ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ԳՈՐՇ ԳԱՅԼԸ
ՀԵՔԻԱԹ` 27 ՊԱՏԿԵՐՈՎ,
ՄԻ ՆԱԽԱԲԱՆՈՎ ՈՒ ԷՐԿՈՒ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ,
ՄԵԾԵՐԻ ՈՒ ՓՈՔՐԵՐԻ ՀԱՄԱՐ
2018, ԵՐԵՎԱՆ
ՎԵՐՆԱԳՐԵՐԻ ՑԱՆԿԸ
2. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ՈՉԽԱՐԻ ՀՈՏԸ 7
3. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ «Վ» ՏԱՌԸ 10
4. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿԸ ԴՈՒՍ Ա ՏԱԼԻ 11
6. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ 15
7. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ԲՌՆՈՑԻՆ 17
8. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿԸ՝ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ 19
9. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ԲԱԼՆԻՔԻ ԾԱԿԸ 21
10. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ՈՇ ՄԻ ԲԱՆԸ: 23
11. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿԸ, ԿԱՄ ԷԼ` ԳՆԱՑԻՆՔ ՏՈՒՆ 25
12-ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ԳԱՅԼՈՒԿԸ (1) 27
13-ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ 29
14-ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ԱՍՏՂԵՐԸ 31
15. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ 33
16. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿԸ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ 35
17. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ 37
19. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ 40
20. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿԸ ԿԱՐԱՏԵԻՍՏ 41
21. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ 42
22. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ 44
23. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ 47
24. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ԹՌՉՈՂ ԱՓՍԵՆ 49
25. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ՀՐԱՍԱՅԼԸ 51
26. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 53
27. ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ՄՆԱՍ ԲԱՐՈՎ 55
ՀԱՎԵԼՎԱԾ 1. – Հեքիաթներիս մի մասի խորքային գաղափարները 57
ՀԱՎԵԼՎԱԾ 2. – Իմ ֆեյսբուքյան ընթերցողի մեղադրանքը 59
Էս հեքիաթը գրել եմ (մոտ 25 տարում) ու, հետեվելով Հովհաննես Թումանյանին, գրել եմ մեր գլխավոր բարբառի` Արարատյա´ն բարբառի հիմքի վրա, է´ն կրողների համար, ովքեր սիրում են իրենց մայրենի լեզուն, այսինքն, բարբառը:
Մայրենի լեզուն է´ն լեզուն ա, որ էրեխու մաման ա (կամ էլ մայրիկը) սովորացնում էրեխուն ու սրա´ համար են դրան ասում «մայրենի»: Ու մեկ էլ` սովորացնողները էրեխու ծնողներն են ու ընգերները:
Էրեխու հայրենիքը (կամ էլ մայրենիքը) առաջի հերթին իրա ծնողներն են, իրա պապ ու տատը, մյուս հարազատներն ու իհարկե` ընգերները: Ուրեմն, մայրենի լեզուն համ էլ մայրենիքի´ լեզուն ա:
Առհասարակ, էս հեքիաթները երեվի ավելի շատ մեծերի´ համար են, քան թե փոքրերի, բայց որ փոքրերն էլ կարդան սրանք, հեչ էլ վնաս չեն անի: Փոքրը սրանցից իրա´նը կվեկալի, մեծը՝ իրա´նը:
Ասեմ, որ հեքիաթներից հետո գրած լեզվական դիտողություններիս մի մասը մեծերի համար ա, մյուսը` փոքրերի:
Մեծերի համար արածս դիտողություններն է´ն լեզվական հնարավոր հարցերի կարճ պատասխաններն են, որ անպայման կծագեն էս հեքիաթները կարդալուց:
Դիտողություններիս մի մասն էլ ծնողներին պտի հուշի, թե որ բառը բացատրեն էրեխուն, որտեվ էրեխեն շատ անգամ բառը չի հասկանում (օրինակ` «տաղանդավոր» կամ «հանճարեղ» բառերը), բայց չի էլ հարցնում, թե էտ ի´նչ ա:
Էս լեզվական հարցերի մանրամասն քննարկությունը կա իմ մյուս գրքերի ու իմ գալիք՝ «Արդի հայերենի տեսության առանցքային հարցերը» ծավալուն մենագրության մեջը, ինչը, թե բախտս բերի, կհրատարակեմ էս տարի:
25.01.2018, Երեվան
Մերուժան Հարությունյան
***
Ամառը, մի ուրախ առավոտ` Փոքրիկ Իշուկն ուրախ-ուրախ թռչկոտում էր անտառում ու հետն էլ երգում իրա ամենասիրուն երգը 1.
Ոնց որ վարունգ, թփերի մեջ,
Մի մորեխ էր երգում անվերջ,
Կանանչ ու կանանչ,
Կանանչ ու կանանչ,
Բայց դե վարունգ չէր, չէ, չէ, չէ, չէ,
Ոչ էլ վախ ուներ, չէ, չէ, չէ, չէ:
Մեկ էլ էկավ Աքլորիկը,
Գերանդի պոչ, մեծ փորիկը,
Կերավ մորեխին,
Կերավ մորեխին,
Ո՞վ գիդի, թե խի, ախր խի՞, խի՞ 2,
Կերավ Մորեխին, ախր խի՞, խի՞:
Ու ո՞վ կարար գլխի ընգներ,
Որ Աքլորի դեմը կանգներ,
Փրկեր Մորեխին,
Փրկեր Մորեխին:
Ախր վարունգ չէր, չէ, չէ, չէ, չէ,
Ոչ էլ վախ ուներ, չէ, չէ, չէ, չէ:
Թարսի պես էլ հենց էտ վախտը փոքրիկ Գորշ Գայլը, կարթաձողը դրած ուսին, էթում 3 էր ձուկ բռնելու ու լրիվ միամիտ` հանդիպեց Փոքրիկ Իշուկին:
Գորշ Գայլը տնգվեց Փոքրիկ Իշուկի դեմ-դիմացը, ու ունքերը կիտելով ասեց.
– Այ հմի, հենց էս րոպեին, ավելի ճիշտ, հենց էս վարկյանին քեզ կուտեմ: Կուտեմ ու դու է´ն վախտը 4 կիմանաս: Ի՞նչ ա, չե՞ս հավատում:
– Հավատում եմ, բայց խի՞ ես ընձի ուտում,– հարցրեց Փոքրիկ Իշուկը:– Դու ընձի ուտում ես, որտեվ ես երջանի՞կ 5 եմ:
– Չէ,– ասեց Գորշ Գայլը:– Ուտում եմ, որտեվ սոված եմ:
– Խի՞ ես սոված,– հարցրեց Փոքրիկ Իշուկը:– Սոված ես, որտեվ ես երջանի՞ կ եմ:
– Չէ,– ասեց Գորշ Գայլը,– սոված եմ, որտեվ ոչ մի բան չեմ կերե 6:
– Խի՞ չես կերե,– հարցրեց Փոքրիկ Իշուկը,– չես կերե, որտեվ ես երջանի՞կ եմ:
– Չէ,– ասեց Գորշ Գայլը,– չեմ կերե, որտեվ էս կողմերը էլ ոչ մի որս չկա:
– Խի՞ չկա,– հարցրեց Փոքրիկ Իշուկը,– չկա, որտեվ ես երջանի՞կ եմ:
– Չէ,– ասեց Գորշ Գայլը,– չկա, որտեվ մի վախտ պապա ´ս էր երջանիկ:
– Խի՞ էր պապադ էն վախտը երջանիկ,– հարցրեց Փոքրիկ Իշուկը:– Պապադ է´ն վախտն էր երջանիկ, որտեվ ես հմի՞ եմ երջանիկ:
– Չէ,– ասեց Գորշ Գայլը:– Դու հմի երջանիկ չես: Դու հմի դժբախտ 7 ես:
– Խի՞ եմ դժբախտ,– հարցրեց Փոքրիկ Իշուկը,– ես դժբախտ եմ, որտեվ երջանի՞կ եմ:
– Այսինքն ո՞նց թե,– շփոթվեց Գորշ Գայլը, իսկ գելերն էս բանը, էտ շփոթվելը, չեն սիրում, թե որ իհարկե, շատ-շատ փոքրիկ չեն: Գելերը, մանավանդ գորշերը, կարկանդակ 8 են սիրում, Կարմիր Գլխարկ են սիրում, Տատիկ են սիրում, Փոքրիկ Իշուկ են սիրում, բայց էտ բանը` էտ շփոթվելը` հե´չ, հե´չ չեն սիրում:
«Այ քեզ փորձանք,– ասեց Գորշ Գայլն իմքն իրան:– Հմի ես սրանից ի՞նչ հասկանամ: Էս խեղճուկրակը դժբախտ ա, որտեվ երջանի՞կ ա, թե երջանիկ ա, որտեվ դժբա՞խտ ա: Թե՞ էս խեղճուկրակը դժբախտաերջանիկ իշուկ ա: Կարո՞ղ ա էս իշուկը հեչ համով էլ չի: Ու հլը կարող ա պատահի, որ էս իշուկը թունավոր ու կծու էլ ըլնի: Ու թե որ թունավոր ու կծու էլ էղավ` փորիկս կցավա: Ու թե որ փորիկս ցավա` ես էլ կդառնամ դժբախտ ու էտ վախտը երեվի շատ երջանիկ ըլնեմ: Բայց ես հեչ էլ չեմ ուզում, որ էնքան երջանիկ ըլնեմ, որ փորիկս ցավա՚:
Ու Գորշ Գայլը Փոքրիկ Իշուկին ասեց.
– Իշուկ, ես քեզ չեմ ուտի: Ես քեզնից հեչ մի կտոր էլ չեմ ուտի: Ճիշտն ասաց` ես հեչ էլ սոված չեմ: Համ էլ` ես համաձայն եմ, որ դու երջանիկ ես, որտեվ…
Բայց ըստե` Փոքրիկ Իշուկն վռազ, ու հլը վռազից էլ մի քիչ շուտ, որ Գորշ Գայլը չհասցնի էլի բան ասի, ասեց.
– Ճիշտ ա սիրունիկը´ս, ճիշտ ա քաղցրիկը´ս, ճիշտ ա անուշիկը´ս, ես երջանիկ եմ, որտեվ շա´տ, շա´տ, շա´տ երջանիկ եմ:
Ու Փոքրիկ Իշուկն ու Գորշ Գայլը գնացին ձուկ բռնելու:
------
1 Էս ոտանավորը Ն. Նոսովի «Անգետիկի արկածները» գրքի ոտանավորի «թարգմանությունն» ա, ու սրա համար մեղեդի է´լ եմ հորինե, հլը ռուսների մուլտից առաջ:
2 «Խի՞» բառը, որ շատ մարդ համարում ա գռեհիկ ու օտար բառ, բնիկ հայերեն բառ ա: Սրա հնագույն ձեվն ա` «ի՞» բառը: Սրան հետո ավելացավ մի «հ» ձեն ու բառը դարձավ «հի՞ = ինչո՞ւ», ու մեր բարբառներից մի քանիսն էսի հմի է´լ ունի: Արարատյան բարբառում էս «հի՞» բառն էլ դարձավ «խի՞»: Իմիջիայլոց` «ի՞նչ» ու «ինչո՞ւ» հարցականներն էլ են կազմված նույն «ի՞» հարցականից, բայց «-նչ» ու «-նչու» հավելվածներով:
Իմ կարծիքով` էսօրվա «ի ´ ՞» զարմացական-հարցականը մեր հնագույն «ի» բառն ա, որ նշանակում էր` մի բան: Իսկ «ի՞»-ն նշանակում էր` «ի՞նչ (բան)», ու հետո սրա իմաստը փոխվեց դառավ «ինչո՞ւ համար», այսինքը, «խի՞»: Տես Հր. Աճառյանի «Հայերենի արմատական բառարանը»:
3 «էթամ» բառը բնիկ հայերեն բառ ա, ու «գնացի» անկանոն բայի զույգն ա, ոնց որ` «ուտեմ-կերա» անկանոն զույգը: Թե էս բառը խի՞ ա համարվում գռեհիկ, անհայտ ա:
4 Աճառյանի ասելով (ՀԱԲ) «վախտ» բառը փոխ ենք առել արաբերենից, իսկ «ժամ» ու «ժամանակ» բառերը վեկալել ենք սեմական լեզուներից, որոնց մի ժառանգն էլ արաբերենն ա: Խի՞ են «ժամ» ու «ժամանակ» բառերը թույլատրելի, իսկ «վախտ»-ը` չէ:
5 Երջանիկն էնի´ ա, ով շա´տ, շա´տ, շա´տ ուրախ ա ու ուզում ա ծիծաղի ու երգի:
6 Էրեվանի բարբառը վաղակատարի վերջի «լ»-ն ջնջում ա, թե որ սրանից հետո «ա» օժանդակ բայը չկա: Օրինակ, «էկե՞լ ա, թե՞ չի էկե»:
7 Դժբախտն էնի´ ա, ով հե´չ, հե´չ ուրախ չի ու ուզում ա լաց ըլնի:
8 Կարկանդակը թխվածք ա, երեվի պեռաշկին կամ գաթան:
(Էս հեքիաթը գրել եմ, որ էրեխեքն ու մեծերը սրանից սովորեն հայերենի թվական-գոյական զույգի գործածության ճիշտ ձեվը)
Փոքրիկ Իշուկն ու Գորշ Գայլը էթում էին ձուկ բռնելու ու գետափ չհասած` տեսան երեվի մեկ, էրկու, տասը, հարուր կով: Ու Գորշ Գայլը բերանը բացեց ու ասեց Փոքրիկ Իշուկին.
– Տե´ս, Իշուկ, կովերի նախիրը:
– Ի՞նչ նախիր, – ասեց Փոքրիկ Իշուկը: – Կովերին տենում եմ, բայց ո´չ մի նախիր էլ չե´մ տենում:
– Ախր, Իշուկ, – ասեց Գորշ Գայլը, – երբ շատ կով ա ըլնում, կամ շատ իշ…, իշ…ը´, ուրեմը, երբ իրար հետ շատ կով ա ըլում, ասում են` կովերի նախիրը: Հասկացա՞ր:
– Հասկացա, – ասեց Փոքրիկ Իշուկը: – Ի՞նչ կա չհասկանալու, երբ շատ նախիր ա ըլում, ասում են` կովերը:
Գորշ Գայլը բերանը չբացեց ու չվիճեց, ու իրանք գնացին ու շարունակին իրանց ճամփեն ու գետափ չհասած` տեսան երեվի մեկ, էրկու, տասը, հարուր կռունկ, որ թռնում էին երկնքում: Ու Գորշ Գայլը բերանը բացեց ու ասեց.
– Տե´ս, Իշուկ, թռչունների երամը:
– Ի՞նչ երամ-մերամ, – ասեց Փոքրիկ Իշուկը: – Թռչուններին տենում եմ, բայց ոչ մի երամ-մերամ էլ չե´մ տենում:
– Ախր, Իշուկ, – ասեց Գորշ Գայլը, – երբ շատ թռչուն ա ըլնում իրար հետ, ասում են` թռչունների երամը: Հասկացա՞ր:
– Հասկացա, հասկացա, – ասեց Փոքրիկ Իշուկը, – երբ շատ երամ ա ըլնում, ասում են` թռչունները:
Գորշ Գայլը բերանը հե´չ չբացեց ու հե´չ չվիճեց, ու իրանք էլի քայլին ու շարունակին իրանց ճամփեն ու գետափ չհասած` տեսան երեվի մեկ, էրկու, տասը, հարուր գել: Ու Գորշ Գայլը մտավ ծառերի հետեվը, որտեվ իրա պապան էլ էր էտ գելերի մեջ, ու հետո Գորշ Գայլը բերանը բացեց ու փսփսալով ու կամ էլ շշնջալով ասեց Փոքրիկ Իշուկին.
– Տե´ս, Իշուկ, գելերի ոհմակը:
– Ի՞նչ ոհմակ-չօհմակ, – ասեց Փոքրիկ Իշուկը: – Ես ո´չ մի ոհմակ էլ չե´մ տենում:
– Ախր, Իշուկ, – ասեց Գորշ Գայլը, – երբ շատ գել ա ըլնում, ասում են` ոհմակ:
– Հասկացա, – ասեց Փոքրիկ Իշուկը, – երբ շատ ոհմակ ա ըլնում, ասում են` չօհմակ:
Էս անգամն էլ Գորշ Գայլը բերանը հե´չ, հե´չ չբացեց ու հե´չ, հե´չ չվիճեց, ու իրանք գնացին ու շարունակին իրանց ճամփեն ու գետափ չհասած` տեսան երեվի մեկ, էրկու, տասը, հարուր ձի: Ու Գորշ Գայլը բերանը բացեց ու ասեց Փոքրիկ Իշուկին:
– Տե´ս, Իշուկ, ձիերի երամակը:
– Գորշուկ, – ասեց Փոքրիկ Իշուկը, – հասկացա: Սրանք թռնող ձիեր են: Բայց երեվի սրանք դանդա´ղ-դանդա´ղ ու կամա´ց-կամա´ց ու ցա´ծր-ցա´ծր են թռնում ու սրա համար էլ սրանց ասում են ոչ թե երամ, այլ երամակ:
Ու էս անգամ էլ Գորշ Գայլը բերանը հե´չ, հե´չ ու բոլորովին չբացեց ու հե´չ, հե´չ ու բոլորովին չվիճեց, ու երբ գետափ չհասած` տեսան մեկ, էրկու, տասը, հարուր ոչխար, Գորշ Գայլը բերանը բացեց ու ասեց Փոքրիկ Իշուկին.
– Տե´ս, Իշուկ, ոչխարների հոտը:
– Գորշուկ, – ասեց Փոքրիկ Իշուկը, – համաձայն չեմ: Լրի´վ համաձայն չեմ: Հե´չ ու բոլորովի´ն համաձայն չեմ: Ես ոչխարների հոտը ո՞նց տենամ: Բա (1) հոտը տենու՞մ են: Հոտը առնո´ւմ են, ոչ թե տենում են: Դու քու մամայի դուխու (2) հոտը առնո՞ւմ ես, թե՞ տենում ես:
– Ախր, Իշուկ, – ասեց Գորշ Գայլը, որտեվ Գորշ Գայլն ուզում էր ասեր, թե հոտը չեն առնում, որտեվ հացն են առնում, մածունն են առնում ու ծամոնն են առնում, բայց Փոքրիկ Իշուկը չթողեց, որ Գորշ Գայլը շարունակի ու ասեց.
– Ոչ մի «ախր-չախր»: էսի կա´մ ոչխարի նախիր ա, կա´մ ոչխարի երամ, կա´մ ոչխարի չօհմակ, կա´մ ոչխարի երամակ, կա´մ էլ ոչխարի պարս (3): Էսի ոչխարի պարս ա ու վերջ:
Գորշ Գայլը բերանը փակեց, որտեվ իրանք հասան գետափ:
––––––
(1) Հին հայերենը ուներ մի բառ` «բամ» բառը: Ահա սա` նշանակություններն էլ հետը` (Հր. Աճառյւսն, ՀԱԲ)
բամ = ասում եմ, ասեմ բամք = ասում ենք, ասենք
բաս = ասում ես, ասես – – – –
բայ = ասում է, ասի բան = ասում են, ասեն
բա´ = ասա´; բալ = ասել
«բամ»-ը շատ նման ա էսօրվա «կամ»-ին` «կամ, կաս, կա, կանք, կաք, կան»: Էսօրվա հայերենի մեջ էս բառի մենակ փշուրները կան, ինքը մեռել ա: Օրինակ` ասում են` «բամ+բաս = ասեմ+ասես», «ի՞նչ բաս ա» = ի՞նչ պատմություն ա ևն:
Սրա հրամայականը, «բա´»-ն, գործածում ենք անընդհատ, բայց մութ իմաստով, թարմատարի կամ եղանակչի պես` «բա ո՞նց, բա հետո՞, բա էտ էլ խո՞սք ա, բա ինչ» և այլն: Սրանցից` «բան»-ը գործածում ենք` «իր, առարկա, խոսք» իմաստներով, ու գրականը սրանով լիքը կազմություն ունի («բանասեր, բանախոս, բանագնաց, երկրաբան, բուսաբան, լեզվաբան» ևն, ևն):
(2) դուխի-ն օդեկոլոնն ա կամ օծանելիքը, էնի, ինչը մամաները ցանում են իրանց վրա, որ լավ հոտ գա:
(3) «պարս»-ը մեղուների կամ մժեղների խումբն ա, երբ որ սրանք շա´տ-շա´տ են:
Փոքրիկ Իշուկն ու Գորշ Գայլը, գետի թեք ափին նստած, կարթը ջուրն էին քցե (1), որ ձուկ բռնեն: Իրանք երկա´ր, շա´տ երկար նստան, ուղի´ղ մի րոպե, բայց ոչ մի ձուկ չընգավ կարթը: Մեկ էլ հանգարծ Գորշ Գայլը գոռաց.
– Մի տե´ս է, Իշո´ւկ: Տենո՞ւմ ես:
– Ի՞նչը, Գորշուկ,–ասեց Փոքրիկ Իշուկը:– Ի՞նչը պտի (2) տենամ:
– Ձկների վտառը (3),– ասեց Գորշ Գայլը:– Տենո՞ւմ ես ձկների վտառը:
– Չե´մ տենում,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ձկների Վ տառը չեմ տենում: Ես ձկների ո´չ Վ տառն եմ տենում, ո´չ Ա տառը, ո´չ էլ Ձ տառը:
– Ես չե´մ ասում Վ տառը,– գոռաց Գորշ Գայլը:– Ես ասում եմ` վտառը: Այ, լսի` վտա´ռը, վտա´ռը: Հասկացա՞ր:
– Խի՞ ես գոռում,– փսփսալով ասեց Փոքրիկ Իշուկը:– Քյառ (4) հո չե՞մ: Վախեցա, չէ՞: Բա´ ձկները Վ տա՞ռ ունեն: Ի՞նչ ա, գիդես թե` որ իշուկ եմ, բան չե՞մ հասկանում: Ի՞նչ ա, չե՞մ տենում, որ ըստե Վ տառ չկա: Ես սա´ղ տառերն էլ գիդեմ: Սա´ղ այբուբենը: Ա´յ, լսի. ԱԲՁՃՎՖ: Տեսա՞ր:
– Ո՞նց թե չկա,– գոռաց Գորշ Գայլը:– Ախր ըստե մի տասը, քսան, սիքսիլյոն ձուկ կըլնի: Բա էտ մե´ծ վտառը չե՞ս տենում:
– Գորշուկ,– ասեց Փոքրիկ Իշուկը,– դու, ի՞նչ ա, չե՞ս հասկանում: Դու, ի՞նչ ա, դմբլո՞ ես: Դու, ի՞նչ ա իշու՞կ ես: Ես քեզ ասում եմ, որ ո´չ մի հսկա Վ տառ էլ չեմ տենում: Ես դաժե մի փոքրի´կ-փոքրի´կ Վ տառ էլ չեմ տենում: Ես դաժե Ձ տառն էլ չեմ տենում:
– Ի՞նչ Ձ տառ,– գոռաց Գորշ Գայլը:– Ձ տա՞ռն ով ա: Ես ո´չ մի Ձ տառ-մտառ էլ չգիդեմ: Ես վտառն եմ ասում:
– Օ´ֆ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Բա էլ ի՞նչ ես հետս խոսում, որ Ձ տառն էլ չգիդես: Բա էլ ի՞նչ ես դմբլո-դմբլո դուս տալի: Հերիք ա դմբլո-դմբլո դուս տաս: Գլուխս տարար:
– Որ ըտենց ա,– ասեց Գորշ Գայլը,– որ ըտենց ա, էլ քու հետ հո´ւր-հավիտյան չեմ խոսա:
Ու Գորշ Գայլը գնաց հեռո´ւ-հեռո´ւ, Փոքրիկ Իշուկից մի մետր էն յան, որ էլ իրա հետ հո´ւր-հավիտյան չխոսա:
––––––
1 «քցեմ» բառը հին հայերենի «ձգեմ», այսինքն, «մի կողմ շպրտեմ», բառից ա: Էս «ձգեմ»-ը սկզբում դառել ա` «գձեմ», հետո էլ սրա «ձ»-ն դառել ա` «ց», ու էս «ց»-ն էլ իրա դեմի «գ»-ն դարձրել ա` «ք»: Տես համ էլ 1-ին պատկերի 6-րդ դիտողությունը: Ուրեմը, «գցեմ» բառը «գ»-ով կարդալը սխալ ա:
2 Աճառյանի վկայությամբ «պտի»-ն Էրեվանի բարբառում վաղուց կա:
3 «Վտառ» են ասում ձկների խմբին:
4 «Քյառը» խուլն ա, խուլն էլ` ոչ մի անգամ ոչ մի ձայն չլսողն ա:
Երբ Գորշ Գայլը նեղացավ Փոքրիկ Իշուկից ու իրա հետ հուր-հավիտյան չխոսաց, որտեվ Փոքրիկ Իշուկը ասել էր, որ դմբլո-դմբլո դուրս չտա ու իրա գլուխը չտանի, ուրեմը, երբ Գորշ Գայլը Փոքրիկ Իշուկից նեղացավ, դրանից ուղիղ մի հեքիաթ հետո Գորշ Գայլը հեռո´ւ-հեռվից հետ էկավ Փոքրիկ Իշուկի մոտ ու հարցրեց.
– Իշուկ, ես ո՞նց եմ դուս տալի, երբ մենք արդեն դո´ւսն ենք: Մենք հո ներսը չե՞նք, որ ես ներսից դո´ւս տամ: Ու մեկ էլ` ես քու գլուխը ե՞րբ եմ տարե: Ու մեկ էլ` ես քու գլուխը ո՞ւր եմ տարե: Բա ընձի իշուկի գլուխը պե՞տք ա: Ընձի ո´չ մի իշուկի ո´չ մի գլուխ էլ պետք չի: Քու գլուխը` քե´զ մնա: Քու գլուխը քե´զ էլ մնացել ա: Ա´յ, ջրի մեջ նայի ու տես, որ գլուխդ վզիդ վրա ա: Թե՞ վզիդ վրայինը ոչ թե գլուխ ա, այլ դթում: Ի՞նչ ա, քու էտ սիրունիկ երկար ականջները դթումի վրա՞ են կանանչե:
Փոքրիկ Իշուկը զարմացավ, ուժե´ղ ու ուժե´ղ, երկա´ր ու երկա´ր, այսինքը, մի րոպե մտածեց ու ասեց.
– Գորշուկ, ոնց որ թե ճիշտ ես ասում: Ճիշտ որ, ես ու դու դուսն ենք: Ու ճիշտ որ, գլուխս վզի´ս վրա ա: Լավ էլ գլուխ ա, բայց երեվի դատարկ ա, թե չէ, էս ի՞նչ եմ ասում: Երեվի խելքս թռցրել եմ: Երեվի գժվել եմ: Էս ի՞նչ հիմար բաներ եմ դուս տալի:
– Ըհ´ը, տեսա՞ր,– գոռաց Գորշ Գայլը:– Հմի էլ դո´ւ ես դուս տալի:
– Ճիշտ որ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ճիշտ որ, հմի էլ ե´ս եմ դուս տալի, չնայած մենք ներսը չենք: Գորշուկ, երեվի ես հիվանդ եմ: Երեվի տաքություն ունեմ: Երեվի տաքությունս սիքսիլյոնից անցել ա: Մի տես, հո կոկորդս չի՞ կարմրե:
– Բերանդ բա´ց,– ասեց Գորշ Գայլը:
Փոքրիկ Իշուկը բերանը բացեց:
– Ավելի լեն, բան չեմ տենում,– ասեց Գորշ Գայլը:
Փոքրիկ Իշուկը բերանն էնքա´ն լեն բացեց, որ Գորշ Գայլը վախեցած հետ-հետ գնաց ու ոտը պլստաց ու ընգավ:
– Մի վախեցի,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Մի´ վախեցի, ես քեզ չե´մ ուտի: Կոկորդս նայի:
– Բաա´ն չի էրեվում,– ասեց Գորշ Գայլը:– Մութ ա` ոնց որ գիշեր ըլնի: Շուռ արի էս յան: Ա´յ ըսենց: Հմի ասա ա´ա´:
– Իա´,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Երգելու վախտ քթա՞ր,– ասեց Գորշ Գայլը:– Ասա` ա´ա´, ոչ թե երգի:
– Բա ես երգո՞ւմ եմ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Գոնե ասեիր. «Մի զռա՚, թե չէ` ես ի՞նչ երգող եմ: Ա´յ հմի էլ ես նեղացա ու էլ հետդ հո´ւր-հավիտյան չեմ խոսա:
Ու Փոքրիկ Իշո´ւկը գնաց հեռո´ւ-հեռո´ւ, ուղիղ մի մետր էն յան, որ էլ հո´ւր-հավիտյան չխոսա Գորշ Գայլի հետ:
Սրանից ուղի´ղ մի հեքիաթ առաջ Փոքրիկ Իշուկը նեղացել էր Գորշ Գայլից, որտեվ Գորշ Գայլն ասել էր, որ Փոքրիկ Իշուկը ասելու տեղակ` երգում ա: Ու հմի էլ` Փոքրիկ Իշուկը մոտեցավ Գորշ Գայլին ու ասեց.
– Գորշուկ, ես հոգնեցի:
– Ինչի՞ց,–ասեց Գորշ Գայլը:
– Հո´ւր-հավիտյան չխոսալուց,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ես հոգնեցի հո´ւր-հավիտյան չխոսալուց ու որոշեցի, որ սրանից հետո պտի հո´ւր-հավիտյան խոսամ քու հետ:
– Երբե´ք,– ասեց Գորշ Գայլը:– Երբե´ք, ես համաձայն չե´մ: Ես էտքան խոսալուն չե´մ դիմանա:
Երեվի իրանք երկար վիճեին, բայց, ոնց որ հիշում եք, իրանք ձուկ էին բռնում, ու հենց էտ վախտը մի անուշադիր ու թափթփված ձուկ ընգավ կարթն ու կարթի փետը շարժվեց: Փոքրիկ Իշուկն ու Գորշ Գայլը քցվան կարթաձողին ու իրար հետ մի ձուկ հանին ջրից:
Էտի մի հսկա ձուկ էր, երեվի 50 միլիմետր կըլներ: Ճիշտն ասած, երեվի 60 միլիմետր էլ ըլներ կամ` 70: Փոքրիկ Իշուկն ու Գորշ Գայլը էնքան ուրախացա´ն, որ էլ տեղ ու դադար չկար: Հետո իրանք ձուկը կախեցին կարթաձողի մեջտեղից, կարթաձողը դրին իրանց ուսերին ու ճամփա ընգան տուն: Ճամփին Փոքրիկ Իշուկը երգում էր իրա հաղթական ամենահրաշալի երգը (1):
Ես Իշուկն եմ հաղթական,
Հավերժական գաղթական,
Երբեք չեմ հուսահատվում,
Վախենում ու վհատվում,
Որովհետեվ գաղթական
Իշուկն եմ ես հաղթական:
– Մի րոպե´ հլը, Իշուկ,– ասեց Գորշ Գայլը:– Գաղթականը ի՞նչ ա:
– Գաղթակա´նը,– ասեց Փոքրիկ Իշուկը,– էնի´ ա, ով թափառում ա աշխարհով մեկ:
– Որ ըտենց ա,– զարմացավ Գորշ Գայլը,– էլ դու ո՞ր օրվա գաղթականն ես: Բա դու թափառո՞ւմ ես աշխարհով մեկ:
– Պատասխանում եմ քու առաջի´ն հարցին,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ես էսօրվա´ գաղթականն եմ: Պատասխանում եմ քու երկրո´րդ հարցին` ես էսօր ննջարանից գաղթել եմ կուխնի (2), կուխնուց մի քիչ ըստե-ընդե եմ գաղթե, հետո գաղթել եմ գետափ, հմի էլ քու հետ գետափից գաղթում եմ տուն: Տանը կճաշեմ, կգաղթեմ զուգարան…
– Զուգարանում էլ ես գաղթելո՞ւ,– հարցրեց Գորշ Գայլը:
– Դմբլո-դմբլո դուրս մի տու (3),– ասեց Փոքրիկ Իշուկը:– Զուգարանում մի էրկու շատ կարեվոր գործ ունեմ: Ուրեմն, շարունակում եմ. զուգարանից դուրս կգամ, մի քիչ էլ կգաղթեմ ու կքնեմ: Որ ուզում ես իմանաս` աշխարհի ամենաիսկական գաղթականը ե´ս եմ: Հասկացա՞ր:
– Հասկացա,– ասեց Գորշ Գայլը:– Բայց էտ վախտը` ոնց որ թե ե՞ս էլ եմ գաղթական:
– Բա ո´նց,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Էս աշխարհում ամե´ն մեկն էլ գոնե մի քիչ գաղթական ա: Ընենց որ` արի երգելով գաղթենք տուն:
Ու իրանք` երգելով Փոքրիկ Իշուկի հաղթական ամենահրաշալի երգը, ուրախ-ուրախ գաղթեցին տուն:
––––––
(1) Էս ոտանավորն է´լ մեղեդի ունի:
(2) «Կուխնի» բառը ռուսներից ենք վեկալե, իսկ «խոհ»+անոց ու «խոհ»+արար բառերի «խոհ» արմատը վեկալել ենք պարսկերենից: Ուրեմը, խի՞ չպտի «կուխնի»-ն գործածենք:
(3) «տու» – այսինքը, «տուր»: Էսօրվա հայերենի բոլոր բարբառներն է´լ հրամայականի վերջի «ր»-ն ջնջել են, բացի «բե´ր» բառից, ինչն իմ համար տարօրինակ ա:
Հաջորդ օրը մութուլուսին Գորշ Գայլը վազելով էկավ Փոքրիկ Իշուկենց տուն ու շնչակտուր ասեց.
– Իշուկ, արի ամուսնանանք: Շո´ւտ:
– Շա´տ ճիշտ ես ասում,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Լրի´վ ճիշտ ես ասում: Ավելի´ ճիշտ ես ասում: Արի ամուսնանանք: Վռազ: Վռազ ու հենց հմի: Իսկական վախտն ա: Արդեն մի օր ա` ծանոթ ենք: Արի վռազ ամուսնանանք:
– Ե՞ս քու հետ, թե դո՞ւ ընձի հետ,– հարցրեց Գորշ Գայլը:
– Սկզբում ե´ս քու հետ, հետո` դո´ւ ընձի հետ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ավելի ճիշտ` միասին: Այսինքը, իրար հետ: Այսինքը, էրկուսով:
– Սկզբում ո՞նց ենք ամուսնանալու,–ասեց Գորշ Գայլը:
– Սկզբում` միասին, հետո` իրար հետ, հետո էլ` էրկուսով,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ամուսնանալու ամենաճիշտ ձեվը` էսի ա:
– Լավ,– ասեց Գորշ Գայլը:– Համաձայն եմ: Արի որոշենք:
– Էլ ի՞նչ որոշենք,–ասեց Փոքրիկ Իշուկը:– Արդեն որոշեցինք: Ամուսնանում ենք ու պրծ: Որոշեցիր` պտի վռազ ամուսնանաս: Ամուսնանալու ամենաճիշտ ձեվը` էսի ա: Ու պրծ:
– Չէ,– ասեց Գորշ Գայլը:– Արի որոշենք, թե ո´վ ըլնի պապա, ով` մամա:
– Արդեն որոշեցի,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Արդեն որոշեցի: Հերթով: Սզբում ե´ս կըլնեմ պապա, դու` մամա, հետո դո´ւ կըլնես մամա, ես` պապա: Ամուսնանալու ամենաճիշտ ձեվը էսի ա: Կամ էլ հակառակը: Սկզբում դո´ւ կըլնես մամա, ես` պապա, հետո ե´ս կըլնեմ պապա, դու` մամա: Ամուսնանալու ամենաճիշտ ձեվը` էսի ա: Ու պրծ:
– Ես համաձայն չեմ,– ասեց Գորշ Գայլը:– Ես համաձայն չեմ, որտեվ պապան ու մաման պտի աշխատեն, իսկ ես ուզում եմ խաղամ: Ավելի լավ ա, արի ըլնենք տատիկ ու պապիկ, կամ էլ` պապիկ ու տատիկ: Չենք աշխատի: Սաղ օրը կխաղանք ու մուլտիկ կնայենք:
– Համաձայն չե´մ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Համաձայն չե´մ: Էտի ամուսնանալու ամենասխալ ձեվն ա: Չե´մ ամուսնանում: Բաժանվում ե´մ ու պրծ: Իսկույն ու հենց հմի ու վռազ ու պրծ: Բաժանվելու ամենաճիշտ ձեվը` էսի´ ա:
– Բայց ախր ո՞նց պիտի բաժանվենք,–ասեց Գորշ Գայլը:
– Բայց ախր շատ հեշտ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Սկբում դո´ւ ընձի ապահրազեն (1) կտաս, հետո ե´ս` քեզ: Կամ` հակառակը: Բաժանվելու ամենաճիշտ ձեվը էսի´ ա:
– Ապահրազենն ի՞նչ ա,– ասեց Գորշ Գայլը:
– Ես շա՞տ գիդեմ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Էտի կարեվոր չի ու պրծ: Ես բաժանվում եմ: Որոշեցիր` պտի վռազ բաժանվես: Բաժանվելու ամենաճիշտ ձեվը` էսի ա: Մի ուրիշ անգամ կամուսնանանք: Կամ էլ` կպսակվենք: Հմի ժամանակ չունեմ: Ո´չ մի րոպե: Ո´չ մի վայրկյան: Պտի էթամ զուգարան:
– Զոըգարանում է՞լ ես բաժանվելու,– ասեց Գորշ Գայլը:
– Դմբլո-դմբլո դուս մի տու,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Զուգարանում ես էրկու հատ շա´տ կարեվոր գործ ունեմ: Հաջո´ղ:
– Լավ, հաջո´ղ,– ասեց Գորշ Գայլն ու իրանք բաժանվեցին:
------
(1) «Ապահարզան»-ը էն թուղթն ա, որ պսակվածները տալիս են իրար, որ իրարից բաժանվեն, իսկ «հրազեն»-ը կրակող զենքն ա, օրինակ, հրացանը: Փոքրիկ Իշուկը հլը մի քիչ դմբլո ա, բայց մեծերից էս էրկու բառն էլ լսել ա ու, առանց հասկանալու, ապահարզանը խառնում ա հրազենին ու ասում ա «ապահրազեն»:
Բայց երբ Փոքրիկ Իշուկը գնաց անտառ, տեսավ, որ Խորամանկ Աղվեսը, լրիվ մեն-մենակ, անտառում պարան ա խաղում, ու Խորամանկ Աղվեսն ասեց.
– Բարյավ եկաք, մեծարգո պարոն Փոքրիկ Իշուկ:– Փոքրիկ Իշուկն էլ ասեց.
–Հազզար (1) բարի, բարրո´վ (1) տեսանք, Ասսո´ւ փարին, փարի´ եգաձ եք հոս (2), ց’դեսություն, բարի գիշեր, հաջող ու պրիվետ ու ես գնացի,– ու Փոքրիկ Իշուկը շուռ էկավ, որ գնա տուն, բայց Խորամանկն ասեց.
– Մի րոպե հլը, Իշուկ, ինչո՞ւ ես այդքան աճապարում (3): Մի պահ հապաղիր (4) ու եկ այստեղ, մի քիչ խաղանք:
– Առաջինը` ես չեմ գնում, ես էթո´ւմ եմ,– ասեց Փոքրիկ Իշուկը: Երկրորդն էլ` ես չեմ աջից պարում ու չեմ հա´-պաղում ու ոչ էլ հա´-սառում եմ, ու համ էլ` չեմ եկում:
– Դե լավ,– ասեց Խորամանկը,– որ ըտենց ա, արի´ ըստե, մի քիչ խաղանք է´լի, ինչ կըլնի:
– Ոչ արում եմ, ոչ էլ եկում եմ, պա՞րզ ա:
– Լա´վ էլի,– ասեց Խորամանկը:– Ախր ես լրրի´վ (1) մենակ եմ: Որ մնաս, մի շատ զարմանահրաշ ու տարաշխարհիկ ու սքանչելի խաղ ենք խաղալու, մի իսկական գործընթացքային խաղ,– ասեց Խորամանկը:
– Չէ,– ասեց Փոքրիկ Իշուկը,– ես զարմանահրաշք (5) ու տանաշխարքի (5) խաղերի հետ գլուխ չունեմ ու համ էլ էտ գործընթացքից (5) զզվում եմ, ու սրա համար էլ էթում եմ տուն:
– Չէ´, չէ´, էսի լավ խաղ ա, շա´տ լավ խաղ ա: Որ իմանաս վռազ կուզենաս, որ խաղաս, մամայ’ արեվ: Համ էլ էսի մի րոպե էլ չի քաշի, վռազ կխաղանք, կպրծնենք:
– Շա՞տ երկար ա քու էտ մի րոպեն,–ասեց Փոքրիկ Իշուկը:– Քանի՞ ժամ կքաշի քու էտ մի րոպեն:
– Մի էրկու-իրեք ժամ հազիվ քաշի,– ասեց Խորամանկը:– Վռա´զ կխաղանք:
– Հա՞´ա՞´,– ասեց Փոքրիկ իշուկը:– Բայց էտի ի՞նչ խաղ ա որ,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Բռնոցի, Իշուկ ջան,– ասեց Խորամանկը:
– Հա´ա´, բռնոցի´ի´: Բռնոցին շատ լավ խաղ ա: Բայց նայի հա´ա´, հանգարծ գործընթացք չանես հա´: Թե չէ` էլ քու հետ ոչ մի անգամ չեմ խաղա:
Ու իրանք բոլ-բոլ բռնոցի խաղացին:
––––––
1 «հազզա´ր, բարրո´վ, լրրի´վ» – հայերեն բառը շեշտելու ձեվերից մեկը բաղաձայնը կրկնելն է: Սրա տիպական օրինակը աղոթքների վերջի «ամմե´ն» բառն է, ինչը նշանակում է` «թո ըլնի»: (Էսի Աճառյանն է´լ է ասում):
2 «Ասսու փարին, փարի եգաձ եք հոս, ց’դեսություն» – արեվմտահայերի պես ա ասում` «Աստծո բարին, բարի եկած ենք այստեղ, ց’տեսություն»:
3 աճապարել-ը շտապելն ա:
4 հապաղել-ը սպասելն ա:
5 Փոքրիկ Իշուկը գրական ոճերի հետ գլուխ չունի, սրա համար էլ էս բառերը սխալ-մխալ ա ասում: Զարմանահրաշ-ը` զարմանալին ու հրաշալին ա, տարաշխարհիկ-ը` ուրիշ աշխարհիցն ա, սքանչելի-ն` հիանալին ա կամ շա´տ-շատ լավը, գործընթացային-ը` արվողն ա:
– Իշուկ, էսօր ջութակիդ դասը պարապե՞լ ես,– հարցրեց Փոքրիկ Իշուկի պապան:
– Չէ, պապ, չե´մ պարապի,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Ես քեզ չե´մ հարցնում` կպարապես, թե չէ: Ես հարցնում եմ` պարապե՞լ ես:
– Ես էլ ասում եմ, որ չե´մ պարապի,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Բայց ախր ինչո՞ւ, ա´յ քաղցրիկս,– հարցրեց Փոքրիկ Իշուկի պապան:
– Որտեվ ջութակն իմ բանը չի,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Որտեվ սմբակովս ոչ ջութակն եմ կարում բռնեմ, ոչ էլ ջութակի աղեղը: Այ, Գորշուկն է´լ չի պարապում:
– Դու խի՞ ես Գորշուկին նայում,– ասեց Փոքրիկ Իշուկի պապան:– Դու նայի Խորամանկ Աղվեսին: Տես, Խորամանկը էրկու տարի ա, ինչ ջութակ ա պարապում:
– Հետո ինչ, որ պարապում ա,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Խորամանկը հեչ ըսլուխ չունի, բայց որ Խորամանկի պապա-մամային թողաս` իրան փոքրիկիշուկություն էլ կուղարկեն սովորելու, չնայած Խորամանկը իշուկ չի` աղվես ա: Թե որ փոքրիկիշուկությունը մոդա ըլնի, ա´նպայման կուղարկեն:
– Լավ,– ասեց Փոքրիկ Իշուկի պապան,– որ դո´ւ ջութակ չսովորես, Գորշո´ւկը չսովորի, Խորամա´նկը չսովորի, բա ո՞վ սովորի:
– Թո (1) Երգող Ծղրիդը սովորի,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Էտի իսկական իրա գործն ա: Առանց էն էլ` սաղ օրը երգում ա ու ջութակ ա նվագում: Թո հենց ի´նքն էլ սովորի: Մենակ թե, Ծղրիդենք փող չունեն, որ դասատուին տան:
– Այ, տենում ես, Ծղրիդենք էլ փո´ղ չունեն,– ասեց Փոքրիկ Իշուկի պապան:
– Դու էլ, պապա,– ասեց Փոքրիկ Իշուկը,– էն փողը, որ ի´մ համար ես տալի, տու Ծղրիդի´ համար: Էտ վախտ էրկու օգուտ կըլնի:
– Չեմ հասկանում, իմ փողն ուրիշին տալով, ի՞նչ օգուտ կանեմ,– ասեց Փոքրիկ Իշուկի պապան:
– Ես չեմ ասում, որ էտ էրկու օգուտը դո´ւ կանես,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ես ասում եմ, որ էրկու օգուտ կըլնի´: Մի օգուտը Ծղրիդին կըլնի` դասատուի մոտ կպարապի: Հետո էլ` ընձի օգուտ կըլնի, էտ ջութակ-մութակի դարդից կպրծնեմ: Թե որ լավ մտածենք, մի օգուտ էլ դու կանես, որտեվ էլ իզուր տեղը չես ջղայնանա: Էս էլ քեզ` իրեք օգուտ:
– Բայց ախր որ ջութակահար չդառնաս, ի՞նչ կդառնաս,– հարցրեց Փոքրիկ Իշուկի պապան:
– Ես ոչ մի բան էլ չեմ դառնա,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ես արդեն դառել եմ: Ես դառել եմ Փոքրիկ Իշուկ, ու հա´ էլ կմնամ Փոքրիկ Իշուկ:
– Դու Փոքրիկ Իշուկ չես դառե: Դու դառել ես իսկական էշի քուռակ,– ջղայնացած ասեց Փոքրիկ Իշուկի պապան ու մտավ տուն, որ ֆուտբոլ նայի:
––––––
1 «Թո´ղ» հրամայականը բարբառում ճյուղավորվե ու տվել ա էրկու բառ` «թո´ղ»-ն ու «թո´»-ն: Երկրորդը մեծ մասամբ եղանակիչ ա, ու սրանով կազմվում է հրամայականի մի ենթաեղանակը` «թո գնա, թո գա» ևն:
Բարբառը գործածում ա համ էլ «թող» ձեվը` «ձեռս թող»: Հրես սրանք էրկուսն էլ իրար հետ` «թո´ղ թո գա»: «Թո»-ից հրաժարվելը կամ սրա գործածությունը դատապարտելը լեզվաբանության էությունից լրիվ անտեղյակ ըլնելու պատճառով ա:
Երբ Գորշ Գայլը էկավ Փոքրիկ Իշուկենց տուն, որ իրար հետ էթան գետափ, որ մի շատ կարեվոր ձուկ բռնեն, տեսավ, որ Փոքրիկ Իշուկը կայնել ա աթոռին ու բալնիքի ծակից նայում ա ներս:
– Իշուկ,– ասեց Գորշ Գայլը,– ի՞նչ ես անում: Շա՞տ ես զբաղված:
– Շա´տ,– ասեց Փոքրիկ Իշուկը` առանց աչքը բալնիքի ծակից կտրելու:
– Ի՞նչ գործով ես զբաղված,– հարցրեց Գորշ Գայլը:– Կարո՞ղ ա` գործընթացքի մեջ ե՞ս:
– Չէ,– ասեց Փոքրիկ Իշուկը,– ես ոչ գործընթացքի մեջ եմ, ոչ էլ` պռոցեսի (1): Ես զբաղված եմ մի շատ կարեվոր աթոռածակակինոնկարային գործով:
– Կինո՞ ես դիտում,– հարցրեց Գորշ Գայլը:
– Չեմ դիտում,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ես կինոն չե´մ դիտում: Ես կինոն նայո´ւմ եմ:
– Բա ո՞վ ա դիտում,– հարցրեց Գորշ Գայլը:
– Խորամանկ Աղվեսն ա դիտում,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Խորամանկին չեն թողում, որ նայի: Սրա համար էլ` Խորամանկը մենակ դիտում ա: Իսկ ես` ուզեմ` կդիտեմ, ուզեմ` կնայեմ: Բայց ես դիտելուց զզվում եմ: Ես նայում եմ:
– Բայց ի՞նչ կինո ա,– հարցրեց Գորշ Գայլը:– Կարեվո՞ր:
– Բայց կարեվոր,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Կարեվոր ու արգելված: Մինչեվ 16 տարեկան իշուկներին չի կարելի` ո´չ դիտելը, ո´չ էլ նայելը:
– Իսկ ընձի կարելի՞ ա,– հարցրեց Գորշ Գայլը:
– Չի կարելի,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Քե´զ էլ չի կարելի:
– Իսկ ծակից կարելի՞ ա,– հարցրեց Գորշ Գայլը:
– Թե պտի դիտես` չի կարելի,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Իսկ թե պտի նայես, կարելի´ ա: Բալնիքի ծակից ամմե´ն ինչն էլ կարելի ա: Որ ուզում ես իմանաս` էս արար աշխարհում ամենակարեվոր բաները բալնիքի ծակից են նայում: Կամ էլ դիտում են: Ուրեմն, քեզ է´լ ա կարելի: Բայց… ընձնից հետո:
– Բայց ի՞նչ են ցույց տալի,– հարցրեց Գորշ Գայլը:
– Հիմար բաներ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Հիմար ու ապուշ բաներ: Ո´չ կրակում են, ոչ է´լ` խփում: Էս մի ժամ ա, ինչ էրկու մեծ իշուկ իրար են լպստում: Մի ժամ: Կամ էրկու:
– Տղան էլ՞ ա ընդե,– հարցրեց Գորշ Գայլը:
– Տղան էլ, աղջիկն էլ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Լպստվողները հենց իրանք են:
– Հլը տղան չի՞ ծեծում սաղին,– հարցրեց Գորշ Գայլը:
– Չէ,– ասեց Փոքրիկ Իշուկը,– ոչ մի րոպե ժամանակ չունի: Լպստվում ա:
– Բայց կծեծի՞,– հարցրեց Գորշ Գայլը:
– Բայց կծեծի´,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Հաստատ գիդե՞ս,– հարցրեց Գորշ Գայլը:
– Հաստատ գիդեմ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Էս տեսակ կինոներում տղան հա է´լ բայց ծեծում ա: Ա´յ, արդեն սկսեց:
– Ի՞նչը,– հարցրեց Գորշ Գայլը:
– Տուրուդմփոցը,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Լա՞վ ա ծեծում,– հարցրեց Գորշ Գայլը:
– Էն էլ ո´նց: Խորամանկը տենար` կասեր զարմանահրաշք ու սքանչելի ա ծեծում,– ասեց Փոքրիկ Իշուկը, էտ սաղ վախտն աչքը առանց բալնիքի ծակից կտրելու: Բայց հենց էտ րոպեին Փոքրիկ Իշուկի պապան դուռը բացեց, ու Փոքրիկ Իշուկն իրա աթոռ-մաթոռով շրմփաց գետնին:
– Էս ի՞նչ ես անում,– հարցրեց իրա պապան:
– Զբաղված էի մի շատ կարեվոր աթոռածակաեվայլնային գործով,– ասեց Փոքրիկ Իշուկը,– բայց էտ գործը պրծավ, ու հմի Գորշ Գայլի հետ էթում եմ անտառ, որ իրան մի շատ կարեվոր թուփ ցույց տամ:
Ու Փոքրիկ Իշուկն ու Գորշ Գայլը գնացին անտառ, որ Փոքրիկ Իշուկը Գորշ Գայլին մի շատ կարեվոր թուփ ցույց տա:
Ուրեմը երբ Գորշ Գայլը երկա´ր-երկա´ր, ուրեմը համարյա հինգը րոպե է´լի, ման էկավ ու Փոքրիկ Իշուկին անպայման քթավ, որտեվ Փոքրիկ Իշուկը նստել էր գետի ափին ու նայում էր վազող ջրին, որ ջուրը իրա աշկերը չտանի, վռազ մոտեցավ Փոքրիկ Իշուկին ու առանց բարեվելու վռազ-վռազ ասեց.
– Իշո´ւկ, ի՞նչ ես անում ըստե ու ախր լրիվ մեն-մենա՞կ: Ախր ես քեզ արդեն մի հարուր տարի ա, ինչ ման եմ գալի: Հազիվ էլ քեզ վռազ քթա:
– Գայլուկ, – ասեց Փոքրիկ Իշուկը, – հարուր տարի չի կարա ըլնի, որ ընձի ման ես գալի:
– Բա իշքա՞ն կընլի, – վախեցած ասեց Գորշ Գայլը:
– Իննսունըինը տարի տասնմեկ ամիս քսանըութը օր, – ասեց Փոքրիկ Իշուկը, – հազիվ էլ էտքան ըլնի:
– Լա´վ, ասեց Գորշ գայլը, – թո էտքան ըլնի, չնայած մենք դպրոցում հլը իննսունըինը տարին ու քսանըութը օրը չենք անցե, բայց տասնըմեկ ամիսն արդեն անցել ենք: Բայց դու նստել ես ստե ու ի՞նչ ես անում:
– Ես նստել եմ ստե ու ոշ մի բան եմ անում, – առանց աշկերը վազող ջրից կդրելու ասեց Փոքրիկ Իշուկը:
– Իշուկ ջան, – ասեց Գորշ Գայլը, – բայց կարելի՞ ա, ես էլ նստեմ կողքըտ ու մի քիչ էլ ե´ս ոշ մի բան անեմ, հա՞:
– Բայց չի կարելի, – առանց աշկերը վազող ջրից կդրելու ասեց Փոքրիկ Իշուկը:
– Բայց խի՞ չի կարելի, – ասեց Գորշ Գայլը, – որտեվ ափսո՞ս ա:
– Չէ, – ասեց Փոքրիկ Իշուկը, առանց աշկերը վազող ջրից կդրելու, – չի կարելի, որտեվ դու չես կարա ոչ մի բան անես: Դու, Գայլո´ւկ ջան, ուզես-չուզես, մի բան անում ես:
– Բայց ախր ի՞նչ եմ անում, Իշուկ ջան, – ասեց Գորշ Գայլը:
– Էտի, – նորից առանց աշկերը վազող ջրից կդրելու ասեց Փոքրիկ Իշուկը, – ջրի պես պարզ ա, բայց դու հլը չգիդես էտի:
– Բայց ախր խի՞ չգիդեմ, – ասեց Գորշ Գայլը լացակումած, – որտեվ էտի հլը չորրորդ դասարանում ենք անցնելո՞ւ:
– Չեմ ասի, – ասեց Փոքրիկ Իշուկը, նորից առանց աշկերը վազող ջրից կդրելու, – չեմ ասի, համ էլ էտի դպրոցում չեն անցնում:
– Բա էտի ո՞րդե են անցնում, – ասեց Գորշ Գայլը լացակումած, – մնգոյո՞ւմ:
– Չէ, տենց բաները ոշ մի տեղ էլ չեն անցնում, – ասեց Փոքրիկ Իշուկը, նորից առանց աշկերը վազող ջրից կդրելու:
– Բայց խի՞ չես ասում, – ասեց Գորշ Գայլը լացակումած, – որտեվ ախր չե՞մ հասկանա:
– Չեմ ասի, – ասեց Փոքրիկ Իշուկը, նորից առանց աշկերը վազող ջրից կդրելու, – չեմ ասի, որտեվ ախր հլը էտի ասելու վախտը չի, ու որտեվ էտի պտի մենակ ի´նքըտ հասկանաս, ու որտեվ մեկ ա` մի օր կհասկանաս:
– Բայց ախր իշքա՞ն սպասեմ, որ էտի մի օր ի´նքս հասկանամ, – ասեց Գորշ Գայլը լացակումած: – Ախր մինչեվ էտի մի օր հասկանամ, արդեն կարող ա իննսունըինը տարի տասնմեկ ամսից էլ շատ անցնի: Բա ես էտքանը ո՞նց սպասեմ: Ավելի լավ չի՞ ըլնի, որ թողաս մի քիչ նստեմ քու կողքն ու դու ընձի սովորացնես, թե ոնց են ոչ մի բանը անում, ու ես էլ քու պես մի քիչ ոչ մի բան անեմ:
– Դե լավ, – ասեց Փոքրիկ Իշուկն ու նայեց Գորշ Գայլին, – արի նստի կողքս ու չխոսաս, որ լավ սովորես, թե ոնց են ոչ մի բանը անում:
Ու Գորշ Գայլը նստեց Փոքրիկ Իշուկի կողքը, ու իրանք մինչեվ իրիկուն իրար հետ խոսալով էնքա´ն ոչ մի բան արին, որ լրի´վ-լրի´վ հոգնեցին, ու հետո էլ հելան գնացին տուն, որ քնեն հանգստանան, ու մյուս առավոտն էլի գան էտ գետի ափն ու նորից բոլ-բոլ ոչ մի բան անեն, որտեվ տենց ոչ մի բան անելը ախր շա´տ, շա´տ, շա´տ հետաքրքիր ա: Կամ էլ, կարող ա պատահի, տենց ոչ մի բան անելը աշխարի ամենա-ամենա-ամենահետաքրքիր բանն ա:
Ու մի անգամ էլ, երբ Գորշ Գայլը էկավ անտառ, տեսավ, որ Փոքրիկ Իշուկը Խորամանկ Աղվեսի հետ բռնոցի ա խաղում:
– Բարեվ,– ասեց Գորշ Գայլը:– Ի՞նչ եք խաղում: Կարելի՞ ա ե´ս էլ խաղամ:
– Ուրեմը, ըսե´նց,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Զարմանահրաշք խաղ ենք խաղում, էսի` մեկ: Գործընթացքի մեջ ենք, էսի` էրկու: Մի խանգարի, էսի` իրեք: Չի կարելի, էսի էլ` չորս: Մեկ, էրկու, իրեք, չորս:
Գորշ Գայլը նստեց, մի քիչ նայեց, հետո ասեց.
– Իշուկ, արի էթանք գետափ, ձուկ բռնենք: Կամ էլ` էթանք տուն:
– Չեմ ուզում,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Արի էթանք անտառ ու մի քիչ դեսուդեն գաղթենք: Կամ էլ` էթանք տուն:
– Չեմ ուզում,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Արի էթանք ամուսնանանք: Կամ էլ` պսակվենք: Կամ էլ` էթանք տուն:
– Չեմ ուզում,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Արի էթանք բաժանվենք: Կամ էլ` էթանք տուն,– ասեց Գորշ Գայլն ու իրա աչքերից արցունքի էրկու խոշոր կաթիլ ընգավ:
– Բաժանվե´նք,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Կամ էլ` էթանք տո՞ւն,– հեկեկալով (1) հարցրեց Գորշ Գայլը:
– Կամ էլ էթանք տուն,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Կամ էլ չէ՞,– հեկեկալով հարցրեց Գորշ Գայլը:
– Կամ էլ հա,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Ուրեմն, կա՞մ,– հեկեկալով հարցեց Գորշ Գայլը:
– Ուրեմն, կամ,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Կամ, կամ, կամ` քանի անգամ գնամ ու գա՞մ,– հեկեկալով հարցրեց Գորշ Գայլը:
– Թումանյա՞´ն,– զարմացավ Իշուկը:
– Թումանյա´ն,– լացը կտրելով ասեց Գորշ Գայլը:
– Հովհաննե՞ս,– հարցրեց Փոքրիկ Իշուկը:
– Հովհաննես,– ասեց Գորշ Գայլը:
– Ուրեմը, Հովհաննես Թումանյան,– ասեց Փոքրիկ Իշուկը: – Որ ըտենց ա, գնացինք տուն:
– Էսի՞ ա ճիշտը,– հարցրեց Գորշ Գայլը:
– Էսի´ ա ճիշտը,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ճիշտը էսի´ ա, ու ո´չ մի նվնվոց ու ո´չ մի արցունք: Ճիշտը էսի ա:
Ու Փոքրիկ Իշուկն ու Գորշ Գայլը գնացին տուն, ու Փոքրիկ Իշուկը Խորամանկ Աղվեսին չասեց ցտեսություն, որտեվ մի հեքիաթ սրանից առաջ իրան ցտեսություն է´լ էր ասե, բարի գիշեր է´լ, հաջող է´լ, ու հլը պրիվետ է´լ:
––––––
1 հեկեկալ-ը շատ ուժեղ լաց ըլնելն ա: Շատ ուժեղ լաց ըլնելուն մեկ-մեկ էլ ասում են` հոնգուր-հոնգուր լաց ըլնել:
Երբ Փոքրիկ Իշուկն ու Գորշ Գայլը էթում էին անտառ, որ Փոքրիկ Իշուկը Գորշ Գայլին մի շատ կարեվոր թուփ ցույց տա, Փոքրիկ Իշուկն ասեց.
– Հո´տ եմ առնում:
– Լա՞վ հոտ ա,– շնչակտուր հարցրեց Գորշ Գայլը:
– Լա´վ հոտ ա,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Բարալիկ-մարալիկ, ոլորուն-մոլորուն, գալարուն-մալարուն, սիրունիկ-միրունիկ հոտ ա: Որ Խորամանկն էս հոտն առներ` կասեր, որ էսի հոտ չի, բույր ա: Կամ էլ կասեր` բուրմունք ա:
– Բուրմունք չիի՞,– շնչակտուր հարցրեց Գորշ Գայլը:
– Չէ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Բուրմունք չի:
– Բույր էլ չիի՞,– շնչակտուր հարցրեց Գորշ Գայլը:
– Բույր էլ չի,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Իմ կարծիքով` էսի հոտ ա: Բարալիկ-մարալիկ, ոլորուն-մոլորուն, գալարուն-մալարուն, սիրունիկ-միրունիկ հոտ ա:
Երբ իրանք հասան անտառի բացատը (2), Փոքրիկ Իշուկը կայնավ մի ծառի մոտ, ինչի վրա մի ոլորուն-մոլորուն, գալարուն-մալարուն, բարալիկ-մարալիկ ու ծաղկած-մաղկած թուփ էր փաթաթվե ու հասե էրկու հարկանի տան բարձրության: Էտ թփից ընե´նց մի հոտ էր գալի, որ մարդու գլուխ էր ֆռում: Ու հենց էտ վախտ Գորշ Գայլը շնչակտուր ասեց:
– Գիդե՞ս, Իշուկ, էտ բարալիկ-մարալիկ, ոլորուն-մոլորուն, գալարուն-մալարուն, սիրունիկ-միրունիկ հոտն ընձնից ա գալի, որտեվ առավոտը, մամայից թաքուն, իրա դուխուց (3) մի քիչ ցանեցի վրաս:
– Էտի կարեվոր չի,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Էտի կարեվոր չի, որտեվ սրանից հետո քեզ էլ չեմ ասի Գորշուկ: Սրանից հետո քեզ պտի ասեմ Գայլուկ:
– Խի՞ պտի ընձի ասես Գայլուկ,– հարցրեց Գորշ Գայլը:– Որտեվ ես կանա՞նչ եմ:
– Չէ,– ասեց Փոքրիկ Իշուկը,– բայց սրանից հետո պիտի ասեմ Գայլուկ:
– Որտեվ ես ծաղկե՞լ եմ,– ասեց Գորշ Գայլը:
– Չէ,– ասեց Փոքրիկ Իշուկը,– բայց պիտի ասեմ Գայլուկ:
– Որտեվ ես փաթաթվում եմ ուրիշների՞ն,– հարցրեց Գորշ Գայլը:
– Չէ´, չէ´, չէ´ ու չէ´,– ասեց Փոքրիկ Իշուկը,– բայց քեզ պիտի ասեմ Գայլուկ:
– Խի՞, խի՞, խի՞,– լացակումած հարցրեց Գորշ Գայլը:– Ախր խի՞, խի՞, խի՞:
– Որտե´վ, որտե´վ, որտե´վ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Որտեվ այ էս թփին էլ են ասում Գայլուկ, ու որտեվ գայլուկից էլ ա հոտ գալի, ու որտեվ, երբ գայլուկի հոտ ես առնում` հարբում ես, ու որտեվ քեզնից էլ ա հոտ գալի, հենց սրա համար էլ սրանից հետո քեզ պիտի ասեմ Գայլուկ:
– Որտեվ իմ հոտից էլ ես հարբո՞ւմ,– հարցրեց Գորշ Գայլը:
– Որովհետեվ ու անպայման,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Բայց ախր որովհետեվ ինչո՞ւ,– հարցրեց Գորշ Գայլը:
– Բայց ախր որովհետեվ ա´նպայման,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Բայց ախր որովհետեվ անպայման քեզ սիրում եմ: Բայց ախր որովհետեվ աշխարհում քեզ բոլորից ա´նպայման շատ եմ սիրում:
– Ամմենա, ամմենա, ամմենաշա՞տը,– հարցրեց Գորշ Գայլը:
– Ամմենա, ամմենա, ամմենաշատը,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Բայց ախր որովհետեվ անկասկած ու իհարկե ու անշո´ւշտ:
Բայց էս վախտը ուրախությունից Գորշ Գայլի ուշքը գնաց ու ինքը շրմփաց խոտերին: Հետո, երբ ուշքի էկավ, իրանք էրկուսն էլ գնացին տուն, որովհետեվ աշխարհի ամմենալավ տեղը տունն ա: Որովհետեվ ու անպայման ու անշուշտ ու իհա´րկե:
––––––
1) Գայլուկը խոտի տեսակ ա: Դրանից պիվա են սարքում: Դրա հոտից մարդ կարա հարբի, թմրի ու քնի:
2) Բացատը անտառի էն բաց տեղն ա, որդե ծառ չկա:
3) Տես 2-րդ պատկերի դիտողությունները:
(Էս հեքիաթը համ էլ իրանց մանկությունը հլը չմոռացած մեծերի համար ա):
Փոքրիկ Իշուկն ասեց Գորշ Գայլին.
– Գորշուկ, արի մի քիչ գրական լեզվով խոսանք:
– Արի´,– ասեց Գորշ Գայլը:– Բայց ախր կցավա: Ախր ես չեմ կարա: Ախր ես մենակ հայերեն գիդեմ: Ախր ես հեչ մի բան չեմ հասկանա:
– Բան չկա,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Պարտադիր չի, որ հասկանաս: Գրական լեզուն հո հասկանալու համար չի՞: Էնքա´ն մարդ կա, որ գրական լեզուն չի հասկանո˜ւմ:
– Բա գրական լեզուն ինչի՞ համար ա,– ասեց Գորշ Գայլը:
– Գրական լեզուն,– ասեց Փոքրիկ Իշուկը,– խոխմի համար ա: Ու մեկ էլ` ուրիշների աչքերին թոզ փչելու: Ու մեկ էլ` որ խելոք ու իմաստուն ու փիլիսոփա էրեվան: Ու մեկ էլ` որ էրեխեքը դպրոցում չկարենան լավ սովորեն: Բա´:
– Բայց խի՞ են ըտենց անում որ: Խի՞ հայերեն չեն խոսում որ:
– Ախր ո´նց չես հասկանում, Գորշուկ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ախր որ հայերեն խոսան, սա´ղ էլ իրանց կհասկանան: Ու որ սաղն էլ իրանց հասկանան, վռազ կիմանան, որ իրանք հեչ մի բան էլ չգիդեն: Ու որ սաղն էլ իմանան, որ իրանք ոչ մի բան էլ չգիտեն, վռազ կխնդան իրանց վրա: Բա´: Դե արի սկսենք:
– Առաջուց դու սկսի,– ասեց Գորշ Գայլը:– Ես չեմ կարա:
– Լավ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Բայց սակայն անշուշտ իհարկե: Հարկ է և այնուամենայնիվ ուստի այնուհանդերձ նաև ահավասիկ ու ահավադիկ ինչպես և ահավանիկ որպեսզի ինչևէ և ինչևիցե երևի թե: Ահավասիկ և ինչո՞ւ ոչ:
– Ուտես կատվի պոչ,– կամացուկ խնդալով ասեց Գորշ Գայլը:
– Աստված մի արասցե, քավ լիցի:
– Ինչը լցե՞մ:
– Դուք, օրիորդ Գայլուկ, ինձ ձե՞ռք եք առնում,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Մե՞նք,– ասեց Գորշ Գայլը:– Երբե´ք ու բնա´վ: Աստված մի արասցե և քավ լիցի և ինչո՞ւ ոչ:
– Ուրեմն, լու´յս եղիցի,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Որդեղացի՞,– ասեց Գորշ Գայլը:
– Ես չեմ ասում` որդեղացի,– ասեց Փոքրիկ Իշուկը,– ես ասում եմ` լո´ւյս եղիցի:
– Եղիցի´, եղիցի´,– ասեց Գորշ Գայլը:
– Կամոքն աստծո,– ասեց Փոքրիկ Իշուկը,– վաղն էլ կչարչրկվենք ու գրական կխոսանք, դիցուք: Այսօրվա համար կատարելապես և միանգամայն և բացարձակապես և ծայրաստիճան և ապատարաշխարհիկաբար բավ է և բավական է, քանզի որովհետև սակավիկ մի և դույզն ինչ հարկ է հավուր պատշաճի, և զորս պատվիրեսցեր, և պատշաճ է թողնելու, որ վաղն այգաբացին կամ արշալույսին, երբ արևի առաջին ճառագայթների ներքո Մասիսի սպիտակափառ գագաթը կփայլի արեվի վարդագույն շողերով, որոնք աչք կշլացնեն, իսկ Արագածի պսակաձև գագաթը չի երևա, քանզի դեռ պատված կլինի ձյունի պես ճերմակ մշուշով, որպես մի ամոթխած հարսիկ, որ կըսքողի յուր դեմքը անթափացիկ շղարշով: Եվ ինչո՞ւ ոչ :
– Բա´ն չհասկացա,– ասեց Գորշ Գայլը:
– Ոչինչ,– ասեց Փոքրիկ Իշուկը,– ասում եմ` հմի էթանք քնենք, մնացածն էլ վաղը կխոսանք: Դե բարի գիշեր, Գորշուկ:
– Եվ ինչո՞ւ ոչ,– ասեց Գորշ Գայլը ու իրանք ծիծաղելով գնացին տուն, որովհետեվ ուտես կատվի պոչ:
Մի իրիկուն Փոքրիկ Իշուկն ու Գորշ Գայլը նստել էին Իշուկենց տան հողե կտրին ու նայում էին երկնքին: Երկնքում ամպի կտոր չկար ու լուսին էլ չկար:
Մի քիչ հետո մութն ընկավ ու երկինքը ծածկվեց աստղերով: Գորշ Գայլը ասեց Փոքրիկ Իշուկին.
– Իշուկ, հլը տես ինչքան աստղ կա: Ոնց որ աստղի անձրեվ գա:
– Չի գա,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Մի վախի, չի գա: Աստղի անձրեվ չի ըլնում:
– Գիդե՞ս, Իշուկ,– ասեց Գորշ Գայլը,– Խորամանկն ասում ա, որ ամեն մի աստղը մի մեծ արեվ ա: Խորամանկն ասում ա, որ ընենց աստղ կա, որ դրա մոտ մեր արեվը` ոնց որ ավազի հատիկը Մասիս սարի մոտը:
– Մե՞ծ Մասիսի, թե՞ Փոքր,– հարցրեց Փոքրիկ Իշուկը:
– Մեծ,– ասեց Գորշ Գայլը:
– Որ ըտենց ա, չե´մ հավատում,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Որ Փոքրին ըլներ` կհավատայի, բայց Մեծինը` չեմ հավատում:
– Բա աստղերն ինչի՞ չափ են,– հարցրեց Գորշ Գայլը:
– Սալորի կամ խնձորի,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ամենաշատը` խնձորի:
Իրանք սուս արին, ու մի քիչ հետո Գորշ Գայլը նորից խոսաց.
– Իշուկ, Խորամանկն ասում ա, որ աստղերն է´ն բանի համար են, որ աստղերի դասավորվելու ձեվից իմանաս, թե քու հետ, կամ իմ հետ, կամ էլ մի ուրիշի հետ ինչ ա պատահելու:
– Ե՞րբ ա պատահելու,– հարցրեց Փոքրիկ Իշուկը:
– Վաղը, մյուս օրը,– ասեց Գորշ Գայլը:– Կամ էլ` էրեկ:
– Փչոց ա,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Խորամանկը փչում ա: Այ է´ն իրեք մեծ աստղը հմի երկնքի ա´յ է´ն ծէրին են: Հիմա ասենք թե իմ ու քու հետ վաղը մի բան պատահի, օրինակ, վաղը ես շրխկացնեմ ճակատիդ, ի՞նչ ա, էտ աստղերը պտի ուրիշ ձեվով դասավորվե՞ն: Մենակ էն բանի հանար, որ Խորամանկն իմանա, որ վաղը շրխկացնելու եմ ճակատի՞դ: Չե´մ հավատում:
– Բայց շրխկացնելո՞ւ ես,– վախեցած հարցրեց Գորշ Գայլը:
– Բայց չէ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Հենց ընենց եմ ասում:
– Բա որ հանկարծ էտ աստղերը գա՞ն,– հարցրեց Գորշ Գայլը:
– Չե´մ հավատա,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Բայց որ էկան` կհելնեմ ծառի վրա ու ծառի վրայից կթքեմ էտ հիմար ու ապուշ աստղերի էրեսին:
– Բա խի՞ հիմար ու ապուշ,– հարցրեց Գորշ Գայլը:
– Որտեվ էն աստղը, ով պտի իրա բան ու գործը թողնի ու երկնքի մի ծերից վազի մյուս ծերը, մենակ է´ն բանի համար, որ Խորամանկը իմանա, որ վաղը պիտի շրխկացնեմ ճակատիդ` պտի որ իսկական հիմար ու ապուշ ըլնի:
– Բա աստղերն ինչի՞ համար են,– հարցրեց Գորշ Գայլը:
– Աստղերը,– ասեց Փոքրիկ Իշուկը,– էն բանի համար են` որ սիրահարված, մեծ իշուկները նայեն երկինքն ու ասեն. ՙԱ´խ, որքան տխուր եմ: Ա´խ, որքան գեղեցիկ է կյանքը: Ա´խ, վա´խ, է´խ, օ´խ, ու´խ, ի´խ, որքա´ն խելոք ու կատարյալ ու չքնաղ եմ ես՚: Ճի´շտ եմ ասում: Կինոյո´ւմ եմ տեսե: Աստղերը մենա´կ սրա համար են ու պրծ:
Ու Գորշ Գայլը ոչ մի բան չասեց, ու իրանք էրկսով էլ սուս արին, որ էս հեքիաթը պրծնի:
Գորշ Գայլը վազելով էկավ Փոքրիկ Իշուկենց տուն ու դուռը ծեծեց: Փոքրիկ Իշուկը դուռը բացեց ու հենվելով դռանը` ասեց.
– Բարեվ, Գորշուկ, էս ի՞նչ ա էղե: Էրեսիդ գույն չկա:
– Խորամանկն ասեե´ց,– շնչակտուր ասեց Գորշ Գայլը,– Խորամանկն ասեե´ց, որ Աշխարհը կլոր ա, ու որ էտի կոչվում ա` Եր-կրա-գնդակ:
– Ո՞ր աշխարի մասին ես ասում,– հարցեց Փոքրիկ Իշուկը:– Ու մեկ էլ` էտ ինչի՞ն են ասում Եր-կրա-գնդակ:
– Սա´ղ Աշխարհին, սա´ղ,– գոռաց Գորշ Գայլը:– Սա´ղ Աշխարհին են ասում Եր-կրա-գնդակ:
– Գորշուկ, ըտենց բան չի ըլնի: Թե որ Աշխարհը կլոր ըլներ, թե որ Աշխարհը երկրագնդակ ըլներ, սաղ կգլորվեին, ջուրը կթափվեր, ու սաղ կմնային ծարավ:
– Ո՞ւր կգլորվեին,– հարցրեց Գորշ Գայլը:
– Կգլորվեին վերեվից ներքեվ, ներքեվից վերեվ,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Բայց ո՞նց կըլնի, որ ներքեվից գլորվեն վերեվ,– հարցրեց Գորշ Գայլը:– Ի՞նչ ես դմբլո-դմբլո դուս տալի:
– Դմբլոն դու ես,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ես դմբլո չեմ, ես իշո´ւկ եմ: Ի՞նչ ա, չե՞ս հասկանում, որ թե որ Աշխարը Երկրագնդակ ըլներ, էլ վերեվ-ներքեվ չէր ըլնի: Բա գնդակը վերեվ ու ներքեվ ունի՞:
– Ո՞նց չունի,– ասեց Գորշ Գայլը:– Այ էսի` գնդակի վերեվն ա, էսի էլ` ներքեվը:
– Ախր ո՞նց չես հասկանում,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Բա որ գնդակը գլորվի՞: Հենց գլորվեց` վերեվն ու ներքեվը անընդհատ տեղերը կփոխեն` վերե´վ-ներքե´վ, վերե´վ-ներքե´վ, վերե´վ-ներքե´վ:
– Բա Երկրագնդակը կգլորվի՞,– հարցրեց Գորշ Գայլը:
– Որ կլոր լինի` անպայման կգլորվի,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Կլոր բանը ո՞նց չի գլորվի: Կլոր բաները հա է´լ գլորվում են: Իսկ որ գլորվի` ասի չէ՞, վերեվն ու ներքեվն անընդհատ տեղերը կփոխեն, ու սաղ կգլորվեն, ու ջուրը կթափվի, սաղն էլ ծարավից կմեռնեն:
– Սա՞ղն էլ,– վախեցած հարցրեց Գորշ Գայլը:
– Սաղն էլ,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Ես չեմ ուզում, որ սաղն էլ ծարավից մեռնեն,– լաց ըլնելով ասեց Գորշ Գայլը:
– Մի վախի,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Աշխարը Երկրագնդակ չի: Աշխարը տափա´ա´կ-տափա´կ ա: Ճիշտ ա, մեկ-մեկ էլ սար ու ձոր կա, բայց ընենց` տափակ ա: Ընենց որ` մի վախեցի: Ո՞ւր էր, որ էս Աշխարը էսքան տափակ չըլներ: Ավելի հետաքրքիր կըլներ:
– Էլ չեմ վախում,– լացը կտրելով ասեց Գորշ Գայլն ու իրանք գնացին անտառ, որ մի քիչ հետաքրքիր ըլնի:
(Էս հեքիաթը համ էլ իրանց մանկությունը հլը չմոռացած մեծերի համար ա):
– Իշուկ, էսօր ջութակիդ դասը պարապե՞լ էս,– հարցրեց Փոքրիկ Իշուկի պապան:
– Չէ, պապ, չեմ պարապի,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Ես քեզ չեմ հարցնում` կպարապես, թե չէ: Ես հարցնում եմ` պարապե՞լ ես:
– Ես էլ ասում եմ, որ չեմ պարապի,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Բայց ախր ինչո՞ւ, ա´յ քաղցրիկս,– հարցրեց Փոքրիկ Իշուկի պապան:
– Որտեվ ջութակն իմ բանը չի, ասեց Փոքրիկ Իշուկը:– Որտեվ սմբակովս ոչ ջութակն եմ կարում բռնեմ, ոչ էլ ջութակի աղեղը: Այ, Գորշուկն է´լ չի պարապում:
– Դու խի՞ ես Գորշուկին նայում,– ասեց Փոքրիկ Իշուկի պապան:– Դու նայի Խորամանկ Աղվեսին: Տես, Խորամանկը էրկու տարի ա, ինչ ջութակ ա պարապում:
– Հետո ինչ, որ պարապում ա,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Խորամանկի պապա-մամային որ թողաս` իրան փոքրիկիշուկություն էլ կուղարկեն սովորելու, չնայած Խորամանկը իշուկ չի` աղվես ա: Թե որ փոքրիկիշուկությունը մոդա ըլնի, անպայման կուղարկեն:
– Լավ,– ասեց Փոքրիկ Իշուկի պապան,– որ դո´ւ ջութակ չսովորես, Գորշո´ւկը չսովորի, Խորամա´նկը չսովորի, բա ո՞վ սովորի:
– Թո (1) Երգող Ծղրիդը սովորի,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Էտի իսկական իրա գործն ա: Առանց էն էլ` սաղ օրը երգում ա ու ջութակ ա նվագում: Թո հենց ի´նքն էլ սովորի: Մենակ թե, Ծղրիդենք փող չունեն, որ դասատուին տան:
– Այ, տենում ես, Ծղրիդենք էլ փո´ղ չունեն,– ասեց Փոքրիկ Իշուկի պապան:
– Դու էլ, պապա,– ասեց Փոքրիկ Իշուկը,– էն փողը, որ ի´մ համար ես տալի, տու Ծղրիդի´ համար: Էտ վախտն էրկու օքուտ կըլնի:
– Չեմ հասկանում, իմ փողն ուրիշին տալով, ի՞նչ օգուտ կանեմ,– ասեց Փոքրիկ Իշուկի պապան:
– Ես չե´մ ասում, որ էտ էրկու օքուտը դո´ւ կանես,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ես ասում եմ, որ էրկու օքուտ կըլնի: Մի օքուտը Ծղրիդին կըլնի` դասատուի մոտ կպարապի: Հետո էլ` ընձի օքուտ կըլնի, էտ ջութակ-մութակի ցավից կպրծնեմ: Թե որ լավ մտածենք, մի օքուտ էլ դու կունենաս` էլ իզուր տեղը չես ջղայնանա: Էսի էլ քեզ` իրե´ք օքուտ:
– Բայց ախր որ ջութակահար չդառնաս, ի՞նչ կդառնաս,– հարցրեց Փոքրիկ Իշուկի պապան:
– Ես ոչ մի բան էլ չեմ դառնա,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ես արդեն դառել եմ: Ես դառել եմ Փոքրիկ Իշուկ ու հա´ էլ կմնամ Փոքրիկ Իշուկ:
– Դու Փոքրիկ Իշուկ չես դառե: Դու դառել ես իսկական էշի քուռակ,– ջղայնացած ասեց Փոքրիկ Իշուկի պապան ու մտավ տուն, որ ֆուտբոլ նայի:
(Էս հեքիաթը համ էլ իրանց մանկությունը հլը չմոռացած մեծերի համար ա):
Ու մի անգամ էլ, երբ Փոքրիկ Իշուկն ու Գորշ Գայլը լիքը բռնոցի էին խաղացե ու պառկել էին խոտերին, որ հանգստանան, Գորշ Գայլը ասեց.
– Իշուկ, Խորամանկն ասում ա, որ խորամանկութլունը խելքի նշան ա: Ասում ա, որ խորամանկ մարդը ա´նպայման ա խելոք: Ճի՞շտ ա ասում:
– Ճիշտ չի ասում,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ճիշտ չի ասում, ու գլուխն էլ քարին ա տալի: Խորամանկությունը թուլության նշան ա: Խորամանկությունը ստրուկի ու գողի բնավորությունն ա: Խորամանկությունը լավ բան չի: Խորամանկությունը շա´տ վատ բան ա: Խորամանկությունը հիվանդությո´ւն ա:
– Ուրեմն` Խորամանկ Աղվեսը հիվա՞նդ ա,– ասեց Գորշ Գայլը:– Ի՞նչ հիվանդ ա:
– Կարող ա հլը հիվանդ չի, բայց երեվի կհիվանդանա: Որ շատ լսի իրա խորամանկ պապային, ա´նպայման կհիվանդանա: Կհիվանդանա խորամանկությունով:
– Ոնց որ գրիպո՞վ,– ասեց Գորշ Գայլը:
– Չէ, ավելի վատ, որովհետեվ գրիպից լավանում են, իսկ խորամանկությունից` չեն լավանում,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Բա խի՞ չեն լավանում,– ասեց Գորշ Գայլը:
– Որտեվ կաթի հետ մտածը հոգու հետ ա դուս գալի,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Որտեվ մարդուն փոքր վախտ ոնց սովորացրիր, տենց էլ կդառնա:
– Ի՞նչ կդառնա,– հարցրեց Գորշ Գայլը:
– Կդառնա խորամանկ: Կդառնա խորամանկ ու մարդ չի դառնա,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Մարդ դառնալն է՞լ ա սովորովի,– հարցրեց Գորշ Գայլը:
– Անպայման ու անշուշտ ու իհարկե,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Մարդ դառնալն ա´նպայման ա սովորովի: Որ էրեխուն մարդ դառնալը չսովորացրիր, անպայման կդառնա չմարդ: Այսինքն` կդառնա գազան: Ու կարող ա ավելի վատ բան էլ դառնա, կարող ա դառնա խորամանկ գազան:
– Բայց խորամանկությունը խի՞ ա վատ բան,– հարցրեց Գորշ Գայլը:
– Որովհետեվ խորամանկը հա է´լ խաբում ա,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Ո՞ւմ ա խաբում,– ասեց Գորշ Գայլը:
– Պարզ բան ա, թե ո´ւմ ա խաբում: Խորամանկը խաբում ա մենակ իրան ճանաչողներին: Խորամանկը խաբում ա մենակ իրան հավատացողներին,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Իրա մոտիկներին, իրա ընգերներին, իրա բարեկամներին ու իրա լեզվով խոսացողներին: Որտեվ անծանոթներին ո՞նց կարա խաբի: Խորամանկն է´ն մարդկանց ա խաբում, ովքեր հենց գիդեն, թե խորամանկը ոչ մի անգամ սուտ չի ասում: Խորամանկն է´ն մարդկանց ա խաբում, ովքեր հենց գիդեն, թե խորամանկը լավ մարդ ա: Դո՞ւ ուզում ես, որ քեզ խաբեն:
– Չէ, չեմ ուզում,– ասեց Գորշ Գայլը:– Ես ուզում եմ, որ ընձի ճիշտն ասեն: Ես ճիշտ բան ասողներին եմ սիրում:
– Լավ ես անում ու ճիշտ ես անում,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ճիշտ ասողները խորամանկ չեն ըլնում: Ճիշտ ասողներն ազնիվ ու անկեղծ են ըլում: Ճիշտ ասողները անվախ ու քաջ ու խիզախ են ըլում:
– Խորամանկն ասում ա, որ ճիշտ ասողները խելագար են ու հա է´լ աղքատ կմնան:
– Խորամանկը ճիշտ ա ասում, որ ճիշտ ասողները կարող ա աղքատ մնան,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Բայց ճիշտ ասողները խելագար չեն: Ճիշտ ասողները ճիշտը ասում են, որ ո´չ իրանք աղքատ մնան, ո´չ էլ ուրիշները: Որ սաղն էլ սոված չըլնեն ու իրար հետ էլ չկռվեն:
– Ես խորամանկ չեմ, չէ՞,– ասեց Գորշ Գայլը:
– Չէ, դու խորամանկ չես: Ես է´լ խորամանկ չեմ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Հլը որ խորամանկ չեմ: Բայց հետո` ո՞վ իմանա:
– Ես չեմ ուզում, որ դու է´լ խորամանկ դառնաս,– ասեց Գորշ Գայլն ու լաց էղավ:
– Դե լա´վ, լա´վ,– ասեց Փոքրիկ Իշուկը,– զռոցըդ մի քից, դժվար թե ես է´լ խորամանկ դառնամ: Ասի չէ, կաթի հետ մտածը` հոգու հետ ա դուրս գալի: Ու հետո, լավ հիշի, թե որ մեկին սիրում ես` առանց խորամանկության ես սիրում: Որտեվ խորամանկությունով սիրելը հեչ հետաքրքիր չի ու իսկական էլ չի,– ասեց Փոքրիկ Իշուկն ու վեր կացավ տեղից: Հետո էլ ասեց.
–Դե վեր կաց: Վեր կաց էթանք մի քիչ դեսուդեն գաղթենք, թե չէ ըստե պառկելով արդեն թթվանք:
Ու Գորշ Գայլը ուրախ-ուրախ վեր թռավ, որ մի քիչ դեսուդեն գաղթեն:
(Էս հեքիաթը համ էլ իրանց մանկությունը հլը չմոռացած մեծերի համար ա):
– Լսի´, Իշո´ւկ, – ասեց Գորշ Գայլը Փոքրիկ Իշուկին, – էս վերջերս տելեվիզրով անընդհատ ասում են` «համույթ» հա «համույթ»: Չգիտե՞ս էս համույթը ի՞նչ ա:
– Իբր թե,– ասեց Փոքրիկ Իշուկը,– համույթը նվագախումբն ա, երգիչն էլ հետը: Կամ էլ, առհասարակ, նվագախումբը: Իմ կարծիքով, էսի շատ անհամ բառ ա:
– Խի՞,– հարցրեց Գորշ Գայլը,– համույթը համով չի՞:
– Չէ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Համույթը համով չի: Համույթն իսկական անհամույթ ա: Ավելի ճիշտ իսկական զզվույթ:
– Համ էլ` անխելքո՞ւյթ, – հարցրեց Գորշ Գայլը:
– Անխելքույթ ու բթույթ, – ասեց Փոքրիկ Իշուկը:– Համ էլ` դմբույթ, իշույթ ու տգիտույթ:
– Տարօրինակ քերականույթ, – ասեց Գորշ Գայլը:
– Հա, – ասեց Փոքրիկ Իշուկը, – շատ տարօրինակ քերականույթ:
– Բայց ախր ինչո՞ւյթ, – հարցրեց Գորշ Գայլը:
– Որտեվ սովորույթ, – ասեց Փոքրիկ Իշուկը:
– Հիմարույթը սովորո՞ւյթ, – հարցրեց Գորշ Գայլը:
– Սովորույթ ու ավանդույթ, – ասեց Փոքրիկ Իշուկը: – Հիմարույթը շատ ուժեղ ու շատ գեշ սովորույթ ու ավանդույթ:
– Հաստատ գիտո՞ւյթ, – հարցրեց Գորշ Գայլը:
– Հաստատ գիտույթ, – ասեց Փոքրիկ Իշուկը: – Հաստատ գիտույթ ու մի բան էլ ավելույթ ու առերեվույթ: Կատարյալ իշույթ:
– Բայց ախր ինչո՞ւյթ հիմարույթ էտքան տարածվույթ, – հարցրեց Գորշ Գայլը:
– Որտեվ ամեն մի նորույթ` հրապուրիչ մոդույթ կամ նորաձեվույթ, իսկ բթույթի թվույթը` անսահմանույթ:
– Մտածելու «նույթ», – ասեց Գորշ Գայլը:
– Ամեն մի մտածույթ` չխանգարույթ, – ասեց Փոքրիկ Իշուկը, – չնայած էս տեսակ մտածույթ` կատարյալ իշույթ:
– Հետաքրքիր ասույթ կամ դրույթ, – ասեց Գորշ Գայլը:
– Դրույթն ու ասույթն իրանց հերթույթ և ոչ մի հերքույթ, – ասեց Փոքրիկ Իշուկը: – Բայց ես կարծույթ, որ էսի իսկական էշույթ, – ավելացրեց Փոքրիկ Իշուկը ու իրանք էրկուսով էլ ուրախ-ուրախ սկսեցին հռհռույթ:
(Էս հեքիաթը համ էլ իրանց մանկությունը հլը չմոռացած մեծերի համար ա):
Ու մի օր էլ Գորշ Գայլը մի շատ կարեվոր հարց տվեց Փոքրիկ Իշուկին.
– Իշուկ, որ մեծանաս, ի՞նչ կդառնաս:
– Ես չեմ մեծանա,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Բայց խի՞ չես մեծանա,– հարցրեց Գորշ Գայլը:
– Չեմ ասի,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Որ ես չիմանա՞մ,– հարցրեց Գորշ Գայլը:
– Ասի` չե´մ ասի,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Որ Խորամա´նկը չիմանա՞,– հարցրեց Գորշ Գայլը:
– Մեկ ա, ասի` չե´մ ասի,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Որ ուրիշնե´րն էլ չիմանա՞ն,– հարցրեց Գորշ Գայլը:
– Գորշուկ,– ասեց Փոքրիկ Իշուկը,– ի՞նչ ա, չե՞ս հասկանում, որ չեմ ուզում ասեմ: Չե՞ս հասկանում, որ չեմ ուզում ասեմ, որ մեծացա` կդառնամ Մեծ Իշուկ: Կամ էլ` մեծ ավանակ: Կամ էլ` մեծ էէ…, չե´մ ասի: Հենց սրա համար էլ չե´մ ասում: Հենց սրա համար էլ չե´մ մեծանա:
– Բա ի՞նչ կանես, որ չմեծանաս,– հարցրեց Գորշ Գայլը:
– Չեմ մեծանա ու պրծ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Կմնամ Փոքրիկ Իշուկ:
– Միակ ելքը էտի՞ ա,– հարցրեց Գորշ Գայլը:
– Միակ ելքը էսի´ ա,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Էսի, որ ուզում ես իմանաս` ամենամիակ ելքն ա:
– Ու ուրիշ ճար չկա՞,– հարցրեց Գորշ Գայլը:
– Ու ուրիշ ճար չկա,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ուղղակի ուրիշ ո´չ մի ճար չկա: Պարզապես ու առհասարակ ու միշտ:
– Որ ըտենց ա,– ասեց Գորշ Գայլը,– ե´ս էլ չեմ մեծանա:
– Խի՞,– հարցրեց Փոքրիկ Իշուկը:– Քեզ ի՞նչ ա էղե:
– Որովհետեվ ու անպայման ու անկասկած ու իհարկե,– ասեց Գորշ Գայլը:
– Ես էլ` որովհետեվ ու անպայման ու անկասկած ու իհարկե,– ասեց Փոքրիկ Իշուկը: Հետո մի քիչ սուս արեց ու շարունակեց,– Բայց: Ափսոս որ բայց:
– Բայց ի՞նչ բայց,– հարցրեց Գորշ Գայլը:
– Գիդե՞ս ինչ,– ասեց Փոքրիկ Իշուկը,– արի մի շատ կարեվոր բռնոցի խաղանք: Իսկույն ու շտապ ու մի քիչ էլ` վռազ:
– Արի´,– ասեց Գորշ Գայլը:
Ու իրանք ուրախ-ուրախ երգելով ու իսկույն ու շտապ ու մի քիչ էլ վռազ մի շատ կարեվոր բռնոցի խաղացին:
Մի օր, անտառի բացատում, Փոքրիկ Իշուկն ու Գորշ Գայլը պառկել էին խոտերին ու պարապում էին մի շատ կարեվոր պարապությունով: Մեկ էլ հանգարծ Փոքրիկ Իշուկը վեր թռավ տեղից ու գոռաց.
– Գորշուկ, իմացա: Արի մի շատ կարեվոր կարատե խաղանք:
– Ուշիրանի՞, թե Տակիյո Կոշադա՞ն,– հարցրեց Գորշ Գայլը:
– Տակիյո Կոշադան,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Սակայն, այնուամենայնիվ, ախր ո՞նց ենք խաղալու,– հարցրեց Գորշ Գայլը:– Ախր ես չգիդե՞մ:
– Ոչինչ,– ասեց Փոքրիկ Իշուկը,– էտի դժվար չի: Սկզբում ես կասեմ` «Տակիյո-կոշո-դան», ու մենք «կատա կկատարենք», հետո կասեմ` «հեյան նիդան», ու մենք կթռչկոտենք, հետո կասեմ` «յո´», ու մենք կհանգստանանք, հետո կասեմ` «իչ – նի», ու մենք շուռ կգանք ու կթռչկոտենք, հետո կասեմ` «սուն, սի, գո, րոկ», ու մենք էլի ուրախ-ուրախ կթռչկոտենք, հետո կասեմ` «սից, կյեյ», ու մենք ընե´նց կթռչկոտենք, որ կզարմանանք ու կվախենանք, հետո կասեմ` «հո´յ», ու մենք կգոռանք: Վերջում դու «գեդան ուկի» կանես, իսկ ես` «օյի ցուկի» կանեմ ու կասեմ` «րե´յ» ու մենք, գլուխ տալով իրար կողջունենք (1):
– Լավ,– ասեց Գորշ Գայլը,– ես չգիտեի, որ կարատեն էսքան հեշտ ու հետաքրքիր ա: Արի վռազ խաղանք:
– Տակիյո կոշոդա´ն,– ասեց Փոքրիկ Իշուկն ու իրանք կատա կատարեցին, այսինքն, թռչկոտեցին:
– Հե´յան նիդա´ն,– ասեց Փոքրիկ Իշուկն ու իրանք նորից թռչկոտեցին:
– Յո´,– ասեց Փոքրիկ Իշուկն ու իրանք մի քիչ հանգստացան:
– Իչ-նի´,– ասեց Փոքրիկ Իշուկն ու իրանք շուռ էկան ու թռչկոտեցին:
– Սո´ւն, սի´, գո´, րո´կ,– ասեց Փոքրիկ Իշուկն ու իրանք ուրախ-ուրախ թռչկոտեցին:
– Սի´ց, կյե´յ,– ասեց Փոքրիկ Իշուկն ու իրանք ընե´նց թռչկոտեցին, որ զարմացան ու վախեցան:
– Հո´յ,– ասեց Փոքրիկ Իշուկն ու իրանք գոռացին:
Հետո Գորշ Գայլը գեդան ուկի արեց` այսինքն, մի քիչ հեռու գնաց Իշուկից, բայց էտ վախտ Փոքրիկ Իշուկը վռազ օյի ցուկի արեց` այսինքն, հետեվի ոտի սմբակով ընե´նց տվեց Գորշ Գայլի ճակատին, որ Գորշ Գայլը տասնմեկ անգամ գլորվեց ու դրըմփաց կաղնու հսկա ծառի քոքին: Գորշ Գայլի քթից արուն էկավ ու ինքը լաց էղավ ու ասեց.
– Ես էլ կարատե չեմ խաղում:
– Բայց ախր կարատեն շատ լավ բան ա,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ա´յ, կսովորես ու դու էլ ուրիշների ճակատին կտաս:
– Հեչ էլ լավ բան չի´,– լալով ասեց Գորշ Գայլը,– ես հեչ էլ չեմ ուզում խփեմ ուրիշների ճակատին: Ես ի՞նչ գործ ունեմ ուրիշների հետ: Ես քո´ւ հետ գործ ունեմ: Ուրիշները թո իրանց համար ապրեն: Թո ոչ մեկի ճակատն էլ չցավա: Որ քու ճակատին խփեն, լավ կըլնի՞:
– Դե լավ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Մի տզտզա, էլ կարատե չենք խաղա: Ես չեմ սիրում, երբ դու տզտզում ես: Ավելի լավ ա, արի էթանք Խորամանկին քթնենք:
Ու Գորշ Գայլը լացը կտրեց ու իրանք գնացին, որ Խորամանկ Աղվեսին քթնեն:
––––––
1) Ողջունելը բարեվելն ա:
(Էս հեքիաթը համ էլ իրանց մանկությունը հլը չմոռացած մեծերի համար ա)
Արդեն իրիկուն էր, երբ Գորշ Գայլը հարցրեց Փոքրիկ Իշուկին.
- Իշուկ, Խորամանկն ասում ա, որ ազատությունը լավ բան չի, որտեվ որ սաղ էլ ազատ ըլնեն ու ամեն մեկն էլ ինչ ուզենա, էտի էլ անի, էտ վախտը էս արար անտառը կդառնա մի ահավոր տեղ, ու սաղ իրար կկծեն ու կծեծեն ու իրար կսպանեն, ու ապրելը կդառնա անհնար:
– Գորշուկ,– ասեց Փոքրիկ Իշուկը,– Խորամանկը սուտ ա ասում, թե ազատությունը լավ բան չի, որտեվ էս արար անտառում ազատությունից լավ բան չկա: Բայց Խորամանկը է´ն ազատությունից չի խոսում, ինչը որ սաղիս ա պետք: Խորամանկի ասած ազատությունը շատ վատ բան ա: Խորամանկի ասած ազատությունը ազատություն չի, որտեվ Խորամանկի ասած ազատությունը իսկական գազանություն ու վայրենություն ա:
– Բայց խի՞ ա Խորամանկի ասած ազատությունը գազանություն ու վայրենություն ո´ր,– ասեց Գորշ Գայլը:
–Որտեվ,– ասեց Փոքրիկ Իշուկը,– ազատությունը պտի օրենքի հետ ըլնի: Որտեվ ազատությունը առանց օրենքի` իսկական գազանություն ու վայրենություն ա: Օրինակ, լա՞վ կըլնի, որ դու չարություն չանես, բայց քու պապան բռնի ու քեզ պատժի: Հենց ընենց, ե´րբ ուզենա:
– Չէ, լավ չի ըլնի,– ասեց Գորշ Գայլը,– հե´չ լավ չի ըլնի: Ու ըտենց պապան հեչ էլ լավ պապա չի ըլնի:
– Ճիշտ ա,– ասեց փոքրիկ Իշուկը:– Բայց երբ դու չարություն ես անում, օրինակ, ասենք թե` ամեն օր դասերդ չես սովորում, կամ քու փոքրիկ ախպորը կամ էլ փոքրիկ քուրիկին ամեն օր իզուր տեղը ծեծում ես, ու քու պապան էլ քու տուտուզիկին մի հատ լավ հասցնում ա, բա ճիշտ չի՞ անում:
– Ճի´շտ ա անում,– ասեց Գորշ Գայլը,– բայց ես իրանց համարյա չեմ ծեծում: Մենակ` մեկ-մեկ, երբ շատ վատ բան են անում: Օրինակ, երբ կրակի հետ են խաղում, ու երբ ասում եմ, որ չխաղան, որտեվ տունը կարող ա պաժառ ընգնի, ու իրանք էլ ընձի չեն լսում:
– Ըհը, տենո՞ւմ ես,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ուրեմը, քու ապերիկների ու քուրիկների ազատությունը մինչեվ ձեր տունը պաժառ քցելն ա:
– Ուրեմը, լրիվ ազատություն չկա՞ էս արար անտառում: Հա՞, Իշուկ,– ասեց Գորշ Գայլը:
– Իհարկե չկա,– ասեց Գորշ Գայլը:– Ու լավ ա, որ չկա, շատ լավ ա, որտեվ որ լրի´վ-լրի´վ ազատություն ըլներ, փիս ու խորամանկ կարատեիստները օյի ցուկի կանեին ու սաղին էլ կծեծեին ու կլացացնեին, ու իրանց ձեռից ուտելիքը կխլեին ու սաղին էլ սոված կթողային, ու սաղին էլ կդարձնեին իրանց ճորտն ու ստրուկը: Հասկացա՞ր:
– Ոնց որ թե հասկացա, Իշուկ ջան,– ասեց Գորշ գայլը:– Բայց ճորտն ու ստրուկը ի՞նչ ա:
– Ճորտն ու ստրուկը էնի´ ա, որ ուտելու բան չունի ու շատ ա սոված, ու համ էլ խորամանկ կարատեիստից էլ թուլ ա, ու երբ խորամանկ կարատեիստն իրա ձեռից ուտելիքը խլում ա, չի կարում հետը կռվի ու իրա ուտելիքը հետ վեկալի, ու ստիպված լսում ա խորամանկ կարատեիստին, ու սաղ օրը իրա համար ա աշխատում, առավոտից իրիկուն: Ու ամեն օր շան պես հոգնում ա, ու խաղալու ժամանակ էլ չի ունենում, որտեվ խորամանկ կարատեիստը չի թողում, որ խաղալու ժամանակ ունենա:
– Ոնց որ թե հասկացա,– ասեց Գորշ Գայլը,– բայց…
– Էլ ո´չ մի բայց չբայց,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Էտի էլ վաղը կհարցնես, իսկ հմի արի մի շատ կարեվոր բռնոցի խաղանք:
Ու Փոքրիկ Իշուկը էլ ոչ մի բան չասեց ու Գորշ Գայլի հետ մի շատ կարեվոր բռնոցի խաղաց, որ Գորշ Գայլը մտածելու ժամանակ ունենա, ու լավ հասկանա, թե իսկական ազատությունն ի´նչ ա, ու իմանա, որ էս արար անտառում իսկական ազատությունից լավ բան չկա:
(Էս հեքիաթը համ էլ իրանց մանկությունը հլը չմոռացած մեծերի համար ա):
Ու Փոքրիկ Իշուկն ու Գորշ Գայլը մի անգան էլ էին նստե կտրին ու նայում էին երկնքի ծով-ծով աստղերին: Ու էրկուսն էլ սուս էին, որովհետեվ լսում էին երգող ծղրիդներին ու գորտերին, ու լուսինն էլ կլո´ր-կլո´ր էր ու դեղի´ն-դեղի´ն: Ու մեկ էլ Գորշ Գայլն ասեց.
– Իշուկ, Խորամանկն ասում ա, որ իրանք մի գիրք ունեն, ու էտ գրքի մեջը գրած ա կյանքի իմաստը: Ճի՞շտ ա ասում:
– Խորամանկը մի անգամ է´լ ա գլուխը քարին տալի,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ըտենց բան չի´ կարա ըլնի:
– Բայց կյանքի իմաստը ի՞նչ ա,– ասեց Գորշ Գայլը:
– Որ ասում են` էս մի մարդու կյանքի իմաստը, ուզում են ասեն, թե էս մի մարդը ինչի համար ա ապրում, հասկացա՞ր,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Բայց ինչի՞ համար ա ապրում,– ասեց Գորշ Գայլը:
– Էտի պտի մենակ էտ մարդուն հարցնես,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Որտեվ ամեն մի մարդ մենակ ի´նքը գիդի, թե ինքը խի՞ ա ապրում: Օրինակ` մարդ կա, որ մառոժնի, այսինքն` պաղպաղակ կամ էլ սառսառակ ուտելու համար ա ապրում: Մարդ էլ կա, որ մառոժնի-պաղպաղակ-սառսառակ ա ուտում, որ ապրի ու ուրիշ բան անի:
– Երգող Ծղրիդն ինչի՞ համար ա ապրում,– ասեց Գորշ Գայլը:
– Ջութակ նվագելու,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Ուրեմն` Երգող Ծղրիդի կյանքի իմաստը ջութակ նվագե՞լն ա,– ասեց Գորշ Գայլը:
– Ճիշտ ա,– ասեց Փոքրիկ Իշուկը,– ապրե´ս, ուրեմը` հասկացար:
– Խորամանկն էլ խորամանկությո´ւն անելու համար ա ապրու՞մ,– ասեց Գորշ Գայլը:
– Բա ո´նց,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Խորամանկությունն էլ Խորամանկի´ ջութակ նվագելն ա:
– Ես Երգող Ծղրիդի´ նվագելն եմ սիրում,– ասեց Գորշ Գայլը:
– Ճիշտ ես անում,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Ուրեմը` Խորամանկի ասած գրքի մեջ սխա՞լ ա գրած,– հարցրեց Գորշ Գայլը:
– Իհա´րկե սխալ բան ա գրած,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ինքըդ մտածի, ո՞նց կարա սաղ մարդկանց կյանքի իմաստը նույն բանը ըլնի: Էտի անհնար բան ա: Ամեն մարդ իրա կյանքի իմաստը ի´նքն ա որոշում: Ու հլը կարող ա մի անգամ որոշելուց հետո` մի ուրիշ անգամ իրա որոշածը փոխի: Ու կարող ա մարդը իրա կյանքում մի քանի հատ կյանքի իմաստ ունենա: Ու հլը կարող ա, մի մարդը միանգամից կյանքի մի քանի հատ իմաստ ունենա:
– Ուրեմը` գրքերի մեջ սխալ բան է՞լ ա գրած ըլում,– հարցրեց Գորշ Գայլը:
– Ամենասխալ բաները հե´նց գրքերի մեջ ա գրած ըլնում,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ճիշտ ա` մեկ-մեկ էլ ճիշտ բաներ են գրում, բայց շատը` սխալ բաներն են:
– Բայց ախր ինչո՞ւ ու խի՞. – ասեց Գորշ Գայլը:– Խի՞ են գրքերի մեջ սխալ բաներ գրում:
– Որտեվ միամիտները շա´տ-շա´տ են: Խորամանկներն էլ էսի լա´վ գիդեն ու գրքերի մեջ սուտ ու սխալ բաներ են գրում, որ միամիտներին խաբեն:
– Բայց խի՞ են խաբում,– ասեց Գորշ Գայլը:
– Խաբում են, որ միամիտները իրանց փողը բերեն տան սրանց, ու սրանք էլ չաշխատեն ու հեշտ ու հանգիստ ապրեն,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Բայց էտքան փողն ի՞նչ են անում,– ասեց Գորշ Գայլը:
– Հավաքում են,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Որ ի՞նչ անեն,– ասեց Գորշ Գայլը:
– Հավաքում են, որ է´լի հավաքեն,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Որ շատ փող ունենան ու ասեն, որ իրանք շատ փող ունեն, ու ասեն, որ իրանք խորամանկ են, ու ասեն, որ ուրեմն իրանք շատ խելոք են, ու շատ սիրուն են, ու շատ ազնիվ են:
– Բա քու կյանքի իմաստը ի՞նչ ա,– ասեց Գորշ Գայլը:
– Չգիդեմ,– ասեց Փոքրիկ Իշուկը,– հլը չեմ որոշե:
– Որ որոշես, ընձի էլ կասե՞ս, չէ՞,– ասեց Գորշ Գայլը:– Ախր ես ոչ մի կյանքի իմաստ չունեմ: Գոնե մի հատ ունենամ:
– Ա´նպայման կասեմ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Կյանքի լավ իմաստ քթնելը շա´տ դժվար բան ա, բայց որ քթա, քեզ է´լ կասեմ: Հլը մի քիչ էտ էղածովըտ յոլա գնա: Բայց …
– Ի՞նչ բայց,– ասեց Գորշ Գայլը:
– Իմ կարծիքով դու շատ էլ լավ կյանքի իմաստ ունես, բայց վրետ խաբար չկա,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Ասա, էլի, Իշուկ ջան, ընենց եմ ուզում իմանամ, թե իմ կյանքի իմաստը ի´նչ ա:
– Չեմ ասի: Էտի դու մի օր ի´նքդ կիմանաս, ու հլը կարող ա լաց է´լ ըլնես:
– Բայց ախր ինչո՞ւ և խի՞,– ասեց Գորշ Գայլը:– Որ կյանքիտ իմաստը իմանում ես, լաց ես ըլնո՞ւմ:
– Որ կյանքիդ իմաստն իմանում ես, համարյա հաստատ ես լաց ըլնում,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Բայց արի ուրիշ բաներից խոսանք, թե չէ կարող ա` հենց հմի լաց ըլնենք:
– Ընչի՞ց խոսանք, որ լաց չըլնենք,– ասեց Գորշ Գայլը:
– Արի խոսանք իրեք բանից, առաջինը` մառոժնուց, երկրորդը` պաղպաղակից, երրորդը` սառսառակից,– ասեց Փոքրիկ Իշուկը, ու իրանք հռհռացին, ու հետո էլ խոսացին էս իրեք բանից, որ լաց չըլնեն:
(Էս հեքիաթը համ էլ իրանց մանկությունը հլը չմոռացած մեծերի համար ա):
Մի օր էլ Գորշ Գայլը հարցրեց Փոքրիկ Իշուկին.
– Իշուկ, սատանան ո՞վ ա:
– Սատանա´ն,– ասեց Փոքրիկ Իշուկը,– աշխարհի ամենադժբախտ իշուկն ա:
– Խի՞ ա դժբախտ,– հարցրեց Գորշ Գայլը:
– Որտեվ ճիշտ-ճիշտ բաներ ա ասում,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Թե որ մեկը անխելք ա ըլնում` սատանան դրան ասում ա` որ էտի անխելք ա: Թե որ մեկը հիմար ա ըլնում` սատանան դրան ասում ա, որ էտի հիմար ա: Թե որ մեկը դմբո ա ըլնում` սատանան դրան ասում ա, որ էտի դմբո ա: Ու թե որ մեկը դդում ա ըլում` սատանան դրան ասում ա, որ էտի դդում ա: Սրա համար էլ` սատանային ո´չ անխելքներն են սիրում, ո´չ հիմարները, ո´չ դմբոները, ո´չ էլ` դդումները: Ու սատանան ոչ մեկին ոչ մի անգամ չի խաբում ու ասում. «Դու ընձի լսի, մենա´կ ու մենա´կ ընձի, ու ամմե´ն-ամմե´ն օր ասա, որ մենա´կ ու մենա´կ ընձի ես հավատում ու մենա´կ ու մենա´կ ընձի ես սիրում, որ քեզ լիքը-լիքը լավ բան տամ, հա´մ մինչեվ մեռնելըտ, համ է´լ դրանից հետո»:
– Բա խելոքնե՞րին,– հարցրեց Գորշ Գայլը:
– Խելոքներին ի՞նչ: Խելոքներն է´լ են սատանայի օրին,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Համարյա սաղ խելոքները:
– Դո՞ւ էլ,– հարցրեց Գորշ Գայլը:
– Ես,– ասեց Փոքրիկ Իշուկը,– համարյա սա´ղ խելոքներից եմ:
– Բա անխելքները, հիմարները, դմբոներն ու դդումներն ո՞ւմ են սիրում,– հարցրեց Գորշ Գայլը:
– Դրանք,– ասեց Փոքրիկ Իշուկը,– մենակ սրբերին ու մարգարեներին են սիրում: Ու մեկ էլ չգիդեմ-ում-ու-ինչին: Շատ են սիրում: Շա´տ, շա´տ:
– Սուրբն ու մարգարեն ի՞նչ են,– հարցրեց Գորշ Գայլը:– Սրանք ի՞նչ են ասում որ:
– Սրանք,– ասեց Փոքրիկ Իշուկը,– անխելքներին ասում են, որ իրանք ամենախելոքներն են: Հիմարներին ասում են, որ իրանք ամենատաղանդավորն (1) են: Դմբոներին ասում են, որ իրանք ամենաիմաստունն (1) են, ու դդումներին էլ ասում են, որ իրանք ամենահանճարեղն (1) են:
– Բա անխելքները, հիմարները, դմբլոները ու դդումները սրբերին ու մարգարեներին ի՞նչ են անում:
– Դրանք,– ասեց Փոքրիկ Իշուկը,– սրբերին ու մարգարեներին նստացնում են իրանց վզներին ու ման են տալի, ու հետո էլ դրանք սրբերին աստվածացնում են ու ուղարկում դրախտ, որ ընդե սաղ օրը խաղ անեն ու ուրախանան:
– Բա խելոքների՞ն ինչ են անում,– հարցրեց Գորշ Գայլը:
– Խելոքներին էլ ուղարկում են դժոխք, որ ընդե սաղ օրը տանջվեն ու լաց ըլնեն:
– Դու ո՞ւր ես էթալու` դրա՞խտ, թե դժոխք,– հարցրեց Գորշ Գայլը:
– Ե´ս,– ասեց Փոքրիկ Իշուկը,– էթալու եմ դժոխք:
– Խի՞,– հարցրեց Գորշ Գայլը,– ախր սաղ օրը կտանջվես ու լաց կըլնես:
– Ի´նչ անեմ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ավելի լավ ա` սաղ օրը տանջվեմ ու լաց ըլնեմ, քան թե սրբերի հետ խաղամ ու ուրախանամ:
– Որ ըտենց ա,– ասեց Գորշ Գայլը,– որ ըտենց ա, ես է´լ եմ գալի դժոխք:
Ու Գորշ Գայլը հոնգուր-հոնգուր լաց էղավ, որովհետեվ հեչ չէր ուզում դժոխք էթա, բայց պտի էթար, որովհետեվ Փոքրիկ Իշուկը դժոխք էր էթալու:
––––––
1 Տաղանդավորը, իմաստունը ու հանճարեղը համարյա նույն բանն են, ու սրանք սաղ էլ նշանակում են` շատ խելոք ու շատ վարպետ:
– Իշուկ, ա´յ Իշուկ,– գոռաց Գորշ Գայլը, ով առանց դադարի վազելով էկե հասել էր Փոքրիկ Իշուկենց տուն:– Գիդե՞ս ինչ եմ իմացե: Որ իմանաս է´:
– Նախ` բարեվ, Գորշուկ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Երկրորդ` էտ ի՞նչ ես իմացե: Էրեսիդ ոչ մի գույն չկա: Կարո՞ղ ա` «Վ» տառի տեղն ես իմացե:
– Տո չէ, ի´նչ վտառ-մտառ,– ասեց Գորշ Գայլը:– Ընե´նց մի բան եմ իմացե, որ ասեմ` չես հավատա:
– Կհավատա´մ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Որ դո´ւ ես ասում, կհավատա´մ: Ա´նպայման կհավատամ: Որ չհավատամ` է´լի կհավատամ: Շո´ւտ արա, ասա´:
– Մեր կողքի բակում չէ` էն մյուս կողքի բակում` թռչող ափսե էր իջե,– ասեց Գորշ Գայլը:– Էրեկ: Կամ էլ, վաղը չէ` մյուս օրը: Լավ չեմ հիշում: Ես չեմ տեսե, բայց ուրիշներն են տեսե:
– Էտ թռչող ափսեները հա է´լ կողքի բակում չէ` էն մյո´ւս կողքի-կողքի բակում են իջնում: Ու հա է´լ` դո´ւ չես տենում: Հա է´լ ուրիշներն են տենում: Ես որ` ո´չ մի անգամ չեմ տեսե: Բայց ե՞րբ ա իջե, էրե՞կ, թե՞ վաղը չէ` մյուս օրը:
– Հիշեցի,– ասեց Գորշ Գայլը:– Վաղը չէ` մյուս օրը: Բայց դու հավատո՞ւմ ես:
– Չե´մ հավատում,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ես ոչ թռչող ափսեների´ն եմ հավատում, ոչ էլ թռչող գառշոկների´ն:
– Ե՞րբ չէս հավատում,– հարցրեց Գորշ Գայլը:
– Էրե´կ էլ չեմ հավատա, վաղը չէ` մյուս օ´րն էլ չէի հավատում,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Բայց որ տենաս էլ` էլի´ չես հավատա՞,– հարցրեց Գորշ Գայլը:
– Մինչեվ ձեռ չտամ ու չհամոզվեմ, մինչեվ հետները չխոսամ ու բռնոցի չխաղամ, չեմ հավատա:
– Բայց իրանք կգա՞ն,– հարցրեց Գորշ Գայլը:
– Չգիտեմ, Գայլուկ, չգիտեմ,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Արդեն քանի օր ա, չեն գալի: Չե´ն գալի ու չե´ն գալի:
– Կարող ա` էրեկ չէ` մյուս օ՞րը գան,– հարցրեց Գորշ Գայլը:
– Կարող ա,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Կարող ա` էրեկ չէ` մյուս օրը գան: Բայց կարող ա` իրանք վաղը չէ` մյուս օրը արդեն էկե ու գնացել են:
– Որ ըտենց ա, արի մի շատ կարեվոր բռնոցի խաղանք,– ասեց Գորշ Գայլը:
– Չեմ ուզում,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ավելի լավ ա` նստեմ ու մինչեվ էրեկ չէ` մյուս օրը սպասեմ: Մեկ էլ հանգարծ էկան:
– Ես էլ սպասե՞մ,– հարցրեց Գորշ Գայլը:
– Դո´ւ գիդես,– ասեց Փոքրիկ Իշուկը:
Ու իրանք բարձրացան Փոքրիկ Իշուկենց տան հողե կտուրը, նստեցին կտրի եզրին, ոտները կախին ցած, որ ոտները կախ-կախ սպասեն մինչեվ էրեկ չէ` մյուս օրը:
(Էս հեքիաթը համ էլ իրանց մանկությունը հլը չմոռացած մեծերի համար ա):
Մյուս օրն առավոտը Գորշ Գայլն ասեց Փոքրիկ Իշուկին:
– Նո՞ւյնպես բարի լույս, Իշուկ, թե թեյեվ և ինչո՞ւ ոչ:
– Նո´ւյնպես ու թեյեվ ու և ինչո՞ւ ոչ ,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Որ ըտենց ա,– ասեց Գորշ Գայլը,– հլը ասա տենամ, ճի՞շտ են անում, որ «տանկ»-ին ասում են հրասայլ:
– Նախ` «տանկ» չի, «տանգ» ա: Հետո էլ, հեչ էլ ճիշտ չեն անում ու հլը գլուխներն էլ քարին են տալի,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Բայց ախր և ինչո՞ւ ոչ,– ասեց Գորշ Գայլը:
– Որտեվ,– ասեց Փոքրիկ Իշուկը,– մինչեվ կամանդիրն ասի ՙհրասայլ, առա´ջ՚, ու մինչեվ տանգի շոֆերը մտածի ու հասկանա, որ հրասայլը տանգն ա, թշնամիները կտան էտ տանգը կխփեն:
– Ինչո՞վ կխփեն, ավտոմատո՞վ,– ասեց Գորշ Գայլը:
– Ավտոմոտով չէ է´, ինքնաձիգով կխփեն,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Կխփեն ու հետո կնստեն ինքնաշարժն ու կսլանան առաջ: Հետո քարյուղավառը քարյուղ կլցնեն ու վրան կիսանրբերշիկ կյեփեն:
– Ինչ լավ ես խոսում գրականով, Իշուկ ջան,– ասեց Գորշ Գայլը:– Հեչ բան չհասկացա: Հլը մի քիչ էլ խոսա:
– Հետո նրանք կվերցնեն պտուտակաբանալիները և միաժամանակ կտարանջատեն կամ կապապտտեն բոլոր հեղույսներն ու պտուտակամայրերը և դեն կշպրտեն դրանք և այնուհետեվ կվերանորոգեն սույն թիվ երեք (1) հրասայլը` սույն թվականի ամանորի (2) նախօրյակին, տոնակատարության հանդիսությունները կատարելուց առաջ:
– Իշուկ ջան, իսսկակա´ն գրական ես խոսում, ըսկի մի տառ էլ չեմ հասկանում,– ասեց Գորշ Գայլը:– Բայց պտուտակաբանալուն, հեղյուսին ու պտուտակամայրին հայերեն ո՞նց են ասում:
– Դրանց հայերեն ասում են` ՙկլուչ, բոլտ ու գայկա՚,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Բայց ճիշտ կանեին, որ «բոլտ»-ին էլ ասեին «պտուտակահայր»:
– Բայց ախր խի՞,– ասեց Գորշ Գայլը:
– Բայց ախր կմեծանաս, կիմանաս,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Գիդե՞ս, Իշուկ,– ասեց Գորշ Գայլը,– էրեկ Խորամանկենց տանն էի, մեկ էլ Խորամանկի մաման ասեց. ՙԽորիկ, հոգյակս, խրոցը ներմուծիր վարդակը, հետո արգանակը դիր էլեկտրաջեռուցիչի սալիկին, թող պատրաստվի: Ի միջի այլոց, Խորիկ, հոգյակս, դու ինձ չե՞ս հաղորդի, թե երեկվա իմ գնած լոլիկն ու սմբուկը որտեղ են գտնվում: Ադամամութից մինչեվ այժմ չարչրկվում ու փնտրտուք եմ անում, սակայն չեմ հայտնաբերում դրանք՚: Իշուկ ջան, մի հատ ասա, էլի, հայերենով էսի ի՞նչ ա:
– Էսի,– ասեց Փոքրիկ Իշուկը,– հայերենով նշանակում ա. ՙԽորիկ ջան, վիլկեն կոխի շտեփցելն ու բուլյոնը դիր պլիտի վրա, թո էփի: Հա, չե՞ս տեսե, թե էրեկվա առածըս պամիդորն ու բադրջանն ո´ւր են, առավոտից մեռա ման գալով, չեմ քթնում՚:
– Բա մեծերը խի՞ են էս գրականով խոսում,– ասեց Գորշ Գայլը:
– Որտեվ բութ են ու շատակեր,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Ո՞րդուց գիդես,– հարցրեց Գորշ Գայլը:
– Խաչատուր Աբովյանն ու Ղազարոս Աղայանն են ասե,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Մենակ իրա՞նք,– հարցրեց Գորշ Գայլը:
– Թումանյանն էլ ա ասե,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ու ավելի շատ:
– Հովհաննե՞ս,– հարցրեց Գորշ Գայլը:
– Հովհաննե´ս,– ասեց Փոքրիկ Իշուկը,– բայց որ իրա պապան ըստե ըլներ, կասեր Օհանես: Ու շատ էլ լավ կաներ: Բայց արի էլ տխուր բաներից չխոսանք: Ավելի լավ ա` մի լավ բան ասա:
– Պաղպաղակ,– ասեց Գորշուկն ու ժպտաց:
– Այսինքն` մառոժնի՞,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Հա´, պաղպաղակն ախմախ բան ա, բայց մառոժնին լա´վ բան ա: Մառոժնին շա´տ լավ բան ա: Դե հմի էլ մի շա´տ, շա´տ ավելի լավ բան ասա:
– Տասը հազար սիքսիլյոն պաղպաղակ, բայց ավելի լավ ա` մառոժնի,– ասեց Գորշ Գայլն ու էրկսով էլ էնքան հռհռացին, որ իրանց փորները ցավաց ու իրանք գլորվեցին գետին:
––––––
1) «Թիվ երեք»-ը մեր հայերեն «երրորդ»-ն ա: Միամիտները էսի ՙթխել են՚ անգլերենի «number 3»-ից, որտեվ ուղղակի չգիդեն, որ էս number 3-ը համ իրանց էս «թիվ երեք»-ն ա նշանակում, համ է´լ` մեր հայերեն «երրորդ»-ը:
2) «ամանոր» բառի արմատը հայերենի «ամ» մեռած բառն ա, ինչը նշանակում էր` տարի: Ուրեմը, ամա նորը ամի նորն ա, այսինքն, տարվա նորն ա, նոր տարին ա: Հմի որ մեր էս խելոքներին ասես. «Դե որ տենց ա, 2018թ.-ի տեղը գրեք 2018ամ, իսկ 2017-2018թթ.-ի տեղն էլ գրեք «2017-2018ամ ամ», տենաս ի՞նչ կասեն:
(Էս հեքիաթը համ էլ իրանց մանկությունը հլը չմոռացած մեծերի համար ա):
Ու մի անգամ էլ, երբ Գորշ Գայլը տեսավ, որ Փոքրիկ Իշուկը շատ տխուր ա, մոտեցավ իրան ու կամացուկ հարցրեց.
– Իշո´ւկ, ի՞նչ ա էղե, բան էս կորցրե՞, որ սենց տխուր ես: Խորամանկն ասում ա, որ իրանց տան էն խելոք գրքում գրած ա, որ երբ մեկը տխուր ա, ուրեմը, ճշմարտությունն ա կորցրե ու ման ա գալի, որ քթնի: Ու ասում ա, որ իրա պապան ո´չ մի անգամը ճշմարտությունը ման չի գալի:
– Խորամանկը գլուխը հազզա´ր անգամ քարին ա տալի, որ տենց բան ա ասում,– ասեց Փոքրիկ Իշուկը: Խորամանկի պապային ոչ մի ճշմարտություն էլ պետք չի, իսկ նորմալ իշուկը կարա հազար ու մի բանի համար տխուր ըլնի:
– Նորմալ գելն է՞լ կարա հազար ու մի բանի համար տխուր ըլնի, Իշո´ւկ,– ասեց Գորշ Գայլը:
– Իհարկե կարա, ու էն էլ ինչքա´ն,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Համ էլ ոչ մեկը չգիդի, թե էտ անտեր ճշմարտությունն ի´նչ ա: Ճշմարտությունը, Գայլուկ, կորե´լ ա,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Կարո´ղ ա, որ մի վախտ իմացել են, թե ճշմարտությունն ինչ ա, բայց հմի կորել ա ու չկա: Ու էտի ահավոր բան ա, որ կորել ա:
– Էսօր ոչ մեկը, ո´չ մեկը չգիդի՞ ճշմարտությունը,–ասեց Գորշ Գայլը:
– Երեվի գիդի,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Մեկնումեկը պտի´ որ հաստատ իմանա: Բայց ո՞ւր ա էտ մեկնումեկը, ո´վ իմանա:
– Բա դու է՞լ չգիդես, Իշուկ ջան,–ասեց Գորշ Գայլը:– Ախր դու ամմե´ն ինչն էլ գիդե՞ս ու ախր դու ոչ մի անգամն է´լ չե՞ս սխալվում,–ասեց Գորշ Գայլը:
– Չէ,– ասեց Փոքրիկ Իշուկը,– ես է´լ չգիդեմ: Համ էլ, Գայլուկ ջան, տենց մարդ չկա էս արար աշխարում, ով չսխալվի: Ով մտածում ա, ա´նպայման ա սխալվում: Մենակ Զավզակ Թութակն ա մտածում, որ ինքը չի սխալվում, որտեվ ինքը մենակ ուրիշների ասածն ա կրկնում ու ոչ մի անգամ չի մտածում,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Բայց ախր ուրիշներն անընդհա´տ են սխալվում:
– Բայց սենց ո՞նց կըլնի,– ասեց Գորշ գայլը: Բա սենց էլ պտի ամմե´ն օր սխալվե՞նք ու սենց էլ պտի ամմե´ն օր մնանք առանց ճշմարտությո՞ւն,– լացակումած ասեց Գորշ գայլը:
– Չգիդե´մ, Գայլուկ, հե´չ չգիդեմ,– ասեց Փոքրիկ Իշուկը, առանց նայելու Գորշ Գայլին:– Չգիդեմ ու երեվի էս արար աշխարհում ոչ մեկն էլ չգիդի էտի,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Բայց ախր ես համաձայն չեմ, հե´չ համաձայն չեմ,– լաց էղավ Գորշ Գայլը:– Ես հեչ ու բոլորովին ու ոչ մի անգամ համաձայն չեմ, որ ամմե´ն օր սենց սխալվենք ու սենց էլ ամմե´ն օր մնանք առանց ճշմարտություն:
– Դե լավ, մի´ լա,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ճշմարտության համար էս արար անտառում էնքա´ն մարդ ա լաց էղե արդեն, որ հեչ չեմ ուզում, որ մի լացող էլ ավելանա,– ասեց Փոքրիկ Իշուկը:– Ավելի լավ ա, արի վռազ մի հատ պահմտոցի կամ պախկվոցի խաղանք, որտեվ ո´վ իմանա, մեկ էլ տեսար` մինչեվ խաղացինք պրծանք, ճշմարտությունն է´լ իմացանք,– ասեց Փոքրիկ Իշուկը:
– Բայց պահմտոցի՞, թե՞ պախկվոցի,– ասեց Գորշ Գայլը:
– Էրկուսն էլ կխաղանք,– ասեց Փոքրիկ Իշուկը, ու իրանք ուրախ-ուրախ ծիծաղեցին ու հետո էլ պահմտոցի ու պախկվոցի խաղացին, որ ճշմարտությունն իմանան:
Ու դեկտեմբերի 31-ին, այսինքն վերջին օրը, այսինքն նոր տարուց ուղիղ մի օր առաջ, Փոքրիկ Իշուկն էկավ Գորշ Գայլի մոտ ու ասեց.
— Ցտեսություն, Գորշուկ, որովհետև մնաս բարով:
— Իշուկ, — հարցրեց Գորշ Գայլը, — սակայն այդ ո՞ւր ես գնում:
— Էթում եմ հուր-հավիտյան կորեմ, Գորշուկ, — ասեց Փոքրիկ Իշուկը: — Ցտեսություն, որովհետև մնաս բարով:
— Բայց ախր խի՞ ես էթում, որ հուր-հավիտյան կորես, — հարցրեց Գորշ Գայլը:
— Որովհետև, Գորշուկ, — ասեց Փոքրիկ Իշուկը, — որովհետև մեծանում եմ: Որովհետև ի´նչ էլ անում եմ, որ չմեծանամ, մեկ ա, մեծանո´ւմ ու մեծանո´ւմ եմ:
— Բայց ո՞րդուց գիտես, որ մեծանում ես, — հարցրեց Գորշ Գայլը:
— Գիտեմ, Գորշուկ, — ասեց Փոքրիկ Իշուկը: — Գիտեմ, որովհետև էլ չեմ ուզում, որ մի կարևոր բռնոցի խաղամ: Գիտեմ, որովհետև էլ չեմ ուզում, որ մի շատ կարևոր ձուկ բռնեմ: Գիտեմ, որովհետև էլ չեմ ուզում, որ դեսուդեն գաղթեմ:
— Բայց կարող ա՝ մի քիչ սպասե՞ս, — հեկեկալով ասեց Գորշ Գայլը: — Ի´նչ իմանաս, կարող ա՝ չե՞ս մեծանում, — հեկեկալով ասեց Գորշ Գայլը: — Կարող ա քեզ մենակ աչքիդ ա էրեվում, որ մեծանում ես, — հեկեկալով ասեց Գորշ Գայլը: — Չէթա´ս, — ասեց Գորշ Գայլը: Չէթա´ս ու չէթա´ս, որովհետև ես չեմ ուզում, որ դու էթաս:
Փոքրիկ Իշուկը ոչ մի բան չասեց:
— Մի´ գնա, — հեկեկալով ասեց Գորշ Գայլը: — Ավելի լավ չի՞, որ վռազ մի հատ պահմտոցի կամ պախկվոցի խաղանք, որովհետև ո´վ իմանա, մեկ էլ տեսար՝ միչև խաղացինք պրծանք, էլ արդեն չմեծացա´ր, — հեկեկալով ասեց Գորշ Գայլը: — Սպասի´ հլը, մի´ գնա, — հեկեկալով ասեց Գորշ Գայլը:
— Սպասելուց օգուտ չկա, — ասեց Փոքրիկ Իշուկը: — Ես պիտի էթամ, որ դու իմ համար մնաս ամմե´նա-ամմե´նա-ամմե´նագորշ Գայլը, ավելի ճիշտ՝ ամմե´նա-ամմե´նա-ամմե´նագորշ Գայլուկը, ու Աստված տա, որ հեչ չմեծանաս բայց ողջ ու առողջ ըլնես: Ց’տեսություն, Գայլուկ, որովհետև մնաս բարով:
— Ուրե՞մն, — հեկեկալով հարցրեց Գորշ Գայլը:
— Ուրե´մն, — ասեց Փոքրիկ Իշուկը:
— Որ տենց ա, — հեկեկալով ասեց Գորշ Գայլը, — ես է´լ եմ գալի: Ես է´լ եմ գալի, որ քո հետ ես է´լ կորեմ՝ հուր-հավիտյան ու միասին: Ես է´լ չեմ ուզում մեծանամ:
— Չէ´, — ասեց Փոքրիկ Իշուկը: — Դու չե´ս մեծանա: Դու որ մեծանաս էլ, է´լի չես մեծանա:
— Ոչինչ, որ չեմ մեծանա, — ասեց Գորշ Գայլը, — բայց կարելի՞ ա, որ ես էլ գամ ու քո հետ կորեմ: Հուր-հավիտյան ու իրար հետ:
— Բայց չի կարելի ու չի կարելի, ու էլ լաց չըլնես, — ասեց Փոքրիկ Իշուկը: — Ճիշտը էսի´ ա, ուրիշ ոչ մի ճար չկա: Նենց որ՝ մնաս բարով:
— Բայց խի՞ չի կարելի, որ ես էլ գամ ու կորեմ քո հետ՝ հուր-հավիտյան ու իրար հետ, — հարցրեց Գորշ Գայլը հեկեկալով: — Ախր խի՞, խի՞, խի՞: Մեծանում ես՝ մեծացի, մեկ ա՝ դու իմ համար հուր-հավիտյան կմնաս էս արար անտառի Ամմե´նա-Ամմե´նա-Ամմե´նափոքրիկ Իշուկը:
— Չի կարելի, որովհետև ես կմեծանամ, իսկ դու՝ չէ, — ասեց Փոքրիկ Իշուկը: — Չի կարելի, որովհետև էտ վախտ տրամադրությունս կընկնի, ու դու էտի կտենաս ու լաց կըլնես, իսկ ես հեչ չեմ սիրում, երբ լաց են ըլնում: Ճիշտը էսի´ ա ու ցտեսություն, որովհետև մնաս բարով:
Ու Փոքրիկ Իշուկը կապոցն անցկացրեց իր ձեռնափայտի ծերը, ձեռնափայտը դրեց ուսին, շուռ էկավ ու գնաց:
Գորշ Գայլը նայեց Փոքրիկ Իշուկին ու հանկարծ գոռաց.
— Իշո´ւկ ջան, նամա´կ կգրես, հաաա¯:
Փոքրիկ Իշուկը կանգնեց ու շուռ էկավ, մի քիչ նայեց Գորշ Գայլին, ու ասեց.
— Լա´վ, կգրե´մ:
— Օրը էրկու հատ, — գոռաց Գորշ Գայլը: — Չէ, օրը չո´րսը հատ:
— Լավ, — ասեց Փոքրիկ Իշուկը, — թո ըլնի չորսը հատ: Չորսը հատն է´լ կգրեմ, — ու Փոքրիկ Իշուկը նորից շուռ էկավ, որ էթա, բայց Գորշ Գայլը նորից գոռաց.
— Իշո´ւկ ջան, քո էտ հուր-հավիտյանը քանի՞ ժամ ա:
— Չեմ ասի, — ասեց Փոքրիկ Իշուկը, արդեն ժպտալով, որովհետև Գորշ Գայլը էլ լաց չէր ըլնում, իսկ Փոքրիկ Իշուկը ո´չ մի, ո´չ մի անգամ չէր ուզում, որ Գորշ գայլը լաց ըլնի:
Որովհետև երբ մեկին իսկականի´ց ես սիրում, կյանքո´ւմ չես ուզում, որ ինքը լաց ըլնի:
Որովհետև, երբ մեկնումեկը, ով քո ամենասիրածն ա, լաց ա ըլնում, քո լացն է´լ ա գալի:
Որովհետև ու անշուշտ ու իհարկե ու ա´նպայման: Բա ո¯նց:
Գորշ Գայլը էլ արդեն լաց չէր ըլնում: Ախր հուր-հավիտյանն էնքան էլ երկար չի, թե որ մեկնումեկին իսկականի´ց ես սիրում:
Ու Գորշ Գայլը կանգնել էր ճամփի կողքն ու նայում էր հեռացող Փոքրիկ Իշուկին: Գորշ Գայլը նայում ու նայում էր, թե Փոքրիկ Իշուկի պատկերը ոնց ա փոքրանում:
Իսկ հետո էտ պատկերը դառավ մի փոքրի¯կ-փոքրիկ կետ ու մի քիչ հետո էտ կետն էլ կորավ ու գնաց:
***
Բայց մեկ ա, էրեխեք, Փոքրիկ Իշուկը էս արար անտառում հուր-հավիտյան թափառելուց հետո վերջը էլի հետ ա գալու տուն, հետ ա գալու Գորշ Գայլի մոտը, ու իրանք էլ ո´չ մի անգամ իրարից չեն բաժանվելու:
Որովհետև ու անշուշտ ու իհարկե ու ա´նպայման: Բա ո¯նց:
Բայց դրա մասին կկարդաք էս հեքիաթի երկրորդ մասի մեջը, ինչի անունը երևի դնեմ՝
Ես Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի ու իրա ուսուցիչ Լուդվիգ ֆոն Միզեսի գաղափարների հետեվորդն եմ, այսինքը, իրանց պես լիբերթարիստ եմ: Էս գաղափարները ես իմացել եմ հլը 1990 թվից, երբ կարդացի Հայեկի «Ճորտության ուղին» (ռուսերենով` Фридрих Август Хайек-ի, «Дорога к рабству»-ն, անգլերենով` Friedrich August Hayek-ի, «The Road to Serfdom»-ը):
Ես յուրացրի էս հեղինակների տեսությունները է´ն աստիճան, որ սրանք դառան սեփական, ու դառա մեր սաղ քաղաքակրթության էս էրկու ամենահզոր մտածողի հետեվորդը: Հայեկի ու Միզեսի ազդեցությունն իմ աշխարհայացքի վրա ահավոր շատ ա:
Երբ արդեն էս հեքիաթներից մի 20 հատ գրել էի, զգացի, որ ընձնից անկախ լիբերալիզմի սկզբունքներն եմ շարադրում, ու որոշեցի, որ հեքիաթների թիվն էնքան շատացնեմ, մինչեվ էլ ասելու բան չմնա, ու վեկալա դրանց հնարավոր ֆաբուլաների վերնագրերը գրեցի ու մինչեվ հմի էլ գրում եմ: Դրանք երեվի դառնան էս գրքի շարունակությունը:
Հետո մի անգամ ձեռս մի դիտողություն ընգավ Դիկենսի «Ծննդյան տոների հեքիաթների» մասին: Պարզվեց, որ Դիկենսը դրանք գրել ա հանճարեղ տնտեսագետ, մշակութային էվոլյուցիայի տեսության հիմնադիր ու բարոյագետ (ու էս սաղ գիտությունների գլխավոր հիմնադիրներից մեկը) Ադամ Սմիթի խնդրանքով:
Սմիթը Դիկենսին ասում ա, որ սա հեքիաթներ գրի, ու դրանցով շարադրի լիբերալիզմի հիմունքները, որ անգլիացիները հասկանան էտ սկզբունքների կարեվորությունն ու լիբերալիզմը դառնա անգլիացու համար միս ու արուն:
Ու Դիկենսը գրում ա ասածս հեքիաթները, բայց սրանք ավելի շուտ լիբերալիզմին հակառակ են, քան թե կողմ:
Էսի բնական էր, որտեվ Դիկենսը լիբերալիզմի տեսությունը չգիդեր ու չնայած խոշոր գրող էր, բայց խոշոր մտածող չէր, ու Սմիթի առաջարկած խնդրի կարեվորությունը չէր զգացե: Երբ տեսա, որ առանց խաբար ըլնելու՝ Ադամ Սմիթի ասածն եմ անում, շատ ոգեվորվեցի:
Առհասարակ, էս հեքիաթները երեվի ավելի շատ մեծերի´ համար են, քան թե փոքրերի, բայց որ փոքրերն էլ կարդան սրանք, հեչ էլ վնաս չեն անի: Փոքրը սրանցից իրա´նը կվեկալի, մեծը՝ իրա´նը:
Ասեմ, որ հեքիաթներից հետո գրած լեզվական դիտողություններիս մի մասը մեծերի համար ա, մյուսը` փոքրերի:
Մեծերի համար արածս դիտողություններն է´ն լեզվական հնարավոր հարցերի կարճ պատասխաններն են, որ անպայման կծագեն էս հեքիաթները կարդալուց:
Դիտողություններիս մի մասն էլ ծնողներին պտի հուշի, թե որ բառը բացատրեն էրեխուն, որտեվ էրեխեն շատ անգամ բառը չի հասկանում, բայց չի էլ հարցնում, թե էտ ի´նչ ա:
Էս հարցերի մանրամասն քննարկությունը կա իմ մյուս գրքերի ու իմ գալիք՝ «Արդի հայերենի տեսության առանցքային հարցերը» ծավալուն մենագրության մեջը:
25.01.2018, Երեվան
Մերուժան Հարությունյան
յանի էս հեքիաթներից մեկը ես գողացել եմ Մ. Արմենից:
Հրե´ս Մ. Արմենի գրածը
«ՀՈԳԱՏԱՐՈՒՅԹ՚
(եղելույթ)
… «Ես այն գիշեր արթուն էի և իմ լուսամուտների տակ լսում էի շների հաչույթն ու կատուների մլավույթը։ Իմ հոգու վրա իջել էր մի մեղմ տխրույթ։ Սենյակումս լռույթ էր և մթույթ։ Եվ հանկարծ, ով անսպասելիույթ, լսվեց իմ դռան ճռռույթը։ Ես լարեցի իմ լսույթը։ Եվ ահա, ներս մտավ մի անձնավորույթ։ Վառելով լուսավորույթը՝ նա սկսեց այսպիսի խոսակցույթ.
-Դուք բաց եք թողել Ձեր դուռն ու լուսամույթը, ինչ անփութույթ է։ Իսկ փողոցում ոչ մի երթևեկույթ և լրիվ ամայույթ....
Նա գնաց, իսկ ես գրեցի այս նույթը և ահա ուղարկում եմ խմբագրույթե։ …
Մ. Արմեն
ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Հարցը էնի չի, թե ո´վ ա ումից սովորում կամ ո´ւմ ա նմանակում: Մարդ արարածի տարբերությունը մնացած արարածներից հենց իրա նմանակելու ֆանտաստիկ ուժեղ զորությունն ա, ինչը երեվի միլիարդ անգամ ավելի հզոր ա մնացած արարածների էս զորությունից: Մարդ արարածի ուրիշին նմանակելու էս ահավոր հզորությունը հնար տվեց, որ մշակութային էվոլյուցիան էնքա´ն արագանա, որ գենային (դարվինյան) էվոլյուցիայի կարիքն էլ պետք չըլնի, ու գենայինը դադարի:
Սխալը՝ սովորողը կամ նմանակող չի, սխալը չսովորողն ա: Մանեի «Մախան՚ Գոյայի «Մախայի՚ պլագիա՞տն ա, կամ Օսկար Վայլդի «Դորիան Գրեյը՚ Բալզակի «Շագրենի կաշվի՚ պլագիա՞տն ա: Ըսենց օրինակ շատ-շատ կա, նույնիսկ Հին կտակարանի մեջը:
Շեքսպիրի սաղ դրամաների սյուժեներն իրանից առաջ էլ կային, բայց էսօր մենակ մասնագետներն ու իմ պես «սարսաղները՚ գիդեն էսի: Բա Շեքսպիրի դրամաների ազդեցությունը համեմատելի՞ ա իրանից առաջվա գրածների արժեքի հետ:
Իսահակյանի «Աբու Լալան՚ Աբու լը Ալա Ահմադ իբն Աբդալլահ ալ Մահարու «Հրահանի կայծերի՚ ու «Պարտադիրը անպարտադրի՚ փոխադրությունն ա (երեվի միջնորդ լեզվից, ու չհաշված նախաբանը), բայց էսի չի պակասացնում Իսահակյանի «Աբուի՚ արժեքը հայ գրականության համար:
Տերյանը թարգմանել ա Բայրոնի When We Two Parted շատ հայտնի ոտանավորը (երեվի ռուս սիմվոլիստների թարգմանություններից) ու չի էլ նշել, որ էտի Բայրոնինն ա (կարող ա` չի է´լ իմացե):
Պուշկինը օտարներից լիքը ըսենց թարգմանություն կամ փոխադրություն ունի, առանց հեղինակը նշելու:
Տո ո´վ ասես, որ չունի: Վախտին մի Մեղրյան կար, ընգել էր Թումանյանի հետեվից, թե յանի Թումանյանն իրա հեքիաթների գաղափարներն ուրիշներից ա գողանում:
Ես լիքը թարգմանություն ունեմ, որ իմ ընգեր պոետներն ասում են, թե դրանք լրիվ ինքնուրույն են, ու ես իզուր եմ դրանք համարում թարգմանություն (նայեք իմ «Թարգմանելու արվեստը» գիրքը): Իմ վերջի գրքի մեջը (էս փետրվարին հրատարակածի, «Ընձառյուծն ազատ, նրբագեղ ու ճապուկ-գրելու արվեստը») ես դաժե գրել եմ, թե իմ ո´ր ոտանավորի ոչ միայն գաղափարը, այլև գրելու ասոցիացիան որդուց ա: Գրագողն ըսենց բան երբեք չի անում:
«-ույթ» ածանցով բառ սարքելու հեղինակը Մանուկ Աբեղյանն ա. հմի ի՞նչ, ասենք, թե սաղըս էլ Աբեղյանից ենք պլագիատ անո՞ւմ: «Ելույթ» բառն Աբեղյանի հնարածն ա. հմի ի՞նչ, էս բառը գործածողներն ամեն անգամ պտի հղեն Աբեղյանի՞ն, որ հանգարծ չասեն, որ իրանք Աբեղյանից գրագողություն են անո՞ւմ:
Ես վեցը տարեկանից մինչեվ 37 տարեկանս միջին հաշվով օրը մի (մոտ) 200 էջանոց գիրք եմ կարդացե, ու հմի արդեն չեմ է´լ հիշում, թե իմ իմացածի ո´ր կտորն ումից եմ սովորե: Իմ էս ընթերցողի մեղադրանքից հետո հիշեցի, որ Մ. Արմենի էտ մինիատյուրը իրո´ք եմ կարդացե, ու հենց էտի´ ա հուշե, որ «համույթ» բառին ձեռ առնեմ: «Համույթ»-ը, ոնց որ հեքիաթի տակն եմ գրե, հայերեն գրական ոճերի միա´կ բառն ա, ինչը արմատ չունի, ու կազմված ա երկու ածանցից, «համ–» նախածանցից ու «–ույթ» վերջածանցից: Բա էտի ձեռ առնելու բան չի՞:
Դուք գրում եք. «Պրն. Հարությունյան, այս տեքստը և Ձեր «Փոքրիկ իշուկն ու Գորշ գայլը» հեքիաթի մի հատված երկու կաթիլի պես նման են իրար՚։ Հլը նորից նայեք Մ. Արմենի գրածին ու իմ գրածին: Բա «–ույթ» ածանցը գործածելը ծաղրելու իդեայից բացի՝ դրանք իրար նմա՞ն են, էն էլ՝ «երկու կաթիլի պե՞ս՚: Իմ գրածը նպատա´կ ունի, ու իմ ընդհանուր լեզվական մեդոթի ու պայքարի մի փշուրն ա մենակ, ու կապված ա հեքիաթի մնացած արարներին ու իմ էս վերջի 20-22 տարվա սաղ գործունեությանը, Մ. Արմենինը մենակ ասածս իդեան ա, չնայած սրամիտ իդեա ա: Օղորմի իրան, ես որ` շնորհակա´լ եմ իրանից:
31.03.2013
Մերուժան Հարությունյան