կամ նվազագույն ճիգով կիրառվող «հեշտ» լեզվի, մարդկանց կյանքը կդժվարանար, որովհետև կդժվարանար լեզվի միջոցով անհատի նեղությունները վերացնելը, ինչն անհատի գերագույն նպատակն է:

Դրույթ 6. Ավելի պարզ ասած, մարդիկ, մեծագո՛ւյն մասամբ, իրար հետ գործ են ունենում հենց լեզվո՛վ, ու լեզուն այս հարաբերությունների ընթացքում հենց խոսելո՛ւ միջոցով մարդկանց նեղությունները վերացնելու համար է, ու անհատը ակամա ձգտում է խոսելու պրոցեսի հնարավոր հեշտությանն ու պարզությանը:

Դրույթ 7. Խոսելու պրոցեսի առավելագույն հեշտության ու պարզության համար հարկավոր է, որ խոսելու պրոցեսը լինի ռեֆլեքսով, առանց գիտակցված տրամաբանությանը դիմելու:

Ռեֆլեքսով խոսելիս՝ խոսողը անգիտակից ռեֆլեքսով համարում է, որ իր իմացած բոլոր բառերն ու լեզվական բոլոր երևույթներն էլ թույլատրելի են, ու բոլորովին էլ չի մտածում՝ դրանք փոխ են առա՞ծ, թե՞ չէ:

Դրույթ 8. Ուրեմն, երբ լեզվական մաքրամոլները պահանջում են, որ խոսողը «փոխառյալ» բառ չգործածի, ըստ էության, խաթարում են խոսելու պրոցեսը ու սա չափազա´նց են դժվարացնում:

Իսկ երբ այս պահանջը դարձնում են պետական քաղաքական պահանջ, ըստ էության, նպաստում են, որ խոսողի մայրենի բարբառի, այսինքն, մայրենի լեզվի բնական պրոցեսը մեռնի, որովհետև այս ստիպմունքով վարկաբեկում են լեզվական պրոցեսի բնական հեշտությունը:

Դրույթ 9. Խոսողն էլ, տեսնելով, որ իր մայրենի լեզուն պատիվ չունի, իսկ գրական ոճերն էլ իր համար անհասանելի են, որովհետև նվազագույն ռեֆլեքսային ճիգի փոխարեն վիթխարի ճիգ են պահանջում, մտածում է, որ ձեռնտուն օտար մի այնպիսի լեզվի իմացությունն է, ինչի համար այսպիսի մի ստիպմունքը չկա, ու ինչը ավելի պատվավոր է:

Դրույթ 10. Ուրեմն, եթե լեզվական մաքրամոլությունը դառնում է քաղաքական պարտադիր պահանջ, սա վնասում է ոչ միայն գիտությանը, այլև խաթարում է ողջ հանրության տնտեսական-քաղաքական կյա´նքը, քանզի դժվարացնում է տնտեսական անհատների նեղությունները վերացնելու պրոցեսը:

Թվում է, թե ասվածը չափազանցություն է, բայց եթե հիշենք, որ հայ երգի ու երգապարի պրոցեսի ցրիվ կարգը կործանվեց՝ հենց այդ կարգն անպատիվ անելով [24], կզգացվի, որ հենց նոր արած եզրակացությունն այնքան էլ ֆանտաստիկ չի:

7.12 Լեզվական շարժուն համակշռությունը

Ասվել է, որ.

Դրույթ 1. Կենդանի որևէ լեզվական պրոցեսի վերացական կառուցվածքի ընթացքը (կյանքը, արարմունքը, գործունեությունը ևն) պայմանավորված է լեզվի բանավոր փոխանցելիությամբ, անալոգիայով ու ֆլուկտուացիաներով:

Փոխանցելիությամբ է պայմանավորված նաև լեզվի անգիտակից պայմանադըրության հարատևությունը:

Դրույթ 2. Անալոգիական իմիտացիան (իրարից սովորելու ու իրար նման գործելու ու խոսելու մեխանիզմն ու սովորությունը) ապահովում է լեզվի (նաև անհատների հարաբերությունների) քվազիկայունությունը, իսկ ֆլուկտուացիան՝ փոփոխականությունը: (Չմոռանանք, «քվազի» բառը նշանակում է «համարյա»):

Դրույթ 3. Ուրիշ խոսքով, անալոգիական իմիտացիայի մեխանիզմն ու սովորությունը չի թողնում, որ լեզվական պրոցեսի քերականությունը չափազանց արագ փոխվի, թե չէ՝ արագ փոխվող լեզուն շատ կխանգարեր հանրության ընթացքին:

(Իմիջիայլոց, նույնն էլ վերաբերում է տնտեսական հարաբերություններին):

Դրույթ 4. Լեզվական ֆլուկտուացիաների մի մասն էլ հնար է տալիս, որ լեզուն արագ հարմարվի կյանքի նոր իրավիճակներին, թե չէ՝ ինֆորմացիայի ցանկացած փոխանակությունը կյանքի նոր իրավիճակներում շատ կդժվարանար:

Դրույթ 5. Այս երկու մեխանիզմը, լեզուն կայունացնող այս անալոգիական իմիտացիայի ու լեզուն փոփոխող շեղմունքների մեխանիզմները, իրար այնքա´ն լավ են համակշռում, որ լեզուն թե՛ շատ արագ չի փոխվում, թե՛ շատ արագ է հարմարվում ծագած նոր պայմաններին: Հենց այս անընդհատ փոխվող, անընդհատ շարժուն (կամ դինամիկ) համակշռությանն էլ ասում եմ՝ լեզվական պրոցեսի շարժուն (դինամիկ) համակշռություն:

Դրույթ 6. Երբ լեզվական մաքրամոլները պահանջում են, որ հանրության անդամները սովորեն ոչ թե անալոգիական իմիտացիայով ու կյանքային «պատահական» փորձ ու սխալով, այլ սովորեն միայն գրական ոճերի «քուրմ»-գիտակներից ու միմիայն սրա´նց հանձնարարականներով («հորդորակներով»), խաթարում են լեզվական անալոգիայի սպոնտան (ինքնակա) մեխանիզմն ու հակառակվում են լեզվի՝ վերը ասված բնական օրենքներին:

Դրույթ 7. Իսկ երբ այս մաքրամոլները պահանջում են, որ մարդիկ հրաժարվեն փոխառյալ բառերից կամ լեզվական ինքնին ծագած նոր երևույթներից, օրինակ, նոր ծագած բառ ու արտասանությունից, կամ բառերի նոր իմաստներից, խոչընդոտում են լեզվի փոփոխականությանն ու նորին հարմարվելու ունակությանը:

Այս երկու անգամն էլ կենդանի լեզուն իբր կառավարող այս լեզվական «գեներալները» կամ «քրմերը», դեմ գնալով բնությանն ու գիտությանը, խախտում են լեզվական պրոցեսի ինքնակա (սպոնտան) քվազիկայունությունն ու լեզվական շարժուն կամ դինամիկ համակշռությունը:

7.13 Լեզվական պրոցեսի ցրիվ կարգը

Երբ պնդում ենք, թե անհատի լեզուն ու սրա գործածելու ձևն հենց այս անհատի մասնավոր սեփականությունն է սրանից բխող մասնավոր սեփականությունը տնօրինելու իրավունքի ազատությամբ, գուցե թվա, թե այդժամ հնարավոր է, որ լեզվական քաոս առաջանա:

Այս քաոս կոչվածի առումով հիշենք Սոսյուրից արդեն մեջ բերած մի քաղվածը.

շախմատիստը {իր ամեն մի քայլով}, գիտակցելո՛վ է խաղի մի վիճակից անցնում մեկ ուրիշին ու հենց ա՛յս ձևով ազդում է սիստեմի վրա: Այնինչ, լեզվի վիճակների փոփոխությունների մեջ ոչ մի կանխորոշ բան չկա: Լեզվի կտորները մեկից մյուսին են անցնում, ավելի ճիշտ, ձևափոխվում են միայն սպոնտան, ինքնին ու պատահական: …Շախմատի խաղի ընթացքն ամեն ինչով նման կլիներ լեզվի ընթացքին, եթե խաղացողը գիտակցությունից ու խելքից զուրկ լիներ ([40], էջ 89):

Սոսյուրը, իհարկե, իր վերջին խոսքով չափազանցում է լեզվի ու շախմատի հնարավոր մտային անալոգիան, ինչը բացառում է խաղացողի տրամաբանության առկայությունը, բայց, իրոք լեզվական պրոցեսը ոչ թե քաոսային է, այլ հույժ ու չափազանց բարդ կարգավոր է: Հիշենք, թե Սոսյուրն ինչ է ասում այս առումով.

Լեզուն սիստե´մ է: …լեզուն լրիվ կամայական չի: Սա մի քիչ կառավարվում է տրամաբանությունով {այսինքն, լեզուն տրամաբանությունով կառավարվում է ոչ լըրիվ}, բայց պիտի շեշտվի, որ զանգվածները, ակնհայտ, անկարող են {իրենց գիտակից ծըրագրերով} փոխելու լեզուն:

{Քանի որ լեզուն միշտ էլ անցյալի ժառանգությունն է}, հենց {մերձավոր} անցյալին հավատարիմ մնալն է հսկում {լեզվական նոր ձևերի} ընտրության ազատությունը ([40], էջ 73-75):

{Այսինքն, լեզվական նոր ձևերի ընտրության ազատությունը հսկողը իմ ասած անալոգիայի մեխանիզմն ու նվազագույն ճիգի օրենքն են}:

Դրույթ 1. Հենց լեզվի իր մերձավոր անցյալին հավատարիմ մնալու տենդենցի համար է, որ անալոգիայի ու ֆլուկտուացիայի միջև միշտ կա այնպիսի մի շարժուն (նաև փոփոխական) համակշռություն, ինչը հաստատում է լեզվական այնպիսի մի կարգ, այնպիսի մի սիստեմ, ինչն ինքնակա է, ինքնածին, ինքնահաստատ, ինքն իրեն տարածող, սպոնտան, ինքնագո, ինքնադիֆուզ(վող), ինքնընթաց, ցրիվ ու ինքնուրույն, նաև ինքնակազմակերպ ու ինքնակառավար (հիշենք, օրինակ, լեզվական վարակի կուրության հատկությունը):

Այս բոլոր տերմիններից գերադասել եմ ցրիվ (սպոնտան) կարգ, ինքնուրույն կամ ինքնակա/ինքնագո կարգ, ինքնընթաց կամ դիֆուզ(վող) կարգ ու կարգավոր տերմինները:

Դրույթ 2. Լեզվական այս անընդհատ պրոցեսը իրո´ք է կարգ, որովհետև սրան մասնակից անհատները, երբ խոսքային ինֆորմացիա են փոխանակում, որ իրենց նեղություններից ազատվեն, ոչ իրենց արձակած բառ-ձայներն են քաոսային ձևով արձակում, ոչ էլ բառ-ձայների այս փոխանակությունն է քաոսային («գիտակցությունից, խելքից ու տրամաբանությունից զուրկ շախմատիստ չեն»):

Եթե լեզվական այս պրոցեսը քաոսային լիներ, եթե այս շարունակական պրոցեսի մեջ ոչ մի կարգ ու կանոն չլիներ, սրան մասնակիցները բացարձակ ոչ մի ինֆորմացիա փոխանակած չէին լինի, սրանց արձակած ձայների ամբողջությունը կլիներ անկանոն ու քաոսային աղմուկ: Ուրեմն, սա իրո´ք է կարգ:

Դրույթ 3. Որևէ առանձին խոսվածքի գրված քերականությունը, իր ողջ կանոնների, իր ամենայն հնչյունական, բառային, ձևաբանական ու շարահյուսական հարացույցների սիստեմով հենց այս ցրիվ կարգի քիչ թե շատ իրական նկարագրությունն է:

Դրույթ 4. Լեզվական կարգն ինքնուրույն է, որովհետև երբե´ք չի ենթարկվում մարդկային գիտակից ծրագրերին, ու սա հենց այս պատճառով էլ կա ինքնի´ն, այսինքն, ինքնակա´ է, ինքնագո´ է, գոյություն ունի ինքնի´ն, ինքնուրո´ւյն է, ինքնընթա´ց է, սպոնտա´ն է:

Այս կարգը ցրիվ է, որովհետև զանազանվում է անհատից անհատ (տես նաև քիչ հետո):

Դրույթ 5. Այսպիսի կարգին, մեծ մասամբ, ասում եմ ցրիվ կարգ, որովհետև չընայած հենց ա´յս կարգն է ապահովում լեզվի տեղական քվազիկայուն վիճակը, այնուամենայնիվ, սա թե´ տեղից տեղ է աննկատելի չափով տարբեր, այսինքն, թե´ ցրիվ ու դիֆուզվող (տարածվող) է, թե՛ փոփոխական է ամեն տեղ, թե´ նաև կարգ է, որովհետև միջինով՝ նույնն է ամե´ն տեղ ու հասկանալի է բոլորի´ն:

Դրույթ 6. Շեշտեմ, որ այս ցրիվ կարգը նաև դիֆուզ(վող) է, այսինքն, ամենաթափանց է, որովհետև հենց որ սպոնտան ձևով սրա մի որևէ վայրում լեզվական մի նոր, մի լոկալ երևույթ է հայտնվում ու եթե այս նոր երևույթը դուր է գալիս կարգի այդ լոկալ մասնակիցներին, շատ անգամ հնարավոր է, որ այս նոր երևույթը (ֆիզիկոսների ասածի պես) դիֆուզվելով տարածվի ու ընդհանրանա լեզվական ո´ղջ պրոցեսի, ո´ղջ հանրության մեջ:

Դրույթ 7. Լեզվական պրոցեսի այս ինքնուրույն ու ցրիվ կարգը դիֆուզվում հաստատվում է բազմաթիվ ու բազմազան հետադարձ կապերով, լեզվական պրոցեսի այնպիսի´ վիթխարի թվով բազմապատճառ փոխազդեցություններով, որոնք կարգի հաստատվելն ու դիֆուզիան դարձնում են պատահականությունների մի գերվիթխարի շարան, ու այս վիթխարի բարդության համար էլ լեզվական պրոցեսի ապագան գուշակելի չի – հենց սկզբունքո´վ:

Դրույթ 8. Կարգի այս ցրիվությունը հզոր բան է, որովհետև թեև այս լեզվական կարգը ցրիվ է, բայց մեկ է՝ կա´րգ է, ու հենց սա՛ է հնար տալիս, որ միմիայն տվյալ տեղի լոկալ մերձակա կարգը յուրացնելով, «իմանաս» նաև հեռո˜ւ-հեռո˜ւ տեղերի լեզվական հեռակա´ կարգը:

Այո´, կարգի հենց այս ցրիվությո´ւնն է (կամ ցրիվության այս կա´րգն է) հնար տալիս, որ մանուկն իր մայրենի լեզուն սովորի՝ ընդօրինակելով միայն իր ընտանիքի ու իր անմիջական շրջապատի, իր խաղընկերների, իրենց փողոցի մերձակա կարգը, ու ոչ թե ստիպված ուսումնասիրի, օրինակ, ողջ Երևանի բարբառն իր ամենայն մանրամասնությամբ: Չէ՞ որ.

Դրույթ 9. Լեզվական դիֆուզիան տվյալ տեղի մերձակա կարգը միշտ էլ տարածում հասցնում է հանրության համարյա ամեն մի անդամին:

Դրույթ 10. Այս դիֆուզվող ցրիվ կարգը իր բնույթով պայմանադիր է ու վերացական, քանի որ սա հաստատվում է անգիտակից, անհատի կամ անհատների խմբի կամքից անկախ: Ուրեմն, այս իմաստով, այս կարգը թե´ պրոցեսային է, թե´ բնական է, այսինքն, մարդկային ծրագրի արդյունք չի, չնայած ա´նպայման է մարդկային գործունեության արդյունք:

Դրույթ 11. Լեզվական պրոցեսի այս դիֆուզվող ցրիվ կարգը հաստատվում է ինքնի´ն, ուրեմն, ի´նքնակազմակերպ է: Բայց այս կարգը նաև ինքնաղեկավար կամ ինքնակառավար է, քանզի մարդկային ծրագրի արդյունք չի ու մարդկային անհատների խմբերի կամ անհատների´ կամքին ու ծրագրերին չի ենթարկվում:

Դրույթ 12. Կնշանակի, սխալ չի լինի, եթե լեզվական ինքնուրույն ու ցրիվ կարգը համարենք բնական պրոցես, բնական երևույթ (սրան հակառակ, գրական ոճերը «բնական չեն», այլ մարդկային ծրագրի´ կամ մարդկային անհատական կամքի´ արդյունք են):

Երբ լեզուն (այսինքն, լեզվական ինքնուրույն ու ցրիվ կարգը, լեզվական պրոցեսը) համարում ենք բնական երևույթ, պիտի հիշենք, որ այսպիսի բնական երևույթը, այնուամենայնիվ, տարբեր է բնական ֆիզիկաքիմիական երևույթներից, օրինակ, Արևի, Լուսնի ու մոլորակների խավարումներից ևն: Ուրիշ խոսքով.

Դրույթ 13. Ֆիզիկաքիմիական կամ այլ բնական երևույթները կան ու կլինեն՝ մարդու գոյությունից անկախ ու երբեք էլ մարդու գործունեության արդյունք չեն, իսկ լեզվական ինքնուրույն ու ցրիվ կարգը անհնար է առանց մարդու գոյության ու միայն այս իմաստով է «անբնական»:

Դրույթ 14. Լեզվական պրոցեսի դիֆուզվող ցրիվ կարգը մարդու արարմունքի (գործունեության) արդյունք է ու սրա համար էլ «լրիվ բնական չի», քանզի եթե մարդը չլիներ, սա է´լ չէր լինի, բայց քանի որ այս կարգը մարդկային գիտակից ծրագրի կամ մարդկային կամքի արդյունք չի, հենց սրա համար էլ քվազիբնակա՛ն է:

Դրույթ 15. Լեզվական պրոցեսի այս ցրիվ կարգը հույժ բարդ համակարգ է:

Հույժ բարդության պատճառներն են՝ թե´ լեզվական մանրամասն ու համակողմանի ինֆորմացիայի դիֆուզությունը (ցրիվությունը) միլիոնների մեջ, թե´ ֆլուկտուացիայի հարատև առկայությունը, որոնք նաև կյանքի հույժ բարդության հետևանքն են, թե´ անհատների հարաբերությունների հույժ խրթին բազմապատճառականությունը:

Դրույթ 16. Լեզուն այնքա´ն է բարդ ու այնքա´ն է փոփոխական (տես նաև [3], ՀԼՏ, 44-51), այսինքն, խոսողներն այնքա´ն շատ են սխալվում (աննկատելի են սըխալվում, իհարկե), ու իրենք էլ այնքա´ն շատ են, որ ժամանակի տվյալ հատվածում այս դիֆուզվող քվազիկայուն կարգը լրիվ ու մանրամասն գրանցելն անհնար է:

Ասվածից հետևում է նաև, որ.

Դրույթ 17. Որևէ լեզվի քերականության մանրամասն ու բացարձակ սպառիչ գըրանցելը կամ շարադրանքն անհնար է, մանավանդ, որ լեզուն պրոցե´ս է ու ա´նպայման կփոխվի, ուրեմն, արդեն նկարագրվածն էլ ա´նպայման կհնանա:

Դրույթ 18. Քերականության շարադրանքն ա՛նպայման է մոտավոր:

Դրույթ 19. Թե´ լեզվական պրոցեսի ցրիվ կարգը, թե´ տնտեսական, թե´ բարոյաիրավական, թե´ էթնիկական երգ ու պարի, թե´ գիտությունների ցրիվ կարգերը վերացական-պայմանադիր են:

Սրանք, բոլորն է´լ, անհատի կամ անհատների խմբի, օրինակ, մտավորականության առանձին խմբերի կամ «պետություն» կոչվող պետերի հանրության ծրագրային կամքին չեն ենթարկվում (թեև ազդվում են սրանցից), որովհետև սրանք առաջանում են անգիտակից, մշակութային էվոլյուցիայի ընթացքում, գոյության պայքարի խմբային ընտրության միջոցով:

Դրույթ 20. Երբ էլ որ մի գիտակից ծրագիր է փաթաթվում այս կարգերին, սրա արդյունքները լինում են ծրագրի պահանջներից դուրս, անսպասելի ու շատ անգամ կործանարար այդ կարգի համար: Այս կործանարարությունը ա´յն ժամանակ է առաջանում, երբ պարտադրված ծրագիրը անպատիվ է դարձնում լեզվական պրոցեսի ազատ ընթացքը ու փլուզում է այդ կարգը:

(Նորից ու նորից շեշտենք, որ սրա մի ցավալի օրինակը հայ էթնիկ ազատ երգ ու պարի կործանվելն էր, մյուսը, 1917-ին Ռուսական իմպերիայի նորածին կապիտալիզմն անվանարկելով, սոցիալիստական արյունարբու ու հրեշավոր կարգերին անցնելը): Այլ կերպ ասած.

Դրույթ 21. Դիֆուզվող ցրիվ, հույժ բարդ ու բաց կարգերը (տես հաջորդ պարագրաֆը), հենց սկզբունքով, չեն մոդելավորվում (ծրագրավորվում, նաև ու մանավանդ մաթեմատիկայով), թե´ այն պատճառով, որ սրանց մեջ եղած վիթխարի քանակով ֆլուկտուացվող ինֆորմացիան ցրված է միլիոնների միջև ու անընդհատ փոփոխվում է ու, ինչպես ասվեց, գրանցելի չի, թե´ այն պատճառով, որ այս կարգերը փոփոխական են, ու մանավանդ ա´յն պատճառով, որ այս կարգերին հատուկ արժեքների գնահատականները միմիայն սուբյեկտիվ են, ու քանակական չեն, դասայի´ն են: (Տես նաև [39]-ը):

Իմիջիայլոց, հենց սա է պատճառը, որ.

Դրույթ 22. Լեզվական որևէ մասնակի ու բարդ պրոցեսը (օրինակ, պոեզիայի թարգմանությունը) մաթեմատիկայի միջոցով մոդելավորելն ու իրագործելն անհնար է, այսինքն, անհնար է, որ լեզվական պրոցեսը մաթեմատիկայի միջոցներով լրիվ ու անխաթար մոդելավորվի:

Ուրեմն, նորից շեշտեմ, որ.

Դրույթ 23. Լեզվի վրա դրվող կենտրոնային ծրագրերն հենց սկզբից են դատապարտված, քանզի սրանց արդյունքները, անկասկած, անսպասելի կլինեն:

Դրույթ 24. Լեզվի նկարագրությունը պիտի արվի միայն այն (սինէռգետիկական) մեթոդներով, ինչ մեթոդներով որ գործում են ավստրիական դպրոցի տնտեսագետներն ու իրավագետներն ու բարոյագետները [36-39], այսինքն, համաձայն վերը բերված աքսիոմների ու դիտողությունների:

Դրույթ 25. Լեզուն մաթեմատիկայի ալգորիթմներով մոդելավորելու անհնարինության մեկ ուրիշ ապացույցը կոմպյուտերային գեղարվեստական թարգմանության ծրագրեր ստեղծելու անհնարինությունն է:

Անթերի չեն գործելու նույնիսկ ա´յն ծրագրերը, որոնք նախատեսված են կոմպով տեքստը կետադրելու համար, քանզի.

Դրույթ 26. Կետադրելու պրոցեսը զուտ անհատական է, այսինքն՝ «կետադրելու» (խոսքի դադարների, ինտոնացիայի ևն) ինֆորմացիան է´լ է ցրված միլիոնների մեջ ու փոփոխական է (նույնիսկ մեկ առանձի´ն անհատի խոսքի մեջ):

Դրույթ 27. Եթե անգամ հրաշքով նման ծրագրեր ստեղծվեն, միևնույնն է, կարճ ժամանակ հետո հնացած կլինեն, որովհետև լեզուն ա՛նպայման է փոխվում:

7.14 Լեզուն բարդ ու բաց համակարգ է

Նախորդ պարագրաֆում խոսք եղավ «բաց» ու «բարդ» կամ «գերբարդ» համակարգերի մասին: Ֆիզիկոսները մարմինների համախումբը կոչում են փակ, եթե սրա անդամները միմիայն իրար հետ են փոխազդում, իսկ երբ այս մարմիններն ուրիշ («դրսի») մարմինների հետ էլ են փոխազդում, ասում են, որ համախումբը բաց է կամ մեկուսի չի:

Ֆիզիկական մարմինների այն ՓԱԿ համախմբերը, որ կազմված են վիթխարի քանակով մարմնից (այսինքն՝ բարդ համախմբերը), ենթարկվում են մի օրենքի, ինչին ասում են էնտրոպիայի չնվազելու օրենք:

Որևէ բարդ ու բաց համախմբի էնտրոպիան, կոպիտ ասած, այդ համախմբի քաոսի չափն է, ուրեմն, նաև լեզվական պրոցեսի ցրիվ կարգի քաոսի չափն է, այն իմաստով, որ քաոսի շատանալը կարգի պակասելն է ու հակառակը:

Օրենք. Ֆիզիկոսները համոզված են, որ մարմինների փակ համախմբի էնտրոպիան չի նվազում:

Սրանից բխում է, որ.

Դրույթ 1. Ֆիզիկական փակ համախմբերի քաոսի աստիճանը կա՛մ անփոփոխ է (երբ համախումբը այսպես կոչված ջերմային հավասարակշռության վիճակում է), կա՛մ համախմբի քաոսն այնքա՛ն երկար է շատանում, որ դառնում է առավելագույնը ու հետո մնում է անփոփոխ:

Այս առավելագույն քաոսի վիճակը, ըստ էության, համախմբի մեջ եղած առաջվա կարգը լրի՛վ է վերացնում, ու սա այդ կարգի «մա՛հն» է: Ուրեմն.

Դրույթ 2. Ֆիզիկական փակ համախումբը, օրինակ, մեկուսի գազը, անթիվ ըսկըզբնական վիճակից միշտ գալիս հասնում է նույն մեկ հատ վերջնական՝ ջերմային հավասարակշռության վիճակին, այսինքն, այդ կարգի «ջերմային մահվան վիճակին»:

Ֆիզիկական բաց (այսինքն, շրջապատի հետ էներգիա ու էնտրոպիա փոխանակող) ու բարդ համախմբերի վարքը փակերի վարքի լրիվ հակառակն է:

Դրույթ 3. Եթե ֆիզիկական բաց ու բարդ համախմբի մեջ սկզբում նույնիսկ կատարյալ քաոս է (այսինքն, ոչ մի կարգ չկա), միևնույնն է, հնարավոր է, որ սրանց մեջ ինքնին (սպոնտան) առաջանան կարգավորության (այսինքն, կարգի) կըղզյակներ: Այս կարգավորությունը կամ կարգը անընդհատ ծավալվում ու բարդանում է:

Ուրեմն, սրանց էնտրոպիան (քաոսի չափը) սկզբում առավելագույնն է (քաոսը կատարյալ է): Բայց եթե համակարգը բաց է ու բարդ, այս քաոսը քչանում է, իսկ կարգը՝ շատանում: Այսինքն.

Դրույթ 4. Գերբարդ ու բաց համախմբերի մեջ, ինքնին (սպոնտան) կարգ կամ «կյա՛նք» է ծագում, ինչը քիչ-քիչ բարդանում է:

Դրույթ 5. Քանի որ կարգի բարդանալու պրոցեսը բացարձակ պատահական է, ուրեմն, համախմբի հնարավոր ապագա ընթացքների (ուղիների) թիվն անսահման է, ու անհնար է, որ նախօրոք իմացվի, թե բարդ ու բաց համախմբի վերջնական վիճակն ի՛նչը կլինի:

Դրույթ 6. Ուրեմն, բարդ ու բաց համախմբի ապագան, հենց սկզբունքով, անհայտ է:

Դրույթ 7. Կնշանակի, բարդ ու բաց համախումբը նույն սկզբնական քաոսի մեկ հատիկ վիճակից կարող է անցնի անսահման քանակով վերջնական վիճակի:

Դրույթ 8. Լեզվական պրոցեսը (լեզուն) «փոխազդող բառ-ձայն-նշանների» դիֆուզվող ցրիվ բաց ու գերբարդ համախումբ է:

Դրույթ 9. Սրա համար էլ, լեզուն իր լեզվական պրոցեսով նույն՝ մեկ «նախնական» կամ «սկզբնական» ինքնուրույն ու ցրիվ կարգից կարող է անցնի թերևս անհաշիվ «վերջնական» ինքնուրույն ու ցրիվ կարգի, անթիվ ինքնուրույն ու ցրիվ վերջնական վիճակի, ընդ որում, նույն սկզբնական վիճակից վերջնականներին անցնելու ուղիները զուտ պատահական են:

Սրա փայլուն «ապացույցներից» է, օրինակ, այն փաստը, որ հնդեվրոպական մեկ նախալեզվից առաջացել են մեր օրերի հնդեվրոպական բոլոր լեզուներն ու սըրանց բոլո´ր-բոլո´ր բարբառներն ու խոսվածքները:

Այստեղից բխում է, որ.

Դրույթ 10. Լեզվի դիֆուզվող ցրիվ կարգը (լեզվական պրոցեսը) գնում է անհայտություն:

Ուրեմն, սա է՛լ է հաստատում այն փաստը, որ.

Դրույթ 11. Բաց ու գերբարդ համակարգի վրայի նույնիսկ հայտնի ազդեցության փոփոխության հետևանքը լրի´վ է անհայտ, այսինքն, «անսպասելի է», որևէ տեսությամբ գուշակելի չի:

Դրույթ 12. Լեզվի վրա դրված մարդկային ծրագրերի արդյունքը միշտ անսպասելի կլինի, ու այդ ծրագրերն ա´նպայման են ինքնանպատակ ու անտեղի, ու դատապարտված են ի սկզբանե:

Դրույթ 13. Լեզվական որևէ պրոցեսի դիֆուզվող ցրիվ կարգի առանձին (բնական) կառույցների («լեզվական կտորների, բեկորների») ճիշտ կամ սխալ լինելու չափանիշը միմիայն սրանց առկայությունն է տվյալ կարգի մեջ:

Սա հենց ԼԳՕ-ն է ու սա պնդում է, որ լեզվական պրոցեսն ու իր բոլոր ատրիբուտները ճիշտ են ինքնի´ն, ուղղակի հենց ա´յն պատճառով, որ կա´ն, որ գոյություն ունե´ն: Նորից ասեմ, որ ճիշտ այսպես է, օրինակ, գետի հոսելու, ծառի աճի կամ, օրինակ, քամու փչելու պրոցեսը:

Դրույթ 14. Գետի հոսելու կամ ծառի աճի պրոցեսի բոլոր-բոլո´ր մանրամասները ճիշտ են հենց ինքնին, ու անհնար է, որ գետի հոսանքի որևէ մանրամասնը համարվի սխալ, քանզի անհնար է, որ սխալ համարվածը ճշտելու մի օբյեկտիվ չափանիշ առաջարկվի:

Դրույթ 15. Ճիշտ նույն ձևով, բնական ու ինքնակազմակերպ լեզվական պրոցեսի (բարբառի´ կամ խոսվածքի´) ոչ մի երևույթը մեր դատողության եզրակացությունը չի:

Ուրեմն, սա է՛լ է հաստատում ԼԳՕ-ի իրավացիությունը:

Քիչ առաջ ասվեց, որ կենդանի լեզուն գնում է անհայտություն: Ասվեց, որ լեզուն հիշեցնում է բնագիտական բաց ու բարդ համակարգերը: Այնուամենայնիվ, կա մի էական տարբերություն:

Օրինակ, երբ գազը կամ հեղուկը մոտենում է հավասարակշռության վիճակին, այս գազը չի «հիշում» իր անցյալը, չի «հիշում», թե ինչ պրոցեսով է հասել իր վերջնական վիճակին՝ հավասարակշռությանը: Այնինչ.

Դրույթ 15. Լեզուն, գնալով անհայտություն, միշտ, գոնե մի քիչ, «հիշում է» իր անցյալը, իսկ իր մոտ անցյալը շատ լավ է «հիշում», որովհետև իր գործունեությունը միշտ իր մոտակա անցյալի հետ է «համեմատում ու ճշտում»:

Սրա պատճառն ա´յն հանգամանքն է, որ լեզվական պրոցեսին մասնակից անհատները բանական են, իսկ, օրինակ, գազային պրոցեսներին մասնակից ատոմներն ու մոլեկուլները զուրկ են բանականությունից: Սա մեկ:

Երկրորդը, բնագիտական փակ ու բարդ համակարգի վերջը, քիչ թե շատ, հայտնի է, գուշակելի է: Սրա վերջը «մահն է»: Լեզվինը՝ ոչ, քանզի սա բաց է ու գերբարդ, քանի դեռ կա´, գոյություն ունի´:

Դրույթ 16. Լեզվի վիճակը միշտ ու ամեն մի պահին, քիչ թե շատ, կարգավոր է:

Կոպիտ ասած լեզվական համակարգի «էնտրոպիան», այսինքն, «քաոսի աստիճանը» երբեք էլ առավելագույնին չի հասնում ու, ավելի շուտ, գուցե նվազում է: Լեզուն «բաց» ու բարդ պրոցես է ու միշտ, ինքնուրույն ու ցրիվ դիֆուզվելով, փոխվելու հնար ունի:

7.15 Լեզուն ու տնտեսական ցրիվ կարգերը

Լեզվական երևույթների ճիշտ ու սխալ լինելու հարցը ճիշտ ու ճիշտ նման է բարոյէթիկական դրույթների կամ իրավական ավանդական (սովորութային) նորմ ու օրենքների համակարգի ճիշտ ու սխալ լինելուն:

Դրույթ 1. Հռոմեական իրավունքի սպոնտան ծագած (սովորութային) գլխավոր թեզերը ճիշտ էին ու ճիշտ են, քանզի հանրության անդամները սրանք համարում էին ու էլի´ են համարում ճիշտ ու, իհարկե, այն պատճառով, որ այս թեզերին հետևելը նպաստում էր (ու է´) հանրության հարատևելուն ու բարգավաճին:

Իմիջիայլոց, լեգենդն ասում է, որ հռոմեական իրավունքը հենց այսպես էլ ծնվել է, հռոմեացիները հավաքվել են ու որորշել, որ պիտի իրենց հայրերի արդեն ճիշտ համարվող օրենքները գրեն 12 պնակիտի (տախտակի) վրա ու դրա´նք համարեն բացարձակ ճիշտ ու անխախտ օրենք:

Այսպես է բարոյական ու էթիկական բոլոր նորմերի հարցը: Հանրության անդամները սրանք համարում են ճիշտ, որովհետև սրանք արդեն ուղղակի կան, գոյություն ունեն ու դիմացել են ժամանակի փորձությանը:

David Hume-ն ասում է ([37]-ը հղում է Treatise-ին, 1739-1886: II:235).

Դրույթ 2. «Բարոյականության կանոնները…մեր բանականության եզրակացությունները չեն», այսինքն, բարոյականության գլխավոր նորմերի իրավացիությունը կամ արդարացիությունը տրամաբանությամբ ապացուցելի չի, ինչպես որ տրամաբանությամբ ապացուցելի չի լեզվական որևէ ԲՆԱԿԱՆ երևույթի իրավացիությունը կամ արդարացիությունը:

Ուրեմն, լեզվական համակարգին նման են, օրինակ, հանրային համակարգերը:

Դրույթ 3. Ազատ շուկան, եթե մեկուսի է (այսինքն, զերծ է տոտալիտար կամ ավտորիտար որևէ հարկադրանքից կամ որևէ ծրագրային միջամտությունից), անպայման դիֆուզվող ցրիվ կարգով վիճակում է [37]:

Դրույթ 4. Ընդ որում, ազատ շուկայի դիֆուզվող ցրիվ կարգի վիճակում այս շուկայի մասնակիցների արտադրած նյութական ու հոգևոր որակյալ ու էժանագույն բարիքներն ու նոր տեխնոլոգիաների հայտնագործություններն առավելագույնն են, իսկ երկրի այս շուկային մասնակից անհատ մարդկանց թշվառությունը՝ նվազագույնը:

Դրույթ 5. Մարդկանց բարեկեցության ու նյութական ու հոգևոր արտադրանքների այս անսովոր առատության պատճառը ամեն մի անհատի տնտեսական արարմունքի առավելագույն ազատությունն է (նաև անհատի մասնավոր սեփականություն-խոսքը տնօրինելո´ւ ազատությունը), օրենքի առաջ բոլոր անհատների հավասարությունը, ու սրանցից անպայման հետևող ազատ մրցությունը:

Սրանց հետևանքով է, որ հանրության մեջ դիֆուզ ցրված ողջ ինֆորմացիան գործածվում է ամենաօպտիմալ ձևով: Սակայն, ինչպես դեռ Դեյվիդ Հյումն է նշել մոտ 250 տարի առաջ (իրենից էլ առաջ՝ Ջոն Լոկն ու այլք), այս պայմանները բավարարելու համար մի ուրիշ ինստիտուտ է հարկավոր:

Դրույթ 6. Մշակութային էվոլյուցիայի ընթացքում մարդիկ, լրիվ անգիտակից, հայտնագործել են մեկ կարևորագույն ինստիտուտ՝ մասնավոր անձեռնմխելի սեփականության ինստիտուտը, ու այս մասնավոր սեփականությունն ըստ միմիայն այս սեփականության տիրոջ հայեցողության գործածելու սկզբունքը:

(Այսինքն, պայմանավորվելով, որ սեփականության տերը իրավունք ունի իր ունեցվածքը իր ամենայն հայեցողությամբ գործածի (օրինակ, վառի կամ թափի աղբանոցը, կամ հանձնի, նվիրի, կտակի իր ուզած մարդուն):

Լեզվական ինքնուրույն ու ցրիվ կարգում ևս կան նման «ինստիտուտներ», ու սըրանք արդեն նշել եմ այս գլխի սկզբում:

(Իմիջիայլոց, Դ. Հյումի նշած այս ինստիտուտի հայտնագործությունն անհնար կլիներ, եթե գենային էվոլյուցիան մարդուն լեզու «չշնորհեր»):

Դրույթ 7. Ազատ շուկայական ինքնուրույն ու ցրիվ կարգի մեջ ինֆորմացիան տարածելու ամենաարագ ու ամենաբեղուն ձևը գների համակարգն է:

Լեզվի մեջ ի՞նչն է, որ լեզվական ինֆորմացիան արագ է տարածում ու հասցնում ամեն մի անհատին: Կամ ինչո՞ւ են այս կամ այն լեզվական ֆլուկտուացիաներն արագ տարածվում, իսկ մյուսները խեղդվում, վերանում: Այս հարցերի պատասխանները տալիս է հետևյալ քվազիաքսիոմը.

Քվազիաքսիոմ 1. Լեզվական պրոցեսի որևէ նոր երևույթի (որևէ անհատին) դուր գալու պատճառները այս երևույթն արժևորելն է: Այսինքն, այս նոր երևույթն արդեն առկա լեզվական անալոգ երևույթներից ավելի լավ ու ձեռնտու համարելն է, ինչը, ըստ Կառլ Մենգերի արժեքի եզրային օգտակարության սկզբունքի (marginal utility principle), բացարձա´կ է սուբյեկտիվ, ու հնարավոր է, որ անհատից անհատ տարբեր լինի:

Քվազիաքսիոմ 2. Պարզ է, որ անհատը լեզվական նոր երևույթը արժևորում է միայն այնժամ, երբ սա նման առկա լեզվական երևույթներից հեշտ, դիպուկ ու համոզիչ է համարում:

Դրույթ 8. Ուրեմն, լեզվական նոր երևույթ ստեղծելու (կնշանակի, նաև այս երեվույթի դիֆուզիայով տարածվելու) պատճառն այն բանն է, որ անհատը (իր նեղություններից ազատվելու նպատակով ուրիշի հետ գործարքային ինֆորմացիա փոխանակելիս), միշտ աշխատում է, որ դիմացինն իր խոսքը, ինչքան հնարավոր է, ավելի շատ արժևորի, համարելով այդ խոսքը դիպուկ ու համոզիչ:

Հնարավոր է, որ այս «դիպուկն ու համոզիչը» լինի բառ, լինի նախադասություն, լինի շեշտ, միմիկա, լինի նորաբանություն, լինի մի նոր օտար բառ ևն: Թե կոնկրետ ի´նչ կլինի սա, միայն պատահականությունն է «որոշում»:

Դրույթ 9. Մարդկային հանրության անհատ անդամին ձեռնտու է, որ իր հանրության մյուս անդամներն իրեն համարեն կիրթ ու խելոք ու, եթե հնարավոր է, նաև իմաստուն ու հույժ յուրահատուկ, ուրիշներից հույժ տարբեր (դրական իմաստով): Ինչո՞ւ: Որովհետև այսպիսի կերպարն այդ անհատին հնար է տալիս, որ իր նեղություններից ավելի հեշտ ու ավելի արագ ազատվի, շատ անգամ ազատվի ձրի, միմիայն դիպուկ կամ համոզիչ խոսքի օգնությամբ:

Դրույթ 10. Հանրության այսպիսի կիրթ ու խելոք ու նաև իմաստուն ու հույժ յուրահատուկ անդամի կերպարն էլ ստեղծելը շատ ավելի հեշտ ու արագ է իրականացվում – ուրիշներից տարբերվող լեզվական նորաբանություններով, (մանավանդ որ սրա ստեղծելը ձրի է), քան երկարատև անբասիր ու հույժ յուրահատուկ տնտեսական արարմունքով, ինչը միմիայն քչերին է հաջողվում:

Դրույթ 11. Վերի 10-րդ կետը կիրառելով տնտեսական հաջողության է հասնում, շատ քիչ մարդ, բայց լեզվի միջոցով ձեռնտու կերպար ստեղծելով տնտեսական կամ քաղաքական հաջողության հասնելու հույսը ունի հանրության թերևս ամե´ն մի անդամը, քանզի մարդկային արարմունքը հիմնականում խոսքային իմիտացիայով է:

Սա´ է լեզվական վարակի (նաև, նոր փոխ առնված բառերի տարածվելու) հիմնական պատճառները:

Դրույթ 12. Ցավոք, լեզվի այս բարեշնորհ հատկությունից օգտվում է նաև քաղաքական մարդկանց ա´յն հանրությունը, ինչին ասում են «պետություն»: Օգտըվում է, որ տնտեսական մարդկանց համոզի, թե առանց բռնության կենտրոնացրած մոնոպոլիայով օժտված պետության, այսինքն, առանց բռնացող պետերի, տնտեսական մարդիկ իսկույն կկործանվեն, բայց սա ուրիշ ոլորտի քննարկության հարց է:

Կրկնեմ, որ լեզվական ինքնուրույն ու ցրիվ կարգը պատահականությունների մի վիթխարի շարանով հաստատվող բնական, ինքնուրույն, ինքնակարգավոր ու ինքնակառավար ու դիֆուզվող ցրիվ կարգ է:

Եթե այս կարգն անվանենք «նվազագույն դժվարության վիճակ (կարգ)», թերևս սխալ չի լինի (նվազագույն թշվառության անալոգիայով, ինչի մասին տես Կ. Ռ. Պոպեր, [53], «Բաց հասարակությունն ու դրա թշնամիները», հատ. 1 և 2), բայց.

Դրույթ 13. Սխալ էլ չի լինի, եթե լեզվական պրոցեսի դիֆուզվող ցրիվ կարգը նաև կոչենք՝ «առավելագույն կիրառելիության» վիճակ:

Քվազիաքսիոմ 3. Լեզվի տված գերագույն օգուտը, գերագույն շահը անհատի նյութական ու հոգևոր նեղություններից ազատվելու պահանջներն ու պայմանները նվազագույն ճիգով ձևակերպելն ու արտահայտելն է:

Դրույթ 14. Անհատի այս նյութական ու հոգևոր նեղություններից ազատվելու պահանջներն ու պայմանները նվազագույն ճիգով ձևակերպելն ու արտահայտելն ինչքան հեշտ լինի, այնքան «օգտակար ու շահավետ կլինի», մանավանդ եթե նկատի առնվի, որ լեզուն հանրության անդամների ամե՛ն-ամե՛ն գործակցության ու փոխօգնության կարիք ու պայմանները հնչավորելու գլխավոր միջոցն է:

Ինչքան լեզուն հեշտ կիրառելի լինի, այնքան էլ մարդկային ամենայն գործակցությունն արդյունավետ կլինի:

Քվազիաքսիոմ 4. Լեզվի վրա դրվող մարդկային գիտակից ծրագրերը, ուրեմն,

քչացնում են մարդկանց գործակցության ու փոխօգնության բեղունությունը:

Դրույթ 15. Իմիջիայլոց, կրկնեմ, որ այն փաստը, որ լեզուն պայմանադիր է, չի նշանակում լեզվական կամայականություն, չի նշանակում, որ մենք ազատ ենք ընտրելու այս կամ այն լեզվական երևույթը:

Դրույթ 16. Նորից շեշտեմ, որ երբ ասում ենք, թե «լեզուն մարդու ստեղծածն է», սա չի նշանակում, որ մարդը լեզուն ստեղծել է գիտակցությամբ (օրինակ, այնպես, ինչպես որ ատոմային ռումբն է ստեղծել), կամ որ մարդն ընդունակ է իր իսկ կամքով ու իր ուզած ձևով փոխելու այդ լեզուն:

Դրույթ 17. Կրկնեմ, որ սա ընդամենը նշանակում է, որ լեզուն մարդկային արարմունքի (գործունեության) անգիտակից ու անծրագիր արդյունքն է:

7.16 Դիֆուզվող ցրիվ կարգը կառավարելի չի

Դրույթ 1. Նորից շեշտենք որ, բարբառի լեզվական պրոցեսը ինքնակարգավոր ու ինքնակառավար (ինքնընթաց) դիֆուզվող ցրիվ կարգ է:

Դրույթ 2. Ու հիշենք որ երբ անհատը որևէ ծրագրով խախտում է լեզվական պրոցեսի ցրիվ կարգը, արդյունքը (բոլոր բաց ու բարդ համախմբերի պես) լինում է լրիվ անսպասելի ու անգուշակելի, ու լեզվի (կամ այլ համախմբի գործունեության) կիրառությունն էլ դժվարանում է:

Այս դրույթը լա´վ է հայտնի սինեռգետիկայի մեթոդը գործածող գիտություններին (դասական ու լիբերթարյան տնտեսագիտությանը, բաց ու բարդ համակարգերի ֆիզիկային, քիմիային ևն) ու սրանց այբբենական ճշմարտություններից է:

Սա, երբեմն մի քիչ անբացահայտ, կիրառել ու կիրառում են նաև լեզվի պատմության հետազոտողները: Բայց մեր այսօրվա գրական ոճերն ու հետաբեղյան քերականությունը լրի´վ են դեմ այս այբբենական ճշմարտություններին:

Դրույթ 3. Մեր այսօրվա թերևս բոլո´ր ուսյալներն են ընդունում, որ լեզվի փոփոխությունն անխուսափ է, ընդունում են ճարահատ, որովհետև սա հայտնի է ողջ աշխարհին, բայց, ըստ էության, մի´շտ են գործում լեզվի փոփոխականությանը լրի´վ հակառակ, ու անընդհա´տ են ուզում դադարեցնեն այս փոփոխությունը:

Օրինակ, մեր այսօրվա լեզվաբաններն այսօրվա կենդանի բառաձևերն անընդհատ փոխարինել ու փոխարինում են գրաբարյան արդեն մեռած ձևերով կամ էլ՝ «թարգմանում հայացնում» են իրենց կարծիքով օտար բառերը:

Դրույթ 4. Մեր այսօրվա լեզվաբանները խոստովանո´ւմ են, որ բառային փոխառություններն անխուսափ են, ու որ հայերենը (նաև ցանկացած ուրիշ լեզուն) ուղղակի հեղեղված է փոխառյալ բառերով, բայց միևնույնն է, պայքարում են փոխ առած բառերի դեմ (ու լրիվ անարդյունք):

Դրույթ 5. Մեր այսօրվա լեզվաբանները խոստովանո´ւմ են, որ օտար շարահյուսության ու ձևաբանության փոխառությունն ու գործածությունն անթույլատրելի է, բայց համարյա երբեք չեն նկատում կամ չնկատելու են տալիս սրանք:

Դրույթ 6. Մեր այսօրվա լեզվաբանները չեն նկատում կամ չնկատելու են տալիս մեր գրական ոճերի օտար շարահյուսության ու ձևաբանության փոխառությունն ու գործածությունը, որովհետև տեղյակ չեն, որ կա Լեզվի Գլխավոր Օրենք:

Դրույթ 7. Թեև մեր այսօրվա լեզվաբաններն ընդունում են, որ լեզվի փոփոխականությունը լեզվի անկապտելի հատկությունն է, այնուամենայնիվ, այս փոփոխականության ամե´ն մի մասնակի երևույթն էլ իսկույն հայտարարում են սխալ ու պայքարում են նոր առաջացած լեզվական ամե´ն մի երևույթի դեմ:

Դրույթ 8. Մեր այսօրվա լեզվաբաններն էլ անծպտուն հռչակել են, թե հայերի միակ մայրենի լեզուն գրական հայերենն է: Սա հռչակել են, նորից չնկատելու տալով, որ նախ հայերեն գրական «լեզուն» Երևանի բարբառի աղավաղմունքն է, ու այս բարբառից տարբերվում է միմիայն իր իսկ մայր բարբառին խորթ լեզվական երևույթներով: Նաև չնկատելու են տալիս, որ գրական ոճերը բոլորովին էլ մայրենի չեն:

Մի՞թե գրականի ուսուցումը չի սկսվում դպրոցից (նույնիսկ մանկապարտեզից), ճիշտ այնպես, ինչպես մնացած օտար լեզուների ուսուցմունքը:

Դրույթ 9. Մեր այսօրվա լեզվաբանները, չունենալով իրենց պնդումների իրավացիությունը հաստատող մի օբյեկտիվ գիտական չափանիշ, գործում են Լեզվի Գլխավոր Օրենքին (պահանջվող միակ հնարավոր չափանշին) հակառակ, ու հաճույքով են գործածում օտար շարահյուսությունն ու ձևաբանությունը, խորշելով բարբառի անկասկած ճիշտ ու մայրենի ձևերից:

Դրույթ 10. Մեր այսօրվա լեզվաբանները հաճույքով են գործածում օտար շարահյուսություն ու ձևաբանություն, խորշելով բարբառի ճիշտ ու մայրենի ձևերից, որովհետև իրենց միակ նպատակը այս գրական աղավաղ բոլո´ր-բոլո´ր ոճերը փառաբանելն ու կուլտ դարձնելն է, անկախ այս ոճերով ստեղծված գործերի գեղարվեստական արժանիքներից:

Սրա համար էլ իրենց հարկավոր է, որ գրական ոճերի մայր կամ հիմք Երևանի բարբառը հռչակվի մի անթույլատրելի «բոբո», մի «փողոցային, մի ժողովրդախոսակցական զզվելի ժարգոն», իսկ գրական ոճերը՝ «անաղարտ ու ոսկեղենիկ մի սրբություն», ինչի ստեղծողը (քիչ մնա՝ ասեն) հենց Մաշտոցն է:

Մեր այսօրվա համարյա բոլոր քերականները կենցաղում անընդհատ ասում են. «էրեկ, էրազ, էղավ, էփել, էրեխա, էրնեկ, էրես, էթամ, էրկաթ, էրնջակ, հարուր, արուն, հելավ, ոտ, ձեռ» ևն, այսինքն, կենցաղում հակառակվում են իրենց իսկ լեզվական հայացքներին, բայց և պահանջում են, որ սրանք արտասանենք իբր իրենց «գրաբարյան ձևով», այսինքն, ասենք «երեկ, երազ, եղավ, եփել, երեխա, երնեկ, երես, երթամ, երկաթ, երնջակ, հարյուր, արյուն, ելավ, ոտք, ձեռք» ևն:

Սրա պատճառը թերևս այն տարօրինակ հանգամանքն է, որ.

Դրույթ 11. Նույնիսկ Աբեղյանն ու Աճառյանն էին համոզված, թե մեր գրական ոճերն էլ են լիիրավ լեզու, ու նաև համոզված էին, որ այս առաջին ձևերը («էրկու» ևն) քիչ-քիչ հաղթելու են ու մտնելու են գրական ոճերը:

Բայց սրանք չհաղթեցին, ու հենց այս փաստն էլ է ցույց տալիս, որ.

Դրույթ 12. Մեր այսօրվա լեզվաբանները չեն գիտակցում, որ, օրինակ, նվազագույն ճիգի օրենքը գրական ոճերի մեջ չի գործում, ուրեմն, գրական ոճերը որևէ կոմպակտ հանրության լեզու ՉԵՆ, ոչ էլ հնարավոր է, որ դառնան որևէ հանրության լեզու:

Գրական ոճերը միշտ էլ կմնան իրենց մայր բարբառից շեղված ու, ըստ էության, աղավաղ հայերեն ու հույժ դժվար կիրառելի ոճեր:

Չորրորդ մասը

ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՈՒՐՎԱԳԻԾԸ

Գլուխ 8. ԼԵԶՎԻ ԳԼԽԱՎՈՐ ՕՐԵՆՔԸ ՄԵԹՈԴ Է

8.1 Լեզվաբանի առարկան ու մեթոդը

Նորից դառնանք Լեզվի Գլխավոր Օրենքին (ԼԳՕ-ին), որովհետև.

Դրույթ 1. Հենց Լեզվի Գլխավոր Օրենքն է որոշում լեզվական ամե՛ն մի երևույթի ճիշտ ու սխալը, ընդունելին կամ անընդունելին, «բնիկը» կամ «փոխառյալը», «սիրուն» կամ «տգեղ» լինելը:

Ասվել է արդեն, որ հայ լեզվաբանությունը երբևէ չի ձևակերպել (ու, իհարկե, երբևէ հետևողական ու տրամաբանական խստությամբ չի կիրառել այս օրենքը կամ աքսիոմը), ու մեր հետաբեղյան քերականությունը հենց սրա´ համար է հակագիտական, իսկ գրական ոճերն էլ հենց սրա պակասի՛ համար են լի քերականական օտարիզմներով:

Մեր լեզվաբաններն ինչքան էլ չնկատելու տան կամ հենց չտեսնեն ԼԳՕ-ն, այս օրենքը կա´, ու սա Լեզվի Գլխավո´ր Օրենքն է (ինչն արդեն բազմիցս է շարադըրվել):

Ասվել է, որ այս օրենք-աքսիոմը վաղուց էր հայտնի, օրինակ, անգլիացիներին, ովքեր սա համարում են դասագրքային ճշմարտություն (տես [35]-ը, էջ 106-109, 120-126: Տես նաև [40]-ից վերը քաղած հատվածները): Անգլիացի լեզվաբան Հենրի Սվիթը (1845-1912) մոտ 100 տարի առաջ ասում է ([41], էջ 5).

Դրույթ 2. Այն ամենը, ինչն ընդհանուր գործածություն ունի լեզվի {պրոցեսի} մեջ, հենց իր գոյությամբ միայն՝ քերականության տեսակետից ճիշտ է:

Տեսանք, որ այս նույն բանը, հենց նույն օրերին, ասում է Ֆերդինանդ դե Սոսյուրը, իսկ հնդեվրոպաբանությունը, հաճախ անծպտուն, բայց մի´շտ է այս դրույթը համարել է աքսիոմ: Ըստ էության, այս աքսիոմը նշանակում է.

Աքսիոմ 1. Բարբառը ճիշտ է, որովհետև կա:

Այս աքսիոմը, ինչպես արդեն ասվել է, բխում է լեզվի ու մարդկային համակեցության հետևյալ գլխավոր հատկություններից (տես նաև հետո):

Դրույթ 3. Լեզուն ու սրա պես գերբարդ ու բաց համակարգերը, (օրինակ, կյանքն ու սրա «մասնավոր դեպքերը», ազատ շուկան, փողն ու գների սիստեմը, ազգային պարերգն ու երգապարը), ինքնակարգավոր են ու ինքնակառավար: Սրանց (ու նաև լեզվի) ապագան, սկզբունքով իսկ, լրի´վ է անհայտ:

Այս անհայտությունից էլ բխում է, որ.

Դրույթ 4. Անհնար է, որ որևէ անհատ կամ անհատների որևէ փոքր խումբ (օրինակ, մեր Ակադեմիայի կամ Լեզվի պետական կոմիտե կոչվածի պես մեկը կամ մի քանիսը) մարդկային ծրագրով կառավարի ողջ հանրության կենդանի լեզուն:

Կրկնենք, որ ԼԳՕ-ն ասում է, որ լեզվական պրոցեսը ճիշտ է, ինչպես որ գե´տը կամ ծա´ռն է ճիշտ: Իրոք, ո՞վ կասի, թե Արաքս կամ Ամազոն գետը սխալ է, կամ էլ, թե ա´յ, այս մի ծիրանի կամ խնձորի ծառը սխալ է: Ուրեմն.

Դրույթ 5. Հենց լեզվական պրոցե´սն է ինքնին «ղեկավարում» տվյալ լեզուն, որովհետև լեզուն հենց այս պրոցեսն է: Սրա համար էլ լեզվաբանը պիտի հստակ գիտակցի, որ ինքը միմիայն ԼԳՕ-ով է կարող իմանա, թե տվյալ հանրության կենդանի լեզվի (այսինքն, լեզվական պրոցեսի) ի´նչն է ճիշտ, ու ի´նչն է սխալ:

Դրույթ 6. Նորից շեշտենք, որ լեզվաբանը պիտի պարտադիր գիտակցի, որ իր լեզվաբանական ամենայն հետազոտության գլխավոր առարկան պիտի լինի ԲԱՐԲԱՌԸ (ավելի ճիշտ, խոսվածքը), իսկ հետազոտության ՄԻԱԿ գիտական մեթոդն էլ պիտի պարտադիր լինի ԼԳՕ-ն (ու ԼԳՕ-ից բխող դրույթները):

Դրույթ 7. Հենց ԼԳՕ´-ն պիտի կառավարի նաև գրական ոճերը:

Դրույթ 8. Լեզվաբանը պիտի պարտադիր հրաժարվի «անաղարտ ու ոսկեղենիկ» համարվող գրական ոճերի «քերականական» ուսումնասիրություններից ու սրանց համար հորինված «քերականությունից» ու սրա քմահաճ ու անհիմն մեթոդներից, քանի որ այս ոճերն ա´նպայման են աղավաղ:

Թեորեմ 1. Լեզվաբանը պիտի գիտակցի, որ որևէ լեզուն իբր զտելու ջանքերն ու սրանք իրականացնելու իբր ծրագրերը հենց սկզբի´ց են դատապարտված, քանզի լեզվական պրոցեսը չի ենթարկվում մարդկային ծրագրերին, ճիշտ այնպես, ինչպես ծառի աճը երբևէ չի ենթարկվել մարդկային ծրագրերին: Միմիայն լեզվական պրոցե´սն է լեզուն զտում:

Թեորեմ 2. Եթե գրական ոճերը ԼԳՕ-ով չեն ղեկավարվում ու գրական ոճերի ու իրենց մայր բարբառի նմանակ երևույթներն իրարից տարբեր են, ուրեմն, գրական ոճերի ԲԱՐԲԱՌԻՑ ՏԱՐԲԵՐ ԵՐԵՒՈՒՅԹՆԵՐԸ իրենց մայր բարբառի աղավաղմունքներն են (նույնիսկ եթե բարձր գեղարվեստ ունեն ու հույժ սիրելի են բոլորին, Տերյանի «Մոռանա˜լ, մոռանա´լ ամեն ինչ …»-ի պես, տես 10.8-ը):

8.2 ԼԳՕ-ից բացի ուրիշ չափանիշ ու մեթոդ չկա

Դրույթ 1. Ասվել է, որ գերբարդ ու բաց համակարգերը, ու սրանց հետ էլ՝ նաև լեզուն, չեն ենթարկվում մարդու կամ մարդկանց խմբերի գիտակցական ծրագրերին:

Դրույթ 2. Ասվել է նաև, որ եթե բարդ ու բաց համակարգին ստիպես, որ սա ենթարկվի մարդկային ինչ-որ մի ծրագրի, սա գուցե ազդվի, բայց «չի լսի, չի ենթարկվի» այդ ծրագրին, ու այդ ծրագրի հետևանքը նախօրոք ծրագրածից անպայման մի անսպասելի´, մի տարբե´ր, մի ուրի´շ բան կլինի, (ինչքան էլ որ մեր Լեզվի պետական կոմիտեն ու մեր լեզվաբանները «ծրագիր կազմեն» ու լեզուն կառավարելու փորձ անեն), ու այս անսպասելի բանը անպայման կդժվարացնի լեզվի կիրառությունը:

Դրույթ 3. Հենց այս պատճառներով էլ պիտի լեզվի, այսինքն, լեզվական պրոցեսի´, բարբառի´ տվյալ պահին արդեն ընդհանրացած լեզվական բոլո´ր երևույթներն էլ համարենք ճիշտ, ընտիր ու անպայման ընդունելի:

Ինչո՞ւ: Որովհետև.

Դրույթ 4. Եթե մի նույնիսկ ԼԳՕ-ից բացի մի ուրիշ իբր «հավերժական» ու «ճըշգըրիտ» սկզբունքով որոշենք լեզվական երևույթի ճիշտն ու սխալը, այս ուրիշ «ճըշգըրիտ» սկզբունքը, ի վերջո, անպայման կդադարի ճիշտ լինելուց, քանզի լեզուն անպայման է փոխվում, իսկ փոխվելու ուղիներն էլ անսահման են ու լրի´վ են անհայտ:

Դրույթ 5. Չի փոփոխվում միմիայն լեզվական պրոցեսի գոյության փաստը, քանի դեռ սրա կրող հանրությունն ու սրա լեզուն կենդանի են:

Կնշանակի.

Դրույթ 6. Քանի որ ցանկացած կենդանի բարբառը կամ խոսվածքը լեզվական պրոցես է, ինչն էլ անընդհատ ու աննկատելի փոխվում է, ուրեմն, տվյալ բարբառի տվյալ «պահի» վիճակը միշտ է´լ ճիշտ է, իսկ մտավորականների լեզվական ա´յն պահանջները, որոնք տվյալ բարբառը չի ընդհանրացնում, օտար են ու սխալ:

Այս դրույթը ԼԳՕ-ի մի ուրիշ ձևակերպն է: Կրկնենք, որ ըստ Դրույթ 4-ի.

Դրույթ 7. Բացի ԼԳՕ-ն, լեզվական երևույթի ճիշտ ու սխալը, սիրունն ու տգեղը, ընդունելին ու անընդունելին որոշելու ոչ մի օբյեկտիվ օրենք, մարդուց անկախ ոչ մի ուրիշ չափանիշ ուղղակի չկա ու չի եղել: Չկա ու չի եղել՝ ողջ աշխարհում: Ու չի է´լ լինի:

Դրույթ 8. Լեզվի Գլխավոր Օրենքն ա՛նպայման է ճիշտ, ու սրան այլընտրանք չկա:

Սա նշանակում է, որ.

Դրույթ 9. Լեզվական միմիայն չընդհանրացած երևույթները պիտի համարվեն ժարգոնային: Բայց սրանից բխում է, որ, օրինակ, երևանցիները բոլորովին էլ ժարգոնով չեն խոսում: Երևանցիները խոսում են Արարատյան կոչված բարբառով կամ հենց Երևանի բարբառով, ինչը, ըստ Աճառյանի, վաղուցվանից է լրիվ ինքնուրույն բարբառ, ու հակառակը պնդելը հակադիր է գիտությանը:

Ասվածից, ինչպես արդեն հիշատակվել է, մի ուրիշ տարօրինակ բան է բխում:

Քանի որ այն գրական ոճերը, որոնք Երևանի բարբառի պրոցեսում չկան, ուսյալներն իրենց խոսքի մեջ միայն դեպքից դեպք են կիրառում, ուրեմն.

Դրույթ 10. Մեր գրական ոճերն ունեն ժարգոնի բոլոր հատկություններն ու լեզվական պրոցես չեն կազմում, քանզի ըստ ժամանակի անընդհատ չեն ու սրանցով խոսող գոնե մի փոքրիկ գյուղ անգամ չկա: Ուրեմն, մեր գրական ոճերն իրենց մայր բարբառից շեղված ու, ըստ էության, աղավաղ հայերեն են ու, ի վերջո, ժարգոն են, մանավանդ իրենց աղավաղ քերականության պատճառով, եթե նույնիսկ սրանց հեղինակը հանճարեղ է համարվում:

Սա չնայած անսպասելի ու տխուր եզրակացություն է, այնուամենայնիվ, փաստ է: Օրինակ, փաստ է, որ.

Դրույթ 11. Երևանի բարբառի «ա» օժանդակ բայի փոխարեն Երևանի բարբառի այսօրվա վիճակին ոչ հատուկ գրաբարյան կամ «կ» ճյուղի բարբառների «է» օժանդակ բայը պարտադրելը ուղղակի հակագիտական խավարամոլություն է:

Մեր գրական ոճերի ուսյալ ջատագովները ուղղակի չեն ուզում նկատեն, որ Երեվանի բարբառի «ա» օժանդակ բայը գրաբարյան «է» օժանդակ բայով փոխարինելու արդեն մոտ 160 տարի տևող այս հակագիտական փորձի արդյունքը բացասական է, ու որ լեզվական պրոցեսն այս մի անգամն էլ է հաստատում, որ չի ենթարկվում մարդկային գիտակից ծրագրերին:

Ասվածից ակնհայտ է, որ.

Դրույթ 12. Այն պետական պահանջը, որ բոլորը պարտավոր են գրեն ու խոսեն մի իբր ընդհանուր պետական լեզվով, այն է՝ երկրի գրական խիստ անհամասեռ ոճերով, ըստ էության, մի անիրագործելի ու խավարամոլ պարտադրանք է: Այս պետական պարտադրանքն ուզում է հարկադրի, որ բոլորը խոսեն գրական լեզու կոչված ԺԱՐԳՈՆՈՎ:

Գլուխ 9. ՈՒՂԵՂԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

9.1 Մտապատկերն ու ընկալելը

Լեզվի տեսության լուրջ մենագրությունները (օրինակ, Մանուկ Աբեղյանի «Հայոց լեզվի տեսություն»-ը), լեզվի նկարագրությունն սկսում են խոսվածքի հոգեբանությունից:

Աբեղյանն իր տեսության այս մասը վերնագրել է «Խոսվածքի գործունեությունը» ([3], ՀԼՏ, էջ 13-38), որտեղ, մասնավոր առումով, շոշափում է հոգեբանական ենթակայի ու հոգեբանական ստորոգյալի գաղափարները, թեև պարզ չի, թե Աբեղյանն այս երկու կոնկրետ գաղափարն ի´նչ նպատակով է քննում, որովհետև այս երկու գաղափարը չի կապվում Աբեղյանի հետագա շարադրանքին ու չի ազդում իր հետագա եզրակացությունների վրա:

Խոսքի կամ լեզվական պրոցեսի այս գործունեությունն էլ քիչ թե շատ պատկերացնելու համար պիտի անպայման դիմենք բնագիտությանը, մանավանդ, ֆիզիկային, քիմիային ու կենսաբանությանը ու, անկասկած, նաև Աբեղյանի շարադրած նեյրոհոգեբանության տեսությանը:

Այս ծրագրի մանրամասն ու հետևողական իրագործությունը, իհարկե, անիրագործելի խնդիր է, մանավանդ այս շարադրանքի համար: Այնուամենայնիվ, թերևս պարտադիր է, որ սրա մասին մի քանի դիտողություն արվի, մանավանդ որ հայերենի տեսությունների մեջ դեռ նման բան չի արվել:

Մեր շրջապատի այս ողջ աշխարհը, հեռո˜ւ-հեռավոր աստղերն ու գալակտիկաները, մեր այս Արևն ու իր շուրջը պտտվող բոլոր մոլորակներն ու մեծ ու փոքր առարկաները, մեր մոլորակի այս ողջ օրգանական աշխարհը, այս Մոլորակն ու այս Մոլորակի բոլո´ր-բոլո´ր բույսերն ու կենդանիները, բոլո´ր բակտերիաներն ու նաև վիրուսները, ու հենց մենք, ինքնե´րս, կազմված ենք ատոմ կոչված փոքրի˜կ-փոքրի˜կ մասնիկներից:

Ուրեմն, այս ողջ Տիեզերքի համարյա բոլոր առարկաների կազմության հիմնական աղյուսիկները ատոմնե´րն են:

Տարբեր տեսակ ատոմ՝ շատ չկա: Օրինակ, մեր շրջապատի կայուն ատոմների տեսակները, շատ-շատ մի քանի տասնյակ լինեն: Մնացած տեսակները հազվադեպ են:

Որևէ տեսակ ատոմի ամենակարևոր հատկությունը թե´ իր տեսակի ատոմների, թե´ այլ տեսակ ատոմների հետ «ընտանիք» կազմելն է:

Ատոմների ընտանիքներին ասում են մոլեկուլ:

Նույնիսկ մի քանի տեսակ ատոմներից հնարավոր է, որ կազմվի չափազանց շատ մոլեկուլ, իսկ մի քանի տասնյակ տեսակից, ըստ էության, անսահման քանակով մոլեկուլ:

Տվյալ տեսակի բոլո´ր ատոմներն ու տվյալ տեսակի բոլո´ր մոլեկուլները թերևս նույնական են (չհաշված իզոտոպ ու իզոմեր կոչվածները):

Ատոմները շատ «քմահաճ են»: Ամեն մի տեսակ ատոմը միմիայն իրե´ն հատուկ բազում-բազում հատկություն ունի: Այնուամենայնիվ, այս ատոմի հատկություններն արդեն ուրիշ են, եթե ինքը մենակ չի, եթե ինքն ինչ-որ մի ընտանիքի (այսինքն, մոլեկուլի) անդամ է:

Ավելի ճիշտ, հատկություններ դրսևորում է արդեն տվյալ ընտանի´քը, տվյալ մոլեկո´ւլը, ու ոչ թե սրա կազմի որևէ ատոմը:

Տիպական օրինակ է ածխածնի ատոմը: Եթե սրա ատոմները կողք կողքի են դասավորված, ուրեմն սրա առաջացրած նյութը սովորական ածուխն է (սրա´ համար են ատոմի այս տեսակին ասում «ածխածին = ածուխ ծնող»):

Երբ ածխածնի ատոմները մի ուրիշ ձևով են դասավորվում, սրանց առաջացրած նյութը մատիտի միջի նյութն է, գրաֆիտը:

Բայց ԲՆՈՒԹՅԱՆ ստեղծածների մեջ կա ածխածնի ատոմների ևս մեկ դասավորություն, ինչի առաջացրած նյութը ալմաստն է, ա´յն ալմաստը, ինչից ադամանդ են տաշում:

Ու այս երեք նյութի հատկությունները խի´ստ են տարբեր իրարից:

Ատոմներից կազմված այս ողջ աշխարհը չափազա´նց է բարդ ու, ի վերջո, ինչքան էլ ֆիզիկոսները հավասարում գրեն, ինչքան էլ (քիմիկոսների հետ միասին) խոսեն ատոմների ու մոլեկուլների այս կամ այն հատկություններից, ինչքան էլ «բացատրեն» այդ հատկությունները կամ նույնիսկ ատոմներից նոր ու դեռևս չլըսված ու չտեսնված նյութեր ստանան, այսուամենայնիվ, այդ հատկությունների աղբյուրներն ու մանրամասն պատճառները մեզ հայտնի չեն:

Աշխարհի բարդությունն իրո´ք է անչափելի, ու մենք էլ այս բարդ աշխարհի մի աննշան մասն ենք, ու անհնար է, որ մասը բացատրի ամբողջի հատկությունները:

Աշխարհի կազմության այս վիթխարի քանակով տարատեսակ մոլեկուլներից մեր համար ամենակարևորները օրգանական մոլեկուլներն են: Օրգանական մոլեկուլ ենք ասում ա´յն մոլեկուլներին, որոնցից կազմված են բուսական ու կենդանական օրգանիզմները ու նաև մե´նք, ինքնե´րս:

Առհասարակ, օրգանական մոլեկուլները հիմնականում այսպես կոչված ածխաջրածիններն են, ածխածնի (ու ջրածնի) ատոմի միացությունների զանազան կոմբինացիաներն են, մեծ մասամբ, թթվածնի ու ազոտի, ու ավելի հազվադեպ՝ ծծումբի, ֆոսֆորի, հետո՝ հալոգենների, բորի ու մետաղներից մի քանիսի հետ:

Կենդանի օրգանիզմների օրգանական մոլեկուլների չորս հիմնական տեսակ կա, ածխաջրերը, սպիտակուցները, ճարպերն ու նուկլեինային թթուները:

Սխալ չի լինի, եթե ասենք, որ.

Դրույթ 1. Կենդանի օրգանիզմի արած ամմե´ն ինչը միմիայն սրա կազմության ատոմներն ու մոլեկուլներն են անում ու, գոնե սկզբունքով, այս օրգանիզմը վարքը, ի վերջո, սրա կազմության ատոմների´ կամ մոլեկուլների´ վարքն է:

Ֆիզիկոսները, չնայած իրենց գիտության վիթխարի ու աննախադեպ հաջողություններին, այսօր դեռ չեն կարող ճշգրիտ նկարագրեն նույնիսկ մի քանի ատոմանի մոլեկուլի վարքը, ո´ւր մնաց, որ նկարագրեն մնացած օրգանական մոլեկուլների վարքը, քանի որ օրգանական մոլեկուլները կազմող ատոմների թիվը երբեմն ուղղակի ահռելի է:

Սրանց մի օրինակը նուկլեինային թթուներն են, որոնք նուկլեոտիդ կոչված գենային «աղյուսիկների» հաճախ շատ երկար շղթաներ են: Այս շղթաները երբեմն այնքան երկար են, որ մեկ շղթայի ատոմների թիվը մոտ 10 միլիարդի կարգի է:

Սրա համար էլ ատոմների ու ատոմներից կազմված օրգանիզմների վարքերի բացատրությունն արվում է ուրիշ մեթոդներով, հիմնականում՝ քիմիայի ու կենսաքիմիայի մեթոդներով, բայց նաև.

Դրույթ 2. Մարդու ու կենդանիների ատոմներից ու մոլեկուլներից կազմված ուղեղի գործունեությունը նկարագրում են նաև այն գիտության մշակած մեթոդներով, ինչին ասում են հոգեբանություն կամ, ավելի ճիշտ, նեյրոհոգեբանություն:

Լայն ընթերցողը, մեծ մասամբ, հոգեբանությունը շփոթում է մարդու վարքաբանության ու մանավանդ սրա պաթոլոգիաների հետ: Այնինչ.

Դրույթ 3. Նեյրոհոգեբանության գլխավոր խնդիրը ուղեղի գործունեության բացատրությունն է, սկսած այս ուղեղի իրեն հասած զգայությունները գրանցելու ձևերից, վերջացրած ուղեղի բնազդային կամ ռեֆլեքսային կամ նույնիսկ այնպիսի տարօրինակ կամ արտառոց արարքներից, ինչպիսիք են՝ երազատեսությունն ու հիպնոսային վիճակները:

Հոգեբանական հետազոտություններն այսօր հիմնվում են նախ ինքնավերլուծության, երկրորդն էլ՝ կենսաբանական մեթոդների վրա:

Դրույթ 4. Կենդանուն շրջապատող իրերի վիճակներն ու պրոցեսները ազդում են կենդանու զգայարանները կազմող ատոմների, մոլեկուլների ու սրանց բաղադրիչների վրա: Այս ազդեցությունները այդ կենդանու ներվերով հասնում են իր ներվային կենտրոնական համակարգի ուղեղի կեղև կոչված մասին ու ազդում կամ փոփոխում են այս մասի ատոմների կամ մոլեկուլների դասավորությունները կամ հարաբերությունները ու նույնիսկ ատոմամոլեկուլային նոր դասավորություններ են ստեղծում:

Դրույթ 5. Կենդանիների մեծագույն մասի զգայարանները 5-ն են՝ աչքերը (տեսողությունը), ականջները (լսողությունը), քիթը (հոտոտելիքը), լեզուն (համը) ու մաշկը (շոշափելիքը): Սրանց բոլորի գործունեության միջոցը, ի վերջո, ատոմների փոխազդեցությունն է, ատոմներն էլ փոխազդում են էլեկտրականությամբ (նույնիսկ երբ ասում ենք, որ փոխազդեցությունը քիմիական է):

Դրույթ 6. Ուղեղի ամենայն արարմունքը էլեկտրամագնիսական փոխազդեցություններով է:

Այս շարադրանքն ուղեղի պրոցեսներն անսահման է պարզեցրել, որովհետև սրանք ուղղակի անչափ են բարդ, ու շատ են անհայտ, որ այստեղ նկարագրվեն:

Ուղեղի մասին այսօր այնքան բան գիտենք, որ մեր իմացածը երևի մի վիթխարի գրադարան կազմի: Այնուամենայնիվ, մեր չիմացածը թերևս հազարավոր ու գուցե միլիարդավոր գրադարան կկազմեր:

Կենդանի օրգանիզմները կազմված են վիթխարի թվով բջջից: Մի հատիկ բջիջը մի վիթխարի բարդության կառույց է: Եթե այսօրվա տեխնիկական միջոցներով կառուցվեր ընդամենը մեկ (սոմատիկ) բջջի մոդելը, այս մոդելը թերևս մի քաղաքի չափ ծավալ գրավեր ու ծախսեր մի էլեկտրակայանի էներգիա:

Մի երկու խոսք է´լ բջջի բարդության մասին:

Դրույթ 7. Մարդու զգայություններն ընկալվում են իր ուղեղի կեղևով, ինչը նեյրոն անունով հատուկ բջիջներից է կազմված:

Նեյրոնը կենդանի օրգանիզմների մեծ մասի այն նեղ մասնագիտացած բջիջն է, ինչը (արձագանքելով էլեկտրական ազդակներին, արտաքինից ստացած էլեկտրական ու քիմիական ազդակների հարուցած իմպուլսների միջոցով) ընդունում է, մշակում է, պաշարում է (հիշում է) ու հաղորդում է ստացած ինֆորմացիան:

Նեյրոնը, որոշակի չափով, կարող է «վերհիշի» ու նույնիսկ այս «վերհիշածով» նորանոր անիրական կամ երազային կամ էլ «հալյուցենային» կամ հիպնոսային զուգորդություններ կազմի:

Նեյրոնները, իրար միանալով, կազմում են ներվային ցանց: Այս ցանցում կան «ըզգացող» նեյրոններ, որոնք արտաքինից ազդակներ են ստանում ու այս ազդակները վերածում են ինֆորմացիայի ու պաշարում են այս ինֆորմացիան:

Կան նաև «հաղորդող» նեյրոններ, որոնք իմպուլսները ներվային սիստեմի´ց են հաղորդում մնացած ու նաև արտաքին բջիջներին: Կան նաև ուրիշ տեսակ նեյրոններ, ու սրանց թերևս 80%-ի նշանակությունը մեզ այսօր բոլորովին հայտնի չի:

Ուղեղի կեղևը երևի մոտ 100 (կամ 150) միլիարդ հատ նեյրոնի – իրար ու այլ կառույցներին կապված – բարձրագույն ու բարդագույն մի կառույց է (այսինքն, մոտ 15-ից մինչև 25 երկրագնդի բնակիչների թվի չափ, ու այս բոլորը՝ մի´ մարդու ուղեղում միայն):

Ուղեղի կեղևը ներվային «զգացող» թելերով կապվում է արտաուղեղային ռեցեպտորներին, օրինակ, աչքերին ու ականջներին, մաշկին ու լեզվին, ինչպես նաև կեղևի խոսքի կենտրոններին, իսկ իր հաղորդող թելերով՝ շարժային օրգաններին, օրինակ, վերջույթներին կամ մարդու (կենդանու) ձայնալարերին, բերանի խոռոչին, լեզվին ևն, այսինքն, խոսքի գործարաններին ևն: Այս կապերը, ինչպես ասվեց, ի վերջո, ատոմական կամ մոլեկուլային են:

Ներվի մեկ փնջի ներվային թելերի թիվը մոտ 10000-ի կարգի է, իսկ ներվերի թիվը տասնյակ գուցե հարյուրավոր հազարների կարգի է ու, ինչպես ասվեց, ուղեղի կեղևի ներվային բջիջների (նեյրոնների) թիվը մոտ 100 անգամ ավել է, քան այս ամենն իրար հետ:

Սրա համար է, որ Հայեկն իր The Sensory Order-ի էջ 43/69, 2.19.-ում ասում է. «թըվում է, թե կան պատճառներ, որոնք մարդու մտային պրոցեսների լրիվ բացատրությունը դարձնում են բացարձակ անհնար…»:

Իրոք, եթե չխոսենք նման բարդության այլ (ու սկզբունքային) դժվարությունների մասին, պիտի գիտակցենք, որ 100 միլիարդը 15 հատ երկրագնդի բնակչության թիվն է: Մեկ ուղեղի արարմունքը, պատկերավոր ասած, նման է այս 15 երկրագնդի բոլոր բնակիչների հեռախոսային միաժամանակյա խոսակցություններին:

Իսկ եթե այս 15 հատ երկրագնդի ամեն մի բնակչի կապերի թիվն էլ մյուս բնակիչների հետ 100 միլիարդի կարգի է, ուրեմն, այս 15 հատ երկրագնդի 100 միլիարդ անհատ բնակչից ամեն մեկի մոտ 10 միլիարդ հեռախոսով ասված «հարաբերությունների» նկարագրությունը, ըստ էության, պիտի որ հենց միայն սրա համար անհնար լինի:

Բայց ուղեղն այնքան է բարդ, որ նույնիսկ ա´յս համեմատությունն է համարյա անզոր, որ պատկերացում տա սրա իրական բարդության մասին:

Փորձենք գոնե մոտավոր պատկերացնենք, թե, օրինակ, մարդու կամ կատվի ուղեղն ինչպե՞ս է գրանցում սեղանի վրայով գլորվող ու գետին ընկնող մետաղե գնդակը, ինչը գլորվելիս՝ գլորվելո´ւ ձայն է հանում, իսկ գետնին կպնելիս՝ թրմփոցի´:

1. Գնդակի կազմության մոլեկուլների կամ ատոմների բաղադրիչ էլեկտրոնները անընդհատ արևից ու այլ բաներից լույս են կլանում ու այս կլանածն էլ անընդհատ արձակում են:

2. Եթե գնդակի այս արձակած լույսն ընկնի մարդու կամ կատվի աչքերի ատոմներին, սրանց աչքերի էլեկտրոններին կգրգռի, ու մարդը կամ կատուն գնդակից (արտաքին) ազդակ կստանա, ու մարդու կամ կատվի աչքերի այս գրգռված էլեկտրոններն էլ (իրենց էլեկտրամագնիսական «շնորհքով») կգրգռեն հարևան էլեկտրոններին ու այսպես շարունակ, մինչև այս գրգիռը հասնի սրանց ուղեղի «նեյրոն» կոչված բջիջների ատոմների էլեկտրոններին:

3. Մարդու կամ կատվի կենսափորձից սրանց նեյրոններում գնդակի պատկերը դրանից առաջ արդեն կա՝ թերևս որպես մի «հիմնային» կամ «մատրիցական գնդի» մտապատկեր, այսինքն, որպես ատոմների կամ ատոմ-աղյուսիկներից կազմված մի հատուկ ավելի բարդ կառույց, ինչը գուցե ատոմների շատ բարդ ձևով ծռմռված ու ծալծլված տարածական շղթայի ձև ունի:

Այս կառույցը ինչ-որ ձևով (իհարկե, ատոմների կամ մոլեկուլների´ դասավորությա´ն ինչ-որ մի «ձևով») գուցե «գրանցվել է» մարդու կամ կատվի ուղեղի կեղեվում, երբ մարդը կամ կատուն առաջին անգամ գնդաձև բան է տեսել:

Այսպիսի մատրիցական կառույցների կամ մտապատկերների (մոլեկուլների դասավորության) գոյության ապացույցն այն բանն է, որ հասուն մարդը, իր կամքով, կարող է իր արդեն տեսած, լսած ու առհասարակ՝ արդեն զգացած բաները «մտքով տեսնի» կամ պատկերացնի, օրինակ, կլոր բանը կլո´ր ընկալի:

Այս մարդը կարող է պատկերացնի նույնիսկ դեռ չեղած բաները, այսինքն, իր ուղեղում արդեն գրանցված մտապատկերների, արդեն եղածի նորանոր զուգորդությունները, նորանոր կցորդությունները, որ կամ հենց ի´նքն է իր կամքով առաջացնում, կա´մ տեսնում է երազին, կամ է´լ՝ հիպնոսային ու գուցե հալյուցեն վիճակում:

4. Գուցե ուղեղի բջիջների մի ինչ-որ այլ կառույցը համեմատում է իրեն հասած այս գնդակի մտապատկերը իր կեղևի միջի «մատրիցական» մտապատկերի հետ ու ճանաչում է սրա կլորությունն ու ուղեղն այդ գլորվող գնդակի «պատկերի» զգայությունն է ունենում ու, ինչպես ասում են, ընկալում է «իրականությունը»:

5. Միաժամանակ, երբ գնդակը գլորվում է, գնդակի ու սեղանի կազմության ատոմները տատանվում են, ու այս տատանումները հարուցում են թե´ շրջապատի օդի ատոմների ու մոլեկուլների տատանումները, թե´ սեղանի ու հատակի նյութերի ատոմների ու մոլեկուլների տատանումները:

6. Այս տատանումները տարածվում են (ալիքվում են որպես ձայն, այսինքն, օդի խտացմունքների ու նոսրացմունքների տեսքով) թե´ օդով, թե´ սեղանի ու հատակի նյութի միջով:

7. Օդով տարածվող ձայնային այս ալիքները հասնում են մարդու կամ էլ կատվի (նաև) ականջների թմբկաթաղանթների ատոմներին, ու գրգռում են (կամ տատանում են) սրանց էլեկտրոններին: Այս գրգռված էլեկտրոններն էլ (իրենց էլեկտրամագնիսական «շնորհքով») գրգռում են հարևան էլեկտրոններին ու այսպես շարունակ, մինչև այս գրգիռը հասնում է ուղեղի «նեյրոն» կոչված բջիջների ատոմներին:

8. Այս նույն բանը լինում է, երբ գնդակը հարվածում է գետնին ու թրմփոցի ձայն է հանում, ու այս ձայնն է´լ է նույն ձևով հասնում ուղեղի ատոմներին ու մոլեկուլներին ու նոր է սա ընկալվում:

9. Մարդու կամ կատվի կենսափորձից նեյրոններում գնդակի այս գլորվելու ու գետնին թրմփալու ձայների մատրիցական մտապատկերները դրանից առաջ նույնպես արդեն կան, որոնք գրանցվել են մարդու կամ կատվի կենսափորձից, երբ մարդը կամ կատուն առաջին անգամ նման ձայներ է լսել:

10. Ուղեղի բջիջների մի ինչ-որ ուրիշ կամ գուցե նույն կառույցը համեմատում է իրեն հասած այս գլորվող ու հետո թրմփացող գնդակի հարուցած ձայների պատկերները իրենց միջի «մատրիցական» մտապատկերների հետ ու ճանաչում է սըրանք:

11. Ուղեղը ճանաչելու այս երկու պրոցեսն ավտոմատ իրար է կցում կամ զուգորդում միացնում է, ու մարդը կամ կատուն այս ամենը տեսնում ու լսում է իրար հետ միաժամանակ:

Դրույթ 8. Ուղեղը արտաքին աշխարհը չի գրանցում ֆիզիկոսների կամ քիմիկոսների բացատրությունների մեթոդներով, այսինքն, չի գրանցում հավասարումների ու կանոնների միջոցով:

Օրինակ, ինչպես Ռիչարդ Ֆիլիպս Ֆեյնմանն է ասում, իրական ծիածանի շքեղ գույների կախվածությունը լույսի հաճախությունից տրվում է մի քանի «պարզունակ» միապաղաղ (մոնոտոն) կորով: Այնինչ մարդու ուղեղը ոչ նման գրաֆիկ ունի, ոչ էլ ծիածանը նկարագրող որևէ բանաձև կամ դիսպերսիայի հավասարում (ինչպիսիք որ բնագետներն են գործածում), ու ոչ էլ մարդու ուղեղի միջի ատոմների դասավորությունն է «իրական» ծիածանին նման կամ «իրականի պես գունավոր»:

Այնուամենայնիվ, մեր կյանքից մեզ լավ ծանոթ այս ֆիզիկական «դիսպերսիա-ծիածանը» մեր ուղեղով ընկալո´ւմ ենք որպես մի գունավոր հրաշք – ծիածա´ն:

Ու բոլորովին հետաքրքիր չի, թե ֆիզիկոսը սրան, այս ծիածանին, ի´նչ անուն կտա, այսինքն, հետաքրքիր չի, որ ֆիզիկոսը սրան կասի «մթնոլորտի բեկման ցուցիչի կախվածությունը Արևից եկած լույսի հաճախությունից» ևն: Ըստ էության.

Դրույթ 9. Օրինակ, ֆիզիկան ու քիմիան տալիս են արտաքին աշխարհի միմիայն քանակական նկարագիրը, հավասարումներով, կանոններով ու թվերով, ինչը ընկալում ենք ասված ձևով: Անհնար է, որ ֆիզիկան ու քիմիան տան, օրինակ, ասված ծիածանի գույների կամ մանուշակի հոտի որակների տարբերությունների նկարագիրը: Թերևս սա միմիայն նեյրոհոգեբանության խնդիրն է:

Դրույթ 10. Ուրեմն, չլիներ ուղեղը, չէին ընկալվի (երևի կարող ենք ասենք՝ «չէին լինի») նաև ծիածանի պես «հրաշքները», այսինքն, չէր լինի շրջապատի աշխարհի մարդու պատկերացրած գունագեղ «կինոների» այն ողջ բազմությունը, ինչը ընկալում ենք – կենդանական ու բուսական աշխարհ, կամ քաղաքակրթություն, կամ էլ՝ Տիեզերք:

Դրույթ 11. Այս շարադրանքը ցույց է տալիս, որ կենդանիներն ու մենք շրջապատի աշխարհը «տեսնում ենք» միմիայն մեր ուղեղի ատոմների հատուկ դասավորություններով ու սրանց հարաբերություններով: Այս դասավորությունների ու սրանց հարաբերությունների «տեսքը» բոլորովին էլ «դրսի» առարկաների պես չի: (Տեսքի մասին այս վերջին խոսքը, իհարկե, պայմանական է):

Դրույթ 12. Օրինակ, «իսկական, դրսի, կամ ինքնին» գնդի տեսքը պատկերող ատոմների դասավորությունը մեր ուղեղում թերևս բոլորովին էլ գնդաձև չի (գուցե ավելի շատ նման է ատոմների երկարուկ ու ծալծլված շղթայի), կամ ուղեղի միջի մանուշակի հոտը պատկերող ատոմների դասավորությունից բոլորովին էլ հոտ չի գալիս:

Դրույթ 13. Սրա համար էլ ուղեղի կեղևի ատոմների այս հատուկ դասավորությունները կոչում ենք մտապատկեր (այս օրինակում՝ գնդի մտապատկերն ու մանուշակի հոտի մտապատկերը):

Դրույթ 14. Ավելին, մարդը կամ կենդանին «տեսնում է» կամ, ավելի ճիշտ, ընկալում է միմիայն իր ուղեղի մեջ գրանցված մտապատկերները, իսկ այս մտապատկերներն էլ ատոմների կամ մոլեկուլների կառույցներ են: Անհնա´ր է, որ որևէ բանական արարած երբևէ «հստակ պատկերացնի», թե «աշխարհն իրականում ինչ է»:

Դրույթ 15. Ասվածից հետևում է, որ եթե կենդանի օրգանիզմները չլինեին, աշխարհի մասին մեր այս ողջ պատկերացումը չէր լինի, ու չէին լինի նաև ուղեղի պատճառ-հետևանքային կապերը:

Ավելի ճիշտ, եթե մտածող էակները (նաև կենդանիները) չլինեին, Կանտի այն նշանավոր հարցը, թե «իրականում» ի՞նչ են, ինչպիսի՞ն են կամ ի՞նչ տեսք ունեն մեր շրջապատի ինքնին իրերն ու, առհասարակ, ինչպիսի՞ն է մեր շրջապատի «ինքնին աշխարհը», ոչ մի իմաստ չէր ունենա: Ճիշտ այնպես, ինչպես որ իմաստ չէր ունենա երևույթները պատճառականների ու պատահականների բաժանելը:

Իրոք, եթե «իրական գնդակի» մտապատկերն ուղեղի կեղևի մի ինչ-որ փոքրիկ հատվածի ատոմների հատուկ «ոչ կլոր» դասավորությունն է (ինչը էլեկտրամագնիսական «թելերով» կապված է կեղևի ուրիշ կառույցներին), ու այս դասավորությունը բոլորովին էլ գնդակի «միկրոնկարը» չի, այդժամ անհնար է, որ ուղեղի այս կեղևն իմանա, թե իրական (դրսի) գնդակի «տեսքն» ինչ է:

Այս իմաստով չափազանց դիպուկ է ֆիզիկոս Ռ. Ֆ. Ֆեյնմանի հետևյալ խոսքը լույսի ֆոտոն կոչված մասնիկի մասին. «Ո՞վ իմանա, թե ի´նչ է ֆոտոնն իրականում: Մեր իմացած ֆոտոնը ընդամենը բացատրություն է»: Ուրեմն.

Դրույթ 16. Մեր ընկալած ամենայն ինչը, մեր ուղեղի կեղևի բոլոր-բոլոր մտապատկերներն ու սրանց զուգորդություններն ու սրանց հետ կատարվող ամենայն ինչը, այսինքն, մեր մտածողության ողջ պրոցեսը, ընդամենը «բացատրություն» կամ «երևակայություն են», ընկալմունք են, լոկ մեր իսկ մարմնի միջի պրոցեսների (օրինակ, մեր շարժումների) «երևակայական բացատրություններն են»:

Այս պրոցեսների մի վիթխարի մասը հարուցվում է մեր մարմնից դուրս բնությունից ստացած ազդակներով: Ուրեմն, ի վերջո, հենց ի´նքը, բնությունն ու նույնիսկ մեր այս ողջ քաղաքակրթությունը ընդամենը մեր մտածողության «երևակայական բացատրությունն են»:

Ու սա այն առավելագույնն է, ինչով որ էվոլյուցիան օժտել է մեզ (ու կենդանական քիչ թե շատ բարդ օրգանիզմներին) իր գերվիթխարի թվով պատահական քայլերով ու «փորձ ու սխալի» բնական ընտրության մեխանիզմով: Բայց մի՞թե սա քիչ է:

Սեփական մարմնի (ուղեղի կեղևի) բանականությունից զուրկ ատոմների դասավորություններով ծիածանի սքանչելիքի հրաշքը կամ Ռոմեոյի ու Ջուլիետի խելացնոր սիրո հրաշքն զգալու կամ կամ Կոշու հույժ վերացական Գամմա-թեորեմի արտառոց նրբագեղությունն ընկալելու շնորհը մի՞թե քիչ է:

Մի՞թե մեր ու նաև կենդանիների «երևակայելու» այս ինքնին կարողությունը մեր այս ողջ տիեզերքի ամենաանհավատալի հրաշքը չի, ինչի դեմ մինչև այժմ նկարագրված բոլո´ր-բոլո´ր կրոնական կամ այլ կարգի հեքիաթային ու նույնիսկ կինոնկարային հրաշքները խամրում ու մանկական թոթովանք են դառնում:

9.2 Կենդանին բառերով չի մտածում

Բազում փաստ ու դիտողություն է ցույց տալիս, որ.

Դրույթ 1. Կենդանիներն ա´նպայման են մտածում ու մտածելիս էլ թերևս գործածում են տրամաբանական այն նույն հիմնական հնարքները, որոնք որ մա´րդն է գործածում:

Դեռ դպրոցական տարիներիս կարդացել էի սովետական ակադեմիկոս Օպարինի մի գրքույկը, որտեղ Օպարինը պնդում էր, որ կենդանիները զուրկ են տրամաբանելու ունակությունից, ու գործում են միմիայն բնազդներով, ու չէի հավատացել Օպարինին, քանի որ գյուղական կյանքի հենց իմ աչքերով տեսածը բազում անգամ հաստատել էր, որ կենդանիները ա´նպայման են տրամաբանում:

Ահա մի օրինակ իմ կենսափորձից, ինչը չէր թողնում, որ հավատամ Օպարինին:

Այն օրերին երևի 12-13 տարեկան էի ու, բոլոր գյուղացիների պես, ե´ս էլ էի անառարկելի հավատում տպագիր խոսքին:

Ես մի փոքրիկ (երևի մի ամսական) կատու ունեի, անունը` Նազիկ: Մի անգամ այս Նազիկը, ով իր այդ միամսյա կյանքում երբևէ հայելի չէր տեսել, քուրսու վրա դրած մի «դնովի» հենվող հայելի տեսավ: Նազիկը մոտեցավ հայելուն, տեսավ իր պատկերը ու թաթով ուզեց խփի պատկերին:

Պարզ է, թաթը «կպավ» հայելու միջի կատվի «թաթին», այսինքն, հայելուն, ու վերջ: Նազիկը հայելու միջի իր պատկերին խփելու մի քանի այսպիսի փորձ էլ արեց, ու նորից պարզ է` անհաջող:

Հետո Նազիկը մոտեցավ հայելուն ու ուզեց մռութը կպցնի հայելու միջի պատկերի մռութին: Մի քանի այսպիսի անհաջող փորձ էլ սրանի´ց արեց, ու երբ տեսավ, որ սա է´լ չի լինում, հանգիստ մոտեցավ հայելու եզրին ու նայեց հայելու հետևը:

Հայելու հետևը, իհարկե, ոչ մի կատու էլ չկար: Հիմա ո՞նց չմտածես, որ Նազիկը տրամաբանական եզրակացություն էր արել, թե.

«Դե որ չեմ կարում էս բանի միջի կատվին կպնեմ, ուրեմն, էս կատուն էս բանի հետևն ա, էս բանն էլ պինդ ա, ու սրա դեմից չեմ կարա մտնեմ մեջը, որ իրան խփեմ, ուրեմն, արի նայեմ էս բանի հետևը, որ էս բանի հետևի կատվին տենամ ու խփեմ իրան»:

Տեսնելու մի քանի այսպիսի փորձից հիասթափ Նազիկը տակտիկան փոխեց:

Առաջ դանդաղ էր մոտենում հայելու եզրին, որ նայի հայելու հետևը պախկված պատկեր-կատվին, ու դանդաղ էլ նայում էր, բայց հիմա, աչքերն առանց հայելու կատվից կտրելու, դանդաղ-դանդաղ մոտենում էր հայելու եզրին ու հետո կայծակի արագությամբ նայում էր հայելու հետեը: Բա էլ ո՞նց չմտածես, որ Նազիկը մտածում էր, թե.

«Մինչև նայում եմ էս բանի հետևը, էս բանի հետևի կատուն, մեկ ա, արդեն հասցնում ա փախնի: Ուրեմն, արի էնքա´ն արագ նայեմ, որ չհասցնի փախնի»:

Հետագայում մի քանի անգամ եմ համոզվել, որ փոքր կատուները, երևի բոլորն էլ, այսքանն անում են (թե առիթ լինի, կարող եք ինքնե´րդ համոզվեք), բայց իմ Նազիկը, երևի հանճարեղ կատու էր, որովհետև երբ տեսավ, որ ինչքան էլ արագ է նայում, պատկեր-կատուն, մեկ է, հասցնում է փախնի, ինքը մի բան էլ ավե´լ արեց (ինչը չեմ տեսել, որ իմ իմացած փոքր կատուները գոնե մի անգամ անեն):

Իմ Նազիկը մոտեցավ հայելու ձախ եզրին ու, առանց իր հայացքն իր պատկերից կտրելու, ձախ թաթը կոխեց հայելու հետևն ու սկսեց բզբզելը, որ թաթով կպնի իր այդ պատկեր-կատվին:

Հմի ո՞նց չմտածես, որ Նազիկը մտածում էր.

«Երբ չեմ նայում էս բանի հետևի կատվին, ինքը փախնում ա: Իսկ երբ նայում եմ, չի կարում փախնի: Ուրեմը, արի առանց հայացքս իրանից կտրելու, որ ինքը չկարենա փախնի, թաթս մտցնեմ էս բանի հետևն ու թաթովս կպնեմ իրան»:

Ու Նազիկն անցավ գործի – մոտեցավ հայելու եզրին ու, հայացքը պիշ սևեռած հայելու միջի Նազիկին, սկսեց իր ձախ թաթիկով հայելու հետևը բզբզելը, որ կպնի հայելու միջի Նազիկին:

Երբ Նազիկը տեսավ, որ այսպես էլ չի կարում կպնի պատկեր-Նազիկին, հետաքըրքրությունը կորցրեց, ու այս դեպքից հետո էլ ոչ մի անգամ պատկեր-կատվի հետ խաղալու փորձ չարեց, ոնց որ բոլոր հասուն կատուներն են անտարբեր նայում հայելուն:

Այս մեծ կատուներն արդեն անտարբեր են հայելիների միջի իրենց պատկերների նկատմամբ, որովհետև իրենց կենսափորձով ու իրենց տրամաբանությամբ արդեն եզրակացրել են, որ դրանք բոլորն էլ «անդրհայելային են ու անհասանելի»:

Ակնհայտ է, որ անհնար է, որ իմ կատու Նազիկի այսօրինակ վարքը ժառանգովի լիներ: Կնշանակի, Նազիկի այս վարքը բոլորովին էլ բնազդական չի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ կատուները մի քանի (գուցե տասնյակ) միլիոն տարի է, ինչ կան, իսկ հենակով հայելիները հայտնագործվել են գուցե մի երկու հազար տարի առաջ միայն:

Ու, ամենակարևորը, Նազիկի այս վարքը բոլորովին էլ չի ավելացնում գոյության պայքարում Նազիկի հարատևելու շանսերը, որ բնական ընտրության մուտացիաների շարանը Նազիկի օրգանիզմում նկարագրածս պրոցեսը դարձներ բնազդային:

Սա իմ բնագիտական առաջին «հայտնագործությունն» էր, ու ես ի´նքս փորձով համոզվեցի, որ Օպարինը սխալ է, ու որ կենդանիները մեր տրամաբանության պես մի բան ունեն, բայց միշտ էլ զարմացել եմ, թե կենդանիները ո՞նց են տրամաբանում առանց բառերի:

Հետագայում համոզվեցի, որ այսօրվա գիտությունը լրի´վ է համաձայն իմ եզրակացություններին, այսինքն.

Դրույթ 2. Կենդանիները, համենայն դեպս, գոնե բարձրակարգ կենդանիները, մըտածում են, ու մտածելիս էլ՝ թերևս օգտվում են տրամաբանության նույն կանոններից (կամ սրանց մի մասից), ինչ որ մարդիկ:

Դրույթ 3. Ընդ որում, թերևս սխալ չի լինի, եթե պնդենք, որ կենդանիները մտածում են առանց բառերի, առանց հոդաբաշխ խոսքի:

Կարծում եմ, որ այս երրորդ դրույթը պատկերացնելը դժվար է: (Տես [48]-ը):

Դրույթ 4. Թերևս անկասկած է, որ լեզուն ու խոսքի միջոցով դատելու ունակությունն ու սրանց հետ միասին բարոյականության հիմնական նորմերը յուրացնելը միմիայն անհատի ձևավորվելու ընթացքում է լինում, միմիայն ծնվելուց հետո:

Այս երեք ունակությունն էլ ձեռք բերովի է: Բայց սրանք ունենալո´ւ կարողությունն ու սրանց ուժգնությո´ւնը (ինչը, ինչպես արդեն ասվել է, կենդանիների համեմատ, կապկելու ու դատելու առումով, արտառո´ց է ուժեղ), ժառանգովի է:

Դրույթ 5. Ինչ վերաբերում է շրջապատի ֆիզիկական աշխարհի մտապատկերներն ուղեղում գրանցելուն, կարծում եմ, որ գրանցելո´ւ այս ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ գենային ուղով է փոխանցվում, ինչպես կենդանիներինը, բայց փոխանցվում է միմիայն մտապատկերները գրանցելու մեխանիզմը, ու ոչ թե հենց բուն մտապատկերները:

Մտապատկերները չեն ժառանգվում (համենայն դեպս, գուցե բացառությամբ սըրանցից մի քանի ֆունդամենտալ մտապատկերային «ֆոնեմի», տես հետո), որովհետև մտապատկերները հենց ուղեղո´ւմ են գրանցվում, ու ոչ թե սեռական բջիջներում:

9.3 Ինֆորմացիայի գրանցվելն ուղեղի կեղևում

Նախ նորից ու նորից շեշտենք, որ մեր գործածած «մտապատկեր» տերմինը բոլորովին էլ չի նշանակում, որ ուղեղի գրանցած զգայությունները «իսկական» կամ «իրական» միկրոպատկեր կամ միկրոնկար են: Ակնհայտ է, որ, օրինակ.

Դրույթ 1. Ուղեղում գրանցված ողորկության, թացության, տաքի, սառի, հոտի, լըպըրծունության ու սրանց պես զգայությունները ընդամենը ատոմների ինչ-որ (մեզ առ այսօր անհայտ) դասավորություն են, որոնք որոշակի հարաբերություն ունեն նման ուրիշ դասավորությունների հետ: Մենք ուղեղի հենց այս դասավորություններն ու սրանց հարաբերություններն ենք կոչում՝ առաջինները՝ մտապատկեր, իսկ երկրորդները՝ մտածողություն:

Նորից շեշտենք, որ մեր «մտապատկեր» կոչածը չպիտի շփոթենք օրինակ, բառերի գրության կամ կինոյի ժապավենի ցույց տված պատկերների պես բաների հետ:

Այսինքն, ուղեղում գրանցված ողորկության, թացության, տաքի, սառի, հոտի ու սրանց պես զգայությունների մտապատկերները ոչ ողորկ են, ոչ տաք, ոչ սառը, ոչ էլ հոտավետ և այլն: Սրանք, այս մտապատկեր կոչվածները, ատոմների խրթին ու աներևակայելի խճողված ու բարդագույն հարաբերություններով դասավորություն են:

Ու, անկասկած, այսօր անհայտ է, թե օրինակ, առանձին բառերին, բառազույգերին կամ էլ խոսքերին (նախադասություններին) ատոմների ի´նչ կոնկրետ դասավորություն կամ հարաբերություններ են համապատասխան:

Ասվածը մանավանդ ակնհայտ է, օրինակ, հոտի´ զգայության առումով, քանի որ մեր զգայած հոտը երկրաչափական ձևից կամ տեսքից զուրկ է, ու ուղեղում սրա մըտապատկերն ա´նպայման է ատոմների մի ինչ-որ դասավորություն:

Ուրեմն, կլորության, կա´մ սառն ու տաքության, կա´մ կոշտ ու ողորկության, կամ լպրծունության, կա´մ ֆիզիկական որևէ առարկայի տարածական զգայության մտապատկերն ինչո՞ւ չպիտի ատոմների մի ինչ-որ դասավորություն լինի:

Վերի կատվի օրինակից երևում է, որ.

Դրույթ 2. Արտաքին աշխարհից ուղեղի կեղև հասած ինֆորմացիան համարյա երբեք մոնոֆորմ (միատեսակ, միաձև, անխառն, եզակի) չի լինում: Օրինակ, գլորվող գնդի տեսողական պատկերի հետ վերի կատվի ուղեղի կեղևին հասնում ու այդտեղ գրանցվում է նաև գնդի արձակած ձայնի´ մտապատկերը, սեղանի´ մտապատկերը ևն, ևն:

Դրույթ 3. Սովորական է, որ այս տեսողական (այսինքն, զանազան լուսային ու տարածական) ու ձայնային մտապատկերներին կցվեն կամ միանան (զուգորդվեն, շղթայվեն) ձայնի, գույնի, համի, հոտի, տաք ու սառի, շոշափելիքի (նաև ողորկության, կոշտության, թաց ու չորի ու լպրծունության ևն), ու հենց մեր իսկ մարմնի ներսի երևույթների զգայությունների բարդագույն մտապատկերները:

Բացի սրանք, հնարավոր է, որ, օրինակ, մեր մկանների կծկվելու, ցավի, ձայնային գործարանների մկանային շարժերի ևն ու ուրիշ այլ զգայությունների ու նույնիսկ բառ-ձայների մտապատկերները միանան (կցվեն, կապվեն, զուգորդվեն, շղթայվեն) իրար:

Այս մտապատկերների մի մասը գուցե այլևս երբեք չի ջնջվում, մեկ ուրիշ մասը բավական երկար է մնում, իսկ մի մասն էլ ջնջվում վերանում է:

Դրույթ 4. Երբ մարդն իր կամքով կամ ակամա վերարտադրում է իր ուղեղի կեղևում գրանցված մտապատկերների մի մասը, այդ մարդու գիտակցությունը սըրանց մեծ մասն ընկալում է ոչ թե առանձին-առանձին, այլ միացած, իրար կցված կամ շըղթայված-զուգորդված-կապակցված, այսինքն, ամբողջությամբ:

Ընդ որում, իրար կցված մտապատկերների ոչ բոլոր բաղադրիչների ուժգնությունն է նույնը: Օրինակ, երբ մարդը մանուշակ է հիշում, հոտի զգացումը, պատկերի զգացման համեմատ, թերևս անզգալի կամ անորոշ է, մանավանդ, եթե այդ մանուշակից վաղուց է հոտ քաշել: Շեշտենք, որ.

Դրույթ 5. Առարկայի մտապատկերն ու սրա զգայությունը տարբեր են:

Եթե մտապատկերը մեր ուղեղում արդեն կա´, մարդը կարող է հիշի կամ չհիշի այս մտապատկերը: Իսկ երբ զգայությունն առաջանում է արդեն տեսած առարկան տեսնելու կամ զգայելու պահին ու, թերևս, նույն առարկայի կամ սրանից ուղեղին հասած ազդակի հարուցած զգայությունը արդեն առկա մտապատկերը թարմացնե´լն է, արդեն հիշե´լն է:

Օրինակ, երբ ես հիշում եմ Մասիս սարը, ես «տեսնում եմ» Մասսի – ուղեղիս միջի – մտապատկերը, իսկ երբ հիմա´ նայում եմ Մասսին, Մասիս սարից ստացած ազդակը իմ ներվային թելերով հասնում է իմ ուղեղի կեղևի ատոմների Մասսի մտապատկեր-դասավորությանը, ու ուղեղիս կեղևը ճանաչում է այս ատոմական դասավորություն-մտապատկերը (եթե առաջ տեսել եմ Մասիսը), ու ես զգայում եմ ուղեղիս միջի Մասսի ատոմական դասավորություն-մտապատկերը:

Այսինքն, ես (ավելի ճիշտ, ուղեղիս կեղևը) ճանաչում եմ միայն ու միայն իմ ուղեղի միջի´ «Մասիս-ատոմական-դասավորությունը», միմիայն այս մտապատկե´րը, ինչն էլ համարում եմ Մասիս:

Դրույթ 6. Առարկան ինչքան հաճախ ենք զգայում, այնքան ավելի շատ է թարմանում դրա մտապատկերը ու այնքան ավելի հաստատուն ու երկարատև է դրա մտապատկերը:

Հետաքրքիր է, որ հասուն տարիքում օտար լեզու սովորելիս բառերի մի մասի մտապատկերները միայն ա´յն բանից հետո են ամուր գրանցվում մեր ուղեղում, երբ դըրանց զգայությունն ունենում ենք միջինով մի 40-50 անգամ:

Կենդանիների ուղեղներն էլ են տեսողական պատկերները միացնում (զուգորդում) իրար ու նաև ձայնայիններին: Օրինակ, թերևս հնարավոր է, որ առյուծի տեսքի մտապատկերը զուգորդվի առյուծի մռնչյունի ու առյուծի հոտի մտապատկերներին: Ու երբ կենդանին լսի առյուծի մռնչյունը (կամ առնի առյուծի հոտը), իսկույն կհիշի առյուծի տեսքն ու կճանաչի այս մտապատկերների աղբյուրը:

Հնարավոր է ու սովորական է, որ մտապատկերը շատ բարդ լինի, ու սովորական է, որ մի «գլխավոր» մտապատկերին կցվի բազում այլ՝ երկրորդական մտապատկեր, որոնց մեջ կարող են լինեն ավելի շատ կարևորներն ու ավելի քիչ կարևորները (հիշենք վերի կատվի կամ մանուշակի պատկերի ու իր հոտի օրինակները):

Օրինակ, մի ծառի գլխավոր ուրվագիծ-մտապատկերին կարող են կցված լինեն ծառի բնի, ճյուղերի, տերևների, տերևների գույնի ու հոտի, սաղարթի, բնի վրայի «քյարթերի» նախշի, ծաղիկների, սրանց թերթերի ու առէջների գույների, սրանց բուրմունքի, տերևների շարժի ու այլ բաների «երկրորդական» մտապատկերները ևն, ևն: Բարդ կարող է լինի նույնիսկ մի´ տերևի մտապատկերը:

Դրույթ 7. Մտապատկերներն իրար են միանում (զուգորդվում, շղթայվում) թերևս երեք եղանակով: Մտապատկերների միանալու առաջին եղանակն անալոգիան է, այսինքն, նմանացնելը, երկրորդը՝ միացնելը (կցելը, զուգորդելը, շղթայելը), իսկ երրորդին, ինչն այս երկուսի զուգորդությունն է, կասեմ նմանակցային:

Դրույթ 8. Թերևս նմանացնելով են հարուցվում տարածական ձևերի ու ժամանակային հերթականության մտապատկերները, բայց թե ի´նչ կոնկրետ կամ մանրամասն մեխանիզմով, հայտնի չի:

Օրինակ, եթե պարագրաֆ 9.2-ի կատուն (կամ մարդը) դեռ ոչ մի անգամ գնդակ չէր տեսել, բայց, խնձոր կամ մի ուրիշ կլոր միրգ տեսել էր, գնդակի մտապատկերը կատվի ուղեղում գուցե հարուցվելու ու գրանցվելու էր խնձորի մտապատկերի նմանությամբ, անալոգիայով:

Կամ եթե երեխան երբեք չի լսել «դինոզավր» բառը, բայց երբ իրեն խաղալիք դինոզավր են առնում, ու այս երեխան սովորում է այս բառը, այսինքն, այս բառ-ձայնի մտապատկերը կցվում է դինոզավր-խաղալիքի մտապատկերին: Այդժամ այս մանկան ուղեղը շատ հեշտ է կազմում այս «դինոզավր» բառի սեռական-տրական հոլովաձևը, սա նմանացնելով իր ուղեղում արդեն առկա բառերի հայտնի սեռական-տրական հոլովաձևերին:

Հենց սրա համար է մանուկը հարթում իր դեռ չլսած «գառան, եզան, ձկան, մըկան» ու այլ անկանո´ն սեռական-տրականները, նմանակցային զուգորդություններով սրանք փոխարինելով «գառի, եզի, ձուկի, մուկի» ձևերով:

Այս նմանակցային զուգորդության մանրամասն օրինակները, սրանց կազմած զանազան ենթախմբերի մանրամասն վերլուծություններով հանդերձ, բայց միայն բառերի´ մտապատկերների համար, բերված են, օրինակ ՀԼՏ-ի 30-38 էջերին [3]:

Չնայած տեսական նեյրոհոգեբանության համարյա ամեն քիչ թե շատ բարդ թեզը, ի վերջո, ենթադրություն է, այնուամենայնիվ (ու իմ կարծիքով), նմանությամբ հարուցվող մտապատկերներից մի քանիսը պիտի որ հիմնականը լինի:

Ուղեղը թերևս ունի այնպիսի մեխանիզմներ, որոնք գրանցում են տարածական, հոտառական ու լսողական ֆունդամենտալ, կամ տարրական, կամ մատրիցական զգայությունների մտապատկերներն ու դեպքերի (event-ների) տարրական կամ մատրիցական տարածաժամանակային պատճառական հերթականությունները:

Ու քանի որ սրանք հույժ կարևոր են կենդանական տվյալ տեսակի գոյության պայքարի համար, ուրեմն, պիտի´ որ շատ ու շատ վաղուց առաջացած լինեն:

Սրանք պետք են, որ ուղեղը, սրանց նմանացնելով, կառուցի տարածական, ժամանակային ու վերացական դատողության համար հարկավոր մնացած բոլոր մըտապատկերները, օրինակ, կլոր առարկաներինը, կամ գլորվող գնդակի հաջորդական դիրքերինը, կամ իրեն հետապնդող գիշատչի հարաբերական դիրքերն իր ու այլ բաների նկատմամբ ևն:

Դրույթ 9. Տարրական, կամ ֆունդամենտալ, կամ մատրիցական մտապատկերները թերևս առկա են առանձնյակի ողջ կյանքի ընթացքում:

Դրույթ 10. Կցորդային զուգորդությունը, ըստ էության, իրար հետ երկու կամ ավել մտապատկեր գրանցելն է: Ընդ որում, այս խմբային մտապատկերները (մանավանդ սրանց զույգերն ու եռյակները), իրար կցված են վերարտադրվում (հիշվում, ընկալվում):

Կցորդական զուգորդության օրինակ է, երբ մեկի հետ ծանոթանում ես մի որևէ տեղ, ասենք՝ Համալսարանի մի սենյակում, ու այս մարդուն միշտ միմիայն այս սենյակում ես տեսնում:

Հետո, երբ սրան հանկարծ մի օր էլ դրսում ես տեսնում, հիշում ես, որ տեսել ես իրեն, բայց չես հիշում, թե ո´րտեղ ու ո´վ է ինքը, որովհետև այս մարդու առանձին, Համալսարանի այդ սենյակին չշղթայված մտապատկերը չկա քո ուղեղում:

Աբեղյանն ասում է ([3], ՀԼՏ, 17), թե «կցորդային պատկերացմամբ առաջին պատկերացման կամ ըմբռնումի հետ միացած վերարտադրվում է այնպիսի մի պատկերացում, որ առաջ ունեցել ենք առաջինի հետ միաժամանակ, կամ անմիջապես նրանից հետո, կամ միևնույն պարագաների ու շրջապատի մեջ:

«Այսպիսի ըմբռնումները {մտապատկերները} մեր մտքում պահվում են իրար հետ սերտ կապված, և երբ նրանցից մեկը կրկնվում կամ վերարտադրվում է, ետևից վերարտադրվում է նաև իր հետ կցված պատկերացումը:

«Օրինակ՝ մի ծանոթ տան պատկերացումը, կամ ըմբռնումի կրկնությունը {հիշելը} մեզ հիշեցնում է այդ տան մեջ մի ժանանակ բնակվողին, վերջինիս հետ զուգորդված վերարտադրվում է մեր մտքի մեջ մի ուրախ երեկոյի պատկերացում, որ մի ժամանակ միասին ունեցել ենք այստեղ. դա հիշեցնում է մեզ մեր ընկերներից մեկին, որ մասնակից է եղել այդ երեկոյին և այլն»:

Դրույթ 11. Անհատի համար որոշակի չափով կարևոր կամ կրկնվող (թարմացող) մտապատկերները, լինեն սրանք թե´ անալոգիական, թե´ կցանքային, մեծ մասամբ, նույնպես առկա են առանձնյակի ողջ կյանքի ընթացքում: Ընդ որում, սրանց թարմանալը ավելացնում է սրանց ուժգնությունն ու կյանքը: Բայց շատ անգամ հնարավոր է նաև, որ սրանց մոռացությունը խամրացնի ու նույնիսկ ջնջի սրանք:

Դրույթ 12. Անհատ մարդն ունակ է զգալու թե´ իր օրգանիզմի (կամ սրա ներսի) պրոցեսների մի մասը (օրինակ իր մարմնի այն մասերի շարժը, ցավը ևն, որոնք իր ուղեղից դուրս են), թե´ դրսի առարկաներից ստացած ազդակները: Ինչպես նաև ունակ է հետո էլ, իր իսկ կամքով, վերարտադրելու իր մտքում գրանցված ամեն տեսակ մտապատկերները, լինեն սրանք որևէ առարկա, կամ պրոցես, կամ ձայն, կամ հոտ, կամ համ կամ այլ զգայություն:

Դրույթ 13. Կենդանի օրգանիզմի ուղեղը, ինչպես ասվել է, ոչ թե ուղեղի դրսի´ առարկաներն է զգայում կամ ընկալում, այլ միմիայն դրսի առարկաների՝ իր ուղեղի մեջ «թողած» ա´յն մտապատկերները (որ ատոմների դասավորություն են), որոնք գրանցված են ուղեղում:

(Նորից պիտի հիշենք Կանտի ինքնին իրերի առումով մեր վերը ասածը):

Ուրեմն, մտապատկերների այս նմանացնելով ու կցելով գրանցվելն ու կցորդությամբ հիշելն «իրականում» այսպես անխառն ու առանձնացրած չի: Սրանք թերևս լինում են միասին կամ փոխեփոխ, իրար հետևից կամ էլ շատ ավելի խրթին ձևերով:

Սրա համար էլ երբեմն մեր երազներին այնպիսի իրար չկապված տարօրինակ բաներ ենք «հիշում» կամ տեսնում, որ ինքներս էլ ենք զարմանում:

Ամենայն հավանականությամբ ուղեղի կեղևում կա պատկերների հատվածային շղթայվածության հաստատունությունը ապահովող մի հատուկ մեխանիզմ, ինչի գոյության վկայությունը, օրինակ, մեր երազատեսության այն անհավանական դրվագներն են, որ երևի այս հաստատունության մեխանիզմի դադարի կամ քնած լինելու հետևանքն են:

Թերևս այս մեխանիզմի գոյության վկայություններն են նաև խոսքի կամ հիշողության ապարատի պաթոլոգիական խախտումները:

9.4 Լեզվական մտապատկերների գրանցվելը

Երբ ծնվելուց հետո անհատը լեզու է սովորում ու մորից կամ ընտանիքի մյուս անդամներից լսում է, օրինակ, «սեղան» հինգ հնչյունից կազմված առանձին բառը, ընտանիքի անդամները, սկզբում համարյա միշտ, այս բառը լսելիս, ինչ-որ ձևով ցույց են տալիս կամ հիշեցնում են նաև «սեղան» առարկան:

Սրա համար էլ երեխայի ուղեղում այս երկու բանի մտապատկերները, այսինքն, «սեղան» առարկայի մտապատկերն ու «սեղան» ձայնի մտապատկերը, ի վերջո, միանում (զուգորդվում, կցվում) են իրար ու գրանցվում են ուղեղում:

Սա նշանակում է, որ այս երկու «տարասեռ» մտապատկերնե´րն են կցվում իրար ու գրանցվում – այս տեսողակա´ն մտապատկերն ու այս հնչյունայի´ն (ձայնային) մտապատկերը:

Այսպիսի «տարասեռ» մտապատկերներին ասում են տարբեր մոդալության մըտապատկերներ: Ինչո՞ւ են սրանք տարասեռ կամ տարբեր մոդալությամբ:

Սրանք տարասեռ են, որովհետև սրանցից մեկն առաջանում է տեսողական ազդակից, տեսողական մոդից, մյուսը՝ լսողական մոդից:

Գալիք դատողությունները հասկանալու համար ընթերցողը ոչ մի պահ չպիտի մոռանա, որ մտապատկերը մի´շտ ու ա´նպայման է ատոմների կամ մոլեկուլների դասավորություն: Ու լավ կլինի, որ ընթերցողը նորից հիշի, որ բառերն է´լ են ուղեղում գրանցվում մտապատկերներով, այսինքն, գրանցվում են ատոմամոլեկուլային հատուկ դասավորություններով:

Այսինքն, ընթերցողը չպիտի մոռանա, որ երբ ինքը լսում է «սեղան» ձայնը, իր ուղեղի կեղևում «գրգռվում կամ արթնանում է» ատոմների մի հատուկ դասավորություն, ինչը ստիպում է, որ ընթերցողի ուղեղի կեղևն զգայի կամ պատկերացնի մի ինչ-որ սեղան:

Կամ, երբ մարդը մի սեղան է տեսնում, տեսնում է այն պատճառով, որ այդ սեղանի արձակած լույսն ընկնում է այս մարդու աչքերին, գրգռում է սրա աչքի ներվային մի թելը կամ թելերի մի փունջը, այս գրգիռը դառնում է էլեկտրական հոսանք ու հասնում է այս մարդու ուղեղում գրանցված սեղանի ֆիզիկական մտապատկերին, ինչը նորից ատոմների մի հատուկ դասավորություն է:

Ատոմների այս հատուկ դասավորությունը «գրգռվում կամ արթնանում է», ու այդ մարդն իր մտքում ունենում է «սեղան» առարկայի մտապատկերի ըմբռնումը, ինչն էլ այդ մարդու մտքում գրգռում է իրեն կցված «սեղան» բառի «ձայն-մտապատկերը», ինչն ատոմների մի ուրիշ դասավորություն է, ու մարդն իր մտքում զգայում է «սեղան» առարկան ու բառը: Մենք հենց սրա պես բաներին է, որ ասում ենք՝ «մտքում տեսավ կամ խոսեց»:

Եթե «սեղան»-ի այս առարկա-մտապատկերի ու ձայն մտապատկերի կցորդությունը (զուգորդությունը, միացմունքը) չլիներ, «սեղան» ձայնը, ինքնին, կլիներ անբովանդակ, ինչպես որ իմ բազմիցս գործածած «ջոնգոլ» ձայնն է անբովանդակ (տես 7.4 պարագրաֆը), ու այս «սեղան» ձայնի ու «սեղան» առարկայի պայմանադիր կապը չէր լինի (տես 6-րդ ու 7-րդ գլուխները):

Այդժամ «սեղան» բառ-ձայնը կլիներ Սոսյուրի ասած լոկ մի վերացական signified-ձայն-նշան, ինչը ոչ մի բանով կապված չէր լինի signifier-սեղան-առարկային:

Դրույթ 1. Երեխան իր մայրենի բարբառի բոլոր բառ-ձայների ընկալմունքը (ըմբռնելը, հասկանալը) սովորում է՝ նախ իր լսած բառ-ձայների մտապատկերները զուգորդելով (կցորդելով, այսինքն, միացնելով) սրանց համապատասխան առարկաների մտապատկերներին, ու սա այնքան է կրկնում, որ այս բառ-ձայները պայմանադիր բովանդակություն են ունենում:

Դրույթ 2. Երեխան իր մայրենի բարբառի բոլոր բառ-ձայների արտասանությունը, այսինքն, խոսելը, սովորում է նախ իր իմացած բառ-ձայների մտապատկերները կցորդելով իր ձայնային գործարանների (ձայնալարերի, ըմպանի, բերանի խոռոչի, լեզվի ու քիմքի) համապատասխան շարժումների մտապատկերներին:

Հետո երեխան սովորում է (նորից կցորդային ու նմանակցային զուգորդություններով), մեծ մասամբ արդեն ձևական ու շարահյուսական կաղապարները, օրինակ, հոլովաձևային ու այլ հոդային ու ածանցական ձևերը: Ընդ որում.

Դրույթ 2. Երեխան բառերը սովորում է բառ առ բառ (կամ գուցե կապակցություն առ կապակցություն) ու ոչ թե հնչյուն առ հնչյուն:

Դրույթ 3. Ամուր սովորած բոլոր բառերի մտապատկերները, հատիկ-հատիկ ու ամբողջական, ու ոչ թե հնչյուն առ հնչյուն, կան տվյալ բարբառը կրողի ուղեղի կեղևում, թարմ ու արտաբերվելու պատրաստ, քանի դեռ այս կրողը իր մայրենի լեզվի հանրության մեջ է: (Տես նաև հաջորդ պարագրաֆը):

Այսինքն, երեխան սովորում է օրինակ, «սեղան» բառը որպես մի հատիկ ձայն, չզգալով ու չգիտակցելով, որ այս «սեղան» բարդ ձայնը կազմված է «ս; է; ղ; ա; ն» տառերով նշանակվող պարզ ձայներից: Ուրեմն, երեխայի ուղեղի կեղևը գրանցում է «սեղան» բարդ ձայնը, ու ոչ թե «ս; է; ղ; ա; ն» պարզ ձայները:

Երբ լեզվական տվյալ հանրության մեջ մի օտար խոսող է հայտնվում, հանրության անդամներն իսկույն են զգում, որ սա օտար է, զգում են նույնիսկ մեկ բառ-ձայնի մեկ հնչյունի սխալ արտասանությունից:

Սրա մի օրինակը կար իմ մանկության օրերին (ես Մալիշկեցի եմ, իսկ մեր բարբառը նախկին Սալմաստի գավառի նախկին Փայաջուկ գյուղի խոսվածքն է):

Մեր գյուղում մի օտար բարբառ կրող այրի կին կար, Զmնգո անունով, ու մի անգամ, երբ գյուղի ակումբում կինոն սկսվեց, ու կինոմեխանիկն էլ մոռացավ լույսը հանգցնի, այս Զանգոն, ով ակումբավարն էր, գոռաց. «Լօսը խանգո´ւ», փոխանակ մեր մայրենի ձևով գոռար. «Լոսը խmնգյո´ւ»:

Զանգոն այս երկու բառանոց խոսքի մեջ երեք սխալ արեց, երկուսը՝ ձայնավորի, մեկը բաղաձայնի: Առաջինը, Զանգոն Մալիշկայի խոսվածքի «ո» երկբարբառի փոխարեն ասեց «օ» պարզ ձայնավորը, հետո, մեր բաց «m(=ա)»-ի տեղն ասաց Արարատյան բարբառի պարզ «ա»-ն, իսկ մեր «գյ» «քմային երկբաղաձայնի» տեղն էլ ասաց պարզ «գ»-ն:

Սրա համար էլ գյուղացիների համար Զանգոյի այս ուղղակի արտառոց սխալ արտասանությունը գյուղում տասնամյակներով հիշվում էր որպես խիստ արտառոց ու զվարճալի դեպք:

Այս օրինակն ուսանելի է ա´յն առումով, որ լեզվաբաններին հաճախ թվում է, թե մեր ուղեղի կեղևում գրանցված են առանձին հնչյունների մտապատկեր-մատրիցները, որոնց ասում են «ֆոնեմ» («հնչույթ»): Իրականում, ինչպես վերը ասվեց, կեղեվում գրանցված են ամբողջական բառերի (գուցե նաև լեզվական ավելի խոշոր միավորների) մտապատկերֆոնեմները», ու ուղեղի կեղևն իր լսած խոսքն իր ա´յս «ֆոնեմների» հետ է համեմատում ու սրանցո´վ է ճանաչում իր լսածը:

Զարմանալի ու հրաշալի է մի ուրիշ հանգամանք: Մեր ուղեղի լսողական ապարատն այնքան նուրբ է ու զգայուն, որ մենք մարդուն ճանաչում ենք հենց իր ձայնից (նույնիսկ հազից կամ ոտնաձայնից): Այստեղից հետևում է, որ.

Դրույթ 4. Չնայած մեր ուղեղում գրանցված բառ-ձայների մտապատկերները թերևս միմիայն «միջինացրած» մտապատկերներ են, «բառ-ֆոնեմ» են, այնուամենայնիվ, սրանք լրի´վ են բավարար, որ ուղեղն իսկույն ճանաչի կամ տարբերի իր մայրենի բարբառի երբեմն մի քանի միլիոն անհատական (իրարից տարբեր) արտասանությունը (սրա համար եմ այս բառ-ձայներին ասում «բառ-ֆոնեմ»):

(Մենք միայն ա´յն ժամանակ ենք զգում, որ մարդկանց արտասանություններն իրարից հստա´կ են տարբեր ու լրի´վ են անհատական, երբ մի շնորհալի դերասան կապկում է մեկնումեկի խոսքը): Հետո, Զանգոյի օրինակը ցույց է տալիս, որ.

Դրույթ 5. Երեխան, կցական ու այլ զուգորդություններով բառ-ձայներն ու սըրանց պայմանադիր բովանդակությունները սովորելուց հետո կամ սրան զուգընթաց, սովորում է (իհարկե, չգիտակցելով, որ սովորում է), թե իր ձայնային գործարանի շարժումներն ինչպե´ս գործածի ու դարձնի ռեֆլեքսային, որ իր մայրենի բարբառի բոլոր բառերը ճիշտ արտաբերի, որ (երբ արդեն ընկերներ ունի), իր շրջապատի ծիծաղի առարկան չդառնա:

Դրույթ 6. Մենք խոսում ու իրար հասկանում ենք, որովհետև մեր ու ուրիշների ուղեղների արարմունքները (գործունեությունները) նման են իրար, ու որովհետև անհատական խոսքերի տարբերությունները (մեր ուղեղներում գրանցված «ֆոնեմային» միջիններից) մեր բոլորի համար այնքա´ն են անզգալի, որ մեզ չեն խանգարում, որ իրար հասկանանք:

Այսինքն անհատական խոսքի այս «սխալները» (շեղմունքները կամ ֆլուկտուացիաները, տես 7.11-ը) մեր համար աննկատելի են, ուրեմն, բոլորովին էական չեն:

Չափազանց կարևոր է Աբեղյանի հետևյալ փոքր-ինչ կտրուկ դիտողությունը ([3], ՀԼՏ, 20), ինչը մեր այս շարադրանքով էլ է հաստատվում.

Դրույթ 7. «Լեզվի այս հիմնական կցորդական զուգորդությունները, որոնցով սովորում ենք հասկանալ ուրիշներին և խոսել, լինում են միայն կցորդությամբ, թե չէ՝ ոչ մի նմանություն չկա արտասանած հնչյունների ու արտասանության համար հարկավոր շարժումների մեջ, ոչ էլ առարկայի պատկերացման {մտապատկերի} և նրա անվան, այսինքն, այն հնչյունների մեջ, որոնք միանում (զուգորդվում) են առարկայի պատկերացման հետ»: (Տես նաև 7.3-ը):

9.5 Կենդանու զուգորդական մտածողությունը

Աբեղյանն ասում է ([3], ՀԼՏ, էջ 21-22).

«Առարկայի ընդհանուր պատկերացումն ունենում ենք այն ժամանակ, երբ բազմաթիվ միատեսակ ըմբռնումները նույնացնում ենք միմյանց հետ՝ նրանց աննման {ոչ նման} մասերը դուրս ձգելով, իսկ նմաններն ընդհանրացնելով, կամ մեր ուշադրությունը կենտրոնացնելով բազմաթիվ առարկաների այն հատկանիշների վրա, որոնք անհատական չեն, այլ ընդհանուր են:

«Հասկանալի է, որ ընդհանուր պատկերացումը {մտապատկերը, ատոմամոլեկուլային դասավորությունը} հետևանք է {ուղեղի կեղևի} հոգեկան բարդ գործունեության. Մենք պետք է առաջուց մի շարք միանման ըմբռնումներ ունենանք, մինչև որ կարողանանք վարժվել ամեն մի ըմբռնումի մեջ գտնել{ուն} այն, ինչ որ ընդհանուր է առաջվա նույնանման բոլոր ըմբռնումներին, օրինակ՝ այսինչ անհատ ծառի մեջ տեսնել{ուն ա´յն բանը}, ինչ որ ընդհանուր է մեր առաջուց տեսած բոլոր ծառերի մեջ»:

Ի՞նչ է լինում, օրինակ, մկան ուղեղում, երբ սա մտածում է: Ասենք, մուկը աղմուկ է լսում ու, մտածելով, որ կատո´ւն է աղմուկի աղբյուրը, փախնում է իր բույնը:

1. Մուկը ոտնաձայն է լսում (այս «լսելը», ինքնին, մի քանի պրոցեսի արդյունք է) ու մկան ուղեղում արդեն առկա ոտնաձայնի ատոմամոլեկուլային մտապատկերն իսկույն «արթնանում-թարմանում է»:

2. Մկան ուղեղում արդեն առկա կատվի ոտնաձայն-մտապատկերը կցված է մըկան ուղեղի մեջ արդեն գրանցված կատվի ատոմամոլեկուլային տեսք-մտապատկերին կամ հոտ-մտապատկերին կամ էլ այս երկուսին միասին:

3. Կատվի ոտնաձայնի (ևն) ատոմամոլեկուլային մտապատկերը մի էլեկտրական (կամ քիմիական ազդակով, ինչը, ի վերջո, նորից էլեկտրական է) հարուցում է իրեն կցված կատվի ատոմամոլեկուլային տեսք-մտապատկերը:

4. Եթե մուկը կատվի ոտնաձայնը լսելուց հետո փախնում է, ուրեմն, մուկը իր ուղեղի այս ատոմամոլեկուլային իրար կցված ու միասին ընկալվող զուտ մտապատկերային (այսինքն, ատոմամոլեկուլային-կառուցվածքային) «կատու-մտապատկեր+ ոտնաձայն-մտապատկեր» բարդ կամ իրար կցված բաղադրյալ մտապատկերը ըմբռնում է որպես «կատուն+էկավ+մահացու+վտանգ+կա», ու մուկը փախնում է:

Այսինքն, այս մուկը մտածում է ու, այսպես մտածելով ու պատճառ-հետևանքային վերլուծություն անելով, եզրակացնում է ու այս եզրակացությունով որոշում է, որ հարատևելու համար պիտի փախնի:

Մուկը այս ամենն անում է, այսինքն, մտածում է, առանց որևէ բառ-մտապատկերի, իհարկե, իր ուղեղի կեղևի ատոմամոլեկուլային դասավորությունների հարաբերություններով:

Հյումը հենց ա´յս իմաստով է ասում, թե «բնության երևույթները ոչ պատճառական են, ոչ էլ պատահական, ու պատճառականությունը միայն մեր ուղեղո´ւմ կա»:

Այսինքն, թերևս կենդանու ուղեղի կեղևում գրանցված (ֆունդամենտալ կամ ֆոնեմային) մտապատկերների ամբողջությունը հնար է տալիս, որ կենդանին անծանոթ իրավիճակներում այս մտապատկերների մի մասը համեմատի տվյալ իրավիճակի հարուցած մտապատկերների հետ ու ընտրի, թե ինչ վարքով արձագանքի տըվյալ իրավիճակին:

Այս ամենը հնար է տալիս, որ կենդանին մտածի՝ ի նպաստ սեփական հարատեվության:

Իհարկե, իմ այս նկարագրությունը չափազանց է պարզունակ, ու «իրականությունը», այսինքն, կատվի ուղեղի «իրական» պրոցեսների բարդությունը, ուղղակի անսահման է, բայց այսքանի իմացությունն օգնում է բարդնությունը մի թեթև զգալուն:

Դրույթ-Հիպոթեզ 1. Բավական է, որ կենդանու ուղեղում լինի արտաքին աշխարհի ազդակներով գրանցված վիթխարի թվով մտապատկերի իրար հետ փոխազդող ողջ հանրությունը, որ սրանց ցանկացած զուգորդությունը կամ հարաբերությունն արտահայտվի այն բանով, ինչը կոչում ենք մտածողություն կամ միտք:

Այս եզրակացությունն ուղղակի ֆանտաստիկ է իր արտառոցությամբ:

Դրույթ 2. Ըստ էության, մեր ուղեղը մի պահեստ է, մեջը մի 100 միլիարդ նեյրոն ու մի այդքան էլ գլիալային նեյրոն, ու սրանց մեջ կա արտաքին ու ներքին պատահարների մտապատկերները գրանցելու ու այս մտապատկերներին իրար կապվելու մի գերբարդ մեխանիզմ ու սա արդեն երևի բավարար է, որ մտապատկերների այս վիթխարի խառնամբոխն ինքնիրեն կարգավորվի ու դառնա ցրիվ կարգ (ինչն առանձին ցրիվ ենթակարգերի մի վիթխարի բազմություն է), ու այս կարգը մտածի, երբ որ ուզենա:

Դրույթ 3. Մեր Մոլորակի կենդանական աշխարհի էվոլյուցիան (շատ ու շատ կոպիտ ասած, իհարկե) հենց այսպիսի´ մի բան է արել, ստեղծելով ուղեղի կեղևն ու, առհասարակ, նյարդային կենտրոնական համակարգ կոչվածը, ինչն այս Տիեզերքի ամենաֆանտաստիկ, ամենազարմանահրաշ ու ամենաբարդ կառույցն է:

Դրույթ 4. Կենդանու ուղեղում գրանցված մտապատկերային բազմությունների ու ենթաբազմությունների հարաբերությունների ողջ հանրությունը, ուրեմն, մի սպոնտան ծագած կարգ է, ինչն էլ հենց կենդանու «պատկերային», անհնչյուն կամ անբարբառ մտածողությունն է:

Դրույթ 5. Այս դրույթներից բխում է, որ մտածողությունը, ավել կամ պակաս չափով, թերևս հատուկ է կենտրոնական ներվային համակարգ ունեցող ցանկացած անբարբառ կենդանուն, անկախ այն հանգամանքից, թե սրա վարքի ո´ր մասն է ժառանգովի ու բնազդային:

Դրույթ 6. Այսինքն, ուղեղ ունեցող կենդանիները, ըստ էության, ա´նպայման են մտածում, եթե մտածողություն ասելով հասկանանք կենդանու այն վարքը, ինչը այդ կենդանու (հարատևելուն ուղղված) ապագայի պատճառ-հետևանքային այնպիսի գուշակությունն է, որը հիմնված է անցյալում գրանցված պատճառ-հետևանքային կապերի վերլուծության վրա:

Դրույթ 7. Այսպիսի կենդանիներն ա´նպայման են պատճառ-հետևանքային (ոչ բնազդական) վերլուծություն անում, հենց միայն այն պատճառով, որ սրանց ուղեղում առկա է մտապատկերների այս սպոնտան ու անպայման բարդագույն կարգը:

Դրույթ 8. Կենդանիների այս մտածողությունը, որ առաջանում է կենդանու անհատական կենսափորձի արդյունքում ու նպաստում կամ ապահովում է կենդանիների հարատևմունքը, ա´նպայման է առաջացել այդ կենդանու տվյալ տեսակի գոյության պայքարի բնական ընտրությամբ:

Ուրիշ հարց է, թե տվյալ տեսակ կենդանու այս մտածողությունը ինչքան է պարզունակ ևն:

9.6 Ընդհանուրից մասնավորին

Մարդկային մտածողությունը, անկասկած, առաջացել է մարդու կենդանական նախնիների հենց նոր նկարագրած «պատկերային», կենդանիների անբարբառ կամ անհնչյուն մտածողությունից, այս պատկերային մտածողությանը զուգորդելով շըղթայելով ձայն-մտապատկերները:

Մեր այս շարադրանքի համար ձայնային կցորդություններից (զուգորդություններից) կարևոր են բառային ու բառամասնիկային ու թերևս նաև խոսքային ձայն-մտապատկերների զուգորդությունները:

Ասվել է, որ երբ նորածինն արդեն ընկալում է, օրինակ, «ջուր» առարկան, սա նշանակում է, որ իրեն արդեն այնքա´ն են ասել այս «ջուր» ձայնը, ու ասելու հետ էլ «ջուր» առարկան կա´մ ցույց են տվել, կա´մ տվել են, որ խմի, կա´մ ջրով լվացել կա´մ լողացրել են իրեն ևն, որ երեխայի ուղեղի կեղևում այս երկու զգայությունների մտապատկերները, այս «ջուր» առարկայի´ ու այս «ջուր» ձայնի´ բավական բարդ ու խըրթին մտապատկերներն արդեն միացել (զուգորդվել շղթայվել կամ կցվել են) են իրար:

Ու սրանից հետո այդ երեխան երբ էլ որ ջուր տեսնի, իր մտքում թերևս հարուցվելու է «ջուր» ձայնը ու հակառակը, երբ էլ որ այս երեխան լսի ու ընկալի «ջուր» ձայնի մտապատկերը, իր ուղեղում անպայման առաջանալու է «ջուր» առարկայի (կամ սըրանից անբաժան մի բանի, օրինակ, կաթկթող ծորակի կամ մի առվի, գետի կամ ծովի) մի ինչ-որ մտապատկերը:

Դրույթ 1. Բառը անուն-նկարագրություն է: Բնության մեջ կա բազում առարկա ու երևույթ, բազում պրոցես ու վիճակ, ու սրանցից ամեն մեկին անուն տալու կարիքը կա: Ուրեմն խոսվածքին, լեզվական պրոցեսին (այսինքն, լեզվին) պետք է բազում-բազում անուն, ըստ էության, նույնքան անուն, ինչքան որ առարկա կա բնության մեջ:

Օրինակ, սկզբունքով՝ այս տիեզերքի բոլոր քարերից ամմե´ն մեկի համար մի առանձին անուն էր պետք: Բայց.

Դրույթ 2. Բնության այս առանձին քարերի ու մնացած առարկաների, պրոցեսների ու վիճակների թիվն անհուն է, ու հնարավոր չի, որ, օրինակ, ամեն մի հատիկ ծառը, կամ այս տիեզերքի ամեն մի քարակտորը, առարկաների ամեն մի վիճակը կամ դրությունը, ամեն մի հատիկ պրոցեսը կամ գործողությունը, ամեն մի հատիկ վերացական գաղափարը, ունենա իր առանձին անունը:

Դրույթ 3. Սրա համար էլ մարդու ուղեղի կեղևը, բնության ամենայն մի բանին առանձին անուն տալու փոխարեն, ընտրում է ինչքան հնարավոր է քիչ թվով հիմնական բառ-մտապատկեր, որոնք, ըստ էության, տվյալ տեսակի ընդհանուր անունն են (օրինակ, «քար» տեսակինը), իսկ տեսակի մեկ առանձնյակի համար (մի առանձին քարի համար) կեղևն ստեղծում է մի անուն, ինչը կազմում է այս հիմնական բառ-մտապատկերների ու ԱՅԼ ԲԱՌԵՐԻ ՄՏԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ զուգորդություններով:

Օրինակ, երբ մեկն ասում է «քար», սա չափազանց է ընդհանուր ու, խիստ ասած, ասողը մի վերացակա´ն կամ «կոլեկտիվ» կամ հավաքական բան է ասում, որովհետև այս «քար»-ը գուցե նկատի ունենա, մեր այս Տիեզերքի բոլո´ր-բոլո´ր քարերը:

Բայց երբ այս մարդն այս «քար»-ը զուգորդում է «սև» ձայնին ու ասում է, «սև քար», այդժամ այդ մարդը Տիեզերքի քարերի անհուն բազմությունը մասնավորում նեղացնում կրճատում հասցնում է միմիայն «սև քարերի» բազմությանը:

Մարդը բառերի այս վերացական գաղափարների մասնավորել-նեղացնելը կարող է նորից ու նորից անի, այսինքն, այս մասնավորելը շարունակի բազում ձևով ու, օրինակ, ասի. «խոշոր/կլոր/ երկարուկ սև քար» ևն:

Բայց լեզվական այսօրինակ նեղացմունքի զորությունն ուղղակի հրաշալի է, որովհետև լեզուն ստեղծել է այս անսահման լայն բազմությունները լրիվ կրճատելու ու երբեմն նաև բացարձակ միարժեք դարձնելու զուգորդություններ ևս:

Օրինակ, եթե «քար» առարկայի բացարձակ ընդհանուր մտապատկերը զուգորդվի շղթայվի ընդամենը «ը» հոդի մտապատկերին (այսինքն, «ը» նմանակցային ձայնի մտապատկերին) ու ասվի. «քար+ը», ինչը նշանակում է ոչ թե Տիեզերքի բոլո´ր-բոլո´ր քարերը, այլ միայն «էս/էտ/էն քարը» (այսինքն, էս/էտ/էն որոշակի քարը), ու վերը ասված քարերի անսահման լայն բազմությունը խիստ կկրճատվի:

Բայց եթե կազմվի հետևյալ զուգորդությունը. «Քարը պետքական բան ա», նորից այս «քարը» բառի նշած բազմությունը կլայնանա ու կդառնա անսահման, որովհետև այս «պետքական քարերի» բազմության լայնությունը նորից է անսահման (իհարկե, լեզուն այս լայնանալու կարիքն է´լ ունի):

Սրա համար էլ լեզուն (այսինքն, ուղեղի կեղևի էվոլյուցիան) ստեղծել է արդեն լրիվ միարժեք զուգորդություններ, օրինակ, հետևյալ վերացական «էս, էտ, էն» կամ «իմ, քու, իրա» ձայների մտապատկերներով, որ ասվի. «էս/էտ/էն քարը; իմ/ քու/իրա քարը»: Սրանք արդեն «բացարձակ միարժեք են»:

Սա համարյա նույնն է, ինչպես որ այս մոլորակի ամեն մի առանձին մարդուն են կոչում իր՝ անուն, հայրանուն, ազգանունով, երկրի անունով ու անձնագրի համարով, բայց մի տարբերությամբ: Այս «էս/էտ/էն քարը; իմ/քու/իրա քարը» զուգորդությունները կարող է գործածի ամե´ն մի հատիկ մարդը, երբ ուզում է միարժեք ինֆորմացիա հաղորդի խոսակցին կամ ուրիշներին:

Դրույթ 4. Լեզվի կրողն անհատն է:

Վերի Դրույթ 3.-ն ու սրա հետևանքները հասկանալու համար պիտի միշտ հաշվի առնվեն հետևյալ աքսիոմները:

Աքսիոմ 1. Ուղեղի կեղևը որևէ մի բառի (կամ բառերի կապակցության) մտապատկերը գրանցում է այս բառ-ձայնի մտապատկերը կցելով կա´մ արտաքին աշխարհի առարկաների, վիճակների ու պրոցեսների – ուղեղի կեղևում արդեն առկա ՖԻԶԻԿԱԿԱՆ ԻՐԵՐԻ ՈՒ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ մտապատկերներին, կա´մ այս բառի մտապատկերը կցում է ուղեղի կեղևում արդեն առկա ԲԱՌԱՅԻՆ ՈՒ ԲԱՌԱՅԻՆ-ՁԵՒԱԿԱՆ (մորֆոլոգիական) մտապատկերներին (այսինքն, բառ-պատկե´րը կըցելով բառ կամ բառամասնիկ ձևական պատկերին):

Աքսիոմ 2. Այսինքն, մարդու ուղեղի կեղևը, իր մեջ բառ գրանցելիս, բացարձակ չի ելնում բառի իմաստից, օրինակ, այն հանգամանքից, թե արդյոք տվյալ բառը հատկանի՞շ է ցույց տալիս, թե՞ «առարկա» (նաև «մտածված առարկա»), թե՞ գործողություն:

Օրինակ, երբ ասում ենք. «Ժողովուրդը խոսում է անգլերեն», տրամաբանության տեսանկյունից սխալ կամ անիրական բան ենք ասում, որովհետև «խոսում է» գաղափարը հատուկ է միմիայն անհատին ու ոչ թե «ժողովուրդ» կոլեկտիվ գաղափարին: Սա նույնն է, ինչ որ եթե ասենք. «Նախիրը բառաչեց/պոչը թափ տվեց» կամ «ժողովուրդը փռշտաց»:

Բայց ուղեղի կեղևը «ժողովուրդ» բառի անիրականությունը կամ իմաստային հոգնակիությունը բացարձակ չի զգում, որովհետև.

Աքսիոմ 3. Ուղեղի կեղևի համար կարևոր է միմիայն բառի ձևը, ավելի ճիշտ, միմիայն բառի մտապատկերը, ինչն ընդամենը ատոմների դասավորություն է: Այս մտապատկեր-«ատոմադասավորությունը», ինքնին, կոնկրետ իմաստից կամ (օրինակ, ածականական կամ գոյական) հատկանիշից զուրկ է ու սա կոնկրետ իմաստ կամ կոնկրետ հատկանիշ է ձևավորում միմիայն այլ մտապատկերների հետ հարաբերվելիս:

Աքսիոմ 4. Ուղեղի կեղևը չի ստիպում իրեն ենթակա ձայնալարերին, որ սրանք «հաշվի առնեն» վերի օրինակի «նախիր» բառի իմաստային հոգնակիությունն ու ասեն. «Նախիրը գնացին», չնայած մեր հայ «ուսյալներից» ոմանք, օտար լեզուների ազդեցությամբ, այսպես գրո´ւմ են:

(Այսպես են վարվում մանավանդ բնիկ անգլալեզու ուսյալները անգլերենով գրելիս ու խոսելիս, ինչը, համոզված եմ, մեծ մասամբ, սխալ է):

Աքսիոմ 5. Անհատ մարդու ուղեղի կեղևում գրանցված բազմահազար բառի մըտապատկերի ու սրանց բյուր-բյուր կցորդական շարանի զուգորդական փոխազդեցությունները կամ հարաբերությունները (ինչին հաճախ ասում են՝ «հոգեբանական դատողություններ»), կազմում են բառերի զուտ վերացական մտապատկերների (ատոմամոլեկուլային շարանների) մի գերվիթխարի թվով զուգորդությունների մի գերվիթխարի բազմություն, իր բազում-բազում ենթաբազմությամբ (ու նաև բազում ենթաենթաբազմությամբ) հանդերձ, ինչը հենց ա´յն պրոցեսային սպոնտան ծագող կարգն է, ինչին ասում ենք մարդկային մտածողություն կամ մարդկային միտք:

Աքսիոմ 4ա. Կամ կարճ, ուղեղի կեղևի ֆիզիկական առարկաների մտապատկերներին կցված անունների´ ու բայերի մտապատկերների զուգորդական բազում-բազում հարաբերությա´նն ենք ասում մարդկային մտածողություն կամ միտք:

(Հիշեք վերի պահեստի օրինակը: Տես նաև Հայեկի համարյա նույն եզրակացությունը, [48], էջ 16, 1.49.):

Աքսիոմ 6. Առանձին անհատների մտածողության այս անհատական սպոնտան պրոցեսների խոսքային հարաբերությունների ամբողջությունը կազմում են լեզվական հանրության լեզու կոչվածը կամ լեզվական սպոնտան պրոցեսը:

Այս աքսիոմները (նաև մնացածները) ոչ միայն չեն հակասում 6-րդ ու 7-րդ գլուխների շարադրանքներին, այլև լրացնում ու հիմնավորում են դրանք:

Այժմ տեսնենք (իհարկե, ոչ լրիվ կամ ոչ սպառիչ ձևով), թե մարդու ուղեղի կեղևի բառ-մտապատկերների զուգորդությունների ամբողջության մեջ ի´նչ առանձին խըմբեր կամ դասեր (կամ կարգերի ենթաբազմություններ) կան:

9.7 Մարդո´ւ զուգորդական մտածողությունը

Դրույթ 1. Անհատի մտածողության (ուղեղի կեղևի միջի) այս սպոնտան պրոցեսային կարգը, բնական է, գիտակցում է ինքն իրեն ու, խոսելիս, իրեն համարում է աշխարհի հիմնական օբյեկտը, ու «իրեն» կոչում է՝ «ես/մենք»:

Ուղեղի կեղևը մնացած օբյեկտները բաժանում է երկու դասի: Երկրորդ դասի օբյեկտներն ա´յն օբյեկտներն են, ում հետ ի´նքն է խոսում, այսինքն, «դու/դուք»-ն են, իսկ երրորդ դասի օբյեկտները այս ողջ աշխարհի մնացած բաներն են, այսինքն, «ինքը/իրենք»-ներն են:

Այս ձևով են առաջանում այն գաղափարները, ինչերին քերականները ասում են՝ «առաջին, երկրորդ» ու «երրորդ» դեմք, իսկ դեմքի այս կրող (ոչ բայ) «փոփոխական իմաստով» բառերին ու սրանց հոլովաձևերին էլ ասում են՝ անձնական դերանուններ:

Դրույթ 2. Մեր մտածողությունը, ինքնին լինելով պրոցես, ընկալում է նաև դեպքերի հերթականությունը, ինչին մենք ասում են ժամանակ:

Ու անհատն իր մտածած բոլոր դեպքերը վերագրում է ժամանակի երեք «կետի»:

Դրույթ 3. Հայերեն խոսքը (բայը) ժամանակի երե´ք կետ է ցույց տալիս. խոսելու պահը, ներկան; խոսելու պահից առաջվա պահերը, որոնց ասում են անցյալ; ու խոսելու պահին հաջորդող պահերը, որոնց ասում են ապառնի:

Դրույթ 4. Հայերենի մտածողությունը ունի նաև անցյալի անցյալ, անցյալի ներկա ու անցյալի ապառնի, ինչպես նաև՝ ապառնու ներկա, ապառնու անցյալ ու ապառնու ապառնի, բայց չունի, օրինակ, անցյալի անցյալի անցյալ ևն:

Այսպիսի բարդ ժամանակները մեր մտածողությունն արդեն ուրիշ միջոցներով է արտահայտում (տես նաև 13.4-ը): Ասվել է, որ բնության մեջ կա բազում առարկա, ուրեմն, խոսվածքին պետք է բազում անուն:

Բայց, ինչպես ասվել է, առարկաների թիվը անհուն է, ու հնարավոր չի, որ, օրինակ, ամեն մի հատիկ ծառն ունենա իր առանձին անունը: Սրա համար էլ.

Դրույթ 5. Լեզուն, ամեն մի առանձին «քար»-ի համար նոր անուն հորինելու փոխարեն, իր արդեն առկա բառ-մտապատկերներից կամ բառային մասնիկ-մտապատկերներից որևէ մեկը կցում է այս «քար» բառին, որ սրա համար մի նոր (առանձին կամ մասնավոր) անուն սարքի:

Օրինակ, հայերեն լեզուն «սև» ու «քար» բառերի կցանքով կազմում է մի նոր «սև քար» միացմունքը (զուգորդությունը), ինչը, ըստ էության, մի նոր անուն, մի նոր բառ է, ու ինչն աշխարհի բոլոր քարերից առանձնացնում մասնավորեցնում է միայն սև քարերը: Չպիտի մոռանանք, որ.

Աքսիոմ 1. Ուղեղի կեղևը, բառ-ձայն գրանցելիս, ոչ միայն հաշվի չի առնում այս գրանցվող բառ-ձայնի իմաստը, իրական կամ անիրական լինելը, հատկանիշ լինելը կամ չլինելը, այլև հաշվի չի առնում այս գրանցվող բառ-ձայնի պարզ կամ բաղադրյալ բառ լինելը, բայց զուգորդության ընդհանուր իմաստը նեղացնող մասնավորող բաղադրիչին (այս «սև»-ին) դարձնում է երկրորդի հատկանիշը, այս երկրորդին «վարակելով իրենով»:

Օրինակ, «սև քար» զուգորդության նեղացնող բաղադրիչն է «սև» բառը, ինչը «քար» բառին վարակում է իր «սևությամբ», իսկ «քար լռություն» զուգորդության նեղացնող բաղադրիչն է «քար» բառը, ինչը «լռություն» բառին է վարակում իր «քարությամբ»:

Սև քար»-ը հնարավոր անհուն տեսակ քարերի մի ենթադասն է, ինչպես որ «քար լռություն»-ը հնարավոր անհուն տեսակ լռությունների մի ենթադասն է):

Այս «նեղացնում է» խոսքը թերևս պիտի ընկալվի թե´ դրական, թե´ բացասական իմաստով: Այսինքն, երբ խոսքը ձևաբանական մասնիկների մասին է, այս «վարակը» պիտի լինի նաև իմաստի «լայնանալու» դեպքում: Այսինքն, օրինակ, «եր/ներ» հոգնակիակերտ մասնիկն էլ «իր հոգնակիությամբ է վարակում» իրեն զուգորդվող բառին:

Սև քարերն էլ են շատ-շատ ընդհանուր (աշխարհում լիքը սև քար կա), ու հնարավոր է, որ լեզուն սրանցից էլ առանձնացնի առանձին ենթադասեր, հետո ենթա-ենթադասեր, ու այսպես շարունակ:

Աքսիոմ 2. Լեզուն, բառերն իրար կցելով, այսինքն, բառերն իրար շղթայելով կամ զուգորդելով, բառի ընդհանուր նշանակությունը կրճատում նեղացնում կամ մասնավորեցնում է ու այս ձևով ազատվում է Տիեզերքի ամեն առանձին «քար»-ի համար մի առանձին անուն հորինելու անլուծելի խնդրից:

Աքսիոմ 3. Հայերեն բառերի անվանական (այսինքն, անուններից սարքած) նըմանակցային զուգորդությունները (հարաբերությունները) հիմնականում հերթային են, ընդ որում, այսպիսի բառազույգի (կամ բառախմբի) առաջին բաղադրիչի ձևը, մեծ մասամբ, մնում է անփոփոխ, ու փոփոխվում է միայն մյուս բաղադրիչը:

Օրինակները ներկայացնեմ աղյուսակով:

Աղյուսակ 1.

սև քար

քար տեսած

քար փնտրող

քար լռություն

քար սիրտ

սև քարի

քար տեսածի

քար փնտրողի

քար լռությունի

քար սրտի

սև քարից

քար տեսածից

քար փնտրողից

քար լռությունից

քար սրտից

սև քարով

քար տեսածով

քար փնտրողով

քար լռությունով

քար սրտով

Դրույթ 6. Նմանակցային զուգորդությունների անփոփոխ (չհոլովվող) ածական բաղադրիչը («սև քար»-ի «սև»-ը, «քար տեսած»-ի ու մնացածների «քար»-ը ևն), ըստ էության, ցույց է տալիս գլխավոր բաղադրիչի տարբերությունը մնացած բոլոր-բոլոր տեղակալելի մտապատկերների որակից (օրինակ, «կարմիր քար»-ի այս «կարմիր» որակից):

Դրույթ 7. Ըստ էության, Աղյուսակ 1-ի անունների ամեն մի զույգը մի «նեղ» անուն է: Իսկ ամեն զույգի առանձին անունը հնարավոր է, որ դառնա մի լայն անուն ու, զուգորդվելիս, դառնա կա´մ հատկանիշ ձևավորող (այսինքն, մասնավորող բառ), կա´մ ունենա հոլովաձև: Ընդունված է, որ անփոփոխ մնացողին (ինչն էլ հենց հատկանիշ ձևավորո´ղն է) ասեն անուն ածական, իսկ հոլովաձևովինասեն անուն-գոյական:

Դրույթ 8. Բայց եթե Աղյուսակ 1-ի բառազույգերից ամեն մեկը մի բաղադրյան անուն է, ուրեմն, անունների մասին արված բոլոր պնդումները սրանցից ամեն մեկի համար է´լ են ճիշտ:

Այսինքն, օրինակ, հնարավոր է, որ այս անուն-զույգերից ամեն մեկը, հենց ի´նքը, դառնա ածական: Իրոք էլ, ահա ասվածը հաստատող մի նոր փաստ.

Աղյուսակ 2.

սև քար տեսած/փնտրող

քար լռություն խախտող մարդ

սև քար տեսածի/փնտրողի

քար լռություն խախտող մարդու

սև քար տեսածից/փնտրողից

քար լռություն խախտող մարդուց

սև քար տեսածով/փնտրողով

քար լռություն խախտող մարդով

Ու այսպես շարունակ, բայց ոչ շատ երկար, քանզի լեզուն (ուղեղի կեղևը) լեզվական խճողմունքներ ոչ միայն «չի սիրում», այսինքն, համարյա չես լսի, որ, օրինակ, ուղեղի կեղևը հետևյալ բարդ զուգորդությունը գործածի որպես մի հատիկ հոլովաձևերով «բարդ» կամ «բաղադրյալ անուն». «քար լռություն խախտող լկտի, քաջակորով ու խստաբարո մարդ», սրա այս երկար «քար լռություն խախտող լկտի, բայց քաջակորով ու խստաբարո» ածականով հանդերձ:

Սրա փոխարեն լեզուն, մեծագույն մասամբ, մի շատ ավելի կարճ մականուն (ածական) է հորինում, իհարկե, նորից զուգորդությամբ:

Դրույթ 11. «քար սիրտ; քար փնտրող; քար տեսած» զույգերի (ու հենց նոր նկարագրված երկար շարանի) առաջին բաղադրիչը, «քար»-ը, այս զուգորդությունների մեջ ա´նպայման է ածական (ինչպես քար լռություն խախտող լկտի ու քաջակորով ու խստաբարո-ն): Ածական է միմիայն այն պատճառով, որ այսօրինակ զուգորդական գործածությունների ժամանակ ձևով անփոփոխ է: Իսկ «սև քար» զույգի նույն «քար» բառը հնարավոր է դառնա թե´ ածական, թե´ գոյական, նայած թե ո´նց կգործածվի:

Դրույթ 12. Վերի փակագծերի կապակցության, «քար լռություն խախտող լըկտի, բայց քաջակորով ու խստաբարո մարդ»-ի բոլոր բառերն էլ, բացի «մարդ» բառը (ու կապերը, որ խոսքի մաս չեն համարվում), ա´նպայման են ածական: Սրա «քար»-ը «լռություն»-ի ածականն է, «լռություն»-ն ու «քար լռություն»-ը «խախտող»-ի ածականն են ևն, ևն:

Այս նույն ձևով «քար լռություն խախտող»-ը «լկտի»-ի բաղադրյալ ածականն է, «քաջակորով»-ն ու «խստաբարո»-ն «մարդ»-ու ածականներն են, բայց նաև այս երկարաշունչ «քար լռություն խախտող լկտի, բայց քաջակորով ու խստաբարո´»-ն է «մարդ»-ու ածականը:

Եթե ասվի «քար լռությունԸ խախտող լկտի, բայց քաջակորով ու խստաբարո մարդ», «քար»-ը կլինի ածական, «քար լռությունԸ» կդառնա բաղադրյալ անուն: «քար լռությունԸ խախտող»-ը «լկտի»-ի բաղադրյալ ածականն է, քար լռությունԸ խախտող լկտի» կապակցության մեջ ևն:

Բայց եթե ասվի «քար լռությունԸ խախտող լկտի, բայց քաջակորով ու խստաբարո մարդ փնտրող», արդեն այս «մարդ»-ն էլ կդառնա ածական ու այս երկար բաղադրյալ ածականի՝ «քար լռությունԸ խախտող լկտի, բայց քաջակորով ու խստաբարո մարդ»-ի մի մասը:

Իսկ եթե ասվի «քար լռությունԸ խախտող լկտի, բայց քաջակորով ու խստաբարո մարդ փնտրողի հայրը», այս անգամ արդեն այս «փնտրողի»-ն էլ կդառնա ածական ու այս ավելի երկար բաղադրյալ ածականի մաս:

Իսկ եթե այս լեզվական հրեշը զուգորդվի մի բայի, օրինակ, «գնաց» բային, այս ողջ «հրե´շը» կդառնա ածական-ստորոգյալ ևն, ևն:

Աքսիոմ 4. Շարունակ զուգորդություն-շղթայմունք կամ՝ շարունակ ու շարունակ ու անընդհատ զուգորդություն-շղթայմունք, սա´ է մարդկային լեզվի սկըզբունքը ու գուցե նաև կենդանական ուղեղի ամենայն արարմունքի (նաև տրամաբանական դատողության) հիմնական ատոմամոլեկուլային սկզբունքը:

Սա թե´ «հանճարեղ է» իր պարզությամբ, թե´ գերբարդ է իր կիրառական վիթխարի բազմազանությամբ ու խճողվածության անասելի ու արտառոց հնարավորություններով:

Թվում է, թե կենդանի բնության էվոլյուցիայի մեխանիզմը հենց որ «հայտնագործել է» զուգորդելու այս հույժ պարզ մեխանիզմը, սրա բազմակի կամ շարունակ կըրկնությունը (իր հնարավոր բազում վարիացիաներով) դարձրել է իր արարմունքի հիմնական աքսիոմը: Գուցե գենոմների արարմունքի սկզբունքն է´լ է սա: Սա արդեն գենետիկների խնդիրն է:

Աքսիոմ 5. Հայերեն լեզվի մեջ չկա այնպիսի անուն (ոչ բայ), ինչը միշտ միայն ածական կամ միշտ միայն գոյական լինի:

Դրույթ 13. Հայերենի անվան գոյական կամ ածական լինելը կախված է այս անվան շարահյուսական դիրքից ու շարահյուսական ֆունկցիայից, այսինքն, կախված է այս անվան գործածության պահանջների´ց, կոնկրետ գործածությունի´ց:

Սահմանում 1. Եթե հայերենի որևէ անունը որևէ գործածության մեջ ունի հոլովաձևեր, ուրեմն, հենց միայն այս փաստն անհրաժեշտ է ու բավարար, որ այս բառը ԱՅԴ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ լինի կամ համարվի գոյական:

Սահմանում 2. Եթե հայերենի որևէ անունը որևէ գործածության մեջ դառնում է մեկ ուրիշ անվան կամ բայի անփոփոխ (թեկուզև անջատ գրվող մասը, լրացմունքը, որոշիչը), ուրեմն, հենց միայն այս փաստն անհրաժեշտ է ու բավարար, որ այս բառը ԱՅԴ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ լինի կամ համարվի ածական:

Դրույթ 14. Ուրեմն, այս «քար փնտրողը; քար փնտրողի; քար փնտրողից; քար փնտրողով» զույգերի «քար» բաղադրիչն Ա´ՅՍ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ածական է, իսկ «փնտրողը»՝ գոյական:

Այնինչ, «փնտրվող քար» զույգի «փնտրվո´ղ» բաղադրիչն է ածականը, իսկ սրա «քար» բաղադրիչը գոյական կդառնա Ա´ՅՆ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ, երբ այս վերջին «քար»-ը հոլովաձևեր ունենա:

Աքսիոմ 6. Հայերենի գոյական կոչված անունները (նաև բաղադրյալները), բոլորն էլ անխտիր, հնարավոր է որ կցվեն, օրինակ, այս «փնտրող» կամ «տեսած» դերբայ-անուններին ու դառնան ածական, այսինքն, այս զուգորդական (զուգային) շղթայմունքի ժամանակ մնան անփոփոխ:

Օրինակ, «մոծակ/ձի/ժայռ փնտրող» կամ «մոծակ/ձի/ժայռ տեսած»:

(Իհարկե, այսօրինակ ածական ձևավորող զուգորդությունները չեն բացառում, որ ուրիշ նմանակցային ածական ձևավորող զուգորդություններ էլ լինեն, օրինակ, «մոծակային, ձիական, ժայռային, անմոծակ, անձի, անժայռ» ևն, ևն):

Այս ամենից բխում է, որ.

Դիտողություն 1. Երևանի բարբառի ածական (ուրեմն, նաև թվական ու մակբայ ու դերանուն) կոչվող համարյա բոլոր բառերը կարող են դառնան գոյական:

Դիտողություն 2. Երևանի բարբառի այսօրվա ցուցական «էս; էտ; էն» ածականները հոլովաձև չունեն, ուրեմն, միմիայն ածական են: Երևանի բարբառի այսօրվա ցուցական «էս; էտ; էն» ածականների վարքն այսօր ավելի շատ նման է մասնիկային զուգորդության, ինչը, անկասկած, զարմանալի է:

Դիտողություն 3. Այս «էսի; էտի; էնի; սրանք; դրանք; իրանք» ցուցական դերանունների պակասող հոլովաձևերը Երևանի բարբառում լրանում են «սա; դա; ինքը; սրանք; դրանք; իրանք» ցուցականների հոլովաձևերով:

Իսկ այս ցուցական դերանունները երբեմն նաև ածական են, օրինակ, «էսի/սա փնտրողը/տեսածը, սրան/սրանց մոտեցողը» ևն:

Դիտողություն 4. Անձնական «ես; դու; ինքը; մենք; դուք; իրենք» դերանուններն իրենք (ոչ հոլովված ձևերով) ածական չեն դառնում (եթե բառ-ենթական չհամարենք բայի դեմքի կամ իմաստի ածականը, ինչը սխալ չէր լինի ու կամբողջացներ այս ողջ մեկնությունը):

Դրույթ 15. Երբ Աղյուսակ 1-ի զույգերը հայերենի միացյալ կամ բարդ կամ բաղադրյալ անուն կամ ածական են, սկզբունքային ոչ մի սխալ չէր լինի, եթե կպած գրվեին, ինչպես օրինակ, «ջրկիր»-ը կամ «սրտացավ»-ը:

Աղյուսակ 3.

սևքար

քարտեսած

քարփնտրող

քարլռություն

քարսիրտ

սևքարի

քարտեսածի

քարփնտրողի

քարլռությունի

քար սրտի

սևքարից

քարտեսածից

քարփնտրողից

քարլռությունից

քարսրտից

սևքարով

քարտեսածով

քարփնտրողով

քարլռությունով

քարսրտով

Նախ ասեմ, որ ես ՉԵՄ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ, որ սրանք միասին գրենք: Ես ընդամենն ասում եմ, որ սրանք միասին գրելը սկզբունքային սխալ չէր լինի:

Երկրորդը, այս թեզին չհամաձայնողներին հիշեցնեմ, որ հայերը (նաև ուրիշները), Մաշտոցից սկսած ու մինչև թերևս 11-րդ դարը, ամե´ն-ամե´ն ինչն էին իրար կպած գրում (նույնիսկ Աստվածաշնչի ողջ վիթխարի տեքստը), երևի մտածելով, որ լեզուն, առհասարակ, մի ամբողջական ու անբաժանելի կառույց է, ու սրանից ոչ մի սարսափելի կամ ողբերգական բան չէր առաջանում:

Եզրակացություն. երբ հայերենի քերականները, սկսած 19-րդ դարից, հայերենի անունները բաժանեցին անուն գոյականի ու անուն ածականի, հետևողական չեղան:

9.8 Բնական դասդասմունքը զուգորդականն է

Այս գլխի շարադրանքը ցույց է տալիս, որ.

Դրույթ 1. Հայերենի (թերևս նաև մնացա´ծ լեզուների) բառերի դասդասմունքը (այսինքն, բառերը տեսակների բաժանելու տեսությունը) պիտի հենված լինի ուղեղի կեղևի գործունեության բացարձակ վերացական, ուրեմն, նաև ձևական ֆորմալիզմի վրա,

ինչպես որ արված է սույն շարադրանքի նաև հետագա մասերում, մանավանդ 11-13-րդ գլուխներում: Այս գլուխների շարադրանքը հաստատում է, որ.

Դրույթ 2. Եթե մի կողմ թողնենք հայերենի անփոփոխ եղանակիչները (այսինքն, հոլովաձև չունեցող «իհարկե»-ի, «երևի»-ի, «գուցե»-ի, «տո, հո, բա»-ի պես բառերը) ու նաև կապերն ու ձայնարկությունները, հայերենի բոլոր բառերն ինքնին կբաժանվեն երկու խմբի.

ա) Միաժամանակ դեմքի, թվի ու ժամանակի գաղափարներն ունեցող բառերի խումբը, որոնց (ու միմիայն սրանց), հետևելով Աբեղյանին, ասում եմ բայ:

բ) Երկրորդ մեծ խումբը դեմքի, թվի ու ժամանակի գաղափարները միաժամանակ չունեցող, բայց հնարավոր հոլովաձևերով բառերի խումբն է: Ինչպես արդեն սահմանվել է, այս խմբի բառերին շատ հաճախ ասելու եմ անուն: Այս անվանը երբեմըն կրճատ ասում եմ չբայ:

Դրույթ 3. Բայ տեսակի բառերն էլ, ինքնին, բաժանվում են երկու ենթադասի.

ա) Ստատիկ գոյություն ձևավորող բայերը: Այս բայերը վերագրվում են առաջին, երկրորդ կամ երրորդ դեմքին, ու ամեն մի դեմքի համար նշում են բայի ցույց տված պրոցեսի պահը, ու նաև այդ պրոցեսի մասնակիցների թիվը:

Գոյության բայերն են՝ ուղղական-հայցական հոլովաձևերով անունների զուգորդությունները «եմ/լինեմ/կամ»-ին ձևերին. «գազանէր; սատկածա» ևն:

բ) Պրոցեսի´ գոյություն ձևավորող (ցույց տվող) բայերն են, օրինակ, «խաղամ, խաղացի, խաղումեմ; կխաղամ»-ն ու սրա պես բայերը (սրանց բոլոր ժամանակներն ու եղանակները):

Պրոցեսի գոյության բայերը, մեծ մասամբ, թերբառների կամ դերբայական անունների թեք հոլովաձևերի ակնհայտ զուգորդություններն են «եմ/լինեմ/կամ»-ի առանձին գրվող ձևերին (խաղումեմ ևն), երբեմն էլ «եմ/լինեմ/կամ»-ի արդեն մաշված ու անճանաչելի (խաղամ, խաղացի) զուգորդություններն են ու բազում են:

Դիտողություն. Այս շարադրանքում «գոյություն» բառի համարժեքներն են. «վիճակ; դրություն; լինելություն; կեցություն», իսկ «պրոցես» բառինը. «գործողություն, փոփոխություն»:

(Ուրեմն, կարելի է, որ այս երկու խմբի բայերն էլ մեկնաբանվեն գոյության բայ, այսինքն, հնարավոր է, որ առաջինները համարվեն ստատիկ վիճակի´ գոյության բայ, երկրորդները՝ դինամիկ պրոցեսի´ գոյության բայ):

Նախ նկատեմ, որ.

Դրույթ 4. Այսօրվա հայերենի անկատար կամ վաղակատար կոչված դերբայների ու «եմ/ լինեմ/կամ»-ի զուգորդությունները դարձել են մեկ բառ, մեկ բայ, օրինակ, «ուտումեմ, խաղացելեմ, գալիսեմ», բայց դեռ առանձին են գրվում. «ուտում եմ, խաղացել եմ, գալիս եմ»:

Դրույթ 4-ի ապացույցն այն ակնհայտ փաստն է, որ հայերենի անկատար կամ վաղակատար կոչված դերբայներն առանց «եմ/լինեմ/կամ»-ի այսօր երբեք չեն գործածվում:

Դրույթ 2-ի գոյությունը բխում է հայերենի հետևյալ ֆոինդամենտալ աքսիոմից.

Աքսիոմ 1. Հայերենը, բացի ասված դերբայները «եմ/լինեմ/կամ» բայերին կցելով բայ ստեղծելու ձևը, բայ ստեղծելու մի զուգորդական ֆունդամենտալ ձև էլ ունի, ու այս ձևը հայերենի անվանական զուգորդությունները «եմ/լինեմ/կամ» բայերի ձևերին զուգորդելն է (կցելն է):

Օրինակ, եթե «եմ»-ը նշանակում է այս տիեզերքի ամե´ն-ամե´ն ինչի գոյություն ունենալը, «քար եմ; քար ես; քար ա» բայերը նշանակում են գոյության միմիայն «քարային» կամ «քար լինելու» մասնավոր ձևը կամ «ձևի պարագան»:

Այս տեսանկյունից գոյության մասնավոր բայեր են հետևյալ բայերը. «մեկա, մեկնա, սիպտակա, խոսողա, խելոքա, նստածա, քոռա, գիժա, քարա, փնտրողա, ջուրա, ապուշա, ինքնա, առյո´ւծնա, խելոքէր, նստածէր, քոռէր, գիժէր, ջուրէր, ապուշէր, ինքնէր, առյո´ւծնէր» ևն:

Աքսիոմ 2. Հնարավոր է, որ պրոցեսի բոլոր այն բայերը, որոնց մեջ ակնհայտ առկա է որևէ դերբայի կամ մասնիկի զուգորդությունը «եմ/լինեմ» բային ու սրա ձևերին, մեկնաբանվեն որպես այս բայի դեմքին վերագրվող տվյալ պրոցեսի´ ԳՈՅՈՒԹՅԱՆ բայ:

(Ճիշտ 13.15-ի «եմ/լինեմ/կամ»-ային նեղ-մասնավոր «սևա» բայի պես, ինչի «ա» բայը պնդում ե «սև»-աձև գոյությունը (տես նաև հետո)):

Այսինքն, այս մեկնությամբ, այսպիսի «զուգորդական» բայը, օրինակ, «խոսեմ»-ը, նորից գոյություն է նկարագրում, բայց արդեն ոչ թե տվյալ դեմքի վիճակի´ գոյությունն է նկարագրում, այլ տվյալ դեմքին վերագրվող պրոցեսի´ (կամ գործողության) գոյությունը, «խոսալու» պրոցեսի´ գոյությունը: Կնշանակի.

Դրույթ 5. Այս ելակետը «ուտումեմ, խաղացելեմ, գալիսեմ, գրեմ, գրես, գրի, գըրենք, գրեցի, գրեցիր, գրեց» ու սրանց պես մնացած բայերը (բոլոր ժամանակներով) համարում է «ուտելու, խաղալու, գալու գրելու» պրոցեսների մասնավո´ր գոյության բայ:

Առաջին հայացքից, այս ընդհանուր «եմ»-ակենտրոն մեկնությունից դուրս են մնում հայերենի այն բայերը, որոնց մեջ «եմ»-ն ու իր ձևերը. 1) կա´մ լրիվ ակնհայտ չեն 2) կա´մ մաշվել են ու չեն երևում:

Առաջինների օրինակներից են պարզ բայերի համար Աբեղյանի ՀԼՏ-ի 369-րդ էջին բերածները [3].

«...ոմանք ... մեր բայերի պարզ ժամանակները ... – գրեմ, գրես, գրե, գրենք, գրեք, գրեն, գրեի, գրեիր, գրեր, գրեինք, գրեիք, գրեին, – բացատրում են իբրև գր-եմ, գըր-ես և այլն մասերից կազմված {թավատառն ու շեղատառն ի´մն է} ...», այսինքն, գիր+եմ, գի+րես, գիր+է, գիր+ենք, գիր+եք, գիր+են ևն:

Ուրեմն, եթե հաշվի առնենք Աբեղյանի այս բացատրությունը, այս բայերն է´լ են ընդգրկվում ՊՐՈՑԵՍԻ´ ԳՈՅՈՒԹՅԱՆ բայերի շարքը:

Երկրորդների հարցն ավելի դժվար է, սրանցից են մեր անցյալ կատարյալի բայերը, որոնց մեջ «եմ»-ի անցյալ ձևերի առկայությունը ակնհայտ չի, որովհետև «եմ»-ի ստորադասական «իցեմ; իցես; իցէ; իցեմք; իցեք; իցեն» ու հրամայական «եր; երուք/էք» ձևերն այսօր բացարձակ չեն երևում (տես նաև 13.2-ը):

Այնինչ, խիստ հավանական է, որ անցյալ կատարյալի այս վայրկենական գործողություն ցույց տվող (աորիստային) բայերը հենց նախորդ (օրինակ) «գիր»-ի ու անցյալ ու հրամայական ձևերի զուգորդություններից է առաջացել, որոնց մեջ այս «իցեմ; իցես; իցէ; իցեմք; իցեք; իցեն; եր; երուք/էք» ձևերն այնքան են մաշվել, որ այսօր արդեն բացարձակ անճանաչելի են (ահա, օրինակ, հնարավոր էվոլյուցիայի մի շարք. «գիր+իցէ>գիրից>գրից> գրեց» ևն):

Եթե այս դիտողությունը ճիշտ է, ուրեմն, լրի´վ է տեղին, որ այս բայերն էլ ընդգրկվեն պրոցեսի´ գոյության բայերի շարքը: Կնշանակի, այս դատողություններց եզրակացնելի է, որ.

ՕՐԵՆՔ 1. Թերևս հնագույն շրջանից մինչև այսօր հայերենի լեզվական պրոցեսը գործում է այնպիսի´ «եմ»-ային բայական զուգորդություններով, որոնք, ըստ էության, հաղորդում փոխանցում պնդում են որևէ ստատիկ վիճակային կամ դինամիկ պրոցեսային մտապատկերի ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ:

Այսինքն.

ՕՐԵՆՔ 1ա. Հայերենի բայը, միշտ ու անընդհատ ու ամեն անգամ գոյությո´ւն է պնդում, ստատիկ վիճակի կամ դինամիկ պրոցեսի գոյություն:

Ուրեմն.

ՕՐԵՆՔ 2. Հայերենի բայն իր դեմքին կամ սրա լրացմունքներին վերագրվող (ստորոգվող) կա´մ անցյալի, կա´մ ներկայի, կա´մ ապագայի որևէ վիճակի կամ որևէ պրոցեսի գոյությունն է վերագրում:

Նախ նշենք, որ այս օրենքները լրի´վ են համաձայն նախորդ պարագրաֆի աքսիոմներին: Երկրորդն էլ նշենք, որ.

Հիպոթեզ 1. Հնարավոր է, որ լեզվական պրոցեսի այս օրենքն ընդհանուր է թե´ հնդեվրոպական, թե´ բոլո´ր-բոլո´ր լեզուների համար:

Երրորդը, մտապատկերային զուգորդություն-շղթայմունքների այսօրինակ ընդհանրությունն ու հզորությունը հույժ զարմանալի է, գոնե ի´մ համար:

Չորրորդը, սա նորից է ցույց տալիս, որ.

Դրույթ 6. Լեզվական պրոցեսի համար մտապատկերային շղթայմունք-զուգորդությունները ֆունդամենտալ են ու առաջնային, ու քերականական ցանկացած այլ երևույթը, ինքնին, մտապատկերային զուգորդությունների համեմատ, ա´նպայման է երկրորդական:

Մյուս կողմից, ինչպես բազմիցս է նշվել.

Դրույթ 7. Մարդկային լեզուն մարդկային ամենայն արարմունքը հնչավորող բառային միջոցն է:

Կնշանակի.

Դրույթ 8. Մարդկային ամենայն արարմունքը հայերեն լեզվով հնչավորող լեզվական հիմնական միջոցը (պարզ կամ բաղադրյալ) անվան ու բայի ա´յն զուգորդություններն են, որոնք կա´մ որևէ ստատիկ վիճակի, կա´մ որևէ դինամիկ պրոցեսի գոյություն են ձևավորում:

Այսինքն, իրավունք կա, որ շատ կարճ ասվի.

Դրույթ 9. Հայերեն լեզվի վիճակային (ստատիկ) ու պրոցեսային (դինամիկ) կառուցվածքը ձևավորող ֆունդամենտալ բանաձևը հետևյալ շղթայմունք-զուգորդությունն է. «անուն+եմ/լինեմ/կամ-ային բայ», կամ կարճ. «անուն+եմ-ային բայ»:

Դրույթ 10. Հայերեն լեզվի ստատիկ ու դինամիկ կառուցվածքը ձևավորող հետևյալ հիմնարար «անուն+եմ-ային բայ» բանաձևը հայերենի բայերի գոյության անսահման ընդհանուր իմաստները նեղացնելու, կամ մասնավորելու ֆունդամենտալ զուգորդությունն է:

Օրինակ, եթե ուղեղի կեղևը «սև» կամ «ծառ» պարզ անունները զուգորդի կամ շղթայի գոյության բացարձակ ընդհանուր «էր» ու «ա» բայերին, կստացվի գոյության երկու մասնավոր խոսք. «Սև էր; Ծառ ա»:

Կամ էլ, եթե «սևը» զուգորդվի «գլորվեց»-ին, այս «գլորվեց»-ի բացարձակ ընդհանուր իմաստը (չէ՞ որ հնարավոր է, որ ամեն ինչին էլ ասվի՝ «գլորվեց») կնեղանա մինչև այս «սև»-ի գլորվելը ու կդառնա «սե´վը գլորվեց»:

Ըստ էության, այս.

Դրույթ 11. Այսօրվա հայերենի «անուն+եմ-ային բայ» կամ «մասնիկ+բայ» զուգորդական բանաձևը հայերենի թե´ բայ, թե´ խոսք ձևավորելու արտադրելու հիմնական ուղին է:

Դրույթ 12. Այսօրվա հայերենի բաղադրյալ անուն ձևավորելու ստեղծելու հիմնական բանաձևը «անուն+անուն» զուգորդությունն է:

(Օրինակ. «ձևական մասնիկ+անուն» ու «անուն+ձևական մասնիկ» բանաձևերը, օրինակ, «ան+խելք; քաջ+ություն; քար+ը/ն/ի/ից/ով» ևն):

Ընդ որում, պիտի հաշվի առնվի, որ հնարավոր է, որ այս «անուն+անուն» զուգորդության առանձին բաղադրիչներն է´լ բաղադրյալ լինեն (ընդ որում, բոլորովին էական չի, թե բաղադրյալ անվան բոլոր բաղադրիչներն իրար կպած կգրվեն, թե չէ):

Օրինակ, եթե վերցնենք մի բաղադրյալ ու բավական բարդ անուն, ասենք, արդեն հիշատակված «քար լռություն խախտող լկտի, բայց քաջակորով ու խստաբարո մարդ»-ը ու սա´ զուգորդենք գոյության «եմ» բային, կարտադրենք հայերենի շատ ու շատ մասնավոր (թերևս արդեն համարյա լրիվ միարժեք) գոյության խոսք. «Քար լռություն խախտող լկտի, բայց քաջակորով ու խստաբարո մարդ ա», կամ. «Քար լռություն խախտող լկտի, բայց քաջակորով ու խստաբարո մարդ էր»:

Ասվեց, որ հայերենի խոսքաստեղծության այս հիմնական սկզբունքը նույնն է բոլոր բայերի համար: Օրինակ, երբ ասում ենք. «գլորվեց», չափազանց (ավելի ճիշտ, բացարձակ) ընդհանուր բան ենք ասում, որովհետև սկզբունքով հնարավոր է, որ այս Տիեզերքի ամեն մի բանն էլ գլորվի, այսինքն, «գլորվելու» հազար ու մի ձև կա, բայց եթե ասենք. «Քար լռություն խախտող լկտի, բայց քաջակորով ու խստաբարո մարդը գլորվում էր», կամ. «Քար լռություն խախտող լկտի, բայց քաջակորով ու խստաբարո մարդը գլորվեց», արդեն գլորվելու այս բացարձակ ընդհանությունը կկրճատենք միայն մինչև այս «քար լռություն խախտող լկտի, բայց քաջակորով ու խստաբարո մարդու» գլորվելը:

Ասվեց, որ լեզվական պրոցեսի մտապատկերների այս զուգորդությունը թերևս հատուկ է բոլոր լեզուներին, այսինքն, հիմնարա´ր է, ֆունդամենտա´լ է (ուղեղի կեղևի արարմունքի համար) – ա´ռհասարակ, իսկ լեզվական պրոցեսի առումով – թե´ լեզվի, թե´ դատողության համար:

Այս ֆունդամենտալությունը հիանալի է ցուցադրում այսօրվա ռուսերենի մի արտառոց զարմանալի երևույթը, ռուսերենի անբայ խոսքը (նախադասությունը):

Ընդամենը մի 500 տարի առաջ, օրինակ, ռուս Իվան Ահեղն ասում էր. «азъ есмъ царь», ինչը նշանակում էր. «Ես ե´մ թագավոր» (այսինքն, «Ես թագավոր եմ»), բայց եթե այդ նույն Իվան Ահեղն այսօր ապրեր, իր այդ ասածի «есмъ=եմ» բայի կարիքը այսօր բոլորովին չէր զգա ու կասեր «я царь» («ես թագավոր», առանց «եմ»-ի) այսինքն, կխոսեր առանց բայի, ընդամենը զուգորդելով ռուսերենի «я» ու «царь», գոյականները:

Այս ռուսերեն խոսքի մեջ թվի ու ժամանակի գաղափարը կրող բառը, այսինքն, բայը, չկա, բայց, միևնույնն է, այս «я царь»-ը, ռուսերենը կրողների անծպտուն ու անգիտակից պայմանադրությամբ, այս երկու գաղափարն էլ ա´նպայման ունի:

Իհարկե, անցյալ ու ապառնի ժամանակներում սրանք նորից հատուկ մասնագիտացած «был-буду»-ի ձևերով են արտահայտվում, բայց այստեղ կարևորը անբայ խոսքի զուտ զուգորդական, սկզբունքային հնարավորությունն է:

Մեր (թեքական լեզու կրողների) համար ռուսերենի այս «я солдат, ты ученик, он/она/оно врач/мы солдаты/вы ученики/они врачи» անբայ խոսքերն արտառոց են թվում:

Իրոք, օրինակ, հայերենի կրողի համար անհնար են կամ ուղղակի խոսք չեն հետևյալ կապակցությունները. «ես զինվոր: Դու աշակերտ: Ինքը բժիշկ:» ևն:

Մի քիչ այսպես է նաև, օրինակ, համարյա անջատական լեզու դարձած անգլերենում, որտեղ, բառերի զուգորդության երկու ձև կա, մեկը՝ նախդիրներով, մակբայներով ու հոդերով, մյուսը՝ բառերի հերթով, բայց բայն այստեղ է´լ է պարտադիր:

Օրինակ, եթե անգլերեն men, pen ու fall անուններն ուղղակի կողք կողքի դրվեն, men pen fall, խոսք չի կազմվի, բայց եթե ասվի. «The men of pen fall», կլինի՝ «գրչի մարդիկ ընկնում են», բայց եթե ասվի. «The pens of the men fall», սա արդեն կդառնա՝ «այդ մարդկանց գրիչներն ընկնում են»:

Եթե George, and, Tom, loved, Helen բառերն հենց այս հերթով զուգորդվեն, կլինի. «George and Tom loved Helen», ինչը կնշանակի. «Ջորջն ու Թոմը սիրում էին Հելենին, իսկ եթե այդ նույն անուններն ու and կապը զուգորդվեն հետևյալ հերթով. «Helen loved George and Tom,», սա կդառնա. «Հելենը սիրում էր Ջորջին ու Թոմին»:

Այս եզրակացությունները լեզվի տեսության համար շատ են կարևոր, որովհետև սրանցից բխում է, որ.

Դրույթ 13. Լեզվի բառերը դասդասելիս ու, առհասարակ, լեզվական պրոցեսը նըկարագրելիս կամ հետազոտելիս, ելակետը չպիտի լինի բառի իմաստի նկարագրությունը, քանի որ սա հակասում է ուղեղի կեղևի լեզվական գործունեության լրիվ վերացական ատոմամոլեկուլային իրողություններին ու հանրության լեզվական պայմանադրություններին:

Դրույթ 14. Այն փաստը, որ ուղեղի կեղևի գործունեությունը կախված չի տվյալ լեզվի բառերի պայմանադիր իմաստներից (ուրեմն, նաև տվյալ լեզվի տեսակից), ապացուցվում է այն բազում անգամ դիտված իրողությամբ, որ, օրինակ, եթե հայի նորածին մանուկը բարուրից մեծանա չինացու ընտանիքում, այդժամ այս մանուկը, անկախ հայերենի ու չինարենի լեզվական պայմանադրությունների տարբերություններից, չինարենը ա´նպայման է գերազանց տիրապետելու:

Դրույթ 15. Անհնար է, որ ուղեղի կեղևն ունենա իր մեջ գրանցված բառ-մտապատկերների իմաստնե´րը (հատկանիշ կամ առարկա լինելը) ճանաչելու կամ տարբերելու մի մեխանիզմ, քանի որ սրանց իմաստները, այս հատկանիշ կամ առարկա լինելը փոփոխական են ու խիստ բազմարժեք ու կախված են բառերը գործածելու կոնկրետ ձեվերից, օրինակ, հերթականությունից:

Դրույթ 16. Իրոք, մի թե ակնհայտ չի, որ բառի արժեքը, առհասարակ, կախված է սրա «բառային շրջապատից»:

Ահա սրա մի օրինակ. «գիրքը տամ»-ի «տամ»-ը, «տալ»-ուց բացի, նաև նշանակում է. «կպնեմ-դիպչեմ-շոշափեմ; խփեմ; պսակեմ; օգուտ անեմ; տրվեմ» (նաև սեռական հարաբերության իմաստով), «հրապուրվեմ-նվիրվեմ» ևն:

Ահա ընդամենը մի քանի օրինակ. «Ձեռ մի՛ տուր: Կտամ գանգիտ, կփռեմ քեզ գետին: Իր աղջկան տվեց մարդու: Ձեռ չի տալի, մի՛ արա: Կինը տ(ր)վեց տղամարդուն: Հոգով սրտով տրվել եմ էս գործին» ևն:

Բայց այս բազմարժեքությունը հատուկ է լեզվի համարյա բոլոր բայերին ու անունների զգալի մասին: Սրա համար էլ անհավանական է թվում, որ ուղեղի կեղևը, բառերն իրար զուգորդելու պարզ մեխանիզմը թողած, բառերի այս բազո´ւմ-բազո´ւմ իմաստն իրարից տարբերակելու մեխանիզմներ, այսինքն, բառերի իմաստային նըրբագույն երանգներն իրարից տարբերելու բազո´ւմ-բազո´ւմ ատոմամոլեկուլային հույժ բարդագույն կառույց հորինած լինի: Ուրեմն.

Դրույթ 17. Լեզվի բառերը դասդասելիս՝ լեզվաբանության ելակետը պիտի լինի ոչ թե բառի իմաստը (այսինքն, այն հանգամանքը, թե բառը հատկանի՞շ, թե՞ առարկա է «մտածվում», ինչպես Աբեղյանն ու մյուս քերականներն են անում), այլ միմիայն այդ բառի կազմած ձևաբանական («մասնիկային նմանակցային») ու շարահյուսական բոլոր այն զուգորդությունները, որոնցով այդ բառը զուգորդվում է այլ բառերի հետ, (այսինքն, նմանվում կամ տարբերվում է այլ զուգորդություններից):

Օրինակ, «կարմիր» բառը նման է («հարաբերվում է») «անտառ» բառին, հետևյալ ձևով: «Կարմիր» բառը կարող է այս «անտառ» բառի պես ունենա չորս հոլովաձև ևն, բայց տարբերվում է «անտառ» բառից իր համեմատվելու, այսինքն, «ավելի» ու «ամենա» բառերի հետ զուգորդվելու ունակությամբ, քանզի ասում ենք՝ «ավելի կարմիր, ամենակարմիր», բայց երբեք չենք ասում՝ «ավելի անտառ, ամենաանտառ» (չնայած, բացառված չի, որ մի օր ասենք):

Ուրեմն, հաշվի առնելով «կարմիր» բառի «հոլովաձևային» արմատական նմանությունն «անտառ» բառին, իրավունք ունենք ասենք, որ «կարմիր» բառը գոյական է:

Մյուս կողմից, այս «կարմիր» բառը, ի տարբերություն «անտառ» բառի, զուգորդվում է «ավելի, ամենա» բառերին, ուրեմն, ի տարբերություն «անտառ» բառի, իրավունք ունենք ասենք, որ այս «կարմիր» գոյականը անունների մի ավելի նեղ ենթադասն է:

Ուրեմն, իմաստ ունի, որ սրա պես բառերի ենթադասին տանք, օրինակ, «մականունների դաս» (Աբեղյանի տերմինն է, իր 1906 թվի «Աշխարհաբարի քերականությունը» գրքում) կամ (նույն Աբեղյանի ներմուծած) «ածականների դաս» անունը:

Նույն այս «կարմիր» բառը տարբերվում է «կարմրեմ» բառից, որովհետև այս «կարմրեմ»-ն ունի քերականական դեմքի, ժամանակի ու թվի գաղափարները, ուրեմն, բա´յ է: Այնինչ, «կարմիր»-ը չունի ժամանակի ու թվի գաղափարները, բայց ունի հոլովաձևեր, ուրեմն, գոյական է ևն:

Աքսիոմ. Ուղեղի կեղևն ունի բառ-մտապատկերների միմիայն ձևերին առնչվող «բաների» ու այս բառ-մտապատկերները մնացած բառ-մտապատկերների հետ զուգորդելու կամ սրանք տեղակալելու (օրինակ, «կարմիր ձու; կլոր ձու; պինդ ձու» ևն) թերևս ժառանգովի մեխանիզմներ, ու ոչ թե ուղղակի հենց այս բառ-մտապատկերները ժառանգելու մեխանիզմները:

Դրույթ 18. Բայական ձևերի ու հոլովաձևերի համար գլխավորը ձևաբանական մասնիկներով տեղակալելն է, իսկ ածականային ձևերի համար թե´ զուգորդվելը, թե´ տեղակալելը, թե´ համեմատվելը, օրինակ, «ավելի, ամենա» կցորդներով):

Օրինակ, «կարմիր» բառը զուգորդվում է կարմիր առարկաներին («կարմիր մատիտ/արև/ձու» ևն) բայց, որպես բառ, զուգորդվում է այլ բառ-ձևերի հետ («կարմրող/լսող/նստող; կարմրած/լսած/նստած; կարմրեմ/լսեմ/ նստեմ, կարմրումեմ/ լսումեմ/նստումեմ» ևն, բայց կան նաև՝ «ավելի/ամենա կարմիր» զուգորդությունները):

Դրույթ 19. Ուրեմն, լեզվական որևէ պրոցեսի լեզվաբանական նկարագրությունը պարտադիր պիտի լինի միմիայն ձևաբանական-շարահյուսական ու երբեք չպիտի լինի իմաստային կամ իմաստաբանական:

Սա չի նշանակում, որ լեզվաբանը չպիտի նկարագրի կամ հետազոտի բառերի իմաստներն ու, մանավանդ, սրանց պատմական փոփոխությունները:

Այնուամենայնիվ, լեզվի բառերի պայմանադիր իմաստների ու այս իմաստների պատմական փոփոխությունների նկարագրությունը ոչ թե հենց բուն սինքրոն լեզվաբանության, այլ լեզվի փիլիսոփայության ու մասամբ էլ՝ դիաքրոն լեզվաբանության խնդիրն է ու կախված է լեզվաբանի նախասիրություններից ու ընտրությունից: Ուրեմն, չվախենալով կրկնվելուց, մի անգամ էլ շեշտեմ, որ.

Դրույթ 20. Լեզվի համար բառերն ու բառերի կապակցությունները շարունակ ու շարունակ իրար շղթայել-զուգորդելը թերևս լեզվի ամենաընդհանուր հատկությունն է, ու հենց այս զուգորդությունն է, որ, շղթայվող գլխավոր բաղադրիչի իմաստը նեղացնելով (երբեմն էլ՝ լայնացնելով), ստեղծում է թե´ նոր իմաստները, թե´ նոր շարահյուսություն-խոսքը:

Օրինակ, աշխարհում «ձի» շատ կա, բայց երբ այս «ձի» բառին այս բառի դեմից զուգորդում (կցում) ենք «սև» բառը, կամ էլ՝ «իմ սև» բառերն ու աջից էլ «ն» հոդն ու ասում ենք «իմ սև ձին», այդժամ ձիերի անսահման բազմությունը նեղացնում, սահմանափակում ու լրի´վ ենք կոնկրետացնում, նշելով միմիայն մեկ սև ձիուց, այն է՝ հենց «ի´մ սև ձիուց» կազմված եզակի ենթաբազմությունը:

Մյուս օրինակը. երբ ասում ենք «կփոխվի», չափազանց ընդհանուր բան ենք ասում, որովհետև այս աշխարհում, բառացի, ամեն ինչն էլ, ի վերջո, փոխվում է:

Բայց երբ նախորդ օրինակի ձևով ասում ենք՝ «իմ սև ձին կփոխվի, այս անգամ այս ողջ Տիեզերքի բոլո´ր-բոլո´ր փոխվող առարկաներից անջատում ենք «ձիերին», իսկ այս փոխվող ձիերից էլ, «սև»-ի զուգորդությամբ, Տիեզերքի բոլոր փոխվող ձիերից անջատում ենք միմիայն «սև ձիերին», իսկ «իմ» բառն էլ զուգորդելով այս «սև ձիերին», առանձնացնում ենք միմիայն «ի´մ փոխվող սև ձին», ինչի պեսը այս ողջ Տիեզերքում այլևս չկա:

Ուրեմն, ուղեղի կեղևի լեզվական պրոցեսի ընդհանուր ելակետը անունների ու բայերի բազմակի կամ շարունակ (ու շարունակ) զուգորդությունն է:

Սա´ է լեզվի քերականական նկարագրության հիմքը:

9.9 Քերականական անբաժան հատկանիշ կա՞

Բառերի ավանդական քերականական դասդասմունքն ունի իմաստաբանական երեք ԿԵՂԾ հիմք: Առաջինը՝ գոյական բառի առարկայի իմաստ ունենալը կամ առարկա մտածվելն է, երկրորդը՝ ածական բառի (այդ բառից) անբաժան հատկանիշ ունենալն է, իսկ երրորդը՝ բայ բառի իմաստի գործողություն (ու ոչ թե գործողության գոյություն) ցույց տալն է:

Բայց դասդասմունքի այս տեսությունը լրիվ է ժխտվում հենց ի´ր, հենց Աբեղյանի´ զուգորդությունների վրա հիմնված հոգեբանական դատողությունների տեսությամբ: Իրոք, ահա մի հատված Մ. Աբեղյանի ՀԼՏ-ից, էջ 151 (տողատմունքը, շեղատառն ու թավատառն ի´մն են).

«Զուգորդությունը ոչ միայն առանձին բառերի նշանակությունն է փոխում {ածականով նեղացնելով զուգորդելիքի ընդհանուր նշանակությունը} այլ նաև բառերի կապակցությունների:… Բառերի այսպիսի նորիմաստ կապակցությունները սովորաբար կոչվում են դարձվածներ, որոնք, սակայն, մի բառի նշանակություն են ստանում և կարող են նաև մի բարդ բառ համարվել» {Սա քաղվածքի վերջն է}:

Ահա մի քանի օրինակ (նույն տեղից). «Ձեռ քաշեմ {հրաժարվեմ}; ձեռնբաց {առատաձեռն}; «երես առած; երես տամ; երեսատեղ չունեմ» ևն:

Անկասկած է, որ այսպես է կազմվել բազում բառ, օրինակ, «ջրկիր, խոտակեր, սևագործ» բառերը: Վերցնենք «ջրկիր» բառը, որ սկզբում ասվել է երկու բառանի զուգորդությամբ, «ջուր կիր», հետո ու>ը ձայնափոխությամբ դարձել է «ջրկիր»:

Աբեղյանը գուցե ասեր, որ այս «ջրկիր» ածականը «ջրկրություն» գոյականի անբաժան հատկանիշն է, բայց ախր այս «ջրկրություն» գոյականն էլ այս «ջըրկիր»-ի ու «ություն» ձևական մասնիկի նմանակցային զուգորդությունն է:

Իմաստաբանական այս դատողությունները մեզ հասցնում են հետևյալ սխալ թեզերին.

1. Այս «ջուր» ու «կիր» արմատների զուգորդությունը (կամ շղթայմունքը) ծնում է «ջրկիր»(-մարդ) հատկանիշ ցույց տվող բառը, ինչի զուգորդությունը նմանակըցային «ություն» ձևական մասնիկին ծնում է «ջրկրություն» գոյականը:

2. Այս գոյականի անբաժան հատկանիշը արտահայտվում է «ջրկիր» բառով:

Բայց ախր անկասկած է, որ այս «ջրկրության» գաղափարն էլ անբաժան է «ջըրկիր» բառի արտահայտած հատկանիշից, ուրեմն, այս «ջրկիրություն»-ն էլ արտահայտում է «ջրկիր»-ի´ առարկա մտածված հատկանիշը:

(Աբեղյանը վերը արված դատողությունների պես դատողություններով «ապացուցում է», որ «սպիտակ»-ն «սպիտակության» անբաժան հատկանիշն է):

Դե հիմա թող քերականը պարզի, եթե կարող է, «ջրկրությո՞ւնն» է «ջրկրի» անբաժան հատկանիշը, թե՞ «ջրկիր»-ն է «ջրկրության» անբաժան հատկանիշը:

Շատ ավելի պարզ է ու հարմար ի´մ այս շարադրանքի բացատրությունը, այսինքըն.

Դրույթ 1. Երբ տվյալ անունը շղթայվում զուգորդվում է մի ուրիշ բառի ու հետո անփոփոխ է գործածվում, ուրեմն, այս զույգի այս անփոփոխ անունը ածական է՝ ա´յս գործածության ընթացքում: Իսկ եթե մի որևէ ուրիշ գործածության ընթացքում հենց նույն այս անունը հոլովաձևեր է ունենում, ուրեմն, այս նույն անունը գոյական է ա´յդ երկրորդ գործածության ընթացքում:

Դրույթ 2. Զուգորդելով բառ կազմելը, ինչպես տեսանք, հատուկ է ուղեղի կեղևին ա´ռհասարակ, ուրեմն, սա պիտի հատուկ լիներ լեզվի նաև հնագույն շրջաններին:

Իրոք էլ, օրինակ, գրաբարից ունենք «հլու; հմուտ; հզոր», որ կազմված են «հը <հու» բառից ու «լուր=լսեմ» բառից:

Այս «հու» բառը վերականգնվել է պատմահամեմատական մեթոդով ու պարզվել է, որ սա նշանակել է «լավ» (ու գուցե հին պարսկերենից է փոխառած): Ուրեմն, «հլու= լավ լսող; հզոր=լավ զորեղ; հմուտ=լավ մտած մի արհեստի մեջ»:

Այսպիսի զուգորդություն են այսօրվա բոլոր հարադրություն կոչված բառերը, չնայած սրանք, առհասարակ, մեկ բառ չեն համարվում. «բաց անեմ, պար գամ, լաց լինեմ, զրուց անեմ, եռ գամ, խաղ անեմ» ևն, ու սրանք ունեն նաև մի բառանոց համարժեքները. «բացեմ, պարեմ, լամ, զրուցեմ, եռամ, խաղամ» ևն:

Աբեղյանն ասում է (ՀԼՏ, 170-171, տողատմունքն ու շեղատառն ու ի´մն է).

«… մեր լեզվի մեջ այս կարգի հարադիր մասերը ավելի անկախություն ունին և միշտ անջատ են գրվում, ու խոնարհման ժամանակ հարադիրն ու բայը մեկմեկուց բաժանվում են օժանդակ «եմ» բայով, ինչպես՝ ներս գնամ, ներս գնաց, ներս է գնացել: Հարադիր մասը նույնիսկ իբրև մի մակբայ՝ բայից հետո էլ է դրվում՝ գնաց ներս:

Բայց և այնպես այս բայերը մեր լեզվական զգացումով ըմբռնում են արդեն իբրև մի միություն և մեկ բառ. ուստի և սովորական, {ու} ավելի {շատ} ժողովրդական լեզվի մեջ հաճախ «կ» և «չը» ձևական մասնիկները դրվում են ոչ թե բայի, այլ հարադրի վրա, ինչպես կվեր ունի, կվեր ընգնի, կվեր տա, չըվեր ընգնի, կդուրս գա, չդուրս գա»:

Բայց սրանցից կցական բարդություն կոչվածները, միասին գրվելով, մի բառ են համարվում. «էսօր, կեսօր, քարսիրտ» ևն:

Ուրեմն, հիշելով նաև նախորդ պարագրաֆի արդյունքները, եզրակացնում ենք, որ.

ՕՐԵՆՔ. Բառի ածական, գոյական կամ բայ լինելը որոշում է միմիայն այդ բառի զուգորդական (շղթայմունքային) գործածությունը:

Դրույթ 3. Հայերենի անունը, կախած այս անվան զուգորդական (շղթայմունքային) գործածության տեսակից, լինում է կա´մ ածական, կա´մ գոյական:

Օրինակ, «հսկա» ու «մուրացիկ» բառերը գոյական են, երբ գործածվում են հոլովաձևերով: Բայց եթե սրանք շղթայվեն (զուգորդվեն) իրար, սրանցից մեկը կըդառնա ածական (որովհետև կմնա անփոփոխ), իսկ մյուսը՝ գոյական:

Դրույթ 4. Թե զուգորդվող զույգի ո´ր բառն է դառնում ածական, ո´րը՝ գոյական, որոշվում է այս զույգի գործածության կոնկրետ տեսակով:

Օրինակ, ասված զույգի համար կա երկու հնարավորություն.

1. «հսկա»-ն ածական, «մուրացիկ»-ը գոյական.

«հսկա մուրացիկ; հսկա մուրացիկի; հսկա մուրացիկից; հսկա մուրացիկով» զուգորդությունների «հսկա»-ն ածական է, «մուրացիկ»-ը՝ գոյական:

2. «մուրացիկ»-ը ածական, «հսկա»-ն գոյական է.

«մուրացիկ հսկա; մուրացիկ հսկայի; մուրացիկ հսկայից; մուրացիկ հըսկայով» շղթայմունքների «հսկա»-ն գոյական է, «մուրացիկ»-ը՝ ածական:

Դրույթ 5. Բայց եթե արդեն զուգորդված զույգը հենց ի´նքն է շղթայվում մի այլ գոյականի կամ բայի, այս զուգորդված զույգն ի´նքը ընկալվում է որպես մի ամբողջական անփոփոխ ածական ու, սկզբունքով, հնարավոր էր, որ գրվեր իրար կպած:

Օրինակ.

1. «մուրացիկհսկա մարդ; մուրացիկհսկա մարդու; մուրացիկհսկա մարդուց; մուրացիկհսկա մարդով» ևն:

2. «մուրացիկհսկա եմ; մուրացիկհսկա ես; մուրացիկհսկա յա» ևն:

Կամ.

1. «հսկամուրացիկ մարդ; հսկամուրացիկ մարդու; հսկամուրացիկ մարդուց; հսկամուրացիկ մարդով» ևն:

2. «հսկամուրացիկ եմ; հսկամուրացիկ ես; հսկամուրացիկ յա» ևն:

Ինչպես տեսնում ենք, այս զուգորդությունների մեջ մի անգամ «հսկա» բառն է ածականը, իսկ «մուրացիկ» բառը գոյական է, մյուս անգամ «մուրացիկ» բառն է ածականը, իսկ «հսկա» բառը գոյական է, իսկ երրորդ անգամ արդեն ողջ «հսկամուրացիկ» զուգորդությո´ւնն է ածականը:

Այս օրինակներն անառարկելի ցույց են տալիս, որ.

Դրույթ 6. Ածականությունը բոլորովին էլ առարկայից (կամ առարկա մտածվողից) անբաժան հատկանիշ չի ու որոշվում է զուգորդության կոնկրետ տեսակով:

Ուրեմն, նկատելի է, որ.

Դրույթ 7. Եթե մի բառը, զուգորդվելիս, այնքան հաճախ է դառնում ածական, որ քերականը (ու ոչ թե խոսողը) վարժվում է, որ այդ բառը ածական է, այդ քերականին թվում է, թե ածականությունն այս բառի անբաժան հատկանիշն է: Այնինչ, ոչ քերական խոսողը խոսում է ռեֆլեքսով ու իր համար բացարձակ մեկ է, թե քերականներն այս բառն ածական կհամարե՞ն, կամ թե երկու կամ ավել բառը իրար կպած կգրե՞ն, թե՞ չէ:

Բայց, քերականական արդեն հաստատված ավանդույթը չխախտելու ու օտար լեզուները սովորելու հեշտությունը չդժվարացնելու համար, ես էլ եմ բառի որևէ տեսակին կարճ ասում «ածական է», չմոռանալով, որ պիտի ասեի. «այս կոնկրետ զուգորդության մեջ այս բառն ածական է»:

9.10 Մասնիկային զուգորդությունները

Չպիտի մտածենք, որ լեզուն ստեղծել է զուգորդելու միջոցով ընդհանուր իմաստը միայն ՄԱՍՆԱՎՈՐԱՑՆԵԼՈՒ ձևը:

Ասվել է, որ երբ ասում ենք «քար», սա ինքնին բացարձա´կ է ընդհանուր, որովհետև նկատի ենք ունենում այս Տիեզերքի բոլո´ր-բոլո´ր եզակի քարերը:

Այնուամենայնիվ, լեզուն ստեղծել է նաև այս եզակի մասնավորներն ԸՆԴՀԱՆՐԱՑՆԵԼՈՒ ա´յն ձևը, ինչին ասում ենք հոգնակի, ընդ որում այս ձևն էլ է գործում կցելու նմանային զուգորդությամբ (միացմունքով կամ շղթայմունքով, տես քիչ հետո):

Հետաքրքիր է, որ եզակին բազմապատկելու այս բացարձակ ձևական մեխանիզմն է´լ է ժամանակի ընթացքում փոփոխվում: Առհասարակ.

Դրույթ 1. Լեզվական երևույթների թե´ ձևերը, թե´ իմաստները, թե´ զուգորդական հատկությունները փոփոխակա´ն են, որովհետև սրանք իրենց ձև ու իմաստով պայմանադիր են, իսկ պայմանադրությունն ինքնի´ն է փոփոխական, որովհետև լեզվական հանրության անդամների նեղությունից ազատվելու պայմաննե´րն են անընդհատ փոփոխվում:

Օրինակ, հայերենը (ու ա´ռհասարակ, թե´ հնդեվրոպական, թե´ այլ լեզուներից շատերը) նախագրաբարյան հնագույն շրջանում ունեցել է քերականական երեք թիվ՝ եզակի, երկակի (զույգ առարկաների համար, համարյա ինչպես այսօրվա ռուսերենը՝ երկու, երեք ու չորս առարկայի ու տասնյակների (ևն) հետ այս չորսի զուգորդության համար; տես նաև հավելվածներից Հ-1.2-ը), ու հոգնակի:

Գրաբարյան շրջանում հայերենն իր հոգնակին կազմում էր անվանն ավելացնելով (աջից շղթայելով) «ք» ձևական մասնիկը (ինչպես այսօրվա անգլերենը, ինչը, բացի անկանոն հոգնակիները, իր անուններին ավելացնում է s մասնիկը):

Բայց հայերենի էվոլյուցիան դեն շպրտեց հոգնակիակերտ «ք»-ին իր զուգորդությունը (իսկ այս «ք»-ով հոգնակիներից կենդանի մնացածները համարեց եզակի, օրինակ, «ոտք, ձեռք, հոսք, չարչարանք, վարձք, տանջանք, արարմունք» ևն), ու սրա փոխարեն հոգնակի սարքելու համար վերցրեց անունին «(ն)եր» միացնելու ձևական մասնիկը:

Դրույթ 2. Այսօրվա հայերենն իր ձևաբանական (ոչ իմաստային) հոգնակին կազմում է նմանակցային «(ն)եր» զուգորդություններով:

Հայերենն ունի «իմաստային» հոգնակի ձևեր, օրինակ, «ժողովուրդ, ամբոխ, նախիր, սուրու, երամ, պարս, վտառ, խումբ, թափոր» ևն, որոնք ձևով եզակի են ու եզակու պես են գործածվում:

Բայց, թերևս հենց սրանցից ազդվելով.

Դրույթ 3. Այսօրվա հայերենի թվական-գոյական զույգը ձևով եզակի, բայց իմաստով հոգնակի մեկ հատիկ անուն է (տես 13.23-ը):

Հայերեն լեզուն (այսինքն, մայրենի հայերենների կրողներից ամեն մեկի ուղեղի կեղևը) այս՝ իրենց իմաստո´վ հոգնակի հավաքական անունները գործածում է միմիայն եզակի ձևով՝ «ժողովուրդը հելավ փողոցը; նախիրն էկավ տուն; երկընքից իրեք խնձոր ընգավ; սեղանին չորս խնձոր կա» ևն:

Բացի սա, հայերենը սրանց բոլորի համար համար ունի հոգնակի ձևեր՝ «ժողովուրդներ, ամբոխներ, նախիրներ, սուրուներ, երամներ, պարսեր, վտառներ, խմբեր, թափորներ» ևն, ինչը նորից ապացուցում է, որ այս հավաքական իմաստային հոգնակի գոյականները, այս «ժողովուրդ, ամբոխ, նախիր, սուրու, երամ, պարս, վտառ, խումբ, թափոր» գոյականների այս ձևերը, ձևով միմիայն եզակի´ թվով են:

Իսկ հայերենի թվական-գոյական զույգը (օրինակ, «իրեք խնձոր»-ը) «(ն)եր»-ով կազմած հոգնակի ձև երբեք չունի, չնայած գրական ոճերի գործածած միլիարդավոր արհեստական ձեվին (ib.):

Իմիջիայլոց, նշեմ, որ «նախիրը եկան; ժողովուրդը հեռացան» ձևերն ու սրանց պեսերը հայերեն չեն, որովհետև մայրենի հայերենի կրող ուղեղի կեղևում սրանց պես զուգորդություններ չկան, ինչքան էլ որ առանձին գրողները սրանց պես ոչ հայերեն բաներ հորինեն, լեզվաբաններն էլ սրանք արդարացնեն ու ասեն, թե սրանք «բակառություն են» (տես 13.24-ը):

Հայերենի ընդհանուր վերացական գաղափարները մասնավոր դարձնելու կամ նեղացնելու մասնիկային երկու հիմնական ձևերից գլխավորը բայական վերջավորություններով կրճատելն ու մասնավոր դարձնելն է:

Հայերենի գոյության «եմ/լինեմ/կամ» անկանոն (կամ Աբեղյանի ասած՝ հավելավոր) բայի ձևերի ու մնացած պրոցեսային բայերի իմաստի ընդհանրությունը մասնավորելու ձևերի մասին ասվեց ու դեռ էլի կասվի, բայց թերևս արժի, որ այստեղ նորից նշվի հետևյալը.

Դրույթ 3. Թերևս հայերենի պրոցեսային գոյության բոլոր բայերի ընդհանուրը մասնավոր դարձնող բոլոր ձևերը առաջացել են որևէ անվան (նաև դերբայների ու թերբառների, սրանց մասին տես քիչ հետո) ու «եմ/լինեմ/կամ» բայի ձևերի նմանակցային զուգորդությունից («գումարից») ու այսօր է´լ են կազմվում որևէ անվան (նաև դերբայների ու թերբառների) ու այս «եմ/լինեմ/կամ» բայի ձևերի նմանակցային զուգորդությունից:

Դիտողություն. Ես ավանդական անկատար դերբային, համակատար դերբային ու վաղակատարի դերբայների այն մասին, ինչն իր ուղղական հոլովաձևով չի համընկնում անորոշ դերբայի հետ (օրինակ, «անում; խաղալիս; խաղացել» բառային մասնիկներին) կոչում եմ թերի բառ կամ թերբառ, քանի որ Երևանի բարբառում սըրանք առանց «եմ» բայի ձևերի ոչ մի գործածություն չունեն ու, ըստ էության, ոչ թե լրիվ բառ են, այլ բառ կազմելու զուգորդական մասնիկ են (տես 13-15.-13.17 պարագրաֆները):

Դերբայների ու թերբառների համար 3-րդ դրույթն ակնհայտ է, իսկ պարզ բայերի համար, ինչպես ասվել է, Աբեղյանն էլ է ասում [3] իր ՀԼՏ-ի 369-րդ էջում, թե.

«...ոմանք ... մեր բայերի պարզ ժամանակները ... – գրեմ, գրես, գրե, գրենք, գրեք, գրեն, գրեի, գրեիր, գրեր, գրեինք, գրեիք, գրեին, – բացատրում են իբրև գր-եմ, գը-րես և այլն մասերից կազմված {թավատառն ու շեղատառն ի´մն է} ...», այսինքն, գիր+եմ, գի+րես, գիր+է, գիր+ենք, գիր+եք, գիր+են ևն:

Դրույթ 4. Հայերենի ընդհանուրը մասնավոր դարձնող պարզ ու բաղադրյալ անվանական բոլոր հոլովաձևերը կազմվում են որևէ պարզ կամ բաղադրյալ անվան ու հայերենի հոլովիչների (հոլովաձևային մասնիկների) նմանակցային զուգորդություններով:

Օրինակ, երբ ասում ենք «ծեր; ծերի; ծերից; ծերով», չափազանց ընդհանուր բան ենք ասում, քանի որ այս Տիեզերքի ամեն մի բանն էլ (ու գուցե հենց ինքը՝ Տիեզերքն էլ) անպայման ծեր (ծայր) ունի: Բայց երբ ասում ենք «քարի ծեր; քարի ծերի; քարի ծերից; քարի ծերով» ևն, ևն, ծայրերի այս անսահման բազմությունը կրճատում ու թողնում ենք միմիայն «քարի´ ծերերի» ենթաբազմությունը:

Իսկ երբ ասում ենք. «սև քարի ծեր; սև քարի ծերի; սև քարի ծերից; սև քարի ծերով» ևն, ծերերի այս ենթաբազմությունն ավելի շատ ենք կրճատում ևն: Ի վերջո, ասելով, «իմ սև քարի ծեր; իմ սև քարի ծերի; իմ սև քարի ծերից; իմ սև քարի ծերով» ևն, սկզբնական անսահման քանակի տարրերով բազմության էլեմենտերի թիվը հասցնում ենք մեկին:

Դրույթ 5. Այսօրվա հայերենի պարզ ու բաղադրյալ անվանական բոլոր ընդհանուրը մասնավոր դարձնող ձևերից մեկը այս պարզ ու բաղադրյալ անունն այսօրվա հայերենի «ըս; ըտ; ը(ն)» հոդային մասնիկների հետ նմանակցային զուգորդություն կազմելով է:

Այսինքն, ինչպես արդեն ասվել է, երբ ասում ենք՝ «գիրք; գրքեր», չափազանց ընդհանուր բան ենք ասում, քանի որ այս աշխարհում հազար ու մի տեսակ գիրք կա, բայց երբ ասում ենք՝ «գիրքըս; գրքերըս; գիրքըտ; գրքերըտ; գիրքը(ն); գըրքերը(ն)», գրքերի այս չափազանց լայն բազմությունը մասնավորում ու թողնում ենք միմիայն իմ, քո ու իր գրքերը: Նկատելի է, որ.

Դրույթ 6. Հայերենը երբեմն իր նմանակային ու կցորդական զուգորդությունները միացնում է իրար, ընդ որում, միմիայն որոշակի հերթականությամբ:

Օրինակ, երբ ուղեղը ստացական հոդային միացմունքները շղթայում զուգորդում է հոգնակիակերտ մասնիկային զուգորդությունների հետ, պարտադիր է, որ միմիայն այս երկրորդը, միմիայն այս հոգնակիակերտ զուգորդությո´ւնը լինի առաջնայինը՝ «գրքերըս, ոտներըս, ձեռներըս, վարձքերըս, տանջանքներըս» ևն: Ու լրիվ անհընար է, որ լինեն հակառակ հերթով միացություններ, այսինքն, լինեն՝ «գիրքըսներ, ոտըսներ, ձեռըսներ, վարձքըսներ, տանջանքըսներ»: Ուրեմն.

Դրույթ 7. Եթե մտապատկերը շղթայելով գրանցելու մեխանիզմը գործեր մտապատկերը առանց նմանացնելով գրանցելու մեխանիզմի, պիտի´ որ հանդիպեին նաև «գիրքըսներ, ոտըսներ, ձեռըսներ, վարձքըսներ, տանջանքըսներ» ու այլ տարբերակները:

Դրույթ 8. Եթե ուղեղի կեղևը հոգնակի ձևերը կազմեր եզակի ձևերից՝ հոգնակիակերտ մասնիկը ամեն անգամ զուգորդելով եզակուն (այսինքն, օրինակ, «գըրքեր»-ը ամեն անգամ կազմեր «գիրք» ձևին ավելացնելով «եր» մասնիկը), այդժամ պիտի լինեին նաև «գիրքըսներ, ոտըսներ, ձեռըսներ, վարձքըսներ, տանջանքըսներ» ձևերը:

Դրույթ 9. Այս ձևերի բացակայությունը ապացուցում է, որ ուղեղի կեղևում գրանցվում են թե´ բոլոր-բոլոր եզակի ձևերն ու սրանց հոդավոր ու հոլովական ձեվերը, առանձին-առանձին, թե´ բոլոր-բոլոր հոգնակի ձևերն ու սրանց հոդավոր ու հոլովական ձևերը, առանձին-առանձին:

Հենց այս նույն համատեղ ու նույն հերթով նմանակցային զուգորդություններով են գործում նաև բորոր անունների բոլոր զուգորդությունները՝ հոլովաձևային (ու նաև ածանցային ու մասնիկային) ձևերին. «քարը/ս/տ; քարի/ս/տ/ն; քարիցը/ս/տ/ը; քարովը/ս/տ/ը», «դպրոցը/ս/տ/ը; դպրոցի/ս/տ/ն; դպրոցիցը/ս/տ/ը դպրոցովը/ս/տ/ը, դպրոցումը/ս/տ/ը»: (Նույնն էլ՝ հոգնակու համար):

Իհարկե, հնարավոր են ավելի ու ավելի բարդ զուգորդություններ, որոնցով լեզուն ունի մասնավորեցնելու ավելի հստակ (կամ ավելի «մանր», ավելի նեղ, ավելի մասնավոր) ձևեր. «էս/իմ/առաջին քարը, էտ/քու/երկրորդ քարը, էն/իրա/երրորդ քարը»:

Իսկ ավելի բարդ ու ավելի կոնկրետ կցական զուգորդությունների օրինակներ են. «իմ էս առաջին սև քարը, քու էտ երկրորդ սև քարը, իրա էն երրորդ սև քարը», կամ էլ՝ «իմ էս առաջին հինգը փոքրիկ սև քարը, քու էտ երկրորդ հինգը փոքրիկ սև քարը, իրա էն էրեկ չէ՝ առաջին օրվա ութերորդ հինգը մանր ու փայլուն ու փոքրիկ սև քարը» ևն, ևն:

Դրույթ 10. Ածանցական մասնիկների վարքը, առհասարակ, ինչպես հետևյալները՝ «ան+գրագետ; ան+խելք; ան+կիրթ; ան+գործ; տ+գետ; տ+կար; չ+ուզողած; չ+կամ; չ+տես; չ+վազելը; չ+ուզելը; քար+ային; հիմն+ային; բանջա+րեղեն; հիմն+ական; լռ+ություն; քաջ+ություն հիաց+մունք; աղավաղմունք; վազ+ել; մոտ+ենալ» ևն, ևն, նույնպես նմանակցային զուգորդություններով է, ու սրանց հաստատուն բաղադրիչը նորից առաջին բաղադրիչն է, այսինքն, նախածանցն է:

Ինչպես արդեն տեսանք, ածականն այն բառն է, ինչը զուգորդությունների անփոփոխ բաղադրիչն է տվյալ գործածության մեջ: Ուրեմն, օրինակ.

Դրույթ 11. Այսօրվա հայերենի բոլոր հոլովաձևային, ածանցական ու հոդային մասնիկներն ածական են, քանի որ նույն անփոփոխ ձևով են զուգորդվում պարզ ու բաղադրյալ անուններին:

(Գուցե այս դրույթը հերետիկոսական թվա, բայց տրամաբանությամբ սա ժըխտելը անհնար է թվում: Իմիջիայլոց, անգլերենի քերականությունները իրենց a ու the հոդերը (կամ մասնիկները) համարում են ածական):

Ընթերցողին գուցե հետաքրքիր լինի այս պարագրաֆի համեմատությունը Աբեղյանի ՀԼՏ-ի 63. կետի հետ, էջ 131-137, [3]:

9.11 Գոյականն ածական է – Հերետիկոսությո՞ւն

Քերականները, 19-րդ դարից առաջ, ածականը դնում էին գոյականների շարքը, բայց, օրինակ, ինչպես Աճառյանն է ասում (ԼՔՀԼ, I, 3; նույն տեղը, III, 335), նոր քերականների մի մասը, սկսած 19-րդ դարից, ածականն անջատեցին գոյականների դասից:

Երիտքերականների մի մասը, օրինակ, Ֆերդինանդ դե Սոսյուրը, ըստ էության, կողմնակից էր իմ այս շարադրանքի քերականական վերացական ձևաբանությանը (ստրուկտուրալիզմ կոչվող ֆորմալիզմին կամ ձևական վերացականությանը):

Այնուամենայնիվ, այս ֆորմալիզմը, մինչև այսօր էլ, գոնե հայերենի բուն նկարագրական (սինքրոն) լեզվաբանության հետազոտական մեթոդների մեջ լրի´վ է անսովոր ու, այս առումով, ներկա շարադրանքը թերևս սպիտակ ագռավի պես մի բան է:

Սոսյուրի նշանավոր «Լեզվի ընդհանուր տեսությունը» (Saussure F., The General Theory of Language, [40], ես օգտվել եմ սրա անգլերեն թարգմանության 3-րդ հրատարակությունից ու սրանից արած իմ բոլոր քաղվածքները ես եմ թարգմանել), լույս է տեսել Սոսյուրի մահից 3 տարի անց, 1916-ին:

Ընդ որում, այս հրատարակությունը կազմել են Սոսյուրի ուսանողները, իրենց պաշտելի դասախոսից լսած ու իրենց գրանցած լեկցիաների հիման վրա:

Համարյա համոզված եմ, որ Աբեղյանն ու Աճառյանը Սոսյուրի այս գրքից երբևէ տեղյակ չեն եղել, ու թերևս հենց սրա համար է, որ այս երկուսն էլ լեզվաբանական հետազոտությունների «իմաստային» մեթոդի համոզված կողմնակիցն էին:

Ահա թե ինչ է ասում, օրինակ, Աբեղյանն իր ՀԼՏ-ի մեջ, էջ 22-ում (թավատառը, տողատմունքն ու ձևավոր փակագծերի դիտողություններն ի´մն են, Աբեղյանի խոսքը դարձրել եմ շեղատառ, որ տարբերվի իմինից).

«Բառերն ուրեմն նշանակություն են ստանում, երբ նրանց արտաքին հնչյունական կողմը կապվում է ոչ միայն անհատ, մեկ թանձրացական {կոնկրետ, որոշակի} առարկայի պատկերացման {մտապատկերի} հետ, այլև համազգի առարկաների ընդհանուր պատկերացման հետ, կամ որ միևնույն է {միևնույնն է}, բառերն ունենում են թե´ հատուկ, թանձրացական {կոնկրետ, որոշակի} նշանակություն, և թե´ ընդհանուր, վերացական:

«Բառերի այս ընդհանուր, վերացական բնավորությունն ահա՝ մեզ հնարավորություն է տալիս համեմատաբար սակավաթիվ բառերով խոսել գրեթե ամեն բանի մասին: Բայց բառերի նշանակության այս բնավորությունն էլ բավական չէ. մենք չէինք կարող խոսել, այսինքն, մեր մտածությունը հայտնել բառերով, եթե չլիներ հոգեկան գործունեության մի ավելի բարդ աստիճանը – հոգեբանական դատողութունը»:

Այս ամենը, անկասկած, հաստատո´ւմ է այս գրքի շարադրանքը, իսկ հոգեբանական դատողության մեխանիզմը ուղեղի կեղևում արտակարգ է հետաքրքիր, քանի որ առանց սրա մտածողությունն անհնար է:

Բայց հոգեբանական դատողության մանրամասն մեխանիզմը լրի´վ է անհայտ, ու սրա համար էլ սրա մասին ոչինչ չեմ ասում: Հետաքրքրվողը պիտի կարդա կա´մ Աբեղյանի ասածս էջերը, կամ (օրինակ) Աբեղյանի գրքի վերջում Աբեղյանի նշած ռուս հեղինակների գործերը: Աբեղյանը 25-րդ էջին գրում է.

«Մեր բոլոր պատկերացումները {մտապատկերները} արտաքին աշխարհի առարկաների ու երևույթների և մեր իսկ հոգեկան վիճակների մասին՝ իրար հետ զուգորդվելով կազմում են ամենից առաջ երկու մեծ խմբեր {խումբ} առանց որոնց մենք չենք կարող մտածել:

«Այդ պատկերացումների մի ՄԱՍԸ ներկայանում են {է, sic!} մեզ իբրև ինքնակա, անկախ գոյություն ունեցող առարկաՆԵՐ, մյուս ՄԱՍԸ՝ իբրև ոչ ինքնակա հատկանիշՆԵՐ – հատկություն, գործողություն, դրություն և այլն, որ մենք դիտում ենք առարկայի վրա {այսինքն, վերագրում ենք հենց առարկային}, որոնք և անբաժան են առարկայից և կամ նույնիսկ առարկայի հատկանիշից»:

Աբեղյանի այս երկրորդ հայտարարությունը, թե ուղեղում իբր կա մտապատկերների երկու առանձին ու իրար զուգորդվող խումբ, առարկաների´ խումբն ու առարկաների հատկանիշերի´ խումբը, սկզբունքային է, որովհետև, ինչպես արդեն տեսանք այս գրքի նախորդ պարագրաֆներում, ու ինչպես կերևա հետագա ողջ շարադրանքից, այս ենթադրությունը ՀԱԿԱԴԻՐ Է իմ այս գրքի շարադրանքի հիմնական սկզբունքներին:

Ուրեմն, Աբեղյանի այս թեզից բխում է, որ ուղեղի կեղևում իբր կա երկու տեսակ իրարից հստակ տարբերվող մտապատկեր, որոնցից մի տեսակը հենց այդ նույն կեղևն ընկալում է իբր միայն ու միայն որպես արտաքին աշխարհի «առարկա» (օրինակ, «ջրկրություն»-ը), իսկ ահա մյուս տեսակը՝ իբր առարկայի «հատկանիշ կամ գործողություն, կամ դրություն», (օրինակ, «ջրկիր»-ը) ընդ որում, ուղեղի կեղևն հատկանիշներն ընկալում է «առարկայից կամ առարկայի հատկանշից անբաժան…»:

Այս թեզը նախ հակասում է նեյրոհոգեբանությանը (տես, օրինակ, F. A. Hayek “The Sensory Order), երկրորդն էլ, ինչն ավելի կարևոր է, հակասում է իմ արդեն ներկայացրած լեզվական պրոցեսի այն ակնհայտ ու բազում փաստին, թե.

Դրույթ 1. Ուղեղի կեղևը, նույն բառի մտապատկերը մի ուրիշ բառի մտապատկերի հետ զուգորդելիս, այս բառը երբեմն «գործածում է» որպես «հատկանիշ ու գործողություն», երբեմն էլ որպես «առարկա» ու միմիայն այս զուգորդական գործածությո´ւնն է որոշում, տվյալ մտապատկերը հատկանի՞շ է, թե՞ առարկա:

Դրույթ 2. Ուրեմն, խիստ անհավանական է, որ ուղեղի կեղևը, որևէ բառի մտապատկերը մի ուրիշ բառի մտապատկերի հետ զուգորդելիս, հատկանիշն առարկայից տարբերելու մի հատուկ մեխանիզմ ունենա:

Իրոք, ահա զուգորդության մի քանի օրինակ ևս. «սև քար; սև քարի; սև քարից; սև քարով»: Այս զուգորդությունների «սև»-ը, անկասկած, հատկանիշ է, բայց՝ «սև; սևի; սևից; սևով» առանձին բառերի ու նույնիսկ ավելի շեշտված՝ «սևը; սևինը; սևինից, սևինով»-ների բառերի մտապատկերները, նորից անկասկած, հենց Աբեղյանի ասած «ինքնակա, անկախ գոյություն ունեցող առարկա»-ն են, կամ գոնե «առարկա են մտածվում»:

Գուցե ոմանք չհամաձայնեն ու ասեն, որ այս «սև»-ը մի´շտ է հատկանիշ, ու երկրորդ ու երրորդ դեպքերում միմիայն «գոյականաբար է գործածվում», բայց, ինչպես արդեն ասվել է, շատ դժվար է հավատալը, որ ուղեղի մոլեկուլները, հենց որ ճանաչում են այս «սև» բառի մտապատկերը, իրենց ատոմամոլեկուլային մի կառույցով իսկույն գլխի են ընկնում, որ այս մի անգամն այս «սև»-ն արդեն ոչ թե գոյական է, այլ ընդամենը հատկանիշ, ու սա պիտի արդեն անպայման «գոյականաբար գործածվի»:

Նույն ձևով «ջուր կրողը; ջուր կրողի; ջուր կրողից; ջուր կրողով» կաղապարային զույգերի «ջուր»-երը ա´նպայման են հատկանիշ, որովհետև Աբեղյանի գերադասած հատկանիշային «ջրկիր»-ից ու սրա մնացած ձևերից բացարձակ ոչնչով տարբեր չեն, ինչքան էլ որ Աբեղյանը փորձի հակառակը ապացուցի:

Իրոք, այս աշխարհում հազար ու մի տեսակ «կրող» կա, օրինակ, «ցախ» կամ «ցեխ» կամ «հող» կրողը, ու «ջուր կրողը» սրանց մի տեսակն է, ու այս բաղադրյալ «ջուր-կրողը» բառի «ջուր» բաղադրիչը չի փոխվում, երբ այս բաղադրյալ բառը հոլովաձևեր է ստանում: Ուրեմն, այստեղի «ջուր»-ը ածակա´ն է:

Իմիջիայլոց, մենք բոլորովին չենք զարմանում, երբ այս իբր «սրսուռ» գոյական «ջուր» բառը «մի նենգ դավաճանությամբ» ածականություն է ցույց տալիս հետևյալ բառերի մեջ՝ «ջրիկ (ջուրիկ), ջրալի, ջրաներկ (նկար), ջրգիծ, ջրբաժան, ջրդող, ջրշուն, ջրցան, ջրհոր» ևն բառերի մեջ:

Ընդ որում, չափազանց դժվար է (եթե ոչ անհնար) ցույց տալը, որ սրանցից, օրինակ, «ջրկիր»-ը, կամ էլ, օրինակ, «քարայծ»-ը, ա´նպայման է առարկա, իսկ «ջըրիկ, ջրալի»-ն ա´նպայման են հատկանիշ:

Նույն ձևով, ոչ մի իմաստային կամ քերականական տարբերություն չկա նաև հետևյալ զույգերի միջև. «քարտաշ–քար տաշող; պատշար–պատ շարող; կոշկակար–կոշիկ կարող; հողափոր–հող փորող; հրշեջ–հուր շիջող; գորգագործ –գորգ գործող» ևն, ևն:

Ուրեմն, չպիտի զարմանանք կամ հակադրվենք, երբ ասվում է, որ այս «ջուր; քար; պատ; կոշիկ; հուր; գորգ» գոյականները նաև ածական են, եթե/երբ զուգորդության անփոփոխ բաղադրիչն են: Բայց, այս առումով, արդեն հնարավոր է, որ հայերենի բոլո´ր անունները դառնան ածական:

Բերենք Աբեղյանի ևս մի քանի հետագա դատողությունը (վերապահությունները նույնն են):

«Օրինակ՝ «սպիտակ ձյունը սաստիկ փայլում է» խոսքի մեջ «ձյունը» պատկերացնում ենք իբրև ինքնակա, ինքնուրույն գոյություն ունեցող մի բան – առարկա, իսկ «սպիտակ», «փայլում է» բառերի բովանդակությունը՝ իբրև ձյունի հատկանիշներ, որ ձյունից անկախ չեն, այլ գտնվում են ձյունի մեջ և նրանից անբաժան են. Նույնպես և «սաստիկ» բառը նշանակում է մի հատկանիշ, որ անբաժան է ձյունի «փայլում է» հատկանիշից և որ նույնպես իբրև ինքնակա գոյություն ունեցող չի մտածվում, ինչպես և «փայլում է», «ըսպիտակ» հատկանիշները»:

Սա, իհարկե, ուղեղի մտածելու մեխանիզմի գուցե մի հնարավոր բացատրություն է, բայց սա բավարար չեմ համարում ոչ միայն իմ նախորդ առարկությունների պատճառով, բայց նաև հետևյալ հավելյալ պատճառներով:

1. Հավանական չի, որ ուղեղի կեղևի մտապատկեր գրանցող մոլեկուլային կառույցները, զուգորդություններից բացի, ինչ-որ մի ուրիշ հատուկ մոլեկուլային կառույց կամ բիոքիմիական պրոցես ունենան, ինչով, օրինակ, ոչ միայն տարբերում կամ դասդասում են ածական կոչված ամմե´ն մի բառի, օրինակ, «սպիտակ»-ի ու «սպիտակության» մտապատկերներից մեկի (օր. «սպիտակ»-ի) հատկանիշ լինելը մյուսի (օր. «սպիտակություն»-ի) առարկա լինելուց, այլ նաև «սպիտակ»-հատկանշի ու «սպիտակ; սպիտակ+ի; սպիտակ+ից; սպիտակ+ով» հոլովաձեվերով իբր առարկա մտածվողի իմաստային տարբերությունները, ընդ որում, այնպե´ս, որ սրանցից առաջինը ընկալվի միմիայն իբրև հատկանիշ, իսկ երկրորդը՝ իբր միմիայն հոլովաձևերով առարկա կամ «առարկա մտածվի»:

2. Եթե այս «սպիտակ»-ը մի´շտ ու ա´նպայման է անբաժան հատկանիշ մտածվում, ուրեմն, սա «սպիտակություն» բառի մեջ է´լ է հատկանիշ: Բայց այս անգամ էլ, եթե «սպիտակություն» բառի արմատը հատկանիշ է, այդ ինչպե՞ս է, որ ողջ բառը հատկանիշ լինելու հատկությունից զուրկ է ու միմիայն առարկա է մտածվում:

3. Եթե ասվի «սպիտակ ձյունը սաստիկ չի փայլում», ու հետո էլ՝ «կա սպիտակ, ինչը սաստիկ չի փայլում», ուղեղի կեղևն ինչպե՞ս կջոկի, որ այս երկրորդ «սպիտակ»-ն արդեն հատկանիշ չի, այլ (ու արդե´ն) առարկա է:

3. Եթե «սպիտակ»-ը միշտ ու անպայման է հատկանիշ ցույց տալիս, ու «սպիտակություն»-ն էլ միշտ ու անպայման է առարկա ցույց տալիս, այդժամ եթե ասվի «սպիտակը սաստիկ չի փայլում», ու հետո էլ՝ «սպիտակությունը սաստիկ չի փայլում», ուղեղի կեղևն ինչպե՞ս կջոկի, որ այս «սպիտակը» անպայման հատկանիշ է (Աբեղյանի ասելով), իսկ «սպիտակությունը» անպայման առարկա է:

Որ անհնար էր, որ Աբեղյանն այս հարցերում հակասական չլիներ, ապացուցում են հենց Աբեղյանի հետևյալ տողերը ([3], ՀԼՏ, 141; վերապահությունները նույնն են).

«Բառերի զանազան առումների մեջ առանձնապես պետք է նկատի ունենալ փոխանցումը գոյականի և ածականի միջև, այն է՝ գոյականների գործածությունն իբրև ածական, և ընդհակառակն. օրինակ՝ «տոն օր, ոսկի բաժակ, քար սիրտ, ձմեռ ժամանակ, լույս սենյակ» – իբրև «տոնական օր, ոսկեղեն բաժակ, քարեղեն սիրտ, ձմեռային ժամանակ, լուսավոր սենյակ» (չակերտներն ի´մն են):

«Նույնպես՝ «մութ, խավար, սուտ, ծակ, հանգիստ» և շատ ուրիշ բառ գործածվում են {է} նաև իբրև ածական՝ «ծաղիկ հասակ, հանգիստ տեղ, ցից ժայռ, ապառաժ քար, հրեշ մարդ» (չակերտներն ի´մն են):

«Իսկ ածականները՝ «աղքատ, մուրացկան, անասուն, թռչուն, կենդանի, սուր, տաք, ցուրտ, շոգ» և այլն նաև գոյական են: Կան ածականներ ևս, որոնք գոյականաբար գործածվելով {sic!} առանձին նշանակություն են ստանում. ինչպես ժողովրդական լեզվի մեջ «ես հիմա դրա կարմիրը կկապեմ» (կսպանեմ). «բարով կարմիրդ կապենք» (պսակենք քեզ)»:

Թվում է, թե այս դիտողություններից ու այս ու մնացած բազում-բազում այսպիսի օրինակից հետո, թե´ գրաբարից (ու մա´նավանդ գրաբարից), թե´ աշխարհաբարից, որոնք ցույց են տալիս, որ գոյականը կարող է լինի ածական ու հակառակը, ածականն էլ կարող է լինի գոյական, մեր լեզվաբանները պիտի´ որ համակերպվեին այս փաստի հետ:

Այնուամենայնիվ, երբ մեր լեզվաբանները տեսնում են, որ սրանցից մեկը մյուսի պաշտոնով գործածվեց, նորից ոչ միայն համառ-համառ ու միաձայն պնդում են, որ սրանք իրարից հստակ են տարբեր, այլև, իբր այս փաստի հակասականությունից ազատվելով, հայտարարում են, իբր «գոյականն ածականաբար գործածվեց» կամ «ածականը գոյականաբար գործածվեց» (Տես նաև 11.5-ը, 13.11-ը):

Հետագայում հենց ի´նքը, հենց Աբեղյա´նն է իր 1936 թվի ելույթի մեջ ասում (իր ՄՔՔԽՄ-ի մեջ [4]), որ հայերենի անորոշ դերբայը բայական ոչ մի ֆունկցիա չունի ու գոյակա´ն է, ու հենց իր գոյական լինելու պատճառո´վ է հնարավոր, որ սա «գոյականաբար գործածվի» (ՄՔՔԽՄ, 535):

Այնուամենայնիվ, մի՞թե գոյականն ու ածականը ոչ մի բանով տարբեր չեն:

Գոյականի ու ածականի տարբերությունը ճիշտ այնքան է, ինչքան պատշար մարդու ու հնձվոր մարդու տարբերությունը:

Այս երկուսն էլ, անկասկած, մա´րդ են, ու այս երկու մարդուց ամեն մեկն էլ կարող է մեկը մյուսի գործն անի, եթե սրանցից ամեն մեկն էլ «սովորի´» մյուսի մասնագիտությունը, իսկ սովորելու համար էլ՝ պիտի մյուսի փոխարեն «աշխատի», այսինքըն, պիտի ճիշտ մյուսի´ պես զուգորդվի:

Իսկ եթե սրանք հավասար չափով տիրապետեն իրար մասնագիտություններին, էլ ինչպե՞ս կիմանանք, թե մարդկանցից ո´վ է միմիայն պատշար մարդը, ու ո´վ է միմիայն հնձվոր մարդը:

Ուրեմն, այստեղ գլխավոր խնդիրը բառի զուգորդական (շղթայմունքային) պաշտոնի մասնագիտությունն է: Կնշանակի, սխալ չի լինի, եթե ասվի.

Դրույթ 3. Գոյական անունի ու ածական անունի միջև սկզբունքային տարբերություն չկա: Այս երկուսի ընդհանուր հատկությունը (եթե կուզեք, սրանց ընդհանուր սահմանումը) թե´ հոլովաձևային մասնիկներին, թե´ ուղղական-հայցական հոլովաձևով այլ անուններին ու բայերին զուգորդվելն է (նմանակցվելով: «Մարդավարի ասած», հոլովաձև ունենալն ու ածական ու ստորոգյալ դառնալն է):

(Բացի Երևանի բարբառի «էս; էտ; էն» ցուցական ածականների, որոնք միմիայն ածական են ու գոյականական գործածություն համարյա չունեն: Բայց սրա պատճառը թերևս այս ածականների արդեն ձևական մասնիկ դառնալն է: Սրանց մասնիկության օգտին է այն հանգամանքը, որ սրանք հոգնակի ձև չունեն, ճիշտ «կ» մասնիկի պես»: Նույն կերպ էլ անձնական դերանուններն են միմիայն գոյական ու թերևս երբեք ածական չեն):

Դրույթ 4. Թերևս հարմար է, որ գոյականի ու ածականի ընդհանուր անունը լինի անուն, որովհետև շատ հավանական է, որ լեզվի էվոլյուցիան սկզբում գոյականների´ բառ-մտապատկերներն է ստեղծել ու սրանք կցել է իրենց ֆիզիկական մտապատկերներին, հետո նոր ստեղծել է այս բառ-մտապատկերների զուգորդությունները, ու (հոգեբանական դատողությամբ) այս զուգորդությունների առաջին՝ չփոխվող բաղադրիչներն սկսել են ընկալվել հատկանիշ (ածական):

Օրինակ, եթե արդեն կան «ջուր» ու «կիր» (կրելու-տանելու գաղափարի) արմատները, հնարավոր է, որ սրանց զուգորդության թե´ առաջին բաղադրիչը լինի ածական հատկանիշ, թե´ «ջուր+կիր»>«ջրկիր» զուգորդությունը (ևն), եթե այս զուգորդությունը մի անգամ է´լ զուգորդվի, օրինակ, «մարդ» կամ «անասուն» անուններին, ու դառնա «ջրկիր մարդ, ջրկիր անասուն» ևն: Կրկնենք, որ.

Դրույթ 5. Եթե երկու զուգորդվող բառից մեկը (մեծագույն մասամբ՝ առաջինը) չի փոխվում (այսինքն, ուղղական հոլովաձևով է մնում), իսկ երկրորդը հոլովաձեվեր է ունենում, ուրեմն, առաջինը, ա´յս գործածության մեջ, ածական է, երկրորդը՝ գոյական:

Օրինակ, հենց նախորդ օրինակի «ջուր» բաղադրիչն անփոփոխ է մնում. «ջըրկիր; ջրկրի; ջրկրից; ջրկրով», փոխվում է միայն երկրորդը: Ուրեմն, այս առաջինը, այս «ջուր>ջըր»-ը, այստեղ (բայց ոչ ամենուր) ածական է, իսկ երկրորդը, այս «կիր=կրող»-ը, գոյական, որովհետև այս զուգորդության հնարավոր հետագա գործածությունների մեջ կարո´ղ է հոլովաձևեր ունենա:

Դրույթ 6. Զուգորդվող բառերից ա´յն բառը (կամ մասնիկն) է ձևով մնում անփոփոխ, այսինքն, դառնում է ածական, ինչը մասնավորում է գլխավոր բառի ընդհանրությունը:

Օրինակ, «ջրկիր» բառի «ջր» մասնիկն է նեղացնում «կիր=կրող» բառի իմաստը (հնարավոր է հազար ու մի տեսակ կրող), «ջուր» զուգորդվողը այս հազար ու մի կրողը մասնավորում նեղացնում է մինչև ջուր կրողը:

Նույն ձևով, «մեղր ուտող»-ի («մեղրակեր»-ի) «մեղր» բաղադրիչն է ածականը, երբ ասում ենք «մեղր ուտող; մեղր ուտողի; մեղր ուտողից; մեղր ուտողով», որովհետև այս ածական աշխատող «մեղր»-ը իր զուգորդական զորությամբ հազար ու մի հնարավոր ուտողից առանձնացնում է միմիայն «մե´ղր ուտող»-ներին:

Ու հենց այս ձևով է, որ ածական են՝ «ճանճասպան»-ի «ճանճ»-ը, «անխելք»-ի «ան»-ը, «չտես»-ի «չ»-ն, «տկար»-ի «տ»-ն ևն:

Դրույթ 7. Այն տպավորության պատճառը, թե կա գոյական, ինչը երբեք ածական չի, գոյականների մի մասի չափազանց ՔԻՉ ԶՈՒԳՈՐԴՎԵԼՆ Է, քիչ շղթայվելն է ուրիշ գոյականներին:

Օրինակ, գուցե ոմանց թվա, թե «Տիեզերք» բառը երբեք ածական չի լինի: Բայց մի՞թե հնարավոր չի, որ ասվի. «Տիեզերք ուսումնասիրող; Տիեզերք ուսումնասիրողի; Տիեզերք ուսումնասիրողից; Տիեզերք ուսումնասիրողով»:

Այս ողջ շարադրանքից հետո էլ ո՞վ ռիսկ կանի առարկի ու ասի, թե այս զույգերի «Տիեզերք»-ն ածական չի: Աշխարհում հազար ու մի տեսակ ուսումնասիրող կա, ու սրանց մի մասնավոր կամ նեղ տեսակն էլ «Տիեզերք ուսումնասիրող»-ն է:

Ինչո՞վ է այս «Տիեզերք ուսումնասիրող»-ի «Տիեզերք» ածականն ավելի վատը, քան «վատ ուսումնասիրող»-ի «վատ» ածականը, կամ «խելոք ուսումնասիրող»-ի «խելոք» ածականը, կամ «պատ շարող»-ի «պատ» ածականը, իսկ այս «պատ շարող»-ն էլ լրի´վ է նույնական «պատշար»-ի հետ: Բայց ախր այս վերջինը հաստա´տ է ածական: Ո՞վ չի ասի, որ այս «վատ», «խելոք» ու «պատշար» բառերն ա´նպայման են ածական:

Թե՞ գոյական են: Ախր կասեն, չէ՞, «պատշար, պատշարի, պատշարից, պատշարով»: Մանավանդ, եթե ասեն «լավ/վատ/շնորհքով/անշնորհք պատշար»: Թե՞ ածական են: Բա չե՞ն ասում «պատշար մարդ/բրիգադ/մեքենա» ևն:

Որոշողը մի´միայն գործածությունն է: Ավելի ճիշտ, որոշողն այս գործածությանը վարժվելն ու սրա սովորական դառնալն է (խոսող հանրության համար):

Իմ այս դրույթների նույնիսկ ամենաթունդ հակառակորդն էլ, շատ-շատ, ասի, թե «այստեղ այս «Տիեզերք» գոյականը ածականաբար է գործածվում»:

Բայց, օրինակ, կարո՞ղ է որևէ բանը «գդալաբար գործածվի», եթե այդ բանը գոնե մի քիչ գդալ չի: Հնարավո՞ր է, որ պատառաքաղը կամ մանգաղը կամ խնձորը «գդալաբար գործածելով», ապուր ուտվի, հը՞: Իսկ, ա´յ, շերեփով կամ փոսորակ քարով կամ պինդ տերևով ապուր կուտվի´, որովհետև շերեփը, կամ փոսորակ քարը, կամ պինդ տերևը «ահագին գդալ են»:

Հնարավոր է նույնիսկ, որ Երևանի բարբառի այսօրվա տարօրինակ «էսի; էտի; էնի» դերանունները (որոնք, իհարկե, անուն են, որովհետև «սա; դա; ինքը» ցուցականների հետ անունների մի անկանոն խումբ են կազմում), նույնպես լինեն ածական:

Իրոք, եթե ասվի «վագր տեսած; վագր տեսածի; վագր տեսածից; վագր տեսածով», մի՞թե հնարավոր չի, որ սրանց այս «վագր»-ը փոխարինվի «էսի; էտի; էնի» դերանուններից որևէ մեկով: Սա զարմանալի է այն իմաստով, որ այս ցուցական դերանունների համապատասխան ցուցական ածականները միմիայն ածական են:

Դրույթ 8. Միմիայն բոլոր արդեն ածականացած մասնիկներն ու բառերն են («կը; չը; տ; ան; պիտի» ևն ու, թերևս, նաև թերբառները), որ միմիայն ածական են ու գոյական չեն, որովհետև անհնար է, որ սրանք հոլովաձևեր ունենան:

Դրույթ 9. Ավանդական (զուգորդվողի´, շղթայվողի´ մասնագիտությամբ) բոլոր ածականները (բացի Երևանի բարբառի «էս; էտ; էն» ցուցական ածականները) ա´նպայման են նաև գոյական, որովհետև, այլ գոյականների ու նաև բայերի հետ զուգորդվելիս, կարող են հոլովաձևեր ունենան:

Դրույթ 10. Անունների մի մասը ուղղական հոլովաձևով հազվադեպ է զուգորդվում այլ գոյականներին, սրա համար էլ այսօրինակ գոյականների ածականական գործածությունները շատ քիչ են նկատվում, ու այսպիսի գոյականներին (իհարկե սխալ) ասում են «բուն գոյական» կամ «նեղ մտքով գոյական»:

Օրինակ, եթե «քար» բառն այնքան քիչ է զուգորդվում մնացած «նեղ մտքով գոյականներին», որ շատերին թվում է, թե անհնար է, որ «քար» բառը «հատկանիշ արտահայտի», ու երբ մեկն ասում է՝ «քար սիրտ մարդ», հետո էլ ուղղակի՝ «քար սիրտ», մի՞թե միայն այս «քար»-ն է իսկույն սկսում հատկանիշ ցույց տալը: Մի՞թե մնացած «բուն» գոյականները դատապարտված են հավետ զուրկ մնալու հատկանիշ ցույց տալու կարողությունից:

Ու երբ մարդիկ ու նույնիսկ լեզվաբանները, սկսում են այս «քար»-ը կպած գրելը «սիրտ» բառին ու գրում են՝ «քարսիրտ», սա հենց ի´նքն է դառնում հատկանիշ, եթե/ երբ զուգորդվում է «մարդ» բառին՝ «քարսիրտ մարդ»:

Բայց ախր գուցե ասենք՝ «քարսիրտ մարդ պաշտող», չէ՞ որ սա է´լ է հնարավոր: Ուրեմն, հիմա էլ գուցե սրա՞նք գրենք կպած՝ «քարսիրտմարդ պաշտող»:

Իսկ եթե հանկարծ մի գեղեցիկ օր էլ ասենք «քարսիրտմարդ պաշտող միամիտ կին», ի՞նչ է, պիտի Մարկ Տվենի նշանավոր պատմվածքի գերմանացի հերոսի պես գրենք «քարսիրտմարդպաշտողմիամիտ կին», ու այս անգամ արդեն պիտի մեր լեզվաբանները պնդեն, որ այս «քարսիրտմարդպաշտողմիամիտ» մի մղոնանոց հրեշավոր «անակոնդա-բառը» ցույց է տալիս այս անբախտ ու բազմաչարչար կնոջ «անբաժան քարսիրտմարդպաշտողմիամիտային» հատկանի՞շը, հա՞: Թե՞ այդ նույն խեղճ կնոջ «անբաժանքարսիրտմարդպաշտողմիամիտային» հատկանի´շը, հը՞:

Ու այս լեզվական հրեշը միմիայն հիմա՞ կդառնա հատկանի՞շ, հա՞: Մի՞թե ակնհայտ չի, որ լեզուն նկարագրելու իմաստաբանական այս ուղին ա´նպայման է ամուլ, ա´նպայման է ստերջ:

Մի՞թե այս օրինակը ցույց չի տալիս, որ Աբեղյանի ասած «առարկայից անբաժան հատկանիշը», այսինքն,մեր այս օրինակի այս անբախտ կնոջ այս «անբաժանքարսիրտմարդպաշտողմիամիտային» հատկանիշն առաջանում է ուղղակի միայն այն պատճառով, որ ուղեղի կեղևում այս բառերի մտապատկերները զուգորդվում են իրար:

Ահա մի ուրիշ դիտողություն: Լեզվում հնարավոր են նաև թե´ այլաբանական զուգորդություններ, օրինակ, «քար լռություն» կամ «սպիտակ լռություն» (Ջեկ Լոնդոն), թե´ տրամաբանության տեսանկյունից լրիվ անհեթեթ զուգորդություններ, օրինակ, «կապույտ կարմրություն»:

Դե թող այժմ որևէ մեկն ապացուցի, որ այս «քար»-ը կամ այս «սպիտակ»-ը «լռության» անբաժան հատկություններն են, իսկ վերջին «կապույտ»-ն էլ «կարմիրի» անբաժան հատկությունն է:

Այս դատողությունները հասցնում են մի զարմանալի եզրակացության.

Օրենք. Բառի տեսակը (այսինքն, բառի գոյական կամ ածական կամ բայ լինելը) որոշվում է միմիայն լեզվական պրոցեսի սպոնտան կարգի մեջ (տվյալ հանրության լեզվի մեջ) այլ բառերին այս բառի զուգորդվելու տվյալ շրջանի ավանդական դարձած «սովորութային» ձևերի տեսակներով:

Այս զարմանալի ու թերևս անսպասելի աքսիոմ-օրենքը, ըստ էության, ուղեղի կեղևի լեզվաբանական արարմունք-գործունեության ֆունդամենտալ ձևի արտահայտությունն է, ու սա հիանալի է հաստատվում այսօրվա անգլերենի բազում իրողությունով:

Առավել զարմանալի է, որ այս դրույթը հայերեն լեզվի ածականների համար հույժ տարածված է, ու Աբեղյանն է´լ է սա բազմիցս ասում (միմիայն ածականների ու մակբայների առումով, իհարկե), այսինքն, ասում է, թե հայերենի ածականը նաև մակբայ է, եթե ածականը դրվում է մի ուրիշ ածականի կամ բայի վրա:

Օրինակ, «արագ գնացք»-ի «արագ»-ը ածական է, բայց «արագ գնաց»-ի «արագ»-ը արդեն համարվում է մակբայ: Բայց Աբեղյանն այս դրույթի ընդհանրությունը (այսինքն, նախորդ աքսիոմի թեզի ընդհանրությունը) չի նկատում:

Ինչպես քիչ առաջ ասվեց, այսօրվա անգլերենի համար, ինչը համարյա լրիվ է անջատական լեզու, օրինակ, train-ը թե´բայ է, ինչը նշանակում է` «սովորի´, սովորեցրո´ւ, մարզի´, կրթի´, դաստիարակի´; գնա´, ընթացի´» ևն, ևն, թե´ գոյական է՝ «ընթացք» ու «գնացք» իմաստներով: Սա սովորական է անգլերենի համարյա բոլոր բայերի համար:

Կամ fast բառը, որ թե´ գոյական է «ծոմ/պաս» իմաստով, թե´ բայ է՝ «ծոմ/պաս պահեմ» իմաստով, թե´ ածական է՝ «արագ» իմաստով, թե´ մակբայ է, նորից նույն «արագ» իմաստով:

Սովորութային նորաբանության լավագույն ու ամենաթարմ օրինակները, թերևս արդեն բազմիցս հիշատակված «թույն կոշիկ, դզող գինի, պայթած կոմպ, հոգնած գինի» երևույթներն են:

9.12 Եզրակացություն

Աբեղյանն իր ՀԼՏ-ի, [3], 30-38-րդ էջերում մանրամասն քննարկում է բառերի (իհարկե, բառերի մտապատկերների´) զուգորդությունների առանձին ենթախմբերը ու եզրակացնում է (էջ 35, թավատառն ի´մն է).

«Այսպիսով, ուրեմն, լեզուն դառնում է ամբողջապես բազմաթիվ և բազմազան զուգորդությունների մի ցանց. Այս պատճառով դժվար թե լինի լեզվի մեջ որևէ բառ կամ շարահյուսական կապակցության ձև, որ չզուգորդվի ուրիշների հետ և չմտնի որևէ խմբի մեջ»:

Աբեղյանի այս եզրակացությունը, ըստ էության, հաստատում է սույն շարադրանքի այս 9-րդ գլխի աքսիոմներն ու դրանցից բխող այն եզրակացությունները, որ.

Եզրակացություն 1. Մարդկային լեզուն, մարդկային մտածողությունն ու նաև բանականությունը մարդու ուղեղի կեղևում գրանցված զուտ վերացական, զուտ ձեվական բառ-ձայների մտապատկերների զուտ վերացական, զուտ ձևական զուգորդությունների սպոնտան ինքնակարգավոր ու ինքնակառավար (ինքնին, ավտոմատով ծագող ու ծագած) պրոցես-արդյունքն է:

Բայց եթե այս եզրակացությունը անվիճելի է, այդժամ.

Եզրակացություն 2. Պարտադիր է, որ մարդկային լեզվի (այսինքն, լեզվական պըրոցեսի սպոնտան կամ ինքնակա կարգի) թե´ հետազոտությունը, թե´ նկարագրությունը հիմնվի բառերի միմիայն զուտ վերացական ձևաբանական ու զուտ վերացական շարահյուսական զուգորդությունների հետազոտության ու նկարագրության վրա:

Եզրակացություն 3. Այն հարցը, թե տվյալ բառը խոսքի ի´նչ մաս է, իմաստ չունի առանց այս բառի կոնկրետ զուգորդական գուրծածությունը նշելու, ավելի ճիշտ, իմաստ չունի առանց այս բառի կոնկրետ բառային շրջապատի քննելու:

Դրույթ 1. Տվյալ բարբառի հնարավոր բոլոր զուգորդություններից ամենակարեվորները անունների կամ անվանական զուգորդությունների զուգորդություններն են բայերին, ու հենց սրա´նց են ասում խոսք (նախադասություն):

Դրույթ 2. Հետևյալ տիպի հարցերը. «Ի՞նչ խոսքի մաս է, օրինակ, «սև» բառը» կամ «Ի՞նչ է ցույց տալիս «սև» բառը, առարկա՞, հատկանի՞շ, հատկանշի հատկանի՞շ, խնդի՞ր, թե՞ պարագա» ԻՄԱՍՏ ՉՈՒՆԵՆ, եթե չի նշվում, թե այս «սև» բառը բառերի ո´ր զուգորդության կամ ո´ր կոնկրետ խոսքի մեջ ի´նչ իմաստ ունի կամ ո´ր կոնկրետ խոսքի (ավանդական իմաստով) ի´նչ մասն է:

Ուրեմն.

Եզրակացություն 4. Բառերի, բառակապակցությունների ու խոսքերի իմաստաբանական հետազոտությունն ու մեկնաբանությունը պիտի տրվի մտածողության այլ ոլորտներին ու մեթոդներին, օրինակ, փիլիսոփայությանը, իսկ իմաստների էվոլյուցիայի քննությունը պիտի թողնվի դիաքրոն լեզվաբանությանը:

Սա´ է պատճառը, որ սույն շարադրանքը, առաջին անգամ շեղվելով քերականական ավանդույթից, իրագործում է այս երկրորդ եզրակացության հարկադիր ծրագիրը, հաշվի առնելով 3-րդի ու 4-րդի պահանջները:

Գլուխ 10. ՏԵՂԱՌՔԻ ՕՐԵՆՔՆ ՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

10.1 Բուն օրենքն ու կանոնները

Հույս չունեմ, որ այս գիրքը կստիպի, որ մեր գրական ոճերը շտկվեն, այսինքն, հույս չունեմ, որ մեր գրական ոճերը կազատվեն իրենց քերականական միլիարդավոր սըխալից, ու նույնիսկ չեմ էլ կարծում, որ գոնե տերմիններն ու անունները տառադարձելու մասին ասածներս (տես գլուխ 21-ը) բան կփոխեն:

Խավարամոլությունը հզոր ու ահավոր բան է: Բայց գուցե ապագայում (երբ ես չեմ լինի), այս գիրքը «սառույցը տեղից գոնե մի քիչ շարժի»:

Սրա հույսն ունեմ, որովհետև երբ (մոտ 20 տարի առաջ) հրատարակեցի իմ «Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը» գիրքը, ինչի մեջ կային հայերենի թվական-գոյականի գործածության օրենքները, հրատարակիչներից մեկը զանգեց ինձ ու ասաց, որ իմ առաջարկած կանոններով իրենց տպագրելիք վերջին գործի մեջ առկա թվական-գոյական զույգերի համաձայնությունն են ուղղում, ու նաև ասաց, որ արածս գործը շատ կարևոր է:

Այս հրատարակիչը նաև հարցրեց, թե «բոլոր» բառը անորոշ թվակա՞ն է, թե՞ չէ: (Այս բառի քննությունը տես հետո):

Ինքս, երբ ուզում եմ իմ համար սրա պես կասկածելի լեզվական մի երևույթի տեսակը պարզեմ, գործածում եմ իմ տեղառքի մեթոդը, ինչը հիմնված է այն թեզի վրա, որ Լեզվի Գլխավոր Օրենքն ինքնին մի´շտ է ճիշտ, այսինքն, լեզվական երեվույթի ճըշտությունը պարզելու միակ միջոցն այդ երևույթը տվյալ բարբառի անալոգ երևույթների հետ համեմատելն է:

Բայց այս մեթոդը, ըստ էության, հիմնված է լեզվի գործունեության նմանակցային ու կցորդային զուգորդությունների վրա:

Իրո´ք, չէ՞ որ առանձին բառերի ու ձևական մասնիկների միացմունքները (զուգորդությունները, շղթայմունքները) բացարձա´կ են վերացական, որովհետև, ինչպես ասվել է, անհնար է, որ ուղեղի կեղևի մտապատկեր գրանցող ատոմական կառույցները, բառ կամ կապակցություն գրանցելիս, ղեկավարվեն բառերի կամ բառերի զուգորդությունների պայմանադիր իմաստներով:

Սա ակնհայտ է, որովհետև նույնիսկ ժառանգական ինֆորմացիան գրանցող վիթխարի մոլեկուլները՝ միլիոնավոր ատոմանի դեզօքսիռիբոնուկլեինային թթուները, բացարձակ զուրկ են բանականությունից:

Մոլեկուլը, ինչքան էլ բարդ ու վիթխարի լինի, անհնար է, որ բանականություն ունենա: Բանականություն ունի միայն ուղեղի ողջ կեղևը, ինչը կազմված է ոչ թե ուղղակի մոլեկուլներից, այլ նեյրոն կոչվող մոլեկուլային բարդագույն կառույցների՝ բարդագույն բջիջների ու ատոմական այլ կառույցների մի գերվիթխարի ցանցից:

Ուրեմն, լեզվական երևույթի տեսակը որոշելու ու մանավանդ պարզելու համար լեզվական երևույթի պատկանելությունը տվյալ բարբառին, պիտի գոյություն ունենա այնպիսի մի պարզ մեխանիզմ, ինչից կարենա օգտվի տվյալ հանրության նույնիսկ ոչ ուսյալ ու տրամաբանական քննությանն անվարժ անդամը, իսկ այսպիսի մի միջոցը հենց տեղառքի իմ օրենքն ու սրանից բխող կանոններն են:

Տեղառքի մեթոդը մանավանդ օգտակար է շարքային ուսյալի համար, որովհետև շարքային ուսյալը լեզվաբան չի, ու քերականական կանոն հիշելն ու կիրառելն էլ հեշտ բան չի:

Սրա համար էլ այստեղ բերում եմ իմ տեղառքի մեթոդն ու տեղառքի այն կանոնները, որոնց կիրառությունը թույլ է տալիս, որ գրական ոճերով, առանց լեզվաբանության իմացության, ճիշտ գրես:

Տեղառքի օրենք, տեղառքի մեթոդ ու տեղառքի կանոն» տերմինները հորինել եմ քիմիայի տեղակալելու երևույթի անալոգով):

Տեղառքի օրենքը. Որևէ լեզվի նմանակ (անալոգ) երևույթները փոխտեղակալելի (իրար փոխարինող) են ա՛յն իմաստով, որ մեկր մյուսով տեղակալելիս՝ լեզվական օտար երևույթ չի ստեղծվում:

Դրույթ 1. Լեզվական օտար երևույթը լեզվի օտար քերականությունն է: Օրինակ, «լինե՞մ, թե՞ չլինեմ»-ը հայերեն է կամ հայաձև է, իսկ «լինե՞լ, թե՞ չլինել»-ը աղավաղ կամ կոտրատված հայերեն է:

Այսինքն, այս «լինե՞լ, թե՞ չլինել»-ը անգլաձև կամ ռուսաձև է, որովհետև այս երկրորդի մեջ «լինեմ/լինես/լինի» (ևն) բայերի տեղը գործածված են «լինել» ու «չլինել» դերբայ գոյականները, այնինչ հայերենի իսկական կրողը երբեք այսպես չի խոսում (տես 10.2-ը):

Դրույթ 2. Տեղառքի օրենքը լեզվի պայմանադիրության ու անալոգիայի մեխանիզմի արդյունքն է, իսկ սրանք էլ լեզվական պրոցեսի վերացականության հետեվանքն են: Այս վերացականությունն էլ, ինչպես ասվեց, ուղեղի կեղևի կցորդային ու նմանակցային զուգորդությունների վերացական արարմունքի հետևանքն է:

Այս իմաստով.

Դրույթ 3. Տեղառքի օրենքը միանգամայն օբյեկտիվ օրենք է, թե´ զուգորդությունների փոխտեղակալության հնարավորության պատճառով, թե´ որովհետև հիմնված է Լեզվի Գլխավոր Օրենքի (ԼԳՕ-ի) վրա, ինչի ճիշտ կիրառության արդյունքը կախված չի կիրառողի քմահաճույքից: Կնշանակի, օբյեկտիվ են նաև տեղառքի բոլո´ր կանոնների արդյունքները:

Հիշեցնեմ, որ ԼԳՕ-ն պնդում է, որ տվյալ բարբառի արդեն կայուն լեզվական բոլոր երևույթներն էլ ա´նպայման են ճիշտ այդ բարբառում հենց միայն իրենց առկայության պատճառով:

Մեր լեզվաբանները լեզվական երևույթի տեսակը որոշում են, օրինակ, «պարզելով, թե տվյալ բառն ի´նչ հարցի է պատասխանում», ինչը նախ գիտական չի՝ ա´յն պատճառով, որ այս եղանակով երբեք չես պարզի, թե հենց ի´նքը, հա´րցը, հայաձե՞վ է, թե՞ չէ ու, երկրորդը, ուղղակի անհնար է, որ այս հարցով բառի տեսակը կամ պաշտոնը որոշվի (տես 10.2-ը):

ՏԵՂԱՌՔԻ 1-ԻՆ ԿԱՆՈՆԸ. Երբ ուզում ես իմանաս, թե գրածդ իրո´ք է հայերեն, կենցաղային տեղառք արա, այսինքն, գրածդ կիրառի´ կենցաղային իրադրության մեջ, ու եթե տեսնես, որ դա ծիծաղելի է կամ անհնար (անհնար է, որովհետև հայերի մեծագույն մասն այդպես չի ասում), ուրեմն գրածդ այնպես փոխի, որ դառնա հայերեն, այսինքն, կենցաղում ասելիս՝ ծիծաղելի կամ անհնար չլինի, որովհետև բարբառի քերականությունն ու դարձվածքները մի´շտ են ինքնին ճիշտ:

Օրինակ, ասենք թե գրել ես. «Մարմինը գտնվում է թեք հարթության վրա, և այդ մարմինը պատրաստված է հաստոցաշինական գործարանի կողմից», այս խոսքի մեջ «մարմին, թեք հարթություն» ու «Հաստոցաշինական գործարան» բառերի տեղն ասա (տեղառք արա) «ապուր, սեղան» ու «տատիկ»:

Այս անգամ այս խոսքը կդառնա հետևյալը. «Ապուրը գտնվում է սեղանի վրա, և այդ ապուրը պատրաստված է տատիկի կողմից»: Պարզ է, որ սա հայաձև չի, որովհետև հայերն այսպես չեն ասում: Հայերն ասում են. «Ապուրը սեղանին ա, ու էտ ապուրը տատի´ն ա էփե»: Թե որ պարտադրանք կա, որ սա ասվի գրական ոճով, սա դարձրու գրական. «Ապուրը սեղանին է (վրա է), ու այդ ապուրը տատիկն է եփել»:

Այս կանոնը ընդհանուր է ու միշտ է կիրառելի (կիրառելի է բոլո´ր բարբառներով):

ՏԵՂԱՌՔԻ 2-ՐԴ ԿԱՆՈՆԸ. Եթե բառի տեսակը կամ պաշտոնը որոշելու կարիքը կա, հարմար է, որ այդ բառով տեղակալվի տվյալ բարբառի մի հաստատ հայերեն կաղապար (հարացույց):

Օրինակ, ենթադրենք ուզում եք պարզեք, թե հայերենի անորոշ դերբայը բա՞յ է, թե՞ չէ: Ընտրում եք հետևյալ հաստատ հայերեն (ու անպայման երկար) խոսքը. «Այ տղա, Մուկուչ, հիմա ի՞նչ անեմ (անենք ևն), նստեմ տանն ու ոչինչ չանե՞մ, թե՞ վեր կենամ էթամ Հարութենց տունն ու մի քիչ նարդի խաղամ, հետո էլ մի էրկու բաժակ բան խմենք ու մի քիչ թեթևանանք, հը՞: Դու ի՞նչ կասես, ի՞նչ կարծիքի ես (կամ ի՞նչ կարծիք ունես), անե՞մ, թե՞ չանեմ: Ու, առհասարակ, ըլնե՞մ, թե՞ չըլնե՞մ»:

Հիմա այս կաղապարի միջի բայերը փոխարինենք սրանց անորոշ դերբայներով.

«Այ տղա, Մուկուչ, հիմա ի՞նչ անել, նստել տանն ու ոչինչ չանե՞լ, թե՞ վեր կենալ գնալ Հարութենց տուն ու մի քիչ նարդի խաղալ, հետո էլ մի երկու բաժակ բան խմել ու մի քիչ թեթևանալ, հը՞, դու ի՞նչ ասել, ի՞նչ կարծիքի լինել կամ ի՞նչ կարծիք ունենալ, անե՞լ, թե՞ չանել: Եւ, առհասարակ, լինե՞լ, թե՞ չլինել»:

Ակնհայտ է, որ սա հայաձև չի, որովհետև հայերենի կրողները այսպես չեն խոսում (չնայած հնարավոր է ու խիստ հավանական, որ աղավաղ հայերենով խոսող ուսյալները այսպես խոսեն կամ գրեն): Ուրեմն, անհնար է, որ հայերենի անորոշ դերբայը բայ լինի:

Նման եզրակացությունների ճշտությունն ապահովելու համար ինչքան շատ ու տարբեր կաղապար տեղակալվի կասկածելի բառով, այնքան ավելի լավ:

Այս կանոնը կիրառելիս օգտակար է, երբ վերի օրինակի պես քերականական կասկածելի երևույթները կուտակում ես:

ՏԵՂԱՌՔԻ 3-ՐԴ ԿԱՆՈՆԸ. Եթե ուզում ես ստուգես անորոշ դերբայը կիրառելու հայաձևությունը, տվյալ անորոշ դերբայ գոյականը (տես հետո) փոխարինի´ որևէ բուն գոյականով, օրինակ «ծառ» կամ «կատու» գոյականներով:

Ահա մի քանի օրինակ, ենթադրենք, ուզում ենք պարզենք հետևյալ խոսքերի հայաձևությունը.

Լինե՞լ, թե՞ չլինել:

Ո՞ւր գնալ սովորելու:

Չծխե´լ ու չթքե´լ:

Բարձր պահե´լ ընկերոջ պատիվը:

Քայլե´լ ու հետո պառկե´լ:

Վերցնել 3 ձու, դեղնուցն անջատել ու խառնել մեկ բաժակ ալրին…

Այժմ այս իբր հայերեն «խոսքերի» անորոշ դերբայ գոյականները տեղակալենք «կատու» կամ «ծառ» ու «քաջություն» գոյականներով (իսկ որ հայերենի անորոշ դերբայը միմիայն գոյական է ու բայական ոչ մի ֆունկցիա չունի, տես ՄՔՔՀՄ, էջ՝ 537-538, 541).

Կատո՞ւ, թե՞ չկատու:

Ո՞ւր ծառ կատու:

Չծա´ռ ու չկատո´ւ:

Բարձր կատո´ւ ընկերոջ պատիվը:

Կատո´ւ ու հետո ծա´ռ:

Կատու 3 ձու, դեղնուցը ծառ ու քաջություն մեկ բաժակ ալրին…

Ակնհայտ է, որ սրանք առնվազն հայաձև չեն: Ուրեմն, վերի չտեղակալած ձևերը հայաձև չեն:

Իսկ եթե այս աղավաղ հայերենի անորոշ դերբայները փոխարինենք թեկուզ անհեթեթ, բայց հայաձև բայերով, կաստանանք հայաձև, թեկուզ անհեթեթ խոսքեր.

Գուբլե՞մ, թե՞ չգուբլեմ:

Ո՞ւր բոբոլեմ չաբռելու:

Չլոբոռե´ք ու չմուտուլե´ք:

Բարձր չուչուբե´ք քաբառոջ շոբանգը:

Փադալե´ք ու հետո գափուրե´ք:

Պոկոնձի´ 3 լոգոշ, շալնուցն աշաբի´ ու լոփի´ մեկ կալաճակ շուպարին…

Հետագա շարադրանքը կներկայացնի այս կանոնների բազում կիրառությունն ու կբերի տեղառքի ևս մի քանի ուրիշ մասնավոր կանոն, օրինակ, Ը-ի կանոնը ևն:

Շեշտենք, որ.

Դրույթ 4. Տեղառքի կանոնները հնարավոր են, որովհետև լեզուն լրի´վ է պայմանադիր, ու լեզվական բոլոր երևույթների արտահայտություններն էլ լրիվ վերացական-ձևական են (տես 7.3-7.5 պարագրաֆների «գլոկային» օրինակները, որոնց մեջ տեղակալված է նաև շարահյուսությունն ու ձևաբանությունը):

Մեր ուսյալները երբեմն գրում են ու ասում. «Ես միտք ունեմ մոտենալ; Ես փորձ եմ անում քանդել: Կամ. «Մտադիր եմ/մտադրություն/միտք/նպատակ/ցանկություն ունեմ մոտենալ; ես փորձ եմ անում քանդել»:

Սրանք ա´նկասկած են ոչ հայերեն, որովհետև հայերենների կրողներն այսպես չեն խոսում: Սրանց «չհայերենության» մի ուրիշ ապացույցն էլ ա՛յն է, որ այս «գրական» ձևերը շրջելիս (ինվերսիա անելիս) ստացվում է ակնհայտ անհեթեթություն. «մոտենալ մտադրություն/միտք/նպատակ/ցանկություն ունեմ; ես քանդել փորձ եմ անում» ևն: Մի՞թե ասում ենք. «Ես մոտենալ միտք ունեմ; ես քանդել փորձ եմ անում»: Մենք միմիայն ասում ենք. «Ես մոտենալՈՒ միտք ունեմ; ես քանդելՈՒ փորձ եմ անում»:

Ասվածից հետևում է ինվերսիայի (շրջելու) կանոնը:

ՏԵՂԱՌՔԻ 4-ՐԴ՝ ԻՆՎԵՐՍԻԱՅԻ ԿԱՆՈՆԸ. Եթե ուզում եք պարզեք, օրինակ, «մտադրություն ունեմ» եղանակչի (ու նաև սրա մի քանի սինոնիմի, օրինակ, հետևյալների՝ ես մտադիր եմ; միտք ունեմ; ցանկություն ունեմ; նպատակ ունեմ; փորձ եմ անում) հետ մոտենալ կամ քանդել անորոշ դերբայների գործածության իրավացիությունը, ինվերսիա արեք, այսինքն, անորոշ դերբայը տարեք «ուզում եմ» եղանակչի դեմը՝ «խաղալ մտադրություն ունեմ» ու հիշեք տեղառքի կանոնը, այսինքն, մտածեք, թե Երևանի բարբառի կրողը սրա պես բան կասե՞ր:

(Այդժամ կպարզեք, որ Երևանի այսօրվա բարբառի անորոշ դերբայը պիտի լինի սեռական-տրական հոլովաձևով, այսինքն, պիտի ունենա «-ու» վերջավորությունը), այսինքն, ճիշտ ձևերը հետևյալներն են.

մտադրություն/միտք/նպատակ/ցանկություն ունեմ մոտենալՈՒ;

փորձ եմ անում քանդելՈՒ/բացատրելՈՒ/կազմելՈՒ/աշխատելՈՒ ևն:

Սրանք իհարկե, հայերեն են, չնայած նախադաս դերբայով ձևերն ավելի նախընտրելի են (որովհետև կենդանի՛ են).

մոտենալՈՒ մտադրություն/միտք/նպատակ/ցանկություն ունեմ;

քանդելՈՒ/բացատրելՈՒ/կազմելՈՒ/աշխատելՈՒ փորձ եմ անում ևն:

Մի ուրիշ ձևով ապացուցելու համար այս խոսքերի ոչ հայերենությունը, սրանց «մոտենալ» ու «քանդել» դերբայ անունները տեղակալենք, օրինակ, «կատու» ու «կաթ» բուն անուններով (այսինքն, կիրառենք տեղառքի 3-րդ կանոնը).

կատու մտադրություն/միտք/նպատակ/ցանկություն ունեմ;

կաթ փորձ եմ անում:

Անկասկած է, որ սրանք հայաձև չեն, ուրեմն, ասվածն ապացուցվեց:

Ասվեց, որ Երևանի բարբառի ինքնուրույն կարգն ասում է. «ախր/տո» ուզո՞ւմ եմ (որ) խաղամ; տո/ախր ուզո՞ւմ է (որ) գրի; ուզում ա՝ գրի, ուզում է չգրի» ևն: Առաջին երկուսի մեջ «որ» շաղկապն արթուն է:

Քանի որ հարցական-կասկածական-խորհրդակցական եղանակներում հնարավոր է, որ շաղկապը զարթնի, ճիշտ կլինի, որ հիշվի հետևյալ կանոնը:

ՏԵՂԱՌՔԻ 5-6-րդ՝ «ՈՐ»-Ի ՈՒ ԵՂԱՆԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ ԿԱՆՈՆԸ. Եթե ուզում եք պարզեք (օրինակ) «ուզում եմ» եղանակչի (ու սրա սինոնիմների) գործածության իրավացիությունը, եղանակչից հետո դրեք մի սազող շաղկապ, օրինակ, «որ» շաղկապը, կամ էլ մի սազող թարմատար, փոխելով խոսքի եղանակը, օրինակ, այդ խոսքը դարձրեք թեական կամ հարցական, կամ էլ այս էրկուսն իրար հետ:

Եթե վերի այս շաղկապով օրինակներից առաջին երկուսի մեջ գլխավոր բայերը փոխենք դրանց անորոշ դերբայներով, իսկույն կզգացվի, որ դրանք հայերեն չեն՝ «ուզո՞ւմ եմ որ խաղալ, տո ուզո՞ւմ է որ գրել»: Ճիշտ ձևերն են. «ուզո՞ւմ եմ, որ խաղամ, տո ուզո՞ւմ ա, որ գրի»:

Դրույթ 2. Անալոգիայի մեխանիզմն ու լեզվական երևույթների կուրության օրենքներն այս տեսակ ոչ հայաձև խոսք չեն հանդուրժում:

Դրույթ 5. Անորոշ դերբայով «գրական» բոլոր ձևերն էլ ռուսերենի (կամ այլ լեզուների, մեկ-մեկ էլ՝ մեր գրաբարի) թարգմանական կալկաներն են ու հայաձև չեն:

ՏԵՂԱՌՔԻ 7-ՐԴ ԿԱՆՈՆԸ տես 10.8 պարագրաֆում:

Դառնանք տեղառքի կանոնով մեր քերականության «վիճելի» հարցերը քննարկելուն:

10.2 Ի՞նչ հարցի է պատասխանում բառը

Մեր նույնիսկ նշանավոր լեզվաբաններն են հաճախ փորձ արել, որ կիրառեն տեղառքի կանոնը (առանց գիտակցելու, որ տեղառքի փորձ են անում), ենթադրելով, թե «բառերից մի քանիսը անպայման պատասխանում է այսինչ կամ այնինչ հարցին»:

Դրույթ 1. Բայց բառը մարդ չի, որ որևէ հարցի պատասխանի: Մեր քերականության գրքերն ինչքան էլ պնդեն, թե այս կամ այն բառերը «պատասխանում են» այսինչ կամ այնինչ հարցին, երբևէ ոչ մի բառ «տեղից վեր չի կենա ու ոչ մի հարցի էլ չի պատասխանի»:

Այս հարցը պիտի ճշտվի հետևյալ ձևով: Ենթադրենք, տրված է հետևյալ խոսքը.

Կարմիր խնձորները դանդաղ-դանդաղ գլորվեցին փոսը:

Հնարավոր է, որ հարցը վերաբերի այս խոսքի տարբեր բառերին:

Հերթով բերեմ այս խոսքի առանձին բառերին վերարբերող բոլոր հնարավոր հարցերը.

Ո՞ր/ինչպիսի՞ խնձորները դանդաղ-դանդաղ գլորվեցին փոսը:

Կարմիր ինչե՞րը դանդաղ-դանդաղ գլորվեցին փոսը:

Կարմիր խնձորները ո՞նց/ինչպե՞ս գլորվեցին փոսը:

Կարմիր խնձորները ի՞նչ արեցին/եղան:

Կարմիր խնձորները դանդաղ-դանդաղ ո՞ւր գլորվեցին:

Հայերենի քերականության տեսակետից իմաստ ունի միայն հետևյալ հարցը:

ՀԱՐՑ. «Կարմիր խնձորները դանդաղ-դանդաղ գլորվեցին փոսը» խոսքի առանձին բառերը ի՞նչ կամ ո՞ր ՀԱՅԵՐԵՆ հարցական բառերով տեղառք անենք, (տեղակալենք, փոխարինենք), որ այս խոսքերը մնան հայաձև:

Դրույթ 2. Ասածից հետևում է, որ նախ հարցը ի՛նքը պիտի ՀԱՅԵՐԵՆ լինի, որ տեղակալածն է՛լ հայերեն լինի: Եթե հարցը հայաձև չի, եթե հարցը, օրինակ, «ռուսաձև» հարցերից է, տեղակալած խոսքն է´լ հայաձև չի լինի:

Պարզեմ ասածս: Եթե մեկը հարցնի. «Ի՞նչ անել, լինե՞լ, թե՞ չլինել; խաղա՞լ, թե՞ չխաղա»լ, ՀԱՅԵՐԵՆ ՀԱՐՑԱԿԱՆ ԽՈՍՔ ԱՍԱԾ ՉԻ ԼԻՆԻ, որովհետև այս վերի իբր «խոսքի» («նախադասության») մեջ ԲԱՅ ՉԿԱ, իսկ հայերեն խոսքը (նաև հարցական խոսքը) առանց բայի ԱՆՀՆԱՐ Է:

Այս «անել-չանել, խաղալ-չխաղալ» բառերը դերբայ-անուն են ու կենդանի հայերենի մեջ բայական ոչ մի ֆունկցիա չունեն ([4], ՄՔՔԽՄ, 537-541):

Այս իբր հայերեն խոսքերի ոչ հայաձևությունն իսկույն պարզվում է տեղառքի երրորդ կանոնով.

Ի՞նչ անտարբերություն, կատո՞ւ, թե՞ չկատու; մո՞ւկ, թե՞ չմուկ:

Նորից կրկնեմ, որ այս «խոսքերը» հայաձև չեն, մանավանդ իսկույն է երևում, երբ այս կարգի «ռուսատիպ» հարցերը կուտակում ենք իրար գլխի: Օրինակ, ո՞ր «նորմալ» հայը կասի.

Լինել թե չլինել, այս է խնդիրը.

Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ,

Տանե՞լ գոռ բախտի պարսաքարերը և սլաքները,

Թե՞ զենք վերցընել ցավ ու վիշտերի մի ծովի ընդդեմ,

Եվ դիմադրելով՝ վերջ տալ բոլորին:

Մեռնել, քընանալ, ոչինչ ավելի,

Եվ մտածել, թե մի պարզ քընով, մենք վերջ ենք տալիս

Այն սրտացավին և բյուր բնական անձկություններին,

Որոնց ժառանգն է մեր հեգ մարմինը,

Մի վախճան է դա,՝ հոգով բաղձալի,

Մեռնել, ննջել, ննջե՞լ… գուցե երազել.

Մենք վարժվել ենք սրան, ու սա հայերեն ու նույնիսկ անթերի ու վսեմ հայերեն ենք համարում, բայց սա հայերեն չի մի շատ պարզ պատճառով՝ սրա պես խոսող հայ չկա այս ողջ աշխարհում: (Տես Շեքսպիրի «Սոնետներ»-ի իմ թարգմանությունը, [56]):

Իրոք, եթե ես հիմա այս մասեհյանական Համլետին պատասխանեմ կամ հարցեր տամ հենց ի´ր, հենց Համլետի´ ոճով, իսկույն կերևա այս կտորի հույժ խորթությունը հայերենին, ու այս ոճի վսեմությունը կդառնա ուղղակի խեղկատակություն: Ահա իմ ասածներն ու հարցերը.

«Ա´յ Համլետ, ինչո՞ւ չլինել, որ: Ախր որ դու չլինել, ես չլինել, բա ո՞վ լինել, միայն սրիկանե՞րը լինել: Այսպիսի բան հնարավոր չլինել: Լինե´լ, ա´նպայման լինե´լ, զենք վերցնել ու վերջ տալ բոլորին: Չմեռնե´լ, քուն չմտնե´լ, չմտածե´լ, չննջե´լ, ոչ մի դեպքում չննջել:

«Ախր ինչո՞ւ այսպես ասել, մի՞թե չի կարելի այսպես չասել և փոխարենը հայերեն ասել, հետո նստել մի քիչ հանգստանալ ու սուրճ խմել և վեր կենալ գնալ տուն:

Այնուամենայնիվ, ասե՞լ, թե՞ չասել: Միգուցե ասե՞լ: Սակայն ինչո՞ւ ասել»:

Էրեխեք, ձեններդ կտրել ու լռել, հետո գնալ դասերն անել, հետո հաց ուտել, ատամները մաքրել ու պառկել քնել:

Զինվորնե՛ր, զգաստ ու աչալուրջ լինել և սիրե՛լ հայրենիքը:

Պարոնայք, բարձրացնե՛լ կարգապահությունը:

Աշո՛տ, դու լռել, իսկ Արա՛մ, դու խոսել:

Այս խոսքերը հայերեն չեն: Ինչո՞ւ հայերեն չեն:

Դրույթ 3. Լեզվական որևէ երևույթը հայերեն չի կամ կամ հայաձև չի, եթե հայերեններից որևէ մեկի կրողների մեծ մասը այդ երևույթը (մանավանդ ռեֆլեքսով) չի գործածում: Ոչ հայերենության կամ ոչ հայաձևության ուրիշ ոչ մի պատճառ չկա:

Ահա Պ. Սևակի մի բավական նշանավոր ոտանավորը, ինչի հայերեն լեզուն ա´նպայման ու ա´նկասկած է աղավաղ կամ կոտրատված.

***

Ա˜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ, 
Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար, 
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել, 
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար: 

Ինչպե՞ս չասել, որ` դու, միայն դո˜ւ չես թախծում, 
ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար, 
Ինչպե՞ս չասել , որ ես միշտ էլ քեզ եմ տենչում, 
Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար: 

Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ, 
Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար… 
Հիմա ինչո՞ւ ցավել անցած երջանկությամբ, 
Եվ չցավե՞լ, ինչո՞ւ, ինչի՞ համար: 

Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել` նորից արի, արի˜, 
Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քեզ համար: 
Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի, 
Խոստոնովանե՞լ, ինչո՞ւ, ինչի՞ համար…

Այժմ այս աղավաղ հայերենով ոտանավորի անորոշ դերբայ գոյականները փոխարինենք հայերենի ուրիշ գոյականներով կամ անորոշ դերբայ-գոյականին կցենք «ը» հոդը, ինչը թույլատրելի է, որովհետև անորոշ դերբայը գոյական է.

Ա˜խ քեզ ինչպե՞ս ասելԸ, որ քեզ հիշում եմ դեռ, 
Ինչպե՞ս չասելԸ, որ դու դեռ թանկ ես ինձ համար, 
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդելԸ
Ինչպե՞ս չգալԸ քեզ մոտ, ինչի՞ համար: 

Ինչպե՞ս չասելԸ, որ` դու, միայն դո˜ւ չես թախծում, 
ինչպե՞ս ասելԸ, որ ես ծնվել եմ քեզ համար, 
Ինչպե՞ս չասելԸ, որ ես միշտ էլ քեզ եմ տենչում, 
Սակայն ինչպե՞ս ասելԸ, ինչի՞ համար: 

Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ, 
Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար… 
Հիմա ինչու՞ ցավելԸ անցած երջանկությամբ, 
Եվ չցավե՞լԸ, ինչո՞ւ, ինչի՞ համար: 

Ինչպե՞ս, ինչպե՞ս ասելԸ` նորից արի, արի˜, 
Ինչպե՞ս չասելԸ, որ ես ապրում եմ քեզ համար: 
Գեթ չխոստովանե՞լԸ ցավը մեր սրտերի, 
Խոստովանե՞լԸ, ինչո՞ւ, ինչի՞ համար…

Ի՞նչ պիտի գրեր Սևակը: Սևակը պիտի հայավարի գրեր, պիտի բայի տեղը գոյական չգրեր, պիտի բայի տեղը բա´յ գրեր: Ահա մի օրինակ, թե Սևակը ոնց պիտի հայերեն գրեր (կսազեին թերևս բոլոր դեմքերի համապատասխան բայերը).

Ա˜խ քեզ ինչպե՞ս ասեՄ, որ քեզ հիշում եմ դեռ, 
Ինչպե՞ս չասեՄ, որ դու դեռ թանկ ես ինձ համար, 
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդեՄ
Ինչպե՞ս չգաՄ քեզ մոտ, ինչի՞ համար: 

Ինչպե՞ս չասեՄ, որ` դու, միայն դո˜ւ չես թախծում, 
ինչպե՞ս ասեՄ, որ ես ծնվել եմ քեզ համար, 
Ինչպե՞ս չասեՄ , որ ես միշտ էլ քեզ եմ տենչում, 
Սակայն ինչպե՞ս ասեՄ, ինչի՞ համար: 

Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ, 
Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար… 
Հիմա ինչու՞ ցավեՄ/ԵՆՔ անցած երջանկությամբ, 
Եվ չցավե՞Մ/Ե՞ՆՔ, ինչո՞ւ, ինչի՞ համար: 

Ինչպե՞ս, ինչպե՞ս ասեՄ` նորից արի, արի˜, 
Ինչպե՞ս չասեՄ, որ ես ապրում եմ քեզ համար: 
Գեթ չխոստովանԵ՞ՆՔ ցավը մեր սրտերի, 
ԽոստոնովանԵ՞ՆՔ, ինչո՞ւ, ինչի՞ համար…

Դառնանք մեր քերականների բառի տեսակը հարցերով պարզելու այս մեթոդին:

Մեր այսօրվա քերականները, ինչպես արդեն ասվեց, այս կարգի հարցերով իբր պարզում են, թե տվյալ բառը խոսքի ի՛նչ մաս է, բայց մի առարկություն էլ անենք, ինչը պարզ ցույց է տալիս, որ այս ձևով բառի «խոսքի մասնությունը» չի պարզվի, քանի որ հնարավոր է, որ նույն հարցը տրվի խոսքի տարբեր մասերին:

Օրինակ նույն՝ «ի՞նչ ա» հարցի հնարավոր պատասխաններն են.

«Խնձոր ա: Վազք ա: Վազել ա: Կարմիր ա: Լավ ա: Հինգ ա: Առաջինն ա: Վազող ա; Ինքն ա; Նստածն ա; Աշոտինն ա; Քունինն էր: Ե´ս եմ; Պողոսն ա», ևն:

Եթե սա չի համոզում, մի ավելի ընդարձակ հարց տանք.

Էսի խնձո՞ր ա, թե՞ խնձոր չի,

ու այս հարցի «խնձոր» բառը տեղակալենք վերի մնացած բառերով.

Էսի վա՞զք ա, թե՞ վազք չի

Էսի վազե՞լ ա, թե՞ վազել չի

Էսի կարմի՞ր ա, թե՞ կարմիր չի

Էսի լա՞վ ա, թե՞ լավ չի

Էսի հի՞նգ ա, թե՞ հինգ չի

Էսի առաջի՞նն ա, թե՞ առաջինը չի

Էսի վազո՞ղ ա, թե վազող չի

Էսի ի՞նքն ա, թե՞ ինքը չի

Էսի նստա՞ծն ա, թե՞ նստածը չի

Էսի Աշոտի՞նն ա, թե՞ Աշոտինը չի

Էսի քունի՞նն էր, թե՞ քունինը չէր

Էսի ե՞ս եմ, թե՞ ես չեմ

Էսի Պողո՞սն ա, թե՞ Պողոսը չի:

Այս օրինակներից ակնհայտ երևում է, որ այս հարցերով բառի տեսակը որոշելն անհնար է:

Այն փաստը, որ այս բոլոր բառերը, այս «Խնձոր; Վազք; Վազել; Կարմիր; Լավ; Հինգ; Առաջինն; Վազող; Ինքն; Նստածն; Աշոտինն; Քունինն: Ե´ս; Պողոսն» բառերը պատասխանում են նույն «…՞ ա, թե՞…չի» հարցին, հենց ապացուցում է, որ բոլոր այս բառերը ունեն նույն հատկությունները, ուրեմն, խոսքի միևնույն մասն են, անո´ւն են, ինչն այս գրքում դեռ կհիմնավորեմ:

Երբեմն ասում են, թե «բայը պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ կանի, ի՞նչ կլինի, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ ու սրանց պես մնացած հարցերին»:

Ակնհայտ է, որ սա է՛լ է մոլորություն: Իրոք, հնարավոր չի՞, որ այս հարցերի կարճ պատասխանները լինեն հետևյալները. Գործ-լվացք-պատերազմ (արեց), ևն, իսկ, օրինակ, «ի՞նչ եղավ» հարցի հնարավոր պատասխանները լինեն. «հոսք-կռիվ-տուրուդմփոց-երկրաշարժ-հրաբուխ-պտույտ-շարժում (եղավ)» ևն, ևն:

Ակնհայտ է, որ այս պատասխան-բառերը ԱՆՈՒՆ ԵՆ ու ԲԱՅ ՉԵՆ:

Այս երկու արդյունքն էլ լրիվ հակադիր է մեր քերականների այս բառերը խոսքի տարբեր մասերի ցուցակներում դնելու կրքոտ ցանկությանը ու պիտի որ իրենց հույժ անհանգստացնի:

Ուրեմն, այս հարցերով է՛լ բառի տեսակը կամ խոսքի ինչ մաս լինելը որոշելն անհնար է:

10.3 Այսօրվա հորինովի քերականությունը

Չնայած այս շարադրանքն արդեն մի քանի անգամ պատասխանել է այն հարցին, թե ինչո՞ւ են մեր հետաբեղյան քերականությունները այսքան դեմ Աբեղյանի քերականությանը, կամ թե ինչո՞ւ են սրանք այսքան ուզում, որ անորոշ դերբայ-անունը լինի բայ (թեկուզ՝ անդեմ), ինչո՞ւ են ուզում, որ «հնչերանգային ստորոգման» պես անհեթեթ բանը համարվի գիտություն, այս հարցը մի անգամ էլ քննենք:

Դրույթ 1. Հայերենի անորոշ դերբայն այսօր բայ համարելու գլխավոր պատճառը կամ գլխավոր մոտիվը մեր գրական աղավաղ ոճերի Սոսյուրի ասած անարժան պաշտամունքն է, կամ, ուրիշ խոսքով, կոտրատված կամ աղավաղ հայերենով մեր այս նոր գրականության գերակշիռ մասն է, ինչը շատ հաճախ դարձել է «օտարաձև»:

Դրույթ 2. Մեր գրական ոճերը, կապկելով ռուսերենին ու եվրոպական լեզուներին, հայերենի անորոշ դերբայը շատ ու շատ անգամ (միլիարդներով) գործածում են բայի փոխարեն: Սա հայերենին խորթ է, ՀԱՅԱՁԵՒ ՉԻ:

Դրույթ 3. Բացի սա, մեր նորագույն «աշխարհաբար» գրականությունը վիթխարի քանակով օտարաբան քերականական ձև ունի, ու խիստ հեռացել է Երևանի բարբառից:

(Խ. Աբովյանն իր «Վերք Հայաստանի» գործի գրական ոճը հիմնել էր համարյա Երևանի՛ բարբառի վրա: Մյուս կողմից էլ, «Հյուսիսափայլի» ծրագրին համաձայն, իբր հենց ա՛յս բարբառին պիտի «հետևեին մեր գրական ոճերը», ինչը մեր գրականագետներն ու լեզվաբանները իբր համարում են աքսիոմ):

Դրույթ 4. Մեր այսօրվա լեզվաբանները չեն էլ գիտակցում, որ պիտի անպայման մտածեն, թե ո՛նց ազատվեն մեր գրականության այս հայերենին խորթ հորինովի «քերականությունից», ինչն առաջացել է միայն ա´յն արտառոց պատճառով, որ հայերենի սինքրոն լեզվաբանությունն իր պնդումների գիտական ճշմարտացիությունը որոշելու որևէ օբյեկտիվ գիտական չափանիշ չունի, չունի նույնիսկ այս 21-րդ դարում:

Սրա հետևանքով էլ.

Դրույթ 5. Մեր գիտական լեզվաբանությունից անտեղյակ բոլոր-բոլոր թարգմաններն ու գրողները մի այնքա´ն վիթխարի քանակով անորոշ դերբայ են դրել իրենց հայերեն թարգմանությունների ու սեփական գրվածքների բայերի տեղը, որ մեր լեզվաբաններն էլ, միամիտ-միամիտ, համարում են, որ հայերենին խորթ այս երևույթներն առաջացել են իբր գրական լեզուն մշակելով:

Դրույթ 6. Բայց մեր գրական ոճերի աղավաղմունքի գլխավոր պատճառը ա´յն ցավալի հանգամանքն է, որ մեր բոլոր-բոլոր լեզվաբանները, առանց բացառության, գըրական ոճերը թե´ համարել ու համարում են իսկական լեզվական պրոցես, թե´ հավատացել ու հավատում են, որ հնարավոր է, հայ ժողովուրդը լրիվ խոսի գրական հորինովի ոճերով:

Այս հավատը, իմ կարծիքով, մեր հայ իրականության ամենաֆանտաստիկ ու ամենաանհիմն հավատներից է, նախ այն պատճառով, որ մեր մտավորականներն արդեն 160 տարի է, ինչ հայերին համոզում են, որ «գրականով խոսեն», ու հայերը չեն խոսում, բայց մեր մտավորականները, միևնույնն է, չեն նկատում սա, ասես բոլորն էլ կույր լինեն:

Ու մեր քերականները, հայերենին այս խորթ երևույթներն արդարացնելու համար, «քերականություն» են հորինել (ու այս պրոցեսն անընդհա´տ են շարունակում):

Բայց հենց որ բռնեցիր կեղծիքի ճամփան, էլ այդ ճամփից չես շեղվի, սա՛ է վտանգը: Այս վտանգը մահացո՛ւ է թե՛ մեր գրական ոճերի, թե՛ մեր քերականական գիտության համար:

Աբեղյանը լրիվ ճիշտ է, երբ ասում է, թե.

«ոչ մի լեզվի քերականությունը չի հորինվում օտարաբանությունների համար, որոնք խոտելի են միշտ: … ցավալի է, … որ մեր քերականության դասագիրք հորինողը {Ա. Ղարիբյանը} նույնիսկ, ինչպես հարկավոր է, հմուտ չէ հայերենին և քերականական գիտությանը:

«Այդ է պատճառը, որ ինչպես անհմուտ թարգմանիչները {նույն էջի վերևում՝ «տգետ և անփույթ թարգմանիչները»} անորոշ դերբայի գործածությունն անում են ռուսերենին ենթարկվելով, նույնպես և Ղարիբյանը և նրա ջատագովը հայերենի քերականությունը ձևում են ըստ ռուսերենի և անորոշ դերբայը դնում են իբրև բայ: Չէ՞ որ. «ավելի կարող եղբայրական Ռուսաստանի մասնագետներից» մեկը՝ Շապիրոն, այդպես է գրել» (տես [4]-ը, էջ 543):

Ցավոք, այս «ռուսերենին ենթարկվելով անորոշ դերբայի գործածություն անելու» ճակատագրական մեղքից ու այս կարգի մեկ-երկու ուրիշ մեղքից զերծ չի նաև հենց այս քննադատական խոսքի հեղինակը, ի´նքը, ինչից հետո կխոսվի:

10.4 Ի՞նչ են հոլովն ու հոլովաձևը

Երբ ասում են, թե «հայերենն լեզուն ունի 5, 6 կամ 7 հոլով», անիմաստ բան են ասում, որովհետև ուզում են նշած լինեն ոչ թե հոլովների թիվը, այլ հոլովաձևերի, իսկ հոլովն ու հոլովաձևը ՏԱՐԲԵՐ ԲԱՆ ԵՆ:

Դրույթ 1. Առանձին բառերը, անջատ-անջատ, խոսք չեն, եթե բայ չեն:

Խոսք կազմելու համար ոչ բայ բառերը պիտի իրար հարաբերեն-կապվեն ինչ-որ մի ձևով ու, ի վերջո, պիտի պարտադիր զուգորդվեն մի բայի կամ մի բայ լրացնեն:

Դրույթ 2. Այսինքն, խոսքը կա´մ մի բայն է, կա´մ մի անվան (կամ անվնական զուգորդության) ու բայի զուգորդությունը:

Անջատական լեզու դարձած անգլերենում, ինչպես արդեն ասվել է 9-րդ գլխում, բառերի հարաբերելու կամ կապի (կամ զուգորդության) երկու ձև կա, մեկը՝ նախդիրներով, մակբայներով ու հոդերով, մյուսը՝ բառերի հերթով:

Այդ գլխի օրինակները նորից բերենք: Օրինակ, եթե անգլերեն man, pen ու fell ու the, of բառիկները (մասնիկները, հոդն ու նախդիրը) բառերը (մանավանդ, պատահական կարգով) կողք կողքի դրվեն, գուցե խոսք չկազմեն, բայց եթե ասվի.

1. The man of pen fell,

կլինի՝ «գրչի մարդը ընկավ»: Բայց եթե ասվի.

2. The pen of the man fell,

սա կդառնա՝ «այդ մարդու գրիչը ընկավ»:

Եթե ասվի.

3. Tom loves Helen,

կնշանակի.

Թոմը սիրում է Հելենին,

իսկ եթե ասվի.

4. Helen loves Tom,

սա կդառնա.

Հելենը սիրում է Թոմին,

ու անգլերենում հնարավոր չի, որ Պոլսի բարբառի պես երկարժեքություն լինի ասածի մեջ: (Ֆրանսերենն էլ է ճիշտ այսպես, ՀԼՏ, 10-11):

(Պոլսի բարբառն ասում էր. «Թոմը կսիրե Հելենը», ինչից չես իմանա, թե ո՛վ է ում սիրում: Իմանալու համար, թե ո՛վ է ում սիրում, պիտի ուշադրություն դարձնես շեշտին ու խոսքի շրջապատին, եթե կարդում ես, կամ կյանքի իրադրությանը, եթե խոսում ես):

Եթե անգլիացին, օրինակ, ասի schoolboy, սա կնշանակի՝ «դպրոցի տղա, դպրոցական», իսկ եթե ասի՝ boyschool, սա արդեն կնշանակի՝ «տղայի դպրոց, տըղաների դպրոց», այսինքն, «արական դպրոց» (անկախ այն բանից թե school ու boy բառերը միասին են գրվում, թե՝ առանձին):

Անգլերեն այս բոլոր օրինակների մեջ անունների ձևը անփոփոխ է, pen, man, Tom, Helen, school, այսինքն, անգլերենի անունները (համարյա) չեն թեքվում, հոլովաձև չունեն: Սրա համար էլ անգլերենին ասում են՝ ոչ թեքական լեզու կամ անջատական լեզու: Անջատական է, օրինակ, չինարենը (ու սրան ցեղակից մի քանի լեզու):

Նույն այս անուններից հետևյալ բառերը՝ «գրիչ, մարդ, Թոմ, Հելեն, դպրոց, տըղա», հայերենում ա՛նպայման են թեքվում՝ «գրիչ, գրչի(ն), գրչից, գրչով; մարդ, մարդու(ն), մարդուց, մարդով; Թոմ, Թոմի(ն), Թոմից, Թոմով; Հելեն, Հելենի(ն), Հելենից, Հելենով» ևն:

Սրա համար էլ հայերենին ասում են՝ թեքական լեզու:

(Հնդեվրոպական կենդանի ու մեռած բոլոր լեզուներից միմիայն անգլերենն է դարձել համարյա լրիվ անջատական):

Եթե, օրինակ, հայերենով ասենք՝ «գրիչ մարդ», հայը չի իմանա, թե ինչ ենք ուզում ասենք (չնայած, միջնադարում երևի իմանար): Կամ կիմանա, եթե ասենք՝ «քար սիրտ», այն պարզ բայց չգիտակցված պատճառով, որ այսօր հայն այս «քար սիրտ» զուգորդությունն արդեն այնքան շատ է լսել, որ մի սովորական բառ է ընկալում, «քարսիրտ»):

Այս զույգերի ասելիքը պարզելու համար այս բառերը պիտի հարաբերեն, շղթայվեն, զուգորդվեն իրար, պիտի կապվեն իրար՝ բառի վերջից ավելացող նմանակցային մի մասնիկով, ինչին ասում են հոլովակերտ մասնիկ (վերի օրինակների մեջ՝ «ու» կամ «ի» մասնիկը՝ «մարդՈՒ գրիչ», «գրչԻ մարդ»):

Սահմանում 1. Անունների այն հարաբերությանը (կամ շղթայմունքին, զուգորդությանը), ինչով անունները կապվում են իրար ու ուրիշ բառերին ու պայմանադիր իմաստավոր կապակցություն են կազմում, որ մի ուրիշ բառ (ու, ի վերջո, մի բայ) լրացնեն (որ հետո էլ խոսք կազմեն), ասում են հոլով:

Հոլովը հոլովաձևի հետ շփոթելը անթույլատրելի է:

Սահմանում 2. Անունի որևէ հոլով արտահայտող կոնկրետ ձևին ասում են հոլովաձև:

Վերի օրինակներից առաջինի մեջ of pen բառերը արտահայտում են սեռական հոլովը, չնայած ինքը՝ pen բառը, ուղղական հոլովաձևով է: Եթե ասվի.

I write with a pen,

գրում եմ գրչով»), այս նույն pen բառը իր այս with a pen («գրչով») կապակցությամբ կարտահայտի գործիական հոլովը, չնայած ինքը՝ pen բառը, նորից ուղղական հոլովաձևով է ևն:

Հետո, հնարավոր է, որ հայերենի տարբեր բարբառների ու նույն բարբառի պատմական տարբեր շրջանների հոլովաձևերի թիվը տարբեր լինի:

Օրինակ, հայտնի է, որ հնդեվրոպական նախալեզուն ուներ ութ հոլովաձև (ավել էր կոչականը, այսինքն, կար մարդուն դիմելու համար այդ մարդու անունի մի հատուկ ձև, կոչական հոլովաձևը, ԼՔՀԼ, III):

Հույների «Պետրոս» անունի կոչական հոլովաձևը, օրինակ, «Պետրե´»-ն էր:

Թե ի´նչ է եղել նախահայերենի կոչական հոլովաձևը, բացարձակ հայտնի չի, որովհետև սրանից ոչ մի գրավոր վկայություն չունենք, բայց հետաքրքիր է, որ Երեվանի այսօրվա բարբառում ոնց որ թե մի նոր կոչական հոլովաձև է առաջացել կամ առաջանում, ու սրա բազում օրինակը ունենք, օրինակ.

«Արմօ, Արշօ, Վաղօ, Քիսօ (Օտար Քրիստինեից), Հասօ, Լուսօ, Մոսօ, Սուսօ, Գագօ, Մարգօ, Շողօ, Շուշօ, Միշօ-Մշօ, Մուքօ, Գուգօ, Սոսօ, Սամօ, Թանգօ, Վերգօ (իհարկե, Վերգինե-ից, ինչը կա մեր էպոսի մեջ, ու վկայում է, որ կոչականի այս երևույթը նոր չի), Երջօ, Սերգօ, Հովօ, Սիրօ, Մարօ, Կարօ, Սարօ, Տաթօ, Սաթօ, Արտօ, Վարթօ, Երօ, Էրօ, Դերօ, Միրօ, Արօ (արդեն կարճ «Արա»-ից, ինչը ցույց է տալիս, որ կարճությունը որոշիչ չի ու կարևորը ձե´վն է), Հոսօ (Հովսեփից), Հուսօ («Հուսիկ»-ից) Հայկօ (ինչը նորից, ցույց է տալիս, որ կարճությունը որոշիչ չի, ու այս լեզվական օրենքն արդեն անխափան է գործում, չէ՞ որ «Հայկ»-ը «Հայկօ»-ից կարճ է), Մարտօ-Մրդօ, Հրանտօ-Հրանդօ, Կոկո (իմ կուրսեցին էր), Շավօ, Ռուբօ, Հենդօ, Անդօ, Սոսօ, Գարսօ, Վարսօ, Նազօ, Նորօ, Հազօ (Հազարապետ-ից), Ներսօ-Նեսօ, Պաքօ (Պարգև-ից), Պետօ, Լոլօ (Լորիս-ից, անձամբ գիդեմ), Աբօ, Համօ, Համբօ, Սեբօ, Գափօ, Դավօ-Դվօ, Ավօ, Թումօ, Արսօ, Մկօ, Գևօ, Տիկօ, Խաչօ, Քաջօ, Լուդօ/Լութո/Լոթո, Նոնօ, Հունօ» ևն, ևն:

Անուններ կան, որ այս կոչականը չեն վերցնում, տեղը վերցնում են օրինակ «իկ»-ը կամ զրո՝ «Աշիկ (բայց Արշո), Գարիկ, Գոհարիկ, Ամալիկ, Քնար/Քնարիկ» ևն:

Ինչ վերաբերում է ռուսերենի ազդեցությամբ կազմված «Արմենչիկ» ու սրա պես ուրիշ «շեղված» ձևերին, սրանք լեզվական փոխառություններ են, բայց սրանք էլ են հետաքրքիր ու հաստատում են իմ վարկածը, որովհետև, օրինակ այս «Արմենչիկ»-ը, հայերենի այս նոր կոչականի զորությամբ, դարձել է «Արմենչօ»:

Դրույթ 3. Մաշտոցի օրերին մեր գրաբարը վաղնջական հայերենի կոչականն այլևս իսպառ չուներ ու ուներ միայն յոթ հոլովաձև, որոնցից երկու-երեքը մեռնելու (կամ ձուլվելու) վրա էին:

Ասվեց, որ այսօրվա (օրինակ) անգլերենը ունի միայն մեկ հոլովաձև, չնայած սա էլ է ունեցել ութը, որովհետև սա է´լ է հնդեվրոպական նախալեզվի ժառանգներից մեկը:

Մեր թվարկության 5-րդ դարում հին գերմանների մի չորս ցեղը մտավ Բրիտանական կղզիները – անգլների ցեղը, սաքսերինը, յուտերին, ու ֆրիզներինը: Սրանցից անգլների բարբառը տարածվեց ու դարձավ կղզու բնակիչների մեծ մասի լեզուն:

Այս թեքական լեզուն 500 տարվա ընթացքում այնքան փոխվեց, որ, քիչ-քիչ կորցրեց իր բոլոր թեք հոլովաձևերն ու թեքական լեզվից դարձավ անջատական լեզու:

Ու այսօրվա անգլիացին թերևս շատ քիչ բառ է հասկանում հին անգլների լեզվից, օրինակ, իրենց «Բեյըվուլֆ» էպոսից, ի տարբերություն մեր մտավորականների, ովքեր, օրինակ, Աստվածաշնչից ահագին բառ ու կապակցություն են հասկանում:

Հայերենի Սալմաստի բարբառի այսօրվա մի ժառանգը, Մալիշկա գյուղի խոսվածքը (իմ մայրենի լեզուն) ունի չորս հոլովաձև (չհաշված դերանուններից մի քանիսը, որ ունեն երեքը): Ահա այդ հոլովաձևերը այս բարբառի «քար», «ծի» («ձի») ու «էթալ» անունների համար.

Ուղղական-հայցական

քար,

քարըս,

քարըտ,

քարը(ն)

ծի,

ծիս,

ծիտ,

ծին

էթալ,

էթալըս,

էթալըտ,

էթալը

Սեռական-տրական

քարի,

քարիս,

քարիտ,

քարին

ծիու,

ծիուս,

ծիուտ,

ծիուն

էթալու,

էթալուս,

էթալուտ,

էթալուն

Բացառական

քարէ,

քարէս,

քարետ,

քարէն

ծիէ,

ծիէս,

ծիէտ,

ծիեն

էթալէ,

էթալես,

էթալէտ,

էթալեն

Գործիական

քար,

քարովըս,

քարովըտ,

քարովը

ծիօվ,

ծիօվըս,

ծիօվըտ,

ծիօվը

էթալօվ (էթալօվըս, էթալօվըտ, էթալօվը)

(Աղյուսակի փակագծերի մեջ դրել եմ նաև ստացական հոդերը, որ քերականություն չիմացողներից ոմանք առանձին հոլովաձև են համարում): Ուրեմն.

Դրույթ 2. Երբ խոսում են քերականական առանձին երևույթներից, պիտի անպայման նշեն կոնկրետ բարբառը, ու շատ անգամ էլ՝ կոնկրետ խոսվածքը:

10.5 Հայերենը քանի՞ հոլով ու քանի՞ հոլովաձև ունի

Ցավոք, հաճախ նույնիսկ «լուրջ» լեզվաբաններն են «հոլով» տերմինը գործածում թե՛ «հոլովի» իմաստով, թե՛ «հոլովաձևի» իմաստով:

Օրինակ, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարյանը, իր «Ժամանակակից հայոց լեզու» գրքում իբր առարկում է Աբեղյանին, բայց գրքի ողջ շարադրանքում «հոլով» բառը բազում անգամ գործածում է միմիայն «հոլովաձև» իմաստով, իսկ այս «հոլովաձև» բառը բոլորովին չի գործածում:

Այս փաստից երևում է, որ լեզվաբանության այս պրոֆեսոր պարոնը չգիտի, թե հոլովի ու հոլովաձևի տարբերությունն ի՛նչ է: Ցավոք, մեր այս պարոնը մենակ չի: Այս վիճակում են հայերենի մեր համարյա բոլոր ուսուցիչներն ու դասախոսների մեծագույն մասը:

Սա՛ է մեր այսօրվա լեզվաբանության վիճակը: Այնինչ, ինչպես արդեն տեսանք.

Դրույթ 1. Հոլովն ու հոլովաձևը տարբեր բան են:

Դրույթ 2. Եթե հոլով (ոչ հոլովաձև) ասելով, հասկանանք բառերի հարաբերությունների տեսակները, այդժամ քանի՞ հոլով ունի տվյալ կոնկրետ բարբառը: Այս հարցի պատասխանը հստակ հայտնի չի, ու հնարավոր է, որ տարբեր լեզվաբանները տարբեր թվեր ասեն սրա համար:

Աճառյանը, հայերենի համար, օրինակ նշում է 48 հոլով (48 հարաբերություն, ոչ թե 48 հոլովաձև) (ԼՔՀԼ, III, էջ՝ 327-333) ու ավելացնում է, թե «…այս բոլորով չի վերջանում {հայերենի} հոլովների ցանկը» (ib., էջ՝ 333):

(Աճառյանը այստեղ նշում է նաև այն լեզուները, որ նշած հոլովներին համապատասխան հոլովաձևերն էլ ունեն, իհարկե, շատ ավելի քիչ թվով):

Աճառյանն ասում է, թե էստոներենն ունի 11 հոլովաձև, ֆիններենը՝ 16, կոմի-պերմերենը՝ 17, հունգարերենը՝ 21, ֆիննական վոտերենը՝ 24, կովկասյան ավերերենը՝ 39, իսկ Ժիրկովը կովկասյան տաբասարան լեզվի համար դնում է 52 հոլովաձև ևն [ib., 323-327]:

Հնարավոր է, որ մի որևէ հոլովաձևով բազում հոլով արտահայտվի:

Դրույթ 3. Աբեղյանը հայերենի համար նշում է 49 հիմնական հոլով կամ հարաբերություն (երևի հետևելով Աճառյանին), բայց ընդամենը 5 հոլովաձև:

Աբեղյանի այս 5 հոլովաձև ասվածը առնվազն տարօրինակ է ու հակասում է Լեզվի Գլխավոր Օրենքին, այսինքն, հակասում է Երևանի բարբառի նորօրյա իրողությանը, լեզվական այսօրվա´ պրոցեսին, որովհետև Աբեղյանը, թեև անծպտուն, նկատի ունի Երևանի´ բարբառը միայն:

Իրոք, Աբեղյանն իր [3] ՀԼՏ-ի 30-31-րդ էջերում ներգոյական հոլովաձև է վերագրում նույնիսկ «քար, հաց, փայտ» բառերին՝ «քարում/քարերում, հացում/հացերում, փայտում/ փայտերում», այնինչ, այս բառերի այս հոլովաձևը Երևանի նորագույն բարբառում չկա:

Իսկ իր 1906 թվի «Աշխարհաբարի քերականությունը» գործի, [2]-ի 144-րդ էջին ներգոյական է վերագրում անորոշ դերբային. «խոսել; խոսելու; խոսելուց; խոսելով; խոսելում»:

Աբեղյանն այս հոլովաձևերն թերևս ուղղակի հորինում է, չնայած հետագայում հենց ի´նքը հայտարարեց, որ կտրուկ դեմ է քերականություն հորինելուն ([4], Երկեր, Ը հատոր, ՄՔՔԽՄ, էջ 543):

Գուցե հնարավոր է, որ սա պատահականություն համարվեր, եթե չլիներ թե´ Աբեղյանի հետագա այն կտրուկ ու հաճախ կրկնվող հայտարարությունը, թե աշխարհաբարն ունի 5 հոլովաձև:

Այս պնդման սխալականությունը ապացուցում է հայերենի այսօրվա անորոշ դերբայ-գոյականի միմիայն 4 հոլովաձևի փաստացի գոյությամբ: «Խոսելում»-ի պես ներգոյական ձև չունի Երևանի այսօրվա բարբառի ոչ մի անորոշ դերբայը:

10.6 Հայերենի հոլովների ցուցակը՝ ըստ Աբեղյանի

Բերում եմ հայերենի հոլովների (հոլովական պաշտոնների կամ անունների հարաբերությունների) ցուցակը, որ քաղել եմ Աբեղյանի ՀԼՏ-ից [էջ՝ 399-470]:

Սա բերում եմ, որ հոլովն ու հոլովաձևը շփոթողները գոնե մի անգամ տեսնեն, որ մեր քերականները հոլովն ու հոլովաձևը տարբեր բաներ են համարում:

ՈՒՂՂԱԿԱՆ ՀՈԼՈՎ

  1. ստորոգելիական վերադիր ուղղական
  2. կողմնակի ենթակա ուղղական

4. վերադիր ուղղական

5. կոչական ուղղական

ՀԱՅՑԱԿԱՆ ՀՈԼՈՎ

6. տեղի հայցական

7. ժամանակի հայցական

8. չափ ու քանակի հայցական

9. նպատակի հայցական

10. կրող խնդրի հայցական

11. ներգոյական հայցական

ՍԵՌԱԿԱՆ ՀՈԼՈՎ

12. ստացական սեռական

13. ծագման սեռական

14. ենթակայական սեռական

15. առարկայական սեռական

16. մասնական սեռական

17. նյութի սեռական

18. պարունակության սեռական

19. տեղի ու ժամանակի սեռական

20. գնի ու արժեքի սեռական

21. որակական սեռական

22. բացահայտող սեռական

ՏՐԱԿԱՆ ՀՈԼՈՎ

23. մատուցման տրական

24. շահի տրական

25. նպատակի տրական

26. կրող խնդրի տրական

27. ներգոյական տրական

ԲԱՑԱՌԱԿԱՆ ՀՈԼՈՎ

28. զատական բացառական

29. ծագման ու նյութի բացառական

30. մասնական բացառական

31. ներգործող խնդրի բացառական

32. պատճառի բացառական

33. բաղդատական բացառական

34. սահմանափակելու բացառական

35. պատմական բացառական

36. տեղի բացառական

37. ժամանակի բացառական

ԳՈՐԾԻԱԿԱՆ ՀՈԼՈՎ

38. միջոցի գործիական

39. հիմունքի գործիական

40. ներգործող խնդրի գործիական

41. սահմանափակելու գործիական

42. պարառական գործիական

43. տեղի գործիական

44. ժամանակի գործիական

45. ձևի ու միասնության գործիական

46. չափ ու քանակ ու գնի գործիական

ՆԵՐԳՈՅԱԿԱՆ ՀՈԼՈՎ

47. տեղի ներգոյական

48. ժամանակի ներգոյական

49. սահմանափակելու ներգոյական

Բացի սրանք, Աբեղյանը նշում է այս ենթահոլովաձևերի առանձին ենթատեսակները: Օրինակ, Աբեղյանն ասում է, թե սեռականի միայն երկու հոլովաձևով (ստացական սեռականով ու ծագման սեռականով) արտահայտվում են հետևյալ հոլովները (հարաբերությունները) [ՀԼՏ, էջ՝ 399-469]:

Ստացական սեռականը

1. Սեփականության ու ստացվածքի սեռականը: Օրինակ, Տիգրանի գիրքը; այս որսորդի շունը:

2. Իր ունեցածի մասի սեռականը: Օրինակ, այս ծառի ճյուղերը; ձիու գլուխը:

3. Իր հատկության կամ ունակության սեռականը: Օրինակ՝ առյուծի ուժը; բնության գեղեցկությունը:

4. Իր տեսակի, ցեղի, ազգի ևն անդամության սեռականը: Օրինակ, Թորոսենց Վարդանը; խնամոնց Ստեփանը:

5. Իր ունեցածի նկատմամբ հարաբերող (հաճախ՝ փոխադարձությամբ) սեռականը: Օրինակ՝ դարբնի աշակերտը; երեխաների հայրը; հորս բարեկամը; այս ձիու թամբը:

Ծագման սեռականը

1. Այս կնոջ երեխաները; թագավորի որդին; Աբրահամի զավակները; կատվի ձագը; Տիգրանի նամակը (Տիգրանի գրած նամակը); արեգակի ճառագայթները (արեգակի արձակածները); ծառի ստվերը (ծառի ձգած ստվերը); վարժապետի դասը (վարժապետի տված դասը); Մուրացանի երկերը (Մուրացանի հորինած երկերը); Վարդանի գործերը (Վարդանի արած կամ անելիք գործերը); Պատերազմի չարիքները (Պատերազմի պատճառած չարիքները) ևն:

Աբեղյանն այստեղ նշում է 11 սեռական հոլով, ու սրանցից ամեն մեկի համար էլ՝ 3-4 ենթահարաբերություն: Ուրեմն՝ Աբեղյանը միայն սեռական հոլով նշում է 30-ից ավել:

Ու ասպես շարունակ, բոլոր հոլովների բոլոր ենթահոլովաձևերի համար:

Դրույթ 1. Հայերենի՝ Աբեղյանի նշած բոլոր հոլովների թիվը 200-ից ավել է:

Իմ բերած օրինակներից երևում է, որ Աբեղյանի նշած սեռական հոլովային հարաբերությունները խառնվում են իրար ու ամենաքիչը վիճելի են:

Այս օրինակներից հետևում է նաև, որ.

Դրույթ 2. Հոլովների իսկական թիվը որևէ բարբառի (առավել ևս՝ լեզվի) մեջ անորոշ է ու հայտնի չի:

Մի բան է որոշ ու հաստատ, որ.

Դրույթ 3. Հոլովների (բառերի իրար լրացնելու հարաբերությունների) թիվը բոլոր լեզուների մեջ էլ նույնն է (ու անորոշ է):

Սա ապացուցվում է այն փաստով, որ տարբեր լեզուներով գրած արձակ գործերը միշտ էլ փոխթարգմանելի են:

Ուրեմն, օրինակ, անգլերենն ունի նույնքան հոլով, ինչքան հայերենը կամ 21 հոլովաձև ունեցող հունգարերենը, չնայած անգլերենի ունեցած հոլովաձևը մեկն է (եթե չհաշվենք դերանուններն ու ապաթարցով սեռականը), որովհետև, օրինակ, Շեքսպիրի գրած դրամաները լրիվ թարգմանելի են թե´ հայերենով, թե´ հունգարերենով:

10.7 Հի՞նգ, վե՞ց, թե՞ յոթ հոլովաձև

Այսօրվա հայերենի «չբայ» բառերի ամենամեծ խումբը՝ անունների´ խումբն է (տես հաջորդ գլուխը): Անունները լրացնում են թե՛ բայերի, թե՛ իրար իմաստները, այսինքըն, անունները շղթայվում զուգորդվում են թե´ իրար, թե´ բայերին:

Արդեն գիտենք (9-րդ գլխից), որ հայերենի անունների իրար կամ բայերին շղթայվելու զուգորդվելու հիմնական ձևը հոլովաձև ունենալն է: (Ուղղական հոլովաձեվով անունն էլ հնարավոր է, որ միշտ զուգորդվի թե´ անուններին, թե´ «եմ» բայի ձևերին):

Դրույթ 1. Կրկնենք, որ հայերենի անունների (այսինքն, ոչ բայերի, ոչ անփոփոխ եղանակիչների, ոչ ձայնարկությունների ու ոչ կապերի, տես հետո, գլուխ 11-ը) շըղթայվելու հիմնական ձևերը կազմվում են անվանն ավելացող վերջավորությունով, ու տվյալ ձևով բառին ասում են՝ այդ բառի «հոլովաձև»:

Օրինակ, «էշ» ու «պոչ» անունները «վերջավորություն չունեն»: Բայց երբ այս անուններից մեկը, օրինակ, առաջինը, զուգորդվի (լրացնի, հարաբերի) երկրորդին (ախր աշխարհում շատ «պոչ» կա, զուգորդվի ո՞ր «պոչին», ուղտի՞, փղի՞, թե՞ կոկորդիլոսի կամ հացի հերթի պոչին), այսինքն, եթե ասենք «էշի պոչ(ը/ըս/ըտ)», այս «ի» վերջավորությունը հային ցույց կտա «պոչ»-ի՝ «էշ»-ին պատկանելու հարաբերությունը կամ «էշ»-ին շղթայվել զուգորդվելը:

Սրա համար էլ ասում են, որ «էշ» անունը ուղղական-հայցական հոլովաձևով է, իսկ «էշի» անունը՝ սեռական-տրական:

Եթե «էշ» անունը հետևյալ ձևով լրացնի (զուգորդվի) մի բայի, օրինակ, «ընգավ» բային՝ «էշից ընգավ», կասենք, որ այս «էշից» անունն արդեն բացառական հոլովաձևով է:

Հիմա էլ թող «էշ» անունը լրացնի (զուգորդվի) մի ուրիշ բայի՝ «գնաց» բային, հետևյալ ձևով՝ «էշով գնաց»: Այս անգամ ասում են, որ «էշ» անվան «էշով» ձևը գործիական հոլովաձև է:

«էշ» անունը Երևանի այսօրվա բարբառում ուրիշ ձև չունի (հոդերը չհաշված), ինչքան էլ որ պնդեն նույնիսկ մեր ամենաանվանի քերականները, թե կա «էշում» ձևը:

Ինչո՞ւ չունի: Չունի, որովհետև չունի: Չունի, ՈՐՈՎՀԵՏև թե´ երևանցիները, թե´ արարատյան բարբառի մնացած կրողները «էշում» ձևը ՉԵՆ ԳՈՐԾԱԾՈՒՄ: Ուրիշ պատճառ չկա, բացի սրանից: Ուրեմն, այս պատճառը նաև ԼԳՕ-ի´ (Լեզվի Գլխավոր Օրենքի) պահանջն է:

Ուրեմն, «էշ» անունը Երևանի այսօրվա բարբառում ունի միմիայն չորս եզակի հոլովաձև.

«էշ, էշի, էշից, էշով»:

Սրանց շատ անգամ ավելանում են նաև «հոդ» կոչվող մասնիկները, բայց սըրանից անուններն իրար կապելու, այսինքն՝ իրար հարաբերելու կամ զուգորդվելու ձևերի թիվը չի փոխվում (թե չէ՝ կունենայինք 16 հոլովաձև): Հոդով ձևերն են.

էշս, էշըտ, էշը(ն)

էշիս, էշիտ, էշին

էշիցըս, էշիցըտ, էշից

էշովըս, էշովըտ, էշով

Սրանցից «էշից» ձևն այսօր հոդ չի վերցնում, այսինքն «էշիցը(ն)» ձևերը Երեվանի այսօրվա բարբառում չկան, չնայած մի 100 տարի առաջ կային: (Տես Խ. Աբովյանի արձակը կամ «հայ ժողովրդական հեքիաթներըի» հատորները):

Այս հոդով ձևերը մեռան թերևս գրական ոճերի ազդեցությամբ:

Հիմա էլ եկեք վերի հետևյալ ձևերի մեջ.

էշը այստեղ է

էշի պոչը

էշից ընկավ

էշով գնաց

«էշ» անունը տեղակալենք «դպրոց» անունով.

դպրոցն այստեղ է

դպրոցի պոչը

դպրոցից ընկավ

դպրոցով գնաց

Երևանի բարբառն կրող մարդը իսկույն գլխի կընկնի, որ «դպրոց» անունը (կապակցության հարաբերություն արտահայտող) զուգորդության մի ուրիշ ձև էլ ունի՝ «դպրոցում մնաց»-ը (չնայած հնարավոր է նաև «էրեխեն մնաց դպրոցը» ձեվը):

Ուրեմն՝ «դպրոց» անունը Երևանի բարբառում ունի հինգ հոլովաձև.

դպրոց

դպրոցի

դպրոցից

դպրոցով

դպրոցում

(Իմիջիայլոց, կարևոր չի, որ բերված օրինակները երբեմն անհեթեթ են, որովհետև Լեզվի Գլխավոր Օրենքն ու լեզվի վերացական պայմանադրությունը ենթադրում են, որ բարբառները (ու առաջին հերթին նաև մեր Երևանի բարբառը) մորֆոլոգիական ու շարահյուսական տեսանկյունից ինքնին ճիշտ են (ու նաև հրաշալի են ու չքնաղ, ու բոլորովին էլ ժարգոն չեն, ինչպես ոմանք են ասում Երևանի բարբառի համար):

Ուրեմն. Երևանի բարբառի «էշ» անունն ունի 4 հոլովաձև, իսկ «դպրոց» անունը՝ 5 հոլովաձև: Լեզվի Գլխավոր Օրենքի ու պայմանադիր վերացականության վրա հիմնըված քննությունը ցույց է տալիս, որ.

Դրույթ 2. Երևանի բարբառի թեքվող անունների մի մասն ունի միայն 4 հոլովաձև, իսկ մյուս մասը՝ 5 հոլովաձև:

Ուրեմն.

Դրույթ 3. Այն վեճը, թե հայերենի հոլովաձևերի թիվը հի՞նգ է, վե՞ց, թե՞ յոթ, անիմաստ է, քանի որ այս վեճը բացառում է տարբեր թվով հոլովաձևերով բառերի միաժամանակյա գոյությունը, ինչը հնարավոր է, օրինակ, Երևանի այսօրվա բարբառում, ու ինչը, ուրեմն, ըստ ԼԳՕ-ի, այսինքն, ըստ լեզվական պրոցեսի բնականության փաստի, գիտական ճշմարիտ փաստ է:

Կոպիտ ու կատակով ասած, Երևանի բարբառի հոլովաձևերի թիվը ոչ 4 է, ոչ 5, ոչ 6, ոչ 7, այլ 4,5 (չորս ու կես) է:

Ա´յ, հենց այս 4,5-ի գոյության անհավատալիության հանգամանքն է ստիպել Աբեղյանին, որ, ինքն իրեն հակասելով, զոռով հորինի «քարում, հացում, փայտում» գոյություն չունեցող հոլովաձևերը (ու նույնիսկ սրանց հոգնակիները, տես ՀԼՏ, էջ 30-31):

Երևանի բարբառի հոլովաձևերի թիվը կա՛մ 4 է, կա՛մ 5 ու Երևանի բարբառին հիմնըված մեր գրական բոլոր ոճերի անունների հոլովաձևերը պիտի պարտադիր ենթարկվեն այս բարբառի օրինաչափություններին:

Իմ մայրենի բարբառը, Մալիշկայի խոսվածքը, ինչպես ասվել է, ունի միայն 4 հոլովաձև, ու ներգոյական հոլովը անխտիր արտահայտում է կա´մ ուղղական-հայցական հոլովաձևով, կա´մ սեռական-տրական հոլովաձևով ու «մեջ» հետադրությամբ. «Ճիժը (կօ/գօ) դբրօսն ի» կամ «Ճիժը (կօ/գօ) դբրօցի մեշն ի»:

Այսինքն, Մալիշկայի խոսվածքում (Սալմաստի ու Խոյի բարբառներում, առհասարակ) ներգոյական հոլովաձևը մեռած է, չնայած հոլովը (հարաբերությո´ւնը, զուգորդությո´ւնը), իհարկե, կա՛:

Դրույթ 4. Անորոշ դերբայը, ինչն այսօրվա հայերեն բոլոր բարբառներում միայն անուն է ու բայական ոչ մի պաշտոն չունի ([4], ՄՔՔՀՄ, էջ 537), Երևանի բարբառում ունի միմիայն 4 հոլովաձև: Թերևս հարակատար ու ենթակայական դերբայները, որ նույնպես անուն են, Երևանի բարբառում (երևի նաև մյուս բարբառներում) նույնպես ունեն միայն 4 հոլովաձև:

Օրինակ.

վազել/վազած/վազող (ըս,ըտ,ը)

վազելու/վազածի/վազողի(ս,տ)

վազելուց/վազածից/վազողից(ըս,ըտ)

վազելով/վազածով/վազողով(ըս,ըտ)

Դրույթ 5. Երևանի բարբառում միմիայն չորս հոլովաձև ունեն նաև մարդկանց ու կենդանիների անունները, որովհետև այսօրվա հայերեն բարբառները սրանց համար ներգոյական հոլովաձև չունեն (այս բառերի ներգոյական հոլովն իհարկե կա, ինչն արտահայտվում է ուղղական-հայցականով կամ սեռական-տրական հոլովաձևով ու «մեջ» հետադրությամբ):

Այսօրվա հայը երբեք չի ասում՝ «Աշոտում, Արամում, Գոհարում, քեռիում, գըրիչում, դաշտում, ձիում, կովում, մրջյունում, թիթեռում, ճանճում» ևն:

Դրույթ 6. Չորս հոլովաձև ունեն, օրինակ, հետևյալ բառերը՝ «տուն, շուն, կատու, պատ, քար, ծառ, դուռ, սեղան» բառերը, «հայր, մայր, եղբայր» բառերը (ցեղակցություն ցույց տվող բոլոր անունները) ևն:

Դրույթ 7. Թերևս ոչ մի ընդհանուր կանոն չկա, որ իմանաս, թե տվյալ բառը քանի հոլովաձև ունի: Լեզվի կրողը այս հոլովաձևերն ու սրանց կիրառությունը սովորում է կապկելով, ընդօրինակելով, այսինքն, անալոգիայի օրենքով:

Դրույթ 8. Ինչ վերաբերում է ներգոյականին, Երևանի բարբառում սա երևի նոր էր առաջացել, ու Երևանի բարբառում սրա դրությունն այսօր տատանվող է:

Շատ անգամ ներգոյականն արտահայտում ենք ուղղական-հայցականով, օրինակ.

- էրեխեն ո՞ւր ա:

- Հե՛ն ա՝ դբրոսն ա (հայաթն ա, դուսն ա, փողոսն ա ևն):

- Սումկետ ո՞ւր ա:

- Հե՛ն ա, քցել եմ աֆտոն:

Ու շատ անգամ էլ այս ներգոյական հոլովն արտահայտում ենք սեռական-տրական հոլովաձևով ու «մեջ» հետադրությունով.

- Սումկետ ո՞ւր ա:

- Հե՛ն ա, մեքենայի մեջն ա:

Դրույթ 8. Ի՞նչ կլինի ներգոյականի ապագան: Սա անհայտ է: Անհայտ է, որովհետև լեզվական պրոցեսի ինքնակառավար ու ինքնին դիֆուզվող ցրիվ կարգի՛ ապագան է անհայտ: Լեզվական պրոցեսը միշտ գնում է անհայտություն:

Հնարավոր է, որ անալոգիայի օրենքը լրիվ սպանի ներգոյականը, որովհետև դըժվար թե մարդիկ ասեն՝ «շնում, տնում, մկում, հորում, մորում, ախպորում, կովում, ձիում, էշում, ոչխարում, Մերուժանում» ևն: Բայց ի՞նչ իմանաս:

Հնարավոր է, որ նոր հոլովաձև էլ ծագի, կամ որ այսօրվա հոլովաձևերից մեկն էլ սպանվի, կամ ֆրանսերենի պես մնա միայն հայցականը կամ էլ՝ անգլերենի պես մնա միայն ուղղականը:

Լեզուն է՛լ է կյանքի պես, տնտեսությա´ն պես, շուկայի´ պես սպոնտան (եթե խոչընդոտներ չունի): Ու սրանց պես էլ անգուշակելի վարք ունի ու լրիվ անկառավար է նույնիսկ երբ խոչընդոտներ ունի:

Ուզեցար ստիպես, որ լեզուն քո ուզած ուղով գնա, չի գնա: Իր ուղուց կշեղվի իհարկե (այսինքն, իր ինքնուրույն գնալիք ուղով չի գնա), բայց քո ուզածը չի անի: Վերջին 160 տարին գոնե ցույց տվեց սա:

Դրույթ 9. Ակնհայտ է, որ Լեզվի Գլխավոր Օրենքն ու լեզվի վերացական պայմանադրությունն ու տեղառքի կանոնը, լուծում են հոլովաձևերի քանակի հարցը:

Այնինչ.

Դրույթ 10. Այսօրվա քերականությունները հոլովաձևերի քանակի հարցը լուծելու զորություն չունեն, ու սա է՛լ է ապացուցում, որ այսօրվա քերականությունները լեզվական երևույթի ճիշտ ու սխալը ջոկելու ոչ մի գիտական չափանիշ չունեն:

Իմիջիայլոց, կա մարդ ու նույնիսկ՝ լեզվաբան մարդ, ով ասում է, թե իբր հայերենի հոլովաձևերի թիվը յոթից պակաս համարողներն «աղքատացնում են հայերեն լեզուն»: Այդ մարդկանց հարց եմ տալիս.

«Անգլերենը մեկ հատ հոլովաձև ունի: Ո՞ւմ գրականությունն է ավելի շքեղ, ավելի հարուստ, ավելի ընտիր ու ավելի ազդեցիկ՝ անգլիացո՞ւնը, թե՞ հայինը: Մե՞նք չենք, որ արդեն մոտ 100 տարի է, ինչ հիանում ենք 400 տարի առաջ (1616-ին) մահացած անգլիացի Շեքսպիրով»:

Դրույթ 11. Լեզվի հարստությունը, ճոխությունը, պերճությունն ու ընտիր լինելը ո՛չ այս կարգի հարցերով է որոշվում, ոչ է՛լ, օրինակ, բառարաններում հավաքած բառերի քանակով:

Ասում են՝ իբր հայերենի բացատրական նոր բառարանում բառերի քանակը մոտ 270 000 է: Սա նշանակո՞ւմ է, որ հայերենն առավել է, օրինակ, անգլերենից:

Անգլերեն մի բացատրական հայտնի բառարանում, «ժամանակակից անգլերենի բառարան՝ խորացված ուսուցման համար» վերնագրով ([66]), կա ընդամենը 50000 բառ: Ու այս 50000-ով հնար կա կարդալու անգլիացիների թե՛ «Աստվածաշունչը», թե՛ Շեքսպիրին, թե՛ Չոսերին (14-րդ դար), թե՛ ամե՛ն-ամե՛ն ինչ, բացի հին անգլերենից (իրենց գրաբարից):

Բա մտածելու բան չի՞, որ անգլիացին գործածում է ընդամենը 50000 բառ՝ մեր 270000-ի տեղակ ու մեզանից շատ ու շատ ավելի զորավոր գրականություն ունի:

Իմիջիայլոց, Հ. Թումանյանի, կամ Վ. Սարոյանի, կամ, օրինակ, Է. Հեմինգվեյի գործածած բառապաշարը չի անցնում 2-3 հազար բառը:

Դրույթ 12. Եթե գրական ամե՛ն-ամե՛ն տեսակ կարիքների համար մոտ 50000 բառը հերիք է, բայց գրական ոճերի բառարանները կուտակել են դրանից մոտ 4-5 անգամ ավելի շատ բառ, ուրեմն այդ լեզվի բառերից մոտ 200000-ը ավելորդ բեռ է, ու այդ բեռով հպարտացողը չի հասկանում, թե ինչ է անում:

10.8 Ը-ի կանոնը: Տերյանի ռուսիզմները

Տեղառքի ևս մի կանոնը ցուցադրելու ու նաև անորոշ դերբայի մասին ասածս հաստատելու համար մի օրինակ բերեմ:

Վահան Տերյանը, ով անուրանալի տաղանդի տեր բանաստեղծ է, գրում է.

Մոռանա˜լ, մոռանա´լ ամեն ինչ,

Ամենին մոռանալ.

Չսիրել, չխորհել, չափսոսալ -

Հեռանա˜լ...

Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,

Գիշերում այս անշող,

Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,

Մոռացման ոսկե շող...

Մի վայրկյան ամենից հեռանալ,

Ամենին մոռանալ.–

Խավարում, ցավերում քարանալ

Մե˜ն-միայն...

Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,

Ամենին մոռանալ.

Չըսիրե˜լ, չըտենչա˜լ, չըկանչե˜լ -

Հեռանա˜լ:

Այս ոտանավորի միջի բոլոր անորոշ դերբայները, անառարկելի, անուն են, ու ոչ մի տեսակ բայ չեն: Ուրեմն, այս ոտանավորը հայաձև չի, կամ էլ՝ կոտրատված հայերենով է: Սա ապացուցելու համար դիմենք Ը-ի կանոնին.

Տեղառքի Ը-ի կանոնը. Եթե կասկած կա, որ որևէ գրվածքի անորոշ դերբայ-գոյականը սխալմամբ գործածված է բայի փոխարեն, այս անորոշ դերբային (կամ դերբայներին) ավելացրու «ը/ն» հոդը, ու այդ գործածության ճիշտն ու սխալը իսկույն կերեվա:

Այժմ, հիշելով, որ հայերենի անորոշ դերբայը, ինչպես Աբեղյանն է ասում, անո´ւն է, եկեք Տերյանի ոտանավորի այս «գոյական-անորոշ դերբայների» վերջից ավելացնենք «ը» որոշյալ հոդը.

Մոռանա˜լը, մոռանա´լը ամեն ինչ,

Ամենին մոռանալը.

Չսիրելը, չխորհելը, չափսոսալը-

Հեռանա´լը...

Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,

Գիշերում այս անշող,

Արդյոք կա՞ իրիկվա մոռացման -

Մոռացման ոսկե շող...

Մի վայրկյան ամենից հեռանալը,

Ամենին մոռանալը.-

Խավար ու ցավի մեջ քարանալը-

Մե˜ն-միայն...

Մոռանալը, մոռանալը ամեն ինչ,

Ամենին մոռանալը.

Չըսիրե˜լը, չըտենչա˜լը, չըկանչե˜լը -

Հեռանա˜լը:

Ակնհայտ է, որ Տերյանը սա´ չի ուզեցել ասի: Տերյանի ուզածը իղձ էր, ցանկություն էր, բայց քանի որ ռուսերենի ու մանավանդ ռուս սիմվոլիստ պոետների ազդեցությունը Տերյանի վրա շատ հզոր էր, Տերյանը, փոխադրելով ռուս բանաստեղծ Մերեժկովսկու հետևյալ ոտանավորը.

Покоя, забвенья!.. Уснуть, позабыть
       Тоску и желанья,
Уснуть — и не видеть, не думать, не жить,
       Уйти от сознанья!
Но тихо ползут бесконечной чредой
       Пустые мгновенья,
И маятник мерно стучит надо мной...
       Ни сна, ни забвенья!..

վերի սխալ ռուսատիպ ձևով է գրել: Եթե Տերյանն իմանար, որ գրածներն ռուսատիպ են, ու բարբառներն էլ այդքան չարհամարհեր, կուղղեր սա ու կգրեր, օրինակ, հետևյալ ձևով.

Մոռանա´ս, մոռանա´ս ամեն ինչ,

Ամենքին մոռանաս.

Չսիրե˜ս, չխորհե˜ս, չափսոսա˜ս-

Հեռանա´ս...

այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,

Մութ գիշերն այս անշող,

Տեսնես կա՞ իրիկվա անհուշի -

Անհուշի´ ոսկե շող...

Մի վարկյան ամենքից հեռանաս,

Ամենքին մոռանաս. –

Խավար ու ցավի մեջ քարանաս-

Մե´ն-միայն...

Մոռանաս, մոռանա´ս ամեն ինչ,

Ամենքի´ն մոռանաս,

Չսիրե˜ս, չտենչա˜ս, չկանչե˜ս-

Հեռանա´ս:

Հայերենը սա´ է, ու տաղանդավոր հայը, որ տխուր ու հուսահատ լինի, լրիվ հնարավոր է, որ մտնի սենյակ ու այ հենց այս տեսակ բաներ ասի: Բայց եթե մի հայ, թեկուզ հուսահատ ու նույնիսկ հանճարեղ, մտնի սենյակ ու իրար հետևից մի քանի դերբայ-անուն շարի, օրինակ՝ ասի.

վազել, փախչել, կորչել, գնալ,

սա հայաձև չի լինի, ու լսողները իսկույն կզգան սա, ու դժվար թե այս խոսողի հայերենի ու հանճարեղության մասին լավ բան մտածեն:

(Որ լրիվ հնարավոր է, որ Վ. Տերյանը կույր-կույր ընդօրինակեր ռուսերենին, ապացուցում է, օրինակ, Տերյանի հետևյալ ռուսատիպ խոսքը, ինչը ոչ մի «գրականագետ-ուսուցիչ» չի նկատում.

Դու անհոգ նայեցիր ինձ վրա...

(Մենք՝ հայերս, չենք նայում մեկի վրա կամ մի բանի վրա: Աշոտը չի նայում Գոհարի վրա, Գոհարը չի նայում պատի վրա ևն: Աշոտը նայում է Գոհարին, Գոհարը նայում է պատին ևն: Սա´ է հայի «նայելու ձևը»:

(Ռուսներն են, որ «նայում են՝ ինձ վրա, Գոհարի վրա, պատի վրա» (на меня, на Гоар, на стену) ևն, բայց սա ռուսների գործն է, ու լավ են անում, որովետև ռուսներն այդպե´ս են խոսում):

Դրույթ 1. Օտարաձև լեզվական երևույթների թիվը մեր նոր գրականության մեջ միլիարդներով է, ու ցավալի է, որ մեր քերականությունները սրանք չեն էլ նկատում:

Այս օտարաձև երևույթները գործածում են թե´ մեր նույնիսկ լավագույն գրողները, թե´ մեր մնացած մտավորականները:

Մեր գրողներից միմիայն Թումանյանն է, ով այս թվական-գոյական զույգը համարյա երբեք սխալ չի գործածում (ահա իր գործերից իմ նկատած միակ օրինակը. «Երկու որբեր, Քուր ու ախպեր», փոխանակ (օրինակ). «Երկու խեղճ որբ, Քուր ու ախպեր»):

Բայց Թումանյանի նամակների ու հոդվածների մեջ թվական-գոյական զույգի սխալ գործածությունը արդեն բավական շատ է, չնայած ուրիշ հեղինակների չափ առատ չի:

Գլուխ 11. ԲԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ԱՆՈՒՆՆ ՈՒ ԲԱՅԸ

11.1 Հայերենի բայը

Հենց որ, հետևելով վերի շարադրանքին ու կիրառելով Լեզվի Գլխավոր Օրենքը, ասում ենք, թե բայը ի՛նչ է, այսինքն, հենց որ նկարագրական եղանակով բայը սահմանում ու ասում ենք.

Սահմանում. Բայը միաժամանակ դեմքի, թվի ու ժամանակի գաղափար ունեցող ա՛յն բառն է, ինչը իր իսկ իմաստը վերագրում է իր իսկ դեմքին՝ նշելով դեմքի քերականական թիվն ու վերագրելու ժամանակը,

այդժամ, ինչպես արդեն 9-րդ գլխում է ասվել, հենց այս սահմանման պարտադրանքով, հայերենի բառերն ինքնին բաժանվում են երկու մեծ խմբի՝ ԲԱՅԵՐԻ խմբին ու բայերին լրացնող կամ բայերին զուգորդվող ՉԲԱՅԵՐԻ (ո՛չ բայերի կամ անունների) խմբին:

Դիտողություն. Ճիշտ կլիներ, որ բառի իմաստը լրացնելու այս գաղափարից հրաժարվեի ու լրացնելուց խոսելու փոխարեն մի´շտ խոսեի բային շղթայվելուց կամ զուգորդվելուց (տես 9.11 պարագրաֆի եզրակացություն 2.-ը):

Բայց թերևս չարժի, որ քերականական այս ավանդույթը խախտվի, մանավանդ, որ սույն շարադրանքը ա´նպայման է հաստատում Աբեղյանի քերականության մեծագույն մասի արդյունքները:

Սրա համար էլ երբ խոսում եմ բային զուգորդվելուց, փակագծերում երբեմն ավելացնում եմ նաև «լրացնեմ» բայը, որ ավանդական քերականությանը վարժվածներն արագ ընկալեն այս գրքի ասածները):

Չբայերի խումբն էլ ինքնին բաժանվում է երկու խմբի՝ բային զուգորդվող (լրացնող) հոլովաձև ունեցող ու հոլովաձև չունեցող բառերի խմբերին:

Բայի հոլովաձև չունեցող լրացմունքներն էլ բաժանվում են չորս խմբի.

ա. Ձայնարկությունների խումբը (ախ, օխ, ուխ, հայ-հույ, վայ-վույ, օֆ ևն):

Ձայնարկությունները խոսքի մաս չեն համարվում, չնայած կարևոր են ու անխուսափելի: Լեզուն առանց սրանց յոլա չի գնում, քանզի սրանք արտահայտում են խոսողի տրամադրությունը ևն: Ուրեմն.

Դրույթ 1. Ձայնարկությունները գուցե ընդհանրացած ու մթագնած եղանակիչներ են (խոսողի վերաբերմունքը խոսվածի նկատմամբ ցույց տվող բառեր են):

բ. Շաղկապների ու կապական բառերի խումբը, որ իրար է կապում բառերը, բառերի կապակցություններն ու խոսքերը:

Սրանք է՛լ խոսքի մաս չեն համարվում:

գ. Պատասխանական «հա, չէ» բառերը, որ նորից կարող ենք խոսքի մաս չհամարենք:

դ. Հոլովաձև կամ խոնարհմունք չունեցող եղանակիչ բառերն ու մասնիկները (Աճառյանն այս վերջիններին է՛լ է ասում մակբայ [ԼՔՀԼ, V]), այսինքն, պտի-ի, կը-ի, իհարկե-ի, անշուշտ-ի, անպայման-ի, երևի-ի, գրեթե-ի, գուցե-ի, թերևս-ի, տո-ի, թո-ի, հո-ի, բա-ի պես բառերը, որոնք զուգորդվում են միմիայն բայերին:

Սրանք խոսքի մաս են համարվում. (սրանցից՝ «տո»-ն, «հո»-ն ու «բա»-ն երբեմն համարվում են թարմատար, ու սրանք, ավելի շուտ, ձայնարկություն են, որովհետև սրանց նախնական իմաստները լրիվ են մթագնած: «բա»-ի մասին տես 5.1-ը):

Քննարկենք այս խմբերը առանձին-առանձին:

11.2 ԼԳՕ-ն ու քերականական սահմանումը

Արդեն տեսանք, որ.

Դրույթ 1. Գիտական սահմանումը երկար բանը կարճ ասելու հայտնի ստորոգյալով շրջելի ձևն է (տես Գլուխ 3-ը):

Օրինակ՝ փոխանակ միշտ ասելու. «տված կետից նույն հեռավորությունն ունեցող կետերի խումբը», կարճ ասում են. «գնդային մակերևույթ»: Այսինքն, երբ ասում են «գնդային մակերևույթ», նկատի են ունենում, որ. «միայն ու միայն տրված կետից նույն հեռավորությունն ունեցող բոլոր կետերի խո´ւմբն է ասված գնդային մակերևույթը»:

Շրջենք սա, այսինքն, սրա ենթակայի ու ստորոգյալի խմբերի տեղերը փոխենք. «Գնդային մակերևույթը տված կետից նույն հեռավորությամբ (բոլոր) կետերի խումբն է»: Իմաստը չփոխվեց, այսինքն, ասված խո´ւմբը չփոխվեց, ու կարևորը սա՛ է: Ու մաթեմատիկոսին չի հետաքրքրում՝ բնության մեջ կետ կամ հեռավորություն կա՞, թե՞ ոչ:

Կետի, ուղղի, հարթության ու հեռավորության մաթեմատիկական հասկացությունները բնության մեջ չկան ա՛յն իմաստով, որ սրանք ոչ մի կերպ չափելի չեն, փորձով հայտնաբերելի չեն:

Ֆիզիկայի սահմանումներն արդեն այսքան վերացական չեն: Երբ ասում են, որ.

Հուկի իմաստով առաձգական մարմին է ա՛յն մարմինը, ինչը դեֆորմանալիս ենթարկվում է Fx = – kx օրենքին, չափումների ճշտության սահմաններում այս սահմանումը միշտ է ստուգելի (ֆիզիկոսի իմաստով ու մեթոդներով):

Քերականական սահմանումները բավական նման են հենց բնագիտական սահմանումներին, քանզի պիտի միշտ ստուգելի լինեն:

Դրույթ 2. Քերականական սահմանումներն ստուգելու միակ ձևը դրանք տվյալ խոսվածքի (բարբառի) փաստերի հետ տեղառքի կանոնով համեմատելն է, ինչը (ինչպես Սոսյուրն է ասում) պիտի անի {այդ բարբառը կրող} գերազանց լեզվաբանը:

Փաստացի, ինչպես ասվել է, տեղառքի կանոնը բխում է լեզվական պրոցեսի գործելու զուտ ձևաբանական աբստրակտ (ֆորմալ, վերացական) էությունից:

Ուրեմն, երբ այս գրքում տեղառքի կանոնով մի բան է հիմնավորվում, ըստ էության, կիրառվում է լեզվական պրոցեսի բացարձակ ֆորմալ վերացականությունը:

Քերականն ու, առհասարակ, ամեն մի ուսյալը պիտի հիշի հետևյալը.

Օրենք: Որևէ խոսվածքի որևէ լեզվական երևույթը արհեստական կամ անբնական է (ուրեմն, խորթ է այդ խոսվածքին), եթե «միջինի իմաստո´վ» դա չկա այդ խոսվածքի մեջ, այսինքն, եթե այդ խոսվածքի կրողների մեծամասնությունն այդ երևույթը չի գործածում իր խոսքի մեջ:

Սա, իհարկե, բխում է Լեզվի Գլխավոր Օրենքից, ԼԳՕ-ից, ինչն ասում է, որ.

Դրույթ 3. Որևէ հանրության լեզվական պրոցեսը, ցանկացած պահին, ինքնին ճիշտ է, այսինքն, ճիշտ է այդ պրոցեսի ամենայն ինչը:

Ուրիշ խոսքով, քանի որ լեզվական պրոցեսը մարդկային ծրագրերին (կամքին) չի ենթարկվում, ԼԳՕ-ից հետևում է, որ.

Աքսիոմ. Քերականությունը պիտի լինի միմիայն նկարագրական ու ոչ թե իմաստաբանական, այսինքն, պիտի նկարագրի լեզվական պրոցեսն ու պիտի լինի վերացական (ֆորմալ) չպիտի երբևէ լինի հորինովի, այսինքն, չպիտի հակասի ԼԳՕ-ին ու պիտի պարտադիր բավարարի ԼԳՕ-ի պահանջներին, կնշանակի, պիտի ստուգելի լինի ԼԳՕ-ով:

Դրույթ 4. Հայերեն լեզվի քերականական նկարագրությունը պիտի հաշվի առնի.

ա. Բայի համար՝ դեմքի, թվի ու ժամանակի գաղափարներն ունենալն ու ստորոգել-վերագրելը:

բ. Անունի համար՝ այլ անուններին շղթայվելիս (զուգորդվելիս) – հոլովմունքի հարացույցներն ու անունների ձևաբանական ու շարահյուսական պաշտոնները (օրինակ, ածական դառնալը ևն), իսկ բային շղթայվելիս – բայի այս կամ այն հատկանիշը (ասպեկտը) լրացնելը:

11.3 Գոյական կամ ածական անունը

Բայի՝ վերը բերած նկարագրությունները, իհարկե, բավարար չեն, ու սրանք կտըրվեն 13-րդ գլխում:

Անունը սահմանելու համար պիտի հաշվի առնվի հետևյալը:

Եթե մաթեմատիկոսից պահանջես, որ սա ասի թե ինչ է քառանկյունին, մաթեմատիկոսը, իհարկե, կսահմանի´ քառանկյունու գաղափարը: Մաթեմատիկոսը կասի, որ քառանկյունին 4 հատվածանոց փակ բեկյալն է: Բայց եթե պահանջես, որ մաթեմատիկոսն ասի քառանկյունու հատկությունները, այդ մաթեմատիկոսը թերևս ասի.

«Քառանկյունին, առհասարակ, բարդ բան է ու սրա հատկություններն այնքա´ն շատ են ու այնքա´ն են բազմազան, որ սրանք թվարկելու համար ստիպված պիտի հերթով թվարկեմ բոլոր առանձին կամ մասնավոր տեսակի քառանկյունների հատկությունները, այսինքն, պիտի թվարկեմ նաև սեղանի, զուգահեռագծի, ուղղանկյունու, շեղանկյան ու քառակուսու հատկությունները, առանձին-առանձին, որովհետև սրանք բոլորն էլ քառանկյունի են»:

Համարյա այս նույն վիճակում էլ լեզվաբանն է: Թերևս առանցքային է սույն շարադրանքի հետևյալ, արդեն ասված, սկզբունքը.

ՕՐԵՆՔ. Բառի տեսակը որոշվում է միմիայն բառի զուգորդական գործածության արդյունքով: Հնարավոր է, օրինակ, որ նույն բառը մի զուգորդության ժամանակ լինի գոյական (եթե զուգորդվելիս հոլովաձևեր ունի), մեկ ուրիշի ժամանակ լինի ածական (եթե զուգորդվելիս հոլովաձևեր չունի) ևն:

Հայերենի համար այս սկզբունքը պիտի որ չզարմացներ Աբեղյանին, ով առաջինն է նկատել, որ հայերենի ածականի ու մակբայի տարբերությունը զուտ գործածության տարբերություն է: Արդեն գիտենք, որ.

Սահմանում 1. Այսօրվա հայերենի անունն այն բառն է, ինչը միշտ երկու հնարավոր ձևով է զուգորդվում այլ բառերին: Այլ բառերին շղթայվելու զուգորդվելու այս ձևերից մեկի ժամանակ հնարավոր է, որ զուգորդության երկրորդ բաղադրիչն ունենա մի քանի հոլովաձև (Երևանի բարբառում կա´մ չորս, կա´մ հինգ), իսկ զուգորդվելու մյուսի ձևի ժամանակ լինի միմիայն անփոփոխ ուղղական հոլովաձևով: (Տես 9-րդ գլուխը, մանավանդ 9.6 պարագրաֆը): Գիտենք, որ.

Դրույթ 1. Անունը մերթ գոյական է, մերթ ածական, նայած իր զուգորդության կոնկրետ տեսակին:

Օրինակ, «սև» անունը գոյական է հետևյալ զուգորդությունների մեջ. «լավ սեվը; սևի համար; սևից վատ; սևով ներկած», որովհետև սրանց զուգորդվելիս հոլովաձևեր ունեցավ. «սևը; սևի; սևից; սևով»:

Բայց, նույն այս «սև» անունը ածական է հետևյալ զուգորդությունների մեջ. «սև ձին; սև ձիու; սև ձիուց; սև ձիով», որովհետև այս «սև»-ն արդեն այս զույգերի միջի «ձի» բառի չափազանց լայն գաղափարը նեղացրեց ու դարձրեց մասնավոր ու հասցըրեց միմիայն սև ձիերի բազմությանը:

Հետևյալ զուգորդությունների մեջ. «սև փնտրողը; սև փնտրողի; սև փնտրողից; սև փնտրողով», կամ «ձի փնտրողը; ձի փնտրողի; ձի փնտրողից; ձի փնտրողով», ածականը «սև» ու «ձի» անուններն են:

Իսկ հետևյալ զուգորդությունների ժամանակ. «մուգ սև փնտրողը; մուգ սև փնտրողի; մուգ սև փնտրողից; մուգ սև փնտրողով», կամ «սև ձի փնտրողը; սև ձի փնտրողի; սև ձի փնտրողից; սև ձի փնտրողով», ածականն արդեն «մուգ սև» ու «սև ձի» կապակցություններն են, որ թերևս մի բառ են ընկալվում ու գուցե միասին գրվեին, եթե այսպիսի տրադիցիա լիներ:

Իսկ սրանց երկրորդ բաղադրիչ «փնտրողը», ըստ սահմանման, գոյական է, որովհետև հոլովաձևեր ունի:

Հնարավոր են նաև ավելի բարդ զուգորդություններ, օրինակ. «մուգ սև փնտրող մարդը», ինչի մեջ արդեն ածականը «մուգ սև փնտրող» զուգորդությունն է, իսկ գոյականը՝ «մարդը» ևն: Բայց, օրինակ «մուգ սև ձի փնտրող մարդու կոշիկը» կապակցության ածականն է՝ «մուգ սև ձի փնտրող մարդու» կապակցությունը ևն:

Իսկ, օրինակ, «ձուկ» անունը հետևյալ զուգորդությունների մեջ գոյական է, որովհետև սրանց մեջ հոլովաձևեր ունի. «լավ ձուկը; ձկան համար; ձկից վատը; ձկով լիքը»:

Բայց, նույն այս «ձուկ» անունը ածական է հետևյա´լ զուգորդությունների մեջ. «ձուկ փնտրողը/տեսածը; ձուկ փնտրողի/տեսածի; ձուկ փնտրողից/տեսածից; ձուկ փնտրողով/տեսածով», որովհետև այս աշխարհում «փնտրող» (կամ «տեսած») շատ կա, օրինակ. «ձու փնտրող, ծառ փնտրող, քար փնտրող» ևն, ու նույնիսկ, «փնտրող փնտրող» է´լ կա:

Այնինչ, երբ ասում ենք՝ «Ձուկ փնտրողը», փնտրողների այս անսահման բազմությունը նեղացնում հասցնում ենք միմիայն «Ձուկ փնտրող»-ների բազմությանը:

Հետաքրքիր է այս «փնտրող փնտրող»-ը, ինչի առաջին «փնտրող»-ն ածական է, իսկ երկրորդ «փնտրող»-ը գոյական՝ հետևյալ խոսքի մեջ. «փնտրող փնտրողը գընաց տուն»: Այստեղի երկրորդ «փնտրող»-ը նույնիսկ այս խոսքի ենթական է:

Հնարավոր է, որ ասվի «փնտրող փնտրողը փնտրող չքթավ ու առանց փընտրողի գնաց տուն, որ փնտրողներից հեռու մնա ու փնտրողներով չզբաղվի»: Այս խոսքի միայն առաջին «փնտրող»-ն է ածական, մնացածները գոյական են: Սրանցից երկրորդը խոսքի ենթական է, ավանդական քերականություններով՝ երրորդն ուղիղ խնդիր է, չորրորդն ու հինգերորդը՝ անուղղակի խնդիր են: Ուրեմն.

Դրույթ 2. Հայոց լեզվի անունները մե´րթ գոյական են (հնարավոր է՝ նաև դերանուն), մե´րթ ածական (սրանց մեջ են անուններին զուգորդվող բոլոր թվականները), նայած այս անունների զուգորդության (գործածության) կոնկրետ ձևին:

Այս դրույթից էլ բխում է, որ.

Դրույթ 3. Քերականությունների մեջ այնքան տարածված անունների «գոյականաբար» կամ «ածականաբար» գործածվելու գաղափարներն ավելորդ են ու (ըստ գոյականի ու ածականի վերի սահմանման) անիմաստ են:

Իրոք, մի՞թե ավելորդ չի լինի, եթե ասենք, թե. «Ջորին գործածվեց ձիաբար»: Բա ջորին հո «բացիլաբար», կամ «օձաբար», կամ «խլուրդաբար», կամ «կոկորդիլոսաբար», կամ էլ «լեռնագագաթթաբար» չէ՞ր գործածվի ևն, ևն:

Բերենք անունի մի հնարավոր նկարագրական ձևաբանական (ու թերևս թերի) սահմանումը, ինչը հաշվի է առնում անունի թե՛ մորֆոլոգիական, թե՛ շարահյուսական ա՛յն հատկությունները, որ կան այսօրվա կենդանի լեզվի մեջ.

Դրույթ 4. Անունը, այլ բառերին զուգորդվելիս, հնարավոր է, որ ունենա 4 կամ 5 հոլովաձև: Անունն իր հոգնակին մեծ մասամբ կազմում է «-ներ» կամ «-եր» վերջավորություններով; ունենում է «ս, տ, ը(ն)» հոդերը (թե՛ եզակի, թե՛ հոգնակի հոլովաձևերի համար; մեկ-երկու հոլովաձևի համար «ը(ն)» հոդը մեռած է):

Անունը լինում է ուրիշ անունների ու «եմ» բայի լրացում, այսինքն, ածական: Ածական լինելով, հնարավոր է, որ անունը դառնա դերանուն:

Անունը հարակատար ու ենթակայական մի քանի որոշակի դերբայի (օրինակ, «փնտրող» կամ «տեսած» դերբայների) լրացում մի´շտ է լինում, այսինքն, մի´շտ է հնարավոր, որ ցանկացած անունը լինի ածական:

Խոսքի մեջ անունը լինում է ենթակա, ստորոգյալ ու (ուրեմն, ածական), բայի այս կամ այն հատկության կամ մի ուրիշ անունի լրացում (ածական, մակբայ, պարագա ու խնդիր, թե´ ուղղակի, թե´ անուղղակի):

Անունն ունենում է նախադրություն ու հետադրություն:

Սա (ու թերևս ողջ քերականությունը) ոչ այլ ինչ է, եթե ոչ, բառերի շղթայմունքների կամ զուգորդությունների զանազան տեսակների նկարագրություն:

Վերի սահմանումն ընդգրկում է թե՛ բուն («ավանդական») անունները, թե´ սըրանց հոլովաձևերը, թե՛ դերանունները, թե՛ անորոշ դերբայ-անունը, թե՛ ենթակայական ու հարակատար դերբայ-անունները, թե՛ ածականները (ածական-մակբայները), թե՛ թվականները:

Թե որ վերի սահմանումն ընդունվի ելակետ (իսկ չընդունելու ոչ մի հիմնավոր ու գիտական պատճառ չկա), կստացվի.

Դրույթ 5. Բարբառների ինքնուրույն լեզվական պրոցեսների մեջ բուն անունն է՛լ, դերանունն է՛լ, անորոշ, ենթակայական ու հարակատար դերբայներն է՛լ, ածականներն է´լ (բացի Երևանի բարբառի ցուցական ածականները), մակբայներն է՛լ, թվականներն է՛լ անուն են, այսինքն մերթ գոյական ու մերթ ածական են, ու սրանցից ՈՉ ՄԵԿԸ ԲԱՅ ՉԻ:

Մի երկու դիտողություն էլ:

Դրույթ 6. Իմ կամքով չի, որ Երևանի բարբառային պրոցեսի (ու եթե շատ թունդ չեմ սխալվում, նաև հայերենի այսօրվա մնացած բարբառների) ինքնուրույն կարգերի այսօրվա վիճակն այնպես է, որ ածականները, թվականները, դերբայներն ու դերանունները ունեն նույն հատկություններն ու ընկնում են նույն խմբի, անունների խմբի մեջ:

Այսինքն, իմ կամքով չի, որ այսօրվա Երևանի բարբառի կրողներն այսպե՛ս են խոսում:

Դրույթ 7. Ոչ մի զարմանալի բան չկա, որ նույն բառը լինի՝ թե՛ անուն, թե՛ դերբայ, թե՛ ածական, թե՛ մակբայ կամ թվական: Լեզուների մեջ սա սովորական բան է:

(Սա բազմիցս ասում է նաև Աճառյանն իր ԼՔՀԼ-ի մեջ): Ինչպես արդեն ասվել է, օրինակ, անգլերենում լիքը սրա պես բան կա: Սա կա նաև հայերենում):

Գիտության մեջ սովորական բան է, որ մի լայն բազմությունը ունենա մի քանի ենթաբազմություն: Օրինակ, ինչպես ասվեց, քառանկյունիների «լայն բազությունը» ընդգրկում է բոլոր սեղանները, զուգահեռագծերը, շեղանկյունները, ուղղանկյունիները, քառակուսիները: Սրանք բոլորն էլ քառանկյունի են:

Ուրեմն, լրի´վ է հնարավոր, որ քառանկյունին լինի կա՛մ անկանոն քառանկյունի («բուն քառանկյունի»), կամ ուռուցիկ քառանկյունի, կա´մ գոգավոր քառանկյունի, կա՛մ սեղան, կա՛մ զուգահեռագիծ, կա՛մ շեղանկյուն, կա´մ դելտոիդ, կա՛մ ուղղանկյունի, կա՛մ քառակուսի:

Սրան համապատասխան, հնարավոր է, որ անունը նեղ իմաստով լինի կա՛մ գոյական անուն, կա´մ դերանուն, կա՛մ ածական (կա՛մ մակբայ), կա՛մ թվական, կա՛մ դերբայ:

Սրան համեմատ, քառակուսին թե՛ ուղղանկյունի է, թե՛ շեղանկյուն է, թե՛ զուգահեռագիծ է, թե՛ քառանկյունի, բայց քառակուսին երբեք շրջանագիծ չի:

Դրույթ 8. Անհնար է, որ անունը (օրինակ, դերբայը) լինի բայ կամ բայը լինի անուն, ինչպես որ անհնար է, որ շրջանագիծը լինի քառակուսի կամ սարդը լինի ողնաշարավոր կաթնասուն:

Այս նույն ձևով էլ զարմանալի չի, որ մակբայը համարվի թե՛ ածական, թե՛ անուն: Կամ զարմանալի չի, որ, օրինակ, թվականը նաև ածական է ու անուն:

Մի ուրիշ հարց: Ինչո՞ւ է, օրինակ, «խաղալ»-ը Երևանի այսօրվա բարբառի (ու մնացած բարբառների մեծ մասի) մեջ անուն:

«Խաղալ»-ը անուն է, որովհետև ունի անունի բոլոր-բոլոր հատկությունները, ու սա ոչ մի տեսակ բայ չի, որովհետև չունի բայի բոլոր հատկությունները, օրինակ, չունի բային հատուկ դեմքի ու ժամանակի գաղափարները ու ստորոգելու ունակությունը իրար հետ միասին:

Դրույթ 9. «խաղալ»-ը անուն է, որովհետև Երևանի այսօրվա բարբառը կրող հայերն այս «խաղալ»-ը միայն ու միայն անունի՛ պես են գործածում, ու երբեք այս «խաղալ»-ը բայի տեղը չեն գործածում:

Համոզվելու համար, որ «խաղալ»-ը իրոք անուն է, վերը բերած հարացույցների «քար» բառը (ինչն անկասկած «բուն» անուն է) տեղակալեք «խաղալ» բառով, ու կտեսնեք, որ ստացված խոսքերը լրիվ հայաձև են: Ուրեմն, «խաղալ» բառն է՛լ է «քար» կամ «ջուր» բառերի պես անուն:

Բայց քանի որ մեր ասօրվա լեզվաբանությունը լեզվական երևույթի ճիշտ ու սըխալը որոշելու ոչ մի գիտական (օբյեկտիվ) չափանիշ չունի, հենց որ ասում ես, օրինակ, թե. «թվականը նաև ածական է ու գոյական», մեր լեզվաբաններից ոմանք (հաճախ՝ մեծագույն մասը) իսկույն ու սաստիկ իրար են խառնվում ու գոռում են. «Հա´յ-հավա˜ր, հասեք, էս դավաճանը կործանեց մեր դարավոր մշակույթը»:

Սրա համար էլ ԼԳՕ-ից բխող տեղառքի կանոնով է´լ հաստատենք վերը ասվածը:

Նախ հիշենք, օրինակ, «բուն» անուն-«քար» գոյականի հիմնական ձևերն ու մի քանի կիրառության կաղապարները:

Ահա դրանց կարճ ցուցակը.

քար (ս, տ, ը)

քարեր (ս, տ, ը)

քարի (ս, տ, ն)

քարերի (ս, տ, ն)

քարից (ս, տ)

քարերից (ս, տ)

քարով (ս, տ)

քարերով (ս, տ)

Քարը պրծավ:

(ենթակա)

Սա քար է/չի:

(ստորոգյալ)

Ես քար ջարդեցի:

(ուղիղ խնդիր)

Քարից ընկավ:

(անուղղակի խնդիր)

Քարի վերջը:

(«վերջը» անունի լրացում)

Առանց քարի:

(նախադրություն ունեցավ)

Քարից հետո:

(հետադրություն ունեցավ) ևն:

Եթե հիմա այս հարացույցների մեջ «քար» բառը տեղակալենք, օրինակ, «սև» կամ «խելոք» բառերով, կամ «խաղալ, վազել, վազող, վազած» դերբայներով, կամ «հինգ» ածական-թվականով կամ «ինքը» դերանունով (սրանց հարկավոր հոլովաձևերով, իհարկե), այս հարացույցների բոլոր անդամներն էլ կմնան հայաձև (տես 7.4-ը):

Կարևոր չի, որ ստացված արտահայտությունները իրականության կամ տրամաբանության տեսանկյունից երբեմն անհեթեթ կլինեն, որովհետև, ինչպես արդեն ասվել է, տեղառքի բուն էությունը լեզվական պրոցեսի բացարձակ վերացական ֆորմալիզմն է, տվյալ դեպքում՝ հայաձևությունն է: Եթե պետք է, կարելի է՝ բայը փոխվի մի «սազող» բայով, ու ամեն ինչ կընկնի տեղը:

Օրինակ, եթե ասվի. «Ես այս գագան բլկոռեցի ու հմի բուդլանում եմ լուբուռով» կամ. «այս բլկոռը մոկոռական բաթիկայնություն է», ուրեմն, հայաձև կամ հայերեն բան է ասվում, չնայած այս ասված երկու խոսքն էլ անհեթեթ են:

Բայց եթե ասվի. «Ես այս կոշիկ իսկույն օտ+մաքրիլ ու հիմա խաղույու ս կոշիկոմ» կամ. «Սա հիմարություն; ես խաղույու, դու խաղույեշ, բայց ահա ինք զա+հըպարտացելսյա ի նե խաղույետ», ասվածը թերևս լինի ռուսաձև:

Կրկնեմ, որ այս «խաղալ»-ը բայ չի, որովհետև չունի դեմքի ու ժամանակի գաղափարները, ու բնական է, որ իր իմաստը չի վերագրում իր «չեղած» դեմքին, իսկ դեմքի, ժամանակի ու վերագրելու (ստորոգելու) գաղափարները բայերի համար պարտադիր են:

Դրույթ 10. Այն հանգամանքը, որ բայերի մի մասը գործողության կամ պրոցեսի իմաստ ունի, բայ լինելու համար ՎՃՌԱԿԱՆ ՉԻ, որովհետև, ինչպես արդեն ասվել է, լիքը անուն կա, որ գործողության իմաստ ունի: Օրինակ.

աճ, վազք, շարժ, մարզանք, պտույտ, հոսանք, հոսք, պատերազմ, կռիվ, վեճ, հուզմունք, կայծակ, որոտ, տուրուդմփոց, երկրաշարժ, ժայթք, պայթյուն, լուսաբաց, ձեռ առնոցի, գործողություն, պրոցես, վրդովմունք, չարչարանք, արարք, արարմունք, տանջանք, մրցություն, վազք, վազել, հոսող ևն, ևն:

Դրույթ 11. Գործողության գաղափար կամ իմաստ կարող է ունենա թե´ անունը, թե´ բայը: Ուրեմն, բայերի տեսակը սահմանելիս (այսինքն, այս տեսակն այլ բառերից անջատելիս, առանձնացնելիս) բառի գործողության գաղափարի վրա հիմնվելը անհեթեթ է ու անտրամաբանական ու հակագիտական:

Մեր այսօրվա հետաբեղյան լեզվաբանները հենց սա´ չեն գիտակցում: Ու երբ մեր այսօրվա հետաբեղյան լեզվաբաններն ասում են, թե.

«Անորոշ դերբայը բայ է, բայց դեմք չունեցող (անդեմ) բայ է, որովհետև բայի պես գործողությսն գաղափար ունի»,

սա նույնն է, թե մաթեմատիկոսն ասեր.

«Շրջանը քառակուսի է, բայց անկյուն չունեցող (կլոր) քառակուսի է որովհետև քառակուսու պես շրջանն էլ մակերես ունի»:

Բախտը մեզ փրկի տրամաբանության հետ ընկերություն չանողներից:

11.4 Նորից ածականի մասին

Ահա ածականի զուտ ձևաբանական սահմանումը:

Սահմանում 1. Ածականն ա´յն անունն է, ինչը մի ուրիշ բառի զուգորդվելիս (կամ, ուրիշ խոսքով, այդ բառին շղթայվելիս կամ այդ բառը լրացնելիս) գործածվում է առանց ձևափոխվելու, այսինքն, ուղղական հոլովաձևով:

Ահա ածականի օրինակներ (թավատառովները).

սև քար, սև քարի, սև քարից, սև քարով, սև քարեր, սև քարերի, սև քարերից, սև քարերով

քար տաշող, քար տաշողի, քար տաշողից, քար տաշողով, քար տաշողներ, քար տաշողների, քար տաշողներից, քար տաշողներով

քարի մոտինը, քարի մոտինի, քարի մոտինից, քարի մոտինով, քարի մոտինները, քարի մոտինների, քարի մոտիններից, քարի մոտիններով

քարին խփողը, քարին խփողի, քարին խփողից, քարին խփողով, քարին խըփողները, քարին խփողների, քարին խփողերից, քարին խփողներով

քարով խփողը, քարով խփողի, քարով խփողից, քարով խփողով, քարով խըփողները, քարով խփողների, քարով խփողներից, քարով խփողներով

քարից ընգածը, քարից ընգածի, քարից ընգածից, քարից ընգածով, քարից ընգածները, քարից ընգածների, քարից ընգածներից, քարից ընգածներով

տանը նստածը, տանը նստածի, տանը նստածից, տանը նստածով, տանը նըստածները, տանը նստածների, տանը նստածներից, տանը նստածներով

անկյունում նստածը, անկյունում նստածի, անկյունում նստածից, անկյունում նստածով, անկյունում նստածները, անկյունում նստածների, անկյունում նստածներից, անկյունում նստածներով

երգել ուզողը, երգել ուզողի, երգել ուզողից, երգել ուզողով, երգել ուզողները, երգել ուզողների, երգել ուզողներից, երգել ուզողներով

երգելու թեման, երգելու թեմայի, երգելու թեմայից, երգելու թեմայով, երգելու թեմանները, երգելու թեմաների, երգելու թեմաներից, երգելու թեմաներով

երգելուց վախեցողը, երգելուց վախեցողի, երգելուց վախեցողից, երգելուց վախեցողով, երգելուց վախեցողները, երգելուց վախեցողների, երգելուց վախեցողներից, երգելուց վախեցողներով

երգելով էկողը, երգելով էկողի, երգելով էկողից, երգելով էկողով, երգելով էկողները, երգելով էկողների, երգելով էկողներից, երգելով էկողներով:

Ուրեմն, այս օրինակների բոլոր թավատառ բառերը ա´նպայման են ածական, չնայած «տեղն էկած տեղը» սրանք նաև ու ա´նպայման գոյական էլ են:

Իմիջիայլոց.

Դրույթ 1. Ածականի այս նոր սահմանումը չի խանգարում, որ ածականը նորից համարենք հատկանիշ ցույց տվող բառ: Թերևս սա նույնիսկ ցանկալի է, որովհետև նախ՝ քերականական ավանդությունը կտրուկ չի խախտվի, երկրորդը՝ զուգորդվող անունը իրոք էլ բայիմաստի արտահայտած ավելի ընդհանուր հատկանիշը մասնավորացնում դարձնում է ավելի նեղ հատկանիշ, երրորդը՝ սա հարմար է նաև օտար լեզու սովորելիս:

Վերցնենք, օրինակ, «շոր/գլխարկ/փալան/կոշիկ/շալվար/մեշոկ կարող» զույգերը կամ զուգորդությունները: Սրանց մեջ «շոր/գլխարկ/փալան/կոշիկ/շալվար/ մեշոկ»-ը «կարող»-ի հատկանիշն են, այսինքն, «կարող» («կար ու ձև անող») բառի ընդհանուր իմաստը նեղացնողն են:

Ճիշտ այնպես, ինչպես անհնար է, որ այս զուգորդությունների մեջ «կարող»-ը լինի «շոր»-ի հատկանիշը, նույնքան էլ անհնար է, որ «կարող»-ը լրացնի (օրինակ) «շոր»-ին:

Ուրեմն, այս «շոր/գլխարկ/փալան/կոշիկ/շալվար/մեշոկ»-ը «կարող»-ին լրացնող (զուգորդվող) ածականներն են, իսկ «կարող»-ը գոյական է, քանզի այս ածական-գոյական զույգերի հենց ա´յն բաղադրիչն է, ինչը հոլովաձև կարող է ունենա: Այնինչ, այս զույգերը գործածելիս, սրանց «շոր/գլխարկ/փալան/կոշիկ/շալվար/մեշոկ բաղադրիչները անփոփոխ են մնում, ինչը միմիայն ածականի հատկությունն է:

Դիտողություն 1. Գուցե ընթերցողին թվա, թե ասելով, որ ածական բառը կարող է լինի նաև գոյական, ես այնպիսի մի չլսված ու չտեսնված «սրբապղծություն» եմ անում, ինչը դեռ ոչ ոք չի արել, բայց, սա այսպես չի:

Ասվել է, ու Աճառյանն է´լ է ասում, որ (ու հետո էլ «մոռանում է», որ ասել է), թե 19-րդ դարից առաջ քերականները ածականը գոյականից չէին բաժանում, այսինքն, ածականն է´լ էին համարում գոյական (ԼՔՀԼ, I, 3): Իսկ մի ուրիշ տեղ (ԼՔՀԼ, III, 335) ասում է, որ «Հնդեվրոպական նախալեզվի մեջ գոյական և ածական ենթարկվում են հոլովական նույն օրենքներին»:

Աճառյանն ասում է նաև, որ «ածականը գոյականից անջատ ըմբռնելու գործնական նշաններից լավագույնն է գոյականի ու ածականի սեռն ու վերջավորությունը.

«Այն լեզուների մեջ, որոնք սեռ ունեն, գոյականը միայն մի սեռ ունի և միշտ նույն սեռով է գործածվում. օրինակ՝ ռուսերեն стена «պատ» բառը իգական է, միա´յն իգական և միշտ իգական. իգական սեռը այդ {այս} բառի սեփական հատկությունն է.

«… իսկ большой «մեծ» բառը արական է, որի իգականն է большая, իսկ չեզոքը большое. սեռը այստեղ {այս} բառին հատուկ չէ, այլ այն բառին (գոյականին), որին կցվում է {այս ածական բառը}: Կան լեզուներ, որոնց մեջ ածականը սեռ ցույց տվող նշան չունի, ինչպես՝ հայերենը»:

Թվում է, թե այսքանից հետո Աճառյանը պիտի եզրակացներ, որ հայերենի ածականը նախ գոյական է, հետո նոր ածական, բայց սրա հաջորդ պարբերությունը ցույց է տալիս, որ Աճառյանն այսպիսի մի եզրակացությունը պիտի´ որ մահացու վտանգ համարեր.

«Ածականի, որպես ինքնուրույն խոսքի մասի, ինչպես և մյուս բոլոր խոսքի մասերի բնորոշման տեսական հիմունքը տվել է ընկեր Ստալինը» ([7], ԼՔՀԼ, I, 3-4):

Իրոք էլ, 1930-40-ականներին «ընկեր» Ստալինի ասածը ժխտողին միմիայն մահապատիժ էր սպասում:

Կնշանակի, իմ այս շարադրանքը ոչ մի նոր բան չի անում, երբ ածականը համարում է գոյական, ելակետ ընդունելով ա´յն հանգամանքը, թե հնարավոր է, որ ածականն է´լ հոլովաձևեր ունենա:

Աճառյանը հստակ ասում է ([7], ԼՔՀԼ, I, 24-25, շեղատառն ու թավատառն ի´մն է), թե.

«Հնդեվրոպական լեզուներում էլ {այսինքն, հնդեվրոպական մայր կամ հիմք լեզվում ու սրա իրեն ժամանակակից բարբառներում} ածականը ոչ մի մասնիկով կամ ձևով չէր զանազանվում գոյականից. Ամեն գոյական կարող է {էր} գործածվել նաև իբրև ածական, և ամեն ածական կարող էր գործածվել իբրև գոյական:

«Ածականը հնդեվրոպական լեզուների մեջ հոլովվում էր ճիշտ գոյականի պես և {այս} երկուսի մեջ բնի կամ վերջավորության որևէ զանազանություն չկար:

«Միակ բանը, որ հնդեվրոպական լեզուների մեջ զանազանում էր ածականը գոյականից, այն էր, որ գոյականը ուներ միայն մի սեռ (արական, իգական կամ չեզոք), որ հատուկ էր միշտ իրին {գոյականին}, իսկ ածականն ուներ միաժամանակ երեք սեռ, որ ստանում էր համաձայն հարակից գոյականի:…

«Հայերենում գրաբարը շարունակում է հնդեվրոպական վիճակը. այստեղ էլ գոյական և ածական միևնույնն են և ԵՐԿՈՒՍԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻՇՏ ՓՈԽԱՆԱԿԵԼ ԻՐԱՐ»:

Չեմ կարծում, որ այսքանից հետո որևէ մեկը կասկածի, որ այս հատկություններով օժտված բառերը պիտի´ որ նույն դասից լինեն, անկախ այն բանից, թե դասի անունն ի´նչ կլինի, մանավանդ, որ հայերենը դեռ գրաբարյան շրջանից առաջ էր իր քերականական սեռը լրիվ ու անհետ կորցրել:

Այնուամենայնիվ, Աճառանն այս եզրակացությանը չի հասնում գուցե հենց հիշատակված «ստալինյան վախից», չնայած հետևյալ խոսքերը ցույց են տալիս, որ հարցն այնքան էլ այս ստալինյան վախը չի, ինչքան սեփական տեսության անտրամաբան շփոթը:

Ահա թե Աճառյանը մի քանի խոսք հետո ինչպես է իր վերը ասածի լրիվ հակառակն ասում.

«Երբ գոյականը գործածվում է իբրև ածական, քերականական լեզվով կոչվում է ածականաբար առնված գոյական. Իսկ երբ ածականն է գործածված իբր գոյական, կոչվում է գոյականաբար գործածված կամ առնված ածական»:

Թե ինչ անուն կտաս բառերի որևէ դասին, իհարկե, պայմանավորվելու հարց է, ու այս անվանումն այդ դասերի էությունը փոխելու ունակություն բոլորովին չունի: Բայց Աճառյանի հաջորդ միտքը ուղղակի ֆանտաստիկ է, որովհետև լրիվ է հակասում իր քիչ առաջ ասած այն թեզին, թե.

«Հայերենում գրաբարը շարունակում է հնդեվրոպական վիճակը. այստեղ էլ գոյական և ածական միևնույնն են և երկուսը կարող են միշտ փոխանակել իրար»:

Իրոք, Աճառյանը շարունակում է.

«Սրանից հետևում է, որ գոյականը և ածականը էապես տարբեր են իրարից»,

բայց հենց այս խոսքի շարունակությամբ էլ Աճառյանը ասում է, թե հնարավոր է, որ այս «էապես տարբեր բաները» փոխարինեն իրար.

«օրինակ՝ հայր գոյական է, թեև կարող է իբր ածական էլ առնվել, սև ածական է, թեև կարող է իբր գոյական էլ առնվել»:

Բայց Աճառյանն այսքանով չի բավարարվում ու ավելացնում է.

«Բայց երբեմն լինում են դեպքեր, երբ անկարելի է որոշել, թե բառը էապես ի´նչ խոսքի մաս է. օրինակ՝ ոսկի թե գոյական և թե ածական է, ինչպես… {գրաբար օրինակները չեմ բերում} Մի ոսկի տուր: Ոսկի մազեր ունի», ու Աճառյանը սրանց պես մի դյուժին օրինակ է բերում, գրաբարից ու աշխարհաբարից (նույն տեղը 25-26), երբ, իր կարծիքով «անկարելի է որոշել, թե բառը էապես ի´նչ խոսքի մաս է»:

Մի խոսքով, Աճառյանի մտքովն անգամ չի անցնում, թե հնարավոր է, որ ածականն ուղղակի գոյական լինի: Սա նույնն է, որ մաթեմատիկոսի մտքովն անգամ չանցնի, որ քառակուսին նաև թե´ շեղանկյուն է, թե´ ուղղանկյուն, թե´ զուգահեռագիծ ու թե´ քառանկյուն:

Սա անասելի´ է տարօրինակ, քանի որ հենց ի´նքը, հենց Աճառյա´նն է ածականի իր հատորն սկսում այն բառերով, թե 19-րդ դարից առաջվա քերականները ածականը դնում էին գոյականների շարքը:

Աճառյանի այս մոնումենտալ գործը, «Լիակատար քերականություն հայոց լեզվի» (ԼՔՀԼ-ի) այս 8 հատորը, մի վիթխարի գիտական նշանակություն ունեցող աշխատություն է:

Ինքս չափազանց շատ բան եմ սովորել այս հատորներից, ու սրանք չափազանց շատ են օգնում լեզվաբանական հետազոտություններիս: Բայց այս տիտանական գործից օգտվողը չպիտի երբեք մոռանա, որ այս գործը, այնուամենայնիվ, կոմպիլյացիա´ է, հավաքչությո´ւն է, ինչն արված է վիթխարի թվով հեղինակների գործերից: Ու այս հեղինակների հայացքները բավական հաճախ են իրար հակասում:

(Իմիջիայլոց, Աճառյանի «Հայերենի արմատների բառարանը» նույնպես մեծ մասամբ կոմպիլյացիա է, բայց սա, այնուամենայնիվ, ըստ իս, ավելի քիչ թերություն ունի, այսինքն, Աճառյան-ստուգաբանը զգալի գերազանցում է Աճառյան քերականին):

Նման հավաքչակական աշխատանքներից են, օրինակ, ռուսական հեղինակների՝ Լև Լանդաուի ու Եվգենի Լիֆշիցի կամ գերմանացի Առնոլդ Զոմերֆելդի տեսական ֆիզիկայի վիթխարի կուրսերը, կամ «Նիկոլա Բուրբակի» կեղծանունով ֆրանսիացի մաթեմատիկոսների մաթեմատիկայի վիթխարի դասընթացը:

Բայց սրանց մեջ ընդամենը մի քանի վրիպակ է նկատվել, որովհետև սրանցից օգտըվում ու սրանց բովանդակությունը քննում ու ուղղում են համայն աշխարհի ֆիզիկոսներն ու մաթեմատիկոսները:

Այնինչ, նախ՝ թե´ Աճառյանը, թե´ Աբեղյանը, ըստ էության, միայնակ էին աշխատում, երկրորդն էլ այս աշխատությունների լեզուն, հայերենը, աշխարհի մասշտաբով մեծ կիրառություն չունի: Այս հանգամանքն է ստիպել, որ Աճառյանի ու Աբեղյանի աշխատություններն աշխարհում համարյա անհայտ մնան ու թերություններն էլ մնան աննկատ:

Ընդ որում, Հր. Աճառյանը թերևս գերազանց չէր տիրապետում սինքրոն լեզվաբանությանը (այսինքն, արդի´ հայերենի քերականությանը), իսկ Մ. Աբեղյանն էլ, իր հերթին, դիաքրոն լեզվաբանության (լեզվի պատմության) անթերի գիտակը չէր:

Ավելացնեմ, որ Աբեղյանը վախճանվել է 1944 թվին, իսկ Աճառյանը՝ 1953-ին:

Այդ օրերից արդեն համարյա մի դար է անցել: Ավա´ղ:

11.5 Հոլովաձևային ածականները

Դրույթ 1. Հայերենի անուն կոչվածը (նաև անունների զուգորդությունը) ածական է, եթե (կամ երբ) զուգորդվում շղթահվում է մի այլ բառի ու հետագա զուգորդությունների ժամանակ անփոփոխ է մնում:

Այս դրույթից ու հայերենը դիտելուց հետևում է, որ.

Դրույթ 2. Հնարավոր է, որ հայերենի անունների բոլոր հոլովաձևերը նույնպես շղթայվեն (զուգորդվեն) այլ բառերին: Ուրեմն, հայերենի անունների բոլոր հոլովաձևերը նո´ւյնպես ածական են, եթե հետագա զուգորդությունների ժամանակ անփոփոխ են մնում:

Այսինքն, հետևյալ զուգորդությունների առաջին բաղադրիչներն ա´նպայման են ածական. «Աշոտի ծառը; սարի ծառը; սարից էկողը; սարով էկողը»:

Ուրեմն, ինչքան էլ տարօրինակ թվա, այս զուգորդությունների «Աշոտի; սարի; սարից; սարով» անունները ածական են: Սա ապացուցվում է հետևյալ զուգորդություններով.

«Աշոտի ծառ; Աշոտի ծառի; Աշոտի ծառից; Աշոտի ծառով»

«սարի ծառ; սարի ծառի; սարի ծառից; սարի ծառով»

«սարից էկող; սարից էկողի; սարից էկողից; սարից էկողով»

«սարով էկող; սարով էկողի; սարով էկողից; սարով էկողով»

«նստածի քիթը; նստածի քթի; նստածի քթից նստածի քթով»

«մազովի գլուխը; մազովի գլխի; մազովի գլխից; մազովի գլխով»

Իհարկե, հնարավոր է, որ այս զույգերից թե´ ամեն մեկը, թե սրանց ավելի բարդ զուգորդությունները դառնան բաղադրյալ ածական.

Աշոտի ծառ տեսնող + «տեսնող» բառի մնացած հոլովաձևերը («տեսնողի; տեսնողից; տեսնողով)

Աշոտի ծառի բունը + «բուն» բառի մնացած հոլովաձևերը («բնի; բնից; բնով»)

Աշոտի ծառի բնի կեղևը + «կեղևը» բառի մնացած հոլովաձևերը («կեղևի; կեղևից; կեղևով»)

Աշոտի ծառից փախած մրջյունի գլուխը + «գլուխը» բառի մնացած հոլովաձևերը («գլխի; գլխից; գլխով»)

Աշոտի ծառով հպարտացող գյուղացու քեռու կինը + «կինը» բառի մնացած հոլովաձևերը («կնգա; կնգանից; կնգանով) ևն, ևն:

Այս օրինակների մեջ, ինչքան էլ տարօրինակ թվա, հետևյալ կապակցությունները բաղադրյալ ածական են.

Աշոտի ծառ

Աշոտի ծառի

Աշոտի ծառի բնի

Աշոտի ծառից փախած մրջյունի

Աշոտի ծառով հպարտացող գյուղացու քեռու

Իմիջիայլոց, Աճառյանն է´լ է նկատում իր ԼՔՀԼ-ի մեջ [7], որ սեռական հոլովաձևով անունը ածական է: Այս շարադրանքից հետևում է նեյրոհոգեբանական մի զարմանալի եզրակացություն.

Օրենք. Հայերենի անունների (կամ անունների զուգորդությունների) ու սրանց հոլովաձևերի ուրիշ անուններին (կամ ուրիշ անունների զուգորդություններին) զուգորդվելու-շղթայվելու հենց փաստն իսկ (ինչպես ասվել է) այս անուններին ու սըրանց հոլովաձեվերին, ինքնին, դարձնում է ածական, այսինքն, «հատկանիշային անուն»: Իսկ հոլովաձևային մասնիկներին զուգորդվելու փաստը, ինքնին, զուգորդվող անունները դարձնում է գոյական, այսինքն, «առարկայի» կամ «առարկա մտածվողի» անուն:

Ճիշտն ասած, այս դրույթը, ինչը երևի կարևոր է նաև նեյրոհոգեբանական ուսումնասիրությունների համար, ավելի ընդհանուր է ու վերաբերում է նաև բայերին: Սա ակնհայտ կդառնա, եթե հիշենք, որ քերականները (օրինակ, Աճառյանն ու Աբեղյանը) ստորոգյալը համարում են ածական, ու որ եթե ենթական էլ սահմանվի որպես բայի դեմքը լրացնող ածական, հակասություն չի լինի:

Իրոք, մի՞թե «ե´ս եմ» զուգորդության «ես»-ը «եմ»-ի գոյություն ունենալու ծայրահեղ ընդհանուր հատկանիշը չի նեղացնում հասցնում մինչև այս «ես»-ը լինելու մասնավոր հատկանշին: Ու միթե «Էսի ե´ս եմ»-ը սկզբունքո´վ է տարբեր «Էսի գազա´ն ա» խոսքից:

11.6 Հոլովաձևային դերանունները

Եթե հիշենք, որ դերանունը այն փոփոխական անունն է (այն «փոխանունն է», տես [1], Մ. Աբեղյան, «Աշխարհաբարի քերականությունը», 1906, էջ 141, §306), ինչը փոխարինում է գոյականներին, կտեսնենք, որ նախորդ պարագրաֆի օրինակներից մի չափազանց հետաքրքիր բան է երևում, ինչն առ այսօր թերևս «համարյա վրիպել է» լեզվաբանների աչքերից.

Անվանափոխի օրենք 1. Եթե ածականի գոյական բաղադրիչը սղվում է, միշտ է հնարավոր, որ այս ածականը փոխարինի իր սղված գոյականին (այսինքն, գործածվի մնացած երեք կամ չորս հոլովաձևով), ուրեմն, դառնա նաև թե´ գոյական, թե´ դերանուն (բացի ցուցական «էս, էտ, էն» ածականները», որոնք թերևս արդեն մասնիկ էն ու, սրա համար էլ, այլևս փոխանուն չեն):

Օրինակ, եթե «սև քար; սև քարի; սև քարից; սև քարով» զուգորդությունների «քար» գոյականը սղվի ու «սև»-ը զուգորդվի «ը/ն» հոդին, կծնվեն հետևյալ գոյական դերանունները. «սև; սևի; սևից; սևով»:

Այսինքն, այս խոսքերը. «սև քարն ընգավ; սև քարի եզրը պոկվեց; սև քարից փախա; սև քարով խփեց» կփոխարինվեն արդեն հետևյալ «դերանվանական» խոսքերով. «սևն ընգավ; սևի եզրը պոկվեց; սևից փախա; սևով խփեց»:

Կամ. «եթե «սև դպրոց; սև դպրոցի; սև դպրոցից; սև դպրոցով; սև դպրոցում» զուգորդությունների «դպրոց» գոյականը սղվի ու «սև»-ը զուգորդվի «ը/ն» հոդին, կծնվեն այս գոյական դերանունները. «սևը; սևի; սևից; սևով; սեվում»:

Այս զուգորդությունների «սև»-ն էլ դերանուն է ա´յն պատճառով, որովհետև հընարավոր է, որ փոխարինի ոչ միայն այս «քար» «դպրոց» գոյականներին, այլ նաև բազում ուրիշ գոյականի: Այս առումով նկատենք, որ.

Դրույթ-օրենք 1. Հնարավոր է, որ հայերենի ածականը (ասված զուգորդություններով) միշտ դառնա դերանուն:

Թերևս արժի, որ այս օրենքը կոչվի անվանափոխի 1-ին օրենք, որովհետև կա և երկրորդ օրենքը (ինչը նաև հաստատում է հենց նոր ձևակերպած Դրույթ 1-ը).

Անվանափոխի օրենք 2. Եթե այսօրվա սեռական-տրական ու գործիական հոլովաձևերով ածականների գոյական բաղադրիչը սղվում է, միշտ հնարավոր է, որ այս ածականները, զուգորդվելով բաղադրյալ «ն+ը» հոդին), դառնան դերանուն (ուրեմն նաև գոյական), նորից ունենալով մնացած երեք կամ չորս հոլովաձևը (լրիվ համաձայն անվանափոխի 1-ին օրենքին):

Օրինակ, եթե հետևյալ զուգորդությունների.

«Աշոտի ծառ; Աշոտի ծառի; Աշոտի ծառից; Աշոտի ծառով»,

«սարի ծառ; սարի ծառի; սարի ծառից; սարի ծառով»,

«սարով էկող; սարով էկողի; սարով էկողից; սարով էկողով»,

միջի «ծառ» ու «էկող» գոյականները սղվեն, սրանց ածականները, զուգորդվելով «ն+ը» հոդին (կցվելով այս բաղադրյալ հոդին), կփոխարինեն իրենց այս սղված գոյականներին, այսինքն, դերանուն «կաշխատեն».

«Աշոտինը; Աշոտինի; Աշոտինից; Աշոտինով»,

«սարինը; սարինի; սարինից; սարինով»,

«սարովինը; սարովինի; սարովինից; սարովինով»:

(Երրորդը շատ ավելի հազվագյուտ է):

Բացառական հոլովաձևը չի ենթարկվում այս կանոնին, երևի այն պատճառով, որ Երևանի բարբառի բացառական հոլովաձևը, գրական ոճերի ազդեցությամբ, վաղուց է կորցրել իր որոշյալ հոդը: («Հայ ժողովրդակական հեքիաթներն» ու Աբովյանի գործերը վկայում են, որ թերևս հնարավոր էին, օրինակ, «սարիցը, սարիցինը, սարիցինից, սարիցինով» ձևերը, որոնք այսօր այս բարբառում անհնար են:

(Նկատենք, որ որևէ անվանը զուգորդված անորոշ դերբայի սեռական հոլովաձևը մի´շտ է ածական: Ուրեմն Անվանափոխի օրենք 2-ը տարածվում է նաև անորոշ, ենթակայական ու հարակատար դերբայ ածականների վրա, որոշակի վերապահություններով, տես քիչ հետո):

Ուրեմն, հնարավոր է, որ սեռական հոլովաձևը զուգորդվի բաղադրյալ «ն+ը» հոդին, ու նորից դառնա ուղղական հոլովաձևով մասնակի դերանուն ու ունենա մնացած երեք հոլովաձևը՝ սեռականը, բացառականն ու գործիականը:

Նույնն էլ գործիականը, սա էլ է զուգորդվում բաղադրյալ «ն+ը» հոդին ու դառնում ուղղական հոլովաձևով մասնակի դերանուն ու հետո հնարավոր է, որ ունենա մնացած երեք հոլովաձևը՝ սեռականը, բացառականն ու գործիականը:

Այնուամենայնիվ, լեզվական պրոցեսում սրանք չափազանց հազվադեպ են, մանավանդ գործիականի մասով: Օրինակ, «Աշոտի գնդակը; փողովի գնդակը; խաղալու գնդակը», բայց եթե «գնդակը» բառը սղվի, կունենանք.

Ուղ-հայց.

Աշոտինը

փողովինը

խաղալունը

Սեռ-տր.

Աշոտինի

փողովինի

խաղալունի

Բաց.

Աշոտինից

փողովինից

խաղալունից

Գործ.

Աշոտինով

փողովինով

խաղալունով

Նույնն էլ թե´ հոգնակիի համար – «Աշոտի գրիչները», թե´ «Աշոտենց այգին» ու «փողով մարդը» զույգերի ածականների համար.

Ուղ-հայց.

Աշոտինները

Աշոտենցը

փողովինները

Սեռ-տր.

Աշոտինների

Աշոտենցի

փողովինների

Բաց.

Աշոտիններից

Աշոտենցից

փողովիններից

Գործ.

Աշոտիններով

Աշոտենցով

փողովիններով

Ահա մի քանի օրինակ էլ.

Ուղ-հայց.

խոսողինը

նստածինը

իմինը

Սեռ-տր.

խոսողինի

նստածինի

իմինի

Բաց.

խոսողինից

նստածինից

իմինից

Գործ.

խոսողինով

նստածինով

իմինով

Այս հատկությունը լրի´վ է ընդհանուր ու ճիշտ է բոլոր ածականների համար, նաև թվական ածականի համար: Իրոք, «հինգ մարդ» զույգի «հինգ» ածականի համար կասվի «հ(ի)նգինը» ևն: Ահա, օրինակ, նույնը «սև շունը» ու «սև շները» զույգերի «հույժ տիպական» ածականների համար.

Ուղ-հայց.

սևինը

սևերինը

Սեռ-տր.

սևինի

սևերինի

Բաց.

սևինից

սևերինից

Գործ.

սևինով

սևերինով

Դրույթ 3. Լեզուն չունի արդեն հաջորդ աստիճանի ֆորմալիզացիան, այսինքն, չկա «Աշոտինինի, ջրինինի, սևինինի» ու սրանց պես մնացած ձևերը, ճիշտ ինչպես որ լեզուն ունի (օրինակ) անցյալի անցյալ, բայց չունի անցյալի անցյալի անցյալ ևն:

Երբ «բարդ անցյալների» կարիք է առաջանում, լեզուն սրանք ուրիշ՝ արդեն ոչ հարացուցային միջոցներով է արտահայտում: Օրինակ, անցքի ամսաթիվ-տարեթիվն է հիշում կամ էլ այդ անցքը կապում է որևէ ուրիշ մի հայտնի անցքին ևն:

Լեզուն նույն ձևով էլ վարվում է այս սեռական հոլովաձևերով դերանունների ու մասնակի դերանունների հետ, կամ ուղղակի սրանք չի գործածում:

Իմիջիայլոց, այսօրվա հայերենի լեզվական պրոցեսին ներհուն այս սեռական հոլովաձևի հատկությունը, ըստ էության, լուծում է այն հարցը, թե ի՞նչ են «իմ, քու, իրա; մեր, ձեր, իրանց» դերանունները, հատուկ ստացական կամ հատկացական ձևե՞ր, թե՞ «ես, դու, ինքը; մենք, դուք, իրանք» դերանունների սեռական հոլովաձևերը:

Դրույթ 4. Քանի որ «իմ/քու/իրա/մեր/ձեր/իրանց» սեռական հոլովաձևի դերանունները նորից անուն են ու ունեն իրենց մնացած հոլովաձևերը ու, ճիշտ «Աշոտի» ածականի «Աշոտի գնդակինը» զույգի «գնդակինը» անվան սղելուց ստացված «Աշոտինը» դերանվան պես, կարող են նախ լինեն ածական. «իմ/քու/իրա/մեր/ձեր/իրանց գնդակինը», իսկ «գնդակինը» անվան սղելուց հետո դառնան դերանուն ու ունենան մնացած երեք հոլովաձևը:

Ահա´ այդ հոլովաձևերը միայն եզակի ձևերի համար.

Ուղ-հայց.

իմինը

քունինը

իրանինը

Սեռ-տր.

իմինի

քունինի

իրանինի

Բաց.

իմինից

քունինից

իրանինից

Գործ.

իմինով

քունինով

իրանինով

Ուրեմն.

Դրույթ 5. «իմ, քու, իրա; մեր, ձեր, իրանց» դերանունները իրո´ք «ես, դու, ինքը; մենք, դուք, իրանք» դերանունների սեռական հոլովաձևերն են, որովհետև նաև սեռական հոլովի´ն է հատուկ այս երևույթը (ինչը, իհարկե, չի խանգարում, որ սրանց վերագրվի ստացականի կամ հատկացուցչի «տիտղոսը»):

11.7 Ածական-մակբայը

Հավանական է, սկզբում առաջացել են անունները, հետո՝ լեզվի էվոլյուցիայի ընթացքում, անունները զուգորդվել են ուրիշ անունների ու, քիչ-քիչ մասնագիտանալով, սկսել են աշխատելը նաև ուրիշ պաշտոններով՝ ածականի, բայի ևն:

Որ հնարավոր է, որ ածականներն ու մակբայները զուգորդվելու հենց ա՛յս ձևով առաջացած լինեն, ցույց է տալիս հետևյալ երկու օրինակը:

«Քար» ու «էշ» բառերը, անկասկած, անուն են, բայց եթե զուգորդվեն (լրացնեն) «լռություն, սիրտ, մարդ, վիճակ» բառերին, ածական «կաշխատեն»՝ «քար լռություն; քարսիրտ մարդ; էշ մարդ; էշ վիճակ»:

Շատ ավելի նոր օրինակ է արդեն հիշատակած «թույն» բառը, ինչը մի 50-60 տարի առաջ միմիայն բուն գոյական էր, ու ածականական զուգորդություն բոլորովին չուներ, բայց հիմա դարձել է նաև ածական, ընդ որում, «թունավոր» ածականին լրիվ հակադիր մի իմաստով (տես 7.10-ը):

Այսօրվա երիտասարդներն ասում են «թույն մարդ» ու «թույն կոշիկ», ու հասկանում են՝ «ընտիր մարդ, ընտիր կոշիկ» ևն:

Այս վերջին օրինակը բացառիկ կարևորություն ունի, որովհետև սա ապացուցում է, որ Աբեղյանի այն թեզը, թե «սպիտակություն» բառը իբր առարկա է կամ առարկա է մտածվում, իսկ «սպիտակ» բառը իբր միշտ ու ա´նպայման է «սպիտակություն» առարկայից անբաժան հատկություն նշանակում, լրի´վ է անհիմն:

Այս «թույն» բառը մի կես դար առաջ ա´նպայման էր «առարկա» ու «առարկա էլ մտածվում էր» ու երբե´ք չէր մտածվում հատկանիշ, այն էլ՝ հույժ գովական: Ու ոչ միայն այսպիսին չէր մտածվում, այլև եթե այն օրերին մեկնումեկին ասեիր, որ այս «թույն» բառը մի օր նշանակելու է «անսահման ընտիր», ոչ մեկը չէր հավատա:

Բայց այսօր սա, արդեն նաև «ածականաբար գործածվելով», այնքա´ն շատ ու այնքա´ն հաճախ է հատկանիշ մտածվում», որ փաստացի՝ արդեն «առարկայից անբաժան հատկանիշ է նշանակում», ինչն Աբեղյանի կամ հին քերականության տեսանկյունից ուղղակի անհնար է:

Սրա պատճառը հետևյալ լեզվական-հոգեբանական փաստն է.

Օրենք 1. Իրար զուգորդված ածական ու գոյական բառազույգի առաջին բաղադրիչի ածականության համար անհրաժեշտ է ու բավարար, որ խոսող հանրությունը, մի սպոնտան (ինքնին, ոչ տրամաբանական, պատահական) ծագած պայմանադրությամբ, նման զուգորդությունը արժևորի ու նաև համարի հատկանիշ:

Այսինքն, նախօրոք անհնար էր, որ որևէ մի հզոր մտածողների խումբ գուշակեր, որ «թույն» իբր «բուն գոյականը» մի օր կդառնա «ամենաընտիր»-ի իմաստով ածական, կամ որ մի օր կասեն անպայման հենց «քար լռություն» ու ոչ թե «երկաթ լռություն», կամ «պողպատ լռություն», կամ «գրանիտ լռություն» ևն:

Բայց եթե հանկարծ խոսող հանրության անդամներից մեկը «սխալվում է» ու մի այնպիսի (դեռ ածականի մասնագիտություն չունեցող, օրինակ, «թույն») գոյականն է զուգորդում մի ուրիշ գոյականի, այդժամ, եթե այս զուգորդությունը դուր է գալիս հանրությանն ու ընդհանրանում կայունանում է, այս նոր գոյականը դառնում է (նույնիսկ) համեմատվող) ածական, օրինակ, «ավելի թույն կոշիկ, ամենաթույն կոշիկը»:

Սա հաստատվում է 9.9-ում ու 9.11-ում ձևակերպած օրենքով, ինչը պնդում է (կարճ ձևով), որ հայերենի անունների ու սրանց հոլովաձևերի այլ անուններին զուգորդվելու հենց փաստն իսկ՝ այս անուններին դարձնում է ածական:

Նկատենք, որ «քար լռություն փնտրող; քարսիրտ մարդ փնտրող; էշ մարդ փնտրող; էշ վիճակ փնտրող» զուգորդությունների մեջ սրանք «զուգորդվածի զուգորդությունն են», այսինքն, հատկանշի հատկանիշ են, ուրեմն, քերականների ասած մակբա´յն են:

Հնարավոր են նաև «հատկանշի հատկանշի հատկանիշ» ցույց տվող բառեր, օրինակ, «շատ բոյով անխելք մարդ», կամ էլ՝ «հատկանշի հատկանշի հատկանշի հատկանիշ» ցույց տվող բառեր (ևն), օրինակ, «արտառոց շատ բոյով անխելք մարդ» ևն, բայց սրանք հազվադեպ են:

Լեզվի այս զուգորդական նկարագրությունն այսքան նոր տերմինի կարիքն ուղղակի չունի, այսինքն, կարիք չկա, որ մակբայի մակբայի համար էլ մի նոր տերմին հորինվի, որովհետև, ըստ այս գրքի նկարագրության.

Դրույթ 1. Հնարավոր է, որ հայերենի անունը դառնա մակբայ (ուրեմն, նաև ածական):

Երբ «քար; քարսիրտ; էշ-էշ» անունները զուգորդվեն (լրացնեն), օրինակ, «եմ» ու «խոսեմ» բայերին, արդեն կդառնան մակբայ, այսինքն, նորից ածական կդառնան. «քար էր; քարսիրտ էր; էշ-էշ խոսեց»:

Ուրեմն, նորից ասենք, որ եթե անունի որևէ հոլովաձևը դառնում է մի ուրիշ անվան կամ բայի լրացում, ու այս զույգի հոլովաձևի վերջավորությունը դրվում է միայն լրացվողի վրա, այդժամ, առաջին անունը (լրացնողը) ածական է:

Օրինակ. «արագ վազք, արագ վազքի, արագ վազքից, արագ վազքով» ևն զույգերի մեջ «արագ»-ին ասում են ածական, իբր որովհետև անուն է լրացնում:

Բայց երբ այս «արագ» ածականը մի բայ է լրացնում (դրվում է բայի վրա, «մակ» է բային). «արագ վազեց, արագ կվազի՞, արագ վազի՞, արագ չվազես», արդեն, ինչպես հայտնի է, սրան ասում են «մակբայ=բային դրվող», չնայած սա նույն ածականն է:

Սրա պատճառն այն հանգամանքն է, որ քերականները (հաճախ՝ անծպտուն) համարում են, որ «բայը ինքը հատկանիշ է ցույց տալիս» (վիճակը կամ պրոցեսը համարելով հատկանիշ), իսկ մակբայն էլ իբր հատկանշի հատկանիշ ցույց տվող բառն է:

Կա նաև մի ուրիշ պատճառ: Օրինակ, ռուսերենի կամ անգլերենի բայերին դրվող ածականները ձևով տարբեր են անուններին դրվող ածականներից, ու սրանց արդեն այս նոր՝ «մակբայ» անունը տալը արդարացված է:

Ասվել է, թե հնարավոր է, որ մտածենք, որ բայերը կա´մ վիճակ են ցույց տալիս, կա´մ պրոցես, բայց բոլորովին էլ ակնհայտ չի, որ վիճակը կամ պրոցեսը նույնպես ու «նույնքան» հատկանիշ են ցույց տալիս, ինչպես, օրինակ, «սպիտակ» բառը:

Ուրեմն, «արագ»-ը թե՛ ածական, թե՛ մակբայ է «աշխատում», ու ՀԱՅԵՐԵՆԻ համար «մակբայ» տերմինը լրիվ ավելորդ կլիներ, եթե օտար լեզու սովորելը չլիներ:

Նույն ձևով. «հինգ մարդ, հինգ մարդու, հինգ մարդուց, հինգ մարդով» ևն զույգերի մեջ «հինգ»-ը ածակա՛ն է, թիվ կամ քանակ ցույց տվող ածական:

Հայերենի թվական-գոյական զույգի մանրամասն տեսությունը տես 13.22-ում:

Ամփոփեմ:

Դիտողություն 1. Եթե ածականը դառնում է բայի իմաստի, կա´մ սրա դեմքի, կա´մ թվի, կա´մ ժամանակի լրացում, ցույց տալով կա´մ բայիմաստի, կա´մ բայի դեմքի, կա´մ բայի թվի, կա´մ բայի ժամանակի ստորոգյալը (վերագրվելիքը, լրացումը), սխալ չի լինի, որ սա նորից համարվի ածական:

Այսինքն, թե´ «ածական» ու «մակբայ» տերմինները, թե´ բայի լրացումների մնացած բոլոր տերմինները, այս դրություններում լրի´վ են նույնական – սրանք բոլորն էլ ստորոգյալ-վերագրվող են, ուրեմն, նաև ածական են:

Դիտողություն 2. Այն հանգամանքը, որ ավանդական քերականությունները ածականը երբեմն համարում են մակբայ, երբեմն՝ պարագա, երբեմն՝ ստորոգյալ ևն, խիստ ասած, չի փոխում ածականի ածականությունը (բառին շղթայվել զուգորդվելը, բառի իմաստը լրացնելը կամ մասնավորել նեղացնելը, ավելի կոնկրետացնելը) կամ մակբայությունը («բայի վրա դրվելը»):

Դիտողություն 3. Նորից շեշտենք, որ նկատելի է, որ երբ ածականը զուգորդվում է բային (դառնում է մակբայ), հաճախ կրկնվում է. «էշ-էշ խոսեց»:

Դիտողություն 4. Մի անգամ էլ շեշտենք, որ ոչ մի հակասություն չի ծագի, եթե «Արամի գիրքը» կամ «համբերությամբ լսեց» կամ «վազելով էկավ» զուգորդությունների «Արամի», «համբերությամբ» ու «վազելով» բառերը համարվեն ածական (վերջին երկուսը՝ նաև մակբայ):

Եթե դեռ կասկած կա, որ այս դատողությունները իրավացի են, այս կասկածը փարատելու համար դիմենք տեղառքի կանոնին ու համոզվենք, որ այս «Արամի», «համբերությամբ» ու «վազելով» բառերը, առանց որևէ հակասության, տեղակալվում են, ասենք, «սուսուփուս, կարմիր» ու «անծպտուն» ածականներով. «սուսուփուս լըսեց; կարմիր գիրքը; անծպտուն փախավ»:

Ուրեմն, եթե «սուսուփուս»-ը, «կարմիր»-ն ու «անծպտուն»-ը համարվում են ածական, լրիվ տեղին է, որ «Արամի», «համբերությամբ» ու «վազելով» բառերն էլ համարվեն ածական:

Ճիշտ այս ձևով էլ հնարավոր է, որ «Արամ» ուղղականն այնպես զուգորդվի, որ դառնա ածական, օրինակ. «Արամ թագավոր; Արամ թագավորի; Արամ թագավորից; Արամ թագավորով»: Այսինքն, այս անգամ էլ մի լրացուցիչ տերմինի («բացահայտիչ»-ի) կարիքը չկա: Ուրեմն.

Հետևանք 1. Այսօրվա հայերենի ածականն ու մակբայը ձևով լրիվ նույնն են, որովհետև այդպիսին է հայերեն լեզվի ինքնուրույն ցրիվ կարգը:

Ահա սրա ևս մի ապացույցը: Վերի հայերեն ձևերի միջի բայերը. «արագ խոսեց /գնաց/խաղաց; հավատարիմ մնաց/եղավ; հավասար վերաբերվեց», տեղակալենք այս բայերին համապատասխան անուններով. «արագ խոսք/ընթացք/ խաղ; հավատարիմ մնալը/լինելությունը; հավասար վերաբերմունքը»:

Տեսնում ենք, որ ստացված արտահայտությունները լրի´վ են հայերեն:

Հետևանք 2. Գրական ոճերի «-աբար, -ապես, -որեն» վերջավորություններով կազմած բոլոր «մակբայները» օտարիզմ են ու հայերենին խորթ են, որովհետև համարյա չկան հայերենի լեզվական պրոցեսների ինքնուրույն կարգերի մեջ (հայերենի կրողները սրանք չեն գործածում, գուցե բացի «ընթարապես=ընդհանրապես»-ը, ինչը, այնուամենայնիվ, տարածված չի):

Ուստի՝ հայերենի պրոցեսներին խորթ են օրինակ՝ «հավատարմաբար, հավատարմորեն, հավասարապես» ևն, ևն բառերը:

11.8 Առհասարակ

Սկզբունքի տեսակետից.

Դրույթ 1. Խոսողի համար միևնույնն է, թե բառի այս կամ այն տեսակին կամ պաշտոնին ի՛նչ անուն կտաս, քանի որ լեզուն կրողը (այլաբանությամբ՝ լեզուն ի՛նքը, լեզվական պրոցե´սը) խոսելիս բոլորովին չի գիտակցում, որ ինքը քերականություն է կիրառում:

Դրույթ 2. Մայրենի լեզուն խոսվում է բնազդի աստիճանին հասած ռեֆլեքսով:

Տերմինները կարևոր են միմիայն լեզուն տրամաբանությամբ նկարագրելիս, կամ օտար լեզու սովորելիս, ու պարզ է, որ ինչքան քիչ տերմին լինի, այնքան լեզվի նկարագրությունը հեշտ ու պարզ կլինի:

Այս վիճակը շատ դիպուկ է բնութագրում ամերիկացի նշանավոր ֆիզիկոս Ռիչարդ Ֆ. Ֆեյնմանի մի դիտողությունը (Фейнмановские лекции по физике, том 1): Ֆեյնմանն ասում է.

Դրույթ 3. «Բնությունը չի բաժանվում ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության ևն: Միայն մեր հետազոտությունների հարմարության համար է, որ մենք բնական ամբողջական երևույթները բաժանում ենք այս բաժիններին»:

Այս նույն անալոգիայով էլ թերևս կարելի է, որ ասվի.

Դրույթ 4. Լեզվական պրոցեսը ինքնին չի բաժանվում բառագիտության, իմաստաբանության, հնչյունաբանության, ձևաբանության ու շարահյուսության ևն, ու ոչ էլ սրանցից ամեն մեկն է բաժանվում ենթամասերի: Միմիայն մեր հետազոտությունների հարմարության համար է, որ մենք լեզվական պրոցեսը բաժանում ենք այս բաժիններին:

Դրույթ 5. Ուրեմն, կարևորը լեզվական պրոցեսի նկարագրության գիտականությունն ու պարզությունն է, ինչը որոշվում է՝ մի կողմից այս գիտական նկարագրության ու, մյուս կողմից, բնության (այսինքն, կենդանի, բնական լեզվական պրոցեսի´, բարբառի՛) փաստացի համաձայնությամբ: Այս համաձայնությունն իրագործվում է Լեզվի Գլխավոր Օրենքով, ինչը լեզվական երևույթի ճիշտ ու սխալը որոշող միակ օբյեկտիվ չափանիշն է:

(Հիշեցնեմ, որ ԼԳՕ-ն պնդում է, որ տվյալ բարբառի լեզվական կայունացած բոլոր երևույթները, անխտիր, ճիշտ են հե´նց միայն իրենց գոյության պատճառով):

Ճիշտ այսպես էլ քերականական գիտության համար բառի տեսակի անո՛ւնը չի կարևորը, այլ այդ բառն ամեն անգամ իր փոփոխական զուգորդական ճիշտ շարքը դնելը, հենց ա՛յն շարքը դնելը, ուր որ այդ բառը գործածելիս (զուգորդելիս) լեզվի կըրո՛ղն է այդ բառը անգիտակից դնում:

Ածականի ու անունների մյուս տեսակների ավանդական ենթադասերից մանրամասն չեմ խոսում նախ՝ տեքստը չծանրաբեռնելու համար, երկրորդը, այն պատճառով, որ այս դասերը հայտնի են ու կան, օրինակ, Աբեղյանի ՀԼՏ-ի մեջ:

Առհասարակ, այս շարադրանքը երբեք էլ հայերենի տեսության լիակատար նկարագրությունը չի:

Ով հույժ շահագրգիռ է հայերենի սինքրոն տեսության մանրամասներով, պիտի առաջին հերթին ու պարտադիր դիմի Մ. Աբեղյանի «Հայոց լեզվի տեսություն» մոնումենտալ քննությանը [3], ինչի մի քանի տարամիտանքն այս շարադրանքի հետ այդ տեսության արդյունքները բոլորովին չեն զրկում իրենց տեսական կարևորությունից:

Իհարկե, հայերենով շահագրգիռ քերականի մյուս «գործիքը», ինչպես արդեն ասվել է, Հր. Աճառյանի «Լիակատար քերականություն հայոց լեզվի» ֆունդամենտալ բազմահատորն է (ու այնտեղ հիշատակված կարևոր հեղինակների գործերը), ինչը, իր անխուսափելի թերություններով հանդերձ, այնուամենայնիվ, մի մոնումենտալ աշխատություն է:

Ես վաղուցվանից եմ համոզված, որ դպրոցում քերականության այսօրվա ծավալը հայերեն լեզվի կրողին պարտադրելը անիմաստ է ու վնասակար:

Դեմ չեմ, որ դպրոցականը գուցե երբեմն քերականական պարզագույն տեղեկությունների կարիքն ունենա (օրինակ, որ օտար լեզու սովորելիս օգտվի դրանցից, չնայած համոզված եմ, որ օտար լեզու սովորեցնելու ամենահարմար մեթոդները նույնիսկ սրա´ կարիքը չունեն):

Այն պահանջը, թե հայերենի որևէ բարբառը կրողը պիտի պարտադիր դպրոցում ու (նույնիսկ տեխնիկական ու մաթեմատիկակական-բնագիտական բորոր բուհերում) «հայերեն պետական լեզուն սովորի», նախ անհեթեթ է:

Անհեթեթ է, որովհետև, ինչպես արդեն ասվել է, «պետական լեզու» ասելով այս պահանջատերերը նկատի ունեն Երևանի բարբառի այն (մեծագույն մասով) աղավաղ կամ կոտրատված տարբերակները, ինչին ասում եմ «գրական ոճեր»:

Իսկ սրանք, ինչպես արդեն ցույց է տրվել, մայր բարբառից շեղված ու, ըստ էության, աղավաղ են ու, համարյա միշտ, չունեն իսկական լեզվական պրոցեսների բոլոր հատկություններն ու իսկական լեզու չեն:

Պետական «լեզվով» խոսելու այս պահանջը քաղաքակա´ն պահանջ է, ինչը խոչընդոտում է թե´ կրթության, թե´ գիտության, թե´ գրականության, թե´ լեզվին ու գրականությանն առնչվող բոլոր ոլորտների առաջընթացին:

Դպրոցական քերականությունը պիտի դասավանդվի միմիայն ավագ դպրոցում, այն էլ մի 100-150 էջանոց մի դասագրքով ու թերևս մեկ կիսամյակ:

Դպրոցական այսպիսի մի դասագրքի համար լրիվ բավարար են՝ բառ, բառերի զուգորդություն (լրացնող ու լրացվող բառեր), խոսք (նախադասություն), անուն գոյական, անուն ածական (թվական, մակբայ), ենթակա, ստորոգյալ (վերագրվող) տերմինները:

Հանրակրթական ու միջին դպրոցում հայերենի ժամերը պիտի տրվեն միմիայն խնամքով կազմված ընթերցանության ու ճաշակի դասերին, որ սովորողների մեջ ընթերցանության սեր ու ճաշակ պատվաստեն:

(Իհարկե, թեքումով դպրոցները կարող են իրենց հայեցողությամբ ընտրեն քերականության դասավանդվելիք ծավալը: Այնուամենայնիվ, սա բարդագույն խընդիր է, ու սա արդեն, իրոք, քաղաքակա´ն խնդիր է, ինչը լուծելու հնարավոր ուղիները քըննել եմ մի ուրիշ տեղ (իմ «Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը» գրքում):

Դիտողություն 1. Իմիջիայլոց, կրկնեմ, որ թվականը ածական են համարում նաև, օրինակ, Աճառյանն ու Աբեղյանը: Օրինակ, Աճառյանն ասում է (ԼՔՀԼ, I, 4-5).

«Հին քերականներն ածականը բաժանում էին հինգ տեսակի. որակական, թվական, ցուցական, ստացական և անորոշ: Միջին երեքը ոմանք միացնում են մի անվան տակ և կոչում են որոշիչ (դետերմինատիվ). որակականը մնում է առանձին, իսկ անորոշը մնում է երկու խմբերի միջև:…Որոշիչ ածականը {ուրեմն, նաև թվականը} ավելի ևս մասնավորում է առարկան և վերածում այսինչին կամ այնինչին. Օրինակ՝ այս գլխարկը, իմ գլխարկը, հինգ գլխարկ:

«Մենք այս գլխում խոսում ենք միայն որակական ածականի մասին. մյուսները {ուրեմն, նաև ածական թվականը} տես թվականի և դերանունների բաժիններում»:

Ու Աճառյանն իր այս ածականին հատկացրած հատորի ողջ երկրորդ կեսը տալիս է ածականի մասնավոր տեսակին՝ թվականին:

Աբեղյանի մասով տես իր ՀԼՏ-ն [3] ու «Աշխարհաբարի քերականությունը» [1], որտեղ Աբեղյանը նաև ածակա´նն է դնում գոյականների շարքը:

11.9 Անորոշ դերբայը ոչ մի տեսակ բայ չի, գոյակա´ն է

Անորոշ դերբայի քննությունն այնքա՛ն է առանցքային, որ, ստիպված, նորից ու նորից կրկնելով մի քանի բան, պիտի դառնանք սրան ու նաև սրա մասին ասվածն ամփոփենք:

Ըստ էության.

Դրույթ 1. Մեր այսօրվա հետաբեղյան քերականությունները հորինելու հիմնական նպատակն հայերենի այսօրվա գրական ոճերի անորոշ դերբայի բայական սխալ գործածություններն արդարացնելն է:

Կենդանի հայերենի պրոցեսին մասնակից հայերենի իսկական կրողները, ի հակադրությունը հայ ուսյալների գրական ոճերի, անորոշ դերբայը բայի պես չեն գործածում:

Դրույթ 2. Հայերենի կրողները անորոշ դերբայը գործածում են ճիշտ այնպես, ինչպես մնացած անուններն են գործածում:

Ինչո՞ւ: Որովհետև.

Դրույթ 3. Հայերենի անորոշ դերբայը միմիայն անուն է (այսինքն, գոյական ու ածական է) ու հայերենում բայական ոչ մի ֆունկցիա չունի, եթե արդեն պայման կա, որ բայը պարտադիր նաև դեմք, ժամանակ ու ստորոգում է ցույց տալիս ([4], ՄՔՔԽՄ, 537-541):

(Իմ կարծիքով, անորոշ դերբայի այս սխալ ու ոչ հայերեն գործածության հիմքը բարբառներն արհամարհելն է, ինչը գալիս է գյուղացուն արհամարհելուց:

(Այս արհամարհանքը շատ հին է: Խորենացու վկայությամբ ([14], Գիրք II. գլ. է) հայ արքաները հատուկ հրամանով գյուղացիներին պարտադրում էին, որ սրանք քաղաքացիներին պատվեն այնպես, ասես քաղաքացիներն իրենց իշխաններն են):

Անորոշ դերբայը (օրինակ, «խաղալ, խաղացնել, վազել, վազեցնել, կարդալ, կարդացնել» բառերը) ինչո՞ւ բայ չի:

Նորից ու նորից կրկնեմ, որ անորոշ դերբայը բայ չի, որովհետև բայ են միայն և միայն ա՛յն բառերը, որոնք ունեն դեմքի, թվի ու ժամանակի գաղափարները՝ իրար հետ մերված-ձուլված ու իրենց իմաստը վերագրում-ստորոգում են իրենց դեմքին:

Օրինակ, բայ են հետևյալ բառերը.

«(չ)խաղամ, (չ)խաղաս, (չ)խաղա, (չ)խաղանք, (չ)խաղաք, (չ)խաղա, (չ)խաղացի, (չը)խաղացինք, (չ)խաղացիք, (չ)խաղացին, խաղումեմ, խաղումես, խաղումա, չեմխաղում, չեսխաղում, չիխաղում, խաղումենք, խաղումեք, խաղումեն, չենքխաղում, չեքխաղում, չենխաղում, խաղացելեմ, խաղացելէի, չեմխաղացել, չէիխաղացել» ևն, ևն, նաև՝ «կխաղամ-չեմխաղա, կխաղայի, չէիխաղա, խաղալուեմ, չեմխաղալու» ևն, ևն:

Բայց, օրինակ, «խաղալ, գրել» բառերը բայ չեն, որովհետև սրանք ո՛չ դեմքի գաղափարն ունեն, ոչ է՛լ ունեն ժամանակի գաղափարը: Կնշանակի.

Դրույթ 4. Անորոշ դերբայների «-ալ» ու «-ել» վերջավորությունները բոլորովին էլ խոնարհմունքի մասնիկ չեն, այլ անորոշ դերբայի ուղղական հոլովաձևի ցուցիչ-մասնիկներն են ու, եթե կուզեք, սրանք ոչ թե խոնարհմունքային, այլ հոլովաձևայի´ն մասնիկներ են, այսինքն, ուղղական-հայցական հոլովաձևի ցուցիչներն են (տես նաև [4]-ը):

Ուրեմն, ի՞նչ է անորոշ դերբայը, թե որ բայ չի:

Դրույթ 5. Անորոշ դերբայը անո´ւն է, այսինքն, գոյակա´ն է ու ածակա´ն ևն, իսկ թե սրանցից ո´րն է, սա արդեն որոշվում է անորոշ դերբայի այլ բառերին շղթայվելու զուգորդվելու կոնկրետ ձևով, որոշվում է իր կոնկրետ գործածությամբ:

Ինչո՞ւ է անորոշ դերբայը անուն (գոյական ու ածական):

Դրույթ 6. Անորոշ դերբայը անուն է (գոյական ու ածական է), որովհետև անորոշ դերբայն ունի անունի (գոյականի ու ածականի) բոլո՛ր-բոլո՛ր հատկությունները ու բայ չի, որովհետև չունի բային ներհուն երկու գլխավոր գաղափարը, չունի դեմքի ու ժամանակի գաղափարները:

Դրույթ 7. Անորոշ դերբայը Երևանի բարբառում անուն է (գոյական է ու ածական), քանզի անունի պես հոլովաձևեր ունի (միմիայն չորս հատ), հնարավոր է, որ անունի պես իր հոգնակին կազմի «ներ/եր» վերջավորություններով, հնարավոր է, որ անունի պես ունենա «ս, տ, ը/ն» հոդերը (թե՛ եզակիում, թե՛ հոգնակիում. մեկ-երկու հոլովաձևի համար «ը/ն» հոդը մեռած է):

Ու անորոշ դերբայը (նաև իր հոլովաձևերը), ինչպես արդեն համոզվեցինք, մի ուրիշ բառի զուգորդվելիս, դառնում է ածական, հնարավոր է, որ նաև դառնա դերանուն, իսկ բային զուգորդվելիս՝ խոսքի մեջ լինի ենթակա, ստորոգյալ, բայի ուղիղ կամ անուղղակի խնդիր, կամ պարագա, ու անունի պես ունենա նախադրություն ու հետադրություն:

Երկու դիտողություն անեմ:

Դրույթ 8. Աբեղյանի (կամ իմ) կամ մի ուրիշի կամքով չի, որ Երևանի բարբառի (ու թե որ շատ թունդ չեմ սխալվում՝ նաև հայերենի այսօրվա մնացած համարյա բոլոր բարբառների) դիֆուզվող ինքնուրույն ու ցրիվ կարգերի այսօրվա վիճակն այնպիսին է, որ անորոշ դերբայը ունի անունի բոլո՛ր-բոլո՛ր հատկությունները ու չունի բայի երկու գլխավոր հատկությունը, չունի դեմքի ու ժամանակի գաղափարները:

Դրույթ 9. Անորոշ դերբայն անուն է (գոյական է ու ածական, երբեմն էլ՝ դերանուն), որովհետև այսօրվա Երևանի բարբառի կրողները անորոշ դերբայը գործածում են անունի (գոյականի, դերանվան ու ածականի) պես, ու բայի պես երբեք չեն գործածում, ու ոչ թե այն պատճառով է անուն, որ սա «գոյականաբար» կամ «փոխանվանաբար է առնվում»:

Եթե անորոշ դերբայը անուն չլիներ, անհնար կլիներ, որ սա «գոյականաբար» կամ «փոխանվանաբար առնվեր», ճիշտ այնպես, ինչպես որ անհնար է, որ «սարդը առնվի ձիաբար կամ էշաբար, կամ եզնաբար կամ էլ՝ սատանայաբար», այն պարզ պատճառով, որ սարդը ուղղակի ձի, կամ էշ, կամ եզ, կամ լամա չի, կամ էլ նույնիսկ շուն չի, որ օրինակ, հեռավոր հյուսիսում «էշաբար» կամ «ձիաբար» կամ «եզնաբար» սահնակ քաշի:

Դրույթ 10. Անորոշ դերբայը բայի փոխարեն գործածում են (սխալ ու հայերենին հակառակ) միայն ու միայն մեր գրական ոճերն ու այս ոճերի մեր ա՛յն ջատագովները, ովքեր այս ոճերն իրենց բանավոր խոսքի մեջ գործածելու փորձ են անում:

Ասվածը մի անգամ էլ հաստատելու համար դիմենք տեղառքի կանոնին:

Նախ հիշենք, օրինակ, «ծառ» անկասկած անուն բառի հիմնական ձևերն ու հատկությունները: Ահա դրանց կարճ ցուցակը (փակագծերի մեջ դրված են ստացական հոդերը).

ծառ (ս, տ, ը)

ծառեր (ս, տ, ը)

ծառի (ս, տ, ն)

ծառերի (ս, տ, ն)

ծառից (ս, տ)

ծառերից (ս, տ)

ծառով (ս, տ)

ծառերով (ս, տ)

Ծառը պրծավ: (ենթակա)

Սա ծառ ա(չի): (ստորոգյալ)

Ես ծառ ջարդեցի: (ուղիղ խնդիր)

Ծառից ընգավ: (անուղղակի խնդիր)

Ծառով խփեց: (միջոցի պարագա)

Ծառի վերջը: («վերջը» անունի լրացում)

Առանց ծառի: (նախադրություն ունեցավ)

Ծառից հետո: (հետադրություն ունեցավ) ևն:

Եթե հիմա այս հարացույցների մեջ «ծառ» բառը տեղակալենք օրինակ՝ «խաղալ, վազել, կարդացնել» անորոշ դերբայներով (ու սրանց հարկավոր հոլովաձեվերով), այս հարացույցների բոլոր անդամներն էլ կմնան հայաձև (կարևոր չի, որ ստացված արտահայտությունները երբեմն անհեթեթ են կամ կդառնա´ն անհեթեթ):

Բնութագրական է, որ երբ այս հարացույցների մեջ «խաղալ, վազել, կարդացնել» դերբայները տեղառքով փոխարինենք «խաղ, վազք, ուսում» բառերով, որոնց անուն լինելը անկասկած է, այս հարացույցներից ոչ մեկի հայերենությունը (այսինքն, հայաձևությունը) բացարձակ չի փոխվի, սրանք նորից հայերեն բառի կամ խոսքի տեսք կունենան: Ուրեմն, այս «խաղալ, վազել, կարդացնել» դերբայները անո´ւն են, ճիշտ հենց «ծառ»-ի պես ու բայ չեն: Ասվել է, որ.

Դրույթ 11. Այն հանգամանքը, որ բայերի մի մասը գործողության կամ պրոցեսի իմաստ ունի, բայ լինելու համար ՎՃՌԱԿԱՆ ՉԻ, որովհետև լիքը անուն կա, որոնք գործողության իմաստ ունեն:

Օրինակ. «աճ, վազք, շարժ, մարզանք, պտույտ, հոսանք, հոսք, պատերազմ, կռիվ, վեճ, հուզմունք, տուրուդմփոց, երկրաշարժ, ժայթք, շարժ, հարկադրանք, պարտություն, հոսք, հաղթանակ, բռնություն, գործողություն, պրոցես, վրդովմունք, չարչարանք, տանջանք, մրցություն, խուզարկություն» ևն ևն:

Դրույթ 12. Ինչքան էլ մեր այսօրվա լեզվաբանները պնդեն, թե «անորոշ դերբայը անդեմ բայ է», միևնույնն է, անորոշ դերբայը անուն է, ու սա փաստ է, որովհետև սա բխում է Լեզվի Գլխավոր Օրենքից, այսինքն, հայերենի հենց ոգուց, որովհետև սա՛ է այսօրվա բոլոր հայերենների բոլոր պրոցեսների դիֆուզվող ցրիվ կարգը:

Դրույթ 13. Անորոշ դերբայը ոչ մի տեսակ բայ էլ չի, ճիշտ այնպես, ինչպես սարդը ոչ մի տեսակ կաթնասուն էլ չի, ու քառակուսին էլ ոչ մի տեսակ շրջանագիծ չի:

Դրույթ 14. Աբեղյանի ու հետաբեղյան քերականությունների գլխավոր կռիվը հենց անորոշ դերբայը բայ համարելը կամ չհամարելն է:

Կրկնենք, որ սրա պատճառը հետևյալն է.

Դրույթ 15. Մեր նոր գրականությունը, կույր-կույր հետևելով ռուսերենին ու եվրոպական լեզուներին (երբեմն էլ՝ գրաբարյան թարգմանական կալկաներին), անորոշ դերբայ-անունը բազում-բազում անգամ գործածում է բայի փոխարեն, ինչը հայաձև չի ու հայերենին բացարձակ է խորթ:

Դրույթ 16. Անորոշ դերբայը բայի փոխարեն գործածելը մեր նոր գրականության ամենաճակատագրական սխալն էր, քանզի սա իր հետևից քաշեց բերեց բազում ուրիշ օտարիզմ, ու մեր նոր գրական ոճերը չափազանց հեռացան իրենց մայր բարբառից, Երևանի´ բարբառից: Սրա հետևանքներն արդեն գուցե անվերացնելի են:

Թերևս հենց այս սխալ գործածությունն է ամենաշատը խանգարում մանուկներին, որ դպրոցում յուրացնեն մայրենի լեզվի դասերի նյութերը:

Եզրակացություն. Անորոշ դերբայը բայի փոխարեն գործածելու այս սխալն ու սրա աղետալի հետևանքներն ուղղելու միմիայն մի ճար կա: Այս ճարը Երևանի բարբառն իր ամենայն ինչով թույլատրելի ու գրական համարելն է:

Սրա մասին կխոսվի այս գրքի վերջին մասերում:

Ի՞նչ անեն մեր լեզվաբաններն ու գրականագետները, ընդունե՞ն, որ 1858-ից հետո ստեղծած մեր նոր գրականության համարյա բոլոր գործերն էլ այսօրվա հայերենին խորթ ու օտար ոճով են գրվել, թե՞ չէ: Պարզ է, որ սա երբեք չեն ընդունի:

Ափսոսանք. Երևի հայերն այդպես էլ այլևս ո՛չ իսկական հայերենով գրականություն ունենան, ո՛չ իսկական գիտական քերականություն, ոչ է´լ ճշմարիտ ու անկեղծ գրականագիտություն:

Իմիջիայլոց, մերոնք «մաքուր լեզու» ասելով հասկանում են միայն «օտար» բառերից զուրկ լեզուն, ինչն անիրական է, անհեթեթ ու անիրագործելի:

Դրույթ 17. Իրական ու իրագործելի է միայն ճշմարիտ քերականությամբ լեզուն, այսինքն, որևէ լեզվական ինքնին պրոցե´սը միայն: Հայերենի գրական ոճերի քերականությունը միայն մի դեպքում կարող է ճշմարիտ լինի, եթե գրողը հետևի Երեվանի բարբառի քերականությանը, քանզի շարքային ուսյալը, եթե նույնիսկ պրոֆեսիոնալ գրող էլ է, այնուամենայնիվ, գերազանց գիտնական լեզվաբան չի:

Բայց սա է՛լ է երևի անիրագործելի, որովհետև Երևանի բարբառը վաղուցվանից հայտարարվել է մի արհամարհելի «փողոցային, ժարգոն» ու նույնիսկ պնդող կա, թե Երևանի բարբառ չկա, ա´ռհասարակ: Այս վերջին պնդումն արտառոց կլիներ, թե որ այսքան տխուր չլիներ:

Իրականությունը թերևս մի՛շտ է ողբերգական:

11.10 Հայերենի դերբայներն ու թերբառները

Ասվեց, որ «դերբայ» տերմինն այսօրվա հայերենի համար խիստ անհաջող է, որովհետև սա ոնց որ ասի, թե այս «դեր+բայ» կոչածը միմիայն բայի դերը տանելու զորությունն ունի: Սա սխալ է, որովհետև տեսանք, որ, ինչպես Աբեղյանն է իրավացի պնդում ու ինչպես վերը ցույց տրվեց,

Դրույթ 1. Հայերենի անորոշ դերբայը (օրինակ, «խաղալ»-ը ևն), 4 հոլովաձև ունեցող անուն է, ունի հայերենի անվան բոլոր-բոլոր հատկությունները, ու բայական ոչ մի ֆունկցիա չունի:

Տեղառքի կանոնի կիրառությամբ շատ հեշտ երևում է, որ անորոշ դերբայի անուն լինելու մասին Աբեղյանի ու իմ բերած բոլոր փաստարկները ճիշտ են նաև թե՛ ենթակայական դերբայի (օրինակ, «կարդաց(ն)ող»-ի ևն), թե՛ հարակատար դերբայի (օրինակ, «կարդաց(վ)ած»-ի ևն) մասին:

Մի քանի բան նորից ասեմ: Տեսանք նաև, որ հնարավոր է, որ անորոշ դերբայը լինի նաև թե´ ածական, թե´ դերանուն: Այսպես են նաև այսօրվա հայերենի ենթակայական ու հարակատար դերբայները, ու եթե ասվի, որ դերբայ-անունները համարյա նույն հաճախությամբ են դառնում գոյական ու ածական (ու ավելի քիչ՝ նաև դերանուն), ինչքան որ հակառակը, գուցե սխալ չինի:

Դրույթ 2. Այսօրվա հայերենի ենթակայական ու հարակատար կոչված դերբայները (նաև «անցողականները», օրինակ, «կարդաց(ն)ող»-ը ևն), ու «կարդաց(վ)ած»-ը ևն) 4 հոլովաձև ունեցող անուն են (ածական ու գոյական են), ու ունեն հայերենի անվան (այսինքն, ածականի ու գոյականի) վերը նկարագրված բոլոր-բոլոր հատկությունները, ու բայական ոչ մի ֆունկցիա չունեն, ու բոլորովին բայ չեն:

Դրույթ 3. Քանի որ այսօրվա հայերենի ենթակայական ու հարակատար դերբայները մերթ անուն են, մերթ ածական են, ուրեմն, հնարավոր է, որ դառնան նաև դերանուն:

Դրույթ 4. Երբ հայերենի ենթակայական ու հարակատար դերբայները ածական են, սրանք համեմատվում են:

Օրինակ, հետևյալ համեմատվող ածական ձևերը հնարավոր են. «վազող ձի; ավելի շատ/լավ/արագ վազող ձի; ամենաշատ/լավ/արագ վազող ձին» ևն, կամ. «կարդացող տղա; ավելի շատ կարդացող տղա ամենաշատ կարդացող տըղան» ևն:

Նույն ձևով. «աշխարհ տեսած մարդ; ավելի շատ աշխարհ տեսած մարդ; ամենաշատ աշխարհ տեսած մարդը» ու, ճիշտ այս ձևով ու ճիշտ նույքան հազվադեպ. «կանաչի ծախող մարդ; ավելի շատ կանաչի ծախող մարդ; ամենաշատ կանաչի ծախող մարդը»:

(Իմիջայլոց, հնարավոր է, որ այս բաղադրյալ ածականների համեմատական ձեվերը տարբեր լինեն (ինչպես վերի օրինակներում ավելի շատ/լավ/արագ), օրինակ. «նստած մարդ; ավելի հարմար նստած մարդ, ամենահարմար նստած մարդը» կամ. «մոռացված փաստ; ավելի շատ/խորը մոռացված փաստ; ամենամոռացված փաստը» ևն:

Դիտողություն 1. Հայերենի այսօրվա անկատար կոչված դերբայը («կարդում եմ»-ի «կարդում»-ը), վաղակատար կոչված դերբայը («կարդացել եմ»-ի «կարդացել»-ը), ու համակատար կոչված «իս-դերբայը», որոնցից միմիայն երեքն է կենդանի Երևանի այսօրվա բարբառում, «տալիս, գալիս, լալիս»-ը, ոչ միայն դերբայ կամ գոյական չեն, այլև ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԲԱՌ ՉԵՆ ՈՒ ԲԱՅԻ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ ԵՆ, որովհետև օժանդակ «եմ» բայի ձևերից անջատ ոչ մի գործածություն չունեն:

Սրանց ես ասում եմ թերբառ, այսինքն, թերի բառ (տես նաև քիչ հետո):

Օրինակ, «կարդում եմ» բայի «կարդում»-ը թերբառ է, նաև «կարդացել եմ»-ի «կարդացել»-ը թերբառ է ևն:

Դիտողություն 2. Այս երեք «տալիս, գալիս, լալիս» իս-թերբառից բացի մնացած բոլոր իս-դերբայ կոչվածները Երևանի բարբառում մեռած են ու արտահայտվում են անորոշ դերբայի բացառական հոլովաձևով ու «եմ/լինեմ/կամ» գոյության բայի զուգորդություններով: Այսինքն, միայն գրական ոճերն են գործածում, օրինակ, «ապրելիս, խոսելիս, մըտածելիս» և այլ ձևերը (որ իրականում թերբառ են կամ էին, տես 9.10-ն ու13.15-13.17-ը), իսկ Երևանի բարբառը սրանց տեղը գործածում է՝ անորոշ դերբայ-գոյականի բացառական հոլովաձևը. «ապրելուց, խոսելուց, մտածելուց» ձևերը: Երևանցին, «որ գաս, աշխատելիս կլինեմ»-ի տեղն ասում է. «որ գաս, աշխատելուց կլինեմ».

(Իմիջիայլոց, Աճառյանը ենթակայական դերբային, նկատի առնելով սրա գրաբարյան ծագումը, ասում է «ներկա դերբայ» [ԼՔՀԼ, V, էջ 29]), հարակատարին ու վաղակատարին՝ «անցյալ դերբայ» [ib., էջ 30-31]), իսկ անորոշ դերբային՝ «ինֆինիտիվ» կամ «աներևույթ» կամ էլ՝ «անորոշ դերբայ» [ib., էջ 5]):

Բայց թյուրիմացություններից խուսափելու համար ճիշտ ու հարմար կլիներ, որ անուն-դերբայներին չասեինք «դերբայ», այլ ասեինք՝ «ող-պարտիցիպ, ած-պարտիցիպ, իս-պարտիցիպ», իսկ անորոշ դերբային էլ գուցե ասենք «ինֆինիտիվ:

Իսկ համակատարի ասված երեք բեկորին ու անկատար ու վաղակատար կոչվածներին կասեմ թերբառ, քանի որ սրանք այսօրվա հայերեն խոսքի մեջ առանձին գործածություն բոլորովին չունեն, ուրեմն, թերի բառ են (տես 9.10-ն ու 13.15-13.17-ը):

11.11 «ող», «ած» պարտիցիպները

Այժմ, ցուցադրելու համար տեղառքի մեթոդի հզորությունը, դիմենք անալոգիայի մեխանիզմին ու սրանից բխող տեղառքի զուտ ֆորմալ կանոնով ցույց տանք, որ օրինակ, «վազող» (կամ՝ «խաղացող») ող-պարտիցիպն ու «նստած» ած-պարտիցիպը անուն են (այսինքն, գոյական ու ածական են):

Նորից բերենք բուն անուն «ծառ» բառի հիմնական ձևերն ու հատկությունները:

ծառ (ս, տ, ը)

ծառեր (ս, տ, ը)

ծառի (ս, տ, ն)

ծառերի (ս, տ, ն)

ծառից (ս, տ)

ծառերից (ս, տ)

ծառով (ս, տ)

ծառերով (ս, տ)

Ծառը պրծավ: (ենթակա)

Էսի ծառ ա(չի): (ստորոգյալ)

Ես ծառ ջարդեցի: (ուղիղ խնդիր)

Ծառից ընգավ: (անուղղակի խնդիր)

Ծառով խփեց: (միջոցի կամ ձևի պարագա)

Ծառի վերջը: («վերջը» անունի լրացում)

Առանց ծառի: (նախադրություն ունեցավ)

Ծառից հետո: (հետադրություն ունեցավ) ևն:

Հիմա այս հարացույցների «ծառ» բառը տեղակալենք օրինակ՝ «վազող» բառով.

վազող (ս, տ, ը-ն) վազողներ (ս, տ, ը-ն)

վազողի (ս, տ, ը-ն) վազողների (ս, տ, ը-ն)

վազողից (ս, տ) վազողներից (ս, տ)

վազողով (ս, տ) վազողներով (ս, տ)

Վազողը ընկավ: (ենթակա)

Էսի վազող ա(չի): (ստորոգյալ)

Ես վազող սպանեցի: (ուղիղ խնդիր)

Վազողից հետ ընկավ: (անուղղակի խնդիր)

Վազողով ու չվազողով մոտեցան: (ձևի կամ միջոցի պարագա)

Վազողի քիթը: («քիթը» անունի լրացում)

Առանց վազողի: (նախադրություն ունեցավ)

Վազողից հետո: (հետադրություն ունեցավ) ևն:

Տեսնում ենք, որ այս օրինակի «վազող» ող-պարտիցիպը ունի գոյական անունի բոլո՛ր-բոլո՛ր հատկությունները, ու ինքն էլ բայ չի, որովհետև չունի դեմքի ու ժամանակի գաղափարները, ուրեմն գոյական է:

Բայց նախ այս պարտիցիպը «վազել» ինֆինիտիվ-անունի պես ժխտվում է «չ»-ով («չըվազող») ու «ծառ»-ի պես «բուն անուն» չի, երկրորդն էլ, սա անուն է, որովհետև սա, բացի անուն լինելը, նաև ածական է:

Այս ած-պարտիցիպն ինչո՞ւ է ածական: Ածական է, որովհետև ունի ածականի բոլոր հատկությունները: Իրոք, հիշենք «անշարժ» ածական-անունի հարացույցները:

Ու. - անշարժ ջուր(ջրեր) (ս, տ, ը-ն)

Ս.Տ. - անշարժ ջր(եր)ի(ս, տ, ը-ն)

Բ. - անշարժ ջր(եր)ից(ս, տ)

Գ. - անշարժ ջուր(ջրեր)ով(ս, տ)

Ն. - անշարժ ջրում(ս, տ)

Շարահյուսական հատկությունները (բերում եմ միայն եզակիի մի դեպքը):

Անշարժ ջուրը լճացել ա: Էսի անշարժ ջուր ա(չի): Ես անշարժ ջուր տեսա: Անշարժ ջրից շատ ա: Անշարժ ջրով մոտեցան: Անշարժ ջրի տակը: Առանց անշարժ ջրի: Անշարժ ջրից հետո:

Հիմա էլ տեղառքի կանոնով այս «անշարժ» ածականը տեղակալենք «վազող» ող-պարտիցիպով: Կստացվի.

Ու. - վազող ջուր(եր) (ս, տ, ը-ն)

Ս.Տ. - վազող ջր(ջրեր)ի(ս, տ, ը-ն)

Բ. - վազող ջր(եր)ից(ս, տ)

Գ. - վազող ջուր(ջրեր)ով(ս, տ)

Ն. - վազող ջրում(ս, տ)

Վազող ջուրը լճացել է: Սա վազող ջուր է(չի): Ես վազող ջուր տեսա: Վազող ջրից շատ է: Վազող ջրով մոտեցան: Վազող ջրի տակը: Առանց վազող ջրի: Վազող ջրից առաջ: Վազող ջրից հետո:

«Վազող» ածականի համեմատվելու մասին արդեն ասվել է:

Իմիջիայլոց, հայերենի ուսուցիչներից մեկն ինձ հաղորդեց, որ իրեն միշտ զարմացրել է, որ դպրոցականները, շատ հաճախ, իրենց լեզվական հանճարեղ զգացումով, այս պարտիցիպները նախադասությունից դուրս են գրում որպես ածական։

Գլուխ 12. ՀԱՅԵՐԵՆԻ ՑՈՒՑԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԸ

12.1 Հայերենի ցուցական ածականն ու դերանունը

Հայերենի գրական ոճերի ու Երևանի բարբառի գլխավոր տարբերություններից (անորոշ դերբայի սխալ գործածությունից հետո) երկրորդը սրանց ցուցականների գործածությունն է: Ցավոք Երևանի բարբառի լեզվական պրոցեսի ու գրական ոճերի տարբերությունների քննության հարցերը նույնպես քաղաքականացրած են (սկըսած հյուսիսյաններից): Սրա համար էլ խիստ կարիք կա, որ ցուցականների վերլուծությունը մանրամասն շարադրվի:

Դրույթ 1. Երևանի բարբառի այսօրվա լեզվական պրոցեսը գործածում է եռաստիճան ցուցական ածականները:

Դրույթ 2. Երևանի բարբառի «էս, էտ, էն» ածականներն այս բարբառի միակ ածականներն են, որ գոյական չեն ու միմիայն ածական են, այսինքն, հոլովաձև չունեն: Սրա պատճառն այն զարմանալի հանգամանքն է, որ այս ածականներն արդեն զուգորդական մասնիկի զորություն ունեն ու, ըստ էության, հենց զուգորդական մասնիկ են, այն էլ – նախադաս ու եռաստիճան:

Դրույթ 2. Երևանի բարբառը ուղղական-հայցական եզակի հոլովաձևի համար գործածում է «էսի-էտի-էնի» եռաստիճան ցուցական դերանունները, որ, իհարկե, հնարավոր է, որ գոյական էլ գործածվեն, չնայած – բավական հազվադեպ: Օրինակ. «էսի փնտրողը, էսի փնտրողի, էսի փնտրողից, էսի փնտրողով; էտի տեսածը, էտի տեսածի, էտի տեսածից, էտի տեսածով; էնի քթնողը, էնի քթնողի, էնի քթնողից, էնի քթնողով»:

Դիտողություն. Սրանք չպիտի շփոթվեն «էս փնտրո´ղը գնաց»-ի հետ, ինչը, հընարավոր է, որ լինի «էս ձու փնտրո´ղը գնաց»-ի սուղ տարբերակը, ինչը շեշտում է «փնտրող»-ի´ն: Չէ՞ որ գնացողը կարող էր լիներ «ձի´ փնտրողը», ոչ թե «ձո´ւ փնտրողը»: Այնինչ, հնարավոր է, որ ասվի «էսի´ փնտրողը գնաց», շեշտելով, որ գնացողը ձո´ւ փնտրողն էր ևն: Ինչ որ է, այսպիսի երևույթները հազվադեպ են:

Դրույթ 3. Ցուցական դերանունների սեռական-տրական, բացառական ու գործիական հոլովաձևերի համար Երևանի բարբառը գործածում է «սա, դա ինքը» դերանունների սեռական-տրական, բացառական ու գործիական հոլովաձևերը, այսինքն, «սրա(ն), դրա(ն), իրա(ն); սրանից, դրանից, իրանից; սրանով, դրանով, իրանով» ձևերն ու սրանց հոգնակիները:

(Մեր բարբառների մի մասի ցուցականները երկաստիճան են, ինչպես, օրինակ, իմ մայրենի բարբառինը, Սալմաստի Փայաջուկ (այժմ՝ Մալիշկա) գյուղի խոսվածքինը, անգլերենի կամ ռուսերենի ցուցականների պես):

Դիտողություն. Ցուցական ածականը շեշտում է անունը, ցույց տալով անունի նըշած օբյեկտի տարածական կամ ժամանակային հեռավորությունը խոսողներից ու խոսելու պահից, իսկ ցուցական դերանունը փոխարինում է այն անվանը, ինչն արդեն հիշատակել են, բայց չեն ուզում նորից կրկնեն: Օրինակ.

«Երբ հետ էկա տուն, տեսա, որ քամին բակի բարդու ծառը կոդրել ա:

Էս ծառը շուշուտ ա կոդրվում, սրա բոյը կարճ ա, սրանից խելքս բան չի կդրում, որտեվ էսի բոյ չի քշում: Իսկ կողքի ծիրանի ծառն էդքան շուշուտ չի կոդրվում:

Էտ ծիրանը էնքա´ն ա պինդ, որ կարելի ա ասվի, որ էտի աներես ա, դրա ոսկորը պինդ ա: Իսկ ա´յ էն հեռվի սերկևիլի ծառը վափշե չի կոդրվում, էնի շա´տ ա պինդ, իրանից ազատվելը անհնար ա»:

Դրույթ 4. Այս օրինակից երևում է, որ «էս» ցուցական ածականը դրվում է խոսողին ամենամոտ (տարածական կամ ժամանակային առումով) անունների վրա, իսկ «էսի» դերանունն ու սրա ասված հոլովաձևերը փոխարինում են խոսողին ամենամոտ (տարածական կամ ժամանակային առումով) անունին (նախորդ օրինակում՝ բարդու ծառին):

Դրույթ 5. «Էտ» ցուցական ածականը դրվում է խոսողից ավելի հեռու (տարածական կամ ժամանակային առումով) անունների վրա, իսկ «էտի» դերանունն ու սրա ասված հոլովաձևերը փոխարինում են խոսողից ավելի հեռու (տարածական կամ ժամանակային առումով, օրինակ, լսողի մոտի) անուններին (վերի օրինակում՝ ծիրանի ծառին):

Դրույթ 6. «Էն» ցուցական ածականը դրվում է խոսողից ամենահեռու անունների վրա, իսկ «էնի» դերանունն ու ասված փոխարինում են խոսողից ու լսողից հեռու (տարածական կամ ժամանակային առումով) անուններին (վերի օրինակում՝ սերկեվիլի ծառին): Այս ամենահեռու անունները, ըստ էության, ոչ խոսողի´ն են մոտ, ոչ լսող-պատասխանողի´ն: Սրանք մոտ են միայն երրորդ դեմքերին:

Դրույթ 7. Անհնար է, որ Երևանի բարբառում «էսի; էտի; էնի»-ն այսօր փոխարինեն «էս; էտ; էն» ածականներին, այսինքն, անհնար է, որ այս բարբառի կրողն ասի. «էսի տունը, էտի կատուն, էնի խնձորը», ճիշտ ոնց որ անհնար է, որ «սա-դա-նա»-ն ԱՐևԵԼԱՀԱՅԵՐԵՆՈՒՄ լինի ածական, ու ասվի. «սա տունը, դա կատուն, նա խնձորը»:

Դրույթ 8. Ցուցականները գործածվում են նաև «ժամանակային հեռվության» համար ու ցույց են տալիս ասվածի ասելու պահի´ հին կամ նոր լինելու չափը:

Օրինակ.

«Էս միտքը քու ասածից ավելի կարևոր ա, բայց էսի դժվար են հասկանում, այնինչ, է´տ միտքը, որ ձեռ չես քաշում, սաղին էլ յանի պարզ ա, բայց էտի, իրա էությամբ, լրի´վ ա սխալ: Իսկ էն մի բանը, որ ես էրե´կ էի ասում, թե´ սխալ ա, թե´ կործանարար: Էնի պտի վափշե´ մերժվի»:

Դրույթ 9. Խիստ զարմանալի է, որ Երևանի բարբառի այսօրվա ցուցական դերանունների ուղղական հոլովաձևերը այս բարբառի այսօրվա ցուցական ածականներից ստացվել են թերևս ցուցական «էս; էտ; էն» ածականներին կցելով հնագույն «ի» արմատը (տես 18.7-ը), որ նշանակում էր՝ «բան, ինչ-որ մի բան»: Այսինքն, «էսի= էս+ի»-ն նշանակում է «էս բանը», «էտի=էտ+ի»-ն՝ «էտ բանը», իսկ «էնի=էն+ի»-ն՝ «էն բանը»: Սա էլ է այն կռվաններից մեկը, որ Երևանի բարբառի այսօրվա «էս; էտ; էն»-ն իրո´ք են դարձել զուգորդական մասնիկ:

Այս ցուցականներն իրենց այս հույժ պարզ ու իրոք կատարյալ վիճակին են հասել համար մի երկար ընթացքով: Համառոտ ներկայացնեմ այդ ընթացքը:

12.2 Հայերենի հնագույն ցուցականները

Բերեմ ցուցականների էվոլյուցիայի համառոտ պատմությունը ([7], ԼՔՀԼ, II, էջ 181-182, 173-180):

Հայերենի ցուցականները երեք աստիճան ունեին, եռաստիճան կամ եռաշար էին, որ առաջացել էին հնդեվրոպական մայր լեզվի հնագույն so-, do-, no- բներից:

1. Հայերենը, սրանց ավելացնելով «այ» նախդիրը, կազմել էր իր «այս, այդ, այն» բառերը, որ թե´ ցուցական ածական էին, թե´ ցուցական դերանուն, ընդ որում, այս դերանունները, պարզ է, որ հոլովաձևեր էլ ունեին (տես հետո):

2. Հետագայում հայերենն այս նույն երեք բնին ավելացրել է հնագույն -ai երկբարբառը (դիֆտոնգը; ճիշտ այսօրվա «էս; էտ; էն»-ին «ի» ավելացնելու ու սրանց միմիայն դերանուն դարձնելու պես) ու կազմել է «սա, դա, նա» վերաբերական կոչված դերանունները, որոնք արարատյան բարբառում իրենց բոլոր ճյուղերով մնացին միայն դերանուն, իսկ (օրինակ) Պոլսի բարբառում հնարավոր է, որ դառնան նաև ցուցական ածական («սա գիրքը, սա աղջիկը» ևն):

3. Միջին հայերենի շրջանում (գուցե «այս, այդ, այն» ցուցականներից) հայերենը կազմեց «ս, դ, ն/ը» դիմորոշ կոչված հատկացական հոդերը, որ գրաբարյան շրջանում չկային:

4. Այս նույն բներից (սրանց հավելելով «ին=յն» մասնիկը) կազմվեցին նույնություն ցույց տվող ածականներն ու դերանունները, «սոյն, դոյն, նոյն»-ը:

Սրանցից միայն երրորդ աստիճանն է կենդանի, այսօրվա «նույն» ձևով, ինչը թե´ ցուցական ածական է ու բառերի վրա է դրվում իր այս ձևով, թե´ դերանուն է, բայց այսօր հոլովվում է «ի» հոլովիչով (ի տարբերություն իր հին հոլովաձևերի՝ «սորին, սմին, սոքին, սոցին, սովին» ևն):

5. Նույն ձևով կազմվեցին տեղ ցույց տվող ածականները, որ դրվում էին բայերի վրա, այսինքն, «աստ, այդր, անդ; այսր այդր, անդր» ու «աստի, այտի անտի» ցուցականները ու, սրանց էլ հավելելով «-էն» ու «-ուստ» մասնիկները, կազմվեցին հետևյալ ձևերը, «աստէն, այդէն, անդէն; «այսրէն, այդրէն, անդրէն» ու «աստուստ, անդուստ, այլուստ; աստստին, անդստին» բառերը, իսկ հետին շրջանում նաև «աստանօր, անդանօր»:

Այսօր սրանք բոլորն էլ մեռած են, չնայած հնարավոր է, որ սրանց առանձին բեկորները գրական ոճերում երբեմն հանդիպեն:

6. Կազմվեցին նաև այսօր լրիվ մեռած մատնանշական ցուցականները, «աւասիկ, աւադիկ, աւանիկ», հետո էլ՝ «ահա աւասիկ, ահա աւադիկ, ահա աւանիկ», հետո էլ, արագաբանությամբ՝ «ահաւասիկ, ահաւադիկ, ահաւանիկ» ձևերը, որ նորից՝ լրի´վ են մեռած:

Բերեմ «այս, այդ, այն»-ի մեզ հասած հոլովաձևերը:

Աղյուսակ 12.1

Ձևը

Եզակիները

Կարճերը

Երկարները

Ուղղ.

այս

այդ

այն

այս

այդ

այն

Հայց.

զայս

զայդ

զայն

զայսոսիկ

զայդոսիկ

զայնոսիկ

Սեռ.

այսր

այդր

այնոր>այնր

այսորիկ

այդորիկ

այնորիկ

Տր.

այսմ

այդմ

այնում>այնմ

այսմիկ

այդմիկ

այնումիկ>

այնմիկ

Բաց.

յայնում>յայնմ

յայսմանէ

յայդմանէ

յայնմանէ

Գործ.

այսու

այդու

այնու

այսուիկ

այդուիկ

այնուիկ

Ներգ.

յայսմ

յայդմ

յայնմ

յայսոսիկ

յայդմիկ

յայնմիկ

Հոգնակիները

Կարճերը

Երկարները

Ուղղ.

այսք

այդք

այնոք>այնք

այսոքիկ

այդոքիկ

այնոքիկ

Հայց.

զայս

զայս

այնոս>զայնս

զայսոսիկ

զայդոսիկ

զայնոսիկ

Սեռ.Տր.

այսց

այդց

այնոց>այնց

այսոցիկ

այդոցիկ

այնոցիկ

Բաց.

յայսց

յայդց

յայնց

յայսցանէ

յայդցանէ

յայնցանէ

Գործ.

այսոքիւք

այդոքիւք

այնոքիւք

Ներգ.

յայսմ

յայդմ

յայնս

յայսոսիկ

յայդոսիկ

յայնոսիկ

Ասվածին պիտի ավելացվի հետևյալը ([7], ԼՔՀԼ, II, 174-176). «Հայերենի մեջ նըկատվող այս կանոնավորությունը, որ չենք գտնում ուրիշ ոչ մի լեզվի մեջ, անշուշտ հայկական ստեղծագործության արդյունք է, բայց չենք կարող նրանց ծագումը գտնել, որովհետև ցեղակից լեզուները նույն կանոնավորությունը չեն ներկայացնում:

«Այս, այդ, այն ցուցականները, չհաշված եզակի ուղղական-հայցական հոլովը, մյուս հոլովներում ունեն երկու ձև. կարճ ձև, որ գոյականից նախադաս լինելու դեպքում է գործածվում, և երկար ձև, որ գոյականից հետադաս է գործածվում, և այս ժամանակ գոյականը ստանում է ս, դ, ն հոդերը.– այսմ լերին, լերինս այսմիկ»:

{Այս հոդերը չպիտի շփոթվեն այսօրվա հատկացական հոդերի հետ՝ գիրքս գիրքդ, գիրքը/ն}:

«Երկար ձևը միշտ ունի -իկ վերջավորությունը, որ պատճառ է դառնում նախորդ ձայնավորի պահպանման.– այսպես՝ երկար ձևն է այնորիկ, կարճը՝ այնր, որ առաջացել է նախավոր *այնոր ձևից»:

Հետո Աճառյանը մեկ էջով մի 5 կետանոց (ու ավել) ծանոթություն-բացատրություն է բերում, թե ցուցական ածականների այս կարճ ու երկար ձևերը գրաբարում ինչպես էին գործածվում՝ կախված սրանց գործածության նախադաս ու հետադաս դիրքերից:

Բանն այն է, որ.

Դրույթ 1. Գրաբարյան հայերենի ածականը ձևով անփոփոխ չէր ու, ինչպես վերի աղյուսակն է ցույց տալիս, ՀՈԼՈՎԱՁԵՒԵՐ ՈՒՆԵՐ:

Դրույթ 2. Այսօրվա հայերենի ածականը անփոփոխ է. «սև գիրքս/տ/ը(ն), սև գրքիս/տ/ը(ն), սև գրքիցըս/տ/ը(ն), սև գրքովս/տ/ը(ն), սև գրքերս/տ/ը(ն), սև գրքերիս /տ/ը(ն), սև գրքերիցս/տ/ը(ն), սև գրքերովս/տ/ը(ն)» ևն ու համարյա մի´շտ է նախադաս գոյականին:

Բացի սա.

Դրույթ 3. Գրաբարյան ածականը իր հոլովաձևով ու թվով համաձայն էր իր բնութագրած անվանը, բայց հնարավոր էր, որ ածականի այս թեք ձևերը ՏԱՐԲԵՐ ԼԻՆԵԻՆ` սրա նախադաս ու հետադաս գործածության ժամանակ:

Սրա համար էլ գրաբարյան դերանունների ու մանավանդ ածականների գործածությունը (այսօրվանների համեմատ) չափազանց էր բարդ (բարդ էր նույնիսկ ռուսերենի´ այսօրվա ածականների գործածության համեմատ, որոնք չնայած հոլովաձևեր ու քերականական սեռ ունեն (արականի, իգականի ու չեզոքի համար), բայց սրանց հետադաս գործածությունը նախադասից չի տարբերվում:

Այս բաներն ասվեցին, որովհետև ոմանք առաջարկում են, որ Հայաստանի պետական լեզու հռչակվի գրաբարը:

Այս առաջարկի գլխավոր հիմքն այն անծպտուն ենթադրությունն է, թե գրաբարյան հայերենն ա´նպայման է մի անսխալ, մի անթերի, մի կատարյալ ու մի արտաքո կարգի չքնաղ լեզու: Այս զգացմունքային ենթադրությունը ոչ մի հիմք չունի, որովհետև նախ.

Դրույթ 4. ԼԳՕ-ից բխում է, որ ամեն մի խոսվածքի լեզվական պրոցեսը, ինքնին ու իր գոյությա´ն իսկ պատճառով, «գեղեցիկ է ու չքնաղ»: Իսկ թե կատարյա՞լ է այս կամ այն լեզվական պրոցեսը, թե՞ չէ, կախված է այն հանգամանքից, թե սա ինչքա´ն է բավարար լեզվական տվյալ հանրության բազմա(վ)ոլորտ կարիքների համար:

Բավարարության մասով պիտի ասվի, որ, օրինակ, երբ Մեսրոպ Մաշտոցն ու իր աշակերտները գրանցեցին Վաղարշապատի «փողոցների» խոսվածքը, բավական արագ, մոտ մի երեք տասնամյակ հետո, պարզվեց, որ հայերենը չունի (օրինակ) երկրաչափությունը շարադրելու համար հարկավոր բոլոր տերմինները:

Այնժամ մեր հունաբանները հունարենից պատճենեցին հարկավոր տերմինները (ընդ որում, ոչ միշտ տեղին կամ հաջող), «որ հայերենն էլ դառնա հունարենի պես կատարյալ», ու սրա համար բազում նախածանց փոխ առան կամ մոգոնեցին ու սըրանցով տերմին հորինեցին:

Երկրորդը, միմիայն հենց այս շարադրանքն ակնհայտ ցույց է տալիս, որ ժողովըրդին գրաբարով խոսեցնելու ցանկությունը մանկամտություն է, որովհետև բացարձակ անհնար է, որ, օրինակ, բոլոր հայերը յուրացնեն ու ռեֆլեքսով գործածեն ոչ միայն վերի աղյուսակը, այլև ցուցականների հետադաս կամ նախադաս գործածության ձևերը, որոնք, նախդիրների ու բայերի կերպերի գործածության պես, յուրացվում են միմիայն իմիտացիայով (կապկելով) անգիր անելով:

Իսկ եթե հիշենք, որ պիտի յուրացվեն նաև գրաբարյան հույժ բարդ հոլովաձեվային ու խոնարհմունքային հարացույցներն ու լեզվական բազում այլ երևույթը, պարզ կըդառնա, որ նման առաջարկը հեքիաթի ժանրից է:

Նման առաջարկ անողները գաղափար չունեն, որ մեր տեղեկությունները գրաբարից շատ անգամ թերի են: Դրանք չգիտեն, որ երբեմն մեզ հասած լեզվական երևույթի մի մասը մի´ շրջանից է, մյուսը՝ մեկ ա´յլ, ավելի ո´ւշ օրերից:

Օրինակ, «այս, այդ, այն»-ն ու սրանց հոգնակիներն ու մնացած հոլովաձևերը սկզբում թե´ ածական էին, թե´ դերանուն, բայց հետո հորինվեց «սա, դա, նա/ինքըն» եռյակն ու սրանց հոգնակիներն ու մնացած հոլովաձևերը, որ սրանք միմիայն դերանուն լինեն:

Բացի սրանք, լեզվական բազում անհայտ մասնավոր երևույթ կա: Օրինակ, մեզ հասած ոչ բոլոր անունների գրաբարյան հոլովիչներն են հայտնի, ու սրանց մի մասը երևի միշտ էլ անհայտ մնա ևն, ևն:

Ոմանք էլ, թերևս նորից անծպտուն, առաջարկում են, որ մեր այսօրվա գրական ոճերը գործածեն «այս, այդ, այն» ցուցականների գոնե ուղղական հոլովաձևերը: Բայց մի՞թե պարզ չի, որ այս պահանջն է´լ է մանկամիտ ու հակագիտական, որովհետև լեզուն մարդկային կամքին կամ մարդկային տրամաբանական ծրագրերին չի ենթարկվում: Կնշանակի.

Դրույթ 3. Հայերենի վաղուց արդեն մեռած «այս, այդ, այն» ցուցականների գործածությունը այսօրվա գրական ոճերի մեջ հակադիր է ԼԳՕ-ին, ուրեմն, նաև հայերենի լեզվական կենդանի պրոցեսին: Սրանից բխում է, որ այս գործածությունը թե´ հակագիտական է, թե´ հակագեղարվեստական, որովհետև սարքովի է:

Սրանց գործածությունը թե´ աղավաղում է հայերենի լեզվական պրոցեսը, թե´ խոչընդոտում է հայերենը դասավանդելուն ու գրանցելուն:

12.3 «սոյն, դոյն, նոյն»-ը

Նախ պիտի նշվի, որ Աճառյանն ասում է ([7], ԼՔՀԼ, II, 168, թավատառն ու շեղատառն ի´մն է), թե.

«…{հնդեվրոպական լեզուների} ցուցականները, սկսելով նույնիսկ մեկ հատից, հետըզհետե աճելով բարձրանում են մինչև հարյուրավոր ձևեր:

«Սակայն կա նաև հակառակ շարժումը:…Նույնիսկ հայ բարբառներից երեքը {օրինակ, անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի պես} ցուցականներից մեկը ջնջելով, վերածել է երկուսի:

{Ասվել է, որ հենց այսպես է վարվել իմ մայրենի բարբառը, Մալիշկա գյուղի խոսվածքը, ինչը Սալմաստի Փայաջուկ գյուղի խոսվածքի շարունակությունն է}:

Հետո, ևս մի անգամ շեշտելու համար այն միտքը, թե անհնար է, որ մի ողջ ժողովուրդ թողնի իր մայրենի լեզուն ու յուրացնի իր այս մայրենու վաղուց արդեն մեռած մի վիճակը, բերեմ նույնություն ցույց տվող ցուցական ածականների ու դերանունների («սոյն, դոյն, նոյն»-ի) պահպանված հոլովաձևերից միայն «նոյն»-ի աղյուսակը, մնացածներինը կան նշված տեղը (ԼՔՀԼ, II, 177):

Ամեն մի խելամիտ մարդ էլ, նայելով այս աղյուսակին, իսկույն կհասկանա, որ անհնար է, որ մի ողջ ժողովուրդ ա´յն աստիճան վարժվի ԱՅՍ ցուցականների գործածությանը, որ այս վարժությունը հասնի բնազդի (ավելի ճիշտ՝ ռեֆլեքսի) աստիճանին:

Աղյուսակ 12.2

Հոլովաձևը

Եզակի

1-ին ձևը

Եզակի

2-րդ ձևը

Հոգնակի

1-ին ձևը

Հոգնակի

2-րդ ձևը

Ուղղ.

նոյն

նոքին

նոյնք

Հայց.

նոյն

զնոսին

զնոյնս

Սեռ.

նորին

նորուն

նոցին

նոցունց

Տր.

նմին

(<*նումին)

նոցին

նոցունց

Բաց.

ի նոցիին

ի նոցունց

Գործ.

նովին

նովիմբ

նոքիմբք

նոքումբք

Նախ պիտի նշվի, որ այս ձևերից այսօր կենդանի է միայն սրա հնչափոխ ուղղականը, ինչի հոլովաձևերն են «նույնի, նույնից, նույնով» (սրանց հոգնակիները համարյա չեն գործածվում, իսկ «սոյն, դոյն» բառերը լրի´վ են մեռած), բայց նույնիսկ այս պարզ պարագայում մեր «ուսյալները» շատ անգամ չգիտեն, գրե՞ն «նույն է; միևնույն է», թե՞ «նույՆՆ է; միևնույՆՆ է»:

Սրա պատճառը այն հանգամանքն է, որ մեր ուսյալները չգիտեն, որ այս «նույն» ու «միևնույն» բառերը այսօր է´լ են թե´ ածական, թե´ դերանուն: (Այս սխալը հանդիպում է նույնիսկ թե´ Աճառյանի, թե´ Աբեղյանի գրվածքներում):

Երբ սրանք ածական են, այսօրվա մնացած բոլոր ածականների պես իրենց լրացյալ անվանը շղթայվում զուգորդվում են (անվան վրա դրվում են) իրենց ուղղական անհոդ ձևով ու, իհարկե, չեն հոլովվում, օրինակ, «նույն գիրքն ա, նույն աղջիկը կգա, նույն խնձորները ընգան, նույն գրքի, նույն գրքից, նույն գրքով, նույն գրքում» ևն:

Բայց երբ սրանք դերանուն են, այսինքն, փոխարինում են մի ուրիշ գոյականի, արդեն թե´ հոլովվում են, թե´ կարող են որոշող հոդ առնեն: Օրինակ, հնարավոր է հետևյալ զրույցը.

– Էսի նո՞ւյն գիրքն ա:

– Հա´, նույն գիրքն ա:

– Ի՞նչ, ի՞նչ, լավ չլսա:

– Ասում եմ՝ նո´ւյնն ա, նո´ւյնը, քյառ հո չե՞ս:

– Չէ, հլը գրական ասա:

– Ասում եմ, նույնն է, նույն գիրքն է, միևնույն գիրքն է, նույնն էլ կմնա, կմնա միևնույնը, միևնույնն է, նույնից ոչ լավն է, ոչ վատը, բայց լավ գիրք է, լա´վը, վատը չի´, հասկացա՞ր:

Այս օրինակներից երևում է, որ երբ «նույն/միևնույն»-ը շղթայվում զուգորդվում է մի անունի, ու իրեն պահում է ճիշտ ու ճիշտ այսօրվա մնացած ածականների պես (օրինակ, «լավ գիրք, վատ գիրք, լավ գիրքը, լավ գրքին» ևն):

Բայց երբ այս «նույն/միևնույն»-ը դերանուն է (այսինքն, այսինքն, ի´նքն է փոխարինում իր որոշյալին, արդեն գոյական է ու թե´ հոդ է վերցնում, թե´ կարող է հոլովաձևեր ու հոգնակի թիվ ունենա:

Ուրեմն, կոպիտ սխալ է, երբ որևէ մեկը գրում կամ ասում է.

«Սա նույն է» կամ. «Սա միևնույն է»:

Հետո թերևս արժի, որ բերվի այս նույնություն նշող (բոլոր, նաև «սոյն, դոյն»-ի) ցուցականների մասին Աճառյանի արած մի քանի դիտողությունը նույն տեղից:

«1) Բացառականի ձևը չկա. և առանձին չի գործածվում (իբր դերանուն). երբ գոյականի հետ հոլովելու կարիք լինի (իբր ածական), գործ են ածում սմին, դմին, նմին ձևերը, ինչպես՝ ի նմին բանէ, ի սմին մարդոյ, ի նմին հոգվոյ և այլն:

«2) Հոգնակի գործիականում թեև ունենք երկու ձև (նոքիմբք, նոքումբք), բայց սոքիմբք և դոքիմբք չունեն սոքումբք, դոքումբք կրկնակները:

«3) Եզակի գործիականն ունի նովին և նովիմբ ձևերը, բայց չկա սովիմբ, դովիմբ. ՆՀԲ {Նոր հայկազեան բառարանը} նշանակում է, բայց հետին են:

«4) Նոյն բառի հոգնակի տրականի ձևերն են նոցին, նոցունց (հետին է նոցուն), բայց Չալխ. 48 չի հիշում սոցունց, սոցուն, դոցուն, դոցունց. այս բոլորը հետին են:

«5) Սոյն, դոյն, նոյն հոգնակի ուղղականում կարող են լինել նաև սոյնք, դոյնք, նոյնք, ինչպես նաև հայցականում սոյնս, դոյնս, նոյնս, զսոյնս, զդոյնս, զնոյնս, առ սոյնս, առ դոյնս, առ նոյնս, բայց այս բոլորը միայն որպես դերանուն: Իբրև ածական (գոյականի հետ գործածված) չի կարելի ասել նոյնք և այլն: …

«Արդի լեզվի մեջ {Աճառյանը նկատի ունի գրական ոճերը} նույն բառը շատ սովորական է, և ավելի քիչ է սույն, իսկ դույն չի գործածվում և նրա փոխարեն ասում են այդ նույն»:

Աճառյանի այս դիտողությունները նորից են հաստատում, որ.

Դրույթ 1. Հնարավոր չի, որ ողջ ժողովուրդն իր այսօրվա մայրենիները թողնի (կամ չթողնի) ու յուրացնի գրաբարը:

Աճառյանի այս դիտողություններից երևում է մի բան (ինչը թերևս ճիշտ է նաև Աբեղյանի առումով), որ Աճառյանը համոզված է, որ աշխարհաբարի գրական ոճերը նույնպես լեզու են: Այնինչ, Սոսյուրն այսպիսի մտածողությունը համարում է «պաթոլոգիա»:

Իրոք, «սույն» ցուցական ածական-դերանունը Աճառյանի օրերին է´լ, այսօր է´լ գործածում են հայերենի միմիայն գրական ոճերը, ու հայերենի այն ու այս օրերի կենդանի բարբառներում թե´ այս «սույն»-ը, թե´ «դույն»-ը լրի´վ էին մեռած:

Հենց ինքը, Հր. Աճառյանն է այս նույն հատորի 200-րդ էջին ասում, թե.

«գրաբարի սոյն, դոյն, նոյն ձևերը բոլորովին ջնջվել են և բարբառների մեջ ո´չ մի ներկայացուցիչ չունեն»:

Սրանից հետևում է, որ այսօրվա «նույն»-ը նորամուծություն է, որ ուսյալներն են փոխ արել գրաբարից:

Իմ մայրենի բարբառը, Մալիշկայի խոսվածքը, նույնպես չունի այս նույնություն ցույց տվող ածական դերանունները ու սրանց տեղը գործածում է «հmմmն» ածական դերանունը (թերևս պարսկերենից) ու սրա «հmմmնի, հmմmնեն, հmմmնով» սեռական/տրական, բացառական ու գործիական հոլովաձևերը:

Ցավոք, Աճառյանի ու Աբեղյանի գրական ոճերը լեզու համարելը ուղղակի ճակատագրական եղավ հայերենի թե´ քերականության, թե´ գրական ոճերի հետագա ողջ ընթացքի համար, քանզի սա չթողեց, որ հայ լեզվաբանները հայտնագործեն կամ փոխ առնեն Լեզվի Գլխավոր Օրենքը:

Ափսոս:

12.4 «սա, դա, նա»-ն

Նախորդ պարագրաֆում հիշատակված «լեզվաքաղգործիչների լեզվահայրենասիրական» ողջ արարմունքի հիմքը, մեղմ ասած, իրենց գիտելիքների հույժ աննշան ծավալն է (տես Հավելված 5-ը):

Այս ծավալի աննշանությունն է նաև սրանց ա´յն կոլեգաների հիմքը, ովքեր այս կամ այն կերպ ուզում են լեզվի ինքնակարգավոր, ինքնակառավար ու ինքնընթաց պրոցեսը ենթարկեն իրենց «հայրենասիրական» կամքին ու նպատակներին:

Այս նպատակների սնանկությունը մի անգամ էլ ցույց տալու ու նաև հետագա կարիքների համար կարևոր է, որ բերվի «սա, դա, նա»-ի հնագույն հոլովաձևերի աղյուսակը ([7], ԼՔՀԼ, II, 178):

Աղյուսակ 12.3

Ձևերը

Եզակի հոլովաձևերը

Հոգնակի հոլովաձևերը

Ուղղ.

սա

դա

նա

սոքա

դոքա

նոքա

Հայց

զսա

զդա

զնա

զսոսա

զդոսա

զնոսա

Սեռ.

սորա

դորա

նորա

սոցա

դոցա

նոցա

Տր.

սմա

դմա

նմա<նումա

»

»

»

Բաց.

ի սմանէ

ի դմանէ

ի նմանէ

ի սոցանէ

ի դոցանէ

ի նոցանէ

Գործ.

սովաւ

դովաւ

նովաւ

սոքաւք

դոքաւք

նոքաւք

Այսօր այս աղյուսակը, ըստ էության մեռած է, ու սրա էվոլյուցիան առաջացրել է ցուցական ածականների համար «էս, էտ, էն, սրանք, դրանք, իրանք» ձևերը:

Այս աղյուսակը, ինքնին, մի զարմանալի սիմբիոզ-համակեցություն է, ինչի մեծ մասն առաջացել է գրաբարյան «այս, այդ, այն» ձևերից, մի փոքր մասը (առաջին ու երկրորդ աստիճանները) «նա» ցուցականի ուղղականի ու հայցականի հոգնակիները իրար ձուլելուց, մնացածն էլ (երրորդ աստիճանը) անձնական դերանուն դարձած (տես հաջորդ պարագրաֆը) ցուցական «ինքը/ն» դերանվան սեռական-տրական, բացառական ու գործիական հոլովաձևերից:

Երևանի բարբառի ցուցական դերանունների այսօրվա աղյուսակը հետևյալն է.

Աղյուսակ 12.4

Ձևերը

Եզակի հոլովաձևերը

Հոգնակի հոլովաձևերը

Ուղղ.Հայց

էսի

էտի

էնի

սրանք

դրանք

իրանք

Սեռ. Տր.

սրա

դրա

իրա

սրանց

դրանց

իրանց

Բաց.

սրանից

դրանից

իրանից

սրանցից

դրանցից

իրանցից

Գործ.

սրանով

դրանով

իրանով

սրանցով

դրանցով

իրանցով

Կարծում եմ, որ այս դերանունների ծագելը վերջին մոտ 100 տարվա գործն է:

Նախ, այս սիմբիոզը ենթադրել է տալիս, որ հայերենի հին շրջաններում այսպիսի սիմբիոզներն ու այլ փոխանակումները չափազանց հաճախ են եղել ու այսօր սըրանց մանրամասները վերականգնելը գուցե արդեն անհնար է:

Երկրորդը, պիտի անպայման նշվի, որ ԼԳՕ-ն պահանջում է, որ հայերենի գըրական ոճերն էլ հետևեն այս աղյուսակի ձևերին:

Այնինչ, մեր գրական ոճերի ցուցականները հետևյալներն են՝ «այս/սա, այդ/դա, այն/նա, սրանք, դրանք, նրանք», ու մեր գրական ոճերի ջատագովները (նորից՝ քիչ թե շատ), հետևում են հետևյալ աղյուսակին (ընդ որում, աղյուսակում բերված կըրկնակները հետևողական չեն գործածվում).

Աղյուսակ 12.5

Ձևերը

Եզակի հոլովաձևերը

Հոգնակի հոլովաձևերը

Ուղղ.Հայց

այս/սա

այդ/դա

այն/նա

սրանք

դրանք

նրանք

Սեռ. Տր.

սրա

դրա

նրա

սրանց

դրանց

նրանց

Բաց.

սրանից

դրանից

նրանից

սրանցից

դրանցից

նրանցից

Գործ.

սրանով

դրանով

նրանով

սրանցով

դրանցով

նրանցով

12.5 «էս-էսի»-ն, «էտ-էտի»-ն ու «էն-էնի»-ն

Ուրեմն, ինչպես արդեն ասվել է, «այս, այդ, այն»-ը գրաբարյան շրջանում թե՛ դերանուն էին (այսինքն, փոխարինում էին անուններին), ([7], ԼՔՀԼ, II, 173, 194), թե՛ ածական էին (այսինքն, դրվում էին անունների վրա): Այսօր, ինչպես արդեն ասվեց, սրանց երևանյան ժառանգների («էս, էտ, էն; էսի, էտի, էնի»-ի) գործածությունը չափազանց է պարզվել:

Երբ մեր հյուսիսյանները 19-րդ դարի երկրորդ կեսին «ձեռնարկեցին Աբովյանի գրական ոճերն ուղղելը», տեսան, որ գրաբարյան «այս-այդ-այն»-ի հոլովաձևերի կիրառությունն անհնար է (սրանք շատ էին անսովոր ու բարդ ժողովրդի ու նույնիսկ իրե´նց համար, ուրեմն, անհուսալի´ էին մեռած):

Այնինչ, առանց այս հոլովաձևերի աշխարհաբարն անհնար էր, ու սրա համար էլ հյուսիսյանները գրաբարյան «այս-այդ-այն» ձևերին զուգահեռ, վերցրին նաև (նորից գրաբարյան) «սա-դա-նա» ձևերն ու սրանց հոլովաձևերը՝ «սրա-սրանից-սրանով; դրա-դրանից-դրանով-ը) ու «ինքը» ցուցականը ու սրա հոլովաձևերը՝ 3-րդ դեմքի համար («իր-իրենից-իրենով-իրենց-իրենցից-իրենցով» ձևերը):

Ասվեց, որ սրանք, այս «սա-դա-նա»-ն, գրաբարյան շրջանում միայն դերանուն էին ու արարատյան բարբառում հիմա էլ են միայն դերանուն ([7], ԼՔՀԼ, II, էջ 15, 173, 195-197, 235): Այս առիթով Աճառյանը շարունակում է.

«Ահա այս պատճառով … հին հայերենն էլ գործադրել է մի քանի միջոցներ՝ դերանունն ու ածականը զանազանելու համար. Այսպես՝ սա, դա, նա միշտ դերանուն են և ո´չ բնավ ածական. երբ այս, այդ, այն ցուցականները հետադաս են գոյականից և գոյականն էլ դիմորոշ հոդ ունի՝ կասկած չկա, որ ԱԾԱԿԱՆ ԵՆ.» ([7], ԼՔՀԼ II, 194-195):

Ու մեր աշխարհաբար ոճերի կազմավորվելու շրջանում մեր հյուսիսյանները, լըրիվ անհիմն ու իզուր, «էս-էտ/դ-էն»-ը ու «էսի-էտի-էնի»-ն հայտարարեցին գռեհիկ ու անթույլատրելի:

(Տերյանն էլ հավատաց ու կրկնեց իրենց, իմիջիայլոց, չիմանալով, որ կա նաև այս ցուցականների երկրորդ աստիճանը, «էտ-էտի»-ն: Տերյանի այսօրինակ չիմացության պատճառը գուցե ռուսերենի սրանց համապատասխան ստացական ածական-դերանունների երկրորդ աստիճանը չունենալն էր»:

Դրույթ 1. Երևանի բարբառը կրողները «այս-այդ-այն»-ը լրի´վ են մերժել ու մերժել են նաև «սա-դա-նա» ՈՒՂՂԱԿԱՆ հոլովաձևերը, բայց ընդունել են սրանց այսօրվա թեք հոլովաձևերը (հոգնակիներինը՝ նաև ուղղականները), բայց, կտրուկ հրաժարվել են թե´ «նա»-ից, թե´ «նա»-ի հոլովաձևերից:

Դրույթ 2. Ավելորդ չի լինի, եթե մի անգամ էլ շեշտվի, որ հնդեվրոպական մայր լեզուն, ինչի ժառանգներից մեկն էլ հայերեններն են, ուներ միայն «ես, դու, մենք, դուք» դերանունները ու երրորդ դեմքի համար դերանուն սկզբում չուներ:

(Սրա համար է երևի, որ երբ երրորդ դեմքի դերանվան կարիք առաջացավ, լեզուն, վերցրեց թե´ «նա, նրանք» ցուցականները, թե´ «ինքն»-ը ցուցականը:

(Բայց սրանք այս «նա, նրանք» նորահայտ դերանունները ասես «խորթ» լինեին հայերենին, ու կենդանի հայերենները երբեմն այս «խորթ ձևերը» փոխարինում էին «ինքն» ցուցականով, սկզբում գուցե «վեհերոտ», այս «ինքն»-ը գործածելով «ես, դու, նա»-ին զուգահեռ: (([7], ԼՔՀԼ, II, 119): Այսօր ունենք հետևյալ ցուցակը.

Աղյուսակ 12.6

«այս»-ից

«էս»: Ածական մասնիկ է, սրա համար էլ հոգնակի ձև չունի: «էս տունը; էս տները»: Խիստ հազվադեպ (արագ խոսքի մեջ, նաև տես վերը) դերանուն է

«էսի»: Եզակի դերանուն է, իսկ հոլովաձևերը «սա» դերանվան այսօրվա հոլովաձևերն են:

Ածական է, միայն երբ զուգորդվում է «-ող» ու «-ած» պարտիցիպներին, «էսի սարքողը/տեսածը»:

«այդ»-ից

«էտ»: Ածական մասնիկ է, սրա համար էլ հոգնակի ձև չունի: «էտ տունը; էտ տները»: Խիստ հազվադեպ (արագ խոսքի մեջ, նաև տես վերը) դերանուն է

«էտի»: Մեծ մասամբ, եզակի դերանուն է, իսկ հոլովաձևերը «դա» դերանվան այսօրվա հոլովաձևերն են:

Ածական է, միայն երբ զուգորդվում է «-ող» ու «-ած» պարտիցիպներին, «էսի սարքողը/տեսածը»:

«այն»-ից

«էն»: Ածական մասնիկ է, սրա համար էլ հոգնակի ձև չունի: «էն տունը; էն տները»: Խիստ հազվադեպ (արագ խոսքի մեջ, նաև տես վերը) դերանուն է

«էնի»: Եզակի դերանուն է, իսկ հոլովաձևերը «ինքը» դերանվան այսօրվա հոլովաձևերն են:

Ածական է, միայն երբ զուգորդվում է «-ող» ու «-ած» պարտիցիպներին, «էսի սարքողը/տեսածը»:

Այս «էս; էտ; էն» ածականների արագ խոսքի մեջ դերանուն դառնալու բացատրությունը, թերևս, «էսի; էտի; էնի» դերանունների վերջի «ի» ձայնի սղվելն է:

Դրույթ 3. Ցուցական «էս; էտ; էն» ածականների ու ցուցական «էսի; էտի; էնի» դերանունների այս շարքերը խիստ գործածական են Երևանի բարբառը կրողների համար, ու սրանց գործածությունն իրենց համար արդեն բնազդի աստիճանի ռեֆլեքս է:

Բայց հյուսիսյաններին այս ցուցականների գործածությունն անհնար էր թվում: Անհնար էր թվում, առաջին հերթին հոգեբանական պատճառներով: Երբ մեր հյուսիսյանները տեսան, որ Աբովյանը հրաշալի է գրում Երևանի բարբառով, ու գրում է` ինչ ուզում է, վեպ, ոտանավոր ևն, շատ ուրախացան, որովհետև գրաբարով գրելը, նույնիսկ այն օրերի ուսյալի համար, ով դպրոցում միմիայն գրաբար էր անցել, միևնույնն է, դժվար էր:

Երկրորդն էլ, որովհետև իրենց գրածը շատ մարդ կհասկանար ու շատ մարդ էլ այս նոր աշխարհաբարով գրելու ունակություն կունենար, ու որովհետև եթե սա զգալի չտարբերվեր Երևանի բարբառից (ինչը Արարատյան բարբառը կրողների համար հույժ պարզ էր), սա յուրացնելը չափազանց հեշտ կլիներ:

Բայց ախր այս անգամ էլ ամեն մարդ, նույնիսկ հասարակ գյուղացին, կարող էր դառնար գրագետ ու գրագիտությունով իրենցից այնքան էլ չտարբերվեր: Սրա համար հերիք էր, որ այս գյուղացին էլ իրենց պես միայն այբուբենը սովորեր, ու մի քանի հատ էլ գիրք կարդար, ու հետո էլ այն օրերի մեկ-երկու պարբերականին հետևեր:

Համոզված եմ, որ մեր գրագետների մեծ մասին սա դուր չեկավ ու այսօր էլ դուր չի գալիս, որ հասարակ մարդն էլ կարող է իրենց պես գրագետ համարվի (տես 17.1 պարագրաֆը):

Դրույթ 4. Սրա համար էլ հյուսիսյանները «ձեռք զարկեցին» Աբովյանի «սխալները տրամաբանությամբ ուղղելուն», որ այնպիսի մի նոր աշխարհաբար սարքեն, ինչը «չստրկանա Արարատյան բարբառին», այսինքն, ա´նպայման ու ամեն գնով այնքա´ն ու այնպե´ս տարբերվի Արարատյան բարբառից, որ սա ՅՈՒՐԱՑՆԵԼԸ ՀԵՇՏ ՉԼԻՆԻ:

Նման հոգեբանությունը հատուկ է Ֆրանց Օպենհայմերի ասած քաղաքական մարդուն, այսինքն, համարյա բոլոր քաղգործիչներին ու «պետական այրերին ու տիկիններին»:

Սրանց գիտելիք կոչվածը, մեծ մասամբ, միմիայն մեր աղավաղ ու կոտրատված հայերենով սարքած գրական ոճերն են, ինչով սրանք իբր գիտական տեսություններ են մոգոնում, որ շարքային մարդկանց աչքին գիտուն մասնագետ երևան:

Այս կարգի մարդկանց մեծագույն մասը շառլատան է, թեև սրանց մեջ կան նաև անկեղծ մոլորյալները:

Ցավոք, այս շառլատաններն ու մոլորյալները շա´տ հաճախ են չափազանց եռանդուն ու իրենց այս «հայրենասիրական հայագիտական» արարմունքն ուղեկցում են բազում հոդված, գիրք ու ելույթ ստեղծելով, ինչի արդյունքում ողջ ինտեռնետը ողողված է սրանց այս կեղծ գիտությամբ (տես 7.1-ը, գլուխ 17-ն ու Հավելված 5-ը):

Ինչ որ է, ոչ մի կասկած չկա, որ մեր հյուսիսյանների արածը լեզվաբանական գիտության հետ բացարձակ ոչ մի առնչություն չուներ:

Այն օրերի Արարատյան բարբառը կրող հասարակ գյուղացու գործածած ածական դերանունների մի տարբերակը, իրենց հոլովաձևերով, բերում եմ այստեղ: (ԼՔՀԼ, II, էջ 203).

Աղյուսակ 12.7

Ձևերը

Եզակիները

Ուղղ.

էս

էդ

էն

Ս.Տ.Ն

էստուր

ըստուր

էդուր/ըտուր

ընդուր

ընտուր

Բաց.

էստուց

ըստուց

էդուց

ըտուց

էնդուց

ընդուց

Գործ.

էստօվ/ըստօվ

էդօվ/ըտօվ

էնդօվ/ընդօվ

Հոգնակիները

Ուղղ.

էստօնք

ըստօնք

էստօնք

ըստօնք

էստօնք

ըստօնք

Ս.Տ.Ն

էստօնց

ըստօնց

էստօնց

ըստօնց

էստօնց

ըստօնց

Բաց.

էստօնցից

ըստօնցից

էստօնցից

ըստօնցից

էստօնցից

ըստօնցից

Գործ.

էստօնցօվ

ըստօնցօվ

էստօնցօվ

ըստօնցօվ

էստօնցօվ

ըստօնցօվ

Աբովյանի գրելու ոճն «ազնվացնելու»՝ հյուսիսյանների ամենահեշտ ձևը Երևանի բարբառի բառերի մի մասը «բարբառային ու գռեհիկ ու անթույլատրելի» հայտարարելն էր:

Սրանից էլ` ամենահեշտը ցուցականներն իրենց «գրական» ձևերով փոխարինելն էր, ու «էթամ»-ի, «կարամ»-ի, «խի՞»-ի, «սաղ»=բոլոր-ի, «հեչ»-ի պես հայերեն բառերը գռեհիկ կամ թուրքերեն հայտարարելը: Ու մեր այս «ուսյալ գրագետները» «էս; էտ; էն; էսի; էտի; էնի»-ն, ինչպես նաև մի քանի ուրիշ ածական-դերանունն ու սրանց հոլոված ձևերը հայտարարեցին ու հայտարարում են գռեհիկ:

Ավելին, այս «էսի, էտի, էնի» դերանուններն ու «(ը)սենց», «(ը)տենց», «(ը)նենց» ածական-դերանուններն ու սրանց հոլոված ձևերը` (ու սրանց հետ էլ լիքը բառ ու բառաձև) հայտարարվեցին օտար փոխառություն:

(Հյուսիսյաններին ատելի այդ բառերի մի շատ քիչ մասն իրո´ք էր թուրքերեն, դրանց մեծ մասն այլ լեզուներից էին, իսկ մի մասն էլ բնիկ հայերեն էր, բայց իրենք չգիտեին: Ու հյուսիսյանները մինչև այսօր էլ չգիտեն, որ իրենց իմացած իբր պոետիկ բառերի մեծ մասը փոխառություն է, տես նաև Հավելված 4.4-ը): Ահա պոետիկ կամ ընտիր համարվող մի քանի բառ.

«Աբբա, աբեղա, ագարակ, ադամանդ, ազատ, ազգ, ազդ, ալելու, ախորժակ, ախտ, ակամա, ահեկան, ամանակ, ամբարիշտ, անապատ, անուշ, աշակերտ, աշխատ, աշխետ, աշտե, ապակի, ապահարզան, ապաշխարհ, ապարան(ք), ասպազեն, արկան(եմ), ավազան, ատրուշան, բագին, գեհեն, գահ, գայիսոն, գավազան, գույն, դըժբախտ, դժգույն, դժկամ, դժնի, դժոխք, դժնդակ, քահանա, քուրմ, տաճար, եկեղեցի» ևն, ևն:

Ու հյուսիսյանները դրանք համարեցին ուղղակի «գարշելի» ու բացարձակ անընդունելի: Հաջորդ ցուցակը, ինչը Երևանի բարբառինն է, վարկած է (չեմ ստուգել).

Աղյուսակ 12.8

Ձևերը

Եզակիները

Ուղղ.

էսի

էտի

էնի

Ս.-Տր.

ըստրա

ըդրա/ըտրա

ընդրա

Բաց.

ըստրանից

ըդրանից/ըտրանից

ընդրանից

Գործ.

ըստրանօվ

ըդրանօվ ըտրանօվ

ընդրանօվ

Հոգնակիները

Ուղղ.

ըստօնք

ըստօնք

ըստօնք

Ս.-Տր.

ըստրանց

ըստրանց

ըստրանց

Բ.

ըստրանցից

ըստրանցից

ըստրանցից

Գ.

ըստրանցօվ

ըստրանցօվ

ըստրանցօվ

Սրանցից ամեն մեկն իր օրերի համար ճիշտ էր, համաձայն ԼԳՕ-ի, այնինչ, ծրագրային «այս, այդ, այն» ցուցականներն ա՛նպայման էին անտեղի:

Բայց, այս ձևերին հարություն տալու փորձն անիմաստ կլինի, քանի որ այս ձեվերն այսօր արդեն համարյա կիրառելի չեն ու շատ մարդու են տգեղ թվում (կիրառելի ու սիրուն էին մի 100-150 տարի առաջ), ինչպես որ այսօրվա կենդանի լեզվում էլ չափազանց քիչ են կիրառելի ու տգեղ են «այս-այդ-այն» ձևերը:

Ժողովուրդը գրաբարյան օրերի այս ցուցականները չէր ընդունում, ու չի ընդունում, ու նույնիսկ խիստ ուսյալ հայերն են սրանք սխալներով գործածում:

Ինչքան էլ թվա, թե եզակի «էսի, էտի, էնի»-ն պիտի փոխարինվի «սա, դա, նա» շարքով, սա լինող բան չի, ու ԼԳՕ-ն է՛լ է ասում, որ ճիշտը «էս, էտ, էն, էսի, էտի, էնի»-ն է, որովհետև Երևանի բարբառի կրողներն սրա´նք են գործածում:

Դրույթ 5. Ըստ ԼԳՕ-ի, լեզվի կրողները մի՛շտ են ճիշտ, իսկ կենդանի լեզվի ընթացքն էլ, մեծագույն մասամբ, պատահական զուգորդությունների ու սրանց պատահական ընտրությունների արդյունք է, ոչ թե տրամաբանության:

Դրույթ 6. Լեզվի վրա դրված տրամաբանական ծրագրերը միայն աղճատում են լեզվի սպոնտան ուղին:

Գրական ոճերն ազդեցի´ն բարբառի վրա, ու բարբառի հնչունական կազմը, ձեվաբանությունն ու շարահյուսությունը զգալի փոխվեց, ու «սպասարկու» բառերի մի մասը մեռավ, բարբառը բազում «գրական» բառ փոխ առավ, իսկ գրական ոճերում գործածվող թուրքերեն բառերից մնաց հետևյալ մի քանի հատը. «ալոճ, բաբան, բեղ, բիճ, բէկ, երշիկ, զնջիլ, թաղար, թուման, խաթուն, խամաճիկ, խիպիլիկ, խամութ, ղարաչալու, ղճի, ճիմ, ճոթ, նաղարայ, հորդա, չոքել, տոպրակ, քութեշ»:

Ու, ցավոք, այսօր է´լ է համարվում, որ այս «էս, էտ, էն, էսի, էտի, էնի, (ը)սենց, (ը)տենց, (ը)նենց» բառերն ու սրանց պես ուրիշ բառ ու բան գործածողը (սրանք գործածում է Երևանի բարբառը կրողների մեծագույն մասը, մանավանդ այն մանուկները, ում լեզուն մանկապարտեզն ու դպրոցը դեռ չեն աղավաղել), «սխալ հայերենով է խոսում»: Գրական ոճերի կատաղի դիմադրությունը նշանակում է, որ.

Դրույթ 7. Գրական ոճերը դեմ են լեզվի էվոլյուցիային, այսինքն, լեզվական պրոցեսի բնույթին ու էությանը, ուրեմն, նաև լեզվաբանության թե՛ դիաքրոնային, թե՛ սինքրոնային մեթոդներին (տես հետո):

Դրույթ 8. Երևանի բարբառի ամե՛ն-ամե՛ն ինչը թույլատրելի համարելուն ու մանավանդ դպրոցում գործածելուն դեմ են նաև մեր հայ լեզվաբանները, դեմ են թերևս բոլո՛րը: Դեմ են թե՛ դիաքրոնիստները, թե՛ սինքրոնիստները:

Բայց լեզուն չի ենթարկվում մարդկային ոչ մի ծրագրի, ու մեր գրագետներն «էսի» պիտի՛ որ իմանային, որովհետև սա լեզվաբանության այբբենական փաստերից է ու, օրինակ, Աճառյանն իր ԼՔՀԼ-ի Ներածական հատորի մեջ պարզ ու հստակ գրել է, որ լեզուն մարդու կամքին չի ենթարկվում [7], էջ 196-199], էլ չասած ժամանակակից լեզվաբանության հիմնադիր Ֆերդինանդ դե Սոսյուրի ու երիտքերականների մնացած հետևորդների ասածների մասին:

12.6 «այս-այդ-այն»-ի սխալ կիրառությունը

Վերի շարադրանքից ու ԼԳՕ-ից հետևում է, որ.

Դրույթ 1. Թերևս անհնար է, որ թե´ «այս, այդ այն»-ի գրաբարյան 12.1 կամ 12.5 աղյուսակի հոլովաձևերը հարություն առնեն:

Այս դրույթի «թերևս»-ը թերևս ավելորդ է, որովհետև հայտնի ու հաստատ է, որ լեզուն մարդկային կամքին (այսինքն, մարդկային գիտակից ծրագրերին չի ենթարկվում, ուրեմն, այդ ձևերին հարություն տալու որևէ մեկի ջանքերն ա´նպայման իզուր կլինեն:

Մյուս կողմից էլ լեզվի ապագան, ինչպես բոլոր բաց ու բարդ համակարգերի ապագան, անհայտ է, ուրեմն, այս դրույթի «թերևս»-ը թերևս այնքան էլ ավելորդ չի, որովհետև ո՞վ իմանա, թե ապագայում ինչ կլինի: Կնշանակի.

Դրույթ 2. Մեր գրական ոճերի մեջ այս ցուցականները պիտի պարտադիր ածական լինեն, այսինքն, այս «այս-այդ-այն»-ը առանց անունի չպիտի գործածվեն, որովհետև սրանց գրաբարատիպ երկակի գործածությունը, թե´ որպես ածական, թե´ որպես դերանուն, հակառակ է այսօրվա հայերենի լեզվական պրոցեսին:

Դրույթ 3. Երբ «այս-այդ-այն» շարքի որևէ բաղադրիչը գործածվում է որպես ածական, ու հետագա խոսքի մեջ սրա դերանունը գործածելու կարիքն է առաջանում, պիտի գործածվի «սա, դա, նա» (ավելի լավ է՝ «սա, դա, ինքը») շարքը, բայց ԼԳՕ-ի «խմբագրությամբ»: Ահա այդ շարքի աղյուսակը.

Աղյուսակ 12.9

Ձևերը

Եզակի հոլովաձևերը

Հոգնակի հոլովաձևերը

Ուղղ.Հայց

սա

դա

ինքը/ նա

սրանք

դրանք

իրենք/

նրանք

Սեռ.Տր.

սրա

դրա

իր/նրա

սրանց

դրանց

իրենց/

նրանց

Բաց.

սրանից

դրանից

իրենից/նրանից

սրանցից

դրանցից

իրենցից/

նրանցից

Գործ.

սրանով

դրանով

իրենով/նրանով

սրանցով

դրանցով

իրենցով/

նրանցով

Մեր գրական ոճերի ցուցական ածականների ու ցուցական դերանունների սխալ գործածածությունն այնքա´ն է շատ, որ կարիք կա, որ այս սխալները մի աղյուսակով քիչ թե շատ դասակարգվեն:

Աղյուսակ 12.10

Ածականի ճիշտ ձևը

Դերանվան ճիշտ ձևը

Սխալ ձևերը

Այս գիրքը վատն է

Սա վատն է

Այս վատն է

Այդ բանը չի կարելի

Դա չի կարելի

Այդ չի կարելի

Այն բանը տեղին չի

Ինքը/Նա տեղին չի

Այն տեղին չի

Վերջերս մերոնք մի գեշ բան էլ են անում, բռնում սղում են այս «այս-այդ-այն» ածականները, երբ նույնիսկ սրանց կարիքը կա՝ թողնելով մենակ սրանցով որոշվող անունները: Սրա պատճառը նորից ռուսներին կապկելն է: Ռուսերենը հոդ չունի ու սրա համար էլ շատ անգամ այս ածականների կարիքը չունի, բայց հայերենն ունի՛, ու սրանք բաց թողնելը սխալ է:

Օրինակ, կապկելով ռուսներին՝ գրում ու հեռացույցով էլ ասում են. «Քաղաքացիները, ովքեր համաձայն չէին, բողոքեցին», փոխանակ հայի պես գրեն ու ասեն. «Ա՛յն քաղաքացիները, ովքեր համաձայն չէին, բողոքեցին»:

Այս երկու ձևի մեջ իմաստային տարբերություն էլ կա: Առաջինը նաև անծպտուն պնդում է, որ համաձայն չէին ԲՈԼՈ´Ր քաղաքացիները ու ԲՈԼՈՐՆ է´լ բողոքեցին, այնինչ երկրորդը անծպտուն պնդում է, որ «բողոքեցին միայն ա´յն քաղաքացիները, ովքեր համաձայն չէին»:

Հինգերորդ մասը

ԱՆՈՒՆՆԵՐԻ ԶՈՒԳՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՅԵՐԻՆ

Գլուխ 13. ԽՈՍՔԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

13.1 Գոյության ստորոգյալը

Ասվել է, որ մարդկային կենդանի լեզուն մարդկային ամենայն արարմունքը (գործունեությունը) հնչավորող անդադար միջոցն ու պրոցեսն է: Այս իմաստով կարող ենք ասենք, որ լեզուն պարտադի´ր է հետևում լեզվական հանրության կյանքին (տես Գըլուխ 7-ը):

Քանի որ հանրության կյանքն այս տիեզերքի ամենաբարդ երևույթն է, ուրեմն, Սոսյուրն իզուր չի ասում, թե «լեզուն ամենաբարդ բանն է»: Եթե Սոսյուրն ավելացներ՝ «կյանքից հետո», իր այս դրույթն անխոցելի կլիներ:

Հնչյուններից ու բառերից հետո խո´սքն է (նախադասությունն է) լեզվի նվազագույն միավորը: Այս նվազագույն միավորի նվազագույնն էլ բա´յն է:

Տեսանք, որ.

Դրույթ 1. Խոսքը (նախադասությունը) բա´յն է, իր զուգորդություններով (լրացմունք-շղթայմունքներով) հանդերձ, ինչը հնչավորում նկարագրում է մարդկային կյանքին առնչվող ամենայն բանը, այսինքն, մարդկային ողջ արարմունքը:

Այս իմաստով, ինչպես ասվել է, «Երևան; Աստաֆյան փողոց; Տոթ; Լսել ծնողներին; Բարձրացնել կարգապահությունը; Ո՞ւր գնալ սովորելու; Լինե՞լ, թե՞ չլինել; Լռե´լ; Պառկե´լ; Չծխե´լ; Չթքե´լ; Կրակե´լ; Համազա´րկ» բառերն ու կապակցությունները խոսք չե´ն, նախադասություն չե´ն, որովհետև բայ չունեն:

Ասվեց, որ ամեն մի բայ ինքնին խոսք է, օրինակ. «Գնացի; Տեսա՞ր; Ընգավ; Լսեցինք; Մոռացաք; Փախա՞ն; Կգա; Չունի; Կանի; Կա´նք; Չկանք; Ուտում եմ, Գալու եմ, Ասեմ, , Էղի´, Սո´ւս Արա, Պառկի´, Չծխե´Ս, Չթքե´Ք, Կրակե´ք» ևն:

Այս բայ-խոսքերը չափազանց հաճախ են զուգորդվում (լրանում, ճշտվում կամ պարզաբանվում) բառերի չբայ խմբով, ինչին ասում եմ անունների խումբ: Օրինակ.

«Ե´ս գնացի տուն; Դու մենակ տեսար; Ինքը էրեկ ընգավ; Մենք հստակ լսեցինք; Դուք դիտմամբ մոռացաք; Իրանք վախեցած փախան; Կգա ուտելու; Լսել չունի; Իհա´րկե կանի; Կարմի´րն ա լավը» ևն:

Սրանց միջի այս «ես, դու, ինքը, մենք, դուք, իրանք, տուն, մենակ, երեկ, հստակ, արագ, վախեցած, ուտելու, լսել» գոյականներն ու «իհա´րկե» անփոփոխ եղանակիչ մակբայը զուգորդվում են իրենց բային ու նեղացնում մասնավորում են (կամ ավանդական ձևով ասած) լրացնում են իրենց բայի կա´մ թիվը, կա´մ ժամանակը, կա´մ ստորոգելու եղանակը (այսինքն, խոսողի վերաբերմունքն իր ասածի նկատմամբ), կա´մ բառ-ենթական ու սրա շեշտվածությունն ու հարցական լինելը, այսինքն, վերջին հաշվով, լրացնում ու ավելի են մասնավորում իրենց բայի իմաստը:

Երբ ասում ենք. «Գնացի տուն», գիտենք, որ գնալու հազար ու մի հնարավոր տեղ ու ձև կա, ու գնացի տուն-ը դրանցից միայն մեկն է: Տեսնելու հազար ու մի հնարավոր ձևից մեկն էլ մենա´կ տեսա-ն է: Մոռանալու կոնկրետ ձևերից մեկը դիտմամբ կմոռանամ-ն է: Ընկնելու բազում ձևից մեկը էրեկ ընգա-ն է ևն, ևն:

Դրույթ 2. Բային շղթայվող զուգորդվող լրացմունքները բայ չեն (եթե եղանակիչ խոսքերը մթագնած բայ չհամարենք, տես հաջորդ գլուխը): Բայի լրացմունքներն անվանական զուգորդություն են (կամ բաղադրյալ անուն) ու, երբեմն, անփոփոխ (հոլովաձև չունեցող) մակբայ:

(Այս վերջիններից են, օրինակ, «իհա´րկե, երևի, գուցե, ա´նկասկած, ա´նպայման, հաստա´տ, մի՞թե» բառերը ևն: Հիշեցնեմ, որ «խոսք» տերմինով նկատի ունեմ «նախադասություն»-ը):

Սահմանում 1. Ասվել է, որ երբեմն տարբերում եմ երկու տեսակ խոսք, լինելության կամ դրության կամ ՎԻՃԱԿԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ խոսք, ինչը որևէ անվան (կամ անվանական խմբի) զուգորդություն է «եմ/լինեմ/կամ» բային. «գազան ա; սատկած էր; նստած կըլնի; հասկացող են» ևն; ու ՊՐՈՑԵՍԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ խոսք, որոնք նախ՝ ա´յն խոսքերն են, որոնց բայերը թվում է, թե կապ չունեն «եմ»-ի ու իր ձևերի հետ (օրինակ, «գլորվեց, կե´ր, արա´, գրեց» ևն) ու երկրորդը՝ որոնք դերբայի կամ թերբայի զուգորդությունն են նորից «եմ/լինեմ/կամ» բային ու երրորդը (բացի այս զուգորդությունները» արդեն զուգորդված են, օրինակ, «կ; պիտի» մասնիկներով. «ուտում եմ, խաղալու եմ; կքնեմ; պիտի գամ» ևն:

Այնուամենայնիվ, շեշտեմ, որ չպիտի մոռանանք, որ.

Դրույթ 3. Պրոցեսի խոսքերը նո´ւյնպես գոյության խոսք են, բայց արդեն տվյալ պրոցեսի´ գոյության:

Ուրեմն, հարմարության համար պայմանավորվեմ, որ մեկ-մեկ իրավունք ունեմ ասեմ, թե «Խնձորը կարմիր է; գործ կար; լավ կլինի» խոսքերը «եմ»-ային գոյության կամ լինելության խոսք են:

Իսկ «Խնձորը գլորվեց»-ն արդեն պրոցեսի խոսք է, չնայած սա մեծ մասամբ համարում եմ «գլորվելու պրոցեսով խնձորի արդեն գլորված պրծած վիճակի ԳՈՅՈՒԹՅԱՆ» խոսք, իսկ «Խնձորը գլորվում է» խոսքը, համարում եմ «խնձորի գըլորվելու վիճակի ԳՈՅՈՒԹՅԱՆ» խոսք:

Ի՞նչ է խոսքի վերլուծությունը:

Սահմանում 2. Խոսքը վերլուծելով պարզում ենք, թե բային զուգորդվող անուն-լրացմունքները բայի էության ո´ր մի հատկությունը, ո´ր մի ֆունկցիան են մասնավորում (լրացնում, նեղացնում, կոնկրետացնում):

Քանի որ բայը միշտ ունի 5 հատկություն կամ 5 ֆունկցիա, որոնք են՝ բայի իմաստը (բայիմաստը), դեմքը, թիվը, ժամանակը ու, բացի սրանք, բայն իր իմաստը ստորոգում վերագրում է իր դեմքին, հետն էլ նշում է դեմքի թիվն ու վերագրելու ժամանակը, ուրեմն.

Սահմանում 3. Խոսքը վերլուծելը նշանակում է՝ պարզես, թե տվյալ լրացմունքը բայի այս 5 ֆունկցիայից ո´ր մեկին է զուգորդվելով դա մասնավորում, կոնկրետացնում (լրացնում) ու, իհարկե, նշես նաև, թե բային այդ շղթայվող զուգորդվող բառերից ո´ր մեկն է արտահայտում խոսողի վերաբերմունքը այս խոսքի իմաստի նկատմամբ, այսինքն, նշես, թե ո´ր բառն է անհոլովաձև մակբայ (չմոռանալով, որ ամեն անգամն էլ, ի վերջո, կոնկրետանում մասնավորվում լրանում է բայի´ իմաստը):

Արդեն ասվել է, որ, հետևելով Աբեղյանին ու մանավանդ ավանդույթին, բայի դեմքին շղթայվող զուգորդվող (լրացնող) բառը (անվանական զուգորդությունները) բառ-ենթական է (կամ սրա խումբը), իսկ բայի գոյություն-իմաստին (նաև պրոցեսային գոյության իմաստին) շղթայվող-զուգորդվող (լրացնող) բառն էլ բառ-ստորոգյալն (կամ սրա խումբը):

Մանուկ Աբեղյանը (ուրիշներն էլ) բային զուգորդվող մնացած բառերին ասում է՝ ստորոգյալ, վերադիր, խնդիր, պարագա, մակբայ:

Խոսքի վերլուծությունը կարևոր է թե´ լեզվաբանական հետազոտության մեթոդիկայի, թե´ մեր դպրոցի, թե´ ավարտական քննությունների համար, սրա համար էլ արժի, որ սրա մասին մանրամասն խոսվի ու այս ասպարեզի շփոթը վերացվի:

Նախ խոսենք մի քանի նախապատրաստական հարցից:

13.2 Երևանի բարբառի մեջ «է» բայը մեռած է

Ասվել է, որ հայ նոր գրականությունը սխալ ճամփով տանելու «դանդաղ գործող ռումբը» հենց ի՛նքը, հենց Աբովյա՛նն է լարել (տես նաև Հավելված 2-ը): Խոսքս ա՛յն ռումբից է, ինչը հետո պայթեցրեց Աբովյանի գրելու ողջ սիստեմը, այսինքն, պայթեցրեց մեր այս նոր աշխարհիկ գրական «լեզվով» գրելու միակ ճիշտ սիստեմը:

Հիշեցնեմ, որ ճիշտ է, Աբովյանը երրորդ դեմքի եզակի «է» բայի տեղը գործածում էր Երևանի բարբառի կենդանի «ա» բայը, բայց Երևանի բարբառի «եմ» բայի անցյալ ձևերի տեղը գրում էր սրա գրաբարյա´ն ձևերը ու ոչ թե կենդանի ձևերը:

Այսինքն, փոխանակ գրեր՝ «ասըմ ի/ինք» (=«ասում էի/էինք»), «ասըմ իր/իք» (=«ասում էիր/էիք») ու «ասըմ ին» (=«ասում ին») գրել է՝ «ասում էի/էինք; ասում էիր/էիք; ասում էին» ձևերը:

Սրանցից միայն «ասըմ էր» ձևն էր, որ Արարատյան բարբառի մեջ հին օրերից մինչև իր օրերը համարյա չէր փոխվել (չհաշված «ասըմ» թերբառի «ու>ը» հնչափոխությունը, տես 20.6-ը):

(Ինչքան գիտեմ, այս ձևերը հիմա է՛լ են նույնը, օրինակ, Օշականի խոսվածքում, համենայն դեպս, մինչև 70-ական թվերը նույնն էին):

Չգիտես ինչու, Աբովյանին երևի թվացել է, թե բարբառի (առաջին) ձևերը բարեհունչ ու սիրուն չեն: Նաև ա՛յն երրորդ ու համարյա չփոխված ձևը, «ասըմ էր»-ի «էր»-ը, երևի ոնց որ մի տեսակ «հուշեր» կամ «ստիպեր», որ առաջին երկուսն է՛լ սրա պես լինեն: Բայց սա սխալ էր ու Աբովյանի սիստեմի´ համար – սա ճակատագրակա՛ն սխալ էր:

Բացի այս ֆունդամենտալ ու ճակատագրական ընտրությունը, Աբովյանը (երևի պատահական կամ իր գրական հին սովորության իներցիայով), շատ քիչ, բայց մեկ-մեկ գրում է՝ «պետք է» ևն, այսինքն, «է» օժանդակով (դատելով այսօրվա ակադեմիական տպագիր հրատարակություններից) փոխանակ իր սովորական ձևով գրեր՝ «պետք Ա» (եթե, իհարկե, «Վերք Հայաստանի»-ի ակադեմիական հրատարակությունները ճիշտ են հաղորդում Աբովյանի բնագիրը):

Հնչյունական տեսանկյունից Աբովյանը մի ցավալի շեղում էլ ուներ, իր «Վերք Հայաստանի» վեպի ու մնացած գրվածքների մեջ հաշվի չէր առնում «ու > ը» հնչափոխությունը. «ա´սըմ եմ, ա´նըմ ի» (այսինքն, «ասում եմ, անում էի») ձևերի շեշտերի բացակայությունը, ինչը նշանակում էր նաև որ Երևանի այն օրերի բարբառի Աբովյանի գրանցած շեշտադրությունն առնվազն կասկածելի է կամ ուղղակի չկա:

Աբովյանի օրերին, ինչպես որ Աբեղյանն էլ է նշում, հայերենի շեշտը ավելի շա´տ էր վերջնթեր (այսինքն բառի նախավերջին վանկի վրա էր, ինչպես, օրինակ (Երկեր, Ը, 281).

«է´րկու, ի´րեք, երե´սուն, հի´սուն, հա´րիր, տե´նամ, տե´նանք, տե´նում ես, տե´նում ենք, տե´հար, կա´րամ, կա´րանք, չկարե´նամ, կարա´ցի, կա´րում եմ, կճանա՞նչես, խի՞ չեմ ճանա´նչի, ճանա´նչում. կհավա՞նե, հավա՞նում ես, իմա՞ցաք, իմա´ցանք. գնա՞ցիր, գնա´ցեք, ասե՞ցիր, արե՞ցիր, կա՞նես» ևն, ևն:

Սա նշում է նաև Աճառյանը, տես 20.6-ը: Այս վերջընթեր շեշտն այսօր է´լ է կենդանի, օրինակ, Վանաձորի ու Լոռվա խոսվածքներում: Ուրեմն.

Դրույթ 1. Երևանի բարբառի Աբովյանի օրերի շեշտն ու հարցականը թերևս վերջնթեր են եղել:

Աբեղյանն ասում է, որ ինքը սրանք քաղել է «Հայ ժողովրդական հեքիաթների» ժողովածուի Տ. Նավասարդյանի հեքիաթներից: Դատելով Լոռվա այսօրվա կենդանի խոսվածքներից, կարծում եմ, որ.

Դրույթ 2. Երևանի բարբառի Աբովյանի օրերի հարցական բառերի վերջին ձայնավորը երկար է եղել, «գնա՞ցիի˜ր, ասե՞ցիի˜ր, արե՞ցիի˜ր, կա՞նեե˜ս» ու այս երկարությունն այսօր էլ է առկա:

Դրույթ 3. Այսօր էլ Երևանի բարբառում կա այս վերջընթեր շեշտը, եթե շեշտվող բառի վերջին վանկի ձայնավորն «ը»-ն է, կամ բառը լոկ տրադիցիայով առանձին գրվող «եմ»-ային բայ է (օրինակ, «ուտո´ւմ եմ, գալի´ս եմ, խաղալո´ւ եմ» ևն, տես հետո):

Օրինակ.

«քաղա´քը, տո´ւնը, ա´րկըղ, ա´ստըղ, կարմի´րա, շա´տենք, գազա´նէյն» ևն, ևն:

Իմիջիայլոց.

Դրույթ 4. Այն դրույթը, թե թերբառն ու թերբառին զուգորդվող «եմ»-ի ձևերը մի ամբողջական բառ են մի անգամ է´լ է հաստատվում «կարմի´րա, շա´տենք, գազա´նէյն» «եմ»-ային բայերի շեշտային ու հարցական վարքով, քանզի սրանք «քաղա´քը, տո´ւնը, ա´րկըղ, ա´ստըղ» բառերի պես դեռ ենթարկվում են վերջընթեր շեշտի (Երեվանի բարբառների խոսվածքներում, նաև հարցականի) «հին» օրենքին:

Ասվել է, որ Աբովյանի այս մի քանի պատահական «սխալը» ճակատագրական եղավ, որովհետև սա ոնց որ «համոզեր» բոլորին, թե «ասըմ ի (այսինքն, «ասում էի»), ասըմ իր» (այսինքն, «ասում էիր») ու մնացած ձևերն իրե՛նք են հենց սխալ կամ պատահական: Բացի այս մի քանի «մանր», բայց ճակատագրական նահանջը բարբառից, Աբովյանն իր «Վերք Հայաստանի»-ի մեջ բավական շատ գրաբարյան բառային ու դարձվածքային արխայիզմ ունի (տես Հավելված 2-ը):

Ինչ որ է, Աբովյանի այս մի քանի շեղմունքը իրոք քանդեց գրելու իր ողջ սիստեմը:

Հյուսիսյաններն այս շեղմունքներով հույժ «ոգևորվեցին» (որովհետև, ինչպես ասում են, «գրագետի անուն հանելու գործ էր բացվե»): Ու հյուսիսյաններն անցան Աբովյանի թե´ այս «վրիպակներն» ուղղելուն, թե´ «այլ սխալները» շտկելուն: Այնինչ, իրենց այս արարմունքը հակագիտական էր ու ահա թե ինչու:

Մեր «եմ, ես, է, ենք, եք, են» «օժանդակ» բայերն առաջացել են հնդեվրոպական նախալեզվի (նաև հայերենի՛ մայր լեզվի) es արմատից [4-5], ինչի ներկա եզակի դեմքերն էին. e՛smi>եմ, e՛ssi>ես, e՛sti>է, ձևերը:

Այս նախավոր ձևերը (ու նաև սրանց հոգնակիները) թերևս կային Մաշտոցից մոտ 3500-4000 տարի առաջ, ու սրանք հայերենի բնական օրենքներով այս 3500-4000 տարվա ընթացքում փոփոխվել ու Մաշտոցի օրերին հասել էին իրենց հետևյալ ձևերին.

Սահմ.

ներկան

Անկատար

Ստորա

դասական

նաև երևի

անցյալ

Հրա

մայա

կան

եմ

էի

իցեմ

ես

էիր

իցես

է

էր

իցէ

եր

եմք

էաք

իցեմք

էք

էիք

իցեք

երուք, էք

են

էին

իցեն

Աճառյանն իր «Լիակատար քերականություն հայոց լեզվի» աշխատության [7] IV Ա հատորի 338 էջում «եմ» բայը դնում է հայերենի պակասավոր բայերի շարքը, ասելով, որ.

«է նշանակում է «կա», էր «կար». ինչպես՝ է ոք աստ. էր այր մի» {այսինքն, «Կա մեկը այստեղ; Կար տղամարդ (մի)}:

Ինչպես երևում է այս երկու օրինակից, Մաշտոցի օրերին հնարավոր էր, որ «է»-ով նույնիսկ խոսք սկսվեր, ինչն այսօր անհնար է: Բացի սա, Մաշտոցի օրերին «ե»-ն, նույնիսկ բառի սկզբում, հնչում էին առանց «յ»-ի, այլ մի տեսակ «ի+ե»-էր («ի» բաղադրիչի հնչողությունն այս «ե» բաղադրիչի հնչողությունից ավելի թույլ) ու այդ «ե»-ով նշվող այս երկհնչյունը տարբեր էր Երևանի բարբառի մեր այսօրվա «է» տառով նշանակվող հնչյունից:

(Կարծում եմ, որ «ե»-ի մաշտոցյան օրերի հնչյունի պես մի բան այսօր է՛լ կա Սալմաստի բարբառի, օրինակ, Մալիշկա գյուղի կամ Սևանի մարտունեցու խոսվածքում: Մալիշկայի կամ Սևանի Մարտունու բարբառը կրողը, այսօ՛ր էլ, հենց որ ասում է՝ «ասում եմ», իսկույն զգացվում է, որ սրա «եմ»-ի միջի «ե»-ն Երևանի «ե»-ի պես չի հնչում:

(Բայց նույն այս բարբառը կրող մարդկանց այսօրվա «տեր» բառի «ե»-ն հնչում է ճիշտ երևանցու «է»-ի պես, «տէր»: Հենց այսպիսի երկու՝ իրարից տարբեր «է» ձայնի գոյությունն է ստիպել, որ Մաշտոցը երկու իրարից մի քիչ տարբեր ձևով տառ հորինի՝ «ե»-ն ու «է»-ն):

Երևանի նորօրյա բարբառը վերցրեց ու նորից կենդանացրեց «էի/էյ, էիր/էյր» ձևերը, բայց «է» բայը ոչ մի կերպ չկենդանացավ, ու Արարատյան (կամ Երևանի) բարբառը նորից, համառ-համառ, գործածում է բնական էվոլյուցիայով առաջացած «ա» բայը:

Մեր գրական ոճերի ջատագովները սրան համաձայն չեն, այսինքն, համաձայն չեն հե՛նց բարբառին, հե՛նց կենդանի լեզվական պրոցեսին, հենց բնությա´նը:

Համաձայն չեն, չնայած գիտական լեզվաբանությանը, առողջ տրամաբանությանն ու փաստերին:

Հիմա հետևյալ հարցերը տանք.

1. Եթե մենք այսքան նախանձախնդիր ենք գրաբարյան ձևերին դառնալուն, ինչո՞ւ չենք գործածում «եմք» ու «էաք» ձևերը (սրա հնարավորությունը, իհարկե, բացառվում է) ու ինչո՞ւ ենք «էք» գրաբարյան ձևը գրում «ե»-ով՝ «եք»:

2. Եթե բառերի հին ձևերին դառնալը լավ կամ ճիշտ բան է, ինչո՞ւ մեր գրական ոճերով չենք գնում հասնում բոլոր բառերի նախալեզվի ձևերին, օրինակ, e՛smi (եմ), e՛ssi (ես), e՛sti (է) ձևերին, կամ էլ ինչո՞ւ չենք (օրինակ) «գդալ» ձևը փոխարինում իր գրաբարյան իբր ընտիր «տարգալ» ձևով (սրա հնարավորությունն է՛լ է բացառվում):

3. Եթե բառերի հին ձևերին դառնալը լավ բան է, ինչո՞ւ չենք հետ դառնում նաև բառերի հին հնչողությանը ու ինչո՞ւ «ե»-ն ու «է»-ն տարբեր ձևով չենք հնչում (սրա հնարավորությունն է՛լ է բացառվում):

4. Եթե բառերի հին ձևերին դառնալը լավ բան է, ինչո՞ւ չենք հետ դառնում մեր թվականների գրաբարյան «մետասան, երկոտասան, երեքտասան, չորեքտասան, հնգետասան, վեշտասան, եաւթնեւտասն, ութեւտասն, իննեւտասն; հարեւր, երկերիւր, երեքհարեւր, բեւր» ևն ձևերին {[7], ԼՔՀԼ, I, 240; Աճառյանի «և»-երը ես եմ փոխարինել գրաբարյան «եւ»-ով}:

Այս հարցերը չե՞ն ապացուցում, որ.

Դրույթ 5. Մեր գրական ոճերի ու նաև հետաբեղյան քերականությունների մաքրամոլական կապրիզը ոչ մի գիտական հիմք կամ սկզբունք չունի, ու որ մեր գրական ոճերն ու այսօրվա քերականությունները իրենց ասածների ճիշտ ու սխալը ջոկելու ոչ մի գիտական չափանիշ չունեն:

Առաջարկված հարց-պահանջներն անիրականանալի են, որովհետև լեզուն մի գերբարդ «պրոցեսային սիստեմ» է, ինչն ինքնակարգավոր, ինքնակազմակերպ ու ինքնակառավար է, ու երբ այս փոփոխական սիստեմի նույնիսկ մի աղյուսն են զոռով փոխում, շենքը խարխլվում է:

Այս տեսակ հարկադրական փոփոխությունն ինչքան շատ լինի, լեզվի այս ամբողջական սիստեմն այնքան շատ է խարխլվում, ու մի պահ էլ՝ այս սիստեմը դառնում է լրիվ անկայուն ու փուլ է գալիս:

13.3 «չէ»-ն ու «չի»-ն

Ասում են, թե սխալ ենք անում, երբ գրում ենք «այդպես չի», ու պիտի անպայման գրենք «այդպես չէ», որովհետև մեր գրական ոճերն ասում են «սա այդպես է, իսկ դա այդպես չէ»:

Լեզվի Գլխավոր Օրենքը (ԼԳՕ-ն) ասում է, թե տվյալ բարբառի միջի լեզվական բոլոր երևույթները ճիշտ են ու ընդունելի, եթե այդ բարբառը կրողների մեծ մասը գործածում է դրանք:

ԼԳՕ-ից բխում է, որ այսօր հենց «այդպես չէ» ասողնե´րն են սխալ, որովհետև նախ Երևանի բարբառի կրողների մեծագույն-մեծագույն մասն այսօր այսպես չի ասում, ու երկրորդը, որովհետև հայտարարվել էր, որ մեր գրական ոճերի հիմքը պիտի հենց Երևանի´ բարբառը լինի:

Սահմանականի ներկայի եզակի երրորդ դեմքում մեր գրական ոճերը գործածում են «է» օժանդակ բայը: Բայց այսօր սա հատուկ է «կ» ճյուղի բարբառներին, օրինակ, այսօրվա Գյումրու խոսվածքներին. «ըդպե´ս է, լավ մարդ է, իմ ընգերն է» ևն, այնինչ, Երևանի բարբառ-պրոցեսի ինքնուրույն կարգը գործածում է «ա» բայը:

Դրույթ 1. «է» բայը գրական ոճերն է ներմուծվել բռնի, մարդկային ծրագրով ու Արարատյան կենդանի բարբառում ոչ մի կերպ չի արմատավորվում:

Ինչ վերաբերում է ժխտականներին, Երևանի բարբառ-պրոցեսի ինքնուրույն կարգը «չէ»-ն գործածում է գրաբարյան «ոչ»-ի փոխարեն՝ ժխտական պատասխաններում, իսկ «եմ» բայի եզակի երրորդ դեմքի համար գործածում է միմիայն միջին հայերենում լեզվի բնական էվոլյուցիայով «չէ» ժխտականի ու «ի» նախդրի ձուլվելուց առաջացած «չի» ժխտականը (ինչը գրական ոճերն է´լ են շատ-շատ գործածում, բայց ոչ միշտ:

Ճիշտը բարբառի գործածածներն են): Ահա դրանք.

Աշոտը գալիս ա, Մուշեղը չի գալի;

Մուշեղն էլ լալիս ա, Դավիթը՝ չէ:

Կամ.

– Աշոտը գալի՞ս ա:

– Չէ, չի գալի:

Իսկ մեր գրական ոճերն էլ ասում են.

Աշոտը գալիս է, Մուշեղը չի գալիս:

Մուշեղն էլ լալիս է, Դավիթը՝ ոչ:

Ո՞վ ռիսկ կանի ասի. «Չէ, չէ գալի; չէ գալի, բայց հետո կգա», ու դառնա շրջապատի ձեռառնոցու առարկան:

Մեր օրերի Արարատյան բարբառը նաև ասում է. «էսի (ը)սենց ա, բայց էտի (ը)տենց չի»:

Ու պարզ չի, թե մեր նույնիսկ գրական ոճերն ինչո՞ւ իրավունք չունեն ասելու.

«սա այդպես է, իսկ դա այդպես չի»:

Բա մենք ասո՞ւմ ենք. «Աշոտը գալիս է, Մուշեղը չէ գալիս»:

Ուրեմն, մեր գրական ոճերը մեկ գրում են «չի», մեկ էլ՝ «չէ» ու նաև գրում են՝ «չի գալիս», բայց անընդհատ գրում են. «այդպես չէ»: Կնշանակի, թե որ ֆիզիկոսների նշանավոր անեկդոտի պես ասենք, որ «մեր քերականները երեքշաբթի, ուրբաթ, շաբաթ գործածում են գրաբարի «չէ»-ն, իսկ մնացած օրերը՝ այսօրվա Արարատյանի «չի»-ն», շատ չենք սխալվի:

Ըստ ԼԳՕ-ի՝ սա ա´նկասկած է սխալ:

Երբ մենք գրում ենք. «այդպես չի», գոնե մի քիչ հետևում ենք ԼԳՕ-ին, հետևում ենք այսօրվա՛ լեզվին, այսօրվա՛ Արարատյան բարբառին («գոնե մի քիչ», որովհետև եթե լրիվ հետևեինք, պիտի ասեինք. «տենց չի»): Բա մեր լեզվաբանները չե՞ն ասում, որ մեր գրական ոճերը պիտի հետևեն Արարատյան բարբառին կամ Երևանի բարբառին; տես 20.6-ը:

Իմիջիայլոց, ասվածը չի նշանակում, որ «ոչ»-ը չպիտի գործածվի:

(Եթե հետևողական լինեինք, Աբովյանի պես մենք է´լ կգրեինք՝ «գալիս ա», որովհետև սա´ է ԼԳՕ-ի ու նաև Ս. Նազարյանի ու Մ. Նալբանդյանի պահանջն ու «պատգամը» (սրանք ասում էին՝ «հետևե´ք Արարատյան բարբառին»):

Ու պարզ չի, թե ինչո՞ւ պիտի մեկ-մեկ (հազվադեպ) հետևենք գրաբարի՛ քերականությանը, ու անտեսենք ԼԳՕ-ն:

Հարց. Ո՞վ զորություն ունի ասելու (բայց գիտությամբ ու հիմնավորված ասելու), թե ինչքա´ն ու ե´րբ ու ինչո´վ պիտի հետևենք Երևանի բարբառին ու նաև ինչքա´ն ու ե´րբ ու ինչո´վ – գրաբարի´ քերականական ձևերին:

Ոչ մեկը, բացի ԼԳՕ-ն. ոչ մեկը, բացի հենց Երևանի բարբառը:

Դրույթ 2. Երբ «սկզբունք» է ընդունվում, որ «գրական լեզուն» պիտի ա´նպայման տարբերվի Երևանի բարբառից» (իբր, «որ չստրկանա սրան», ըստ էության, հենց սա´ էր Նազարյանցի ու Նալբանդյանցի միակ «սկզբունքը», միակ պահանջը) ու հենց այս նպատակով էլ պիտի «մշակվի», բայց չի նշվում «մշակելո´ւ» սկզբունքը (միջոցը, չափանիշները, նորմերը, կանոնները ևն), այդժամ ցանկացած տիպի նման տարբերությունները համարվում են «մշակում»:

Այս տեսակ «մշակելու» արդյունքը անսպասելի է ու տարօրինակ:

Անսպասելի է ու տարօրինակ, որովհետև.

Դրույթ 3. Մեր գրական ոճերն իրենց հիմք կենդանի բարբառից ու մնացած կենդանի բարբառներից տարբերվում են ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ ՍԽԱԼՆԵՐՈՎ, միայն իրենց օտարիզմներով:

Ուրեմն.

Դրույթ 4. Լեզուն իբր «մշակողները», միայն ու պարտադիր, այդ լեզուն ծռողն ու աղավաղողներն են:

Եթե հանկարծ մեր քերականները մի օր հրաժարվեն Երևանի բարբառն արհամարհելուց ու Արարատյանի «է» մեռած բայը փոխարինեն «ա» կենդանի բայով ու «չէ = ոչ»-ը համարեն ընդունելի, հրաշալի բան կանեն, որովհետև գործած կլինեն ԼԳՕ-ով ու կկենդանացնեն մեր գրական ոճերը (թե որ իմ ասած մնացած բաներն էլ ընդունեն): Սա նաև հնար կտա, որ «է»-ն մնա մեր կենդանի ձայնարկության համար: Օրինակ. «լավ ա է˜, չէ՞; էսի´ ա, է˜» ևն:

Դրույթ 5. Մեր գրական մեռած ոճերը կենդանացնելու ուրիշ ոչ մի ձև չկա, բացի կենդանի լեզվով գրելը:

13.4 Գոյության հիմնական «եմ» բայը

Եթե մի 1500 տարի առաջ հայը նամակ ստանար ու այս նամակի մեջ գրված լիներ միայն «է» բառ-բայը, այս հայը կիմանար որ ինչ-որ մի երրորդ բան, այսինքն, ոչ նամակ ստացողը, ոչ գրողը, այլ մի երրորդ մարդը, կամ կենդանին, կամ իրը, կամ պրոցեսը է´, կա´, գոյություն ունի´, այդպիսի´ն է, կամ այդ վիճակո´ւմ է; այսինքն, ենթակա է լինելության, գոյության կամ այդ վիճակում լինելուն:

Ասվել է, որ այս երրորդ բանին քերականներն ասում են երրորդ դեմք: Ուրեմն.

Աքսիոմ 1. «եմ» բառ-բայը (ու իր բոլոր ձևերից ամեն մեկը) իր դեմքի լինելության կամ ԳՈՅՈՒԹՅԱՆ կամ այդպիսին լինելու, կամ այդ վիճակում լինելու կամ այդ հատկանիշը ունենալու ընդհանուր իմաստը վերագրում հատկացնում է (կամ, հին հայերենով, ստորոգում է) այս վերագրությանը ենթակա (ենթարկվող) ԴԵՄՔԻՆ, այսինքն, հենց իր ԴԵՄՔԻՆ:

Սրա համար էլ «եմ» բայի ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ունենալու այս ընդհանուր իմաստին ասում եմ գոյությա´ն բայիմաստ: Աբեղյանը, իրավացի, ասում է, թե դեմքն է´լ է ենթակա, սրա համար էլ դեմքին ասում եմ դեմք-ենթակա, իսկ վերագրվող կամ վերագրյալ բայիմաստին էլ ասում եմ բայիմաստ-ստորոգյալ (ստորոգվող, վերագըրվող): Բացի սա, վերի նամակ ստացողը կիմանար, որ այս երրորդ բանը կամ դեմքը մի´ հատ է, մենա´կ է, եզա´կի է:

Սահմանում 1. Բայիմաստը բայի դեմքին վերագրելիս՝ դեմքի այս թիվը նշելուն (ցույց տալուն, արտահայտելուն) ասում են դեմքի թիվ կամ բայի թիվ: Այսօրվա հայերենը ունի միայն երկու թիվ՝ եզակին ու հոգնակին:

(Արդեն գիտենք, որ հին հայերենը (ու, առհասարակ, հնդեվրոպական մայր լեզուն) ուներ նաև զույգ առարկաները ցույց տվող հատուկ երկակի թիվը, այսինքն, ուներ երեք թիվ, եզակին, երկակին ու հոգնակին:

(Այս երկակի թիվը, օրինակ, սեմական լեզուներում այսօր էլ կա, իսկ ռուսերենը սա տարածել է նաև երկու, երեք ու չորս առարկայի վրա (նաև 21-ի, 22-ի, 23-ի, 24-ի ու սրանց դրության բոլոր թվականների, օրինակ 5001-ի, 5002-ի, 5003-ի ու 5004-ի վրա, այսինքն, պահում է նաև 1-4 քանակական թվական միավոր պարունակող նաև բոլոր ավելի խոշոր թվականների մեջ, տես նաև Հ-1.2-ը):

Ասվել է, որ խոսքը միշտ երեք պահ է ենթադրում (ցույց տալիս, նշում). խոսելու կամ գրելու պահը (ներկա ժամանակը), խոսելու պահին նախորդող պահերը (անցյալ ժամանակը), ու խոսելու պահին հաջորդող պահերը (ապագա կամ ապառնի ժամանակը):

Բացի սրանցից, ասվել է, որ լեզվական պրոցեսը, նույն ձևով, արտահայտում է նաև՝ անցյալի անցյալը, անցյալի ներկան ու անցյալի ապառնին: Այս նույն ձևով, լեզվական պրոցեսը «հնչավորում է» նաև՝ ապառնու անցյալը, ապառնու ներկան ու ապառնու ապառնին:

Լեզվական պրոցեսը, ինչպես ասվել է, սրանց համար ստանդարտ ձևեր (կամ հարացույցներ) ունի´, բայց, օրինակ, անցյալի անցյալի անցյալի համար հարացույց չունի (սրանք լեզվի ուրիշ միջոցներով է արտահայտում, օրինակ, ամսաթիվն է ասում): Շարունակենք մեր խոսքը:

Նամակ ստացողը, այս «է» բայը կարդալով, կիմանար նաև, որ այս երրորդ բանը եղել է այդպիսին՝ հենց գրելու պահին, այսինքն, ստացողը կիմանար, որ բայն ասում է, որ իր իմաստ-ստորոգյալը վերագրում է իր եզակի դեմք-ենթակային՝ գրողի´ ներկայում, գրողի գրելու պահի´ն:

Այս «է» բայի մասին ասվածը, լրիվ ու առանց վերապահության, վերաբերում է նաև իր այսօրվա ժառանգ «ա/կա/լինի» բային ու նաև ցանկացած ուրիշ բային, օրինակ, «խաղաց» բային: Ուրեմն կրկնե´նք, որ.

Դրույթ 1. Հայերենի բայն ա´յն բառն է, ինչը, միաժամանակ ու պարտադիր, ունի իմաստ (ստորոգյալ, վերագրելիք), դեմքի գաղափար, թվի գաղափար, ժամանակի գաղափար ու իր իմաստը ստորոգում է (վերագրում է) իր իսկ դեմքին (ուրեմն, նաև իր իմաստին), նշելով դեմքի թիվն ու վերագրելու ժամանակը: Եթե հայերենի ո´րևէ բառը զուրկ է այս 5 հատկանիշից ո´րևէ մեկից, բայ չի:

Ուրիշ խոսքով, եթե համաձայն ենք Դրույթ 1-ին, ուրեմն, ասելու լրի´վ իրավունք ունենք, որ.

Դրույթ 2. Հայերենի բայն ա´յն բառն է, ինչը, միաժամանակ ու պարտադիր ունի՝ իմաստ, դեմք, թիվ ու ժամանակ ու ստորոգելու ունակություն: Եթե հայերենի ո´րևէ բառը զուրկ է այս հատկանիշներից ո´րևէ մեկից, բայ չի:

Դրույթ 3. Հայերենի բայի այս 5 հատկանիշը, այսինքն, բայիմաստը, դեմքն ու դեմքի (կամ բայի) թիվը, ստորոգելու (կամ վերագրելու) ժամանակն ու ստորոգելու (կամ վերագրելու) կարողությունը մերված ձուլված են իրար:

Օրինակ, ռուսերենի (կամ անգլերենի) բայն այսքան «կատարյալ չի»: Եթե ռուսն ասի, пошёл, չի իմացվի, թե ո´վ пошёл արեց, я՞-ն, ты՞-ն, թե՞ он/она/оно-ն:

Համարյա նույնն էլ, ու շատ ավելի ընդհանուր, կա նաև անգլերենում: Կնշանակի, ռուսերենի անցյալի ու անգլերենի համարյա բոլոր բայերը անհնար են առանց դերանունի, որովհետև միայն սրանց դերանուննե´րն են դեմքն արտահայտում:

Դրույթ 4. Հայերենի բայի դեմքը բայից անբաժան է: Ուրեմն, հայերենի «անդեմ բայ» արտահայտությունը անհեթեթ է ու անտրամաբանական:

Ասվել է, որ հայերենի «պաշտոնական» քերականությունն այս վերջին 89 տարին պնդում է, թե հայերենի անորոշ դերբայը «անդեմ բայ է», բայց հայերենի անորոշ դերբայը ոչ դեմքի´ գաղափարն ունի, ոչ ժամանակի´ ու, բացի սրանք, ունի հայերենի գոյականի բոլո´ր-բոլո´ր հատկությունները: Ուրեմն.

Դրույթ 5. Կրկնենք, որ հայերենի անորոշ դերբայը բայ չի, ոչ մի տեսակ բայ չի: Հայերենի անորոշ դերբայը գոյակա´ն է կամ ածակա´ն: Հայերենի անորոշ դերբայը զուրկ է բային հատուկ ժամանակի ու դեմքի գաղափարներից: Հայերենի բոլո´ր բարբառները, այսինքն, հայերենի համարյա բոլո´ր կրողները, հայերենի անորոշ դերբայն այսօր գործածում են ճիշտ այնպես, ինչպես մնացած գոյականներն ու ածականներն են գործածում:

Դրույթ 6. Կենդանի հայերենը հայերենի ա´յն մայրենի բարբառների ամբողջությունն է, որոնցով հայերի մեծ մասն է խոսում: Այնինչ.

Դրույթ 7. Հայերենի գրական ոճերը թեև հայերեն են, բայց ա´նպայման են տարբեր այս բարբառներից, որովհետև ա´նպայման են աղավաղ, ու սրանք հայերենի լեզվական անընդհատ պրոցեսին միմիայն խիստ սահմանափակ չափով են մասնակից: Ավելին, մասնակից են՝ միայն հայերենի պրոցեսներին խոչընդոտելո´վ:

Դրույթ 8. Գուցե մեր դիաքրոնիստները հիմնավորեն, որ, մեր գրաբարի գրական ժառանգության մեջ էլ դերբայների գործածությունը բայի փոխարեն հայերենին խորթ աղավաղմունք է, ու նաև ցույց տան, որ մեր հին գրականությունը լի է այսպիսի աղավաղմունքով:

Այս աղավաղմունքները սպասում են իրենց հետազոտողներին:

13.5 Ի՞նչ է ստորոգյալը

Հիշենք մեր նամակը, ինչի մեջ գրած էր միայն «է»: Հայերենի այս «եմ/չեմ») օժանդակ բայի (ու սրա ձևերի) արտահայտած գոյության կամ անգոյության իմաստի անորոշությունը անսահման է, քանի որ հնարավոր է, որ այս Տիեզերքի մեջ ամենա´յն ինչն էլ լինի կամ չլինի: Պարզ է, որ նամակն ստացողը դրանից ոչ մի կոնկրետ ինֆորմացիա չի ստանա:

Բայց եթե մի նամակի մեջ գրված լինի. «Գազան ա; Գազան էր; Գազան կլինի; Գազան չի» ևն, ստացողը կիմանա, որ այս «գոյություն ունեցող/չունեցող բանը» գազա´ն է: Այսինքն, այս «Գազան» անունը, զուգորդվելով «ա/էր/կլինի/չի» բային, սրա գոյություն ունենալու իմաստի այս անսահման անորոշությունը կմասնավորի´, կնեղացնի´, կկոնկրետացնի´, կհըստակի´, կճշտի´, կբացահայտի´, կլրացնի´:

Այս մի հատիկ «գազան» անունի շղթայմունքը կամ զուգորդությո´ւնն այս «եմ» բային՝ գոյություն ունենալու այս տիեզերական անորոշությունը նեղացնում ու հասցընում է մեր փոքրիկ ու գուցե եզակի Մոլորակին, որոհվետև, ո՞վ իմանա, գուցե այս Տիեզերքում էլ ուրիշ ո´չ մի տեղ կյանք չկա, ուրեմն, գազան է´լ չկա:

(Բա սա ֆանտաստիկ զարմանալի չի՞, որ «գազան» բառի այս ընդամենը ՇԸՂԹԱՅՄՈՒՆՔ-ԶՈՒԳՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ «եմ» բային, ընդամենն այս երկու բառի իրար հետևից ասե´լը, այսքան հզոր գործ է անում: Ան+ասուն կենդանիները մարդու այս բառերը շղթայելու-զուգորդելու, հենց այս ասելո´ւ, այս բայելո´ւ շնորհքից են զուրկ):

Այս «գազան» բառը, զուգորդվելով «եմ»-ին, մասնավորում (լրացնում, բայց նեղացնում) է «եմ» բայի լինելության այս տիեզերական ընդհանրությունը, այս լինելությանը վերագրելով (կամ մեր գրաբարով ասած՝ ստորոգելով) գազանության բավական նեղ հատկանիշը:

Կրկնեմ, որ այս «եմ» բային զուգորդվող ու այս բայի իմաստը մասնավորող այս «գազան» բառի´ն Աբեղյանն ասում է՝ բառ-ստորոգյալ (ստորոգվող), որ տարբերի «եմ» բայի գոյություն ունենալու անսահման լայն բայիմաստ-ստորոգյալից (ստորոգվողից):

Այսինքն, երբ ասում ենք. «Գազան ա», ուզում ենք ասենք, որ «ա» բայի այս 3-րդ դեմքը գոյություն ունի´, բայց գոյություն ունի միմիայն այս «գազան» մասնավո´ր կամ նեղ ձևով: Չէ՞ որ սա կարող էր գոյություն ունենար, օրինակ, «լավաշ» մասնավոր ձևով, եթե ասեինք «լավաշ ա»:

Դրույթ 1. Աբեղյանն այս բառ-ստորոգյալին ասում է «ստորոգելական վերադիր», ԵԹԵ սա դրվում է ոչ «եմ» անցողական ու սրանց համապատասխան անանցողական մի քանի բայի վրա, ու ասում է «ստորոգյալ», եթե սա դրվում է «եմ»-ի ձևերի վրա, իսկ այս «գազան է» միությանն ասում է «բայ-ստորոգյալ», բայց սրանից առանձին կխոսեմ:

Աբեղյանը «գազան եմ; գազան ես; գազան ա; գազան էի; գազան էիր; գազան էր» ևն խոսքերի ու սրանց ժամանակային ու թվային մյուս ձևերի «գազան»-ին ու միայն «գազան»-ին է ասում ստորոգյալ (իսկ այս խոսքերին էլ ասում է բայ-ստորոգյալ), բայց «գազան կդառնամ; գազան կդառնաս; գազան կդառնա; գազան կդառնայի; գազան կդառնայիր; գազան կդառնար» ևն ձևերի «գազան»-ին ա-սում է ստորոգելական վերադիր, ինչը, տրամաբանական չի (տես հետո):

Դրույթ 2. Մեր հետաբեղյան քերականությունները, թերևս շփոթելով, Աբեղյանի ասած հենց այս բայ-ստորոգյալի´ն են ասում ստորոգյալ, իսկ հետո էլ ստորոգյալ են ասում բոլո´ր բայերին:

Երբ այսօրվա քերականները «ստորոգյալ» են ասում հենց «բայ-ստորոգյալ»-ին (այսինքն, ստորոգյալ+եմ-ին), սա թերասություն է, որովհետև բայ-ստորոգյալը միայն ստորոգվող չի, այլ նաև թե´ ստորոգող է, թե´ դեմքի գաղափարն ունի, թե´ ժամանակի գաղափարն ունի, թե´ թվի գաղափարն ունի, թե´ բայիմաստ ունի:

Բայի միմիայն իմաստը, ինքնին, ստորոգյա´լ է (ստորոգվո´ղ է), հենց սա´ է վերագրվում բայի դեմք-ենթակային: Ու երբ «եմ» բայի գոյություն ունենալու ստորոգվող այս իմաստի որևիցէ ձևը (այսինքն, «եք/են/եմ/ես/է/էինք/էիք/էին/էի/էիր/էր» ձևերի´ց մեկնումեկի իմաստը) նեղանում, բացահայտվում, պարզվում, մասնավորվում, կոնկրետանում է, երբ «գազան» բառի պես մի անուն (կամ անվանական մի զուգորդություն) է զուգորդվում «եմ» բային:

Ես այս զուգորդվող (լրացնող) բառի´ն ու միայն այս զուգորդվող բառին եմ եմ միշտ ասում «բառ-ստորոգյալ»:

Օրինակ. «Քար ա; Բարի ա; Ե´ս եմ; Հինգն ա; Կարդալ ա; Նստող ա; Պառկած ա; Հիմարություն ա» խոսքերի մեջ այս «Քար; Բարի; Ե´ս; Հինգն; Կարդալ; Նստող; Պառկած; Հիմարություն» բառերը բառ-ստորոգյալ են ու նաև ըստորոգյա´լ են, որովհետև սրանք բոլորն է´լ վերագրվում են իրենց լրացրած «եմ/ա» բայի լինելիության իմաստին: Ու այս ստորոգյալները, բոլորն էլ, անուն են: Ուրեմն.

Դրույթ 3. Աբեղյանի ստորոգյալ կոչածը «եմ» բայի իմաստին զուգորդվող (բայիմաստը լրացնող) անունն է (այսինքն, միշտ ածական է, կամ ածական զուգորդություն է): ՍՏՈՐՈԳՅԱԼԸ ԱԾԱԿԱ´Ն Է, ԲԱՅ ՉԻ´: ԲԱՅՆ ԷԼ ՄԻՄԻԱՅՆ ՍՏՈՐՈԳՅԱԼ ՉԻ´:

Ուրեմն, նորից շեշտենք, որ այս «Քար ա: Բարի ա: Հինգն ա: Կարդալ ա: Նըստող ա: Պառկած ա: Հիմարություն ա», խոսքերին միայն ու միայն ստորոգյալ ասելը, առնվազն, հարմար չի, որովհետև բայը, ստորոգել-վերագրելուց բացի, մի քանի ուրիշ ֆունկցիա էլ ունի՝ բայի իմա´ստը ցույց տալն ու սա մասնավորելը, բայի դե´մքը ցույց տալը, բայի թի´վը ցույց տալը ու բայի ժամանա´կը ցույց տալն ու, իհարկե, ստորոգել-վերագրե´լը (ստորոգող-վերագրող լինե´լը) ցույց տալը:

Աբեղյանը սրանց ու միմիայն սրանց պեսերին է ասում «բայ-ստորոգյալ» ու երբեք չի ասում լոկ «ստորոգյալ»: Այսինքն.

Դրույթ 4. Հայերենի բայը շատ ավելի շա´տ բան է, քան միայն ստորոգյալ-վերագրվող լինելը: Հայերենի բայը, օրինակ, ոչ միայն ստորոգյալ է, այլև հենց ստորոգո´ղն է, ու դեռ մի քանի բան էլ ավել:

Այնինչ, ստորոգյալը միա´յն ստորոգվող-վերագրվողն է (միայն «գազան»-ն է, առանց «ա»-ի) ու կարող է չունենա´ դեմքի, թվի ու ժամանակի գաղափարները ու հաստա´տ չունի ստորոգելու-վերագրելո´ւ զորությունը, որ հայերենի բայը պարտադի´ր ունի:

Կարճ ասած, բայ-ստորոգյալին ստորոգյալ կոչելը նման է ձիուն միայն «սմբակ» կամ միայն «բաշ» կոչելուն:

13.6 Աբեղյանի ստորոգյալն ու բայ-ստորոգյալը

Աբեղյանն իր «Հայոց լեզվի տեսություն» ([3], ՀԼՏ) կարևորագույն գրքի 367-368-րդ էջերին հաստատում է արդեն ասածներս (շեղատառն ի´մն է).

«…երբ ասվում է է, կամ մի ենթակայով՝ Տիգրանը է, մենք իմանում ենք, որ մի երրորդ դեմքի կամ առարկայի, կամ Տիգրանին, վերագրվում է մի որևէ հատկանիշ, բայց թե ի´նչ է այդ հատկանիշը՝ բայիմաստից չի իմացվում»:

{Աբեղյանն այստեղ ուզում է ասի, որ այս «է» բայով «Տիգրանը» բառ-ենթական զուգորդվում է ոչ թե միմիայն «է» բայի իմաստին, այլ «է» բայի դեմքի´ն, նեղացնելով մասնավորելով այս «է» բայի լինելու կամ գոյություն ունենալու չափազանց ընդհանուր գաղափարը մինչև միմիայն Տիգրանի գոյություն ունենալու նորից բավական ընդհանուր գաղափարը}:

Հետո Աբեղյանն ասում է.

«Հարկավոր է, որ այդ բայի հետ դրվի մի գոյական կամ ածական {այսինքն, հարկավոր է, որ այդ բային շղթայվի զուգորդվի մի անուն} իբրև լրացում, որ բացահայտվի, թե ի´նչ հատկանիշ է ստորոգվում {վերագրվում}. ինչպես՝ «Տիգրանը բարի է, Տիգրանն աշակերտ է: Գոյականը կամ ածականը եմ, լինիմ բայի հետ միասին կազմում են մի բայ-ստորոգյալ՝ բարի է, աշակերտ է»:

«Այսպիսի բաղադրյալ բայ-ստորոգյալի մեջ ստորոգյալն արտահայտվում է միայն իբրև լրացում, դրված գոյականով կամ ածականով, որ կոչվում է ստորոգյալ {այս թավատառն ի´մն է}. իսկ բայը ցույց է տալիս միայն ստորոգում և կոչվում է էական բայ կամ հանգույց {copula}:

…«Խոսք կազմող զորություն ունի ոչ թե ստորոգյալը, այլ «է» բայը, որովհետև նա է ցույց տալիս ստորոգում»:

Այժմ խոսեմ մի կարևոր հանգամանքից, ինչը հիշատակել եմ 9.8 պարագրաֆում:

Աբեղյանը չափազանց կարևոր բան է անում, երբ բայ-ստորոգյալը համարում է լեզվական մեկ միավոր, մեկ կոնստրուկտ, մի կառույց, մի բառ: Ես չգիտեմ, Աբեղյանն զգացե՞լ է, որ.

Դրույթ 1. Հայերենի էվոլյուցիայի հետևանքով հայերենի բայ-ստորոգյալը, ըստ էության, դարձել է մեկ բառ, մեկ բայ, համարյա այնպես, ինչպես անկատար կամ վաղակատար թերբառների ու «եմ»-ի զուգորդությունը, որ միանալով «եմ» օժանդակին, դարձել են մեկ բառ, մեկ բայ (թերբառ տերմինի մասին տես 9.10-ն ու 13.15 -13.17-ը), օրինակ, «ուտումեմ, խաղացելես, գալիսա, ուտումէի, խաղացելէիր, գալիսէր», չնայած առանձին են գրվում. «ուտում եմ, խաղացել եմ, գալիս եմ» ևն:

Ասում եմ՝ «համարյա», որովհետև այս երկրորդները լրի´վ են ավարտուն, լրի´վ են միաձույլ, քանի որ սրանց թերբառը արդեն զուգորդվող մասնիկ է ու առանձին գործածություն չունի, այնինչ «գազանա»-ի «գազան»-ը առանձին գործածություն ունի´: Տես նաև 13.2-ի Դրույթ 4-ը:

Իրոք է´լ, թերևս անվիճելի է, որ հայերենի անկատար ու վաղակատար դերբայ կոչվածները, որ թերի բառ կամ թերբառ են, լեզվական պրոցեսի մեջ առանձին (ինքնուրույն) կիրառություն չունեն:

Այս «ուտում»-ը, «խաղացել»-ն ու «գալիս»-ը հոլովաձևեր չունեն, որ անուն լինեին, իսկ առանց «եմ»-ի էլ անհնար է, որ բայ լինեն, կամ էլ լինեն կարճ պատասխան, ուրեմն, միմիայն ձևական զուգորդական (շղթայվող) մասնիկ-ածական են:

Այնինչ բայ-ստորոգյալի ստորոգյալ բաղադրիչը, օրինակ, «աշակերտ ա»-ի «աշակերտ»-ը, առանձին (առանց «է»-ի կամ առանց «ա»-ի) շատ բազմազան գործածություն ունի ու անուն է, այսինքն, գոյական կամ ածական է:

Մի օրինակ էլ: «խոսում եմ» բաղադրյալ բայի «խոսում» բաղադրիչը (ինչին ասում են անկատար դեբայ, իսկ ես ասում եմ թերբառ, տես 9.10-ն ու 13.15-13.17-ը) այսօրվա հայերենում, առանց օժանդակ բայի, առանձին, չի գործածվում, այնինչ, եթե «բարի ա»-ն համարենք մեկ բաղադրյալ բայ, սրա «բարի» բաղադրիչը թե´ առանձին գործածություն ունի, թե´ կարող է լինի կարճ պատասխան.

– Ինքը շատ բարի ա:

– Ի՞նչ ա-ի՞նչ աաա:

– Բարի:

Այնինչ թերևս անհնար է, որ ասվի (առանց «ա» բայի).

Ինքը շատ ա ուտում:

– Ի՞նչ ա անուուում:

– Ուտում:

Ուրեմն.

Օրենք 1. Հայերենը (բացի թերբառներն «եմ» օժանդակին կցելը, տես 9.10-ն ու 13.15-13.17-ը), բայ ստեղծելու մի զուգորդական ֆունդամենտալ ձև ունի, ու այս ձևը հայերենի անվանական զուգորդությունները «եմ» բայի ձևերին զուգորդելն է (շղթայել-կցելն է):

Ըստ էության, հայերենի լեզվական պրոցեսն այս «եմ» բառն արդե´ն դարձրել է մի լրիվ ֆորմալ բայակերտ նմանակցային զուգորդական մասնիկ:

Սա շատ լավ է երևում Երևանի բարբառում, որտեղ «է» օժանդակը դարձել է «ա»: Երբ գրելուն անվարժ մարդը (օրինակ) նամակ է գրում իր հարազատներին կամ իր այն մոտ ընկերոջը, ու չի նեղվում, որ սրանք կկարդան իր նամակն ու կմտածեն, որ ինքն անգրագետ է (այսինքն, իր անհատական լեզուն բացարձակ ազատ է գործածում), գրում է.

«մեկա, սիպտակա, խոսողա, խելոքա, նստածա, քոռա, գիժա, քարա, ջուրա, ապուշա, ինքնա, առյո´ւծնա» ևն:

Շատ հետաքրքիր է, որ հենց այսպես են գրում նաև ֆեյսբուքի այն իրոք հույժ գրագետ մտավորականները, ովքեր որոշում են, որ պիտի ազատ գրեն: Բայց նույն այս գրագետ մտավորականները երբեք չեն գրում.

«մեկէ, մեկնէ սիպտակէ, կարմիրէ, խելոքէր, նստածէր, քոռէր, գիժէր, քարէ, ջուրէր, ապուշէր, ինքնէր, առյո´ւծնէր»,

այնինչ, անվարժները սրանք համարյա միշտ են գրում:

Սրա պատճառը ա´յն հանգամանքն է, որ մտավորականներն այնքա´ն են վարժվել «է/էր» ու մնացած օժանդակ բայերն առանձին գրելուն, որ այս վարժությունը դարձել է ռեֆլեքս:

Բայց այս նույն մտավորականները չափազանց քիչ են տեսել «ա» օժանդակով գըրվածք, ու այս «ա»-ով գրելիս՝ հետևում են իրենց լեզվական բնազդին, հետևում են հենց լեզվական պրոցեսի իրականությանը, հետևում են նորին գերազանցություն կենդանի բարբառին:

Հետաքրքիր է, որ թե´ այս «ազատ» մտավորականները, թե´ անվարժ գրողները շատ հաճախ կպած են գրում նաև հետևյալ ձևերը. «Լսումա, կասկածումա, ասելա, անցելա, տեսելա, բռնումա, թռնումա» ևն, չնայած երբեք կպած չեն գրում. «Լսումէ, կասկածումէ, ասելէ, անցելէ, տեսելէ, բռնումէ, թռնումէ» ևն:

Որպես ասածներիս վկայությունը, բերում եմ Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը համարյա գերազանց ավարտած ու մի քանի տարի ուսուցիչ աշխատած Ստեփան Աբրահամյանի պատմածի մի մասը (Ստեփանի թույլատրությամբ): Ստեփանի շարադրանքին համարյա ձեռ չեմ տվել:

Չնայած Ստեփանը բարբառի հիմքի վրա գրելու այս ոճն ինձնից ընդօրինակեց, ես այս «ա» օժանդակը ստորոգյալին կպած երբեք չեմ գրում:

Հետաքրքիր է, որ ես մի քանի անգամ Ստեփանին խորհուրդ տվեցի, որ «ա»-ն առանձին գրի, ինքն ինձ չլսեց ու հետևեց իր լեզվական սեփական ռեֆլեքսներին, չնայած այդ օրերին ես Ստեփանի համար, գոնե լեզվական հարցերում, որոշակի հեղինակություն էի:

Ուրեմն, Ստեփանի լեզվական ռեֆլեքսներն իմ այս հեղինակությունից ավելի հըզոր ու առաջնային էին:

Ահա Ստեփանի գրածներից մի հատված, ինչի մեջ այս «նոր» բայերը դարձրել եմ թավատառ: Տողատմունքն ի´մն է:

***

«Հիտլերի ժամանակով գերմանական ազգը պատերազմի մեջ էր ու իբր տեղյակ չէր, թե ինչա տեղի ունենում. «չգիդեր», որ համակենտրոնացման ճամբարներ կան Գերմանիայի տարածքով մեկ… «Չգիդեր»… Բայց հիմա նման Հիտլեր չկա, պատերազմն էլ ակտիվ փուլից անցելա դիրքայինի, զինադադարի ռեժիմա:

«Իսկ ազգը չի՞ իմանում, որ ԲԱՆԱԿ կոչվածը մի հսկայական համակենտրոնացման ճամբարային սիստեմա իրանից ներկայացնում…: Չի՞ հասկանում, որ այս բանակը իրա օրակարգի ամեն մի կետով, բառապաշարով ու մնացած մասնիկներով ծերից ծեր հանցագործ ռեժիմովա ապրում… Արդյունքում ամեն շաբաթ ԱԶԳԸ դիակա ստանում ԲԱՆԱԿ կոչված կառույցից:

«Սա իրան չի՞ հուշում, թե ինչի՞ց են այդ դիակները գոյանում… Երբ մտնում ես զորամաս, այսինքն նույն՝ գաղութը, գլխումդ ունես այն ինֆորմացիոն պաշարը, ինչը դու բերել ես քաղաքացիական կյանքից, բայց դու այդ պաշարի մասին միանգամից ես մոռանում: Քո հետևից փագվող դարպասներից դուրս դու թողում ես քո քաղաքացիական կյանքը, քո նախասիրությունները, կենցաղը, առօրյան, շըփումները, ավելի գլոբալ ասած՝ քո ԵՍԸ: ԴՈՒ ԱՅՍՈՒՀԵՏ ՔԵԶ ՉԵՍ ՊԱՏԿԱՆՈՒՄ:

«Սա վերաբերումա բոլորին՝ անկախ իրենց ով լինելուց: Բացի սա, քո վրա զորամաս գալուց առաջ արդեն «աշխատած» են լինում քաղաքացիական կյանքում քո ընգերները ու մերձավորներից նրանք, ովքեր ծառայել են բանակում: Ու այդ խորհուրդները, որ տալիս են վերջիններս, ընենց տպավորություն են ստեղծում, որ կարծես իրանք իրենց կյանքով մեկ «գանգըստեռ» են էղել:

«Լավ, սա մի կողմ: Պարծենկոտությունը անուղղելի հատկանիշա ոմանց մեջ: Ինչևէ, մըտար զորամաս, արդեն ուղեղիդ վրա մի քանի օր առաջ քո մերձավոր ընգերները ու ախպերները մի ծրագիր են նստըցրած լինում:

«Բայց չի անցնում մի քանի րոպե, չաստ մտնելուց հետո, երբ դու զգում ես, որ այդ ծրագիրը քո ուղեղի ու բնույթի համար չի: Նայում ես, քո նման մարդիկ, արդեն համազգեստով, քո նման նորակոչիկներ են: Մեկի դեմքը մտահոգ, մեկինը՝ լարված, մյուսը՝ լրիվ շոկի մեջ, այն մյուսը բոլորովին չգիդի, թե ուրա էկե, այն մյուսը տեղումա, բայց բացակայա… Իսկ քո սեփական դեմքի արտահայտությունից հեչ խաբար չես…

«Մի խոսքով, հազար ու մի տեսակ դեմքեր են, որոնք արտահայտում են մեծամասամբ վատ քողարկված հուզմունք, վախ, անորոշություն ու անհայտություն: Ու ամենակարևոր զգացողությունը ու ներքուստ հարցը հետևյալնա.

ԲԱ ՀԵՏՈ՞…

«Դեմքերի մեջ կտեսնես ինքնավստահ, խորամանկ, լկտի հայացքներ, շուստրի ասիչության պոտենցիալով աշկ, որ մանա գալի իրա համար մի հատ հարմար դեմք, որը կարա իրա զոհը լինի, քանի որ փողոցային կյանքում աշկի չի ընգել հեչ, ու խելոք մարդու տպավորությունա թողնում…

«Մենակ որոշ ժամանակ հետո դու կիմանաս, որ էդ գյադեն գնդում ծանոթ բարեկամ աֆիցեռ ունի կամ հոր ընգեր աֆիցեռ... Դրանք՝ միաժամանակ լավ ֆիզիանամիստ են. դեմքին նայելով՝ մեծամասամբ «ախտորոշում» են, թե ով ինչիյա ընդունակ: Տիպիկ գաղութային-մենթական-հոգեբանական մոտեցումա:

«Ու պատահական չի, որ նմանները բանակից հետո համալրում են ոստիկանության շարքերը: Բանակում քո կողքի զինվորին դու բնականորեն ընդունում ես որպես քո նման՝ մարդ ու քո համար անհասկանալիյա լինում, թե խի՞ պտի դու քո համար անձնական ստրուկ ունենաս…

Ո՞ր դարնա, որ մարդը իրա համար ստրուկ պահի… Խի՞ պտի քո համար դիմացինիդ ըսենց կոչված «հարիֆի» սարքես, սարքես քո փաստացի ճորտը...

«Ես հասկացա բանակում, որ եթե դու այն մարդը էղար, այն «խառոշի տղեն» էղար, որը կարողա իրան ստրուկ պահի, ուրեմն էդ քո ուղեղին նստըցրած ծրագիրը ճիշտ հասցեատեր ունի՝ հանձինս քեզ: Բայց եթե դու ստրուկ չկարացար պահես, ուրեմն դո´ւ ես դառնում ըստրուկը, իսկ «չեզոք» անձ լինելը բանակում հեշտ բան չի, թեև կային նման մարդիկ:

«Կարաս մի ինչ որ կատեգորիայի պատկանես, բայց չեզոք, այսինքն մնաս որպես գոնե ինքդ քո համար «ՄԱՐԴ», անհնարին բանա: Քեզ «ծրագրավորած» քո ընգերները ասել էին, որ բանակում այս բանը ըսենցա, բայց դու հակառակը պտի անես:

«Իսկ այն հարցին, թե ԻՆՉԻ՞, տալիս են մենակ մի հատ պատասխան՝ ԷՍԻ ԲԱՆԱԿԱ… Բա հիմնավորումնե՞րը… Հիմնավորումներ երբեք չես լսի, բացի անգիր արած «ԷՍԻ ԲԱՆԱԿԱ» տխմար բառերից: Այնինչ, ասելով ու կրկնելով «ԷՍԻ ԲԱՆԱԿԱ» արտահայտությունը, դու անառարկելի կամ համաձայնում ես լինել ստրուկ, կամ համաձայնվում ես լինես ըստըրկատեր, կամ էլ՝ համաձայնվում ես տանել շատ անգամ անտեղի ստորացումները ու զըրկանքները:

«Բանակում երբեք ու ոչ մեկը չի ասում, որ «ԷՍԻ ԲԱՆԱԿԱ, ԲԱՅՑ ՄԵՆՔ ԷԼ ՄԱՐԴ ԵՆՔ» արտահայտությունը… Չի ասվում, քանի որ բանակաշինության հիմնադիրները իրենց տեղով մեկ հանցագործներ են էղել:

«Մեր դեպքում բանակի գլխավոր ֆունկցիան ժողովրդի անվտանգությունը պաշտպանելը չի, այլ ժողովրդի´ վրա կրակելնա, երբ որ կլնի ըտենց մի հրաման: Ու կրակողը սպայություննա, այլ ոչ թե հասարակ զինվորը, ով սպայության դիրքի հասնելու համար գըզվռտուքի մեջ չի գտնվում ու ոչ էլ վարձատրվումա սպայության նման:

««Հայրենիք» կոչվածը երբևէ նման տեսակ հիմար զրկանքներ ու հարաբերություններ չի պահանջել:

«Ըստ էության այդ ստորությունները մարդ արարած կոչվածը բանակում պետքա տանի հանուն ստորանալու: Այդ ստորությունները պետքա տեսնի ու զզվի՝ հանուն տեսնելու ու զզվելու: Իսկ ընդեղ մենակ այս տեսակ գազանային հարաբերություններ են: Ով ուժեղ չեղավ ու ավազակի ոգի չունեցավ, ուրեմն, չաթլախա, ստորա, խեղճա ու ստրուկա:

«Այս տեսակ բանակը պետքա վերացվի: Բանակը իրենց պետքա որպես գուլագ ու գաղութ, որպես հանցագործ ինստանցիա, պետքա, որ երկրի ամբողջ արական բնակչության հոգին խեղեն: Սա հատուկա մտածված:

«Իսկ ով որ կասկածումա, ուրեմն հաստատ ընդեղ չի էղել, որի համար կարամ առաջարկեմ իրա զինկոմին նամակ գրի ու խնդրի, որ իրան տանի բանակ:

Վստահ եմ, որ չի մերժի զինկոմը: Հմի ոտը կտրած մարդկանց էլ են հաշվառման կանգնացնում, երևի մտածում են, որ կան մարդկանց ոտեր, որոնք իրեք տարին մեկ, կամիսիայից կամիսիա, աճում են, ով գիդի… Իսկ նրանց լակոտները երբեք չեն «ծառայի», այսինքն երբեք չեն ՆՍՏԻ բանակում: Փողով ու ծանոթով կառնեն զինգրքույկը, ոնց որ առնում են տարբեր մեդալները վեռնիսաժից ու կնստեն տանը՝ թախտին, մածուն զխտվելու»:

***

Հետաքրքիր է, որ սրանք, այս բայ-ստորոգյալներն ու թերբառ-ստորոգյալները իրար կպած են գրում նաև գրելու արվեստը նոր սովորող թե´ մանուկները, թե´ նոր սովորող մեծերից ոմանք, որովհետև սրանք էլ են առաջնորդվում իրենց լեզվական ռեֆլեքսներով: Ուրեմն.

Դրույթ 2. Այն փաստը, որ «եմ» բայի ստորոգյալն ու այս բայը, ինչպես նաև անկատար թերբառն ու «եմ» բայը առանձին ենք գրում (սև ա; ուտում ա), վճռող ու որոշիչ չի, քանի որ հայերեն խոսողն այս ստորոգյալ-բայ ու թերբառ-բայ միությունները, իր լեզվական ռեֆլեքսով, մի բառ է համարում (սևա; ուտումա):

Իրոք, մի ժամանակ մեր ուսյալները «կ» ու «չը» ապառնի կազմող մասնիկներն իրենց բայերից առանձին էին գրում՝ «կը գայ, չը կայ» ևն, բայց քանի որ խոսողն իր լեզվական ռեֆլեքսով սրանք մի բառ էր համարում ու «թերուսներն» էլ սրանք կպած էին գրում, ստիպված, «ուսյալներն» է´լ անցան սրանք միասին գրելուն:

Ենթադրելի է, որ եթե մի հրաշքով «ա» օժանդակը հայերեն գրական ոճերում ընդունելի համարվի, այս երևույթը կկրկնվի:

Այնինչ, երբ այս «ա»-ն (կամ թերբառը) ժխտվում է, խոսողն իր «լեզվական ռեֆլեքսով» «չի» ժխտականը արդեն առանձին բառ է համարում, գուցե ժխտականի զորավոր շեշտի պատճառով, ինչն ստիպում է, որ «չի»-ից առաջ դադար լինի: Օրինակ, «գազան չի; չի ուտում»:

(Իսկ «ա» օժանդակը երբեք շեշտ չի վերցնում):

Ավելի հետաքրքիր է, որ երբ օժանդակը գործածվում է վաղակատար ու անկատար թերբառների հետ, ու ժխտվելիս՝ ժխտական օժանդակը գալիս է թերբառի դե´մը. «անցելա», բայց «չի´ անցե», չնայած հարակատար ու ենթակայական դերբայ-գոյականն ածականների հետ գործածվելիս՝ նման բանը պարտադիր չի:

(Աբովյանի օրերին կար նաև հետադաս «ա´նցել չի»-ի պես ժխտականը, բայց մի տարօրինակ ձևով, թերևս գրական ոճերի ազդեցությամբ, սա մեռավ ընդամենը մի դարից էլ պակաս ընթացքում: Իրոք, որ լեզվական պրոցեսի գործերն անքննելի են):

Օրինակ «նստած/նստող եմ; նստած/նստող չեմ» ու «նստած/խոսող ա; նստած/ խոսող չի» նաև, բայց հազվագյուտ՝ «չեմ նստած; չի նստած» (եթե չի ասվում. «ե´ս չեմ նստած; ի´նքը չի նստած», երբ հնարավոր է, որ դեմքը շեշտվի), իսկ Երևանի բարբառում այսօր անհնար է, որ Երևանի բարբառո´վ ասվի. «Տե´նում չի» կամ «Տե՞նում չիի»:

Հետաքրքիր է մի ուրիշ բան: Ասվել է արդեն, որ Աբեղյանն իր ՀԼՏ-ի [3], 369-րդ էջում ասում է, թե. «...ոմանք ... մեր բայերի պարզ ժամանակները ... – գրեմ, գրես, գրե, գրենք, գրեք, գրեն, գրեի, գրեիր, գրեր, գրեինք, գրեիք, գրեին, – բացատրում են իբրև գր-եմ, գր-ես և այլն մասերից կազմված {թավատառն ու շեղատառն ի´մն է} ...»:

Այսինքն, հնարավո´ր է, որ Աբեղյանն իմ բացատրություններն իմացել է, բայց մերժել է սրանք:

13.7 Ստորոգելական վերադիրը ստորոգյա´լ է

Մանուկ Աբեղյանը ասում է (ib. 368 էջ, շեղատառն ու թավատառն ի´մն է).

«16. կան բայեր, ինչպես՝ դառնալ, կոչվել, հարմարվել և այլն {մի ուրիշ տեղ Աբեղյանը սրանց ավելացնում է նաև թվալ-ը}, որոնք մենակ հաճախ բավարար չափով որոշ {հստակ} բայիմաստ չունին. դրանց հետ սովորաբար դրվում է իբրև բայիմաստի լրացում մի գոյական կամ ածական, որ {այս տիպի} բայերին տալիս է ավելի որոշ {հստակ} բովանդակություն և կոչվում է ստորոգելիական վերադիր: {Այս} գոյականը կամ ածականը {իր} բայի հետ միասին կազմում են մի բաղադրյալ բայ-ստորոգյալ. օրինակ. Ներսես Դ-ը կոչվեց Շնորհալի խոսքի մեջ կոչվեց Շնորհալի բայ-ստորոգյալ է, իսկ Շնորհալի, մենակ առած, ստորոգելիական վերադիր:

«Այսպիսի բաղադրյալ բայ-ստորոգյալի մեջ ստորոգյալն արտահայտվում է ոչ բայիմաստով միայն և ոչ ստորոգելիական վերադրով միայն, այլ այս երկուսով միասին. ինչպես՝ վերևի օրինակի մեջ ստորոգյալը ոչ բայի ցույց տված հատկանիշը՝ կոչվելն է մենակ, և ոչ շնորհալի գաղափարը, այլ երկուսը միասին՝ շնորհալի կոչվելը, ինչպես թե մի բարդ բայով ասվեր՝ Ներսես Դ-ը շնորհալիակոչվեց»:

…………………………………………………………………………………………

«Բայն ու իր լրացումը միասին ստանում են մի բայի նշանակություն և երբեմն կարող են մի բայով ևս փոխանակվել, օրինակ, հող դառնալ-հողանալ. գոլորշի դառնալ-գոլորշիանալ. թագավոր դառնալ-թագավորել. ծաղիկները փունջ կապել-փնջել:

«Ստորոգյալն արտահայտվում է ուրեմն՝ կա´մ միայն բայիմաստով (Տիգրանը գնաց), կա´մ բայիմաստի հետ և ստորոգելիական վերադրով (Հողը փոշի դարձավ) և կամ միայն մի գոյականով կամ ածականով (Ջայլամը թռչուն է):

«17. Բայերն իրենց բայիմաստի նկատմամբ հաճախ բաժանում են երկու խմբի՝ ստորոգելիական կամ ածական բայեր {sic!} և վերացական կամ էական բայ:

«1. Ստորոգելիական կամ ածական բայերի բայիմաստը ցույց է տալիս մի որոշ հատկանիշ և կազմում է ստորոգյալ կա´մ մենակ, կա´մ մի ստորոգելիական վերադրի հետ: Այսպես են բոլոր բայերը, նույնիսկ եմ, լինիմ բայը, որ նշանակում է՝ գոյություն ունենալ, գտնվել (մի տեղ) և կարող է մենակ բայ-ստորոգյալ կազմել ինչպես՝ Նա այստեղ է, որ նշանակում է՝ Նա այստեղ է գտնվում, կա: Լինում է, չի լինում մի թագավոր, որ նշանակում է՝ գոյություն է ունենում, կար չկար մի թագավոր:

«2. Էական կամ վերացական բայն է եմ, լինիմ բայը միայն, երբ ցույց է տալիս լոկ ստորոգում, առանց որոշելու ստորոգյալը կամ խոսքի նյութը և ծառայում է միայն իբրև հանգույց՝ ենթակայի ու ստորոգյալի միջև, որ ենթակայի ու ստորոգյալի միջև կապակցություն առաջ բերի:

{Այս «եմ/լինեմ»-ը լոկ տրամաբանական copula չի, սա մի´շտ է այսպիսին, սրա համար էլ Աբեղյանի «և ծառայում է»-ն անտեղի է, ու մանավանդ անտեղի է այս «միայն»-ը, որովհետև այս «է»-ն բոլորովին էլ «չի ծառայում միայն իբրև հանգույց-copula», քանի որ թիվ ու ժամանակ էլ է ցույց տալիս:

{Աբեղյանը Ենայի համալսարանում փիլիսոփայություն է ուսումնասիրել, իսկ փիլիսոփայության հիմնական բաղադրիչներից մեկը մաթեմատիկական (ձևական) տրամաբանությունն է: Ձևական տրամաբանության համար «է» հանգույցի ժամանակ-եղանակը միշտ ներկա սահմանականն է, դեմքը՝ միայն 3-րդը, թիվն էլ՝ թերևս միայն եզակին: Բայց լեզուն մաթեմատիկա չի, լեզվի´ «է» բայը թիվ է´լ ունի, ժամանակ է´լ ու նաև դեմք է´լ}:

«Այս գործածությամբ այս բայը {«եմ/լինիմ»-ը} այնքան ընդհանուր մի դրություն է նշանակում, որ, կարելի է ասել, կազմում է լոկ խոսքի ձևը՝ առանց բովանդակության: Ուստի պետք է այս կամ այն հատկանիշով լրացվի՝ հասկանալի ու պիտանի խոսք կազմելու համար»:

Աբեղյանի այս դատողությունները նախ հաստատում են իմ այս շարադրանքի այն գլխավոր դրույթը, որ.

Դրույթ 1. Վիճակի «եմ/լինեմ/կամ» անկանոն եռյակ կազմող բայի ձևերն արտահայտում են գոյության բացարձակ ընդհանուր իմաստ, ու երբ որևէ անունը (կամ անվանական զուգորդությունը) ի´նքն է զուգորդվում այս «եմ/ լինեմ/կամ» բայի ձևերին, գոյության այս «եմ/լինեմ/կամ» բայի ձևերի այս բացարձակ ընդհանրությունը նեղանում, մասնավորանում հասնում է զուգորդվող անվա´ն (կամ անվանական զուգորդության) գոյության կոնկրետությանը:

Օրինակ, եթե ասենք «էր/կըլնի/կար», ուրեմն, կասենք՝ «գոյություն ուներ/կունենա/կար», բայց այս Տիեզերքում հնարավոր է, որ ամեն ինչն էլ «գոյություն ունենար, կամ գոյություն ունենա»:

Եթե ասենք «գազան էր/կըլնի/կար», արդեն այդ հնարավոր «ամեն ինչը» կնեղանա կդառնա «որևէ գազան», ինչը նորի´ց է ընդհանուր:

Եթե ասենք «Տիգրանը գազան էր», արդեն այդ «որևէ գազան»-ը կնեղանա կըդառնա «որևէ Տիգրան»:

Եթե ասենք «Մեր դասարանի Տիգրանը գազան էր», այս «որևէ Տիգրան»-ը կնեղանա կդառնա «Մեր դասարանի Տիգրանը», ինչն արդեն երևի խոսողի համար եզակի առարկա է:

Եթե ասենք «Մեր դասարանի Տիգրանը էրեկ կեսօրին գազան էր», արդեն նեղացրած կլինենք «էր» բայի անցյալ լինելու ընդհանրությունը:

Եթե ասենք «Մեր դասարանի Տիգրանը էրեկ կեսօրին մենակ ինքը գազան էր», լրացրած կլինենք բայի դեմքի թվի եզակիությունը:

Այսքանից հետո Աբեղյանին մնում էր, որ մի վերջնական քայլ էլ աներ ու հայտարարեր, որ «գազան էր» զուգորդությունը ոչ միայն բայ ստորոգյալ է, այլ ինքնին հենց բաղադրյալ բայ է, որ կա, ու որ սխալ չի լինի, եթե մի բառ համարվի ու նույնիսկ միասին գրվի՝ «գազանէր» ու, վերջին քայլով ասեր, որ այս «գազանէր»-ը արտահայտում է գազան լինելու այս մի մասնավոր վիճակի գոյությունը:

Բայց Աբեղյանն այս քայլը չարեց:

13.8 Կախումն ու ներունակությունը

Աբեղյանն իր ՀԼՏ-ի 50-51-րդ կետերում ([3], էջ 397-398) շարադրում է խոսքի մեջ բառերի կապակցության դասական տեսությունը, բայց այս շարադրանքի տրամաբանական ավարտունությունը տեղ-տեղ բավարար չի: Սա բնական կդառնա, եթե հիշենք, որ Աբեղյանի հիմնական ելակետերը մասամբ իմաստաբանական-փիլիսոփայական են, իսկ սրանք, ինչպես ասվել է, նախ միարժեք ու հստակ չեն ի բնե, երկրորդն էլ՝ հակադիր են լեզվական պրոցեսի զուգորդական-շղթայմունքային բընույթին, ինչը սույն գրքի ելակետն է:

Աբեղյանն ասում է (ձևավոր փակագծերի դիտողություններն ու հատածներն ի´մն են, Աբեղյանի խոսքը դարձրել եմ շեղատառ).

«50. Բառերը միասին խոսք կազմելու համար՝ պետք է իրար հետ որոշ հարաբերությամբ կապակցվեն: … Բառերի ստորադասությունը {այսինքն, այլ բառերի իրար իմաստը լրացնելը} իր տրամաբանական ձևով երկու տեսակ է՝ կախում և ներունակություն:

{Քիչ հետո ցույց կտրվի, որ լրացնող բառերի այսօրինակ տարբերակությունը տրամաբանական չի}:

«Կախման հարաբերության մեջ {այս հարաբերությունը քերականության մեջ կոչվում է խնդրառություն կամ վարում (սրանք Աբեղյանի խոսքերն են)} լրացում գոյականն ենթարկվում է լրացյալին, որ իր նշանակությամբ իշխում է նրան {լրացնող խնդրին}, խնդրելով, պահանջելով, որ լրացումը դրվի այս կամ այն {հոլովա}ձևով. լըրացումի կապակցության եղանակն և հարաբերությունն իր լրացյալի {լրացվողի} հետ՝ կախված է լրացյալից {լրացվողից}:

«Օրինակ՝ տրական հոլովը {հոլովաձևով տրված} ընկերիս {բառը} կախված է օգնեցի բայի բայիմաստից (ընկերիս օգնեցի). կարդացի բայն իր իր նշանակությամբ հայցական հոլով {հոլովաձևով բառ} գիրք բառն է պահանջում (գիրք կարդացի). իսկ Տիգրանի գոյականը սեռական է դրվում գիրքը գոյականի պահանջով (Տիգրանի գիրքը):

«Կախման հարաբերությունը … արտահայտվում է՝

«1. Անմիջապես հոլովներով միայն, – անմիջական կապակցություն.

«2. Հոլովների հետ նաև կապերով (նախադրությամբ ու հետադրությամբ), որոնց միջոցով խնդիրը կապակցվում է իր խնդրառուի հետ, – միջական կապակցություն:

«51. Ներունակության հարաբերության մեջ լրացումի ցույց տված գաղափարը մտածվում է իբրև իր լրացյալի մեջ արդեն պարունակված և նրա հետ միանում, համաձուլվում է իբրև մի գաղափար. կամ թե լրացումն ըմբռնվում է իբրև իր լրացյալի երկրորդ անգամ կրկնությունն ուրիշ բառով, այնպես որ լրացումն իր լրացյալին ստորադասվելով հանդերձ՝ խոսքի մեջ մի տեսակ նրան հավասար պաշտոն է վարում, կամ թե լծորդվում զուգորդվում է նրան և իր հոլովաձևով կախված չէ նրանից»:

{Ո՞վ ու ինչպե՞ս կապացուցի, որ «լրացումը հոլովաձևով կախված չի լրացյալից», կամ կապացուցի, որ «լրացումի գաղափարը մտածվում է իբրև իր լրացյալի մեջ արդեն պարունակված և նրա հետ միանում, համաձուլվում է իբրև մի գաղափար»: Կամ էլ կապացուցի, որ «լրացումն իր լրացյալին ստորադասվելով հանդերձ՝ խոսքի մեջ մի տեսակ {sic! «մի տեսակ»} նրան հավասար պաշտոն է վարում, կամ թե լծորդվում զուգորդվում է նրան և իր հոլովաձևով կախված չէ նրանից»}:

{Անհայտ է, որ Աբեղյանն իր այս «ներունակություններով» նկատի ունի հետևյալ տիպի զուգորդությունները, ինչն ինքն է´լ է ասում հենց հաջորդ էջին (օրինակներն ի´մն են). «գազան է; քար է; սև է; արագ է; առյո´ւծն է: Ե´ս գրեցի; դո´ւ գրեցիր; Արա´մը գրեց Աշոտին» ևն:

{Բայց ախր ինչո՞վ է սրանցից վերջինը, այս «Արա´մը գրեց Աշոտին»-ը տարբեր «Արա´մը օգնեց Աշոտին» հարաբերություն-կապակցությունից, որ երկրորդը համարենք խնդրառություն, իսկ առաջինը՝ ներունակություն, ինչպես Աբեղյանն է ասում: Հետո Աբեղյանն ասում է.}

«Նմանապես ենթական {բառ-ենթական} ներունակ է բայի դեմքին, այսինքն բայի դեմքի լրացում լինելով հանդերձ՝ միանգամայն և զուգադրվում է նրան, երկրորդ անգամ նույն գաղափարն արտահայտելով, ինչ որ բայի դեմքը: Ենթական ուրեմն մի տեսակ բացահայտիչ է բայի դեմքի. Նրա հոլովն ևս բայի դեմքից չէ կախված:

«Նույն ձևով և ստորոգյալի գաղափարը, – ինչպես և ամեն հատկանիշ իր առարկայի նկատմամբ, – պարունակվում է արդեն իր ենթակայի մեջ, և ստորոգյալն ու ենթական, – Անին Բագրատունյաց մայրաքաղաքն է, – ինչպես խոսքի երկու հավասար եզրեր, զուգորդվում են իրար: Ամեն ենթակա, ինչպես «Տիգրանը» ուղղականը նույնպես խընդրում է մի բայ-ստորոգյալ «գնաց», ինչպես և բայ ստորոգյալն ինքը պահանջում է մի ենթակա: Ենթակայի հոլովը բայից կախում չունի»:

{Աբեղյանն իրավացի է, երբ ասում է, թե «Արամը» բառը բացահայտում է «գրեց» բայի դեմքը», բայց այս անգամ ինչո՞ւ չմտածենք, որ «Արամը գրեց Աշոտին» խոսքի «Աշոտին» գոյականն է´լ բացահայտում լրացնում է «գրեց» բայի իմաստը, չէ՞ որ «գրեց»-ի հազար ու մի ձև կա, օրինակ, նամակ/ձոն/ոտանավոր/վեպ «գրեց»-ը, կամ Պողոսին, Պետրոսին ու այս Գնդի 7-8 միլիարդ բնակչից ամեն մեկին «գրեց»-ը, այս բազում-բազում ձևից մեկն էլ «Աշոտին գրեց»-ն է}:

{Մի երկու խոսք այս ներունակություն-լրացման հոլովից անկախության մասին: Ակնհայտ է, որ վերի իմ բերած օրինակներում այս լրացումների հոլովաձևը ուղղականն է: Ուրեմն, Աբեղյանի ասած հոլովաձևային «անկախությունը» պիտի հասկանանք ա´յն առումով, որ ներունակային լրացման հոլովաձևը միայն ուղղական-հայցականն է, այնինչ, կախման անուղղակի խնդիրների հոլովաձևերը կարող է լինի նաև մնացած չորս հոլովաձևը:

{Սա հաստատում է նաև 399 էջի Աբեղյանի 2-րդ ծանոթագրությունը}.

«Ուղղականն ու կոչականն իրենց բնավորությամբ կազմում են մի կարգի հոլովներ և կոչվում են անկախ հոլով, որովհետև ցույց են տալիս կա´մ մի առարկա առանց հարաբերության, խոսքի կապակցությունից դուրս (§ 54), կա´մ եթե որոշ հատկություն են ցույց տալիս՝ դառնալով ենթակա, ստորոգյալ և վերադիր, այդ հարաբերությունը լինում է ներունակությամբ և ոչ թե կախումով (§ 51):

{Հետո Աբեղյանը ամփոփում է}.

«Ներունական հարաբերությունը խոսքի մեջ արտահայտվում է՝

«1. Հոլովներով. 2. Համաձայնությամբ, որով լրացումն ու լրացյալը թվով, դեմքով կամ հոլովով միակերպ են գրվում:

«Ստորադասական կապակցությունն ուրեմն առաջ է գալիս հոլովներով, կապերով ու համաձայնությամբ: Բացի դրանից՝ ստորադասությունն արտահայտվում է նաև շարադասությամբ, որ վերաբերում է նաև համադասական կապակցությանը: Վերջինս արտահայտվում է նաև համադասական շաղկապներով»:

Սա Աբեղյանից արած իմ այս երկար քաղածի վերջն է:

Աբեղյանը հետո ([3], էջ՝ 400-401) անուղղակի ասում է, թե երբ հատկանիշը վերագրվում է «եմ» բային, այդժամ հատկանիշն արտահայտող բառն ուղղակի ստորոգյալ է (վերագրվող է), իսկ բայի հետ միասին վերցրած՝ բայ-ստորոգյալ է:

Իսկ երբ այս բառի իմաստը վերագրվում է (ստորոգվում է) մի անցողական (ու սրան համապատասխան անանցողական բայի, օրինակ, «դառնամ»-ին ու սրան համապատասխան «դարձնեմ»-ին), արդեն այս բառը ոչ թե ստորոգյալ է, այլ ըստորոգելիական վերադիր:

Օրինակ. «Ջուրը գոլորշի չի» խոսքի մեջ «գոլորշի» բառը ստորոգյալ է, իսկ. «Ջուրը գոլորշի դարձավ» խոսքի մեջ արդեն այս «գոլորշի» բառը ոչ թե ստորոգյալ-վերագրվող է, այլս ստորոգելիական վերադիր:

Աբեղյանն իմ բերած «Ջուրը գոլորշի չի» խոսքի փոխարեն բերում է «Ջուրը հեղուկ է» խոսքը, որ ասի, թե հեղուկ լինելը ջրի «մնայուն» հատկանիշն է, իսկ գոլորշի դառնալն արդեն այնպիսի հատկանիշ է, ինչը «ջուրն ստանում է, գոլորշի դառնալո´վ, փոխվելո´վ միայն» (էջ 400):

Ես բերեցի «Ջուրը գոլորշի չի» խոսքը, որտեղ ջրի գոլորշի չլինելը նորից ջրի «մնայուն» հատկանիշն է, բայց այս օրինակից երևում է, թե ինչքան դժվար է (ավելի ճիշտ՝ անհնար է), որ հիմնավորվի, թե երկրորդ օրինակի «գոլորշի»-ն արդեն պիտի ոչ թե ստորոգյալ (վերագրվող) համարվի, այլ մի այնպիսի ուրի´շ ու առաջինից այնքա´ն տարբեր բան, ինչին, իբր հարկադրված, պիտի ուրիշ անուն տանք, ու ինչին չպիտի ասենք «ստորոգյալ», այլ պիտի ասենք (օրինակ) «ստորոգելիական վերադիր»:

Սա ավելի հստակ է երևում Աբեղյանի մյուս օրինակից, ինչի «ստորոգյալ-զուգադիր» խոսքը բերում եմ համեմատության լրիվության համար. «Տիգրանը վերակացու է; Տիգրանը վերակացու կարգվեց»:

Ըստ Աբեղյանի, սրանցից առաջինի «վերակացու»-ն ստորոգյալ է (վերագրվող է), այսինքն, այս «վերակացու» բառը «է» բայի դեմք-ենթակային ու այս դեմքը լրացնող «Տիգրան» բառ-ենթակային ստորոգում վերագրում է վերակացու լինելը:

Իսկ երկրորդ խոսքի «վերակացու» բառը, իբր արդեն բոլորովին էլ ստորոգյալ չի (վերագրվող չի), այլ ստորոգյալի (թե՞ բայի) վրա դրվող մի բան, ինչին, հարկադըրված, չպիտի ասենք ստորոգյալ, այլ պիտի ասենք «ստորոգելիական վերադիր»:

Սա առնվազն տարօրինակ է, որովհետև բացատրելի չի, թե ինչո՞ւ պիտի բայի ժամանակի փոխվելուց «վերակացու» բառի «ստորոգյալ-վերագրվող» լինելը փոխվի ու դառնա «վերադիր» լինելը: Ու, առհասարակ, բացարձակ պարզ չի, թե այս «ստորոգյալ-վերագրվող» լինելը «վերադիր» լինելուց ինչո՞վ է տարբեր:

Սա միայն մի բացատրություն կարող է ունենա, որ.

Դրույթ 1. «վերակացու է» զուգորդությունը մի ամբողջական կառույց է, մի ամբողջական բայ է: Այս «վերակացու է» զուգորդությունը, ինչն այս «եմ» բայի «է» ձևին շղթայվելն է «ստեղծում», նույն «եմ»-ին միացնելով նախորդ (երբեմն՝ նաև հաջորդ) անունն ու այս անունը ձուլում մերում է «եմ»-ին (կամ «վարակում դարձնում է «եմ»-ային», այսինքն, «եմ» բայի մաս), ԲԱՅ Է, այս «վերակացույէ» միասին ընկալվող զուգորդական ԲԱՅՆ Է (ինչը հենց սրա համար եմ միասին գրել):

«Այնինչ, – ասում է Աբեղյանը, – «կարգվեց» բայն այս բանը չի անում ու այս «կարգվեց»-ն այս «վերակացու»-ն ընդամենը առնում ու իր վրա է դնում, սրա համար էլ այս «վերակացու»-ն թեև նորից ստորոգվող-վերագրվող է, բայց այս անգամ ընդամենը վերադիր է ու ոչ թե բայի մաս»:

Սա բացատրելի կլինի, եթե չժխտենք, որ «կարգվեց»-ը ոչ թե վիճակ կամ դրություն (կամ էլ՝ հատկանիշ) է արտահայտում, այլ վիճակի կամ դրության (կամ էլ՝ հատկանիշի) փոփոխություն, այսինքն, սկզբում Տիգրանը վերակացու չէր, բայց այժմ վերակացու է:

Ուրիշ խոսքով, Աբեղյանը ոնց որ բայերը բաժանի գոյության «եմ»-ային բայերի ու «կարգվեց»-ի պես փոփոխության բայերի, մանավանդ որ շեշտում է, որ այս վերջինները անցողական բայ են (չնայած հետո էլ ավելացնում է որ սրանց համապատասխան անանցողական բայերն էլ են ստանում ստորոգելիական վերադիր):

Բայց այս անգամ «Տիգրանը վերակացու չի» ու «Տիգրանը վերակացու չի կարգված» խոսքերի «վերակացու»-ն պիտի առաջինի մեջ համարենք ստորոգյալ-վերագրվող, իսկ երկրորդի մեջ՝ միայն ու միայն ստորոգելիական վերադիր, չնայած այս անգամ պրոցես չկա, ու այս խոսքերը, երկուսն էլ, գոյության կամ վիճակի խոսք են:

Այս եզրակացությունը չի փոխվի, եթե այս խոսքերը քննարկենք կապակցության հարաբերության տեսանկյունից, որովհետև կասկած չկա, որ այս երկու խոսքի կապակցություններն էլ ներունակային հարաբերություն են: Կնշանակի, պարզ չի, թե ինչո՞ւ է առաջին խոսքի «վերակացու»-ն ստորոգյալ-վերագրվող, իսկ երկրորդինը՝ միմիայն ստորոգելիական վերադիր:

Ավելի տարօրինակ է Աբեղյանի 401 էջի ծանոթագրությունը.

«…ստորոգելիական վերադիրը, լինի անցողական թե անանցողական բայերի հետ, միշտ միևնույն անփոփոխ, ուղիղ ձևով է դրվում, և այս դեպքում գոյականն առնվում է ոչ թե իր հոլովական նշանակությամբ, այլ լոկ իր բառական նշանակությամբ՝ իբրև բառի բուն, սկզբնական, անփոփոխ ձև»:

Այստեղ նախ խիստ զարմանալի է, որ գոյականն իր ուղղական հոլովաձևային նշանակությունից զատ ունի նաև «բուն, սկզբնական, անփոփոխ բառային նշանակություն»:

Օրինակ, «քար/ս/դ/ը» բառի այս «ուղղական հոլովաձևային նշանակությունը» ինչպե՞ս պիտի տարբերենք այս նույն բառի «բուն, սկզբնական, անփոփոխ բառային նշանակությունից», տրամաբանական ի՞նչ մի զորավոր հնարքով:

Սա պարզ չի ինձ, կամ էլ ես ինքս չունեմ տրամաբանական այս կարողությունը:

Հետո Աբեղյանը շարունակում է.

«Ջուրը գոլորշի դարձավ և Տիգրանը ջուրը գոլորշի դարձրեց խոսքերի մեջ երկու դեպքում էլ գոլորշի լրացումը դարձավ կամ դարձրեց բայերի հետ կազմում է մի բայ-ստորոգյալ, ինչպես թե մի բայով ասվեր՝ Ջուրը գոլորշիացավ. – Տիգրանը ջուրը գոլորշիացրեց»:

Իսկ նախորդող 368-րդ էջում Աբեղյանն ասում է.

«Ստորոգյալն ուրեմն, իբրև խոսքի մաս՝ եմ, լինիմ բայի այն գոյական կամ ածական լրացումներն են, որոնք պարզում են այդ բայի ընդհանուր անորոշ բայիմաստը և ցույց են տալիս, թե ինչ հատկանիշ է վերագրվում ենթակային: Օրինակ՝ Աստված բարի է խոսքի մեջ բարի ստորոգյալ է, Աստված՝ ենթակա, իսկ է՝ էական բայ»:

Սա Աբեղանից իմ այս նոր երկար քաղվածքի վերջն է:

Եզրակացություն. Տրամաբանական ոչ մի արգելք չկա, որ բայի որևէ հատկությունը (իմաստը, թիվը, ժամանակը, ստորոգելը ու նույնիսկ դեմքը) լրացնող ԲՈԼՈ´Ր ԱՆՈՒՆՆԵՐԻՆ ասենք ստորոգյալ (վերագրվող):

Այժմ անցնեմ սրա վերլուծությանն ու իմ եզրակացություններին: Սրա համար նախ պիտի նորից շարադրվի այս գրքի 4-րդ գլխի գիտական սահմանումների առթիվ ասված մի քանի բանը, վիճակի կամ հատկանիշի խոսքերի տեսությունը:

13.9ա Հայերենի «եմ»-այնությունը-1

Արդեն ասվել է, որ «եմ» բայն ու իհարկե սրա բոլոր ձևերը, օրինակ, երրորդ դեմքի եզակի ու ներկա ժամանակի «ա» ձևը, արտահայտում է գոյություն ունենալու հույժ ընդհանուր գաղափարը:

Բայց եթե մեր նամակ ստացողին գրած լինեն. «Առյուծ ա» կամ «Առյո´ւծն ա», ստացողը կիմանա, որ գոյություն ունեցող բանն արդեն ահագին կոնկրետ է, որ սա ինչ-որ մի առյուծ է առաջին դեպքում, կամ արդեն ծանոթ ու որոշակի առյուծ է, երկրորդ դեպքում: Այս առյուծ(ն) բառը կլինի «ա» բայի իմաստի´ լրացումը, որովհետև այս «ա» բայի արտահայտած գոյության անթիվ անսահման ձևերից մեկն էլ «առյուծ լինելն է»:

Իսկ այս «Առյուծ ա» կամ «Առյո´ւծն ա» զուգորդությունները, ըստ էության, կլինեն գոյություն արտահայտող «ա» չափազանց ընդհանուր բայի մի նեղ տեսակը, գոյության «առյուծային» տեսակը կամ ձևը կամ էլ հենց «առուծայնության» պարագան, այսինքն, կլինեն կամ կդառնան բա´յ, կդառնան «Առյուծա» կամ «Առյո´ւծնա» բայերը:

Ուրեմն, ես պնդում եմ, որ.

Դրույթ 1. Հայերենի որևէ անվան զուգորդությունը «եմ/լինեմ/կամ» գոյության բային ու սրա ձևերին ՆՈՐԻՑ գոյության մի նոր մասնավոր բայ է:

(Այս դրույթը, սկզբունքի տեսանկյունից, ճիշտ է, ոչ միայն մեկ անունը «եմ/լինեմ/ կամ» բային շղթայելիս զուգորդելիս, այլև ցանկացած բարդության բաղադրյալ անունն այս բային շղթայելիս-զուգորդելիս):

Այսինքն.

Դրույթ 2. Երբ այսօրվա հայերենի որևէ պարզ կամ բաղադրյալ անունը զուգորդվում է «եմ/լինեմ/կամ» գոյության բային ու սրա ձևերին, գոյության մի նոր մասնավոր ստատիկ բայ է արտադրվում:

Այս զարմանալի դրույթը բացատրում է, թե ուղեղի կեղևն ինչպես է լուծում այն խնդիրը, թե բնության մեջ առկա (գոյություն ունեցող) մարդու համար անսահման քանակով տարբեր վիճակներից ամեն մեկին ի´նչ առանձին «բայով նկարագրվող անուն» տա, ի´նչ բայ հորինի կեցության ամեն մի առանձին փաստի համար:

Պարզվում է, որ կեցության այս անսահման շատ վիճակներից ամեն մեկի համար «բայով նկարագրվող անուն» հորինելու կարիքը չկա, կարիք չկա, որ սրանցից ամեն մեկի համար մի նոր գոյության բայ հորինվի:

Ինչո՞ւ: Այդ կարիքը չկա, որովհետև կա մի ֆանտաստիկ ավելի հեշտ ձև.

Դրույթ 3. Գոյության անսահման քանակով առանձին ձևից ամեն մեկի բայը կարող է արտադրվի միմիայն «եմ/լինեմ/կամ» գոյության բայով ու սրա ընդամենը մի քանի ձևով, եթե սրանց որևէ պարզ կամ բաղադրյալ անուն զուգորդվի:

Ուղեղի կեղևը սրանով չի բավարարվել:

Դրույթ 4. Ուղեղի կեղևը մասնավոր բայ արտադրելու Դրույթ 2.-ի կամ Դըրույթ 3.-ի այս պարզ սկզբունքն ընդհանրացրել տարածել է բոլոր բայերի վրա, որ ցանկացած մասնավոր պրոցեսը նկարագրող պրոցեսային դինամիկ բայ ունենա:

Օրինակ, երբ ասում ենք «գնաց», չափազանց ընդհանուր բան ենք ասում, որովհետև հնարավոր է, որ այս Տիեզերքի ամեն մի բանն էլ գնա: Իսկ ո՞ր բայով ասենք, օրինակ, Պողոսի գնալուն: Մի նոր բայ հորինե՞նք սրա համար: Իսկ, օրինակ, Պետրոսի՞ գնալու համար: Իսկ քարի, փայտի, կոկորդիլոսի, մոծակի գնալու համա՞ր:

Ուղեղի կեղևը ոչ թե այս տարբեր «գնալուների» համար մի-մի առանձին բայ է հորինել, այլ ընտրել է այս անունները «գնամ» բային զուգորդելու «պարզագույն» ձևը. «Պողոսը/Պետրոսը/քար/փայտը/կոկորդիլոսը/մոծակը գնաց»:

Բայց նույնիսկ Պողոսի «մասնավոր գնալու» ձևերն են արտառոց շատ:

Օրինակ, հնարավոր է, որ Պողոսը թռվռալով, կա´մ տխուր, կա´մ արագ-արագ, կա´մ սողալով, կա´մ երեկ, կա´մ մի տարի առաջ, կա´մ մենակ, կա´մ 5 հոգով, կա´մ ընկերներով, կա´մ հուսահատ գնա, կամ էլ նույնիսկ այս ամենն իրար հետ:

Մի՞թե սրանցից ամեն մեկի գնալու կոնկրետ ձևի համար պիտի գնալու մի նոր բայ հորինվի, օրինակ. թռվռալով գնալու համար «հմբաց»; տխուր գնալու համար «շամբաց»; արագ-արագ գնալու համար «լումբաց»; սողալով գնալու համար «թոմբեց» ևն, ևն:

Ուղեղի կեղևը ընտրել է ոչ թե այս անսահման քանակով «գնալու» նոր բայ ըստեղծելու ուղին, այլ զանազան ու անասելի շատ տարբեր անունը նույն «գնամ»-ին զուգորդելու սկզբունքը, օրինակ.

«Պողոսը, թռվառալով, հպարտ-հպարտ ու արագ-արագ, նաև երբեմն սողալով, մի տարի առաջ ընկերներով ԳՆԱՑ Տիեզերքի խուլ անկյուններից մեկը»:

Ըստ էության, լեզվական պրոցեսի մասին արված ամենաընդհանուր ու իմ համար ամենազարմանալի եզրակացությունը հետևյալն է.

ՕՐԵՆՔ. Լեզվական պրոցեսն իրագործվում է բառերի զուգորդությամբ կամ շղթայվելով: Իսկ ավելի կոնկրետ, լեզվական պրոցեսն իրագործվում է անվանական զուգորդությունները զուգորդելով շղթայելով բայական ձևերին:

Ավանդական քերականություններն այս եզրակացությունը մի ուրիշ ու, ըստ էության, ոչ այնքան տարբեր ձևով են մեկնաբանում:

Օրինակ, Աբեղյանն ասում է (ոչ բառացի, սա Աբեղյանի բացատրության ի´մ մեկնաբանությունն է), թե այս «առյուծ» բառն այս «ա» բայի բառ-ստորոգյալն է, այսինքն, բառ-վերագրվողն է (ինչը, վերագրվելով «ա» բայի իմաստին, ներունակային մի հարաբերությամբ այս «ա»-ի կեցության անսահման անորոշությունը նեղացնում ու դարձնում է ընդամենը «առյուծայի´ն կեցություն, առյուծայի´ն լինելություն, առյուծայի´ն գոյություն»):

Եթե ասված նամակի մեջ գրված լինի. «Էսի առյուծ ա» կամ «Էսի առյո´ւծն ա»,

այս «Էսի» բառը արդեն կլրացնի «ա» բայի նաև ու առաջին հերթին դե´մքը, ու կլինի այս բայի բառ-ենթական, իսկ «առյուծ(ն)» բառը նորից կլինի ստորոգյալ-վերագրվողը:

Նույն կերպ, եթե նամակի մեջ գրված լինի. «Առյուծը գազան ա» կամ «Գազանն առյուծ ա», առաջինի «առյուծը» կլրացնի «ա» բայի դեմքը, ուրեմն, կլինի բառ-ենթակա, իսկ երկրորդի «առյուծը» կլրացնի «ա» բայի իմաստը, ուրեմն, կդառնա ստորոգյալ (իմաստին վերագրվող):

Հենց «Առյուծը գազան ա» խո´սքն է տրամաբանական ասույթի կառուցվածքը:

Ինչպես արդեն ասվել է, սխալ չի լինի, որ այս «Առյուծը գազան ա» խոսքին ու սրա պես խոսքերին ասվի ԳՈՅՈՒԹՅԱՆ խոսք:

(Հիշեցնեմ, որ «խոսք» տերմինն այս գրքում ունի «նախադասություն» իմաստը):

Վիճակի կամ դրության կամ հատկանշի ԳՈՅՈՒԹՅԱՆ խոսք են հետևյալ տիպի խոսքերը. «Առյուծը սատկած է; Առյուծը շեկ է; Առյուծը չար է; Առյուծը հղի է», որովհետև սրանք բոլորն էլ նկարագրում են առյուծի տարբեր (քիչ թե շատ՝ անփոփոխ, հարատև) վիճակները: Այս խոսքերի «սատկած; շեկ; չար; հղի» բառերը, բոլորն էլ, բառ-ստորոգյալ են:

Եթե ասվի. «Առյուծը սատկեց; Առյուծը կատաղեց; Առյուծը դարձավ ձեռնասուն; Առյուծը երա´զ թվաց» ևն, արդեն կունենանք պրոցեսի´, գործողությա´ն կամ դինամիկ ԳՈՅՈՒԹՅԱՆ խոսքեր, որոնք նկարագրում են առյուծի վիճակի փոփոխությո´ւնը, ավելի ճիշտ, վիճակի փոփոխության ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ կամ մի վիճակից մի ուրիշ վիճակին անցնե´լու ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ. կենդանի էր, սատկեց (կամ՝ կար, ու հիմա չկա); խաղաղ էր, կատաղեց; վայրի էր, դարձավ ձեռնասուն; իրական էր (թվում), թվաց երազ ևն: Ուրեմն.

Դրույթ 5. Լեզուն նույնիսկ պրոցեսի դինամիկ խոսքերն է համարում հենց այդ իսկ պրոցեսների´ ԴԻՆԱՄԻԿ ԳՈՅՈՒԹՅԱՆ խոսք:

Ուրեմն, Աբեղյանի ասած «ոմանց դասակարգության» ստորոգելիական կամ ածական բայերն ուղղակի ՊՐՈՑԵՍԻ´ ԳՈՅՈՒԹՅԱՆ բայերն են:

Տեսանք, որ Աբեղյանն ասում է, թե «դառնամ, կոչվեմ, համարվեմ, թվամ» ու սրանց պես այլ բայերի իմաստը լրացնող բառերը ոչ թե ուղղակի ստորոգյալ են (այսինքն, ոչ թե բայի իմաստին վերագրվող-ստորոգվող են), այլ «ստորոգելիական վերադիր» են:

Այսինքն, սրանց լրացումները ոչ թե բայիմաստի´ լրացումն են, այլ այս լրացումից իբր մի քիչ տարբեր են ու սրա համար էլ պիտի իբր չկոչվեն ստորոգյալ, այլ ստորոգելիական վերադիր, որովհետև իբր այս «դառնամ, կոչվեմ, համարվեմ, թվամ» բայերը մոտ են «եմ» բային, այսինքն, իբր, գոնե մի քիչ, գոյություն կամ կեցություն են ցույց տալիս:

Չնայած արդեն ասվեց, որ սա տրամաբանական չի, բայց այս սխալն իսկույն ու շատ ավելի ակնհայտ է երևում, երբ քննարկում ենք այս բայերի ոչ միայն անցյալ կատարյալը (Աբեղյանը միայն սա´ է անում), այլ ուրիշ ժամանակները ևս:

Աբեղյանն ասում է, օրինակ որ երբ ասում ենք. «Ներսես Դ-ն շնորհալի է», այս «շնորհալի»-ն ստորոգյալ է, բայց երբ ասում ենք, թե. «Ներսես Դ-ն կոչվում է շնորհալի» կամ «Ներսես Դ-ն շնորհալի է կոչվում», այս «շնորհալի»-ն արդեն ոչ թե ուղղակի ստորոգյալ է, այլ էական բայի ստորոգելիական վերադիրն է:

Բայց դժվար թե մեկը պնդի, որ բառի ստորոգյալ լինել չլինելը (այսինքն, բայի իմաստին վերագրվելը) կախված է բայի ժամանակից:

Եթե սա ճիշտ լիներ, «Առյուծը գազան է» խոսքի միջի «գազան» ստորոգյալը նույն խոսքի խոնարհած ձևերից մի քանիսի մեջ պիտի չհամարեինք ստորոգյալ-վերագրվող, այլ պիտի համարեինք Աբեղյանի ասած վերադիրը.

«Առյուծը ձեռնասուն է»

«Առյուծը ձեռնասուն էր»

«Առյուծը ձեռնասուն կլինի/կդառնա»

«Առյուծը ձեռնասուն պիտի լինի/դառնա»

«Առյուծը ձեռնասուն եղավ/դարձավ»

«Առյուծը ձեռնասուն է լինելու/դառնալու»

«Առյուծը ձեռնասուն էր դառնում»

ևն, ևն: Մի՞թե այս խոսքերից առաջին երկուսի մեջ «ձեռնասուն» բառը զուտ բառ-ստորոգյալ-վերագրվող է, իսկ մնացածների մեջ մի քիչ ուրիշ բան է:

Դրույթ 6. Աբեղյանի ստորոգելիական վերադիր կոչածն ու ստորոգյալ կոչածը լրիվ նույնն են, ու ոչ մի սխալ չի լինի, որ այս երկուսն էլ կոչվեն բառ-ստորոգյալ կամ ուղղակի ստորոգյալ:

Բերված օրինակներից առաջին ու վերջին երկուսը հիանալի են ցուցադրում իմ այն թեզը, թե «ձեռնասուն է/էր» զուգորդությունը արդեն մեկ միասնական բայ է, մեկ բառ է, ու տրամաբանական կլիներ, եթե սա գրվեր միասին, կպած՝ «ձեռնասունէ/էր»:

(Սա չի նշանակում, որ ես առաջարկում եմ, որ սրանք միասին գրենք):

Այսինքն, ինչպես արդեն ասվել է, հայերենի էվոլյուցիան այնպիսի մի զարմանալի վիճակի է հասել, որ.

Դրույթ 7. Սահմանականի հաստատականների «եմ» բայը, զուգորդվելով (շղթայվելով) անուններին, նորից մնում է էական (օժանդակ) բայ, բայց արդեն գոյության որոշակի կամ ավելի նեղ կամ մասնավոր իմաստով:

Օրինակ, «Առյուծը է» խոսքը նշանակում է, թե առյուծը առհասարակ կա´, գոյություն ունի, իսկ «Առյուծը ձեռնասուն է» խոսքը նշանակում է, որ առյուծ առհասարկ կա, գոյություն ունի, բայց կա ձեռնասուն ձևով, կա ձեռնասուն վիճակում: Այստեղ խոսողի մտքի թե´ «է»-ն, թե´ «ձեռնասուն է» միությունը, օժանդակ բայ են:

«ձեռնասուն է» զուգորդության այս «եմ»-այնությունը (բայությունը) չի կորում նաև ժխտելիս՝ «ձեռնասուն չի», ու ժխտելիս այս երկու բառի նույնիսկ հերթականությունը չի փոխվում, ինչը (փոխվե´լը) Երևանի այսօրվա բարբառում պարտադիր է վաղակատար ու անկատար թերբառներով կազմվող բայերի համար («վազել եմ-չեմ վազել; անում եմ-չեմ անում», բայց, ինչպես ասվել է, մոտ մի դար առաջ հնարավոր էին նաև հետադաս ժխտականով ձևերը):

Այնուամենայնիվ, խոսողը ժխտական ձևերի այս «չի»-ն թերևս առանձին բառ է համարում, գուցե ժխտականի այսօրվա պարտադիր զորավոր շեշտի պատճառով (ինչն ըստիպում է, որ ժխտականից հետո մի դադար առաջանա), այնինչ, «եմ»-ն ու սրա ձևերը երբեք չեն շեշտվում (չնայած հարցականների ժամանակ երկարում են):

Դրույթ 8. Հայերենի «եմ» բայի ու սրա ստորոգյալի ֆորմալ (այսինքն, վերացական) զուգորդություն-միությունը հայերենին վիթխարի քանակով կեցության, այսինքն, «եմ»-ային օժանդակ կամ գոյության ստատիկ բայ է արտադրում, որոնք արդեն կարող են զուգորդվեն-«սպասարկեն» ոչ օժանդակ բայերին, այսինքն, պրոցեսի´ գոյության դինամիկ բայերին:

Օրինակ. Հետևյալ «Առյուծը քնածէր, բայց արթնացավ ու հորանջեց», խոսքի «քնածէր» բայը ցույց է տալիս, որ առյուծի առաջվա վիճակը քնած (շարունակական) ստատիկ գոյության վիճակն էր, բայց հետո այդ վիճակը փոխվեց ու առյուծն արթնացավ/հորանջեց/ մռնչաց (անցավ դինամիկ գոյության վիճակներին») ևն, ևն:

Թերևս Աբեղյանն ինտուիցիայով զգացել է, որ «գազանա» կամ «ցուրտա»-ի պես զուգորդություններից ամեն մեկը մեկ բառ է, ընդ որում բա´յ է ու հենց սրա համար է այս միությունը կոչել բայ-ստորոգյալ:

Բայց Աբեղյանը սխալվում է, երբ ասում է, թե «գոլորշի դարձավ»-ի «գոլորշի»-ն «դարձավ» բառի ստորոգելական վերադիրն է, ոչ թե ստորոգյալը, որովհետև (իբր) միայն այս «դառնամ, կոչվեմ, համարվեմ, թվամ» բայերն են (ու մի քանի ուրիշ բայ), որ մոտ են «եմ» բային:

Դրույթ 9. Աբեղյանի ասած այս բայ-ստորոգյալը, ինչին գուցե ասեինք՝ «վիճակի գոյության նեղ» կամ «մասնավոր օժանդակ բայ», հայերենի «եմ» օժանդակ բայի մի զարմանալի ընդհանրացումն է, ինչը, ինչպես ասվել է, անհիշելի ժամանակներում մի անգամ է´լ է եղել, երբ այս «եմ» օժանդակը միացել է «աս+եմ, ան+եմ, դառն+ամ, կոչվ+եմ, համար+վեմ, թվ+ամ» կառույցների բներին ու սրանց դարձրել է բայ:

Հետո, այս պրոցեսը կրկնվել է, երբ հայերենի հին ու եռաֆունկցիոնալ սահմանականն սկսել է միանալը «եմ»-ին, որ կազմի այսօրվա արդեն «մասնագիտացած» սահմանականը, հայերենին ընձեռնելով անսահման քանակով պրոցեսի´ դինամիկ գոյության բայ-խոսք ստեղծելու հնարավորություն (ավելի մանրանասն տես հետո):

Օրինակ, երբ հայն ասում է. «բռնում եմ», շատ ընդհանուր ու անորոշ բան է ասում, որովհետև հնարավոր է, որ այս բռնելիքը լինի ամե´ն ինչ՝ «գազան, փայտ, կացին, ձու, ձուկ, մարդ, ձեռ, ոտ, քիթ» ևն, ևն:

Բայց երբ հայն ասում է. «բռնում եմ գազան/փայտ/ձուկ/ ձեռ/ոտ» ևն, արդեն ավելի´ որոշակի բան է ասում: Բայց այս շարադասությունը հազվագյուտ է, ու նաև պահանջում է, որ անկատար թերբառը շեշտվի. «բռնո´ւմ եմ գազան/փայտ/ձուկ/ ձեռ/ոտ» ևն:

Թերևս հենց այս օրինակների անալոգիայով, լեզվական պրոցեսի էվոլյուցիան այս իրավիճակներում ընտրել է այս ստորոգյալները «եմ»-ին զուգորդելով մի նոր գոյության բայ սարքելն ու շրջուն շարադասությունը, շեշտելով արդեն բառ-ստորոգյալը. «գազա´նեմ/փա´յտեմ/ձո´ւկեմ/ ձե´ռեմ/մա´տեմ», որ հետո էլ գոյության այս նորաստեղծ ստատիկ ԲԱՅԵՐԸ շղթայի զուգորդի անկատար, համակատար ու վաղակատար թերբառներին ու սրանցից նոր բաղադրյալ բայեր կազմի.

«գազա´նեմ/փա´յտեմ/ձո´ւկեմ/ ձե´ռեմ/մա´տեմ բռնում»,

«գազա´նեմ/փա´յտեմ/ձո´ւկեմ/ ձե´ռեմ/մա´տեմ տալի»,

«գազա´նեմ/փա´յտեմ/ձո´ւկեմ/ ձե´ռեմ/մա´տեմ բռնել»,

շեշտելով արդեն բառ ստորոգյալը:

Այսինքն, լեզուն այս «գազա´նեմ» գոյության մասնավոր ու «բաղադրյալ» բայը, այս «կրկնաբայը», շղթայում զուգորդում է «բռնում, տալի, բռնել» թերբառներին ու նոր «բաղա-բաղադրյալ» բայ է ստեղծում, ճիշտ այնպես, ինչպես «բռնում, տալի, բռնել» թերբառերն է զուգորդում «եմ»-ին («բռնումեմ, տալիսեմ, բռնելեմ») ու բաղադրյալ «կրկնաբայ» է սարքում:

Տարօրինակ է, որ այս անգամ շղթայվող զուգորդվողը գոյության այս «կրկնաբա´յն» է, այս «գազա´նեմ» գոյության մասնավոր բա´յն է, բայ-ստորոգյա´լն է), ինչը ձախի´ց է շղթայվում զուգորդվում «բռնում, տալի, բռնել» թերբառներին (ճիշտ Երևանի բարբառի ժխտական «չեմ»-ի պես), ի տարբերություն գոյության «եմ» ֆունդամենտալ բայի, որին թերբա´ռն է ձախի´ց զուգորդվում (հաստատական խոսքերում):

Հիպոթեզ. Թերևս թե´ ժխտական «չեմ»-ի, թե´ այս «կրկնաբայի» ձախ գալը գոյության այս տեսակը շեշտելու համար է: Սա, ժխտականի այս ձախ գալը, հատուկ է ոչ միայն Երևանի բարբառին, այլև, օրինակ, այսօրվա անգլերենին:

Նկարագրված այս ողջ երևույթը ինձ թե´ զարմանալի է թվում, թե´ հրաշալի, թե´ ֆանտաստիկ:

Կրկնաբայական այս հարացույցն արդեն շատ ընդհանուր է, ու ակնհայտ է, որ, օրինակ, այս «բռնում» անկատարի տեղը կարող են լինեն (սկզբունքով) մնացած բոլոր թերբառները. «տանում, ընտրում, տեսնում» ևն, ևն, ու ոչ թե միայն Աբեղյանի ասած «դառնամ, կոչվեմ, համարվեմ, թվամ» բայերը:

Ասվածը վերաբերվում է նաև համակատար երեք թերբառին ու վաղակատարին ու ապակատարին:

Արդեն ասվեց, որ.

Դրույթ 10. Հայերենի բայաստեղծության այս «եմ»-ային ձևը ոչ միայն զարմանալի է ու խիստ բեղուն, այլև ընդհանուր է ու, կարելի է ասվի, հայերեն խոսքի հենց էությունն է:

Իրոք, չէ՞ որ «անումեմ, գնացելեմ, տեսնումենք, բռնելուէր, նստած էի, վազողէի, տալիսենք, արագեմ, լավեմ, ճիշտեմ, սխալեմ» ևն, ևն կրկնաբայերի գործողության սկզբունքը, մի´շտ է հիմնված «եմ» բայի հետ միանալու սկզբունքին:

Եթե ճիշտ է այն թեզը, թե բայի ըղձական ձևերն էլ են առաջացել բայի բնի ու «եմ»-ի ձուլվելով (տես, օրինակ, «ան+եմ/աս+եմ/գր+եմ» [7], IV Ա, էջ 253; IV Բ, 371-372), ուրեմն այս երևույթը չափազա´նց է ընդհանուր:

(Մնում են կատարյալները, սրանք էլ թերևս առաջացել են «եմ» անկանոնը լրացնող օժանդակ համարվող բայերի ԱՆՑՅԱԼՆԵՐԻ´ հետ ձուլվելով):

Իսկ եթե հիշենք, թե հնարավոր է, որ պրոցեսի «արելեմ, անումեմ, անելուեմ» ևն բայերը մեկնվեն որպես անելու պրոցեսի´ դինամիկ ԳՈՅՈՒԹՅԱՆ բաղադրյալ «եմ»-ային մասնավոր բայ, կստացվի, որ.

Թեորեմ 1. Հայերենն ուներ ու ունի թերևս միայն մի հատ ունիվերսալ բայ, ԳՈՅՈՒԹՅԱՆ «եմ/լինեմ/կամ» անկանոն բայը, ինչի զուգորդություններից էլ ստեղծվել ու ստեղծվում են մնացած բոլո´ր ՄԱՍՆԱՎՈՐ ՍՏԱՏԻԿ ՈՒ ԴԻՆԱՄԻԿ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ցույց տվող անհուն թվով ածանցյալ բայական ձևը:

Ուրեմն, ճիշտ է հետևյալը.

Թեորեմ 2. Հայերենի բայաստեղծության (ուրեմն, նաև խոսքաստեղծության) ընդհանուր (ունիվերսալ) սկզբունքը բառերի ու բառաբների շղթայվել-զուգորդվելով մերվելն է «եմ/լինեմ/կամ» իբր «օժանդակ» անկանոն բայի ձևերին: Ճիշտ կլիներ, որ այս բայը կոչվեր ոչ թե օժանդակ, այլ «ունիվերսալ, ֆուդամենտալ, արմատական»: Այսինքն, հայերենի լեզվական պրոցեսն «եմ»-ային է (ավելի ճիշտ, «եմ/ լինեմ/կամ»-ային է): Այլ խոսքով, հայերեն լեզվի սպոնտան պրոցեսն «եմ/լինեմ/ կամ»-ակենտրոն է:

Այս սկզբունքը գործել է գրաբարյան շրջանից առաջ (ու երևի այս կամ այն չափով հատուկ է հնդեվրոպական լեզուների վաղնջական (կամ նույնիսկ՝ մայր լեզվի), հին ու միջին ու մասամբ էլ նոր վիճակներին: Հետո սա զարգացել է միջին հայերենի շրջանում ու գործում է առ այսօր:

Շեշտեմ, որ հնարավոր է, որ այս երևույթը կամ գործելու այս սկզբունքը ընդհանուր է բոլոր լեզուներին:

13.9բ Հայերենի «եմ»-այնությունը-2

Ահա թե ինչ է ասում Աճառյանը ([7], IV Ա, էջ 371, կետադրությունը թեթևակի փոխել եմ, շեղատառն ու հատածներն ի´մն են).

{Հայերենի գրաբարյան շրջանի} «եզ. ա դեմքի -մ վերջավորությունը ծագում է հնդեվրոպական նախալեզվի անբուն -mi ձևից. այսպես՝ եմ<հնխ. e´smiբառնամ, հունարեն δάμνα˜μι, լնում, հունարեն ζένγυ˜μι: Այս բոլորի մեջ հայերեն մ-ն անբուն -mi ձևն է ներկայացնում:

«Բնավոր ձևի ա դեմքի վերջավորություն էր հնդեվրոպական նախալեզվի õ -ն, որ հայերենի մեջ պիտի ընկներ, և հնդեվրոպական նախալեզվի bhe´ro˜ {(հունարեն φέρω, լատիներեն ferõ, գոթերեն baira) ձևի դեմ պիտի ստանայինք հայերեն բեր: Այս անստույգ ձևից ազատվելու համար {ասում է անստույգ, որովհետև երևի դեմքը որոշող վերջավորություն չուներ} ահա հայերենը բնի ձայնավորը, ինչպես և անբուն ձևի -mi վերջավորությունը դրել է նաև մյուս բայերի վրա:

«Նույն երևույթը նկատելի է նաև սանսկրիտի, իսլանդերենի և սլավական բարբառների մեջ, այնպես որ իրար լրիվ համապատասխան են գալիս՝ հայերեն՝ բերեմ=սանս. Bhárāmi=իռլ. berim=սերբ. Berem»:

Այս երկար կտորը դրեցի այստեղ, որ նախ ցույց տամ, թե հավանական է, որ.

Դրույթ 1. Անունները (բայաբնե´րը) «e´smi=եմ»-ին զուգորդելով բայ արտադրելը հատուկ էր հնդեվրոպական մայր լեզվին թերևս արդեն մոտ 4-6 հազար տարի առաջ, գուցե նույնիսկ ավելի´ առաջ, ու հայերենն այս արդեն զուգորդված բայերն ուներ մայր լեզվից անջատվելուց առաջ, ինչի վկայությունը սրանց առկայությունն է հնդեվրոպական այլ լեզուների մեջ:

Թերևս սրանք հաշվի առնելո´վ է Աճառյանը կտրուկ ասում, թե. «Զանազան լեզուների բայական ձևերի քննությունից երևում է, որ դեմք արտահայտող բայական վերջավորությունները ուրիշ բան չեն, եթե ոչ անձնական դերանունների մաշված ձևերը»:

(Նույն բանն ասում է նև Աբեղյանն իր [3]-ի մեջ, օրինակ, էջ 298):

Բացի այս ամենը, Աճառյանը նաև ասում է ([7], IV Բ, էջ 173), թե. «Ամեն լեզվի մեջ էլ ներկան կարող է իբրև ապառնի գործածվել»: Սրա համար էլ գրաբարի, օրինակ, «երթամ»-ը կարող էր նաև թե´ սահմանական ներկայի, թե´ ըղձականի, թե´ ապառնու իմաստով գործածվեր: Սրա նման մի բան կա Երևանի այսօրվա բարբառում ու թերևս «ում» ճյուղի բոլոր բարբառներում:

Օրինակ, այսօր հնարավոր է խոսելու պահին (ներկա ժամանակում) երկու երեվանցու հետևյալ դիալոգը.

– Էթում եմ Լոնդոն:

– Ե՞րբ:

– Էրկու ամիս հետո, հլը պտի վիզան հանեմ:

Սա, այս «էթում եմ»-ը, այս դիալոգի մեջ միմիայն ձևով է ներկա, իսկ իմաստով, ակնհայտ, ապառնի է, այսինքն, նշանակում է «էթալու եմ», կամ «պիտի էթամ» կամ «կէթամ»:

Ի՞նչն է այս «էթում եմ»-ի պայմանադիր ներկա իմաստը դարձնում ապառնի: Անկասկած է, որ ապառնի դարձնողը սրա բառային կամ խոսքային շրջապատն է, այս օրինակի մեջ՝ «Էրկու ամիս հետո, հլը պտի վիզան հանեմ» խոսքը:

Այսօր այս երևույթը տարածված է հնդեվրոպական լեզուների մեջ, օրինակ, հայերենի, ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի ու գերմաներենի ներկան կարող է արտահայտի նաև ապառնի (հենց նոր ասվածի պես, [7], IV Ա, էջ 48):

Հետաքրքիր է, որ հայերենի արևելյան բարբառների «կ»-ով ապառնին արևմտյան բարբառներում սահմանականի ներկան է: Երբ երևանցին գյումրեցուն հարցնում է. «Կորյուն, ո՞ւր ես էթում», գյումրեցի Կորյունը պատասխանում է. «Տո´ւն կէրթամ, Մերուժ ջան», այսինքն, «տուն եմ էթում», հենց հիմա´, հենց ա´յս պահին:

Ներկան շատ անգամ նույնիսկ անցյալ է արտահայտում, օրինակ. «Դինոզավրերն անհետանում են մոտ 40-60 միլիոն տարի առաջ»; «Վարդան Մամիկոնյանը գնում է Տիզբոն»; «Լինում է, չի լինում՝ մի թագավոր է լինում» ևն:

Հնարավոր է, որ ապառնի ձևը արտահայտի ներկա, օրինակ. «Արամը հմի տունը կըլնի, հա´ պտի որ էկած ըլնի» [ib]:

Հնարավոր է, որ ներկան արտահայտի «մշտական ճշմարտություն», ինչը թե´ անցյալում է ճիշտ եղել, թե´ ներկայում, թե´ ապագայում (Աճառյանը սրան ասում է «ժամանակից անկախություն» [ib]): Օրինակ, «Մետաղները, առհասարակ, բյուրեղ են; Ջուրը եռում է 100 աստիճանում; Տիեզերքն ընդարձակվում է; Սոցիալիզմը կործանարար է» ևն:

Հնարավոր է, որ ձևով անցյալը կամ ձևով ապառնին արտահայտի ներկա ու կամ նույնիսկ մշտական ճշմարտություն, օրինակ. «սուտ ասողի տունը կրակ ընգավ, ոչ մեկը չհավատաց» կամ «սուտ ասողի տունը կրակ ընգնի, ոչ մեկը չի հավատա»: «Այս բոլորը ցույց են տալիս, թե ժամանակի գաղափարը խախուտ է, և նրանք կարող են հաճախ իրար տեղ գործածվել [ib., 48]»:

Օրինակ, գրաբարի սահմանականի ներկան («ասեմ, խոսեմ» ևն) բացի ներկան արտահայտելուց, արտահայտում էր նաև ըղձականը: Հետո, երբ սահմանականի ներկան փոխարինվեց սեռական-տրական հոլովաձևը զուգորդելով «եմ» բայի ձեվերին, ու սրանք կազմեցին նոր (ըստ էության, այսօրվա) սահմանականը, գրաբարյան հին սահմանականը դարձավ այսօրվա ըղձականը:

Գրաբարյան շրջանին նախորդող ընթացքում էլ թերևս սահմանականի հին ձևերի մեջ էլ մասնիկներ խրելով, առաջացել էին ստորադասականները («առաջին» ու «երկրորդ» ապառնիները):

Օրինակ. «Գրաբարի 1-ին ու 2-րդ ապառնիները թերևս համապատասխան են արդի հայերենի ըղձական, պայմանական կամ ենթադրական ու հարկադրական եղանակներին: Սրանց ժխտականը կազմվում է «ոչ»-ով, ինչը դրվում է բայից առաջ, օրինակ, «գրիցեմ-ոչ գրիցեմ» (1-ին ապառնի), «գրեցից-ոչ գրեցից» (2-րդ ապառնի: Այս երկու ձևն էլ նշանակում են՝ «գրեմ, կգրեմ, պիտի գրեմ» ու, սրանց համապատասխան՝ «չգրեմ, չեմ գրի, չպիտի գրեմ» ևն:

«Սրանցից առաջին ապառնին կազմվում է ներկայի հիմքից, բայական ածանցները պահպանվում են, օրինակ, «առնիցեմ, առնիցես, առնիցէ»: Երկրորդ ապառնին կազմվում է անցյալ կատարյալ հիմքից, օրինակ. «արարից, արասցես, արասցէ» (Աստուած մի արասցէ = աստված չանի):

«Տարահիմք բայերի դեպքում առաջին ու երկրորդ ապառնիները կազմվում են տարբեր հիմքերից, օրինակ. «ըմպիցեմ-արբից, ուտիցեմ-կերայց», կամ 2-րդը՝ «կերիցես» ևն:

«Կան և խառն խոնարհումով խոնարհվող բայեր: Մի կարևոր բան էլ կա. առաջին ապառնին ունի ընթացքի մեջ լինելու, անկատարության իմաստ, մինչդեռ երկրորդ ապառնին՝ միանգամյա կատարվել-ավարտվելու:

«Գրաբարից այսպիսի օրինակ կա. «Վշտանան, մինչ կինն ծնանիցէ, ցնծան, երբ կինն ծնցէ» {ինչը իմաստով ներկա է ու նույնիսկ «ժամանակից անկախ» մշտական ճշմարտություն է}: Երկուսն էլ այսօր թարգմանում են «ծնի», այսինքն, այսօրվա ըղձական ապառնիով, բայց առաջինը ծննդաբերության ընթացքն է ցույց տալիս, երկրորդը՝ ընթացքի ավարտը»:

Այսօր հստակ հայտնի չի, թե այս երկու ապառնին երբ են սկսվել, կամ ինչքան ժամանակ են իրար հետ գործել:

Այս ամենից հետևում է, որ.

Դրույթ 2. Խոսքի ժամանակն արտահայտող թե´ զուգորդական ձևը (ուրեմն, նաև խոսքի եղանա´կն արտահայտող ձևը, որովհետև չկա ժամանակ առանց եղանակ ու ու չկա եղանակ առանց ժամանակ), թե´ այս ձևի արտահայտած ժամանակային բուն իմաստը պայմանադիր է ու միարժեք չի:

Հնարավոր է, որ լեզվական պրոցեսի երկար ընթացքում ժամանակ/եղանակն արտահայտող զուգորդական ձևի ժամանակային իմաստը փոփոխվի:

Դրույթ 3. Գուշակելի չի, թե խոսքի ժամանակի, ուրեմն նաև բայի´ ժամանակի (նաև եղանակի) որևէ կոնկրետ զուգորդական ձևն ու պայմանադիր իմաստը քիչ թե շատ հեռավոր ապագայում ի´նչ ձևով կփոխվեն ու ի´նչ իմաստ կունենան (օրինակ, ի´նչը կդառնա ներկա, ի´նչը՝ ապառնի):

Բայց սա մի անգամ էլ է ցույց տալիս, որ.

Դրույթ 4. Խոսքի ու բայի ժամանակային պայմանադիր (զուգորդական) հատկանիշները նույնպես հաստատուն չեն, ճիշտ ինչպես որ անունների պայմանադիր զուգորդական գոյականությունն ու ածականությունը հաստատուն չեն: Առաջինները դրսևորվում «հաստատվում են» դարերի ընթացքում, երկրորդները – շատ ավելի արագ ու կտրուկ:

Չպիտի մոռացվի, որ.

Դրույթ 5. Անունների զուգորդվելը «եմ/լինեմ/կամ» անկանոն բային – նախաայբուբենային շրջանում ուղեկցվել է բազում ուրիշ այնպիսի զուգորդական ու շեղմունքային երևույթներով (իհարկե, պատահական երևույթներով, որ հետո դարձել են օրինաչափ, օրինակ, այսօրվա ապառնու ըղձականի, կա´մ «պտի»-ի, կա´մ «կ» մասնիկների պես), որոնց էվոլյուցիան այսօր վերականգնելը շատ անգամ անհնար է – պատմական (գրավոր) փաստ չունենալու պատճառով:

Այս վերջին դրույթը հաստատող գեղեցիկ վկայություններից մեկը Երևանի բարբառի «պտի» մասնիկի առաջանալն է, ինչը ավարտվել է ընդամենը 20-րդ դարում: Մեր մնացած բարբառները «պիտի» բայի՝ ավելի ճոխ գործածություն շատ ունեին ու թերևս հիմա էլ ունեն: Ահա Աբեղյանից մի հատված (տես նաև 14.6-ը).

«Նույն կերպ նաև մեր բարբառների մեջ սահմանական եղանակով հարկադրական եղանակի նշանակություն է արտահայտվում, երբ ասում են՝ ես պետք եմ գնալ, դու պետք ես գնալ, նա պետք է գնալ… կամ՝ ես պիտիմ գնալ, դու պիտիս գնալ, նա պիտի գնալ, մենք պիտինք գնալ… կամ «պիտիմ» բայի փոփոխությամբ՝ ես տեմ (=պտեմ) գնալ, դու տես գնալ, նա տի գնալ, մենք տենք գնալ, դուք տեք գնալ, նրանք տեն գնալ. կամ ետադաս՝ Ես գնալ տեմ, դու գնալ տես, նա գնալ տի և այլն: Այս բոլոր դեպքերում բայը սահմանական եղանակով է, թեպետ և ամբողջ խոսքերն իմաստով հարկադրական են ևն»:

«Պիտի»-ն բարբառներում հաճախ է հասնում մասնիկի աստիճանին, օրինակ, «տ»-ին, ինչը երբեմն դրվում է «եմ» բայի ձևերի վրա, երբեմն էլ զուգորդվում է պրոցեսի բայերին, օրինակ, «խոսիլ տ’եմ, ասիլ տ’ես» ևն, կամ, ինչպես ասվեց, բայի դեմից. «տ’էթամ, տ’ասեմ» ևն» (տես նաև 14.7-ն ու 20.6-ը):

Երևանի այսօրվա բարբառի «էթամ»-ը, ինչպես արդեն ասվել է, հայերենի նախագրային շրջանից («ր»-ի անկումով) մեզ հասած պրոցեսի գոյության դինամիկ բայ է, ինչը գրաբարում սկզբում նշանակում էր՝ «գոյություն ունեմ/ունենամ/կունենամ էթալու պրոցեսի ձևով»:

Այս բազմարժեքությունը մի քիչ վերացնելու համար լեզվական պրոցեսը, հետո, արդեն միջին հայերենի շրջանում, սրան է զուգորդել «պիտեմ» բայի եզակի երրորդ դեմքի արդեն մասնիկ դարձած «պտի»-ն կամ սրա ավելի մաշված ձևերը, սարքելով «պտի էթամ»-ն ու «խոսիլ տ’եմ, ասիլ տ’ես» ևն, կամ, ինչպես ասվեց, «տ’էթամ, տ’ասեմ» ևն ձևերը:

Սրանք արդեն միմիայն ապառնու իմաստ ունեն, այսինքն, նշանակում են. «գոյություն ՊԻՏԻ ունենամ – էթալու պրոցեսի ձևով»:

Հետաքրքիր ու խիստ ուսանելի է միջին հայերենի շրջանում «կ» մասնիկով սահմանականի ներկայի (արևմտյան բարբառներում) ու ապառնու (արևելյան բարբառներում) առաջանալու Կարստի, Այտնյանի ու Աճառյանի բացատրությունները, որ բերում է Աճառյանը (տես [7], IV, Ա, էջ 373-398-ը, ու էջ 377-398-ը ու մանավանդ Աբեղյանինը ([3], ՀԼՏ, էջ 309-333): Հիշեցնեմ, որ թավատալը, շեղատառը, հատածներն ու ձևավոր փակագծերի միջի դիտողություններն ի´մն են):

Այժմ, հիմնականում Աճառյանից արած քաղվածքներով ցույց տամ, թե լեզվական պրոցեսի ասված վերացական զուգորդությունների պատահական պայմանադրությունները ի´նչ մասնակի ու ոչ տևական փոփոխություններ են առաջացրել միջին հայերենի որոշակի բարբառների խոնարհման մեջ (բերում եմ միայն եզակի առաջին դեմքի ձևերը):

«Միջին հայերենի խոնարհման մեջ հիմնական ձևը ստորադասական ներկան է, որ հին հայերենի սահմանական ներկան է, գրեթե անփոփոխ պահված (ib. էջ 378):

«Ահա չորս լծորդությանց ստորադասականի ներկայի խոնարհման պատկերը.

Ա լծ. – սիրեմ, սիրես, սիրէ, սիրենք, սիրեք, սիրեն

Բ լծ. – խոսիմ, խոսիս, խոսի, խոսինք, խոսիք, խոսին

Գ լծ. – գողնամ, գողնաս, գողնա(յ), գողնանք, գողնա(յ)ք, գողնան

Դ լծ. – գտնում, գտնուս գտնու, գտնունք, գտնոյք/նուք, գտնուն

«Միջին հայերենի սահմանականի ներկան կազմվում է գրաբարի սահմանականի ներկայի վրա ավելացնելով կու նախամասնիկը.

Ա լծ. – կու սիրեմ, կու սիրես, կու սիրէ, կու սիրենք, կու սիրեք, կու սիրեն

Բ լծ. – կու խոսիմ, կու խոսիս, կու խոսի, կու խոսինք, կու խոսիք, կու խոսին

Գ լծ. – կու գողնամ, կու գողնաս, կու գողնա(յ), կու գողնանք, կու գողնա(յ)ք, կու գողնան

Դ լծ. – կու գտնում, կու գտնուս, կու գտնու, կու գտնունք, կու գտնոյք/նուք, կու գտնուն

{Աճառյանի այս եզրակացությունը չափազանց է «կտրուկ», որովհետև համարյա անկասկած է, որ նախ այսպես է եղել միայն ա´յն բարբառներում, որոնք ինքը դասում է «Կ» (կամ՝ արևմտյան) ճյուղի բարբառների շարքը, երկրորդն էլ, ինչպես ասվեց, կա Աբեղյանի այլընտրանքային բացատրությունը:

{Այսօրվա Սալմաստի, Խոյի ու սրանց «ցեղակից» այլ բարբառների սահմանականի ներկան կազմվել է այսպես կոչված համակատար թերբառը (նախկին «ներգոյական» ձևերը՝ «սիրելիս; զրուցելիս>զուռցալիս; կյողնալիս; գյինելիս» ձևերը) զուգորդելով «եմ/ըլ(ն)եմ/կամ» բային: Այստեղ դնում եմ իմ մայրենի Մալիշկա գյուղի խոսվածքի նույն բայերի ձևերը; Աճառյանի ասած Բ լծորդության հետքն անգամ չկա իմ մայրենի բարբառում).

{Ա լծ. – սիրեսեմ, սիրեսես, սիրել(ի), սիրեսենքյ(եյ), սիրեսեքյ, սիրեսեն

Գ լծ. – կյողնասեմ, կյողնասես, կյողնալ(ի), կյողնասենքյ/եյ, կյողնասեքյ, կյողնասեն

Դ լծ. – գյինեսեմ, գյինեսես, գյինել(ի), գյինեսենք(եյ), գյինեսեքյ, գյինեսեն}:

{Երկրորդը, միջին հայերենում ապագա «Ում» ճյուղի բարբառների սահմանականի գրաբարյան ներկան դարձավ այսօրվա ըղձականը, «խոսեմ-չխոսեմ» ևն, իսկ սահմանականի ներկան կազմվեց ու այսօր էլ կազմվում է տրականը զուգորդելով «եմ»-ի ձևերին, իսկ այս տրականն էլ դարձավ մասնիկ-թերբառ: Իսկ «կու»-ի զուգորդությունը հնագույն սահմանականին, ինչն այս բարբառներում այսօր ըղձական է, դարձավ ապառնի:

{Այս պրոցեսն այսքան ուղղակի կամ «ուղղագիծ» չի եղել, անկասկած: Միջին հայերենը, ինչպես ասվել է, թերևս «բազում էքսպերիմենտ է արել», որ վերջը որոշի, թե ո´ր մի բայը «կրճատի դարձնի» ապառնու տվյալ ենթատեսակի մասնիկ: Օրինակ, մի տարբերակում այս բայը «կամիմ=կամենում եմ, ուզում եմ» բայն է ([7, ib. 381])}.

«գնալ կամի=պիտի գնա; կամի ելնել=պիտի ելնի; կամի մեռնիլ=պիտի մեռնի; Այգուցս ընդ երեկո մեռանել կամի (Յովսիմ, 26բ) =«էգուց երեկո պիտի մեռնի»; «(երբ հիվանդին) փորն ուռչի, ապա գիտացիր, որ մեռանել կամի ստոյգ (Մխ. Բժշ. 70):

{Այս ձևերը նախ ցույց են տալիս, որ.

{Դրույթ 6. Հայերենի ապառնին ցույց տվող զուգորդական մասնիկները լեզվական պրոցեսի ընթացքում առաջանում են կա´մ իղձ, ցանկություն (կարիք, հարկավորություն, պետքականություն, ենթադրություն, անհրաժեշտություն ևն) արտահայտող ներկա ժամանակով պրոցեսի գոյության որևէ պատահական ընտրված բառից (կամիմ, պիտեմ, թող=թո, երանի (թե), օշ թե ևն; այսօր էլ՝ նաև ուզում եմ, կարամ ևն, տես 14-րդ գլխի եղանակիչները), որոնք հաճախ կրճատվում դառնում են անճանաչելի:

{Երկրորդը, կամ էլ.

{Դրույթ 7. Հայերենի ապառնին նորից ու նորից առաջանում է ներկայից, այս ներկան գործածելով որպես ապագա ցույց տվող իղձ, կամ էլ հենց «եմ/լինեմ/կամ» գոյության ֆունդամենտալ բայերից որևէ մեկը զուգորդելով պրոցեսի´ գոյության որևէ «ըղձական բայի» կամ սրա մի արդեն «մաշված-մասնիկացած» բառի}:

Ահա այս դրույթները հաստատող օրինակներ [ib. 386-388].

«Թող ինքն երթայր և առնոյր» = {Թո ինքն էթար ու աներ}; Սրա նմանությամբ սկսեցին ասել. «Թող ինքն երթայ և առնոյ» = {Թո ինքն էթա ու անի}, փոխանակ «մաքուր» ստորադասականով ասելու. «Թող ինքն երթիցե և առցէ» = {Թո ինքն էթա ու անի; թարգմանություններն ի´մն են}:

………

«Սահմանականի ներկան իբրև ստորադասական և ապառնի գործածելու այս սովորությունը սկսել էր արդեն Ե դարում: Նույնիսկ Ե դարի առաջին շրջանի ընտիր գրվածքների մեջ կան այսպիսի դարձվածքներ.

«Ե´կ առաքեմ զքեզ = արի քեզի ուղարկեմ; Գնա´մք աստի, գնա´մք = էթա´նք ստուց, էթա´նք; Եկ երթա´մք շրջիմք=Արի էթանք ման գանք; թող անիծանէ = թո անիծի…» (Այտն. Բ, 74):

Ահա լեզվական պրոցեսի «կենամ» բայով ըղձական կազմելու «փորձնական օրինակներ», ըստ Աճառյանի (Karst-ից, 300, [ib., 388], թարգմանություններն իմն են).

Որ յերկրեն ի դուրք կենայ ու երթայ ի վաճառ=որ երկրից դուս էթա վաճառքի

Որ խալաբալն կենայ ու լինի=Որ ղալմաղալ (=կռիվ, խռովություն) ըլնի

Որ դեռ կենայ և (ու) եփի=Որ էփի

Եթէ կենայ ու գայ=Եթե գա

Եւ թե կենայ ու ուրանայ ծեծողն=եթե ուրանա ծեծողին

Ապա զէդ ի վանք կենան ու հանգչին=հետո էտ վանքում քնեն

Եթե կենաս ու հնձես=եթե հնձես

Որ կենայ ու ուտէ=Որ ուտի

Թե կենան ու կռվին=Եթե կռվեն

ևն, ևն:

Ինչպես Աճառյանն է ասում ստորադասականի (ըղձականի) այս նոր ձևը, որ ցույց էր տալիս միայն մի անգամ կատարվելիք գործողություն, չհաստատվեց, ու հնագույն սահմանակա´նը դարձավ այսօրվա ըղձական-ստորադասականը:

Գրաբարի ստորադասականը, օրինակ.

Թող ինքն երթիցե և առցէ=Թո ինքն էթա ու անի

Ասե՞մք զի իջցե=Ասե՞նք, որ իջնի

միջին հայերենում արդեն համարյա մեռած էր, թեև (ինչպես Այտնյանն է կարծում), դեռ ոչ լրիվ ու սրանց տեղը հնագույն սահմանականն էր դրվում, եթե սրանից առաջ դրվում էին ըղձականի ցուցիչ «շրջապատային» կամ «ստորադասական» զուգորդականները, «եթէ, որ, մի´, ինչ, մինչ, ապա, յորժամ, թող» բառերն ու սրանց պեսերը:

Սա ըստ գրավոր վկայությունների: Իսկ թե ինչպես էր բանավոր խոսքի վիճակը արդեն առկա բազում բարբառի մեջ, անհայտ է կամ առնվազն վիճելի է: Օրինակ, Կարստը այս ստորադասական ցուցիչների գործածությունը համարում է կա´մ քարացած ձևեր, կա´մ հեղինակային արխայիզմներ (հնաբանություններ):

Այսպիսով, մոտ 12-13-րդ դարերում գրաբարի սահմանական ներկան դարձավ թե´ միջին դարերի ու այսօրվա ըղձական-ստորադասականը, թե´ (ու երևի) զուգահեռ կար նաև հնագույն տրականը «եմ»-ին զուգորդվող նոր սահմանականի հետ միասին, թե´ դա նաև պետք եղած պահին նաև ապառնի էր:

Այս բազմարժեքությունը քիչ թե շատ հստակելու համար առաջացավ «կու»-ի զուգորդությամբ ապառնին:

Աճառյանն գրում է.

«Կու մասնիկի ստեղծումը հայերենում այնքան նշանավոր մի երևույթ էր և այնքան հատկանշական, որ նա դարձավ գրաբարի ու միջին հայերենի բաժանման կետը, նըրանց սահմանագիծը (Karst, 307): Նրանով վերջացան հին ապառնին ու ստորադասականը, որոնք հին գրական լեզվի … ուժն ու հոգին էին կազմում, մասնավորապես հարցական, թեական և հարաբերական նախադասությանց մեջ» (Այտն. Ա, 114):

«Ի՞նչ ծագում ունի այս կու մասնիկը», հարցնում է Աճառյանը ու հետո ավելացնում է, որ այս մասնիկի ծագելու ճիշտ բացատրությունը տալիս է Այտնյանը: Ըստ այս բացատրության, լեզվական պրոցեսն այս «կու»-ն առաջացրել է «կամ/կաս/ կայ ու… » ձևերը զուգորդելով վերը ասված հնագույն բազմարժեք սահմանականին:

Իսկ հետո էլ սրանցից երրրորդ դեմքի եզակին մասնագիտացել է, որ արևմտյան բարբառներում նշի սահմանականի ներկան, իսկ արևելյաններում՝ ապառնին: Այս «կայ ու… » ձևը ավելի ու ավելի հաճախ է գործածվել ու դարծել է «կ» (բաղաձայնից առաջ) ու «կ» ձայնավորից առաջ, ճիշտ այնպես, ինչպես (օրինակ) «պիտի»-ն է մաշվել դարձել դեմից ու հետևից զոըգորդվող մասնիկ. «խոսիլ տ’եմ, ասիլ տ’ես» ևն, կամ, ինչպես ասվեց, բայի դեմից. «տ’էթամ, տ’ասեմ» ևն (տես 14.7-ը):

Ահա օրինակները [ib. 394].

Կայ ու տեսանէ>կու տեսանէ>կըտեսանէ>կըտեսնի

Կայ ու մնայ>կու մնայ>կըմնա

Կայ ու ուտէ>կու ուտէ>կուտէ>կուտի

Հետո այս ձևերն ընդհանրացել ու զուգորդվել են բայերի նաև մյուս եզակի ու հոգնակի դեմքերին:

13.9գ «կ»-ի զուգորդությունն է´լ է շեշտում է գոյությունը

Աճառյանը ասում է, թե ըստ Այտնյանի (Բ, 77) «կամ; կաս; կայ» բայաձևերը հայերենի այն բացառիկ ու սակավաթիվ բայերից են, որ միայն սահմանական էին և որոնց ստորադասականները բոլորովին ուրիշ ձև ունեին, «կենամ; կենաս; կենայ»:

Հայերենում միայն 6 բայ կար այս հատկությամբ ու այս բայերն իրենց այս հատկությունն այսօր էլ են պահել: Այդ բայերն են. «եմ-լինեմ; կամ-կենամ=գոյություն ունեմ; գիտեմ-գիտենամ/իմանամ; ունեմ-ունենամ; արժեմ-արժենամ; կարամ-կարենամ»: Երևանի բարբառում այս բայերից երեքը այսօրվա սահմանականի ձեվերն էլ ունի. «ունեմ-ունենում եմ; արժեմ-արժենում եմ; կարամ-կարենում եմ»:

Օրինակներ. «Միս ունե՞ս: – Չէ, չունեմ, բայց ունենում եմ (ու ոչ թե «ունում եմ»); Էսի մի՞շտ էսքան արժի: – Հա, բայց մեկ-մեկ ուրիշ բան էլ ա արժենում (ու ոչ թե «ուրիշ բան էլ ա արժում»: «կարամ-կարենամ»-ի օրինակները տես 14-րդ գլխում):

Ուրեմն, տեսնում ենք, որ Երևանի այսօրվա բարբառում այս բայերից «եմ; կամ= գոյություն ունեմ; գիդեմ; ունեմ; արժեմ»-ը ՉՈՒՆԵՆ այսօրվա սահմանականի ձևերը, այսինքն, Երևանի բարբառի կրողը երբեք չի գործածում. «եմում եմ/էի; կայում եմ/էի; գիդում եմ/էի; ունում եմ/էի; արժում եմ/էի» հնարավոր ձևերը:

Այս երեքը չունեն նաև «կ»-ով ապառնի ձևերը, այսինքն, անհնար է, որ ասվի «կեմեմ, կկամ, կգիդեմ, կունեմ, կկարամ, կարժեմ»:

(Որ սրանք հնարավոր էին, ցույց է տալիս բարբառային «գյուդում եմ» կամ իմ մայրենի բարբառի «գյինmս եմ=գիտեմ» ձևերը): Իմիջիայլոց, Երևանի այսօրվա բարբառի «գիդեմ»-ի պակասավորությունը թերևս լրացնում հավելում է սրա հնագույն անկանոն «ընկերը», «իմանում եմ»-ը (չնայած, Աբովյանի վկայությամբ, այլ ձևեր էլ են եղել, օրինակ, «գիդում եմ, գիտացի´ր» ևն):

Սրանցից «եմ»-ի ու «կամ»-ի չփոխվելը գուցեև բացատրելի է: Օրինակ, գուցե «եմ»-ն ի սկզբանէ մասնագիտացել է հայերենի «եմ»-այնությունն ապահովելու համար, սրա համար էլ «եմ»-ի (գոյություն ունենալու իմաստով) առանձին («մեն-մենակ») գործելու ավանդույթը վերացել է, ու էլ անհնար է, որ ասվի, օրինակ, «Է Արտաշես այր քաջ ու խայտակն» կամ «Է ոք աստ» ու «Էր այր մի»:

Բայց սրանցից այս «կարամ»-ի հնագույն սահմանականի պահպանվելը քիչ թե շատ բացատրելի է, սրանով պիտի արտահայտվեր այսօրվա ըղձականի «կարելիականը» (ինչի մասին տես հետո), որովհետև անհնար է, որ լեզվի մի ողջ «ոլորտն» արտահայտելու միջոցը վերանար, այսինքն, այս «կարամ»-ն ինքն է´լ պիտի «մասնագիտանար» ու մնար:

Ոչ մի բացատրություն չկա, թե «գիդեմ; ունեմ; արժեմ»-ն ինչո´ւ են Երևանի բարբառում պահել իրենց հնագույն սահմանականները, մանավանդ անհասկանալի է, թե այս «գիդեմ»-ն ինչո´ւ է հենց Երևանի բարբառում պահել իր հնագույն սահմանականը, բայց կան բարբառներ, որոնք չեն պահել ևն:

Իսկ «կամ»-ն էլ, իր հնագույն սահմանականով հանդերձ, երևի մնացել է, որ այսօրվա «եմ»-ի այս սահմանական եղանակով գոյություն ունենալու իմաստն արտահայտելու պակասը լրացնի, որովհետև եթե այլևս հնարավոր չէր, որ ասվեր.

«Ես եմում եմ/էի» կամ «Ես եմելու եմ/էի», միևնույնն է, լրիվ հնարավոր ու տեղին էր, որ ասվեր. «Ես կամ/կայի» ևն: Բայց ապառնիների հարցը դեռ բաց էր մընում:

Թե´ այս ապառնի վիճակի «ըլնեմ/ըլնեի» գոյության ձևերին զուգորդվող «կ»-ի, թե´ մնացած պրոցեսի բայերին զուգորդվող «կ»-ի ծագելու երկու բացատրություն կա, Այտնյանինը (մասամբ՝ նաև Կարստինը, ib., Karst, 307, [7], IV Ա, էջ 385-398), ու Աբեղյանինը ([3], ՀԼՏ, էջ 315-327):

Սրանցից նախընտրելին ու իրոք գեղեցիկը, անկասկած, երկրորդը կլիներ, եթե Աբեղյանի բացատրության «կոյ» մասնիկի ծագումը բացատրելի լիներ («գոյ» մասնիկը հենց «գոյ» բառն է կամ «գոմ» բայի եզակի երրորդ դեմքը):

Հնարավոր է նաև, որ Այտնյանի այս բացատրությունը համարվի այս շարադըրանքի հայերենի «եմ»-այնության պոստուլատի մի անկախ վկայություն, սրա համար էլ բերեմ դա ([7], ib. 395-398):

Քանի որ «կայ» սահմանական ձևը գրաբարից մինչև միջին հայերենն ու այսօրվա հայերենը չէր փոխել հնագույն սահմանականի իր ձևը կամ գուցե նոր էր առաջացել), հենց սա´ էր, որ զուգորդվելով մնացած բոլոր արդեն ըղձական-ստորադասական դարձած բայերին, որոնք տատանվում էին ստորադասականի ու սահմանականի միջև, պիտի հստակ վերացներ այս երկվի դրությունն ու ցույց տար, որ «կայ»-ին զուգորդված զույգը սահմանական է, որովհետև սահմանական է հենց ի´նքը, «կայ»-ը:

«Այսպես, օրինակ, «կայ ու նայի» ձևի մեջ «նայի»-ն թե´ ստորադասական է, թե´ սահմանական: Բայց որովհետև «կայ»-ը սահմանական է, ուստի {սրան զուգորդված} «նայի»-ն էլ սահմանական է: Վերցնենք {այսինքն, հեռացնենք այս} «կայ»-ը, {ու արդեն այս} միայնակ {մնացած} «նայի»-ն կդառնա ստորադասական:

«Սրա համար է, որ «կամ», ինչպես նաև «ունիմ, կրնամ, գիտեմ, {եմ, արժեմ բայերը}» չեն կարող ստանալ «կ» մասնիկը, և կարելի չէ ասել «կգիտեմ, կկրնամ, կունիմ, ինչպես և «կկամ» {նաև կեմ, կարժեմ}:

…«Վերը տեսանք (էջ 388) որ «կենամ, կենայ» ստորադասականները ևն գործածվելով {զուգորդվելով} «ու» շաղկապով մի ուրիշ բայի սահմանականի ներկայի հետ, տալիս էին նրան ստորադասականի արժեք:

«Ճիշտ միևնույնը եղավ «կամ, կայ» ձևի հետ էլ: Երկուսից հնագույնը առաջինն է, ուստի կարող ենք ասել թե «կայ» {ձևը} առաջացավ «կենայ» ձևի օրինակով և նրա ծնունդն է: … Հինը, իր երկարության պատճառով, զոհվեց կարճին {նվազագույն ճիգի օրենքին համաձայն}:

«…«կամ» և «կենամ» («կայ» և «կենայ») միևնույն բառերն են…Երկուսն էլ այս դեպքում ծառայում են իբրև օժանդակ, ինչպես «պիտի»{-ն} ապառնիի համար և «թո´ղ»{-ը} հրամայականի համար:

«Կալ» {դերբայի} «կենալ, կանգնիլ» {իմաստների իբրև} «գոյություն ունենալու» {իմաստով} օժանդակ բայակերտը գործածական է շատ լեզուների մեջ»:

Այս վերջին դիտողությունը, այսինքն, «կամ/կենամ» բայի այս «գոյություն ունենալու իմաստը», առանցքայի´ն է այս գրքի շարադրանքի համար, որովհետև սա թույլ է տալիս, որ արվի հետևյալ եզրակացությունը.

Դրույթ 1. «կ» մասնիկը հնագույն ստորադասական-սահմանականին զուգորդելով, որ կազմվի արևմտյան բարբառների սահմանականը, ու որ կազմվի արևելյան բարբառների ապառնին, ՆՈՐԻՑ Է ԿՐԿՆԵԼ ԿԱՄ ԿՐԿՆՈՒՄ հայերենի լեզվական պրոցեսի «եմ»-ային սկզբունքը, այսինքն, ստատիկ վիճակի կամ դինամիկ պրոցեսի գոյությունը շեշտելու սկզբունքը:

Բայց շարունակեմ իմ այս վիթխարի քաղվածքը Աճառյանից:

«Դրականապես հաստատելու համար, թե «կու»-{ն} ծագում է «կալ» բայից {այսինքն, դերբայից}, մեզ իբրև լավագույն ապացույց ծառայում է, Կեսարիո բարբառի բացասականի կազմությունը…

«չկամ կարդամ=չեմ կարդում; չկար գրեի=չէի կարդում; չկաս գրէիր=չէիր գրում» (Ալպոյաճեան, Պատմ. Հայ Կես. Բ. 9664):

{Այս տեղեկության երկրորդ ու երրորդ ձևերի համաձայնությունը կասկածելի է. կամ պետք է լինի չկայի գրեի=չէի գրում; չկայիր գրէիր=չէիր գրում; կամ չկար գրէր=չէր գրում; չկաս գրես=չես գրում ևն}:

13.10 Լեզվական ֆորմալիզմի հզորությունը

Այս գրքի շարադրանքի 7.4 պարագրաֆում քննարկվել է լեզվի վերացականության կամ լեզվական ֆորմալիզմի հարցը:

Լեզվական պրոցեսի էությունը կամ բնույթը բացարձակ է վերացական, բացարձակ է ֆորմալ (այսինքն, ձևական է. Աբեղյանը թերևս ասեր, թե լեզուն «ձեվակ» կամ «ձևույթ» է):

Լեզվի այս պրոցեսի վերացականության պատճառը լեզվի բառ-ձայների այս կամ այն տեսակ զուգորդությունների´ վերացականությունն է:

Վերոհիշյալ 7.4 պարագրաֆից բերենք լեզվի ֆորմալիզմը ցուցադրող մի քանի օրինակը.

Գլոկ կուզդրն իմ մոկրով շտեկ-շտեկ բուդլանեց բակրին ու կուրդում է բակրիկին:

Гло´кая ку´здра мои´м мо´кром ште´ко будлану´ла ба´кра и курдя´чит бакрёнка.

The glock coozdre shteckly boudlanned the bacre and is kurding the bacret.

Ա´նկասկած, սրա առաջին խոսքը հայերեն է կամ հայաձև է, իսկ երկրորդը՝ ռուսերեն է կամ ռուսաձև է, իսկ երրորդը՝ անգլերեն է կամ անգլաձև է, չնայած այս երեքն էլ անհեթեթ են, որովհետև առաջինը անհեթեթ է հայերենի լեզվական պրոցեսի ցրիվ կարգի մեջ, երկրորդը՝ ռուսերենի, իսկ երրորդը՝ անգլերենի:

Սրանք ձևեր են համարյա առանց բովանդակության, որովհետև սրանց բառերի մեծագույն մասը զուրկ է լեզվին հատուկ սպոնտան պայմանադրությունից, ու որովհետև սրանք այս լեզուների պրոցեսների ինքնուրույն ցրիվ կարգերի մեջ չկան:

Բայց այս խոսքերի քերականություննե´րը, այսինքն, սրանց առանձին բառերի զուգորդությունների կոնկրետ տեսակները, այդ կարգերի մեջ կա՛ն:

Ուրեմն, եթե ասվի. «Կարմիրը կապույտ է» կամ. «Ջորու գլխով սարդը (a+b)-ի քառակուսին է, որովհետև ապակու ատամները, գետնի վրա դեղին-դեղին ջղաձգվելով, ջղայնանում են», ա´նպայման հայերե´ն կամ հայաձև բան է ասվելու, չնայած, ա´նկասկած, ասվածն անհեթեթ է: Բայց եթե ասվի.

«Երբ սովածացողանում եմ, հենց ուզողանում եմ, իսկույն մտնողանում եմ ճաշարան, ու եթե կարողանում եմ ու փող եմ ունեցողանում, ու ճաշն էլ լավն է լինողանում, մի լավ ուտողանում եմ ու հեռացողանում եմ»,

սա արդեն հայաձև չի լինի (չնայած հայախոսին հասկանալի կլինի), կամ կլինի կոտրատված ու աղավաղ ու նույնիսկ այլանդակ հայերեն, ի տարբերություն վերի «մաքուր գլոկային» հայերենների կամ հայաձևների:

Հայաձև չի լինի (ու կլինի կոտրատված հայերեն), որովհետև սա հայերենի լեզվական ֆորմալիզմին խորթ է: Իսկ խորթ է, որովհետև հայերն այսպես չեն խոսում, որովհետև «սովածացողանում եմ, ուզողանում եմ, մտնողանում եմ, կարողանում եմ, ունեցողանում եմ, լինողանում է, ուտողանում եմ, հեռացողանում եմ» բառերը խորթ են հայերենի լեզվական պրոցեսին:

Եթե տեղառքի կանոնով (ինչն այս գրքում անընդհա´տ է կիրառվում, բայց հաճախ առանց հիշատակելու) այս բառերից մեկը տեղակալենք «բուդլանեմ» հայերեն ձևով ու սրա պես ուրիշ «հայերեն բայերով», սա կդառնա հայերեն.

«Երբ բուդլանում եմ, հենց գռոկում եմ, իսկույն շոփնում եմ ճաշարան, ու եթե կարում եմ ու կուպոժ եմ ճպորտում, ու ճաշն էլ լավն է լինում, մի լավ բաբալում եմ ու լուլուբուլում եմ»:

Ահա այս նույն խոսքը անցյալ կատարյալով.

«Երբ բուդլանեցի, հենց գռոկեցի, իսկույն շոփնեցի ճաշարան, ու կարեցա մի քիչ կուպոժ ճպորտեմ, ու ճաշն էլ լավն էր, ու մի լավ բաբալեցի ու լուլուբուլեցի»:

Տեղակալենք այս խոսքը ապառնու ձևերով.

«Երբ բուդլանեմ, հենց գռոկեմ, իսկույն կշոփնեմ ճաշարան, ու թե կարենամ մի քիչ կուպոժ ճպորտեմ, ու ճաշն էլ լավն լինի, մի լավ կբաբալեմ ու կլուլուբուլեմ»:

Սրանք անկասկա´ծ են հայերեն, «մաքո´ւր» հայերեն են կամ «կատարյալ» հայաձև են, ու ամեն մի հայախոս էլ սրանք հայերեն կամ հայաձև կհամարի, չնայած կասի, որ այս հայերենն անհեթեթ է:

Դրույթ 1. Հայերենի գերազանց իմացությունը հայի մտքում մայրենի բարբառի բացարձակ վերացական կարկասի առկայությունն ու այս կարկասի մեջ ռեֆլեքսով տեղառք անելու գերազանց կարողությունն է, ինչը հայը սովորում է բարուրից, որ հետո սա ռեֆլեքսով էլ կիրառի. կիրառի առանց տրամաբանական վերլուծությանը դիմելու, ըստ էության, «առանց մտածելու (տես 6.5-ը)»:

(Գրական ոճերն այս աստիճան ռեֆլեքս չեն դառնում համարյա երբեք:

(Գրական ոճով խոսողը կամ գրողը անընդհատ անհանգստանում է. «Հո հանգարծ սխալ չե՞մ խոսում», ու անընդհատ դիմում է իր տրամաբանությանը, իր իմացած քերականական վերլուծությանը: Այսինքն, գրական ոճով խոսողը «խոսելիս մտածո´ւմ է», ի տարբերություն իր մայրենի լեզվով ռեֆլեքսով խոսողից, ով խոսելիս «չի մտածում»:

(Գրական ոճերին շատ վարժ տիրապետողն այս վերլուծությունն այնքան արագ է անում, որ չի է´լ նկատում, որ վերլուծեց, բայց վերլուծո´ւմ է, գոնե երբեմն):

Դրույթ 2. Հայերենի գերազանց իմացությունը հայի մայրենի բարբառով շըղթայմունք-զուգորդություն անելու գերազանց կարողությունն է:

Երբ մանուկը սովորում է իր մայրենի լեզուն, նախ իր մայրենի լեզվի հենց այս վերացական կարկասն ու սրա տեղառք անելն է սովորում կամ բառերը ռեֆլեքսով շղթայելու զուգորդելու բոլոր-բոլո´ր ձևերն է սովորում:

Մանկան ամեն մի սովորած բառն սկզբում այս «բուդլանեմ, գռոկեմ»-ի պես բովանդակությունից զուրկ բաներ են, որ քիչ-քիչ, զուգորդվելով առարկաներին, վիճակներին ու պրոցեսներին, ձեռք են բերում իրենց պայմանադիր բովանդակությունները:

Թե կոնկրետ հենց ի´նչն ու ինչպե´ս է փոխվում կամ ատոմամոլեկուլային ի´նչ կոնկրետ դասավորություններ ու փոխազդեցությունների հնարավորություններ են առաջանում մանկան ուղեղում, երբ մանուկը խոսել է սովորում, անհայտ է մեզ ու երևի անհայտ էլ մնա:

Պարզ է, որ (օրինակ) «մամա, պապա» բառերը կցվում են սրանց կրողների տեսողական պատկերներին, բայց ուղեղում ինչպե՞ս է գրանցվում, օրինակ, սեռական հոլովաձևի գաղափարը, կամ նմանակցային զուգորդությունը (կամ «ֆոնեմը»), «սեղան + ի» ձևը: Սա այսօր մեզ անհայտ է:

Ինչպե՞ս են գրանցվում, օրինակ, այնպիսի վերացական գաղափարները, ինչպիսիք են՝ «քայլեմ, ասացի, կտեսնեմ, եթե, գուցե, երևի»-ն: Ինչպե՞ս են գրանցվում ներկա ու անցյալ ժամանակների տարբերությունները:

Ի վերջո, ինչպե՞ս են սրանք գրանցվում խուլ ու համրի ուղեղում, չէ՞ որ խուլ ու համրերն էլ են ունակ նշանների լեզուն սովորելու, առանց ձայնի զգացությունն ունենալու:

Մի բանը պարզ է, ուղեղում գրանցված այս լեզվական ֆորմալիզմը («ձևակը») պիտի այնքան ունիվերսալ ու պարզ լինի, որ սա գործածելու ունակությունն ունենա թե´ երեխան, թե´ մեծը, թե´ տաղանդավորը, թե´ անտաղանդը ու, նույնիսկ, մտավոր հետամնա´ցը:

Այս հնարավորությունը ունի միայն ֆորմալի´զմը, միայն լրի´վ վերացականը:

Այսպիսի բանի արդեն հանդիպել ենք, այս վերացականությունն ունի «մաքուր» մաթեմատիկան, օրինակ, էվկլիդյան երկրաչափությունը, ինչը արդեն հիշատակել է 7.4 պարագրաֆը, քերականական սահմանումների առնչությամբ:

Էվկլիդյան երկրաչափությունը լեզվի պես մի սիստեմ է, ինչի հիմնական օբյեկտներն ընդամենը 4 բացարձակ անբովանդակ ձայն են, որոնց այդ պարագրաֆը անվանում է նաև «ջոնգոլ, բուդուլ, գագա, ճկո»:

Երբ մի նույնպես լրիվ անբովանդակ «կաժում է» բայով սրանց միջև հարաբերություններ են հաստատվում (այսինքն, սրանք զուգորդվում են այս «կաժում է» բային) ու սրանց գործածության համար էլ մի 20 հատ «քերականական» անհակասական կանոն (աքսիոմ) է հաստատվում, այս «լեզուն» գործում է ու անսահմանափակ արդյունք է տալիս, այսինքն, անսահման քանակով «թեորեմներ է արտադրում» (իսկ թեորեմներն արդեն հավերժական ճշմարտություններ են):

Էվկլիդյան երկրաչափության այս անսահման ֆորմալիզմը, այս կատարյալ վերացականությունը սրան դարձնում է բացառիկ հզոր: Ինչո՞ւ:

Որովհետև, եթե այս «ջոնգոլ, բուդուլ, գագա, ճկո» բառերը լրի´վ են իմաստազուրկ, մի՞թե միևնույնը չի, թե սրանց փոխարեն ի´նչ իմաստազուրկ բաներ կընտրենք: Օրինակ, եթե «ջոնգոլ=կետ» ասելով հասկանանք X;Y;Z թվերի կարգավորված եռյակը («թիվ» կոչվածն էլ է լրի´վ վերացական), իսկ «ճկո=հեռավորություն» ասելով հասկանանք (X1–X2)2+(Y1–Y2)2+(Z1–Z2)2 թվի քառակուսի արմատը, «բուդուլ=ուղիղ»-ն ու «գագա=հարթությունն»-ն էլ տանք հատուկ հավասարումներով, կստանանք էվկլիդյան եռաչափ անալիտիկ երկրաչափությունը, ինչը նորից բացարձա´կ է ճիշտ ու լրի´վ է համարժեք իր «ծնողին»:

Բայց, այս նույն ձևով, կարող ենք վերցնենք թվերի կարգավորված քառյակ ու ստանանք քառաչափ երկրաչափություն ևն, ևն: Այսպիսի հնարավոր վերացական երկրաչափությունների թիվը անսահման է, ընդ որում, որևէ նոր երկրաչափություն ըստեղծելու ասածս այս ձևը միակը չի:

Հետաքրքիր է, որ էվկլիդյան «մաքուր» կամ վերացական երկրաչափությունից իրական երկրաչափություն ստեղծելու ձև է´լ կա:

Իրոք, եթե «ջոնգոլ»-ի փոխարեն վերցնենք սուր մատիտի թղթին թողած կետ- հետքը, այս մատիտով թղթին գծած ուղիղներն էլ համարենք «բուդուլ», թղթի մակերևույթը համարենք «գագա», իսկ քանոններով չափած թվերին էլ ասենք «ճըկո», կստանանք ինժեներների ու ճարտարապետների գործածած մոտավոր ու «լրիվ իրական» երկրաչափությունը: Համարյա այս ձևով էլ աշխատում է ուղեղի կեղևի´ լեզվական սպոնտան պրոցեսը: Հետաքրքիր է ու նաև արտառոց, որ.

Դրույթ 2. Լեզվական պրոցեսը ոչ միայն «մաթեմատիկական պրոցեսի» չափ ճըշգրիտ չի, այլև ա´նպայման է սխալական, անպայման է թույլ տալիս, որ խոսողը սխալվի ու շեղվի կայունացած միջին խոսքից:

Դրույթ 3. Եթե լեզվի անխուսափ սխալականությունը չլիներ, լեզուն ուղղակի անհնար կլիներ, որովհետև անհնար է, որ շարքային խոսողը հանճարեղ մաթեմատիկոսի պես անընդհատ ու անընդհատ անսխալ խոսի:

Չէ՞ որ խոսողը ռեֆլեքսով է խոսում, այսինքն, խոսում է «առանց տրամաբանության»: Իսկ այս «առանց տրամաբանության» խոսելու ամենապարզ մեխանիզմը լեզվի անուններն իրար ու հետո էլ բայերին շղթայել զուգորդելն է: Մի՞թե այս բացառիկ պարզ ձևը նաև բացառիկ հանճարեղ չի:

Դրույթ 4. Լեզուն մի´շտ է սխալական ու անհատի լեզվի հենց այս մանրիկ ու աննկատելի սխալներն են (այս շեղմունք-ֆլուկտուացիաները, որոնք ներհուն են լեզվական պրոցեսին ու բացարձակ չեն խանգարում լսող ու ընկալող անհատին), որ անընդհատ փոխում են լեզուն, բայց, ինչպես Սոսյուրն է ասում, լեզուն մի´շտ մնում է նույնը, մի´շտ է մնում ճիշտ:

Դրույթ 5. Լեզուն միշտ մնում է նույնը ու միշտ մնում է ճիշտ հենց ա´յն պատճառով, որ այս մանրիկ շեղմունք-ֆլուկտուացիաները թեև փոխում են լեզվական կոնկրետ «նյութը», բայց լեզվի բացարձակ վերացական ֆորմալիզմը, շղթայմունք զուգորդությունների այս կատարյալ վերացական պրոցես-սիստեմը, չի փոխվում:

(Ավելի ճիշտ, չափազանց քիչ ու չափազանց դանդաղ է փոխվում, ու իր հիմնական «խորքային էությունը» թերևս երբեք չի կորցնում: Այս «թերևս» բառով նկատի ունեմ այնպիսի հազվագյուտ երևույթը, ինչպիսին է անգլերենի՝ թեքականից անջատական դառնալը):

Այժմ, 7.4 պարագրաֆից մեջ բերելով մի կտոր, ավարտեմ այս պարագրաֆը:

Ինչքա՛ն ու ինչքա´ն զորավոր բան են լեզվի այս շղթայմունք-զուգորդականությունը, պայմանադրությունն ու վերացականությունն ու մի քանի ուրիշ հատկությունը …, որ մանուկը սրանց միջոցով ընդամենը մի 3-4 տարում յուրացնում է լեզու կոչվող ա՛յն բարդագույն սիստեմ-պրոցեսը, ինչը մարդկությունը յուրացրել է երևի մի մեկուկես միլիոն տարվա ընթացքում, ընդ որում, յուրացրել է պատահական փորձ ու սըխալների մի վիթխարի ու երկա՛ր-երկա՛ր շարանով ու ինքն է´լ է դարձել այս պրոցեսի կրողն ու մասնակիցը:

13.11 Հայերենի մասնավոր «եմ»-ային բայերը

Նորից դիմենք լեզվական ֆորմալիզմին: Ուրեմն, երբ այսօրվա հայն ասում է.

«Շոբանգ ա; Ջոնգոլ ա; Ճկո յա; Գագա յա»,

այդ հայը այս «Շոբանգ; Ջոնգոլ; Ճկո; Գագա» անունները շղթայում զուգորդում է գոյության հույժ ընդհանուր «եմ» բայի «ա» ձևին ու այս խոսքերից ամեն մեկով, ըստ էության, մի գոյության արդեն մասնավոր «եմ»-ային բաղադրյալ կրկնաբայ է արտադրում, իսկ ազատ ու չնախապաշարված գրողը, իր լեզվական ռեֆլեքսով, սրանք իրար կպած է գրում.

«Շոբանգա; Ջոնգոլա; Ճկոյա; գագայա»,

իմիջիայլոց, այս լսվող կիսաձայն «յ»-ն էլ հետը, որովհետև չի վախենում, որ կասեն, թե ինքն անգրագետ է: Ուրեմն ի՞նչն է խանգարում, որ սա համարենք լեզվի անբաժան հատկությունը, ու մե´նք էլ մտածենք, որ մի «եմ»-ային բայ ենք ասում:

(Նորից շեշտեմ, որ ես չեմ առաջարկում, որ սրանք իրար կպած գրենք):

Չէ՞ որ լեզվական երևույթի ճշտության միակ գիտական չափանիշը, ինչպես արդեն բազմիցս է ասվել, միմիայն Լեզվի Գլխավոր Օրենքն է, ԼԳՕ-ն է, միմիայն երեվույթի կայուն առկայությո´ւնն է տվյալ բարբառի մեջ, իսկ այստեղ այս հատկությունն ընդհանուր է այսօրվա բոլո´ր բարբառների համար: Ուրեմն.

Դրույթ 1. «Շոբանգա; Ջոնգոլա; Ճկոյա; Գագայա», զույգերը մե´կ բառ են, մե´կ բայ են, մեկ «եմ»-այի´ն բայ են, մեկ կրկնաբա´յ են ու, մեկ մասնավոր «օժանդակ» բայ են, կնշանակի, նաև մեկ բայ-ստորոգյալ են:

Բայց եթե սա ճիշտ է, ուրեմն մեկ բայ են (կամ բայ-ստորոգյալ են) նաև հետևյալ առանձին գրվողները (ու, անկասկած, նաև սրանց ժխտականները).

«Շոբանգ եմ; Շոբանգ ես; Շոբանգ ենք; Շոբանգ եք; Շոբանգ են; Շոբանգ էի; Շոբանգ էիր; Շոբանգ էին; Շոբանգ էինք; Շոբանգ էիք; Շոբանգ էին» ևն:

«Շոբանգ չեմ; Շոբանգ չես; Շոբանգ չենք; Շոբանգ չեք; Շոբանգ չեն; Շոբանգ չէի; Շոբանգ չէիր; Շոբանգ չէին; Շոբանգ չէինք; Շոբանգ չէիք; Շոբանգ չէին» ևն:

Թող ընթերցողն ի´նքը կիրառի տեղառքի կանոնն ու այս «Շոբանգ»-ը տեղակալի հայերենի անուններով, օրինակ, «քար, չար, ուշ, բարի, ես, դու, ինքը, մենք դուք, իրենք, նստած, խոսող, երգող, ինն, տասնյակ, էսի, էտի, էնի» ու այլ բառերով ու համոզվի, որ հայերեն խոսքեր, հայերեն բայ-ստորոգյալներ է ստանում:

Վիճակը լրիվ նույնն է Արարատյան բարբառի որոշ խոսվածքների անկատար ու վաղակատար թերբառների ու «եմ»-ի միասնության համար.

«Բուդլա´նըմ ըմ; Բուդլա´նըմ ըս; Բուդլա´նըմ ա; Բուդլա´նըմ ընք; Բուդլա´նըմ ըք; Բուդլա´նըմ ըն»:

Ահա դրանց անցյալ ձևերը.

«Բուդլա´նըմ ի; Բուդլա´նըմ իր; Բուդլա´նըմ էր/ըր; Բուդլա´նըմ ինք; Բուդլա´նըմ իք; Բուդլա´նըմ ին» ևն:

Հետաքրքիր է, որ այս խոսվածքներում շեշտը ոչ թե այս անկատար թերբառի վերջի´ն վանկի վրա է, այլ նախավերջին; «եմ» ներկա եզակին շատ անգամ կրճատվում է մինչև «ըմ»-ը, իսկ անցյալ ձևերի մի մասը կորցրել է սրա սկզբի «է» հնչյունը:

Թվում է, թե «եմ»-ի այս թուլանալը ցույց է տալիս, որ «եմ»-ն այս խոսվածքներում իր ստորոգյալին մերվելու ձուլվելու ճանապարհին է կամ արդե´ն ձուլվել է, բայց մենք, գրի հզոր ազդեցությամբ, սրանք առանձին ենք համարում:

Անգրագետը սրանք իրար կպած կգրեր:

Ահա սրանց սահմանականի խոսվածքային ներկա ժխտականները.

«Բուդլա´նըմ չըմ; Բուդլա´նըմ չըս; Բուդլա´նըմ չի; Բուդլա´նըմ չընք; Բուդլա´նըմ չըք; Բուդլա´նըմ չըն» ևն:

Ահա նաև սրանց վաղակատար ներկաները.

«Բուդլա´նել ըմ; Բուդլա´նել ըս; Բուդլա´նել ա; Բուդլա´նել ընք; Բուդլա´նել ըք; Բուդլա´նել ըն» ևն:

Ահա խոսվածքային ժխտական ներկաները.

«Բուդլա´նել չըմ; Բուդլա´նել չըս; Բուդլա´նել չի; Բուդլա´նել չընք; Բուդլա´նել չըք; Բուդլա´նել չըն» ևն:

Երևանի բարբառի (ինչն իբր մեր գրական ոճերի հիմքն է) ժխտական «չեմ»-ը արդեն պարտադիր գալիս է անկատար ու վաղակատար թերբառների դեմը (այսինքն, նախադաս է), և օժանդակի կրճատվելը չկա, այս երկուսն էլ թերևս գրական ոճերի հզոր ազդեցության պատճառով: Եզրակացությունը հետևյալն է.

Դրույթ 2. Այսօրվա հայերենների մի մասի (ինչպես նաև Երևանի բարբառի) անկատար ու վաղակատար թերբառների ու երեք հատ «-իս» համակատար թերբառի, ինչպես նաև ապակատար մնացած դերբայների շղթայմունք-զուգորդությունն «եմ/ լինեմ/կամ» բային (սրանց միությունը) պրոցեսի ԳՈՅՈՒԹՅՈՒՆ նշանակող բայ-ստորոգյալ է ու, ըստ էության, ընկալվում է որպես մի գոյության մասնավոր բայ (կրկնաբայ):

Ուրեմն, հայերենի «եմ» բայն ու իր ձևերը միանում են անուններին, ինչպես նաև թերբառներին ու դերբայներին, ու կազմում են թե´ ստատիկ վիճակի, թե´ առկա դինամիկ կամ կատարված կամ կատարվելիք պրոցեսի գոյության «եմ/լինեմ/կամ» -ային մասնավոր բայ, այսինքն, նորի´ց են դառնում բայ, դառնում են կրկնաբայ:

(Այս եզրակացությունը լրիվ նույնն է, ինչ որ Աբեղյանի միայն բայ-ստորոգյալի մասով անբացահայտ եզրակացությունը: Տես նաև նախորդ պարագրաֆը):

Մեր «թերևս հնագույն անորոշ դերբայի» մի հոլովաձևը (տրականը) ուներ նաև ներգոյականի իմաստ, երբ լրացնում էր «եմ» բային: Այսինքն, օրինակ, «անում եմ, խոսում եմ»-ը թերևս նշանակում էին՝ «անելու մեջ եմ, խոսելու մեջ եմ», որովհետև երևի եղել են «անե´լում եմ, խոսե´լում եմ» ձևերը, որոնք էլ արագաբանությամբ դարձել են «ա´նում եմ, խո´սում եմ»:

Այս հոլովաձևի այսօրինակ «մասնագիտացումն» այնքան խորացավ, որ այս հոլովաձևի մնացած բոլոր առանձին (ոչ «եմ»-ային) զուգորդությունները վերացան, այսինքն, վերացավ «անելում» բառի առանձին ինքնուրույն գործածությունը (համեմտատի´ «ամանում» բառի ներգոյական ձևի գործածության հետ) ու մնաց միմիայն օժանդակի հետ գործածությունը:

Նույնն էլ պատահեց նաև վաղակատարի հետ: «Խոսեալ»-ը նշանակում էր «խոսած», ինչը, ըստ էության, գոյական-ածական էր ու, օժանդակի հետ միանալով, բայ-ստորոգյալ կամ հենց բա´յ էր կազմում: Այսինքն, այս «խոսեալ եմ>խոսել եմ»-ը նշանակում էր «խոսած եմ», ճիշտ «շոբանգացած եմ»-ի ու «շոբանգեալ եմ»-ի պես:

Ասվել է, թե հավանական է, որ հնագույն սահմանականը՝ «գրեմ, ասեմ»-ը, գուցե առաջացել է գոյականի ու «եմ»-ի ձուլվելով («գիր եմ>գրեմ; գիր ես>գրես; գիր է> գրէ; գիր եմք>գրեմք>գրենք; գիր եք>գրեք; գիր են>գրեն; ջուր եմ>ջրեմ» ևն):

Եթե սա ճիշտ է, ուրեմն.

Դրույթ 3. Հայերենի լեզվական սպոնտան պրոցեսի ֆորմալիզացիան երբեք «չի մոռանում» բայ ստեղծելու իր «հայտնագործած» այս «եմ»-ային չափազանց ունիվերսալ ու չափազանց վերացական ու չափազանց պարզ ու հեշտ մասնավորող ձևն ու սա այսօր է´լ է գործածում, գործածում է արդեն երկրո´րդ (ավելի հավանական է՝ երրորդ) անգամ: (Տես նաև նախորդ պարագրաֆը):

Դրույթ 4. Այս ենթադրության օգտին է խոսում այն հանգամանքը, որ թե´ լեզուն ուղեղում գրանցելու ձևը, թե´ լեզուն յուրացնելու ձևը պիտի հենց այսպիսի մի ունիվերսալ ու այսպիսի վերացական ու պարզագույն բան լինի, որ այս պրոցեսները գըրանցելու ձևերն առավել հեշտ լինեն:

Ակնհայտ է թվում, որ ուղեղն իր արտաքինից ստացած ձեռք բերովի ինֆորմացիան գրանցում է իր ատոմամոլեկուլային բարդագույն կառուցվածքները փոփոխելով կամ նորերը ստեղծելով (հետն էլ՝ հների մի մասը քանդելով):

Դրույթ 5. Ակնհայտ է նաև, որ լեզուն գրանցելու այս ատոմամոլեկուլային փոփոխությունների համար բառերի իմաստները պիտի որ բացարձակ էական չլինեն, ու կարևոր պիտի լինեն մի´միայն խոսքի ձևակա´ն, վերացակա´ն, «ատոմամոլեկուլային» կողմերը:

Թեև այս վերջին դիտողությունը ապացուցելի չի, այնուամենայնիվ, խիստ հավանական է թվում:

13.12 Աբեղյանի մեթոդը

Աբեղյանը Ենայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում է սովորել ու հոյակապ էր տիրապետում փիլիսոփայության մեթոդին ու, բոլոր փիլիսոփաների պես, ամենուրեք իմաստ է ման գալիս: Օրինակ, իր [3]-ի 364-րդ էջին ասում է.

«1. Գոյականը ցույց է տալիս ինքնուրույն գոյություն ունեցող կամ իբրև այնպիսին մտածված առարկա, ինչպես՝ մարդ, ձի, ծառ:

«2. Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշը, որ չի մտածվում իբրև ինքնուրույն գոյություն ունեցող, այլ իբրև առարկայից անբաժան, առարկայի բնության մեջ մշտապես կամ ժամանակավոր գտնված մի որպիսություն, գործողություն, դրություն և այլն. օրինակ, բարի (մարդ), վազող (ձի), ծաղկած (ծառ):

{Տարօրինակ չի՞, որ այս «…առարկայից անբաժան որպիսությունը» կարող է լինի թե´ «առարկայի մեջ մշտապես գտնված որպիսություն», թե´ «ժամանակավոր գտնված որպիսություն»}:

«3. Մակբայը ցույց է տալիս հատկանիշի հատկանիշը կամ պարագա, ինչպես՝ խիստ բարի (մարդ), արագ վազող (ձի), ձին արագ վազեց»:

Աբեղյանը սինքրոն լեզվաբանության իմ ակնածալի ու պատվարժան ուսուցիչն է, բայց, ինչպես ասում են՝ Amicus Plato, sed magis amica est veritas:

Աբեղյանի այս հիմնական փիլիսոփայական ելակետը, այսինքն, լեզվական երեվույթների այս «իմաստաբանական բացատրությունը», բեղուն չի ու երբեմն փակուղային է, որովհետև թյուրիմացությունների աղբյուր է:

Իրոք, ի՞նչ է նշանակում այս «ինքնուրույն գոյություն ունեցող կամ իբրև այնպիսին մտածված առարկա»-ն:

Աբեղյանի ասած այս «բարի»-ն «ինքնուրույն գոյություն ունեցող … հատկանի՞շ» է, թե՞ չի:

Եթե Աբեղյանի (մի ուրիշ տեղ) ասած «սպիտակությունը» մտածվում է իբրև «ինքնուրույն գոյություն ունեցող…առարկա», այդժամ ինչո՞ւ «սպիտակ»-ը չի կարող մտածվի իբրև «ինքնուրույն գոյություն ունեցող…առարկա», ի՞նչն է մեզ խանգարում, որ այսպես մտածենք:

Չե՞նք ասում. «Չարն է´լ է միշտ ապրում անվերջ, Անե´ծք նրա չար գործին…», մտածելով, որ այս առաջին «չարը» հենց «ինքնուրույն գոյություն ունեցող … առարկա» է, չնայած երկրորդ խոսքի «չարն» արդեն այնքան էլ «ինքնուրույն գոյություն ունեցող … առարկա» չի:

(Սրանցից առաջին «Չարն» բառը շղթայված զուգորդված է «է» բայի 3-րդ դեմքին, իսկ երկրորդ «չար»-ը շղթայված զուգորդված է «գործին» անունին):

Թյուրիմացական է նաև հենց «մակբայ» տերմինը, ինչը բառացի «բայի վրա դրվողն» է, բայց հնարավոր է, որ դրվի նաև գոյականի´ վրա: Ավելի գերադասելի են «մակդիր» կամ «մականուն» տերմինները, որ Աբեղյանը գործածում է իր 1906 թվի «Աշխարհաբարի քերականությունը» գրքի մեջ [1], չնայած, մեկ է, բազում տերմին հորինելը անօգուտ գործ է:

Օրինակ, ի՞նչ ասենք «մեր մարդկային քաղաքակրթության պատմության ընթացքում երբևէ գոյություն չունեցած չափազանց արագ վազող ձի» արտահայտության «վազող» ածականի (թե՞ մակբայի) այս բարդ ու շեղատառ լրացուցիչին:

Եկեք սրանք հերթով շարենք, որ համոզվենք, որ այս խնդիրը ուղղակի աննպատակ է.

վազող ձի;

արագ վազող ձի;

չափազանց արագ վազող ձի;

գոյություն չունեցած չափազանց արագ վազող ձի;

երբևէ գոյություն չունեցած չափազանց արագ վազող ձի;

պատմության ընթացքում երբևէ գոյություն չունեցած չափազանց արագ վազող ձի;

քաղաքակրթության պատմության ընթացքում երբևէ գոյություն չունեցած չափազանց արագ վազող ձի;

մարդկային քաղաքակրթության պատմության ընթացքում երբևէ գոյություն չունեցած չափազանց արագ վազող ձի;

մեր մարդկային քաղաքակրթության պատմության ընթացքում երբևէ գոյություն չունեցած չափազանց արագ վազող ձի:

Եթե տերմին հորինելիս հետևողական լինենք, մենք այս կապակցության առաջին բառին, այս առաջին «մեր» բառին պիտի, ասեինք՝ «մակբայի մակբայի մակբայի մակբայի մակբայի մակբայի մակբայի մակբայ» կամ էլ պիտի սրա համար մի նոր տերմին հորինեինք:

Բայց այս նոր տերմինը հորինելուց առաջ պիտի սրան նախորդող ութը բառի համար էլ ութ նոր տերմին հորինած լինեինք: Սա ի՞նչ գիտական ինֆորմացիա կտար մեզ: Չէ՞ որ այս 11 տերմինին կարող է փոխարինի ընդամենը մեկը, մեր մի հատիկ «ածական» կամ, շատ-շատ, «բաղադրյալ ածական» տերմինը:

Հետո, ի՞նչ է նշանակում Աբեղյանի 2-րդ սահմանման «բնության մեջ մշտապես կամ ժամանակավոր գտնված մի որպիսություն»-ը: Հիմա հարցնում եմ. «Մշտապե՞ս, թե՞ ժամանակավոր»: Կա՞ սրանց երրորդ այլընտրանքը:

Այսպիսի հնարավոր անլուծելի հարցերի թիվն անպայման է անսպառ ա´յն քերականության մեջ, ինչը լեզվի կատարյա´լ վերացական, լրի´վ ֆորմալ կառույցի փիլիսոփայական (ուրեմն, ոչ բնագիտական) իմաստը պարզելու փորձն է անում:

Այս տեսակ անլուծելի հարցերը մանավանդ շատ են խնդիրների, պարագաների ու հոլովաձևերի բացատրությունների մեջ: Հենց ինքը, Աբեղյանը, հաճախ է ասում. «Ոմանք սրանք դնում են նաև այսինչ պարագաների շարքը»:

Ես Աբեղյանին սրանով ոչ մեղադրում եմ, ոչ էլ քննադատում: Աբեղյանը շատ լավ գիտեր, որ քերականական ավանդույթները շատ խախտելը ճիշտ չի ընկալվի ու զգուշանում էր:

Ե´ս էլ եմ զգուշանում, ու, ինչքան հնարավոր է, ընդունված բաներն անփոփոխ եմ թողնում, եթե ճշմարտությունը սրանից այնքան էլ շատ չի տուժում: Բայց, ըսկըզբունքային հարցերում, անաչառ հետազոտողը պիտի աննկուն լինի, իսկ մանրուքների մեջ՝ չափազանց ուշադիր ու հետևողական, որ հետագայում դրանք շուռ չգան հենց իր դեմ, ինչպես եղավ Աբեղյանի պարագայում:

Աբեղյանը Թումանյանից վերը քաղածի առաջին «չար»-ին կասեր «գոյականաբար գործածված ածական»: Այսպես ասելով, Աբեղյանը երկու սխալ կաներ:

Իրոք, ի՞նչ է այս «գոյականաբար» գործածությունը, ինչին հենց ի´նքը, Աբեղյանը հետագայում կտրուկ չի համաձայնում իր «Մի քանի քերականական խնդիրների մասին» հայտնի (144 էջանոց) ելույթի մեջ ([4], ՄՔՔԽՄ 535), չնայած հենց ինքն իր «Հայոց լեզվի տեսության» մեջ, [3], այս «գոյականաբար գործածությունը» բազում անգամ է գործածում:

Իր այս ելույթի մեջ Աբեղյանն ասում է, որ հայերենի անորոշ դերբայը բայական ոչ մի ֆունկցիա չունի ու գոյակա´ն է, ու հենց գոյական լինելու պատճառո´վ է հնարավոր, որ «գոյականաբար գործածվի»:

Բայց, սրա հետ միասին, Աբեղյանը, իր քերականական բոլոր գործերի մեջ, զուտ սովորության իներցիայով, անորոշ դերբային բազում-բազում անգամ ասում է բայ, իհարկե, ամեն անգամն էլ հիանալի գիտակցելով, որ անորոշ դերբայը բայ չի (համարյա այսպես է նաև Աճառյանը, չնայած ինձ թվում է, թե այս քերականն այդպես էլ չի կողմնորոշվում, թե անորոշ դերբայն ի´նչ է, բա՞յ է, թե՞ չէ):

Ասվեց, որ Աբեղյանը շատ հաճախ է ասում, թե այսինչ կամ այնինչ ածականը «գործածվում է» գոյականաբար (ևն): Ուրեմն, ինքն իրեն չժխտելու խաթեր, պիտի ա´նպայման ընդուներ, որ ածականը նաև գոյական է:

Իրոք է, չէ՞ որ անհնար է, որ ճանճը երբևէ գործածվի «ձիաբար», որովհետև ճանճը բոլորովին ձի չի: Ջորին, հնարավո´ր է, որ գործածվի թե´ «ձիաբար», թե´ «էշաբար», քանի որ ջորին թե´ ձի է, թե´ էշ: Ջորին ձիու ու էշի հիբրիդն է:

Հնարավոր է, որ նույնիսկ կո´վը կամ ցո´ւլը կամ լամա´ն կամ շո´ւնը գործածվի «ձիաբար» ու մանավանդ «էշաբար», կամ էշը գործածվի «կովաբար» (իրոք էլ, երբեմն էշին էլ են գործածում կովաբար, կամ ոչխարաբար», որովհետև էշին է´լ են կթում ու այս կաթով բուժում են «կապույտ հազ» հիվանդությունը):

Կամ շանը գործածում են «եզնաբար», մանավանդ հյուսիսում: Այս բոլոր գործածություններն էլ հնարավոր են, որովհետև այս կենդանիները, բոլորն էլ, չորքոտանի ողնաշարավոր բեռ քարշ տալու ընդունակ ընտանի անասուն են, բայց անհնար է, որ սրանցից մեկնումեկը գործածվի «ճանճաբար» կամ «օձաբար», կամ «արծվաբար» կամ «կոկորդիլոսաբար» ևն:

Այժմ այս «-աբար» մասնիկի մասին: Աբեղյանը իր «Մի քանի քերականական խընդիրների մասին» գործի մեջ ([4], էջ 556) ասում է. «Վերջին 30-40 տարիների ընթացքում, օտար լեզուների ազդեցության տակ {ինչը ռուսերենի под воздействием-ի կալկան է, փոխանակ լինի «ազդեցությամբ»}, շարունակ կազմվում են նորանոր մակբայներ՝ որակական ածականների վերջից ավելացնելով «որեն», ինչպես՝ «զգաստորեն», «սարսափելիորեն», «անպայմանորեն» և նմանները:

«Այսպիսի նոր կազմություններով, որոնք մեծ մասամբ ավելորդ են, բնականաբար {հենց այս «բնականաբար»-ը, ազդվելով ռուսերենից, Աբեղյանի փնոված օտարաձև մակբայներից է. թավատառն ի´մն է} փոխվում է մեր լեզվի հատկությունը մակբայների նկատմամբ:

«Միևնույն «Պրոկրուստեսի անկողնու» դեր են կատարում, սակայն, նրանք, որ խոսելիս կամ գրելիս գործ են ածում այսպիսի բաներ՝ «արագորեն խոսել», «դանդաղորեն ման գալ», «անպայմանորեն կգա» և նմանները, փոխանակ հայերեն ասելու՝ արագ խոսել, դանդաղ ման գալ, անպայման կգա»:

Այնինչ, հենց Աբեղյանը, հենց իր այս «Հայոց լեզվի տեսության» 365-րդ էջում գրում է.

«Գ. Մակբայները լինում են՝ 1. Անվանական մակբայ (ազատորեն, քաջաբար)», {ինչը հակառակ է թե´ նոր ասածին, թե´ իր այն հիմնական թեզին, որ} «հայերենի ածականն ու մակբայը ձևով նույնն են» (տես նաև 14.4 պարագրաֆը):

Ու Աբեղյանն թե´ իր այս փնովելի օտարաձև մակբայներն է գործածում իր գըրվածքներում, թե´ անորոշ դերբային է բազմիցս-բացմիցս ասում բայ, չնայած իր այն հստակ թեզին, թե հայերենի անորոշ դերբայը բայ չի ու որ հայերենն անդեմ բայ չունի:

Ի՞նչ ասես սրան, անզգուշությո՞ւն, անփութությո՞ւն, թե՞ մի ուրիշ բան:

Սա զարմանալի է ու արտառոց, որովհետև ու այնուամենայնիվ, Աբեղյանի գիտական արդյունքները անչափ են կարևոր ու վիթխարի:

Ինչ էլ ասեն, հայերենի գիտական քերականության գլխավոր հիմնադիրն ու մշակողը Մանուկ Աբեղյանն է, իմ մեծարգո ուսուցիչը: Չլիներ Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը», սինքրոն լեզվաբանությամբ չէի հրապուրվի ու այս հետազոտությունը չէի անի ու այս բաներն էլ չէի իմանա: Բայց.

Դրույթ 1. Աբեղյանի մեթոդի ամենաթույլ տեղը գրական ոճերը լեզու համարելն է:

Աբեղյանն իր ՀԼՏ-ի 56-րդ էջին ասում է. «…քանի որ գրական լեզուն կենդանի խոսակցական լեզու է…», իսկ հաջորդ էջին գրում է. «…որքան կրթությունը տարածվում է դպրոցի ու գրականության միջոցով, այնքան ավելի մեծանում է այնպիսի մարդկանց թիվը, որոնք մանկությունից արդեն խոսում են միայն գրական լեզվով…»:

Այս երկու թեզն էլ ուղղակի արտառոց սխալ են, քանզի նախ այս ողջ աշխարհում չկա գոնե մի փոքրիկ գյուղ, ինչի բնակիչները առավոտից իրիկուն խոսեն այս «կենդանի խոսակցական գրական լեզվով»:

Այսինքն, խոսեն ա´յն «լեզվով», ինչի առիթով Հր. Աճառյանն իր ԼՔՀԼ-ի Ներածական հատորի 141-րդ էջում [7] ակնարկում է, թե գրական ոճերը {Երևանի} բարբառի աղավաղմունքն են: Բայց հենց նույն տեղում հենց ի´նքը, Աճառյա´նն է հայտարարում, թե գրական ոճերը նո´ւյնպես բարբառ են են, իսկ բարբառն ա´նպայման է լեզու, լեզուն էլ երբեք աղավաղ կամ սխալ չի լինում: (Տես նաև Գլուխ 15-ը):

Երկրորդն էլ, դպրոցականները միմիայն դասերին են փորձում գրական ոճերով խոսեն, իսկ իրար հետ խոսելիս, նույնիսկ դասի ժամանակ իրար փսփսալիս, խոսում են միմիայն իրենց մայրենի բարբառով, ամեն անգամ ու ամեն տեղ:

Այնինչ, Աբեղյանը հույս ունի (ՀԼՏ, 57), թե. «… հետզհետե կրթությունն ընդհանրանում է ամբողջ ազգի մեջ և նրա բոլոր մասերը հաղորդակից են լինում ընդհանուր մշակույթին, այն ժամանակ բարբառները մոտենում են գրական լեզվին և մեկմեկու, միչև վերջիվերջո գրական լեզուն իշխում է ամեն տեղ և բարբառները մեռնում են»:

Սա, անկասկած, կա´մ ֆանտաստիկայի ոլորտից է, կա´մ արդեն ասված ստալինյան վախից է, քանզի Ստալինի լեզվաբանական նշանավոր հոդվածի թեզերից է:

Մերօրյա լեզվաբանության հիմնադիր Ֆերդինանդ դե Սոսյուրն ասում է, թե.

Դրույթ 2. Լեզվաբանի ուսումնասիրության առարկան միմիայն բանավոր լեզո´ւն է, միայն բարբա´ռն է, միայն բարբառի առկա´ վիճակը, սինքրո´ն վիճակը, առանց լեզվի պատմության հարցերը քննելու:

Այինինչ.

Դրույթ 3. Թե´ Աբեղյանի, թե´ Աճառյանի ուսումնասիրության առարկան ու բերած օրինակների մեծագույն մասը հենց գրական ոճերից են (երբեմն էլ՝ գրաբարից), մեր գրողների գործերից ու մամուլից:

Ի՞նչ երաշխիք կա, որ մեր հեղինակները ճիշտ են գրանցել Երևանի բարբառը, մեր գրական արևելյան ոճերի մայր հիմքը: Այսպիսի երաշխիք չկա:

Կա հակառակը, մեր գրողների գործերը լի են թարգմանական բազում կալկայով (կլիշեով), ինչից հենց Աբեղյան է երբեմն բողոքում (ու ինչից այս շարադրանքը շատ է խոսել ու դեռ խոսելու է) ու նույնիսկ ասում է, թե քերականությունը գրողների սխալներն արդարացնելու համար չեն հորինում:

Աբեղյանի այսօրինակ վերաբերմունքից ու իր այսպիսի մի քանի այլ դիտողությունից հետևում է, որ Աբեղյանը (Աճառյանի պես), համոզված էր, որ գրական ոճերը լեզու են, ինչը թե´ խոշոր, թե´ սկզբունքային մոլորություն է, որվհետև ձևական (ֆորմալ) տրամաբանությունը գրական հույժ տարասեռ ոճերի նկատմամբ կիրառելի չի:

Այնուամենայնիվ, ուղղակի ապշելու է, որ լեզվի նկատմամբ այս սխալ վերաբերմունքով հանդերձ, Աբեղյանի տեսությունը (իր իմաստաբանական էսենցիալիզմը չհաշված) հույժ գիտական է ու օգտակար:

Այս ամենով հանդերձ, պիտի նշվի, որ այսօրվա քերականական մղձավանջային շփոթի ակունքները, այնուամենայնիվ, Աբեղյանի (ու մանավանդ Աճառյանի) այսօրինակ «անփութություններն» են (տես նաև 15-16-րդ գլուխները):

13.13 Բայի ժամանակը լրացնող բառ-ստորոգյալը

Քննենք հետևյալ խոսքը (նախադասությունը).

«Կուզդրը շոբանգ էր»:

Վերի շարադրանքից պարզ է, որ, ըստ Աբեղյանի մեկնության, այս խոսքի բայը «էր»-ն է, «կուզդրը» բառը այս բայի 3-րդ դեմքը լրացնող բառ-ենթական է (դեմք ենթական այս «էր» բայի 3-րդ դեմքն է), «շոբանգ»-ը ածական ստորոգյալն է, «շոբանգ էր»-ը, անկախ այն հանգամանքից, թե սրանք իրար կպած կգրենք, թե չէ, այս խոսքի բայ-ստորոգյալն է (իսկ բայիմաստ ստորոգյալը «էր» բայի արտահայտած արդեն անցյալ դարձած ստատիկ գոյության գաղափարն է):

Այս «էր» բայը, որ օժտված է գոյության իմաստով, եզակի թվով ու անցյալի գաղափարով, ցույց է տալից, որ այս «կուզդրը» այս խոսքը գրելուց կամ ասելուց առա´ջ էր «շոբանգ»:

Եթե ասենք.

«Կուզդրը էրեկ շոբա´նգ էր»,

լրացրած կլինենք «էր» բայի անցյալը ցույց տվող ժամանակը:

Ըստ էության, այս «էրեկ»-ն էլ է, ի վերջո, վերագրվում (ստորոգվում) բայի իմաստին, բայց քերականական ավանդույթով ասում են, որ այս «էրեկ»-ը վերագրվում է ոչ թե բայիմաստին, այլ բայի ցույց տված անցյալ ժամանակի գաղափարին ու լրացնում ճշտում է այս անցյալը, ու որ այս «էրեկ»-ը ժամանակի պարագա է:

Իհարկե, «էրեկ»-ի այս մեկնությունը որպես ժամանակի պարագա որոշակի կամայականություն ունի:

Իրոք, չէ՞ որ կարող էի ասեի, թե «Շոբանգ էր»-ը շոբանգի անցյալ գոյության մասնավոր բայ է, բայց շոբանգի անցյալ գոյության հազար ու մի ձև կարող է լինի, ու այդ հազարավոր ձևից մեկն էլ «էրեկ գոյություն ունենալն է»:

Ուրեմն, այս «էրեկ»-ը ձևի´ պարագա է, ոչ թե ժամանակի պարագա:

Ա´յս մեկնությամբ, արդեն բոլո´ր-բոլո´ր ստորոգյալներն էլ (ուրեմն, նաև խնդիրները, պարագաներն ու ածական մակբայներն էլ) կարող ենք համարենք միմիայն ձևի պարագա:

Ուրեմն, այս «էրեկ» բառով (սա շղթայելով կամ զուգորդելով «շոբանգ էր»-ին) պարզվում է, որ այս «շոբանգ էր» մասնավոր բայի արտահայտած անցյալն «էրե´կ» էր, այսինքն, որ այս կուզդրը էրե´կ էր շոբանգ:

Սրա համար էլ սխալ չի լինի, որ այս «էրեկ»-ին ասենք ժամանակային բառ-ըստորոգյալ (կամ վերադիր), կամ բայի ժամանակին վերագրվող (շղթայվող զուգորդվող) կամ ուղղակի՝ ժամանակը լրացնող, կամ ուղղակի՝ ստորոգյալ (ժամանակային բառ-ստորոգյալ):

Այնուամենայնիվ, ավանդույթը չխախտելու ու տերմնինները չփոխելու համար, լավ կլինի, եթե բայի ժամանակը լրացնող այս բառ-ստորոգյալը կոչենք ժամանակի պարագա, չմոռանալով, որ սա է´լ է վերագրվող, որ սա է´լ է ստորոգյալ:

(Ի վերջո, բայի ժամանակը, թիվը, դեմքը, բայիմաստն ու ստորոգելու զորությունը անկապտելի´ են մերված ձուլված հայերենի բայի մեջ):

Հնարավոր է, որ այս «էրեկ»-ն էլ լրանա, օրինակ, հետևյալ ձևով.

«Կուզդրը էրեկ կեսօրին շոբանգ էր», կամ «Կուզդրը մի տարի առաջ էսօրվանը նախորդող օրվա կեսօրից 20 րոպե 15 վայրկյան անց շոբանգ էր»:

Այս խոսքի «մի տարի առաջ էսօրվանը նախորդող օրվա կեսօրից 20 րոպե 15 վայրկյան անց» բառերի երկար շարանը «էր» բայի անցյալ ժամանակի բարդ կամ բաղադրյալ ստորոգյալ-լրացումն է կամ ժամանակային վերադիրը:

Իհարկե, ոչ ոք չի արգելում որևէ քերականին, որ այս շարանի «անց» բառին կամ սրան (հերթով) լրացնող մնացած բառերի ողջ շարանին ասի «ժամանակի պարագա» կամ այս շարանի առանձին բառերի իմաստները «քննի» ու համապատասխան անուններ տա դրանց, եթե մի´շտ է հնարավոր, որ սա արվի միարժեք ու առանց տրամաբանական հակասությունների, բայց այս քննությունը ի՞նչ կտա գիտությանը, առավել ևս՝ դպրոցականին:

Կարելի է (հետևելով Աբեղյանին ու Աճառյանին), որ ասվի, թե «ժամանակը բայի հատկանիշն է, իսկ հատկանիշի հատկանիշն էլ պարագա է կոչվում, ուրեմն այս «էրեկ»-ը ժամանակի պարագա է»:

Բայց հարցրեք ֆիզիկոսներին թե «ժամանակը իրո՞ք է հատկանիշ», ու կտեսնեք, որ ֆիզիկոսները լավագույն դեպքում կժպտան կամ ներողամիտ տեսքով ուսերը կթոթվեն:

Ֆիզիկոսի համար ժամանակն ընդամենը պատահարների հերթականության արտահայտությունը կամ նկարագրությունն է, ու զարմանալի ու հրաշալի է, որ այս հերթականությունը լեզվի մեջ արտահայտվում է բայով ու բայի ժամանակի գաղափարը լրացնող բառ-ստորոգյալներով կամ պարագաներով:

Այս ստորոգյալ-վերադիրները բայը լրացնում են ժամանակ ցույց տվող անունների կա´մ ուղղական-հայցական ձևերով (հոդով կամ անհոդ – «ամառը, ձմռանը, էրեկ, անցած տարի» ևն), կա´մ սեռական-տրականով, երբեմն, բացառականի օնությամբ («կեսօրին, ժամը ութին, յոթից քսան պակաս» ևն):

Բերենք սրանցից մի քանիսը (որոնց Աբեղյանը չի իմանում, թե ի´նչ կոչի, պարագա՞, պարագայական խնդի՞ր, թե՞ մակբայ. տես իր «Հայոց լեզվի տեսության» 379-385 էջերը).

«էսօր, երեկ, երեկ չէ՝ մյուս օրը, վաղը, վաղը չէ՝ մյուս օրը, էգուց, հերու, ամառը/ամռանը, ձմեռը/ձմռանը, գարնանը, աշնանը, անցած տարի/ամիս ևն, հիմա, առաջ, հետո, անց, կեսօրին, իրիկունը, գիշերը, ցերեկը, կեսգիշերին, մութուլուսին, աղջամուղջին, մթնշաղին, այս/էկող/մյուս շաբաթ, էս /էկող/ մյուս տարի/, երբեմն, մերթ ընդ մերթ, հաճախ, շատ անգամ, օրերից մի օր, օրեցօր, էդ պահից առաջ/հետո, էդ ընթացքում» ևն, ևն:

Այս դատողությունները բոլորովին չեն փոխվում, երբ ժամանակային պարագան լրացնում է մի ոչ «եմ»-ային բայ: Օրինակ.

«Կուզդրը էրեկ (չ)բուդլանեց»

«Կուզդրը էրեկ (չէր) բուդլանում էր»

«Կուզդրը էրեկ (չէր) գալիս էր»

«Կուզդրը էրեկ բուդլանել է/էր» կամ «Կուզդրը էրե´կ է/էր բուդլանել»

«Կուզդրը էրեկ չի/չէր բուդլանել»

«Կուզդրը էրեկ (չէր)էր բուդլանելու»

«Կուզդրը էրեկ կ(չի)բուդլանի/կբուդլաներ, չէր բուդլանի»

«Էրե՞կ բուդլանեի, թե՞ վաղը», «վա՞ղը բուդլանեմ», կամ «վաղը բուդլանե՞մ, թե՞ չըբուդլանեմ» ևն:

Ամփոփենք:

Դրույթ 1. Հայերենի բայի ժամանակը լրացնող ժամանակի պարագա կոչվածը բառը (իր լրացումներով հանդերձ) բառ-ստորոգյա´լ է, բայի ժամանակի´ն վերագրվող է, այսինքն, ի վերջո, բային վերագրվո´ղ է, որովհետև այսպիսին է այսօրվա հայերենի պրոցեսային գոյության այս «ժամանակային» հատկությունը:

13.14 Բայի թվական ստորոգյալը

Չմոռանանք, որ «ստորոգյալ» բառը նշանակում է՝ «վերագրվող», ու որ բայից բացի մնացած բոլոր բառերը, ի վերջո, բայի այս կամ այն հատկության լրացումներն են, ուրեմն, ի վերջո, ստորոգյալ են: Այսինքն.

Դրույթ 1. Լայն իմաստով ստորոգյալն ընդգրկում է՝ ենթական, բառ-ստորոգյալը, բոլոր խնդիրները, մակբայներն ու պարագաները: Կնշանակի, բայից բացի, բառերի համարյա բոլոր տեսակներն էլ կարող են ստորոգվել-վերագրվել, ու մենք միայն հարմարության համար ենք սրանք դասդասում՝ ենթակայի, բուն ստորոգյալի, խընդիրների, պարագաների ու մակբայների:

Այնուամենայնիվ, քերականական ավանդույթները չեմ խախտի ու ե´ս էլ կգործածեմ սովորական տերմինները: (Սոսյուրն իզուր չի ասում, թե «լեզվից բարդ բան չկա», ինչին կարելի է համաձայնենք, եթե հասարակությունն ու կյանքը մի կողմ թողնենք):

Մի անգամ էլ համոզվենք, որ լեզվի նույնիսկ այս ֆորմալ-վերացական նկարագրությունն է անչափ բարդ: Նաև, այս բարդությունը ցուցադրելու համար, նախ քննարկենք «եմ»-ի թվական բառ-ստորոգյալները, որոնք «եմ»-ին լրացնելով կազմում են՝ թիվ կամ քանակ ցույց տվող «եմ»-ային բայ-ստորոգյալ, այսինքն, «եմ»-ային ընդհանրացրած կամ բաղադրյալ թվական-բայ:

Սա էլ, իր հերթին, միանալով պրոցեսի բայերին, կազմում է պրոցեսի մնացած բոլոր թվական (թիվ ցույց տվող) բայերը: (Այն դեպքը, երբ թվական-գոյական զույգը բառ-ենթակա է, առայժմ չի քննարկվելու):

Բայ լրացնող այսպիսի թիվ կամ քանակ ցույց տվող լրացմունք-ստորոգյալներին մեր քերականությունները, մեծ մասամբ, անվանում են չափ ու քանակի պարագա:

Անցնենք բուն քննարկությանը: Երբ անհոդ քանակական թվականը միանում է «եմ»-ին, կազմում է մի մասնավոր գոյության բայ: Ահա օրինակները. «Մեկ եմ/ես/ ա/ենք/եք/են», «միակն եմ/ենք» կամ «մենակ եմ/ենք» իմաստով:

Օրինակ. «Ես ընդամենը մի մեկ եմ, զրո ավելացնես, կդառնամ տասը» ևն: Այստեղի «մեկ» թվականը տեղակալելի է ցանկացած ուրիշ անհոդ քանակական թվականով, բայց երևի թե այս գործածությունը հազվադեպ է:

Հազվադեպ է նաև դասական թվականների այսօրինակ անհոդ գործածությունը.

«Առաջին (դասարան) եմ/ես/ա/ենք/եք/են»,

«Երկրորդ (դասարան) եմ/ես/ա/ենք/եք/են» ևն

Ավելի հաճախ է հոդով թվականի գործածությունը.

«Մեկն եմ/ես/ա/ենք/եք/են» (այսքանից, այդքանից, այնքանից):

«Երկուսն /ենք/եք/են» (այսքանից, այդքանից, այնքանից):

Եզակի թվերը թերևս այնքան էլ տրամաբանական չեն լեզվական այս իրավիճակում, ու լեզուն սրանք չափազանց քիչ է գործածում: Տես հետո, երբ թվական-գոյական զույգը բայի դեմքի բառ-ենթական է):

«Առաջինն եմ/ես/է/ենք/եք/են» (այսքանից, այդքանից, այնքանից):

«Երկրորդն եմ/ես/է/ենք/եք/են» (այսքանից, այդքանից, այնքանից):

Դրույթ 2. Սխալ չի լինի, եթե թվականի ու «եմ»-ի այս զույգ միությունը (օրինակ, այս «երկուսնեմ» զույգը) համարենք մեկ բառ, կամ մեկ բայ:

Աբեղյանն այս զույգի պեսերի´ն է անվանում բայ ստորոգյալ, թերևս զգալով կամ հաշվի առնելով, որ այս զույգի առանձին բաղադրիչներն այսօրինակ գործածությունով ձուլվում մերվում են իրար, սրանց «բայացնելով ու ընդհանրացնելով» դարձնելով մի բարդ բայ, մի «ընդհանրացրած, բայց գոյության նեղ իմաստով օժանդակ բայ»:

Այս «ընդհանրացրած օժանդակները» (նաև եզակի օժանդակները) նախադաս շղթայվում զուգորդվում միանում են դերբայներին ու թերբառներին ու կազմում են բազում բարդ կամ բաղադրյալ բայ.

«Մեկն/երկուսն եմ/ես/ա/ենք/եք/են տանում/ընտրում/ուտում/գողանում»,

«Երկրորդն եմ/ես/ա/ենք/եք/են տանում/ընտրում/ուտում/գողանում»,

և այսպես բոլոր ժամանակների համար, բացի կատարյալներն ու ըղձականները, որովհետև սրանք այսօր առանձին ընկալվող «եմ» բաղադրիչ չունեն:

Այսպես է նաև թվականի բոլոր հոլովաձևերի համար.

«Մեկին/երկուսին եմ/ես/ա/ենք/եք/են տանում/ընտրում/ուտում/մոտենում»

«Երրորդին եմ/ես/ա/ենք/եք/են տանում/ընտրում/ուտում/գրվում/մոտենում»

«Մեկից/երկուսից եմ/ես/ա/ենք/եք/են տանում/ընտրում/վախենում»

«Երրորդից եմ/ես/ա/ենք/եք/են տանում/խաբնվում/վախենում/զրկվում»

«Մեկով/երկուսով եմ/ես/ա/ենք/եք/են գնում/կտրում/փորում/գրվում»

«Երրորդով եմ/ես/ա/ենք/եք/են տարվում/հրապուրվում/կտրում/փորում»

Այսպես է և քանակական անորոշ (կամ հարաբերական) թվականների համար:

Տեղակալենք այս օրինակների թվականները «շատ» ու «մի քանի(ս)» անորոշ թըվականներով.

«Շատն եմ/ես/ա/ենք/եք/են տանում/ընտրում/ուտում/գողանում»

«Մի քանիսն եմ/ես/ա/ենք/եք/են տանում/ընտրում/ուտում/գողանում»

«Շատին եմ/ես/ա/ենք/եք/են տանում/ընտրում/ուտում/մոտենում»

«Մի քանիսին եմ/ես/ա/ենք/եք/են տանում/ընտրում/ուտում/մոտենում»

«Շատից եմ/ես/ա/ենք/եք/են տանում/ընտրում/վախենում»

«Մի քանիսից եմ/ես/ա/ենք/եք/են տանում/ընտրում/վախենում/զրկվում»

«Շատով եմ/ես/ա/ենք/եք/են գնում/կտրում/փորում/գրվում»

«Մի քանիսով եմ/ես/ա/ենք/եք/են տանում/գնում/կտրում/փորում»

Այստեղ «շատ» ու «քիչ» բառերի եզակի ձևի գործածությունն անսովոր է թվում (նույնիսկ ինձ, որ մեծ մասամբ եզակին եմ գործածում իմ գրվածքներում): Սրա պատճառը դպրոցական հասակից մեր մեջ ամրացած հոգնակիի սխալ կիրառությունն է, ինչն ընդունված է գրական ոճերում:

Բայց սա, «շատ» ու «քիչ»-ի այս եզակիով գործածությունը, անկասկած, ռուսերեն լեզվի պատճեն-կալկան է, ինչը մեր թարգմանները բազում անգամ սխալ-սխալ պատճենել են հոգնակիով, օրինակ, многим кажется, немногие понимаюут ռուսերեն ձևերը իբր հարազատ թարգմանելով «շատերին թվում է; քչերն են հասկանում» հայերենին խորթ ձևերով:

Ճիշտ ձևերն են՝ «շատին թվում է; քիչն է հասկանում», բայց ավելի լավ են. «շատ մարդու է թվում; քիչ մարդ է հասկանում» ձևերը: Պարզ է, որ եթե այս ձևերի «մարդու; մարդ» անունները սղվեն, թվականի արդեն հոգնակի իմաստը չպիտի դառնա «հոգնակու քառակուսին»: Չէ՞ որ «շատ; քիչ» թվականները իմաստով ինքնին հոգնակի են, թեև ձևով եզակի են:

(Մենք սրան նման սխալ կանեինք, եթե ասեինք «խնձորներներ, քարերեր» ևն, ու ես հենց սրանց էր, որ կատակով անվանեցի «հոգնակիի քառակուսի»):

Ասվածն ավելի պարզ կերևա թվական-գոյական զույգի վերագրության (այսինքն, ստորոգյալության) հետագա վերլուծությունից:

Այսօրվա հայերենի հոգնակի բայի թվի ստորոգյալ-վերադիրները (ի վերջո, ուղղակի ստորոգյալները) շատ բազմազան են:

Ահա մի քանի օրինակ. «Երկուսը կերանք/ կերաք/ կերան/ կերա/ կերար/ կերավ/»; «Երկուսին մոտեցանք»; «Երկուսից հեռացանք»; «Երկուսո´վ խաղացինք»:

Այս բազմազանությունը մի անգամ էլ կերևա, եթե, օրինակ, այս «երկուսով»-ը տեղակալենք հետևյալ քանակական թվականներով.

«Հինգ հոգով/Շատվորով/Լիքը (կամ էլ շատ) մարդով/Խմբով/Խումբ-խումբ/ Ջուխտ-ջուխտ/Իրեք-իրեք խաղացինք» ևն:

Այս «Երկուսո´վ; Հինգ հոգով; Շատվորով; Լիքը մարդով; Խմբով; Խումբ-խումբ; Ջուխտ-ջուխտ; Իրեք-իրեք»-ը բայի թվի վերադիրները, ըստ էության, հենց ստորոգյալ-վերագրվողներն են, ու հենց սրանք են լրացնում, ճշտում բայի հոգնակիությո´ւնը, բայի թի´վը:

Իսկ այսօրվա հայերենի բայի եզակի թիվը շատ անգամ որոշակի է, սրա համար էլ բայի եզակին հաճախ միայն շեշտվում է, ճիշտ այնպես, ինչպես բային լրացնող դերանուն-ենթակա´ն է շեշտում բայի դեմքը: Օրինակ. «Խաղացի», բայց «Ե´ս խաղացի»:

Այս խոսքի «Ե´ս»-ը բայի դեմքն ավելի որոշակի չի դարձնում, քանի որ «խաղացի»-ից էլ էր լրի´վ պարզ, որ հենց ե´ս խաղացի:

Նույն ձևով էլ, շեշտելով ասվում է.

«Մենա´կ խաղացի/խաղացիր/խաղաց»

«Մենա´կ եմ/ես/ա/էի/էիր/էր խաղացել»

«Մենա´կ եմ/ես/ա/էի/էիր/էր/խաղում»

«Մենա´կ եմ/ես/ա/էի/էիր/էր/խաղալու»

«Մենա´կ խաղամ/խաղաս/խաղա»

«Մենա´կ կխաղամ/կխաղաս/կխաղա»

«Մենա´կ խաղացի/խաղացիր/խաղաց»

(նույն ձևով նաև բոլոր ժխտականները) փոխանակ.

«խաղացի/խաղացիր/խաղաց»

«խաղացել եմ/ես/ա/ենք/եք/են/էի/էիր/էր

«խաղում եմ/ես/ա/էի/էիր/էր»

«խաղալու եմ/ես/ա/էի/էիր/էր»

«խաղամ/խաղաս/խաղա»

«կխաղամ/կխաղաս/կխաղա»

«խաղացի/խաղացիր/խաղաց»

ձևերի: Նկատելի է, որ երբ թվական ստորոգյալ-վերադիրը լրացնում է «եմ»-ային բայը, օժանդակ «եմ» բայը դերբային կամ թերբառին նախադաս է, ինչպես որ ժխտական օժանդակն է նախադաս, նույնիսկ երբ ստորոգյալ-վերադիրը չկա:

Երբ այս ստորոգյալ-վերադիրն ավելանում է բային, թվի մասին նոր ինֆորմացիա չենք ստանում, ընդամենը շեշտում ենք, որ այդ թիվը եզակի է: Սրա համար էլ թերևս հայերենի եզակի թվի բայի այս տեսակ վերադիրները բավական քիչ են:

Այնուամենայնիվ, հնարավոր է, որ եզակի ստորոգյալ վերադիրը լրացնի նաև հոգնակի բային, օրինակ.

«Մենակ (մե´նք) խաղացինք/խաղացիք/խաղացին»

«Մենա´կ խաղացել ենք/եք/են/էինք/էիք/էին»

«Մենա´կ (ե´ս) եմ/ (դու)ես/ (ինքն)ա/էի/էիր/էր/խաղում»

«Մենա´կ եմ/ես/ա/էի/էիր/էր/խաղալու»

«Մենա´կ խաղամ/խաղաս/խաղա»

«Մենա´կ կխաղամ/կխաղաս/կխաղա»

«Մենա´կ խաղացի/խաղացիր/խաղաց»

Հետաքրքիր է, որ «մենակ»-ը (կամ «մեն-մենակ»-ը) Երևանի այսօրվա բարբառում ունի նաև «միայն»-ի իմաստը, բայց այս անգամ հնարավոր է, որ թե բա´յը շեշտվի, օրինակ, «մենակ խաղացի´/խաղացի´նք» (այսինքն, ուրիշ ոչ մի բան չարեցի/չարինք, բացի խաղալը), թե դերանո´ւնը:

Այս անգամ այս «մենակ»-ը թերևս եղանակիչ է, այսինքն, լրացնում է նաև բայի կա´մ իմաստը կա´մ (ինչպես լեզվաբաններն են ասում), «ցույց է տալիս խոսողի վերաբերմունքն իր ասածի նկատմամբ», իսկ այս վերջինը Աճառյանի ասած «անհունն է», ուրեմն նաև լեզվի ֆորմալ ու սինխրոն նկարագրությանը հարկավոր չի:

13.15 Հայերենի թերբառ-ստորոգյալը

Արդեն ակնհայտ է, որ.

Դրույթ 1. Ասվել է, որ հայերենի «դերբայ» տերմինը խիստ է անհաջող, որովհետև հայերենի դերբայ համարվող բառերից ոչ մեկն էլ բայի դերը չի տանում, այսինքն, բային փոխարինելու զորություն չունի, քանզի սրանցից ոչ մեկն էլ դեմքի ու ժամանակի գաղափարը չունի:

Իրոք թող որևէ մեկը ցույց տա, թե ենթակայական «խաղացող» ու հարակատար «խաղացած», կամ ապակատար «խաղալու», կամ վաղակատար «խաղացել», կամ անկատար «խաղում», կամ համակատար «տալիս» դերբայների դեմքերն ու ժամանակներն ի´նչ են:

Սրանցից առաջին երկուսը, «խաղացող»-ն ու «խաղացած»-ը, հնարավոր է, որ չորս հոլովաձև ունենան, ուրեմն, գոյական են: Բայց հնարավոր է, որ սրանք, անփոփոխ մնալով, նաև զուգորդվեն ուրիշ անուններին: Ուրեմն, սրանք նաև ածական են, այսինքն, անուն են:

Սրանցից մեկը, «խաղալու» բառը, «խաղալ» դերբայ-գոյականի սեռական-տրականն է, չնայած ինքն էլ կարող է լինի թե´ գոյական, թե´ ածական: Ու այս երեք տեսակ բառից ոչ մեկն էլ, անկասկած, բայ չի:

Կնշանակի, թյուրիմացությունից խուսափելու համար, ճիշտ ու տեղին կլիներ, եթե «դերբայ» տերմինից հրաժարվեինք, ա´ռհասարակ:

Ուրեմն,

Դրույթ 2. Եթե, ինչպես արդեն ասվել է, մեր ենթակայական ու հարակատար ու ապակատար դերբայներին ասեինք ենթակայական, հարակատար ու ապակատար պարտիցիպ, իսկ ավելի լավ է՝ «ող-պարտիցիպ», «ած-պարտիցիպ» ու «լու-պարտիցիպ», իսկ անորոշ դերբային էլ ասեինք «ինֆինիտիվ», տրամաբանական ու գիտությանը վայել բան արած կլինեինք:

Ինչ վերաբերում է մեր անկատար դերբային («խաղում եմ»-ի «խաղում» բաղադրիչին ևն) ու վաղակատար դերբային («խաղացել եմ»-ի «խաղացել» բաղադրիչին ևն), եթե սրանց էլ, այս «խաղում»-ին ու «խաղացել»-ին ու «տալիս, լալիս, գալիս»-ին ասեինք թերի բառ կամ թերբառ, շատ ճիշտ կանեինք:

Իրոք, ինչպես ասվել է, սրանք Երևանի այսօրվա հայերենում առանց «եմ» բայի չեն գործածվում, այսինքն, այս բարբառում առանձին բառ չեն ընկալվում ու կարճ պատասխան էլ չեն դառնում ու միմիայն «եմ»-ն է, որ սրանց իմաստը «վարակում հիվանդացնում» միացնում է իրեն ու դարձնում է բայ, ճիշտ այնպես, ինչպես որ «ա» բայն է «սևա» զուգորդությունը դարձնում մասնավոր բայ: Ուրեմն.

Դրույթ 3. Այսօրվա անկատար, վաղակատար ու երեք հատ -իս դերբայ կոչվածը թերի բառեր են, այսինքն, թերբառ են, ու հայերեն լեզուն սրանք առանց «եմ»-ի չի գործածում, ու սրանք, միայն կցվելով «եմ» բային, կազմում են մի պրոցեսի գոյության բայ, ճիշտ ու ճիշտ վիճակի գոյության նեղ-մասնավոր բայերի պես:

Իհարկե, հնարավոր է, որ այս թերբառները մեկնվեն որպես զուգորդական (կամ շղթայվող) մասնիկներ, ճիշտ «կը; չը» մասնիկների պես:

13.16 Հնագույն տրականն այսօր

Անկատար դերբայ կոչվածը (կամ թերբառը) առաջացել է հնագույն տրական հոլովաձևից, ինչից առաջացել է նաև այսօրվա ներգոյական հոլովաձևը: Այսինքն, օրինակ, «խաղում»-ը հին օրերին նշանակում էր՝ «խաղի մեջ» ևն [ԼՔՀԼ, IV Բ, էջ՝ 175, 198-199]:

Աճառյանը սրա մասին հետևյալ դիտողությունն է անում [ԼՔՀԼ, IV Բ, էջ 198-199]: (Չակերտը, մեծատառը, շեղատառն ու թավատառը ե՛ս եմ ավելացրել):

«-ում» մասնիկի գործածությամբ թեև բայական ձևերը պարզվեցին, բայց տեղ-տեղ երկդիմություն առաջացավ: Անպատեհությունն այն է, որ «-ում» ձևով ներկան (կամ անկատարը), ձևի նույնության պատճառով, շփոթվում է նախ՝ «-ում» ձևով ներգոյականի հետ և երկրորդ՝ «-ում» վերջավորությամբ անունների հետ: Օրինակ՝ «խաղում» {«է»} նշանակում է թե՛ «խաղի մեջ» {«է»}, թե՛ «կխաղայ» (Աճառյանն այս «կխաղայ»-ը արևմտահայերենով է գրել. արևելահայերենով սա նշանակում է ոչ թե ապառնի, այլ «խաղո´ւմ է», «խաղում է՝ հենց հիմա կամ առհասարակ»}, «շարժում» նշանակում է 1) թե՛ «շարժողություն» 2) թե՛ «շարժի մեջ» (օրինակ, երկրաշարժի ժամանակ) և թե՛ 3) «կշարժի» (այսինքն, «շարժում է»}:

Հմմտ, օրինակ, հետևյալ հատվածները (արևմտահայ գրական լեզվով) … [ib]:

Նախ, էլի զարմանանք, որ Աճառյանն իր ասածները հիմնավորում է ոչ թե կենդանի լեզվով, ինչպես պահանջում է ԼԳՕ-ն, այլ գրական աղբյուրներից քաղած օրինակներով (որ չեմ բերել, բայց կարդացողը կարող է ստուգի), ինչը միայն մեռած լեզուների ուսումնասիրության ուղին է, ընդ որում, սրանց միակ ուղին է:

Այնինչ, այսօրվա լեզվի ուսումնասիրության համար սա անտեղի է, որովհետև այսօր Արարատյան բարբառը կենդանի է, ու հենց այս կենդանի՛ բարբառը պիտի ուսումնասիրվի և ոչ թե մեր գրողների կամ ժուռնալիստների գործածածը:

Չէ՞ որ շատ հնարավոր է, որ այս վերջինները սխալ լինեն կամ տարբերվեն բարբառից: Սրա համար էլ Աճառյանի այս եզրակացությունը սխալ է (տես հետո):

Երկրորդը: Աճառյանի օրերի Երևանի բարբառի մեջ «-ում»-ով ներգոյական հոլովաձև կա՛ր, բայց «-ում»-ով անուն (ուղղական հոլովաձևով) կամ արդեն համարյա չկար, կամ չափազանց քիչ կար: (Գրական ոճերի մեջ լիքն էր):

Թերթեք ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ կազմած «Հայ ժողովըրդական հեքիաթներ»-ի հատորները ու կտեսնեք, որ հնագույն տրականի եզակի «-ում» հոլովաձևով (համարյա) ո՛չ մի անուն չկա դրանց մեջ (եթե սրանց բանահավաքը չի գրականացրել իր հավաքածը):

Սրանք բոլորն էլ կա՛մ մեռել վերացել էին, կա՛մ փոխարինվել էին իրենց հոգնակի ուղղական ձևերով, որոնք իմաստով դարձել էին եզակի, ու որոնց անալոգիայով այսօրվա գրական ոճերը լիքը շատ գեղեցիկ բառ են կազմել: Օրինակ.

վրդովմունք, հուզմունք, արարմունք, ստիպմունք, աղճատմունք, պարապմունք, մըտածմունք, ցուցմունք, զբաղմունք, շարժմունք, հարցմունք, բարձունք, զգացմունք, հոլովմունք, խոնարհմունք, հիացմունք, հալածմունք ևն:

Սրանց առավելությունը սրանց «-ում»-ով «ռուսաձև» գրական անալոգների նըկատմամբ, որոնցից մի քանիսը հետևյալն են.

վրդովում, հուզում, արարում, ստիպում, աղճատում, դասավանդում, կազմում, հոլովում, խոնարհում, շղթայում, զուգորդում, ցուցում, հարցում, զգացում, խոնարհում, հիացում, հալածում, կազմում, ևն,

այն հանգամանքն է, որ սրանց կենդանի սեռական ու գործիական հոլովաձևերն են, օրինակ, «հոլովմունքի, հոլովմունքով», այնինչ սրանց «ռուսաձև» անալոգների նույն հոլովաձևերը կազմվում են գրաբարյան այսօր լրիվ արդեն մեռած կաղապարով՝ «կազմման, կազմմամբ, հոլովմման, հոլովմամբ», որոնք նաև դժվար արտասանելի են ու խորթ են այսօրվա հայերեններին:

(Բառերի այս խմբից նույնիսկ չի երևում, թե խոսքը կոնկրետ ինչի´ մասին է, գոյականի՞, թե՞ անկատար թերբառի):

Ասացի, որ առաջին խմբի բառերն առաջ հոգնակի էին, բայց այսօր սրանցից ո՛չ մեկը հոգնակի չի: Բացի սա, Աճառյանի բերած «շարժումն» բառը բարբառներում մեռել էր, ու սրա տեղը բռնել էր նույն բառի հոգնակին՝ «ժաժք» ձևով, որ ծագում է «շարժք»-ից: Մնացածներն էլ՝ ճի՛շտ սրա պես:

(Երևանի բարբառը վերջերս գործածում է «շարժ» գեղեցիկ բուն-անունը, ինչի ժխտականը, լրիվ ըստ օրինի, «անշարժ» ածականն է):

Երրորդը: Աճառյանը նույն էջում ասում է.

«… Կովկասում հաճախ ներգոյականի վրա դնում են «ն» հոդը, որով զանազանում են բառը ներկայից {այսինքն, ներգոյական հոլովաձևը անկատար դերբայ կոչածից}. ինչպես՝ «խաղումն է, հրապարակումն է. ծանրոցների ընդունումն ու հանձնումն» («փոստի պաշտոնական հայտարարությունը Հայաստանում»):

Նախ Աճառյանի ասած այս «հաճախ»-ը սխալ է, որովհետև այդ օրերի Արարատյան բարբառն «ում»-ով վերջացող ուղղական ձևով անուն չափազանց քիչ ուներ, իսկ «ում»-ով վերջացող ներգոյականի վրա մի՛շտ էր հոդ դնում. ձայնավորից առաջ՝ «ն» հոդը, բաղաձայնից առաջ՝ «ը» հոդը, ինչի բազում օրինակը կա Աբովյանի «Վերքի» ու ասածս հեքիաթների մեջ: Օրինակ.

Էրեխեն հանդումն ա: Եզներն արտումն են:

Փլավը ամանումը կըլ(ն)ի: Այգումը մի մենձ ծառ կա ևն:

Մեր այսօրվա քերականները, ընդօրինակելով դասական գրաբարը (ինչը հոդ բոլորովին չունի) այս «ը»-ն ու «ն»-ն վերացրել են ու սրանով երևի սկսել են բարբառի ողջ շենքը խարխլելը:

Բայց այսօր Երևանում այս հոլովաձևը (առանց «եմ» բայի ձևերի) այլևս ինքնուրույն կիրառություն չունի, ու վերի ձևերի փոխարեն, մեծագույն մասամբ, ասում ենք.

Էրեխեն հանդում ա: Եզներն արտում են:

Փլավը ամանում կը(ն)ի: Այգում մի մեծ ծառ կա ևն:

Բայց այս ներգոյական ձևերը հաճախ արտահայտում ենք նաև ուղղական-հայցականով կամ սեռական-տրականով. «Էրեխեն դո՛ւսն ա: Էրեխեքը հայա՛թն են: Մեր այգին մի մեծ ծա՛ռ կա: Փլավը հրեն ամանի մե՛ջն ա» ևն:

Կարծում եմ, թե հնարավոր է, որ այսօրվա Արարատյան բարբառից, ներգոյական հոլովաձևի այս «ը» ու «ն» հոդերի վերանալով, ներգոյական հոլովաձևը մեռնի, որ այլևս բացարձակ չխառնվի անկատար «դերբայի» հետ (այսինքն, բայի «խաղում» բաղադրիչի հետ):

Հնարավո՛ր է (բայց պարտադիր չի՛), որ մեռնի, որովհետև ուղղական-հայցական հոլովաձևով արտահայտվող ներգոյական հարաբերությունները թերևս համարյա մի՛շտ են հոդով Մեր այգիՆ մի մեծ ծա՛ռ կա: Փլավը հրեն ամանի մե՛ջՆ ա»), իսկ լեզվի կուրության կամ վարակի օրենքը հզոր բան է ու չի դադարի, մինչև նորից միօրինակություն չհաստատի: Ինչ որ է, միայն մեր սերունդնե´րը կտեսնեն, ճի՞շտ է սա, թե՞ չէ:

Ասվածը չպիտի շփոթվի մեր գրական ոճերի ռուսերենի ազդեցությամբ մեր հնագույն տրականի նմանությամբ վերջին մոտ 100 տարին կազմած «-ում» ձևով վերջացող բազում-բազում ուղղական-հայցական հոլովաձևի հետ, որոնք, իհարկե, հոդ ունենում են. օրինակ. «դասավանդումը, խրախուսումը, լուծումը, հանդիպումը, որոշումը» ևն:

Սրանցից մի քանիսը, օրինակ, «լուծումը, հանդիպումը, որոշումը» ևն, մտել են նույնիսկ բարբառները, ու մարդ չի հավատում, որ սրանք մի օր մեռնեն, բայց ի՞նչ իմանաս:

Ուրեմն, ինչպես արդեն նշվել է, այսօր, օրինակ, չենք ասում՝ «խաղում» առանց այս «եմ» բայի որևէ մի հաստատական կամ ժխտական ձևի: Չենք ասում նույնիսկ կարճ պատասխանի ժամանակ, օրինակ, անհնար է, որ «ի՞նչ ես անում» հարցին պատասխանենք միայն «խաղում»-ով: Անպայման ասում ենք՝ «խաղում եմ», «եմ»-ն էլ հետը, պարտադիր:

Ես հենց այս «խաղում»-ին եմ ասում թերբառ, ու արդեն ասացի, թե ինչու, բայց հաջորդ պարագրաֆի մեջ էլ եմ նորից բացատրում ասածիս պատճառները:

13.17 Հայերենի թերբառները

Սահմանական եղանակով ասում ենք.

խաղում եմ-ես-ա-ենք-եք-են-էի-էիր-էր-էինք-էիք-էին,

չեմ-չես-չի-չենք-չեք-չեն-չէի-չէիր-չէր-չէինք-չէիք-չէին խաղում;

Նույնը՝ «-իս»-ով վերջացող երեք «իս-դերբայի» (ձևի) համար (ժխտականները՝ վերի պես).

գալիս եմ-ես-ա-ենք-եք-են-էի-էիր-էր-էինք-էիք-էին,

լալիս եմ-ես-ա-ենք-եք-են-էի-էիր-էր-էինք-էիք-էին,

տալիս եմ-ես-ա-ենք-եք-են-էի-էիր-էր-էինք-էիք-էին:

Վաղակատարն էլ առաջացել է մեր հնագույն անցյալ դերբայից, օրինակ, «խաղացեալ»-ից, կամ «գնացեալ»-ից [ԼՔՀԼ, IV Բ, էջ՝ 207-223]: Սկզբում մեր հին «խաղացեալ եմ»-ն ու «գնացեալ էի»-ն նշանակում էէին «խաղացած/գնացած պրծած եմ/ էի» (ինչը շատ է նման այսօրվա անգլերենի perfect կոչվածին, I have played; I had played:

Այսօր վաղակատարով ասում ենք (ժխտականները՝ վերի պես). «խաղացել եմ-ես-ա-ենք-եք-են-էի-էիր-էր-էինք-էիք-էին»: Ասվել է, որ.

Դրույթ 1. Կենդանի լեզվի կրողն այս «խաղում եմ»-ը, «տալիս եմ»-ն ու «խաղացել եմ»-ը իր լեզվական ռեֆլեքսով համարում է մի հատ բառ, մեկ բայ, որովհետև այս «խաղում»-ը, «տալիս»-ն ու «խաղացել»-ն առանձին (առանց «եմ»-ի) երբեք չեն գործածվում [ԼՔՀԼ, V, էջ՝ 55]:

(Ես չեմ վերցրել բայի, օրինակ, «վազ» բունը, որովհետև «վազել» ինֆինիտիվը (վազել, վազելու, վազելուց, վազելով) լրիվ նույնացել է «վազել» վաղակատարի հետ (վազել եմ): Սրա փոխարեն, ընտրել եմ «խաղ» բունը, քանի որ սրանով կազմված ինֆինիտիվը՝ «խաղալը», տարբեր է անցյալ կատարյալի բնից կազմված «խաղացել» վաղակատարից:

(Բայց, վերջինից կազմված «խաղացնել» անցողական ինֆինիտիվի համապատասխան վաղակատարներն արդեն ձևով տարբեր են՝ «խաղացրել եմ/էի», բայց «խաղացնում ա» ևն):

Որ բարբառի կրողն այս «խաղում եմ»-ը, «տալիս եմ»-ն ու «խաղացել եմ»-ը համարում է մի բառ, հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ կիսագրագետները, ինչպես արդեն մի քանի անգամ ասվել է, սրանք իրար կպած են գրում՝ «խաղումեմ, տալիսեմ, խաղացելեմ»:

Դրույթ 2. Այս «խաղում»-ը, «տալիս»-ն ու «խաղացել»-ն այսօր արդեն առանձին բառ չեն (նույնիսկ կարճ պատասխան չեն), այլ բառի մաս են (բաղադրիչ, «մասնիկ» են), ճիշտ «պիտի»-ի, կամ «կ»-ի, կամ ժխտական «չ»-ի պես (որ մի ժամանակ իրենց հաջորդող բառից առանձին էին գրվում): Բայց այս վերջինները եղանակիչ են, ուրեմըն, Աճառյանի դասդասմունքով մակբայ են, այսինքն, ածական են (իսկ այս շարադրանքի դասդասմունքով զուգորդական բայակերտ մասնիկ են):

Կնշանակի.

Դրույթ 3. Այս «խաղում»-ը, «տալիս»-ն ու «խաղացել»-ն է՛լ էին մի ժամանակ բառ-ստորոգյալ, ու սրանք, միանալով «եմ» օժանդակ բայի հետ, կազմել են Աբեղյանի ասած «անխելք եմ» բայ-ստորոգյալի պես մի բան:

Այնուամենայնիվ, կրկնենք, որ քանի որ սրանք առանձին (այսինքն, առանց «եմ» բայի ձևերի) չեն գործածվում, իսկ «անխելք»-ի պես բառերն առանձին գործածվում են (նաև որպես կարճ պատասխան): Ուրեմն, ինչպես արդեն ասվել է, ճիշտ կլինի, որ.

Դրույթ 4. Սրանց չասենք «դերբայ», ու փոխարենը՝ ասենք «թերի բառ» կամ «թերբառ», որովհետև չնայած սրանք մեր բաղադրյալ կոչած բայերի մասն են, բայց առանց «եմ»-ի ու «չեմ»-ի ու սրանց մնացած ժամանակային ձևերի թերի են, ու առանձին չեն գործածվում:

Սահմանում 1. Թերբառ կասենք միայն և միայն այն առ այսօր դերբայ կոչված «բառաձևերին», որոնք լրացնում են «եմ» բայն ու սրա ձևերը ու, առանց «եմ»-ի ու սրա մնացած ձևերի, լեզվի մեջ ոչ մի կիրառություն չունեն:

Սրան երեք առարկություն է հնարավոր:

Առաջին առարկությունը. այս թերբառները ժխտելիս՝ «չեմ» ժխտականի ձևերը պարտադիր գալիս են թերբառի դեմը:

Հետո՞ ինչ: Նախ, սա չի նշանակում, որ թերբառն առանձին գործածվեց: Բացի սա, լեզուների մեջ (օրինակ, անգլերեն լեզվի մեջ) հաճախ է պատահում, որ ժխտական (օժանդակ կամ մոդալ) բայը գա պարտիցիպի դեմը, օրինակ, I have gone, բայց Have/ Haven’t I gone? I am going, բայց Am I/Aren’t I going? ևն:

Բացի սա, մի՞թե ընդամենը մի 100 տարի առաջ առանձին գրվող «Կը մնայ/չը մընայ»-ը այսօր չենք գրում «կմնա/չմնա» ձևով:

Երկրորդ առարկությունը. հնարավոր է, որ թերբառի ու իր համապատասխան բայի արանքը մտնի «էլ» բառիկը (եղանակչի կամ թարմատարի դերով): Օրինակ.

Տո, խաղում է՛լ եմ: Տո, խաղացել է՛լ եմ:

Տո, չեմ է՛լ խաղում: Տո, չեմ է՛լ խաղացե:

Սա էլ վճռական փաստարկ չի, որովհետև լեզուների մեջ սա է՛լ կա, ու սրանից ավելի բարդ բան էլ կա: Իրոք էլ, Աճառյանն ասում է ([7], ԼՔՀԼ, IV Ա, էջ՝ 13) թավատառն ի՛մն է), թե.

«…լեզուները բայի այդ զանազան հանգամանքները խրում են բայի մեջ՝ մասնիկների կամ եղանակավորիչ ձայների ձևի տակ: Այսպիսով ստանում ենք խըճողված և բազմիմաստ բայաձևեր»:

«Ավելի զարմանալի են այն լեզուները, … որոնք ներմուծում են բայի մեջ զանազան դերանվանական խնդիրներ» ([7], ԼՔՀԼ, IV Ա, 16. II, էջ 97-104):

Կամ ([7], IV Ա, 311)-ը, որտեղ ասվում է.

«Ստորադասական ներկան կազմվում է առաջին և երկրորդ լծորդության երկու տիպարների մեջ՝ արմատի և վերջավորության միջև ներմուծելով ից մասնիկը (սիր-եմ, սիր-ից-եմ, հատան-եմ, հատան-ից-եմ, խօս-իմ, խօս-ից-իմ, ուսան-իմ, ուսան-ից-իմ, երրորդ լծորդության երկու տիպարների մեջ՝ ամ վերջավորությւունը դարձնելով այցեմ (աղ-ամ, աղ-այցեմ, գողան-ամ, գողան-այցեմ), իսկ չորրորդ լծորդության կրկին տիպարների մեջ … թող-ում, թող-ուց-ում, զգեն-ում, զգեն-ուց-ում»:

Երրորդ առարկությունը. Ասվեց, որ անվարժ գրողները հաճախ «եմ» բայի ձեվերը կպած են գրում նաև գոյական կամ ածական բառ-ստորոգյալին: Օրինակ.

Քարա: Սևա: Վատեմ: Լավես:

Ուրեմն, ստիպված (երևի ասեն առարկողները) պիտի ասենք, որ լեզվի կրողը սըրանք է՛լ է մի բառ համարում: Անկասկած է, որ լեզվի կրողը, լրիվ անգիտակից, սրանք հենց առանձին բառ է համարում, ու սրա վկայություններից մեկը այս բառերը հենց այսպես էլ իրար կպած գրելն է:

Այսօր մեր նույնիսկ գերազանց լեզվաբաններին թվում է, թե հայերենի կրողը իր մտքում կայծակի արագությամբ բառը հոլովում կամ խոնարհում է: Այսպիսի բան չկա:

Դրույթ 5. Բարբառի կրողը, օրինակ, «քար; քարի; քարից; քարով» ձևերը կամ «գրեմ; գրես; գրի; գրում եմ; գրում էի; կգրեմ» ու մնացած բառային ձևերից ամեն մեկը համարում է առանձին բառ, իհարկե, առանց գիտակցելու ու մի կատարյալ ռեֆլեքսով: Այսինքն, բարբառի կրողի գիտակցությունն այս բառերի ո՛չ հոլովմունքն է տեղնուտեղն իրագործում, ո՛չ էլ խոնարհմունքը:

Եթե սա ակնհայտ չի, հիշեք, թե ինչքան հանգիստ է խոսում հոլովմունքից ու խոնարհմունքից գաղափար անգամ չունեցող 5-6 տարեկան մանուկը:

Այս մանուկն է´լ, լեզվի ամեն մի կրողն է´լ, խոսելիս, միշտ, մի համարյա բնազդական ռեֆլեքսով կայծակի արագությամբ քաշում հանում է իր ուղեղի կեղևի «դարակները» դրած իրեն հարկավոր բառը՝ «գրեմ; գրես; գրի; գրում եմ; գրում էի; կգրեմ»-ներից ամեն մեկը, որ այդ «դարակներում» կան կամ «դրված են» առանձին-առանձին, ու սրանք շղթայում զուգորդում է այդ նույն «դարակներից» քաշած հանած ուրիշ բառերին ու բառային զանազան մասնիկներին (կամ այդ բառերն ու բառային զանազան մասնիկներն է զուգորդում այս բայերին):

Ու երբ մարդն իր մայրենի լեզվից նո՛ր բառ ու բան է սովորում, այդ «դարակները» իսկույն մի նոր «ատոմամոլեկուլային քարտ» է «գրվում ու դրվում»:

Այնուամենայնիվ, «քար, սև, վատ, լավ» բառերն ու սրանց պեսերն առանձին է՛լ են գործածվում, ու սրանց առանձին «քարտերն» էլ կան ուղեղի կեղևի վիթխարի «գրադարանում», ու երբ պետք է, սրանք է´լ են գործածվում, այսինքն, զուգորդվում են նաև այս առանց «եմ»-ի ձևերի («քար տուր, սև ձի, վատ բան, լավ մարդ» ևն):

Այնինչ, օրինակ, «գրում, խաղացել»-ը, որ մի ժամանակ առանձին բառ-բաղադրիչ էին, «գիր+ում, խաղ+ացեալ» արխայիկ իմաստներով, այսօր արդեն առանձին բառ չեն, ու սրանք ուղեղի «դարակներում» երևի կան միմիայն «եմ» օժանդակի ձևերին կպած – կա´մ սրա հետևից (հետադաս), կա´մ սրա դեմից (նախադաս):

Բացի սա.

Դրույթ 6. Լեզվի կրողը «եմ»-ն ու «եմ»-ի ձևերը առանձին բառ չի համարում, որովհետև «եմ»-ի գրաբարյան «գոյություն ունենալու» իմաստը լեզվի այսօրվա կրողի համար մթագնած է:

Այսօր անհնար է, որ բարբառի (ոչ լեզվաբան) կրողը «եմ»-ի ձևերով խոսք սկսի կամ «եմ»-ը գործածի որպես կարճ պատասխան: Իսկ առաջ սա հնարավոր էր, օրինակ.

«Էր Արտաշէս այր քաջ և խայտակն» ևն:

(Այնուամենայնիվ, ինչպես ասվել է, նկատելի է, որ գրին նույնիսկ անվարժներն են ժխտականներն առանձին գրում. «Քար չի: Սև չի: Վատ չեմ: Լավ չես» ևն: Մանավանդ որ վերի ժխտականների մեջ արդեն «չի/չեմ» ժխտականները թերևս առանձին բառ են գիտակցվում, ռեֆլեքսով, իհարկե):

Ուրեմն, այս առարկություններից ոչ մեկն էլ վճռական չի ու չի ժխտում արված եզրակացությունները:

Մի քանի խոսք ասեմ մեր դասագրքերի համակատար դերբայի, այսինքն, «-իս» թերբառի մասին:

Դասագրքերն ասում են, թե այսօրվա հայերենը ունի համակատար դերբայ, օրինակ, «ապրելիս է (լինում)»-ի «ապրելիս»-ը ևն, ինչը իբր առանձին (անբայ) գործածություն էլ ունի, օրինակ, «էս գործը անելիս շուտ եմ հոգնում»:

Կարևորը հետևյալն է.

Դրույթ 7. Երևանի բարբառի այսօրվա վիճակը իս-թերբառ համարյա չունի: Այս թերբառի բոլոր ֆունկցիաները այսօր անում է ինֆինիտիվի բացառական հոլովաձևը: Օրինակ, «ապրելուց ա (ըլնում)» կամ «էս գործը անելուց շուտ եմ հոգնում» կամ «էս գործը անելո´ւց եմ շուտ հոգնում»:

Այսօր ոչ մի երևանցի չի ասում, օրինակ. «Երբ իրանք էկան Էրեվան, ես ընդեղ էի ապրելիս»:

Վերի «համարյա»-ն նշանակում է, որ այնուամենայնիվ, Երևանի այսօրվա բարբառում կա (ընդամենը) երեք իս-թերբառ, «տալիս, գալիս, լալիս», բայց սրանցով Երևանի բարբառը կազմում է իր սահմանականը՝ «տալիս եմ, գալիս եմ», իսկ «լալիս եմ» ձևը խոսվածքներից մի քանիսի մեջ արդեն մեռած է ու սրա տեղը Երևանի շրջակայքի բարբառների կրողները գործածում են կա´մ «լալըմեմ», կամ է´լ «լաց եմ ըլ(ն)ըմ» ձևը (նաև «տալըմեմ, գալըմեմ» ձևերը):

Այս երեք թերբառի առկայությունը Երևանի բարբառում հակասում է լեզվական վարակի կուրության օրենքին: Ենթադրում եմ, որ սրանց այս առկայությունը բացատրվում է կա´մ գրական ոճերի հզոր ազդեցությամբ, կա´մ էլ (խոսվածքներում, ու նորից նույն պատճառով) տատանվող վիճակում է:

Ովքեր ուզում են ավելի մանրամասն տեղեկություն ունենան այս «իս» թերբառի ու, առհասարակ, բայի կերպերի մասին, թող կարդան Աճառյանի ([7], ԼՔՀԼ, IV Ա, էջ53-64, ԲԱՅԱԿԱՆ ԵՐԵՒՈՒՅԹՆԵՐԸ):

13.19 Բայազուգորդ բաց. ու գործ. ձևերը պարագա են

Մեր դասագրքերի ապակատար կոչված եղանակը, «խաղալու եմ/ես/ա» ևն ու, օրինակ, «փորելու եմ/ես/ա» ևն, կազմվում է «փորել» ու «խաղալ» ինֆինիտիվների սեռական-տրական ձևերը շղթայելով զուգորդելով «եմ» բային ու սրա ձևերին (այսինքն, «եմ»-ը լրացնելով «խաղալու» ու «փորելու» սեռական հոլովաձեվերով):

Թվում է, թե սրանք՝ այս «խաղալու» ու «փորելու» ձևերն էլ են թերբառ, բայց եթե հիշենք թերբառի սահմանման այն կետը, թե «թերբառը… առանց «եմ» բայի (ու սրա մնացած ձևերի) լեզվի մեջ կիրառություն չունի», իսկույն կիմանանք, որ սրանք թերբառ համարելու իրավունքը չունենք:

Իրոք, մի՞թե չենք ասում «խաղալու ընթացք/պահ/ժամ/ձև/ոգևորություն» ևն կամ «փորելու գործիք/խորություն/որակ/դաշտ/առու/ժամ» ևն: Այս օրինակների սեռական-տրական ինֆինիտիվները ածական-մակբայ են, որ լրացնում (եղանակավորում) են «եմ» բային ու սրա ձևերին: Ու հնարավոր է, որ սրանք, զուգորդվելով «ն+ը» հոդերին, դերանուն էլ դառնան:

Ասվել է, որ «եմ»-ի ու սրա ձևերի անորոշ ու այսօր մթագնած իմաստը՝ լինե՛լն է, գոյություն ունենա՛լն է, բայց գոյություն ունենալու հազար միլիոն ձև կա, ու այս «խաղալու եմ/ես/ա» ու «փորելու եմ/ես/ա» զուգորդությունները ցույց են տալիս «խաղալո´վ» ու «փորելո´վ» գոյություն ունենալու ձևերը, ընդ որում, ապագայո՛ւմ գոյություն ունենալու ձևերը:

Նորից շեշտենք, որ այս դատողությունը ցույց է տալիս, որ.

Դրույթ 1. Հայերենի բայերը գոյության ու պրոցեսի բայերի բաժանելը պայմանական է: Հայերենի վերացական զուգորդության տեսանկյունից՝ հայերենի բոլո´ր-բոլո´ր բայերն էլ ԳՈՅՈՒԹՅԱ´Ն բայ են, այսինքն, կա´մ վիճակի, կա´մ (նաև վայրկենական, աորիստային) պրոցեսի ԳՈՅՈՒԹՅԱ´Ն բայ են:

Այսինքն, լեզվի վերացական պրոցեսի համար թերևս միևնույնն է, թե օրինակ, որևէ բանը սատկա´ծ վիճակում գոյություն ունի, «կատուն սատկած ա», թե ուտելո´ւ պրոցես-վիճակում գոյություն ունի «կատուն ուտում ա», թե հենց խոսելու պահին սատկելուց հետո ու իսկո´ւյն գոյություն ունի, «կատուն սատկեց» ևն:

Այսինքն, եթե հիշենք, որ, ինչպես արդեն ասվել է, հայերեն խոսքի կրողը վերի դըրույթի ստորոգյալ+եմ զուգորդությունները, այդ «սատկածա» ու «ուտումա» ամբողջություն դարձած շղթայմունքներն ընկալում է որպես մի-մի հատիկ բառ, իրավունք կունենանք մի անգամ ևս պնդելու, որ հետևյալ դրույթն արդեն օրենք է.

ՕՐԵՆՔ. Թերևս սխալ չի լինի, եթե ասվի, որ այսօրվա հայերենը «եմ»-ակենտրոն է, այսինքն, այսօրվա հայերենի բոլոր բայերը անվանական ԶՈՒԳՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՒԳՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ «եմ» բային ու սրա ձևերին, լինեն այս զուգորդությունները «խաղում եմ», «ուտում եմ»-ի ու «ուտեմ»-ի պես բացահայտ, թե «կերա»-ի ու «խաղացի»-ի պես անբացահայտ:

Այս կրկնակ զուգորդությունների միաձուլությունը, ինչպես արդեն ասվել է, մանավանդ ցայտուն է երևում, թե´ ըղձականի ձևերում, օրինակ, «խոսեմ; գրեմ; խաղամ» վաղուցվանից միաձույլ գրվող ձևերում ևն, թե´ սահմանականի հաստատական ձևերում օրինակ. «խոսումեմ; գրումեմ; խաղումեմ; խաղացելեմ» արդեն միաձույլ, թեև առանձին գրվող ձևերում:

(Իմիջիայլոց, փաստացի մեզ հայտնի է միայն, որ այս գրելաձևերը կային միմիայն 10-11-րդ դարերից, իսկ թե սրանք այս դարերից առաջ արդյոք առանձի՞ն են ընկալվել, հայտնի չի, որովհետև ավելի հին գրվածքերի անխտիր բոլո´ր բառերն էին կպած գրում, քանզի բառերն առանձին գրելու տրադիցիան դեռ չկար, տես [29]-ը):

Սրանցից երկրորդի կազմությունն ակնհայտ է, այս անվան հնագույն տրականեմ» կամ անցյալ դերբայ+«եմ»-ինը: Իսկ առաջինները, այս «խոսեմ; գրեմ»-ները ևն, հույժ հավանական է, առաջացել են գոյականի զուգորդությամբ «եմ» բային, «խոս+եմ; գիր+ եմ; խաղ+եմ» զուգորդություններով:

Ինձ հայտնի է այսպիսի կազմության առնվազն մի բացահայտ օրինակ իմ մայրենի խոսվածքից, Մալիշկա գյուղի խոսվածքից, «քարեմ»=քար շպրտեմ=քարով խըփեմ բայը:

Սրանց էվոլուցիոն կազմությունը հստակ է նաև ժխտական ձևերում, օրինակ. «չխոսեմ; չգրեմ; չխաղ+եմ», եթե նկատի առնենք, որ գրաբարյան շրջանում «չ» ժխտականը ուղղակի զուգորդվում էր նաև գոյականներին, օրինակ, «չաստված» ևն:

Այսինքն, ըղձականի (ուրեմն, նաև գրաբարյան ստորադասականի) այս ժխտական ձևերն էլ, խիստ հավանական է, որ առաջացել են «չխոս+եմ; չգիր+եմ» (հմմտ Մալիշկայի խոսվածքի «չկյիր+եմ» ձևի հետ) զուգորդություններով:

Հույժ զարմանալի է, որ հայերենի էվոլյուցիան այսքան երկար ժամանակ է հարազատ մնացել այս բազմակի շղթայմունք-զուգորդության սկզբունքին ու այսօր էլ հնագույն տրականից ու անցյալ դերբայներից կազմած թերբառ-մասնիկներն է զուգորդում «եմ»-ին ու այս ձևով անսահման քանակով «եմ»-ային խոսք է կազմում:

Ուրեմն, եթե թերբառը արդեն վերի ձևով ենք սահմանել, անորոշ դերբայի ոչ մի հոլովաձևը թերբառ անվանելու իրավունքը այլևս չունենք:

Ասվեց, որ անորոշ դերբայի ուղղական-հայցական ձևը երբեմն նույնն է, ինչ որ վաղակատար թերբառինը, օրինակ, «վազել» ինֆինիտիվը («վազելը լավ բան ա»), այնինչ, «խաղալ» ինֆինիտիվն ու «խաղացել» վաղակատարն արդեն տարբեր են (օրինակ, ասում ենք «խաղալը լավ բան ա», բայց անհնար է, որ ասենք, թե «խաղացելը լավ բան ա», չնայած կասե´նք, որ «խաղացնելը լավ բան ա»):

Սրա համար էլ, ելնելով հիշատակված սահմանումից, թերևս իրավունք ունենք ասելու, թե վաղակատարի հետ նույնական անորոշ դերբայի ուղղական-հայցական ձեվը թերբառ չի:

Բերված օրինակներից «խաղացել»-ը թերբառ է, այսինքն, այսօրվա հայերենի առանձին գործածվող բառ չի, իսկ «խաղացնել» պատճառական ծագումովը՝ ինֆինիտի´վ է, անորոշ դերբա´յ է, ու առանձին գործածվող բայ է: (Իրոք, երբեք չենք ասի՝ «խաղացելու, խաղացելուց, խաղացելով», այնինչ, կասենք՝ «խաղացնելու, խաղացնելուց, խաղացնելով» ևն):

Դիտողություն 1. Պիտի հիշենք, որ թերբառի սահմանումից բխում է, որ հայերենի թերբառը խոսքի մաս չի: Սա ընդամենը բառի մաս է, ինչը «եմ» բայից առանձին ենք գրում՝ ըստ տրադիցիայի, ու ինչը, զուգորդվելով «եմ» բայի ձևերին անընդհատ նորանոր բայեր է ծնում: Ի´նչ անուն կտանք այս ձևով արտադրված գոյության «եմ»-ային բայերին, պրոցեսի՞ բայ, թե՞ «բաղադրյալ բայ», բացարձակ նշանակություն չունի:

Այնուամենայնիվ, սա նշանակում է, որ անորոշ դերբայի ուղղական-հայցական հոլովաձևը հաճախ նաև համընկնում է վաղակատար թերբառի հետ, ու սա չպիտի մեզ տարօրինակ թվա, քանի որ արդեն գիտենք, որ նույնիսկ մի խոսքի´ մասը կարող է միաժամանակ լինի նաև ուրիշ խոսքի մաս:

Ուրեմն, ինչո՞ւ չպիտի խոսքի տվյալ մասը մի քանի պաշտոն ունենա խոսքի մեջ, օրինակ, լինի զուգորդական մասնիկ (ճիշտ “կ»-ի ու նույնիսկ «պիտի»-ի պես):

Կնշանակի.

Դրույթ 2. Այսօրվա հայերենը միայն երկու թերբառ ունի՝ անկատարն ու վաղակատարը, ինչը չպիտի շփոթվի անորոշ դերբայի ուղղական-հայցական ձևի հետ, ու երեք հատ էլ «-իս» թերբառ, որ հիմա գործածվում են սահմանականի զուգորդությունների համար:

Դիտողություն 2. Երբ ինֆինիտիվի բացառական ու գործիական ձևերը խոսքի մեջ զուգորդվում են բային (լրացնում են բային), արդեն վերադիր-պարագա կամ ըստորոգյալ-խնդիր են:

Օրինակ. «Շունը հեռացավ քաղաքից» ու «Շունը անցավ քաղաքով» խոսքերի մեջ «Շունը» անունը զուգորդվում է (լրացնում է) «հեռացավ» ու «անցավ» բայերի դեմքերին, ուրեմն, այս խոսքերի կամ այս բայերի բառ-ենթական է:

Իրոք, հեռանալու ու անցնելու հազար ու մի ձև կա, սրանցից երկուսն էլ քաղաքից հեռանալն է ու քաղաքով անցնելն է, ուրեմն, «քաղաքից» բացառականն ու «քաղաքով» գործիականն էլ մասնավորացնում նեղացնում են «հեռացավ» ու «անցավ» բայերի հույժ ընդհանուր իմաստներըը, կնշանակի, ձևի պարագա են կամ, եթե կուզեք, վերագրվող-ստորոգյալ են ևն:

13.20 Անորոշն ու պարտիցիպները

Բերում եմ Աճառյանի մի քանի հակասական թեզի քննությունը:

Աճառյանը երկու ծավալուն հատոր է գրել բայի մասին ([7], ԼՔՀԼ, IV Ա ու Բ հատորները), ու նաև V-ի մի գլուխն է դերբայի մասին, բայց այս երեքի մեջ էլ բայը ոչ մի տեղ հստակ չի սահմանել, իսկ դերբայի սահմանումը, մեղմ ասած, տարօրինակ է:

Համարյա համոզված եմ, որ իմ այս շարադրանքի «Մի երկու խոսք» վերնագրի ու երկրորդ մասի նկարագրած հայերենի այսօրվա քերականությունների արտառոց շփոթի գլխավոր պատճառը հենց Աճառյանի այս տարօրինակ «անփութությունն է»: Ահա թե ինչ է ասում Աճառյանն իր V-ի «Դերբայ» գլխի սկզբում (էջ 5).

«Այն բայերը, որոնք ձևով գոյական և իմաստով բայ են, կոչվում են դերբայ կամ աներևույթ»:

Մի քիչ մտածենք, թե ի՞նչ է նշանակում այս «Այն բայերը, որոնք ձևով գոյական և իմաստով բայ են» խոսքը: Թե որ մի բանը բայ է («այն բայերը»…), բա իմաստով ի՞նչ պիտի լինի, թե որ բայ չպիտի լինի: Ասե՞նք, օրինակ, «այն կատուները, որոնք ձևով եզ են, և իմաստով կատու, կոչվում են դերկատու կամ աներևույթ»:

Տարօրինակ է մանավանդ, որ քիչ հետո, սկզբում 6-րդ, հետո՝ 50-րդ էջում Աճառյանն ասում է.

«…աներևույթը և դերբայը {անորոշի հոլովաձևերն ու -ող ու -ած պարտիցիպները, թավատառը շեղատառն ու չակերտներն ի՛մն են} կարող են մերթ գոյական, մերթ ածական լինել…: Օրինակ, ուտել աներևույթ է և միշտ գոյական է և չի կարող լինել ածական, բայց երբ հոլովենք և սեռականի ձև տալով ասենք «ուտելու հաց», դառնում է ածական, իբր թե ապառնի դերբայ լիներ»:

Աճառյանի այս միտքը անկասկած ճիշտ է, ու իմ այս շարադրանքն է´լ է անընդհատ ասում սա, բայց անկասկած է սխալ, որ գոյական կամ ածական անունը նաև բայ է: Հետո Աճառյանն ասում է. «Անորոշ դերբայն իր բոլոր ձևերով գոյական է և հոլովվում է հետևյալ ձեվով.

Ու. – սիրել; Ս. Տ. – սիրելու; Բ. – սիրելուց; Գ. - սիրելով

«Անորոշ դերբայը գոյական է և այս դեպքում կարող է հաճախ ստանալ որոշիչ հոդ…»:

…«-ող ձևով դերբայները թե՛ ածական են և թե՛ գոյական. վերջին դեպքում կարող են ստանալ որոշիչ հոդ».

…«Անորոշը՝ իբրև գոյական, համազոր է -ութիւն կամ -ում ձևով վերացական գոյականի. ([ib., էջ՝ 51])»:

Զարմանալի ու տարօրինակ է, որ Աճառյանը, այս բաներն ասելուց հետո, շատ անգամ ասում է, թե դերբայը բայական հատկություններ ունի: Լեզվի պատմության տեսանկյունից սա գուցե դեռ մի քիչ տանելի է, բայց լեզվի տվյալ վիճակի տեսանկյունից՝ լրի՛վ է անընդունելի:

Աճառյանն ասում է ([ib., 57]), թե «լինելիքդ, անելիքդ, գրելիքդ, գալիքը, ուտելիք, խմելիք, առնելիք, տալիք, հասնելիք բառերի մեջ զգացվում է բայի գոյությունը, … բայց օծանելիք, ծխանելիք, զվարճալիք, հոտոտելիք, տեսանելիք, ճաշակելիք, լսելիք, շոշափելիք բառերը կամ ձևով, կամ իմաստով չեն համապատասխանում նրանց»:

Բայց Աճառյանն ավելի տարօրինակ բան է՛լ է ասում ([ib., 20-21]).

«Աներևույթը գործ է ածվում իբրև գոյական և ստանում է սեռական հատկացուցիչ, ինչպես «Ի կատարել աւուրց վերանալոյ նորա» (Ղուկ. Թ 51): «Բայց {ինֆինիտիվը} կարող է նաև իբրև բայ՝ ստանալ լրացուցիչ, ինչպես՝ «Թող զմեռեալսն թաղել զմեռեալս իւրեանց» (Ղուկ. Թ 60). «Իշխանն Յունաց ի հալածել կայր զեկեղեցի Աստուծոյ» (Ագաթ. 38):

«Այստեղից էլ երևում է դերբայի իրական բնույթը, գոյական և բայ միանգամայն»:

Այստեղից, օտար լեզվից թարգմանած միմիայն այս երկու օրինակից, դերբայի միաժամանակ գոյական ու բայ լինելը կերևար, եթե սրանց միջի դերբայների այս գործածությունը օտարիզմ չլիներ, ինչը շատ ու շատ է հավանական:

Ս. Գիրքը թարգմանել են հին հունարենից, իսկ հին հունարենը ինֆինիտիվի ընդարձակ կիրառություն ունի [ib., 14]: Աճառյանի բերած այս օրինակների միջի առաջին անորոշ դերբայի տեղը պիտի գուցե լիներ՝ «թաղեցցեն/թաղեսցեն/թաղեցեն» բայերից մեկը, իսկ սրա բացառականների տեղը գուցե լիներ՝ «ի կատարելէ, ի հալածելէ», որ կազմած են ինֆինիտիվի բացառական հոլովաձևից.

«Ի կատարե(Ա)լէ աւուրց վերանալոյ նորա»:

«Թող զմեռեալսն թաղեՑՑԵՆ/թաղեՍՑԵՆ/թաղեՑԵՆ զմեռեալս իւրեանց».

«Իշխանն Յունաց ի հալածե(Ա)լէ կայր զեկեղեցի Աստուծոյ»:

(Ես դիաքրոնիստ չեմ, ու միայն հմուտ դիաքրոնիստը կասի, թե այս բայի տեղը անորոշ դերբայ դրածը «թաղեմ» բայի ո´ր ձևով պիտի փոխարինվի, որ այս խոսքերը դառնան անխաթար հայերեն ու նաև կհաստատի իմ բերած բացառական հոլովաձևերի ճշտությունը կամ գուցե սրանք կուղղի: Բայց որ անորոշ դերբայով տարբերակները աղավաղ հայերեն են, անկասկած է):

Աճառյանը երկար խոսում է բայի´ սեռի մասին, բայց օրինակները բերում է ոչ թե բայի´, այլ ինֆինիտիվի´ համար ([7], ԼՔՀԼ, IV Ա 72-73).

1 …ինչպես՝ ծեծել, կոտրել, սպանել: Սրանք կոչվում են ներգործական բայ:

2 …ինչպես՝ ծեծվել, կոտրվել, սպանվել: Սրանք կոչվում են կրավորական {բայ}:

3 …մեռնել, քնել, զարթնել,…քայլել, լողալ: Սրանք կոչվում են չեզոք {բայ}:

4 …ինչպես՝ լվացվել, սանրվել, հագնվել: Սրանք կոչվում են կրավորակերպ չեզոք կամ պարզապես կրավորակերպ {բայ}:

…«Օրինակ՝ սպանվել կրավորական բայ է, և ընկնել ու մեռնել՝ չեզոք…»:

Ու սրանց՝ այս անորոշ դերբայ անուն-գոյականներին, բայ է ասում ա՛յն հեղինակը, ով հենց ի՛նքն է իր դերբայ գլխի սկզբում ասում ([7], ԼՔՀԼ, V, էջ 51), թե. … «անորոշը իբրև գոյական համազոր է -ութիւն կամ -ում ձևով վերացական գոյականի.»:

Սրա պատճառն այն ցավալի հանգամանքն է, որ Աճառյանը (ու Աճառյանին հետեվելով՝ նաև մեր բոլոր հակաաբեղյան քերականները, անխտիր), անորոշ դերբայի «-ել», ու «-ալ» վերջավորությունները համարում են բայական վերջավորություն (այսինքն, խոնարհմունքի մասնիկ: Սրանք բայական վերջավորություն համարելուն Աբեղյանը կտրո´ւկ է դեմ ու, իհարկե, լրիվ իրավացի): Ահա Աճառյանի ևս մի օրինակը ([7], ԼՔՀԼ, IV Ա, էջ՝ 107).

«Հայերենում այս կարգի բայերը կոչվում են կրավորակերպ չեզոք, որովհետև ըստ ձևի կրավորական են (քանի որ վերջանում են - վել)» {մասնիկով}»:

Աճառյանը, իր «Անդեմ կամ միադեմ բայեր» վերնագրի տակ ասում է ([7], ԼՔՀԼ, IV Ա, էջ՝ 339). «Անդեմ կամ միադեմ են կոչվում այն բայերը, որոնք ենթակա չունեն և գործածվում են միայն եզակի գ դեմքով»:

Հաջորդ հատորում [ib IV Բ, էջ՝ 41-43] Աճառյանը սա նորից է կրկնում, միայն «անդեմ» բառից հետո ավելացնում է՝ «դիմազուրկ» բառը ու օրինակներն էլ (քիչ հետո քաղածներս) շատացնում է:

Այս «միադեմ» ու «ենթակա չունեն» բառերից հետո էլի կխոսենք, բայց եկեք մի պահ կենտրոնանանք Աճառյանի այս խոսքի վրա (առանց այս «միադեմ»-ի ու «ենթակա չունեն»-ի, ([7], ԼՔՀԼ, IV Ա, էջ՝ 339]).

«Անդեմ … են կոչվում այն բայերը, որոնք … գործածվում են միայն եզակի գ դեմքով»:

Առաջինը: Հարցնում եմ. եթե բայը գ (այսինքն, 3-րդ դեմք) դեմք ունի, էլ ո՞նց է անդեմ: (Գոնե միայն «միադիմի»-ն գրած լիներ):

Երկրորդը: Բայի դեմքը միշտ էլ ենթակա է, որովհետև բայը իր իմաստը միշտ էլ վերագրում է իր դեմքին, անկախ այն բանից, այս դեմքը լրանում է բառ-ենթականերով ու սրա լրացուցիչներով, թե՝ չէ:

Ուրեմն, անհնար է, որ հայերենի բայը ենթակա չունենա:

Երրորդը: Հենց իր՝ Աճառյանի բերած բայերի այս օրինակներից (նաև՝ «է, էր, իցէ» բայերով կազմած [ib, էջ՝ 341-343]). «թուի, հասանէ, ձախողի, մարթի, մնայ, յաջողի, պիտի, ցավէ, է, իցէ» եզակիների հետ կան նաև երրորդ դեմքով հոգնակիներ [ib, էջ՝ 344-345].

«…Թուեցան յաչս անզգամաց թէ մեռան … Յորժամ ի միտ առնուցու ոմն, եթէ որով իւիք ինքն ձախողեցաւն ... Լսելիք ներքինիքն պիտին … Լու եղեն բանքն, զոր խոսեցաւ Դաւիթ … Եթէ կամք իցեն արքայի. եթէ կամք իցեն քեզ. Գրեցեք, որպէս կամք իցէն ձեզ: Իբրև կամք եղեն աստուծոյ … Շատ են քեզ շնորհք իմ. Շատ լիցին ձեզ թոշակքն ձեր …» [ib, էջ՝ 340-344]:

Հետո Աճառյանն ասում է [ib, էջ՝ 344]… «Այսպես ենք ասում նաև՝ … պարծանք են, զարմանք էին … ևն»:

Այս հոգնակիներն ապացուցում են, որ այս բայերն ու այն բազում բայը, որ Աճառյանը հետո է հիշատակում, ժամանակին բոլորովին էլ միայն եզակի չէին ու ոչ է՛լ միադիմի էին: Այսօր միադիմի է, օրինակ, «պիտի»-ն:

«Պիտի»-ին այսօր պակասավոր կամ միադիմի բայ ասե´լն է նույնիսկ անճիշտ: Ճիշտ կլինի, եթե ասենք, թե այսօրվա «պիտի»-ն մասնիկի´ դեր ունի լեզվի մեջ (ապառնու “կ» մասնիկի պես), բայց «պիտի»-ն, անկասկած, լրիվ բայ է´ր, ինչի վկան սրա գրաբարից վկայված «պիտի, պիտէր, պիտեցաւ» ձևերն են:

Սրա մի ուրիշ ապացույցն էլ «պիտի»-ի խոնարհած ձևերն են՝ Սունդուկյանի օրերի Թիֆլիսի բարբառում (նաև այսօրվա ուրիշ բարբառներում, տես ([7], ԼՔՀԼ, IV Բ, էջ՝ 132-133], ու Երևանի բարբառի խոսվածքներում (տես, օրինակ, «Հայ ժողովրդական հեքիաթների» համապատասխան հատորները»).

ՆԵՐԿԱ

ԱՆՑՅԱԼ

պիտիմ սիրի

պիտէի սիրի

պիտիս սիրի

պիտէիր սիրի

պիտի սիրի

պիտէր սիրի

պիտինք սիրի

պիտէինք սիրի

պիտիք սիրի

պիտէիք սիրի

պիտին սիրի

պիտէին սիրի

Այս բոլոր ձևերից մնացել է միայն «պիտի»-ն իր «պտի» ձևով, ընդ որում, միայն եղանակչի կամ զուգորդական մասնիկի իմաստով կամ դերով:

Այսքանից հետո, առանց լուրջ ապացույցների, ո՞վ կհավատա, որ Աճառյանի բերած հետևյալ գործածական կապակցությունները միայն ԵԶԱԿԻ ու միայն ՄԻԱԴԻՄԻ են եղել.

ամաւթ է, լինի անձրև, եղև անձրև, եղև ձիւն, եղիցի կարկուտ, լինիցի երեկոյ, լինիցի առաւաւտ, եղև վաղորդայն, նսեմացաւ, ոչ տեղաց յերկիր, իբրև այդ եղև, իբրև ընդ երեկս լինէր, սկսաւ օրն տարաժամել, երեկոյացեալ էր ժամն, տիւն լուսավորէր, լուսանայր առաւաւտն, իբրև այգն առաւոտուն լուսանալոյ, դեռ աւուր շատ կայ, մինչ դեռ աւուր կայ, դեռ գիշերոյ կայ, ածեմ անձրև, արկանէ ցող, տեղացից հուր երկնից ևն, ևն:

Հենց սրանից հետո Աճառյանը համաձայն չի, որ հետևյալ բայերը համարեն անդեմ.

«… մռնչէ առիւծ, բառաչէ կով, հաջէ և ոռնա շուն, մնչէ տատրակ, խրխնջէ ձի, խանչէ խոզ, խոսի հաւ, կանչեն-ճռղեն-ճռուողեն թռչունք ևն: Բայց այս բայերը իսկապես անդեմ չեն»:

Բացի սրանք, Աճառյանն այս «անդեմ կամ միադիմի» կոչած բայերից մի քանիսի բոլոր դեմքերի ու բոլոր թվերի խոնարհմունքների ցուցակներն արդեն բերել է կամ հետո է բերում:

Սա ցույց է տալիս, որ Աճառյանն «անդեմ» կամ «միադիմի» ասելով նկատի ունի ա՛յն բայը, ինչի բառ-ենթական սղված է, չկա (սրանց բառ-ենթակաները այս կենդանիների անուններն են: Եթե Աճառյանը հետևողական լիներ, պիտի այս բայերին ասեր՝ բառ-ենթակա չունեցող խոսք (նախադասություն) կամ բայ):

Սա ապացուցում է հենց ինքը՝ Աճառյանը, հաջորդ հատորի մեջ [ib, IV Բ, էջ 42].

«2. Բնության երևույթների համար, ինչպես՝ անձրևում է, փայլատակում է, որոտում է, ամպել է, ձյունում է կամ ձյուն է գալիս, կայծակին է (կայծակում է) ևն: Սրանք սակայն իսկական անդեմ բայեր չեն. {որովհետև} հնապես նրանց ենթական երկնային ոգին կամ այլ մի էակ էր. այժմ էլ կարող ենք ասել՝ ամպը որոտում է, երկինքը ամպել է: Իսկ եթե երկինքը կամ ամպերը լեզու առնեին, գոնե բանաստեղծության մեջ, այս բոլոր անդեմները դիմավոր պիտի դառնային»:

Տեսնում ենք, որ այս հատորի մեջ Աճառյանն այս անգամ սրանք «իսկական անդեմ» բայ չի համարում, ու սրանք դրել է կենդանիների ձայների՝ «անիսկական անդեմների» կողքը:

«Անդեմ» ասելով, ոնց որ վերն եմ ասել, Աճառյանը նկատի ունի բառ-ենթակա չունեցողը, ինչը սկզբունքով իսկ սխալ է: Սխալ է, որովհետև ամեն մի բայ էլ մի խոսք (նախադասություն) է, իսկ բայը միշտ է՛լ ունի ենթակայի գաղափարը, այսինքն, բայը հենց ի´նքը նաև ենթակա է, որովհետև դեմք ունի, ու բայի ենթական (առաջին հերթին) հենց դե՛մքն է: Ու միշտ էլ հնարավոր է, որ այդ բայը լինի եզակի երրորդ դեմքով: Օրինակ.

գնաց, էկավ, խփեց, ջարդեց, մտավ, քթավ, լսեց, անում ա, խոսում ա ևն, ևն:

Ուրիշ հարց է, երբ խոսքը «պտի»-ի պես պակասավոր (մասնիկ դարձած) բայերի մասին է, բայց սրանց պիտի գոնե ասեինք «միադիմի»: Սրանցից է այսօրվա «կարող ա»-ն, ինչը լեզվի կրողն արդեն բնազդով համարում է մեկ բառ՝ «կարողա» ու ընկալում է «երևի, գուցե, հնարավոր է՝ որ» իմաստով, ու այս «կարող ա»-ն արդեն իսկական եղանակիչ է:

Սրանից հետևում է, որ Աճառյանը, ասելով «անդեմ, դիմազուրկ» կամ «միադիմի բայ», նկատի ունի այն եղանակիչները, որոնք, մաշվելով ու պակասելով, բայերից են առաջացել:

Երեսնական թվերին հակաաբեղյանները ահավոր աղավաղեցին Աբեղյանի գիտական քերականությունը, նախ կատեգորիկ պնդելով, թե «անորոշ դերբայը անդեմ բայ է»:

Սա արդեն հեշտ էր, որովհետև եթե Աճառյանը, իր չափազանց շատ պատահող «անզգուշությամբ», նույնիսկ դիմավո՛ր բային էր ասում «անդեմ բայ», իսկ Աբեղյանն էլ, հույժ անզգույշ, ինֆինիտիվին անընդհատ էր ասում բայ, մնացած «լեզվաբաններն» ինչո՞ւ չպիտի արդեն կտրուկ պնդեին, թե դեմք չունեցող անորոշ դերբայը անդեմ բայ է:

Իսկ հետո էլ մեր քերականները, գլխի ընկնելով, որ ախր բայն իր իմաստը պիտի անպայման վերագրի (ստորոգի) իր դեմքին, արդեն պնդեցին, թե ինֆինիտիվը (անդեմ բայը, անորոշ դերբայը) հնչերանգո´վ է իր իմաստը ստորոգում (վերագրում) իրականությանը (ոչ թե դեմքին sic!), ինչն արդեն անհեթեթ է (սրան ավելի մեղմ բնութագիր չկա):

Սրանից հետո ու սրանց հետ միասին՝ հետաբեղյանները սրանց պես բազում անտրամաբանական ու անհեթեթ «հասկացություն ու գաղափար» մոգոնեցին՝ այսօրվա հայերենի այսօրվա քերականությունը դարձնելով մի իսկական սքոլաստիկ մղձավանջ:

13.21 Հայերենի «եմ»-այնությունը-3

Հ. Աճառյանն իր [7]-ի, ԼՔՀԼ-ի IV Ա հատորի 13-րդ էջում ասում է.

«Տրամաբանորեն մտածելով՝ գործողության պարագաներն անհուն են. կարելի է միևնույն գործողությունը երևակայել հարյուրավոր պարագաների տակ. Օրինակ, թե գործողությունը կատարվել է ենթակայի կողմից գիտակցաբա՞ր, թե՞ պատահմամբ, հաստատ դիտավորությա՞մբ, թե՞ կասկածով կամ երկյուղով, ինքնաբարեբար, թե՞ մի ուրիշ դըրդմամբ, կամովի՞ն, թե՞ ակամա և այլն և այլն:

{Այս պարագաներին ավելացնեմ՝ «հայհոյանքո՞վ, թե՞ գովասանքով; ջղայի՞ն, թե՞ հանգիստ; հեգնանքո՞վ, թե՞ լուրջ; խրատո՞վ, թե՞ հպանցիկ; սարկազմո՞վ, թե՞ նուրբ հումորով; թունավո՞ր տոնով; թե՞ բարեսիրտ; արհամարհանքո՞վ, թե՞ հպարտ-հըպարտ; եռանդո՞ւն, թե՞ ալարելով» ևն, ևն}:

«Բայց {խոսելիս՝} այս բոլորը մենք չենք ներկայացնում բայի մեջ և նրա հետ միախառն, այլ կա´մ նրանց համար ունենք տեսակ-տեսակ մակբայներ, նախադրությամբ {այսինքն, բայից առաջ դրված}, կա´մ բնության {բնույթի} խնդիրներ, վերջապես հարակից դրված ուրիշ բայեր, կա´մ առանձին միջանկյալ ու երկրորդական նախադասություններ:

«Իսկ այն պարագաները, որոնք կյանքի {ուրեմն և խոսքի´} համար ավելի սովորական, պիտանի և անհրաժեշտ են, ստացել են առանձին ձև կամ մասնիկի կերպարանք և սրանք են կազմում բայական կարգերը, որոնց գումարն է խոնարհումը {նույնը ճիշտ է նաև հոլովների ու հոլովաձևերի համար}»:

Եզրակացություն. Պարագաների այնպիսի մանրամասն ավանդական գիտական այնպիսի ուսումնասիրությունը, ինչը փորձում է պարզի պարագաների բոլոր հնարավոր տեսակներն ու սրանց ենթաբազմություններն առանձնացնի, ըստ էության, անհնար է ու փակուղային, քանի որ, ինչպես Աճառյանն է ասում, «գործողության պարագաներն անհուն են»:

Չի բացառվում, որ թե´ քերականական եղանակների, թե´ պարագաների, թե´ խնդիրների դասդասմունքի մեթոդն ու ելակետերը սպառել են իրենց (գոնե ու անպայման դպրոցում դասավանվելու տեսանկյունից): Հնարավոր է, որ սինքրոն քերականակության հետազոտությունների ավելի բեղուն ուղին շարունակ զուգորդությունների քննության ուղին է:

Գուցե ճիշտ լիներ, եթե պարագա ասեինք միմիայն բայ զուգորդող այն վերագրվող (ստորոգյալ) բառերին, որոնք լրացնում են բայի ժամանակն ու թիվը, ոչ թե իմաստը: Ցավոք, բայիմաստը լրացնող բառերի մի մասին էլ են ասում պարագա, ու արդեն ունենում ենք անթիվ-անհամար պարագա:

Առհասարակ, ստորոգելու պարագայի հասկացությունը այնքան հեղհեղուկ բան է, որ եթե ասվի, թե պարագային անուն տալը ճաշակի հարց է ու բառին հստակ ու անբաժան պարագա հատկացնելն անհնար է, սխալ չի լինի:

Օրինակ, արդեն տեսանք, որ երբ ասում ենք «ա/է», նշանակում է՝ ասում ենք «գոյություն ունի», բայց գոյություն ունենալու «ձևերն» անհուն են, ու երբ ասում ենք. «գազան ա», ուզում ենք ասեն, որ այս գոյություն ունեցող բանը գոյություն ունի «գազան» ձևով: Ուրեմն, այս «գազան» ստորոգյալը ՁԵՒԻ ՊԱՐԱԳԱ է:

Կամ կարող էինք ասեինք, որ երբ ասում ենք. «գազան ա», ուզում ենք ասենք, որ այս գոյություն ունեցող բանը գոյություն ունի «գազան» վիճակում: Ուրեմն, այս «գազան» ստորոգյալը ՎԻՃԱԿԻ ՊԱՐԱԳԱ է:

Կամ կարող էինք ասեինք, որ երբ ասում ենք. «գազան ա», ուզում ենք ասենք, որ այս գոյություն ունեցող բանը գոյություն ունի «գազան» դրությամբ: Ուրեմն, այս «գազան» ստորոգյալը ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱ է ևն, ևն:

Այստեղից մի բան էլ է բխում. հնարավոր է, որ թե´ այս կարճ «գազան»-ը, թե´ ավելի բարդ բաղադրյալ ստորոգյալները (այսինքն, բոլո´ր-բոլո´ր ստորոգյալները) մի´շտ կոչվեն (օրինակ) ՁևԻ ՊԱՐԱԳԱ:

Այս փոքրիկ անալիզից պարզ չի՞, որ.

Դրույթ 1. Անհնար է, որ պարագայի (ու նաև խնդրի) առանձին տեսակների հասկացությունները միարժեք ու խիստ գիտական լինեն:

Ո՞րն է ելքը: Ելքը, իմ կարծիքով, ներկայացնում են դրույթների տեսքով ձևակերպած նեյրոհոգեբանական հետևյալ դիտողությունները:

Դրույթ 1. Հայերենի կրողի ուղեղի կեղևը խոսելու ու բառերով մտածելու պրոցեսը իրագործում է շարունակ զուգորդությունների սկզբունքով, այսինքն.

ա) Ուղեղը, անունները զուգորդելով իրար, ստեղծում է (սկզբունքով) անհուն քանակով հարկավոր բաղադրյալ անուն-գոյական կամ բաղադրյալ անուն-ածական:

բ) Ուղեղն այս բաղադրյալ անուն գոյականներն ու բաղադրյալ անուն ածականները զուգորդում է գոյության «եմ/լինեմ/կամ» բայի բոլոր հին ու նոր թե´ պարզ, թե´ բաղադրյալ ձևերին, օրինակ, «խոսում եմ, կարդացել եմ/էի» ձևերին (ու նաև ա´յն ձևերին, որոնց «եմ/լինեմ/կամ»-այնությունն այսօր մթագնած է ու «տեսանելի է» միմիայն մասնագետ լեզվաբանին, օրինակ, «կամ, ունեմ, գիտեմ, արժեմ, կարամ, դառնամ, գրեմ, գրեց» տիպի բայերին):

գ) Հնարավոր է որ այս նոր բայ-խոսքերը նորից զուգորդվեն («եմ/լինեմ/կամ»-ին ու սրա ձևերին, օրինակ, հետևյալներին. «սև եմ, զինվոր եմ, նստած եմ, խոսող եմ, վազելուց կլնեմ, կամ, կլինեմ» ևն) կազմեն են նոր ու ավելի բարդ գոյության բայ ևն:

Բայց եթե այս դրույթը իրո´ք է ճշմարիտ, այդժամ սրանից հետևում է, որ.

Դրույթ 2. Թերևս պարտադիր է, որ հայերենի լեզվաբանական ուսումնասիրությունները հետևեն հայերենի կրողի ուղեղի կեղևի խոսելու ու բառերով մտածելու պրոցեսն իրագործելու այս շարունակ զուգորդությունների սկզբունքին:

Վերցնենք, օրինակ, հետևյալ մի բայանոց խոսքը.

«Մեր դասարանի կյաժ Արամը, ինքը, հենց հմի, ախուվախ անելով, մեն-մենակ, գլորվում ա փոսը»:

Եթե մեկն ասի. «Ինքը», ու հայերենի մի կրողը սա լսի, կիմանա, որ ասողը նկատի ունի այս Տիեզերքի (գուցե շնչավոր ու նույնիսկ մարդկային) բոլոր-բոլոր արարածներին ու առարկաները, բացի ասողն ու լսողը (այսինքն, երրորդ դեմքերին):

Բայց եթե ասողն այս «Ինքը» բառին զուգորդի «Արամը» բառն ու ասի. «Արամը, ինքը», լսողը կիմանա, որ ասված երրորդ դեմքի տերը մարդ է, Արամ անունով:

Ուրեմն, այս «Արամը» բառը, զուգորդվելով «ինքը» բառի դեմքին (կամ հենց «ինքը» բառին, որ, ի վերջո, նույն բանն է), ստորոգում, լրացնում, պարզում, շեշտում կամ բացահայտում է այդ երրորդ դեմքը:

Բայց գուցե ասողը այս երկու անունանոց բառազույգին զուգորդի «կյաժ» անունը: Այդժամ, այս «կյաժ Արամը, ինքը» եռյակը, այս բաղադրյալ անունը, որ չափազանց էր ընդհանուր, կնեղանա, կմասնավորանա ու կդառնա ավելի հստակ ու կըհասնի «կյաժ Արամների» բազմությանը: Ի միջի այլոց, այս բաղադրյալ անվան առաջին «կյաժ» բաղադրիչին, ըստ այս շարադրանքի, պիտի ասենք ածական:

Հնարավոր է, որ ասողն այս արդեն ասվածին զուգորդի «դասարանի´» բառն ու ասի. «դասարանի´ կյաժ Արամը, ինքը», ու այս անգամ ասվածն ավելի կմասնավորանա ու կդառնա ավելի հստակ ու ավելի «բաղադրյալ» մի անուն, արդեն առանձնացնելով «դասարանի´ կյաժ Արամների» բազմությունը:

Բայց այս աշխարհում դասարան շատ կա, ու գուցե ասողն այս անսահման քանակով դասարաններից առանձնացնի միմիայն մեկը, «մեր» բառը զուգորդելով այս բարդ անվանն ու ասելով. «Մեր դասարանի կյաժ Արամը, ինքը» ավելի բաղադրյալ անունը, ինչը լսողի համար ընդամենը մի հոգեբանական ենթակա է:

(Հոգեբանական ենթակա են ասում մտածողի դատողությունը հարուցող-սկսող բառ-մտապատկեր գաղափարին, ինչը հենց դատողության սկիզբն է):

Ու հնարավոր է, որ այսքանից հետո ասողն այս բարդ անունը զուգորդի գոյության մի բաղադրյալ «եմ»-ային բայի, օրինակ, «գլորվում ա»-ին ու ասի. «Մեր դասարանի´ կյաժ Արամը, ինքը, գլորվում ա», ինչով նկատի ունենա, որ այս «բարդ» կամ «բաղադրյալ Արամը» խոսելու պահին գոյություն ունի գլորվելու վիճակում ու ոչ թե, օրինակ, սողալո´ւ, կա´մ գալարվելու, կա´մ քծնանքի վիճակում:

Այդժամ գոյության այս բավական մասնավոր «եմ»-ային «գլորվում ա» բային զուգորդված այս երկար «Մեր դասարանի´ կյաժ Արամը, ինքը» անունը կդառնա մի բարդ «բառ»-ենթակա, որովհետև զուգորդված է «գլորվում ա» բայի երրորդ դեմքին, այսինքն, դեմք-ենթակային: Բայց, ինչպես տեսանք, գոյության բայերին ասում ենք՝ խոսք (նախադասություն):

Ուրեմն, այս «Մեր դասարանի´ կյաժ Արամը, ինքը, գլորվում ա» բառերի շարանը, այս արդեն ծավալուն զուգորդությունը, ինքնի´ն ու ամբողջությամբ, մի գոյության «եմ»-ային «բաղադրյալ ԲԱՅ» է, ինչին արժի, որ մի անուն տրվի ու ասվի, օրինակ, «գլորվումա»-ով «վարակված» բայ:

Դրույթ 3. «եմ/լինեմ/կամ» բայերին ու նաև սրանց բոլոր բաղադրյալ ձևերին (ու նաև այն պարզ ձևերին, որոնց մեջ «եմ»-ի առկայությունը ակնհայտ չի) զուգորդված պարզ ու բաղադրյալ ածականներն ու գոյականները «վարակվում են բայությամբ» ու իրե´նք են դառնում մի «բաղադրյալ» կամ «բարդ» ու մասնավոր գոյության «եմ/լինեմ/կամ»-վարակային ծավալուն բայ, ինչին ասում ենք խոսք:

Ուրեմն, այս «Մեր դասարանի´ կյաժ Արամը, ինքը, գլորվում ա» բառերի շարանը, այս արդեն ծավալուն զուգորդությունը, թե´ «եմ»-ավարակ բաղադրյալ բայ է, թե´ խոսք է:

Բայց եթե ասողը «ախուվախ անելով» զուգորդությո´ւնը զուգորդի այս «Մեր դասարանի´ կյաժ Արամը, ինքը, գլորվում է» գոյության բարդ բային, արդեն մասնավորած կլինի գլորվելու ընդհանուր գաղափարը, որովհետև այս աշխարհում գլորվելու հազար ու մի ձև կա, ու սրանցից մեկը, մի մասնավորը, «ախուվախ անելո´վ» գլորվելն է:

Այս «ախուվախ անելով» զուգորդությունը, ինքնին, մի բաղադրյալ անուն է, ինչի «ախուվախ» բաղադրիչը կլինի ածական: Բայց երբ այս ածականը զուգորդվում է ասված բարդ բայի իմաստի´ն, իրավունք ունենք սա անվանելու ստորոգյալ-ածական, չնայած մեր քերականներն այս «ախուվախ անելով»-ին գուցե ասեն կա´մ «ձևի պարագա», կա´մ «անուղղակի խնդիր», կամ «մակբայ»:

Մեր քերականները, այնուամենայնիվ ու երևի միաձայն, այս «ախուվախ անելով»-ին թերևս ասեն «ձևի պարագա», բայց մի՞թե մեկ չի, թե սրան ի´նչ անուն կտան:

Չէ՞ որ արդեն հայտնի է, որ «պարագաների թիվն անհուն է», իսկ անհուն թվով անուն հորինելը թե´ անհնար է, թե´ անիմաստ: (Սոսյուրն իզուր չի ասում, թե լեզվից բարդ բան չկա):

Հնարավոր է նաև, որ խոսողը «հենց հմի» զուգորդությունը զուգորդի գոյության այս բաղադրյալ «եմ»-ային «գլորվում ա» բային, որովհետև այս աշխարհում գլորվելու հազար ու մի տեսակ/ձև/տարբերակ/հնարավորություն կա, ու սրանցից մեկը (ինչի «կոչումը» թող ընթերցողը որոշի), մի մասնավորը, «հենց հմի» գլորվելն է: Ուրեմն, այս «հենց հմի»-ն ածական է, չնայած մեր քերականները սրան հենց ժամանակի պարագա են ասում, ինչը սխալ չի:

Մյուս կողմից, երևի իրավունք կա սրան ասելու բայիմաստի (գլորվելու գաղափարի) լրացում, ուրեմն, այս «հենց հմի»-ն ածական ստորոգյալ է: Կամ էլ գուցե սա ստորոգելիական վերադի՞ր է կամ բայի խնդի՞ր:

Իհարկե, մենք իսկո´ւյն ենք տեսնում, որ այս «հենց հմի»-ն «գլորվում ա» բայի ներկա ժամանակի լրացումն է, որովհետև ճշտում լրացնում է այս բայի չափազանց ընդհանուր ներկա ժամանակը:

Առայժմ, այս «հենց հմի»-ին անուն տալու հարցը թողնենք անպատասխան ու անցնենք առաջ:

Այնուամենայնիվ, եթե այս «ախուվախ անելով»-ին չենք ուզում ասենք ձևի պարագա, բա ի՞նչ ասենք, եթե չենք ուզում նաև, որ նոր տերմին հնարենք:

Եթե հիշենք, թե որ այս աշխարհում գլորվելու հազար ու մի տեսակ կա, ու սրանցից մեկն էլ, մի մասնավորը, «ախուվախ անելով» գլորվելն է, ուրեմն, նորից իրավունք կունենանք սրան ասելու բայիմաստի (գլորվելու գաղափարի) լրացում:

Ուրեմն, այս «ախուվախ անելով» է´լ է ածական-ստորոգյալ (կամ մակբայ, որովհետև բային դրվող ածականին քերականներն ասում են մակբայ), քանի որ վերագրվում է դեմքին:

Ի վերջո, խոսողն այս արդեն «հույժ բաղադրյալ» կամ «ծավալուն բային» զուգորդում է «մեն-մենակ» ածականը, ինչը մեր քերականների կարծիքով արդեն այնքան էլ միարժեք չի, որովհետև այնքան էլ պարզ չի, թե սա «չափ ու քանակի՞ պարագա» է, թե՞ «ձևի», որովհետև այս երկուսին էլ սազում է:

Մեր շարադրանքի տեսանկյունից այս «մեն-մենակ»-ը ճշտում լրացնում է «գլորվում ա» բայի թիվը, ուրեմն, թվական-ստորոգյալ է: Չէ՞ որ Արամը կարող էր երեք կամ էլ 1000 հոգու հետ գլորվեր փոսը:

Մնաց այս «ծավալուն բայի» «փոսը» բառը, ինչը մեր մեկնությամբ նորից ածական-ստորոգյալ է, որովհետև այս աշխարհում գլորվելու հազար ու մի տեսակ կա, ու սրանցից մեկն էլ, մի նեղ մասնավորը, «փոսը գլորվելն ա»: Ուրեմն հենց այս «փոսը» բա´ռն է զուգորդվում ստորոգվում վերագրվում գլորվելու գաղափարին:

Այնինչ, մեր քերականներն իսկույն կասեն, որ այս «փոսը» ա´յն ուղիղ խնդիրն է, ինչն իբր «գլորվում ա» բայն ի´նքն ա խնդրում, որ լրանա սրա ուղղական-հայցական հոլովաձևով:

Այժմ նորից արտագրենք քննարկվող խոսքը. «Մեր դասարանի կյաժ Արամը, ինքը, հենց հմի, ախուվախ անելով, մեն-մենակ, գլորվում ա փոսը», ու վերլուծենք սա, բայց ա´յս շարադրանքի տեսանկյունից, վերլուծությունն սկսելով խոսքի կենտրոնից՝ բայից (այսինքն, համարելով, որ այս անգամ հոգեբանական ենթական այս «գլորվում ա» բա´յն է):

1. գլորվում ա – սա մեկ բառ-բայ է, ինչը կազմված է «գլորվում» թերբառ մասնիկից ու «ա» գոյության բայից (չնայած այս բառ-մասնիկն ու «ա» բառը առանձին են գրվում): Այս բայ-բառը ցույց է տալիս գլորվելու ընդհանուր պրոցես-գաղափարի գոյությունը:

Այս բայի դեմքը, հենց ի´նքը, այս բայի դեմք-ենթական է, իսկ այս բայի իմաստը, այսինքն, գլորվելու գաղափարը, այս բայի բայիմաստ-ստորոգյալն է: Հիշենք, որ «ստորոգյալ» բառը նշանակում է «վերագրվող»: Բայը, միշտ, նաև ստորոգող-վերագրող է: Այս բայի (դեմքի) թիվը եզակի է, ժամանակը՝ ներկա, եղանակը՝ սահմանական:

2. Մեր դասարանի կյաժ Արամը, ինքը – սա բաղադրյալ բառ-ենթակա է, ինչը զուգորդված է գլորվում ա բայի ընդհանուր երրորդ դեմքին ու մասնավորում նեղացնում լրացնում պարզում է այս դեմքը:

ինքը – երրորդ եզակի դեմքի դերանունն է, ինչը փոխարինում է Արամ անունին:

Մեր դասարանի կյաժ-ը – այստեղ բաղադրյալ ածական անուն է

3. հենց հմիգլորվում ա բայի ժամանակի լրացումն է: Սա, անկասկած, կազմված է երկու եղանակիչ բառից, հենց-ից ու հմի-ից: Սրանք, թե´ առանձին-առանձին, թե´ այս զույգով, եղանակիչ են, որովհետև զուգորդվում են (նախ իրար հետո էլ) ասված բային, այսինքն, հոլովաձև չունեցող լրացում ածական-մակբայ են, եղանակի´չ են:

4. մեն-մենակ – սա գլորվում ա բայի թվի լրացումն է:

5. փոսըգլորվում ա բայի իմաստի լրացում է, ուրեմն, այս (ավանդական ուղիղ խնդիրը, միշտ) ստորոգյալ վերագրվող է:

6. ախուվախ անելով – այս ածականը (ավանդական անուղղակի խնդիրը) զուգորդված է գլորվում ա բայի իմաստին, ուրեմն, այս բայի իմաստի լրացումն է, այսինքն, ստորոգյալ է:

Անկասկած է նաև, որ թե´ այս 5-6-րդ կետերի այս լայն իմաստով ածական ստորոգյալներին, թե´ «փոսը» ստորոգյալին, ձևի կամ (եթե կուզեք) տեսակի պարագա ասելու իրավունքը կա, որովհետև այս աշխարհում գլորվելու հազար ու մի ձև կամ տեսակ կա, ու այս ձևերից (կամ տեսակներից) մեկը այս 5-6-րդի ձևով կամ տեսակով գլորվելն է:

Մի անգամ էլ շեշտենք, որ բայի թվի ու ժամանակի լրացումներն էլ կարող էինք համարեինք ածական ստորոգյալ, որոհվետև սրանք էլ են, ի վերջո, լրացնում բայիմաստը: Այս առումով, ստորոգյալ է նաև հենց ենթական, բայց մենք ավանդությունը չափազանց շատ չենք խախտի:

13.22 Խոսքի վերլուծության ևս մի քանի օրինակ

Այժմ բերեմ մի բայանոց խոսքի քերականական վերլուծության ևս մի քանի օրինակ, թե´ մանրամասն, թե´ կրճատ:

Վերլուծենք հետևյալ նախադասությունը.

***

Վերլուծություն 1. Եթե բայ համարենք միայն «էր»-ը (ինչը նաև համարենք հոգեբանական ենթական), վերլուծությունը կլինի հետևյալը.

ա. «էր» – ցույց է տալիս երրորդ եզակի դեմքի գոյության կամ վիճակի ընդհանուր գաղափար: Այս «էր» բայը թե´ բայիմաստ-ստորոգյալ (վերագրվող) է, թե´ ըստորոգող է: «էր» բայի ժամանակն անցյալն է, այսինքն սրա գոյության իմաստը վերագրվում է խոսելու պահին նախորդող պահերին: Խոսողը վստահ է խոսում, ուրեմն այս բայի եղանակը սահմանական (սահմանո´ղ, հաստատակա´ն) է:

բ. «զինվոր» – սա երրորդ եզակի դեմքի գոյության «էր» ընդհանուր գաղափարը մասնավորում դարձնում է «զինվորային վիճակի» գոյություն:

գ. «հինգը տարի առաջ» – այս բաղադրյալ ածականը զուգորդվում է «էր» գոյության բայի ժամանակին, մասնավորելով այս բայի անորոշ անցյալը, ուրեմն, հնարավոր է, որ սրան ասվի «ժամանակային ստորոգյալ» (այս ավանդական «ժամանակի պարագային»):

դ. «հինգը տարի» – այս թվական-գոյական ձևով եզակի զույգը ճշտում է այս «առաջ» ստորոգյալը, ուրեմն, բաղադրյալ ածական է:

ե. «հինգը» – քանակական թվական է:

զ. «քաջ»-ը «զինվոր» ածականի ածականն է, զինվոր շատ կա, «քաջ զինվոր»-ը դրանց մի նեղ տեսակն է, ու այս «քաջ զինվոր» («կրկնակ») ածականը մի նոր բաղադրյալ ածական է:

է. «էր» բայն այս «քաջ զինվորային վիճակի» գոյությունը ստորոգում վերագրում է իր իսկ երրորդ դեմքին, նշելով, որ գոյության այդ ժամանակը խոսելու պահից առաջ է, իսկ վերագրելիքի թիվը եզակին է: Ուրեմն, այս «զինվոր» բառը պարզ բառ-ստորոգյալ է, «քաջ զինվոր»-ը բաղադրյալ ստորոգյալ է, «քաջ»-ը «զինվոր»-ի ածականն է ու վերագրված (զուգորդված) է «զինվոր»-ին, իսկ «քաջ զինվոր» ածական-ստորոգյալը վերագրված է «էր» բային:

ը. «քաջ զինվոր էր» կապակցությունը բաղադրյալ բայ-ստորոգյալ է, կամ ուղղակի բաղադրյալ բայ է:

թ. «Արամը» բառը այս խոսքի բառ-ենթական է ու այս բառ-ենթական մասնավորում, լրացնում, ճշտում կամ բացահայտում է «էր» գոյության բայի երրորդ դեմք-ենթական (շղթայվում զուգորդվում է «էր» բայի երրորդ դեմքին):

***

Վերլուծություն 2. Եթե բայ համարենք «զինվոր էր»-ը, վերլուծությունը կլինի հետևյալը.

ա. «զինվոր էր»-ը գոյությունը մասնավորող բայն է, ժամանակը՝ անցյալ, թիվը եզակի, եղանակը՝ սահմանական, ու ամեն մի բայի պես թե´ բայիմաստ-ստորոգյալ վերագրվող է, թե´ ստորոգող-վերագրող:

բ. «քաջ»-ը բառ-ստորոգյալ-վերագրվողն է, ինչը վերագրվում է «զինվոր էր» գոյության բայի իմաստին, ուրեմն, ածական է:

գ. «հինգը տարի առաջ» – այս բաղադրյալ ածականը զուգորդվում է «էր» գոյության բայի ժամանակին, մասնավորելով այս բայի անորոշ անցյալը, ուրեմն, ճիշտ կլինի, որ սրան ասվի «ժամանակային ստորոգյալ»:

դ. «հինգը տարի» – այս թվական-գոյական զույգը ճշտում է այս «առաջ» ստորոգյալը, ուրեմն, բաղադրյալ ածական է:

ե. «հինգը» – քանակական թվական է:

զ. «Արամը» բառը այս խոսքի բառ-ենթական է ու այս բառ-ենթական լրացնում ճշտում կամ բացահայտում է «զինվոր էր» գոյության բայի երրորդ դեմք-ենթական:

***

Մ. Աբեղյանի «Աշխարհաբարի քերականությունը» գրքի ([1]-ի) 163-164 էջերին վերլուծած խոսքերի հակիրճ վերլուծությունը՝ այս գրքի ու Աբեղյանի մեթոդներով: Օրինակների լեզուն հարմարել եմ Երևանի բարբառին:

Վերլուծություն 3. «Անշնորհք մարդու լեզուն միշտ երկար կըլնի»:

Սա մեկ բայանոց խոսք (նախադասություն) է: Բայ համարենք «կըլնի»-ն:

ա. «կըլնի» – բայ, եզակի, երրորդ դեմք: Աբեղյանը սրա ժամանակը համարում է ներկա, իսկ եղանակը կոչում է ենթադրական: (Իհարկե, այստեղ թե´ ժամանակի հարցն է վիճելի, թե´ եղանակի, բայց սա թողնենք):

Այս «կըլնի»-ն շատ է ընդհանուր, ամեն ինչն էլ հնարավոր է, որ լինի, բայց այս լինելություններից մեկը «երկար կըլնի»-ն է:

Ուրեմն.

բ. «Երկար» – համեմատվող ածականն ու այս խոսքի ստորոգյալը, «կըլնի»-ի հետ միասին, բայ ստորոգյալ է, այսինքն, բայ ստորոգյալն է՝ «երկար կըլնի»-ն:

գ. «Անշնորհք մարդու լեզուն» – բաղադրյալ ենթակա, զուգորդվում է «կըլնի»-ի երրորդ դեմքին, մասնավորելով այս դեմքի լինելության ընդհանրությունը մինչև այս նեղ «Անշնորհք մարդու լեզուն»:

«լեզուն» – անուն (հասարակ), եզակի, ուղղական ձև:

«մարդու» – «լեզուն» անվան ածականն է («լեզուն» բառի խնդիրն է, ըստ Աբեղյանի), հասարակ անուն, եզակի, սեռական:

«Անշնորհք» – «մարդու» ածականի համեմատվող ածականն է («մարդու» բառի խնդիրն է, ըստ Աբեղյանի):

«ն» – որոշող հոդ է, այսինքն, ածական է:

Հետաքրքիր է, որ Աբեղյանը առանձին նշում է միաձույլ գրվող «ն» որոշող հոդը, բայց այդ օրերին առանձին գրվող “կ» ենթադրականի մասնիկը (ինչը, իհարկե, ածական է) կամ հետագա օրինակների անկատար ու վաղակատար թերբառներն առանձին բոլորովին չի հիշատակում, թերևս համարելով, որ սրանք իրենց «եմ»-ային բայից անբաժան են:

***

Վերլուծություն 4. «Ամեն մարդ կրակն իրա կճուճի տակն ա քաշում»:

Սա մեկ բայանոց խոսք (նախադասություն) է: Բայ համարենք «քաշում ա»-ն:

(Հնարավոր էր, որ, օրինակ, բայ համարեինք «տակն ա քաշում» բայ-ստորոգյալը):

ա. «քաշում ա» – միաձույլ բայց առանձին գրվող բառը բայ է, սրան ասում են բաղադրյալ բայ, որովհետև կազմված է (առանձին չգործածվող) «քաշում» թերբառից ու «ա» գոյության բայից: Սահմանականի ներկա, երրորդ դեմքի եզակի բայ, պնդում է քաշելու պրոցեսի գոյությունը, ուրեմն, չափազանց է ընդհանուր:

բ. «կրակն» ա քաշում զուգորդությունն արդեն մասնավոր է, քաշելու հնարավոր ձևերից մեկն է, ուրեմն, «կրակն» բառը լրացնում է «քաշում ա» բայի իմաստը:

Կնշանակի, «կրակն» բառը վերագրվող-ստորոգյալ է (ըստ Աբեղյանի՝ «կրակն» բառը «քաշում ա» բայի կրող առարկան է), հաս. գոյական, եզակի, ուղղական:

դ. «ն» – որոշող հոդ է, այսինքն, ածական է:

ե. «տակն» – «տակն ա քաշում» զուգորդության մի ուրիշ մասնավորողն է, նեղացնում է «քաշում ա» բայի քաշելու հազար ու մի հնարավոր ձևից մեկը ու լըրացնում է այս բայի իմաստը, ուրեմն սա է´լ է այդ բայի ստորոգյալը: Հաս. անուն, եզակի, ուղղական, «ն» որոշող հոդով: (Ըստ Աբեղյանի՝ սա «կճուճի տակ» խնդրի կապական բառն է):

զ. «կճուճի» – սա «տակն» բառի ածականն է, հաս. անուն, եզակի, սեռական, «ն» որոշող հոդով (Ըստ Աբեղյանի՝ «տակ» բառի խնդիրն է):

է. «իրա» – սա «կճուճի» ածականի ածականն է, անձնական «ինքը» դերանունի սեռական ձևը, (Ըստ Աբեղյանի՝ «կճուճի» բառի խնդիրն է):

ը. «Ամեն մարդ» – «քաշում ա» բայի բաղադրյալ ենթական է, եզակի, հասարակ գոյական, ուղղական:

թ. «Ամեն» – «մարդ» բառի ածականն է: (Ըստ Աբեղյանի՝ «մարդ» բառի խնդիրն է):

***

Վերլուծություն 5. «Սատկեց էն հավը, որ քու համար ոսկի ձու էր ածում»:

***

Սա երկու մի-մի բայանոց պարզ խոսքից կազմված բաղադրյալ խոսք է:

Սրա առաջին ու գլխավոր խոսքն է. «Սատկեց էն հավը», իսկ երկրորդ (երկրորդական կամ ստորադաս) խոսքն է. «որ քու համար ոսկի ձու էր ածում»:

«Սատկեց» – բայ, սահմ. անց. կատ. եզ. 3-րդ դեմք:

«էն» – «հավը» բառի (ցուցական) ածականն է: (Ըստ Աբեղյանի՝ «հավը» բառի խնդիրն է):

«հավը» – հաս. Անուն, եզ. ուղղ., ենթակա «Սատկեց» բայի

«ը» – որոշող հոդ:

«ածում էր» – բայ, սահմ. Սահմ. եզ. 3-րդ դեմք:

«ձու» – անուն հաս., ստորոգյալ, ինչը լրացնում է «ածում էր» բայի իմաստը (ածելու, այսինքն, գրաբարյան «բերելու» հազար ու մի ձև կա, մի մասնավորը՝ ձու բերելն է) եզ. ուղղ. (Ըստ Աբեղյանի՝ կրող առարկա «ածում էր» բայի):

«ոսկի» – «ձու» անվան ածականն է (Ըստ Աբեղյանի՝ «ոսկէ» – ինչը որակական ածական է ու «ձու» բառի խնդիրն է):

«քու համար» – այս բառազույգը զուգորդվում է «ածում էր» բայի իմաստին (ածելու հազար ու մի ձև կա, մի մասնավորն էլ «քու համար» ձու բերելն է), ուրեմն, ստորոգյալ է:

«համար» – կապ:

«քու» – անձն. դերանուն, 2-րդ դեմք, եզ. սեռ. (Ըստ Աբեղյանի՝ «համար» բառի խնդիրն է):

«որ» – «հավը» բառի դերանունը, եզ. ուղղ. «ածում էր» բայի ենթական:

Այս «որ» բառը (գրաբարյան իմաստով՝ «ով»-ը), ինչին շատ հաճախ «կապ» կամ «շաղկապ» են ասում, փոխարինում է գլխավոր խոսքի «հավը» անվանը, ուրեմն, դերանուն է, ու սրան հաճախ ասում են՝ «հարաբերական դերանուն», այն բանի համար, որ նախ փոխանուն-դերանուն է, ու երկրորդն էլ՝ իբր հարաբերվում է «հավը» բառին:

***

Վերլուծություն 6. «Ով տուն չի շինե, հենց գիդի, թե սյունը մեջն ա բուսնե»:

***

Սա երեք մի-մի բայանոց պարզ խոսքից կազմված բաղադրյալ խոսք է:

Սրա առաջին (երկրորդական կամ ստորադաս) խոսքն է. «Ով տուն չի շինե»-ն, գլխավոր խոսքն է. «հենց գիդի», իսկ երկրորդ երկրորդական (ստորադաս) խոսքն է. «թե սյունը մեջն ա բուսնե»:

Հիշեցնեմ, որ այս գրքի բոլոր օրինակները Երևանի բարբառով են, ինչի հնչյունները հնարավոր է՝ տարբերվեն գրական ոճերի հնչյուններից, իսկ վաղակատար թերբառի «լ»-ն էլ սղվում է, եթե «եմ» բայը նախադաս է կամ սղված է:

«չի շինե» – այս ժխտական բայը պնդում է չշինելու ընդհանուր գաղափարի գոյությունը, եզ. 3-րդ դեմք, սահմանական վաղակատարի ներկա:

«տուն» – չշինելու հազար ու մի ձև կա, սրանցից «տուն չշինելը» մասնավոր ձևերից մեկն է, ուրեմն այս «տուն»-ը ածական ստորոգյալ է:

«Ով» – դերանուն գոյական է, «չի շինե» բայի ենթական է, եզ. ուղղ. (Ըստ Աբեղյանի՝ հարաբերական անուն է):

«գիդի» – հնագույն սահմանականի ձևը պահած 6 հավելավոր բայից մեկը (հավելածը «իմացա»-ն է), սահմ. ներկա, եզ. 3-րդ դեմք:

«հենց» – իսկական մակբայ, այսինքն, անհոլովաձև բառ, որ դառնում է բայի ածական ստորոգյալ, իմանալու հազար ու մի ձև կա, մի մասնավորն էլ «հենց»-ն է: (Ըստ Աբեղյանի՝ «գիդի» բառի խնդիրն է):

«ա բուսնե» – սահմանականի այս վաղակատար բայը սահմանում է բուսնելու ընդհանուր գաղափարի գոյությունը, «անցյալի ներկա», եզ. 3-րդ դեմք:

«մեջն» – ցույց է տալիս բուսնելու հազար ու մի ձևից մեկը՝ մեջը բուսնելը, ուրեմն ածական ստորոգյալ է, հասարակ անուն, ներկա, եզ. ուղղ. (Ըստ Աբեղյանի՝ «ա բուսնե» բայի խնդիրն է):

«ն» – որոշ. հոդ է, այսինքն, ածական է:

«սյունը» – զուգորդվում է «ա բուսնե» բայի դեմքին, ուրեմն այս բայի ենթական է, հաս. անուն, եզ. ուղղ.:

«ը» – որոշող հոդ, այսինքն, ածական է:

«թե» – ստորադասական շաղկապ:

Այժմ վերլուծենք Լուդվիգ ֆոն Միզեսի մարդկային արարմունքի աքսիոմը, ինչն այստեղի ձևակերպով մի խոսք է: Ահա այդ խոսքը.

Մարդկային անհատի արարմունքը այս անհատի առկա ու գալիք հնարավոր նեղություններից ազատվելու վարք է:

«վարք է» – այս «վարք է»-ն այս խոսքի առանձին-առանձին գրվող գոյության «պարզ» բայն է:

«այս անհատի առկա ու գալիք հնարավոր նեղություններից ազատվելու վարք է» – այս բառաշարն այս խոսքի բաղադրյալ բայն է:

«այս անհատի առկա ու գալիք հնարավոր նեղություններից ազատվելու» – բառերի շարանը վերագրվում է «վարք է» բայի իմաստին, ուրեմն սա բաղադրյալ բառ-ստորոգյալ է, ուրեմն, սա այստեղ նաև բաղադրյալ ածական է:

«ազատվելու» – այս բառը զուգորդվում է բայիմաստին, ուրեմն, ածական ստորոգյալ է:

«նեղություններից ազատվելու» – սա բաղադրյալ ածական ստորոգյալ է, սրա «նեղություններից»-ը ածական (մակբայ) է:

«հնարավոր նեղություններից ազատվելու» – բաղադրյալ ածական ստորոգյալ է, «հնարավոր»-ը ածական (մակբայ) է:

«գալիք հնարավոր նեղություններից ազատվելու» – բաղադրյալ ածական ստորոգյալ է; «գալիք»-ը ածական մակբայ է:

«անհատի առկա ու գալիք հնարավոր նեղություններից ազատվելու» – բաղադրյալ ածական ստորոգյալ է; «անհատի» բառը ածական (մակբայ) է; «այս»-ը ածական (մակբայ) է:

2. «Մարդկային անհատի արարմունքը» – բառերի այս եռյակը բայի դեմքի բաղադրյալ բառ-ենթական է: Պարզ բառ-ենթական է՝ «արարմունքը» գոյականը անունը: Սրա «ը»-ն որոշյալ հոդն է:

«Անհատի» – սա այստեղ «արարմունքը» բառի ածականն է:

«Մարդկային անհատի» – «արարմունքը» բառի բաղադրյալ ածականն է:

«Մարդկային» – «անհատի» ածականի ածականն է (մակբայ է):

Այժմ անցնում եմ հայերենի թվական-գոյական զույգի քերականական վարքը քըննելուն, ինչը ավանդական եղանակով լեզվաբանները կա´մ սխալ են մեկնել, կա´մ անուշադրության են մատնել:

13.23 Հայերենի թվական-գոյական զույգը

Հայերենի բայի դեմքին զուգորդվող ու այս դեմքը լրացնող մի կարևոր բառ-ենթական հայերենի թվական-գոյական շղթայմունք-զուգորդությունն է, օրինակ, «երեք խնձոր, յոթ գլխանի, բյուրակն» ևն:

Օրենք 1. Այսօրվա հայերենի կենդանի բարբառների լեզվական պրոցեսները, երբ էլ որ թվականը շղթայեն զուգորդեն անվանը (կամ՝ անունը լրացնեն թվականով), անունն անպայման դնում են եզակի թվով, միշտ ու ամենուր:

Սրա պատճառն այն հանգամանքն է, որ.

Օրենք 2. Հայերենի թվական-գոյական զույգը, ի տարբերություն ածական-գոյական զույգի, իր ՁԵՒՈՎ մի´շտ է եզակի, չնայած իր ԻՄԱՍՏՈՎ (սկսած «երկու» թվականից) հոգնակի է: Այնինչ, գրաբարյան շրջանում, ածական-գոյական զույգը (ու ածականը, ա´ռհասարակ, հիշենք, որ թվականն ածական է) ուներ թե՛ եզակի ձևը, թե՛ հոգնակի ձևը (տես հետո):

Ահա մի քանի օրինակ, երբ գոյականը շղթայվում լրանում է (երբեմն մնացած որոշիչներն էլ թվականի հետ) քանակական թվականով: (Այս օրինակների թվական-գոյական զույգը թավացրել ու շեղագիր եմ դարձրել): Սրանց թվական-գոյական զույգերը խոսքի ենթական են, ու սրանց բայն անպայման եզակի է.

1. Էրկու տրակտոր կորավ: Հինգ հողափոր բանվոր կա: Երկնքից երեք խնձոր ընկավ: Տասնհինգ հատ տնական թարմ ձու տո´ւր, մեկ էլ՝ վեցը մեծ ու լավ հասած ձմերուկ կշռի´: Որ վեց խողովակն ավազանը լցնի չորս ժամում, երկու նույն տեսակ խողովակն էլ կլցնի տասներկու ժամում: Զսպանակից կախած ա երկու նյութական կետ: A և B կետերի արանքը կա անսահման քանակով կետ: Էրեկ մեր տունը քսանհինգ ջահել ու սիրուն աղջիկ էր էկե: Էսօր հարուր մարդ էկավ, որ էս փոսը փորի: Որ հազար հոգի էլ գա, բան չի կարա անի:

Ահա մի քանի օրինակ, երբ անունը շղթայվում զուգորդվում է անորոշ կամ հարաբերական թվականով (երբեմն մնացած որոշիչներն էլ հետը): Այս օրինակների թվական-գոյական զույգերն է՛լ են խոսքի ենթակա.

2. Անտառում շատ արջ կա: Վաղը շատ մարդ կգա: Սեղանին (վրա) լիքը խնձոր կա: Տանը քանի՞ հոգի կա: Քանի՞ մատիտ մնաց: Մի քանի մատիտ տուր: Հազար ու մի գործ ունեմ: Քանի˜-քանի˜ մարդ մեռաաա˜վ: Հազարներով (հազարավոր) մարդ կոտորվեց: Էնքան լոր խփի(նք), որ տեղ ու դադար չկար: Ինչքա˜ն գործ կա անելուուու:

Ահա մի քանի օրինակ, երբ թվական-գոյական զույգը խոսքի ենթական չի: Սըրանց բայերը կարող են լինեն թե՛ եզակի, թե՛ հոգնակի:

3. (Ես/Մենք) Երկու տրակտոր ունեմ/ունենք: (Մենք) Տանը հինգ երեխա ենք: (Ես /Մենք) Տասներկու լոր խփեցի/խփեցինք: Աշոտը Սուրենին վեց մատիտ տվեց: Աշոտն ու ես Սուրենին վեց մատիտ տվեցինք: (Մենք) Տասնմեկ հոգով գնացի/գնացինք որսի: (Ես/Իրանք) Տաս հազարանոց բանակ հավաքեցի/հավաքեցին: Էտ դասարանը /դասարանները քսանհինգ հոգանոց դասարան էր/էին: (Ես/Մենք) Չորս տանձ կերա-կերանք: (Ինքը) արդեն էրկու հոգով ա (այսինքն, հղի է): (Դուք) Էրկու հոգով եք (դաս անում ևն): (Դու) Քիչ կով ունես: (Ինքը) Շատ կով ունի: Քսան կովից մնաց հինգը (կով): (Ես) Քեզնից մեծ եմ հինգ տարի (տարով): Սա պատահեց վերջին հինգ տարին/տարում ևն: Էտ խնձորները երկու-երկու տու, շարեմ էս դարակին:

Առաջին խմբի օրինակներում ընդգծած թվական-գոյական զույգը, տեղ-տեղ՝ մնացած որոշիչներն էլ հետը, ենթակա է (կամ «ենթակայի խումբն» է, կամ էլ՝ «բարդ, բաղադրյալ ենթական» է ևն, ինչպես կուզեք) այսինքն, լրացնում է խոսքի (նախադասության) բայի դեմքը: Այս բոլոր օրինակներում էլ բայը միայն ու միայն եզակի է:

Երկրորդ խմբի օրինակներում ընդգծած է միայն թվականը, ու նորից թվական-գոյական զույգը ենթակա է: Անորոշ կամ հարաբերական թվականները թավացրել ու իտալիկացրել եմ, որովհետև շատ մարդ կա, ով չգիտի, որ սրանք է´լ են թվական:

Այսինքն, հետևյալ բառերը. «շատ, շատ-շատ, (մի) քիչ, (մի) քանի, լիքը, հազարավոր, բազում, բազմաթիվ, այսքան, այդքան, այնքան, ինչքան, որքան, անվերջ, անհաշիվ, անսահման» ևն թվակա՛ն են:

Երրորդ խմբի խոսքերի բայերը կարող են լինեն թե՛ հոգնակի, թե՛ եզակի, որովհետև այս խոսքերի թվական-գոյական զույգերը ենթակա չեն, ու սրանց (հնարավոր է՝ սղված կամ ենթադրվող) բառ-ենթակաները թվով համաձայնում են իրենց բայերին:

Այսօրվա հայերեն լեզուն (այսինքն, կենդանի բարբառները ու ոչ թե գրական ոճերը) թվականի հետ գոյականը այնքան կտրուկ է եզակի թվով գործածում, որ գոյականի հոգնակիով գործածությունը երբեմն խիստ անսովոր է ու նույնիսկ ծիծաղելի:

Օրինակ, ծիծաղելի կամ անսովոր ու նույնիսկ անհնար են հետևյալ զույգերը. «էրկու քթեր, հինգ ձվեր, 50 կիլոգրամներ, 25 մետրեր, 12 րոպեներ» ևն:

Իրոք, խանութում ո՞վ կասի.

«Չորս ձմերուկներ կշռեք ու հինգ ձվեր տվեք; 50 կիլոգրամներ ավել են; 25 մետրեր երկար են, 12 րոպեներ ուշացանք, 5 միլիոններ փող ունեմ, քանվեց տարիներ մեծ եմ քեզնից, սենյակում մի քանի հոգիներ մարդիկ կան» ևն:

Անհնար է, որ հայը (իր որևէ կենդանի բարբառով) ասի.

Արամը երկու մեծ բաժակՆԵՐ ջուր խմեց: Վլադիվոստոկը Երևանից մոտ 10000 երկար ու ձիգ կիլոմետրԵՐ է հեռու: Գոհարը ժամադրությունից 23 չարաբաստիկ րոպեՆԵՐ ուշացավ:

(Այնուամենայնիվ, լեզուն «տրամաբանությամբ» գործածող ուսյալները, ու միմիայն ուսյալները, վերջերս հաճախ են ասում. «Երեք տարիներ անց, մի քանի հոգիներ, 5 միլիոններ» ևն, ինչը, ա´նկասկած, խորթ է հայերենին):

Վարվելով Լեզվի Գլխավոր Օրենքին համաձայն՝ այսինքն, դիտելով կենդանի լեզվի պրոցեսն ու բերված օրինակների պես բազում օրինակից եզրակացություններ անելով ու դրանք ընդհանրացնելով, ունենում ենք ևս երկու օրենք կամ կանոն, որոնք գործում են մեզնից անկախ, ռեֆլեքսով:

Այսինքն, ուզենք, թե չուզենք՝ այս օրենքները բարբառի պրոցեսը կրողի կենդանի խոսքում գործում են: Ահա սրանք:

ՕՐԵՆՔ 3. Այսօրվա հայերենի թվական-գոյական զույգի գոյականը միշտ ու պարտադիր եզակի է՝ անկախ այն հանգամանքից, թե զույգի արանքը ուրիշ որոշիչ կամ որոշիչների խումբ կա, թե՝ չէ:

ՕՐԵՆՔ 4. Եթե այսօրվա հայերեն խոսքի (նախադասության) թվական-գոյական զույգն այդ խոսքի բաղադրյալ բառ-ենթական է (այսինքն, նախադասության բայի դեմքի լրացումն է), բայը պարտադիր դրվում է եզակի թվով:

Իսկ եթե թվական-գոյական զույգը ենթակա չի (այսինքն, կամ բառ-ստորոգյալ է, կամ խնդիր է, կամ պարագա), բայի թիվը պարտադիր համաձայն է բառ-ենթակայի թվին:

Ուրեմն, հետևյալ ձևերը, որ չափազանց շատ են մեր գրական ոճերի մեջ, Ա՛ՆՊԱՅՄԱՆ ԵՆ ՍԽԱԼ ու ոչ միայն սխալ են, այլև ՀԱՅԵՐԵՆ ՉԵՆ (սխալ ձևերը հաստացրել ու բոլդ/ուղղաձիգ եմ դարձրել):

(Հայերեն էլ չեն, որովհետև հայերեն բարբառների պրոցեսները կրողների մեծագույն մասը սրանք չի գործածում: Էլի ասեմ, որ հայերենության ուրիշ ոչ մի չափանիշ չի եղել, չկա ու չի էլ լինի): Ահա այդ սխալ ձևերը.

1. Երկու տրակտորներ կորան: Հինգ հողափոր բանվորներ կան: Երկնքից երեք խընձորներ ընկան: Տասնհինգ հատ տնական թարմ ձվեր տուր/տվեք, մեկ էլ՝ վեցը մեծ ու լավ հասած ձմերուկներ կշռի/կշռեք: Որ վեց խողովակներն ավազանը լցնեն չորս ժամերում, երկու նույն տեսակ խողովակներն էլ կլցնեն տասներկու ժամերում: Զսպանակից կախած են երկու ոչ նյութական կետեր: A և B կետերի արանքում կան անսահման քանակով կետեր: Երեկ մեր տունը քսանհինգ ջահել ու սիրուն աղջիկներ էին եկել ևն: Այսօր հարյուր մարդիկ եկան, որ այս փոսը փորեն: Որ հազար հոգիներ էլ գան, բան չեն կարող անել:

2. Անտառում շատ արջեր կան: Վաղը շատ մարդիկ կգան: Սեղանի վրա բազում խնձորներ կան: Տանը քանի՞ հոգիներ կան: Քանի՞ մատիտներ մնացին: Մի քանի մատիտներ տուր-տվեք: Հազար ու մի գործեր ունեմ/ունենք: Քանի˜-քանի մարդիկ մեռա˜ն: Հազարներով (հազարավոր) մարդիկ կոտորվեցին: Այնքան լորեր խփեցի(նք), որ տեղ ու դադար չկար: Ինչքա˜ն գործեր կանեի(նք):

3. Երկու տրակտորներ ունեմ/ունենք: Տանը հինգ երեխաներ ենք: Տասներկու լորեր խփեցի/խփեցինք: Աշոտը Սուրենին վեց մատիտներ տվեց: Աշոտն ու ես Սուրենին վեց մատիտներ տվեցինք: Տասնմեկ հոգիներով գնացինք որսի: Այդ դասարանը/դասարանները քսանհինգ աշակերտներից կազմված դասարան/դասարաններ էր/ էին: Չորս տանձեր կերա/կերանք: (Դուք) Երեսուն աշակերտներով եք (դաս անում ևն): Քիչ կովեր ունես: Շատ կովեր ունի: Քսան կովերից մնաց հինգ կովեր: Քեզնից մեծ եմ հինգ տարիներ(ով): Սա պատահեց վերջին հինգ տարիներին ևն: Հազար ու մի գործեր ունեմ/ունենք:

Գրական ոճերի այս սխալ ձևերը, ինչպես ասել եմ, մեծ մասամբ ռուսաձև են, իսկ արևմտահայերենում, օրինակ, ֆրանսաձև:

Օրենք 5. Եթե հայերենի թվական-գոյական զույգը (սկսած 2-ից) բառ-ստորոգյալ է (այսինքն, ի վերջո, ածական է), ու անհնար է, որ ենթակա լինի, քանի որ բայիմաստի´ լրացում է, այդժամ, հայերենի ածականի այսօրվա գործածությանը լրիվ համաձայն, լրացնում է թե´ եզակի, թե´ հոգնակի բայ (որովհետև այս անգամ բայը թվով, ինչպես միշտ, պիտի համաձայնի ենթակային):

Օրինակներ, երբ «կարմիր» բառ-ստորոգյալը տեղակալված է «հինգ էրեխա» ձեվով եզակի հավաքական թվական-գոյական զույգով, բայց լրացնում է հոգնակի «ենք /եք/են» բայի գոյության իմաստին, դառնալով կեցության կամ վիճակի ընդհանրացրած բայ.

(Մենք) կարմիր ենք

(Մենք) տանը հինգ էրեխա ենք

(Դուք) կարմիր եք

(Դուք) տանը հինգ 5 էրեխա եք

(Իրանք) կարմիր են

(Իրանք) տանը հինգ 5 էրեխա են

(Մենք) հզոր ենք

(Մենք) յոթը դիվիզիա ենք

(Դուք) հզոր եք

(Դուք) յոթը դիվիզիա եք

(Իրանք) հզոր են

(Իրանք) յոթը դիվիզիա են

Բայց, եթե այսօրվա թվական-գոյական զույգը բառ-ենթակա չի, հնարավոր է նաև, որ սա լրացնի կա´մ մի ոչ «եմ»-ային, կա´մ մի «եմ»-ային թե´ եզակի, թե´ հոգնակի բայ, եթե այդ զույգը այս բայի անուղղակի խնդիրն է.

Գյուղից էկանք

Իրեք գյուղից էկանք

Ոտով էկանք

Իրեք հոգով էկանք (ու նույնիսկ)

Ոտով էկա

Մենակով էկա

Ուզածս տասնո´ց ա

Ուզածս տասը հոգանոց ա

Ուզածներս տասնո´ց ա

Ուզածներս տասը հատանոցն ա

Ուզածներս տասնո´ցներն են

Ուզածս տասը հատանոցներն են

Բերեմ երկու օրինակ էլ, երբ թվական-գոյականի խումբը ստորոգյալ է.

Տիրանոզավրն ու ալոզավրը երկու կատաղի գիշատիչ էին:

Կոկորդիլոսն ու շնաձուկը երկու կատաղի գիշատիչ են:

Դիտողություն: Կա մի բառ՝ «բոլոր» բառը, ինչը բարբառներում մեռել էր, ու ինչը մեր ուսյալները գրաբարից բերեցին ու ներմուծեցին մեր «աշխարհաբար» կոչվող գըրական նոր ոճերը: Այս բառը, անկասկած, դադարել է թվական լինելուց, ու հիմա նըշանակում է՝ «իրար հետ»:

Իրոք, կենդանի լեզուն ասում է՝ «էս սաղ խնձորը (կամ «խնձորները») կամ էս ամբողջ/ողջ խնձորը տուր իրան, սաղ ժողովուրդը, սաղ խալխը, հմեն իսանը» ևն: Բայց հիմա գրում են՝ «բոլոր խնձորները տուր իրեն, բոլոր մարդիկ» ևն:

Սրանցից կարևորը վերջինն է:

«Մարդ» բառի հիմնական իմաստը բարբառների մեծ մասի մեջ մեռել էր, սրա տեղը բռնել էր (օրինակ) «իսան»-ը, ու բարբառներում «մարդ»-ը նշանակում էր միայն մեկ հատ «արու ամուսին», իսկ սրա հոգնակին էլ «մարդեր» բառն էր, ինչը նշանակում էր «արու ամուսիններ»:

Երբ մեր գրական ոճերը սա նորից գործածեցին, այս բառի հնագույն հոգնակին՝ «մարդիկ»-ը, որ գրաբար լեզվում անկանոն հոգնակի էր, մեր նոր լեզվում, ըստ օրինի, պիտի լիներ՝ «մարդեր»:

Այնինչ, խոսողն այս իր համար տարաշխարհիկ «մարդիկ» ձևը թերևս եզակի էր ընկալում (մանավանդ սրա «մարդիկը» «ը» հոդով ձևը), որովհետև իր իմացած ու սովորական «խալխ»-ը, «ժողովուրդ»-ը ևն ձևով եզակի էին:

Երևի հենց սրա համար էլ առաջացավ «բոլոր մարդիկ» ձևը, «սաղ խալխը» զույգի անալոգիայով, մանավանդ որ «բոլոր»-ն էլ էր տարաշխարհիկ, ու «բոլոր»-ի այս «իրար հետ» իմաստը, լեզվական վարակի զորությամբ, տարածվեց նաև «բոլոր» բառի ու մնացած գոյականների զուգորդությունների վրա:

(Նշեմ, որ իմ այս դիտողությունը տեղառքի կանոնի բավական բարդ կիրառության արդյունքն է):

Հայերենի թվական-գոյական զույգի այս օրենքները ցույց են տալիս, որ, ինչպես վերն ասվեց, այսօրվա հայերենը մի օրենք էլ ունի.

ՕՐԵՆՔ 6. Այսօրվա հայի ուղեղի կեղևն այսօրվա հայերենի թվական-գոյական զույգը «համարում է» մի ձևով եզակի երրորդ դեմքին զուգորդվող հավաքական անուն, ուրեմն, պիտի պարտադիր եզակի բայի երրորդ դեմքը լրացնի:

Այսինքն.

Դրույթ 2. Այսօրվա հայերենն իր թվական-գոյական զույգը գործածում է ճիշտ հենց «ժողովուրդ, նախիր, հոտ, երամ, վտառ, պարս, խումբ» բառերի պես, որ իմաստով հոգնակի են, բայց ձևով՝ միշտ ու անպայման են եզակի (առանց որևէ «բակառության»):

Այս վեցրորդ օրենքով պարզվում է, թե ինչո՛ւ է 3-րդ օրենքը գործում:

Դրույթ 3. Իրոք, քանի որ հայերենի թվական-գոյական զույգը ձևով եզակի է ու միշտ 3-րդ դեմքի անունն է ու, բացի սրանք, կազմված է կցորդային զուգորդությամբ, ուրեմն, բնական է, որ այս զույգը ընկալվի որպես մի եզակի բառ (ինչը միայն իմաստով է հոգնակի): Ուրեմն, երբ սա խոսքի ենթակա է, պիտի միայն ու միայն եզակի բայ պահանջի:

Օրինակ, հայն ասում է. «Նախիրն էկավ», չնայած ասում է նաև. «Կովերն էկան»: Այս նույն հարացույցով էլ հայն ասում է. «Հազար կով էկավ», սրա «հազար կով» զույգը գործածելով «նախիր» հավաքականի պես:

Դիտողություն. Հայն իր խոսքի մեջ թվական-գոյական զույգը 1-ին կամ 2-րդ դեմքով ու հոգնակի իմաստով ՀԱՄԱՐՅԱ չի գործածում:

Այնուամենայնիվ, թեև չափազանց հազվադեպ, կլսես, որ հայն ասի.

(Մենք) չորս հոգիս էլ չգիտեինք: (Դուք) վեց հոգիդ էլ անվախ եք:

Այս օրինակների «չորս հոգիս էլ» ու «վեց հոգիդ էլ» թվական-գոյական հոդավոր զույգերը «Մենք» ու «Դուք» սղված ենթակաների (Աբեղյանի ասած) բացահայտիչներն են ու գուցե հենց սրա համար է, որ ձևով եզակի լինելու «իրավունքն ունեն» (այսինքն, չենք ասում՝ «չորս հոգիներս):

13.24 Հորինովի քերականությունը գիտություն չի

Թերևս զարմանալի թվա, որ այսօրվա հայերենի պրոցեսի թվական-գոյականի այս օրենքները այսքան ժամանակ «վրիպել են» մեր նույնիսկ բացառիկ հմուտ լեզվաբանների (օրինակ, Աբեղյանի ու Աճառյանի) աչքերից, ու սրանց հայտնագործության բախտն ինձ է վիճակվել:

(Երբ ես սրանցից միայն առաջին օրենքն ասացի հանգուցյալ Գևորգ Բեգլարի Ջահուկյանին – այդ օրերին միայն այս մեկն էի նկատել – ինքը, առանց խորամուխ լինելու ասածիս, ասեց, թե այդ օրենքն ինքը գիտի, հետո տեղից վեր կացավ, մոտեցավ իր կաբինետի գրապահարանին, մի գիրք հանեց՝ իր ու Ֆրիկ Խլղաթյանի հեղինակությամբ, բացեց ու կարդաց, թե «հայերենի թվական-գոյական զույգի գոյականը գերազանցապես եզակիով է դրվում»:

Բայց այս «գերազանցապես»-ը նշանակում է, որ այս զույգի գոյականը մեկ-մեկ էլ կարող է հոգնակիով դրվի: Այս վերջին թեզի բացատրությունն էլ կար, թվական-գոյական զույգի գոյականը իբր հոգնակիով է դրվում, եթե թվականի ու գոյականի արանքը որոշիչ կամ որոշիչների խումբ կա:

Թվական-գոյական զույգի ու ԲԱՅԻ համաձայնության մասին հանգուցյալը ոչինչ չէր գրել, ու այս համաձայնության տարօրինակությունն այն օրերին (1990-ին) իմ մտքով է´լ չէր անցնում: Ես այդ օրերին ընդամենը պնդում էի, որ թվական-գոյական զույգի գոյականի եզակիության օրենքը կատեգորիկ է, այսինքն, գործում է առանց որևէ «գերազանցապես»-ի):

Աճառյանի մոնումենտալ աշխատության նույնիսկ վերնագի´րն է հակասում թվական-գոյականի վերի օրենքներին. «Լիակատար քերականություն հայոց լեզվի, համեմատությամբ 562 լեզուների», փոխանակ՝ «562 լեզվի»:

Նույնն էլ Աբեղյանի մի կարևորագույն գործի վերնագիրը. «Մի քանի քերականական խնդիրների մասին», փոխանակ՝ «խնդրի մասին»:

Այս ցավալի «վրիպակների» առաջին պատճառը ա՛յն հանգամանքն է, որ թե՛ Աճառյանը, թե՛ Աբեղյանը համոզված էին, որ մեր գրական ոճերն է՛լ են լեզու (կամ բարբառ):

Ավելին, ինչպես արդեն ասվել է, Աճառյանն ու Աբեղյանը համոզված էին, թե ո՛ւր որ է, մեր գրական ոճերը կդառնան հայերենի մի ընդհանուր բարբառ (ինչը երկուսն էլ բազմիցս են հայտարարել):

Թե´ այս երկու վաստակաշատ լեզվաբանը, թե´ մեր մնացած լեզվաբանները, թերևս վստահ էին ու են, որ մեր հայ գրողների գրական ոճերն ա´նպայման են հայերենի ճշմարիտ տարբերակները: Բայց սա, համարյա միշտ, սխալ է, որովհետև, թե´ օտար լեզուների, թե´ մեր լեզվի հին վիճակների ազդեցությամբ, մեր գրողների ոճերի մի մասի քերականությունն ուղղակի աղավաղ է ու հակադիր ԼԳՕ-ին:

Մյուս կողմից.

Դրույթ 1. Մեր գրականության ընթացքն ու կյանքը ցույց տվեցին, որ միանգամայն անհնար է, որ մեր գրական ոճերը դառնան բարբառ ու համարվեն լեզու ու դառնան լեզվական բանավոր սպոնտան պրոցես, որովհետև նախ սրանցով գոնե մի փոքրիկ գյուղ չխոսեց այս աշխարհում, ու երկրորդ՝ գրական ոճերը երբեք էլ բանավոր չփոխանցվեցին ու բանավոր չեն էլ փոխանցվում սերունդներին:

Բայց, ամենակարևորը, մեր բոլոր լեզվաբանները, ըստ էության, բոլորովին չէին գիտակցում Լեզվի Գլխավոր Օրենքը (ԼԳՕ-ն), ինչը պնդում է, որ.

Դրույթ 2. Հանրության բանավոր ու արդեն կայունացած կամ «միջին» դարձած բառ ու խոսքը պարտադի´ր է ճիշտ հենց միայն իր գոյության պատճառով ու ինչը նաև միակ ընդունելին է:

Ահա թե հենց Աբեղյա´նը այսօրվա հայերեն Լեզվի Գլխավոր Օրենքին հակասող ինչ սխալ բան է ասում իր ՀԼՏ-ի, [3]-ի, 498-499-րդ էջերում (մեծատառը, տողատմունքն ու շեղատառն ի´մն են: Աճառյանի ու Աբեղյանի մի քանի այսօրինակ սխալը քննարկել եմ 15-16-րդ գլուխներում ու այս շարադրանքի տարբեր մասերում).

«168. {բառ-}Ենթական և բայը թվով ու դեմքով կանոնավորապես համաձայն են դրվում…Այս կանոնը սակայն ունի մի քանի բացառություններ {sic! փխնկ՝ մի քանի բացառություն}:

«169. Եզակի ենթակայի հետ կանոնավորապես եզակի բայ է դրվում … Բացառություն են կազմում հետևյալ դեպքերը, որոնց մեջ համաձայնությունը կարող է և բակառությամբ լինել:

{Այսինքն, Աբեղյանը պնդում է, թե հնարավոր է, որ երբեմն բայի ու ենթակայի թվի համաձայնությունը լինի ըստ իմաստի ու ոչ թե ըստ ԼԳՕ-ի: Հերիք չի, որ եզրակացությունը հակասում է հայերենի իրողությանը, այս սխալն անցկացնելու համար նույնիսկ մի հատուկ տերմին է հորինվել, «բակառություն» sic! Բայց շարունակենք Աբեղյանի խոսքերը}.

«1. Երբ ենթական հավաքական բառ է և եզակի է, ինչպես՝ բազմություն, խումբ, ժողովուրդ, զորք, ժամավոր, ուխտավոր, տասնյակ, շատը, քիչը, քանիսը և այլն.

«Բայը ա) կանոնավորապես եզակի է դրվում {ինչը ճիշտ է, ըստ ԼԳՕ-ի}, բայց կարող է նաև.

«բ) հոգնակի դրվել գլխավորապես այն ժամանակ, երբ հավաքական անունն ունի հոգնակի սեռական կամ բացառական խնդիր, կամ երբ անվան ցույց տված բազմությունը մտածվում է ոչ թե միասնական նշանակությամբ իբրև մի միություն, այլ անջատական նշանակությամբ առանձին առանձին:

«Այս դեպքում հավաքական անվան տեղ դրվող դերանուններն ևս, ինչպես և ստացական հոդերը հոգնակի են դրվում {ինչը սխալ է, որովհետև հակադիր է ԼԳՕ-ին: Այս սխալն անում են նաև անգլիալեզու մտավորականները}:

«բ) Այս խնդիրների մի մասը չլուծված մնացԻՆ: Մեր կյանքի խնդիրներից շատը քնընված չԵՆ, շատն Է թեպետ քննվել, բայց տակավին անլուծելի ԵՆ մնացել {sic! ճիշտն ու սխալն իրար հետ}: Իմ օրովս վանքի բոլոր{ամբողջ} միաբանությունը լիության մեջ ԷԻՆ:– Տղաներից մի քանիսն ընկաՆ ետևներիցը: Ժամավորը դուրս եկաՆ ու ցրվեցԻՆ իրԵՆՑ տնԵՐԸ {փխնկ՝ Ժամավորը/Ժողովուրդը դուս էկավ ու գնաց տուն, ինչը սովորական է}: Բազմությունը ձյունի նման իրար վրա թափվելով ժամ ԵՆ գալիս:

{Ու Աբեղյանը հավանում է Պռոշյանի այս գեշ ոճն ու նույնիսկ սրանից քերականություն է հորինում. ու սա անում է ա´յն լեզվաբանը, ով հետագայում հայտարարում է, որ քերականություն հորինելն անթույլատրելի է:

{Իսկ ի՞նչ պիտի անի 5-6 տարեկան մանուկը կամ թերուս գյուղացին, որ ոչ միայն չգիտեն քերականական այս «խորամիտ» նրբությունները, ներառյալ նաև այս «բակառություն չքնաղ» բառը, այլև նույնիսկ չեն էլ կասկածում, որ այսպիսի նրբություններ կան, ու որ իրենք իրենց այս քերականական «տգիտության» պատճառով խոսում են ճիշտ հայերենով, այսինքն խոսում են առանց բակառությունները հաշվի առնելու}:

Ուխտավորը արտասուքն աչքներին վանքի չորս կողմը պտույտ ԵՆ գալիս.– Թամաշավորը վերև-ներքևիցն ձայն տվԻՆ.– Օրհնյալ լինի ձեր ժողովուրդը.– Աստված իրԵՆՑ հավատն օրհնի.– Ջերմեռանդ ժողովուրդը, որ այստեղ սպասում էր (sic!), գառան նման բայ ու բո˜յ գցած՝ գլխՆԵՐԸ բաց, արտասուքն աչքԵՐԻՆ, թափվԵՑԻՆ մասունքի առաջը. Ժողովուրդը սաղ Ջուր կտրեցԻՆ, աչքներից մինը մի պարկ դարձավ լալուց (Պռ.):

Կպատմեր… թե որքա˜ն ժողովուրդ, թշնամու երեսից հալածական, Սյունյաց ամրություններին ապավինելու համար՝ իրար թևակոխելով {sic! փխնկ՝ ոտնակոխելով} անցել ԵՆ յուր մոտից (Մուր.):

Ու Աբեղյանն այսպես շարունակում է բավական երկար, համարյա մոտ 10 էջ, իր այս «բակառությունների» հորինովի քերականություններով արդարացնելով ու նաև սրբագործելով մեր գրողների մոգոնած լեզվական բազում հրեշի գոյությունը:

Ես դրանք լրիվ չեմ բերում, որովհետև դրանց ամբողջական վերլուծությունը կկազմեր մի փոքրիկ գրքույկ, բայց մեկ-երկուսից մի քանի բան պիտի ասեմ:

Հակառակ Աբեղյանի պնդածներին.

Դրույթ 3. 500-րդ էջի «ամեն, ամեն մի, յուրաքանչյուր» բառերը զուգորդվում են միմիայն եզակի բայերի. օր. «Ամեն (յուրաքանչյուր) մարդ ցրվեց {գնաց} իր տունը»:

Դրույթ 4. 500-րդ էջի «ամենքը» ու «բոլոր» բառերն այսօր զուրկ են թվականության իմաստից (տես 13.20-ի դիտողությունը) ու նշանակում են «իրար հետ», սրա համար էլ զուգորդվում են միայն հոգնակի բայերին, եթե չեն գործածվում «ողջ» կամ «ամբողջ» թվական իմաստով, որոնք զուգորդվում են եզակի բայի, համաձայն թվական-գոյականների արդեն ասված օրենքների:

Դրույթ 5. 500-րդ էջի «ով» դերանունը զուգորդվում է միմիայն եզակի բայի, իսկ «ովքեր»-ը՝ միմիայն հոգնակի բայի: Պռոշյանի «Ով որ այնտեղ կային»-ը սխալ է:

Դրույթ 6. Սխալ է 502-րդ էջի Րաֆֆու «Տանուտերն իր որդիների հետ բոլորել էին ընթրիքի սեղանի շուրջը», պիտի լինի՝ «բոլորել էր» {Ճիշտ, ինչպես կասեին. «Սպարապետն իր զորքով շրջապատել էր թշնամուն»}: Սխալ է նույն այդ գրողի նույն էջի «Այրարատում բնակվում էր թագավորը և թագաժառանգը միայն», պիտի լինի «բնակվում էին»:

Դրույթ 7. Սխալ է 502-րդ էջի Պռոշյանի «Ո՞ւր է իմ առաջվան լիքը երեսը, իմ հաստ կռները», պիտի լինի «Ո՞ւր են…»: Տարօրինակ է, որ 503-րդ էջին Աբեղյանն է´լ է սա «խորթ» (բայց ոչ սխալ) համարում, բայց այն պայմանով, եթե ենթական «մոտիկ է բային», օր. «Ո՞ւր է մեր մանգաղները, խարտը, խոտհնձի շալվարը», փխնկ՝ «Ո՞ւր են …» (Պռոշյան):

Դրույթ 8. Այս շարադրանքի 12.1-12.5 պարագրաֆներում ցույց է տրվել, որ այսօրվա հայերեններում «այս, այդ, այն» գրաբարյան ցուցականները մեռած են ու սրա համար էլ սրանց հոգնակի իմաստով գործածությունը սխալ է: Այսօրվա հայերենների ցուցական դերանունների ուղղական հոլովաձևերը կա´մ «սա, դա, ինքը» եզակի ձեվերն են, կա´մ «սրանք, դրանք, իրանք» հոգնակի ձևերն են: Իսկ այսօրվա ցուցական «էս; էտ; էն» ածականներն արդեն լրի´վ են մասնիկ ու սրանց դրվում են թե´ եզակի, թե´ հոգնակի անունների բոլո´ր հոլովաձևերի վրա:

Ուրեմն, սխալ է Աբեղյանը, երբ ասում է (507 էջին), թե.

Դրույթ 9. {այս, այդ, այն} եզակի ձևերը նաև հոգնական նշանակություն ունեն (տես [3], § 172.1 {ինչի պնդումն է´լ է սխալ այս նույն պատճառով}): Օրինակ՝ «այս {փխնկ՝ սրանք} իմ գրքերն են.– Այս {փխնկ՝ սրանք} են նրա {փխնկ՝ իրա} ասած խոսքերը» ևն:

Կասկած չունեմ, որ Աբեղյանը լրիվ ճիշտ է (առանց իրեն ապահովագրող «սովորաբար» բառի), երբ ասում է (505 էջին).

Դրույթ 10. Հայերենում ստորոգյալն ու ստորոգելիական վերադիրը միշտ ու անփոփոխ եզակի ուղղական են դրվում և թվով չեն համաձայնում հոգնակի ու բազմակի ենթականերին: Օրինակ, «առյուծն ու վագրը գազան են» ու ոչ թե «գազաններ են» հոգնակիով (ինչպես որ հոգնակի են, օրինակ, ռուսերենում կամ անգլերենում):

Սրա համար էլ երբ թվական-գոյական զույգը դառնում է ստորոգյալ (Մենք տանը հինգը էրեխա ենք), այս «հինգը էրեխա» զույգն իր եզակի թվով չի համաձայնում հոգնակի «ենք» բային կամ «Մենք» հոգնակի ենթակային, որովհետև նախ հայերենի թվական-գոյական զույգը միշտ է ձևով եզակի, երկրորդը, այստեղ թվական-գոյական զույգը ստորոգյալ է, իսկ ստորոգյալը պիտի պարտադիր եզակի լինի:

Այնուամենայնիվ, ԼԳՕ-ից հետևում է, որ հետևյալ ձևերը սխալ են.

Դրույթ 11. «Այդ ծառերը մի մի բուրգեր էին», փխնկ՝ «բուրգ էին»; «Դրանք հայ ուսանողներ էին (Մուրացան)», փխնկ «ուսանող էին»; «դպրոցի սաները պետք է մի մի ջահեր դառնային (Պռոշյան)», փխնկ՝ «ջահ դառնային» ևն: Այս օրինակները հաստատում են 10-րդ դրույթը:

Այսքանով վերջացնում եմ թվի համաձայնության իմ ասած մի քանի օրինակի քննությունը, այն պատճառով, որ կարդացողն ինքն էլ կարող է սա անի, եթե վըստահի ԼԳՕ-ին ու իր մայրենի բարբառին:

Բայց մի դիտողություն պիտի անեմ:

Մենք մտածում ենք ուղեղի կեղևի ատոմամոլեկուլային դասավորությունների փոխազդեցություններով, ու ես չեմ հավատում, որ այս ատոմամոլեկուլային դասավորությունների փոխազդեցությունները միմիայն տրամաբանությամբ հիմնավորվող այսքան շատ բացառություն ունենան:

Գլխավոր մոլորությունն այն է, որ.

Դրույթ 12. Մեր լեզվաբանները չեն գիտակցում, որ ռեֆլեքսով խոսելը տրամաբանական վերլուծությունից թե´ տարբեր է, թե´ առաջնային է ու նաև միանգամայն բնական, ուրեմն, ա´նպայման է ճիշտ:

13.25 Օտար լեզուների ազդեցությունը

Ռուսերենի (նաև, օրինակ, անգլերենի) գոյականը թվով մի´շտ է համաձայն (նույնիսկ երկակի թվի համար) թե´ իրեն լրացնող եզակի ուղղական թվականին, թե´ ա´յն բային, ինչին որ ի´նքն է լրացնում: Օրինակ.

К нам вчера пришли двадцать пять молодые и красивые девушки. Я убил много медведей. Мы убили много медведей.

Twenty-five young and beautiful girls came to our place yesterday. I shot many bears. We shot many bears. There are many bears.

«Ուսյալ» հայը, եթե իր ելակետը Արարատյան բարբառի քերականությունը չի, հետևելով գրական ոճերին ու կույր-կույր պատճենելով օտար լեզուների «լեզվամտածողությունը», իր մտքում պատճենն սկսում է հոգնակի բայից ու հոգնակի գոյականից (ռուսերենից թարգմանելիս. Աբեղյանը կասեր. «Այս թարգմանությունների ժամանակ, թարգմանի մտքի հոգեբանական ենթական ռուսերենի բայն է»):

Իսկ անգլերենից թարգմանելիս, մեծ մասամբ, այս հայը հոգնակի գոյականից կամ հոգնակի ենթակայից է սկսում (այսինքն, «пришли-եկան, убил-խփեցի, убили-խփեցինք, bears-արջեր» կամ There are-«կան» բառերի պես բառերից) ու, ստիպված, թվական-գոյական զույգի գոյականը հայերենով է´լ է դնում հոգնակիով, ու հորինում է հետևյալ սխալ ու անընդունելի (ոչ հայերեն ձևերը).

«Երեկ մեր տունը քսանհինգ ջահել ու սիրուն աղջիկներ էին եկել: Շատ արջեր խփեցի: Շատ արջեր խփեցինք: Շատ արջեր կան», փոխանակ հայավարի գրի. «Երեկ մեր տունը քսանհինգ ջահել ու սիրուն աղջիկ էր եկել: Շատ արջ խփեցի: Շատ արջ խփինք, ո´րը պատահեց՝ խփինք: Շատ արջ կա»:

Սրանից է, որ.

Դրույթ 1. Մեր գրական ոճերի անհարկի հոգնակիների քանակն ուղղակի վիթխարի է, այնինչ, «չուսյալ» բարբառախոսը ոչ գրական, այսինքն, անբռնազբոս իրավիճակում երբեք անհարկի հոգնակի չի գործածում:

Այստեղ, ինչպես արդեն ասվել է, մի ուրիշ հարց էլ կա: ասվեց, որ մեր քերականներից ոմանք պնդում են, թե իբր.

«Հայերենի թվական-գոյական զույգի գոյականը գերազանցապես դրվում է եզակիով, բայց կարող է և հոգնակի լինել, եթե թվական-գոյական զույգի միջև որոշիչներ կան»:

Այս սխալ եզրակացության ու թվական-գոյական զույգի սխալ գործածության պատճառը, բացի հենց նոր ասվածը, ոչ միայն Լեզվի Գլխավոր Օրենքի չիմացությունն է, այլև ա´յն հանգամանքը, որ երբ թվական-գոյական զույգի արանքը որոշիչներ կան, «քերականը», թարգմանելիս, մինչև իր մտքում թվականից հասնում է գոյականին, թվականի մասին արդեն «մոռացած է լինում»:

Իսկ եթե հիշենք, որ այս զույգը գործածողը, ռուսերենի ու գրական սխալ ոճերի ազդեցությամբ, բայը հայերենով արդեն հոգնակիով է դրած լինում կամ հոգնակիով է դնում հենց ա´յդ ազդեցության սովորությամբ, սխալի պատճառը պարզ կլինի: Սովորության ուժը շա˜տ զորավոր բան է:

(Իհարկե, միշտ չի, որ մեր ուսյալները թվական-գոյական զույգի գոյականը հոգնակիով են դնում: Երբեմն այս սխալ հոգնակին շատ քիչ են գործածում: Օրինակ, քիչ են ասում՝ «մի քանի հոգիներ, երկու քթեր» ևն):

Իսկական մայրենի լեզվի, այսինքն, բարբառի ազդեցությամբ գրական ոճերի մեջ եզակիով գործածությո´ւն էլ է հանդիպում, ու շատ-շատ անգամ այս երկու ճիշտ ու սխալ գործածությունն իրար հետ է լինում, նույնիսկ հենց մի խոսքի (նախադասության մեջ): Օրինակ. «Գրավեցին երեք գյուղ և գերի վերցրին տասներկու զինյալներ» ևն: Բարբառախոսներն ու գրականին քիչ շփվողները, մանավանդ փոքր երեխաները, նման սխալ չեն անում:

Այնինչ, գրական ոճերի կողմնակիցները, (չհավատալով Լեզվի Գլխավոր Օրենքին կամ սա չիմանալով ու արհամարհելով բարբառներն ու մանավանդ Երևանի բարբառը, ինչը չափազանց հաճախ անվանում են «փողոցային, ժարգոն, զզվելի, գռեհիկ» ևն), «մոռանում են», որ պայմանավորվել են, թե.

Դրույթ 2. Գրական ոճերի հիմքը պիտի անպայման լինի Արարատյան կոչված բարբառը, այսինքն, հենց Երևանի բարբառը:

Ու սա այսպես «մոռանալով», հազար միլիարդ անգամ են թվական-գոյական զույգը սխալ գործածում ու երբեք չեն նկատում իրենց սխալը:

Հենց սրանք են այն գլխավոր պատճառները, որ մեր լեզվի «անաղարտության» համար պայքարողները (օրինակ, Լեզվի տեսչություն կամ Լեզվի պետական կոմիտե կոչվածի աշխատակիցները), ովքեր իբր օտարաբանությունների դեմ են պայքարում (բայց միայն ու միայն «օտար» բառերի մակարդակով), մինչև այսօր չեն նկատել թվական-գոյականի գործածության վերի օրենքները:

Մեր դասագրքերն ու մեր ողջ գրականությունն այսօր ուղղակի հեղեղված են՝ երկու գըրքերով, երկու բանվորներով, երկու դասարաններով, երկու տրակտորներով, երկու խողովակներով, երկու խողովակներով ևն: Այսինքն, այս կարգի քերականական սխալների թիվը միլիարդների է հասնում:

Միայն իսկական հայերենները, այսինքն, միայն հայերենի կենդանի բարբառները (օրինակ, զզվելի ժարգոն համարվող Երևանի բարբառը ու ոչ թե գրական լեզու կոչված գրական խրթին ու տգեղ ոճերը), քերականական սխալ երբեք չեն անում, որովհետև անալոգիայի մեխանիզմը միշտ ուղղում է «միջինից» տարբեր ձևերը (տես նաև ՀԼՏ-ն, [3], էջ 343:

Մեր Լեզվի տեսչություն կամ Լեզվի պետական կոմիտե կոչվածների աշխատակիցները այս կարգի քերականական սխալները երբեք չեն նկատում, ու երբ իրենց սրա համար նախատում են, արդարանում են, թե իրենք քերական չեն, ու ասում են, որ իրենք միայն «լեզվաքաղաքականություն են վարում»:

Ի՞նչ կասեինք այն մարդուն, ով առանց բժշկություն իմանալու՝ հայտարարում է, թե պիտի «բժշկաքաղաքականություն վարի», այսինքն, պիտի հիվանդին վիրահատողներին ուղղորդի ու խրատի:

13.26 Թարգմանական օտարիզմները հնուց են

Հայերի լեզվական այս անգիտակից «օտարապաշտությունը» մեր գրական ոճերի հենց ծնունդից է սկսվել:

Դրույթ 1. Մեսրոպ Մաշտոցի թարգմանած հենց առաջին խոսքը (նախադասությունը) թարգմանական կալկա´ է, կլիշե´ է, օտա´ր է, հունական բնագրի կույր ընդօրինակությո´ւնն է, հայաձև չի´:

Մաշտոցը գրում է.

«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Սա «Առակաց գրքի» (որ վերագրում են Ժողովողին) հենց առաջին խոսքն է, ավելի ճիշտ, վերնագրի մի մասն է: Լրիվ վերնագիրը հետևյալն է.

«Առակք Սողոմոնի, որդւոյ Դաւթի թագաւորի Իսրայէլի ճանաչել զիմաստութիւն և զխրատ իմանալ զբանս հանճարոյ»:

Ակնհայտ է, որ Մաշտոցը, առանց խորանալու, պատճենել է հունարեն բնագրի ինֆինիտիվը՝ անորոշ դերբայը, որովհետև իմաստից (ու այլ լեզուներով արած թարգմանությունների հետ համեմատելուց) պարզվում է, որ սրա հայերենը պիտի լիներ.

«Առակք Սողոմոնի, որդւոյ Դաւթի, ճանաչելոյ զիմաստութիւն և զխրատ, իմանալոյ զբանս հանճարոյ»,

այսինքն,

«Դավթի որդի Սողոմոնի առակները՝ ճանաչելու {ծանոթանալու համար} իմաստնությունն ու խրատը, իմանալու {համար} վարպետի խոսքերը»,

այսինքն, այս «ճանաչել» ու «իմանալ» ինֆինիտիվ գոյականները պիտի լինեին սեռական հոլովաձևով («հանճար» բառի այն օրերի իմաստն էլ «վարպետ»-ը, ավելի ճիշտ, «վարդապետ»-ն էր):

Իսկ եթե սա հրաման, հորդոր, պատվեր կամ խրատ լիներ, ոնց որ մերոնք են այսօր կարծում, այդ ժամանակ էլ այս անորոշ դերբայների տեղը պիտի դրվեին սրանց համապատասխան բայերի հրամայականները, այսինքն, սա պիտի լիներ.

«Ծանի´ր զիմաստութիւն և զխրատ, իմա´ զբանս հանճարոյ»:

Կամ.

«Ծանիջի´ր զիմաստութիւն և զխրատ, գիտեա´/գիտա´/գիտասջի´ր զբանս հանճարոյ»:

Կամ հոգնակիով.

«Ծաներո´ւք զիմաստութիւն և զխրատ, իմացարո´ւք/գիտացե´ք/գիտասջի´ք զբանս հանճարոյ»:

(Տես Աճառյան, ԼՔՀԼ, հատ. IV Ա, էջ 313, 319, 328):

Աճառյանն ասում է նաև.

«12. Հրամայականի բուն ձևը երեք տեսակ կազմություն ունի. կամ բայարմատն է (հա´տ, թո´ղ), կամ ստանում է ա´, եա´, եա´ց վերջավորությունները (աղա´, սիրեա´, խաւսեա´ց), և կամ իր, ցիր վերջավորությունները (ուսի´ր, գողացի´ր, զգեցի´ր):

«Բայց հրամայականը ունի նաև մի երկրորդ ձև, որ կարելի է կոչել հորդորական: Այս ձևը կազմվում է ջի´ր մասնիկով (սիրեսջիր, հատջիր ևն), որ ապառնի հոգնակի երկրորդ դեմքի (սիրեսջիք, հատջիք ևն) համապատասխան եզակին է: Սրանից հետևում է, որ եզակի -ջիր ձևն էլ նախապես ապառնի եզակի երրորդ դեմքն էր, և հետո գործածվեց միայն իբր հրամայական ([7], IV Ա, 310) {նաև -երուք; -արուք; մասնիկներով. ծաներո´ւք, էջ 328; իմացարո´ւք, էջ 319}: «գիտասջի´ր/(ք)-ը տես 313 էջին:

Ասվածը հաստատվում է, օրինակ, անգլերեն «Աստվածաշնչի» նույն տողերով ([The Holy Bible, Authorized King James Version, Proverbs, 1, 1-2]).

«The proverbs of Solomon the son of David, king of Israel; To know wisdom and instruction; to perseive the words of understanding...the words of the wise...»

Ահա սրա ռուսերենը [Ветхый Завет, Книга Притчи Соломона, 1-2].

«Эти слова-мудрое поучение Соломона, сына Давида, царя Израиля. Они написаны для того, чтобы люди обрели мудрость, научились принимать наставления и понимать мудрые изречения».

Բացի այս փաստարկները, ահա այն օրերի հայերեն հորդորի կամ հրամանի մի օրինակ Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ից, Գ գիրք,., 55 գլ. (վերցրել եմ Մ. Աբեղյանի Երկերի Ը հատորից, էջ 38, թավատառն ու շեղատառն իմն է).

«Եւ նորա ածեալ նմա մականակաւն՝ ասե. Ծանի´ր զքեզ»:

Կենդանի բարբառը ձևաբանական կամ շարահյուսական համարյա ոչ մի իրեն խորթ բան չի վերցնում օտար լեզուներից: Բառ վերցնում է, ինչքան ասես, քերականություն՝ չէ:

Այնինչ, մեր հին գրականության մեջ քերականական օտարիզմ շատ կա:

Առհասարակ, գրական նոր ոճերի մեջ թարգմանություններով վիթխարի քանակով փոխառություն է մտել ու մտնում, թե´ բառային փոխառություն, թե´ դարձվածքային, թե´ քերականական:

Այս փոխառությունները շատ շուտ գրական ոճերն ահավոր հեռացնում են իրենց մայր բարբառից, ու ժողովուրդը մտածում է, թե իր մայրենի բարբառից արդեն խիստ տարբեր գրական ոճերն են հենց իր մայրենի «անաղարտ լեզուն», իսկ իր մայրենի բարբառն այս գրական ոճերի «անշնորհք» աղավաղմունքն է:

Ասվել է, որ Աճառյանն էլ է ասում, որ գրական ոճերն են բարբառի աղավաղմունքը, ոչ թե հակառակաը:

Բայց այս հակառակի կողմն էին մեր հունաբան հեղինակները, Մաշտոցից ընդամենը մի 20-30 տարի հետո (հետագայում նաև մեր լատինաբան հեղինակները), որովհետև Ս. Գրքի թարգմանական լեզուն զգալի տարբեր էր այն օրերի Արարատյան բարբառից: Առհասարակ.

Դրույթ 2. Թարգմանական աղճատմունքների ազդեցությունը մեր մանավանդ հին ու նոր գրականության վրա երբեք էլ լուրջ ու գիտական մեթոդով չի հետազոտվել, չնայած սրանք գուցե չափազանց շատ են:

Այս աղճատմունքները չափազանց շատ են մանավանդ Աբովյանից հետո «աշխարհաբարով» գրող մեր նորագույն հեղինակների՝ Նազարյանցի, Նալբանդյանցի, Պատկանյանցի ու ուրիշների գրվածքներում:

Ա´յ, հենց այս տեսակ բաներն են, որ չեն թողում, որ գրական ոճերը մոտենան կենդանի բարբառին: Գրական ոճերը ենթարկվում են գրողների´ կամքին կամ ծրագրերին ու սրանց «տրամաբանությանը», այնինչ, բարբառը՝ երբե´ք, ու սա Աճառյանն էլ է ասում իր հենց ասված հատորի մեջ:

Թող ընթերցողն ի´նքը մտածի, թե ի՞նչ պատասխան ունի հետևյալ երկու հարցը:

ԱՌԱՋԻՆ ՀԱՐՑԸ. Թե որ Մաշտոցի թարգմանած հենց առաջին խոսքը օտար քերականության կալկա է, այսինքն, խորթ է այն օրերի հայերենի պրոցեսի ցրիվ կարգին (որովհետև այն օրերի հայերն ուղղակի այդպես չէին խոսում), հայերենին օտար ինչքա՞ն ուրիշ քերականական երևույթ կա մեր հին գրականության մեջ:

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՑԸ. Մեր մտավորականներն այս ինչքա՞ն շատ ու ինչո՞ւ են հավատացել ու հավատում մեր այս գրական օտարաբան ու հայերենին խորթ ոճերին, որ սկսած մեր հունաբան հեղինակներից մինչև հիմա էլ մեր հարազատ ու բնիկ Երեվանի բարբառը համարում են «ժարգոն, գռեհիկ, ռամիկ, զզվելի, փողոցային» ու անթույլատրելի, ու պահանջում են, որ բոլոր երևանցիները հրաժարվեն իրենց մայրենի լեզվից ու խոսեն այսօրվա այս հայերենին խորթ, այս օտար ոճերով:

Մաշտոցի սխալվելը լրիվ է ներելի ու հասկանալի, որովհետև Մեսրոպ Մաշտոցն ուղղակի առաջին թարգմանն էր: Բայց արդյո՞ք ներելի են այն անթիվ ու անհամար ոչ հայաձև կալկաները, որ այսօր ուղղակի հեղեղել են մեր ողջ գրականությունը:

Դրույթ 3. Հենց ժողովրդի լեզուն արհամարհելն է ա´յն (իմ կարծիքով՝ միակ) պատճառը, որ այսքան ժամանակ, այսինքն, մոտ 16 դար, մինչև իմ ասելը, ոչ մեկը չէր նկատել, որ Մաշտոցի հենց առաջին խոսքը հայատիպ չի, օտարիզմ է, կամ որ այսօրվա հայերենի թվական-գոյական զույգը երրորդ դեմքի ձևով եզակի հավաքական անուն է, ուրեմն պիտի պարտադիր եզակի բայի դեմքը լրացնի:

Գլուխ 14. ԵՂԱՆԱԿԻՉՆԵՐԸ

14.1 Եղանակն ու եղանակիչը

Դրույթ 1. Ասվել է, որ բայի եղանակ ասելով՝ հասկանում ենք խոսող անձի հոգեկան վիճակի արտահայտության ձևը կամ ասվող գործողության պարագաներն ընկալելու այս անձի ձևը կամ վերաբերմունքն այդ պարագաների նկատմամբ:

Ասվել է նաև, որ հնարավոր է, որ մարդը խոսի՝ ուղղակի պատմելով, նկարագրելով կամ բացատրելով իրողությունը (խոսի՝ պատմողական, կամ հաստատական, կամ հարցական, կամ սահմանական եղանակով):

Կամ էլ հնարավոր է, որ խոսի՝ հրամայելով, պատվիրելով, հորդորելով, ըղձալով, վախվխելով, բացականչելով, գոռգոռալով, շշնջալով, հուզվելով, սառնասիրտ, խըրոխտ, լկտի-լկտի, հայհոյելով, խրատելով, համոզելով, կասկածելով, տատանվելով, խորհրդակցելով, շողոքորթելով, առաջարկելով կամ խնդրելով, ամաչելով ու աղաչելով, կրքոտ, անկիրք ևն, ևն:

Հնարավոր է, որ մարդը խոսի վճռական, կամ պայմաններ դնի (խոսի պայմանական եղանակով), կամ մի բան ցանկանա (խոսի ըղձական եղանակով), հավատա կամ կասկածի ասածին, ենթադրի կամ վախենա, որ այդպես է լինելու (խոսի ենթադրական կամ թեական եղանակով) ևն, ևն: Այս բոլորն արտահայտող բառային կամ բայական ձևերը կոչվում են եղանակային ձևեր:

Դրույթ 2. Մարդկային ապրումների տարբեր տեսակները հույժ բազմաթիվ են, ուստի բազմաթիվ են նաև հոգեկան արտահայտությունները լեզվի մեջ: Բայց եթե լեզուն ամեն մի հոգեկան արտահայտության համար առանձին բայական եղանակային ձև ստեղծեր, լեզուն չափազանց բարդ վիճակ կունենար:

Պիտի լինեին, օրինակ, հայհոյական, մեղավոր, խրատական, կրքոտ, սուգի, նախատական, վավաշոտ, հրճվական, ցնծական, վշտական, վեհերության ու անվեհերության, հանդիսավոր ու լիքը ուրիշ-ուրիշ եղանակային ձև ու հարացույց:

Դրույթ 3. Լեզուն, այսինքն, լեզվի ինքնուրույն ու ցրիվ կարգը կամ լեզվական պրոցեսը, չափավորել է այս ամենը ու ամեն մի լեզվի համար ստեղծել է միայն մի քանի եղանակային զուգորդություն, միայն մի քանի կաղապար կամ ձև:

Դրույթ 4. Հոգեկան մնացած վիճակներն արտահայտելու եղանակների համար լեզվական ցրիվ կարգը (կամ պրոցեսը) գործածում է բայական ստանդարտ ձևեր, բայի վրա դրվող տանդարտ զուգորդություններ, բային հարակից ածականներ ու եղանակիչ բառ ու խոսք (մակբայներ, որ հաճախ ձևով անփոփոխ են), որոնց քերականներն ուղղակի ասում են եղանակիչ:

Մարդկային հոգեկան մնացած վիճակների արտահայտության ձևերն էլ այնքան անսպառ ու այնքա´ն բազմազան են, որ այս ամենը մնում է անհատ գրողներին: Սրանք էլ հոգեկան այդ մնացած վիճակներն արտահայտող անհատնում նկարագրություններ են արել, թե´ արձակով, թե´ չափածոյով: Ասվածից հետևում է, որ.

Դրույթ 5. Որևէ լեզվի եղանակների թիվը, առհասարակ, չափազանց շատ է ու որոշակի չի:

Արդեն հիշատակվել է, թե ինչ է ասում Աճառյանն այս առիթով ([7], ԼՔՀԼ, IV Ա, էջ 13).

«Տրամաբանորեն մտածելով՝ գործողության պարագաներն անհուն են. կարելի է միևնույն գործողությունը երևակայել հարյուրավոր պարագաների տակ. օրինակ՝ թե գործողությունը կատարվում է ենթակայի կողմից գիտակցաբա՞ր թե պատահմամբ, հաստատ դիտավորությա՞մբ թե կասկածով կամ երկյուղով, ինքնաբարեբա՞ր թե մի ուրիշի դրդմամբ, կամովի՞ն թե ակամա ևն, ևն:

«Բայց այս բոլորը մենք չենք ներկայացնում բայի մեջ և նրա հետ միախառն, այլ կա՛մ նրանց համար ունենք տեսակ-տեսակ մակբայներ՝ նախադրությամբ, կամ բնության (բընույթի) խնդիրներ, վերջապես հարակից դրված ուրիշ բայեր, կա՛մ առանձին միջանկյալ կամ երկրորդական նախադասություններ:

«Իսկ այն պարագաները, որոնք կյանքի համար ամենից ավելի սովորական, պիտանի և անհրաժեշտ են, ստացել են առանձին ձև կամ մասնիկի կերպարանք, և սրանք են կազմում բայական կարգերը, որոնց գումարն է խոնարհումը»:

Սրանից հետևում է, որ.

Դրույթ 6. Բայը խոնարհելու ձևերն է՛լ են եղանակիչ, որովհետև սրանք է՛լ են ցույց տալիս խոսող անձի հոգեկան վիճակի արտահայտության ձևը, կամ (տես հետո) խոսողի վերաբերմունքը խոսքի բովանդակության կամ գործողության պարագաների նկատմամբ: Բայց սրանք, այս ստանդարտ ձևերն արդեն այնքան են «մասնագիտացել», որ դարձել են շղթայմունքի կամ զուգորդության ձևեր, ու մենք սրանց առանձին անուններ ենք տալիս. սրանց ասում ենք խոնարհմունք:

Աճառյանն ասում է [ib. 28].

Դրույթ 7. «Եղանակ կարելի է համարել բայի այն ձևերը, որոնք իրենց բոլոր ժամանակներով հատուկ են ամեն մի բայի, իսկ բայի տեսակները պարտադիր կարգով հատուկ չեն ամեն մի բայի» {այսինքն, պարտադիր չի, որ ամեն մի բայ ունենա}:

Բացի սրանից բայի տեսակները (սրանցից ամեն մեկը) ունեն իրենց եղանակներն ու ժամանակները: Այսպես՝ կոտրատել, նստոտել հաճախականները կազմում են բայի տեսակներ, որոնք ծագում են կոտրել, նստել պարզականներից և ունեն իրենց եղանակներն ու ժամանակները. ինչպես՝ սահմ. ներկա նստոտում են, կատարյալ՝ նստոտեցին, ապառնի պիտի կոտրատեն, կոտրատեցեք, նստոտեցեք»:

(Վերջին երկու ձևը մեռած է, սրանցից մենակ առաջինի «կոտրատեք» շատ քիչ գործածվող ձևը կա՛):

Դրույթ 8. «Չկա եղանակ առանց ժամանակի և չկա ժամանակ առանց եղանակի [ib. 50]»:

(Այս վերջին խոսքը նշանակում է, որ.

Դրույթ 9. Բայի եղանակի ու ժամանակի գաղափարներն իրար են ձուլված, մերված:

Օրինակ, եղանակիչ է «կ» մասնիկը, ինչն արտահայտում է ապառնու ձևերից մեկը՝ կխոսեմ, կասեմ, կանեմ ևն [ib. 390-398]:

Եղանակիչ են՝ «պիտի»-ն, նաև՝ «պետք է»-ն, բայց այս վերջինը՝ միայն գրական ոճերի մեջ ([7], ԼՔՀԼ, IV Բ, էջ 132-134):

Այս նույն ձևով եղանակիչ են հետևյալ բառերն ու խոսքերը.

«ուրեմն, ապա, կընշանակի, դիցուք, ուստի, կարելի է, հարկ է, իհարկե, երևի, գուցե, թերևս, հավանական է, հնարավոր է» ևն, ևն:

Տես նաև Աճառյան, [7], ԼՔՀԼ, IV Ա, էջ 21-22.

Իսկ Աբեղյանն ասում է.

«Բայի եղանակները ցույց են տալիս խոսողի վերաբերմունքը խոսքի բովանդակության նկատմամբ: Բայի եղանակները, ըստ այնմ և խոսքերը, լինում են՝ սահմանական, ենթադրական, հարկադրական, հրամայական և ըղձական» ([3], ՀԼՏ, էջ 557):

Աբեղյանը, օրինակ, չի հիշատակում շատերի ընդունած բացականչական, ժխտական ու հարցական եղանակները:

Ակնհայտ է, որ Աբեղյանն այստեղ հիշատակում է բայի միմիայն արդեն հույժ մասնագիտացած ու զուգորդություն դարձած բայական ստանդարտ եղանակները, որոնք այլևս Աճառյանի ասած «անհունը» չեն:

Երկրորդն էլ՝ խոսողի անձի հոգեկան վիճակի արտահայտության ձևը հենց խոսողի վերաբերմունքն է խոսքի բովանդակության նկատմամբ: Ուրեմն, Աճառյանի ու Աբեղյանի ասածները խոսքի եղանակների մասին՝ իրար չեն հակասում:

14.2 Հայերենի եղանակիչ-մակբայ խոսքերը

Նախորդ պարագրաֆի շարադրանքից հետևում է, որ եղանակիչ բառ են նախ բային զուգորդվող (բայը լրացնող) բոլոր ածականները, որոնց քերականությունները մակբայ են ասում: Բայց.

Դրույթ 1. Այս շարադրանքը եղանակիչ ԲԱՌ է անվանում միայն հոլովաձև չունեցող գրաբարից ժառանգած այն քարացած բառերին, որոնք զուգորդվում են բային (լրացնում են բայը), ցույց տալով խոսողի վերաբերմունքը բայիմաստի վերաբերյալ:

Ինչպես արդեն մի քանի անգամ ու նաև նախորդ պարագրաֆում ասվեց, եղանակիչ բառ կասենք, օրինակ, հետևյալ բառերի պես բառերին. «ուրեմն, իհարկե, երևի, գուցե, թերևս» ևն, ևն:

Նախորդ պարագրաֆի նշած եղանակիչների մեջ կային նաև խոսք-եղանակիչներ (նախադասություն-եղանակիչներ), օրինակ «կնշանակի, կարելի ա, հավանական ա, հնարավոր ա, կարող ա» ևն, ևն:

Սահմանում. Եթե որևէ քիչ թե շատ «մասնագիտացած» (այսինքն, կաղապար դարձած) երկրորդական խոսքը (նախադասությունը) զուգորդվում է (լրացնում, բընութագրում է) մի գլխավոր խոսքի ու կազմում է մի բաղադրյալ խոսք, այս առաջին երկրորդական խոսքը կկոչեմ եղանակիչ ԽՈՍՔ:

Ահա մի քանի օրինակ (հիշեցնեմ, որ ամեն բայ ինքնին խոսք է: Եղանակիչ երկրորդական խոսքերը թավատառ են, որ տարբերվեն գլխավոր, եղանակավորվող խոսքից). «Հավանական ա, կգա; Կարելի ա, որ գա; կնշանակի, չի գա; Հնարավոր ա, գա; Կարող ա, գա; Կարո´ղ ա, գա; Կարո՞ղ ա, գա; Կարող ա պատահի՝ գա; Չի կարող գա» ևն, ևն:

Այս շարադրանքից պիտի որ երևա, որ այսօրվա հայերենի եղանակիչ-մակբայական խոսքերի (նախադասությունների) թիվը չափազանց մեծ է: Այնուամենայնիվ, մեր այսօրվա քերականությունները շատ անգամ սրանցից միայն մի քանիսն են համարում եղանակիչ, առանց հստակ նշելու, որ այս եղանակիչները, ինքնին, խո´սք (նախադասություն) են:

Սա (Աբեղյանից հետո) ա´յն աստիճան է «մոռացվել», որ այս խոսք-եղանակիչ (կամ նախադասություն-եղանակիչ) տերմինը երբևէ չի գործածվել:

Օրինակ, Հ. Զ. Պետրոսյանի «Հայերենագիտական բառարանը»-ի հիշատակած ընդամենը մի քանի եղանակիչ խոսքերը հետևյալներն են ([10], էջ 196-197).

«ասես, ինչ գնով էլ լինի, ինչ է թե, ինչ էլ լինի, ինչ ուզում է լինի, խնդրեմ, կարծեմ, կարծես (կարծես թե), ով գիտի, ով իմանա, չլինի թե, ուր է թե, ուր մնաց թե»:

Սրանք, իհարկե, եղանակիչ խոսք են (նախադասություն են): Սրանցից՝ «ինչ ուզում է լինի»-ն նույնիսկ հենց ի´նքն է բարդ կամ բաղադրյալ եղանակիչ խոսք, որովհետև երկու բայ ունի՝ «ուզում է»-ն ու «լինի»-ին: Իսկ որ եղանակիչ խոսք է, երևում է հետևյալ օրինակից. «Ինչ ուզում ա (թո) ըլնի, դրան սպանելու եմ»:

Ինչո՞ւ է այս վերջին «դրան սպանելու եմ» գլխավոր խոսքը լրացնող «Ինչ ուզում ա (թո) ըլնի» բարդ երկրորդական խոսքը առաջինի եղանակիչը: Այս «Ինչ ուզում ա (թո) ըլնի»-ն եղանակիչ է, որովհետև սպանելու ձև շատ կա, ու այդ ձևերից մեկն էլ այս «Ինչ ուզում ա (թո) ըլնի»-ով սպանելն է: Ահա այս «սպանելու հնարավոր մի քանի ուրիշ ձևը». «Հնարավոր ա, դրան սպանելու եմ; Կարող ա՝ դրան սպանելու եմ; Չլնի՞ թե՝ դրան սպանելու եմ» ևն, ևն:

Մի՞թե «սպանելու այս ձևերի» ու հետևյալ ձևերի միջև քերականական սկզբունքային տարբերություն կա. «Գուցե դրան սպանելու եմ; Իհարկե՝ դրան սպանելու եմ; Դրան անպայման սպանելու եմ; անկասկած, դրան սպանելու եմ» ևն, ևն:

Իհարկե, չկա: Բայց եթե այս խոսքերի «գուցե; իհարկե; անպայման; անկասկած» չթեքվող բառերին ասում ենք՝ «եղանակիչ բառ», լրիվ ու միանգամայն տեղին կլինի, որ «սպանելու» այս ձևերը բնութագրող խոսքերին է´լ ասենք՝ «եղանակիչ խոսք», որովհետև սրանք արդեն ոչ թե բա´ռ են, այլ խո´սք են, բա´յ ունեն:

Մեր հետաբեղյան քերականներն այնքան են վարժված եղել, որ եղանակիչը պիտի միայն մի բառ լինի, կամ էլ բառի պես մի կարճ խոսք (օրինակ, «ասես; ո՞ւր է թե»), ինչն արդեն այնքան է մասնագիտացել, որ արդեն խոսք էլ չի ընկալվում ու իր կարճության պատճառով «համարվում է» բառ, որ չեն նկատում, որ.

Դրույթ 2. Հայերենի եղանակիչ խոսքերի թիվը վիթխարի է:

Աբեղյանն խոսում է միայն մի քանի եղանակիչ բայից, ուրեմն նաև մի քանի եղանակիչ խոսքից, որովհետև ամեն մի բայ նաև խոսք է ([3, էջ 302 թավատառն ի´մն է]).

«Գրաբարի սովորական եղանակիչ բայերն են կարելիական նշանակությամբ՝ կարեմ, մարթեմ, մարթի, մարթ է, օշ թե. աշխարհաբար {այսինքն, գրական ոճերով} կարող եմ, կարելի է, գուցե, թերևս և նման բառեր, իսկ հարկադրական նշանակությամբ գրաբարում՝ պարտիմ, պարտ է, հարկ է, պիտի. աշխարհաբար՝ պարտավոր եմ, բարբառների մեջ՝ պետք եմ, պիտիմ: Այս բայերի հետ անորոշ դերբայը ստանում է ենթադրական կամ հարկադրական եղանակի {sic! այսինքն, բայի} նշանակություն»:

Ինչքան էլ որ Աբեղյանն այս տողերն զգույշ, անուղղակի ու խուսանավելով է գրել, այսինքն, որ «անորոշ դերբայը կարող է բայի նշանակություն ունենա», միևնույնն է, մի քանի տարի հետո, ստիպված, հրաժարվելու է սրանցից, որովհետև բավական է, որ մի անգամ ընդունվի, որ հայերենի անորոշ դերբայն ինչ-որ մի տեսակ բայ է, արդեն (ու նորից ստիպված) պիտի ընդունվի, որ դա ա´նպայման է ինչ-որ մի տեսակ (այն է՝ անդեմ) բայ:

Ինչո՞ւ: Որովհետև այս ընդունելության հետ նաև ԱՐԴԵՆ ընդունվել է, որ մեր (լեզվի գլխավոր հատկություններից զուրկ) գրական ոճերը լեզու են, իսկ սրանց մեջ էլ անորոշ դերբայի գործածությունը տրիլիոններով է:

Թե ինչն է Աբեղյանի այս սխալի պատճառը, երևում է բերված քաղվածքի շարունակությունից.

«Երբ ասում ենք՝ «Նա կարող է գալ», հաստատվում է նրա կարողանալու իրականությունը. բայց «կարող է» բայը {sic! բա´յը} իբրև լրացում ունի «գալ». ուստի և այդ խոսքով հաստատվում է նրա գալ կարողանալը. և որովհետև «կարող եմ» բայն ինքը կարելիություն է ցույց տալիս, ուստի և միանգամայն նրա գալը հաստատվում է կարելի, հնարավոր: Տրամաբանորեն, ուրեմն, այսպիսի խոսքերը՝ կարող եմ գալ, կարող ես գալ, կարող է գալ և այլն կարելիական-ենթադրական խոսքեր են, իսկ քերականորեն դրանք սահմանական խոսքեր են»:

Աբեղյանը թերևս վերի խոսքերից հրաժարվեր, եթե հաշվի առներ երկու բան: Առաջինը, որ իր ասած այս «կարող եմ գալ, կարող ես գալ, կարող է գալ» խոսքերը կային միմիայն գրական ոճերում ու չկային իր օրերի հայերենի կենդանի բարբառներում, որովհետև եթե լինեին, թերևս լինեին «ը» հոդով, «կարող եմ գալը, կարող ես գալը, կարող է գալը» ինչը հույժ «անսովոր» կլիներ:

Այսինքն, ըստ էության, անհնար կլիներ, որովհետև այդ օրերի (1920-ական թվերի, որովհետև իր «Հայոց լեզվի տեսությունն» առաջին անգամ լույս տեսավ 1931-ին) հայերեն բարբառներն այդ խոսքերի անորոշ դերբայ-գոյականն թերևս արդեն փոխարինել էին համապատասխան բայերով, սրանց տալով արդեն ենթադրական հըստակ իմաստ, որովհետև այս «կարող ա գամ, կարող ա գաս, կարող ա գա»-ի միջի այս «կարող ա»-ն արդեն ունի միմիայն «երևի, գուցե, հնարավոր է»-ի իմաստը:

Երկրորդը, որ «կարող ա»-ի կարողություն արտահայտող իմաստը թերևս արդեն արտահայտվում էր հետևյալ ձևերով. «կարամ գամ, կարաս գաս, կարա գա»:

Իմաստների այսպիսի փոփոխությունները զարմանալի չեն, քանի որ, ինչպես հայտնի է [օրինակ, ib.], քերականական եղանակների արտահայտած ժամանակներն ու իմաստները, համարյա երբեք միարժեք չեն: [ib., էջ 309, «…երթամ ձևը միաժամանակ նշանակում է{ր} երթում եմ, երթամ, կերթամ…»]

Օրինակ, հնարավոր է, որ Երևանի բարբառի սահմանականի ներկայով ասված «էթում եմ Փարիզ» խոսքը վերագրվի թե´ խոսելու պահին (օրինակ, եթե սա ասվում է օդակայանում), թե´ ապագային (եթե ասողն ավելացնի, օրինակ. «էրկու ամիս հետո, երբ վիզաս ստանամ»):

Կենդանի հայերենի ամենակարևոր եղանակիչ խոսքերի մասին ասել եմ մի ուրիշ տեղ [16], նշելով, որ այս խոսքերը պիտի անպայման լրացնեն մի բայի, ոչ թե անորոշ դերբային:

Բայց շարունակեմ հիմնական միտքս: Ես եղանակիչ մակբայական խոսքերն եմ ընտրել, որովհետև սրանց զուգորդությունն անորոշ դերբային մեր գրական ոճերի ամենագլխավոր ու ուղղակի ճակատագրական սխալն է: Իմ այս 30-ամյա հետազոտությունը հենց անորոշ դերբայի այս սխալ գործածության վիթխարի քանակի պատճառը պարզելու փորձից է սկսվել:

Հիմա բերում եմ թե՛ այդ եղանակիչ խոսքերը, թե՛ մի քանի ուրիշը.

«ա՛յ թե գնամ ու…; ա՛յ թե բռնեմ ու…; ասենք թե; ինչ որ ա; կարծեմ; կնշանակի; ուզես-չուզես; կարամ/կարաս/կարա» ևն; կարում եմ/ես/ա/ենք /եք-են; «կարող ա»; պտի; պետք ա; ուզում եմ/ես/ա/ենք/եք/են/էի/էինք/էիք/էին; «քցենք թե, ասենք թե» ևն, ևն:

Նորից հիշեցնեմ, որ (Աբեղյանին հետևելով) «խոսք» ասելով՝ միշտ նկատի ունեմ «նախադասություն» բառը [1-4]):

Ուրեմն, «Պետք ա, ուզում եմ, ուզում ես», ևն, «կարող ա, կարամ, կարում եմ» ու ուրիշ եղանակիչներից ամեն մեկը մի խոսք է: Կրկնեմ, որ.

Դրույթ 3. Եղանակիչ խոսքերը շղթայվում զուգորդվում են մի գլխավոր (մեծ մասամբ) բայ-խոսքի, ցույց տալով կամ լրացնելով այդ գլխավոր խոսքի ստորոգելու-վերագրելու կամ գլխավոր բայի արտահայտած պրոցեսի դինամիկ գոյության եղանակը (ձևը), ինչպես նաև խոսողի հոգեկան վիճակն ու վերաբերմունք-կարծիքը այդ եղանակի մասին (այսինքն, այս խոսքերը, ըստ էության, եղանակի (ձևի) բաղադրյալ պարագա են կամ ստորոգյալ ևն):

Սրա´ համար եմ այս եղանակիչներին ասում՝ խոսք-եղանակիչ (այսինքն, նախադասություն-եղանակիչ), որ տարբերեմ թե´«երևի, գուցե, իհարկե, անկասկած» ևն բա´ռ-եղանակիչներից, թե´ «պտի, կ» ևն մասնի´կ-եղանակիչներից:

Ահա խոսք ու բառ եղանակչի մի քանի օրինակ (գլխավոր բայի մի քանի ձևի հետ միասին).

«պետք ա ասեմ/ասես/ասի/ասենք/ասեք/ասեն

«ուզում եմ ասեմ/ասես/ասի/ասենք/ասեք/ասեն

«կարամ ասեմ/ասես/ասի/ասենք/ասեք/ասեն

«կարում եմ ասեմ/ասես/ասի/ասենք/ասեք/ասեն

«կարենում եմ ասեմ/ասես/ասի/ասենք/ասեք/ասեն

«կարող ա ասեմ/ասես/ասի/ասենք/ասեք/ասեն

«հարկ է ասեմ/ասես/ասի/ասենք/ասեք/ասեն

«հնարավոր ա ասեմ/ասես/ասի/ասենք/ասեք/ասեն

«երևի ասեմ/ասես/ասի/ասենք/ասեք/ասեն

«գուցե ասեմ/ասես/ասի/ասենք/ասեք/ասեն

«թերևս ասեմ/ասես/ասի/ասենք/ասեք/ասեն

«բա որ ասեմ/ասես/ասի/ասենք/ասեք/ասեն ևն, ևն

(Այս վերլուծության մեջ, մեծ մասով, բերում եմ բայերի միայն ներկա ձևերը, ու շատ անգամ չեմ բերում հնարավոր ժխտական ձևերը, որ շարադրանքը շատ չծանրացնեմ):

Այս խոսքերը բարդ խոսք են, որովհետև երկու բայ ունեն: Օրինակ. «պետք ա ասեմ» բարդ խոսքի առաջին խոսքը «պետք ա»-ն է, ու սա եղանակիչ կամ մակբայական խոսքն է, իսկ «ասեմ»-ը՝ գլխավոր խոսքն է:

Ուրեմն, վերի բոլոր խոսքերի գլխավոր խոսքը (նախադասությունը), օրինակ, «ասեմ»-ն է: Ասելու ձև շատ կա, ու «ասելու» վերի ձևերը, իհարկե, չեն սպառում հայերենով «ասելու» բոլոր ձևերը:

(Հենց այս «իհարկե»-ն է՛լ է եղանակիչ, ու սա ցույց է տալիս, որ ես ասածս վըստահ եմ ասում, ու ոչ թե, օրինակ, կասկածելով կամ ենթադրելով, կամ հորդորելով ևն, ևն):

Ասելու ձևերից մի քանիսը կոնկրետացրել ու առանձնացրել եմ՝ «պետք է, ուզում եմ, կարամ, կարում եմ, կարենում եմ, կարող է, հարկ է, հնարավոր է, երևի, գուցե, թերևս» եղանակիչների միջոցով, որոնցից առաջին ութը խոսք է, իսկ վերջին չորսը՝ միայն բառ (կամ կապակցություն, այսինքն, բայ չունեեցող):

Ասվեց, որ հայերենը շատ հարուստ է թե՛ բառ-եղանակիչներով (բարբառները՝ նաև մասնիկ եղանակիչներով), թե՛ խոսք-եղանակիչներով (ասվել է, որ, ըստ էության, որ ածական-մակբայները բառ-եղանակիչ են):

Այս շարադրանքի համար առավել կարևորը անորոշ դերբայի հետ սխալ (աղավաղ, ոչ հայաձև) զուգորդվող խոսք-եղանակիչներն են:

Այս սխալները քննելու համար վերցնենք, օրինակ, «ջարդեմ, առնեմ, ուտեմ, տամ, համոզեմ, հագնեմ, բռնեմ, հասնեմ, ասեմ» գլխավոր խոսքերն ու սրանք եղանակավորենք զանազան խոսք եղանակիչներով: Ահա սրանցից մի քանիսը (տեղի սղության պատճառով՝ բերում եմ միայն առաջին դեմքի եզակու համար).

բռնում եմ/ես/ա/ենք/եք/են (որ) ջարդեմ/ջարդես/ջարդի ևն

բռնելու եմ/ես/ա/ենք/եք/են (որ) ջարդեմ/ջարդես/ջարդի ևն

բռնեմ/բռնես/բռնի/բռնենք/բռնեք/բռնեն (որ) ջարդեմ/ջարդես/ջարդի ևն

էթում եմ/ես/ա/ենք/եք/են (որ) ջարդեմ/ջարդես/ջարդի ևն

Սրանից հետո մի քանիսն էլ գրեմ.

վերցնում եմ (վեկալում եմ) (որ) ուտեմ

վերցնես (վեկալես ու) (որ) տաս գանգին

խոսում եմ (որ) համոզեմ

հելնում եմ (որ) հագնեմ

վազում եմ (որ) հասնեմ

մոտենում եմ (որ) ասեմ;

չհելնե՞մ (որ) բռնեմ ևն, ևն

Սրանց թիվը շատ-շատ է, ու սրանք բոլորն էլ կենդանի են ու կան նաև գրականի մեջ:

Բերված խոսքերի մեջ գլխավոր խոսք կամ գլխավոր բայ են՝ «ջարդեմ»-ը, «ուտեմ»-ը, «տամ»-ը, «համոզեմ»-ը, «հասնեմ»-ը, «ասեմ»-ը, «բռնեմ»-ը, չնայած գուցե ուրիշները սրանք համարեն ստորադաս խոսք:

(Ավելի ճիշտ, հնարավոր է, որ իմ այս «գլխավոր խոսք» կոչածներն այս բարդ խոսքերի հոգեբանական բաղադրյալ ենթակաները լինեն: Հիշեցնեմ, որ հոգեբանական ենթակա են ասում մտածողի դատողությունը հարուցող բառ-գաղափարին, ինչը հենց դատողության սկիզբն է, տես Աբեղյանի [3]-ը, էջ 22-24-ը):

Սրանցից, օրինակ, առաջին բարդ խոսքի միջի «բռնում եմ»-ը եղանակիչ խոսք է, որովհետև նախ սա խոսք է (նախադասությո՛ւն է, բա´յ ունի, բայո´վ խոսք է), հետո էլ սա ցույց է տալիս թե՛ ջարդելու «ձևը», թե՛ խոսողի վերաբերմունքը «ջարդեմ»-ի ու մյուս գլխավոր խոսքերի նկատմամբ:

Խոսողը, օրինակ, «ուզում է բռնի, հետո ջարդի», ու ոչ թե, օրինակ, «վազի ու նոր ջարդի»:

Չէ՞ որ խոսողը կարող էր ասեր «վազում եմ՝ ջարդեմ», կամ «համոզում եմ՝ ջարդեմ», կամ «մոտենում եմ ջարդեմ», կամ «որոշել եմ ջարդեմ», կամ «խոստանում եմ ջարդեմ», կամ «խոսք չեմ տալի՝ ջարդեմ», կամ «պարտադի՞ր ա՝ ջարդեմ», կամ «անհավանական ա՝ ջարդեմ», կամ «թողեք ջարդեմ» ևն, ևն, ու դեռ սրանց հնարավոր բոլոր ժխտական զույգերն էլ սրանց հետ, օրինակ, «չի ուզում բռնի, հետո չջարդի», այլ «ուզում ա բռնի, ու հետո ջարդի» ևն:

Դրույթ 4. Նկատեմ, որ հայերենի եղանակիչ խոսքերը, բառ եղանակիչների պես, թե´ ածական խոսք են, թե´ մակբայ խոսք, թե´ ստորոգյալ խոսք:

Դրույթ 5. Հայերենի եղանակիչ խոսքերը, բոլորն է՛լ, հնարավոր են՝ թե՛ «որ» շաղկապով, թե՛ առանց սրան: Բացի սրանք.

Դրույթ 6. Հնարավոր են հայերենի եղանակիչ խոսքերի թե´ հարցականները, թե´ ժխտականները, թե´ կասկածականները ևն:

14.2ա Ոչ հայաձև եղանակիչ խոսքերը

Դե հիմա եկեք այս ձևերի մեջ գլխավոր բայերը տեղակալենք համապատասխան անորոշ դերբայի ուղղական հոլովաձևով (առհասարակ, չգիտես ինչու, ասելով անորոշ դերբայ, հասկանում են սրա ուղղական հոլովաձևը միայն): Ահա թե ինչ կունենանք.

«բռնում եմ (որ) ջարդել, բռնելու եմ (որ) ջարդել, վերցնում եմ (որ) ուտել, չհելնե՞մ (որ) սպանել» ևն:

Անկասկած է, որ այս ձևերը հայերեն չեն, որովհետև սրանք հակառակ են Երեվանի բարբառի (մյուսների էլ) ինքնուրույն ու ցրիվ կարգին ու հակառակ են նույնիսկ գրականին (նաև արևմտահայերենի գրականին):

Ուրեմն, անկասկած է նաև, որ «ցանկանում/կամենում/ուզում եմ ջարդել» ևն, «պտի (պետք է) ջարդել» ևն, «կարող եմ ջարդել» ևն, «կարողանում եմ ջարդել» ևն ձևերը հակասում են Երևանի բարբառի ԱՅՍՕՐՎԱ ցրիվ կարգի դիմավոր (զուգորդական, բայական, պարադիգմական, հարացուցային) ձևերին, ուրեմըն, հայաձև չեն:

Բացի ասվածը, արդեն համարյա 160 տարի է, որ այս այս վերջին ձևերը չեն ենթարկվում շեղմունք-ֆլուկտուացիաների տարածվելու-ընդհանրանալու ու նաև լեզվական վարակի կուրության օրենքներին, ու անալոգիայի մեխանիզմը սրանք չի ընդհանրացնում, չի տարածում:

Հայերենի կրողները սրանք չեն գործածում, ուրեմն, սրանք հայաձև չեն:

Սրանք չեն ընդհանրանում ու չեն տարածում հայերնի պրոցեսի մեջ, որովհետև սրանք հակառակ են հայերենի ցրիվ կարգին, հայերենի հենց ոգո՛ւն:

Դրույթ 1. Այս «ուզում եմ ջարդել, պտի (պետք ա) ջարդել, կարող եմ ջարդել, կարողանում եմ ջարդել» և այլ ձևերն այսօր հայաձև չեն, որովհետև այսօրվա հայերի մեծագույն մասը սրանք չի գործածում:

Սրանք կան միայն ու միայն գրագետների (մեծ մասով) գրավոր խոսքի մեջ, բայց ԼԳՕ-ն ասում է, որ.

Դրույթ 2. Լեզվի հարցում որոշողը լեզվի ԿՐՈՂՆԵՐԻ մեծամասնությունն է, բանավոր ու կենդանի՛ լեզվական պրոցեսն է:

Հա՛, սրանք կան միայն և միայն մեր երկու գրական լեզվի մեջ:

Դրույթ 3. Բարբառներում թերևս սրանց պես բան չկա, ու սա է՛լ է անառարկելի ապացույց, որ այս վերջին ձևերը հայերեն չեն:

Սրանք կազմված են ռուսերեն լեզվին կամ (արևմտահայերենում մեծ մասամբ) ֆրանսերենին ընդօրինակելով: Մի քիչ ավելի մանրամասն սրանց մասին:

14.3 Մակբայների մասին նորից

Ուրեմն, կրկնեմ, որ ոնց որ Մանուկ Աբեղյանն է ասում (տես [4], ՄՔՔԽՄ, Երկեր, Ը հատոր, էջ 552-557).

Դրույթ 1. Հայերենի այսօրվա անուն ածականն անպայման նաև մակբայ է, այսինքն, հայերենի ածականը (այսինքն, անունը, երբ սա ածական է) շղթայվում զուգորդվում է (լրացնում է) թե՛ ածականներին, թե՛ բայերին, բայց, բայերին լրացնելիս, հաճախ կրկնվում է:

Ուրեմն, անունը ածական-մակբայ է, եթե շղթայվում զուգորդվում է մի բայի կամ ածականի, այսինքն, բայ կամ ածական է լրացնում:

Կնշանակի, ինչպես արդեն ասվել է, հնարավոր է, որ մակբայի հասկացությունը շատ ավելի լայն համարվի, ոնց որ համարում է, օրինակ, Աճառյանը ([7], ԼՔՀԼ, V, էջ 191): Աճառյանը բառը համարում է մակբայ, եթե այդ բառը լրացնում է մի բայ (դրվում է բայի վրա, բնութագրում է բայը, լրացնում է բայի իմաստը ևն) կամ մի ածական:

Աճառյանն ասում է [ib., էջ 202-203]. «…եթե բառը կապված է լինում մի բայի կամ մի ուրիշ ածականի հետ և նրանց մի որևէ պարագան, հանգամանքը կամ որպիսությունն է որոշում, քերականորեն դառնում է մակբայ»: Ասվել է, որ.

Դրույթ 2. Հնարավոր ու շատ հարմար է նաև, որ հայերեն բառերից (բուն) մակբայ համարվեին միայն ա՛յն (եղանակիչ) բառերը, որոնք զուգորդվում են միայն բային (դրվում են միայն բայի վրա) ու ուրիշ գործածություն չունեն, այսինքն, հոլովաձև կամ խոնարհմունք ունեցող բառ չեն (եթե կարճ պատասխան չեն):

Դրույթ 3. Այս ելակետով մակբայ են միայն գրաբարյան ծննդով այսօր հոլովաձեվերից զուրկ եղանակիչ բառերը, ու այս գիրքը հետևում է հենց այս ելակետին:

Նորից բերեմ այսօրվա հայերենի (Երևանի բարբառի) բուն եղանակչներից կամ մակբայներից մի քանիսը.

պտի, կարա, կարող ա, (ինչը լեզուն կրողը ընկալում է միաձույլ բառի պես՝ «կարողա», բայց սրա «ա» բայն առանձին ենք գրում), երևի, (մի)գուցե, համարյա, տո, հո, թո, հա՛, անկասկած, ոնց որ (թե), ախր, երանի/էրնեկ (թե), գոնե, մենակ թե («միայն»-ի իմաստով), անպայման, անպաճառ (առանց «տ»-ի), իմիջայլոց (առանց երկրորդ «ի»-ի), ափսոս (որ), հազիվ թե, համ էլ, դժվար թե, համենայն դեպս, մանավանդ, ճիշտ որ, ինչքան (էլ, որ), իրոք, իսկապես, հենց (որ), հեչ մի/էլ, հլը (որ), հմի, յանի, իբր թե, ինչ խոսք, շատ անգամ, ոչ մի անգամ, մինչև անգամ, բա, դե, ոչ մի ձև, ոչ մի կերպ, էս/ էտ/էն ձև, դաժե, վափշե, նույնիսկ, չնայած, պռոստը, ուզած-չուզած, ուրեմը(ն), քիչ թե շատ ևն:

Այս մակբայները, իհարկե, եղանակիչ բառ են, որովհետև արտահայտում են խոսողի վերաբերմունքն իր ասելիքի նկատմամբ, այսինքն, ասելու եղանակը: Թե սրանց ի՛նչ կասենք, կասենք՝ «եղանակիչ», թե «ածական» կամ «մակբայ», թե «եղանակավորող բառ», թե «վերաբերական բառ», թե «ստորոգյալ», մեկ է, այս անուններից սրանց էությունն ու գործածությունը չի փոխվի:

Ուրեմն, ինչպես արդեն ասվել է.

Դրույթ 4. Եթե հայերենի ածականն ու ածական-մակբայը կոչենք նույն անունով, օրինակ, երկուսին էլ ասենք ածական, շատ ավելի խելամիտ կլինի, որովհետև այս անգամ արդեն հնար կունենանք բայի չթեքվող վերադիրներին «մակբայ» կամ (գուցե ավելի լավ է) «եղանակիչ» կոչելու:

Եղանակիչ բառերի գլխավոր հատկանիշը բային զուգորդվելը (այսինքն, բայի վրա դրվելը) ու հոլովաձև չունենալն է: Ուրեմն պայմանավորվենք, որ.

Սահմանում 1. Հայերենի եղանակիչները (մակբայները) բային զուգորդվող (բայը լրացնող) թեք ձև չունեցող բառերն են:

Այն եղանակիչ մակբայներն ու խոսքերը, որոնք քիչ թե շատ գործածում են միայն մեր գրական ոճերը (մեծ մասով՝ մեռած), գրաբարյան արխայիզմ են: Բերենք դրանցից մի քանիսը.

ահավասիկ-ավասիկ, ահավադիկ-ավադիկ, ահավանիկ-ավանիկ, ամենևին, այսպես, այդպես, այնպես, այսժամ, այդժամ, այնժամ, այլև, այսուամենայնիվ, այդուամենայնիվ, այնուամենայնիվ, այսօրինակ, այդօրինակ, այնօրինակ, անկասկած, անշուշտ, անպատճառ, առանց այլևայլության, անտարակույս, ապա, ասես (թե), բնավ, գեթ, գրեթե, աստ, արդարև, արդյոք, դիցուք, ըստ երևույթին, ըստ էության, թեև, թերևս, թող, իբր/և (թե), ի դեպ, իմիջիայլոց (նաև՝ «ի միջի այլոց» ձևով), ինչ է թե, ինչևէ, ինչևիցե, ինչպես (թե չէ, նաև՝ հարցականով), ի վերջո, ի հեճուկս, ի վիճակի, իրավ, իրավամբ, լոկ, խընդրեմ, խոսքի (օրինակ), կարծեմ/ես (թե), կարծյոք, հավաստյավ, հարկավ, հիրավի, մենակ, միթե, (մեծ) մասամբ, միմիայն, միայն (ու միայն), մինչ, մինչև իսկ, նաև, չլինի թե, սոսկ, սաստիկ, ցավոք, ցավոք սրտի, ի խորոց սրտի, ուստի, և ինչո՞ւ ոչ» ևն, ևն:

Սրանց պիտի ավելացնենք նաև բոլոր «-աբար; -ապես, -որեն» մասնիկներով կազմված հայերենին խորթ մակբայները (տես հաջորդ պարագրաֆը):

Նախ, չպիտի զարմանանք, որ սրանցից մի քանիսը խոսքի ուրիշ մաս էլ են, օրինակ, անիսկական կապ են, որովհետև արդեն գիտենք [16], որ հայերենի մի խոսքի մասը կարող է լինի թե՛ գոյական, թե՛ ածական, թե՛ ածական-մակբայ ևն:

Ավելացնենք, որ տեսանք նաև, որ Մանուկ Աբեղյանը, լրիվ ճիշտ, ասում է ([ib., էջ 549, 552-557) ], թե.

Դրույթ 5. Մի՛շտ է հնարավոր, որ այսօրվա հայերենի ածականը դառնա մակբայ, այսինքն, լրացնի նաև բային, ու որ այսօրվա հայերենի այսպիսի մակբայը ձևով չի տարբերվում ածականից (բացի երբեմն կրկնվելը):

14.4 «աբար, ապես, որեն» ոչ հայաձև մակբայները

Ասվել է, որ մեր գրական ոճերի առատ-առատ գործածած «-աբար, -ապես, -որեն» մասնիկներով կազմած «մակբայները» հորինել են ապաշնորհ թարգմաններն ու գըրողները՝ կույր-կույր պատճենելով ռուսերենն ու օտար լեզուները:

Օրինակ՝ ռուսն ասում է. «Быстрый разговор, быстрая ходьба, быстрое течение», իսկ հայը, լրիվ ճիշտ, ասում է. «Արագ խոսակցություն, արագ քայլ(ք), արագ հոսանք»: Բայց երբ ռուսն ասում է. «Быстро говорит, быстро ходит, быстро течёт», ու գործածում է быстро բառը, այս բառն արդեն ռուսերենի մակբայ է (наречие) ու ձևով տարբեր է ռուսերենի ածականից:

Հայ ապաշնորհ թարգմանն էլ կարծում է, թե հայերենի մակբայն էլ պիտի ձևով անպայման տարբեր լինի ածականից, ու հորինում է հետևյալ ոչ հայերեն ձևերը. «արագորեն է խոսում, արագորեն է քայլում, արագորեն է հոսում», փոխանակ հայի պես գրի. «արագ է խոսում, արագ է քայլում, արագ է հոսում»:

Նույն ձևով՝ անգլիացին ասում է. «He behaves loyal+ly, բայց՝ a loyal man»: Այսինքն, անգլերենի մակբայն է՛լ է ածականից համարյա միշտ ձևով տարբեր:

Ուրեմն, ճիշտ հայերենով կունենանք. «հավատարիմ է վարվում ու նաև հավատարիմ մարդ», ու ոչ թե. «հավատարմաբար (կամ՝ հավատարմորեն) է վարվում», ինչն այս անգլերենի կամ ռուսերենի կալկան է ու հայաձև չի, որովհետև չկա հայերեն (կենդանի) լեզվի ինքնուրույն ցրիվ կարգի մեջ:

Ասվել է, որ շատ անգամ հնարավոր է, որ (լայն իմաստով) մակբայն արտահայտվի գործիական հոլովաձևով. Օրինակ, «հավատարմությամբ վարվեց»: Իհարկե, սա գրական հայերեն է ու այսօրվա գրական ոճերի տեսանկյունից ընդունելի է:

(Այնուամենայնիվ, «-ությամբ» վերջավորությունով գործիականը արխայիզմ է, ու կենդանի հայերենը սրա փոխարեն կասեր՝ «հավատարիմ վարվեց; խելոք վարվեց», բայց հնարավոր են նաև՝ «հավատարմությունով վարվեց; խելքով վարվեց», «ուրախությունով վայելեք» ձևերը):

Այս ու սրան նախորդող ողջ շարադրանքը նորից մի ապացույց է, ինչը, նորից ու նորից, ցույց է տալիս, որ.

Դրույթ 1. Հայերենի այսօրվա քերականություններն ու գրական ոճերը լեզվական երևույթի ճիշտ ու սխալը ջոկելու ոչ մի օբյեկտիվ չափանիշ չունեն:

Նորից ասեմ, որ հայերենի բայ լրացնող (բային զուգորդվող) մակբայ կոչված ածականը մի բանով է միայն մեկ-մեկ տարբերվում ածականից. երբ այս ածականը բայ է լրացնում (այսինքն, երբ մակբայ է), մեկ-մեկ ածականը կրկնվում է (այս երևույթը շատ հին է, տես [7], ԼՔՀԼ, V, էջ 212-217):

Օրինակ. «էշ-էշ մի խոսա, հիմար-հիմար դուս ա տալի, քյոռ-քյոռ գնացի կպա պատին» ևն:

Դրույթ 2. Ոչ մի կանոն չկա որոշելու համար, թե բայ լրացնող ածականը երբ է կրկնվում: Խոսողները սա իմանում են միայն և միայն համեմատելով ու նմանակելով, այսինքն՝ անալոգիայի օրենքով:

Մեր «-աբար, -որեն, -ապես» մասնիկներով ոչ հայերեն «մակբայները» ուղղակի դարձել են մեր գրական ոճերի քաղցկեղը: Եթե նայես, օրինակ, Հ. Բարսեղյանի «Ուղղագրական բառարանը», սրա մեջ այս կեղծ մակբայներից կտեսնես անթիվ քանակով: Ու մեր գրողները շատ անգամ կրակն են ընկնում, թե այս արհեստական «մակբայ» կոչածի ո՛ր ձևն ընտրեն՝ «-աբար»-ո՞վը, «-որեն»-ո՞վը, թե՞ «-ապես»-ովը:

Սրա համար էլ ասածս բառարանի մեջ կան բոլոր զուգահեռ ձևերը, օրինակ. «համեստաբար, համեստորեն; խոհեմաբար, խոհեմորեն; էականապես, էականորեն» (գոնե լիներ՝ «էապես, էորեն». այս վերջիններից առաջինը, իհարկե, կա «էականորեն»-ից անկախ), «մանկամտորեն, մանկամտաբար; ճշմարտաբար, ճըշմարտորեն, ճշմարտապես» ևն, ևն, ևն:

Բարսեղյանի բառարանի զուգահեռ ձևերի անսովոր առատությունը նորից ապացուցում է, որ այս ձևերը աղավա´ղ հայերեն են, բայց մեր գրական ոճերը սա չեն նկատում, ու գերագույն հաճույքով են գործածում (Չուկովսկու ասած) լեզվական այս հրեշները:

«-աբար, -որեն, -ապես» մասնիկներով ոչ հայերեն «մակբայները» մեր հին գրականության մեջ համարյա չկան: Աճառյանն ասում է, թե ըստ «Համաբարբառի», Ս. Գրքի պես վիթխարի ծավալով գրքում գործածված ունենք «-աբար» մասնիկով 8 բառ, «-ապես» մասնիկով՝ 7 բառ, իսկ «-որեն» մասնիկով հին «մակբայ» – նշում է միայն 3 հատ, [7], ԼՔՀԼ, V, էջ 217-220:

Սա ցույց է տալիս, որ այս նոր «մակբայները» այն օրերի կենդանի հայերեն լեզվի մեջ ոչ մի վարակ չեն ստեղծել, սրանք չեն տարածել ու չեն ընդհանրացրել:

Երևանի բարբառում չեն ընդհանրացել նույնիսկ մեր հին շրջանի առանց «ա» հոդակապի կազմած հետևյալ տիպի մակբայները՝ «այսպես-այդպես-այնպես-ինչպես-սույնպես-դույնպես-նույնպես»-ը:

Սրանք, այս կեղծ մակբայները, այսօրվա կենդանի բարբառների մեջ էլ համարյա չկան (թերևս բացի «ընդհանրապես»-ը, որ շատերն արտասանում են՝ «ընթարապես», «իսկապես»-ը ու «վերջապես»-ը, որ երևի լրիվ չեն ընդհանրացել):

(Այս վերջինի ընդհանրացած լինելը թվացյալ ու խաբուսիկ է, որովհետև կենդանի լեզուն սրա տեղն այսօր գործածում է «նույն ձև»-ը, իմիջիայլոց, ոնց որ արդեն ասել եմ, լրիվ համաձայն «նույն կերպ»-ին:

Բարբառներում սրանք համարյա չկան (չհաշված «ըսպես, ըմբես»-ի պեսերը):

Իհարկե, սրանք բոլորն էլ (բացի «սույնպես»-ն ու «դույնպես»-ը), առատ-առատ գործածվում էին մեր գրական ոճերի մեջ, բայց այսօրվա հայերեն լեզվի ցրիվ կարգը մերժում է սրանք ու ասում է՝ «(ը)սենց, (ը)տենց, (ը)նենց, ոնց, սրա պես, դրա պես, իրա պես» (հիմա արդեն՝ «էս ձև, էտ ձև, էն ձև, նույն ձև», որ գուցե դեռ չեն ընդհանրացել, բայց ճիշտ են, որովհետև կրկնում են՝ «էս կերպ, էտ կերպ, էն կերպ, նույն կերպ» ձևերը):

Այս «ըսենց, ըտենց, ընենց», ձևերը թերևս առաջացել են՝ «էս հենց/էդ հենց /էն հենց» ձևերից, արագաբանությամբ ([7], ԼՔՀԼ, V, 15, 280), ուրեմն, լրիվ բնիկ են, ու սրանք բարբառային համարելը սխալ է ու նեղմիտ:

(Սրանց միջանկյալ ձևերը՝ «սըհենց-տըհենց»-ի, կան այսօրվա բարբառներից մի քանիսի մեջ, իսկ ավելի կրճատ ձևերը՝ «սհե-դ(տ)հե» ձևերը, վկայված են, օրինակ, Արշակ Ագապյանի բարբառով գրված պատմվածքների մեջ):

Համոզված եմ, որ սրանց ու սրանց պեսերի փոխարեն վերի արխայիկ ձևերի գործածությունը մեր կրտսեր դպրոցում ահավոր խանգարում է մեր մանուկներին, որ յուրացնեն թե´ մաթեմատիկայի, թե´ բոլոր մնացած գիտությունների հիմքերը:

Երբ առաջին-երկրորդ դասարանի երեխան մաթեմատիկայի դասին լսում է, օրինակ, «յուրաքանչյուր» բառը, հուսահատվում ու հիասթափվում է կյանքից, որովհետև չի հասկանում, թե ինչո՛ւ պիտի «ամեն մի»-ի պես մի պարզ ու լրիվ հասկանալի բառի փոխարեն անպայման ասի այս «բոբո» բառը, այս «իւր+ա+քանց+իւր» լեզվական հրեշի դիվային ժառանգը, այս «յուրաքանչյուր»-ը:

Հենց սրա համար էլ մեր մանուկներից շատերը իրենց մնացած ողջ կյանքում զըզվում են մեր գրական ոճերից է՛լ, ուսումից է՛լ, կրթությունից է՛լ: Այնինչ, մեր խելոքներին որ հարցնես, կասեն. «Թող երեխան այդ բառերը հենց մանկուց սովորի, որ ընտիր հայերեն իմանա»: Մեր ուսյալները չեն հասկանում, որ ամենաընտիր հայերենը, օրինակ, հենց Հովհաննես Թումանյանի «Գաբո բիձու շերամապահության» կամ Դեմիրճյանի Քաջ Նազարի ու իշխան Սաքոյի լեզուն է:

Մերոնք «’սենց, ’տենց, ’նենց, ոնց, սրա պես, դրա պես, իրա պես, այս ձև, այդ ձև, այն ձև, նույն ձև, խի» լրիվ հայերեն ու լրիվ բնիկ ձևերը համարում են անթույլատրելի բոբո: Իրոք որ, մեր այսօրվա լեզվաբանությունն իր ասածների ճիշտ ու սխալը որոշելու ոչ մի գիտական ու մարդուց անկախ չափանիշ չունի:

Նորից կրկնեմ, որ չեմ ասում, որ թող բոլորն էլ իմ պես մտածեն կամ գրեն:

Դրույթ 3. Թող ամեն մարդ գրի իր ուզած ձևով, իր ուզած գրական ոճով, հենց ի՛ր ստեղծած գրական ոճով, միչև մարդիկ տեսնեն, թե սրանցից ո՛րն է լավը: Թող հանդուրժողություն լինի: Բայց.

Դրույթ 4. Երևանի բարբառին պիտի ա՛նպայման թույլատրություն ու նախապատվություն տրվի:

Թե չէ, մենք, «ներողամիտ-ներողամիտ, թույլ ենք տալիս», որ, օրինակ, Թումանյանը «Գաբո բիձու շերամապահության» լեզվով գրի, որովհետև ինքը հանճարեղ է, իսկ մնացածներին արգելում ենք, որ հետևեն Թումանյանին, որովհետև հանճարեղ չեն: Թումանյանի պես նոր հանճարի ծննդի հավանականությունն էլ, անծըպտուն, զրո է համարվում: Եկեք մտածենք.

Հարց 1. Թումանյանի ու Դեմիրճյանի հետևորդը լինելը սխալ ու անշնո՞րհք բան է: Եթե հայ գրողը Թումանյանի հետևորդը չպիտի լինի, բա ո՞ւմ հետևորդը դառնա, որ ճիշտ լինի:

Դրույթ 5. Մեր այսօրվա գրական ոճերը մեր այսօրվա մշակույթի ամենամեծ խոչընդոտներից մեկն են, եթե ոչ ամենագլխավորը:

Մեր կենդանի լեզվի ու մեր գրական ոճերի մեջ սրանց պես կարևոր տարբերություն թերևս շատ-շատ կա: Սրանք բոլորը միասին մեր գրական ոճերի պատկերը չափազա´նց են փոխում ու աղավաղում: Սրա պատճառով էլ.

Դրույթ 6. Մեր գրական ոճերն իրենց մայր բարբառ Երևանի բարբառից է՛լ, մեր մնացած բոլոր կենդանի բարբառներից է՛լ այնքա՛ն են տարբերվում, որ բարբառը կրողների համար մեր գրական ոճերը դառնում են համարյա ոչ հայերեն, դառնում են օտար:

Սրա գլխավոր պատճառներից մեկը թարգմանության տեսություն չունենալն է, չնայած այն հանգամանքին, որ հայ ազգը համարվում է թարգմանող ազգ ու նույնիսկ «Թարգմանչաց տոն» ունի:

Ռուս ուսյալները, օրինակ, 1930-ական թվերի ծանր տարիներին բաժանվեցին երկու բանակի, մոսկովյան ու լենինգրադյան բանակների, վիճելով, թե ո՞ր թարգմանությունն է ճիշտը, «ճշգրիտ բառացի» թարգմանությո՞ւնը, թե՞ բնագրի ոգուն հետևող «ազատ» թարգմանությունը:

Այս վեճը շատ թունդ էր ու երկար տևեց, ու հաղթողը Կորնեյ Չուկովսկու ու Սամուիլ Մարշակի ղեկավարած մոսկովյան խումբն էր, ինչի եզրակացությունը հետևյալն էր.

Աքսիոմ. «Ճշգրիտ բառացի» թարգմանություն կոչվածն ա´նպայման է տգեղ ու անընդունելի:

Դրույթ 7. Թարգմանը պիտի պարտադիր պահպանի բնագրի թե´ ձևի թարմությունը, թե´ ոգին ու, եթե բնագրի բովանդակությունը չի խաթարում, ամեն ինչով ազատ է:

(Տես [17]-ը):

Մեր այսօրվա հայ թարգմանական ավանդույթի (ավելի ճիշտ, Չավանդույթի) հիմնական թեզը դեռ այս «ճշգրիտ բառացի» թարգմանության պահանջն է, ինչը թերևս համատարած է, չնայած որ մեր թարգմաններին հարցնես, կասեն. «Չէէէ, ևն, ևն», բայց, սրան զուգահեռ, դեռ փորձում են հայերեն «թարգմանեն ռուսերենի ы տառով նշվող հնչյունը (sic! տես Արմեն Հովհաննիսյանի թարգմանած Սոլժենիցինի գործերը, որ տպվել են «Գարուն» ամսագրում):

Թարգմանական այս «հրեշներով ուղղակի լեցուն են մանավանդ հայերենի դըպրոցական դասագրքերը, ինչն ուղղակի մի կրթական աղետ է:

Ասվածը լրացնեմ մի աղյուսակով, ինչի ձախ սյունակում թարգմանական սխալ կամ աղավաղ ձևերն են, իսկ աջ սյունակում՝ հնարավոր ճիշտ ձեվերից մեկը կամ մի քանիսը: Պարզ է, որ այս աղյուսակն ո´չ սպառիչ է, ոչ է´լ վերջնական ու միարժեք:

Հայերենին խորթ ձևերը

Հնարավոր հայերեն ձևերը

ընդհանրապես

Առհասարակ; ընդհանուր առումով/առմամբ; մեծ մասով, մեծ մասամբ, ևն

այլապես

թե չէ

անմիջապես

իսկույն; վռազ; նույն պահին; նույն ակնթարթին; հենց էդ պահին ևն

ակնթարթաբար

վայրկենական; նույն վայրկյանին; նույն պահին; նույն ակնթարթին; հենց էտ պահին ևն

վայրկենաբար

վայրկենական; նույն վայրկյանին; նույն պահին; նույն ակնթարթին; հենց էդ պահին ևն

համառորեն

համառ; համառ-համառ; համառությամբ ևն

ակնհայտորեն

ակնհայտ; ակնհայտ է; ակնհայտ է, որ…; պարզ է; պարզ է, որ… ևն

սկզբունքորեն, տեսականորեն

սկզբունքով; սկզբունքով իսկ; հենց սկզբունքով; համաձայն; ըստ տեսության; ըստ էության; խիստ ասած; զուտ տեսությամբ ևն

հավանաբար=հավանորեն

հավանական է; հավանական է, որ… ևն

կատաղորեն

կատաղի; կատաղած; կատաղությամբ ևն

իսկապես

իրոք; ճիշտն ասած; ճիշտ որ ևն

փաստորեն

զրո (այսինքն, այս բառը հաճախ ավելորդ է); ըստ էության; ճիշտն ասած ևն

համեմատաբար

(սրա ևն) համեմատ; համեմատած

նույնաբար

էլ; նույն ձևով ևն

սաստկաբար

սաստիկ ևն

հիմարաբար

հիմար-հիմար; հիմարավարի; հիմարությամբ ևն

համեստաբար, համեստորեն

համեստ-համեստ

14.5 «ուզում եմ»-ը

Ասվեց, որ ըղձականով, ցանկություն արտահայտելիս, մեր գրական ոճերն այս «ուզում եմ» խոսքը զուգորդում են անորոշ դերբայի ուղղական անհոդ հոլովաձևին ու ասում են, օրինակ, «ուզում եմ խաղալ, ուզում ես խաղալ» ևն:

Այնինչ, Երևանի բարբառը (նաև «ում» ճյուղի բարբառները՝ ձևաբանական ոչ էական տարբերություններով), երբ սրա պես շարահյուսության կարիք է լինում, այս «ուզում եմ/ես/ա» ևն եղանակիչը զուգորդում է միմիայն բայերին ու ասում է. «ուզում եմ խաղաՄ, ուզում ես խաղաՍ, ուզում ա խաղԱ» ևն:

Գրական ոճերի այս «ուզում եմ խաղալ, ուզում ես խաղալ» ևն ձևերը, անկասկած, փոխառությո´ւն են, թարգմանական պատճեն կամ կալկա´ են, որ արևելահայերեն գրական ոճերը վերցրել են ռուսերեն հետևյալ ձևերից (կամ այս ձևերը կույր-կույր պատճենելով).

хочу играть, хочешь играть, хочет играть ևն,

պատճենելիս էլ սրանց անորոշ դերբայը, այս играть-ը, փոխարինելով հայերենի «խաղալ» անորոշ դերբայ-գոյականով:

Այս «ուզում եմ»-ը մտադրություն է արտահայտում (տես նաև 10-րդ գլուխը).

Ուզում եմ ֆուտբոլ (չ)խաղամ էսօր. տենամ կարա՞մ:

Ուզո՞ւմ ես ակուշկեքը լվաս էս շաբաթ, թե կարենաս:

Ուզում ա էտ գիրքը կարդա, թե որ ճարի:

Սրանք ճիշտ նման են անգլերենի շարունակական ապառնու ձևերից մեկին.

I am goning to play football, but I am not sure whether I can manage to.

Are you going to wash the windows this week?

He is going to read that book, if he finds it.

Մեր գրական ոճերն այս անգլերեն խոսքերը (կամ սրանց ռուսերեն ու այլ համարժեքները) թարգմանում են հետևյալ հայերեն մեռած, ուրեմն, անճիշտ խոսքերով, օրինակ.

Պատրաստվում եմ ֆուտբոլ խաղալ այսօր. տեսնեմ կկարողանա՞մ:

Պատրաստվո՞ւմ ես լուսամուտներն այս շաբաթ լվանալ, եթե հաջողվի:

Պատրաստվում է այդ գիրքը կարդալ, եթե ճարի:

Նույնիսկ այս գրական խոսքերից երևում է, որ ի´մ ասած «ուզում եմ»-ը իրոք եղանակիչ է, ու իր խոսքի բովանդակության լինելու կամ չլինելու հավանականությունն ունի, ու տարբեր է հետևյալ «ուզում եմ»-ից.

Մա՛մ, էտ կարտոշկից ես է՛լ եմ ուզում, ընձի է՛լ բեր:

Մա՛մ, կո՛մպ եմ ուզում, պապային ասա, թո ընձի մի հատ կոմպ առնի:

Սրանց միջի «ուզում եմ»-ը արդեն հաստատ պահանջ կամ պարտադրանք է, կամ իղձ-ցանկություն է, ու հավանականության ոչ մի իմաստ չունի:

Հնարավոր է, որ բարբառի «ուզում եմ»-ով ձևերը շաղկապ էլ ունենան՝ «ուզում եմ, որ խաղամ» ևն: Այս շաղկապը բարբառում հաճախ է պատահում: Սա «զարթնում» է, օրինակ, հարցական-կասկածական խոսքերում.

«ախր՝ ուզո՞ւմ եմ, որ խաղամ; խաղա՞մ (որ), թե՞ չխաղամ» ևն:

Գրականը շաղկապով համարյա չի հանդիպում, այսինքն, հետևյալ ձևերը չկան.

«ուզում եմ, որ խաղալ; ուզո՞ւմ ես, որ խաղալ» ևն (չնայած սրանց հետևյալ հարցական-խորհրդակցականները թերևս ավելի հաճախակի են, եթե անորոշ դերբայ-գոյականը հոդ ունենա. «ուզո՞ւմ եմ որ` խաղալԸ; ուզո՞ւմ ես որ` խաղալԸ»):

Այս հազվադեպությունը մի ապացույց է, որ այս գրական շտամպը հայաձև չի՝ նույնիսկ առանց «որ» շաղկապի:

Դրույթ 1. Երբեմն (շատ-շատ քիչ) Երևանի բարբառը գործածում է հետևյալ կաղապարը՝ «խաղա՛լ եմ ուզում», բայց համարյա միշտ դերբայ-անունը («խաղալ»-ը) ու «եմ» օժանդակը նախադաս ու դերբայը շեշտած:

Այս անգամ խոսողի մտքում անորոշ դերբայն իրոք է՛լ անուն է (տես [4]-ը, էջ 537-541]) ու սա հայոց լեզվում անուն լինելուց բացի ուրիշ ոչ մի ֆունկցիա չունի: (Արարատյան բարբառի մնացած խոսվածքներից մի քանիսն այս նախադաս ու շեշտած կաղապարներն ավելի հաճախ են գործածում):

Խոսողը սա շատ լավ է զգում ու այսպես ասելով՝ վարվում է ճիշտ, ոնց որ ասեր՝ «կա՛թ եմ ուզում» ևն: Ու խոսողը, համարյա երբեք, չի ասի՝ «ուզում եմ կա՛թ» կամ «կա´թ ուզում եմ» ևն:

(Խոսելը նոր սովորող մանուկները հաճախ ասում են՝ «կա՛թ ուզում եմ», բայց մեծերի խոսքի մեջ սա չի պատահում):

Սրա համար էլ խոսողը (Երևանի բարբառի կրողը) համարյա երբեք չի ասի՝ «ուզում եմ խաղալ», եթե ստիպված չի:

(Այսինքն, չի ասի, եթե «գրական իրավիճակում չի», դպրոցում, համալսարանում կամ միկրոֆոնի առաջ կամ ֆեյսբուքի «Մայրենի լեզվի դասեր» կամ մի ուրիշ լեզվաբանական-գրական խմբում չի: Խոսող ասելով՝ նկատի ունեմ բարբառի իսկական կրողին, օրինակ, փողոցում խաղացող երեխային):

Ուրեմն, «ուզում եմ խաղամ» տիպի խոսքերի մեջ «ուզում եմ» խոսքը եղանակիչ ԽՈՍՔ է (նախադասություն է) «պտի» ու «կ» եղանակիչների պես:

Այս խոսք-եղանակչին քիչ թե շատ մոտ են հետևյալ եղանակիչները.

միտք ունեմ (որ), մտադիր եմ (որ),

մտածում եմ (որ) (մի ինչ-որ բան անեմ),

փորձում եմ (որ), փորձ եմ անում (որ),

ձգտում եմ (որ), աշխատում եմ (որ),

ցանկանում եմ (որ), ցանկություն ունեմ (որ),

հրաժարվում եմ (որ), իղձ ունեմ (որ),

կամենում եմ (որ), նպատակ ունեմ ևն, ևն:

(Սրանցից ընդգծածները բարբառ կրողը համարյա երբեք չի գործածում):

Այսօրվա գրական ոճերը սրանցից բոլորից հետո էլ բայի տեղը անորոշ դերբայ են դնում, ինչը հայաձև չի, որովհետև հակառակ է ԼԳՕ-ին ու Երևանի բարբառի ինքնուրույն կարգին: Այսինքն.

Դրույթ 1. Հետևյալ ձևերը ԱՂԱՎԱՂ հայերեն են, ինչն ապացուցում են փակագծերի շաղկապները.

1. միտք ունեմ (որ) անել,

2. մտադրություն ունեմ (որ) անել,

3. փորձ եմ անում (որ) անել,

4. նպատակ ունեմ անել,

5. ցանկություն ունեմ (որ) անել,

6. իղձ ունեմ (որ) անել,

7. կամենում եմ (որ) անել, ևն, ևն:

8. մտադիր եմ (որ) անել,

9. փորձում եմ (որ) անել,

10. աշխատում եմ (որ) անել

11. ցանկանում եմ (որ) անել,

12. ձգտում եմ (որ) անել ևն

Դրույթ 2. 1-12 ձևերի հայերեն ամենագործածական ձևերն են.

1ա. միտք ունեմ (որ) անեմ,

2ա. մտադրություն ունեմ (որ) անեմ,

3ա. փորձ եմ անում (որ) անեմ,

4ա. նպատակ ունեմ անեմ,

5ա. ցանկություն ունեմ (որ) անեմ,

6ա. իղձ ունեմ (որ) անեմ,

7ա. կամենում եմ (որ) անեմ, ևն, ևն:

8ա. մտադիր եմ (որ) անեմ,

9ա. փորձում եմ (որ) անեմ,

10ա. աշխատում եմ (որ) անեմ

11ա. ցանկանում եմ (որ) անեմ,

12ա. ձգտում եմ (որ) անեմ ևն:

Այս 1ա-12ա բոլոր ձևերն էլ հայաձև են, ընդ որում, հայերենի ցրիվ կարգի մեջ հնարավոր են թե՛ շաղկապով, թե՛ առանց շաղկապի: Իհարկե, բանավոր խոսքը, մեծագույն մասով ու ըստ օրինի, գործածում է անշաղկապ ձևերը:

Սրանցից մի քանիսը ուրիշ ձևով էլ են գործածվում («ունեմ»-ով ու «անեմ»-ով ձևերը), օրինակ (տես նաև 10.1-ը).

մտադրություն/միտք/նպատակ/ցանկություն ունեմ մոտենալու;

փորձ եմ անում քանդելու/բացատրելու/կազմելու/աշխատելու ևն:

Սրանք իհարկե, հայերեն են, չնայած նախադաս դերբայով ձևերն ավելի նախընտրելի են (որովհետև կենդանի՛ են).

մոտենալու մտադրություն/միտք/նպատակ/ցանկություն ունեմ;

քանդելու/բացատրելու/կազմելու/աշխատելու փորձ եմ անում ևն:

Երբ գրական ոճերի մեջ այս ձևերի դերբայը հետադաս է ու առանց վերջնահար «-ու»-ի, այսինքն, հետևյալ ձևով է.

մտադրություն/միտք/նպատակ/ցանկություն ունեմ մոտենալ;

փորձ եմ անում քանդել,

այս անգամ սրանք, ոնց որ ասվեց, հայաձև չեն:

Սրանց «չհայերենության» մի ուրիշ ապացույցն էլ ա՛յն է, որ այս «գրական» ձևերը շրջելիս ստացվում է ակնհայտ անհեթեթություն.

մոտենալ մտադրություն/միտք/նպատակ/ցանկություն ունեմ;

քանդել փորձ եմ անում ևն:

Սրանց ոչ հայերենությունն ապացուցված է 10-րդ գլխում, տեղառքի ինվերսիայի կանոնով:

Ասվեց, որ Երևանի բարբառի ինքնուրույն կարգն ասում է. «ախր/տո» ուզո՞ւմ եմ (որ) խաղամ; տո/ախր ուզո՞ւմ ա (որ) գրի; ուզում ա՝ գրի, ուզում ա՝ չգրի» ևն: Առաջին երկուսի մեջ «որ» շաղկապն արթուն է:

Որ, օրինակ, «ուզում ա գրել»-ը հայերեն չի, երևում է վերջին օրինակի գլխավոր խոսքերի բայերը անորոշ դերբայով փոխարինելով ու դա լրացնելով մի գլխավոր խոսքով. «ուզում ա՝ գրել, ուզում ա՝ չգրել, մեկ ա, ոչ մի բան էլ չի կարող անել»:

Քանի որ հարցական-կասկածական-խորհրդակցական եղանակներում հնարավոր է, որ շաղկապը զարթնի, ճիշտ կլինի, որ հիշվի հետևյալ կանոնը:

Կանոն 2. («որ»-ի ու եղանակը փոխելունը, տես նաև 10.1-ը): Եթե ուզում եք պարզեք, օրինակ, «ուզում եմ» եղանակչի (ու սրա սինոնիմների) գործածության իրավացիությունը, եղանակչից հետո դրեք մի սազող շաղկապ, օրինակ, «որ» շաղկապը, կամ էլ մի սազող թարմատար, փոխելով խոսքի եղանակը, օրինակ, այդ խոսքը դարձրեք թեական կամ հարցական, կամ էլ այս էրկուսն իրար հետ:

Եթե այս շաղկապով օրինակներից առաջին երկուսի մեջ գլխավոր բայերը փոխեք դրանց անորոշ դերբայներով, իսկույն կզգացվի, որ դրանք հայերն չեն, օրինակ, «ուզո՞ւմ եմ որ խաղալ, տո ուզո՞ւմ է որ գրել»:

Դրույթ 3. Լեզվի Գլխավոր Օրենքից բխող անալոգիայի մեխանիզմն ու լեզվական երևույթների կուրության օրենքները Երևանի բարբառում այս տեսակ ոչ հայաձև խոսք չեն հանդուրժում:

Դրույթ 4. Անորոշ դերբայով «գրական» բոլոր ձևերն էլ ռուսերենի (կամ այլ լեզուների, մեկ-մեկ էլ՝ մեր գրաբարի) թարգմանական կալկաներն են ու ՀԱՅԱՁԵՒ ՉԵՆ:

Կանոն 3. (անորոշ դերբայն անունով փոխելունը, ինչն արդեն ասվել է 10.1-ում) Եթե ուզում եք պարզեք «ուզում եմ» եղանակչի (ու սրա սինոնիմների) հետ անորոշ դերբայի գործածության իրավացիությունը, այդ անորոշ դերբայ անունը փոխարինեք որևէ բուն անունով, օրինակ, «կատու» կամ «ծառ» անուններով ու հիշեք տեղառքի կանոնը, այսինքն, մտածեք, թե բարբառի կրողը դրա պես բան կասե՞ր:

Այս կետի ու հաջորդ երկու կետի պնդումների մի ապացույց էլ կբերեմ քիչ հետո:

14.6 «պտի»-ն հին օրերին

«պտի»-ն գրաբարյան շրջանում ուներ «պիտի» ձևն ու նշանակում էր՝ «պետք է» ու գործ էր ածվում անորոշ դերբայի հետ: Ահա օրինակները (տես [7], ԼՔՀԼ, IV Բ, էջ 132-134).

1. Բայց ի տեղի այսր ինձ դարձեալ գալ պիտի:

(Եղիշե. Այսինքն, «Բայց նորից այս տեղը գալԸ ինձ պետք է»):

2. Պիտի պատուել զնոսա:

(Այտն. 81. «Նրանց պատվելԸ պե՛տք է»):

պտի»-ն այս շրջանում ուրիշ իմաստ էլ ուներ, բայց այս շարադրանքի համար սա էական չի): Այս երկու օրինակի մեջ «գալ» անորոշ դերբայը ԱՆՈՒՆ է ու բայ չի: Այս խոսքի բայը հենց «պիտի»-ն է, ինչն այդ օրերին նշանակում էր՝ «պետք է, հարկավոր է, կարիքը կա» ևն):

Դրույթ 1. Եթե գրաբարը որոշյալ «ը» հոդն ունենար, այդ «ը»-ն իսկույն ու անվիճելի ցույց կտար այս «գալ» բառի գոյական լինելը, ինչպես որ այդ խոսքերի աշխարհաբար ի´մ թարգմանություններն են ցույց տալիս այդ գոյականությունը:

Երբեմն մեր գրական ոճերի ջատագովներն ասում են, թե իրենք «պիտի»-ն անորոշ դերբայի հետ գործ են ածում՝ հետևելով գրաբարի այս ու սրա պես օրինակներին, բայց սա ասողները մի փոքրիկ, բայց էական «մեղք են գործում», որովհետև.

Դրույթ 2. Գրաբարը այսօրվա իմաստով որոշյալ հոդ ասածը չուներ (ինչպես որ այսօր ռուսերենը հոդ չունի):

Հոդը, այսինքն, մեր այսօրվա «ը»-ն ու «ն»-ն, որ բառի վերջն ենք դնում, որ որոշակիություն արտահայտենք, հետո է առաջացել (Ըստ Աճառյանի, հոդը մեր հին գրականության մեջ պատահում է՝ սկսած 9-րդ դարից):

Պիտի միշտ հաշվի առնվի, որ.

Դրույթ 3. գրաբարից արվող թարգմանությունների բնագրերի գրաբար խոսքերի անհոդ թարգմանություններն այսօրվա Երեվանի բարբառի մեջ անհնար են, ուրեմն, նախ այս անհոդ ձևերով թարգմանությունները սխալ են, երկրորդն էլ՝ սրանք խորթ են Երևանի բարբառին (երևի մնացածներին էլ, այսինքն, խորթ են այսօրվա հայերենին):

Դրույթ 4. Չնայած գրական ոճերի «պիտի» ու «պետք է» եղանակիչների այս սխալ գործածությունների հիմնական աղբյուրը, իհարկե, ռուսերենից ապաշնորհ թարգմանությունների արդյունքն է, բայց գրաբարյան այս անհոդ գործածություններն էլ ամրացրել են այս թարգմանների ու սրանց ընթերցողների այն սխալ հավատը, թե այս անհոդ ձևերը հայաձև են:

Դրույթ 5. Աբեղյանն իր գրաբարից բերած օրինակներում ([3, էջ 302-303]) այս անհոդ անորոշ դերբայներն անծպտուն հենց գոյական է´լ համարում է, բայց այս գըրաբարյան անհոդ ձևերը հենց առանց հոդի է թարգմանում՝ այսօրվա գրական ոճերի ձևերով, ինչն այս անհոդ ձևերին «քաղաքացիության իրավունք» է տալիս ու այս, ըստ էության, աղավաղ ձևերի սխալ գործածությունն արդարացնում է:

Ուրեմն.

Դրույթ 6. «պիտի-պտի»-ն անհոդ անորոշ դերբայի հետ գործածելը թերևս հատուկ չի Երևանի այսօրվա բարբառին:

Չպիտի մոռացվի, որ.

Դրույթ 7. «պտի»-ն այսօր պակասավոր բայ է, կամ էլ իրավունք ունենք ասելու, թե այսօրվա «պտի»-ն մասնիկի դեր ունի լեզվի մեջ (ճիշտ ապառնի կազմելու «կ» մասնիկի պես):

Բայց.

Դրույթ 8. «պիտի»-ն, անկասկած, լրիվ բայ է՛ր, ինչի վկան սրա գրաբարից վկայված «պիտի, պիտէր, պիտեցաւ» ձևերն են:

Սրա մի ուրիշ ապացույցն էլ «պիտի»-ի խոնարհած ձևերն են Սունդուկյանի օրերի Թբիլիսիի բարբառում (նաև այսօրվա ուրիշ բարբառներում).

Ներկա

Անցյալ

պիտիմ սիրի

պիտէի սիրի

պիտիս սիրի

պիտէիր սիրի

պիտի սիրի

պիտէր սիրի

պիտինք սիրի

պիտէինք սիրի

պիտիք սիրի

պիտէիք սիրի

պիտին սիրի

պիտէին սիրի

Երևանի բարբառը (ու Արարատյան բարբառի խոսվածքները, առհասարակ) մինչև վերջերս էլ (այսինքն, մինչև 20-րդ դարի սկզբները, դեռ խոնարհում էին այս «պտեմ» բայը: Այս բայի բոլոր դեմքերն այս բարբառներում մեռան 20-րդ դարի առաջին քառորդում, ու այս բարբառներն այսօր ունեն միայն «պտի»-ով ձևերը:

Ներկա

Ներկա

Անցյալ

Անցյալ

նախադաս

հետադաս

նախադաս

հետադաս

պտի սիրէմ

սիրիլ պտիմ

պտի սիրի

սիրիլ պտիմ

պտի սիրայս

սիրիլ պտիս

պտի սիրիր

սիրիլ պտիր

պտի սիրի

սիրիլ պտի

պտի սիրէր

սիրիլ պտէր

պտի սիրայնք

սիրիլ պտինք

պտի սիրինք

սիրիլ պտինք

պտի սիրէք

սիրիլ պտիք

պտի սիրիք

սիրիլ պտիք

պտի սիրայն

սիրիլ պտին

պտի սիրին

սիրիլ պտին

Մեր բարբառները «պիտի» բայի՝ սրանց պես ու սրանից ավելի ճոխ գործածություն շատ ունեին ([7], ԼՔՀԼ, IV Ա, 134-153) ու թերևս հիմա էլ ունեն: Բերեմ մի հատված Աբեղյանից ([3], էջ 303, շեղատառն ու թավատառն ի´մն է).

«Նույն կերպ նաև մեր բարբառների մեջ սահմանական եղանակով հարկադրական եղանակի նշանակություն է արտահայտվում, երբ ասում են՝ ես պետք եմ գնալ, դու պետք ես գնալ, նա պետք է գնալ… կամ՝ ես պիտիմ գնալ, դու պիտիս գնալ, նա պիտի գնալ, մենք պիտինք գնալ… կամ «պիտիմ» բայի փոփոխությամբ՝ ես տեմ (=պտեմ) գնալ, դու տես գնալ, նա տի գնալ, մենք տենք գնալ, դուք տեք գնալ, նրանք տեն գնալ. կամ ետադաս՝ Ես գնալ տեմ, դու գնալ տես, նա գնալ տի և այլն: Այս բոլոր դեպքերում բայը սահմանական եղանակով է, թեպետ և ամբողջ խոսքերն իմաստով հարկադրական են ևն»:

14.7 Հարկադրականը (պիտիականը)

«Պիտի»-ն բարբառներում հաճախ է հասնում մասնիկի աստիճանին, օրինակ, «տ»-ին, ինչը երբեմն դրվում է «եմ» բայի ձևերի վրա, երբեմն էլ զուգորդվում է պրոցեսի բայերին, օրինակ, «խոսիլ տ’եմ, ասիլ տ’ես» ևն, կամ, ինչպես ասվեց, բայի դեմից. «տ’էթամ, տ’ասեմ» ևն:

Այս ձևերի մեջ խորթանալու վտանգ չկա, բայց երբ գրական ոճերը կապկում են գրաբարյան ձևերին ու «պիտի»-ն զուգորդում են գրաբարի անհոդ ինֆինիտիվին ու անհոդ ձևեր են կազմում, արդեն խորթություն է առաջանում:

Ասվեց, որ սա լինում է գրական ոճերում ու սա հայերենի ոգուն, այսինքն, ԼԳՕ-ին, հակառակ է: Մեր գրական ոճերը պիտի հիմնվեն Երևանի բարբառին, իսկ այս բարբառում «պտի»-ն երբեք չի զուգորդվում անորոշ դերբային:

Մեր գրական ոճերի կարևորության վիթխարիությունն էլ ակնհայտ է, քանզի սըրանց վրա է հիմնված են մեր ողջ կրթությունն ու գիտությունը, մեր ողջ մշակույթը:

Երևանի բարբառի նախորդ պարագրաֆում բերված նախադաս «սիրիլ»-ով ձևերը մեռան, ու անալոգիայի ընդհանուր մեխանիզմը, լեզվի բնական ընթացքով,

«պտի»-ի գործածությունը հասել է հետևյալ կանոնական պատկերին ու «պտի»-ն լրիվ դարձել է “կ» մասնիկի պես եղանակիչ.

Ներկա

Անցյալ

(չ)պտի (չ)սիրեմ

(չ)պտի (չ)սիրեի

(չ)պտի (չ)սիրես

(չ)պտի (չ)սիրեիր

(չ)պտի (չ)սիրի

(չ)պտի (չ)սիրեր

(չ)պտի (չ)սիրենք

(չ)պտի (չ)սիրեինք

(չ)պտի (չ)սիրեք

(չ)պտի (չ)սիրեիք

(չ)պտի (չ)սիրեն

(չ)պտի (չ)սիրեին

Գրական ոճերն այս ձևերը համարում են անթույլատրելի ու սրանք փոխարինում են միայն մի հատ ձևով՝ «պետք է սիրել» անհոդ ձևով:

Բայց երբ մեր գրական ոճերն ասում են. «պիտի խաղալ» սա ոչ միայն «պետք ա խաղալ»-ի իմաստը չունի, այլև հույժ աղավաղ հայերեն է: Իրոք, քանի որ «պիտի»-ն արդեն կորցրել է իր բայականությունն ու.

Դրույթ 1. «պտի+անորոշ դերբայի ուղղական հոլովաձևը» անընդունելի է Երեվանի այսօրվա բարբառում, որովհետև այսօր այս «պտի»-ն բայաստեղծ զուգորդական մասնիկ է, ճիշտ «կ»-ի պես: Ուրեմն, «պտի անել, պտի խոսել» ձևերը նույնքան են անընդունելի ու «չհայերեն», ինչքան որ այս «պտի»-ին տեղառքով փոխարինած «կ»-ով ձևերը, «կտանել, կխոսել» անհնար ձևերը:

Կնշանակի, այս անհոդ անորոշ դերբայներով խոսքերը հայերեն չեն, որովհետև հակառակ են Երևանի բարբառին, այսինքն, հակառակ են Լեզվի Գլխավոր Օրենքին ու այս բարբառի ինքնուրույն ցրիվ կարգին կամ պրոցեսին:

Տեղառքի մի ուրիշ կանոնով էլ ապացուցենք, որ սրանք հայերեն չեն: Ապացույցի համար «խաղալ» դերբայ-անունը տեղակալենք մի «սովորական» բուն անունով, օրինակ, «կատու»-ով.

պտի կատու, կամ պետք ա կատու:

Սրանցից առաջինը՝ «պտի կատու»-ն, ակնհայտ հայաձև խոսք չի, ինչն իսկույն ապացուցվում է մի երկրորդ տեղառքով, այս «պտի»-ն «կ»-ով տեղառք անելով, ինչը տալիս է «կկատու» ձևը, իսկ սա հայերենի լեզվական պրոցեսում ուղղակի անհնար է:

Իսկ սրանցից երկրորդն «անհաջող» հայերեն է, որովհետև կենդանի հայերենը, համարյա միշտ, գործածում է սրա շրջած ու անունը շեշտած ձևը.

– Ի՞նչ ա պետք:

– Կատո´ւ յա պետք:

Բարբառը համարյա երբեք չի ասում.

– Ի՞նչ պետք ա:

– Կատո´ւ պետք ա:

Դրույթ 2. Երևանի բարբառն ասում է. «պտի խաղամ; պտի նստեմ» ևն, իսկ «պետք ա» խոսքը գործածում է կա՛մ կարճ պատասխանի համար, կա՛մ էլ «պետք ա»-ից առաջ մի ուղիղ խնդիր է դնում՝ թե՛ գոյական, թե՛ դերբայ (նաև անորոշ), թե՛ ածական (նաև թվական, ինչն իհարկե՝ ածական է):

Իսկ.

Դրույթ 3. Երբ «պետք ա» խոսքի ենթական հետադաս է, սովորական է, որ այս ենթական որոշյալ հոդով լինի, իսկ բառ-ստորոգյալը՝ շեշտած լինի, օրինակ, պե՛տք ա կաթը/խաղալը/կարմիրը/հինգը/խոսողը/նստածը ևն:

Իսկ.

Դրույթ 4. Երբ այս խոսքի ենթական նախադաս է, հնարավոր է խնդրի թե՛ որոշյալ, թե՛ անհոդ ձևը, օրինակ, խաղալ(ը) պե՛տք ա ևն, ընդ որում՝ ենթակային հաջորդող դադարը կամ ինտոնացիայի վայրէջքն այս անգամ ավելի երկար է, իսկ «պետք»-ի շեշտն ավելի զորավոր է, օրինակ, խաղալն ա՛նպայման ա պետք ևն:

Դրույթ 5. Հնարավոր է նաև, որ դերբայն անհոդ լինի, բայց այս անգամ շեշտն անցնում է դերբային, օրինակ, խաղա՛լ ա պետք ևն, ու օժանդակ բայն էլ նախադաս է «պետք»-ին:

Դրույթ 6. Բարբառն ունի նաև «չեզոք», կրավորական ձևերը. պտի խոսվի, պտի խաղացվի ևն, նաև հետևյալ ձևերը. խաղալու կարիք(ը) կա, նստելու պետք(ը) կա ևն:

Դրույթ 7. Երբ գրական ոճերը վերջին «խաղալու կարիք կա»-ի պես ձևերը շրջում ու այս «կարիք»-ը նախադաս են դնում, ու դերբայը վերջնահար, «-ու»-ն էլ չեն դնում, հաճախ գործածում են ոչ հայերեն՝ «ռուսատիպ» սխալ ձևերը. «կարիք կա խաղալ, պետք կա/ա նստել», փխնկ. «կարիք կա խաղալու, պետք կա նստելու» ճիշտ ձևերի:

Իրոք, ինվերսելով առաջին ձևերը, ստանում ենք հայերենին հաստատ խորթ ձևեր, օրինակ, խաղալ կարիք կա, նստել պետք կա:

Ուրեմն, «պտի»-ն (կամ «պետք ա»-ն) այս տեսակ գործածության ժամանակ) եղանակիչ է: Այս եղանակիչներին իմաստով շատ մոտ են հետևյալ «հոմանիշ» եղանակիչները.

ստիպված (չ)եմ-(չ)ես-(չի)է-(չ)ենք-(չ)եք-(չ)են;

պարտավոր (չ)եմ-(չ)ես-(չի)է-(չ)ենք-(չ)եք-(չ)են;

հարկադրված (չ)եմ-(չ)ես-(չի)է-(չ)ենք-(չ)եք-(չ)են;

կարիք (չ)կա; կարիք (չ)ունեմ-(չ)ունես-(չ)ունի-(չ)ունենք-(չ)ունեք-(չ)ունեն;

անհրաժեշտ (չ)է, անհրաժեշտություն (չ)կա, հարկ է-չկա) ևն, ևն:

Գրական ոճերը այս բոլոր եղանակիչների հետ հաճախ գործածում են անորոշ դերբայի ուղղական հոլովը, ինչը հայաձև չի: Այսինքն.

Դրույթ 7. ՀԱՅԱՁԵՒ ՉԵՆ հետևյալ ձևերը (ինչն իսկույն երևում է, երբ ինվերսում ենք, այսինքն, «խաղալ» դերբայը բերում ենք եղանակիչ բայի դեմը).

ստիպված (չ)եմ/(չ)ես/(չի)ա/(չ)ենք/(չ)ենք/(չ)են խաղալ;

պարտավոր (չ)եմ/(չ)ես/(չի)ա/(չ)ենք/(չ)ենք/(չ)են խաղալ;

հարկադրված (չ)եմ/(չ)ես/(չի)/ա/(չ)ենք/(չ)ենք/(չ)են խաղալ;

կարիք (չ)կա խաղալ; կարիք (չ)ունեմ խաղալ;

անհրաժեշտ (չի)/ա խաղալ; անհրաժեշտություն (չ)կա խաղալ,

հարկ է/չկա խաղալ ևն, ևն:

Դրույթ 8. Սրանցից առաջին երեքի հայաձև միակ հնարավոր ձևերն են (բերված են միայն ներկա եզակիները).

Ստիպված (չ)եմ/(չ)ես/(չի)/ա խաղամ/խաղաս/խաղա

Պարտավոր (չ)եմ/(չ)ես/(չի)ա խաղամ/խաղաս/խաղա

Հարկադրված (չ)եմ/(չ)ես/(չի)ա խաղամ/խաղաս/խաղա

Մնացած 5 ձևի համար կա երեք հնարավոր ձև:

Դրույթ 9. Անբնական (մեռած, «քիչ» հայերեն) ձևն է՝ կարիք (չ)կա խաղալու; կարիք (չ)ունեմ խաղալու; անհրաժեշտ (չի)ա խաղալը; անհրաժեշտություն (չը)կա խաղալու; հարկ (չ)է խաղալը; հարկ (չ)կա խաղալու:

Դրույթ 10. Երկրորդ հայերեն ձևն է՝ խաղալու կարիք(ը) (չ)կա; խաղալու կարիք(ը) (չ)ունեմ; անհրաժեշտ (չի)/ա խաղալը; խաղալու անհրաժեշտություն (չը)կա; խաղալու հարկ կա-չկա ևն, ևն:

Դրույթ 11. Երրորդ կենդանի ու լրիվ հայերեն ձևն է՝ կարիք (չ)կա (որ) խաղամ; կարիք (չ)ունեմ (որ) խաղամ; անհրաժեշտ է/չի խաղալը; անհրաժեշտություն (չ)կա (որ) խաղամ; հարկ է/չի (որ) խաղամ ևն, ևն:

Իհարկե, ես բոլոր հնարավոր եղանակիչները չեմ բերել (ոնց որ չեմ բերել բոլոր ժամանակային ձևերը), բայց սրանց գործածության ճիշտ ձևերը պիտի որ հուշեն սա կարդացողին, թե ամեն մի կոնկրետ դեպքում ի՛նչ ու ո՛նց անի, մանավանդ եթե հայերեն լեզուն կարդացողի մայրենի լեզուն է (բարբառն է):

Ու կարդացողը պիտի հիշի, որ.

Դրույթ 12. Գրական ոճերը երբեք մայրենի լեզու չեն:

Այս դրույթը պիտի ասվի հենց դպրոցից:

14.8 «կարամ» եղանակիչը

Եթե «ուզում եմ»-ի խոսք-եղանակիչ լինելու մասին հնարավոր է, որ կասկած լինի (ինչը, ինչպես տեսանք, անհիմն է), «կարամ»-ը Երևանի բարբառի ինքնուրույն ցրիվ կարգի մեջ անկասկած եղանակիչ է, բայց ոչ թե «պտի»-ի ու «կ»-ի պես եղանակիչ մասնիկ է, այլ եղանակիչ խոսք է, որովհետև ամեն մի բայ ինքնին, խոսք է:

Դրույթ 1. «կարամ»-ը առանց գլխավոր խոսքի (ստորոգող բայի) չի գործածվում: (Բացի կարճ պատասխանները, երբ գլխավոր խոսքը սղված է: Օրինակ, «հա՛, կարամ, խի՞ չեմ կարա»):

Այս բայի մասին խոսակցությունն այնքան կարևոր է ապացուցելու համար, որ մեր գրական ոճերը շատ հաճախ հայաձև չեն, ու այսօրվա հորինովի քերականությունները լեզվական երևույթի ճիշտ ու սխալը ջոկելու ոչ մի օբյեկտիվ չափանիշ չունեն այդ ոճերը շտկելո´ւ համար, որ այս շարադրանքը, ստիպված, պիտի երկար լինի:

Նախ, այս եղանակչի պատմության մասին:

Գրաբարը գործածում էր մի կարևոր արմատ՝ «կար» արմատը (սա չպիտի շըփոթվի «կամ» = «գոյություն ունեմ»-ի անցյալ կատարյալի եզակի երրորդ դեմքի հետ, տես ՀԱԲ, «*կար» հոդվածը): Այս «կար»-ը նշանակում էր.

1. ուժ, կարողություն, 2. Սաստկություն, շատություն, 3. Հնարավորություն; կար նաև՝ «կարել = կարենալ», «կարաւոր = ուժեղ» կամ «զորավոր», «կարաւորագույն = հզորագույն, կարություն = կարողություն=ունակություն» կամ «զորություն», «կարի = շատ» կամ «սաստիկ» կամ «հույժ», «անկար = անհնար(ին)», «կարելի = հնարավոր, անկարելի = անհնար(ին)», «կարևոր = ուժեղ» կամ «զորավոր» կամ «սաստիկ» կամ «շատ» ևն:

Այս շարադրանքի համար մանավանդ կարևոր է «կարող» դերբայը:

Ուրեմն, դերբայներից «կարող»-ը նշանակում էր. կարողություն կամ ուժ ու զորություն ունեցող, ընդունակ, ի վիճակի (լինող), ի զորու (լինող) ևն:

Դրույթ 2. Հայերենով շատ ճիշտ ասում ու գրում էին (մեկ-մեկ հիմա էլ են հազվադեպ, բայց ճիշտ ասում ու գրում). (րնդ)ունակ (չ)եմ (չ)անելու, ի վիճակի (չ)եմ (չ)քայլելու, ի զորու (չ)եմ (չ)խոսելու ևն, այսինքն. (չ)անելու ունակություն (չ)ունեմ, (չը)քայլելու կարողություն (չ)ունեմ, (չ)խոսելու զորություն (չ)ունեմ ևն:

Իմիջիայլոց, այս վերջին՝ բացատրական ձևերն ապացուցում են, որ երբ «անելու, քայլելու, խոսելու» սեռական ձևերի տեղը դնում են ուղղականները՝ «անել, քայլել, խոսել» ձևերը, հայի պես չեն գրում, այսինքն.

Դրույթ 3. Հետևյալ ձևերը ՀԱՅԱՁԵՒ ՉԵՆ. (րնդ)ունակ եմ անել, ի վիճակի եմ քայլել, ի զորու չեմ խոսել ևն, քանի որ «կարող»-ը այսօրվա գրական ոճերի մեջ լրիվ համարժեք է. (ընդ)ունակ, զորություն ունեցող, հնար(ավորություն) ունեցող, ի վիճակի լինող, ի զորու լինող ու սրանց պես կապակցություններին:

Դրույթ 4. Ուրեմն, եթե բարբառն այս վերևի այս թավատառ ձևերը գործածեր, անալոգիայի (կամ լեզվական երևույթների կուրության) մեխանիզմով՝ «կարող»-ն էլ պիտի սրանց պես գործածեր. «կարող եմ անելու, կարող եմ քայլելու, կարող չեմ խոսելու» ևն, ոնց որ գրական ոճերն են մեկ-մեկ հնաձև ասում. «անկարող եմ (չ)անելու ((չ)քայլելու, (չ)խոսելու», ևն:

Դրույթ 5. Բայց Երևանի բարբառի ինքնուրույն ցրիվ կարգը «կարող»-ի այս «կարող եմ անելու, կարող եմ քայլելու, կարող չեմ խոսելու» կիրառությունը չունի:

Դրույթ 6. Ուրեմն, չնայած այս «կարող եմ անելու, կարող եմ քայլելու, կարող չեմ խոսելու» ձևերը ճիշտ ԷԻՆ, բայց այլևս ճիշտ ՉԵՆ, որովետև արխայիկ են, մեռած են:

Դրույթ 7. Այսինքն, այս «կարող եմ անելու, կարող եմ քայլելու, կարող չեմ խոսելու» ձեվերը ճիշտ կլինեին միայն գրական ոճերի մեջ, բայց անհնար է, որ գրական ոճերն այս մեռած ձևերը նորից գործածեն:

Որ այս վերջին ձևերը մի ժամանակ ճիշտ էին, ապացուցում են հետևյալ ձևերը.

«երգելու (ան)ընդունակ մարդ, կռվելու (ան)ընդունակ, հաղթելու զորություն (չ)ունեցող մարդ»:

Ակնհայտ է, որ ոչ ոք չի ասում.

«երգել (ան)ընդունակ մարդ, կռվել անընդունակ մարդ, հաղթել զորություն չունեցող մարդ» ևն:

Դրույթ 8. Ուրեմն, այս «կարող եմ անել, չես կարող խաղալ, կարող է երգել, չենք կարող քայլել» ևն ձևերն ու սրանց պեսերն ԱՂԱՎԱՂ հայերեն են (սրանք, անխտիր, ռուսերենի ու օտար լեզուների ու մեկ-մեկ էլ՝ գրաբարյան սխալ ձևերի կալկաներն են), իսկ հայերեն արխայիկ ձևերին. «կարող եմ անելու, չես կարող խաղալու, կարող է երգելու, չենք կարող խաղալու», հարություն տալու ոչ մի հնար չկա:

14.9 «կարամ»-ը ո՞րտեղից է

Գրաբարյան շրջանում «կարամ»-ի ձևը «կարեմ»-ն էր ([8], ՀԱԲ), ու «կարեմ»-ի միջի այս «ե»-ձայնը, դարձավ «ա» (երևի, որ կարողություն ցույց տվող «կարեմ»-ը չխառնվի կար ու ձևի «կարեմ»-ին, բայց ո՞վ իմանա):

«Կարամ»-ի ինձ հայտնի միակ «մեղքը» սա՛ է:

Տեսանք, որ բառերի գրաբարյան ձևերի համեմատ, այսօրվա բառերից շատերն են ձևով փոխվել ու շատ անգամ էլ՝ դարձել են անճանաչելի:

Օրինակ, մի 1600 տարի առաջվա հայերը մեր այսօրվա «գդալ»-ին (իր գթալ-քթալ այսօրվա արտասանությամբ) ասում էին «տարգալ», իսկ իրենց այն օրերի «վեշտասան, երկոտասան, հնգետասան» բառերին այսօր ասում ենք. տաս(նը)վեց, տաս(ն)էրկու(ս), տասնըհինգ ևն:

Մեր այսօրվա լեզվաբանությունն այս վերջիններն ու այսօրվա «գդալ»-ը սխալ չի համարում, այնինչ, «կարամ»-ն ու «կարենամ»-ը համարում է թունդ սխալ ու «էթամ»-ի, «խի՞»-ի ու «էսի/էտի/էնի»-ի պես «գռեհիկ ու փողոցային»:

Բայց մեր այսօրվա լեզվաբանության «տրամաբանության տարօրինակությունը» սրանով չի սահմանափակվում:

Ուրեմն, այսօրվա լեզվաբանությունը «կարամ»-ը հայտարարում է անթույլատըրելի «բոբո», բայց «կարամ»-ի նույն «կար» արմատից լիքը բառ համարում է ընդունելի ու «չքնաղ», օրինակ.

«տկար, տկարություն, անկար, անկարելի, ապիկար, կարելի, կարևոր, կարող, կարողություն, անկարող»:

(Ոնց որ, իմիջիայլոց, «էթամ»-ի արմատից կազմած մի քանի բառն են համարում չքնաղ, չնայած՝ «էթամ»-ն է՛լի համարվում է բոբո: Ահա այդ «չքնաղ» բառերը.

«երթ, երթուղի, երթևեկ, երթևեկություն, շքերթ, չվերթ, ուղերթ» ևն):

Սա դեռ ի˜նչ: Մեր առաջվա ու հիմիկվա հյուսիսյանները, «կարամ»-ը գրական ոճերից վռնդելուց հետո, շվարած միտք արին. «Բա հմի ո՞նց ասենք, օրինակ, «կարամ էթամ, կարամ խաղամ, չեմ կարա խաղամ, կարում եմ էթամ» կամ «կկարենայի» ևն»:

Ու մերոնք վերցրին «կարամ»-ի ենթակայական դերբայը՝ «կարող»-ը, ինչը, չգիտես ինչու, իրենց աչքին բոլորովին է՛լ գռեհիկ ու փողոցային չէր ու այսօր էլ չի ու, ընդօրինակելով ռուսերենի могу идти, могу играть, не могу играть ու սրանց պես ուրիշ ձևերը, «ստեղծեցին» հայերենին օտար հետևյալ ձևերը (իհարկե, հետեվելով ռուսների «լեզվամտածողությանը», ոնց որ կասեին մեր մաքրամոլները).

«կարող եմ գնալ; կարող եմ խաղալ; չեմ կարող խաղալ» ևն:

Ո՞նց է վարվել բարբառը, այսինքն, բարբառի´ ինքնուրույն ու ցրիվ կարգը:

Հայերենի ինքնուրույն կարգը պահել է այս բառի թեթևակի հնչունափոխ հնագույն սահմանականի ձևերը. «կարամ, կարաս, կարա, կարանք, կարաք, կարան» (ե>ա փոփոխությունով, «կարեմ>կարամ» ևն) ու սրանք անխտիր գործածում է նախ ապառնու «կարելիական» եղանակը կազմելու համար.

«կարամ (չ)անեմ; կարաս (չ)անես; կարա (չ)անի; կարանք (չ)անենք; կարաք (չ)անեք; կարան (չ)անեն»:

Հետո էլ՝ կա նաև սրան զուգահեռ ձև՝ այսօրվա սահմանականով.

«կարո՛ւմ եմ (չ)անեմ; կարո՛ւմ ես (չ)անես; կարո՛ւմ ա (չ)անի; կարո՛ւմ ենք (չ)անենք; կարո՛ւմ եք (չ)անեք; կարո՛ւմ են (չ)անեն»:

Հետաքրքիր է, որ առաջին (այսինքն, հին սահմանականով) ձևերի «կարամ»-ը ժխտականներում արդեն լրի´վ է մասնագիտացել բոլոր դեմքերի համար ու դարձել է միակերպ (անփոփոխ) եղանակիչ, «կարա» ձևով.

չեմ կարա (չ)անեմ; չես կարա (չ)անես; չի կարա (չ)անի;

չենք կարա (չ)անենք; չեք կարա (չ)անեք; չեն կարա (չ)անեն;

չէի կարա (չ)անեմ; չէիր կարա (չ)անես; չէր կարա (չ)անի;

չէինք կարա (չ)անենք; չէիք կարա (չ)անեք; չէին կարա (չ)անեն,

համարյա նույն ձևով, ոնց որ «պիտի»-ն, ինչը մի ժամանակ լրիվ (finite) բայ էր (սահմանափակ կամ պակասավոր չէր) ու, ինչպես ասվել է, ուներ «պիտիմ, պիտէս, պիտի» ևն ձևերը: (Այս բոլոր ձևերը մեռան ու մնաց միայն «պիտի-պտի»-ն):

Կան նաև այս ձևերի հարցական-կասկածական-խորհրդակցական ձևերը, թե՛ շաղկապով, թե՛ առանց շաղկապ.

կարա՞մ (որ) (չ)անեմ ևն; կարո՞ւմ եմ (որ) (չ)անեմ ևն; չե՞մ կարա (որ) (չ)անեմ ևն:

Կա նաև սահմանականի մի ուրիշ զուգահեռ (շարունակական, աորիստին հակադիր) ձև «կարենում եմ անեմ, կարենում ես անես, կկարենամ, կկարենայի» ևն: Սրա գործածությունն ավելի հազվադեպ է: Կան նաև ըղձական ու «կ»-ական ձևերը՝ «կարենամ-կկարենամ» ևն

«կարամ»-ի կարիքն զգացել են նույնիսկ մեր գրական ոճերի ջատագովները, ովքեր այս գոյության այս «կարամ»-ական ոլորտն «անտեր չթողնելու համար» հորինել են «կարողանամ»-ի պես լեզվական հրեշը (տես հաջորդ պարագրաֆը):

14.10 «կարող ա»-ն է՛լ է եղանակիչ

Նախ «կարող» ենթակայականի մասին:

Դրույթ 1. «կարող» ենթակայական դերբայը Երևանի այսօրվա բարբառում ունի միայն մի գործածություն: «կարող» դերբայը գործածվում է միայն «ա» օժանդակ բայի հետ՝ «կարող ա» ձևով.

կարող ա (չ)գամ; կարող ա (չ)գաս; կարող ա (չ)գա;

կարող ա (չ)գայի; կարող ա (չ)գայիր; կարող ա (չ)գար;

կարող ա (չ)կարդանք; կարող ա (չ)կարդաք; կարող ա (չ)կարդան;

կարող ա (չ)կարդայինք; կարող ա (չ)կարդայիք; կարող ա (չ)կարդային ևն, ևն:

Ուրեմն.

Դրույթ 2. Երևանի այսօրվա բարբառի «կարող ա» խոսքը մի կատարյալ եղանակիչ է, «պտի»-ի պես ձևով անփոփոխ, ու սա արդեն կորցրել է իր «խոսքայնությունը», ճիշտ «պտի»-ի կամ «հարկ է»-ի պես: «կարող ա» եղանակիչը Երևանի բարբառում նշանակում է. երևի, գուցե, թերևս, հնարավոր է ևն, ու սրանց մեջ «կարող» դերբայը չի նշանակում «(ընդ)ունակ, ի զորու, ի վիճակի, զորություն ունեցող»:

Դրույթ 3. Ուրեմն, Երևանի բարբառի պրոցեսային ինքնուրույն ու ցրիվ կարգը (ուրիշներինն էլ) գործածում է «կարամ»-ը, «կարում եմ»-ը, «կարենամ»-ն ու «կարող»-ը ու այս չորսով «կարում ա» թե՛ «կարելիական», թե՛ «երևիական-գուցեական» եղանակի ամեն ինչ էլ արտահայտի, հեշտ ու հանգիստ: Այս ձևերն առաջացել են ինքնուրույն ու բնական ու ա´նկասկած են հայերեն:

Մոտ դար ու կես առաջ Հյուսիսյանները ու սրանց հետևից էլ՝ մեր «գրական» ողջ հանրությունը «կարամ»-ի այս ձևերն ու «կարող ա»-ն անծպտուն հայտարարեցին գռեհիկ կամ, ինչպես Մ. Նալբանդյանն էր ասում, «անազնիվ, ոչ ազնվական»: Հետո, կապկելով ռուսերենին, մեր գրական ոճերում կարելիականի համապատասխան եղանակիչների փոխարեն վերցրին «կարող եմ, կարող ես, կարող է, կարող ենք, կարող եք, կարող են» ևն ձևերը իբր կարելիականի (հնարավորի) համար:

Դրույթ 4. Մեր գրական ոճերի այս «կարող է»-ն բարբառի «կարող ա»-ից լրի՛վ է տարբեր, որովհետև բարբառինը, ինչպես ասվեց, նշանակում է՝ «երևի, գուցե», իսկ այս գրական «կարող է»-ն, մեծ մասամբ, նշանակում է՝ «ունակ է»: Այսինքն, գրական ոճերի «կարող է»-ն համարժեք է Երևանի բարբառի «կարա»-ին ու ոչ թե «կարող ա»-ին:

Ուրեմն, գրական ոճերի կարծիքով «կարամ-կարենամ» բայերը «գռեհիկ ու անազնիվ» էին, իսկ սրանց արմատից կազմած «կարող» ենթակայական դերբայը՝ «ազնվական»:

Ինչո՞ւ: Այս հարցը նրբավար պատասխան չունի:

Բայց «կարում եմ»-ի փոխարինողն էլ էր պետք: Դրա համար էլ «կարող»-ին ավելացրին «-անալ» ստորադասական դարձնող մասնիկը ու սարքեցին.

կարողանում եմ/ես/է/ենք/եք/են; կարողանամ, կարողանաս, կարողանա; կարողանանք, կարողանաք, կարողանան ևն արհեստական ու հույժ անբնական բայերը (նաև սրանց ժխտականներն ու ժամանակային մնացած ձևերը):

Դրույթ 5. Այս «կարողանամ» հույժ արհեստական բայը, հակառակ անալոգիայի օրենքի, հակառակ ֆլուկտուացիայի ընդհանրանալու կուրության օրենքի, մեր գրական ոճերի ՄԻԱԿ ԲԱՅՆ Է, ԻՆՉԸ ԿԱԶՄՎԱԾ Է ԵՆԹԱԿԱՅԱԿԱՆ ԴԵՐԲԱՅԻՑ, «-անամ» մասնիկով:

(Այս միակությունը, մինչև (1992-ին) իմ ասելը, մեր լեզվաբաններից ոչ մեկը չէր նկատել: Աբեղյանն իր ՀԼՏ-ի մեջ, էջ 310, ասում է, թե «{հայերենի միջին շրջանում} Կարող եմ բայի ստորադասականը լրանում է … կարողանալ բայով (sic!)…»:

(Սա, իմ կարծիքով, խիստ է անհավանական ու պիտի ստուգվի, ինչը թերևս անհնար է, որովհետև միջին հայերենով աշխարհիկ տեքստ համարյա չենք ունեցել (եթե չհաշվենք երեք նշանավոր աշխարհիկ գործի թարգմանությունը):

(Եթե նույնիսկ սա ճիշտ է, միևնույնն է, Երևանի այսօրվա բարբառում «կարողանամ» ըղձականը (կամ ստորադասականը) չկա, սրա տեղը գործածվում է «կարենամ»-ը: Իմիջիայլոց, «կարումեմ»-ի գոյությունը նման է «ում» ճյուղի բարբառային «գիտումեմ-գյուդումեմ»-ի գոյությանը ու նույնքա´ն է անբացատրելի թըվում):

Դրույթ 6. Ենթակայական դերբայից բայ սարքելու այս ձևը, այս «կարողանամ» «խոսողանամ, ասողանամ, ծիծաղողանամ» ևն լեզվական հրեշների պես «բայ» սարքելու այս մարդկային ու ոչ թե բնական էվոլյուցիայով ծրագիրը, չի ընդհանրանում, չի տարածվում: Ուրեմն, սա հայերենին հատուկ չի ու հայաձև չի:

Տեղառքի կանոնով ապացուցենք որ ասված «կարողանամ»-ային ձևերը հայերենին հատուկ չեն ու հայաձև չեն ու որ մեր գրական ոճերի այս արհեստական «հայերեն» խոսքերը, իրոք, Չուկովսկու ասած լեզվական հրեշներից են: Սրա համար «կարողանամ»-ի պես մի քանի այս տեսակ արհեստական «բայ» էլ սարքեմ ու այս «բայ» կոչածներով մի երկու բան ասեմ.

Երբ սովածացողանում եմ, հենց ուզողանում եմ, իսկույն մտնողանում եմ ճաշարան, ու եթե կարողանում եմ ու փող եմ ունեցողանում, ու ճաշն էլ լավն է լինողանում, մի կուշտ ուտողանում եմ ու հեռացողանում եմ:

Ամեն օր գնացողանում եմ Սունդուկյանի թատրոնն ու նստողանում եմ դահլիճում, նայողանում ու լսողանում եմ դերասաններին ու ուրախացողանում ու հիացողանում եմ, հետո դուրս եմ գալացողանում ու նստողանում եմ տաքսի ու դարձողանում եմ տուն ու քնողանում եմ:

Բա սրանք հնարավո՞ր են, բա սրանք հայերե՞ն են:

Իհարկե, բոլորն էլ կասեն, որ սրանք հնարավոր է՛լ չեն, հայերեն է՛լ չեն, հայաձև է´լ չեն: Բայց երբ այս բառային հրեշներից միայն մեկն ենք պահում, պահում ենք միայն «կարողանամ»-ն ու սրա «բայական» մյուս ձևերը, ի՞նչ է, սրանք դադարո՞ւմ են լեզվական հրեշ լինելուց ու դառնում են «պուպուշ» ու հնարավո՞ր, ու նաև հայերե՞ն:

(Լրիվ ուրիշ վիճակ կլիներ, թե որ այս լեզվական հրեշները տարածվեին բարբառի մեջ ու դառնային լեզուն կրողների սեփականությունը, ընդհանրանային ու դառնային բարբառի գործածական բառ:

(Այս անգամ արդեն սրանք կդադարեին լեզվական հրեշ լինելուց, ու կդառնային լրիվ հայերեն, որովհետև սրանք կդառնային հայերի´ բառերը, հայերի´ խոսքերը: Բայց արդեն 150 տարուց ավել է, ինչ չեն դառնում, ինչ էլ որ անում են հյուսիսյանների մեր այսօրվա հետևորդները: Չեն դառնում ու չե՛ն դառնում):

Էլի նույն հարցն եմ տալիս:

Մեր «քերականների» ա՛յ է՛ս արածների մեջ կա՞ տրամաբանության գոնե մի փշուր:

Ախր, ի վերջո, ի՞նչն է խանգարում, որ հայավարի ասենք.

կարամ (չ)էթամ, կարաս (չ)խաղաս, կարա (չ)խոսա;

կարանք (չ)խմենք, կարաք (չ)գաք, կարան (չ)մտնեն,

կարում եմ (չ)լսեմ, կարում ես (չ)երգես, կարում է (չ)երգի,

չեմ կարում (չ)էթամ, չես կարում (չ)խաղաս, չի կարում (չ)խոսա,

չենք կարա (չ)խմենք, չեք կարա (չ)գաք, չեն կարա (չ)մտնեն ևն,

մանավանդ, որ «էթամ»-ն էլ է բնիկ հայերեն բառ, ու այս բոլոր խոսքերն էլ առաջացել են հայերեն լեզվի բնական ընթացքով ու կենդանի են ու խիստ գործածական, իսկ գրական ոճերի ոչ հայերեն ձևերը ժողովրդի մեծագույն մասը իր առօրյայում չի գործածում:

Ու նորից՝ բա ճիշտ չե՞մ, երբ ասում եմ, որ մեր այսօրվա լեզվաբանությունն իր ասածների ճիշտն ու սխալը որոշող ոչ մի գիտական չափանիշ չունի, ու սրա համար էլ մեր այսօրվա լեզվաբանությունը գիտություն չի, որովհետև իսկական գիտությունն առանց իր ասածների ճիշտ ու սխալը որոշելու մի չափանիշի՝ անհնար է, չի՛ լինում:

Դրույթ 7. Մեր այսօրվա քերականությունները չեն կարա պատասխանեն, թե վերի «-ողանամ» ձևերից ինչո՞ւ է միայն «կարողանամ»-ը ճիշտ, չեն կարա պատասխանեն, թե ինչու սրա պես սարքած այս «ուտողանամ, խմողանամ, նստողանամ, ուրախացողանամ, երգողանամ» ու ուրիշ ձևերը ճիշտ չեն ու չեն ընդհանրանում:

Ու այս հետաբեղյան քերականությունները չեն պատասխանում նաև ա՛յն հարցին, թե ինչու են, օրինակ, «էթամ»-ը, «խի՞»-ն, «էս»-ն ու «էսի»-ն սխալ, չնայած բնիկ հայերեն են:

Չեն կարա պատասխանեն, որովհետև լեզվական երևույթի ճիշտ ու սխալը ջոկելու ոչ մի գիտական չափանիշ չունեն: Իսկ Լեզվի Գլխավոր Օրենքը, ԼԳՕ-ն, այսինքն, լեզվի բուն էությունը, այս բոլոր «-ողանամ» ձևերը անխտիր է մերժում, քանի որ սրանք հայերեն չեն:

14.11 «պիտի» ու «կարող եմ» «խաղալ»-ը հայաձև չեն

Հիմա էլ վերցնենք «պիտի խաղալ» խոսքը ու նույն ձևով դերբայը տեղակալենք (օրինակ) «դդում» անունով. «պիտի դդում»:

Սա էլ հայաձև չի, ինչպես որ հայաձև չի նաև «կդդում»-ը, որովհետև սրանք ոչ մի կենդանի բարբառում չկա,, ու այսօրվա ոչ մի հայը սրանք չի ասում:

Վերցնենք «ուզում եմ խաղալ» խոսքն ու նույն բանը նորից անենք. «ուզում եմ դդում»:

Սա հայերեն է, որովհետև այսօրվա հայը, չնայած հազվադեպ, բայց ասում է՝ «ուզում եմ խաղալ; ուզում եմ դդում»: Իսկ ա՛յ, «դդո´ւմ եմ ուզում»-ն արդեն ստանդարտ (ուրեմն, լավ) հայերեն է, որովհետև համարյա բոլոր հայերը կասեն «դդո՛ւմ եմ ուզում»:

Ուրեմն, անառարկելի է, որ.

Դրույթ 1. «կարող եմ/ես/է/ենք/եք/են խաղալ; կարողանում եմ/ես/է/ենք/եք /են խաղալ; պիտի խաղալ խոսքերն ու սրանց պեսերը Երևանի բարբառի մեջ չկան ու թերևս չկան հայերենի պրոցեսների ոչ մի ինքնուրույն կարգի մեջ, ուրեմն, հակառակ են լեզվի գլխավոր օրենքին, այսինքն, հայերեն լեզվի էությունը:

Նշեմ «կարող ա»-ին մոտ կամ համարժեք մի քանի եղանակիչ ևս.

կարելի է, անկարելի է, ի վիճակի է, ի զորու է, անկարող է ևն:

Մեր գրական ոճերը սրանք դնում են անորոշ դերբայների վրա ու իբր հայերեն խոսք են կազմում. օրինակ.

կարելի է խաղալ, անկարելի է խաղալ,

ի վիճակի է խաղալ, ի զորու է խաղալ,

կարող է խաղալ, անկարող է խաղալ ևն:

Բայց սրանց ոչ հայերենությունը, ուրեմն, նաև անհնարինությունը, կերևա, եթե տեղառք անենք.

կարելի ա ոզնի, անկարելի ա ոզնի,

ի վիճակի ա թոնիր, ի զորու ա թոնիր,

կարող ա փշատ, անկարող ա փշատ ևն:

Այս պարագրաֆն ամփոփենք տեղառքի ևս մի կանոնի գործադրությամբ:

ՏԵՂԱՌՔԻ ԿԱՆՈՆ-Ապացույց. Քանի որ ըղձական բայերին զուգորդվող «կ» ու «պտի» մասնիկների զուգորդությունները փոխտեղակալելի են (օրինակ, կխաղամ; պտիխաղամ), «կխաղալ» զուգորդության անհնարությունն ապացուցում է թերևս նաև «պտի խաղալ» զուգորդության անհնարությունը:

Այնինչ, այս մասնիկների զուգորդությունները բայական «խաղամ» ձևին, այսինքըն, «կխաղամ»-ն ու «պտի խաղամ»-ը, ապացուցում են, որ այս երկուսն էլ ճիշտ են:

14.12 Ուրիշ եղանակիչների սխալ գործածությունը

Նախորդ պարագրաֆներում քննարկած «պտի, ուզում եմ, կարող եմ, կարող ա, կարամ» եղանակիչներից բացի կան ուրիշ եղանակիչներ էլ, որոնց հետ, ռուսերենին ընդօրինակելով, մեր գրական ոճերը գլխավոր բայի փոխարեն անորոշ դերբայ են դնում: Ահա դրանց օրինակները, ու սրանք բոլորն էլ ՀԱՅԱՁև ՉԵՆ. «հարմար է ասել, անհարմար է ասել, տեղին է ասել, շուտ է ասել, ուշ է ասել, հեշտ է ասել, դժվար է ասել» ևն (նույնը ժխտականների համար):

Այս ձևերը հայաձև չեն, որովհետև չկան բարբառի պրոցեսի ինքնուրույն ու ցրիվ կարգի մեջ: Հայերեն լեզվում անորոշ դերբայը անուն է, ուրեմն, կարա լինի բառ-ենթակա: Իսկ.

Դրույթ 1. Բառ-ենթական հայերեն լեզվում լինում է բային թե՛ հետադաս, թե´ նախադաս:

Օրինակ. «հարմար է գործը, գործը հարմար է, հարմար չի գործը, գործը հարմար չի» ևն (սրա պես էլ բոլոր օրինակները):

Բայց եթե վերի ոչ հայերեն օրինակում դերբայ-անունը դնենք նախադաս (ինվերսիա անենք) կամ էլ տեղառքի կանոնով դերբայ անունները փոխարինենք «սովորական» անհոդ անուններով, իսկույն կհամոզվենք, որ սրանք հայաձև չեն.

«ասել հարմար է, ասել անհարմար է, ասել տեղին է, ասել անտեղի է, ասել շուտ է, ասել ուշ է, ասել հեշտ է, ասել դժվար է» ևն:

Դրույթ 2. Հայաձև են ՄԻԱՅՆ ՀՈԴՈՎ ՁԵՒԵՐԸ. «ասելը հարմար է, ասելը անհարմար է, ասելը տեղին է, ասելը անտեղի է, ասելը շուտ է, ասելը ուշ է, ասելը հեշտ է, ասելը դժվար է» ևն:

Ու սրանք իհա´րկե շրջելի են. «հարմար է ասելը, անհարմար է ասելը, տեղին է ասելը, անտեղի է ասելը, շուտ է ասելը, ուշ է ասելը, հեշտ է ասելը, դժվար է ասելը» ևն:

Կա եղանակիչների մի ուրիշ խումբ, որոնց հետ դերբայը, հոդով լինի, թե ոչ, արդեն լրի´վ է անհնար, քանի որ սրանց թե՛ շրջած ձևերն են անհնար, թե՛ այդ ձևերը, որոհետև սրանք չկան բարբառի ինքնուրույն կարգի մեջ: Ահա դրանք (այս ոչ հայերեն ու սխալ ձևերը).

«վախենում եմ ասել, հրաժարվում եմ ասել, ամաչում եմ ասել, դժվարանում եմ ասել, համարձակվում եմ ասել»:

Սրանց ինվերսած ձևերն իսկո´ւյն են ցույց տալիս, որ սրանք սխալ են ու հայաձև չեն (անորոշը հոդո´վ լինի, թե անհոդ). «ասել վախենում եմ, ասել հրաժարվում եմ, ասել ամաչում եմ, ասել դժվարանում եմ, ասել համարձակվում եմ» ևն:

Ահա սրանց ճիշտ ձևերը. «վախենում եմ՝ ասեմ, հրաժարվում եմ ասեմ, ամաչում եմ՝ ասեմ, դժվարանում եմ՝ ասեմ, համարձակվում եմ՝ ասեմ» ևն:

Ահա նաև հայերեն ուրիշ ձևեր, որոնք եղանակիչների այս խումբը բաժանում են երկու ենթախմբի.

1) վախենում եմ ասելուց, հրաժարվում եմ ասելուց,

2) համարձակվում եմ ասեմ, դժվարանում եմ ասեմ, ամաչում եմ ասեմ,

առաջինը՝ ճիշտ «վախենում եմ քամուց»-ի պես է: (Թվում է, թե սրանցից «դժվարանում եմ ասեմ»-ը զուգահեռ ու համարժեք ձև էլ ունի, «դժվարանում եմ ասելուց»-ը, բայց հնարավոր է, որ այս երկրորդը ուրիշ իմաստ ունենա, օրինակ, «ասելուց՝ կակազում եմ» ևն):

Քննարկենք «սկսեմ»-ը: Այս բայը հաճախ մի անուն է վերցնում իրեն խնդիր. «սկսե՛մ գործը, սկսո՛ւմ եմ գործը» ևն: Ուրեմն պիտի լինեն (ու կան) հետևյալ ձևերը, որոնց մեջ բուն անունը տեղակալած է դերբայ-անունով. «սկսե՛մ կարդալը, սկսո՛ւմ եմ կարդալը, կարդալը սկսե՛մ, կարդալը սկսո՛ւմ եմ» ևն:

Տեղառքի կանոնը նորից կիրառենք: Ենթադրենք, ուզում եմ պարզեմ՝ հայաձե՞վ են արդյոք «սկսեմ կարդալ, սկսում եմ կարդալ» ու սրա պես ձևերը: Սրա համար «կարդալ» անհոդ դերբայ-անունը տեղակալում եմ սրան անալոգ էլի ԱՆՀՈԴ որևէ բուն անունով, օրինակ, «գործ»-ով, «սկսեմ գործ, սկսում եմ գործ» ևն:

Սրանք իսկույն հուշում են, որ բարբառի ինքնուրույն ցրիվ կարգի մեջ կա´ն շըրջած ձևերը. «գո՛րծ սկսեմ, գո՛րծ եմ սկսում», (որոնք շեշտած են): Ուրեմն, տեղառքի կանոնի համաձայն՝ պիտի լինեն հետևյալ ձևերը. «կարդա՛լ սկսեմ, կարդա՛լ եմ սկսում»:

Համոզվելու համար, որ այս ձևերն իրոք կան ինքնուրույն կարգի մեջ, իհարկե, պիտի դիտենք միայն և միայն կենդանի լեզուն, որովհետև.

Դրույթ 3. Լեզվի տեսությունը (ինչքան էլ տրամաբանական լինի սա) ոչ մի արժեք չունի, եթե լեզվական պրոցեսի ինքնուրույն դիֆուզվող ու ցրիվ կարգը, այսինքն, կենդանի բարբառը, ուրեմն, հենց ինքը բնությունը, չի հաստատում այդ տեսությունը:

Իսկ այս ձևերն իրո՛ք կան բարբառում:

Այնուամենայնիվ, դիմենք մեկ ուրիշ՝ բավական մասնավոր կանոնի (ինչը նույնպես բխում է ինքնուրույն ու ցրիվ կարգի պրոցեսից, այսինքն, ԼԳՕ-ից):

Հիշենք տեղառքի հետևյալ կանոնը. Բայի իբր ըղձական ձևերն ստուգիր հարցական-կասկածական-խորհրդակցական ձևերով կամ էլ «ը» հոդ ու (հաճախ) շաղկապ ու թարմատար ներմուծելով:

Այս կանոնի հետևյալ կիրառությունները. «կարդալն սկսե՞լը (որ), թե՞ չսկսելը ևն; կարդալն սկսե՞լը, տո» ևն, ցույց են տալիս, որ սրանք անբնական են ու թերևս «կիսատ-պռատ», ու հուշում են նաև, որ ավելի ընտիր են հետևյալ բայական ձևերը. «կարդալն սկսեմ-սկսում եմ»:

Ինչ վերաբերում է հետևյալ գրական ձևերին. «պտի սկսել, կարող եմ սկսել, կարողանում եմ սկսել, ուզում եմ սկսել» ևն, ևն, սրանք մերժելի են, ինչի մասին արդեն մանրամասն ասվել է:

Շարքային ուսյալը լեզվաբան չի, սրա համար էլ պիտի նկատի ունենա հետևյալը.

Դրույթ 4. Լեզուն բնական պրոցես է, իսկ բնական ամեն մի պրոցեսի ճիշտ ու սխալը պարզելիս՝ միշտ է՛լ վերջին խոսքը բնությա՛նն է, այսինքն, բարբառի՛նն է, այսինքըն՝ լեզվական ինքնուրույն ու ցրիվ կարգինն է:

Ուրեմն.

Դրույթ 5. Եթե գրածիդ հայաձևությանը կասկածում ես, գրածդ պիտի ստուգես տեղառքո´վ, այսինքն, դիմելով Երևանի բարբառին:

Վեցերորդ մասը

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՐԱԿԱՆ ՈՃԵՐԸ

Գլուխ 15. Ի՞ՆՉ Է ԱՇԽԱՐՀԱԲԱՐԸ

15.1 Աշխարհաբարը Աճառյանի կարծիքով

Մեր մեծանուն լեզվաբան Մանուկ Աբեղյանը, երբեմն խրատում հորդորում է, որ ջահել լեզվաբաններն ուսումնասիրեն՝ դիտեն մեր «ժողովրդական լեզուն», այսինքըն, դիտեն մեր բարբառների լեզվական կենդանի´ զուգորդությունները, դիտեն մեր բարբառների լեզվական կենդանի´ պրոցեսները, բարբառների ինքնուրույն ու ցրիվ կենդանի´ կարգերը:

Բայց պիտի շեշտվի, որ, ինչպես այս շարադրանքն է ցույց տվել.

Դրույթ 1. Թե´ Հ. Աճառյանը, թե´ Մ. Աբեղյանը, թե´ մեր մնացած բոլոր ուսյալները, մեր այս նոր գրական ոճերի հիմնադրվելու օրերից, երբևէ չեն հետևել Աբեղյանի այս խորհրդին ու, Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ու Մոսկվայի «Հյուսիսափայլ» ամսագրի 1858 թվի հրատարակության օրերից մինչև այսօր, ասելով «աշխարհաբար լեզու», փոխանակ նկատի ունենային Աբեղյանի ասած «ժողովրդական լեզուն», նըկատի ունեն միմիայն մեր գրական արհեստական ու աղավաղ ոճերը, որոնք իրականում իրենց մայր բարբառից շեղված ու, ըստ էության, աղավաղ հայերեն են ու չունեն իսկական լեզվի բոլոր հատկությունները:

Բացի սա, թե´ Մ. Աբեղյանը, թե´ մանավանդ Հր. Աճառյանը (ով ստուգաբան էր ու պատմահամեմատական մեթոդի գերազանց մասնագետ) գուցե գիտեին, որ.

Դրույթ 2. Երբ երկու բարբառ (կամ խոսվածք) «բախվում են» իրար, դրանցից մեկն անխուսափ մեռնում է:

Ուրեմն, երկուսն էլ երևի գիտեին, որ.

Դրույթ 3. Հնարավոր չի, որ երկու կամ ավել բարբառներից կազմվի կամ մոնտաժվի մի նոր լեզու, որովհետև այդ բարբառները մոնտաժելու կամ իրար կցմցելու գիտական որևէ ձև կամ մեթոդ չկա:

Բայց այս անգամ երկուսն էլ պիտի իմանային, որ մարդու ձեռով մոնտաժած լեզուն մեռած կլինի հենց սկզբից, եթե սա ունի իրեն զուգահեռ կենդանի տարբերակը:

Երկուսն էլ, իրենց իսկ ասելով, հարգել ու ընդունել են բարբառները: Ահա թե ինչ է ասում Աճառյանը (ԼՔՀԼ, Ներածություն, էջ 252, հատածները, մեծատառը, թավատառն ու շեղատառն իմն է).

«Մի ձև՝ որ գործածական է ժողովրդի բարձր խավերում՝ մտավորականների, պետական գործիչների և նմանների մոտ, հենց դրանով էլ մեզ համար {ավելի} գեղեցիկ է երևում, քան այն ձևը, որ գործածական է ռամիկի և գյուղացու («անկիրթի» – ՄՀ) բերանում:

«Մի ժամանակ հայերենը հենց հայերից շատերին թվում էր նվազ գեղեցիկ ու նվազ քաղցրահնչուն, քան ռուսերենը, որովհետև ռուսներն ավելի մեծ, ավելի հզոր ու ավելի քաղաքակիրթ էին, ինչպես որ ռուսերենն էլ ռուս ազնվականներին թվում էր նվազ գեղեցիկ ու նվազ ախորժալուր, քան ֆրանսերենը, որովհետև ռուս օտարամոլ ազնվականները ֆրանսիացիներին ռուսներից ավելի կուլտուրական ժողովուրդ էին համարում»:

{Այս առիթով ինձ մի հարց է տանջում. մեզանից շատերը մեր, մեծ մասամբ, ուղղակի անընդունելի ու աղավաղ գրական «լեզուն» համարում են չափազանց «գեղեցիկ» ու չափազանց «ախորժալուր» ու նույնիսկ «անաղարտ ու ոսկեղենիկ»:

{Արդյոք սա այն պատճառով չի՞, որ այդ մարդիկ (այսինքն, մեզնից շատը), մեր ուսյալներին, ուրեմն, առաջին հերթին՝ հենց իրենց, համարում են «չափազանց կուլտուրական» ժողովուրդ (թե՞ պիտի ասեի՝ «մշակութային ժողովուրդ»), իսկ մնացածներին՝ գռեհիկ: Ասում են. «Փետն էրկու ծեր ունի»: Սա այդ փայտի մյուս ծայրը չի՞:

{Շարունակենք ու նորից ասենք, որ Աճառյանը նույն գրքի 140-րդ էջում ասում է}.

«Բարբառները բոլորն էլ իրար հավասար են, բայց հենց որ դրանցից մեկը իշխանության գլուխ անցավ, սկսում է տիրել անհավասարության զգացմունքը: Խոսողներն իրենք են սկսում արհամարել իրենց լեզուն {բարբառը} ու այն զգում են ստորին աստիճանի վրա:

«Սկսում է տիրել այն ՍԽԱԼ կարծիքը, թե բարբառը մայրաքաղաքի լեզվից արժանիքով ու պատվով ցածր է, կամ էլ տիրող գրական լեզվի հետին ու աղավաղված ծընունդն է:

«Լեզվաբանի համար բոլոր բարբառներն էլ ներկայացնում են մի տիպի շարունակական ձևափոխությունները: Լեզուն ու նաև գրական լեզուն էլ՝ բարբառներից մեկն է {ընդգծածներն ի՛մն են}, և հաճախ ավելի ուշ կազմված, քան մի ուրիշ բարբառ:

«ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է բարբառներից մեկը մյուսին ստորադաս համարելը: Որևէ լեզվի պետական լինելը (քաղաքական պատիվը) կամ ճոխ գրականությամբ մշակված լինելը (գրական պատիվը) արժեք չունի գիտության համար: Արդի բոլոր լեզուներն էլ մի ժամանակ բարբառ էին մի ուրիշ՝ այս կամ այն ավելի հին լեզվի, իսկ հին լեզուները նույնպես բարբառ էին զանազան մայր լեզուների և այլն»:

Ճիշտն ասած, այս հատվածից երևում է, որ Հր. Աճառյանը չպիտի էլ նկատեր գրական ոճերի սխալները, որովհետև կարծում էր, թե «գրական լեզուն էլ բարբառներից մեկն է», այսինքն, առաջացել է մշակութային էվոլյուցիայի (ո´չ գենային կամ ո´չ դարվինյան) անգիտակից ու ընտրության զորությամբ:

Հ. Զ. Պետրոսյանի «Հայերենագիտական բառարանը» [էջ 49] սա բացահայտ է ասում.

«Աշխարհաբարը {այսինքն, մեր գրքերի ոճերը} հայոց լեզվի զարգացման փուլերից (վիճակներից) մեկն է, միջին հայերենին հաջորդող շրջանի լեզուն. կազմավորվել է միջին հայերենի խոսակցական տարբերակների հետագա էվոլյուցիայով {այսինքն, որակական աստիճանական անցումով}»:

Ինչպես արդեն տեսանք, սա ճիշտ չի.

Դրույթ 4. Գրական «լեզու» կոչվածը միշտ էլ ստեղծվել է «մի հարվածով», միանգամից, երբ որ մեկնումեկը մի ծավալուն ու հեղինակավոր գործ է գրել որևէ բարբառով:

Հայերի առաջին գրական «լեզուն» մի հարվածով «ստեղծեց» Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ, հենց այբուբենը ստեղծելուց հետո, թարգմանելով Ս. Գիրքն ու սրանով գրանցելով այն օրերի Արարատյան բարբառի Վաղարշապատ քաղաքի խոսվածքը, ու հետն էլ մի քիչ աղավաղելով այս խոսվածքը:

(Արդեն տեսել ենք (13.26-ում), որ Մաշտոցի հենց առաջին հայերեն խոսքը հայաձև չի, այսինքն, որ Մաշտոցի գրած հանրահայտ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» անբայ խոսքը հայաձև չի, ու եթե սա Մաշտոցի հորդորը կամ խրատը լիներ, Մաշտոցի գրածի տեղը այն օրերի հայերենը կասեր (օրինակ) «Ծանի´ր զիմաստութիւն և զխրատ, իմա´ զբանս հանճարոյ»:

Դրույթ 5. Մաշտոցն ու իր աշակերտներն իրենց գրանցած այն օրերի Արարատյան գրավոր բարբառը թերևս աղավաղում էին հունարենից արած բազում քերականական կլիշեով, երբ իրենց այս նորաստեղծ «գրավոր լեզուն» լրացնում էին պակասող բառերի «թարգմանություններով» ու փոխառություններով, ու մի քիչ էլ՝ «հունարենի ոճերով»:

Դրույթ 6. Մաշտոցի խմբի գրանցած լեզուն հետո ահավոր աղավաղեցին մեր հունաբան ու լատինաբան հեղինակները (տես՝ հետո, Հավելված 1-ը, Հայերի հավերժական գրապայքարը):

Մեր չորրորդ գրական «լեզուն» ստեղծեց Խ. Աբովյանը, էլի մի հարվածով, ու էլի՝ գրանցելով Արարատյան բարբառի ամենամեծ ներկայացուցչին՝ Երևանի բարբառը, ինչը հետո, Աբովյանին իբր ուղղելով, աղավաղեցին մեր հյուսիսյանները՝ Ս. Նազարյանի ու Մ. Նալբանդյանի ու սրանց հետևորդների «թեթև ձեռով» ու հակագիտական ու հակագեղարվեստական հորդորներով:

Իտալացիների «երկրորդ» գրական «լեզուն» ստեղծվեց իրենց գրաբարից (դասական լատիներենից) հրաժարվելով, երբ Դանթեն իր «Աստվածային կատակերգությունը» երկով «մի հարվածով» գրանցեց Տոսկանական բարբառի Ֆլորենցիա քաղաքի խոսվածքը, ու Պետրարկան ու Բոկաչոն էլ հետևեցին իրեն, մեկը՝ չափածոյով, մյուսը՝ արձակով:

Նույն ձևով, անգլիացիները «մի հարվածով» գրանցել են Լոնդոնի խոսվածքը, ֆըրանսիացիները՝ «մի հարվածով» Փարիզինը, իսկ ռուսներն էլ՝ «մի հարվածով» գրանցել են Մոսկվայինը, իսկ գերման Ուլֆիլաս քահանան թարգմանել է «Աստվածաշունչը» (գոթերենով ու, իմիջիայլոց, Մաշտոցից ահագին առաջ) ևն, ևն:

Ասել եմ արդեն, որ գրական «լեզու» կոչվածը գրական ոճերի կույտ է միայն, ինչը զուրկ է կենդանի լեզվի ամենաէական հատկություններից՝ բանավոր փոխանցելիությունից ու անալոգիայի հարատև գործող մեխանիզմից, ու որ սրանով խոսող մի գյուղ անգամ չկա ողջ աշխարհում:

Բայց միևնույնն է, զարմանալի է, որ Հր. Աճառյանն ու Աբեղյանը սա չեն իմացել:

(Այո´, սա չի իմացել նաև Մանուկ Աբեղյանը, ով իր ՀԼՏ-ում ասում է, թե «պետք է սպասենք ու տեսնենք, թե գրական ոճերի մեջ «էրկու-երկու, էփել-եփել»-ու պես զուգաձևերից ո´րը կհաղթի» (տես հետո) ու ով նաև մի քանի անգամ հայտարարում է իր այս գործի մեջ, թե գրական «լեզու» կոչվածը լեզո´ւ է, ու որ, ի վերջո, բոլո´ր հայերն են գրական այս «լեզվով» խոսելու):

Հույժ տարօրինակ է նաև, որ շատ մարդ (մանավանդ՝ մերոնք) Երևանի բարբառն աղավաղելուն ասում են «լեզու մշակել»: Ուրեմն.

Դրույթ 7. Նույնիսկ Աճառյանն ու Աբեղյանը իրենց ֆունդամենտալ աշխատությունների մեջ «հայոց լեզու» ասելով համարյա միշտ նկատի ունեն մեր գրական ոճերը (իրենց ասելով՝ «աշխարհաբարը»):

Բայց մեր գրական ոճերն ահավոր անհամասեռ են ու իրենց մեջ ունեն օտար լեզուներից, հայերենի տարբեր բարբառներից ու գրաբարից արած վիթխարի քանակով թե՛ բառային ու ձևաբանական, թե´ շարահյուսական անհարկի փոխառություն: Ուրեմն.

Դրույթ 8. Անհնար է, որ գրական ոճերն ուսումնասիրելով, որևէ կոնկրետ լեզվի քերականությունը անխաթար բացահայտվի:

Ահա, օրինակ, Աճառյանն ինչ տարօրինակ բան է ասում ([7], ԼՔՀԼ, III, էջ 240).

«Ինձ պատահել է հաճախ լսել վեճ այն մասին, թե այսինչ բառը հոգնակի՞ ունի {հարցական նշանը պիտի լինի «ունի»-ի վրա}: Օր. կարելի՞ է ասել շոգիներ, ձյուներ, գինիներ, անձրևներ, տաքեր և այլն. ինչո՞ւ չէ: Ահա օրինակներ սրանց համար»:

Թվում է, թե Աճառյանը հիմա օրինակներ է բերելու կենդանի լեզվից, օրինակ, Արարատյան բարբառից: Բայց թե´ Աճառյանի սեփական ոճը, թե´ իր բերած բոլոր օրինակներն էլ գրական ոճերից են, ու բոլորն էլ սխալ հայերեն են, որովհետև բարբառներն այդպես չեն ասում: Շարունակում եմ քաղվածքը՝ շեղելով ու թավացնելով սխալ հոգնակիները [ib.].

«Թեյատան մեջ շարված էին երեք մեծ ինքնաեռներ (սա հակասում է հայերենի թվական-գոյական զույգի օրենքներին} և նրանց շոգիները (կամ գոլորշիները) ամպի նման բարձրանում էին դեպի սևացած առաստաղը»:

«Գնում էր նա՝ տապալվելով ձյուների մեջ (պոլսահայ բարբառով էլ ասվում է՝ «ձյուներու պես ճերմակ» {հավատալու չի, որ պոլսահայ բարբառն այսպես ասած լինի, «ձյուն» բառն այս բարբառում էլ է եզակի}: Ռուսինյանի կազմած տոմարում առաջին ամսանունն է «ձիւներ», որին հաջորդում են «սառներ, մրրկեր»:

«Թեյին ջուրը արդեն …սամավարին մեջ կեփի և շոգիներ դուրս կուտա (Քոսեան, Բարձր Հայք. է, Վիեննա, 1925, էջ 367)»:

Ասքանից հետո Աճառյանն անում է հետևյալ սխալ եզրակացությունը, ինչից երեվում է, որ ինքը գաղափար անգամ չունի, որ այսօրվա հայերենների օրենքն ասում է, որ հայերենի թվական-գոյական զույգի գոյականը պարտադի´ր է եզակի:

Այս հատվածը նաև ցույց է տալիս, որ Աճառյանը խախտում է Սոսյուրի պարտադիր համարած լեզվաբանական այն մեթոդոլոգիան (տես 6-րդ գլուխը), որ.

Դրույթ 6. Անթույլատրելի է, որ լեզվաբանի լեզվաբանական քննության նյութը լինի գրականությունը:

Սոսյուրն ասում է, որ լեզվաբանը պիտի պարտադիր ուսումնասիրի միմիայն կենդանի´ լեզուն, միմիայն խոսվածքը:

Ահա մի օրինակ էլ Աճառյանից [ԼՔՀԼ, IV Ա, 63]. «Նա այսօր չէր կարող սկսած գործին ընթացք տալ» (Սիրաս, Չգրված օրենք, 303), ու սա էլ տեղնուտեղը իբր ուղղում է. «Պետք է լինի «չէր կարողանում»»…, այնինչ, Աճառյանը չպիտի գործածեր «կարողանամ»-ի պես լեզվական հրեշն ու պիտի վստահեր ոչ թե հյուսիսյաններին, այլ Երևանի բարբառին, ինչը երևի ասեր. «Ինքն էսօր չէր կարում/կարենում գործն սկսեր»:

Ու քիչ հետո էլ համակատար թերբառով բայերի (իբր աորիստին հակադիր, այսինքն, շարունակական) օրինակներ է բերում. «ուտելիս եմ; խոսելիս եմ; ուտելիս էի; խոսելիս էի», որոնք Երևանի այսօրվա բարբառում անհուսալի´ են մեռած:

Եթե ինչ-որ մի գրող գործածում է այս մեռած ձևերը (ինչի իրավունքն ամեն մարդ էլ ունի), սա իր գործն է: Բայց սրանք այդ գրողի ոճի մեջ, այսօրվա հայերենի տեսանկյունից, օտարիզմ կլինեն, իսկ «օտարիզմի համար քերականություն չեն հորինում» (տես քիչ հետո):

Չեն հորինում, նույնիսկ եթե այդ օտար բանը հայերենի մի ուրիշ վիճակից են վերցրել, բայց նկարագրվող բարբառի տվյալ «պահի» ինքնուրույն կարգի մեջ չկա:

Ասվել է, որ սրանցով, այս «-իս»-ով ձևերից կենդանի է միայն երեք անկատար թերբառ, որոնք զուգորդում են «եմ» բայի ձևերին ու կազմում են այսօրվա սահմանականը. «գալիս եմ; լալիս եմ; տալիս եմ»:

Իսկ մնացածները փոխարինվել են կամ անորոշ դերբայի բացառական հոլովաձևով, ինչն արդեն անկատար թերբառ չի, այլ գոյական է, որովհետև «եմ» բայի ձևերի հետ այսօր թերևս չի գործածվում, այսինքն, բարբառը չի ասում. «ուտելուց եմ; խոսելուց եմ; գալուց էի; լալուց էի; տալուց էի»:

Բարբառը սրանք գործածում է գոյականի ու ածականի պես. «ուտելուց հետո; խոսելուց առաջ; գալուց իրան է´լ տեսա; փողը տալուց հո վատ չզգացի՛», իսկ իսկական շարունակականի իմաստով՝ միայն ապառնիով ու անցյալի ապառնիով. «գալուց կըլնեմ/կըլնես/կըլնի; գալուց կըլնեի/կըլնեիր/կըլներ»:

Կարծում եմ, որ գրական ոճերը իսկական կենդանի լեզու համարելու այս թյուրիմացությունը միայն մի պատճառ ունի: Աճառյանն ու Աբեղյանը հավատում էին, որ հայերի մի մասն արդեն խոսում է գրական ոճերով, երևի այն պատճառով, որ դպրոցի ու մասայական կրթության ազդեցությամբ Արարատյան բարբառի բառապաշարի ու հնչյունական կազմի, ու նաև ձևաբանության ու մի քիչ էլ՝ շարահյուսության նոր փոփոխությունները շատ-շատ էին:

Հենց սրա համար էլ այս անվանի լեզվաբանները հույս ունեին, որ գրական ոճերից ու Արարատյան բարբառից քիչ-քիչ կառաջանա մի հիբրիդ, ինչը կընդհանրանա ու կդառնա մի նոր լեզու՝ «աշխարհաբարը», ոնց որ իրենք էին անվանում այդ «լեզուն», այսինքն, գրական ոճերի կույտը:

Սա չեղավ, ու ոչ մի հույս չկա, որ մի օր կլինի, որովհետև երկու լեզվի ու նույնիսկ երկու խոսվածքի հիբրիդ չի լինում:

Աճառյանի վերի սխալ օրինակները պիտի հետևյալ ձևն ունենային, որ ճիշտ լինեին (տես այս շարադրանքի 6-րդ գլխի Թվական-գոյական զույգի մասին գրածը).

«Թեյատան մեջ շարած էր երեք մեծ ինքնաեռ, և սրանց շոգին (կամ գոլորշին) ամպի նման բարձրանում էր սևացած առաստաղը»:

«Գնում էր նա՝ {անընդհատ} տապալվելով ձյան մեջ»:

«Թեյին ջուրը արդեն …սամավարին մեջ կեփի և շոգի դուրս կուտա»:

Ինչ վերաբերում է Ռուսինյանի կազմած տոմարին կամ էլ Քոսեանի գրքին, սըրանք ոչ մի չափանիշ չեն, ու սրանց այս օրինակները սխալ են, որովհետև հակասում են կենդանի լեզվին ու ԼԳՕ-ին:

Այս կարգի սխալ – հազարներով ու միլիարդներով կա մեր այսօրվա դպրոցական ու բուհական դասագրքերի ու այսօրվա հեղինակների գործերի մեջ, այնինչ, մեր լեզվաբանությունն իր ուսումնասիրելիք նյութը քաղում է հենց այս սխալաշատ գործերից:

Սա, ինչպես Սոսյուրն է ասում, նման է «մարդուն միայն լուսանկարով ուսումնասիրելուն» ու, իհարկե, բոլորովին էլ գիտական մեթոդ չի:

15.2 Աճառյանն ու անորոշ դերբայը

Այնուամենայնիվ, Հր. Աճառյանն ինչո՞ւ է կարծում, թե անորոշ դերբայը բայ է: Հր. Աճառյանը կարծում է, որ դերբայը բայ է, որովհետև հին հեղինակները, սխալվելով ու նմանակելով օտար լեզուներին, անորոշ դերբայը գործածել են իբրև բայ:

Ահա մի օրինակ (նույն տեղը, V, էջ 20-21).

«Բայց {անորոշ դերբայը} կարող է նաև իբրև բայ՝ ստանալ լրացուցիչ, ինչպես՝ «Թող զմեռեալսն թաղել զմեռեալս իւրենաց» (Ղուկ. Թ 60). «Իշխանն Յունայ ի հալածել կայր զեկեղեցի Աստուծոյ» (Ագաթ. ¢38):

«Այստեղից էլ երևում է (այսինքն, այս «թաղել» ու «հալածել» դերբայներից է երևում} դերբայի իրական բնույթը, գոյական և բայ միանգամայն», ասում է Աճառյանը:

Հր. Աճառյանի մտքով անգամ չի անցնում, որ հին հեղինակները, մանավանդ՝ Ս. Գրքի թարգմանիչներն ու, օրինակ, Ագաթանգեղոսը (կամ էլ՝ պատճենող գրիչները), կարող են սխալվեն՝ ճիշտ մեր օրերի քերականների պես ու գրեն, օրինակ, «հունաձև»:

«Անուն» ասելով՝ Հր. Աճառյանը հասկանում է «գոյական անուն»: Ձևով «անուն»-ը նշանակում է՝ ձևաբանությամբ՝ «անուն», այսինքն, մարդավարի ասած, հոլովաձև ունեցող:

Բերեմ անունների մի քանի օրինակ. «հուզմունք, վեճ, կռիվ, պատերազմ, տուրուդմփոց, երկրաշարժ, հրաբուխ, ընթացք, եղելություն, գործողություն, որոտ, կայծակ, հոսք, հոսանք, պտույտ, պայթյուն» ևն:

Արդեն բազմիցս է ասվել, որ սրանք գոյական անուններ են, գործողությունների՝ պրոցեսների անուններ, ուրեմն անկասկած է, որ հետներն էլ բայիմաստ (գործողության, այսինքն, պրոցեսի իմաստ) ունեն: Բայց անկասկած է, որ սրանք բայ կամ դերբայ չեն:

Մի անգամ էլ բերեմ բայի ու այսօրվա անորոշ դերբայի հնարավոր ճիշտ սահմանումներից մի-մի օրինակ, որոնք նման շփոթ թույլ չեն տալիս ու նաև ապացուցում են, որ Աճառյանի վերևի եզրակացությունը սխալ է.

Սահմանում 2. Այսօրվա հայերենի բայ բառերն ա´յն բառերն են, որոնք պարտադիր ունեն դեմքի, թվի ու ժամանակի գաղափարները, իրար հետ միասին ու իրենց իսկ իմաստը վերագրում-ստորոգում են հենց իրենց դեմք կամ բառ ենթակային:

Սահմանում 3. Այն անունները, որոնց ուղղական անհոդ հոլովաձևը վերջանում է «լ» մասնիկով ու հոլովվում են «ու» հոլովիչով, նաև ունեն չորս հոլովաձև ու ժխտվում են իրենց սկզբին «չ» ավելացնելով, անորոշ դերբայ են:

Հր. Աճառյանի հեղինակությունը Հայաստանում այն օրերին թերևս զիջում էր միայն Մ. Աբեղյանի հեղինակությանը: Բայց Աբեղյանին վարկաբեկեցին, ու իր հեղինակությունը կամաց-կամաց ընկավ, իսկ Աճառյանինը՝ գնալով շատացավ:

Ու չնայած Աճառյանը երևի լավ էլ գիտեր, որ Աբեղյանի տեսությունը ճիշտ է ու գիտական, չսաստեց իր իսկ ասպիրանտ Արարատ Ղարիբյանին կամ Ղափանցյանի ասպիրանտ Գուրգեն Սևակին (ոչ էլ Ղափանցյանը սաստեց իր իսկ այս ասպիրանտին) ու երբևէ գոնե մի խոսքով ոչ մի տեղ չասաց, չհայտարարեց ու չգրեց որ Աբեղյանի տեսությունը ճիշտ է:

Արդարությունը պահանջում է, որ ասվի, որ Աճառյանը հակառակն էլ չի արել այսինքն, երբևէ չի ասել կամ գրել, որ Աբեղյանի հայոց լեզվի տեսությունը սխալ է կամ գիտական չի (Ղափանցյանն է´լ): Սա արեցին Աճառյանի ու Ղափանցյանի ասպիրանտները (տես հետո):

Գուցե սխալ լինեմ, եթե ասեմ, որ Աճառյանի կամ Ղափանցյանի արածի անունը նախանձ է, բայց երբեք սխալ չեմ լինի, եթե ասեմ, որ Աճառյանի կամ Ղափանցյանի լռությունը բնավ վայել չի մեծանուն (ու նույնիսկ փոքրանուն) գիտնականին, ով ուղղակի պարտավո´ր է գիտական ճշմարտությունը պաշտպանի:

Մ. Աբեղյանն իր «Մի քանի քերականական խնդիրների մասին» ելույթի մեջ անառարկելի, շեշտում եմ, անառարկելի´, ապացուցել է, որ Ղափանցյանի ու Աճառյանի ասպիրանտներ Գ. Սևակն ու Ա. Ղարիբյանը, հենց Աբեղյանի բառերով ասած, ոչ միայն «տգետ» են, այլև կեղծարար, խարդախ ու բանսարկու:

Ակնհայտ է, որ այդ ասպիրանտների պրոֆեսորները (եթե չէին էլ սաստում կամ հուշում իրենց սաներին), իրենց լռությամբ ոգևորում ու խրախուսում էին դրանց:

15.3 Աճառյանը լեզվի փոխվելու մասին

Բերում եմ մի ընդարձակ քաղվածք Աճառյանի [7]-ի, ԼՔՀԼ-ի Ներածություն հատորից, էջ՝ 187-199: Աճառյանն այս գլխի մեջ «փոփոխություն» բառի տեղը գործածում է «էվոլյուցիա» բառը:

«Երբ մի որևէ լեզվի հնագույն շրջանը համեմատենք նրա նորագույն շրջանի հետ, զարմացած պիտի մնանք՝ տեսնելով այն փոփոխությունների գումարը, որ կրել է լեզուն տվյալ ժամանակամիջոցում. լեզուն փոփոխում է, ջնջում կամ հավելում ձայների, բառերի, ձևերի և նշանակությունների:

«Ահա մի փոքր հատված գրաբար և աշխարհաբար:

«Հուր եկի արկանել երկիր. և զի՞նչ կամիմ, թէ, արդեն իսկ բորբոքէր» (Ղուկ. ԺԲ. 49):

«Այսինքն. «եկա կրակ գցելու աշխարհը. և ի՞նչ կուզեի, եթե հենց բորբոքվեր»:

«Այստեղ ջնջված են՝ «հուր, արկանել, երկիր {sic!}, կամիմ, արդեն իսկ», նրանց տեղ ավելացված են՝ «կրակ, գցել, աշխարհը, կուզեի, հենց». փոփոխված են՝ «եկի, զի՞նչ, թէ, բորբոքէր» և դարձած՝ «եկա, ի՞նչ, եթե, բորբոքվեր»:

«Սկսած լեզվի ամենափոքր տարրերից մինչև ամենամեծերի մեջ տեղի ունեցած փոփոխությունը այնպիսի մի ընդհանրական երևույթ է, որ հատուկ է բոլորին և որի մեջ ո´չ մի լեզու բացառություն չի կազմում:

«էվոլյուցիայի օրենքը գործում է շատ դանդաղ, աննկատելի կերպով, բայց միշտ հարաճուն, տևական և շարունակական:…Այսպես է նաև լեզվի էվոլյուցիան, որ պահում է այն մշտական փոփոխության մեջ: Էվոլյուցիայից առաջացած ձևափոխությունները կրում են ընդհանուր բնույթ և սկսում են երևան գալ փոխանցման միջոցին նույն ժամանակի ու նույն շրջանի բոլոր մանուկների կամ նրանց մեծամասնության մոտ:

«Այդ ձևափոխությունները այնքան փոքրիկ, այնքան աննշան են, որ մյուսների համար մնում են գրեթե աննկատելի, հաստատվում են նոր սերնդի մեջ և փոխանցման ճանապարհով անցնում հաջորդ սերնդին: Այսպես է մոռացվում հինը, և տիրապետում նոր ձևը:

«Այս է, որ լեզվաբանության մեջ ժառանգականություն է կոչվում, բայց իրականում ավանդություն է. ավանդության օրենքը էվոլյուցիայի օրենքի անբաժան մասն է կազմում. առանց ավանդության էվոլյուցիայի քայլերը կանգ են առնում:

«Էվոլյուցիայի օրենքը անխուսափելի է. չկա մի լեզու, որ բացառություն կազմի. բոլորն էլ ենթարկվում են նրան. տարբերությունը միայն նրանումն է, որ էվոլյուցիայի օրենքը հավասար արագությամբ չի գործում:

«…Լեզուներից ոմանք շարժվում են շատ դանդաղ, ուրիշները՝ ավելի արագ… և այս նկատի ունենալով՝ դանդաղները կոչվում են հնավիճակ, արագները՝ նորավիճակ, որ, իհարկե, կապ չունի լեզվի զարգացած կամ անզարգացած լինելու հետ և նրա չափանիշը չէ: Պետք է խուսափել նաև «հարազատ», «մաքուր», «աղավաղված» և այլ անգիտական բացատրությունները գործածելուց:

«էվոլյուցիայի օրենքը առանձին կապ չունի քաղաքակրթության հետ, այլ ուրիշ հանգամանքների արդյունք է…: Էվոլյուցիայի արագությունը տարբերվում է նույնիսկ միևնույն լեզվի միևնույն բարբառի երկու տարբեր երևույթների միջև:

«Էվոլյուցիայի օրենքը էակի {անհատի} կամքից անկախ է և գործում է նույնիսկ հակառակ նրա կամքին: Ո´չ մի մարդ չի ցանկանում իր լեզուն փոխելով խոսել. բայց նաեւ ո´չ մի մարդկային ջանք՝ անհատական թե հավաքական, չի կարող կասեցնել լեզուն իր ընթացքից:

«Որչա˜փ աշխատեցին, որչա˜փ ջանք թափեցին մեր գրաբարյանները կանգնեցնելու համար աշխարհաբարի ընթացքը եւ վերանորոգելու գրաբարը, բայց այդ բոլորը զուր անցավ, եւ էվոլյուցիան իր ընթացքը կատարեց:

«Որչա˜փ գրվեց, որչա˜փ միջոցներ առաջարկեցին մի ժամանակ՝ փոխելու համար արևմտահայ տառադարձությունը {այսինքն, որ արևմտահայերը բաղաձայններն ասեն գրաբարի հնչողությունով}, բայց բոլորը զուր և ապարդյուն: Էվոլյուցիան շարունակում է իր ընթացքը՝ «առանց ուշադրություն դարձնելու» ուսումնականների եւ գրագետների (պահպանողականների) աշխատանքին:

«Միայն մեր մեջ չէ այսպես: Երևույթը ընդհանուր է: Եվրոպայի և Ասիայի բոլոր խոշոր գրականությունները ենթարկվել են նույն փորձանքին և՝ ապարդյուն:

«Հռոմեական դասական գրականությունը 180 տարուց ավել չապրեց. հսկա Կիկերոնը հենց ինքը ականատես եղավ լատիներեն լեզվի անկմանը:…Զուր աշխատեց Կլավդիոսը՝ բովանդակ կայսերական իշխանության զորությամբ կասեցնել նրա անկումը … Հարյուրավոր տարիներ կյանքի ու մահվան մեջ երերաց լատիներենը և վերջապես Թ-Ժ դարերի միջև իր վերջին շունչը փչեց (Այտնյան., Քնն. քեր., էջ 253): … Հունգարիայի թագավոր Մաթիաս Կորվինը աշխատեց լատիներենը իր ժողովրդի խոսակցական լեզուն դարձնել, բայց կիկերոնյան լեզվի տեղ «հուսարի լատիներեն» ստացվեց (Այտնյան., Քնն. քեր., էջ 299):

«Այսօր այլևս այդպիսի երազ տեսնող չկա {բացի երևի հենց Աճառյանից, Աբեղյանից ու մեր ա´յն հայ ուսյալներից, ովքեր, այսքանն իմանալով հանդերձ (կամ՝ չիմանալով), այնուամենայնիվ, ուզում են ստիպեն հայ ժողովրդին, որ խոսի իր «հայկական հուսարի անաղարտ ու ոսկեղենիկ հայերենով», այսինքը՝ գրական «լեզու» կոչվածով}, և լատիներենը նույնիսկ գիտական գրականության մեջ տեղ չունի. նրա ամբիոնը հռոմեական եկեղեցու խորանն է միայն:

«Էվոլյուցիայի անկախությունը մարդկային կամքից ունի և մի ուրիշ պատճառ. խոսողների ստվար մեծամասնությունը բնավ չի հետաքրքրվում, թե ի´նչպես է խոսվում, այլ թե ի´նչ է խոսվում (պահելով անշուշտ լեզվի միության անհրաժեշտ պայմանը):

«ոմանք՝ գրողներ, փնտրում են նուրբ բառեր, հրաժարվում են գործածելուց կոշտ ձայներ {թե ի՞նչ է նուրբ բառը, կամ կոշտ ձայնը, աշխարհին անհայտ է}, մերժում են այսինչ կամ այնինչ բառը ևն: Այստեղ արդեն {իբր} սկսում է գործել մարդկային կամքը. բայց նրա դերը, համեմատած ժողովրդի մեծամասնության հետ, շատ փոքր է:

«Մի գեղեցիկ օրինակով Վանդրիեսը այս երևույթը նմանեցնում է Օվկիանյան հետամնաց ցեղերի կամավոր անդամահատություններին. գեղեցիկ երևալու նպատակով նրանք ճղում են իրենց շրթունքը, ծակում են քիթը, ականջները ևն, բայց այս բոլորը կարո՞ղ են մարդկային կազմի {մարմնի} բնախոսական {գենային} էվոլյուցիան խանգարել (Vandries, Melange Meillet, էջ 119): 3500 տարի է, որ հրեաները սերունդից սերունդ անխափան թլպատվում են, բայց դեռ ո´չ մի հրեա չի ծնվում թլպատված: Այսպես է և կանանց ականջ ծակելը»:

Ախր սրանից լավ ու մանրամասն բացատրությո՞ւն, որ լեզուն մարդկային կամքին ու մարդու ստեղծած ծրագրերին չի ենթարկվում:

Բա մեր ուսյալները, Աճառյանն էլ իրենց հետ, ինչո՞ւ են ուզում հայերի լեզուն ենթարկեն իրենց կամքին ու իրենց ծրագրերին, թե որ նախօրոք հայտնի է, որ լեզուն ոչ մի մարդկային ծրագրի ու ոչ մի մարդու կամ մարդկանց «տեսչական» խմբի կամ Լեզվի պետական կոմիտեի կամքին չի ենթարկվում:

15.4 Աճառյանը լեզվի գեղեցկության մասին

Կրկնեմ Աճառյանի քաղվածքներից մեկը.

«Մի ձև, որ գործածական է ժողովրդի բարձր խավերում, մտավորականների, պետական գործիչների և նմանների մոտ, հենց դրանով էլ մեզ գեղեցիկ է երեվում, քան այն ձևը, որ գործածական է ռամիկի և գյուղացու բերանում:

«Մի ժամանակ հայերենը հենց շատ հայերի համար թվում էր նվազ գեղեցիկ և նվազ քաղցրահնչյուն, քան ռուսերենը, որովհետև ռուսներն ավելի մեծ, ավելի հզոր և ավելի քաղաքակիրթ էին, ինչպես որ ռուսերենն էլ ռուս ազնվականներին թվում էր նվազ գեղեցիկ և նվազ ախորժալուր, քան ֆրանսերենը, որովհետև ֆրանսիացիները ռուս օտարամոլ ազնվականների կողմից ռուսներից ավելի կուլտուրական ժողովուրդ էին համարվում:…

«Բայց այս բոլորը սուբյեկտիվ վերաբերմունք է միայն և շատ անգամ չի դիմանում ամենափոքր քննադատության (Աճառյան, ԼՔՀԼ, Ներածություն, էջ՝ 252):

15.5 Աճառյանը լեզվի հարստության մասին

«…լեզվի հարստություն ասելով՝ հասկանում ենք նրա բառամթերքի առատությունը (Աճառյան, ԼՔՀԼ, Ներածություն, էջ՝ 303):

«Այս բոլորից հետևում է, որ լեզվի հարստությունը արտաքին և ձևական երեվույթ է, և շատ անգամ էլ ավելորդ ծանրաբեռնություն:

«Եթե Կոն Ֆու-Ցեի և Բուդդայի խորախորհուրդ վարդապետությունները կարելի է եղել արտահայտել չինարենի նման մի «աղքատ» լեզվով, եթե Շեքսպիրը, որ այնպիսի գունագեղ ու զարդարուն լեզու ունի, կարելի է թարգմանել ֆրանսերենի, որ մի «աղքատիկ» բառապաշար ունի, առանց հեղինակի մտքերից որևէ բան կորցնելու, նշանակում է, թե ամեն լեզու էլ բավականաչափ ճկուն է մարդկային մտքերը արտահայտելու համար

«…Ուստի և՝ լեզվի հարստությունը միայն բառերի քանակական շատությամբ չէ որոշվում այլև՝ նրանց բազմակողմանի ընդգրկումով՝ կյանքի բոլոր բնագավառների երևույթներն արտահայտելու համար (Աճառյան, [7], ԼՔՀԼ, Ներածություն, էջ՝ 302)»:

15.6 Աճառյանը լեզվի ճոխության մասին

Աճառյանն ասում է, թե.

«…լեզվի ճոխություն ասելով՝ հասկանում ենք նրա քերականական ձևերի առատությունը և բազմազանությունը, այն է՝ ձևաշատությունը (Աճառյան, [7], ԼՔՀԼ, Ներածություն, էջ՝ 303)»:

Հետո Աճառյանը քննում է այս առատությունն ու եզրակացնում, որ.

«Այս բոլորը, ինչպես էլ որ արդարանան լեզվի ծագման ու զարգացման պատմությամբ, մարդկային մտքի համար ավելորդ ծանրաբեռնություն են. և ինչքան էլ որ ճոխություն, զարդ կամ գեղեցկություն, պերճախոսություն կամ շքեղություն համարվեն, հակառակ են լեզվի պարզությանն ու դյուրըմբռնելիությանը (Աճառյան, ib. էջ՝ 304):

«Նշանակում է լեզվի մեջ ձևերի բազմազանությունը և առատությունը նրա կատարելության նշան չէ, ինչպես և դրանց սակավությունն ու միատեսակությունը անկատարության արտահայտությունը չէ:

«Այսպիսով՝ ձևերի բազմազանությունն ու առատությունը կամ դրանց սակավությունը լեզվի առավել կամ պակաս զարգացած լինելու չափանիշ չեն (Աճառյան, ib. 306)»:

Գլուխ 16. ԱԲԵՂՅԱՆԻ ՄԻ ՔԱՆԻ ԵԼԱԿԵՏԸ

16.1 Աբեղյանն ու «ռուսատիպ» մակբայը

Մ. Աբեղյանի առումով նշանակալի է երեք հանգամանք:

1. Աբեղյանը թերևս առաջինն էր, ով ամենայն լրիվությամբ հասկացավ, որ հայերեն խոսքը (նախադասությունը) հենց բայն է, ու որ մնացած բառերը շղթայվում զուգորդվում են բային, ուրեմն, բայի լրացնողներն են:

Կնշանակի՝ հայերենի բառերը շատ բնական ձևով բաժանվում են չորս խմբի.

ա) ստորոգելով դեմք, ու թիվ, ու ժամանակ «նշող» բառերի խումբը, այսինքն, բայերը,

բ) հոլովաձևերով բառերի խումբը, այսինքն, անունները (գոյական, թե ածական),

գ) կապող բառերը,

դ) ձայնարկությունները:

Բայց Մ. Աբեղյանը բառերը դասակարգելու ելակետ վերցրեց ոչ միայն սրանց պաշտոնը խոսքի մեջ ու սրանց ձևաբանությունը, այլև սրանց «ընդհանուր իմաստաբանական նշանակությունը»:

Ասվել է, որ այս վերջինը, այսինքն.

Դրույթ 1. Բառի «ընդհանուր իմաստային («փիլիսոփայական») նշանակությունը» հեղհեղուկ բան է ու միարժեք չի նկարագրվում:

Իրոք, երբ ասում ենք, թե «սպիտակություն»-ը առարկա է մտածվում, ինչո՞ւ չասենք, որ «սպիտակ»-ն էլ ենք պատկերացնում առարկայից առանձին, ու որ սա է´լ է առարկա մտածվում (տես Աբեղյանի ՀԼՏ-ն [3]):

Ո՞վ կապացուցի, որ այս երկուսը տարբեր են: Աբեղյանը «սպիտակ»-ը համարում էր միայն առարկայի անբաժան հատկությունը (երևի հետևելով 19-րդ դարում առաջացած տրադիցիային) ու սրա համար էլ իր [3]-ի մեջ ածականը չդրեց անունների (հոլովաձև ունեցողների) շարքում:

2. Հենց այս պատճառով էլ Աբեղյանը, իր գործերում բազում անգամ գործածելով «գոյականաբար գործածության» թեզը, այնուամենայնիվ, հայտնի վեճերում ([4], ՄՔՔՀՄ, էջ 537) ստիպված եղավ ասելու, որ. ««Գոյականաբար», այսինքն, իբրև գոյական կարող են գործածվել միայն ածականները, երբ զեղչվում են դրանց գոյականները»:

Բայց հետագան ցույց տվեց, որ սա մեծ սողանցք էր շառլատանների համար. եթե ածականը կարող է գոյականաբար գործածվի, ինչո՞ւ չպիտի բառերի մյուս տեսակներն էլ «մյուսաբար» գործածվեն:

3. Մի ուրիշ տեղ (ib. ՄՔՔՀՄ-ում) Աբեղյանն ասում է, թե «անորոշ դերբայը գոյականաբար է գործածվում, որովհետև հենց գոյական է, ու որ գոյական չլիներ, չէր գործածվի»: Բայց ախր սա ճիշտ է նաև հենց ածականի ու խոսքի մյուս մասերի համար էլ (բացի բայը, կապերը, եղանակիչներն ու ձայնարկությունները):

Այսինքն, եթե բառը գոյական չի, անհնար է, որ այս բառը գոյականի պես, այսինքն, «գոյականաբար» գործածվի:

4. Աբեղյանն իր ՀԼՏ-ի մեջ, 555 էջում [3], ասում է, որ.

«... կան նաև «բար, պես» և «որեն» մասերով բարդված բառերը, որոնք ավելի իբրև մակբայ են գործածվում...»:

Հետո, հենց հաջորդ 556-րդ էջին ասում է.

«Վերջին 30-40 տարիների ընթացքում, օտար լեզուների ազդեցության տակ, շարունակ կազմվում են նորանոր մակբայներ՝ որակական ածականների վերջից ավելացնելով «որեն», ինչպես՝ «զգաստորեն, սարսափելիորեն, անպայմանորեն» և նմանները:

«Այդպիսի նոր կազմություններով, որոնք մեծ մասամբ ավելորդ են, «բնականաբար» {ե´ս եմ ընդգծել} փոխվում է մեր լեզվի հատկությունը...»:

Այս տեսակ (ընդգծածս «բնականաբար»-ի պես) մակբայ, ինքը՝ Աբեղյանը, շատ -շատ է գործածում, չնայած հենց ի´նքն է հայտարարողը, որ սրանք խորթ են հայերենին:

Իմ համար այս փաստը, այս «բնականաբար» բառի իսկույն գործածությունը, անբացատրելի հանելուկ է:

Այսինքն, Աբեղյանի պայքարը օտարիզմների դեմ չափազանց պասիվ էր ու այն էլ լոկ հայտարարությամբ, անհետևողական ու ոչ գործնական:

Ասվեց, որ թե´ Աբեղյանը, թե´ Աճառյանն (ու առհասարակ բոլոր հայ լեզվաբանները) իրենց բոլոր փաստական օրինակները վերցրել են միայն ու միայն գրականությունից: Սա կամ նշանակում է, որ.

Դրույթ 2. Մեր լեզվաբանները կարծում են (ու կարծում էին), թե գրողները լեզվի անսխալական գրանցողներ են, կամ էլ նշանակում է, որ այն օրերին (ինչպես որ հիմա), չէին հասկանում, որ առաջնայինը բարբառն է:

(Ճիշտն ասած՝ ես 2000-անների սկզբներին մի քանի տարի բնազդով ուզում էի ածականը դնեմ գոյականների խմբի մեջ, բայց լավ հիմք չէի գտնում: Ինձ խանգարում էր գոյականի աբեղյանական սահմանումը՝ ըստ սրա «իմաստաբանական նըշանակության»:

(Այսինքն՝ ինձ խանգարում էր Աբեղյանի հետևյալ սահմանումը (նույն տեղը), թե «գոյական անուն են ինքնակա կամ որպես այդպիսին մտածված առարկաները»:

(Ու միայն մի 15 տարի առաջ, երբ որոշեցի, որ բառերը դասակարգելիս պիտի ելակետ ընդունեմ սրանց պաշտոնն ու սրան համապատասխան ձևը, այսինքն՝ պիտի լեզուն ուղղակի նկարագրեմ, ու ոչ թե բառի իմաստը վերցնեմ ելակետ, իմ հետագա շարադրանքի ընթացքում ածականն ինքն իրեն դարձավ գոյական անուն:

(Սա այնքան անսպասելի հեշտ ու բնական ստացվեց, որ ես ինքս խիստ զարմացա: Բայց պիտի խոստովանեմ, որ եթե ես ծանոթ չլինեի Ֆ. Ա. Հայեկի սպոնտան կարգերի տեսությանն ու The Sensory Order գործին, դժվար թե այսօր ընտրեի լեզուն նկարագրելու այս ֆորմալիստական մեթոդը:

(Հետո, երբ ուսումնասիրում էի Հենրի Սվիթի ու Ֆերդինանդ Սոսյուրի ու ուրիշների քերականական գործերը, ես խիստ ոգևորվեցի, երբ տեսա, որ երիտքերականներն իմ ընտրած ելակետը վաղուց են առաջարկել):

16.2 Աբեղյանն ու աշխարհաբարը

Զարմանալի է, որ Մ. Աբեղյանը, լավ իմանալով նշածս թարգմանական կալկաներից մի քանիսի մասին, ու նաև նախատելով ա´յն ապաշնորհ թարգմաններին ու լեզվաբաններին, ովքեր գործածում են այս կալկաները, մի առանձին կարևորություն չի տալիս իր իսկ գործածած կալկաներին ու սկզբունքային պայքար չի սկսում սրանց դեմ: Աբեղյանը, օրինակ, ասում է ([4], հատ Ը, էջ 525, նաև էջ՝ 523-524).

«…երբ սկսում ենք ուսումնասիրել, հետազոտել լեզուն, ինչի՞ վրա պիտի անենք այդ հետազոտությունը:…

«Իսկ դա է հենց ա´յն լեզուն, որ {որով }, ինչպես ասացի, ես այս րոպեիս խոսում եմ, որ {այս քաղվածքի շեշտերն ու շեղատառ ու թավատառն ի´մն են} Գրիգո´րն է խոսում այժմ, այլև Մարկո´սը, Մինա´սը, Վարդա´նը, Շուշա´նը:

«Թե կարող եք, սրեցե´ք ականջներդ, լա´վ լսեցեք այդ կենդանի – կոնկրետ խոսվածքները, դիտեցեք դրանց լեզվական հատկանիշները, որովհետև չկա էլ ոչ մի կոնկրետ լեզու, բայց եթե {«բացի»} անհատների խոսած այս անհատական եզական {եզակի} խոսվածքները, որ թռչում են, և որ միայն գրով դրոշմվելուց հետո մնում են և կարողանում ենք վերարտադրել: Եվ ահա առաջանում են Թումանյանի լեզու, Պռոշյանի լեզու, Րաֆֆու լեզու և այլն: Բայց գրավոր լեզուն և խոսածը մեկ չեն: Կա դրանց մեջ խոշոր տարբերություն»:

Մի քանի էջ հետո Աբեղյանն ասում է [ib., 543].

Դրույթ 1. «Ոչ մի լեզվի քերականություն չի հորինվում օտարիզմների համար, որոնք խոտելի են միշտ»:

Այսքանից հետո Աբեղյանը պիտի´ որ չհիմնվեր Թումանյանի, Պռոշյանի, Րաֆֆու, Մուրացանի ու մյուսների լեզուների օտարիզմների վրա ու իր քերականությունը չըպիտի հիմնավորեր սրանցից քաղած օրինակներով:

Սրա փոխարեն Աբեղյանը իր օրինակները պիտի քաղեր, օրինակ, Երևանի կամ Օշականի կենդանի խոսվածքից, կամ էլ՝ հայ ժողովրդական հեքիաթներից ու մեր էպոսից, կամ մեր բարբառահավաքների գործերից:

Աբեղյանը սա չի անում, որովհետև համոզված էր ([4], ՀԼՏ, էջ 56, թավատառն ու շեղատառն ի´մն են), թե.

«Քանի որ գրական լեզուն կենդանի խոսակցական լեզու է, անխուսափելի կերպով պիտի ենթակա լինի նաև այն անգիտակացական փոփոխություններին, որ առաջ են գալիս խոսելու գործունեությունից» {սա ուղղակի արտառոց սխալ է, ու այս սխալի պատճառը երևի ժողովրդից Աբեղյանի համարյա լրիվ կտրվածությունն է եղել}:

Հետո, հաջորդ էջին, Աբեղյանը գրում է).

«Բացի այդ՝ որքան կրթությունը տարածվում է դպրոցի ու գրականության միջոցով, այնքան ավելի մեծանում է այնպիսի մարդկանց թիվը, որոնք մանկությունից արդեն խոսում են միմիայն գրական լեզվով, և երբ հետզհետե կրթությունն ամբողջանում է ամբողջ ազգի մեջ, և նրա բոլոր մասերը հաղորդակից են լինում ընդհանուր մշակույթին, այն ժամանակ բարբառները մոտենում են գրական լեզվին և մեկմեկու, մինչև որ գրական լեզուն իշխում է ամեն տեղ, և բարբառները մեռնում են»:

Աբեղյանից քաղված այս հատվածներն ապշեցնում են իրականությունից իրենց արտառոց կտրվածությամբ:

Այսպիսի մտածողությունն առկա է նաև Աճառյանի գրվածքներում, ու այս երկուսն էլ մեր նոր գրողներից անհամար քաղվածք են անում ու նաև իրենց անհատական լեզուներում էլ առատ-առատ հայերենին խորթ բազում օտարիզմ են գործածում, որ վերցրել են գրական (իրականում՝ աղավաղ) ոճերից:

Այս հանգամանքը ճակատագրական եմ համարում:

Եթե Աբեղյանը գիտակցեր Սոսյուրի ասածը, թե «իսկական լեզուն միմիայն բանավորն է ու որ գրական լեզվի գովաբանված փառքը լրիվ է անարժան», գուցե պայքար սկսեր թարգմանական օտարիզմների դեմ ու, ի վերջո դառնար աբովյանական ու միանար Թումանյանին, դեռ 20-րդ դարի սկզբին:

Մի՞թե այս երկու հզոր լեզվաբանը ծանոթ չեն եղել (ու գուցե նույնիսկ դեմ են եղել) Ֆերդինանդ դե Սոսյուրի հետևյալ տողին (Saussure F. - The General Theory of Language, էջ 23-24, մեծատառը, թավատառն ու շեղատառն ի´մն են).

«Լեզուն ու գրվածքները նշանների երկու տարբեր սիստեմ են: Երկրորդի միակ նպատակը առաջինը ներկայացնելն է:

«Լեզվաբանության առարկան բառերի թե՛ խոսվող, թե՛ գրված ձևերը չեն:

«Լեզվաբանության առարկան բառերի միմիայն խոսվող ձևերն են:

{«Բառերի խոսվող ձևեր» ասելով՝ Սոսյուրը նկատի ունի կենդանի լեզվի բառ ու խոսքը (նախադասությունը) ու սրանց շարանները, հարաբերությունները, այսինքըն, կենդանի լեզվի ողջ պրոցեսը}:

«Բառի գրված ձևը ամեն կերպ զավթում է հիմնական դերը: Մարդիկ ձայնային նշանի գրված պատկերն ավելի շատ են կարևորում, քան հենց ձայնային նշանը: Այս սըխալը նույնն է, ինչ որ մեկնումեկին ուսումնասիրես միայն իր լուսանկարով՝ փոխանակ իրե՛ն ուսումնասիրելու»:

Ահա մի երկու քաղվածք էլ Սոսյուրից, [40], էջ 30.

«… Գիրը մթագնում է լեզուն {կենդանի՛ն, բանավո՛րը}: Գիրը ոչ թե լեզվի կերպարանքն է, այլ լեզվի աղավաղմունքը:

ib. էջ 31. «Ուղղագրությունը անկարևոր է…«Բայց գրի բռնակալությունը լեզվի նկատմամբ ավելի հեռուն է հասնում: Երբ գիրը պարտադրում են ժողովրդին, բառ հեգելը {հենց բուն ուղղագրությունը, բառի կերպարա՛նքը} ազդում է լեզվի վրա ու փոխում է սա: … Այս անգամ բառերի պատկերները հասցնում են սխալ արտասանության, իսկ այս տեսակ սխալներն արդեն իսկական ՊԱԹՈԼՈԳԻԱ են»:

Վերջացնելով Սոսյուրից արված քաղվածքները, շարունակեմ.

Դրույթ 1. Թարգմանական օտարիզմները կան միայն ու միայն գրողների «աշխարհաբար լեզվի» մեջ, բարբառների մեջ սրանք չկան, որովհետև բարբառը լեզվական օտար երևույթը կա´մ ընդունում ու դարձնում է սեփական, կա´մ չէ:

Սրանց վերլուծությունն ու դասակարգելն անպայման հասցնում է գոնե այն մըտքին, որ.

Դրույթ 2. Գրական «լեզուն», այսինքն, աշխարհաբարը, կենդանի բարբառներից տարբերվում է միայն ու միայն իր սխալներով:

Ուղղակի զարմանալի է ու նույնիսկ ապշեցուցիչ, որ Մ. Աբեղյանն ու նաև Աճառյանը իրենց ողջ փաստական նյութը վերցնում են միայն ու միայն գրականությունից, (երևի որ ասածներն «ապացուցելի» լինեն):

Բայց Աբեղյանի (նաև Աճառյանի) այս վերաբերմունքը պատահական չի: Քիչ առաջ ՄՔՔՀՄ-ից բերածս թավատառ-շեղատառ մեջբերումներն Աբեղյանն ասել է 1936 թվին, այնինչ այդ թվից առաջ, իր «Աշխարհաբարի քերականության» ու ՀԼՏ-ի լույս տեսնելուց (1912, 1931) մինչև 1936 թիվը Աբեղյանը վստահ չէր, որ «չկա էլ ոչ մի կոնկրետ լեզու, բայց եթե {«բացի»} անհատների խոսած այս անհատական եզական {եզակի} խոսվածքները»:

Աբեղյանն իր ՀԼՏ-ի 56-րդ էջին [3] ասում է (իմ դիտողությունները ձևավոր փակագծերի մեջ են).

«Ամեն անհատ, խոսելով և գրելով այդ լեզվով, ինչքան էլ դպրոցում և հին մատենագրություններից սովորած լինի «ուղիղ» խոսելու և գրելու կանոնները, ունի դարձյալ որոշ չափով ազատություն իր ձևով վերաստեղծելու լեզուն և իր կողմից ազդելու ուրիշ խոսողների ու գրողների վրա»:

Չնայած հենց հաջորդ խոսքի մեջ Աբեղյանը խոստովանում է, որ. «Այս ազատությունն ու ազդեցությունն, անշուշտ, ավելի մեծ է խոսելիս, քան գրելիս», այնուամենայնիվ, հենց ի´նքն է հաստատում, որ իր այս սխալը բոլորովին էլ պատահական չի, այլ մեթոդոլոգիական սխալ է:

Այս մեթոդոլոգիական սխալը թե´ Աբեղյանի, թե´ Աճառյանի, թե´ այն օրերի մեր մտավորականների ա´յն գլխավոր սխալն էր, ինչը սխալ ուղով տարավ թե´ մեր լեզվաբանությունը, թե´ մեր գրական ոճերը, ու այս սխալն այսօր է´լ է համատարած:

Ես 75 տարեկան եմ, ինչից 55 տարին Երևանի պետական համալսարանում եմ, ու իմ ողջ կյանքի ընթացքում միմիայն երկու ուսյալի եմ հանդիպել, ովքեր միմիայն գրական ոճերով էին խոսում:

Այս արտառոց մոլորությունը, թե իբր այսօր զգալի թվով մարդ կա, ով միշտ գրական լեզվով է խոսում, շատ է տարածված: Սրա հիմնական պատճառն այն հանգամանքն է, որ այս մոլորվածներն իրենց առօրյայում շփվում են մեծ մասամբ իրենց պես գրական ոճերով անընդհատ խոսելու փորձ անողների հետ միայն ու, սրա համար էլ, չնկատելով իրենց անհատական խոսքի աղավաղմունքները, կարծում են, թե բոլորն էլ իրենց պես անընդհատ այս ոճերով են խոսում (տես 18.1-ը):

Բայց նույնիսկ սրա´նք են գործածում, օրինակ, բարբառի «ա» օժանդակը, եթե իհարկե, գյումրեցի չեն (գյումրու բարբառը «կ» ճյուղից է, իսկ այս ճյուղի օժանդակ բայը հենց «է»-ն է), չնայած երբ գրական ոճերի որևէ մի ջերմ պաշտպանի «բռնացնես» այս «ա»-ն գործածելիս, սա երբեք չի խոստովանի, որ անգիտակից է գործածել այս «ա»-ն, կասի. «Դիտմամբ «ա»-ով ասացի, որ իմանաս, որ դա սխալ է»:

Մեր լեզվաբանները երբեք հաշվի չեն առել ու չեն առնում (տես այս գրքի 1.6 պարագրաֆը), որ Երևանի բարբառի կրողներն են՝ Երևանում ծնված բոլոր այն բուհում չսովորած երևանցիները, ովքեր գիր ու գրականության հետ այնքան էլ գըլուխ չունեն (մանուկներն ու պատանիները, թերևս լրիվ):

Չպիտի մոռանանք նաև Երևանի շրջակայքի Արարատյան բարբառի կրողներին, որովհետև այսօր այս բարբառի խոսվածքների զգալի մասը (թերևս, ոչ բոլորը) չափազա´նց է մոտ Երևանի բարբառին:

«Գրական իրավիճակներում» (օրինակ, մահախոսք կամ բաժակաճառ ասելիս ու նույնիսկ տրանսպորտի մեջ) բարբառի կրողները շատ անգամ անցնում են գրական ոճերին, ինչքան կարող են, որպեսզի ուրիշներն իրենց մտքում Երևանի բարբառով խոսողներին անգրագետ չհամարեն:

Բայց այս գրական իրավիճակները բավական հազվադեպ են, ու երևի սխալ չի լինի, որ ասենք, թե սրանք, համարյա միշտ, խոսում են Երևանի բարբառով, իսկ «գրական իրավիճակներում» գրական ոճերով խոսելու ընդամենը փո՛րձն են անում:

Սրա´ համար է 1.6 պարագրաֆը պնդում, թե. «Բարբառի իսկական կրողը հենց անգրագե՛տն է, այսինքն, հենց անգրագե՛տն է, ով տվյալ բարբառով կամ իր մայրենի խոսվածքով (այսինքն, կենդանի ու «իսկական» հայերենի տվյալ տեսակով) ճիշտ է խոսում»:

Ու ինչքան էլ մեր մտավորականներին տարօրինակ, վիրավորական ու հակասական թվա, մտավորականը, չնչին բացառություններով, կենդանի լեզվի կրող չի:

Մտավորականը, քիչ թե շատ, գրակա՛ն ոճերի կրող է, իսկ այս ոճերի մայր բարբառով սխալներով է խոսում ու, համարյա միշտ, բարբառը գրական ոճերից ավելի ստոր է համարում ու շատ անգամ էլ բարբառը համարում է գռեհիկ ժարգոն:

Այնուամենայնիվ, Աբեղյանի այն միտքը, թե գրական ոճերն ազդում են լեզվական պրոցեսի վրա, անկասկած, սխալ չի, բայց ա´յն վերապահությամբ միայն, որ գրական ոճերն ազդում են բարբառի միմիայն հնչյունական կազմի ու բառապաշարի վրա, այնինչ, շարահյուսության առումով այս ազդեցությունը շատ է քիչ:

Աբեղյանը սխալ է նաև, երբ շարունակելով ասում է, թե.

«...երբ հետզհետե կրթությունն ընդհանրանում է ամբողջ ազգի մեջ, և նրա բոլոր մասերը հաղորդակից են լինում ընդհանուր մշակույթին {այս վերջին խոսքը պիտի հասկացվի միմիայն բավական խիստ վերապահությամբ, քանզի անհնար է, որ մի ազգի բոլոր մասերը հաղորդակից լինեն ընդհանուր մշակույթին} այդ ժամանակ բարբառները մոտենում են գրական լեզվին և մեկմեկու, մինչև որ գրական լեզուն իշխում է ամեն տեղ, և բարբառները մեռնում են»:

Ինքս վկա եմ, որ իմ մայրենի խոսվածքը, Սալմաստ գավառի Մալիշկայի այսօրվա խոսվածքի բառապաշարը, իր իմ մանկության օրերի վիճակի համեմատ, շատ է փոխվել:

Մի քիչ փոխվել են այս խոսվածքի նաև առանձին բառերի հնչյունները, բայց այս խոսվածքը մոտեցել է ոչ թե գրական ոճերին, այլ հենց Երևանի բարբառին ու, չնայած Աբեղյանի ասած «դպրոցի ու գրական լեզվի {ավելացնեմ՝ նաև հեռացույցի ու ինտեռնետի} զորեղ հաղորդակցությանը, այս մոտենալը չի առաջացնում Աբեղյանի ասած «բարբառների միացումը»:

Լեզվի ապագան անհայտ է, բայց մի բանը հաստատ է.

Դրույթ 3. Անհնար է, որ մի որևէ կենդանի խոսվածքը փոխարինվի գրական ոճերով, քանզի գրական ոճերը (ուղղակի) լեզու չեն, լեզվական պրոցես չեն ու չունեն լեզվական կենդանի պրոցեսի բոլոր հատկությունները:

Բայց, իհարկե, շատ է պատահել, որ լեզվական մի պրոցեսը մեռել է ու տեղը մի ուրիշ պրոցես է բռնել, այսինքն, մի լեզուն մեռել է, տեղը զիջելով մի ուրիշ լեզվի: (Ուրիշ բան չէր էլ լինի, որովհետև լեզվական հիբրիդներն անհնար են):

Ինչ վերաբերում է Աբեղյանի [3]-ի (ՀԼՏ-ի մեջ) այս քաղվածքից առաջ արած այն դիտողությանը, թե «հույների ամենից ավելի կուլտուրական մասի՝ Աթենացոց լեզուն, Ատտիկյան բարբառը, իշխում էր ամեն տեղ», այսինքն, այն օրերի հունական բոլոր պոլիսներում (քաղաք պետություններում, որոնք սփռված էին ոչ միայն այն օրերի բուն Հունաստանում, այլև Փոքր Ասիայում ու Սև ծովի ափերի հունական գաղութներում), ինչպես արդեն ասվել է, առնվազն կասկածելի է, եթե ոչ հեքիաթային:

Աբեղյանի այն պնդումը, թե «Ք.ա. 3-րդ դարում առաջ եկած «կոյնե» լեզվով գրվածքները ընդհանուր հունական բարբառ էր», ուղղակի, ոչ մի հիմք չունի (տես 6.7 պարագրաֆն ու այնտեղի [40]-ին հղած էջը):

Կոյնեն, ինչպես արդեն ասվել է, եղել է հույների համահունական գրական ոճը, ճիշտ մեր գրաբարի պես, ինչով գրում էին Հայաստանի բոլոր վանքերում ու կրոնական կենտրոններում (ու նույնիսկ Եվրոպայի հայկական մշակութային օջախներում), անկախ վանքը շրջապատող տեղական բարբառից կամ լեզվից:

Զարմանալին այն բանն է, որ, թե´ Աճառյանը, թե´ Աբեղյանը գիտեին, որ լեզուն ա՛նպայման է փոփոխական ու մարդկային ծրագրերին չի ենթարկվում ևն, բայց իմ այս գրքի մեջ արած եզրակացություններին չհասան: Ու զարմանալի է, որ.

Դրույթ 4. Թե´ Աճառյանը, թե´ Աբեղյանը, չեն մտահոգվել, որ, օրինակ, Արարատյան բարբառի ցուցական ածականները՝ «էս; էտ; էն»-ն ու դերանունները՝ «էսի; էտի; էնի»-ն, ու սրանց հոլովաձևերը դեն շպրտելով ու սրանց փոխարեն վերցնելով գրաբարյան հնագույն «այս; այդ; այն»-ը՝ եզակի ու հոգնակի ուղղականների համար, իսկ «սա; դա; նա»-ի հոլովաձևերն էլ՝ «էսի; էտի; էնի»-ի հոլովաձևերի փոխարեն, քանդում են Արարատյան բարբառի ողջ շենքն ու ահավոր շփոթ են սարքում:

(Իզուր չէր, որ Թումանյանը մինչև վերջ էլ չհամակերպվեց «այս»-ի, «այդ»-ի ու «այն»-ի հետ, բայց նույնիսկ Թումանյա´նը չընդունեց Արարատյան դերանունները՝ «էսի»-ն, «էտի»-ն ու «էնի»-ն ու սրանց հոլովաձևերը):

Հույժ զարմանալի է նաև ա՛յն հանգամաքը, որ.

Դրույթ 5. Թե՛ Աբեղյանը, թե´ մանավանդ Աճառյանը, հրաշալի իմանալով լեզվի անխուսափ փոփոխականությունը ու բազմիցս նշելով, որ լեզուն անհատների կամքին չի ենթարկվում, այնուամենայնիվ, հրաժարվել են Երևանի բարբառի այսօրվա «ա» օժանդակ բայից՝ փոխարենը գործածելով այդ բարբառում մեռած «է»-ն:

Աբեղյանը վախճանվեց 1944-ին, իսկ Աճառյանը՝ 1953-ին:

Ուրեմն, սրանք երկուսն էլ արդեն համարյա մի դա՛ր էին վկա, որ «է»-ն չի հաղթում «ա»-ին, բայց մեկ է, հույս ունեին, թե կհաղթի, հակառակ իրենց ա՛յն «համոզմունքին», թե լեզուն չի ենթարկվում մարդկային ծրագրերին:

Նույնը կարելի է, որ ասվի «և» անհուսալի մեռած շաղկապի մասին, ինչը Երևանի բարբառի կրողները (ոչ թե ուսյալները) նույնիսկ այսօր էլ չեն գործածում:

Սրա պատճառը, ինչպես արդեն ասվեց, այն հանգամանքն է, որ Աճառյանն ու Աբեղյանը, այսքանն իմանալով հանդերձ, այնուամենայնիվ, կարծում էին, թե աշխարհաբարը (այսինքն, գրական ոճերը), լեզվական պրոցես է, ինչը կոպիտ սխալ է:

Մի դիտողություն էլ անեմ: Ինչ էլ ասեմ, երբևէ չեմ ասում, թե Աբեղյանի կամ Աճառյանի տեսությունները ծայրից ծայր սխալ են: Լրիվ հակառակը:

Դրույթ 6. Իմ տեսությունը, այնուամենայնիվ, հիմնված է Աբեղյանի ու մասամբ էլ՝ Աճառյանի տեսության վրա, ու իմ այս տեսությունը Աբեղյանի տեսության շարունակությունն ու զարգացումն է, ու լրիվ հաստատում է Աբեղյանի տեսությունը, իհարկե, ուղղելով կամ շտկելով սրա մի քանի թերությունը:

Դրույթ 7. Եթե Աբեղյանի ու Աճառյանի քերականությունները մասնակի թերություններ ունեն, սա չի նշանակում, թե դրանք գիտական չեն: Հենց գիտակա՛ն տեսություններն են, որ անընդհատ շտկվում ու նորոգվում են:

Գիտական չեն միայն հետաբեղյան քերականությունները կամ հերունիիստական մեթոդով արված «հետազոտությունները», որոնց մի քանի անհեթեթ թեզի քննությունը արդեն արել եմ ու դեռ էլի կանեմ:

Դրույթ 8. Այս հետաբեղյան հակագիտական քերականությունները շտկելը անհնար է, ու սրանցից պիտի հրաժարվենք ու հետ դառնանք Աբեղյանի նորոգված քերականությանը:

Յոթերորդ մասը

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Գլուխ 17. «ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ»

17.1 Քաղաքականությո՞ւն, թե՞ գիտություն ու արվեստ

Մեր «քերականները» հայերեն լեզուն իբր «մաքրելու» իրենց վերը շարադրված հարցը դարձրել են քաղաքական հարց ու անհնար է, որ այս գիրքն ասված քաղաքականությունից խուսափի կամ սա շրջանցի:

Ուրեմն, ուզած չուզած, պիտի խոսվի գիտությունն այսպիսի անթույլատրելի ձևով քաղաքականացնելու ու սրա կործանարար հետևանքների մասին, ինչքան էլ սա անհարիր լինի զուտ լեզվաբանական մի աշխատությանը, ու ինչքան էլ սա տհաճ լինի այս շարադրանքի հեղինակին:

Դրույթ 1. Մեր լեզվական մաքրամոլներն անծպտուն (ու, իհարկե, բացարձակ սըխալ) ենթադրում են, թե իբր հայ ազգը մի ընտիր ու հատուկ ազգ է եղել՝ իր իբր բացառիկ ընտիր ու միմիայն հայերեն բառ ու լեզվով, ինչը, ժողովրդի («անգրագետների») անշնորհքության պատճառով, կեղտոտվել ու փչացել է, ու հիմա իբր հենց իրենք են այն միակ «լեզվահայրենասերները», որ պիտի մեր լեզուն հստակեն ու մաքրեն:

Դրույթ 2. Նաև՝ մեր լեզվական մաքրամոլներն անծպտուն ենթադրում են, որ հայերի ունեցած միակ «անաղարտ ու ոսկեղենիկ լեզուն» մեր գրական ոճերն են, ու անծպտուն ենթադրվում է, որ այս ոճերի հիմնադիրն իբր Մաշտոցն է եղել:

Սրանք համոզված են, որ մեր բարբառները ստորադաս են, ստորադաս է մանավանդ սրանցից Երևանի բարբառը, ինչը նույնիսկ բարբառ չի, այլ մի «գռեհիկ, փողոցային, ժողովրդախոսակցական, արհամարհելի ու անթույլատրելի լեզու ու նույնիսկ ժարգոն է», ինչի դեմ պայքարում են ՀՀ Կրթության ու գիտության դպրոցական ու բուհական սիստեմի հզորագույն ապարատի բոլոր-բոլոր միջոցներով:

Դրույթ 3. Մեր լեզվահայրենասերները համոզված են, թե լեզուն մաքրելու կամ լեզվաբանական ուսումնասիրությունների համար այնքան էլ պետք չի, որ իրենք մասնագիտական խորը գիտելիք ունենան, որովհետև իրենք, այս գիտելիքի փոխարեն, իբր ունեն ամենակարևոր բանը՝ «հայերեն լեզվամտածողությունն» ու հայրենասիրությունը:

Արդեն տեսանք, որ այսպիսի դատողությունները գիտական ոչ մի հիմք չունեն, բայց, այնուամենայնիվ, որո՞նք են այսօրինակ դատողությունների հոգեբանակա´ն հիմքերը:

Երբ 1858-ին հրատարակվեց Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը (ու մանավանդ երբ հրատարակվեցին Աբովյանի մյուս՝ նաև չափածո գործերը), ու մեր հյուսիսյանները տեսան, որ Աբովյանն ուղղակի հրաշալի է գրում համարյա Երևանի բարբառով ու գրում է, ինչ ուզում է՝ վեպ, ոտանավոր ևն, շատ ուրախացան:

Շատ ուրախացան, որովհետև նախ գրելն էր հեշտացել, երկրորդն էլ, իրենց գրածը շատ մարդ կհասկանար:

Բայց ախր այս անգամ էլ արդեն ամեն մարդ, նույնիսկ հասարակ գյուղացին, կարար դառնար գրագետ ու գրագիտությունով իրենցից այնքան էլ չտարբերվեր: Այնինչ գրագետն այն օրերին համարյա կիսաստվածի հարգ ու պատիվ ուներ:

Այս գրագետների մի զգալի մասը գիտակցում էր, որ իր գրագիտությունը հույժ է «պայմանական», որովհետև ամեն մարդ էլ ինքն իրեն հիանալի է ճանաչում:

Այսպիսի մարդն այսօր համարյա մի´շտ է այնքան խորամանկ, որ գիտակցի, որ ուսյալ համարվելու համար հերիք է, որ վարժ կարդալ սովորի, ու մի քանի հատ էլ գիրք կարդա, ու հետո էլ հեռացույցին կամ մեկ-երկու պարբերականին հետևի:

Իսկ առաջ գրագետ երևալու համար պիտի նախ գրաբար սովորեր, ինչը համարժեք էր մի օտար լեզու սովորելուն, ու սա բոլորովին էլ ամեն մարդու խելքի բանը չէր:

Մեր գրագետներին սա դուր չեկավ: Դուր չեկավ, որ հասարակ մարդն էլ կարա իրենց պես «գրագետ» դառնա, ու սրա համար էլ դրանք «ձեռք զարկեցին Աբովյանի սխալները իբր տրամաբանությամբ ուղղելուն», որ գրական ոճերը դարձնեն այնքան խճողված, որ ամեն մարդ ի վիճակի չլինի սրանք հեշտ ու արագ սովորելու:

Սա հնարավոր էր ու հեշտ էր, որովհետև Աբովյանը հենց ի´նքն էր սրա հնարավորությունը տվել, լարելով մի դանդաղ գործողության ռումբ, հրաժարվելով Երեվանի բարբառի շարահյուսության, ձևաբանության ու բառապաշարի մի մասից (տես Հավելված 2-ը, մանավանդ Հ-2.4 պարագրաֆը):

Սրա «ամենատրամաբանական» ձևը բարբառի բառերի մի մասը «բարբառային ու գռեհիկ ու անթույլատրելի» հայտարարելն էր: Սրանցից էլ՝ ամենահեշտը սպասարկու բառերն իբր իրենց միակ ճիշտ «գրական» ձևերով փոխարինելն էր ու «էթամ»-ի, «կարամ»-ի, «խի՞»-ի, «բոլոր»=բոլոր-ի, «հեչ»-ի, «յա»=կամ-ի, «յա´= ո՞նց թե»-ի ու «ոքմին»-ի պես հայերեն բառերը գռեհիկ կամ թուրքերեն հայտարարելը:

Ու մեր այս «գրագետները» այս բառերն ու սրանց պեսերն ու «էս, էտ, էն; էսի, էտի, էնի, (ը)սենց, (ը)տենց, (ը)նենց», ածականներն ու դերանուններն ու սրանց հոլոված ձևերը հայտարարեցին գռեհիկ կամ թուրքերեն (այդ բառերի մի շատ քիչ մասը, իրոք, թուրքերեն էր) ու ուղղակի «գարշելի» ու բացարձակ անընդունելի:

Այս նոր գրական ոճերն ազդեցին բարբառի վրա, ու բարբառի հնչյունական կազմն ու մանավանդ շեշտադրությունը բավական փոխվեցին, թեթևակի փոխվեցին Երևանի բարբառի ձևաբանությունն ու շարահյուսությունը, սպասարկու բառերի մի մասը մեռավ, իսկ գրական ոճերում գործածվող թուրքերեն բառերից մնաց թերևս 22 հատ, որոնց մի մասն այսօր համարվում է ընտիր հայերեն (օրինակ, «խամաճիկ-ը, տոպրակ-ը, երշիկ-ը, ելակ-ը, քութեշ-ը, հորդա-ն»):

(Ահա մեր գրական գեղարվեստական ոճերի թուրքերենից փոխ առած բառերը.

«ալոճ, բաբան, բեղ, բիճ, բէկ, երշիկ, զնջիլ, թաղար, թուման, խաթուն, խամաճիկ, խիպիլիկ, խամութ, ղարաչալու, ղճի, ճիմ, ճոթ, նաղարայ, հորդա, չոքել, տոպրակ, քութեշ»):

Ահագին շատ գրական բառ մտավ բարբառը (բայց բարբառի շարահյուսությունը համարյա չփոխվեց կամ շատ քիչ փոխվեց):

Ու այսօր ով որ գործածում է ասված իբր «գռեհիկ» բառերն ու «էս, էտ, էն, էսի, էտի, էնի, (ը)սենց, (ը)տենց, (ը)նենց» բառերն ու սրանց պես ուրիշ բառ ու բան, իսկ սրանք գործածում է Արարատյան բարբառը կրողների մեծագույն մասը (մանավանդ այն մանուկները, ում լեզուն մանկապարտեզն ու դպրոցը չեն հասցրել աղավաղեն), համարվում է, թե իբր «սխալ հայերենով է խոսում»:

Իսկ ով որ բարբառի այս բառ ու բաները չի գործածում ու գործածում է մեր անհամ ու անհոտ ու շատ անգամ մեռած գրական ոճերը, համարվում է «հույժ» գրագետ:

Ես մի անգամ ընկերոջս տղայի հետ էի զրուցում: Այս տղան գերազանց ավարտել էր ֆիզմաթ դպրոցն ու գերազանց էլ՝ Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը (բայց ֆիզիկոս չդարձավ. դարձավ զինվորական ժուռնալիստ, իսկ հիմա գնդապետ է): Երբ այս ջահելին երկա˜ր-երկա˜ր բացատրեցի այս գրքի գլխավոր թեզերից մի քանիսը, սա հարցրեց.

– Ուրեմն ստացվում է, որ անգրագետները իրենց բարբառով ճիշտ են խոսում, իսկ ես, որ էսքան չարչարվե ու գրականն եմ սովորե, սխա՞լ եմ խոսում:

– Հա, – ասեցի ես, – հենց տենց էլ կա: Ճիշտ խոսացողը միայն ու միայն բարբառի´ կրողն է: Դու բարբառի կրող չես: Դու բարբառը կոտրատում ու աղավաղում ես:

– Ես դրան համաձայն չեմ, – ասաց ինքը: – Ուրեմը, ես էսքան չարչարվեմ ու գրականը սովորեմ, ու ստացվի, որ էն անգրագետն ինձնից ճիշտ ա խոսո՞ւմ:

Հետո հասկացա, ավելի ճիշտ, այս տղան հետո հենց ի´նքն ապացուցեց, որ ինքը նաև չափազանց մեծամիտ է:

Այս մեծամտությունը շա´տ է բնութագրական ու բնութագրական է մեր հենց գըրական ոճերի բոլո´ր կողմնակիցներին ու ջատագովներին, համարյա անխտիր ու, ցավոք (ու ինչպես կտեսնենք), մեր մտավորականության մեծագույն մասին:

Ու այս մասը, համարյա լրիվ, նաև թերուս է, ու եթե սրանց ձեռից խլես իրենց միակ «գիտելիքը», այսինքն, գրական շտամպային ոճը գործածելու իրենց այս «արվեստն» ու իրենց (մեծ մասամբ) մի կերպ ճարած դիպլոմը, տակը ուրիշ գիտելիք չի մնա:

Ցավոք, սրանց պես է մեր մտավորականության մեծագույն մասը: Օրինակ, մեր Լեզվի պետական կոմիտեի (առաջվա «Լեզվի տեսչության») բոլոր աշխատակիցները մի անգամ «Գարուն» ամսագրում նույնիսկ հենց իրե՛նք խոստովանեցին, որ իրենք լեզվաբան չեն, այլ միայն «լեզվաքաղաքականություն վարող են», իսկ ԼԿ-ն հիմա էլ պայքարում է լեզվի փոփոխականության դեմ ու ուզում է իր «հորդորակներով» կառավարի լեզուն, տես Հավելված 5-ը:

Սրանց պես է մեր գրողների մեծագույն մասը, սրանց պես են մեր հայերեն լեզվի ու գրականության համարյա բոլոր ուսուցիչներն ու դասախոսները, ժուռնալիստները (մանավանդ հեռացույցինը) ու մեր քաղգործիչների մեծագույն մասը, ինչպես նաև մեր թերևս պետական բոլոր այրերն ու տիկինները:

Ընդ որում, այս պարոններն ու տիկիններն իրենց այս «լեզվաքաղաքական միսիան» համարում են հույժ հայրենանվեր մի գործ, քանզի, սրանք, իրենց կարծիքով «մաքրում են հայերեն լեզուն՝ սա պաշտպանելով օտար բառերից»:

Ու սրանց ինչքան էլ բացատրես կամ գիտական փաստարկներով ինչքան էլ համոզես ու ապացուցես, որ.

Դրույթ 4. Այս արար աշխարհում մաքուր լեզու չի եղել (գոնե պատմական ժամանակներում), չկա ու չի էլ լինի,

միևնույնն է, մեր գրական ոճերի ջատագովները, ճիշտ աղանդավորի մոլեռանդությամբ, հակառակվում են թե´ տրամաբանությանը, թե´ փաստերին, թե´ գիտությանը: Սրա՛ համար ու սրա՛ պատճառով.

Դրույթ 5. Հայերենի թե´ լեզվաբանության, թե´ հայագիտության մնացած ասպարեզների համարյա բոլոր գիտական խնդիրները դարձրել են հայրենասիրական-քաղաքական հարց, այնինչ, անհնար է, որ քաղաքական մեթոդներով գիտական հարցերին ճշմարիտ գիտական պատասխաններ տրվեն:

Երբ մեր բնագետ կամ մաթեմատիկոս մտավորականների´ն ես այս բաները բացատրում, սրանք ավելի հեշտ ու ավելի արագ են հասկանում ու համաձայնում:

Սրա պատճառն այն հանգամանքն է, որ եթե սրանցի´ց խլես իրենց իմացած գըրական ոճերը, էլի իրենց լիքը կարևոր բան կմնա. կմնա իրենց ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, բիոլոգիան ևն:

Ու որովհետև սրանց այս ֆիզիկան, այս մաթեմատիկան, այս քիմիան, այս կենսաբանությունն իրենց մտածել է սովորացրել, այս մտածելու շնորհքն էլի՛ կմնա: Սա արդեն իրե´նցն է ու իրե´նցը:

Այս վիճակը ստեղծվել է «Հյուսիսափայլի» հենց հիմնադրվելու տարուց, այսինքն, 1858 թվից (1864-ին ամսագիրը փակվեց):

Ու մեր այն օրերի «հայրենասեր գրագետները» մոռացել էին ու այսօր էլ են մոռացել (կամ էլ՝ չգիտեին ու չգիտեն), որ.

Դրույթ 6. «Լեզու» կոչված լեզվական պրոցեսը մի վիթխարի բարդության ու անպայման փոփոխական, բայց արտառոց համառ ու ինքնասածի մի պրոցես-շենք է, ինչն ինքնին միշտ է´լ ճիշտ է: Եթե այդ շենքի պատերից մեկ-երկու քար քաշես հանես, պատի խարխլվելը գուցե չերևա, բայց որ այս քար հանելը դարձնես «մեթոդ», վերջը շենքը կքանդվի, պրոցեսն էլ կչքանա, այսինքն, լեզուն կմեռնի:

Մեր «լեզվահայրենասերները» մոռացել էին ու մոռացել են, որ.

Դրույթ 7. Լեզուն, ավելի ճիշտ, լեզվական անսահման բարդ պրոցեսը, մարդկային ծրագրերին ու մարդկային կամքին չի ենթարկվում:

Ու սրանք այս հսկա շենքի հիմքից քաշեցին հանեցին մի քանի ամենակարևոր որմը, «ա» օժանդակ բայը (ու օժանդակների անցյալի մի քանի ձևը), ցուցական ածականներն ու ցուցական դերանունները ու այդ պատերը սեպեցին անսահման քանակով գրաբարյան «է»-ով, «այս, այդ, այն»-ով, «այսպես, այդպես, այնպես»-ով ու սրանց պես ուրիշ մեռած «-պես»-երով, «–աբար, –ապես, –որեն»-ներով, մեռած «և»-ով ու սրանց պես բազում լեզվական վաղուց մեռած դիակով:

Սրա համար էլ մեր գրական ոճերը հիմա հոգեվարքի մեջ են:

Դրույթ 8. Նորից նշեմ, որ երբ ասում եմ, թե լեզուն մարդկային ծրագրերին չի ենթարկվում, սա ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, թե ԼԵԶՈՒՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ ՉԻ ԱԶԴՎՈՒՄ ՈՒ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ: Ազդվում է´լ է ու փոխվում է´լ է, բայց ի´ր ուզած ձևով է փոխվում, ու ոչ մի ձև չկա իմանալու, թե լեզուն ի´նչ կոնկրետ ձևով կփոխվի ու ի´նչ կդառնա: Ուրեմն.

Դրույթ 9. Լեզվի վրա ծրագիր դնելն անիմաստ է, լեզուն այդ ծրագրին միայն ու միայն ծրագիրը դնողին չլսելո´վ կփոխվի ու երբեք ծրագիր դնողի ուզածը չի անի:

Դրույթ 10. Լեզուն չի կարող չփոխվի, ճիշտ ոնց որ ծա՛ռը չի կարող չփոխվի: Ծառը չի կարա չաճի, ու աճելուց էլ՝ ծառը միշտ է´լ ճիշտ է, միշտ էլ «նո´ւյն» ծառն է: Բայց մարդը չի կարա իմանա, թե ծառը հետո ո´նց է աճելու, ո´ր մի տեղից է ծիլ, ոստ, ու ճյուղ ու տերև տալու: Մարդն իր կամքով չի կարա ծառին ստիպի, որ ծառը չփոխվի, թե որ ծառի քոքին աղաթթու չլցնի ու ծառը չչորացնի: Նույնն էլ լեզուն է:

Դրույթ 11. Չի փոխվում ու միշտ «մաքուր է մնում» միմիայն մեռած լեզուն:

Դրույթ 12. Լեզուն փոխվում է ինքնին, սպոնտան, ու նաև փոխվում է, որ հարմարվի կյանքի նոր պայմաններին:

Դրույթ 13. Եթե լեզվի վրա այնպիսի կապանքներ դնես, որ սա չփոխվի ու միշտ մնա «անաղարտ ու ոսկեղենիկ», լեզվին կզրկես կյանքի նոր, փոխված պայմաններին հարմարվելու հատկությունից, ու այդ լեզվի կրողները կհրաժարվեն իրենց իսկ լեզվից, որովհետև չհարմարվող ու դժվար կիրառելի լեզուն մարդկանց պետք չի:

Ուրեմն.

Դրույթ 14. Մեր «ուսյալները», հայերեն լեզուն մաքրելու իրենց այս անկոտրում ու անդադրում մարմաջով, առանց հասկանալու, բռնեցին ու բռնել են հայերեն մայրենի լեզուները չորացնելու ու սպանելու ուղին:

Երբ մեր «ուսյալները» վերցրին ու Երևանի վերը ասածս բառ ու բանը դեն շպըրտեցին, այս բառերի տեղը դատարկ մնաց:

Ու մեր «ուսյալները», այս դատարկությունը լրացնելու համար, այս բառերի տեղը դրին այս բառերի մեռած ձևերն ու մեռած համարժեքները կամ էլ գրաբարի ու օտար լեզուների նմանությամբ իրենց մոգոնած կապակցություններն ու ձևերը:

Օրինակ, ինչպես ասվեց, վերցրին մեր գրաբարի «այս, այդ, այն» ածական-դերանուններն ու «սա, դա, նա» դերանուններն ու սրանց արդեն հին հոլովաձևերը՝ «սրա, դրա, նրա, սրանից, դրանից, նրանից, սրանով, դրանով, նրանով» ձևերը, ու դրեցին «էս, էտ, էն, էսի, էտի, էնի»-ի տեղը:

(Սկզբում դնում էին նաև գրաբարյան հոլովաձևերի մի մասը՝ «սորա, դորա, նորա, սոցա, դոցա, նոցա»-ն ևն, բայց տեսան, որ բան չի ստացվում, ու որ շատ անգամ իրենք էլ են խառնում սրանք, ու անցան ասածս միջին ձևերին):

Ու մինչև հմի էլ «այս, այդ, այն» ածականները գործածում են դերանունի փոխարեն (քիչ), ինչը, ինչպես արդեն ասվել է, սխալ է:

Մեր «գրագետները» այս «էս, էտ, էն, էսի, էտի, էնի» ածականներին (առաջին երեքին) ու դերանուններին (վերջին երեքին) դեմ են, այսինքն, դեմ են հենց ԼԳՕ-ի´ն, հենց բնությա՛նը, հենց լեզվի՛ն, հենց լեզվական պրոցեսին, հենց լեզվի բնական օրինաչափությունների՛ն, ու ուզում են, որ լեզուն ենթարկվի իրենց:

Բայց լեզուն չի ենթարկվում մարդկային ոչ մի ծրագրի, ու մեր «գրագետները» սա պիտի´ որ իմանային, որովհետև, ինչպես արդեն բազմիցս ասվել է (ու Աճառյանն իր ԼՔՀԼ-ի մեջ պարզ ու հստակ գրել է, տես նախորդ գլուխը), լեզուն մարդու կամքին չի ենթարկվում (տես նաև Աճառյան, ԼՔԼՀ, Ներածություն, էջ 196-199):

Հիմա էլ, մի կողմ թողած վերի հոգեբանական բացատրությունը, մի քանի ուրիշ հարցից խոսենք:

Հարց 1. «Խի՞ չի կարելի, որ Երևանի բարբառի բոլոր բառերն էլ թույլատրելի լինեն ու չքնաղ ու ընտիր համարվեն, խի՞ պիտի այս «դժբախտ» «խի՞»-ն ու «պտի»-ն լինեն անթույլատրելի»:

Հարց 2. Ո՞վ ու ո՞նց ու ե՞րբ է ապացուցել, որ մեր վաղուց արդեն մեռած «այս, այդ, այն» ածականները թույլատրելի են ու չքնաղ, իսկ մեր այս «խի»-ն ու «էս-էսի, էտ-էտի, էն-էնի, (ը)սենց, (ը)տենց, (ը)նենց, (ը)ստե(ղ), ընդե(ղ)»-ը, (որ ա´նկասկած են բնիկ հայերեն) ու ուրիշ շատ բառը անթույլատրելի հրեշ են:

Հարց 3. Խի՞ են «ինչպես, այսպես, այդպես, այնպես, այստեղ, այնտեղ» բառերը սիրուն, իսկ «ոնց (որ), (ը)սենց, (ը)տենց, (ը)նենց, (ը)ստե(ղ), ընդե(ղ)» բառերը գարշելի (այս հայհոյանքը տվող էլ կա): Ուրեմն.

Հարց 4. Եթե բառը հին է, սիրո՞ւն է: Ընդունված է, որ գինու ու կոնյակի հինն է գնահատելի, բայց մի՞թե հին-հին օրերին գրած բառերն էլ են հին գինու ու հին կոնյակի պես ընտիր ու գերազանց: Սիրուն են՝ հենց միայն իրենց հին լինելու համա՞ր:

Ասվել է արդեն, որ «այս, այդ, այն, սա, դա, նա» բառերն առաջացել են նախավոր հայերենի «սօ, դօ, նօ» արմատներից (տես Աճառյանի ՀԱԲ-ն ու ԼՔՀԼ-ն, II, էջ 196, 197, 203, 228, 235, 239, 390, 394, 403 ևն):

Դե եթե հնությունը, ընտիրության, չքնաղության ու թույլատրելիության չափանիշն է, եկեք «այս այս, այդ, այն, սա, դա, նա» բառերն էլ դեն շպրտենք ու սրանց տեղը գործածենք սրանց նախավոր «սօ, դօ, նօ» արմատները, չէ՞ որ սրանք շատ ու շատ ավելի հին են:

Բայց այս ճամփով ո՞ւր կհասնենք: Այսպես որ գնանք, կհասնենք հնդեվրոպական նախալեզվին, իսկ դա բոլորովին լինելու բան չի, որովհետև մեռած լեզուն չի կենդանանում (Աճառյան, ԼՔՀԼ, Ներածություն, էջ 196-199):

Այսպիսի բաներ ասողները մեկ-մեկ ասում են, թե. «Եկեք մեր գրաբարը կենդանացնենք», ինչը լինելու բան չի, անհնար է: Անհնար է, բայց ասող կա´: Կա՛, որովհետև ինչպես ասվել է, լեզվի գիտական հարցերը դարձրել են քաղաքական հարցեր:

Այս ամենը միայն մի բան է նշանակում:

Դրույթ 15. Այս ամենը նշանակում է, որ մեր «գրապայքար» կոչվածը, ինչն սկըսվել է Մաշտոցից մի 20-30 տարի հետո, բոլորովին էլ չի պրծել:

Բա սա վայե՞լ է 20-21-րդ դարերի գիտությանը կամ «ընտիր ու փայլուն ազգին»:

Հարց 5. Մեր «գրագետների» այս արածների մեջ կա՞ տրամաբանություն, թե՞ սըրանց արածը գիտական լրիվ ու կատարյալ «անտեղյակություն» է:

Այս գրքի ողջ քննությունը ցույց է տալիս, որ արդեն 89 տարի է, ինչ հայերենի այսօրվա սինքրոն լեզվաբանությունը զուրկ է գիտական մեթոդից ու իր ասածների ճիշտ ու սխալը որոշելու մի գիտական օբյեկտիվ չափանշից:

Բայց մեր դժբախտությունն ավելի խորն է, որովհետև, ինչպես արդեն ասվել է, հենց այս մերկապարանոց «լեզվահայրենասիրությունն» էր, որ թափանցեց ու պարուրեց հայագիտության թերևս բոլոր ասպարեզները՝ պատմագիտության, արխեոլոգիայի ու համեմատական ազգագրության բոլոր ոլորտները:

Սրա համար էլ անցնենք այս ոլորտներից մեկ-երկու առավել կարևորի թռուցիկ քննությանը:

17.2 Շառլատանության շարունակ վարակը

Շատ մարդ կա, ով կարծում է, որ հայ լեզվաբանության այս հակագիտականության ողբերգությունը մի տեղական ու անմեղ մի բան է, ինչն ամենևին դուրս չի գալիս լեզվաբանության շրջանակներից: Իբր, «էղած չէղածն ի՞նչ ա որ, մի բութի կամ ստորակետի կամ էլ մի ենթակա-ստորոգյալի հարց չի՞: Էտի սենց չըլնի, թո ուրիշ ձև ըլնի, մեզ ի՞նչ ա խանգարելու որ»:

Ցավոք, իրերի ընթացքը ցույց տվեց, որ այսպես չի, որ մեր այս հակագիտական շառլատանությունը վարակիչ էր ու սրանով վարակվեցին մեր հումանիտարիստիկայի նաև մնացած բնագավառները:

Նախ պիտի անպայման ասվի, որ.

Դրույթ 1. Սովետական ողջ կարգն էր հիմնված մարքս-լենինյան կեղծ թեզերի վրա ու անհնար էր, որ սա չնպաստեր հյուսիսյանների այդ օրերի հետևորդների կեղծ թեզերի զարգանալուն ու ընդարձակվելուն:

Դրույթ 2. Մեր քերականության սպանդից առաջ, դեռ 1920-1940-ական թվականներին, մեր հայ մտավորականները (Ալեքսանդր Սպենդիարյանի ու Ռոմանոս Մելիքյանի գլխավորությամբ), ստալինյան ռեժիմի հետ միասին, արդեն սպանել էին թե´ հայ էթնիկ կամ ազգային երգը, թե´պարերգը, թե´ երգապարը, այսինքն, միմիայն երգի ուղեկցությամբ պարվող պարը (տես [24]-ը):

Ավելի ճիշտ, մեր մտավորականները սպանել էին մեր ազգային երգի ու երգապարի սպոնտան պրոցեսի ցրիվ կարգը, ինչը վերականգնելն այլևս անհնար է:

Սրանց տեղը բռնեցին (ու բռնել են առ այսօր) օտարից փոխ առած անճաշակ ու ցածր որակի երգերն ու գործիքային նվագակցությամբ պարերը: Այս ողբերգական պատմությունը շարադրել եմ արդեն հիշատակածս գրքիս մեջ, տես նաև այս գրքի 1.10 պարագրաֆը:

Դրույթ 3. Հայ էթնիկ կամ ազգային երգի, պարերգի ու երգապարի այս ողբերգական սպանդից հետո հայ ժողովուրդն ա´յն աստիճան մոռացավ իր ունեցած երգն ու միմիայն երգի ուղեկցությամբ պարվող պարը, այսինքն, երգապարը, որ այսօր միամիտ-միամիտ հավատում է, թե վերջին տարիներին պարային այս նորահայտ շառլատանների մոգոնած գործիքային նվագով ուղեկցվող պարերը «Կոմիտասինը կամ հայ ժողովրդինն են» (ib.):

Դրույթ 4. Հայերի նույնիսկ մտավորականները ա´յն աստիճան չեն գիտակցում պարերգով պարվող հայ երգապարի եզակի չքնաղությունը, ա´յն աստիճան չեն գիտակցում, որ այդ եզակիության պատճառը հենց պարերգն էր ու գործիքային նվագի բացակայությունն ու խմբայնությունը, որ շատ անգամ ասում են. «Ոչինչ, որ այս պարերը գործիքային նվագով են, գոնե հիմնականում հայկական են, չէ՞»:

Իսկ սա նշանակում է, որ հայ նույնիսկ մտավորականները, ըստ էության, ուղղակի չեն ճանաչում հայ մահացած երգապարի պրոցեսի սպոնտան կարգն ու բոլորովին չեն հասկանում սրա նշանակությունը (ib.):

Հետո հերթը հասավ քերականությա´ն սպանդին, ավելի ճիշտ, սինքրոն լեզվաբանությա´ն սպանդին, ինչը նկարագրվեց քիչ առաջ:

Դրույթ 5. Հայերենի սինքրոն լեզվաբանության սպանդը հնարավոր դարձավ հիմնականում այն պատճառով, որ հայ մտավորականները սկզբունք դարձրին – Երևանի բարբառն արհամարհելն ու սա գրական ոճերին ստորադաս «ժողովրդախոսակցական սխալ լեզու» կամ «փողոցային անընդունելի լեզու» կամ «արգահատելի ժարգոն» համարելը, չգիտակցելով, որ հենց գրակա´ն ոճերն են իրենց մեծագույն մասով սխալ, որովհետև հենց միայն սրա´նք են, որ Երևանի բարբառի աղավաղմունքն են կամ կոտրատված հայերեն են:

Դրույթ 6. Երևանի բարբառն այս ձևով գրական աղավաղ ոճերին ստորադաս համարելը այլևս չթողեց, որ Լեզվի Գլխավոր Օրենքն ընկալվի, իսկ սա նշանակում է, որ անհնար դարձավ լեզվական երևույթի ճիշտ ու սխալը որոշելու մարդուց անկախ մի գիտական օբյեկտիվ չափանիշ ունենալը:

Դրույթ 7. Լեզվական երևույթի ճիշտ ու սխալը որոշելու մարդուց անկախ մի գիտական օբյեկտիվ չափանիշ ունենալուց հրաժարվելը նշանակում էր՝ հրաժարական գիտական մեթոդից ու գիտությունից, ուրեմն, նաև հրաժարական հենց նորին մեծություն ճշմարտությունից, ինչի ա´նպայման հետևանքը հակագիտական լոզունգային ու շառլատանական դոգմաներին հետևելն էր ու է´:

Դրույթ 8. Մտավոր կամ հոգևոր որևէ մի ասպարեզում ճշմարտությունից հրաժարվելը նշանակում է աստիճանական հրաժարական ճշմարտությունից նաև մըտավոր ու հոգևոր մնացած բոլո´ր ասպարեզներում:

Այսինքն, նման հրաժարականը նշանակում է, որ մտավորականի կուլտն ու հավատամքն արդեն ոչ թե ճշմարտությունն է, այլ միմիայն կեղծիքը կամ որևէ շահը, ինչի կոնկրետ տեսակը որոշվում է ոչ թե գիտական օբյեկտիվ չափանիշներով, այլ նպատակահարմարության հանգամանքներից ու պահից կախված քաղաքական շահերով:

Դրույթ 9. Եթե հասարակական արատավոր կարգը թույլ է տալիս կամ խրախուսում է գիտական շառլատանությունը, անպայման հայտնվում են մարդիկ, ովքեր նըման շառլատանությունը տարածում հասցնում են գիտության նորանոր ոլորտները:

Օրինակ, 1950-ականների վերջերին ու 60-ականների սկզբներին ծայր առավ մի նոր մոդա, ինչի հետևորդները պնդում էին, թե ուրարտերենը հայերենն է ու որ ուրարտացիները հայերեն էին խոսում ու գրում, չնայած (իրավաբանների գործածած իմաստով) ապացուցված է, որ ուրարտերենը ցեղակից չի հնդեվրոպական և ոչ մի լեզվին, ուրեմն, նաև հայերենին:

Այս մոդան ոչ միայն համառությամբ շարունակվում է առ այսօր, այլև ճյուղեր է տվել, ու արդեն հայտնվել են ինքնահռչակ լեզվաբաններ (կամ ավելի լայն ու ամպագոռգոռ՝ «հայագետներ»), ովքեր ստվար գրքեր են տպագրում ու «ապացուցում են», որ, օրինակ, շումերերենը (կամ/նաև հիքսոսերենը, էտրուսկերենը, բասկերենը ևն, ևն, ևն) հայերեն են կամ հայերենից են առաջացել, կամ որ հայերենն ուենցել է մի «զուտ հայկական արմատ, «ար» արմատը, ինչը Աճառյանը (իրենց ասելով՝ չարամտությամբ) չի ընդգրկել իր ՀԱԲ-ի մեջ:

(Այսօրինակ «լեզվահայրենասեր հայագետների» մի ուրիշ ճյուղը մեղադրում է Աբեղյանին, թե իբր սա´ է մեր ուղղագրությունը փոխել 1922-ին ու, ամեն կերպ անվանարկելով հայագիտության այս վիթխարավաստակ ռահվիրային, պնդում է, թե «պիտի վերադառնանք մեր արմատներին որ չերկփեղկվենք, ու սրա համար էլ պիտի նորից անցնենք գրաբարից մեզ հասած ուղղագրությանը (ու նույնիսկ գրաբարին), իբր որ մեր ազգային միասնությունը վերականգնվի» ( [ib.]):

Մեր համալսարանական ազգագրությունն էլ հետ չի մնում իր այս «ապացույցներով»: Առհասարակ, մերոնք, «ազգագրություն» ասելով, հասկանում են միմիայն տարազի, կերակուրների տեսակի ու ժողովրդական զանազան սովորույթների հարցերը:

Երևանի մայր համալսարանում գաղափար անգամ չունեն ոչ միայն համեմատական ազգագրությունից, այլև նույնիսկ 19-րդ դարի վերջերին ու 20-րդի սկզբներին հրատարակած Ջեյմզ Ջորջ Ֆրեզերի 13 հատորանոց «Ոսկե ճյուղը» ֆունդամենտալ գործից ու սրա նշանակությունից ազգագրության համար (տես [49-50]-ը):

(Ես 7.8 պարագրաֆում արդեն նշել եմ, որ մեր Սոսյաց անտառի ու Սոսանվեր Անուշավանի պատմությունն ուղղակի կապվում է Նեմիի Սրբազան պուրակի տրադիցիայի հետ, ինչին Ֆրեզերը 13 հատորանոց մի ֆունդամենտալ աշխատություն է նվիրել (սրա սեղմագիրն է «Ոսկե ճյուղը», Հայաստան, 1989 (տես [49]-ը)): Բայց առ այսօր մեր ազգագրագետներից ոչ մեկն այս առասպելն այս տեսանկյունից չի հետազոտել):

Այստեղ դեռ զբաղվում են «ապացուցելով», որ օրինակ տոլման, դուդուկը կամ լավաշը հայերն են ստեղծել, բայց ադրբեջանցիները զանազան խարդվանքներով կա´մ ուզում են, կա´մ արդեն ՅՈՒՆԵՍԿՈ-յում գրանցել են տվել իրենց անունով:

(Ու սա «ապացուցում են», չնայելով այն հանգամանքին, որ հայագիտությանը հըստակ հայտնի է, որ «լավաշ, դուդուկ» ու «տոլմա» բառերը փոխառություն են, բնիկ հայերեն չեն, ինչից հետևում է, որ սրանց նշած առարկաներն էլ բնիկ չեն:

(Ու սրա հետ միասին մեր ազգագրագետները երբեք չեն խոսում ու նույնիսկ չեն էլ հիշատակում հայկական «փող» նվագարանը, ինչը, Կոմիտասի ասելով, միակ հայկական նվագարանն է, տես [24]-ը):

Համարյա նույն վիճակն է պատմությանն ու սրան հարակից ասպարեզներում, մանավանդ հայ եկեղեցու պատմությանը, ինչը դեռ սպասում է իր հայկական Լեո Տաքսիլին:

(Այս առումով պիտի թերևս պարտադիր նշվի այն (նորից ողբերգական) հանգամանքը, որ «հայ եկեղեցու պատմության» անվան տակ մեր դպրոցներում ուղղակի կրոն են ուսուցանում կամ քարոզում):

ԵՊՀ-ի ռոմանոգերմանական ֆակուլտետում առաջ միայն այս լեզուներով խոսող էին պատրաստում, բայց իմ առաջարկով սկսեցին իբր թարգմաններ պատրաստելը (իհարկե, ինձ այդ գործից մեկուսացնելով), այնինչ, իրականում այս ֆակուլտետում այսօր էլ գաղափար անգամ չկա, թե ինչ է իսկական թարգմանությունը:

Վերջին երկու դարի այլ լեզուներից արված մեր թարգմանությունները, հազվագյուտ բացառություններով, թարգմանական կլիշե (կամ կալկա, պատճեն) են: Ու սա այն երկրում, որտեղ թարգմանական արվեստն իբր այնքա´ն բարձր մակարդակ ունի ու այնքա´ն հնուց է գալիս, որ այս ժողովուրդը նույնիսկ Թարգմանչաց տոն ունի (բայց նորմալ թարգմանիչ, ըստ էության, գոնե այսօր, չունի´):

Իմ «Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը» գրքում ցույց եմ տվել, որ ՀՀ-ի բուհերում դասավանդվող տնտեսագիտությունն ու իրավունքի տեսության ու բարոյագիտության սկզբունքները նույնքա´ն են հակագիտական, ինչքան արդեն ասված լեզվաբանությունն ու հիշատակված մնացած ասպարեզներինը:

Ու այս ամենի պատճառը հումանիտարիստիկայի այս բոլոր ասպարեզներում գիտական մեթոդն արհամարհելն ու ճիշտ ու սխալը որոշելու չափանիշի բացակայությունն է, ինչի արդյունքը մեր մտավորականության հույժ ցածր մակարդակն է ու, ըստ էության, մտավորականություն կոչվելու անարժանությունը:

Այս հապճեպ թվարկությունը, իհարկե, սպառիչ չի, բայց առայժմ բավականանում եմ սրանով (հուսալով, որ կհասցնեմ սրան ու սրա հետևանքներին մի առանձին գիրք կնվիրեմ), ու այժմ անցնում եմ շառլատանական երևույթների չեմպիոնի, հերունիիզմի հակիրճ շարադրանքին:

Չնայած հերունիիզմի երևույթը գուցե այս գրքի նպատակներից դուրս է, բայց սրա շարադրանքն այստեղ էլ եմ պարտադիր համարում, որովհետև սա հայ ժողովրդի այս իբր բացառիկ հնության, եզակիության ու բացառիկ կարևորության կեղծ ու վնասակար թեզերի չեմպիոնն է, իսկ այս թեզերն արդեն դպրոցի դասագըրքերն էլ են մտել ու սրանց ծավալն ու բազմազանությունն անընդհատ աճում է:

Բացի այս բաները, հերունիիզմը (գիտությունն աղավաղելով) կեղծ գիտություն, օրինակ, կեղծ լեզվաբանություն, ստեղծելու հույժ տիպական ու հույժ տարածված հընարքներից մեկն է, ու սա մերկացնելը պարտադիր է:

17.3 Հերունիիզմը

Ես «հերունիիզմ» եմ անվանում գիտության ոլորտների հույժ կամայական ու կտրուկ ժխտողականության ու սրանց փոխարեն բացարձակ անհիմն բացատրություններ առաջարկելու երևույթը, ռադիոինժեներ ակադեմիկոս Պարիս Հերունու ողջ հայա«գիտական» գործունեության օրինակով:

Պրն Հերունին էլ, մնացած բոլոր-բոլոր փսևդոհայագետների պես, անպայման այն բացարձակ անհիմն թեզի թունդ կողմնակիցն է, թե հին հայերենն իբր ուներ «արև» նշանակությամբ արիական «ար» արմատը, ինչից իբր առաջացել են այսօրվա հայերենի «ար»-ով սկսվող բոլո´ր-բոլո´ր բառերը:

Անհնար է, որ այս թեզի կողմնակիցներին որևէ փաստարկով, որևէ գիտությամբ կամ գիտական մեթոդով կամ որևէ տրամաբանությամբ համոզես, որ իրենք սխալ են, որ հին հայերենն այդպիսի արմատ չի ունեցել, որ, օրինակ, հայերեն «արև» ու «արեգ» բառերի պատմահամեմատական լեզվաբանության մեթոդներով արված գիտական բացատրությունները հակադիր են իրենց ասածին:

Սրանք ավելի շուտ կհամաձայնեն զրկվեն իրենց կյանքի իմաստից, քան զրկվեն իրենց այս կեղծ հիպոթեզից, ինչն իրենք համարում են աստվածային ճշմարտություն ու ինչի պաշտպանությունը հենց իրենց կյանքի իմաստն է (տես նաև 17.6-ը):

Հերունիիստները, ճիշտ ու ճիշտ պրն Հերունու պես, անպայման հենց ԻՐԵ´ՆՔ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՌՉԱԿՈՒՄ հայագիտության հույժ խորագույն փորձագետ, օրինակ, պատմահամեմատական մեթոդի հրաշալի գիտակ, չնայած թե´ այս մեդոդից, թե´ լուրջ լեզվաբանությունից նույնիսկ աղոտ պատկերացում անգամ չունեն:

Համոզվելու համար, որ ասածներս ճիշտ են, անցնենք պրն Հերունուն ու իր կոնկրետ, անհատական հերունիիզմին, ինչն ուղղակի հերունիիզմի աշխարհի առայժմ անգերազանց չեմպիոնն է:

Պրն Հերունին իր միակ «Հայերը և հնագույն Հայաստանը» (2006) գրքի [54] 133 էջի աղյուսակում գրել է, թե հայոց լեզուն ծագել է 45000 տարի առաջ», թե «հայոց գրավոր լեզուն (պատկերներ, խորհրդանիշեր, հիերոգլիֆներ) ծագել է 25000 տարի առաջ, թե Հայոց Նախնական այբուբենը մթա X հազարամյակում ունեցել է 19 տառ ու 10 թիվ» {երևի՝ թվանշան, բայց այս պարոնին թվի ու թվանշանի տարբերության պես «մանրուքները» հետաքրքիր չէին}, իսկ «Հայոց Զարգացած 34 տառանոց այբուբենը՝ ստեղծվել է մթա VI հազարամյակում» ու, ի վերջո, թե «Մաշտոցը մթ 406-ին վերականգնել է (sic!) Հայոց ժամանակակից այբուբենը ու սա ուներ 39 տառ»:

(Ու պրն Հերունու համար կարևոր չի, թե Մաշտոցի աշակերտ Կորյունն ինչ է վկայում, կամ որ մեր հին ողջ գրականության մեջ ամենաքիչը մինչև 10-րդ դարը ոչ «և» կա, ոչ «օ», ոչ «ֆ», որ այբուբենի տառերի թիվը դառնար այսօրվանը՝ 39):

Սույն պարոնը նաև գրում է, որ աշխարհի մնացած բոլոր լեզուների այբուբենները ծագում են հայկական այբուբենից, չնայած առկա փաստերը լրիվ են հակառակ սրան, բայց այս պարոնի համար միակ ճշմարիտ «փաստերն» իր իսկ բորբոքված ու ոգեշունչ երևակայության անհիմն հայտարարություններն են:

Տեսնենք, թե այս պարոնի «գիտական փաստերն» ի´նչ արժեն:

Համաշխարհային գիտությունը, ուսումնասիրելով գտնված բրածո կմախքները, պարզել է ու գիտական է համարում, որ մենք, այսինքն, մարդու այսօրվա տեսակը, homo sapiens sapiens-ը (մարդ բանական բանականը) կամ կրոմանյոնցին (Ֆրանսիայի Կրո Մանյոն կիրճի քարայրներում հայտնաբերված) առաջացել է հավանական է, մոտ (ամենաշատը) 160000 տարի առաջ, Աֆրիկայում, ու գուցե մոտ 100000 տարի առաջ Աֆրիկայից անցել է Փոքր Ասիա, ու հետո էլ, գուցե այստեղից, մտել է Եվրոպա:

Մեր այս նախնին ապրել է մոտ 20-ից 100 հոգանոց տոհմերով ու զբաղվել է հավաքչությամբ ու որսորդությամբ: Սրանցից երկրորդ թվի, այսինքն, 100 հոգանոց տոհմի գոյությունը, թերևս ենթադրություն է, որովհետև առ այսօր այսպիսի մեծաքանակ կմախքներով պեղավայր կամ այս թվին համապատասխան կացարան չեն գտել:

Սա հասկանալի է, որովհետև, այն վաղնջական օրերին պատահում էր, որ դաժան ձմեռներին նախամարդը նույնիսկ ուտեր իր մանկահասակ երեխաներին (այսօրինակ ինֆանտիցիդը հաստատված է պեղումներով), որովհետև առանց (այսօրվա տեսանկյունից) այդ գարշելի սովորության այդ խումբն ուղղակի չէր հարատևի:

Կրոմանյոնցիների այս խմբերը անընդհատ տեղից տեղ էին քոչում, չնայած հնարավոր է, որ տարվա որոշակի սեզոններին հետ դառնային նույն քարայրը:

Հավանական է, երբ սրանք իրենց սիրած քարայրներից հեռանում էին, գազանների մորթիներից վիգվամի կամ յարանգի պես (գուցե նաև ավելի երկար ու ծավալուն) ժամանակավոր կացարաններ էին սարքում:

Կրոմանյոնցին օրվա ընթացքում անընդհատ էր զբաղված, տղամարդիկ՝ որսով կամ զենք ու գործիք սարքելով, կանայք՝ հավաքչությամբ, մորթի մշակելով ու կանանց հատուկ գործերով: Կրոմանյոնցին, ըստ էության, ազատ ժամանակ թերևս չուներ (որ Քարահունջում քարե գործիքներ պատրաստելու արանքներում աստըղադիտարան ու համալսարան սարքեր ու աստղագիտությամբ ու մաթեմատիկայով զբաղվեր, ինչպես պրն Հերունին է պնդում, տես քիչ հետո):

Այս վիճակը ձգվեց մինչև մոտ վերջին սառցային մեծ շրջանի վերջը, այսինքն, մինչև մեզնից մոտ 10000 տարի առաջվա այն «պահը», երբ մարդը հայտնագործեց մասնավոր անձեռնմխելի սեփականության ինստիտուտը:

Այս հայտնագործությունը, համոզված եմ, որ homo sapiens sapiens-ի ամենախոշոր հայտնագործությունն էր, ու հենց սա´ էր, որ հնար տվեց, որ մարդը հայտնագործի անասնապահության ու հողագործության տեխնոլոգիաները ու հետո անցնի նաև նստակյաց կյանքին, այսինքն, ապրի գյուղերով ու քաղաքներով:

Կրակի տեխնոլոգիայի հայտնագործությունից հետո սրա´նք էին այն գլխավոր տեխնոլոգիաները, որոնց հայտնագործությունը վիթխարի կարևորություն ուներ, որովհետև հենց սրանք էին, որ մեր նախնիներին այնքան ազատ ժամանակ տվեցին, որ սրանք սկսեցին զբաղվել «նախնադարյան բնագիտությամբ» ու «նախնադարյան մաթեմատիկայով»:

Ուրեմն, հենց սրանց, մանավանդ, մասնավոր սեփականությա´ն հայտնագործությամբ էլ սկսվել է այս մոլորակի քաղաքակրթությունը [45]:

(Չարլզ Դարվինը նկարագրում է Հրո երկրի մոտ 150 հոգանոց մի ցեղ, ով նույնպես չէր հայտնագործել մասնավոր սեփականությունը ու սրա համար էլ մնացել էր վայրենության ամենաստորին աստիճանի վրա: Այս ցեղի անդամներն էլ էին դաժան ձմեռներին մորթում իրենց պառավ կանանց ու ուտում, որ սովից չմեռնեն: Տես [45]-ը):

Ինչ վերաբերում է հայերեն լեզվին, այսօրվա լեզվաբանությունը (նեղ իմաստով՝ հնդեվրոպաբանությունը) արդեն 200 տարուց ավել, քննելով առկա բազում փաստը, եզրակացրել է, որ հնդեվրոպական կոչված լեզուների մի խումբը մի մայր կամ հիմք լեզվից է առաջացել, ինչին այսօր ասում են «հնդեվրոպական նախալեզու»:

Հնդեվրոպական նախալեզուն թերևս սկսել է ճյուղ ու ծիլ տալը մեզնից մոտ 5,5-6,5 հազար տարի առաջ, իսկ թե ո՞րտեղից է ծագում ինքը, լրի´վ է անհայտ:

Այս շրջանից առաջ ոչ միայն հայերի մասին խոսելն է անիմաստ, այլև հնդեվրոպական բարբառ կրող բոլոր ժողովուրդների՝ հույների, հնդոիրանական բոլոր ցեղերի, լատինների, օսկերի, ումբրների, էտրուսկների, գոթերի, վանդալների, անգըլների, սաքսերի, ֆրիզների, յուտերի, գալլերի, կելտերի, իբերների, պիկտերի, խորվաթների, սերբերի ու առհասարակ սլավոնների, լիտվինների, լատվերի, խեթերի, թոխարացիների ևն, ևն, ևն:

Իհարկե ու անկասկած, այս շրջանից առաջ նաև անիմաստ է խոսելը ոչ միայն հնդեվրոպական, այլև առհասարակ ո´րևէ մի ազգի մասին:

Պրն Հերունուն սրա պես «մանրուքները» չեն անհանգստացնում, բոլորովին:

Օրինակ, այս պարոնը հայտարարում է, որ (էջ 41).

«Շատ ավելի բան է հայտնի {իհարկե, բացարձակ ոչ մի հավաստի բան հայտնի չի, բայց պարոնն ասում է, թե հայտնի է} հաջորդ հին «Հայոց բուն տոմար» (ՀԲՏ) անունով ֆիքսված հայկական օրացույցի մասին, որը ընդունվել է մ.թ.ա. 2492 թվականին Հայոց թագավոր Հայկի հրամանով {բա´, պրն Հերունին ասում է, ուրեմն, սա փաստ է}, որը կրում էր «Կեսար» տիտղոսը, այսինքն՝ «Կես-ԱՐ», «Կես Արև» «Կիսաստված», քանի որ Հայոց թագավորը միաժամանակ եղել է նաև Գերագույն հոգևորականը կամ «Արևի Որդի» ու Գլխավոր Աստծո՝ Հայր ԱՐԻ ներկայացուցիչը Երկրի վրա: Այնպես որ Կեսարը հանդիսանում էր «Երկրային Աստվածը»:

Հայկական {բա´, հայկակա´ն} «կեսար» բառը հետագայում Հունաստանից Եվրոպա է անցնում և օգտագործվում որպես «ցեզար» Հռոմում և Բյուզանդիայում), որպես «կայզեր» (Գերմանիայում), որպես «ցար» (Ոուսաստանում) և այլն, բայց արդեն «կայսր» իմաստով»:

Պրն Հերունին չի ասում, թե ո՞րտեղից է իրեն հայտնի, որ Հայկը կրում էր «Կեսար» տիտղոսը, կամ ինչո՞ւ Խորենացին չի հայտնում այս (իր ասելով) այն օրերին արար աշխարհին հայտնի այս կարևորագույն փաստը, կամ այդ ո՞րտեղից է իրեն հայտնի, որ լատիներեն «կեսար=կտրած, հատած» բառը իր լատիներեն իմաստի փոխարեն ունեցել է «կես արև» իմաստը, կամ ինչո՞ւ է սխալ այն պատմական տեղեկությունը, որ Հուլիոսը ծնվել է իր մոր արգանդի հատվածքով, ու որ սրա համար էլ «կեսար» բառը դարձել է Հուլիոսի մականունը:

Պրն Հերունին Հուլիոսի անունն անգամ չի հիշատակում այստեղ: Դժվար է ենթադրելը, թե ակադեմիկոս Հերունին իր կյանքում երբևէ չէր լսել Հուլիոս Կեսարի Հուլիոս անունը:

Իր գրքի 63-րդ էջին պրն Հերունին պնդում է, որ 7500 տարի առաջ Քարահունջը եղել է աստղադիտարան ու նաև համալսարան:

Պրն Հերունին ինչպե՞ս է ապացուցում սա: Ահա այդ «ապացույցը» (69-րդ էջը).

«Որ Քարահունջը եղել է նաև համալսարանական կենտրոն, հաստատում են իրար մոտիկ կանգնած № 160 քարը, որի բարձրությունը 1.9 մ է, և № 161-ը, որի բարձրությունը 1 մ է՝ ուսուցչի և աշակերտի համար: Երկուսի անցքերն էլ նայում են միևնույն կետին մոտակա բլրի գագաթին ժամանակին գտնվող դիտակետ ծառայող մի որոշակի քարի»:

Ու վերջ, ըստ Հերունու, քարահունջյան համալսարանի իր այս ապացույցը կատարյալ է: Բայց պրն Հերունին սրանով չի բավարարվում ու հաջորդ էջին շարադրում է № 160 ու № 161 քարերի այս միայն ու միայն իրար մոտիկ կանգնած լինելու փաստից բխող բազում «ցնցող գիտական» փաստը, որոնք են.

«Քարահունջում դասավանդվել են Արեգակի, Լուսնի, աստղերի դիտման մեթոդները, ներառյալ խողովակով (խաչաձևվող գծերով), դիտումների արդյունքների գրանցումը ու դրանց ֆիքսումը, դրանց ճշտությունը որոշելը (մետրոլոգիա), աստղագիտություն, մաթեմատիկա և այլն: Ուսուցանել են նաև տիեզերագիտություն, ժամանակագրություն և հայոց լեզու:

«Աստղադիտարանն իր այժմյան տեսքով մեզ վկայում է այբուբենի, գրավոր խոսքի առկայության մասին, թվերի, մաթեմատիկայի*, փիլիսոփայության և այլն, ինչպես նաև կայուն պետականության և կարգ ու կանոնի գոյության մասին շատ հազարամյակների ընթացքում»:

Պրն Հերունին, հասնելով այս «մաթեմատիկա» բառին, աստղանիշ է դնում ու էջատակին ձեռաց ու իսկույն «ստուգաբանում է» հունարենից բազում ժողովրդի փոխ առած այս բառը, բացարձակ անտեսելով, որ «Մաթեմատիկա» բառը (հին հունարենով՝ μᾰθημᾰτικά) առաջացել է հին հունարենի μάθημα-ից, ինչը նշանակում է՝ «ուսումնասիրություն, գիտելիք, գիտություն»: Ահա թե ինչ է ասում Wikipedia-ն.

«Հին հունարեն μαθηματικός-ը սկզբում նշանակում էր «ընկալունակ, ըմբռնող», իսկ ավելի ուշ՝ «ուսումնասիրությանն առնչվող մի բան», ինչն էլ հետո դարձավ մաթեմատիկային առնչվող մի բան»:

«Այս μᾰθημᾰτικά տերմինն իր այսօրվա իմաստով հանդիպում է Արիստոտելի աշխատություններում»:

{Այսինքն, հայկական այբուբենն ստեղծելուց 700 տարի առաջ}:

Ահա պրն Հերունու «ստուգաբանությունը», ընդ որում, պրն Հերունին իրեն հատուկ սովորական աճպարարությամբ վերցնում է այս բառի ռուսերեն տառադարձությունը, որ խուսափի հունարենի «թ=θ» հնչյունից, որովհետև այս «թ»-ն ձեռնտու չի իրեն, ախր ո՞վ կհավատա, որ «մաթ»-ը հայերեն «մատ»-ն է.

«*Մատ • ե • մատ • իկա նշանակում է՝ մատը մատից հետո է գալիս, այսինքն, "հաշվել": {Հետաքրքիր է, թե պրն Հերունին ինչպես կստուգաբաներ «մաթեմատիկոս»-ը, ախր այս «իկոս»-ը կխանգարեր իրեն}: Հին Հայաստանում օգտագործվել է հաշվի տասնական համակարգը "զերոյի" առկայությամբ (Այնինչ համարվում է, որ "զերոյի" գյուտը կատարվել է միջնադարյան Եվրոպայում)»:

{Չի համարվում: Հաստատ է, որ զերոյի գաղափարը, այսօրվա «արաբական» կոչվող թվանշանների հետ արաբներն են Հնդկաստանից բերել Եվրոպա}):

«"Զերո" բառը {շարունակում է Հերունին}, հին հայերենով նշանակում է. "Այն սկիզբ է, բայց նյութական չի" (խորը փիլիսոփայություն)»:

Թե պրն Հերունին ո´րտեղ է տեսել, որ «"զերո" արաբական բառը հին հայերենով նշանակում է. "սկիզբ, բայց նյութական չի"», բացարձակ է անհայտ, անհայտ է նաև հենց իրեն: Իսկ պրն Հերունուն դուր եկած այս «խորը փիլիսոփայությունը» հանդիպում է նաև 80-րդ էջին, երբ այս պարոնը իր այս (չափազանց մեղմ ասած) մանկամիտ ու գիտությանը լրի´վ անհայտ մեթոդով «ստուգաբանում է» աստղ բառը.

«Աստղ բառը նշանակում է "տիեզերքի (նյութի) սեղմվածք, խտացում", որովհետև "աստ՚՚-ը տիեզերքն է և "ղ"-ն տարբեր նյութերի սեղմվածք, ինչպես օրինակ, "յուղ" բառում, որը կաթի խտացումն է: Խոր փիլիսոփայություն է»:

Ահա այս նույն անհայտ մեթոդով «ստուգաբանված» ևս երկու բառ.

«Տիեզերք բառը հայերենում նշանակում է "Մարդկային տան (տեղի) եզրեր, ծայրեր" (տես Աղյուսակ 10): Տիեզերք իմաստով կա ևս մի հայերեն բառ, որը երևի ավելի հին է: Դա "աստ" բառն է, որը նշանակում է "Կյանքի գեղեցիկ տուն (տեղ)": Այսպիսով, տիեզերքը սերտ կապի մեջ էր կյանքի հետ, մարդկային կյանքի համար էր, մարդիկ բնության մասն էին և ապրում էին ողջ տիեզերքում: Այս հնագույն կարծիքը ցնցող է, այդպես չէ՞»:

Իհարկե, ցնցող է ու, նույնիսկ, ապշեցուցիչ՝ իր հակագիտականությամբ ու զառանցականությամբ:

Ահա մի ուրիշ գոհար, 75-րդ էջից.

«Բայց այն ժամանակ Օրիոնի համաստեղությունը կոչվում էր Հայկի համաստեղություն {բա´, ասաց ու կտրեց պրծավ, «կոչվում էր», ու վերջ} [21] և Մեծ Բուրգը կառուցվել է հայոց թագավոր Հայկի ժամանակ (մ.թ.ա. 2493-2444): Հայկի համաստեղությանը միշտ (հիմա էլ) ուղեկցել է Սիրիուսը՝ (հայերեն իմաստը՝ "Սուրբ մարդու տան սիրված էակը"), Մեծ Շան համաստեղության Ալֆա աստըղը»:

Պրն Հերունու ողջ գիրքն է այսպիսի գոհարներով շաղախված, ծայրից ծայր:

17.4 Գիտական ստուգաբանության երկու օրինակ

Այժմ, ցույց տալու համար, թե պրն Հերունու գրքի այս բոլոր ու մանավանդ հետագա «ստուգաբանությունները» ինչքան են անհեթեթ ու նույնիսկ զառանցական, բերում եմ «bhra˜ter = եղբայր» հնդեվրոպական արմատի էվոլյուցիան հայերենում, ըստ Աճառյանի ([7], ԼՔՀԼ, VI-ից, էջ 753 ու հետո):

Քանի որ բառերի գիտական տրանսկրիպցիայի նշանները չունեմ, օգտվում եմ հայերենի այբուբենի ու կետադրական նշանների ընձեռնած հնարավորություններից: Կարևոր բաները թավացրել եմ, Աճառյանի թվական-գոյականի սխալ գործածությունն ուղղել եմ՝ ըստ իմ այս գրքի հայերենի օրենքների):

Խոսքը տանք Աճառյանին:

«Տրված է մեզ, օրինակ, հնդեվրոպական նախալեզվի bhra˜ter բառը, որ նշանակել է «եղբայր» և որ երևան է հանել հնդեվրոպական լեզվաբանութլունը, մի խումբ հին ու նոր լեզվի ուսումնասիրությամբ և համեմատական քննութլամբ։

Ի՞նչ կտա մեզ այդ բառը հայերենում։ Բաոի վրա պետք է գործադրենք հետևյալ 5 ձայնական օրենքը.

1. Բաոասկզբի bh տալիս է hայերեն բ.

2. r տալիս է հայերեն ր.

3. a˜ դառնում է հայերեն ա.

4. Երկու ձայնավորի միջև t դառնում է հայերեն յ.

5. Վերջավանկի ձայնավորը ջնջվում է հայերենում:

Այս 5 ձայնական օրենքի գործադրությամբ bhra˜ter-ը պիտի դաոնար հայերեն *բրայր:

Այժմ դառնանք հայերենի ներքին ձայնական օրենքներին:

Այստեղ էլ նկատում ենք հետևյալ ձայնական 4 օրենքը.

1. Երկու հաջորդական ր-ից մեկը վերածվում է լ-ի, ինչպես բրայր>բլայր (տարանմանության {dissimilation-ի օրենքը}):

2. բլ կարող է շրջվել և դառնալ լբ (տեղափոխության {metathesis-ի օրենքը}). Սրան ասում ենք նաև դրափոխություն:

3. բաղաձայնից առաջ լ-ն, առանց բացառության, դառնում է ղ, որ թավ լ-ն է, {այսինքն}, լ=լբայր>ղբայր:

4. ղ-ն բառասկզբում ստանում է շատ անգամ ե, երբեմն էլ ա հենարանը:

Այս 4 նոր օրենքի գործադրությամբ բրայր դառնում է եղբայր կամ այլ գավառականով՝ աղբայր:

Այս է հնդեվրոպական նախալեզվի bhra˜ter բառի վերջին հանգրվանը՝ միչև V դար: Իսկ եթե ուզենանք շարունակել այն մինչև նոր բարբառները, կստանանք՝

եղբայր/աղբայր>աղբեր>աղբար>ախպեր>ախպար:

{Այս ախպեր-ից էլ՝ ապեր>ապե>ապ, նաև ապերիկ, ապի, ափո, ապերո, ապերո բուլո ևն}:

Ոչ լեզվաբանի {օրինակ, «հայագետ» Պարիս Հերունու} համար bhra˜ter և ախպար այնպիսի անհամեմատելի եզրեր են, որ ոչ ոք {օրինակ, ռադիոինժեներ Պարիս Հերունին} չի հավատա: Բայց նրանք բացարձակ ճիշտ համազորներ են, որովհետև ձայնական օրենքների ճիշտ գործադրության արդյունք են, նշանակությամբ էլ բոլորովին նույնը»: Սա է Աճառյանից արած քաղվածքի վերջը:

Բերեմ այս մետամորֆոզը լրիվ.

bhra˜´ter>բրա˜յե´ր>բրա´յեր>բլայր>լբայր>ղբայր>եղբայր/աղբայր>աղբեր>աղբար>ախպար>ախպեր>ապեր>ապ:

Այս «ապ»-ի մեջ սկզբնական bhra´ter-ի հնչյուններից ոչ մեկը չկա:

bhra´ter-ի այս ժառանգ բառերը բոլորն էլ բնիկ հայերեն են, ու բոլորն էլ իրենց խոսվածքներում ու իրենց ժամանակաշրջաններում ապրելու իրավունք ունեն (իհարկե, եթե սրանք ընդհանրանան, կամ եթե արդե´ն ընդհանրացել են կամ էի´ն):

Իմիջիայլոց, այս բառերը մեզ «չեն էլ հարցնում», հանգիստ ապրո´ւմ են:

Ահա այս նույն էվոլյուցիայի արդյունքը մի քանի ուրիշ լեզվում ևս. սանսկրիտում՝ բրա˜տար, հին պարսկերենում՝ բրա˜տա, պարսկերենում՝ բիրա˜դար, հունարենում՝ ֆրա´տոր/ֆրա´տեր, լատիներենում՝ ֆրատեր, գերմաներենում՝ բըրուդեր, անգլերենում՝ brother, ռուսերենում՝ брат (Տես ՀԱԲ, եղբայր-ը):

Մի օրինակ էլ բերեմ նույն տեղից (էջ 744):

«Հայերեն խռիկ տալ «դուրս վռնդել, հալածել» և ոչ մի նմանություն չունի ռուսերեն улица «փողոց» բառի հետ, բացի իմաստի դույզն {չնչին} նմանությունից: Բայց այս երկուսը բացարձակապես նույնն են:

«– Խռիկ տալ-ը նոր ձևացած ոճ է խռկել բայից. սա էլ ծագում է խրկել<ղրկել ձևից, որ ղարկել ձևի միջոցով ծագում է ուղարկել բառից: Հիշյալ բոլոր միջին ձևերը կենդանի են դեռ բարբառներում: Իսկ ուղարկել-ը կազմված է (յ)ուղի արկանել ոճից. ուղի-ն, հնչված ուլի՝ ճշտիվ նույնն է ռուսերեն улица բառի հետ, որի վերջին վանկը՝ -ца-ն մասնիկ է»:

Այս «ուղի արկանել»-ը ճիշտ այսօրվա «ճամփու քցել»-ն է, որովհետև պարսկերենից փոխ առած «արկանել»-ի հիմնական իմաստը «շպրտել, քցել»-ն էր:

17.5 Ո՞վ է մեղավորը

Իհարկե, արգելված չի, որ որևէ մեկը զբաղվի իր բազային կրթությունից դուրս որևէ այլ գիտությամբ, բայց պարտադիր է, որ այս զբաղմունքը արվի այս նոր ասպարեզի պատշաճ գիտական մեթոդով:

Սրա համար էլ պարտադիր է, որ այս ասպարեզի համար նորեկը խիստ բարեխիղճ ուսումնասիրի ու յուրացնի այս նոր ասպարեզի խնդիրներն ու առարկան ու սրանք լուծելու գիտական մեթոդը, որ իր ասածները անհեթեթ չլինեն:

Ոչ մի կերպ ինձ չեմ համոզում, որ տասնամյակներով բնագիտության ասպարեզում գործած ռադիոաստղագետ ակադեմիկոս Պարիս Հերունին այս ասվածը չգիտեր, այսինքն, չգիտեր գիտության ու գիտական մեթոդի այբուբենը, ու իբր սա է այն պատճառը, որ պրն Հերունին համոզված էր, որ ինքը, առանց հայագիտությունից որևէ պատրաստություն ունենալու, այս ասպարեզի բարդագույն խնդիրները լուծելու կարողություն ունի:

Այնուամենայնիվ, ենթադրենք, թե պրն Հերունին ինչ-ինչ պատճառներով չի գիտակցել, որ իր գրածները ոչ միայն ծայր աստիճան անհեթեթ են, այլև զառանցական:

Իրոք, եթե նախորդ պարագրաֆի գիտական ստուգաբանության մեթոդին ծանոթ մարդուն ասեիր, թե «Սիրիուս-ը նշանակում է "Սուրբ մարդու տան սիրված էակը"», կամ թե հայերեն այբուբենի «ձ»-ի նշանակությունն է "երկար, երկար տեսակի", միայն այն պատճառով, որ այս տառը կա բառերի հետևյալ խմբի մեջ. «ձի, ձու, ձայն, ձող, ձուկ, ձեռք, ձոր, օձ, ձգել, ձոն, ձագար, տանձ, ընձուղտ, սանձ, բարձր»,

«իսկ այս «բառերի հիմնական նմանությունը դա "երկար, երկարուկն" է, այսինքն՝ երկարավուն, երկար տեսակի ձգված տեսք, ձև ունեցող; որովհետև, օրինակ, ձին երկարավուն կենդանի է, ունի երկարուկ դունչ, երկար վիզ, մարմին, երկար պոչ, ոտքեր և այլն, այնպես որ "ձ"-ի նշանակությունն է "երկար, երկար տեսակի"; ու հիմա կարող ենք հասկանալ նաև, որ ընձուղտը նշանակում է "երկարավիզ ուղտ"» (էջ 109-110), կասկած չունեմ, որ գիտական ստուգաբանությանը ծանոթ մարդը կմտածի, որ այսպիսի «հերունիական ստուգաբանություն» անողը կա´մ հոգեկան հիվանդ է, կա´մ զառանցում է:

Այնուամենայնիվ (չքննարկելով այն հարցը, թե ինչո´ւ են «ձայն, ձոն, բարձր» բառերը նշանակում երկարավուն), նկատենք, որ այսպիսի հիվանդը բավական «խոհեմ է», որ չնշի այս «ձ»-ն պարունակող այնպիսի բառերը, ինչպիսիք են, օրինակ. «ձյուն, ձև, ինձ, ձրի, ձախ, ձաղկ, ձագ, խանձ, հունձ, գանձ, գուղձ, վարձ, խնձոր, փորձ», որոնց ուղղակի անհնար է "երկար, երկարուկ, երկարավուն, երկար տեսակի" նշանակություն վերագրելը, որովհետև սրանք իսկույն ցույց կտային, որ իր այս իբր հանճարեղ տեսությունն ուղղակի անհեթեթ է:

Ու նման «հիվանդը» նաև բավական խորամանկ է, որ հայկական Վիկիպեդիայում հայտարարի, թե ունի 4 մենագրություն, նկատի ունենալով միմիայն այս հայագիտական «թյուրիմացությունն» ու նաև սրա ֆրանսերեն, անգլերեն ու ռուսերեն երեք թարգմանությունը, որոնք հայագիտությունն անսահման վարկաբեկեցին այս երեք լեզուն իմացողների աչքերում:

Լա˜վ, այնուամենայնիվ, մի պահ համաձայնենք հիվանդության վարկածին ու հիշենք, որ հիվանդությունը հազվագյուտ երևույթ չի: Հիվանդությունը պատահում է, ու նույնիսկ ակադեմիկոսնե´րն են հիվանդանում կամ զառանցում:

Բայց ախր ինչպե՞ս է հնարավոր, որ մոտ տաս միլիոնանոց ազգի մտավորականների մի զգալի մասը (մեծագույն մասով, հենց հումանիտարիստնե´րը, բայց նաև զգալի թվով մաթեմատիկոս ու բնագետ), ոչ միայն միահամուռ համաձայնեն այս «ստուգաբանությանը», այլև սքանչացած ծափահարեն այս անհեթեթությանը:

Ինչպե՞ս է հնարավոր, որ ՀՀ-ի ամենաքիչը 100 հայոց լեզվի ու պատմության ամբիոնը իր տասնամյակներ տևող լռությամբ համաձայնի այս անհեթեթություններին ու սրանք համարի գիտական:

Ինչպե՞ս է հնարավոր, որ ՀՀ-ի Գիտությունների ակադեմիան (նորից իր խրախուսական երկարատև լռությամբ) համաձայնի այս հակագիտությանն ու սա համարի ճշմարտություն:

Սա ունի թերևս միայն մի բացատրություն.

Դրույթ 1. Հայաստանի բոլոր բուհերի հայոց լեզվի ամբիոնների դասավանդած հայոց լեզվի պատմությունն ու համեմատական լեզվաբանության հիմունքները հակագիտական են կամ, առնվազն, բացարձակ արդյունավետ չեն:

Դրույթ 2. Հայաստանի այսօրվա մտավորականության «մի զգալի մասն» ա´յն աստիճան է տգետ ու խավարամոլ, որ հավատում ու հավատարիմ է մնում ամենայն տեսակ հերունիիզմին:

17.6 Շառլատանության «տեսությունը»

Արդեն շարադրվածից հետևում է, որ.

Դրույթ 1. Երբ մտավորականը գիտության որևէ բնագավառում չի գործածում այդ բնագավառի թեզերի ճիշտ ու սխալը որոշող որևէ մի գիտական օբյեկտիվ չափանիշ, այդպիսի մտավորականի արտահայտած մտքերն ու «տրամաբանական» եզրակացություններն ա´նպայման են սխալ:

Ընդ որում, նման մտավորականը, մանավանդ եթե գիտելիքի նվազ պաշար ունի, պարտադիր, չի ունենում գիտական որևէ մեթոդ, բացի նախօրոք ընտրած որևէ մի կամ մի քանի դոգմատիկ ու անպայման ճիշտ համարվող «հայրենասիրական-մեծամոլական» թեզից, ինչից էլ ինքը «եզրակացնում է» իր ողջ «տեսությունը»:

Ահա մի հատված իմ «Կոմիտասի ու Աբեղյանի անձնական և մեր ընդհանուր ողբերգությունը» գրքից, ինչն այնքա´ն եմ կարևոր համարում, որ իմ մի ուրիշ գրքում էլ եմ դրել ու այստեղ արդեն երրորդ անգամն եմ դնում:

(Բերված հատվածը թեթևակի խմբագրել եմ ու դարձրել եմ շեղատառ):

Ազգային արժեք կոչվածի ու միաբանության ջատագովներն անպայման հայագով են լինում, ու այս հայագովները, համարյա միշտ ու ամենուրեք, բարձր-բարձր խոսում են միմիայն «մենք»-ով կամ հոգնակի իմաստով (մենք, մեր կարծիքով, հայ ժողովուրդը բլա, բլա, բլա) ու այն տեսակ բաներից, որոնք խիստ կապված են մեր «ազգային ինքնասիրության» ամենանուրբ լարերին: Ո՞ր թեմաներն են դրանք: Թվարկեմ մի քանիսը.

1. Մի լեզու, մի մշակույթ, մի ազգ, մի պետություն:

2. Հայ ժողովուրդն ամենալավն է:

3. Հայ ժողովուրդն ամենահինն է:

4. Հայ ժողովուրդը տաղանդավոր է ու աշխատասեր:

5. Հայ ժողովուրդը ստեղծագործ է:

6. Հայերենն Ադամի ու Եվայի լեզուն է, մնացած լեզուներն էլ հայերենից են ծնվել:

7. Հայերենը հնդեվրոպական մա´յր լեզուն է:

8. Հնդեվրոպացիների հայրենիքը Հայաստանն է:

9. Ամենակարևոր հայտնագործությունները հայերն են արել:

10. Հայ ժողովուրդը միշտ Հայաստանում է ապրել:

11. Հնդեվրոպացիներն է´լ են Հայաստանում ապրել:

12. Հայերն առաջին, ամենալավ ու ամենաճիշտ քրիստոնյաներն են:

13. Հայերի հեթանոսությունն է´լ է ամենալավը:

14. Հայերը Մաշտոցից առաջ էլ են հայերեն գիր ունեցել:

15. Հայերը 2000 տարի առաջ էլ են թատրոն ունեցել:

16. Ուրարտացի չի եղել, եղել են միայն հայերը:

17. Հայերն արիացի են (արիացի բառը նշանակում է իրանցի):

18. Բոլոր բնիկ հայերեն բառերը ծագել են հայերեն «ար» արմատից, որովհետև (կամ էլ՝ ուրեմն) հայերն արիացի են ու արմեն են:

19. Հայերի ամեն հինը` աշխարհի ամենալավ հինն է ու ուրիշների նորից լավն է:

20. Հայերը համաշխարհային ազգ են:

21. Հայերը հայ են (արմենոիդ են):

22. Հայերն ա´յն ազգն են, ով աշխարհին տվել է` Տիգրան Մեծ, Մաշտոց, Խորենացի ևն, ևն:

23. Հայոց լեզուն ամենաճկուն ու ամենահարուստ լեզուն է:

24. Մաշտոցյան այբուբենն ու ուղղագրությունն ամենալավն են:

25. Հայերը գերիշխող տեսակ են:

26. Հայերը քաղաքակիրթ ազգ են:

27. Հայերը պիտի ամեն գնով պահպանեն իրենց ավադույթներն ու ազգային արժեքները:

28. Հայերը պիտի միաբանվեն ու չերկփեղկվեն ու սրա համար պիտի հետ դառնան «դասական» ուղղագրությանը (կամ գրաբարին):

29. Աստղագիտությունը, կոշիկն ու գինին հայերն են ստեղծել:

30. Ճիշտն ասած, մնացած կարևոր բաներն է´լ են հայերն ստեղծել:

31. Մաշտոցն իր այբուբենով կոդավորել է Մենդելեևի աղյուսակը:

32. Շումերերենը հայերենի հնագույն տարբերակներից է:

33. Անգլիայի ու Եվրոպայի առաջին բնակիչները հայերն են եղել

ևն, ևն, ևն:

Ցավոք.

Դրույթ 2. Մեր համարյա բոլոր մտավորականներն էլ, գոնե մի քիչ, հայագով են:

Թվում է, թե այսպիսի հայագովությունն անմեղ բան է, բայց այսօրինակ հայագովությունը ճակատագրական է հայ ժողովրդի համար: Ինչո՞ւ:

Դրույթ 3. Հայագովների մեծ ու մանր քաղգործիչները անպայման հեղափոխական հերոս են, ա´յն իմաստով, որ սրանք երբեք «մանր» հարցերից չեն խոսում, ու սրանց շոշափած հարցերն անպայման «տիեզերական» են, անպայման համազգային են:

Դրույթ 4. Լուրջ գիտությունը, օրինակ, համաշխարհային պատմագիտությունը, տնտեսագիտությունը, լեզվաբանությունը, համեմատական ազգագրությունը կամ անտրոպոլոգիան, արխեոլոգիան, պալեոնտոլոգիան, ֆիզիկան ու քիմիան հայագովների «տեսությունները» երբեք չի ընդունում:

Մաթեմատիկոսը, ֆիզիկոսը կամ բնագետն առհասարակ` երբեք նախօրոք չգիտի, թե ինքն ի´նչ է հայտնագործելու: Այս կարգի լուրջ պրոֆեսիոնալի լուծելիք խնդիրներն ու հայտնագործելիք դրույթները ծնվում են առօրյա, սովորական, ձանձրալի, անընդհատ ու համառ փնտրտուքի ընթացքում:

Ու երբ լուրջ գիտնականը, մեծ մասամբ պատահական, մի հետաքրքիր բան է նկատում, նո´ր է միայն սա ապացուցելու (եթե սա մաթեմատիկային է վերաբերում) կամ հիմնավորելու փորձն անում (եթե սա բնագիտությանը, տնտեսագիտությանը կամ լեզվաբանությանն է վերաբերում): Իսկ եթե ի վիճակի չի լինում դա ապացուցելու կամ հիմնավորելու, ձևակերպում է խնդրի տեսքով ու թողնում է, որ ուրիշներն ապացուցեն կամ հիմնավորեն:

Այսպես հայտնագործվեցին կամ կառուցվեցին` բարձրագույն մաթեմատիկան, բազմությունների տեսությունը, ժամանակակից լոգիկան, ընդհանրացված ֆունկցիաների տեսությունը, հարաբերականության տեսությունները, քվանտային ֆիզիկան, էվոլյուցիայի տեսությունը, գենետիկան, ինֆորմացիայի տեսությունը, կիբեռնետիկան, սինեռգետիկական մեթոդը, համեմատական ազգագրությունը, համեմատական լեզվաբանությունը, ու սրանցից ամենաերիտասարդը՝ պռաքսեոլոգիան ևն, ևն, ևն:

Դրույթ 5. Հայագովներին, սրան լրիվ հակառակ, նախօրոք հայտնի ու հստակ պարզ է, թե իրենք ինչ պիտի ապացուցեն: Պիտի ապացուցեն, որ հայերն ու ամենայն հայկականը ամենալավն է, ամենաճիշտն է, ամենահանճարեղն է, ամենահինն է, ու ամենասկզբնականն է: Ու այս ճանապարհին չկա մի հարց, ինչի պատասխանը հայագովները չիմանան:

Մաթեմատիկոսի ու տնտեսագետի արածի ճշմարտացիության միակ չափանիշը տըրամաբանությունն է (երկրորդինը՝ նաև անցյալի փորձը), ու մաթեմատիկոսներն ու (ավստրիական դպրոցի) տնտեսագետները հենց սրանով են ստուգում իրենց արդյունքները:

Ֆիզիկոսի, քիմիկոսի, ու առհասարակ` բնագետի արածների ճշտության միակ չափանիշը փորձն ու դիտումներն են:

Երբ մի բնագետ մի նոր բան է անում, մյուսները փորձով ստուգում են սրա արածը: Եթե փորձը չհաստատեց սրա ասածն ու արածը, ուրեմն, այդ մարդու ասածն է´լ, արածն է´լ գիտության համար ոչ մի արժեք չունի:

Դրույթ 6. Որ հազար Էյնշտեյն ու Նյուտոն ու Գաուս ա´յն տեսակ բան ասեն, ինչն ասածս ձևով ստուգելի չի, այդ բանը բնագիտության համար անընդունելի է, այդ բանը գիտություն չի:

Սրա համար էլ գիտական լուրջ նորությունները տպվում են, մեծագույն մասամբ, միայն ու միայն գիտական ամսագրերում, որ աշխարհի բոլոր գիտնականներն էլ հնար ունենան դրանք ստուգելու:

Այս իմաստով` Հայաստանի մաթեմատիկան ու բնագիտությունը հսկող ունե´ն, ու այս հսկողը համաշխարհային մաթեմատիկան ու բնագիտությունն են:

Ու հայ մաթեմատիկան ու բնագիտությունը համաշխարհային գիտության չնայած փոքր, բայց պետքակա´ն մասն են:

Դրույթ 7. Իսկ այսօրվա (հազվագյուտ բացառություններով` ոչ 1930-ականներից առաջվա) հայ լեզվաբանությունն ու համարյա ողջ հայ հասարակագիտությունը կտըրված են համաշխարհային գիտությունից ու ոչ մի նման հսկող չունեն: Հենց սա´ է այն պատճառը, որ այս գիտությունների «հայ ներկայացուցիչները» իրենց ասածների ճիշտ ու սըխալը որոշելու ոչ մի չափանիշ չունեն:

Դրույթ 8. Քանի որ հայագովները ո´չ հիմնավոր գիտելիք ունեն, ո´չ գիտական մեթոդին են տիրապետում, ոչ է´լ իրենց ասածների ճիշտ ու սխալը որոշելու չափանիշ ունեն, ոչ թե գիտությանն են դիմում, այլ հայտնի մարդկանց կարծիքներին: Ասում են, թե. «մեր կարծիքով, մեր հետազոտությունները ապացուցում են, ակադեմիկոս Պարիս Հերունին ասում է, Աճառյանի (ու այլոց) կարծիքով, ամերիկացի հռչակավոր գիտնական Հոուկինսն ասում է» ևն, ևն:

Ու քանի որ այսօրվա հայագիտության զգալի մասի «գիտական մեթոդը» հենց այս «կարծիքայնությունն» է, ամեն մի ոչ մասնագետ մարդ էլ (օրինակ, Պարիս Հերունին) իրեն հայագետ է հռչակում:

Երբեք չես լսի, որ որևէ լուրջ մաթեմատիկոս կամ ֆիզիկոս ասի. «Նյուտոնը կարծում է, որ ճիշտը տիեզերական ձգողության օրենքն է, այսպես է կարծում նաև բազում այլ գիտնական, սրա համար էլ տիեզերական ձգողության օրենքը գործում է»:

Գիտական աշխարհում այս կարգի նախադասությունները ծիծաղելի ու անընդունելի են:

Դրույթ 9. Հայագովները լուրջ գիտությունից երբեք ու երբեք չեն խոսում: Օրինակ, ինչպես ասվել է, որ 1934 թվից Հայաստանի բոլոր դպրոցներում է´լ, բուհերում է´լ այնպիսի մի քերականություն են ուսումնասիրում, ինչի հակագիտականությունն ու անհեթեթությունն արդեն ցույց է տրվել:

Հայագովները, թե´ այս քերականական ողբերգությունից, թե´ մեր ազգային, ըստ էության, մեռած երգ ու պարի ողբերգությունից ո´չ մի անգամ չեն խոսում: Չեն խոսում, որովհետև քերականությունից ու ազգային երգ ու պարից խոսելու համար լուրջ գիտելիք է պետք, իսկ իրենք այդ գիտելիքը չունեն:

Դրույթ 10. Հույժ նկատելի է, որ վերևի ցուցակի անկասկած կեղծ թեզերից մեկնումեկի հետևորդը, համարյա միշտ, անպայման նաև համարյա մյուս բոլոր թեզերի հետևորդն է:

Ու այդ թեզերի համախումբը մեր «ազգային գաղափարախոսության» միջուկն ու էությունն է, իսկ սա էլ, անպայման, հետադիմական է, եթե ոչ կործանարար, ինչպես որ պատմությունն է մի քանի անգամ ցույց տվել:

Դրույթ 11. Հայագովները շատ արագ են միաբանվում, ու իրենց այս «հայրենասիրական» գործունեությամբ վիթխարի վնաս են հասցնում հայերի համբավին, կրթությանն ու գիտությանը: Հայերի ամենանվիրյալ պաշտպաններից մեկը, ֆրանսիացի Անտուան Մեյեն, այս տեսակ մի առիթով ասել է.

Դրույթ 12. «Իր գաղափարները տարածելու լավագույնը ձևը` արդարություն պահանջող ժողովրդի համար` ճշմարտությունն ասելն է»: ([30], էջ 623):

Հաջորդ գլուխը ներկայացնում է քերականական մի քանի «գիտական» հույժ անտրամաբանական երևույթ, որ ընթերցողը կոնկրետ օրինակներով համոզվի, որ մեր ուսյալների այս «լեզվահայրենասիրական» ողջ գործունեությունը գիտական ոչ մի հիմք չունի:

Գլուխ 18. ԼԵԶՎԻ ՈԳՈՒՆ ՈՒ ՊՐՈՑԵՍԻՆ ՀԱԿԱՌԱԿ

18.1 Հրամայականի մեռած «ր»-ն

Մոտ մեկուկես հազարամյակ առաջ հայերենի բայերի մի զգալի մասի եզակիի հրամայականը վերջանում էր «ր» տառով նշվող հնչյունով, ինչն արտահայտվում էր նաև գրության մեջ [ԼՔՀԼ, IV է, էջ 310]:

Այս երևույթը շարունակվել է մի քանի դար, բայց հետո, քիչ-քիչ, հայերենի արեվելյան բարբառների մի մասը, համարյա լրիվ, ջնջել է հրամայական եզակիի այս «ր»-ն:

Այսօր Երևանի բարբառն ընդամենը չորս բառ ունի, որ հրամայականում վերջանում են «ր»-ով՝ «բե՛ր, դի՛ր, տո՛ւր, տա՛ր», ընդ որում, նկատելի է, որ Երևանի բարբառի իսկական կրողները սրա´նցից առաջին երեքի «ր»-ներն էլ են հաճախ սղում:

Իմ մայրենի բարբառը (Սալմաստի բարբառ, Մալիշկա գյուղի (նախկին Փայաջուկի) խոսվածքը ունի ընդամենը «ր»-ով վերջացող երեք հրամայական՝ «յm՛ր» =արի՛ (ե՛կ)-ը, «տա´ր»-ը, ու «տի՛ր»=դի՛ր-ը, մյուս երկուսի «ր»-ն բարբառը ջնջել է՝ «պե՛»= բեր, «տո՛ւ»=տուր:

Մնացած բոլոր եզակի բայերի հրամայականի վերջի «ր»-ն Երևանի բարբառը ջնջել է, անխտիր: (Այսպես են վարվել մեր կենդանի արևելյան երևի բոլոր բարբառները, բայց այս քննության համար էականը Երևանի բարբառն է, որովհետև մեր գրական ոճերը, ի վերջո, սրա´ վրա են հիմնված):

Այսօրվա Արարատյան բարբառն ու մի քանի ուրիշ բարբառի հրամայականներն են, օրինակ (բերում եմ միայն եզակի ձևերը).

գրի՛, արտագրի՛, լուծի՛, որոշի՛, կազմի՛, (ընդ)գծի՛, շեշտի՛, գտի՛/քթի՛, ձևափոխի՛, խփի՛, կտրի՛, հիշի՛, վազի՛, քայլի՛, կանգնի՛ ևն:

Սրանց արգելական-ժխտականները երկու համարժեք ձև ունեն.

մի՛ գրի, մի՛ արտագրի, մի՛ լուծի, մի՛ որոշի, մի՛ կազմի, մի (ընդ)գծի, մի՛ շեշտի, մի՛ գտի/քթի, մի՛ ձևափոխի, մի՛ խփի, մի՛ կտրի, մի՛ հիշի, մի՛ վազի, մի՛ քայլի, մի՛ կանգնի ևն:

չգրե՛ս, չարտագրե՛ս, չլուծե՛ս, չվորոշե՛ս, չկազմե՛ս, չ(ընդ)գծե՛ս, չշեշտե՛ս, չըգտնե՛ս/ չքթնե՛ս, չձևափոխե՛ս, չխփե՛ս, չկտրե՛ս, չհիշե՛ս, չվազե՛ս, չքայլե՛ս, չկանգնե՛ս ևն:

Այս նախորդ ձևերը հետևյալ ձևերի ժխտականներն են.

կգրե՛ս, կարտագրե՛ս, կլուծե՛ս, կվորոշե՛ս, կկազմե՛ս, կ(ընդ)գծե՛ս, կշեշտե՛ս, կգտնե՛ս/ կքթնե՛ս, կձևափոխե՛ս, կխփե՛ս, կկտրե՛ս, կհիշե՛ս, կվազե՛ս, կքայլե՛ս, կկանգնե՛ս ևն:

(Առհասարակ, բնական է, որ ապառնու ձևե՛րը դառնան հրամայական-հորդորական, իսկ հրամայականն էլ, խիստ ասած, միշտ է վերաբերում ապառնուն):

Այս երկրորդ ձևը, թերևս, ապառնի հրամանի երանգը մի քիչ ավելի հստակ ունի – «Էրկու օր հետո կգրե´ս» ևն:

Լեզվի Գլխավոր օրենքը, ինչպես ասվել է, սահմանում է, որ լեզվական երևույթը ճիշտ է ու ա´նպայման է ընդունելի, եթե դա գործածում է տվյալ բարբառը կրողների մեծամասնությունը: Ուրեմն, այս օրենքից հետևում է, գրակա ոճերի «ր»-ով հրամայականների ոչ հայաձևության առաջին հիմքը, այսինքն.

Դրույթ 1. Ճիշտը Երևանի բարբա՛ռն է: Գրական ոճերն իրենց մեծագույն մասով մայր բարբառից շեղված ու, ըստ էության, Երևանի բարբառի աղավաղ տեսակն են, ուրեմն, մեծագույն մասամբ, հայերենի ոգուն խորթ են, հայաձև չեն:

Այնինչ, հայերենի մեր այսօրվա քերականությունները, ընդունելով, որ լեզուն չի ենթարկվում մարդկային ծրագրերին, այնուամենայնիվ, ուզում են բոլո´ր հայախոսներին պարտադրեն, որ հրամայականի այս «ր»-ն գրեն ու ասեն:

Սա նշանակում է, որ.

Դրույթ 2. Հայերենի մեր այսօրվա «պաշտոնական» տեսությունները դեմ են Լեզվի Գլխավոր Օրենքին, այսինքն, դեմ են հենց լեզվական բնական պրոցեսի´ն, ուրեմն, դեմ են լեզվի հենց ոգո´ւն ու էությա´նը, դեմ են հենց լեզվի բնությա´նը:

Սա նաև նշանակում է, որ.

Դրույթ 3. Հայերենի այսօրվա հետաբեղյան տեսությունները չեն ընդունում, որ լեզուն փոփոխական է, որովհետև այս քերականությունները լեզվի շատ ավելի հին վիճակի օրինաչափությունները (օրինակ, բառերի գրաբարյան տեսքերը, մանավանդ հրամայականի եզակիի «ր» վերջավորությունը) պարտադրում են լեզվի նոր վիճակներին, ինչը հակագիտական ու հակաբնական է:

Ասվեց, որ եզակի հրամայականի այս «ր»-ն պարտադիր պահելու մեր այսօրվա քերականների տեսական միակ հիմքը այս «ր»-ի գոյությունն է գրաբարյան շրջանում:

Բայց է´լի կրկնենք, որ գրաբարյան շրջանում բազում ուրիշ երևույթ էլ կար, որ այսօր չենք գործածում: Ու եթե մեր քերականները հետևողական լինեին, պիտի պահանջեին, որ այդ երևույթներն էլ կիրառվեին նաև այսօր:

Օրինակ, պիտի պահանջեին, որ հայերենի մեռած հոլովիչներն էլ կիրառվեին:

Կամ որ այսօր էլ ասեինք «մետասան, երկոտասան, երեքտասան, չորեքտասան, հնգետասան, վեշտասան, եաւթնեւտասն, ութեւտասն, իննեւտասն; հարեւր, երկերիւր, երեքհարեւր, բեւր» ևն ( [7], ԼՔՀԼ, I, 240; «և»-երը ես եմ փոխարինել «եւ»-ով) ևն, փոխանակ այսօրվա պես ասենք.

«տասնըմեկ, տասնէրկու, տասնիրեք, տասնըչորս, տասնըհինգ, տասնըվեց, տասնըյոթ, տասնութ, տասնիննը; հարուր, էրկու հարյուր, իրեք հարյուր ու բյուր»:

Կամ էլ եկեք այսօրվա «գդալ»-ին ասենք «տարգալ», ինչպես ասում էին Մաշտոցի օրերին:

Բայց հայերենի մեր այսօրվա տեսաբանները մի ավելի հակագիտական բան էլ են պնդում, ասում են, թե «այսօրվա հայերենի անորոշ դերբայն ինքնին կարո՛ղ է դառնա հրամայական»: Քննենք սա:

18.2 Ռուսաձև հրամայականը (արգելականը ևն)

Դրույթ 1. Հայաձև չեն հետևյալ «հրամայականները». «գտնե՛լ, որոշե՛լ, լուծե՛լ, պարզե՛լ, պարզեցնե՛լ, ապացուցե՛լ, արտագրե՛լ, ընդգծե՛լ, նշե՛լ» ևն: Այս իբր հրամայական ձևերը հայերենի արևելյան գրական ոճերն են լցվել ռուսերենի հրամայականը հայերենին խորթ ձևով պատճենելով ու սրանց կասեմ «ռուսաձև հրամայական»:

ՀԻՄՔ 1. Ոչ մի հայ իր թոռանը չի ասի.

– Ա՛յ տղա, ձենդ կտրե՛լ ու վեր կենալ գնալ այգի, փնտրել, մի լավ ձմերուկ գտնել ու քաղել բերել այստեղ, հետո կտրել, ուտել, հետո էլ ծորակը բացել, մի քիչ թողնել, որ ջուրը սառի, ու մի բաժակ լցնել խմել:

Սրա ճիշտ ձևն ակնհայտ է. դերբայ-անունները պիտի փոխարինվեն բայերով.

– Ա՛յ տղա, ձենդ կդրի ու վեր կաց գնա այգի, ման արի ու մի լավ ձմերուկ քթի ու քաղի բեր ստե, հետո կդրի, կե(ր), հետո էլ ծորակը բաց արա, մի քիչ թող, թո ջուրը սառի, ու մի բաժակ լից/լցրու ու խմի:

Աբեղյանն անառարկելի է ապացուցել, որ.

Դրույթ 2. Անորոշ դերբայ-անունները, այս «կտրել, վեր կենալ, փնտրել, գտնել, քաղել, բերել, ուտել, բացել, թողնել, լցնել, խմել» դերբայ-անունները, հայոց լեզվի մեջ ոչ մի բայական ֆունկցիա չունեն, այսինքն, բայ չեն ([4], ՄՔՔԽՄ, 537-541):

Ուրեմն.

Դրույթ 3. Անհնար է, որ անորոշ դերբայը, երկրորդ դեմքի բայի դերը տանելով, դառնա հրամայական բայ:

Սա պարզ-պարզ երևում է նաև բերածս օրինակից: Իրոք, քանի որ հայերենի ինֆինիտիվը (անորոշ դերբայը) անուն է, եկեք վերի օրինակի դերբայ-անունները փոխարինենք (տեղառք անենք) հայերենի ուրիշ անուններով ու տեսնենք, թե արդյո՞ք հայաձև խոսք կստացվի.

Ա՛յ տղա, ձենդ քար ու հող ու այգի, ջուր այգի մի լավ ձմերուկ ծառ ու աչք ու ոտք այստեղ, հետո ձի, պատերազմ, հետո էլ ծորակը անտառ, մի քիչ դաշտ, որ ջուրը սառի ու մի բաժակ հոսանք մթնշաղ:

Պարզ է, որ սա հայերենի տեսանկյունից բացարձակ հայաձև չի ու անհեթեթ է ու նաև անհնար, ու սա հայերեն կանոնական խոսք չի, որովհետև սրա մեջ միայն մի բայ կա, որովհետև անորոշ դերբայ կոչածը ոչ մի տեսակ բայ չի ու իր ամեն ինչով անուն է:

Բայց եկեք այս ինֆինիտիվային «հրամայականները» փոխարինենք Щерба-յի «բայերով».

– Ա՛յ տղա, ձենդ շոբանգի´ ու վեր հոնի´, բագա´ այգի, շուգի´ մի լավ ձմերուկ, լոքի´ ու փաշտաղի´ գոռակի´ այստեղ, հետո կոռպի´, շտոռբի´, հետո էլ ծորակը մառտաշի´, մի քիչ մոտոկի´, որ ջուրը սառի, ու մի բաժակ կոկոպի´ ու թատափի´:

Սա արդեն հայակերպ է ու սա իրո´ք է հայերեն, թեև իմաստը մութ է: Նախորդը խելագար հայի խոսք է, իսկ սա ծածկագրով խոսող սթափ հայի խոսք է:

Իմիջիայլոց, «ծտի լեզու» կոչված գաղտնալեզուները, բոլորն էլ, լրիվ հայաձև են: Սրանք, չխախտելով տվյալ բարբառի շարահյուսությունը, բոլոր ձայնավորներից առաջ, օրինակ, «ըզ» են ավելացնում: Իրոք, բերեմ վերի հատվածը ծտի լեզվով:

– Ըզա՛յ տըզըղըզա, ձըզենըզըդ կըզըտըզըրըզի ու վզեր կըզաց գըզընըզա ըզայգըզի, մըզան ըզարըզի ըզու մըզի լըզավ ձըզըմզերըզուկ քըզըթըզի ըզու քըզաղըզի բըզեր ըզըստըզեղ, հըզետըզո կըզըտըզրըզի, կըզեր, հըզետըզոյ ըզէլ ծըզորըզակըզը բըզաց ըզարըզա, մըզի քըզիչ թըզող, թըզո ջըզուրըզը սըզառըզի, ըզու մըզի բըզաժըզակ լըզից ըզու խըզըմըզի:

Իմ մանկական տարիներին այս լեզվին այնքան լավ էինք վարժվում (ընդ որում, Մալիշկայի խոսվածքով), որ խոսում էինք չափազանց արագ ու իրար հրաշալի էինք հասկանում:

Ու մի՞թե կասկած կարող է լինի, որ ծտի լեզուները ա´նպայման են հայերեն:

Հետագայում Երևանում մեծացած դուստրս էր հեռախոսով իր ընկերների հետ խոսում այս ծտի լեզվով, որ տնեցիները չհասկանան իր ասածները, բայց «ըզ»-ի տեղը «ըկ» էր ավելացնում:

Երբ այս դերբայ անունների գործածության դեպքերը կուտակում ենք իրար գըլխի, իսկույն երևում է, որ սրանց այս տեսակ գործածությունը հայաձև չի:

Բայց ախր որ սրանցից միայն մեկ-երկուսն ենք թողնում, օրինակ, ասում ենք՝ «կանգնե՛լ ու լռե՛լ», ի՞նչ է, այս երկուսը դառնում են հայերե՞ն:

Երբեմն ասում են, թե սրանք «չեզոք հրամայական են»: Չէ՛ ու չէ՛:

Սրանք ուղղակի սխալ են ու հայերեն չեն: Ուզո՞ւմ ես՝ «չեզոք» ասես, այսինքն, եթե ուզում ես, որ ասածդ ոչ մի կոնկրետ մարդու չվերաբերի, կրավորականո՛վ ասա.

Ա՛յ տղա, լավ կըլնի ձենդ կտրվի ու գնացվի այգի, ման գալացվի ու մի լավ ձմերուկ քթնվի ու քաղվի բերվի այստեղ, հետո կտրվի, ուտվի, հետո էլ ծորակը բաց արվի, մի քիչ թողնվի, որ ջուրը սառի ու մի բաժակ լցվի ու խմվի:

(Իհարկե, սա անբնական հայերեն է, ու երևի հայը սրա տեղն ասեր.

(– Ա՛յ տղա, լավ կըլեր, ձենդ կդրվեր ու մարդամեկը էթար այգի, ման գար ու մի լավ ձմերուկ քթներ ու քաղեր բերեր ստեղ, հետո կդրեր, ուտեր, հետո էլ ծորակը բաց աներ, մի քիչ թողներ, որ ջուրը սառի ու մի բաժակ լցներ ու խմեր):

(Իմիջիայլոց, այս բարդ խոսքը ձևով անցյալ է, իսկ իմաստով՝ ըղձական ապառնի):

Դրույթ 4. Այս սխալ հրամայականը, այս «կանգնե՛լ, անե՛լ, արտագրե՛լ դասը, լուծե՛լ վարժությունը, որոշե՛լ անհայտը, գտնե՛լ իքսը, կատարե՛լ գործողությունը, կտրե՛լ լարը, խառնե՛լ լուծույթը» և այլ վիթխարի քանակով սխալ ու չհայերեն ձևը չափազանց է տարածված, տարածված է մանավանդ դասագրքերում, զինվորական ոլորտում, խոհարարական ու քիմիական ու բժշկական հրահանգներում, ու սրանք հենց մանկո´ւց են աղտոտում մեր հայ մանուկների գրական ոճերն ու դրանք դարձնում են չհայերեն:

Հազար ափսոս: Սրանք մանավանդ պետական չինովնիկների ու քաղգործիչների ու լրագրողների սիրած բառերն են, որովհետև.

Դրույթ 5. Պետական չինովնիկները, քաղգործիչներն ու լրագրողները մի´շտ են ուզում, որ իրենց խոսքը «հասարակ» ժողովրդի խոսքից անպայման տարբերվի, որ իրենք խելոք ու գրագետ ու, ինչքան հնարավոր է, արտառոց երևան:

Անցնենք երկրորդ հիմքին: Լեզվի Գլխավոր Օրենքն ասում է.

Դրույթ 6. Լեզվական այն բոլոր-բոլոր երևույթները, որոնք գործածում է տըվյալ բարբառը կրողների մեծամասնությունը, այդ բարբառի միակ ճիշտ ու միակ ընդունելի երևույթներն են:

Այս օրինակից ակնհայտ է, որ Լեզվի Գլխավոր Օրենքը, այսինքն, խոսող հանրության լեզվական «միջինը», շատ հեշտ է որոշում, թե լեզվական ո՛ր երևույթն է ճիշտ, ո՛րը սխալ:

Նաև ակնհայտ է, որ Լեզվի Գլխավոր Օրենքը կախված չի առանձին անհատի կամ անհատների խավի կամքից կամ ծրագրից, այսինքն, նման է իր բնագիտական անալոգներին, օրինակ, ֆիզիկայի ու քիմիայի օրենքներին: Սա հիշելով, բերենք երկրորդ հիմքը:

ՀԻՄՔ 2. Եթե ասենք.

- Աշոտ, դու խոսի՛, Արամ, դու սո´ւս արա,

հայերե՛ն բան ասած կլինենք: Հիմա այս ասածից թողնենք միայն բայերը (որոնք նույնպես խոսք են կազմում).

- Խոսի՛, սո´ւս արա:

Իհարկե, նորից հայերեն բան ենք ասում: (Նկատի առեք, որ մնացած ինֆորմացիան ժեստերով կամ միմիկայով կամ «խոսքային իրավիճակով» էլ է հաղորդվում, սրանք է՛լ են խոսքի ատրիբուտ): Հիմա էլ առաջին նախադասության բայերը փոխարինենք դրանց դերբայ-անուններով.

- Աշոտ, դու խոսե՛լ, Արամ, դու լռե՛լ:

Սա, իհարկե, հայաձև չի: Ինչո՞ւ հայաձև չի:

Դրույթ 7. Լեզվական երևույթը հայաձև չի, եթե հայերն այդ երևույթը չեն գործածում: Հայաձևության ու նաև հայերենության ուրիշ չափանիշ չկա:

Հիմա այս «նախադասությունից» հանենք անձնանուններն ու դերանունները.

-Խոսե՛լ, լռե՛լ:

Բա սա դարձա՞վ հայերեն: Իհարկե չէ: Կասկած չկա, որ սա նորի՛ց հայաձև չի կամ կոտրատված ու աղավաղ հայերեն է, կամ էլ Ռոբինզոն Կռուզոյի Ուրբաթի հայերենից է:

Սխալը գալիս է ռուսերենի «հրամայականից» (մի քիչ էլ հին հունարենից արած գըրաբարյան օտարիզմներից, հիշեք 13.26-ում քննած Մաշտոցի հունարենից արած առաջին խոսքի կալկան կամ կլիշեն), ինչն էլ, հնարավոր է, որ եվրոպական լեզուներից ռուսների արած կալկան է, որ տարածել են մեծ մասամբ զինվորականները, բայց սա արդեն ռուսների գործն է:

Սրա կոտրատվածությունն ու աղավաղմունքը ավելի լավ են երևում, երբ վերցնում ենք վերի օրինակն ու դրա մեջ թողնում ենք միայն մեր ուսյալների սիրած «անդեմ բայերը».

– Կտրե՛լ, վեր կենալ, գնալ, փնտրել, գտնել, քաղել բերել, կտրել, ուտել, բացել, թողնել, լցնել, խմել:

Հիմա հարցնում եմ մեր այսօրվա լեզվաբաններին.

«Մեծարգո տիկնայք ու պարոնայք, դուք բան հասկացա՞ք այս «նախադասությունից: Դուք լեզվական ինֆորմացիա ստացա՞ք: Ասում եք, թե համարյա չստացա՞ք: Ինչո՞ւ չըստացաք, չէ որ ձեր իբր «փրկիչ հնչերանգը» պիտի որ այստեղ էլ ստորոգեր ու ձեզ հաղորդեր լեզվական հիմնական ինֆորմացիան: Բա ի՞նչ եղավ ձեր այդ ֆանտաստիկ հնչերանգային ստորոգումը»:

Օրենք. Հայերենի հրամանը, հորդորը, պատվիրանը, խրատը ևն պիտի լինի միայն (դիմավոր) բայով:

Օրինակ. «կանգնի՛, կանգնե´ք, արա´, արե´ք, արտագրի´, արտագրե´ք դասը, վերցրո´ւ, վերցրե´ք, հանգցրո´ւ, հանգցրե´ք, լուծի՛, լուծե´ք վարժությունը, որոշի՛, որոշե´ք անհայտը, գտի՛, գտե´ք իքսը, կատարի՛, կատարե´ք գործողությունը, կտրի՛, կտրե´ք լարը, խառնի՛, խառնե´ք լուծույթը» ևն:

ՀԻՄՔ 3. Անհնար է, որ այս «գրական պաշտոնական հորդոր-հրամաններով», այս «գրե՛լ, արտագրե՛լ, լուծե՛լ, որոշե՛լ, կազմե՛լ, ձևափոխե´լ, (ընդ)գծե՛լ, շեշտե՛լ, գըտնե՛լ/քթնե՛լ, ձևափոխե՛լ, խփե՛լ, կտրե՛լ, հիշե՛լ, վազե՛լ, քայլե՛լ, կանգնե՛լ»-ով ևն, ու «մի՛» արգելականով կազմվի արգելական, այսինքն, հետևյալ ձևերը անհնար են այսօրվա նույնիսկ գրական ոճերի մեջ.

մի՛ գրե՛լ, մի՛ արտագրե՛լ, մի՛ լուծե՛լ, մի՛ որոշե՛լ, մի՛ կազմե՛լ, մի՛ (ընդ)գծե՛լ, մի՛ շեշտե՛լ, գտնե՛լ/քթնե՛լ, մի՛ ձևափոխե՛լ, մի՛ խփե՛լ, մի՛ կտրե՛լ, մի՛ հիշե՛լ, մի՛ վազե՛լ, մի՛ քայլե՛լ, մի՛ կանգնե՛լ ևն:

Այնինչ, բայական ձևերի ժխտականները հնարավոր են նաև «մի»-ով.

մի՛ գրի, մի՛ արտագրի, մի՛ լուծի, մի՛ որոշի, մի՛ կազմի, մի՛ (ընդ)գծի, մի՛ շեշտի, գըտի/քթի, մի՛ ձևափոխի, մի՛ խփի, մի՛ կտրի, մի՛ հիշի, մի՛ վազի, մի՛ քայլի, մի՛ կանգնի ևն,

ինչը նորից ապացուցում է, որ անորոշ դերբայ-անունով կազմված հրամայականները հայերենի լեզվական պրոցեսին հակադիր են, ուրեմն, նաև հայերեն չեն:

18.3 Վաղակատար թերբառի մեռած «լ»-ն

Այսօրվա Արարատյան բարբառն ու սրա հետ էլ՝ մեր գրական ոճերի (իբր) հիմք կամ մայր լեզուն՝ Երևանի բարբառը, անշեղ հետևում են հետևյալ կանոնին:

Օրենք 1. Եթե «եմ» օժանդակ բայերի ձևերը նախադաս են վաղակատար թերբառին կամ սղված են, օրինակ, «էկել, քնել, վազել, կարդացել, խաղացել, կարդացել» թերբառներին, բարբառի կրողն այս թերբառների վերջի «լ» ձայնը անխտիր սղում է:

Բերեմ մի քանի օրինակ վաղակատարից:

«Էկե՞լ ա/էր, թե՞ չի/չէր էկե: Կարդացե՞լ ա/էր, թե՞ չի/չէր կարդացե:

Խաղացե՞լ ենք, թե՞ չենք/չէինք, խաղացե: Քնե՞լ ես/էիր, ա/էր, թե՞ չես/չէիր քնե»:

Լեզվի Գլխավոր օրենքին համաձայն՝ հենց ա՛յս ձևերը պիտի համարվեն ճիշտ ու ցանկալի գրական ոճերի համար, բայց մեր «ուսյալները», լրիվ ու միաբերան, դեմ են այս կանոնին, ուրեմն, դեմ են ԼԳՕ-ին, դեմ են լեզվական պրոցեսին, այսինքն, լեզվի օրինաչափություններին ու հենց ոգուն:

Այս օրինաչափությունը նկատել է, օրինակ, Հր. Աճառյանը ([7], ԼՔՀԼ, IV Բ, էջ 183, 210), որտեղ Աճառյանն ասում է, թե. «Բառավերջի «լ» (=«ր») ձայնի այս անկումը շեշտի պակասության պատճառով է, որի ճիշտ նմանը ունենք «այլ>էլ, ալ» շաղկապի գործածության մեջ:

«Այս շաղկապն էլ Պոլսի բարբառում կարող է դառնալ «ա», ինչպես՝ «ես ա, դուն ա, ան ա» (որ հավասար են «ես ալ, դուն ալ, ան ալ»: {Չակերտներն ի՛մն են} «ես էլ, դու էլ, նա էլ»»:

Աճառյանը նշում է, որ այս երևույթը կա մեր մյուս բարբառներից մի քանիսի ու նույնիսկ՝ ռումիներենի մեջ: Վերջին երևույթը կա նաև Երևանի այսօրվա բարբառի մեջ, այսինքն, «ե´ս էլ, դո´ւ էլ, ինքն էլ, Արմո´ն էլ» ձևերը կրճատվում են մինչև «ե´ս է’, դո´ւ է’, ինքն է’, Արմո´ն է’» ձևերը:

Կնշանակի, երբ մեր «ուսյալներն» ու լեզվաբանները դեմ են վաղակատարի այս «լ»-ի կրճատ գրելուն, դեմ են հենց լեզվի փոփոխականությանը, որովհետև վաղակատարի այս «լ»-ն պահպանվում էր մի քանի հարյուր տարի առաջ, իսկ այսօր լեզվի այդ հին «բնավորությունը» փոխվել է, ու դրան հարություն տալն այլևս անհնար է:

Հետաքրքիր է, որ իմ մայրենի բարբառի վաղակատարի շարահյուսությունը մի քիչ ուրիշ է, սրա վաղակատարը «լ»-ի փոխարեն վերջանում է «ր»-ով, բայց այս վերջավորության սղվելը նորից կա. «Պէրի՞ր եմ, թե՞ չեմ պէրէ; Պէրի՞ր եմ եր, թե՞ չեմ էր պէրէ», ինչը նշանակում է, «Բերե՞լ եմ, թե՞ չեմ բերե; Բերե՞լ էյ, թե՞ չէյ բերե»:

Ուրեմն, այս երևութը շատ է ընդհանուր:

18.4 Ան-ինչու օրենքները

Այժմ խոսենք մեր հետաբեղյան լեզվաբանների հռչակած ա´յն օրենքներից, որոնք չկան լեզվական այսօրվա պրոցեսի մեջ ու որոնք միմիայն մեր ասված լեզվաբանների քմահաճույքի արդյունքն են:

Դրույթ 1. Մեր այսօրվա հետաբեղյան լեզվաբանությունն ուղղակի խուսափում է «ինչո՞ւ» ու «ի՞նչ պատճառով» հարցերից, որոնք պարտադիր են ցանկացած գիտության ու ցանկացած գիտական մեթոդի համար:

Ասվածը հաստատելու համար քննարկենք մեր այս լեզվաբանների մոգոնած մի օրենքը, ինչն ասում է.

Կեղծ օրենք. Եթե բառն սկսվում է «ո» կամ «ե» տառերով նշվող հնչյուններով, այսինքն, «վօ» կամ «յէ»-ով, ու եթե այս հնչյունները բառի բարդություններում արդեն բառամիջում են, սրանք պիտի արտասանվեն «օ» ու «է»:

Օրինակ, հետևյալ բառերը.

ոճ, ողնաշար, որակ, որդ, որդի, որոշ, ողորմ, ողոք, որկոր, ոջիլ, ոլոք, ոտնակ, որմնախորշ, որմ, որմնադիր, երկու, երեք, երկիր, երկինք, եզր, եղանակ, եզ, եզակա, եկեղեցի, երեկույթ, երիկամ, երերուն, ելարան, եղան, ելունդ, երասան, երեց, ենթակա ևն

Պիտի հետևյալ բարդությունների մեջ արտասանվեն ահա այսպե´ս.

անօճ, անօղնաշար, անօրակ, անօրդ, անօրդի, անօրոշ, անօղորմ, անօղոք, անօրկոր, անօջիլ, անօտնակ, անօլոք, անօրմնախորշ, անօրմ, անօրմնադիր, անէրկիր, տասնէրեք, անէրկինք, անէզր, անէղանակ, անէզ, անէզակա, անէկեղեցի, անէրեկույթ, անէրիկամ, անէերեր, անէլարան, անէղան, անէլունդ, անէրասան, անէրեց, անէնթակա ևն

և ոչ թե.

անվօճ, անվօղնաշար, անվօրակ, անվօրդ, անվօրդի, անվօրոշ, անվօղորմ, անվօղոք, անվօրկոր, անվօջիլ, անվօտնակ, անվօլոք, անվօրմնախորշ, անվորմ, անվորմնադիր, անյէրկիր, տասնըյէրեք, անյէրկինք, անյէզր, անյէղանակ, անյէզ, անյէզակա, անյէկեղեցի, անյէրեկույթ, անյէրիկամ, անյէերեր, անյէլարան, անյէղան, անյէլունդ, անյէրասան, անյէրեց, անյէնթակա ևն

Երկրորդ շարքի կեղծ արտասանություններից մի քանիսին դպրոցում վարժվել ենք մանկուց ու դրանք մեզ ճիշտ ու բնական են թվում, օրինակ. «անօրոշ, անօղորմ, անօղոք», բայց մնացածի մեծ մասը մեր ականջին ահավոր խորթ է հնչում:

Եթե հանկարծ այս կեղծ օրենքը մոգոնած մեր պարոններին կամ տիկիններին հարցնես, թե.

«Տեղյա՞կ եք, որ լեզուն հարատև պրոցես է, որ լեզվական պրոցեսը բնակա´ն երևույթ է, ուրեմն, ի՞նչ գիտեք, որ այսպիսի օրենք կա», կամ «այս օրենքի գործողության պատճառն ի՞նչն է», սրանք, լավագույն դեպքում, կա´մ կասեն, թե «այսպես է, որովհետև Աճառյանը կամ Աբեղյանն է այսպես ասել, կա´մ որովհետև այսպես է գըրված այսինչ կամ այնինչ գրքում», կամ է´լ կասեն. «Այսպես է, որովհետև գրաբարյան շրջանո´ւմ էր այդպես»:

Այնինչ, եթե մի ֆիզիկոսի հարցնես, թե ինքն ի´նչ գիտի, որ ազատ ընկնելիս բոլոր մարմինների արագացումներն էլ նույնն են, ու այս ֆիզիկոսը հանկարծ ասի, թե.

«Ազատ ընկնելիս բոլոր մարմինների արագացումներն էլ նույնն են, որովհետև Գալիլեյն է ասել, որ ճիշտը նույն արագացումով ազատ ընկնելն է ևն», լսող ֆիզիկոսներն ուղղակի կհռհռան, իսկ ասողն էլ հույժ կամաչի:

Մեր այսօրվա լեզվաբաններն այսպիսի պարագաներում ոչ միայն չեն հռհռում ու բացարձակ չեն ամաչում, այլև այս զվարճալի իրավիճակը համարում են հույժ գիտական. «Աճառյա´նն է ասել, ու վե´րջ, թող կենդանի լեզուն հլը փորձի չԷնթարկվի էս օրենքին»:

Այսպիսի «մոգոնած» օրենքների հետ միասին մեր լեզվաբանները չեն նկատում, որ թե´ իրենց հորինած ողջ տեսությունն է սխալ (հիշենք բայի ընդամենը 5 տողանոց սահմանման 12 հակասությունը), թե´ բազում մանրուքը:

Այս մանրուքներից մանավանդ արտառոց է ուսյալների մոգոնած «լիցքավորված մարմին» տերմինը, ինչի հույժ անհեթեթությունն իսկույն է երևում, երբ գլխի ենք ընկնում, որ ախր երբեք ու երբեք չենք ասում «կոշկավորված կատու, հրացանակրված մարդ, բեղավորված կամ մորուքավորված մարդ, սմբակավորված կամ կճղակավորված կենդանի ևն»:

Մենք այս լեզվական արտառոց հրեշները չենք նկատում, որովհետև մանկո´ւց ենք վարժվել սրանց:

Ուրեմն, ֆիզիկայում պիտի ասեինք «լիցքավոր մարմին, լիցքավոր մասնիկ» ևն: Բայց չենք ասում, որովհետև Լեզվի կոմիտե կոչվածի համար «ինչո՞ւ» ու «ի՞նչ պատճառով» հարց չկա: Այս կոմիտեն, «իր աչքի գերանը թողած», զբաղված է «ուրիշի աչքի, մեծ մասամբ, գոյություն չունեցող շյուղերով» (տես Հավելված 5-ը):

(Ու նույնիսկ ֆիզիկայում էլ կան ֆունդամենտալ մասնիկներ, որոնք լիցքավոր են ի բնե, օրինակ, էլեկտրոնն ու քվարկները (համենայն դեպս, այսպես ենք համարում), ու տարրական մասնիկներ, օրինակ պրոտոնն ու նեյտրոնը, որոնք թերևս ծնվելիս են լիցքավորվում:

(Էլ չասած մակրոմարմինների մասին, որոնք թե´ լիցքավորվում են, թե´ լիցքաթափվում, ուրեմն, պիտի լինեին՝ «լիցքավոր» ու լիցքաթափ»):

Դրույթ 2. Լեզվի կոմիտեի ողջ գործը միմիայն (իր կարծիքով) օտար բառերի ու (նորից իր կարծիքով) ուղղագրական սխալների դեմ պայքարն է: Այս կոմիտեն երբևէ լեզվաբանության գիտական մեթոդով հիմնավորվող որևէ շարահյուսական կամ տրամաբանական սխալ չի նկատել:

Սրա աշխատակիցները բացարձակ չեն գիտակցում, որ իրենց ողջ գործունեությունը լրի´վ է հակադիր լեզվական պրոցեսին, այսինքն, բնությանը, ինչպես նաև գիտությանն ու գիտական մեթոդին, առհասարակ [ib.]:

Դրույթ 3. Լեզվի կոմիտեի և ոչ մի աշխատակցի մտքով անգամ չի անցնում, որ եթե լեզվաբանությունն է´լ է գիտություն, ուրեմն պիտի լեզվաբանների (նաև ա´յս կոմիտեի բոլոր աշխատակիցների ու նաև սրանց պետի) ցանկացած թեզն ու «հորդորակն» էլ ունենա իր ճշտությունը կամ իրավացիությունն ստուգելու մարդուց անկախ մի գիտական ու օբյեկտիվ չափանիշ [ib.]:

Դրույթ 4. Երրորդ դրույթի կշտամբանքը լրիվ ու միանգաման կիրառելի է նաև թե´ ՀՀ ԿԳՄՍ նախարարության բոլոր աշխատակիցների, թե´ մեր լեզվի դպրոցական ու բուհական բոլոր դասագրքերի, թե´ բոլոր ուսուցիչ ու դասախոսների համար: Սրա մասին հաջորդ պարագրաֆներում:

18.5 Լեզվական երկերեսանությունը

Դրույթ 1. Ես չեմ տեսել մի հայ, ում (իր կյանքում, այլ ոչ թե քննություններին) պետք եկած լինեն ա´յն բաները, ինչ որ մեր դպրոցական ու բուհական քերականություննե´րն են սովորեցնում (բացի ուղղագրական ու կետադրական մի քանի կանոնից, որոնց գործածությունն է´լ երբեք միարժեք չի):

Դրույթ 2. Հայերենի այսօրվա քերականությունները լրի´վ են ինքնանպատակ ու նաև խիստ վնասակար են, որովհետև, մեծ մասով, քերականական օտարաբանություն ու գրական ծամծմած, մաշված ու տգեղ շտամպ են քարոզում, արդարացնում ու սովորեցնում:

Սրա պատճառները շատ խորն են, ու ես սրանց մասին արդեն ահագին բան ասաել եմ այս գրքում ու նաև ասել եմ իմ «Թարգմանելու արվեստն» ու «Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը» գրքերում [17, 24]:

Դրույթ 3. Այս պատճառներից գլխավորը, ինչպես արդեն բազմիցս եմ ասել, այն ցավալի հանգամանքն է, որ մեր այսօրվա լեզվաբաններն ու գրականագետները չունեն իրենց ասածների ճիշտ ու սխալը որոշելու մի օբյեկտիվ գիտական չափանիշ:

Այժմ բերում եմ մեր գրական ոճերի տգեղ շտամպի, կամ Չուկովսկու ասած լեզվական ևս մի քանի հրեշի այնպիսի օրինակ, որոնց դեմ մեր դպրոցն ու բուհը պիտի անասելի պայքարեին:

Այնինչ, դպրոցն ու բուհը միմիայն տարածում ու բազմացնում են սրանք, որովհետև զբաղված են միմիայն օտար բառերի դեմ պայքարելու իրենց այս կեղծ հայրենասիրական հարատև պայքարով: (Տես Հավելված 5-ը):

18.5ա «գտնվում է», չնայած չի կորել

Ռուսին կապկելով ասում ենք.

Մարմինը գտնվում է հեղուկի մեջ (թեք հարթության վրա և այլն).

Փոշեհատիկը գտնվում է կոնդենսատորի շրջադիրների միջև եղած տարածության մեջ.

էլեկտրոնը գտնվում է շարժման մեջ ևն,

առանց մտածելու, որ այս մարմինը կամ փոշեհատիկը, կամ էլ` էլեկտրոնը ե՞րբ է կորել, որ հանկարծ «գտնվում է» այս տեսակ «տարօրինակ հանգամանքներում»: Չի՞ լինի, որ հայի պես ասենք.

Մարմինը հեղուկի մեջ է (թեք հարթության վրա է), փոշեհատիկը կոնդենսատորի շրջադիրների արանքն է, էլեկտրոնը շարժվում է ևն:

Հիշենք Լեզվի Գլխավոր Օրենքը: Կա՞ հայ, ով տանն ասի.

Մամ, դանակը ո՞րտեղ է գտնվում:

Ու այս հայի մայրն էլ ասի.

Դանակը գտնվում է վերևի դարակի խորքային մասում:

Բայց մեր դասագրքերը ուղղակի հեղեղված են սրա պես անհամ շտամպային «գոհարներով»: Մեր իրավական ոլորտի «ուսյալներն» ավելի անհեթեթ ու ծիծաղելի բաներ են ասում: Օրինակ.

Հանցագործը գտնվում է փախուստի մեջ,

չնայած բոլորս էլ լավ գիտենք, որ ոչ մեկն այդ հանցագործին «փախուստի միջից դեռ չի գտել»: Այս «իրավա-ոստիկանական» ոճն ամենազարհուրելին ու ամենազզվելին է: «Իրավա-ոստիկանական» ոլորտի գրողները երբեք ու երբեք մարդավարի չեն գրի: Սրանց կարծիքով չի կարելի, որ ասեն.

«գողին բռնին բերին բաժանմունք; գողը կողպեքը լոմիկով էր ջարդե; խուլիգանը էրկաթի կտորով խփե ջարդել էր Պողոսի գլուխը» ևն:

Սրանց կարծիքով այսպես ասողները հայերեն է´լ չգիտեն, հայերեն «լեզվամտածողություն» է´լ չունեն, իրավաբանություն էլ չգիտեն, որովհետև որ ունենային, իրենց պես ընտիր ու սիրուն հայերենով կգրեին.

«Կասկածյալին (կամ էլ հանցագործին) բերման ենթարկեցին ոստիկանանական բաժանմունք; հանցագործը կողպեքը կոտրել էր տեխնիկական միջոցների գործադըրմամբ; հանցագործը տեխնիկական միջոցների կիրառությամբ քաղաքացի Պողոսին դաժան հարվածներ էր հասցրել նրա գլխի շրջանում` նրան պատճառելով ծանր մարմնական վընասվածքներ» ևն:

Սրանց համար գերազանց ոճ է, եթե գրեն. «Երևանը գտնվում է Արարատյան հարթավայրում», ու սրանց մտքով անգամ չի անցնի, թե ախր, եղբայր, Երևանը ե՞րբ կամ ինչո՞ւ կամ ո՞նց էր կորել, որ հանկարծ ու հույժ անսպասելի գտնվում է, այն էլ ոչ ավել, ոչ պակաս, այլ ուղղակի հենց Արարատյան հարթավայրում:

Հլը մի բախտ ունենք, որ հենց Արարատյան հարթավայրում է գտնվում, ախր կարա՞ր, չէ՞, գտնվեր ինչ-որ մի Գոբիի անապատում կամ (աստված չանի) Ամազոնի հեռու-հեռավոր ու կուսական անտառներում:

Կանոն: Այս «գտնվում եմ»-ի ժամանակային բոլոր ձևերը պիտի փոխարինվեն միմիայն «եմ»-ի համապատասխան ձևերով:

Այսինքն, մեր ուսուցիչները պիտի մի օր ասեն իրենց աշակերտներին, որ այս «գըտնըվում է» շտամպը առնվազն տգեղ է ու լավ կլինի, որ սրա տեղը ասեն.

«Երևանը Արարատյան հարթավայրում ա, հանցագործն էլ փախել ա»:

Սա չի նշանակում, որ «գտնեմ» բայն այլևս չպիտի գործածենք: Պիտի անպայման գործածենք, ու հնարավոր էլ չի, որ չգործածենք, բայց պիտի գործածենք հայավարի: Օրինակ.

«Բալնիքս կորցրել եմ ու չեմ քթնում: Էս վերջին 30 տարին լեզվաբանությամբ ըզբաղվելով ոչ փող քթա, ոչ կորցրածս առողջությունը, բայց տառապանք` քթա´»:

18.5բ A-ն «գտնվում է» B-ից 10 մետր հեռ. վրա

Ռուսին կապկելով` մեր գրքերի մեջ գրում ենք.

«A-ն գտնվում է B-ից 105 մետր հեռավորության/բարձրության վրա; Կոնդենսատորի շրջադիրների միջև եղած տարածությունը լցված է դիէլեկտրիկ նյութով» ևն,

փոխանակ հայի պես ասենք.

«A-ն B-ից 105 մետր է հեռու/բարձր, կամ A-ի ու B-ի հեռավորությունը 105 մետր է, կոնդենսատորի շրջադիրների արանքը դիէլեկտրիկ կա» ևն:

18.5գ Պատրաստված է մայրիկի կողմից

Ռուսին կապկելով ասում ենք.

«Միջուկի կողմից էլեկտրոնի վրա ազդող ուժը մոտ 10 Ն է» ևն,

փոխանակ ասենք.

«Միջուկն էլեկտրոնի վրա ազդում է 10 Ն ուժով; կամ «Միջուկի ազդեցությունն էլեկտրոնի վրա 10 Ն է; կամ Միջուկի ուժն էլեկտրոնի վրա 10 Ն է»; կամ ավելի լավ է. «Միջուկն էլեկտրոնին ձգում է 10 Ն ուժով» ևն:

Իրոք, եկեք տեղառք անենք. ո՞ր մի հայը կասի.

«Այսօրվա ճաշը պատրաստված է մայրիկի կողմից, իսկ երեկվանը` պատրաստված էր տատիկի կողմից»:

Ոչ մեկը: Հայը կասի.

«Էսօրվա ճաշը մաման ա սարքե/ էփե, իսկ էրեկվանը` տատին էր սարքե»:

Դրույթ 1. Այս կողմից-ի այս ձևերը հայաձև չեն: Այս կողմից-ը հայերն ասում են, օրինակ, երբ երկու թիմի են բաժանվում, որ մի խաղ խաղան. «Գուրգենը թո ըլնի մե´ր կողմից/յանից, իսկ Աշոտը` իրանց»:

Բայց ականջ դրեք մեր հեռացույցին կամ կարդացեք մեր մամուլն ու մեր գրողներին, նայեք մեր հայերեն դպրոցական ու բուհական դասագրքերն ու հայերենի ավարտական ու ընդունելության քնությունների շտեմարանները, ու այս «կողմից»-ով սարքած ու ասածս (ու հլը չասածս) մնացած բոլո´ր-բոլո´ր լեզվական հրեշների մի մղձավանջային անհաշիվ հորդա կգտնեք:

Մեր ցանկացած բարբառը, ու մանավանդ Երևանի բարբառը (ինչին մեր տգետները ասում են` ժարգոն) մեր հայերեն դասագրքերի ու շտեմարանների «լեզվից» հազար միլիարդ անգամ լավն է:

ԿԱՆՈՆ: Այս «կողմից»-ով խոսքերի կրավորական բայերը պիտի փոխարինվեն ներգործական բայերով, ու «կողմից»-ը ինքնիրեն կվերանա: Օրինակ, փոխանակ գրեն. «Կոնյակի գործարանի կողմից արտադրված շամպայնը», պիտի անպայման գըրեն. «Կոնյակի գործարանի (արտադրած) շամպայնը»:

18.5դ Կատարում է, հանդիսանում է ևն

Ռուսին կապկելով ասում ենք.

«Երկիրն Արեգակի շուրջ մեկ պտույտը կատարում է մեկ տարվա ընթացքում; Իդեալական գազը հանդիսանում է իրական գազի մոդելը; Մարմինը ձեռք բերեց 50 մ/վ արագություն; Վեկտորն ուղղված է դեպի հարթություն; Նանոտեխնոլոգիաներն իրենցից առաջընթացի մի հզոր միջոց են ներկայացնում» ևն,

փոխանակ հայերեն խոսենք ու ասենք.

«Երկիրն Արեվի շուրջ պտտվում է մի տարում; Իդեալական գազն իրականի մոդելն է; Մարմնի արագությունը դարձավ 50 մ/վ (հասավ 50 մ/վ-ին); Վեկտորն ուղղված է հարթությանը; Նանոտեխնոլոգիաներն առաջընթացի մի հզոր միջոց են» ևն:

Ասվել է, որ արդեն մի 100 տարի է ինչ ասում ենք` «լիցքավորված մարմին» ևն, առանց գլխի ընկնելու, որ սա լեզվական հրեշ է: Իրոք, տեղառք անենք. ո՞վ կասի. «կոշկավորված կատու, հրացանավորված (կամ հրացանակրված) մարդ»:

Ճիշտը` կոշկավոր-ն է: Նկատո՞ւմ եք, թե սովորության ուժն ինչքան հզոր է: Իրոք, ինչքա´ն անսովոր է, երբ ասվում է. «էլեկտրոնը լիցքավոր է»: Նույն ձևով «կատարելագործված»-ը «կատարելագործ»-ն է (կամ` «լավացրած»-ն ու «բարելաված»-ը՝ «ավելի լավ»-ը ևն), «իրականում»-ը` «ճիշտն ասած»-ը ևն, ևն:

Մամուլում ու մեր գրողների գրքերում այս տեսակ լեզվական հրեշ` լիքն է:

Օրինակ. «Երևանում տոնական հանդիսավոր հանդիսություններ են կատարվում», փոխանակ ասեն. «Երևանում տոն է»:

18.5ե Դեպի-ն

Այժմ` դեպի-ի մասին: Հին հայերենը նախդիրների ճոխ գործածություն ուներ, համարյա այսօրվա ռուսերենի կամ անգլերենի պես, ու դեպի-ն այդ նախդիրներից մեկն էր:

Դրույթ 1. Այսօրվա հայերենի մեջ դեպի-ն մեռած է, ու եթե Նալբանդյանի ասածի պես «հայոց լեզուն պիտի հետևի Այրարատյան բարբառին», ուրեմն դեպի-ն ու նաև մնացած գրաբարյան նախդիրներն այսօրվա լեզվի մեջ լրի´վ են անտեղի:

Այսօրվա բարբառախոս հայը երբեք էլ չի գիտակցում, որ օրինակ` զառամ բառը բարդ բառ է, ու որ սրա մեջ երկու նախդիր կա. զ+առ+ամ: (Հին հայերենի ամ բառը նշանակում էր` տարի):

Դրույթ 2. «Դեպի»-ի այսօրվա մեր գրական ոճերի գործածությունը, մեծ մասով, ռուսերենի к նախդրի կույր-կույր ընդօրինակության արդյունքն է ու իհարկե՝ անաքրոնիզմ է: Սա նաև խիստ անցանկալի է, մանավանդ, որ երբ սա չես գործածում, ասելիքն ավելի է պարզվում ու կենդանանում:

Դրույթ 3. Եթե գրողն ուզում է, որ իր գրածը կենդանի լինի, պիտի նման կալկաներից ու նաև արխայիկ բառ ու ոճից խուսափի:

Բերում եմ դեպի-ից խուսափելու մի քանի օրինակի մի աղյուսակ: (Իհարկե, ով ուզում է, թող դեպի-ն է´լ գործածի, ապա-ն է´լ (տես` հետո), ուստի-ն է´լ ևն):

ուղղված է դեպի հարթությունը

ուղղված է հարթությանը

հարթությունից ուղղված է դեպի մեզ

հարթությունից ուղղված է մեզ

աստղը շարժվում է դեպի դիտորդը

աստղը մոտենում է դիտորդին

լույսը շարժվում է դիտորդից դեպի աստղը

լույսը հեռանում է դիտորդից ու մոտենում է աստղին

18.5զ Ապա-ն

Ապա-ն էլ է գրաբարյան անաքրոնիզմ, ու սրա գործածությունն էլ ցանկալի չի:

Մեծ մասով, ապա-ն լրի´վ է ավելորդ, ու երբ սա չես գրում, խոսքն ավելի է հըստակվում, պարզվում ու կենդանանում:

Դրույթ 1. «ապա»-ն, համարյա միշտ, կա´մ փոխարինելի է ուրեմն-ով, կա´մ ուղղակի ավելորդ է ու պիտի դեն նետվի: Իհարկե, ով ուզում է, որ իր խոսքը հնա(վ)ոճ լինի, թող «ապա»-ն է´լ գրի, սա արդեն գրողի գործն է:

18.5է Դեպքում-ը

Այս բառը մեր գրական ոճերը գործածում են ռուսերենի ազդեցությամբ, ու սրա ճիշտ (հայերեն) գործածության մի քանի օրինակը ներկայացնում եմ աղյուսակով, ինչը կազմել եմ ԼԳՕ-վ, այսինքն, կենդանի լեզուն դիտելով:

Աղյուսակի ձախ կողմում անընդունելի ռուսիզմներն են, աջ կողմում դրանց հայերեն հնարավոր համարժեքները: Իհարկե, այս աղյուսակն սպառիչ չի, բայց սա կհուշի, թե ամեն մի իրավիճակում ի´նչ տեղառք արվի, որ գրական շտամպը վերանա:

որոշ դեպքերում;

մի քանի դեպքերում

մեկ-մեկ; երբեմն; պատահում է, որ; մերթ ընդ մերթ

բոլոր դեպքերում

ամեն անգամ; անընդհատ; միշտ

այս դեպքում

այս անգամ; երբ

այս/այդ/ դեպքում

եթե այս/այդ/այն/պես է; ուրեմն

այն դեպքում; որի դեպքում

այն անգամ; երբ

հակառակ դեպքում

թե չէ

նախորդ դեպքում այսպես չէր

քիչ առաջ այսպես չէր

200Վ-ի դեպքում հոսանքը 1 Ա է

երբ լարումը 200Վ է, հոսանքը 1 Ա է

18.5ը Ռուսատիպ գոյականը

Մեր գրական ոճերը գործածում են.

վրդովմունք, տարիք, չարիք, հուզմունք, արարմունք, ստիպմունք, աղճատմունք, պարապմունք, ցուցմունք, զբաղմունք, շարժմունք, հարցմունք, բարձունք, հոլովմունք, խոնարհմունք, զգացմունք, մտածմունք, չարչարանք, վարժանք, հնարք, հրճվանք, խըրախճանք, բարձունք, հետևանք, մարզանք, բաղձանք, պարտադրանք, հարկադրանք, զարդարանք, հարդարանք, կերպարանք, զզվանք, մեծարանք, խորշանք, գարշանք, վարձք, վարք, բարք, շարք, սարք, չարք, ծալք, ալք, զորք, տուրք, դիրք, վերք, բերք, կարիք, չարիք, ձեռք, ոտք, աչք

ու այս բառերի պես ուրիշ գոյականներ, որոնք գրաբարյան օրերին հոգնակի էին, բայց արդեն վաղուց դառել են եզակի, ու այսօր, բացի լեզվաբանները, համարյա ոչ մեկը չի է´լ հիշում ու նույնիսկ չի էլ կասկածում, որ սրանք մի ժամանակ հոգնակի էին:

Դրույթ 1. Գրական ոճերը, պատճենելով ռուսերենի բայանուն-գոյականները, օրինակ. поощрение, преподование, волнение, сжатие, составление, захват, կազմում են հետևյալ ոչ հայաձև բառերի պես անթիվ բառ. խրախուսում, դասավանդում, հուզում, սեղմում, կազմում, խլում, ու սրանք գործածում են գոյականի տեղը:

Օրինակ, փոխանակ ասենք. խրախուսելը կամ խրախույսը, խոնարհելը կամ խոնարհմունքը, հոլովելը կամ հոլովմունքը, ստիպելը կամ ստիպմունքը, ու հետո էլ, օրինակ. Խրախուսելու; խրախույսի; խրախույսով, խոնարհելու; խոնարհմունքի; խոնարհմունքով, հոլովելու; հոլովմունքի; հոլովմունքով, ուսումնասիրությունը ևն, մենք այս «խրախուսում, դասավանդում, հուզում, սեղմում, կազմում, խլում»-ի պես ձևերն ենք գործածում, որ (Մ. Աբեղյանի ասելով էլ) ձևել ենք ռուսերենի անալոգիայով::

Այս տեսակ բառերը, այս խրախուսելը կամ խրախույսը, խոնարհելը կամ խոնարհմունքը, հոլովելը բառերը, բոլորն էլ, հոլովվում են ի-ով, և ոչ թե գրաբարյան արդեն մեռած -յան, -յամբ վերջավորություններով (որ կենդանի բարբառները չեն գործածում):

Ու այս «խրախուսում, դասավանդում, հուզում, սեղմում, կազմում, խլում»-ի պես բառերի հոլովաձևերը տգեղ են ու դժվար են արտասանվում: Օրինակ. Սեղմման, սեղմմամբ, կազմման, կազմմամբ, խլման, խլմամբ ևն: Այնինչ բացառականի ձևը նորից հինն է` սեղմումից, կազմումից:

Կա՞ այստեղ տրամաբանություն:

Ինչ վերաբերում է օրինակ, խրախուսում, կիրառում, ուսումնասիրում ու սըրանց պես ուրիշ ձևերին, հաճախ չենք գիտակցում, որ սրանց ընդունելի ձևերն արդեն կան` խրախույս, կիրառություն, ուսումնասիրություն և այլն:

Սրանց պես «ռուսաձև» գոյական շա´տ, չափազա´նց շատ կա մեր գրական ոճերի մեջ: Սրա տիպական օրինակներից մեկը անդրադարձում-ն է:

Դարձ բառը ինքնին գոյական է (սրանից ունենք` դարձվոր, դարձվորիկ): Ուրեմն, անդրադարձ-ն է´լ է գոյական, չնայած նաև ածական է: Կնշանակի, իզուր ենք ասում` անդրադարձում, անդրադարձման, անդրադարձմամբ:

Սրանց տեղը պիտի ասեինք. անդրադարձ (=անդրադարձած), անդրադարձի, անդըրադարձով: Օրինակ, անդրադարձի օրենք, անդրադարձի երևույթ, անդրադարձ ճառագայթ, անդրադարձի անկյուն, անդրադարձից հետո, անդրադարձով առաջացած ևն:

Մի ուրիշ օրինակ էլ ասեմ: Մերոնք շատ են դարդ անում, որ իբր ինդուկցիա, ինդուկտել բառերն օտար են:

Սրանք միջազգային տերմին են, ու սրանց մասին արդեն ասել եմ: Սրանք պիտի հանգիստ գործածվեն: Բայց եթե մերոնք շատ են ուզում, որ ինդուկտելու փոխարեն մի հայերեն բառ ասեն, թող հիշեն, որ կան հայերեն բավական շատ գործածական հարուցել կամ ստեղծել բառերն ու հրաժարվեն մակածել անհասկանալի, արհեստական ու տգեղ բառից:

(Բայց եթե շատ են ուզում, որ «ինդուկտել»-ու ու «ինդուկցիա»-յի տեղը մի նոր բառ ունենան, թող վերցնեն «հարուցանք»-ն ու սրա հոլովաձևերը):

Գրական ոճերի այս «-ում» մասնիկով սարքած գոյականների մեծ մասը իզուր է նաև այն պատճառով, որ անորոշ դերբայն ինքը` արդեն գոյական է: Օրինակ, Երևանի բարբառն ասում է.

«Էս տան շինելն ի՞նչ ա որ, մի ամսվա գործ ա»: Կամ. «Տուն շինելու տեղը` այգի´դ մշակի»: Կամ. «Տունդ շինելուց հետո` տղուդ պսակի»: Կամ. «Տուն շինելով ա, որ կշենանաս»:

Իսկ գրական ոճերը, Լեզվի Գլխավոր Օրենքին հակառակ, ուրեմն, լեզվի հենց էությանը հակառակ, ասում են.

«Այս տան կառուցումն ի՞նչ է որ, մի ամսվա աշխատանք է: Տան կառուցման փոխարեն` այգիդ մշակիր: Տան կառուցումից հետո, որդուդ ամուսնացրու: Տան կառուցմամբ է, որ կշենանաս»:

Կամ ահա «լեզվական մի նոր հրեշ».

«Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման (փոխանակ հռչակելու) 1700-ամյակը»:

Դրույթ 2. Այսինքն, Գրական ոճերն ամեն կերպ ու ամեն գնով ձգտում են` տարբերվեն կենդանի լեզվից, ու սրա համար գործածում են այն տեսակ մեռած ձև ու բառ, ինչի մեծ մասն արդեն հայերեն չի:

Բարբառը գրական ոճերից փոխ է առել մի քանի -ում մասնիկով ձև: Օրինակ. հանդիպում, լուծում բառերը: Բայց բարբառը սրանք հոլովում է հետևյալ ձևով. հանդիպելու, լուծելու, հանդիպելուց, լուծելուց, հանդիպելով, լուծելով, այսինքն, համաձայն բարբառի ինքնուրույն կարգի:

Այս «-ում» մասնիկով ձևերը դուր են գալիս մանավանդ` լրագրողներին, չինովնիկներին, ուսուցիչներին ու դասախոսներին: Ահա մի օրինակ. «Իսկ օլիմպիադայի մասնակիցների խրախուսմանն ու հաղթողների պարգևատրմանը, ինչպես նաև հատուկ մըրցանակների սահմանմանն ու շնորհմանը հրավիրում ենք մասնակցել բոլոր ցանկացողներին»:

Սրա հայերեն մի ձևը կլիներ. «Իսկ օլիմպիադայի մասնակիցներին խրախուսելու ու հաղթողներին պարգևատրելու, ինչպես նաև` հատուկ մրցանակներ սահմանելու ու շնորհելու արարողությանը մասնակցելու ենք հրավիրում բոլոր ցանկացողներին»:

Սա´ է հայերենը:

18.5թ Ավե՞լ, թե՞ ավելի

Մի երկու խոսք ավել-ավելի բառերի զույգի մասին:

Դրույթ 1. Երբ ավել-ը ստորոգյալ է (բայի իմաստի լրացումն է), այս ավել բառը դրվում է ուղղական, օրինակ, «սա դրանից ավել է», ինչպես. «սա դրանից շատ է»:

Դրույթ 2 Ուրեմն, սխալ են անում այն ուսյալները, ովքեր ուղղում են սա ու գրում են` «սա դրանից ավելի(ն) է»: Այս ձևը հայերեն չի: Օրինակ, ի՞նչ կասեք, եթե մեկն ասի. «Սա դրանից շատի է»:

«Ավելի» ձևը ավելի շուտ ածականները համեմատող նախադիր բառ է` «նախադրություն» է, ճիշտ «առանց»-ի պես: Անգլերենն օրինակ` ածականների մի մասը համեմատում է վերջավորություններով. Օld = ծեր (հին), օlder = ավելի ծեր (հին), the oldest = ամենածերը (հինը):

Որ ավելի(ն)-ը նախդիր «սկզբնավորություն» է, ապացուցվում է այն փաստով, որ ամենա-ն (այսինքն, ածականի համեմատության գերադրական աստիճանը ցույց տըվող մասնիկը) արդեն համեմատվող ածականին կպած է գրվում` ամենալավ, ամենախելոք, և այլն: Սրա պես էլ գրում ու ասում ենք` ավելի լավ, ավելի խելոք ևն, բայց սրանք առանձին ենք գրում (ավանդույթով): Այնինչ Լեզվի պետական կոմիտեի հորդորակը հայտնագործել է, թե պիտի պարտադիր ասենք «երեք անգամից ավելԻ» ու ոչ թե «երեք անգամից ավել», թե չէ հայերն այս երկրորդ «ավելը» կշփոթեն հատակն ավլելու ավելի հետ, բա´:

18.5ժ Կապվում կամ խառնվում է հետ-ը

Դրույթ 1. Հայը ձին կապում է ծառին/ցցին/սյանը, ոչ թե ծառի/ցցի/սյան հետ: Երբ ասում են. «ձին կապում են ծառի հետ», սա հայերենով նշանակում է, որ ձին ու ծառը, իրար հետ, կապում են մի երրորդ բանի:

Դրույթ 2. Ու հայը ալյուրը/սպիրտը/աղաթթուն խառնում է ջրին, ոչ թե ջրի հետ:

Այս կարգի անպաեհությունների թիվը չափազանց է մեծ, ու մեր դասագրքերն ուղղակի հեղեղված են սրանցով: Այնուամենայնիվ, իհա´րկե ասում ենք` «սա կապ ունի սրա հետ» ևն: Ահա մի քանի տիպական օրինակ:

Սխալ ձևերը

Ճիշտ ձևերը

կապ կհաստատի մատակարարի հետ

կկապվի մատակարարին

կապ կհաստատի մեծությունների միջև

մեծությունները կկապի (իրար)

ի՞նչ է պատահում լարման հետ

լարման հետ ի՞նչ է լինում

ի՞նչ է պատահում լարմանը;

լարումն ի՞նչ է լինում/ի՞նչ է դառնում

բախվում են իոնների հետ

բախվում են իոններին

կապվում/խառնվում են իրար հետ

կապվում/խառնվում են իրար

լամպի հետ միացված վոլտաչափը

լամպին միացրած վոլտմետրը

18.5ժա Պատկանում է-ն

Պատկանում է խոսքը շատ հաճախ փոխարինելի է -ից հոլովաձևային վերջավորությունով:

սա պատկանում է այն երևույթների թվին

սա այն երևույթներից է

x-ը պատկանում է A բազմությանը

x-ը A բազմությունից է

Իհարկե, մաթեմատիկայում այս պատկանում-ից խուսափելը երևի անհնար է, չնայած մաթեմատիկոսները, իրենց բանավոր խոսքի մեջ, համարյա միշտ, իմ առաջարկի պես են ասում, բայց խոսքի այլ ոլորտներում, իհարկե, այս պատկանում-ը ծամծմած շտամպ է ու տգեղ է:

18.6 «Էթամ»-ն ու «վեկալեմ»-ը

Հնդեվրոպական հանրության օրերին հայերենն ուներ մի բնիկ արմատ՝ erth-ը, ինչն արտասանվում էր համարյա հետևյալ ձևով՝ «իերթ», բայց սրա դեմի «ի»-ն թույլ էր, սրա հետևից եկող «ե»-ն էլ՝ երևի փակ, այսինքն, համարյա այն ձևով, ոնց որ Երեվանի այսօրվա «էթամ» բայի կամ այսօրվա «եմ» օժանդակի փակ «ե»-ն: (Տես Աճառյան, ՀԱԲ):

Այս արմատից առաջացավ մեր «երթամ» բայը, ինչն արտասանվում էր ասված ձեվով՝ «իերթամ», ու ինչը ճոխ գործածություն ուներ ու հիմա է´լ ունի մեր բարբառներից շատի մեջ ու մանավանդ արևմտյան «կ» ճյուղի բարբառների մեջ:

Հետո (օրինակ, Արարատյան ու Սալմաստի բարբառներում) «իե» երկհնչյունը դարձավ «է», ու «ր»-ն էլ վերացավ, ու բառը դարձավ այսօրվա «էթամ»-ը:

Հայերենի մեջ «ր»-ի կորելը սովորական բան է: Օրինակ, այսօրվա «քաշեմ, խաշեմ» բառերը գրաբարյան շրջանում «ր» ունե´ին ու ասվում էին՝ «քարշեմ, խարշեմ», ու սրանցից (հենց սրանց հետևելով) հորինել են գրական ոճերի «քարշի ուժ, քարշակ» բառերը, որ նոր են ներմուծվել:

Մի ուրիշ օրինակ, որ այս գրքում բազմիցս է բերվում:

Գրաբարյան շրջանում հայերենն ուներ մի բառ «տարգալ»-ը, ինչն արտասանվում էր իր հենց գրությա´ն ձևով: Հետո սրա առաջին «ա»-ն դարձավ «ը» ու «տ»-ն էլ դարձավ «դ», ու բառը դարձավ՝ «դրգալ»: Հետո սրա «գ» ու «դ» հնչյուններն իրենց տեղերը փոխեցին, ինչը լեզուների (ու նաև մանուկների խոսքի) մեջ սովորական բան է, ու բառը դարձավ՝ «գըրդալ»: Հետո էլ սրա «ր»-ն ընկավ, ու բառը դարձավ «գդալ»: (Տես Աճառյան, ՀԱԲ):

Սրանից հետո էլ «դ»-ն խլացավ ու դարձավ «թ», ինչն էլ շատ անգամ իրա հետ «գ»-ն է խլացնում ու դարձնում «ք»: Ու հիմա ունենք «գթալ» ու «քթալ» ձևերը, ու սըրանցից երկրորդը երևի հաղթի (բայց ի´նչ իմանաս, որովհետև լեզվի ապագան անքննելի է):

Հիմա մեր քերականները այս «գդալ» գրվող բառը (իր gdal արտասանությունով) համարում են լրիվ ընդունելի ու գրական: Բայց մեր այս նույն «գրագետները», ովքեր պատերազմ են անում բնիկ հայերեն բառ չգործածելու համար, մեր բնիկ հայերեն «էթամ» բառը հռչակել են «գռեհիկ, բարբառային, փողոցային, ժարգոնային» ու անթույլատրելի «բոբո», միայն և միայն ա´յն պատճառով, որ սրա «ր»-ն ընկել է:

Բայց ախր ինչո՞ւ չեն նույն ձևով գռեհիկ ու անթույլատրելի հայտարարում «գդալ, քաշել, խաշել, գդալ, տասնմեկ, տասներկու, տասներեք, տասնչորս, տասնըհինգ, տասնըվեց» բառերն ու ուրիշ շատ ու շատ բառ, որ գրաբարյան շրջանի համեմատ՝ հնչյուն են փոխել: Չէ՞ որ գրաբարյան շրջանում ասել են. «քարշել, խարշել, տարգալ, մետասան, երկոտասան, երեքտասան, չորեքտասան, հնգետասան, վեշտասան» ևն:

Կամ ինչո՞ւ են «էթամ»-ի արմատից կազմած մի քանի բառը համարում «չքնաղ», չնայած՝ «էթամ»-ն է՛լի համարվում է բոբո: Ահա այդ «չքնաղ» ու լրի´վ թույլատրելի բառերը (որ արդեն հիշատակվել են).

երթ, երթուղի, երթևեկ, երթևեկություն, շքերթ, չվերթ, ուղերթ ևն:

Այս նույն «տրամաբանությունով» մեր այսօրվա լեզվաբանները «բոբո» են հայտարարել «վեկալեմ» ու «քցեմ» բառերը: Առաջինը հետգրաբարյան շրջանում ուներ «ր», «վեր կալեմ», իսկ երկրորդը այսօր գրական ոճերի ջատագովներն արտասանում են «gtsem-gtsir-գցեմ-gcir», ինչն իմ համար ուղղակի անտանելի է, որովհետև Երևանի ու այսօրվա մնացած բարբառներն արտասանում են «քցեմ-քից-քցի» ու, ըստ ԼԳՕ-ի, սա լրի՛վ է ճիշտ:

Բայց մեր այս «խելոքները» չգիտեն, որ ախր եթե հետևողական լինեին, պտի ասեին՝ «գձեմ», որովհետև այս «գձեմ»-ը գրաբարյան տառափոխ կամ տեղափոխ «ձգեմ»-ից է, ճիշտ «տարգալ-գդալ» զույգի պես: (Տես Աճառյան, ՀԱԲ): «Ձգեմ»-ն այսօր արտասանում ենք՝ «ձքեմ», իսկ արևմտահայերը՝ «ցքեմ», ու մեր «ուսյալներին» սա միանգամայն բավարարում է: Գրական «լեզու» մոգոնելուց այս տեսակ բան մեր «ուսյալները» շատ-շատ են անում: Հմի էլի´ եմ հարց տալի.

«Էթամ»-ը կարևոր բայ է (հավելավոր է), որովհետև «գնացի»-ի ընկերն է: Այսինքն, «էթամ»-ն ու «գնացի»-ն այսօր մի անկանոն զույգ են, ճիշտ «ուտեմ-կերա» զույգի պես:

Հայերենն էլ, օրինակ, անգլերենի պես, անկանոն բայեր ունի, բայց թե որ անգլերենի անկանոն բայերը մոտ 600 հատ են, հայերենինը 30 անգամ քիչ են, ու 20-ի էլ չեն հասնում (18 հատ են, տես Աճառյան, [7], ԼՔՀԼ, հատ. 4-րդ, է, էջ՝ 334-335, 367-371, 509-550, բայց նայած ոնց կհաշվես, ու հնարավոր է, որ ասվի, թե մեր անկանոն բայերը երևի մոտ 3 տասնյակ են):

Օրինակ, «ուտեմ» բայն անկանոն է: Իրոք, ասում ենք՝ «ուտեմ, կուտեմ, ուտում եմ, ուտելու եմ, ուտեի, կուտեի, ուտում էի» ևն, բայց չենք ասում՝ «ուտեցի, ուտել եմ» կամ «ուտի´(ր)»: Սրանց տեղն ուրի´շ արմատ ենք գործածում, ասում ենք՝ «կերա, կերել եմ, կե´ր»:

Նույն ձև էլ՝ ասում ենք՝ «էթամ, կեթամ էթում եմ, էթալու եմ, էթայի, կէթայի, էթում էի» ևն, բայց չենք ասում՝ «էթացի, էթացել եմ» կամ «էթա´», ասում ենք՝ «գնացի, գնացել եմ, գնացել էի, գնա´»: Բա ճիշտ չե՞մ, երբ ասում եմ, որ.

Դրույթ 1. Մեր այսօրվա լեզվաբաններն իրենց ասածների ճիշտն ու սխալը որոշող ոչ մի գիտական չափանիշ չունեն, ու սրա համար էլ մեր այսօրվա լեզվաբանությունը գիտություն չի, որովհետև իսկական գիտությունը, առանց այսպիսի մի չափանշի, անհնար է, չի´ լինում:

18.7 «Խի՞»-ն ու «ընչի՞»-ն

Ասվել է արդեն, որ «խի՞»-ն բնիկ հայերեն բառ է, բայց մեր մաքրամոլները չգիտեն սա, ու այս դժբախտ «խի՞»-ին երդվյալ թշնամի են, երևի «խ» ձայնի համար, ինչը շատերին է կոպիտ թվում: Բայց մենք «խ» ձայնով լիքը բառ ունենք, օրինակ, «խաղող»-ը, հիմա ի՞նչ, բռնենք դրանք դեն գցե՞նք:

Բերում եմ «խի» բառի պատմությունը ([7], ԼՔՀԼ, II, 390-392, տես նաև [8]-ը, ՀԱԲ-ը):

Աճառյանն ասում է, թե ունեցել ենք մի հնչյունանոց մի բառ՝ «ի»-ն, ինչը նշանակել է՝ «բան, մի բան», ու սրա հոլոված (հարցական) ձևերն էին.

ուղղական - ի՞, ԼՔՀԼ-ի ասված էջերում չկա (նշանակում էր՝ «ի՞նչ, ի՞նչ բան»)

սեռական - է՞ր (նշանակում էր՝ «որի՞, ինչո՞ւ», սրանցից էլ՝ «ընդէ՞ր, էրո՞ւմ»)

տրական - ի՞մ, հի՞մ (նշանակում էր՝ «ինչո՞ւ, ի՞նչ բանի»)

հայցական - զի՞, ԼՔՀԼ-ի ասված էջերում չկա («նշանակում էր՝ ինչո՞ւ»)

բացառական - յիմէ՞, առ իմէ՞, զմէ՞ («նշանակում էր՝ ինչի՞ց»)

գործիական - ի՞ւ («նշանակում էր՝ ինչո՞վ, ի՞նչ բանով»)

Հետո այս «ի»-ին ավելացան՝ «-ք, -մն, -նչ» ու «» ածանցիչներն ու առաջացրին «իք» («բան, մի բան, է, կա, գոյ» ևն), «չիք» («չկա, չլինելը, չքանալը» ևն), «իմն» («մի բան, մը» ևն), «ինչ» (ուրեմն, նաև այսօրվա «ինչ»-ը: «ինչ»-ը նշանակում էր՝ «բան, մի բան»:

Սրա հոլոված ձևերն են՝ «ընչի, յընչէ, ընչիւ, ընչից», որ շատ հին են:

Սրանից են նաև՝ «ի՞նչ, ինչո՞ւ, ինչք, այն ինչ, ոչ ինչ, ինչ ինչ, զի՞նչ, առինչ, առընչութիւն, ինչպիսի, չինչ, չնչին, անինչ(ք), ընչաքաղց» ևն, ևն), «իր» (այսինքն, բան, մի բան, առարկա):

Այս «իր» բառից են՝ «իրազեկ, իրողություն, իրականություն, իրապաշտ, իրավ, իրավունք, իրօք, հիրաւի, անիրավ, իրաւաբան» ևն, ևն բառերը:

Աճառյանն ասում է, թե այս «ի»-ն առաջացել է հնդեվրոպական նախալեզվի qui հարցական դերանունից, ինչն սկզբում դարձել է «հի», հետո «հ»-ն ընկել է, ու ըստացվել է «ի»-ն: Ես մի անգամ հանգուցյալ Գ. Ջահուկյանին հարցրի, թե մեր այսօրվա Երևանի բարբառի «խի»-ն ո´րտեղից է, ու ինքն ասաց, թե հենց «հի»-ն է դարձել «խի», ու թե սա մասնակի ձայնափոխություն է:

Ես չեմ հավատում, որ լեզվի մեջ սրա պես մասնակի ձայնափոխություն լինի, մանավանդ որ լեզվաբանությունը գիտի, որ կա լեզվական վարակի կամ լեզվի կուրության օրենքը, ինչն ասում է, թե երբ լեզվի մեջ մի ինչ-որ վարակ է ընկնում (փոփոխություն է սկսվում), այդ վարակը փոխում է «նույն վիճակի» բոլոր բառերը՝ առանց բացառության:

Սրա փայլուն օրինակը մի քանի բարբառի արդեն ասված (օրինակ, Սալմաստի, Վանի ևն) բառերի սկզբի «հ»-ի անխտիր «խ» դառնալն է, օրինակ, «խաց, խավ, խայ, խուող, խէր, խինգյ, խօքի» ևն, փոխանակ՝ «հաց, հավ, հայ, հող, հեր (հայր), հինգ, հոգի» ևն:

Բայց, օրինակ, Սալմաստի բարբառի Մալիշկայի խոսվածքում նորից «հ»-ով սկըսվող բառեր կան՝ «հասանդ (հեշտ), հավուզ (ավազան), հենց, հեշտ, հեյվան (անասուն) հէր (անձավ) ևն: Սրանք՝ այս «հ»-ով սկսվող բառերը, այս բարբառը վերցրել է, երբ «հ > խ» ձայնափոխությունը լրիվ պրծել գնացել է:

Աճառյանն իր մեկնությունը քաղել է Մեյեից ու ուրիշներից, իսկ Հյուբշմանը սրան չէր հավատում, ու ուրիշ բացատրություն է առաջարկել: Երևի Հյուբշմանն ու Մեյեն չեն իմացել, որ այսօրվա Արարատյան բարբառում «խի՞»-ն կա (իրենք զբաղվում էին մեր միայն հին լեզվով), ու եթե իմանային, գուցե ուրիշ հիպոթեզ առաջարկեին:

Որ այս տեսակ բառերը կարան դարերով ապրեն լեզվի մեջ, ու լեզվաբաններն էլ չտեսնեն դրանք ու բանի տեղ չդնեն դրանց, ապացուցվում է այն բանով, որ նախավոր «ի՞» հարցականը Երևանի բարբառն այսօր է´լ է գործածում:

Իրոք, երբ ջահելները մի քիչ զարմացած, մի քիչ հարցական, ասում են՝ «ի՞ ˜», այսինքն, «ո՞նց թե, յանիմ ի՞նչ, հլը տե´ս է˜, հլը սրա´ն տես» իմաստներով, գործածում են հենց հնագույն «ի»-ն, ու մինչև այսօր ոչ մի լեզվաբան չի նկատել սա: Ու, ինչպես ասվել է այս գրքում, թերևս հենց այս «ի»-ն է միացել Երևանի բարբառի այսօրվա «էս; էտ; էն» ցուցական ածականներին ու սրանցից սարքել է այսօրվա ցուցական «էսի; էտի; էնի» դերանունները

Ստուգաբան Հրաչ Մարտիրոսյանը համաձայն չի (նամակով) իմ այս բացատրությանը, ու ասում է, թե այսօրվա «ի՞ ˜»-ն բնաձայն բառ է: Կարծում եմ, որ սա քիչ է հավանական, որովհետև հարց է ծագում, այս «ի՞ ˜»-ն բնության այդ ո՞ր ձայնի նըմանակն է ու «խի՞» է նմանակ, ու բնության այդ ո՞ր ձայնն է, որ հարցական-զարմացական բնույթ ունի:

Այս տեսակ «թարմատար» հնչյուններն էլ պատմություն ունեն, ու պիտի բացատըրվեն ստուգաբանությունով: Որ այս տեսակ մի կարճ բառ կարող է 1500 տարի մնա կենդանի ու չմեռնի, «ապացուցվում է» մեր թարմատար «բա»-ի օրինակով («բա ոնց, բա հետո» ևն), ինչը հնագույն հայերենի «բամ=ասեմ-ասում եմ» բայի հրամայականն էր ու նշանակում էր՝ «ասա´»):

Մեր այսօրվա «խի՞»-ն նշանակում է «ինչո՞ւ», ու սա չի խառնվում կամ շփոթվում «ի՞նչ»-ի հետ:

Օրինակ, ասում ենք՝ «ի՞նչ ես անում», ու նաև՝ «խի՞ ես անում», ու նաև այս երկուսն իրար հետ. «ի՞նչ ես անում ու խի՞ ես անում», այսինքն, իրարից տարբեր իմաստներով, ու ամեն մեկն ի՛ր տեղը, որ մեկը որ հարմար է:

Առանց հարցականի «խի»-ն (մեծ մասամբ՝ շեշտած) գործածվում է ժխտականների մեջ («չգիտեմ խի» ևն):

Մեր «ուսյալները» բնիկ հայերեն «խի՞»-ն ու նաև հնագույն «ընչի՞»-ն հռչակել են «գռեհիկ ու փողոցային»: Ուրեմն, ըստ մեր այս ուսյալների, այս «ի» բնիկ հայերեն բառի բերածս ու չբերածս բազում ժառանգներն իրավունք ունե՛ն ապրելու, ու դըրանք բոլորն էլ չքնաղ են ու ընտիր, բացի՞ այս դժբախտ «խի՞»-ն ու «ընչի՞»-ն:

Օրինակ, խի՞, կամ ընչի՞: Ախր խի՞ է˜, խի՞: Այ հենց սրա համար եմ հարցս կըրկնում արդեն չգիտեմ, թե ո´րերրորդ անգամ:

Մեր «քերականների», ա´յ, է´ս արածի մեջ կա՞ տրամաբանություն: Բա սա չի՞ ապացուցում, որ մեր քերականներն իրենց դրույթների ճիշտ ու սխալն ապացուցելու ոչ մի գիտական ու օբյեկտիվ չափանիշ չունեն, որովհետև գործում են հակառակ ԼԳՕ-ի:

Սրա համար էլ մեր այսօրվա հետաբեղյան լեզվաբանությունը գիտություն չի, որովհետև իսկական գիտությունն առանց այս կարգի մի չափանիշի՝ անհնար է, չի´ լինում:

18.8 «Նա»-ն մեռած է: «Թող»-ն ու «թո»-ն

Աճառյանն ասում է ([7], ԼՔՀԼ, II, 43, 238 նաև 119), թե.

«Հնդեվրոպական լեզուն անձնական դերանուններից ճանաչում էր միայն առաջին և երկրորդ դեմքը (ես և դու), երրորդ դեմքի համար գործ էին ածվում ցուցականները»:

Այս իմաստով հին հայերենն այս «նա» ու «նրանք» դերանունը (հին ձևերը, իհարկե) ու սրա հոլովաձևերը վերցրել է ցուցական դերանունների «սա, դա, նա» շարքից ու միացրել է «ես, դու, մեք, դուք» զույգերին, որ երրորդ դեմքի համար էլ անձնական դերանուն ունենա:

Այնուամենայնիվ, գուցե «հին հայերենը զգացել է», որ այս «նա-նրանք» ձևերը «խորթ են», ու անընդհատ այս իրավիճակից ազատվելու ելք է փնտրել:

Ինչևէ, Արարատյան (Երևանի) բարբառի մեջ, առհասարակ, այս «նա» դերանունն ու սրա բոլոր-բոլոր հոլովաձևերը արդեն վաղուցվանից չկան, մեռած են:

Բայց երբ ստեղծվեցին մեր նոր գրական ոճերը, 19-20-րդ դարերում, հյուսիսյաններն ու սրանց հետևորդներն այս դերանունը նորից զոռով մտցրին մեր գրական ոճերը: Ասվել է, որ.

Դրույթ 1. Կենդանի լեզուն «նա» ուղղականի փոխարեն գործածում էր ու նորից է գործածում «ինքը» (այսօր նաև «էնի»-ն) ուղղականները կամ էլ՝ անունն է տալիս («Արամը, փայտը» ևն), ու նաև գործածում է «ինքը-իրանք»-ի բոլոր հոլովաձևերը անխտիր, այսինքն, գործածում է «ինքը-իրա-իրանից-իրանով; իրանք-իրանցից-իրանցով» ձևերը:

Մեր գրական ոճերի ջատագովները ուզեցին «նա»-ն Երևանի բարբառում նորից արթնացնեն, բայց սա բարբառի մեջ չարմատավորվեց, ու ոչ էլ սրա հոլովաձևերն արմատավորվեցին:

Երբ հետևում ես փողոցում խաղացող երեխեքի լեզվին, ուղղակի ապշում ես:

Երեխեքը փողոցում գրական ոճերի գործածած համարյա ոչ մի օտար՝ ոչ մի նորից հայերեն չդարձած ձևը չեն գործածում: Ո՛չ մի անգամ, չնայած դպրոցում խուսափում են բարբառային համարվող, բայց ճիշտ ձևերը գործածելուց, որովհետև գիտեն, որ կպատժվեն:

Եթե երեխան ուզենա ասի՝ «թող նա է՛լ խաղա», փողոցում երբեք այսպես չի ասի: Երեխան այս խոսքն ասելու երեք ձև ունի.

1. Թո ինքն է՛լ խաղա:

2. Թո էնի է՛լ խաղա:

3. Թո Գագոն է´լ խաղա:

Ուրեմն.

Դրույթ 2. «նա»-ի ու սրա հոլովաձևերի տեղը բռնել են «ինքը-իրա-իրանից-իրանով-իրանք-իրանց-իրանցով» կենդանի ձևերը, իսկ գրական ոճերում, երբեմն, «նա»-ի ու սրա հոլովաձևերի փոխարեն գործածվում են «իր-իրեն-իրենից-իրենով; իրենք-իրենց-իրենցից-իրենցով» գրական համարվող ձևերը:

Այս «ինքն» դերանունի այս տեսակ գործածությունը գրական ոճերի մեջ շատ անգամ համարվում է սխալ, չնայած սա մեր հին գրականության մեջ գործածվել է դեռ վաղ գրաբարի օրերից (Աճառյանն օրինակներ է բերում, որ «նա»-ի փոխարեն «ինքն»-ի գործածությունը կա արդեն գրաբարի վաղ շրջանում (ib. 43, 55, 238-239)):

Ավելին, այս «ինքն» ձևը գործածվել է անձնական երեք դերանվանն էլ սաստկացնելու համար, «ես ինքն, դու ինքն, նա ինքն» ձևերով, որովհետև «ինքնըս, ինքնըդ, ինքնը» ձևեր չեն եղել [ib. 119]:

Դրույթ 3. Եթե իրավիճակը «գրական» չի, մանուկներն ու բարբառը կրող մեծերը ոչ մի անգամ չեն սխալվում ու ասում «նա», ո՛չ մի անգամ, որովհետև բարբառն իրենց մայրենի´ լեզուն է, ինչը սովորել են բանավոր իմիտացիայով (Սոսյուրի ասածի պես՝ միայն լսելով), ու այնքա՛ն լավ են սովորել, որ բարբառի գործածությունը դարձել է ռեֆլեքս, այսինքն, դարձել է (համարյա) բնազդ:

Դրույթ 4. Գրական ոճերի գործածությունը համարյա երբեք չի հասնում ռեֆլեքսի այս աստիճանին, ու այս ոճերը գործածողը, ռեֆլեքսի փոխարեն, անընդհատ պիտի դիմի տրամաբանությանն ու գրական ոճերի քերականական հորինովի կանոններին:

Դրույթ 5. Գրական ոճերի ոչ ռեֆլեքսային, այսինքն, տրամաբանություն պահանջող անգիր հիշելու համար հարկավոր փաստերի թիվը չափազանց մեծ է, ու անհնար է, որ հանրության բոլոր բոլոր անդամները յուրացնեն այս կանոնները:

Դրույթ 6. Գրական ոճերը մայրենի բարբառի պես գործածելու համար հարկավոր է, որ այս ոճը կիրառողը իր խոսքն ամեն պահին «ճիշտ ոճերի» հետ համեմատելու հնարավորություն ունենա (այսինքն, անալոգիայի մեխանիզմի կիրառությունն է անհրաժեշտ), ինչը, բնական է, անհնար է: Էլ չասած, որ.

Դրույթ 8. Լեզվի հորինովի կանոնները շատ անգամ ուղղակի սխալ են կամ վերաբերում են մեր լեզվի արդեն մեռած վիճակներին, ուրեմն, սրանք այսօրվա կենդանի լեզուների համար կիրառելու իրավունքը չկա:

Այս իմաստով եմ ասում, որ.

Դրույթ 9. Թերևս սխալ չի լինի, եթե ասվի, որ մայրենի լեզվով խոսողն առանց մտածելու կամ առանց տրամաբանությանը դիմելու է խոսում, քանի որ բարբառը կրողի համար իր մայրենի բարբառով խոսելը քայլելու, լող տալու կամ հեծանիվ քշելու պես մի ռեֆլեքս է, իսկ սրանց համար տրամաբանությունը կամ մտածելը պետք չի, թե որ փոքր տարիքում մարդը քայլելը, լող տալը կամ հեծանիվ քշելը արդե´ն սովորել է:

Մի քանի խոսք վերը գործածվա «թո» բառի մասին:

Մեր ուսյալները «թողնեմ» բայի «թո´ղ» հրամայականից առաջացած «թո´»-ի երդըվյալ թշնամին են: Բայց սա նշանակում է, որ մեր ուսյալները դեմ են լեզվի փոփոխականությունը, որովհետև չեն ընդունում, թե հնարավոր է, որ լեզվի բառերը փոխվեն ու նոր բառերի սկիզբ տան:

Դրույթ 10. «թո»-ն այսօր դարձել է երրորդ դեմքի հրամայականի (կամ հորդորականի, ինչպես որ ընթերցողը կուզի) նշան, երրորդ դեմքի հրամայականի դետերմինատիվ (կասեր Աճառյանը, հետևելով իր ուսուցիչներին), այսինքն, ապառնու «կ»-ի պես, բայց հրամայական կամ հորդորական եղանակիչ մասնիկ:

Իրոք, երբ ասում ենք. «Թո ինքն է´լ խաղա; թո Արամն էլ խաղա; թո էթան ու իրան է´լ բերեն; թո Արմոն գա, բայց Հենդոն չգա», ըստ էության, հրամայում (կամ հորդորում) ենք, որ այս երրորդ դեմքերի կրողներն է´լ «խաղան» կամ «էթան» կամ «չգան», այսինքն, ոնց որ երրորդ դեմքով հրամայականի պես մի բան է´լ լինի:

Չափազանց հետաքրքիր է, որ այս «թո»-ով հնարավոր է, որ առաջին դեմքով հրամայականի պես մի բան է´լ լինի. «Թո ե´ս էլ գամ/խաղամ»:

Որ այս «թո»-ն արդեն իրեն ծնող «թող»-ից առանձին ու ինքնուրույն բառ-մասնիկ է, ապացուցում է այն հանգամանքը, որ սրանք երկուսն էլ կարող են գործածվեն նույն խոսքի մեջ, իրար հետ.

«Ձեռս (բաց) թող, թո գա; թող, թո ինքն է´լ գա» ևն:

Հարց 11. Եթե այսօր մեր հնագույն «բա=ասա»-ի գործածությունը համարվում է թույլատրելի, ինչո՞ւ թույլատրելի չի նաև «թո»-ի գործածությունը:

Զարմանալի է մի ուրիշ բան: Այս «թո-թող»-ով հնարավոր է, որ կազմվի հրամայականի «անցյալը».

«Թո ինքը չգար, ու թո դու էլ չթողայիր որ իրան տանեին»:

Իրոք որ լեզուն բարդ է ու զարմանալի:

18.9 «և» ու «ու» շաղկապները

Երևանի բարբառի կրողները, այսինքն, մանուկներն ու «ոչ ուսյալները», արդեն այս մեռած «և» շաղկապը ոչ գրական իրավիճակներում ոչ մի անգամ չեն գործածում, փոխարենը գործածում են «ու»-ն:

Դրույթ 1. Երևանի բարբառում «և» շաղկապը մեռած է:

Այս «և»-ը, «ու»-ին համարյա հավասար, գործածում են մեր Երևանի ու մնացած բարբառները կրողներից միմիայն ուսյալները, ու սա էլ՝ միայն դպրոցի ու բուհական կրթության ազդեցությամբ:

Զարմանալի է, որ երբ մեր գրական ոճերը Երևանի բարբառին «շաղկապ առաջարկեցին», առաջարկեցին մեռած «և»-ն ու քիչ գործածական «ու»-ն, այս բարբառը «և»-ը մերժեց, բայց «ու»-ի արդեն առկա բայց բավական քիչ գործածությունը դարձրեց առատ ու ընդհանուր:

Մեր «և»-ն է՛լ, «ու»-ն է՛լ առաջացել են հնդեվրոպական նախալեզվի *е՛рi արմատից: «ու»-ն առաջացել է այս արմատի *օpi ձայնդարձից (տես ՀԱԲ-ը, [8]): Սրանցից «ու»-ն կամ սրանից առաջացած ձևերը կային մեր համարյա բոլոր բարբառներում [[7], ԼՔՀԼ, V, 374, 376]: Աճառյանն ասում է.

«Ս. Գրքում «և»-ը շատ առատ է, բայց սա սեմական սովորություն է, ուր «և»-ը միջակետի արժեք ունի» (ib. V, 360):

Ս. Գրքի ազդեցությունն է, որ «և»-ի գործածությունը անսովոր առատ է մեր հին գրքերի մեջ, այնինչ, «և»-ը միջին հայերենի մեջ արդեն չկար, իսկ հայերենի կենդանի բարբառների մեջ այսօր է՛լ չկա:

Գրական ոճերին էլ հենց այս մեռած «և»-ի պես մի բան էր պետք, որ տարբերվեն կենդանի լեզվից (որ, Նալբանդյանի ասած, «չստրկանան բարբառներից որևէ մեկին»): Ու գրական ոճերը գերադասում են «և»-ը, իսկ «ու»-ն էլ գործածում են «և»-ը շատ չկրկնելու համար:

Ու մեր ուսյալները «կանոն» են հորինել, թե իբր «ու»-ն ձայնավորից առաջ գործածելու իրավունք չկա, իբր «հայի ձայնային գործարանները (կոկորդը, ըմպանը, քիմքը, լեզուն) հարմարված չեն ձայնավորից առաջ «ու» ասելուն»:

Այս մոլորությունն ի՛նչ աստիճան է, որ չեն նկատում, որ հենց իրենց քթի տակ, համարյա բոլոր հայերը, ձայնավորից առաջ է՛լ են «ու» ասում, հետո է՛լ: Օրինակ «կհելնի ու ուր ուզես՝ կէթա; թո գա ու ասի» ևն: Ու ասում են միլիարդ-միլիարդ անգամ ու անընդհատ:

Դրույթ 2. «և»-ը Երևանի այսօրվա բարբառում չկա, ուրեմն, այսօր «և»-ի գործածությունը հայաձև չի: Մի ժամանակ «և»-ի գործածությունը բանավոր ու գրավոր խոսքի մեջ գուցե հայաձև էր, բայց այսօր «և»-ի գործածությունը բանավոր խոսքի մեջ էլ հայաձև չի:

Ճիշտն ասած, ոչ մի վկայություն չունենք, որ հին օրերին «և»-ը գործածվել է նաև բանավոր խոսքի մեջ:

Դրույթ 3. Գրության մեջ «եվ»-ը «և»-ով փոխարինելը խիստ խանգարում է գրել կարդալը նոր սովորող մանուկներին, որովհետև այս «և»-ն այսօր երեք տառանոց բառին փոխարինող սիմվոլ է, «և=յէվ», ճիշտ անգլերենի «and=&»-ի պես: Ու մեր «և»-ի գործածությունը բառերի մեջ նույնքան անհեթեթ կամ առնվազն տգեղ է, ինչքան որ անգլիացին «sand=ավազ» բառի տեղը գրեր. «s&».

Բայց այս անհեթեթությունը ոչ ոք չի նկատում:

18.10 Խոսքի իրավունքը

Գրական ոճերը մանավանդ ատում են կենդանի խոսքի հետևյալ բառերն ու բառ-եղանակիչները.

«ախր, դուզ, դզեմ, էսքան, էտքան, էնքան, (ը)սենց, (ը)տենց, (ը)նենց, (ը)ստե(ղ), (ը)տտե(ղ), (ը)նդե(ղ), թիթիզ, թո, խի՞, հա՛ (= այո), համ (= նաև), հա՛ (է՛լ) = միշտ, համ (էլ), յա (կամ), հես ա, հեն ա, հլը (որ), հո, ահա, հրեն, ոնց, որդե(ղ), որդե(ղ)ից, որդեյով, որտեվ, յան, յանի, պաչեմ, ջան, սաղ (= ողջ, չմեռած, բոլորը), վռազ, խի՞, թո, տո» ևն:

(Իմիջիայլոց, արդեն ասվել է, որ «ինչ»-ն ու սրա հոլովաձևերը՝ «ինչի, ինչից, ինչով»-ը, բարբառում կենդանի են ու բոլորովին էլ չեն փոխարինում «խի՞»-ին: «Խի»-ն փոխարինում է «ինչո՞ւ (համար)»-ին):

Ասվեց, որ «թող» հրամայականը բարբառներում ճյուղավորվել է ու տվել երկու բառ՝ «թո՛ղ»-ն ու «թո՛»-ն: Սրանցից երկրորդը մեծ մասամբ եղանակիչ է, ու սրանով կազմվում է հրամայականի մի ենթաեղանակը՝ «թո խաղա, թո որ գա» ևն:

Դրույթ 1. Լեզվական պրոցեսի ինքնուրույն կարգի զորությունն էլ հենց ա´յն է, որ ամե´ն մի անհատ իրավունք ունի լեզվական իր իսկ նոր «հայտնագործությունն» անելու, նոր բառ ու ձև ու շարահյուսություն գործածելու՝ շեղմունք (ֆըլուկտուացիա) անելու ու լեզվական նոր «տեխնոլոգիա հայտնագործելու»:

(Թող ընթերցողն ինձ հանկարծ սխալ չհասկանա: Ես չեմ ասում, որ գրական ոճերի բառերը չպիտի գործածվեն: Թե ով ինչ բառ ու դարձվածք ու լեզու կգործածի իր անձնական նպատակների ու կարիքների համար, դա զուտ իր անձնական գործն է ու իր իսկ անձնական իրավունքն է):

Առհասարակ, լեզվական նոր «ապրանքի» կարիքը միշտ կա, ու չնայած սա «ձրի» է, երգ ու պարի պես, բայց սրանց պես էլ՝ բոլորին դուր եկած ձևերն իսկույն ընդհանրանում են ու դառնում բոլորի սեփականությունը, որովհետև «լեզվական շուկայի» ղեկավարը լեզվական «նոր արտադրանքի», այսինքն, նոր բառ ու բանի «սպառո´ղն է», լեզվական պրոցեսին մասնակից՝ խոսողնե´րն են [35-41]:

Սրա համար է, որ լեզվական պրոցեսի ինքնուրույն կարգը մի´շտ է «պատրաստ լեզվին վերաբերող ամե´ն մի գործն էլ անելու»:

Դրույթ 2. Եթե իրավունք կա, որ մարդիկ խոսեն հնատիպ, սխալաշատ ու մեռած «գրական լեզվով», ուրեմն, նաև ու պարտադիր իրավունք կա, որ ուրիշներն էլ խոսեն իրենց մայրենի կենդանի բարբառով:

Ո՞վ իրավունք ունի ասելու, որ որևէ մեկի մայրենի բարբառը, այսինքն, իր իսկ մոր սովորեցրած լեզուն, «անազնիվ է, գռեհիկ է, կոպիտ է, անտաշ է, հայերեն չի, ժարգոն է» ևն:

Համոզված եմ, որ այս թվարկածն ունի միմիայն գրական «լեզուն»:

Դրույթ 3. Հենց գրական ոճերն են, որ ոչ մի հայի մայրենի լեզուն չեն ու սրանք ա´նպայման են ժարգոն, որովհետև ոչ թե մայրե՛րն ու մարդու ընկերնե՛րն են սովորեցնում այս ոճերը, այլ օտար ու խորթ ուսուցիչներն ու ժուռնալիստները, ու որովհետև սրանք գործածվում են միմիայն «գրական իրավիճակներում», ճիշտ ու ճիշտ հենց գողական ժարգոնների պես:

18.11 Կետադրության մասին

Կետադրության մասին մի քանի կարևոր խոսք կա հետևյալ տեղը, Հր. Աճառյան, «[7], ԼՔՀԼ VI, էջ 375-377»: Աճառյանն ասում է, որ.

Դրույթ 1. «Կետադրական կանոնները լրիվ կանոնակարգելն անհնար է բոլոր լեզուներում: Սրա պատճառն ա՛յն հանգամանքն է, որ կետադրության նշանները բանավոր խոսքի դադարներն ու երանգային տարբերությունները ինչ-որ կերպ գրանցելու համար են, իսկ բանավոր խոսքն էլ հույժ անհատական է, ու տարբեր է՝ մարդուց մարդ»:

Օրինակ, ինքս արագախոս եմ, բայց մի քանի տասնյակ տարի ինքս է՛լ չգիտեի, որ արագախոս եմ, չնայած իմ ուսանողներն անընդհատ բողոքում էին, թե շատ արագ եմ խոսում:

Ես չէի հավատում, որ չափազանց արագ եմ խոսում ու մտածում էի, որ ուսանողներս այդպես են ասում, որ ես ավելի դանդաղ խոսեմ, որ իրենք հասցնեն ասածներս գրեն: Ու ես միայն ա՛յն ժամանակ իմացա, որ արագախոս եմ, երբ հեռացույցով լսեցի իմ իսկ խոսքն ու, բառացի, ապշեցի, թե այդ ինչքա՛ն արագ եմ խոսում:

Նույնիսկ նո՛ւյն մարդը տարբեր առիթներով տարբեր ձևերով է արտասանում հենց նո՛ւյն խոսքը (նախադասությունը) ու տարբեր ձևերով է դնում իր խոսքի սովորական դադարները:

Թումանյանը իր մի շատ կարճ նախադասության մեջ մի անգամ գրում է. «թե՝ չէ» ու մի երկու բառ հետո՝ «թե չէ», այսինքն, առաց բութի: (Ափսոս, տեղը չեմ հիշում, բայց հիշում եմ, որ շատ զարմացա, որովհետև այս ասածներս այն օրերին դեռ չգիտեի):

Մեր ընդունելության շտեմարան կազմողները Թումանյանին ցածր թվանշան կդընեին սրա համար, բայց Թումանյանն ուզում էր, որ իր գրածը կարդացողը խոսքի դադարները դնի հենց ի՛ր ուզած ձևով:

Այնուամենայնիվ.

Դրույթ 2. Կետադրական նվազագույն թվով կանոններ թերևս պետք են, ու լավ կլինի, որ ուսյալը սրանք իմանա, բայց սրանք ֆետիշացնելը արդեն ծայրահեղություն է ու հակառակ է գիտությանը:

Իմ կարծիքով (օրինակ, Աճառյանի ու գիտության կարծիքով է՛լ).

Դրույթ 3. Ստորակետի, բութի ու միջակետի մեջ մեծ տարբերություն չկա, ու սրանք իրարով փոխարինելը ո՛չ անգրագիտության նշան է, ոչ էլ ա՛յն տեսակ մի «հանցագործություն է», ինչի համար աշակերտի կամ ուսանողի գնահատականն արժի, որ ցածրացնեն:

Առհասարակ, ստորակետով նշում են խոսքի կարճ դադարները, բութով՝ մի քիչ ավելի երկարները (կամ ա´յն դադարները, որոնք առաջանում են, երբ մի բառ կամ բառակապակցություն է սղվում), միջակետով՝ սրանցից ավելի երկարները, իսկ վերջակետով՝ ամենաերկարները:

Այնուամենայնիվ, խոսելիս այս կարճ ու երկարը չափելի չեն, ու սրանք իրարից զատելը միմիայն սուբյեկտիվ է, այսինքն, անհատից անհատ՝ տարբեր է:

Մաշտոցը, հետևելով հույներին, միայն երկու նշան էր գործածում՝ կետը (սրանից էլ՝ «կետադրություն» տերմինը) ու մեջ բերելու նշանը (մաթեմատիկայի այսօրվա անվերջի նշանի ուղղահայաց տնկածը, կամ 8-ը):

Հայ գրիչներն այսօրվա կետադրական նշաններն փոխ են առել եվրոպացիներից, 11-12-րդ դարերում (այն օրերին սրանցից մի երկու հատ էլ ավել էին փոխ առել): Մինչև այս դարերը բառերն իրար կպած էին գրում, ու ոչ մի փոքրատառ էլ չկար, տողադարձն էլ անում էին՝ ինչպես պատահեր:

Իմիջիայլոց ասեմ, որ «պեդանտ» բառը, որ ռուսերենն ու մեկ-մեկ էլ հայերենը գործածում են «տառակեր» բացասական իմաստով, փոխառություն է ֆրանսերենից, որտեղ սա նշանակում է «ուսուցիչ, մանկավարժ»: Մտածելու բան չի՞ սա:

Դրույթ 4. Կետադրությունը միշտ է՛լ անհատական է, այսինքն՝ ամեն մարդ ունի իր անհատական կետադրությունը, ու կետադրության բոլորի համար միասնական կանոններ չկան աշխարհի ո՛չ մի լեզվով, չեն լինի ու չեն է՛լ եղել:

Դրույթ 5. Թերևս չի ճարվի հայերենի կետադրության կամ ուղղագրության որևէ մի կանոն, նույնիսկ մի հատիկը, որ մեր գրողներն ու գրագետները, ու հենց կետադրության ու ուղղագրության կանոնների հեղինակ հայ լեզվաբանները, բազում անգամ կա´մ խախտած չլինեն, կա´մ սրա համար բացառություն հորինած չլինեն:

Իհարկե, մարդկանց (մանավանդ իրենց հույժ գրագետ համարող լեզվաբաններին, ժուռնալիստներին ու հայերենի ուսուցիչներին) շատ չգրգռելու ու քննություններից չկտրվելու համար արժի, որ կետադրական ընդունված «հիմնական կանոնները» մի քիչ իմանաս ու կիրառես:

Կետադրությունը դնում են, որ կենդանի խոսքի դադարներն ու ինտոնացիան գոնե մի՛ քիչ նշեն: Ուրեմն, դու էլ ա՛յնպես դիր, ինչպես ականջդ է հուշում (եթե քըննություն չես հանձնում ու քեզ կետադրական սխալի համար չեն պատժի:

Դրույթ 6. Հարց տալիս օժանդակ բայի արտասանության երանգը փոխվում է, բայց ի´նքը, օժանդակ բա´յը, թերևս չի շեշտվում, չնայած երևի ձգվում երկարում է, սրա համար էլ չարժի, որ հաստատական օժանդակ բայի վրա հարցական նշան դրվի: Ժխտական օժանդակ բայը հարցականը մի´շտ է վերցնում, իր շեշտը փոխելով հարցականի:

Դրույթ 7. Ժխտական ածանցները երբեմն շեշտվում են, ուրեմն, այս բառերին դըրվող շեշտը սխալ չի, օրինակ, «ա´նպայման, ա´նկասկած» ևն:

Լոռվա բարբառներում հաստատական «եմ»-ի ձգվելը համարյա օրենք է:

Աբովյանի օրերին Արարատյան բարբառի լեզվի բառերի մի մասի նախավերջին վանկը թերևս շեշտվում էր, (տես 12.2-ը, երևույթն այսօր էլ կա Վանաձորի ու սրա կողմերի խոսվածքներում):

Քանի որ ես համարում եմ, որ օժանդակը բառի մաս է ու սա միայն տրադիցիայով ենք անջատ գրում, համոզված եմ, որ բարբառներում նախավերջնահար շեշտը այսօր էլ կա, սրա համար էլ գուցե հարմար լինի, որ օժանդակի վրա շեշտ կամ հարցական չդրվի:

Կարծում եմ, որ Աբեղյանը թերևս այնքան էլ կտրուկ չի ասում, թե այսօրվա հայերենի բառերի շեշտը անտարբեր է, այսինքը՝ բոլոր ձայնավորները հավասար չափով են շեշտվում:

Այսպես չեն գաղտնավանկ «ը»-ով վերջացողները ու անկատար ու վաղակատար «դերբայ» կոչվածները, որ ճիշտն ասած թերբառ են, այսինքն, բառի մաս (քանի որ օժանդակ բառից առանձին գործածություն չունեն)»:

Ինձ հարցնում են.

«Ասում եք (ոչ միայն Դուք), որ լեզվի զարգանալու քարացած կանոն չկա, որովհետև լեզուն սպոնտան զարգացող համակարգ է։ Հնարավոր չի՞, որ ինչ-որ ժամանակ անց օժանդակ բայի վրա հարցական դնելը ընդունվի որպես նոր իրողություն։ Զգում եմ, որ սա Ձեզ դուր չի գալիս, ուզում եմ հասկանամ՝ ինչու՞»։

Իմ պատասխանը.

«Իհա´րկե հնարավոր է, որ հարցականը փոխադրվի օժանդակի վրա, բայց կյանքի ու լեզվի ապագան անհայտ է: Իսկ ընդունելը՝ ինչ ասես, կարա´ն ընդունեն, բայց լեզուն այս ընդունողներին կլսի՞:

«Ինձ դուր գա լեզվական երևույթը, թե դուր չգա, ես պարտադիր հետևում եմ Լեզվի Գլխավոր Օրենքին, այսինքն՝ լեզվական երևույթը համարում եմ ճիշտ ու նաև «դուրեկան», եթե տվյալ բարբառային պրոցեսին մասնակիցների մեծ մասը սա գործածում է: Կենդանի լեզուն մարդկային կամքին չի ենթարկվում»:

Մեկ-մեկ էլ կետադրությունն օգնում է, որ տրամաբանական երկվություն չլինի: Այս առիթով բերեմ Աճառյանի օրինակը (ib.):

Փաշայի որդու ուսուցիչը թելադրում է տղային. «Մա՛րդ էղի հորդ պես, էշ մի՛ էղի»: Որդին գրում է. «Մա՛րդ էղի, հորդ պես էշ մի՛ էղի»: Որդին հորը բողոքում է, ու ուսուցչին քիչ է մնում գլխատեն, մինչև ուսուցիչը չի բացատրում, որ որդին սխալ է կետադրել, ու պիտի այսպե´ս կետադրեր. «Մա՛րդ էղի հորդ պես, էշ մի՛ էղի»:

Այնուամենայնիվ, սրա պես օրինակներն ու առիթները չափազա´նց են քիչ: Ես միայն մեկը գիտեմ, բայց դրա շարահյուսությունն էլ ռուսատիպ է.

«Սպանել չի կարելի ներել»: Իբր, թե որ գրվի. «Սպանել, չի կարելի ներել», մեղադրյալին կսպանեն, այնինչ եթե գրվի. «Սպանել չի կարելի, ներել», մեղադրյալը կփրկվի:

Բայց երբ սրա իսկական հայաձևն ես գրում, թյուրիմացությունը թերևս անհնար է, եթե նույնիսկ չկետադրես. «Սպանեք չի կարելի ներեք»: Անորոշ դերբայով տարբերակը նորից երկվություն է թույլ տալիս՝ «Սպանելը չի կարելի ներելը», բայց այսպես խոսող հայ երևի չճարվի:

Մի բան էլ ասեմ թարգմաններին:

Դրույթ 7. Բոլորովին է՛լ պարտադիր չի, որ թարգմանության ու բնագրի կետադրությունները նույնը լինեն: Շատ անգամ սա նույնիսկ անհնար է:

Ահա ևս մի դիտողություն: Մեր դասագրքերի կետադրության «կանոնները» վերաբերում են «նախադասության ենթակայի փոխվելուն» ու, օրինակ, «դերբայական դարձվածներին»:

Բայց արդեն ցույց է տրվել, որ մեր այսօրվա քերականություններն ի վիճակի չեն հստակ ասելու, թե ի՛նչ են նախադասությունը, ենթական, դերբայը ու մանավանդ, ի´նչ է դերբայական դարձվա´ծ կոչվածը: Ուրեմն, անհնար է, որ այս «կանոնները» միարժեք կիրառվեն:

18.12 Կենդանի լեզու՝ մեռածի բնավորությա՞մբ

Ասվել է, որ մեր այսօրվա լեզվաբանները պարտադրում են, որ հայերեն բառերի հրամայական ձևերի վերջի «ր»-ն գրվի, չնայած այս «ր»-ն կենդանի բարբառներում մեռել է:

Դրույթ 1. Այս «ր»-ն կար ու օրենք էր դարեր առաջ, ու սրա գրության այսօրվա պարտադրանքը հակառակ է լեզվի փոփոխականության աքսիոմին, լեզվական պրոցեսի գոյությանն ու գիտությանն ու, անկասկած, հակառակ է լեզվական իրականությանը, հակառակ է լեզվի էությանը:

Այսօրվա լեզվի մեր ուղղագրական կանոնների մեծ մասը Մանուկ Աբեղյանի կանոններն են:

Այս կանոնները Աբեղյանը կազմել է, թե´ ուսումնասիրելով իրեն նախորդող բոլոր նշանավոր քերականների գործերը, թե´ նաև ինքնուրույն վերլուծելով մեր գրաբար տեքստերը ([4], Երկեր, Ը, 33.-496), ուրեմն.

Դրույթ 2. Հայերենի ուղղագրության այսօրվա կանոնները ճիշտ են գրաբար հայերենի համար, ու անհնար է, որ սրանք բոլորն էլ ճիշտ լինեն նաև այսօրվա կենդանի հայերենի համար:

Այնուամենայնիվ.

Դրույթ 3. Մեր այսօրվա լեզվաբանները, հակադրվելով լեզվի հենց էությանը, այսինքն, հակադրվելով լեզվական պրոցեսի պարտադիր փոփոխականությա´նն ու ԼԳՕ-ին, գրաբարի ուղղագրական օրենքերի մի մասը պարտադրում են այսօրվա գրական ոճերին:

Մաշտոցյան այբուբենը, իրոք, ժամանակի լավագույն այբուբեններից էր, որովհետև համարյա ստեղծված էր «մի գիր – մի հնչյուն ու մի հնչյուն – մի գիր» սկըզբունքով, այսինքն, ինչ լսում, դա էլ գրում էիր:

Ասում եմ, «համարյա», որովհետև Մ. Մաշտոցը, թերևս հունարեն գրին հետևելով, չգրեց բառերի մեջ լսվող «ը» ձայնը (այսպես կոչված գաղտնավանկի «ը»-ն: Այսինքն, Մաշտոցը չգրեց՝ «աստԸղ, արկԸղ, կԸրկին, կԸռապաշտ, Ըսկիզբ, Ըստիպել, ԸսկԸսել, մԸկԸրտիչ» ևն): Ու շատ ափսոս, որ չգրեց:

Բայց Մաշտոցյան այբուբենը լավն էր միայն Մաշտոցի՛ օրերին, որովհետև այն ժամանակվա հայը համարյա ինչ լսում էր, այն էլ գրում էր:

Եթե Մաշտոցը գրում էր՝ (Սաղմոս Դաւթի ղե; Աճառյանի օրինակն է, արտասանական 2-րդ տարբերակն ի´մն է, ինչն արել եմ ըստ Աբեղյանի կանոնների).

1) Աւրհնեցէք զՏէր յաւրհնութիւն նոր. աւրհնեցէք զՏէր ամենայն երկիր, աւետարանեցէք աւր ըստ աւրէ զփրկութիւն նորա: Պատմեցէք ի հեթանոսս ըզփառս նորա, յամենայն ժողովուրդս զսքանչելիս նորա: Մեծ է Տէր եւ աւրհնեալ է յոյժ:

5-րդ դարի հայը սա համարյա այսպես էր կարդում.

2) Աուօրհնիէցէք ըզՏէր իէաուօրհնութիուն նուօր. աուօրհնիէցէք ըզՏէր ամեայնայն իէրկիր, աուայդարանիէցէք աուր ըստ աուրէ ըզփրկութիուն նուօրա: Պատմիէցէք ի հիէթանուօսըս ըզփառըս նուօրա էամենայն ժուօլուօվուրդըս զըսքանչիէլիս նուօրա: Միէծ է Տէր իէու աուօրհնիէալ է յուօյժ:

Իհարկե, 5-րդ դարի հայը սա շատ հեշտ էր արտասանում, որովհետև իր իր ուղեղի խոսքի կենտրոնները մանկուց վարժվում էին սրան, ինչպես որ մեր ուղեղի խոսքի կենտրոններն են մանկուց վարժվում այսօրվա՛ հայերենին ու չեն վարժվում գրաբարին կամ արևմտահայերենին:

Սրա համար էլ սա այսօր կարդում ենք եկեղեցականների պես, այսինքն՝ մի ա´յն տեսակ արտասանությամբ, ինչը ո՛չ հին է, ո՛չ նոր, չնայած կոչվում է «ավանդական արտասանություն», ու ինչը կենդանի ոչ մի հայերենը չի կիրառում:

Ահա կարդալու մեր այսօրվա ձևը.

3) Օրհնէցէք ըզՏէր հօրհնութէուն նօր, օրհնէցէք ըզՏէր ամմենայն հէրկիր, ավէտարանէցէք օր ըստ օրէ ըզփրկութէուն նօրա: Պատմէցէք ի հեթանոսըս ըզփառըս նօրա, համմայնայն ժողովուրթըս զըսքանչելիս նօրա: Մեծ է Տէր յէվ օրհնէալ է հույժ:

Այս քաղվածքներից պարզ երևում է, որ այսօր Մաշտոցի օրերի հայերենի ոչ միայն բառերն ու քերականությունն են խիստ փոխվել, այլև՝ հնչյունները: Ընդ որում, հընչյուններն այնքա՛ն են փոխվել, որ կարդալն անգամ «յոյժ» դժվարանում ենք: ([7], ԼՔՀԼ, VI, էջ 231-236):

Տարակույս չունեմ, որ եթե Մաշտոցն իմանար, որ մի օր գրելու են 1)-ին ձևով, բայց կարդալու են 3)-րդ ձևով, «յոյժ» կզարմանար:

Մ. Մաշտոցը կմտածեր, որ այդ տեսակ այբուբեն հորինողն ուղղակի խելագար է (եթե չիմանար, որ լեզուներն արագ են փոխվում, իսկ ուղղագրությունը՝ դանդաղ, իսկ սա Մաշտոցը չգիտեր, այն օրերին մեր այսօրվա փորձն ու գիտելի՛քը չկար) ու չծանոթանար մեր այսօրվա հնամոլների վարք ու բարքին:

Իմիջիայլոց, այս օրինակը ցույց է տալիս, որ գրաբարը ժողովրդի լեզու դարձնելու կողմնակիցը բացարձակ է հեռու գիտության նույնիսկ թե´ արվարձաններից, թե´ հետնախորշերից:

Մեր ուսյալները բազում գրաբարյան բառ են փոխ առել գրաբարից ու հարկադըրում են, որ այս բառերն արտասանվեն եկեղեցու «ավանդական» կոչված ձևով:

Ինչո՞ւ: Բացարձակ պարզ չի, թե ինչո՛ւ: Չէ՞ որ այս բառերը գրաբարում լրիվ ուրիշ ձևով են արտասանվել, ու երևանցին հենց այսօր էլ չի ենթարկվում այս պարտադրանքին ու սրանք արտասանում է բարբառի թելադրած կարգով: Մի քանի օրինակ բերեմ:

Հնամոլները, օրինակ, ուզում են, որ գրենք.

«անոյշ, առոյգ, բոյթ, անասնաբոյժ, անասնաբոյծ, բոյն, բոյս, համբոյր, գոյժ, պորտաբոյծ, հոգեբոյժ, չարագոյժ, գոյն, անգոյն, բազմագոյն, գոյն-գոյն, գոյնզգոյն, լավագոյն, դժգոյն, զգոյշ, քնքոյշ, դաշոյն, դոյլ, ոյժ, քնքոյշ» ևն, բայց սրանք կարդանք. «արույր, բութ, անասնաբույժ, բույն, անասնաբույծ, բույս, համբույր, գույժ, պորտաբույծ, հոգեբույժ, չարագույժ, գույն, անգույն, բազմագույն, գույն-ըզգույն, գույն-գույն, լավագույն, դժգույն, ըզգույշ (կամ՝ զգուշ), դաշույն, դույլ, ուժ, քնքույշ (կամ՝ քնքուշ)» ևն:

Աբեղյանն իր գիտական վերլուծությամբ ցույց է տվել, որ գրաբարի «ոյ» երկհնչյունը այսօրվա Արարատյան բարբառում դառնում է պարզ «ու»:

Ուրեմն, թե որ մեր լեզվաբանները (նաև հենց ի՛նքը Աբեղյանը) հետևողական լինեին, պիտի պահանջեին, որ վերի 2-րդ խմբի բառերն այսօր գրվեին ու արտասանվեին հետևյալ ձևով.

«արուր, բութ, անասնաբուժ, անասնաբուծ, պորտաբուծ, բուն, բուս, համբուր, գուժ, հոգեբուժ, չարագուժ, գուն, անգուն, բազմագուն, գուն-գուն, գունզ-գուն, լավագուն, դժգուն, զգուշ, դաշուն, դուլ, համբուր, ուժ, քնքուշ» ևն:

Բայց մեր լեզվաբանները սրանցից միայն հետևյալ բառերն են գրում ու կարդում ըստ իրենց պահանջի. «բութ, զգուշ, ուժ, քնքուշ (!)»: Սրանցից «զգուշ, քնքուշ»-ն էլ միայն վերջերս են հայտարարվել «ճիշտ»: Մի՞թե այստեղ կա տրամաբանություն, մի՞թե գիտությունն այսպե՛ս է լինում:

Ինչքա՛ն զորավոր բան է բարբառը, ինչքա՛ն է սա ամուր, տոկուն ու աննկուն, որ չի լսում մեր լեզվաբաններին ու հետևում է բարբառի ընդհանուր օրենքին. ««ոյ» երկհնչյունն ասա «ու» ամե՛ն տեղ, ամե՛ն բառի մեջ»:

Բարբառի կրողը, իհարկե, լեզվաբան չի ու գաղափար անգամ չունի ո՛չ Աբեղյանից, ոչ է՛լ Աբեղյանի կանոններից, բայց այս կանոնը շատ ավելի հետևողական (ավելի ճիշտ, բացարձակ անսխալ ու անշեղ) է կիրառում, քան թե հենց ի´նքը, Աբեղյա´նը, կամ մեր բոլո՛ր-բոլո՛ր լեզվաբանները:

Սրա պատճառն ա՛յն հանգամանքն է, որ բարբառի կրողն իր մայրենի լեզուն սովորում է բարուրից, անալոգիայի մեխանիզմի փորձ ու սխալի մեթոդով, ու այնքա՛ն լավ է յուրացնում իր մայրենին, որ սա դառնում է մի զորավոր ու ճշգրիտ ռեֆլեքս, ինչը համարյա բնազդի պես է գործում:

Մեր այսօրվա քերականությունների այսպիսի կանոնների մեծագույն մասը, բերածս օրինակների կանոնների պես, կա՛մ լեզվի արդեն մեռած վիճակի կանոն է, կա՛մ հետևողական չի կիրառվում:

Մեկ-երկու օրինակ էլ բերեմ:

Մերոնք կանոն են հորինել, իբր «ե» տառով նշվող ձայնը «յէ» է, թե որ այս «ե»-ն բառասկզբում է, ու «է» է՝ մնացած դիրքերում:

Այս կանոնը հակասում է թե´ Երևանի բարբառային պրոցեսի ցրիվ կարգին, որովհետև, օրինակ, չնայած այս բարբառի «էրեկ, էկա, էփեմ, էրկու, էրնեկ, էրինջ, իրեք» բառերը գրվում են իրենց գրաբարյան ձևով՝ «երեկ, եկա, եփեմ, երկու, երնեկ, երինջ, երեք», թե´ գրաբարյան շրջանում գրանցած հայերենին, որովհետև ապացուցված է, որ.

Դրույթ 4. «ե»-ն գրաբարյան շրջանում ամեն դիրքում էլ արտասանվել է նույն կերպ, թե բառի սկզբին, թե´ բառամիջին:

Այնինչ, այս ամենին հակառակ, այսօր այս «ե»-ն բառասկզբում ավանդական (այսինքն, եկեղեցու) գրական հնչյունով արտասանվում է «յէրեկ, յէկա, յէփեմ, յէրկու, յէրնեկ, յէրինջ» ձևով: Այսինքն, մեր քերականներն այստեղ է՛լ են հակադրվել (ու հակադրվում) կենդանի լեզվի օրենքներին, լեզվի բնությանն ու էությանը:

Մերոնց մյուս կանոնը վերաբերում է երկու բաղադրիչանոց ա՛յն բարդ բառերին, որոնց վերջի եզրը միավանկ է: Ուշ գրաբարյան շրջանում միավանկ բառերի հոգնակին կազմվում էր «եր» մասնիկով, իսկ բազմավանկերինը՝ «ներ»-ով:

Մեր քերականները՝ չհասկանալով, որ լեզվական կարգը բացարձակ ֆորմալ է, պահանջում են, որ բառաբարդությունների աջ եզրի միավանկ բառերի հոգնակին նորից կազմվի «եր»-ով նույնիսկ բարդությունների մեջ, ինչը հակադիր է ԼԳՕ-ին ու լեզվական իրականությանը:

Իսկ բարդությունների մեջ «ո» ու «ե» տառերով սկսվող բառերի արտասանության բռնադատական «օ» ու «է» հնչյունների մասին չնայած արդեն ասվել է, բայց մի քանիսը հիշեցնեմ. «անօճ, անօղնաշար, անօրակ, անօրդ, անօրդի» ու ոչ թե. «անվօճ, անվօղնաշար, անվօրակ, անվօրդ, անվօրդի» ևն:

Այս ու ասածս վերի կանոնները բազում անգամ խախտում են նույնիսկ հենց մեր քերականներն ու իրենց կազմած բառարանները, ու սրանց համար բազում բացառություն է մոգոնված, որոնք ուսուցանվում են դպրոցում:

Թե քանի՛-քանի՛ միլիարդ անգամ են խախտում հայերենի թվական-գոյականի ու սրա բայի համաձայնության օրենքը, արդեն ասվել է: Բազում կանոն կա, որ չնշեցի, բայց դրանք էլ են հազարավոր անգամ խախտվում:

Դրույթ 5. Քերականության կանոնները լեզվական պրոցեսի տվյալ շրջանի օրինաչափությունների արտահայտություններն են:

Դրույթ 6. Օրենքը չպիտի բացառություն ճանաչի:

Անհնար է, որ ֆիզիկոսն ասի. «Մարմինների փակ համախմբի գումարային իմպուլսը պահպանվում է», ու իսկույն էլ ավելացնի. «Բայց կան բացառություններ հետևյալ մարմինների կամ համախմբերի համար…»:

Աբեղյանը հազար անգամ էր իրավ, երբ ասում էր, թե քերականությունը գրականության սխալներն արդարացնելու համար չե՛ն հորինում:

Դրույթ 7. Քերականությունը հայտնագործում են, ու հայտնագործում են միայն ու միայն կենդանի լեզուն դիտելով, ու հետո միայն սա գրանցում են դասագրքերում:

18.13 Գրականը տանջում է մանուկներին

Ինչո՞ւ ենք տանջում մեր մանուկներին ու ստիպում, որ սխալ խոսեն:

Ինչո՞ւ ենք խեղում ու սպանում մեր մանուկների լեզվական զորավոր ընդունակությունները, ա՛յն ընդունակությունները, որ իրենք այնքան մեծ չարչարանքով են յուրացրել՝ 6 ամսեկանից մինչև 3-4 տարեկանը ու այն էլ այնքա՛ն գերազանց, որ մայրենի բարբառով խոսելը դարձել է ռեֆլեքս, դարձել է ավտոմատիզմ:

Իհարկե.

Դրույթ 1. Բարբառի բառապաշարն աղքատ է, ու գրական-գիտական կարիքներն ստիպում են, որ բարբառը ա՛նպայման լրացվի գրական զանազան ոճերից ու օտար աղբյուրներից քաղած (նաև՝ գրաբարից) բառ ու տերմիններով:

Դրույթ 2. Բայց, գրական ոճերը փոխառություններով լրացնելիս պիտի անպայման հաշվի առնվի, որ բարբառի լեզվական պրոցեսի ինքնուրույն կարգի ամեն-ամեն ինչն է ինքնին ճիշտ, բնիկ ու գեղեցիկ, որովհետև այս կարգն ինքնակարգավոր է ու ինքնակառավար, ու անհնար է, որ սա մարդկային ծրագրերով կառավարվի:

Սա՛ է Լեզվի Գլխավոր Օրենքի պահանջը, որովհետև հենց սա՛ է լեզվական ինքնուրույն պրոցեսի կարգը, լեզվական պրոցեսի հենց էությո´ւնը, լեզվական պրոցե´սը, լեզուն ի´նքը [18-21; 35-41]: Բա պարզ չի՞, որ.

Դրույթ 3. Եթե լեզվի պես չվարվես, վարվելու ես լեզվին հակառակ:

Դրույթ 4. Ու մի՞թե պարզ չի, որ կեղծ, օտար, խրթին, սխալաշատ ու մեռած լեզվով կենդանի ու հավաստի բան չես գրի:

«Էս-էսի, էտ-էտի, էն-էնի»-ի պես «սպասարկու» բառերը հույժ կարևոր են այն պատճառով, որ սրանք լեզվի մեջ շատ-շատ են գործածվում: Օրինակ, Երևանի բարբառի կրողը կարող է նույնիսկ մի կլոր տարի չգործածի «ձոր» բառը, որ շատ սովորական բառ է, բայց սպասարկու հետևյալ բառերը, օրինակ, գործածում է համարյա ամեն պահին.

«Բա՛, ախր, խի՞, տո, էս-էսի, էտ-էտի, էն-էնի, բոլոր, դաժե, պռոստը, վռազ, վախտ, վափշե, դե, ըստե, ըտտե, ընդե, ըստուց, ընդուց, (ը)սենց, (ը)տենց, (ը)նենց» ևն, ևն:

Դրույթ 5. Ուրեմն, առաջին հերթին հենց սպասարկու բառերն են, որ կենդանություն են տալիս լեզվին ու ու այդ լեզվի գրական գործերին, որովհետև հենց սրա՛նք են գրական գործը օժտում կենդանությունով ու ա՛յն ճշմարտանմանությունով, ինչին Չուկովսկին ասում է правдоподобие неправдоподобного, այսինքն, «անճըշմարտի ճշմարտանմանություն»:

Դրույթ 6. Մեր գրական ոճերն ատում են Երևանի կենդանի բարբառի համարյա ամեն ինչը, բայց պաշտում են սրանց փոխարինող ամեն մի մեռած բանը, ճիշտ լինի սա, թե սխալ:

Հազար ափսոս:

Ութերորդ մասը

ԳՐԱԿԱՆ ՈՃԵՐԻ ՉՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՄ ԻՆՉՆ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՑ

Գլուխ 19. ԵՐԵՒԱՆԻ ԲԱՐԲԱՌԻՆ ՀԻՄՆՎԱԾ ՈՃԵՐԸ

19.1 Ղ. Աղայանի ասած խելագարությունը

Ահա թե ին´չ է ասում Թումանյանի (ու իմ) պաշտելի Ղազարոս Աղայանը «Աղբյուրի» 1888 թ. 12-րդ համարում {[6], էջ 216-222, թավատառ ու շեղատառերն ու միջակ ու ձևավոր փակագծերի միջիններն ի´մ ավելացրածներն են, ուղղագրությունն Աբեղյանինն է}.

***

«Մի ազգի գրականությանը կարող են բառեր տալ նույն ազգի բոլոր բարբառները, և մինչև անգամ՝ ոտար լեզուները ևս, բայց նրա քերականությունը բոլոր բարբառներից միայն մեկը կարող է տալ, վասնզի ամեն բարբառ ունի իր առանձին քերականությունը, և այն {էլ} - շատ ճիշտ ու կանոնավոր»:...

«Վորպեսզի գրական լեզուն ևս՝ վորևե բարբառի չափ ճիշտ ու կանոնավոր լինի, եղած բարբառերից միայն մեկի քերականությանր պետք է հպատակվի: ... Ու, եթե մի անգամ ընդմիշտ միայն մեկ բարբառի քերականություն ունենանք մեզ առաջնորդ և ոչ մի քանի {բարբառի}, այնուհետև ամեն մի դժվարություն կվերանա մեջտեղից, ու մեր գրական լեզվի համար կունենանք կենդանի և ժողովրդական քերականություն, լրիվ կանոնավոր, ուրեմն և ուսանելու համար շատ հեշտ:...

«Հիրավի՝ ինչի՞ նման կլինի մեր գրական լեզուն, եթե նրա բայերն այնպես խոնարհենք, ինչպես խոնարհում են Թիֆլիսի բարբառում, անուններն այնպես հոլովենք, ինչպես հոլովում են Արարատյան բարբառում, որոշ և անորոշ հոդերը վանեցու նման գործածենք, լեզվի ճարտասանությունը գերմաներենից փոխ առնենք, տրամաբանությունը՝ ռուսերենից:

«Եվ մեզանում այսոր, առանց չափազանցության ասած, ճիշտ այսպես են վարվում: ԵՒ առավել ևս՝ ավելի´ վատ, վորովհետև նույնիսկ բայի մի ժամանակը մի´ բարբառից են վերցնում, մյուսը՝ մյուս, և գործի չեն դնում մեր բայերի այն բոլոր ձևերը, վորոնք ռուսաց լեզվումը չկան, ինչպես չեն գործածում մեր այ´ն դերանունները, վորոնք նույնպես ռուսաց լեզվումը չկան: Առհասարակ մեր բուն ազգային վոճերը մնում են անգործադրելի:...

«Եթե ռուսները մեր պես չեն ասում, այլ բուն ռուսերեն, ինչու՞ մենք էլ բուն հայերեն չասենք, այլ {փոխարենը} ռուսերենի նման {ասենք}...

«Արդյո՞ք այսպես են վարվում և Գերմանիայում կամ մի ուրիշ աշխարհում, յես չգիտեմ, բայց գիտեմ հաստատ, վոր նրանք խելոք մարդիկ են, և անկարելի է, վոր մեր նման խելագարություն անեն:...

«Թե աշխարհաբարի քերականությունը վո՞ր բարբառից պետք է վերցնեն ու ինչպես – այս մասին մի վորոշ գիտակցական գաղափար չունեին ու չունեն մինչև այսոր էլ: Թեպետև, այսուամենայնիվ, մենք Արարատյան բարբառի քերականությանն ենք հետևել ու ըստ արտասանության՝ դրա´ ուղղագրությանը {այս երկուսն էլ՝ կիսատ-պռատ}, բայց այս արել ենք բնազդով և ո´չ գիտակցաբար:...

«Մեր նոր սերնդի անտարբերության պատճառը հանդեպ մեր գրողները {Խ. Աբովյանն ու Պ. Պռոշյանը}, մեր նոր գրականության սխալ ընթացքն է - այն բանասերների {սխալ ընթացքը}, որոնք հուլունքն ադամանդի տեղ են ընդունում ու ադամանդն {էլ} հուլունքի, որոնք հանճարներին բանճար ու բանճարներին հանճար են շինում:

Սթափվե´ք, սթափվե´ք, պարոններ, ձեր ցանած սերմերի պտուղները հասել են արդեն, ճաշակեք ու տեսե´ք, քա՞ղցր են արդյոք, թե՞ դառն»:...

Սրանից մի տարի առաջ, նույն «Աղբյուրում» Աղայանը գրում է (էջ 246).

«Գավառալեզվի (բարբառի), հորինիչը՝ արդարև ժողովուրդն է, ու նա հորինում է անսխալ, կանոնավոր, ներդաշնակ: Նա նույնիսկ բառերի աղճատմունքներն էլ է կանոնավոր անում, հնչյուններն էլ է կանոնավոր ու ներդաշնակ փոխում: Բայց այսու ամենայնիվ նա {բարբառը} չէ գրական լեզու:

«Բարբառը հորինվում է բնազդով {այսինքն, բնական ձևով, առանց մարդկային գիտակցված ծրագրի}, մինչդեռ գրական լեզու հորինելու մեջ գիտակցություն կա, ու այդ գիտակցությունը երբեմն հասնում է սոպռ {զըռ} ու խորին տգիտության: Այս տգիտության մեջ ընկղմվում են բոլոր այն գիտնականները, վորոնք իրենց լեզվագիտության վրա հույս դրած՝ ապագայի լեզվի վոգուն խորթ և ոտար վոճեր ու բառեր են գործ դնում, վորով հորինում են մի … այլանդակ հրեշ»:

Սա, անկասկած, ճիշտ է ու անվիճելի: Ճիշտ է նաև, որ բարբառը գրական լեզու չի, որովհետև բարբառի բառապաշարը խիստ աղքատ է, ու պիտի լրացվի լեզվի ավելի հին վիճակներից, եթե սրանք կան, ու օտար լեզվական փոխառություններով: Ուրիշ ելք չկա ու չի եղել:

Մեր դժբախտությունն էլ հենց այն է, որ Ղազարոս Աղայանի մոտ մի դար առաջ ասածները այսօր է´լ են ճիշտ: Սրա օրինակներից արդեն շատ եմ բերել, բայց երկուսն էլ ասեմ: Վերջերս մեր գրական ոճերը փորձ են անում հարություն տալու մեր հնագույն սեռական հոլովի մի քանի ձևի:

Ասում են. «մամլո ասուլիս, սգո թափոր, Հայաստանյաց եկեղեցի, ուսուցչաց սենյակ, Ներքին գործոց նախարարություն», փոխանակ. «մամուլի ասուլիս, Հայաստանի եկեղեցի, ուսուցչանոց, Ներքին գործերի նախարարություն» ևն:

Այս արխայիզմները գործածողներին թվում է, թե «յոյժ» գեղեցիկ ոճ են գործադրում: (Բախտ ունենք, որ սրանք շատ քիչ գրաբար գիտեն, թե չէ՝ նման բաները շատ-շատ կլինեն, որովհետև, ինչպես փորձն է ցույց տալիս, լեզվական թիթիզությունն ահավոր վարակիչ է):

Մեր հաղորդավարներից շատերը, էլի վերջերս, ամսաթվերն ասելիս, ամսի անունը դնում են ուղղական հոլովաձևով, փոխանակ սեռականի, այսինքն, ասում են՝ «հունվար 27-ին, փետրվար 14-ին»:

Սա իհարկե հայաձև չի, ու հենց սրա համար էլ տգեղ է, որովհետև միմիայն իրենք են սրա պես ասում ու մեկ էլ՝ անգլիացիք:

Բայց անգլիացիք սա ասում են անգլերենո՛վ, անգլերենն էլ ուղղակի հոլովաձև չունի (չհաշված՝ ուղղականն ու ապաթարցով սեռականը, ինչն անհոլով ձևն էլ ունի), որ այսօրվա անգլիացիներն էլ իրենց բառերը մեր պես թեքեն:

Մեր արևմտահայերենի «ուսյալներն» էլ անգլերենի այս հատկությունը կույր-կույր պատճենել են, մերոնք էլ (որ միշտ մտածում են, թե լեզվական հարցերում արևմտահայերը մեզնից խելոք են), այս տգեղ ու սխալ ձևը յուրացրել են:

Նույն սխալ կալկան է (ինչպես արդեն ասվել է), երբ հայերենի դասական թվականների տեղը, անգլերենի նմանությամբ, գրում են՝ «թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4», փոխանակ գրեն սրա հայերենը՝ «առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ» ևն:

Մեր գրական ոճերն ուղղակի հեղեղված են սրանց պես անտեղի (ու ոնց չասես՝ թիթիզ) բաներով, ու մեր մտավորականների մեծ մասը համարում է, որ այս անտեղի բաները ոչ միայն չքնաղ են, այլև բարձրագույն ճաշակի նշան են:

Դառնանք Աղայանի ասածներին:

Աղայանը, մնացած համարյա բոլորի պես, չգիտեր, թե բարբառի քերականությանն ու բառերին ինչքան տեղ պիտի տրվի: Սա չգիտեր նաև Աբովյանը, ով իր «Վերքի ըսկըզբում ասում է».

«Այս է {sic! «է» «ա»-ի փոխարեն ու «այս» «էսի»-ի կամ «էս»-ի փոխարեն} պատճառը, որ մեր նոր լեզվի կեսը Թուրքի ու Պարսից բառ է{sic!}: Բայց սրա դեղն էլ հեշտ է{sic!}, քիչ քիչ կարելի է{sic!} իստակել, երբ որ ազգը ուսումն առնի ու իր լեզվի բառերը քիչ քիչ հասկանա»:

Աբովյանի լեզուն «իստակելու» (մեր այսօրվա «ուսյալների սխալ «հստակեցնելու») այս սխալ ու մոլար ցանկությունը հետո դարձավ մի հսկա «ծրագիր», հյուսիսյանների´ ծրագիրը, ինչը ստիպեց, որ հրաժարվեն Աբովյանի ա´յն լեզվից, ինչով որ ինքը գրել է իր «Վերքն» ու մանավանդ «Զանգուն», ու ինչի լեզուն իրոք որ չըքնաղ է (ա´յն օրերի համար):

19.2 Հ. Թումանյան. «Ծուռ ճամփով կգնաք»

Բերում եմ Հովհաննես Թումանյանի մի խոսքը, ինչը Թումանյանն ասել է արդեն լրիվ հասուն տարիքում «Մի երկու խորհուրդ մեր գավառական մամուլին» վերնագրով հոդվածում [13]:

Թավատառ ու շեղատառներն ու ձևավոր փակագծի միջիններն ի´մն են:

ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵՐ … ՄԱՄՈՒԼԻՆ

Հովհաննես Թումանյան, 1910 թիվ

***

«Այս մի քանի տողով ձեզ, մեր գավառներում լույս տեսնող թերթերին դիմելով {լրիվ պարզ է, որ Թումանյանը դիմում է մեր այն օրերի բոլոր-բոլոր հայ գրագետներին}, մեր լեզվի ու գրականության առողջ զարգացման համար, ձեր լուրջ ուշադրությունը հրավիրում եմ հետևյալ խորհուրդների վրա:

«Առաջինը. դուք ապրելու եք ժողովրդի մեջ, ժողովրդի համար և խոսելու եք նրա հետ: Ի՞նչ լեզվով եք խոսելու. շատ կարևոր խնդիր է: Դուք այժմ խոսում եք գրական կոչված լեզվով, այն լեզվով, որով խոսում են Թիֆլիսի ձեր մեծ քույրերը {այսինքն, թերթերն ու ամսագրերը}:

«Բայց իմացած եղեք, որ այս լեզուն {այսինքն, գրական կոչված լեզուն} չոր ու ցամաք բառերի մի տեր{վ}ողորմեա է [փխբ. անվերջ շարան է], ան{վ}ոճ ու անկենդան: Մի շփոթվեք {խաբվեք} սրա քաղքենի հավակնոտությունից ու գովասանքից {գլուխգովանությունից} և անտես մի´ անեք կամ վերևից մի´ նայեք այն գավառների կենդանի բարբառներին, որոնց մեջ դուրս եք եկել գործելու:

«Էդ բարբառներից ամեն մինը ավելի շատ ուժ ու կենդանություն ունի իր մեջ, քան մեր եղած գրական լեզուն: Սա դեռ չի կազմակերպված և չի էլ կազմակերպվելու, մինչև որ մեր ժողովրդի լեզուն իր բոլոր դաշտերից, սարերից ու ձորերից կենդանի վտակներով գա միանալու սրա մեջ և բոլոր բարբառները հանդես բերեն իրենց գանձերը:

«Այժմ դուք փոխանակ այս բնական ու առողջ ճանապարհով գնալու, հակառակ կգնաք և փոխանակ ժողովրդի´ լավը մեզ տալու, մե´ր սխալներն ու դատարկ, ողորմելի ֆրազները կտարածեք նրա մեջ:

«Ես չեմ ասում զուտ բարբառով գրեցեք ձեր հոդվածները, բայց մեծ իրավունք տըվեք բարբառներին, նրանց բառերին, ոճերին ու ձևերին: Իհարկե, շնորհքի բան է, թե ով ինչքան ու ինչպես կօգտվի այդ կենդանի աղբյուրներից, բայց ինչ էլ լինի ավելի լավը կլինի, քան եղածը: Եվ է´ս է ուղիղ ճանապարհը ավելի լավն ունենալու:

«Երկրորդ խորհուրդը: Ուրիշ երկրներում գիտական ընկերություններ, ակադեմիաներ կան, որ զբաղվում են իրենց ժողովրդի հանճարի ծնունդները խնամքով հավաքելով, իրենց մայրենի և ընդհանուր գրականության ու գիտության համար գանձարան ստեղծելով: Եվ դրանց մեջն է, որ կգտնենք ամեն մի ժողովրդի ճշմարիտ կյանքն ու պատմությունը, բնավորությունն ու աշխարհայացքը, շնորհքն ու հոգին:

«Մեզանում չկան այդ տեսակ կարող հաստատություներ և ով գիտի, երբ են լինելու: Մեր Ազգագրական Ընկերության կարևորությունը քիչ է հասկացված և քիչ մարդ կա նրա մեջ աշխատող: Ո՞ւր էր, թե մեր Ուսուցչական Միությունը իր ամեն տեղ ցըրված անդամ ուսուցիչների ձեռքով մտածեր հավաքել այդ անգին գանձերը կամ թե մեր Էջմիածինը մի գեղեցիկ կարգադրությունով հրավիրեր ուսուցիչներին ու կանոնավոր գրել իմացող քահանաներին օր առաջ գրի առնել{ու} ու մի տեղ հավաքել{ու} այդ բոլորը:

«Օր առաջ եմ ասում, որովհետև արդեն մոռացվում ու կորչում են. հին սերունդը իր իմացածը հետը գերեզման է տանում, իսկ նոր սերունդը՝ չգիտի:

«Եվ այժմ, քանի գործն այս դրության է, դուք, գավառական թերթերդ, ահագին գործ կարող եք կատարել: Ձեր էջերում մշտական տեղ հատկացրեք հայրենի երկրի ժողովրդական բանավոր գրականությանը, նրա ամեն տեսակ ավանդություններին, հեքիաթներին, առակներին, առածներին, հավատալիքներին ու սովորություններին, որ հեշտ ու միշտ կարող եք առատ ստանալ ձեր շրջապատից, և ժամանակի ընթացքում մեծ նյութ կդիզեք:

«…և ձեր շատ բաժինները՝ եթե վաղը չէ, մյուս օրը կորցնեն իրենց արժեքը, բայց այդ անկյունը քանի գնա, ավելի ու ավելի կարևորություն կառնի, ու ապագա սերունդը, մանավանդ գրականությունը, շնորհակալ կլինի ձեզանից ու ձեր հրատարակությունները կպահի իր գրադարանում լավագույն գրքերի հետ»:

***

Նկատելի է, որ Հովհաննես Թումանյանն ասում է՝ «գրական կոչված լեզու», ու ոչ թե՝ «գրական լեզու»: Տեսանք, որ սա շատ կարևոր է, որովհետև լուրջ, գիտական լեզվաբանությունը «գրական լեզու» հասկացությունը չունի:

Լեզվաբանությունը (գիտակա´ն լեզվաբանությունը), լեզու ասելուվ, նկատի ունի միայն ու միայն կենդանի, միայն մերոնց ասած՝ «խոսակցակա´ն» լեզուն, բարբա´ռը: Ու գիտական լեզվաբանությունը գրական ոճերից միայն ա´յն ժամանակ է օգտվում, երբ ուրիշ ճար չկա, երբ տվյալ լեզուն մեռած է:

19.3 Ուրիշները ո՞նց են գրական լեզու ստեղծել

Երբ Շեքսպիրը (1564-1616) հրատարակեց իր առաջին դրամաներն ու ողբերգությունները, հետագա օրերի Անգլիայի մտավորականների մի զգալի մասը, մանավանդ Շեքսպիրի մահից հետո (պոետ Ալեքսանդր Պոպի (1688-1744) գլխավորությունով) մեղադրեց Շեքսպիրին, որ սա գրում է «Լոնդոնի փողոցների ժարգոնով»:

Շեքսպիրի կենդանության օրերին էլ էին իրեն մեղադրում իր լեզվական ազատության ու մանավանդ լատիներենը շատ վատ իմանալու համար, բայց Շեքսպիրի վեջն էլ չէր, որովհետև մարդիկ գալիս էին իր պիեսներին, ու ինքն էլի´ էր գրում «Լոնդոնի փողոցների ժարգոնով» ու այնքան գրեց, մինչև հարստացավ:

Ու Շեքսպիրի մահից հետո Անգլիայի մաքրամոլները մոտ մի 100 տարի մաքրում էին «անգլերեն լեզուն», մինչև հասկացան, որ Շեքսպիրը բացարձակ ճիշտ է, ու դրանից հետո՝ բոլորն է´լ գնացին Շեքսպիրի ճամփով (մանավանդ Եվրոպայում):

(Շեքսպիրի լեզվի մասին տես իմ թարգմանած «Վիլյամ Շեքսպիր, Սոնետներ» գըրքի ընդարձակ առաջաբան-վերլուծականում [57], ու նաև իմ թարգմանած Лев Толстой, “О Шекспире” գործը, իմ դիտողություններով [56]):

Արդեն ասել եմ, որ մոտ 100 տարի մեզնից առաջ անգլիացի լեզվաբան Հենրի Սվիթը (1848-1912) ձևակերպեց Լեզվի Գլխավոր Օրենքը-ը, ինչը ասում է, որ [41, էջ 5].

Դրույթ 1. Տվյալ լեզվի լեզվական բոլոր երևույթներն էլ ճիշտ են հենց այ´ն միակ պատճառով, որ դրանք ուղղակի կան այդ լեզվի մեջ:

Համարյա նույն բանը պատահեց Պուշկինին (1799-1837), երբ սա հրատարակեց իր առաջին հեքիաթ-ոտանավորները: Քննադատներ Բուլգարինն ու Կաչենովսկին հարձակվեցին Պուշկինի վրա, թե «ինչո՞ւ ես մուժիկների լեզուն բերել լցրել մեր սուրբ գրականությունը»:

Բայց այն օրերին Ռուսատանում լիքը լուսավոր մարդ կար, ու Պուշկինը հանգիստ շարունակեց իր գործը ու ահավոր բարձր էլ գնահատվեց ու էլի´ է գնահատվում:

Հետագայում Լև Տոլստոյը (1828-1910) գրեց իր «Книги русского чтения»-ն, գրեց հենց այդ «մուժիկների´ լեզվով», հենց գյուղի´ լեզվով, ու Ռուսաստանի այն օրերի լուսավորության մինիստրը, ով իրոք լուսավոր մարդ էր, Տոլստոյի գրքի վրա մակագրեց. «Դասագիրք՝ համայն Ռուսիայի համար»:

Սրա համար էլ այսօր ռուս հասարակ կթվորը կամ «չուսյալը» միկրաֆոնով շատ ու շատ ավելի հանգիստ ու առանց վախի ու կակազելու է խոսում, քան թե հայ պրոֆեսորը:

Սրա պես օրինակ շա´տ կա: Ժամանակին, Վերածննդի օրերին, սրա պես բան շատ է եղել:

Իտալիայում մեղադրել են Դանթեին (1265-1321), Պետրարկային (1304-1374) ու Բոկաչոյին (1313-1375), Իսպանիայում՝ Սերվանտեսին (1574-1616), Ֆրանսիայում՝ Ռաբլեին (?1494-1553), ու ուրիշ երկրներում էլ՝ հազար ու մի մարդու:

Օրինակ, Չեխիայում Յարոսլավ Հաշեկին է´լ էին մեղադրում, թե ինքը «գրում է ժողովրդի գռեհիկ լեզվով» (տես Հաշեկի «Քաջ զինվոր Շվեյկի արկածները» վեպի առաջին հատորի վերջաբանը), ու Յուլիուս Ֆուչիկը հրապարակով պաշտպանեց իրեն, բայց չեխերն այսօր նորից են վիճում, թե ի´նչ լեզվով գրեն:

Գերմաներեն գրական «լեզվի» այսօրվա վիճակը երևի ավելի վատ է:

Ամերիկյան գրականության հայրը (Ֆոլկների ու Հեմինգվեյի ասելով), Մարկ Տվենը (1835-1910), 1885 թվին հրատարակեց իր «Հեկլբերի Ֆինի արկածները» վեպը, ինչը հիմա համարվում է ամերիկյան գրականության լավագույն ու հիմնադիր վեպը:

Այս վեպը գրված է չորս գլխավոր բարբառով ու երեք խոսվածքով, ու ողջ վեպի մեջ գրական «լեզու» չկա: Բոլորովին չկա, թերևս բացի հեղինակի մի քանի տողանոց նախաբանը, որտեղ հեղինակն ասում է, որ այդ բարբառներն ու խոսվածքներն ինքը շատ ուշադիր ու խնամքով է գործածել, որ հանկարծ սխալ բան չգրի:

Այս վեպի հրատարակվելուց հետո արդեն մի դարից ավել է անցել ու մեր արձակագիրները, հավանական է, այսօր է´լ Մարկ Տվենի ոչ լեզվական շնորհքին ու գրական վարպետությանն են հասել, ոչ էլ իր ա´յն գիտակցությունն ունեն, թե կենդանի խոսքից զորավոր բան չկա:

Մենք որոշել ենք մեր սխալներով սովորենք, բայց ախր մեր հնարավոր սխալների քանակն անսահմա´ն է: Ու ցավն այն հանգամանքն է, որ մենք մեր սխալները տեսնելու զորությունը չունենք: Սրա համար էլ մենք ուրիշներից չենք սովորում:

Բա ռուս հիանալի գրող, դերասան ու ռեժիսյոր Վասիլի Շուկշինի գործերի կենդանի ու հզոր խոսակցական լեզուն մեզ խրատ ու օրինակ չլինի՞, բա չսովորե՞նք իրենից ու ռուս մյուս հիանալի գրողներից ու ռեժիսորներից ու դերասաններից:

Բա մարդ էլ այսքան կույր լինի ու չտեսնի՞, որ ռուսների ու ամերիկացիների լավագույն վեպերի ու ֆիլմերի զորության մեծագույն մասը դրանց լեզվի կենդանության, ուրեմն, նաև լեզվական հավաստիության մե՞ջ է:

Բացի սա, ենթադրենք, թե խոսեցինք մեր «ընտիր» գրական ոճերով (ինչն անհնար է), բայց ունեցանք մի թշվառ ու հետամնաց գրականություն ու թատրոն ու հեռացույց ու լեզվաբանություն, էլ ո՞ւմ է պետք «ընտիր գրական լեզուն»:

Դրույթ 2. Երբ նպատակիդ հասնելու միջոցների մեջ խտրություն չես դնում, նպատակդ լրի´վ է այլասերվում կամ մեռնում է:

Հերիք չի՞ անընդհատ հայհոյենք մարդավարի խոսողներին ու պարտադրենք, որ բոլորն էլ խոսեն «ընտիր ու մաքուր գրական հայերենով»:

Բա չհասկանա՞նք, որ.

Դրույթ 3. Մեր մայրենի լեզուն հենց մեր մայրերի սովորեցրած լեզո´ւն է, իսկ մեր գրական ոճերը՝ հենց օտա´ր լեզու են, ավելի ճիշտ, օտար են ու ժարգոն, որովհետև միայն օտա´ր լեզուն է, որ բարուրից չեն սովորում ու հետո միայն գրելով են սովորում, ու միայն ժարգոնո´վ է, որ ողջ ժողովուրդը ազատ ու հեշտ ու հանգիստ ու անընդհատ չի խոսում:

Բա չհասկանա՞նք, որ.

Դրույթ 4. Այն պարտադրանքը, թե պիտի խոսենք ու գրենք միայն գրական լեզվով, լրիվ քաղաքական պարտադրանք է ու կապ չունի գիտության ու արվեստի իսկական պարտադրանքի հետ: Ավելի ճիշտ, հենց որ սա պարտադրվում է, գիտությունն է´լ, արվեստն ու մշակույթն է´լ դառնում են ողորմելի:

Էլ չասած, որ.

Դրույթ 5. Գրական լեզվով գործելու պահանջը զրկում է գրողին ու դերասանին ստեղծագործական ազատությունից ու ստիպում է, որ կեղծ բաներ գրի ու ասի, ստիպում է, որ հանկարծ Մարկ Տվենի, Շեքսպիրի, Պուշկինի, Լև Տոլստոյի, Դանթեի, Պետրարկայի, Բոկաչոյի, Սերվանտեսի ու Շուկշինի պես հրաշալի բաներ չգրի, ու գրի միայն «մաքուր գրական հայերենով» գործեր:

Ու երբ այս կարգի մարդիկ ասում են, թե «Երևանի բարբառը ժարգոն է», ըստ էության, ասում են, որ մեր մայրենի լեզուներից մեկն է ժարգոն: Բա սա ասելու կամ համբերելու բա՞ն է:

Մաթեմատիկոս Անրի Պուանկարեն ասում է, թե մարդկանց մեծագույն մասը ծուլանում է՝ մտածի: Մարդկանց այս ծույլ մասը կրկնում է ա´յն մարդկանց կարծիքը, ում իմաստուն է համարում, ու լսողներին էլ թվում է, թե սա՝ այս մեծագույն մասը, մտածե´ց:

Մարդկության ամենահանճարեղ մտածողներից մեկը՝ տնտեսագետ ու փիլիսոփա, պռաքսեոլոգիայի հիմնադիր Լուդվիգ ֆոն Միզեսը ավելի թունդ բան է ասում.

Դրույթ 6. Մտածելու ունակություն ունեցող մարդու ու այս ունակությունից զուրկ մարդու արանքը անանց անդունդ կա:

Այն մարդիկ, ովքեր համարվում են լեզվի մասնագետ, մոռանում են (մեղմ ասած), որ.

Դրույթ 7. Լեզուն ուղղակի ասելու, լսելու ու հասկանալու, լսածը հիշելու ու պաշարելու, ու պաշարածն էլ ուրիշներին (մանավանդ սերունդներին) փոխանցելու համար է ու հետո միայն ոտանավոր ու վեպ գրելու համար է (ինչն ամեն մարդու խելքի բանը չի):

Բայց գրական «լեզվի» ջատագով այս մոլեռանդ «քրմերը» պահանջում են, որ բոլորն էլ լեզվական ինֆորմացիան ոչ միայն ուղղակի ասեն, հասկանան ու փոխանցեն, այլ այս բաներն անեն «ընտիր ու չքնաղ ու «մաքուր հայերեն» գրական լեզվով», ինչն իհարկե անհնար է, որովհետև նախ.

Դրույթ 8. Աշխարհում թերևս մաքուր կամ անաղարտ լեզու չի եղել, չկա ու չի էլ լինի, բայց որ լիներ էլ, այս լեզուն անաղարտ կարող էր պահեր միմիայն այնպիսի´ ժողովուրդը, ինչի անդամները կա´մ դեմ են ամենայն փոփոխությանն ու առաջընթացին, կամ էլ լրի´վ են զուրկ ստեղծագործական որևէ ունակությունից:

Այս դատողությունները ժամանակին ստիպեցին, որ մի անգամ ինքս ինձ մի քանի հարց տամ, ու երբ առաջին հարցը եկավ մտքիս, ուղղակի ապշեցի, որովհետև հայ իրականության մեջ այդ հարցը ոչ մեկը չէր տվել, չնայած թվում է, թե հարցը ակնհայտ է: Ահա այդ հարցերը:

19.4 Մի քանի հարց

Նախ ասեմ, թե համոզված եմ, որ.

Դրույթ 1. Մեր այսօրվա լեզվաբանները չգիտեն, թե ի´նչ է հայերենի իմացությունն ու ի´նչ է ճշմարիտ հայերենը: Մեր այսօրվա լեզվաբանները չեն գիտակցում, որ լեզուն ինքնակարգավոր ու ինքնակառավար ու անհայտ ապագայով մի պրոցես է:

Դրույթ 2. Մեր այսօրվա լեզվաբանները, համարյա միշտ, չգիտեն, թե ի´նչ է գրական ոճերի ու իսկական, կենդանի լեզվի տարբերությունը, չգիտեն, թե ի´նչ է լեզվի իմացությունը ևն:

Օրինակ, եթե մեկը միշտ գրի. «էթում ա, կարում ա, չի կարում, ըտենց չի, իրա, իրենց, իրանք, վրեն, որտև, խի՞, էսի, էտի, էնի, էթամ, քցեմ, քթնեմ, գիդեմ, տենում եմ, հանգարծ, ընգեր, ըսենց, ըտենց, ընենց, դեռ, հեչ, խոսաց, ասաց, արիր պրծար, գրիր պրծար, օքութ, սութ, մանրամասը, այսինքը, ուրեմը» ևն, ևն, մեր լեզվաբանների ու մեր մտավորականների մեծագույն մասը, համարյա հաստատ, կասի, որ գրողը հայերեն չգիտի ու անգրագետ է, ու նաև՝ հանցագործ, որովհետև վերևը «է» օժանդակ բայի տեղը գրել է «ա», հետո գրել է «հանգարծ, ընգեր, գիդեմ», փոխանակ գրեր «հանկարծ, ընկեր, գիտեմ» ևն, ևն:

Ուղղակի ապշելու բան է, որ այս մարդիկ չեն տեսնում, որ առօրյա կյանքում հենց իրե´նք են այս բառերով, այսինքն բարբառով խոսում: Ու մեր լեզվաբանությունն ու ուսուցիչներն ասում են, թե իբր դասագրքերում որ բարբառ եղավ, մեր մանուկները «սխալ հայերեն» կսովորեն, ու էլ հետո այդ «սխալ հայերենը» չի ուղղվի:

Սրանք ոնց որ աչք չունենան կամ էլ տրամաբանությունից լրիվ զուրկ լինեն: Մի՞թե սրանք չեն տեսնում, որ բոլոր մանուկները, մեկ է, մանկուց փողոցում անընդհատ այս «սխալ հայերենով» են խոսում, ու որ սա անխուսափելի է:

Ու սրանք մի՞թե չեն տեսնում, որ այս վերջին 150 տարվա գրական հայերենով խոսելու իրենց քարոզը լրի´վ է անօգուտ եղել ու մի կաթիլ արդյունք էլ չի տվել:

Բա սա ապշելու բան չի՞:

Սրա համար էլ ասածս հարցերս այստեղ է´լ եմ տալիս ու սրանց կարճ պատասխաններն էլ (թե որ պետք է) դնում եմ փակագծերի մեջ: Սկսում եմ հենց ա´յն հարցից, ինչի «հայտնագործությունը», ինչես ասացի վերը, ժամանակին ինձ ապշեցրել է:

Հարց 1. Եթե հայերը հայերեն սխալ են խոսում (ոնց որ, քափ ու քրտինք մտած, ասում են մեր գրագետները), բա աշխարհում ո՞վ է ճիշտ հայերենով խոսում, չինացինե՞րը, չուկչինե՞րը, թե՞ նեգրե՞րը:

(Մեր լեզվաբաններին որ մնա, կասեն, թե միայն իրենք են ճիշտ խոսում, մեկ էլ՝ մեր հայ գրողները):

Հարց 2. Թե որ հայերը սխալ հայերենով են խոսում, բա հայերն առհասարակ ումի՞ց են հայերենը սովորել, որ սխալ են սովորել:

Հարց 3. Թե որ հայերը հայերեն սխալ են խոսում, ուրեմն, ի՞նչ է, հայերը հայ չե՞ն, կա´մ էլ «ճիշտ հայ չե՞ն», որովհետև որևէ լեզվով միայն այլազգիներն են սխալ խոսում:

Հարց 4. Հայերը ե՞րբ են ճիշտ կամ գեղեցիկ հայերենով խոսել, որովհետև Մաշտոցից ընդամենը երկու-երեք տասնյակ հետո մեր հունաբան հեղինակներն է´լ էին ասում, թե հայերը խոսում են ռամիկ լեզվով:

Հարց 5. Հովհաննես Թումանյանը ինչո՞ւ էր համոզված, որ հայերեն «գրական լեզուն» ո´չ միայն ոչ մի բանի պետք չի, այլև վնասակար է, ու որ դրանից պտի անպայման հրաժարվենք ([13], տես նաև 19.2-ը):

Հարց 6. Ո՞նց է հնարավոր, որ 16-17 տարեկան հայ ջահելը հայերենի քննությունից զրո բալ ստանա: Ի՞նչ է, այդ ջահել հայը հայ չի՞:

Հարց 7. Թե որ հայերենի քննությունից զրո բալ ստացած այս 16-17 տարեկան հայ ջահելն այնքան անգլերեն իմանար, ինչքան որ հայերեն գիտի, չէի՞նք ասի, որ այս ջահելը հրաշալի անգլերեն գիտի: Չէի՞նք ասի, թե այս ջահելը անգլիացո´ւ պես անգլերեն գիտի: Անգլիացու պես անգլերեն իմանալուց ավելի լավ անգլերեն իմանալ կա՞: Պարզ է, որ չկա: Էլ ո՞նց է, որ.

Հարց 8. Հայի պես հայերեն իմանալուց ավելի լավ հայերեն իմանալ էլ կա՞: Այս ավելի լավ հայերենը ո՞րն է: Ուրեմն, ի՞նչ. հայերենի իմացությունն ինչ-որ մի արտառոց ու գերբնական բա՞ն է, որ միայն մեր լեզվաբաննե՞րն ու հայերենի դասատունե՞րն ու դասախոսնե՞րը գիտեն:

Հարց 9. Թե որ 16-17 տարեկան հայ ջահելը այնքան ընդունակություն ունի, որ յուրացրել է դպրոցական մաթեմատիայի ու ֆիզիկայի պես բարդ գիտություններն ու ընդունվել է համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետներն ու այստեղ էլ շատ հաջող է յուրացնում բարձրագույն ֆիզիկան ու մաթեմատիկան, էլ ինչո՞ւ է այս ջահելը ցածր կուրսերում նորից հայերեն անցնում: Ի՞նչ է, հայ ջահելն այնքա´ն բո՞ւթ է, որ դարձել է 16-17 տարեկան ու նույնիսկ չի կարացել իր մայրենի լեզուն էլ սովորի՞:

Հարց 10. Մեր «գրական լեզու» կոչվածը լեզո՞ւ է, թե՞ ուղղակի անհատական ոճերի կույտ:

Դրույթ 3. Գրողները երբեք լեզու չեն ստեղծում, ինչ էլ որ ասեն մեր լեզվաբանությունն ու գրականագետները: Առհասարակ, անհնար է, որ անհատը լեզու (ոչ մաթեմատիկական լեզու) ստեղծի, որովհետև ԼԵԶՈՒՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՊՐՈՑԵՍ Է: Գրողը միայն ու միայն ո´ճ է ստեղծում, պատմելու ի´ր ոճը (կամ ոճերը): Անհատ մարդու լեզուն է´լ է անհատական, ու քերականությունը նկարագրում է որևէ բարբառի միայն «միջինը»:

Դրույթ 4. Գրողը (համարյա առանց բացառության) բառ է´լ չի ստեղծում, ոչ մի հատ:

Երբ գրողը լեզվի երկու բառն իրար է կպցնում ու մի իբր նոր բառ է սարքում (օրինակ, «արևակեզ, ողջակիզված» ևն), սա ո´չ նորություն է (արմատ ստեղծելու տեսանկյունից), ոչ է´լ մի դժվար բան է, որովհետև սա ուղեղի կեղևին հատուկ շղթայմունք-զուգորդությունն է:

(Որ սա դժվար լիներ, Հայաստանի ու Հայ Սփյուռքի գրագետները սրանով չէին ըզբաղվի):

Հարց 11. Ե՞րբ պտի հասկանանք, որ գրական կոչված «լեզուն» մեր ժողովրդի լեզուն չի, որովհետև թե որ սա մեր ժողովրդի լեզուն լիներ, գոնե մի փոքրի˜կ գյուղ սրանով կխոսեր (առավոտից իրիկուն, ոչ թե մեր քերականների պես, որ խոսում են էպիզոդիկ, մեկ-մեկ ու միայն գրական իրավիճակներում):

Հարց 12. Ե՞րբ պտի հասկանանք, որ մեր ժողովուրդը երբեք էլ գրական «լեզվով» չի խոսելու, որովհետև սա անհնար է, որովհետև շարքային մարդը ո´չ գրող է, ոչ է´լ լեզվաբան կամ գրականագետ:

Հարց 13. Բա այս վերջին 160 տարվա փորձը մեզ չպտի՞ խրատ լինի, որովհետև արդեն մոտ 160 տարի է, ինչ ստիպում ենք, որ ժողովուրդը գրական «լեզվով» խոսի, ու չի խոսում:

Դրույթ 5. Լեզուն բնական պրոցես է, ու իր սեփական ներքին օրենքներն ունի, ու լեզվին չես հրամայի, ոնց որ բնությանը չես հրամայի:

Օրինակ, ինչքան էլ բնությանն ասես, որ ուրբաթ-շաբաթ օրերը հրաժարվի ձգողականության Նյուտոնի օրենքից, օգուտ չի լինի:

Դրույթ 6. Լեզվաբանություն կոչված գիտությանը հայտնի է, որ լեզուն չի ենթարկվում մարդկային որևէ ծրագրի, ու որ սրա համար էլ լեզվի ընթացքը, այսինքն, լեզվի ապագան, անհայտ է:

Հարց 14. Լեզուն մարդկային որևէ ծրագրով կառավարելու կամ ուղղորդելու բոլոր փորձերն էլ (նաև՝ մեր նախկին Լեզվի տեսչության ու այսօրվա Լեզվի պետական կոմիտեի ու մեր լեզվաբանների ու մտավորականների փորձերը) անիմաստ են ու հենց սկզբից էլ դատապարտված են անհաջողության ([7], ԼՔՀԼ, Ներածություն, էջ 187-202): Բա մեր լեզվաբանությունն ինչո՞ւ է փորձում կառավարի մեր նույնիսկ անհատական լեզուները:

Դրույթ 7. Իմ հոդվածների ու գրքերի մեջ, արդեն մոտ երկու տասնամյակ, անընդհատ ասում եմ, որ մեր այսօրվա հայ լեզվաբանությունը գիտություն չի, որովհետև իր ասածների ճիշտ ու սխալը որոշելու ոչ մի օբյեկտիվ ու մարդուց անկախ գիտական չափանիշ չունի:

Մեր լեզվաբանությունը սրան ոչ մի պատասխան չի տալիս ու չի էլ կարող տա, որովհետև այդ չափանիշն իրո´ք չունի:

Հարց 15. Բայց մեր լեզվաբաններն ինչո՞ւ ձայն չեն հանում, ինչո՞ւ չեն առարկում ասածիս կամ ինչո՞ւ համաձայն չեն ասածիս: Գիտակա՞ն է մեր լեզվաբանությունը:

Հարց 16. Թե որ հայերեն լեզուն միայն մեր այս գրական «լեզուն» է, այսինքն, միայն մեր գրողների´ ստեղծած ոճերն են «լեզու», Մաշտոցից առաջ հայերը հա՞մր էին, որովհետև, ո´չ գրական լեզու ունեին, ոչ գրող, ոչ է´լ՝ հայերեն դպրոց:

(Շատ մարդ կա, ով հավատում է, թե Մաշտոցից առաջ գիր ունեցել ենք: Բայց եթե նույնիսկ ունեցել եք, սա ոչ մի նշանակություն չունի, որովհետև այդ գիրը ոչ մի ազդեցություն չի ունեցել ու չունի էլ մեր ողջ մշակույթի ու կյանքի վրա:

(Հին հույները, օրինակ, իրենց գիրն ստեղծել են Մաշտոցից՝ մոտ 1200 տարի, իսկ մեզնից 2700 տարի առաջ (Տես [58], Չ. Լոուկոտկա, «Գրի զարգացումը», էջ 167 ու հետո):

(Հետո հին հույներն իրենց այս գրով գրանցել են իրենց էպոսն ու հավատալիքներն ու իրենց ստեղծած վիթխարի մշակույթը, ինչի նշանակությունն այսօր է´լ է ահռելի, ընդ որում, ողջ աշխարհի համար. բայց հի´ն հույներինը, ոչ թե այսօրվաններինը):

(Պարսիկներն իրենց հավատալիքները գրանցել են մոտ 29 դար առաջ, իսկ իրենց էպոսը՝ Շահ Նամեն (Դաղիղիի սկսածը) մշակեց Ֆիրդուսին, բայց իրենց էպոսն այնքան վաղուց (մերինի համեմատ) էր գրանցած, որ արաբները դա թարգմանել են (որ կրթվեն) 9-րդ դարում:

(Մենք մեր էպոսը գրանցել ենք ընդամենը մոտ մի 160 տարի առաջ:

(Եթե մեր նախամաշտոցյան գիր ունենալու հավատը միմիայն մեզ մխիթարելու ու լոպազանալու համար է, էլ ինչո՞ւ ենք «համեստություն» անում որ: Եկեք ասենք, որ Նոյից կամ նեանդերթալցուց կամ էլ նույնիսկ դինոզավրերից առաջ էլ ենք գիր ու գրականություն ունեցել. հը՞):

Հարց 17. Կա՞ կենդանի լեզուն, այսինքն, «ոչ մաթեմատիկական լեզուն» (բարբառներից մեկնումեկը) հսկելու կամ կառավարելու որևէ հնարավորություն:

(Այս հնարավորությունը չկա, չի եղել ու չի էլ լինի, որովհետև լեզու ասածն այնքա՛ն բարդ բան է, որ մարդկային ծրագրով կառավարելի չի ([7], ԼՔՀԼ, Ներածություն, էջ 187-202)):

Հարց 18. Ո՞նց է, որ բոլոր գյուղ ու քաղաքները բարբառ (ավելի ճիշտ, խոսվածք) ունե´ն, իսկ Երևանը բարբառ չունի, քանզի մեր լեզվաբաններից ոմանք ասում են, թե երևանցիք խոսում են «զզվելի, գարշելի, փողոցային ժարգոնով» կամ «խոսակցական լեզվով», շատ հաճախ էլ՝ «ժողովրդախոսակցական լեզվով»):

(Սա երևի վաղուցվանից են ասում. տես օրինակ՝ [6], Ղ. Աղայան, էջ 222. տես նաև «Ղ. Աղայանը ասում է…» 19.1 վերնագրի տակ)): Համոզված եմ, որ.

Դրույթ 8. Երևանի բարբառը «զզվելի, գարշելի, փողոցային ժարգոն կամ խոսակցական լեզու» են համարում, որ Երևանի բարբառը հայհոյելու իրավունքն ունենան: Ախր եթե սրանք հանկարծ ասեն, թե երևանցիք խոսում են Երևանի բարբառով, էլ հնար չեն ունենա ասելու, թե Երևանի բարբառը «զզվելի, գարշելի, փողոցային ժարգոն կամ խոսակցական լեզու է», որովհետև լեզվաբանությանը լավ է´լ հայտնի է, որ ոչ մի բարբառն էլ զզվելի չի ([7], ԼՔՀԼ, Ներածություն, 141-րդ էջն ու հետո)):

Հարց 19. Կա՞ «Չխոսակցական» կամ «Չժողովրդական» կամ «Չժողովրդախոսակցական» կամ «ժողովրդաՉխոսակցական» լեզու:

(Թե որ «չխոսակցական» կամ «չժողովրդական» լեզու կա էլ, սրանք հենց գրական «լեզուները» (ավելի ճիշտ, գրական ոճերն) են: Աշխարհում չկա գոնե մի գյուղ, ինչը խոսի իր երկրի գրական «լեզվով» (ոճերով): Գրական «լեզու» կոչածը հե´նց ժարգո´ն է, որ կա, որովհետև ունի ժարգոնի բոլո՛ր-բոլո՛ր հատկությունները:

Դրույթ 9. Մեր այս «գրական լեզու» ասվածը հենց Չխոսակցական է, ու նաև՝ Չժողովրդական է, որովհետև ժողովուրդը սրանով երբեք առավոտից իրիկուն ու անբըռնազբոս չի խոսում):

(Ու նույնիսկ մեր լեզվաբանությունն ու գրական ոճերի կողմնակիցներն էլ չեն կարում այս գրականով խոսեն, խոսեն միշտ ու առանց լարվելու, որովհետև ո՞վ կարող է Դերենիկ Դեմիրճյանի կամ Ավետիք Իսահակյանի կամ Ակսել Բակունցի արձակի ոճով անընդհատ խոսի: (Սա չէին կարա հենց իրանք է´լ՝ Դերենիկ Դեմիրճյանն ու Ավետիք Իսահակյանը կամ Ակսել Բակունցը):

Հայերենը հայերի´ լեզուն է, սա անվիճելի է: Հայերեն են հայերենի բոլո´ր վիճակներն ու բոլոր բարբառները, սա է´լ է անվիճելի: Ուրեմն.

Դրույթ 10. Այսօրվա հայերենի իմացությունը հայերենի այսօրվա բարբառներից մեկնումեկի գերազանց իմացությունն է:

Դրույթ 11. Այսօրվա հայերենի բոլոր կրողներն էլ հայերեն գիտեն, որովհետև հայ են:

Սա էլ է անվիճելի: Տվյալ բարբառի գերազանց իմացողը այդ բարբառով գերազանց պատմողն է: Օրինակ, Աբովյանը, Պռոշյանը, Թումանյանը. (Թումանյանի հերոսներից, օրինակ, Նեսոն), Վրթ. Փափազյանը, Դ. Դեմիրճյանը (բացի Վարդանանքի լեզուն, ինչը գրական ոճ է, աղավա´ղ հայերեն է), ու բոլոր ա´յն ասացողները, ումից որ գրի են առել մեր էպոսն ու հեքիաթները, ու մեկ էլ մի քանի հոգի:

Հնարավոր է, որ հայը տառաճանաչ էլ չլինի, բայց հայերենը գերազանց իմանա, էլի, օրինակ, Թումանյանի Նեսոյի պեսերը, կամ մեր ասացողներից ոմանք:

Գրական ոճերն իսկական հայերենից շատ են շեղված, ու հաճախ համարյա հայերեն չեն, ժարգո´ն են: Սրա համար էլ գրական ինչ-որ մի ոճի իմացությունը կամ «ճոխ» բառապաշարը բոլորովին էլ հայերենի գերազանց իմացության նշան չի:

Դրույթ 12. Հայերենի իմացությունը կապ չունի ուղղագրական կամ կետադրական կանոնների իմացության կամ բառապաշարի ծավալունության հետ:

Դրույթ 13. Հայաստանում հայերենի բոլոր քննություններին միշտ է´լ ստուգում են գրական տգեղ ու անընդունելի շտամպի, ուղղագրական ու կետադրական կանոնների ու մեկ էլ բառապաշարի իմացությունը. իսկ սրանք, ըստ էության, առնչություն չունեն հայերենի իմացության հետ:

Դրույթ 14. Երբ ասում ենք «գրական», նշանակում է՝ «գրելո´ւ» լեզու: Բառը գըրվեց, գրական է: Աճառյանն ա´յս սկզբունքով է հավաքել մեր արմատները:

Գլուխ 20. ԳՐԱԿԱՆ ՈՃԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

20.1 Լեզուն մաքրելու մարմաջը

Մեր հին ու նոր գրականությունը լի´քն է «օտար» բառերով: Ընդ որում, «գրականություն» ասելով՝ չպիտի´ հասկանանք միայն գեղարվեստակա´ն ու միայն այսօրվա´ գրականությունը: Օրինակ, պատմաբանի կամ ֆիզիկոսի աշխատությունն էլ է գրական ու շատ անգամ էլ՝ ընտի´ր գրական է:

(Ամերիկացի ֆիզիկոս Ռիչարդ Ֆիլիպս Ֆեյնմանի նշանավոր «Ֆիզիկայի ֆեյնմանյան դասախոսությունները» բազմահատորի համարյա «խոսակցական» անգլերենի չքնաղ ոճն ու նաև սրա ռուսերեն թարգմանության ոճը ուղղակի լեզվական ճոխ խրախճանք են):

Մեր «հայրենասեր» բոլոր ուսյալներն ու լեզվական պետական բոլոր պաշտոնյաները, միաձայն ու անընդհատ, պահանջում են, որ «մեր գրականությունը մաքրենք օտար բառերից»:

Լավ, եկեք մաքրե´նք, բայց ի՞նչ կամ ո՞ր գիտական սկզբունքով: Ու այս անգամ ի՞նչ անենք Ակադեմիայի հրատարակած «Հայոց պատմության» կամ Լեոյի «Հայոց պատմության» մոնումենտալ հատորների «անմաքուր» բառերը: Սրանցից հանենք այս «կեղտոտ, օտար» բառերն ու դեն շպրտե՞նք:

Ի՞նչ անենք սրանց «անմաքուր» ու «ոչ ոսկեղենիկ» բառերը: Սրանցից հանենք ու դեն շպրտե՞նք, օրինակ, «թիուլդարական, ֆառաշ, ղզլբաշ, ղաչաղ, բեգյար, յասավուլ, ենիչերի, ասկյար, սուլթան, խան, փաշա, փադիշահ, վեզիր» ևն, ևն, ևն:

Լեզվի մաքրության ջատագովները չե´ն ուզում (ինձ մեկ-մեկ թվում է, թե չե´ն էլ կարող) հասկանան, որ.

Դրույթ 1. Լեզուն «մաքրելու» ո´չ մի գիտական չափանիշ չկա´, չի´ եղել ու չի´ էլ լինի:

(Ասածներս´ իհարկե չեն նշանակում, որ պիտի խոսենք ու գրենք գողերի կամ «խառոշիների» ժարգոնով կամ հայհոյանքով, չնայած ստեղծագործողը ոճական կամ այլ գեղագիտական նպատակներով՝ այս իրավունքն է´լ ունի, ու ընթերցողն էլ սրա գրածը չկարդալո´ւ իրավունքն ունի):

Մեր հունաբան հեղինակնե´րն են (5-6-րդ դար) բառերի ու հայերենի քերականության դեմ այս «արյունահեղ» պատերազմի հեղինակը: Ափսոս, բայց դե իրենց օրերի գիտության մակարդակը դա´ էր, ու իրենք անկե´ղծ էին մոլորված:

Բայց մենք է՞լ ենք մոլորված: Արդեն մոտ 1500 տարի է, ինչ կռիվ ենք տալի մեր բառերի ու մեր քերականության հետ, բայց ինչի՞ ենք հասել:

Դրույթ 2. Լեզուն «մաքրելու» մեր այս անհեթեթ պայքարի միակ «հաղթանակը» մեր բարբառները, այսինքն, մե՛ր իսկ մայրենի լեզուները, ու սրանց հետ էլ՝ հայերենի ամենակարևոր մայրենի լեզուն, Երևանի բարբառը (ինչը պիտի իբր լինի մեր գրական ոճերի հիմքը), պատվազուրկ անելն է եղել:

Ու արդեն այն օրին ենք հասել, որ մեր ակադեմիկոսներից ոմանք Երևանի բարբառը հեռացույցով անվանում են «գռեհիկ ժարգոն»:

Բայց բարբառները պատվազուրկ անելը արտակարգ վտանգավոր բան է, որովհետև սրա վերջը հայերեն լեզուն սպանելն է, որովհետև.

Դրույթ 3. Մենք խոսում ենք միայն ու միայն բարբառներով ու գրական ոճերով չենք խոսում ու չենք է´լ խոսելու, երբե´ք, որովհետև շարքային մարդը վարպետ գրող չի:

Լեզվի հնարավոր ասածս սպանությունը լրի´վ է իրական, որովհետև, ինչպես արդեն ասվել է, սրա մի օրինակը, ինչպես արդեն մի քանի անգամ է ասվել, ունենք:

1920-ական թվերին պատվազուրկ արեցին հայ էթնիկ երգն ու պարերգը, ու սըրանք մեռան, ու հիմա հայ ժողովրդի անդամները, որ մի դար առաջ, պարելիս, համարյա լրիվ էին երգում հայ (արդեն «էթնիկական» կոչվող) երգը, այսօր չե´ն երգում ու չե´ն լսում (երգելու ու պարելու էթնիկ ձևով՝ առանց բացառության), իսկ հայ երգապարից նույնիսկ «խաբար» է´լ չեն:

1920 թվից հետո մեր գրական նոր ոճերը պետական մասշտաբով բախվեցին Երևանի բարբառին, ահագին ճնշեցին ու փոխեցին սա: Բայց կարեցա՞ն Երևանի բարբառը լրիվ իրե´նց ենթարկեն: Ո´չ մի անգամ:

Բարբառի հնչյունների կազմը ահագին փոխվեց, թեթևակի փոխվեցին բարբառի ձևաբանությունն ու շարահյուսությունը, բավական զգալի փոխվեց բառապաշարը, բարբառի մի քանի հարյուր «օտար» բառը դեն շպրտվեց (չնչին բան՝ գրական ոճերի մոտ 160000 «օտարի»-ի համեմատ), բայց բարբառը բացարձակ չմաքրվեց ու չենթարկվեց գրականին:

Ասվել է արդեն, որ երևանցին ասում էր՝ «լիս, արին, զրից» ևն, ու հիմի չի´ ասում՝ «լույս, արյուն, զրույց», ինչպես որ ուզում էին հյուսիսյանները: Սրանց տեղն ասում է՝ «լուս, արուն, զրուց»:

Ու առկա օտար արմատների թիվը հազարների է հասնում: Այս օտար բառերը նորից կան, նորից հազարներով ու տասնյակ հազարներով, ու սրանք նորից են գալու, որ լեզուն անընդհատ հարմարվի կյանքի նոր իրավիճակներին, գալու են, քանի հայերեն լեզուները չեն մեռել:

Երբ ասում եմ. «Երևանցին ասում է», նկատի ունեմ միայն Երևանի բարբառը կըրողներին, այսինքն, միայն ա՛յն երևանցիներին, ովքեր իրենց կյանքի մեծ մասը խոսում են Երևանի բարբառով, ու սրա համար էլ հենց իրե´նք են այս խոսվածքի կրողները, որովհետև հենց իրե՛նք են երևանցիների մեծամասնությունը ու, իհարկե, երեվանցի մանուկներին, մանավանդ դպրոց չգնացողներին:

Լեզվաբանությունն ու մանավանդ բանահավաքչությունը հենց ա´յս սկզբունքն է ընդունում, ու հենց սա´ է կիրառում ու համարում գիտական: Ուրիշ խոսքով.

Դրույթ 4. Երևանի բարբառի գիտական քննությունների ժամանակ ճիշտ չի լինի, եթե արված եզրակացությունները հաստատելու համար օրինակ բերվի մտավորականների խոսքը: Հակառակը, օրինակները պիտի կա´մ երեխաների խոսքից լինեն, կա´մ չուսյալների: Այս սկզբունքը լեզվաբանության այբուբենն է:

Քերականությունով՝ բարբառն ու գրականը իրարից շա´տ-շատ են տարբեր:

Ու ամենահետաքրքիրն ու ամենաչքնաղն ա´յն բանն է, որ.

Դրույթ 5. Քերականությունով՝ բարբառն իրո´ք է մաքուր:

Ինչ ուզում է ասեն՝ զորավո´ր բան է կենդանի լեզուն, այսինքն, բարբառը:

Զորավոր է ու չքնաղ ու ճկուն ու հարատև, անսահման հարուստ ու անսպա´ռ հնարավորության տեր, քանի կենդանի է, քանի չե´ն մորթել, ավելի ճիշտ, քանի չե´նք մորթել:

Քանի չե´նք մորթել, որովհետև այսօր անգիտակից նպատակ ունենք՝ մորթե´նք մեր բարբառները, որովհետև այսօր մեզ թվում է, թե մեր գրական ոճերից ավելի սիրուն բան չկա´: Ո՞ւր էր՝ այսպես լիներ:

Մենք այսօր խելքը գլխին թատրոն ու կինո համարյա չունենք: Օտար կինոների մեր «թարգմանությունները» (հազվագյուտ բացառությամբ) ուղղակի այլանդակ են: Մեղավորը մեր գրական լեզուն է: Իրոք, թե որ բեմի վրա մի վարպետ Արշո մի վարպետ Արմոյի ասի.

– Վարպետ Արամայիս, այնտեղից վերցրու այն պտուտակամայրը, հեղույսը ու պտուտակաբանալին գցիր, թող գան այստեղ,

հայաստանցի ո´չ մի հայ չի հավատա, որ աշխարհում այսպես խոսող գոնե մի վարպետ Արշո կա: Կամ էլ՝ կմտածի, որ Արշոն Արմոյին ձեռ է առնում:

Բեմի լեզուն պիտի «մաքո´ւր» լինի, բայց պիտի «մաքուր» լինի միայն Լեզվի Գըլխավոր Օրենքի պահանջներին համաձայն: «Մաքուր» բառի չակերտները սրա´ համար եմ դնում:

Արշոն պիտի իր «մաքո´ւր» լեզվով խոսի: Արշոն որ մի´ հատիկ գրական բառ էլ խառնեց իր լեզվին, մի փոքրիկ-փոքրիկ դերանուն կամ մի «գրական բացականչություն», կամ էլ, նույնիսկ, թե որ իր լեզվին սխալ ու «ոչ հայերեն ժեստ» կամ մի կեղծ ինտոնացիա խառնեց, «համը կհելնի», ու դա էլ արդեն հայերեն թատրոն՝ չի´ լինի:

Հենց սրա´ն պիտի հետևի մեր այսօրվա սերիալների ոճն ու լեզուն:

Եթե մեր սերիալները չհետևեն այս սկզբունքին ու, իհարկե, ռեալիզմի կանոններին՝ առհասարակ, կլինի խայտառակություն, ոնց որ հիմի´ է: Ու.

Դրույթ 6. Մեր կարգին թատրոն ու կինո չունենալու գլխավոր պատճառը սրանց նախ հենց լեզվի´ կեղծությունն է:

Դրույթ 7. Գրողի միակ գործիքը լեզուն է, ու երբ այս լեզուն կեղծ է ու արհեստական, անհնար է, որ սրանով անկեղծ բան ասվի: Կեղծ լեզվով ստեղծված գրականությունն ա՛նպայման կեղծ կլինի:

Թե որ Արշոն չասաց «քից» ու տեղն ասաց՝ «գցի´ր», «գ»-ով ու վերջի «ր»-ն էլ հետը), չի´ լինի, ոնց որ չի լինում մեր սերիալներում ու կինոների մեր արած թարգմանություններում:

Այս թարգմանությունների ու առհասարակ՝ բեմի լեզուն պիտի միայն ԼԳՕ-ի պահանջած հայերենը լինի: Նորմալ Արշոն մի´ հնչյուն էլ չպիտի փոխի: Նորմալ հայ Արշոն պիտի ասի.

– Ուստա Արմո, հլը մի էն գայկեն, բոլտն ու կլուչը վեկալ ընդուց ու քից՝ թո գան ստե:

Մենք այսպես էլ ասում ենք, բայց չգիտես ինչու, ո´չ թե գրելուց, ո´չ թե միկրոֆոնով, ո´չ թե ժողովին, ո´չ թե լսարանի մեջ:

Ու ճիշտը որ ասենք, այս տեսակ տեղերում մեր արածը ամենաիսկական երկերեսանություն է, որովհետև մի ձևով խոսում ենք ու մի ուրիշ ձևով գրում, ու մեկ-մեկ էլ, «գրական իրավիճակներում», խոսում ենք:

Այս իրավիճակներում անընդհատ մտքներիս մեջ թարգմանում ենք բարբառից՝ գրականի: Սրա համար էլ մեր մանուկները դպրոցում, մեր մտավորականները գրական իրավիճակներում, անընդհատ կակազում են ու կկակազե´ն:

Երբ մեր «միջին» մտավորականը ստիպված է լինում գրական ոճերով խոսի, շատ ավելի վատ է խոսում, քան թե ռուս «միջին» կթվորը միկրոֆոնով:

Մեղավորը մեր այսօրվա գրական ոճերն ու սրանց սիրահարներն են: Ու միայն սրանք:

Ի՞նչ ելք կա: Միակ ելքը, ինչպես արդեն ասվել է, կլիներ Երևանի բարբառը իր ամեն ինչով գրական հայտարարելը:

Դրույթ 8. Գրական լեզուն սարքում են միմիայն մի´ բարբառով: Մենք մեր գրականը սարքել ենք Երևանի բարբառի հիմքի վրա, ու սրա համար էլ պարտադիր է, որ մեր գրական ոճերը, մանավանդ իրենց ձևաբանությամբ ու շարահյուսությունով, միշտ ենթարկվեն ու հետևեն ա´յս բարբառին, ու ոչ թե դոկտոր ու ակադեմիկոս լեզվաբաններին, կամ մի պետական հիմնարկի, օրինակ, Լեզվի պետական կոմիտեին, կամ էլ սահմանադրությանն ու Լեզվի Գլխավոր Օրենքից անտեղյակ ուրիշ մեծամոլներին:

Ինձ սխալ չհասկանաք: ԵՍ ՉԵ´Մ ԱՍՈՒՄ, որ սալմաստցին պիտի իր բարբառով գրի, ղարաբաղցին՝ իր, ևն: Չէ´:

Թե որ մեր գրականը Ղարաբաղի բարբառով սարքած լինեինք, գրականը պիտի հենց ա´յդ բարբառին հետևեր ու դրան լսեր: Օրինակ, եթե սալմաստցին կամ ղարաբաղցին ուզում է գիրք գրի, ստիպված, հիմա´ էլ պիտի գրականը սովորի:

Գրականը համազգային ոճ է, բոլորի´ս համար, գրելո´ւ, սովորելո´ւ, ստեղծելո´ւ համար, բայց ոչ թե խոսելու համար, որովհետև, ինչպես ասվել է, նույնիսկ Թումանյանն ու Իսահակյանն ու Բակունցն էլ իրենց գրականներով չէին խոսում:

Չէին խոսում, որովհետև դա անհնար բան է: Անհնար է, որովհետև դա նույն բանը կլիներ, ինչպես որ մաթեմատիկոս Գաուսը խոսելու փոխարեն անընդհատ ու առավոտից իրիկուն, օրինակ, շուկայում առևտրականի հետ խոսելուց, նորանոր թեորեմներ ապացուցեր:

Ու նորից՝ ինձ սխալ չհասկանաք: Ես ՉԵ´Մ ԱՍՈՒՄ նաև, թե թող գրողները Երեվանի բարբառի բառերից բացի ուրիշ ոչ մի բառ չգործածեն: Երևանի բարբառը, ինչպես բարբառներից ամեն մեկը, աղքատ է, ու սրա բառապաշարը պիտի լրացվի թե´ բանավոր փոխառություններով, թե´ գրական ճանապարհով: Բայց ես ուղղակի ասում ու պնդում եմ, որ.

Դրույթ 9. Ճիշտ կլինի, որ Երևանի բարբառի բոլոր բառերն էլ ու սրանց հնչողությունն էլ հայտարարվի թույլատրելի ու օրինակելի: Ու պարտադիր է, որ Երեվանի բարբառի ձևաբանությունն ու շարահյուսությունը հայտարարվի ճշմարիտ ու օրինակելի:

Դրույթ 10. Բոլոր հայերին գրական ոճերով խոսելու պարտադրանքը նախ անհեթեթ է, որովհետև անհնար է, երկրորդը՝ հակագիտական պահանջ է, ու երրորդը, սա զուտ ՔԱՂԱՔԱԿԱՆ պահանջ է, ինչը ձեռնտու է միայն սոցիալիզմի որևէ տեսակի մոլեռանդ ջատագովին կամ միամիտ ու մոլորված մարդուն:

Թե որ մեր գրական ոճերը հետևեն ու մի´շտ ենթարկվեն Երևանի բարբառին, գործը շա´տ կհեշտանա:

Դրույթ 11. Ուզածդ հայը, ով գալիս է Երևան, սկզբից Երևանի´ բարբառն է սովորում, ու շատ հե´շտ է սովորում: Շատ հեշտ, որովհետև ի´նչ երևանցու հետ էլ խոսի, այդ երևանցին իր համար լեզվի դասատու է ու գերազա´նց դասատու է:

Է´լի եմ ասում, այսօր Երևանի բարբառով խոսող՝ միլիոնից ավել մարդ կա, իսկ գըրականով խոսող մի´ գյուղ, մի փոքրի´կ գյուղ էլ չկա: Չկա, որովհետև.

Դրույթ 12. Մեր այսօրվա գրականը բառերով՝ գրաբարատիպ է, քերականությունով՝ մի մասը Երևանի բարբառի, մի մասը՝ օտար: Ճիշտն ասած, մեր այսօրվա գրական ոճերն իրենց մայր բարբառից շեղված ու, ըստ էության, աղավաղ հայերեն են, ու զուրկ են իսկական լեզվական պրոցեսին հարկավոր բոլոր հատկություններից: Սրա համար էլ հնարավոր չի, որ հայերի որևէ մի հանրությունը սրանցով անընդհատ ու ամեն իրավիճակում խոսի:

Դրույթ 13. Աշխարհի համարյա բոլոր «գրական լեզու» կոչվածներն էլ իսկական լեզու չեն ու իրենց մայր բարբառի մայր բարբառից շեղված ու, ըստ էության, աղավաղ տեսակն են: Իսկական լեզու էլ չե´ն, որովհետև իսկական լեզվով խոսո´ւմ են, ու ոչ թե թիթիզություն են անում, իսկ գրականներով շատ անգամ միայն թիթիզություն են անում:

Մեր ուսյալներն էլ՝ ոնց որ մրցեն իրար հետ, թե ո՞վ ավելի շատ անծանոթ ու ավելի հին բառ օգտագործի, ո՞վ ավելի խրթին ու անհասկանալի գրի ու խոսի, ո՞վ ավելի շատ չհայերեն բառ ու բան գործածի, որ ավելի գրագետ երևա:

Աբովյանից առաջ էլ էր այսպես. ով ավելի խրթին ու ժողովրդին անծանոթ բան էր գրում, դա´ էր ավելի գրագետ համարվում: Երևում է՝ մեր ճակատին է գրած, որ անցյալի դասերը վռազ մոռանանք: Ի վերջո.

Դրույթ 14. Այն հարցին, թե ի՞նչն է ավելի հարմար ու բեղուն, այսօրվա՞ գրականը, թե՞ Երևանի բարբառի հիմքի վրա գրված գրականը, տրամաբանությունը չի կարա պատասխանի: Այս հարցին կպատասխանի միմիայն ապագան, միմիայն ժամանակը:

Աճառյանն ասում է, թե գրական լեզու լինելը, գրական պատիվ ունենալը չի´ նշանակում, որ գրականը բարբառներից ավելի լավն է: Ասում է, որ մեր ամե´ն մի բարբառն էլ մեր համար թանկ է ու գնահատելի:

Սա որ Աճառյանն էլ չասեր՝ պիտի որ ինքներս է´լ գլխի ընկնեինք:

Կրկնում եմ, բարբառը մեզ մեր ծնողներն են սովորեցրել, ու ո՞վ իրավունք ունի ասի, որ մեր ծնողների, մեր մայրերի´ սովորեցրած լեզուն, մեր միակ իսկական մայրենի լեզուն՝ «զզվելի է, կոպիտ, անտաշ, ռամիկ, գավառական»: Այս իրավունքը ո´չ մեկը չունի:

20.2 Նորից՝ ի՞նչ ելք կա: Ճշտի չափանիշը

Աշխարհի բոլոր գրական լեզուներն էլ՝ սարքել են մե՛կ, միայն մե՛կ բարբառի հիմքի վրա:

Մեր այսօրվա արևելահայ գրական լեզուն սարքվել է Արարատյա´ն բարբառի (կամ, ուրիշ անունով, Երևանի բարբառի) հիմքի վրա:

Էլի կրկնեմ, որ լեզվաբան կա, ով ասում է՝ Երևանի բարբառ չկա: Սա ճիշտ չի:

Դրույթ 1. Նորից ու նորից կրկնեմ, որ Երևանի բարբառ կա´: Այս բարբառով խոսում են համարյա բոլոր երևանցիները, մանավանդ բարձրագույն կրթություն չունեցողները ու երևանցի երեխաների մեծագույն մասը: Երևանի բարբառը քիչ-քիչ հաղթում ու երևի սպանում է Արարատյան բարբառի մնացած խոսվածքները:

Այս բարբառի (կամ խոսվածքի) գոյության մի ուրիշ ապացույց էլ ասեմ: Երևանի բարբառը մի 120 տարի առաջ հաստատ կար: Հիմա ի՞նչ, մի սիրուն օր երևանցիք իրենց բարբառը մոռացան ու անցան գրականի՞ն, ու հետո էլ, լրիվ մի ուրիշ օր, «անշնորհքավարի», առավոտը վեր կացան ու անցան այսօրվա «փողոցային ժարգոնի՞ն կամ ժողովրդախոսակցականի՞ն»:

Սրա պես բան չի´ եղել:

Սրա պես բան հնարավոր չի´, ու մտածող մարդը, չպիտի սրա պես բանի հավատա, եթե նույնիսկ սա իրեն լեզվաբանության ակադեմիկոսն ասի:

Դրույթ 2. Կնշանակի, նորից շեշտեմ, որ եթե մտավորականներին հանենք, Երեվանի բարբառով խոսում է միլիոնից ոչ պակաս մարդ:

Իսկ այսօրվա արևելահայ գրական լեզվով քանի՞ մարդ է խոսում (անսխալ, համարյա միշտ, առանց լարվելու, հանգիստ ու անբռնազբոս):

Դրույթ 3. Չմոռանանք, որ մեր 5-րդ դարի գրաբարը, այսինքն, 5-րդ դարի գրականը, ամենայն հավանականությամբ, էլի´ սարքած էր Արարատյան բարբառի Վաղարշապատի խոսվածքի վրա:

Արդեն ասվել է, որ.

Դրույթ 4. Ժամանակի ընթացքում ամեն լեզու էլ աննկատելի ու անընդհատ փոխվում է (այս կանոնը ոչ մի բացառություն չունի) ու փոխվում է ա´յն աստիճան, որ մի հազար հինգ հարյուր տարի հետո անճանաչելի է դառնում: Այս իմաստով՝ Երևանի այսօրվա բարբառը մեր 5-րդ դարի գրաբարի (ավելի ճիշտ, 5-րդ դարի Արարատյան բարբառի) հարազատ ժառանգն է:

Տեսանք, որ մեր այսօրվա գրականը բարբառից շատ է տարբեր: Տարբեր է բառապաշարով է´լ, քերականությունով է´լ: Ու ափսոս, որ գրականը չի´ ենթարկվում, չի´ հետևում բարբառին, այսինքն, անտեր է: Սրա համար էլ.

Դրույթ 5. Մեր գրական ոճերը «քայլում են» իրենք իրենց, «որբի պես» ու, կամաց-կամաց, անընդհատ, ենթարկվելով առանձին «գրագետների» քմահաճույքին, չգիտակցելով, որ օտար քերականական ձևեր են վերցնում դնում բնիկ, հարազատ ձևերի տեղն ու հարազատ ձևերն սպանում են:

Այս պրոցեսն սկսվել է մոտ դար ու կես առաջ, ու մեր այսօրվա «գրական լեզուն» մի անճոռնի շիլաշփոթ է, ժողովրդին տհաճ ու շատերին անհասկանալի, ու մեր գըրաբարի պես մեռնելու վրա է: Ուրեմն.

Դրույթ 6. Գրական «լեզվին» տեր ու տիրական է պետք: Բայց մեր գրական ոճերի տեր ու տիրականը կարող է ու պիտի լինի մի´միայն Երևանի բարբառը, ու ոչ թե Լեզվի պետական օրենքի պես մի անհեթեթությունը:

Բայց այսօր Երևանի բարբառը համարում են՝ «ժարգոն, գռեհիկ, անտաշ, կոպիտ, զզվելի»: Ավելին, ինչպես արդեն ասվել է, տարածված է ա´յն կարծիքը, թե բարբառն աղավաղ գրականն է:

Այնինչ, մոտ կես դար է, ինչ ես ուշադիր ուսումնասիրում եմ մեր գրական ոճերի ու Երևանի բարբառի տարբերությունները ու, ինչպես բազմիցս ասվել է այս գրքում, եզրակացությունս ոչ միայն անհավատալի է, այլ ուղղակի ֆանտաստիկ է:

Դրույթ 7. Մեր գրական «լեզու» կոչվածի ու մեր Երևանի բարբառի քերականական համարյա բոլոր տարբերությունները հենց մեր գրական «լեզու» կոչվածի սըխալներն են, ա´յն սխալները, որ մեր հայերենը լավ չզգացող կամ բարբառներն արհամարհող «թարգմանները», լրագրողներն ու գրողներն են ներմուծել հայերեն գրական ոճերի մեջ:

Սրա համար եմ անընդհատ ասում, որ մեր գրական ոճերն աղավաղ կամ կոտրատված ու սխալաշատ հայերեն են: Այս սխալների թիվը միլիարդների է հասնում: Սրա համար էլ այս սխալներից ազատվելու միայն մի ճար կա, պիտի դիմենք Լեզվի Գլխավոր Օրենքին:

Մենք չպիտի մոռանանք, որ.

Դրույթ 8. Գրված քերականությունը պիտի լինի միայն ու միայն տվյալ լեզվի կրողների արդեն կայունացած ամեն տեսակ ԲԱՆԱՎՈՐ (հնչյունական, բառային, ձևաբանական ու շարահյուսական) հիմնական հարացույցների (կաղապարների) ամբողջությունը:

Մենք չպիտի մոռանանք, որ.

Դրույթ 9. Եթե կա կենդանի լեզու, այս լեզուն անպայման քերականություն ունի՛, անկախ այն հանգամանքից, թե այս քերականությունը հայտնագործված ու գրանցված է, թե ոչ: Քերականությունը լեզվից անբաժան է, ճիշտ նույն ձևով, ինչպես որ մարդու բնավորությունն է մարդուց անբաժան:

Դրույթ 10. Մենք չպիտի մոռանանք, թե ինչ է ասում Լեզվի Գլխավոր Օրենքը (ԼԳՕ-ն): Որևէ բարբառը (բայց ոչ գրական ոճը) կամ խոսվածքը ինքնին ճիշտ ու կոլեկտիվ պրոցես է, ինչն սպոնտան է, ինքնակարգ, ինքնակազմակերպ ու ինքնակառավար ու չի ենթարկվում տրամաբանությամբ կազմված որևէ գիտակից ծրագրի:

Դրույթ 11. ԼԳՕ-ն ասում է, թե որևէ բարբառի (բայց ոչ գրական ոճի) կամ խոսվածքի տվյալ պահի ամե՛ն-ամե՛ն ինչը, լինի սա՝ հնչյունաբանություն, բառակազմություն, ձևաբանություն, շարահյուսություն կամ նույնիսկ՝ արտասանություն, առոգանություն, ձայնարկություն, միմիկա ու ժեստ, ճի՛շտ է, «բնի՛կ» է, ընտի՛ր է, սիրո՛ւն է ու ա՛նպայման է ընդունելի հենց այն ՄԻԱԿ պատճառով, որ այդ խոսվածքը կրողների մեծ մասի խոսքի մեջ ուղղակի կա՛, գոյությո՛ւն ունի:

Մենք չպիտի մոռանանք, որ.

Դրույթ 12. ԼԳՕ-ից բացի լեզվական երևույթի թե´ ճիշտ ու սխալը, թե´ «բնիկ»-ն ու «օտար»-ը որոշելու որևէ ուրիշ չափանիշ չի եղել, չկա ու չի էլ լինի (որ լիներ, ուրիշ հարց), որովհետև իսկական լեզուն, պրոցե´ս է, լեզվակա´ն պրոցես է, ինչից հետևում է, որ լեզուն անընդհա´տ է փոխվում, իսկ լեզվի ապագան էլ ըսկըզբունքով իսկ անհայտ է:

Օրինակ, ինչպես ասվել է, ոմանց այդքան հավանած գրական ոճերի հետևյալ խոսքը. «Ճաշը պատրաստված է տատիկի կողմից և գտնվում է գազօջախի վրա», աղավաղ կամ կոտրատված հայերեն է ու տեղով մեկ հենց ժարգոն է, որ կա: Այս խոսքն ա´նկասկած է խորթ հայերենին, ուրեմն, օտար է, որովհետև հայերի մեծագույն մասն այսպես չի խոսում:

Սրա հայերեն մի տարբերակը (Երևանի բարբառովը) հետևյալն է. «Ճաշը տատին ա էփե ու էտի գազի պլիտի վրեն ա», ու իսկական, մաքուր ու չքնաղ հայերենը հենց սա´ է, ինչքան էլ որ սա ոմանց ականջին «զզվելի ժարգոն» թվա: Ժարգոնը, ինչպես արդեն բազմիցս է ասվել, հենց գրակա´ն ոճերն են: Ցավոք, ես ի´նքս, ստիպված, իմ այս գիրքն է´լ եմ գրական ժարգոնով գրել, որովհետև եթե ժարգոնով չգրեի, ոչ ոք սա չէր կարդա:

20.3 Լեզվական ազատությունը ֆունդամենտալ է

Լեզվի Գլխավոր Օրենքից անառարկելի բխում է, որ.

Դրույթ 1. Միմիայն Երևանի բարբա´ռի իսկական կրողները, միայն այդ բարբառով խոսողները, այսինքն, միայն Լեզվի Գլխավոր Օրե´նքը կարող է լինի մեր գրական ոճերի տերն ու տիրականը, ղեկավարն ու պահապան հրեշտակը, ու ոչ թե Լեզվի պետական կոմիտեն, կամ դոկտոր պրոֆեսոր ու ակադեմիկոս լեզվաբանները, թարգմանները, կամ հայերենի դասատուներն ու լրագրողներն ու գրողները:

Դրույթ 2. Գրական ոճերը խրախուսում են հենց բարբառից տարբերվող ձևերը: Այս ձևերը կա´մ գրաբար ոճերից «պեղած» բառ ու բաներ են, կա´մ արևմտահայերենի այսօրվա հնամոլ ուսյալների հորինվածքներից են, կա´մ օտար լեզուներից (մեծ մասամբ, ռուսերենից ու անգլերենից ու այլ լեզուներից) արված թարգմանական կլիշե են: Այս ձևերը խորթ են հայերենին ու աղավաղում են հայերենը:

Ասվել է, որ.

Դրույթ 3. Կենդանի լեզուն ցրիվ ինքնակարգ պրոցես է, ինչն ինքնի´ն է ճիշտ, այն իմաստով, որ ինքնակազմակերպ ու ինքնակառավար է ու չի ծրագրավորվում:

Դրույթ 4. Ցրիվ ու ինքնակարգ պրոցեսին մասնակից անհատի լեզուն անկրկնելի է իր անհատականությամբ (ինչը երևում է, երբ որևէ պրոֆեսիոնալ պարոդիստը նըմանակում է մի ուրիշի խոսքը) ու ենթակա է ընդունված «միջինից» աննկատելի շեղմունքների, կամ «սխալների», որոնք կարող է լինեն թե´ հնչյունական, թե´ ձևաբանական, թե´ շարահյուսական:

Այս իմաստով կարելի է ասվի, որ.

Դրույթ 5. Անհատի ուղեղում թերևս առկա է տվյալ բարբառի հիմք-մատրիցը (ինչի անալոգը, օրինակ, հնչույթն է կամ ֆոնեմը), ինչն էլ հենց կրում է տվյալ լեզվի ցրիվ կարգը, ու անհատի ուղեղն իր լսածը համեմատում է հենց այս կարգ-մատրիցի հետ, որ լսածն ըմբռնի:

Դրույթ 6. Եթե անհատն իր լսածից խորթություն չի զգում (իր մայրենու համեմատ), այս լսած լեզուն համարում է իր հարազատ մայրենի լեզուն: Եթե անհատն իր լսածից խորթություն է զգում, մտածում է, որ լսածն իր մայրենի լեզվի աղավաղմունքն է:

Դրույթ 7. Լեզուն (այսինքն, լեզվական պրոցեսը) փոխողը հենց այս աննկատելի շեղմունքներն են, որոնք էլ a priori որոշում են լեզվական սխալների թույլատրելիության սահմանները:

Դրույթ 8. Երբ խոսողի այս սխալներն անցնում են թույլատրելիության սահմանները, այսինքն, երբ լսողները ինչ-որ կերպ (օրինակ, ծիծաղով կամ ժպիտով), հասկացնում են խոսողին, որ զգում են այս սխալները, խոսողն ուղղում է սրանք (անալոգիայի մեխանիզմով, նմանակելով լեզվի կրողների խոսքը), թե չէ ծիծաղելի կթվա շրջապատին, ինչը ոչ մեկը չի ուզում:

Դրույթ 9. Մնացած ամեն ինչով հանրության լեզվական պրոցեսին մասնակից անդամի խոսքը ազատ է, քանի որ խոսելու կարողության գործածությունը, ճիշտ հենց մտածելու կամ քայլելու կարողության գործածության պես, միմիայն խոսող անհատի մասնավոր սեփականությունն է, ու ոչ ոք, նույնիսկ պետությունը, իրավունք չունի բռնանա այս ֆունդամենտալ իրավունքի վրա:

Իրոք, ո՞վ իրավունք ունի մեկնումեկին ասի. «Սխալ ես քայլում, պտի բալետի պարողի պես քայլես»: Ուրեմն.

Դրույթ 10. Պետական կոչվող լեզվի գաղափարը նախ անընդունելի է, որովհետև ուղղակի անհնար է, որ հանրության բոլոր անդամները խոսեն հենց նույն ըստանդարտ գրական ոճով, այսինքն, նույն աղավաղ լեզվով, երկրորդն էլ՝ սա անհատի լեզվական ազատության նկատմամբ կոպիտ բռնությունն է:

Կնշանակի.

Դրույթ 11. Մեր այսօրվա լեզվի քերականության բոլոր այն կանոնները, որոնց մեծ մասը քաղված է գրաբարի քերականությունից, բայց որոնք տարբեր են Երևանի այսօրվա բարբառի համապատասխան կենդանի ձևերից, այսօրվա համար ա´նպայման են սխալ, թեկուզ սրանց հեղինակները լինեն տիտղոսավոր գիտնական ակադեմիկոսները:

Դրույթ 12. Գրական ոճերը կիրառելիս, ճշմարիտ լեզվաբանը, ճշմարիտ մտավորականը, պիտի ղեկավարվի միայն ու միայն Երևանի բարբառի այսօրվա արդեն ընդհանրացած քերականությամբ ու պիտի հրաժարվի լեզվական արդեն մեռած ձևերի գործածությունից, նույնիսկ եթե սրանք պարտադրվում են պետության սահմանադրությամբ, որովհետև սահմանադրությունը չպիտի սխալ կամ անհնար բան պարտադրի:

Լեզվական ազատությունը հարկավոր է, որ տվյալ լեզվական հանրության լեզվական պրոցեսի ցրիվ կարգը հեշտ դիֆուզվի ու գործի առավելագույն հաջողությամբ: Շարքային անհատը լեզվաբան չի, որ իմանա, թե գրական լեզվի «քրմերի» պահանջները որոնք են, ու սրանք հաջողությամբ կիրառի:

20.4 Եթե Երևանի բարբառը համարվի գրակա՞ն

Դրույթ 1. Լեզվի հզորությունը նախ պայմանավորված է հենց իր խոսքը կառուցելու անհատի բացարձակ ազատությամբ:

Դրույթ 2. Լեզուն մարդկային ամենայն արարմունքը հնչավորող հզորագույն գործիքն է – առաջին հերթին հենց անհատի լեզվական ազատությա´ն շնորհիվ:

Դրույթ 3. Պետերի հանրությունները (այսինքն, պետությունները, որոնց չպիտի նույնացնենք ողջ ժողովրդի կամ խոսող ողջ հանրության հետ) միշտ ձգտում են մասնավոր անհատի ամենայն արարմունքների իրավունքները խլեն ու մոնոպոլլացնեն ու կենտրոնացնեն, որ ժողովրդին հեշտ ճորտացնեն (տես [45]-ը):

Ու պետերը լավ գիտեն, որ իրենց այս նպատակին հասնելու համար նաև ամեն մի անհատի խոսելու ազատությունը խլելը (թերևս արդեն անհատական ամենայն ինչը խլելու ռեֆլեքս դարձած անգիտակից սովորությամբ) նույնպես շատ է կարեվոր:

Պետերը սա անում են նախ մարդու չկրթվելու ու միմիայն ինքնակրթության իրավունքները վերացնելով, ինչպես նաև ողջ երկրի կրթական սիստեմը կենտրոնացնելով պետության (պետերի հանրության) ձեռը:

Դրույթ 4. Մասնավոր կրթությունը լրիվ է ենթարկվում պետական պարտադիր կրթության սիստեմին, ենթարկվում է՝ դպրոցի ու բուհի ավարտական վկայականներն ու դիպլոմները, ինչպես նաև կրթական պետական ծրագրերն ու չափորոշիչները պարտադրելով:

Այսքանից հետո պետերը չափազանց հեշտ են աղավաղում գիտական լեզվաբանության ու գրականագիտության ուսուցումը ու սա դարձնում են ընդամենը «մաքուր» ու, իբր «անաղարտ», մայրենի լեզվի ու ռազմահայրենասիրական դաստիարակության քարոզ:

Դրույթ 5. Լեզվաբանությունն աղավաղելու հիմնական ձևը հակագիտական ըսքոլաստիկայի ու գրական ոճերի, այսինքն, աղավաղ լեզվի քարոզն է, ինչի վերջնական նպատակը նաև լեզվո´վ պետերին հլու-հնազանդ հարկատու, ոստիկան ու զինվոր բուծելն է, իսկ երկրորդի նպատակն ու բովանդակությունը երևում է հենց նպատակի «ռազամահայրենասիրություն» բառից:

Սրա համար է, որ «պետական այրերն» անընդհատ բողոքում են, թե «բուհերի ուսանողները նույնիսկ դիմում գրելու ունակություն չունեն», որովհետև նախ՝ կրթության մասին իրենց պատկերացումն ու պահանջն է այսքանը, երկրորդն էլ՝ իրենց բոլորովին էլ պետք չի, որ իրենց ենթակա ու, ըստ էության, արդեն ճորտացած քաղաքացին այս «դիմումային» կրթությունից ավելի ուսյալ լինի:

(Բայց պետերին անպայման է պետք, որ քաղաքացին մտածի, որ պետությունը (պետերը) հոգում են ժողովրդի «մայրենի լեզվի» մաքրության հարցերը: Սրա´ համար են պետերն ստիպում, որ բուհերի նույնիսկ մաթեմատիկական ու բնագիտական ֆակուլտետներում էլ ուսումնասիրեն այս «դիմումային մայրենին»):

Պետությունը հնարավորություն ունի շատ հեշտ վերացնի այս բոլոր «անհարմարությունները»՝ կրթությունը նորից լրիվ հանձնելով մասնավորին ու վերացնելով դպրոցի ավարտական վկայականների պարտադրությունն ու կրթական պետական չափորոշիչները, ինչը, իհարկե, երբեք չի անի:

Բայց պետությունը հնար ունի ավելի քիչ «զոհողությամբ» ուղղի մեր լեզվաբանության հակագիտականությունն ու մեր ժողովրդի լեզվական կրթության «թերությունները»: Սրա համար.

Դրույթ 6. Պիտի հայտարարվի, որ Երևանի բարբառը թույլատրելի ու խրախուսելի է բոլոր ոլորտներում, այսինքն, որ հենց Երևանի´ բարբառն է գրականը: Այսինքն, հարկավոր է, որ հայտարարվի լեզվական իսկական ու փաստացի ազատություն:

Ի՞նչ հետևանքներ կլինեն, թե որ մի հրաշքով իմ այս առաջարկը իրականանա:

Հետևանք 1. Արարատյան բարբառը կրողները, այսինքն, ավելի քան մեկ միլիոն մարդ, միանգամից կդառնա գրագետ, ուրեմն, կիրականանա մեր ուսյալների մի քանի դարանոց երազանքը:

Հետևանք 2. Մեր այսօրվա գրագետ համարվողները ժամանակավոր կդառնան անգրագետ, բայց սա երկար չի տևի, ինչպես որ երկար չտևեց մեր գրագետների ուղղագրական «անգրագիտությունը» – 1922 թվի ուղղագրական ռեֆորմից հետո:

Ընդամենը մի քանի շաբաթ է հարկավոր, որ գրագետը յուրացնի Երևանի բարբառը, որովհետև Երևանի բարբառը կրող ամեն մի երևանցին էլ իր համար կլինի հայերենի գերազանց ուսուցիչ:

Հետևանք 3. Մեր լեզվաբանության բոլոր այս բարդագույն ու հակագիտական հակասությունները լուծելու հնար կստեղծվի, ու սրանց մեծագույն մասը, իրոք էլ, իսկույն կլուծվի, ու ԼԳՕ-ն իրո´ք կգործի, եթե հայտարարվի, որ Երևանի բարբառը ինքնին ճիշտ է, քանի որ բոլոր բարբառներն են ինքնին ճիշտ:

Հետևանք 4. Հայ լեզվաբանությունը կունենա իր ասածներն ստուգելու միակ գիտական ու միակ օբյեկտիվ չափանիշը, այսինքն, իր պնդումները Երևանի բարբառով ստուգելու չափանիշը, ԼԳՕ-ն:

Հետևանք 5. Մեր մանուկների ուսումը դպրոցում ու մանկապարտեզներում չափազանց կհեշտանա, ու սրանք կկենտրոնանան իրենց անցնելիք առարկաները սովորելու խնդրի վրա միայն, ու «մաքուր լեզու» յուրացնելու մղձավանջը կվերանա:

Հետևանք 6. Մեր կինոն, մուլտիպլիկացիան, ժուռնալիստիկան ու մեր գրողները հնար կունենան կենտրոնանալու իրենց ասելիքի բովանդակության վրա, որովհետև ասելիքի ձևը արդեն կթելադրի իրենց մայրենի լեզո՛ւն, բարբա՛ռը:

Հետևանք 7. Կվերանան արտասահմանյան կինոների լեզվի հրեշավոր կրկնօրինակները, ևն, ևն:

Բազում ուրիշ դրական հետևանք էլ կլինի, կլինեն նաև անսպասելիները, բայց ամենակարևորը կլինի ա´յն գիտակցությունը, որ.

Հետևանք 8. Երևանի բարբառը կրող հայը պարտադիր կհամարվի հայերեն լեզվի ու սրա ուղղագրության գերազանց գիտակ ու, սրա համար էլ, կվերանա քերականությունը դպրոցում այս ծավալով ու առանց «ինչո՞ւ» հարցը տալու անգիր անելու հարկադրանքը: Բուհերն էլ կվերացնեն ոչ լեզվական ֆակուլտետներում հայերենի հակագիտական դրույթները ու մեկ էլ ուղղագրության կանոններն անգիր անելու իրենց այսօրվա անհեթեթ պահանջները:

Անցնենք ուղղագրության կանոններն անգիր անելու պահանջների քննարկությանը:

20.5 Ի՞նչ է ուղղագրական սխալը

Մեր այսօրվա լեզվաբաններն ասում են, թե (օրինակ) «վարդ», «արջ» ու «օձ» բառերի այս գրությունները ճիշտ (ուղիղ) են, իսկ «վառթ, առչ, օց» ուղղագրությունները սխալ են:

Դրույթ 1. Սրա միակ հիմքը թերևս այն հանգամանքն է, որ, օրինակ, «վարդ=vard» ձայնային ձևը ավանդված է դեռ գրաբարյան շրջանից: Բայց ախր մեր լեզվաբաններն ասում են նաև, որ «տարգալ» գրաբարյան բառի ուղիղ գրությունը պիտի լինի ոչ «տարգալ»-ը, ոչ «գթալ»-ը ու ոչ էլ «քթալ»-ը, այլ միմիայն «գդալ»-ը:

Թե ինչո՞ւ է սա ճիշտ, անհայտ է, որովհետև.

Դրույթ 2. Մեր այսօրվա լեզվաբաններն «ինչո՞ւ» ու «ի՞նչ պատճառով» հարցերը, որոնք ցանկացած գիտության մեթոդի հիմնական հարցերն են, բացարձակ են անտեսում: Բայց առանց այս հարցերի՝ գիտությունն անհնար է, որովհետև առանց այս հարցերի՝ անհնար է, որ ճիշտը սխալից տարբերվի:

Սրա´ համար է, որ իրավունք ունենք նորից ու նորից կրկնելու, որ.

Դրույթ 3. Հայերենի այսօրվա հետաբեղյան տեսությունները գիտական չեն, որովհետև իրենց ասածների ճիշտ ու սխալը հաստատող որևէ գիտական ու օբյեկտիվ չափանիշ չունեն:

Իրոք, ինչո՞ւ են «մետասան, երկոտասան, երեքտասան, չորեքտասան, հնգետասան, վեշտասան» ու այլ թվականների այս ուղղագրությունը այսօր սխալ համարվում, իսկ «եփել, եկավ, երկուս, երեք, երեկ»-ը՝ ճիշտ, չէ որ այս առաջիններն է´լ են գրաբարյան:

Ինչո՞ւ են սրանց փոխարենը ճիշտ համարում միմիայն հետևյալ «ժողովրդախոսակցական» ձևերը. «տասնըմեկ, տասներկու, տասներեք, տասնըչորս, տասնըհինգ, տասնըվեց:

Չէ՞ որ այս «ժողովրդախոսակցական» թվականները նույնպես պիտի «բոբո» համարվեին, ինչպես որ բոբո է համարվում «խի՞, տենամ, գիդեմ, քցեմ-քից, քթնեմ-քթա-քթի» ձևերն ու սրանց պես հազար ու մի ուրիշ «ժողովրդախոսակցական» ձևը:

Դրույթ 4. Քանի որ այսօրվա լեզվաբանությունը գիտական չի, ուրեմն, անհնար է, որ այսօրվա գրական ոճերի ուղղագրությունը գիտական լինի ու այս ուղղագրության ճիշտ ու սխալից խոսելը նույնպես անիմաստ է:

Բայց այստեղից մի ուրիշ ողբերգական բան է բխում.

Դրույթ 5. Հայաստանի այսօրվա դպրոցների ու բուհերի այսօրվա հայերենի ուղղագրական (նաև կետադրական) պահանջների մեծագույն մասն ա´նպայման է անհեթեթ ու անիմաստ:

Սրանից էլ բխում է մի ուրիշ կարևոր բան:

Դրույթ 6. Եթե Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտների ուղղագրական «շեղումները» սխալ չհամարվեն, ոչ միայն ոչ մի սարսափելի բան չի լինի, այլև աշակերտները կկենտրոնանան սովորելիքի բովանդակության վրա միայն:

Դրույթ 7. Բացի սա, հայերենի բոլոր տեսակ քննություններին ճիշտ ուղղագրություն պահանջելն ուղղակի անարդար է, որովհետև այսօր հայերենի ճիշտ ուղղագրության գիտական կանոններ չկան:

Լև Տոլստոյը վկայում էր, որ իր 17 դպրոցում ուղղագրական սխալներին բացարձակ ուշադրություն չէին դարձնում ու աշակերտներին խրախուսում էին, որ առանց կաշկանդվելու գրեն իրենց մտածածը: Արդյունքն ապշելու չափ հաջող էր:

Իմիջիայլոց, եթե հանկարծ մի օր լեզուն ազատվի պետության (պետերի հանրության) բռնությունից ու ԼԳՕ-ն ընդունվի ու լեզվական ազատություն հայտարարվի, ուղղագրության այսօր ճիշտ համարվող կանոնների մեծագույն մասը կդառնա սխալ, որովհետև չի համապատասխանի Երևանի բարբառին, իսկ այսօրվա սխալները կըհամարվեն լրիվ ճիշտ ու հատուկ ուղղագրություն սովորելու կարիքը քիչ-քիչ կվերանա:

20.6 Երևանի բարբառի հին ու նոր թռուցիկ պատկերը

Ըստ Աճառյանի «Ուրուագիծ եւ դասաւորութիւն հայ բարբառների (բարբառագիտական քարտեսով), Էմինեան ազգագրական ժողովածու, հրատարակութեամբ Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց, հատոր Ը. Հայ բարբառագիտություն. Մոսկուա – Նոր-Նախիջեւան ՌՅԿ – 1911, ու ըստ իմ դիտողությունների ու հավելմունքի: (Տես [67]-ը):

Իմ դիտողություններն ու հավելմունքները հաճախ առնված են ձևավոր փակագծերի մեջ: Էջ 22. 4-ից սկսած:

{Հին հայերենի}… ո´չ մեկ նախդիր գոյություն ունի նոր լեզվին մեջ: Էջ 38. Երևանի բարբառը…ծառայած է իբրև հիմ՝ Ռուսահայ գրական լեզվին կազմութեան համար: … Հին հայերենի երկբարբառները{Երևանի բարբառում} վերածված են կամ պարզ ձայնավորներու (ինչպես հայր>հէր և կամ բաղաձայնէ մը և ձայնավորէ մը բաղկացած խումբերու. ինչ. Աստուած>Աստված)»:

{Այսօրվա գրական ոճերի բոլոր երկբառբառները թերևս փոխ են առնված գրաբարյան տեքստերից, այս բառերն արտասանելով հայ եկեղեցու ավանդական արտասանությամբ, ինչը բոլորովին էլ գրաբարյան արտասանությունը չի}:

Հայ ե՝ միավանկ բառերուն սկիզբը դարձած է յէ, բազմավանկներուն սկիզբը, ինչպես և առհասարակ ամեն բառի մեջ դարձած է է: … բազմավանկ բառերուն սկիզբը պատահած յէ ձայնը {Երևանի բարբառում} գոյություն չունի: Օր. յէս (ես), էկէլ ա (եկեալ է), էթալ (երթալ), էփէլ (եփել), էրազ»:

{Այս օրենքից հետևում է, որ «Յէ´կ» հրամայականը Երևանի բարբառում մեռած է, ինչը հաստատում է բարբառը, ի´նքը: «Յէկ»-ի տեղն այս բարբառն ասում է. «Արի´»:

{Բայց Երևանի բարբառն ունի. «էկա/էկար/էկավ/էկանք/էկաք/էկան» ձևերն ու նաև սրանց անցյալները, որոնք «գամ» ձևի հետ անկանոն զույգ են կազմում: Բացի սրանցից, այս բարբառն ունի «յէ»-ով սկսվող «յէզ» բառն ու սրա ածանցները}:

Գրաբարյան 9 երկբարբառը, բոլորն էլ, պարզվել դարձել են պարզ ձայնավոր, օրինակ. «հայր>հէր, մայր>մէր, սայլ>սէլ», նաև «փեսայ>փէսա, երախայ>էրէխա, տղայ>տղա», բայց եթե այս երկրորդ շարքի բառերն ստանան «ն» հոդը կամ հոգնակիի «ք» ցուցիչը, «այ» երկբարբառը նորից դառնում է «է», օրինակ, «փեսայ >փէսէն, երախայ>էրէխէն, տղայ>տղէն» կամ «փեսայ>փէսէք, երախայ>էրէխէք, տղայ>տըղէք»: Այս ամենն ընդունել են նաև այսօրվա գրական ոճերը [ib., 39]:

Գրաբարյան «ոյ» երկբարբառը (ինչի գրաբարյան օրերի լրիվ ճիշտ արտասանությունն այսօր անհայտ է), դարձել էր Երևանի (կամ գրաբարի) «ի»-ն, օրինակ. «լոյս> լիս, քոյր>քիր, զրոյց>զրից, ականակոյր (ակն=աչք կուրացնող խավար, սաստիկ մութ գիշեր)>ականակիր»: Նաև. «կոյտել>կիտել (այսինքն, կույտ սարքել, ինչից ունքերը կիտել), կիրանալ (կուրանալ): Նաև. «հարիւր>հարիր, ձիւն>ձին, սիւն> սին, արիւն>արին, ալիւր>ալիր» ևն:

Բաղաձայններից Երևանի բարբառի «բ, գ, դ, ձ, ջ» ձայները այսօր էլ են հին հայերենի նույն այս ձայների պես կատարյալ թրթռուն: Երևանի բարբառի «պ, կ, տ» ձայները այսօր էլ են հին հայերենի նույն այս ձայների պես հնչում, համարյա «ինչպես այսօրվա ֆրանսերենի «p, k, t»-ի պես, բայց պակաս ուժգնությամբ» [ib., 39]:

{Թեև Աճառյանն ասում է, թե. ««փ, ք, թ, ց, չ» ձայները բոլոր բարբառներուն մէջ միատեսակ հնչում ունին և հետևաբար պետք չունին առանձին նկարագրության», բայց պիտի նշվի, որ Երևանի բարբառի Աճառյանի նկարագրած այս «թիւն>թին» էվոլյուցիան այսօր դարձել է մի տեսակ «ցյուն», թերևս դպրոցի ու ռադիոյի գործածած եկեղեցական ավանդական արտասանության ազդեցությամբ: [ib., 39]:

{Նույն դպրոցի ու ռադիոյի գործածած եկեղեցական ավանդական արտասանության ազդեցությամբ Երևանի բարբառի մի քանի բառի «ո» ձայնից առաջ դրվող «ֆ»-ն որ առաջացել էր «հ»-ից, նորից դարձել է «հ». Օրինակ. «ֆօքի>հօքի, ֆօղ> հօղ, ֆօտ>հօտ, ֆօրթ>հօրթ, ֆօրս>հորս>որս» (Այս «հորս» ձևը թերևս չի էլ գործածվել, նորից՝ դպրոցի ու ռադիոյի ազդեցությամբ)}:

Հայ. «խ» ձայնը բառին սկիզբը՝ «ղ» ձայնէն առաջ՝ տարնմանութեան (dissimilation) օրենքով կը դառնայ «հ». օր. «խաղ>հաղ, խաղալ>հաղալ, խաղող>հաղօղ»: Նաև՝ «ել>հել»:

{Զարմանալի է Երևանի բարբառի «ի>հի>խի» էվոլյուցիան, ինչը Գ. Ջահուկյանի կարծիքով (ասել է ինձ, բանավոր) մասնակի ձայնափոխություն է, որովհետև Երեվանի բարբառի «հ»-ով սկսվող ուրիշ որևէ բառը չի դարձել «խ»-ով սկսվող, հակառակ լեզվական վարակի կամ կուրոթյան օրենքի:

{Ինչպես Աճառյանն է ասում}.

«Հայ. «ղ» ձայնը մի քանի բառերու վերջը անհետ կը կորսուի. այս բառերն են «ըստե … ըտե … ընդե … վօ´րտե …»: Սակայն առանձին «տեղ» բառն այս փոփոխութեան ենթարկուած չէ»:

{Աճառյանն ասում է. [ib., 39] «Հայ. «ր» ինկած է շչական ձայներէ առաջ. բայց ասիկա ընդհանուր երևոյթ մ’ է գրեթէ մեր բոլոր բարբառներուն մեջ. օր. «շարժ > ժաժ, դուրս>դուս, ներքս>ներս>նես, խարշել>խաշել, արժան>էժան»: Ասոնցմէ դուրս ունինք նաև «երթալ>էթալ»}:

Շեշտի կողմէ Երևանի բարբառը խոշոր նորութիւն մը ունի: Միչդեռ հին հայերենը և Կը ճիւղին բոլոր բարբառները առանց բացառութեան՝ շեշտը վերջավանկին վրայ կը դնեն, Երևանի բարբառը վերջընթեր վանկին վրայ կը շեշտէ: Շեշտադրութեան այս ձևը… Ում ճիւղին հասարակաց է» [ib., 41]:

{Այս նույն էջին Աճառյանն ասում է, թե Երևանի բարբառը յոթ հոլով ունի, ու նորից հոլովի ու հոլովաձևի հասկացությունները խառնում է իրար ու հետո էլ մի տարօրինակ պնդում է անում, թե}.

«Սեռականը կը կազմվի «ի» մասնիկով և այն յատկութիւնն ունի որ բնավ յոդ չ’առներ, և ասով կտարբերի տրականէն. Կարապետի գիրքը, Կարապետին տվի» [ib., 41]:

{Այս բացատրությունը ա´նկասկած է սխալ, ինչը երևում է հետևյալ երկու օրինակից. «Մոտեցա պատի» (ինչ-որ մի անհայտ կամ անորոշ պատի) ու «Մոտեցա պատին»:

{Եթե Աճառյանը ճիշտ լիներ, առաջին խոսքի «պատի»-ն պիտի համարեինք սեռական հոլովաձև, իսկ երկրորդի «պատին»-ը՝ տրական, ինչը կհակասեր այն տարածված «սահմանմանը», թե «սեռական հոլովը ցույց է տալիս պատկանելություն», որովհետև ակնհայտ է, որ անհնար է, որ ապացուցվի, որ այս երկու օրինակից առաջինի «պատի» ձևը պատկանելությո´ւն է ցույց տալիս, իսկ երկրորդի «պատին»-ը՝ ո´չ:

{Աճառյանը սխալ է հիմնավորում նաև իր օրերի Երևանի բարբառում իբր գոյություն ունեցող ուղղական հոլովաձևից (իր ասելով՝ հոլովից) տարբեր հայցական հոլովաձևի գոյությունը}.

Հայցական հոլովին համար Երևանի բարբառը, ինչպէս Ում ճյուղին պատկանող միւս բոլոր բարբառները կը զանազանէ շնչավոր և անշունչ առարկաներ: Շնչաւոր առարկաներու հայցական հոլովը տրականին ձևն ունի, իսկ անշունչ առարկաներուն հայցականը նույն է ուղղականին հետ. «կատվին սպանեց, գիրքը տուր» [ib., 41]:

{Բայց ահա հայցական հոլովի օրինակներ (որ քաղել եմ «Հայ ժողովրդական հեքիաթների 1-ին հատորից), երբ շնչավորներն արտահայտված են թե´ ուղղական հոլովաձևով, թե´ սեռական-տրականով.

ԱԼՈ ԴԻՆՈՅԻ ՆԱՂԼԻՑ.

«Ընչար հազարան բլբուլը բերեք ո՛չ, կանանչիլ չի; էրկու ախպերը ձի նստեց; Ալո-Դինոն գնաց էտ ձին նստեց; ախպերտինքդ ըսօր վեց օր ա գնացել են հազարան բլբուլը բերելու; գնաց, տեհավ հինգ լիդրը բրինձ էփած, էրկու հատ էլ եզ մորթած՝ պղնձի մեչ{ը} դրած ա; մի եզը քցեց մի չանի տակը…» ևն:

ԱՇՏԱՐԱԿԻ ՆՄՈՒՇԻՑ.

«…տէնըմ ա, վօր մի օց հ’իրա ճուտէրը բ՚էրէլ ա բ՛ակի միչին սիրըմ ա», բայց «ինձ էլ մի զավակ տայիր, յէս էլ սիրէի իմ զավակին»: Հետո. «Արեվհատին տարան էրթկիցը կախ արին»:

ՕՇԱԿԱՆԻ ՆՄՈՒՇԻՑ.

«Նազիրը նի էլավ Լյուլիղար ղսրախը, էկավ պառավի կուշտը, վէ կալավ էրէխուն,; Իմ թաքավօրութունը մի Լյուլիզարն էր, վօր Լյուլիզարս տվի, ախչիկն էլ պըտի տամ քէզ; ախչիկը տվուց էտ տղին; Ձին յէտ դառավ դըբա Լյուլիզարը; Տղէն բէրուց ձին տվուց թաքավօրին»:

ՓԱՐՊԻԻ ՆՄՈՒՇԻՑ.

«Ա´յ մարթ, էծը տար ծախա, հ՛ամ էծը բ՛է՛ր, համ փօղը բ՛էր։ էտ մարթն ասէց. – Ա՛յ կնիկ, յէս վօ՞նց էծը ծախէմ, վօր հա՛մ էծը բէրէմ , հա՛մ էլ փօղը; էծ էմ ծախը՜մ, էծ էմ ծախը՜մ; իմ էծը ո՞ւր էս տանըմ…»:

{Այս օրինակներից երևում է, որ Երևանի բարբառում հայցական հոլովը սեռական-տրական հոլովաՁևՈՎ արտահայտելը վերաբերում է միմիայն անձերին, իսկ այս օրենքն էլ երբեմն խախտվում է, այսինքն, տատանվող է, ու շատ անգամ հայցական հոլովն արտահայտում է ուղղական հոլովաՁԵՒՈՎ}.

«վօր Լյուլիզարս տվի, ախչիկն էլ պըտի տամ քէզ; ախչիկը տվուց էտ տղին», ճիշտ Պոլսի բարբառի պես. «Գարեգինը կսիրե Գոհարը» ևն:

Երևանի բարբառի ցուցական ածականների ու դերանունների այսօրվա վիճակի մասին արդեն ասվել է 12-րդ գլխում:

ԵՐԵՒԱՆԻ ԲԱՐԲԱՌԻ ԲԱՅԵՐԸ

Աճառյանն ասում է. «Այս բարբառի «իլ» և «ուլ» վերջավորութիւնները վերածուել են «ել»-ի… Իբրև օրինակ կը դնենք «սիրեմ» բային խոնարհումը»:

{Աճառյանի բերած անկատար թերբառի «սիրըմ» ձևերը չեմ բերում, տերմիններն այսօրվանն են, այսօրվա (չփոխված) վիճակներն ու նկատելի միտվածքները դարձրել եմ թավատառ ու շեղատառ}:

Աղյուսակ 1.

Ներկա սահմ.

Անցյալ սահմ.

Վաղակատ. ներկա

Վաղակատար անց.

սիրում էմ

սիրում ի>

սիրում էյ

սիրել էմ

սիրել ի>

սիրել էյ

սիրում էս

սիրում իր> սիրում էյր

սիրել էս

սիրել իր>

սիրել էյր

սիրում ա

սիրում էր> սիրում էր

սիրել ա

սիրել ա>

սիրել էր

սիրում էնք

սիրում ինք> սիրում էյնք

սիրել էնք

սիրել ինք>

սիրել էյնք

սիրում էք

սիրում իք> սիրում էյք

սիրել էք

սիրել իք>

սիրել էյք

սիրում էն

սիրում ին> սիրում էյն

սիրել էն

սիրել ին>

սիրել էյն

Աղյուսակ 2.

Ապառնի անց.

Պարտավորական ներկ.

Պարտ. Անց.

Մեռած

անցյալները

կսիրի>

կսիրէյ

պտի սիրէմ

սիրիլ պտիմ

պտի սիրիր>

պտի սիրէյ

սիրիլ պտի

կսիրիր>

կսիրէյր

պտի սիրէս

սիրիլ պտիս

պտի սիրի>

պտի սիրէյր

սիրիլ պտիր

կսիրէր>

կսիրէր

պտի սիրի

սիրիլ պտի

պտի սիրէր>

պտի սիրէր

սիրիլ պտէր

կսիրինք>

կսիրէյնք

պտի սիրէնք

սիրիլ պտինք

պտի սիրինք>

պտի սիրէյնք

սիրիլ պտինք

կսիրիք>

կսիրէյք

պտի սիրէք

սիրիլ պտիք

պտի սիրիք>

պտի սիրէյք

սիրիլ պտիք

կսիրին>

կսիրէյն

պտի սիրէն

սիրիլ պտին

պտի սիրին>

պտի սիրէյն

սիրիլ պտին

Աղյուսակ 3.

Ստորադաս.

{ըղձական}

ներկա

Ստորադաս.

{ըղձական} անց.

Հրամայական

սիրէմ

սիրի>

սիրէյ

սի´րի; սի´րա> սիրի´

սիրէս

սիրիր>

սիրէյր

մի´ սիրի; մի´ սիրա; մի´ սիրիլ>

մի´ սիրի; չսիրէ´ս

սիրի

սիրէր>

սիրէր

սիրէք; սիրեցէք>

սիրէ´ք

սիրէնք

սիրինք>

սիրէյնք

մե´ք սիրիլ; սի´րիլ մեք>

մի´ սիրէք; չսիրէ´ք

սիրէք

սիրիք>

սիրէյք

սիրէն

սիրին>

սիրէյն

{Բերեմ Աճառյանի ևս մի քանի դիտողությունը Երևանի բարբառի մասին: Հետո Աճառյանն ասում է}.

Այսպես կը խոնարհուի նաև «իլ» լծորդությունը, ինչ. «խօսում էմ, խօսում ի, խօսեցի, խօ´սի, խօ´սա» ևն: Իսկ «ալ» լծորդությունը հին հայերէնի ոճը կը պահէ կատարեալի մէջ և այլուր, ինչ. «հազըմ էմ, հազըմ ի, հազացել էմ, հազա» ևն:

Բայերու խոնարման մեջ հետևեալ նկատելի հանգամանքները կան.

1. Էական բային ներկայ եզակի երրորդ դէմքն է «ա» և ըստ այսմ բոլոր բայերուն յիշեալ դէմքը նոյն ձևով է. օր. «սիրում ա, բերում ա, ասում ա, խոսում ա, զրից ա անում» ևն :

2. Անկատարին մէջ «է» ձայնը՝ ուր որ «ի»-ին քով է, ջնջուած է. օր. «սիրում ի {ե´ս}, բերում իր {դու}, (դու) կը սիրիր, բայց (նա) կը սիրէր»:

3. Պարտավորականին մեջ «պիտի» ձևը համառօտուած դարձած է «պտի», ինչպէս որ ուրիշ բարբառներու մեջ ալ կը պատահի:

4. Պարտավորականին երկրորդ ձևին մէջ «պտի» կը խոնարհվի {ինչն այսօր Երեվանի բարբառի մեջ մեռած է}, մինչդեռ առաջին ձևին մէջ բայն է, որ կը խոնարհուի և «պտի» կը մնայ անփոփոխ {ինչն այսօր «պիտեմ» բայի միակ կենդանի ձևն է}:

5. Հրամայականի երկրորդ ձևը, որ «ա» վերջավորութիւնն ունիյատուկ է Էջմիածնի շրջանին. օր. «ուզա´, վառա´, լցրա´, աղանձա´, շալակա´» ևն. մինչդեռ բուն Երեվանի բարբառը կգործածէ «ուզի´, վառի´, լցրո´ւ» ևն:

{Ինքս վկայում եմ, որ 1960-ականների սկզբներին Երևանի բարբառը գործածում էր նաև «լքցրա´>լցրա´, հելցրա, անցկացրա» ևն ձևերը: Աճառյանի հաջորդ կետում ասած «Մե´ք սիրիլ {այս «լ»-ն թերևս չպիտի լինի} կամ ասոր հակադիր «սի´րիլ մեք» ձևերն այսօրվա Երևանի բարբառում չկան}:

7. Ներկայ դերբայի «-օն» ձևը, ինչ. «սիրելօն»՝ փխ. «սիրելով», «ասէլօն»՝ փխ. «ասէլով», «էթալօն»՝ փխ. «երթալով», ուրիշ տեղ բոլորովին անգործածական է:

8. Անցեալ դերբայի {ավելի ճիշտ ու այս գրքի տերմիններով՝ անցյալ թերբառի} ձևն է «սիրէլ<սիրեալ». ինչ. «սիրէլ եմ, բերէլ եմ» և այլն. Այս ձևը կը գործածուի երբ օժանդակը վերջն է դրուած. բայց երբ առաջ անցնի, վերջատառ «լ» կրճատուելով՝ դերբայը {թերբառը} կդառնայ «սիրէ, բերէ» և այլն. ինչ. «յէս եմ սիրէ, էն ա բերէ, սիրտ ա արէ էկէ»: {Այս երևույթը կա նաև այսօր}:

9. Միավանկ բայերուն ներկայի ու անկատարի բունը կը կազմուի «իս» մասնիկով, փոխանակ «ում»-ի. ինչ. «գալիս էմ, տալիս էմ, լալիս էմ. գալիս ի, տալիս ի, լալիս ի»:

{Այս վերջին երկու երևույթը մի քանի անգամ արդեն շեշտվել է: Երկրորդի առնչությամբ թերևս պիտի ասվի նաև, որ Երևանի բարբառի «լալիս եմ» ձևն արդեմ մեռած է ու սրա փոխարեն գործածվում է «լաց եմ ըլնում» ձևը:

{Բացի սա, պիտի ասվի, որ այս երեքից բացի ուրիշ ոչ մի միավանկ բայ չկա ու Երեվանի այսօրվա բարբառի բազմավանկ բոլոր բայերի «համակատար» կոչված ձևը անխտիր է մեռած, իսկ շրջակա խոսվածքներում էլ միավանկների «իս» ձևը տեղի է տվել կամ տեղի է տալիս «գալըմ եմ, տալըմ եմ, լալում եմ» ձևերին}:

10. Բացասական ձևերուն մէջ բացասական մասնիկը կրնայ դրուիլ բայէն թէ´ առաջ և թէ վերջը օր. «չէ´մ ուզում» կամ «ո´ւզում չէմ», «չի´ ուզում» կամ «ո´ւզում չի», «չէ´մ ուզիլ» կամ «ո´ւզիլ չէմ», «չսիրէ´ցի» կամ «սիրէ´ցի վօչ» ևն:

{Այս կետին ավելացնեմ, որ թերբառին հետադաս բացասականով ձևերն ու թերբառի վերջընթեր շեշտն այսօրվա Երևանի բարբառում լրի´վ են մեռած:

{Այս պարագրաֆը, ըստ էության, Երևանի բարբառի ձևաբանության ու մի փոքր էլ՝ շարահյուսության թե´ Աճառյանի օրերի թռուցիկ նկարագրությունն է, թե´ այսօրվա վիճակի առաջին թռուցիկ նկարագրությունը (իմ դիտողություններով): Իսկ այս գիրքը, ըստ էության, Երևանի բարբառի քերականության առաջին լրիվ նկարագրությունն է}:

20.7 Երևանի բարբառի կիրառության իմ փորձը

Ես, իմ սեփական գրվածքների մեջ, իմ գրական ոճերը հիմնում եմ հինգ սկզբունքի վրա, չնայելով, որ բոլոր բանասերները, իսկ մտավորականներից էլ համարյա բոլո´րը, դեմ են արածիս:

Համոզված եմ, որ հայերենին խորթ ու, ըստ էության, սխալ ձևերից ազատվելու համար գրական ոճերը պիտի պարտադիր ենթարկվեն հետևյալ չորս գլխավոր ըսկըզբունքին.

Սկզբունք 1. Գրական ոճերն իրենց քերականությունով ու ամե´ն-ամեն ինչով պիտի անպայման ենթարկվեն ու հետևեն իրենց ծնող բարբառի «տվյալ պահի» քերականությանը, այսինքն, չպիտի հետևեն այդ լեզվի հին վիճակների արդեն մեռած քերականական երևույթներին:

Սկզբունք 2. Այն բառերը (անուններն ու բայերը ևն), որ ապրել են հին օրերից մինչև Երևանի այսօրվա բարբառը, բայց ձևափոխվել են ու տարբեր են իրենց հին ձևերից, կամ նոր են փոխ առնվել օտար լեզուներից ու այսօր ընդհանուր են երեվանցիների մեծ մասի խոսքի մեջ, պիտի համարվեն թույլատրելի ու գրական:

Սկզբունք 3. Թե որ ժողովուրդն ինչ-որ մի բառ ու բան է փոխ առել ուրիշից, ու ժողովրդի մեծ մասը գործածում է դա, ուրեմն այդ բառ ու բանը չպիտի «թարգմանվի, հայացվի», որովհետև նախ՝ այս «հայացնելը» կտրուկ դեմ է հենց լեզվի էությանն ու ոգուն, ու երկրորդը՝ համարյա միշտ, հայացնելու արդյունքը բացասական կլինի, այսինքն, նույնիսկ զրո է´լ չի լինի, վնաս կլինի:

Ինչո՞ւ կլինի վնասակար: Վնասակար կլինի, որովհետև, ժողովրդի մեծագույն մասը, համարյա միշտ, չի ընդունի այս նոր «հայացրած» բառը ու, սրա համար էլ, գրական ոճերն ավելի´ կհեռանան Երևանի բարբառից: Սրա մի ցայտուն օրինակն է «կանալիզացիա» բառը, ինչը չի վերանում, չնայած «կոյուղի» իբր չքնաղ ու, անկասկած, ավելի բարեհունչ բառը վաղուց է առաջարկված:

Սկզբունք 4. Գրաբարից վերցնելիք նոր (ու միայն նոր վերցրած) բառերի գրությունն ու հնչողությունն էլ պիտի անպայման հարմարվի Երևանի բարբառի այսօրվա հնչողությանը:

Սկզբունք 5. Գրական ոճերի ձևաբանական ու շարահյուսական կաղապարները պիտի պարտադիր լինեն հայերենին հարազատ, մասնավոր առումով, պարտադիր է, որ գրական բոլո´ր ոճերը ամենայն խստությամբ հետևեն Երևանի բարբառի ձևաբանությանն ու շարահյուսությանը ու չկիրառեն օտարաձև շտամպ:

Ինքս գրելու երեք հիմնական գրական ոճ ունեմ:

Առաջինը բոլորի համար ընդունելի իմ ա´յն գրական ոճն է, ինչը ես կիրառում եմ թարգմանական պատվերներ անելիս, բայց սա, այնուամենայնիվ, տարբեր է առկա գրական ոճերից հետևյալ անհատական շեղմունքներով:

ա. Ես իմ այս գրական ոճերի մեջ երբեք չեմ գործածում «աբար, ապես, որեն» մասնիկներով կազմված մակբայ, քանի որ սրանք խորթ են հայերենին:

բ. Կտրուկ խուսափում եմ անորոշ դերբայը բայի տեղը գործածելուց, որովհետև հայերենի անորոշ դերբայը միմիայն գոյական է: Նույն ձևով էլ սխալ եմ համարում «ապրեցեք»-ի պես հրամայականները, որովհետև այսօրվա ոչ մի հայը «ապրեք»-ի տեղը երբեք չի ասի «ապրեցեք» (չնայած հնարավոր է, որ գրի):

Չեմ գրում, օրինակ, «հստակեցնեմ», որովհետև հայերենը վաղուցվանից ունի «հստակեմ» բայը, ինչը Աբովյանն էլ է գործածում իր «Վերքի» մեջ:

գ. Պարտադիր խուսափում եմ այն գրական շտամպից, ինչը նկարագրել եմ այս գրքում:

դ. Համարյա չեմ գործածում «և» բառը թե´ որպես շաղկապ, թե որպես &=and-ի պես հապավում, ու գործածում եմ միմիայն «ու» բառ-շաղկապը, բայց գործածում եմ «ևն» կրճատը թե´ «և այլն»-ի, թե´ «և այլ»-ի փոխարեն:

ե. Չեմ գործածածում, օրինակ, այնպիսի «ստերիլ» ու արհեստական տերմինները, ինչպիսիք են՝ «եզրույթ, գործընթաց» ու սրանց պես այլ բառերը, ու սրանց տեղը գրում եմ՝ «տերմին, պրոցես» ևն:

Սրանց պես բան շատ կա, որ գործածում եմ իմ ստանդարտ գրական ոճի մեջ, բայց շարքային ընթերցողը համարյա երբեք գլխի չի ընկնում, թե իմ ծավալուն թարգմանություններն ինչով են տարբեր ստանդարտ գրականից, չնայած հաճախ զգում է, որ տարբերությունը առկա է:

Իմ երկրորդ գրական ոճը Երևանի բարբառին հիմնված այն «մեղմ» գրականն է, ինչով տպել եմ իմ «Փոքրիկ Իշուկն ու Գորշ Գայլը» հեքիաթների շարանը ու Շեքսպիրի բոլոր սոնետների իմ թարգմանությունը: Սրանցից երկրորդը, սոնետների ոճը, շատ ու շատ ավելի´ է մեղմ, քան առաջինը:

Երևանի բարբառին հիմնված իմ գրական ոճերի գլխավոր տարբերությունը գրական «ստանդարտից» (բացի արդեն ասվածը) հետևյալներն են:

Դրույթ 2. Երրորդ դեմքի եզակի թվի «ա» օժանդակ բայի իմ գործածությունը, ընդունված «է» բայի փոխարեն:

Դրույթ 3. Անորոշ դերբայ-գոյականի իմ միմիայն անվանական գործածությունը, կտրուկ բացառելով այս դերբայի բայական սխալ գործածությունը:

Դրույթ 4. «կարողանամ» բայից կտրուկ հրաժարվելը:

Դրույթ 5. Այս գրքի Գլուխ 14-ի նկարագրած հայերենի խոսք-եղանակիչների ազատ գործածությունը, Գլուխ 18-ի նկարագրած հայերենին խորթ երևույթներից կտրուկ հրաժարվելն ու լեզվական մնացած բարբառային երևույթների ազատ գործածությունը ու, անպայման, բարբառային «մեղմ» բառապաշարի ազատ գործածությունը:

Իմ երրորդ գրական «կատաղի» ոճը նորից հիմնված է Երևանի բարբառին, բայց այս անգամ թույլատրելի եմ համարում Երևանի բարբառի արդեն կայունացած ամե´ն ինչը, օրինակ, «դաժե, վափշե, ֆսյոժե»-ի պես բառերը, որ այս բարբառի կրողները վաղուցվանից են գործածում:

Գռեհկությունից ու հայհոյանքից ա´նպայման եմ խուսափում :

Շեշտո´ւմ եմ, ԵՍ ԲԱՐԲԱՌՈՎ ՉԵՄ ԳՐՈՒՄ:

Ես գրում եմ Երևանի բարբառին հիմնված Ի´Մ ԳՐԱԿԱՆ ոճերով:

Դրույթ 6. Որևէ բարբառով ծավալուն ու նաև «բարդ բան» գրելը թերևս անհնար է, քանի որ բարբառի բառերը հերիք չեն գրելու ամենայն կարիքների համար ու, բարբառով գրելիս, գրողը պիտի բարբառը, ուզած-չուզած, լրացնի «գրական» բառերով:

Հաջորդ պարագրաֆում բերում եմ իմ երրորդ՝ խիստ գրական ոճի այն հնչյունական, բառային, ձևաբանական ու շարահյուսական տարբերությունների մանրամասն ցանկը, որ կիրառում եմ իմ գրվածքներում, եթե ու երբ ռիսկ եմ անում:

Նախորդ պարագրաֆում ասածիս նորից ավելացնեմ, որ իմ այս գիրքն ու հաջորդ երկու պարագրաֆի իմ այս ցանկը Երևանի բարբառի (ու նաև այս բարբառի ու գրական ոճերի տարբերության) այսօրվա վիճակի առաջին թռուցիկ ու թերևս անսիստեմ նկարագրությունն է:

(Իմիջիայլոց, միջակետը շատ հաճախ չեմ գործածում, որովհետև կոմպյուտերը միջակետին հաջորդող բառը ավտոմատ սկսում է մեծատառով: Միջակետի փոխարեն երբեմն գործածում եմ կետ-ստորակետը, հետևելով անգլերենին: Բութի տեղը համարյա միշտ եմ գործածում ստորակետը:

(Հիշեցնում եմ, որ 11-12-րդ դարերի մեր գրիչները Մաշտոցի կետ-«վերջակետին» ավելացրած կետադրության ԲՈԼՈՐ նշանները վերցրել են՝ հետևելով եվրոպացիների´ հայտնագործած կետադրության նշաններին):

20.8 Բառերը, ձևաբանությունն ու շարահյուսությունը

1. Գրում եմ. «ուզում եմ խաղամ; փորձել եմ կիրառեմ; կարաս/կարող ես գըրկես», փոխանակ՝ «ուզում եմ խաղալ; փորձել եմ կիրառել; կարող ես գրկել» ևն ձեվերի, որ գալիս են օտար լեզուներին (մեծ մասամբ՝ ռուսերենին, շատ ու շատ քիչ էլ՝ գրաբարին) կապկելուց ու շեղված են հայերեն եղանակիչ խոսքերի ընդհանուր զուգորդություններից, ու սրա համար էլ խորթ են հայերենին (տես 14-րդ գլուխը):

2. Գրում եմ. «խաղում ա; կարդացել ա», փոխանակ՝ «խաղում է; կարդացել է» ևն ձևերի: Այսինքն, մեռած «է» օժանդակի փոխարեն ամեն տեղ գործածում եմ կենդանի «ա» օժանդակը:

3. «էթամ-գնամ» զույգը կիրառում եմ բարբառի պես, այսինքն, «գնամ»-ը կիրառում եմ միայն հրամայական «գնա՛, գնացե՛ք» ու անցյալ կատարյալ ու վաղակատար ժամանակներով՝ «գնաց, գնացինք, գնացել եմ/էի/էինք/էիք/էին»:

4. Գրում եմ. «20 զինվոր; մեր տուն էկավ 30 չքնաղ աղջիկ», փոխանակ՝ «20 զինվորներ; մեր տուն եկան 30 չքնաղ աղջիկներ» ևն, որ մեծ մասամբ փոխ են արվել ռուսերենից:

5. Գրում եմ. «լսի´, գրկի´, փարատի´, զառանցի´, տո´ւ» ևն, փոխանակ՝ «լսի´ր, գրկի´ր, զառանցի´ր, փարատի´ր» ձևերի:

6. Գրում եմ. «Լռի´, լռե´ք, չծխե´ք, մի´ ծխի, մի´ ծխեք» ևն, փոխանակ՝ «լռե´լ, չըծխե´լ» ռուսերենից առած լրի´վ օտար ձևերի:

7. Գրում եմ. «անունն ա տալի; մեր տունն ա գալի; նորից ա լալի» ևն, փոխանակ՝ «անունն է տալիս; մեր տուն է գալիս; նորից է լալիս» ևն ձևերի, եթե «ա» բայը նախադաս է այս իս-թերբառներին կամ սղած է: Նաև գրում եմ՝ «գալի´ս ա՝ գալի´; տալի՞ս ա, թե՞ չի տալի; չի՞ լալի, հա՞» ևն:

8. Գրում եմ. «չի գնացե; վաղուց ա էկե», փոխանակ՝ «չի գնացել; վաղուց է եկել» ևն ձևերի: Բայց եթե բայը հետադաս է, գրում եմ՝ «գնացել ա ; էկել ա» կամ՝ «էկե´լ ա՝ էկե´; չի էլ էկե՞, հա՞» ևն:

9. Գործածում եմ. «գալուց; էթալուց; խաղալուց, գրելուց» ևն կենդանի ձևերը, փոխանակ՝ «գալիս, գնալիս» ևն մեռած ձևերի:

10. Հնարավորին չափ խուսափում եմ «սեղմում, փոփոխում, խրախուսում, խոնարհում, հոլովում» ևն ձևերից ու տեղը դնում եմ բնիկ ձևերը՝ «սեղմելը, փոփոխություն, խրախույս, խոնարհմունք, հոլովմունք, հարուցանք» ևն:

11. Գործածում եմ բարբառի դերանունների համակարգը հանելով գրաբարից ներմուծված ա´յն դերանունները, որ Երևանի այսօրվա բարբառը չունի:

Օրինակ, «նա» դերանունը ու սրա հոլովաձևերը, ինչպես նաև «այս, այդ, այն» դերանունները Երևանի բարբառում մեռած են ու սրա համար էլ իմ այս ոճի մեջ չըկան: «նա»-ի տեղը գործածում եմ «ինքն-իրանք»-ն ու սրանց հոլովաձևերը, իսկ գըրական ցուցականների տեղը գործածում եմ «էս, էտ/էդ, էն» ածականները, ու «էսի, էտի, էնի» դերանուններն ու «(ը)սենց», «(ը)տենց», «(ը)նենց» ածական-դերանուններն ու «էսքան, էտքան, էնքան» թվականները ևն:

12. Հայերենի ածականն ու մակբայը, ոնց որ Մանուկ Աբեղյանն է ասում, ձևով իրարից չեն տարբերվում: Սրա համար էլ՝ գրում եմ՝ «արագ խաղաց; համառ-համառ պնդեց, համառությամբ պնդեց; միամիտ-միամիտ ասեց; միամիտ արեց; միամտությունով ասեց», փոխանակ՝ «արագորեն խաղաց; համառորեն պնդեց; միամտաբար ասաց; միամտորեն ասաց» օտար ձևերի:

Կրկնեմ, որ «-աբար, -ապես, -որեն» մասնիկներով կազմված ոչ մի «մակբայ» չեմ գործածում: «ընդհանրապես»-ի տեղը գործածում եմ «առհասարակ»-ը, իսկ «հետեվաբար»-ի ու «ուստի»-ի տեղը՝ «ուրեմն; կնշանակի» ևն ձևերը, նաև «վերջապես»-ի տեղը՝ «վերջը; ի վերջո» ձևերը:

(Ասվել է, որ երբ ածականը դրվում է բայի վրա, այսինքն, դառնում է մակբայ, կըրկընվում է: Օրինակ, «էշն արածում ա» խոսքի մեջ «էշ» բառը գոյական է. «էշ մարդ» կապակցության մեջ «էշ» բառն ածական է, իսկ «էշ-էշ մի´ խոսա» խոսքի մեջ «էշ-էշ» կրկնակը մակբայ է):

13. Կրկնեմ, որ նախընտրությունը տալիս եմ կենդանի «ու» շաղկապին, որովհետև բարբառը «և» չունի:

14. Ձգտում եմ չգործածեմ գրաբարի «-թյամբ» մեռած գործիականը ու սրա տեղը դնում եմ՝ «-ով» մասնիկով կենդանի գործիականը:

15. Գրաբարից եկած, բայց Երևանի բարբառում չգործածվող սպասարկու բառերի տեղը, ինչքան կարող եմ, դնում եմ բարբառի դրանց կենդանի համարժեքները: Օրինակ, գրում եմ՝ «համ էլ», փոխանակ՝ «նաև» կամ գրում եմ՝ «հլը», փոխանակ՝ «դեռ, դեռևս» մեռած ձևերի: Սրա պես փոփոխություն շատ ունեմ:

Առհասարակ, սրանց պես «մանր-մունր» բառերն են, որ գրածին կենդանի շունչ են տալիս:

16. Գրում եմ՝ «ուրեմը, այսինքը, մանրամասը» բաղաձայնից առաջ ու «ուրեմն, այսինքն, մանրամասն» ձայնավորից առաջ :

17. Գրում եմ «էրկու, իրեք, էրազ, էղավ, պաճառ, հարուր, արուն, թո» (եթե այս «թո»-ն հորդորականի մասնիկ է, օրինակ, «թող թո գա»-ի «թո»-ն), «վարկյան, աշխար, հելավ, ձեռ, ոտ, գել, դաստիրակ» ևն, փոխանակ՝ «երկու, երեք, երազ, եղավ, պատճառ, հարյուր, արյուն, թող, վայրկյան, աշխարհ, ելավ, ձեռք, ոտք, գայլ, դաստիարակ», ևն գրաբարյան ձևերի:

(Իմիջիայլոց, տես նաև [7], IV Բ, էջ 163-172, ուր, օրինակ, ասվում է. «Մարաղայի բարբառում էլ բարդ հրամայականը կազմվում է «թող» կամ կրճատ «թօ» մասնիկով, որ կցվում է բայի ստորադասական եզայի և հոգնակի Ա և Գ դեմքերի վրա, թե´ ներկա և թե´ անցյալ. ինչպես. թօ էթամ, թօ էթա, թօ էթանքյ, թօ էթան, թօ էթամ, թօ էթամ էր, թօ էթար, թօ էթանքյ էր, թօ էթան էր»: Այսպես է նաև իմ մայրենի բարբառում:

(Տես նաև էջ 169-170-ը ուր Աճառյանն ասում է. «Նոր-Նախիջևանի բարբառում գտնում ենք թե´ կրկնված և թե´ կրճատ ձևը. ինչպես՝ թօ էշթա գենա կամ թօ էշթա, թօ գենա «թող երթա կենա», թո էշթա առնէ, կամ թօ էշթա):

Առհասարակ, եթե բարբառը գրական լեզվից բառ է փոխ արել, բայց գրականից տարբեր է արտասանում, նախընտրում եմ բարբառի արտասանությունը:

Իհարկե, ես հետևողական կլինեի, եթե ուղղագրական ռեֆորմ անեի ու ուղղագրությունը սարքեի Մաշտոցի սկզբունքով «մի հնչյուն-մի տառ, ու մի տառ-մի հընչյուն», այսինքն, համարյա Մանուկ Աբեղյանի ուղղագրության պես:

Բայց հիմա ուղղագրական ռեֆորմի ժամանակը չի:

Դրույթ 1. Ուղղագրական ռեֆորմն իմաստ կունենա միմիայն ա՛յն ժամանակ, երբ որոշվի, որ Երևանի բարբառը թույլատրելի է:

18. Համենայն դեպս, գրում եմ՝ «քցել, քի´ց», փոխանակ՝ «գցել, գցի´ր» ձևի, ինչը մեր ուսյալներն արտասանում են «գ» հնչյունով, այնինչ, սա շա´տ է անճոռնի, որովհետև խի´ստ է հակառակ բարբառին:

19. Կամ գրում եմ՝ «քթավ», փոխանակ՝ «գտավ», «գիդեմ», փոխանակ՝ «գիտեմ» ևն, ևն, որ կարդացողն այս բառերն արտասանի հենց ա´յն ձևով, ոնց որ խոսողների մեծագույն մասն է ասում:

Այսպիսի «տառասխալները» ա´յն ժամանակ եմ անում, երբ մտածում եմ, որ գըրական արտասանությունը բարբառայինից տարբեր կլինի, ու երբեք ձեռ չեմ տալիս «արջ, վերջ, վարդ, մարդ, զարդ» բառերի պես բառերի գրությանը, որովհետև բոլորն էլ սրանք արտասանում են բարբառի օրենքներով՝ «առչ, վեռչ, վառթ, մառթ, զառթ»: Ուրեմն.

Դրույթ 2. Արածս ուղղագրական ռեֆորմ չի´:

18. Հիմա մեկ-մեկ գրում են՝ «եւ, նաեւ, գուցեեւ», եւ այլն: Այս նորամուծությունը շատ է անտեղի: Անվարժ կարդացողը սրանք կարտասանի՝ «նաէվ, գուցէէվ»: Ստիպված, մեկ-մեկ, գրում եմ (եթե գրում եմ) «յեվ, նայև, երեվի, գուցեյև/գուցեյև, որովհետեվ, Երեվան» ևն, որ մանուկները հանկարծ չկարդան, օրինակ, «որտյև, երյեվան, տերյեվ»: Ուրիշ բաներ էլ կան, բայց հիմնականները սրանք են :

20.9 Արտասանության ու առոգանության մասին

Դրույթ 1. Մեր այսօրվա գրական արտասանությունն ու առոգանությունը (դիկցիան), անկասկած, կենդանի չե´ն, մեռա´ծ են: Գրական դիկցիան վեցրել ենք մեր «եկեղեցական ավանդական դիկցիայից», ինչով հայերի ոչ մի հատվածը ոչ մի անգամ չի խոսել:

Դրույթ 2. Մեր այսօրվա գրական ոճերի դիկցիան բոլորովին է´լ գրաբարյան դիկցիան չի ու լրի´վ է կեղծ:

Դրույթ 3. Մեր ականջը վարժվել է այսօրվա մեր գրական ոճերի դիկցիային, ու երբ մեր ականջը, «գրական իրավիճակներում», ուրիշ մի դիկցիա է լսում, «ջղայնանում է», ոնց որ մեր աչքն է «ջղայնանում» :

Օրինակ, երբ մեր աչքը տեսնում է «աշկ, մեշկ, Էշմիածին, Բժնի, բաս թող» ու ուրիշ սրանց պես կենդանի ձևերը, ու ճիշտ է համարում սրանց միայն հետևյալ մեռած ձևերը. «աչք, մեչք, Էչմիածին, Բջնի, բաց թող», չնայած առաջին ձևերը առօրյա խոսքի մեջ (այսինքն, «ո´չ գրական իրավիճակներում») հազա´ր ու հազար անգամ է լսում ու ոչ միայն երբեք չի «ջղայնանում, այլև բոլորովի էլ չի նկատում, որ ասաց. «աշկ, մեշկ, էշմիածին, Բժնի, բաս թող», տես նաև հետո»:

Դրույթ 4. Բայց եթե Երևանի´ բարբառն ենք վերցրել մեր այսօրվա գրական ոճերին հիմք, պիտի դիկցիայով է´լ անպայման հետևենք այս բարբառին:

Հենց սրա համար էլ մի քանի «արտասանական» կանոն եմ բերում, որ նկատել եմ Երևանի բարբառն ուսումնասիրելուց: Հենց այս կանոններին պիտի հետևի ա´յն մարդը, մանավանդ ա´յն դերասանը, ով չի ուզում, որ իր ասածը մեռած հնչի:

Այս կանոններից մի քանիսը մեկ-մեկ կիրառում եմ գրվածքներիս մեջ, երբ չեմ ուզում, որ կարդացողը գրական դիկցիայով կարդա: Կիրառությունս, ինչպես ասել եմ, հետևողական չի, որովհետև վախ ունեմ, որ հանրության զայրույթը այստեղ շատ ավելի թունդ կլինի:

Հիշեցնեմ, որ խոսքը միայն Երևանի բարբառի մասին է, չնայած այս բաներից մյուս բարբառներում է´լ կան: Զգուշացնեմ նաև, որ այս երևույթները ոչ միայն ի´մ հետազոտության արդյունքն են: Սրանցից, օրինակ, «չ > շ»-ի կանոնը կա նաև Աճառյանի ԼՔՀԼ-ի մեջ [7], մնացածների հստակ ու որոշակի նկարագրությանը չեմ հանդիպել:

Բայց որ սրանց պես լեզվական երևույթներն անպայման են պետք մեր թատրոնին ու կինոյին, անվիճելի է:

Փաստ 1. Նկատելի է, որ այսօրվա հայերենի «չ, ց, ձ, ջ» ձայները բաղաձայնից առաջ դառնում են «շ, ս, զ, ժ», բայց խոսողները սա չեն զգում: Ահա օրինակները:

ա) Չ-Շ զույգը:

Ասում ենք՝ «ոշ մի բան, հեշ մի բան, Էշմիածին, մեշկ, մեշտեղը, իշնում ա» ևն, փոխանակ՝ «ոչ մի բան, հեչ մի բան, Էչմիածին, մեչք, մեչտեղը, իչնում է», ևն:

Բոլորս է´լ, թե որ «գրական իրավիճակում» չենք, մեզնից անկախ ու ա՛նպայման ու անընդհատ ու առանց նկատելու կամ գիտակցելու, հենց այսպե´ս ենք ասում, բայց չենք զգում, որ այսպես ենք ասում: Ուրեմն այսօրվա հայերենը ենթարկվում է հետևյալ օրենքին:

ՕՐԵՆՔ. Այսօրվա հայերենի «չ, ց, ձ, ջ» ձայները բաղաձայնից առաջ դառնում են «շ, ս, զ, ժ», իսկ ձայնավորից կամ դադարից առաջ չեն փոխվում:

ա) Չ-Շ զույգը:

Իրոք, երբ «չ»-ից (ու ասածս մնացած ձայներից) հետո ձայնավոր կամ դադար է գալիս, «չ»-ն չի փոխվում, օրինակ. «Ոչ էլ, ոչ էրեկ, ոչ էսօր, հեչ է´լ ասես, մեչը, ամանի մեչինը, իչավ, իչըցրու, ո´չ, հե´չ» ևն (ձայնավորից կամ դադարից առաջ մնացած հնչյուններն է´լ չեն փոխվում):

Այսինքն, անհնար է, որ այսօր հայն արտասանի. «Ոշ էլ, ոշ էրեկ, ոշ էսօր, հեշ է´լ ասես, մեշը (իբր՝ մեջը), ամանի մեշինը, իշավ (իբր՝ իջավ), իշըցրու (իբր իչըցրու), ո´շ, հե´շ» ևն:

բ) Ց-Ս զույգը:

Առանց գիտակցելու, բայց անընդհատ՝ ասում ենք. «բա´ս թող, կամաս-կամաս թափեց, կամաս-կամաց ասա, հա´ս կեր, մնաս մեկը» ևն, բայց ձայնավորից կամ դադարից առաջ «ց»-ն ասում ենք «ց». «բացի, բաց արա, կամացուկ, կամաս-կամաց արա, հացով, մնաց էրկուսը» ևն:

Իմիջիայլոց, Աճառյանի ԼՔՀԼ-ի [7] IV Ա, 362 էջի «ասացի-ասասջիք» օրինակը թերևս ցույց է տալիս, որ նախ հայերենի առնվազն այս ձայնափոխությունը շատ հին է, երկրորդն էլ, որ գուցե այստեղ նշված մնացած ձայնափոխություններն էլ են գործում խորը հնությունից:

գ) Ձ-Զ զույգը:

Առանց գիտակցելու, բայց անընդհատ՝ ասում ենք. «հանզնի´-հազնի´, հանզնարարել է (կամ) հազնարարել է, հանզնել է (կամ) հազնել է, անզնավորություն (կամ) ազնավորություն, բրինզն ու յուղը, գանզն ու հարստությունը» ևն, փոխանակ իբր «ճիշտ արտասանենք». «հանձնի´, հանձնարարել է, հանձնել է, անձնավորություն, բրինձն ու յուղը, գանձն ու հարստությունը», բայց ձայնավորից առաջ «ձ»-ն մնում է «ձ». «հանձինս, անձի, տանձի, յուղ ու բրինձը, գանձ ու հարստությունը» ևն (առաջին չորս օրինակի մեջ առաջին «ն»-ն սղվում է):

դ) Ջ-Ժ զույգը:

Առանց գիտակցելու, բայց անընդհատ՝ ասում ենք. «Բժնի, ականժները (կամ) ակաժները, բաղարժները, հաղարժները» ևն, Փոխանակ. «Բջնի, ականջները, բաղարջները, հաղարջները», բայց նորից ձայնավորից առաջ «ջ»-ն մնում է «ջ». «ականջի, բաղարջի, հաղարջի ևն»:

ե) Ծ-Զ զույգը:

Նկատելի է, որ երբեմն հնչեղ բաղաձայններից առաջ «ծ»-ն դառնում է «զ»: Օր. «անիզվի», փխնկ «անիծվի», «դրա կծազն էլ», փոխանակ՝ «դրա կծածն էլ» ևն:

զ) Ճ-Ջ զույգը:

Նկատելի է, որ շատ անգամ հնչեղներից առաջ (մանավանդ «ն»-ից հետո) «ճ»-ն դառնում է «ջ», հետո էլ, դ) կետի համաձայն, դառնում է «ժ»: Օրինակ, «ճանջ, բայց ճանժն էկավ, գաճաժները» ևն:

է) Ն-ի օրենքը:

Արարատյան բարբառը (ու այսօրվա բարբառներից շատերն էլ) «ն»-ին հաջորդող «կ»-ն անխտիր դարձնում են «գ»: Օրինակ, «խունգ, ծունգ, տնգել, ընգեր, ընգավ» ու նույնիսկ «մանկապարտեզ>մնգո»: Այս երևույթը շատ հին է ու նկատվում է մեր Աստվածաշնչի արդեն 9-րդ դարի ձեռագրերի մեջ:

Երբ այս կանոնները երբեմն կիրառում եմ, ուղղակի ուզում եմ, որ կարդացողը կարդա բարբառի´ արտասանությունով: էլի´ եմ ասում, համոզված եմ, որ.

Դրույթ 5. Հնչյունական այս նրբությունները չափազա´նց են կարևոր, ավելի ճիշտ, ճակատագրական են մեր հեռացույցի, թատրոնի ու կինոյի համար: Մեր սերիալների լեզուն, օրինակ, խորթ է հնչում առաջին հերթին հենց այս օրենքները չիմանալու կամ անտեսելու պատճառով :

Երևանի բարբառի մեջ է´լի բաներ կան, բայց գլխավորները սրանք են: Բաներ էլ կլինեն, որ չեմ նկատել կամ էլ նկատել եմ, բայց ռիսկ չեմ արել, ասեմ: Դրանք էլ թող ուրիշները նկատեն ու ասեն: Վստահ եմ, որ մեր գրական լեզվի ապագան սա´ է: Համոզված եմ, որ մեր լեզվի վիճակը վատ կլինի, թե չհետևենք Երևանի բարբառին:

20.10 Սովորության ու վարժվածության հզորությունը

Խ. Աբովյանից հետո իմ արածը աշխարհաբար գրական լեզու սարքելու առաջին՝ քչից-շատից ամբողջական փորձն է ու չի կարող ավարտուն լինի:

Ուղղակի իմ արած փոփոխությունը մասնակի ու մեխանիկական չի, սիստեմատիկ է, համակողմանի ու նպատակային: Խ. Աբովյանի պարտության պատճառը իր արածի մասնավորությունն էր:

Նախ, Աբովյանը ռիսկ չարեց Երևանի բարբառի իր օրերի «եմ» օժանդակ բայի բոլոր ձևերը կիրառի ու կիրառեց միմիայն երրորդ դեմքի եզակիի «ա»-ն, նույն դեմքի եզակիի «է»-ի փոխարեն:

Օրինակ, Աբովյանը չգրեց «խաղում ի; խաղում իր; խաղում ինք; խաղում իք; խաղում ին» հետևյալ ձևերի փոխարեն. «խաղում էի; խաղում էիր; խաղում էինք; խաղում էիք; խաղում էին», չհաշված այն հանգամանքը, որ իր գրածների մեջ ահագին շատ անհարկի գրաբարիզմ կար (տես Հավելված-2-ը):

Լեզուն էլ մի այնպիսի գերբարդ կառույց է, որ դրա մի´ «քյարփինջին» էլ կպնես, մյուսները թուլանում խարխլվում են, ու վերջը լեզվական շենքը քանդվում է: Թե որ այս բոլորն իրար հետ չանեի, արածս իզուր կլիներ, թե որ հիմա էլ իզուր չի:

Դրույթ 1. Լեզվի հարցում ամեն ինչն էլ վարժվելու բան է: Մենք սիրուն ենք համարում միայն ա´յն բաները, ինչին վարժվել ենք մանկուց:

Ու ափսոս, որ մանկուց գոնե մի ոտանավորի մեջ չենք տեսել՝ «էթամ, կարամ, (ը)սենց, (ը)տենց, (ը)նենց, ընձի, էսի, էտի, էի, խի՞, հեչ, ոշ մի, հեշ մի, աշկ, մեշկ» ևն ձևերը:

Դրույթ 2. Ես ՉԵՄ ԱՍՈՒՄ, որ հրաժարվենք մյուս բարբառներից կամ այսօրվա գրականի ընտիր գործերից ու գրաբարից: Դրանք է՛լ են կարևոր: Ով վերամբարձ ոճի ցանկություն ունի ու շտամպից չի վախենում, թող գրի ու ասի՝ «քավ լիցի, հավուր պատշաճի, ոչ երբեք, զորս պատվիրեցեր» ևն, սա արդեն իր գործն է:

Դրույթ 3. Ամեն մարդ էլ լեզվական ազատության (բայց ոչ թե գռեհիկ հայհոյանքի կամ զրպարտանքի) իրավունքը ունի:

Դրույթ 4. Ես նաև ՉԵՄ ԱՍՈՒՄ, թե պիտի հրաժարվենք մեր գրական ոճերից:

Բայց եթե որ մեկը գրական ոճով է գրում, պիտի անպայման գրի բարբառի քերականությունով, որ իր գրածը հայերեն լինի, ԵԹԵ ՈՒԶՈՒՄ Է, որ իրո´ք ճշմարիտ ու ոչ աղավաղ կամ կոտրատած հայերենով գրած լինի:

Թե չէ.

Դրույթ 5. Այսօրվա գրական ոճերը, առանց բացառության, այնքա´ն են սխալ, որ հանգիստ կարող ենք ասենք, որ աղավաղ կամ կոտրատած հայերեն են:

Դրույթ 6. Ինքը՝ բարբառը՝ գրական ոճ չի´, աղքատ է:

Օրինակ, ո´չ մի կենդանի բարբառ չունի՝ «անուրջ, բագին, քուրմ, մեհյան, տաճար, արտապատկեր, արտացոլք, հրոսակ, հայելային, ցնորք, ցասում, վերացական, համապատասխան, կենտրոն, տրամագիծ, շրջանագիծ, շեղանկյուն, իրան, համակարգ, ներհուն, պարամետր» բառերն ու հազար ու մի ուրիշ բառ:

Սրանք, մասամբ կամ լրիվ, փոխ ենք առել կամ պատճենել ենք օտար լեզուներից, հետո էլ՝ գրաբարից ու լա´վ ենք արել:

Ճիշտն ասած՝ օտար բառերի դեմ սկսած այս պատերազմը միշտ էլ, մեղմ ասած, անտեղյակության արդյունքն է: Ու թե որ չգիտենք, որ բառը թուրքերեն է, կարելի է՝ գործածենք ու համարենք հայերեն:

Ասվել է, որ խորշում ենք ռուսերենից փոխ առած ու արդեն հայացրած «կալբաստ»-ից, «կլուբնիկ»-ից, «կուկլա»-ից ու «մեշոկ»-ից, բայց մեր մտքով անգամ չի անցնում, որ մեր հայերեն համարած «երշիկ»-ը, «ելակ»-ը, «խամաճիկ»-ն ու «տոպրակ»-ը թուրքերենից ենք փոխ առել: Մանկամիտ ու ծիծաղելի չե՞նք:

Ուղղակի ապշելու բան է, որ լեզվի հարցերում մենք մեզ այնպես ենք պահում, ասես այս լեզվով չենք խոսում: Ոնց որ բոլորս էլ ասենք. «Մենք, բոլոր հայերս է´լ, զզվելի ու նողկալի լեզվով ենք խոսում»:

Ուրեմն, ուզենք, թե չուզենք, պիտի ընդունենք ու հռչակենք, որ.

Դրույթ 7. Երևանի բարբառը հայերի գրական «լեզուն» է, այսինքն, որ Երևանի բարբառն ընդունելի է ամեն տեղ, դպրոցներում, համալսարաններում, դատարաններում ևն, եթե ուզում ենք կենդանի, իրոք հայերեն, ոչ աղավաղ կամ ոչ կոտրատված ու հեշտ կիրառվող գրական ոճեր ունենանք, ուրիշ ելք չկա:

Բայց մենք ուզում ենք անենք սրա լրիվ հակառակը:

Դրույթ 8. Մենք մոտ 1550 տարի է, ինչ փորձում ենք ստիպենք, որ ողջ հայ ժողովուրդը խոսի գրական ոճերով, ինչն անհնար է, ու ինչի պես բան այս աշխարհում երբեք ու ոչ մի տեղ չկա, չի եղել ու չի էլ լինի, որովհետև լեզուն պարտադիր է փոխվում: Ու մենք, անընդհատ ու անընդհատ, փորձում ենք հենց սա´, հենց ա´յս հակաբնական ու հակագիտական բանն անենք:

Հայերի մեծ մասին նորմալ բան պետք չի՞: Եթե հա, ուրեմն, ափսոս, ուրեմն, այս գործն իզուր եմ արել ու գիտակցական կյանքիս մեծ մասն եմ իզուր ապրել:

Գլուխ 21. ՕՏԱՐ ՏԵՐՄԻՆՆ Ի՞ՆՉ է

21.1 Հյուսիսյանները

Դրույթ 1. Սկսած հայերենի գրական նոր ոճերը մի հարվածով հիմնելու թվից, հենց 1858-ից, հայոց լեզուն «օտար» բառերից իբր մաքրելու մի հակագիտական ու, ըստ էության, աղետալի մոդա առաջացավ, ու այդ օրերից այս իբր «հույժ հայրենանվեր» գործով զբաղվում են մեր համարյա բոլոր ուսյալները, ու համարյա բոլոր մակարդակներով, թե՛ անհատական, թե՛ կրթական, թե՛ լեզվաբանական, թե՛ (հետագայում) կառավարական:

Այս մաքրամոլների առաջնորդը դարձավ Խաչատուր Աբովյանի նախկին դասընկեր Ստեփանոս Նազարյանցը:

Դրույթ 2. Չնայած Նազարյանցը արևելյան լեզուների մասնագետ էր, բայց (ակնհայտ ու Աբովյանի պես), ծանոթ չէր ո´չ նոր ձևավորվող հնդեվրոպաբանությանը, ոչ է´լ համարյա լրիվ ձևավորված դասական լիբերալիզմի (այսօր կասեին՝ լիբերթարիզմի) հիմնական թեզերին, մանավանդ, Ադամ Սմիթի անտեսանելի ձեռքի տեսությանը:

Երբ 1858 թվին լույս տեսավ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, կարծում եմ, որ Նազարյանցն էլ էր բոլոր հայերի պես ուղղակի ապշած ու հիացած այս վեպի աշխարհաբար լեզվի արտառոց հզորությունից ու գեղեցկությունից:

(Գեղեցկության առումով տես մանավանդ Աբովյանի «Զանգու»-ն):

Բայց, չնայած իր այս ապշանքին ու հիացմունքին, Նազարյանցը, այնուամենայնիվ, (ո´վ իմանա, գուցե Աբովյանի հետմահու փառքի նախանձից, գուցե ասված բնագավառներից իր՝ քիչ առաջ ասված անտեղյակությունից, գուցե այս երկուսից միասին, գուցե այլ պատճառներով), մտածեց, որ այս նոր լեզուն (գրական ոճը) պիտի «մաքըրվի գավառական բառերից»:

Նազարյանցին այն օրերին աշխատակցում էր իրենից 17 տարի ջահել 29 տարեկան մի ուսանող (sic! «հավերժական ուսանող»), Միքայել Նալբանդյանցը, ով թերևս իր «ոչ հետևողական» բնավորության հետևանքով իր բռնած ոչ մի բնագավառում, մանավանդ արդեն ասված բնագավառներում, երբեք էլ պրոֆեսիոնալ չդարձավ:

Նազարյանցն ու Նալբանդյանցը հայտարարեցին, որ Երևանի բարբառը գրական լեզու ընտրելու Աբովյանի ձեռնարկը, անկասկած, ճիշտ է, ու հայերի գրական լեզուն իրո´ք պիտի հետևի Արարատյան բարբառին, բայց այս նոր լեզուն պիտի անպայման «մաքրվի գավառական, գռեհիկ բառերից»:

Դրույթ 3. Բայց ոչ Նազարյանցն ու Նալբանդյանցը, ոչ էլ սրանց բազում անցյալ ու ներկա հետևորդը, այդպես էլ չասացին, թե մեր նոր գրական «լեզուն» ի´նչ գիտական օբյեկտիվ չափանիշներով պիտի հետևի Արարատյան բարբառին, ինչպես նաև երբեք չասացին, թե այս նոր «լեզուն» ի´նչ գիտական սկզբունքներով պիտի «մաքրվի գավառական, գռեհիկ բառերից»:

Նազարյանցը Մոսկվայում հիմնեց իր «Հյուսիսափայլ» ամսագիրը, նույն 1858-ին, երբ հրատարակվեց Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն:

Ամսագիրը շատ շուտ հռչակվեց հայերի շրջանում ու դարձավ Նազարյանցի ու Նալբանդյանցի լեզվական հայացքների հետևորդների (այս գրքում՝ հյուսիսյանների) ավետարանը:

Ու այն օրերից սկսած, հայ համարյա բոլոր ուսյալներն էլ դարձան հյուսիսյաններ, դարձան լեզվական մոլեռանդ մաքրամոլներ:

Սրանց մասին արդեն մի քանի բան ասվել է ու դեռ կասվի այս գրքի Հավելված 1-ում ու Հավելված 2-ում, բայց այստեղ թերևս տեղին է, որ նախ խոսվի գիտական տերմինները «հայացնելու» այս ուղղակի աղտալի, հավերժական ու համատարած «թարգմանացավից»:

Այս խոսակցությունը պիտի որ ցույց տա սույն հետազոտություններն անելու ու սրանց արդյունքներն այս գրքով ամփոփելու պատճառներից առաջինը:

21.2 Տերմինը «հայացնելու» անհեթեթությունը

Այսօր Հայաստանում բառերը «հայացնելով» ու լեզուն «մաքրելով» են զբաղված նույնիսկ ու մանավանդ նախարարությունները, ու սրանցից ամենաեռանդունները, ինչքան էլ տարօրինակ թվա, Առողջապահության, Պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարություններն են:

Մեր այսօրվա լեզվաբանները ոչ միայն երբեք չեն ընդդիմանում լեզու մաքրելու այս համատարած մարմաջին, ոչ միայն չեն բացատրում ամենքին, որ գիտական հարցերը չպիտի քաղաքականացվեն, այլև հենց իրենք են խրախուսում սա, ու հենց իրենք է՛լ են մասամբ զբաղված սրանով:

Ինչո՞ւ: Որովհետև.

Դրույթ 1. Տարածված է այն աքսիոմի հարգ ունեցող հույժ կեղծ ու անծպտուն համոզմունքը, թե հայերենը օտար բառերից մաքրելու գործը մի հույժ հայրենանվեր ու հայ մտավորականին պատիվ բերող առաքելություն է, ինչի առաքյալը կարա դառնա ամեն մի հայ ուսյալը, անկախ իր լեզվաբանական գիտելիքներից ու կարողություններից:

Այնինչ.

Դրույթ 1. Լեզուն «մաքրելու» մեր այս հարատև մարմաջն անհեթեթ է, հակագիտական, անիմաստ, ծիծաղելի ու վնասակար, մի քանի պատճառով:

Նախ արդեն այս գրքում արդեն բազմիցս ասվել ու հիմնավորվել է, որ, առհասարակ.

Դրույթ 2. Աշխարհում հայտնի չի, չկա ու չի էլ լինի քիչ թե շատ զարգացած գոնե մի´ «մաքուր» լեզու (քանի որ լեզուն պարտադի´ր է փոփոխական):

Երկրորդը.

Դրույթ 3. Առանց բառային փոխառության լեզուն թերևս չի ապրի կամ կդառնա խիստ դժվար կիրառելի, քանզի լեզուն չի հարմարվի կյանքի փոխված պայմաններին:

Երրորդը.

Դրույթ 4. Բառային փոխառությունը լեզվի «շնչառությունն է»:

Չորրորդը.

Դրույթ 5. Փոխառությունները արհեստական «համարժեքներով» փոխարինելըթարգմանելով հայացնելը»), բառային մի այնպիսի աղմուկ է ստեղծում, ինչը լեզուն դարձնում է հույժ ծանրաշարժ, դժվար կիրառելի, խրթին ու ստերիլ:

Բացի սսրանք.

Դրույթ 6. Ցանկացած լեզվի բառապաշարի մոտ 60 տոկոսը փոխառություն է, ու հայերենը բացառություն չի, ու բացարձակ անհնար է, որ հայերենի բոլոր «օտար» բառերն էլ հայացվեն:

«Մաքուր» կլիներ միայն լրիվ առանձին մշակույթն ու լեզուն, օրինակ՝ Դարվինի նկարագրած վայրենի Հրո երկրացիներինը [45], մոտ 200 տարի առաջ, այն պայմանով, որ այդ ցեղն ուրիշների հետ բացարձակ չշփվեր, ցեղի անդամների թիվը չաճեր ու ցանկացած նորամուծությունն էլ թաբու հայտարարվեր:

Հինգերորդը.

Դրույթ 7. Այս ողջ Տիեզերքում չկա՛, գոյություն չունի՛ ու չի էլ կարող ունենա լեզուն մաքրելու ոչ մի գիտական չափանիշ կամ ձև, որովհետև բառ-ձայնի ու բառի իմաստի համապատասխանությունը միմիայն պայմանադիր է:

Դրույթ 8. Կրկնենք, որ եթե նույնիսկ լեզուն մաքրելու չափանիշ գոյություն ունենար էլ, միևնույնն է, դա քիչ-քիչ ա´նպայման կհնանար ու կդառնար սխալ, քանի որ լեզուն ի´նքը ա´նպայման ու պարտադի´ր ու անընդհատ է փոփոխվում:

Երկու-երեք հարյուրամյակ առաջ եվրոպական գիտությունը որոշեց, որ տերմինների համար պիտի գործածեն հին հունարենն ու լատիներենը, որ լեզուները չծանրաբեռնվեն սինոնիմներով, ու «բառային աղմուկը» չխաթարի լեզվական ինֆորմացիան:

Սա արվեց նաև այն բանի համար, որ տարբեր լեզուներով խոսող գիտնականներն իրար հնարավորին չափ հեշտ հասկանան, որովհետև երբ հրաժարվեցին գիտական գործերը լատիներենով գրելուց, պարզվեց, որ գիտնականների համար սա´ է իրար հասկանալու ամենահեշտ ու անխուսափ ուղին:

Սրա համար էլ.

Դրույթ 9. Բոլոր զարգացած ժողովուրդները այս ողջ աշխարհում համարում են, որ թե´ դպրոցական, թե´ բուհական կրթության կարևոր խնդիրներից մեկը մանուկներին ու պատանիներին գիտական միջազգային կոչվող փոխառյալ տերմինները սովորեցնելն է:

Հայերենը բացառություն չի, բայց, ցավոք, այսօրվա ուսյալ հայերը, ամենուրեք, նույնիսկ գիտական տերմիններն են իբր հայացնում, չնկատելով, որ.

Դրույթ 10. «Հայացրած» բառ ու տերմինների մեծագույն մասը մեռած է ու բանավոր խոսքի մեջ չի գործածվում:

Մեր այս մաքրամոլները չեն էլ պատկերացնում, թե քանի˜-քանի˜ տասնյակ հազարի է հասնում գիտական տերմինների թիվն ու չեն հասկանում, որ իրենց այս արարմունքով ուղղակի հակառակվում են լեզվի հենց էությանն ու բնավորությանը:

Իրոք, ասենք թե «նավթ»-ը «հայացրիք» «քարյուղ»-ով, դե հիմա էլ հայացրեք.

«բենզինը, մազութը, սոլյարկան, կերոսինը, նավթը, էթանը, բութանը, էթիլմեթանը, դիէթիլմեթանը, բասկետբոլը, ֆուտբոլը, թենիսը, պինգպոնգը, հոկեյը, գալակտիկան, նեյրոնը, աքսոնը, քվանտը, ասպիրինը, անալգինը, պենիցիլինը, ատոմը, բակտերիան, վիրուսը, ֆագը, կովիդը, գրիպը, գենետիկան, քլորը, արսենը, հելիումը, նատրիումը, կալիումը, բրոմը, յոդը, սիլիցիումը, արգոնը, քսենոնը, ռադոնը, ռադիումը, դեյտոնը, դեյտերիումը, տրիտիումը, պրոտոնը, նեյտրոնը, նեյտրինոն, ֆերմիոնը, բոզոնը, սպինը, հադրոնը, նուկլոնը, պոզիտրոնը, բարիոնը, մյուոնը, մեզոնը, հիպերոնը, կաոնը, գլյուոնը, քըվարկը» ևն, ևն:

Դրույթ 11. Մեր այս մաքրամոլները չեն էլ պատկերացնում, թե ի´նչ սարսափելի մղձավանջ կառաջանա թե´ մաթեմատիկայում, թե´ բնական ու հասարակական գիտություններում ու այլուր, եթե հանկարձ իրենց այս մաքրամոլական երազանքն իրականանա ու բոլո´ր-բոլո´ր տերմիններն իրո´ք «հայանան»:

Դրույթ 12. Առաջացած տիեզերական «լեզվական աղմուկը» չի թողնի, որ գիտությունն ուղղակի հնարավոր լինի ու գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող բոլո´ր-բոլո´ր հայերը, ստիպված, կգաղթեն այլ երկիր, որտեղ նման մղձավանջը չկա:

Կրկնենք, որ լեզվաբանության փորձով հաստատված ամենահիմնական դրույթներից մեկն ասում է, որ.

Դրույթ 13. Ամեն մի լեզու էլ անընդհատ ու պարտադիր փոխվում է, ու փոփոխության հիմնական ձևերից մեկը օտար բառերի փոխառությունն է:

Մեկ ուրիշ հիմնական դրույթն էլ պնդում է, թե.

Դրույթ 14. Լեզուն չի ենթարկվում անհատի կամ անհատների ոչ մի խավի կազմած ծրագրին:

Իսկ Լեզվի Գլխավոր Օրենքն էլ պնդում է, թե.

Դրույթ 15. Տվյալ լեզվի կայունացած բոլոր երևույթներն էլ ճիշտ են հենց միայն այդ լեզվի մեջ իրենց գոյության պատճառով:

Սրանցից ու Լեզվի Գլխավոր Օրենքից բխում է, որ.

Դրույթ 16. Փոխ առած բառերը հայերեն են, եթե լեզվի կրողների մեծ մասը գործածում է դրանք:

Բառերը «թարգմանելով հայացնելու» այս մարմաջով տառապող «հայրենասերը» չի հասկանում ու չի´ ուզում հասկանա ասվածը, չի´ ուզում հասկանա, որ բառերը հայացնելու իր այս «ելակետը» թե´ անհեթեթ է, թե´ շատ անգամ ծիծաղելի, թե´ ուղղակի տգիտություն է:

Դրույթ 17. Եթե մեր այս լեզվական մաքրամոլները հետևողական լինեին, պիտի հայացնեին բոլո՛ր-բոլո՛ր տերմինները: Տեսնենք, թե սա ինչքա՛ն է հնարավոր:

«Էլեկտրոն» բառը փոխ է առնված հունարենից, ու սա հունարենով նշանակում է «սաթ» նյութը: Ենթադրենք, թե «էլեկտրոն»-ը հայացրինք ու սրան ասացինք, օրինակ, «սաթոն»: Բա հիմա էլեկտրոնի հակամասնիկ պոզիտրոնին ի՞նչ ասենք, ասենք «պոզիսաթո՞ն», թե՞ «դրականոսաթոն», որովհետև այս «պոզիտիվ»-ն էլ է փոխառություն ու նշանակում է «դրական»:

Ի՞նչ ասենք «էլեկտրականության»-ը՝ «սաթականությո՞ւն»:

Ասենք թե՝ ասացինք, բայց այդժամ ի՞նչ ասենք, հետևյալ բառերին, էլեկտրասխեմային, էլեկտրամագնիսականությանը, էլեկտրասուբկորտիկոգրաֆիային, էլեկտրահաշվիչին, էլեկտրատաբլոյին, դիէլեկտրիկին, էլեկտրատելուրոգրաֆին, էլեկտրաստրիկցիային, ևն, ևն:

Միայն այս «էլեկտրա»-ով բառերի թիվը ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ հատ է: (Ու սա հանուն ինչի՞ ենք անում, ուրիշ բան ու գործ չունե՞նք):

Հայացրած տերմինը, ինչես ասվել է, համարյա երբեք, «հայացնելու» հարցը լրիվ չի լուծում:

Ի՞նչ օգուտ կանենք, եթե «իզոթերմ պրոցես»-ի տեղն ասենք «նույնաջերմ գործընթաց»: Ախր սա մի անգամ արդե´ն արել ենք, երբ «հայացրել ենք» լատիներեն pro+cess բառը ու գրել ենք «ընդ+անցք», ինչը դարձել է «ընթացք», ու ինչից էլ ունենք «ընթանամ» բայը:

Երբ իրեն լեզվաբան հռչակած գրականագետ պրոֆեսոր Իշխանյանը «հայացրեց» pro+cess-ը, չգիտեր (ու երևի մինչև մահն էլ չիմացավ), որ այս բառը մեր (երևի) լատինաբան հայրերն արդե´ն հայացրել են, ու առաջարկեց իր մոգոնած լեզվական հրեշը՝ «գործընթաց»-ը:

Այս ուղին ամուլ է, ու ֆիզիկոսներին որ սպանես էլ՝ «իզոթերմ պրոցես»-ի տեղը չեն ասի «իզոթերմ/նույնաջերմ գործընթաց:

Ժամանակին փորձեցին ռուսերենից փոխ առած «կոնստրուկտիվ»-ը «հայացնեն» (այն էլ՝ Ազգային ժողովում (sic!), «կոնստրուկտիվ առաջարկ» կապակցության առիթով) ու «կոնստրուկտիվ»-ը դարձրին՝ «շինիչ»: Հետո զգացին, որ սա մի տեսակ «շատ է շինիչ», ու դարձրին՝ «կառուցողական», հետո էլ՝ «կառուցիկ»:

Բայց երբ մեկն ասում է «կառուցիկ» կամ «կառուցողական», իսկույն էլ հետեվից ավելացնում է՝ «կոնստրուկտիվ»-ը որովհետև թեև անգիտակից, բայց զգում է, որ ասածը քիչ է հասկանալի:

Իմիջիայլոց, մեկի մտքով չանցավ, որ սրա անգլերեն իմաստներից մեկը՝ «բեղուն»-ն է, որովհետև այս բառի իմաստները միայն ռուսերե՛ն բառարաններում էին փընտրում: Իրոք, եթե ասում ենք՝ «բեղուն գրիչ, բեղուն միտք» ևն, ինչո՞ւ նաև չասենք «բեղուն առաջարկ»:

Այս օրինակը խիստ ուսանելի է: Սա ցույց է տալիս, որ այս «հայացնելը» ամեն մարդու, (նույնիսկ գրականագիտության պրոֆեսորի կամ էլ ֆիզիկայի ակադեմիկոսի) խելքի բանը չի, էլ ո՞ւր մնաց լեզվաբանությունից անտեղյակ Լեզվի պետական կոմիտեի պետերի գործը լինի:

21.3 Տերմինը հայացնելու վտանգները

Երբ վերը ասված ձևով տերմինը իբր «հայացնում են», հնարավոր է, որ առնվազն 5 բան, 5 «վթար» լինի:

Հնարավոր է, որ տերմինի իմաստային դաշտը լայնանա, նեղանա կամ (նաև սրանց հետ միասին) շեղվի, կամ էլ նպատակին չհասցնի:

Սրանցից երրորդն ավելի հաճախ է լինում:

Այս վտանգները քննարկեմ ավելի մանրամասն:

1. Նախ հնարավոր է, որ տերմինը «հայացնելիս» այդ տերմինի իմաստային դաշտը լայնանա, ու տերմինն արդեն ուրիշ բան էլ նշանակի:

Օրինակ, երբ բժիշկների գործածած «տամպոն»-ի փոխարեն այսօր գրում են «միջադիր», այս տերմինի իմաստային դաշտն առավելագույն չափով լայնանում է, որովհետև մեջը դնելու ամեն մի բանին էլ կարելի է ասվի միջադիր: (Այս անգամ, ի՞նչ ասենք, օրինակ, ռուսերեն՝ втулка, перегородка, вставка և այլ բառերին):

Երբ հենց «տերմին» բառն ենք դարձնում «եզր», սրա իմաստային դաշտը չափազանց է լայնանում, որովհետև ամեն բանն էլ եզր ունի, բայց ամեն մի բանի եզրը տերմին չի, սա անվիճելի է:

Ուրեմն, «եզր» իբր հայացրած տերմինը արդեն բոլորովին էլ մասնագիտացած չի, որովհետև սա արդեն սովորական կենցաղային բառ է: Ու այս անգամ «տերմին» բառի նաև իմաստն է շեղվում, սփռվում ու դառնում լրիվ անորոշ, այնինչ, «տերմին»-ն արդե´ն «մասնագիտացել է», ու սրա իմաստը լրի՛վ է որոշակի:

(Սրա´ համար են վերջերս այս «եզր»-ի պոչին ավելացնում «ույթ» մասնիկը, որ այս «եզր»-ն իբր «մասնագիտանա», բայց մեկ է, սա չի մասնագիտանում: Ու սա թերևս նույնն է, ինչպես որ ճաշատեսակներին բոլորին էլ ասեինք «հացույթ». Սրանից, այս «ույթ»-ն ավելացնելուց, տերմինի տհաճության զգացումը չէր քչանա):

Երբ «էլեկտրամոբիլի» փոխարեն առաջարկում են «էլեկտրամեքենա» բառը, չեն գիտակցում, որ ախր սրա «էլեկտրա» ու «մեքենա» հունարեն բաղադրիչները նորից մնում են «օտար» (հունարեն):

Իսկ երբ, օրինակ, «տրամվայ»-ի փոխարեն առաջարկում են «ինքնաշարժ»-ը, իմաստային դաշտը հույժ լայնանում է, որովհետև այս անգամ էլ ամեն մի իբր ինքնիրեն շարժվող բանն էլ «ինքնաշարժ» է, օրինակ, տրոլեյբուսը, գնացքը, շոգենավը, ամեն մի «ինքնաշարժ» նավը, գնացքը ու, ինչն արդեն հույժ զվարճալի է, ինքնաշարժ է ցանկացած կենդանին (թերևս բացի բակտերիաները), ևն ևն:

(Չխոսենք այն բանից, որ եթե այս «ինքնաշարժ»-ն էլ որ հանկարծ ուշադիր քըննարկենք, կհասնենք Նյուտոնի օրենքներին ու Մաքսվելի հավասարումներին, ու գուցե այդժամ պարզվի, որ մեր պատկերացրած ինքնաշարժը ոչ թե իրո´ք է ինքնաշարժ, այլ շարժող ունի, ու որ այս «ինքնաշարժությունը» ուղղակի ցուցադրում է մեր տգիտությունը ֆիզիկայի ասպարեզում):

2. Հնարավոր է, որ տերմինը «հայացնելիս» այս տերմինի իմաստային դաշտը նեղանա:

Օրինակ, երբ «ռեսուրս»-ի փոխարեն գրում ենք «աղբյուր», առաջինի իմաստային դաշտը նեղանում է մինչև մեր սար ու դաշտերի աղբյուրները ու, այս անգամ, էլ չի լինի, որ «երկրի ողջ ռեսուրսների» փոխարեն գրենք՝ «երկրի ողջ աղբյուրները», կամ «երկրի ջրային ռեսուրսների» փոխարեն գրենք՝ «երկրի ջրային աղբյուրները»:

(Իհարկե, կարելի´ է, որ «ռեսուրս»-ի տեղը երբեմն ասվի՝ «աղբյուր» կամ էլ «պաշար»: Բայց, մեկ է, «մարդկային ռեսուրսների» տեղը չի ասվի «մարդկային աղբյուրներ» կամ «պաշարներ»: Բայց սա էլ չպիտի լինի կատեգորիկ պահանջ: Թող սրանք բոլորն էլ գործածվեն, բայց տեղին):

3. Հնարավոր է, որ տերմինը «հայացնելիս» այդ տերմինի իմաստային դաշտը շեղվի:

Օրինակ, երբ «վոլտմետր»-ի ու «ամպերմետր»-ի փոխարեն գրում ենք՝ «վոլտաչափ» ու «ամպերաչափ», ասելիքի իմաստային դաշտը շեղվում է, որովհետև հայերենի օրենքներով սրա´նք, այս իբր հայացրածնե´րը, նշանակում են՝ «վոլտի չափ, չափովը» (վոլտի «թայը») ու «ամպերի չափ» (ամպերի «թայը»):

Իրոք բա չե՞նք ասում՝ «գրկաչափ» (մի գրկաչափ ցախ, խոտ ևն), մի «արմնկաչափ» (արմունկի չափ) կտոր, «ոտնաչափ» (ոտի չափ), «մատնաչափ» (մատի չափ, դյույմ) ու նույնիսկ՝ «Մատնաչափիկ» ևն, ևն:

Ու եթե սրանք նույնիսկ ճիշտ էլ լինեին, վոլտմետրն ու ամպերմետրը իբր «հայացնելով» հարցը չէր լուծվի, որովհետև հունարեն «մետր» բառն արդեն իրո´ք է հայացել ու հայերենն առանց սրա ոչ մի կերպ յոլա չի գնա: Օրինակ, «հազար մետըր»-ի կամ կիլոմետրի տեղը ոչ մեկը երբեք չի ասի «հազարաչափ»:

Բացի ասվածը, «Ամպեր»-ն ու «Վոլտ»-ն է´լ են բառ, (ավելի ճիշտ, մարդու անուն են, «Գուրգեն»-ի ու «Արշակ»-ի պես, որ հին պարսկերենով նշանակում են՝ «Գայլուկ» ու «Արջուկ»), ու այս «Ամպեր»-ն ու «Վոլտ»-ը, մեկ է, «չհայացան», ուրեմն, մեկ է, խնդիրը չլուծվեց:

Իմիջիայլոց, նկատենք, որ հայերեն անուն-ազգանունների մեծագույն մասը սրանց պես փոխառություն է: Հիմա ի՞նչ անենք, մեր համարյա բոլորի անուն-ազգանունները հայացնե՞նք, ու օրինակ՝ «Վարուժան Վազգենի Արշակյան»-ի տեղը գրենք՝ «Արութռչուն Գորտուկի Արջուկյա՞ն»:

4. Իմաստային դաշտի շեղվելն ու լայնանալը:

Երբ «մանոմետր»-ի փոխարեն գրում ենք՝ «ճնշաչափ», նախորդ կետին համաձայն՝ իմաստային դաշտը շեղվում է, որովհետև հայերենի օրենքով սա նշանակում է՝ «ճնշելու չափով» (կամ «ճնշելու թայը»):

Բայց սրա իմաստային դաշտը նաև լայնանում է, որովհետև, օրինակ, արյան ճընշումը չափելու «տոնոմետր»-ն է´լ է «ճնշաչափ», «բարոմետր»-ն է´լ, «աներոիդ»-ն է´լ, ու այս չորս տերմինը դառնում են մեկ: Այնինչ, «մանոմետր»-ը, «տոնոմետըր»-ը, «բարոմետր»-ն ու «աներոիդ»-ը մասնագիտացել են, ամեն մեկը՝ ի´ր ոլորտում կիրառվելու համար:

Ցավոք, ֆիզիկայի մեր հայերեն դասագրքի հեղինակները բարոմետրը հայացրել դարձրել են «ծանրաչափ», ինչը արդեն լրի´վ է սխալ, որովհետև եթե նույնիսկ համաձայնենք, որ «-աչափ»-ը «չափող»-ն է, այս անգամ արդեն այս «ծանրաչափ-բարոմետր»-ը կդառնա ծանրություն չափող, այսինքն՝ կշեռք, այնինչ, սա ճնշում չափողն է:

Երբ մի լեզուն մի ուրիշ լեզվից բառ է փոխ առնում, փոխ է առնում օտար բառի միայն մե՛կ արժեքը, որ այս արժեքը մասնագիտանա ու արտահայտի մի նոր գաղափար, ու այս բառը դառնում է տերմին:

Օրինակ՝ պարսկերենի «նաֆտ» բառն պարսկերենով առաջին հերթին նշանակում էր՝ «թաց հող», բայց պարսկերենով սա լիքը ուրիշ իմաստ էլ ունի: Այնինչ, հայի կամ ռուսի համար «նաֆթ»-ը միայն նավթն է:

Նույն ձևով, ռուսների վերցրած «ֆունկցիա»-ն սկզբում միայն մաթեմատիկայի «ֆունկցիա»-ն էր նշանակում: Հետո ռուսները փոխ առան (նույն բառով) նաև այս բառի «դեր», «պաշտոն» ու «լիազորություն» իմաստները: Հայերենն էլ սրանք նույն ձևով վերցրեց ռուսերենից: Համարյա միշտ էլ այսպե՛ս է լինում:

Մեր ցածր դասարանի մայրենի լեզվի դասագրքերի «հանճարեղ» հեղինակներն իրենց վարժությունների բաժնում անընդհատ աշակերտին ասում են. «Բնագի´րը կարդա» (օրինակ, Թումանյանի որևէ հեքիաթինը): Այս հեղինակները իբր «հայացրել» են «տեքստ» բառը՝ սա սարքելով «բնագիր», բայց այս հայացրածի իմաստային դաշտը թե´ նեղացել է, թե´ շեղվել:

Պարզ չի՞, որ ամեն բնագիր էլ տեքստ է, բայց ամեն տեքստ՝ բնագիր չի:

5. Հնարավոր է, որ տերմինը «չհայանա»:

Սա բավական հաճառ է պատահում ու սրա մի քանի օրինակն արդեն բերվեց («էլեկտրամեքենա»-ն, «ամպերաչափ»-ը ևն), բայց մի քանի խոսք էլ ավելացնեմ ասվածին, նախ նկատելով, որ սրա պատճառը հայացնողի լեզվաբանական ոլորտին անծանոթ լինելն է:

Օրինակ, մեր հայացնող մաքրամոլները խրտնում են ռուսերենից փոխ առած «նասոս»-ից, «կալբաս»-ից, «կլուբնիկ»-ից, «մեշոկ»-ից ու «կուկլա»-յից ու այս «բոբո ռուսերեն» բառերի փոխարեն առաջարկում են «բնիկ հայերեն պոմպ»-ը, ուղղակի չիմանալով, որ այս «պոմպ»-ն էլ անգլերեն pump-ն է, ինչպես նաև առաջարկում են «երշիկ, ելակ, տոպրակ, խամաճիկ» ԹՈՒՐՔԵՐԵՆ բառերը, նորից իրենց երանելի «անգիտության» պատճառով:

Ահա մի ուրիշ օրինակ: Մեր ֆիզիկայի ակադեմիկոսներից մեկն առաջարկում էր «սաթոն» ու «լուսոն» իբր հայացրածները սովորական ու համաշխարհային «էլեկտրոն» ու «ֆոտոն»-ի փոխարեն: Բայց հակառակի պես էլ այս սաթոնը ֆերմիոն է, իսկ լուսոնը՝ բոզոն:

Չխոսելով վիճակի այս զվարճալի նրբությունից, պարզ է, որ հայացնելու այս «գործընթացից» չպրծանք, որովհետև այս «ֆերմիոն» ու «բոզոն» բառերն էլ են օտար, առաջինն իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիի ազգանունից է, երկրորդը՝ հնդիկ ֆիզիկոս Սաթյենդրա Նաթ Բոզեի´ անունը (ճիշտ՝ հենց վոլտաչափ-ի ու ամպերաչափ-ի պես):

Մեր մաքրամոլների հայացնելու այս թարգմանացավը միմիայն ֆիզիկայով չի սահմանափակվում, այլ ընդգրկում է մեր հոգևոր բոլոր ոլորտները: Ցավոք, սրանց մոգոնած համարյա բոլոր «հայերեն» բառերի գործածությունը, օրինակ, պոեզիայում համարյա անհնար է, ու սրանց մեծագույն մասը Չուկովսկու ասած լեզվական հրեշներից է:

21.4 Սխա՞լ, թե՞ մոլորությո՞ւն

Աբեղյանն էլ է ասում (ՀԼՏ, 10), թե.

«Լեզվի մեջ նոր արմատներ չեն ստեղծվում, բացի նմանաձայնության կամ բնաձայնության արմատներից, ինչպես՝ գմփալ, ղռռալ և այլն…այլ եղած արմատներից և բառերից, որ հայերենին անցել են հնդեվրոպական նախալեզվից կամ առնվել են ուրիշ լեզուներից, կազմվել և կազմվում են նոր բառեր»:

Դրույթ 1. Կազմակերպված ու արդեն ոչ պրիմիտիվ լեզուն նոր արմատ չի ստեղծում: Փոխարենը կազմակերպված լեզուն իրեն հարկավոր նոր արմատներն ու բառերը (առհասարակ) փոխ է առնում ա´յն լեզուներից, որոնք ավելի պատվելի է համարում:

Դրույթ 2. Կազմակերպված լեզվի համար նոր արմատ ունենալու ամենալավ ու ամենահեշտ ձևը որևէ օտար լեզվից այդ բառի «մատրիցը» փոխ առնելն ու իրեն հարմարեցնելն է:

Սրա համար էլ.

Դրույթ 3. Առանց բառային փոխառության՝ լեզուն կորցնում է նոր պայմաններին իսկույն հարմարվելու իր (ադապտացիայի) ունակությունն ու դառնում է ստերիլ ու անհամ, անհարմար ու ծանրաշարժ, ու այդ լեզվով խոսողները քիչ-քիչ արհամարհում են հենց իրե´նց լեզուն ու ձգտում են ուրիշ, իրենց կարծիքով, ավելի ազդեցիկ ու պատվավոր լեզուներն իմանալուն:

Ուրեմն.

Դրույթ 4. Բառային փոխառությունների դեմ պայքարելը լեզուն սպանելու ամենաարագ ուղին է:

Տերմինները իբր հայացնող բոլոր «մասնագետները» սա չեն հասկանում ու, առանց բացառության, կարծում են, թե որևէ օտար բառին անպայման համապատասխան է հայերենի միայն ու միայն մեկ բառ:

Օրինակ, սրանք կարծում են, թե անգլերեն problem կամ ռուսերեն проблема բառը հայերենով նշանակում է միմիայն «հիմնախնդիր» (կամ «հիմնահարց»), standard-ը՝ միմիայն «չափանմուշ», function-ը՝ միայն «գործառույթ», process-ը, միմիայն «գործընթաց», constructive-ը՝ միայն «կառուցիկ» (կամ «կառուցողական»:

(Այս վերջինը մանավանդ է զվարճալի (կամ տխուր), որովհետև սա ցույց է տալիս, որ մեր այս հայացնողների մտքներով անգամ չի անցնում, թե հնարավոր է, որ ռուսերենից իրենց ծանոթ констрикция=կառույց բառը «կառուցել»-ուց բացի ուրիշ բան էլ նշանակի) ևն:

Չասեմ, որ այս հայերեն իբր համարժեքները երկար են (որովհետև, համարյա առանց բացառության, բառաբարդություն են) ու տգեղ են: Տգեղությունը թերևս ճաշակի հարց է, բայց սա թողնենք ու բերենք այս բառերից չորսի մեր բառարաններից վերցրած համարժեքները:

ФУНКЦИЯ – 1. ֆունկցիա, կախյալ փոփոխական: 2. գործունեություն; գործառնություն; կենսագործունեություն; ֆունկցիա: 3. գործ, պարտականություն; գործողությունների շրջան, ֆունկցիա: 4. դեր; նշանակություն:

FUNCTION – 1. նշանակություն; դեր; պաշտոն, ֆունկցիա: 2. ֆունկցիա, (ծառայական) պարտականություն, զբաղմունք: 3. հանդիսավոր արարողություն; երեկո, ընդունելություն: 4. կախվածություն: 5. իրավունք, լիազորություն: 6. Մաթեմատիկական ֆունկցիա: 6. գործել, դերը տանել, հանդես գալ; սարքին լինել ևն:

Մեր «հայացնողներն» վերջերս այս բոլորի փոխարեն գրում են միայն «գործառույթ»:

Երկրորդ օրինակը:

PROBLEM - 1. պրոբլեմ, հարց; խնդիր: 2. բարդ իրավիճակ; բարդ դեպք: 3. դժվարություն; բարդություն: 4. մաթեմատիկական հարց կամ խնդիր: 5. պրոբլեմային, լուծում պահանջող; հարցական; անորոշ; ենթադրական; կասկածելի; քիչ հավանական ևն:

Մեր «հայացնողներն» այս բոլորի փոխարեն ամենուրեք գրում են «հիմնախնդիր» կամ «հիմնահարց»: Սա է´լ է սխալ:

Երրորդ օրինակը:

STANDARD - 1. չափ; նորմա; նմուշ; ստանդարտ; չափանիշ: 2. մակարդակ (կուլտուրայի, կրթության, կյանքի ևն): 3. (հոգնակիով) բարոյական ու սոցիալական նորմերը: 4. էտալոն, ստանդարտ; standard cell-սովորական մարտկոց; standard deviation-սովորական շեղում; standard kilogram-կիլոգրամի ստանդարտը (երկրորդային էտալոնը); standard resistօr-արտադրական (սովորական) ռեզիստոր; standard temperature and pressure (s.t.p.)-նորմալ ջերմաստիճանն ու ճնշումը; standard units for particle physics մասնիկների ֆիզիկայի գործածական միավորները ևն: 5. հարգ (ոսկու, արծաթի ևն): 6. դաս, մակարդակ (կրտսեր դպրոցի): 7. դրոշ, շտանդարտ: 8. հանրահայտ ու խիստ տարածված երգ: 9. հիմք, պատվանդան, հենարան ևն: 10. հրետասայլ; հաստոց; հենոց: 11. մոմակալ: 12. ստանդարտային, տիպային, ընդունված: 13. շաբլոն; շաբլոնային; յուրօրինակությունից զուրկ, միապաղաղ, միօրինակ ևն, ևն:

Մեր «հայացնողներն» այս բոլորի փոխարեն գրում են «չափանմուշ, չափանմուշային» (կամ էլ՝ սրանց պես մի անհարմար բան, օրինակ, «չափորոշիչ»): Սա է´լ է սխալ:

Մեր այս «հայացնողները» մի ուրիշ հիվանդությունով էլ են տառապում: Երբ սըրանք հայացնելու ենթակա մի բառ են գտնում, ձգտում են (բառարանները պրպտելով) այդ բառը հայացնեն հայերենի միմիայն մեկ հատիկ բառով:

Ինչո՞ւ: Որովհետև սրանք նախ համոզված են, թե բառարանների մեջ գրված են բառերի բոլոր-բոլոր արժեքները:

Երկրորդն էլ, սրանք կարծում են, թե ամեն մի օտար բառին փոխմիարժեք համապատասխան է հայերենի մեկ ու միայն մեկ բառ: Բայց նախ.

Դրույթ 5. Աշխարհում չկա գոնե մի բառարան, ինչն ունենա բառերի բոլոր արժեքները, որովհետև բառերն առհասարակ ոչ միայն չափազանց բազմարժեք են, այլև հնարավոր է, որ բառի արժեքներից ոմանք մեռնեն ու նորերն առաջանան (օրինակ, արդեն մի քանի անգամ հիշատակած «թույն» բառի այսօրվա «ընտիր» արժեքը, որ իմ մանկության ու պատանեկության տարիներին չկար):

Երկրորդն էլ, ինչպես արդեն ասվել է.

Դրույթ 6. Բառի արժեքը, առհասարակ, կախված է այս բառի «բառային շրջապատից»:

Ահա սրա մի օրինակ. «տամ»-ը, ինչը, «տալ»-ուց բացի, նաև նշանակում է. «կըպնեմ-դիպչեմ-շոշափեմ; խփեմ; պսակեմ; օգուտ անեմ; տրվեմ» (նաև սեռական հարաբերության իմաստով), «հրապուրվեմ-նվիրվեմ» ևն:

Օրինակներ. «Ձեռ մի՛ տուր: Կտամ գանգիտ, կփռեմ քեզ գետին: Իր աղջկան տվեց մարդու: Ձեռ չի տալի, մի՛ արա: Կինը տ(ր)վեց տղամարդուն: Հոգով սրտով տրվել եմ էս գործին» ևն:

21.5 Օտար անունները տառադարձելու մասին

Մեր մաքրամոլները մի «անհարմար» բան է´լ են անում, օտար անունները գրում են իբր իրենց «մայրենի արտասանությունով»:

Իհարկե, ոչ ոք չի արգելում, որ, օրինակ, ֆիզիկոսը լեզվաբանությամբ զբաղվի, կամ լեզվաբանը զբաղվի ֆիզիկայով: Բայց այս երկուսն էլ լավ կանեն, որ ուրիշի ասպարեզը մտնելուց առաջ, այդ ասպարեզն ուսումնասիրեն ու յուրացնեն այդ ասպարեզի գիտական մեթոդը, թե չէ, սրանք թե՛ իրենց խայտառակ կանեն, թե´ ողջ ազգին:

(Ինչպես, օրինակ, խայտառակ արեց ինքն իրեն ու բոլոր հայերին ռադիոինժեներ ակադեմիկոս Պարիս Հերունին՝ հույժ անհեթեթ բաներ հայտարարելով հայագիտության մի քանի ասպարեզում, առանց այս ասպարեզներից գոնե տարրական գիտելիք ունենալու):

Նման անպատասխանատու վայ «մասնագետները», թերևս առանց բացառության, «ընտիր» հայերենի իմացության թունդ հավակնություն ունեն ու անընդհատ պահանջում են, որ բոլորն իրենց գրածները «հայացնեն», ընդ որում, հայացնեն միմիայն հենց իրե´նց հասկացածի պես:

Բայց թող մեր այս «մասնագետներն» ասեն, եթե իրենք իրենց հայացնելու մեթոդներով «կվարց»-ի տեղը գրում են՝ իբր հույժ ճշգրիտ «քվարց»-ը, ու «Էյնշտեյն»-ի տեղն էլ՝ «Այնշտ(թ)այն», ինչու չեն հայացնում հենց այս «քվարց»-ը, ու ինչո՞ւ են, օրինակ, գրում. «Մարիոտ, Բրոուն, Դալտոն, Իսահակ Նյուտոն, Ռոբերտ Հուկ, Ռեզերֆորդ, Յունգ», փոխանակ նորից «հույժ ճշգրիտ» գրեն. «Մաղիո´» (ֆրանսերեն հենց այսպես են ասում), «Բրաուն, Դո´լթն, Ա´յզեք Նյութն, Րո´բըթ Հուք, Րա´դըֆոդ, կամ Րա´զըֆոոդ, Յանգ» (համարյա՝ անգլիացիների արտասանելու պես):

Թող սրանք ասեն, թե ինչո՞ւ պիտի բրիտանացիների´ պես գրենք «Րո´բըթ», ու ոչ թե ամերիկացիների պես՝ «Րո´բըրթ», կամ սրանցից ո՞ր մեկը պիտի ընտրենք ու ինչո՞ւ, ի՞նչ պատճառով կամ ի՞նչ հիմքով:

Թող սրանք ասեն, թե ինչո՞ւ չեն դնում օտար լեզուներից «հայացրած» բառերի օտար շեշտերը, եթե այդքան նախանձախնդիր են, որ «բնագրի ամենայն առանձնահատկությունները պահեն»:

Սրանք «Լևկիպոս»-ի կողքը գրում են «Դեմոկրիտ»՝ չիմանալով, որ երկրորդն էլ պիտի գրեին առաջինի պես՝ Դեմոկրիտոս: Ու եթե այս հեղինակները (ու սրանց կողմընակիցները) հետևեին հենց իրե´նց իսկ «կանոններին», պիտի գրեին՝ «Արքիմեդես, Յուկլիդես, Պաղի, Շեյքսպիյը» ևն, փոխանակ՝ «Արքիմեդ, էվկլիդ կամ էվկլիդես, Փարիզ ու Շեքսպիր» ևն, ևն:

Ուրեմն, սրանց «հայացնելու-ուղղելու» աստիճանը կախված է իրենց լեզվաբանական գիտելիքի աստիճանից, բայց ասածիցս երևում է, որ ա´յս մի աստիճանը շատ է ցածր:

Մի քանի բան էլ ասեմ օտար անունները տառադարձելու մասին:

Նախ ասեմ, որ անգլերենի t, p, k/ch տառերով նշանակվող հնչյունները միշտ չի, որ հնչեղ խուլ են, որ հայերենով պարտադիր նշվեն մեր միմիայն «թ, փ» ու «ք» տառերի հնչյուններով: Օրինակ, եթե անգլերենի այս տառերին նախորդում է անգլերենի s տառը, սրանք ավելի մոտ են մեր պարզ խուլերին՝ «տ»-ին, «պ»-ին ու «կ»-ին:

(Իմիջիայլոց, Հայաստանի անգլերենի բոլո՛ր ուսուցիչները, երևի անխտիր, չգիտեն այս օրինաչափությունը, ուրեմն, թեկուզ հենց միայն ա´յս պատճառով, մեր մանուկներին անգլերենի սխա՛լ արտասանություն են սովորեցնում):

Երկրորդը, անգլերենի, օրինակ, «տ» ու «դ» հնչյունները (ուրիշ շատերն էլ) նույնական չեն հայերենի «տ»-ին ու «դ»-ին:

Դրույթ 1. Անհնար է, որ մեր այսօրվա այբուբենով նույնիսկ մեր մյուս բարբառների բառերից շատ-շատը բացարձակ ճիշտ տառադարձվի, էլ ո´ւր մնաց, որ անգլերենի ու մնացած լեզուների բառերը բացարձակ ճիշտ տառադարձվեն:

Երրորդը, մեր այս հույժ «հայրենասեր» հայացնողները հենց որ մի արևմտյան (ու նույնիսկ արևելյան) օտար բառի մեջ t, p ու k են տեսնում, սրանց տեղը գրում են՝ «թ, փ» ու «ք»՝ չմտածելով, որ, օրինակ, ֆրանսերենն այս հնչեղ խուլերը չունի. ունի միայն պարզ խուլերը՝ «տ»-ն, «կ»-ն ու «պ»-ն:

(Գերմաներենն էլ, ինչպես ինձ ասաց ԵՊՀ-ի դասախոսներից մեկը, հակառակը, պարզ խուլերը չունի ու, մեծ մասով, ունի միայն (համարյա մեր) շնչեղները՝ «թ»-ն, «փ»-ն ու «ք»-ն): Մերոնք այս «մանրուքները» չգիտեն, ու որ լեզվից էլ որ տառադարձեն, հենց որ լատիներեն t, k ու p տառերին հանդիպեն, սրանք դարձնում են՝ «թ, ք» ու «փ»:

Սրանց պես հազար ու մի բան կա, ու անհնար է, որ ոչ լեզվաբանը (ընդ որում, գերազա´նց լեզվաբանը) այս ամենն իմանա: Իսկ մեր համարյա բոլոր հեղինակներն էլ լեզվաբան չեն (մեր ժուռնալիստները, գրողները, դասագրքերի հեղինակները ևն):

Այս ողջ շարադրանքից հետևում է, որ մեր այս մաքրամոլ հայրենասերները ունքը շինելու տեղը աչքն էլ են հանում, ընդ որում, սրանց այս վնասարար գործունեությունն այնքան է խորացել, որ արդեն կարիք կա, որ սրանց սխալներն ուղղվեն:

Օրինակ, մեր մաքրամոլներից ոմանք կարծում են, թե ռուսերենի ա´յն փոխ առած բառերը, որ սկսվում են «գ»-ով, իրենց մայր լեզուների մեջ (օրինակ, անգլերենի) անպայման ու պարտադիր սկսվում են «հ»-ով, որովհետև ռուսերենը «հ» տառը չունի:

Ու սրանք ռուսերենի (օրինակ) гейзер ու Гейгер բառերը հայերենով գրում են՝ «հեյզեր» ու «Հեյգեր»՝ չիմանալով, որ սրանք իրենց մայր լեզվով սրանք գրվում են՝ geyser [´gaɪzə], [´gi:zə] ու Geiger [´gaɪgə], ու հնչում են՝ «գայզը» (կամ «գի˜զը») ու «Գայգը»:

Թե շատ-շատ էինք ուզում սրանք «հայացնենք», հայերենով այս բառերը պիտի գրեինք՝ «գայզեր» ու «Գայգեր», բայց «գեյզեր»-ն ու «Գեյգեր»-ն էլ են ընդունելի, իսկ «հեյզեր»-ն ու «Հեյգեր»-ը, հենց այս հայացնողների´ տեսակետից անընդունելի են:

21.6 Ի՞նչ պիտի արվի

Մենք ունենք «Լեզվի պետական կոմիտե» անունով մի հիմնարկ (առաջվա «Լեզվի տեսչությունը» ու էլ ավելի առաջվա «Տերմինաբանական կոմիտեն»), ինչը ճիշտ հենց ասված սխալ ձևերով է վարվում ու երբեք չի զգում, որ արդյունքը ոչ միայն զրո է, այլև բացասական, որովհետև հակառակ է Լեզվի Գլխավոր Օրենքին (տես՝ հետո) ու վնասակար է (տես նաև Հավելված 5-ը):

Բայց ավելի ցավալի է, որ սրա աշխատակիցները, համարյա առանց բացառության ու հայրենասերի կեցվածքով, հայտարարում են, թե «հույժ կարևոր ու հայրենանվեր գործ են անում»:

Ու թե որ սրանց հանկարծ իշխանություն են տալիս, սրանք տանջում ու չարչարում են, օրինակ, ա´յն դասագիրք կամ ձեռնարկ գրողներին, ովքեր հանկարծ հետևում են կենդանի հայերեններին ու «ոչ հայերեն» բառ են գործածում (այսինքն, մարդավարի են գրում), ու դեռ մարդավարի գրողներին էլ «տգետ» կամ «ազգի դավաճան» են հըռչակում:

Այս իրոք որ համազգային թարգմանացավից փրկվելու ճար երևի չկա, բացի թերևս լեզվական ազատությունը, բայց հետևյալ խորհուրդները գուցե ոմանց օգուտ տան.

Խորհուրդ 1. Եթե տերմին կոչվածը (կամ բառը) արդեն հաստատվել ու գործածվում է հայոց կենդանի լեզվի ու գրական ոճերի մեջ, սա այլևս չպիտի «հայացվի» ու պիտի համարվի հայերեն ու գործածվի առանց սահմանափակության:

Խորհուրդ 2. Եթե տերմինը նոր է ու լեզվի մեջ դեռ չի գործածվել, սա պիտի գործածվի իր «օտար» ձևով, եթե սրա հայերեն «համարժեքը» բազմիմաստ է կամ անհարմար է: Եթե տերմինը գիտական է ու խիստ տարածված, պիտի ընտրվի սրա միջազգային ձևը:

Խորհուրդ 3. Եթե մեկնումեկը վերջերս իբր «հայացրած» տերմինի փոխարեն գործածում է սրա միջազգային ձևը, սա պիտի համարվի թույլատրելի ու նույնիսկ՝ խրախուսելի, որովհետև սա շատացնում է հայերեն գրական ոճերի հարմարվելու (ադապտացիայի) ունակությունը, ուրեմն նաև կենսունակությունը:

Խորհուրդ 4. Արդեն կայունացած անունները չպիտի «ուղղվեն» կամ փոխարինվեն ուրիշներով, թե չէ՝ այս պրոցեսը երբեք վերջ չի ունենա:

Լրիվ նոր անունները տառադարձելիս՝ ավելի լավ է, ինչքան հնարավոր է, հետեվենք անվան մայր գրությանը ու մի քիչ էլ՝ արտասանությանը՝ հաճախ փակագծերի մեջ դնելով (եթե հնարավոր է) մայր գրությունը. Օրինակ, «Մարգարետ Թաչեր» (Margaret Thatcher):

ՉԵՄ ԱՍՈՒՄ, ԹԵ ՈՉ ՄԻ ԲԱՌ ՉՊԻՏԻ ՀԱՅԱՑՆԵՆՔ: Պիտի´ հայացնենք, բայց չափով ու գիտությամբ: Օրինակ, պիտի անպայման թույլատրելի համարվի, երբ «լայնույթ»-ի ու «զանգված»-ի փոխարեն ասում ու գրում են՝ «ամպլիտուդ» ու «մասսա»:

Պիտի թույլատրելի լինի, օրինակ, «կոսմոս» տերմինը, որովհետև սրանով, մեծ մասամբ, նկատի ունեն Տիեզերքի մի մասի տարածությունը, իսկ «Տիեզերք»-ի փոխարեն լավ կլինի, որ չգրեն «Ունիվերս» կամ «Յունիվերս» ևն, ևն:

Եթե հենց «Լեզվի պետական կոմիտեն» չպիտի այս չորս կանոնը գործադրի, չպիտի զսպի մեր կեղծ հայրենասերների անհեթեթ ու վնասակար գործունեությունը, ու եթե սա պիտի ինքն է´լ զբաղվի «հայերենը մաքրելով», ավելի լավ է, որ այս տեսակ ո´չ մի կոմիտե էլ չլինի (ու ոչ է´լ որևէ լեզվի տեսչություն լինի):

Որ Լեզվի պետական կոմիտեն կամ տեսչությունն ա´յն տեսակ բացարձակ անօգտակար ու նույնիսկ վնասակար կառույցներ են, որոնք լրի´վ են հեռու գիտական լեզվաբանությունից, ապացուցվում է այն անժխտելի փաստով, որ սրանք, իրենց գոյության ողջ ընթացքում, երբևէ չեն անդրադարձել Մանուկ Աբեղյանի այն սպանիչ քննադատությանը, թե հետաբեղյան քերականությունները հակագիտական «կոկոզաբանություն են»:

Իդեալականն ա՛յն բանը կլինի, որ սրանց կարգի ոչ մի «լեզվի ոստիկանություն» էլ չլինի, որովհետև լեզվաբանությանը հաստատ է հայտնի, որ լեզուն չի ենթարկվում մարդկային ծրագրերին:

Թե չէ՝ վսեմից մինչև ծիծաղելին շատ անգամ մի քայլ է´լ չի:

Գլուխ 22. ԱՐՁԱԿ ԳՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

22.1 Ուրիշները ո՞նց են պատմական արձակ գրում

Երբ Պուշկինը որոշեց, որ պտի մի վիպակ գրի (ինչի անունը հետո դրեց՝ «Կապիտանի աղջիկը») իրանից առաջվա պատմական անցքերի մասին, այսինքն, Պուգաչովի ապստամբության մասին, սկզբում վերցրեց ու մի երեք տարի արխիվները քըրքըրեց, հետո այդ անցքերին վկա ծերունիներին հարցուփորձ արեց, այդ ամենը մշակեց, ու հետո էլ մի պատմագիտական ծավալուն գործ գրեց, վերնագիրը՝ «Պուգաչովյան» ապստամբությունը»:

Սրանից հետո նոր՝ Պուշկինը գրեց իր «Կապիտանի աղջիկը» փոքրիկ վեպը կամ վիպակը:

Պուշկինը լավ գիտեր, որ գրողը, մանավանդ արձակագիրը, պատմող է, ու որ գըրողի պատմելիքն էլ կյա´նքն է, կյանքի իրակա´ն անցքերն են, իրենց կարևոր ու հավաստի մանրամասներով:

Ստեֆան Ցվայգը պատմական գործերի մի ընտիր շարք ունի, ինչի անունը դրել է «Մարդկության աստեղային ժամերը»: Սրանց մեջ կան թե´ ծավալուն գործեր («Ժոզեֆ Ֆուշեն», «Մարիա Ստյուարտը» ևն), թե փոքր պատմվածքներ («Կոստանդնուպոլսի առումը» ևն):

Ցվայգը սրանց առաջաբանի մեջն ասում է (քաղվածքը հիշելով եմ անում) մոտ հետևյալը. «Ես ոչ մի բան չեմ հորինում, ես ուղղակի պատմում եմ կյանքը, որովհետև կյանքից լավ հորինող չկա»:

Ու Ցվայգն այս գործերը գրելու համար շատ ուշադիր է ուսումնասիրել պատմությունը, որ կյանքին մո´տ պատմական վեպ գրի:

Մեծ գրողները բոլորն էլ գիտեն սա: Օրինակ, Թումանյանը, Փիլիպոս Վարդազարյանին գրած իր մի նամակում, ասում է. «Բանաստեղծությունը հո փիլիսոփայություն չի՞. բանաստեղծությունը արտահայտվելու ձև է» [13]:

Իհարկե, չափածո «արտահայտվելու» ձևն արձակով արտահայտվելուց շատ-շատ է տարբեր, բայց մեկ է, ոտանավորն է´լ է արտահայտվելու, պատմելու ձև, ու պատմելիքը՝ միշտ է´լ կյանքն է, միշտ է´լ եղած բաներն են: (Չափածոյի պատմելու մասին տես իմ «Թարգմանելու արվեստը» [17] ու «Ընձառյուծն ազատ, նրբագեղ ու ճապուկ» [59] գրքերը): Ուրեմն.

Դրույթ 1. Գրողը, ոտանավոր գրի, թե արձակ, չպիտի սուտումուտ բաներ ասի, չպիտի հորինի, չպիտի երկար բարակ «փիլիսոփայի», չպիտի ճամարտակի, չպիտի խրատի, չպտի քարոզի, չպիտի ձգտի խելոք երևալուն: Պիտի ուղղակի պատմի: Թե ո´նց պիտի պատմի, սա արդեն ուրիշ ու բարդ ու երկար հարց է:

Իհարկե.

Դրույթ 2. Թե որ գրողը կարում է կյանքը «ճիշտ պատմի», պատմածի մեջ փիլիսոփայություն է´լ է լինում, խրատ է´լ, քարոզ է´լ, որովհետև սրանք բոլոր էլ մտածող կյանքի մեջ, իհարկե, կան, քանզի սրանք կյանքի արտացոլքն են:

Սովետական շրջանում կոմունիստական կուսակցությունը (կոմկուսը) արգելում էր, որ գրողն իրականությունը պատմի, որովհետև այդ իրականությունը շատ էր դառը, ու դա լրիվ էր տարբեր կոմունիստական կուսակցության (կոմկուսի) մոգոնածներից:

Կոմկուսն անընդհատ հայտարարում էր, թե Սովետի ողջ ժողովուրդն էլ երջանիկ է, ու միշտ էլ երջանիկ է եղել (չնայած լավ էլ տեղյակ էր, որ հենց իր կամքով այս երջանիկներից միլիոններով անմեղ «երջանիկ» է գնդակահարվել, աքսորվել ու հետո տանջամահ արվել:

Կոմկուսն անընդհատ հայտարարում էր, թե կոմկուսի բոլոր արածներն էլ իմաստուն են ու միակ ճշմարիտն են, թե Արևմուտքի կյանքը սարսափելի թշվառ է ու անարդար, թե Սովետից առաջ եղած բոլո´ր հասարակարգերն էլ անարդար ու անասելի դաժան են եղել ևն, ևն, ինչն անկասկած սուտ էր:

Բացի սրանք, կոմկուսն ասում էր, թե Սովետում արդեն «նոր ձևի մարդ» է առաջացել, «սովետական մարդը», ով լրիվ տարբեր է «կապիտալիստական մարդուց», ում միակ նպատակը իբր ամենայն ձև ու միջոցով փող կուտակելն է:

Կոմկուսն ասում էր, թե այս նոր, այս սովետական մարդն աշխատում ու ապրում է՝ հանուն ապագա «լուսավոր, կոմունիստական հասարակարգի», ու որ այս մարդու համար ամենակարևոր բանը միմիայն «բոլոր բանվորների ու գյուղացիների համաշխարհային եղբայրությունն ու երջանկությունն է»:

Թե որ մեկնումեկը չհամաձայներ կոմկուսի ասածներին, կամ, աստված չանի, հակառակվեր սրանց ու իր սեփական մտքերն ասեր, այս մարդուն դատում էին, գնդակահարում կամ աքսորում կամ բանտարկում էին հոգեբուժարաններում:

Սովետական շրջանում շատ է պատահել, երբ դատել, գնդակահարել ու աքսորել են անհամաձայնության կամ հակառակվելու ու նույնիսկ կասկածի´ համար:

Սրա համար էլ մշակույթի գործիչների համար կոմկուսը հորինել ու պարտադրում էր «սոցիալիստական ռեալիզմի» մեթոդը, ինչը պահանջում էր, որ «արվեստի գործի ձևն անպայման համապատասխան լինի բովանդակությանը»:

Այս «բովանդակությունն» էլ, նորից անպայման, պիտի սոցիալիստական լիներ, այսինքն, պիտի անընդհատ արդարացներ ու փառաբաներ կոմունիստական կուսակցության ամենայն արարքներն ու սովետական կյանքի ամե´ն ինչը, ու երբե´ք չպիտի քննադատեր կամ պատմեր սովետական կարգերի ու (աստված չանի) կոմկուսի գործի ու գաղափարների սկզբունքային սխալները կամ թերությունները:

Եթե սովետական շրջանում արվեստի գործի մեջ սովետական սիստեմի այս կամ այն տեսակ փառաբանությունը չէր լինում, կամ ճշմարիտ իրականությունն էր լինում, գրաքննադատ ցենզոր չինովնիկները կամ ասում էին, թե բովանդակությունը թերի է ու ձևի հետ միասնություն չունի, ուրեմն, այդ գործը ֆորմալիստական է ևն, կամ թե՝ այդ գործը թշնամական է, որովհետև կոմկուսի գաղափարախոսությանը հակառակ է:

Սովետի քանդվելու օրերին, 1980-ականների երկրորդ կեսին, հիշում եմ, Литературная газета-յում տպվեց Բորիս Պաստեռնակի մի հոդվածը, որտեղ Պաստեռնակը, Սովետի պատմության մեջը առաջի անգամ, ասում էր, թե պոեզիայի համար ՁԵՒԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ է:

Պաստեռնակի այս հոդվածի տպագրությունը, նույնիսկ ա´յն օրերի համար, չափազանց ռիսկոտ գործ էր, որովհետև մոտ 70 տարի ասվել էր, թե ձևը պիտի ենթարկվի սոցիալիստական բովանդակությանը:

Պուշկինի արձակ գրելու վերը բերածս մեթոդը (Ցվայգինն ու ուրիշներինն էլ՝ հետը) շատ կարևոր է, երբ պատմավեպ ես գրում: Այդ մեթոդից երևում է, թե պատմավեպ գրելն ինչքա´ն լուրջ գործ է:

Ասում են, թե Գուստավ Ֆլոբերն իր մի պատմավեպը, «Սալամբոն», գրելու համար 1500 գիրք է նայել կամ կարդացել: (Սա ֆանտաստիկ մեծ թիվ է, որովհետև լավ, գրասեր մտավորականն իր ողջ կյանքում հազի´վ է այսքան գիրք կարդում):

Երբ կարդում ես Պուշկինի «Пугачевское восстание»-ն, ապշում ես, թե Պուշկինն ինչքան բարեխիղճ է իր այդ գործն արել: Պուշկինի հենց միայն այդ գործի պես մի գործի համար մեր օրերում դրա հեղինակին ակադեմիաների անդամ կընտրեին:

Ինչո՞ւ է Պուշկինն այդքան չարչարվել, որ այդ փոքրիկ գործը գրի:

Միայն հավաստիության, միայն ճշմարտացիության խաթեր, որովհետև Պուշկինը լավ գիտեր, որ ճշմարիտ բաներն ամենահետաքրքիր բաներն են, որովհետև Պուշկինը լավ գիտեր, որ կյանքից լավ՝ ո´չ մեկը չի կարող հնարի:

Դրույթ 3. Կյանքը միշտ է´լ հետաքրքիր է, միշտ է´լ անկրկնելի է, անկրկնելի է՝ իր մանրամասներով:

Ու Պուշկինն ու Ցվայգն ու Ֆլոբերը հենց այդ մանրամասների´ խաթեր են այդքան չարչարվել, այդքան գիրք կարդացել ու այդքան հարձուփորձ արել, որ ստեղծեն անցած գնացած օրերի կամ դարերի կոլորիտը, այդ օրերի տեղի ու պահի մանրամասները:

Այս նույն ձևով են գրել (քիչ, թե շատ), օրինակ, Եվրիպիդեսը, Բալզակը, Մերիմեն, Սերվանտեսը, Ռաբլեն, Հ. Ք. Անդերսենը, Լև Տոլստոյը, Լեսկովը, Դիկենսը, Գյոթեն, Մարկ Տվենը, Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնը, Հենրիկ Սենկևիչը, Վալտեր Սկոտը ու այն բոլոր գրողները, ովքեր պատմական ու գեղարվեստական հզոր գործեր են ստեղծել:

Ուզո՞ւմ ես իմանաս, թե 5-9-րդ դարերի Անգլիայի կյանքը ոնց է եղել, մարդիկ ի´նչ են մտածել ու ոնց են ապրել, այն օրերի մթնոլորտն ու կենցաղը ոնց է եղել, կարդա Տվենի «Քոնեքտիկուտցի յանկին Արթուր թագավորի արքունիքում» գործը:

Իսկ թե կարդաս նույն Տվենի «Աղքատն ու արքայազնը» վիպակը, ու Ստիվենսոնի «Գանձերի կղզին» ու «Սև նետը», Սենկևիչի «Խաչակիրները» գործերը, կիմանաս ոչ միայն միջնադարյան Անգլիայի կյանքն ու մարդկանց, այլև թերևս եվրոպական բոլոր երկրների կյանքն ու մարդկանց (ու երևի նաև արևելքինը):

Որ հազար պատմագիտական մենագրություն ու դասագիրք կարդաս, ոչ մի անգամ էլ Անգլիայի (կամ՝ Լեհաստանի) անցյալի մասին այնքան հավաստի բան չես իմանա, ինչքան այս ասածս գրքերը կարդալով:

Ավե´լ ասեմ: Որ այս գրքերը կարդում ես, նոր ես հասկանում, թե Հին Հայաստանի´ մարդը ինչպիսին եղած կլինի, ու ինչքա´ն տարբեր եղած կլինի այսօրվա մարդուց:

Օրինակ, հինգ-վեցերորդ դարի հին անգլիացին այդ նույն օրերի հին հայից չպիտի այնքան էլ տարբեր եղած լինի: Իսկ երբ կարդում ես Տվենի «Յանկին», նոր ես հասկանում, թե մեր հայկական պատմավեպերն ինչքա´ն ողորմելի են, ու ինչքա´ն են հեռու իրականությունից:

Տվենի «Յանկիի» ֆաբուլան ֆանտաստիկ է, ու վեպի հիմնական մասն էլ ձեռ առնոցի է: Տվենը ձեռ է առել Մալորիի գրանցած անգլիական մի էպոսը, Արթուր թագավորի ու կլոր սեղանի ասպետների էպոսը:

Գեղարվեստական տեսակետից այս էպոսը ահագին անհամ բան է, ու բոլորովին էլ համեմատելի չի մեր հայ ժողովրդական էպոսի ու նույնիսկ հեքիաթների հետ (մերոնց գեղարվեստը հրաշալի է):

Բայց այս ձեռ առնոցու տակ հզոր գեղարվեստ կա, ու կա հզոր ու անկասկած ռեալիզմ, այնպիսի´ մի ռեալիզմ, ինչը մեր հայ արձակի մեջը հազվադեպ է:

Իհարկե, Տվենի կամ մյուս հեղինակների ստեղծածներն է´լ երբեք վերջնական ճշմարտություն չեն, ու չենք կարա ասենք, որ Տվենի գրքերի մեջ ճի´շտ այն օրերի Անգլիայի կյանքն է: Բայց այդ նկարագրությունն ավելի´ մոտ է այն օրերի անգլիացիների կյանքին, քան թե´մեր պատմավեպերինը՝ այն օրերի հայերի´ կյանքին:

Այնինչ, Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքի» միջի հայերը բոլորովին նման չեն այն օրերի հայերին: Սրանք այսօրվա´ հայերին են նման, այսօրվա´ հայերի պես են շարժվում ու խոսում (գեղարվեստական մի քանի հնարքը չհաշված, որ էլի´ հավաստի չեն) ու, «Վարդանանքը» կարդալիս, բացարձակ չես զգում, որ սրանց բարոյաէթիկական նորմերը մեր օրերի այս նորմերից ահագին շատ են տարբեր:

(Այդ օրերի հայերի վարք ու բարքի մասին տես, օրինակ, իմ «Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը» ու Մ. Աբեղյանի «Հայ Ժողովրդական հավատալիքներն» ու իր «Վիշապ կոչվող արձանները որպես Անահիտ-Դերկետո աստվածուհու պաշտամունքի կոթողներ» ու James George Frezer-ի Adonis, Attis, Osiris ու Psyche’s Task գործերը, [60-63]):

Դ. Դեմիրճյանը հանճարեղ գրող էր, ու իր հանճարի վկայությունն իր սկզբի շըրջանի պատմվածքներն են, ու մեկ էլ՝ «Քաջ Նազարի» իր իրոք որ հանճարեղ վերսիան: Բայց 1934 թվի հայ գրողների համագումարին Չարենցը հարձակվեց Դեմիրճյանի վրա ու իրեն մեղադրեց, թե Դեմիրճյանը «Թումանյանի ռամիկ լեզվի հետևորդն է» ևն:

Դեմիրճյանն ահավոր վախեցավ, որովհետև այն ստալինյան օրերը սարսափելի էին, ու մարդկանց շատ ավելի անմեղ բաների համար էլ էին աքսորում ու նույնիսկ գնդակահարում:

(Հենց իրե´ն, Չարենցին, 1937-ին գնդակահարին այդպիսի անմեղ բաների համար):

Ու Դեմիրճյանը, սոցիալիստական ռեալիզմի բոլոր-բոլոր կանոնները պահպանելով, գրեց իր (իմ համոզված կարծիքով) անհամ «Վարդանանքը» (ինչի գեղարվեստը բոլորովին համեմատելի չի Տվենի, Ստիվենսոնի, Սենկևիչի կամ Ֆլոբերի պատմական գործերի ու հենց իր իսկ «Քաև Նազար»-ի ու սկզբնական շրջանի պատմվածքների հետ):

Դեմիրճյանի սոցռեալիզմի բոլոր կանոններով գրած այս երկա´ր-երկա´ր վեպը ահագին ջրիկ մի բան է: Սրա մեջ, օրինակ, մի շինական Առաքել կա, ով այնպես է խոսում, ոնց որ Սովետի օրերի քաղաքական կոմիսար կամ էլ հեռացույցի մեր օրերի ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետն ավարտած քաղաքական մեկնաբան լինի:

Նույն այս թերություններն ունեն մեր բոլոր պատմավեպերը, թերևս առանց բացառության:

22.2 Ոնց չպտի գրես

Թե որ անցյալի դեպքերն արձակով պատելուց պիտի այսքան զգուշ լինես, որ, ինչքան հնարավոր է, սուտումուտ բաներ չասես, բա ինչո՞ւ պիտի պտի մեր օրերի դեպքերը պատմելիս նստես ու հորինես, բռնես ու գլխիցդ դուրս տաս: Հանուն ինչի՞:

Դրույթ 1. Արձակագիրը պատմո´ղ է, ու եթե չգիտի, ի´նչը գրի, ի´նչը թողնի, ուրեմըն, չգիտի, թե, ինչը պատմի: Այդպիսի մարդը, ուրեմն, գրող չի´ ու գրելու շնորհքը չունի´, պատմելո´ւ շնորհքը չունի:

Բայց ախր այս մեր շրջապատի ամեն ինչն է´լ պատմելու բան է, ուրեմն, ամե´ն ինչն էլ գրելո´ւ բան է:

Իհարկե, եթե բռնես ու քո ամեն օրվա տեսածը մանրամասն գրես, անհամ բան կլինի, ու դա գեղարվեստ չի լինի: Որ այդպես վարվես, կբռնես ու ուղղակի կյանքը կլուսանկարես, բայց իրար հետևից արած լուսանկարների շարքը, երբ դրանցից ոչ մի բան չես խոտանում ու դեն չես շպրտում, գեղարվեստ չի:

Դրույթ 2. Գեղարվեստը ընտրությո´ւն է, ընտրություն է հենց կյանքի´ անցքերից: Ընտրում ես ա´յն պատկերներն ու անցքերը, որոնք հետաքրքիր ու կարևոր են շա´տ մարդու համար, ու որոնք ճաշակո´վ են:

Երբ ասում եմ, թե գեղարվեստի նյութը պիտի ընտրվի կյանքից, սա չի նշանակում, թե ձևի առումով գրողը սահմանափակ է միմիայն ռեալիզմով: Անգլիացի Ռադյարդ Քիփլինգը, օրինակ, հենց կյա´նքն է պատմում իր առաջին հայացքից բացարձակ ֆանտաստիկ «Ջունգլիների գրքերով» (Մաուգլիի հեքիաթներով):

Այս հեքիաթների համար ընտրված ձևի ֆանատաստիկան ընդամենը պայմանական ֆոն է, ինչով Քիփլինքն իր նացիստական հայացքներն է արտահայտել, ընդ որում արտահայտել է այնքան հանճարեղ ձևով, որ առահասարակ հույժ ատելի նացիզմը այս հեքիաթներում նույնիսկ ի´մ համար է սքանչելի:

Ակնայտ է, որ Քիփլինգը կարացել է հասնի այն բանին, ինչին Չուկովսկին ասում է. «правдоподобие неправдоподного», այսինքն, «անհավանականի ճշմարտանմանությանը», ինչը հատուկ է հեքիաթի ու ֆանտաստիկայի ժանրերին ա´ռհասարակ: (Թերևս նույնն էլ կարելի է ասվի, օրինակ, Ջոյսի «Ուլիս»-ի մասին: Իսկ դասական երաժշտությունն ու սրա պես բաները մի կողմ թողնենք, որովհետև սրանք շատ-շատ են վերացական, ու թե ի´նչ են, ես որ՝ չգիտեմ):

Դրույթ 3. Գրողի (պոետի ու նաև արվեստի բոլոր տեսակների) ճաշակի մակարդակն էլ որոշվում է միմիայն աշխարհի´ գեղարվեստի բարձրագույն չափանիշներով, ու եթե արվեստի այդ գործի մակարդակն այս համաշխարհային բարձրագույն չափանշից ցածր է, ուրեմն դա անարժեք է (գռեհիկ է, «ռաբիզ սերիալ է» ևն):

Սարոյանը, օրինակ, կարար օրը մի պատմվածք գրեր (թե խմելով կամ խաղալով չընկներ, կամ ուրիշ մի բառադիություն չաներ), ու շատ-շատ էլ գրել է:

(Սարոյանի միայն պատմվածքները 500-ից ավել են, իսկ սա անում է մոտ 25 գիրք: Մենք սրա շատ քիչ մասն ենք թարգմանել):

Ու ի՞նչ էր գրում Սարոյանը: Գրում էր իրա տեսածն ու լսածը:

Մեր հայ արձակագիրների մեծ մասը միայն հորինում է, ու այս տեսակ գործերը, ոնց որ Սարոյանն է ասում իր «Ցուրտ օրը» ծրագրային պատմվածքի մեջ, միայն մի´ բանի են պետք: Սրանք պետք են, որ ջահել գրողները կարդան սրանք ու հասկանան, թե ոնց չպտի գրեն:

Օրինակ, համոզված եմ, որ մեր Րաֆֆին բոլորովին էլ լավ գրող չի, ու մեր արձակագիրները պիտի Րաֆֆու պես գրելուց խուսափեն, իսկ Սևակի մասին հետո կասեմ: (Բայց Թումանյանի, Չարենցի, Սարուխանի, Օտյանի, Սարոյանի, Տվենի, Շուկշինի, Ստիվենսոնի, Սենկևիչի ու սրանց պես գրողներից պիտի սովորեն):

Ես երևի չեմ կարում ընթերցողին լավ համոզեմ, սրա համար էլ խոսքը տալիս եմ Ղազարոս Աղայանին, ով ժամանակին հողին է հավասարացրել Րաֆֆու հանճարեղ համարվող գործերից մեկը՝ «Կայծերը» վեպը, Րաֆֆուն էլ հետը, թե´ որպես գրող, թե´ որպես մտածող: Ղ. Աղայանի այս գործը իմ այս «Ո´նց չպտի գրես» վերնագրի լավագույն ցուցադրությունն է:

22.3 Ղ. Աղայանը Րաֆֆու «Կայծերի» մասին

Քաղվածքը բերում եմ Աղայան Ղ. – Երկեր Գ հատոր-ից, 1941, էջ՝ 252-263: Բոլդ ու իտալիկն ու մեծատառը, հատածները, ինչպես նաև ձևավոր փակագծերի բոլոր դիտողությունները, այսինքն, {– ՄՀ}-ով նշածները, ի´մն են:

Ուղղագրությանը չեմ կպել, որ ընթերցողը Մանուկ Աբեղյանի ուղղագրության հետ ծանոթանալու հնար ունենա:

Այսօր անտեղյակ շատ ու շատ մարդ կա, ով ասում է, թե այսօրվա ուղղագրությունը Աբեղյանինն է: Սա սուտ է: Այսօրվա ուղղագրությունը, մեծ մասով, 1926 թվին կազմված հանձնաժողովի´նն է, ինչը թեթևակի մերժեց Աբեղյանի ուղղագրությունն ու 1941 թվին հաստատել տվեց այսօրվանը [24]:

22.4 ԻՄ {ԱՂԱՅԱՆԻ} … ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Պ. ՐԱՖՖՈՒ «ԿԱՅԾԵՐԻ» ՅԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐԻՑ

2.
Կայծերի մեջ տեղագրական նկարագրություններն այնքան գեղեցիկ են, վոր գլխի չենք ընկնում, թե մի բան պակաս ե: Յեվ պակաս ե ժողովրդի բուն կենդանագրությունը {կյանքի ու կենցաղի ու սովորությունների ու տեղական կոլորիտի նկարագրությունը} յուր բոլոր տառապանքներով: Այս մասը շատ աղոտ վրձնով ե նկարած յեվ սա լրիվ ներելի յե հեղինակին՝ մեզ շատ ու շատ հասկանալի պատճառով:

Բայց բնավ ներելի չեն այն թերությունները, վորոնք վերաբերում են Կայծերի հերոսներին – Ասլանին, Կարոյին, Մուրադին յեվ քավոր Պետրոսին: Վերջին յերկուսը խաչագող են {ու մարդասպան}, իսկ առաջին յերկուսը՝ իմաստակ, յեթե չասենք շառլատան:

Հեղինակի աչքին չի յերևում վոչ նրանց խաչագողությունը յեվ վոչ նրանց շառլատանությունը: Ընդհակառակը՝ նա ձգտում է ապացուցելու, վոր նրանք մի-մի իդեալ են: Հեղինակի այս թերությունն այն բանից ե, վոր նա ամեն տեղ յեվ ամեն բանի մեջ խաչագողություն ե տեսնում, յեվ ա´յն մարդկանց ե գործող անձ շինում, վորոնք, ըստ Կայծերի, «խաչագողի նման հարուստ ընդունակություններ ունին»:

Ահա թե ինչ են ասում նրա գործող անձինքը Կայծերի 457 յերեսում:

– Յես տեսնում եյի,– ասում ե Ֆարհատը քավոր Պետրոսի առիթով,– վոր գարշելի խաչագողն անգամ կարող ե ուղղվել, կարող ե մաքրվել իր հին կեղտերից յեվ ծառայել մի բարի գործի:

– Ովքե՞ր եյինք մենք,– ասում ե վոգելից Մուրադը:– Մենք մի հասարակություն եյինք: Մեր մեջ կերպարանագործված էր մի ամբողջ ժողովուրդ յուր անբարոյական ախտերով…

Սրանք խորհրդավոր, շա´տ խորհրդավոր խոսքեր են: Մի՞թե միայն սալմաստցին կամ սավրեցին ե խաչագողը: Խաչագող կարող ե լինել յեվ մի քահանա, յեվ մի արհեստավոր, յեվ մի վաճառական, յեվ մի վարժապետ, յեվ մի աստճանավոր: Մի խոսքով՝ ամեն մի մարդ վոր խաչագողի հատկություններ ունի:

Խաչագող կարող ե լինել յեվ մի ամբողջ ազգ, վորը «խաչագողի նման հարուստ ընդունակություններ ունի», բայց յուր ընդունակությունները գործ ե դնում դեպի վատը, դեպի անազնիվը յեվ անբարոյականը…

Մենք չենք վիրավորվում այս կողմնակի հայհոյանքից, վորովհետև հայհոյողը, վոր ե Ֆարհատը, մի իմաստակ ե, ով դեռյեվս վոչ մի հասկացողություն չունի վոչ «ընդունակություն» յեվ վոչ «սրբություն» բառերի գաղափարի մասին: Բայց վոր հարգելի հեղինակը ճգնում ե՝ ապացուցելու Ֆարհատի ասածը՝ սրբացնելով քավոր Պետրոսին, տեսնենք թե վորքան ե հասել նա յուր այս նպատակին:

Ի՞նչ գործի յե, կամ ի՞նչ ե շինում քավոր Պետրոսը Կայծերում:

Նա այժմ ըստ ձևույն {ստից – ՄՀ} քրդացել ե, դառել ե քրդի ճգնավոր: Նրանց համար գուշակություն ե անում, յեվ սրա համար ել քրդերը նրան պաշտում են: Վոր նրա այս գործը մի սուրբ գործ ե, ապացուցում են քավոր Պետրոսի մյուս սանիկը, խաչագող Մուրադը յեվ հերոսների գլխավորը՝ Ասլանը, հետևյալ խոսակցությամբ.

– Մուրադ, սիրելի´ զավակս,– խոսեց ծերունին (խաչագող քավոր Պետրոսը – ՂԱ) – դու դարձյալ գտնում ես ինձ մի պախարակելի դերի մեջ յեվ իրավունք ունիս մտածելու, վոր հին խաչագողը, հին չարագործը տակավին չե ուղղվել… Ա´խ, յեթե գիտենայիր, ի´նչ հանգամանքներ հարկադրեցին ինձ այդ (այս – ՂԱ) ամոթալի խարդավանքը հանձն առնելու, դու կներեյիր ինձ, դու բարի յես, Մուրադ, դու կըներեյիր ինձ…

– Յեվ կսիրեր ձեզ,– ավելացրեց Ասլանը:

– Այո´, կսիրեյի ձեզ…յեվ սիրում եմ…(ասում ե մյուս խաչագող Մուրադը –ՂԱ): Յես այժմ հասկանում եմ բոլորը… ամեն ինչ պարզ ե ինձ համար… Վոչինչ բարեգործություն չեր կարող մոռանալ տալ քո տխուր անցյալը… Վոչինչ ապաշխարություն չեր կարող քավել քո հին մեղքերը… Իսկ այժմ բոլորը պետք ե սրբած համարել… այդ {այս – ՄՀ} անձնազոհությունը վոր դու հանձն ես առել մի մեծ նպատակի համար, կմաքրե քո հին հանցանքները…

Այսպես ահա հարգելի հեղինակը ամենայն տեսակ խարդախության մեջ նեխած փտած քավոր Պետրոսին ազատել ե աքսորանքից յեվ Կայծերի մեջ մի նոր տեսակ խարդախության մեջ դրել, յեվ սրանով սրբել ե նրա անցյալ, ներկա յեվ ապագա մեղքերը:

Յեվ սա, Կայծերի խոսքով, կնշանակե «…Մերկանալ հին մարդը յեվ, իբրև նոր մարդ, նոր հոգով յեվ նոր յեռանդով գործել դեպի ազնիվը յեվ դեպի լավը»…

Ի՞նչ մարդ ե Կարոն, յեվ ինչո՞վ ե բարձր քավոր Պետրոսից:

Կարոն մի իդեալ ե, մի վարժապետի իդեալ: Նա մի ուժեղ հսկա յե, քաջ զինվոր ե, նշանավոր մարզիկ ե, յերևելի լողվորդ ե, հմուտ յերկրագործ ե, ժիր տնտեսագետ ե, բժշկություն ել ե անում, անասնաբուժ ել ե {այսինքն, ունի այն բոլոր հատկությունները, որ երևի հենց ինքը՝ Րաֆֆին կուզեր ունենար – ՄՀ}: Նա այս բոլոր բաներով պարապում ե {զբաղվում ե – ՄՀ} յեվ սովորեցնում ե վոչ թե մի գյուղում, այլ մի քանի գյուղում միանգամայն:

Ծառայում ե անվարձ: Մահճակալ ունի, վրան չի պառկում: Մահիճ ունի, գործ չի ածում: Պառկում ե մերկ հատակին, առանց անկողին: Շատ անգամ կողքերի տակ մանր խիճ ե ածում, վոր ավելի ցավացնե: Ձմեռը վառարանը չի վառում, պատուհանները չի փակում: Իսկ այնտեղ ձմեռը շատ խիստ ե:

{Րաֆֆին կոլոտ եր ու բավական նվազ, այնինչ Աղայանը մի վիթխարի ու գեղեցիկ տղամարդ եր – ՄՀ}:

Շատ անգամ մի քանի օր քաղցած ե մնում, միայն ծխում ե, բայց երբեք ուժից չի ընկնում: Իսկ երբ սկսում ե ուտել, հինգ մարդու չափ ե ուտում, միսն ել հում ե ուտում, կաթի պես ոչխարի արյուն ե խմում:

Այս բոլրորի պատճառը կիմանաք, յեթե կարդաք Կայծերի 536 յերեսից սկսած «Գյուղական վարժապետը»:

Գյուղացիք նրա արեվովն են յերդվում, առանց նրան հաց չեն ուտում: Մանավանդ տերտերն ու ռեսը {գյուղապետը – ՄՀ} նրան շատ են սիրում: Նրա շնորհիվ այն գյուղերը, ուր նա վարժապետ ե, դառել են մի-մի կատարյալ դրախտ: Կարդացեք յեվ կտեսնեք, թե ինչպես յեղել դա:

Ըստ ամենայնի կատարյալ Կարոն յերկու բիծ ունի միայն: Բծերից մեկը այն ե, վոր Կարոն սպանել ե յուր մտերիմ ընկերներից մեկին՝ Ռափայելին, բոլոր հերոսների մեջ միակ պատվական մարդուն: Յերկրորդ բիծն ել այն ե, վոր դաստիարակի իդեալ Կարոյի միակ զավակը {աղջիկը – ՄՀ} Հյուբին, թափառում ե անբարոյական վհուկների յեվ գնչուների մեջ {յեվ Կարոն – ՄՀ} նրա բարոյակրթության վրա վոչինչ հոգ չի տանում:

Կարոյի նկարիչը, Պ. Րաֆֆին, իրավունք ուներ խոզից մարդ շինելու, յեվ շինել ել ե, բայց յեթե մեր Գրիգորը Տրդատի միայն մի ականջը թողեց խոզի, Պ. Րաֆֆին Կարոյի յերկու ականջը միասին ե թողել, վորով յուր քաշած պատկերի յերկու աչքը միանագամից ե հանել:

Ստեղծողը միայն կարող ե այսպես պատժել {յուր – ՄՀ} բոլոր այն ստեղծածներին {մարդկանց – ՄՀ}, ովքեր կարգե դուրս բան են ուզում ներկայացնեն, {ովքեր – ՄՀ} ուզում են այնպիսի մարդ ստեղծեն, վորպիսին արարիչն ինքը չի ստեղծել:

Մեր ժամանակներում յերբ մի բժիշկ {միանգամից – ՄՀ} ամեն ցավի {բոլոր ցավերի համար միայն մեկ – ՄՀ} դեղ ե անում, բոլոր չափավոր մարդիկ նրան անվանում են անբարեխիղճ բժիշկ, իսկ ավելի պահանջկոտ մարդիկ, {բժշկությանը – ՄՀ} քաջահըմուտ մարդիկ, այսպիսի բժիշկներին անվանում են «շառլատան»:

Այսպես ել՝ այն փաստաբաններին, ովքեր պաշտպանում են ամենայն տեսակ գործ, այն վարժապետներին, ովքեր մի բարձր դպրոցում ավանդում են կրթության բոլոր առարկաները:

Այժմ ի՞նչ անուն տանք Կարոյին, յեթե վոչ «խաչագողի հարուստ ընդունակություն ունեցող» մի դաստիարակ, ում ի նկատի առած, Ֆարհատը կարող ե ասել. «Խաչագող կարող ե լինել յեվ մի վարժապետ, վոր Կարոյի նման միանգամից ամեն բան ե, բայց իսկապես յեվ վոչ մի բան չե…»

Գուցե Ասլա՞նն ե օրինավոր մարդ: Ասլանն ամենից շատ ունի «խաչագողի հարուստ ընդունակություններից»: Նա ամենից ծածկամիտն ե, ամենից խորամանկը, ամենից խորհրդավորը:

Ասլանն իսկապես տիպն ե այն տեսակ մարդու, ով մի աննշան տեղեկություն հաղորդելիս՝ յուր դեմքին զանազան ծամածռություններ ե տալիս, ձայնը ցածրացնում, աչքերը չռում, գլուխը թեքում լսողի ականջին յեվ զանազան կիսատ-պռատ բացասությամբ ու ստորասությամբ ուզում ե հասկացրած լինել, վոր յուր ասածի մեջ մի խորհրդավոր միտք կա, մի վտանգավոր գաղտնիք կա թաքնված, թե իրեն պիտի անպայման հավատան, վորովհետև թեպետ ապացույց շատ ունի, բայց կարող չե ասելու…

Ո՞վ ե արգելում Ասլանին, վոր յուր ուզածի չափ թափառե, ուր կամենում ե, վոր յուր նկատողությունները գրի առնե, յուր դատողությունը հայտնե: Նամակ գրե յեվ ստանա առանց Հյուբիի օձագլուխ գավազանի օգնությանը դիմելու, առանց ծպտելու, յեվ այլն:

Այն փողը, վոր այնքան առատ-առատ ծախսում ե Ասլանը, «խաչագողի հարուստ ընդունակությամբ» ձեռք բերված փող ե, իբր այն մտքով, վոր մի մեծ բան պիտի շինե յուր հայրենիքում, բայց վոչինչ չի շինում, յեվ ինչն ել վոր շինում ե, մի ճամփորդություն ե, մի շատ հասարակ ու անմեղ ճամփորդություն, վոր արգելած չե անելու վոչ վոքի, իսկ այն տեղեկությունները, վոր նա հավաքում ե յեվ յուր գիտեցածով լուսաբանում, կարող եր անել նրանից հազարապատիկ լավ Րաֆֆու նման մի գրողը, յուր սենյակումը նստած, վորովհետև ուրիշ կերպ կարելի ել չե:

Մարդը պիտի իրեն շրջապատած լինի տեղագրական յեվ պատմական գրքերով, վոր կարող լինի ճիշտ թվերով յեվ տեղով ասելու այն բաները, ինչը վոր ասում ե Ասլանը, յեվ այս պատճառով ել, պ. Րաֆֆին ավելի քիչ ծախսով, սոսկ մի տպագրության ծախսով, կարող կլիներ այդ ամենը ամփոփելու մի գրքի մեջ:

Ասլանով վերջանում ե Կայծերի առաջին հատորը, նույն Ասլանով վերջանում ե յեվ Կայծերի յերկրորդ հատորը: Առաջինի վերջում նա գնում ե Վան, յերկրորդի վերջում՝ Հնդկաստան: Բարի´ ճանապարհ:

Կայծերի վերջին գլխում «Համր» անունով մի գիտնական մարդ կա, իհարկե շատ խորհրդավոր: Պետք ե կարդալ միայն յեվ տեսնել: «Նա լավ բնագետ ե յեվ մաթեմատիկոս»: Նա միյեվնույն ժամանակ բանաստեղծ-վիպասան ե:

Այս գիտնական անձը, այս բնագետ-մաթեմատիկոս յեվ բանաստեղծ-վիպասանը այնպիսի անհեթեթ յեվ սուտ ու սխալ դատողություն ե տալիս թե գիտության յեվ թե բանաստեղծության {գեղարվեստական գրականության – ՄՀ} մասին, վոր կամա ակամա գալիս ես այն եզրակացությանը, վոր նա մի կատարյալ իմաստակ ե: Բայց թողնենք, վոր Կայծերի հերոսները խոսեն:

– Առաջ նա (Համրը – ՂԱ) ինչո՞վ եր պարապվում (պարապում – ՂԱ), – հարցնում ե Ասլանին Ֆարհատը:

– Նա պարապվում եր (պարապում եր – ՂԱ) գիտությամբ,– պատասխանում ե Ասլանը:– Նա լավ բնագետ ե յեվ մաթեմատիկոս: Բայց հետո թողեց գիտությունը:

– Ինչո՞ւ թողեց:

– Նրա կարծիքով, մենք, հայերս, այնքան փոքր թվով պատրաստ մարդիկ ունինք, վոր մենք պետք ե խնայենք մեր ուժերը ավելի կարևոր պահանջների համար: Յեվրոպայում հազարավոր մարդիկ զբաղված են գիտությունով, նոր հետազոտություններ են անում, նոր գյուտեր են անում, յեվ յուրաքանչյուր գիտությունը հարստանում ե բազմաթիվ նոր հրատարակություններով: Մենք կարող ենք նրանց պատրաստած գրքերը թարգմանել կամ փոխադրել մեր լեզվով: Գիտությունը ամեն ազգի համար նույն ե {նույնն ե – ՄՀ} անում: Բայց կա մի բան, վոր Յեվրոպան չե կարող մեզ տալու, վոր մենք ինքներս պետք ե ստեղծենք:

– Ի՞նչ բան ե այդ,– հարցրի յես (Ֆարհատը հետաքրքրությամբ – ՂԱ):

– Ազգային բանաստեղծությունը {գրականությունը}, վոր ամեն ազգ ինքը պետք ե ստեղծե… Համրը թողեց գիտությունը յեվ սկսեց բանաստեղծությամբ պարապվել (պարապել ՂԱ): Նա բնական տաղանդ ուներ յեվ թեթև սահուն լեզու: Գրում եր վոտանավորներ, գրում եր զանազան պատկերներ, գրում եր յեվ վեպեր: Նրա աշխատություններից մի քանիսը տպվեցան յեվ կարդացվում եյին մեծ ախորժանոք, բայց շատերը անտիպ մնացին… Մենք զրկվեցանք մի բանաստեղծ վիպասանի ամենագեղեցիկ վաստակներից…

Ուրեմն ամեն վոք, յեթե ուզենա, կարող ե բանաստեղծ-վիպասան դառնալ, յեթե միայն հրաժարվի գիտությունից: Ել ո՞ւր ենք գիտությունը կրթության ու մտավոր զարգացման առարկա շինում դաստիարակության գործում: Ել ինչո՞ւ ենք մեղադրում այս յեվ այն բանասերին, վոր բնության հասարակ յերևույթները ծուռ ե բացատրում, կամ բնավ չի հասկանում:

Ել ինչո՞ւ պիտի պակասություն համարենք, վոր Ասլանի պես բժիշկ ճամփորդը չի հետաքրքրվում Հայաստանի բազմազան ծաղիկներով, բույսերով, հանքերով յեվ այլն, վոր ամբողջ բնությունը նրա համար մի մութ աշխարհ ե, մինչդեռ ամենահասարակ միջատն անգամ պիտի շարժեր նրա հետաքրքրությունը: Ֆարհատը այս տեսակ մենտորի {ուսուցչի} առաջնորդությամբ միայն իմաստակ կարող ե դառնալ:

Մեկ տեսնենք բժշկապետ Ասլանն ինքը վորպիսի՞ հայացք ունի գիտության յեվ բանաստեղծության վրա:

– Իրավ ե (ասում ե բժշկապետ Ասլանը – ՂԱ) բանաստեղծությունը յեվ առհասարակ բոլոր գեղարվեստական գրվածքները ազգի թե վոգեվորողը յեվ թե «ղեկավարողը» պետք ե լինեն: Գիտությունը չոր ու ցամաք սնունդ ե տալիս մարդկանց մտքերին, բայց բանաստեղծությունը կենդանացուցիչ սնունդ ե տալիս նրանց սրտերին, հոգուն, յերևակայությանը: Բանաստեղծը ստեղծում ե ժողովրդի համար իդեալներ՝ բարձր, համամարդկային իդեալներ: Յեթե ներկայի մեջ չի գտնում յուր իդեալների տիպարները, նա մտնում ե պատմության խորքը, յեվ ժամանակների հնությունից դուրս ե կոչում յուր ցանկացած հերոսներին յեվ նրանց պատկերները, իրենց վսեմ գործերի նկարագիրներով՝ դնում ե ներկա սերնդի առջև, վոր նրանցից օրինակ առնեն յեվ նրանց նման լինեն:

{Բա սա չի՞ այսօրվա մեր գրողների, քաղգործիչների ու դասատուների մեծագույն մասի գործելու ծրագիրն ու «գաղափարախոսությունը: Հիմա պա՞րզ է, թե ո´վ է մեր իսկական ուսուցիչը: Բայց խոսքը նորից տանք Ասլանին – ՄՀ}.

Նա ստեղծում ե և այնպիսի տիպարներ, վորոնք ներկայի մեջ դեռ ծնված չեյին {չեն – ՄՀ}, այլ ապագայում պիտի հայտնվեյին {հայտնվեն – ՄՀ}: Նրա սուր աչքերը տեսնում են ներկայի մեջ այդ չծնված տիպարների ամենափոքրիկ նշմարները միայն: Նա մարգարեյի հոգով նախատեսում ե, թե տարիներից, գուցե դարերից հետո՝ վորպես այդ նշմարները իրենց սաղմնական դրությունից կաճեն, կզարգանան, կկերպարանագործվեն յեվ կատարյալ ձև ու կազմություն կստանան, յեվ նըրանց պատկերները կանխապես նկարում ե յեվ դնում յուր ժամանակի հասարակության առջև: Ճշմարիտ բանաստեղծը {գրողը – ՄՀ} գիտե անցյալը, գիտե ներկան, գիտե յեվ ապագան: {Վոչ ավել, վոչ պակաս: Թե սա չի համեստության կատարյալ բացակայությունն ու անսահման գոռոզամտությունը, զուգակցված անսահման տգիտության հետ, ուրեմն, յես վոչ մի բան չեմ հասկանում – ՄՀ }: Ժամանակները նրա ձեռքումն են: Յուր հերոսներից մեկի թերությունները նա լրացնում ե մյուսից առած հատկություններով, յեվ ներկայացնում իբրև կատարելագործված տիպարներ»…

{Սա արտառոց ձևով հիշեցնում է Րաֆֆուց ընդամենի մոտ յերկու տասնամյակ հետո ասպարեզ իջած բոլշևիկների սոցիալիստական ռեալիզմի ծրագիրը: Հետո, պարզ է, չե՞, թե Րաֆֆին ինքն իր մասին ինչ կարծիք է ունեցել: Խոսքը նորից տանք Աղայանին – ՄՀ}:

Յես չեմ հասկանում, թե ինչու պիտի մի բժշկապետ մարդը, ինչպիսին Ասլանն ե, ով յուր ուսումը գործնական Ամերիկայումն ե ավարտել, այսչափ բարձրացնի բանաստեղծությունը յեվ բանաստեղծներին, թեկուզ այդ բանաստեղծը լինի մի Շեքսպիր: Բժիշկները շատ լավ գիտեն, վոր բանաստեղծները, մանավադ գրչամոլ բանաստեղծները, մեծ մասամբ խելագար են լինում: Ասլանի այս հայացքը նոր չե, սա խելագարի հազար անգամ կրկնված մի զառանցանք ե:

Սրա մասին կարելի յե յերկար, շատ յերկար ընդդիմախոսել, բայց սա կնշանակեր, վոր գիտության յեվ գեղարվեստի այբուբենն եմ սովորեցնում պ. Րաֆֆուն, ով ինքն ել, անշուշտ գիտե, վոր յուր ասածը չափազանցություն ե, դերվիշի մի կարծիք ե, ուրեմն յեվ ներելի…

Սա ե ահա իմ տպավորությունը Կայծերի յերկրորդ հատորից:

Յեվ վորովհետև իմ այս տպավորությունը տպվում ե «Աղբյուրի» դաստիարակների բաժնում, հարկավոր եմ համարում, վոր մի քանի դաստիարակական նկատմունք յեվս արվի, իհարկե, վոչ պ. Րաֆֆուն խրատելու համար:

3.
Ամեն բանին պետք ե յուր իսկական անունը տաս:

Ամեն թերություն խաչագողություն չե:

Շատ մարդ կարող ե յոթը մահացու մեղքի տեր լինի, բայց խաչագող չլինի:

Ինչպես կան տեղական հիվանդություններ, նույնպես կան յեվ տեղական մոլություններ յեվ առաքինություններ: Մի ախտը կարող ե Սալմաստումը տեղական լինի, յեվ ուրիշ տեղ՝ չլսված: Յեթե ղարաբաղցին խաչագողություն անի, իսկույն կբռնվի, ինչպես Մակար վարդապետը յուր «Ղարաբաղի գաղտնիք»-ով:

Վոչ վոք կարող չե տալու ուրիշին յուր չունեցածը, բայց յեվ պետք չե ամեն մեկի շլինքին փաթաթել յուր ունեցածը: Միայն անասուննե´րն են, վոր բոլորն ել իրար են նման, այնինչ մարդիկ իրարից տարբեր են:

Իմաստակը կարող ե յուր գրչով մի իմաստունի խելքը վերլուծել, նրան խոսեցնել, բայց հետեվանքն այն բանը կլինի, վոր {իմաստակի նկարած – ՄՀ} իմաստունը յեվս դուրս կգա գրողի պես իմաստակ:

{Ըստ էության, Աղայանն ակնարկում է, որ Րաֆֆին իր բոլոր այս էպիկական հերոսներին ստեղծել է հենց իր, այսինքն, հենց Րաֆֆու երազած ցանկալի պատկերով ու նմանությամբ – ՄՀ}:

Աստված, «վոր ամենայն ինչ հոչնչե արար» {վոր ամեն ինչն ստեղծեց վոչնչից}, լոկ խոսքով, մարդու ստեղծելու վրա բավական ժամանակ յեվ աշխատանք գործ դրավ, այդ պատճառով ել մարդը դուրս յեկավ մի շատ բաղադրյալ արարած:

Մեծն ի մարգարես {մարգարեներից մեծը} Մովսեսը լավ գիտեր, վոր մարդ ասածըդ լոկ խոսքով ստեղծելու պտուղ չե: Նա սրանով կարծես որինակ տվավ բոլոր ստեղծածներին, վոր զգուշ վարվին մարդկանց հետ, յեվ նրանց բաղկացուցիչ մասերը՝ նըրանց մարմինը, նրանց միտքն ու հոգին լավ ուսումնասիրեն, լավ ծանոթանան մարդու մտքի ու հոգու արտադրության հետ, վորպեսզի յերբ խոսելու լինեն տնտեսագիտության, կրթության, գիտության, ուսման, ճարտարության {ինժեներության – ՄՀ}, գեղարվեստի, կրոնի, դիվանագիտության յեվ այլ այս տեսակ բաների մասին, լավ իմանան նրանց եյությունը:

Պետք ե հարգվեն գեղարվեստի ամենատարրական օրենքները վոր են՝ հետևիր ճշմարտին, գեղեցկին յեվ բարվույն: Ով անծանոթ ե վերջին յերկուսին, պետք ե գոնե առաջինին հետևի, այսինքն՝ ճշմարտին:

Շատ գրող կա, ով վոչ հանճար ե, յեվ ոչ գիտնական, այլ միայն ճշմարտին հետեվող, յեվ յուր գիտցածը գրում ե շնորհքով, յեվ դուրս ե գալիս մի գեղեցիկ բան: Սա ե պատճառը, վոր շատ անգամ չափավոր կրթությամբ մարդը հիանալի բան ե ըստեղծում: Իսկ այն մարդու գործը, ինչը ձգտում ունի յուր ստեղծողի ուժից վեր մի բանի, անպայման ե կործանվում:

Տաղանդը մաշելու հատկություն ունի: Բանասերի գրվածքը յուր հասակի այլյեվայլ շրջանում այլյեվայլ ձև ե ստանում: Ամեն ոտանավոր բանաստեղծություն չե, յեվ վոչ ամեն վեպ անուն կրողը՝ վիպասանություն:

Տաղանդի գրվածքը չի նմանիլ «ուռկանի արկելոյ ի ծով յեվ ամենայն ազգաց ժողովելոյ» {«ուռկանի ծովը նետելուն ու բոլոր ազգերը հավաքելուն» – ՄՀ}, վոր ընթերցողը հարկադրված լինի ընտրել զբարին եւ ի բաց ընկենուլ զխոտանն {ընտրելու բարին, ու զատելու խոտանը – ՄՀ}:

Վոչ, սա կնմանի մի գործարանական ամբողջության, վորից յեթե մի բանը կտրես, ամբողջը արյունաքամ կլինի յեվ կմեռնի, կամ իսկույն կերևա, վոր դա մի վիրավոր հսկա յե:

Գրողի համար մեծ թերություն ե, յերբ մի բան գրելիս աշխատում ե՝ յուր բոլոր գիտեցածն ու չգիտեցածը տեղավորի գրածի մեջ յեվ սարդի ճարտարությամբ մի վոստայն հյուսի: Սարդը չպետք ե օրինակ լինի բանասերին, այլ շերամն ու մեղուն…

Խորամանկությունը թույլի, ստրկի գողի յեվ մանավանդ խաչագողի հատկություն է: Խորամանկությունը հարուստ ընդունակություն չե, այլ աղքատ: Դրական ընդունակություն չե, այլ բացասական: Առողջ հոգու վիճակ չե, այլ հիվանդ: Այս ընդունակությունը գործ ե դրվում միշտ ի վնաս ընկերներին, յեվ վոչ հոգուտ: Այս ընդունակությամբ սուրբ գործ կարելի չե, այլ միշտ պիղծ:

Բարոյապես ուժեղ մարդը, ճշմարի´տ առաքյալը, անկեղծ հայրենասերը խորամանկ չի լինում: Նա գնում ե ազնիվ ճամփով, անվեհեր, գնում ե անձնազոհ, քաջի պես, բայց վոչ խելագարի: Քաջություն, խոհականություն, անձնվիրություն, ահա այս հատկություններն ունեցող հերոսներն են, ում որ ժողովուրդը դյուցազնաց կարգն ե ձգում ու պաշտում:

Մենք մի առած ունինք, վոր ասում ե. «Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա»: Ժառանգական ախտերն անբուժելի են ըստ մեծի մասին: Բայց յեվ այնպես, ցեխը ցեխով չեն լվանա:

1887
«Աղբյուր», N 8-9

22.5 Առ պ. Րաֆֆի

Բարեկամ, «Արձագանք» Շաբաթաթերթի 39-րդ համարի մեջ կարդացի ձեր իմ դեմ գրած ասիական հայհոյանքով բողոքը, յեվ իսկույն գրեցի նրա հերքումը, ինչպես ձեզ ել բերանացի հայտնեցի, վոր դուք շատ բառեր իրար հետ եք շփոթում, ինչպես մաղալ բառը համարում եք մարդու հատուկ անուն, նվերը՝ ներբողյան, յեվ այլն:

«Արձագանքի» խմբագիրն իմ հերքումը չտպեց, բայց դուք, վոր արդեն հասկացել եք ձեր սխալը, կարող եք յերկու տողով շտկել, իբրև ազնիվ մարդ:

«Ձեր հիշած ոտանավորը տպագրված ե «Աղբյուրի» 1884 թվականի յերկրորդ տետրում, «Սառնամանիք» վերնագրով: Ընթերցողները կարող են ստուգել, թե կա՞ արդյոք նրանում ներբողյանի հետք դեպի ձեզ յեվ ձեր աշխատությունը:

Ղ. ԱՂԱՅԱՆՑ

1887, «Աղբյուր», N 11

22.6 Մեր գրականագիտության մասին

Աղայանի ասածը Րաֆֆու մասին բոլորովին էլ չափազանց չի: Ավելին, Աղայանը շատ քիչ է ասում: Որ հանկարծ «մուշտարու աչքով» նայես Րաֆֆու գրածներին, հազար ու մի մեծ ու փոքր թերություն կգտնես, Աղայանի ասածների պես բարոյական ու տրամաբանական վիթխարի թերություններից մինչև Աղայանի կամ իմ նշած լեզվական խոշոր ու մանր-մունր թերությունները:

Օրինակ, Րաֆֆին իր «Սամվել»-ի մեջն ստիպում է, որ Սամվելը, հանուն հայրենիքի, սպանի իրա հորն ու մորը (ճիշտն ասած, Սամվելը խորթ մորն է սպանել, բայց Րաֆֆուն երևի սա քիչ է թվացել):

Մեր համալսարանում մի դասախոս կար, ով ուներ-չուներ, երկու ջահել տղա ուներ, ու երբ Ղարաբաղի կռիվներն սկսվեցին, այս դասախոսը հայտարարեց, թե ինքն իր այդ երկու տղային էլ կզոհի հայրենիքին:

Ես հասկանում եմ, հայրենիքը շատ կարևոր ու շատ թանկ բան է, բայց հայրենիքը մարդուն պետք է, որ իր մերձավոր հարազատներն ու ինքը ապահով ու հանգիստ ապրեն, որ, օրինակ, քո հայրն ու մայրն ու քո զավակներն ապրեն, որ սերունդը շարունակվի (հասարակ մարդու պատկերացրածով՝ հավիտյա´ն շարունակվի):

Իսկ եթե պիտի զավակներիդ կամ հորդ ու մորդ զոհես հանուն հայրենիքի, էլ այդ հայրենիքն ինչի՞դ է պետք: Ամեն ինչն էլ պտի չափ ու իմաստ ունենա, ու պիտի հիշես, որ երբ նպատակիդ հասնելու համար միջոցների մեջ տարբերություն չես դնում, ՀԸՆԱՐԱՎՈՐ է, ՈՐ ՔՈՒ ԸՆՏՐԱԾ ՄԻՋՈՑՆ ՍՊԱՆԻ ՆՊԱՏԱԿԴ: Սա հենց ա´յս դեպքն է:

(Իմիջիայլոց, սպարտացիներն իրենց է´ն ջահելներին, ովքեր սերունդ չունեին, չէին ուղարկում նույնիսկ հանուն հայրենիքին կռվելու, որ դրանց ցեղը չմարեր):

Քսաներորդ դարի ամենանշանավոր փիլիսոփաներից մեկը, Կառ Ռեյմունդ Պոպերը, ասում է [53], թե երբ ի´նքդ ես գնում նպատակիդ համար զոհվես, դա քո անձնական գործն է, քո´ ընտրությունն է: Բայց այնքան էլ ազնիվ բան չես անում, երբ ուրիշ մեկին էլ ես ասում, թե արի գնանք՝ դու է´լ զոհվի:

Ու լրիվ անազնիվ բան ես անում, երբ դու մնում ես տանը, ու ուրիշների´ն ես ուղարկում, որ այդ նպատակի համար զոհվեն:

Իսկ երբ քու հարազատներին ես տալիս, որ զոհեն, արդեն մատաղ ես անում, ոնց որ ոչխարն են մատաղ անում, ու սա արդեն անբարոյականություն է, ու այսպիսի բան հին օրերին էին անում, ոնց որ Ագամեմնոնն իրա աղջկան զոհեց, որ աստվածները հույներին բարեհաջող քամի ուղարկեն, որ գնան հասնեն Տրոյա (ու այդ քաղաքը թալանեն), կամ ոնց որ Աբրահամն էր իր որդուն տանում, որ մատաղ անի աստծուն:

Մեր գրականագետների կազմած դպրոցական գրքերը քարոզում են, թե Րաֆֆին հանճարեղ գրող է, ու իբր Րաֆֆու գրվածքներն ամենաքիչը երեխաներին հայրենասիրական ոգով են դաստիարակում:

Տեսանք, որ սա այսպես չի, ու որ այսպիսի դաստիարակությունը կարա սպանի երեխայի բարոյականությունը, այսինքն, կարա երեխային դարձնի անբարո, ու սրա հետն էլ՝ սպանի հայրենիքի հենց գաղափարը [45], էլ չասած, ու անպայման կսպանի աշակերտների գեղագիտական ճաշակը:

Երբ Րաֆֆու գրվածքներին նայում ես առանց մանկուց բուծած հիացմունքի, տեսնում ես, որ մեջները լիքը անհամություն կա:

Օրինակ, ընդունված է, որ Արարատյան դաշտի լուսաբացի իր նկարագրությունն «սքանչելի» է, ու սա, այս նկարագրությունը, համարվում է մեր գրականության գըլուխ գործոցներից մեկը (տես իմ «Փոքրիկ Իշուկն ու գրական լեզուն» հեքիաթը [64]): Ահա դրանից մի կտոր.

«Արևի առաջին ճառագայթների ներքո` Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողքերով, որ աչք էին շլացնում: Արագածի պսակաձև գագաթը չէր երևում: Նա դեռ պատած էր ձյունի պես ճերմակ մշուշով, որպես մի ամոթխած հարսիկ, որ սքողում է յուր դեմքը անթափանցիկ շղարշով: Կանաչազարդ դաշտավայրը, ցողված վաղորդյան մարգագետիններով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով: …»:

Չխոսենք այն բանից, որ այս կտորն ու սրան նախորդող մասը գրած է կլասիցիստական ծրագրային ոճով («որպես բնության նկարագրություն, որ հարմար գա հերոսի տրամադրությանն ու զգացմունքներին»), ինչով Րաֆֆու օրերին եվրոպաներում արդեն չէին գրում:

Չխոսենք նաև այն բանից, որ դժվար (կամ անհնար) է պատկերացնելը, որ «Կանաչազարդ դաշտավայրը ... նախ լինի Արարատյան դաշտում, որ հետո էլ այս կանաչը մի կողմ թողնի իր կանաչն ու վառվի ծիածանի ամենանուրբ գույներով», որ Րաֆֆու գրածն արդարանա, բայց եկեք ուշադիր նայենք վիթխարի Արագածին (ինչին, իմիջիայլոց, ես Արարատյան դաշտից երբեք չեմ կարացել տեսնեմ), ու մտածենք, թե ինչքա՞ն ու ինչո՞վ է հանճարեղ ու չքնաղ, որ Րաֆֆին ստիպի, որ այդ հսկա լեռը, փողոցային կնոջ պես, «որպես մի ամոթխած հարսիկ», կոտրատվի Մասսի դեմը:

Կարող է՝ լրի´վ եմ սխալ, բայց իմ կարծիքով, պիտի կ´ամ այլասերված երևակայություն ունենաս, որ այսպիսի մի դրվագ հորինես, կամ է´լ պիտի աշխատես, որ (Աղայանի ասած) անպայման մի «կարգե դուրս» բան հորինես: Հորինածը, երբ հորինելու կարիքը բոլորովի´ն չկա, ա´նպայման է գեշ:

Երբ այս հատվածը գրեցի, վեր կացա ու Րաֆֆու տանը շարած հատորներից մեկի մի պատահական էջը բացեցի: Շեշտում եմ, պատահական: Րաֆֆին պատմում էր, թե Կարոն ու իր մնացած ընկերները, տեր Թոդիկի դասերից զզված, ոնց էին գյուղից փախել շրջակա անտառները, ու այնտեղ էին մնում:

Հերոսներից մեկն ասում է, թե այդ անտառներն այնքան խուլ ու կուսական էին (19-րդ դարի վերջի Հայաստանում, sic!, ոնց որ Ամազոնի անտառները, բա), որ «օձն իր պորտով, հավքն իր թևով ոտք չէր դրել այնտեղ»:

Սա, իհարկե, արդեն անհեթեթ է, Սալմաստի գավառում այդ օրերին այդպիսի անտառներ ոչ մի անգամ չեն եղել, բայց սա չի կարևորը: Րաֆֆին, մի քանի էջ հետո, մոռանալով, որ այդ անտառներն այնքան կուսական էին, որ «օձն իր պորտով, հավքն իր թևով ոտք չէր դրել այնտեղ», ասում է, թե «գիշերներն այդ անտառներում կրակ էինք վառում, խորոված էինք անում, զուռնա դհոլ ածում, քեֆ անում, իսկ կողքի գյուղերից էլ հարսն ու աղջիկ գալիս էին ու մասնակից լինում մեր խնջույքներին»:

Ես մալիշկեցի եմ, մալիշկեցիներն էլ Սալմաստի Փայաջուկ գյուղից են գաղթել եկել, 1829 թվին, Րաֆֆին էլ հենց Փայաջուկից է ու մինչև 14-15 տարեկանն ապրել է գյուղում ու անհնար է, որ իր օրերի գյուղական վարք ու բարքը գերազանց չիմանար:

Սալմաստի այն օրերի գյուղերն իրենց կենցաղով, վարք ու բարքով ու բարոյաէթիկական նորմերով բոլոր էլ իրար «ջրի երկու կաթիլի պես» նման էին:

Իմ մանկության տարիներին, 1950-ական թվերին, Մալիշկայի ու նաև ողջ Հայաստանի գյուղերի «կարգ ու կանոնը» համարյա նույնն էր, ինչ որ ողջ Հայաստանինը՝ մի հարյուր տարի առաջ:

Հիմա, իմ տարիքի ո՞ր մի գյուղացի հայը կհավատա, թե 50-ական թվերին գյուղացի հայ հարսն ու աղջիկը կարար «գիշերները գնար կողքի անտառներն ու օտար ջահելների հետ քեֆ աներ»: Այդպիսի բան աներ, մյուս օրն այդ հարս ու աղջկան կտային կսպանեին:

Հիմա որ ասեմ, որ այսպիսի բաները զառանցանք են, կասեն՝ անթույլատրելի կոպիտ բան ես անում: Բայց Րաֆֆու արածն անթույլատրելի չի՞:

Հետո, եթե մի գրողը կարող է այսպիսի մի զառանցանք մոգոնի իրա գրվածքներում, ես երբեք չեմ վստահի այդ գրողի՝ ինձ անծանոթ մնացած գործերի դետալներին, ու կմտածեմ, որ այդ գրողն արդեն ի´նչ սուտ ասես, որ չի մոգոնի:

Դրույթ 1. Մեր գրականագիտությունը պտի հիմնովին փոխի իր գնահատականներն ու գնահատելու ձևերը: Արդեն 21-րդ դարում ենք, ու արդեն ժամանակն է, որ հրաժարվենք այս գավառապառավական գլուխգովանությունից ու մեթոդներից:

Պիտի մի քիչ համեստ լինենք ու օբյեկտիվ: Մանավանդ, երբ գործածում ենք «հանճարեղ» բառը: Այս բառը շատ պատասխանատու բառ է: Մի օրինակ բերեմ:

Դանթե Ալիգիերին (1265-1321), անկասկած, հանճարեղ է իր արած գործով ու այս գործի հզորազոր ազդեցությամբ թե´ իտալական գրականության ու ողջ մշակույթի, թե´ ողջ արևմտյան մշակույթի համար:

Բայց մենք շատ անգամ հանճարեղ ենք ասում նաև մեր Սայաթ-Նովային (1712 -1795), ով Դանթեի մեռնելուց երեք դար հետո է գրել, ու իր գրածները բոլորովին համեմատելի չեն Դանթեի գրածների հետ:

Սա հերիք չի, մերոնք շատ անգամ Սայաթ-Նովային համարում են «հանճարեղ կոմպոզիտոր», չնայած Սայաթ Նովան երևի ոչ մի մեղեդի չի հորինել, ու չգիտեր էլ, թե կոմպոզիտորը կամ նոտան ի´նչ է:

Սայաթ-Նովան ոտանավո´ր էր գրում, ու այդ ոտանավորը հարմարացնում էր արևելյան արդեն առկա ու ոչ հայերեն սիրված եղանակներին, ինչն այն օրերին շատ սովորական բան էր: Բոլոր աշուղներն էլ այդպես էին անում:

Հիմա, Սայաթ-Նովայից մոտ երեք ու կես դար առաջ ծնված Դանթեն է՞լ է հանճարեղ պոետ, արևմուտքին անհայտ Սայաթ-Նովան է՞լ: Կամ Սայաթ-Նովայից 4 տարի շուտ մեռած Մոցարտն է՞լ է հանճարեղ կոմպոզիտոր (1756-1791), Սայաթ-Նովան է՞լ:

Էլ չեմ ասում, որ Սայաթ-Նովան հայ ազգային երգ ու պարից գաղափար անգամ չի ունեցել (տես [24]-ն ու Կոմիտասի հոդվածների ժողովածուն [65]):

Ես մտքիս չեմ դրել Սայաթ-Նովայի վաստակը նվազացնեմ, կամ իրեն փնովեմ: Բայց մի բան եմ նկատել. ով որ Սայաթ Նովային համարում է կոմպոզիտոր ու մտածում է, թե իր երգերը մեր ազգային հին (էթնիկական) երգերն են, գաղափար անգամ չունի հայ ազգային երգ ու պարից ու սրանք կորցնելու մեր ողբերգությունից, ուզում է այդ մարդը լինի Չարենցը:

Հետո՞ ինչ, թե որ Չարենցն ասել է, թե Սայաթ-Նովան հանճարեղ է, ուրեմն, պիտի համարենք, որ դա «սուրբ ճշմարտությո՞ւն» է:

Դրույթ 2. Գրողի ու մտածողի համար միակ սուրբ բանը հենց ճշմարտությունն է, ու մեր արձակը, շատ քիչ բացառությունով, ճշմարտության արձակ չի եղել, ու այսօր է´լ չի:

Մեր արևելահայ արձակի գագաթներն էլի մնում են Թումանյանի պատմվածքներն ու իր մշակած ժողովրդական հեքիաթները, մեկ էլ Դ. Դեմիրճյանի սկզբնական շրջանի պատմվածքները, «Քաջ Նազարը» ու Վրթ. Փափազյանի մի քանի պատմվածքը՝ գյուղի մասին:

22.7 Սևակն ու մեծամոլությունը

Իմ համոզված կարծիքով Պարույր Սևակի ոտանավորների մի մասը հենց հորինովի «բաժակաճառ» է, մեջը լիքը սուտումուտ, ու սա իմ համար անտանելի է:

Ու քանի որ Սևակի այս վնասակար ազդեցությունը մեր ջահելների վրա վիթխարի է, ուզում եմ սթափ մտքով թեթևակի քննեմ իր «հանճարեղ» համարվող ոտանավորներից մեկը:

Ահա այդ վերլուծությունը:

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

***
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։

Բա ի՞նչ ասեին մեզ, հո «թուրք» չէ՞ին ասի: Այս արևի տակ ամեն բանն էլ մի անուն ունի, մեր անունն էլ «հայ» է, ինչի ստուգաբանությունը, իմիջիայլոց, անհայտ է գիտությանը: Բայց սա, այս տողը, իր մեջ մի խիստ բացասական ենթատեքստ ունի:

Հենց այս տողն արդեն ինքնին ենթադրում է, որ հայ լինելն արդեն մի արտառոց բան է, որ հայը մարդուց տարբեր ու երևի մի ավելի լավ ու գերադասելի բան է (տես հաջորդ տողը):

Գյուղերում առաջ միամիտ ու լոպազ մարդ էր լինում, ով տեղին անտեղի իր գըլուխը գովալով ասում էր. «Ընձի Փալանդուզենց Սողո´ կասեն, հաաաաաա, իմացաաա՞ր»: Բոլորին հիացնող այս տողը ճիշտ այդ երևույթն է.

«Մեզ հա´յ են ասում, հաաա, իմացաաաա՞ք»:

Ուրեմն, մենք էլ ենք դեռ այս միամիտ գյուղացու խելքին, եթե այս տողը հանճարեղ ենք համարում:

Մենք մեզ ո´չ ոքից չենք գերադասում։

Հա՞ որ: Բա ո՞վ էր, որ հենց նոր ասաց, թե չնայած քիչ ենք, բայց փոխարենը հայ ենք, ինչը ենթադրում է, որ ինքնին արդեն գերազանց ենք: Ու ո՞վ է, ով անընդհատ ու ամմե´ն-ամմե´ն առիթով ասում է. «Ես հպարտ եմ, որ հայ եմ»:

Բա ո՞վ է, ով անընդհատ ու ամեն պատեհ ու անպատեհ առիթով ասում է, թե «հայերն ամենահինն են, ամենաընտիրն են, թե ամենակարևոր բաները հենց հայերն են հայտնագործել, թե աշխարի ամենանշանավոր մարդիկ ծագումով հայ են»:

Այս բաներն ասողները այսօր Հայաստանում բոլորովին էլ քիչ չեն:

Մի խոսով, սա տկլոր ու խոշոր սուտ է:

Պարզապես մենք էլ պի´տի ընդունենք‚

Որ մե´նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք…

Նախ, սա հաստա´տ է սուտ, որովհետև Արարատն այսօր մերը չի, ու եթե ընդունողի հարց կա, դա Թուրքիա´ն է, որ չի ընդունում, որ Արարատը մերն է: Երկրորդը, սա սուտ է, որովհետև մենք ընդունո´ւմ ենք, ա´նպայման ենք ընդունում, որ Արարատն այսօր մերն է:

Երրորդը, եթե Սևակը ուզում է ասի, որ Արարատի պես բարձր սար մենակ մենք ունենք, էլի´ սուտ է, որովհետև Արարատի չափ է´լ ու իրանից շատ բարձր էլ լի´քը սար կա այս Գնդի վրա:

Չորրորդը, եթե մենք աշխարհի նույնիսկ ամենաբարձր սարն էլ ունենայինք, սա մեր վաստակին, մեր արժանիքների բացարձակ ոչինչ, ոչ մի բան չէր ավելացնի, որովհետև այս սարի ստեղծողը մենք չենք: Ուրեմն, սա նորից անհարկի ու տգեղ լոպազության թեմայից է:

Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚

Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։

Սա է´լ է սուտ, որովհետև այս Գնդի վրա երկինքը ամեն բարձր լճի մեջն էլ կարա իր «քիչ թե շատ ճիշտ» պատճենը հանի, թե´ փոխաբերական իմաստով, թ´ե ուղղակի իմաստով:

Բա Սևակն այս սուտը ինչո՞ւ է գրել: Պատասխանը միակն է՝ ուրիշ ավելի լավ կամ ավելի ճիշտ բան չի կարացել գրի:

Պարզապես Դավիթն այստեղ է կռվել,

Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։

Իհարկե սուտ է, որովհետև կարդացողը սա կապում է նախորդ մտքերին, ու պարզ է, որ ո´չ Դավիթն է Սևանում կռվել (Սասունո´ւմ է կռվել, կամ Մսրո´ւմ ևն), ոչ է´լ Նարեկն է այստեղ գրվել:

Սևակը սա գրել է, որովհետև սա իր գրածի մետրիկային ու հանգերին լավ է բռնել, ու որից, որովհետև ավելի լավն էլ չի կարացել գրի:

Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚

Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից

Սևակն էլի սուտ է ասում, որովհետև ուզում է ասի, որ մենք եզակի ենք, որ կարում ենք «ժայռից վանք կերտենք», բայց մենք եզակի չենք:

Ժայռափոր վանք կերտած լիքը ժողովուրդ կա: Կա նույնիսկ քար ու ժայռից մի հսկա քաղաք կերտած ժողովուրդ, Պետրա քաղաքը ձեզ օրինակ, իսկ Հնդկաստանի մի ժայռից կերտած վիթխարի տաճարները հայտնի են ողջ աշխարհին:

[Գիտենք]
Ուսուցմա´ն համար եւ աշակերտե˜լ

Գեղեցկի´ն‚
Բարու´ն‚
Վսեմի´ն‚
Լավի˜ն

Այստեղ Սևակը նախ մի լեզվական սխալ է անում, որովհետև «ուսուցման համար» բառերով, անկասկած, նկատի ունի «սովորելու համար»-ը, ու ոչ թե «սովորեցնելու համար»-ը: Բայց որ պայթենք էլ, չենք կարող այս «ուսուցման համար»-ը հասկանանք «ուսանելու համար»-ի իմաստով:

Երկրորդը, այս միտքը շատ-շատ է կասկածելի, ավելի ճիշտ, ուղղակի էլի´ սուտ է: Թե որ մենք իրո´ք «գիտենք ուսանելու համար աշակերտել վսեմին ու լավին», բա ինչո՞ւ այս վերջին մի քանի հազար տարում չվսեմացանք ու չդառանք լավը, բա ինչո՞ւ է մեր այսօրվա վիճակն այսքան ողորմելի, այսքան ստոր ու վատթար:

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում

Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚–

Ա´յ, հմի արդեն նորից սկսվեց իսկական հայկական ավանդական նվնվոցն ու բողոքը, թե «մենք ընտիր ենք, ուղղակի բախտ չունենք»:

Սա մեր իսկ բախտի ու վիճակի պատասխանատվությունը մեր վրայից դեն շպըրտելու ու մեր մեղքերն ուրիշների վրա բարդելու մեր հին ավանդական սովորությունն է:

«Բախտ չունե´նք, անբա´խտ ենք, ուրիշնե´րն են մեղավոր, պարսիկնե´րը, բյուզանդացինե´րը, արաբնե´րը, թուրքե´րը, ռուսնե´րը, ամերիկացինե´րը, ջհուդամասոնները» ևն:

Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել

Սա իր կոնտեքստով նշանակում է, որ «մե´նք ենք ուրիշների արյունը հեղել», չնայած Սևակն ուզում է ասի, որ «ուրիշնե´րն են մեր անմեղ արունը հեղել»: Այսինքն սա տրամաբանակա´ն սխալ է:

Բայց ախր Սևակն ի՞նչ գրեր, որ հանգավորեր նախորդ տողի հետ, այնինչ սա´, իր ուզածին լրիվ հակառակ այս միտքը, մեղեդիով հոյակապ է հանգավորվում մնացածի հետը, ուրեմը, ջանդամը գյոռը, որ իմաստը լրիվ թարսվում է:

Սա պոետական թե´ թուլության, թե´ ծուլության նշան է:

Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚

Երբ եղել ենք շատ

Ու եղել կանգուն‚

Դարձյա´լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚

Ո´չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։

Իհարկե սո´ւտ է, որովհետև երբ կարացել ենք, լավ է´լ ճնշել ենք: Տիգրան Մեծը չէ՞ր ճնշում, չէ՞ր գերում: Ինքը չէ՞ր, որ հարուր հազարներով հրեա գերի վերցրեց ու բերեց Հայաստան, մանավանդ Տիգրանակերտ:

Այն օրերին սա սովորական բան էր, բոլո´ր ճնշողներն էլ սա անում էին, թե կարում էին: Մենք վերին արտի ծաղիկը չէ´ինք, որ այս սա´ղ քաղաքակրթության մեջը եզակի լինեինք, ու ոչ մեկին չճնշեինք:


***
Եթե գերել ենք՝

Լոկ մեր գրքերով.

Եթե տիրել ենք՝

Լոկ մեր ձիրքերով

Էլի սուտ է, որովհետև մեր ազդեցությունը ուրիշ ժողովուրդների վրա չնչին է:

Վրացիների վրա ենք ազդել (5-րդ դարում, հետո էլ Բագրատունիների ու Զաքարյան իշխանների շրջանում, բայց լրիվ ուրիշ պաճառներով, ու ո´չ թե մեր «գրքերով ու ձիրքերով»):

Ա´յ, որ հին եգիպտացիները (ղպտիները, ոչ այսօրվանները), հին հույները կամ շումերները սա ասեին, իրենց լրիվ կսազեր, կամ որ այսօր ամերիկացիներն ասեն, էլի կսազի: Հին հույներն են հայտնագործել մաթեմատիկական տեսությունը, դասական գրականության ողբերգությունը, կոմեդիան ու թատրոնը, բնափիլիսոփայությունը («ֆիզիկան»), կապիտալիզմը ևն, ևն:

Հին հույները (շեշտե´մ, հնե´րը), այսօր է´լ են կարում ազդեն աշխարի ժողովուրդների վրա, չնայած այսօրվա´ հույների ու հայերի վրա չեն կարում ազդեն:

Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚

Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։

Նորից՝ «մենք ընտիր ենք, ուղղակի բախտ չունենք, ինքներս հո չե՞նք ուզում մեռնենք, ուղղակի էտ անտեր մահը մեզ կոտորում ա, որտեվ սիրահարվել ա վրեքս»:

Բա սա «հանճարեղ» պոետի ասելու բա՞ն է, կամ բա սա պոեզիա՞ է:

Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝

Ու˜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚

Ջանացել ենք մենք ամենքի´ համար.

Շինել ենք կամուրջ‚

Կապել ենք կամար‚

Ամե˜ն տեղ հերկել‚

Հասցրել բերքեր‚

Ամենքի˜ ն տվել մի´տք‚ առա´ծ‚ երգե´ ր՝

Պաշտպանել նրանց հոգևոր ցրտից‚-

Ամե˜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚

Մեր հոգուց՝ մասունք‚

Եւ նշխար՝ սրտից…

Այստեղի ստերի վերլուծությունը երկար է, ես էլ հոգնեցի, բայց այս վերջին կտորի մի բանից չեմ կարա չխոսամ: Սևակն ասում է, թե մենք ենք

Ամենքի˜ ն տվել {ենք} մի´տք‚ առա´ծ‚ երգե´ր՝

Պաշտպանել նրանց հոգևոր ցրտից:

Սա արդեն ուղղակի ամո´թ է, որովհետև սա նշանակում է, որ եթե մենք չլինեինք, այս արար աշխարհը կմնար «հոգևոր ցրտի մեջ», ու որ այդ հենց մե´նք ենք, որ իրենց փրկել ենք «հոգևոր ցրտից»:

Բա´: Սա իբր քիչ է, ավելացնում է, թե «ամենքին մե´նք ենք միտք-մտածողություն տվել, մե´նք ենք ամենքին երգ տվել, առած տվել»: Չտայինք, այս արար աշխարը (բացի մեզնից) կմնար ու այսօր է´լ կլիներ լրի´վ անմիտ, առանց երգ ու առանց առած:

Թե սա չի տիեզերական սնափառությունն ու մեծամոլությունը, ուրեմն, ես չեմ հասկանում, թե սրանք ի´նչ են:

Չեմ ուզում շարունակում, բայց պտի մի երկու բան էլ ասեմ:

Համոզված եմ, որ այս ոտանավորը խիստ վնասակար է մեծ ու փոքրի համար, ու որ սա պիտի դպրոցում արգելվի, որովհետև սա սնափառություն ու մեծամոլություն ու նացիզմ է քարոզում:

Տեսանք, որ սրա պոեզիան, տրամաբանությունն ու լեզուն էլ մի բան չեն:

Համոզված եմ նաև, որ այն մարդը, ով Պ. Սևակին համարում է հանճարեղ պոետ, երբեք էլ չի կարող իսկական հանճարին ճանաչի ու գնահատի: Այդպիսի մարդը միայն կարող է թութակի պես կրկնի հեղինակությունների կարծիքը: Ժողովուրդն էլ մարդկանցից է կազմված:

Աստված չանի հանկարծ այս ոտանավորը շնորհքով թարգմանվի օրինակ անգլերեն ու տարածվի անգլիալեզու երկրներում: Խայտառակ կլինենք այս արար աշխարհով մեկ, ու իրանք մտածելու են, որ մենք ողորմելի ժողովուրդ ենք:

Սուտը երբեք չի լինի ընտիր (կամ նույնիսկ ընդամենը տանելի) պոեզիա կամ արձակ:

22.8 Արտասահմանյան գրականությունը

Մեր աձակագիրների մեծ մասը, քիչ թե շատ, աչք է տվել Րաֆֆուն, ու սրա համար էլ րաֆֆիական տրադիցիան դառավ մեր արձակի մեջ գլխավորը:

Մյուս մասն էլ աչք տվեց Ակսել Բակունցի արհեստական ստերիլ ոճին:

Ցավոք, մեր գրագետների մեծագույն մասը չհետևեց Խաչատուր Աբովյանի ոճին, ինչը շատ էր մոտ Երևանի բարբառին: Ու մեր գրականության մեջ հենց սկզբից չունեցանք մի Սերվանտես, կամ մի Ռաբլե, կամ Բոկաչո ու Դանթե, կամ Չոսեր, կամ Պուշկին, ովքեր ոչ թե կեղծ ու պաթետիկ էպիկայի սիրահար լիներ, այլ կյանքային ճշմարտության:

Մերոնք այս առաջին երեքի կամ Մարկ Տվենի ու Յարոսլավ Հաշեկի պես չվերցրին ու մեր «էպիկական» թերությունները ձեռ չառան (թերևս չհաշված Երվանդ Օտյանին ու գուցե Հակոբ Պարոնյանին), որ ճշմարտությունը պատմելու կիրքը դառնար մեր արձակի գլխավոր գիծը:

Ափսոս, բայց մերոնք, հենց սկզբից, անցան հերոսականին, դյուցազնականին, հեքիաթայինին, ու իրականություից կտրվեցին: Իսկ մեր ա´յն գրողները, ովքեր ճշմարտության հետևորդն էին, Հ. Թումանյանը, Պ. Պռոշյանը (մասամբ), Վրթ. Փափազյանը (իր գյուղական պատմվածքներով), Երվանդ Օտյանը (իր «Փանջունիով»), Դերենիկ Դեմիրճյան (իր սկզբնական շրջանի պատմվածքներով ու Քաջ Նազարով), զորավոր հետևորդ չունեցան:

Իմ կարծիքով, մենք չհասանք Պուշկինի արձակի մակարդակին, էլ չասեմ Բալզակի, Տվենի, Տոլստոյների, Դոստևսկու ու սրանց կարգի գրողների մասին:

Մեր (մանավանդ «դպրոցական») գրականագետները երկինք են հանում, օրինակ, Մուրացանի «Գևորգ Մարզպետունին», բայց իրենք ինչ էլ ասեն, սա շատ թույլ գործ է, ու իր արվեստի մակարդակով բոլորովին համեմատելի չի, ասենք, Ստիվենսոնի «Սև նետի» կամ Պուշկինի «Կապիտանի աղջկա» կամ Գոգոլի «Տարաս Բուլբայի» կամ Ալեքսանդր Տոլստոյի «Князь Серебренный» (Իվան Ահեղի օրերի անցքերից) պատմավեպի հետ (1863):

Մեր գրական ճաշակն այնքա´ն ցածր է, որ Սերո Խանզադյանի չափազանց թույլ պատմավեպերը համարում են դպրոցում ուսումնասիրելու արժան (թոռանս մի անգամ հանձնարարել էին, որ ամառը սրանցից մեկը կարդա, այնինչ, սա պիտի արգելեին, որ երեխայի ճաշակը չփչանար): Խե´ղճ հայ մանուկ, որ պիտի Խանզադյանի «պատմավեպերով» ճաշակդ «ձևավորես»:

Թե որ մեր հայկական դպրոցում չպիտի ուսումնասիրեն մեր հայ գրողների լավագույն արձակի հատ ու կենտ գործերն ու արտասահմանյան հզոր արձակագիրների գործերն (օրինակ, վերը թվարկածներս), ու թե չպիտի հենց սրանցով ձևավորեն մեր մանուկների գրական ճաշակը, ուրեմն մենք ոչ մի անգամ էլ նորմալ ու մրցունակ արձակ չենք ունենա:

(Մոտ մեկ ու կես դար, երբ համարյա գրող չունեինք, ով ինչ էլ գրեր, ուրախանում էինք, ու սա նորմալ էր, որովհետև այն օրերին գրագետ մարդն էր նույնիսկ հազվագյուտ, ուր մնաց՝ գրելու շնորհքը:

(Պետերբուրգի այն օրերի Հայ ուսանողների ընկերությունը (ժողովը) Ղազարոս Աղայանին առաջարկում է, որ մի բան գրի հենց Աղայանի պատմելով ([6], էջ՝ 74-76), ու երբ Աղայանը գրում ու բերում կարդում է իր «Արություն և Մանվելը», այդ ընկերությունը Աղայանին իսկույն հռչակում է գրող (լեզու մշակող, բա)):

(Աղայանն ինքը ուսման ու կրթության ահավոր ծարավ ուներ, ու իր ողջ կյանքում անընդհատ սովորում էր, սովորում էր ինքնուրույն, որովհետև բախտ չունեցավ, որ կանոնավոր կրթություն ստանա: Երբ գրաշար էր (իսկ գրաշարություն արել է մեկ-երկու տասնյակ տարի), գիրք շարելիս անընդհատ էր կարդում ու սովորում:

(Աղայանի գրական վաստակը ահագին համեստ է, բայց իր լուսավորչական վաստակը հայ ազգի համար վիթխարի է: Այդ արտակարգ ուղղամիտ, ազնիվ ու ազգանվեր մարդուն, շատ անգամ, չենք հիշում ու արժանի չենք գնահատում: Ափսոս):

Բայց այստեղ մի կարևոր հարց կա: Օտար լեզվով գրած գործերի մեր հայերեն թարգմանությունների լեզուն, համարյա առանց բացառության, ահավոր վատն է, որովհետև սրանք թարգմանական կալկա են, ու ուղղակի հեղեղված են կլիշեներով (պատճեններով) ու քերականական օտարիզմներով:

Առհասարակ, մեր գրական ոճերը ծայրից ծայր լրիվ թարգմանական կլիշե են, ու մինչև մեր գրական ոճերի լեզվի հարցը չլուծվի ու, ինչպես արդեն ասվել է, մինչև Երևանի բարբառը չհայտարարվի գրական ու խրախուսելի, մենք նորմալ արձակ, թատրոն ու կինո չենք ունենա:

Մեր թարգմանությունների լեզուն այնքա´ն վատն է, որ սրանք շատ թույլ պատկերացում են տալի իսկական արվեստի մասին: Մեր թարգմանությունների լեզուն է´լ է էպիկական: Օրինակ, Սարոյանից թարգմանած գործերի հասարակ ու անկիրթ հերոսները շատ անգամ խոսում են գրական հայերենի էպիկական ոճերով:

Լեզվի հարցը մեր գրականության համար ճակատագրական է, ու մեր հավերժական գրապայքարը պիտի ա´նպայման վերջանա, ու պտի հասկանանք, որ կենդանի լեզվից զորավոր բան չկա:

Ու պիտի վերջը հասկանանք, որ մեր գրական ոճերի հիմքը պիտի անպայման լինի Երևանի բարբառը, իր հիմնական բառապաշարով, ու անպայման՝ իր քերականական բոլոր մանրամասներով:

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ

Հավելված-1

ՀԱՅԵՐԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԳՐԱՊԱՅՔԱՐԸ

Հ-1.1 Այբուբենը հայերի ինչի՞ն էր պետք

Հայերն ի՞նչ նպատակով են ստեղծել իրենց այբուբենը:

Դրույթ 1. Հայերն իրենց այբուբենը ստեղծել են, որ Աստվածաշունչն ու մնացած կրոնական տեքստերը թարգմանեն ու գրանցեն հայերենով, որ այս տեքստերը ժողովըրդին հասկանալի լինեն, որ հեթանոսության դեմ հեշտ պայքարեն ու ժողովըրդին հեշտ «դարձի բերեն» ու հեշտ դարձնեն քրիստոնյա:

Ժողովրդին քրիստոնյա դարձնելու հիմնական պատճառը հետևյալն է:

Մեր թվարկության 3-րդ դարում պարսիկ սասանների ցեղը Բուն Պարսկաստանում իշխանությունը խլեց պարսիկ պարթևների ցեղից ու Բուն Պարսկաստանի բոլոր պարթևներին կոտորեց:

Քանի որ նույն բախտն էլ սպասում էր հա´յ պարթև արքաներին ու հա´յ պարթև ազնվականությանը, այս վերջիններին պետք էր, որ արդեն իրենց հայտարարեին հայ, իսկ հայ ու պարսիկ շարքային մարդկանց թշնամացնեին:

Մինչև սասանների այս հաղթանակը, հայ բոլոր արքաները Իրանյան կայսրության (այսինքն, Էրան կամ Արիա աշխարհի, արիացիների´) արքայից արքայի մերձավորնե´րն էին, որդինե´րը, եղբայրնե´րը ևն:

Բնական է, որ այն շրջանի հայ բոլոր արքաները, հաստատ ու պարտադիր, իրենց

պարսիկ էին հայտարարում,

թե չէ կհամարվեին ցեղուրաց ու իսկույն կսպանվեին: Հայաստանն էլ, թեև արքա ուներ, բայց, այնուամենայնիվ, համարվում էր Բուն Պարսկաստանի մի (չնայած, ամենախոշոր, բայց մեկ է) սատրապությունը:

(Հայոց արքաներից միայն Տիգրան Բ-ն էր, ով այնքան հզորացավ, որ կարեցավ իրեն հայտարարի արքայից արքա, բայց որևէ վկայություն չկա, որ այս Տիգրանն իրեն պարսիկ չի համարել, այլ համարել է հայ:

(Վերջինի հավանականությունը զրո է, որովհետև Պարսկական կայսրության արքայից արքան, ըստ տրադիցիայի, պիտի պարտադիր պարսիկ լիներ: Եթե Տիգրան Բ-ն իրեն հայտարարեր հայ, իր իսկ ցեղակիցներին դե յուրե առիթ կտար, որ սրանք իրենից ու իր ժառանգներից խլեն թե´ Բուն Պարսկաստանի, թե´ Պարսկական կայսրության մնացած սատրապությունների իշխանությունը):

Ու ահա Բուն Պարսկաստանում պարսիկ սասանների հաղթանակից հետո հայ պարթև արքաների գլխին մի դամոկլան ծանր սուր էր կախվել: Արքայից արքայի իշխանությունը զավթած սասանները, ըստ իրանցիների ցեղային սովորության, սրանց պիտի կոտորեին ու իրենց մերձավորներին դնեին սրանց տեղը:

Դրույթ 2. Չորրորդ դարի վերջի ու հիգերորդի սկզբի հայ պարթևամետ ազնվականությունն ու հայ պարթև արքաները հայերի այբուբենը ստեղծել տվին, որ հայերին, քրիստոնյա դարձնելով, կտրեն իրենց նախնիների կրոնից ու շարքային պարսիկների ու շարքային հայերի մեջ կրոնական անհանդուրժողություն հարուցեն, որ շարքային հայե´րն էլ այդուհետ սատարեն իրենց:

Դրույթ 3. Սրա համր էր պետք, որ Աստվածաշունչը թարգմանվեր հայերեն, որ հայերի կրոնափոխությունը, ի վերջո, հաջողվեր ու շարքային հայերը դառնային շարքային պարսիկների կրոնական թշնամին:

Տարբեր ազգերի շարքային անդամներին կրոնական այսպիսի անհանդուրժողությամբ թշնամացնելու այս ձևը Հին աշխարհում համարյա չկար: Բանն այն է, որ.

Դրույթ 4. Հին Աշխարհի մարդկանց համարյա համատարած կրոնական հանդուրժողությունը խիստ զարմանալի էր ու, ըստ էության, կրոնական խտրականություն համարյա չկար:

Եթե Հին Աշխարհում մեկն ուրիշ երկիր գնար, այդ երկրի աստվածներին, լրիվ լուրջ ու ակնածալի հավատով, զոհ էր մատուցում (մատաղ էր անում), որ դրանք իրեն լավ նայեն, ու իրոք էլ հույս էր տածում, որ մատաղն անելուց հետո տեղական աստվածներն իրեն լավ կնայեն:

Այս մարդը, անկասկած, չէր ուրանում իր հայրենիքի կրոնն ու չէր դադարում իր հայրենական աստվածներին հավատալուց ու պաշտելուց, բայց, համենայն դեպս, իրեն «ապահովագրելով», տեղական աստվածների բարեհաճությունն է´լ էր ստանում:

Հին Աշխարհի կրոնական հանդուրժողության մի երկու օրինակ բերեմ:

Երբ ասորեստանցիները գրավեցին Բաբելոնը, վերցրեցին քաղաքի հովանավոր աստված Մառդուկի ոսկե վիթխարի արձանն ու, չափսոսալով իրենց թափած մեծ չարչարանքը, արձանը տարան իրենց մայրաքաղաքը, Նինվե, ու դրեցին այնտեղ, որ հենց իրե´նք պաշտեն այդ «արդեն պատրաստի» աստծուն: Ասորեստանցիները երևի մտածում էին.

Ինչ էս բաբելացիք են սրան լիքը մատաղ անում ու պաշտում, ու էսի էլ իրա´նց ա պաշտպանում, հեն ա՝ մե´նք լիքը մատաղ կանենք ու կպաշտենք սրան, ու էսի էլ մեզի կպաշտպանի ու հլը բաբելացիներին էլ վնաս կտա:

Գուցե սրան առարկեն ու ասեն, թե ասորեստանցիների ու բաբելոնցիների լեզուներն ու մշակույթները համարյա ընդհանուր էին, բայց ահա մյուս օրինակները:

Հռոմեացիները, արդեն «կապիտալիստական» բավական ուշ շրջանում, Փռյուգիայից փոխ առան Հին Աշխարհի թերևս ամենահեղինակավոր աստվածի՝ Մեծ Մայր Կիբելեի պաշտամունքը, ու սա բերեցին Հռոմ, հատուկ տաճար սարքեցին ու քուրմ ու քրմուհիների մի հսկա կազմ էլ կցեցին տաճարին:

Նույն բանն արել են հին հայերը, երբ փոխ են առել Անահտի պաշտամունքը:

Մանուկ Աբեղյանի «Վիշապ կոչված կոթողները` որպես Դերկետո-Անահիտ աստվածուհու պաշտամունքի արձաններ» գործում (Մանուկ Աբեղյան, Երկեր, հատ Է, էջ 155-156) բերված է նաև հայերի´ այս պաշտամունքի նկարագրությունը:

Աբեղյանը գրում է.

«Նրա {Անահտի} հռչակավոր մեհյանը գտնվում էր Եկեղիք գավառի Երեզ ավանում (այժմ` Երզնկա), ուր դիցուհին հարյուրներով սպասավոր ուներ «սրբանվեր» կամ «սրբապաշտ» – հերոդուլոս կոչված թե´ այր, թե´ կին:

«...Նրան պաշտում էին նույնպես ջրերի վրա {սրանից է մեր Վարդավառը}: Տարին երկու անգամ` գարնանը և աշնանը, նրա տոնի օրերը մեծ հանդեսներ էին կատարվում լույծ ու անառակ պաշտամունքով:

«Նորատի աղջիկները, ի պատիվ դիցուհու` պոռնկություն էին անում, և այս չէր համարվում ամոթ: Ազնվականներն իրենց կույս դուստրերին ձոնում էին աստվածուհուն, և այսպես նրանց պոռնկության տալուց հետո ամուսնացնում էին:

«... Անահտի մեհյաններ կային նաև Տարոնի Աշտիշատում և Անձևիք գավառի Դարբնաց Քար կոչված տեղում»:

Ըստ Մովսես Խորենացու {նույն տեղը}.

«Դեւք բազումք բնակեալ էին անդ եւ պատրեին {կախարդում էին} զմարդիկ տեղւոյն, տուեալ յայնմ տեղւոջէ դեղս ախտականս առ ի կատարել զպղծութիւն ախտից, կռանաձայնս դարբնաց ահաւոր հրաշիւք արհաւիրս գործէին. յորս մարդիկ աշխարհին սովորեալք, անդ առ քրային դեգերէին, առեալ ի չաստուածոցն ծրարս թարախածորս ի պատիր ախտիցն...»:

Բացի սա, հռոմեացիները եգիպտացիներից փոխ էին առել Սերապիսի (Սրբազան եզան) պաշտամունքը, պարսիկներից՝ Միհրի պաշտամունքը, ու ուրիշ շատ պաշտամունք, նույն ձևով՝ շքեղ տաճարներ սարքելով ու սրանց քրմերի ստվար անձնակազմ հատկացնելով:

Նույն ձևով հույներն են շատ պաշտամունք փոխ առել, օրինակ Ադոնիսի պաշտամունքը (տես [50]-ը): Պարզ է, որ հին հայերը բացառություն չէին:

Օրինակ, Հ. Մանանդյանի ասելով (տես «Տիգրան Յերկրորդը Յեվ Հռոմը», 1940, էջ 44, Արմֆան, Յերևան), Խորենացին ասում է (II, գլ. ԺԲ, էջ 123, Տփղիս, 1913), թե Արտաշես Աշխարհակալը (սրան շփոթելով Տիգրան Բ-ի հետ, թավատառն ու շեղատառն ի´մն են).

«…յԵլլադայ առեալ պատկերս զԴիոսի, զԱրդեմիտեայ, զԱթենայ, զՀեփեստու, զԱփրոդիտեայ՝ տայ բերել ի Հայս. որք ոչ ժամանեալ միջամուխ լինել յաշխարհս՝ լսեն զբոթ մահուանն Արտաշիսի. և փախուցեալ ընկենուն զպատկերսն յամրոցն յԱնի. և քուրմք զնոցին հետ լինելով, դադարեն առ նոսա»:

Հաջորդ էջին Մանանդյանն ասում է.

«…ուշագրավ ե Խորենացու վկայությունը, վոր Ելլադայից Հայաստան եյին բերվել Դիոսի {Զևսի}, Արտեմիդեյի, Աթենասի, Հեփեստոսի և Ափրոդիտեյի արձանները … Ագաթանգեղոսի և Խորենացու վկայություններից մեզ հայտնի յե, վոր Դիոսի, Արտեմիդեյի, Աթենասի, Հեփեստոսի արձանները գտնվում եյին Անի-Կամախում, Երեզում, Թիլում և Բագառիճում…»:

Ափրոդիտե-Աստղկի արձանի պատճեններից մեկն այսօր էլ կա Հայաստանի թանգարաններից մեկում:

Սա ասում եմ, որովհետև չնայած հայտնի է, որ հին հայերն իրանցիներից ու ուրարտացիներին շատ աստծու պաշտամունք են փոխ առել, բայց քչերը գիտեն, որ Մակեդոնացուց ու սելևկյաներից հետո, հույներից էլ սրա´նց պաշտամունքն են փոխ առել, ու հարմարացրել արդեն առկա աստվածներին: Ինչո՞ւ:

Որովհետև համարում էին, որ հունական ձևով պաշտելն ավելի քաղաքակիրթ է, ու դեռ հետներն էլ լիքը «իմպրտնի» քուրմ են բերել Հայաստան, որ պաշտելու այդ «քաղաքակիրթ» ձևը հայերի´ն էլ սովորացնեն: (ib., էջ՝ 60, 67-68):

Դրույթ 5. Հին աշխարհի ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ առաջին ու միակ կրոնը հին հըրեաների կրոնն էր՝ հուդայականությունը, ինչի մեծ մասը գրանցած է Աստվածաշնչի Հին Կտակարանի մեջ, ու ինչը հիմա է´լ ենք «պաշտում»:

Հին Կտակարանի Աստվածը հովանավորում ու պաշտպանում է միայն մի «ընտըրյալ ժողովրդի», հրեաների´ն, իսկ մնացած բոլոր ժողովուրդները հրեաներին օտար են ու թշնամի:

Հին Կտակարանի Աստվածն անընդհատ խոսք է տալիս հրեաներին, թե իրենց «կշատացնի ու կդարձնի ավազի հատիկների կամ էլ՝ երկնքի աստղերի չափ, իսկ օտարներին կկոտորի (կկոտորի օտարների նույնիսկ շներին ու կատուներին) ու կենդանի մնացած օտարներին էլ կդարձնի հրեաների ճորտն ու ստրուկը»:

(Ու այդպես էլ իր խոսքի տերը չէղավ: Իմիջիայլոց, երկնքում անզեն աչքով միայն մոտ 3000 աստղ է երևում):

Դրույթ 6. Մեր հայ պարթև (իրանցի) թագավորները հուդայականության հենց այս արտառոց ու աննախադեպ անհանդուրժողության ու առաջին քրիստոնյաների բացառիկ մոլեռանդության համար է, որ 301 թվին հրաժարվեցին իրենց հեթանոսական իրանյան դիցարանից ու հուդայականությունից ծնված քրիստոնեությունն ընդունեցին պետական կրոն, որ հայ ու պարսիկ ժողովուրդներին թշնամացնեն:

(Մի երկու տասնամյակ հետո, նույն պատճառներով, Կոստանդին կայսրը քրիստոնեությունը դարձրեց Հռոմի պետական կրոնը):

Ինչպես արդեն ասվեց, պարթև Արշակունիների համար այն օրերը ճակատագրական էին, ու օրակարգում սրանց լինել-չլինելու հարցն էր: Բուն Պարսկաստանում, 211, թվին Սասանների իրանական ցեղը կոտորել էր իշխող պարթևների ցեղին ու մինչև 228 թիվը ուժով հաստատել էր ի´ր իշխանությունը:

Այն օրերի Պարսկական Կայսրությունը, բացի հենց Բուն Պարսկաստանը, ուներ իրեն ենթակա չորս գլխավոր թագավորություն, չորս սատրապություն:

Սրանցից ամենամեծն ու հզորը պարթև Արշակունիների Հայաստանն էր, մյուսը՝ Բակտրիան էր, երրորդը՝ Հնդո-Քուշանական թագավորությունն էր, չորրորդն էլ ընդգրկում էր համարյա այսօրվա Վրաստանի տարածքը:

Ինչպես ասվեց, պարսիկ սասանները Բուն Պարսկաստանում (այսինքն, ո´չ թե իրենց ենթակա թագավորություններում կամ սատրապություններում) զավթեցին իշխանությունն ու կոտորեցին Բուն Պարսկաստանի ազդեցիկ բոլոր պարթևներին:

Պարսկաստանի արքայից արքային ենթակա սատրապությունների պարթև (պարսիկ) արքաները, լավ իմանալով պարսիկ ցեղերի սովորությունները, լրիվ տեղին, վախեցան, որ սասանները շուտով իրե´նց ու իրենց մերձավորներին է´լ են կոտորելու, որ սասաններին հնարավոր մրցակից չմնա, ու բոլոր-բոլոր պարթևների տեղը սասան են դնելու:

Ու այս չորս սատրապության պարթև արքաները, հայ Արշակունի պարթևների առաջնորդությամբ, միացան ու բանակ հանեցին սասանների դեմ:

Մարտի արդյունքն անորոշ էր, կռիվը «ոչ-ոքի» պրծավ, բայց պարթև Արշակունիները շատ լավ էլ գիտեին, որ պարսկական իշխող ցեղերն արագ միավորվելու ու հզորանալու ցայտուն շնորհք ունեն ու, թե որ հզորացան, վերջը իրենց ա´նպայման կկոտորեն:

Հենց սրա համար էլ հայ պարթև Արշակունիները բերեցին առաջին քրիստոնյա քարոզիչներին, ովքեր մեծ մասամբ ասորի էին (ասինքն, սեմական լեզվախմբի ներկայացուցիչ էին, բայց սրանց չպիտի շփոթենք ասորեստանցիների հետ, ովքեր արդեն մոտ հազար տարի էր, ինչ անհետացել էին «պատմության թատերաբեմից»):

Դրույթ 7. Հայերի թերևս զգալի մասը մոտ 100-150 տարի չէր ընդունում քրիստոնեությունը ու չէր հրաժարվում իր ավանդական հեթանոսական աստվածներից, որոնց մեծ մասը, ինչպես ասվեց, ա´յն նույն աստվածներն էր, ում պարսիկներն է´լ էին պաշտում:

Դրույթ 8. Այսինքն, այն օրերի հայերի ու պարսիկների դիցարանները համարյա նույնն էին:

Ու բնական է, որ շարքային հայն ու պարսիկն իրար թշնամի չէին համարում, մանավանդ, որ, ինչպես արդեն ցույց տրվեց.

Դրույթ 9. Հին Աշխարհում, ինչպես ասվեց, թեև ցեղային զգացմունքներ կային, բայց նացիզմ կամ նացիստական անհանդուրժողություն՝ բոլորովի´ն չկար, ավելի ճիշտ, ցեղայնությունը (նացիզմը կամ ռասիզմը) քաղաքականության ընդհանուր միջոց չէր:

(Ցեղայնությունը կամ նացիոնալիզմը քաղաքականության միջոց դարձավ մեզնից միայն մոտ 200 տարի առաջվա Եվրոպայում, եթե չհաշվենք հին հրեաների ու սրանց կրոնից ծնված զուտ կրոնական ու զուտ հրեական երկարատև ու եզակի ազգայնամոլությունը):

Հակառակը, հին օրերի հայերի մեծ մասը, մանավանդ՝ պարսկական սահմանի վրա ապրողը, գիտեր պարսկերեն, ու հայերը փոխ էին առնում պարսկական մշակույթը: Ինչո՞ւ: Որովհետև համարում էին, որ.

Դրույթ 10. Այն հին-հին օրերին պարսկական մշակույթն ավելի բարձր է, քան հայերինը, ու պարսկական մշակույթը փոխ առնող հայերը իրավացի էին, քանզի, օրինակ, պարսիկներն արդեն մոտ հազար տարի պարսկերեն գիր ու գրականություն ունեին, իսկ հայ ազնվականները (կամ սրանց դպիրները, եթե առաջիններն անգրագետ էին) գրում էին պարսկերենով, երբեմն էլ՝ արամեերենով, հունարենով ևն:

Գրում էին միայն արքունիքում ու երևի իշխանական խոշոր տներում, ու գրողներն էլ հատ ու կենտ էին:

Դրույթ 11. Հայերը հին-հին օրերին, համարյա էին լրիվ անգրագետ: Այն օրերին, բացառությամբ հունական քաղաքների ու հռոմեական քաղաքացիների, սովորական բան էր, որ նույնիսկ նախարարը կամ թագավորն անգրագետ լինի ու իր համար մի հեքիաթ-մեքիաթ կարդացող ու նամակ կամ պայմանագիր գրող պահի:

Դրույթ 112. Հին հայերի ու հին հռոմեացիների (կամ հին հույների) գրագիտության աստիճանները բացարձակ համեմատելի չէին:

Դրույթ 13. Այն օրերի շարքային հայի համար մե´կ էր, թե ո´ր իրանցին կլինի իր թագավորը՝ սասա՞ն պարսիկը, թե՞ պարթև պարսիկ Արշակունին, քանի որ հայրենիքի այսօրվա հասկացությունը պիտի առաջանար մոտ 20 դար հետո: Ինչպես Լեոն է բացատրում, այն օրերին «հայրենիք» բառը ընդամենը նշանակում էր հողատիրոջ կալվածքը, ինչն այդ կալվածքի տերը ժառանգել է իր հայրերից:

Պարթև Արշակունիներն էլ, բնական է, չէին ուզում կոտորվեին, որ իրենց իշխանությունն անցնի Սասաններին, ու անում էին ամե´ն ինչ, որ այդ իշխանությունը պահեն, որ իրենց այս «հայրենիքները» չկորցնեն: Սրա համար էլ.

Դրույթ 14. Ինչպես ասվել է, երբ մեր պարթև թագավորները տեսան, որ սասաններին ուժով չեն հաղթում, բերեցին քրիստոնյա քարոզիչներին, որ հայերին հավատափոխ անեն, որ շարքային հայերը դառնան կրոնախև մոլեռանդ ու թշնամանան ոչ միայն սասանների ցեղի հետ, այլ նույնիսկ շարքային պարսիկների հետ, ու իրենց, այսինքն, այդ օրերից արդեն իրենց հաստատ հայ համարող «նախկին պարսիկ» Արշակունիներին պաշտպանեն:

Դրույթ 15. Մեր պարթև (այսինքն, պարսիկ) Արշակունիները քրիստոնեությունը Հայաստանում հրով ու սրով են տարածել, ու այս պրոցեսը տևել է մոտ 100-ից 150 տարի:

Դրույթ 16. Հայ պարթևները տեսան, որ ասորի քահանաները շատ դժվար են քարոզում քրիստոնեությունը, որովհետև սրանց Սուրբ Գրքերը հայերեն չէին, ու սրանք պիտի նայեին այս գրքերի ասորական տեքստերին ու մտքներում իսկույն թարգմանեին հայերեն, որ քարոզեն:

Դրույթ 17. Սրա համար էլ մեր արդեն հայ Արշակունի արքաները որոշեցին, որ պիտի հայերեն այբուբեն ստեղծեն ու հրեաների աստվածաշունչը թարգմանեն հայերեն, որ ժողովրդին հե´շտ «դարձի» բերեն:

Դրույթ 18. Այս խնդիրը փայլուն լուծեց Մեսրոպ Մաշտոցը, ով իրո´ք որ հանճարեղ մարդ էր: Մաշտոցը, այնուամենայնիվ, պարթև Արշակունիների նվիրյալ հետևորդն էր, բայց, այբուբենն ստեղծելուց հետո, Հայաստանում քրիստոնեություն տարածելիս, ման էր գալիս թուրը կողից կախ ու զինված ջոկատներն էլ հետը:

(Իմիջիայլոց, մեր այն օրերի (ու նաև հետագայի) հայ ազնվականության մի մասի «հռոմասիրության» պատճառն էլ էր պայմանավորված սասանյաններից ունեցած վախով):

Աբեղյանն ասում է, որ «…այս միևնույնն է եղել {սրա պես է եղել} Հայաստանի «բարբարիանոս», իսկապես «բորբորիանոս» (= տղմասեր, աղտոտ) աղանդը, որին պատկանողներին, Մաշտոցը, Թեոդոս կայսրի հրամանով հալածել է»: (Մանուկ Աբեղյան, Երկեր, Գ, էջ՝ 660):

Պարզ է, որ Մաշտոցն առանց թուր ու զորքի չէր կարող սրանց հալածեր: Ուրեմն.

Դրույթ 19. Հայերեն այբուբենն ստեղծվել է միմիայն քաղաքական նպատակներով ու կուլտուրական ոչ մի նկատառում չի եղել:

Դրույթ 20. Մեր առաջին թարգմանները, մեր առաջին քրիստոնյա քարոզիչների պես, ոչ թե մշակույթի գործիչ են եղել, այլ քաղաքակա´ն գործիչ, ու իրենք միայն մի նպատակ ունեին՝ ժողովրդին ամեն գնով ու միջոցով «դարձի բերեն», այսինքն, հավատափոխ անեն ու դարձնեն քրիստոնյա:

Այս «ժողովրդին դարձի բերելու» քաղաքականությունը սկսվել է հայերի այբուբենն ստեղծելուց մոտ 150 տարի առաջ, 301 ու, նույնիսկ, 289 թվից:

Որ «ժողովրդին դարձի բերելու» այս քաղաքականությունը ահավոր ձեռնտու էր մեր առաջի քրիստոնյա հոգևորականությանը (ու մինչև հիմա է´լ ձեռնտու է), երևում է այն փաստից, որ հայոց կաթողիկիկոսի հարստությունն արդեն 4-րդ դարի կեսերին (350-ականներին) համեմատելի էր հայոց թագավորի հարստության հետ:

Սրա´ համար է, որ մեր այն օրերին եկեղեցին, քիչ թե շատ, բարեհաճ է եղել մեր (իրեն անմռունչ հավատարիմ) «թարգմանների» հանդեպ, ովքեր բոլորն էլ հոգևորական էին, անխտիր: Ձեռի հետ մի քանի հարց ունեմ տալու:

Հարց 1. Թե որ քրիստոնեությունը օտարածին է ու հայերի նախնիների կրոնը չի, էլ ո՞նց է, որ պիտի հավատարիմ մնանք մեր իբր այս հայ (բայց իրականում՝ օտար) եկեղեցուն:

Հարց 2. Թե որ ավանդապահությունը, այսինքն, հայրերի բարքերին, հավատալիքներին ու պատգամներին հավատարիմ մնալը, իրո´ք հայրենասիրություն է, այդժամ Վահան Մամիկոնյանը, Մերուժան Արծրունին ու հետո էլ՝ Վասակ Սյունի՞ն էին իսկական հայրենասերը, թե՞ Սահակ Պարթևը, Վռամ արքան, Մեսրոպ Մաշտոցն ու հետո էլ՝ Վարդան Մամիկոնյա՞նը, ովքեր իսպա´ռ էին հրաժարվել իրենց նախնիների պատգամներից ու կրոնից:

Հարց 3. Չարժի՞, որ այսօր էլ, գոնե մեկ-մեկ, մտածենք, թե ի´նչ պատգամ ու ավանդույթի ենք հետևում ու ինչո´ւ:

Դառնանք մեր պատմությանը: Հենց այս հանգամանքների համար էր, որ առաջին հայ քրիստոնյաները, ու նաև մեր առաջին հայ թարգմաններն ու տարեգիրները, ինչքան կարող էին, ոչնչացրին հայերի նախաքրիստոնեական բանավոր գրականությունն ու մշակույթը, սրանք բոլորովին չգրանցելով: Եթե Խորենացին դրանցից մի քանի պատառիկ գրանցած չլիներ (Սաթենիկին առևանգելը, Վահագնի ծնունդը ևն), մենք նույնիսկ չէինք էլ իմանա, թե ի´նչ բանավոր մշակույթ ենք ունեցել:

Հ-1.2 Հայերի (հունաբանների) առաջի գրապայքարը

Մեր առաջին գրապայքարի հեղինակները մեր հունաբան կոչված ա´յն հեղինակներն էին, ովքեր, Մաշտոցից մի 20-30 տարի հետո, ուզում էին, որ հայ գրագետները գրեն ու խոսեն հունարենի ձևով սարքած մի «հայերենով»:

Հունաբանների այս փորձն անհեթեթ էր ու, այսօրվա տեսանկյունից, անհավատալի ու ֆանտաստիկ, բայց սա դատապարտելի չի, որովհետև այն հին-հին օրերին թե´ գիտության մակարդակն էր ցածր, թե´ մարդկության փորձն էր շատ քիչ:

Ինչ որ է, այս արտառոց գրապայքարը տևեց ամենաքիչը՝ մոտ 200 երկար ու ձիգ տարի, մինչև հունաբանները հրաժարվեցին սրանից, որովհետև տեսան, որ իրենց վիթխարի ճիգ ու ջանքը չի հասցնում իրենց ուզած նպատակին:

Ի՞նչն էր հունաբանների նպատակի խորքային էությունը: Խորենացու վկայությամբ ([14], Գիրք II. գլ. է).

Դրույթ 1. Այն հին-հին օրերի գյուղացիները (գեղջուկները), թագավորների հրամանով, պարտավոր էին քաղաքացիներին այնպե´ս հարգեն պատվեն ու այնպե´ս վերաբերվեն, ինչպես իշխանների´ն են վերաբերվում:

Պարզ է, որ սա պիտի գեղջուկի ու ամեն գեղջկականի նկատմամբ առաջացներ խորը արհամարհանք, ինչը ողջ հին աշխարհում տարածված ու սովորական բան էր: Մյուս կողմից.

Դրույթ 2. Աստվածաշունչը թարգմանելիս Ս. Գրքի լեզվի մեջը լիքը բառային ու շարահյուսական օտարաբանություն մտավ ու Աստվածաշնչի ոճը խիստ տարբերվեց այն օրերի Արարատյան (բանավոր) բարբառից «գեղջուկ բանից», Վաղարշապատի խոսվածքից:

Ասվեց, որ հայերի պարթև արքաները 301 թվից հայ ժողովրդին համոզում էին, թե բանավոր քարոզվող Աստվածաշունչ գրքի ասած ամեն ինչը սուրբ է: Երբ Մաշտոցը 412-416 թվերին (տես Հայր Միաբանի գործերի 1-ին հատորը) ստեղծեց հայերենի այբուբենը, քրիստոնեությունն ընդունելու պահից արդեն մոտ 6 սերունդ էր անցել: Սրա համար էլ.

Դրույթ 3. Թե´ այս նոր կրոնի հետևորդները սրա գրքի՝ Աստվածաշնչի թե´ բովանդակությունը, թե´ սրա գրական ոճը, շատ արագ, համարեցին «սուրբ ու աստվածային», ու արդեն արհամարհանք առաջացավ «գեղջուկ ամենա´յն բանի», այսինքըն, կենդանի լեզվի նկատմամբ, ինչը միակ ճշմարիտ ու միակ բուն հայերենն է եղել թե´ առաջ, թե´ հիմա:

Որ հայերեն այբուբենն ստեղծելու ու հին հայերի կրթական գրագիտական սիստեմի նպատակը բոլոր հայերին կրթելը չի եղել, ինչը ապացուցում են, օրինակ, Ներսես Շնորհալին, Հովհաննես կաթողիկոսը, Գրիգոր Մագիստրոսը:

Այս հեղինակներն իրենց այս արհամարհական վերաբերմունքը հստակ արտահայտել են պարզ խոսքի («մեկին բանի») նկատմամբ ու հորդորել են գրագետներին, որ սրանք գրեն «ծածուկ ճառիւ» («գաղտնի ոճով»), որ ժողովրդի մեծ մասը գրածը չհասկանա (տես, օրինակ՝ [27]-ը, էջ՝ 191-192):

Իսկ այս «ծածուկ ճառիւ» կամ «մեկին բանիւ» գրելու համար մեծ հմտություն էր պետք, ինչն ամեն մարդու խելքի բանը չէր: Դավիթ Անհաղթ փիլիսոփան, օրինակ, կշտամբանքով ասում է, որ ուրիշ տեղերը խոսում են սովորությունով, ոչ թե «հըմտաբար», այսինքն, «ոչ թե գրական ոճերով».

«Բայց յայլ վայրս, որպես Կորճայք, վարին կրականին ոչ հմտաբար, այլ ըստ սովորութեան» (ib., էջ՝ 177, այսինքն, «ուրիշ տեղերում, օրինակ Կորճայքում, կրավորականը գործածում են ոչ թե գիտության կանոններով, այլ բանավոր խոսքի տրադիցիայով»): Ուրեմն, այս Դավիթ փիլիսոփան է´լ է համարել, որ ժողովրդի բանավոր խոսքն արհամարհելի է:

Դրույթ 4. Այս մտայնությունն այսօր էլ կա: Այսօր էլ մեր գրագետների մեծագույն մասը արհամարհում է «փողոցային» լեզուն (այսինքն, միակ իսկական հայերենը), որովհետև հաճախ սրանով խոսում են իր համար «յոյժ» ատելի մարդիկ:

Բայց լեզուն ի´նչ մեղավոր է, որ սրանով գո´ղն էլ է խոսում, քաղգործիչն է´լ, պաշտոնյան է´լ, խաբեբան է´լ, խարդախն է´լ, ավազակն է´լ, անբարոն է´լ ևն: Գրերի գյուտից ու Աստվածաշունչը թարգմանելուց հետո մեր «երկրորդ էշելոնի» հունաբան թարգմանները «ձեռք զարկեցին հայոց լեզուն մշակելուն», ընդ որում, Ս. Գրքի օրինակով, այսինքն, օտարիզմներին հետևելով: (Ասվել է, որ Ս. Գրքի մեջ լիքը օտարիզմ կա, որ ուղղակի թարգմանական կալկա է):

Արդեն մոտ 460 թվից՝ մեր հնագույն մաքրամոլները (հունաբան հեղինակ կոչվածները), այս գործը «գիտական հիմքի վրա դրեցին»: Տարօրինակ է, բայց լեզվաբան կա, ով հունաբանների արածն այսօր էլ է համարում հիմնականում դրական: Այնինչ.

Դրույթ 5. Մեր հունաբան հեղինակների գործունեությունը դեմ էր Լեզվի Գըլխավոր Օրենքին [16-17, 19, 40] ու արտառոց էր՝ կենդանի հայերենի նկատմամբ իր ատելությունով:

Խոսքս հիմնավորելու համար՝ կարճ ասեմ, թե մեր հունաբաններն ինչ էին անում: (Տես [9, 27-28, ու մանավանդ 42]-ը:

Դրույթ 6. Հունաբանները հայտարարեցին, որ հունարեն լեզուն չքնաղ է, իսկ կենդանի հայերենը՝ ռամիկ ու զզվելի, ու որ հայերեն լեզուն պտի «մշակվի» հունարենի ձևով ու ոգով, որ սա էլ դառնա չքնաղ ու կատարյալ: Ու ա´յ թե ինչ արին հունաբանները (տես [9, 27-ի էջ՝ 163-181-ը, նաև 28-ը]:

Դրույթ 7. Մեր հունաբանները, հետևելով հունարենին, նախ բազմաթիվ նախածանց հորինեցին ու սրանցով ստեղծեցին վիթխարի քանակով բառ ու տերմին: Այս բառերը, շատ քիչ բացառությամբ, կենդանի լեզու չմտան: Սրանք բոլորն էլ բազմավանկ են ու շատ անգամ՝ անճաշակ:

(Օրինակ, երկրաչափություն ու տրամագիծ տերմինները հունաբանների հորինածն են: Առաջինի տեղը հնարավոր էր, որ ասվեր, օրինակ, չափք>չաք, կամ չափոցք, կամ չափուց, կամ չափանք ևն, իսկ երկրորդի տեղը, օրինակ, մեծլար:

(Բայց հունաբանները ուղղակի պատճենել են հունարենի գեոմետրիա-ն ու դիամետր-ը, քանի որ մտքներով չի անցել, որ կարճ տերմինն ավելի լավն է: (Եվրոպան ու ուրիշները վերցրել են հունարենը՝ գեոմետրիա-ն ու դիամետր-ը):

Իմիջիայլոց, ԵՍ ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ ՉԵՄ ԱՍՈՒՄ, թե եկեք երկրաչափություն ու տրամագիծ տերմինները դեն գցենք ու սրանց տեղը գործածենք հենց նոր ասածներս: Հակառակը, ո´ր մի տերմինը որ արդեն կա, երբեք չպտի փոխվի (տես [21]-ն ու այս գրքի 21-րդ գլուխը):

Մեր առաջին պատմիչները, փոխանակ հունաբանների պես ասեին ներքևի աղյուսակի առաջին օտար ձևով, ասում էին երկրորդ «ճիշտ ձևով» ([27], էջ՝170).

վերծանել

ընթեռնուլ

շաղկապ

զօդ; զօդակապ

բացատրել

մեկնել

ներգործել

ազդել

փոխարկել

փոխել; յեղուլ

փառաբառնալ

ի բաց բառնալ

ներպարունակել

բովանդակել

ներհակ

ընդդիմակաց

հոմանուն

անուանակից

դերանուն

փոխանակ անուան

փաղառութիւն

վանկ

տարալսութիւն

անհնազանդութիւն

տարբերել

որոշել; զանազանել

շարունակ

հանապազ

մակերևույթ

երեսք

հարադրել

կցել

Այսօր հունաբանների հորինած տերմինների մի մասին վարժվել ենք ու դրանք սիրուն ենք համարում (ու ճիշտ ենք անում), բայց հարցը սա չի:

Կարևորն ա´յն բանն է, որ հայերենն ինքն է´լ միջոցներ ունե´ր հունարեն տերմինները հայացնելու թարգմանելու, բայց հունաբաններն ուզում էին պարտադիր հետեվեին հունարենին:

Սրանցից շատ տիպական է մակերևույթը, որ դրել են երեսք-ի տեղը, ինչը (իմ կարծիքով) իզուր են փոխել, որովհետև երեսք-ը շատ հաջող է, ու լրիվ էլ հայերեն է: Բայց անցնեմ առաջ:

Հին հունարենը, եզակի ու հոգնակի թվի հետ միասին, ուներ նաև արդեն հիշատակված երկակի (երկուական) թիվը, ինչը գործածվում էր զույգ առարկաների համար:

Երկակի թիվը շատ հատուկ էր լեզուների հնագույն շրջանին ու սրա հետքերը, օրինակ, այսօրվա հայերենի ու անգլերենի մեջ այսօր է´լ կան: Իսկ ռուսերենն այսօր է´լ ունի այս երկակի թիվը, ինչը տարածել է երեքի ու չորսի վրա:

Օրինակ, ռուսն ասում է.

один стол (եզակի թիվ ),

два стола (երկակի թիվ),

три стола (երկակի թիվ),

четыре стола (երկակի թիվ),

пять столов (հոգնակի թիվ մինչև 20-ը),

հետո.

двадцать один стол (եզակի թիվ),

двадцать два стола (երկակի թիվ),

двадцать три стола (երկակի թիվ),

двадцать четыре стола (երկակի թիվ),

двадцать пять столов (հոգնակի թիվ մինչև 30-ը) ևն:

Հայերենը, Մաշտոցի օրերին արդեն, իր երկակի թիվը չուներ, ու հայերն այն օրերին արդեն գաղափար անգամ չունեին, որ (իրենցից առաջ), հայերենն է´լ է երկակի թիվ ունեցել:

Հայերենի երկակի թվի մի քանի բեկորը Մաշտոցի օրերին դեռ կար: Օրինակ, հայը մի աչքին ասում էր՝ ակն, երկուսին՝ աչք, իսկ երկուսից ավելին (աղբյուրների «աչքերին») ակունք:

Ակն-ը հնագույն եզակին էր, աչք-ը՝ այս բառի երկակի թիվն էր, իսկ ակունք-ը՝ հոգնակին: Նույն ձևով, հայը մի ականջին ասում էր՝ ունկն, երկուսին՝ ականջ(ք), իսկ երկուսից ավել ականջին՝ ունկունք:

1. Հունաբանները հայերեն գոյականների ու բայերի համար երկակի թիվ հորինեցին ու հետո էլ՝ սրանց համար երկակի հոլովմունք ու երկակի խոնարհմունք հորինեցին:

2. Հունաբանները հորինեցին հոլովական շատ նախածանց ու վերջածանց, որ հայոց լեզուն ուղղակի չուներ, բայց հունարենն ուներ:

3. Հունաբանները երկակի թվով դերանուններ հորինեցին, ու այս դերանունների համար էլ սեռ հորինեցին, որ հայերենն իսպառ չուներ, բայց հունարենն ուներ (օրինակ, հմմտ. ռուս. он, она, оно):

4. Հունաբանները թվականների համար էլ սեռ հորինեցին, որ հայերենն իսպառ չուներ, բայց հունարենն ուներ (հմմտ. ռուս. один, одна, одно):

5. Հունաբանները հոլովներ հորինեցին, որ հայերենը չուներ, բայց հունարենն ուներ:

6. Հունաբանները բայերի համար՝ ձևով տարբերվող սեռ հորինեցին (ներգործական, կրավորական, չեզոք), որ հայերենը չուներ, բայց հունարենն ուներ:

7. Հունաբանները հորինեցին բայի այնպիսի´ ժամանակներ ու եղանակներ, որ հայերենը չուներ, բայց հունարենն ուներ:

8. Հունաբանների թարգմանություններն ա´յն աստիճան են «մշակված» ու հունացրած, որ շատ անգամ, սրանք հասկանալու համար, ստիպված պտի հունարեն բնագիրն էլ հետները կարդաս:

Հունաբաններն անտեղի էլի շա´տ ու շա´տ բան են արել, բայց հիմա դրանց մասին պատմելու տեղը չի:

Ասվեց, որ հունաբանների այս էքսպերիմենտը տևել է մոտ երկու հարյուր երկար ու ձիգ տարի: Այս էքսպերիմենտն ապշեցնում է իր համառությունով ու հետևողականությունով ու, թող նորից ասվի, կենդանի հայերենի նկատմամբ իր այս անսահման արհմարհանքով ու ատելությամբ:

Միաժամանակ սա անառարկելի ապացույց է, որ.

Դրույթ 8. Գրական հայերենը համարվել է միայն քաղգործիչ եկեղեցականների ու գրագետ վերնախավի մենաշնորհը, իսկ ժողովրդի ստեղծած բանահյուսությունը, մանավանդ հեթանոսականը, լրիվ արհամարհվել անտեսվել ու թաբու է եղել:

Հ-1.2 Հին հայերի համատարած գրագիտության առասպելը

Շատերն են մտածում, թե տառերի գյուտից հետո հայերի մի ստվար մասը դարձավ գրագետ: Բայց.

Դրույթ 1. Թե´ հին օրերին, թե´ հայկական միջնադարում ու (երբեմն նաև 19-րդ դարում) նույնիսկ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐԻ մի մասը միայն կարդալ գիտեր ու գըրել չգիտեր:

Հոգևորականներ են եղել, որ նույնիսկ կարդալ էլ չեն իմացել: Եղել են գրիչներ, ովքեր միայն գրել են իմացել ու կարդալ բոլորովին չեն իմացել: Այսպիսի գրիչները «Աստվածաշնչի» պես վիթխարի գիրքը ուղղակի նկարել են, այս բառի բուն իմաստով):

Նույնիսկ 19-րդ դարում լրիվ անգրագետ հոգևորականը բացառիկ բան չէր: Պռոշյանը պատմում է մի տերտերի մասին, ով հրաժարվում է նամակ գրելուց, ասելով, թե ոտը ցավում է:

Երբ հարցնում են, թե հո ոտով չի՞ գրելու, ասում է. «Օրհնած, իմ ձեռացագիրը մենակ ես կարամ կարդամ: Նամակս որ հասավ էն մի գյուղը, կգան, որ ընձի տանեն, որ ձեռացագիրս կարդամ: Էս ոտովս ո՞նց էթամ հասնեմ էդ գյուղը»:

Իսկ Աբովյանն իր «Վերքի» մեջ հայ տերտերների մասին ասում է, թե «…շատի փորում{ը}, հինգ օր ման գաս, մեկ այբի կտոր չե՛ս գտնիլ»:

Հին Աշխարհում հունական պոլիսների մեծ մասի քաղաքացիները համարյա համատարած էին գրագետ, մանավանդ, հին աթենացիները: Հին աթենացիները, ձեռ առնելով, ասում էին, թե սպարտացիներից ոչ մեկը Իլիականից ու Ոդիսականից ոչ մի հատված անգիր չգիտի (ու սա՝ մեզնից 25 դար առաջ):

Հին աթենացիները նույնիսկ «լրագիր» ունեին (իր առանցքի շուրջը պտտվող ութանիստ պրիզմա, ինչի նիստերին Աթենքի քաղաքացիների համար մերթ ընդ մերթ լուրեր էին գրում):

Հին հույների նույնիսկ ստրուկների´ մի մասն էր գրագետ: (Հայտնի է, որ Սոկրատեսը մի ստրուկի երկրաչափություն էր սովորեցնում, որ ապացուցի, որ ստրուկը քաղաքացուց ոչ մի բանով էլ պակաս չի):

Հին Հույները իրենց ռեֆերենդումային օստրակիզմների քվեարկությունը գրավոր էին անցկացնում:

Դեմոկրատիայի ծաղկելու շրջանում, երբ Հին Աթենքի քաղաքացիներից որևէ մեկի հեղինակությունը շատ-շատ էր բարձրանում, այս քվեարկություն-օստրակիզմով դըրան օստրակում էին, այսինքը, երկրից 10 տարով աքսորում էին (չնայած սա ոչ մի հանցանք չէր գործել), որ սա իր հեղինակությամբ հանկարծ չխաթարի իրենց հայրերի օրենքները:

Իհարկե, սա չի նշանակում, որ Հունական բոլոր քաղաքացիներն էին գրագետ: Անգրագետ էլ կար, բայց շատ քիչ, բայց աթենացի նույնիսկ կանանց մեծ մասը գրագետ էր, չնայած քաղաքացիական իրավունքներից զուրկ էր:

«Լրագիր» ունեին նաև հին հռոմեացիները (ուրիշ ձևով), ու սրանց գրագիտության չափը, սկսած մթա 2-րդ դարից, համարյա նույնն էր, ինչ որ Հին աթենացիներինը: (Երևի այսքան գրագետ էին նաև կարթագենցիները, բայց սրանց մասին տեղեկություն չի մնացել):

Ասվել է, որ Հռոմում, 4-րդ դարում, 28 հատ մասայական գրադարան կար (անձնական գրադարանների թիվը հայտնի չի), այնինչ, այդ օրերին հայերը դեռ սեփական գի´ր անգամ չունեին:

Մեր էպոսը գրանցվեց միայն նախանցյալ դարում, չնայած սրա ահագին մասը հեթանոսական հնություն ունի: Հույներն իրենց էպոսը գրանցել են մոտ 25 դար առաջ, իսկ շումերները՝ մոտ 50:

Հայերի կրոնական թեմաներով ոտանավորը մինչև 12-13 դարը միայն «ազատ բանաստեղծություն» (Ver libre) տեսակն ուներ, այնինչ օրինակ, Աբու-լը-Ալա-Ահմադ-իբն-Աբդալլահ-ալ-Մահարին (973-1057) գործածում էր այսօրվա հայտնի համարյա բոլոր չափ ու ռիթմերը:

Իսկ մեր ժողովրդական բանավոր բանաստեղծությունը հոգևորից շատ-շատ էր առաջ: Սրա վկայությունն են Քուչակին վերագրվող հայրեններն ու «Խաչգռուզի շարքը», ինչն արտագրել ու պահել էր Ղրիմի գաղութի ինչ-որ մի սիրող, Խաչգըռուզ կամ Խաչիկ անունով, 16 տարեկան:

Այս շարքի առաջին ոտանավորն այնքա´ն է չքնաղ ու կատարյալ, թե´ պատմելու ձևով, թե´ ոտանավորի տեխնիկայով, որ ապշում ես, թե մեր եկեղեցին ինչո՞ւ է սրա պես բաներն ատել ու ու սրանք արգելել [31]:

Սրա 11-րդ էջում ավսում է, որ ժողովրդական երգերը գրանցող Խաչիկ երեցին «այդ գործի համար եղել են ատողներ և նույնիսկ հայհոյողներ», իսկ ինքը Խաչիկ-Խաչգռուզն ասում է.

«Ինձ նման մարթի, {այն մարդը}, ով չի գիտէ գիր կարդալու և ոչ մտիկ անէ այնպես բաներու և հայհոյէ զիս, թե գրողին ձեռքն չորընտեր է...»:

Շատ հետո մեր բանաստեղծներից Հ. Թումանյանը առաջինն էր, որ հասավ ժողովրդական ոտանավորի այս բարձր մակարդակին:

Ահա Խաչգռուզի պահած այդ ոտանավորը [ib., էջ՝ 113].

***

Կըտրի´ճ, գնէ´, թէ գնել կարես

Ճորտակ, ու չեմ ծանտրագնոչ:

– Թո´ւխ, ամ ծոցուտ գի´ն հրամէ´,

Գընեմ զքեզ, թէ գնել կարեմ:

– Թուխ մաստն դու՝ ի թուխս ի յուս,

Օղս էր ընկեր. գին՝ ծոցերուս:

Մի´ գալ երկնով,

Մի´ գալ գետնով,

Կըտրի´ճ,

Ու մի´ – երկնաւորով:

Մի´ գալ ամպով,

Մի´ գալ պարզով,

Կըտրի´ճ,

Ու մի´ – բարկ արևով:

Մի´ գալ մերկիկ,

Մի´ գալ բոբիկ,

Կըտրի´ճ,

Ու մի´ – քուռ հալաւով:

Մի´ գալ ձիով,

Մի´ գալ ջորով,

Կըտրի´ճ,

Ու մի´ – գալ հետևակ:

Կըտրիճն խէռ զան իմացեր,

Ան վերի ճամեր էր իջեր,

Իրեք օրիկ որս էր արեր,

Խրգագուին ձագ էր գըգուեր.

Խրգագուին ձագ էր գըգուեր,

Քաջ արծուին թև էր նստեր,

Քաջ արծուին թև էր նստեր,

Թռչել, թուխին դուռն էր իջեր:

– Թո´ւխ, դուն ի դո´ւրս արեկ, ի դո´ւրս,

Արեկ ու կամկար ճմալով,

Ինչ դո´ւն արիր՝ նա ես արի,

Ինչ ե´ս ասեմ՝ զէ´ն բեր ի դո´ւրս:

Բեր ինձու, ինձու բանիր,

Շէկ մռջումէ աջըրէ դըգալ,

Բեր ի քարտօտօզիս սըմա պնակ,

Բեր ինձ ընձու խօռտօտօզիս շօրափսած:

Թուխն ալ չուներ, որ զայն բերէր.

Ծով-ծով աչվին արտըսըվեր,

Ծով-ծով աչվին արտըսըվեր,

Կամար օնքվին թօթուեցեր.

Կամար օնքվին թօթուեցեր,

Կանաչ արտեր դեղնեցընէր,

Մէկ-մէկ կոճակն արձկրէր,

Թագվորն ի ծոցն մեծարէր:

(Սրա բառերից մի քանիսի իմաստը հայտնի չի):

Ի վերջո, բոլոր գրագետներն էլ հասկացան, որ հունաբանների այդ ողջ էքսպերիմենտն իզուր էր: Բայց.

Դրույթ 2. «Ծածուկ բանիւ» գրելու մարմաջը մնաց, գրաբարին ընդօրինակելու սերը միշտ մնաց, որովհետև գրաբարի գործածությունը, թեկուզ քիչ, թեկուզ մեկ-երկու բառ ու դարձվածք, մե´կ է, համարվում էր գրագիտության նշան, ճիշտ այսօրվա պես, երբ միմիայն գրական ոճերի´ իմացությունն է համարվում գրագիտություն, իսկ գրաբարի´ իմացությունը նույնիսկ այսօ´ր է համարվում «գեր-գրագիտություն»:

Հ-1.3 Հայերի երկրորդ գրապայքարը

Գրապայքարի երկրորդ փորձն արեցին մեր լատինաբանները, 16-17-րդ դարերում, մեր Մխիթարյան հայրերը, ում վաստակը, իհարկե, անուրանալի է: Բայց.

Դրույթ 1. Մեր Մխիթարյան միաբանության հայրերն էլ ուզում էին հայերեն գրական ոճերը ձևեն ու կարեն լատիներենի´ օրինակով:

Մի 180 տարի էլ՝ ա´յս գրապայքարը տևեց (մոտ 1580-1760-ը) ու, իհարկե, է´լի ապարդյուն: (Տես [9-ը, 27-ի էջ՝ 306-312-ը, նաջ 28]-ը):

Լատինաբանների ոճերը («լեզուն») բավական տարբերվում են թե´ այն օրերի բարբառներից, թե´ ոսկեդարյան գրաբարից (տես քիչ հետո), ու շատ անգամ հիշեցնում են հունաբանների ոճերը: Այս «լեզուն» է´լ է հունաբանների «լեզվի» պես չափազանց արհեստական:

Լատինաբաններն էլ, լատիներենին հետևելով, «շտկեցին» բառերի մի մասն ու նոր տերմիններ հորինեցին (հունաբանների պես), ու ահագին փոխեցին գրական հայերենի (գրաբարի´) հոլովական ու խոնարհմունքի համակարգը:

Հետո, սրանք ահագին փոխեցին ածականի ու գոյականի համաձայնությունը, ածականների համեմատության (բաղդատության) համակարգը, բայերի ժամանակներն ու եղանակները, դերբայների համակարգը:

Լատինաբանները ձգտում էին իրենց հայերենը տարածեն ողջ հայության մեջ, ու այն օրերին շատ մարդ էր մտածում, որ «լատինաբան հայերենը ճոխ, բարձր ու գիտական լեզու է, ու որ գրողներն ու գիտնականները պիտի գրեն այդ լեզվով»:

Սրա մասին կարճ եմ ասում, քանզի սա շա´տ էր նման հունաբանների արածին:

Հ-1.4 Հայերի երրորդ գրապայքարը

Երբ մեր Եվոպայի լատինաբանները տեսան, որ իրենց չարչարանքն իզուր է, ու անհնար է, որ հայերենը դառնա լատինատիպ, որոշեցին (մեծ մասով, էլի մխիթարյան հայրերը), որ հայերը պիտի գրեն ոսկեդարյան գրաբարով, ու հետո էլ, յուրացնելով այս գրաբարը, նաև խոսե´ն այս գրաբարով: (Տես [2, 27-ը, էջ28]-ը):

Դրույթ 1. «Ոսկեդարյան» կամ «ոսկեղենիկ» կոչված գրաբարն ա´յն գրաբարն է, ինչով գրում էին Մաշտոցն ու իր աշակերտները՝ մինչև հունաբան հեղինակները, այսինքն, 412-ից մինչև մինչև մոտ 440-450 թվերը: Այս գրաբարով են գրված Ս. Գիրքն ու մեր առաջին հեղինակների գործերը:

Ոսկեդարյան գրաբարը երևի շատ էր մոտ այն օրերի Արարատյան բարբառի Վաղարշապատի խոսվածքին, ու սրանից տարբերվում էր իր բառապաշարի մի մասով միայն ու թարգմանական ա´յն անխուսափ կալկաներով, որ Մաշտոցն ու մեր առաջին հեղինակներն էին պատճենել, հունական ու ասորական ու ուրիշ աղբյուրներից թարգմանելիս: Մի էրկու խոսք էլ թարգմանական կալկաներից հիշեցնեմ:

Հ-1.5 Արհամարհանքն առ սեփական մայրենին

Ասվել է (13.26), որ.

Դրույթ 1. Մեսրոպ Մաշտոցի թարգմանած հենց առաջի խոսքը (նախադասությունը) թարգմանական կալկա´ է, կլիշե´ է, օտա´ր է, խորթ է այն օրերի հայերենին, հունական բնագրի կույր-կույր պատճե´նն է, հայաձև չի´:

Դրույթ 2. Կենդանի բարբառը իրեն խորթ համարյա ոչ մի քերականական բան չի վերցնում օտար լեզուներից: Բառ՝ վերցնում է, ինչքան ասես, քերականություն՝ չէ´ ու չէ´:

Այնինչ, մեր հին գրականության մեջ քերականական օտարիզմ՝ շատ-շատ կա: Առհասարակ.

Դրույթ 3. Թարգմանությունները գրական նոր ոճերի մեջ վիթխարի քանակով փոխառություն են լցնում, թե´ բառային փոխառություն, թե´ դարձվածքային, թե´ քերականական:

Դրույթ 4. Եթե թարգմանները չեն հետևում իրենց գրական ոճերի մայր բարբառի քերականությանն ու ոգուն, իրենց արած թարգմանական փոխառություններն ու նորաբանությունները, շատ շուտ, իրենց գրական ոճերը չափազա´նց են հեռացնում են իրենց ոճերի մայր բարբառից:

Դրույթ 5. Ժողովուրդը մտածում է, թե իր մայրենի բարբառից արդեն զգալի տարբեր գրական ոճե´րն են հենց իր մայրենի «լեզուն», իսկ իր մայրենի բարբառն այս գրական ոճերի անշնորհք աղավաղմունքն է:

Ասվել է, որ Սոսյուրն ու Աճառյանն էլ են նշում այս մոլորությունը: Առհասարակ.

Դրույթ 6. Թարգմանական աղճատմունքների ազդեցությունը մեր (մանավանդ հին) գրականության վրա երբեք էլ լուրջ ու գիտական մեթոդով չի հետազոտվել:

Ա´յ, հենց այսպիսի բաներն են, որ չեն թողնում, որ գրական ոճերը մոտենան կենդանի բարբառին: Գրական ոճերը ենթարկվում են գրողների կամքին կամ «ծրագրերին», այնինչ բարբառը՝ երբե´ք:

Թող ընթերցողն ի´նքը մտածի, թե ի՞նչ պատասխան ունի հետևյալ երկու հարցը:

Հարց 1. Թե որ Մաշտոցի թարգմանած հենց առաջին խոսքը օտար քերականության կալկա է, այսինքն, խորթ է հայերենին (խորթ է, որովհետև այն օրերի հայերն ուղղակի այդպես չէին խոսում), ինչքա՞ն ուրիշ ու հայերենին օտար քերականական երևույթ կա մեր հին գրականության մեջը:

Հարց 2. Մեր մտավորականներն այս ինչքա՞ն ու ինչո՞ւ են հավատացել ու հավատում մեր այս գրական օտարաբան ու հայերենին խորթ ոճերին, որ մեր հունաբան հեղինակներից մինչև այսօր էլ մեր հարազատ ու բնիկ հայերեն լեզուն համարում են՝ «ժարգոն, գռեհիկ, ռամիկ, զզվելի, փողոցային ու անթույլատրելի» կամ «ժողովրդախոսակցական», ոչ իսկական լեզու, ու ստիպում են, որ մեր ողջ ժողովուրդը հրաժարվի իր մայրենի լեզվից ու խոսի այս օտար ոճերով:

Դրույթ 7. Հենց ժողովրդի լեզուն արհամարհելն է այն (իմ կարծիքով՝ միակ) պատճառը, որ այսքան ժամանակ, այսինքն, մոտ 16 դար, մինչև իմ ասելը, ոչ մեկը չէր նկատել, որ Մաշտոցի հենց առաջին խոսքը հայաձև չի, օտարի´զմ է:

Կնշանակի, մեր հին գրականության մեջ պիտի´ որ լիքը թարգմանական կալկա լինի, թե´ բառապաշարային, թե´ շարահյուսական: Մեր արմատների փոխառյալությունը քննվել է ու նորից է քննվում, ընդ որում, քննողների մեջ քիչ չեն օտարազգի դիաքրոնիստները: Բայց.

Դրույթ 8. Այն հարցը, թե գրաբարյան շրջանի հայերենի փոխառյալ բառերից որո´նք էին արդեն հայերեն, այսինքն, որո´նք էին փոխ առնվել բանավոր ճամփով, ու ժողովուրդը ո´ր բառերն էր գործ ածում ածում համարյա բնազդով, ճիշտ՝ ոնց որ այսօրվա հայերն են ռեֆլեքսով գործածում ռուսերենից փոխ առած դաժե (= նույնիսկ) ու պռոստը (= ուղղակի) բառերը ու լիքը սրանց պես ուրիշ բառ, ոչ միայն ոչ մի անգամ լուրջ ու հանգամանալի չի քննվել, այլև այս հարցը նույնիսկ չի էլ տրվել:

Դրույթ 9. Հին հայերեն գրվածքների շարահյուսական օտարիզմների հարցը բոլորովին չի տրվել, ինչը նորից ապացուցվում է այն փաստով, որ մինչև իմ ասելը ոչ մեկը չէր նկատել, որ Մաշտոցի թարգմանած հենց առաջին խոսքը հունարենի կալկան է:

(Իհարկե, այս քննությունը չափազա´նց է դժվար, բայց հայագիտության համար խիստ կարևոր է):

Ոսկեդարյան գրաբարով գրեցին մինչև Աբովյանի «Վերքի» հրատարակությունը: Գրեց, օրինակ, Հայր Ղևոնդ Ալիշանը, Հայր Արսեն Բագրատունին ու ուրիշները:

Այս փորձն էլ տևեց մի 150 տարի: Ու մինչ եվրոպացիք ու ռուսները վաղուց արդեն գրում էին իրենց ժողովուրդների կենդանի բարբառներով, կենդանի լեզուներով, ու հրաժարվել էին նույնիսկ կլասիցիստական ոճերից, մխիթարյան Հայր Արսեն Բագրատունին, եվոպական կլասիցիստներին ու Իլիականին օրինակելով, ընդամենը մի 165 տարի առաջ (բայց հույներից 26 դար հետո), գրեց իր «Հայկ դյուցազն»-ը, գրեց այդ գովաբանած ոսկեդարյան գրաբարով:

Գրեց, բայց արդեն ուշ էր, ու համարյա ոչ մեկն էլ չկարդաց այս գործը, ու հայերի մեծագույն մասն այսօր սրա գոյության մասին նույնիսկ տեղյակ էլ չի:

Գրեց, ու գրեց ա´յն օրերին, երբ իրենց աշխարհաբարներով գրել էին՝ Չոսերը, Շեքսպիրը, Միլթոնը, Սերվանտեսը, Լոպե դե Վեգան, Դանթեն, Պետրարկան, Բոկաչոն, Ռաբլեն, Հոլբախը, Վոլտերը, Դիդրոն, Գյոթեն, Հումբոլդտը, Լոմոնոսովը, Կռիլովը, Ժուկովսկին, Պուշկինը, Բալզակը, Ստենդալը, Մերիմեն, Դիկենսը, Շիլերը, Վուիթմենը ևն, ևն:

Բայց «Վերքի» հրատարակությունից հետո արդեն պարզ էր, որ ճիշտ ուղին աշխարհաբարով գրելն է, ու արդեն համարյա բոլորն էլ թողեցին գրաբարով գրելը:

Հ-1.6 Հայերի չորրորդ գրապայքարը

Հերթը հասավ Խաչատուր Աբովյանին:

Աբովյանն սկզբում գրում էր գրաբարով, ինչը հոյակապ գիտեր, բայց Դորպատի համալսարանն ավարտելուց ու Հայաստան գալուց հետո, համարյա առանց դադարի, գրեց Արարատյան բարբառի ՀԱՄԱՐՅԱ Երևանի բարբառով:

Գրեց միանգամից շատ, ու այն օրերի համար չափազանց կարևոր բաներ, գրեց իր «Նախաշավիղը, Վերք Հայաստանին, Հազարփեշեն» ու «Պարապ վախտի խաղալիքն» ու էլի ուրիշ բաներ, ու սա՝ արդեն 1839-1848 թվերին:

Աբովյանի կենդանության օրերին սրանցից հրատարակվեց միայն «Նախաշավիղը», հրատարակվեց կիսատ-պռատ ու լիքը սխալով (ինչը շատ վշտացրեց Աբովյանին), իսկ «Վերքը» հրատարակվեց Աբովյանի կորելուց 10 տարի հետո միայն, հենց նույն այն 1858 թվին, երբ որ հայր Արսեն Բագրատունին գրաբարով հրատարակեց իր «Հայկ դյուցազնը», ու Ստեփանոս Նազարյանցն էլ իր «Հյուսիսափայլը»:

Ես Աբովյանի կյանքն ու գործերն ու գրածներն ահագին մանրամասն եմ նայել, հիմնականում [32-33]-ից, ու ինձ թվում է, թե իրեն շատ լավ եմ հասկանում, որովհետև ինձ է´լ են անընդհատ հայհոյում կամ անտեսում, ու համարյա նույն պատճառներով ու նույն բաների համար, ինչ որ (ու ինչպես որ) իրեն:

Ես համարյա չեմ կասկածում, որ երբ Դորպատի Աբովյանի պրոֆեսորներն Աբովյանի պատմածներից իմացել են, որ հայերն արդեն 15 դար է, ինչ այբուբեն ու գիր ունեն, բայց մինչև այսօր իրենց գրաբարից չեն հրաժարվել, շատ են զարմացել, ու Աբովյանին բացատրել են, որ հայերը գրաբարից պիտի անպայման հրաժարվեն, որովհետև գրագետը ժողովրդի´ համար է գրում:

Իսկ սա նշանակում է, որ.

Դրույթ 1. Գրողը գրում է ժողովրդի մե´ծ մասի համար, ու ոչ թե միայն էլիտայի (այսինքն, ոչ թե միայն «ընտրյալների») համար, որովհետև, եթե ժողովրդի մեծ մասը հասկացավ այս գրածը, էլիտան կհասկանա´ ու կհասկանա:

Ու Աբովյանի պրոֆեսորները թերևս նաև բացատրել են Աբովյանին, որ այն օրերի լուսավոր Եվոպայի առաջավոր ժողովուրդներն արդեն մի 500-600 հարյուր տարի է, ինչ հրաժարվել են իրենց գրաբարներից:

Բացատրելը քիչ է: Աբովյանը Դորպատի կյանքի ամեն մի չնչին մանրամասնով տեսել ու զգացել ու համոզվել է, որ մենք՝ հայերս, շատ հետամնաց ու խեղճուկրակ ենք: Ու Աբովյանը Հայաստան եկավ, որ իրո´ք լուսավորի իր հարազատ ու միակ ազգին, այն հույսով, որ հենց որ ինքը ճիշտը ասեց, բոլորն էլ վռազ գոռալու են.

– Ուռռաա´, վերջը մեր միակ ճշմարիտ մարգարեն եկավ ու ճշմարտությունն ասեց, ու մենք բոլորս էլ էթալու ենք իրա հետևից:

Բայց սա չեղավ: Այն օրերի հայ գրագետների մեծագույն մասը չհամաձայնեց Աբովյանի արածներին ու գրածներին:

Դրույթ 2. Աբովյանը հետ էր դարձել Հայաստան, որ ազգին լուսավորեր ա´յն լույսով, ինչը Դորպատից էր հետը բերել, ու այս լուսավորչությունն իր կյանքի ողջ իմաստն ու միակ նպատակն էր: Բայց քիչ-քիչ համոզվեց, որ ինքն ու իր արածները Հայաստանում ոչ մեկին պետք չեն:

Աբովյանն չափազանց վառ երևակայությունով մի չտեսնված զգայուն մարդ էր, ու արտառոց էլ փխրուն հոգի ուներ: Օրինակ, հենց իր իսկ պատմելով, «Վերք Հայաստանին» գրելիս այնքան ուժեղ էր ապրում իր ստեղծած հերոսների կյանքով, որ հենց գրելու պահին իրենց հետ ծիծաղում ու լաց էր լինում, ու մեկ-մեկ էլ, ապրածի ուժգնությունից, ուշքը գնում ու ընկնում էր, ու ժամերով պառկած էր մնում:

Չնայած ոչ մի փաստ չունեմ, բայց, ելնելով սեփական փորձիցս, համարյա վստահ եմ, որ.

Դրույթ 3. Աբովյանին ոչ մեկն է´լ չի սպանել: Ես համարյա վստահ եմ, որ վերջը Աբովյանը հանկարծ տեսել է, որ իրա արածները չեն ընդունում ու չեն էլ ընդունի. որ ըստ էության՝ ինքը ոնց որ թե Հայաստանում ոչ մեկին պետք չի:

Դրույթ 4. Ու երբ Աբովյանին ստիպել են, որ Երևանից գնա, գնալու նախորդ օրը հանկարծ գլխի է ընկել, որ իր կյանքն այլևս ոչ մի իմաստ չունի, ու սուսուփուս իր գլուխն առել, տնից դուրս է եկել ու գնացել է՝ ո՞վ իմանա, թե ո´ր քարից է թռել ցած, կամ որ ջուրն է ընկել խեղդվել, որ ազատվի իր ու իր ազգի դարդ ու ցավերից մտածելուց: Բա էլ ի՞նչ աներ:

Չնայած իմ հոգեկանն Աբոյանինի պես փխրուն չի ու ես արդեն մոտ 30 տարի է, ինչ դիմանում եմ ինձ արված նախատինքներին ու արածիս նկատմամբ հակադրությանը, անտարբերությանն ու արհամարհանքին, այնուամենայնիվ, ես Աբովյանի մահվան իմ այս վարկածին հավատում եմ, որովհետև Աբովյանն իր «Վերքի» Հառաջաբանում ասում է, թե մեր ազգի ցավ ու դարդի մասին «մտածելով՝ օրս ու ումբրս մաշվել էր: Շատ անգամ ուզում էի իմ գլուխս մահու տամ:…

«Թո լսողը չհավատա, ամա այս ցավն այնպես էր սիրտս առել, որ շատ անգամ գըժվածի պես ընկնում էի սար ու ձոր, ման գալիս, մտածում, էլ ետ սիրտս լիքը տուն գալիս:…Հենց է´ս էր պատճառը, որ…մեկ օր էլ…գնացի Նեմեցի կոլոնիեն {գերմանացիների գաղութը}, մեկ նեմեց բարեկամի մոտ. նրանք էլ ինձ վրա ցավելով՝ իրեք օր չթողին գամ քաղաքը: Բայց քաղաքումն… իմ սուգս վաղուց էին արել»:

Երվանդ Շահազզի ասելով (տես [32-33]-ը, էջ՝ 346. այստեղի բոլոր քաղվածքներս առաջինից են, թե որ էջը նշած է. թե չէ՝ երկրորդից են), Աբովյանի առաջին փախուստը կյանքից եղել է 1841 թվին, ու Աբովյանի աշակերտները վերջը Թիֆլիսի այդ գերմանական գաղութում գտել են Աբովյանին «մի գերմանացու տան լուսամուտի առաջ {փանջարումը} տխուր նստած»:

Սրան հավատում եմ, որովհետև Աբովյանն իր Վերքի Հառաջաբանում պատմում է, թե գրելուց հետո որ քնել է, ոնց է ողջ գիշերը զառանցել.

«սաղ գիշերը անդադար դելը տվել, գոռացել, ա´խ քաշել, խոսացել, ինչ որ հարցրել են տանըցիք, միշտ էլ գերմաներեն {այսինքը, ո´չ հայերեն – ՄՀ} պատասխան տվել ու հազար տեսակ վայրիվերո բան ասել, էլ ետ իր կռիվն սկսել»:

Սրան հավատում եմ, որովհետև Ե. Շահազզի ասելով (ib., էջ՝ 16). «Ըստ տանեցոց բացատրության, նա, անհայտանալուց յերեք որ {օր} առաջ, մտատանջության մեջ ե ընկած յեղել, գրեթե չի կերել, սակավ ե խոսել, շորերը չի հանել և իբրև թե անքնությունից տանջվելիս ե յեղել: …Խոր Վիրապի մոտ, վանքից ոչ այնքան հեռու, Յերասխի ափին, ազգականները յերևան են հանել մի յերկարաճիտ կոշիկ,… {ինչը}, Աբովյանի կնոջ վկայությունով, ճանաչվել ե իբրև Աբովյանի կոշիկը, իսկ Աբովյանի կոշկակարի վկայությունով՝ վոչ իր կարածը»:

Սրան հավատում եմ, որովհետև Ե. Շահազիզն ասում է (ib., էջ՝ 345-346).

«Աբովյանը, իր մասին պահպանված հիշողությունների համաձայն, մի բարի, ազնվասիրտ, անձնվեր, բայց և իր արժանապատվությունը պահող և պահանջող մարդ ե յեղել. նա շատ հուզվող ու վոգևորվող խառնվածքի տեր ե յեղել: Նրա դյուրաբորբոք բնավորությունն իսկույն հայտնվել ե մեկի հետ խոսելիս կամ աշակերտներին դաս պատմելիս, անչափ զգայուն, ջղային, ամենաթեթև առիթներից հուզվող, բռնկվող:

«Համբերությունը հատած ժամանակ նա իրեն կորցրել ե, չի կարողացել իրեն զսպել և ձեռք ե բարձրացրել աշակերտների վրա, բայց և միաժամանակ այնքան քնքույշ սիրտ ե ունեցել, վոր քիչ ժամանակից հետո սկսել ե ծեծված աշակերտին փայփայել և իր արածը զղջալ և արտասվելու չափ զգացվել [ե]:

«Ի հիշատակ այդպիսի սիրո ե յեղել, վոր նրա անդրանիկ աշակերտ Գևորգ Աքիմյանցն ամեն միջոց գործ դնելով, վերջապես հաջողել ե, Հովսեփ Փոնդոյանի հետ միասին, առաջին անգամ տպագրել «Վերք Հայաստանին». նույնպիսի սիրո արտահայտություն ե յեղել, վոր Աբովյանի մյուս աշակերտ՝ Գաբրիել Խատիսյանը նախաձեռնող ե հանդիսացել և «վարժապետի» վորդի Վարդանին ուղարկել {ե} Դորպատ՝ ուսանելու, հոգալով նրա բոլոր ծախսերը»:

Սրան հավատում եմ, որովհետև Աբովյանը լա´վ էր ճանաչում այն օրերի պաշտոնավորներին ու դրանց ստեղծած միջավայրը: Ճանաչում էր՝ պատանությունից ու վաղ ջահելությունից: Ե. Շահազիզն ասում է (ib., էջ՝ 12-13).

«[Աբովյանին] Լազարյան Ճեմարան ուղարկելու գործը, մեզ անհայտ պատճառով, մնացել ե անկատար, և Պարրոտը վերադարձել ե, խոստանալով պետական թոշակ նշանակել տալ Դորպատում ուսանելու համար: Աբովյանը սրտատրոփ սպասել ե Պարրոտի միջնորդության բարհաջող ելքին և պատրաստություն ե տեսել.

«Նա հազիվ կարողացել ե իր ծնողների համաձայնությունն ստանալ և թախանձանքով կոտրել կաթուղիկոսի համառությունը, բայց չի կարողացել հաշտեցնել հակառակորդների գլխավոր՝ Մարուքեի թոռ Կարբեցի Հովսեփին:

«Յերբ 1830 թվի ապրիլին ստացվել ե Պարրոտի ուրախարար նամակը, և Աբովյանը վերջին հրաժեշտն է տալիս յեղել վանքին, նա {Հովսեփը} յուրայիններով հարձակվել է նրա վրա, խլել նրա շորերը և անշոր, անհաց ու անպաշար արձակել վանքից {Աբովյանը մինչև 1838 թիվը հոգևորական էր}, մի վայրագություն, որ Աբովյանը յերբեք չի մոռացել և միշտ ել հիշել ե դառնությունով:

«Աբովյանը 1830 թվի սկզբին արդեն Թբիլիսիումն ե յեղել, և զինվորական գեներալ նահանգապետ Ստեպան Ստրեկալովը, Պասկևիչի պատվերով, հոգացել ե նրա բոլոր կարիքները և ամեն բան պատրաստել՝ «արժանավայել եղանակով» նրան ճանապարհ գցելու համար:..

«Վեց տարի նա մնացել ե Դորպատում և վերադարձել ե հայրենիք, բայց սառն ընդունելություն ե գտել իր հայրենակիցներից և անբարյացակամ վերաբերմունք՝ հոգևորականությունից. ժամանակի կաթուղիկոս Կարբեցի Հովհաննեսն զգուշացել ե նրանից, լյուտերադավան դարձած համարելով նրան, նամանավանդ վոր նա հակառակ Յեփրեմ կաթուղիկոսի ցանկության և Եջմիածնի թույլտվության եր գնացել Դորպատ»:

1847 թվի ամառը Աբովյանը գրում է ([5], էջ՝ 709). «Պետերբուրգ, Մոսկով, Թիֆլիզ ինձանից գանգատով լցվել են, իմ բարեկամքը ինձանից ձեռք վերցրել, իմ թշնամիքը ինձ մատնել…»: Այ այս սոսկալի չուզողության ու այս թունավոր նախանձի մեջ է ապրել ու աշխատել Աբովյանը՝ մինչև իր կորելը:

Հ-1.7 Հայերի ուղղագրապայքարը

Գրապայքարի վեճերի հետ, ու նույնիսկ սրանցից առաջ, միշտ է´լ ուղղագրության «պայքար» է լինում, որովհետև կենդանի լեզուն (այսինքը, բոլոր բարբառները, անխտիր) անընդհա´տ է փոխվում:

Ու թե որ մի ժամանակ գրագետները ժողովրդի լեզվին շատ մոտ լեզվով են գրած լինում, մեկ է, մի քանի տասնամյակ կամ մի քանի դար հետո կենդանի լեզուն փոխվում է, իսկ գրելու «լեզուն» մնում է համարյա նույնը:

Բայց փոխվում է ոչ միայն լեզուն, ոչ միայն բառերը, այլև այդ բառերի ուղղագրությունը, ու պահանջ է առաջանում, որ հին ուղղագրությունը նորոգվի ու հարմարեցվի բառերի փոխված ձայներին:

Այս անգամ ուսյալները բաժանվում են երկու հակամարտ բանակի, հին ու նոր ուղղագրությունների ջատագովների՝ հնամոլների ու նորամոլների:

Սրա համար էլ ես մի հատված եմ բերում իմ մի գրքից [24], ուր բացի իմ մի քանի խոսքը, Մանուկ Աբեղյանի հայերենի ուղղագրության ռեֆորմին նվիրված գործերից [4] մի երկար քաղվածք եմ արել: Ահա այդ քաղածը:

***

Հնամոլներն ասում են. «...թե ֆրանսիացիք և ուրիշները, ովքեր մեզնից շատ ավելի խելոք են, ինչո՞ւ չեն իրենց ուղղագրությունը փոխում»:

Սա ճիշտ չի, ու ահա թե սրան ինչ է պատասխանում Մ. Աբեղյանը 1913 թվի հոկտեմբերի 14-ին ([4], էջ 335; թավատառն ի´մն է).

«Եվ այս առարկությունը հիմնավոր է, եթե միայն մանկավարժական {այսինքն, հին գրվածքները յուրացնելու} տեսակետը հաշվի առնվի, բայց կորցնում է իր արժեքը, երբ խնդրին նայում ենք գրաբարի և աշխարհաբարի, հին ու նոր լեզուների մրցման տեսակետից: Որովհետև այդպես առարկողները երկու լեզուների տարբեր շրջաններ են իրար հետ բաղդատության մեջ դնում:

«Այդ ազգերի ուղղագրությունն այն շրջաններում, երբ թողել են հին լեզուն և նոր գրական լեզու են առաջ բերել, ոչ միայն փոփոխության է ենթարկված, այլև այնպիսի մեծ փոփոխության, որի մասին մենք երևակայել չենք կարող. հին ֆրանսերենի ուղղագրությունը նոր ֆրանսերենից, նույնպես՝ հին, միջին և բարձր գերմաներենի ուղղագրություններն իրարուց, շատ տարբեր են:

«Նրանք ուղղագրական շատ վեճեր, փոփոխության զանազան փորձեր ունեցել են, մինչև մի որոշ դրության են հասել, որ ամենքի համար ընդունելի է դարձել, և այնուհետև, աստիճանաբար, թեթև փոփոխություններ են մտցրել ու մտցնում ուղղագրության մեջ:

«Շատ բնական է, ուրեմն, որ այն բազմաթիվ վեճերն ու փորձերը, որ, օրինակ, ֆրանսիացիք ապրել են XV-XVII դարերում, մենք դեռ նոր՝ XIX դարու երկրորդ կեսից հետո պիտի ունենայինք. գրաբարյան և աշխարհաբարյան վեճերը դեռ մի 25 տարի առաջ կային:...

«Ս. Էջմիածնի ճեմարանի դպրանոցական բաժնի վերին դասարաններում դեռ երկրորդ տարին է, որ աշխարհաբար լեզվի և գրականության դասեր են մտցրած: ...Մենք ուղղագրության խնդրի անվան տակ շարունակում ենք, ուրեմն, գրաբարի և աշխարհաբարի դեռ բոլորովին չվերջացած խնդիրը» {այսինքը, գրապայքարը}:

Աբեղյանից արած այս երկար քաղվածքին ավելացնեմ, որ մենք է´լ, մնացած հընուց գիր ունեցող ազգերն է´լ, փոխել ու փոխում են իրենց ուղղագրությունը. քիչ-քիչ է´լ, ռեֆորմով է´լ: Ուղղակի՝ նախ շարքային ուսյալները տեղյակ չեն սրանից, ու երկրորդ՝ այս ազգերի լեզուներից շատերը նորից շատ արագ փոխվեցին, ու ուղղագրությունը նորից հետ ընկավ:

Ես քիչ թե շատ ծանոթ եմ անգլերենի ու ռուսերենի գրականությունների ու ուղղագրությունների պատմությանն ու ասեմ, որ, օրինակ, (նոր) անգլերենի աշխարհաբար գրականության հիմնադիր Ջեֆրի Չոսերի ուղղագրությունը լավ է´լ տարբեր է Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնի ուղղագրությունից, իսկ անգլիական հնագույն գրվածքների ուղղագրությունը շատ ու շատ ավե´լ է հեռու մեր օրերի անգլերենի ուղղագրությունից, քան գրաբարինը՝ նոր հայերենից: Բայց շարունակեմ քաղածս:

«Հայերենի ուղղագրության պատմությունը հար և նման է եվրոպական շատ լեզուների (հունարեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն) ուղղագրության պատմությանը: Մինչև Յակով Գրիմմը Գերմանիայում ընդհանուր ուղղագրություն կար, բայց այդ ուղղագրության մեջ սխալ և անհետևողական բաներ տեսնելով՝ Գրիմմը փոփոխության առաջարկ մտցրեց նրանում, գոթական տառերը փոխարինեց լատինական տառերով: Գերմանացիները չեն թաքցնում, որ գերմաներեն գրականության մեջ դժվար է գտնել երկու գիրք, որ ուղղագրությամբ իրար նման լինեն ( ib., էջ՝ 342):

«...Նույնպիսի բանավեճերով ու պայքարով է ընթացել նաև անգլերենի ուղղագրության պատմությունը: Անգլերենի ուղղագրությունը բառի բուն իմաստով պատմական է {եթե նայենք միայն հին ու նոր շրջանները}: Հնագույն գրավոր նշանները դեռ ուժի մեջ են և կարծես չեն հակասում բանավոր խոսքին:

{Այս պնդումը ճիշտ չի, անգլերենի հնագույն տեքստերի մի քանի տառը վաղուցվանից չի գործածվում: Աբեղյանն անգլերեն չգիտեր}:

«Բառերի մեծ մասի գծագրական պատկերը պայմանական արտահայտությունն է բանավոր արտաբերման, նույնիսկ անկախ՝ բառի առանձին տարրերից: Դա բառային և ոչ թե հնչյունական ուղղագրություն է»: {Իբր համարյա «հիերոգլիֆական» է} [ib., էջ 343]: Ֆրանսերենի վիճակը սրանից շատ ավելի վատ է}:

«...Եվրոպայում միայն իտալերենի, իսպաներենի և պորտուգալերենի ուղղագըրությունն է առաջնորդվում հնչյունային սկզբունքով: XVI դարի իտալական քերականները (Լ. Սալվիատին) գրավորը համաձայնեցրին բանավոր խոսքին, գրեցին մի հնչյունին մի գիր սկզբունքով և այդպես էլ տարածվեց:

«Իսպանիայում 1492 թ. Անտոնի դե Նեբրիխան ընդունեց հնչյունային գրությունը, գըրանշանները համապատասխանեցրեց հնչյուններին: 1741 թ. ուղղագրությունն իր ձեռքն է վերցնում Ֆիլիպ V-ի հիմնադրած ակադեմիան: 1815 թ. Մադրիդի ակադեմիան վերջնականապես հաստատում է հնչյունային ուղղագրությունը [ib., էջ 346]:

«...Հնչյունային ուղղագրությունը այն լավագույնն է, որին ձգտում են աշխարհի բոլոր լեզուները, իբրև սկզբունք հիանալի է ու անթերի, բայց նա իրականությանը հակադիր է և դժվար իրականանալի» [ib., էջ 347]:

Ավելացնեմ, որ ուղղագրության (ի´մ իմացած) ամենահին ռեֆորմն արել են հին հույները, մթա 403-ին (Մաշտոցի այբուբենն ստեղծելուց մոտ 700 տարի, իսկ մեր նորագույն հնամոլներից՝ մոտ 2300 տարի առաջ), երբ աթենացիները հրաժարվեցին իրենց այբուբենից ու վերցրին հոնիականը, որովհետև հոնիականը շատ ավելի հնչյունական էր, ուրեմն, ավելի լավն էր: Տես [12]-ը:

Աբեղյանից քաղած առաջին կտորի վերջին թավատառ խոսքից երևում է, որ մեր այս վերջին մոտ 50-60 տարվա ա´յն վեճերը (առաջվաններն էլ սրանց հետը), թե ի՞նչ ուղղագրությունով գրենք, անիմաստ են ու անհեթեթ, որովհետև նախ պիտի որոշենք, թե ի´նչ լեզվով գրենք, որ իմանանք, թե որ բառն ի´նչ ձևով գրենք, ու որ կապակցությունը կամ խոսքը որտեղից ընտրենք, որ հետո նոր իմանանք, թե որ բառի ուղղագրությունը ո´նց է:

Երբ Խաչատուր Աբովյանը էջմիածնից գնաց Դորպատ սովորելու, եվրոպաներում վաղո´ւց, արդեն մի 400-500 տարի էր, ինչ հրաժարվել էին իրենց գրաբարներից է´լ, (իսկ մի քանի երկրում) այդ գրաբարների ուղղագրություններից է´լ ու գրում էին իրենց նոր աշխարհաբարներով, որովհետև Եվոպայի ժողովուրդն արդեն էլ չէր հասկանում այդ գրաբարները:

Հասկանալի է, որ այդ ժողովուրդների աշխարհաբարին անցնելու պրոցեսները նույնպես հեշտ ու հանգիստ չեն եղել, դրանք է´լ են գրապայքարով եղել:

Այնինչ, հայերը գրապայքար ու ուղղագրապայքար են անում 5-երորդ դարից: Ու հայերը չորս անգամ են գրապայքար արել: Ու հիմա էլ հինգերորդ անգամն են անում:

Մի՞թե հայերի գրապայքարը երբեք չի վերջանա:

Հավելված-2

ԱԲՈՎՅԱՆԻ ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հ-2.1 «Վերք Հայաստանի»-ն

Աբովյանի օրերին է´լ ու նույնիսկ դրանից դարե´ր առաջ էլ ժողովուրդը չէր հասկանում մեր գրաբար գիրը: Չէր հասկանում արդեն համարյա 5-րդ դարի վերջերից, որովհետև մեր այն օրերի գրագետները, ինչպես արդեն ասվել է, դիտմամբ գրում էին «ծածուկ բանիւ» կամ «ծածուկ ճառիւ», այսինքն, «գաղտնի լեզվով», որ հասարակ, ոչ ուսյալ մարդը չհասկանար գրածը:

Աբովյանը հասկացավ, որ հենց Երևանի´ բարբառը պիտի լինի հայերի գրական լեզուն, ու վերցրեց ու ՀԱՄԱՐՅԱ Երևանի բարբառով գրեց իր «Վերք Հայաստանի»-ն: Այս վեպի տպագրությունն է´լ, իր «Պարապ վախտվա խաղալիք»-ի ու «Հազարափեշեն» գործերի տպագրությունն է´լ ի´նքը՝ Աբովյանը, չտեսավ, որովհետև 1848 թվին տնից թողեց գնաց ու էլ հետ չեկավ:

Արդեն գիտենք, որ Աբովանի «Վերք Հայաստանի»-ն տպվեց 1858 թվին, իր կորչելուց 10 տարի հետո:

Երբ այսօրվա շարքային կամ բարձրագույն կրթությունով գրագետը կարդում է Աբովյանի «Վերք Հայաստանին», ա´նպայման է մտածում, թե Աբովյանը գրել է միայն ու միայն բարբառով:

(Շարքային գրագետին սա ներելի է, կրթվածին՝ երևի, բայց լեզվաբանին, գրականագետին ու գրողին՝ ոչ մի անգամ):

Ասվել է, որ Խաչատուր Աբովյանն իր աշխարհաբար, այսինքն, «այս աշխարհում իրոք խոսողների պես գրած» գործերը գրել է մի քիչ (իմ կարծիքով՝ չափից շատ) գրաբարացրած բարբառով, այսինքն, իր սեփական գրական ոճով ու ոչ թե մաքուր բարբառով:

Օրինակ, բարբառի «յա» (= կամ) շաղկապի տեղը շատ անգամ գործածել է գրաբարի «կամ»-ը, ինչը բարբառը չուներ: Չի գործածել բարբառի «խի՞» հարցականն ու «էթամ» բայը (կամ գործածածել է սրա «երթամ» գրական ձևը):

Աբովյանի գրվածքներում չկա «հեչ» ժխտականն ու «ոնց/մոնց» մակբայը: Ու թե որ կարդացողը մի անգամ էլ ուշադիր նայի իմ բերած «գրական» բառերի հապճեպ ու չափազանց թերի կազմած ցանկն ու մի անգամ էլ թերթի Աբովյանի «Վերքը», կհամոզվի, որ լրիվ ճիշտ եմ ասում:

Անկասկած.

Դրույթ 1. Խ. Աբովյանը բարբառով չի գրել: Խ. Աբովյանը գրել է իր սեփական գրական ոճով, այն օրերին Ե. Շահազզի ասած արդեն գործածվող ու քիչ թե շատ տարածված «սևագիր» գրական ոճի շատ ավելի թունդ ու շատ ավելի սիստեմատիկ մի տարբերակով, ի´ր գրական լեզվով, ա´յն գրական լեզվով, ինչով որ Հ. Թումանյանն է´լ էր ուզում գրի, բայց հրատարակիչները չէին թողնում:

(Ես գիդեմ գոնե մի ապացույց, ինչը ցույց է տալի, որ Թումանյանին չէին թողնում, որ իր ուզած ձևով գրի: Թումանյանի երկերի 4 հատորանոց ժողովածուի 3-րդ հատորի մեջ կա «Արջը» պատմվածքի արդեն տպագիր «սիգնալային» օրինակի մի էջի լուսանկարը, ինչի վրա խմբագիրը «ուղղել է» Թումանյանի «սխալները», օրինակ, 3-րդ դեմքի եզակու «ա»-երը դարձրել է՝ «է», «թվանք» բառն իբր ուղղել դարձրել է «հրացան» ևն:

(Պատկերացնում եմ, թե այն օրերի կիսատ-պռատ գրագետներն ինչքան են թունավորել Խ. Աբովյանի, Հ. Թումանյանի ու նաև՝ Դ. Դեմիրճյանի կյանքը):

Աբովյանն իր օրերի զավակն էր ու ո´չ պատմահամեմատական մեթոդին էր ծանոթ, ո´չ օտար լեզուների գրական ոճերի առաջանալու պատմությունը գիտեր, ո´չ գիտեր, որ լեզուն ինքնակազմակերպ ու ինքնակառավար համակարգ է, ոչ է´լ խորը ծանոթ էր եվրոպական ու ռուսական նորագույն գրականությանը (օրինակ, Պուշկինի մանկական գործերին), որ իր գրական ոճը սիստեմավորեր:

Ու Աբովյանի գրական ու մանավանդ բանաստեղծական վարպետությունն էլ համեմատելի չէր, օրինակ, հենց նույն Պուշկինի վարպետության հետ, որովհետև ինքը աշխարհաբարով գրող նախորդ չուներ:

Այնինչ, Պուշկինը շարունակում էր Լոմոնոսովի, Ժուկովսկու, Կռիլովի, Դերժավինի ու ուրիշների գործը (էլ չասած, որ Պուշկինը ֆրանսերենն ու անգլերենն իր մայրենի լեզվի պես գիտեր, իսկ հունարենն ու լատիներենը՝ հրաշալի, ու սրա համար էլ դեռ պատանի տարիներին հրաշալի գիտեր այն օրերի համաշխարհային գրականությունը):

Բայց մեկ է, Աբովյանի արածը մի տիտանական ու արտառոց առաջադեմ ու վիթխարի քայլ էր: Մնացածը պիտի ուրիշներն անեին, պիտի անեին Աբովյանի հետեվորդները: Բայց Աբովյանի հետևորդները, փոխանակ շտկեին Աբովյանի արածի թերություննե´րը, այսինքն, «ունքը շինեին», բռնեցին ու «աչքն է´լ հանին»:

Այս վեպը համարյա Երևանի բարբառով է գրած (ինչը լրիվ հաստատվում է, երբ վեպի լեզուն համեմատում ես Երևանի բարբառով գրանցած հայ ժողովրդական հեքիաթների լեզվի հետ), բայց միայն ՀԱՄԱՐՅԱ, որովհետև վեպի մեջ կա ահագին քանակով գրական բառ ու բան (տես քիչ հետո):

Չնայած համարյա միշտ գրաբարի «է» օժանդակի տեղը Երևանի բարբառի «ա» օժանդակն է գործածած, բայց, ինչպես ասվել է, վեպի մեջ մեկ-մեկ «է»-ն է´լ ես տեսնում: Օրինակ, վեպի 1-ին գլխում «է»-ն գործածված է 19 անգամ, ու սրանցից 17-ը «պետք» եղանակչի հետ, ինչն այն օրերին թերևս գրական բառ էր: Գուցե այս «պետք է»-ի գործածության պատճառը Աբովյանի անգիտակից հակակրանքն էր «պտի» եղանակչի (կամ արդեն բառ մասնիկի) նկատմամբ:

Հետո, Աբովյանը ռիսկ չարեց Երևանի բարբառի իր օրերի «եմ» օժանդակ բայի ԲՈԼՈՐ ձևերը կիրառի ու կիրառեց միմիայն երրորդ դեմքի եզակիի «ա»-ն, նույն դեմքի եզակիի «է»-ի փոխարեն:

Այսինքն, Աբովյանը չգրեց Երևանի այն օրերի բարբառի հետևյալ ձևերը. «խաղում ի; խաղում իր; խաղում ինք; խաղում իք; խաղում ին», հետևյալ գրական ձևերի փոխարեն. «խաղում էի; խաղում էիր; խաղում էինք; խաղում էիք; խաղում էին»:

Բացի այս ճակատագրական հանգամանքը, Աբովյանի գրածների մեջ բավական շատ անհարկի գրաբարիզմ կար:

Շատ են նաև ուրի´շ «գրական» երևույթները, ու ա´յն օրերի գիր չիմացող շարքային ունկնդիրների համար այս գրական ուրիշ երևույթները պիտի որ տարօրինակ ու էկզոտիկ (ուրեմն, նաև՝ «սիրուն, չքնաղ») ու շատ անգամ էլ՝ անհասկանալի եղած լինեն:

Թող կարդացողն ինձ ների երկարացնելու համար, բայց, ասածս հաստատելու համար, մի քանի այս տեսակ նմուշ եմ դնում այստեղ: Ավելացնեմ, որ արածս քաղվածքները, ցավոք, անսիստեմ են ու բավական հապճեպ:

Այնպես որ, սրա ավարտուն քննությունը դեռ սպասում է իր ապագա հետազոտողին:

Հ-2.2 Խ. Աբովյանի գրական ոճը

Խ. Աբովյանի Վերք Հայաստանի-ից ([5], Սովետական գրող, Երևան, 1984) ու մի քիչ էլ մյուս գործերից քաղած մի կարճ ցանկ, ինչը ցույց է տալիս, որ Աբովյանը Երևանի բարբառին բազում գրաբար կամ «օտարամուտ ու գրական» բան է խառնել: (փոխ.-ը նշանակում է՝ փոխանակ) :

1. Շաղկապային -

Աբովյանը իր աշխարհաբար գործերում չի գործածել «և» շաղկապը, որովհետև «և»-ն էլ էր մեռած իր օրերի հայերենի բոլոր բարբառներում: «և»-ի տեղ գործածել է միայն «ու»-ն:

2. Հնչյունական-

ընկնել (փոխ. ընգնել); թինկն (փոխ. թինգն, բայց՝ (ի)րիգնահով կամ րիգուն); աչքիցս (փոխ. աշկիցս); երես, երազ (փոխ. էրես, էրազ); աղչիկ (փոխ. ախչիկ), նեղություն, պակասություն, ուրախություն, (փոխ. նեղութին, պակասութին, ուրախութին), ևն:

3. Բայական -

է (շատ քիչ), էի, էիր, էինք, էին, չէր, չէին, չէինք (փոխ. ա, ի, իր, ինք, ին, չիր, չին, չինք, որ, օրինակ, օշականցիներն այսօր է´լ են այս ձևերը գործածում):

համբուրի´ր, կշտացի´ր (փոխ. պաչի´ , կշտացի´ ևն:

4. Հոլովաձևային -

թագավորաց, իշխանաց, հայրենյաց, սիրելյաց, թռչնոց, սրբոց, մարգարեից (փոխ. թագավորների, իշխանների, սիրելիների/սիրելիքի; (գուցե) ծիտ ու ղշի կամ թըռչունների, սրբերի, մարգարեների; սասանմամբ, փոխ. սասանելով, սասանութենով; բնակության, (փոխ. բնակութենի), Հայաստանու մեծությունը, (փոխ. Հայաստանի մենձութինը), Հռովմա (փոխ. Հոռոմի(ցը)), Հայկա (փոխ. Հայկի), ևն:

5. Դերբայական -

տեսնելիս; ետ գալիս; ման գալիս; ման են գալիս (փոխ. տենալուց(ը); ման գալուց(ը); ետ գալուցը; ման են գալի), ևն:

6. Դերանունային ու ածական-դերանունային -

նա, նրա(ն), նրանց, նրանցից, այսպես, էդպես, այնպես, ինձ, իր (փոխ. (գուցե) էնի-ինքը, էնոր-ընոր, ընդոնց, ըսենց, ըտենց, ընենց, ընձի, իրա), ևն:

7. Հոդային – Աբովյանը գործածել է այսօր արդեն (թերևս գրական ոճերի ազդեցությամբ) մեռած հետևյալ հոդավոր ձևերը.

գեղերումը, քաղաքներումը, ջրամանիցը, պարտքիցը պրծածին պես, մտքիցը քըցում, իրանց ննջելոց հոգիքը հիշում, խելքումը չէին նստացնում, աշխարքս կարդացողիցն ա շինվել, կարդացողիցն էլ պիտի քանդվի, իրանցը բան տալիս, իրանցն ուղարկում

8. Եղանակային -

մարդի սիրտ կարող է գրավել (փոխ. մարդի սիրտ կարա առնի, կամ սրա պես մի, բայց ավելի հայաձև մի բան), ևն:

9. Ուրիշ արխայիզմներ -

փախչում (փոխ. փախնում); սիրելի (փոխ. ազիզ); թռչուն (փոխ. հավք կամ ղուշ); ընտիր (փոխ. շատ լավը); ապա թե ոչ (փոխ. թե չէ); մանուկ (փոխ. քյորփա); ասացին (փոխ. ասին) ևն:

Նաև՝ մաքուր, կործանել, հոյակապ, ցավամաշ, կեղեքված, թունալից, բյուր, անգութ, անողորմ, ժամանակ, մահատագնապ, զարհուրելի, կամարակապ, անդունդ, իսպառ, խորամանկ, ամեհի, սոսկալի, կողմ ևն, պատասխան (փոխ. ջուղաբ), կամենում, սքանչելի, պետք է, կարելի է, նմանապես ևն:

9. Այլ երևույթներ -

կամ (փոխ. յա); ցույց տա (փոխ. շհանց տա); թող գնա (փոխ. թո էթա); կանգնի (փոխ. կաղնի կամ կայնի); վերջապես, (փոխ. ախրը, վերջը) ևն:

10. Դարձվածքային -

ինձ վրա ցավելով (փոխ. իմ դարդը քաշելով); թող ինձ այսուհետև տգետ կանչեն (փոխ. թո ըսօրից եդնա ընձի ասեն՝ ախմախ ա); ինձանից ձեռք են վերցրել (փոխ. ընձնիցը ձեռ են քաշե (վեր ունե, վեկալե) ևն:

11. Աբովյանը չի գործածել Արարատյան բարբառի համար ընդհանուր հետևյալ կարևորագույն բառերը -

խի՞, հեչ, էթամ, ոնց-մոնց ևն:

12. Աբովյանի գործածած զուգաձևերը -

արնի-արյան, ա-է, յա-կամ, հլը-դեռ, ջուղաբ-պատասխան, մեկ-մին, նրա-իրա, ազատի´ր-ազատի´, գշեր-գիշեր, աղջիկ-աղչիկ, սաղ-բոլոր, նշանց-շհանց, գնա-երթա, բանտ-բանդ, բազի վախտ-բազի անգամ, պետք է դուս գար-պտեր դուս գար ևն:

Հ-2.3 Խ. Աբովյանը բարբառով չի´ գրել

Մեր գրագետներն ասում են, թե «Աբովյանը գրել է Քանաքեռի բարբառով»: Մեկ-մեկ էլ, թե գրել է Երևանի բարբառով:

Այս երկուսն էլ ճիշտ չի:

Նախորդ պարագրաֆից անառարկելի հետևում է, որ.

Դրույթ 1. Աբովյանը բարբառով չի գրել: Աբովյանը գրել է Երևանի այն օրերի բարբառին հիմնված այն տեսակ մի ոճով, ինչն ա´նպայման է «գրական» ոճ, որովհետև բարբառից բավական է տարբեր:

Այդ գրական ոճի հիմքը պիտի´ որ Քանաքեռի բարբառը չլիներ (ինչպես պնդում են ոմանք), որովհետև այն օրերին Քանաքեռում, հենց Աբովյանի վկայությունով, եղած-չեղածը մի 40 տուն կար, ու այս բարբառը մեծ չէր:

Թե որ մեծ էլ լիներ, մեկ է, այդ բարբառը պիտի որ աննշան տարբերություն ունենար Երևանի բարբառից, որովհետև այս 40 տունը թերևս առաջացել էր Աբովյանի պապու՝ Մելիք Ապովի բերած մի քանի տնից ու այլ եկվորներից:

Ուրեմն, այն օրերի քանաքեռցիները եկվոր են եղել ու, դատելով Աբովյանի պապի «Ապով» անվան «պ»-ից, որ Երևանի բարբառով պիտի «բ» լիներ, սրանց մի մասը երևի եկել է Արևմտյան Հայաստանից ու Արարատյան բարբառը նոր է յուրացրել: Պարզ է, որ սրանք պիտի յուրացրած լինեին իրենց համարյա կպած Երևանի «մեծ ու պատվավոր» բարբառը:

Կնշանակի, Աբովյանի գրական ոճի հիմքը, իրոք, Երևանի բարբառն է եղել, բայց ահագին գրականացրած, կամ ոնց որ այն օրերին էին ասում՝ «գրաբարացրած»:

Որ Աբովյանը գիտակցելո´վ է հենց Երևանի բարբառը վերցրել իր գրական ոճին հիմք, հաստատվում է իր գրած «Աշխարհիկ բարբառ Երեւանցի հայոց» ակնարկով, որ տպվել է «Արշալույս Արարատեան» լրագրի 1850 թվի 360-րդ համարում:

Այն օրերին միայն Աբովյանը չէր, որ հասկանում էր, որ հայերը պիտի աշխարհաբարով գրեն: Ժամանակները փոխվել էին, ուրիշ ազգերն արդեն ընտիր ու շքեղ աշխարհիկ գրականություն ու գիտություն ունեին, ու կյանքն արդեն ստիպում էր, որ գրաբարով գրելուց հրաժարվեն, ու աշխարհաբարով քիչումիչ գրողներ արդե´ն կային: Ե. Շահազիզն ասում է (նույն տեղը, էջ՝ 360).

«Դորպատում յեղած ժամանակ, առաջին տարիները, Աբովյանը շարունակել ե գրել աշխարհաբարացած գրաբարով, վորով սովորություն ե ունեցել գրել իր հայրենիքում, բայց հետո նա հետզհետե թողել ե այդ և անցել զուտ աշխարհաբարի»:

Շահազզի այս «զուտ» բառի իմաստը պարզ չի (ինչը երևում է քիչ առաջ «Վերքից» արած իմ քաղվածքներից), բայց ավելի զարմանալի է, որ մեր հետագա քերականները չեն տեսել ու հիմա էլ չեն տեսնում, որ Աբովյանի (ու մանավանդ՝ Հ. Թումանյանի) լեզուն «զուտ» աշխարհաբար չի:

Ընդ որում, աշխարհաբար չի՝ մանավանդ իր բառապաշարով, ու չեն տեսնում, որ այս երկուսի քերականական շեղումները բարբառից շատ անգամ թարգմանական կալկա են, (գրաբարից, թե օտար լեզուներից, տարբերություն չկա), այսինքն, Երևանի այն օրերի բարբառով չեն:

Բայց շարունակեմ Շահազիզի խոսքը:

«Դրա համար նա որոշ չափով պատրաստություն և գրելու կարողություն ե ունեցել, վոր ձեռք եր բերել Ներսիսյան դպրոցում: Այդտեղ, նրա աշակերտության ժամանակ, արդեն մուտք եր գործել աշխարհաբարը, ի հարկե, վոչ իբրև դասավանդության առարկա, այլ վորպես արդեն մշակված, քիչ թե շատ զտված, մաքրված լեզու, վորով ավանդվել են առարկաները և կազմվել են այն ձեռագիր տետրակները, վորոնք տպագրված ձեռնարկների չլինելու պաճառով, տրված են յեղել աշակերտների ձեռքը»:

Բայց միայն Աբովյանն էր, ով հասկացավ, ընդ որում, հասկացավ թերևս միմիայն Դորպատ գնալուց հետո, որ այս արհամարհված «աշխարհաբարացած գրաբարը» միակ հնարավոր նոր լեզուն է, ու որ ուրիշ ոչ մի ուղի չկա:

Ու միայն Աբովյանն էր, որ վերցրեց ու մի քանի խոշոր բան գրեց այս լեզվով, որ բոլորին ցուց տա ու համոզի, որ այս լեզուն զորավոր լեզու է:

Ու երբ տեսավ, որ իր 12 տարվա չարչարանքը տեղ չի հասնում, որովհետև հանդիպել է անսահման պահպանողական մի դիմադրության, տնից ելավ ու գնաց ու էլ հետ չեկավ:

Կամ էլ՝ սպանեցին: Բայց սպանեցին ոչ թե ցարական դավադիր պաշտոնյաները, ոնց որ փորձում են ապացուցեն շատերը, այլ, ավելի շուտ ու խիստ հավանական է, հենց իրեն ատող ու իրեն ահավոր նախանձող հոգևորականները:

Ցարական վիթխարի իմպերիայի շատ վե՞ջն էր, թե հայերն իրենց ո´ր մի բարբառով են գրելու, որ թշնամանար Աբովյանի հետ: Հակառակը, Աբովյանն այնքան շատ էր ասում «օրհնվի էն սհաթը, երբ ռսի ոտը կոխեց մեր հողը», որ ռուսները պիտի շահեին-պահեին Աբովյանին, որովհետև սա հենց իրե´նց օգտին էր քարոզում:

Ու թե որ հայ հոգևորականների ու հայ պաշտոնյաների մատնությունները չլինեին, ոչ մի ռուս էլ չէր իմանա, որ գավառական փոքրիկ Երևանում ինչ-որ մի մանր չինովնիկ սկսել է Լոմոնոսովի պես գրելը:

Բայց Մոսկվան ինչո՞ւ պիտի Լոմոնոսովի պես գրելը վատ ու մանավանդ արգելված բան համարեր:

Ու Աբովյանը վերցրեց Երևանի բարբառը, իր կարեցածով, բայց, իրենից անկախ (անգիտակից, որովհետև սովորության ուժը զորավոր բան է), մի քիչ «գրաբարացրեց» սա (կամ արդեն սովոր էր իր առաջվա գրաբարացրած լեզվին ու սա պիտի ավելի շատ աշխարհաբարացներ), որովհետև ինքն այս նոր աշխարհաբարով առաջին գրողն էր ու փորձ չուներ: Ու հնար էլ չունեցավ, որ տպելու համար մաքրեր ու մշակեր:

Աբովյանին, ինչպես նաև Աբովյանի դասարանցի ու իբր հետևորդ, «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանին, Միքայել Նալբանդյանին ու իր օրերի մարդկանց իմ ասած այս բաների չիմացությունը ներելի էր:

Իրենք այս բաները չգիդեին, որովհետև այն օրերին նորագույն լեզվաբանությունը (պատմահամեմատական մեթոդն ու լեզվի գիտական պատմությունը) դեռ նոր-նոր էր ծնվում:

Բայց մեր այսօրվա դոկտոր պրոֆեսոր ու ակադեմիկոսներին, մանավանդ լեզվաբաններին, գրողներին ու գրականագետներին ու մնացած ուսյալներին, լեզվաբանության աքսիոմատիկ դրույթների չիմացությունը բոլորովին ներելի չի:

Հավելված-3

«ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ»-Ը

Հ-3.1 Ս. Նազարյանն ու Մ. Նալբանդյանը

Ասվեց, որ Աբովյանի դասընկեր Ստեփանոս Նազարյանը Աբովյանի կորչելուց 10 տարի հետո՝ 1858 թվին, Մոսկվայում «Հյուսիսափայլ» անունով մի գրական-գեղարվեստական-քաղաքական ու մի քիչ էլ գիտական ամսագիր հիմնեց, ինչը գործեց մինչև 1862-ը, ու նաև՝ 1864-ին:

Ամսագրին կարճ ժամանակ աշխատակցել է Միքայել Նալբանդյանը:

Նազարյանն ու Նալբանդյանը երևի իրենց համարում էին Աբովյանի հետևորդները, բայց սրանք շատ յուրօրինակ հետևորդներ էին, որովհետև հենց սրա՛նք խորացրին ու անսահման շատացրին Աբովյանի անգիտակից սխալները:

1. Սրանք, համարելով, որ Աբովյանի գրական ոճը կիսատ-պռատ է (երևի մտածելով, թե Աբովյանի գիտելիքն է կիսատ-պռատ եղել, իսկ իրենցը շատ ու շատ ավելի գերազանց է, բայց, ճիշտն ասած, չհասկանալով Աբովյանի արածի իմաստն ու նպատակը), նախ կտրուկ դեն շպրտեցին օժանդակ «ա»-ն ու սրա տեղը դրին «է»-ն:

2. Երկրորդը, Նազարյանն ու Նալբանդյանը, հակառակվելով լեզվի բնական հնչյունական էվոլյուցիային, այսինքն, հակառակվելով Լեզվի Գլխավոր Օրենքին, որովհետև ուղղակի չգիտեին այս օրենքը, Արարատյան բարբառի բառերի 19-րդ դարի ձևերի տեղը դրեցին այս նույն բառերի 1400 տարի առաջվա ձևերը՝ լրիվ աղավաղելով ու խարխլելով բարբառի այդ օրերի ցրիվ կարգն ու մանավանդ այդ կարգի հնչյունական բարդ ու ամրակուռ շենքը:

3. Այսինքն, եթե Աբովյանը լրիվ իրավացի գրում էր՝ «արին-արնի, լիս-լսի, զրից, հարիր հարյուր»-ի տեղը), տեհել ա, տենում ա, քցեց, դուս-դսի, վախտ, ըլի, էրկու, իրեք, օխտը, ֆորթ, հորթ»-ի տեղը), ֆող հող»-ի տեղը)» ևն, սրանք գրեցին (հին ուղղագրությունով, իհարկե), «արյուն-արյան, լույս-լույսի, զրույց, հարյուր, տեսել է, տեսնում է, գցեց, դուրս-դրսի, ժամանակ, լինի, երկու, երեք, յոթ, հորթ, հող» ևն:

4. Բարբառի ա´յն բառերը, մանավանդ եղանակիչ (սպասարկու) բառերը, որ գրաբարում չկային, փոխարինվեցին գրաբարյան համարժեքներով (նույնիսկ եթե բնիկ հայերեն էին): Օրինակ, դեն շպրտեցին «ամա, չունքի, ոնց/մոնց, ընչանք, սաքի, էս, էտ, էն» բառերն (ու սրանց հոլովաձևերն ու բառաբարդ ձևերը) ևն, ու սրանց տեղը դրին՝ «բայց, որովհետև, այսպես, ինչպես, մինչև, իբր, այս, այդ, այն, այն/նա» ևն ձևերը (կամաց-կամաց դեն շպրտելով այս վերջին չորսի հոլովաձևերը (ու, օրինակ, «սոցա, նոցա, դոցա» ձևերը), որովհետև այս գրաբարյան ձևերի հոլովաձևերը չհարմարվեցին նույնիսկ գրական ոճերում) ևն:

5. Ներմուծեցին «և»-ը, ինչն Աբովյանը քիչ ուներ: Ու այսօրվա արևելահայերեն գրական ոճերը երկու իրար լրիվ համարժեք համադասական շաղկապ ունեն՝ «և»-ն ու «ու»-ն, ինչն արտառոց ու իհարկե լրիվ անիմաստ բան է, որովհետև չկա Երևանի բարբառի պրոցեսի ցրիվ կարգի մեջ:

6. Դեն շպրտեցին բնիկ հայերեն «էթամ»-ը, որ, ինչպես ասվել է, Աբովյանը, շատ քիչ, բայց գործածում է «երթամ» ձևով, ու ինչն այսօր էլ շատ ճոխ գործածություն ունի Երևանի ու արևելյան բարբառների մի մասում, բայց «էթամ» ձևով:

7. Դեն շպրտեցին «հեչ»-ը, հետո՝ մեր բնիկ հայերեն «խի՞»-ն, բնիկ հայերեն հաստատական «հա´»-ն ևն՝ սրանք փոխարինելով գրաբարյան «ոչ»-ով, «ինչու»-ով ու «այո»-ով ևն:

8. Դեն շպրտեցին «կարամ»-ն ու սրա եղանակչային մյուս ձևերը, «պիտի»-ն ու սրա եղանակչային մյուս ձևերը, «ուզում եմ»-ի եղանակչային ձևերը՝ սրանք փոխարինելով Չուկովսկու ասած «կարող եմ» ու «կարողանում եմ» լեզվական հրեշներով:

9. Մեր հյուսիսյանները, ընդօրինակելով ռուսերենին, այս «կարամ, ուզում եմ, պիտի» եղանակիչների եղանակավորած բայերը, լրիվ անհարկի, փոխարինեցին անորոշ դերբայներով:

Անհարկի, որովհետև, ինչպես Մանուկ Աբեղյանն է իր «Մի քանի քերականական խնդիրների մասին» գործի մեջ անառարկելի ապացուցել (անառարկելի, որովհետև առարկությունները լրիվ անհիմն ու մերկապարանոց են, ու նաև՝ հակագիտական ու անտրամաբանական) հայերենի անորոշ դերբայը բայ չի´, ոչ մի տեսակ բայ չի´, բայական ո´չ մի ֆունկցիա չունի ու իր ամե´ն ինչով անուն է:

10. Կարճ ասած, մեր հյուսիսյաններն ամեն ինչ արեցին ու հենց հիմա էլ են ամեն ինչ անում, որ հայերենը նման չլինի հայերենին: Բայց բարբառը ահավոր ուժեղ է ու հզոր: Բարբառը, հակառակ մեր գրական ոճերին, օտար քերականություն համարյա չի´ վերցնում ու համարյա չվերցրեց է´լ:

Սրա համար էլ, չնայած բարբառի բառապաշարն ու հնչյունական տեսքը ահագին փոխվեցին, բայց մեկ է, բարբառը չհնազանդվեց հյուսիսյանների կամքին:

11. Հյուսիսյաններն ուզում էին, որ ժողովուրդը, օրինակ, «արին-արնի, լիս-լսի, քցեց, լիի, զրից, վախտ, էփեմ, էրազ, էկավ, գթավ-քթավ, էրկու, իրեք, հարիր» ու ուրիշ սրանց պես բառերն ասի «գրաբարյան» ձևերով, այսինքն, որ ժողովուրդն ասի՝ «արյուն-արյան, լույս-լույսի, գցեց, լինի, զրույց, ժամանակ, եփեմ, երազ, եկավ, գտավ, երկու, երեք, հարյուր»:

12. Ժողովուրդը, մեծ մասամբ, չենթարկվեց ու այս բառերը հիմա ասում է՝ «արուն-արնի, լուս-լուսի-լսի, քցեց, լինի, զրուց, վախտ» («ժամանակ» բառը ժողովուրդն այսօր բարբառի այն օրերի «մաջալ» բառի տեղն է գործածում), «էփեմ, էրազ, էկավ, գթավ-քթավ, էրկու, իրեք, հարուր» ևն:

13. Իհարկե, բարբառի մեջ բաներ էլ կան, որ փոխվել են: Բերեմ դրանցից մի քանիսը՝ հին ու նոր ձևերը բաժանելով գծիկով՝ «տեհավ-տեսավ», բայց և՝ «տենում ա, ֆորս-որս, ֆոտ-հոտ, ֆող-հող, ֆորթ-հորթ, կենթանութեն-կենդանուցյուն, ուրախութեն-ուրախուցյուն» ևն:

Այս վերջին էրկուսի մեջ «-թյուն» մասնիկը հիմա արտասանում են մի ո´չ այն է՝ «-ցյուն», ոչ այն է՝ «-ցուն», ոչ այն է՝ «-չուն», այսինքն, բարբառի մեջ առաջացել է մի նոր հնչյուն, ինչն առաջ չկար, ու ինչը նշանակում ենք «-թյ»-ով, ու ինչի համար մեր այբուբենում տառ չունենք: Սա լրիվ անսպասելի բան էր:

14. Հյուսիսյանները, ռուսերենին ու մասամբ էլ գրաբարին ընդօրինակելով, ներմուծեցին վիթխարի քանակությունով «ռուսաձև» մակբայ՝ մեր ածականներին ավելացնելով «-աբար, -ապես, -որեն» մասնիկները, ու հիմա, օրինակ, փոխանակ լրիվ հայավարի գրեն՝ «արագ վազեց, հիմար-հիմար խոսաց, մեծ մասամբ տենց ա», գրում են՝ «արագորեն վազեց, հիմարաբար խոսեց, գլխավորապես այդպես է»:

15. Հյուսիսյանները, նորից ռուսերենին ընդօրինակելով, ներմուծեցին վիթխարի քանակությունով «ռուսատիպ» «բայական գոյական», չնայած հայերենն այդ անուններին լրիվ համարժեք մի քանի հարազատ, բնիկ ձև ունի:

Օրինակ, փոխանակ ասեն՝ «ստիպելը-ստիպմունք, խրախուսելը-խրախույս, հոլովելը-հոլովմունք, խոնարհելը-խոնարհմունք», որ բոլորն էլ հոլովվում են «ի»-ով ու ոչ թե գրաբարյան արդեն մեռած «յան, յամբ» վերջավորություններով, ասում են՝ «խրախուսում, խոնարհում, հոլովում» ևն, որ կենդանի բարբառները չեն գործածում:

16. Բարբառի շարահյուսության փոփոխությունը համարյա զրո է, ու սրա մասին արդեն ասել եմ:

Այժմ խոսենք այն հարցերից, թե ո՞նց ու ինչքա՞ն փոխվեցին գրական ոճերը, կամ սրանք ի՞նչ սկզբունքով հորինվեցին:

Հ-3.2 Հյուսիսյանների «չսկզբունքը»

Դրույթ 1. Հյուսիսյանների այս անորոշ «սկզբունքը» լրիվ հակագիտական էր, այսինքն, «չսկզբունք» էր, ու սա լրի´վ էր հակառակ թե´ Լեզվի Գլխավոր Օրենքին, թե´ Երևանի բարբառի հայերեն պրոցեսի ցրիվ կարգին:

Կնշանակի, սա հակառակ էր նաև հայերենի հենց էությանը ու, իհարկե, չափազա´նց էր կախված ամեն մի անհատ «գրագետի» կապրիզից:

Այդ «չսկզբունքը», Նալբանդյանի ձևակերպվածով, ասում է, թե.

Դրույթ 2. «Հայերենի նոր աշխարհաբար լեզուն պիտի հիմնված լինի Արարատյան բարբառի վրա, բայց չպիտի ստրկանա ո´չ գրաբարին, ո´չ էլ բարբառներից որևէ մեկին ու փոխարենը պիտի օգտվի թե´ գրաբարից, թե´ բոլո´ր բարբառներից» [27]:

Այս «սկզբունք» կոչվածի հակասականությունն ակնհայտ է: Թե որ այս «նոր լեզուն» հիմնվելու էր Արարատյան բարբառի վրա, բա էլ ո՞նց չպիտի ստրկանար այս բարբառին: Երկրորդը, այս նոր «լեզուն» ո՞նց պիտի օգտվեր բոլոր բարբառներից, թե որ հայտնի է, որ երկու բարբառի հիբրիդն անհնար է (հյուսիսյանները սա, իհարկե, չգիտեին):

Լեզվաբանությունից ու լեզվի օրենքներից անտեղյակները մեկ-մեկ ասում են, թե «բերեք արևմտահայերենից ու արևելահայերենից մի ընդհանուր լեզու սարքենք ու բոլորս էլ է´դ լեզուն գործածենք»:

Այս գրքում արդեն ասվել ու ցույց է տրվել, որ սա հնարավոր չի: Բացի սա.

Դրույթ 3. Անհնար է, որ մարդկային որևէ ծրագրով խոսվող լեզու հնարվի, լեզվական պրոցես ստեղծվի: Լեզու կոչված պրոցեսն ստեղծում է մարդկային հանրությունը, ստեղծում է անգիտակից ու առանց ծրագրի, պատահականությունների շարանով, ու այս ստեղծվածն լեզվական պրոցեսն էլ ինքնակազմակերպ է, ինքնակառավար ու քմահաճ:

Դրույթ 4. Մեր լեզվաբանությունն ասում է, թե. «Մեր գրական լեզուն հիմնված է Արարատյան բարբառին»: Սա, մեծ մասամբ, հակադիր է իրականությանը, որովհետև մեր գրական ոճերը ի սկզբանէ վարվում են բարբառին լրիվ հակառակ:

Դրույթ 5. Մեր գրական ոճերը, թերևս Խաչատուր Աբովյանի, Գաբրիել Սունդուկյանի ու մի քիչ էլ՝ Պերճ Պռոշյանի, Արշակ Ագապյանի, Հովհաննես Թումանյանի, Վրթանես Փափազյանի ու Դերենիկ Դեմիրճյանի (սկզբնական) մի քանի ուրիշի գըրվածքների բացառությունով, ոչ միայն չեն հետևում Արարատյան բարբառին, այլ խորշում ու խրտնում են Արարատյան բարբառից, ու իրենց ողջ ուժ ու զորությունով ձգտում են՝ Արարատյան բարբառից շեղվելուն ու ինչքան կարող են՝ այս բարբառին նման չլինելուն:

Սրա պատճառն այն բանն է, որ գրական «լեզու» կոչվածի ջատագովները կարծում ու հայտարարում են, թե «Երևանի բարբառը «ժարգոն է, զզվելի է, կոպիտ է, «ժողովրդախոսակցական» կամ «խոսակցական» լեզու է»:

Ուրեմն, մեր գրական ոճերը, համարյա առանց բացառության (մանավանդ, «հեղինակային խոսք» կոչվածի մեջ) ձգտում են՝ խիստ տարբերվեն Արարատյան բարբառից:

Ու ո՞նց են տարբերվում: Միայն մի ձևով.

Դրույթ 6. Հենց որ մեր գրական ոճերի հեղինակները մի կույր-կույր արած թարգմանական այնպիսի կլիշե (պատճեն, կալկա) կամ մի ուրիշ ոչ այնպիսի հայաձև բառ ու խոսք են տեսնում, ինչը տարբեր է Երևանի (իրենց կարծիքով) ստորադաս ու քամահրելի բարբառից, իսկույն սա վերցնում են ու գործածում, մտածելով, թե սա հենց Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել:

Մեր «լեզվական հայրենասիրական քաղաքականություն վարող» Լեզվի պետական կոմիտեն էլ նամակ է գրում հեռացույցի ոչ պակաս տգետ հաղորդավարներին, թե. «Ինչո՞ւ գայկային չեք ասում «պտուտակամայր», իսկ բոլտին՝ «հեղույս»»:

Մի հարցնող էլ չկա, թե մեր այս լեզվաբանները ո՞րտեղից գիդեն, որ գայկան պտուտակի մայրն է: Մի՞թե հնարավոր չի, որ գայկան կամ էլ գոնե հեղույսը պտուտակի հայրը լինի:

Հազար ափսոս, բայց սրա պես զվարճալի օրինակ շատ-շատ կա: Նորից ասեմ, որ կա մի ուրիշ մեծագույն սուտ կամ մոլորություն. իբր գրողները լեզու են ստեղծում:

Դրույթ 6. Աշխարհում ոչ մի գրող կամ գրողների խումբ երբևէ ոչ մի լեզու, ոչ մի լեզվական պրոցես չի ստեղծել ու չի էլ կարող ստեղծի, որովհետև լեզվական պրոցեսի գոյության համար լեզվական հանրություն է պետք: Լեզվական պրոցեսը, այսինքն, լեզուն, միմիայն ժողովուրդն է ստեղծում:

Գրողը, շատ-շատ, իր ոճը ստեղծի ու մեկ էլ մի քանի բառ կպցնի իրար ու բարդ բառեր ստեղծի:

Հավելված-4

ԿԱՐԾԻՔՆԵՐ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հ-4.1 Վ. Տերյանը փոխառությունների մասին

Եթե բարբառը մի ինչ-որ բառ է փոխ առել ու սա գործածում է, մանավանդ, երբ այս բառը մի ինչ-որ սարքի կամ կերակրի անուն է, համարյա անհնար է, որ սա փոխարինվի «իր գրական ու հայերեն» համարժեքով:

Սրա համոզիչ օրինակն են անցյալ դարասկզբին Վ. Տերյանի բերած օրինակները: Ահա թե ինչ է ասում Տերյանը ([34], էջ՝ 318-319, թավատառն ու շեղատառն ի´մն են).

«…ես միանգամայն հակառակ եմ այն տարօրինակ ձևին, որ ընդունել են մեր Մխիթարյանները և նրանց հետևելով՝ պոլսահայերը {այսօր էլ՝ մեր Սփյուռքը}: Նրանք օտար բառը թարգմանում են և տեղը մի նոր, ինչպես իրենք են ասում, ավելի «հայաշունչ» բառ են թխում:

«Վելոսիպեդին ասում են հեծանիվ, ինտելիգեցիային – մտավորականություն, սոցիոլոգիային – ընկերաբանություն, ֆիլոսոֆիային – իմաստասիրություն, պալտոյին – վերարկու, գալոշին – կրկնակոշիկ, փեչին – վառարան, տրամվային – էլեկտրաքարշ և այլն:

«Այս ձևը սխալ է ոչ միայն նրա համար, որ «տրամվայ» բառը «էլեկտրաքարշ» բառից և´ բարեհնչյուն է, և´ դյուրըմբռնելի, այլև գլխավորապես նրա համար, որ այսպիսի սխոլաստիկ ձևով ստեղծվում է մի շարք անկենդան, շինծու, անհասկանալի բառեր ու դարձվածներ, որոնք մեր լեզուն դժվարացնում են, դարձնում են ավելի դժվար յուրացվող մի լեզու: Իսկ լեզուների պատմությունը և համեմատությունը մեզ ցույց է տալիս, որ մրցության մեջ հաղթում է այն լեզուն, որը ավելի հեշտ է յուրացվում, որի կազմվածքը ավելի պարզ է

«Լեզուն զարգացնել չի նշանակում խուսափել եվոպական բառերից, նրանց տեղը հայերեն հնացած կամ բոլորովին անտեղի մեռած բառեր դնել: Պարզ է, որ վառարանը փեչ չէ, ոչ էլ տրամվայը – էլեկտրաքարշ, ոչ էլ պալտոն – վերարկու, ոչ էլ գալոշը – կրկնակոշիկ:

«Ժողովրդական բնազդը այս դեպքում էլ ավելի առողջ է և զորեղ, քան ինտելիգենտի կամ վանականի սխոլաստիկ ազգասիրությունը:

«Եվ դրա համար է, որ պոլսական լեզուն միայն պոլսեցու համար է հասկանալի, ինչպես և մխիթարյանների լեզուն {միայն մխիթարյանների համար է հասկանալի}, իսկ մենք այդ լեզուն հասկանալու համար պիտի ուժ գործ դնենք, պիտի մտածենք դեռ, թե ինչ խոսքերից է կազմված այդ բառը, ասենք «ընկերաբանությունը», մինչդեռ «սոցիոլոգիան» բոլորի համար հասկանալի է, քանի որ ոչ միայն մենք, այլև բոլոր եվրոպական ազգերը այդպես են ասում:

«Մխիթարյանների և պոլսեցոց թեորիաներն ու ձևերը, որ դժբախտաբար մեր՝ ռուսահայերիս մեջ էլ սկսում են գործածության մեջ մտնել, հիշեցնում են այն մարդկանց, որ Շիշկով ադմիրալի ղեկավարությամբ պաշտպանում էին ռուսաց լեզվի մաքրությունն ու գեղեցկությունը Կարամզինի և այլոց դեմ: Նրանք էլ «գալոշի» տեղ առաջարկում էին «мокроступы» ասել, իսկ «տրոտուարի» տեղ՝ «топталище» և այլն:

«Եվ եթե «мокроступы» ասելով կհասկանաք դուք գալոշ, ուրեմն և կրկնակոշիկ ասելով {կհասկանաք}: Բանն այն էր, որ ախր կրկնակոշիկը կարող է բնավ գալոշ չլինել, իսկ վերարկուն – պալտո կամ էլեկտրաքարշը – տրամվայ»:

Այսինքն, այս «թարգմանածների» իմաստային դաշտը շատ է լայնանում, որովհետև, օրինակ, տրոլեյբուսն ու էլեկտրագնացքն էլ են էլեկտրաքարշ ևն:

Մաքրամոլները Տերյանի վերը բերած օրինակները շատ են հիշատակում, բայց սըրանք նախ բերում են միայն «վելիսոպեդ»-ը, «վերարկու»-ն ու «փեչ»-ը, որովհետև մնացած օրինակները ձեռնտու չեն ու իրենց ուզածը չեն հաստատում: Բացի սա, բերում են իմ ընդարձակ քաղվածքի միայն երկրորդ պարբերությունը, ու մնացածը չեն բերում:

Ու իրոք էլ, Տերյանը թերևս երկու բառի՝ «վելիսապեդ»-ի ու «ինտելիգենցիայի» հարցում միայն սխալվեց:

Առաջին սխալի պատճառն այն է, որ 20-րդ դարի սկզբին Հայաստանում մի քանի հոգի գիտեր միայն, թե «վելիսապեդ»-ն ինչ է: Այս գործիքը հայերին անծանոթ էր: Ու երբ բերին ու խանութներում «վելիսապեդ» գործիքը դրին ու վրան էլ գրին «հեծանիվ», «հեծանիվ» բառը մտավ բարբառը, հենց գործիքի գալու հետ միասին:

Երկրորդ բառը, «ինտելիգենցիա»-ն, թերևս առաջինի պես լայն գործածություն չունի ու սրա իբր հայաշունչ «մտավորականություն»-ը, այն օրերին է´լ, հիմա է´լ, գործածում են միայն ինտելիգենտները (տես նաև հաջորդ դիտողությունը):

Իմիջիայլոց, «ինտելիգենտ» բառը լատիներենից է անցել ուրիշ լեզուները, ու սրա լատիներեն իմաստը «հասկացող»-ն է, «ֆայմ» ունեցողն է:

Այս օրինակն է՛լ է ցույց տալիս, որ մեր հայացնողների տրամաբանությունն ու գիտելիքը կաղացել են:

Գրագետներին թվում է, թե «վառարան»-ը, «կոյուղի»-ն ու «վերարկու»-ն այնուամենայնիվ գործածում են: Այսպես չի: Այս սխալ կարծիքի պատճառն այն է, որ ուսյալները, մեծ մասով, իրար հետ են շփվում, իսկ իրենց միջավայրում այս բառերի (իմիջիայլոց՝ բռնազբոս) գործածությունն ավելի հաճախ է:

Բայց կարծում եմ, որ համարյա ոչ մի ուսյալ, որ գնա շուկա, երևի չի ասի. «Այստեղ որտե՞ղ են վառարան վաճառում»: Այս ուսյալը կասի. «Ըստե ո՞րդե են փեչ (կամ էլ՝ «փեջ», եթե երևանցի է) ծախում»:

Որովհետև նախ սա հեշտ է, երկրորդն էլ՝ «ծիծաղի առարկա չես դառնա»: Որովհետև բոլորս էլ ձեռք բերովի մի բնազդով զգում ենք, որ.

Դրույթ 1. Բարբառի պրոցեսի ինքնակա ցրիվ կարգին անծանոթ լեզվական երևույթները հայերեն չեն ու շատ անգամ ծիծաղելի են:

Իմիջիայլոց, կարծում եմ, որ երևի «պալտո» բառը կմեռնի, որովհետև հիմա էլ պալտո չեն հագնում (ոչ էլ վերարկու են հագնում):

Հիմա կուրտկա են հագնում, իսկ եթե մեր քերականները սրա անունը դնեն, օրինակ, «կիսավերարկու», մեկ է, ժողովուրդը կասի «կուրտկա»: Ինչ ուզում ես, ասա, բարբառի ինքնուրույն կարգը շա´տ է ամուր:

Տերյանի այս հոդվածը («Հայ գրականության գալիք օրը») բավական հակասական է, ու իր հիմնական սխալը մեր գրական ոճերը լեզու համարելն է: Այս սխալն այն օրերի համար բնական էր (տես «Ի՞նչ է աշխարհաբարը» գլուխը), բայց հենց հիմա էլ մի քանի խոսք ասեմ Տերյանի ասածների մասին:

Բերածս քաղվածքից երևում է, որ Տերյանը համարում էր, թե փոխառությունը թույլատրելի է միայն եվրոպական լեզուներից: Այսինքն, Տերյանը համոզված էր, որ արևելյան լեզուներից ու նույնիսկ հայերենի բարբառներից փոխառությունը անթույլատրելի է:

Սա, իհարկե, սխալ է, բայց դառնանք քաղվածքներին, որ համոզվենք, որ ճիշտ եմ հասկացել Տերյանին: Տերյանն ասում է [ib., 321].

«Աբովյանը վերցրել է մի բարբառ և առանց այլևայլության գրել է այդ բարբառով և հակադրել է այդ բարբառը գրաբարին: Իսկ մյուս ճյուղը {այսինքն, հյուսիսյանները} նույն նպատակին դիմել է մի ուրիշ ճանապարհով – նա {այս մյուս ճյուղը} կերտել է {sic!} մի նոր լեզու, որի մեջ մտել են նյութեր և՛ գրաբարից, և՛ բոլոր այն ժամանակ հայտնի և գործածության մեջ գտնվող բարբառներից:

«Իրավ որ Նազարյանի լեզուն ավելի մոտ է հին լեզվին, այսինքն, գրաբարին: Աբովյանի լեզուն հասկանալի էր, շատ դյուրըմբռնելի մեր ժողովրդի մի մասին, որովհետև նրա իսկ՝ ժողովրդի այդ հատվածի լեզուն էր, սակայն չպետք է մոռանալ, որ դա հայ ժողովրդի մի հատվածն էր միայն: Մինչդեռ ախալքալաքցու կամ շիրակցու համար այդ լեզուն գուցե ավելի դժվար ըմբռնելի էր, քան ոչ միայն Նազարյանի լեզուն, այլ նույնիսկ գրաբարը»:

Սա ճիշտ չի: Գրաբարը այն օրերին է´լ, այսօր է´լ ոչ մասնագետ բոլոր հայերին է անհասկանալի, լրի՛վ է անհասկանալի:

Իսկ Նազարյանի լեզուն, այսինքն, այսօրվա գրական ոճերը, այսօր մեր ժողովրդի մի զգալի մասին իրո´ք են բավական անհասկանալի, չնայած մարդիկ ամաչում ու չեն ասում, որ անհասկանալի է:

Սա ասում են միայն Սփյուռքի մեր հայրենակիցները՝ մտածելով, թե արևելահայերեն գրական ոճերը իրենց չհասկանալու պատճառը միմիայն մեր ու իրենց ուղղագրությունների տարբերությունն է: Բայց երբ սրանք գալիս են Հայաստան, համոզվում են, որ Երևանի բարբառն իրենց լրի´վ է հասկանալի:

Եթե Համշենի բարբառն ու սրա պես դժվար ըմբռնելի մեկ երկու խոսվածքը կողմ թողնենք, այն օրերի հայ բարբառների բոլոր կրողներն էլ իրար հրաշալի էին հասկանում: Ահա թե ինչ է ասում Թումանյանը 1919 թվին ([13], 4-րդ հատ, էջ՝ 301).

«Չնչին է հայ ժողովրդական կենդանի բարբառների միջև եղած տարբերությունը և կայանում է գլխավորապես կը-ի և ում-ի մեջ: Էդտեղ էլ՝ գերակշռելու է կովկասահայ բարբառը: Այս չնչին տարբերությունները մի կողմ թողած, հայ ժողովըրդական բարբառները մի լեզու են և հայտնաբերում են մի ամբողջական հայություն»:

Ով չի հավատում Թումանյանին, թող բացի մեր «Հայ ժողովրդական հեքիաթներ»-ի հատորները ու կարդա տարբեր բարբառների հեքիաթները՝ հիշելով, որ այն բառերը, որ ինքը հիմա չի հասկանում, այն օրերին հասկանալի էին բոլոր հայերին:

Անհնար էր, որ Տերյանը սա չիմանար: Բայց Տերյանն ուզում էր ապացուցի իր ասածը, ինչը ապացուցելի չի:

Ահա թե էլ ինչ է ասում Տերյանը [էջ 322].

«Առաջ եկան մի կողմից Պռոշյան, Աղայան, մյուս կողմից՝ Սունդուկյան, որոնք շարունակեցին բարբառով գրել և ավելի ևս բարդացրին այս խնդիրը: Ըստ երևույթին, այդ մարդկանց չէր գոհացնում Նազարյանի և Շահազիզի իրավ որ անկենդան լեզուն:

«Ճիշտ է, անկենդան էր այդ լեզուն, կիսամեռ էր նա, առկախ գրաբարից, լի խրթին ու չոր խոսքերով ու դարձվածներով:

«Եվ շատ հասկանալի է, որ Սունդուկյանի նման մի անզուգական տաղանդ պետք է նըկատեր, որ դրամայի ասպարեզում, թատրոնում այդ Նազարյան-Շահազիզյան լեզուն անկիրառելի է, անթույլատրելի, անհնար: Որովհետև ոչ մի տեղ այնքան աչքի չի ընկնում լեզվի մեռածությունը, որքան թատրոնում և այն՝ կենցաղագրական-նատուրալիստական թատրոնում»:

(Այս նկարագրությունը ոնց որ վերաբերի հենց այսօրվանը): Հետո Տերյանը անհիմն դատողություն է անում հօգուտ Նազարյանի լեզվի՝ վկա բերելով Մառի սխալ տեսությունը ու սխալ ներկայացնելով եվրոպական գրական ոճերի պատմությունը: Իսկ հետո էլ հարձակվում է բարբառներից նույնիսկ ընդհանուր հայկական բառ փոխ առնողների վրա [ib., էջ՝ 324-325].

«Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է բյուրեղանման պարզության,…որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի: Սակայն նա պահպանել է իր լեզվի մեջ դեռևս երկու բառ. դա հռչակավոր «էս»-ն ու «էն»-ն է»:

(Sic! Տերյանն «էդ»-ը չի հիշատակում, ու սա պատահական չի, որովհետև Տերյանի գրական ոճի «կենսատու ուժը» ռուսերենն էր, իսկ ռուսերենի ցուցական ածականներն ու ցուցական դերանունները երկաստիճան են, այսինքն, ռուսները մեր «էս, էտ, էն»-ի դիմաց ունեն (քերականական սեռը մի կողմ) միայն երկու հատ՝ этот-ն ու тот-ը (մնացած սեռերինը չեմ բերում):

Ղազարոս Աղայանը հենց սրանից է բողոքում, երբ ասում է [6], որ մերոնք. «չեն գործածում մեր ա´յն դերանունները, որոնք նույնպես ռուսաց լեզվումը չկան»:

Հետո Տերյանն ասում է.

«Այս «էս»-ն ու «էն»-ը «այս» ու «այն»-ի հանդեպ մեր գրականության մեջ առանձին բարբառների գործածության վերջին զինվորներն են, վերջին բերդերն են, որ դեռ պահպանում են իրենց գոյությունը և մինչև անգամ թշնամական բանակի մեջ իրարանցում գցելու անհաջող փորձեր էլ են անում: Թումանյանի մի քանի անշնորհք ու շնորհալի աշակերտները ճիգ են թափում այդ «էս»-ն ու «էն»-ը ընդհանրացնելու, և պետք է խոստովանել, շնորհիվ մեր երկրում տիրող անտերությանը, որոշ չափով հաջողում են այդ բանում»:

Տերյանը սխալ է, երբ ասում է, թե Թումանյանի գործածած բարբառային միակ բառերը «էս»-ն ու «էն»-ն են: Թումանյանը բարբառային շատ բառ ունի գործածած ու, ինչպես քիչ հետո կտեսնենք, այս ու ուրիշ աղբյուրներից փոխ առած բառերի գործածությունը Թումանյանի սկզբունքն էր: Թումանյանը 1910 թվին, երբ 40 տարեկան էր ու բոլորովին էլ նորելուկ չէր, ասում է.

« …ամեն մի գրող իր համար ընտրում է իրեն հարմար մի ճանապարհ: Նրանց առջևն են և´ եղած գրական լեզուն, և´ գրաբարը, և´ բարբառները, և´ օտար լեզուները: Ես այն կարծիքին եմ,…որ գրողը իր լեզուն հարստացնելու, կազմելու համար ազատ է օգտվելու էդ բոլոր աղբյուրներից, միայն թե պետք է իմանա շնորհքով, խելացի օգտվել և տեղը գործ ածել»:

Այնինչ Տերյանը պնդում է [ib. 324].

«Նույն Թումանյանի լեզուն ապրել է մի շատ բնորոշ ու նշանակալից {պիտի լինի՝ «նշանակալի»} էվոլյուցիա: Առաջին շրջանում, երբ նա ստեղծագործել է բարբառով, գրել է ավելի խրթին ու լի բարբառաբանություններով և աստիճանաբար գնացել է դեպի զտում, դեպի բյուրեղացում…»:

Սա ճիշտ չի: Ճիշտը սրա լրիվ հակառակն է: Թումանյանն իր, օրինակ, գլխավոր գործը՝ «Անուշ»-ը, մշակել է մոտ երկու տասնամյակ, ու «Անուշ»-ի այսօրվա տարբերակը հրատարակել է 1916 թվին, երբ Թումանյանը 46 տարեկան էր ու 7 տարի հետո պիտի վախճանվեր: Դժվար թե որևէ մեկը չհամաձայնի, որ այս տարիքում Թումանյանն արդեն հասուն էր ամե՛ն առումով:

Երբ համեմատում ես «Անուշ»-ի առաջին տարբերակներն այս վերջինի հետ, իսկույն երևում է, որ Թումանյանը վերջին տարբերակից հանել ու դուրս է շպրտել հենց Տերյանի սիրած գրակա՛ն բառերը, սրանց տեղը դնելով Երևանի կենդանի բարբառի բառերը:

Հիշենք, օրինակ, «Օխտն աղբյուրից ջուր է առել»-ը ևն: Դժվար թե որևէ մեկը կասկածի, թե Թումանյանը չգիտեր, որ գրաբարյան գրականով ճիշտը «եաւթն»-ն է, բայց այս «յօթն»-ն այն օրերին Թումանյանին թվացել է անհույս մեռած, ու ինքը սրա տեղը դրել է կենդանի «օխտ»-ը:

Բացի սա, ասվել է արդեն, որ խմբագիրները, ովքեր լինելով հյուսիսյան, այն օրերին է´լ էին այսօրվա պես մեծամիտ ու, մեծամիտ-մեծամիտ էլ բռնանում ու ահաբեկում էին հեղինակներին ու «ուղղում էին» Թումանյանի բնագրերը, օրինակ, իր գրած երրորդ դեմքի եզակիի «ա» բայը փոխելով «է»-ով, «թվանք»-ը՝ «հրացան»-ով ևն (տես՝ [6], 3-րդ հատ, «Արջը» պատմվածքի սիգնալային օրինակի մի էջի լուսանկարը, էջ):

Տերյանը շարունակում է.

«Նրանք լցրել են մեր մանկական գրականությունը այդ «էս» ու «էն»-երով և մի քանի նույնանման բառեր ևս մտցրել են դրանց հետ միասին:

«Դրա {պիտի լինի՝ «Սրա»} մասին խոսում եմ նրա համար {պիտի լինի՝ «որովհետև» կամ՝ «քանի որ»; սրանց պես ռուսիզմների քանակը Տերյանի թե´ արձակ խոսքի, թե´ ոտանավորների մեջ շատ-շատ է, այնինչ, Թումանյանի ոտանավորների ու հասուն շրջանի գեղարվեստական արձակի մեջ սրանց պես ռուսիզմ համարյա չկա}, որ դպրոցի և մանուկների մեջ վտանգավոր են այդ բարբառի {պիտի լինի՝ «բարբառի այդ»} վերջին զինվորները…մինչդեռ, ըստ իս, նրանց պետք է դուրս վռնդել…, թողնելով միայն ոճական կարիքների համար», ասում է Տերյանը:

Չեմ երկարացնում ու չեմ քննում Տերյանի այս հոդվածի ողջ հակասականությունը (ինչը հատուկ է նաև Նազարյանին ու Նալբանդյանին ու սրանց կողմնակիցներին):

Չեմ ցույց տալիս նաև հեղինակի զգալի անտեղյակությունը լեզվաբանությունից ու աշխարհի գրականության պատմությունից, միայն ասեմ, որ այս հատվածից երեվում է հետևյալը.

Դրույթ 2. Գրական ոճերը կառավարելի են, ու սրանք կառավարվում են Նազարյանի ու Նալբանդյանի ու Տերյանի ու սրանց կողմնակիցների անսկզբունք ծրագրով, ինչը, վերջին հաշվով, քմահաճույք է, կապրիզ է ու շատացնում է լեզվի քաոսը (էնտրոպիան, եթե կուզեք): Այնինչ, կենդանի լեզուն մարդկային որևէ ծրագրով անկառավարելի է, որովհետև սա ինքնակարգավոր, ինքնակազմակերպ ու ինքնակառավար է, ու սա գիտական փաստ է:

Սա մի անգամ է´լ է ապացուցում, որ գրական ոճերը լեզու չեն, որովհետև, օրինակ, չունեն լեզվի անկառավարության հատկությունը:

Դրույթ 3. Կենդանի լեզվով խոսողը խոսում է նվազագույն ճիգով, ռեֆլեքսո՛վ, այսինքն, համարյա բնազդով, «առանց տրամաբանական վերլուծության» (տես 6.5-ը):

Այնինչ, գրական ոճերով խոսողը կամ գրողը, համարյա միշտ, գերագույն ճիգ ու ջանք է գործադրում, որ «ընտիր ու մաքուր հայերենով» խոսի ու գրի: Հենց միայն սրա համար իսկ՝ գրական ոճերը լեզու չեն, ո´ճ են:

Հ-4.2 Հ. Թումանյանը փոխառությունների մասին

Լա´վ եմ հասկանում, որ քաղվածքներս անասելի երկար են: Բայց սրանք այնքան պարզ ու տեղին են, այնքան լավ են բացատրում քննվող հարցի էությունը, այնքան են տիպական հենց մեր օրերի համար, որ բերում եմ սրանք, մանավանդ, որ.

Դրույթ 1. Թումանյանի ու Աղայանի մեր գրական ոճերը քննադատող հոդվածները թերևս թաքցնում ու մինչև հիմա էլ թաքցրել են մեր ժողովրդից, մեր երեխաներից ու ջահելներից, որ սրանք հանկարծ չմտածեն, թե մեր այս արհեստական ու ծանրաշունչ գրական ոճերը որևէ թերություն ունեն:

Թումանյանը 1910 թվի մայիսի 14-ին իր «Լեզվական փոխառությունները» հոդվածի մեջ ասում է.

«[…Ա. Մեղրյանը] վշտանում է, որ մեր գրողներից ոմանք (ի միջի այլոց Ա. Իսահակյանն ու ես) գործ են ածում «ջան, ջիգյար, յար, յարաբ, ղարիբ» և այլն: Եթե խոսքը այս կամ այն օտար բառերի վրա լիներ, հարկավ վեճը մասնավոր բնավորություն կունենար և միայն ճաշակի խոսք կարող էր լինել, բայց պ. Մեղրյանը դատապարտում է օտար, այլև մինչև անգամ հայերեն գավառական բառերի գործածությունը ու մաքուր հայերեն լեզվի պահանջն է դնում: Լա˜վ: Պ. Մեղրյանին եթե տանք կարդալու այս բառերը. «վարդ, վայ, վախել…»

{Թումանյանն այստեղ բերում է 58 փոխառյալ բառ, որոնցից մի քանիսը բնիկ է. Ընթերցողը թող նայի իմ «Թարգմանելու արվեստը» գրքի [17] հայերենի փոխառյալ բառերի ցուցակը, որտեղ ես մոտ 1200 բառ եմ բերել}:

«… անշուշտ նա այս բոլորը կհամարի մաքուր հայերեն բառեր: Եթե էդպես էլ չհամարի, կասի դրանք արդեն հայացել են: Էդպես է. ճշմարիտ է {եթե այսպես ասի}: Բայց հիմի մի ուրիշ հարց: Դրանք եթե մեր լեզվի մեջ են մտել ու հայացել, արդյոք դրանից հետո կա՞նգ է առել էդ պրոցեսը, և էլ նոր բառեր չե՞ն մտնում ու հայանում թե´ մեր ժողովրդական լեզվի մեջ, թե´ գրական, ուրիշ խոսքով՝ էլ չե՞ն կատարվում ժողովրդական ու գրական լեզվի փոխառություններ: …

«… մինչդեռ դուք բողոքում եք, թե չի կարելի հայերեն լեզվի մեջ գործ ածել «դարդ, ջան, չոլ, զիլ» ու նման բառեր, մյուս կողմից ներս են հոսում «ինտելիգենտ, կուլտուրա, լեգենդ, սոնետ, պոեմ, պոեզիա, օպերա, զիգզագ, պրոպագանդ» և այլն:

«…Խնդրեմ ասեք, եթե մեր լեզվից հանեք ձեր հալածած «ջանը», որ չինական է, թե մոնղոլական-թաթարական, ինչո՞վ կփոխարինեք:

Ջան»-ը պարսկերենից է ու նշանակում է «հոգի»: Այս կարգի բոլոր բառերը թուրքերեն համարելը տիպական սխալ է նաև այսօրվա համար: Տես ասածս փոխառյալ բառերի ցուցակը}:

«Մի քիչ մտածեցեք, կտեսնեք, {որ} մի {այնպիսի} բառ եք վտարում, որի տեղը համազոր ու համաշունչ մի այլ բառ դնել չեք կարող:…Եթե ձեր լեզուն ընդունակ է հարազատ թարգմանելու կամ հարմար բառեր շինելու, «տելեֆոն»-ին «հեռախոս» ասացեք, «տելեգրաֆ»-ին «հեռագիր» կամ «վելոսիպեդ»-ին «հեծանիվ», բայց հո չի՞ կարելի ամեն բան էլ թարգմանել կամ շինել, «էքսպրոպրիատոր»-ը «ճողոպրիստ», ինչպես արել են պոլսահայերը, «տրամվայը» «քարշակ» անվանել, հանգ. Գամառ-Քաթիպայի նման, «խավիար»-ը «ձկնկիթ» կամ «ֆրակ»-ը «պոչազգեստ»:

«Ոչ. թե´ ժողովրդական, թե´ գրական լեզվի մեջ լեզվական փոփոխությունները եղել են միշտ, կլինեն միշտ, և շատ է գեղեցիկ, որ էդպես է…: Իսկ ինչ վերաբերում է ժողովրդական բարբառներից օգտվելուն, սա ոչ թե դատապարտելի է, այլ հենց սա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու:

«Բավական է. մեր երեխաներն այլևս չպետք է սարսափեն «հա´» ասելիս, և մայրերն այլևս չպետք մատներն սպառնալի թափ տան նրանց վրա. «հա´» ասացի՞ր, ի՞նչպես կարելի է, ասա´ «այո´»: Բավական է, նզովքը պետք է վեր կենա «հա»-ի վրից, իբրև թե նա գռեհիկ է: Սրա մեջ ո´չ առողջ միտք կա, ոչ է´լ ճաշակ»:

Մոտ երկու ամիս անց՝ օգոստոսի 8-ին, Թումանյանը իր «Վռազ պատասխան պ. Մեղրյանին» հոդվածի մեջ ասում է [6], թե այս Մեղրյանն ասում է, թե.

«…հայ գրողները պետք է մաքուր հայերեն գրեն:…Բայց ի՞նչ կնշանակի՝ մաքուր հայերեն, ահա խնդիրը: ... {ահա մեր} հայ գրողները. որի՞ լեզուն եք համարում մաքուր հայերեն. ցույց տվեք

«Դուք ասում եք պետք է…հայերեն լեզվի միջից դուրս վռնդել թուրքերեն, թաթարերեն, ռուսերեն և այլ օտար բառերը և նմուշի համար մի շարք թուրք-թաթարական բառ եք մեջ բերում … օրինակ, «ղարիբ, ղուրբան, դարդ, մարալ, մուշտարի, յար, խաթր, զիլ, մուրազ, նազուք, ջան, ջեյրան» և այլն:

«…Ասում եք. «Ի՞նչ եք ուզում ասել դրանով, որ «ինտելիգենտ» գործածողը իրավունք ունի և «դա՞րդ» գործածելու»:

«Այո´, հենց էդ եմ ուզում ասել…»:

«Ձեզ ո՞վ ասավ, պ. Մեղրյան, որ եվրոպական ազգերն ազգեր են և կարող են միջազգային բառեր ունենալ, իսկ ասիական-արևելյան ազգերն ազգեր չեն և միջազգային բառեր ունենալու իրավունք չունեն ու չեն կարող ունենալ:

«…Դուք ասում եք. «Ըստ իս՝ այստեղ ո´չ շնորհք է հարկավոր, ո´չ խելք, այլ հարկավոր է միայն լավ հայերեն իմանալ և գոյություն ունեցող հայերեն բառերի փոխարեն օտարը գործ չածել» (Հորիզոն, No 166, V սյունյակ) ու մեզ համոզելու համար, Ձեր առաջ բերած օտար բառերի տեղ դնում եք մաքուր հայերենը. օրինակ, առաջարկում եք «ջան»-ի տեղ գործածել «հոգյակ»: Եվ ահա բանը դրստվեց. այսուհետև փոխանակ ախպեր ջան կամ Գրիգոր ջան ասելու, մաքուր հայերենով կասենք «հոգյակ եղբայր» կամ «հոգյակ Գրիգոր», կամ թե չէ քեֆ անելիս, ներողություն, մաքուր հայերենով,…, փոխանակ «ջա˜ն» բացականչելու, կկանչենք «հոգյա˜կ»…

«Եվ ինչպե՞ս եք Դուք հայոց լեզվից հանելու «մուրազ»-ը. արդեն նա ասում է «անմուրազ, մուրազատու», ինչպես եք դուրս քշելու «մարալ»-ն ու «ջեյրան»-ը, որ մտած են նույնիսկ եվոպական գիտական գրքերի մեջ. ինչպես եք մերժելու «ղարիբ»-ը {որ նաև անուն ու ազգանուն է}, որի մոլի պաշտպանը չեմ, բայց որը մտել է ձեր բոլոր երգերի ու նույնիսկ Մաշտոցի մեջ և մի շարք թաղման երգեր կոչվում են «ղարիբաթաղի» երգեր. ինչպես եք ջնջելու «զիլ»-ը, որի հոմանիշը չեք նշանակում կամ «նամն ու նազուքը», որ մտել են ձեր կլասիկների գրվածքների մեջ

«…Երկու տարբեր ճանապարհներ են, պ. Մեղրյան, և ձեզանից ու ինձանից չի սկըսվում այս կռիվը մեր գրականության մեջ: Մինը Մոսկովյան ուղղությունն է, մյուսը՝ Արարատյան: Մի ճամփի սկզբին կանգնած է Ստ. Նազարյան, մյուսին՝ Խ. Աբովյան: Այս երկու ճանապարհներից թե որն է ճշմարիտն ու կենսունակը – էդ հետո կտեսնենք»:

Հ-4.3 Ղ. Աղայանը փոխառությունների մասին

Ղազարոս Աղայանը 1887 թվին ասում է {[6], այս քաղվածքները Մ. Աբեղյանի ուղղագրությամբ են. էջ՝ 250-252: Աղայանը այս հոդվածը տպել է «Աղբյուր» հանդեսի 5-6-րդ համարներում՝ պատասխանելով Հայր Տերվիշյանի հոդվածին, որ տպվել էր «Լեզու» հանդեսում}.

«…Բայց քանի-քանի բառեր կան, վոր ոտար յերկրից են գաղթել մեր մեջ և չեն ընդունել վոչ մեր կրոնը, վոչ մեր լեզուն: Որինակ ձեզ՝ «չայ», կուզես՝ ասա թեյ, այդ միևնույն {միևնույնն –ՄՀ} ե, կաֆե {իմա՝ կոֆե}, շաքար, կարտոֆիլ, կուզես ասա փաթաթես, կամ գետնախնձոր, վոր բոլորովին ուրիշ բան ե), թամբաքո, կուզես ասա թութուն, միայն ոչ ծխախոտ, վոր հայի պատկեր չունի, բայց ինչո՞ւ յերկարացնեմ. դուք ինքներդ հիշեցեք, թե ի՞նչ կերակուրների անուն գիտեք, ի՞նչ հագնելիքի, ի՞նչ կահ-կարասիքի, ի՞նչ դեղ ու ճարի, ի՞նչ ցավերի, և կտեսնեք, թե վորքան անթիվ են դրանք:

«Բայց գիտե՞ք վորն ե ծիծաղելին. այն, վոր մաքրասեր հայագետները միշտ փախուստ են տալիս այդ տեսակ բառեր գործածելուց: Որինակ՝ նրանց համար կան միայն կերակուր և խորտիկ բառեր, բայց չկան փլավ, տոլմա, բոզբաշ, բուղլամա, չխըրթմա, բորշ, սուպ, բուլյոն և այլն, բայց ուտել սիրում են, մանավանդ փլավը, թեև ոչ նրա անունն ե հայերեն և ոչ ինքն ե հայի կերակուր:

«Հագուստի վերաբերությամբ ևս մաքրասերները փախս են տալիս նրանց իսկական անունը տալուց. որինակ՝ նրանք գործ են ածում մի գլխարկ բառ, թեկուզ այդ գլխարկը լինի ֆես, փափախ, քուլլահ, թասակ, արախչին, քոլոզ, շապո, շլափկա, և այլըն: Դրանք գործ են ածում վերարկու բառը, թեկուզ նա լինի յափնջի, քրդի աբա, մուժիկի արմյակ, ռսի շինել կամ պալտո: Յեվ ի՞նչ օգուտ ունինք փախուստ տալուց, քանի վոր ժողովրդի լեզուն հեղեղված ե և հեղեղվում ե ոտար բառերով, վորոնք հայանալու տրամադրություն չունին:

«Քաղաքակրթությունը փոխում ե մեր նիստ ու կացը, մեր սովորությունները, մեր հագուստը, մեր կերած խմածը: Գիտե՞ք ինչքան խմիչքներ կան մեր ժամանակում, և միթե ամենին ել կարելի՞ ե ասել ողի, գինի կամ շաքարողի…ինչ և իցե…վերջապես քաղաքակրթությունը փոխում ե և մեր մտածելու եղանակը, խոսելու ձևը: Հին հայերը հոգնակի ձևով չեյին խոսում {քաղաքավարի դուք-ը չկար}, թեև երրորդ դեմքով խոսելու սովորություն ունեին

«…չեյին ասում ցտեսություն, չեյին պաչում միմյանց, այլ համբուրում եյին միմյանց, այսինքն իրարից հոտ եյին առնում, ինչպես բառն ինքը ցույց ե տալիս, համ+բուրել, վոր կնշանակե հոտ քաշել իրարից: Բայց և այդ ժամանակն ևս նրանք անխտիր գործ եյին ածում ոտար բառեր (թե խոսակցության և թե գրականության մեջ), վորոնք մի ժամանակ մեր հայկաբաններին թվում եյին զուտ հայերեն և մեկնում ել եյին – կանդեղ, վոր ե՝ կա+անդ+ յեղ, յեկեղեցի - յեկ+յեղեցի, բազե՝ վոր ե վազե

«…յեթե մենք խորշելու լինինք ոտար բառերից, թե հնից և թե նորից, և սկսենք մեր գրականությունից դուրս մղել բոլոր ոտար բառերը, այնուհետև ել այնքան բառ չի մնալ, վոր կարողանանք «Լեզու» հանդես հրատարակել:

«Ծայրահեղ մաքրասիրությունը ծայրահեղ ոտարամոլության չափ արհամարհելի ե: Մեզ առաջնորդ պիտի ունենանք մեր առողջ դատողությունը, վոր մեզ թելադրում ե, թե ինչ դեպքում ինչպես պետք ե վարվիլ: Պետք չե մժղուկներ քամել և ուղտեր կուլ տալ: «Լեզու» հանդեսի լեզուն հայկական մաքուր բառեր ունենալով հանդերձ, բնավ յերբեք հայերեն չե:

«Լեզուն ամեն բանից առաջ պետք ե հոգի ունենա, կենսունակ լինի, բայց որովհետև Մխիթարյանների տեսությամբ լեզուն իբրև մի գործարանական մարմին չի նկատվում, մենք կնմանեցնենք լեզուն մի բազմաթել քնարի: Յեթե չեք ընդունում, վոր նա պետք ե հոգի ունենա, ընդունեցեք գոնե, վոր նա պետք ե քնարի թելերի ներդաշնակությունն ունենա: «Լեզու» հանդեսի նույնիսկ բանաստեղծական բաժնի մեջ վոչ միայն հոգի չկա, այլ և վոչ իսկ ներդաշնակություն կա»:

Հ-4.4 Նորից՝ ո՞ր բառերն են հայերեն

Բառի բարեհունչ լինելը կապ չունի բառի ընդունելության հետ: Օրինակ, ասվել է, որ «կոյուղի»-ն շատ ավելի բարեհունչ է, քան «կանալիզացիա»-ն, բայց գործածվում է վերջինը, չնայած առաջինն էլ են գործածում (քչերը), բայց միայն ու միայն «ջրմուղ-կոյուղի» հիմնարկը կապակցությունը հիշատակելիս:

Հիմա էլ մեր մաքրամոլների վարմունքն ու լեզվի «մաքրության» հարցը մի ուրիշ տեսանկյունից քննարկենք: Մեր մաքրամոլները համաձայն կլինե՞ն, որ մենք գործածենք, օրինակ, հետևյալ ռուսերեն բառերը.

Иеромонах (монах, инок), хутор (ферма), бриллиант, болезнь (зараза), поневоле, фокусник, мята, непорочный, трусы (брюки), статуя, дротик, приют (убежище), дворец, браслет, рыцарь, пальма, рассвет, храм, сокол, посох, кубок, провинция, могила, сумасшедший, волос, комета, купол, жестокий, палач, зал, лавр, бледный, ад, рай, клубника, церковь, шалфей, сирень, трудный, тяжкий, ужасный, бледный, жестокий, колбаса, зефир, барабан, враг, час, время, лампа, кукла, крот, тесто, полость, ладан, ритуал, голубой, карета, красный, сутенер, карандаш.

Իհարկե համաձայն չեն լինի ու ճիշտ կանեն, որովհետև այս բառերը հայերենի ինքնուրույն կարգի մեջ չկան: Եթե լինեին, ճիշտ չէին անի:

Բայց մեր քերականների ելակետը ոչ թե Լեզվի Գլխավոր Օրենքն է, ինչի հիմքը լեզվի ինքնուրույն կարգն է, այլ իրենց քմահաճույքը (ավելի ճիշտ՝ նաև իրենց գիտելիքների ծավալը, ինչը հաճախ բավարար չի):

Համաձայն չեն լինի, որովհետև կասեն. «Սրանք ռուսերեն են, ու չի կարելի, որ հայերենի մեջ ռուսերեն բառ գործածենք»: Հիմա հարց եմ տալիս.

«Իսկ կարելի՞ է, որ գործածենք՝ պարսկերեն, սեմական, իտալերեն, հունարեն ու այլ լեզուների բառերը»: Կասեն. «Ոչ»: Բայց ախր բերածս ռուսերեն բառերը հետևյալ փոխառյալ (բայց, անկասկած, հայերեն) բառերի համարժեքներն են.

+աբեղա, (օ)ագարակ, (օ)ադամանդ,ախտ, ակամա,+աճպարար, անանուխ, անապակ, անդրավարտիք, (օ)անդրի, աշտե, ապաստան, ապարան(ք), ապարանջան, ասպետ, արմավ, արուսյակ, բագին, բազե, գավազան, (օ)գավաթ, (կ/խ)գավառ, գերեզման, գիժ, գէս, գիսավոր, գմբեթ, դաժան, դահիճ, դահլիճ, (օ)դափնի, դժգույն, դժոխ(ք), դրախտ, (թ)ելակ, (օ)եկեղեցի, (օ)եղեսպակ, եղրեւանի, (թ)երշիկ, (օ)զեփյուռ, թմբուկ, թշնամի, ժամ, ժամանակ, (օ)լամպար, (թ)խամաճիկ, +խլուրդ, +խմոր, +խոռոչ, խունկ, (կ)ծես, կապույտ, (լ)կառք, կարմիր, +կավատ, (իտալ.)մատիտ:

Սրանք լրի´վ են փոխառություն հենց պարսկերենից ու այլ լեզուներից: Սրանցից †-նշանովները պարսկերենից են, (օ)-նշանովները՝ հունարենից, պլուսովները՝ սեմական լեզուներից, (կ)-ով նշածը՝ կովկասյան լեզուներից, (լ)-ովները՝ լատիներենից, խ-ովը՝ երևի խալդյաններից:

Կա՞ ուրեմն, մեր քերականների այս վերաբերմունքի մեջ որևէ գիտական սկզբունք կամ չափանիշ:

Բերածս բառերի այս ցուցակն ու մանավանդ արդեն ասածս մեծ ցուցակը կարդացողը դժվար թե չհամաձայնի, որ հայերեն լեզուն երբեք էլ մաքուր չի եղել, ու որ սա մաքրելու ոչ մի հնար չկա: Բայց այսքանից հետո էլ շատերն առարկելու են ու ասեն, որ «այդ ցուցակի բառերն արդեն վաղուց են հայացել»:

Սա իհարկե ճիշտ է: Եթե բառը մտավ հայերեն բարբառի ինքնուրույն կարգը, ուրեմն՝ հայացել է ու հայերեն է: Բայց այս անգամ թող առարկողները մեզ ասեն, թե ո՞ր տարվա ո՞ր ամսի քանիսի՞ց հետո վերցրած բառերը համարենք օտար:

Կա՞ այս տեսակ ամսաթիվ: Չկա´: Սա բոլորը գիտեն:

Մեկ-մեկ էլ առարկողներն ասում են, որ «պիտի ա՛յն բառերը համարենք օտար, որոնք որ մեր «միջին» գիտակցությունն արդեն համարում է օտար»:

Բայց ո՞ւմ միջին գիտակցությունը:

Միայն մտավորականների՞: Բայց մտավորականներին ե՞րբ են մանրամասն բացատրել այս պրոբլեմը: Ու հետո, մտավորականները ժողովրդի տասը տոկոսն էլ չեն լինի, իսկ լեզուն միայն մտավորականներինը չի, լեզուն ողջ ժողովրդինն է:

Ուրեմն.

Դրույթ 1. Միմիայն ողջ ժողովրդի՛ «միջին» գիտակցությունը պիտի որոշի, թե որ բառն է օտար, որը՝ հայերեն (այսինքն, ԼԳՕ-ն պիտի լինի որոշողը):

Բայց առարկողները սրան էլ չեն համաձայնի, որովհետև ախր այդ ժամանակ էլ կարող է հանկարծ ողջ ժողովրդի «միջին» գիտակցությունն ասի, թե «վինտիլ, տրակտոր, գայկա, բոլտ, կոմբային, դաժե, պռոստը» և այլ բառերը հայերեն են, երկրորդն էլ՝ այս ստատիստիկան հավաքելը դժվար է:

Ուրեմն, այս հարցի առումով մեր քերականություններն ու մեր գրագետները ուղղակի փակուղու մեջ են: Փակուղու մեջ են, որովհետև պարզ չի, թե ի՛նչ է այս խորհըրդավոր «միջին» գիտակցությունը:

Ակնհայտ է, որ գիտական հարցերի ճիշտ ու սխալը «միջինացնելով» լուծելու ձև չկա: Չկա, օրինակ, հայ ժողովրդի «մաթեմատիկայի միջին իմացություն»:

Փակուղու մեջ են, որովհետև չեն գիտակցում, որ ամեն լեզու էլ անընդհատ բառ է փոխ առնում, ու այս պրոցեսը վերջ չունի:

Այս պրոցեսը, այսինքն, բառերի փոխառությունը, միայն ա´յն ժամանակ կվերջանա, եթե լեզուն ինքը մեռնի´:

Ասվել է, որ եթե բառային փոխառությունը լրիվ (կամ նույնիսկ՝ մասնակի) արգելես, լեզուն կդառնա անհարմար, ստերիլ, անհամ, անհոտ ու կմեռնի: Երբ լեզուն բառ է փոխ առնում, կնշանակի այդ բառը լեզվին պետք է այնպես, ինչպես նավթը, պողպատը, ինքնաթիռը, կոմպյուտերը, ու ուրիշ բաներն են պետք ա´յն ազգերին, ովքեր սըրանցից չունեն:

Եթե մեր ժողովրդի մեծ մասը մի բառ է գործածում, ուրեմն, այդ բառը հայերեն է (ինչը չի նշանակում, որ այդ բառը ծագումով անպայման բնիկ է):

Այս տեսանկյունից, հիշեցնեմ, որ բնիկ հայերեն «ասր» բառը, որ նշանակում էր «բուրդ», այսօրվա կենդանի հայերեններին խորթ է, որովհետև հայերի մեծագույն մասը սա չի գործածում: Բայց «ասր»-ը հին հայերենի բառ է, ու սա անվիճելի է, ու ուրիշ ոչ մի լեզվի մեջ էլ չկա:

Լեզուն բառ վերցնում է նաև իրեն «թշնամի» ազգերից: Բառը չի կարող թշնամի լինի: Բառը մեղք չունի: «Ալոճ, երշիկ, ելակ, քութեշ, տոպրակ, խամաճիկ» բառերը վերցրել ենք թուրքերենից, բայց այս բառերն ի՞նչ են արել մեզ:

Հա´ թուրքերն արդեն հարյուրամյակներով մեր թշնամիներն են, բայց.

Դրույթ 2. Մեր ամենամեծ թշնամին հենց մեր իսկ նեղմտությունն ու խավարամոլությունն է, մեր իսկ հետամնացությունն ու տգիտությունն է, մեր ա´յն մեծամիտ սընափառությունն ու մեծամոլությունը, թե մենք իբր ա´յն ամենաընտիր ու ամենահին ազգի ներկայացուցիչներն ենք, ումից մնացած բոլո´ր-բոլո´ր ազգերն են ամեն ինչ սովորել:

Այսինքն, մենք համոզված ենք, որ արդեն այնքա´ն ենք կատարյալ, որ այլևս ուրիշներից ոչ մի բան սովորելու կարիքը չունենք: Ու սրա հետն էլ արդեն 89 տարի շարունակ այս հույժ անհեթեթ քերականություններն ենք անգիր անում ու սրա´նք ենք համարում գիտական ու ընտիր:

Հավելված-5

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԵՏԻ ԱՐԱՐՄՈՒՆՔԸ

ՀՀ Լեզվի պետական կոմիտեի պետը գիրք է հրատարակել, վերնագիրը՝ «Հանուն մեր նյարդերի», ենթավերնագիրը՝ «Գրառումներ հայոց լեզվի այսօրվա խնդիրների մասին»:

Սույն պարոնի այս գիրքը թերևս իմ այս ողջ շարադրանքն ու սրա մանավանդ քըննադատական մասերը հաստատող ամենաակնհայտ ապացույցներից է: Ինչո՞ւ:

Որովհետև Լեզվի կոմիտեի պետի այս գիրքը, չնայած իր ենթավերնագրին, նվիրված է համարյա միայն հայերենի գրական ոճերի ուղղագրական ու ուղղախոսական մասնակի հարցերին ու լեզվաբանական որևէ լուրջ խնդիր չի շոշափում:

Թե´ այս փաստը, թե´ սույն պարոնի այս ողջ շարադրանքը ապացուցում է, որ սույն պարոնը թե´ ծանոթ չի հայերենի լեզվաբանության (հաճախ ողբերգական) հակագիտականությանը, որ շարադրված է իմ այս գրքի առաջին 111 էջում, թե´ զուրկ է լեզվաբանական հարց ու խնդիրները հասկանալու ունակությունից:

Այս կեղծ-գիտական գիրքը մոլեռանդի պայքար է լեզվաբանության ու առհասարակ գիտական մեթոդի մի քանի գլխավոր աքսիոմի դեմ:

Չնայած գիտության ցանկացած ոլորտը պիտի պարտադիր ունենա իր ասածների ճիշտ ու սխալը հաստատող մարդկային կամքից անկախ մի օբյեկտիվ չափանիշ, այնուամենայնիվ, սույն պարոնը համոզված է, որ այդ չափանիշը միմիայն իր պետական ու պետային բացարձակ մերկապարանոց հորդորները, «հորդորակներն» ու հըրամաններն են:

(Տես Հանուն մեր նյարդերի-5-ը, որտեղ այս պարոնը հայտարարում է.

«Սա ասում է ձեզ Դավիթ Գյուրջինյանը, ՈՐԻՆ (քիչ էր մնում ասեի ՈՒՄ) անասելի նյարդայնացնում է այդ ՈՐԻՆ-ՈՒՄ-ի հեղեղը …»:

Այս հույժ կատեգորիկ ու հրամայական (ու նաև «անասելի» մեծամիտ) հայտարարությունը, ըստ էության, նշանակում է, որ սույն պարոնը հայտարարում է, թե ինքն օժտված է մի աստվածային անսխալականությամբ):

Սրա համար էլ այս պարոնի «լեզվաբանական» փաստարկների մեջ «ինչո՞ւ է ասվածը ճիշտ կամ սխալ» կամ «ի՞նչ պատճառով է ասվածը ճիշտ կամ սխալ» հարցերը մի´շտ են բացակա: Չէ՞ որ այս բաները ձեզ ասում է ի´նքը, նորին մեծություն պե´տը:

Պիտի ասվի նաև հետևյալը:

1. Սույն պարոնը (իհարկե, անգիտակից) պայքարում է լեզվի անխուսափ ու բնական փոփոխականության դեմ, չհասկանալով, որ ինքը նույն հաջողությամբ կարող էր պայքարել գետերի հոսանքի կամ ծառերի աճի դեմ:

2. Սույն պարոնն ուզում է լեզուն ենթարկի իր սեփական կամքին, չիմանալով, որ լեզվաբանության աքսիոմներից մեկն էլ ասում է, որ լեզուն մարդկային կամքին, այսինքն, մարդկային գիտակից ծրագրերին կամ «լեզվական ֆյուրերների» քմահաճույքներին չի ենթարկվում:

Այս պարոնի հենց առաջին սխալ հայտարարությունը, ինչի պատճառը իր այն սըխալ համոզմունքն է, թե հայերենի բառերի շեշտը միմիայն վերջին վանկի վրա է: Ակնհայտ է, որ այս պարոնը երբևէ չի բացել հայերենի շեշտին նվիրված Աբեղյանի ֆունդամենտալ գործերը:

Ու սույն պարոնն ասում է. «…հայերեն չեն ասում գնա´յի, իմանա´յիր, լինե´ի, ասե´իր, այլ … գնայի´, իմանայի´ր, լինեի´, ասեի´ր» ևն, չնայելով, որ այսօր այսպե´ս է ասում մեկ միլիոնից ավել հայ:

3. Սույն պարոնն ուղղակի չի հասկանում, թե ի´նչ է հայոց լեզուն (կամ էլ ուղղակի զուրկ է տրամաբանությամբ գրելու ունակությունից), թե չէ, իր 4-րդ համարի «նյարդերի» մեջ, չէր հայտարարի, թե «…ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՀՀ ՄԻԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ Է: Մեն միակ: Այդպես եղել է և պե´տք է լինի: Հուսամ հասկացաք: ԱԿԱՆՋՆԵՐԻԴ Օ´Ղ ԱՐԵՔ»:

Իհարկե, այս պարոնը չի վիճի, որ հայոց լեզվի գրաբարյան ու բարբառային բոլոր վիճակները հայերեն են, այսինքն, հայո´ց լեզու են, բայց պետական լեզու չեն: Ուրեմըն, այս պարոնը ճիշտ կաներ, եթե հետևեր իր իսկ մեծամիտ խորհրդին, թե.

«Ավելի լավ է՝ չխոսե´ք: Այդ դեպքում ևս մի անգամ կհաստատվի, որ լռությունը ոսկի է»:

Սույն պարոնի այս գրքույկի բոլոր սխալներն ու թերությունները քննարկելը թերևս իր գրքի ծավալից ավելի շատ տեղ զբաղեցնի, բայց դրանց գոնե մի տիպական օրինակը պիտի ցուցադրվի այստեղ (պարոնի սրամտելու հուսահատ ու նաև խղճուկ փորձով հանդերձ): Ահա իր գրքույկի «Հանուն մեր նյարդերի – 102-ը»:

(Այս կտորը պարոնը դրել էր նաև ֆեյսբուքում, ու սրա «ժպտիկները» հենց իր դըրածներն են: Ըստ էության, պարոնը հուշում է, թե ընթերցողը ե´րբ ժպտա կամ ծիծաղի):

«Գիտենք, որ ժարգոն կա, փողոցի լեզու: Գիտենք, որ ոմանք հայերեն լավ չգիտեն: Գիտենք, որ մարդը կարող է սխալվել...

Սակայն անհանդուրժելի է, որ տիտղոսակիր գիտնականը կամ շատ բարձր պաշտոնյան հայերեն ամեն օր գործածվող սովորական ԳՏՆԵԼ-ը հեռուստատեսությամբ և այլուր հնչեցնում է քթնել (այ քեզ քի˜թ 🙂 ): «Քիչ է մնում այդպիսիներին «իրենց լեզվով» հատ-հատ 🙂ասես. «Քթի՛ քեզ...»: 🙂 «ԳՏԻ՛Ր հանուն մեր նյարդերի: 🙂 Վստահ եմ, որ ԿԳՏՆԻ»: 🙂

Այս հավելվածը չէի գրի, եթե այս պարոնը նաև մեր հայերենի դպրոցական դասագրքերի հեղինակ չլիներ: Ու եթե այս պարոնը չլիներ Լեզվի պետական կոմիտեի պետն ու իր չափազանց մեղմ ասած «անտեղյակություն» էլ այսքան մարտնչող չլիներ:

Ու նաև՝ եթե այս պարոնը, խրախուսվելով այն հանգամանքից, որ իր այս լեզվաբանական «անտեղյակությունը» ոչ ոք չի նկատում (հակառակը, իրեն արդեն շատ-շատ «ուսյալ» է փառաբանում), ու ոգևորվելով, արդեն ձգտում է Բրյուսովի անվան Օտար լեզուների համալսարանի ռեկտորի պաշտոնին, ու մեր ԿԳՍՄ-ն էլ ծպտուն չի հանում: Ախր բացարձակ անհայտ է, թե այս պարոնն իր ո՞ր վաստակի համար է նշանակվել հայ լեզվաբանների «ֆյուրեր»:

Բայց դառնանք սույն պարոնի այս «գողտրիկ» օպուսի քննարկությանը:

«Ժարգոն կա, {ինչը} փողոցի լեզու {է}», ասում է սույն պարոնը, բա´:

Ու սա ասում է իրեն հայ լեզվաբանության ռահվիրա հռչակողը: Սրա կարծիքով, առնվազն մի միլիոն երևանցի «ժարգոնիտ ա անում», բա´: «Ողբամ զքեզ» կասեր դասականը:

Զարմանալի է, որ իրեն լեզվաբան համարողն կարող է այսքան հեռու լինի լեզվաբանությունից: Սրա համար էլ թող այս «լեզվաբանին» նորից ու նորից պատասխանի ժամանակակից լեզվաբանության հիմնադիր Սոսյուրը (մեծատառը, թավատառ-շեղատառն ու ձևավոր փակագծերի միջիններն ի´մն են).

«… գրի բռնակալությունը լեզվի նկատմամբ ավելի հեռուն է հասնում: Երբ գիրը պարտադրում են ժողովրդին, բառ հեգելը {հենց բուն ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, բառի կերպարա´նքը} ազդում է լեզվի վրա ու փոխում է սա: ... Այս անգամ բառերի պատկերները հասցնում են սխալ արտասանության, իսկ ԱՅՍ ՏԵՍԱԿ ՍԽԱԼՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԻՍԿԱԿԱՆ ՊԱԹՈԼՈԳԻԱ ԵՆ»:

[Saussure F. – The General Theory of Language, 3-րդ հրատ, էջ 31]:

Ուրեմը, Սոսյուրն ասում է, որ երբ մարդկանց ստիպում են, որ իրենց մայրենի լեզվի բառերն արտասանեն գրքերում գրած բառերի ձեվով («գրական լեզվով»), այս ստիպողները ՊԱԹՈԼՈԳԻԿ ՀԻՎԱՆԴ ԵՆ:

«Լեզվաբանության առարկան բառերի թե՛ խոսվող, թե՛ գրված ձևերը չեն: Լեզվաբանության առարկան բառերի ՄԻՄԻԱՅՆ ԽՈՍՎՈՂ ՁԵՒԵՐՆ ԵՆ, էջ 23-24:

«Լեզվի հոգսն ու կիրառության իրավունքը, ամեն մի տվյալ պահին, տվյալ խոսվածքը կրող ամեն մի անհատի հոգսն ու իրավունքն է, էջ 73-74»:

Ու սա ե´ս չեմ ասում: Սա Սոսյո´ւրն է ասում, ա´յն Սոսյուրը, ում չէին համարձակվի հակաճառեին նույնիսկ Աճառյանն ու Աբեղյանը, ու աշխարհի գիտնական լեզվաբաններից ոչ մեկը, որովհետև Սոսյուրի ասածները անցել են գիտական փորձաքըննությունը (ճիշտ Գալիլեյի ու Նյուտոնի ասածների պես), ու համարվում են այսօրվա գիտական լեզվաբանության այբուբենը:

Բա որ այս պրն «լեզվաբանը» հանկարծ իմանա, որ Մեսրոպ Մաշտոցն ու իր աշակերտները «Աստվածաշունչը» թարգմանել են Մաշտոցի օրերի «փողոցի լեզվով», Վաղարշապատ քաղաքի «փողոցների լեզվով» կամ «ժարգոնով», ի՞նչ օրը կընկնի:

Եթե սույն պարոնին հարցնող լինի, թե «Մեծարգո պարո´ն, ասե´ք, խնդրեմ, «գիտեմ»-ի գրաբարյան շրջանի (ընդ որում, այսօր արդեն աղավաղ) արտասանությունն այսօր ինչո՞ւ է ճիշտ, իսկ այսօրվա Երևանի բարբառի արտասանությունն էլ ինչո՞ւ է սխալ», ինքն ի՞նչ կասի:

Ի՞նչ կասի սույն պարոնը, եթե հանկարծ հարցնեն իրեն, թե ինքը ո՞րտեղից գիտի, որ իր ասածները ճիշտ են; եթե հարցնեն, թե ո՞րն է այն չափանիշը (բացի իր կարգի լեզվաբանությունից հեռու «հեղինակություններին» վկայակոչելը), ինչով ի´նքն է որոշում, որ իր ասածները ճիշտ են: Կամ էլ եթե հարցնեն, թե աշխարհի գիտական լեզվաբանությունը ինչո՞ւ է իր ասածներին հակառակ:

Առհասարակ, այս պարոնը գիտի՞, որ լեզուն փոփոխական է, ճիշտ այնպես, ինչպես որ ծառն է փոփոխական: Գիտի՞, որ լեզվի փոփոխության դեմն առնելը անհնար է, ինչպես որ ծառի փոփոխության դեմն առնելն է անհնար:

Թե որ (ըստ սույն պարոնի) այսօրվա բառերը պիտի արտասանենք սրանց գրաբարյան օրերի ձևով, բա (օրինակ, ու այսպիսի օրինակների թիվը հազարներ է) «օր= աւր» բառն ինչո՞ւ չենք արտասանում իր գրաբարյան արտասանության ձևով (այսինքն, համարյա այսօրվա անգլերենի awr-ի պես):

Ու այս պարոնն ինչո՞ւ չի նյարդայնանում, երբ ասում ենք` «վառթ, առչ, օց», փոխանակ ասենք «վարդ, արջ, օձ» ևն: Այս «վարդ, արջ, օձ» բառերի արտասանությունն իրավունք ունի փոխվի՞, «գտիր»-ինը՝ չէ՞:

Թող այս պարոնն ասի, թե ինչո՞ւ ենք այսօր գրում՝ «տասնմեկ, տասներկու, տասներեք, տասնչորս, տասնհինգ, տասնվեց», չէ՞ որ սրանք գրաբարյան «ճիշտ ձևով» պիտի լինեին՝ «մետասան, երկոտասան, երեքտասան, չորեքտասան, հնգետասան, վեշտասան եաւթնեւտասն, ութեւտասն, իննեւտասն; նաև հարեւր, երկերիւր, երեքհարեւր, բեւր»:

Լեզվաբանության հիմնական աքսիոմներից մեկն ասում ա՝ ԼԵԶՈՒՆ ՂԵԿԱՎԱՐԵԼԻ ՉԻ, բայց այս պարոնն ուզում է այս անղեկավարելի բնական երևույթը, լեզո´ւն, ղեկավարի իր «հորդորակներով»:

Այս պարոնը տեղյակ էլ չի, որ լեզուն ղեկավարելու ցանկությունը նույնն է, ինչ որ, օրինակ, գետերի ու քամիների հոսանքները ղեկավարելու ցանկությունը:

Այս պարոնի մտքով անգամ չի անցնում, որ իր ղեկավարած լեզվի պետական կոմիտեի նույնիսկ գոյությո´ւնն է անհեթեթ:

Ինչո՞ւ չենք «գդալ» բառն արտասում իրա գրաբարյան օրերի ձևով ու այսօրվա «գդալ»-ի տեղը ինչո՞ւ չենք ասում «տարգալ», ախր Մաշտոցի օրերին այս բառի ձևը «տարգալ»-ն էր: Սա հերիք չի, այս «գդալ»-ն էլ այսօր արտասանում ենք «գըթալ» կամ «քթալ» ձեվով: Բայց այս պարոնը ո՞րտեղից իմանա, որ այսօրվա «քըթալ-գթալ»-ը Մաշտոցի օրերի «տարգալ»-ն է:

Այս պարոնն ասում է. «Գիտենք, որ ոմանք հայերեն լավ չգիտեն»:

Գլխի եք, չէ՞, թե այս «ոմանք»-ն ովքեր են: Այս «ոմանք»-ով այս պարոնը, անկասկած, նկատի ունի ա´յն հայերին, ովքեր փոխանակ ասեն. «ընկավ, գիտի, գտնեմ, գդալ», ասում են «ընգավ, գիդի, քթնեմ, քթալ-գթալ»: (Վա´յ, վա´յ, վա´յ, այս վերջինը հո լրիվ հանցագործություն է, ախր ըստ այս պարոնի «գթալ»-ը միմիայն «խղճալ»-ն է): Բայց ախր այս բառերը «սխալ» արտասանողների թիվը մեր ժողովըրդի 90 տոկոսից ավել է:

Ուրեմը, ըստ այս խելոք պարոնի, հայերի 90%-ից ավելը (այսինքը, համարյա բոլո´ր հայերը), «հայերեն լավ չգիդի», բա´:

Հմի հարցնում եմ, «Հարգելի պարոն, եթե համարյա բոլոր հայերը «հայերեն լավ չգիդեն», բա էս արար աշխարհքում էտ ո՞վ ա, որ լավ հայերեն գիդի, դո՞ւք: Բա դուք ինքներդ ումի՞ց եք սովորել ձեր էդ լավ հայերենը, ովքե՞ր են էղել հայերեն լեզվի ձեր ուսուցիչները: Իսկ հայերեն լեզվի ձեր ուսուցիչնե´րն ումի՞ց են սովորել իրենց էտ ճիշտ հայերենը»:

Մի հարց էլ տամ այս պարոնին: Եթե մեկնումեկը հանկարծ ասի. «Համարյա բոլոր անգլիացիներն անգլերեն լավ չգիդեն», բա դրան չե՞ն համարի տգետ կամ գիժ: Բայց կարելի՞ է, հա՞, որ հայերին համարեն հայերեն լավ չիմացող, հա՞:

Թե որ այս պարոնին ասես, որ լեզուն կենդանի օրգանիզմ է ու անընդհատ փոխվում է», կասի «գիՏե´մ, գիՏե´մ», որովհետև գիտի, որ այս միտքը գրած է «խելոք» գրքերում: Բայց հլը եկեք այս պարոնին հարցնենք, թե ինքը ինչո՞ւ համաձայն չի, որ այս «գտնեմ-գտի´ր»-ի հնչյունները փոխվեն, ու հրամայականի վերջի «ր»-ն էլ վերանա, ու արարատյան բարբառում սրանք դառնան «քթնեմ-քթի´»:

Ու մի հարց էլ: Այս պարոնը որ հնար ունենար, Թումանյանին ու Աբովյանին է՞լ կասեր. «Քթի՛ քեզ...»: 🙂 ԳՏԻ՛Ր հանուն մեր նյարդերի»:

Մեծարգո պարո´ն, Թումանյանն ու Աբովյանն էլ հայերեն լավ չգիտեի՞ն, հա՞: Դե եկեք սրանց գործերն էլ համարենք թաբու, մանավանդ մեր դպրոցներում ու բուհերում: Եկեք արգելենք «տիտղոսակիր» ակադեմիկոս Հովսեփ Օրբելու հիմնադիր ղեկավարությամբ հավաքված «Հայ ժողովրդական հեքիաթների» մոտ 2 տասնյակ հատորը, ախր սրանց հայերենը հակասում է պրն ձեր իմացած «միակ ճշմարիտ» հայերենին:

Այս պարոնն ու իր պեսերը, արդեն մեկ ու կես դարից ավել է, ինչ ատելություն են սերմանում մեր մայրենի լեզուների, մեր բարբառների´ նկատմամբ, որովհետև չգիտեն, որ հենց «գրական լեզու» կոչվածն ի´նքն է Երևանի բարբառի աղավաղմունքը, ու ոչ թե հակառակը:

Սրանք չգիտեն, որ մեր գրական «լեզուն» Երևանի բարբառից տարբերվում է հիմնականում միմիայն իր սխալներով:

Այս պարոնը, Հայաստանի համարյա բոլոր հայերին մեղադրելով, թե սրանք իբր հայերեն չգիտեն, ոչ միայն իր լեզվաբանական «անտեղյակությունն» է ցուցադրում արար աշխարհին, այլև իր թերևս անվայելուչ գոռոզամտությունը, որովհետև իր այս «magnum opus»-ով ատահայտում է իր խորագույն արհամարհանքը մի միլիոնից ավել հայի մայրենի լեզվի նկատմամբ:

Ախր այս պարոնը նույնիսկ չի էլ գիտակցում, որ իր ասածը միամիտ կեցվածքամոլի պրիմիտիվ սուտն ու խորը տգիտությունն է: Ուրեմն այս պարոնը ձև է անում, թե իր նյարդերի վիճակը լավ չի, որովհետև հեռացույցով հայերեն բառերի սխալ արտասանություն է լսում, ամմե´ն օր ու ամմե´ն օր էլ ահավոր տանջվում է, ուղղակի ահավոր:

Հավատա՞նք: Եկեք հավատանք ու պատկերացնենք, թե այս պարոնն ինչ ահավոր է տանջվում ամմե´ն օր ու ամմե´ն վայրկյան, որովհետև ախր մեր այս «հայերեն լավ չիմացող հայերը», իրենց փողոցային լեզվով, փողոցում ու ամմե´ն տեղ են այս պարոնի նյարդերը սղոցում:

Հո այս պարոնը, ստիպված, չպիտի՞ նստի տանն ու երբեք փողոց դուրս չգա, որ իր նյարդերը չսղոցվեն:

Թե որ այս պարոնն անկեղծ լիներ ու իր ասածներն էլ ճիշտ լինեին, ինքը վաղուց արդեն պիտի հոգեբուժարանում լիներ: Բա, ճշմարտանման սուտ ասելու համար է´լ է տրամաբանություն պետք:

Լեզվի պետական կոմիտեն պիտի վերացվի (ինչպես որ սրան նման բոլոր հիմնարկները), հետն էլ «Լեզվի տխրահռչակ օրենքը»: Բայց ինչո՞ւ միայն Լեզվի պետական կոմիտեն վերացվի:

Պիտի առաջին հերթին վերացվի ՀՀ ԿԳՍՄ նախարարությունը, թեկուզ միայն ա´յն բանի համար, որ այս նախարարությունը երբեք չի նկատել ու չի նկատում, որ Հայաստանի դպրոցներում ու բուհերում արդեն 89 տարի է, ինչ հակագիտական քերականություն են դասավանդում:

Գործածած գրականության ցանկը

  1. Աբեղյան Մ. – ԱՇ=Աշխարհաբարի շարահիւսութիւն, Վաղարշապատ, Ելեքտրաշարժ տպարան Մայր Աթոռոյ ս. Էջմիածնի, 1912:
  2. Աբեղյան Մ. – ԱՔ=Աշխարհաբարի քերականութիւն, Վաղարշապատ, Ելեքտրաշարժ տպարան Մայր Աթոռոյ ս. Էջմիածնի, 1906:
  3. Աբեղյան Մ. – ՀԼՏ=Հայոց լեզվի տեսություն, Լույս հր., Երևան, 1931, 1964:
  4. Աբեղյան Մ. – ՄՔՔԽՄ=Մի քանի քերականական խնդիրների մասին, Երկեր, Է հտ., ՀՍՍՀ ԳԱ հր., Երևան, 1985:
  5. Աբովյան Խ. – Վերք Հայաստանի, Սովետական գրող, Երևան, 1984:
  6. Աղայան Ղ. – Երկեր, Գ հատ., Հայպետհրատ, Երևան, 1940:
  7. Աճառյան Հր. – ԼՔՀԼ = Լիակատար քերականություն հայոց լեզվի` համեմատությամբ 562 լեզուների, հատ. 1-8, Երևան, 1952-1967:
  8. Աճառյան Հր. – ՀԱԲ = Հայերեն արմատական բառարան, ԵՊՀ հր., հատ. Ա-Դ, Երևան:
  9. Աճառյան Հր. – Հայոց լեզվի պատմություն, հատ. I, II, Հայպետհրատ, Երևան, 1940-51:
  10. Պետրոսյան Հ. – ՀԲ=Հայերենագիտական բառարան, Հայաստան, 1987, Երևան:
  11. Պետրոսյան Հ. Զ., Գալստյան Ս. Ա., Ղարագյոզյան Թ. Ա. – ԼԲ = Լեզվաբանական բառարան, ՀՍՍՀ ԳԱ հր., 1975, Երևան:
  12. Արիստոտել – Աթենական հասարակարգը, Հայաստան, Երևան, 2000:
  13. Թումանյան Հ. – Մի երկու խորհուրդ մեր գավառական մամուլին, Երկերի ժողովածու, չորս հատորով, 4-րդ հտ., Հայաստան, 1969, Երևան: Տես նաև «Հորիզոն» թերթը, փետրվարի 4, No 26, Երևան, 1910:
  14. Խորենացի Մ. – Պատմություն հայոց, ԵՊՀ հրատ, Երևան, 1981:
  15. Հարությունյան Մ. – Արևելահայ գրական լեզվի էսօրվա վիճակը, Երկիր, 1992, ապրիլի 10-ի, 11-ի ու 14-ի համարները, Երևան:
  16. Հարությունյան Մ.Այսօրվա հայերենի այսօրվա «տեսությունը» գիտություն չի, «Գարուն», No 5-6, 2014:
  17. Հարությունյան Մ. – Թարգմանելու արվեստը, Լուսաբաց, Երևան, 2008:
  18. Հարությունյան Մ. – Ինչո՞ւ են հայոց լեզվի քննությունները միշտ անարդար, Առավոտ օրաթերթ, Երևան, 2009 թվի օգոստոսի 26-ի ու 27- ի համարները:
  19. Հարությունյան Մ.Լեզվաբանության հիմնական աքսիոմներն ու մեր գրական ոճերի շարահյուսական օտարաբանությունները, Գարուն, No 9-10, 2014:
  20. Հարությունյան Մ. – Մաթեմատիկայի և բնական գիտությունների դասագըրքերի ոճը, Ինտեգրալ, գիտամեթոդական բնագիտական հանդես, հտ. 11-րդ, թողարկում 2, Երևան, 2008:
  21. Հարությունյան Մ. Մեր գրական սխալ ոճերը, կամ հայերենով ճիշտ գրելու կանոնները, Գարուն, No 9-10, 2012:
  22. Հարությունյան Մ. – Զվարճալի այբ ու բեն, Անտարես, Երևան, 2003:
  23. Հարությունյան Մ. – Թվական-գոյական զույգի գործածությունը, Ինտեգրալ, գիտամեթոդական բնագիտական հանդես», հատոր 11, թողարկում 2, 2008, Երեվան:
  24. Հարությունյան Մ.– Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը, Լուսաբաց, Երևան, 2010, 2011:
  25. Հարությունյան Մ. – Հայագիտության ամենաողբերգական ու ամենախայտառակ էջը
  26. Հարությունյան Մ. – Ջոնգոլիզմը, Աղբյուր, No 3-4, Երևան, 1999:
  27. Ղազարյան Ս. Ղ. – Հայոց լեզվի համառոտ պատմություն, Երեվան, 1981:
  28. Մանանդյան Հ. – Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները, Վիեննա, 1925:
  29. Մելիք-Բաշխյան Ստ. – Հայկական հնագրություն, ԵՊՀ հր., Երևան, 1987:
  30. Մեյե Ա. – Հայագիտական ուսումնասիրություններ, ԵՊՀ հրատ, Երեվան, 1978:
  31. Մնացականյան Աս. – Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, 1956, ՀՍՍՀ ԳԱ հրատ, Երեվան:
  32. Շահազիզ Ե. – Դիվան Խ. Աբովյանի, Արմֆան, Յերեվան, 1949:
  33. Շահազիզ Ե. – Խաչատուր Աբովյանի կենսագրությունը, ՀՍՍՌ ԳԱ հր., 1945, Երևան:
  34. Տերյան Վ. – Հայ գրականության գալիք օրը, Երկեր, «Սովետական գըրող», Երևան:
  35. Eckersley C. E. – Essential English, book 3, Longmans, Green @ Co. Ltd., London; Sofia, 1967:
  36. Hayek, F.A. – Law, Legislation and Liberty, հատոր 1-ին, Rules and Order, 1973:
  37. Hayek, F.A. – The Fatal Conceit: The Errors of Socialism, Routledge, London, 1988:
  38. Keller Rudi On Language Change. The Invisible Hand in Language, Translated by Brigitte Nerlich, Routledge, London, 1994.
  39. Mises L. – Human Action: A Treatise on Economics, Fox & Wilkes, San Francisco, 1965.
  40. Saussure FerdinandCourse in general linguistics, edited by Charles Bally and Albert Sechehaye in collaboration with Albert Reidlinger, translated from the French by Wade Baskin, Philosophical library, New York, 3-րդ հրատ
  41. Sweet HenryA New English Grammar, Logical and Historical, vol 1 and 2, Published by Forgotten Books, 2013, Originally published 1892 and 1898.
  42. Адонц Н. – Дионисий Фракийский и армянские толкователи, Петроград, 1915:
  43. Николис Г., Пригожин И. – Познание сложного, Мир, Москва, 1990:
  44. Толстой, Л. Н.О народном образовании; Воспитание и образование, Собрание сочинений в двадцати двух томах, том 16-ый, Прогресс и определение образования, Художественная литература, Москва, 1983:
  45. Հարությունյան Մ. – Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը, Էդիտ Պրինտ, Երևան, 2021:
  46. «Կոմիտասական», 1981, Երեվան:
  47. Feynman R. P., Leighton R. B., Sands M. – The Feynman Lectures on Physics, Addison-Wesley, Massachusetts, 1963-1965:
  48. Hayek F.A. – The Sensory Order, 1952, W. & J. Mackay & Co., Ltd., Chatham, Kent:
  49. Ֆրեզեր Ջ. Ջ.Ոսկե ճյուղը, «Հայսատան», Երևան, 1989:
  50. Frazer J. G. – Adonis, Attis, Osiris, “MacMillan,” London, 1907:
  51. Hume D. – Treatise of Human Nature of Understanding, Book I:
  52. Чуковский, К. – Живой, как жизнь,
  53. Պոպեր Կ. Ռ. – Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, հատ. 1, 2001 և հատ. 2, 2006, «Հայաստան», Երևան:
  54. Հերունի, Պ. – Հայերը և հնագույն Հայաստանը, «Տիգրան Մեծ», 2006:
  55. Толстой, Л. Н. – О Шекспире,
  56. Հարությունյան Մ. – Լեվ Տոլստոյի «Շեքսպիրի ու դրամայի մասին» գործի թարգմանությունը, իմ մեկնություններով ու կրիտիկայով», «Գարուն», Երևան,
  57. Վիլիամ Շեքսպիր – Սոնետներ, թարգմանությունն ու հայերեն չափածո թարգմանությունների վերլուծականը՝ Մերուժան Հարությունյանի, Էդիտ Պրինտ, Երևան, 2020:
  58. Լոուկոտկա, Չ. – Գրի զարգացումը, Հայպետհրատ, Երևան, 1955:
  59. Հարությունյան Մ. – Ընձառյուծն ազատ, նրբագեղ ու ճապուկ, Էդիտ Պրինտ, Երևան, 2013:
  60. Աբեղյան Մ. – Հայ Ժողովրդական հավատալիքները,
  61. Աբեղյան Մ. – Վիշապ կոչվող արձանները որպես Անահիտ-Դերկետո աստվածուհու պաշտամունքի կոթողներ,
  62. James George Frezer – Adonis, Attis, Osiris,
  63. James George Frezer – Psyche’s Task,
  64. Հարությունյան Մ. – Փոքրիկ Իշուկն ու Գորշ Գայլը, Էդիտ Պրինտ, Երևան, 2018:
  65. Կոմիտաս – Հոդվածներ յեվ ուսումնասիրություններ, հավաքեց Ռ. Թերլեմեզյանը, Յերեվան, Հայպետհրատ, 1941:
  66. Hornby A.S. – «Oxford Advanced Learner's Dictionary of Current English», Oxford University Press.
  67. Հր. Աճառյան – «Որուագիծ եւ դասաւորութիւն հայ բարբառների (բարբառագիտական քարտեսով), Էմինեան ազգագրական ժողովածու, հրատարակութեամբ Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց, հատոր Ը. Հայ բարբառագիտություն. Մոսկուա – Նոր-Նախիջեւան ՌՅԿ – 1911,

http://nayiri.com/imagedBook.jsp?id=1&fbclid=IwAR1OLdveVORa6pAW27xfDP8XhTPdIA3NHIYOHE5aA9aYWJ_GxQZbXNiKt2M

5. Մասնագիտական կենսագրությունս

Քանի որ այս գրքում ես բազում անգամ օրինակներ եմ բերում Երևանի բարբառից ու Սալմաստի բարբառի Մալիշկա գյուղի խոսվածքից, երբեմն էլ՝ այլ բարբառներից ու լեզուներից, ուրեմն, ինչպես ընդունված է բանահավաքչության ոլորտում, հարկ կա, որ իմ կենսագրության, կրթության ու գործունեության մասին տեղեկություններ տրվեն ընթերցողին:

Դեյվիդ Հյումը ընդամենը էջուկեսանոց մի ինքնակենսագրություն ունի, ինչն ըսկըսում է այսպե՛ս. «Անհնար է, որ մարդը խոսի ինքն իր մասին, ու ինքնագով չերեվա»: Ես, աչքի առնելով ինքնագով ու մեծամոլ երևալու այս վտանգը, մի քանի բան եմ գրում իմ մասին: Ասածներս թերևս լրի´վ են ստուգելի:

Ծնվել եմ 1948-ին, Մալիշկա գյուղում: Այս գյուղի բնակիչները դեռ հիշում են, որ իրենց նախնիները այստեղ են գաղթել Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ ու Սավրա գյուղերից, 1829 թվին:

Ես ժամանակին Գևորգ Բեգլարի Ջահուկյանին խնդրեցի, որ ինձ տրամադրի Հայոց լեզվի ինստիտուտի Լեզվական ատլասի տետրերը: Սրանցով ստուգեցի մեր գյուղի ասված հիշողության իսկությունը: Պարզվեց, որ Սավրայի խոսվածքը համընկնում է (Պարույր Սևակենց) Զանգակատուն գյուղի խոսվածքի հետ, իսկ Մալիշկա գյուղինը՝ Փայաջուկ գյուղինի հետ: Իմ մայրենի լեզուն, ուրեմն, Փայաջուկի խոսվածքն է:

Իմ մանկության տարիներին մեր գյուղում, առանց բացառության, բոլո´րն էին բարբառախոս: Գրական լեզուն կիրառվում էր միմիայն դպրոցի դասերին (ոչ միշտ) ու այս ոճերը լսում էինք նաև ռադիոյով:

Գյուղում «գրագետ» ռուսերեն գիտեին միայն հայրս, Զավեն Միխայելի Հարությունյանը (ինժեներ գեոլոգ), բժիշկ Արշավիր Սարգսի Աբրահամյանը ու ռուսերենի ուսուցիչ Ժաննա Սարգսյանը: Գյուղի բավական ընդարձակ գրադարանում ռուսերեն գիրք համարյա չկար:

Երբ սկսվեց Արփա-Սևան թունելի շինարարությունը, հայրս ղեկավարում էր այս թունելի երկրաբանական հետազոտությունները, սրա համար էլ երեք ամառ երեքական ամսով անցկացրել եմ Կեչուտ գյուղի մոտակայքում:

Այս գյուղում համադասարանցի ունեի, սրա համար էլ այդ գյուղում շատ էի լինում, ու մի երկու շաբաթում Կեչուտի «ում» ճյուղի այն օրերի խոսվածքն այնքան վարժ սովորեցի, որ սրա գյուղացիները չէին հավատում, որ այս բարբառին երբևէ ծանոթ չեմ եղել: Այժմ այս բարբառը համարյա լրի´վ եմ մոռացել:

Երբ ես 14 տարեկանում եկա Երևան, ուղղակի ապշեցի, որ երևանցիները բոլորովին էլ գրական ոճերով չեն խոսում: Երևանի բարբառն էլ շատ արագ յուրացրի, երևի նորից մեկ-երկու շաբաթում:

Հավանական է, իմ լեզվական ունակությունները միջինից բարձր են եղել: Հանգուցյալ մայրս ասում էր, որ խոսելն սկսել եմ մեկ տարիս չլրացած, միանգամից ու առանց մանուկներին հատուկ թոթովանքների, ու որ երկու տարեկանում սահուն արտասանում էի Թումանյանի «Մարոն» պոեմը, լրիվ ու անսխալ: Մի երկու անգամ հանգուցյալ Գ. Ջահուկյանն ասաց, թե «Մերուժանը լեզվական զորավոր զգացողություն ունի»:

Արևմտահայերենը սովորել եմ կարդալով ու ռադիոյից: Նույն ձևով էլ յուրացրել էի Թիֆլիսի բարբառը: Այսօր Թիֆլիսինը մոռացել եմ:

Գրաբարին ծանոթացել եմ 1977 թվից, երբ կարդում էի Աճառյանի «Հայերեն արմատների բառարանը», հետո էլ իր ՀԼԼՔ-ի հատորները, ու երբ թարգմանություն էի անում գրաբարից: Իհարկե, գրաբարի իմ իմացությունից ես այդպես էլ գոհ չմնացի:

Ռուսերենիս ուսումն սկսել եմ, ըստ էության, 12-13 տարեկանից, մեծ մասամբ, կարդալով: Մոտ մեկ տարի ապրել եմ Մոսկվայում: Ռուսերենի իմ իմացությունը (մայրենի հայերեններից մեկը կրողի համար) թերևս գերազանց է: Մի քանի տարի ԵՊՀ-ում ռուսերենով ֆիզիկա եմ դասախոսել:

Գերմաներենն անցել եմ գյուղում, մի տարի 5-րդ դասարանում, մեկուկես տարի էլ 9-10-րդ դասարաններում, ու գերմաներենով արդեն Գրիմների հեքիաթներն էի կարդում, բայց երբ եկա քաղաք, այստեղի դպրոցում ֆրանսերեն էին անցնում, ու ինձ ֆրանսերենի դասերից ազատեցին: Այսօր գերմաներենս համարյա լրիվ եմ մոռացել:

Ագլերենի ուսումնասիրությունն սկսել եմ 16 տարեկանում, ԵՊՀ-ում, տառերից:

Անգլերենից ու ռուսերենից գեղարվեստական պրոֆեսիոնալ թարգմանություն եմ անում 1985 թվից, թարգմանել եմ մոտ երեք տասնյակ գործ (երկու ուղղությամբ էլ), համարյա բոլոր ժանրերից, սրանց թվում՝ Կառլ Ռեյմունդ Պոպերի «Բաց հասարակությունն ու դրա թշնամիները» գործի երկու հատորը, Արիստոտելի «Աթենական հասարակարգը», մեր Գրողների միության պատվերով մեկ արձակ ու երկու չափածո ալմանախի մեծ մասը:

Անգլերեն եմ դասավանդել Երևանի գիմնազիայում, հետո մի մասնավոր դպրոցում, հետո՝ Երևանի Ֆիզմաթ դպրոցում (անգլերենով՝ ֆիզիկայի ու մաթեմատիկայի ընտիր հարց ու խնդիրներ), ինչպես նաև մասնավոր հիմունքներով (բուհ ընդունվելու համար) ու այժմ էլ անգլերենով օնլայն մաթեմատիկա (երբեմն էլ՝ ֆիզիկա) եմ դասավանդում՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի բուհերի ընդունելության համար:

Անգլերենով 20 ոտանավոր ունեմ գրած, որոնցից մեկը Poetry.com մրցույթի եզրափակիչ մտավ (այս համաշխարհային մրցույթին մասնակցում էր 5,2 միլիոն ոտանավոր), բայց ես չգնացի: Այս ոտանավորներից 15-ը հրատարակել եմ իմ «Ու կառքը դառնում ա դդում» չափածոյիս ժողովածուի վերջում: Ունեմ նաև անգլերենով երկու անտիպ արձակ գործ: Հայերենով ունեմ 10/12 հրատարակած ու մոտ 10-12 անտիպ գիրք: Տպագրածս կարևոր գրքերիս ցանկը կա այս գըրքի վերջում:

Ունեմ 3 տասնյակից ավել գիտական ու գիտամանկավարժական հոդված: Զբաղվել եմ նաև երկնային ֆիգուրների հավասարակշռության ու կայունության, դիֆրակցիոն ճառագայթման, հարաբերականության ընդհանուր տեսության ու տեսական ֆիզիկայի այլ հարցերով: Այս հոդվածներից մոտ երկու տասնյակը հրատարակվել է միջազգային հեղինակավոր (impact factor-ով) գիտական ամսագրերում, գիտամանկավարժականները տպագրվել են Երևանի Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի տարեկան ամսագրում ու այլուր:

ԵՊՀ-ի աշխատանքիս զուգահեռ աշխատել եմ խմբագիր (Բնապահպանության նախարարության ամսագրի մանկական կցորդ ամսագրին ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալրի հրատարակչության գլխավոր խմբագիր): Մեկ տարի ղեկավարել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հայոց լեզվի ամբիոնը: Այստեղ հիմնադրել եմ «Մանկական համաշխարհային գրականություն» առարկան, ինչը ինքս դասավանդել եմ Համալիրի քոլեջում:

1972 թվին պատրաստվել եմ ասպիրանտուրայի ընդունելության քննություններին գենետիկայից, բայց հանգամանքները չթողեցին, որ մասնակցեմ դրանց:

ԵՊՀ-ում դասավանդում եմ 1971-ից, դասախոսել եմ՝ ֆիզիկայի ընդհանուր դասընթացի բոլոր մասերը (մեխանիկա, թերմոդինամիկա ու մոլեկուլային ֆիզիկա, օպտիկա, էլեկտրականություն, ատոմի ու միջուկի ֆիզիկա) ու սրանցից վարել եմ թե´ գործնական աշխատանքներ (խնդիրների լուծում), թե´ լաբորատոր աշխատանքներ: Դասախոսել եմ նաև հետևյալ տեսական դասընթացները. «վիճակագրական ֆիզիկա, էլեկտրոդինամիկա, քվանտային մեխանիկա»:

Ես սրանք հիշատակեցի միայն այն նպատակով, որ ընթերցողը իմանա, որ բացառված չի, որ մասնագիտական իմ այս կենսափորձը, իմ մշտական ինքնաքննադատությունն ու քննադատությունը, գիտական մեթոդի գործածությունը, տրամաբանական կասկածամտությունն ու տրամաբանական վերլուծությունն իմ համար դարձել է ուղղակի «միս ու արյուն»:

Եթե կրթությամբ բանասեր լինեի ու աշխատեի բանասիրական որևէ հիմնարկում, ա´նպայման կախված կլինեի իմ պետերից ու պրոֆեսիոնալ շրջապատից, ու ոչ միայն չէի համարձակվի շեղվեմ ավանդական դարձած քերականական պաշտոնական «մեկնություններից», այլև մտքովս նույնիսկ չէր էլ անցնի, թե հնարավոր է, որ մեկնումեկը (նաև հենց ե´ս) համարձակվի հակադրվի դրանց:

Լեզվաբանությունն ու բանասիրությունը սովորել եմ Հրաչյա Աճառյանի ու Մանուկ Աբեղյանի համարյա բոլոր բոլոր գործերը մանրամասն յուրացնելով: Օրինակ, Աճառյանի «Հայերեն արմատների բառարանը» ծայրից ծայր կարդացել եմ ամենաքիչը՝ 4 անգամ, իր «Հայոց լեզվի լիակատար քերականության առաջին 7 հատորը՝ 3 անգամ, (վերջին հատորը՝ մեկ անգամ. Այս հատորը, ըստ էության, ավարտուն չի ու անհաջող է), Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը» երևի 7-8 անգամ: Կարդացածս գրքերի լուսանցքներին արել եմ բազում դիտողություն: Յուրացրածս ամեն մի գրքի վերջի ազատ էջերին ունեմ բովանդակության իմ սեփական ցանկերը: Լեզվաբանության պատմությունն ուսումնասիրել եմ նաև Գալպերինի ու Իլյիշի անգլերենի «History of English Language» գործերով, իսկ ընդհանուր լեզվաբանությունը՝ Ֆերդինանդ դե Սոսյուրի (անգլերենով), Հենրի Սվիթի (անգլերենով) ու Պեշկովսկու (ռուսերենով) հայտնի գործերով (տես գրականության ցանկը):

Ազգագրությունն ուսումնասիրել եմ Ջեյմզ Ջորջ Ֆրեզերի անգլերեն գործերից ու սրանց հայերեն ու ռուսերեն թարգմանություններից: Առհասարա´կ եմ ինքնուս ու նույնիսկ ԵՊՀ-ում սովորելիս՝ չէի մասնակցում ֆիզիկայի ֆակուլտետի դասախոսություններին (եթե հնարավոր էր լինում, դասընթացներ էի լսում Մաթեմատիկայի ֆակուլտետում): Հիմնականում աշխատում էի գրադարանում:

Պռաքսեոլոգիան ու մանավանդ տնտեսագիտությունն ուսումնասիրել եմ Ֆրիդրիխ Ավգուստ Հայեկի ու իր ուսուցիչ Լուդվիգ Միզեսի անգլերեն գործերը յուրացնելով, մի քիչ էլ սրանց հետևորդների գործերով:

Դասավանդելու մեթոդիկան սովորել եմ Ռիչարդ Ֆիլիպս Ֆեյնմանից (Ֆեյնմանը, առհասարակ, նաև իմ ֆիզիկայի մտածողության ու կուլտուրայի ձևավորողն է, ու ես ինձ հենց Ֆեյնմանի աշակերտն եմ համարում), Դյորդ (Ջորջ) Պոյայից, Ֆելիքս Քլայնից, Անրի Պուանկարեից, իմ հանգուցյալ դասախոս Ռ. Հովհաննիսյանից, ով սքանչելի պատմող էր:

Ոտանավոր գրելը սովորել եմ առաջին հերթին՝ Թումանյանից, հետո՝ Տերյանից, Չարենցից ու իմ ընկեր Հրաչ Սարուխանից, ինչպես նաև՝ Պաստեռնակից, Լերմոնտովից, Շեքսպիրից, Հարդիից, Ֆռոստից (ու իհարկե՝ լիքը ուրիշ հզոր պոետից):

Հեքիաթ գրելու արվեստի իմ ուսուցիչներն են եղել՝ Հանս Քրիստիան Անդերսենը, Ռադյարդ Քիփլինգը, Սոմերսեթ Մոոմը, Կարել Չապեկը, Անտուան դը Սենտ Էկզյուպերին, Դերենիկ Դեմիրճյանը, Գեորգ Օստերը, Էդվարդ Ուսպենսկին ևն:

Արձակիս ուսուցիչներն են՝ նորից Դերենիկ Դեմիրճյանը (սկզբնական պատմըվածքները, «Վարդանանք»-ից խորշում եմ) ու առաջին հերթին՝ Վիլյամ Սարոյանը, Ռոբերտ Լյուիս Ստիվենսոնը, Հենրիկ Սենկեևիչը, Հեմինգվեյը ևն, ևն:

Կարդում եմ 6 տարեկանից, ութից՝ միջինով օրը 200 էջ, բայց 1985-ից կարդալն իր տեղը զիջեց թարգմանությանն ու ստեղծագործությանը: Երբ ԵՊՀ-ում էի սովորում, օրը աշխատում էի 14-16 ժամ (եթե բառադիություն չէի անում): Հիմա էլ օրը միջինով 8-12 ժամ աշխատանքը սովորական է իմ համար: Կարդում էի արագ ու անկուշտ: Հիշում եմ, որ Դյումայի «Երեք հրացանակիրը» կարդացել եմ մի օրում:

Ես միշտ կարդացել եմ միմիայն ինձ դուր եկած բաները, ընդ որում, եթե մի գործը դուր էր գալիս, հնարավոր է, որ սա կարդայի բազում անգամ: Օրինակ, չուկչիների կյանքից մի ծավալուն վեպ կար, «Ալիտետը հեռանում է լեռները», ինչի հեղինակի անունն այսօր չեմ հիշում, կարդացել եմ երևի 40-ից ավել անգամ:

Ըստ էության, ղեկավարվելով միմիայն բավականություն ստանալու իմ ցանկությամբ, ընթերցանությունս եղել է գրական ու ոճական մի տարերային ու անհագուրդ ու անդադար ուսումնասիրություն, ինչը կատարյալ է եղել իր արտառոց ու անգիտակից հետևողականությամբ:

Բարձրաձայն կարդալու արվեստը սովորել եմ հորիցս ու հետո՝ Սուրեն Քոչարյանից: Կարդացել եմ համարյա միայն մեջքիս պառկած, բայց վերջին տարիներին գեղարվեստը պառկած չեմ կարող կարդամ, քանզի մեկ-երկու րոպե կարդալուց հետո քունս տանում է: Սրա համար էլ հիմա կարդում եմ միայն կոմպով, ինչը չափազանց է հարմար, որովհետև կարող եմ ուզածս նշումներն անեմ ու ուզածս կտորները պատճենեմ ու պահեմ:

ԻՄ ԿԱՐԵՒՈՐ ԳՐՔԵՐԸ

1. Արիստոտել – «Աթենական հասարակարգը» [8]:

Թարգմանած է անգլերենից: Այս գործն Արիստոտելի մեզ հասած միակ «պատմական» աշխատությունն է, ինչը նվիրված է Աթենքի սահմանադրության պատմությանը: Թարգմանությանը կցած են թարգմանի շեղատառ դիտողություններն ու ծանոթությունները:

Տեղեկություններ կան, որ Արիստոտելի նման շարադրանքների թիվը էղել է մոտ 158, բայց մեզ մենակ սա է հասել: Երևի այս 158 հատն էլ գրվել է հենց Արիստոտելի հանձնարարությամբ, որոնց հիման վրա էլ գրել է իր հիմնարար գործերից մեկը՝ Politica-ն:

2. Կառլ Ռեյմունդ Պոպեր – «Բաց հասարակությունն ու դրա թշնամիները» [22-23]:

Թարգմանած է անգլերենից: Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության, լիբերալիզմի ու լիբերալիզմի պատմության մասին է: Առաջի հատորը Պլատոնի գործերի վերլուծությունն ու հին հունական դեմոկրատիայի պատմությնն է, ու ցույց է տրված, որ մեր օրերի տոտալիտարիզմի ու ավտորիտարիզմի ակունքները Պլատոնի ու Հերակլիտոսի աշխատություններն են:

Առաջին հատորում նաև թարգմանի դիտողություններն ու ծանոթագրություններն են, ու թարգմանն առաջարկել է նյութը լուսաբանող զգալի թվով գրականություն: Նույնն արված էր համ էլ 2-րդ հատորում, բայց հրատարակիչը դրանք հանեց:

Երկրորդ հատորը նվիրված է Արիստոտելի, Հեգելի ու Մարքսի գործերի վերլուծությանը, ու ցույց է տրված, որ մեր օրերի տոտալիտարիզմը, ավտորիտարիզմը, բոլոր գույն ու երանգի նացիզմները գալիս են Հեգելի ու սրա գաղափարների վրա հիմնված Մարքսի ու Ֆիխտեի ու այլոց գործերից, իսկ Հեգելի ակունքներն էլ՝ Պլատոնի ու Հերակլիտոսի գաղափարներն են:

3. «Զվարճալի այբ ու բեն», «Անտարես», 2003, Երևան:

Այս գրքի առաջին մասը կազմված է հայերենի այբուբենի տառերով սկսվող զվարճալի քառյակներից, իսկ երկրորդ մասն այբուբեն ստեղծելու սկզբունքների ու հայերենի այբուբենի աստիճանական փոփոխությունների կարճ պատմությունն է: Հիշատակված են նաև հայկական երաժշտական խազերն ու հայկական ու հռոմեական տառային թվանշաններն ու թվերը:

4. «Հեքիաթների գանձարան» – «Լուսաբաց», 2004, Երևան:

Այսի Չ. Դիկենսի, Սոմերսեթ Մոեմի, Կարել Չապեկի ու Հանս Քրիստիան Անդերսենի մի քանի հեքիաթի փոխադրությունն է:

5. «Թարգմանելու արվեստը» [16]:

Թարգմանելու արվեստին նվիրված այս գիրքն իր նախադեպը չունի ոչ միայն հայ գրականության պատմության մեջ, այլև առհասարակ, եթե նկատի առնվի սրա հակիրճությունը, սիստեմատիկայի ձևը, հեղինակային մեկնություններն ու թարգմանական «կանոնները» համակարգելու փորձը, ինչը (գոնե հայերենի համար) իրո´ք առաջին անգամ է արվում:

Համեմատված են՝ Դիլան Թոմասի, Լերմոնտովի, Պուշկինի, Բլոկի, Եսենինի, Պաստեռնակի, Բրոդսկու, Բյորնսի, Ֆրոստի, Յեյցի, Դ. Հ. Լովրենսի, Հարդու ու Էմսոնի ոտանավորների բնագրերը սրանց հայերեն թարգմանությունների հետ: Համեմատության համար ընտրված են՝ Պ. Սևակի, Վ. Դավթյանի, Հ. Սահյանի,Վ. Գևորգյանի, Հ. Միրզոյանի, Սադաթյանի, Ս. Վահունու, է. Հարությունյանի, Հ. Թամրազյանի, Ն. Աթաբեկյանի, Ա. Պողոսյանի ու այս գրքի հեղինակի թարգմանությունները:

Գրքի հավելվածը ներկայացնում է օտար լեզուներից հայերենի փոխ առած է´ն բոլոր բառերը, որոնք գործածվել են մեր աշխարհաբար գրականության մեջ: Հեղինակն այդ բառերը քաղել է Հր. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանից»: Այս հավելվածը օգտակար կլինի հայերենի քննություն հանձնողներին ու ուսուցիչներին, ու, առհասարակ, հայ ընթերցողին:

6. «Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը»

Այս գիրքը պնդում է, թե մենք չենք հետևում Մաշտոցի, Աբովյանի, Կոմիտասի, Թումանյանի ու մեր մնացած մեծերի պատգամներին, չնայած անընդհատ պնդում ենք, թե պահպանում ենք մեր ազգային արժեքները: Ու նաև պատմում է սնափառ հայագովության վնասների մասին:

7. «Ընձառյուծն ազատ, նրբագեղ ու ճապուկ»,:

Այս գիրքը հեղինակային ոտանավորների ու մի քանի էսեի 270 էջանոց ժողովածու է:

Էսեները խոսում են հայերենի գրական «լեզվի» ցավոտ պրոբլեմներից, ու սրանք շարադրված են մի շատ ընդարձակ նախաբանի մեջ:

Գիրքը գրված է Երեվանի բարբառի (խոսվածքի) վրա հիմնված հեղինակի գրական լեզվով:

Ըստ էության, սա Խաչատուր Աբովյանի չընդունված փորձի առաջին հետևողական շարունակությունն է, ու սրա համար էլ հեղինակն իր այս ոտանավորների արանքները դրել է իր տեսական կարճ դիտողությունները (որոնցից ամեն մեկը մի կարճ էսե (essay) է մեր գրական ոճերի բառապաշարի մասին:

Բոլոր ոտանավորներն էլ սկսվում են այս էսեներով, որտեղ հաճախ ասվում է նաև, թե այդ ոտանավորն ինչո´ւ կամ ի´նչ առիթով է գրվել, ու շատ անգամ էլ հեղինակն իր մտքերն է շարադրում ա´յն թեմաների մասին, որոնք կապված են այդ ոտանավորի պատմած նյութին կամ պատմելու լեզվին:

Գրքի «փիլիսոփայությունը» մանրամասն բացատրված է նախաբանի մեջ:

8. «Փոքրիկ Իշուկն ու Գորշ Գայլը», Էդիտ Պրինտ, Երևան, 2018:

Հեղինակի «Փոքրիկ Իշուկն ու Գորշ Գայլը» հեքիաթների շարքը նախատեսված է և՛ փոքրերի, և՛ մեծերի համար: Այդ հեքիաթների գրական ոճը մասնակի հիմնված է Երևանի բարբառի վրա: Գրքի նպատակներից մեկը Երևանի բարբառի ուսումնասիրությունն է, ինչը կարևոր է մանավանդ հայերենի այլ բարբառների կրողների համար:

9. Վիլյամ Շեքսպիր, «Սոնետներ», Էդիտ Պրինտ, Երևան, 2020:

Սա Վ. Շեքսպիրի սոնետների չորրորդ թարգմանությունն է: Թարգմանը հետևել է Շեքսպիրի բնագրի լեզվական սկզբունքին (Շեքսպիրը ազատ գործածել է Լոնդոնի խոսակցական լեզուն):

Նորից է թարգմանված նաև Համլետի նշանավոր մենախոսությունը՝ 33 տողով, ինչքան որ բնագրինն է (Մասեհյանինը, ըստ էության, 53 տող է): Թեև գիրքը նախատեսված է լայն ընթերցողի համար, բայց գրքի թարգմանական վերլուծությունը օգտակար կլինի մանավանդ համալսարանների լեզվական ֆակուլտետների ուսանողների ու ուսուցիչների համար:

10. «Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը», Էդիտ Պրինտ, Երևան, 2021:

Սա առաջին հայերեն գիրքն է, ինչը շարադրում է նորագույն գիտության՝ պըռաքսեոլոգիայի (այսինքն, լիբերթարյան (ավստրիական) տնտեսագիտության, բարոյագիտության, իրավագիտության ու սպոնտան կարգի տեսության) հիմնական գաղափարները:

Գիրքն սկզբում առաջարկում է երկիրը փրկելու սահմանադրական կարգի Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի Law, Legislation and Liberty եռահատոր աշխատության ոգով կազմված գիտական ծրագրի ուրվագիծը, հետո, բավական մանրամասն, հիմնավորում է այս ծրագիրը:

Սույն գրքի հասցեատերերն են՝ տնտեսագետները, բարոյագետները, իրավագետները, քաղաքագետները, քաղգործիչները, հումանիտարիստիկայի ուսանողներն ու, առհասարակ, լայն ընթերցողը:

Գրքի վերջում կա նշված թեմաներն արծարծող տնտեսագիտության, իրավագիտության ու բարոյագիտության ավստրիական դպրոցի հեղինակների կարևորագույն անգլերեն գործերի 3 ցուցակ:

ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԵՐԵՆԻ

ՏԵՍՈՒԹՅԱՆ ՈՒ ՈՃԵՐԻ

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ

***

ՀԱՅԵՐԵՆԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԻ –

1. ՄԱՍՆԱՎՈՐՈՂ ԶՈՒԳՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2. «ԵՄ»-ԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

3. ԴԻՖՈՒԶՎՈՂ ՑՐԻՎ ԿԱՐԳԸ

Կազմը՝ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ